№ 1 / 31 մարտ

ԿԱՅԱՆԱԼՈՎ՝ ԿԱՅԱՑՆԵԼ

Հարգելի ընթերցող, քո առջև նոր թերթ է, թեև հեղինակների մեծ մասին դու ճանաչում ես: Նոր թերթ է՝ նոր նպատակ-խնդիրներով: Նպատակադրվել ենք ստեղծել հանրային թերթ, ասել է թե՝ ոչ իշխանության, ոչ ընդդիմության ու որևէ քաղաքական ուժի խոսափող, այլ քո և բոլորի՝ ամբողջ հանրության խոսափողը: Մեծ ու դժվարին առաքելություն է սա, քանի որ հայկական լրատվական դաշտում այս տեղը թափուր է, այս ավանդույթը դեռ չկա:

Նախընտրել ենք ազատախոհական հայեցակարգ, ինչը ենթադրում է, որ կիրթ ու ազատ հասարակությունն ինքը պետք է ողջամիտ ընտրություն կատարի ազատ շուկայում գործող տեղեկատվության տարատեսակ միջոցներից: Արդեն կայացած ժողովրդավարական կամ, համենայն դեպս, դրան ձգտող հասարակությունում մարդկանց պետք է տրվի այդ արտոնությունը: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իմանալ, թե ինչ է կատարվում իր երկրում, ընդ որում՝ իմանալ ոչ թե մեկ, այլ մի քանի աղբյուրներից: Այդ աղբյուրներից մեկն էլ մենք ենք լինելու: Պաշտպանելով տեղեկատվություն ստանալու քո իրավունքը, դու՝ հարգելի ընթերցող, պաշտպանած կլինես նաև մեզ, չես թողնի, որ ինչ-որ մեկը քո տեղ որոշի, թե ինչ տեղեկություններ և որտեղից ստանալ: Տեր կանգնելով բոլոր աղբյուրներին ու կարծիքներին ծանոթանալու քո իրավունքին, դու սատարած կլինես մեզ: Այլապես, եթե այդ իրավունքը զիջեցիր, ապա այլևս ոչինչ չի կարող քեզ ու մեզ օգնել, այլապես դու կվերածվես ընդամենը պտուտակի, այլ ոչ թե անհատի ու քաղաքացու, այլ ոչ թե երկրի տիրոջ:

ԼՂՀ իշխանությունները հռչակել են ժողովրդավարական բարեփոխումների ուղեգիծ, բայց այն դեռ չի ամրապնդվել կոնկրետ գործերով, չի ստեղծվել համապատասխան արժեքային համակարգ: Ահա թե ինչու մեր հիմնական խնդիրներից մեկը լինելու է բարեփոխումներին նպաստելը, քաղաքացիական հասարակության կայացմանն աջակից լինելը: Ահա թե ինչու «Դեմո». ժողովրդին՝ ժողովրդավարություն:

Ընդունված է ասել, որ ազատ և անկախ մամուլը կարող է գործել միայն ժողովրդավարական մյուս ավանդույթների հետ համատեղ: Այս ուղղությամբ մեզ մոտ դեռ շատ անելիքներ կան: Անկախ մամուլի ու չորրորդ իշխանության կայացմանը զուգընթաց պիտի կայանան երկրի քաղաքական ու հասարակական դաշտերը, ստեղծվեն ազատ ու արդար ընտրությունների մեխանիզմներ ու կայուն ավանդույթներ, պիտի հստակորեն տարանջատվեն իշխանության ճյուղերը: Ուստի, ինքներս մեր իսկ կայացման դժվարին ու խորդուբորդ ճանապարհին պարզապես պարտավոր ենք նպաստել նաև այդ ամենի կայացմանը:

Շատ դժվարին խնդիր է, բայց այլընտրանք չկա: Կա այսպիսի մի պարզ ճշմարտություն՝ աղքատ տնտեսություն ու դեռևս ոչ ժողովրդավարական հասարակություն ունեցող երկրում ազատ ու անկախ մամուլի կայացումն անհնար է: Անկախ ասելով հասկանում ենք պետական, քաղաքական և տնտեսական վերահսկողությունից ու արտաքին միջամտությունից անկախ: Պիտի կախվածություն լինի միայն ընթերցողական լսարանից: Ահա թե ինչու մեր հիմնական հույսն ու ապավենը դու ես լինելու, հարգելի ընթերցող: Եւ միայն ու միայն քո օգնությամբ կարող ենք հասնել իրական անկախության՝ եթե, իհարկե, արժանի համարես մեզ այդ պատվին:

Դասական բնորոշմամբ ցանկացած լրատվամիջոց ունի երեք առաքելություն՝ տեղեկացնել, կրթել-լուսավորել և զվարճացնել: Մեր հիմնական ճակատը լինելու է առաջինը՝ տեղեկատվականը, ու դրա միջոցով քո իրավունքների պաշտպանությունը, քանի որ լավագույն ծառայությունը, որ թերթերը կարող են մատուցել հանրությանը՝ հասարակության շահերի պաշտպան լինելն է, հանրության շահերին ծառայելը:

Թերթը նպատակ ունի նաև իր համեստ ներդրումն ունենալ ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման գործում: Կփորձենք լրագրողական համագործակցության միջոցով ու ժողովրդական դիվանագիտության խողովակներով նպաստել երկու հանրությունների միջև երկխոսության ու վստահության կամուրջների ստեղծմանը, տեղեկատվական պատերազմից հրաժարմանն ու թշնամու կերպարի վերացմանը: Այլընտրանք չկա, մեր ժողովուրդները կարող են և պարտավոր են հիմնախնդիրն արդար ու քաղաքակիրթ մեթոդներով կարգավորել:

Ուրեմն՝ բարի երթ մեզ ու քեզ, հարգելի ընթերցող: Բարի երթ դեպի ազատ ու ժողովրդավարական հասարակություն, դեպի խաղաղ ու բարեկեցիկ երկիր:

ԱՅՍՏԵՂ  ԾՆՎԵԼ  Է  ԱՖՐՈԴԻՏԵՆ
Կիպրոս. Ճամփորդական նոթեր

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մարտի 7-14-ը մոտ երկու տասնյակ լրագրողներ Երևանից, Բաքվից ու Ստեփանակերտից այցելեցին Կիպրոս: Բաքվի և Երևանի մամուլի ակումբների կողմից և Ստեփանակերտի մամուլի ակումբի մասնակցությամբ իրականցվող և «Բաց հասարակության ինստիտուտ» միջազգային կազմակերպության կողմից աջակցվող «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարներ. փորձագետների կարծիքներ և լուսաբանում ԶԼՄ-ներում» ծրագրի շրջանակներում սա հայ-ադրբեջանական լրագրողների շփման ու համագործակցության հերթական փորձն էր: Կոնկրետ այս այցի հիմնական նպատակը կիպրական հիմնախնդրի էության ու ղարաբաղյան հիմնախնդրի հետ նրա առնչությունների համատեղ ուսումնասիրությունն էր: Արցախից մասնակցում էին տողերիս հեղինակն ու Արցախի հանրային հեռուստատեսության աշխատակից, ՍՄԱ վարչության անդամ Նարինե Աղաբալյանը:

Կիպրոսը գտնվում է երեք մայրցամաքների՝ Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի խաչմերուկում, մեծ քաղաքակրթությունների շփման կիզակետում, ինչն էլ կանխորոշել է նրա պատմական զարգացումը: Տարածքի մեծությամբ (9251 քառակուսի կիլոմետր) համարվում է միջերկրածովյան կղզիներից երրորդը՝ Սիցիլիայից ու Սարդինիայից հետո: Կլիման մերձարևադարձային միջերկրածովային է (տարվա 320 օրը արևային է): 1960թ. Սահմանադրության համաձայն, հայերի, մարոնիտների ու կաթոլիկների համայնքները կամովին հարել են հունակիպրական համայնքին: Ներկայումս, ըստ պաշտոնական տվյալների, կղզու բնակչությունը կազմում է 793000 մարդ, որից 640000-ը (81%) պատկանում է հունական համայնքին, 88000-ը (11%)՝ թուրքական համայնքին և 66000-ը (8%)՝ այլ ազգերի ներկայացուցիչներ են:

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Կիպրական քաղաքակրթությունը հնագույններից է աշխարհում՝ մոտ 11 հազար տարվա պատմություն ունի: Կղզու հարմար ռազմավարական դիրքը և հարուստ բնապաշարները գայթակղել են շատուշատ զավթիչների, սակայն այստեղ կարողացել են անխաթար պահել իրենց լեզուն և մշակութային ուրույնությունը: Հոմերոսն ու այլ հին հունական պոետներ հաճախ են հիշատակում Կիպրոսը, հիացմունքով խոսելով նրա մշակույթի մասին: Մ.թ.ա. 11-րդ դարի վերջին կղզին գաղութացրել են աքայացիները, 9-րդ դարում՝ փյունիկցիները: Կիպրոսը կրետեմիկենյան մշակույթի կենտրոններից էր: 8-րդ դարի վերջին կղզին նվաճել է Ասորեստանը, 6-րդ դարի կեսերին՝ Աքեմենյան Պարսկաստանը: Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության բաժանումից  հետո Կիպրոսը դարձել է Պտղոմեոսների եգիպտական կայսրության գլխավոր կենտրոններից մեկը: Հռոմեական տիրապետությունն այստեղ հաստատվել է մ.թ.ա. 58 թվականին: Հռոմեական կայսրության տրոհումից հետո՝ մ.թ. 395 թվականին, Կիպրոսը հայտնվել է Բյուզանդական կայսրության կազմում:

1571թ. կղզի են ներխուժել թուրք-օսմանները, որի հետևանքով ձևավորվել է կիպրաթուրք բնակչությունը (1960թ. մարդահամարի տվյալներով կիպրաթուրքերը կազմում էին կղզու ամբողջ բնակչության 18,3 տոկոսը): Ուշագրավ է, որ թուրքական տիրապետության ժամանակաընթացքում կիպրահույներն ու կիպրաթուրքերը քանիցս համատեղ ընդվզել են օսմանյան լծի դեմ: 19-րդ դարում Կիպրոսում սկիզբ է առել Հունաստանի հետ միավորվելու շարժումը (էնոզիս): 1878 թվականը օսմանյան տիրապետության վերջին տարին էր. սուլթանը կղզին հանձնեց Մեծ Բրիտանիային: 1955թ.՝ բրիտանական լծից ազատվելու երկարատև քաղաքական ու դիվանագիտական ապարդյուն ջանքերից հետո կիպրացի հույները ապստամբեցին: Կղզին Հունաստանին միացնելու պահանջին բրիտանացիները հակադրեցին կղզին բաժանելու գաղափարը: Կիպրահույների ազատագրական պայքարի ժամանակ Թուրքիան խրախուսում էր կիպրաթուրքերի առաջնորդներին, որոնք էլ իրենց հերթին պաշտպանում էին գաղութատերերին:

Ազատագրական պայքարն ավարտվել է 1959-ին, երբ Մեծ Բրիտանիան, Թուրքիան և Հունաստանը ստորագրեցին Ցյուրիխ-լոնդոնյան համաձայնագիրը: 1960թ. Կիպրոսը հռչակվել է անկախ հանրապետություն:  Նախագահ Մակարիոսի կառավարությունը հռչակեց «դրական չեզոքության»  և բոլոր երկրների հետ բարեկամական կապեր զարգացնելու քաղաքականություն: Սահմանադրությամբ թուրքական համայնքին տրվել է մշակութային ու կրոնական ինքնավարություն, նաև՝ որոշակի արտոնություններ պետական կառավարման համակարգում: Նրանց տրվել է պետական կառավարման մարմիններում տեղերի 30 և բանակում ու ոստիկանությունում՝ 40 տոկոսը: Կառավարությունում նրանք ստացել են 10 նախարարական պաշտոններից 3-ը, իսկ Ներկայացուցիչների պալատում (խորհրդարանում) 50 մանդատներից 15-ը՝ լրացուցիչ լիազորություններով:

Թուրքիան, սակայն, չէր հրաժարվում իր նկրտումներից և հարմար առիթ էր որոնում: 1964-ին Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Քեմալ Էրքինը բացեիբաց հայտարարել է, որ Կիպրոսը կենսախնդիր հարց է իրենց համար: Նույն տարում Թուրքիայի փոխնախագահ Քեմալ Սաթիրը հայտարարել է՝ «Կիպրոսը երկու մասի է բաժանվելու, և մի մասը միավորվելու է Թուրքիային»: 1974թ. հուլիսի 15-ին հունական ռազմական խունտան Կիպրոսում իրականացրել է հակակառավարական խռովություն (հիշեցնենք, որ 1967թ. ապրիլի 21-ին Հունաստանում ռազմական հեղաշրջում է եղել, և իշխանության են եկել «սև գնդապետները»), որն էլ Թուրքիայի համար առիթ հանդիսացավ մշակելու «Աթիլլա» օպերացիան և կղզի ներխուժելու: Օդուժի ու նավատորմի աջակցությամբ 40000 թուրք զինվորներ, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերը, ներխուժեցին կղզի: Երեք օր անց՝ հուլիսի 23-ին, հունական խունտան տապալվեց, և Հունաստանում իշխանության եկավ ժողովրդավարական կառավարությունը, ինչից հետո կղզում վերահաստատվեց սահմանադրական կարգուկանոնը:

Եթե Թուրքիայի գործողությունները պայմանավորված էին երաշխավոր երկրի պարտավորությամբ, ապա դրանից հետո նա պիտի դուրս բերեր զորքերը կղզուց: Դրա փոխարեն Թուրքիան նույն տարվա օգոստոսին սկսեց երկրորդ հարձակումը: Պատերազմի ժամանակ հազարավոր հույներ ու հայեր փախստականներ դարձան, հետագայում 55 եկեղեցի մզկիթի վերածվեց, մոտ 50-ը՝ գոմերի, քանդվեցին բազմաթիվ գերեզմանոցներ: Մեզ՝ հայերիս, պետք չէ բացատրել, թե ինչպես են թուրքերը վարվում նման դեպքերում: 1983թ. նոյեմբերի 15-ին կիպրաթուրքերի առաջնորդ Ռաուֆ Դենքթաշը հռչակեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը: Անցած 30 տարում կիպրական հիմնախնդիրը լուծելու բազմաթիվ փորձեր են եղել, բայց երբեք հիմնախնդիրն այնքան մոտ չի եղել կարգավորմանը, որքան ներկայումս:

ԳՐԵԹԵ ՍՈՒՐԲ ԼՈՒԿԱՍ, ԿԱՄ՝ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Կիպրական հիմնախնդրի կարգավորման այս վճռորոշ փուլում քննարկվում է կղզին միավորելու և միասնական պետություն ստեղծելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի պլանը: Ներկայումս բանակցություններ են ընթանում կղզու հունական և թուրքական համայնքների միջև: Եթե դրանք արդյունք չտան (վերադառնալուց տեղեկացանք, որ առաջին փուլում բանակցությունները գրեթե ձախողվել են, թեև տեսականորեն մի փոքրիկ շանս կա՝ կապված ևս մի հանդիպման հետ), ապա բանակցություններում ներգրավվելու են երկու երաշխավոր երկրներ՝ Հունաստանն ու Թուրքիան: Եթե այս տարբերակն էլ ձախողվեց, ապա պարոն Անանը ներկայացնելու է իր վերջնական եզրակացություններն ու առաջարկը, և միաժամանակյա հանրաքվեներ են անցկացվելու երկու համայնքներում (ամենայն հավանականությամբ՝ ապրիլի 21-ին): Ուշագրավ է, որ անկախ այս ամենի արդյունքից՝ Կիպրոսի Հանրապետությունը մայիսի 1-ին անդամագրվելու է Եվրամիությանը (ի դեպ, Կիպրոսը 1960-ից ՄԱԿ-ի անդամ է, 1961-ից՝ Եվրոպայի Խորհրդի): Հարցը հետևյալն է՝ որպես միասնական պետությու՞ն, թե՞ առանց թրքական հյուսիսի:

Որ հիմնախնդիրը կարգավորման մեծ հեռանկարներ ունի՝ մեզ համար միանշանակ էր, քանի որ շփվելով երկու կողմերի հետ, մենք, համենայն դեպս, այդ տպավորությունն ստացանք: Ինձ համար կարգավորման հեռանկարի իրատեսության խորհրդանիշ էր հույն Լուկաս Լուկան, որն ամբողջ շաբաթ մեր լրագրողական դեսանտի հետ էր և դարձել էր բոլորի սիրելին, հավասարաբար վայելելով հայերի ու ադրբեջանցիների համակրանքը: Նա աշխատում է ՆԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունում և ուղեկցում էր մեզ ամենուր: Նախկին ԽՍՀՄ-ում սովորած և ռուսերենին տիրապետող այս համակրելի մարդը , պարտավորված լինելով ներկայացնել պաշտոնական տեսակետը, ամեն մի հարցում հայտնում էր իր կարծիքը, ընդ որում՝ ամենայն անկեղծությամբ: Տեղում հայտնի մարդ է, Հարավային Կովկասի հակամարտությունների գիտակ, ինչի մասին էլ գիրք է գրել: Գրքում մի առանձին գլուխ նվիրել է Լեռնային Ղարաբաղին (մեզ ուղղեց՝ «ոչ թե Լեռնային Ղարաբաղին, այլ՝ Արցախին») և մեծ ցանկություն ունի այցելել մեր երկիր:

-Փոխզիջում պիտի լինի, այլ ելք չկա, – ասում է նա,- չի լինելու մի որոշում, որ ամբողջովին կիպրահույների կամ կիպրաթուրքերի սրտովը լինի: Մեր ժողովուրդները կարող են և պատրաստ են համատեղ ապրելու և մարդկային արժանավայել կյանք ապահովելու բոլորի համար: Ապրելու մի երկրում, ուր ապահովված կլինեն բոլորի իրավունքները և ազգային ինքնատիպությունը: Հույներիս մեջ էլ կան մարդիկ և ուժեր, որոնք առճակատման կողմնակից են և մաքսիմալիստներ, բայց կյանքը ցույց տվեց, որ դա լավագույն ճանապարհը չէ: Այս ճշմարտությունը բացի պարոն Դենքթաշից ու նրա հովանավորներից քաջ հասկացել են նաև թուրքական մասում:

Պարոն Լուկասը հաջողացրեց մեր հանդիպումը իր գերատեսչության ղեկավարի՝ ներքին գործերի նախարար Անդրեաս Խրիստուի հետ: Վերջինս երկրի ամենասիրված ու ամենամեծ հեղինակություն վայելող քաղաքական գործիչներից է: Նա Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցության (ԱԿԷԼ) ղեկավարներից է: Կոմկուսի ժառանգորդը հանդիսացող այս կուսակցությունը վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ դաշինք կազմելով Ձախ-Նոր ուժերի հետ՝ ամենաշատ ձայներն է հավաքել՝ 37,7 տոկոս, այսինքն՝ 20 տեղ խորհրդարանում: Կիպրացիների համակրանքը նա վայելում է մի շարք մարդկային հատկանիշների շնորհիվ՝ մոլեռանդ չէ, ի վիճակի է լսելու ուրիշի կարծիքը և ընդունելու խոհեմ առաջարկները:

55-ամյա համակրելի այս քաղաքական գործիչը մեզ վրա ևս շատ լավ տպավորություն թողեց: Պարոն Խրիստուն, ողջունելով մեզ, ասաց, որ Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեն, նորերս Հայաստանից խորհրդարանական պատվիրակություն է այցելել կղզի (ի դեպ՝ արցախցի խորհրդարանական էլ կար պատվիրակության կազմում): Այդ հարաբերություններում նա կարևորեց կիպրահայ համայնքի դերը: Բայց կողմ ենք նաև Ադրբեջանի հետ բնականոն հարաբերություններին՝ ավելացրեց նա: Հանդիպման վերջում հարմար առիթն օգտագործեցի ներկայանալու և նվիրելու մեր ԱԳՆ թողարկած լազերային սկավառակը Լեռնային Ղարաբաղի մասին: Հաճույքով ընդունեց նվերը և իր երախտագիտությունը հայտնեց:

Կիպրական ՆԳՆ-ն հեռավոր ազգակցական կապ անգամ չունի մեր իմացած ՆԳՆ-ի հետ: Ավելի ճիշտ՝ մեր իմացածի նման էր մինչև 1993թ., իսկ հետո վերարժևորվեց ու վերափոխվեց: Ներկայումս այս գերատեսչությունը զբաղվում է քաղաքացիության ու գույքի, մամուլի և լրատվության, ընտրությունների ու քաղաքացիական պաշտպանության, ճարտարապետության ու բնակարանային և այլ հարցերով: Մի խոսքով, ինչպես մենք կատակեցինք՝ արտաքին քաղաքականությունից ու բանակաշինությունից բացի մնացած բոլոր հարցերով: Ոստիկանությունը ենթարկվում է արդարադատության նախարարությանը, անվտանգության ուժերը՝ նախագահին: Ինչպե՞ս չհամեմատես մեր «բարեփոխումների» հետ, երբ ՆԳՆ-ն «վերաճել» է ոստիկանության: Ասեմ նաև, որ մեզնից հինգ անգամ ավելի բնակչություն ունեցող այս երկրում կա ընդամենը տասը նախարարություն:

Նախարարը (ի դեպ, նա էլ բարձրագույն կրթությունը ստացել է նախկին ԽՍՀՄ-ում) ընդգծեց, որ կիպրաթուրք համայնքը սերտ կապեր ունի կիպրահույն համայնքի հետ և ցանկանում է զարգացնել դրանք: Նրա բերած մի քանի փաստեր պարզապես շշմեցուցիչ էին՝ 13,5 հազար կիպրաթուրք արդեն ձեռք է բերել Կիպրոսի Հանրապետության անձնագիր, 34 հազարն էլ հունական մասում վկայականներ է ստացել: Միավորված Կիպրոսում, ըստ նախարարի, կիպրաթուրքերը բոլոր իրավունքներն ունենալու են: Մասնավորապես, ձևավորվելու է սենատ՝  կազմված 24-ական կիպրահույն և կիպրաթուրք ներկայացուցիչներից: Լինելու է նաև դաշնային խորհրդարան՝ 36 հույն և 16 թուրք պատգամավորներով (36-ի մեջ լինելու է նաև հայ պատգամավոր): Նաև երկու, այսպես կոչված, համայնքային խորհրդարան է ձևավորվելու՝ կազմված միայն հույներից և միայն թուրքերից: Սենատն ու դաշնային խորհրդարանն են որոշելու համապետական հարցերը, իսկ ահա հյուսիսում թուրքերին առնչվող որևէ հարց չի լուծվելու առանց թրքական խորհրդարանի համաձայնության:

Պարոն Խրիստուն ներկայացրեց նաև բանակցային գործընթացի նրբությունները, երկու համայնքների միջև առկա վիճահարույց հարցերը:

-Հիմա աշխուժորեն քննարկվում է հիմնախնդրի կարգավորման պլանը: Մենք այն ընդունել ենք որպես բանակցությունների հիմք և մի շարք դիտողություններ ու առաջարկություններ ունենք: Եթե պլանում փոփոխություններ չմտցվեն, ապա մարդիկ հանրաքվեի ժամանակ դեմ են քվեարկելու:  Պլանով նախատեսվում է Նախագահական խորհրդի ձևավորում 6 հոգուց (4 հույն և 2 թուրք), իսկ մենք գտնում ենք, որ դա քիչ է երկիրը կառավարելու համար և առաջարկում ենք 9 հոգի (խորհրդի անդամները նաև նախարարներ են լինելու): Բացի դրանից, ըստ պլանի 10 ամիսը մեկ նախագահը պիտի փոխվի (իրար պիտի փոխարինեն հույն և թուրք նախագահները): Մենք առաջարկում ենք, որպեսզի հույն նախագահը պաշտոնավարի 40 ամիս, թուրք նախագահը՝ 20 ամիս: Կան բազմաթիվ այլ հարցեր՝ կղզու հյուսիսում տեղակայված թուրքական բանակի, Թուրքիայից վերաբնակների, նաև՝ հույն վերաբնակների հետագա ճակատագրին առնչվող:

Հավատու՞մ է, արդյոք, պարոն Խրիստուն կարգավորման հեռանկարին: Ես հավատում եմ էկոնոմիկային՝ ասաց նա, այն բոլոր հարցերը կլուծի և արդեն իսկ լուծում է: Միավորումից հետո Կիպրոսին մեծ հեռանկարներ են սպասվում: Նախարարն ասաց, թե վճռորոշ է լինելու նաև միավորումից հետո երկրի տնտեսության զարգացումը երաշխավորելու հարցը: Ըստ նրա, դրա համար անհրաժեշտ է 12 միլիարդ դոլար: Եթե այս հարցը լուծման երաշխավորված հեռանկար ունենա, ապա միավորման հարցն ավելի հեշտ կլուծվի, և մարդկանց հետագա բարեկեցության ապահովումը կարևորագույն գործոն կլինի: Առավել ևս, որ.

-Մենք պատերազմել ենք, մենք դուրս ենք գալիս այդ պատերազմից, բայց երբեք թշնամիներ չենք եղել:

Այնուամենայնիվ, իրակա՞ն են, արդյոք, կարգավորման հեռանկարները: Կարգավորման 30 տարվա անպտուղ փորձերը լուրջ կասկածներ են առաջացնում: Այստեղ շատ կարևոր է լինելու ու միշտ էլ եղել է Թուրքիայի դերը: Մինչև այժմ բանակցությունների ձախողման հիմնական մեղավորը թուրքական կողմն էր, և քանիցս դա նշվել է ՄԱԿ-ի փաստաթղթերում, ընդգծվելով Ռաուֆ Դենքթաշի մեծ «ներդրումը» այդ ամենում:

Հիմա լուրջ փոփոխություններ են նկատվում և կիպրաթուրքերի, և Թուրքիայի դիրքորոշումներում: Հետաքրքիր և, ըստ էության, խորամանկ խաղ է սկսվել նրանց կողմից: Նախ, իրատեսորեն նայել առկա իրողություններին և փորձել դրանցից կորզել առավելագույնը: Հետո էլ, ինձ թվում է, պատահական չէր Հյուսիսային Կիպրոսի վարչապետի այն միտքը, ըստ որի եթե բանակցությունները ձախողվեն, ապա չափազանց կարևոր է լինելու, թե ում մեղքով են դրանք ձախողվել: Այսինքն՝ այն տպավորությունը նաև ունեմ, թե փորձ է արվելու այնպես անել, որ հիմնախնդիրը չկարգավորվի, այն էլ՝ հունական կողմի մեղքով:

ՉՈԽ ՄԵՐՍԻ, ԿԱՄ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՔԸԲՐԸԶԻ ԹՐՔԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Չոխ մերսի՝ այսպիսի եվրասիական ձևով էր իր երախտագիտությունը հայտնում թուրքական մասում մեր գիդը՝ թրքուհի Օզդանը, որ ծնվել ու մեծացել է այստեղ՝ Հյուսիսային Քըբրըզի Թրքական Հանրապետությունում: Մարտի 10-ին նա մեզ առաջնորդեց վարչապետի նստավայրը: Նախատեսվում էր նաև նախագահ Ռաուֆ Դենքթաշի հետ հանդիպում, բայց մեզ տեղեկացրին, որ միստր Դենքթաշը չափազանց զբաղված է:

Վարչապետ Մեհմեդ Ալի Թալաթը մեզ դիմավորեց ինքնագոհ դեմքով, արևելյան ժպիտով և հյուրասիրությամբ (հրամցվեց թեյ և շոկոլադ): Թալաթը ևս զբաղված էր, մասնավորապես նա պատրաստվում էր Թուրքիա մեկնել հերթական խորհրդակցությունների: Նա կղզու միավորման կողմնակից ընդդիմադիր գործիչ էր, որի ղեկավարած կուսակցությունը վերջին խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել ու ձևավորել կառավարություն (Դենքթաշի կուսակցությունն ընդամենը 12-13% տոկոս է հավաքել):

-Այսօրվա հիմնական հարցը կղզու քաղաքական միասնության հարցն է,- ասաց նա, – մարդիկ հասկանում են, որ այսպես այլևս շարունակել չի կարելի: Եթե մեր հանրապետությունը մեկուսացված է, ուրեմն՝ ժողովուրդն էլ է մեկուսացված: Դուք նշեցինք, որ հունական կողմը հոռետես է այս հարցում, իսկ ես լավատես եմ: Հունական հատվածը մայիսի 1-ին մտնելու է Եվրամիություն, սա հիանալի շանս է նաև մեզ համար, կարող ենք միասին հայտնվել այնտեղ: Հունական հատվածում կան ուժեր, որոնք դեմ են միավորմանը: Ես երկու պատճառ եմ տեսնում. առաջինը՝ չցանկանալը, երկրորդը՝ չհավատալը:

Լրագրողներից մեկը, ընդգծելով նրա ու Դենքթաշի տարաձայնությունները, հարցրեց, թե արդյո՞ք դրանք կարող են հանգեցնել վարչապետի հրաժարականին:

-Տարբերություն կա իմ ու պարոն Դենքթաշի հայացքներում, բայց մենք համաձայնության ենք եկել: Նա ուզում է, որ թուրքական հատվածն անկախ լինի: Գիտե՞ք, ցանկալը վնասակար չէ, բայց մյուս կողմից էլ կան իրողություններ, որ հնարավոր չէ հաշվի չառնել: Տեսականորեն բացառված չէ իմ հրաժարականը, բայց չեմ կարծում, թե դեպքերն այդպիսի զարգացում կստանան: Եթե բանակցություններն արդյունք չտան, և միայն հունական հատվածը անդամագրվի Եվրամիությանը, ապա մեզ համար ոչ մի լավ բան չեմ տեսնում: Մեկուսացվածությունն ապագա չունի: Բայց այստեղ կա մի կարևոր հարց. եթե բանակցությունները ձախողվեն, ապա չափազանց կարևոր է լինելու, թե ում մեղքով են դրանք ձախողվել: Եթե մեղավորը կիպրաթուրքերս լինենք, ապա մեզ համար շատ վատ կլինի, եթե հույները, ապա պատասխանատվությունը նրանց վրա կլինի:

Մայրաքաղաք Նիկոզիան (հույներն անվանում են Լեվկոսիա, թուրքերը՝ Լեվկոշա) կիսված է՝ սահմանն անցնում է քաղաքի միջով: Բեռլինի պատի փլուզումից հետո Նիկոզիան աշխարհում միակ քաղաքն է, որ պատերազմի հետևանքով բաժանված է մնացել: Կա մի դիտակետ, որ զբոսաշրջիկների սիրելի վայրն է: Խաղաղարար ուժերը ներկայացնող զինվորը բարեհամբույր է, բայց արգելում է նկարել իրեն ու իր պահակակետը: Հունական մասի պահակակետի մոտ մի փոքրիկ թանգարան կա, որ պատմում է պատերազմական ժամանակահատվածի և զոհվածների ու անհայտ կորածների մասին:

Եղանք նաև մինչև պատերազմը Կիպրոսի ամենաբարգավաճ քաղաքը համարվող Ֆամագուստայում, հունական մասում՝ սահմանի մոտ, դիտակետ կա, ուր հեռադիտակ է դրված, և ցանկացողը կարող է զննել մյուս մասը: Նայում ես ու համոզվում, որ ներկայիս քաղաքին տրված հունական գնահատականը ճիշտ է՝ «քաղաք-ուրվական». ավերակներ, անմարդաբնակ տարածքներ: Բայց պարզվեց, որ դա խաբուսիկ տպավորություն էր: Հաջորդ օրը մենք եղանք նաև սահմանի այն կողմում՝ բավականին աշխուժություն կար այնտեղ: Ընդհանրապես՝ թուրքական մասի խեղճուկրակ ու չքավոր վիճակի մասին վարկածը հարաբերական է: Մենք տեսանք բազմաթիվ նոր շենքեր, հյուրանոցներ ու քոթեջներ, քիչ չէին նաև զբոսաշրջիկները: Ճիշտ է, ասում են, որ այս ամենը վերջին տարիների փոփոխություններն են (ևս մի փաստարկ, որ կիպրաթուրքերը ևս պատրաստվում են Եվրամիություն մտնելու): Եվրամիությունն իր անդամ երկրներին արգելել է այստեղ կապիտալ ներդրումներ անել, բայց ահա վերջին տարիներին այդ բացը լրացնում են այլ երկրներ և հատկապես՝ Իսրայելը:

Այստեղ՝ Ֆամագուստայում, տարիներ առաջ հույն երիտասարդները հունական մասից խաղաղ երթ էին կազմակերպել, նրանցից մեկը, հատելով սահմանը, բարձրացել էր առաջին պատահած շենքի տանիք և Կիպրոսի Հանրապետության դրոշը տեղադրել: Թուրք զինվորները կրակել են նրա վրա ու սպանել: Կարող էին ոտների վրա կրակել, քանի որ ոչ մի վտանգ այդ անզեն երիտասարդը չէր ներկայացնում իրենից:

Երբ նայում ես հունական մասի դիտակետից, առաջին իսկ հայացքից աչքի է զարնվում շենքերից մեկի պատի ցուցապաստառը՝ «Կիպրոսը երբեք հունական չի լինի»: Իսկ Նիկոզիայի ճանապարհին, հեռվում՝ սարի դոշին (թուրքական մասում), մեծ տառերով գրված էր Աթաթուրքի հայտնի խոսքը՝ «Երջանիկ է նա, ով թուրք է ծնվել»: Ընդհանրապես, թուրքական մասում սնկերի պես աճել են թուրքերի հոր դիմանկարները:

ԿՈՐՑՐԱ՞Ծ, ԹԵ՞ ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ԵՐԵԽԱ

Կիպրաթուրքերի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես հետաքրքրվեցի, թե ինչ է մտածում պարոն Թալաթը ղարաբաղյան հիմնախնդրի մասին:

-Գաղտնիք չէ, որ մենք պաշտպանում ենք ադրբեջանցիներին, այլ ոչ թե հայերին: Այստեղ նաև իր դերն է խաղացել այն հանգամանքը, որ Կիպրոսում հայերն իրենց հոժար կամքով ընտրել են հունական համայնքը, այսինքն՝ այստեղ մեր և հայերի հարաբերությունները չստացվեցին: Հոգեբանորեն մեր դիրքորոշման վրա անդրադառնում է նաև Ադրբեջանում մեծ թվով փախստականների առկայությունը: Սակայն ես լավագույնն եմ մաղթում երկու ժողովուրդներին և հույս հայտնում, որ կհաղթի առողջ տրամաբանությունը, և հիմնախնդիրը կկարգավորվի: Ինչ վերաբերում է իմ անձնական ընկալումներին, ապա այսպիսի մի օրինակ բերեմ: Երեխա է ծնվել, բայց որոշ ժամանակ անց ծնողները կորցրել են նրան: Երեխային գտնում է մեկ այլ ընտանիք, պահում-մեծացնում-դաստիարակում: Հարց է ծագում՝ ու՞մն է  երեխան: Իմ կարծիքով՝ երկրորդ ընտանիքինը:

Վարչապետը բավականին անկեղծ ու քաղաքակիրթ պատասխանեց, պարզապես թույլ տվեց մի սկզբունքային, ես կասեի՝ իրավագիտական սխալ, ինչն էլ մի քանի լրագրողներով քննարկում էինք հանդիպումից անմիջապես հետո: Նախ՝ Ղարաբաղը մարմնավորելով երեխայի տեսքով և նախապատվությունը տալով երկրորդ (ադրբեջանցի) ծնողներին, նա կամա թե ակամա ընդունեց երեխայի (Ղարաբաղի) հայկական ծագումը: Հետո էլ, երեխան «իր հոժար կամոք» չի կորել, այլ ուժով փախցրել են: Եւ, վերջապես, նման վիճահարույց հարցերի պարագայում ամեն ինչ կարգավորվում է դատարանում, ուր վճռորոշ խոսքը երեխայինն է՝ թե ում հետ է ուզում ապրել: Իսկ մեր դեպքում երեխան միանշանակ տենչում է դեպի առաջին ծնողները, այնպես որ իրավական պրոբլեմ այստեղ չկա, ինչը որ պիտի քաջ հասկանալի լինի Եւրամիություն տենչացող քաղաքական գործչի համար:

ԼՐԱԳՐՈՂՆԵՐ. ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԱՖՐԻԿԱՅԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Լրագրողական մեր դեսանտը տեղավորվել էր Կիպրոսի լրագրողների միությանը պատկանող հանգստի գոտում, որտեղից ամեն օր ուղևորվում էինք որևէ քաղաք կամ գյուղ ու երեկոյան հետ վերադառնում: Ծովափնյա այս գյուղում (հենց այդպես էլ կոչվում է՝ «Լրագրողների գյուղ») բազմաթիվ քոթեջներ կային, ռեստորան, խաղահրապարակներ և հանգստի գոտուն հատուկ այլ վայրեր: Թեև Կիպրոսի լրագրողների միության տարեց նախագահ Անդրեաս Կանաուրոսը պնդում է, որ իրենց միությունը պետության կողմից չի ֆինանսավորվում, սակայն բոլորիս համար էլ պարզ էր, որ հասարակական կազմակերպությունը չէր կարող այս ամենին հասնել առանց հիշյալ աջակցության: Այո, հավանաբար, անմիջական բյուջետային հատկացումներ չկան, սակայն էությամբ սոցիալիստական համարվող այս երկրում պարզապես հրաշալի մեխանիզմներ են մշակված հանրության բոլոր անդամներին ու բոլոր կազմակերպություններին պետական աջակցության համար (երկարաժամկետ ու արտոնյալ վարկեր և այլն): Ի դեպ, լրագրողների նվազագույն աշխատավարձն այստեղ 1000 դոլար է, իսկ միջինը՝ 4000 դոլար:

Ծրագրով նախատեսված մեր առաջին հանդիպումն էլ հենց Լրագրողների միության նախագահի հետ էր: Իր տարիքին ոչ այնքան հատուկ աշխուժությամբ նա պատմում էր իր երկրի ու կազմակերպության մասին, հյուրասիրում զովացուցիչ ըմպելիքներով (ի դեպ, մի օր էլ հյուր եկավ մեզ ու նվիրեց մեկական կիպրական ընտիր գինի): Լրագրողների միությունը արհմիութենական տիպի հաստատություն է, ստեղծվել է 1959 թվին (կիպրական մամուլի պատմությունը սկսվում է 1878 թվից) և առայսօր միակ լրագրողական կազմակերպությունն է Կիպրոսի Հանրապետությունում, որն իր շարքերում ունի մոտ 500 լրագրողներ: Սակայն սա չի նշանակում, որ բոլոր լրագրողներն էլ ընդգրկված են միությունում: Կա նաև հրատարակիչների միություն, որի հետ ԼՄ-ն համագործակցության պայմանագիր ունի:

Լույս են տեսնում վեց հունարեն թերթ, մեկ անգլալեզու շաբաթաթերթ և երեք հայատառ ամսաթերթ (զանազան հաստատությունների թերթուկներն ու հանդեսները չհաշված), ընդհանուր տպաքանակը՝ 60 հազար: Հայատառ թերթերից ամենամեծը «Ազատ ձայն» ամսաթերթն է իր 1100 տպաքանակով, երկրորդը՝ ՀՅԴ-ի «Արձագանք» թերթը (500-600 տպաքանակով): Լույս են տեսնում նաև առաջնորդարանի «Գեղարդ» և Մելքոնյան վարժարանի «Դիտակ» պարբերականները: Մինչև 1990թ. մենաշնորհ կար էլեկտրոնային լրատվամիջոցներում, իսկ ներկայումս գործում են երկու պետական, հինգ մասնավոր հեռուստաալիքներ և ութ ռադիոկայաններ (չհաշված շրջանայինները): Մասնավորներն այստեղ ավելի մեծ վարկանիշ ու հեղինակություն ունեն: Ըստ ԼՄ նախագահի, այստեղ ապահովված է բազմակարծությունը, և լրագրողներն ազատ աշխատելու բոլոր հնարավորություններն ունեն: Մամուլի մասին 1989թ. ընդունված օրենքը երաշխավորում է մամուլի ազատությունը: Լրագրողները նաև ընդունել են սեփական մասնագիտական վարքականոն ու ստեղծել համապատասխան կոմիտե, որը հսկում է, որպեսզի այդ կանոնները չխախտվեն:

Լրագրողների հետապնդումներ, տեղեկատվության իրավունքի ոտնահարումներ այստեղ չկան, սա իրենց համար անհասկանալի երևույթ է: Բայց ահա իրավիճակը հյուսիսում՝ թուրքական մասում, միանգամայն այլ է: Կանաուրոսի ասելով, այնտեղ եղել են թե ձերբակալություններ, թե հետապնդումներ, թե թերթեր են փակվել և այլն: Նա այսպիսի մի օրինակ բերեց: Այնտեղ լույս էր տեսնում «Ավրոպա»  (Եվրոպա) անունով մի թերթ, որը շատ լուրջ պրոբլեմներ ուներ թրքական իշխանությունների հետ: Արդյունքում թերթը փակվեց, սակայն լրագրողները հիմնեցին մեկ այլ թերթ և կնքեցին այն «Աֆրիկա»: Ակնարկը թափանցիկ էր՝ փորձում էին ի ցույց դնել տեղի ջունգլիական բարքերը (ի դեպ, թերթի խմբագիրը ԽՍՀՄ-ում է բարձրագույն կրթություն ստացել):

Հանուն արդարության պիտի ասեմ, որ այս մասին ես մի քանի օր անց հարցրի թրքական հանրապետության վարչապետ Մեհմեդ Ալի Թալաթին, որը պնդեց, թե այդ ամենը չափազանցված է, և որ այստեղի լրատվական դաշտում տիրող իրավիճակը հունական մասի համեմատությամբ վատ չէ: Հակված չեմ կարծելու, թե նա ճշմարտությունն էր ասում, քանի որ նրա հետ հանդիպման ժամանակ մի դրվագ, համենայն դեպս, լուրջ կասկածների տեղիք տվեց: Հանդիպմանը մեզ հետ միասին մասնակցում էին նաև կիպրաթուրք լրագրողները: Սրանք մի քիչ վախվորած էին ու ամեն ինչ վռազ էին անում, շտապելուց խանգարելով միմյանց: Թե ինչու՝ պարզվեց հետո, երբ մի քանի րոպե անց նրանց հրամայաբար «խնդրեցին» թողնել սենյակը: Ծանոթ հիվանդություն է, չէ՞. մեզ մոտ էլ դրսից եկած լրագրողներն անհամեմատ ավելի մեծ հարգանք են վայելում, քան տեղացի լրագրողները, որոնց կարելի է հարցազրույց չտալ, որևիցե տեղ չտանել, չհրավիրել: Իսկ դրսից եկածին՝ «հարց չկա»:

Երևանի մամուլի ակումբի տեղեկագրի խմբագիր Էլինա Պողոսբեկյանի այն հարցին, թե արդյո՞ք այստեղ կան լրագրողներ, ովքեր համաձայն չեն կիպրական հիմնախնդրի հարցում իշխանությունների տեսակետին և արդյո՞ք նրանք հնարավորություն ունեն իրենց կարծիքը պնդելու, կամ կա՞ն, արդյոք, ազգամիջյան թշնամանք հրահրող լրագրողներ, ԼՄ նախագահը պատասխանեց.

-Լրագրողներս հրեշտակներ չենք, ամեն ինչ էլ լինում է, և բազմակարծությունն իրապես ապահովված է: Ինչ վերաբերում է հիմնախնդրին, ապա կարծիքների բևեռացում այս հարցում չկա:

Պարոն Կանաուրոսը մեզ ողջունելով նշեց, որ սա առաջին դեպքն է, երբ հայ և ադրբեջանցի լրագրողների այսպիսի մեծ խումբ է այցելում կղզի: Ընդգծելով, որ Կիպրոսի համար բախտորոշ ժամանակաշրջան է հիմա, նա նույնը մաղթեց նաև մեզ, հույս հայտնելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորումն էլ սարերի ետևում չէ: Թեև անձամբ ինքը լավատեսորեն չի տրամադրված կիպրական հիմնախդրի ներկայիս կարգավորման նկատմամբ:

Վերջը՝ հաջորդ համարում

ՍՐՏԻ ԽՈՍՔ

Թող բոլորիս հայտնի տհաճ ժանրի տպավորություն չթողնի հրաժեշտի այս սրտաբուխ  խոսքը, մանավանդ, գտնում ենք, որ մարդուն պիտի գնահատել իր ժամանակին, այլ ոչ թե թողնել հետո-ին: Հիրավի, սրտի ցավով տեղեկացանք այն մասին, որ «Ազատ Արցախ» թերթի գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյանը թողնում է պաշտոնը: Մարտի 25-ին կայացավ ԼՂՀ կառավարության և Ազգային ժողովի նախագահության համատեղ նիստը, որտեղ Հ.Ղահրիյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, և այդ պաշտոնում նշանակվեց ճանաչված լրագրող Մարսել Պետրոսյանը: Հարցն այս փոփոխությունը չէ, ի վերջո ոչ մի պաշտոն էլ հավերժական չէ: Ցավն այն է, որ թերթի հիմնադիրները՝ Ազգային ժողովն ու կառավարությունն, ըստ արժանվույն չգնահատեցին նրա վաստակը, ինչը մեկ անգամ էլ արտահայտվեց խմբագրակազմի հետ Աժ խոսնակի ու վարչապետի նույն օրը կայացած հանդիպման ժամանակ: Տեղյակ չենք, թեև դժվար չէ ենթադրել, թե ինչ չափանիշներով են առաջնորդվել նրանք, բայց սա իսկապես ցավալի է: Ցավալի է, քանի որ Հայկազնը հիրավի մեծ գործ է արել գլխավոր խմբագրի պաշտոնում իր չորսամյա պաշտոնավարման ընթացքում, ինչը տեսանելի է անզեն աչքով: Ինչպես ասում են, ով աչք ունի՝ թող տեսնի: Սակայն փույթ չէ, որ պաշտոնյաները չեն գնահատում, կարևորն այն է, որ գնահատողներ կան:

Հանրությունը հաստատ գնահատել է:

Ի՞նչ ասենք, Հայկազն: Ամենայն բարիք քեզ և խորին շնորհակալություն համագործակցության համար, այն ամենի համար, ինչ դու արել ես, կամ, ավելի ճիշտ, ինչ հասցրել ես անել: Ամենակարևոր դասերից մեկը կամ բարի ավանդույթը, թերևս, այն էր, որ պետական լրատվամիջոցի ղեկավարը չի վերածվել սոսկական պտուտակի, չի հրաժարվել իր սկզբունքներից, պետական այրերին ստիպել է հաշվի նստել դրանց հետ և պահպանել է իր մարդկային ու լրագրողական արժանապատվությունը: Եւս մի ապացույց այն բանի, որ ցանկացած պաշտոնում էլ հնարավոր է դա անել: Եւս մի ապացույց այն բանի, որ ոչ թե պաշտոնն է փչացնում մարդուն, այլ մարդը՝ պաշտոնը, որ եթե մարդ ես՝ չես փչանա:

Ստեփանակերտի մամուլի ակումբ
«ԴԵՄՈ» թերթի խմբագրակազմ


ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»-Ի ՆՈՐ ԽՄԲԱԳԻՐ 

«Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագիր է նշանակվել ճանաչված լրագրող Մարսել Պետրոսյանը: Ստեփանակերտի մամուլի ակումբը  և «Դեմո»-ի խմբագրակազմն ի սրտե շնորհավորում են Մ. Պետրոսյանին և համբերություն ու արիություն մաղթում այդ դժվարին ու պատասխանատու գործում: Նաև, համագործակցության մեր պատրաստակամությունը հայտնելով՝ նույնը ակնկալում ենք նրանից ու «Ազատ Արցախ»-ի խմբագրակազմից: Բարի երթ:

ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ, ԵՐԲ ՉԵԶՈՔԱՑՎԵՑ  «ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԻՆԴՐՈՄԸ»
Ժողովուրդը տե՞ր կկանգնի իր իրավունքներին՝ ցույց կտա ժամանակը 

Ղարաբաղա-ադրբեջանական զինված հակամարտության դադարից կամ, ինչպես ընդունված է ասել, հրադադարից մեզ բաժանում է մոտավորապես մեկ տասնամյակ: Մենք շարունակում ենք վայելել մեզ ընձեռված խաղաղությունը, եւ ինչքան էլ այն փխրուն լինի ու վտանգներով լեցուն, այնուամենայնիվ, որոշակիորեն ապահովված է մեր անվտանգությունն ու խաղաղ կենսագործունեությունը: Հետպատերազմյան ժամանակաշրջանն առանձնացավ իրեն բնորոշ գծերով՝ իշխանությունների չկայացածությամբ, պատերազմի օրենքների պահպանմամբ, ուժի դիրքից խոսելու ու գործելու իրողությամբ, ինչի արդյունքում օրինապահպանությունը  մղվեց երկրորդ պլան: Հասարակական կյանքի նեգատիվը, ինչ խոսք, զգացնել տվեց, եկավ իշխանություն-զինվորականություն հարաբերությունները հստակեցնելու ժամանակը:  90-ականների վերջին երկրի ներսում հասունացած ներքաղաքական լարվածությունը ծանր հետեւանքներ ունեցավ, սակայն խնդիրը  լուծվեց հօգուտ քաղաքացիական իշխանությունների: Դա, անշուշտ, պայմանավորված էր ժամանակաշրջանի քաղաքական իրողությունների տրամաբանությամբ: Հայկական մամուլը, եթե հիշում եք, հեղեղված էր զանազան քաղաքական մեկնաբանություններով ու գնահատականներով, որոնցում շեշտը գլխավորապես դրվում էր «պատերազմի սինդրոմի» չեզոքացման անհրաժեշտության, սոցիալ-տնտեսական  նոր ուղեգիծ որդեգրելու, երկրում օրինապահպանություն հաստատելու հիմնահարցերի վրա:  Հռչակված կարգախոսները հանրության ուշադրությանն արժանացան, քանի որ ենթադրում էին հասարակական կյանքի վերափոխումներ, անցյալի սխալներից ձերբազատում:  Սակայն մեկ-երկու տարի անց պարզվեց, որ իրականում երկրի հասարակական-քաղաքական կյանքի արմատական փոփոխություն տեղի չի ունեցել, պարզապես իշխանության «վերադասավորում» էր իրականացվել:

Արդեն 2000 թվականին Արցախը գնաց խորհրդարանական ընտրությունների, եւ թվում էր, կարգախոսները կյանքի կոչելու առաջին իսկ շարժիչ ուժը պիտի լիներ ժողովրդի վստահությանն արժանացած խորհրդարանը: Ցավոք, դա տեղի չունեցավ: Տեղի չունեցավ, քանի որ իշխանության այդ օղակը չկարողացավ թոթափել իր նախորդից եկող կախվածությունը գործադիր մարմնից, չկարողացավ լիարժեք իրականացնել օրենքով իրեն ընձեռված գործառույթները: Որոշ ժամանակ անց՝  վստահության քվե ստացած նույն խորհրդարանի հասցեին հնչեցին մեղադրանք ու բողոքներ ընտրող զանգվածից: Ընտրողների վրդովմունքը տիրող անարդարություններից ու  իշխանությունների գործելաոճից արտահայտվել էր նրանց գրավոր ու բանավոր բողոքներում: Այսպես, 2002թ. մայիսի 7-ին ԱԺ-ին հասցեագրված (մոտ հարյուր ընտրողների ստորագրությամբ) նամակում նշվում էր. «Ժամանակն է հասկանալու, որ խորհրդարան ձեւավորելու անչափ պատասխանատու գործը, որն ընձեռվում է հինգ տարին մեկ անգամ, հարկադրում է մեզ նախեւառաջ անհաշտվողական վերաբերմունք ցուցաբերել օրենքի խախտումների, ընտրությունների արդյունքների կեղծումների եւ բացասական այլ երեւույթների դեմ: Իսկ դրանք մեր կյանքում քիչ չեն»: Նամակի հեղինակները մասնավորապես վկայակոչում են 2001 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը, երբ «ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները ստիպված են եղել կատարել հրամանատարական կազմի կարգադրությունը, այսինքն՝ քվեարկել ոչ իրենց կամոք, ինչը մենք միանշանակ գնահատում ենք որպես զինծառայողի ընտրական իրավունքի կոպիտ խախտում»: Նամակն ստորագրողները վերջում հույս են հայտնել, որ ժողովրդի ընտրյալները, այնուամենայնիվ, կկարողանան սթափվել եւ պարտքի ու պատասխանատվության զգացումով վերաբերվել իրենց վստահված գործին, ասել է թե՝ կծառայեն իրենց բարձր կոչմանը եւ ոչ թե առանձին անհատների շահերին:

Կյանքը ցույց տվեց նաեւ, թե որքանով արդարացան ժողովրդի հույսերը՝ կապված   երկրի սոցիալ-տնտեսական ոլորտի վերափոխումների  հետ: 1999-2000 թվականներին կառավարության հրապարակած տնտեսական զարգացման հիմնադրույթներին ծանոթանալուց հետո տպավորություն ստեղծվեց, որ դրանց իրականացումն Արցախին թույլ է տալու առնվազն հասնելու  եվրոպական բարեկեցության մակարդակին: Ընդգծվում  էր հանրապետության էներգառեսուրսների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը,  խոսք էր գնում  երեք նոր հիդրոէլեկտրակայանների (մեկը՝ Թրղե գետի վրա, մյուսը՝ Մադաղիսում…) շինարարության, նույնիսկ էլեկտրաէներգիայի ավելցուկն արտահանելու մասին:  Չմոռանանք 3մլն. դոլար արժողությամբ առողջարարական համալիրի,  ագրարային սեկտորի լուրջ վերափոխումների եւ այլնի մասին ծրագրերը:  Առավել հետաքրքրական էր դեմոգրաֆիական հեղափոխության թեզը. մեր վարչապետի կանխատեսումներով՝ 2010 թվականին Արցախի բնակչությունը պիտի հասնի 300 հազարի: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ նման ծրագիրն ավելի շատ ժողովրդական բանահյուսության ժանրերի տրամաբանությամբ է, ընդգծենք մեկ այլ հանգամանք՝  այսօր ժողովրդին ավելի շատ  մտահոգում են սոցիալական անարդարություններն ու ձեւավորվող օլիգարխիայի, եթե կարելի է այսպես անվանել, կամայականությունները: Չգիտեմ, սոցիալական արդարությունը մեր երկրում ինչ մակարդակի վրա է, բայց հարկ եմ համարում մատնացույց անել  բազմաթիվ փաստերից միայն մեկը.  արցախյան պատերազմի հաշմանդամը (ռազմի դաշտում կոնտուզիա ստացած մարդը), ֆիզիկական աշխատանքի համար այլեւս անընդունակ, հաշմանդամության կարգը պահպանելու համար ինքնաբերաբար «ստվերային առողջապահության» հորձանուտն է ընկնում:

Ընթերցողին կուզենայի հավաստիացնել, որ նպատակս ամենեւին էլ գորշ գույները խտացնելը չէ:  Քավ լիցի:  Մարդկանց այսօրվա կյանքը չես համեմատի հետպատերազմյան տարիների հետ: Կյանքը փոխվել է՝ դրական առումով,  սակայն փոխվել է մասնակիորեն: Ոմանք ձեռք են բերել սեփականություն՝ հողամաս կամ որեւէ  այլ օբյեկտ,  մի գերակշիռ մասն էլ չաշխատելով եւ սեփականություն չունենալով հանդերձ՝ փորձում է հոգալ ընտանիքի կարիքները: Ղարաբաղցու հոգեբանությունն է՝ զավակին մեծացնելու ու կրթելու համար ժողովել ունեցած-չունեցածը:  Սակայն դա չի նշանակում, թե նա համակերպվել է այսօրվա կյանքին եւ պետք է այս լուծը կրի մշտապես, լուռ ու անխոս: Արցախցու պոռթկուն հոգին, անտարակույս,  չի կարող հանդուրժել  այն, որ իշխանավորների թույլտվությամբ ու աջակցությամբ մարդկանց մի խումբ իր ձեռքում է պահում տնտեսության բոլոր լծակները, տնօրինում երկրի ռեսուրսները:  Բնակչության զգալի զանգվածը շարունակում է «վայելել» սեփականաշնորհման պտուղները, եւ  պետք է ասել, որ այդ գործընթացից գոհացողների եւ դժգոհողների հարաբերակցությունն արդեն իսկ արտացոլում է երկրի սոցիալական ոչ դինամիկ զարգացման պատկերը:

Մեր հանրապետությունը հայտարարել է զարգացման ժողովրդավարական ուղի ընտրելու մասին: Իսկ ժողովրդավարությունը նախեւառաջ դրսեւորվում է ընտրությունների ընթացքում, հասարակական կյանքում, իշխանություն-ժողովուրդ հարաբերություններում:  Ժողովրդի կամքով երկիրը կառավարելու գործը իշխանությունների համար պետք է դառնա իրական քաղաքականություն, հակառակ դեպքում այդ ժողովուրդը դուրս է գալու փողոց՝ արտահայտելու իր դժգոհությունը, մտահոգությունն ու նպատակը: Այսօր մենք ունենք արմատական լուրջ վերափոխումների սպասող հասարակություն, որն, այնուամենայնիվ, հույս ունի, որ ի վերջո բարեփոխումներ են լինելու երկրում: Այս առումով որոշիչ են լինելու տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ հաջորդ տարի՝ խորհրդարանական ընտրությունները:

Իշխանություններին վերահսկելու կամ իշխանափոխության քաղաքակիրթ ու օրինավոր ճանապարհը ընտրություններն են: Խոսքը վերաբերում է առանց կեղծիքների, արդար ու թափանցիկ ընտրություններին, որոնք ավանդական են զարգացած, ժողովրդավարական երկրների համար: Իսկ մեզ մոտ ժողովրդավարական ավանդույթներ, քաղաքական մշակույթ, որպես այդպիսիք, դեռ չեն ձեւավորվել: Այդ գործընթացի սկիզբը մի օր պետք է դրվի, ուրեմն, այդ մասին պարտավոր ենք մտածել այսօր եւ ոչ թե վաղը: Ժողովուրդը կառաջադրի՞, արդյոք, արժանի, շրջապատի վստահությունը վայելող թեկնածուների եւ կպաշտպանի՞ նրանց՝ ընտրությունների արդյունքները կեղծելու դեպքում (թերեւս այս հարթությունում մեր հասարակությունը բավականին անելիքներ ունի): Եվ վերջապես, ինչպե՞ս իրենց կդրսեւորեն կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները: Հերթ կկանգնեն եւ այսօրվա իշխանություններին սատարելու մասին հայտարարություննե՞ր կանեն, թե՞ ազնիվ ու անշահախնդիր կեցվածքով կներկայանան ընտրություններին: Չվռազենք ու չփորձենք առաջ անցնել իրադարձություններից, ժամանակը ցույց կտա, թե ինչն ինչոց է:

Ժողովուրդը պիտի հասկանա մի պարզ ճշմարտություն, այն, որ ընտրողն ինքն է: Ու տեր կանգնի իր այդ իրավունքին: Այլապես, տրտնջալն ու թոնթորալը թույլ մխիթարանք կլինեն, այլապես երկրում ու ժողովրդի կյանքում ոչինչ չի փոխվի: Նրա ակտիվությունից  ու վճռականությունից է կախված լինելու այս երկրի ճակատագիրը:

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԽՈՐՀՐԴԻ
ԱՆԴԱՄՆԵՐԸ ԿԸՆՏՐՎԵՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ

ԼՂՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարած մի փոփոխություն, համաձայն որի Հանրային հեռուստառադիոյի խորհրդի անդամները այսուհետ կընտրվեն մրցույթով: Գործող օրենքի համաձայն՝ Խորհրդի անդամներին նշանակում է երկրի նախագահը՝ իր ճանաչած կամ ներկայացված անձերից: Խորհրդարանի արտաքին հարաբերությունների և տեղեկատվության հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը առաջարկել է նախքան նշանակելը մրցույթ հայտարարել՝ Խորհրդում թափուր տեղը զբաղեցնելու համար: Խորհրդարանը առաջարկն ընդունել է:

Եթե նույնիսկ փոփոխությունն ընդունվի վերջնականապես, մրցույթին պետք է սպասենք առնվազն 4 տարի՝ մինչև ներկայիս Խորհրդի գործունեության ավարտը: Կամ էլ մինչև որոշ անդամներ հրաժարական տան:

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ ՄԱՀԱՊԱՏԺԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ

2003թ. աշնանը ԼՂՀ Ազգային ժողովը վերջ է դրել Լեռնային Ղարաբաղում մահապատժի դատապարտելու պրակտիկային: Սակայն մինչև այդ որոշումն ընդունելը, կալանման վայրերում կային մահապատժի դատապարտված անձինք: Ինչպես տեղեկացել ենք «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Ալբերտ Ոսկանյանից, այս տարի քրեական պատիժների կատարման բաժնի (Շուշիի բանտի) վարչակազմի միջնորդությամբ վերջին մահապատժի դատապարտվածի պատժամիջոցը փոխվեց 15 տարի ազատազրկությամբ:

Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնը պարբերաբար կատարում է Ղարաբաղի կալանման վայրերի դիտարկում: Ալբերտ Ոսկանյանի խոսքերով, մարտի սկզբների դրությամբ 2 կալանավայրերում կային 143 բանտարկյալներ:

ՀԱՆՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

Ինչպես հայտնել է ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանը Ազգային ժողովին ներկայացրած ամենամյա հաշվետվության ժամանակ, 2003թ պետական շահերի պաշտպանության գծով անց են կացրել 122 ստուգումներ, հարուցվել է 46 հայցեր՝ 55 մլն դրամ և 11.4 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր հայցապահանջով: Հայցերը հիմնականում բավարարվել են: Ինչպես նշված է ԱԺ պաշտպանության, անվտանգության, օրինապահպանության հարցերի հանձնաժողովի եզրակացության մեջ, դրական է, որ «Արցախմամուլ», «Ալրաղաց» ՊՓԲԸ-ի և «Արցախինվեստ» հիմնադրամի ստուգումների արդյունքում հարուցվել են 2 քրեական գործեր, և պետբյուջե է մտցվել 20 մլն դրամ:

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է, ԲԱՅՑ ԷԼԻ ԲԱՐՁՐ Է

Ինչպես նշված է ԼՂՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի՝ գլխավոր դատախազի ամենամյա հաշվետվության վերաբերյալ եզրակացության մեջ՝ եթե 2002թ. 10 հազար բնակչի հաշվով Ղարաբաղում կատարվել է 46 հանցագործություն, ապա 2003թ.՝ 42: Սակայն այդ մակարդակը դեռևս բարձր է մնում Հայաստանի Հանրապետության համեմատ, որտեղ այդ ցուցանիշը կազմել է 34.5: Նույն 10 հազար բնակչին բաժին ընկնող քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը 2002 թ. կազմել է 34.8, 2003թ.՝ 32.2, ՀՀ-ում՝ 21:

2003թ. հանցագործություն կատարած անձանցից 29-ը կանայք են: Հինգ կատարված ծանր հանցագործություններից բացահայտվել են միայն 3-ը:

ԿԱՂՆԻՆԵՐԸ ԷԼ ՉԵՆ ԱՐՏԱՀԱՆՎԻ ՂԱՐԱԲԱՂԻՑ

ԼՂՀ կառավարության մարտի 16-ի որոշմամբ արգելվել է կաղնու փայտի արտահանումը Ղարաբաղի տարածքից: Պատճառը՝ կաղնու փայտի վերամշակման պահանջարկը ավելի մեծ է, քան հանրապետությունում առկա կաղնու պաշարները:

Կաղնու անխնա ծառահատումների մասին մոտ մեկ տարի խոսվում է ԼՂՀ  խորհրդարանում: Նույնիսկ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը ստուգումներ է կատարել, սակայն անօրեն հատումների փաստեր գրեթե չի արձանագրել: Հանձնաժողովի եզրակացությունը չի ստորագրել դրա ստեղծման նախաձեռնող և անգամ անկախ պատգամավոր Արարատ Պետրոսյանը: Հանձնաժողովի մյուս անդամների հավաստմամբ՝ կադաստրի, քարտեզների, հաշվառման բացակայության պայմաններում գրեթե անհնար է որոշել, թե որտեղ և որքան ծառ է հատվել, հիվանդ էր ծառը, թե առողջ, ով է հատել: Քարտեզավորումը թանկ հաճույք է: Այդ պատճառով էլ կառավարությունը որոշել է ընդհանրապես արգելել կաղնու արտահանումը Ղարաբաղից: Մնում է հուսալ, որ արգելքը տարածվելու է անխտիր բոլորի վրա և չի վերածվելու այդ ոլորտում մենաշնորհի հաստատմանը:

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋԵՑ

ԼՂՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Անուշավան Դանիելյանը դժգոհություն հայտնեց «Փոքր և միջին ձեռնարկության զարգացման» հիմնադրամի աշխատանքներից: Ինչպես նշված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, «հիմնադրամի աշխատանքը չի համապատասխանում ժամանակի պահանջներին: Դրա ապացույց են կառավարություն մուտք գործող նամակ-բողոքները»: Վարչապետը հիմնադրամի ղեկավարությունից և քաղաքաշինության ու արտադրական ենթակառուցվածքների զարգացման նախարարությունից հաշվետվություն պահանջեց, նշելով, որ վարկավորման գործընթացը պետք է պարզ լինի հասարակության համար:

Ի կատարումն այդ պահանջի, ՓՄՁ զարգացման հիմնադրամի գործունեության մասին հաշվետվությունը տպագրվել է «Ազատ Արցախ» թերթում:

Ի՞ՆՉ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Կառավարության մասին օրենքը ԼՂՀ-ում ընդունվել է դեռ 1994թ.: Պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը նախաձեռնել է «Կառավարության մասին» օրենքի նոր նախագիծ, որտեղ, հենց իր խոսքերով, առաջարկել է տրամադրել կառավարությանը Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու իրավունք, պարտադրել գործադիրին ոչ թե 2 ամիսը մեկ, այլ ամիսը մեկ անգամ ներկայանալ ԱԺ՝ հարցուպատասխանի համար: Բացի այդ, Էդ. Աղաբեկյանի նախագիծը նախատեսում էր, որ կառավարությունը պետք է ԱԺ-ին ի գիտության ուղարկի բոլոր ընդունած որոշումները: Թե չէ կառավարության որոշումները այսօրվա դրությամբ ոչ մի փորձագիտություն չեն անցնում:

Իր նախագիծը ներկայացրել է նաև կառավարությունը: ԱԺ նիստի ժամանակ Էդ. Աղաբեկյանը հետ է կանչել իր նախագիծը, իսկ կառավարության օրինագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ: Էդ. Աղաբեկյանը մեզ հետ զրույցի ժամանակ նշեց, որ անպայման կներկայացնի իր առաջարկները՝ մինչև երկրորդ ընթերցում և նկատեց, որ կառավարությունը հիվանդագին է ընդունում ԱԺ պատգամավորների նախաձեռնած օրինագծերը:

ՂԱՐԱԲԱՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿՀԵՌԱՐՁԱԿՎԻ «ԱՐՄԵՆԻԱ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ

Ինչպես հայտնել է «Արցախկապ» ՊՓԲԸ-ի տնօրեն Սուրեն Միրզոյանը, «Արմենիա» հեռուստաալիքի տնօրինության հետ համաձայնագիր է կնքվել՝ Ղարաբաղի տարածքում այդ ալիքի հեռարձակման վերսկսման մասին: Այսպիսով, ղարաբաղցիները՝ 8 ռուսական հեռուստաալիքների հետ մեկտեղ, դիտում են արդեն 3 հայկական ալիք:

ՎՐԱՑԱԿԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏԻՆ ՍՏԻՊԵՑԻՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ

Մարտի 8-18-ը Ստեփանակերտում տեղի է ունեցել շախմատի միջազգային առաջնություն, որին մասնակցել են 10 գրոսմայստերներ և բարձրագույն կարգի վարպետներ Շվեյցարիայից, Ռուսաստանից, Լատվիայից, Լեհաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Վրաստանից և, իհարկե, Հայաստանից: Առաջնության հաղթող է ճանաչվել ծագումով ղարաբաղցի գրոսմայստեր Կարեն Ասրյանը:

Առաջնության գլխավոր մրցավարն էր շախմատային աշխարհում հայտնի Անատոլի Բիխովսկին, պատվավոր հյուրը՝ աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին:

Մարզական միջոցառումը քաղաքական երանգներ ստացավ, երբ Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի պահանջով Վրաստանի ֆեդերացիան արգելեց վրաց գրոսմայստեր Բահադուր Ջոբավային մասնակցել խաղերին և պահանջեց իջեցնել Վրաստանի դրոշը Ստեփանակերտի Սպայի տան մուտքից: Բաքվին հաջողվել է նաև ձախողել Իրանի ներկայացուցչի խաղը. նա չի մասնակցել վերջին տուրին:

Ամեն ինչ լավ կլիներ, եթե Վրաստանի ֆեդերացիան չշարունակեր իր գրոսմայստերի հետապնդումը. օրերս նա ստիպված էր ներողություն խնդրել Ադրբեջանի ֆեդերացիայից, նշելով, որ «երիտասարդ լինելու պատճառով ինքը հաշվի չի առել միջոցառման քաղաքական աստառը և Ստեփանակերտ է մեկնել որպես շախմատիստ»:

Թե ինչ ազդեցության մեթոդներ են կիրառվել վրաց շախմատիստի դեմ, որպեսզի նա նման նամակ գրի, հայտնի չէ, բայց նույնիսկ սույն դեպքում, երբ Ջոբավան չի մասնակցել առաջնությանը, նրան 2 տարով պայմանական որակազրկել  են  և 6 ամսով զրկել պետական կրթաթոշակից: Պարզվում է՝ շախմատ խաղալն էլ կարող է մեղք համարվել:

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Խորհրդարանը չի ընդունել կառավարության կողմից ներկայացված՝ 2004-2006թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագիրը: ՀՅԴ խմբակցության անդամները պահանջել են կառավարությունից կատարված սեփականաշնորհման մասին հաշվետվություն: Դաշնակցականները, որոնց միացել են մի շարք այլ պատգամավորներ, ցանկություն են հայտնել տեղեկանալ, թե ինչպես է կատարվել սեփականաշնորհումը 2003թ., թե ինչ ակնկալիքներ և հաշվարկներ ունի կառավարությունը ներկայացրած ծրագրի վերաբերյալ: Ըստ օրենքի, նման հաշվետվություն կառավարությունը ներկայացնում է ԱԺ մինչև մայիս, սակայն պատգամավորների մի մասը անիմաստ համարեց նոր ծրագիր ընդունել՝ առանց հնի քննարկման:

Այնուամենայնիվ, ծրագիրը կընդունվեր, եթե նիստին ներկա լինեին ԺԱՄ խմբակցության բոլոր անդամները:

ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԵՎԱՆ Է ՀԱՆՎԵԼ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԴԵՊՔ

2003թ. գործունեության մասին հաշվետվության ժամանակ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանը նշեց, որ տարվա ընթացքում երևան է հանվել կաշառակերության մեկ դեպք: «Կաշառակերության և կոռուպցիայի բնագավառում բացահայտված միակ դեպքը ամենևին էլ չի նշանակում, որ դա բացառիկ երևույթ է մեր հասարակության մեջ: Հանձնաժողովը գտնում է, որ այս բնագավառը իրավապահ մարմինների կողմից անհրաժեշտ ուշադրության կենտրոնում չի գտնվում և բարձիթողի վիճակում է»,- նշված է ԱԺ օրինապահպանության հարցերի հանձնաժողովի եզրակացության մեջ:

Պատրաստեց Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆԸ

ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ 

Մարտի 23-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մերձակայքում անց է կացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում:

Մարտի 7-14-ը Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի լրագրողների՝ 19 հոգուց բաղկացած խումբը այցով եղավ Կիպրոսում: Այցը կազմակերպվել է Երևանի և Բաքվի մամուլի ակումբների կողմից՝ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները. փորձագետների գնահատականները և լուսաբանումը ԶԼՄ-ներում» երկկողմ նախագծի շրջանակներում:

Արցախի հայությունը իր մասնակցությունը բերեց Համահայկական գրական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացված հեռուստամարաթոնին, որը Ստեփանակերտում մեկնարկվեց մարտի 20-ին:

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) վարչության որոշմամբ, 2005թ. հունիսին կփակվի Կիպրոսում գործող Մելքոնյան վարժարանը:

Լրացավ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ծննդյան 50-ամյակը:

Ստեփանակերտի մամուլի ակումբը և «Արտիկլ-19» միջազգային կազմակերպությունը «Խոսքի ազատության միջոցով ժողովրդավարության արմատավորումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում մարտի 16-ին կազմակերպեցին կլոր սեղան՝ «Հանրային հեռուստառադիո. հիմնախնդիրներ և հեռանկարներ» թեմայով:

Մարտի 8-ին «Երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության հրավերով Ստեփանակերտ էին ժամանել Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցության (YMCA) պատվիրակության անդամները:

Մարտի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ գրասենյակի ղեկավար Շարլոտա Հարդֆորդին՝ Լեռնային Ղարաբաղում նրա լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ, և Ստեփանակերտում այդ կազմակերպության գրասենյակի նոր ղեկավար Միրեյ Բենարին:

Մարտի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած Հայաստանի կրթության և գիտության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Սերգո Երիցյանի գլխավորությամբ: Այցի ժամանակ քննարկվել են կրթական համակարգը 12-ամյա դարձնելու հետ կապված հարցեր:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Թանկագին հայրենակիցներ:

Ուղիղ 16 տարի առաջ այս օրերին Արցախն աշխարհին ազդարարեց 20¬ական թվականներին իրականացված պատմական սխալի արդարացի լուծման մասին:  Եվ ոչ միայն: Դա մարտահրավեր էր նաեւ բյուրոկրատական ապարատին, անարդարությանը, անօրինականություններին, ինչպես նաեւ պայքար՝ մարդկային արժանապատվության ու սոցիալական արդարության համար:

Այսօր, 16 տարի հետո, ակնհայտ ձեռքբերումների կողքին, ցավոք, բազում են նաեւ բացթողումները: Պատերազմում հաղթանակը ակնկալում էր հետագա սոցիալական արդարության հաղթանակ:

Սակայն, մինչեւ վերջ չմշակված ու կայծակնային արագությամբ իրականացված հողի սեփականաշնորհումը, միջոցից նպատակի վերածված եւ սուբյեկտիվ գործոնի ակնհայտ դերակատարմամբ իրականացված (եւ իրականացվող) պետական գույքի սեփականաշնորհումը, տնտեսության մեջ վայրի լիբերալիզմի հաղթարշավը, ամենաթողությունը, կաշառակերությունն ու հովանավորչությունը, կադրային սխալ  քաղաքականությունը, մարտնչող միջակությունը, բյուրոկրատիզմը բերեցին երբեմնի միավորված հասարակության սոցիալական բեւեռացմանը եւ որպես արդյունք՝ ազգի համընդհանուր դիմադրողականության անկմանը:

Մարդն այսօր արժեւորվում է սոսկ իր նյութական հնարավորություններով եւ ուժով, անարդարությունը դարձել է բնական ու անխուսափելի, իսկ (իրականում անհավասար պայմաններով) մրցակցությունը գերակայող՝ կյանքի բոլոր ոլորտներում՝ տնտեսական, հասարակական, քաղաքական եւ, ցավոք, նույնիսկ մշակութային:
Արժեքային համակարգի խեղաթյուրումների արդյունքում քաղաքացին՝ հայրենյաց նախկին զինվորը, հայտնվել է ունեզուրկ, անզոր, կախյալ ու ընկճված վիճակում, օտարված մարտի դաշտում իր իսկ կողմից պաշտպանած պետականության հետագա կերտման գործընթացից: Հասկանալի է՝ հետպատերազմյան, անցումային շրջանի դժվարությունների օբյեկտիվությունը անընդունելի, սակայն ամեն ինչ դրան վերագրելու պրակտիկան:

Հիմք ընդունելով 1991 թ. հանրաքվեի արդյունքները, հավատարիմ մնալով մեր նահատակ ընկերների գործին, թափած արյանն ու անկախ, սոցիալական, իրավական պետության կառուցման նրանց գաղափարներին, մերժելով մեր իրականության ստվերային երեւույթների հանդեպ առկա կրավորական կեցվածքը, հայտարարում ենք նման երեւույթների դեմ հետեւողական պայքարի մասին եւ այդ նպատակով «Շարժում- 88» քաղաքական շարժման կազմավորման սկզբի մասին: Համոզված ենք, որ մեզ նման մտածողներ հանրապետությունում շատ կան, եւ միասին կարող ենք մեր նպաստը բերել ԼՂՀ պետականության հետագա կերտմանը, իրական (այլ ոչ թե հայտարարագրային) ժողովրդավարության կայացմանն ու մարդկային արժանապատվության գնահատմանը:
Լիազորված ենք նաեւ հայտարարել, որ «Շարժում-88» քաղաքական շարժման նախաձեռնող խումբը մոտ ժամանակներս հանրությանը կներկայանա «Շարժում-88» շարժման ծրագրային դրույթների մասին մամլո ասուլիսով:

Նախաձեռնող խմբի անունից՝ Վալերի ԱՎԱՆԵՍՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


Մանկուրտի անկյուն
Մանկուրտ, ասել է թե՝ անցյալը մոռացած մարդ: Բացելով այս խորագիրը, մտադիր ենք մերթ ընդ մերթ մեջբերումներ անել մեր ղեկավարների, քաղաքական գործիչների և այլոց տարբեր ժամանակներում արտահայտած մտքերից: Որպեսզի նրանց և հանրությանը հիշեցնենք այդ մասին: Որպեսզի բոլորս մեկընդմիշտ իմանանք՝ մենք մանկուրտ չենք, հիշում ենք ամեն ինչ ու սպասում: Եւ որ ցանկացած մարդ պատասխանատու է իր ասածների համար: 

«Եթե ես մեկ ամիս շուտ եկած լինեի, ապա անպայման կկանգնեցնեի Ազատամարտիկների պողոտայում սկսված երկհարկանի փողոցի շինարարությունը, որը մեր հանրապետության վրա կնստի 500 միլիոն դրամ: Եւ դա այն դեպքում, երբ մարդիկ սովի են մատնված: Միևնույն ժամանակ հավատացած եմ, որ այդ փողերի ոչ քիչ մասն ընկնում է ինչ-որ մեկի գրպանը: Եթե եղած միջոցները ռացիոնալ կերպով օգտագործվեն, ապա կարելի կլիներ թե բուժսպասարկման ցածր գներ սահմանելը, թե կենսաթոշակներն ավելացնելը: Կարծում եմ, որ հարկավոր է սկզբում կենսաթոշակներն ավելացնել, հետո արդեն ասֆալտի մասին մտածել»:

ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Ազատ Արցախ», 16 սեպտեմբերի 1999թ.

«ՄԵՆՔ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ՝ ԸՆԴԳԾՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՄԲ».
հայտարարում է «Շարժում-88» հասարակական շարժման նախաձեռնող խմբի ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը

Պարոն Աղաբեկյան, Ձեր հայտարարությունն արդեն իրազեկել է նոր հասարակական-քաղաքական կազմակերպության ի հայտ գալու մասին: Ի՞նչ կուզենայիք ասել մեր ընթերցողներին՝ կազմակերպության խնդիրների ու նպատակների մասին:

– Նախաձեռնող խումբն աշխատում է ինչպես կազմակերպական հարցերի լուծման, այնպես եւ ծրագրային դրույթները հստակեցնելու եւ հրապարակելու ուղղությամբ: «Շարժում-88»-ը հասարակական շարժում է եւ հետապնդում է Արցախյան շարժման վեհ գաղափարների, մեր ազգային արժեքների վերականգնման նպատակ: Դա վերաբերում է արժեհամակարգի բոլոր տարրերին, մեր բոլոր սրբություններին: Մեր գերնպատակն է՝ ԼՂՀ անկախ պետականության ամրապնդումը:

 – Ի՞նչը կուզենայիք վերածնված տեսնել Արցախում:

– Ես կարծում եմ, մենք հեռացել ենք 1988-ի գաղափարներից, շատ ու շատ սրբություններ մղվել են երրորդ,  չորրորդ պլան: Ժամանակն է հանգիստ, առանց հեղափոխական կոչերի վերլուծել այսօրվա իրողությունները, արածն ու չարածը, բացթողումները: Մեզ պատմականորեն տրված է հնարավորություն՝ կերտելու մեր երկրի ապագան, մեր բոլոր քայլերը պետք է բխեցնենք  լինել-չլինելու խնդրից: Ես գտնում եմ, որ պատերազմն անխուսափելի է, ուստիեւ, պետք է պատրաստ լինենք բոլոր մարտահրավերներն ընդունելուն: Ընդհանրապես, սխալ եմ համարում պատերազմի վրա տաբու դնելը:

– Քաղաքական կամ հասարակական ի՞նչ ուժերի հետ եք մտադիր համագործակցել՝ ձեր առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար:

– Մեր կազմակերպությունը իր առջեւ հատուկ նպատակներ չի դնում, բացի այս պետության կերտումից: Գուցե արտաքին աշխարհի համար մենք կայացած պետություն ենք, սակայն ներքաղաքական կյանքը մեզ չի բավարարում: Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է սահմանադրություն, իշխանության ճյուղերի հստակ տարանջատում՝ հակակշիռների եւ «փոխադարձ զսպումների» մեխանիզմով:

–  Մենք համագործակցելու ենք բոլոր այն ուժերի եւ բոլոր նրանց հետ, ովքեր  կիսելու են մեր մտահոգությունները:

Դուք գտնում եք, որ  կառավարման ձեւը պիտի փոխվի մեր հանրապետությունում: Կոնկրետ ո՞ր ձեւն եք նախընտրում:

– Ես կողմնակից եմ կիսանախագահական պետության՝ նախագահի ինստիտուտի նոմինանտությամբ: Թե ինչու եմ կողմնակից կիսանախագահական պետության, ասեմ՝ այդ համակարգը ճգնաժամեր թույլ չի տալիս:

– «Շարժում-88»-ը մասնակցելո՞ւ է տեղական ինքնակառավարման, հետագայում նաեւ՝ խորհրդարանական ընտրություններին:

– Եթե կազմավորվում է հասարակական-քաղաքական շարժում, ապա ընտրություններին չմասնակցելն անիմաստ կլինի: Հասարակությունն այլընտրանքի հնարավորություն պիտի ունենա: Անդրադառնալով պետական կառավարման համակարգին, կցանկանայի ավելացնել, որ պետական կառույցները մեզ մոտ բավականին ուռճացված են, բացի այդ՝ նաեւ անարդյունավետ են աշխատում: Քանի որ պետության գլխավոր խնդիրներից մեկը հասարակության կարիքների բավարարումն է, ուրեմն նա պետք է հնարավորինս քչացնի իշխանության թեւերի աշխատակազմերի համար նախատեսվող ծախսերը: Հաշվի առնենք, որ սոցիալական ներկայիս շերտավորումը իր ազդեցությունն է ունենում մեր գերզգայուն հասարակության տրամադրությունների վրա: Արդարության գրավականը, իմ կարծիքով, յուրաքանչյուրի համար զարգացման հավասար պայմանների ապահովումն է, իսկ հավասարության եւ արդարության հանրագումարը ազատությունն է:

Յուրաքանչյուր հասարակական-քաղաքական կազմակերպություն ունենում է իր սոցիալական հենարանը: Ո՞ւմ վրա եք հենվելու:

– Առաքինի, պարկեշտ, գրագետ, արհեստավարժ մարդիկ են ընդգրկվելու մեր կազմակերպության շարքերում: Այնպիսի մարդիկ, օրինակ, որոնք չեն մասնակցել «սեփականազավթման» գործընթացին: Մենք պետք է բացատրենք ժողովրդին, թե ուր ենք գնում, ինչ ենք ուզում եւ որն է մեր նպատակը:

 – Կազմակերպությունում, բացի ձեզանից, լինելու՞ են ուրիշ պատգամավորներ:

– Առայժմ ցանկություն հայտնողներ չեն եղել: Կլինեն՝ կընդգրկենք:

Դուք կարեւորեցիք իշխանության թեւերի տարանջատումը՝ համարելով այն պետության կայացման բնորոշիչներից մեկը: Որպես պատգամավոր, ի՞նչ կարծիքի եք օրենսդիրի գործառույթների, մասնավորապես վերահսկիչ գործառույթի իրականացման մասին:

– Մեր իրականության մեջ գործադիր իշխանությունը բացարձակապես վերահսկողությունից դուրս է: Սա միանշանակ եմ ասում: Գոյություն ունեն վերահսկման մի շարք ձեւեր. հարցեր կառավարությանը, պատգամավորական հարցապնդումներ, Վերահսկիչ պալատ, ի վերջո՝ օմբուդսմենի ինստիտուտը: Նշված ինստիտուտներից ոչ մեկը մեզ մոտ կայացած չէ (վերջինը դեռեւս չի ստեղծվել): Նախորդ տարիների համեմատությամբ առաջընթաց, իհարկե, կա: Ես գտնում եմ, որ Վերահսկիչ պալատը պետք է հաշվետու լինի ոչ միայն Ազգային ժողովին: Իմիջիայլոց, այսպիսի նախադեպ աշխարհում չկա: Վերահսկիչ պալատը պետք է նաեւ  հաշվետու լինի հանրապետության նախագահին, հետևաբար, այդ ինստիտուտին վերաբերող օրենքը պիտի փոխվի: Գործադիր իշխանությունը պետք է լինի ընտրովի մարմնի՝ խորհրդարանի տրամաբանական շարունակությունը:

 – Վերադառնանք Ձեր կազմակերպությանը: Ե՞րբ եք հրավիրելու հիմնադիր համագումարը:

– Համագումարը տեղի կունենա մայիսին: Նախաձեռնող խումբն աշխատում է այդ ուղղությամբ: Այսօրվա դրությամբ աշխատանքներն ընթանում են հիմնականում մայրաքաղաքում, իսկ հետագայում ճյուղային կազմակերպություններ կգործեն նաեւ շրջաններում:


Էդուարդ Աղաբեկյանը ծնվել է 1963թ. Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում: Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի բժշկական ինստիտուտը: Ստանալով բարձրագույն կրթություն, նա վերադարձել է հայրենիք եւ 1986 թվականից սկսել աշխատել առողջապահության համակարգում:

Ացախյան գոյամարտի հորձանուտից Էդ. Աղաբեկյանը հեռու չի գտնվել:  ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում նա մասնակցել է Արցախի ազատագրման գործին: 1998-2000 թթ. զբաղեցրել է ԼՂՀ առողջապահության փոխնախարարի պաշտոնը: 2000 թ. խորհրդարանական ընտրություններից հետո նա դարձել է ԼՂՀ երրորդ գումարման ԱԺ պատգամավոր, միաժամանակ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
—-

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ 

ԼՂՀ-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Կարեն ՆԵՐՍԻՍՅԱՆ
տնտեսագիտության թեկնածու

Այսօր մարդկությանը հետաքրքրող կենսական նշանակության մի շարք հարցերի թվում փոքր երկրին ու ժողովրդին ամենից առաջ հետաքրքրում է այն հարցը, թե ինչպիսի՞ն է լինելու ազգային պետության ու տնտեսության ճակատագիրը տնտեսական համաշխարհային գլոբալացման պայմաններում. քանի որ աշխարհում ընթացող փոփոխությունների թատերաբեմում փոքր երկրները վճռական դեր չեն խաղում և փոքր ժողովուրդների խնդիրն է խուսանավելով համաշխարհային քաղաքականության անցանկալի դրսևորումներից՝ ստեղծել ազգային տնտեսության զարգացման այնպիսի մակարդակ, որի դեպքում բնակչության կենսամակարդակը կմոտենա զարգացման միջին մակարդակ ունեցող երկրների կենսամակարդակին և հիմնականում կլուծվեն աղքատության հաղթահարման խնդիրները:

Այդ իսկ նպատակով իմաստ է ձեռք բերում անկողմնակալ գնահատական տալ վերոհիշյալ ոլորտում ԼՂՀ-ում տիրող իրավիճակին, հաշվի առնելով դրան առնչվող այն ցուցանիշները, որոնք կիրառվում են համաշխարհային տնտեսագիտության զինանոցում, մասնավորապես ՀՀ-ում բնակչության աղքատության մակարդակի ուսումնասիրման գնահատականները: Դրանք արտացոլված են «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում», որը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից 2003թ. օգոստոսին, ըստ որի՝ աղքատության տեսակարար կշիռը բնակչության թվաքանակում 2001թ. կազմել է 50.9 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատներինը՝ 16 տոկոս և խնդիր է դրվում 2003թ. դրանք համապատասխանաբար հասցնել 46.2 տոկոսի և 15.2 տոկոսի: Աղքատության պատճառներից է նաև անհավասար բաշխումը, որն արտացոլվում է եկամուտների համակենտրոնացման Ջինիի գործակցով: Ըստ նույն աղբյուրի՝ այն ՀՀ-ում 2001թ. կազմել է 0.535, 2003թ.՝  0.510 և կանխատեսվում է, որ 2005թ. կկազմի 0.491, 2010թ.՝ 0.466 և 2015թ.՝ 0.446: Ընդ որում, ըստ վերոհիշյալ ծրագրի բարձր տեմպերով հարատև տնտեսական աճի ապահովման, ինչպես նաև սոցիալական պաշտպանության արդյունավետ քաղաքականության իրականացմանն ուղղված միջոցառումների արդյունքում նախատեսվում է աղքատ բնակչության թվաքանակը 2005թ. կրճատել մինչև 41տոկոս, 2010թ.՝ մինչև 29.1 տոկոս, 2015թ.՝ 19.7 տոկոս: Միևնույն ժամանակ, ծայրահեղ աղքատ բնակչության թվաքանակը 2005թ. կկազմի 14.2 տոկոս, 2010թ.՝ 10.6 տոկոս, իսկ 2015թ.՝ 4.1 տոկոս:

Ցավոք, ԼՂՀ-ում վիճակագրական մարմինները ֆինանսական և այլ ռեսուրսների բացակայության պատճառով չեն հաշվարկում և հրապարակում վերոհիշյալ ցուցանիշները, սակայն կարելի է որոշակի ճշտությամբ համեմատությունների և համադրման միջոցով կանխատեսել դրանք: Այսպես, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի չափով ԼՂՀ-ն ավելի քան 2 անգամ զիջում է ՀՀ-ում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ին, որտեղից կարելի է ենթադրել, որ ԼՂՀ-ում աղքատության մակարդակը զգալիորեն բարձր պետք է լինի, քան ՀՀ-ում: Իսկ մյուս ցուցանիշի՝ Ջինիի գործակցի գնահատման առումով կարելի է հիմք ընդունել ըստ բնակավայրերի ՀՀ-ում դրա բաշխվածության աճող միտումը: Այսինքն, կարող ենք վստահորեն նշել, որ ԼՂՀ-ում այն ավելի բարձր է: Հետաքրքիր է նաեւ նշել, որ World Development Indicators 2001թ. տվյալներով 1999թ. բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի (ըստ գնողականության համարժեքության) ցուցանիշի երկրները կարելի դասակարգել ըստ հետևյալ հիմնական խմբերի.

– հարուստ և զարգացած, որոնցում բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը կազմել է 15 հազար ԱՄՆ դոլարից ոչ պակաս,

– միջին զարգացած՝ 4-15 հազար ԱՄՆ դոլար (այդ թվում առաջին ենթախմբի համար՝ 7-15 հազ. ԱՄՆ դոլար, երկրորդ ենթախմբի համար՝ 4-7 հազ. ԱՄՆ դոլար),

– աղքատներ և զարգացողներ՝ 4 հազ. ԱՄՆ դոլարից պակաս:

Ընդ որում, համաձայն որոշ տնտեսագետների, ՀՀ-ն ամենալավատեսական գնահատականներով մոտակա 10-15 տարիների ընթացքում արագացված տնտեսական զարգացման հնարավոր արդյունքով կարող է դառնալ մուտքը զարգացման միջին մակարդակ ունեցող  ենթախմբի երկրներ: ԼՂՀ-ի պարագայում, եթե հաշվի առնենք, որ 1996-2003թթ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի միջին տարեկան աճը կազմել 12.4 տոկոս, որը բավականին բարձր ցուցանիշ է, և օգտվենք ոչ բարդ մաթեմատիկական հաշվարկներից, կստանանք, որ ՀՀ-ի այդ ցուցանիշի մակարդակին կհասնենք մոտ 6 տարի հետո, իսկ զարգացման միջին մակարդակ ձեռք կբերվի 20 տարի անց:

Հարկ է նշել, որ աղքատության հաղթահարումը կապված է՝

1. կայուն տնտեսական աճի ապահովման,
2. հարկային եկամուտների ավելացման և ստվերայնության կրճատման,
3. հասարակության զարգացման ապահովման,
4. բնակչության սոցիալական պաշտպանվածության հետ:

Այս գործոնների մեջ վճռական նշանակություն ունի տնտեսական աճի ապահովումը, որի օգնությամբ ընդհանրապես  լուծվում են մյուս խնդիրները, ուստի դրա ազդեցության ճշգրիտ գնահատումը և կանխատեսումը հնարավորություն կտա իրական պատկերացում կազմելու երկրի տնտեսական ճակատագրի մասին: Անշուշտ, երկրի տնտեսական ճակատագրի վրա ներգործում են քանակապես անգնահատելի և անկանխատեսելի այնպիսի գործոններ, որոնցից են գործարար աշխարհի կազմակերպվածության մակարդակը, հասարակության անդամների բարոյահոգեբանական հատկանիշները և այլն: Մինչդեռ, տնտեսական աճի մյուս գործոնները քանակապես գնահատելի են և դրանց փոփոխության դինամիկան պարզելուց հետո կարելի է գնահատել հատկապես տնտեսական իրավիճակի փոփոխության միտումները:

ԼՂՀ-ում ամենաբարձր տնտեսական աճի տեմպը արձանագրվել է 2003թ., ՀՆԱ-ի իրական աճի տեմպը կազմել է 19.8 տոկոս, իսկ ամենացածրը՝ 2.4 2001թ.: Սակայն մյուս կողմից եղած փաստացի ցուցանիշների համադրումը բերում է այն հետևության, որ հանրապետության հիմնական ու առաջատար ճյուղերը՝ գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը, դեռևս հեռու են 1988թ. մակարդակից: Ելնելով անցումային տնտեսություն ունեցած առանձին երկրների փորձից, որոնցում ՀՆԱ-ի 75 տոկոսը ստեղծվում էր մասնավոր սեկտորում, կարելի փաստել, որ արտադրության նախկին մակարդակի վերականգնման հիմնական ուղին մասնավոր ձեռներեցության զարգացումն է:

Այսօր իրավիճակը պահանջում է վերլուծել ու գնահատել արտադրության աճի հիմնական գործոնները՝ կապիտալի աճը, աշխատուժի զբաղվածության ապահովումը և ներդրումների ու ազգային խնայողության փոփոխությունները, քանի որ ազգային եկամտի աճի մնացած գործոնների ազդեցությունը հանդես է գալիս թվարկած գործոնների հաշվին:

Սովորաբար, տնտեսագետները տնտեսական աճի տեմպերի վրա ազդող գործոնների թվարկման ժամանակ, ըստ դրանց ազդեցության չափի, դիտարկում են ներդրումների տեմպի և ազգային խնայողության չափը, ֆինանսական ռեսուրսները՝ մասնավոր հատվածի վարկավորման համար, սղաճի տեմպերի և ներդրումների գրակչության պայմանները, պետական բյուջեի պակասորդի մակարդակը և պարտքի հարաբերությունը ՀՆԱ-ին, մարդկային կապիտալի զարգացման տեմպերը:

Կարծում ենք, նշված հարցերը ընդհանրապես արտացոլվում են պետական միջին ժամկետի կամ երկարաժամկետ ծրագրերում, որոնց մշակումն ու ընդունումը, կարծում եմ, գիտական ներուժի ներգրավմամբ  ավելի քան կարևոր է և հասունացել է ԼՂՀ-ում:

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Անցած ամիսը նշանավոր դարձավ կադրային, ավելի ճիշտ, կառուցվածքային փոփոխությամբ. ԼՂՀ նախագահի հրամանագրով Յուրի Ղազարյանն ու Բենիկ Բախշիյանը ազատվել են փոխվարչապետի պարտականություններից, պահպանելով նախարարական տեղերը: Ըստ հրամանագրի, նախագահը նպատակահարմար չի գտել նախարարի և փոխվարչապետի պաշտոնների համատեղումը: Սակայն, ինչպես Յու. Ղազարյանն է նշել, արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարար լինելը առանց փոխվարչապետի իրավասություների՝ անհնարին է, և որպես պատասխան քայլ նախարարը օգտվել է աշխատանքային արձակուրդի իր իրավունքից: Գյուղնախարար Բ. Բախշիյանը գտնում է, որ կարող է աշխատել նաև առանց փոխվարչապետի իրավասությունների:

Փոխվարչապետների պաշտոնները ընդհանրապես չեն կրճատվել, և կարելի է սպասել նոր նշանակումների: Մյուս կողմից հարց է ծագում. արդյոք, սա կառուցվածքայի՞ն, թե կադրային  փոփոխություն էր: Եվ եթե կադրային էր, ինչո՞ւ ոչ ոք չբացատրեց հասարակությանը, թե որն էր Յու. Ղազարյանի և Բ. Բախշիյանի մեղքը:

Ընդհանրապես, կադրային հարցում նման աշխատաոճն անընդունելի պիտի լինի: Ճիշտ կլիներ, որ պետության ղեկավարը հանրությանը պարզաբաներ կադրային փոփոխությունների պատճառները: Մինչդեռ մենք չկարողացանք որեւիցե մեկնաբանություն ստանալ ոչ նախագահի աշխատակազմում, ոչ էլ կառավարությունում: Կադրային փոփոխությունները չպիտի անդրկուլիսյան սցենարով անցկացվեն: Պարզապես հարկավոր է մարդկանց մարդատեղ դնել եւ բացատրել, թե ինչում էին թերացել հիշյալ պաշտոնյաները: Գոնե նրա համար, որ այդ թերացումները չկրկնվեն:

«Դ»

ՔԱՂԱՔԱՑԻ ՌԱՖԱՅԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ  ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ՞ 

Հասարակությունն իրավունք ունի իմանալ` ինչ է անում իր կառավարությունը, ինչպես են գործում պաշտոնյաները, եւ ինչպես են ծախսվում հարկերից ստացված գումարները: Յուրաքանչյուր ոք կարող է փաստաթղթեր պահանջել` առանց բացատրելու իր նպատակը: Որպես ազատ հասարակության քաղաքացիներ,
մենք պատավոր ենք հարցեր տալ կառավարությանը:

 ՙԱզատության գինը հավերժական զգոնությունն է՚,- գրել է Միացյալ Նահանգների երրորդ նահագահ Թոմաս Ջեֆերսոնը:

1999 թվականի  մայիսի  12-ին  Ստեփանակերտի քաղաքապետարանի թիվ 291 որոշմամբ քանդել են Ստեփանակերտի այժմվա թիվ 13 թաղամասի  /Թումանյան և Մարտունի փողոցների/ սեփական  տները, որոնց թվում նաև Մարտունի փողոցի թիվ 12 սեփական տունը: Քանդման ենթակա  տների սեփականատերերին  տեղեկացվել է, որ ցանկության  դեպքում նրանց  բնակարան կհատկացվի այդ տարածքում կառուցվելիք շենքերից:  Բնակիչների մի մասին տրվել է դրամական  փոխհատուցում և նրանք  բնակարան են  ձեռք բերել մայրաքաղաքի այլ  թաղամասերում: Քանդված տների  սեփականատերերի մի մասն էլ՝  թվով 12 ընտանիք, այդ թվում նաև  Մարտունի փողոցի թիվ 12 տան  սեփականատեր Ռաֆայել Պետրոսյանը, ցանկություն են հայտնել բնակարան ստանալ քանդված տների  տարածքում կառուցվելիք շենքերից:  Ստեփանակերտի քաղաքապետարանի  1999 թվականի մայիսի 12-ի  թիվ  291 որոշումը նրանց այդ իրավունքը իրավաբանորեն վավերացրել է:

2000 թվականի հուլիսի 12-ին նշված 12 ընտանիքների դիմումին ի պատասխան՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտնել է, որ բնակտարածքի հատկացման  հարցը քննարկման փուլում է, և որ օրենքով սահմանված կարգով բնակիչները բնակարանով կապահովվեն: Սակայն գնալով բնակչությունը հասկանում է, որ 13-րդ թաղամասում  կառուցվող շենքերից իրենց հազիվ թե բնակարան հասնի:

2003 թվականի նոյեմբերի 13-ին  քաղաքացի Ռաֆայել  Պետրոսյանի փաստաբան Ե. Սաֆարյանի դիմումին ի պատասխան՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտնում է, որ նշված տարածքում կառուցված բազմաբնակարան շենքերը, ԼՂՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 26-ի թիվ 207 որոշմամբ, վաճառվել են, ուստի քաղաքապետարանի 1999 թվականի թիվ 291 որոշումը ի կատար  ածվել չի կարող:

13-րդ թաղամասից բնակարան ստանալու  հույսը կտրած քաղաքացի Ռաֆայել Պետրոսյանը դիմում է ԼՂՀ  նախագահի աշխատակազմի տնտեսագիտական  վարչության պետ Բորիս Ալավերդյանին /թաղամասի քանդված տների բնակիչների բնակարանային  հարցերով նախկինում նա էր զբաղվում/: Վերջինս հայտնում է, որ այդ նպատակով հատկացված պետական միջոցները սպառված են, սակայն  խոստանում է օգնել՝ Պետրոսյանների ընտանիքին 5,500-6000 ԱՄՆ դոլարի գումարի չափով փոխհատուցում  տրամադրելու հարցում /Պետրոսյանների 5 հոգուց բաղկացած ընտանիքին հասնում է 3-4 սենյականոց բնակարան/: Հարցը սակայն  ձգձգվում է: Ամիսներն անցնում էին, Պետրոսյանների բնակարանի հարցն անորոշ է  մնում:  «Այնքան հաճախակի էի հայտնվում  նախագահական   նստավայրում, որ  պահակախմբի բոլոր տղաները դեմքով ճանաչում էին, սակայն այդպես էլ պատասխան չէի  ստանում»,- ասում է Ռաֆայել Պետրոսյանը: Իր ընտրատարածքի պատգամավոր Արթուր Սարգսյանի խորհրդով, այս անգամ անմիջապես նախագահին է դիմում ուղղում: Պատասխան էլի չի ստանում:

2003  թվականի ապրիլին այդ  քաշքշուկից հալումաշ քաղաքացուն  կանչում են և առաջարկում  3000 ԱՄՆ դոլարի չափով փոխհատուցում, ևս 4000 դոլարի գումարը  հետագայում  փոխհատուցելու պայմանով: «Մարդ կա, որ մինչև հիմա  մի կոպեկ էլ չի ստացել»,- զգուշացնում են նրան: 2 տարվա  գործազուրկ Ռաֆայել Պետրոսյանը ստիպված համաձայնվում է: Սակայն  3000$ փոխհատուցմանը 4000-ը չի հետևում: Հետագայում Ռաֆայել Պետրոսյանը իմանում է, որ 5 անձից բաղկացած իր ընտանիքի համար՝  որպես դրամական  փոխհատուցում, որոշել են 3000$ և որ ինքն  այլևս սպասելիք չունի:

«Այդ գումարով ներկայումս մեկ սենյականոց բնակարան հազիվ ձեռք բերվի, այն դեպքում, երբ իմ ընտանիքին 3-4 սենյականոց է հասնում,-վրդովվում է Ռաֆայել Պետրոսյանը,- համաձայն եմ, վերադարձնում եմ իրենց  տված 3000$-ը, թող ինձ  ապահովեն 3 սենյականոց բնակարանով, ինչպես որոշել է քաղաքապետարանը, կամ էլ  վերադարձնեն նախկին  հողատարածքս»,-ասում է  նա:

Ո՞վ և ի՞նչ սկզբունքով է որոշել փոխհատուցվող գումարի չափը: Ռաֆայել Պետրոսյանը դիմում է դատարան: Ռ. Պետրոսյանի փաստաբան Ե. Սաֆարյանի դիմումին ԼՂՀ  արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունից  պատասխանել են, որ  փոխհատուցման գումարի չափը որոշվել է ԼՂՀ նախագահի աշխատակազմում:

Ե. Սաֆարյանի՝ Բորիս Ալավերդյանին ուղղված դիմումը, թե ի՞նչ սկզբունքով և  չափանիշներով է վերջինս ղեկավարվել 3000$-ի փոխհատուցում սահմանելու որոշում կայացնելով, այսպես էլ անպատասխան է մնում:  Փաստաբանն անձամբ ներկայանում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի շենք՝ Բորիս Ալավերդյանի մոտ, իր ուղարկած գրության  պատասխանը ստանալու: «Իմ գրությունը նրա մոտ էր: Հայտնեց, որ գրությունում նշված որոշումը ինքը չի ընդունել, որ ինքը բլանկ և կնիք չունի, որ իմ գրությանը պատասխանի, որ անձամբ իրեն չպետք է հասցեագրեի իմ  գրությունը, և որ Ռ.Պետրոսյանն այլ տեղ տուն ունի, էլ ինչու՞ է ակնկալում, որ քանդված տան դիմաց փոխհատուցում ստանա և այլն: Վերջում հայտարարեց, որ նախագահի աշխատակազմի ղեկավարից կհարցնի, եթե  նա թույլ տա, ապա կպատասխանի իմ գրությանը, եթե ոչ՝ չի պատասխանելու»:

Այնուամենայնիվ, ի՞նչ սկզբունքով է իրականացվում  քանդման ենթակա տներում  բնակվող ընտանիքների դրամական փոխհատուցումը: «Տվյալ բնակարանում  օրինական  գրանցում ունեցող անձանց թվին համապատասխան որոշվում է հասանելիք բնակտարածքը՝ արտահայտված սենյակներով, որի հիման վրա որոշվում է տրվելիք դրամական  փոխհատուցման   չափը՝  ԱՄՆ դոլարով, տվյալ ժամանակահատվածում  բնակարանների համար  գոյություն ունեցող, շուկայական  գներին համապատասխան»,- հայտնում  է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Վ.Փալանջանյանը 2003 թվականի հոկտեմբերի 31-ին  փաստաբանի դիմումին ի պատասխան: Ավելի կոնկրետ տվյալներ է պարունակում քաղաքապետ Համիկ Ավանեսյանի պատասխանը՝ «Բնակարանը հատկացնում են, որպես կանոն, յուրաքանչյուր ընտանիքին մեկ բնակարան,  յուրաքանչյուր  անձին՝ 9քառ. մ բնակմակերեսի չափով, 4-5 անձից բաղկացած ընտանիքներին հատկացվում է 3 սենյականոց բնակարան»:

Պաշտոնյաների տրամադրած տեղեկատվության մեջ բնակարանների ու փոխհատուցումների տրամադրման  որոշակի սկզբունք է ուրվագծվում: Սակայն ինչպե՞ս  բացատրել այն  հանգամանքը, որ նույն 13-րդ թաղամասի քանդված տների նույն քանակի ընտանիքի կազմով մարդկանց  տարբեր չափերի փոխհատուցում է տրվել: Այսպես, Վիլեն Հարությունյանը, որի ընտանիքը բաղկացած է 5 անձից, ստացել  է 6600$, իսկ Էդիկ Առաքելյանը, որի ընտանիքը ևս  5 անդամից է բաղկացած՝ 7500$:  4 անձից բաղկացած Հակոբ Սարգսյանի ընտանիքին տրամադրվել է 6400 դոլարի չափով փոխհատուցում:

Ռաֆայել Պետրոսյանն ընդդեմ Ստեփանակերտի քաղաքապետարանի՝  «Պաշտոնատար անձանց գործողությունները վիճարկելու, քանդված տան դիմաց 4 սենյականոց բնակարան հատկացնելու մասին» քաղաքացիական գործի վերաբերյալ ԼՂՀ առաջին ատյանի դատարանի վճիռը քաղաքացու օգտին չէր:

Դատարանը գտնում է, որ դիմումը ենթակա է մերժման՝ ելնելով հետևյալից.

«ԼՂՀ քաղ.օր-ի 287 հոդ. համաձայն, սեփականության իրավունքը դադարելիս գույքը գնահատվում է դրա  շուկայական արժեքով:

Հաստատված է, որ նշված տունը 1940 թվականի շինություն էր, խարխուլ, փայտե կառուցվածքներով:

Հատուցման գինը՝ 3000 ԱՄՆ դոլար, ողջամիտ է: Պաշտոնատար անձնանց գործողություններում հակաօրինական ոչինչ չկա: Հաստատված է նաև, որ Ռ.Պետրոսյանը նշված տանը չէր բնակվում, այլ բնակվում էր Ստեփանակերտի Վաղարշյան փողոցի թիվ 46 շենքի թիվ 10՝ իր անվամբ սեփականաշնորհված բնակարանում, որտեղ և ներկայումս բնակվում է իր ընտանիքով»:

Գործում իրավաբանական  պարզաբանման ենթակա մի շարք  խնդիրներ կան.

– Արդյոք, տան  խարխուլ վիճակո՞վ է որոշվում հատկացվելիք փոխհատուցման  չափը, եթե այո, ապա ո՞ր դեպքում է գործում մեկ այլ սկզբունքը՝ տվյալ բնակարանում օրինական գրանցում ունեցող  անձանց թվին համապատասխան հասանելիք բնակտարածք հատկացնելու վերաբերյալ:

– Եթե գոյություն ունի միասնական սկզբունք, ինչու՞ այն չի պահպանվել թիվ 13 թաղամասի բնակիչներին փոխհատուցում տրամադրելու ժամանակ /նույն քանակի անդամներով ընտանիքներին տրամադրվել է տարբեր  գումարներ/:

– Ի՞նչ կապ ունի քաղաքացու մեկ այլ վայրում բնակարան ունենալը՝ քանդված տան դիմաց փոխհատուցում ստանալու ժամանակ: Քաղաքացիական օրենսգրքում  նշված է. «Եթե քանդվող տան սեփականատերն ապրում է մեկ այլ   բնակելի տարածքում, բնակարանային բավարար պայմաններում կամ մշտապես բնակվում է այլ բնակավայրում, նա քանդվող  տան դիմաց ստանում է դրամական փոխհատուցում՝ բնակարանի փոխարեն»:

– Ինչու՞ երբ մեջ է բերվում Քաղաքացիական օրենսգրքի 287 հոդվածի պահանջը, համաձայն որի սեփականության իրավունքը  դադարելիս գույքը գնահատվում է նրա շուկայական գներով, մոռացվում է, որ քաղաքացուն փաստորեն խաբել են՝ 1999-ին բնակարան  խոստանալով կառուցվող շենքից և 2003-ին խոստումը չկատարելով: Հետևաբար, տրամաբանական է, որ փոխհատուցման չափը  որոշվի 2003-ի գործող շուկայական գներով:

– Ի վերջո, օրինակա՞ն է Ռ.Պետրոսյանի պահանջը:

Այս հարցերի պատասխանն ենք ակնկալում նաև մեր թերթի էջերում: Իրավաբանների պարզաբանումներին սիրով տեղ կհատկացվի:

Նշենք, որ ԼՂՀ Գերագույն դատարանը ևս մերժել է Ռաֆայել Պետրոսյանի դիմումը՝ այն համարելով անհիմն:

Մեր կողմից ուզում ենք ավելացնել, որ երկխոսության ենք հրավիրում բոլոր  շահագրգիռ մարդկանց: Որքանո՞վ է մեր դատաիրավական համակարգը պատրաստ պաշտպանելու հասարակ քաղաքացու շահերը, ինչու՞ տարբեր առիթներով համակարգը ցուցանում է իր  անզորությունն ու կախվածությունը պետական մեքենայից /պետական պաշտոնյաներից/: Եվ  արդյոք ժամանակը չէ՞ ստեղծել  անկախ մի կառույց, որը զբաղվի հուսախաբ քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ, թե չէ նրանց  վերջին հանգրվանը լրագրողական եղբայրությունն է:

Մեզ  դիմելով, Ռաֆայել Պետրոսյանը վերջում ասաց. «Եթե իմ գործը ներկայացնելիս ձեզ ինչ-որ բան սպառնա, հարկավոր չէ, ոչինչ մի գրեք: Գիտեմ, որ անհույս գործ է, միայն ուզում եմ  մարդիկ իմանան, որ նման դեպքեր էլ են լինում»:

 Մարինե  ՄԿՐՏՉՅԱՆ

ՌԱԲԻՍ ԿԱՄ՝ ԽՆԱՅԵՑԵՔ ՄԵՐ ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Վերջին տասնամյակում ռաբիսը դուրս է եկել ավտովարորդների ավտոմագնիտաֆոններից ու սեղանատներից և գրավել ռադիոհեռուստաեթերը: Ազգ ու ժողովուրդ գրեթե համատարած ռաբիս է լսում, որովհետև այլ բան լսելու այլընտրանք չունի: Ասես կախարդական գավազանի մի հարվածով երգարվեստի զարգացած դարաշրջանից  հետ ենք գլորվել և ընկել երաժշտության միջնադար: Որպեսզի պատկերն ավելի պարզ լինի, ասենք, որ Ստեփանակերտում գործող ռադիոկայանների երգացանկի «հայկական» բաժնի 90-95%-ը ռաբիս երաժշտություն է: Վերջերս այդ առթիվ երբ իմ մտահոգությունը հայտնեցի «Փեյս» ռադիոկայանի աշխատակից Արթուր Պետրոսյանին, ցավով խոստովանեց, որ պահանջարկն է այդպիսին: «Ի՞նչ կարող ենք անել, երբ ռադիոլսողներն են գալիս և պատվիրում այս կամ այն ռաբիս երգը»: Ես էլ գիտեմ, լսում եմ, որ մեր հայրենակիցներն են զանգում և պատվիրում ռաբիս որևէ երաժշտություն: Բայց…

Բայց այդ երգ-երաժշտություններն այդ մարդիկ առաջին անգամ լսել են հենց այդ նույն ռադիոկայաններից: Նրանց հենց այդ են հրամցրել, և նրանք գիտեն միայն հենց այդ երաժշտությունները: Ուրիշ ի՞նչ է մնում 18-20 տարեկան երիտասարդներին, երբ նրանց ապրած գիտակից կյանքն ամբողջովին ողողված է ռաբիսի կլկլոցներով: Երբ Երևան-Ստեփանակերտ միկրոավտոբուսի երիտասարդ ուղևորուհին ավտովարորդին խնդրում է. «Ինչ ուզում ես միացրու, միայն հայկական երգ չլինի, դրանից զզվում եմ», դրա պատճառը ոչ թե այն է, որ նա ատում է հայրենի երգարվեստը, այլ այն, որ նրա կարծիքով հայկական երգը հենց այդ ռաբիսն է:

Երբ «Կոնտակտ» լարային ռադիոկայանի «երաժշտագետ» հաղորդավարները ի լուր ռադիոլսողների հայտարարում են՝ «Իսկ այժմ հաղորդում ենք հայկական ժողովրդական սքանչելի մի կատարում» և եթերն աղտոտում ամենահետին պանդոկի ապաշնորհ մի սազանդարի շիքաստանման կլկլոցով, պարզ է, որ երաժշտական համեստ ճաշակ ունեցող ռադիոունկնդիրը հաջորդ օրը հենց այդ «սքանչելի կատարումն է» պատվիրելու սիրած աղջկա կամ թանկագին մայրիկի ծննդյան օրվա առթիվ:

Ցավոք, առավելապես հենց այդ ռադիոկայաններն են ժողովրդի, հասարակության մեջ ռաբիս-ճաշակ դաստիարակել: Մինչդեռ նրանք իրականում պետք է, որ ավելի մեծ առաքելություն ունենային. ոչ թե չորեքթաթ գնային ժողովրդի հետևից, այլ առաջնորդեին իրենց ունկնդիրներին դեպի Վերելք, դեպի Գեղեցիկն ու մատնացույց անեին դեպ Տաճար տանող ճանապարհը:

Առավոտից կեսգիշեր լսելով արամասատրյանական երաժշտադպրոցի երգ-մարգարիտները, ակամայից մտածում ես. իսկ գուցե իսկապես երբեք Կոմիտաս և Արամ Խաչատրյան, Խաչատուր Ավետիսյան և Տիգրան Մանսուրյան, Հովհաննես Բադալյան և Լուսինե Զաքարյան, Ռուբեն Մաթևոսյան և Վարդուհի Խաչատրյան չենք ունեցել:

Թերևս ավելի լավ է լսենք մասնագետներին, մեր պրոֆեսիոնալ երաժիշտներին:

ՄԻԼԱՍ ՄԱՆԱՍՅԱՆ (կոմպոզիտոր) – Ռաբիսը քաղաքային ֆոլկլոր է: Եթե այն ծնվել է ժողովրդական ակունքներից, դա կարելի է ընդունել: Բայց եթե այն արաբական-թուրքական երաժշտություններից է ներմուծված, ինչպես Թաթայի և Արամ Ասատրյանի երգերի զգալի մասը, ապա դրա դեմ պետք է պայքարել: Ռաբիսը պետք է ստեղծված լինի ազգային, ժողովրդական ակունքների հիմքի վրա: Պետք է ոչ թե պայքարել ռաբիսը վերացնելու համար (դա հնարավոր էլ չէ), այլ պայքարել դրա մաքրության համար:

ԱՐՄԵՆ ՆԱՍԻԲՅԱՆ (կոմպոզիտոր) – Իմ մտքերում, զգացումներում ռաբիսը բացակայում է: Իմ նախասիրությունը, իմ աշխարհը դասական և ժողովրդա-պրոֆեսիոնալ երաժշտությունն է: Ռաբիսը չի կարող մարդու հոգևոր կյանքում որևէ դրական դերակատարություն ունենալ, որովհետև այն ոչ միայն բարձր արվեստ չէ, այլև ընդհակառակը՝ երաժշտության տականքն է…

Դրա դեմ պայքարելու ամենաարդյունավետ ձևը բարձր արվեստ պրոպագանդելն է: Պետք է պետական մակարդակով ավելի շատ լուրջ երաժշտություն քարոզել, որպեսզի ռաբիսն աստիճանաբար դուրս մղվի:

ՆԻՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ (Արցախի «Վարարակն» պետական երգչախմբի ղեկավար) – Ռաբիսի իրական տեղը հարսանիքներն ու զանազան հավաքույթներն են, որտեղ երիտասարդները պարելով բավարարություն են տալիս ֆիզիկական հաճույքներին, ինչպես, ասենք՝ բավարարում են ստամոքսի կամ սեքսուալ պահանջմունքները: Ռաբիսում բացարձակապես չկա որևէ գրամ հոգևոր տարր: Ռաբիսի այսօրվա տարածման պատճառներից մեկն այն է, որ մեր ռադիոկայանները երբ ռաբիս են հնչեցնում, թեկուզև նուրբ ձևով հակապրոպագանդա չեն տանում:

Ինչպես աղանդների դեմ պայքարելու ամենաճիշտ և արդյունավետ եղանակը հայկական եկեղեցու դիրքերի ուժեղացումն է, այնպես էլ ռաբիսի դեմ պայքարելու ամենաճիշտ ձևը ազգային լուրջ երաժշտություն պրոպագանդելն է, հայկական երաժշտությունն ավելի շատ հնչեցնելը թե՜ ռադիոյով, թե՜ բեմահարթակներում:

ՏԻԳՐԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ (երգիչ) – Ռաբիսը ժամանակի ծնունդ է: Այն ճաշատեսակի պես մի բան է, ինչպես, օրինակ՝ պիլմենին, որը մերը չէ, բայց երբ ներկայացնում են որպես ազգային (ասենք՝ որպես ժենգալով հաց), պետք է նրան ցույց տալ իր տեղը…

Ռաբիսի դեմ պայքարելու երկու միջոց կա: Առաջինը պետական մակարդակով արգելելն է, որ սակայն «արգելված պտղի» սկզբունքով կարող է տրամագծորեն հակառակ արդյունքը տալ: Մյուս միջոցն այն է, որ ազգային երաժշտական ակունքներին քաջածանոթ արվեստագետներից ստեղծվի գեղարվեստական խորհուրդ, որը կորոշի, թե տվյալ երգացանկից ինչ պետք է բեմ հանել: Ռաբիսի դեմ պայքարն անշուշտ շատ նուրբ խնդիր է: Իրավունք չունես մարդուն արգելել երգել: Պետք է ամեն ինչ անել նրբանկատորեն, աստիճանաբար, տոկոս առ տոկոս ավելացնելով ազգայինի բաժինը: Եվ այդ ամենը պետք է կատարել կառավարական մակարդակով, և իրենք էլ՝ իշխանության ներկայացուցիչները, պիտի օրինակ ծառայեն:

Որ ռաբիսը մակարդակ է, դեպ Գեղեցիկը տանող սանդուղքի ամենաստորին՝ գետնաքարշ աստիճանը – դա անկասկած է: Սակայն ցավն այն է, որ այսօր ռաբիսային գետնաքարշ մակարդակ է տիրում ոչ միայն երգարվեստի ոլորտում: Ռաբիսն համառորեն խուժել է հասարակական-քաղաքական կյանքի գրեթե բոլոր բնագավառները, և դրանով ավելի է դժվարացել նրա դեմ պայքարելը: Երբ գրասեղանի հետևում նստած է օսլայած օձիք-փողկապով քաղաքական ռաբիսը, նրան հազիվ թե հնարավոր լինի բացատրել, թե ինչ ասել է Գեղեցիկ և Վեհ, Ազգային արժեք և Համազգային գաղափարախոսություն, քանզի ողջ ուսումնառության ընթացքում նա սովորել է միայն երկու թվաբանական գործողություն՝ գումարում և բազմապատկում, և նրա ուղեղի ծալքերում հազիվ թե երբևէ տեղ գտնվի Ռեմբրանդտի, Բեթհովենի կամ Կոմիտասի համար:

Ռաբիսի դեմ պետք է պայքարել բոլոր ուղղություններով և բոլոր ոլորտներում, այլապես մի տասնամյակ հետո որևէ եվրոպացու հազիվ թե կարողանանք համոզել, որ մենք երբևէ քաղաքակիրթ ազգ ենք եղել, և մեր արվեստն ու թուրքական արվեստը ամենևին նույնը չեն:

Վարդգես ՕՎՅԱՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Շախմատն արվե՞ստ է, թե՞ սպորտ: Քանի որ շախմատում իրար հետ մրցում են, հաղթում և հաղթվում- դա շատերին ենթադրել է տալիս, որ շախմատը մարզաձև է: Բայց քանի որ այն ամենը, ինչ կատարվում է 64 վանդականոց խաղատախտակի վրա, ավելի շատ արվեստ է հիշեցնում, շախմատասերների մյուս մասին ենթադրել է տալիս, որ այն արվեստ է:

Սակայն վերջերս պարզվել է, որ Ադրբեջանում միանգամայն այլ կարծիքի են. շախմատը ոչ արվեստ է, ոչ սպորտ, շախմատը քաղաքականություն է…

Ստեփանակերտում ավարտվել է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված շախմատի միջազգային մրցաշարը, որը կազմակերպել էին ԼՂՀ կառավարությունը և Հայաստանի շախմատի ակադեմիան:

Մրցաշարի հաղթող դարձավ հայաստանցի գրոսմայստեր Կարեն Ասրյանը, որը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր: Երկրորդ տեղը գրավեց լեհ շախմատիստ, Եվրոպայի չեմպիոն Բարտոլոմեյ Մաչեան՝ վաստակելով 5, 5 միավոր: Երրորդը նույնպես հայաստանցի Գաբրիել Սարգսյանն էր (4.5 միավոր): Մրցաշարի հաղթողը ստացել է 4000 դոլար դրամական պարգև:

Վերլուծելով մրցաշարի արդյունքները, գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Անատոլի Բիխովսկին նշել է, որ շատ հետաքրքիր մրցակցություն էր ծավալվել, իսկ մասնակիցների կազմը բավականին ուժեղ էր: Մրցավարը նշեց նաև, որ մրցաշարի ընթացքին որոշ չափով խանգարել է քաղաքական աղմուկը, հատկապես Ադրբեջանի բողոքներն ու մրցաշարի արդյունքներն անվավեր ճանաչելու նրա հայտարարությունները:

«Ամեն ինչ հոյակապ էր կազմակերպված: Ստեփանակերտը դարձավ շախմատի իսկական կենտրոն, որովհետև այս օրերին շախմատի աշխարհում չկար ավելի նշանակալից իրադարձություն»,- ասաց ծՁԹ+րտՏՐՑ հեռուստաընկերության մեկնաբան Մարինա Մակարիչևան, որն իր ամուսնու՝ Սերգեյ Մակարիչևի հետ լուսաբանում էր մրցաշարը:

Մրցաշարին առանձնահատուկ նշանակություն էր տալիս աշխարհի շախմատի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկու ներկայությունը՝ որպես պատվավոր հյուր: Նշելով մրցաշարի կազմակերպման բարձր մակարդակը, նա միաժամանակ ափսոսանք հայտնեց Բաքվի հետ կապված «ստեղծված քաղաքական բարդացումների» կապակցությամբ: «Շախմատը հաճախ է հայտնվում քաղաքական խաղերի մեջ: Ցավոք, այս մրցաշարը նույնպես դարձավ յուրահատուկ քաղաքական փորձադաշտ: Հուսով եմ, որ առողջ բանականությունը, համենայն դեպս, կհաղթանակի. չէ որ շախմատն ընդամենը խաղ է»,- ասաց էքս-չեմպիոնը:

Մեկնաբանելով Բաքվի բարձրացրած աղմուկը, ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանն ասաց. «Հերթական անգամ Ադրբեջանը աշխարհին ցույց տվեց իր իրական դեմքը: Այդ հանրապետության պաշտոնական անձիք, որ պաշտպանության տակ են առել քնած հայ սպային քարանձավային դաժանությամբ մորթած իրենց զինվորականին, պետական քարոզչամեքենան ողջ թափով գործի են գցել Ստեփանակերտում կազմակերպված շախմատային մի մրցաշարի պատճառով, որն ընդամենը մարզամշակութային միջոցառում է: Միևնույն է, նրանք ոչնչի չեն հասել: Ուրախալի է, որ իրենց շախմատիստներին Ստեփանակերտի մրցաշար ուղարկած երկրների մեծ մասը, այդ թվում՝ Ռուսաստանը, Շվեյցարիան, Լեհաստանը և այլն, չարձագանքեցին Ադրբեջանի սադրանքներին»:

Մրցաշարի փակման ժամանակ ԼՂՀ վարչապետը, որը մրցաշարի հաղթողներին անձամբ հանձնեց  մրցանակներն ու պարգևները, հանրապետության իշխանությունների կողմից հայտարարեց, որ այսուհետ շախմատային միջազգային մրցաշարները Ստեփանակերտում կդառնան ավանդական, իսկ Լեռնային Ղարաբաղում շախմատի զարգացման ասպարեզում անձնական ավանդի համար Բորիս Սպասկին ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվեց «Երախտագիտության» մեդալով:

 Աշոտ ԲԵԳԼԱՐՅԱՆ

ՏՈՂԵՐ ՆՈԹԱՏԵՏՐԻՑ

Անտանելիորեն տգեղ է, երբ վարագույրով ծածկում են ինչ որ բան: Հատկապես երբ վարագույրի հետևում բան չի լինում:

Երբեմն այնքան ենք տարվում գովերգությամբ, որ մոռանում ենք նկատել, որ մեր գովերգած օբյեկտը կամ սուբյեկտը սարսափելիորեն մերկ է:

Հպարտ ու վեհ կանգնած կաղնիների տապալումից սկսվում է նրա շուրջ տարածված գաճաճ թփերի ու մացառուտների «ոսկեդարը», միաժամանակ՝ ողջ անտառի միջնադարը:

Տգետների հետ վիճելը և° հեշտ է, և° դժվար: Հեշտ է, որովհետև նրանք ոչինչ չեն կարողանում դուրս բերել քո խելացի և կշռադատված փաստարկների դեմ: Դժվար է, որովհետև, միև-նույն է, դու ոչինչ չես կարողանում նրանց ապացուցել:

Երբ վարագույրն իջեցնում են՝ հեքիաթն ավարտվում է: Հաջորդ պահին բարձրացված վարագույրի հետևում դուք տեսնում եք գեղեցիկ կամ գեղեցկանման բաներ, բայց դա այլևս հեքիաթ չէ:

Կան մարդիկ, ովքեր նման են թվաբանական այնպիսի մեծության, որ ինչ թվով էլ բազմապատկում ես, արդյունքում միշտ զրո է ստացվում:

Կատուները վագրի թիկունքում երբ մլավում են վագրի վրա, ճիշտ է, իրենց վագր են զգում, բայց երբեք չեն կարող վագր դառնալ:

Կուզին գերեզմանը կուղղի, հոգով կուզը, սակայն, հանդերձյալ կյանքում անգամ չի ուղղվի։

Վ. ՕՎՅԱՆ

——————–

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s