№ 4 / 15 մայիս

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԻՑ

Մեր երկրում մեծ տոն է՝ Մայիսի 9-ը: Այդ օրը միշտ էլ հիշարժան է եղել մեր ժողովրդի համար: Համեմատաբար ոչ վաղ անցյալում մենք մայիսի 9-ին տոնում էինք ֆաշիստական Գերմանիայի դեմ Հայրենական մեծ պատերազմում մեր երբեմնի ընդհանուր հայրենիքի հաղթանակը, պատերազմ, որտեղ զոհվել է ռազմաճակատ մեկնած յուրաքանչյուր երկրորդ արցախցին: Սակայն սրանից 12 տարի առաջ մայիսի 9-ը մեզ համար ձեռք է բերել հատուկ նշանակություն՝ հիրավի ճակատագրական դառնալով արցախահայության համար: Այդ օրը ազատագրվել է Շուշին, որը կրկին դարձավ հայկական, ինչպես եւ պատշաճ է նրան: Շուշին ազատագրեց իր խիզախությամբ եւ մարտական վարպետությամբ ամբողջ աշխարհին զարմանք պատճառած ԼՂՀ պաշտպանության բանակը, որն իր ծննդյան օրը նույնպես նշում է մայիսի 9-ին: Շուշիի ազատագրման շնորհիվ սկիզբ դրվեց դեպի մայր Հայաստան «Կյանքի ճանապարհի» բացմանը, որը փրկեց արցախցիներին ֆիզիկական ոչնչացման վտանգից: Հենց դրանում է կայանում Շուշիի ազատագրման պատմական նշանակությունը: Խորապես խորհրդանշական է, որ այդ երեք տոները մենք նշում ենք նույն օրը: Այդպիսի զուգադիպությունը մարմնավորում է սերունդների հաջորդականությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմում արիության եւ քաջության հրաշքներ գործած պապերի ու հայրերի փառավոր մարտական ավանդույթները պատվով շարունակեց արցախցիների այսօրվա սերունդը, որը նվաճեց եւ պաշտպանեց Արցախի ազատությունն ու անկախությունը՝ կենդանի ուժով եւ տեխնիկայով բազմիցս իրեն գերազանցող հակառակորդի դեմ մարտերում: Փառք Արցախի երջանիկ ապագայի համար նահատակվածներին: Ապրողներիս պարտքն է՝ թույլ չտալ, որպեսզի նրանց թափած արյունն ապարդյուն անցնի:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՋՆՋԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ: ԲԱՅՑ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՍԵՐ ՔԱՂԵԼ

Սամվել Բաբայանն իր ժամանակի ծնունդն էր, հայոց երկրորդ պետականության ստեղծման ու կայացման անմիջական մասնակիցներից ու կազմակերպիչներից մեկը: Նորանկախ պետության կայացման չափազանց դժվար տարիներին նա իր ուսերին մեծ բեռ վերցրեց՝ հաջողությունների ու անհաջողությունների, ճիշտ ու սխալ քայլերի, արդարամիտ ու անարդար որոշումների պատասխանատվության առյուծի բաժինը ստանձնելով: Զորապետական ու պետական կառավարման փորձ չունեցող երիտասարդն իր բնածին ձիրքի շնորհիվ կարողացավ մի դժվարին ժամանակահատվածում առաջնորդել ազատագրական պայքարն ու պետական շինարարությունը: Արցախի ներկայիս ռազմական համակարգն ու նորանկախ պետության կայացումը վկայությունն են այն բանի, որ հաջողություններն, այնուամենայնիվ, շատ էին, քան անհաջողությունները, ճիշտ քայլերը գերակշռում էին սխալներին, անարդար որոշումներին:

Հազար անգամ ապացուցված ճշմարտություն է՝ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: 90-ականների սկիզբը հենց գործելու ժամանակն էր՝ արդեն ոչ խոսքով, ոչ հանրահավաքներով, այլ ժողովրդին իր ազատության ու անկախության համար զինված պայքարի տանելու, հնարավոր զոհերի ու անհաջողությունների համար պատասխանատվություն ստանձնելու ու նաեւ վերջնական նպատակը պարզորոշ տեսնելու կամք, համառություն ու քաջություն էր պետք, որակներ, որ շատ քչերի մեջ դրսեւորվեցին, եւ այդ քչերի մեջ էր Սամվել Բաբայանը:

Այսօր, երբ, թվում է, մեր նորանկախ երկիրն անցել է իր գոյության ամենածանր, ամենաողբերգական, ամենատառապալից փուլը, մեզ առաջին հերթին մեծահոգություն է պետք՝ հաղթողի մեծահոգություն, սեփականը գնահատելու ունակություն, հարազատին ներելու և միասին, ուս-ուսի տված ոտքի կանգնելու ու ապրելու կարողություն: Մինչդեռ հաճախ մենք առավել դաժան ենք յուրայինի, քան օտարի նկատմամբ, վերջինիս ներելու ավելի հակված, քան հարազատին: Պատերազմի տարիներին ու հետո մենք ներում ենք շնորհել ուկրաինացի օդաչուին, որ թշնամական ինքնաթիռից ռմբակոծում էր մեր հայրենիքը: Մենք ազատ ենք արձակել թուրք վարձկանին, որն իր պապերի ցեղասպան ավանդույթներն էր ուզում շարունակել մեզ մոտ: Պարբերաբար ազատ ենք արձակում կամ փոխանակում ադրբեջանցի ռազմագերիներին: Իսկ Ս. Բաբայանը շարունակում է մնալ բանտում:

Եռատոնի առթիվ տպագրելով Ս. Բաբայանի մասին այս նյութը, դրանով իսկ ուզում ենք շեշտել՝ պատմությունը հնարավոր չէ ջնջել, այն  մերն է՝ իր լուսավոր ու մութ էջերով: Թե չէ, հոդվածներ, գրքեր, ուսումնասիրություններ են տպագրվում, ֆիլմեր են նկարահանվում, ցուցահանդեսներ են ներկայացվում, հաղթանակի տոնակատարություններ են կազմակերպվում, որոնցում շրջանցվում է Ս. Բաբայանը. ասես նման գործիչ չի եղել մեր ոչ հեռավոր անցյալում: Ինչպես ասում են՝ մարդկանց հիշողությունը կարճ է: Նման վերաբերմունքի արդյունքը միշտ էլ այն է լինում, որ մենք երբեք կարգին չենք սերտում, չենք իմանում մեր պատմությունը, ինչն էլ հղի է նույն սխալները կրկնելու վտանգով:

Մի հանգամանք ևս՝ չափի զգացումը հաճախ է դավաճանում մեզ, անզուսպ ենք և° սիրո, և° ատելության մեջ: Ղեկավարին գլխներիս ենք դնում, հետո էլ անպայման ոտնատակ տալիս (ընդ որում, երկու պրոցեդուրաների հեղինակներն էլ սովորաբար նույն մարդիկ են լինում): Մինչդեռ կա ոսկե միջինը, յուրաքանչյուրին գնահատել ըստ արժանվույն՝ իր դրական ու բացասական կողմերով,  չֆետիշացնելով ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Եւ դա անել երես առ երես, այլ ոչ թե թիկունքին: Միաժամանակ՝ տալ ոչ միայն անձի, այլև երևույթի գնահատականը (թե չէ՝ հաճախ ստացվում է, որ գործող անձն արդեն թատերաբեմում չէ, բայց երևույթը շարունակվում է): Եւ ասպետ լինել: Երբ բոլորը քարկոծում են մեկին, քո ձեռքի քարը պահիր: Գուցե հետագայում քեզ հասանելիք մի քար պակաս լինի:

Մինչև այս պարզագույն ճշմարտությունները չհասկանանք՝ այս օրին ենք լինելու:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ. «ԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂԸ ԵՐԲԵՔ ՍԱԿԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՉԻ ԴԱՌՆԱ» 

Մայիսյան տոներին Ստեփանակերտ ժամանած ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հանդես գալով Սպայի տանը տեղի ունեցած հանդիսավոր նիստում,   հավաստիացրել է, որ Լեռնային Ղարաբաղը սակարկության առարկա երբեք չի դառնա: Նշելով, որ ինքը հպարտանում է Շուշիի ազատագրման մասնակիցը լինելու հանգամանքով, Ռ. Քոչարյանը մի քանի առումով կարևորեց Շուշիի ազատագրման նշանակությունը: Նախ՝ Շուշին ռազմավարական կենտրոն է՝ ով տիրում է այդ քաղաքին, տիրում է ամբողջ Լեռնային Ղարաբաղին: Երկրորդ՝ Շուշին Հայաստանի հետ միավորվելու միակ ճանապարհն է, ուստի դա պատմական արդարության վերականգնման խորհրդանիշ է: Հայաստանի նախագահն ընդգծեց, որ Շուշին հայկական պատմա-մշակութային գիտակցության առանցքներից մեկն է, և պատահական չէ, որ դարձավ հայկական բանակի ստեղծման և պետականության ձևավորման առանցքը:

Նույնպես Ստեփանակերտում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ սակարկության անհնարինության մասին Ռ. Քոչարյանի ասածին, ավելացրեց, որ կարգավորման գործընթացում սկսվել է նոր փուլ, սակայն հայկական կողմի դիրքրոշումը չի փոխվել: Նա շեշտել է, որ որոշումը պետք է այնպիսին լինի, որ արցախցիների համար ապահովի հավերժ կյանք իրենց հայրենի հողում:

ԼՂՀ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ 

Եռատոնի կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը պարգևատրվեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, ԱԺ խոսնակ Օլեգ Եսայանը և ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը ՝ «Անանիա Շիրակացի» շքանշանով: Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արժանացավ «Տիգրան Մեծ» շքանշանի: Պարգևատրվել են նաև բարձրաստիճան մի շարք սպաներ:

ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրամանագրերով պարգևներ շնորհվեցին Բակո Սահակյանին, Սուրեն Գրիգորյանին, Արթուր Մոսիյանին, Արա Հարությունյանին և այլոց: Իր հերթին, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն էլ պարգևատրեց մի շարք անձանց:

Պարգևների շարքը ավարտվեց Լենինգրադի շրջափակման ավարտի 60-ամյակի առթիվ պարգևներով, որոնք երեք արցախցիների հանձնեց ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի տեղակալ Ֆելիքս Ղուշչյանը:

ԿԱՃԻ՞ ՈՒՂԵՎԱՐՁԸ, ԹԵ՞ ՈՉ 

Ստեփանակերտի երթուղային տաքսիների վարորդները մի գեղեցիկ օր իրենց մեքենաներին կպցրեցին «ուղեվարձը՝ 70 դրամ» հայտարարությունը: Մարդկանց մի մասը, հոգոց հանելով,  մուծում էր պահանջված գումարը, իսկ ոմանք էլ կրկին հանգեցին այն մտքին, որ քայլելն ավելի օգտակար է առողջության համար:

Ինչո՞վ էր պայմանավորված գների բարձրացումը: Վարորդները խոսում էին բենզինի թանկացման և բարձր հարկերի մասին: Քաղաքապետ Համիկ Ավանեսյանը սխալ համարեց բենզինի գնի 3 տոկոսով ավելացման դեպքում վարձի 40 տոկոսով բարձրացումը: Ինչ վերաբերում է հարկերին, ապա կառավարությանն առնթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Լևոն Ոսկանյանից տեղեկացանք, որ տրանսպորտային կազմակերպությունները հարկատեսակներից հաստատագրված վճարներ են մուծում: Այդ վճառների չափերը անցած տարվա ապրիլից չեն փոփոխվել:

Մենք չկարողացանք պարզել, թե դրամային արտահայտությամբ ինչքան հարկեր են վճարում տրանսպորտային կազմակերպությունները՝ դա, պարզվում է, կոմերցիոն գաղտնիք է: Սակայն մի բան գիտենք. պետությունն, ըստ օրենքի, իրավունք չունի հարկերի դրույքաչափերը փոփոխել ֆինանսական տարվա ընթացքում, իսկ տրանսպորտային կազմակերպությունները, որոնց ստորագրած պայմանագրերում ամրագրված են գները, իրենց հերթին իրավունք չունեն դրանք ինքնակամ փոփոխելու:

Այս ամենից նաև մեկ այլ հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս է մեզ մոտ վերահսկվում գնագոյացման գործընթացը:

ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՑՎԻ 50-55 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ

Կառավարության վերջին նիստում ամփոփվեց գործադիրի 2003թ. գործունեությունը: Վարչապետ Անուշավան Դանիելյանը արձանագրեց մի շարք ձեռքբերումներ. համախառը ներքին արդյունքի իրական աճը կազմել է 19.8 տոկոս, կապիտալ շինարարության աճը՝ 29.1 տոկոս, բնակչության եկամուտները աճել են 17.1 տոկոսով, իսկ ծախսերը՝ 18.5 տոկոսով:

Արտահանման ծավալները աճել են 2.1 անգամ և կազմել 17 մլն դոլար: 41.8 տոկոսով աճել են սեփական եկամուտները: Այդուհանդերձ, վարչապետը գտնում է, որ երկիրը դեռ չի թևակոխել զարգացման փուլ: Այդ առումով նա առանցքային է համարում 2004 թվականը: Ա. Դանիելյանի խոսքերով, առաջիկա 2 տարում միջին աշխատավարձը հանրապետությունում պետք է հասցվի 50-55 հազար դրամի:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից զգալիորեն բարձրացել են կառավարման ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը: Փոքր ինչ ավելացել են միջին էշելոնի պետծառայողների դրույքաչափերը: Այդ ամենը կատարվել է բնակչության խիստ դժգոհության պայմաններում: Նախ՝ դեռ 2003-ի աշնանը նախագահ Ա.Ղուկասյանը հայտարարել էր, թե 2004-ից բոլորի աշխատավարձերը և կենսաթոշակները կավելանան 2, նույնիսկ 2.5 անգամ: Բոլորն անհամբեր սպասում էին այդ պահին, և հանկարծ պարզվեց, որ նախագահը բոլորին չէ նկատի ունեցել: Դժգոհությունն ակնհայտ էր, և դրա պատճառը ոչ միայն անարդարացիորեն բաշխված աշխատավարձն էր, այլև այն, որ նախապես հայտարարվել էր դեռևս չհստակեցված որոշման մասին:

Արդյո՞ք այս անգամ խոստացված 50-55 հազար դրամը նույն բախտին չի արժանանալու: Հետո էլ, կարծում ենք, ճիշտ կլիներ ո°չ թե միջին, այլ նվազագույն աշխատավարձը բարձրացնել:

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՐՊՀ-ՈՒՄ 

Մայիսի 8-9-ին Արցախի պետական համալսարանում կայացավ «Հայոց բարձրագույն դպրոցը 21-րդ դարում. հիմնախնդիրներ և լուծումներ» թեմայով գիտաժողով: Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը, Երևանի պետական համալսարանը, ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Արցախի պետական համալսարանը:

Բուհական համակարգի բարեփոխումներ, կրթությունը որպես ազգային անվտանգության բաղադրիչ, բարձրագույն դպրոցի արդի վիճակ և զարգացման հեռանկարներ, բուհական գիտության ներկա վիճակ և զարգացման հեռանկարներ. այս և մի շարք այլ թեմաներ են քննարկվել երկօրյա գիտաժողովի ժամանակ:

ԴԱՐՁՅԱԼ ԿՈՆԿՐԵՏ ԱՆՈՒՆՆԵՐ ՉՏՐՎԵՑԻՆ 

Կառավարության նիստում խնդրո առարկա դարձավ նաև նախկինում տրամադրված վարկերի վերադարձման հարցը: Դատելով կառավարության մամուլի ծառայության տարածած  հաղորդագրությունից՝ վարչապետը դժգոհություն է հայտել այն կապակցությամբ, որ «ունենալով պետական հզոր ապարատ, եղած հնարավորությունները արդյունավետ չեն օգտագործվում, մինչդեռ, օրինակ, «Արեգակ» կազմակերպությունը առանց որևէ միջնորդության գրեթե լիովին ապահովում է տրամադրվող գումարների վերադարձումը»: Ինչպես ասում են՝ ահա թե որտեղ է թաղված շան գլուխը. պարզվում է՝ ոչ այնքան վարկ վերցնողներն են անբարեխիղճ, այլ պետական վարկերի տրամադրման և հավաքագրման համակարգն է ոչ հստակ: Ու, բնականաբար, այս կապակցությամբ մի շարք հարցեր են ծնվում՝ ի՞նչ երաշխիքով են տրվել այդ չվերադարձված վարկերը, ո՞վ է դրանք տրամադրել, որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է առանց համապատասխան երաշխիքի վարկ տրամադրելու համար: Բացի այդ, իշխանությունները վաղուց են «սպառնում» անբարեխիղճ  վարկառուների ցուցակը հրապարակել: Այս առնչությամբ որոշ կասկածներ են ծնվում, մասնավորապես՝ գուցե այդ ցուցակում այնպիսի անուններ կան, որ նպատակահարմար չէ հրապարակել: Բայց, մյուս կողմից էլ, եթե այդ «անունները» չմարեն պարտքերը, ապա արդյո՞ք մյուսները կմարեն: Իսկ եթե անբարեխիղճ վարկառուների մի մասն էլ արդեն հանրապետության սահմաններից դուրս է, ապա ի՞նչ իմաստ ունի տարիներ շարունակ ջուր ծեծել:

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ ՉԻ ԴԻՄԵԼ

ԼՂՀ համաներման գծով հանձնաժողովի նախագահ Կարեն Բաբուրյանը, մեկնաբանելով շրջանառվող այն լուրերը, թե, իբր, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին պատրաստվում են ազատ արձակել, նկատեց, որ ոչ Ս. Բաբայանից, ոչ նրա մերձավոր բարեկամներից ներման մասին խնդրանք հանձնաժողովը չի ստացել: Ըստ Կ. Բաբուրյանի, ճիշտն այն կլիներ, եթե դատապարտյալն անձամբ դիմի հանձնաժողովին, քանզի եղել են դեպքեր, երբ բարեկամները դիմել են ներման խնդրանքով, իսկ դատապարտյալը հրաժարվել է դրանից:

Կ. Բաբուրյանը նշեց նաև, որ երկրի նախագահը մարդկայնորեն է վերաբերվում «Մարտի 22-ի գործով» դատապարտյալներին. մի մասին իրենց խնդրանքով ներում է շնորհվել, մի քանիսի ազատազրկման ժամկետն էլ կրճատվել է:

Այս ամենից կարելի՞ է, արդյոք, եզրակացնել, որ եթե Ս. Բաբայանը դիմի նախագահին, ապա նրան էլ ներում կշնորհվի: Եւ երկրորդ հարցը. կդիմի՞, արդյոք, Ս. Բաբայանը նման քայլի:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՆ՝ ԽՆԴՐՈ ԱՌԱՐԿԱ

Մայիսի 12-13-ին Ստեփանակերտում կայացավ ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի 10-ամյակին նվիրված սեմինար «Եվրոպական ինտեգրացիան որպես խաղաղության և կայուն զարգացման երաշխիք» թեմայով: Սեմինարը կազմակերպել են «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը (Երևան) և «Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպության ԼՂ կոմիտեն՝ ՀՀ և ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների, ԼՂՀ ԱԳՆ աջակցությամբ:

Սեմինարը զուգահեռաբար անցկացվել է երկու աշխատանքային բաժանմունքներում: Առաջինի թեման էր՝ «Եվրոպան և հարավկովկասյան տարածաշրջանը», երկրորդինը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը ինտեգրացիոն գորընթացներում»:

Քննարկվող հարցերի շրջանակը բավականին լայն էր. խորհրդարանների դերը ինտեգրացիոն գործընթացներում, եվրոպական ինտեգրացիան և ղարաբաղյան հիմնախնդիրը, մարդու իրավունքների դերը քաղաքացիական հասարակության կառուցման գործում, համահայկական տեղեկատվական դաշտի ստեղծում, եվրոպական տեղեկատվական դաշտ մուտք գործելու հիմնախնդիրներ և այլն:

Սեմինարի մասնակիցներին ողջունեց ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանը, ընթերցվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ա. Ռուստամյանի ուղերձը: Սեմինարին մասնակցեց և ելույթ ունեցավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լ. Ալավերդյանը: Միջոցառման հովանավորները «Անտարես» մեդիա հոլդինգն էր (Երևան) և «Վարանդա» ՍՊԸ-ն (Ստեփանակերտ):

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՕՐԵՆՔՆԵՐ

Մայիսի 11-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքը, ինչպես նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Հողի հարկի մասին», «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները:

ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվական գլխավոր վարչություն

ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ

Մայիսի 1-ից հանրապետությունում բնական գազի վճարը կազմում է 59 դրամ 1 խորանարդ մետրի դիմաց:

1995 թվականից ի վեր Շուշիում քանդվել են 80-ից ավելի ոչ պիտանի տներ: Վերջին 2 տարում քանդման ընթացքում կուտակված շինանյութի դիմաց քաղաքի բյուջե է մտցվել 3 միլիոն դրամ:

Ընթացիկ տարվա անցած չորս ամիսներին Ստեփանակերտում ծնվել է 14-ով քիչ երեխա, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Մայիսի 3-ին Արցախում նշվեց մամուլի ազատության համաշխարհային, իսկ մայիսի 7-ին՝ ռադիոյի միջազգային օրը:

Ստեփանակերտում կայացել է նյարդաբանությանը նվիրված սեմինար, որ կազմակերպել են Հայ բժիշկների ասոցիացիան, Հայաստանի նեվրոպաթոլոգների ասոցիացիան և Ֆրանսահայ բժիշկների կազմակերպությունը:

Այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է թմրամիջոցներին առնչվող 7 միջադեպ:

Գալիք ուսումնական տարում արցախցիներին Հայաստանի բուհերում պետպատվերով կտրամադրվի 35 տեղ, այսինքն՝ հինգով ավելի, քան այս տարի:

Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում Բագրատ Նազարյանը ներդրել է 300000 դոլար և կառուցել «Պարադիզ Անի» անունով ժամանակակից հյուրանոց:

Հիմնախնդիր
ԶԻՆԱԴԱԴԱՐ ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

Լրացավ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման 10 տարին: Ի՞նչ է հաջողվել անել այդ ժամանակահատվածում և ի՞նչ է բաց թողնվել:

Մասիս Մայիլյան (ԼՂՀ փոխարտգործնախարար) – Զինադադարի հաստատման փաստն ինքնին մեզ համար մեծ ձեռքբերում էր, որովհետև 1994 թվականի մայիսի դրությամբ ղարաբաղյան կողմին հաջողվել էր հիմնականում լուծել ռազմական և ռազմավարական կարևոր խնդիրները և հանրապետության շուրջ ստեղծել անվտանգության գոտի, որը հնարավորություն տվեց ԼՂՀ ժողովրդին պաշտպանել արտաքին սպառնալիքից և փրկել մեր հարյուրավոր հայրենակիցների կյանքը: Ճիշտ է, մեր տարածքների մի մասը դեռևս գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ, սակայն, կարծում եմ, այդ հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով:

Անցած 10 տարիներին մեզ հաջողվել է զգալիորեն ամրապնդել մեր հանրապետության պետական կառույցները, բարեփոխումներ անցկացնել երկրի հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում, բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակը:

Վերջին տարիների կարևոր նվաճում եմ համարում մեր հասարակության ժողովրդավարացմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների քաղաքական որոշումը: Այս ուղղությամբ շարունակվող աշխատանքը մեծապես կնպաստի մեր հռչակված նպատակների իրականացմանը:

Այս ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղը այսօր կարևոր գործոն է դարձել տարածաշրջանում և, ուզում եմ ընդգծել, ոչ միայն ռազմաքաղաքական առումով: Պատահական չէ, որ այսօր միջազգային անկախ փորձագետները ԼՂՀ պետականությունը ավելի կայացած են համարում, քան որոշ ճանաչված երկրներում:

Ի՞նչ չի հաջողվել մեզ այս տարիներին: Առայժմ հրադադարը չի փոխակերպվել վերջնական խաղաղության, մենք շարունակում ենք հետամուտ լինել ԼՂՀ դե-յուրե ճանաչմանը: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մեր ընդդիմախոսները դեռևս պատրաստ չեն Լեռնային Ղարաբաղի հետ քննարկելու այս հիմնախնդիրները: Չնայած բանակցային գործընթացում առկա բոլոր դժվարություններին, մենք այսուհետև ևս պետք է շարունակենք մեր աշխատանքը անկախ պետականության և ԼՂՀ-ում քաղաքացիական հասարակության ամրապնդման ուղղությամբ: Վստահ եմ, որ այս գործելակերպով մենք կհասնենք հաջողության:

Վահրամ Բալայան (ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար) – Իմ կարծիքով, մենք 1994թ. մայիսյան զինադադարը ստորագրելով՝ սխալ ենք կատարել, որովհետև ունեինք համապատասխան հնարավորություն՝ զենք, զինամթերք և ամենից կարևորը՝ ժողովրդական խանդավառություն և կարող էինք պատերազմը հասցնել լիակատար հաղթական ավարտին, դեռ ավելին՝ քաղաքական կացությունը նույնպես բարենպաստ էր: Մեր դիվանագիտության կողմից զինադադարը գնահատվում է որպես հաջողություն և անգամ այնքան ենք հարցն իդեալականացրել, որ հակառակորդին այսօր թվում է, թե մենք 10 տարի առաջ էլ, հիմա էլ դրան էինք սպասում, սպառված են թե’ նյութական և’ թե մարդկային ռեսուրսները, և այստեղից էլ, իբր, մենք պետք է զիջումներ կատարեինք: Ես կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը պետք է ավելի շատ հարձակողական դիրքերից գործի, ինչը նկատվում է այսօր, և որը համարում եմ մեր դիվանագիտության հաջողություններից: Ինչ վերաբերում է հրադադարի դրական կողմին, դա այն է, որ, համենայն դեպս, հաստատվել է խաղաղություն, և մարդիկ ստեղծագործ աշխատանքով են զբաղված: Այս տասը տարին լիարժեք օգտագործելու դեպքում տնտեսական հաջողություններն ավելի շոշափելի կլինեին: Մենք կուզենայինք երկիրը տեսնել ինքնաբավ, հույսը չդրած օգնությունների, վարկերի և այլնի վրա:

Կարեն Օհանջանյան («Հելսինկյան նախաձեռնություն-92» ԼՂ կոմիտեի համակարգող) – Ղարաբաղյան հակամարտությունն իր հետ բերեց ոչ միայն սարսափելի արյունահեղություններ, ԼՂ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում, այլև ծնեց լուրջ հումանիտար հիմնախնդիրներ՝ հարյուրավոր փախստականներ, տրանսպորտային կոմունիկացիաների ու մարդկային փոխհարաբերությունների շրջափակում, անհայտ կորածների ու զոհերի հիմնախնդիր, մի իրադրություն, որ նույնիսկ տասը տարի անց հնարավոր չէ հանգուցալուծել:

Զինադադարը հնարավորություն է տվել փրկել հարյուրավոր մարդկային կյանքեր, կանգնեցնել հումանիտար աղետը, սկսել պատերազմի հետևանքով ավերված սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների վերականգնումը, լուծել մի շարք հումանիտար հիմնախնդիրներ: Այսօր արտասահմանյան ներդրողները չեն վախենում Ղարաբաղում լուրջ ներդրումներ անելուց, և դա կայունության ցուցանիշ է: Դե-ֆակտո մենք հաղթել ենք, բայց դեռևս իրավական նորմերով չենք արձանագրել մեր հաղթանակը: Դա զինադադարի ամենամեծ բացասական կողմն է, թեկուզ հայտնի չէ՝ եթե ռազմական գործողությունները շարունակեինք, ապա կկարողանայի՞նք հասնել ԼՂՀ անկախության ճանաչմանը: Ամեն դեպքում, զինադադարը մեզ 10 տարվա շունչ առնելու հնարավորություն է տվել, թույլ է տվել վերլուծել մեր անցյալի սխալները, սկսել այն պետականության կառուցումը, որի իդեալների համար Արցախի լավագույն որդիներն իրենց գլուխն են դրել ռազմի դաշտում:

Մաքսիմ Միրզոյան («Արցախգազ» ՊՓԲԸ-ի տնօրեն) – Ես զինադադարի կողմնակից չեմ եղել, այդ կապակցությամբ հոդված ունեմ՝ «Ռազմական գործողությունները դադարեցվում են զինադադարի ստորագրումից հետո»: Ամեն դեպքում՝ խաղաղության հասնելը դրական մեծ քայլ է: Ցանկացած պատերազմ նեգատիվ երևույթներ է ծնում հասարակության այն խավի մոտ, որ կռվել է և մարտական ծառայություններ ունի: Երեկվա հերոսներն իրենց մարտական ծառայությունները ցանկացան չափել պետական կառույցներում զբաղեցրած աթոռներով: Ինչի դա հանգեցրեց՝ հայտնի է բոլորին: Հետպատերազմյան տնտեսական առաջընթացի համար այն ևս արգելակող հանգամանք հանդիսացավ: Վերոհիշյալ պատճառներով բավական թվով մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեին խաղաղության հաստատման գործում, ստիպված էին հեռանալ Արցախից: Ոմանք ետ վերադարձան, տեսնելով երկրի տնտեսական առաջընթացը: Միաժամանակ, իշխանության բոլոր թևերի ուրվագծերն ավելի հստակեցվեցին, փոփոխվում է նաև իրադրությունը տարածաշրջանային քաղաքականության մեջ: Պահանջվում է ավելի ծանրակշիռ ներքին և արտաքին քաղաքականություն, մեր վարքագծից շատ բան է կախված: Ինքներս մեզ հարգելու պարագայում ուրիշներն էլ են մեզ հարգելու: Ներկայումս ամենահրատապը տնտեսական առաջընթացի խնդիրն է, սակայն ոչ մի րոպե հետ չմնալով արտաքին քաղաքականության հարցերում: Տնտեսական ճիշտ քաղաքականության դեպքում մենք կարող ենք 2-3 անգամ գերազանցել Ադրբեջանի միջին կենսամակարդակը: Աշխարհը հաշվի կնստի այն իրադրության հետ, որ մենք կայացել ենք որպես պետություն և կդադարի մեղադրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման համար: Գերտերությունները չեն շտապում ճանաչել ԼՂՀ անկախությունը, նրանք ավելի գլոբալ հարցեր են շտապում լուծել, և մենք պետք է լիովին օգտվենք ընձեռված հնարավորությունից: Սխալ կլինի կարծել, որ մենք հաղթել ենք, մենք ընդամենը հաջողությունների ենք հասել և պետք է դրանք օգտագործել վերջնական հաղթանակի հասնելու համար: Մեզ հարկավոր է հզոր տնտեսություն, հզոր բանակ, օրենքի գերակայությամբ հասարակություն, և միայն այդ դեպքում հաղթանակը յոթ սարից այն կողմ չի լինի:

Արթուր Թովմասյան  (ԱրՊՀ ճարտարագիտության բաժնի դեկան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր) – Ոչ մի ժողովուրդ երբեք կամովին չի հրաժարվել իր պատմական տարածքներից և միամտություն կլինի կարծել, թե Ղարաբաղի հայությունը առաջին բացառությունը կլինի աշխարհում:

1994թ. կնքված զինադադարը վերջ դրեց դաժան ռազմական գործողություններին, սակայն խաղաղությունը ոչ մի օրինական փաստաթղթով չի ամրագրված: Այդ է պատճառը, որ Ադրբեջանը ձգտում է կարգավորման գործընթացը մտցնել փակուղի: Նորություն չէ, որ անկախ Ադրբեջանի կազմում Արցախը երբեք չի եղել և չի էլ լինելու:

Ինչ վերաբերում է ներքաղաքական հարցերին, ապա ես շուկայական հարաբերությունների կողմնակից եմ, բայց այն տնտեսական իրավիճակը, որ տիրում է Արցախում, բարելավման կարիք ունի, գործազուրկների թիվը պետք է հասցվի նվազագույն չափերի, բացվեն նոր աշխատատեղեր, սոցիալական ոլորտում ավելացվեն հատկացումները: Փոքրաքանակ բնակչություն ունեցող երկրներում կադրային ճիշտ քաղաքականությունը վճռորոշ դեր կարող է խաղալ շատ հարցերում, ուստի կադրային քաղաքականությունը պետք է տարվի առանց հովանավորչության, հաշվի առնելով միայն տվյալ անձի մասնագիտական պատրաստվածության մակարդակը, փորձը, գործարար և բարոյական հատկանիշները:

Գտնում եմ, որ պետք է կատարելագործել օրենսդիր իշխանության օրինաստեղծ գործու-նեությունը, ի նպաստ սեփականության բոլոր ձևերի կենսունակության, իրավական կարգավիճակի ճշգրտման և ամրապնդման: Կարևոր եմ համարում Սահմանադրության ընդունումը:

Ընդհանրապես, զինադադարը դրական գործոն է հակամարտող կողմերի համար, կարևորն այն է, թե կողմերն ինչպես կօգտագործեն զինադադարը, կարևորը տնտեսական պատերազմում հաղթելն է: Առաջիկա տարիներին պատերազմական գործողությունների լայնածավալ վերսկսումն, իմ կարծիքով, բացառվում է, որովհետև Ադրբեջանի և’ ղեկավարությունը և’ ընդդիմությունը քաջ գիտակցում են, որ պատերազմի վերսկսման դեպքում նրանք նոր տարածքներ կկորցնեն:

Պատրաստեց Լիլիթ ԲԱՂՐՅԱՆԸ

ԿԼԻՆԻ՞, ԱՐԴՅՈՔ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

2004թ. ապրիլի 28-ին Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցավ մի կարեւոր իրադարձություն. այդ օրը Եվրոպայից Հայաստանի պատվիրակները ֆաքսով հայրենիք ուղարկեցին ԵԽԽՎ թիվ 1374 բանաձեւը: Նույն օրը, իշխանության եւ ընդդիմության կազմակերպած մամուլի ասուլիսներում, տարբեր մեկնաբանություններ հնչեցին փաստաթղթի վերաբերյալ. տպավորություն կար, թե գոյություն ունի երկու տարբեր փաստաթուղթ: Դա շփոթության մատնեց գործիչներին, սակայն մի քանի օր անց ամեն ինչ ճշտվեց: Վերջապես թարգմանվեց մեկ միասնական տարբերակ, որից հետո իշխանությունն ու ընդդիմությունը հայտարարեցին, թե պատրաստ են բանակցել եւ չսրել իրավիճակը: Իսկ պետական լրատվամիջոցները նույնիսկ այնպես ներկայացրին այդ պայմանավորվածությունը, կարծես ընդդիմությունն ու իշխանությունը հաշտվել են:

Հայաստանում տարբեր գնահատականներ են տալիս թիվ 1374 բանաձեւին եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակին: Ոմանք կարծում են, թե ընդդիմությունը «տղա է կանչել» Հայաստանի վրա, ինչպես նաեւ ջուր է լցրել հակառակորդի ջրաղացին: Նրանք նշում են, թե կարիք չկա մեր ներքին հարցերը քննարկել դրսում, պատճառաբանելով, թե դա վնաս է Հայաստանի իմիջին, Ղարաբաղի խնդրի հայանպաստ լուծմանը, ներդրումային իրավիճակին եւ այլն (այս «պատրիոտները», սակայն, ամեն անգամ հենվում են օտարների կարծիքների վրա եւ հաճախ իրենց ճիշտ լինելը հիմնավորում դրանցով): Հակառակ կողմը կարծում է, որ դա միակ ձեւն է Հայաստանի իշխանություններին հետ պահելու բռնություններից եւ անօրինականություններից: Երրորդ կողմն էլ փորձում է այս իրավիճակից օգուտ քաղել. մասնավորապես, խորհրդարան չմտած քաղաքական կազմակերպությունները, անհատ գործիչները, զանազան հասարակական կազմակերպությունները, որոնք քննադատում են թե իշխանության, թե ընդդիմության քաղաքականությունը:

Թիվ 1374 արդեն պատմական փաստաթուղթը, մի կողմ թողնելով դրա բովանդակային-նկարագրական կողմը, լակմուսի թուղթ է, որ բացահայտեց Հայաստանի հասարակական-քաղաքական զարգացումների էությունը: Նախ, ժամանակակից աշխարհում հնարավոր չէ  զբաղվել «թաքուն քաղաքականությամբ»: Հայաստանը ԵԽ առջեւ պարտավորություններ է ստանձնել, որոնք պարտավոր է կատարել: Փաստաթուղթը այդպես էլ կոչվում է՝ «Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ պարտականությունների կատարման մասին»: Եթե ընդդիմության ներկայացուցիչները Ստրասբուրգում նույնիսկ չբարձրացնեին էլ հարցը, միեւնույն է, ինչ-որ կերպ այս փաստաթուղթը կծնվեր: Երկրորդ, Եվրոպան այսօր հզոր քաղաքական բեւեռ է դարձել աշխարհում. այս տարվա մայիսի 1-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում նշվեց Եվրամիության ընդլայնումը. արդեն 25 պետություն դարձել է միասնական Եվրոպայի մասը, որն ունի հզոր մարդկային եւ տնտեսական ներուժ: Միասնական Եվրոպայի ճարտարապետները հայտարարում են, որ նոր պետության մեջ բացառվելու են պատերազմները, բռնությունները, մարդու իրավունքների ոտնահարումները եւ այլն: Այս դեպքում, եթե Հայաստանը չի ուզում, որ իր հարցերը քննարկվեն եվրոպական կառույցներում, պետք է դուրս գա ԵԽ-ից: Փաստաթղթում նշվում է, որ պարտավորությունների չկատարման դեպքում կքննարկվի Հայաստանի պատվիրակների լիազորությունների հարցը: Իսկ դա արդեն լուրջ խնդիրների առջեւ կկանգնեցնի մեր պետությունը: Մասնավորապես, «դեպի արեւելք» քաղաքական զարգացումների հոսանքում (ԵՄ ընդլայնում դեպի Արեւելյան Եվրոպա, ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի արեւելք, ԱՄՆ քաղաքականություն արեւելյան ուղղությամբ) Հայաստանը կարող է հայտնվել մեկուսացման եւ տարածաշրջանային ծրագրերից դուրս մղման իրավիճակում:

Հաջորդը, որ կցանկանայինք նշել, մեր քաղաքական դաշտի անկատարությունն է եւ բավական թույլ գաղափարական մակարդակը: Հայաստանը պետք է կարողանա ստեղծել բարդ եւ արդյունավետ հասարակական-քաղաքական միջավայր՝ ամենատարբեր գաղափարական հոսանքներով, որով միայն կարող է համահունչ ընդգրկվել ժամանակակից աշխարհի զարգացումներում: Մեզանում, սակայն, իրավիճակն այնպիսին է, որ բոլորը նույն բանն են ուզում, եւ քաղաքականությունը վերածվել է սովորական «ռազբորկայի»՝ ով է լավ տղա եւ ով՝ ոչ: Եւ երբ աշխարհը ֆաքսով մեզ մի թուղթ է ուղարկում՝ խառնվում ենք իրար: Պատահական չէ, որ ԵԽ փաստաթուղթը Հայաստանի քաղաքական միջավայրում վեր էր ածվել նույն այդ «ռազբորկայի» առարկայի, փոխանակ լուրջ վերլուծության եւ եզրահանգումների:

Այս պայմաններում, բնական է, որ պետք է ծնվեր այսպիսի փաստաթուղթ, եւ դեռ այնքան ժամանակ են դրանք լինելու, քանի դեռ մենք չենք կարողացել ստեղծել արդյունավետ հասարակական-քաղաքական կառույցներ եւ միջավայր: Փաստաթուղթն, այնուամենայնիվ, իր դրական դերն ունեցավ. եթե հավատանք քաղաքական գործիչներին, նրանք պատրաստակամություն են հայտնել նստել բանակցային սեղանի շուրջ եւ քննարկել բոլոր վիճելի հարցերը: Այդ է պահանջում փաստաթղթի 10-րդ կետը. «Վեհաժողովը կոչ է անում իշխանություններին եւ ընդդիմությանը զերծ մնալ ցանկացած այնպիսի քայլերից, որոնք կհանգեցնեն հետագա բռնությունների, ինչպես նաեւ երկխոսություն սկսել առանց որեւէ նախապայմանների…»:

Հայկազն ՂԱՀՐԻՅԱՆ 

Հատե տի

Նախագահ Քոչարյանը նաև զարմանալի կարծիք հայտնեց, թե անհրաժեշտ է փոխել ընդդիմությունը՝ դրանով իսկ զարմանալիորեն նմանվելով հայտնի մուլտֆիլմի հերոս Վինի Թուխին, որը մեղուների անգութ խայթոցներին ենթարկվելուց հետո բացականչում էր. «Դրանք սխալ մեղուներ են և պատրաստում են սխալ մեղր»:

«Իրավունք», 16-22 ապրիլի, 2004թ.

Ժողովուրդը չարդարացրեց կառավարության հույսերը. հարկավոր է լուծարել ժողովուրդը:

Բերտոլդ Բրեխտ

«ՊԱՏՐԱՍՏԻՐ ՍԱՅԼԸ ՁՄՌԱՆԸ…» ԿԱՄ՝ Ո՞Վ Է ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ

2007 թվին լրանում է Ա. Ղուկասյանի նախագահական լիազորությունների ժամկետը: Ըստ ԼՂՀ օրենսդրության՝ նա իրավունք չունի մեկ անգամ ևս առաջադրվելու այդ պաշտոնում: Սրանից հետևում է, որ մեր երկիրը 2007 թվականին ունենալու է նոր ղեկավար: Ուստի անհրաժեշտ է առաջնորդվել «Պատրաստիր սայլը ձմռանը, իսկ սահնակը՝ ամռանը» ժողովրդական իմաստնությամբ և այժմվանից հոգալ այն մասին, որ 2007 թվին ընտրվի արժանավորներից արժանավորը: Թող տարօրինակ չթվա նման շտապողականությունը, քանի որ նախ՝ նորմալ երկրներում չեն սպասում նախագահական ընտրություններին, այլ վաղօրոք են հոգում ապագա կադրերի մասին, ստեղծելով շնորհալի երիտասարդների յուրօրինակ «քուրա», հետո էլ, մեր պարագայում, նման շտապողականության համար նաև մեկ ուրիշ հիմք, որի իմաստը պարզ կդառնա հետագա շարադրանքից:

Կարծում եմ, նախևառաջ հարկ է պարզել այն կարևորագույն սկզբունքը, որով անհրաժեշտ է առաջնորդվել առաջադրված նպատակին հասնելու համար: Ըստ իս, դա  ժողովրդավարությունը պիտի լինի: Վերջինիս նկատմամբ իրենց նվիրվածության մասին բազմիցս արտահայտվել են մեր երկրի ղեկավարները: Բացի այդ, ժողովրդավարությունը հարազատ է մեր ժողովրդի ոգուն: Այն մեր երկրի անխուսափելի ապագան է (հուսանք, ոչ հեռավոր): Մանավանդ, որ սիրում ենք հավաստիացնել ինքներս մեզ և ուրիշներին, որ արդեն ունենք նվաճումներ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում:

Բայց իսկապե՞ս այդպես է: Այս հարցի պատասխանը ստանալու համար եկեք «ենթարկենք» մեր ժողովրդավարությունը քննության, իմա՝ մի յուրատեսակ  սոցիալական փորձաքննություն անցկացնենք, այն է՝ փորձենք ընտրել մեր երկրի հաջորդ ղեկավարին՝ ժողովրդի հնարավորինս լայնընդգրկուն, իրական մասնակցությամբ: Առաջադրված նպատակն իրականացնելու համար հարկ է կատարել տեսական հետազոտություններ և մշակել գործնական աշխատանքների ծավալուն, գիտականորեն հիմնավորված ծրագիր, որի բաղադրիչները հակիրճ կերպով փորձեմ ներկայացնել ստորև:

1. Եթե մենք ուզում ենք ունենալ լավ ղեկավար, ապա առաջին հերթին պետք է գոնե ինքներս մեզ համար պարզենք, թե ինչ է նշանակում լավ ղեկավար, ինչ հատկանիշներով պետք է նա օժտված լինի:

2. Այնուհետև պետք է մեր շրջապատում որոնենք-գտնենք նրանց, ովքեր ենթադրաբար համապատասխանում են, կամ ամենաշատն են համապատասխանում լավ ղեկավարի չափանիշներին («Դեմո»-ին առաջարկում եմ իր էջերում այս հարցերի շուրջ բանավեճ «հրահրել»):

3. Առաջարկությունների ու գաղափարների «հավաքագրում» և դրանց գիտական վերլուծություն:

Հասկանում եմ, որ դժվար թե մեր մեջ գտնենք մեկին, որ իդեալականորեն համապատասխաներ լավ ղեկավարի բոլոր չափանիշներին: Սակայն նման քայլն արդարացված է, քանի որ գոնե կձևավորվի, ինչպես դա արվում է տիեզերագնացության ոլորտում, թեկնածուների «ջոկատ»:

4. Թեկնածուների անձնական և գործնական հատկանիշների համալրում և կատարելագործում այն հաշվով, որ նրանք առավելագույն չափով մոտենան իդեալական ղեկավարի չափանիշներին: Ասել է թե՝ թեկնածուների հետ երկարատև քրտնաջան, ստեղծագործական աշխատանքի կարիք կլինի հետևյալ ուղղություններով.

–  գիտելիքների համալրում սոցիոլոգիայի, տնտեսագիտության, իրավագիտության, քաղաքագիտության, հոգեբանության, օտար լեզուների բնագավառում.

– առողջական վիճակի բարելավում.

– անձնական որակների կատարելագործում…

Այս ծանր, բարդ խնդիրներն իրականացնելու համար հանրահայտ «աստղերի ֆաբրիկայի» նմանությամբ նպատակահարմար կլինի ստեղծել, եթե կարելի է այսպես ասել,  «քաղաքական աստղերի ֆաբրիկա», որը, հավանական է, չունի իր նախադեպը աշխարհում:

5. Եզրափակիչ, կամ՝ հասունության ատեստատ: Չասեք, թե սա շոու է, բայց հարկ կլինի անցկացնել «ավարտական քննություններ», ընդ որում՝ հանձնախմբի դերում պիտի լինի հանրությունը (կոնկրետ մեխանիզմներ կարելի է մշակել): Լավագույն արդյունքների հասած «ջոկատայինները» բարոյական իրավունք կստանան մասնակցելու իսկական «եզրափակիչին»՝ նախագահական ընտրություններին:

Ծրագրի իրականացումը, անկեղծորեն ասած,  կապված է լինելու տեսական և գործնական բնույթի լուրջ դժվարությունների հետ: Բայց, փույթ չէ, ինչպես ասում են՝ չկան դեպի արքայական նվաճումներ տանող հեշտ ուղիներ: Կարևորն այն է, որ հասարակությունը, ինչու չէ՝ նաև իշխանությունները և առաջին հերթին՝ գործող նախագահը, գիտակցեն այս ամենի կարևորությունը: Ծրագրի ֆինանսավորման հետ կապված դժվարությունները, կարծում եմ, լուծելի են, այդ թվում՝ սփյուռքի աջակցությամբ:

Վերջում կուզեի մեկ անգամ ևս հիշեցնել քաղաքակիրթ երկրների օրինակը, որտեղ մեծ ջանքեր ու միջոցներ են ներդնում ապագա կադրերի պատրաստման գործում: Մի հանգամանք ևս՝ այդ երկրները նաև հետամուտ են համայն աշխարհում ժողովրդավարության արմատավորմամբ, ասել է թե՝ չի բացառվում, որ նրանք ևս ցանկանան աջակցել մեր այս գործին:

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Կարծում ենք, մեր հեղինակը հետաքրքիր ու օգտակար գաղափար է առաջարկել, ուստի տպագրելով այս նյութը՝ ակնկալում ենք շահագրգիռ քննարկումներ: Այնպես որ, հարգելի ընթերցողներ, հրավիրում ենք ձեզ բանավեճի ու շահագրգիռ երկխոսության: Խնդրում ենք առանձնակի ուշադրություն դարձնել երկրի ղեկավարին, ըստ ձեզ, անհրաժեշտ հատկանիշներին (փորձեք թվարկել հինգ կարևոր հատկանիշներ ու որակներ): Եւ, ինչու չէ, եթե ձեր շրջապատում տեսնում եք նման որակների  տեր մարդկանց, ապա կարող եք գրել նրանց մասին: Բանավեճի վերջում համատեղ ուժերով կամփոփենք արդյունքները:

Ստեփան ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆՈՐ ՕՐԵՆՍԳԻՐՔ ԵՎ ՀՆԱՈՃ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իսկ վարչակազմի ղեկավարի պաշտոնը թանկ է մեր իշխանությունների համար

Հանրության ուշադրությունը բեւեռված է ընթացիկ տարվա օգոստոսին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների եւ ապա հաջորդ տարի՝ Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման ու անցկացման խնդիրների վրա: Կկարողանա՞նք աշխարհին ապացուցել, որ ի վիճակի ենք ստեղծել ընտրական մի  համակարգ, որն իսկապես բխելու է  երկրի ու ժողովրդի շահերից, նպատակաուղղված է լինելու լիարժեք քաղաքացիական հասարակության ձեւավորմանը: Եվ դրանից զատ՝ այդ համակարգը երաշխիքներ կստեղծի՞ քաղաքացիների քաղաքական հավասարության սկզբունքը կյանքի կոչելու համար: Այդ առումով բավականին մեծ է Ազգային ժողովի կողմից ընդունվելիք  Ընտրական օրենսգրքի դերը, որը հասարակության հավանությանն արժանալուց հետո միայն կփորձի ապահովել ԼՂՀ նախագահի, Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումը՝ արդարության, թափանցիկության եւ օրինականության հենքի վրա:

Անշուշտ, հետաքրքիր եւ ուսանելի է քաղաքակիրթ աշխարհի փորձը, ընտրական գործընթացների նկատմամբ զարգացած երկրների վերաբերմունքը: ՅՈՒՆԵՍԿՈ-յի պատվերով տպագրված «Ժողովրդավարություն. հարցեր եւ պատասխաններ» գրքում (հեղինակներ՝ Դ. Բիթհամ եւ Ք. Բոյլ)  մատնացույց են արված ազատ ու արդարացի ընտրությունների ապահովման հիմնական գործոնները:

-Այդպիսի ընտրությունների չափանիշը առաջին հերթին ընտրական համակարգն է, այսինքն՝ օրենքները, որոնք կանխորոշում են, թե որ պաշտոնների համար պետք է անցկացվեն, ովքեր կարող են հավակնել այդ պաշտոնին, երբ պետք է կայանան ընտրությունները, ով կարող է քվեարկել, ինչպես պետք է սահմանվեն ընտրատարածքները, ինչպես են հավաքվում ձայները՝ հաղթողներին որոշելու համար եւ այլն: Երկրորդը ընտրական գործընթացն է, այսինքն՝ ինչպես են գործնականում անցնում անհատական ընտրությունները՝ արշավի միջոցով ընտրողների սկզբնական հաշվառումից մինչեւ ձայների հաշվառումը, օրենքի ճշգրիտ եւ անկողմնակալ կիրառումը եւ խախտումների բացառումը:

ԿԸՀ-ն նախապատվությունը տալիս է մեծամասնականին

Աժ-ում շրջանառության մեջ է  դրված Ընտրական օրենսգրքի միայն մեկ տարբերակ՝ ՀՅԴ խմբակցության անդամ Ա. Մոսիյանի օրենսդրական նախաձեռնությամբ  ներկայացրածը (խմբակցությունն այդ իրավունքը չունի): Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր տարբերակն ունի, որը սակայն մերժվել է ԱԺ ղեկավարության կողմից: Մենք նպատակահարմար ենք գտնում անդրադառնալ նաև այդ տարբերակին:  Երկու նախագծերի առանցքային նշանակության մի շարք դրույթներ  իրարից տարբերվում են տրամագծորեն հակառակ բովանդակությամբ, որն էլ հետեւանք է հեղինակների նույնքան հակառակ մոտեցումների: Հիմնական եւ վիճարկվող սկզբունքը համամասնականի եւ մեծամասնականի հարաբերակցությունն է՝ պատճառահետեւանքային բոլոր կապերով, ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգի ձեւավորման ու գործունեության սկզբունքները, մասնավորապես՝ ԿԸՀ նախագահի ընտրության հարցը եւ այլն:

ԿԸՀ տարբերակի հիմնական եւ էական նշանակություն ունեցող դրույթների շուրջ իր մոտեցումներն արտահայտեց ԿԸՀ նախագահ Սերգեյ Դավթյանը: Նախեւառաջ նա ափսոսանք հայտնեց, որ իրենց՝ դեռեւս 2003 թ. դեկտեմբերին առաջարկած նախագիծը արձագանք չի գտել ԱԺ ղեկավարության կողմից: «Ինձ, որպես քաղաքացու եւ հայի, պարզ չէ, թե ինչ ասել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (ԱԺ պատգամավորների մեծամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացման համար)»: Պարոն Դավթյանն առաջարկում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների փոխարեն ունենալ շրջանային, քաղաքային կամ տարածքային ընտրական հանձնաժողովներ:  Ըստ ԿԸՀ տարբերակի՝ հանրապետությունում պետք է լինեն 23 ընտրատարածքներ: Իրական մոտեցում է համարվում 10 համամասնական եւ 23 մեծամասնական հարաբերակցությունը՝ (խորհրդարանական ընտրություններին է խոսքը վերաբերում)՝ այն հիմնավորմամբ, որ Արցախի քաղաքական կազմակերպություններից միայն ՀՅԴ-ն է, որ հանրապետության վարչատարածքային միավորների 1/3-ում ունի իր կազմակերպությունները: Օրինական գրանցում ունեցող մյուս կազմակերպություններն օրենքի այս պահանջը մինչ այսօր չեն կատարել:

Մեր այն հարցին, թե ինչ սկզբունքով են ձեւավորվում շրջանային ընտրական հանձնաժողովներն ըստ իրենց տարբերակի, տրվեց այսպիսի պատասխան՝ շրջանային ընտրական հանձնաժողովի անդամներն առաջադրվում են ընտրողների կողմից՝ ըստ աշխատանքի, ուսման, ծառայության կամ բնակության վայրի եւ հասարակական, քաղաքական կազմակերպություններից: Ս. Դավթյանը սխալ է համարում, երբ ԿԸՀ ցանկացած ներկայացուցիչ ինքն է երաշխավորում շրջանային եւ տեղամասային հանձնաժողովներում իր կուսակցության ներկայացուցիչներին: Նրա խոսքերով՝ դա զուտ կուսակցական վերաբերմունք է ընտրությունների նկատմամբ, իսկ ընտրողները դուրս են մնում այս գործընթացից: Նա կիսում է միայն ԿԸՀ կազմավորման վերաբերյալ դաշնակցության կարծիքը, ըստ որի՝ չի կարելի թույլ տալ, որ 3 անդամ նշանակի նախագահը, 3-ին՝ կառավարությունը, իսկ մնացած երեքին՝ կուսակցությունները՝ ԱԺ-ի միջոցով: «Ես ուսանելի եմ համարում մի շարք երկրների փորձը,  երբ  հանրապետության ղեկավարը նշված երեք անդամների շարքում ընդգրկում է ներկայացուցիչներ Սահմանադրական դատարանից, Գերագույն դատարանից, այսինքն՝ օրենսդիր եւ գործադիր իշխանություններից  միանգամայն անկախ կառույցներից»:

Համամասնական ընտրակարգը տանում է դեպի քաղաքական դաշտի զարգացում

ՀՅԴ խմբակցության նախագահ Վահրամ Բալայանի վկայությամբ՝ Ա. Մոսիյանի տարբերակն իր նախնական ձեւով առաջադրվել է խմբակցության կողմից դեռեւս մեկ տարի առաջ: Ճիշտ  է, պատգամավորն անձամբ աշխատել է այդ նախագծի վրա, սակայն նրանում ներառված են խմբակցության սկզբունքային մոտեցումները: «Մեր գլխավոր նպատակը Արցախի քաղաքական դաշտի զարգացմանը նպաստելն է»,- նշեց Վ. Բալայանը: Համամասնական ընտրակարգը, նրա համոզմամբ, հնարավորություն է տալիս, որպեսզի ժողովուրդը ճանաչի իր քաղաքական ուժերին, լավ պատկերացում կազմի նրանց մոտեցումների մասին՝ երկրի սոցիալ-տնտեսական հարցերի, ներքին ու արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ: Կուսակցությունը հաշվի է առնում զարգացած երկրների փորձը, մասնավորապես այն, որ այդ երկրներում գնալով կատարելագործվում է հենց համամասնական ընտրակարգը, ուստիեւ,  առաջիկայում ՀՅԴ-ն դրա զարգացման խնդիրն է դնելու: «Անձամբ ես կարծում եմ,-շարունակեց խմբակցության նախագահը,- որ կուսակցական ցուցակներ կազմելիս  պետք է նշվեն ոչ միայն կուսակցությունների, այլեւ կուսակցության անդամների անունները, ինչը հնարավորություն կընձեռի բացահայտելու տվյալ անձանց քաղաքական վարկանիշը, բացահայտելու նրանց՝ որպես քաղաքական գործչի հեղինակությունը: Բացի այդ, իմ կարծիքով, այդպես կարելի է նաեւ բուն կուսակցության ներսում ընտրություն կատարել»:

Ինչ վերաբերում է շրջանային հանձնաժողովների գործունեությանը, ապա Վ. Բալայանը միանգամայն բնական է համարում, որ գործադիրը փորձում է օգտագործել իր լծակները, հակառակ մոտեցումն էլ անհասկանալի կլիներ: Բայց մյուս կողմից՝ չի կարելի միայն բացասական տեսանկյունից դիտարկել իշխանության ներկայացուցիչների գործունեությունը: Չի բացառվում, որ շրջանային հանձնաժողովի՝  իշխանությունը ներկայացնող անդամը մյուսների համեմատ լինի օբյեկտիվ, արդարամիտ ու ազնիվ անձնավորություն: Սակայն, ամեն դեպքում, ճիշտ կլիներ, եթե այդ հանձնաժողովներում ընդգրկվեին նաեւ քաղաքական, հասարակական ուժերի ներկայացուցիչներ:

Վ. Բալայանը  սխալ է համարում, երբ պետական պաշտոնյաներն զբաղվում են քարոզչությամբ: Խոսքը կառավարության կողմից կատարվող, այսպես կոչված, ամրացումների, պետական փոխադրամիջոցներն օգտագործելու մասին է:

Քաղաքական ուժերի վերաբերմունքը ընտրական նոր օրենսգրքի նկատմամբ միանգամայն տարբեր է: ԺԱՄ խորհրդարանական խմբակցությունը, ինչպես պարզել ենք, դեռեւս քննարկում չի անցկացրել, նախատեսված է այդ նպատակով նիստ հրավիրել մայիսի երկրորդ տասնօրյակի վերջին: Այդ մասին մենք տեղեկացանք խմբակցության անդամ Վ. Աթանեսյանից: Կոմկուսի առաջին քարտուղար Հ. Մելքումյանն իրազեկեց, որ կուսակցությունը պաշտպանում է դաշնակցության դիրքորոշումը օրենսգրքի առանցքային հարցերի շուրջ, մասնավորապես՝  շրջանային ընտրական հանձնաժողովների հարցում: Նրա խոսքերով՝ այդ գործընթացում կառավարությունը, անկասկած, գործի է դնելու իր լծակները, արդյունքում ոչ թե ընտրություն է լինելու, այլ նշանակվելու են մարդիկ:

Պատասխանատվություն եւ կախվածություն

Պատասխանատվության զգացումը ոչ բոլորին է հատուկ: ԿԸՀ նախագահի կարծիքով՝ եթե օրենքի պահանջկոտության դիրքերից դիտարկենք   հանձնաժողովների անդամներին, նրանց օբյեկտիվությունն ու անկախությունը, օրինապահությունը, ապա նշանակություն չունի, թե ով է նրանց նշանակում. նախագա՞հը, թե՞ մեկ ուրիշը:  Պետք է ձգտել նրան, որ բոլոր օղակներում լինեն հենց այդպիսի մարդիկ: ՀՅԴ խմբակցությունն այլ տեսանկյունով է մոտենում այդ պատասխանատվությանը, այն իմաստով, որ որոշ դեպքերում պատասխանատվությանը խանգարում է կախվածությունը: Օրինակ՝ քվեաթերթիկներում նշումներ կատարելիս մարդիկ երբեմն մոռանում են խղճի ու պատասխանատվության մասին: Եթե ընդունված չէ նշում կատարելու մի  հաստատուն ձեւ, ապա դրանով սողանցքներ են ստեղծվում պայմանավորվածությունների համար, մի խոսքով՝ կառավարելի է դառնում նաեւ այդ գործընթացը: Խմբակցության նախագահը հիշեցրեց տեղական ինքնակառավարման մարմինների նախորդ ընտրությունները, երբ նման խախտում թույլ է տրվել բանակի կողմից, այսինքն՝ ոտնահարվել էր զինծառայողների ընտրական իրավունքը:

Հին ձեւով չեն ուզում կառավարվել

Նոր օրենսգրքով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվի, քանի որ այն օրենքի ուժ է ստանալու ընտրությունների նշանակման ժամկետից ավելի ուշ: Մինչև հունիսի 10-ը կառավարությունն այդ մասին որոշում պիտի ընդունի: Ընտրությունները կայանալու են նախորդ ընտրություններում ընտրվածների լիազորություններն սկսելուց մեկ ամիս առաջ, իսկ դա նշանակում է, որ այս տարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կարող են նշանակվել ոչ ուշ, քան մինչև օգոստոսի 12-ը: Օրենսգիրքն այդ ժամանակ ընդունված չի լինի, բայց դա չէ կարեւորը: Մեծ հաշվով ոչինչ էլ չի փոխվում, քանի որ շրջանային վարչակազմերի ղեկավարների մասին նոր օրենսգրքում խոսք չկա:

ԿԸՀ նախագահի հետ ունեցած զրույցի ժամանակ այդ մասին էլ խոսք եղավ: «Եթե մյուս տարբերակի կողմնակիցներն անընդհատ մեզ ասում են, որ շրջանի ղեկավարությունը ճնշում է գործադրելու ընտրությունների ընթացքի վրա,- ասաց Ս. Դավթյանը,- ապա այդ դեպքում պետք է շրջանի վարչակազմի ինստիտուտը դառնա ընտրովի: Որպեսզի նրա պաշտոնը կախված լինի ընտրողներից: Զավեշտ է պարզապես. ՌԴ նահանգապետը ընտրվում է, իսկ մեր «դյույմաչափ» շրջանի ղեկավարը՝ նշանակվում»:

Մեր ընթերցողներին հիշեցնենք. վարչակազմի ղեկավարի ընտրության հարցը դրվել է դեռեւս երկրորդ գումարման  ԱԺ  մի խումբ պատգամավորների կողմից: Այն ժամանակ էլ սխալ է համարվել վարչակազմի ղեկավարի նշանակումը: Հիմա  նույն համառությամբ շարունակվում է դրվել այս պահանջը եւ նույն համառությամբ մեր իշխանությունները չեն ուզում վարչակազմի ղեկավարի ճակատագիրը թողնել ընտրազանգվածին:

Մինչդեռ «ներքեւները» չեն ուզում կառավարվել հին ձեւով:

Իրավիճակից դուրս գալու ելք կա, մնում է ցանկությունը

Միանգամայն հնարավոր է նոր օրենսգրքով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումը: Դրա համար ԱԺ-ն կարող է որոշում ընդունել այդ ընտրությունները վեց ամսով հետաձգելու մասին: Այդկերպ հնարավորություն կընձեռվի ընդունել օրենսգիրքը, եւ բացի այդ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին օրենքում անհրաժեշտ փոփոխություն կատարել՝ վարչակազմի ղեկավարի պաշտոնը դարձնել ընտրովի: Այսինքն՝ դա ընդամենը ցանկության խնդիր է:

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

Մարտակերտ. բյուրոկրատական քաշքշուկ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ՊՐՆ  Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ

Հարգարժան Նախագահ

Մարտակերտի գյուղացիական կոլեկտիվ (փայատիրական) տնտեսության 250 փայատերերի անունից ի սրտե շնորհավորում ենք Ձեզ մայիսյան եռատոնի առթիվ, միևնույն ժամանակ, հույսուհավատով ակնկալում ենք, որ միմիայն  Ձեր միջամտությամբ վերջ կդրվի պետական կառավարման ու իրավապահ մարմինների, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի ներկայացուցիչների կողմից մեր սեփականությունը հանդիսացող գույքի ու ունեցվածքի նկատմամբ շարունակական ոտնձգություններին: Հուսով ենք, որ կփոխվի անպատժելիության ու ամենաթողության այս մթնոլորտը, կվերականգնվեն սեփականատերերիս ոտնահարված շահերն ու իրավունքները: Դրանով իսկ բարոյապես, ինչու չէ՝ նաև նյութապես աջակցած կլինենք շուկայական տնտեսության թելադրանքով սոցիալապես անապահով կացության մեջ հայտնված, բայց հայրենիքին արժանի ծառայություն մատուցած ընտանիքներիս՝ հնարավորություն ընձեռելով տնօրինելու մեր իսկ գույքը և հոգալու մեր հանապազօրյա հացի խնդիրը:

Համաձայն Մարտակերտի ԳԿ(Փ)Տ-ի փայատերերի հայցի, ԼՂՀ առաջին ատյանի դատարանի 2003թ. հունիսի 15-ի նիստի վճռով անվավեր է ճանաչվել տնտեսությունը լուծարելու հարցով փայատերերի 2001թ. հոկտեմբերի 23-ի ընդհանուր ժողովի որոշումը, ինչի հիման վրա փայատերերի 2003թ. օգոստոսի 2-ի ընդհանուր ժողովի կողմից ստեղծված նոր լուծարային հանձնաժողովը ձեռնամուխ է եղել տնտեսության սեփականություն հանդիսացող ունեցվածքի գույքագրմանն ու մնացորդային արժեքի ճշգրտմանը, ինչի արդյունքում պարզվել է հետևյալը.

1. Սարսանգի ջրամբարի հարևանությամբ «Ալաշան» անվանյալ տեղամասի երբեմնի հանգստյան գոտու և դաշտային օթևանի մի քանի տասնյակ շենքեր ու շինություններ ազատագրումից ի վեր շարունակում են օգտագործվել ԼՂՀ ՊՆ-ի կողմից առանց որևէ հատուցման:

2. Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավարի կողմից՝ առանց մեր իմացության ու համաձայնության և առանց ավագանու նիստի հրավիրման, դուրս են գրվել համայնքի հաշվեկշռում չեղած՝ մեր սեփականություն հանդիսացող խաղողենու և նռենու 80-90 տոկոսով լիարժեք տարածքները, որոնք որպես վարելահող շարունակում են հատկացնել իրավաբանական ու ֆիզիկական անձանց:

3. ԳԿ(Փ)Տ-ի նախկին վարչական շենքը (մնացորդային արժեքը՝ 31.3 մլն դրամ), որը մինչ բռնատեղահանությունը օգտագործվում էր մանկապարտեզի, ապա՝ դպրոցի, իսկ Մարտակերտի ազատագրումից հետո՝ ԼՂՀ ՊՆ-ի կողմից առանց մեր իմացության ու համաձայնության և առանց արժեքի հատուցման, ԼՂՀ կառավարության 2000թ. հոկտեմբերի 3-ի թիվ 133 որոշմամբ անհատույց հանձնվել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմին: Նույն որոշման մեկ այլ կետով որպես պարտադիր պայման նշվել է, որ շենքը թեմի սեփականություն կարող է դառնալ միմիայն առաջիկա 2 տարիներին այնտեղ շուրջ 77 մլն դրամի ներդրում կատարելու դեպքում: Այս պահանջը չի կատարվել, և բարոյական առումով ճիշտ կլիներ, որ ԼՂՀ կառավարությունն առանց մեր միջամտության ուժը կորցրած ճանաչեր վիճահարույց այդ որոշումը և շենքը վերադարձներ մեզ, սակայն դա չի կատարվել, ավելին՝ բարյացակամություն դրսևորելու փոխարեն արհամարհվել է ու անպատասխան է մնացել հիշյալ առաջարկով կառավարությանը հասցեագրված մեր դիմումը:

Նույն հարցով ԼՂՀ ԱԺ-ին և ԼՂՀ Արդարադատության նախարարությանը հասցեագրված մեր դիմումներին ի պատասխան մեզ առաջարկվել է դիմել ԼՂՀ առաջին ատյանի դատարան, ինչը կատարել ենք ու միամտաբար սպասել, որ անվավեր կճանաչվի վերոհիշյալ որոշումն ու կճանաչվի վիճելի գույքի նկատմամբ մեր սեփականության իրավունքը, կամ «ԼՂՀ սեփականության մասին» օրենքի 59-րդ ու 60-րդ հոդվածների հիման վրա լրիվ ծավալով կհատուցվի սեփականության իրավունքի դադարեցման հետևանքով մեզ պատճառված վնասը: Սակայն, ի զարմանս մեզ, ԼՂՀ առաջին ատյանի դատարանը 2004թ. հունվարի 12-ի վճռով հայցը մերժել է որպես անհիմն և դրանով իսկ մեզ ներքաշել աներևակայելի քաշքշուկների մեջ: Չհամաձայնելով վճռի հետ, այն բողոքարկել ենք ըստ վերադասության, սակայն ԼՂՀ Գերագույն դատարանի վերաքննիչ ատյանի 2004թ. մարտի 9-ի վճռով և վճռաբեկ ատյանի ապրիլի 21-ի որոշմամբ վճիռը թողնվել է անփոփոխ և մեր արդարացի բողոքը՝ չբավարարված, ինչին համամիտ չենք ներքոթվարկյալ պատճառաբանությամբ.

ա) դատական նիստի ընթացքում տասնյակ վկաների վկայություններն առ այն, որ շենքը պատկանել է նախկին խորհտնտեսությանը, ապա՝ նրա կազմացրման արդյունքում ստեղծված  Մարտակերտի կոլտնտեսությանը, հիմք չեն ընդունվել, ինչը վկայությունն է այն բանի, որ անարդարությունը սկսվում է հենց արդարադատության մարմիններից, և որ ուժն է օրենք, այլ ոչ թե օրենքը՝ ուժ.

բ) անհեթեթություն և անբարո է, երբ թշնամու կողմից Մարտակերտի զավթման արդյունքում արխիվային փաստաթղթերի ոչնչացումը հայրենի իշխանությունների կողմից օգտագործվում է մեր դեմ, էլ չենք խոսում այն մասին, որ ոչ մեր մեղքով անհետացած փաստաթղթերի բացակայության պարագայում «անտեր» կարգավիճակում գտնվող այդ շենքի հետագա ճակատագրի հարցը պետք է լուծվեր դատարանի, այլ ոչ թե կառավարության միջոցով: Իսկ եթե այդ ամենին հավելենք նաև այն, որ համաձայն ԼՂՀ կառավարության 1995թ. մարտի 2-ի «Գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ստեղծման և գործունեության մասին» թիվ 14 որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության երկրորդ բաժնի թիվ 2 կետի և 1995թ. մայիսի 27-ի «ԼՂՀ տարածքում գործող կոլտնտեսությունների վերակազմավորման մասին» թիվ 104 որոշման՝ «Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության սեփականությունը գոյանում է առկա խորհտնտեսությունների և կոլեկտիվ կոլտնտեսությունների հիմքի վրա», նաև, ինչի հիման վրա վիճելի շենքը ներառվել է ԳԿ(Փ)Տ-ի սեփականություն հանդիսացող գույքի ցանկ և արտացոլվել նաև լուծարային հաշվեկշռում, ավելի ամբողջական կդառնա առաջ քաշված վարկածի հիմնազրկությունը և դրա հեղինակների դիտավորությունը.

գ) հարցին առնչվող իրավական մարմինների բոլոր ներկայացուցիչներն էլ համոզված են եղել մեր բարձրացրած հարցի արդարացիության մեջ, սակայն ցավալին այն է, որ բանավոր պաշտպանելով մեզ, գրավոր վճիռներով ու որոշումներով պաշտպանել են ուժեղի շահը.

դ) փայատիրական սեփականություն հանդիսացող գույքին առնչվող հարցերով դիմել ենք նաև շրջանային դատախազությանը և շնորհակալ ենք, որ այն գոնե ստուգել է նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման կամ անփութության հետևանքով տնտեսությանը պատճառած վնասի չափերը, սակայն դատախազությունը ևս հետամուտ չի եղել վնասի վերականգնմանը՝ պատճառաբանելով, որ այս մարմինը պետության շահերի պաշտպանն է:

Այսպիսով, ստացվում է, որ դատախազությունը՝ պետական, արդարադատության մարմինները՝ իշխանության մարմինների շահերի պաշտպանն են: Բայց այդ դեպքում հարց է ծագում՝ երկրի հիմքը հանդիսացող ժողովրդի շահերն ու իրավունքները ո՞վ պետք է պաշտպանի, եթե ոչ նրանք, եթե ոչ հանրապետության նախագահը: Ահա թե ինչու, պարոն նախագահ, հույսուհավատով դիմում ենք Ձեզ և խնդրում ընդունել մեզ, ունկնդիր լինել մեր ցավերին և արդարացի լուծում տալով մեր հարցերին՝ վերականգնել իշխանության մարմինների հանդեպ խաթարված մեր վստահությունը:

«Մարտակերտ» ԳԿ (Փ)Տ-ի լուծարային հանձնաժողովի անդամներ

Հ. Աղասյան
Ս. Հյուսնունց
Ռ. Բաղրյան
Հ. Մարտիրոսյան
Ս. Մանուչարյան
Ս. Առուշանյան
Գ. Անդրյան
04 մայիսի 2004թ., ք. Մարտակերտ

Ո՞Վ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՍԱՐԱԿ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԸ

Սույն թվականի մարտ ամսին մեր թերթի խմբագրություն էին դիմել Մարտակերտի քաղաքացիներ Յաշա Աղասյանը, Գուրգեն Անդրյանը, Հրաչ Մարտիրոսյանը, Ռազմիկ Բաղրյանը, Սուրեն Մանուչարյանը, որոնք, մինչ ԶԼՄ-ներին դիմելը, երեք անգամ դիմել էին դատարան, սակայն և առաջին ատյանի դատարանը, և գերագույն դատարանը, և վճռաբեկ դատարանը նրանց հայցը համարել էին անհիմն և մերժել: Հայցի պատճառ էր հանդիսացել Մարտակերտ քաղաքի Սախարովի փողոցի վրա գտնվող Մարտակերտի 22-րդ կուսհամագումարի անվան խորհտնտեսության նախկին վարչական շենքը, որը 1981թ. խորհտնտեսության նոր վարչական շենք կառուցելու հետևանքով, դարձել էր խորհտնտեսության մանկապարտեզ:

1989-90թթ. խորհրդային բանակի ստորաբաժանումները զբաղեցրել էին քաղաքի գիշերօթիկ դպրոցի շենքը, որի պատճառով 1990-1991թթ. ստեղծվել է Մարտակերտի թիվ 3 դպրոցը, որն էլ տեղակայվել էր 22-րդ կուսհամագումարի անվան խորհտնտեսության մանկապարտեզի շենքում: 1991թ. Մարտակերտի վերոհիշյալ խորհտնտեսությունը վերակազմավորվել էր և նրա բազայի վրա ստեղծվել էր 2 կոլտնտեսություն, որից մեկը հանդիսացել է «Մարտակերտ» կոլտնտեսությունը, որն էլ իր հերթին 1995թ. հոկտեմբերի 25-ին դարձել էր Մարտակերտի գյուղացիական կոլեկտիվ (փայատիրական) տնտեսություն և իր հաշվեկշռի մեջ արտացոլել էր տնտեսության բոլոր հիմնական և շրջանառու միջոցները, բացառությամբ այդ վիճելի շենքի, որն այդ ժամանակ արդեն զբաղեցված է եղել Մարտակերտի շրջանում տեղակայված ԼՂՀ ՊԲ զորամասի  կողմից:

ԼՂՀ կառավարությունը 1999թ. մարտի 2-ի թիվ 37 որոշմամբ ԼՂՀ ՊԲ-ի նյութական բազայի ամրապնդման նպատակով որոշել է Մարտակերտի շրջանում տեղակայված զորամասի կողմից զբաղեցված մի շարք շենքեր և շինություններ անհատույց ԼՂՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել ու նշված որոշմամբ ԼՂՀ ՊԲ-ին է հատկացվել Մարտակերտի նախկին թիվ 3 միջնակարգ դպրոցի շենքը: Որոշման 2-րդ կետով Մարտակերտի շրջվարչակազմին և ԼՂՀ Պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ավարտել հաշվեկշռից-հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները: Իսկ ահա ԼՂՀ կառավարության մեկ այլ՝ 1999թ. դեկտեմբերի 10-ի «ԼՂՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 153 որոշմամբ Մարտակերտի նախկին թիվ 3 միջնակարգ դպրոցի շենքը ԼՂՀ Պաշտպանության նախարարությունից հանձնվել է Մարտակերտի շրջանի վարչակազմին: Այնուհետև, հաշվի առնելով Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցում գտնվող նախկին թիվ 3 դպրոցի կիսավեր շենքը վերականգնելու, բարեգործական հիմունքներով մանկապատանեկան կենտրոն բացելու, նոր աշխատատեղեր ստեղծելու ու այդ նպատակով 77 մլն դրամի ներդրումներ կատարելու և 12 աշխատատեղեր ստեղծելու պատրաստակամությունը, ԼՂՀ կառավարության 2000թ. հոկտեմբերի 3-ի թիվ 193 որոշմամբ՝ 1մլն 922 հազար դրամ գնահատված արժեք ունեցող օբյեկտն ուղղակի անհատույց տրամադրվել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմին:

Դատարանները որոշեցին փայատերերի հայցը համարել անհիմն, որովհետև «հայցվոր կողմը դատարան չներկայացրեց որևէ գրավոր փաստաթուղթ, որով ամրագրված լինի վիճելի շենքը Մարտակերտի ԳԿ(Փ)Տ-ին երբևէ պատկանելու հանգամանքը»: Մինչդեռ հայցվորների դատապաշտպան Գեորգի Սաֆարյանի խոսքերով՝ վերոհիշյալ շենքը միշտ էլ պատկանել էր Մարտակերտի կոլտնտեսությանը: Այն փաստաթղթերը, ըստ որոնց խորհտնտեսությունը լուծարել են և դարձրել կոլտնտեսություն, ազերիների կողմից Մարտակերտի զավթման ժամանակ անհետացել են: Սակայն Մարտակերտում բոլորը գիտեն, թե ում է պատկանել հիշյալ շենքը՝ այդ են հաստատում բազմաթիվ վկաների ցուցմունքները:

90-ականներին շենքը օգտագործվել է որպես դպրոց: Կան վկաների ցուցմունքներ և գրավոր փաստաթղթեր, ըստ որոնց շենքը որպես դպրոց օգտագործելու համար կոլտնտեսության ղեկավարությունից թույլտվություն են խնդրել: Սակայն դատարանը քննության չի առել դրանք, ինչպես և անտեսել է բազմաթիվ վկաների, այդ թվում՝ վերոհիշյալ դպրոցի տնօրենի, ժողկրթբաժնի վարիչի, հաշվապահի և այլոց ցուցմունքները, որոնք հաստատել են, որ վերոհիշյալ շենքն իրենց հաստատությունների հաշվեկշռում երբեք չի եղել: Բացի այդ, կա գրավոր ապացույց այն մասին, որ շենքն օգտագործելու համար եկեղեցու ներկայացուցիչները սկզբում դիմել էին կոլտնտեսության նախագահին: Սա ևս որպես հիմք չընդունվեց. ըստ դատարանի՝ չկա փաստաթուղթ այն մասին, որ շենքը երբևէ պատկանել է կոլտնտեսությանը: «Այդ դեպքում,- տարակուսում է Գ. Սաֆարյանը,- բնական հարց է ծագում. երբ դուք ասում եք, որ սա պետական շինություն է, այսինքն՝ պատկանում է վարչակազմին, ապա ի՞նչ գրավոր փաստաթղթերով է դա հավաստվում: Մեզ պատասխանում են, թե դա ի՞նչ մի հարց է: Բացի այդ, այն հանգամանքը, որ ըստ 2000թ. հոկտեմբերի 3-ին կառավարության հետ կնքված պայմանագրի երկրորդ կետի՝ Հայ Առաքելական եկեղեցու թեմը պարտավորվում է վերոհիշյալ շինությունում կատարել 77 մլն դրամի ներդրում, սակայն չի կատարել, ևս չի ընդունվել դատարանի կողմից որպես հիմք: Այդ պատճառով էլ ես համարում եմ, որ բոլոր երեք դատավարություններն էլ անարդարացի են եղել»:

Մեր այն հարցին, թե ինչու դատապաշտպանը  ներկա չէր վերջին՝ երրորդ դատավարությանը, Գ. Սաֆարյանը պատասխանեց. «Պատճառն այն է, որ ես չեմ ստացել դատարանի կողմից նամակ այն մասին, որ այդ օրը պետք է լինի դատավարություն: Իսկ նույն այդ օրը ես Ասկերանում դատ ունեի: Ճիշտ է, իրենք ասում են, որ նամակ ուղարկել են, սակայն ես ոչինչ չեմ ստացել»: Իսկ եթե դատապաշտպանը ներկա լիներ, կարո՞ղ էր այլ դատավճիռ կայացվել.

– Ոչ,- պատասխանեց իրավաբանը:- Նախապես էլ հասկանալի էր, որ ոչ մի այլ ելք չէր լինի: Ես չեմ հավատում, որ նրանք կարող էին ճիշտ որոշում ընդունել: Դա հնարավոր չէ, քանի որ այստեղ կան մի շարք ազդեցիկ մարմինների շահեր, և արդեն պարզ էր՝ դատարանն ում կողմն էր լինելու:

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

 

ԻՐԱՆԸ ԿՐԿԻՆ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Երկու երկրների շահերը, սակայն, պահանջում են ընդհանուր լեզու գտնել 

Ապրիլի 29-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է միջազգային ահաբեկչության վերաբերյալ 2003-ի տարեկան զեկուցագիրը, որտեղ Իրանն իբրեւ միջազգային ահաբեկչության գլխավոր հովանավոր է ներկայացվել: Բացի այդ, միջազգային ահաբեկչության հովանավորներ են համարվում՝ Կուբան, Լիբիան, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Սուդանը եւ Իրաքը: Ինչ վերաբերում է Թեհրանին, ապա Պետքարտուղարության զեկուցագրում այդ երկիրը մեղադրվում է նախ՝ «Ալ Ղաիդայի» դեմ պայքարում ստանձնած պարտավորությունները լիովին չկատարելու մեջ, ընդսմին՝ ընդգծվում է, որ ահաբեկչական այդ ցանցի անդամների նկատմամբ Թեհրանի վերաբերմունքը միանշանակ չի եղել, եւ որ «Ալ Ղաիդայի» բարձրաստիճան որոշ անդամներ վայելել են Իրանի հովանավորությունը: Բացի այդ, Իրանը մեղադրվում է նաեւ Լիբանանի «Հըզբոլահ», պաղեստինյան «Համաս» եւ «Ջիհադի իսլամի» արմատական կազմակերպություններին ֆինանսական և ռազմական աջակցությունը շարունակելու մեջ:

Հավելենք, որ Թեհրանն իր հերթին Վաշինգտոնին ու Թել Ավիվին մշտապես մեղադրում է պետական ահաբեկչության մեջ: Ի պատասխան Պետքարտուղարության զեկուցագրի՝ ապրիլի 30-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Համիդ Ռեզա Ասեֆին մեղադրանքները գնահատել է որպես արժեզրկված կրկնություն եւ ամբոխավարություն: Ասեֆին շեշտել է, որ ԱՄՆ-ն  գլխավոր հովանավորն է Իսրայելի, որն իր հետևողական ահաբեկչական գործողություններով արժանացել է միջազգային հանրության պարսավանքին: Նա նշել է նաև, որ Իրաքում ու Աֆղանստանում կրած բազմաթիվ անհաջողությունների պատճառով ԱՄՆ-ն հուսահատված է: Ի դեպ, արեւմտյան փորձագետներից շատերը եւս Պետքարտուղարության զեկուցագիրն առավելապես գնահատում են քարոզչական տեսանկյունից:

Սակայն, մայիսի 1-ին ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի խորհրդական, Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի Միջին Արեւելքի քաղաքականության բաժնի փորձագետ Գերի Սիքը խնդրո առարկա զեկուցագրի առիթով ամերիկյան «Ֆարդա» ռադիոկայանին տված հարցազրույցում շեշտել է, որ խնդիրն ահաբեկչությունը որպես երևույթ սահմանելու հարցում Իրանի եւ ԱՄՆ-ի տեսակետների միջեւ առկա տարբերությունն է: Եթե Վաշինգտոնի դիրքորոշումը հիմք ընդունելու լինենք, ապա զեկուցագիրը ճշմարտացի է, քանզի Իրանում տեղի ունեցող համաժողովներում երբեմն պաշտոնապես հրավիրվում են այնպիսի կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ընդգրկված են ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Մինչդեռ, իրանցիների կարծիքով, պաշտպանության արժանի են նրանք, ովքեր պայքարում են հանուն ազատության, եւ Իրանը հենց այդ հանգամանքով է բացատրում պաղեստինցի մահապարտների ու պաղեստինյան ծայրահեղական կազմակերպությունների պաշտպանությունը, որոնք գործում են ընդդեմ Իսրայելի:

Պաշտոնական Թեհրանը բազմիցս շեշտել է, որ իր աջակցությունը պաղեստինցիներին զուտ բարոյական բնույթ է կրում, այնինչ Վաշինգտոնը խնդրո առարկա կազմակերպություններին ահաբեկչական բնութագրելով, հավաստում է, թե Իրանը դրանց առատորեն նյութական աջակցություն է ցուցաբերում: Սա այն դեպքում, երբ ֆրանսիացի իսլամամետ-արեւելագետ Օլիվի Ռուան ապրիլի 30-ին «Լիբերասիոն» օրաթերթում հրապարակված «Ու՞ր է գնում Իրանը» վերնագրով հոդվածում նշել է, որ Իրանը պաղեստինցիների մոտ զգալի հեղինակություն չի վայելում:

Այդուհանդերձ, ԱՄՆ-ն, հաշվի առնելով Իրանի ազդեցությունն Իրաքում, այստեղ իրավիճակը կարգավորելու հարցում չի կարող անտեսել Իրանի հետ համագործակցության անհրաժեշտությունը: Մյուս կողմից, ինչպես նշվել է «Լիբերասիոնի» հիշյալ հոդվածում, եթե ԱՄՆ-ն հեռանա Իրաքից եւ տարածաշրջանից, ապա այստեղ ստեղծվելիք վակուումի պայմաններում գլուխ կբարձրացնեն սունի արմատականությունը, արաբ ազգայնականներն ու քուրդ անջատականները, ինչը ձեռնտու չէ Իրանին: Ուստի, Իրանը կողմ է Իրաքում անգամ ոչ լիարժեք ժողովրդավարական վարչակարգի հաստատմանը, իսկ Աֆղանստանում պաշտպանում է ամերիկամետ Համեդ Քարզայի վարչակարգին, քանզի խիստ դեմ է հակաիրանական դիրքորոշմամբ թալիբների վերադարձին, գրում է «Լիբերասիոնը»:

Հաշվի առնելով վերոհիշյալը, Ռուան եզրակացնում է, որ պաղեստինյան եւ իրաքյան հիմնահարցերի փոխկապակցումը եւ սունի ու շիա արաբների դաշնակցումը ոչ ԱՄՆ-ի եւ ոչ էլ Իրանի շահերին են համապատասխանում, հետեւաբար միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված այդ երկրները դատապարտված են համաձայնության գալու, թեեւ առայժմ բանակցելու  կուլտուրան չեն յուրացրել:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

ԻՍՐԱՅԵԼԸ ԽԶՈՒՄ Է 40-ԱՄՅԱ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ

Իրանի ենթադրյալ ջանքերը միջուկային զենք արտադրելու ուղղությամբ քաղաքականապես արդարացված են 

Ապրիլի 21-ին, 18-ամյա բանտարկությունից հետո,  ազատ է արձակվել Իսրայելի միջուկային ֆիզիկայի ոլորտի գիտնական, 49-ամյա Մորդախայ Բանոնոն, ընդ որում՝ խիստ սահմանափակումներով (նա մեկ տարի իրավունք չունի մոտենալու որեւէ օդանավակայանի, նավահանգստի եւ սահմանակետի, բացի այդ՝ 6 ամիս առանց համապատասխան մարմիններին տեղեկացնելու զրկված է որեւէ արտասահմանցու հետ հանդիպելու հնարավորությունից): Նա 1975-86թթ. աշխատել է Իսրայելի հարավում գտնվող «Բիմոնա» ԱԷԿ-ում, ապա հեռացվել է աշխատանքից եւ անմիջապես մեկնել արտասահման, իր հետ տանելով նշյալ ԱԷԿ-ի ռեակտորի լուսանկարները եւ Իսրայելի միջուկային գործունեության վերաբերյալ գաղտնի տեղեկություններ:

Բանոնոն այդ տեղեկությունները Լոնդոնում տրամադրել է բրիտանական «Սանդեյ թայմս» օրաթերթին, որը հրապարակել է դրանք: Այդ գաղտնազերծումից հետո Բանոնոյին առեւանգել է Իսրայելի գաղտնի ծառայությունների գործակալությունը (MOSSAD) եւ տեղափոխել Թել Ավիվ, որտեղ դռնփակ դատավարությունում դավաճանության, Իսրայելի գաղտնիքները բացահայտելու մեղադրանքով դատապարտվել է 18 տարի ազատազրկման, որից 11 տարին նա անցկացրել է մենախցում:

Մորդախայը ծնվել է Մարակկոյում՝ հրեայի ընտանիքում: Հիշյալ դեպքից հետո ծնողները հրաժարվել են նրանից, սակայն 1997թ. նրան որդեգրել է ամերիկացի մի ընտանիք, որից հետո նա քրիստոնեություն է ընդունել: Ահա թե ինչու գիտնականը բանտից ազատվելուց անմիջապես հետո եկեղեցի է մտել եւ աղոթել: Ապա լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր արածի համար երջանիկ է ու հպարտ, մեկ անգամ եւս ընդգծելով, որ Իսրայելին միջուկային զենք անհրաժեշտ չէ, մանավանդ, որ Միջին Արեւելքում չկա նման զենք: Իսրայելցի գիտնականը նշել է նաեւ, որ միջուկային հետազոտությունների ոլորտում իր երկրի գործունեությունը եւս, ինչպես այլ երկրներինը, պետք է վերահսկվի ՄԱԿ-ին կից Միջուկային էներգիայի գործակալության  (ՄԱԳԱԹԷ) կողմից:

«Սանդեյ թայմսի» խնդրո առարկա հրապարակմամբ միջազգային հանրությունն ու ՄԱԿ-ը իրազեկվեցին Իսրայելի միջուկային գործունեության մասին: Ի հետեւանս դրա՝ 1986թ. այդ երկիր ժամանեցին միջուկային ոլորտի անկախ փորձագետներ, որոնք այնուհետև հայտնեցին, որ Թել Ավիվի զինանոցում 100-200 միջուկային մարտագլխիկներ կան եւ Իսրայելին դասեցին միջուկային 6 տերությունների թվին, որը, ի դեպ, չի ստորագրել Միջուկային զենք չարտադրելու ու չտարածելու միջազգային պայմանագիրը: Ուշագրավ է, որ անցյալ դարի 60-ական թվականներից ի վեր (երբ Իսրայելը Ֆրանսիայից միջուկային ռեակտոր է գնել) պաշտոնական Թել Ավիվը լռություն էր պահպանում իր միջուկային գործունեության ու կարողությունների վերաբերյալ:

Եւ հիմա, Բանոնոյի ազատ արձակվելուց հետո, միջազգային քաղաքական շրջանակներում ու ԶԼՄ-ներում կրկին կարեվորվում է Իսրայելի, ինչպես նաեւ Իրանի միջուկային գործունեության հարցը:

Ապրիլի 24-ին ամերիկյան «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը տեղեկացրել է, որ Իսրայելը սկսել է խախտել իր միջուկային զենքերի վերաբերյալ գաղտնապահությունը: Այս առնչությամբ գործակալությունը վկայակոչել է ապրիլի 23-ին Իսրայելի 2-րդ հեռուստաալիքին վարչապետ Արիել Շարոնի տված հարցազրույցը: Վերջինս, ի պատասխան Բանոնոյի հայտարարությունների վերաբերյալ հարցերին, նշել է, որ ԱՄՆ-ն մնում է իր կարծիքին առ այն, որ Իրանից բխող իրական սպառնալիքի պարագայում Իսրայելին անհրաժեշտ է պաշտպանվելու հզոր միջոց: Վարչապետը շեշտել է, որ Իրանն Իսրայելի գլխավոր թշնամին է: Այնուամենայնիվ՝ Շարոնը իբրեւ կանխարգելիչ միջոց խուսափել է ուղղակիորեն «միջուկային զենք» բառակապակցությունն օգտագործել:

Թեեւ Շարոնը միջուկային զենքի անհրաժեշտությունը պատճառաբանում է իրանական վտանգով, բայց եւ այնպես,  բացառված չէ, որ Թել Ավիվը միջուկային զենք տնօրինել է դեռեւս 70-ականներին, երբ Իրանում իշխում էր Իսրայելի հետ բարեկամական հարաբերություններ պահպանող շահական վարչակարգը: Այս համատեքստում, թերեւս, պատահական չպետք է համարել նաեւ այն, որ Բանոնոյի ազատ արձակման հաջորդ օրը՝ ապրիլի 22-ին, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն Իրանին նախազգուշացրել է միջուկային զենք արտադրելու ուղղությամբ ջանքեր գործադրելու կապակցությամբ, շեշտելով, որ Իրանում միջուկային զենքի առկայությունը լուրջ սպառնալիք կլինի Միջին Արեւելքի կայունությանն ու խաղաղությանը, մանավանդ, որ Իրանն Իսրայելի ոչնչացումն իր նպատակներից է համարում:

Այսուհանդերձ, միջազգային փորձագետներից ոմանք, հաշվի առնելով Իրանի ռազմավարական պայմանները, միջուկային զենք ձեռքբերելու ուղղությամբ այդ երկրի ենթադրյալ ջանքերը քաղաքական տեսանկյունից արդարացված են համարում, այն պատճառաբանությամբ, որ այդ երկիրը կարող է թե’ Պակիստանի եւ թե’ Իսրայելի հարձակումների թիրախը դառնալ, հետեւաբար՝ իր դիրքերը պաշտպանելու նպատակով, միջազգային հանրությանը տված խոստումները կատարելու եւ միջազգային կառույցների հետ համագործակցելու ուղղությամբ ջանք չխնայելով հանդերձ, միաժամանակ ձգտելու է գաղտնի կերպով միջուկային զենք ձեռք բերել, ինչը բացառված չէ եւ ինչ-որ տեղ տրամաբանական է:

չորրորդ իշխանություն
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ԴԻՄՈՒՄԸ

Հարգելի լրագրողներ, ի սրտե շնորհավորում ենք ձեզ Մամուլի ազատության համաշխարհային  օրվա առթիվ եւ մաղթում  հաջողություններ ձեր չափազանց դժվարին, բայց նույնքան էլ հանրօգուտ գործում եւ անձնական կյանքում:

«Տեղեկատվությունը, անկասկած, հզորության աղբյուր է: Նրանց համար, ում մատչելի է ազատ եւ անկախ լրատվությունը, հնարավորություններն ավելի մեծ են, իսկ տեղեկատվությունը, որի կարիքը նրանք զգում են, ավելի է շահում դրանից: Մամուլի ազատության համաշխարհային օրը կարեւոր հիշեցում է այն մասին, թե տեղեկատվության դարում ինչ ներդրում ունեն լրագրողները՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության եւ զարգացման խթանման գործում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված իր ուղերձում:

Մասնագիտական այս տոնի կապակցությամբ հույս ենք հայտնում, որ նորանկախ հանրապետությունում ժողովրդավարական բարեփոխումների ուղին ընտրած իշխանություններն անհետաձգելիորեն գործնական քայլեր կձեռնարկեն չորրորդ իշխանության կայացման, խոսքի ազատության անվերապահ հաստատման եւ անկախ մամուլի ձեւավորման համար բարենպաստ հող ստեղծելու ուղղությամբ: Ընդմսին, իշխանության բոլոր ճյուղերի հետ համագործակցելու մեր պատրաստակամությունն ենք հայտնում հիշյալ խնդիրների լուծման գործում: Իսկ բոլոր լրագրողներին, լրատվամիջոցներին ու լրագրողական կազմակերպություններին կոչ ենք անում՝ առաջնորդվելով լրագրողական համերաշխության սկզբունքով համախմբվել եւ ուժերի ներածին չափ նպաստել այդ գործընթացին՝ ի շահ նորանկախ պետության կայացման ու ամրապնդման:

Միևնույն ժամանակ հիշենք եւ հարգանքի տուրք մատուցենք այն լրագրողներին, ովքեր զոհվել են իրենց պարտականությունները կատարելիս, եւ որոնց մասնագիտական գործունեությունը հանգեցրել է նրանց ձերբակալմանն ու բանտարկմանը:

3 մայիսի  2004թ.

ԱՐՅՈՒՆՈՏ ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Լիլիթ ԱՍՐՅԱՆ, Սաթինե ՄԻՆԱՍՅԱՆ
ԱրՊՀ, ժուռնալիստ. բաժին, 4-րդ կուրս 

Վլադ Լիստևը համաժողովրդական սեր վայելող լրագրող էր, ցանկալի հյուր յուրաքանչյուրի տանը: Հենց դրանում էր կայանում նրա ուժը և, որքան էլ պարադոքսալ լինի՝ աքիլեսյան գարշապարը: Նրա խոսքն անվրեպ հասնում էր հասցեատիրոջը: Եւ այդ խոսքը շատերի համար վտանգավոր էր: Հակառակ պարագայում 1995-ի գարնանամուտը՝ մարտի 1-ը, արյունոտ չէր լինի: Հենց այդ օրը Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի պատմության մեջ ամենաաղմկահարույց պատվիրված սպանություններից մեկը: Սպանվեց ԿՀՁ հեռուստաընկերության գլխավոր տնօրեն, հանրաճանաչ հաղորդավար Վ. Լիստևը:

1995 թ. մարտի 1-ին Նովոկուզնեցկ փողոցի թիվ 30 տան միջանցքում գտան հաղորդավարի դիակը: Շոումենի մահը վրա էր հասել երկու կրակոցից հետո միայն:  Ըստ ամենայնի՝ մարդասպանը, հետևելով Լիստևին, մտել էր միջանցք և հենց շքամուտքի դռան մոտից «Բրաունիգ» մակնիշի խլացուցիչով ատրճանակից կրակ բացել: Վլադը հասցրել էր ձեռքերով պաշտպանել գլուխը, որի պատճառով էլ առաջին փամփուշտն անցել է ուսագոտու փափուկ հյուսվածքներով: Այնուհետև նա փորձել էր փախչել« սակայն սայթաքել ու ընկել էր: Մարդասպանը նրա կյանքին վերջ էր տվել գլխին ուղղված ևս մեկ կրակոցով: Ըստ փորձագետների եզրակացության՝ Լիստևը մահացել է տեղում: Մարդասպանը չէր վերցրել ոչ թանկարժեք կաշվե պայուսակը, ոչ էլ Վլադի մոտ գտնվող 1500 $¬ը: Իսկ ահա հանցանքի գործիքը՝ ատրճանակը, նա տարել էր իր հետ, ինչին, ի դեպ« քիլլերները հազվադեպ են դիմում: Քիչ հետո հարևան միջանցքում հայտնաբերվել էր մի «դեզ» պիստակի թեփուկներ« որ« հավանաբար, հուզմունքի պահին կրծոտել էր մարդասպանի հանցակիցը: Ըստ երևույթին, վերջինս պետք է ընկերոջը տեղյակ պահեր Լիստևի գալստյան մասին:

Իր մահվանից մեկուկես ժամ առաջ Լիստևը վերջին անգամ ուղիղ եթերում վարեց « Час-Пик » հաղորդումը:  20:30¬ին նա բջջային հեռախոսով իր կնոջը՝ Ալինային« հայտնել էր, որ շուտով տանը կլինի: Իսկ 22:30-ին ծՁԹ¬ի լրահոսի ժամանակ առաջին անգամ հնչեց նրա սպանության բոթը: Մինչ ուշ գիշեր դեպի Նովոկուզնեցկ փողոց մարդկանց հոսքը չէր դադարում: Այնտեղ էին շտապում բազմաթիվ հայտնի մարդիկ, հնչում էին առաջին վարկածներն ու նրանց անունները, ում ձեռնտու էր Լիստևի սպանությունը: Հիմնականում հնչում էին երկու շատ հեղինակավոր մարդկանց անուններ:

Ոմանց կարծիքով, դա քաղաքական սպանություն չէր« քանզի Լիստևը քաղաքական լրագրող չէր, թեև որպես հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն նա, այնուամենայնիվ, ինչ-որ առումով քաղաքականցված անձ էր: Այս հանգամանքն է շեշտում Խոսքի ազատության պաշտպանության միության նախագահ Ալեքսեյ Սիմոնովը «Daily Develope» թերթին 1995թ. մարտի 2-ին տված իր հարցազրույցում: «Սպանությունը ներսից է կատարվել»,- պնդում են  «Московский Комсомолец»  եւ «Независимая газета» թերթերը: Քրեական գործում մեղադրյալներ առայժմ չկան, բայցևայնպես՝ զարմանալիորեն գործից հեռու են պահում լրագրողներին:

Սպանությունից 34 օր առաջ 38-ամյա Վլադը նշանակվել էր հանրային հեռուստատեսության գլխավոր տնօրեն և պաշտոնն ստանալուց անմիջապես հետո սկսել էր բարեփոխումների ծրագիր մշակել,  որի պատճառով էլ ձեռք էր բերել ազդեցիկ հակառակորդներ: Շատերն են գտնում, որ այդ սպանության մեջ այլ դրդապատճառներ փնտրելը գրեթե անիմաստ է, և  որ պետք է ուշադրությունը բևեռել գովազդային գործարքների հետևանքով ծագած անհարթությունների վրա:

1993 թ. Լիստևը ստեղծել էր անկախ հեռուստաընկերություն՝ «ԹՌՊ»« որը հաղորդումներ պատրաստելուց բացի զբաղվում էր նաև առաջին ալիքում գովազդներ տեղադրելով: Այդ ժամանակաշրջանում սույն ոլորտում արդեն կային տվյալ գործի հսկաներ: Առաջին ալիքի վրա աչք ուներ  նաև Բ. Բերեզովսկին,  որն այն ժամանակ դեռ նոր-նոր էր մտնում Ելցինի «ընկերական շրջապատը»:

Շուտով Բերեզովսկուն հարկավոր եղավ Կրեմլի շուտափույթ օգնությունը« սակայն այդ օգնությունը նա կարող էր ստանալ միայն այն դեպքում« եթե կարողանար վերահսկել հանրային հեռուստաեթերը: Իսկ ալիքում այդ ժամանակ մթնոլորտը նմանատիպ «գործերի» համար բարենպաստ էր: Ըստ Բերեզովսկու՝ առաջին ալիքում առկա իրավիճակը Ռուսաստանում տիրող կաշառակերության ցայտուն պատկերն էր:

Ընդհանուր առմամբ, կային 10-ից ավելի գովազդային գործակալություններ« որոնք ալիքի եթերային ժամանակը ստանում էին զեղչերով, այնուհետև վաճառում գովազդատուներին անհամեմատ բարձր գներով: Իսկ գոյացող գումարի առյուծի բաժինը փոխանցվում էր «պատկան մարդկանց»,  ովքեր իրենց հերթին դրանք թաքցնում էին «Օստանկինոյի գանձարանն է գնում» հիմնավորմամբ: Պատահական չէր, որ Լիստևի մահվանից հետո ալիքի տնօրեն Ալեքսանդր Յակովլևը հայտարարել էր, որ գովազդից ստացվում է 9 մլն դոլար, ամենամյա գումարից 7-5 միլիոնը հօդս է ցնդում:

1994 թ. վերջից գովազդային ժամանակի գրեթե կեսը տնօրինում էր 36-ամյա Սերգեյ Լիսովսկին« որը մեծ շահույթ էր ստանում մայրաքաղաքի դիսկոտեկ ակումբներից: Նրա հետ մրցակցում էին միայն Լիստևի «Интервид» կազմակերպությունը և առևտրաարդյունաբերական ընկերության տնօրեն Գլեբ Բոկիյը:

Ըստ մի վարկածի՝ 1994 թ. մարտի 30-ին Կրոպոտկինյան ռեստորանում տեղի է ունեցել երեք մրցակիցների հանդիպումը: Լիսովսկին և Բոկիյը հանդիպման վայր էին եկել թիկնապահներով, իսկ Լիստևը՝ մենակ: Բոկիյը քաղաքակիրթ մարդուն ոչ վայել պահվածքով Վլադին առաջարկեց «զբաղեցնել» եթերային ժամանակի «իր» մասը: Հրաժեշտ տալով՝ Լիստևն ասել էր՝ «Այդպես խոսել չի կարելի»: Բոկիյը երկխոսության արդյունքներից եկավ այն եզրակացության« որ ինքը հաղթել է, սակայն երկու օր չանցած նրա «Կադիլակ» մեքենան գնդակոծվեց և, կատարյալ վստահության համար« պայթեցվեց նռնակով: Գլեբը մահացավ տեղում« իսկ մեկ շաբաթ անց, սեփական տան միջանցքում   սպանվեց «Վարուս Վիդեո» կազմակերպության տնօրեն Թամազ Թոփաձեն« որը տնօրինում էր առաջին ալիքի գովազդային ցանցի 7%-ը: Ամռանն էլ մահափորձ կատարվեց Բերեզովսկու վրա« որի առևտրական կառույցները ևս ակտիվորեն արմատավորվում էին հեռուստատեսությունում: Այնուհետև Բերեզովսկուն հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել Լիսովսկու հետ, որն այդ ժամանակ հասցրել էր «յուրացնել» Բոկիյի առևտրաարդյունաբերական կազմակերպությունը և «Վարուս Վիդեոն», այդպիսով, փաստորեն, ստանձնելով ալիքի գովազդային մենաշնորհը:

Բերեզովսկին մտավ Լիսովսկու ստեղծած «Գովազդհոլդինգ» կոնսորցիումի մեջ: Այնուհետև, երբ Բերեզովսկին ձեռք բերեց բաժնեթղթերի 20%-ը, սկսեց հավակնել գլխավոր տնօրենի պաշտոնին, սակայն, ի հեճուկս նրա, պրոդյուսեր Լեսնևսկին ալիքի տնօրենի պաշտոնն առաջարկեց Լիստևին: Վերջինս ստիպված եղավ դիմել հուսահատ քայլի՝  մորատորիում հայտարարել բոլոր տեսակի գովազդների համար մինչև այն պահը« երբ հեռուստակայանը կմշակի գովազդի «էթիկական նորմեր»: Ըստ որոշ հետազոտողների՝ գովազդային գործակալությունները դրա արդյունքում կորցրին գրեթե 15 մլն. դոլար: Լիստևին անընդհատ զգուշացնում էին, որ նման քայլը «վտանգավոր է առողջության համար»: Միգուցե այդ սպառնալիքները հանրությանը հասցնելու դեպքում չկատարվեր ողբերգությունը, քանի որ, ըստ որոշ փորձագետների, նրան կարող էր փրկել միայն հրապարակայնությունը: Այսպես թե այնպես, մորատորիումի հայտարարումից հետո Վլադն ապրեց ընդամենը 9 օր:

Հայտնի է« որ այդ ընթացքում նրա մոտ էր գնում Լիսովսկին և հասցրած վնասների դիմաց պահանջում 100 մլն. դոլար, այլապես… Ըստ մեկ այլ վարկածի՝ Լիստևը պահանջվող գումարը ԿՀՁ-ի բյուջեից, Բերեզովսկու կազմակերպության միջոցով, արդեն իսկ փոխանցել էր Լիսովսկուն, ինչի մասին վերջինիս, սակայն, չէին տեղեկացրել (Բերեզովսկին խոստացել էր այդ գումարը երեք ամսից հետո փոխանցել հասցեատիրոջը): Ուրիշներն էլ պնդում են« թե Լիստևը պաշտպանում էր ոչ թե հեռուստատեսության շահերը« այլ իր սեփական «խաղն» էր խաղում:

ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ Լիսովսկին, իբր, առաջարկում էր ԿՀՁ-ին, իսկ ավելի կոնկրետ՝ Լիստևին« 100 մլն. դոլար՝ ալիքի գովազդային գործերը ղեկավարելու մենաշնորհը ստանձնելու համար: Իսկ Վլադն, իբր, դրա համար պահանջել էր 170 մլն. և հենց այդ ժամանակ էլ հայտարարել հիշյալ մորատորիումը« որպեսզի վճարման գինն, իբր, ավելի բարձրացնի: Շշուկներ կային նաև այն մասին, թե  Լիստևը, իբր, ցանկանում էր գովազդային այդ հսկա ցանցը հանձնել իր «մերձավոր» առևտրական գործակալություններին:

Մամուլում տեղ գտած մի վարկածի համաձայն՝ Բերեզովսկին մի քիլլերի հանձնարարել է սպանել Լիստևին, սակայն վերջինիս շուտով բռնել էր ոստիկանությունը: Այնուհետև այդ գործն, իբր, հանձնարարվել է մի «օրինական գողի», որի անունն է Նիկոլայ: Ասում են« թե փետրվարի 28-ին նրա հետ անձամբ Բերեզովսկին է հանդիպել և տվել 100 հազար դոլար: Հաջորդ օրն իսկ Վլադի տան շքամուտքում թնդացել են կրակոցները: Բերեզովսկին հետո պատմում է. «Լիստևի թաղման ժամանակ՝ ուրբաթ օրը« իմ աշխատակիցները զանգահարում և հայտնում են ինձ« որ «ԼոզոՎազ»-ում նախատեսվում է խուզարկություն: Ես զարմանքից քար էի կտրել…»: «Անմեղ» Բ. Բերեզովսկին որոշեց չգնալ հարցաքննության: Նրա պահակախումբը երկար ժամանակ չէր թողնում խուզարկուներին մտնել հաստատությունը« իսկ ինքը՝ Բերեզովսկին« այդ ընթացքում զանգահարում էր Կրեմլի իր հովանավորներին: Վերջապես հարցաքննությունը կայանում է« սակայն Բերեզովսկին շարունակում էր անհանգստանալ: Նա Լեսնևսկու հետ տեսագրում է նախագահ Ելցինին հղված դիմում« որում սպանության մեջ մեղադրվում էին Գուսինսկին« Լուժկովը և ՊԱԿ-ի հին գվարդիան: Նրանք այդ տեսագրության մեջ հնարամտորեն խայթում էին Ելցինին. «Բորիս Նիկոլաևիչ, Մոսկվայում դու’ք չեք կառավարում: Դա իրողություն է: Մոսկվան ղեկավարում է անպետքությունը»:

Ինքը՝ Բերեզովսկին« չէր թաքցնում, որ սպանության նախօրեին դրամ է տվել քրեական մի հեղինակության, սակայն պարզաբանում էր, թե այդ քայլին է դիմել հայտնաբերելու համար անցյալ ամռանն իր վրա մահափորձ կատարողներին:

Ուշագրավ է, որ այն դատախազները, ովքեր սկսում էին զբաղվել այս քրգործով« շատ չանցած, հրաժարական էին տալիս: Գլխավոր դատախազությունը դեպքից 5 ամիս հետո հայտարարեց« որ սպանության պատվիրատուները գտնված են« սակայն հաջորդ օրն իսկ հետ վերցրեց իր խոսքերը: Եվս 2 ամիս հետո գլխավոր դատախազ Իլյուշենկոյին հեռացրին աշխատանքից: Այնուհետև մահափորձ կատարվեց Լիսովսկու վրա: Խորհրդավոր կերպով պատուհանից ընկավ Բերեզովսկու տեղակալը, որն առնչություն ուներ նրա գովազդային գործունեության հետ: Իսկ ինչ վերաբերվում է մարդասպանին« ապա վարկածներից մեկի համաձայն՝ դա եղել է նախկին դեսանտային զինվոր Ալեքսանդր Ագեյկինր: Ենթադրում են« որ սպանությունից հետո նրան ուղարկել են արտասահման, սակայն 1995 թ. օգոստոսին գլխավոր դատախազության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարեց« որ մարդասպանը գտնվել է, և որ այժմ նա արտասահմանում է: Դրանից մեկ օր հետո Թել-Ավիվում Ագեյկինը մահացավ՝ իբր թե թմրադեղերի չարաշահումից: Մինչդեռ դա վերջին անհասկանալի ու անվերծանելի սպանությունը չեղավ: 1996 թ. դեկտեմբերին հանկարծ անկառավարելի դարձավ ոստիկանության փոխգնդապետ Յուրի Սիչովի մեքենան, և նա վթարի ենթարկվեց: Դա առաջին վթարը չէր. դրանից առաջ նա էլի ենթարկվել էր նմանատիպ վթարի:

Ուշագրավ է նաև, որ Վլադի մահվանից հետո ԿՀՁ հեռուստաընկերությունը չեղյալ հայտարարեց գովազդների մորատորիումը: Ստեղծվեց «ԿՀՁ¬գովազդ» ընկերությունը, որի տնօրենը դարձավ Լիսովսկին« ինչը ոչ ոքի համար  անակնկալ  չէր:  Իսկ Բ. Բերեզովսկին տիրացավ հեռուստաընկերության 36% բաժնեմասին, դառնալով նրա փաստացի տերը:

Լիստևի ծրագրերն այժմ եթեր չեն հեռարձակվում: Մնացել է միայն «Հրաշքների դաշտը»« որն այժմ շատ է տարբերվում Լիստևի «Հրաշքների դաշտից»: Վլադն այնպես էր առաջադրում իր հարցերը, որ մարդկանց դեմքերին միշտ ժպիտ էր պարգևում« երբեք մարդկանց ինքնասիրությունը չէր վիրավորում: Նույնիսկ նրա քաղաքական ծրագրերը զուտ քաղաքական չէին: Այդ հաղորդումներում չէին գերիշխում նրա քաղաքական նախասիրությունները: Այո, նրա հաղորդումներն այժմ չկան, և միգուցե նաև այն պատճառով, որ հեռուստաընկերությունում արդեն չկան նույն արժեքային համակարգն ունեցող մարդիկ:

9 տարի է անցել ողբերգությունից, բայց նա շարունակում է մնալ եթերում, մեր հիշողությունների եթերում…

Բժշկություն` փշալարերի ներսում

Արփինե ՄՈՒՐԱԴՅԱՆ, Անի ԱԶԱՏՅԱՆ, Հասմիկ ՉԱԿԱՐՅԱՆ
Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտ

Բանտից դատապարտյալների մեծ մասը դուրս է գալիս կիսահիվանդ` չնայած այնտեղ նրանք իրավունք ունեն բժշկական ամեն տեսակի ծառայությունից ձրի օգտվել: Սակայն նրանցից շատերը չգիտեն, որ բանտում կարող են անվճար բուժվել: «Հանուն ժողովրդավարական բարեփոխումների ազգային լիգայի» և «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» կողմից 2002-2003 թթ. Նուբարաշենի մեկուսարանում և դատապարտյալների հիվանդանոցում իրականացված հարցումներից պարզվել է, որ կալանավորների 18,2 և դատապարտյալների 13,8 տոկոսն ընդհանրապես տեղյակ էլ չէ իրենց նշյալ իրավունքի մասին:

Հիվանդ դատապարտյալները բժշկական օգնություն ստանում են դատապարտյալների հիվանդանոցում, գաղութների բուժկետերում, իսկ կալանավորները` մեկուսարանի բժշկական բաժանմունքում:

Նուբարաշենի մեկուսարանի բժշկական երկհարկանի բաժանմունքը ոչնչով չէր տարբերվում մյուս մասնաշենքերից: Նեղ, կիսամութ միջանցք, փոքրիկ կողպեքներով երկաթյա դռներ և միջանցքի լայնքը չափող հսկիչներ:

Բուժսպասարկում փակ սենյակներում 

Կալանավորների խցերի դիմաց բժիշկների փայտե դռներով սենյակներն են: Ատամնաբույժի, թերապևտի, մաշկավեներոլոգի սենյակների և թոքերի հետազոտման (ֆլյուրոգրաֆիայի) կաբինետի հետ ծանոթությունը սահմանափակվեց դռների վրայի ցուցանակներով:

Միակ բժշկական պարագան սպիտակ խալաթն էր

Մեկուսարանում ընթացող շինարարության պատճառով բժիշկների սենյակները փակ էին, իսկ բժիշկերը հավաքվել էին մի տեղ:

Հիվանդներին ընդունում էին գրասենյակ հիշեցնող այդ սենյակում, իսկ միակ մաշված բազմոցի վրա կատարում հիվանդների զննումը:

Անգամ բժիշկներն այստեղ շրջում էին զինվորական համազգեստով:

Անալիզ պե՞տք է տալ, թե՞…

– Մեկուսարան մտած յուրաքանչյուր կալանավոր պարտադիր միայն թոքերի հետազոտություն է անցնում, իսկ  ռիսկային խմբի մեջ մտնողներից (արվամոլներ, թմրամոլներ, անօթեւաններ, ալկոհոլիկներ, արտասահմանյան բանտերից տեղափոխված հայ բանտարկյալներ) նաև արյան անալիզ են վերցնում,- նշեց բանտային բժշկության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: «Հանուն ժողովրդավարական բարեփոխումների ազգային լիգայի» և «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ հարցված կալանավորների 68.2%-ի տվյալներով պարտադիր բժշկական հետազոտություն (արյան, մեզի անալիզ եւ այլն) չի կատարվում, իսկ 32.8%-ը նույնիսկ չգիտի այդ մասին: Ինչպես նշված է այդ կազմակերպությունների հաշվետվության մեջ, կալանավայրում պարբերական բժշկական ստուգումներ չեն կատարվում, որի հետևանքով կալանավորների հիվանդությունները չեն կանխարգելվում եւ խորանում են:

Մեկուսարանային հիվանդասենյակներում

Արտաքինով մյուսներից չտարբերվող հիվանդների խցերը ներսից փոքրիկ բնակարանի էին նմանվում: Մեր տեսած երկու խցերի կալանավորները ապահովված էին իրենց անհրաժեշտ կենցաղային իրերով` սառնարանով, էլեկտրական թեյնիկով, հեռուստացույցով և այլն:

Իսկ նույն այդ խցերում զուգարանները բացակայում էին:

Արյան հետքեր` չգործող վիրահատարանում

– 1986 թվականից մեկուսարանի վիրահատարանում լուրջ վիրահատություններ չեն կատարվել,- նշում է Հայաստանի բանտային բժշկության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը,- հարկ եղած դեպքում նրանց տեղափոխում են դատապարտյալների հիվանդանոց:

Վիրահատարանում, եթե արյան հետքեր չլինեն, հաստատ չես մտածի, որ բժշկական միջամտություններ են կատարվում: Հնամաշ, կոտրված սարքավորումներ, փոշեծածկ պահարաններ ու սեղաններ: Իսկ վիրահատական սեղանի վրա դրված թասերին և հատակին չորացած արյան հետքեր կային: Վիրահատական գործիքները` նշտարներն ու մկրատները, ծածկված մոխրագույն կտորով՝ պատրաստ դրված էին փոքրիկ պահարանի վրա:

Վանականի կացարանը` բանտարկյալների վիրաբուժարան

Դատապարտյալների հիվանդանոցի վիրաբուժարանը, որտեղ ևս շինարարական աշխատանքներ էին ընթանում, 170 տարի  առաջ եղել է հոգևորականի կացարան:

– Անհրաժեշտության դեպքում այժմ դատապարտյալներին վիրահատելու համար տեղափոխում ենք քաղաքացիական հիվանդանոց,- ասում է հիվանդանոցի տնօրեն Սամվել Ղազարյանը:- Սովորաբար տարեկան 20-30 հիվանդ ենք ուղարկում: Հայտեր ենք ներկայացնում առողջապահության նախարարությանը, և այն ընդառաջում է: Խնդրում ենք, օգնում են:

Բուժկետն ունի շտապօգնության կարիք

Կոշի քրեակատարողական բուժկետում, որտեղ 5 ստացիոնար և 50 դիսպանսեր հիվանդ է բուժվում, ոչ մի ախտորոշիչ սարքավորում չի աշխատում:

«60-ական թվականներից ընդեղ մի բան է գցված, ռենտգենի ապարատ ա: Ում ա պետք էդ ողնաշարը, ջանդաքի պես գցած ա: Մի բան ա լինում, պետք ա ավտո ճարեն-տանեն բանտարկյալների հիվանդանոց,- ասում է բուժկետում բուժվող 73-ամյա Ռաֆիկ Սահակյանը:- Էս բժշկին տեխնիկա, գործիքներ տվեք, չի կարողանում աշխատել»:

«Իմ գործը 10-15 անգամ դժվարանում է գործիքներ չլինելուց»,- ավելացնում է բուժկետի միակ բժիշկ-թերապևտ Անդրանիկ Բաղդասարյանը:

Բանտային բժշկությունը փողոտ գործ չի

– Գաղութը քաղաքից հեռու է, հարմար չէ օրական էդքան ճանապարհ կտրել ու հասնել ստեղ: Մեր ստացած աշխատավարձը սկի ճամփի ծախսը չի փակում: Ստեղից դուրս  չեմ գալիս, որ գործազուրկ չլինեմ: Հարմար գործ գտնեմ, դուրս կգամ, – ասում է բժիշկ Բաղդասարյանը:

Բուժկետում այժմ աշխատում են մեկ թերապևտ-բժիշկ, ատամնաբույժ և բուժակ, իսկ հոգեբանի և վիրաբույժի հաստիքները  թափուր են:

Գաղութի հիվանդասենյակներում

Գաղութի հիվանդասենյակներում լուսամուտներին, պատերին կախված էին գունավոր ծածկոցներ, ընտանեկան լուսանկարներ, սրբապատկերներ…

Գաղութում սանիտարահիգիենիկ պայմաններին հետևում է Աշտարակի սանէպիդկայանը: Չնայած վերահսկողությանը` միջանցքի վերջում հիվանդների համար նախատեսված զուգարանն ու բաղնիքն ընկղմված էին կեղտի ու ժանգի մեջ:

Իսկ պատերից պոկված խողովակներն անփութորեն ընկած էին հենց զուգարանի կենտրոնում:

Բուժկետում գտնվող միակ ինֆեկցիոն հիվանդը ևս օգտվում է այստեղից:

Հիմնարկում կան դատապարտյալներ, որոնք  կարիքի դեպքում չեն դիմում բժշկի օգնությանը, ինչը Բաղդասարյանը հետևյալ կերպ մեկնաբանեց.

– Մեզ չեն դիմում, որովհետև չեն հավատում բժշկությանը:

Միաժամանակ նշեց, որ հիմնարկում պարբերաբար բժշկական ստուգայցեր են իրականացվում:

Թոքախտի դեմ. բանտո՞ւմ,  թե՞ դրսում

Դատապարտյալների հիվանդանոցում դատապարտյալները կարող են բուժվել թերապևտիկ, հոգեբանական, ինֆեկցիոն, նարկոլոգիական և տուբերկուլյոզի բաժանմունքներում:

Տուբերկուլյոզի համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանավորությամբ կառուցված քառահարկ շենքը հիվանդանոցի ամենամեծ բաժանմունքն է:

Կառույցի մուտքից մեկը տանում էր բացիլակիրների, իսկ մյուսը` ոչ բացիլակիրների բաժին: Վերանորոգված ու անհրաժեշտ սարքավորումներով հագեցած շենքը տարբերվում է հիվանդանոցի մյուս մասնաշենքերից: Այստեղ գտնվող տուբերկուլյոզով հիվանդ բանտարկյալները բուժվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված DOTS (անմիջական վերահսկում և կարճատև բուժում) ծրագրով:

Բաժնի առաջին կարգի մասնագետ Հրաչյա Կյուրեղյանը դժգոհում է, որ 2003 թ. քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ազատ արձակված հիվանդների բուժումն անավարտ է մնացել:

Տուբերկուլյոզով հիվանդ դատապարտյալների բուժումն իրագործվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով:

– DOTS ծրագրով դեղորայքը և բժշկական պարագաները ևս տրամադրվում են ԿԽՄԿ-ի կողմից,- նշեց կոմիտեի բժշկական ծրագրի կոորդինատոր Մաքսիմ Բերդնիկովը:

Բանտում դեղը «քչություն է անում»

Պետության կողմից բանտային համակարգի դեղորայքի համար հատկացվում է տարեկան 20 մլն դրամ:

Կառավարության կողմից տրամադրված գումարով ձեռք բերված դեղորայքը, եթե նորմալ օգտագործենք, միայն հիվանդանոցին կբավարարի ընդամենը մեկ-երկու ամիս: Մինչդեռ այս դեղորայքից հատկացվում է նաև մյուս քրեակատարողական հիմնարկներին,- ասում է բանտարկյալների հիվանդանոցի տնօրեն Ս. Ղազարյանը:

Հիվանդասենյակը` եվրոֆուտբոլի սրահ

Տուբերկուլյոզով հիվանդների սենյակներից մեկը լցված էր ծխախոտի թանձր ծխով: Տարբեր հիվանդասենյակներից հավաքվել էին այստեղ` ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը դիտելու:

Ներկաներից միայն Ռուբոն էր, որ բժշկի ներկայությամբ սկսեց ոգևորությամբ պատմել.

– Ես շատ լավ եմ զգում, ստեղ շատ լավ են բուժում, էլ չեմ ասում, որ տաք ու սառ ջուրը միշտ կա, սկի շատերիս տներում սենց չի, ճիշտ չի՞,- դիմեց մյուսներին:

Մյուսները, ավելորդ գլխացավանքից խուսափելու համար, միայն ուսերը թոթվեցին և ոչինչ չասացին:

Կոխի փայտիկները պիտի շատ լինեն

Տուբերկուլյոզի բակտերոլոգիական լաբորատորիայում, որտեղ տեղադրված էին մի քանի ճապոնական մանրադիտակներ, հետազոտվում են բոլոր դատապարտյալների խորխի անալիզները:

– Էս կարմիր փայտիկները տեսնու՞մ եք, դրանք հենց տուբերկուլյոզի բացիլներն են,- բացատրում է բժիշկ Գայանե Խաչատրյանը:- Մեկ մլ-ում 10.000 բացիլի կոխ պիտի լինի, որ մանրադիտակը ցույց տա: Ավելի հզոր սարք առայժմ չունենք:

Ինչպես տեղեկացրեցին Արդարադատության մամլո քարտուղարությունից, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կա շուրջ 2600 բանտարկյալ:

2003թ. բանտարկյալների հիվանդանոց է տեղափոխվել շուրջ հազար բանտարկյալ՝  հիմնականում սրտային, աղեստամոքսային տրակտի տարբեր հիվանդություններով, տուբերկուլյոզով և հոգեկան խանգարմամբ:

Նույն տարում գրանցվել է մահվան 8 դեպք:

ՇՈՒՇԻՆ  ՄԵՐ  ՈՒՍԱԾ  ԽԱՉՆ  Է

Ամեն անգամ Շուշի այցելելով, ինքս ինձ հարցնում եմ. ո՞ւր է այն ոգևորությունը, որ համակել էր բոլորիս 92¬ի մայիսին: Համոզված եմ, որ ոչ մեկի մտքով այն ժամանակ չէր  անցնում, որ  ազատագրումից 12 տարի հետո էլ Շուշիում թագավորելու է  ավերակների ճնշող լռությունը:

Շուշիի ազատագրումը  մեր ոգու ընդվզումն էր, մեր  մոգական  ուժի  պոռթկումը, մեր լինելիության խորհրդանիշը: Հազարավոր արցախցիներ Շուշի  տեղափոխվեցին հավատով, որ  ավերված ու վառված   քաղաքը շուտով   կհառնի մոխիրներից և կապրի վայել կյանքով:

Սակայն, կարճ տևեց ոգևորությունը: Վերականգնեցինք Ղազանչեցոց եկեղեցին և Ամենափրկչի ողորմությանն ապավինելով, խաղաղվեցինք… 12 տարի անց շուշեցի մուրացկաններն են «հերթապահում»  եկեղեցու  մոտ, որպեսզի քաղաք այցելող  զբոսաշրջիկներից օրվա հացի փող մուրան: Մայիսի 9¬ը  նրանց համար տարվա  ամենաերջանիկ օրն է, քանզի գիտեն. հյուրեր շատ են լինելու,  և իրենք ձեռնունայն չեն վերադառնալու տուն:

Իհարկե,  կան  հատուկենտ վերանորոգված նաև այլ  շինություններ, որոնք,  սակայն,  քաղաքում տիրող  գորշության մեջ  հազիվ են նշմարվում:

Վիրավոր քաղաքի շնչառությունը պահպանողն այնտեղ ապրող մտավորականներն են, նրանք,  ովքեր իրենց հետ Շուշի են բերել նվիրումի  ջիղը, ովքեր եկել են Շուշիի ապագան կերտելու հույսով:

Անահիտ Եսայան (Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտանոցի ուսուցչուհի) – 1993¬ին,  երբ եկանք Շուշի, միակ հույս ներշնչողը  բնությունն էր: Մնացած  ամեն ինչ ցավ էր պատճառում: Եվ  հասկանալի էր, որ  ավերված  քաղաքի վերականգնման ծանր բեռը շուշեցիներիս վրա էր դրված:  Հիշում եմ, երբ տեղափոխվեցինք, Շուշին ավելի մարդաշատ էր, սակայն տարիների հետ բնակչությունը մաղվում է: Շատերը չեն դիմանում դժվարություններին, աշխատանք չունենալու  պատճառով ստիպված թողնում¬գնում են:

Ես մնացել եմ, որովհետև սիրում եմ իմ հայրենիքը,  Շուշին, որ  ընտրել եմ: Գուցե  Շուշին այն խաչն է, որ  Աստված դրել է ինձ վրա: Ասում են, Աստված  ավել  բեռ չի դնում մարդու ուսերին, ուստի  չպիտի թույլ  լինել, չպիտի  թողնել-փախչել:

Իմ  ամբողջ  հարազատությունը Ստեփանակերտում է, սակայն Շուշիում ապրելն ինձ համար պատվի հարց է՝ ինչ¬որ ներդրում ունենալու, ապացուցելու, որ ես այս երկրի արժանի  քաղաքացին եմ:  Շուշեցի  երեխաներին կրթել-դաստիարակելով էլ ես  օգնում եմ, որ իմ  երկիրն այս ծանր պայմաններում գոյատևի, մինչև կկարողանա ինքնահաստատվել:

Ասում են, Շուշին հնում եղել է հոգևոր-մշակութային կենտրոն: Հիմա էլ կարծես ահագին աշխատանք է տարվում այդ բնագավառում՝ գործում են մանկական թատրոն, թատրոն, արվեստի դպրոցներ: Մշակութային  կյանքն այստեղ ավելի լավ է ընթանում, քան, ասենք, շինարարական աշխատանքները: Բայց, բնակչության սոցիալ¬կենցաղային պայմանները չի կարելի երկրորդ պլան մղել:

Ես շատ ուրախ եմ, որ Ստեփանակերտի ավերակներից  քիչ հետքեր են մնացել: Մինչդեռ Շուշին շարունակում է ապրել տխուր կյանքով: Մարդիկ ուր նայում են՝ միայն ավերակներ են տեսնում:

Ալբերտ Խաչատրյան (Շուշիի հումանիտար ուսումնարանի տնօրեն)- Մեր մտահոգությունն այն է, որ  քաղաքը շատ դանդաղ է վերակառուցվում: Գիտենք, որ  Շուշիի վերակառուցումը պետականորեն պետք է վճռվի, որ համահայկական միջոցներով  պետք է իրագործվի: Դա, իհարկե,  խրախուսելի է, բայց մենք, ապրելով Շուշիում,  ուզում ենք օրեցօր տեսնել բարգավաճումը: Այո, մշակութային օջախներ շատ կան Շուշիում, ինչը վկայում է, որ Շուշին՝ որպես հնամենի կրթա¬մշակութային  կենտրոն, իր զարգացման ընթացքի մեջ է: Բայց մտավորականությունից բացի,  կա աշխատավոր խավ, որ ապրում է սոցիալական շատ  վատ պայմաններում:

Արարատ Բարսեղյան («Շուշի» թերթի խմբագիր) – Ես գիտեի, որ Շուշին կլինի այնպիսին, ինչպիսին կլինենք մենք, ինչպիսին կլինի մեր պետությունը: Շուշիի վերականգնումն ապագային թողնելով, մենք ոչ միայն կորցնում ենք,  այլև առիթ ենք տալիս, որ Շուշիի անունը շահարկեն և մեր թշնամիները, և բոլոր նրանք,  ում պետք չէ մեր պետության կայացումը: Շուշին ազատագրելով, մենք վերականգնեցինք մեր ազգային արժանապատվությունը, ազատվեցինք մորթվողի խարանից: Բայց մենք  պետք է պահպանենք այդ  արժանապատվությունը՝ ազատագրված Շուշին իր կոչմանը ծառայեցնելով:

Ներկայիս  իշխանություններն ասում են, որ Շուշին պետք է վերականգնել համայն հայության ուժերով: Մինչդեռ, ցանկացած իրեն հարգող մարդ գիտի, որ հենց այնպես ոչինչ չի տրվում: Համայն հայությունը պետք է տեսնի, որ այստեղ իրոք ինչ¬որ գործ է կատարվում,  որպեսզի եղածին  ավելացնի: Մի քանի  տարի առաջ տեղական իշխանությունները Շուշիի սոցիալ¬տնտեսական զարգացման 10¬ամյա ծրագիր էին մշակել, սակայն ժամանակը ցույց տվեց, որ այն  իրատեսական չէր: Մենք  առայսօր կոնկրետ հայեցակետ  չունենք՝ ինչպիսի՞ն ենք  տեսնում Շուշին, ինչի՞ց ենք  սկսելու,  ինչպե՞ս ենք  վերականգնելու: Մեր լռությունը նաև  ուրիշներին է ետ պահում ներդրում կատարելու մտքից:

Ասում ենք, բոլոր առումներով բարենպաստ տնտեսական դաշտ ունենք: Բայց չէ՞ որ կոնկրետ օրինակներով պիտի ցույց տանք: Շուշին տեղեկատվական բազա պիտի ունենա, որպեսզի այսօրվա նորությունը վաղը համայն հայությունն իմանա: Գուցե այդ  դեպքում մեզ  հաջողվի  վերականգնել Շուշին: Իհարկե, դա կլինի, սակայն կլինի միայն այն  ժամանակ,  երբ Շուշին  կդառնա  ոչ միայն պարծանքի առարկա, այլև գործելու տեղ բոլոր  նրանց համար, ովքեր   ուրախացել են Շուշիի ազատագրմամբ:

Նինա Ավանեսյան (Շուշիի դրամատիկական թատրոնի տնօրեն – Մենք  պետք է ճիշտ տրամաբանենք, հասկանանք, որ հասել ենք կուլմինացիային: Մեզ շատ քիչ բան է մնացել ասելու, որ  հաղթանակած երկիր ենք: Ամենակարևորը՝ փոքրիկ միասնություն է պետք: Երբ լինենք միասին  և ավելացնենք մեր ունեցածին, կունենանք այն ամենն, ինչ կա արտասահմաններում, և մեզ չի ձգի հեռուն: Չենք ունենա արտագաղթ, ընդհակառակը՝ գնացածներն էլ ետ կգան:
Չէ՞ որ  սա մեր հայրենիքն է, այստեղ կարոտ  կա, այստեղ սեր կա…

Նարինե ԱՂԱԲԱԼՅԱՆ

10 տարի առաջ նահատակվեց
բանաստեղծ-ազատամարտիկ Կոմիտաս Հակոբյանը

ԱՍՏՂԵՐՈՎ ՁԳՎՈՂ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Ափդ կատարյալ չէ՝
Իբրև ինձ մոմակալ,
Ես դեռ պիտի լացեմ
Ամրանալու համար:
Ես՝ հանգերգող մի լույս
Անդաստանում խավար,
Ես՝ գիշերվա ափում
Մոմի թախծող լեզվակ:

Հայաստանի գրողների միության Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախմբի սենյակի գրադարակներից մեկում հավաքել էինք մեր ազգային ազատագրական պայքարին զինվորագրված բանաստեղծների գրքերը: Այդ դարակում էր նաև Կոմիտաս Հակոբյանի «Գոյության պատրանք» գիրքը: Անծանոթ հեղինակների հետ ծանոթանալուս ճանապարհին, մի օր հանդիպեցի Կոմիտասին… Արնաներկ օրերի թոհուբոհում անսպասելի թրթռաց հոգիս նրա բանաստեղծությունների անաղարտ, մաքրափայլ լույսով… Գտել էի քնարական երանելի մի աշխարհ, որ ծփում էր ապրված հույզերի մարմանդ ու միաժամանակ հախուռն արձագանքների ցոլացումներով, զարմանահրաշ պատկերներով, խոհերի, մտորումների անկեղծ, անմիջական հրաբուխների կայծկլտող կրակներով ու կարոտների լիությամբ…

Արարումների ուրիշ մի եզերք էր բացվել իմ դեմ, որ շատ էր հեռու հողեղենների աշխարհից: Մաքրամաքուր, աստվածառաք այդ աշխարհը, որ պատկանում էր միմիայն Կոմիտասին, կապ չուներ զենքի և արյունահեղության հետ…

Գուցե չես հիշում, բայց լույսի հիշողության մեջ կա մի խոնավ գիշեր:
Ամեն ինչ խաղաղ էր ու սեր էր կաթում աստղերից…

Այնուհետև հաճախ էի թերթում Կոմիտասի հուզաթաթավ, աստղաշուք երգերը: Եվ մի գարնանային կեսգիշեր, երբ ընթերցում էի նրա բանաստեղծությունները, տողերի արանքից հանկարծ ինձ նայեցին իսպանացի մեծ բանաստեղծ, ազգային ազատագրական պայքարում նահատակված Գարսիա Լորկայի տխուր աչքերը… Այդ պահին էր, որ ներքին մի մղկտոց ծվատեց հոգիս: Սարսափեցի Կոմիտասի համար… Եվ երկար ժամանակ իմ մեջ պատեպատ էր զարնվում մի անորոշ մորմոք: Ինչ-որ վատ բանի նախազգացում էր: Այնպես էր կծկել ինձ իմ մեջ ու դարձրել սպասումի թնջուկ, որ տեղս չէի գտնում:

…Նորեն ափերիս մեջ առա Կոմիտաս Հակոբյանի բանաստեղծությունների անդրանիկ գիրքը և սուր զգացողությանս ցավը թրջվեց էջ առ էջ ու ես հասկացա, որ մեր ապագա քնարերգությունը կորցրեց արցախյան մի շողշողուն գանձ… որ վերադարձ չունի, ունի երգերի մի նոր երփներանգ ծաղկեփունջ, որ հետմահու նշխարհի պես պիտի բաժանվի ընթերցողներիս, որպեսզի մեր կենսունակության ոգեկանությունը մեռոնվի ողջակիզվող անմահությամբ…

Բանաստեղծ-զինվոր Կոմիտաս Հակոբյանն իր ստեղծագործական աշխարհի խարույկն ունի, որ հրավառել է իր սեփական արյան կարմիր գնդիկներով, որոնք մեկիկ-մեկիկ բոցավառելով, պիտի լուսավորեն աստղերի միջով ձգվող տաղանդավոր բանաստեղծի հավիտենական ճանապարհը…

ՄԵՏԱՔՍԵ

ԳՆԱՀԱՏԵԼՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱՅՍՕՐԸ

Ինչպե՞ս է նորանկախ Արցախում ձևավորվում երիտասարդական դաշտը, հանդիսանո՞ւմ է, արդյոք, այսօրվա երիտասարդը իր ազգային արժեքային համակարգի կրողը: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը ԼՂՀ ԿՄՍ նախարարության արտադպրոցական երիտասարդության հարցերի բաժնի պետ Մխիթար Գևորգյանի հետ

Արտադպրոցական և երիտասարդության հարցերի բաժինն արդեն 5 տարի է, ինչ գործում է: Ինչպիսի՞ն էր, ըստ Ձեզ, մեր երիտասարդությունը հինգ տարի առաջ և ինչպիսի՞ն է այսօր:

– Գաղափարախոսական հզոր մեքենա ունեցած խորհրդային կարգերի փլուզումից հետո երիտասարդության ներուժը կարծես մի տեսակ ցաքուցրիվ էր: Սակայն, 1988-1994թթ. ազատագրական շարժումը նորից համախմբեց այդ ներուժը: Այնուհետև, չգիտես ինչու, անհամախմբվածություն նկատվեց մեր երիտասարդության շրջանում մինչև արտադպրոցական և երիտասարդության հարցերի բաժինը (նախկինում՝ վարչություն) ձեռնամուխ չեղավ երիտասարդական ներուժի համախմբմանը: Եթե հինգ տարի առաջ մեզ մոտ չկար երիտասարդական դաշտի ձևավորված նկարագիր, ապա այսօր մենք բավականին լուրջ քայլեր ենք կատարել այդ ուղղությամբ: Այսօր արդեն գործում են վեց երիտասարդական կազմակերպություններ, ստեղծվել է դրանց գործունեությունը համակարգող խորհուրդ: Եթե համեմատենք այսօրվա և 5-ամյա վաղեմության իրավիճակները, ապա կտեսնենք, որ այսօրվա երիտասարդը շատ ավելի ազգային, գաղափարական, քաղաքական, սոցիալական հստակ դիրքորոշում ունեցող երիտասարդ է:

Դուք նշեցիք մի շարք երիտասարդական կազմակերպությունների առկայությունը: Արդյո՞ք, դա բավարար հիմք է պնդելու համար, որ երիտասարդական դաշտն արդեն կայացած է:

– Ոչ միայն մեր բաժինը, այլ ընդհանրապես մեր պետական քաղաքականությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում երիտասարդական դաշտի ձևավորման համար: Այսօր մենք խոսում ենք  ինչպես մեր երկրում երիտասարդության դաշտի, այնպես էլ համահայկական երիտասարդական դաշտի կայացման խնդիրների մասին: Կազմակերպում ենք տարաբնույթ միջոցառումներ թե° Արցախում, թե° Հայաստանում, որոնց մասնակցում է Արցախի, Հայաստանի, Սփյուռքի երիտասարդությունը, և դա օգնում է միաժամանակ ձևավորելու և° մեր երիտասարդական դաշտը, և° բարենպաստ պայմաններ է ստեղծում համահայկական երիտասարդական դաշտի ստեղծման համար: Օրինակ, Հայաստանում կազմակերպվում է «Բազե» համահայկական երիտասարդական ամենամյա հավաք, որին մասնակցում են Արցախի երիտասարդները: Մերոնք մասնակցելու հնարավորություն են ունենում Հայաստանում կազմակերպվող նաև այլ միջոցառումների:

Լիրա ՄԻՐԶՈՅԱՆ /ԱրՊՀ ժուռն. բաժին, 4-րդ կուրս

«ԱՌԱՋԱՎՈՐ ՓՈՐՁ» ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ

Շնորհավորում եմ ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Ստեփանակերտի քաղժողկրթբաժնին և հատկապես թիվ N դպրոցի տնօրինությանն ու մանկավարժական կոլեկտիվին՝ այդ դպրոցում վերջերս հայտնաբերված բռնցքամարտի գծով թաքնված տաղանդ Աստղիկ Սիմոնյանի փայլուն հաղթանակի առթիվ:

Վերջինս, հավակնելով ԼՂՀ բռնցքամարտի հավաքականում ընդգրկվելուն, ակտիվ մարզումներ է անցկացնում աշակերտների հետ: Ի դեպ, մարզումների ժամանակ տարիքային, քաշային, դիրքային տարբերությունները չեն գործում. այդ մասին ընդհանրապես կանոնադրություն չկա: Եվ ահա այդ չեղած կանոնադրության խիստ շրջանակներում էլ նա մարզվում է:

Նրա տաղանդը փայլեց հատկապես սույն թվականի ապրիլի 20-ին թիվ N դպրոցի 4-րդ դասարանի ռինգում, որտեղ ցուցադրելով չեմպիոնի հավակնորդի իր ունակությունները՝ օպերկոտ հարվածներով խորը «նոկաուտի» է ենթարկել այդ դասարանի աշակերտուհի Մարինե Ա-ին՝ կոտրելով նրա քթարմատի ոսկորը:

Պարզ է, որ մեղքը Մարինեինն է, որ լավ մարզավիճակում չի գտնվել և չի կարողացել պաշտպանվել, որի պատճառով էլ վիրահատված վիճակում բուժվում է և դեռևս նոկաուտից դուրս չի եկել:

Շնորհավորելով նորահայտ չեմպիոնին, ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկում եմ այդ ուսուցչուհուն ընդգրկել ԼՂՀ բռնցքամարտի հավաքականում:

Ցավում եմ, որ ժամանակին ռադիոհեռուստատեսության աշխատակիցներ չեն հրավիրվել, որպեսզի հարցազրույց անցկացնեն չեմպիոնի հետ և անմահացնեն «պատմական այդ փայլուն հաղթանակը»:

Հուսով եմ, որ վերոհիշյալ նախարարությունը, Ստեփանակերտի քաղժողկրթբաժինը, թիվ N դպրոցի տնօրինությունը գրականության ուսուցչուհու առաջավոր փորձը կտարածեն հանրապետության այլ դպրոցներում:

Կատակը՝ կատակ, սակայն կարծում եմ՝ կատարված փաստը մանկավարժական կոլեկտիվներին խորհելու տեղիք կտա, իսկ ուսուցչուհու անթույլատրելի ու ամոթալի արարքին գնահատական տալու հարցը թողնում  ենք իրավապահ մարմիններին:

Տուժածի մանկավարժ ծնող

Խմբագրության կողմից – Սույն նամակում մենք չենք նշել դպրոցի հասցեն (միջադեպը ստուգման կարիք ունի), իսկ ուսուցչուհու և տուժած աշակերտուհու անունները հասկանալի պատճառով փոխել ենք: Կատարվածի առթիվ մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին, գնահատականը՝ պատկան մարմիններին: Վերջիններս, ցանկության դեպքում կարող են պարզություն մտցնել գործում:

Արտասահմանյան հումոր🙂

– Բժիշկ, որքա՞ն արժե իմաստության ատամ հանելը,- հարցնում է տղամարդն ատամնաբույժին:
– 80 դոլար:
– Իսկ ավելի էժան հնարավո՞ր է:
– Իհարկե, առանց նարկոզի կարելի է նաև 60-ով:
– Միևնույն է, թանկ է:
– Եթե առանց նարկոզի, սովորական աքցանով՝ կարելի է յոլա գնալ 40-ով:
– Իսկ 20-ով հնարավո՞ր է:
– Դե, իհարկե՝ առանց նարկոզի, աքցանով, միաժամանակ՝ սկսնակ պրակտիկանտի հետ, կարելի է նաև 20-ով:
– Հիանալի է, այդ դեպքում վաղվա համար հերթագրեցեք զոքանչիս:

* * *

Հրամանատարը կանչում է զինվորին:
– Հանդերձյալ կյանքին հավատո՞ւմ ես:
– Չէ:
– Հիշո՞ւմ ես, որ երկու շաբաթ առաջ մասնակցել ես քեռուդ թաղմանը:
– Ճիշտ այդպես:
– Այժմ նա հարևան սենյակում սպասում է քեզ…

* * *

– Սիրելիս, դու կարո՞ղ ես ինձ սիրել այնպես, ինչպես Ռոմեոն՝ Ջուլիետին:
– Չգիտեմ, չեմ կարդացել:
– Սիրելիս, իսկ կարո՞ղ ես սիրել ինձ այնպես, ինչպես Համլետն՝ Օֆելիային:
– Չգիտեմ, չեմ կարդացել:
– Իսկ կարո՞ղ ես սիրել այնպես, ինչպես Օթելլոն՝ Դեզդեմոնային:
– Չգիտեմ, չեմ կարդացել,- կոպտորեն պատասխանում է ամուսինը:
– Սիրելիս, իսկ ընդհանրապես ի՞նչ ես կարդացել:
– «Մումու»-ն: Շատ հաչես՝ կխեղդեմ…

* * *

– Ինչո՞ւ է քույրդ ուզում ատամնաբույժ դառնալ:
– Որովհետև նրան շատ է դուր գալիս, երբ տղամարդիկ իրեն նայում են բերանները բաց և չռված աչքերով:

* * *

– Կինս հղիության ամիսներին կարդացել է «Երկու կապիտանը» և երկու տղա ծնել,- ասում է տղամարդը:
– Ճիշտ է, նման բան պատահում է: Կինս էլ կարդացել է «Երեք հրացանակիրները» և երեք թոկից փախածներ ծնել:

Երրորդը գույնը գցում է և ջուր խնդրում:
– Քեզ ի՞նչ պատահեց:
– Կինս այժմ գտնվում է հղիության իններորդ ամսում ու ընթերցում է «Ալի-Բաբան և 40 ավազակները»…

Պատրաստեց Վ. ՕՎՅԱՆԸ

ԶՎԱՐՃԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԵՐ («ՄԱՆՐԱՊՃԵՂԱՐԱՆ» ԱՆՏԻՊ ԳՐՔԻՑ)

ԽՐԱՏ

– Տղա ջան, մի’ գնա, մի’ լքիր հայրական տունդ, հարազատ օջախդ: Ուր էլ գնաս՝ Ռուսաստան թե Ամերիկա, Գերմանիա թե Ավստրալիա կամ Ֆրանսիա, մեկ է…

Ուրիշի համար գործ անողը ուրիշի տունն է շինում:

ՄԵՂՐԸ ՊԱԿԱՍ ՏԱՐԻ

– Բարև, վարչության պետ Համզոյանն է: Գործերը ո՞նց են, ի՞նչ կա-չկա: Դե լավ է, որ ամեն ինչ լավ է…

– Հա¯, մեր տղա, մի երեք բիդոն մեղր ուղարկիր՝ երեխեքը թաթախվեն…

-Պարոն Համզոյան,- հեռախոսազրույցը ընդմիջեց ցրիչը,- ի՞նչ կլինի, ասա մի երեք կիլո մեղր էլ ինձ համար ուղարկի:

Համզոյանը ափով ծածկեց խոսափողն ու կամաց ասաց.

-Տղա ջան, հնարավոր չի: Էս տարի մեղրը խիստ պակաս ա:

Ի՞ՆՉՆ ԷՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ

– Հըը, օպերան դուրդ եկա՞վ:
– Հա’, շատ լավն էր: Միայն թե բեմի առջևում տեղավորված նվագողները խանգարում էին:

ՄԱՐԴՈՒ ՄԱԿԵՏԸ

Փոքրամարմին մեկը ցանկացավ խաղալ նկարչի հոգու հետ: Վերջինս պատասխանեց.
– Չափդ ճանաչիր, մարդու մակետ:

ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ

– Ո’չ: Ավելի լավ է ժամանակին, քան՝ լավ է ուշ, քան՝ երբեք:

ԿԼԽԱՆ ԽՄԱԼ Ա

Երբ կինը մի մեծ աման թանապուր դրեց ամուսնու առաջ, վերջինս թե՝
– Այ կնիկ, ինչո՞ւ երեխեքի համար էլ չես ճաշ լցնում:
– Երեխաները չեն ուտում, զզվում են:
– Ինչո՞ւ:
– Էշը թանավեն կլխան խմալ ա:

ԿԵՍ ՍՈԽԸ

– Այ կնիկ, աշխարհում մեռնել կա: Էն սոխի մյուս կեսն էլ բեր ուտենք: Ապան ու այան ուտող-խմող մարդիկ են եղել:

ՍՏՐԿԱՄԻՏԸ

Գոյություն ունի մարդու մի տարատեսակ, որի վրա ոչ մի հարցում չպետք է հույս դնել: Դա ստրկամիտն է: Ստրուկների մեջ կարող է Սպարտակ ծնվել, ստրկամիտների մեջ՝ երբեք:

Վ .Օվյան

Ամուսինը կնոջից վախենում էր: Նույնիսկ մի բաժակ թեյը խմում էր կնոջից թաքուն:

Բայց մի անգամ կինը նկատեց.

– Ինչո՞ւ ես առանց իմ թույլտվության թեյ լցրել,- ասաց:

Ամուսինը ձեն-ծպտուն չհանեց: Բայց քիչ անց, երբ անտառում էր, նայեց չորս կողմը և կամաց, շատ կամաց ասաց.
– Աչքդ էլ եմ հանել:

ՏՆԱԶԸ

Տնազին հարցրին՝ ո՞ւր ես գնում, ասաց՝ գնում եմ տնազ անելու:

Ո՞ՒՄ ՎՐԱ ԱԶԴԵՑ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Շրջանային թերթը ֆելիետոն տպագրեց, որում  գյուղի գլխավոր փողոցի երկու կողմում գտնվող բարդի ծառերի բները կեղևահան արված են, ավելի ճիշտ՝ կրծած, կրծմրծած: Ծառերը կանգնած էին վիրավոր զինվորների պես: Եվ այդ բոլոր ծառերի բները կրծմրծել է մի մոխրաթավալի թոռան թոռ մոխրաթավալ:

Գյուղապետարանից պատասխան ստացվեց, որ ֆելիետոնը համապատասխանում է իրականությանը, միջոցներ են ձեռնարկված. էշատերը տուգանված է 50000 դրամով, իսկ էշը կալանավորված է գոմում:

Եթե միայն այսքանը ասելու լինեինք, գրիչ չէինք վերցնի:

Թերթի խմբագրությունը «Մեր նյութերի հետքերով» խորագրի տակ տպագրեց գյուղապետարանի պատասխանը, բայց և խմբագրության կողմից ավելացրեց. «Կուզենայինք, որ քննադատությունը ազդեր ոչ թե միայն ավանակների, այլ նաև մարդկանց վրա»:

Հենրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s