№ 2 / 15 ապրիլ

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ

Տարբեր առիթներով հաճախ ենք տրտնջացել, որ մեր նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառվում միջազգային հանրության, աշխարհիս ուժեղների կողմից: Սակայն ուշագրավ է, որ ինքներս ենք երբեմն նախընտրում նման մոտեցում, այն էլ՝ մեր իսկ նկատմամբ:

Կոնկրետ օրինակ՝ որևիցե մեկը կարո՞ղ է միանշանակ պատասխանել՝ մենք անկախ պետությու՞ն ենք, թե՞ Հայաստանի մի մասը: Այս գրեթե ճարտասանական հարցը բխում է երկու իրարամերժ փաստաթղթերի (նկատի ունենք Հայաստանի Գերագույն խորհրդի հայտնի որոշումը վերամիավորման մասին ու Արցախում անցկացված անկախության հանրաքվեն) էությունից, ինչն էլ կարգավիճակի որոշակի խճողվածություն է առաջացրել: Այսօր, օրինակ, միանշանակ դժվար է ասել՝ Հայաստանը մեզ վերաբերվում է որպես անկախ պետությա՞ն, թե՞ որպես իր մի մասի: Բայց սա մեդալի մի երեսն է սոսկ: Հետաքրքիր է՝ իսկ մե՞նք ինչպես ենք մեզ ընդունում:

ԼՂՀ նախկին արտգործնախարար Նաիրա Մելքումյանը մի քանի տարի առաջ ասել էր՝ «Իսկ եթե Ադրբեջանում իրավիճակը կտրուկ սրվի, և սկսվեն անկառավարելի գործընթացներ, ապա բոլորովին էլ բացառված չէ, որ Ղարաբաղը դիմի միջազգային հանրությանը՝ ԼՂՀ-ի անկախությունը միջազգայնորեն ճանաչելու համար՝ սեփական ժողովրդի անվտանգությունից ելնելով» («Հայոց աշխարհ», 23 նոյեմբերի, 1999թ.): Նույն ինքը՝ Ն. Մելքումյանը, դրանից մի ամիս առաջ «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում ասել էր, թե «ԼՂՀ-ն ձգտել և ձգտում է անկախության»: Դե արի ու բան հասկացիր:

Իսկ ահա ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վ. Աթանեսյանը գտնում է, որ «Որոշ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կարող է խախտել այնքան դժվար հաստատված աշխարհաքաղաքական հաշվեկշիռը: Այդ իմաստով անկախության ճանաչումը չպետք է ինքնանպատակ լինի» («ԱԱ», 8 օգոստոսի, 2000թ.):

Ահա այսքանից կարելի է ենթադրել, որ կարգավիճակի հարցում միանշանակություն չկա: Ու՞մ է ձեռնտու այս ոչ միանշանակ իրավիճակը: Հակված ենք կարծելու, որ առաջին հերթին՝ իշխանություններին, իրենց իսկ շահերին: Սա ուղղակի ֆանտաստիկ բարենպաստ պայմաններ է ստեղծում նրանց համար: Երբ իրենց պետք է լինում, Արցախի իշխանություններն ասում են՝ մենք Հայաստանի հետ նույն քաղաքական, տնտեսական ու իրավական դաշտում ենք, ուստի նույնը պիտի անենք այստեղ (պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում և այլն): Երբ ձեռնտու չի լինում, ասում են՝ մենք անկախ պետություն ենք. այո, նույն դաշտում ենք, բայց պիտի հաշվի առնենք տեղական առանձնահատկությունները: Նույնը՝ Հայաստանի իշխանությունները: Հայաստանի պարագայում այս խճողվածությունը բերում է նրան, որ Ռ. Քոչարյանին նույնացնում են Արցախի հետ, բարենպաստ հող ստեղծելով, որ իշխանությունների գործունեության նկատմամբ դժգոհությունը վերածվի հակաղարաբաղյան ալիքի: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ «Քոչարյան» և «Արցախ» հասկացությունները, մեղմ ասած, հոմանիշներ չեն, և որ նրան Հայաստանում պիտի վերաբերվեն որպես իրենց ընտրած նախագահի, կրկին ստիպված ենք խոսել կարգավիճակի խճողվածության մասին, քանի որ հենց դրա արդյունքն է այս ամենը:

Կարգավիճակի խճողվածության ամենատարածված մեկնաբանությունն այն է, որ դա արվում է արտաքին էֆեկտի համար, ինչը, իբր, մանևրելու մեծ հնարավորություն է տալիս բանակցային գործընթացում և ընդհանրապես՝ արտաքին-քաղաքական ոլորտում: Սակայն զավեշտը կայանում է նրանում, որ նրանք, ում ուզում ենք «խաբել», մեզ նման հարյուրին կտանեն ջրի ու ծարավ հետ կբերեն: Այստեղից ևս մի անգամ համոզվում ես, որ սա հենց իրենց՝ իշխանությունների համար է: Նրանց, այո, ձեռնտու է, բայց արդյո՞ք ձեռնտու է մեր ժողովրդին: Երկու հայկական պետությունների նման էկզոտիկ, իշխանությունների «ախպերական» պայմանավորվածության, այլ ոչ թե միջպետական փաստաթղթերի վրա հիմնված հարաբերությունները մեծ վտանգ են սպառնում հենց ներքին կացությանը:

Այսպես, արցախցի որևէ հրամանատար կարող է առանց ակնարկների հայտարարել, որ Հայաստանում իշխանափոխության դեպքում չի ենթարկվի նոր իշխանություններին: Եթե անկախ պետություն ենք, ապա ինչու՞ պիտի ենթարկվի: Իսկ եթե Հայաստանի մի մասն ենք, ապա պարզ չէ՞, թե ինչ խիստ գնահատական պիտի տրվի դրան: Բայց այս խճողվածության պայմաններում ամեն ինչ հնարավոր է, ինչն էլ ամենավտանգավորն է: Այսպես,  շատ ենք ուզում հավատալ, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, ըստ որոնց ՀՀ-ում վերջին նախագահական ընտրությունների ժամանակ Արցախից զորամաս է տարվել մայրաքաղաք Երևան: Որովհետև հասկանում ենք, թե ինչպիսի խայտառակություն կլիներ դա, որը չեն ների ոչ Արցախում և ոչ էլ Հայաստանում: Չի ների հայ ժողովուրդը:

Ինչ-որ է, թերևս այս պահին անչափ կարևոր է երկու հայկական պետությունների հարաբերությունների ճշտումը, մասնավորապես՝ ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացում յուրաքանչյուրի տեղի ու դերի հստակեցումը: Ինչ վերաբերում է այս ամենում ղարաբաղյան գործոնին, ապա վաղուց արդեն ժամանակն է, որ այն դադարի հայաստանյան քաղաքական կյանքում իշխանափոխության կամ իշխանապահպանության գործոն լինելուց: Այսինքն՝ ժամանակն է ամեն ինչ իր տեղը դնել:

Սա մե՛ր երկիրն է, մեր պատմությունը, մեր ծննդավայրն ու մեր տունը: Այստեղ ենք մենք ապրում, սիրում, երազում ու շարունակվում մեր սերունդների մեջ…
Այստեղից է դեպ երկինք ելնում ծուխը մեր ծխանի, և այստեղից ենք մենք զրուցում Աստծո և աշխարհի հետ: Այստեղից ենք մենք նայում աստղերին և մտածում հավերժության մասին…
Սա մեր աշխարհի կենտրոնն է, ու մենք ա՛յս երկիրն ենք շենացնելու և այստե՛ղ ենք հյուսելու  սիրո ու հավերժության մեր երգերը:

Պատմություն
ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՂՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
ԴԻՄՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Հայրենակիցներ,

Սույն թվի ապրիլի 14-ի երեկոյան, մոտավորապես ժամը 19-ին, դժբախտ պատահարի զոհ դարձավ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ ԱՐԹՈՒՐ ԱՍԼԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԸ: Հայտնելով այս ծանր լուրը, դիմում ենք ձեր ողջախոհության, իմաստնության եւ հոգու կորովին: Հանրապետության համար այս ճգնաժամային օրերին երիցս կարևորվում են մեր ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը: Ծանր կորուստը չպիտի խարխլի մեր շարքերը, չպիտի ջլատի մեր ուժերը: Մենք ձեզ կոչ ենք անում մնալ սառնասիրտ, չենթարկվել սադրանքների, դիմակայել բոլոր դավերին:

Մեր պայքարը արդարացված է, մեր որոշումը՝ անդառնեալի: Արցախի ազատության և անկախության սուրբ գաղափարին նվիրաբերեց իր կյանքը ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ: Թող արյամբ սրբագործված այս գաղափարը միավորի մեր ուժերը, համախմբի մեր շարքերը: ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ հիշատակի լավագույն պահպանումը նրա որդեգրած ուղուն հավատարիմ մնալն է:

ք. Ստեփանակերտ, 14 ապրիլի 1992

Հայաստան. Վերջին ժամին

ՓՇԱԼԱՐԵՐ՝ Ի ՆՇԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ

Այս գիշեր ժամը 1:52 րոպեին իշխանությունները, այնուամենայնիվ, գործի դրեցին ջրցան մեքենաներ, պայթուցիկներ եւ արցունքաբեր գազ: Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին սկսեցին ցրել: Ժամը 2:00-ին ուժայինները ներխուժել են «Հանրապետություն» կուսակցություն եւ ձերբակալել գրասենյակում եղած մարդկանց: Իսկ մինչ այդ, ժամը 24:00-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայի ամբողջ լուսավորությունն անջատված էր…

«Առավոտ», 13 ապրիլի

ՊԱՐԿԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՉԱՓԱՆԻՇ 

«Շարժում-88» հասարակական-քաղաքական կազմակերպության նախաձեռնողներ՝ պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը և տեխնիկական գիտությունների թեկնածու Գագիկ Բաղունցը հրավիրել են մամուլի ասուլիս, որտեղ ներկայացրել են շարժման նպատակներն ու սկզբունքները: Ըստ նախաձեռնողների՝ կազմակերպության հիմնական նպատակը ազգային միասնությունն է՝ ժողովրդավարական պետականության գաղափարի շուրջ: Ի պատասխան այն հարցին, թե ինչով կազմակերպությունը կտարբերվի նման նպատակներ ունեցող բազմաթիվ այլ կուսակցություններից, Էդ. Աղաբեկյանը նշեց, որ կազմակերպության անդամ կարող են դառնալ այս տարիներին իրենց չկեղտոտած, պարկեշտ մարդիկ: Բացի այդ, կազմակերպության ստեղծման պատճառը, ի տարբերություն շատ կուսակցությունների, քաղաքական նկատառումները չէին, այլ ցավի զգացումը: Էդ. Աղաբեկյանի կարծիքով, ցավելու բան շատ ունենք, սակայն, որպեսզի բուժենք այդ ցավը, պետք է խոսենք դրա մասին:

«Շարժում-88»-ի նախաձեռնողները գտնում են, որ արտաքին ճնշումը պետք է դրդի ԼՂՀ-ին ոչ թե ժամանակավոր դաշնակիցներ կամ աջակցողներ փնտրելու, այլ սեփական ուժերը կենտրոնացնելու, զարգանալու և բաց հասարակություն կառուցելու: Վերջինս առավել կարևոր է, քանի որ, ըստ Էդ. Աղաբեկյանի, Արցախի սոցիալական խնդիրների պատճառը ոչ այնքան միջոցների պակասն է, որքան դրանց անարդար բաշխումը: Բաց հասարակության պայմաններում, երբ առկա են իշխանության թևերի փոխվերահսկողություն, անկախ մամուլ և արդար ընտրահամակարգ, արդարությունն ավելի հասանելի է:

Էդ. Աղաբեկյանը նշեց, որ ստեղծվելիք շարժումը ո՛չ իշխանամետ, ո՛չ էլ ընդդիմադիր կլինի, քանի որ այն ժողովրդական է: Շարժումը կհռչակի իր նպատակները և կպայքարի դրանց իրականացման համար, այդ թվում՝ ընտրություններին մասնակցելով: Հիմնական նպատակներն են՝ Սահմանադրության ընդունում, ճիշտ կադրային քաղաքականություն, նոր ընտրական համակարգի մշակում: Գլխավոր սկզբունքը՝ բոլորը հավասար են օրենքի, բանակի, հասարակության առաջ:

Խոսելով տնտեսության զարգացման մասին, Գ. Բաղունցը նշեց, որ առաջնահերթային կարգով պետք է զարգանան մտավոր ներուժ պարունակող արտադրությունները, սակայն մինչ այդ Արցախը պետք է ինքն իրեն բավարարող գյուղատնտեսական երկիր դառնա: Այդ կապակցությամբ շարժման նախաձեռնողներն իրենց դժգոհությունը հայտնեցին գյուղնախարարության գործունեության նկատմամբ, նշելով, որ այդ ոլորտում մոտ 12 մլրդ վարկ է տրամադրվել, սակայն արդյունքը մեծ չէ:

Ասուլիսին ներկա Ազգային-ժողովրդավարական կուսակցության նախագահ Մուրադ Պետրոսյանը հայտարարեց, որ իր կազմակերպությունը «Շարժում-88»-ի կոլեկտիվ անդամ է դառնում: Մնում է շարժումը մայիսին համագումար հրավիրի և գրանցվի:

ԱՆՑԱԾ ՏԱՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԵԼ Է 23 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Ըստ քաղաքաշինության նախարարության տվյալների՝ 2003թ. սեփականաշնորհվել է 23 ընկերություն, որից 13-ը՝ մրցույթով, 8-ը՝ ուղղակի վաճառքի ձևով, 2-ը՝ անհատույց տրամադրմամբ: Պետական գույքի մասնավորեցումից բյուջե է մտել 348 մլն դրամ: Թեկուզ 8 վաճառված ընկերությունների արժեքը 375.5 մլն դրամ էր կազմում, նրանք վաճառվեցին 256.7 մլն դրամով: Ընդ որում, գնողները պետբյուջե են մտցրել ընդամենը 85.4 մլն դրամ: Մրցույթի ձևով վաճառված 13 ընկերությունների արժեքը 687 մլն դրամ է, սակայն գինը որոշվել է այդ գումարի 26 տոկոսի չափ՝ 181 մլն, իսկ բյուջե է մտել 160.4 մլն դրամ: Գինը որոշում է կառավարությունը, և գուցե հատուկ հանձնաժողով պետք է ստեղծել, որը կորոշի, թե ո՞վ էր այդ «էժանացված» ընկերությունների գնորդը և ի՞նչ սկզբունքով են իջեցվում պետական գույքի գները:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ՝ ՊԱՏԱՆԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ 

Ղարաբաղը կարող է ներգրավվել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին: Ղարաբաղի խնդիրը պատանդ է դարձել իշխանությունների և ընդդիմության հակամարտության մեջ: ԼՂՀ-ն պատրա՞ստ է Հայաստանում տիրող իրավիճակի ցանկացած  զարգացմանը: Այս եւ այլ հարցեր քննարկվել են ԼՂՀ նախագահի խորհրդական Մանվել Սարգսյանի՝ «Ժողովրդավարական բարեփոխումներ և մարդու իրավունքներ» կազմակերպությանը կից գործող Երիտասարդ քաղաքագետների ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում երիտասարդ քաղաքագետներն իրենց մտահոգությունը հայտնեցին առ այն, որ Ղարաբաղի քաղաքացիական կամ, առավել ևս, ռազմական ուժերը կարող են ներքաշվել հայաստանյան գործընթացներին: Նրանց կարծիքով, դա կվնասի հայ ժողովրդի երկու հատվածների առանց այն էլ ոչ փայլուն հարաբերություններին:

Մանվել Սարգսյանը նկատեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի չարաշահումը անհնարին կլիներ բաց հասարակությունում: Նրա կարծիքով, Հայաստանի իշխանությունները, այդ ամենից խուսափելու համար, պետք է քաղաքացիական մթնոլորտ ստեղծեին և անկյունագլխում  օրենքը դնեին:

Նախագահի խորհրդականը ոչ իրատեսական է համարում ղարաբաղյան պատերազմի վերսկսման հնարավորությունը, նշելով, որ այն հնարավոր կլինի ուժերի ստեղծված հաշվեկշռի կտրուկ խախտման դեպքում միայն:

ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԱՃԸ ԲԱ՞ՐՁՐ Է ԲՆԱԿԱՆԻՑ 

Համաձայն ազգային վիճակագրության ծառայության տվյալների, 2004թ. հունվար-մարտին Արցախում ծնվել է 469 երեխա և մահացել 412 մարդ: Ընդ որում, համեմատությամբ անցած տարվա նույն ժամանակաշրջանի, մահացածների թիվը 12-ով բարձր է: Թե որն է դրա պատճառը, վիճծառայությունը չի գրանցում, դա այլ ծառայությունների գործ է:

Այդուհանդերձ, բնական աճը կազմել է 57 մարդ, որը անցած տարվա համեմատ նվազել է 62.4 տոկոսով: Մեխանիկական աճը, հակառակը, ավելացել է 79 մարդով և կազմել 140 մարդ (313 եկող և 173 մեկնող):

Այն, որ մեխանիկական աճը բարձր է, ողջունելի է, բայց ինչպե՞ս վերաբերվել բնական աճի բացասական տեմպերին: Ըստ երևույթին, պետք է ինչ-որ կերպ վերանայվեն ծնելիության խթանմանն ուղղված ծրագրերը, որոնք բավականին մեծ գումարներ են պարունակում:

ԵՏ ԿԱՆՉԵ՞Լ, ԹԵ՞ ՉԿԱՆՉԵԼ

Խմբագրություն էր դիմել  մի քաղաքացի, որին հետաքրքրում էր, թե ինչ մեխանիզմով կարելի է ետ կանչել պատգամավորին: Մեր տվյալներով, «Ազգային Ժողովի մասին» օրենքը պատգամավորի ետ կանչման ինստիտուտ ընդհանրապես չի նախատեսում: Պարզաբանման համար դիմեցինք համապատասխան՝ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանին: Իրոք,  օրենքը չի նախատեսում պատգամավորի ետ կանչում: Յու. Հայրապետյանի խոսքերով, օրենքում ամրագրված է, որ պատգամավորական աշխատանքից մարդը զրկվում է կամ մահվան, կամ հանցագործություն կատարելու դեպքում: Մնացած դեպքերում, եթե ընտրողը դժգոհ է իր պատգամավորից, նա կարող է, հինգ տարի անց, նրան չընտրել: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ պատգամավորի ետ կանչման մեխանիզմ կա միայն ետխորհրդային երկրներում, մնացած երկրներում վաղուց են դրանից հրաժարվել: Նախ, եթե պատգամավորին ձայն ես տվել, պետք է թույլ տաս նա հանգիստ աշխատի: Երկրորդ, քանի որ ընտրատարածքները փոքր են, մի խումբ մարդիկ կարող են իրենց չուզած պատգամավորին ետ կանչել, նույնիսկ անձնական կամ քաղաքական նկատառումներով: Երրորդը՝ Հայաստանում և, ըստ երևույթին, մեզ մոտ, գնում են դեպի համամասնական խորհրդարան, իսկ ետ կանչել կարելի է միայն մեծամասնական կարգով ընտրված պատգամավորին,- նշել է Յու. Հայրապետյանը:

Ըստ նույն օրենքի, պատգամավորը պարտավոր չէ հինգ տարվա ընթացքում հանդիպել իր ընտրողների հետ: Յու. Հայրապետյանի խոսքերով, կանոնակարգը պատգամավորական արձակուրդներ է նախատեսում, որի ժամանակ էլ կարող են ընտրողների հետ հանդիպումներ կայանալ: Թեկուզ, կարող են և չկայանալ:

Խորհրդարանը վաղուց է քվեարկել և ընդունել «Ազգային ժողովի մասին» օրենքը:

ԹՈՇԱԿՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ՄԻՋԻՆԸ ԵՐԵՔ ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ 

Հունվարի 1-ից հանրապետությունում թոշակներն ավելացել են: Մեկը խոսում է, որ թոշակը զգալիորեն է բարձացել, մյուսը՝ որ ընդհանրապես չի փոփոխվել:

Ինչպես «Կավկազսկի ուզել» գործակալության թղթակցին հայտնել է ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Վասիլի Ավետիսյանը, թոշակներն ավելացել են միջինը երեք հազար դրամով: Ընդ որում, համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի, վերահաշվարկման ժամանակ սոցիալական ստաժի պակասման դեպքում կենսաթոշակի ընդհանուր չափը չի պակասել: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժը կորցրել է «Արցախ» հավելումը, դրա փոխարեն ավելացել են բազային կենսաթոշակի և ստաժային հավելավճարների չափերը:

Ըստ Վասիլի Ավետիսյանի, այս տարի Կենսաթոշակային հիմնադրամը նախատեսում է 700000 դրամով ավելի գումար հավաքագրել: Ընդ որում, պետբյուջեից տրամադրումները չեն ավելացել, այսինքն, հույսը տնտեսության զարգացման վրա է:

Ինչպես տեղեկացանք, գործատուները հիմնադրամին են փոխանցում պարտադիր սոցիալական վճարումների ձևով աշխատավարձի 13 տոկոսը, իսկ վարձու աշխատողները՝ աշխատավարձի 3 տոկոսը:

Եթե տնտեսությունն արագ տեմպերով զարգանա, կենսաթոշակների չափը կավելանա ամեն տարի:

ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ԺԱՄԿԵՏԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ 

Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը ժխտել է, որ 1994թ. մայիսի 12-ին ստորագրած զինադադարի պայմանագրի ժամկետը, իբր, լրանում է: Մ. Մայիլյանի խոսքերով, պայմանագրի մեջ որևէ ժամկետ նշված չէ, միայն ընդգծված է, որ զինադադարը պետք է շարունակվի մինչև խաղաղ համաձայնագրի ստորագրում:

Տեղեկատվական բաժին

ՄԵԿ ՏՈՂՈՎ

Նախագահ Արկադի Ղուկասյանը  Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավար Պերճ Սեդրակյանի հետ քննարկել է Ստեփանակերտի պոլիկլինիկայի կառուցմանն աջակցելու հարցը:

Ապրիլի 14-ին կայացել է Ազգային Ժողովի հերթական նիստը:

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախյան թեմը պատրաստվում է Աստվածաբանական կենտրոն ստեղծել ԱրՊՀ-ում:

The Hallo Trust բրիտանական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակի նոր ղեկավար Էդ. Ռոուն հանդիպել է երկրի ղեկավարների հետ և քննարկել ականազերծման հետ կապված հարցեր: Մինչև մարտի վերջը Ղարաբաղում տեղի ունեցած ականների պայթյունների արդյունքում տուժել է 18 մարդ, 8-ը մահացել է:

«Հելսինկյան նախաձեռնություն-92» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Կարեն Օհանջանյանը նախաձեռնել է «Արդարություն» նոր կուսակցության հիմնադրում:

Արցախում մեկնարկել է գարնանային զորակոչը: Ռազմական խորհրդի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կոչ է արել զորակոչի ընթացքում պահպանել արդարության և հավասարության սկզբունքը:

ԼՂՀ Նախագահը պարգևատրել է անցած տարվա 10 լավագույն մարզիկների:

Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի աշակերտ Արշակ Պետրոսյանը գրավել է առաջին տեղը Երևանում անցկացված ռուսաց լեզվի գծով ՀՀ օլիմպիադայում:

«Ավանդույթ» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Վալերի Բալայանը մասնակցել է Մոսկվայում կայացած համաժողովին, որտեղ քննարկվել են պատերազմող երկրներում բիզնեսի զարգացման և հակամարտության խաղաղ կարգավորման վրա դրա ազդեցության հարցերը:

Հանրապետությունում ընթանում է բարեկարգման և կանաչապատման հերթական միամսյակը: Ապրիլի 17-ը հայտարարված է հանրապետական շաբաթօրյակի օր:

ՃԱՆԱՉԵՆՔ ԵՎ ՀԱՐԳԵՆՔ ՄԵԶ

Վերջին ժամանակներս հայ քաղաքական միտքը ղարաբաղյան հիմնա-խնդրի քաղաքական կարգավորմանն առնչվող մի շարք ուշագրավ առաջարկություններ է հրամցրել: Խոսքը, մասնավորապես, բանակցային գործընթացում ղարաբաղյան կողմի կարգավիճակի մասին է: Չթերագնահատելով այդ առաջարկությունների շուրջ քաղաքական քննարկումները և դրանցից բխող համապատասխան դիվանագիտական ջանքերը, այնուամենայնիվ, հակված եմ կարծելու, որ արցախյան հասարակայնությանը հուզելիք ավելի հրատապ ու կարևոր հարց կա:

Ուրիշները հակամարտության կամ բանակցությունների կո՞ղմ են համարում մեզ, թե ոչ, մեր պետությունը ճանաչու՞մ են, թե ոչ՝ սա չէ, ըստ իս,  կարևորը: Կարևորն այն է, որ մենք մեզ ճանաչենք այդպիսին, առաջին հերթին մենք ճանաչենք ու հարգենք մեր պետությունը: Եթե սա չկա, ապա մյուսի մասին խոսելը պարզապես անիմաստ է: Ուշադիր զննեք շուրջբոլոր ու կտեսնեք, որ պետական մտածողության ահավոր պակաս կա, հատկապես՝ պետական պաշտոնյաների մոտ: Ահա թե ինչու ճանաչումը պիտի սկսվի մեզնից: Առաջինը մենք պիտի ճանաչենք  ու հարգենք մեր պետությունը: Մնացյալն ածանցյալ է: Որովհետև ղարաբաղյան գործոնը վերջին ժամանակներս դադարել է գործոն լինելուց նաև մեր իսկ մեղքով և, որ ամենացավալին է, հատկապես այն ժամանակ, երբ այդ գործոնի ամրապնդման համար բավականին նպաստավոր պայմաններ են ստեղծված:

Այս ենթատեքստում էլ, օրինակ, ինձ համար պարզապես անընդունելի էր ԼՂՀ նախագահի մասնակցությունը համաշխարհային հայկական կազմակերպության մոսկովյան հիմնադիր համագումարին այն կարգավիճակով, որով նա ներկա է գտնվել: Տրտնջալով, որ մեր պետությունը չեն ճանաչում, մենք մեր իսկ հոժար կամքով ամրապնդեցինք չճանաչվածի մեր կարգավիճակը: Ամրապնդեցինք ամենադաժան կերպով՝ համայն հայության մակարդակով ևս: ԼՂՀ նախագահը կամ պիտի նստեր նախագահությունում՝ Հայաստանի նախագահի կողքին, կամ էլ պարզապես չմասնակցեր (կարելի էր, օրինակ, նվազ տրամաչափի պաշտոնյա ուղարկել): Բայց ոչ մի դեպքում, համենայն դեպս, շարքային պատվիրակի նման չպիտի նստեր դահլիճում: Ինքներդ դատեք՝ եթե նույնիսկ հայկական շրջապատում, հայության ներսում մեզ չեն ընդունում որպես պետություն, ապա ի՞նչ ենք ուզում ուրիշներից:

Բայց, թվում է, այս մտայնությունն արդեն փոքրիշատե հասու է դառնում մեզ նաև: Զորօրինակ, դրանից հետո ԼՂՀ նախագահը չընդունեց եվրոպական մի պատասխանատու պաշտոնյայի հրավերը՝ մեկնել Երևան ու հանդիպել նրա հետ, այլ նրան հրավիրեց Ստեփանակերտ: Ենթատեքստը պարզ էր՝ եթե մարդ զբաղվում է ղարաբաղյան հիմնախնդրի պես լուրջ հարցով, ապա նա պարտավոր է առնվազն հարգանքով վերաբերվել ղարաբաղյան կողմին: Նախագահը չգնաց ու ճիշտ էլ արեց: Հուսանք, որ այս «միջադեպը» պատահականություն չէր: Թե չէ՝ մեկ էլ տեսար մեզ մատով կանչելը սովորույթ դարձավ:

Նույն տրամաբանությամբ ինձ համար այնքան էլ հասկանալի չէր ԼՂՀ արտգործնախարարի պատասխանն ադրբեջանցի իր գործընկերոջ այն հայտարարությանը, թե պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցել ղարաբաղցիների հետ (թեև, հասկանում եմ՝ մեր նախարարը հիմքեր ուներ ենթադրելու, որ դա քաղաքական խաղ է սոսկ): Հիշեցնեմ՝ մեր արտգործնախարարն ասել էր, որ մենք կմասնակցենք միայն այն դեպքում, եթե Հայաստանն էլ մասնակցի: Ոչ ոք չի թերագնահատում մայր Հայաստանի դերը հակամարտության կարգավորման և արցախյան դատի պաշտպանության գործում, բայց եթե մենք մեզ պետություն ենք հռչակել և եթե ինքներս հարգում ենք այդ պետությունը, ապա վաղուց արդեն ժամանակն է միջազգային ասպարեզում «հասունության ատեստատ» ստանալու գնալ առանց մայրիկի փեշից բռնելու: Ի վերջո, մեծ ենք արդեն (եթե մեր նորագույն պատմությունը սկսելու լինենք 1988-ից, ապա մեր 16-ն արդեն լրացել է):

Այս առնչությամբ չմոռանանք, որ ցանկացած երկրի արտաքին քաղաքականությունը նրա վարած ներքին քաղաքականության շարունակությունն է: Ասել կուզեմ՝ հայացքներս սկզբում հառենք մեզ: Կարևորն, ըստ իս, Արցախի դատի համազգային պաշտպանության գիտակցված անհրաժեշտությունն է ու պատրաստակամությունը: Եթե սա կա, ապա բանակցային  ցանկացած ձևաչափի պարագայում էլ ելք կգտնվի: Եթե կա համազգային գիտակցված կամք, եթե լինի ազգային միասնություն, եթե քաղաքակիրթ երկիր դառնանք, ապա հայ միտքը ցանկացած, նույնիսկ ամենաանբարենպաստ իրավիճակներում զարտուղիներ կգտնի: Եթե չկա, ապա ոչ մի ձևաչափ էլ չի օգնի: Ուրեմն՝ այս ուղղությամբ պիտի մտածել: Ուրեմն՝ Երկիր պիտի դառնանք:

Ընդհանրապես, շատ դժվար է միջազգային քաղաքական կյանքի, աշխարհաքաղաքական զարգացումների վայրիվերումներում հստակ դիրքորոշում ունենալ: Ընտրել ենք կոմպլեմենտարիզմի քաղաքականություն, որը հայ հանրությունում ոչ բոլորն են ընդունում: Չընդունողները կոչ են անում հստակ ընտրություն կատարել՝ Ռուսաստա՞ն, թե՞ ԱՄՆ (կամ Եվրոպա): Եւ միայն Աստված գիտե, թե որն է ճշմարիտ ուղին: Իսկ ճշմարիտ ուղին ընտրելը հեշտ չէ, դրա համար մեծ հեռատեսություն է պետք, դրա համար անսահմանափակ ինֆորմացիա է պետք (մուտք գործելու  աշխարհիս ուժեղների հեռագնա նկրտումների ցանցը), դրա համար, վերջապես, մեծ խելք է պետք: Ցավում եմ, շատ եմ ցավում, բայց դրանցից և ոչ մեկը ներկա պահի դրությամբ մենք չունենք: Եւ, ամենայն հավանականությամբ, մոտակա ժամանակներս չենք ունենալու, քանի որ դրանք երկնային մանանայի պես հեշտուարագ չեն տրվում:

Ուրեմն ի՞նչ անել: Համաշխարհային գործընթացներից գլուխ հանելու անպտուղ փորձերից երբեմն հուսահատության գիրկն ընկնող մեր իշխանավորներին խորհուրդ կտայի սույն գործով այլևս չզբաղվել, նկատի ունենալով վերոհիշյալ հանգամանքները: Նման իրավիճակներում, երբ շատ բան չես հասկանում ու չգիտես ինչ անել, ամենաճիշտը քո փիլիսոփայական նկրտումներից հրաժարվելն է ու երկրիդ կյանքով հիմնավորապես զբաղվելը: Գերտերությունների, մասոնների, համաշխարհային կառավարության, աշխարհագրական վատ դիրքի հերներն անիծիր ու լծվիր երկիրդ շենացնելու պարզ, հասարակ, միանշանակ խնդրին: Այստեղ հասկանալու մեծ բան չկա, այստեղ, մեծ հաշվով, խանգարող էլ չկա: Այստեղ ոչ մեծ հեռատեսություն է պետք, ոչ անսահմանափակ ինֆորմացիա և, շատ կներեք, ոչ էլ մեծ խելք: Այստեղ արդեն պետք են ազնվություն ու հայրենասիրություն:

Գլուխդ կախ, թևքերդ քշտած, քրտինքդ ճակատիդ աշխատում ես, շենացնում ես երկիրդ: Որպեսզի ամբարներումդ հաց լինի, վառոդամանում՝ վառոդ, քաղաքացուդ հոգում՝ պատասխանատվություն այս երկրի, այս հողի, այս պատմության, այս շիրիմների հանդեպ: Այսինքն՝ այնպես ես արմատակալում այս հողին, որ ոչ մի խորշակ էլ չկարողանա արմատախիլ անել քեզ: Այդպես ես անում ու հանգիստ նստում քո տեղը: Թե ժամանակները բարի եղան՝ կապրես ու կապրես: Թե դժնդակ եղան ժամանակները՝ արդեն իսկ պատրաստ ես՝ ամբարներդ լիքը, վառոդամանում՝ վառոդը պատրաստ, քաղաքացիդ՝ կուրծքը դեմ տված: Թե՞ խամ ես դժնդակ ժամանակներից: Տեսել ես, գիտես, հաղթահարելու փորձ ունես, այնքան մեծ փորձ, որ կարող ես շռայլորեն կիսել մյուսների հետ:

Իսկ որպեսզի քաղաքացիդ կուրծքը դեմ տա պաշտպանելու համար իրեն, քեզ, հողը, պետությունը և ազգը՝ պիտի ազնիվ լինես նրա նկատմամբ, պիտի ապուշի տեղ չդնես նրան: Նրա գործը միայն կուրծքը դեմ տալը չէ, պիտի օգնես, որ նա ապրի, մարդավայել ապրի, պիտի պաշտպանես նրա իրավունքները: Եթե նա 25 հազար դրամ է ստանում, դու չպիտի 250 հազար ստանաս: Եթե նա հյուղակում է ապրում, դու իրավունք չունես պալատում հաճույքից նվաղելու: Նա էլ մարդ է քեզ նման, գուցե քեզնից ավելի լավ մարդ: Նա քեզ է վստահել իր ապագան, նա քեզ է լիազորել իր ապագան տնօրինելու, մինչդեռ դու այդ լիազորություններն օգտագործում ես ինքդ լավ ապրելու համար: Լավ ապրելուդ գլուխը քարը, պարզապես իմացիր, որ վաղը նա կուրծքը դեմ չի տալու իրեն ու քեզ պաշտպանելու համար: Նա լքելու է այս հողը, և դու ես տուժելու: Իսկ քո տուժելը ոչ մեկի հոգսը չէ՝ երկիրն է տուժելու, հողն է տուժելու, մեր պատմությունն ու շիրիմներն են տուժելու:

Ասածս մի նոր բան չէ՝ արդարություն է պետք, առաջին հերթին՝ սոցիալական արդարություն: Թե չէ՝ հարցը 250 հազար աշխատավարձը չէ: Ես ավելի շատ կտայի քեզ, բայց միայն մի դեպքում. եթե դա օգնելու է քեզ, որպեսզի ավելի լավ ծառայես երկրիդ ու ազգիդ: Իրականում հակառակն է՝ դու դրանից հետո ավելի լավ ես ծառայում ինքդ քեզ: Այսինքն՝ էլ ավելի լավ պայմաններ ենք ստեղծում իշխանավորիդ համար: Եղբայր պատվական, ուրեմն ի՞նչ իմաստ ունի ջերմոցային պայմաններ ստեղծել քեզ համար, այն էլ՝ մեր մի կտոր հացի հաշվին:  Ուրեմն, բարի եղիր ազնիվ լինել իմ՝ քաղաքացուս հանդեպ, բարի եղիր լծվելու գործիդ, բարի եղիր արդարացնելու լիազորություններդ ու ծառայել ժողովրդին: Թե չէ՝ աշխարհս մորեխ չի կերել՝ մի ելք կգտնվի: Մի բան կմտածենք: Մենք՝ քաղաքացիներս:

Թե չէ՝ այսկերպ  Երկիր չենք դառնալու: Իսկ մինչև Երկիր չդառնանք՝ ուժեղ չենք լինելու: Մինչև ուժեղ չլինենք՝ ոչինչ էլ չենք հասկանալու: Մինչև ոչինչ չհասկանանք՝ մեր ծանրաքաշ նպատակներին չենք հասնելու: Ուստի թողնենք մեր քաշին անհարիր նկրտումները ու լծվենք մեր երկիրը շենացնելու, ուժեղացնել-հզորացնելու գործին:

Տրտնջում ենք՝ ցեղասպանությունը չեն ճանաչում: Իսկ չեն ճանաչում, որովհետև թույլ ենք, որովհետև մեր քաշային կարգը թեթևագույնն է: Ուժեղ եղանք՝ կճանաչեն: Թույլ լինելու պարագայում որպես խղճահարություն ստացած ճանաչումը ոչինչ չի տա, բացի թղթե շերեփից: Այս ճշմարտությունը թուրքերը մեզնից լավ են հասկացել: Թուրքական «Հուրիեթ» թերթի համաձայն, Նյու Յորքում գտնվող Թուրքական տանը ԱՄՆ թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ այս տարվա հունվարին կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե պատմության ընթացքում հայերն էլ, թուրքերն էլ սխալներ են գործել: «Կարևորն ուժեղ լինելն է: Եթե հզոր չես, քեզ բազմաթիվ պիտակներ են կպցնում: Եթե ուժեղ ես, այդ ամենը մեջտեղից դուրս է գալիս»:

Հասկացա՞ր, վերջապես, մարդ Աստծո: Եթե հասկացար, էլ մի հարցրու, Աստծո սիրույն, էլ մի հարցրու, թե ինչ անել:

Հարգելի խմբագրություն

Իմ բնակարանի հարցը, որն արդեն քանի տարի է, վերածվել է քաշքշուկի, այդպես էլ տրամաբանական լուծում չունեցավ՝ մեր երկրի դիմազուրկ դատաիրավական համակարգի գործողությունների արդյունքում:  Եվ երբ նյարդերս տեղի տվեցին (դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո), հարկադրված եղա դիմել ձեզ՝ արդարության  հասնելու եւ ոտնահարված իրավունքներս վերականգնելու ակնկալիքով:

2003 թ. նոյեմբերի 3-ին Ստեփանակերտի առաջին ատյանի դատարանը  քննել է ԼՂՀ գերագույն դատախազի հայցերը՝ անվավեր ճանաչելով Ստեփանակերտ քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի 1993 թ. ապրիլի 12-ի թիվ 102 կարգադրությունը եւ դրա հիման վրա Ն. Ստեփանյան 8/7 բնակարանի նկատմամբ Վագիֆ Աշոտի Հակոբյանին տրված թիվ 1319 առ 15.06.1993թ. օրդերը, Ստեփանակերտի քաղաքապետի նշված բնակարանը սեփականաշնորհելու վերաբերյալ 1999թ. նոյեմբերի 5-ի թիվ 681/ 5 որոշումը եւ դրա հետ կապված բոլոր գործողությունները:

Նախ, անհրաժեշտ եմ համարում ձեզ իրազեկել, որ ավելի քան 10 տարի մեր ընտանիքը եղել է բնակարանային հերթում:  Նշված բնակարանը մենք ձեռք ենք բերել Արցախյան պատերազմի տարիներին, երբ ամուսինս ու ավագ որդիս ռազմաճակատի առաջին գծում էին, եւ երբ ուժի մեջ էր մտել ՊՊԿ հայտնի կարգադրությունը: Ամուսինս ու ավագ որդիս ռազմադաշտում արդեն վիրավորվել էին, երբ ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի ղեկավար Սերժ Սարգսյանն անձամբ  միջնորդեց մեզ բնակարան հատկացնելու հարցում: Եվ ահա 10 տարի անց հայտնվել են մարդիկ, ովքեր փորձում են ոչ միայն օրենքները վերաշարադրել իրենց քիմքին հաճո, այլեւ ոտնահարել այս պետության սրբություններն ու բարոյական նկարագիրը: Անհրաժեշտ եմ համարում ձեզ տեղեկացնել, որ Սոկրատ Սարգսյանն իր ընտանիքով 12 տարի է, ինչ բնակվում է Մոսկվայում և ՌԴ քաղաքացիներ են: Նրանք լքել են Ղարաբաղը այն դեպքում, երբ Ս. Սարգսյանի երկու որդիներն էլ զինապարտներ էին հանդիսանում:

Խնդիրը քննարկելով օրինականության դիրքերից՝  պետք է արձանագրենք, որ առաջին ատյանի դատարանն ընդունել է,  մեղմ ասած, անհեթեթ որոշում, իսկ նրանում շարադրված «հիմնավորումները» առհասարակ դուրս են օրենքի ընկալման շրջանակներից:

Դատախազությունն իր իսկ հայցում թույլ է տվել հակասական ձեւակերպումներ: Համաձայն հայցի՝ Վ. Հակոբյանին բնակարանի օրդեր է տրվել Ստեփանակերտի քաղգործկոմի տեղակալի նամակի հիման վրա 1993թ. հունիսի 14-ին՝ հակառակ բնակարանային օրենսգրքի 49 հոդվածի պահանջների: Ապա այդ նույն հայցում նշվում է, որ Սոկրատ Սարգսյանը եւ նրա ընտանիքի անդամները զրկվել են տվյալ բնակարանի նկատմամբ ունեցած իրավունքներից՝ քաղդատարանի 1993թ. մայիսի 21-ի որոշմամբ: Մի՞թե դա չի նշանակում, որ օրդերը տրվել է հիշյալ բնակարանի նկատմամբ նախկին տիրոջ իրավունքները կորցնելուց հետո, որ բնակարանը մայիսի 21-ից արդեն ազատ  էր:

Դրան հավելենք նաեւ մյուս փաստը. ԼՂՀ Գերագույն դատարանի դատական կոլեգիան, քննելով այդ գործով Սոկրատ Սարգսյանի գանգատարկումը, դատարանի որոշումը թողել է անփոփոխ եւ, համապատասխանաբար, 93թ.  հունիսի 10-ի որոշումը ուժի մեջ է մտել, այսինքն, այդ պահից Ս. Սարգսյանը եւ նրա ընտանիքը այլեւս չունեին ոչ մի իրավունք նշված բնակարանի նկատմամբ: Եվ միայն դրանից հետո քաղգործկոմի նախագահի տեղակալը նամակ է գրել ԲՇԳ-ին՝ վկայակոչելով դատարանի որոշումը, իսկ հունիսի 15-ին տրվել է բնակարանի օրդերը Վ. Հակոբյանին: Այնպես որ, բնակարանային օրենսգրքի 49 հոդվածի ոչ մի խախտում չի կատարվել: Հետագայում՝ 1999թ. նոյեմբերի 5-ին քաղաքապետի թիվ 681/ 5 որոշմամբ՝ այդ բնակարանը սեփականաշնորհվել է իմ անվամբ՝ ԼՂՀ սեփականաշնորհման կարգի մասին օրենքի համաձայն:

Ստեփանակերտի քաղաքապետարանն իր հերթին անպատշաճ է համարել նման հայցով դատարանին դիմելը, քանի որ տվյալ դեպքում խոսք չի գնում պետության գույքային շահերի մասին (Ն. Ստեփանյան  8/7 բնակարանը  Ստեփանակերտ համայնքի սեփականությունն է): Ավելին՝ քաղաքապետ Հ. Ավանեսյանն իր բողոքը հայտնել է ԼՂՀ Գերագույն դատարանի վերաքննիչ ատյանին հասցեագրված գրությունում:

Եվ վերջապես,  այս ամբողջ պատմության մեջ  կա հիշեցման արժանի մի աբսուրդ. հայցերը հարուցվել են ոչ այն անձի կողմից, որին պատկանում է պահանջի իրավունքը եւ ոչ այն անձի դեմ, ով պետք է պատասխանի, ասել է թե՝ առաջին ատյանի դատարանը գործի նախապատրաստման կամ քննության ժամանակ թույլ է տվել քաղաքացիական դատավարության նորմերի կոպիտ խախտում:

Մնում է միայն ցավով արձանագրել, որ դատական բարեփոխումների արդյունքում ստեղծված առաջին ատյանի դատարանը, մարդու իրավունքները հարգելու եւ պաշտպանելու փոխարեն, պարզապես ոտնահարելում է օրենքներով քաղաքացուն երաշխավորված իրավունքներն ու ազատությունները:

Հարգելի խմբագրություն,  ապավինում եմ ձեր արդարամտությանն ու  խղճին, քանզի անօթեւան մնալուց հետո ինձ մնում է  բռնել արտագաղթի ճամփան:

Ստելլա  ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Սա միայն կոնկրետ անձի պրոբլեմը չէ: Պատերազմի տարիներին Արցախը լքած քաղաքացիների բնակարանները տրվել են ուրիշների: Տարիներ անց նախկին տերերը վերադառնում եւ պահանջում են իրենց բնակարանը հետ վերադարձնել: Սա իշխանությունների պրոբլեմն է:  Նրանք պիտի հետևողական լինեն այս հարցում:

«Դ»

ԱՌՃԱԿԱՏՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌՎԻ
Արցախի կուսակցությունները, թերեւս, այս հարցում միակարծիք են

Հայաստանի ներքաղաքական զարգացումները, իշխանության եւ ընդդիմության միջեւ օրեցօր խորացող հակասություններն սպառնում են վերածվել առճակատման: Այդ դեպքերին, իհարկե, չեն կարող անտարբեր վերաբերվել Արցախում:  Արձագանքներ, ինչպես հայտնի է հայաստանյան լրատվամիջոցներից, արդեն եղել են, սակայն դրանք միահունչ չեն եղել: Բնական է՝ մոտեցումները տարբեր են, տարբեր մարդիկ տարբեր կերպ են արտահայտել իրենց անհանգստությունը:

Մենք դիմել ենք Ղարաբաղի կուսակցությունների, հասարակական-քաղաքական  եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ երկու հարցով: Նախ՝ ինչպե՞ս են նրանք գնահատում  ՀՀ ներքաղաքական իրավիճակը եւ երկրորդ՝ լարվածության ֆոնի վրա հնչող հակաղարաբաղյան կոչերն ի՞նչ հետեւանք կարող են ունենալ մեր ժողովրդի երկու հատվածների ճակատագրի վրա:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ (ԺԱՄ խմբակցության անդամ) – Նման հարց խմբակցությունը չի քննարկել, ես պարզապես կփոխանցեմ իմ անձնական տպավորությունը՛:

Չեմ կարծում, որ Հայաստանում այսօր ներքաղաքական վիճակն այնքան լարված է, որ կարիք կա ղարաբաղյան կողմի վերաբերմունքի, թեեւ, իհարկե, մարդկայնորեն ոչ ոք անտարբեր չէ այն զարգացումների նկատմամբ, որոնք արագացան 2004 թ. փետրվարից ի վեր՛: Իմ կարծիքով՝ խնդիրը գոյություն ունի անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո՛: Այն ժամանակ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ կառուցողական երկխոսության հնարավորությունն առկա էր, սակայն, դժբախտաբար, անցած մեկ տարում այդ հնարավորությունը չօգտագործվեց՛: Հակառակը, գնալով դիրքորոշումները կարծրացան՛:

Իրավիճակը չեմ ուզում ողբերգականացնել, սակայն բանը հասել է արդեն քաղաքական դիմակայության՛: Կարծում եմ, դեպքերի նման սրընթաց զարգացմանը նպաստեց Վրաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, «վարդերի հեղափոխությունը», եւ Հայաստանի ընդդիմությունը, ոգեւորված Վրաստանի դեպքերի նման հանգուցալուծումից, երեւի իր առջեւ նպատակ է դրել բանը հասցնել իշխանափոխության՝ այդ ճանապարհով՛: Հայաստանի ընդդիմությունը, դժբախտաբար, իշխանության հետ բանավեճի կռվան է դարձնում ոչ թե քաղաքական, սոցիալ-տնտեսական կոնցեպցիայի իր փաստարկը, այլ ավելի շատ շեշտադրում է ներկայիս ՀՀ իշխանության ղարաբաղյան ծագումը, ինչը բնորոշ չպետք է լինի քաղաքական ընդդիմությանը եւ առհասարակ քաղաքական ուժին՛:

Իր պաշտոնական հայտարարություններով, որքան ծանոթ եմ, ընդդիմությունը խնդիր չի դնում հայ ժողովրդի ղարաբաղյան հատվածի դեմ ինչ-որ գործողություններ ձեռնարկել եւ՛ ներկայում, եւ՛ ապագայում՝ եթե նրանք գան իշխանության՛: Հարցն ավելի խոր արմատներ ունի՛: Բանն այն է, որ 99թ. Ղարաբաղից փորձ արվեց միջամտել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին (նկատի ունեմ խորհրդարանական ընտրությունները), ինչը հարուցեց  Հայաստանի քաղաքական ուժերի անհանգստությունը՛: Ղարաբաղյան գործոնն արդեն դառնում էր Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու ձեւ, եղանակ՛: Կարծում եմ, միշտ չէ արդարացի այն տեսակետը, որ Հայաստանի ճակատագիրը լիովին պայմանավորված է Ղարաբաղով՛: Սա, անկեղծ լինենք, ներքին օգտագործման քարոզչություն է, որը երբեմն գործում է ի վնաս Հայաստանի եւ հայ ժողովրդի արմատական շահերի՛:

Կուզենայի մի կարեւոր հանգամանք շեշտել. ի՞նչ ենք հասկանում մենք ղարաբաղյան խնդրի կարգավորում ասելով՛: Մինչեւ այս հարցը չշոշափվի՝ ղարաբաղյան խնդիրը Հայաստանում լինելու է «ներքաղաքական մահակ»՛: Ելնելով իրավիճակից՝ մեկ Հայաստանը հայտարարում է, որ Ղարաբաղն իր անբաժանելի մասն է, իրավիճակի փոփոխության պարագայում Հայաստանը խոսում է, որ Ղարաբաղը պետք է դառնա բանակցությունների ինքնուրույն կողմ, այսինքն շեշտադրում է Ղարաբաղի անկախությունը՛: Չի բացառվում, որ վաղը Հայաստանում իշխանության է գալու մի ուժ, որը կրկնելու է Հայաստանի նախորդ նախագահի տեսակետը, ըստ որի՝ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ բարձր ինքնավարությամբ օժտված պետական ինչ-որ կազմավորում՛: Այսինքն՝ մենք քաղաքականություն ենք կառուցում ըստ իրավիճակի եւ ըստ անձերի, որից էլ ծնվում են ներքաղաքական խնդիրներ՛: Եթե մենք ունենայինք ազգային անվտանգության համապարփակ հայեցակարգ, որում հստակ նշված լիներ, թե մենք ինչ ենք հասկանում ղարաբաղյան խնդրի կարգավորում ասելով, իրավիճակը միանգամայն այլ կլիներ՛: Այդ հստակության բացակայությունը միշտ էլ թողնելու է քաղաքական սպեկուլյացիայի համար սողանցք

Ամեն պարագայում ես հույս ունեմ, որ այսօրվա իրավիճակը կարգավորվելու է սահմանադրական ճանապարհով՛: Բայց որպեսզի վաղը նույնպես չկրկնվի նման անցանկալի իրավիճակ, շատ կարեւոր է, որ բոլոր կողմերը՝ եւ՛ դիմությունը, եւ՛ ընդդիմությունը, եւ՛ Ղարաբաղը, եւ՛ Սփյուռքը հստակեցնեն գլխավոր խնդիրը, այն, որ այսօվա մեր թիվ մեկ առաջնահերթությունը ղարաբաղյան խնդրի կարգավորումն է՛: Ամեն ինչ պետք է ծառայեցնենք դրան՝ ունենալով հստակ կողմնորոշիչներ՛:

Հրանտ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ (Արցախի կոմկուսի առաջին քարտուղար) – Հայաստանի այսօրվա ներքաղաքական լարված իրավիճակը ես կանխատեսել եմ սրանից երկու տարի առաջ Հայաստանի կոմկուսի կենտկոմում, որտեղ ներկա էին բոլոր ընդդիմադիր կուսակցությունների   ներկայացուցիչները՛: Ես այնտեղ ասել եմ, որ կան ուժեր, որոնք ուզում են մեր հայ ժողովրդի երկու հատվածի միջեւ սեպ խրել՛: Այդ ուժերին հաջողվում է գործել, մանավանդ որ շահարկվում է ՀՀ նախագահի ղարաբաղցի լինելը՛: Ժողովուրդն, անկասկած, կհասկանա, թե ինչ է կատարվում, ի վերջո կգիտակցի, որ տարիներ շարունակ կրած զրկանքներից հետո անմտություն է նման կարգի սադրանքներին ենթարկվելը՛: Միանշանակ, այս երեւույթը պետք է գնահատվի որպես ազգադավ գործունեություն՛:

Չի կարելի շահարկել Հայաստանի տնտեսական իրավիճակը, որովհետեւ եթե ընդդիմությունն էլ գա իշխանության, միեւնույն է, ներկա կացությունից միանգամից դուրս գալ հնարավոր չէ՛: Կարծում եմ՝ դիմությունն ու ընդդիմությունն ի վիճակի են առկա հիմնախնդիրները  լուծել հանգիստ, առանց առճակատման, համատեղ ուժերով՛:

Ես չեմ ընդունում ՀՀ իշխանությունների կադրային քաղաքականությունը (նույնը մեզ մոտ է կատարվում)՛: Սեփականաշնորհման գործընթացն իրականացվում է կոպիտ ձևով, որից ժողովուրդը ոչ մի օգուտ չի քաղում՛: ՀՀ իշխանությունները խորհրդային ժամանակներից ժառանգած տնտեսական միջոցները, արտասահմանյան ընկերություններին բաժանելու փոխարեն, պիտի պահպանեին ու զարգացնեին դրանք՛: Միանգամայն անընդունելի է, այսպես կոչված, «նոր հայերի», այսինքն՝ նոր ձեւավորվող բուրժուազիայի պահվածքը՛: Նրանք ունեն գավառական մտածելակերպ, եվրոպական ճաշակ եւ արեւելյան ագահություն՛: Իսկ ժողովուրդը տեսնում է այդքանը՛:

Այսօրվա ընդդիմությունը նույն կերպ է վարվում, ինչպես նախկին քաղաքական ուժերը, որոնք գալիս էին իշխանության՛: Երկու դեպքերում էլ օգտագործվել է ժողովրդի թշվառ սոցիալական վիճակը՛:

Եթե այսօր խոսվում է Հայաստանի ոչ լեգիտիմ նախագահի իշխանության մասին, ապա հարց է ծագում՝ որտե՞ղ էիք մեկ տարի առաջ, ինչո՞ւ հանդուրժեցիք՛: Ո՞ւմ է պետք հարսանիքից հետո դհոլ խփելը՛:

Ընդդիմությունն ու իշխանությունները պետք է իրար հետ նստեն ու որոշեն, թե ինչ են ուզում՛: Առճակատումը ոչինչ չի խոստանում՛: Խելացի կլիներ այն մոտեցումը, եթե իշխանություններն օգտագործեին առկա քաղաքական ուժերի հնարավորությունները՛: Ես, օրինակ, չեմ կասկածում Ա. Գեղամյանի տնտեսագիտական ունակությունների վրա, ինչո՞ւ չօգտագործել նրա եւ մյուսների մտավոր ներուժը՛:

Վահան ԲԱԴԱՍՅԱՆ (ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ)- Տեղեկանալով Հայաստանի ներքաղաքական լարված իրադրությանը, Արցախի ԿԿ-ն գտնում է, որ Հայաստանի տնտեսական ծանր վիճակը իշխանությունների ոչ ճիշտ քաղաքականության արդյունք է՛: Մյուս կողմից էլ՝ ընդդիմությունը չունի կոնկրետ ծրագիր եւ տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ պայքարը սոսկ իշխանության համար է՛: Եվ չկա երաշխիք, որ իշխանության գալով՝ նրանք նույնը չեն անելու՛: Այսօրվա դրությամբ պարզ երեւում է, որ խորհրդային պետության փլուզումից հետո նախորդ իշխանությունները Հայաստանի ամբողջ արդյունաբերական ներուժը փչացրել են, իսկ ներկայիս իշխանությունները շարունակել են այդ գործընթացը՛:

Մենք գտնում ենք, որ Հայաստանի ներքաղաքական վիճակը բավականին բարդ է եւ մտահոգության տեղիք է տալիս՛: Վերջերս ՀՀ-ում մեր ունեցած շփումների ընթացքում, ինչպես նաեւ լրատվամիջոցներից տեղեկացանք, որ ներքին կարգուկանոն հաստատելու համար հնարավոր է օգտագործվեն ԼՂՀ  ՊԲ հնարավորությունները, կամ այդ նպատակով մարդկանց խմբեր ուղարկվեն Հայաստան՛:

Մենք կտրուկ դեմ ենք նման ցանկացած քայլի, դեմ ենք, որ որեւէ անձ փորձի միջամտել Հայաստանում ստեղծված իրադրությանը՝ այս կամ այն կողմին պաշտպանելու համար՛: Հակառակը, ղարաբաղյան գործոնն այնտեղ պետք է բացառվի՛: Նման քայլի գնացողները պետք է խստագույնս պատժվեն օրենքի համաձայն, քանի որ նրանք   Ղարաբաղի բարեկամները չեն՛: Մեր ժողովուրդը, իրոք, արժանի է լավ ապրելակերպի, ուստի, ինքն է ճշտելու իր իշխանությունների անելիքները՛:

Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ (Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հոգեւոր-քարոզչական կենտրոնի մասնագետ) – Մայր Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը այնպիսին է, որ ցանկացած պահի կարող է վերածվել հեղափոխության, արյունահեղության կամ քաոսի… Իսկ հայ քրիստոնյան պահքի մեջ է՝ երբ երկյուղածությամբ և աղոթքով նախապատրաստվում է տոնելու Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը: Զավեշտականն այն է, որ քաղաքական կրքերը ամենից բուռն սկսել են բորբոքվել հենց Մեծ Պահուց շրջանում: Որտե՞ղ է մեր ազգային և հոգևոր ինքնագիտակցությունը: Հարցը հավասարապես վերաբերվում է թե՛ «ագրեսիվ փոքրամասնությանը», թե՛ «խելացի մեծամասնությանը», թե՛ ատամներ և կողեր փշրողներին, թե՛ սատկացնողներին ու արյուն թափողներին: Իսկ ո՞վ պիտի խաղաղեցնի ժողովրդին, գուցե նախկինի պես դիմենք մեր «խաղաղարար» զավթիչներին՝ բյուզանդացիներին, պարսիկներին, արաբներին կամ մոնղոլ-թաթարներին ու ռուսներին: Մի՞թե պատմությունը մեզ դասեր չի տալիս:

Տեր Հիսուսը «Լեռան քարոզի» մեջ ասել է. «Երանի… խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ կկոչվեն»: Եկեղեցիներում, պատարագներում, ժամերգություններում և ծիսակատարությունների ժամանակ քահանաները դիմելով ժողովրդին ասում են. «Խաղաղություն ամենեցուն»: Ուստի առաջարկում եմ, որ ազգի համար այս ճակատագրական պահին Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարի խաղաղարարի իր աստվածահաճո առաքելությունը, հակառակ դեպքում՝ մի սգո կամ հիշատակի օր ևս կավելանա Հայոց տոնացույցում:

Մուրադ ՊԵՏՐՈՍՅԱՆ (Ազգային-ժողովրդավարական կուսակցություն)- Իմ կարծիքով՝ այն ժամանակ եւ հիմա էլ պետք չէ, որ Ղարաբաղի ներկայացուցիչը լինի Հայաստանի Հանրապետության նախագահ, որովհետեւ Ղարաբաղը Հայաստանի այն մասն է, որն ավելի շատ է արժանի ուշադրության՛:

Քոչարյանն ինքը պիտի հեռանար, քանի որ հինգ տարվա ընթացքում օտարվածությունը ոչ թե պակասել է, այլ հակառակը՝ ավելացել՛: Պետք է հեռանար գոնե ընդհանուր գործի համար, այն բանի համար, որպեսզի չսրի եւ չարմատավորի ՀՀ-ում երեւան եկած հակաղարաբաղյան տրամադրությունները՛: Առաջիկա  5-10 տարում հակաղարաբաղյան տրամադրությունը չի վերանա, քանի որ նստվածք է տվել Հայաստանում ապրող շարքային քաղաքացու գիտակցության մեջ, հատկապես թերթերում տեղ գտած՝ «Իշխանություններին սատարելու համար Արցախից զինված ստորաբաժանումներ Երեւան ժամանելու մասին»   տեղեկություններին ծանոթանալուց հետո՛:

Ինչ վերաբերում է հակաղարաբաղյան տրամադրություններին, ապա կարող եմ ասել, որ Հայաստանում կան ուժեր, որոնք նպատակին հասնելու համար միջոցների միջեւ խտրություն չեն դնում: Փառք Աստծո, նման գործիչների թիվը քիչ է: Սակայն առկա է նաեւ մեդալի մյուս կողմը. հակաղարաբաղյան սինդրոմը բնական է, եթե հաշվի առնենք թշվառ զանգվածի  հոգեվիճակը: Դրա համար էլ հարցն ինձ համար այսպես է դրված՝ չվիրավորվել, չնախատել, այլ  այդ մարդկանց դրության մեջ մտնել, որոնք զայրացած են իշխանությունների անարդարություններից:

Նման իրավիճակում, կարծում եմ, ո՛չ Արցախը, ո՛չ էլ հատկապես բանակը չպետք է  դիմեն կատեգորիկ հայտարարությունների:  Իսկ եթե հայտարարություններով են հանդես գալիս, ապա միայն՝ միջնորդի կեցվածքով:

Էդուարդ ԱՂԱԲԵԿՅԱՆ («Շարժում – 88» հասարակական շարժում)- Նախաձեռնող խումբն առնվազն երկու անգամ անդրադարձել է այդ հարցին: Միանշանակ այն կարծիքին ենք, որ քաղաքական գործընթացները պետք է լինեն օրենսդրության շրջանակներում:

Մենք մեզ իրավունք չենք վերապահում միջամտել ՀՀ ներքին գործերին, առավել եւս՝ հայտարարություններով, հայրական խորհրդատու կոչով, քանի որ ակնկալում ենք խնդրի լուծում՝ գործող սահմանադրության եւ օրենսդրության շրջանակներում: Անձնավորված հանրահավաքներով, մարդկանց փողոց հանելով՝ շատ են, թե քիչ են նրանք, անհնարին եմ համարում իշխանափոխությունը: Այդ առումով ես բարի նախանձով եմ հետեւում Լիտվայում ընթացող իրադարձություններին, որտեղ օրենքի տառին համապատասխան նախագահի անվստահության հարցն է դրվել:

Ցավալին այն է, որ Հայաստանի ներքին լարվածությանն անմիջապես արձագանքում է Ադրբեջանը՝ ցուցաբերելով ավելի կարծր դիրքորոշում ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Ավելացնեմ՝ ազգի երկու հատվածների միջեւ սեպ խրելը, որը խոհանոցային մակարդակից բարձրացվել ու հասցվել է գրեթե պաշտոնական մակարդակի, մեզ համար անընդունելի է:  Ես դա համարում եմ որպես հասարակության հիվանդության նշան, անհանդուրժելի գործելակերպ:

Պատրաստեց Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆԸ

ՉԹԵՔԵՆՔ  ԴԵՄՔՆԵՐՍ

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված է, որ բոլոր մարդիկ՝ անկախ ազգային, ռասայական, կրոնական, նույնիսկ քաղաքական պատկանելությունից, հավասար են: Այդ ձևակերպման մեջ կա մի փոքրիկ բացթողում. հավասար իրավունքներ ունեն նաև նրանք, որոնց հնարավորությունները նույնը չեն մնացածների համեմատ: Խոսքս այն մարդկանց մասին է, որոնք ի ծնե, թե ճակատագրի բերումով, զուրկ են քայլելու, լսելու, տեսնելու հնարավորությունից: Սակայն ոչ ոք նրանց չի զրկել շփվելու, հաղորդակցելու, աշխատելու, ընտանիք կազմելու, հասարակության լիիրավ անդամը լինելու իրավունքից: Այո, նրանք կարիք ունեն հոգատար վերաբերմունքի, խնամքի, բուժման, նյութական աջակցության, և յուրաքանչյուրս իր հնարավորության չափ պետք է օգնի անկարող մարդուն: Սակայն պետք է ընդունենք նրանց ոչ թե որպես մի առանձին խումբ, որը մշտական օգնության կարիք ունի, կարողանանք դեմքներս «ցավով» չթեքել՝ տկար տեսնելով, այլ ընդունել նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան: Չզարմանալ, երբ անառողջ մարդիկ ցանկություն ունեն աշխատելու, ներկայանալու տարբեր միջոցառումների, չհիշել նրանց միայն դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների միջազգային օրը:

Նրանք մեր կողքին են: Սակայն շատերը պարզապես մեկուսացված վիճակում են: Հատկապես՝ չքայլող մարդիկ: Մեզ մոտ կան կույրերի, խուլերի միություններ, կա «Վիտա» կազմակերպություն, վերականգնողական կենտրոն, պրոթեզավորման կենտրոն: Այդ խմբերի մարդիկ հնարավորություն ունեն պարբերաբար մասնակցել պետության կողմից կազմակերպվող միջոցառումներին: Թոշակ են ստանում: Մենք հանդիպել ենք 3 մարդու, որոնք պարզապես պատմել են իրենց կյանքի մասին:

Մանուշի հետ ծանոթացել ենք Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում: Նա փոքրուց պրոբլեմներ ունի ձախ կողմի շարժունակության հետ:  24 տարեկան է: Երկրորդ կարգի հաշմանդամ: Ավարտել է թիվ 2 դպրոցը, ապրում է հանրակացարանի 2-սենյականոց բնակարանում՝ ծնողների և 3 եղբայրների հետ: Չի աշխատում: Տանը մանր-մունր գործերով է զբաղվում:

Մանուշ, հանդիպո՞ւմ ես քո նախկին համադասարանցիների հետ:
-Նրանք բոլորն արդեն ընտանիքներ ունեն, պրոբլեմներ: Հիմնականում մեր հարևանների հետ են շփումներս:
Բա եղբայրներդ ինչո՞ւ չեն ամուսնանում:
-Դե որ հնարավորություն լինի ապրելու՝ կամուսնանան: Բոլորս երկու սենյակում ենք բնակվում, նկուղային հարկում, «հարմարությունը» բակում է, ամուսնանան ո՞նց ապրեն:
Չե՞ս փորձել որևէ գործ սովորել:
-Հաշվապահական դպրոց եմ ավարտել, բայց… չեմ կարող աշխատել:
Կենտրոն հաճա՞խ ես գալիս:
-Ես չգիտեի, որ նման կենտրոն գոյություն ունի, մի տարի առաջ իմացա: Այստեղ են իմ հիմնական շփումները. որ գալիս եմ, չեմ ուզում վերադառնալ տուն: Թերապեւթ աղջիկները հիմա ընկերուհիներսն են: Հետո էլ՝ բուժման արդյունքում ձեռքս այժմ շարժվում է, ահագին տարբերություն կա:
Ինչքա՞ն թոշակ ես ստանում:
-9 հազար դրամ:
Ստուգման հանձնաժողովը շա՞տ  է չարչարում:
-Հիմա ինձ մշտական հաշմանդամություն են տվել, ստուգման չեմ գնում:
Ձերոնք աշխատո՞ւմ են:
-Ծնողներս մանր-մունր առև-տուր են անում, մի եղբայրս  է աշխատում: Եթե ես էլ մի գործ ունենայի, կանեի:
-Կենտրոնում համակարգչային դասարան կա: Չե՞ս հաճախում:
-Ճիշտն ասած, փորձել եմ, բայց գլուխս հոգնում է, չեմ կարող:
Գոնե հեռախոս ունե՞ք:
-Ոչ: Ասում են, հանրակացարանում հնարավոր չէ նոր գիծ: Նորերս նախագահ Ղուկասյանն է եկել մեր հանրակացարան, ամեն ինչ տեսել է, հրամայել արագ ապահովեն մեզ բնակարանով: Դե, չգիտեմ…

Սասունի հետ հանդիպել ենք Շուշիում, իր եղբոր բնակարանում, որի ընտանիքն էլ խնամում է իրեն: Նա չի քայլում: Վիրավորվել է  92-ին, Ղուբաթլիում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է ավտոդպրոցում: Հիմա ոչնչով չի զբաղվում, միայն հեռուստացույց է նայում: Հեռուստացույցն էլ շոտլանդացի Ռոբին Մակ-Լարրին է նվիրել: Լավ հեռուստացույց է: Ռոբինը պետք է անպայման Շոտլանդիայից գա՞ր Ղարաբաղ, որպեսզի Սասունը հեռուստացույցի տեր դառնար: Սասունի խոսքերով, բացի վերականգնողական կենտրոնի աշխատակիցներից, որոնք շաբաթը 1-2 անգամ գալիս են, և Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներից, նրան  քիչ մարդիկ են այցելում: Հարևաններն իրենց գործերով են զբաղված, իր համար էլ գրեթե անհնարին է  4-րդ հարկից իջնել բակ:

Սասունը պատմում է, թե ինչպես է 2 տարի առաջ հիվանդացել մալարիայով: Հանրապետական հիվանդանոց, այնտեղից էլ, երկար սպասումից հետո, նրան վերջապես ուղարկեցին զինվորական հոսպիտալ, որտեղ էլ երկար ժամանակ բուժվեց:

Եղբայրը չի թողնում, որ Սասունն ընկճվի:

Մխիթարի պատմությունը մի քիչ ուրիշ է: Նրան հաճախ են այցելում ընկերները: Եվ նա իր բնակարանն ունի Շուշիում: Երեք տարի առաջ են կառուցել, հատուկ իր համար: Պետությունը բարի գործ է արել. այնպես է տունը կառուցել, որպեսզի Մխիթարը կարողանա ինքնուրույն դուրս գալ բակ: Բայց երևի գետնին շատ են մոտ կառուցել: Մենք փոքրիկ «էքսկուրսիա» ենք կատարել 3-սենյականոց տան մեջ և ականատես ենք, թե ինչ է արել ավելորդ խոնավությունը. պատերը սևացած, հատակը քանդված: Զուգարանի դռներն էլ այնքան նեղ են, որ սայլակով հնարավոր չէ անցնել:

Այո, պետությունը բարի գործ է արել, չքայլող հաշմանդամի համար տուն է կառուցել, և գեղեցիկ չէ դրա մասին բացասական խոսել: Բայց երբ իմացանք, որ բնակվելու առաջին տարին Մխիթարը խոնավությունից թոքերի լուրջ հիվանդություն է ստացել և 6 ամիս բուժվել հիվանդանոցում, չէինք կարող չգրել: Մխիթարն առայսօր չի վերցրել այդ բնակարանի փաստաթղթերը:

Բայց միայն դա չէ Մխիթարի ամբողջ օրվա  գործը: Նա  զբաղվում է փայտամշակմամբ: Հոյակապ գործեր ունի: Շուշիի մանկապատանեկան կենտրոնի 10 սաներին էլ փայտագործություն է սովորեցնում: Ամռանը պատրաստվում է հանդես գալ անհատական ցուցահանդեսով:

2004թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցված հաշմանդամների թիվը կազմել է 8955 մարդ, որը կազմում է ընդհանուր կենսաթոշակառուների 24.7 տոկոսը, որից՝ 823-ը կամ 9.2 տոկոսը հանդիսանում են առաջին խմբի, 6063-ը կամ 67.7 տոկոսը՝ երկրորդ խմբի, 1555-ը կամ 17.4 տոկոսը՝ երրորդ խմբի, և 514-ը կամ 5.7 տոկոսը՝ մինչև 16 տարեկան հաշմանդամներ: 2003 թ. հունվարի 1-ի դրությամբ, հաշմանդամների թիվն ավելացել է 219 հոգով կամ 2.5 տոկոսով: 2004թ հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է ընդհանուր բնակչության 24.9 տոկոսը:

ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամի ընդհանուր եկամուտները կազմել են 3424.8 մլն դրամ, որից  2102.0 մլն դրամը հատկացումներ են ԼՂՀ պետական բյուջեից: 2002թ. համեմատ կենսաթոշակային հիմնադրամի եկամուտներն աճել են 34.3 մլն դրամով կամ 1.0 տոկոսով, ընդ որում՝ պետբյուջեից ֆինանսավորումը նվազել է 151.0 մլն դրամով կամ 6.7 տոկոսով:

2003թ. պետական կենսաթոշակային հիմնադրամի ընդհանուր ծախսերը կազմել են 3407.2 մլն դրամ, որոնք 2002թ. համեմատ նվազել են 6.8 մլն դրամով կամ 0.2 տոկոսով:

 Նունե ՀՈՎՍԵՓՅԱՆ

«ԴԵՂԻՆ ԿԱԿԱՉՆԵՐԸ» ՀՈՒՅՍ ԵՆ ՆԵՐՇՆՉՈՒՄ

Մարտի 23-ից 27-ը Թբիլիսիում կայացավ տարածաշրջանային համաժողով՝ «Հարավային Կովկասում հակամարտությունների ընթացքում անհայտ կորած անձանց հիմնախնդիրները» թեմայով: Սույն միջոցառման նպատակներից մեկը 2005թ. ՄԱԿ-ի հովանու ներքո հրավիրվելիք «Քաղաքացիական հասարակության դերը զինված հակամարտությունների կարգավորման գործընթացում»  միջազգային համաժողովի հրավիրման նախապատրաստական աշխատանքների համակարգումն է: Կազմակերպիչներն էին՝ Միջեկեղեցական  Համաշխարհային խորհուրդը (Նիդեռլանդներ) և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վրաստանի Ազգային Կոմիտեն: Համաժողովի  աշխատանքներին մասնակցում էին Վրաստանի Հելսինկյան ՔԱ-ի համակարգող Ալեքսանդր Ռուսեցկին, փորձագետ Փաաթա Զաքարեաշվիլին, Վրաստանի խորհրդարանի անդամ Վախթանգ Կոլբայան, ներկայացուցիչներ Վրաստանի, Ադրբեջանի, Երևանի, Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական նախաձեռնության կոմիտեներից, անհայտ  կորածների հարազատներ, լրագրողներ, իրավաբաններ: Արցախից մասնակցում էին արտգործնախարարության քաղաքական վարչության աշխատակից, «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի ներկայացուցիչ Ռիտա Կարապետյանը, ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության անդամներ Սվետլանա Մարտիրոսյանը և տողերիս հեղինակը:

Քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում՝  «Դեղին կակաչներ» համաշխարհային խաղաղասիրական շարժման ստրատեգիական ծրագիրը:

Գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով Վրաստանի պետական հանձնաժողովի ներկայացուցիչներ Վլադիմիր Դոբորջգենիձեն և Նինելի Անդրիաձեն պատմեցին այդ ասպարեզում իրենց փորձի մասին: Նրանց հաջողվել է հաղթահարել անվստահության պատնեշը և աբխազական կողմի հետ պարբերաբար փոխանակումներ կատարել:

Համաժողովում ղարաբաղյան պատվիրակության կողմից նշվեց, որ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ բացել իր արգելափակման վայրերն ու մասսայական թաղումների վայրերը, չի ուզում համագործակցել ղարաբաղյան պետհանձնաժողովի հետ, նրա կազմած ցուցակները չափազանցված են և քաղաքական շահարկման համար են օգտագործվում:

Ինքս վաղուց համագործակցում եմ «Հելսինկյան նախաձեռնություն-92» ԼՂ կոմիտեի հետ, որը մեծ դեր ունի ռազմագերիների ու անհայտ կորածների փոխանակման գործում: Մոտ 500 հայեր ու ադրբեջանցիներ իրենց ազատությունն են ստացել այդ կազմակերպության միջոցով: Ներկայումս ավելի քան 220 անհայտ կորած ազատամարտիկներ և մոտ 400 խաղաղ բնակիչներ են գրանցված Ղարաբաղում: Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող պետհանձնաժողովի տվյալներով կան հազարավոր անհայտ կորած ադրբեջանցիներ, որոնք իբր պահվում են Ղարաբաղում ու Հայաստանում: Սակայն, դա չի համապատասխանում իրականությանը: Մենք չունենք ադրբեջանցի անհայտ կորած քաղաքացիներ և ռազմագերիներ: Դա հաստատում են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Վանաձորի «Հելսինկյան նախաձեռնություն-92»  կոմիտեի համակարգող Արթուր Սաքունցը մասնակիցների քննարկմանը ներկայացրեց  անհայտ կորածների ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին օրենքի նախագիծը և առաջարկեց, որ այն հնարավոր լրացումներով ու փոփոխություններով ներկայացնենք մեր երկրների խորհրդարաններին:

Առաջարկ եղավ հարցը դիտարկել զուտ հումանիտար տեսանկյունից՝ հակամարտությունների  քաղաքական կարգավորման գործընթացից անջատ: Նաև որոշվեց դիմում հղել Հարավային Կովկասի ու Ռուսաստանի հոգևոր առաջնորդներին:

Համաժողովում ձևավորվեցին աշխատանքային խմբեր, բաղկացած լրագրողներից՝ տեղեկատվական դաշտը ապահովելու համար և իրավաբաններից՝  ընդունած փաստաթղթերի իրավական հիմնավորումն ապահովելու համար:

Շոշափվեցին նաև Հարավային Կովկասում թրաֆիկինգի  և  սուիցիդի հիմնախնդիրները:

Լիլիթ ԲԱՂՐՅԱՆ 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ` ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ. Ո՞ՐՆ Է ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ

ԼՂՀ ԱԺ Վերահսկիչ պալատի հերթական ստուգման առարկան հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություններն էին: Ընտրանքային ձևով ընտրած` պետությունից օժանդակություն ստացող 3 կազմակերպությունում (գրողների, նկարիչների և ժուռնալիստների միություններում) մարտի 22-29-ը անցկացվեց աուդիտ, որի նպատակը այդ կառույցների պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման նպատակայնության, օրինականության և արդյունավետության ստուգումն  էր:

Աուդիտն ընդգրկել է 2002-2003թթ. ընկած ժամանակահատվածը՛: 2002թ. հասարակական կազմակերպությունների համար պետբյուջեով նախատեսվել եւ հատկացվել է 17 մլն 47 հազար դրամ. կատարողականը կազմել է 96,8 տոկոս, իսկ 2003-ին՝ 14 մլն 410 հազար դրամ, կատարողականը՝ 98,8 տոկոս՛: 2002թ. ԼՂՀ գրողների միությանը պետբյուջեից հատկացվել է 5 մլն 309 հազար դրամ, իսկ 2003-ին՝ 2 մլն 774 հազար դրամ՛: Աուդիտի արդյունքում արձանագրվել են գերծախսեր և չհիմնավորված ծախսեր: Այսպես. 2002թ. գործուղումների համար նախատեսված 17 հազար դրամի փոխարեն գրողների միությունում ծախսվել է 407 հազար դրամ: Արձանագրված գերծախսը կազմել է 390 հազար դրամ՛: Ըստ ամիսների հաշվարկելու դեպքում՝ յուրաքանչյուր ամիս միության կողմից միջին հաշվով ծախսվել է մոտ 34 հազար դրամ՛: 2003-ին նույն հոդվածով նախատեսված 28 հազար դրամի փոխարեն ծախսվել է մոտ 94 հազար դրամ. գերծախսը կազմել է 66 հազար դրամ՛: 2002-2003 թթ. ԼՂՀ գրողների միությունում արձանագրվել են օրինախախտման դեպքեր՛: «Նվազագույն աշխատավարձի մասին» ԼՂՀ օրենքի համաձայն՝ հանրապետությունում նվազագույն աշխատավարձը սահմանված է 10 հազար դրամ՛: Այնինչ, նշյալ կառույցի կողմից մեկ աշխատողի վճարվել է 9 հազար դրամ աշխատավարձ՛: Խախտվել են նաեւ «Հաշվապահական հաշվառման մասին» ԼՂՀ օրենքի պահանջները՛: Արձանագրվել է հետևյալ փաստը. հաստիքացուցակով նախատեսված էր 31 հազար դրամ աշխատավարձ, մինչդեռ նույն հաստիքում աշխատող է պահվել եւ վճարվել 10 հազար դրամ՛: Արձանագրվել են նաեւ օրինախախտումներ՝ կապված գործուղումների ժամկետների հետ՛: ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պաշտոնական գործուղումների մասին հրահանգի համաձայն՝ Երևան քաղաք գործուղվելու առավելագույն թիվը չպետք է անցնի 7 օրից, այնինչ գրողների միությունում բազմաթիվ անգամ գործուղումների ժամկետը սահմանվել է 10 օր՛: 2002թ. գործուղումների ընդհանուր թիվը կազմել է 140 օր՛:

2002թ. ԼՂՀ նկարիչների միությանը պետբյուջեից հատկացվել է 1 մլն 889 հազար դրամ, 2003-ին բյուջեն մնացել է անփոփոխ՛: 2002թ. միությունում գործուղման ծախսերի համար նախատեսված էր 200 հազար դրամ՛: Նշյալ տարում արձանագրվել է ֆինանսական միջոցների տնտեսում (168 հազար դրամ)՛: Ստուգված երեք կառույցներից միայն ժուռնալիստների միությունում է, որ Վերահսկիչ պալատը լուրջ խախտումներ չի արձանագրել:

Ընդհանրապես՝ թե նշված 3 կառույցներում ու թե այլ հասարակական կազմակերպություններում գրանցվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի խախտում: Համաձայն օրենքի` հասարակական կազմակերպությունների ֆինանսական միջոցները գոյանում են նաև անդամավճարներից, մինչդեռ որոշ կազմակերպություններում անդամավճար ընդհանրապես չի մուծվում: «Անդամավճար չհավաքող կառույցն անհապաղ պետք է լուծարվի»,- լրագրողներին տված հարցազրույցում նշել է Վերահսկիչ պալատի նախագահ Արկադի Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ Վերահսկիչ պալատը լիազորված է ստուգումներ իրականացնել միայն պետական հատկացումների գծով: Հասարակական կազմակերպություններն ունեն նաև եկամտի այլ աղբյուրներ, որոնց նրանք կարող են տնօրինել ըստ ցանկության: Սակայն ցանկացած ծախս ինքնանպատակ չպիտի լինի: Հասարակական կառույցների կազմում նախատեսված վերահսկիչ հանձնաժողովների դերը պետք է լինի հենց այդ ծախսերի նպատակայնության ստուգումը: Սակայն, ինչպես նշված է Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ, կազմակերպությունների վերստուգիչ հանձնաժողովները չեն կատարում իրենց գործառույթները: Խորհրդարանի Վերահսկիչ պալատը համապատասխան դիմում է հղել կառավարություն` առաջարկելով նախապատրաստել որոշման նախագիծ, որով պետական միջոցներից սնվող հասարակական կազմակերպությունների վերստուգիչ հանձնաժողովին պարտավորեցվում է կատարվող ծախսերի մասին հաշվետվություն ներկայացնել կառավարություն:

Ստուգումները` ստուգումներ, հաշվետվությունը` հաշվետվություն: Ո՞րն է դրան հաջորդող քայլը: Վերահսկիչ պալատը մինչ այս ստուգումները մի շարք այլ ստուգումներ էր իրականացրել` պետական գույքի մասնավորեցման գործընթացի, վարկերի և ապառքների վերադարձման, առողջապահության համակարգի և այլ ոլորտներում: Սակայն ստուգման արդյունքներն այդպես էլ մնացել են թղթի վրա:

Մեր Վերահսկիչ պալատի լիազորությունները սահմանափակ են: Ի տարբերություն, ասենք, Ռուսաստանի Դաշնության Վերահսկիչ պալատի, որը օրինախախտումներ արձանագրելուց` իրավասու է գործը դատախազություն ուղարկել, մեր Վերահսկիչ պալատը սահմանափակվում է նյութերը ԼՂՀ նախագահին, կառավարությանը և ԱԺ նախագահին ուղարկելով:

Մեր ունեցած տվյալների համաձայն, ԱԺ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում արձանագրված օրինախախտումների հետքերով ոչ մի գործ էլ չի հարուցվել: ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահի խոսքերով, մինչև հիմա կառավարությունը ԱԺ-ին տեղյակ չի պահել, թե գործնականում ի՞նչ է արվում արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ: Հետևապես, ո՞րն է ստուգումների իմաստը: Ինչո՞վ է արդարացվում Վերահսկիչ պալատի՝ որպես ԱԺ համակարգում նոր կառույցի ստեղծումը, եթե նրան չեն տրվելու իրական վերահսկողական լծակներ և սկսած գործը մինչև վերջ հասցնելու լիազորություն: Գուցե սա այն հարցն է, որտեղ պետք է առաջնորդվենք առաջադեմ երկրների փորձով և համապատասխան օրենքներով ամրագրենք օրենսդիրի վերահսկողությունը գործադիրի գործառույթներին:

Արկադի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «Հասարակության յուրաքանչյուր անդամ հստակ պետք է իմանա, թե ուր են գնում պետական ֆինանսական միջոցները… Վերահսկիչ պալատի արդյունավետ աշխատանքով արմատախիլ կարվեն կոռուպցիայի, ստվերային տնտեսության, բյուրոկրատիայի և զանազան նեգատիվ երևույթների բացասական հետևանքները»:

 Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ 

ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԲԱՑ Է ԲՈԼՈՐԻ ԱՌՋԵՎ 

Յուրաքանչյուր երկրում պետության պարտքն  է՝  աջակցել  սկսնակ ձեռնարկատերերին: Որպես կանոն, այդ աջակցությունն արտահայտվում է  փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի  վարկավորման միջոցով՛:  Մեր երկրում, հետպատերազմական տարիներին, պետական վարկավորման փորձեր ձեռնարկվել են, սակայն, մեղմ ասած, հաջողությամբ չեն պսակվել՛:  Մեկ տարի առաջ պետության կողմից ձեռնարկվել է ևս մեկ փորձ՝ ԼՂՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում» հիմնադրամը, որը կոչված է ապահովելու  պետական աջակցությունը սկսնակ ձեռնարկատերերին՛:  Փոխվե՞լ է, արդյոք, իրավիճակը հիմնադրամի ստեղծմամբ՛: Այդ մասին էր մեր զրույցը  հիմնադրամի  գործադիր տնօրեն  Վլադիմիր ՍԱՅԱԴՅԱՆԻ  հետ:

-«Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում» հիմնադրամը  ստեղծվել է 2003թ. մարտին, իսկ հիմնադրամի գործադիր մարմինը  սկսել է գործել հուլիսից: Ինչպես հայտնի է, հիմնադրամը    ցածր տոկոսադրույքներով /տարեկան 6 տոկոս/,  մինչև 6 տարի ժամկետով  վարկ  է տրամադրում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի բիզնես-ծրագրերի  իրագործման   նպատակով: Արդեն ստացել ենք  ավելի քան 190 հայտ մեր  հանրապետության քաղաքացիներից: Բոլոր հայտերը և ներկայացված բիզնես-ծրագրերը փորձաքննության են ենթարկվել   ինչպես մեր, այնպես էլ  «Արցախբանկ»-ի  մասնագետների կողմից: Ավելի քան 100 բիզնես-ծրագիր ստացել է դրական եզրակացություն և ներկայացվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քննարկմանը: Արդյունքում   ՓՄՁ  79 բիզնես-ծրագիր  հաստատվել է և անցել վարկավորման փուլ:   48 բիզնես-ծրագիր արդեն  վարկավորվել է՝ 220 մլն դրամ  ընդհանուր գումարի չափով: Ներկայումս  վարկավորման հերթում են ևս  20  տնտեսվարող սուբյեկտներ, նույնքան բիզնես-ծրագրեր էլ փորձաքննություն են անցնում «Արցախբանկ»-ում:

-Իսկ ի՞նչ հիմնավորումով են մերժվել ներկայացված մյուս բիզնես-ծրագրերը:

-Մի քանի  հայտեր մերժվել են  հիմնադրամի փորձագետների կողմից այն պատճառաբանությամբ, որ դրանք չեն համապատասխանել մեր երկրում  ՓՄՁ  խթանման  նպատակի իրագործմանը: Մասնավորապես, որոշ ծրագրերում մեծ է եղել ձախողման ռիսկը կամ, ասենք,  հայտ ներկայացնողը պարզապես ցանկացել է վարկն օգտագործել արդեն գործող արտադրության համար հումք ձեռք  բերելու նպատակով: Բայց  շատ դեպքերում մերժման պատճառը եղել է վարկավորման համար անհրաժեշտ գրավի առարկաների բացակայությունը:

Վարկավորման չափերի տարբերակում կա՞  գործունեության ոլորտների առումով:

-Այո, կառավարության որոշմամբ սահմանված են որոշակի  սահմանափակումներ /լիմիտներ/: Օրինակ, արդյունաբերական ապրանքների արտադրության համար վարկավորումը կատարվում է մինչև 10 մլն դրամ գումարի չափով, գյուղմթերքների  վերամշակման և սննդարդյունաբերության համար՝  մինչև 8 մլն, խաղողագործության և այգեգործության համար՝ 6մլն, անասնապահության համար՝ 4 մլն,  ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի ծրագրերի համար՝  մինչև 6 մլն դրամ:

Եվ բոլոր այդ  ոլորտների համար  ներկայացվե՞լ են հայտեր:

-Բացառություն էր միայն ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտը:  Սակայն, վերջերս ներկայացվել է երկու ծրագիր, որոնք արդեն հաստատվել են և գտնվում են վարկավորման փուլում:

Ինչքա՞ն  գումար է հատկացվել հիմնադրամին 2004 թվականի համար և ինչպե՞ս եք մտադիր տնօրինել այն:

-Այս տարի ևս պետբյուջեից հիմնադրամին հատկացվել  է 200 մլն դրամ, որից 188 մլն կօգտագործվի  վարկավորման նպատակով, 3 մլն՝ հիմնադրամի կողմից նախատեսվող միջոցառումների համար, մնացած գումարով կպահենք հիմնադրամի աշխատակազմը:

Ներկայացվող բիզնես-ծրագրերի ուսումնասիրությունը վկայում է, որ  աճել է խաղողագործությամբ զբաղվել ցանկացողների թիվը:  Հաշվի առնելով այդ ճյուղի հեռանկարային լինելը մեր երկրում, աշխատում ենք հնարավորության սահմաններում բավարարել  խաղողագործության համար ներկայացվող հայտերը: Բայց, պետք է ասել, որ  ոչ բոլոր հայտ ներկայացնողները  տվյալ ոլորտում գործունեության փորձ ունեն:  Մենք որոշակի աշխատանք ենք սկսել նաև այս ուղղությամբ և պատրաստում ենք ուսուցողական ձեռնարկներ: Արդեն շուտով պատրաստ կլինի այդպիսի ձեռնարկ սկսնակ խաղողագործների համար, նաև  «ԼՂՀ  ձեռնարկատերի տեղեկատու»-ն: Եվս մեկ ձեռնարկ կհրատարակենք  բիզնես-ծրագրերի կազմման վերաբերյալ: Իսկ ապրիլի  վերջին  արդեն հիմնադրամը  կունենա նաև իր էլեկտրոնային էջը ինտերնետում:

Եղե՞լ են  դեպքեր, երբ   հատկացված  վարկը  նպատակային չի օգտագործվել:

-Վարկավորումից հետո, ինչպես մեր, այնպես էլ «Արցախբանկ»-ի կողմից կազմակերպվում են ստուգումներ:   Առայսօր  վարկավորված ծրագրերից ստուգվել  են  21-ը և, կարելի է ասել, այդ տնտեսվարող սուբյեկտները հիմնականում կատարել են իրենց ներկայացված պահանջները:   Մասնավորապես, հատկացված գումարներով  ձեռք են բերվել 270 գլուխ խոշոր եղջերավոր, 230 գլուխ մանր եղջերավոր անասուն, մոտավորապես 28 մլն դրամ օգտագործվել է  սարքավորումների ձեռքբերման նպատակով: Ստեղծվել է 83 աշխատատեղ:  Եղել է  ընդամենը մեկ դեպք, երբ վարկը նպատակային չի ծախսվել: Ստուգման արդյունքում կատարած  գրավոր  նախազգուշացումից հետո տվյալ տնտեսավարող սուբյեկտը սկսել է իրագործել ծրագիրը:

Իսկ վերահսկողության ինչպիսի՞ լծակներ ունի հիմնադրամը:

– Տնտեսվարող սուբյեկտի կողմից վարկը նպատակային չօգտագործելու դեպքում «Արցախբանկ»-ի և տվյալ սուբյեկտի միջև պայմանագիրը չեղյալ  կհամարվի և վարկի տոկոսները կգանձվեն  ոչ թե  արտոնյալ՝ տարեկան 6 տոկոս դրույքաչափով, այլ՝  կախված գործունեության ոլորտից, բանկի կողմից սահմանված 18, 20 և ավելի բարձր տոկոսադրույքներով:

Հիմնադրամի գործունեության ընթացքում  բացահայտվե՞լ են այնպիսի  խնդիրներ, որոնք  ժամանակին հաշվի չեն առնվել և վերանայման են ենթակա:

-Իմ կարծիքով, վարկավորման  ծրագրում անհրաժեշտ է ընդգրկել նաև սպասարկման ոլորտը: Հուսով եմ, հաջորդ տարվանից հիմնադրամը  հնարավորություն կունենա վարկավորելու նաև այս ոլորտը:

Հասարակության մեջ ընդունված է այն կարծիքը, որ  վարկերից օգտվում են միայն արտոնյալ կարգավիճակ ունեցողները: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Իհարկե՝ ոչ:  Հենց  նման զրույցների պատճառով վերջերս  «Ազատ Արցախ»-ի էջերում  ներկայացրինք  հիմնադրամի գործունեության հաշվետվությունը: Բոլոր հետաքրքրվողները կարող են ծանոթանալ՝ ում և ինչ նպատակով է հիմնադրամը վարկավորել:

Այսինքն, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի, ով  մտադիր է զբաղվել փոքր կամ միջին ձեռնարկատիրությամբ, կարո՞ղ է  վարկավորման հայտ ներկայացնել հիմնադրամ:

-Ես պատասխանատու չեմ այն ամենի համար, ինչ եղել է մինչև հիմնադրամի ստեղծումը, սակայն,  ամենայն պատասխանատվությամբ  վկայում եմ, որ  հիմնադրամի ստեղծումից ի վեր չի եղել  դեպք, երբ մենք հրաժարվել ենք ընդունել  ՓՄՁ  հայտը  և բիզնես-ծրագիրը:

Իհարկե, վարկավորման հայտ կարող է ներկայացնել յուրաքանչյուրը: Սակայն, դժվար չէ ենթադրել, որ 188 միլիոն դրամը հնարավորություն կտա օգնել ոչ բոլոր ցանկացողներին: Ակնկալվում էր, որ պետբյուջեից նախորդ տարվա համեմատ ավելի շատ գումար կհատկացվեր ՓՄՁ վարկավորմանը, որովհետև այդ ոլորտի զարգացումը ապահովում է ոչ միայն երկրի տնտեսական աճը, այլև սոցիալական համերաշխությունը: Իսկ դա ներկայիս իրողություններում ոչ թե անհրաժեշտ, այլ պարտադիր է:

Նարինե ԱՂԱԲԱԼՅԱՆ


ՏՈՆ, ՈՐ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է ԼԻՆԵԼՈՒ

Վերջապես իրականացավ մեր երազանքը՝ համակուրսեցիներով մեկնեցինք քաղաքամայր Երևան: Ապագա լրագրողներիս համար շատ հետաքրքիր պիտի լիներ հայաստանյան լրատվական դաշտին ծանոթանալը, և մենք մեծ ակնկալիքներ ու հույսեր ունեինք, որոնք էլ անմնացորդ իրականացան, այդ թվում՝ մեզ ուղեկցող դասախոս Լիանա Բաղդասարյանի և Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի շնորհիվ:

Բոլորս էլ մինչ այդ եղել էինք Երևանում, բայց այս անգամ ուրիշ էր, քանի որ ամեն ինչի նայում էինք ապագա լրագրողի աչքերով: «Ամարաս» տպարանում երկու հաճելի անակնկալ էր մեզ սպասում: Նախ՝ ականատես եղանք «Դեմո» թերթի առաջին համարի ծննդին, երկրորդ՝ անսպասելի հանդիպում կայացավ ջավախեցի բանաստեղծ Եգոր Մովսիսյանի հետ, որն էլ հատուկ մեզ համար կարդաց իր վերջին բանաստեղծությունները:

Մայրաքաղաքից՝ մայրաքաղաք. թերևս, այսպես կարելի է որակել մեր հաջորդ այցը: Եղանք Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկում՝ Արտաշատում, այցելեցինք թատրոն, որտեղ, ըստ ավանդության, բեմականացվել է մեծն Եվրիպիդեսի «Բաքոսուհիները»: Պատմական մայրաքաղաքից վերադարձանք ներկայիս մայրաքաղաք մեծ տպավորություններով:

Երևանյան հաջորդ հանդիպումը Երևանի մամուլի ակումբում էր: Մեզ այնտեղ ընդունեցին հարազատի պես: Ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ ծավալվեց անկեղծ ու անկաշկանդ զրույց, նա սիրով պատասխանեց մեր հարցերին, իր հերթին ներկայացնելով հայաստանյան լրատվական-լրագրողական դաշտում առկա կացությունը:

Հանդիպումները շատ էին ու առանց բացառության՝ հետաքրքիր: Լրագրողների միությունում հանդիպեցինք նրա նախագահ Աստղիկ Գևորգյանի հետ, որը մեզ ուղղակի բաց չէր թողնում և ուզում էր եզակի առիթն օգտագործելով՝ հնարավորինս շատ բան հաղորդել մեզ ու օգտակար լինել մեզ: Մինչ այդ միության դահլիճում մասնակցել էինք «Դեմո» թերթի շնորհանդեսին, որին հրավիրված էին հայաստանյան տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Շատ հետաքրքիր ու օգտակար էր նաև հանդիպումը ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնի դեկան Գառնիկ Անանյանի հետ՝ համեմատելու շատ բան կար: Ավելի ճիշտ՝ սովորելու շատ բան կար: Վերջին հանդիպումը Հայկական երկրորդ ալիքում էր (նախկին «Պրոմեթևս»), ուր մեզ ջերմորեն ընդունեց հայտնի լրագրող, հեռուստաընկերության փոխտնօրեն Արամ Սաֆարյանը: Շրջեցինք շենքում, մտանք ստուդիաները, ծանոթացանք հեռուստալրագրողների աշխատանքին: Քիչ է ասել, թե մեզ համար հետաքրքիր էր, մենք ասես Ալիսան լինեինք՝ հրաշքների աշխարհում:

Հարուստ էր նաև մեր «կուլտուրական ծրագիրը»՝ Մատենադարան, Գ.Սունդուկյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Չարենցի տուն-թանգարան, Մ.Սարյանի տուն-թանգարան: Մի խոսքով՝ տոն, որ միշտ մեզ հետ է լինելու: Ուստի խորին շնորհակալություն ԱրՊՀ ռեկտոր Հ. Գրիգորյանին՝ նման հնարավորություն ընձեռելու համար:

ՄԱՐԻՆԵ ԱՎԱՆԵՍՅԱՆ ՄՆԱԼ ԱՅՆՏԵ՞Ղ, ԹԵ՞ ՓՈԽԵԼ ՏԵՂՈՒՄ

ԱրՊՀ-ի ժուռնալիստիկայի բաժնի և ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ահռելի տարբերությանը մենք ականատես եղանք ինքներս՝ վերջերս Երևան կատարած մեր այցի ժամանակ:

Ապրիլի 1-ին դոկտոր-պրոֆեսոր Գառնիկ Անանյանը վերընտրվեց ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան: Հենց նույն օրն էլ մենք՝ ԱրՊՀ ժուռնալիստիկայի բաժնի չորրորդ կուրսի ուսանողներս, դասախոս Լիանա Բաղդասարյանի և Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի գլխավորությամբ հյուրընկալվեցինք նրա մոտ, և մեր հետագա զրույցը ընթացավ բավականին հարազատ մթնոլորտում:

Գ. Անանյանը բազմիցս լինելով Ղարաբաղում, ծանոթ լինելով ԱրՊՀ ժուռնալիստիկայի բաժնի նյութատեխնիկական բազային, նշելով հանդերձ մեր առանձնահատկությունները, ափսոսանք հայտնեց, որ մեր ուսանողները հնարավորություն չունեն գործնականում իրենց դրսևորելու, այնինչ, իրենք արդեն ունեն առանձին համակարգչային կենտրոն, հեռուստաստուդիա, ռադիոստուդիա, ունեն թերթ՝ «ժուռնալիստ», ինչպես նաև հրատարակում են «Քայլ» տարեգիրքը: Այդ բոլորը ձեռք է բերվել համառ աշխատանքի և ներդրումների շնորհիվ: Ժամանակն է, որ մեզ մոտ ևս լուրջ փոփոխություններ կատարվեն, և մեր բաժնի ուսանողների նկատմամբ ցուցաբերվի առավել հոգատար վերաբերմունք: Մինչդեռ, դատեցեք ինքներդ, այսօր մենք ուրախ կլինեինք, եթե ունենայինք գոնե մեկ տեսախցիկ:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը 4 տարի է, ինչ առանձնացել է բանասիրականից: Այդ աշխատանքը կատարվել է Գ. Անանյանի և համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի աջակցությամբ: Կարծում եմ, եթե մեր դասախոսները ցանկանան, իսկ համալսարանն էլ ցուցաբերի աջակցություն, կարող ենք մեզ մոտ էլ ձևավորել եթե ոչ ֆակուլտետ, ապա գոնե՝ ամբիոն:

ԵՊՀ-ն՝ բավարարելով ուսանողների նյութատեխնիկական պահանջները, փոխարենը պահանջում է պատրաստի նյութեր: Եթե մենք դիպլոմային աշխատանքի ժամանակ պետք է ներկայացնենք 20-25 տպագրված նյութ, 1-2 ռադիոհեռուստանյութ, ապա այնտեղ՝ 100-120 տպագրված նյութ, 5-6 ռադիոհեռուստանյութ: Համակարգչային կենտրոնը ողջ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրված է ուսանողներին: Նրանք անգամ ունեն էլեկտրոնային էջ: Հեռուստաստուդիան ունի 5 տեսախցիկ, որոնք ուսանողները կարող են ազատ տնօրինել: Տեխնիկայի փչացման դեպքում այդ մասին հոգում է համալսարանը: Ֆակուլտետն արդեն ունի ժուռնալիստիկայի տեսության վերաբերյալ տպագրած բազմաթիվ գրքեր: Վերջին 4 տարում ժուռնալիստիկայի ֆակուլտետը հրատարակել է 35 գիրք, որից 4-ը՝ թարգմանաբար, մնացածը՝ իրենց դասախոսների գրքերը:

Վերջում Գ. Անանյանը նշեց, որ նպատակ ունի ԱրՊՀ ժուռնալիստիկայի բաժնի ուսանողների համար կազմակերպել գիտաժողով՝ ժուռնալիստական էթիկայի խնդիրների վերաբերյալ:

Այսքանը տեսնելով՝ հարց ենք տալիս մեզ. մնալ այնտեղ, թե՞ վերադառնալ ու ամեն ինչ փոխել տեղում:

Սուսաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Իրինա ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԾՆՎՈՒՄ Է ՍԻՐՈՎ

Որքան տարօրինակ զգացում է պաշարում մեզ, երբ իրականանում է մեր երազանքը: Մեր այդքան սպասված Երևան «գործուղումն» իրականացավ, սակայն մենք դեռ չէինք գիտակցում, որ մեր երթուղային տաքսին Երևան է սլանում, մեկս մյուսին էինք նայում և զարմանում, թե այդ ինչ է կատարվում: Վերջապես, կարծես հրաշքին ընտելացանք, սակայն երբ Երևանի կենտրոնում Ղարաբաղի մի կտորը գտանք, մի պահ թվաց, թե արթնացանք, սակայն հաջորդ րոպեին ամեն ինչ ավելի շատ երազի նմանվեց:

«Ամարաս» տպարանի մուտքում մեզ դիմավորեց ծննդով ղարաբաղցի՝ տպարանի տնօրեն Արկադի Ասրյանը և իր իսկ ձեռքով բացեց հեքիաթի դռները: Դրսում քամի էր, իսկ ներսում՝ հրաշք… Ներսում ծնվում էր գիրքը. սկզբից առանձին էջեր, որոնք այնուհետև խնամքով և սիրով իրար էին կարում, սոսնձում, կազմում… Ամեն ինչ աշխարհում ծնվում է սիրով:

Այդպես էլ մեր աչքի առաջ ծնվեց մեր «Դեմո»-ն: Մենք տեսանք նրա առաջին «շուռտիկ» էջերը, իսկ քիչ հետո մեր ձեռքերի մեջ զգացինք նորելուկի ջերմությունը, և խանդոտ ծնողների մարմնի բոլոր բջիջներով ընկալում էինք նրա մասին արտահայտված կարծիքները, ամեն քայլափոխի խոսում նրա մասին, նրա առաջին քայլերի մասին:

Ուսանողական կյանքին հրաժեշտ տալու նախօրյակին ավելի շատ ես մտածում քո ապրած վերջին չորս տարիների մասին և արդեն իսկ զգում ես, թե ինչն է մնալու քո հուշերի մեջ, ինչի մասին ես գորովանքով պատմելու քո թոռներին… Գուցե և պատմես քո ապրած կյանքի միայն մեկ շաբաթվա անցքերը, բայց դա էլ բավական կլինի: Նրանք էլ կիմանան, թե ինչպես է իր կյանքի ուղին սկսել «Դեմո»-ն, որը, հուսանք, նրանց օրոք էլ կլինի սիրված ու ազդեցիկ պարբերական, թե ինչպես է ծնունդ առնում գիրքը, կհասկանան, որ մասնագիտությունը պետք է սիրել, որ ամեն ինչ աշխարհում ծնվում է սիրով:

 Սաթինե ՄԻՆԱՍՅԱՆ
Խաչատուր ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

ՀԱՆԴԻՊՈՒՄ  ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲՈՒՄ

ԱրՊՀ լրագրության բաժնի IV կուրսի ուսանողներս, գտնվելով Երևանում, հանդիպեցինք Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:

Քանի որ դա մեր առաջին հանդիպումն էր, ուստի պարոն Նավասարդյանը համառոտ ներկայացրեց կազմակերպությունը և նրա աշխատանքները: Նրա խոսքերով, կազմակերպությունն ունի 60-ից ավելի անդամներ, որոնց 50 տոկոսը զբաղվում են պրակտիկ լրագրությամբ, 50 տոկոսն էլ «լրագրողամերձ» անձնավորություններ են: Կա նաև 12 նոր դիմում, որոնց հարցը պետք է քննարկվի:

«Մեր կազմակերպությունը համախոհների կազմակերպություն է, մեր հիմնական գործընկերը ՀՀ լրագրողների միությունն է, որն ունի մոտ 1000 անդամ: Համագործակցում ենք նաև Գյումրիի «Ասպարեզ» ակումբի, Ստեփանակերտի մամուլի ակումբի, Հետաքննող լրագրողների ընկերակցության և այլ կազմակերպությունների հետ»,- տեղեկացրեց Բորիս Նավասարդյանը:

Կազմակերպության աշխատանքները կարելի է բաժանել 3 խմբի՝  1. կրթական-հետազոտական և հրատարակչական: Այս ոլորտի  աշխատանքները իրականացնում են գրքեր տպագրելով, տպաքանակը հիմնականում՝ 500-700, որից 150-ը պարտադիր տրամադրում են ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետին. նաև դասընթացներ են անցկացնում գործող լրագրողների հետ:

2. օրենսդրական դաշտի կատարելագործում: Սրա էությունը օրինագծեր մշակելն է եւ դրանց ընդունմանը նպաստելը:

3. Հայաստանի լրագրողների միջազգային կապերի ապահովում: Այս ուղղության նպատակն այն է, որ լրագրողներն այցելեն այլ երկրներ, իմանան այդ երկրների լրագրության մասին, ծանոթանան եվրոպական փորձին:

Եզրափակելով պաշտոնական մասը՝ ակումբի նախագահը սիրով պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին: Մի խոսքով, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բ. Նավասարդյանի հետ հանդիպումը մեծ տպավորություն գործեց ապագա լրագրողներիս վրա: Կրկին անգամ համոզվեցինք, որ մենք ևս հաց ու ջրի պես զգում ենք նման հանդիպումների անհրաժեշտությունը:

Անուշ ԱՎԱՆԵՍՅԱՆ

ԱՅՍՏԵՂ ԾՆՎԵԼ Է ԱՖՐՈԴԻՏԵՆ
Կիպրոս. Ճամփորդական նոթեր

Սկիզբը՝ նախորդ համարում

ՍԱՀՄԱՆՆ ԱՐԴԵՆ ԲԱՑ Է

Մինչ այդ՝ մարտի 8-ին, արդեն հանդիպել էինք կառավարության խոսնակ Կիպրոս Խրիսոստոմիդիսին, որն իր ջենթլմենական պահվածքով իսկույն արժանացավ լրագրողական դեսանտի և հատկապես դրա գեղեցիկ մասի համակրանքին (ծաղկեփնջերով շնորհավորեց կանանց տոնը): Նա ներկայացրեց Կիպրոսի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը, այն է՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պլանն ընդունել են որպես բանակցությունների հիմք և իրենց դիտողություններն ու առաջարկներն արել: Վիճահարույց շատ հարցեր կան, մասնավորապես՝ թե որքան հույներ պիտի վերադառնան իրենց բնակության նախկին վայրերը, հյուսիսում թուրքական բնակչության որ մասը պիտի մնա և որ մասը պիտի վերադառնա Թուրքիա, ինչպիսին պիտի լինի հյուսիսում տեղակայված թուրքական բանակի ճակատագիրը և այլն, և այլն: Ի դեպ, կղզում կան նաև բրիտանական երկու ռազմաբազաներ, որոնք զբաղեցնում են կղզու տարածքի 2,5 տոկոսը:

Նա նաև տեղեկացրեց երկրի անցուդարձի, վերջին նորությունների մասին: Անցած տարվա ապրիլի 23-ից թուրքական մասի առաջնորդ Դենքթաշը վերջապես բացել է սահմանը: Թուրքերը հանգիստ այցելում են հունական հատված, այստեղ նույնիսկ փաստաթուղթ չեն պահանջում, բայց ահա հույները թուրքական հատված այցելելիս պիտի անձնագիր ցույց տան և համապատասխան փաստաթուղթ լրացնեն: Հանուն արդարության պիտի ասել, որ այդ «պրոցեդուրան» շատ արագ է ընթանում (ինքներս համոզվեցինք՝ հատելով սահմանը), բայց, միևնույն է, սա նյարդայնացնում է հույներին՝ «Ինչու՞ պիտի մեր հողերը, մեր տներն այցելելիս անձնագիր ցույց տանք»: Օրական հազարավոր մարդիկ (միջինը՝ 11000) են հատում սահմանը: Հույներն ու մյուս ազգերի ներկայացուցիչները գնում են թուրքական մաս՝ տեսնելու իրենց վաղեմի բնակավայրերը, թուրքերն էլ ամեն օր գալիս են հունական մաս աշխատելու, քանի որ այստեղ շատ լավ են վարձատրում, և կյանքն անհամեմատ բարեկեցիկ է: Ուշագրավ է, որ այդ ընթացքում ոչ մի միջադեպ  չի գրանցվել (մի հույն մահացել է ավտովթարից), եղել են դեպքեր, երբ թուրք ընտանիքը ոչ միայն ջերմորեն է ընդունել նույն տանը նախկինում ապրած հույն ընտանիքին, այլև նրանց է  հանձնել խնամքով պահպանված մասունքներ: Այս հաշտուխաղաղ հարաբերությունները ևս մի անգամ ապացուցում են հունական կողմի այն փաստարկը, որ կղզու միավորման և երկու ժողովուրդների համակեցության լուրջ պրոբլեմ չկա, բացի թուրքական կողմի քաղաքական ղեկավարության դիրքորոշումից: Ի դեպ, թուրքական մասում քիչ չեն նրանք, ովքեր գտնում են, որ Թուրքիայից եկածները պիտի հեռանան, քանի որ Կիպրոսը կիպրահույների ու կիպրաթուրքերի հայրենիքն է: Հատկանշական է, որ անցած տարվա հունվարի 16-ին և փետրվարի 26-ին բազմահազարանոց ցույցեր են եղել (50-70 հազար մարդ) թուրքական մասում: Ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնել Անանի պլանին և միավորված Կիպրոսի անդամակցությանը ԵՄ-ին: Ցույցերի ժամանակ այսպիսի ցուցապաստառներ են եղել՝ «Ոչ՝ Դենքթաշին», «Չենք ուզում ապրել բացօթյա բանտում», «Դենքթաշ, ստորագրիր պլանն ու հեռացիր»:

Նիկոզիայում՝ անցակետի հունական մասում հույն երիտասարդ լրագրողի դիմանկարն է: Ասում են, թե նա համագործակցում էր քրդական կազմակերպությունների հետ, ինչի պատճառով էլ նրան սպանել են թուրքական հատուկ ծառայությունները:

ՀԱՅԵՐԸ

6-րդ դարի վերջին բյուզանդական Մորիկ կայսրը Աղձնիքից ու Մերձեփրատյան շրջաններից Կիպրոս է աքսորել մեծ թվով հայ ապստամբների: Կղզու կառավարիչների թվում տարբեր ժամանակներում հայեր են եղել՝ Ալեքսիս զորավար, Վասիլ Հայկազն, Վահրամ և այլք: Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո այստեղ ապաստանել են հազարավոր հայեր: Ստեղծվել է առաջնորդական թեմ՝ եպիսկոպոսություն: Կիպրահայ գաղթավայրը մարել է օսմանյան տիրապետության օրոք (1878-ին, երբ կղզին անցավ անգլիացիներին, այստեղ կար ընդամենը 150 հայ): Համայնքը ստվարացել է 1920-ական թվականներին՝ Մեծ եղեռնից հետո:

Կիպրոսում 3500 հայ է ապրում՝ փոքրիկ, բայց շատ աշխույժ ու ազդեցիկ համանք ունենք այնտեղ, որին սիրում ու, կարելի է ասել, գուրգուրում են£ Կղզու միավորման թեման հայերի մոտ այնքան էլ հրատապ  չէ մի քանի պատճառով: Նախ՝ մարդիկ մտածում են, թե ինչպես դա կանդրադառնա իրենց բարեկեցության վրա, թեև կա գրավիչ հանգամանք՝ հայկական հողերը, գույքն ու եկեղեցիները հետ բերելու հեռանկարը: Նիկոզիայի կենտրոնական փողոցներից մեկում «Էլիտա» խանութի տիրոջը՝ Համբարձում Թորոսյանին (կիպրահայ է), օրինակ, ամենաշատը հուզում է այն հարցը, թե միավորումն ինչպես կանդրադառնա իր բիզնեսի վրա: Բայց հայերը հիմնականում մտահոգված են հետևյալ հարցով. ներկայիս վիճակում իրենց հարցերը նրանք լուծում են կիպրահույների հետ և ոչ մի պրոբլեմ չունեն: Սակայն միավորված երկրում գործ են ունենալու նաև թուրք պաշտոնյաների հետ և համոզված չեն, թե առաջվա պես պրոբլեմներ չեն ունենալու:

Սակայն հիմնական պատճառն այլ է՝ կղզում մեր գտնվելու օրերին կենաց-մահու հարցի սրությամբ դրված էր Մելքոնյան վարժարանի փակման հարցը: Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունն այդ հարցն օրակարգում էր դրել, խուճապի մատնելով ամբողջ կիպրահայությանը: Իր 78-ամյակը նորերս տոնած այս հանրահայտ կրթական հաստատությունը, որտեղ սովորում են 200 հայ պարմանիներ ու պարմանուհիներ 14 երկրներից, փակման վտանգի առաջ էր հայտնվել:

-Սփյուռքում դպրոց փակելը եկեղեցի փակելուն հավասարազոր է: Այնտեղ՝ ԱՄՆ-ում, այստեղից փչող դոլարի հոտն առել են,- վրդովված ասում է Գևորգ Զեյթունցյանն «Ազատ ձայն»-ից: – Ասում են՝ ֆինանսապես ձեռնտու չէ վարժարանը պահելը: Արդարանում են՝ իբր ուզում են փակել միայն գիշերօթիկը, թեև ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ գիշերօթիկի փակումը վարժարանի փակում է նշանակում:

Բավականին խիստ գնահատական է տալիս մեր կիպրահայ գործընկերը, թեև, պարզվեց, որ կան ավելի խիստ գնահատականներ և հարցը այլ, ավելի ողբերգական տեսանկյունով դիտարկողներ: Շատերն այն կարծիքին են, որ վարժարանի փակումը համայնքի վերջի սկիզբն է լինելու: Վարժարանը, ըստ նրանց, միայն կրթական հաստատություն չէ, այլ հայապահպանման գործոն, այն էլ՝ ոչ միայն Կիպրոսում: Այստեղ սովորելու են  գալիս ամենատարբեր երկրներից, զանազան գաղթօջախներից ու հետ վերադառնալով՝ տարածում հայապահպանման լույսն ու ոգին (ի դեպ, Արցախից հինգ հոգի սովորում են այնտեղ, որոնց հետ մեր հանդիպումը շատ սրտառուչ էր):

Բուն Մելքոնյան վարժարանում բավականին զգուշորեն էին մեկնաբանում այս հարցը: Մասնավորապես, փոխտնօրեն ու տեսուչ Կարապետ Դաքեսյանն այսպես ներկայացրեց իրավիճակը.

-ՀԲԸՄ նոր ղեկավարությունը սկսել է սփյուռքում դպրոցական համակարգի վերարժևորման գործընթաց: Ինչ վերաբերում է մեզ, ապա 120 հազար քառակուսի մետր տարածք ունենք, որ հնարավորություն է տալիս արդյունավետ օգտագործման պարագայում լուծել ծառացած խնդիրները: Բայց հիմա անորոշ կացություն է, ամեն օր նոր լուրեր ենք ստանում: Տարածքը Կիպրոսի ամենաարժեքավոր հատվածում է և արժե մոտ 80 միլիոն դոլար: Կարելի է այդ տարածքի դիմաց 70 միլիոն վարկ ստանալ պետությունից, դրան գումարած՝ միջազգային կազմակերպությունների աջակցությունը: Տարբերակներ կան, պարզապես չպիտի ծայրահեղությունների մեջ ընկնել, չպիտի հարցն այսպես դնել՝ վաճառե՞լ, թե՞ չվաճառել: Դժբախտաբար, հիմա ծախել-չծախելու մասին է ավելի շատ խոսվում, մինչդեռ այս երկուսի արանքում զանազան տարբերակներ կան: Սա ռազմավարական կենտրոն է, Մելքոնյանի փորձը պիտի պահպանվի: Մենք նամակ ենք գրել նաև Հայաստանի նախագահին:

Ինչպե՞ս կլուծվի հարցը՝ մտահոգում էր մեզ: Ամենատարբեր զրույցներից հասկացանք, որ պահպանելու շանսերը քիչ են: Այդպես էլ եղավ՝ վերադառնալուց տեղեկացանք, որ ՀԲԸՄ-ն որոշել է վարժարանը փակել եկող տարվանից: Ինչ խոսք, մեծ գումար է գոյանալու, որը միգուցե օգտագործվելու է այլ հայանպաստ ծրագրերում, ինչպես հավաստիացնում են ՀԲԸՄ-ում, բայց որևիցե մեկը հաշվե՞լ է, թե ինչքան արժե վարժարանի հայապահպանական ու ռազմավարական առաքելությունը:

Այցելեցինք նաև «Նարեկ» դպրոցը: Ավելի ճիշտ՝ դա մի ամբողջ դպրոցական համակարգ է, բաղկացած երեք դպրոցներից (Նիկոզիայում, Լառնակայում և Լիմասոլում): Սրանք նախակրթարաններ են՝ մինչև 12 տարեկանը (7-րդ դասարան): Այստեղ ևս խոսակցության առարկան Մելքոնյան վարժարանն էր:

-Հայաստանը կարող է օգնել այս հարցում, բայց մինչ այդ պիտի պարզել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, – ասում է դպրոցի հոգաբարձուների խորհրդի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մանուկ Յելդզյանը: – Որովհետև հենց որ վիճակներս վատանում է, հայացքներս ակնկալիքով հառում ենք մայր Հայաստանին, բայց երբ մեկ այլ առիթով այնտեղից առաջարկ ենք լսում, ասում ենք՝ միջամտում է մեր գործերին: Այսպես չի լինի, եղբայր:

«Նարեկի» տնօրենը ևս ցավով է խոսում վարժարանի փակման մասին: Ըստ նրա՝ վարժարանի վերջը համայնքի վերջն է և մի 20 տարի հետո կիպրահայ համայնքը շատ տկար կլինի: Վարժարանը կիրակնօրյա դպրոց սարքելը զուտ ամերիկյան մտածողություն է և չնչին փոխհատուցում, քանի որ, ի վերջո, փակվում է քաղաքական ու մշակութային թրծման մի անգնահատելի քուրա: Այստեղ շատերն են կարծում, որ կա նաև վարժարանի ճիշտ կառավարման խնդիր, մասնավորապես՝ կարելի է կրճատել մի շարք անիմաստ ու ավելորդ ծախսեր: «Նարեկի» տնօրենը համոզված է, որ վարժարանի փակման դեպքում պետության աջակցությամբ կարողանալու է ևս երեք դասարան ավելացնել իր դպրոցում, բայց, միևնույն է, դա ելք չէ (Մելքոնյան վարժարանն, ի դեպ, թերի բարձրագույն դպրոց է):

120 սան ունի «Նարեկը» (70-ը՝ Նիկոզիայում, 30-ը՝ Լառնակայում  և  20-ը՝ Լիմասոլում): Սա, թերևս, սփյուռքում գործող միակ հայկական դպրոցն է, որն ամբողջովին ֆինանսավորվում է պետության կողմից (Կիպրոսի իշխանությունները դպրոցին տարեկան հատկացնում են մոտ 700 հազար դոլար): Եվ սա դեռ բոլորը չէ: Քանի որ երկրում տարրական և միջնակարգ դպրոցի առաջին աստիճանում ուսուցումը ձրի է, ապա կառավարությունն օգնում է նաև Մելքոնյան վարժարանին՝ այստեղի յուրաքանչյուր կիպրահայ սանի տարեկան հատկացնելով 3000 դոլար: Սա էլ դեռ ամենը չէ՝ եթե աշակերտը հեռու է ապրում դպրոցից կամ վարժարանից, ապա նաև ճանապարհածախսն է պետությունը հոգում: Ուրեմն՝ ի՞նչ է ստացվում. Կիպրոսի կառավարությունը շատ ավելի մտահոգ է երկրում հայ համայնքի պահպանմամբ ու հայեցի կրթության ապահովմամբ, քան հայե՞րս: Այլապես ինչո՞վ բացատրել վարժարանի փակումը: Եւ դարձյա՞լ պիտի ասենք, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառն օտարներն են:

ԵՐԿԻՐ  ԴՐԱԽՏԱՎԱՅՐ,  ԿԱՄ՝  ԴՐԱԽՏԻ  ԲԱՆԱԼԻՆ

Կիպրոսում մեկ շնչի տարեկան միջին եկամուտը 16 հազար դոլար է: Այստեղ անվճար բուժօգնություն են ստանում տարեկան մինչև 6000 կիպրական ֆունտ (մոտ 12 հազար դոլար) եկամուտ ունեցողները և այն ընտանիքները, որոնց անդամների տարեկան ընդհանուր եկամուտը մինչև 10 հազար կիպրական ֆունտ է (մոտ 20 հազար դոլար), նաև չորս և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները: 10-14 հազար կիպրական ֆունտ տարեկան եկամուտ ունեցողները կիսով չափ են վճարում բուժծառայության համար, այսինքն՝ պետությունը ծախսերի կեսն իր վրա է վերցնում: Կան բազմաթիվ պետական նպաստներ, այդ թվում՝ այրիների ու ամուրիների համար: Միանվագ օգնություն է ցուցաբերվում ամուսնանալիս, երեխա ծնվելիս, պետությունը հոգում է նաև թաղման ծախսերը: Պետական նպաստի իրավունք ունեն բոլոր նրանք, ում եկամուտները չեն ապահովում հիմնական կարիքները: Բնակարանով ապահովման հատուկ ծրագիր է մշակված, երկարաժամկետ և արտոնյալ վարկեր են տրվում բոլոր կարիքավորներին: Տարրական և միջնակարգ դպրոցների առաջին աստիճանում ուսուցումը ձրի է, տարրական (6-ամյա) ուսուցումը պարտադիր է՝ մինչև 12 տարեկանը: 6-ամյա են նաև միջնակարգ դպրոցները:

Այս երկրի մասին խոսելիս ընդունված է ասել, որ այստեղ գրեթե հանցագործություն չկա: Սոսկ մի փաստ՝ բանտերում միջին հաշվով 300 մարդ է պահվում, որոնց 35 տոկոսը արտասահմանցիներ են: Գործում են գայթակղիչ օրենքներ հարկային ու բանկային դաշտերում, ինչի շնորհիվ արտասահմանյան խոշոր կապիտալ է հոսում այստեղ: Չափազանց զարգացած է զբոսաշրջային բիզնեսը՝ տարեկան 2 միլիոնից ավել մարդ է այցելում կղզի:

Գտնվելով այստեղ, կամա թե ակամա ստիպված ես լինում համեմատել իրավիճակը մերի հետ: Թեև, առաջին տպավորությամբ, միանգամայն տարբեր իրավիճակներ են, այնուամենայնիվ, բազմաթիվ աղերսներ կարելի է հայտնաբերել: Նույնպես չկարգավորված հակամարտություն և նույնպես պատերազմի բոհով անցած այս երկրի օրինակով հասկանում ես, թե ինչքան շատ բան կարող էին և կարող են մեր իշխանություններն անել մեր ժողովրդի համար: Այս պայմաններում անգամ Կիպրոսը մի իսկական դրախտավայր է՝ էլ ավելի դրախտային հեռանկարներով: Այդպիսին պիտ դարձնենք նաև մեր հայրենիքը, բազում զրկանքներ կրած մեր ժողովուրդը ևս արժանի է դրան, արժանի է նորմալ, մարդկային, արժանապատիվ կյանքով ապրելու:

Եթե չկարողացանք դա ապահովել, ապա մեզ չեն հարգի, մենք ինքներս մեզ չենք հարգի: Եթե չկարողացանք դա անել, ապա ամեն ինչ կիմաստազրկվի, ամենայն գաղափար սնամեջ կլինի:

Ինձ թվում է, թե այստեղ կարողացել են այս ամենին հասնել նաև հետևյալ պատճառով՝ այստեղ հասկացել են, որ գաղափարը պիտի ծառայի ազգին, երկրին, պետությանը, այլ ոչ թե վերջիններս ծառայեն գաղափարին, քանի որ ու՞մ համար է այդ դեպքում այդ նույն գաղափարը:

Հասարակ մի օրինակ՝ Կիպրոսն էությամբ սոցիալիստական երկիր է, իշխանության գլուխ են եկել կոմունիստները: Բայց եկեք նրանց համեմատենք մեր կոմունիստների հետ: Պարզապես ծիծաղելի կլինի իրենց իսկ գաղափարներում շփոթված ու նոր պայմաններում անգամ հին գաղափարները արհեստականորեն սերմանելու անպտուղ ջանքերով տառապող մեր կոմունիստների հետ համեմատությունը: Շուկայական տնտեսություն ունեցող, բայց բոլոր բնագավառներում պետական հոգածություն ապահովող այս երկրում ցանկացած գաղափար ծառայեցնում են երկրի ու ժողովրդի բարեկեցությանը: Իսկ մենք, մեր իշխանությունները փորձում են պապից ավելի կաթոլիկ լինել: Երբ հարցնում ես մեր իշխանություններին այս կամ այն բնագավառում տիրող անմխիթար վիճակի մասին, ասում են՝ շուկայական տնտեսություն է: Բայց շուկայական տնտեսությունը չի նշանակում, որ ահռելի ծախսեր խժռող պետական ապարատը պիտի հեռու մնա կենսախնդիր հարցերի լուծումից: Պետականն ու շուկայականը պիտի լավագույնս զուգակցվեն: Շվեդիայի նման ավանդական կապիտալիստական երկրում պետական սեկտորը մեծ բաժին է կազմում: Հետո էլ՝ անունն ինչ ուզում ես դիր, բայց այնպես արա, որ ժողովրդիդ համար լավ լինի:

Ինչ վերաբերում է ազգի ու գաղափարի փոխհարաբերություններին, ապա մի այսպիսի օրինակ՝ ադրբեջանական կողմը դիտարկելով: Տարիներ շարունակ փախստականներն ապրում են ճամբարներում և այն էլ՝ Ադրբեջանի ծաղկման ու բարգավաճման մասին ճառերի ֆոնի վրա: Նրանց վրա այդ ծաղկումն ու զարգացումը չեն ազդում, նրանց պահում են արտասահմանցի հյուրերին ցույց տալու համար՝ ահա նրանց առաքելությունն ու կյանքի իմաստը, ավելի ճիշտ՝ այդ իմաստն են նրանց վերապահել իշխանությունները: Այսինքն՝ մարդիկ են ծառայում որևէ գաղափարի: Ինձ թվում է, որ եթե երկու կողմերում էլ գերակայեն հումանիտար հարցերը, ապա շատ ավելի հեշտ կլիներ լուծել հիմնախնդիրը:

Վերադառնանք մեր օրինակին: Մեր անկախության պտուղները փաստորեն ճաշակում են շատ քիչ թվով մարդիկ, մեծամասնությունն այն վայելում է զուտ «հոգեբանորեն»: Բայց անկախության գաղափարը պիտի ծառայի ամբողջ ժողովրդին, և ոչ թե ժողովուրդը ծառայի այդ գաղափարին: Մինչդեռ, որքան էլ ցավալի լինի մեզ համար, մի փոքր մասը վայելում է այդ անկախությունը, իսկ մեծամասնությունը, բուն ժողովուրդը ծառայում է այդ ամենին: Այսօրվա վիճակը, համենայն դեպս, այդպիսին է:

Մերոնք կարող են ասել, որ Կիպրոսում (կամ որևէ այլ տեղ) պայմաններն ուրիշ են: Սա ավանդական «հաղթաթուղթ» է մեր իշխանությունների ձեռքին, բայց, ինչպես ասում են՝ գործ անողը հնարն է գտնում, չանողը՝ պատճառը: Իհարկե, պայմաններն ուրիշ են. ծով ունեն, հողերը բերրի են (մի հայտնի գյուղ կա, որ տալիս է երկրում կարտոֆիլի բերքի մեկ երրորդը՝ այնտեղ երեք անգամ բերք են ստանում): Բայց սոսկ մի տհաճ հարց. ժամանակին մենք էլ էինք ասում, որ մեզ մոտ ազերիների հողերը լավն են, ջրդի են, դրա համար են նրանք շուկան գրավել: Ժամանակին միայն Խոջալուն կանաչեղենով ապահովում էր ամբողջ Ստեփանակերտը: Հիմա այդ հողերը մեր ձեռքին են, ուրեմն ինչու՞ է ամեն ինչ այսքան թանկ ու դեռ հիմնական մասը ներկրվում է դրսից:

Այնպես որ, համոզված եմ՝ անգամ մեր «անբարենպաստ» պայմաններում ժողովուրդը շատ ավելի լավ կարող է ապրել, դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախապայմանները՝ ցանկություն, կամք, խելք ու հայրենասիրությունն է պակասում: Եթե մեզ մոտ ապրող բնակչության մեկ շնչի հաշվով բաշխելու լինենք մեր բյուջեն, Հայաստանի միջպետական վարկը և Սփյուռքի օգնությունը, ապա միանգամայն ակնհայտ կդառնա, որ մեզ մոտ շատ ավելի լավ կյանք ապահովելու բոլոր հնարավորությունները կան: Ովքեր չեն հավատում, թող նայեն պաշտոնյաների դղյակներին, երևանյան բնակարաններին, արտասահմանյան բանկերում բացած հաշիվներին ու բիզնեսին, ընդհանրապես՝ նրանց ապրելակերպին:

Մերոնց մյուս «հաղթաթուղթը» հետևյալն է՝ մենք ճանաչված չենք: Բայց սա հիմնավոր փաստարկ չի կարող լինել, քանի որ այդ տրամաբանությամբ բոլոր ճանաչված երկրներում դրախտ պիտի ստեղծված լիներ: Ոչ, դրախտի բանալին այլ տեղ է գտնվում, թե չէ մեր այսօրվա բարոյահոգեբանական մթնոլորտի պայմաններում եթե Մարս մոլորակն էլ մեզ ճանաչի՝ ոչինչ չի փոխվելու: Ժողովուրդը պիտի հասկանա, որ իր իսկ միջոցներով ու ահռելի ծախսերով պահվող պետական մեքենան պիտի ծառայի իրեն ու պահանջի, որ ծառայի: Թե չէ աբսուրդ է ստացվում՝ իր հացի փողը տալիս է նրան, որպեսզի վերջինս իրեն խանգարի, իր համար վատ պայմաններ ստեղծի: Մեկ այլ հասարակ օրինակ՝ մի ամբողջ շաբաթ մենք կիպրոսյան քաղաքներում մի պետավտոտեսուչ չտեսանք: Հիմա համեմատեք մեր իրողությունների հետ և ամեն անկյունում կանգնած ավտոտեսուչներին հարցրեք, թե ինչի համար են նրանք այնտեղ կանգնած: Մե՞զ համար, թե՞ իրենց համար:

Մի դիտարկում ևս, որ առավելապես ճաշակին է վերաբերում: Կիպրոսյան քաղաքներում գիգանտամանիա չկա, մարդիկ նախընտրում են ապրել փոքրիկ, բայց գեղեցիկ ու հարմարավետ տներում՝ փոքրիկ ու դրախտային այգիներով, իսկ բարձրահարկ (էլ չեմ ասում՝ երկնաքեր) շենքերը քիչ են: Ամենակարևորը՝ ամեն մի քաղաք ու գյուղ իր դեմքն ունի, իր ուրույն դեմքը: Իսկ ես ահա երկար տարիներ փորձում եմ հայտնագործել մեր մայրաքաղաք Ստեփանակերտի դեմքը ու չեմ կարողանում: Մինչև որ ինքս ինձ համար սարսափով չպարզեցի, որ մեր քաղաքն անդեմ է:

ԱՌԱՆՑ ԿԱՑՆԻ ՈՒ ԳՈՑՎԱԾ ԴՌՆԵՐԻ

Լրագրողներիս կիպրոսյան առաքելությունն ուշագրավ էր մի քանի առումներով: Նախ՝ սա հայ-ադրբեջանական լրագրողական ամենամեծ դեսանտն էր մեկ այլ հակամարտային գոտում (մի տարի առաջ Երևանի և Բաքվի մամուլի ակումբների նախաձեռնությամբ մի փոքրիկ խումբ էլ էր այցելել Կիպրոս): Այցն իրականացվել է բավականին բարդ իրավիճակում՝ բուդապեշտյան հայտնի դեպքից ու դրա բարձրացրած ալիքից հետո: Ասեմ միանգամից՝ Կիպրոսում ադրբեջանցիներից ոչ մեկի մոտ կացին չկար, իսկ հայերս էլ քնում էինք առանց դռները փակելու: Սա ինքնին մի փոքրիկ նվաճում է այդ ամենից հետո: Իհարկե, որոշակի լարվածություն կար մեր հարաբերություններում առաջին պահերին, թեև խմբում ներգրավվել էին լրագրողներ, ովքեր արդեն մի քանի տարի համագործակցում են և որոնց միջև արդեն իսկ ստեղծված են որոշակի մարդկային բնականոն հարաբերություններ:

Իհարկե, հնարավոր չէր չշոշափել բուդապեշտյան վայրենությունը, և ոչ մի արդեն կայացած մարդկային հարաբերություն էլ չէր օգնի, եթե երկու կողմից էլ չլիներ ադրբեջանցի սպայի արարքի արժանի գնահատական: Որքան էլ վայրենաբար է եղել հայ սպայի սպանությունը, ինձ, այնուամենայնիվ, ավելի շատ հուզում էր դրան հաջորդած հակահայկական հիստերիան Ադրբեջանում: Ադրբեջանցի գործընկերներիս հետ զրույցներում ես ուշադրություն էի սևեռում հետևյալ հանգամանքի վրա՝ մի հանրությունում մի այնպիսի մարդ է հերոսացվում, որ կացնով սպանել է քնած մարդուն: Չի՞ նշանակում, արդյոք, որ այդ հանրությունում ինչ-որ բան սխալ է, որ այնտեղ ոչ թե տղամարդկային-ասպետական արժեքներն են գերակայում, այլ վախկոտին, խարդախին հատուկ արժեքները: Եթե այդպես է՝ ապա ինչի՞ կարող է հասնել նման հանրությունը, ժողովուրդը, պետությունը: Սա է խնդիրը:    Մյուս կողմից էլ համոզված եմ, որ ամբողջ հանրությունը չէ այդպիսին: Նախ՝ գտնվել են այնտեղ մարդիկ, ովքեր հրապարակավ դատապարտել են այդ արարքը (հոգու խորքում դատապարտողները, համոզված եմ, շատ ավելի մեծ թիվ են կազմում): Հետո էլ՝ այդ ամենը հմտորեն կառավարվում է իշխանությունների կողմից՝ իրենց կամակատար լրատվամիջոցների ձեռքով: Ամենայն անկեղծությամբ կարող եմ ասել, որ իմ անձնական դիտարկումները հենց դա են ցույց տալիս: Այսպես, սրանից մի քանի տարի առաջ արցախցի հինգ լրագրողներ հայաստանյան մի խումբ լրագրողների հետ միասին այցելեցինք Բաքու, այն էլ հակահայկական հերթական հիստերիայի ժամանակ: Որպեսզի պատկերացում կազմեք դրա մասին, սոսկ մի օրինակ՝ տեղ հասնելու հաջորդ օրը թերթերում այսպիսի վերնագրերի հանդիպեցինք՝ «Հայ մարդասպանները՝ Բաքվում», «Ղարաբաղցի տեռորիստներին քշենք այստեղից» և այլն:

Արցախցի լրագրողներս նման պայմաններում պահանջեցինք մեզ հնարավորություն տալ դուրս գալ  փողոց և զրուցել մարդկանց հետ: Երկար մտորելուց հետո ադրբեջանական կողմը (անվտանգության ուժերը) համաձայնվեցին: Եւ ի՞նչ եք կարծում՝ առաջին պատահած 10 մարդուց միայն մեկն էր թշնամանքով խոսում հայերիս մասին, մյուսները հանգիստ զրուցում էին մեզ հետ Բաքվի կենտրոնում, պատմում իրենց հոգսերից, դեմ արտահայտվում պատերազմին: Ինչու՞ համար եմ սա ասում: Երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներն ասում են, թե ղեկավարությունները պատրաստ են, բայց ժողովուրդները պատրաստ չեն կարգավորմանը՝ դա ինձ համար պարզապես ծիծաղելի է: Միանգամայն հակառակ պատկերն է: Նույն Ադրբեջանում քարոզչական մեքենայի ուղղությունն ու «խաղացանկը» փոխելու դեպքում միանգամայն հակառակ պատկերին կարելի կլիներ ականատես լինել: Իսկ «խաղացանկը» որոշում է իշխանությունը:

Հենց այստեղից էլ տեղափոխվենք «պաշտոնական Երևան»: Սկզբունքորեն համաձայն չեմ Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, թե երկու ժողովուրդներն անհամատեղելի են: Փաստերը դաժան բաներ են: Անդրադառնամ դրանցից մեկին£ Սփյուռքահայ ընկերս տարիներ առաջ հուզմունքից դողալով պատմում էր հետևյալը՝ երևանյան մի կայարանում մարդիկ իրար գլուխ էին ջարդում Թուրքիա մեկնող ավտոբուսում տեղ գտնելու համար: Կասեք՝ սովորական երևույթ է: Համաձայն եմ, բայց մի փոքրիկ նրբերանգ ավելացնեմ: Դա այն օրերին էր, երբ Ֆրանսիան պատրաստվում էր ճանաչել Եղեռնը, իսկ թուրքերն էլ սպառնում էին Թուրքիայում գտնվող բոլոր հայերին վռնդել երկրից (խոսքը Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնածների մասին է): Նույնիսկ այս պայմաններում հայ մարդը չի մնում հայրենիքում և գնում է, այն էլ ու՞ր…ցեղասպանի երկիրը: Սա ողբերգություն է, ինձ հարցնելու լինեք՝ ցեղասպանությունից մեծ ողբերգություն:

Ինչ որ է, կարծում եմ, որ ոչ թե մենք անհամատեղելի ենք, այլ մեզ այդպիսին են դարձրել ուրիշները, մեր իսկ հոժար ու անհասկանալի կամքով: Եւ հիմա ոչ թե պիտի ամրապնդել այդ անհամատեղելիության վարկածը, այլ հակառակն անել: Եւ մեր լրագրողական շփումներն այս առումով շատ կարևոր են: Այս գործում մեծ ներդրում ունեն հենց Երևանի ու Բաքվի մամուլի ակումբները, որոնք վերջին տարիներին զգալի գործ են արել այս ուղղությամբ (Ստեփանակերտի մամուլի ակումբի համեստ մասնակցությամբ): Ի դեպ, քանի առիթն է՝ ասեմ, որ բուդապեշտյան դեպքն ու Ադրբեջանում բարձրացված հակահայկական հիստերիան պատճառ դարձան, որ Հայաստանում ևս հակաադրբեջանական ալիք բարձրանա, ինչը հատուկ չէր հայ հանրությանը պատերազմից հետո, ընդ որում՝ այն բորբոքում էին որոշ քաղաքական գործիչներ, առիթից օգտվելով՝ թեժացնելով անհամատեղելիության վարկածը և ադրբեջանական ժողովրդին ու ամբողջ հանրությունը դիտարկելով բուդապեշտյան մարդասպանի տեսքով: Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, դատապարտելով բուդապեշտյան սպանությունը, միաժամանակ մտահոգություն հայտնեցին Հայաստանում բարձրացված այդ ալիքի կապակցությամբ և դատապարտեցին այն: Նրանց հայտարարությունը միանշանակ արձագանք չգտավ հայ հանրությունում. եղան այդ մտահոգությունը կիսողներ, բայց ավելի զգալի հատվածը (դատելով լրատվամիջոցների հրապարակումներից)  դատապարտեց այն:

Հայտարարությունը ստորագրողներից մեկը՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, հանդես եկավ մեկնաբանությամբ: Իրեն հատուկ հավասարակշռվածությամբ ու խոհեմությամբ Բորիսը մի հետաքրքիր դիտարկում արեց իր պատասխանում: Խոսելով լրագրողական մի տեսակի մասին, որ «անվախությամբ» իր թերթի էջերում մարտնչում է անտեսանելի թշնամու դեմ, նա սկզբունքորեն անընդունելի համարեց դա, նախընտրելով ավելի ազնիվ ու ավելի պատասխանատու տարբերակ՝ «Մենք նախընտրում ենք մեր կարծիքներն ու գնահատականները հայտնել ընդդիմախոսի դեմքին նայելով»: Լիովին կիսում եմ ընկերոջս ու գործընկերոջս կարծիքը ու «հեռակա ֆուտբոլից» հրաժարումը, ավելին՝ կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, թե ինչպես նա, իր հայաստանցի գործընկերները ու մենք՝ արցախցի լրագրողներս, ամենատարբեր միջազգային համաժողովներում կարողացել ենք արժանապատվորեն ներկայացնել մեր երկիրը: Իսկ «հեռակա ֆուտբոլի» սիրահարները սովորաբար խրտնում են նման տեղերից, կամ էլ իրենց շատ համեստ են պահում՝ իրենց հատուկ «անվախության» հետքն էլ չէր երևում:

Բայց վերադառնանք Կիպրոս ու նաև այստեղի իրողության ֆոնի վրա քննարկենք մեզ հուզող հարցը: Հավանաբար, քիչ չեն լինի այն մարդիկ, որ կպնդեն, թե հույն ու թուրք ժողովուրդներն էլ են անհամատեղելի: Սակայն Կիպրոսի փորձը այլ բան է ապացուցում: Այո, եղել է Թուրքիայի ներխուժումը, այո, պատերազմ, զոհեր ու ավերածություններ են եղել: Բայց այսօր կիպրահույն ու կիպրաթուրք համայնքներն իրար հետ արդեն լեզու են գտել, թեև դրան խանգարում է և թուրքական Կիպրոսի ղեկավարությունը, և Թուրքիան, և որոշ  հունական ուժեր: Ուրեմն՝ եթե անգամ խոսելու լինենք անհամատեղելիության մասին, ապա խոսենք այլ բաների անհամատեղելիության մասին, այլ ոչ թե ժողովուրդների: Համենայն դեպս, մեր երկու ժողովուրդների համակեցության համար կարող են օրինակ ծառայել ոչ միայն կիպրական փորձը, այլև լրագրողների այս խմբի համագործակցության մթնոլորտը: Այս մթնոլորտը լիովին տարբերվում է երկու ժողովուրդների հարաբերությունների ներկայիս մթնոլորտից: Ուրեմն՝ ամեն ինչ կորած չէ: Եւ մի հանգամանք էլ՝ թեև այս շփումները միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ են իրականացվում, այս մթնոլորտը անմիջնորդ հարաբերությունների արդյունք է: Այս պարագան կարծես թե նկատվեց բոլորիս կողմից: Բայց նաև չմոռանանք, որ կիպրոսյան պատերազմից 30 տարի է անցել. գուցե 20 տարի հետո մենք ևս ավելի հանդուրժողական լինենք միմյանց հանդեպ:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Չեմ կարծում, թե կիպրոսյան հիմնախնդիրն իր էությամբ ու կարգավորման հեռանկարներով նման է մեր հիմնախնդրին, թեև հակված եմ կարծելու, որ աղերսներն ու առնչությունները ևս քիչ չեն: Ամեն ինչից զատ, մենք պիտի ամենայն ուշադրությամբ հետևենք այստեղի գործընթացներին, քանի որ, ի վերջո, հակամարտության կարգավորման նոր մոդել է փորձարկվում, որը պարզապես չի կարող չհետաքրքրել մեզ: Մյուս կողմից՝ կարող են օգտակար լինել երկու ժողովուրդների համակեցության ու լրագրողներիս համագործակցության փորձերը:

Ես ներկայացրի իմ տեսածն ու լսածը, այնտեղ և լավը կա, և վատը՝ մեծ ընտրություն է տարբեր մոտեցումների, ճաշակի ու մակարդակի տեր մարդկանց համար: Թե ինչը մեզ համար կարող է օգտակար լինել և ինչը վնասակար՝ մակարդակի, խելքի ու ազգային-քաղաքական ճաշակի հարց է: Հիշեցնեմ պարզապես, որ Կիպրոսն առավելս հայտնի է նրանով, որ այստեղ ծնվել է Աֆրոդիտեն: Այստեղից բխող բոլոր ցանկալի հետևանքներով ու ակնկալիքներով: Գեղեցկություն և սեր՝ մեր հոգիներին:

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՈՐԱԲԱՑ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

«Օմեգա պլյուս» ՍՊԸ տնօրեն Կարեն Մելքումյանի և «Աջակցություն Արցախի երեխաներին» հիմնադրամի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին Ստեփանակերտի նորաբաց «Հայ-Արտ-պատկերասրահ»-ում կայացավ երիտասարդ նկարչուհի Գայանե Բաբայանի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Մայրության և Գեղեցկության տոնին:

Գայանե Բաբայանը նոր անուն չէ Արցախի արվեստասեր հասարակության շրջանում: Չնայած երիտասարդ տարիքին, նրան հաջողվել է կերտել հարուստ կենսագրություն:

Ծնվել է 1977 թվականին, Շուշի քաղաքում: 1988-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Ստեփանակերտ: Մանկապատանեկան տարիներից ընդգծված սեր ուներ նկարչության հանդեպ: Նկարում էր հենց այնպես, միայն իր համար, բնավ չպատկերացնելով, որ այդ «խզբզանքներից» մի օր ծնունդ են առնելու արվեստի մնայուն գործեր: 17 տարեկանից արդեն ստեղծագործական պրպտուն մտքի տեր աղջիկը գրավեց արվեստագետների ուշադրությունը: Գայանեն ակնածանքով և հպարտությամբ է խոսում իր ուսուցչի՝ Սամվել Գաբրիելյանի մասին: 2000 թ. ապրիլի 17-ին Ստեփանակերտում կազմակերպվեց Գայանեի անհատական ցուցահանդեսը, իսկ երկու տարի անց անհատական ցուցահանդեսով ներկայացավ Հայաստանի արվեստասերներին: Նկարչուհու աշխատանքները ցուցադրվել և տեղ են գտել Լիտվայի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի և Ֆինլանդիայի մասնավոր ու պետական հավաքածուներում:

Գ. Բաբայանը Արցախի և Հայաստանի նկարիչների միության անդամ է:

Ստեղծագործական հաջողությունների համար նկարչուհին նաև երախտապարտ է Կարեն Մելքումյանին: «Մեր համագործակցությունը սկիզբ առավ 1998-ին: Կարեն Մելքումյանը Սամվել Գաբրիելյանի արվեստանոցում ծանոթացավ իմ աշխատանքներին, հավանեց և պատրաստակամություն հայտնեց աջակցել ինձ»,- պատմում է Գայանեն:

Երիտասարդ նկարչուհու գեղանկարներն, իրավամբ, հրապուրել էին ցուցահանդեսին հրավիրված անձանց՝ պետական պաշտոնյաների, արվեստասեր մտավորականների, ուսանողների:

Գայանեն կարծրատիպ գունամտածողության կրողներից չէ: Գունային խայտաբղետությունը բնավ չի գրավում նրան: Պարզ ու անպաճույճ  գունային խաղերից էլ հստակ ուրվագծվում է նրա բարդ ու հակասական հոգեկան աշխարհը: Բարու և չարի պայքար, ազատ ու անկաշկանդ ապրելու իրավունք, աշխարհը կատարյալ ու մաքրագործված տեսնելու ձգտում: Սա է նկարչուհու աշխատանքների լեյտմոտիվը:

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրեն, «Աջակցություն Արցախի երեխաներին» հիմնադրամի նախագահ Լիրա Քոչարյանի խոսքերով՝ թեմատիկայի բազմազանության մեջ անգամ Գայանեն հարազատ է մնում ինքն իրեն: Նա երբեք չի կրկնում իրեն. ամեն մի աշխատանքում նոր խոսք է ասում՝ ցուցանելով իր հուզառատ ու փոթորկուն հոգեկան աշխարհը: «Անձամբ ինձ հետաքրքրում են նրա հույզերը, ապրումները: Նա բարեկամության ձեռք է մեկնում հաճախորդներին, իսկ դա միայն կարելի է ողջունել»,- նշեց Լ. Քոչարյանը:

Արվեստասեր Ռոմելա Անդրյանի հավաստմամբ՝ Գայանեի նոր աշխատանքներում ստեղծագործական սկզբնական շրջանին բնորոշ հոռետեսական տրամադրությունների հետքն անգամ չի երևում: «Լույս, հավատ, սեր և բարություն է ճառագում նրա գործերից: Նա շատ հեռուն է գնալու, իսկ մի օր մեր արվեստագետներին անպայման կասի իր խոսքը»,- ասաց նա:

«Ես Շագալի, Վան Գոգի, Արշիլ Գորկու արվեստի երկրպագուն եմ: Հրապուրվել, ոգեշնչվել եմ նրանց արվեստով, բայց երբեք չեմ փորձել նմանվել նրանց, կրել այս կամ այն նկարչի ազդեցությունը: Փորձում եմ գտնել, թող անհամեստ չհնչի՝ գուցե արդեն գտել եմ իմ սեփական ոճը: Համոզված եմ՝ իմ ինքնահաստատման ճանապարհը հարթ ու բանուկ չի լինելու: Բայց չմոռանանք՝ մաքառումների և դժվարությունների հեռանկարում են ծնվում արվեստի մնայուն գործեր»,- ասաց նկարչուհին:

Դե ինչ, մեզ մնում է ողջունել երիտասարդ նկարչուհու հաջողությունները և մաղթել նրան ստեղծագործական նորանոր ոգորումներ:

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ 

Ապրիլի սկզբներին Ստեփանակերտի քաղաքային պատկերասրահում կայացավ 2003 թ. Օլեգ Գրիգորյանի մեկենասությամբ հրատարակված՝ բանաստեղծ Հրանտ Ալեքսանյանի «Պայմանաասքեր «haM» ինտեգրքից» ժողովածուի շնորհանդեսը, որը վարում էր բանաստեղծ Հովիկ Մուսայելյանը:

Բանաստեղծի պոեզիայի մասին ներկաների հետ իրենց տպավորությունները կիսեցին լրագրող Միքայել Հաջյանը և հոգեբան Գրիգոր Դանիելյանը: «Հ. Ալեքսանյանի միտքը դրսևորվում է բարդության մեջ: Նա ստիպում է մտածել. դա ինտելեկտուալ արվեստ է՝ ապագայի պոեզիա»,- ասաց Գ. Դանիելյանը:

Միջոցառումն ուղեկցվեց ժողովածուում տեղ գտած նկարների հեղինակ Ռոբերտ Ասկարյանի նկարչական ցուցահանդեսով: Հնչեց նաև ջութակի նվագ և ասմունք՝ «Պայմանաասքեր «haM» ինտեգրքից» ժողովածուում զետեղված ստեղծագործություններից:

Շնորհանդեսի եզրափակիչ մասում ելույթ ունեցավ հեղինակը՝ Հ. Ալեքսանյանը: «Ես բնավ հետամուտ չեմ դրվատանքի խոսքեր լսելուն: Միջոցառումը առիթ է՝ խոսելու «մարդ և գիրք» կապի, գեղարվեստի խնդիրների և գրականության զարգացման միտումների մասին»,- ասաց բանաստեղծը՝ ընդգծելով նաև, որ ժամանակակից գեղարվեստը անելիքներ շատ ունի: «Ժամանակակից անհատի կերպարը դեռևս կերտված չէ»,- նշեց նա:

Շնորհանդեսին ներկա էին ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանը, կրթության և մշակույթի ոլորտների պատասխանատու աշխատողներ, մտավորականներ, ուսանողներ:

ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ԱՐՑԱԽԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Հայաստանի և Արցախի նկարիչների միության համատեղ նախաձեռնությամբ մայիսի 8-18-ը Երևանի նկարիչների տանը կբացվի Արցախի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Արցախի նկարիչների միության նախագահ Լենորդ Զաքարյանի խոսքերով՝ մայիսի վերջերին և հունիսի սկզբներին ցուցահանդեսն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Ստեփանակերտ:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԵՑ «ԱՐՑԱԽԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԵՌԱԳԻՐՔԸ

Երևանում լույս են տեսել երեք ժողովածու, որոնք ներկայացնում են Արցախի կոմպոզիտորների վոկալ, գործիքային և դաշնամուրային ստեղծագործությունները: Հայաստանի երաժշտական համաժողովի հեղինակած հրատարակությունը, որը տպագրվել է բելգահայ բարերար Գևորգ Ջանիկ Օսկանյանի մեկենասությամբ, կազմել է Երևանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժշտագետ Նելլի Ավետիսյանը, խմբագիր՝ պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժշտագետ Միխայիլ Կոգժաև:

Արցախցի կոմպոզիտոր Միլաս Մանասյանի վկայությամբ՝ թեպետ 1000-ից ավելի տպաքանակով եռագրքի շնորհանդեսը անհասկանալի պատճառներով չի կազմակերպվել Երևանում, բայցևայնպես, ժողովածուները տարածվել են արտասահմանյան մի քանի երկրներում (Արցախ դեռևս չեն առաքվել): «Ղարաբաղի շահագրգիռ կառույցների ղեկավարության ուշադրությունը սևեռելով այս իրողությանը, առաջարկում եմ Լեռնային Ղարաբաղում ևս ձեռնարկել նմանօրինակ աշխատանք: Ժողովածուներում զետեղվել են մեր կոմպոզիտորների փոքրակտավ գործերը, մինչդեռ ունենք տպագրության պատրաստ խոշոր կտավի ստեղծագործություններ, որոնք հայ և օտարազգի արվեստասերներին հրամցնելու, արվեստագետների կողմից գնահատվելու կարիք ունեն»,- նշեց կոմպոզիտոր Մ. Մանասյանը:

«ՎԵՐՆԱՏՈՒՆԸ»՝ ՆՈՐ ՀԱՄԵՐԳՈՎ

Վերջերս «Ավետյաց երկիր» հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ «Վերնատուն» պոպ-ֆոլկ քառյակի համերգը: Հնչեցին Կոմիտասի, հայկական ազգագրական, գուսանական, հայրենասիրական և կատակ երգեր: Թե ինչու համերգը կազմակերպվեց «Ավետյաց երկիր» ՀԿ գրասենյակում և ոչ թե մայրաքաղաքի մեծ կամ փոքր համերգասրահներում, կարծում ենք՝ պատճառը բոլորին է հայտնի. փոքրիկ համույթը չունի պետական կարգավիճակ, հետևաբար, զուրկ է ֆինանսական միջոցներից: «Մենք չենք էլ փորձում ձեռք բերել պետական կարգավիճակ: Թեպետ ընդամենը 2 տարվա կենսագրություն ունի «Վերնատունը», բայցևայնպես, մեծ հեղինակություն է վայելում: Գաղտնիքը պրոֆեսիոնալիզմի մեջ է. այլ մեկնաբանություններ այստեղ պետք չեն»,- ասաց պոպ-ֆոլկ քառյակի գեղարվեստական ղեկավար Տիգրան Մկրտչյանը:

Ի դեպ, «Վերնատունը» բարեգործական համերգներ է ունեցել Ստեփանակերտի ծերանոցում, հիվանդանոցներում, ՊԲ տարբեր զորամասերում, Արցախի շրջաններում:

Տիգրան Մկրտչյանի խոսքերով՝ քառյակը, որը համալրված է երիտասարդ շնորհաշատ երգիչներով ու երաժիշտներով, ինքնահաստատման, ինքնակայացման փուլում է: Միակ արգելքը, որ խոչընդոտում է խմբի ստեղծագործական կյանքին՝ ֆինանսական դժվարություններն են: «Մենք նպատակ ունենք հայ երգն անաղարտ ու մաքուր հասցնել սերունդներին, լսարան դաստիարակել: Եթե այսօր չանենք դա, վաղը ուշ է լինելու: Սա է մեր առաքելությունը, և այս վեհ գաղափարն իրականացնելու համար մեզ բարոյական և նյութական աջակցություն է պետք»,- նշեց երգիչը՝ լիահույս, որ մի օր «Վերնատունն» անպայման կգտնի իր մեկենասին:

ԳՐՈՂՆԵՐԸ՝ «ԹԱՐԳՄԱՆԱԲԱՐ»

Եղիշե Չարենց

Սանձել են ուզում քաղցից խելագարված ամբոխներին:

Վ. Մայակովսկի
Մեկին բուբլիկ,
Մյուսին՝ անցքը բուբլիկի.
Ահա թե ինչ է նշանակում
Ժողովրդավարական ռեսպուբլիկա:

Գ. Էմին

Պաշտոնը բումերանգի պես զգույշ գործածիր,
Թե չէ՝ հետադարձ հարվածով քեզ ձիաթափ կանի:

Հ. Սահյան –

Ում վրա ուզում ես մատդ դիր՝
Խանութ է բացել «շատ ընտիր»:

Վազգեն Օվյան

Պրոմեթևսյան անմար կրակով
Եղեգան փողից սրբազան հրով
Վառած ջահը ձեզ ավանդ թողեցի.
Միշտ վառ պահեցեք դուք լույսը ջահի:

Ն. Տիխոնով

Թե մեխ սարքեիր դու այս մարդկանցից,
Մեխից էլ ամուր չէր լինի ոչինչ:

«ՑՈՒՑԱՐԱՐԸ»

Ով դու ցնցոտի,
Դու, որ քո ձեռքին կրում ես շղթա,
Ես քո ժանիքը սրում եմ ահա:

Ավ. Իսահակյան

-Էսպես բան չի լինի. էսքան քիչ թոշակով կամ աշխատավարձով ո՞նց ապրենք: Արի դուրս գանք բողոքի ցույցի, հը՞:
-Երկուսով, չէ՞:
-Չէ, դու միայնակ դուրս եկ՝ բողոքի դրոշը պարզած: Եթե ոստիկանները քեզ չբռնեցին, անցար, նոր միայն ես կգամ ու կմիանամ քեզ:

ԵՐԿՓԱԼԱՆ ԷՇԸ

Էշը լավ էր ծառայում իր տիրոջը, և տերը նրա համար թազա փալան կարել տվեց: Էշը շատ ուրախացավ իր նոր փալանով և ամեն կերպ՝ ականջները շարժելով, տիրոջ ձեռքերը լիզելով իր երախտագիտությունն էր հայտնում:

Տարիների հետ էշը շատ խելոքացավ, այնքան խելոքացավ, որ բավական էր տերը ցանկանար բերանը բացել էշին «զըռռ» ասելու, նա սկսում էր իր «ախորժալուր» զռռոցը:

Տերը շատ ուրախ էր իր էշով. չնայած էշը թազա փալան ուներ, մի նոր, «իմպորտնի» փալան առավ, ատամներին ոսկե շապիկ հագցրեց, արծաթից պայտեր պատվիրեց նրա համար: Եվ այդ բոլորի դիմաց էշը շատ հավատարմորեն ծառայում էր տիրոջը:

Սակայն պատահեց այնպես, որ տերը սայթաքեց և…  Էշը նոր տիրոջ ձեռք անցավ և նույն ջանասիրությամբ, նույնիսկ ավելի ջանասիրաբար սկսեց ծառայել նոր տիրոջը: Ձայնը ավելի զիլ երանգ ստացավ. նույնիսկ մեծ հեռավորության վրա ոչ միայն տերը, այլև ուրիշները նույնպես ձայնից ճանաչում էին նրան:

Իսկ երբ խոսք էր բացվում նախկին սիրելի տիրոջ մասին, նա ահավոր խառանչյունով արտահայտում էր իր ժխտական վերաբերմունքը: Աստված չանի, որ հին տիրոջ մասին լավ խոսողը մոտիկ գտնվի, վայը եկել է տարել. կծոտում է, ո՝նց էր կծոտում, արծաթափայլ սմբակներով խփում է, ո՝նց է խփում, որ էլ չասած:

Նոր տերը շատ հոգատար էր: Նա մտածեց, որ իր այդքան հավատարիմ ավանակը մի փալանի մեջ կմրսի և դա կազդի ձայնի վրա ու զռռոցի զլությունը կպակասի: Որպեսզի զռռոցի ուժգնությունը չպակասի, պետք է նրան երկփալան դարձնել: Եվ տերը մի նոր, թանկարժեք փալան ևս դրեց ավանակի մեջքին և փորքաշը պինդ քաշեց: Եվ էշը սկսեց երկփալան ման գալ, այն դեպքում, երբ շատ էշերի վրա փալասի կտոր անգամ չկար:

Դե ի՞նչ. փորը կուշտ, մեջքը՝ տաք-տաք, զռռոցի զլությունը անպակաս, տիրոջ հրամանին միշտ զռռալու պատրաստ ապրում է աշխարհում երկփալան ավանակը:

ՄԵՆՔ ՁԵՐ ԵՐԱՄԻՑ ՉԵՆՔ

-Դուք էլ մեր երամից պոկված մի թև եք:

-Չարաչար սխալվում եք: Մենք ձեր իշխանամետ երամից չենք: Համատարած քծնանքի ու շողոքորթության մթնոլորտից չենք, համապարտ երաշխավորությամբ շաղկապված «ընկերների»  երամից չենք:

Մեր երամը դեռ նոր-նոր է կազմավորվում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s