№ 1 / 31 հունվար

ՄԵԾ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Նախագահական հերթական ընտրություններին մնացել է ընդամենը հինգ ամիս, բայց երկրի քաղաքական կյանքում այդ կարևորագույն միջոցառման մասին գրեթե ոչինչ չի հիշեցնում: Բացի մի քանի հասարակական կազմակերպության անցկացրած հարցումներից՝ ուրիշ ոչինչ չի կատարվում: Կարծես թե ընտրությունը մեր երկրում չէ, կարծես թե հինգ ամիս հետո չէ: Քաղաքակիրթ երկրներում հասարակական-քաղաքական ուժերը «նախընտրական ուղեցույցով» են առաջնորդվում ընտրություններից դեռևս մեկ-երկու տարի առաջ: Իսկ մեզ մոտ լռություն է: Ու բոլորը սպասում են: Հարց է ծագում՝ ինչի՞:

Պատասխանը միանգամայն պրոզայիկ է: Բոլորը սպասում են գործող նախագահին: Նա՝ Արկադի Ղուկասյանը, իրավունք չունի երրորդ անգամ անընդմեջ պաշտոնավարելու՝ դա արգելում է «ԼՂՀ նախագահի մասին» օրենքը, դա արգելում է նաև նորերս ընդունված Սահմանադրությունը: Թեև ոչ ոքի համար արդեն գաղտնիք չէ, որ նա, այնուամենայնիվ, մտմտում է այդ մասին: Նման մտադրության մասին հանրությանը ահազանգողներին նա կոշտ ու վիրավորական գնահատականներ տվեց ու հայտարարեց, որ չի դիմելու նման քայլի: Դա ասաց երկու անգամ՝ անցած տարվա հոկտեմբերի 11-ին և դեկտեմբերի 10-ին:

Չնայած դրան, նախագահի մերձավոր շրջապատը շարունակում է աշխատել երրորդժամկետյան ուղղությամբ, պարբերաբար շեշտվում է, որ Սահմանադրության ընդունումը (ուշադրություն դարձրեք՝ ոչ թե Սահմանադրությունը) նրան այդպիսի հնարավորություն տալիս է, ավելին՝ հայտնվեցին մարդիկ նաև «դրսից», ովքեր ի լուր ամենքի սկսեցին բարձրաձայնել երրորդ ժամկետի անհրաժեշտության մասին: Կարելի է միամիտ  ձևանալ և մտածել, որ նախագահ Ղուկասյանն անտեղյակ է այս ամենին, բայց, այնուամենայնիվ, հակված ենք կարծելու, որ մեզ մոտ ևս արդեն ոչ ոք լուրջ չի ընդունում բարի ցարի ու նրա վատ շրջապատի մասին առասպելները:

Որ նախագահը նման մտադրություն ունի՝ չենք կասկածում: Ասվածն ապացուցող շատ փաստեր կարելի է բերել, բայց բավարարվենք մեկով՝ սույն խմբագրականի սկզբում արձանագրված փաստով, այն է՝ քաղաքական դաշտում ընտրություններից հինգ ամիս առաջ լռություն է, մեծ լռություն: Բոլորը սպասում են, որ գործող նախագահը վերջնականապես կողմնորոշվի ու հրապարակավ հայտնի իր վերջնական «վերդիկտը»: Այլ պատճառ չկա, որովհետև ոչ ամբիցիաների պակաս կա, ոչ էլ իրենց նախագահի պաշտոնում տեսնողների սակավություն: Պարզապես իշխանական թևից ձայն չեն հանում, որպեսզի նախագահին վիրավորած չլինեն, ընդդիմությունն էլ սպասում է, որպեսզի հասկանա, թե ինչ մարտավարություն պիտի ընտրել:

Սա նշանակում է, որ քաղաքական դաշտ որպես այդպիսին չկա և լիովին կախված է մի մարդու կամքից: Իսկ երբ ամեն ինչ կախված է լինում մի մարդու կամքից, ապա ժողովրդավարության մասին սովորաբար չեն խոսում:

Գործող նախագահի արդեն երկու անգամ պաշտոնավարման ձեռքբերումների մասին պետական մեքենան հաճախ է տարփողել: Ուրեմն, պարոնայք, «ձեռքբերումներին» ավելացրեք ևս մեկը՝ քաղաքական դաշտի ներկայիս խղճուկ ու կախյալ վիճակը:

Իրավիճակը, սակայն, մի դրական կողմ ունի: Հանրությունը փայլուն հնարավորություն է ստացել ճանաչելու քաղաքական դաշտի ուժերին ու դեմքերին, հասկանալու, թե ով` ով է: Թե ով որքանով է ինքնուրույն, թե ով իրենից ինչ է ներկայացնում:

——————————————————————————————

Կարգավորում

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐՈՎ ԲԱՆԱՎԵՃԵՐ

Հայաստանի Հանրապետությունում գործող «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը Ստեփանակերտում կազմակերպել է կլոր սեղան`«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակները» թեմայով: Բանավեճերին մասնակցել են արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասիս  Մայիլյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը, հանրապետության ոչ կառավարական հատվածի և հասարակայնության ներկայացուցիչները:

Կազմակերպության գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի խոսքերով, միջոցառման նպատակը ղարաբաղյան հիմնախնդրի  հնարավոր լուծումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների դիրքորոշման պարզումն է:

«Իմ պատկերացմամբ տվյալ միջոցառումը նպատակ ունի հասարակայնությանը ներգրավել այնպիսի հիմնախնդիրների քննարկման մեջ, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և ընդհանրապես` ԼՂՀ ապագան: Վերջին տարիներին հասարակայնությունը դուրս է մնացել տարբեր մակարդակներով բանակցություններից, խորհրդատվություններից և հանդիպումներից: Գտնում եմ, որ պաշտոնական իշխանությունները իրենց գործողություններում միշտ պետք է հենվեն ժողովրդի կարծիքի և հասարակայնության դիրքորոշման վրա: Շատ հետաքրքիր գաղափարներ կան, որոնք պետք է հաշվի առնվեն իշխանությունների  կողմից` իրենց հետագա աշխատանքում»,- բանավեճերի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասիս Մայիլյանը:

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ 

Հունվարի 25-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի /Ռուսաստան/, Մեթյու Բրայզայի /ԱՄՆ/ եւ Բեռնար Ֆասիեի /Ֆրանսիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ղարաբայան հակամարտության կարգավորման առկա փուլի եւ հեռանկարների վերաբերյալ: Զրուցակիցները կարեւորել են հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով:

ԼՂՀ Նախագահի մամլո քարտուղարի պաշտոնակատար

ԿԱ ԵՐԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑ

Ստեփանակերտում ավարտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:

Հանդիպումից հետո համանախագահները պատասխանեցին լրագրողների հարցերին: Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը դրական գնահատեց հանդիպումը: Նա նշեց, որ վաղուց նման ֆորմատով հանդիպում չի եղել, եւ շատ կարեւոր էր մտքեր փոխանակել Ղարաբաղի նախագահի հետ: Ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան նշեց, որ Արկադի Ղուկասյանի դիրքորոշումը կառուցողական էր եւ նույնիսկ ստեղծագործական:

ԼՂՀ նախագահը իր հերթին նշեց, որ համանախագահները աշխատում են կառուցողական ձեւով, սակայն ամեն ինչ չէ, որ իրենցից է կախված: «Նրանք պետք է համաձայնեցնեն իրենց դիրքորոշումները Ադրբեջանի դիրքորոշման հետ, որն, իմ կարծիքով, շարունակում է մնալ ոչ կառուցողական»,- ասել է նախագահը:

Նա նշեց, որ եւս մեկ անգամ ներկայացրել է ԼՂՀ դիրքորոշումը: «Կա երեք հիմնական հարց` կարգավիճակ, տարածքներ եւ փախստականներ: Եթե ասում ենք, որ այս հարցերում համաձայնություն չկա, ուրեմն շատ շուտ է խոսել կարգավորման մասին: Երբ հիմա խոսում են, որ մեկ կամ մեկ ու կես հարց է մնացել համաձայնեցնել, ես դա չեմ հասկանում»,- ասել է նախագահը:

Խոսելով Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Պետեր Սեմնեբիի այն հայտարարության մասին, որ ԵՄ-ն կարող է ուղիղ կապեր հաստատել ԼՂՀ-ի հետ, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն նշել է, որ բանակցային գործընթացը ընթանում է միայն ԵԱՀԿ շրջանակներում: «Եվրամիությունն այլ միջոցներ ունի, օրինակ, հարեւանության քաղաքականությունը: Եւ դա հնարավորություն է տալիս կոնկրետ ծրագրեր իրականացնել: Միայն այդ ձեւով Եվրամիությունը կարող է օգնել գործընթացին»,- ասել է Բ. Ֆասիեն:

Ն.ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

ԼԱՎԱՏԵՍ ԵՆ՝ Ի ՊԱՇՏՈՆԵ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նախօրեին Բաքվում ցնցող հայտարարություն է արել: Նա ասել է, որ 2007թ. ընթացքում ԼՂ հակամարտության կողմերի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է, միայն մինչ այդ պետք է լուծվեն որոշակի խնդիրներ: Այս մասին հաղորդում է «Trend» գործակալությունը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հունվարի 23-ին Մոսկվայում կայացած Վարդան Օսկանյան-Էլմար Մամեդյարով հանդիպումից անմիջապես հետո մեկնել էին Բաքու, որտեղ երեկ հանդիպել են Իլհամ Ալիեւի եւ Էլմար Մամեդյարովի հետ: Բաքվից մեկնելիս օդանավակայանում համանախագահները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին: Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունների հետ իրենց բանակցությունները կառուցողական են եղել, քննարկվել են ինչպես ԼՂ հարցի կարգավորման հիմնական սկզբունքները, այնպես էլ էներգետիկ խնդիրներին առնչվող հարցեր: Բրայզան նշել է, որ Ադրբեջանի նախագահն ու ԱԳ նախարարը լուրջ եւ կառուցողական են վերաբերվում ԼՂ հարցով բանակցություններին: Ընդհանրապես, ըստ Բրայզայի, թե° Հայաստանը եւ թե° Ադրբեջանը բանակցությունների ժամանակ լրջորեն պաշտպանում են իրենց դիրքորոշումները, սակայն այդ ամենը կատարվում է կառուցողական մթնոլորտում: Իսկ ահա ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շատ կառուցողական ներդրում են ունենում հակամարտության կարգավորմանը հասնելու ուղղությամբ Մինսկի խմբի ջանքերում: Այս հանգամանքը համանախագահներին հիմք է տալիս հուսալու, որ ընթացիկ տարում հակամարտության կողմերը կարող են հասնել որոշակի համաձայնությունների: Դա, ըստ Բեռնար Ֆասիեի, կախված է նրանից, թե որքանով կամրապնդվի մինչ այժմ գրանցված առաջընթացը, եւ որքանով այդ գործընթացը կշարունակվի:

«Հայկական ժամանակ»

Հրանտ Դինք

15 սեպտեմբերի 1954 – 19 հունվարի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ստեփանակերտի մամուլի ակումբը խստորեն դատապարտում է Թուրքիայի հայկական համայնքի առավել հայտնի ներկայացուցիչներից մեկի՝ «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը և ցավակցում նրա հարազատներին ու մտերիմներին, ինչպես նաև ամբողջ համայնքին:

Ստեփանակերտի մամուլի ակումբը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում բոլոր միջոցները ձեռնարկել սպանության մեղավորներին ու պատվիրատուներին հայտնաբերելու և օրենքի ամբողջ խստությամբ պատժելու, ինչպես նաև հետագայում նման երևույթները բացառելու համար:

Ստեփանակերտ / 20 հունվարի, 2007թ.

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԱԿՈՍ» ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Մենք` Երեւանի մամուլի ակումբի անդամներիս, խորապես ցնցված ենք հայտնի լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտի Դինքի սպանությամբ: Այս քստմնելի գործողությունն ուղղված է խոսքի ազատության, ժողովրդավարության, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման դեմ: Այն եւս մեկ անգամ վկայում է՝ դեռ շատ մութ, հետադիմական, կոպիտ ուժեր կան, որոնք չեն ցանկանում, որ մեր տարածաշրջանն ընթանա առաջադիմության ուղիով:

Հրանտի ժուռնալիստական եւ հասարակական գործունեությունն ուղղված էր պաշտպանելու մտքերն ազատորեն արտահայտելու անձի իրավունքն ու հաղթահարելու ավանդական կարծրատիպերը, որոնք մարդկանց խանգարում են շփվել, հասկանալ եւ սիրել իրար: Նրա համար անընդունելի էր ինչպես 1915 թվականին հայ բնակչության նկատմամբ թուրքական կառավարության իրականացրած ոճրագործությունը լռության մատնելը, այնպես էլ` հայերի ցեղասպանությունը ժխտելու համար քրեական հետապնդումը, որ նախատեսվում է ֆրանսիական խորհրդարանի հավանությանն արժանացած օրինագծում: Լինելով քչերից մեկը Թուրքիայում, ով համարձակվում էր խոսել եղեռնի մասին, Հրանտ Դինքն այլ հայացքներ ունենալու համար որեւէ անձի դատապարտումը դիտում էր իբրեւ մարդու իրավունքների խախտում: Նա մեկն էր այն մարդկանցից, ում համարում էին սիմվոլ` Թուրքիայի նորացման. մի գործընթաց, որ հակասական է եւ բախվում է հզոր դիմադրության ու բազմաթիվ ներքին եւ արտաքին խոչընդոտների:

Հրանտի նման մարդիկ, ովքեր ձգտում են հաղթահարել իրենց եւ մերձավորների վախը, բարդույթները, նրանք, ովքեր բաց են ամեն մի նորի եւ լուսավորի համար, ամենից անպաշտպանն են: Նրա սպանությունը, իսկ ավելի վաղ` թուրքական իշխանությունների կողմից քաղաքական եւ դատական հետապնդումները հաստատում են այս տխուր իրողությունը: Հետեւելով մեր գործընկերոջ զոհվելու կապակցությամբ աշխարհում եւ հենց Թուրքիայում աննախադեպ արձագանքին, ակամա խորհում ես հետեւյալ պարադոքսի մասին. հասարակությունն առավել սուր եւ մեղքի յուրահատուկ զգացողությամբ է ընդունում իր հենց այն ներկայացուցիչների կորուստը, ովքեր, ծառայելով ճշմարտությանն ու արդարությանը, ընդսմին ավելի խոցելի էին եւ կենդանության օրոք չէին արժանանում համարժեք համակրանքի ու աջակցության: Թող սա եւս մեկ դաս լինի այն բոլոր երկրների համար, որտեղ սպանում, բռնությունների եւ հետապնդումների են ենթարկում լրագրողներին:

Խորը վիշտ ապրելով հանդերձ, մենք չենք կարող ափսոսանք չարտահայտել մի շարք հայտարարությունների առթիվ, որոնց հեղինակաները փորձում են շահարկել Ստամբուլում տեղի ունեցած ողբերգությունը` տարածելով Հրանտ Դինքին խորթ գաղափարներ, դրանով իսկ` անհարգալից վերաբերմունք դրսեւորելով նրա հիշատակի հանդեպ: Լրագրողի եւ հասարակական գործչի սպանությունը, անկասկած, հետեւանք էր թուրքական հասարակությունում առկա քաղաքական կոլիզիաների, եւ մենք կոչ ենք անում դիմակայել ոճրագործությունը անըմբռնողության եւ ատելության անդունդը խորացնելու համար օգտագործելուն:

Մենք ցանկանում ենք հավատալ, որ այն արժեքները, որոնք դավանում էր Հրանտ Դինքը, նպատակները, որոնց նա ձգտում էր, ավել ու ավելի շատ կողմնակիցներ կգտնեն Թուրքիայում, Հայաստանում, ողջ մեր տարածաշրջանում: Երեւանի մամուլի ակումբը եղել եւ մնում է դրանցից մեկը:

20. 01. 2007 թ.

——————————————————————————————-

Ընտրություններ

Հարցում

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՆԱԼ ԱԶՆԻՎ, ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՈՒ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԿՈՒՆՈՒԹՅԱՄԲ ՕԺՏՎԱԾ ՆԱԽԱԳԱՀԻ, ՈՐՆ ԻՐԵՆՑ ԿԱՌԱՋՆՈՐԴԻ ԴԵՊԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

Ընթացիկ տարվա հունիսին ԼՂՀ-ում սպասվում են նախագահական ընտրություններ: Առայժմ ոչ մի քաղաքական գործիչ և ոչ մի քաղաքական ուժ չեն հայտարարել նախընտրական արշավին մասնակցելու իրենց պատրաստակամության մասին: Այնուամենայնիվ, հասարակությունում խոսում են հնարավոր թեկնածությունների մասին, մարդիկ նույնիսկ տալիս են կոնկրետ անուններ:

«Բաց հասարակություն» արցախյան հասարակական կազմակերպությունը «Միասնություն» մարզամշակութային միության հետ միասին հունվարի 15-22-ը անցկացրել է սոցիոլոգիական հարցում, փորձելով պարզել, թե ինչ են մարդիկ մտածում նախագահի հնարավոր թեկնածուների և ընդհանրապես՝ ընտրությունների մասին: Հարցմանը մասնակցել է 300 մարդ, 150-ը Ստեփանակերտից, 25-ական Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի և Քաշաթաղի շրջաններից: Հարցվել են 179 կին և 121 տղամարդ, ըստ տարիքային խմբերի. մինչև 35 տարեկան՝ 131, 35-50 տարեկան՝ 94, 50-ից բարձր՝ 75 մարդ: Ըստ կրթության. թերի միջնակարգ՝ 20, միջնակարգ (միջնակարգ մասնագիտական)՝ 101, բարձրագույն՝ 179: Հարցման մասնակիցներից 159-ը պետական ծառայողներ են, 63-ը աշխատում է ոչ բյուջետային հաստատություններում, 33-ը ուսանող է, 26-ը՝ գործազուրկ և 19-ը՝ կենսաթոշակառու:

Ըստ Ձեզ, մեզ մոտ հնարավո՞ր են ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ

Հարցին դրական է պատասխանել հարցվածներից 109-ը: 139 մարդ միանշանակ բացասական պատասխան է տվել, իսկ 52 հոգի էլ դժվարացել են պատասխանել: Ուշագրավ մանրամասն՝ Ստեփանակերտում հարցված 150 հոգուց «այո»  է պատասխանել ընդամենը 42 հոգի, իսկ «ոչ»՝ 86: Ամենալավատեսը Ասկերանի շրջանում հարցվածներն են, որտեղ 25 հոգուց 19-ը հավատում են արդար ընտրություններին: Շրջաններից «չհավատացողների» թիվն ամենաշատն էր Շուշիում, որտեղ 10 հոգի միանշանակ չեն հավատում արդար ընտրություններին, 8-ն էլ կասկածում են:

Նշեք այն ամենագլխավոր երեք հատկանիշները, որոնք, Ձեր կարծիքով, ամենաշատն են անհրաժեշտ երկրի նախագահին

Հարցվողներն առաջարկված 15 հատկանիշներից պիտի նշեին երեք ամենակարևորը: Առավել պահանջված էր հայրենասիրությունը՝ 196 ձայն: Երկրորդ կարևորագույնն, ըստ հարցվածների, դիվանագիտական ճկունությունն է: 112 հոգի ընդգծել են խելքն ու ազնվությունը: Անկաշառությունը կարևորել են 89, բարոյականությունը՝ 63 մարդ:

Ընդ որում, ուշագրավ է նախասիրությունների «աշխարհագրությունը»: Ասկերանում հայրենասիրությունը նախընտրել են 21, Հադրութում՝ 5 հոգի: Բայց ահա նույն Հադրութում 15 մարդ նախընտրել են ազնիվ նախագահի, իսկ Մարտակերտում և Շուշիում մարդկային այդ որակին նախապատվություն են տվել 3-ական հարցվածներ: Անկաշառությունը կարևորել են Ասկերանում (14) և Հադրութում (10), իսկ Շուշիում դրա օգտին է արտահայտվել ընդամենը 3 մարդ: Քաշաթաղում 10 հոգի նախընտրել են բարոյական նախագահին, իսկ նույն հատկանիշը Մարտունիում կարևորել է ընդամենը 1 հարցված:

Ձեր կարծիքով, քաղաքական ի՞նչ կողմնորոշման կողմնակից պետք է լինի ապագա նախագահը

Ի՞նչ ուղղությամբ պիտի երկիրը առաջնորդի ապագա նախագահը, քաղաքական ի՞նչ կողմնորոշում պիտի ունենա: Եվրոպական կողմնորոշման (եվրամետության) կողմնակից են 61 հարցվածներ, որոնցից 40-ը՝ Ստեփանակերտից: Հադրութում ու Շուշիում դեպի Եվրոպա տանող ուղին նախընտրել է 1-ական մարդ: Ռուսամետությունը հոգեհարազատ է 109 մարդու, որոնցից 37-ը Ստեփանակերտից է, 19-ը՝ Հադրութից, 14-ը Մարտակերտից: Սա առավել նախընտրելի քաղաքական կողմնորոշումն էր, հատկապես՝ շրջաններում հարցվածների համար: 300 հարցվածներից միայն 1-ն է ամերիկամետության կողմնակից և ընդամենը 4-ը՝ արևմտամետության կողմնակից: Հարցվածների մեկ հինգերորդը կոմպլեմենտարիզմի ջատագով է: Միայն Հադրութում է այս կողմնորոշումը ոչ ընկալելի՝ այնտեղ ոչ ոք դա չի նախընտրել: 29 հոգի նախընտրում են չեզոքությունը: 7 հոգի նշել են «այլ» տարբերակը, 29-ն էլ դժվարացել են պատասխանել:

Ղարաբաղի ճակատագրի հարցում ԼՂՀ ապագա նախագահի ո՞ր դիրքորոշումը Ձեզ համար ընդունելի կլիներ

Հարցվածներին առաջարկվել են մի շարք տարբերակներ, նաև հնարավորություն է տրվել սեփական տարբերակն առաջարկելու: Ստացվել են հետևյալ արդյունքները.

ԼՂՀ անկախություն՝ 109

Ստեփանակերտում՝ 49, Մարտունիում՝ 5, Ասկերանում՝ 18, Մարտակերտում՝ 12, Հադրութում՝ 16, Շուշիում՝ 7, Քաշաթաղում՝ 2:

Հայաստանի հետ վերամիավորում՝ 56

Ստեփանակերտում՝ 24, Մարտունիում՝ 12, Ասկերանում՝ 1, Մարտակերտում՝ 2, Հադրութում՝ 1, Շուշիում՝ 3, Քաշաթաղում՝ 13:

Անկախությունը որպես միջանկյալ փուլ Հայաստանի հետ վերամիավորման ճանապարհին՝ 82

Ստեփանակերտում՝ 45, Մարտունիում՝ 6, Ասկերանում՝ 4, Մարտակերտում՝ 9, Հադրութում՝ 1, Շուշիում՝ 10, Քաշաթաղում՝ 7:

Կարգավիճակ Եվրամիության կամ այլ միջազգային կառույցի մանդատի տակ

Ստեփանակերտում՝ 4, Մարտունիում՝ 0, Ասկերանում՝ 0, Մարտակերտում՝ 1, Հադրութում՝ 0, Շուշիում՝ 1, Քաշաթաղում՝ 0

Հաշտեցում՝ 3

Ստեփանակերտում՝ 3, Մարտունիում՝ 0, Ասկերանում՝ 0, Մարտակերտում՝ 0, Հադրութում՝ 0, Շուշիում՝ 0, Քաշաթաղում՝ 0

Կայունություն՝ ցանկացած գնով՝ 9

Ստեփանակերտում՝ 3, Մարտունիում՝ 0, Ասկերանում՝ 0, Մարտակերտում՝ 0, Հադրութում՝ 2, Շուշիում՝ 2, Քաշաթաղում՝ 2:

Փոխզիջումներ՝ հանուն խաղաղության՝ 5

Ստեփանակերտում՝ 3, Մարտունիում՝ 0, Ասկերանում՝ 1, Մարտակերտում՝ 1, Հադրութում՝ 0, Շուշիում՝ 0, Քաշաթաղում՝ 0:

Խաղաղություն՝ ցանկացած գնով՝ 19

Ստեփանակերտում՝ 13, Մարտունիում՝ 2, Ասկերանում՝ 1, Մարտակերտում՝ 0, Հադրութում՝ 1, Շուշիում՝ 1, Քաշաթաղում՝ 1:

Տնտեսական տարածաշրջանային համագործակցության մեջ ներգրավում՝ 3

Ստեփանակերտում՝ 1, Մարտունիում՝ 0, Ասկերանում՝ 0, Մարտակերտում՝ 0, Հադրութում՝ 2, Շուշիում՝ 0, Քաշաթաղում՝ 0:

Այլ՝ 0

Դժվարացել են պատասխանել՝ 8

Ստեփանակերտում՝ 5, Մարտունիում՝ 0, Ասկերանում՝ 0, Մարտակերտում՝ 0, Հադրութում՝ 2, Շուշիում՝ 1, Քաշաթաղում՝ 0:

Ու՞մ կցանկանայիք տեսնել ԼՂՀ նախագահի պաշտոնում

Վերջին հարցն առնչվում էր ապագա նախագահի անձին: Քանի որ հարցման անցկացման ժամանակահատվածում արցախցի ոչ մի գործիչ հրապարակորեն չէր խոսել իր թեկնածությունն առաջադրելու մասին, հարցվողներին առաջարկվել է տալ այն մարդու անունը, ում կցանկանային տեսնել այդ պաշտոնում: Հարցվածներից 100 մարդ չի կարողացել նշել որևէ գործչի, որն, ըստ իրեն, արժանի է այդ պաշտոնին: Նրանց մի մասն էլ հարցաթերթիկում նշել է, որ դա պիտի լինի մի անձնավորություն, որն ունի երկրորդ հարցի վերոնշյալ հատկանիշները, բայց այդպիսիք նրանք չեն տեսնում: Ընդհանուր առմամբ, այս կամ այն հիմնավորվածությամբ հրաժարվել են կոնկրետ թեկնածուներ նշել 117 մարդ: Արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

34 – Բակո ՍԱՀԱԿՅԱՆ՝ Ազգային անվտանգության ծառայության պետ (նրան նախընտրողների մեծ մասը մինչև 35 տարեկան տղամարդիկ են)

31 – Աշոտ ՂՈՒԼՅԱՆ՝ ԱԺ նախագահ (հիմնականում մինչև 35 տարեկան կանայք)

26 – Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ՝ փոխարտգործնախարար (հիմնականում 35-50 տարեկան տղամարդիկ)

18 – Արկադի Ղուկասյան՝ ԼՂՀ գործող նախագահ (հիմնականում 35-50 տարեկան կանայք և տղամարդիկ)

16 – Ռոբերտ Քոչարյան՝ ՀՀ նախագահ (հիմնականում մինչև 35 տարեկան կանայք)

10 – Սեյրան Օհանյան՝ ԼՂՀ պաշտպանության նախարար

8 – Արմեն Սարգսյան՝ ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խմբի ղեկավար

5 – Սամվել Բաբայան՝ Պաշտպանության նախկին նախարար

4 – Արթուր Թովմասյան՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր (նախընտրողները բոլորն էլ Մարտակերտից են)

4 – Լևոն Հայրապետյան՝ հայտնի գործարար, բարեգործ (նախընտրողները բոլորն էլ Ստեփանակերտից են)

4 – Սերժ Սարգսյան՝ ՀՀ պաշտպանության նախարար (նախընտրողները բոլորն էլ Քաշաթաղից են)

3 – Կարեն Գրիգորյան՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Քաշաթաղից

2 – Վիտալի Բալասանյան՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր

2 – Սամվել Հակոբյան՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր

2 – Սերգեյ Օհանյան՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր

Մեկական ձայն են ստացել Արպատ Ավանեսյանը (ԼՂՀ ԱԺ պատգամավոր), Արթուր Աղաբեկյանը (ՀՀ պաշտպանության փոխնախարար), Մարատ Հակոբջանյանը (ԼՂՀ քաղաքաշինության նախարար), Կամո Աթայանը (ԼՂՀ ԿՄՍ նախարար), Ռուդիկ Հյուսնունցը (ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ), Գեղամ Բաղդասարյանը (ԼՂՀ ԱԺ պատգամավոր), Արարատ Դանիելյանը (ԼՂՀ փոխվարչապետ), Արմեն Զալինյանը (ԼՂՀ գլխավոր դատախազ), Սամվել Կարապետյանը (ԼՂՀ պաշտպանության փոխնախարար), Արթուր Մոսիյանը (ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ), Գեորգի Պետրոսյանը (ԼՂՀ արտգործնախարար), Մուրադ Պետրոսյանը («Ինչ անել» թերթի խմբագիր), Բագրատ Եսայանը (Բերձորի քաղաքապետ) և Խոսրով Օհանյանը:

Ուշագրավ է, որ տրվել են նաև գործիչների անուններ, ովքեր, ըստ ԼՂՀ օրենսդրության, իրավունք չունեն առաջադրվելու՝ Արկադի Ղուկասյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արթուր Աղաբեկյան, Սամվել Բաբայան եւ այլք:

——————————————————————————————

Ներքաղաքական

ԿԱՐԵՎՈՐՆ ԱՆԳԱՄ ԵՐՐՈՐԴ ԺԱՄԿԵՏԸ ՉԷ, ԱՅԼ ԴՐԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐԸ 

Չնայած նախագահ Արկադի Ղուկասյանն արդեն քանիցս հայտարարել է, որ մտադիր չէ առաջադրվել այդ պաշտոնում երրորդ անգամ, նման հնարավորության մասին զրույցները չեն դադարում: Բազմաթիվ հայկական թերթեր, հասարակական կազմակեպություններ ու գործիչներ արդեն արտահայտվել են առ այն, որ նման քայլը կարող է շատ բացասական անդրադառնալ ԼՂՀ վարկանիշի վրա՝ հետ շպրտելով Ղարաբաղը ժողովրդավարացման ճանապարհից: Նեգատիվ արձագանքի յուրաքանչյուր ալիքին, որպես կանոն, հետեւել են Ղուկասյանի կամ նրա կողմնակիցների հերթական հերքումները:

Եւ, այդուհանդերձ, երրորդ ժամկետի հնարավորության մասին խոսում են: «Շնորհիվ» մի խումբ մարդկանց «անհանգստությունների» առ այն, որ ղարաբաղյան հարցի կարգավորման հաջողությունը ուղղակիորեն կապված է այն բանի հետ, թե ով է կանգնած իշխանության ղեկի մոտ: Վահե Կարապետյանը ԱՄՆ-ում, Արա Աբրահամյանը Մոսկվայում եւ Անդրանիկ Միհրանյանը Ստեփանակերտում հայտարարեցին, որ անհրաժեշտ է դիմել Ղուկասյանին, խնդրելով չլքել ծանր իրավիճակում հայտնված սեփական ժողովրդին, թե չէ դա կարող է հանգեցնել ապակայունացման (Արա Աբրահամյանն ու Անդրանիկ Միհրանյանը դա ասել են վիճարկություն չընդունող այնպիսի տոնով, որ, կամա թե ակամա, մտածում ես՝  ինչքան մեծ ազդեցություն է ունեցել ռուսական ավանդական կացնային քաղաքականությունը այս մարդկանց մտածելակերպի վրա):

Ղարաբաղյան իշխանությունների խոսքերի եւ նրանց արտասահմանյան «լավն ուզողների» կոչերի միջեւ անջրպետը գնալով մեծանում է: Եւ գնալով ավելի դժվար կլինի հաղթահարել այդ անջրպետը՝ եւ ժողովրդի, եւ իշխանությունների համար:

Դատեք ինքներդ. Ղուկասյանը, եթե նա նույնիսկ մտադիր է գնալ երրորդ ժամկետի, արդեն իսկ դարձել է սեփական հայտարարությունների պատանդը /շատ հնարավոր է, որ հայտարարություններն արվել են պահի ազդեցության տակ/: Նրա համար արդեն դժվար կլինի արդարացված պատճառ գտնել՝ սեփական հայտարարություններին հակառակ գնալը բացատրելու համար: Քաղաքական տեխնոլոգիաները այս իրավիճակից դուրս գալու փորձված միակ ձեւն ունեն՝ նախաձեռնել արտաքին կամ ներքին ապակայունացում, հնարավոր է՝ որոշում ընդունել ռազմական իրավիճակի խստացման մասին: Իսկ մնացածը, ինչպես ասում են, «տեխնիկայի գործ է»: Ինչ վերաբերում է արտաքին ապակայունացմանը, ապա դժվար թե այն օգտագործվի, քանի որ անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ: Իսկ ներքի՞նը…

Մնում է հուսալ միայն, որ նախագահը, իշխանական եւ իշխանամետ ուժերն ու անձինք թույլ չեն տա ներգրավել իրենց նման մեքենայությունների մեջ: Քաղաքական տեխնոլոգիաների համար մի քանի զոհը, երեք-չորս ձերբակալությունները եւ հասարակությունը ալեկոծող հոգեբանական փոթորիկը «թույլատրելի» նորմա է: Բայց թույլատրելի՞ է այն Ղարաբաղի համար: Եւ ամենկարևորը՝ հանուն ինչի՞:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Ո՞Վ Է ՈՒՆԱԿ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆԵԼՈՒ ՎԻՃԱԿԸ

ԼՂՀ հանրային հեռուստատեսությամբ ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի ելույթը զանազան քննարկումների տեղիք է տվել արցախյան հանրությունում: Ամենամտահոգիչը, թերևս, հնարավոր ապակայունացման մասին նրա միտքն էր: Հիշեցնենք՝ Ա. Միհրանյանը կարծիք է հայտնել, որ եթե գործող նախագահ Արկադի Ղուկասյանը չառաջադրվի գալիք նախագահական ընտրություններում, ապա հնարավոր է, որ իրավիճակը երկրում ապակայունանա:

Չգիտենք, հասկանու՞մ էր, արդյոք, հայազգի քաղաքագետը, թե ինչ վտանգավոր ու ապակայունացնող միտք է արտահայտել, թե ոչ, բայց հուսանք, որ դա լեզվի սայթաքում է եղել և ընդամենը: Իսկ եթե դա գիտակցված ու նպատակամետ հայտարարություն է եղել, ապա հարկ է պարզություն մտցնել մի քանի հանգամանքներում:

Նախ՝ եթե երկրի կայունությունը կախված է լինում ընդամենը մի մարդուց, ապա այդ երկրի վիճակը նախանձելի չէ: Իսկ նախագահի հնարավոր թեկնածուների առումով այս միտքը պարզապես զավեշտ է, քանի որ ստացվում է հետևյալը՝ գործող նախագահից բացի ցանկացած այլ թեկնածուի առաջադրման դեպքում ապակայունացման վտանգ կա:

Բայց եկեք պարզենք, թե ով կարող է ապակայունացնել վիճակը, ավելի ճիշտ՝ ով է ունակ դա անելու:

Երկրի քաղաքական դաշտում մեռելային լռություն է, նույնիսկ օրինական իշխանափոխության մասին ոչ ոք չի խոսում, էլ ուր մնաց, թե «ապակայունացնող» մեթոդներով: Քաղաքական ուժերն այնքան խելոք են, որ նույնիսկ իրենց թեկնածուի առաջադրման մասին չեն խոսում: Խորհրդարանը միանգամայն կանխատեսելի է: Արցախյան քաղաքական դաշտը զերծ է հայաստանյան քաղաքական դաշտի ազդեցությունից: Հասարակական դաշտը սովորականի պես ապաքաղաքականացված է: Բանակը, ինչպես նաև ուժային մյուս կառույցները վերահսկելի ու կառավարելի են, ընդհանրապես, ինչպես իշխանություններն են պնդում՝ իրենք լիովին վերահսկում են իրավիճակը: Եւ դա բնական է, քանի որ բոլոր լծակները նրանց ձեռքում են:

Այս պարագայում ո՞վ կարող է ապակայունացնել իրավիճակը՝ եթե, իհարկե, արտաքին վտանգը սպառնալիքի չի վերածվել:

Պատասխանը միանշանակ է՝ նրանք, ովքեր տիրապետում են բոլոր լծակներին: Եւ սա քաջ հասկանում է յուրաքանչյուր գիտակից մարդ:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Կեսկատակ-կեսլուրջ

ԼՂՀ – 2027 / «Առավոտ»-յան ժանրով

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄՂՁԱՎԱՆՋ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼ, ԵԹԵ ԱՐԹՈՒՆ ՉԼԻՆԵՆՔ

2027 թվական, Ստեփանակերտ:
Ընդդիմադիր թերթի թղթակցի հարցազրույցը հանրապետության գլխավոր դատախազի հետ:

- Պարոն դատախազ, ի՞նչ կարող եք ասել այս տարվա երաշտի ու դրա հետևանքների մասին:

- Դուք կոնկրետ ի՞նչ եք ուզում իմանալ, ի՞նչ եք ուզում պարզել:

- Ես պարզապես ուզում եմ իմանալ Ձեր կարծիքը այս տարվա երաշտի ու դրա հետևանքների մասին:

- Չէ, եկեք պարզ խոսենք: Ես հասկանում եմ, թե Ձեր մտքինն ինչ է, ուստի ուզում եմ, որ ինքներդ հնչեցնեք հարցը:

- Հարցն արդեն հնչեցրել եմ:

- Լավ, այդ դեպքում ինքս պարզեցնեմ իրավիճակը: Դուք ուզում եք իմանալ՝ այս տարվա երաշտը, ի դեպ՝ աննախադեպ երաշտը, գործող նախագահին թույլատրու՞մ է առաջադրել իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում, թե ոչ:

- Դե, եթե Ձեզ համար հարցի այդպիսի դրվածքն է ավելի ընկալելի, ուրեմն թող այդպես լինի: Այո, ուզում ենք իմանալ:

- Ա՞յդ էիք ուզում իմանալ, ուրեմն՝ իմացեք: Այո, թույլատրում է: Հատե տի:

- Պարոն դատախազ, 2007 թվականին արդեն երկու ժամկետ անընդմեջ պաշտոնավարած նախագահին թույլատրվեց նորից պաշտոնավարել այն պատճառաբանությամբ, որ այդ երկու ժամկետները եղել են մինչև Սահմանադրության ընդունումը, իսկ Սահմանադրության ընդունմամբ երկիրն իր պատմությունը սկսել է նոր էջից:

-Իհարկե:

- 2017 թվականին գործող նախագահին թույլատրվեց նորից պաշտոնավարել, քանի որ նախորդ չորս ժամկետները եղել են նախքան Սահմանադրության մեջ հիմնարար փոփոխություններ մտցնելը, իսկ այդ հիմնարար փոփոխությունները մտցնելով, երկիրը կրկին իր կյանքը սկսել է նոր էջից:

- Այդպես է:

- Հիմա 2027 թվականն է և դարձյալ խոսվում է արդեն վեց ժամկետ անընդմեջ պաշտոնավարած նախագահի հետագա պաշտոնավարման մասին: Որքանո՞վ է յոթերորդ անգամ անընդմեջ պաշտոնավարելը ընդունելի այն պարագայում, երբ ԼՂՀ նախագահի մասին օրենքում և Սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ նույն անձը չի կարող անընդմեջ երկու ժամկետից ավելի պաշտոնավարել:

- Դուք մի քանի սկզբունքային ու իրավական սխալներ եք թույլ տալիս, գիտակցաբար թյուրիմացության մեջ գցելով ամբողջ ժողովրդին: Նախ՝ գործող նախագահը առաջադրվելու մասին ոչինչ չի ասել: Նա հերքել է նման լուրերը և 2007-ին, և 2017-ին: Հերքում է նաև հիմա, թեև երաշտը, ընդգծում եմ՝ աննախադեպ երաշտը, նման հնարավորություն տալիս է: Այդ լուրերը տարածում են մի քանի օդիոզ մարդիկ: Էս «օդիոզ» բառի հայերեն տարբերակը թեև այնքան էլ համարժեք չէ ռուսերենին, բայց քանի որ մեր երկրում նաև հայերենն է պետական լեզու, ուստի հնչեցնեմ նաև հայերեն: Դրանք մարդիկ են կաղապարված անձանց սահմանափակ շրջանակից:

Սա՝ մեկ: Երկրորդ` երաշտը, վերստին ընդգծեմ՝ աննախադեպ երաշտը, նման հնարավորություն իրոք տալիս է: Ժողովուրդն ինքն է այդպես որոշել, մարդիկ իրենց կյանքը բաժանում են երկու ժամանակահատվածի՝ մինչև երաշտը և երաշտից հետո: Եւ մենք պարտավոր ենք սա կիրառել նաև պետության կյանքում: Հատուկ Ձեզ ու կաղապարված մյուս օդիոզների համար բացատրեմ՝ եթե նախագահը առաջադրի իր թեկնածությունը, ապա դա լինելու է ոչ թե յոթերորդ, ինչպես դուք եք ասում, այլ առաջին անգամ:

Եւ, վերջապես, երրորդն ու ամենակարևորը` չի բացառվում, որ առաջիկա տարիները վճռորոշ լինեն ղարաբաղյան կարգավորման գործում, ուստի մեզ անհրաժեշտ է փորձառու բանակցող:

- Իսկ 2037 թվականին…

- Դուք չեք ուզում հասկանալ: Թիվը նշանակություն չունի: Կարևորն այն է, որ չնայած բնական և ոչ բնական աղետներին՝ մենք կարողանում ենք պահպանել մեր երկրի կայունությունն ու կանխատեսելիությունը:

——————————————————————————————

Երրորդ ժամկետ

ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ՈՒ ՊԱՆԴՈՒԽՏՆԵՐԻ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ

Այդ տեսանկյունից հակամարտության կարգավորման գործընթացի «ռուսական տարեգրությունը» ունեցավ կարծես թե բավական հետաքրքիր դրսեւորում: Ռուսաստանի Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանը, որ նախկինում երբեք չէր «խուրդվել» Ղարաբաղի մասին հայտարարություններով եւ իր խոսքին տալիս էր միմիայն միջմոլորակային ընդգրկումներ, հանկարծ արտահայտվեց կոնկրետ Ղարաբաղի մասին, անհրաժեշտ համարելով Արկադի Ղուկասյանի երրորդ առաջադրումը: Աբրահամյանի մտադրության լրջության մասին վկայեց նաեւ նրան եւ Կրեմլին կից գործող քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի խոսքը, որը փաստացի Աբրահամյանի տեսակետի «քաղաքագիտական» հիմնավորումն էր:

Եթե հիմք ընդունենք այն, որ ԼՂՀ համար նավթային Ադրբեջանի դեմ թիվ մեկ կռվանը կարող է լինել ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը, ապա կասկածից վեր է, որ աբրահամյանական տեսությունը ուղղված է Ղարաբաղին այդ կռվանից զրկելուն: Եթե հիմք ընդունենք նաեւ այն, որ Արա Աբրահամյանին չափազանց շատ շահեր են կապում Ռուսաստանի հետ, ինքնուրույն քաղաքական մտքեր արտահայտելու համար, ապա կարող ենք եզրակացնել, որ պատանդների ու պանդուխտների մխիթարություն համարվող Աբրահամյանը չէր կարող հենց այնպես արտահայտվել Ղարաբաղի մասին: Բնական է նաեւ, որ Ղարաբաղի ղեկավարությանն էլ չեն առաջարկի հենց այնպես մի կողմ թողնել «ժողովրդավարությունը», որպես ավելորդ թիթիզություն:

Այսինքն կարծես թե ուրվագծվում է մի գործարք` կարգավորում հավերժ իշխանության դիմաց, Ռուսաստանի երաշխավորությամբ: Իսկ Ղարաբաղի ժողովրդավարական իմիջը թուլացնելու միջոցով ուղղակի հիմնազրկվում է ինքնորոշման գաղափարը: Համաշխարհային գործընթացների տրամաբանությունը ներկայումս այնպիսին է, որ երբ աշխարհում պայքար է մղվում ոչ ժողովրդավարական պետություններում ռեժիմները քանդելու համար, ապա մտածել ոչ ժողովրդավարական պետության միջազգային ճանաչման մասին` ուղղակի անիմաստ է: Այլ կերպ ասած, Ղարաբաղին այդպիսով քշում են անկյուն եւ ստիպում համաձայնել կարգավորման փոխզիջումային, իրականում զիջումային տարբերակին: Պատահական չէ, որ Էլմար Մամեդյարովը գոհունակություն էր հայտնում Ռուսաստանի ակտիվությունից: Հասկանո՞ւմ են արդյոք այդ վտանգները Հայաստանն ու Ղարաբաղը: Առայժմ դժվար է ասել, որովհետեւ մեկը բանակցային գործընթացին հետեում է կողքից եւ արձագանքում տարին մեկ անգամ, իսկ մյուսը այնպես է հայտարարում բանակցային գործընթացը դանդաղեցնելու մասին, կարծես աշխարհն էլ դրա հետ միասին կանգնելու եւ շարժվելու հրամանի է սպասելու:

«Լրագիր»

«ԱՄՈԹԻ ԼԵԳԵՈՆ». ԲԱՐԵՎ ՁԵԶ, ԵՍ ՁԵՐ ՔԱՂԱՔԱԳԵՏՆ ԵՄ

Քանի որ 2007 թվականը քաղաքական կարեւոր իրադարձության` խորհրդարանի ընտրության տարի է, ապա բնական է, որ տեղի ունեցող ամեն ինչ, կամ գրեթե ամեն ինչ, առաջիկա մի քանի ամիսների ընթացքում դիտարկվի հենց այդ համատեքստում: Իսկ տեղի ունեցող իրադարձությունները սկսվում են հեռուստածրագրերից, որոնք հանրության համար բացում են Նոր տարին: Դժբախտաբար պետք է փաստել, որ Ամանորի հեռուստածրագրերը հեռուստադիտողին ընտրության հնարավորություն գրեթե չէին թողնում, ինչը կարող է չարագույժ լինել այն առումով, որ հեռուստաընկերությունները տոտալ հսկողության ենթարկող իշխանությունը հենց այդպես էլ մտադրվել է տարեսկզբից իսկ հանրությանը զրկել ընտրության որեւէ հնարավորությունից:

Հայաստանյան հեռուստաեթերի այդ միապաղաղ իրականության ֆոնին ուղղակի հեռուստաժողովրդավարության խրախճանք կարելի է համարել հայկական ժամանակակից դեմոկրատիայի ֆորպոստի` ԼՂՀ հանրային հեռուստաընկերության եթերը: Գուցե Սահմանադրության հանրաքվեի ազատության, արդարության եւ թափանցիկության իներցիայով Ղարաբաղի հեռուստադիտողին տարեմուտին հիանալի հնարավորություն էր ընձեռվել ընտրություն կատարել հայ էստրադային եւ քաղաքագիտական արվեստի նվիրյալների միջեւ, եւ եթե Հայաստանում եթերից չէին դուրս գալիս Թաթան, Արսենը, Սիրուշը կամ Սյուզին, ապա Ղարաբաղում եթեր էր դուրս գալիս նաեւ Անդրանիկը` Միհրանյան: Դժվար է ասել, թե արդյոք ինչպես է ռուսական հեռուստաընկերությունների աբոնենտ ունեցող քաղաքագետը համաձայնել հյուրընկալվել չճանաչված մի պետության հեռուստաընկերության տաղավարում, որն իր չափով թերեւս ավելի փոքր է, քան նույն այդ ռուսական ընկերությունների գրիմի սենյակները: Անդրանիկ Միհրանյանը թերեւս ունեցել է այդ քայլին գնալու շատ ծանրակշիռ պատճառ եւ բավարար միջոց Մոսկվայից Երեւան, իսկ Երեւանից էլ Ստեփանակերտ հասնելու համար:

Դատելով հեռուստատեսությամբ նրա հայտնած մտքերից, Անդրանիկ Միհրանյանին տոնական Մոսկվայից կտրել է Արկադի Ղուկասյանի եւ Լեռնային Ղարաբաղի ճակատագրի մասին մտահոգությունը: Մոսկվաբնակ հայ քաղաքագետը Ղարաբաղի հանրության համար մի քանի քաղաքագիտական պարզաբանումներ է տվել այդ հարցերի առնչությամբ: Անդրանիկ Միհրանյանը նախ հայտնել է, թե ԼՂՀ Սահմանադրության ընդունումը Արկադի Ղուկասյանին տալիս է երրորդ անգամ առաջադրվելու հնարավորություն: Միհրանյանի այդ արտահայտության տրամաբանությունն այն է, թե նոր Սահմանադրությունը ենթադրում է նոր պետություն: Հայտնի չէ, թե Միհրանյանը քաղաքագիտական որ աշխատության մեջ է հայտնաբերել իր այդ դարակազմիկ թեզը, բայց համաշխարհային պատմության տրամաբանությունը հուշում է, որ պետք է պետություն լինել, որպեսզի ընդունել Սահմանադրություն, ոչ թե Սահմանադրություն ընդունել պետություն ունենալու համար: Ավելի պարզ ասած, գոյություն ունեցող մարդուն են տալիս անձնագիրը, ոչ թե անձնագրով մարդ են ստեղծում: Ավելին, երկրորդ տարբերակը ուղղակի ենթադրում է քրեական պատասխանատվություն:

Բայց դա թերեւս տրամաբանության ենթակա փաստարկ է, իսկ մենք գիտենք, որ Անդրանիկ Միհրանյանը ուժեղ է քաղաքագիտությունից, բայց տրամաբանությունից նրա ունակությունները մեզ այդքան էլ հայտնի չեն: Թեեւ մեկ-երկու այդպիսի հարցազրույց, եւ հայ հասարակությանը Միհրանյանի այդ ունակությունը նույնպես լիովին կբացահայտվի: Օրինակ, Անդրանիկ Միհրանյանը հայտարարել է, որ Արկադի Ղուկասյանի անձը այնքան դրական է եւ այնքան անհրաժեշտ, որ պետք է նրան խնդրել մնալ նախագահ, չնայած որ Ղուկասյանը ունի հակառակ մտադրությունը: Միհրանյանին գուցե արժե նախագահ մնալու խնդրանքներ ուղղել այն երկրի պաշտոնյաներին, որի քաղաքացի է ինքը: Ղարաբաղում նախագահ չեն մնում, Ղարաբաղում նախագահ ընտրում են: Հետեւաբար ավելի տրամաբանական կլիներ, որ Անդրանիկ Միհրանյանը ոչ թե Ղուկասյանին խնդրեր մնալ, այլ Ղարաբաղի ժողովրդին խնդրեր ընտրել:

«Առանց Արկադի Ղուկասյանի մասնակցության այլ թեկնածուների առաջադրումը Ղարաբաղին սպառնում է ապակայունացմամբ»,- ասել է Անդրանիկ Միհրանյանը: Նախ զարմանալի է, թե ինչպես է մարդը, որ իր գիտակցական կյանքի առյուծի բաժինն անցկացրել ու անցկացնում է Ռուսաստանում, համարձակվում դատողություն անել Ղարաբաղի կայունության բաղադրիչների մասին: Դրանից բացի, եթե ինչ որ բան առաջարկում է, ապա թող առաջարկի մինչեւ վերջ: Օրինակ, ինչպես վարվել ժամանակի հետ: Չէ որ նախագահության պաշտոնավարումը կարող է եւ լինել անվերջ, իսկ ահա կյանքը այս մեղավոր մոլորակում երբեւէ ընդհատվում է:

Այդ դեպքում Անդրանիկ Միհրանյանը պետք է ոչ միայն Ղուկասյանին խնդրի մնալ նախագահ, այլ նաեւ Աստծուն խնդրի չբաժանել Ղուկասյանի հոգին ու մարմինը, որ Ղարաբաղը հանկարծ չապակայունանա:

Բայց Անդրանիկ Միհրանյանը մտածում է ոչ միայն Ղարաբաղի, այլեւ ընդհանրապես հայության համար: Նա մտածել է ու հանգել եզրակացության, որ «նախագահի պաշտոնից Ռոբերտ Քոչարյանի հրաժարվելու դեպքում Ղարաբաղի բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերը կթուլանան, եւ այդ իսկ պատճառով պետք է ԼՂՀ դիրքի ուժեղացում, իսկ ԼՂՀ դիրքը կարող է ուժեղ լինել միայն Ղուկասյանի մասնակցությամբ»: Ահա հենց այդպես է կարծում Անդրանիկ Միհրանյանը: Այն, որ նա այդպես է կարծում, բոլորովին էլ զարմանալի չէ: Դրա պատճառն ամենեւին այն չէ, որ Միհրանյանը հանդիսանում է Ղուկասյանի կառավարման արվեստի մոլի երկրպագու: Պատճառը շատ ավելի կենցաղային է, թեեւ «համահայկական», քանի որ ուղղակի կապ ունի Արա Աբրահամյանի հետ: Աբրահամյանն էր շաբաթներ առաջ հայտարարել, թե Ղուկասյանի երրորդ առաջադրումը պետք է Ղարաբաղին: Իսկ Անդրանիկ Միհրանյանը հակառակը հայտարարել չէր կարող, եթե հասել է Ստեփանակերտ: Բանն այն է, որ Միհրանյանը դեռեւս որեւէ անգամ այս կողմերում չի երեւացել առանց Արա Աբրահամյանի: Ասել, որ Միհրանյանն է Աբրահամյանին բերում Հայաստան, կնշանակի վիրավորել համահայկական գործարար ջիղը: Միհրանյանը գուցե ինքն է իր ճանապարհածախսը հոգում, բայց այդ դեպքում էլ գոնե մի անգամ Հայաստան կգար առանց Արա Աբրահամյանի: Հետեւաբար կասկածից վեր է, որ Միհրանյանի ու հայության կապի հովանավորը Աբրահամյան «ապրանքանիշն» է, որն էլ քաղաքագետին հասցրել է Ստեփանակերտ: Եվ բնական է, որ Միհրանյանը պետք է առնվազն մտածեր հետ գալու մասին, թե չէ մեկ էլ տեսար Ղուկասյանը լսի ու առաջադրվի երրորդ անգամ` դե եկ ու մնա Ղարաբաղում:

«Լրագիր»

ՄԵԿ ՀԱՐՑ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ

Այն, ինչ վերջին շրջանում հայտարարում են ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին լավություն անել ձգտողները, առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս:

Խոսքը այն հայտարարությունների մասին է, որ Ղուկասյանը երրորդ անգամ էլ պետք է առաջադրվի ԼՂ նախագահի թեկնածու: Հատկանշականն այն է, որ բացի իր չառաջադրվելու մասին հայտարարությունից, ինչը Ղուկասյանը արել է մի քանի անգամ, ԼՂՀ նախագահն այդ կապակցությամբ ուրիշ ոչ մի հայտարարություն չի արել: Ասել է թե` նրա «մտերիմների» հայտարարությունները արվում են Ղուկասյանի լռության ֆոնի վրա: Ավելի ճիշտ` պաշտոնական լռության: Մինչ օրս ԼՂՀ նախագահականից ոչ մեկը եւ ոչ էլ ինքը` նախագահ Ղուկասյանը, որեւէ կերպ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել ո°չ Վահե Կարապետյանի, ո°չ Արա Աբրահամյանի եւ ո°չ էլ Անդրանիկ Միհրանյանի այն հայտարարությունների առնչությամբ, թե Ղուկասյանը անփոխարինելի է, եւ ժողովուրդը պետք է խնդրի, որպեսզի նա երրորդ անգամ էլ առաջադրվի: ԼՂՀ ղեկավարությունը իրեն պահում է այնպես, ասես ոչինչ չի եղել: Եւ դա, մեղմ ասած, անսպասելի չէր: Նույնը կատարվեց եւ երեկ, երբ դիմեցինք ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Էդուարդ Աթանեսյանին եւ խնդրեցինք նախ մեկնաբանել Կարապետյանի, Աբրահամյանի եւ Միհրանյանի հայտարարությունները, ինչպես նաեւ փոխանցել ԼՂՀ նախագահականի դիրքորոշումը այդ հարցի առնչությամբ, թեեւ էն գլխից էլ գիտեինք, որ մեկնաբանություններ, որպես այդպիսին, չեն լինելու: Մեր սպասումները «արդարացան»: Իհարկե, կարելի է հասկանալ նախագահի մամլո քարտուղարին` նա զբաղված էր նախագահ Ղուկասյանի եւ Ստեփանակերտ ժամանած «Պրովանս-Հայաստան» մարզամշակութային միության նախագահ Ագոպիկ Խալչադուրյանի հանդիպման մասին 20 տողանոց լուր գրելով, եւ բնական է, որ ժամանակ չուներ մեր «ստից» խնդրանքին անդրադառնալու համար: Ամեն դեպքում, վերը նշված հայտարարությունները մեկնաբանելու մեր խնդրանքը ուժի մեջ է, եւ հիմա էլ դա անում ենք հրապարակային: Մեր հարցը հետեւյալն է. «Պարոն Աթանեսյան. ինչպե՞ս է վերաբերվում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը վերջերս տարբեր տեղերից հնչող այն կարծիքներին, որոնց հեղինակները կարծում են, որ Արկադի Ղուկասյանը երրորդ անգամ նույնպես պետք է առաջադրվի ԼՂՀ նախագահի թեկնածու: Եւ արդյո՞ք ուժի մեջ է պարոն Ղուկասյանի արած այն հայտարարությունը, համաձայն որի` ինքը երրորդ անգամ ԼՂՀ նախագահի թեկնածու չի առաջադրվելու»: Սպասում ենք պատասխանի:

Պատասխան

ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանի երրորդ անգամ առաջադրվելու «անհրաժեշտության» մասին Վահե Կարապետյանի, Արա Աբրահամյանի եւ Անդրանիկ Միհրանյանի հայտարարությունները մեկնաբանելու մեր խնդրանքին ի պատասխան ԼՂ նախագահի մամլո քարտուղար Էդուարդ Աթանեսյանը երեկ ուղարկել է հետեւյալ նամակը. «Մի՞թե սեփական տեսակետներն արտահայտելու իրավունքը պիտի գործի Քրիստինե Խանումյանի եւ չգործի Անդրանիկ Միհրանյանի եւ ուրիշների պարագայում: Կարծում եմ, որ իբրեւ լրագրող Դուք ամենեւին էլ դեմ չեք բազմակարծությանը, անգամ եթե չեք կիսում դիմացինի տեսակետները»: Ամենայն հավանականությամբ, պարոն Աթանեսյանը շփոթել է բազմակարծության իրավունքը հակասահմանադրական քայլեր քարոզելու հետ: Ինչ վերաբերում է նախագահ Ղուկասյանից մեկնաբանություններ ստանալու մեր հարցմանը, ապա նախագահի խոսնակը չի զլացել հիշեցնել, որ այդ առնչությամբ ինքն արդեն երեք անգամ անդրադարձել է այդ թեմային, բացի այդ, հիշեցրել է, թե չառաջադրվելու մասին անձամբ Ղուկասյանն իր դիրքորոշումն արտահայտել է անցած տարվա դեկտեմբերի 10-ին եւ 11-ին:

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ / «Հայկական ժամանակ»

——————————————————————————————-

Ցեղասպանություն

ՎԵՐԱԾՆԵԼ ԲՈԳԴԱՆ ԳԵՄԲԱՐՍԿՈՒ ՆԱԽԱԳԻԾԸ

Շուտով կլրանա մեկ դար, ինչ Հայության ուսերին ծանրացած են ողբերգական հիմնախնդիրներ, որոնք սկիզբ են առնում  1915թ. Հայոց Մեծ Ցեղասպանությունից: Հոգեկան չմարող ցավ, հայրենիքի մեծ մասի կորուստ, աշխարհասփյուռ հայերի ազգային ինքնությանը սպառնացող վտանգ, անձնական սեփականության (անշարժ գույքի, հողի, դրամական եկամուտների) կորուստ, միացյալ Հայաստանի  շարունակական երազանք: Եվ Հայությունը, ձգտելով ժամ առաջ թոթափել իր ուսերից  ծանր բեռը, հերոսական, բառի բուն իմաստով անձնազոհ ջանքեր է գործադրում՝ պատմությունից իրեն որպես ծանր ժառանգություն հասած հիմնախնդիրները լուծելու համար:

Եվ ինչպե՞ս է հայությունը լուծում այդ հիմնախնդիրները:

Երկար տասնամյակների ընթացքում համայն հայության  մտավոր, ֆիզիկական, նյութական, ֆինանսական թանկ ռեսուրսների «առյուծի բաժինը»  ուղղված է, ըստ էության, մեկ նպատակի` Հայոց Մեծ Ցեղասպանության ճանաչմանը: Սա մի նպատակ է, որը առարկություններ է հարուցում շատ տեսակետներից: Օրինակ, այն օժտված չէ որոշակիությամբ, հստակությամբ, կոնկրետությամբ, այսինքն այն հատկանիշներով, որոնք բնորոշ են բարձր արժեք ներկայացնող նպատակներին: Դա ակնհայտ է դառնում, երբ փորձում ենք հասկանալ, թե վերջիվերջո ինչ պետք է ունենա հայությունը հռչակված նպատակի իրականացման արդյունքում: Ցեղասպանության ճանաչումը հնարավորինս շատ երկրների կողմի՞ց. բայց ինչքա՞ն շատ՝ հիսու՞ն, հարյու՞ր…Իսկ ինչու՞մն է կայանում, ի դեպ, ճանաչումների  այդ “շքերթի” օգտակար իմաստը՝ ճնշու՞մ գործադրել Թուրքիայի վրա, հարկադրե՞լ նրան: Բայց հիշենք, որ շատ դեպքերում  ճնշումը, հարկադրանքը ոչ թե հաղթահարում են դիմադրությունը, այլ ընդհակառակը՝ ուժեղացնում են այն: Թուրքիան կարող է «կողքի ընկնել» և անտեսել հայերի ակնկալիքները նույնիսկ այն դեպքում, եթե աշխարհի բոլոր երկրները համերաշխություն ցուցաբերեն հայությանը: Եվ, ընդհակառակը, տեսականորեն հնարավոր է, որ Թուրքիան իր սեփական կամքով ընդունի հայերի պահանջատիրության  արդարացիությունը նույնիսկ այն դեպքում,  եթե ոչ մի երկիր չընդունի Ցեղասպանության փաստը: «Լավ, ենթադրենք, որ նաև Թուրքիան է ճանաչել Ցեղասպանությունը: Իսկ հետո՞»,վ- տարակուսանքով հարցնում են շատերը:

Անորոշակիությունը քննարկվող նպատակի միակ արատը չէ: Չի երևում նաև, թե նրա իրականացումը  ինչպես կարող է նպաստել Ցեղասպանության հետ կապված մյուս հիմնախնդիրների լուծումներին (ճանաչումը մեկ օգուտ, համենայնդեպս, տալիս է՝ բարոյական բավարարվածություն, բայց մենք լիովին բավարարվու՞մ ենք դրանով):

Ահա թե ինչու կարելի է պնդել, որ Ցեղասպանության ճանաչումը չի հանդիսանում կոնկրետ, հստակ, որոշակի, բավականաչափ պրագմատիկ նպատակ և դրա համար այն չի կարող ապահովել, ըստ գործունեության նպատակային  դետերմինիզմի հայեցակարգի («գործունեության  արդյունավետությունը վճռականորեն որոշվում է նրա նպատակի արժեքավորությամբ»), աշխարհասփյուռ   հայության ազնիվ ջանքերին  համարժեք արդյունավետություն:

Այնինչ հայտնի է մի նպատակ, որը միանգամայն  որոշակի է, կոնկրետ, պրագմատիկ բառի լավագույն իմաստով,  ինչպես նաև  կարող է նպաստել  Ցեղասպանության հետ կապված գրեթե բոլոր  հիմնախնդիրների լուծումներին: Այդպիսի  նպատակ հիմնավորել է լեհ ժողովրդի արժանի զավակ, մեր ժողովրդի ազնիվ բարեկամ, գրող և հրապարակախոս  Բոգդան  Գեմբարսկին  իր հայտնի նամակներում, որոնք հետագայում հրապարակվեցին «Նամակներ աշխարհին» առանձին գրքույկով (Երևան, 1990): Դրսևորելով  իրեն որպես իսկական հումանիստ, իր սրտին մոտ ընդունելով  մեր ժողովրդի ցավը, ցուցադրելով փայլուն հետազոտական ունակություններ, Բ. Գեմբարսկին  իր այդ նամակներում  համոզիչ կերպով ապացուցել է, որ Թուրքիան կարող է իր բարի կամքով  հայերին  վերադարձնել (որպես Ցեղասպանության  փոխհատուցում) իրենց հողերի  մի մասը, որը  ներառում է իր մեջ Արարատ լեռը, Վանա լիճը և ապահովում է նաև  Հայաստանի ելքը դեպի Սև ծովը: Բ. Գեմբարսկու կյանքի օրոք (նա մահացել է 1976թ.) նրա նախագիծը (այն պայմանականորեն  անվանենք «Ելք դեպի Սև ծով»), ավաղ, չիրագործվեց, ինչպես այդ մասին երազել էր մեր ազնիվ բարեկամը: Բայց, ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Եվ առաջնորդվելով այդ պարզ և օգտակար ճշմարտությամբ, հիմա էլ կարելի է և պետք է վերադառնալ հարցի այն դրվածքին, որը տվել է Բ. Գեմբարսկին:

Դանդաղորեն, բայց անկասելիորեն մարդկությունը գնում է դեպի իր «աստեղային ժամը», երբ երկրների և ժողովուրդների փոխհարաբերությունները հիմնված են լինելու իսկական հումանիզմի բարձր սկզբունքների վրա:  Այդպիսի լավատեսություն է դավանում նաև հեղինակավոր Համաշխարհային սոցիալական ֆորումը, որն իր համար ընտրել է հետևյալ տպավորիչ նշանաբանը՝ «Այլ աշխարհ հնարավոր է»: Թուրքիան չի կարող մի կողմ մնալ այն հիմնարար, հումանիստական բնույթի փոփոխություններից, որոնք կատարվում են աշխարհում:

Այս պայմաններում, երբ մարդկությունը աներեր գնում է դեպի հումանիստական սկզբունքների հաստատմանը, Թուրքիան չի կարող չզգալ իր պատմական ծանր մեղքը այն ոճրագործությունների համար, որոնք նա կատարել է հայերի նկատմամբ տասնամյակների ընթացքում: Եվ նա ստիպված կլինի թոթափել իր ուսերից այդ ծանր բեռը, որն, անշուշտ, կաշկանդում է այդ երկրի լիարժեք զարգացումը (մանավանդ, որ եվրոպական երկրները արգելակում են Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը՝ հաշվի առնելով նաև  նրա հանցավոր անցյալը):

Արված ենթադրությունները բավականին ճշմարտանման են, բայց դրանք համենայն դեպս առայժմ ենթադրություններ են: Կա՞ն արդյոք փաստեր, որոնք կարող էին հաստատել դրանց ճշմարտացիությունը: Այո°, այդպիսի փաստեր կան: Դրանցից մեկի վրա ուշադրություն է դարձրել դեռևս Բ.Գեմբարսկին: Ճանապարհորդելով Թուրքիայով, հայ-թուրքական սահմանի երկայնքով, նա չի նկատել տնտեսական գործունեության ոչ մի հետք: «Երբեմնի խիտ բնակեցված երկիրը վեր է ածվել անապատի»,- դառնորեն հաստատում է ճանապարհորդողը:

Բ. Գեմբարսկու բերած փաստը բազմանշանակալից է: Թուրքերը լավ գիտեն, որ չունեն հայերի պապենական հողերից օտվելու բարոյական իրավունք, որ վաղ թե  ուշ պետք է վերադարձնեն հայերին նրանց պատմական հողերի թեկուզ մի մասը: Եվս մեկ միանգամայն բազմանշանակալից փաստ: Դեռևս 1999թ. ապրիլի 24-ին թուրքական մտավորականների մի խումբ այցելել է Երևան և … ներողություն խնդրել հայերից՝ իրենց նախնիների կատարած ոճրագործությունների համար: Կարելի է հիշատակել բազմաթիվ այլ իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել հետագա տարիներին և վկայում են թուրքերի հոգեբանության մեջ կատարվող խոստումնալից փոփոխությունների մասին:

Ուրեմն, Թուրքիան հոգեբանորեն հասունանում է այն բանի համար, որ հրապարակայնորեն ընդունի Ցեղասպանության փաստը: Եվ այդ գործում մեծ դեր կարող էր խաղալ Գերմանիան: Չէ՞ որ նա իր հերթին ունեցել է և շարունակում է ունենալ պատմական մեղքի ծանր զգացում հրեաների նկատմամբ: Եվ Գերմանիան, դրսևորելով քաղաքական արիություն, ընդունեց իր մեղքը, բառացիորեն ծնկի չոքեց հրեաների զոհերի հիշատակի առաջ: Այս երկիրը շարունակում է հսկայական գումարներ հատկացնել հրեաներին հասցրած ֆիզիկական և բարոյական վնասը հատուցելու համար: Եւ չի հասկանում, թե ինչու Թուրքիան նման կերպ չի վարվում: Հենց Գերմանիան շահագրգռած կլիներ վերցնել իր վրա այդպիսի բարձր առաքելություն և դրանով իսկ նպաստել միջազգային քաղաքականության այն արժեքավոր սկզբունքի հետագա ամրապնդմանը:

Եվ այսպես, «Ելք դեպի Սև ծով» նախագծի իրականացումը ոչ միայն կլիներ մեծագույն բարիք Հայաստանի համար, այլ կհամապատասխաներ նաև Թուրքիայի հեռահար ռազմավարական շահերին և ավելի կմեծացներ Գերմանիայի հեղինակությունը աշխարհում, կդառնար խոշոր ավանդ միջազգային հարաբերություններում հումանիստական սկզբունքների հաստատման գործում:

Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ: Ասում են՝ բոլոր խոշոր ճակատամարտերը շահում են սկզբում թղթի վրա: ՈՒրեմն, եթե հայությունն ուզում է շահել իր հետագա հաջող պատմական առաջընթացի համար բախտորոշ նշանակություն ունեցող դիվանագիտական ճակատամարտը, ապա նա պետք է տեսնի իր այդ հաղթանակը սկզբում թղթի վրա, մաթեմատիկական ճշգրտությամբ հաշվարկի  և մշակի ապացույցների, փաստարկների մի այնպիսի կուռ, անբասիր, ամբողջական համակարգ, որն իր հստակությամբ, համոզչականությամբ կզինաթափեր մեր ընդդիմախոսներին և կդրդեր նրանց ընդառաջ գնալ մեր նվիրական ազգային իղձերին: XXI  դարի սկիզբը մեր ժողովրդին շռայլորեն տալիս է մեր ազգային իղձերի իրականացման բազմաթիվ բարենպաստ նախադրյալներ: Ցավալի կլիներ, եթե մենք չնկատենք պատմության կողմից մեզ ուղղված այդ բարի ազդանշանները:

Ստեփան ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԿՓՈԽԻ՞ ԱՇԽԱՐՀԻ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումները վերջին շրջանում ավելի են ակտիվացել, մանավանդ՝ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված, արդյո՞ք որեւէ բան փոխվել է աշխարհաքաղաքական առումով եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից: Իրենց կարծիքներն են մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ հայտնել ԼՂՀ Ազգային ժողովում ընդգրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ – ԼՂՀ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար

- Եվրոպական երկրներում հայոց ցեղասպանության թեմայի արծարծումը« կարծում եմ« պայմանավորված է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցով£ Եվրամիությունը կարծես թե  փորձում է սրբագրել իր նախկին դիրքորոշումը« եւ ցեղասպանության ճանաչման գործընթացն այստեղ այն լծակն է« որ օգտագործվում է£ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների Կոնգրեսում ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քննարկման հեռանկարին« ապա այստեղ« հավանաբար« գործ ունենք դեմոկրատական կուսակցության կողմից Բուշի հանրապետական վարչակազմի նկատմամբ  նախագահական ընտրություններից առաջ քարոզչական առավելություն ստանալու ձգտման հետ£

Ամեն դեպքում« կարելի է ասել« որ այդ գործընթացը չի կարող շոշափելի իրավաքաղաքական հետեւանքներ ունենալ£ Այլ բան է« որ դրանով փորձ է արվում սահմանափակել Թուրքիայի՝ տարածաշրջանային առաջատար երկիր դառնալու եւ որոշ հարցերում իր կարծիքը միջազգային հանրությանը պարտադրելու հավակնությունները« ինչպես դա արտահայտվեց վերջերս՝ Իրաքի հյուսիսում քրդական հարցով հանրաքվե անկացնելու նպատակահարմարության առթիվ Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական լարվածությամբ£ Ըստ երեւույթին՝ հայոց ցեղասպանության ճանաչման քարոզարշավը կարող է նաեւ նկատելիորեն ազդել ղարաբաղյան կարգավորման հարցում թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերին£

Միացյալ Նահանգների կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը ես թերահավատորեն եմ վերաբերվում£ Նախկինում էլ այդ հարցը քննարկվել է« բայց հետագա զարգացումները կանխվել են Սպիտակ տան կողմից, անկախ այն բանից՝ հանրապետակա՞ն« թե դեմոկրատական վարչակազմ էր կառավարում երկիրը£ ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները չեն փոխվել« եւ Թուրքիան« չնայած որոշ տարաձայնությունների« շարունակում է մնալ ԱՄՆ՝ Իսրայելից հետո երկրորդ գլխավոր դաշնակիցը մի տարածաշրջանում« որի շուրջ աշխարհաքաղաքական մրցակցությունը ոչ միայն չի թուլանում« այլ« ընդհակառակը« սրվում է£ Մանավանդ՝ Իրանի միջուկային ծրագրերի նկատմամբ Վաշինգտոնի խիստ կոշտ դիրքորոշման համատեքստում£

Բացի այդ« Թուրքիան մշտապես կարող է անհանգստացնել ԱՄՆ-ին՝ ստեղծելով իսլամական արմատականության սպառնալիք£ Այս եւ այլ նկատառումներով« որոնց շարքում չի կարելի բացառել նաեւ ռուս-թուրքական մերձեցման հնարավորությունը« ԱՄՆ-ը ստիպված է լինելու առաջիկայում էլ Թուրքիայի հետ հարաբերություններում մնալ «պարիտետի» սահմաններում£

Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար

- Ցեղասպանության ճանաչման հարցի ակտիվացումը առաջին հերթին սփյուռքահայության աշխատանքի արդյունք է եւ, ինչու չէ, նաեւ մարդկանց մտածելակերպի փոփոխության: Կա նաեւ մեկ հանգամանք, որ երեւի դա հետագայում Թուրքիայի զարգացման եւ ինքնուրույնության վրա ազդելու լծակներ ունենալու նպատակ եւս ունի: Գաղտնիք չէ, որ Թուրքիան այսօր այն երկրներից է, որ տնտեսական բավականին աճ է ապահովում եւ տարեցտարի նրա ինքնուրույնությունն ավելի է ամրապնդվում, մանավանդ Իրաքի այդ անորոշ կարգավիճակից հետո: Երեւի Եվրոպական երկրներին եւ ԱՄՆ-ին այնքան էլ ձեռնտու չէ դա: Ցեղասպանության ճանաչումը, կարծում եմ, որեւէ ազդեցություն չի ունենա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա:

Արթուր ՄՈՍԻՅԱՆ – ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ

- Իրոք, վերջերս ակտիվացել են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումները եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում, չնայած որ ոչ մի ժամանակ այս հարցը պասիվ վիճակում չի եղել: Վերջին մի քանի տարիների զարգացումները ցույց են տալիս, որ ուղղություն է վերցված՝ ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Եւ կարեւորն այն է, որ Թուրքիայի կողմից ճանաչվի: Եթե ուշադրություն եք դարձրել՝ թուրքական կառավարությունը համառորեն ժխտել է ցեղասպանությունը, նաեւ ժամանակին քայլեր է ձեռնարկել, որ թուրք հասարակությունը եւս չիմանա դրա մասին, բայց վերջին ժամանակներս Թուրքիայում ավելի շատ են սկսել խոսել ցեղասպանության մասին:

Անշուշտ, աշխարհաքաղաքական առումով որոշ փոփոխություններ կան, որոնք կարող են դրական եւ բացասական ազդեցություն ունենալ ցեղասպանության ճանաչման վրա: Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական ընկալումներն են պարզապես փոխվում, եւ հաշվի են առնվում նաեւ գերտերությունների շահերը: Ինձ թվում է,  կգա մի պահ, երբ հնարավոր չի լինի արգելել պատմական ճշմարտության բացահայտումը:

Իսկ ցեղասպանության ճանաչումը ղարաբաղյան կարգավորման վրա նույնպես իր ազդեցությունը կունենա: Չպիտի ժխտենք, որ այսօր ոչ միայն ցեղասպանության հարցի կապակցությամբ, այլեւ Ղարաբաղի հարցի առնչությամբ Թուրքիան հանդես է գալիս որպես կողմնապահ վերաբերմունք ունեցող պետություն: Աշխարհը տեսնում է, թե Թուրքիան ինչ պետություն է, որը թե ցեղասպանության, թե Հայաստանի շրջափակման հարցում իր իսկական դեմքը բացում է: Կարծում եմ, ղարաբաղյան կարգավորման գործում միջազգային հանրության մոտեցումները հնարավոր է փոխվեն:

Պատրաստեց

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

պատմություն

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ, ԿԱՄ ՄԵՐ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ

ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ

Սույն վերտառությամբ նյութ վաղուց էի ուզում գրել, սակայն, չգիտես ինչու, միշտ հետաձգում, վաղվան էի թողնում: Երեւի գրելու գաղափարը, ավելի ճիշտ՝ ցանկությունը, չէր հասունացել: Այսօր այդ ցանկությանը նպաստեց Շահեն Մկրտչյանի «Արցախյան գրառումներ» փաստավավերագրական ժողովածուն: Ժողովածու, որի 400-ից ավելի էջերը լեցուն են խոսող փաստերով ու թվերով, Արցախի եւ արցախահայության տագնապների ու ողբալի (ինչպես տնտեսական, այնպես էլ՝ քաղաքական) վիճակի մասին:

Խոսելով Շուշիի շրջանի մասին, Շ.Մկրտչյանը գրում է. «Բաքվից հատուկ նպատակով գործուղված այդ «ռոմանտիկ» արձակագիրը (խոսքը 1973-86թթ. շրջկոմի առաջին քարտուղար Գաշամ Ասլանովի մասին է.- հեղինակ) էն գլխից ազատագրված լինելով տնտեսական պլաններ կատարելու հոգսերից, իր եւ Բաքվի ուշադրությունն անմիջապես ուղղեց Լեռնային Ղարաբաղի մի հատվածում պատմության հետքերը հողի երեսից սրբելու, հայկական հուշարձանները կործանելու, մեռածների ոսկորներին հանգիստ չտալու, Շուշիի ռեակցիոն խաների եւ նրանց գաղափարակիցների հիշատակը հավերժացնելու արկածախնդրությանը»:

Տողերիս հեղինակը 1973-74 թվականներին աշխատել է Շուշիի կոմերիտշրջկոմի երկրորդ քարտուղարի պաշտոնում և շատ բանի է ականատես եղել այդ ժամանակ, դրանից առաջ ու հետո: Եվ այսպես, կփորձեմ ընթերցողի ուշադրությանը ներկայացնել մի քանի հայահալած դեպքերի մասին, որ կատարվել են Շ.Մկրտչյանի նշած քարտուղարի անմիջական պլանով ու վերահսկողությամբ:

Ասեմ, որ խտրական քաղաքականություն վարում էր ոչ բոլոր հայերի նկատմամբ: Ադրբեջանցուց առավել սիրում եւ ընդունում էր այն հայերին, ովքեր միշտ համաձայն էին նրա բոլոր առաջարկներին ու ցուցումներին  եւ միշտ  ասում էին` «բաշ ուստա» (հայերեն՝ «աչքիս վրա»): Ճիշտ է, նման մարդիկ մեծ թիվ չէին կազմում, սակայն մեծաթիվ էին նրանց «օգնությամբ» հային հասցրած վնասները: Եվ այդպիսիների պատճառով է, որ Շուշին օրեցօր հայաթափվում էր, իսկ անցյալ դարակեսին հինգ հազարից ավել բնակիչ ունեցող Բերդաձորի բնակչությունը հինգ անգամ արդեն պակասել էր, մեկ մալական չէր մնացել մալականների հիմնադրած Լիսագորում, մաղվում էր Քարին տակը (նույնիսկ արդեն պետականորեն անվանափոխվել էին՝ Կալադարասի, Թուրշսու, Դաշալթի):

Խոսենք կոնկրետ փաստերով այն քաղաքականության մասին, որ իրականացրել էր Գաշամ Ասլանովը իր աշխատած տարիներին շրջանի հայության նկատմամբ:

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ շրջկոմը ոչ թե կոմկուսի շրջկոմ էր այդ տարիներին, այլ հատուկ ծրագրերի կոմիտե: Ծրագրեր, որ իր հետ բերել էր Հայաստանի Սիսիանի շրջանում ծնված, սնված, Բաքվի կուսակցական դպրոցն ավարտած, հայերեն էլ իմացող մի անձնավորություն: Չիմացողների համար հատուկ նշեմ, որ Բաքվի կուսակցական դպրոցն այն ժամանակ միակն էր երեք հանրապետությունների համար: Ավելին՝ Հայաստանից սովորելու մեկնած ադրբեջանցիները հետ ուղարկվելու փոխարեն ուղարկվում էին Ադրբեջանի հայաշատ շրջաններ ու Արցախ: Եվ սխալմամբ չեմ շրջկոմը համարել հատուկ ծրագրերի կոմիտե: 1969-ից ի վեր ինչպես շրջանի ամենակարեւոր պաշտոնները (առաջին քարտուղար, դատախազ, միլպետ, դատավոր), այնպես էլ մարզինը, ընտրովի-նշանակովի էին Բաքվից: Եվ այդ պաշտոններից ոչ մեկը զբաղեցնել չէր կարող երազել նույնիսկ Արցախում ծնված ադրբեջանցին: Մեկ փորձ եղել է: 1960-ին հայի հետ ամուսնացած Նուրադդին Աղաեւն ընտրվեց շրջկոմի առաջին քարտուղար, սակայն տարին չլրացած, Բաքվից եկան ու փոխեցին, «ընտրվեց» հետները բերված ոմն Արիֆ Յահյա օղլի Աղաքիշեւ: Որոշ ժամանակ անց՝ 1972-ին, հայտնի Վեզիրովները «Պեխի աղբրին» նրան մի լավ հարբեցնելուց հետո նստացրին միշտ այնտեղ գտնվող երաժիշտ Շիրին Բալասանյանի էշին, լուսանկարեցին եւ ուղարկեցին Մոսկվա…

ճիշտ է նշել Շ.Մկրտչյանը, որ Գ. Ասլանովի նպատակը շրջանում, առաջին հերթին՝ Շուշի քաղաքում վերացնելն ու ձեւափոխելն էր այն ամենը, ինչ ստեղծել է հայը: Այն, ինչ կատարվել է նրա հրահանգով ու վերահսկողությամբ դրսում, այօր մեր աչքի առաջ է: 1974 թ. քանդվել են Մեղրեցոց եւ Ագուլեցոց եկեղեցիները, Կուսանաց վանքի կիսավեր պատերը, ձեւափոխվել է Պեխի աղբյուրը, հանվել-ջարդվել արձանագրությունը այն մասին, որ աղբյուրը կառուցվել է 1871թ. շուշեցի Աստվածատուր Դավթի Ճգնավորյանցի հիշատակին, Խանդամիրյանների կառուցած «Բորժումի» երկհարկանի հյուրանոցի, նրա հարեւանությամբ մինչեւ շուկա ձգվող Ագուլեցոց եկեղեցապատկան սրբատաշ քարից կառուցված խանութների շենքերը:

(Շարունակությունը`՝

հաջորդիվ)

Հրաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆՈԲԵԼԻ ԵՎ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ

1895 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզի շվեդական ակումբում շվեդացի ինժեներ և ձեռնարկատեր Ալֆրեդ Նոբելը ստորագրեց անսովոր մի կտակ: Դա տեղի ունեցավ նրա մահից 378 օր առաջ: 1897 թվականի հունվարի 2-ին ստոկհոլմյան թերթերը տպագրեցին կտակի բովանդակությունը:

«Իմ թողած ամբողջ իրացվելիք կարողությունը պետք է բաժանել հետևյալ կերպ. եղած կապիտալը իմ կտակարարները պետք է վերածեն արժեթղթերի և ստեղծեն ֆոնդ, որի տոկոսները ամեն տարի մրցանակի ձևով անհրաժեշտ է տալ նրան, ով նախորդ տարվա ընթացքում մարդկությանը կբերի ամենամեծ օգուտը:  Նշված տոկոսները պետք է բաժանել 5 հավասար մասի. առաջին մասը կտրվի նրան, ով ֆիզիկայի բնագավառում կկատարի ամենախոշոր գյուտը կամ հայտնագործությունը, երկրորդը՝ քիմիայի, երրորդը՝ ֆիզիոլոգիայի կամ բժշկության, չորրորդը՝ ամենանշանավոր գրական ստեղծագործության հեղինակին, հինգերորդը նրան, ով առավել էական ներդրում կունենա ազգերի համախմբման, ստրկության վերացման կամ եղած բանակների թվի կրճատման և անցկացվող խաղաղության կոնգրեսների մասնակցության գործում: Իմ անձնական ցանկությունն է՝ մրցանակը շնորհելիս անտեսել թեկնածուի ազգությունը, որպեսզի այն ստանան առավել արժանավորները»:

Նոբելը կտակել էր մոտ 70 միլիոն շվեդական կրոն, որի տոկոսներից գոյացող գումարն ամեն տարի, սկսած 1901 թվականից, շնորհվում է նշանավոր ֆիզիկոսներին, քիմիկոսներին, ֆիզիոլոգներին կամ բժիշկներին, գրականագետներին ու խաղաղության պայքարի մարտիկներին: Չնայած մրցանակների շնորհմանն ու այլ ծախսերին՝ նոբելյան ֆոնդը մշտապես աճում է, այսօր այն կազմում է մոտ 300 միլիոն շվեդական կրոն, ինչի շնորհիվ աճում է նաև ամեն տարի աշնանը տրվող նոբելյան մրցանակների չափը: 1968 թվականին Շվեդիայի Ժողովրդական բանկը սահմանեց 6-րդ նոբելյան մրցանակը՝ տնտեսագիտության բնագավառում: Նոբելյան մրցանակի գոյության 110 տարիների ընթացքում պարգևատրվել է տարբեր երկրներից  580 մարդ:

Նոբելյան մրցանակի եզակիությունը կտակված մեծգումարն է, իսկ գլխավորը այն տարօրինակ հակասությունն է, որ կա ամբողջ աշխարհին հայտնի «ռազմատենչ» Ալֆրեդ Նոբելի և նրա կտակի «խաղաղասեր» տեքստի միջև: Այս հակասությունն էլ ծնեց «Նոբելյան ողբերգություն» պրոբլեմը, որը  մինչև այսօր էլ բացահայտված չէ: Դրա ակունքները պետք է որոնել նշանավոր գյուտարարի ողջ կյանքի ու գործունեության մեջ:

Կենսագիրների վկայությամբ Ալֆրեդի հայրը բացառիկ անձնավորություն էր՝ հանճար առանց կրթության: Նա վատ էր գրում, չգիտեր օտար լեզուներ, գործնականում ամեն ինչ ձեռք էր բերել ինքնակրթությամբ: Չնայած դրան, նրա գլուխն լիքն էր ֆանտաստիկ մտահղացումներով և պլաններով: 1830 թվականին նա Ստոկհոլմում ավարտեց մեխանիկական դպրոցը և 25 տարեկանում դարձավ ճարտարապետ, հետո դարձավ կաուչուկի ֆաբրիկայի տնօրեն: Իսկ 1833 թվականին սնանկացավ և չորս տարի անց ընտանիքով տեղափոխվեց Պետերբուրգ:

Ալֆրեդ Բեռնարդ Նոբելը ծնվել է 1833 թվականի նոյեմբերի 21-ին, հոր առաջին սնանկացման տարում: Ինչպես և հայրը, որդին նույնպես մանկության տարիներին ոչ մի կրթություն չի ստացել, բացառությամբ միայն Ստոկհոլմում 1841 թվականի աշնանից մինչև 1842 թվականի գարնանը Յակոբյան դպրոցում ուսանելը: Ոչ մի համալսարան Ալֆրեդը չի ավարտել, սակայն դա չի խանգարել նրան արդեն պատանեկան տարիներին իր խորագիտակությամբ և ինտելեկտուալ հասունությամբ զգալիորեն առաջ անցնել հասակակիցներից: Նա լավ գիտեր ֆիզիկա և քիմիա, գերազանց տիրապետում էր շվեդերենին, ռուսերենին, գերմաներենին, ֆրանսերենին և իտալերենին: 1849 թվականին կրթություն ստանալու նպատակով ձեռնարկեց երկամյա ուղևորություն Եվրոպա և Ամերիկա: 19 տարեկանում Ալֆրեդը վերադարձավ Պետերբուրգ, աշխատանքի մտավ նոր ձեռնարկությունում, որտեղ և մնաց մինչև 1859 թվականը: Նախքան Ալֆրեդ Նոբելը, աշխարհում շվեդական շատ քիչ անուններ էին մեծ ճանաչում գտել: Սակայն Ա. Նոբելի ճանաչումը պայմանավորված էր ոչ միայն հայտնի կտակով, այլև ինժեներական և հետազոտական զարմանալի գործունեությամբ, որը գումարելով ձեռնարկատիրոջ հազվագյուտ հմտությանը՝ նրան դարձրեց մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը:

Աշխարհի տարբեր երկրներում մեկը մյուսի հետևից սկսվեց «պայթյունների համաճարակը», իր հետ բերելով հազարավոր զոհեր: 1864 թվականի սեպտեմբերի 3-ին Հելենբորգյան գործարանի պայթյուններից մեկը վշտացրեց նաև գյուտարարին՝ զոհվածների թվում էր նաև Ալֆրեդի կրտսեր եղբայրը՝ Էմիլ Օսկար Նոբելը: Եղբոր մահը ցնցեց Ալֆրեդին, սակայն հետազոտությունների կիրքը զորեղ գտնվեց վշտից:

1867 թվականի մայիսի 7-ին Ա. Նոբելը Անգլիայում ստացավ թիվ 1345 արտոնագիրը դինամիտի պատրաստման եղանակի համար: Նույն թվի սեպտեմբերի 13-ին դինամիտն արտոնագրվեց Շվեդիայում, այնուհետև՝ մյուս խոշոր երկրներում: Այսպես հիմնադրվեց պայթուցիկ նյութերի նոբելյան արդյունաբերության հիմքը: Այն ժամանակ թերթերը գրում էին, որ իբր դինամիտի գյուտը պատահականության արդյունք է: Ա. Նոբելը կտրականապես հերքեց այն վարկածը, ըստ որի, իբր, նիտրոգլիցերենով լի ապակե սրվակներից մեկը տեղափոխելիս պայթել է:

Այդ ժամանակ նոր պայթուցիկ նյութերի պահանջարկը անընդհատ մեծանում էր, դրանց արտադրությունը արագ աճում, և Ալֆրեդ Նոբելը հարստանում էր ոչ թե օրերի, այլ ժամերի ընթացքում: Դինամիտի տարեկան արտադրությունը աշխարհում 1867 թվականի 11 տոննայից 1874 թվականին հասավ 3120 տոննայի:

1868 թվականին Ալֆրեդ Նոբելը պարգևատրվեց Շվեդական ԳԱ Լետտերստեդտովյան մրցանակով: Դա Նոբելի միակ գիտական մրցանակն էր, որով նա հպարտանում է իր ամբողջ կյանքում: Ալֆրեդ Նոբելը ուներ շուրջ 350 արտոնագիր,  93 գործարաններ Նոբելի առաջարկած մեթոդով պատրաստում էին պայթուցիկ նյութեր, որոնց քանակը 1896 թվականին կազմեց 66,5 հազար տոննա: Նոբելը հիմնական բիզնեսին զուգընթաց զբաղվում էր նաև էլեկտրաքիմիայով, ֆիզիկայով և բժշկությամբ:

Ա. Նոբելը մահացավ 1896 թվականի դեկտեմբերի 10-ին, Սան Ռեմոյի իր ամառանոցում, այդպես էլ չհասցնելով վերադառնալ հայրենիք: Իր հսկայական դինամիտային կայսրության ողջ հաշվապահային հաշվարկը ինքն էր վարում: Նա և տնօրեն էր, և գլխավոր հաշվապահ, և տեխնոլոգ, և գլխավոր ինժեներ, և գրասենյակային աշխատող, և քարտուղար: Նոբելն ամուսնացած չի եղել: Մռայլ էր ու մարդախույս, տարօրինակ և հակասական: Նրա մեջ զուգակցվում էին կապիտալիստի ապշեցուցիչ  հաջողականությունն ու անհավատալիության աստիճան անօգնական մարդը, կրքոտ շահամոլությունն ու պարգևների նկատմամբ անտարբերությունը, խաղաղասիրությունն ու ռազմատենչությունը, մելամաղձությունն ու կիրքը:

Ա. Ջ. ՍԱՐԳՍՅԱՆ

ԱրՊՀ Ֆիզիկայի ամբիոնի

ավագ դասախոս

նամականի

ԼԱՎ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

ՊԻՏԻ ՊԱՅՔԱՐԵԼ

Բյուրոկրատիան ձկնորսություն է այնտեղ, որտեղ ձուկ չի լինում:

Ս.Պարկինսոն

Կյանքը հրաշալի է, ճիշտ է: Սակայն քանի անգամ կբազմապատկվեր հրաշալին, եթե մարդկանց մի մեծ մասը հետեւողականորեն չպայքարեր այդ հրաշալին պակասեցնելու համար: Կողքից նայում ես ու զարմանում, թե մարդն ինչու է այդպես անփութորեն, այդպես անխնա վատնում իր կյանքի անգին օրերը դառնանալու եւ ուրիշներին դառնացնելու համար: Ախր այս աշխարհում հավերժ չենք ապրելու: Պետք է լինել այնքան ողջամիտ, որ մեր հաշված օրերը ուրախությամբ ու սիրով լցնենք, այլ ոչ թե չարությամբ ու դառնությամբ:

Գոյություն ունի մարդկանց որոշակի տեսակ, որը կյանքի միակ իմաստն ու երջանկությունն այլ տեղ է փնտրում՝ նպատակ դնելով ցանկացած գնով հասնել մի տեղի (մի պաշտոնի) միայն նրա համար, որպեսզի այնտեղից կարողանա «ապացուցել» իր «բարձրությունը» մնացածների նկատմամբ: Նրանք տառապում են «պաշտոնամոլություն» կոչվող անբուժելի հիվանդությամբ: Իրենց կարծեցյալ «բարձր պաշտոնը» շուտով գլխին է խփում, ինչպես ալկոհոլը, եւ նրանք արագորեն կորցնում են մտածելու ունակությունը: Հանկարծ որտեղից-որտեղ նրանց գլուխն է մտնում այն թյուր կարծիքը, թե իրենք իրավունք ունեն գործի բերումով քիչ թե շատ իրենց հետ առնչվող մարդկանց պարսավել, սպառնալ, նվաստացնել, չնկատելով, որ մարդկանց հարգել՝ նշանակում է ինքն իրեն հարգել եւ որ «անհնար է նվաստացնել մարդուն՝ չնվաստանալով նրա հետ միասին» (Վաշինգտոն):

Ամեն անգամ տարբեր հիմնարկություններում, հաստատություններում ամենամսյա, եռամսյա, տարեկան հաշվետվություններ ներկայացնողներից, հարկեր վճարողներից այնքան հոգեկան ուժ, այնքան կենսական էներգիա է կորսվում, նրանք այնքան բացասական ներգործությունների են ենթարկվում, որ ոչ թե օրեր, այլ ամիսները քիչ են վերականգնելու համար իրենց նորմալ մարդկային կենսակերպը: Իսկ եթե մարդ ունի այնպիսի հիվանդագին վիճակ, որ շատ սերտ եւ ուղղակի կապ ունի արտաքին բացասական ազդակների հետ (նեւրոզ, սրտային հիվանդություն), կարող է ընդհանրապես չվերականգնել առողջությունը, այլ ընդմիշտ կորցնել այն: Ժամանակակից գիտությունը հաստատել է, որ չար ու տխուր մտքերը խոցելի են դարձնում մարդուն, կարճացնում կյանքը, իսկ սերը, ծիծաղը, ուրախությունը, ընդհակառակը, օրգանիզմի պաշտպանության լավագույն միջոցներն են:

Ուստի խիստ մարդասիրական նկատառումներով ու նաեւ լինելով այդ ամենամյա հաշվետվությունների զոհերից մեկը, ուզում եմ առաջարկել համապատասխան մարմիններին, որ մարդկանց հետ մշտական շփում ունեցող աշխատատեղերում առաջադրեն ոչ թե իրենցից զարմացած քաջ նազարներին, այլ այնպիսի մարդկանց, ովքեր գոնե կարող են իրենց մեջ տեղավորել այն հստակ միտքը, որ մարդն ինքն ավելին արժե, քան մի ամբողջ փաստաթղթերի կույտ՝ առավել կամ պակաս ճշգրիտ գրառումներով: Գոնե ի վիճակի լինեն մտածելու, որ դիմացինը կարող է ունենալ այնքան մարդկային արժանիքներ, որ առանց նրա էությանը ընդգրկելու իրենց մեջ, առանց հասկանալու նրան, ծիծաղելի է իրենց պաշտոնական «բարձունքներից» լուտանքներ շռայլել նրանց վրա, ովքեր ոչ թե դրան, այլ հնարավոր է, խրախուսանքի, դրվատանքի են արժանի: Մեկ էլ տեսար, «վերեւից» գալիս են, ստուգում են, եւ ի՞նչը… ոչ թե ու՞մ, ի՞նչ է անում, ինչպե՞ս է անում, ոչ, դա հեչ կարեւոր չէ, նրանց համար միայն  թե մատյանները պետք է գեղեցիկ ձեւավորված, դրոշմված լինեն եւ անպայման ճիշտ  համարակալած, դա հենց ամենակարեւորն է, թե չէ… (մանկական մահացությունը գրանցելու համար 1 գյուղին մի ամբողջ գիրք-մատյան է «անհրաժեշտ», ոչ թե տետր, բայց ես հույս ունեմ, որ այն դարեր շարունակ չի լրացվի):      Ցանկության դեպքում թե կառավարական և թե հասարակական կազմակերպությունների կողմից կարելի է սոցհարցումների, թեսթերի, այլ ուսումնասիրությունների միջոցով որոշել, թե իրականում ով՝ ով է: Եթե հնարավոր է երկրում սահմանել մարդու էությունն արտացոլող մեդալներ, մրցանակներ, ինչպիսին օրինակ ռուսական «իՏսՏՑՏպ րպՐՊՓպ», «հտպՔՌՑպ ՊպսՈՑՖ ՊՏոՐՏ» մրցանակներն են այն մարդկանց համար, ովքեր ունեն իսկապես ոսկե սիրտ, որ նվիրել են մարդկանց, ովքեր ամեն օր շտապում են բարի գործ կատարել, ուրեմն ինչու՞ չի կարելի նաեւ մեզ մոտ դա անել: Փնտրել, գտնել, ճանաչել եւ խրախուսանք, դրվատանք, մրցանակներ պարգեւել արժանի մարդկանց: Մեզ մոտ ավելի հաճախ հակառակն է լինում. ով ձգտում է բարձր պարգեւների, անկախ նրանից արժանի է, թե չէ, նա էլ ստանում է, իսկ ով իսկապես արժանի է այդ պարգեւներին, նրան հաճախ դիտողության, նկատողության նախատինքներ են բաժին ընկնում հենց վերը նշված պաշտոնամոլների կողմից, քանի որ նրանք ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում ինչ-որ «շատ անճշգրիտ» գրառումներ են գտնում  երբ պետք է:

Այդպիսի դեպքերում ես միշտ հիշում եմ Ազիզ Նեսինի պատմվածքների հանճարեղ ժողովածուն` «Շան պոչերը», որտեղ նա իր դիպուկ եւ ուժեղ սարկազմով ծաղրում է ժամանակի հասարակարգին բնորոշ բյուրոկրատիզմը: Հիշում եմ այնտեղից մի շատ զավեշտական պատմություն այն մասին, ինչպես մի խեղճ կնոջ բանակ են զորակոչում միայն այն պատճառով, որ ինչ-որ փաստաթղթում նրա ազգանունը արական պատկանելությամբ է գրանցվել: Եվ ոչ մեկը պաշտոնական օղակներում չհամաձայնվեց նրան ազատել բանակային ծառայությունից, համոզված լինելով, որ նա կին է, քանի որ դա չէր կարեւորը, այլ այն, որ փաստաթղթում տղամարդու ազգանուն էր գրված:

Թող Աստված հեռու պահի մեզ նման դեպքերից այնքան ժամանակ, մինչեւ մենք ինքներս բավականին բարոյական ուժ ձեռք կբերենք, որ կարողանանք պայքարել այդպիսի շատ ծիծաղելի, միաժամանակ եւ շատ ցավալի երեւույթների դեմ: Մինչեւ այն ժամանակ, երբ ճշմարտությունն ու առաքինությունը կհասնեն իրենց վեհ բարձունքին, իսկ տխմարությունն ու ձեւապաշտությունը կգրավեն իրենց համար նախատեսված հատակը, ուր սովորաբար տականքն է նստում:

Իսկ առայժմ դրա համար պայքարել է պետք:

Հասմիկ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

մանկաբույժ

գ. Ճարտար

ՍԹԱՓՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ ՈՒՇԱՆՈՒՄ Է

Այսօր մենք ապրում ենք մի հողի վրա, որտեղ ազատ  քայլելու եւ շնչելու իրավունքը ձեռք ենք բերել երկար ու ձիգ տարիների համառ մաքառումների ու աննահանջ պայքարի արդյունքում: Այժմ, ճիշտ է, հասել ենք որոշակի հաջողությունների ու ձեռքբերումների, Արցախը շենանում ու զարգանում է, սակայն…

Գուցե շատերի համար զարմանալի թվա, սակայն այսօր, ցավոք, Ղարաբաղում կան այնպիսի «կորած» գյուղեր, որտեղ ապրող երեխան կամ նույնիսկ մեծահասակը ոչ մի պատկերացում չունեն, թե ինչ է քաղաք կոչվածը, կամ ինչ է կատարվում իրենցից քիչ հեռու, քանզի նրանցից շատերն ապրում են այսօրվա օրով, այսօրվա իրենց մի կտոր հացը ձեռք բերելու տանջալից պրպտումներով: Աղքատությունը, տրան-սպորտի սակավությունը և այլ պատճառներ զգալի թվով մարդկանց «ռոբինզոնկրուզոներ» են դարձրել, նրանք վարում են մեկուսի կյանք…Ես մարդկանց եմ ճանաչում, ովքեր տասնամյակից ավելի իրենց գյուղից դուրս չեն եկել ու տեղյակ էլ չեն, թե ինչ է կատարվում աշխարհում:

Իսկ ինչ են մտածում նրանք, ովքեր ժամանակ առ ժամանակ վերամբարձ խոստումներ են տալիս / հատկապես նախընտրական արշավների ժամանակ/ : Պաշտոնյաների մի մասն առաջնորդվում է սոփոկլեսյան «գործերը միանգամից չեն արվում» սկզբունքով, մի մասն էլ մարդկանց հիմարի տեղ է դնում «ամեն ինչ լավ կլինի» անմիտ կարգախոսով: Իսկ սթափվելու ժամանակը չգիտես ինչու ուշանում է…

Մեր պարագայում լավատեսություն, ինչ խոսք, պետք է, սակայն միայն նրանով ապրելն անհնար է, քանզի այն կնմանվի ժամկետանց դեղի, որն օգտագործելու դեպքում չի բացառվում մի երկրորդ՝ ավելի լուրջ հիվանդության ի հայտ գալը…

Մեզ վարանումներ պետք չեն, մեզ հավատ ու վստահություն է հարկավոր: Մեզ զուր խոսքեր պետք չեն, մեզ տատանումներ ու վայրիվերումներ հարկավոր չեն, այլ վճռականություն ու զգոնություն է հույժ անհրաժեշտ…

Հ.ԱՎԱԳՅԱՆ

ՄԻ ԼՑՐԵՔ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ

Հարգելի պատգամավորներ, ձեզ բոլորիդ էլ հայտնի է, որ կենսաթոշակառուն ամսական ստանում է ամենաշատը 15000 դրամ: Ուրեմն՝ մի պահ կտրվեք ձեր գործերից ու եկեք միասին հաշվենք նրա պարտադիր ծախսերը, հասկանալու համար, թե ինչ կյանքով է նա ապրում:

Ամենաքիչը 7-8 հազարը կոմունալ ծախսերն են, իսկ մնացածը տալիս է ցամաք հացի: Մի՞թե դժվար է հասկանալ, որ նման մարդիկ մի կերպ  են ապրում, մանավանդ որ անընդհատ թանկանում են ջրի, գազի, էլեկտրաէներգիայի եւ մատուցվող ծառայությունների գները, իսկ նրանք համեստորեն լռում են, դուրս չեն գալիս ափերից: Նրանք լռում են հանուն պետության: Իսկ հանուն ինչի՞ են լռում այն մարդիկ, ովքեր պարտավոր են բարելավել նրանց կյանքը:

Երիտասարդների վիճակն էլ մի բան չէ: Բնակարանները թանկուկրակ են ու անընդհատ էլ դրանց գներն աճում են: Ինչպե՞ս պիտի երիտասարդներն ընտանիք կազմեն: Հիպոթեքային վարկավորումն էլ ուշանում է:

Մեր պաշտոնյաները (կառավարությունից, խորհրդարանից և այլն) իրենց նեղություն չեն տալիս այս մասին մտածել: Ժողովուրդն ասում է. «Կուշտը սովածին չի հասկանա»: Նրանք կուշտ ու հանգիստ են, «չաղ» աշխատավարձ են ստանում: Նրանց մեկ ամսվա աշխատավարձը հավասար է թոշակառուի մեկ տարվա թոշակի չափին: Ահա թե ինչու նրանք չեն պատկերացնում թոշակառուների եւ հասարակության մյուս անապահով խավերի վիճակը:

Մի լցրեք ժողովրդի համբերության բաժակը:

Ալինա ԶԱՔԱՐՅԱՆ

ԵՐԿԱԹԵ ՆԺՈՒՅԳՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ

Քաղաքամայր Ստեփանակերտն օրեցօր գեղեցկանում ու բարգավաճում է, ինչը, իհարկե, ուրախացնում է բնակիչներիս: Նորակառույց շինությունները, լուսավորված ու ասֆալտապատ փողոցները, մեկը մյուսից շքեղ արտասահմանյան ավտոմեքենաները հենց դրա վկայությունն են: Քաղաքում մեքնենաներն այնքան են շատացել, որ եթե նախկինում ճանապարհով 4-5 րոպեն մեկ էին անցնում, ապա այսօր՝ ամեն վայրկյանը մեկ: Ինքնին դրական այս երևույթը, սակայն, նաև մի նոր խնդիր է առաջացրել, որը անհապաղ լուծում է պահանջում:

Խոսքը բնակելի շենքների, շինությունների մուտքերի առաջ, փողոցներում կանգնեցված մեքենաների մասին է: Օրերս այնպես եղավ, որ շենքի մուտքի առաջ կուտակված մեքենաների պատճառով շտապ օգնության մեքենայի վարորդը ստիպված էր շրջանցել շենքը եւ մեքենան կանգնեցնել բակի մյուս կողմում: Եվ սա եզակի դեպք չէ: Ընդհանրապես, մեքենաների շարասյունը շատ է խանգարում անցուդարձին: Տերերը իրենց երկաթե նժույգները կանգնեցնում են անգամ խաղահրապարակներում կամ դրանց մոտ, ինչով էլ խանգարում են երեխաների խաղին: Լինում են նույնիսկ այնպիսի վարորդներ, որ ավտոմեքենան կանգնեցնում են մայթերին: Հավանաբար, երեւի ավտոների համար նախատեսված ճանապարհը նրանց չի բավարարում, խիստ նեղ է:

Մեքենաները այնքան են շատացել, որ ավտոտնակները չեն հերիքում, ստիպված կանգնեցնում են տան առաջ, որ հանկարծ չգողանան: Լավ, պատճառը հասկացանք, բայց եթե բոլորն այդպես վարվեն, ապա ստիպված կլինենք քայլել մեքենաների վրայով:

Զարգացած երկրներում կան մեքենաների համար հատուկ կայանատեղեր ու կանգառներ: Մեքենան ոչ նախատեսված տեղում կանգնեցնելու համար տուգանում են ամենայն խստությամբ: Իսկ մեզ մո՞տ: Որտեղ ուզում ես ավտոդ կանգնեցրու, ուզու՞մ ես՝ հենց դռան առաջ, մուտքում: Ոչ կտուգանեն, ոչ էլ կնախատեն:

Վերջերս ռուսական առաջին ալիքով տեղեկացանք, որ Ռուսաստանի շրջաններից մեկում հրշեջները գործադուլ էին հայտարարել: Շենքերից մեկում բռնկված հրդեհի ժամանակ հրշեջ ծառայության մեքենան չկարողացավ մոտենալ շենքին՝ այդտեղ կանգնեցված մի քանի տասնյակ մեքենաների պատճառով:  Դրա հետեւանքով զոհեր եղան: Հրշեջները պահանջում էին իշխանություններից խնդրին անհապաղ լուծում տալ:

Ինչպես տեսնում ենք, սա այնքան էլ փոքր խնդիր չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Այսօր ավտոմեքենաների անհրաժեշտությունը զգացվում է առավել, քան երբեք: Եվ մենք չենք հորդորում մեքենան էշով կամ ձիով փոխարինել, որ խնդիրը լուծվի: Պարզապես վարորդները պետք է գիտակցեն, որ նրանք նույնքան իրավունքներ ունեն, որքան հետիոտները:

Հուսանք, որ համապատասխան մարմինները ի վերջո կլուծեն այս խնդիրը. չէ՞ որ մեքենան ստեղծվել է մարդու կյանքը դյուրացնելու, այլ ոչ թե բարդացնելու համար:

Իրեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱրՊՀ, լրագր. 4-րդ կուրս

ՓՈՂՈ՞Ց, ԹԵ՞ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ

Ինչ խոսք, յուրաքանչյուր ստեփանակերտցի անթաքույց հպարտանում է իր քաղաքով: Ընկճվում է, երբ ինչ-որ բան այնպես չէ, ուրախանում է, երբ տեսնում է հերթական բարեփոխումը:

Ամենուր շինարարություն է ընթանում, կառուցվում են նոր շենքներ, խանութներ, փողոցները կանաչապատված ու մաքուր են, եթե, իհարկե, չնկատենք մեր անփույթ երիտասարդների թողած ծխախոտի մնացորդները, արեւածաղկի թեփուկները…

Պատկան մարմինները մտահոգված են քաղաքը գեղեցկացնելու գործով: Բայց միայն նրանք չէ, որ պետք է մտահոգվեն: Բնակիչներս եւս պետք է հոգատար լինենք քաղաքի բարեկարգման ու մաքրության հանդեպ:

Քաղաքի կենտրոնական ու մարդաշատ տարածքներից է «Կոլցեվոյ» անվանվող հրապարակը: Նորերս անցնում էի այդտեղ վաճառվող ծաղիկների բուրաստանով ու հիանում, երբ մի տեսարան գրավեց ուշադրությունս, ու հիացմունքս հօդս ցնդեց: Հրապարակի կանաչապատ տարածքում հաճույքով արածում էր մի էշ՝ իր քուռակով:

Եւ սա, ցավոք սրտի, եզակի տեսարան չէ, քանի որ քաղաքում այսուայնտեղ կարելի է ընտանի կենդանիների հանդիպել: Բայց որ հասնեն նաև հրապարակներից մեկը ու քաղաքի մուտքի առաջին իսկ հրապարակում արածեն…

Այդ անտեր կենդանիները «խայտառակում են ռեսպուբլիկան»: Էշատերերը կարող են վիրավորվել «անտեր բառից», բայց եթե տեր են, ապա թող հետևեն իրենց անասուններին: Որպեսզի քաղաքի կենտրոնը «գյուղամեջի» չվերածվի: Եթե ձեր անասունը գոմում կամ բակում չէ, ապա համոզված եղեք, որ «ինչ-որ բանի հերն անիծում է»:

Սակայն ինձ զարմացրեց նաև անցորդների անտարբերությունը, մինչդեռ սա սովորական երևույթ չէ: Օրերս էլ ականատես եղա, թե ինչպես քաղաքի կենտրոնական փողոցով մի ձիավոր էր սուրում: Չհասցրի նկատել` լուսացույցի տակ կանգնե՞ց, թե՞ ոչ:

Էմմա ՄՈՎՍԻՍՅԱՆ

ԱրՊՀ լրագր. 3-րդ կուրս

մշակույթ

ԱՐՑԱԽ-ՈՒՏԻՔԻ

ՀԱՅՈՑ ՏԱՐԱԶԸ

Պատմական Ուտիքը հանդիսանում է պատմական Արցախի նահանգներից մեկը եւ այն առանձին հոլովելը, որպես պատմական միավոր, սխալ է, հետեւապես՝ պատմական Արցախի միավորը հանդիսացող ուտիքահայոց տարազը նմանապես համապատասխանում է արցախահայոց տարազին:

Արցախ-Ուտիքի հայերի կերպարը նշանակալիորեն տարբերվում է հայարմատ մյուս շրջանների հայերի կերպարից: Այստեղ կարելի է հանդիպել մեծամասամբ բարձրահասակ, համեմատաբար սպիտակ մաշկով, բաց գույնի աչքերով հայերի: Երկնագույն աչքեր հանդիպում ենք նույնիսկ մեկուսացած վայրերում: Արցախ-Ուտիքի կինն էլ, տղամարդն էլ ունեին ուղիղ կեցվածք: Կորանալը, դուրս ցցված փորը հազվագյուտ երեւույթ էր: Շարժումներն արագ էին, վճռական, խոսքն արագ:

Գլխահարդարանք: Հնում ընդունված էր տղամարդկանց գլուխը սափրել, գլխի առաջամասում թողնելով մազափունջ («քյաքյուլ»): Երեխաների մազերը կարճ էին կտրում, գլխի մեջտեղը՝ ճակատին, թողնելով թել («քոթ»): Աղջիկները չորս հյուս էին անում, երկուսը՝ մեջքին, երկուսը՝ կրծքին: Ամուսնացած կանայք գլխաշոր էին ծածկում, որի տակից երեւում էին առաջամասի  հյուսերի ծայրերը: 20-րդ դարի 50-60-ական թվականներին աղջիկները հյուսել սկսում էին ականջներից վերեւ: Ձախ հյուսքը միացնում էին աջ ականջի մոտ, ծամկալներով ամրացնում:

Հագուստը: Արցախը եւ Ուտիքը պետք է դասել մանածագործական երկրների շարքում: Ինչպես տղամարդու, այնպես էլ կանացի հագուստի կտորները գործվում էին բրդից: Պարանները, ջվալը, չվանը, մափռաշ-կարպետներն ու գործվածքները, գուլպաներն ու շաթալները, ջեջիմներն ու խուրջինները նույնպես գործում էին բրդից: Այստեղ բամբակե գործվածքներն ուշ են հանդես եկել, դրանից էլ ուշ՝ մետաքսը: Բամբակը ձեռք էին բերում ցածրավայրերում ապրող բնակիչներից, իսկ բուրդը՝ սարը բարձրացող անասնապահներից: Սեփական անասնապահությունը նույնպես օգնում էր զարգացնելու բրդե գործվածքների արտադրությունը:

Նախկինում տղամարդիկ արխալուղ էին հագնում, իսկ վրայից՝ չուխա, քուղերով (խոնջան) կապվող տաբատ: Ոտքերին հագնում էին երկար ճտքերով զարդանախշված գուլպաներ (որոշ ուսումնասիրողներ այն կարծիքն են հայտնում, որ Արցախում տղամարդիկ հագել են կարճ ճտքերով գուլպաներ, ինչը ճիշտ չէ):

Տղամարդիկ հագնում էին տրեխ (կիսամշակ կաշվից), իսկ տրխատանները փաթաթում էին երկարաճիտ գուլպաների վրա: Գլխին դնում էին ոչխարի մորթուց կարված կոնաձեւ գլխարկ (փափախ): Ձմռանը կարում էին մուշտակ՝ դարձյալ ոչխարի մորթուց: Ոմանք հագնում էին յափնջի: Ծերունիները գերադասում էին հագնել բաց կրունկներով կիսակոշիկներ՝ քոշեր:

Երբ քաղաքի հետ կապը ամրապնդվեց, կերպարանափոխություն տեղի ունեցավ Արցախ-Ուտիքի հագուստի մեջ: Արխալուղի փոխարեն երեւան եկավ բաճկոնը: Կանացի գլխահարդարանքի մի վիճակից մյուսին անցնելը այլ կերպ է ընթացել: Հին զգեստը կազմված էր մինչեւ կրունկները հասնող վրայի կարմիր շապկից, որ կոչվում էր դրեյի հալավ:

Շապկի վրայից հագնվում էր բաց կրծքով արխալուղ, որը կարում էին մետաքսե կտորներից: Փեշերը երեք քղանցք ունեին (դրա համար էլ անվանում էին «իրեք փըշկանե»): Գոտեվորվում էր մետաքսե լայն (2.5-4 մ) կտորներից կամ արծաթե մետաղական գոտիներով: Տոն օրերին նաեւ մուշտակ՝ «քյուլք» էին հագնում, որը սովորաբար եզերված էր լինում կզաքիսի կամ վայրի կատվի մորթուց: Քյուլքը ուներ կրծքի լայն բացվածք վերից վար, եւ քղանցքի ծայրերը եւս եզերվում էին մորթով:

Կանացի գլխի ծածկոցն ուղղակի ճնշում էր իր ծանրությամբ ու բարդությամբ: Այն բազմաթիվ գլխաշորերով  գլխին ամրացված կարճ ու կանգուն մի օղագոտի էր, իսկ գլխաշորերից մեկը ծածկում էր երեսի ներքին մասը մինչեւ քիթը եւ լրացնում քառանկյուն շրջանակը, որտեղ երեւում էին կողքերից պինդ ձգված հյուսերի մի մասը, աչքերն ու ճակատի կեսը, քիթն ու այտերը: Ճակատին օղագոտուց ոսկե կամ ոսկեջրած, արծաթե դրամներ էին կախում: Գլխի այս ծածկոցն ամեն օր հանել-դնելը դժվար էր, ուստի այն մի քանի օր չէր հանվում (նույնիսկ գիշերը): Տնից դուրս գալիս շալ էին նետում գլխին, իսկ ոտքերին՝ գուլպա-շաթալներ (կարճ ճտքերով) ու քոշեր: Կանայք էլ էին տրեխ հագնում:

Արցախ-Ուտիքի կանացի զգեստի բոլոր մասերը ոճական տեսակետից սերտորեն կապված էին միմյանց, ամենից առաջ համապատասխանեցնում էին նաեւ գլխի հարդարանքը: Կանայք չէին համարձակվի հանել գլխի կապերն ու ծամկալները, ազատելու կզակն ու երեւալու մարդկանց իրենց ամբողջ հմայքով: Դա անհարիր էր կնոջ համեստության ու ամոթխածության արցախուտիքյան պատկերացմանը:

Ամենահամարձակ քայլը կատարեցին քաղաքաբնակները: Գլխի հարդարանքը փոխեցին թիֆլիսահայոց կանանց գլխահարդարանքով, այնուհետեւ սկսեցին հագնել եվրոպական բոլորաձեւ գլխարկներ, իսկ գյուղերում նույնիսկ ամուսնացած կանայք սկսեցին հագնել նեղ գոտիով, գոտկատեղում քիչ ձգված ազատ շորեր: Գլխին ծածկում էին գլխաշոր (չարղաթ), այնպես որ ծածկեր երեսի ներքին մասը` բերանն ու վերին շրթունքը, հյուսերն ազատ ընկած էին լինում կրծքին ու մեջքին: Մինչեւ 20-րդ դարի վերջը տարազը պահպանվում էր տարեց կանանց շրջանում:

Գանձակի գավառ: Գանձակի գավառում նույնպես տարազը նման էր արցախահայոց տարազին, սակայն որոշ փոփոխություններով:

Կանանց շապիկները կարում էին կարմիր սատինից կամ չթից: Կարմիր շապիկը երկար էր, իջնում էր մինչեւ ոտքերը: Կուրծքը մեջտեղից բացված էր, իսկ եզրերը՝ սեւ կտորով զարդարված: Կրծքի մասը կարում էին երկտակ կտորից՝ տաք պահելու նպատակով: Կարմիր շապկի թեւքերը միջակ լայնության էին եւ հասնում էին մինչեւ ձեռքի դաստակը: Կոճակներ չունեին եւ հեշտությամբ վերեւ էին ծալվում, հատկապես՝ խմոր հունցելիս կամ լվացք անելիս:

Եթե Արցախի արխալուղը կարվում էր մետաքսե կտորներից, գանձակահայոց արխալուղը կարվում էր զանազան գույների ծաղկավոր չթերից եւ այլ կտորներից: Մեջքի վրա կրկնակարով սեղմելով իջնում էր մինչեւ ծնկները: Կուրծքը եռանկյունաձեւ բացվածք ուներ: Հագնում են կարմիր շապկի վրա: Տաք եղանակներին Գանձակի կանայք հագնում էին մեկ արխալուղ, իսկ ցուրտ օրերին՝ մինչեւ հինգ:

Առաջին արխալուղը լինում էր հասարակ կտորից եւ կոչվում էր տակի արխալուղ: Նրա թեւքերը եզրակարված էին ժապավենով եւ հասնում էին մինչեւ դաստակը: Մյուսները կոչվում էին վրայի արխալուղ, կարվում էին ավելի ընտիր կտորից, եզրերն էլ ամրակարվում էին ժապավեններով: Թեւքերը լինում էին երկար, թեւատակից եռանկյունաձեւ բացվածքով, թեւքերի ծայրերը՝ նույնպես եռանկյունաձեւ: Թեւքերի ծայրերին շարվում էին արծաթե սուրմաներ կամ դրամազարդեր: Սովորաբար թեւքերը չէին հագնում, այլ կախված էին թողնում:

Առաջին արխալուղի վրայից կապում էին գոտին (կյոտի)՝ կարմիր կտորից, կես մետր լայնությամբ եւ 3 մետր երկարությամբ: Գոտին երկու անգամ փաթաթում էին մեջքին, իսկ ծայրերը մտցնում (խրում) գոտու մեջ:

Փոխանը կարում էին սպիտակ խաս կտորից (Գանձակում՝ միտկալ), հագնում էին ներքնաշապիկի տակից եւ խոնջանով կապում: Փողքերը երկար էին ու նեղ եւ վերջանում էին քուղով, որը կարվում էր մահըդվարի կոչվող կամ մետաքսյա կտորտանքից: Քողից վերեւ լինում էր ասեղնագործ եզրանախշ, որն երեւում էր շապկի տակից:

Ցուրտ օրերին հագնում էին մուշտակ` «քյուրք» (Գանձակում անվանում էին «քյուլաճա»): Այն կարում էին բրդե կտորներից, աստառով էր՝ բամբակով մաչած (մգդեկած): Մեջքից փոքր-ինչ սեղմվելով հասնում էր մինչեւ ծնկները, կուրծքը եռանկյունաձեւ բաց էր մինչեւ ծնկները, թեւքերը հասնում էին մինչեւ արմունկները: Քյուլաճայի բոլոր եզրերին կարվում էր աղվեսի կամ կզաքիսի թանկագին մորթի:

Գլխի հարդարանք: Մազերը սանրելուց հետո բաժանում էին երկու հավասար մասի եւ ոլորում: Ծայրերը տանում էին դեպի կզակը, հյուսքերի տակից հետ բերում եւ կապում գագաթին: Այնուհետեւ եռանկյունի մի գլխաշոր՝ ծայրերին թելեր, նորից կապում էին ծոծրակի վրա, թելերը անցկացնելով հյուսերի վրայից: Այնուհետեւ դնում էին ճըկըտանոց՝ եռանկյունաձեւ կարված, վրան ասեղնագործած մի կտոր, որից կախում էին արծաթե գնդիկներ («թոփեր») կամ գույնզգույն ուլունքներ: Այս կտորն ուներ քուղեր, որով կապում էին եւ ամրացնում քորոցներով: Հետո վերցնում էին երկու եռանկյունի երեսանոցներ կամ ականջակալներ, գագաթի միմյանց կպած երրորդ քուղով կապում բկի տակ: Երեսանոցից հետո կապում էին քիթկալը, որ մեկ քառ. մետր մեծության սպիտակ կտոր է (միտկալ) եռանկյունի ծալված: Սա ձգում են գլխին, աջ ծայրը կզակի տակով տանում, իսկ ձախը բերանի վրայով բերում են ծոծրակի մոտ երկու ծայրերը հանգուցում: Այսպես բերանը ծածկվում է մինչեւ ծնոտը: Այս ամենից հետո գլխին դնում են կոպի (Արցախում անվանում են «պալի»): Սա ծայրերին ունի երկուական քուղ, որոնցից մեկը կապվում է ծոծրակին, իսկ մյուսը ծնոտի տակով անցկացնելով՝ կապում են կոպիի վրա: Այնուհետեւ կոպիի վրա կապում էին եռանկյունաձեւ ծալված գունավոր գլխաշոր եւ ծայրերը հանգուցում ծոծրակի մոտ:

Այս բոլորից հետո կապում էին մետաքսե կտորից ծոպերով գլխաշոր, որը կոչվում էր չարղաթ: Նա ծայրին ուներ կեռիկ՝ մի կարթավոր շղթա, որը հագցնում էին ականջի վերեւից, պահպանելու գլխաշորերը: Հագնում էին գուլպաներ, ապա չմուշկ կամ չստեր:

Շուտով Գարդմանի երկիր մուտք է գործում թիֆլիսահայոց տարազը, որը բավականին տարբերվում էր գանձակեցիների տարազից: Սրանց գլխի հարդարանքը հետեւյալն էր. մազերն ականջների մոտ ոլորված, այտերը կողքից փոքր-ինչ երեւում էր, գլխին կապում էին մի սպիտակ եռանկյունի գլխաշոր եւ գագաթին դնում կոպի: Կոպու վրայից նորից ձգելով՝ կապում էին մի գլխաշոր եւ հանգուցում ծոծրակի մոտ: Այնուհետեւ մետաքսյա եռանկյունաձեւ ծալված մի գլխաշոր ձգում էին կոպու վրա, ձախ ծայրը բկի տակով եւ ամբողջ կզակը ծածկելով անց են կացնում և քորոցներով ամրացնում կոպու վրա: Ապա նրա աջ ծայրը նույն կողմից ետ էին ծալում, ծայրը ամրացնում կոպու վրա՝ թողնելով, որ կախվի ուսերի վրա:

Տղամարդկանց հագուստը սովորական շապիկ էր, վարտիքի վրա հագնում էին լայն շալվար, որը դիմացից կամ կողքից կապվում էին խոնջանով, իսկ շալվարի ներքնամասը կապում էին քուղերով եւ մտցնում գուլպաների մեջ: Շալվարը սովորաբար կարում էին բրդե կամ սեւ ներկած կտորներից: Շապկի վրայից հագնում էին արխալուղը, որի կուրծքը եռանկյունաձեւ բաց էր կամ ամբողջովին ծածկված: Արխալուղը կարում էին կապույտ ներկած կտորներից: Արխալուղի վրայից հագնում էին չուխա, որի մեջքը կրկնակարով սեղմած իջնում էր ներքեւ: Կարում էին սեւ բրդյա կտորից: Ոտներին հագնում էին քոշեր կամ տրեխներ, գլխներին դնում էին փափախ (գլխարկ), որը կարում էին գառան մորթուց:

Հարուստները ձմռանը հագնում էին գառան մորթուց կարված մուշտակ: Մելիքների զգեստը ժողովրդի տարազից չէր տարբերվում, միայն կարվում էր թանկարժեք կտրներից եւ ավելի ճաշակով: Նրանցից ամեն մեկն ուներ իր դերձակը: Նրանք շատ զգեստներ չէին ունենում, մի ձեռք կարում էին տոնական օրերի համար: Իսկ ամենօրյա զգեստը նույնպես կարում էին հասարակ կտորներից:

Ինչպես մյուսները, մելիքներն էլ էին շապիկ հագնում, որը կարում էին կապտավուն կտավից: Սա կարճ էր լինում եւ կուրծքը կոճկվում էր ձախ կողմի վրա: Փոխանը կարվում  էր սպիտակ կտավից կամ կարմիր չթից եւ շապկի տակից կապվում էր խոնջանով: Շալվարը կարվում էր դարչնագույն կտորից (ուղտի բրդից): Փողքերը լայն էին լինում, վերեւի մասից երկտակ ծալված կտոր էին կպցնում, որի միջով անցնում էր մետաքսից պատրաստված խոնջանը, ծայրին՝ փնջեր: Շալվարը հագնում էին փոխանի վրայից, իսկ փողքերը բաց թողնում: Փոխանի փողքերը դնում էին գուլպայի մեջ եւ վրայից քուղերով կապում: Կրծքամասին կրում էին մի քառակուսի կտոր մետաքսից, որը կոչվում էր «դոշլիկ», ծայրերին ամրացվում էին ժապավեններ, որոնցից երկուսը հանգուցում էին վզի, իսկ երկուսն էլ՝ մեջքի վրա:

Դրանից հետո հագնում էին մետաքսե կտորից արխալուղը, երիտասարդները՝ կարմիր, հասակավորները՝ մանուշակագույն: Փեշերը կարճ էին լինում, կուրծքը եռանկյունաձեւ բաց, պորտի մոտ կոճկում էին երեք կոճակներով: Արխալուղի վրա կապում էին ոսկյա գոտի: Չուխան կարվում էր բրդյա կտորից, մեջքից սեղմված իջնում էր դեպի ծնկները, թեւքերը՝ կարճ:

Մելիքները ձմռանը հագնում էին սամույրի մորթուց կարված մուշտակ: Ոտներին հագնում էին գուլպա եւ չմուշկ, գլխներին դնում էին «բուխարա» տիպի բարձր փափախ: Քնելիս գլուխները ծածկում էին գառան մորթուց կարված աստառով գլխարկ (փափախ):

Գանձակում զարգացած էին արհեստները՝ դերձակություն, տակառաշինություն (բոնդուր), գորգագործություն, մասնավորապես հատկանշական են Բանանս գյուղի գորգերը: Բարձր վարպետությամբ զարգանում էին նաեւ ձեռագործական արվեստները, որոնց ավանդույթները շարունակվում են ցայսօր:

Զարգացած էր նաեւ ձիաբուծությունը: Արցախ – Ուտիքի մշակույթն ուներ նաև ուրույն ճարտարապետություն:

ԱԴԵԼԱ

(Արշալույս ՍԱՐԳՍՅԱՆ)

գ. Պառավաթումբ

տարածաշրջան

ԻՐԱՆԻ ԴԵՄ ԱՄՆ-Ի ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԵՆ

(Հատուկ «Դեմո»-ի համար)

Հունվարի 10-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հեռուստաելույթով Իրաքի նկատմամբ այդ երկրի նոր ռազմավարությունը  ներկայացնելիս Իրանին եւ Սիրիային մեղադրել է ապստամբներին աջակցելու մեջ: Նա ընդգծել է, որ այդ երկրները ոչ միայն թույլ են տալիս, որ ահաբեկիչներն ու խռովարարներն իրենց երկրի տարածքով Իրաք ելումուտ անեն, այլեւ նրանք, մասնավորապես՝ Իրանը, արդիական զենք է տրամադրում Իրաքում ԱՄՆ թշնամիներին: Նախագահ Բուշը սպառնացել է, որ այդօրինակ գործողություններին մասնակից ցանցերը հետապնդվելու և ոչնչացվելու են: Իսկ հունվարի 11-ին Իրաքում ԱՄՆ զինված ուժերը, հարձակվելով Իրաքի հյուսիսում գտնվող Արբիլ քաղաքում Իրանի հյուպատոսարանի վրա, ձերբակալել են իրանցի 5 դիվանագետների, նրանց մեղադրելով այդ երկրում դաշնակից ուժերի դեմ գործունեություն ծավալելու մեջ: ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Ռիչարդ Պիսը նույն օրը հայտարարել է, որ այդ քայլը կատարվել է Իրաքում ԱՄՆ թշնամիների հայտնաբերման ու ոչնչացման ծրագրի շրջանակներում: Նա միաժամանակ հերքել է այն տեղեկությունները, որոնց համաձայն Վաշինգտոնը գաղտնի ռազմական գործողություններ է ծավալում Իրանում:

Այս առնչությամբ հավելենք, որ ամերիկացի հանրահայտ լրագրող Սայմոն Հերշը դեռեւս 2006թ. հունվարի 17-ին  ամերիկյան «Նյու Յորք քեյր» պարբերականում գրել էր,  թե ամերիկյան հետախուզական ուժերը՝ կոմանդոսները, Պակիստանի աջակցությամբ ներթափանցել են Իրան: Նա ընդգծել էր, որ նշյալ ուժերի   գործողությունների նպատակն այդ երկրի միջուկային, հրթիռային կենտրոնների եւ քիմիական զենքերի հայտնաբերումը եւ Իրանի դեմ ռազմական գործողությունների նախապատրաստումն է: Հոդվածագիրը տեղեկացնում էր նաեւ, որ Վաշինգտոնը Թեհրանի միջուկային գործունեության վերաբերյալ առկա տեղեկությունները եւ հեռակառավարման հետախուզական ինքնաթիռների գործունեությունը բավարար չի համարում, ուստի հարկադրված հետախուզական ուժեր է գործուղել Իրան, որպեսզի տեղում հայթայթեն նշյալ ոլորտներին առնչվող անհրաժեշտ տեղեկությունները և դրանց ոչնչացման համար նախապատրաստական գործունեություն ծավալեն:

Ըստ միջազգային ԶԼՄ-ների` պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի շրջագայությունը Միջին Արեւելքի երկրներ՝ Իրանի դեմ ընդհանուր ճակատ ստեղծելուն էր նպատակամիտված: Նա հունվարի 14-ին Միջին Արեւելքում հայտարարել է, որ բարեկամ երկրների հետ Վաշինգտոնը հզորացնում է բոլոր պայմանագրերը, որպեսզի չեզոքացնի Իսլամական Հանրապետության սպառնալիքը, քանզի սահմանափակումները այդ երկրի դեմ բավական չեն: Նշենք, որ հունվարի 12-ին Ռայսն Իրանին մեղադրել էր այն բանում, թե վերջինս զենք է տրամադրում իրաքցի ապստամբներին՝ ամերիկյան զինվորների դեմ կիրառելու նպատակով: Ավելին, նա Իրանին սպառնացել էր, որ եթե վերջինս Իրաքում անվտանգություն հաստատելու հարցում խանգարի, ապա «Միացյալ Նահանգները ձեռքերը ծալած չի նստի»:

Փորձագետներից ոմանք Վաշինգտոնի կողմից կատարված վերջին քայլերը բացատրում են իբրեւ Իրանի դեմ ռազմական գործողությունների նախապատրասում: Գլասկոյի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ռեզա Թաղիզադեի կարծիքով, Իրաքում Վաշինգտոնի նոր ռազմավարությունն ուղղված է Իրանում Միացյալ Նահանգների նպատակների իրականացմանը, որոնց իրականացմանն արգելակում էին Իրաքում առկա խնդիրները: Նա շեշտել է, որ եթե ամիսներ առաջ փորձագետները խոսում էին Վաշինգտոն-Թեհրան հնարավոր փոխզիջումների, բանակցությունների մասին, ապա այսօր այն իրագործելի չէ: Ուստի ԱՄՆ-Իրան բախումը բացառված չէ: Ըստ երեւույթին՝ Իրանի վրա ճնշումների մեծացումը եւ տարածաշրջանում Իրանի դեմ ճակատ ստեղծելու ջանքերը հենց այդ նպատակին են ուղղված, նշել է Թաղիզադեն:

Հատկանշական է նաեւ, որ հունվարի 19-ին Պետքարտուղարության նախկին (մինչեւ 2006թ. մարտը) Միջին Արեւելքի հարցերով գլխավոր փորձագետ Վին Ուայթը, խոսելով Իրանի վրա ԱՄՆ հնարավոր հարձակման մասին, նշել է, որ ըստ ծրագրվածի՝ այդ երկրի վրա հարձակումը վերածվելու է լայնամասշտաբ, համատարած պատերազմի: Ընդգծելով, որ անձամբ այդ ծրագրի որոշ հատվածներ  տեսել է, հավելել է, որ հնարավոր հարձակումը չի սահմանափակվելու Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծմամբ, այլեւ կլինի այնպիսին, որ տարիներ շարունակ տարածաշրջանը կդարձնի անկայուն:  Մինչդեռ տարածաշրջանում իրավիճակի վերահսկելի լինելն ու կայունությունն անհրաժեշտ է Արեւմուտքին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, քանզի հենց այս տարածաշրջանն է ապահովում Արեւմուտքի էներգակիրների պահանջարկի զգալի մասը: Հանգամանք, որը  նման պատերազմ սկսելու հավանականությունը հարցականի տակ է դնում:

Հարկ նշել նաեւ, որ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նախագահ Բուշը, բազմիցս ժխտել եւ ժխտում են Իրանի վրա հարձակվելու նախագծի գոյության մասին, միաժամանակ չբացառելով այդ տարբերակը: Ահավասիկ, հունվարի 11-ին պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյտսը Սենատում հայտարարել է, որ հարձակումը վերջին տարբերակն է լինելու: Բացի այդ, Պիսն եւս ընդգծել է, որ Իրանի վրա հարձակվելու որեւէ անհրաժեշտություն չի տեսնում: Նշենք, որ արձագանքելով նախագահ Բուշի ելույթին, Սենատի արտաքին հարցերի կոմիտեի անդամ սենատոր Ջեյմս Վեբն ու նշյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Բայտըն նախազգուշացրել են Սպիտակ տանն Իրանի վրա հարձակվելու առնչությամբ:

Նման իրավիճակում հունվարի 16-ին Սպիտակ տան խոսնակ Թոնի Սնոուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Միացյալ Նահանգները նպատակ չունի Իրանի վրա հարձակվելու: Իսկ փոխպետքարտուղար Նիկոլաս Բերնս BBC-ին տված հարցազրույցում շեշտել է, թե Վաշինգտոնի նպատակը պարզապես Իրանին տարածաշրջանում թուլացնելն է:

Վաշինգտոնից ստացվող հակասական, թերեւս իրարամերժ ազդանշանները վկայում են, որ ԱՄՆ-ն այսօր առավելս հակված է Իրանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու: Այնպես որ, ըստ երևույթին, ռազմական գործողությունների հավանականությունը մեծ չէ:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Երևան

«24 սահաթի» թերթ /Վրաստան/

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Գազի այլընտրանքային աղբյուրը եւ «քաղաքական գինը»

Վրաստանը, այնուամենայնիվ, ստիպված եղավ գազ գնել Ռուսաստանից: Չնայած եկող տարում, առաջին անգամ իր ողջ պատմության ընթացքում, երկիրն անհրաժեշտ գազի մեծ մասը ձեռք կբերի այլընտրանքային աղբյուրներից: Էներգետիկ անվտանգության տեսակետից «Գազպրոմի» առաքումների պայմանների աղմկոտ քննադատությունն ի չիք եղավ, երբ Վրաստանը, այնուամենայնիվ, ստիպված եղավ ընդունել այդ պայմանները:

2007 թվականին Վրաստանը Շահ Դենիզ հանքավայրից ձեռք կբերի 800 միլիոն խ/մ գազ թուրքական քվոտայից՝ վերջնական որոշումը վերջապես ձեւակերպված է, ինչի մասին հաղորդեց էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին: Ճիշտ է, այդ գազի արժեքը դեռեւս հայտնի չէ: Բացի դրանից, Շահ Դենիզից Վրաստանի սեփական քվոտան տարեկան կազմում է 250 մլն խ/մ գազ՝ հազար խ/մ-ի դիմաց 55 դոլար արտոնյալ սակագնով: Այսպիսով, Վրաստանն այլընտրանքային աղբյուրներից կստանա իրեն անհրավժեշտ  գազի 60 տոկոսից ավելին:

Ինքնըստինքյան հասկանալի է, որ սա Վրաստանի համար աննախադեպային իրադարձություն է եւ շատ կարեւոր քայլ երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ՝ Վրաստանը դադարում է էներգետիկ ոլորտում բացարձակապես կախված լինել Ռուսաստանից: Ճիշտ է, Վրաստանը, այդուհանդերձ, նախկինի պես գազ կստանա «Գազպրոմից», բայց այդ առաքողին կորցնելու դեպքում չի հայտնվի, ի տարբերություն նախորդ տարիների, էներգետիկ կոլապսում: Իսկ դա արդեն նշանակում է, որ Ռուսաստանի ձեռքից առնված է նրա էներգետիկ զենքը եւ էներգետիկ ոլորտում ռուս-վրացական համագործակցությունը կկառուցվի բացառապես կոմերցիոն հիմքի վրա: Հետեւաբար, էներգետիկ անվտանգության տեսակետից Վրաստանը եկող տարվանից կհայտնվի առավել շահավետ իրավիճակում, ասենք, Ուկրաինայի կամ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ համեմատած, որոնք մնում են ռուսաստանյան գազի սպառողներ:

Եթե չլիներ վրացական իշխանությունների կտրուկ հռետորությունը՝ ռուսաստանյան գազի գնումից անհապաղ եւ լրիվ հրաժարվելու կապակցությամբ, ապա, ընդհանուր առմամբ, երկրի գազապահովման վերաբերյալ բանակցությունները կարելի էր հաջողված համարել: Իսկ այսպես՝ մեղադրական աղմկոտ հայտարարություններից հետո «Գազպրոմի» հետ պայմանագրի կնքումը կարելի է գնահատել որպես սկզբունքային դիրքորոշումներից հրաժարում, ինչը, իհարկե, ստվերեց վրացական հաջողությունը: Բացի այդ, իշխանությունները թյուրիմացության մեջ գցեցին երկրի բնակչությանը աղմկոտ հայտարարություններով այն մասին, որ անպայման գազ կգտնեն ավելի ցածր գնով, քան՝ հազար խ/մ դիմաց «գազպրոմյան» 230 դոլարը: Հիմա հայտնի դարձավ, որ, երբ կառավարությունը ցուցադրաբար հրաժարվեց «քաղաքական գնով» ձեռք բերված գազից, մյուս հավանական արտահանողների հետ բանակցությունները դեռ չեն սկսվել: Այդպիսի մոտեցման արդյունքները մենք ստացանք այսօր՝ հարկ եղավ պայմանագիր ձեւակերպել, այնուամենայնիվ, «Գազպրոմի» հետ ոչ թե 230, այլ 235 դոլարով՝ հազար խ/մ դիմաց: Ընդ որում, կառավարությունն անհարմար վիճակից, որում ինքն էր իրեն գցել, դուրս գալու ոչ մի ելք չունեցավ: Նա կարող էր հասարակայնությանն ասել ճշմարտությունն ամենասկզբում. երկիրն առանց գազի չի մնա, ճիշտ է, ավելի բարձր սակագնով, բայց, շնորհիվ այլընտրանքային աղբյուրներից մասնակի գազամատակարարման՝ սակագնի բարձրացումը շատ ցավոտ չի լինի: Բայց իշխանություններին նույնպես կարելի է հասկանալ: Ռուսաստանյան գազից կտրականապես հրաժարվելը շատ ուժեղ քայլ էր թվում: Սակայն, այդ հաշվով կտրուկ հայտարարություն անելը բացահայտ շտապողականություն էր:

Ռուսաստանյան գազը իրանյանով փոխարինելու ծրագրերը խիստ քննադատվեցին կառավարական պատվիրակության Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, որտեղ համաձայնեցին միայն Թեհրանի հետ Թբիլիսիի շատ կարճաժամկետ համագործակցությանը: Հույսերը, որ Վրաստանը կկարողանա ապահովել իր պահանջարկները միայն ադրբեջանական գազի հաշվին, նույնպես անհիմն դուրս եկան: Շահ Դենիզի գազատարն այնքան հզոր չէ, որ միաժամանակ ապահովի եւ Ադրբեջանի, եւ Թուրքիայի, եւ Վրաստանի կարիքները: Բացի այդ, պարզվեց, որ Ռուսաստանը Ադրբեջանի համար էլ է բարձրացնում գազի գինը մինչեւ 230 դոլար՝ հազար խ/մ դիմաց, ինչն ավտոմատ կերպով մեծացրեց Բաքվի՝ իր սեփական գազն օգտագործելու կարիքը: Թուրքիայի հետ բարդ բանակցություններն ավարտվեցին Վրաստանի համար մասնակի հաջողությամբ՝ Անկարան շահ-դենիզյան գազի իր քվոտայից համաձայնեց զիջել 800 մլն խ/մ, իսկ Թբիլիսին ավելին ստանալու հույսեր ուներ:

Հատկապես Թուրքիայի հետ բանակցություններից հետո վրաց նախագահի հռետորությունը որոշ չափով փոփոխվեց՝ «քաղաքական գնից» վերջնականապես հրաժարվելու փոխարեն նա սկսեց խոսել գազի ներկրման տարբեր հնարավորությունների մասին: Իսկ հաջորդ օրը հայտնի դարձավ «Գազպրոմի» հետ ստորագրված պայմանագրերի մասին:

Արդյունքում Վրաստանի կառավարությունը կարող է փաստել, որ առավելագույն ջանքերն է ներդրել նորմալ գազամատակարարման եւ էներգետիկ անվտանգության ձեռք բերման համար: Չնայած, կրկնենք եւս մեկ անգամ, հավակնոտ հռետորությունը եւ շտապողական հայտարարությունները կառավարությանը նուրբ վիճակի մեջ դրեցին:

Այժմ Վրաստանի համար լուրջ խնդիր են հանդիսանում Շահ Դենիզի խողովակաշարի տեխնիկական անսարքությունները: Այդ պատճառով մինչեւ 2007 թվականի փետրվարը երկիրը նախկինի պես ամբողջությամբ կախված կլինի ռուսաստանյան գազից: Ռուսաստանի համար դա կդառնա Վրաստանի դեմ շանտաժի վերջին ժամանակահատվածը եւ երկու երկրները միացնող գազատարի վրա դիվերսիա իրականացնելու վերջին հնարավորությունը:

Երեւանի մամուլի ակումբի

«ՄեդիաԴիալոգ» տեղեկագիր (www.mediadialogue.org)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s