№ 19 / 30 դեկտեմբեր

 

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆՈՒՄ Է ՄԵՆՈՒԹՅԱՆ
կամ` ժողովուրդը լսարան չէ

Ամանորի շեմին հանրապետական ընդլայնված խորհրդակցությունում ԼՂՀ նախագահի ելույթը մտորումների լուրջ տեղիք է տալիս: Երևույթն ինքնին դրական է՝ երկրի ղեկավարն իր մտորումները կիսում է հանրության հետ: Առկա ներփակվածության պայմաններում երկխոսության ներկայիս սուր պահանջի հրամայականով սա ուղղակի միակ ճիշտ քայլն էր: Ավելին՝ սա այն եզակի դեպքերից էր, երբ երկրի ղեկավարը ոչ թե կոծկեց առկա հիմնախնդիրները, այլ քաջություն ունեցավ դրանց մասին բարձրաձայնելու: Սակայն ամեն ինչ իմաստավորվում է այն դեպքում, երբ հստակ տեսանելի են նպատակներն ու արմատները, այն է՝ պատճառահետևանքային կապերը: Այս առումով մի շարք լուրջ մտահոգություններ ունեմ:

Մտահոգություն առաջին: Ելույթը, որ թիմակիցների կողմից տեղնուտեղը բնորոշվեց որպես ծրագրային, իրականում ծրագրային ոչինչ չէր պարունակում: Ծրագրային՝ ասել է թե՝ ապագա գործողությունների ու բարեփոխումների հիմք, կոնկրետ ուղղությունների ու միջոցների թվարկում եւ մեխանիզմների մատնանշում: Այս առումով դա ելույթ էլ չէր, այլ յուրօրինակ հաշվետվություն: Ու անհասկանալի է, թե ինչի հիման վրա թիմակիցները այն շուտափույթ որակեցին ծրագրային:

Մտահոգություն երկրորդ: «Ծրագրային ելույթի» սցենարը այս մեղավոր աշխարհի պես հին էր՝ օգտագործված ամենատարբեր ղեկավարների կողմից: Այն է՝ ազդու տոնով քննադատական վերլուծության ենթարկելով ամեն ինչ՝ վերջում գտնել «կրայնիին», բաց թողնելով շատ ավելի ազդեցիկ դերակատարներին: Այս անգամ «քավության նոխազը» առողջապահության նախարարն էր: Մյուս նախարարները, կարելի է ենթադրել, հրեշտակի պես անմեղ են՝ իրենց գլխավորած բնագավառներով: Վարչապետն էլ հրեշտակապետ է:

Մտահոգություն երրորդ: Երկրորդ մտահոգության ֆոնի վրա այս երրորդը տրամաբանական շարունակություն է: Նախագահը պետական պաշտոնյաներին խրատեց տղամարդ լինել և հարցերը տեղում լուծել, չբարդել իր վրա: Եւ հենց տղամարդկության մասին այս վեհ խոսքերի ֆոնի վրա բազմամարդ դահլիճում ի ցույց դրվեց կին նախարարը: Կինը ընտրվեց որպես նոխազ: Օ՛, ժամանակներ, օ՛, բարքեր…

Մտահոգություն չորրորդ: Ամերիկա հայտնագործելու նման՝ երկրում առկա իրավիճակի մասին խոսելն այնքան էլ արդարացված չէ: Ով՝ ով, բայց երկրի ղեկավարը պարտավոր է գոնե իրազեկված լինել երկրի անցուդարձի մասին: Հատկապես այնպիսի բարքերի մասին, որ միշտ էլ եղել են, այլ ոչ թե երեկ չէ մյուս օրն են հայտնվել:

Մտահոգություն հինգերորդ: Այն, ինչ ասաց նախագահն իր ելույթում, պիտի ասեին ուրիշները, իսկ նա աներ՝ միջոցներ ձեռնարկեր: Քանի որ ի պաշտոնե նա անողն է, միջոցներ ձեռնարկողը: Այն պարզ տրամաբանությամբ, որ համապատասխան լծակները նրա ձեռքում են, ժողովուրդը նրան է վստահել այդ գործառույթը: Հանրության, լրատվամիջոցների ու համապատասխան ծառայությունների գործն է ներկայացնել իրական վիճակը, քննադատել թերությունները, երևան հանել թերացումները: Իսկ  այս պարագայում կարծես թե ամեն ինչ իրար է խառնվել՝ նախագահն էլ է քննադատում: Թե ով պիտի միջոցներ ձեռնարկի՝ անհասկանալի է: Թե ով է պատասխանատու՝ առավել ևս:

Մտահոգություն վեցերորդ: Որպես հինգերորդ մտահոգության վերջին կիսատ մնացած եզրակացության շարունակություն: Պատասխանատուները կամ մեղավորներն, այնուամենայնիվ, հայտնի են: Դա նրանք են, ովքեր չարախնդում են՝ տեսնելով սխալները: Այս հնարանքն էլ է մեր մեղավոր աշխարհի պես հին, այնքան հին ու չարչրկված, որ վաղուց արդեն ոչ ոք չի հավատում, անգամ՝ մեր դյուրահավատ ժողովուրդը, այնպես որ այստեղ, ինչպես ասում են, ռեսուրսներ չկան: Բայց կան միջոցներ: Դրանցից հիմնականը հետևյալն է՝ «չարախնդացողների» թիվը կրճատելու լավագույն ձևը սխալները կրճատելն է: Այսինքն՝ ուշադրության կենտրոնում պիտի լինեն սխալները, այլ ոչ թե «չարախնդացողները»: Այն պարզ պատճառով, որ հակառակն անել հնարավոր չէ, այն է՝ հնարավոր չէ «չարախնդացողների» թվի կրճատմամբ կրճատել սխալների թիվը:

Գլխավոր մտահոգություն: Նախագահն իր ելույթում ասաց, որ իշխանությունը, պետական ապարատը կտրվել-անջրպետվել են ժողովրդից՝ մարդկանց չեն ընդունում, նամակներին չեն պատասխանում, հարցազրույցներ չեն տալիս և այլն: Ասել է թե՝ մարդկանց կարծիքը նրանց չի հետաքրքրում: Եւ ի՞նչ արեց նա այդքանն ասելուց հետո: Հրաժեշտ տվեց հավաքվածներին: Իրենը ասաց ու գնաց: Առանց լսելու հավաքվածներին, որ եկել են նաև շրջաններից և եզակի առիթ ունեցել շփվելու նրա հետ: Հենց այստեղից էլ, ամենաբարձր մակարդակով, սկսվում է կտրվածությունը ժողովրդից: Պետական ապարատն էլ շարունակում է ավանդույթը: Մարդկանց ամենաբարձր մակարդակով հասկացնել են տվել, որ նրանց կարծիքը ոչ ոքի չի հետաքրքրում:

Որպես վերջաբան: Ժողովրդավարություն է, երբ ժողովուրդն է վարում: Դրանից մենք հեռու ենք: Բայց ժողովրդավարությունը, հավանաբար, սկսվում է այն ժամանակ, երբ ժողովրդին գոնե լսում են: Ժողովուրդը լսարան չէ: Եւ մենախոսության ժանրն էլ ամենահարմարը չէ նրա հետ հարաբերություններում: Մենախոսությունը տանում է մենության:

Որպես հարցական եզրակացություն: Այս հանդիսավոր արարողությունը, ըստ իս, նշանակում է, որ իշխանությունը անհանգստացած-մտահոգված է: Հետաքրքիր է՝ ինչի՞ց: Թվում է, թե ժողովու°րդը պիտի անհանգստացած-մտահոգված լիներ:

Միանշանակ եզրակացություն: Այսպես է լինելու, քանի դեռ մենք այսպիսին ենք, քանի դեռ հասարակական պահանջարկը չի փոխվել: Մեծ հումորիստ Բեռնարդ Շոուն ասել է՝ «Ժողովրդավարությունը երաշխիք է այն բանի, որ մեզ ավելի լավ չեն ղեկավարելու, քան մենք արժանի ենք»:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

ԻՆՉՊԵՍ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐՎՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՑ – 2
«Հավատարիմ մարդկանց» գործոնը քայքայում է պետականությունը

Մեր պաշտոնյաները հաճախ են սիրում կրկնել այն ճշմարտությունը, թե Ղարաբաղը պետք է ժողովրդավարության, մարդկային զարգացման ցուցանիշներով բարձր լինի Ադրբեջանից: Դա այն պայմանն է, որ հայերին հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը համոզել, թե ինչու Ղարաբաղը չի կարող եւ չպետք է լինի Ադրբեջանի կազմում: Քաղաքակիրթ աշխարհի համար իսկապես անընդունելի է, եւ ժամանակակից քաղաքական իրողություններն էլ այդ են թելադրում, որ ավելի բարձր ժողովրդավարության աստիճան ունեցող հանրությունը չի կարող հանձնվել ավտորիտար հանրության ենթակայությանը: Ադրբեջանն, անշուշտ, ավտորիտար երկիր է` դրանից բխող հետեւանքներով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն, իր հերթին, նոր դարի սկզբին քայլեր է կատարել երկրի ներքին կյանքի ժողովրդավարացման ուղղությամբ: Սակայն այդ քայլերն արվել են առայժմ «վերեւից» եւ իրական-գործնական բովանդակություն առայժմ չեն ստանում ներքին կյանքում այն իմաստով, որ հասարակական նախաձեռնություններն աջակցություն չեն ստանում: Ղարաբաղյան հասարակությունը բնույթով քաղաքացիական է, եւ չափազանց հեշտ է անցկացնել լայն ժողովրդավարական բարեփոխումներ: Սակայն իշխանության վերնախավում մի տեսակ վախ կա դրանց հանդեպ: Այն քայլերը, որոնք արվել են, ուղեկցվել են հակաքայլերով` սահմանափակելու դրանց շրջանակները: Սա իշխանության վերնախավում «հավատարիմ մարդկանց» արատավոր գործոնի հետեւանքն է. այդ մարդիկ, կերակրատաշտին մոտ գտնվելու համար, բարձր ղեկավարությանը վախ են ներշնչում, թե ցանկացած իրական ազատություն նրանց համար հղի է անձնական վտանգներով: Բնականաբար, բաց եւ արդյունավետ համակարգում տեղ չկա «հավատարիմ մարդկանց» գործոնի համար. այստեղ գործում են մարդկային, պրոֆեսիոնալ եւ այլ սկզբունքներ: Հենց այս «հավատարիմներն» են, աչքի առաջ ունենալով անձնական շահը, իրականացնում իշխանության բավական ապաշնորհ պիարը, ինչը հասարակական լայն շրջանակներում առաջացնում է վանող տրամադրություններ, որպես դրա հետեւանք` կտրվածություն իշխանության եւ ժողովրդի միջեւ:

Պետական քաղաքականության մեջ այս գործոնի առկայությունը բնորոշ է ավտորիտար համակարգերին: Բանական մարդը չի կարող հավատալ «բարի ցարի» ու վատ պալատականների առասպելին: Ավտորիտար ռեժիմի ձգտող իշխանությունը կարող է հենվել միայն «հավատարիմ մարդկանց» վրա, քանի որ այդ փուլում նրանց շահերը համընկնում են: Իրենց հերթին, «հավատարիմները» փորձում են առավելս օգտվել իրավիճակից եւ կարգավորել իրենց անձնական գործերը, հույս փայփայելով երբեւէ իրենք զբաղեցնել իշխանավորների տեղը: Այդ ճանապարհին նրանք ոչնչի առջեւ կանգ չեն առնում` հընթացս նաեւ քայքայելով պետական ինստիտուտները` իշխանավորների վրա առավել մեծ անձնական ազդեցություն ձեռք բերելու համար: Մի կողմ թողնենք այն փաստը, թե պատմության մեջ, բոլոր ժողովուրդների մոտ, բոլոր դարաշրջաններում ինչպես են ավարտվել իշխանավորների եւ «հավատարիմների» հարաբերությունները: Դա հասարակությանը կարող է հետաքրքրել միայն այնքանով, որքանով կարող է վտանգվել երկրի ու ժողովրդի ապագան: Իսկ այդ վտանգը առավել քան իրական է:

Դինամիկ փոփոխվող աշխարհում մեր միակ կռվանը ժողովրդավարությունն է: Ներկա դարաշրջանը բնութագրվում է ավտորիտար ռեժիմների բռնի տապալմամբ եւ ժողովրդավարացման սրընթաց ալիքով: Դա եթե անեն օտարները` մենք ոչինչ չենք շահի: Եթե մենք ի վիճակի լինենք անել` կստանանք ավելին, քան ունենք: Սա վերաբերում է առաջին հերթին իշխանություններին ու բոլոր այն ուժերին, ովքեր պատասխանատվություն են կրում երկրի ապագայի համար:

Հակոբ ՍԱՐԳՍՅԱՆ
Երևան 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը դեկտեմբերի 24-ին հրամանագիր է ստորագրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի 2002թ. հոկտեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքը հաստատելու մասին» հրամանագրում լրացում կատարելու մասին»:

Նույն օրը նախագահի հրամանագրերով՝ Արարատ Աշոտի Դանիելյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ` ազատվելով  ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Միքայելի Զալինյանը` ազատվելով ԼՂՀ նախագահի պետաիրավական հարցերով խորհրդականի պաշտոնից:

ԼՂՀ նախագահը ստորագրել է նաեւ հրամանագիր Արմեն Թեմուրի Սարգսյանին ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար է նշանակվել Աշոտ Վլադիմիրի Ղուլյանը` ազատվելով  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից:

Նախագահի հրամանագրով ԼՂՀ արտաքին գործերի նախարար է նշանակվել Արման Վարդանի Մելիքյանը:

Արկադի Ղուկասյանը դեկտեմբերի 24-ին հրամանագիր է ստորագրել նաեւ Բենիկ Հովհաննեսի Բախշիյանին ԼՂՀ գյուղատնտեսության ղեկավարի պաշտոնից ազատելու մասին:

ԼՂՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել Վահրամ Բորիսի Բաղդասարյանը:

ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչություն

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ

Գործադիր իշխանության մեջ փոփոխությունների մասին լուրերը վաղուց էին շրջանառվում, իսկ դեկտեմբերի 16-ին Լեռնային Ղարաբաղի պետական, քաղաքական եւ հասարակական գործիչների, մտավորականության ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ նախագահ Ղուկասյանի քննադատական ելույթից հետո՝ արդեն սպասվում էին:

Դեկտեմբերի 16-ի իր ելույթում նշելով, որ հասարակության մեջ դեռեւս լայնորեն առկա են «մինիկլանայնությունը», անձնական հովանավորչությունը եւ կաշառակերությունը, Արկադի Ղուկասյանը հայտարարել էր. «Այն ղեկավարները, ովքեր այսուհետ իրապես չեն ապրի ժողովրդի հոգսերով, տեղ չեն ունենա իշխանական համակարգում»:

Պաշտոնանկված նախարարներից ամենաերկարը՝ 8 տարի, պաշտոնավարել էր կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար, Դաշնակցության անդամ Արմեն Սարգսյանը:

«Գտնում եմ, որ նախագահը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, եւ ցավալի է, որ առաջին իսկ հարվածը հասցրեց դաշնակցական նախարարին, – մեկնաբանելով նշանակումները, «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը: –  Եթե այդ փոփոխությունները, ըստ իս, չկատարվեն այն ոլորտներում, որոնք ինքը անմիջապես նշել է, ապա սա ընդամենը պարադոքս կլինի եւ մեկ անգամ եւս ցույց կտա, որ անջրպետ կա իշխանությունների եւ ժողովրդի միջեւ»:

«Մենք լուրջ փոփոխություններ ենք սպասում դատաիրավական համակարգում», – շարունակեց Գաբրիելյանը: Նրա կարծիքով, եթե այդտեղ էլ կատարվեն կադրային փոփոխություններ, կարելի կլինի հուսալ, որ «դեռ կարող է առաջընթաց լինել»:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
«Ազատություն»

 

ՄԵՐԶԼՅԱԿՈՎԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌՈՒՄՈՎ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԸ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը խմբի միջնորդությամբ ընթացող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների առումով դրական է գնահատում ավարտվող 2004 թվականը:

«Կարեւորն այն է, որ անցնող տարում մեկուկես տարի դադարից հետո հաջողվել է վերականգնել բանակցային գործընթացը», – «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Մերզլյակովը՝ առանձնացնելով հատկապես Պրահայում կայացած արտգործնախարարների հանդիպումները: «Դրանք մեծ նշանակություն ունեին, որովհետեւ հանգեցրել են նրան, որ կողմերը կանգնած էին ընտրության առջեւ», – ավելացրեց նա՝ նկատի ունենալով Աստանայում Քոչարյանի եւ Ալիեւի բանակցությունները:

Աստանայից հետո, սակայն, նախագահները պետք է տնային վերլուծություն անցկացնեին եւ որոշեին, թե ընդունելի՞ են արդյոք այն առաջարկները, որոնք պատրաստել էին արտաքին գործերի նախարարները՝ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների մասնակցությամբ: Ադրբեջանը, սակայն, դրանից հետո ներկայացավ ՄԱԿ-ում հարցը քննարկելու նախաձեռնությամբ:

Այս ամենը, Մերզլյակովի խոսքերով, ստեղծել էր բարդ իրավիճակ, որը, բարեբախտաբար, հաջողվել է շտկել:

«Թեեւ այս ամենը կողմերին մի քանի ամսով հետ է գցել, բայց մեզ հաջողվել է տարին ավարտել առանց այդ տարաձայնությունների եւ նոր՝ 2005 թվականը մենք սկսում ենք նոր հանդիպումով, որը նույնպես կկայանա Պրահայում», – ասաց Մերզլյակովը:

Հարցին, թե երբ, վերջապես, կարելի է որոշակի արդյունքներ ակնկալել, ռուսաստանցի դիվանագետը պատասխանեց.  «Ինձ թվում է, որ գալիք տարին կարող է որոշակի դրական արդյունքների հանգեցնել՝ վերջնական համաձայնագրի ճանապարհին»:

«Ազատություն»

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

«Եվրոպացիները, ամերիկացիները եւ ռուսները պետք է միասնական ջանքերով փոխզիջում գտնեն, համաձայն որի՝ Հայաստանը ժամանակավոր վերահսկողություն կստանա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որի հետագա կարգավիճակը կորոշվի հանրաքվեով` հինգ կամ տասը տարիների ընթացքում»,- ֆրանսիական «Ֆիգարո» թերթի երեկվա համարում տպագրված հոդվածում այսպիսի շեշտադրումներ են արել Իսպանիայի արտաքին գործերի նախկին նախարար Անա Պալասիոն եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Պիեռ Լելյուշը: «Հակամարտությունը, որում բախվել են Հայաստանը եւ Ադրբեջանը, ավելի բարդ է, քան հարավօսական կամ աբխազական հիմնահարցերը, եւ էությամբ միանգամայն այլ է: Սակայն այստեղ եւս Ռուսաստանի ռազմական եւ քաղաքական ազդեցությունը փոքր Հայաստանի վրա՝ հսկայական է: Ընդամենը թվում է, որ այս հակամարտությունը սառեցված է, այն արնազրկել է Հայաստանը»,- ահազանգում են հոդվածագիրները եւ Թուրքիային հորդորում՝ բացել Հայաստանի հետ ունեցած սահմանները:

«Հայկական ժամանակ», 22 դեկտեմբերի

 

ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ «ԴՈՓՈՒՄ Է ՏԵՂՈՒՄ»

«2004 թվականը նույնպես չդարձավ բեկումնային՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում», – ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթի այսօրվա համարում տպագրված հոդվածում գրել է 1992-1996թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Ըստ հեղինակի, գործընթացը չի արձանագրում որեւէ տեղաշարժ, կողմերը «ուղղակի դոփում են տեղում»:

«Այս տարի կայացել է հայ-ադրբեջանական 9 հանդիպում, 3-ը՝ նախագահների մակարդակով, 6-ը՝ արտգործնախարարների: Բաքուն եւ Երեւանը, ինչպես նաեւ Ստեփանակերտը, հայտարարություններում անընդհատ խոսում են խաղաղ գործընթացի առաջնահերթ կարեւորության մասին: Գործնականում, սակայն, բանակցությունների միջեւ ընկած ժամանակահատվածում ընթանում է «սառը պատերազմ»՝ հիմնականում տեղեկատվական, երբեմն էլ՝ ապատեղեկատվական», – ձեւակերպել է Մինսկի խմբի նախկին համանախագահը:

Երկու երկրների իշխող վերնախավերը, ըստ Կազիմիրովի, հասարակական կարծիքը չեն նախապատրաստում փոխզիջումների: Ընդհակառակը՝ նրանք «քարոզում են անհանդուրժողականություն ցանկացած զիջումների նկատմամբ»:

«Այս ամենը միայն ուժեղացնում է տպավորությունը, թե պաշտոնական Բաքում եւ Երեւանը սոսկ բանակցությունների պատրանք են ստեղծում՝ վախենալով անխուսափելի զիջումների արդյունքում ցնցումներից», – գրում է Կազիմիրովը: -Առայժմ պարզ չէ՝ բեկումնային կլինի՞ արդյոք 2005 թվականը: Պարզ է միայն, որ հնարավոր չէ հասնել արդյունքի, եթե կողմերը չհրաժարվեն անիմաստ ու անիրականանալի ծայրահեղականությունից, հետեւողականորեն չփորձեն գտնել փոխզիջումային տարբերակ, ազնիվ չլինեն իրենց քաղաքացիների հետ աշխատանքում»:

Ռուս դիվանագետի խոսքերով, ավելի ակտիվ դերակատարություն պետք է ունենան նաեւ միջնորդները՝ չսահմանափակվելով «հերթական հանդիպումը սպասարկելով»:

«Ազատություն»

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՍՊԱՆՎՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ»

Ստեփանակերտում հիասթափված են Քոչարյանից եւ Օսկանյանից

Հայաստանի արտգործնախարարը վերջին մամուլի ասուլիսում հայտարարեց, որ բանակցային գործընթացն առայժմ շարունակվելու է առանց Ղարաբաղի մասնակցության: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ (բանակցությունները) պրահյան ձեւաչափով կշարունակվեն թերեւս մինչեւ որոշ փուլ, մինչեւ որ անխուսափելի լինի ԼՂ մասնակցությունը: Այս պահի դրությամբ ինչպիսի ձեւաչափ եղել է վերջին մի քանի տարվա ընթացքում, կպահպանվի»,- ասաց Վարդան Օսկանյանը:

Ստեփանակերտում հիասթափված են Օսկանյանի վերջին մի քանի հայտարարություններից՝ մասնավորապես եւ ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի գործող իշխանությունների որդեգրած քաղաքականությունից՝ ընդհանրապես: ԼՂՀ տեսակետներն արտահայտող պաշտոնյաները հրաժարվում են մեկնաբանություններից, մինչդեռ չհրապարակելու պայմանով զրույցում ընդունում են, որ Երեւանը կարգավորման գործընթացից դուրս է թողել Ղարաբաղին, ինչի հետեւանքով խեղաթյուրվում է ղարաբաղյան խնդրի բուն էությունը:

Մաքսիմ Միրզոյանը ԼՂՀ խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ է, ներկայացնում է Արցախի ՀՅԴ-ն: «Ազգի» հետ հեռախոսազրույցում նա ասաց, որ այսօր որեւէ կերպ արդարացված չէ Ղարաբաղին դուրս թողնելը բանակցություններից, «որովհետեւ հակամարտության հիմնական կողմը չի մասնակցում, բացի այդ՝ մենք նաեւ պատերազմող կողմ ենք եղել»: «Հայաստանը կտրուկ պետք է դնի հարցը, որ առանց Ղարաբաղի չի մասնակցի բանակցություններին»,- ասաց նա:

Միրզոյանը կարծում է, որ Ղարաբաղի հարցում ներգրավված միջազգային կազմակերպությունները շարունակում են արդեն գոյություն չունեցող ԽՍՀՄ քաղաքականությունը, երբ «Գորբաչովն ասում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ընդհանուր լեզու գտնեն»: «Գորբաչովն այսպիսի ձեւակերպում էր տվել՝ «Ղարաբաղ եւ նրա շուրջ», այսօր «նրա շուրջը» մնացել է, Ղարաբաղն՝ անհետացել»: Միրզոյանը կարծում է, որ Հայաստանը պետք է փորձի քայլ առ քայլ դուրս գալ բանակցային գործընթացից եւ սեղանի շուրջը թողնի Բաքվին եւ Ստեփանակերտին, եւ «մենք պետք է Բաքվի հետ խոսենք, կապ չունի՝ ճանաչված հանրապետություն ենք, թե՝ ոչ»:

Գեղամ Բաղդասարյանը «Դեմո» անկախ թերթի գլխավոր խմբագիրն է: Նա եւս համարում է, որ այսօրվա բանակցային գործընթացում ղարաբաղյան կողմի չներկայացվածությունն արդարացված չէ: «Մեր դիրքորոշումը պետք է լինի ոչ թե իրավիճակային, այլ սկզբունքային: Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ՝ անկախ այն բանից, թե ինչպիսին է իրավիճակը, եւ վաղուց ժամանակն է հստակեցնելու երկու հայկական պետությունների դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի հարցում»,- ասաց նա մեր հեռախոսազրույցում:

«Ներկա իրավիճակում, երբ ԼՂ-ն բանակցային կողմ չէ, ղարաբաղյան գործոնը վերանում կամ թուլանում է, ինչը շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծում: Եկել է ժամանակը, որ ԼՂ իշխանությունները կամք ու վճռականություն ունենան եւ ԼՂ-ն միջազգային հանրությանը ներկայացնեն որպես ինքնուրույն ռազմաքաղաքական գործոն: Այսինքն՝ ԼՂ-ն պետք է ինքնուրույն քաղաքականություն վարի, առաջին հերթին խնդրի կարգավորման հարցում, եւ ժամանակն է հստակեցնելու ՀՀ-ի ու ԼՂՀ-ի իրավունքների եւ պատասխանատվության չափը»,- ասաց Բաղդասարյանը:

Վերջին մի քանի ամիսներին ՀՀ արտգործնախարարությունը մի շարք առիթներով Բաքվին սպառնացել է, որ դուրս կգա բանակցային գործընթացից, եւ Ադրբեջանը ստիպված կլինի բանակցել Ղարաբաղի հետ:

«Նման մեքենայություններում սպանվում է ղարաբաղյան գործոնը: Հայաստանի այս կարգի սպառնալիքները վնասում են ղարաբաղյան ինքնուրույն գործոնը, ինչը մեկ անգամ եւս ցույց է տալիս Ղարաբաղի կախվածությունը ՀՀ իշխանություններից», ասաց Բաղդասարյանը: «Դեմոյի» գլխավոր խմբագիրը համոզված է, որ Հայաստանը Ղարաբաղի կողմից լիազորված չէ բանակցություններում Ստեփանակերտի դիրքորոշումը ներկայացնելու այն չափով, ինչպես հիմա է ներկայացնում, եւ Երեւանի իրավիճակային դեգերումները ոչ մի բարի արդյունքի չեն հանգեցնի:

«Կան հարցեր, որ Երեւանը կարող է ասել, թե իրավասու չէ եւ լիազորված չէ բանակցություններ վարելու առանց Ղարաբաղի մասնակցության: Օրինակ, առանց Ղարաբաղի մասնակցության արդարացված չէ Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքների հարցի քննարկումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այս հարցի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցելը նշանակում է պատասխանատվության հանիրավի ստանձնում եւ Ղարաբաղի գործոնի թուլացման եւս մեկ շտրիխ», ասաց Բաղդասարյանը:

Մուրադ Պետրոսյանն անկախ քաղաքական վերլուծաբան է, «ճՑՏ ՊպսՈՑՖ» թերթի հրատարակիչն ու խմբագիրը: Նա ասում է, որ ամենասկզբից Հայաստանը առանց Ղարաբաղի չպետք է գնար բանակցությունների: «Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մեղքն այն է, որ համաձայնել են առանց Ղարաբաղի բանակցել Բաքվի հետ: Վարդան Օսկանյանի այն բառերը, որ եթե Բաքուն խնդիրը տեղափոխի ՄԱԿ, ապա Երեւանը դուրս կգա բանակցություններից, պետք է ասվեին 1994 թ. եւ այն ժամանակ իմաստ կունենային»,- ասաց Պետրոսյանը:

Քաղաքական վերլուծաբանը մյուս կողմից այնքան էլ կարեւոր չի համարում Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին: «Հայաստանի եւ Ղարաբաղի համար ղարաբաղյան հարցը չի կարող դրական լուծվել, քանի դեռ էֆեկտիվ պետություն չենք ստեղծում: Քո դիվանագիտությունը պիտի հիմնվի ներքին ուժերի վրա: Դիվանագիտությունը պետք է հենարան ունենա, իսկ երբ ներքին հարցերում թույլ ես, հենարան չես ունենա»,- ասաց նա:

Պետրոսյանն առավել կարեւոր է համարում հետեւյալը՝ Ղարաբաղը ենթարկվելո՞ւ է Բաքվին, թե՞ ոչ: «Կարեւոր չէ, թե ով է բանակցում: Ղարաբաղի ներկայությունը բանակցային գործընթացում հարցի լուծում չէ»,- ասաց նա:

Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ազգ», 16.12.2004

 

ՊԱՅՔԱՐ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ

Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի
կարգադրությունը կարելի՞ է ուժը կորցրած համարել  

Երկրորդ անգամ է մեր թերթն անդրադառնում դատական մի քաշքշուկի, որը   միջին մակարդակի երկրներում առնվազն հանրության զարմանքը կհարուցեր: Բացի նրանից, որ մենք չունենք արդարության սկզբունքների վրա հիմնված դատաիրավական համակարգ, այս երկրում ամեն ինչ, դժբախտաբար, անձնավորված է: Այն աստիճան, որ կենցաղային բնույթի մի հարցի շուրջ անձերի միջեւ ծավալված պայքարը կարող է վերածվել «պատերազմի»՝  երկրի տարբեր կառույցների  միջեւ: Դրա փայլուն օրինակն է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ստելլա Հայրումյանի բնակարանի շուրջ ծավալված քաշքշուկը, որի գնահատականը, կարծում ենք, կտա շարքային ընթերցողը:

1992 թ. սեպտեմբերի 29-ին ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ռ. Քոչարյանը հրապարակեց մի կարգադրություն, համաձայն որի՝  Արցախը լքած քաղաքացիների բնակարանները տրամադրվում են երկրի պաշտպանության գործին հավատարմագրված ազատամարտիկների ընտանիքներին: Ս. Հայրումյանի ամուսինն ու որդին պատերազմի հորձանուտում էին, եւ երբ երկուսով վիրավորվեցին՝ ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի ղեկավար Սերժ Սարգսյանն անձամբ միջնորդեց՝ այդ ընտանիքին բնակարան հատկացնելու հարցում:

Պետք է ասել, որ նման դեպքերը քիչ չէին, իսկ վերաբերմունքը, պարզ է, բխում էր պատերազմող երկրի պահանջներից:  Այդ իսկ պատճառով ոչ մեկն իրեն բարոյական իրավունք չէր վերապահում՝ վիճարկելու  ՊՊԿ վերոնշյալ որոշումը: Ս. Հայրումյանին տրամադրվեց Նելսոն Ստեփանյանի փողոցի թիվ 8 շենքի թիվ 7 բնակարանը, որի նախկին տեր Սոկրատ Սարգսյանն ընտանիքով տեղափոխվել էր Մոսկվա՝ օրհասական վիճակում թողնելով հայրենիքը: Իսկ նրա որդին՝ Վ. Սարգսյանը, ոչ թե պարզապես թողել-հեռացել է, այլ որպես դասալիք՝ ինքնաձիգը ձեռքին, փախուստի է դիմել: ԼՂՀ ՊԲ թիվ 1813 զորամասի հրամանատարի տեղեկանքի համաձայն՝ Վ. Սարգսյանը հափշտակել է զորամասի «ԱԿՍՍ» տեսակի ինքնաձիգը եւ մեկնել հանրապետությունից (այս մասին նշված է Գերագույն դատարանի դատական պալատի որոշման մեջ): Ասում են, որ Ս. Սարգսյանի ընտանիքի անդամները ձեռք են բերել ՌԴ քաղաքացիություն:

Եվ ահա 10 տարի անց՝ մի առանձնակի սրությամբ, զարմանալիորեն, դրվեց այդ բնակարանի հարցը՝ ոչ թե նախկին տիրոջ՝ Ս. Սարգսյանի, այլ հայրենի դատախազության կողմից, որն այս պատմության հետ ոչ մի առնչություն չունի:

2003 թ. Ստեփանակերտի առաջին ատյանի դատարանը քննեց հանրապետության գլխավոր դատախազի հայցերը, եւ արդյունքում անվավեր ճանաչեց քաղաքի գործադիր իշխանության 1993 թ. ապրիլի 12-ի կարգադրությամբ Ս. Հայրումյանի ամուսնուն՝ Վագիֆ Հակոբյանին տրված բնակարանի օրդերը, նշված բնակարանը սեփականաշնորհելու վերաբերյալ Ստեփանակերտի քաղաքապետի 99 թ. նոյեմբերի 5-ի որոշումը:

Քաղաքապետարանի իրավաբանական բաժնի ներկայիս ղեկավար Արմեն Թարխանյանը՝ խոսելով դատախազության հայցի մասին, հետեւյալը նշեց. «Եթե, ընդհանրապես, ԼՂՀ գերագույն դատարանի վերին պալատը ինչ-որ մի բնակարանի նկատմամբ քաղաքացու իրավունքները կորցրած է ճանաչել, ապա ոչ մեկն իրավասու չէ բեկանելու այդ որոշումը, նույնիսկ հանրապետության նախագահը, քանի որ դա մեր երկրի բարձրագույն դատական ատյանի որոշումն է»:

Ա. Թարխանյանի խոսքերով՝ այստեղ կա մի հանգամանք՝ կապված Ս. Հայրումյանի ընտանիքին տրված բնակարանի օրդերի հետ: Վերջինս անվավեր է ճանաչվել ոչ թե բնակիչների մեղքով  (Ս. Հայրումյանի կողմից օրենքի որեւէ խախտում չի կատարվել), այլ՝ գործադիր իշխանության ղեկավարի թույլ տված բացթողման հիման վրա: Ստացվել է այնպես, որ գործադիրի նախկին ղեկավարի՝ Յու. Ներսիսյանի կողմից բնակարանի օրդերը տրվել է՝ առանց համապատասխան հանձնաժողովի արձանագրության: Սրա հիման վրա էլ դատարանն օրդերը համարել է անվավեր: Բայց դրա կողքին, իրավաբանի հավաստմամբ, կան փաստեր, որոնք վկայում են առաջին ատյանի դատարանի որոշման անհիմն լինելու մասին: Բանն այն է, որ մինչ այդ բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովը նշված բնակարանը ժամանակավոր հատկացրել էր Ս. Հայրումյանին՝ մինչեւ նախկին բնակիչների վտարման հարցի լուծումը: Եվ երբ ժամանակավոր հատկացումը վերածվել է մշտականի՝ այդ պահին հանձնաժողովի արձանագրությունը չի եղել: Ա. Թարխանյանի խոսքերով՝ այստեղ տրամաբանությունը խախտված է, քանի որ դատախազությունն ոչ մի իրավունք չուներ՝ անօրեն ճանաչելու ՊՊԿ հայտնի կարգադրության հիման վրա նշված բնակարանի հատկացումը: Նույնիսկ եթե Ս. Հայրումյանին վտարեին նշված բնակարանից, միեւնույն է, նախկին բնակիչների իրավունքները բնակարանի նկատմամբ արդեն կորսված են:

Քաղաքապետարանն անհիմն է համարել դատախազության հայցադիմումն այն իմաստով, որ տվյալ պարագայում խոսքը ոչ թե պետության գույքային շահերի, այլ  համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանի մասին է: Այսինքն՝ դատախազությունը թույլ է տվել քաղաքացիական դատավարության նորմերի կոպիտ խախտում: Քաղաքապետարանը հարկադրված է եղել ԼՂՀ բնակարանային օրենսգրքի 96-րդ հոդվածից ելնելով՝ դիմել դատարան՝ Ս. Հայրումյանին վտարելու պահանջով: Վերջինս 2004-ի հուլիսի 2-ին վճիռ է ընդունել քաղաքապետարանի հայցը բավարարելու մասին՝ Ս. Հայրումյանը վտարվում է նշված բնակարանից, միաժամանակ պարտավորեցվում է քաղաքապետարանին՝ նրան հատկացնել նախկին բնակտարածության չափի բնակարան: Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը դատարանի վճռի պահանջների ի կատար ածման նպատակով դիմել է քաղաքապետարանին՝ Ս. Հայրումյանին չորս սենյականոց հատկացնելու համար: Հարցն այնուհետեւ դրվել է քաղաքապետարանին կից գործող բնակարանային հարցերով հանձնաժողովում: Վերջինիս արձանագրության համաձայն՝ Ս. Հայրումյանի հետ պետք է կնքվի վարձակալության պայմանագիր, քանի որ ներկա  դրությամբ քաղաքապետարանում չկա համապատասխան բնակֆոնդ՝ նրա ընտանիքին բնակեցնելու համար:

Ս. թ. հոկտեմբերի սկզբին քաղաքապետը, հիմք ընդունելով նշված հանձնաժողովի  արձանագրությունը, որոշել է Ս. Հայրումյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր:

Եվ նորից, չցանկանալով վերջ  դնել այս հակամարտությանը, դատախազությունը հոկտեմբերի 19-ին հայց է ներկայացնում առաջին ատյանի դատարան՝ քաղաքապետարանի թիվ 743 որոշումն անվավեր ճանաչելու  եւ նշված բնակարանը պետական բնակֆոնդ մտցնելու մասին:

Ի պատասխան՝  դեկտեմբերի 15-ին քաղաքապետարանը բողոք է ներկայացրել ԼՂՀ գերագույն դատարանի վերաքննիչ ատյանին՝ առաջին ատյանի դատարանի 2004 թ. դեկտեմբերի 1-ի վճռի դեմ: Դրանում մասնավորապես նշվում է, որ ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31, 37 հոդվածների համաձայն՝ տվյալ գործով հայցը հարուցվել է ոչ այն անձի կողմից, որին պատկանում է պահանջի իրավունքը (դատախազությունն իրավունք չուներ նման պահանջ ներկայացնելու): Սակայն դատարանը, չգիտես ինչու,  անտեսել է այս հանգամանքը: Բացի այդ՝ դատարանը վիճելի բնակարանը պետական ֆոնդ մտցնելով՝ խախտել է օրենսգրքի մեկ այլ հոդվածով սահմանված՝ համայնքի սեփականության իրավունքը: Ա. Թարխանյանի մեկնաբանությամբ՝ եթե դատախազությունը գտնում է, որ բնակարանի օրդերն անվավեր ճանաչելուց հետո այդ բնակարանն անցնում է նախկին վիճակին, այսինքն դադարում է համայնքի սեփականությունը լինել, ապա ինչո՞ւ իր հայցադիմումի երկրորդ կետով պահանջում է այն մտցնել պետական բնակֆոնդ: Ուրեմն, ընդունում է, որ ներկա դրությամբ բնակարանը գտնվում է համայնքի ֆոնդում: «Դատարանում,-ասաց քաղաքապետարանի իրավաբանը,- ես հարց եմ ուղղել գլխավոր դատախազի ներկայացուցչին՝ Ձեր կարծիքով Ն. Ստեփանյան փողոցի տվյալ բնակարանը այս պահին ո՞ր ֆոնդում է գտնվում՝ համայնքի՞, թե՞ պետության: Հնչել է այսպիսի պատասխան՝ համայնքի ֆոնդում է գտնվում»:

Ինչ խոսք, նման անպատշաճ հայցը դատարանը պարտավոր էր մերժել, սակայն ոչ միայն չմերժեց, այլ նույնիսկ արտահայտվելու հնարավորություն չընձեռեց քաղաքապետարանի ներկայացուցչին: «Ոչինչ, լավ, վերջացրու». ահա այս ոճով էլ դատավորն ավարտեց դատական նիստը:

Դատարանի վճռում  կա անհասկանալի ու անհիմն մի եզրահանգում՝ Ն. Ստեփանյան 8/7 բնակարանն որպես պետական բնակֆոնդի բաղկացուցիչ մաս՝ թողնել կառավարության տնօրինության ներքո: Դատախազությունը նման հայցապահանջ չէր ներկայացրել, բայց, տեսեք, թե ինչպիսի ջանասեր դատարան ունենք՝ ինքը պահանջածից ավելին է ուզում անել: Հարց է ծագում՝ ինչո՞ւ կամ ո՞ւմ համար: Գուցե կա՞պ ունի կառավարության հետ: Դե ո՞վ գիտի:

Դատախազության եւ քաղաքապետարանի միջեւ չընդհատվող այս հակամարտությունը չգիտենք, թե ինչով կվերջանա, բայց երեւույթն ինքնին անընդունելի է, այն առումով, որ դատախազությունը փորձում է ստեղծել բացասական նախադեպ: Միանգամայն հնարավոր է, որ դրան հետեւեն ուրիշները, ովքեր այն օրհասական օրերին լքել են հայրենիքը՝ կորցնելով իրենց բնակարանները: Իսկ արցախյան խաղաղ երկնակամարը հեռուներից տեսնելուն պես՝ նորից վերադարձել են: Փառք Աստծո, որ եկել են, դրանում վատ ոչինչ  չկա: Բայց վաղն էլ նրանք կարող են առարկություններով հանդես գալ, պահանջել երբեմնի կորցրածը, նախկին ՊՊԿ կարգադրության արդարացիությունը հարցականի տակ դնել: Մի՞ թե ոչ այնքան հեռու անցյալում սարսափներ ու զրկանքներ կրած մեր ժողովուրդը թույլ կտա որեւէ մեկին՝  կոխկրտելու պատերազմի սրբությունները, բարոյական արժեքները:

Մի՞ թե պատերազմը մոռացել ենք: Պատերազմը հո՞ւշ է դարձել…

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 

ՄԵՐ ՔԱՂԱՔԸ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԴԵՄՔԸ

Ստեփանակերտ քաղաքն իր նորագույն պատմությամբ բավականին երիտասարդ քաղաք է:

Առաջին անգամ քաղաքի հատակագիծը գծվել է 30-ական թվականներին՝  ճարտարապետ Սլաբադյանիկի կողմից: Այդ տարիներին քաղաքն ուներ 8200 բնակիչ, սակայն հատակագիծը նախատեսված էր 20 000 բնակչի համար: Թամանյանը ևս կատարել է Ստեփանակերտ քաղաքի հատակագծի նախագծեր, որոնք մինչև  օրս   էլ պահպանվում են Թամանյանի թանգարանում: Այն քիչ է տարբերվում վերջնական տեսքի բերված հատակագծից:

1966 թվականին Ադրբեջանի պետական նախագծերի ինստիտուտն է գծում քաղաքի հատակագիծը:

2000 թվականին այդ երեք հատակագծերի հիման վրա  «Հայպետնախագիծ » ինստիտուտը պատրաստում է նոր հատակագիծ:

70 տարիների ընթացքում, լինելով ադրբեջանցիների լծի տակ, քաղաքը կառուցվել է ոչ հայկական մոտիվներով: Հաշվի առնելով պատերազմի ժամանակ ռմբակոծություններից տուժած շենքեը, որոնց մի մասը  գտնվում են վթարային վիճակում, քաղաքապետարանը որոշում է քանդել վթարային շենքերը, իսկ այն շենքերը, որոնք հնարավոր է վերանորոգել, սկսում է վերանորոգման աշխատանքներ իրականացնել:

Ինչպես նշեց Ստեփանակերտ քաղաքի գլխավոր ճարտարապետ Նվեր Միքայելյանը.

– Մինչև 2006 թվականը քաղաքապետարանը որոշել է ավարտել քաղաքի գլխավոր՝ Ազատամարտիկների և Վազգեն Սարգսյան փողոցների թվով 15 շենքերի վերակառուցման աշխատանքները:

Ազատամարտիկների 16,18 ինչպես նաև Վազգեն Սարգսյան 17, 19, 21, 25 շենքերի ճակատային վերանորոգման աշխատանքները շուտով կավարտվեն ու շահագործման կհանձնվեն: Վերակառուցման ընթացքում օգտագործվում են ֆոնային տարբեր գույներ:

– Քանի որ 70 տարիներ շարունակ քաղաքը չի կարողացել ունենալ սեփական դեմքը, մենք  փորձում ենք հիմա ստեղծել նրա նոր ոճը, առաջին շենքը, որը վերակառուցել ենք Ազատամարտիկների փողոցում, ներկեցինք բաց կանաչ երանգով: Ուզում էինք փորձել և գտնել քաղաքին համապատասխանող գույնը: Իսկ ինչ մնում է վարդագույնին, այդ շենքը նախկինում անվանում էին «ռոզովի շենք», մենք էլ փորձելով չխախտել ավանդույթները, այդ շենքը ներկեցինք վարդագույնով: Մնացած բոլոր շենքերը ներկվելու են բաց երանգներով: Դրանք լինելու են կաթնագույն կամ մոխրագույն:

Անի ԱԶԱՏՅԱՆ

 

ԲԱՐԻ ԼՈՒՐ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ. «ԱՐՓԵՆԸ» ՆՈՐԻՑ ԿԳՈՐԾԻ

Յուրաքանչյուր լրագրող այս կամ այն թեմայի մասին գրելիս առաջին հերթին ակնկալում է, որ իր հոդվածում բարձրացված խնդիրը վաղ թե ուշ լուծում կստանա: Ասել է թե՝ հենց այնպես ոչինչ երբեք չի արվում: Մեր թերթի նախորդ համարում հոդված էինք տպագրել «Արփեն» կենտրոնի մասին: Հոդվածը տպագրելու հիմնական նպատակն էր՝ արցախյան հասարակայնությանը տեղեկացնել տեր և տիկին Նաջարյանների հանդեպ  անարդար վերաբերմունքի մասին: Բացի այդ, ուզում էինք, որպեսզի Նաջարյաններն իմանան, որ արցախցին երախտամոռ չէ, և երբեք չի մոռանում այն ամենը, ինչ արել են իր համար: Հոդվածը տպագրել և սպասում էինք արդյունքների: Գիտեինք, որ արձագանքներ անպայման պիտի լինեն: Ու չսխալվեցինք. թերթի խմբագրություն էին գալիս մարդիկ, ստանում էինք նամակներ՝ բոլորը հետաքրքրվում և ցանկանում էին օգտակար լինել: Իսկ մենք սպասում էինք տիկին Նաջարյանի որոշմանը:  Եվ ահա մեր խմբագրություն է գալիս «Արփեն» կենտրոնի գործադիր տնօրեն Սարգիս Գալստյանը և հայտնում, որ տիկին Նաջարյանը շարունակելու է աջակցությունը (ի դեպ, Արցախում այն մասամբ էր դադարեցվել) և 2005 թվականի հունվար ամսից հղի կանայք վերստին կսկսեն օգնություն ստանալ: Ամանորի նախօրեին մի բարի լուր, որին սպասում էին եթե ոչ բոլորը, ապա՝ շատերը, ինչի կապակցությամբ էլ շնորհավորում ենք բոլորին:

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

——————————————————————————————

Պատասխան
ԶՐՊԱՐՏԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼԸ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ ՉԷ

“Դեմո” թերթի դեկտեմբերի 15-ի համարում տպագրված՝ “Կառավարությունը՝ կոռուպցիայի հովանավո՞ր” հոդվածն ընդունում եմ ոչ այլ կերպ, քան որպես թուլություն մի մարդու, որը սեփական “ես”-ին կարևորություն հաղորդելու միջոց է ընտրել զրպարտությունը: Հոդվածագիրն, ըստ իս, անհաջող փորձ է ձեռնարկել մոլորեցնելու ընթերցողին, ուստի իմ պարտքն եմ համարում որոշ պարզաբանումներ ներկայացնել:

Բոլորիս  քաջ հայտնի է, որ  2004 թվականը գյուղատնտեսության համար եղել է անբարենպաստ տարի: Ցրտահարությունները, կրծողները  զգալի  վնաս  էին հասցրել: Բոլոր շրջանային վարչակազմերից դիմել էին, որ եթե այս տարի գյուղացուն չօգնենք, ապա  նա  կհայտնվի ծանր կացության մեջ:  Դեռևս սեպտեմբերին հարցը քննարկվել է և հանրապետության նախագահի աշխատակազմում,  և կառավարությունում: Որոշվել է 700 տոննա ցորենի սերմ հատկացնել հողի սեփականատերերին՝  2 տարվա  ընթացքում, նույն ֆիզիկական քաշով  պարենային ցորեն վերադարձնելու պայմանով: Բնական է, նման օգնության համար միջոցներ չէին նախատեսված և  ֆինանսավորման աղբյուրը դեռ հայտնի չէր: Ուստի, ցանքը չուշացնելու նպատակով, կառավարությունը անհրաժեշտ քանակությամբ ցորենի սերմ է ձեռք բերել սերմարտադրող երկու կազմակերպությունից՝ “Ակադեմիա” ՍՊԸ-ից և Հայ տեխնոլոգիական խմբից: Ֆինանսավորման համար կառավարությունը  միջոցներ է հայթայթել ավելի ուշ՝ երբ ցանքը կատարված էր: Դրանով է բացատրվում այն, որ ծրագրի իրականացման համար սերմարտադրողների միջև  նախապես մրցույթ չի հայտարարվել:

Կառավարության   նախաձեռնությանն իր  “գնահատականը “ տալու համար պարոն Վահան Բադասյանը  պեղել է  ՄԱԿ-ի սահմանումը կոռուպցիայի մասին: Ամբողջ զավեշտը նրանում է, որ  պ. Բադասյանը պարզապես այլ ձև չի գտել արտահայտելու  անձնական  վիրավորանքը,  թե ինչու իր արտադրած ցորենի սերմը  չի իրացվել  նույն ծրագրով:  Նա մեղադրում է կառավարությանը, որ  սերմը գնել է գյուղնախարարի առաջարկած մեկ արտադրողից՝ “Ակադեմիա” ՍՊԸ-ից:  Ի դեպ, “Ակադեմիան” ուներ  1000 տոննա  ցորենի սերմ, ինչը կբավարարեր  անհրաժեշտ քանակն ապահովելու համար: Սակայն, ուզում եմ հիշեցնել պ. Բադասյանին, որ  կառավարությունը սկզբից  գնել է  ՀՏԽ  հավաստագրված սերմի ողջ պաշարը՝ 40 տոննա, և այնուհետև  պակասը լրացրել “Ակադեմիա” ՍՊԸ-ից: Ուրեմն, ի՞նչ մենաշնորհի մասին է խոսքը:  Ինչ վերաբերում է  պ. Բադասյանին, ապա  ասեմ, որ Հադրութի վարչակազմի  ղեկավարին առաջարկվել է՝  շրջանին հասանելիք 170 տոննա ցորենի սերմը ձեռք բերել  տեղում՝ նրանից,  և  վարչակազմը բացարձակապես հրաժարվել է: Հետևությունները թողնում եմ  շինարար պարոն Բադասյանին, որն իրեն տեսնում է  կայացած սերմարտադրողի   դերում /թեև ինքն իր հոդվածում խոստովանում է, որ ընդամենը  2 տարի է, ինչ զբաղվում է ցորենի արտադրությամբ/: Սերմնաբուծությունը  գիտություն է, ուստի  խորհուրդ կտայի պ. Բադասյանին՝  դեռ  այդ գիտության   այբուբենն  ուսումնասիրել:  Իսկ  ավելի  լավ կլիներ, եթե պ. Բադասյանը զբաղվեր  իր մասնագիտական  գիտելիքների խորացմամբ:  Նրա   կառուցած շենքերը՝ Տող և Ծակուռի գյուղերում,  երկրորդ տարում փլվել են: Եվ եթե  պ. Բադասյանը  սերմնաբուծությունից նույնքան գաղափար ունի, որքան շինարարությունից, ապա  նրա արտադրած  սերմը  ոչ մի գյուղնախարար չի գնի:

Եվ իր գործունեության  ի՞նչ հեղինակային իրավունքի մասին է խոսում պ. Բադասյանը, երբ   սերմնաբուծությունը մեր հանրապետությունում դեռ լիցենզավորման ենթակա չէ: Այդ մասին օրենքի նախագիծը  նոր է  ներկայացվել ԱԺ քննարկմանը:

Բադասյանը  փորձում է մեղադրել, որ  “Ակադեմիայից”  թանկ գներով՝ 180 դրամով   սերմ գնելը “մյուս մրցակիցներին դնում է ոչ շահեկան վիճակի մեջ”:

Ինչի՞ մասին է խոսքը,  երբ ինքն իր արտադրած ցորենն   առաջարկում էր  230 դրամով: Ի վերջո, այդքան ստահոդ լուրեր տարածելով, ի՞նչ նպատակ  է հետապնդում հոդվածագիրը:

Միայն մի բանում է ճիշտ պ. Բադասյանը, նրանում, որ ես անտարբեր չեմ  “Ակադեմիա” ՍՊԸ  նկատմամբ:  Եվ ինչպե՞ս կարող էր գյուղատնտեսության նախարարը  անտարբեր լինել մի ընկերության հանդեպ, որը հողի սեփականատիրոջը վերադարձրել է դեպի հողը: Տարիներ շարունակ,  Մարտունու շրջանում՝ Ճարտարում, Բերդաշենում, բուն Մարտունիում, Ասկերանի շրջանում  մարդիկ երես էին թեքել սեփական հողից, թողնելով այն անպտուղ: “Ակադեմիան”, գիտակցաբար գնալով որոշ վնասների, իր գործունեությամբ հասել է նրան, որ այսօր  համարյա թե անմշակ հող չկա: 3 տարվա ընթացքում այդ ընկերությունն առնվազն 3000 տոննա պարենային ցորեն է բաժանել Ղարաբաղի գյուղական բնակչությանը:

Անցած տարի միայն  1000 տոննա սերմ  արտահանել է ՀՀ: Այսինքն,  ՀՀ-ն էլ է  գնել  մեկ աղբյուրից՝  “Ակադեմիա”-ից, որովհետև նրանց մասնագետներն այդ սերմը  ամբողջ տարվա ընթացքում  ուսումնասիրել են և մինչև հիմա շնորհակալություններ են հղում՝ սկսած  գյուղատնտեսության նախարարից մինչև հողօգտագործողներ:

Երկրորդ, այդ ձեռնարկությունը բարձր հիմքերի վրա է դրել Ղարաբաղում կարտոֆիլի արտադրությունը, որը հանդիսանում է երկրորդ պարեն:  Եթե նախկինում Ղարաբաղը կարտոֆիլի ներկրող էր հանդիսանում, ապա այս վերջին երկու տարիներին կարտոֆիլի ավելցուկ է առաջացել և գների  անկում: 200-180 դրամով վաճառվող կարտոֆիլը անցյալ տարի 90 դրամից չի բարձրացել և այս տարի էլ ցածր գներով է վաճառվել:  Ինչու՞:  Նախ, որ  “Ակադեմիան” ինքն է շատ մշակում, և երկրորդ, որ  ընկերության   ներկրած՝ մեծ քանակությամբ հոլանդական սերմերն ապահովում են  բարձր վերարտադրողականություն:  Այսօր  այդ սերմերը   տարածված են Ղարաբաղում և հողօգտագործողները գիտեն նրա առավելությունները: Արդեն Ղարաբաղի տարածքում կարելի է տեսնել կարտոֆիլի պլանտացիաներ՝ 5-10 հեկտարով, որը միայն  “Ակադեմիա”-ինը չէ:

Ցավում եմ, որ պ. Բադասյանը  չգիտի անգամ, որ  “Ակադեմիա” ՍՊԸ  իսկապես օժտված է բարձր գիտական ներուժով՝  ունի  գիտությունների դոկտոր, մասնագիտությամբ՝ սերմնաբույծ-սելեկցիոներ, որի  թեկնածուական և դոկտորական աշխատանքները նվիրված են սերմնաբուծությանը, գյուղատնտեսական գիտությունների  երկու  թեկնածու և բարձրագույն  կրթությամբ՝ երեք    գյուղատնտես: Ասեմ ավելին.  “Ակադեմիա” ՍՊԸ-ն մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսական կադրերի դաստիարակման գործին: Յուրաքանչյուր տարի այդ տնտեսությունում պրակտիկա են անցնում մինչև 8-10 ուսանողներ, նաև՝ Երևանի գյուղատնտեսական ակադեմիայի  ուսանողները: Մեկ ուսանողի համար, մեկ ամսվա կտրվածքով,  “Ակադեմիան” ծախսում է առնվազն  150 000 դրամ՝ առանց որևէ փոխհատուցման:

Այսքանից հետո  ուզում եմ հարցնել պ. Բադասյանին.  ինչպե՞ս կարող էր գյուղատնտեսության նախարարն  անտարբեր լինել նման ձեռնարկության հանդեպ:

Այնպես որ,  հոդվածագրին խորհուրդ կտայի՝ խիզախություն ունենալ հրաժարվել զրպարտելու գայթակղությունից և էժանագին պոպուլիզմով զբաղվելու փոխարեն, սեփական ունակություններում կողմնորոշվել:

Կարծում եմ՝ եթե պ. Բադասյանի ատամը ցավեր, նա կոշկակարի չէր դիմի:

Բենիկ  ԲԱԽՇԻՅԱՆ

 

ԵԿԵՔ ԱՆԿԵՂԾ ԼԻՆԵՆՔ

«Դեմո»-ի վերջին (15.12.2004թ.) համարում տպագրված Վահան Բադասյանի «Կառավարությունը՝ կոռուպցիայի հովանավո՞ր» հարցականով հոդվածում վերնագրի հետ առնչվող հարցից զատ խոսվում է նաև ԼՂՀ-ում հացահատիկային մշակաբույսերի սերմնաբուծության կազմակերպման ու իրականացման գործընթացում տիրող իրավիճակի մասին« որի շուրջ մենք հարկ համարեցինք արձագանքել, կոռուպցիան թողնելով դրա համար պատասխանատու ու ինչ-որ չափով կապ ունեցող ատյաններին: Նաև ուզում ենք շնորհակալություն հայտնել «Դեմո»-ին՝ պատասխանելու հնարավորություն ընձեռելու համար:

Հեղինակը սկսում է նրանով« որ ինքը աշնանացան ցորենի սերմնաբուծություն է ծավալել, ունենալով դրա թույլտվությունը՝ լիցենզիան: Ամեն մի ձեռներեցություն ծավալելու համար լիցենզիա տրամադրելու կարգը հայտնի է: Սերմնաբուծությամբ զբաղվելու համար կամ պետք է ինքդ սերմնաբույծ լինես, կամ ունենաս համապատասխան մասնագետ և իհարկե՝ համապատասխան մի շարք անհրաժեշտ պայմաններ: Բայց այն փաստը« որ հեղինակը, իր ասելով, իրականացնում է ութ սորտի (ներելի է ոչ մասնագետին՝ սորտը տեսակի հետ շփոթելը) սերմնաբուծություն, խոսում Է նրա, թող ներվի ասել« ոչ պրոֆեսիոնալիզմի մասին: Մի կողմ թողնենք, որ ԼՂՀ-ի հացահատիկային տնտեսությանն ութ սորտի ամենևին էլ պետք չէ, նույնիսկ դրա կեսն էլ շատ է՝  սերմնաբուծություն կազմակերպելու և իրականացնելու տեսակետից:

Մտածել, թե մեկ անհատը, մեկ ձեռներեցը կամ մեկ սերմնաբուծական  ընկերությունը կարող է  միաժամանակ նույն մշակաբույսի ութ սորտի սերմնաբուծություն իրականացնել ու ասել, որ ինքը մաքուր սերմ է արտադրում, առնվազն միամտություն է:

Որ որակյալ սերմերի օգտագործումը Ղարաբաղում կյանքի պահանջ է դառնում (հեղինակի բառերն են), որ սերմնաբուծությունը առայժմ չլուծված պրոբլեմ է, միանգամայն համաձայն ենք: Հացահատիկի արտադրության ավելացումը, բարձր բերքի ստացումը անժխտելիորեն կապված են ցանվող սերմի որակի հետ: Թեև ոչ պակաս կարևոր է ամեն մի գոտու համար համապատասխան բարձր բերքատու սորտ ունենալը:

Ուզում ենք անդրադառնալ նաև հեղինակի հեգնական և միաժամանակ ոչ ճիշտ «…այսպես կոչված «Գյուղակադեմիա» ՍՊԸ…» արտահայտությանը:

Արդեն հասկանալի է« որ խոսքը «Ակադեմիա» ՍՊԸ-ի մասին է« որին հեղինակը սխալմամբ  «Գյուղակադեմիա» է անվանում, միաժամանակ որակելով որպես սպեկուլյացիա:

Իրավ է մի բան« որ «Ակադեմիա» ընկերության գործունեության շրջանակները գյուղտնտեսական արտադրությունն է:

«Ակադեմիա» ՍՊԸ-ն կազմակերպվել է 2001թ., և կառավարության որոշմամբ ստանձնել Է ԼՂՀ գյուղնախարարության կողմից մշակված երկու անչափ կարևոր ծրագրերի իրականացումը: Դրանք են՝ «Հացահատիկային մշակաբույսերի սերմնաբուծության ծրագիր» և «Կարտոֆիլի ապրանքային արտադրության կազմակերպումը հանրապետությունում» բիզնես-ծրագիրը:

Գիտական մակարդակով ծրագրերի իրականացումն ապահովելու համար ընկերությունը ՀՀ-ից հրավիրել է համապատասխան մասնագետներ: Տողերիս հեղինակները հենց այդ մասնագետներն են:

Եկեք ծանոթանանք, պարոն Բադասյան:

Արտակ Գուլյան, կենսաբանական գիտությունների դոկտոր, ցորենի սելեկցիայի և սերմնաբուծության  բնագավառում մոտ 40 տարվա գիտահետազոտական գործունեության ստաժով, այդ բնագավառում շուրջ 80 գիտական հոդվածի ու մեկ ձեռնարկի հեղինակ:

Սարիբեկ Գալստյան, կենսաբանական գիտությունների թեկնածու, ավելի քան 25 տարվա գիտարտադրական գործունեության ստաժով, որ եղել է գլխավոր ագրոնոմ, շրջանի գլխավոր սերմնաբուծ, տնտեսության ղեկավար, և այլն, և այլն:

Իսկ դուք, պարոն Բադասյան, ձեզ թույլ եք տալիս ասել, որ «… տպավորություն է ստեղծվում, որ այս հիմնարկը («Ակադեմիա» – Ա. Գ., Ս. Գ.) ստեղծվել է գիտական բարձր ներուժի, խոր մասնագիտական մոտեցումների սկզբունքով, ինչը բոլորովին այդպես չէ»:

«Ակադեմիան» ճիշտ գնահատելով հանրապետությունում հողի մասնավոր սեփականատիրության հաստատման բերումով ստեղծված իրադրությունը, առաջինն օգնության ձեռք մեկնեց գյուղացիներին, նրանց կողմից չմշակվող հողակտորները սեփականատերերի համար միանգամայն շահավետ գներով վարձակալելով և միևնույն ժամանակ հարյուրավոր աշխատատեղեր ստեղծելով նրանց համար:

«Ակադեմիան» նաև օրինակ ծառայեց առաջինը կիրառելով ցել պահելու և մաքուր սերմնադաշտեր ունենալու սկզբունքը, ինչը խիստ անհրաժեշտ է սերմնաբուծության համար, հողի՝ երկարատև մոնոկուլտուրայի պատճառով տեղի ունեցող բերրիության նվազեցման ու մոլախոտերով աղտոտվածության դեմ պայքարելու համար, չորային գոտիներում, ինչպիսիք ԼՂՀ-ի շատ տարածքներ են, կայուն բերք ստանալու համար:

«Ակադեմիան» նաև ձեռնարկել է աշնանացան ցորենի հայկական սելեկցիայի մեկ տասնյակից ավելի հեռանկարային սորտերի փորձարկումը՝ տվյալ գործի ագրոնոմիական միջոցառման տառին ու կանոնին համաձայն« նույն դաշտում« միանման պայմաններում:

Մեջբերման կարգով ասենք, որ աշնանացան ցորենի հայկական սորտերը ագրոտեխնիկական« սորտափորձարկման բոլոր կանոններով «Ակադեմիա» ընկերության գլխավոր մասնագետների անմիջական մասնակցությամբ փորձարկվում են նաև «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանման և սերմերի որակի վերահսկման կենտրոն» ՓԲԸ փորձադաշտերում:

Ուզում ենք նշել պարզապես« որ եթե իրոք ձեզ մտահոգում են գիտահետազոտական-սերմնաբուծական կենտրոններ, բավարար գիտական ներուժի վրա հիմնված սելեկցիոն կայաններ ստեղծելու հարցերը, թեև «սելեկցիոն կայան» հասկացությունը ամենայն հավանականությամբ դուք ճիշտ չեք հասկանում, քանի որ, ըստ էության, ԼՂՀ-ին ոչ թե սելեկցիոն կայան է անհրաժեշտ, այլ սորտափորձարկման, տեղայնացման համար պիտանի սորտեր հայտնաբերելու գործունեությամբ, սերմնաբուծությամբ զբաղվող կենտրոն« ապա այդպիսին կա (այդ մասին, կարծում եմ, տեղյակ եք), դա հենց վերոհիշյալ ՓԲԸ-ն է, կա և գիտական ներուժը: Պարզապես ֆինանսական ու տեխնիկական հնարավորություններն են բացակայում« ինչի մասին նշեցինք քիչ առաջ: Եթե դառնալու լինենք «Ակադեմիայի» գործունեությանը, ապա ստանձնած ծրագրերի ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ ձեռնարկվել ու տարվել են: Թե° հացահատիկի (ցորենի) և թե° կարտոֆիլի սերմացուի ու պարենային արտադրանքի աճեցման ուղղությամբ բացթողումներ ընկերությունը չի ունեցել: Արդեն 2003 թվին, բացի տեղում կատարած վաճառքից ու նվիրատվություններից ՀՀ-ն օգնության կարգով տրամադրել է շուրջ 150 տոննա մաքրած ու ախտահանած սերմացու, իսկ վաճառքի կարգով տրվել է ավելի քան 1000 (հազար) տոննա սերմացու: Արտադրվել ու իրացվել է ավելի քան հազար տոննա կարտոֆիլ: Իսկ դա Ղարաբաղի համար նորություն էր՝ տեղում այդպիսի ծավալով կարտոֆիլ աճեցնելու տեսանկյունից: Նույնքան էլ արտադրվել է 2004 թվին: Ավելի քան 600 տոննա աշնանացան ցորենի սերմացու «Ակադեմիան» վաճառել է 2004 թվի բերքից:

Իրացման գներ սահմանողը ոչ թե սերմնաբույծ մասնագետները« այլ շուկայի հետ առնչվող ձեռներեցներն են: Բայց ուզում ենք ասել, որ շուկայական հարաբերությունները հիմնված են մրցակցության վրա: Շահում է նա, ով կարողանում է արտադրել ավելի որակյալ, ասել է թե՝ մրցունակ ապրանք« ավելի քիչ ծախսերով« ու շուկային առաջարկել նույնատիպ ապրանքն ավելի ցածր գներով: Այնպես որ« չենք կարծում« որ շուկայականից բարձր գներով վաճառողը «խփում է» նույնատիպ ապրանքը ցածր գներով առաջարկողի գործին:

«Ակադեմիան» աճեցրել ու իրացրել Է Բեզոստայա-1« Միրլեբեն, վերջին տարին՝ նաև քիչ քանակով հայկական Արցախ սորտերի սերմացու: Բեզոստայա -1-ը վաղուց շրջայնացված է Ղարաբաղում: Միրլեբենը փորձարկվել է Մարտունու շրջանի համեմատաբար ցածրադիր և Ճարտարի բարձրադիր գոտիներում ու լավ քննություն է բռնել: Հաջորդ տարին (2004 թվի բերքի տակ) փորձարկվել ու բազմացվել է Շահբուլաղի, Մոլանլարի (Մարտակերտի շրջան), Մարտունու, Աստղաշենի (Ասկերանի շրջան) տարածքներում: Այսինքն՝ հնարավորություն է եղել ստուգել և գնահատել սորտը մի շարք հողային ու կլիմայական պայմաններում:

Բոլոր սերմնաբուծական ցանքերը կատարվել են ցելի վրա կամ շարահերկից հետո (կարտոֆիլ, եգիպտացորեն), և աճեցվել է մաքուր սերմացու:

Համոզված եղեք, «Ակադեմիայի» մասնագետները լավ են հասկանում ջրովի ու անջրդի չորային ու խոնավ, լեռնային ու հարթավայրային և ընդհանրապես վարելահողերի գոտիական ու կառուցվածքային տարբերությունները: Ավելորդ չենք համարում նշել մի հանգամանք: Մեր փորձարկումներով և նախկինում ՀՀ-ում կատարված փորձարկումներով համոզվել ենք, որ հայկական Անի սորտը, որն ի դեպ արդեն միջազգային կատալոգ է մտած որպես ուշադրության արժանի սորտ, ավելի լավ արդյունք է ցուցաբերում ինտենսիվ մշակության պայմաններում (ոռոգում, պարարտացում և այլն): Ուստի նրա սերմը ոչ թե վաճառվել, այլ անվճար տրամադրվել է մեկ ձեռներեցի, պայմանով, որ նա մշակելու է ջրովի ու պարարտացվող պայմաններում:

Մենք լավ ենք հասկանում հացահատիկի արտադրության և ընդհանրապես գյուղտնտեսության զարգացման ճանապարհին ծառացած խնդիրները, ջանում ենք ամեն հնարավոր միջոցներով նպաստել գյուղատնտեսության, հատկապես բուսաբուծության բնագավառում սխալ մոտեցումների վերացմանը և անկեղծորեն ուրախ ենք, որ կան այդ կերպ մտածող ու մտահոգ այլ այրեր ևս:

Արտակ ԳՈՒԼՅԱՆ
Սարիբեկ ԳԱԼՍՏՅԱՆ
«Ակադեմիա» ՍՊԸ գլխավոր մասնագետներ

 

2004 ԹՎԱԿԱՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐՈՒՄ

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ (Նախկին արտգործնախարար)

2004 թվականը մի շարք օբյեկտիվ պատճառների բերումով բարենպաստ չէր ղարաբաղյան հակամարտության կողմերի համար՝ ակտիվ բանակցություններ վարելու հնարավորությունների առումով, չհաշված այն մի քանի հանդիպումները, որ անցկացվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների և արտգործնախարների միջև: Այս տարի մենք ականատես եղանք, թե ինչպես Ադրբեջանը, անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը և քանիցս դժգոհություն հայտնելով նրա համանախագահների գործունեության վերաբերյալ, փորձեց հակամարտության քննարկումը դուրս բերել Մինսկի խմբի շրջանակներից (ԵԽԽՎ, Եվրամիություն, ՄԱԿ): Ավելի շատ դիմակայության, քան կառուցողականության միտված նման ուղեգիծը ապրիորի նվազեցնում է ղարաբաղյան հիմնախնդրի արագ կարգավորման հնարավորությունը և սասանում է այդ միջազգային կառույցի մանդատը, էլ չենք խոսում այն մասին, որ տվյալ քաղաքականությունը ջանքերի անհարկի ապակենտրոնացում է մտցնում հիմնախնդրի խաղաղ կարգավորման որոնումներում:

Վերջին ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը զուգահեռ հիմնախնդրի կարգավորման գործում նկատվում է նաև եվրոպական կառույցների ակտիվացում: Մասնավորապես, Եվրախորհրդարանը, ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հիմնախնդրի գծով զեկուցողներ են նշանակել: Հիմնվել է նաև Եվրամիության՝ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցչի պաշտոն: 2004 թվականին այդ զեկուցողներից շատերը այցելել են տարածաշրջան, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ, որոնց արդյունքում հրապարակվել են զեկույցները: Մասնավորապես, Դևիսի-Ատկինսոնի (ԵԽԽՎ) զեկույցն ընդհանուր առմամբ կարելի է բնորոշել որպես չհաշվեկշռված և հակամարտության էությունից վերացարկված, սակայն ուշագրավ է այն փաստը, որ այնտեղ որպես անկյունաքար է դիտարկվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնայնությունը:

ԼՂՀ ԱԳՆ-ն մեծ աշխատանք է տանում հանրապետության ոչ կառավարական կազմակերպությունների հետ, գտնելով, որ սոսկ կայուն քաղաքացիական հասարակությունը կարող է նպաստել միջազգային ասպարեզում ԼՂՀ-ի գրավիչ իմիջի ձևավորմանը:  ԼՂՀ-ում մարդու իրավունքների վիճակի մասին միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վերջին հաշվետվությունները վկայում են, որ հանրապետությունը մեծ քայլ է կատարել դեպի իրավական, քաղաքացիական հասարակություն: Այդ հաշվետվություններում Լեռնային Ղարաբաղը մի շարք չափանիշներով առաջ է անցնում ճանաչված շատ պետություններից, այդ թվում՝ Ադրբեջանից: Մասնավորապես, 2004թ. դեկտեմբերին Freedom House (Ազատության տուն) ամերիկյան հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների վիճակի ամենամյա հաշվետվություն: Ինչպես և անցած տարում՝ մեր երկրի վարկանիշը զգալիորեն բարձր է հարևան Ադրբեջանից, որը հայտնվել է ոչ ազատ երկրների ցուցակում: Իսկ մենք այդ կազմակերպության կողմից դասվել ենք մասամբ ազատ երկրների շարքը, որոնց բնակչությունը կարողանում է օգտվել հիմնական քաղաքական իրավունքներից և քաղաքացիական ազատություններից: Միջազգային մամուլում վերջին հրապարակումները, ինչպես նաև ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող փորձագետների վերլուծությունները վկայում են, որ միջազգային հանրությունը գնալով ավելի է հակվում այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղը՝ առաջընթաց ապահովելով իր ժողովրդավարական զարգացման ճանապարհին, կարող է և պետք է գոյություն ունենա որպես անկախ պետություն:

Մենք շարունակում ենք պնդել լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնման անհրաժեշտության վրա, գտնելով, որ բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը հակամարտության արագ կարգավորմանը հասնելու միջոց է: Հուսով ենք, որ միջազգային հանրությունը, հատկապես այն երկրները, որոնք ներգրավված են հակամարտության լուծման գործում, արդեն չեն կարող բանակցությունների սեղանի շուրջ անտեսել Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներին:

Արտերկրում մեր մշտական ներկայացուցչությունների միջոցով ԼՂՀ-ում իրականացվում են բազմաթիվ տնտեսական և հումանիտար ծրագրեր, այդ թվում՝ աջակցում ենք «Հյուսիս-Հարավ» ռազմավարական մայրուղու շինարարության համար միջոցների հայթայթմանը:

Ամփոփելով անցնող տարվա արդյունքները, կարելի է ասել, որ մենք բոլոր հիմքերն ունենք  ակտիվացնելու ԼՂՀ միջազգային ճանաչմանը և միջազգային հանրությանը ԼՂՀ լիիրավ անդամակցելուն ուղղված մեր ջանքերը:

Էդուարդ ԱՂԱԲԵԿՅԱՆ («Շարժում-88» հասարակական-քաղաքական կազմակերպության ղեկավար).

ԼՂՀ անկախ պետականության զարգացման ճանապարհին 2004 թվականն իր ուրույն տեղն ունի, քանի որ մեծ քայլ կատարվեց երկրի ժողովրդավարացման գործընթացում: Խոսքը վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ՝ մայրաքաղաքում եւ հանրապետության շրջաններում: Ինձ համար, թերեւս, ամենահաճելին այն է, որ անկախ պետականության գաղափարն ավելի է հասու դառնում ժողովրդին: Ներկա ժամանակաշրջանում, երբ բարենպաստ պայմաններ են ստեղծված  համազգային խնդիրների լուծման համար, անհրաժեշտ է գիտակցել, որ լուծման ուղիներն անցնում են հենց Արցախով: Մենք ունենք բոլոր անհրաժեշտ ռեսուրսները ժողովրդավարության ապահովման, քաղաքացիական հասարակության ձեւավորման ու ամրապնդման համար: Առանց վարանելու կարող ենք ասել, որ սոցիալական արդարության վրա հիմնված պետության տեսլականն աստիճանաբար վերածվում է իրականության, ուրեմն՝ ժողովուրդը կարող է  վստահորեն նայել իր ապագային: Ժամանակն ստիպում է մեզ՝ ավելի պատասխանատու լինել ազգային խնդիրների նկատմամբ, հակառակ պարագայում կդրվի հայկական էթնոսի վերջի սկիզբը մեր տարածաշրջանում:

Գալիք տարում մեծ իրադարձություններ են մեզ սպասվում: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել իմ բոլոր հայրենակիցներին՝ նոր տարեմուտի կապակցությամբ:  2005 թ. ամբողջ ազգով կնշենք հայ գրերի ստեղծման 1600-ամյակը: Դրանց շնորհիվ է ազգը կանգուն մնացել, մաքառել ու գոյատեւել: Արցախում սպասվում են նաեւ խորհրդարանական ընտրություններ: Ցանկալի կլիներ, որպեսզի մշտական հիմունքներով աշխատող պատգամավորների թիվը գերազանցեր ոչ մշտականին:

Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ (ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ).

2004 թվականը բարեհաջող տարի էր՝ թեկուզեւ այն առումով, որ հեռու մնացինք քաղաքական ու բնական աղետներից: Մյուս կողմից՝ տնտեսական առաջընթացի ավելի մեծ հնարավորություններ ունեցանք, որոնք, դժբախտաբար, չօգտագործվեցին:

Շնորհավորելով մեր ժողովրդի Ամանորը եւ Սուրբ Ծնունդը,  մաղթում եմ նրան հաջողություններ՝ պետության կայացման գործում, կյանքի բոլոր բնագավառներում: Հույս ունեմ, որ գալիք տարում առավել արդյունավետ կօգտագործվեն առկա հնարավորությունները, մասնավորապես խոսքը վերաբերում է քաղաքական դաշտի զարգացմանը: 2005 թ. մեր երկրում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, կարծում եմ, մենք մի քայլ էլ կկատարենք ժողովրդավարության զարգացման ճանապարհին, քանի որ ժողովուրդն զգում է իր վճռական ու ազդեցիկ դերն այս գործընթացում: Վկայությունը՝ 2004 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք ցույց տվեցին երկրի ժողովրդավարացման գործընթացի անշրջելիությունը: Ի վերջո, եթե ժողովուրդն է որոշում իր ապագան, ապա կառավարական-վարչարարական լծակներն այս գործում անզոր են:

 

ՖՐԱՆՍԻԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՌՋԵՎ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցություններում Ֆրանսիան Թուրքիայի առջեւ բարձրացնելու է բոլոր հարցերը՝ հայոց ցեղասպանության հարցը ներառյալ:

«Ներկայումս հարկավոր է սկսել անդամակցության բանակցությունները, որոնք շատ երկարատեւ, շատ դժվար են լինելու: Դրանց ընթացքում մենք սեղանին ենք դնելու բոլոր հարցերը՝ ներառյալ հայոց ցեղասպանության հարցը՝ մինչեւ անդամակցությունը Թուրքիայից պատասխան ստանալու հույսով», – RTL ռադիոկայանին երկուշաբթի օրը ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Միշել Բարնյեն:

Թեեւ Ֆրանսիայի խորհրդարանը 2001 թվականին ընդունել է օրենք, որով Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին հայերի «զանգվածային սպանությունները» ճանաչել է որպես ցեղասպանություն, երկրի իշխանությունները մինչեւ դեկտեմբերի 14-ը (Թուրքիայի հետ Եվրամիության անդամակցության բանակցությունները սկսելու մասին որոշումից ընդամենը 3 օր առաջ) խուսափում էին այդ բառը հնչեցնելուց:

Հայոց ցեղասպանության մասին Բարնյեն խոսել է խորհրդարանում: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը աջակցում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, բայց բախվում է դիմադրության ինչպես իր կառավարող կուսակցության ներսում, այնպես էլ ընտրողների մեծամասնության շրջանում:

«Ֆրանս Պրես» գործակալություն

 

 ՂԱՐԱԲԱՂՑՈՒՆ «ՉԻ՞ ԿԱՐԵԼԻ» ԲՆԱԿԵՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԸ

Ինչպես հայտնում է Բաքվի «Էխո» թերթը, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Սոֆիայում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 12-րդ նիստում, քննարկել են «գրավյալ տարածքների»  եւ տրանսպորտային հաղորդակցությունների բացման հեռանկարների մասին հարցերը: Ադրբեջանի արտգործնախարար Է. Մամեդյարովը բարկացած ասել է, որ «Հայաստանը Ադրբեջանի գրավյալ տարածքներում վերաբնակեցման քաղաքականություն է իրականացնում»:  Ընդ որում, «գրավյալ տարածքների» մեջ Բաքուն նաև Արցախի բուն տարածքն է մտցնում: Ինչպես հայտնի է, նույն հարցը Ադրբեջանը քննարկման թեմա էր դարձրել ՄԱԿ-ում:

Ինչի՞ց է անհանգստացած Բաքուն: Գուցե նրանից, որ եթե տարածքները բնակեցված լինեն հայերով, միջազգային հանրությունը կճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը: Գուցե Բաքուն ճիշտ է անհանգստանում: Իրո՞ք Ադրբեջանը Ղարաբաղին մեղադրելու իրավական և բարոյական հիմքեր ունի: Իսկ ղարաբաղյան հասարակությունը, կարծես, չի մտահոգվում այդ հարցերով: Ավելին՝ ինչպես միշտ, հայերը պաշտպանական դիրք են ընդունում և խեղճ-խեղճ արդարանում, որ ոչ մի վերաբնակեցում էլ Արցախում չեն իրականացնում: Երևանյան պաշտոնյաները պնդում են, որ  Հայաստանը կապ չունի վերաբնակեցման հետ, ԼՂՀ ԱԳՆ-ն էլ ազատագրված տարածքները վերաբնակեցնելու միայն մի փաստարկ է ներկայացնում. ո՞ւր բնակեցնենք հայ փախստականներին:

Եվ ոչ ոք տիրոջ իրավունքով չի ասում. բա ի՞նչ անենք, թողնենք ազատագրված Արցախն ու գնա՞նք: Իսկ ո՞ւր գնանք մեր հողից: Թե՞ կյանքը կանգնեցնենք, մինչև աշխարհը ճանաչի մեզ: Կամ գուցե պարզապես չպատասխանե՞նք նման աբսուրդ մեղադրանքներին: Իսկ գուցե վաղուց ժամանակն է դժգոհություն հայտնել մեր իշխանություններին՝ Արցախը դանդաղ վերաբնակեցնելու համար (2004 թ. 11 ամսվա ընթացքում, օրինակ, մշտական բնակության Արցախ են եկել ընդամենը 174 ընտանիք): Գուցե արժե հարցնել, թե ինչո՞ւ վերաբնակների մի մասը չեն մնում Արցախում: Մյուս կողմից՝ ինչո՞ւ չեն բնակեցվում մեր հինավուրց ու, ցավոք, դատարկվող գյուղերը: Ինչո՞ւ վերջին տարիներին անընդհատ իջնում է ծնելիության մակարդակն Արցախում:

Չէ, ինչպես երևում է, հայերս չենք կարող տեր կանգնել մեր իրավունքին և սպասում ենք մի փոքրիկ մեղադրանքի, որպեսզի սկսենք արդարանալ նույնիսկ նրանում, որ ապրում ու բազմանում ենք մեր սեփական հողում: Բայց չէ՞ որ թույլին ու արդարացվողին չեն հարգում:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

 

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Նոյեմբերի 23-ին Բուդապեշտի քաղաքային դատարանում սկսվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով դատավարության նիստը: Նիստին մասնակցելու համար ՀՀ-ից Բուդապեշտ էին մեկնել Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդ Հայկ Մակուչյանի ներկայացուցիչ« փաստաբան Նազելի Վարդանյանը և փաստաբանական խմբի անդամ Հայկ Դեմոյանը, որին էլ դիմեցինք դատավարության մանրամասներին տեղեկանալու համար:

Նշենք, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովը մեղադրվել է 166 հոդվածի երկրորդ մասով՝ հայ սպայի դեմ կանխամտածված դաժան սպանություն և մահափորձ կատարելու համար:

Նախօրոք ծրագրված և դաժան սպանություն իրագործած ադրբեջանական բանակի սպան դատավարության ժամանակ, սակայն, հրաժարվել է իր նախնական ցուցմունքներից՝ պատճառաբանելով ռուսերենի տկար իմացությունը և, հետևաբար, դրանց՝ իրականությանը չհամապատասխանելը: Ինչպես նշեց Հ. Դեմոյանը, իր խոսքում Ռ. Սաֆարովն ակնհայտորեն փորձել է քաղաքական բնույթ տալ դատավարությանը՝ հայերին մեղադրելով «Ադրբեջանի 20 տոկոսի բռնազավթման և հազարավոր ադրբեջանցիների սպանության մեջ»:

Պաշտպանող կողմը դատարանին է ներկայացրել քարոզչական նյութեր պարունակող մի փաթեթ, սակայն հունգարական դատարանը տեղի չտվեց սադրանքին և չանդրադարձավ գործին կոնկրետ առնչություն չունեցող նյութերին,- ավելացրեց փաստաբանական խմբի անդամը:

Դատական նիստում վկայություն են տվել նաև հայկական բանակի սպա Հայկ Մակուչյանը« Գ© Մարգարյանի հետ նույն սենյակում գտնված հունգար սպան և հունգարական ռազմական ինստիտուտի աշխատակիցը:

Այդ վկայություններից պարզ էր, որ հայ սպաները որևէ առնչություն չեն ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, և որ բոլոր մեղադրանքները՝ հայկական կողմի հրահրիչ պահվածքի վերաբերյալ, շինծու են և իրականությանը չհամապատասխանող (մասնավորապես, ադրբեջանական մամուլում տեղ գտած Ադրբեջանի դրոշով հայ սպաների, իբր թե կոշիկներ սրբելու կամ ադրբեջանցի կանանց բռնաբարելու ձայներիզների կամ տեսաերիզների պատմությունները): Այդ մասին որևէ ցուցմունքում հիշատակում չկար, դա ուղղակի ադրբեջանական մամուլի ստահոդ քարոզչության արդյունք է,- ասաց Հ. Դեմոյանը:

Պաշտպանվող կողմի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվել է մինչև 2005թ.-ի փետրվարի 8-ը:

Լիլիթ ԱՍՐՅԱՆ

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s