№ 8 / 15 մայիս

ՏՈՆ, ՈՐ ՄԵԶ ՀԵՏ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՄԻՇՏ
այլ ոչ թե տարվա մեջ ընդամենը մեկ օր

Մեր լրագրողական խումբը Շուշի մեկնեց մայիսյան եռատոնից անմիջապես հետո: Եւ դա հատուկ ենք արել, որպեսզի մեր ընթերցողները տեսնեն Շուշին տոնական պաճույճից ու եռուզեռից հետո, իր սովորական-ամենօրյա տեսքով, ինչպես ասում են՝ առավոտ-քնաթաթախ: Որպեսզի առավելս ի ցույց դնենք այս կոնտրաստ-հակադրությունը՝ տոնական արդուզարդն ու դրանց տակ թաքնված կարկատանները: Ի վերջո, թե ինչ է լինում մայիսյան եռատոնին Շուշիում, ինչ տեսք է բերդաքաղաքը ստանում, և ինչպես են շուշեցիներն ու այլք անցկացնում այդ օրը՝ արցախցիներս ականատես ենք լինում ամեն տարի:

Մենք ցանկացանք լսել քաղաքի ձայնը, իսկ ծնծղաների ելևէջների ու մարդկային խայտաբղետ ժխորի պայմաններում դա հնարավոր չէ, քաղաքի ձայնը խլացված է լինում: Տեղին է հիշեցնել իմաստուններից մեկի խոսքը՝ ծնծղաներն էլ հենց նրա համար են, որպեսզի խլացնեն տնքոցները: Բայց ցավն այն է, որ բերդաքաղաքի ձայնը եթե տոնի ժամանակ խլացված է լինում, ապա մյուս օրերին էլ «ձայն բարբառո հանապատի» է հիշեցնում:

Ակնկալում ենք ճիշտ հասկացված լինել. սրանով մտադիր չենք «գունաթափելու» մայիսյան եռատոնի փայլը, այլ ուզում ենք, որ այդ փայլն իրական ու առօրյա լինի, որ այդ տոնը մշտապես ուղեկցի մեզ՝ մեր իսկ կյանքում, որ Շուշին մերը լինի ոչ միայն մայիսի 9-ին, այլ Աստծո ամեն օր:

Մե՞րն է, թե՞ մերը չէ Շուշին. այս թեմայով հաճախ ենք վիճում այլազգիների հետ, բերում պատմական ու իրավական բազմաթիվ փաստեր ու փաստարկներ: Իսկ նրանք, մատը վերքի վրա դնելու նման, մատնացույց են անում քաղաքի ավերակներն ու մի հարց տալիս, որի պատասխանը մենք դժվարանում ենք գտնել. «Եթե ձերն է՝ ապա ինչու՞ այս վիճակում է, եթե ձեր զավակն է՝ ապա ինչու՞ չեք խնամում, ինչու՞ որբի է նմանվում»:

Ինքնին հողը դեռ հայրենիք չէ, դեռ լիովին հայրենիք չէ, եթե անգամ այնտեղ թափել ես քո իսկ սեփական արյունը՝ հանուն նրա փրկության: Հողը մարդկանցով է հայրենիք, ազատ, ապահով ու բարեկեցիկ կյանքով ապրող մարդկանցով: Հողը հայրենիք է, երբ շենացնում ես այն, երբ քրտինքդ ծիլ է տալիս այնտեղ, երբ բացվող վարդի պես շենշող ու առինքնող է այն, երբ այնտեղ ապրողը պահում է հողը, և երբ հողն էլ նրան է պահում: Հողը հայրենիք է, երբ այնտեղ ապրողը մուրացիկի իր ձեռքը չի մեկնում քեզ ու օտարին, այլ կուշտ է, արժանապատիվ ու… ժպիտը դեմքին: Երբ վեհ ու պերճաշուք է լինում ոչ միայն եկեղեցին, այլև այնտեղ աղոթողների հոգին: Այդպիսի հայրենիքն ավելի դյուրին է պաշտպանել: «Մի ժողովրդի հայրենի հողը չի կարող ուրիշի մնայուն հայրենիքը դառնալ»՝ հավաստում է Շուշիի կենտրոնում դրված ցուցապաստառը: Այո, այդպես է, բայց պարտավոր է իր ժողովրդի հայրենիքը դառնալ:

Հենց այս ակնկալիքով, բերդաքաղաքի ազատագրումից 14 տարի անց, առկա վիճակից բխող ցավով էլ ձեռնամուխ ենք եղել այսօրինակ լուսաբանմանը: Ինքներս մեր մատը դնելով մեր իսկ վերքին՝ զգալու և ընդգծելու համար բալասանի ու սպեղանիի անհրաժեշտությունը: Եւ ամենակարևորը՝ սա անում ենք հույսուհավատով, որ տեր կկանգնենք բերդաքաղաքին ու կհասկանանք, որ եթե մենք ձեռնամուխ չլինենք նրա վերականգնմանը՝ ոչ ոք այդ հարցում մեզ չի օգնի: Եւ ինչքան էլ խոսենք համազգային ջանքերի մասին, միևնույն է՝ առաջին լուրջ քայլերը մենք պիտի անենք: Եթե անցած 14 տարիների ընթացքում ամեն տարի մի էական բան ավելացնեինք, ապա քաղաքի տեսքն այսօր միանգամայն այլ կլիներ:

Հանուն արդարության պիտի ասել, որ այս տարի որոշակի միջոցներ են ձեռնարկվել, պետական բյուջեով բավականին լուրջ գումար է հատկացվել բերդաքաղաքի կապիտալ շինարարության համար: Հուսանք, որ սայլը տեղից շարժվում է:

ՔԱՂԱՔԻ ԵՐԿՈՒ ԴԵՄՔՆ ՈՒ ԵՐԿՈՒ ՈՒՂԻՆ

Բազմադեմ է Շուշին, և այդ բազմադիմությունը նկատելի է ամենուր՝ և շենքերում ու շինություններում, և մարդկանց դեմքերին: Շուշիի հավաքական դեմքն ուրախ է և տխուր, ճոխ է և գունատ, առողջ է ու տկար, խնամված է ու լքված:

Ասում են՝ տան գաղտնիքն իմացիր երեխաներից: Մեր Շուշի-բերդատան գաղտնիքներն ու առեղծվածները կարող ես իմանալ շուշեցի երեխաների դեմքերից անգամ: Եւ դարձյալ նույն բազմադիմությունը: Մի կողմից՝ գեղեցիկ ու խելոք, հասկացող ու մեծահարգ, լավ խնամված ու աշխարհին տեղյակ պարմանիներ ու պարմանուհիներ, մյուս կողմից՝ խեղճուկրակ մանչուկներ, կարկատանված շորերով ու հոգիներով, մուրացիկի հոգեբանությամբ ու աներեսությամբ:

Երանի նրանց, ովքեր կտեսնեն Շուշին ու շուշեցիներին միադեմ, և այդ դեմքը գեղեցիկ, անհոգ ու խնամված կլինի: Երանի նրանց, ովքեր ներկա ճամփաբաժանից Շուշին ու շուշեցիներին կտանեն ՈՒՂԻՂ ճանապարհով:

ՄԱՐԴԸ՝ ԱՓԻ ՄԵՋ, ԵՎ ԵՐԿԻՐԸ՝ ՄԱՐԴՈՒ ԱՓԻ ՄԵՋ

«Դեմո» թերթի խմբագրակազմը, փորձելով խախտել մայրաքաղաքային կյանքի թեմայի գերիշխանությունը, որոշել է հաճախակի այցելել հանրապետության շրջանները՝ ականատես լինելու քաղաքամայր Ստեփանակերտից հեռու և մոտիկ բնակավայրերի կյանքին ու ապրուստին: Որպես շրջանների ու գյուղական բնակավայրերի անցուդարձի լուսաբանման բանալի նախընտրել ենք այնտեղ ապրող մարդկանց մտորումներն ու հոգեբանությունը, ուրախություններն ու հոգսերը, դիտարկումներն ու գնահատականները, քանի որ միայն լրագրողներիս կարճաժամկետ դիտարկումները կարող են միանգամայն սուբյեկտիվ լինել:

Մարտակերտից հետո մեր հաջորդ  այցելության հասցեն Շուշին էր, որտեղ հանդիպեցինք ամենատարբեր մարդկանց հետ: Մեր ընթերցողներին առաջարկում ենք մեր զրուցակիցների դիմագծերից յուրովի հյուսել շրջանի դեմքն ու պատկերը:

Շուշիի լուծված և լուծման սպասող խնդիրները 

Լինելով Շուշիում՝ պարտադիր համարեցինք հանդիպել նաև տեղի իշխանությունների հետ, մի շարք հուզող հարցեր վերջիններիս ուղղելու համար: Շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը մեր այցելության ժամին տեղում չէր, բայց մեզ սիրով ընդունեց ու մեր հարցերին պատասխանեց նրա տեղակալ Սամվել Հարությունյանը:

Հենց սկզբից նրան խնդրեցինք նշել շրջանի և հատկապես Շուշի քաղաքի ամենահիմնական խնդիրները: «Աշխատատեղերի պակասությունը և պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունների վերացումը»,- ասում է Ս. Հարությունյանը: Նրա հաղորդած տվյալներով այս տարի կառավարությունը մոտ 1 մլն դոլար է հատկացրել շրջանին՝ կապիտալ շինարարության համար: Այդ գումարով նախատեսվում է քաղաքի կենտրոնական հրապարակից մինչև Գորիս-Ստեփանակերտ մայրուղին ընկած ճանապարհահատվածի բարեկարգումը, Եղծահողի դպրոցի շինարարությունը, զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների բարեկարգումն ու Շուշի քաղաքի վերջնական գազիֆիկացումը (շրջանի բոլոր գյուղերն արդեն գազ ունեն): Կատարված աշխատանքները, Ս. Հարությունյանի խոսքերով՝ քիչ չեն: Նրա հավաստմամբ՝ արդեն ասֆալտապատվել է Ղազանչեցոց փողոցը, մեծ թվով շենքերի տանիքներ են վերանորոգել, անցյալ տարի գյուղական ճանապարհներում որոշ հողային և խճապատման աշխատանքներ են կատարվել: Խոսելով աշխատատեղերի բացակայության մասին՝ տեղակալը մյուս կողմից զարմանքով նշում է, թե շատ մարդիկ գերադասում են զբաղվել մուրացկանությամբ, քան կանոնավոր աշխատանք ունենալ: «Մուրացկանների դեմ պայքարի միակ ձևը աշխատանքի տեղավորումն է, սակայն այդ էլ չի օգնում: Բազմաթիվ անգամ այդ մարդկանց աշխատանքի ենք տեղավորել, բայց նրանք մի շաբաթից ավել այնտեղ չեն մնացել: Այնպիսի մարդիկ են մուրացկանությամբ զբաղվում, ովքեր ոչ մասնագիտություն ունեն, ոչ արհեստ գիտեն»,- ասում է Ս. Հարությունյանը: Վերջինս զարմանքով պատմում է այն մասին, թե ինչպես է Շուշիի լավաշի նորաբաց փռի տնօրենը դիմել շրջվարչակազմին՝ աշխատատեղեր գտնելու խնդրանքով: Ս. Հարությունյանի խոսքերով՝ տնօրենը պատրաստ էր աշխատանքի վերցնել 5 տղամարդու և վճարել յուրաքանչյուրին 50 հազարական դրամ: «Ու մարդիկ, որ պարապ ման են գալիս, չէին գնում աշխատելու: Տնօրենը ստիպված է եղել գնալ գյուղերից աշխատող փնտրել»,- տարակուսում է Ս. Հարությունյանը: Անդրադառնալով   ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակին, վերջինս հավաստիացնում է, որ  այն տարեցտարի բարելավվում է, կամաց-կամաց նաև աշխատատեղերի թիվն է ավելանում: Ինչ վերաբերում է հանցագործություններին, ապա Ս. Հարությունյանի խոսքերով՝ վիճակագրական տվյալները հուշում են, որ հանցագործությունների թվի աճի միտում չի նկատվում, նույնիսկ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները տարեցտարի նվազում են:

Շուշիում գործում է շրջանային հիվանդանոցը, որտեղ ներկայումս վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Մասնագետներ կան, երբեմն նաև Ստեփանակերտից են գալիս, հատկապես՝ գինեկոլոգները: Սակայն  հիվանդանոցում նաեւ անեսթեզիոլոգի խիստ կարիք կա:  Շուշիում, և հատկապես շրջանի գյուղերում, նաև օտար լեզվի մասնագետների կարիք կա: Ս. Հարությունյանն ասում է, որ մայրաքաղաքի բուհերում ներկայումս պետպատվերով սովորող ուսանողներ կան: Եվ հույս կա, որ եկողները կլրացնեն թափուր տեղերը:

Հնարավոր չէ լինել երբեմնի հայկական մշակութային կենտրոն Շուշիում և չխոսել մշակույթից: «Մշակութային ի՞նչ օջախներ կան քաղաքում» մեր հարցին ի պատասխան Ս. Հարությունյանն ասում է, որ իրենք ունեն երեք թատրոն (ի տարբերություն մայրաքաղաքի, որտեղ եղած-չեղածը երբեմնի շուքը կորցրած թատրոնն է – հեղ.), ժողգործիքների համույթ: Շուշիում գործում է նաև ինտեռնետ ակումբ: Երիտասարդների համար ժամանցի ոչ մի այլ վայր չկա:

Ս. Հարությունյանը խոսեց նաև 2008 թվականի մարաթոնի մասին, որն, ամենայն  հավանականությամբ, ուղղված կլինի Շուշիի վերականգնմանը: Արդեն կա կառավարական հանձնաժողով, որը քննարկում է Շուշիի վերականգնմանն ուղղված ծրագրերը: Այդպիսի ծրագրեր, ինչպես հայտնի է, առաջ են քաշել նաև մի շարք հիմնադրամներ: Ս. Հարությունյանն ասում է, որ իր կարծիքով ավելի լավ կլիներ բոլոր այդ հիմնադրամների  ծրագրերը «Հայաստան» հիմնադրամի զարգացման ծրագրերի շրջանակներում իրականացնեին և ավելի ճիշտ կլիներ, եթե բոլորին միավորող կոորդինացնող կենտրոն լիներ:

«Ստեղծել աշխատատեղեր և նպաստել Շուշիի վերականգնմանը»

Շուշիի հայտնի հյուրանոցի փայատեր Անդրանիկ Խլղաթյանը պատմում է, թե ինչպես էր սփյուռքահայությունը աշխատում պատերազմի ավարտից հետո օգտակար լինել ու նպաստել Շուշիի վերականգնմանը: Այդ գործունեությունը սկսվեց Շուշիի ազատագրումից անմիջապես հետո, որոշակի հանգամանքներով, սակայն ձգձգվեց և հասավ մինչև 2000 թիվը, երբ մի խումբ սփյուռքահայեր որոշեցին  Շուշիում հիմնել հյուրանոց և աշխատատեղեր ստեղծել: «Տեղն էլ,- ասում է նա,- հատուկ ընտրեցինք եկեղեցու հարևանությամբ»: Ա. Խլղաթյանի խոսքերով՝ իշխանություններն էլ իրենց հերթին շենք տրամադրեցին, օգնեցին շինարարական աշխատանքներին և 2001թ. մայիսի 9-ին բացվեց Շուշիի առայժմ միակ հյուրանոցը: Այն ունի 15 աշխատող և 15 սենյակ: Ձմեռվա շրջանում հայտնի պատճառներով այցելուները քիչ են լինում: Դրանք հիմնականում սփյուռքահայերն են, նաև Հայաստանի տարբեր շրջանների բնակիչներ: Եթե հաճախորդներ չեն լինում, մարդիկ, միևնույն է՝ իրենց աշխատավարձը ստանում են. ամառային խնայողությունների հաշվին: Ա. Խլղաթյանի խոսքերով՝ զբոսաշրջային սեզոնն արդեն բացվել է. մայիսյան տոների կապակցությամբ բազմաթիվ մարդիկ եկան, սակայն ամենաեռուն շրջանը սկսվում է հունիսի կեսերից մինչև հոկտեմբերի կեսերը:

«Ես չեմ լռում, «տալիս եմ» նման բան ասողների մռութներին»

Ալվարդ Գևորգյանը Շուշիում մեզ հանդիպած կանանցից մեկն էր: Ի՞նչը ստիպեց խոսել նրա հետ: Չգիտենք, երևի կրծքից կախված մեդալը: «Սա ՀՀ ՊՆախարարից եմ ստացել՝ Մարտական ծառայության համար»,- ասում է Ալվարդը՝ հպարտությամբ ցույց տալով իր պարգեւը: Ալվարդը Շուշիի ազատագրման մասնակիցն է, ինչի համար էլ պարգևատրվել է այդ մեդալով: Շուշիի ազատագրումից հետո որոշել է մնալ այնտեղ: Այս օրերին էլ Շուշիի  շրջվարչակազմի ղեկավարից ևս մի մեդալ ստացավ, այս անգամ արդեն ԼՂՀ ՊՆախարարության կողմից: «Ինչպե՞ս եք ապրում» հարցին պատասխանում է՝ ծանր: «Ապրում եմ երեխաներիս և իմ երկրորդ կարգի հաշմանդամության նպաստներով: Նախկին բնակարանս ձեռքիցս խլել են: Դիմել եմ ԼՂՀ նախագահին, որի միջամտությունից հետո ինձ ուրիշ բնակարան են տվել: Ի՞նչ ասեմ, մարդկանց հիմնական խնդիրը չունևորությունն է, բնակչության միայն 1 տոկոսն է ունևոր, աշխատատեղեր չկան, ժողովուրդը զրկված է ամեն ինչից: Նույնիսկ կան այնպիսի պաշտոնյաներ, ովքեր համարձակվում են ասել, թե ձեզ չեն ասել գաք այստեղ: Ես, իհարկե, չեմ լռում, «տալիս» եմ նման բան ասողների մռութներին»:

«Ով աշխատում է՝ նա էլ ուտում է»

Ռուբեն Վերդյանը մեզ հանդիպած առաջին շուշեցին էր. ունի իր սեփական խանութը, իսկ խանութի մոտ նաև նոր սեփական սրճարան է կառուցում:

- Ամեն ինչ զրոյից եմ սկսել: Ի՞նչ ասեմ, ով աշխատում է՝ նա էլ ուտում է: Ով մտածում է, կարողանում է մի բանի հասնել: Իսկ ով հույսն ուրիշի վրա է դնում, նա չունևոր է: Բնիկ ստեփանակերտցի եմ, ծառայել եմ Շուշիի գումարտակում, այստեղ էլ մնացել եմ ու կամաց-կամաց գործ եմ դրել: Առևտուրը լավ է գնում, հիմնականում մթերքն է վաճառվում: Ճիշտ է, շատերը պարտքով են առևտուր անում՝ «ցուցակներով», բայց իմ կարծիքով՝ գնալով կյանքը լավանում է: Մարդիկ սկսել են նույնիսկ կենցաղային տեխնիկա գնել, մտածում են նաև բնակարանների վերանորոգման մասին:

«Մարդիկ փողի և աշխատանքի կարիք ունեն»

-Կարելի՞ է այս երեխային նկարել:
-Ինչու՞ չէ, նկարեք: Թաքցնելու բան չունենք…
-Վազգեն Հարությունյանը նախկինում Ստեփանակերտի «բանվորական» թաղամասում էր բնակվում: Թոշակառու է:

- Երբ մեր շենքը «պլանի տակ» ընկավ, նոր բնակարան գնելու համար պետության կողմից 5000 դոլար ստացա: Այդ գումարով չկարողացա Ստեփանակերտում տուն գնել, Շուշիում ավելի էժան էր: Հիմա այստեղ եմ ապրում: Դե, ի՞նչ ասեմ, ուշ եմ ամուսնացել, այս փոքրիկն իմ դուստրն է, թեև թոռ կսազեր: Կինս հիվանդ է, կենսաթոշակ է ստանում: Եվ էդ ստացած թոշակներով էլ յոլա ենք գնում… Աշխատատեղ չկա. գոնե մի գործարան, մի ձեռնարկություն լիներ: Մարդիկ փողի, ուտելիքի, աշխատանքի կարիք ունեն: Եվ ինձ նման շատերն են այսօր Շուշիում ապրում…

«Եթե հարևաններս լավ են ապրում, ես էլ եմ լավ»

-  Վատ չենք, փառք Աստծո: Եթե աշխատանք կա, ապա կարելի է նորմալ ապրել: Ես մասնագիտությամբ զոդող եմ, ուստի գրեթե միշտ գործ կա՝ լինի դա մասնավոր, թե՝ պետական: Հարևաններս էլ են նորմալ ապրում, լավ մարդիկ են: Իսկ եթե նրանք լավ են, ես էլ եմ լավ…

-Հրաչիկ Շեկյանը ծննդով Չլդրանից է: Կռվել է, վիրավորվել, 2-րդ կարգի հաշմանդամ է: 37 տարեկան է, ունի 6 երեխա. ամենամեծը 13 տարեկան է, կրտսերը՝ 3:

- Ճիշտն ասած, չէի ցանկանա մեկնել այստեղից, ուրիշ տեղ բնակվել: Այստեղ էլ վատ չէ: Երեխաննե՞րս. չգիտեմ… Գուցե նրանք նախընտրեն մի ուրիշ բնակավայր, դա արդեն կյանքը ցույց կտա: Իսկ այժմ, այժմ նրանք մայրաքաղաք են ուզում գնալ, որպեսզի զբոսայգում կարուսել նստեն…

«Կյանքը կանգնած է»

- Երիտասարդները շատ հարցեր ունեն: Ի՞նչ ասեմ: Զվարճատեղեր չկան, ամբողջ օրը նույնն է. տուն – աշխատանք – տուն: Կարելի է ասել՝ կյանքը կանգնած է, ոչ  մարզական ակումբ կա, ոչ այլ հետաքրքիր վայր, որտեղ կարելի է ազատ ժամանակ անցկացնել: Եղածը մի դիսկոտեկ է, այն էլ՝ 14-16 տարեկանների համար: Ես լիարժեք հանգստանում եմ միայն այն ժամանակ, երբ Երևան եմ գնում:

Վիլեն Պետրոսյանը 26 տարեկան է: Սումգայիթից է, փախստական: Աշխատում է  Շուշիի բանտում: Բավականին անմիջական էր իր մտահոգություններում:

- Երիտասարդների մեջ շատ գործազուրկներ կան: Շատերը ստիպված ոչ մասնագիտական աշխատանքի են գնում, ու ստանում ընդամենը 10-15 հազար դրամ: Նույնիսկ բուհավարտների համար աշխատանք գտնելը շատ դժվար է: Օրինակ՝ տասնյակ ավարտած իրավաբաններ կան, հո բոլորին դատախազությունում աշխատանքի չե՞ն ընդունելու…

«Օր է լինում՝ 1000-1500 դրամ եմ հավաքում»

- Չե՞ք օգնի, հիվանդ երեխա ունեմ:

Սովորական դարձած այս խոսքով Սևիլ Ավետյանը դիմում է գրեթե բոլորին, ում արտաքինից երևում է ոչ շուշեցի լինելը:

- Ես Մինգեչաուրից եմ, փախստական եմ: 14 տարի է՝ այստեղ եմ ապրում: Կարո՞ղ է գիտեք ինձ համար հաճելի է մուրացկանությամբ զբաղվելը: Բայց ուրիշ ճար չկա: Բազմաթիվ անգամ դիմել եմ քաղաքապետին, վերջերս Շուշիից ընտրված պատգամավորին եմ դիմել, բայց նույնիսկ հավաքարարի աշխատանք չեն տալիս: Քանի անգամ է շրջվարչակազմի ղեկավարը ինձ ասել՝ ինչո՞ւ ես լրագրողներին նման հարցազրույցներ տալիս, բայց ի՞նչ անեմ: Այսքան տարիների ընթացքում միայն մի անգամ եմ որպես փախստական օգնություն ստացել: Ստիպված երբեմն շաբաթվա երկու օրը գնում եմ Ստեփանակերտ և փող խնդրում: Օրվա ընթացքում մոտ 1000-1500 դրամ եմ հավաքում:

- Շրջվարչակազմում մեզ ասել են, որ մուրացկանությամբ զբաղվողներին միշտ էլ գործ է առաջարկվել, բայց նրանք միշտ հրաժարվում են:

- Գուցե ուրիշներին առաջարկել են, ինձ այսքան ժամանակ ոչ մի անգամ ոչինչ էլ չեն առաջարկել: Եթե չեք հավատում՝ միասին գնանք շրջվարչակազմ, կամ էլ մեր պատգամավորից հարցրեք: Ես կրկնում եմ՝ ինձ էլ հաճելի չէ երեխաներիս թողնել ու այդ գործով զբաղվել…

«Մենք լավ ենք ապրում, բայց այստեղ ոչ բոլորն են լավ ապրում» 

Մի խումբ ժպտադեմ դպրոցականներ դասերից տուն էին վերադառնում: Ծաղիկներով, կոկիկ հագնված, խելոք աչքերով՝ նրանք  հաճույքով զրուցեցին մեզ հետ:

- Մենք լավ ենք ապրում, ուրախ ենք, որ Շուշիում ենք: Սիրում ենք մեր քաղաքը: Ճիշտ է՝ մեր քաղաքում կան նաև մարդիկ, ովքեր այնքան էլ լավ չեն ապրում: Մենք չէինք ցանկանա, որ Շուշիում մարդիկ ապրեին նման ձևով: Ուզում ենք, որպեսզի բոլորն էլ լավ ապրեն: Մենք  հաճախում ենք դպրոց, դպրոցից հետո դաշնամուրի կամ կարատեի, մտածում ենք, որ երբևիցե ճանապարհորդելու ավելի շատ հնարավորություն կունենանք:

-Ես կուզենայի անպայման գնալ Գերմանիա:

-Ես անպայման ուզում եմ լինել Լոնդոնում, որպեսզի իմ աչքերով տեսնեմ Բիգ Բենը…

ՇՈՒՇԻԱԲՆԱԿ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
թեև գտնում են, որ զիջելու բան չունեն

Շուշիի բնակչության մի զգալի մասը փախստականներ են: Ոչ միայն Բաքվից, Սումգայիթից և Ադրբեջանի այլ բնակավայրերից, այլեւ Մարտակերտից, նույնիսկ՝ Շուշիից: Այո՝ Շուշիից, քանի որ 1988-ին Շուշիի հայ բնակչությունը բռնագաղթվել է, այդ մարդիկ կորցրել են իրենց տները, ունեցվածքը: 1992-ի ամռանը նրանք վերադարձել են Շուշի եւ նորից սկսել իրենց կյանքը կառուցել զրոյից:

Փախստականների կոմիտեն նորերս «կլոր սեղան է» կազմակերպել, հրավիրելով ԼՂՀ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նորանշանակ փոխնախագահ, շուշեցի Արծվիկ Սարգսյանին: Փախստականները տրտնջացին, որ 15 տարի անց վերջապես նրանց հիշել են, որոշ փոխհատուցում են ուզում տրամադրել, բայց դա էլ «մարդավարի» չեն անում, քանի որ մեկին տալիս են, մյուսին՝ ոչ: Պատգամավորը բացատրեց, որ փախստականները շատ են, իսկ հատկացված գումարը՝ քիչ, դրա համար էլ որոշվել է սկսել կարիքավոր խմբերից: Պարզվեց, սակայն, որ Շուշիում բնակվող զոհված ազատամարտիկների և բազմազավակ ընտանիքները, նաև հաշմանդամները դեռ չեն ստացել այդ գումարը: Ուրեմն՝ այդ ի՞նչ կարիքավոր խմբերի մասին է խոսքը: Ներկաներից մեկը ցույց տվեց վիրավոր գլուխը՝ գանգի կեսը պլաստիկա է, ավելացնելով՝ «Ես էլ չեմ ստացել»:

Ընդհանրապես, բողոքելու առիթներ փախստականները շատ ունեն՝ վատ են ապրում, քաղաքն էլ նույն վիճակում է՝ կարգին չեն վերակառուցում, աշխատանք չկա՝ մարդիկ հիմնականում թոշակներով եւ նպաստներով են գոյատեւում:

2003-ին ընդունվեց «Փախստականների մասին» օրենքը, որն, ըստ փախստականների, «դիսկրիմինացիոն» տարրեր էր պարունակում. ասենք, փախստականին չէր թույլատրվում պետական պաշտոն զբաղեցնել, կամ տեղացու հետ ամուսնացածը պիտի զրկվեր փախստականի կարգավիճակից: Այս հարցի վրա ներկաների ուշադրությունը բևեռեց կոմիտեի նախագահ Սարասար Սարյանը: Ճիշտ է, 2004-ին օրենքը վերափոխեցին եւ սկսեցին փախստականներին գրանցել: Վերջիններս առանձնապես չէին հասկանում, թե ինչ նպատակով է դա արվում, բայց սկսեցին, իրենց ասելով, «նա վսյակի» գրանցվել:

Իմիջիայլոց, «կլոր սեղանի» թեման էր «Փախստականների մասնակցությունը խաղաղարար գործընթացին»: Չնայած այն բանին, որ այս մարդիկ շատ դաժան օրեր են տեսել, բայց, այդուհանդերձ, նրանք չեն հրաժարվում երկխոսությունից, պարզապես գտնում են, որ զիջելու բան այլևս չունեն: «Ինչի՞ համար են ադրբեջանցիները մեզ վրա բարկանում. որ մենք լքե՞լ ենք իրենց», – հարցնում է մեկը:

«Մենք մուրացկան չենք, առանց մեր ուզելու են մեզ փող տալիս»

Սասունը շատ սիրուն երեխա է: Ասում է՝ հորն է նման, իսկ հայրը թողել է ընտանիքը, երբ Սասունը նորածին էր: Մայրն էլ գործազուրկ է: Մոտավորապես նման սրտաճմլիկ պատմություն ունեն և Հովիկը, և Կամիլլան, և նման մի խումբ երեխաներ, ովքեր հավաքվում են Շուշիի կամ եկեղեցու, կամ էլ մզկիթի մոտ՝ փող «վաստակելու» հույսով:

- Մենք մուրացկան չենք, մենք փող չենք ուզում: Ուղղակի վատ ենք ապրում, և եթե ինչ որ մեկը մեզ փող է տալիս, այդ դեպքում վերցնում ենք: Բայց այդ մասին թերթում չգրեք: Կմտածեն, թե մենք մուրացկանությամբ ենք զբաղվում: Մենք սովորում ենք դպրոցում, իսկ այստեղ ուղղակի ստվերոտ տեղ է, դրա համար էլ միշտ այստեղ ենք նստում:

Իհարկե, այս երեխաներն արդեն գիտեն, որ մուրացկանությունը ոչ վայել զբաղմունք է: Եվ այս կամ այն կերպ փորձում են արդարացնել այն փաստը, որ միևնույն է՝ անծա-նոթներից փող են վերցնում, նույնիսկ նման հարցազրույցից հետո:

Հ.Գ. – Երեխաների ասածում մի ճշմարտություն, համենայն դեպս, կա՝ մեր որոշ սփյուռքահայ բարե-կամներ իրոք նման սովորություն ունեն՝ գալ Շուշի ու երեխաներին մանրադրամ բաժանել, չհասկանալով, որ կամա թե ակամա նպաստում են մուրացկանությանը:

- Երեխաներ, սիրո՞ւմ եք Շուշին:
- Հա, բայց ավելի շատ Երևանն ենք սիրում, Երևանը սիրուն քաղաք է:
- Իսկ մի՞թե Շուշին սիրուն քաղաք չէ:
- Ի՞նչ քաղաք, այստեղ ամենուր փոսեր են, թեև Ստեփանակերտում էլ փոսեր կան, բայց Ստեփանակերտը քաղաք է:
- Լավ, իսկ ի՞նչ եք ուզում դառնաք, երբ մեծանաք:
- Դատախազ:
- Նախագահ:
- Տնօրեն:

- Դե հենց այդ է, կմնաք այստեղ, մեկը կդառնա մի ինչ-որ ձեռնարկության տնօրեն, մյուսը՝ շրջանի դատախազը, երրորդն էլ՝ նախագահ:

- Նա՞ պիտի դառնա դատախազ, նա սկի մի ամիս է դպրոց չի գնում, նա սկի տառերը չի իմանում, նրանից ի՞նչ դատախազ:

- Հովիկ, իրո՞ք մի ամիս դպրոց չես գնում:
- Այո:
- Ինչո՞ւ:
- Որովհետև այնտեղ հետաքրքիր չէ…

ՔԱՐԻՆ ՏԱԿ

Լինելով Շուշիում՝ անհնար էր հերոսական Քարին տակ գյուղ չգնալը: Չէ՞ որ մայիսյան տոները ոչ միայն Շուշիի ազատագրումն են խորհրդանշում, այլ նաև հերոսական Քարին տակ գյուղի հերոս բնակիչների քաջությունը, ովքեր կարողացել են կենաց-մահու պատերազմի ժամանակ պահել հայրենի գյուղը, իսկ պատերազմից հետո նաև ապրել այնտեղ՝ շենացնելով այն:

«Ոչ առաջընթաց կա, ոչ էլ հետընթաց» 

Քարին տակի գյուղապետի նախկին պաշտոնակատար Վլադիկ Աթայանն ասում է, որ գյուղում այսօր կան բազմաթիվ երիտասարդներ, ովքեր ցանկանում են ամուսնանալ, սակայն տուն չունենալու պատճառով հապաղում են: Կառավարությունը, նրա խոսքերով՝ իհարկե օգնում է, բայց դա բավարար չէ: Գյուղի թիվ երկու խնդիրը խմելու ջրի պրոբլեմն է: Վ. Աթայանը պատմում է, թե սրանից գրեթե 50 տարի առաջ գիծը պիտի փոխեին, նոր գիծ անցկացնեին՝ 1.2  կմ երկարությամբ, բայց այդպես էլ չարեցին: Երրորդ պրոբլեմն այն է, որ եթե վարկեր տային, հնարավոր կլիներ գյուղում փոքր մասշտաբի գործ դնել: «Բայց այդպիսի հնարավորություն չունենք,- ասում է Վ. Աթայանը: – Նախկինում գյուղում մետաքսի արտադրամաս կար, ժողովրդի մեծամասնությունն աշխատում էր այնտեղ: Հետո էլ եթե Շուշիում շինարարություն էր լինում, ամեն օր 2-3 ավտոբուս մարդ էր գնում այնտեղ աշխատելու: Հիմա այդ ամենը չկա: Էդ կոլխոզն էլ որ կար, ձևական էր գործում, ոչ մի օգուտ չէր բերում ոչ պետությանը, ոչ էլ՝ գյուղին, նույնիսկ՝ վնասով էր աշխատում, որովհետև հողատարածք չկար: Դե, հիմա արտադրամաս չկա: Նոր արտադրամաս ստեղծելն էլ դժվար է, ախր իրացման խնդիր կա, չէ՞, արտադրես, հետո որտե՞ղ իրացնես»: Նախկին գյուղապետի խոսքերով՝ ներկա դրությամբ ժողովուրդն իր մի կտոր բանջարանոցը մշակելով, մի-երկու անասուն պահելով և թոշակով է հազիվ յոլա գնում: «Ոչ առաջընթաց կա, ոչ էլ հետընթաց. անշարժ տեղում կանգնած ենք: Սա է մեր ռեալ պատկերը»,- ասում է նա: Կառավարությունը ժամանակին վերանորոգել է ճանապարհը, դպրոցը, մանկապարտեզը՝ հովանավորի միջոցով, ակումբը, եկեղեցին, գյուղում գազ կա, երիտասարդները մնում են. այ եթե տան հարցը լուծվի, լավ կլինի:  «Նույնիսկ այն ժամանակ, երբ ադրբեջանցիները շուրջբոլոր էին, մեր երիտասարդները դուրս չեն եկել: Սա հուշում է, որ մերոնք արմատներով են կպած այս հողին,- ասում է Վ. Աթայանը,- բայց պետք է երիտասարդներին մնալու հնարավորություն տալ, որովհետև արդեն այն պահն է, որ խեղդոց է առաջացնում»:

«Ինձ քո բանջարանոցը պետք չէ, ես կարդալ եմ ուզում» 

Աստղիկ Ասատրյանը Քարին տակ գյուղի մանկապարտեզի խոհարարն է, զոհված ազատամարտիկի այրի: Ունի 2 երեխա, երեխաների նպաստների ու իր ստացած 15 հազար դրամի հույսին է: Պատերազմի ժամանակ բոլոր քարինտակեցիները զոհեր են տվել, գյուղում չկա մի ընտանիք, որ զոհ տված չլինի: Բայց ամենից շատ զոհ տվել է Աստղիկի ընտանիքը: Պատերազմի ժամանակ զոհվել են իր և երկու քույրերի ամուսինները, հետո՝ երիտասարդ հայրը, իսկ վերջերս էլ եղբայրը՝ որբ թողնելով չորս մանկահասակ երեխաներին: Օրվա մեծ մասը Աստղիկն անց է կացնում մանկապարտեզում, իսկ մյուս մասը՝ իր բանջարանոցում: Էլ ի՞նչ ընկեր, ի՞նչ հարևան, հազիվ տան գործերն  է հասցնում անել: Համ էլ մանկապարտեզում իր հետ աշխատող կանայք հեռու են ապրում, չի լինում իրիկունները իրար տուն այցելել, մի-մի բաժակ թեյ խմել, պրոբլեմներից խոսել: Երկու երեխաներից մեծն աղջիկ է, ամբողջ օրը, ինչպես Աստղիկն է ասում, գիրք է կարդում. «Ասում է՝ ինձ քո բանջարանոցը պետք չի, ես կարդալ եմ ուզում, ուզում եմ սովորել: Այ, եթե դու էլ ժամանակին սովորեիր, հիմա ողջ օրը շերեփի հետ չէիր գործ ունենա: Բայց չէ՞ որ այդ շերեփն է հիմա մեզ պահում»,- տարակուսում է Աստղիկը: Այստեղ նա աշխատում է, մի կերպ պահում իր երեխաներին, մեկ էլ գումար է հավաքում և տարին մի անգամ այցելում ամուսնու շիրիմը, որին ընդամենը երեք տարի է տեսել: Մեզ հետ խոսելիս  Աստղիկն անընդհատ պատմում է նաև պատերազմի ծանր օրերի մասին. «Այն ժամանակ այստեղ էի, ոչ մի տեղ չեմ գնացել, որովհետև ոչնչից չեմ վախեցել, բայց Աստված մի արասցե, եթե հանկարծ վաղը պատերազմ սկսվի՝ կվախենամ»:

——————————————————————————————-

Եռատոն

ԱՅՍ ՏԱՐՎԱ ԵՌԱՏՈՆՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ  ԱՌԱՆՑ ԱՎԵԼՈՐԴ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅԱՆ

Այս տարվա մայիսի 9-ի՝ եռատոնի տոնակատարությունն, ըստ մարդկանց տպավորությունների, ամենահանգիստն ու ամենատոնականն էր վերջին տարիների ընթացքում: Տոնում էինք ամեն տարի, բայց այս տարի գրեթե յուրաքանչյուրի տանը տոնական սեղան էր բացված: Թե՞ կյանքն է մի քիչ լավացել, թե՞ սկսել ենք լուրջ, առանց ավելորդ  խանդավառության ու իրապես գիտակցել հաղթանակի արժեքը… մնում է ենթադրել: Կարծես թե առօրեական է դարձել այս տոնը, ինչն ամենևին էլ վատ չէ, քանի որ կարծես թե ավելի իրատես ենք դառնում:

Ամեն ինչ արդեն քանիցս ծանոթ ու ավանդական էր՝ զինվորների երթը, դեպի Հուշահամալիր մարդկանց հոծ բազմության հոսքը, Երկրորդ աշխարհամարտի վետերանների մեդալները՝ 60-ականներից պահպանվող կոստյումների վրա, տոնական համերգ, հրավառություն: Նաև «ավանդական» հյուրեր մայր Հայաստանից: Նորը, թերևս, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության ծառատունկն էր եւ… մարդկանց աչքերում արտացոլված պատրաստակամությունը: Սա առաջին Մայիսի 9-ն է այն բանից հետո, երբ «ափաշկարա» սկսեցինք խոսել բանակցությունների բուն էության ու կարգավորման հեռանկարների մասին: Մարդիկ հանկարծ հասու եղան այն բանին, որ դեռ լիակատար հաղթանակի չեն հասել, որ բանակցություններում քննարկվում է հողերի, փախստականների վերադարձի հարցը: «Բա չպրծա՞նք»՝ հոգնած հարցնում են մարդիկ: Սակայն նահանջելու տեղ էլ չկա:

«Մեզ պարտադրած պատերազմն ապացուցեց, որ միայն պատերազմով հնարավոր չէ հարցը լուծել: Այո, մենք պաշտպանեցինք մեր հողը, հաղթեցինք պատերազմում, բայց չի կարելի ասել, որ մեր ժողովուրդները՝ հայերն ու ադրբեջանցիները, երջանիկ են: Սա հուշում է, որ հարցը պետք է լուծվի քաղաքական դաշտում: Մեր բոլորիս խնդիրն այն է, որ չլինի պատերազմ: Սակայն պետք է պատրաստ լինենք պատերազմի: Մեր պատրաստվածությունը կբացառի պատերազմի վերսկսումը»,- հուշահամալիրում ասել է  ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Պատասխանելով «Մեզ կարո՞ղ են պարտադրել վատ խաղաղություն» մեր հարցին, նա ընդգծեց. «Չեմ կարծում, որ մեզ կարող են որեւէ բան պարտադրել: Մենք պետք է ընտրենք այն, ինչ ուզում ենք: Իսկ վատ խաղաղությունը մենք չենք ընտրելու»:

Հիշեցնենք, սակայն, որ արցախցիների մեծ մասը «վատ խաղաղություն» հասկացողության տակ հասկանում է  ԼՂՀ անկախության ճանաչում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, դրան հավելած՝ տարածքների հանձնում եւ փախստականների վերադարձ:

ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հարցազրույցի ժամանակ ասաց. «Ես համաձայն չեմ, որ հաղթանակը գործի կեսն է: Հաղթանակը հաղթանակ է: Եթե 50 տոկոսով ես հաղթում, ուրեմն՝ չես հաղթել: Ես կարծում եմ, որ Ղարաբաղը հաղթել է»: Խոսելով հողերի մասին, Սերժ Սարգսյանը նշեց. «Հողերի հանձնումը շատ տարողունակ բառակապակցություն է: Խոսքը ո՞ր հողերի մասին է: Ստեփանակերտի՞»: Հարցատուները տեղնուտեղը ճշգրտեցին՝ «ոչ, նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս հողերի»: Ի պատասխան հնչեց՝ «Համոզված եմ, եւ այսօր էլ՝ նամանավանդ, որ խաղաղությունը կամ խնդրի լուծումը կարող է լինել փոխզիջումների հիմքի վրա: Բայց փոխզիջումը պետք է լինի փոխադարձ»: Իսկ որպես փոխզիջում Ադրբեջանից նա, ինչպես և 18 տարի առաջ, ակնկալում է Ղարաբաղի ժողովրդի անկախ ապրելու իրավունքի ճանաչումը:

Իսկ ահա գրեթե նույն ժամանակ Երևանում ՀՀ պաշտպանության փոխնախարար, «Երկրապահ» միության նախագահ Մանվել Գրիգորյանը, ելույթ ունենալով ԵԿՄ օրվան նվիրված հանդիսության ժամանակ, հայտարարել է. «Ես բացառում եմ, որ հողերը վերադարձվեն: Ես պատրաստ եմ թույլ չտալ հողերի վերադարձ, եթե նման փորձեր լինեն»:

«Ես՝ մշեցի լինելով, գիտեմ, որ Մուշ ունենալու համար պիտի Ղարաբաղը պահել: Ջավախքցին գիտի, որ Ջավախքի հողի վրա հայ ապրելու համար առաջին հերթին պիտի Ղարաբաղը պահենք: Ոչ միայն Ղարաբաղը, այլ ամբողջ Հայաստանը». այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Ստեփանակերտի Սպայի տանը մայիսի 8-ին կայացած հանդիսավոր նիստի ժամանակ:

Հայաստանում չկա մի մարդ, որ համարձակություն ունենա խոսելու ազատագրված տարածքները վերադարձնելու մասին. մայիսի 9-ին Երեւանի «Փաստարկ» ակումբում այդպիսի հայտարարությամբ են հանդես եկել ղարաբաղյան պատերազմին ու Շուշիի գրավմանը մասնակցած ջոկատների հինգ հրամանատարներ: «Իշխանությունն ասում է, որ այդ տարածքները կարելի է վերադարձնել, երբ որ մեզ կտան անվտանգության հստակ երաշխիքներ: Եղբայր, ինչի՞ մասին է խոսքը: Ո՞նց կարելի է ամենակարեւոր երաշխիքը տալ և ինչ-որ թղթի վրա ինչ-որ բան վերցնել»,- տարակուսում է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության անդամ Արմեն Եղյանը:

Նրա հետ համամիտ են Միքայել Ապրեսյանը՝ «Արցախ» ջոկատի հրամանատար, Մանվել Եղիազարյանը՝ «Արաբո» ջոկատի հրամանատար, Տիգրան Փաշադեզյանը, ով նախկինում եղել է ԱՍԱԼԱ-ի անդամ եւ կռվել է Ղարաբաղում, Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանը, ով պատերազմին մասնակցել է ՀԱԲ-ի կազմում:

«Եվ ես չեմ չափազանցնում: Բոլոր միջոցներով, բոլորին կգնդակահարենք մի թիզ հող տալու դեպքում»,- պնդում է Արմեն Եղյանը, միաժամանակ նշելով, որ դա չպետք է դիտել որպես ծայրահեղություն:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

——————————————————————————————

Կարգավորում

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ
կամ՝ խորհրդածություններ խորհրդարանում և նրանից դուրս

Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի ավարտից 12 տարի հետո Արցախում առաջին անգամ կայացան խորհրդարանական լսումներ, որ պիտի պատասխանեին Ղարաբաղի հանրությանը հուզող մի շարք հարցերի. վերջին մեկևկես տասնամյակում ի՞նչ է արվել հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ, ի՞նչ հարցեր են քննարկվում ԵԱՀԿ Մինսկի խմբի մակարդակով, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների անձնական հանդիպումներում և, վերջապես, հայկական իշխանություններն ինչպե՞ս են պատկերացնում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծումը, ի՞նչ զիջումներ են պատրաստ կատարելու հայկական կողմն ու Ադրբեջանը:

Վերջին տասնամյակում թե ինչ է կատարվել երկրի ներքին կյանքում, պետք չէ ժողովրդին բացատրել: Մարդիկ դրա ականատեսն են ամեն օր ու ժամ. հսկայական հարստության կենտրոնացում մի խումբ մարդկանց ձեռքում, մյուս կողմից՝ շարքային արցախցիներ կամ ժողովուրդ, որ, լավագույն դեպքում, օրվա հաց է վաստակում, սոցիալական անարդարությունների վերջը չերևացեղ շղթա, Օրենսդիրի կողմից ընդունված օրենքներ, որ հիմնականում շրջանցում են հատկապես իշխանական խաչմերուկներում, արտագաղթ կամ, մեղմ ասած, աշխատանքի որոնում ԼՂՀ սահմաններից դուրս… Այսքանը՝ երկրի ներքին կյանքում:

Իսկ ի՞նչ է կատարվել արտաքին քաղաքական ճակատում…  Ու հենց այս հարցի պատասխանը ժողովրդին հասցնելու նպատակով էին կազմակերպվել վերոհիշյալ լսումները:

Ելույթ ունեցողներից մեկն ասաց, թե 8 տարի առաջ հնարավոր չէր այսպիսի հանդիպում կազմակերպել, ասել է թե՝ նման լսումների անցկացումը Լ. Տեր-Պետրոսյանի ղեկավարության տարիներին անհնար էր: Սակայն զարմանալի է, թե ինչու տեր-պետրոսյանական իշխանափոխությունից և ռազմագործողությունների ավարտից հետո այսքան ուշ են տեղի ունենում նմանօրինակ լսումներ: Վերջին տասնամյակում ինչո՞վ էին զբաղված հայ բարձրաստիճան պաշտոնյաները:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ «Ադրբեջանի կոշտ դիրքորոշմանը մենք պետք է պատասխանենք համարժեք կոշտությամբ»:

«Երբ փաստարկված ենք խոսում, ապա հասնում ենք արդյունքի»,- իր խոսքում ասաց ՀՀ դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը: Իսկ փաստարկված խոսելու համար պետք է ոչ միայն ծանոթ լինել այդ փաստերին, այլև կարողանալ դրանք տեղին օգտագործել: Մինչդեռ ՀՀ ղեկավարության մեղքով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը վերաձևվել, դարձել է հայ-ադրբեջանական, իսկ Արցախը՝ տարածքային վեճ երկու երկրների միջև:

«Դիվանագիտությունը ևս գիտություն է»,- ասաց ճանաչված փորձագետ, գիտնական Ալեքսանդր Մանասյանը: Լսումների ընդմիջման ժամանակ վերջինիս հարցրի. «Եթե Ադրբեջանի հետ այսօր բանակցում է Հայաստանը, այդ դեպքում մի՞թե ավելի տրամաբանական չէր լինի, որ Հայաստանը բարձրացներ Նախիջևանի խնդիրը: Ասում ենք, որ վերջերս այնտեղ խաչքարերի ջարդ է կազմակերպվել, բայց չէ՞ որ այդ խաչքարերը կոնկրետ մարդիկ են ստեղծել, որ տարիներ, դարեր առաջ ապրել են այնտեղ: Նախիջևանի հարցը բարձրացնելով, ըստ իս, Ադրբեջանին կարելի է նեղը գցել դիվանագիտական դաշտում»: «Ասում եմ, բայց մերոնք չեն ուզում Նախիջևանի անունը լսել»,- ձեռքերն անզոր տարածեց պրն Մանասյանը, իսկ ամբիոնից ավելի հստակեցրեց իր խոսքը. «Ավելի հեշտ է Շուշին վերստին ազատագրել, քան մերոնց մի բան հասկացնել…»:

Իսկ թե այդ նույն դիվանագիտական դաշտում որքա¯ն սխալներ ենք կատարել, մեջբերենք մի քանիսը՝ պրն Մանասյանի թվարկածից.

- Ոչ թե պետք է պահանջենք ճանաչել ինքնորոշման մեր իրավունքը… այլ պահանջենք հարգել վաղուց ճանաչված ինքնորոշման մեր իրավունքը:

- Չի կարելի անընդհատ պնդել այն սխալը, թե մենք հաղթող կողմ ենք: Դրանով մենք հաղթաթուղթ ենք տալիս Ադրբեջանին: Մենք մնացել ենք մեր՝ Արցախի տարածքում, իսկ Ադրբեջանում մոտ 500 հազար հայ է վտարվել իր տունուտեղից՝ առանց նյութական փոխհատուցման:

- Չգիտես ինչու մենք չենք ասում, որ Նախիջևանի կարգավիճակը վիճարկելի է:

- Միջազգային հանրությանը պետք է փաստերով ապացուցենք, որ ԼՂՀ-ն կայացել է Ադրբեջանին չպատկանող տարածքում…

Երբ այսօր բանակցություններում փորձում են կարգավիճակի հարցից առաջ խցկել փախստականների հարցը, ավելի ճիշտ՝ ադրբեջանցի փախստականների հարցը, մինչև անգամ նրանց՝ Շուշի վերադարձնելու հարցը, պարզապես ուզում ես հարցնել. «Դուք իսկապես միամի՞տ եք, թե՞ ձեզ միամիտի տեղ եք դնում»: Արցախն՝ Ադրբեջանից, արցախցիները՝ ադրբեջանցիներից պետք է բաժանված լինեն պետական սահմանով: «Հարցը պետք է լուծվի տարածքային սահմանազատմամբ, քանի որ մեր դեպքում սա ոչ միայն սոսկ հակամարտություն է, այլև առաջին հերթին՝ քաղաքակրթակա°ն հակամարտություն,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը,- երկու տարբեր ազգերի հակամարտություն, ինչպիսին Կոսովոն է» (չնայած այնտեղ այլ ճանապարհով են զարգացել գործողությունները. ալբանացի փոքրամասնությունը գերտերությունների կոպիտ միջամտությամբ ու աջակցությամբ երկրից դուրս է արել բնիկ սերբ ազգաբնակչությանը – Վ. Օ.):

Իսկ ի՞նչ անել: Մենք այսօր փորձում ենք շենք կառուցել, բայց առանց կոնկրետ նախագծի ու նախահաշվի՝ ասաց Մաքսիմ Միրզոյանը: Ալեքսանդր Իսկանդարյանն իր ելույթում նշեց, որ պետք է հույսը դնել ոչ թե բանակցությունների վրա, այլ ամեն ինչ սկսել բուն Ղարաբաղից… Այդ դեպքում՝ կարգավորումն ինքն իրեն կգա: «Դիվանագիտության շանսերը հավասար են զրոյի, եթե երկրի բարոյահոգեբանական վիճակը չի համապատասխանում առաջադրված նպատակին»,- ասաց Մուրադ Պետրոսյանը:

«ՀՅԴ-Շարժում-88» պատգամավորական խմբի ղեկավար Արմեն Սարգսյանը ազատագրված տարածքների առնչությամբ ասաց. «Եթե մենք մեր գերիշխանությունը՝ իրավական և պատմական տեսանկյուններից հիմնավորված, չհաստատենք այդ տարածքների վրա, ապա Ադրբեջանի կողմից այն դիտվելու է, ինչպես և դիտվում է, որպես զավթված տարածքներ, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի համար կարող է իրավական հիմք ստեղծվել պատերազմ սկսելու և «օկուպացված» տարածքները ետ վերադարձնելու համար»:

Արման Մելիքյանն առաջարկեց Ադրբեջանից բռնագաղթած 500 հազար հայ փախստականներին վերաբնակեցնել ազատագրված տարածքներում՝ դրանով լուծելով թե° փախստականների, թե° այդ տարածքների հարցը: Անշուշտ, լավ գաղափար է, սակայն, ցավոք, մեր իշխանություններն առայսօր չեն փորձում նույնիսկ փոքրիշատե լուծել Արցախի նախկին մայրաքաղաք Շուշիի վերականգնման, փաստացի բնակեցման ու զարգացման հարցը: Մյուս կողմից՝ հազիվ թե սումգայիթ ու բաքու տեսած հայ փախստականները համաձայնեն վերաբնակվել սահմանամերձ այդ շրջաններում: Վերաբնակեցման խնդրում թերևս պետք չէ առաջնորդվել փախստական-ոչ փախստական սկզբունքով: Պարզապես պետք է պետականորեն ըստ ամենայնի աջակցել բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն վերադառնալ Արցախ՝ Քելբաջարից Զանգելան ու Ֆիզուլի:

Մի հարց ևս: Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները կարծես հասնում են իրենց նպատակին. յուրօրինակ հոգեբանական ճնշում են գործադրում ոչ միայն միջնորդների, այլև հայկական կողմի վրա: Հայկական մամուլում շատ է խոսվում պատերազմի վերսկսման վտանգի մասին: Որոշ վայ-քաղաքագետներ առաջարկում են դրանից խուսափելու համար հակառակորդին զիջել ազատագրված տարածքները, չհասկանալով, որ դրանով մենք պարզապես պատերազմ սկսելու հնարավորություն կտանք հակառակորդին: Մինչդեռ, պատերազմից խուսափելու ձևը մեկն է, և այն մեզնից է կախված. պետք է շենացնել մեր երկիրը՝ վերականգնել տնտեսությունը, բարելավել ժողովրդի բարեկեցությունը, ժողովրդավարական բարեփոխումներ կատարել, վերջ տալ սոցիալական և այլ կարգի անարդարություններին, բանակը հզոր ու մարտունակ դարձնել առաջին հերթին զինվորի հավատի շնորհիվ և այլն:

Հանրությունն արդեն տեղյակ է, որ ՀՀ արտգործնախարարն ու ԼՂՀ նախագահը «աշխատանքային գրաֆիկի» պատճառով լսումներին չմասնակցեցին: Ըստ իս, հազիվ թե որևէ բան փոխվեր, եթե նրանք ներկա գտնվեին: Եվ ոչ միայն ըստ իս. ԼՂՀ ԱԳ նախարար Գ. Պետրոսյանն ասաց, որ ոչ մի գաղտնիք չկա, ինչ իրենք գիտեն, այդ ամենը մամուլում տպագրված է: Ասել է թե՝ վերոհիշյալ անձինք հազիվ թե որևէ նոր բան ավելացնեին մամուլից մեր իմացածին:

Իսկ եթե դրան հավելենք Արմեն Ռուստամյանի հայտնած այն տեղեկությունը, ըստ որի Ռամբույեում փաստորեն համաձայնություն կայացել է բոլոր հարցերի շուրջ, բացառությամբ ամենակարևորի՝ Ղարաբաղի կարգավիճակի և փախստականների հարցի, ապա դժվար չէ համոզվել, որ ամենևին անհիմն չէ հայ հանրության մտահոգությունը, քանզի նույն այդ մամուլից գիտենք, որ համաձայնեցված բոլոր հարցերը մեր օգտին չեն:

Ինչ մնում է ՀՀ արտգործնախարարին, որի մասին հայտնի քաղաքագետ Իգոր Մուրադյանն ասում է, որ «տեղեկացված մարդ չէ, և իր գործով չի զբաղվում», ապա նա լսումներից մի քանի օր հետո եղավ Արցախում: Ի դեպ, մենք արդեն ծանոթ էինք Վ. Օսկանյանի վերջին հայտարարությանը. եթե ադրբեջանական կողմն ընդունում է, որ ղարաբաղցիներն ունեն ինքնորոշման իրավունք, ապա հայկական կողմը պատրաստ է քննարկել հակամարտության հետևանքները, և Հայաստանը կարող է հետաձգել կարգավիճակի հարցի լուծումը, եթե Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնի Ղարաբաղի ինքնորոշմանը£

Այդ կապակցությամբ Շավարշ Քոչարյանն ասաց, որ «կա մի սահմանագիծ, որը Հայաստանն իրավունք չունի անցնել… Օսկանյանը պետք է ասեր՝ եթե Ղարաբաղն ու Ադրբեջանը գան համաձայնության, Հայաստանն էլ համաձայն կլինի: Վերջնական որոշում պետք է կայացնի Ղարաբաղը»:

Հիշեցնենք, որ Արցախում Օսկանյանը ևս մի քանի «փայլուն» մտքեր հայտնեց: Այսպես օրինակ. «Միջազգային հանրությունը ԼՂ ասելով հասկանում է նախկին ԼՂԻՄ տարածքը», կամ՝ «Ռոբերտ Քոչարյանի ղարաբաղյան ծագումը հնարավորություն է տալիս նրան բանակցությունների տվյալ էտապում ներկայացնելու և° Հայաստանը, և° Ղարաբաղը»: Բայց միջազգային հանրությունն ի՞նչ մեղք ունի, երբ բանակցություններում Ղարաբաղը ներկայացնող Հայաստանը թե° սեփական հեռուստաալիքներով, թե° արտերկրում Արցախը ներկայացնում է ԼՂԻՄ քարտեզով, ու միջնորդներին հպարտորեն տանում ցույց տալիս, որ «գրավյալ տարածքներում պետականորեն վերաբնակեցում չի իրականացվում»: Երկրորդ. եթե Քոչարյանն, ասենք, լոռեցի կամ ապարանցի լիներ, ապա, ըստ Օսկանյանի, բանակցությունները պիտի որ ձախողվեին: Նույն տրամաբանությամբ՝ Քոչարյանը չի կարող պաշտպանել հայաստանցիների շահերը, որովհետև ծագումով ՀՀ-ից չէ:

Եվ վերջում՝ կրկին վերոհիշյալ լսումների մասին: Անշուշտ, այն անհրաժեշտ էր և պետք է հաճախակի կազմակերպել՝ խուսափելով առաջինի սխալներից: Հաշվի առնելով նաև Ա. Մանասյանի դիտողությունը՝ լսումներն անցկացնել զուտ փորձագիտական մակարդակով, պետք է նախապես գրված ելույթներ, տեքստեր լինեն, փաստաթղթեր, փաստեր, որոնք պիտի ուսումնասիրվեն, քննարկվեն: Ելույթ ունեցողները պետք է վիճեն, վիճաբանեն, որպեսզի ծնվի ճշմարտությունը:

Վարդգես ՕՎՅԱՆ

 

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ՝ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Թե որքանով են մեր հայրենակիցները տեղյակ Ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացին և ինչ ակնկալիքներ ունեն, փորձեցինք պարզել մի փոքրիկ հարցումով: Առաջադրված հարցերը հետևյալն էին.

1. Տեղյա՞կ եք, արդյոք, հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական ջանքերին:

2. Ըստ ձեզ, անհրաժե՞շտ է ԼՂՀ մասնակցությունը բանակցություններին:

3. Ի՞նչ ակնկալիքներ ու կանխատեսումներ ունեք:

Քնար ԲԱԲԱՅԱՆ (լրագրություն, 2-րդ կուրս) – Գիտենք, որ տարբեր խորհուրդներում քննարկվում է Ղարաբաղյան հիմնահարցը, հատուկ դրա համար եվրոպական երկրների կողմից քննարկումներ են կազմա-կերպվում: Այդ հարցը քննարկվում է, բայց ինչպես գիտենք, և ինչպես մեզ են տեղեկացնում լրատվամիջոցները, դեռ ոչ մի դրական քայլ չի արվել:

- Իհարկե, պարտադիր է, որ ԼՂՀ կողմից որևէ ներկայացուցիչ մասնակցի բանակցություններին: Եթե անգամ ոչ նախագահը, ապա որևէ գիտակ և մեր հարցը մինչև վերջ իմացող մեկը պետք է, քանի որ վերջիվերջո մեր ճակատագիրն է որոշվում:

Ճիշտ է, Հայաստանը մեր բարեկամն է, բայց չէ՞ որ նա էլ ունի պետական որոշակի շահեր, և չի բացառվում, որ այդ շահերը խանգարեն մի շարք հարցերում:

- Ես հուսով եմ, որ մի պայծառ օր ղարաբաղյան հարցը կստանա իր լուծումը, բայց, չգիտես ինչու, դեռ ձգձգվում է այն, այսինքն՝ սայլը տեղից չեն շարժում:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (իրավաբանական, 2-րդ կուրս) – Մենք գիտենք, որ 1988-ից սկսվեց արցախյան վերածնունդը, այն մինչև օրս շարունակվում է, և արցախցիները պայքարում են հանուն ազատության ու անկախության: Ղարաբաղյան հարցը ծագել է դեռևս 1921թ., և հուսով ենք, որ այն շուտով կլուծվի, բայց օրինական ճանապարհով, այլ ոչ թե Ադրբեջանի կամայականություններով, որն էլ նրանք ձգտում են լուծել բռնի ուժով կամ էլ ազատագրված տարածքները հետ վերցնելով:

- Ըստ իս, իհարկե, անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին, քանի որ, իմ կարծիքով, հարցի լուծման իրավական հիմքն այն է, որ ազգերի ինքնորոշման ժամանակ տվյալ ազգի ներկայացուցիչը պետք է անպայման մասնակից լինի իր ազգի ճակատագրի լուծմանը:

Սերգեյ ՍԱՐԳՍՅԱՆ (փիլիսոփայության և իրավագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր) – Արցախյան հիմնահարցի քննարկումը ներկայումս գտնվում է թե° տեղական, թե° օտարերկրյա դիվանագետների ուշադրության կենտրոնում: Եվ իրականում այդ հարցի լուծումը ավելի լուրջ բնույթ է կրում, ուստի պիտի մասնակցեն Արցախի ներկայացուցիչները: Առանց արցախյան ներկայացուցիչների՝ հիմնահարցը լիովին լուծել անհնար է: Անկասկած արդյունքներ չեն կարող տալ, որովհետև այստեղ վճռական խոսքը պետք է մնա Արցախին: Արցախը պետք է օգտվի ազգերի ինքնորոշման իրավունքից: Սակայն արցախյան պրոբլեմին մասնակցող, այսպես կոչված, դիվանագետները գտնում են, որ պետք է պահպանել տարածքային ամբողջականությունը:

- Ես այսպիսի հարցերում միշտ եղել եմ ու կմնամ լավատես: Ճիշտ է, որոշ քաղաքագետներ նշում են, որ 2006թ. պետք է վճռական տարի հանդիսանա Արցախի հարցի լուծման համար: Աստծո կամոք, թող այդպես լինի: Բայց միջազգային հարաբերությունները գնալով ավելի են լրջանում: Վերջերս արցախյան պրոբլեմի շուրջ բանակցություններն ավելի են թեժանում, և դա պատահական չէ: Ինձ թվում է՝ մեր հարցը հիմնականում լուծված է, որովհետև Արցախի Հանրապետությունը ազատ ու դեմոկրատական է:

Դավիթ ԿԱՐԱԲԵԿՅԱՆ (փիլիսոփայության և իրավագիտության ամբիոնի դասախոս, անկախ վերլուծաբան) – Իմ տեղեկությունները սահմանափակվում են այն տեղեկությամբ, որը տրվում է զանգվածային լրատվությունների միջոցով: Ինչպես գիտենք, դիվանագիտական մակարդակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, համանախագահների ու ներկայացուցիչների հանդիպումներն են, որոնք ընթանում են տարբեր մակարդակով:

- Կասեմ, որ Ղարաբաղը ոչ թե երրորդ կողմն է, այլ Ադրբեջանի հետ միասին հակամարտության հիմնա-կան կողմերից մեկը: Իհարկե, եթե մենք փորձում ենք իրական կոնֆլիկտին համապատասխան ֆորմատ ապահովել և հասնել հաջողության, պետք է ներգրավենք նաև Ղարաբաղը: Եռակողմ ֆորմատը հենց այն է, որի շնորհիվ հնարավոր է հասնել զինադադարին: Պետք է արձանագրել բոլոր հաջողությունները եւ դրանց վրա հիմնել այժմյան կարգավորման գործընթացը:

- Սպասելիքներս այն են, որ մոտակա ժամանակում արցախյան հիմնախնդիրը վերջնականորեն չի լուծվի: Դա պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով: Հնարավոր է չնչին առաջընթաց, որով փոխըմբռնման կգան երկու տերությունները:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ / ԱրՊՀ, լրագր., 2-րդ կուրս

 

ԿՅԱՆՔԻ ՈՉ ՄԻ ՀԱՐՎԱԾ ԻՆՁ ՉԻ ԸՆԿՃԻ…

Այս նյութը ոչ միայն արցախյան շարժման տարեկից պատանու, այլև պատերազմի ծանր վիճակն իր մեջ կրող մեր ժողովրդի հույսի, հավատի և ապրելու կամքի մասին է: Արտակի կյանքին «Դեմո»-ն անդրադարձել է մոտ մի տարի առաջ՝ մոր հետ լուսանկարով…

Պատերազմն իր ողջ դաժանությամբ անցել է նաև նրանց ընտանիքով. գոյամարտում զոհվել է հայրը, իսկ պատերազմից հետո դժբախտ պատահարից՝ նռնակի պայթյունից պատանին զրկվել է տեսողությունից: Վերջերս նա կորցրել է նաև մորը…

Շնորհալի պատանին Հայաստանում հաղթող է ճանաչվել ինտելեկտուալ մի շարք մրցույթներում: Գրում է նաև խոհական գողտրիկ պատումներ…

Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Կյանքը մարտահրավեր է՝ դիմագրավիր…
Կյանքը հնարավորություն է՝ օգտագործիր…
Կյանքը երազ է՝ իրագործիր…
Կյանքը սեր է՝ վայելիր…

 

 

Տասնյոթամյա պատանուս համար, անշուշտ, դժվար կլինի ամբողջությամբ զգալ, ընկալել, խորհել, բայց կփորձեմ, կփորձեմ, որովհետև ժամանակն է ավելի ուղիղ նայելու իրականության աչքերին: Միևնույն է, վաղ թե ուշ, ստիպված եմ լինելու մտածել այդ մասին: Ես իմ հարազատ հայրենիքի զավակն եմ, նրա պես բզկտված, նրա պես տանջված, որբացած: Երևի չար բախտի կամոք մենք նման ենք իրար, ինչպես նա է դարերով պայքարել իր տեղն ունենալու համար այս արևի տակ, այնպես էլ՝ ես: Երբեմն մտածում եմ, որ իմ ցավն անտանելի է, եթե մեկ ուրիշը լիներ իմ փոխարեն, կդիմանա՞ր, արդյոք, բայց այնքան ցավ կա աշխարհում, որ հնարավոր է դրանց կողքին իմ դժբախտությունը տանելի համարվեր, սակայն, ի՞նչ արած, վերքը տիրոջն է ցավ պատճառում:

Կյանքն առաջին անգամ ինձ հարվածեց վաղ մանկությանս տարիներին, երբ հայրս նվիրվեց Արցախյան հերոսամարտին և հազարավոր հայորդիների հետ անմահացավ՝ հանուն Արցախ աշխարհի ազատության ու խաղաղության: Դեռ չէինք սթափվել, երբ կյանքը հասցրեց մի ուրիշ ծանր հարված: Մեր հարևանի անփութության պատճառով պայթեց ականն ու… Այն ժամանակ չէի գիտակցում, թե ինչ եմ կորցրել՝ աչքի լո¯ւյս: Հետո մարդիկ մի արտահայտություն էին անում, որն ինձ անծանոթ էր, բայց վիրավորում էր հոգիս. «Նա կույր է»:

Մարդիկ ի՞նչ իմանային, որ ինձ բաժին հասած կյանքի հարվածին մեկն էլ են ավելացնում, որը, թերևս, ավելի ծանր է, որովհետև այն թափանցում էր մանկական հոգուս խորքերը: Այդ հարվածը ծանր էր նրանով, որ ես ինձ կույր, այսինքն՝ չտեսնող չէի համարում: Այսօր էլ այդպես եմ համարում, որովհետև աչքով չտեսնելը չի նշանակում, թե մարդը կույր է. իսկ հոգու աչքե՞րը, չէ՞ որ, եթե ուզես, հոգուդ աչքերով կարող ես տեսնել փարթամ կանաչը, փթթուն ծառերը, գույները, արևածագը. ոչ միայն տեսնել, այլև զգալ բնության ներդաշնակությունը, քեզ զգալ այդ մեծ աշխարհի փոքրիկ, բայց կարևոր մասնիկը: Տեղին է ասված՝ «Լավ է կույր աչոք, քան՝ կույր մտոք»:

Այո, ոչ մի հարված ինձ չի կարող խաբել, թե իզուր եմ ծնվել: Ես ունեմ խելք, կամք, ձգտում արարելու: Հեռու ինձանից բոլոր այն մտքերը, որոնք երբեմն ինձ ստիպում են ողբալ վիճակս, դրանք փոքրոգի մարդուկների համար են: Ներքուստ համոզված եմ, որ ծնվել եմ աշխարհին ինչ-որ բան ասելու, ապացուցելու, տալու համար: Ծնկել կյանքի հարվածների առա՞ջ. ո՛չ, երիցս ո՛չ, իսկ եթե այն ժամանակ մեռնեի՞, իսկ եթե ձեռքս էլ կտրվե՞ր, իսկ եթե՞…  Իսկ եթե՞…

Աստված ավելի վատից ազատի, կա այն՝ ինչ կա. հարկավոր է առաջ նայել, խորամուխ լինել ամեն ինչում, ձգտել սիրել մարդկանց ու սիրվել նրանց կողմից: Մի՞թե պատմության մեջ քիչ են այնպիսի մարդիկ, որոնք հանճար են եղել, բայց ունեցել են ֆիզիկական թերություն՝ Հոմերոսը, Բեթհովենը, Բայրոնը: Նրանք, անկասկած, տառապել են կյանքի հարվածներից, սակայն նրանց առջև այսօր խոնարհվում է համայն քաղաքակիրթ աշխարհը:

Մտքերը հեղեղել են ուղեղս, բայց կանգ առեք, այսպես շատ հեռու կգնաք: Ես ուզում եմ, որ աշխարհում ոչ ոք չունենա որևէ արատ, իսկ եթե ունենա, թող այդ բարդույթը չընկճի նրան:

 

ՀՈՒՇԵՐԻ ԹԵՎԵՐՈՎ

Ես շատ էի կապված պապիս հետ, և այդ կապվածությունը փոխադարձ էր: Նա գյուղում էր ապրում, իսկ ես ամեն շաբաթ-կիրակի պարտադիր այցելում էի նրան: Երբ գիշերն իր թուխ կծիկն էր մանում, մենք նստում էինք բուխարու կողքին ու սկսում մեր անվերջ զրույցը: Հիմնականում նա էր խոսում, իսկ ես հետաքրքրությամբ լսում էի նրան: Պապս ոգևորված էր պատմում, մանավանդ, երբ խոսքը վերաբերում էր իր մարտական հիշողություններին: Լռում էր մի քանի վայրկյան, հետո աչքերը հառում մի կետի ու սկսում իր պատմությունը: Սկսում էր հանգիստ, հետո բորբոքվում, մերթ էլ կանգ էր առնում՝ կորցնելով մտքի թելը (տարիքն իրեն զգացնել էր տալիս): Ինչ էլ որ պատմեր, մեկ է, վերջում կպատմի մեր՝ իմ ու նրա սիրելի պատմությունը՝ հրամանատարի պատմությունը:

«…1945-ի գարունն էր… Չնայած պատերազմին՝ այդ տարի գարունը յոթնապատիկ գեղեցիկ էր: Բնությունը կանաչ էր հագել: Արևի համբույրից վերջին ձյունն էր լալիս, թռչունները ուրախ գարնանամուտն էին ազդարարում: Անգամ մահի ահից սառած մեր արյունը գարնան շնչից նոր եռանդով սկսեց խաղալ երակներում: Ահա այդպիսի գարնանային մի օր՝ մայիսի 8-ի լույս գիշերը, ստորագրվեց Գերմանիայի կապիտուլյացիայի ակտը: Մեր անծայր հայրենիքի ամեն մի անկյունում տոնվում էր մեր  մեծ հաղթանակը: Հրամանատարս որոշեց, որ պետք է այդ օրը տոնել և զվարճանալ ըստ արժանվույն: Բեռլինի անտառներից մեկում որս անելուց հետո սեղան բացեցինք: Տղաների մի մասն իր հրամանատարի հետ գնաց խորովածի համար ցախի: Հանկարծ մեր զվարթ ձայներն ու ծիծաղը խլացրեց մի ահռելի պայթյուն: Բոլորս իսկույն շտապեցինք այնտեղ, որտեղից լսվեց պայթյունը: Պարզվեց՝ ական էր պայթել, իսկ նրա կողքին ընկած էր հրամանատարիս ոտքը, մյուս կողքին էլ ինքը՝ հրամանատարն էր արնաշաղախ: Ես իսկույն ևեթ վառեցի շապիկս ու բաճկոնս և մոխիրը լցնելով վերքին՝ փորձում էի դադարեցնել արյան հոսքը: Այնուհետև նրան մի կերպ մոտակա բուժկետ տեղափոխեցի: Բժիշկը քննեց վերքը և, մի հայացք գցելով ինձ վրա, հասկացրեց, որ դուրս գնամ: Այդ պահին հրամանատարս բռնեց ձեռքիցս և հազիվ արտասանեց՝ ծխախոտ: Մի պահ շփոթվեցի՝ մտածելով, թե որտեղից գտնեմ ծխախոտ (այդ ժամանակ ես չէի ծխում), հետո դուրս եկա: Քիչ հետո ես արդեն վերադառնում էի՝ ծխախոտը ձեռքիս: Այն ուներ երկու ժամացույցի և մեկ տուփ ածելու արժեք (ես փող չունեի, բայց երկու ձեռքս էլ դաստակից մինչև բազուկ ժամացույցներ էին կապված, որոնք մեզ մնացել էին սպանված ֆաշիստներից): Ուրախությունից, որ հաջողվեց կատարել հրամանատարիս միգուցե և վերջին ցանկությունը, ես քիչ էր մնում երեխայի պես ցատկոտեի: Գոհ, ժպիտը դեմքիս մտա այն նույն սենյակը, ուր թողեցի նրան: Բայց ավա¯ղ… Ուշացել էի»:

- Իսկ հետո՞…

- Իսկ հետո՞, հետո ի՞նչ… Ծխախոտի տուփն ափիս մեջ սեղմած գլխիկոր դուրս եկա: Եվ ինքս ինձ անընդհատ կրկնում էի՝ «գոնե մի վայրկյան շուտ գայի»:

Այդ պահին նա արդեն ի վիճակի չէր լինում շարունակելու: Աչքերում արցունքն էր լճանում, ձայնը գնալով խզվում էր, և նա ընկնում էր մոռացության գիրկը: Ես բարի գիշեր մաղթելով, լուռ դուրս էի գալիս՝ նրան թողնելով իր հուշերի հետ:

…Այդ բարի օրերից անցել է ուղիղ յոթ տարի: Պապս այսօր կենդանի չէ: Երբեմն նա այցելում է ինձ իմ երազներում, և չգիտես ինչու, ինձանից միշտ ծխախոտ է ուզում: Ու ես, վերցնելով նրա սիրած ծխախոտը (այդ դեպքից հետո նա սկսեց ծխել), այցի եմ գնում նրա գերեզմանին: Երկար կանգնում եմ՝ խոնարհված նրա սառը գերեզմանաքարին, և նորից սկսվում է մեր հին զրույցը: Բայց մի տարբերությամբ. հիմա ես եմ խոսում: Իսկ նա լուռ և, գիտեմ հաստատ, հետաքրքրությամբ լսում է իմ պատմությունները…

Քնար ԲԱԲԱՅԱՆ / ԱրՊՀ, լրագր., 2-րդ կուրս

 

ՀԱԹԵՐՔՑԻ ՔԱՋՈՐԴԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Երախտապարտ հաթերքցիներն ազատա-գրական պայքարում զոհված իրենց հերոս որդիների հիշա-տակն անմահա-ցրել են հուշարձան-կոթողով, որը նրանց տապանաքարերի հետ միասին ամբողջություն կազմելով՝ մի սրբատեղի է թե այսօրվա և թե հետագա բոլոր սերունդների համար:

Պատմական խոր անցյալ ունի Հաթերքը: Գյուղի արմատները հասնում են մինչև հազարամյակի սկիզբ: Գյուղն իր պատմության յուրաքանչյուր էջ արարել է աշխատանքի ու ձգտումների շնորհիվ, ստեղծել է՝ դիմակայելով դժվարություններին և երբեք չի կորցրել իր հավատն ու հույսը:

Ասում են ՝ արյունարբու Լենկ Թեմուրը եկել-հասել է մինչև Սարսանգ և չի մտել Հաթերք: Ասում են, որ իբր նա չի ցանկացել ծաղկածիծաղ այգիներն ու պարտեզներն ավերել:

Դարասկզբին շատ հաթերքցիներ են կռվել Անդրանիկի դրոշի տակ:

Հաթերքը Մեծ հայրենական  է ուղարկել 350 զինվոր, որոնցից 195-ը չի վերադարձել: Արցախյան պատերազմի ժամանակ կազմավորված ջոկատներից 60-ում կռվում էին հաթերքցիները: 1991թ. Արցախի պաշտպանության բանակում կային 100-ից ավել հաթերքցիներ: Իրենց մարտական ուղին անցան հաթերքցիները՝ զոհելով 57 քաջամարտիկներ: Սույն թվականի մայիսի 1-ին Հաթերքում բացվեց 57 զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը: Այդ օրը հաթերքցիների համար սրբազան ու նվիրական տոն էր: Շատ ջանքեր ու ֆինանսական միջոցներ տրամադրվեցին հուշարձանը կառուցելու համար, որը սպեղանի է զոհվածների հարազատների համար: Նրանք իրենց երախտագիտության ու շնորհակալության խոսքն ասացին այն մարդկանց, ովքեր օգնել են հուշարձանը կառուցելու և վերջնական տեսքի բերելու համար: Հաթերքից դուրս ապրող բոլոր հայրենակիցները մեծ սիրով մասնակցեցին արարողությանը, որին ներկա էին նաև հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Պարգև Սրբազանը և մի շարք պատվավոր հյուրեր:

Արարողության ժամանակ 52 հայորդիներ պարգևատրվեցին մեդալներով:

Բոլորը հարգանքի տուրք մատուցեցին զոհվածների հիշատակին և մեկ անգամ ևս գլուխ խոնարհեցին նրանց շիրիմներին՝ բոլորին հիշելով անուն առ անուն:

Աննա ՆԱՐԻՄԱՆՅԱՆ / ԱրՊՀ, ժուռն., 1-ին կուրս

 

ՄԵՆՔ ԽՈ՞ՐԹ ԵՆՔ, ԱՐԴՅՈՔ

Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից վերացվել էին խորհրդային տարիներին անցկացվող տոնակատարությունները: Սակայն տարիների ընթացքում դրանք համարյա վերականգնվեցին, այդ թվում՝ և մայիսմեկյան տոնակատարությունը:

Մայիսի 1-ի երեկոյան հեռուստատեսությամբ ցուցադրեցին Երևանում, Մոսկվայում կազմակերպված շքերթները, փողոցային երթերը՝ մարզական և պարային խմբերով, ժողովրդի ակտիվ մասնակցությունն ու նրանց ուրախ դեմքերը:

Իսկ մեր տեղական հեռուստատեսության աշխատակիցները եղան կենտրոնական հրապարակում և տեսան այնտեղ քայլող 3-4 ծեր, անթրաշ, գլուխները խոնարհած մարդկանց: Նրանց տրամադրելով խոսափողը, հարցրին. «Ինչպե՞ս եք նշում դուք մայիսմեկյան տոնը»: Եվ ընդամենը: Համաշխարհային բնույթ կրող այս տոնը նշվում է շատ երկրներում, իսկ մեզ մոտ ոչինչ չարվեց: Առաջներում, մայիսի 1-ին բոլորս դուրս էինք գալիս հրապարակ, երաժշտությամբ, պարերով, երգ ու ծիծաղով, ուրախ բացականչություններով քայլում էինք և ուրախ տրամադրությամբ վերադառնում տուն: Իսկ  հիմա մենք խո՞րթ ենք կամ՝ ուրախանալու իրավունք չունե՞նք:

Եթե Հայաստանում նշած չլինեին, գուցե զարմանալու պատճառ չունենայինք: Բայց Հայաստանը նշել է մեծ շուքով՝ փողոց դուրս եկած, ուրախ դեմքերով հազարավոր մարդկանց մասնակցությամբ:

Տոնակատարությունն ունի նաև քաղաքական նշանակություն:

Մեր հեռուստահաղորդումները դիտում են նաև մեր հակառակորդները: Հեռուստաէկրանի վրա նրանք կտեսնեին ոչ թե դատարկ հրապարակ, այլ հազարավոր, ուրախ դեմքերով մարդիկ, որը կապացուցեր պետության նկատմամբ մարդկանց հավատը, վստահությունը, համախմբվածությունը:

Մենք յուրաքանչյուր առիթ պետք է օգտագործենք մեր հոգսաշատ ժողովրդի տրամադրությունը բարձրացնելու, պետության նկատմամբ նրանց վստահությունն ամրապնդելու համար: Հենց այս նպատակին կծառայեր մայիսմեկյան տոնակատարության անցկացումը:

Սերգեյ ՀԱԽՈՒՄՅԱՆ

——————————————————————————————-

Սոցիալ-տնտեսական

ՉԱՂԱԼԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ

Ա՛խ, այդ չաղալները: Հենց էն գլխից էլ նրանք մեզ գլխացավանք էին պատճառում: Հիշում եք, չէ՞, որ այն դժնդակ ժամանակներում մեր ժողովրդի թշնամիներին չաղալների հետ համեմատելու համար մեր նախագահին այն ժամանակ մեկ ամսով աքսորեցին Ռուսաստանի խորքերը:

Օրերս, սակայն, բացվեց «չաղալային երկրորդ ռազմաճակատը»՝ հենց իրական չաղալների դեմ. ԼՂՀ կառավարությունը որոշում է ընդունել մինչև այս տարվա հոկտեմբեր ամիսը չաղալների ու գայլերի որսը թույլատրելու մասին:

Որոշում ընդունող հարգարժան պետական այրեր, մի՞թե կարծում եք, թե այդ գիշատիչների դեմ գյուղացիները, ավելի կոնկրետ՝ անասնատերերը, չեն պայքարում միայն այն պատճառով, որ համապատասխան օրենք չկա: Կարծես երբ օրը ցերեկով, անասնատիրոջ կամ անասնապահի աչքի առաջ գայլերն ու չաղալները  հոշոտում են մեծ դժվարությամբ ու խնայողությամբ խնամած, աճեցրած կենդանիներին, չեն կրակում դրանց վրա այն պատճառով, որ որսը թույլատրող օրենք չկա:

Սխալվում եք, պարոնայք: Մեր մեծ հաղթանակից հետո տասնամյակից ավելի է շատ գյուղերում տրաքոցի ձայն չի լսվում, ինչի պատճառով էլ գազաններն ուղղակի լկտիացել են՝ բառիս բուն իմաստով: Օրը ցերեկով, մարդկանց հարայ-հրոցի տակ նրանք փախցնում են գառ ու խոճկորներ: Մեր Ծաղկաշատ գյուղում, դեռ մի կարգին չմթնած, գայլը հոշոտել է գյուղացի Սուրենի տան առաջին հարկում սյունից կապած էշին: Մեր գյուղում, որ համեմատաբար շատ փոքր է, գայլերն ու չաղալները խժռել են տասից ավելի ավանակներ:

Վիճակը նույնն է նաև մյուս այլ գյուղերում: Ավելին՝ գայլը բռնել է ոչխարի դմակից, իսկ տերը՝ գլխից, և քաշում են՝ ամեն մեկը դեպի  իրեն: Եվ, բնական է, մենամարտը շահում է գայլը:

- Ի՞նչ անեմ,- ատամները կրճտացնելով ասում է ոչխարի տերը,- ձեռիս հրացան կա՞, որ փողն ուղղեմ գայլի կարկաժին:

Հիմա հասկանալի՞ է, թե ինչումն է բանը. փամփուշտ չկա¯: Շատ գյուղերում եղած սակավաթիվ հրացանները պատերից կախված ժանգոտում են: Փամփուշտ չկա, պարկուճը, կոտորակը շատ թանկ են, առնելու հնարավորությունը՝ շատ սուղ: Եթե որոշում ընդունողներն իրոք մտահոգված են այդ խնդրով, ապա թող հրացան ունեցող գյուղական ամեն մի որսորդի մի 20-25 փամփուշտ տան:

Ավելորդ չէ նշել, որ հրացան ու փամփուշտ ունեցող որսորդների մեծ մասը հազիվ թե ցանկություն ունենա չաղալների ու գայլերի դեմ որսի դուրս գալու՝ ոգևորված կառավարության վերոհիշյալ որոշմամբ: Նրանց վրա հույս չդնենք, քանզի նրանք հիմնականում որսի են դուրս գալիս օրը ցերեկով՝ հաճույքի, մաքուր օդ շնչելու համար: Մինչդեռ այդ չարիք գազանների որսը հիմնականում պետք է կատարվի գիշերը, իսկ «հաճույքի որսկանները» ոչ մի շահ չունեն գիշերներն անքուն սար ու ձոր ընկնելու, ինչ է թե՝ չաղալ ու գայլ պիտի որսան:

Ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Սակայն, տվյալ դեպքում հիշյալ որոշումը նույնիսկ «լավ է ուշ, քան երբեք»-ից շա¯տ, շատ է ուշ: Եթե կառավարությունը հաշվարկի գիշատիչների հասցրած վնասը, այն մի ահռելի գումար կկազմի:

Եվ, այնուամենայնիվ, որքան էլ որ ուշացած ենք համարում որոշումը, այն ողջունելի է որպես անասնատերերի շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառում: Պարզապես պիտի նշեիք, որ միջոցառումը հաջողությամբ անցկացնելու համար նախ և առաջ անհրաժեշտ է փամփուշտավորել անփամփուշտ գյուղաբնակ որսորդներին: Այո, եթե չաղալ-գայլ եք ուզում սպանել՝ փամփուշտ է պետք: Փամփուշտ, փամփուշտ և կրկին փամփուշտ: Այս է ողջ խնդիրը:

Հենրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

ԳՈՎԱԶԴՆԵՐԻ ՀԻԹ-ՇՔԵՐԹ

Այսօր գրեթե բոլոր լրատվամիջոցներով մեզ գովազդի լայն տեսականի է հրամցվում: Դրանց մեջ առանձնանում է հեռուստագովազդը, որը, ինչպես հայտնի է, շատ ավելի մեծ հոգեբանական ազդեցություն ունի: Սակայն, ինչպես ասում են, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Կտրվելով առօրյա հոգսերից և ընկղմվելով փափուկ բազմոցների մեջ՝ բոլորս էլ օրվա վերջին հեռուստացույց ենք դիտում: Մեկ էլ հանկարծ հաղորդման կամ ֆիլմի ամենահետաքրքիր պահին սառը ցնցուղի էֆեկտով գլխիդ են թափվում գովազդային հոլովակները: Ռուսաստանյան ալիքները դիտելիս ևս «ճաշակում» ես մեր տեղական գովազդները: Հենց վերջիններիս մասին էլ խոսենք: Քանի որ հասարակությունում հաճախ են քննարկվում մեր «բազմաբովանդակ» գովազդները, ես էլ որոշեցի փոքրիկ հարցում անցկացնել «Ընդդեմ գովազդների» խորագրով և պարզել, թե որ գովազդներն են առավելս հուզում արցախցիներին:

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Արծվաբերդ» խանութի կահույքի գովազդը՝ «Ամաչում է նա, ով ոչինչ չունի ցուցադրելու»: Որևէ մեկը կռահե՞ց, թե ինչ ցուցադրության մասին է խոսքը: Մի պահ պատկերացրեք, թե այս գովազդը լսում եք, այլ ոչ թե դիտում: Իսկույն կընկնեք մոլորությունների գիրկը: Սակայն գովազդ պատրաստողները երևի մտածել են «ցուցադրելու ոչինչ չունեցող» և ամոթից շիկնող հեռուստադիտողի մասին և որոշել տհաճ վիճակի մեջ չգցել նրան:

Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում «XXL» խանութի գովազդը: «Eminem»-ի հայկական տարբերակը միանգամից նվաճեց բոլոր աղջիկների սրտերը: Դիտում ես գովազդը և տարակուսում. հոլովակի աղջիկները եկել են շորե՞րը ցուցադրելու, թե՞ այլ բան: Համենայն դեպս, հեռուստադիտողները ավելի շատ նրանց են հիշում, քան ցուցադրված հագուստները: Մինչդեռ գովազդային հոլովակի պատրաստման սկզբունքներից մեկը հետևյալն է. գովազդը դիտելուց հետո պիտի հիշվեն ոչ թե նրա հերոսները, այլ այն ապրանքը, որը գովազդվում է: Մեր տարբերակում, սակայն, հակառակն է: Իսկ նշված երգը լսելուց ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվում, թե պատահմամբ ընկել եմ «Ծձի ՁԹ» ալիքը:

Ուշագրավ է «Taxi Alex»-ի գովազդը, որը, ինչպես հասկացանք, հետապնդում է ոչ միայն շահույթի, այլ «դաստիարակչական» նպատակ: 5-6 տարեկան աղջնակն ու տղան հայտարարում են՝ «ծննդաբերության ժամանակ ծառայությունն անվճար է»: Արտասանում են վարժ սովորած տեքստը և երևի մտքում հարց տալիս. «Ի՞նչ է այդ ծննդաբերությունը և ի՞նչ է նշանակում անվճար սպասարկում»: Թող ներող լինեն երեխաները, բայց նրանց ներկայացրած գովազդը զբաղեցրել է երրորդ տեղը:

Չորրորդ տեղում «Богиня» գեղեցկության սրահի գովազդն է, ուր մեզ առաջարկում են. «Սրահին կից գործում է սրճարան, որտեղ դուք կարող եք սուրճ խմել»: Հարց է ծագում. ուրիշ ի՞նչ պիտի անեն սրճարանի այցելուները: Իսկ երբ ուշադրությամբ դիտում ես գովազդը, ապա ոչ թե սուրճ ես տեսնում, այլ թեյ և հյութ:

Հինգերորդ տեղը զբաղեցրել է տաքսի «Վոյաժ»-ի գովազդային հոլովակը. «Սա մեր քաղաքն է, իսկ սա տաքսի Վոյաժն է»: Բայց այդ պահին ցուցադրվում է Ստ. Շահումյանի արձանը, որի առջև հանկարծ տաքսիներ են հայտնվում: Հանգուցյալ Շահումյանը երբեք չէր մտածի, որ իր հուշարձանը մարդիկ երբևէ կճանաչեն «տաքսի Վոյաժով»:

Վեցերորդ տեղում «Փեյս»-ի գովազդն է, որ ազդարարում է. «Փեյս» հեռուստատեսությունը ձեր առջև բացում է նոր հաջողություններ և առաջարկում հուշագրավ ծառայություն»: Արժե՞ բացատրել, որ բացում են… նոր հնարավորություններ և առաջարկում գոնե… ուշագրավ ծառայություն:

Այս հիթ-շքերթից դուրս են մնացել ռադիոգովազդները: Սակայն սրանք ևս «հրաշք» են: Սահմանափակվենք միայն մեկ օրինակով: «Այս հյութը խմում էին դեռ մեր հայրերը, պապերն ու ապուպապերը»՝ ասվում է «Pepsi»-ի գովազդում: Պատկերացնու՞մ եք մեր նախապապերին՝ տրեխներ հագած, ոտքը-ոտքով գցած, մի ձեռքում մահակը, մյուսում «Pepsi»-ն, շուրջբոլորն էլ՝ ոչխարներ են մակաղած: Ու վայելում են այդ հնադարյան ըմպելիքը: Բայց այս մասին հաջորդ հիթ-շքերթում:

Յանա ԿԱՐԱԽԱՆՅԱՆ / ԱրՊՀ, լրագր., 2-րդ կուրս

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆԵՐԸ՝ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԵՎ ՈՐԱԿՈՎ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉԸ ԲԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ Է

Արդեն երկրորդ տարին է, ինչ երևանաբնակ ձեռներեց Վարդան Սահակյանը ղեկավարում է Ստեփանակերտի կոշկի նախկին ֆաբրիկան, որն այժմ կրում է «Արցախ կարի-կոշկի արտադրական միավորում» ՓԲԸ անունը, որտեղ աշխատում են ավելի քան 300 բանվորներ: Այսօր ձեռնարկության արտադրած զինվորական համազգեստի ու կոշկի տեսականու հիմնական սպառողները Արցախի և Հայաստանի պաշտպանության բանակներն են:

Ձեռնարկության արտադրանքի փորձնական ցուցանմուշների սրահը կահավորված է տարբեր տեսակի զինվորական հագուստի ու կոշկի ցուցանմուշներով, որոնք ձեռնարկության թողարկած հիմնական արտադրատեսակներն են:

Ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Սերժ Ղազարյանը ներկայացրեց ընկերության կոլեկտիվի արտադրական ցուցանիշները:

Գերակատարելով արտադրանքի թողարկման և իրացման տարեկան առաջադրանքները, ընկերությունն ԼՂՀ պաշտպանության բանակի համար թողարկել է ավելի քան 650 միլիոն դրամի մոտ 100 հազար զույգ տարբեր տեսակի զինվորական կոշիկներ, իսկ սույն թվականի առաջին եռամսյակում միավորումը բանակին է հանձնել 50 միլիոն դրամի կոշիկ: Որպես կանոն, տարվա յուրաքանչյուր ամսվա ընթացքում բանակին է հանձնվում 14-15 հազար զույգ տարբեր տեսակի բարձրորակ կոշիկ:

Այսօր կարի երկու հոսքագծերում օրվա ընթացքում թողարկում են մոտ 320 զինվորական կոստյում, իսկ երրորդ հոսքագծի կարողուհիներն արդեն անցել են զինվորների համար ձմեռային հագուստի թողարկմանը:

- Մեր կոլեկտիվի հաջողությունները մեծ մասամբ պայմանավորված են նրանով, թե որքան լավ ու խորն ենք մենք ուսումնասիրում բանակի պահանջարկը, անշուշտ, հաշվի առնելով զինվորների դիտողություններն ու առաջարկությունները,- ասում է  ընկերության տնօրեն Վարդան Սահակյանը:- Մենք լավ ենք հասկանում, որ այն, ինչը երեկ համարվում էր գեղեցիկ, այսօր հնարավոր է չբավարարի մարդկանց պահանջը: Ահա թե ինչու մենք շարունակ որոնում ենք զինվորական համազգեստի և կոշկի նոր, առավել առաջավոր մոդելներ: Իսկ այդ գործում մեր ամենլավ խորհրդատուն զինծառայողն է:

Վերջերս, օրինակ, բանակի զինծառայողների պահանջների հաշվառումով, ընկերությունը զգալիորեն փոխել է թողարկող հագուստի ու կոշկի տեսականին:

- Այնպիսի արտադրանքի թողարկումը, ինչպիսիք բանակի համար արտահագուստի ու կոշկի թողարկումն է, պահանջում է արտադրական բարձր կուլտուրա և տեխնիկական անհրաժեշտ մակարդակ: Ահա թե ինչու մենք կոլեկտիվի արդյունավետության բարձրացման հիմնական ու որոշիչ ուղիներից մեկը համարում ենք արտադրության տեխնիկական վերազինումը, նոր սերնդի սարքավորումների ըստամենայնի արմատավորումը,- ասում է Ս. Ղազարյանը:- Ի դեպ, չնայած այսօր ընկերության գլխավոր պատվիրատուն Արցախի և Հայաստանի պաշտպանության բանակներն են, սակայն չի բացառվում, որ առաջիկայում այստեղ թողարկվեն նաև քաղաքացիական հագուստ և կոշկեղեն:

Այսօր միավորման արտադրամասերում ու տեղամասերում շարունակվում է հին հաստոցների փոխարինումը նորերով: Նշենք միայն այն, որ ձեռնարկության կոշկի արտադրամասում արդեն ավարտվել է գերմանական «Շյոն» ֆիրմայի արտադրության նորագույն հաստոցների տեղադրումը, որոնց գործարկմամբ արդեն սկսվել է կոշկի նոր մոդելների թողարկումը:

Արտավազդ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

——————————————————————————————-

 «ԸՆԾԱ»-Ն ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿԼԻՆԻ

Ապրիլի 26-29-ը Ստեփանակերտում անցկացվեց «Ընծա» համահայկական ամենամյա երգի մրցույթ-փառատոնը: Ի տարբերություն անցյալ տարվա՝ այս տարի «Ընծան» համապատասխանեց համահայկական անվանմանը. ընդլայնվել է փառատոնի աշխարհագրությունը՝ ՌԴ, Ուկրաինա, Վրաստան, ԱՄՆ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան և Արցախ: Պարզվեց, որ ոչ միայն աշխարհագրությունն էր մեծացել, այլ նաև ժյուրիի կազմը՝ 18 հոգի (ուզում եմ ընթերցողների ուշադրությունը կենտրոնացնել այն բանի վրա, որ այս թիվը միայն 5-ով է զիջում մասնակիցների թվին): Ի դեպ, այս փաստը ժյուրիի նախագահ Հայաստանի Հանրային հեռուստատեսության  գլխավոր պրոդյուսեր, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը մեկնաբանեց այսպես. «Ինչքան շատ, այնքան օբյեկտիվ»: 23 մասնակիցները երեք մրցութային փուլերում ներկայացրին երգ հայերեն լեզվով, երգ օտար լեզվով և որևէ երգի օրիգինալ կատարում: Հենց առաջին օրն էլ պարզ դարձավ, որ ժյուրիի աշխատանքը դժվար կլինի, որովհետև, ինչպես նշեց ժյուրիի նախագահը. «եթե անցյալ տարի ունեինք լիդեր, ապա այս տարի լիդերները շատ են, ավելի դժվար է ընտրել»:

Շփվելով մասնակիցների հետ, մի շարք դժգոհություններ լսեցի՝ ուղղված ժյուրիի կազմում ընդգրկված երգիչ-երգչուհիներին. «Լավ չէ, երբ մենք ժյուրիի առաջ հանդես ենք գալիս կենդանի կատարմամբ, նրանք մեզ գնահատում են լավ կամ վատ, և մրցույթի վերջում նրանք ելույթ են ունենում ոչ կենդանի կատարմամբ»: Արդարացի հիմնավորում ստանալու ակնկալիքով դիմեցի ժյուրիի անդամ, երգչուհի Հասմիկ Կարապետյանին. «Քանի որ այս միջոցառումը կլինի նաև հեռուստատեսային տարբերակով, այդուհանդերձ, պետք է  թերություններից զերծ մնալ և առհասարակ կան համերգներ, որտեղ անհրաժեշտություն կա ոչ կենդանի կատարման»:

«Ընծա»-2006-ը առանձնանում էր նաև նրանով, որ այն կազմակերպվել է ԼՂՀ կառավարության և ԿՄՍ նախարարության հովանու ներքո եւ շնորհիվ հովանավորների՝ նախատեսած մրցանակներն ու դրամական պարգևները առատ էին՝ 1500 ԱՄՆ դոլար գրան-պրի, 1000 ԱՄՆ դոլար առաջին տեղի և այլն:

Վերջում ուզում եմ մեջբերել ժյուրիի նախագահի խոսքը. «Ընծան» ոչ միայն իմ կողմից է սիրելի դարձել, ուստի ամեն ինչ կարվի, որպեսզի այս մրցույթը էլ ավելի կազմակերպված անցնի և ամենակարևորը՝ շարունակական լինի»:

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

 

«ԸՆԾԱ»ՅՎԱԾ ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտում ավարտվել է «Ընծա» համահայկական երգի մրցույթ-փառատոնը, որին այս անգամ մասնակցեցին նաև սփյուռքահայ երգիչ-երգչուհիներ: Մրցույթն, ինչպես և ակնկալվում էր, անցավ բարձրաստիճան (բառիս բուն իմաստով), սակայն միանգամայն այլ հարցի եմ ուզում հիմա անդրադառնալ՝ մրցույթից ստացած մի շարք անհասկանալի տպավորություններին:

Զարմանք 1. Նախ՝ լիովին անհասկանալի էր այն հանգամանքը, թե ինչու  արդեն երկրորդ տարին արցախյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները չեն հրավիրվում «Ընծան» լուսաբանելու, ինչո՞ւ դա միայն Հայաստանի և Արցախի հանրային հեռուստատեսությունների մենաշնորհն է: Ավելին, տեղական ԶԼՄ-ները ոչ միայն չեն հրավիրվել, այլև տոմսեր հայթայթելու շանս էլ չեն ստացել:

Զարմանք 2. Միանգամայն անհասկանալի է նաև այն, թե ինչ տրամաբանությամբ կամ պատճառաբանությամբ են ԼՂՀ գործադիր իշխանության գրեթե բոլոր ճյուղերը մեծ գումարներ ծախսել մասնակիցների թանկարժեք նվերների համար: Սա առավել քան զարմանալի է հատկապես այն ֆոնին, որ հանրապետությունում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, և նպատակահարմար կլիներ, եթե այդ գումարները ուղղվեին հենց այդ կարիքները հոգալու վրա: Անզեն աչքով երևում էր, թե կազմակերպիչներն ու հովանավորները (ԼՂՀ կառավարություն և «Աջակցություն տաղանդավոր երեխաներին» հիմնադրամ՝ հանրապետության առաջին տիկնոջ ղեկավարությամբ, բացի այդ ԼՂՀ-ում գործող տասնյակ ընկերություններ ու գործարարներ) ինչպիսի մեծ գումարներ էին ծախսել այդ մրցույթի համար. ասել է թե՝ ինչ որ մեկը «մի լավ թափ էր տվել» փող ունեցողների գրպանները: Սա այս պարագայում առավել քան աբսուրդ է, քանի որ բոլորն էլ գիտեն, որ առայսօր այնքան ծրագրեր, այնքան մտահղացումներ ու չլուծված խնդիրներ կան, որոնց համար պետության գրպանում փող չի գտնվում: Ավելին՝ վերջին մարաթոնին թեև Ղարաբաղից 200 հազար դոլար էին խոստացել, սակայն այդպես էլ չեն հավաքել այդ գումարը: Ու հանկարծ, արի ու տես՝ ցանկության դեպքում գումար գտնել կարելի է: Այս ամենը հետևյալը կնշանակեր. ծնողները հիվանդ երեխային վիրահատության չեն տանում, քանի որ փող չունեն, բայց հավաքում են իրենց վերջին գումարները, ավելին՝ հարազատներին էլ ստիպում են գումար տալ իրենց, և այդ գումարով իրենց մյուս երեխային ուղարկում են ծովափ հանգստանալու:

Զարմանք 3. Անհասկանալի է նաև ԼՂՀ բարձրագույն իշխանությունների նման հետաքրքրությունն ու իրենց այդ աստիճան ակտիվ ներգրավումը մրցույթին: Ամենայն հավանականությամբ, մեր պետությունում ավելի կարևոր խնդիրներ կգտնվեն: Հեռու չգնանք. վերջերս ղարաբաղյան հիմնախնդրի թեմայով խորհրդարանական լսումներ անցկացվեցին, որոնց չմասնակցեցին ԼՂՀ նախագահն ու ՊՆախարարը: Բայց ահա մրցույթի հատկապես հայաստանցի մասնակիցներն այդ ներգրավմանն ուրիշ աչքով էին նայում՝ անընդհատ նշելով, թե «ձերոնք ինչքան ժողովրդավար են, գալիս են հասարակ ժողովրդի հետ մրցույթ են նայում, իսկ ահա մեր նախագահը նման բան չէր անի»: Մինչդեռ՝ առավել քան զարմանալի և անհասկանալի կլիներ, եթե ՀՀ նախագահը թողներ բոլոր կարևոր պետական  գործերը և գար զբաղվեր «Դո, ռե, մի» մրցույթով, կամ էլ Արթուր Բաղդասարյանը մոռանար, որ ինքը ԱԺ նախագահն է ու զբաղվեր վերոհիշյալ մրցույթի տոմսերով: Կամ զարմանալի չէ՞ր լինի, եթե Պուտինը բացեր, ապա փակեր «Ֆաբրիկա զվյոզդ»-ը:

Զարմանք 4. Անհասկանալի է նաև այն, թե ինչու միակ ղարաբաղցի հաղորդավարն արդեն երկրորդ օրը բեմում չէր: Պատճառներին, իհարկե, տեղյակ չենք, բայց այն, որ Ղարաբաղում անցկացվող մրցույթի հաղորդավարներից միայն մեկն էր տեղացի, այն էլ՝ միայն առաջին օրը, այն տպավորությունն էր թողել, թե այս պետության մեջ մեկը չկա, որ կարգին հայերեն խոսել իմանա ու կարողանա բեմում իրեն պահել այնպես, ինչպես երևանցի իր գործընկերները:

Հ.Գ. – Իհարկե, մեզ կարող են հակաճառել, թե այդ հսկայական գումարները միայն պետության բյուջեից չեն հատկացվել, որ հովանավորներ են ճարվել, ովքեր էլ որոշակի գումար են տվել այդ ամենի համար: Ասել է թե, երբ ուզում են՝ գումար կարող են գտնել: Մինչդեռ՝ եթե այդքան շատ են մտածում պետության և ժողովրդի մասին, ապա ավելի լավ չէ՞ր լինի հավաքեին այդ գումարներն ու փոխանցեին ասենք հիվանդանոցներին, որպեսզի այդ գումարով վիրահատության կարիք ունեցող (բայց գումար չունեցող) բազմաթիվ կանայք անվճար վիրահատվեին: Սա ընդամենը մի ձևն է հավաքած գումարն առավել արդյունավետ ծախսելու համար, իսկ ցանկության դեպքում կարելի է բազմաթիվ արդյունավետ ձևեր գտնել: Թե չէ նման մոտեցումը կարող է համաճարակի ժամանակ խնջույքի տպավորություն թողնել:

 Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

 

ԴՊՐՈՑԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Կրթական համակարգը թևակոխել է բարեփոխումների լայն դաշտ: Այսօր յուրաքանչյուր մանկավարժական կոլեկտիվի առջև ծառացած առաջնահերթ ու կարևորագույն խնդիրներից մեկն էլ սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակությունն ավելի բարձր մակարդակի հասցնելն է: Այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում նաև Ստեփանակերտի թ. 9 միջն. դպրոցում (տնօրեն՝ Վ. Սահակյան): Հենց սկզբից նշեմ, որ այս հայրենանվեր առաքելության գործում անուրանալի է բազմավաստակ մանկավարժ, փորձառու զինղեկ, Արցախյան պատերազմի մասնակից, բազմաթիվ պարգևների արժանացած Կառլոս Ստեփանյանը: Պարտքի ու պատասխանատվության խոր գիտակցումով է աշխատում այս վաստակաշատ մանկավարժը՝ առանց ցուցամոլության, առանց որևէ գովասանքի ակնկալության: Նա խորապես համոզված է, որ աշակերտների, մեր հայրենիքի վաղվա պաշտպանների ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելը բխում է համայն հայության շահերից, ազատ ու անկախ Արցախի բուն շահերից: Արցախյան գոյապայքարում շատ քաջազուն երիտասարդներ նահատակվեցին, նրանց մեջ էր Կ. Ստեփանյանի որդին՝ Գևորգը: Տղայի կորուստը հոգում ծանրորեն անթեղած՝ նա շարունակում է իր հայրենանվեր գործը: Կրթօջախում ուսումնական տարվա ընթացքում շնորհալի զինղեկի նախաձեռնությամբ ու գլխավորությամբ պարբերաբար կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Միջոցառումների արդյունքներն անպայման հանրագումարի են բերվում, աշակերտները խրախուսվում են, լավագույնները արժանանում գովասանքի:

Բարձր մակարդակով ու արդյունավետ անցավ միամսյակը՝ նվիրված ՀՀԶՈՒ կազմավորման և հայրենիքի պաշտպանի օրվան: Պլան-միջոցառումները նախօրոք հաստատվել է դպրոցի տնօրենի կողմից: Առաջին միջոցառման նախաձեռնողը պատմության ու-սուցչուհի Լորետա Աբրահամյանն էր:

Միամսյակի շրջանակում մի քանի միջոցառում են կազմակերպել զինղեկն ու ֆիզղեկը՝ համատեղ ջանքերով: Այս միջոցառումներն, ինչ խոսք, գործնականորեն նպաստեցին աշակերտների մեջ հայրենասիրական ոգին ավելի խորացնելու, նրանց ֆիզիկական կոփվածությանը, զինվորական առօրյան լավ ճանաչելուն, դժվարությունները հաղթահարելու պատրաստ լինելուն:

Միամսյակի ծրագրում ընդ-գրկված էր նաև «Դաս հայրենյաց» ուշագրավ միջոցառումը, որի կազմակերպիչը նույնպես Լորետա Աբրահամյանն էր: Քանի որ հնարավոր չէ բոլոր միջոցառումները հանգամանորեն ներկայացնել, կուզեի անդրադառնալ դրանցից մեկին՝  «Հիշենք և մեծարենք» միջոցառմանը, որի նախաձեռնողը պատմության ուսուցչուհի Կարինե Հայրապետյանն էր: Միջոցառմանը հիմնականում մասնակցել են 8-րդ դասարանի և 5-րդ դասարանի աշակերտները:

Այս անգամ այն նվիրված էր քառասուն նահատակվածներից տասներկուսին, որոնց ծննդյան տարին հոբելյանական է: Միջոցառմանը ներկա էին որդեկորույս սևազգեստ մայրերը, հայրերը, ուսուցիչներն ու աշակերտները և, իհարկե, հյուրեր: Ներկա էր նաև Անհայտ կորած ազատամարտիկների միության նախագահ Վերա Գրիգորյանը:

Աշակերտները ներկայացրին տասներկու նահատակների հակիրճ կենսագրությունը՝ համեմված նրանց սխրանքը փառաբանող բանաստեղծությամբ:

Գրական-գեղարվեստական մոնտաժում հնչեցին հայրենասիրական ոգեղեն երգեր՝ շնորհալի աշակերտների կատարմամբ, հայրենասիրական բանաստեղծություններով ու ասույթներով:

Ցավոք, պատերազմը դեռ չի ավարտվել, և այսօր պահանջվում է ավելի սերտ միասնություն, հավաքական կամք ու վճռականություն, որպեսզի թշնամին իր ռազմաշունչ հայտարարություններից չհամարձակվի այն կողմ անցնել, այլապես կարժանանա վճռական հակահարվածի:

Միջոցառումը հասավ իր նպատակին: Ճիշտ է, որդեկորույս մայրերի աչքերում կրկին արցունքներ հայտնվեցին՝ հիշելով իրենց սիրասուն զավակներին, բայց նրանց հոգիներում նաև հպարտության զգացումն էր ապրում, շնչում, չէ՞ որ նրանք տեսան, որ հայրենիքի համար մեռնելը փառք է: Այո, հազար փառք մեր բոլոր նահատակներին:

Դպրոցի տնօրինությունը ընդհանրացրեց միամսյակի արդյունքները. հաղթող ճանաչվեցին հետևյալ դասարանների թիմերը՝ առաջին տեղ X «ա», երկրորդ տեղ՝ X «բ», երրորդ տեղ՝ VIII «բ», իսկ առանձին անվանակարգերում բարձր միավորներ են վաստակել Իրինա Աբրահամյանը, Լիլիա Գասպարյանը, Հարություն Գրիգորյանը և Արայիկ Առաքելյանը:

Թիվ 9 դպրոցում ռազմահայրենասիրական դաստիարակության ժամանակակից պահանջները բավարարող խոսուն փաստերից մեկն էլ այն է, որ ամեն տարի «Արծվիկ» թիմը քաղաքային ու հանրապետական ռազմաուսումնական խաղ-մրցույթում նվաճում է մրցանակային տեղ, և դա շնորհիվ Կառլոս Ստեփանյանի ամենօրյա քրտնաջան ու հետևողական ջանքերի:

——————————————————————————————-

ԱՐՑԱԽՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ժենգալով հաց – Ժենգալով հացը հանդիսանում է արցախյան խոհանոցի թագուհին: Առավել մասսայական այդ «կարկանդակը» արցախցիները պատրաստում և հրամցնում են հյուրերին վաղ գարնանը կամ ուշ աշնանը: Այսինքն՝ այն ժամանակ, երբ դաշտերում, բանջարանոցներում, գետափներում ու անտառներում լինում են թարմ կանաչիների զանազան տեսակներ:

Ժենգալով հացը պատրաստում են հետևյալ կերպ.

Ընտրած, լվացած կանաչեղենը փունջ-փունջ են անում, մանր կտրտում, լցնում ամանի մեջ, աղ ցանում, ավելացնում թթու (հոնի ախտա, թրթնջուկ և այլն), վրան ձեթ ցանում և թեթև խառնում: Առանձին հունցում են ոչ պինդ խմոր (ալյուր, ջուր, աղ), 20-25 րոպե հանգստանալուց հետո խմորը բաժանում են բռնցքաչափ գնդերի, գրտնակում, ստեղծում լավաշի չափ բարակ զանգվածներ, մեջը տեղադրում պատրաստի կանաչի, լավաշի ծայրերը միացնում իրար և ստեղծում մեծ-մեծ էլիպսաձև հացեր: Դրանք պետք է թխել սաջի վրա: Վարպետ ժենգալով հաց թխողները օգտագործում են մինչև 10-15 տեսակի վայրի և բանջարանոցային բույսեր: Համով են այն «կարկանդակները», որոնց մեջ լինում են ճռճռոկ, կինձ, սամիթ, բանջար (եղինջ), կինձիմինձուկ, կանաչ սոխ, թրթնջուկ, նանա, սպանախ, պուտ, պառավի պորտ, խազազ, սիմսիմոկ և այլն: Ժենգալով հացը մատուցում են մարմանդ վիճակում՝ գինու հետ:

Բաքմազ (դոշաբ) – Բաքմազ պատրաստելու համար հասուն թութը լցնում են լայն նստիկ ունեցող կաթսան, ավելացնում սառը ջուր և եփում՝ ժամանակ առ ժամանակ խառնելով: Թթի հյութը դարչնագույն դառնալուն պես վերցնում են կրակից և քամում քաթանից (պինդ սպիտակ շոր) պատրաստած տոպրակով: Ստացված մաքուր թթահյութը կրկին դնում են կրակին և եփում այնքան ժամանակ, մինչև թթահյութի թանձրանալը:

Խաշլամա կանաչ լոբիով – Այս վիտամիններով հարուստ կերակրատեսակը պատրաստելու համար օգտագործում են կանաչ լոբի (ամբողջական), հասուն պինդ պոմիդոր, կանաչ պղպեղ (քաղցր), գլուխ սոխ, սամիթ, մաղադանոս և աղ: Լայն նստիկ ունեցող կաթսայում շարում են օղակաձև կտրտած պոմիդորը, ավելացնում են նույն ձևով կտրտած գլուխ սոխ, պղպեղ և մաքրած, լվացած կանաչ լոբին: Վերջում գցում են աղը և կանաչին: Պատրաստի շերտերին լցնում են մսի արգանակ կամ ջուր և եփում մարմանդ կրակի վրա՝ մինչև լոբու պատրաստ լինելը: Մատուցում են տաք և սառը վիճակում, վրան ցանելով մանր կտրտած մաղադանոս:

Խաշլամայի բաղադրամասն է – 1կգ լոբուն՝ 500 գրամ պոմիդոր, 400 գրամ գլուխ սոխ, 300 գրամ քաղցր պղպեղ, 100 գրամ կանաչի, 20 գրամ աղ, 100 գրամ արգանակ կամ ջուր:

Խաշիլ – Խաշիլ եփելու համար պետք է նախ ընտրել ցորենը, բովել (աղանձ պատրաստել) ու աղալ երկանքով: Աղած կորկոտը մաղել, առանձնացնել ալյուրը (փոխինձը), որը եփելու ընթացքում և վերջում ավելացնում են խաշիլին:

Մեկ բաժակ բոված կուրկուտին լցնել 3 բաժակ ջուր, դնել մարմանդ կրակին և եփել այնքան, որ թանձրանա: Առանձին պատրաստել չորաթան՝ թան հարելու միջոցով և սոխառած:

Խաշիլը մատուցում են տաք վիճակում, մեծ ամանի մեջ: Խաշիլի մեջտեղը փոս են անում, լցնում սոխառած, իսկ չորս կողմը թան լցնում:

Լոբուշորվա (լոբով ապուր) – Լոբուշորվան արցախյան հին կերակրատեսակ է: Այս վիտամիններով հարուստ ուտեստը պատրաստելու համար վերցնում են չոր լոբին, ընտրում, լվանում, լցնում կաթսան և եփում սառը ջրով՝ մինչև պատրաստ լինելը: Աղը գցում են եփելուց 5 րոպե առաջ: Պատրաստի լոբին քամում են փլավքամիչով, տրորում, ավելացնում լոբաջուրը, խառնում, երեսից հանում լոբաթեփը, դնում մարմանդ կրակին և հասցնում եռման: Եռալուց հետո ավելացնում են մաքրած, լվացած բրինձ և շարունակում եփել մինչև բրնձի պատրաստ լինելը: Վերջում՝ հինգ րոպե մնացած, գցում են մանր կտրտած չոր սոխ և աղ: Այնուհետև գցում են ծեծած ընկույզ և մանր կտրտած կանաչի: Մատու-ցում են տաք վիճակում:

Չորաթան – Չորաթան պատրաստելու համար մածունը հարում են խնոցիով, յուղն առանձնացնում, թանը լցնում սպիտակ չորից (քաթան) կարած տոպրակը և թողնում որ քամվի: Ստացված զանգվածը լցնում են ամանը, ավելացնում աղ, ալյուր և խառնում մինչև միաձույլ զանգված ստացվելը: Պատրաստի զանգվածը բաժանում են 40-50 գրամանոց գնդիկների և չորացնում արևի տակ: Չորաթանը պատրաստում են հետևյալ հաշվառումով՝ 1կգ մածնին՝ 1 թեյի գդալ ալյուր, մի պտղունց աղ:

 Կայծեր ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
6-րդ կարգի խոհարար

——————————————————————————————-

ԱՍՈՒՅԹՆԵՐ

Գետն ընկածին պետք է մտահոգի փրկվելու խնդիրը և ոչ թե թրջված լինելը:

Ուրիշի կրակից տաքանալու հույսով ապրողը ճիշտ կվարվի, եթե ձեռք բերի նաև տաք հագուստներ, որպեսզի շատ չմրսի:

Երեխաները մեր ապագան են, բայց ապագան լինում է նաև անորոշ ու անկանխատեսելի:

Այնտեղ, որտեղ տուրք են տրվում չափազանցություններին, ճշմարտության հայտնաբերումը դժվար է լինում:

Ով իր սեփական կամքի ստրուկը չէ, ուրիշի ստրուկն է դառնում:

Դեմոկրատիա համեմատաբար կարող է գոյություն ունենալ նյութապես, մտավոր, հոգևոր կարողություններով շատ թե քիչ բավարար մակարդակի հասարակությունում:

Անհամերաշխ սագերը հավատարիմ բարեկամներ ունենալու հավակնություններ կարող են ունենալ, իսկ իրականում ունենալը՝ անհավանական է:

Ազնիվ մարդու համար ամենամեծ վիրավորանքը անազնվության մեջ անհիմն մեղադրվելն է:

Անկառավարելի, անկանխատեսելի ամբոխը ամեն մի երկրի իշխանության համար նույնքան է վտանգավոր, որքան արտաքին թշնամին:

Չպետք է զարմանալ, եթե մեկի մոտ դրսևորվի ավելի շատ վեհանձնություն կամ ստորություն, քան սպասվում էր, քանի որ քչի առկայությունը կարող է վկայել չափը չսահմանված շատի մասին:

Բարձր պաշտոնը ինքնին մարդուն չի բարձրացնում, այն ավելի ցայտուն, ավելի բացահայտ է դարձնում նրա բոլոր հատկությունները, ամբողջ մարդկային որակը:

Մեր օրերում «հակամարտություն» բառը  այնքան շատ է գործածվում, որ «հա» սկզբնատառերով սկսվող բառերը երբեմն, ինքնաբերաբար հակամարտություն են գրվում:

Կյանքի անբարենպաստ հանգամանքներում արժանավորը կարող է հայտնվել անբարոյականների շրջապատում, բայց դա չի նշանակում, թե նա անպայման անբարոյական կդառնա:

Անցած՝ Աքլորի տարին համայն մարդկությանը բնական մեծ աղետներ պատճառեց, որից անմասն չմնացին նաև իրենք՝ աքլորները՝ որպես թռչնագրիպի պոտենցիալ վիրուսակիրներ: Հետաքրքիր է, ինչո՞վ կվերջանա հավատարմության խորհրդանիշ համարվող շան տարին, որի առաջին օրերին անհավատարմության տարրեր դրսևորվեցին, գազի սակագնի շուրջն էլ՝ աժիոտաժ…

Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s