№ 3 / 30 ապրիլ

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՈՒՄ

Հետխորհրդային ժամանակաշրջանը նախկին հանրապետություններում համարվում է անցումային փուլ: Նկատի է առնվում հասարակական մի ձեւից մյուսին անցնելու փուլը, երբ վերանայվում են ոչ միայն տնտեսական-հասարակական հարաբերությունները, այլեւ նույնիսկ արժեքային համակարգը: Վեճերը այս խնդրի շուրջ շատ են, որոնք հիմնականում հանգում են հնի եւ նորի միջեւ ընտրությանը, մեկի կամ մյուսի լավ կամ վատ լինելուն: Ըստ այդմ՝ կան մեր ներկայիս կյանքը հիմնովին ժխտողներ, անցյալապաշտներ՝ մի կողմից, եւ ներկա դժվարությունները հասարակագիտորեն հիմնավորողներ՝ մյուս կողմից: Վերջին տասնամյակում քաղաքական իշխանությունը եւ քաղաքական ուժերը նույնպես, նայած բարիկադի որ կողմում են, տարբեր գնահատականներ են տալիս ներկայիս իրավիճակին: Եվ ոչ ոք, սակայն, չի պատասխանում հարցին՝ իսկ որքա՞ն է տեւելու այդ անցումային փուլը:

Խնդիրն այն է, որ հասարակական-քաղաքական այրերը, էլիտան երբեք անկեղծ չեն հասարակության հանդեպ: «Անցումային փուլ» արտահայտությունը դարձել է ներկայիս անգործությունը եւ այլ արատավոր երեւույթներն արդարացնելու, քողարկելու հարմար միջոց: Բոլորը գիտեն օբյեկտիվ դժվարությունների մասին, սակայն մեր կյանքում դրանք քանակապես եւ որակապես զիջում են սուբյեկտիվ գործոնին: Որպեսզի անցումային կոչվող փուլում ժողովուրդը գոյատեւի եւ նախադրյալներ ստեղծի զարգացման համար, պետք է իշխի հակաէգոիզմի էթիկան, հատկապես հասարակության էլիտայի՝ պետական-քաղաքական դեմքերի, մտավորականության, արվեստագետների մոտ: Երբ կա վերից վար միավորող ոչ թե սոսկական, այլ խիստ իրական գաղափար, երբ գոյատեւելը ոչ թե  նպատակ է, այլ՝ միջոց՝ ստեղծելու բարեկեցիկ երկիր: Սրանով առաջին հերթին պետք է զբաղվեր էլիտան: Եվ սակայն ի՞նչ է կատարվում մեզանում, ինչո՞վ է զբաղված նույն այդ էլիտան: Գոյատեւման սեփական ընկալումներում ի՞նչ արժեքներ է արմատավորում, ինչպե՞ս է տեսնում երկրի ապագան ոչ թե խոսքերով, այլ գործով:

Երիցս ճիշտ է, որ պատերազմը մեզնից խլեց մեր լավագույններին: Մարդիկ, ովքեր իրենց մեջ կրում էին հակաէգոիզմի էթիկան եւ կարող էին իրենց ուսերին առնել հասարակական ռեֆորմացիայի ողջ պատասխանատվությունը: Փոխարենը, հետպատերազմյան շրջանում գլուխ բարձրացրեց այն խավը, որը բոլոր իշխանությունների եւ ռեժիմների օրոք թշնամին է ստեղծագործ աշխատանքի եւ նվիրման: Ցավոք, ներկայումս մեր հասարակությունը չունի մեխանիզմներ՝ հաղթահարելու այս իրավիճակը: Իսկ առանց դրա անհնար է որեւէ զարգացում: Ըստ այդմ՝ անհայտ է մնում՝ ինչքան է տեւելու անցումային փուլը:


ԱՆԴՐԱՆԻԿ
. «Աշխարհում դեռ չի եղել մի երկիր, որի ժողովուրդը տեղահան եղած շարժվի իր բանակի հետ: Ես այդ դժբախտ բանակի հրամանատարն եմ…

Բոլորին ասել եմ ու դարձյալ կկրկնեմ. երբ իրիկունը գլուխներդ բարձին կդնեք, որ քնանաք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին, այնուհետև մտածեք ձեր հարևանի մասին… և բարի մտածեք»:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՊՏԱԿԸ ՈՉ ԹԵ ՈՒՇԱԹԱՓԵԼ, ԱՅԼ ՍԹԱՓԵՑՐԵԼ Է ՄԵԶ

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ և Ստեփանակերտի բոլոր երիտասարդական կազմակերպությունների մասնակցությամբ, ապրիլի 23-ի ուշ երեկոյան կազմակերպվեց ջահերթ: Հավաքվածները Գարեգին Նժդեհ փողոցից շարժվեցին դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Ելույթ ունեցողներն ընդգծեցին այն հանգամանքը, որ մենք պահանջատեր ազգ ենք: ԼՂՀ ԿՄՍ նախարար Արմեն Սարգսյանը նշեց, որ հպարտ է տեսնել այդքան շատ երիտասարդների, որովհետև այդ երեկոն, նրա խոսքերով, արդեն ուրիշ իմաստ ունի, քան միայն Եղեռնի օրը հիշելն ու ծաղիկներ դնելը: «Սրանով ես հավատում եմ մեր ազգի ապագային, որովհետև այսօրվա երիտասարդը օրվա խորհրդանիշը ընդունում է իր հոգու մեջ: Կցանկանայի, որ այս ավանդույթ դարձած երևույթը փոխանցվեր սերնդեսերունդ, որպեսզի ձեր երեխաները, թոռները 20, 50 տարի հետո գան այստեղ՝ իմանալով, որ իրենց պապերը այստեղ ջահ են պահել՝ երդվելով պահել հայ ազգի միասնությունն ու ազատ, անկախ, միացյալ հայրենիքի կերտման սուրբ գաղափարը»,- ասաց նախարարը: ԼՂՀ մշակույթի և սպորտի վարչության արտադպրոցական և երիտասարդության վարչության պետ Մխիթար Գևորգյանի խոսքերով, Եղեռնը կարելի էր կանխատեսել, որովհետև Արևմտյան Հայաստանում հայերի և թուրքերի բարիդրացիությունը ի սկզբանե դատապարտված էր անհաջողության: «Իսկ գոյության կռվի տրամաբանությունը ենթադրում է, որ Արևմտյան Հայաստանում պետք է ապրեին կամ բնիկ հայերը, կամ եկվոր թուրքերը: Թուրքերը հասկացան այդ պարզ տրամաբանությունը և ձեռնամուխ եղան հայերի բնաջնջմանը»: Մատնանշելով հավաքված երիտասարդներին՝ Մ. Գևորգյանը նշեց, որ նրանց ներկայությունը վկայում է, որ «պատմության ապտակը ոչ թե ուշաթափել, այլ սթափեցրել է մեզ»:

Անդրադառնալով Արթուր Մկրտչյանին, որի գերեզմանի մոտ իրենց սրտի խոսքն էին ասում երթի մասնակիցները, ԿՄՍ նախարարը նշեց. «Ա. Մկրտչյանը իր հարյուր օրվա ղեկավարման շրջանում կարողացել է քաղաքականության մեջ մտցնել բարոյականություն, իսկ նա այդ չէր կարող անել, եթե  ինքը բարոյական չլիներ»:

Այս ջահերթը առաջինը չէր Ստեփանակերտում: Գնալով այն ավելի շատ տարածում է գտնում երիտասարդության շրջանում, ինչը հաստատում է այն հանգամանքը, որ մեր հիշողության մեջ հավերժ կմնան բարբարոսների զոհը դարձած 1.5 միլիոն մեր հայրենակիցները:

Պարզապես անհասկանալի է, թե մինչև երբ է աշխարհը շարունակելու լռել. այն աշխարհը, որ 1948թ. ընդունել է «Եղեռնի կանխման և այդ ոճրագործության համար պատժի մասին» փաստաթուղթը:

Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԹԱՓՈՒՐ ՄՆԱՑԻՆ 

Մոտ 2 ամիս առաջ երկրի նախագահն իր հրամանագրով փոխվարչապետների պաշտոններից ազատել է Յուրի Ղազարյանին և Բենիկ Բախշիյանին: Ինչպես ասվել է, նախագահը ոչ նպատակահարմար է գտնում նախարարի և փոխվարչապետի պաշտոնները մեկ անձի կողմից համատեղումը:

Հասարակությունը սպասում էր, որ դրանից հետո կվերացվի փոխվարչապետի ինստիտուտը, սակայն վերջին իր նիստում Ազգային Ժողովը «Կառավարության մասին» օրենքում վերահաստատեց, որ փոխվարչապետներ Արցախում դեռ կլինեն: Թե երբ՝ դժվար է ասել: Առայսօր փոխվարչապետի պաշտոնում նոր նշանակումներ չկան, և ոչ մի բարձրաստիճան անձ կատարված փոփոխությունը չի մեկնաբանել: Թափուր է նաև արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարի տեղը. Յուրի Ղազարյանը, աշխատանքային արձակուրդից հետո, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից:

Այս ամենից, բնականաբար, հարցեր են ծագում. ո՞վ է լինելու քաղաքաշինության հաջորդ նախարարը, կբաժանվե՞ն կրկին քաղաքաշինության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտները, ինչո՞ւ Յու. Ղազարյանը ցանկացել է ազատվել նախարարի պաշտոնից և որտե՞ղ է նա պատրաստվում աշխատել, ու վերջին հարցը՝ կշարունակվե՞ն կադրային փոփոխությունները:

ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 

Իրեն հարգող երկրում սեփականությունը հանդիսանում է պետության հիմնաքարերից մեկը: Կայուն, անձեռնմխելի սեփականության իրավունքը բիզնեսի զարգացման երաշխիքն է: Որքան տեղյակ ենք՝ Արցախում «Սեփականության մասին» առանձին օրենք չկա: Սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տարբեր օրենքներով և, գլխավորապես, Քաղաքացիական օրենսգրքով: Օրենսգրքում ամրագրված է սեփականության բոլոր տեսակների՝ պետական, համայնքային, անձնական սեփականությունների հավասարությունը: Սեփականության իրավունքը նշանակում է նաև տնօրինելու իրավունք: Սակայն առայսօր, օրինակ, որպեսզի Ստեփանակերտի համայնքը նկարչի արվեստանոց սեփականաշնորհի, բացի համայնքի ավագանու որոշումից, պետք է լինի նաև կառավարության որոշումը: Այսինքն՝ համայնքի սեփականությունը տնօրինում է պետական մարմինը:

Այս հարցը քննարկվել է Ազգային Ժողովի վերջին նիստում: Պատգամավորներն,  այդ թվում՝ ԱԺ խոսնակ Օ. Եսայանը, իրենց ելույթներում արտահայտվեցին սեփականության իրավունքի հստակ բաժանման օգտին: Կառավարության ներկայացուցիչը, սակայն, նշեց, որ կառավարության լիազոր մարմինն ընդամենը տեխնիկական գործ է կատարում սեփականաշնորհման ժամանակ, իսկ վերջին խոսքը համայնքինն է:

Հարցը բազմաթիվ նրբերանգներ ունի: Կան, իրոք, դեպքեր, երբ համայնքի գույքը սեփականաշնորհվում է առանց ավագանու որոշման, քիչ չեն դեպքերը, երբ ավագանին ձևական որոշում է կայացնում՝ հետին թվով: Եղել են դեպքեր, երբ սեփականաշնորհված բնակարանը պետության կողմից տրամադրվել է մեկ ուրիշի և այլն: Միանշանակ է, որ սեփականության հարցը կարիք ունի առավել հստակեցման, որպեսզի կառավարության որոշմամբ հնարավոր չլինի օգտագործել համայնքի տարածքով անցնող խողովակները, կամ անհիմն զրկել մարդուն պետական մարմնի կողմից հաստատված սեփականության իրավունքից:

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԿԱՄ՝ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՊԱՀԱՊԱՆ

Մարդիկ երբեմն մոռանում են, թե ինչ է պետությունը և որն է նրա դերը: Չորրորդ դասարանի աշակերտը կասի, որ պետական մարմիններն ի սկզբանե ստեղծվել են հասարակության կյանքն առավել օպտիմալ կազմակերպելու և պաշտպանելու համար: Այդ մասին ենք հիշում, երբ տեսնում ենք, թե ինչպես են գյուղացիները տուժում բնական աղետներից (երաշտ, կարկուտ, մկներ, այս տարի էլ՝ ցրտահարություն): Պատգամավորի այն հարցին, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում օգնել ցրտահարությունից տուժած գյուղացուն, գյուղնախարար Բենիկ Բախշիյանը պատասխանեց, որ հաշվարկներ են արվում և ոչինչ դեռ որոշված չէ: Անցած տարիների փորձից ելնելով, կարելի է ենթադրել, որ ինչ-որ օգնություն տուժածներին կցուցաբերվի, բայց հարցը դժվար թե արմատական լուծում ստանա:

Հեծանիվ չհայտնագործելու համար ասենք, որ հարցի առաջին լուծումը ապահովագրական ընկերությունների ստեղծումն է: Առայսօր պետությունն այդ հարցում դիտորդի դերում է, արդարանալով, թե ներդնելու միջոցներ չկան և դա, իբր, մասնավոր սեկտորի գործն է: Համաձայն ենք, բայց քանի՞  տարի շարունակ պետք է տուժի բերքը՝ բնական և ոչ բնական աղետներից, որ կառավարությունը մտահոգվի և միջոցներ գտնի՝ ապահովագրական ընկերություն ստեղծելու համար: Կամ՝ հակակարկտային սարք գնելու: Թե՞ միայն՝ Աստված մեզ պահապան:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՍԵԼ Է՝ ԻՆՉ ՄՏԱԾԵԼ Է

«Պաշտպանության նախարարի պաշտոնում իմ աշխատելու ընթացքում հասանք նրան, որ զինծառայության տարիքի բոլոր տղաները կցագրվեցին զինբաժիններում: Սակայն բժշկական հանձնաժողովի աշխատանքը մտահոգություն էր առաջացնում ինձ մոտ: Նպատակահարմար եմ գտել կրկնակի բժշկական զննում նշանակել»,- այդ մասին Ազգային Ժողովի նիստում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ տվյալների՝ 8 հազար կցագրվածներից 542-ը առողջական պատճառով ազատվել են զինծառայությունից: Այդ 542-ից 113-ը կրկին զննվել է: Արդյունքում 49 հոգի ուղարկվել է զինծառայության, 12 հոգի էլ՝ կրկնակի զննման: Նախարարի խոսքերով՝ անօրեն ազատվածների մեջ մեծ թիվ են կազմում հայտնի մարդկանց զավակները:

Ինչ խոսք, ծառայությունը ոչ ոքի համար էլ հաճույք չէ: Սակայն մեկը պետք է պաշտպանի հայրենիքը, և ինչո՞ւ դա պետք է լինի «սովորական մահկանացուի» երեխան: Գաղտնիք չէ, որ որոշ հայտնի մարդկանց որդիներ արտոնյալ պայմաններում են ծառայում, բայց գոնե ծառայում են: Իսկ մնացածնե՞րը:

Պաշտպանության նախարարի խոսքը՝ անուններով, փաստերով, աննախադեպ էր մեր հիշողության մեջ: Գոնե մեկը բարձրաձայն ասել է, որ ամեն ինչ չէ արդար մեր երկրում: Թե չէ՝ բարձր ամբիոններից միայն բարձրագոչ խոսքեր են հնչում:

ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Փերինային փոխարինել է Սթիվեն Մանը, ինչի կապակցությամբ հայկական կողմը հիշեցնում է, որ հենց Ս. Ման է բացել անկախ Հայաստանում ԱՄՆ-ի առաջին ներկայացուցչությունը, իսկ պաշտոնական Բաքուն գոհանակությամբ նշում է Մաննի մասնակցությունը կասպյան նավթի հետ կապված հարցերի կարգավորմանը:

ԼՂՀ Սահմանադրական հանձնաժողովի կազմում արմատական փոփոխություններ են կատարվել: Մնում է, որ  հանձնաժողովը գոնե մեկ նիստ հրավիրի:

Երկու-երեք ամսից պատրաստ կլինեն ԼՂՀ շրջանների քարտեզները. այդ մասին հայտարարվել է Ազգային Ժողովի նիստում (վերջապես, կդադարեն մեր սահմանների մասին ասեկոսեները):

2003 թ. ոստիկանության շտաբին կից գործող անձնակազմի գծով տեսչության աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են ոստիկանի պաշտոնի չարաշահման դեպքեր. 26 ծառայողներ պատժվել են, 2-ը՝ ազատվել աշխատանքից, կաշառակերության դեպք չի արձանագրվել:

Ըստ սոցապ նախարարի, այս տարի տներ կկառուցվեն նաև քաղաքաբնակ բազմազավակ ընտանիքների համար:

ԼՂՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած անձանց և նույն ժամանակ զոհվածների ընտանիքների անդամների թոշակները կավելանան 20 տոկոսով:

Այս տարի Արցախի տարածքում տեղի է ունեցել երկու դիտավորյալ սպանություն:

Ժուռնալիստների միությունը մի խումբ լրագրողների և «Մենք ենք, մեր սարերը» համույթի հետ համատեղ այց է կազմակերպել Դրմբոնի հանքահարստացուցիչ կոմբինատ:

Վարչապետ Անուշավան Դանիելյանը, որը տարվա սկզբին ոչ պրոֆեսիոնալ է անվանել արցախցի լրագրողներին, նույն որակումն է տվել նաև պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի Ազգային Ժողովում բարձրացրած հարցին՝ գյուղատնտեսության ոլորտում տարվող քաղաքականության վերաբերյալ:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԽԱՂԵՐ
Սահմանադրական հանձնաժողով. առայժմ ոչինչ չի հղանում

Արցախի լրատվամիջոցներից վերջերս տեղեկացանք, որ ապրիլի 16-ին Ազգային ժողովը որոշում է ընդունել Սահմանադրական հանձնաժողովի կազմում արմատական փոփոխություններ կատարելու մասին: Նրանում ընդգրկվել են հանրապետության օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ղեկավարներ, նախարարներ, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Մեր ընթերցողներին հիշեցնելու համար նշենք, որ առաջին անգամ ԼՂՀ-ում Սահմանադրական հանձնաժողով ստեղծվել է 1993 թվականին, սակայն, ցավոք սրտի, ապրել է «անպտուղ» կյանքով: Ազգային ժողովի 1998 թ. սեպտեմբերի 19-ի որոշմամբ Սահմանադրության նախագիծ մշակելու համար ստեղծվել է հերթական հանձնաժողովը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ: Սահմանադրական գողգոթան շարունակվել է, քանի որ երկրորդ հանձնաժողովը ոչնչով չի տարբերվել առաջինից: Եվ ահա   խորհրդարանն  ընդունել է նոր որոշում՝ երկրորդ  հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին՝ հիմք ընդունելով այն, որ նախկին կազմից գրեթե ոչ մեկը չի մնացել Ղարաբաղի քաղաքական դաշտում: Սակայն որոշման հրապարակումից հետո  այդպես էլ չի իրազեկվել հանրությանը, թե կոնկրետ ի՞նչ է արվել կամ չի արվել անցած ժամանակաշրջանում, ինչո՞ւ չի հաջողվել նախկին անդամներին՝  իրականացնելու Սահմանադրության մշակման եւ ընդունման առաքելությունը, որո՞նք են եղել խանգարող հանգամանքները եւ, վերջապես, այս վերջին կազմը ինչո՞վ է տարբերվելու իր նախորդներից:

Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին մեզ մոտ սկսել են խոսել պետականության հռչակումից հետո՝ ելնելով 1991թ. անկախության հանրաքվեի արդյունքներից:  Հանրապետության ղեկավարությունը հիմնական օրենքի մշակման խնդիր դրեց դեռեւս պատերազմը չավարտած՝ դրանով իսկ հույժ կարեւորելով  այդ փաստաթղթի նշանակությունը:

Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որում սահմանված են այդ երկրի քաղաքական, տնտեսական եւ իրավական հիմունքները: Այն օժտված է լինում բարձրագույն իրավաբանական ուժով եւ սահմանում է պետության օրենսդիր, գործադիր եւ դատական ճյուղերի ստեղծման եղանակը, նրանց փոխհարաբերությունները, լիազորությունների շրջանակը:   Սահմանադրության կարեւորագույն դրույթներից մեկը մարդու իրավունքներին եւ ազատություններին, ինչպես նաեւ նրա պարտականություններին վերաբերող դրույթն է, որը պաշտպանվում է երկրի գործող օրենսդրությամբ, օրենքի ուժ ունեցող այլ ակտերով ու փաստաթղթերով: Իշխանության մարմինների կազմավորման ու նրանց գործունեության կարգը, ընտրական համակարգի սկզբունքները, երկրի կառավարման գործընթացում քաղաքացիների մասնակցությունը հստակ ամրագրվում են  հիմնական օրենքում:

Ազգային ժողովի այս վերջին որոշման շուրջ զրույց ծավալեցինք Սահմանադրական հանձնաժողովի անդամ, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանի հետ, որի ընթացքում նա գլխավորապես ներկայացրեց իր անձնական կարծիքը:  Վկայակոչելով իր նախընտրական ծրագրի այն դրույթը, ըստ որի՝ անհրաժեշտ է մշակել Սահմանադրության նախագիծ եւ ներկայացնել ԱԺ քննարկմանը, Յու. Հայրապետյանն այդ անհրաժեշտությունը բխեցրեց անկախ պետություն հռչակելու իրողությունից: «Սահմանադրությունը մեզ միանշանակ պետք է,- շեշտեց նա,- քանի որ մեր խորհրդարանի կողմից ընդունվող օրենքները հիմնական օրենքին համապատասխանեցնելու խնդիր ունենք»:  Սահմանադրական հանձնաժողովի անդամների մոտ նա տեսնում է լրջորեն աշխատանքի լծվելու պատրաստակամություն: Նրա խոսքերով՝ հիմնական օրենքին բավարար չափով փոխարինում է ԼՂՀ պետական անկախության հռչակագիրը, որովհետեւ վերջինիս մեջ  արտացոլված են սահմանադրական բոլոր հիմնական դրույթները: Յու. Հայրապետյանը Անկախության հռչակագիրն անվանեց «մինի սահմանադրություն», դրան զուգահեռ ընդգծելով, որ ժամանակն է մեզ թելադրում ունենալ սահմանադրություն՝ քաղաքակիրթ աշխարհից ու ժողովրդավարական գործընթացներից ետ չմնալու համար:  Ի պատասխան մեր այն հարցի, թե  ի՞նչն էր խանգարում աշխատելու այդ ուղղությամբ հենց առաջին սահմանադրական հանձնաժողովի օրոք, նա նշեց, որ, իր կարծիքով՝ այն ժամանակ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում որոշակի ձեռքբերումներ եղել են, ուստի սահմանադրության ընդունումը կարող էր խանգարել այդ գործընթացին: «Իսկ քանի որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը հրապարակավ կոչ է արել բանակցություններն սկսել զրոյական մակարդակից, ապա մեզ ոչ մեկը չի կարող մեղադրել այն բանում, որ նման փաստաթուղթ ընդունելով՝ մենք կխոչընդոտենք կարգավորման գործընթացին: Ավելին, – շարունակեց նա,- Սահմանադրության ընդունումը հիմա կստիպի մեր հակառակորդներին՝ ավելի լուրջ վերաբերվել մեր անկախությանը եւ խոսել ինչպես՝ հավասարը հավասարի հետ»:

Մեր ընթերցողներին, կարծում ենք, կհետաքրքի նաեւ առաջին եւ երկրորդ գումարումների Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի պատգամավոր, առաջին եւ երկրորդ սահմանադրական հանձնաժողովների անդամ Աշոտ Սարգսյանի կարծիքը: «Դժբախտաբար, հնարավորություն չունեցա մասնակցելու Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքներին, քանի որ ոչ մի անգամ նիստ չհրավիրվեց: Կտրականապես դեմ լինելով ԼՂՀ հռչակմանը (որն ինձ համար նշանակում է հրաժարում միացյալ Հայաստանի գաղափարից), այնուամենայնիվ, գտնում եմ, որ ԼՂՀ-ն որպես անկախ պետականություն՝ պիտի ունենա իր Սահմանադրությունը:  Ինձ համար զավեշտական է նաեւ այն փաստը, որ պատգամավորների գերակշիռ մասը եւ հանրապետության նախագահն իրենց նախընտրական ծրագրերում հիմնական դրույթների շարքում ընդգրկել են Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, սակայն նրանք բոլորն էլ հետեւողականություն չեն ցուցաբերել պետական նշանակության այդ փաստաթղթի ընդունման հարցում:  Հակամարտության կողմ  հանդիսացող Արցախի համար երիցս կարեւոր էր օրենքների հստակեցման  հրամայականը եւ դրանց խստագույնս կատարումը, ինչը կարող էր ապահովել միայն հիմնական օրենքը: Ինչպես գիտեք, գործող օրենքների ներկայիս համակարգը չի ապահովում իշխանության ճյուղերի հստակ տարանջատում, որը նույնպես հիմնական օրենքի բացակայության հետեւանք է: Վերջերս փոփոխություն է կատարվել կառավարության մասին օրենքում, իմ խորին համոզմամբ՝ նման փոփոխությունների կարիքը չկա, պարզապես պետք է ունենալ հիմնական օրենք, որից էլ  կբխեցվեն օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների գործառույթները»:

Վերը շարադրված կարծիքներում ընդհանուրը հիմնական օրենք ունենալու պահն է, սակայն անհասկանալի է, թե ինչու է հատկապես դրա անհրաժեշտությունը պայմանավորվում Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներով: Ի դեպ, տարիներ շարունակ, երբ լրագրողներս անդրադառնում էինք այս չարչրկված թեմային՝ վկայակոչելով  սահմանադրական հանձնաժողովների անգործությունը, երկրիս իշխանավորները փորձում էին մեզ համոզել, որ դրա անհրաժեշտությունն այնքան էլ չի զգացվում, քանի որ դեռեւս անորոշ է Ղարաբաղի կարգավիճակը: Հարց է ծագում՝ մի՞թե մեր երկրի ղեկավարությունն իր յուրաքանչյուր քայլը բխեցնելու է Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններից ու  դիրքորոշումներից: Ստացվում է՝ Ղարաբաղի  կարգավիճակը դեռեւս հստակ չէ նույնիսկ անկախության հանրաքվե անկացնելուց ու ինքնանկախ պետություն հռչակելուց հետո:

Որ մեր հանրությունը միանշանակ կողմ է Սահմանադրություն ունենալուն,  երեւում է նրանց կարծիքների ուսումնասիրման արդյունքներից: Ստեփանակերտի մամուլի ակումբի կողմից վերջին երկու տարում հանրապետության մասշտաբով մի քանի անգամ անցկացված սոցիոլոգիական հարցումներից պարզ է դարձել՝ հարցվածների մոտ 90 տոկոսը Սահմանադրության ընդունումը համարում է հրատապ ու անհրաժեշտ: Մեր լրագրողական պրակտիկայում նույնքան հաճախակի են այն դեպքերը, երբ հանրապետության պաշտոնյաներն ու ոչ պաշտոնյաները պետական կառույցների, իշխանության մարմինների ոչ հստակ գործունեության պատճառ են մատնանշում հիմնական օրենքի բացակայությունը, որ չկան  հակակշիռների եւ «փոխադարձ զսպումների» մեխանիզմներ:

Եթե արտաքին ազդակներից բացի՝ Սահմանադրության ընդունումը պայմանավորված է նաեւ ներքին խնդիրներով, ապա, ինչ խոսք, ողջունելի է հանրապետության նախագահի, խորհրդարանի, կառավարության եւ դատական իշխանության լիազորությունների որոշարկման ցանկությունը: Այսօրվա ղեկավարները գոնե հաջորդներին կփոխանցեն  երկրի կառավարման ավելի կատարյալ մոդել: Միայն թե հիմնական օրենքի ընդունումը պայմանավորված չլինի ներքին քաղաքական կոնյունկտուրայով,  որպեսզի հետո էլ չարմատավորվի Սահմանադրության մեջ պարբերաբար փոփոխություններ կատարելու պրակտիկան: Միայն թե հիմնական օրենքը չընդունվի այնպիսի խորհրդարանի կողմից, որը քառասուն րոպեում պետբյուջեի նախագիծ է հաստատում: Ի վերջո, ԼՂՀ պետական կառուցվածքի գլխավոր բաղադրիչներից մեկի ազդեցությունն է նաեւ մեծ դեր խաղալու՝ կդառնա՞նք մենք քաղաքակիրթ, ժողովրդավարական պետություն,  թե՞ կգնանք դեպի վասալական կախվածություն:

 Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ»

Իսկ դա կարելի է ապահովել միայն գործող օրենքըփոփոխության ենթարկելու միջոցով. այս համոզմունքին է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Գրիշա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ 

ՀՅԴ Արցախի կազմակերպության հերթական ներկայացուցչական ժողովը տեւեց երկու օր: Կուսակցության լրատվական ծառայությունից ստացած տեղեկությունների համաձայն՝ Շրջանային ժողովը քննարկել է ՀՅԴ Արցախի կազմակերպության առաջիկա երկու տարվա գործունեության սկզբունքներն ու ուղղությունները, վերլուծել երկրի քաղաքական կացությունը, մշակել դաշնակցություն-իշխանություններ փոխհարաբերությունների հեռանկարները: Կազմակերպությունը կարեւորել է առաջիկայում կայանալիք տեղական ինքնակառավարման եւ ապա խորհրդարանական ընտրությունների նշանակությունը,  ընդգծել ընտրովի մարմինների դերակատարությունը ժողովրդավարության զարգացման եւ երկրի քաղաքական դաշտի կայացման գործընթացում: Շրջանային ժողովը հատուկ ուշադրություն է դարձրել ԼՂՀ ընտրական համակարգին առնչվող հարցերին՝ հրատապ համարելով Ընտրական օրենսգրքով համամասնական ընտրասկզբունքի ամրագրումը:

Շրջանային ժողովն անդրադարձել է ներկազմակերպական հարցերին: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, որ մասնակցում էր ներկայացուցչական ժողովին, մատնանշել է շրջանավարտ ԿԿ գործունեության դրական ու բացասական կողմերը, միաժամանակ, ներկաներին փոխանցել Բյուրոյի տեսակետը առաջիկա անելիքների մասին:

Ներկայացուցչական ժողովի ավարտին ընտրվել է Կենտրոնական կոմիտեի նոր կազմ: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ է ընտրվել Գրիշա Հայրապետյանը:

«Դեմո»-ն իր հարցերն է առաջադրել նորընտիր ղեկավարին:

Պարոն Հայրապետյան, դատելով ԿԿ նոր կազմից, որում ընդգրկվել են հիմնականում երիտասարդ ուժեր, կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Կենտրոնական կոմիտեն որդեգրել է նոր աշխատաոճ:

– Նախ, ես կասեի, որ Շրջանային ժողովը նպատակային ընտրություն է կատարել: Թեկնածուների թիվը բավականին շատ էր, իսկ ժողովում մեկ անգամ չէ, որ հնչել է այն միտքը, որ ԿԿ կազմը պետք է համապատասխանեցվի ժողովում ընդունված բանաձևերին ու որոշումներին: Ես, որպես ԿԿ ներկայացուցիչ, զգում եմ ինձ ու Արցախի դաշնակցական կազմակերպության ղեկավար մարմնի վրա դրված մեծ պատասխանատվությունը: Մենք  պատրաստ ենք արդարացնելու մեր կուսակցականների վստահությունը:

Մարտավարական ի՞նչ խնդիրներ է իր առջեւ դրել ՀՅԴ Արցախի կազմակերպությունը՝ առաջիկա երկու տարվա կտրվածքով:

– Կուզեի մի երկու խոսք  ասել ձեր թերթի միջոցով՝ այդ հարցի առնչությամբ, հաշվի առնելով «Դեմո»-յի  ընթերցողների լայն շրջանակն ու նրա նկատմամբ առկա հետաքրքրությունը: Կուսակցության ռազմավարությունը, որպես կանոն, ճշտվում է ՀՅԴ բարձրագույն մարմնում՝ Ընդհանուր ժողովում (վերջինս հրավիրվել է այս տարվա փետրվարին), ինչ վերաբերում է մարտավարությանը, ապա դա մենք որոշում ենք Շրջանային ժողովում՝ Արցախի տարածքի համար: Պարզ է՝ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, քանի որ դրանք ընթացքում փոփոխության են ենթարկվում,  բայց հարկ եմ համարում ընդգծել, որ հատուկ տեղ է հատկացվելու Արցախի տնտեսության զարգացման ու վերաբնակեցման հարցերին: Դրանք մեր երկրի համար անչափ կարեւոր հիմնահարցեր են, ես նույնիսկ կասեի՝ Ղարաբաղի տնտեսական առաջընթացն ու վերաբնակեցումը ուղիղ համեմատական են ղարաբաղյան խնդրի քաղաքական կարգավորմանը: Մեր պատերազմը ռազմի դաշտից պետք է տեղափոխենք տնտեսական դաշտ: Այս առումով՝ մեր մարտավարությունը մենք ճշտել ենք, այն է՝ իշխանությունների հետ համագործակցելով ամեն ինչ անել տնտեսության զարգացման համար՝ այդ գործընթացում օգտագործելով կուսակցության հնարավորությունները:

Տնտեսական ոլորտից անցնենք քաղաքականին. որպես կայացած քաղաքական ուժ՝ Դաշնակցությունն ի՞նչ կեցվածքով է մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ, մասնավորապես, առաջադրելո՞ւ է թեկնածու քաղաքապետի պաշտոնի համար:

– Հարցն ինձ համար հանկարծակի էր, քանի որ դեռեւս չենք մտածել թեկնածու ունենալու կամ չունենալու հարցի շուրջ: Ընտրություններին մասնակցելու ենք, միանշանակ: Կցանկանայի մի այլ միտք ընդգծել՝ մեզ համար այնքան կարեւոր չէ, թե տվյալ թեկնածուն դաշնակցակա՞ն է լինելու, թե ոչ: Իմ համոզմամբ՝ Ղարաբաղն ունի մտավորականներ՝ ինտելեկտով ու կազմակերպչական ձիրքով օժտված, որոնց կուսակցությունը կարող է աջակցել պատրաստակամությամբ: Մեզ միանգամայն այլ հարց է հետաքրքրում՝ ընտրությունների հետ կապված: Օրենքը պետք է հնարավորություն տա, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները դառնան ինքնուրույն, քանի որ դրանք  կոչված են թեթեւացնելու պետության բեռը: Մինչդեռ, մեզ մոտ ուղիղ հակառակ պատկերն է ստացվում՝ այդ մարմինները լրացուցիչ բեռ են դառնում պետության համար, այն պատճառով, որ ընտրություններում շատ հաճախ հաղթում են կամքից ու սկզբունքայնությունից զուրկ մարդիկ (մենք հետեւողականորեն պայքարելու ենք այդ երեւույթի դեմ): Կա նաեւ հարցի մյուս կողմը. առ այսօր վարչակազմի ղեկավարի պաշտոնը նշանակովի է մնում: Ներկա օրենքով՝ վարչակազմի ղեկավարին  իրավունք է վերապահված՝ միջնորդելու գյուղապետի պաշտոնանկության հարցում: Ստացվում է՝  նշանակված մարդը կարող է հեշտությամբ աշխատանքից հեռացնել ընտրություններում վստահության քվե ստացած մարդուն: Ինչպես տեսնում եք՝ ժողովրդավարության տրամաբանությունը լիովին բացակայում է գործող օրենքում:

«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑ» 

Մի տասնամյակ է արդեն դրա մասին խոսում են թե° մեր երկրում, թե° հազարավոր կիլոմետրեր հեռու-հեռավոր օտար երկրներում: Ամենատարբեր մակարդակների հանդիպումներ են կայանում, խորհրդակցություններ ու զանազան քննարկումներ են անցկացնում, հարցն այդ մտցնում տարբեր միջազգային խորհուրդների օրակարգ…

Սակայն ի՞նչ է դա, այդ «ղարաբաղյան հարցը», Հայոց հարցի բաղկացուցիչ մասերից մե՞կը, թե՞ հայկական չլուծված հարցի մի այլ, նոր տարբերակ: Մի նոր գորդյան հանգո՞ւյց է այն, թե՞ լաբիրինթոս, որից դուրս գալու ելքը դեռ չի երևում:

Ղարաբաղյան հարցի մասին ավելի ճշմարիտ և հիմնավոր պատկերացում կազմելու համար նախ պետք է պարզել, թե երբ և ինչու է առաջացել այն: Դա պարզելու համար պատմական անհիշելի ժամանակներն ընկնելու կարիք չկա, որովհետև հարցն այդ ծագել է այն ոչ հեռավոր ժամանակներում, երբ Ստալինի պարտադրմամբ 1921 թ. հուլիսի 5-ին Կովբյուրոյի որոշումով հազարամյակների հայեցի պատմությամբ և գերազանցապես հայերով բնակեցված (96%) հայկական այդ երկրամասը նվիրվել է խորհրդային իշխանությունների թեթև ձեռքով ստեղծված մահմեդական պետական մի կազմավորման, որին տրվել է «Ադրբեջան» անունը:

Ու այդ անարդար որոշմամբ թելադրված ծագել է Ղարաբաղյան հարցը: Անկախ նրանից, թե խորհրդային գաղափարախոսությանը որքանով է հաջողվել ազգերի եղբայրության ու համերաշխության կարգախոսներով վարագուրել այդ և նմանատիպ շատ այլ հիմնահարցեր, Ղարաբաղյան հարցը տասնամյակներ շարունակ կախված է եղել օդում, և տարբեր տարիներ հիշեցնել է տվել իր մասին: Նամակներ ու դիմումներ են հղվել խորհրդային գերագույն իշխանություններին, սակայն այդ դիմում-նամակների հեղինակները որակվել են ազգայնամոլներ և ենթարկվել հալածանքների:

Բայց քանի դեռ երկրամասը անիրավացիորեն գտնվում էր տրամագծորեն այլ էթնիկական-մշակութային խմբի պատկանող երկրի լծի տակ, Ղարաբաղյան հարցը գոյություն ուներ և իր մասին մի վերջին անգամ հայտարարել է 1988-ին…

Այն լռեցնելու Մոսկվայի և Ադրբեջանի փորձերն այս անգամ ոչ միայն սպասված արդյունքը չտվեցին, այլև ընդհակառակը՝ իրեն պարտադրված պատերազմում Արցախ-Ղարաբաղն ազատագրվեց օտար լծից: Վերջապես իրականացավ արցախցիների մոտ 70-ամյա երազանքը: Եվ այդ իրականացված երազանքի հետ հայ ժողովրդի համար վերջացավ Ղարաբաղյան հարցը… Ավելի ճիշտ՝ պետք է որ վերջանար, որովհետև արցախցին արյան գնով վերջապես նվաճել էր իր ազատությունը և փրկել իր երկիրն ու պատիվը: Առողջ տրամաբանությունը հուշում է, որ ի վերջո լուծված է այդ հարցը… Սակայն շուտով թուրք-ադրբեջանական քաղաքագետների և հայ դիվանագետների ջանքերով կրկին ասպարեզ է նետվել այն՝ այս անգամ արդեն «տարածքային ամբողջականությունը» կորցրած ազերիների հարցի տեսքով:

Ես ընդգծել եմ «հայ դիվանագետներ» կապակցությունը, որովհետև այսօր այդ «հարցն» իր գոյությամբ կիսով չափ պարտական է հենց մե°ր դիվանագետներին, ֆենոմեն, որ կարծես մի այլ ֆենոմենի՝ թուրք-ադրբեջանցի պատմագետների պարոդիան է: Եթե վերջիններս պատմական իրողություններն աղավաղելով ու վերաշարադրելով պատմություն ու հայրենիք են ստեղծում իրենց ժողովրդի համար, մեր դիվանագետներն, ընդհակառակը, անցյալ դարի սկզբներից առայսօր դիվանագիտական թղթախաղում աստիճանաբար տանուլ են տալիս հայկական հողերը:

Հիշենք Կարսն ու Արդահանը: Իսկ այսօր էլ Արցախյան գոյամարտում կյանքի ու արյան գնով ազատագրված երբեմնի հայկական հողերը մերօրյա դիվանագետներն անվանում են «գրավյալ տարածքներ»՝ այդ հարցում համերաշխություն հայտնելով իրենց թուրք գործընկերներին:

Հայ դիվանագետների շնորհիվ է, որ Արցախը դուրս է մղվել բանակցային գործընթացից՝ դառնալով տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եթե այսօր մենք իրոք Հայաստանի մաս ենք, դա անկասկած ճիշտ քայլ է: Բայց եթե Արցախն անկախ պետություն է, դա նշանակում է, որ առաջին հերթին հենց հայ դիվանագետներն են կասկածի տակ առնում նրա անկախությունը:

Այսօր, արցախյան բանակի կողմից 70-ամյա անարդարությանը վերջ տալուց հետո, «ղարաբաղյան հարցի» մասին կրկին խոսում են ոչ միայն ազերիները, այլև մերոնք: Հակառակորդի կողմից «տարածքային անբողջականությամբ» փչված-ուռճաչված և հայ դիվանագետների թողտվությամբ ֆուտբոլի գնդակի պես մեր խաղադաշտում հայտնված «հարցի լուծման» մասին խոսում են հայ քաղաքագետն ու բիզնեսմենը, պետական պաշտոնյան ու ոչ պետական ծառայողը, գործարարն ու գործազուրկը: Եվ բոլորն անհամբեր սպասում են, թե վերջապես ե՞րբ է այն լուծվելու, որպեսզի «իրենց գործերը լավանան, կյանքն ավելի երջանիկ դառնա»…

Եթե հակառակորդի ճամբարում «հարցի լուծման» ակնկալիքով պայմանավորված աղմուկն ինչ-որ կերպ կարելի է հասկանալ, ապա միանգամայն տարօրինակ է մերոնց անհանգստությունը «հարցի լուծման» ձգձգման կապակցությամբ: Բայց չէ՞ որ մենք արդեն լուծել ենք այդ հարցն ու վերականգնել պատմական արդարությունը: Էլ ինչո՞ւ ենք վիզը ծուռ որբի պես հայացքներս տնկել Արևմուտքի դռներին, ինչ է թե՝ տեսնենք այս անգամ ինչ «նոր առաջարկներ» են մեզ համար բերելու, որն, անշուշտ, դարձյալ չի բավարարելու մեր հակառակորդին: Կրկին նա չի ընդունելու այն, որպեսզի ի վերջո, տեղի տալով իր նպատակամետ կամակորություններին, այդ առաջարկությունները մի օր տեղավորեն իրենց ուզած «տարածքային ամբողջականության» սահմաններում: Պահանջել անհնարինը՝ առավելագույնը ստանալու համար: Եվ նրանք դա անում են ազգովի, ամենուր և ամեն օր, նպատակաուղղված և հաստատակամորեն, որովհետև նրանք միայն այդկերպ են պատկերացնում իրենց իսկ հնարած «ղարաբաղյան հարցի» լուծումը:

Եվ բոլոր այդ տարբերակները՝ փուլային թե փաթեթային, մի նպատակ են հետապնդում. Արցախը տեղավորել Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» մեջ: Իսկ թե ինչ ասել է փախստականների վերադարձ՝ իրենց բնակավայրերը (անշուշտ հասկանալի է, որ խոսքը հարյուր հազարավոր հայերի վերադարձի մասին չէ Բաքու կամ Գանձակ) և միջազգային խաղաղարարների մուտքը հակամարտության գոտի, կարելի է հասկանալ Կոսովոյի թարմ օրինակով: Չեմ կասկածում, որ այդ նույն խաղաղարարները լավագույն դեպքում ձգտելու են աջակցել վերջին արցախցիների անվնաս դուրսբերմանը հայրենի երկրամասից: Դժվար չէ կռահել նաև, որ նույն միջազգային կառույցների սցենարով կազմված Կիպրոսի վերամիավորման արդյունքում 10-15 տարի հետո այդ կղզում բնիկ հույներն այլևս մեծամասնություն չեն լինելու (ահա թե ինչու է Իլհամ Ալիևը Կիպրոսի վերամիավորման ֆիասկոյի դեպքում սպառնում ճանաչել այդ կղզու թուրքական մասի անկախությունը: Թուրքիայում և Ադրբեջանում կարողանում են տեսնել այսբերգի նաև չերևացող մասը): Ի վերջո, նման հեռանկար է սպասվում բոլոր այն քրիստոնյա ազգերին, որոնց փորձում են թուրքալեզուների հետ տեղադրել նույն տանիքի տակ: Հիշենք նաև Նախիջևանի ճակատագիրը, որտեղ այլևս բնիկ հայ չի մնացել…

Տարբեր առիթներով եվրոպական քաղաքագետները շեշտում են, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը էթնիկական կամ կրոնական արմատներ չունի (դրանով, անշուշտ, հող նախապատրաստելով ու կանաչ լույս վառելով ազերիների վերադարձի համար), և այդ խայծը մեր դիվանագետները կուլ են տալիս: Մինչդեռ հակամարտությունը առաջին հերթին հենց էթնիկակա°ն է, և թուրքալեզու, ոչ բնիկ փախստականների վերադարձը ոչ միայն քայլ չէ դեպի հակամարտության կարգավորում, այլև ավելի է սրելու իրավիճակը (կրկին հիշենք Կոսովոն):

Միանգամայն պարզ չէ նաև, թե ինչ ասել է երկուստեք փոխզիջումներ, որովհետև այն ամենը, ինչ մենք ունենք, մերն է՝ պատմականորեն և իրավական առումով: Եվ, ի հակակշիռ մեր զիջումների, ի՞նչ է մեզ զիջելու Ադրբեջանը՝ մեր իսկ ունեցածի մի մա՞սը: Արդյոք, շա՞տ չենք առատաձեռն մեր հողերն աջ ու ձախ նվիրաբերելու հարցում՝ Արևմտյան Հայաստան, Նախիջևան, Ջավախք, Շահումյան ու Գետաշեն…

Բացի դրանից, սովորաբար պատերազմում լինում է երկու կողմ՝ արդար և մեղավոր: Այդ ինչո՞ւ և ի՞նչ սկզբունքով պիտի հարցը լուծեն, որպեսզի գոհացնի և° մեզ, և° մեր հակառակորդին՝ և° զոհին, և° դահճին:

Ահա այսօրինակ կործանարար խաղի մեջ են մեզ ներքաշել թուրք քաղաքագետներն ու քաղաքակիրթ Արևմուտքը՝ հայ դիվանագետների հոժարակամ մասնակցությամբ:

Զավեշտը նրանում է, որ ոտուգլուխ խրվելով հակառակորդի հնարած խաղի մեջ, նրանց «կամակոր» քիմքին հաճելի «հարցի լուծման» տարբերակի փնտրտուքով տարված, հայ գործիչներից մեկն էլ առաջարկում է Արցախ վերադարձված ազերի փախստականներից ընտրել վարչապետ, որը 5 տարի հետո իր տեղը պետք է փոխի հայ նախագահի հետ… Եվ այս շիլափլավը հրամցվում է այնպիսի հանգստությամբ, կարծես խոսքը ոչ թե Հայրենիքի ճակատագրի, այլ աֆրիկյան ինչ-որ ցեղախմբի երեխաների հաշտեցման մասին է, որոնք իրարից խռովել են մի անմիտ խաղալիքի պատճառով…

Երբեմն ակամայից մտածում ես. իսկ գուցե սա ամենևին էլ մեր Հայրենիքը չէ, գուցե իսկապես մերը չեն Ամարասն ու Գանձասարը, այս խաչքարերն ու դարավոր շիրիմները, գուցե սխալ են Խորենացին ու Կաղանկատվացին, Իսրայել Օրին, Մելիք Ավանն ու Ղարաբաղի կամավորականները: Գուցե մենք ամենևին էլ մենք չենք, այլ Մարսից այստեղ նետված կիսաբանական ինչ-որ անբացատրելի արարածներ, քանզի տրամաբանության ոչ մի սահմաններում չի տեղավորվում անհամբեր-սպասողական այն մթնոլորտը, որ տիրում է Հայոց աշխարհում: Արդյո՞ք դա չի հիշեցնում մեծն Թումանյանի ավելի քան մեկ դար առաջ գրած «Անխելք մարդու» հեքիաթը…

Ո՞ւմ ենք սպասում և ինչո՞ւ ենք սպասում, երբ մեր իսկ ձեռքով լուծել ենք մեր հարցը: Եվրախորհրդի կամ միջազգային մի այլ կազմակերպության կողմից մեզ տրված թղթե ինչ-որ մանդատի՞ ենք սպասում, թե՞ սպասում ենք, որ արհամարհանքով վզներիցս բռնեն ու ասեն. «Դուք ազատ և ինքնուրույն ապրելու ընդունակ չեք, վերադարձեք ձեզ ստրկացնողի մոտ և՝ աստված ձեզ հետ…»:

Հրադադարի այս 10 տարում փոխանակ շենացնենք, հզորացնենք հազիվ մի փոքրիկ քաղաքի բնակչությամբ մեր երկիրը, փոխանակ վերաբնակեցնենք հայկական մեր հողերը, փոխանակ իսկապես ազատ ու անկախ, սոցիալական ու այլ կարգի անարդարություններից զերծ ժողովրդավարական երկիր կառուցենք՝ ի տես եվրոպացիների և ի ցավ մեր թշնամու, դրանով մեկընդմիշտ վերջակետ դնելով «ղարաբաղյան հարց» փուչիկին, ձեռքներս ծալել-նստել ենք ու սպասում ենք, թե արևմտյան տերությունները երբ են լուծելու մեր «հարցը»: Իսկ այդ ընթացքում ոչ միայն մեր երկիրը չենք շենացնում ու հզորացնում, այլև անտարբեր դիտում ենք, թե ինչպես են ազգի ներսում մի խումբ մակաբույծներ հսկայական հարստություն են կուտակում ու հղփանում, մի քանի կարիերիստներ ինչպես են ձեռնածություններ անում ազգի ճակատագրով՝ հանուն աթոռի ոտնատակ տալով ամեն ինչ, այդ թվում՝ վտանգելով երկրի գոյությունը…

Ներքին մեր այս «հաջողություններն» ու արտաքին դիվանագիտական «նվաճումները» ենթադրել են տալիս, որ իրադարձությունների այսօրինակ զարգացման դեպքում մի օր իսկապես լուծվելու է «ղարաբաղյան հարցը», և դա լինելու է մեր վերջի սկիզբը: Հայոց երկրի ապագան է վտանգվելու, որովհետև այդկերպ հարց լուծելով ոգևորված, Ադրբեջանն աչքը գցելու է Մեղրիի, Զանգեզուրի վրա:

Քանի դեռ մեկընդմիշտ չենք հասկացել, որ այլևս չկա «ղարաբաղյան հարց», կա միայն Արցախ-հայրենիք, որը պետք է շենացնել ու հզորացնել (այդ դեպքում ճանաչելու են և° մեր անկախությունը, և° հարգելու են մեզ՝ որպես ազգ), մեր երկիրը ոչ միայն շարունակելու է դիտվել որպես խաղաքարտ, այլև խղճուկ ու էժանագին խաղաքարտ: Իսկ դամոկլյան սուրը շարունակելու է կախված մնալ մեր գլխավերևում:

ՌԵՊԼԻԿ
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԻՐԱՎԱՑԻ Է

Ըստ «Թուրան» գործակալության, Իլհամ Ալիևի նախագահությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի Ազգային հանրագիտարանի վարչության նիստ: Ադրբեջանի նախագահին շատ խիստ վրդովեցրել է այն փաստը, որ այդ երկրի պատմության բաժնում տեղ են գտել ճչացող թերություններ, այդ թվում՝ որ այնտեղ հիշատակվում է «Ստեփանակերտ» անվամբ քաղաքի մասին:

«Մի՞թե դուք չգիտեք, որ Ադրբեջանում այդպիսի քաղաք չկա»,- ջղայնացած բացականչել է Իլհամ Հեյդարիչը:

Ադրբեջանի նախագահը միանգամայն իրավացի է. Ադրբեջանում այդպիսի քաղաք չկա: Ստեփանակերտը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այսինքն՝ Արցախում: Զարմանալի է, որ ադրբեջանցի գիտնականներն այդքան ոտաբոբիկ են աշխարհագրությունից: Գոնե լավ է, որ Իլհամ Ալիևը ժամանակին նկատեց դա, և նրանց նստեցրեց տեղները, թե չէ մի օր էլ, վկայակոչելով իրենց դրոշը, կարող են հայտարարել, թե Լուսինն էլ է գտնվում Ադրբեջանում:

Վ. Օ.

ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԵՎ  ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴ

Հարցազրույց «Դեմո» թերթի գլխավոր խմբագիր Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ

ԶԼՄ-ների անկախության, կամ, ավելի ճիշտ՝ այդ անկախության բացակայության մասին շատերն են խոսում: Ի վերջո, ի՞նչ ասել է անկախ լրատվամիջոց: Լրագրողներից շատերն են որպես արդարացում պնդում, որ աշխարհի ոչ մի երկրում էլ չկա իրապես անկախ մամուլ:

-Անկախ մամուլ կա, այն հեքիաթ չէ: Անկախ, ասել է թե՝ ինքնաբավ, առաջին հերթին՝ ֆինանսապես անկախ: Կա այսպիսի մի թևավոր խոսք՝ մամուլի անկախությունը ֆինանսական հաշիվները փակելու հնարավորության, ունակության մեջ է: Այսինքն՝ վճարունակության մեջ:

Բայց, ըստ Ձեզ, մեր պայմաններում հնարավո՞ր է ֆինանսապես անկախ մամուլի ստեղծումը:

-Ցավոք՝ ոչ: Եւ դա լրագրողների մեղքը չէ, այլ իշխանությունների: Աղքատ երկրներում, հետամնաց տնտեսություն, կամ քրեականացված տնտեսություն, կամ քաղաքականացված տնտեսություն ունեցող երկրներում չի կարող ձևավորվել անկախ մամուլ, ֆինանսապես անկախ մամուլ: Ի վերջո, ինչպե՞ս է մամուլը սովորաբար ապահովում իր ֆինանսական անկախությունը: Կա երկու ճանապարհ՝ տպաքանակ և գովազդ:  Բայց բավարար տպաքանակ մեզ մոտ հնարավոր չէ երկու պատճառով. առաջինը բնակչության սակավաթվությունն է, երկրորդը և ամենակարևորը՝ բնակչության գնողունակության ցածր մակարդակը: Բնակչության գնողունակության տանելի մակարդակի դեպքում հնարավոր է հաղթահարել առաջին պատճառը՝ բնակչության սակավաթվությունը, և անաչառության, ազնվության ու արհեստավարժության գնով կորզելով առավելագույնը՝ ապահովել բավարար տպաքանակ:

Ուրեմն՝ փրկությունը մնում է գովա՞զդը:

-Ոչ թե փրկությունը, այլ եկամուտների ու ֆինանսական անկախության ապահովման երկրորդ ծանրակշիռ գործոնը: Բայց այստեղ ևս փակուղային վիճակ է: Մեր երկրի տնտեսությունը ոչ միայն վատ վիճակում է, ինչը չարիքներից սոսկ մեկն է, այլև՝ քաղաքականացված: Մեծ հաշվով՝ մեզ մոտ չկա շուկայական տնտեսություն: Իսկական շուկայական տնտեսության պայմաններում շուկան ինքը կկարգավորեր ամեն ինչ: Բայց մեզ մոտ չկա շուկա, քանի որ տնտեսությունը քաղաքականացված է, մեծ է տնտեսությունում ադմինիստրատիվ միջամտության դերը:

Կարծում եմ, արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր պետական պաշտոնյաները զբաղվում են բիզնեսով, ինչն օրենքով արգելված է: Եւ հարցն այստեղ միայն օրենքը խախտելու մեջ չէ, բանը նրանում է, որ այն մեծ հաշվով սպանում է շուկան: Բիզնեսով զբաղվող պետական պաշտոնյան և շարքային բիզնեսմենը, բնականաբար, հավասար պայմաններում չեն, ինչն էլ ազդում է շուկայի վրա, ստիպում, որ չգործեն շուկայական օրենքները, այլ ամեն ինչ կախված լինի ադմինիստրատիվ միջամտությունից: Ո՞վ չգիտի, որ հաճախ կազմակերպությանը ստիպում են բենզինն այս մի լցակայանից գնել, շինանյութերը այս մի խանութից և այլն, և այլն: Քանի որ կա պաշտոնյայի զուտ անձնական շահագրգռվածություն: Շահագրգռվածության գլուխը քարը, ցավն այն է, որ դա արվում է պետական լծակներով, պետական ռեսուրսների հաշվին: Գործարարները ստիպված են լինում լավ հարաբերություններ ունենալ իշխանությունների, կոնկրետ պետական բարձրաստիճան պաշտոնյայի (ի դեմս նրա՝ նաև մեկ այլ գործարարի) հետ, այլապես կարող են լուրջ պրոբլեմներ ունենալ: Այս պայմաններում գործում են ոչ թե շուկայական օրենքները, այլ շուկայի ադմինիստրատիվ կառավարման մեթոդները:

Մի կարևոր հանգամանք ևս՝ բիզնեսը պիտի օրինական դաշտում լինի, բոլորը պիտի հավասարապես պատասխանատու լինեն օրենքի առաջ, չպիտի լինի ստվերային տնտեսություն, գործարարը պիտի պաշտպանված լինի օրենքով, ապահովագրված լինի ամենատարբեր տիպի ռեկետից: Այս ամենը մեզ մոտ լիովին ապահովված չէ: Դրա համար էլ գովազդային շուկան չի ձևավորվում: Դրա համար էլ գործարարներն առանձնապես շահագրգռված չեն գովազդային շուկայի կայացմամբ, քանի որ իրենց հարցերը կարող են լուծել այլ ճանապարհով և չեն ուզում լուրջ պրոբլեմներ ունենալ: Դրա համար էլ թերթերը գործարարներին առաջարկում են նրանց գովազդի տեղադրման անգամ աննորմալ տարբերակ, իրենց համար աննորմալ, այն է՝ չափից ավելի ցածր գներով, անգամ ձրի (գոնե գովազդային շուկայի կայացմանը ինչ-որ ձևով նպաստելու միտումով), բայց գործարարները մեծամասամբ հրաժարվում են, կամ բավարարվում չնչին, ձևական գովազդով:

Դա իսկապես աննորմալ երևույթ է, որովհետև շուկայական տնտեսության պայմաններում հակառակը պիտի լինի՝ գործարարները պիտի լրատվամիջոցներին խնդրեն իրենց գովազդը տեղադրել:

Լավ, ուրեմն լրատվամիջոցների սնման երկու երակներն էլ մեզ մոտ ցամաք են: Այդ դեպքում ո՞րն է ելքը: Հաշտվել նման իրավիճակի հետ և սպասել լավագույն ժամանակների՞:

-Նորից եմ կրկնում՝ այս ամենի համար լրագրողները չէ, որ մեղավոր են: Կամ էլ մեղավոր են այնքանով, որ իրենցից կախվածը չեն անում, քաղաքացիական ինքնագիտակցության այն մակարդակը չկա, որը նրանց կստիպի իրենցից կախվածն անել նորմալ, ժողովրդավարական, քաղաքակիրթ երկիր կառուցելու համար: Այնպես որ, պիտի ոչ թե սպասել, այլ ըստ ամենայնի նպաստել նման հասարակության կառուցմանը: Ու որպեսզի չհասնենք հավի ու ձվի առաջնայնության մասին հայտնի վեճին, մեր պարագայում՝ թե ով է ավելի շատ մեղավոր, ուստի կարող ենք միանշանակ ասել, որ այս ամենի համար առաջին ու հիմնական պատասխանատուն իշխանություններն են, քանի որ նրանք ոչ միայն կոչված են լուծելու այդ խնդիրները և ժողովրդի կամքն ու երազանքն արտահայտելու-իրականացնելու պատվիրան-առաքելությունն ու պատասխանատվությունն ունեն, այլև այն պարզ պատճառով, որ նրանք են տիրապետում լծակներին (այդ թվում՝ հարկատուներիս գումարներից գոյացող բյուջե, միջպետական վարկ, սփյուռքի օգնություն), ավելի ճիշտ՝ նրանց են վստահված այդ լծակները:

Լավ, այդ դեպքում ի՞նչ պիտի, ըստ Ձեզ, անեն իշխանությունները այս ոլորտում իրավիճակը բարելավելու համար:

-Իշխանություններն իրենց լծակներն օգտագործելով՝ պիտի ամեն ինչ անեն շտկելու իրավիճակը: Ցանկության դեպքում նրանք բազմաթիվ ուղիներ կգտնեն: Ընդհանրապես, նրանք մեծ հնարամտություն, ճկունություն ու խելք ունեն, ինչը, ցավոք, դրսևորվում է ոչ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: Բայց դրսևորված տեղում էլ համոզվում ենք, որ ցանկության դեպքում նրանք շատ բան կարող են անել: Իսկ անելու բաներ ու ձևեր շատ կան:

Ինձ համար ինչ-որ տեղ հասկանալի է, երբ իշխանությունները բողոքում են պետության չճանաչվածության պարագայում միջազգային վարկեր ստանալու և այլնի սուղ հնարավորությունների մասին, բայց անձամբ ես գտնում եմ, որ միջոցները բավարար են: Համենայն դեպս, այդ տպավորությունն եմ ստանում, տեսնելով, թե ինչպես են ծախսվում բյուջետային միջոցները:

Այնուամենայնիվ, անցնենք նրանց անելիքներին: Այսօր էլ կան լրագրողներ, ովքեր գտնում են, որ պետությունը կարող է գումարներ հատկացնել անկախ մամուլ ստեղծելու համար:

-Սա, շատ մեղմ ասած, միամտություն է: Իշխանությունը չի կարող և սկզբունքորեն չպիտի նման բան անի, քանի որ ծիծաղելի կլինի նման անկախությունը:  Բոլորս պիտ քաջ հասկանանք մի պարզ ճշմարտություն՝ բյուջեն համընդհանուր սեփականություն է, որը պիտի բաշխվի բոլոր ոլորտների զարգացման համար, այդ թվում՝ լրատվական, հասարակական: Բայց ոչ թե գումարների ուղղակիորեն տրամադրում լինի, թեև մեծ հաշվով այստեղ էլ սարսափելի ոչինչ չկա, քանի որ այդ գումարները նրանք ոչ թե ժառանգություն են ստացել իրենց տատիկներից, այլ դրանք գոյացել են մեզնից գանձվող հարկերից, ասել է թե՝ մերն են նաև: Բայց այդ կուլտուրան մենք դեռ չունենք, այդ քաղաքակիրթ ավանդույթներից դեռ զուրկ ենք, ուստի ամեն ինչ կայլասերվի այս պարագայում:

Պարզապես գտնում եմ, որ այս պարագայում կարելի է, ասենք թե, երկարաժամկետ արտոնյալ վարկեր տրամադրել այս ոլորտի զարգացման համար: Ոչ թե փող տալ, այլ վարկ տրամադրել, որը պիտի վերադարձվի, անպայման վերադարձվի պետությանը, այսինքն՝ դրանով իսկ վերացնի կախումը իշխանություններից: Այս դեպքում պատահական ու արկածախնդիր նախաձեռնություններ չեն լինի մեր ոլորտում, վարկը կվերցնի արհեստավարժը, նա, ով կարող է լավ լրատվամիջոց ստեղծել: Թող վարկավորման հանգամանքը ոչ մեկին չզարմացնի և թող հանգիստ ընդունվի այս բնագավառի վարկավորումը: Նույնքան հանգիստ, որքան ընդունվում է վարկերի հատկացումը գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը: Մերն էլ ոլորտ է:

Ի դեպ, թող մարդիկ չզարմանան, իմանալով, որ լրատվությունն էլ բիզնես է և, ինչպես ցանկացած բիզնես, պիտի շահութաբեր լինի: Այլապես, ուրեմն թերթդ չեն կարդում, ուրեմն՝ հեռուստահաղորդումներդ չեն դիտում: Ուրեմն՝ դու սնանկ ես, ուրեմն՝ դու վատ թերթ կամ հեռուստատեսություն ունես: Ուրեմն՝ պիտի փակվես կամ արևի տակ տեղդ զիջես ավելի լավ թերթին, ավելի լավ հեռուստատեսությանը: Լրատվությունը չպիտի զուտ քաղաքականություն լինի, այլ առաջին հերթին՝ բիզնես: Ինչ վերաբերում է այս ոլորտի կայացմանն աջակցելու այլ միջոցներին, ապա դրանց թվում կարելի է նշել հարկային ու մաքսային արտոնությունները:

Որ լրատվությունը նույնպես բիզնես է՝ դժվարամարս ճշմարտություն է, հատկապես մեզ համար, մեր ավանդույթներն ու դաստիարակությունն ունեցող մարդկանց համար: Եւ հիմնական հարցը, որ ծնվում է նման պարագայում, հետևյալն է՝ իսկ ինչպե՞ս պիտի լրատվական քաղաքականություն տարվի, ինչպե՞ս պիտի իշխանությունների գործունեությունը լուսաբանվի:

-Շատ հասարակ՝ լրատվամիջոցների հետ փոխշահավետ համագործակցությամբ, պետական պատվերի փոխշահավետ տեղադրմամբ: Բացի դրանից՝ կան պետական լրատվամիջոցներ, որոնք բիզնեսի հետ հեռավոր ազգակցական կապեր ունեն: Ես սկզբունքորեն դեմ չեմ, որ լինեն նաև պետական լրատվամիջոցներ, թեև գերադասում եմ, որ դրանք լինեն հանրային, որոնց ֆինանսավորումն առաջին փուլում նույնպես լինի պետական բյուջեից:

Հարցի էությունը հետևյալն է՝ լրատվամիջոցներն ունեն երեք դասական առաքելություն՝ տեղեկացնել, կրթել-լուսավորել և զվարճացնել (թող այս վերջին հանգամանքը տարակուսանք չպատճառի, համոզվելու համար հիշեք զվարճալից ծրագրերի առատությունը բոլոր հեռուստաալիքներում): Հիշեցնելով ընթերցողին, որ մենք նախընտրել ենք շուկայական տնտեսություն, ուր նաև լրատվությունն է բիզնես, ուզում եմ նրանց համոզել, որ պետությունն իր վրա պիտի վերցնի առաջին հերթին ու հատկապես՝ կրթել-լուսավորելու առաքելությունը, այսինքն՝ աջակցի այս ուղղությանը:

Ի վերջո, եթե դու պետական մամուլ ունես, այսինքն՝ միջոցներ ես տրամադրում նրան, ապա այդ միջոցները պիտի ի նպաստ հասարակության օգտագործվեն: Եթե դու միջոցներ ես տրամադրում լրատվամիջոցին, ուրեմն նրան վեր ես բարձրացնում շուկայից, ապահովագրելով մրցակցությունից և շուկայական դաժան տնտեսության թելադրած պայմաններից: Այդ դեպքում բարի եղիր ծառայել հասարակությանը և քեզ վրա վերցնել կրթել-լուսավորելու առաքելությունը, քանի որ շուկայական տնտեսության դաժան պայմաններում գործող և ահավոր մրցակցությանը դիմացող լրատվամիջոցը չի կարող իր վրա վերցնել նաև այդ բեռը, քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ ուղղությունը զանգվածային լսարան (իմա՝ նաև ֆինանսական արդարացում) բերել չի կարող: Ու քանի որ անկախ մամուլը չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ կամ նախընտրել միայն այդ ուղղությունը, որովհետև պետությունից համապատասխան աջակցություն չի ստանում, ուստի այդ առաքելությունն իրենց վրա պիտի վերցնեն պետական բյուջեից սնվող և մրցակցությունից դուրս գտնվող լրատվամիջոցները: Հասարակ մի օրինակ՝ ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքը ամենաօգտակար, ամենաինտելեկտուալ, ամենադաստիարակչական ծրագրերն ունի, որոնք էլ իրենց հերթին ամենացածր վարկանիշն ունեն այլ հեռուստատեսությունների այլ ծրագրերի համեմատությամբ (ցավալի է, բայց դա այդպես է), քանի որ նրանց լսարանը հասկանալի պատճառներով փոքր է: Ուստի պետությունն աջակցում է նրան, քանի որ գտնում է, որ դրանք պետք են երկրին, հասարակությանը, մտավորականությանը, մատաղ սերնդին: Ուստի պետությունն այդ ծրագրերը չի մղում շուկայի գիրկը, այլ իր վրա է վերցնում:

Այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք ևս: Իշխանությունները հենց այս առաքելությունը պիտի իրականացնեն, այլ ոչ թե իրենց կողմից ֆինանսավորվող ծրագրերն օգտագործեն քարոզչության համար, իրենց իսկ քարոզչության համար: Ընդհանրապես, քարոզչություն չպիտի լինի, սեփական ժողովրդի հետ հարաբերություններում քարոզչությունը գեշ երևույթ է (վաղուց պիտի ազատվեինք սովետական այս ժառանգությունից): Պիտի տեղեկացնել սեփական ժողովրդին, նրա հետ անկեղծորեն խոսել՝ պարզ, մարդկային լեզվով: Քարոզչությունը պահելով դրսի աշխարհի համար, դիվանագիտական նպատակների համար: Ահա թե ինչու գտնում եմ, որ մասնավորապես հանրային հեռուստատեսությունում պիտի լինեն, պիտի գերակշռեն կրթական-լուսավորչական ծրագրերը, այլ ոչ թե քարոզչությունը: Մի խոսքով, այն չպիտի գերքաղաքականացված լինի:

Ձեր վերլուծությունից մարդ ուղղակի հոռետեսության գիրկն է ընկնում և այն տպավորությունը ստանում, որ պիտի թաղել անկախ մամուլի ստեղծման գաղափարը:

-Ընդհակառակը: Հիմնախնդիրը կարող է լուծել, իրավիճակից կարող է դուրս գալ նա, ով տեղյակ է ամեն ինչի, անտեղյակ մարդուց ոչինչ ակնկալել հնարավոր չէ: Եւ ամենևին էլ պետք չէ հոռետեսության գիրկն ընկնել, այլ հասկանալով այս ամենը, ամեն ինչ անել, որպեսզի աստիճանաբար, քայլ առ քայլ պայմաններ ստեղծվեն անկախ մամուլի ձևավորման համար: Քանի որ, կրկնում եմ, անկախ մամուլն ամենևին էլ հեքիաթ չէ, առավել ևս՝ հրաշապատում հեքիաթ:

Իսկ որո՞նք պիտի լինեն այդ առաջին քայլերը մեր պարագայում:

-Նախևառաջ՝ քամահրանքով չվերաբերվել անկախ մամուլի ստեղծման փորձերին: Այսօր դասական առումով անկախ մամուլ մեզ մոտ հնարավոր չէ: Դասական ասելով նկատի ունեմ հետևյալը. երբ մամուլը կախված չէ իշխանություններից, կուսակցություններից, գործարարներից ու դրսի միջամտությունից: Այսինքն՝ կախված է միայն իր ընթերցողից ու հեռուստադիտողից, իմա՝ իր լսարանից: Սա մեզ մոտ առայժմ հնարավոր չէ: Բայց մեր պարագայում այսօր գերխնդիր է իշխանություններից անկախ լինելը: Կա պետական մամուլ, իշխանամետ մամուլ, ուրեմն՝ պիտի ստեղծվի ոչ պետական մամուլ: Եւ սա ինքնանպատակ չէ: Մարդ պիտի տեղեկություններ ստանալու այլընտրանք ունենա, անպայման ունենա: Իմանա ոչ միայն իշխանությունների, այլև հանրության, ընդդիմության, այլախոհների կարծիքը:

Ընդհանրապես, այլընտրանք պիտի լինի ամենուր, առանց որի ավտորիտարիզմի հոտ է փչում: Այսինքն՝ իշխանությունների մենաշնորհը պիտի խախտվի: Մարդ պիտի ինֆորմացիայի մի քանի աղբյուր ունենա, ինքը վերլուծի-համադրի-որոշի: Այնպես որ, մեր պարագայում այս փուլում ընդունելի են և կուսակցական մամուլը, և գործարարների կողմից հովանավորվող մամուլը, և միջազգային կառույցների ու սփյուռքի աջակցությամբ ստեղծվող մամուլը: Այս փուլն անցնելուց հետո արդեն մեր ամբողջ ջանքերը կուղղենք դասական առումով անկախ մամուլի ստեղծման գործին, ինչն ամենևին էլ չի բացառելու այլատեսակ մամուլի գոյությունը: Պարզապես այն ժամանակ հասարակությունը մեծ ընտրություն է ունենալու:

Այսինքն, եթե ճիշտ եմ Ձեզ հասկացել, ներկա փուլում լրատվամիջոցների անկախություն ասելով պիտի հասկանանք իշխանություններից անկախություն:

-Միանգամայն ճիշտ եք:

Այս պարագայում, ուրեմն, ո՞րն է լինելու այդօրինակ մամուլի դերը:

-Լինել միջնորդ իշխանությունների և հանրության միջև: Ոչ թե իշխանությունների գործիք, ոչ թե ընդդիմություն կամ ընդդիմության գործիք, այլ միջնորդ: Ամեն մեկը պիտի իր տեղում լինի:

Մենք երկար խոսեցինք իշխանությունների դերի մասին: Չե՞ք գտնում, որ պակաս կարևոր չէ նաև հանրության դերը: Որ անհրաժեշտ ատրիբուտ է նաև հասարակական պահանջարկը:

-Ոչ միայն համամիտ եմ Ձեզ հետ, ոչ միայն գտնում եմ, որ այդպես պիտի լինի, այլև շատ եմ կարևորում այդ հանգամանքը: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանց գործը երկիրը, նրա տնտեսությունը զարգացնելն է, և այդ ժամանակ մեզ հուզող հարցերն ինքըստինքյան կլուծվեն: Ինչ մնում է հասարակությանը, ապա այն պիտի զգա անկախ մամուլի, այլընտրանքային, բազմակողմանի տեղեկատվության գիտակցված պահանջ, ծարավ լինի դրան: Հանրությունը պիտի տեր կանգնի տեղեկատվություն ստանալու իր իրավունքին, թիկունք կանգնի լրագրողներին ու լրատվամիջոցներին, չթողնի, որ իր միջոցով, իբր թե իր իսկ համար սահմանափակեն այդ իրավունքը, չթողնի, որ լրագրողներին խեղճացնեն: Եթե հանրությունը զիջեց այս հարցում, ապա զիջելու է մյուս բոլոր հարցերում, թաղելու է նորմալ երկրում ապրելու իր երազանքը (վկա՝ շատ երկրների փորձը): Որովհետև անտեղյակ մարդուն հեշտ է խաբելը, հեշտ է կառավարելը: Մարդ իրավունք ունի իմանալ, թե ինչ է կատարվում իր երկրում, իմանալ ամբողջ ճշմարտությունը: Միայն այսպես կարող է մարդը, անհատը վերաճել քաղաքացու, իր երկրի տիրոջ: Եւ այս հարցում լրագրողը նրա ամենահավատարիմ ու ազնիվ բարեկամն ու ընկերն է: Բայց այստեղ, այդ պահանջարկի ձևավորման գործում ևս լրագրողներս անելիք ունենք:

Հարցազրույցը վարեց Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆԸ

ՏԵՂԴ  ՓՈԽԵՑԻՐ, ԻՍԿ  ԲԱ՞ԽՏԴ

Մեզ մոտ համատարած կերպով խախտվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը

Ժողովրդավարական ուղեգիծ հռչակած մեր երկրում դեռևս շատ անելիքներ կան ժողովրդավարական բարեփոխումների բնագավառում: Այս պարագայում շատ կարևոր են առկա թերությունների ու հիմնախնդիրների մասին հրապարակային քննարկումները՝ գոնե անելիքները ճշտելու և հստակեցնելու առումով: Մեր պաշտոնյաները սիրում են ամենատարբեր ատյաններում հպարտանալ, որ չնայած մեր նորանկախ երկիրը միջազգայնորեն ճանաչված չէ, այնուամենայնիվ, միացել է միջազգային մի շարք փաստաթղթերի, այդ թվում Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրին: Սակայն մի բան է հռչակելը կամ հռչակագրին միանալը, միանգամայն այլ բան՝ դրանց հիմունքները կենսագործելը: Այս առումով խնդիրներ դեռ շատ ունենք:

Մասնավորապես, մեզ մոտ համատարած կերպով խախտվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այլ երկրներում ժամանակավոր բնակություն հաստատելու կամ աշխատանք գտնելու նպատակով հանրապետությունից դուրս եկողներին հրաժարվում են  գրանցումից ժամանակավոր հանել  ըստ բնակության վայրի անձնագրային ծառայություններում, ինչը օրենքի կոպիտ խախտում է: Նման դիմումների մերժումը մեր օրենսդրությամբ նախատեսված չէ, պարզապես կա գրանցումից չհանելու ներքին հրահանգ, կամ էլ՝ գրանցումից հանում են «ընտրյալների»: Այս պայմաններում քաղաքացիները հայտնվում են անելանելի դրության մեջ, պատեպատ են խփվում և հարկադրված շրջանցում օրենքը, թեպետ այս պարագայում օրենքը առաջին հերթին շրջանցում են պատկան մարմինները: Իսկ քաղաքացիները, օրինական ճանապարհով հարցը լուծելու անհաջող փորձերից հետո, պարզապես զարտուղի ճանապարհներ են որոնում, քանի որ առանց համապատասխան փաստաթղթի հայտնվելով մեկ այլ երկրում՝ լուրջ պրոբլեմներ են ունենում նոր գրանցում ստանալու հարցում: Ձեր ուշադրությանը ներկայացվող նամակը և իրավաբանի պատասխանը դրա պերճախոս վկայությունն են:

Ժամանակավորապես գրանցումից հանելու անհնարինությունը հղի է մի շարք վտանգավոր հետևանքներով:

Առաջին. մեր իշխանությունները հաճախ են վիճակագրական տվյալներ բերում այն մասին, որ երկիր վերադարձողների թիվը շատ ավելի մեծ է, քան երկրից դուրս եկողներինը: Սակայն, եթե վերադարձողների թիվը ճշտելը ինչ-որ առումով հնարավոր է, ապա չենք պատկերացնում, թե ինչպես են նրանք ճշտում հեռացողների թիվը, եթե գրանցումից հանելու փաստաթուղթ չկա, ավելի ճիշտ՝ չեն տալիս: Ավելի պարզ՝ մարդիկ թողնում են երկիրը՝ առանց պատկան մարմիններում հաշվառվելու: Եթե չեն հաշվառվում, ապա նրանց թիվը ճշտելու ուրիշ ի՞նչ մեխանիզմներ կան, հո թաղեթաղ չե՞ն ընկնում պարզելու համար, թե ով է հեռացել:

Երկրորդ. եթե մարդ հեռացել է երկրից, բայց պատկան մարմինները տեղյակ չեն դրա մասին, ապա ինչպե՞ս են կազմվում ընտրացուցակները: Պարզ չէ՞, որ նման ընտրացուցակները շատ հեռու են ընտրողների իրական թվաքանակը ներկայացնելուց, ինչը ամենատարբեր ընտրությունների ժամանակ ընտրախախտումների պարարտ հող է: Այսինքն՝ դե-յուրե մարդը գտնվում է երկրում, քանի որ գրանցումից հանված չէ, բայց դե-ֆակտո նա այստեղ չէ:

Տպագրելով այս նյութը, հուսով ենք, որ այն կարժանանա իշխանությունների ու հանրության ուշադրությանը, և միջոցներ կձեռնարկվեն հիմնախնդիրը քաղաքակիրթ ձևով լուծելու համար: Համենայն դեպս, եթե մեզ թվում է, թե նման արհեստական բարդություններ ստեղծելով խոչընդոտում ենք մարդկանց հեռանալուն, ապա չարաչար սխալվում ենք՝  միևնույն է, հեռացողը՝ հեռանում է, թեկուզև՝ լրացուցիչ պրոբլեմների բեռով: Հակված ենք կարծելու, որ եթե մեզ մոտ հարգվեն մարդու հիմնարար իրավունքները, ապա միայն այդ դեպքում եկողների ու մեկնողների հաշվեկշիռը դրական կլինի, և միայն այդ դեպքում մարդ կնախընտրի ապրել իր հայրենիքում:

«Դ»

 ՈՒԶՈՒՄ ԵՄ ԻՄԱՆԱԼ ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հարգելի խմբագրություն:

Արդեն տևական ժամանակ է, ինչ ինձ մի հարց է հուզում, որի պատասխանն այդպես էլ չեմ կարողանում ստանալ: Ուզում եմ իմանալ իմ իրավունքները: Ոչ թե օրենքը շրջանցելով հարցերը լուծելու, ինչպես ընդունված է մեզ մոտ, այլ օրինական ճանապարհով իրավունքները պաշտպանելու համար: Խնդրում եմ պատասխանել մի հարցի՝ ԼՂՀ քաղաքացին գրանցվելու և գրանցումից հանվելու իրավունք ունի՞, թե՞ ոչ: Հարցնում եմ, որովհետև վերջին մի քանի ամսում այս խնդրին առնչվել եմ երկու անգամ:

Զինադադարի հռչակումից հետո որդիս, որն, ի դեպ, կամավորական էր ԼՂՀ Պաշտպանության բանակում, հեռացել է երկրից: Այն ժամանակ հարցի ձևական կողմին ոչ ոք կարևորություն չէր տալիս, իսկ իր մտքով էլ չէր անցնում, որ կարող է մնալ ուրիշ երկրում: Բայց անցել է տասը տարի, որդիս փաստորեն փոխել է բնակության վայրը, ստացել այլ երկրի քաղաքացիություն, գրանցվել այնտեղ: Երբ ես որոշեցի սեփականաշնորհել մեր բնակարանը, պարզվեց, որ անհրաժեշտ է նաև որդուս համաձայնությունը, քանի որ նա շարունակում է գրանցված մնալ մեր բնակարանում այն պարզ պատճառով, որ նրան մերժել են գրանցումից հանել: Ինձ բացատրել են, որ գրանցումից հանվելը պիտի իրականացվի դատարանի միջոցով: Իսկ ի՞նչ իմաստ ունի դիմել դատարան, երբ նա պատրաստ է կամավոր գրանցումից հանվել: Մենք չենք ուզում, որ նա գրանցում ունենա և այստեղ, և մեկ այլ տեղ, և նոտարի միջոցով իր համաձայնությունը տա բնակարանի սեփականաշնորհման համար: Ինչու՞ նրան գրանցումից չեն հանում, եթե նա արդեն տասը տարի այստեղ չի ապրում:

Երկրորդ անգամ այս խնդրին առնչվել եմ վերջերս, երբ Ռուսաստանից մեզ այցելեց թոռնիկս՝ դստերս որդին: Նա Ռուսաստանի քաղաքացի է, բայց ուզում է ծառայել ԼՂՀ բանակում: Ցանկացել ենք ձևակերպել նրա գրանցումը մեզ մոտ, բայց մեզ մերժել են նաև այդ հարցում, ասելով, թե զինապարտության տարիքի քաղաքացիներին արգելված է գրանցել: Իրո՞ք դա այդպես է:

Ձեր ներողամտությունն եմ հայցում այն բանի համար, որ չեմ ստորագրում այս նամակը, քանի որ չեմ ուզում, որ դրա պատճառով մերձավորներս նոր պրոբլեմներ ունենան: Բայց նաև գիտեմ, որ շատերն են առնչվում նման խնդիրների: Խնդրում եմ թերթում գրեք գրանցման և գրանցումից հանման՝ ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված կարգի մասին: Կանխավ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվելու են այս հարցով և շահագրգիռ մոտեցում են ցուցաբերելու:

ԼՂՀ քաղաքացի

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԻՐԱՎԱԲԱՆԸ

Խմբագրության խնդրանքով նամակը մեկնաբանում է Մարդու իրավունքների պաշտպանության արցախյան ասոցիացիայի նախագահ ԳԵՈՐԳԻ ՍԱՖԱՐՅԱՆԸ 

Հարգելի ընթերցող:

Կարծում եմ, Ձեր նամակում բարձրացված հարցերը հրատապ են նաև մեր մյուս համաքաղաքացիների համար, ուստի նախքան Ձեր հարցերին պատասխանելը՝ կցանկանայի մեկնաբանել ԼՂՀ օրենսդրության մի քանի հիմնարար դրույթներ:

ԼՂՀ-ն, ինչպես գիտեք, Սահմանադրություն չունի, բայց կա «ԼՂՀ պետական անկախության հիմունքների մասին» սահմանադրական օրենք, որը հիմնականում ներառում է Սահմանադրության բոլոր ատրիբուտները և համապատասխանում է ընդունված միջազգային նորմերին: Այդ օրենքի հիման վրա ընդունվել և ընդունվում են իրավահարաբերությունները կարգավորող այլ օրենքներ և նորմատիվ ակտեր: Մասնավորապես, ուզում եմ անդրադառնալ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության հիմնական սկզբունքների մասին» օրենքին, որն ընդունվել է 1995թ. նոյեմբերի 18-ին:

Ըստ այդ օրենքի 2-րդ հոդվածի՝ ԼՂՀ քաղաքացիներ են հանդիսանում այն անձինք, ովքեր օրենսդրական ակտերին համապատասխան ձեռք են բերել ԼՂՀ քաղաքացիություն: Իսկ ըստ նույն օրենքի 5-րդ հոդվածի՝ արտասահմանյան պետություններում ապրող ԼՂՀ քաղաքացին, անկախ այնտեղ գտնվելու ժամկետից, պահպանում է ԼՂՀ քաղաքացիությունը: Ընդսմին, նույն հոդվածի համաձայն՝ նույն կարգավիճակը նախատեսված է նաև այն անձանց համար, ովքեր հարկադրված գաղթել կամ մեկնել են իրենց հայրենիքից դուրս, ԼՂՀ ներակայիս տարածքից հեռու վայրեր, ինչպես նաև նրանց երեխաներն ու թոռները, որոնք ճանաչում են «ԼՂՀ պետական անկախության հիմունքների մասին» սահմանադրական օրենքը:

Հարկ է նշել, որ այլ պետությունների այն քաղաքացիները, ովքեր ուզում են ԼՂՀ քաղաքացիություն ձեռքբերել, պարտավոր են հրաժարվել այն պետության քաղաքացիությունից, որտեղ նրանք ապրում են, քանի որ ԼՂՀ օրենսդրությամբ երկքաղաքացիություն նախատեսված չէ:

ԼՂՀ-ում գործում են իրավական նորմեր, որոնք կարգավորում են քաղաքացիների՝ ըստ բնակության վայրի գրանցումը (գրանցում, գրանցումից հանում): Դրանք են՝ ԼՂՀ բնակարանային օրենսգիրքը, ԼՂՀ անձնագրային ծառայության մասին որոշումներն ու հրահանգները: Այդ իրավական ակտերին համապատասխան՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի գրանցման ու գրանցումից հանվելու իրավունք: Եթե խոսքը գնում է հետագա բնակության համար ԼՂՀ սահմաններից դուրս գալուն, ապա ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, թե ինչ ժամկետով: Եթե դա կապված է մշտական բնակություն հաստատելու նպատակով այլ պետություն մեկնելուն, ապա, բնականաբար, ծագում է քաղաքացիության հարցը: ԼՂՀ քաղաքացիությունից հրաժարվելու ընթացակարգը օրենսդրությամբ կարգավորված է: Եթե խոսքը դրա մասին չէ (այսինքն՝ գրանցումից ժամանակավոր հանելու մասին է), ապա ընթացակարգը հետևյալն է. հարկ է դիմել անձնագրային ծառայությանը՝ ըստ բնակության վայրի, որտեղ էլ պիտի իրականացվի գրանցումից հանումը՝ համապատասխան փաստաթղթի՝ մեկնման թերթիկի տրամադրմամբ: Գրանցումից հանումը անհրաժեշտ է այլ երկրում հետագա գրանցման հիմք ունենալու համար:

Զինապարտները պարտավոր են նախ դուրսգրվել զինվորական հաշվառումից և հետո միայն դիմել անձնագրային ծառայություն: Ինչ վերաբերում է ԼՂՀ-ում գրանցվելուն, ապա այդ իրավունքից կարող են օգտվել նաև այլ պետությունների քաղաքացիներ: ԱՊՀ երկրների մեծ մասի քաղաքացիների համար այդ իրավունքը ոչ մի կերպ չի սահմանափակվում, իսկ մերձբալթյան երկրների ու Թուրքմենստանի քաղաքացիները կարող են գրանցում ստանալ մեկ տարվա ժամկետով՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ, քանի որ նշված երկրներն ունեն այցագրային սահմանափակումներ: Ընդ որում, արտասահմանցիները չեն կորցնում իրենց քաղաքացիությունը: Այսինքն՝ ցանկացած մարդ, անկախ իր ունեցած քաղաքացիությունից, կարող է բնակություն հաստատել ԼՂՀ-ում (բնականաբար՝ գրանցում ստանալով): Իսկ ցանկության դեպքում էլ կարող է ստանալ ԼՂՀ քաղաքացիություն, եթե հրաժարվի իր ունեցած քաղաքացիությունից:

Գրանցման ընթացակարգը մեզ մոտ այսպիսին է: Քաղաքացին պիտի գրանցումից հանվի բնակության վայրից և ստանալով մեկնման թերթիկը՝ այն ներկայացնի անձնագրային ծառայություն (ըստ բնակության վայրի):

Ինչ վերաբերում է Ձեզ առնչվող կոնկրետ դեպքին առ այն, որ Ձեր որդին, հեռանալով ԼՂՀ-ից, փոխել է բնակության վայրը, ստացել այլ պետության քաղաքացիություն և գրանցվել այնտեղ, ապա նա դա արել է, Ձեր խոսքերով ասած՝ օրենքը շրջանցելով: Այսինքն՝ նա և այն մարդիկ, ովքեր նրան օգնել են, օրենքներ են խախտել, ընդ որում՝ և մեր, և այնտեղի օրենքները: Այլ կերպ ասած՝ առանց բնակության վայրից գրանցումից հանելու չի թույլատրվում նոր գրանցում:

Դուք նաև հարցնում եք, թե ինչ պիտի անել տվյալ պարագայում, երբ նա փաստորեն ունի գրանցում մեզ մոտ, և նրա համաձայնությունը պետք է բնակարանը սեփականաշնորհելու համար: ԼՂՀ օրենսդրության, մասնավորապես՝ Բնակարանային օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ անձի բնակտարածքի իրավունքը կորցրած է համարվում այն դեպքում, եթե առանց հարգելի պատճառի նա չի եղել բնակության վայրում ավելի քան վեց ամիս: Ընդ որում, նման որոշում կարող է ընդունել դատարանը: Այսինքն՝ Ձեր որդին, բնակության վայրից դուրս չգրվելով և  հեռանալով ԼՂՀ-ից, այնուամենայնիվ, ըստ գործող օրենսդրության, դեռևս չի կորցրել բնակտարածքի իրավունքը, քանի որ չկա դատարանի համապատասխան որոշում:

Իսկ եթե Դուք ուզում եք օրինական ճանապարհով լուծել բնակության վայրից նրա գրանցումից հանելու հարցը, ապա պիտի հայցադիմումով դիմեք դատարան և ներկայացնեք համապատասխան փաստաթղթեր, որոնք կարող են ապացուցել, որ նա ավելի քան վեց ամիս բացակայել է բնակության վայրից:

Վերոնշյալից բխում է նաև Ձեր մյուս հարցի (բնակարանի սեփականաշնորհման կարգի մասին) պատասխանը: ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածը մարդկանց տալիս է վարձակալվող բնակարանում ապրելու իրավունք, և բնակարանի սեփականաշնորհման հարցի ծագման դեպքում, բնականաբար, անհրաժեշտ է բնակարանի բոլոր չափահաս բնակիչների համաձայնությունը: Տվյալ դեպքում Ձեր որդու համաձայնությունը պարտադիր է, ուստի Դուք պիտի ունենաք այդ համաձայնությունը՝ նոտարի կնիքով հավաստված:

ԼՂՀ-ում ՌԴ քաղաքացու՝ զինվորական ծառայության հնարավորության մասին հարցը ևս կհետաքրքրի թերթի ընթերցողներին: Եվ այսպես, քանի որ ցանկացած պետության (այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության) քաղաքացին որոշակի պարտականություններ ունի այդ երկրների սահմանադրության համաձայն, մասնավորապես, պարտադիր զինվորական ծառայության պարտականություն, ապա, բնականաբար, նա պիտի զորակոչվի այն երկրում, որի քաղաքացին հանդիսանում է:

 

ԻՐԱՆՈՒՄ ԿԻՐԱՐԿՎՈՒՄ Է ԿՐՈՆԱԿԱՆ
ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՁԵՌՆՏՈՒ ՕՐԵՆՔ

Իրանում ոչ մահմեդականին, այդ թվում՝ հայերին էլ են արնագին վճարելու

Ապրիլի 6-ին Իրանի դատական իշխանությունը հայտարարեց, որ իրանական տոմարով 1383-ին (տարին սկսվում է մարտի 21-ից), այդ երկրում «դիյեն» (արնագինը) տղամարդու պարագայում կազմելու է 27500-43750 դոլար, իսկ կնոջ պարագայում՝ դրա 50 տոկոսը: «Դիյեի» չափը դատական իշխանությունները որոշում են յուրաքանչյուր տարի, հաշվի առնելով կովի, ոչխարի եւ ուղտի գները տվյալ տարում, քանի որ Մոհամեդ մարգարեի ժամանակ հենց նշյալ կենդանիներով էր վճարվում արնագինը: Ուշագրավ է, որ պատմության մեջ առաջին անգամ այդ օրենքը վերաբերելու է նաեւ պաշտոնապես ճանաչված կրոնական փոքրամանություններին, այդ թվում՝ հայերին: Սա եւս Իրանի նախորդ գումարման խորհրդարանի նվաճումներից պետք է համարել:

Իրանի խորհրդարանն ունի 290 անդամ, որոնցից 5-ը՝ երկրի Սահմանադրության համաձայն, կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, ընդ որում՝ 2 հայ, 1 զրադաշտական, 1 հրեա, 1 ասորի եւ քաղդեացի՝ համատեղությամբ: 2000թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 6-րդ գումարման խորհրդարանում, որտեղ մեծամասնություն էին կազմում բարենորոգիչները, կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները ստեղծված նպաստավոր պայմաններն օգտագործեցին իրենց հուզող հարցերի արծարծման նպատակով: Խորհրդարանի ձեւավորումից անմիջապես հետո նրանք ձեռնամուխ եղան լուծելու կրոնական փոքրամասնությունների համար խիստ կարեւոր հարցի՝ «դիյեի» (արնագնի) անհավասարության հարցը: Թեեւ Իրանի Սահմանադրության 19-րդ հոդվածում հստակորեն նշվում է, որ «իրանցիները՝ անկախ իրենց ազգային ու ցեղային պատկանելությունից, օրենքի առաջ հավասար են, եւ մաշկի գույնը, ծագումը կամ լեզուն եւ այդօրինակ այլ հատկանիշները չեն կարող արտոնության հիմք լինել», այդուհանդերձ՝ 1991թ. Իրանի խորհրդարանում հաստատված քրեական օրենսգրքում ակնհայտորեն խտրականություն է  նախատեսվել ոչ մահմեդական իրանցիների նկատմամբ:

Մասնավորապես, մարդկային կորստի հանգեցնող ներքոբերյալ երեք դեպքերի առնչությամբ օրենքով նախատեսված պատժից զատ, մեղավորը պարտավոր է նաեւ համապատասխան արնագին վճարել. ա) բացարձակ սխալմունքի դեպքում, ինչը մարդկային կորուստների պատճառ է դարձել, բ) ոչ դիտավորյալ սպանության դեպքում, օրինակ՝ ավտովթար, գ) դիտավորյալ սպանություն: Սակայն այս ամենը վերաբերում էր մահմեդական տղամարդուն կամ կնոջը, իսկ ոչ մահմեդականի դեպքում օրենքը ոչ մի հատուցում չէր նախատեսում՝ ոչ պատժի եւ ոչ էլ «դիյե» վճարելու տեսքով: Հավելենք, որ «դիյեի» վճարումից հետո, եթե տուժածի եւ ամբաստանյալի ընտանիքների միջեւ համաձայնություն է ձեռք բերվում՝ ամբաստանյալն ազատվում է պատիժը կրելուց: Օրինակ, եթե ոչ մահմեդականի ձեռքով կյանքից զրկվում է մահմեդականը, ապա նա պարտավոր է օրենքով սահմանված պատիժը կրել (դիտավորության դեպքում՝ մահապատիժ) եւ վճարել համապատասխան արնագին: Իսկ հակառակ պարագայում, այն է՝ երբ մահմեդականը սպանում էր ոչ մահմեդականին, հանցագործը ոչ միայն ըստ օրենքի որեւէ պատիժ չէր կրում, այլեւ չէր վճարում արնագինը: Նման խտրականությունն իր արտացոլումն էր գտել քրեական օրենսգրքի բոլոր հոդվածներում ու դրույթներում:

Սակայն Իրանի Սահմանադրության մեջ ամրագրված է մի սկզբունք, որի համաձայն՝ եթե խորհրդարանում հաստատված օրենքների առնչությամբ հարց է ծագում,  ապա այն լուծելու նպատակով պետք է դիմել բարձրաստիճան հոգեւորականների համախոհությանը, ինչը նշանակում է, որ պիտի լինի մեծաթիվ բարձրաստիճան հոգեւորականների համակարծությունը տվյալ հարցում: Իսկ խնդրո առարկայի դեպքում հոգեւորականների համախոհությունը հետեւյալն է՝ սուրբ գիրք ունեցող կրոնական փոքրամասնությունների (քրիստոնյաներ, հրեաներ եւ զրադաշտականներ) համար անհրաժեշտ է նախատեսել մահմեդականի դեպքում օրենքով սահմանված «դիյեի» 8 տոկոսը, ասել է թե՝ նշյալ փոքրամասնությունների անդամ կնոջ դեպքում՝ 4 տոկոս, որովհետեւ մահմեդական կնոջ «դիյեն» մահմեդական տղամարդու արնագնի 50 տոկոսն է կազմում:

Իրանի նախորդ խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներն այդ խտրականությունը վերացնելու ուղղությամբ իրենց գործադրած ջանքերի շրջանակներում 2001թ. հանդիպում են ունեցել երկրի նախագահ Մոհամեդ Խաթամիի հետ և ըստ ամենայնի կարեւորել այդ հարցի լուծումը: Այնուհետեւ, նախագահի կարգադրությամբ կազմվել է փոքրամասնությունների հարցերն ուսումնասիրող հատուկ կոմիտե, որին անդամակցում էին այն նախարարությունների ներկայացուցիչները, որոնք այս կամ այն կերպ առնչվում էին փոքրամասնություններին վերաբերող հարցերին: Փոքրամասնությունների պատգամավորները նշյալ կոմիտեի քննարկմանն են ներկայացրել նախ եւ առաջ «դիյեի» հարցը, կոմիտեն էլ իր հերթին այդ մասին զեկուցագիր է ներկայացրել նախագահ Խաթամիին: Վերջինս հարցի ուսումնասիրությունը հանձնարարել է արդարադատության նախարարությանը, որից հետո դատական իշխանության գերագույն խորհուրդը, դատական իշխանության ղեկավար Հաշռուդիի գլխավորությամբ, որոշում ընդունեց սուրբ գիրք ունեցող փոքրամասնությունների եւ մահմեդականների «դիյեի» հավասարության վերաբերյալ:

Այս առնչությամբ Իրանի փոխնախագահ Աբթահին, որ զբաղվում է խորհրդարանական հարցերով, հայտարարեց, թե կառավարությունը համաձայնել է «դիյեի» հավասարությանը՝ դրա չարաշահումները կանխարգելելու նպատակով, ինչը նշանակում է, թե այլևս բացառվում է, որ չարագործ մահմեդականները կարող են սպանել կամ մարմնական վնաս պատճառել փոքրամասնությունների ներկայացուցիչներին եւ որեւէ պատասխանատվություն չկրել:

Կառավարությունը, խնդրի լուծման նպատակով, համապատասխան օրինագիծ ներկայացրեց խորհրդարան, որը հաստատվեց, սակայն, ինչպես և ենթադրվում էր, արժանացավ Սահմանադրության պահապան խորհրդի (ՍՊԽ) վետոյին՝ շարիաթի օրենքներին հակասելու պատճառաբանությամբ: Նման դեպքերում Սահմանադրությունը խորհրդարանին իրավունք է վերապահում խնդիրը լուծել Վարչակարգի շահերը բնութագրող ասամբլեային (ՎՇԲԱ) դիմելով: Վերջինս, ինչպեսև ՍՊԽ-ն, պահպանողական կողմնորոշում ունենալով՝ այստեղ արծարծվող հարցերը հիմնականում լուծում էր հօգուտ ՍՊԽ-ի: Այսպես թե այնպես, խորհրդարանում հաստատված «դիեյի» օրինագիծը 2003թ. դեկտեմբերի 7-ին քննարկման առարկա դարձավ ՎՇԲԱ-ում, որն էլ, հաշվի առնելով Այաթոլա Խամենեի դրական կարծիքն այս հարցում, հաստատեց օրինագիծը: Այնուհետեւ, իբրեւ ծանոթագրություն, այն հավելվեց քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածին եւ այժմ կյանքի է կոչվում:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐԱՆԻՑ ԿՐԿԻՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԷԺԱՆԱՑՆԵԼ ԳԱԶԸ

Ապրիլի 14-ին Իրանի էներգետիկայի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հաստատելով, որ Թուրքիայի կառավարությունը պահանջում է այդ երկիր արտահանվող գազի գները կրկին իջեցնել, շեշտել է, որ Անկարան դա լոկ պատճառաբանում է նրանով, որ Ռուսաստանից ներմուծվող գազի գինն ավելի էժան է իրանական գազի համեմատությամբ: Նշենք, որ նույն պատճառաբանությամբ Անկարան Թեհրանին նման պահանջ էր ներկայացրել դեռեւս մարտի սկզբներին, որից հետո Թուրքիայի էներգետիկայի նախարարն Իրան այցելեց՝ խնդիրը իրանական կողմի հետ քննարկելու նպատակով: Սակայն, եթե այսօր Անկարան կրկին օրակարգ է մտցնում այդ հարցը, ապա, ըստ երևույթին, ապարդյուն են անցել թեհրանյան բանակցությունները: Ի դեպ, Թուրքիայի վիճակագրական կենտրոնի տվյալներով՝ Թեհրան-Անկարա տնտեսական կապերի ծավալը 2003-ին աճել է 90 տոկոսով, կազմելով 2 միլիարդ 380 հազար դոլար, ընդ որում՝ իրանական ապրանքներ, հիմնականում գազ, Թուրքիա է ներմուծվել 1 միլիարդ 850 հազար դոլար արժողությամբ, Իրանը գնել է 524 միլիոն դոլարի թուրքական ապրանքներ:

Հարկ է նշել, որ Թուրքիան ներմուծվող գազի գների իջեցման պահանջ ներկայացրել էր նաեւ 2003-ի հոկտեմբերին, ինչը մերժվեց: Իրանի Ազգային գազի ընկերության գլխավոր տնօրեն Մոհամեդ Մալայեքին շեշտել էր, որ Թեհրանը բնավ էլ չի պատրաստվում վերանայել Թուրքիա գազ արտահանելու պայմանագիրը, հավելելով, որ Իրան-Թուրքիա պայմանագիրը երկարաժամկետ է, եւ որ Թուրքիան չի կարող գազի գների բարձր լինելու պատրվակով հրաժարվել պայմանագրային իր պարտավորություններից: Այդ ժամանակ արեւմտյան ԶԼՄ-ները հայտնում էին, թե Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել ավելի ձեռնտու գներով գազ վաճառելու վերաբերյալ, եւ հենց այդ հանգամանքով էին բացատրում Թուրքիայի կողմից թուրք-իրանական պայմանագրի վերանայման պահանջը, ինչն այսօր արդեն Անկարան է խոստովանում:

2002թ. հունվարի 22-ին, երկու տարի ուշացումով, պաշտոնապես շահագործման հանձնվեց Իրան-Թուրքիա գազատարը: Նամդար Զանգանեն այս առիթով ընդգծել էր, որ սա առաջին քայլն է իրանական գազը Եվրոպա արտահանելու ճանապարհին: Մինչդեռ Թուրքիան, ըստ երեւույթին, տարբեր պատճառաբանություններով ձգտում է ձերբազատվել այդ պայմանագրից:

Իրան-Թուրքիա գազատարի գործարկումը, փաստորեն, տեղի ունեցավ Իրանի վճռականությամբ եւ զանազան սպառնալիքների ներքո, ինչն արտաքուստ պայմանավորված էր նաեւ Թուրքիայի համար տնտեսապես ավելի նպատակահարմարությամբ եւ ռուսական գազից կախվածության նվազումով (այսօրվա դրությամբ Թուրքիայի գազի պահանջարկի 74 տոկոսն ապահովում է Ռուսաստանը): Միաժամանակ գազատարի գործարկմամբ Թուրքիան ձգտում էր 250 միլիոն դոլար տուգանք վճարելուց խուսանավել, ինչը, թեւրեւս, հաջողվեց նրան:

Սակայն 2002-ի ամռանը Անկարան իրանական գազի հոսքը դեպի Թուրքիա ընդհատեց դրա ցածրորակության պատճառով: Թեեւ իրանցի փորձագետները չբացառեցին իրանական գազի վատորակ լինելու հավանականությունը, այսուհանդերձ, առավել հավանական էին համարում Անկարայի այդ քայլի այլ դրդապատճառներ: Թուրքիան ընդգծում էր, որ Թեհրանը պետք է փոխի Անկարայի նկատմամբ քաղաքականությունը,  և այդ նպատակով գործի էր դնում իր տրամադրության տակ գտնվող տնտեսական լծակները: Մասնավորապես, Թուրքիան ձգտում է Իրանից ռազմավարական նշանակության ապրանքներ չգնել, ինչի արդյունքում Թեհրան-Անկարա տնտեսական փոխհարաբերություններն ընթանում են ի շահ վերջինիս:

Ավելացնենք նաեւ, որ եթե անգամ իրանական գազը որակով զիջի միջազգային ստանդարներին, ապա հաշվի առնելով, որ Թուրքիան իրանական գազը գնում է միջազգային գներից շուրջ 40 տոկոսով ցածր, ապա այն, միևնույն է, տնտեսապես ձեռնտու է իրեն: Ուստի, կարելի է ենթադրել, որ Թուրքիայի այդօրինակ վերաբերմունքի հարցում կարեւոր դեր են խաղում այլ, առավելապես քաղաքական դրդապատճառներ: Բացի դրանից, իրանական գազի միջոցով Թուրքիան գործնականում Ռուսաստանին զրկում է մենաշնորհից, ուստի այժմ վերջինս Իրանի հետ մրցակցելով ձգտում է Իրանին դուրս մղել Թուրքիայի գազի շուկայից, ինչը համահունչ է նաեւ ԱՄՆ քաղաքականությանը, իսկ արդյունքում շահում է Թուրքիան:

1996թ. օգոստոսի 10-ին Թեհրանում, Թուրքիայի իսլամիստ վարչապետ Նաջմըթին Էրբաքանի այցի ընթացքում, Իրանից Անկարայի համար տնտեսապես խիստ ձեռնտու (23 միլիարդ դոլար արժողությամբ) պայմաններով գազ գնելու վերաբերյալ 22-ամյա պայմանագիր կնքվեց, որի համաձայն՝ առաջին փուլում տարեկան 3 մլրդ խմ. գազ է ներմուծվելու Թուրքիա, իսկ հետագայում՝ տարեկան մինչեւ 10 մլրդ. խմ.: Ըստ պայմանագրի, Իրան-Թուրքիա խողովակաշարի կառուցումը պետք է ավարտվեր 1999թ. վերջին եւ 2000թ. հունվարին շահագործման հանձնվեր, ինչը տեղի չունեցավ: Քանզի Թուրքիան, առավելապես քաղաքական դրդապատճառներով, թերացավ պայմանագրային իր պարտավորությունները կատարելու մեջ, հետեւաբար՝ խողովակաշարի թուրքական հատվածի կառուցումը չավարտվեց: Իրանը, որին հաջողվել էր պայմանագրով նախատեսված ժամկետներում կառուցել եւ շահագործման հանձնել խողովակաշարի իրանական հատվածը, Թուրքիայից տուգանք պահանջեց պայմանագրով նախատեսվածին համապատասխան՝ 120 միլիոն դոլար, որը համարժեք էր առաջին փուլում (տարեկան 3 մլրդ խմ.) արտահանվելիք գազի գնին: Ահա թե ինչու 2000թ. հունվարին Թեհրան շտապեց Թուրքիայի էներգակիրների խողովակաշինության պետական «Բոթաշ» ընկերության տնօրեն Յարդինը և դժվարին բանակցությունների արդյունքում նոր պայմավորվածություններ ձեռք բերեց, այն է՝ պայմանագրի ժամկետը 22-ից դարձավ 25 տարի, ավելացավ նաեւ արտահանվող գազի քանակը՝ 228 միլիարդ խմ., իսկ արտահանումը պետք է սկսվեր 2001թ. հուլիսի 30-ից:

Սակայն Թուրքիան ոչ միայն չկատարեց ձեռքբերված պայմանավորվածությունները, այլեւ Իրանին մեղադրեց սահմանային հատվածում չափիչ կայանը միջազգային չափանիշներով չկառուցելու մեջ:  Իրանն անհիմն համարեց նման մեղադրանքը և հերքեց այն: Այնուհետեւ, Թուրքիան մի քանի անգամ էլ  դրժելով տված խոստումները, ձգտեց հնարավորության սահմաններում ձգձգել գազատարի շահագործման հանձնումը: Ավելին,  2001թ. օգոստոսի 21-ին Թուրքիան հայտարարեց, թե լավագույն դեպքում Իրանից գնելու է պայմանագրով նախատեսվածի ընդամենը 50 տոկոսը: Անկարայի այդօրինակ վերաբերմունքն ու հայտարարություններն առնվազն նշանակում էին, որ Իրանից գազ գնելու հարցում այդ երկիրը շահագրգիռ չէ: Դիրքորոշում, որում ԱՄՆ-ն բնավ էլ երկրորդական դեր չուներ, քանի որ ի սկզբանե դեմ էր թուրք-իրանական խնդրո առարկա պայմանագրի ստորագրմանը: Թուրք քաղաքական գործիչներից ոմանց խոստովանությամբ, Վաշինգտոնն Անկարայի վրա ճնշում գործադրելով, պահանջում էր հրաժարվել պայմանագրից:

Ահա թե ինչու Թեհրանը՝ գազատարի շահագործման հետաձգումների պատճառը քաղաքական համարելով, Թուրքիային սպառնաց, որ եթե վերջինս չկատարի իր պայմանագրային պարտավորությունները, ապա Իրանը հարցի լուծման նպատակով կդիմի միջազգային օրենքներին: Իսկ Անկարան գիտակցում է, որ եթե այս անգամ էլ հրաժարվի իր խոստումներից, հարկադրված կլինի տուգանք վճարել պայմանագրով նախատեսված ներմուծվելիք գազի գնի չափով: Եւ քանի որ Թեհրանը խիստ վճռական էր տրամադրված, իսկ չափիչ կայանի միջազգային ցուցանիշների համապատասխան չլինելու պատրվակն էլ արդեն սպառել էր իրեն, Թուրքիան հարկադրված իրագործեց պայմանագիրը, սակայն ոչ մի առիթ բաց չի թողնում այն սառեցնելու կամ Թեհրանին նոր պահանջներ ներկայացնելու համար:

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ. ՄԱՐԴԿԱՅԻՆ ՃԱԿԱՏԱԳՐԵ՞Ր, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ

Ղարաբաղյան հակամարտության տարիներին առաջին հայ փախստականները Արցախ են եկել սումգայիթյան ջարդերից հետո: Սումգայիթից հետո հայաթափվեցին Բաքուն, Գանձակը, Մինգեչաուրը, Ադրբեջանական ԽՍՀ այլ քաղաքներ: Զուգահեռաբար Հայաստանից և Արցախից հեռացան ադրբեջանցիները: Եվ եթե հայերի նկատմամբ գործադրվել են բռնություններ (այդ մասին վկայում են պատմական փաստաթղթերը), եթե մեր հայրենակիցներից շատերն Ադրբեջանում թողել են իրենց տներն ու ունեցվածքը, ապա ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել փոխանակելու և’ տները, և’ տեղափոխելու ունեցվածքը: Մյուս կողմից, եթե հայերը բազմաթիվ զոհեր ու վիրավորներ են ունեցել Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած ջարդերի ժամանակ, ապա ադրբեջանական ջարդեր ո’չ Հայաստանում, ո’չ էլ Արցախում տեղի չեն ունեցել:

Թեև հայկական կողմն ավելի շատ է տուժել, քան ադրբեջանականը, սակայն Ադրբեջանում, Հայաստանում ու Արցախում վարած քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ ղարաբաղյան հարցի կարգավորման ժամանակ որպես քաղաքական փաստարկ օգտագործվում է ադրբեջանական փախստականների հարցը, իսկ հայ փախստականները մոռացության են մատնված:

Անհեթեթությունն ակնհայտ է: Ի՞նչ է ստացվում՝ Բաքուն, ունենալով հեռագնա նպատակներ, պլաններ, ստեղծել է հատուկ ճամբարներ, որտեղ արդեն 15 տարի պահում է, իր ասելով, 1 մլն փախստական: Երևանն ու Ստեփանակերտը, չցանկանալով շահարկել մարդկանց ճակատագրերը, հնարավորության սահմաններում տեղավորել են փախստականներին: Ստացվում է՝ ադրբեջանցի փախստականներ կան, իսկ հայ՝ ոչ:

Մյուս կողմից՝ եվրոպական չինովնիկները, խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, վերջերս շարունակ առաջ են քաշում փախստականների վերադարձի հարցը: Որտե՞ղ են վերադառնալու ադրբեջանցի փախստականները: Արցա՞խ: Բայց չէ՞ որ նրանք բոլորն Արցախից չեն փախել: Ադրբեջանական տվյալներով, ԼՂԻՄ-ում և ազատագրված տարածքներում միասին վերցված եղել է ընդամենը 300 հազար ադրբեջանցի: Մոտ 160-170 հազարը (դարձյալ ադրբեջանական տվյալներով) տեղափոխվել է Հայաստանից: Շարժման սկզբում Արցախ է տեղափոխվել մոտ 75 հազար հայ (ԼՂՀ փախստականների հարցերով վարչության տվյալներով), որից այսօր ԼՂՀ-ում որպես փախստական գրանցված է մոտ 25 հազար մարդ:

Համեմատելով այս տվյալները և լսելով եվրոպացիների կոչերը փախստականների փոխվերադարձի վերաբերյալ, կարելի է ենթադրել, որ ինչ-որ ուժեր փորձում են Արցախում ժողովրդագրական աղետ առաջացնել, որի հետևանքները դժվար չէ պատկերացնել:

Այս ամենից տրամաբանորեն ծագում են մի շարք հարցեր: Առաջին՝ ճի՞շտ են վարվել հայկական իշխանությունները՝ գոնե նվազագույն պայմաններով ապահովելով տեղահանված մարդկանց, երկրորդ՝ կցանկանա՞ն, արդյոք, հայ փախստականները վերադառնալ բնակության նախկին վայրերը և, երրորդ՝ ի՞նչ են ձեռնարկում այսօրվա իշխանությունները փախստականների վերադարձի անհնարինությունն ու աննպատակահարմարությունը միջազգային հանրությանը բացատրելու համար: Հասկանում են, արդյո՞ք, հեռու եվրոպաներում, որ 25 000 կամ 300 000 թվերի հետևում մարդկանց ճակատագրեր են:

Արկադի Մարտիրոսյան (Սումգայիթի նախկին բնակիչ, Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ) – Սումգայիթում բնակվում էի 3-սենյականոց բնակարանում (Նարիմանովի 3, բն. 42): Երբ մեր բնակարանը հրկիզել են, ողջ ընտանիքով տանն էինք: Սպանված մարդիկ, ավերված տներ ենք տեսել: Եկել ու անմիջապես աշխատանքի եմ մտել վերանորոգման-շինարարական վարչությունում: Կարելի է ասել՝ բախտս բերել է. այն ժամանակ որոշ կազմակերպություններ իրենց աշխատողների համար տներ էին կառուցում: Ստեփանակերտի Վոստոչնայա, Նաբերեժնայա, Սարիլանջ, Հայկավան թաղամասերում հիմա հիմնականում նախկին սումգայիթցիներ և բաքվեցիներ են բնակվում: Մինչև մի կերպ տեղավորվեցինք, պատերազմ սկսվեց: Անդամագրվեցի սումգայիթցիների «Վրեժ» խմբում, որի հրամանատարն էր Յուրա Հակոբյանը: Նրա զոհվելուց հետո ես եմ ղեկավարել խումբը: Չորս անգամ վիրավորվել եմ:

Սումգայիթ վերադառնալու մասին խոսք անգամ չի կարող լինել: Մենք այնտեղ մահ ենք տեսել: Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, մենք այդպես էլ ոչինչ չենք ստացել, չնայած նույնիսկ խորհրդային դատախազությունն է հաշվարկել, որ մեր ընտանիքը 17 հազար ռուբլի վնաս է կրել:

Փախստականների մեծ մասը մասնակցել է պատերազմին, շատերը զոհվել են: Այդքանից հետո և’ մենք ենք մոռացել, որ փախստական ենք, և’ պետությունն է մեզ մոռացել…

Սեդա Հակոբյան (նախկին սումգայիթցի, 16 տարի բնակվում է ԱրՊՀ հանրակացարանում) – Ադրբեջանցիներն, իհարկե, համաձայն են վերադառնալ, որովհետև հայերից վատություն չեն տեսել: Իսկ մե՞նք: Մահ ենք տեսել Սումգայիթում: Այստեղ էլ, ճիշտ է, պայմանները վատ են: Բնակվում եմ հանրակացարանում՝ ամուսնուս հետ: Որդիներիցս մեկը Շուշիում է ապրում, մյուսը՝ Ստեփանակերտում: Մեկը վիրավորվել է պատերազմի ժամանակ, մյուսն էլ հիմա ծառայում է բանակում:

Երբ մենք տեղափոխվեցինք Արցախ, տեղի իշխանությունները մեզ համոզեցին, որ փոխանակենք տները Հայաստանի որևէ շրջանի հետ, խոստանալով մի քանի ամսվա ընթացքում մեզ բնակարան տրամադրել Ստեփանակերտում: Փոխանակեցի բնակարանս Եղեգնաձորի մի բնակարանի հետ, որը նույնիսկ չեմ տեսել: Արդեն 15 տարի է անցել՝ ոչ Եղեգնաձորում, ոչ Ստեփանակերտում բնակարան չունեմ: Այն ժամանակ շատերն են մեզ նման փոխանակել. հիմա ոչ Սումգայիթի բնակարանի տերն ենք, ոչ Հայաստանի: Իսկ եթե վաղն ասեն, թե փոխհատուցում են տալիս, Հայաստանի՞ց պետք է փոխհատուցում ուզենք: Մենք մեզ այդպես էլ փախստական չզգացինք: Սկզբում ասում էին. դուք տեղափոխվել եք մի  տեղից մյուսը նույն երկրում՝ ի՞նչ փախստական, հիմա էլ ասում են՝ հայրենիք եք վերադարձել: Չէ որ փախստականների մասին օրենք են ընդունել, չգիտեմ, կգնամ՝ կհետաքրքրվեմ:

Ֆրանգիզ (նախկին սումգայիթցի) – Հիմա միայն մեր հանրակացարանում փախստականների 30-40 ընտանիք է բնակվում: Գազ չունենք, պայմանները ինքներդ եք տեսնում: Ձեզ նման հարյուրը եկել, նկարել, գրել ու գնացել են, ի՞նչ է փոխվել: Փաստն այն է, որ մենք նույնիսկ մեր տնտեսած գումարներն ենք կորցրել. թեկուզ Սումգայիթից, ինչ թաքցնեմ, խնայգրքույկի ավանդները փոխանցվել են Ղարաբաղ, մենք այդպես էլ չենք կարողացել այդ գումարները ստանալ:

Չէ, վերադառնալը ո՞րն է, մի անգա՞մ էլ տեղահանվենք: Էդ ասողներն իրենք տեղահանված կա՞ն:

Բազմաթիվ խնդիրներ: Ինչպիսի՞ լուծում կստանան դրանք: Արդյո՞ք, հայկական դիվանագիտությունը կարողանում է պաշտպանել հազարավոր փախստականների շահերը: Դա լա՞վ է, թե՞  վատ, որ փախստականներն Արցախում փախստականի կարգավիճակ չունեն, կազմակերպություն չունեն, փախստականների մասին օրենքին ծանոթ չեն և չեն տարբերվում տեղացիներից: Մարդկային առումով՝ լավ է, քաղաքական առումով, պարզվում է՝ ոչ:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

ԵՌՕՐՅԱ  ՍԵՄԻՆԱՐ  ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ 

Ապրիլի 27-29-ը Ստեփանակերտում անցկացվեց «Լուսաբանում ենք բազմազանությունը. ինչպե՞ս հասնել տեսանելի արդյունքի» թեմայով սեմինար,  որ Ստեփանակերտի մամուլի ակումբի հետ համատեղ կազմակերպել էր «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» (ԲՏԻ) բրիտանական կազմակերպությունը: Սեմինարին մասնակցում էին ԲՏԻ տնօրեն Միլիցա Պեշիչը, համակարգող Արթուր Պապյանը, փորձագետներ Ադամ Ջեյմսը՝ Մեծ Բրիտանիայից և Էլինա Պողոսբեկյանը՝ Երևանի մամուլի ակումբից: Արցախցի 13 լրագրողներ երեք օրվա ընթացքում տեսական նյութերի, դերային խաղերի ու զանազան հանդիպումների ու բանավեճերի միջոցով ծանոթացան բազմակողմանի տեղեկատվության սկզբունքներին, էթնիկական և այլ բազմազանության խնդիրներին: Փոքրամասնություններ ներկայացնող արցախյան մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ լրագրողները քննարկեցին համագործակցության և դրա միջոցով նրանց հիմնախնդիրներն առավել հանգամանորեն լուսաբանելուն առնչվող հարցեր:

Լրագրողների առջև դրված ամենակարևոր խնդիրներից մեկն իրենցից էապես տարբերվող մարդկանց մասին գրելն է: Հաճախ լրագրողի դերը տվյալ անձի դիրքորոշումները, գաղափարները կամ աշխարհայացքը ճշգրիտ կերպով ներկայացնելն է, նույնիսկ, եթե այդ անձը տարբերվում է իր էթնիկ պատկանելությամբ, հավատքով, սեռական հակվածությամբ, սոցիալական կամ տնտեսական կարգավիճակով և, նույնիսկ, երբ հիշյալ տարբերությունները շոշափելի են:

Սեմինարում նշվեց, որ այնպիսի տարածաշրջաններում, որտեղ սոցիալական և էթնիկ միավորները տարանջատվել են ամենատարբեր համայնքների, նպատակին հասնելը կարող է հատկապես դժվարհասանելի լինել, բայց, այնուամենայնիվ, ոչ անհնար: Եվ եթե լրագրողները ձգտում են նպաստել իրենց հասարակության հաշտեցմանն ու առողջացմանը, նրանց խնդիրն է գործադրել բոլոր հնարավոր միջոցները, հաստատելու «ուրիշների» նկատմամբ փոխվստահության և հանդուրժողականության մթնոլորտ, չհանդիսանալով կասկածի ու թերահավատության խթան:

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՔՍԻՄ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ

Օրերս Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդիսավորությամբ նշվեց ԼՂՀ բարձրագույն պարգևով՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևի արժանացած գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի ծննդյան 70-ամյակը:

Երեկոն բացեց ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը: Նշվեց, որ Մաքսիմ Հովհաննիսյանն այն մտավորականն է, որը միշտ եղել է առաջին գծում՝ թե’ 1965-ին, երբ մեր երևելի մտավորականների հետ միասին իր ստորագրությունը դրեց Արցախը մայր Հայաստանին վերամիավորելու նամակ-պահանջարկի տակ, թե’ 1988-ին, երբ դարձավ համաժողովրդական շարժման գաղափարական խոսնակի՝ երկրամասի գլխավոր թերթի խմբագիրը:

Մ. Հովհաննիսյանը հեղինակ է «Իմ հին լորենի», «Գարնան կարոտ», «Գյուղացի մարդիկ», «Եվ սիրտն ասաց», «Նարնջագույն գիշերներ», «Շոգ», «Գնում ենք արևին դիմավորելու», «Արցախ իմ, ցավ իմ» ժողովածուների, իսկ «Մենք» գրքի համար 1990 թ. արժանացել է Հայաստանի գրողների միության Դ. Դեմիրճյանի անվան մրցանակին, «Գնում ենք արևին դիմավորելու» ժողովածուի համար՝ ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակին:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արարատ Դանիելյանն ընթերցեց ԼՂՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի ուղերձը՝ հոբելյարին:

ԼՂՀ ՊԲ հրամանատարի դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ Վլադիկ Խաչատրյանը հրապարակեց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանի ուղերձը և հոբելյարին նվիրեց թուր՝ որպես խորհրդանիշ նժդեհյան պատվիրանի՝ գրչով և սրով: Բանախոսն ընդգծեց այն միտքը, որ արցախյան պատերազմին զինվորագրվել է նաև արցախյան գրականությունը: «Յուրաքանչյուր լավ գիրք, հաջողված ստեղծագործություն, որն արտացոլում է արցախապահպան ոգին, նաև բանակինն ու զինվորինն է»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Հոբելյարին ողջունեցին ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կրթության և գիտության վարչության պետ Արկադի Թովմասյանը, ԱրՊՀ դասախոս, բանաստեղծ Սոկրատ Խանյանը, «Ազատ Արցախ» թերթի խմբագրի տեղակալ Նվարդ Ավագյանը, ՀՀ ԳՄ անդամ Ալիս Հովհաննիսյանը, արձակագիր Կոմիտաս Դանիելյանը և ուրիշներ:

«Արցախ իմ, ցավ իմ» ժողովածուն հայ արձակի մնայուն էջերից է, ինքնախոստովանություն երկրին և արցախցուն, որտեղ միահյուսվում են գրողը, լրագրողն ու հրապարակախոսը»,- իր խոսքում ընդգծեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդգես Բաղրյանը:

Մեծարման երեկոյին էկրանից ողջույնի խոսքեր հնչեցին Հայաստանից՝ գրողներ Լևոն Անանյանի, Արտեմ Հարությունյանի, Էդուարդ Միլիտոնյանի և Հովհաննես Գրիգորյանի կողմից: Ելույթներին համընթաց հնչեցին երգեր և բանաստեղծություններ, ընթերցվեցին հատվածներ Մաքսիմ Հովհաննիսյանի արձակ ստեղծագործություններից:

Երեկոյի եզրափակիչ մասում հոբելյարը միջոցառմանը մասնակցելու համար իր երախտագիտությունը հայտնելով ներկաներին, ասաց. «Մենք երջանիկ սերունդ ենք, քանի որ ի զորու եղանք ստեղծել այն հիմքը, որի վրա բարձրանում է Արցախ աշխարհը: Մենք միասին պատմություն ենք կերտել և կերտում ենք. դա մեր պատմական մեծ առաքելությունն է: Մենք հեռու վանեցինք օտարին, կերտեցինք այս երկիրը՝ ապացուցելով ու հաստատելով, որ Տերն ենք այս երկրի, ուստի և Տիրոջ իրավունքով կհասնենք վերջնական հաղթանակին»:

Երեկոյին ներկա էին նաև ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, մտավորականներ և ուսանողներ:

Մշակույթի բաժին

Նրա պատմվածքը կյանքի շարժումից, կյանքի անկանգ ընթացքից պոկված մի բեկոր է ասես, հաճախ նույնիսկ իր նախնական անխառն տեսքով երևացող: Այնքան բնական, այնքան հավաստի՝ թվում է՝ նրա վրա չկա գրողի ճիգը, մտքի, երևակայության լարումը: Իր աշխարհի հանգույն, իր աշխարհի շնչով է ապրում Մ. Հովհաննիսյանը, ստեղծում պայծառ գործեր, ընթերցողին պարգևում հոգևոր ինքնամաքրումի ու ինքնաճանաչողության պայծառ պահեր:

Սևակ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ակադեմիկոս

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ-80

Սոկրատ ԽԱՆՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

2004 թվականը մեծանուն Պարույր Սևակի հոբելյանական տարին է, ասել է թե՝ նորագույն շրջանի հայ պոեզիայի մի նոր աստիճանի վերաարժեքավորման աննախընթաց առիթ, այն առումով, որ Պարույր Սևակը մեր դարավոր չափածոյի՝ դեպի հավերժություն տանող հրթիռի նոր՝ չորրորդ աստիճանն է – Գ. Նարեկացուց, Հ. Թումանյանից, Ե. Չարենցից հետո: Այս հրթիռված հսկաների մեծ ժառանգորդն է Պ. Սևակը, որը նախ խորհրդակցեց ինքն իր հետ, ճանաչեց իրեն, հաստատեց բանաստեղծ լինելու աստվածանվեր իր հանճարը, իր նախորդների պես դարձավ ջահակիր ու խորհրդատու, պայմանավորելով հայոց բազմերանգ բանաստեղծության նոր հորիզոնների մարգարեական կռահումները, իմաստուն խորհուրդները:

Պ. Սևակը իր ժամանակակից գրչեղբայրների մեջ նման էր միայն իրեն, և ոչ ոք նման չէր նրան: Ինչքան իր մեծությունն էր, այնքան անմիջականությունն էր: Ինչքան հայաստանցի էր, այնքան սփյուռքահայ էր, ինչքան երևանցի էր, այնքան էլ լոռեցի կամ ղարաբաղցի էր, հայ էր բուն իմաստով, հայ էր ոչ միայն գենի թելադրանքով, այլև աշխարհասփյուռ հայության ցավերին ու ակնկալիքներին արձագանքելու և կոնկրետ օգնելու իմաստով: Այս համոզմունքը իմ և իմ արցախցի գրչընկերների մեջ առաջացել է 1960-ական թթ. սկզբից, երբ Պ. Սևակը այցելում էր Բաքու, Արցախ, հանդիպումներ ունենում հայ գրողների հետ, առիթներն օգտագործում քննարկելու ժամանակակից պոեզիայի վիճակն ու հեռանկարային հիմնախնդիրները:

Պ. Սևակի այցելությունը Բաքու մեզ համար վերածվում էր ազգային-մշակութային տոնի: Համախմբվում էինք նրա շուրջը, համեստորեն ներկայացնում մեր բանաստեղծությունները, լսում նրա կարծիքը, հուզվում: Պ. Սևակի դիտողությունները վերածվում և դառնում էին 20-րդ դարի երկրորդ կեսի հայ բանաստեղծության կառուցվածքի, փիլիսոփայության գնահատման ուղենիշային դասեր:

Բերենք Պ. Սևակի որոշ խորհուրդները «Խորհրդային գրող» («Գրական Ադրբեջան») նրա գրախոսությունների և նամակների հիման վրա:

1961թ. հանդեսի տեսական-քննադատական բաժնում արժե հիշատակել բանաստեղծ-արձակագիր Մ. Սարգսյանի «Բաց նամակ ընկ. Դանիել Գևորգյանին» (1961, հ.1), լեզվաբան Խ. Մեսրոպյանի «Գրողի լեզվաոճական վարպետության մի քանի հարցերի շուրջ» (1961, հ. 4) հոդվածները: Առաջինում հեղինակը վերլուծում և գնահատում է բանաստեղծ Դ. Գևորգյանի «Բաբախումներ» ժողովածուն, իսկ երկրորդ հոդվածում Խ. Մեսրոպյանը անդրադառնում է գրողի լեզվաոճական առանձնահատկությունների հիմնախնդրին: Լեզվաբանը Արցախի հայ գրողների գրքերի վերլուծության հիման վրա խորհուրդ է տալիս բարձրացնել լեզվական մակարդակը, հարստացնել բառապաշարը, գրել համազգային գրական լեզվի բոլոր օրինաչափություններին համապատասխան:

Սակայն Խ. Մեսրոպյանի ուսանելի հոդվածը միանշանակ չընդունվեց: Հանդես եկավ բանաստեղծ Սամվել Քնարունին՝ «Երբ բացակայում է օբյեկտիվությունը» հոդվածով, որտեղ անտեղի մեղադրում է հոդվածագրին ոչ օբյեկտիվության մեջ: Հանդեսի խմբագրությունը, դիտավորյալ առանց խմբագրելու, 1962թ. թիվ 1-ում տպագրեց Ս. Քնարունու լեզվական սխալներով գրված հոդվածը, միաժամանակ տպագրելով Պարույր Սևակի պատասխանը Ս. Քնարունուն: Պ. Սևակը նախօրոք ծանոթացել էր Քնարունու հոդվածին և հանդես եկել «Եվ չգիտի, որ չգիտի» հոդվածով: Բանաստեղծը մեջբերելով «Մարդ կա՝ գիտի, որ գիտի, մարդ կա՝ գիտի, որ չգիտի, մարդ կա՝ չգիտի, որ չգիտի» իմաստուն խոսքը՝ ընդգծում է, որ գրականությամբ զբաղվելու իրավունք պիտի ունենան այն մարդիկ միայն, ովքեր «գիտեն, որ գիտեն»: Ուրիշ հարց է, թե այդ իրավունքը չարաշահողների թիվն ավելի է, քան դրանից օգտվողներինը: Այնուհետև Սևակը նշում է, որ գրականության մեջ աշխատելու արտոնություն ունեն նաև նրանք, ովքեր «գիտեն, որ չգիտեն»: Այս արտոնությամբ են գրական ասպարեզ իջնում օժտված պատանիները, որոնք շատ բան չգիտեն: Մեծ բանաստեղծը ափսոսանքով ու ցավով արձանագրում է, որ գրականությամբ զբաղվում են նաև մարդիկ, ովքեր «չգիտեն, որ չգիտեն»:

Պ. Սևակը խրախուսում է Բաքվում հրատարակվող «Խորհրդային գրող» հանդեսի խմբագրությանը, որ գովարժան քայլ է արել՝ տպագրելով Խ. Մեսրոպյանի «Գրողի լեզվաոճական վարպետության մի քանի հարցերի շուրջ» հոդվածը: Նա նույնիսկ խորհուրդ է տալիս Երևանում տպվող «Սովետական գրականություն» ամսագրին՝ ուշադրություն դարձնել այդ պրոբլեմի քննարկմանը: Պ. Սևակը ընդգծում է. «Մեր արդի գրականության լեզվաոճական հարցերն այնքան են բարդվել, որ հիշեցնում են այն ծանոթ խնդիրները, որոնց մեջ առկա են և’ փոքր, և’ միջակ, և’ մեծ փակագծերը: «Գրական Ադրբեջան»-ի խմբագրությունը, կանխելով «Սովետական գրականություն» ամսագրին, Խ. Մեսրոպյանի միջոցով փորձել է ձեռնարկել այդ խնդրի լուծմանը: Խ. Մեսրոպյանը, իհարկե, չէր կարող խնդրի վերջնական պատասխանը տալ: Չէր կարող՝ ոչ սոսկ այն պատճառով, որ նրա կարողություններից վեր է դա: Չէր կարող, որովհետև այդ խնդիրը, կրկնում եմ, ունի մեկից ավելի փակագծեր, որոնց բացումին պիտի մասնակցություն բերեն նաև ուրիշ՝ մեկից ավելի «թվաբաններ»:

Սևակը միաժամանակ մատնացույց է անում Քնարունու հոդվածի ցածր մակարդակն ու անթիվ սխալները: Ս. Քնարունու անարդարացի ամբաստանությունը Պ. Սևակը որակում է որպես «քնարունիություն» և բացատրում, թե ինչ ասել է դա. «Քնարունիությո¯ւնը: Գիրք ստորագրելու իրավունք պիտի ունենա միայն նա, ով գրագետ է կատարելապես, բժի՞շկ լինի, ինժենե՞ր, ֆիզիկո՞ս, թե՞ գյուղատնտես: Բայց ստորագրել որևէ գրական երկ և ինչ-որ չափով գրագետ չլինել՝ նշանակում է «աստծուն աստվածատուր ասել»: Եվ հենց «աստծուն աստվածատուր ասողներին» է, որ պիտի կոչել «քնարունիներ»:

«Քնարունիությունն» է պատճառը, որ գրող դառնալը հեշտացավ՝ սեփական ազգանունը կեղծանունով փոխարինելու աստիճան»:

Պ. Սևակը ընդգծում է, որ մեր նախնյաց՝ մեզ կտակած ամենաթանկ գանձը մեր լեզուն է, այն լեզուն, որ ծնվում է մեզ հետ, բայց մեզ հետ չի մեռնում… «Իր չորս գրական լեզուներով և վեց տասնյակ բարբառներով հայերենը, առանց դույզն-ինչ կասկածի, մեկն է աշխարհի այն սակավաթիվ լեզուներից, որոնցով կարող է հպարտանալ մարդ կոչված արարածը:

…Ով հնարավորություն է ստեղծել ելումուտ անելու այդ լեզվի դարավոր մթերանոցը, ով նախապատրաստվել է ճաշակելու նրա անսպառելի պաշարը, այլ կերպ ասած՝ ով փոքրիշատե ծանոթ է հայերենի պատմական քերականությանը և դրանով իսկ ի վիճակի է բառային շապկի տակ տեսնելու առարկաների կենդանությունը, երևույթների շարժումը, մտածումի սլացքն ու սուզումը, նա չի կարող չզգալ յուրատեսակ գլխապտույտ՝ համակվելով մի զգացմամբ, որ քիչ է կոչել երկյուղածություն:

Այդ լեզուն «մայրենի» կոչելը մեծ պատիվ է, այդ լեզվով խոսելն ու մտածելը՝ մեծ բախտ: Իսկ գրե¯լ այդ լեզվով, այսինքն՝ գրո¯ղ կոչվել…

Քրմական հանդիսավորությամբ միայն և մեհենական անաղարտությամբ պիտի հայ գրողը մոտենա յուրաքանչյուր բառի, որովհետև բառը գրերի գումար չէ, այլ պաստառապատ մի դիցարձան, որ կարող է ամեն րոպե կենդանանալ ու շնչել, եթե նրան դիպչի ձեռքն այն դյութի, որի հավաքական անունն է գրող»:

Պ. Սևակի այս հոդվածը լայնորեն քննարկվել է Արցախի գրողների հավաքներում և արվել համապատասխան հետևություն:

Արցախում ստեղծվող հայ գրականության  միտումներն ու օրինաչափությունները մշտապես գտնվել են Պ. Սևակի ուշադրության կենտրոնում: Նա հետևում էր արցախցի գրողների ստեղծագործություններին, խորհուրդներ տալիս նրանց, նամակագրական կապեր պահպանում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s