№ 5 / 31 մայիս

ՄԱՅԻՍՅԱՆ ԴԱՍԵՐ

Մայիս ամիսը մեր ժողովրդի կյանքում հիրավի հաղթանակների ամիս է: Դժվար, օրհասական պահերին մեր ժողովուրդն իր մեջ միշտ ուժ է գտել պաշտպանելու իրեն ու իր հայրենիքը: Այս հաղթանակների շնորհիվ, հատկապես վերջին հարյուրամյակում, պատմական Հայաստանի մի հողակտորի վրա ստեղծվեց երկու հայկական պետական միավոր, որոնք մինչ այսօր շարունակում են թեկուզ դանդաղ, սակայն հիմնավոր առաջ ընթանալ: Ռազմական հաղթանակներին, սակայն, համահունչ չեն քաղաքական զարգացումները: Մենք գիտենք պատմությունից, թե ինչպես նույնիսկ փառահեղ հաղթանակներից հետո քաղաքական-դիվանագիտական-տնտեսական ճակատում, մեղմ ասած, չենք ամրապնդել դրանք:

Այդ հաղթանակներին ոչ ադեկվատ քաղաքական զարգացումները բերում են այն մտքին, որ մենք պետք է կարողանանք ստեղծել արդյունավետ, դինամիկ զարգացող պետություն: Քաղաքական նիհիլիզմը, որ այսօր էլ տիրապետող է մեզանում, թույլ չի տալիս գնալ այդ ճանապարհով: Իսկ այս դեպքում մենք վտանգում ենք մեր զարգացումն ընդհանրապես, քանի որ հերթական անգամ քաղաքական իշխանության եւ հասարակական-քաղաքական ուժերի անգործության հետեւանքով կարող ենք կանգնել նույն իրավիճակում: Պետք է այնպես անել, որ մեր ժողովուրդն այլեւս երբեք չկանգնի լինել-չլինելու խնդրի առաջ եւ զոհ չտա իր լավագույն զավակներին: Այդ մարդկանց կարիքը խաղաղ պայմաններում անգնահատելի է, քանզի նրանք իրենց մեջ կրում են մեր ժողովրդի լավագույն գենետիկական հատկանիշները: Այս հրամայականն է բոլորիս առջեւ՝ ստեղծել այնպիսի պետություն եւ հասարակություն, որ բացառվի լինել-չլինելու խնդիրը, եւ ազգի ներուժն ուղղվի բացառապես ազատ աշխատանքին եւ արարմանը: Այս դասերը մենք պետք է քաղենք պատմությունից. սա է մայիս ամսվա խորհուրդը:


Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՊԱԿԱՍՆ ԶԳԱՑՎՈՒՄ Է 

Քաղաքացիական հասարակության ձևավորումը  մեծապես պայմանավորված է նրանով, թե ինչքանո՞վ են տվյալ հասարակությունում պաշտպանված մարդու իրավունքները: Չգիտես ինչու՝ մարդու իրավունքների պաշտպանությունը մեզանում դիտվում է միայն որպես  եվրոպական արժեքների որդեգրում, այն էլ՝ հիմնականում թղթի վրա: Արդյո՞ք համընդհանուր հռչակագրերին միանալը նշանակում է այդ հռչակագրերով նախատեսված իրավունքների պաշտպանվածություն: Այդ մասին է մեր թղթակից Նարինե Աղաբալյանի զրույցը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:

– Մարդու իրավունքների պաշտպանությունը  չի կարող ներմուծվել Եվրոպայից կամ այլ տեղից, որովհետև այն բնական պահանջ է: Պրակտիկան, որ կիրառվում է մեր տարածաշրջանում, միշտ չէ, որ  համապատասխանում է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի պահանջներին: Իհարկե, կան ռեալ  փորձեր և ռեալ փոփոխություններ: Ես ուզում եմ օգտվել առիթից և ասել, որ պետք է զգայուն լինենք ոչ միայն դեպի բացասական երևույթները, այլև շատ ավելի զգայուն՝ դրականի հանդեպ: Դժվար է չնկատել, որ մարդիկ այսօր արդեն ոչ միայն իրազեկվում են իրենց իրավունքների մասին, այլև փորձում են պաշտպանել այդ իրավունքները: Զարգացած երկրներում իրենց իրավունքների պաշտպանության համար դիմած մարդկանց թվի աճն ավելի շատ է վկայում  տվյալ երկրում   ժողովրդավարության զարգացման  մասին, քան հակառակը՝ այդ թվի անկումը: Այսինքն, մենք չպիտի միանշանակ եզրակացնենք, որ եթե  քաղաքացիների կողմից բողոքները շատացել են, ուրեմն այդ երևույթները  հնչեղություն են ստացել: Հասարակական հնչեղությունը հենց իր մեջ դրական զարգացման միտում է պարունակում:  Ինչպե՞ս կուզենայի ես ինքս տեսնել այդ ամենը. անշուշտ, իմ իդեալը  շատ ավելի  բարձր է: Մեր հասարակության մեջ դեռ իշխում է նիհիլիստական տրամադրությունը: Բացի այդ, ես գտնում եմ, որ մեր իրավա-կիրառական պրակտիկան շատ հետ է մնում  օրենսդրական և, մինչև անգամ՝ ենթաօրենսդրական դաշտից:  Հաճախ, նույնիսկ ենթաօրենսդրական  ակտերով  փոփոխում ենք օրենքն ի վնաս մարդու իրավունքների, այլափոխում ենք  ընդունված  առաջադեմ օրենքի   իմաստը: Դա նշանակում է, որ դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու,  որ ընդամենը ճանապարհի սկզբին ենք:

Հասարակության  նիհիլիստական տրամադրվածությունը փոխելու համար, անշուշտ, ժամանակ է պետք: Արդյո՞ք հետ չենք մնում զարգացման այն տեմպերից, որ մեզ պարտադրում  են:

– Մենք  առաջինը չենք և ոչ էլ վերջինը, որ անցնում ենք այս  տիպային փուլերով: Ես գտնում եմ, որ դեռ պակաս է իրազեկվածության աստիճանը և, բացի այդ, ինչքան էլ հեղհեղուկ հնչի՝  ժողովրդավարական մեխանիզմների և ավանդույթների պակասն ենք զգում: Մեզ մոտ իշխանավորը դեռ դժվար է պատկերացնում,  թե իր ենթակայության տակ գտնվող անձը   կարող է համարձակվի   ստիպել՝ հարգել իր մարդկային արժանապատվությունը: Արժանապատվությունը  նվաստացնելու գայթակղությունը դեռ առկա է  մեր իրավա-կիրառական պրակտիկայի մեջ: Մինչդեռ՝  մարդու իրավունքը  վարչարարությամբ խախտած  պաշտոնյային  պատժելու փորձը դեռ բացակայում է:  Սա է իրականությունը:

Ի՞նչ եք  կարծում,  ե՞րբ կհասնենք դրան:

– Ես կարծում եմ՝ շատ ժամանակ չի պահանջվի: Հայաստանում վարչարարական  խախտումների համար դատարան է նախատեսվում: Ես դրա ջատագովներից եմ եղել: Գտնում եմ, որ  կա ևս մեկ ինստիտուտ, որ պետք է ներմուծվի, թեկուզ այդ հարցը վիճարկելի է: Դա  Երդվյալ ատենակալների ինստիտուտն է: Խորհրդային ձևական պրակտիկայից  լիովին հրաժարվեցինք, մինչդեռ պետք էր այդ պրակտիկան իրական դարձնել: Գտնում եմ, որ անելիքները շատ են, բայց և հուսով եմ, որ տեսնելու եմ այդ ժամանակը: Քաղաքացիական հասարակության ձևավորման հետ գալու է և այդ սկզբունքների  իրագործման ժամանակը:

ԺԱՄ-Ը ԻՐ ՎՐԱ Է ՎԵՐՑՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ 

ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը, ընդհանուր առմամբ չհակադրվելով իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, այս անգամ կտրուկ դեմ է արտահայտվում տնտեսական ռազմավարությանը: Խմբակցությունը դեմ է քվեարկում կամ չի մասնակցում բյուջեի քվեարկությանը, մասնավորեցման ծրագրին և այլն: ԱԺ վերջին նիստում խմբակցությունը հայտարարել է, որ չի ընդունում կառավարության կողմից ներկայացված պետական գույքի մասնավորեցման ծրագիրը և չի պատրաստվում գործադիրի հետ կիսել պատասխանատվությունը: Իսկ որ պատասխանատվության պահը կգա, դրանում դաշնակցականները համոզված են:

Իսկ ահա ԺԱՄ խմբակցության ղեկավար Ժաննա Գալստյանը մեղադրել է դաշնակցությանը («Դուք երբեք էլ ձեզ վրա պատասխանատվություն չեք վերցրել») և հայտարարել, որ ԺԱՄ-ը  կիսում է պատասխանատվությունը:

ԻՆՉՈ՞Ւ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ

Ազգային ժողովի մայիսի 19-ին կայացած  նիստում պատգամավորները կրկին քննարկել են 2004-2006թթ. մասնավորեցման ծրագիրը և ընդունել այն որպես օրենք: Հիշեցնեք, որ ԱԺ նախորդ նիստում ծրագիրը չի ընդունվել. դեմ են քվեարկել դաշնակցական խմբակցությունը և մի շարք անկախ պատգամավորներ, իսկ դահլիճում բացակայում էին ԺԱՄ խմբակցության որոշ անդամներ, ուստի ծրագրին հավանություն տալու համար վերջիններիս չէր հերիքել մեկ ձայն: Այսպես թե այնպես, խորհրդարանը չցանկացավ ընդունել նոր ծրագիրը նախքան անցած տարվա հաշվետվությունը լսելը:

Մայիսի 19-ի նիստում հաշվետվությունը հնչեց: Պարզվեց, որ 2003թ. սեփականաշնորհվել է 23 ընկերություն, ընդ որում՝ 13-ը վաճառվել է մրցույթի, 8-ը՝ ուղղակի վաճառքի, 2-ը՝ անհատույց տրամադրման ձևով: Ընդհանուր առմամբ, նոր սեփականատերերը կատարել են վերցված պարտավորությունները՝ ներդրումների և աշխատատեղերի բացման առումով, ոմանք նույնիսկ գերակատարել են: Կառավարության տվյալներով, 23 ընկերությունների ընդհանուր արժեքը կազմում էր 1421.6 մլն դրամ: Մրցույթով վաճառված 8 ընկերությունների ընդհանուր արժեքը գնահատված էր 375.5 մլն, սակայն դրանք վաճառվել են 256.7 մլն դրամով: 30.5 մլն ներդրումների փոխարեն արվել է 38.9 մլն, 17 աշխատատեղերի փոխարեն բացվել են 20-ը:

Անհատույց տրամադրվել են Շուշիի էլեկտրամեխանիկական գործարանը և Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատը: Շինանյութերի կոմբինատը 377 մլն-ի փոխարեն կատարել է 242 մլն ներդրում:

Ամենահետաքրքիրը մրցույթով մասնավորեցված ընկերությունների պատմությունն է. 13 ընկերություններ, որոնց ընդհանուր արժեքը կազմում էր 387.4 մլն դրամ, վաճառվել են 180.5 մլն դրամով: Դրանք հիմնականում շինարարական կազմակերպություններ են, որոնք գտնվում են մասնավորեցումը իրականացնող քաղաքաշինության նախարարության ենթակայության տակ: Օրինակ, «Թ. 1 համաշինարարական» ՊՓԲԸ-ն, որը գնահատված էր 301.7 մլն դրամ, վաճառվել է 76.5 մլն դրամով: Հաշվետվությունում նշվում է, որ 2003թ. այդ կազմակերպությունը պետք է ներդներ 5 մլն դրամ, բայց գործի մեջ է դրել 28 մլն: Նույնիսկ ոչ տնտեսագետին պարզ է. եթե ընկերությունը գնվել է իր արժեքի 25 տոկոսով, կարելի է մնացած 75 տոկոսի չափ ներդրում անել:

Պատգամավորների այն հարցերին, թե ինչո՞ւ են հենց շինմոնտաժային կազմակերպությունները վաճառվել արժեքի մեկ չորրորդական մասով, որքա՞ն է եղել մրցույթների մասնակիցների թիվը, ինչպե՞ս են նվազեցվել գները՝ պատասխան չհնչեց:

Պատգամավորները տեղեկացան, որ իրենց պարտավորությունները չկատարած մոտ 10 փոքր օբյեկտների սեփականատերերի հանդեպ նախարարությունը դիմել է դատարան, որն էլ բավարարել է հայցերը: Ինչ վերաբերում է այն ընկերություններին, որոնք չեն կատարել պարտավորությունները, դրանց հետ բանակցություններ են ընթանում՝ նոր ժամկետներ հաստատելու մասին:

Իսկ մասնավորեցման նոր ծրագիրն ընդգրկում է բոլոր կոմունալ տնտեսությունները՝ Ջրմուղ-կոյուղին, ջերմային տնտեսությունը, սանմաքրումը, ինչպես նաև «Արցախգազ», «Պոլիգրաֆ» ընկերությունները և դեռևս չմասնավորեցված գրեթե բոլոր ձեռնարկությունները:

ՆՇԱՆԱԿՎԵՑ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐ 

Արտադրական ենթակառուցվածքների և քաղաքաշինության նախարարի երկու ամիս թափուր մնացած պաշտոնում նշանակվեց Բորիս Ալավերդյանը: Նորանշանակ նախարարը նախագահական թիմից է. մինչ այդ գլխավորում էր նախագահի աշխատակազմին կից սոցիալ-տնտեսական վարչությունը: Կարելի է ենթադրել, որ Ա.Ղուկասյանը մտադրվել է իր անմիջական վերահսկողության տակ վերցնել քաղաքաշինության և արտադրական ենթակառուցվածքների ոլորտները, որտեղ շրջանառվում է բյուջեի մի զգալի մասը (կապիտալ շինարարություն, վարկերի տրամադրում և այլ) և որտեղ, ըստ մշտապես շրջանառության մեջ գտնվող լուրերի՝ ամեն ինչ չէ կարգին: Բորիս Ալավերդյանը հայտնի է որպես լավ տնտեսագետ և բարի մարդ: Ուրեմն, կարելի է հուսալ, որ համապատասխան կազմակերպչական ջիղի առկայության պարագայում այս ոլորտում «ստվերը» ջրի երես կհանվի:

Ըստ դեռևս չճշտված լուրերի, կապիտալ շինարարությունը կարող է դուրս բերվել այդ նախարարության տնօրինումից:

ԲԱԶՄԱՀԱՐԿ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՐ ԿԴԱՌՆԱՆ

Պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքերի սպասարկման և ապահովման համար անհրաժեշտ (այդ թվում՝ շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ սեփականության իրավունքն այսուհետ  անհատույց կփոխանցվի շենքի բնակիչներին կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերին: Ինչպես պարզաբանեց Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Վալերի Ալեքսանյանը, այսուհետ բնակիչներն իրենք են որոշելու ինչպես վարվել շենքերի օժանդակ տարածքների հետ՝ բարեկարգե՞լ, վարձակալությա՞ն տալ, թե մեկ այլ բան: Մեր այն հարցին, թե ինչ մեխանիզմներով է դա ապահովվելու, Վ. Ալեքսանյանը տեղեկացրեց, որ օրենքի կիրարկումից հետո կառավարությունը կմշակի հատուկ կարգ: Նա նշեց նաև, որ այս որոշումը կնպաստի համատիրությունների ստեղծմանը: Իսկ մենք հակված ենք կարծելու, որ սեփականության իրավունքը մեր բնակիչների մոտ առաջին հերթին կդրսևորվի բնակտարածքի ընդլայնման, այդ թվում՝ նոր շինահարկերի կառուցման ձևով:

ԱՐՑԱԽԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում ավարտվել է արցախցի նկարիչների ստեղծագործությունների 10-օրյա ցուցահանդեսը: Երևանյան արվեստասերների դատին հանձնվեցին 27 նկարիչների 122 ստեղծագործություններ: Ինչպես կարելի է դատել  հայաստանյան մամուլից, արձագանքը բավականին դրական էր. արվեստագետները, հուրախություն մեզ, շեշտը դնում էին ոչ թե նկարների ու հեղինակների ծագման, այլ դրանց բարձր գեղարվեստական արժեքի վրա:

Արցախի նկարիչների միության նախագահ Լենորդ Զաքարյանի խոսքերով՝ ցուցահանդեսն կազմակերպվել էր Հայաստանի նկարիչների միության հետ մշակված ծրագրի շրջանակներում: Մեր այն հարցին, թե, արդյոք, նկարներ վաճառվե՞լ են, Լ. Զաքարյանը տեղեկացրեց, որ զանազան առաջարկներ են եղել, սակայն, իր տվյալներով, ոչ մի գործ չի վաճառվել: Այս հանգամանքը որոշ մտորումների տեղիք տվեց: Երևանի գեղարվեստական շուկան բավականին մեծ է, կան մեծ «վերնիսաժներ», որտեղ կարելի է վաճառքի հանել այս կամ այն ստեղծագործությունը: Ինչու՞ նման ավանդույթ չստեղծել նաև մեզ մոտ: Նկարիչների միության նախագահը հիշեցրեց, որ «Պյատաչոկի» ներքին մասը՝ շատրվանների շրջակայքը, քաղաքային իշխանությունները դեռ 1995-1996թթ. են տրամադրել նկարիչներին, և այսօր միությունը քայլեր է ձեռնարկում այնտեղ բացօթյա ցուցադրանք-վաճառք կազմակերպելու ուղղությամբ: Ի դեպ, նկարիչները պատրաստվում են գարնանային ցուցահանդեսի Ստեփանակերտում:

ՀՐԱԴԱԴԱՐԸ ԺԱՄԿԵՏ ՈՒՆԻ՞, ԹԵ՞ ՈՉ

Ստեփանակերտում կայացած եվրաինտեգրացմանը նվիրված սեմինարի ժամանակ ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանը շեշտեց, որ հրադադարի պայմանագիրն անժամկետ է, սակայն նշեց, որ վատ չէր լինի, եթե կողմերը վերահաստատեն զինադադարը պահպանելու մասին իրենց պատրաստակամությունը: Մայիսի 12-ին նման առաջարկով հանդես է եկել ԼՂՀ արտգործնախարարությունը, որի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ԼՂՀ ԱԳՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է անում վերահաստատել իրենց հավատարմությունը հրադադարի ռեժիմի պահպանմանը, ընդհուպ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ ընդունելով եռակողմ հռչակագիր»:

Ինչո՞վ էր պայմանավորված այս հայտարարությունը: Եթե 10 տարի առաջ ընդունված համաձայնագիրն անժամկետ էր, ապա հրատա՞պ է, արդյոք, նոր փաստաթղթի ընդունումը: Ամենայն հավանականությամբ, սա հարմար առիթ էր միջազգային հանրությանը հիշեցնելու, որ հռչակագիրը եռակողմ է եղել, և որ այդ ձևաչափն ամենաարդյունավետն է: Այսպես թե այնպես՝ ադրբեջանական կողմը չի ողջունել այս առաջարկությունը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ 

Մայիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի «Հայ դատի» հանձնաժողովի կենտրոնական գրասենյակի տնօրեն Քենեթ Խաչիկյանին եւ ՀՅԴ Ավստրալիայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Պերճ Մամջյանին՝ տիկնոջ հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Գրիգորի Հայրապետյանը:

Զրույցի ընթացքում Արկադի Ղուկասյանը, խոսելով Հայկական հարցը միջազգային հանրությանը ներկայացնելու եւ պրոպագանդելու ուղղությամբ «Հայ դատի» հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքի կարեւորության մասին, նշել է նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչման գործում հայկական Սփյուռքի ներուժի առավել ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ նա ընդգծել է հայկական Սփյուռքի քաղաքական կազմակերպությունների եւ ԼՂՀ արտաքին-քաղաքական, ինչպես նաեւ այլ գերատեսչությունների ջանքերի համակարգման կարեւորությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Արցախում ներդրումների ներգրավման  ուղղությամբ:

Իր կողմից Քենեթ Խաչիկյանը նշել է, որ «Հայ դատի» հանձնաժողովը կարեւոր նշանակություն է տալիս ղարաբաղյան հակամարտության վերջնական  քաղաքական կարգավորման հիմնախնդրին: Միաժամանակ նա վստահեցրել է ԼՂՀ նախագահին, որ  իրենց կազմակերպությունը այսուհետ եւս ակտիվորեն կաջակցի միջազգային ասպարեզում Լեռնային Ղարաբաղի շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Մայիսի 21-ին տեղի է ունեցել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպումը Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

ԼՂՀ ղեկավարը եւ Լեռնային Ղարաբաղի հայության հոգեւոր առաջնորդը քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ կապված պետություն-եկեղեցի փոխգործակցության հետ:

Մայիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հակամարտող կողմերի զորքերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Հանդիպման մասնակիցները ընդգծել են հրադադարի ռեժիմի որեւէ խախտման անթույլատրելիությունը: Այդ կապակցությամբ նրանք դրական գնահատական են տվել ԵԱՀԿ առաքելության կողմից շփման գծում պարբերաբար անցկացվող դիտարկումներին:

ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչություն

ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ 

Նախագահ Արկադի Ղուկասյանը ՀՅԴ բյուրոյի «Հայ դատի» հանձնաժողովի կենտրոնական գրասենյակի տնօրեն Քենեթ Խաչիկյանի հետ հանդիպման ժամանակ Սփյուռքի քաղաքական կազմակերպություններին կոչ արեց առավել ակտիվ մասնակցել ԼՂՀ ճանաչմանը միտված գործընթացներին:

Կառավարության ղեկավար Անուշավան Դանիելյանը մայիսի 20-ին կայացած խորհրդակցության ժամանակ նշել է, որ Արցախի գետերը «հագեցնում են» օտարների ծարավը, և հայտարարել, որ հանրապետությունում կկառուցվեն ջրամբարներ, որտեղ կարելի կլինի պահել 70-90 մլն խոր. մ ջուր: Նաև ավելացրեց, որ ջրային ծրագրերի պետական ֆինանսավորումը կսկսվի 2005 թվականին:

Ստեփանակերտում են գտնվում է «Հայ ակնաբուժական ծրագրի» շրջանակներում Արցախ ժամանած բարձրակարգ բժիշկներ: Մեկ ամսվա ընթացքում նրանք կկատարեն լազերային վիրահատություններ և տարբեր հիվանդությունների բուժում:

Նախատեսվում է գիշերօթիկ դպրոց բացել. դա կլինի կամ Շուշիում, կամ մայրաքաղաքում՝ Աջափնյակի 12-րդ դպրոցում:

Հունիսի 17-19-ը Երևանում կկայանա Հայկական բարեկամության խորհրդարանական վեհաժողովը, որին կմասնակցի նաև ԼՂՀ ԱԺ պատվիրակությունը:

Մայիսի 25-26-ին Մոսկվայում հայ և ադրբեջանցի քաղաքագետները «կլոր սեղանի» շուրջ քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր: Միջոցառումը, որտեղ ներկայացված էր նաև մեր հանրապետությունը, կազմակերպել են ռուսաստանյան երեք  ոչ կառավարական կազմակերպություններ:

Հայ Ավետարանչական Ընկերակցության հովանավորությամբ այս ամառ Մարտունիում կբացվի ճամբար 100 ծերերի համար:

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑՎՈՒՄ Է. ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Վերջին ժամանակներում թե’ հայկական, թե’ ադրբեջանական հասարակություններում լայն քննարկման և բուռն վիճաբանությունների առարկա է դարձել հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը: Դժվար կլիներ երկու երկրում էլ այլ բան սպասելը, քանի որ առկա է մեծ վախը սպասվելիք փոփոխությունների հանդեպ:  Իսկ ինչու՞ են բանավեճերը կրում այսպիսի էմոցիոնալ, իռացիոնալ բնույթ, ինչը երկուստեք դժվարացնում է օգուտների և վնասների հարաբերակցության հաշվարկումը: Ինչու՞ են ադրբեջանցիները հանկարծ բողոքի ակցիա կազմակերպում Իգդիրում արդեն 10 տարուց ավել փակ սահմանի մոտ, ինչ է թե չբացվի: Ինչու՞ է Ազատության Հրապարակում այրվում թուրքական դրոշը: Ի՞նչ է տեղի ունենում:

ԱՄՆ-ը բազմիցս է հայտարարել, որ Հարավային Կովկասը դիտարկում է որպես իր կենսական շահերի տարածք, իսկ Եվրամիությունը հաստատապես նախատեսում է ընդգրկել մեր տարածաշրջանն իր առաջիկա ընդարձակման սահմաններում որպես մեկ ընդհանրություն: Բազմիցս ենք համոզվել, համենայն դեպս՝ վերջին տաս-տասներկու տարում, որ նման մտադրությունները, որոնք հայտարարվում են նման կերպով որպես նպատակ, ապա դրանք պարտադիր կերպով իրականություն են դառնում: Վաղ թե ուշ, և ոչ թե այն պատճառով, որ դա դարձել է աշխարհին պարտադրված ճակատագրապաշտության արդյունք, այլ որովհետև դրանով իսկ արտահայտվում են համաշխարհային քաղաքականության և համաշխարհային տնտեսության շահերը:

Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Թուրքիան հետ է կանգնում թյուրքական պետությունների և փոքրամասնությունների նկատմամբ տարվող «պրեստիժի առաջնահերթության» քաղաքականությունից, նախապատվությունը տալով իր արմատական ազգային-պետական շահերին: Դրանով նաև կարելի է բացատրել Թուրքիայի կիպրոսյան նոր քաղաքականությունը:

Իսկ որո՞նք կլինեն Թուրքիայի մոտակա քայլերը հայկական ուղղությամբ: 1992 թվականից Թուրքիան փակեց հայկական սահմանը: Դրա նպատակը միայն հայերին «սանձելը» չէր, երբ նրանք իրենց ակտիվում գրանցեցին առաջին ռազմական հաջողությունները ղարաբաղյան ռազմաճակատում: Օբյեկտիվորեն, Թուրքիայի շահերից էր բխում կառուցել նորմալ, բարիդրացիական հարաբերություններ իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Սակայն, պատերազմական «նեղության» մեջ գտնվող և պերմանենտ հեղաշրջումներից ապակայունացած Ադրբեջանին օգնության չգալը ոչ միայն կհեղինակազրկեր Թուրքիային ադրբեջանցիների աչքերում, այլ կդիտարկվեր որպես սովորական մորթապաշտություն և դավաճանություն: Թուրքիայի այդ ժամանակվա ընտրությունը որքան բանական էր, այնքան էլ՝ բնական, որով և երկիրն ամրապնդեց համայն թյուրքերի հովանավորի իր համարումը, ինչն ավելի «թանկ էր», քան հնարավոր տնտեսական շահը: Սպասելիքները մեծ էին, սակայն ժամանակը կատարեց իր սրբագրումները: Մեկ տասնամյակից ավելի փակ պահելով հայ-թուրքական սահմանը, Թուրքիան արդյունքում ոչ միայն չստացավ որևէ օգուտ ղարաբաղյան կարգավորման հարցում, որն ի սկզբանե ակնկալվում էր, այլ ուղիղ հակառակը: Շրջափակված և անկյուն քշված  Հայաստանը (ինչքան էլ նրան փորձեին ագրեսոր անվանել), երբ մեծ զոհողությունների գնով ոչ միայն ապաշրջափակեց Լեռնային Ղարաբաղը, այլ նաև՝ ստեղծեց նրա շուրջն անվտանգության գոտի, ավելի ընկալելի դարձավ միջազգային հանրության կողմից: Իսկ Ադրբեջանը, ձգտելով խուսափել ռազմական աղետից՝ կնքեց զինադադարի պայմանագիրը, ֆիքսելով մինչ այժմ առկա դիմակայության գիծը, և Թուրքիան դրա դեմ ոչինչ չկարողացավ հակադրել: Շրջափակումը հայերին չդարձրեց բանակցություններում ավելի զիջող: Մյուս կողմից, այն լուրջ խթան հանդիսացավ Հայաստանում հակադեմոկրատական զարգացումների համար, նպաստելով մենաշնորհային տնտեսակարգի արմատավորմանը: Թուրքիան ստացավ իր սահմանի վրա ռուսական զորախումբ, ամրացնելով Ռուսաստանի դիրքերը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ տարածաշրջանում: Զուգահեռաբար շրջափակումը խորացրեց և արդարացրեց ավանդական ռուսամետ և հակաթուրք տրամադրությունները հայ հասարակության բոլոր շերտերում, բացի դրանից՝ լուրջ «գլխացավեր» հարուցեց Թուրքիայի համար միջազգային ասպարեզում և վերածվեց հայ-թուրքական երկխոսության ամենալուրջ խոչընդոտի, դարձնելով հայ-թուրքական հարաբերությունները Ադրբեջանի քմահաճությունների պատանդը: Այսինքն, արդյունքում ստացվեց, որ շրջափակումը որքան ադրբեջանահաճո է, այդքան էլ՝ Թուրքիայի համար անարդյունավետ:

Շրջափակման անիմաստությունը հատկապես ցցուն կերպով ակնհայտ դարձավ Նոր Իրողությունների ֆոնի վրա, երբ ընդլայնվող Եվրոպան ընդհուպ մոտեցավ Թուրքիային, Ամերիկան սեպտեմբերի 11-ից անմիջապես հետո ձեռնամուխ եղավ ազատ Մեծ Մերձավոր Արևելքի ձևավորմանը, իսկ այլընտրանքային էներգետիկ և տրանսպորտային միջմայրցամաքային նախագծերը մտան իրագործման փուլ: Շատ լավ գիտակցելով իր աշխարհագրական դիրքի առավելությունները, Թուրքիան բնականաբար ձգտում է արդիականացնել իր քաղաքական և տնտեսական ազդեցության լծակները հարևան տարածաշրջաններում, իր տարածքում միակցելով էներգետիկ և տրանսպորտային հաղորդակցության այն ուղիները, որոնք շրջանցում են Ռուսաստանը և Արաբական Արևելքը, նրանց  զրկելով ավանդական մենաշնորհից, ինչպես նաև՝ շրջանցում և մեկուսացման են տանում Իրանը: Հետևողականորեն իրականացնելով իր ազգային շահերից բխող այս քաղաքականությունը, Թուրքիան, բնականաբար՝ վայելում է Արևմուտքի աջակցությունը: Ռուսաստանը, նույնպես բնականաբար, հակազդում է ամերիկյան և եվրոպական մեծացող ներկայությանը հատկապես Հարավային Կովկասում, քանի որ հենց այս տարածաշրջանն է զուտ աշխարհագրական առումով հանդիսանում Ռուսաստանը շրջանցող ճանապարհի շքամուտքը: Պետք է նշել նաև, որ Հարավային Կովկասի արևմտյան դարպասը Գյումրին է, որտեղով անցնում է Թուրքիայի և այնտեղից էլ՝ Եվրոպայի հետ կապող միակ երկաթուղին: Այդ փաստի հետ չեն կարող հաշվի չնստել մեր հեռու և մոտիկ հարևաններն առանց բացառության:

Արդյունքում ստացվում է, որ հայ-թուրքական սահմանի փակ լինելը բխում է միայն Ռուսաստանի կենսական շահերից և հարվածում է Մեծ Սակարկության՝ անխտիր բոլոր մասնակիցների ինտեգրացիայի և զարգացման  հեռանկարին: Ահա թե ինչու են վերը նշված քաղաքական միտումները Թուրքիային ստիպում մի շարք էական փոփոխություններ կատարել մինչ վերջին ժամանակներս տարվող քաղաքականության մեջ: Ամենակարևորն այն է, որ Թուրքիան ձգտելու է ակտիվորեն նպաստել տարածաշրջանում առկա կոնֆլիկտների շուտափույթ խաղաղ կարգավորմանը, հրաժարվելով շատ դեպքերում դրսևորվող կոնֆրոնտացիոն ուղուց և արմատավորված քաղաքական ստերեոտիպներից:

Այս ֆոնի վրա միանգամայն բացատրելի է Ադրբեջանի որոշ շրջանակների հիստերիան՝ հայ-թուրքական, կիպրոսյան զարգացումների և ղարաբաղյան կարգավորման պարագաներում Թուրքիայի այսօրվա և ապագա քայլերի հետ կապված: Բացատրելի է նաև Հայաստանում ռուսական շահերի պարզունակ հաղորդակ հանդիսացող ուժերի փոթորկալից հանդիմանությունը սահմանի բացման հեռանկարին, առանց իրենց «թույլտվության»՝ հայ-թուրքական որևէ շփումներին:

Հաշվի առնելով վերը նշվածը, Թուրքիան օր առաջ ձգտելու է վերացնել իր առաջընթացի ամենալուրջ խոչընդոտներից մեկը՝ փակ հայ-թուրքական սահմանը, որքան էլ սահմանի բացման հեռանկարը քարկոծեն Հայաստանի և Ադրբեջանի՝ այդ հարցում դաշնակից դարձած ուռա-հայրենասերները: Դրանով Թուրքիան խիստ կբարձրացնի իր քաղաքական կշիռը և դերը տարածաշրջանում, բազմաթիվ հարցերում զերծ կմնա միջազգային ճնշումներից: Դա նաև նոր իրավիճակ և մթնոլորտ կստեղծի Հարավային Կովկասում, դարձնելով անիմաստ նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը: Ի վերջո, Ադրբեջանը չի շրջափակի ինքն իրեն, եթե բաց է հայ-թուրքական սահմանը: Փաստորեն, ստացվում է, որ այստեղ է նաև Ղարաբաղյան հարցի լուծման բանալին, քանի որ Ադրբեջանը Հայաստանի վրա ճնշման գործուն այլ լծակ չունի: Սակայն, վերջերս հրապարակված հայկական դիվանագիտության օրակարգում թուրքական սահմանի վերաբերյալ չկա նույնիսկ առանձին կետ:

Այնինչ, Թուրքիան շուտափույթ բացելու է Հայաստանի հետ իր սահմանը ոչ այնքան արևմտյան պերմանենտ ճնշումների հետևանքով կամ հանկարծ «բարիանալով» հայերի հանդեպ, այլ բացառապես իր ազգային և պետական շահերի թելադրանքով, արհամարհելով թե’ հայկական ստերեոտիպային թրքավախությունը, թե’ Ադրբեջանի՝ Ղարաբաղն ընդմիշտ կորցնելու սարսափը, էապես նվազեցնելով թուրքական վտանգի գաղափարի վրա հիմնված և դրանով էլ արդարացված Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում: Այսինքն, ինչ խոսք, Թուրքիան այս խառնակ ժամանակներում ամեն դեպքում քաղաքականապես կսատարի Ադրբեջանին, բայց միայն այն սահմաններում, որոնք չեն թուլացնի թուրքական քաղաքականությունն այլ «ճակատներում»՝ Եվրամիություն, Միջերկրական ծով, Միջին Արևելք:

Ի՞նչ է մնում անել մեզ, հայերիս: Այս իրողությունը շատ լուրջ հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար, նույնպես ելնելով բացառապես մեր ազգային և պետական շահերից՝ վերջապես ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանային ինտեգրացիայի գործընթացներում: Հայաստանը ռեալ շանս է ստանում վերածվելու Իրան-Եվրոպա գազատարի և ՏՐԱՍԵԿԱ-ի տրանսպորտային մայրուղու տարանցիկ երկրի, էական առավելություններ ձեռք բերելու Ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման փուլում, որը յոթը սարի հետևում չէ: Հայաստանը կթոթափի հարևանների աչքերում ձեռք բերած՝ տարածաշրջանային համագործակցության և Կովկասի եվրաինտեգրացիայի էական խոչընդոտի իր ոչ այնքան պատվաբեր համարումը: Մեր 60 միլիոնանոց հարևանը, կարճ ժամանակ անց մաս կազմելով Միացյալ Եվրոպայի՝ օբյեկտիվորեն վերածվում է միանգամայն կանխատեսելի գործընկերոջ: Սույն իրողությունը նոր որակի երաշխիքներ է ստեղծում, նոր մթնոլորտ հայկական պետականության անվտանգության և զարգացման համար: Այն բացում է Եվրոպական Քաղաքակրթություն վերադառնալու մեր ամենակարճ ճանապարհը: Եվ ուզենք, թե չուզենք՝ Թուրքիայի սահմանի բացման հարցը մտնում է դիվանագիտության օրակարգ: Եվ ոչ միայն Հայաստանի:

«Կովկասի գերուհին» ֆիլմի հերոսներից մեկն ասում էր. «Ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի»: Եվ կօգնի, որովհետև, ի տարբերություն ֆիլմի հերոսի՝ ոչ թե միամիտ է և մոլորվել է, այլ որովհետև ձեռնտու է բոլոր առումներով: Իսկ մի՞թե մեզ էլ ձեռնտու չէ: Մեզ մնում է միայն այս անգամ էլ չմոլորվել: Որովհետև մի կողմից մենք բանաձևեր ենք ընդունել տալիս շրջափակման դեմ, մյուս կողմից՝ բաց Թուրքիայից վախենում ենք ավելի, քան փակ Թուրքիայից, մի կողմից ձգտում ենք դեպի Եվրոպա, մյուս կողմից՝ չենք ցանկանում, որ Եվրոպան գտնվի Երևանից 20 կմ հեռավորության վրա:

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
(Երևան)

BBC. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՄՈՌԱՑՎԱԾ Է

Մայիսի 12-ին լրացավ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի 10-րդ տարելիցը, որը նշվեց թե’ Հայաստանում ու ԼՂՀ-ում եւ թե’ Ադրբեջանում: Այդ առնչությամբ ղարաբաղյան հիմնահարցը կրկին արծարծվեց նաեւ միջազգային ԶԼՄ-ներում, այդ թվում՝ BBC ռադիոկայանի պարսկերեն ծառայության հաղորդումներում: Ղարաբաղյան հիմնահարցին այդօրինակ անդրադարձները մեզ համար, թերեւս, ուշագրավ են օտար վերլուծաբանների, պատմաբանների տեսակետներին ծանոթանալու, ինչպես նաեւ, տվյալ դեպքում, ավելի քան 100 հազար պարսկալեզու ունկնդիրներին հարցը ներկայացնելու առումով:

Նշված վերլուծական հաղորդման հեղինակը նախ նշեց, որ նախկին ԽՍՀՄ երկու հանրապետությունների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 տարի լիակատար պատերազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 25 հազար մարդ եւ մեկ միլիոն էլ փախստական են դարձել, բացի այդ՝ Հայաստանի վերահսկողության տակ են հայտնվել Ղարաբաղը եւ նրան հարակից 7 շրջաններ, իսկ Ադրբեջանն էլ պահանջում է շուտափույթ կերպով վերադարձնել գրավյալ տարածքները: Հիմնախնդրի այդօրինակ բնութագրումը նշանակում է, որ Ադրբեջանին հաջողվել է Ադրբեջան-ԼՂՀ հակամարտությունը միջազգային հանրությանը ներկայացնել իբրեւ Հայաստան-Ադրբեջան տարաձայնություն: Ադրբեջանական հետեւողական քարոզչության շնորհիվ եւ մեր պասիվ հակազդեցության պատճառով, թվում է, ոչ մեկն այլեւս ԼՂՀ-ն հակամարտության կողմ չի համարում:

Իսկ հաղորդմանը հրավիրված Ամստերդամի համալսարանի արդի պատմության պրոֆեսոր Թուրաջ Աթաբաքին, անդրադառնալով հիմնահարցին, շեշտեց, որ Ղարաբաղի հիմնահարցը պարզ տարածքային տարաձայնություն չէ,  դրա արմատները գտնվում են երկու ազգերի պատմության, անցյալում նրանց եւ տարածաշրջանի գերտերությունների միջեւ հարաբերություններում: Ապա նա շեշտեց, որ խնդրի լուծման հստակ հեռանկար չի տեսնում, հավելելով, որ կողմերից եւ ոչ մեկը ստեղծված ճգնաժամից դուրս գալու որեւէ տարբերակ չունի: Ըստ նրա, փորձը ցույց է տալիս, որ Հայաստանն ու Ադրբեջանն ի զորու չեն խնդրի համար լուծում գտնել, ուստի, ներկա դրությամբ, նրանք լիովին հույսները դրել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության վրա, այն ակնկալիքով, որ վերջիններիս աջակցությամբ ու գործադրած ճնշումների արդյունքում կկարգավորվի հիմնահարցը:

Հարկ է նշել, որ եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա այդ դեպքում ակնհայտ է, որ առաջին հերթին կարեւորվելու են գերտերությունների շահերը տարածաշրջանում, բնականաբար՝ ի վնաս հակամարտող կողմերի, սակայն, ըստ երեւույթին, այդօրինակ լուծումը ձեռնտու է Ադրբեջանին, որը հարցը ներկայացնում է որպես Երեւան-Բաքու տարաձայնություն: Մինչդեռ, կարծում ենք, կողմերի համար լավագույն տարբերակը Ստեփանակերտ-Բաքու բանակցություններն են, որոնց դեպքում առաջնայինը երկու կողմերի շահերը կլինեն, ինչից համառորեն խուսափում է Ադրբեջանը:

Անդրադառնալով ԼՂՀ-ի եւ Հայաստանի նկատմամբ Իլհամ Ալիեւի վարած քաղաքականությանը, Աթաբաքին շեշտեց, որ նա լիովին շարունակում է ավագ Ալիեւի քաղաքականությունը եւ որեւէ էական փոփոխություն տեղի չի ունեցել: Նշելով, որ Ադրբեջանի նախագահը խիստ զբաղված է ներքին հարցերով եւ գրեթե չի զբաղվում ղարաբաղյան հիմնախնդրով, Աթաբաքին ընդգծեց, որ թե’ Հայաստանում եւ թե’ Ադրբեջանում խիստ կարեւորվում են ներքին խնդիրները, եւ Ղարաբաղը մոռացված հարց է բոլորի համար, բացառությամբ նրանց, ովքեր դեռ ապրում են վրաններում:

BBC-ի թղթակիցը քննարկման առարկա դարձնելով նաեւ ԼՂՀ-ում ազերիների «ցեղասպանության» հարցը և հենվելով Բաքվի տեսակետներին, նշեց, որ վերջինս այս առնչությամբ շեշտում է, թե հայաբնակ տարածքների միատարր դարձնելը վաղուց արդեն պաշտոնական Երեւանի առանցքային քաղաքականությունն է, ընդգծելով, թե նախկին խորհրդային 15 հանրապետություններից Հայաստանը միակն է, որ միատարր է: Թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք անցյալ դարի 90-ականների ջարդերը համապատասխանում են ցեղասպանության ՄԱԿ-ի սահմանմանը, պատասխանեց հաղորդման մյուս հյուրը՝ Իրանի հարեւան երկրների հարցերով պարսիկ փորձագետ Մորադ Վեյսին: Վերջինս նշեց, որ ազգային «մաքրազարդում» տեղի է ունեցել այն իմաստով, որ ազերիները Ղարաբաղից այլ շրջաններ են քոչեցվել եւ դա փաստ է՝ անկախ այն հանգամանքից, թե նրանք արտաքսվե՞լ են, թե՞ ռազմական գործողությունների բերումով կամովին են հեռացել: Վեյսին ընդգծեց նաեւ, որ այս հարցում պետք է հաշվի առնվի կարեւոր մի հանգամանք եւս. այն, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լուրջ ջանքեր է գործադրում, որպեսզի Թուրքիայում տեղի ունեցած հայերի ցեղասպանությանը համարժեք կռվան ստեղծվի՝ հայերի վրա փոխադարձաբար ճնշում գործադրելու համար:

Ինչ խոսք, Վեյսին ճիշտ դիտարկում է արել, սակայն պատերազմական գործողությունների հետեւանքով ազերիների կամովին հեռացումն ազատագրված տարածքներից  որակել իբրեւ բնակավայրերի ազգային զտում, մեղմ ասած, անաչառ վերաբերմունք չէ, մանավանդ, որ որեւէ ակնարկ չի արվում Սումգայիթում և ադրբեջանական այլ քաղաքներում հայերի զանգվածային ջարդերի մասին: Այս հարցում, թեւրեւս, նաեւ մենք ենք մեղավոր, որ այդ ոճրագործություններն ինչպես հարկն է չենք ներկայացնում աշխարհին: Ինչ վերաբերում է համարժեք երևույթ-հակաթույնի ստեղծմանը, ապա Անկարա-Բաքու համագործակցությունն այդ ուղղությամբ նշանակու՞մ է, արդյոք, որ պիտի վերադարձվեն Արևելյան Հայաստանի տարածքները, այլ կերպ ասած՝ ազերիներն ու թուրքերը հասկանու՞մ են, որ իրենց իսկ ստեղծած նման հայեցակարգի շրջանակներում հայերը կարող են նման պահանջ ներկայացնել:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
(Երևան)

ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԻՏԻ ԼՈՒԾՎԻ «ԿԱՐԵԼԻ»-Ի ՈՒ «ՉԻ ԿԱՐԵԼԻ»-Ի ԽՆԴԻՐԸ

ԼՂՀ անվտանգության խորհրդի տեղեկատվական անվտանգության և ռադիոհեռահաղորդակցության հարցերի միջգերատեսչական  հանձնաժողովը մեզ համար նոր կառույց է: Հանձնաժողովը, որի աշխատանքի հիմնական ուղղվածությունը տեղեկատվական անվտանգության խնդիրներն են, բազմատարր է: Նրա կազմում ընդգրկված են կառավարության աշխատակազմի, ՊՆ, ԱԳՆ, ազգային անվտանգության և ոստիկանության մարմինների, հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, նաև կապի ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նման ներկայացուցչական կազմը ինքնին խոսում է ոլորտում առկա հիմնախնդիրների լրջության մասին: Արդեն 2 նիստ է հրավիրվել: Քննարկումների արդյունքում մշակվել է աշխատանքային ժամանակացույց:

Հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ անվտանգության խորհրդի անդամ, հանրապետության նախագահի խորհրդական Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ մեր հարցազրույցը, կարծում ենք, որոշակի լույս կսփռի ոլորտում առկա հիմնախնդիրների, հանձնաժողովի գործառույթների վրա:

Ի՞նչ խնդիրներ են դրված Ձեր ղեկավարած հանձնաժողովի առջև: Ինչո՞վ եք զբաղվելու:

– Հանրապետությունում զարգացման իմաստով մենք հասել ենք մի փուլի, երբ  առանձին վերցրած մի ոլորտ՝ լինի դա արագ զարգացող, պետական նշանակության, թե կոնկրետ մարդու համար կարևորություն ներկայացնող, համակարգման կարիք ունի: Եկանք այն եզրակացության, որ առանց այս դաշտում աշխատող կառույցների հազիվ թե հնարավոր լինի ստեղծել մի քաղաքականություն, որի շնորհիվ փորձեինք լուծել տեղեկատվական անվտանգության խնդիրները և, ընդհանրապես, զարգացնել տեղեկատվության ոլորտը: Սրանով էր պայմանավորված հանձնաժողովի ստեղծումը:

Ինչո՞վ ենք զբաղվելու: Նախ, նշեմ, որ մեզ համար դա նորություն է, և բազմաթիվ խնդիրներ են ծառացել մեր առջև: Կային տարբեր կառույցներ, որոնք զբաղվում էին այդ խնդիրներով՝ կառավարական մարմիններ, «Արցախթել», «Ղարաբաղ-Տելեկոմ», «Արմինկո», սակայն այդ ամենը համակարգված չէր: Հանձնաժողովի ստեղծման հիմնական նպատակը ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման լծակները գտնելն է, դրանք հանրապետության անվտանգության խորհրդին և ավելի լայն իմաստով՝ հասարակությանը ներկայացնելը: Պիտի փորձենք զարգացման ճանապարհը հստակեցնել  բոլոր ուղղություններով:

Մեր երկրորդ հիմնական խնդիրը վերաբերում է օրենսդրական դաշտին: Այդ աշխատանքներում կընդգրկվեն ինչպես կառավարությունն ու ԱԺ-ը, այնպես էլ ոլորտում գործող սուբյեկտները:

Երրորդը՝ տեխնիկական-տնտեսական ոլորտն է, որը կարգավորման կարիք ունի:

Այս խնդիրների կարգավորման շուրջ է կենտրոնանում հանձնաժողովի գործունեությունը: Եվ այս ամենը պիտի կազմակերպվի մարդու, քաղաքացու տեղեկատվություն ստանալու իրավունքի հաշվառմամբ:

Արտաքին տեղեկատվական անվտանգության խնդիրների մասին: Հաճախ են մեղադրում լրագրողներին, որ չեն մտածում, թե ինչ հետևանք կարող է ունենալ իրենց գրածը: Սակայն հաճախ լրագրողների համար պարզ չէ, թե որ տեղեկատվությունը կարող է վնասել պետական շահերին: Ինչպե՞ս պետք է լուծվի «կարելի»-ի ու «չի կարելի»-ի խնդիրը:

– Միայն ու միայն օրենքի սահմաններում և օրենսդրական դաշտ ստեղծելով:

Մենք պետք է ունենաք պատասխանատու մարմիններ և պատասխանատու մարդիկ, որոնց պիտի իրավունք վերապահվի՝ քննարկումներից հետո որոշել, թե որ տեղեկատվությունն է պարունակում պետական գաղտնիք, պիտի սահմանվի պետական գաղտնիքների ցանկը: Հանձնաժողովի նպատակներից մեկն էլ դա է՝ «կարելի»-ի ու «չի կարելի»-ի սահմանի որոշումը:

Նոր բան չենք հնարում: Դա նորմալ պրակտիկա է բոլոր երկրներում: Կան խնդիրներ, որոնց մասին պիտի ասվի, հրապարակվի, ու դա չի վնասելու երկրի ընդհանուր քաղաքականությանը և կամ, ասենք, տնտեսական քաղաքականությանը: Եվ կան հարցեր, որոնց բարձրաձայնումը վնասում է պետական շինարարությանը: Այլ խնդիր է, որ սահմանափակումներում հաշվեկշիռը պիտի փորձենք պահել: Այսինքն՝ ժողովուրդը պիտի իմանա, թե  ի՞նչ ենք անում, ինչպես  ենք անում՝ տարբեր ոլորտներում, և, միևնույն ժամանակ, չպիտի վտանգվի պետական շինարարության գաղափարը:

Փաստորեն, պարզ չէ, թե ո՞րն է պետական գաղտնիքը: Ի՞նչ տեղեկատվություն է պարունակում պետական գաղտնիքի տարրեր:

– Այո, այստեղ ևս բավականին անելիք կա: Ինֆորմացիոն դոկտրինայի վրա պիտի ստեղծվի օրենսդրական դաշտը: Հանձնարարությունները տրված են: Մի ամսվա ընթացքում բոլոր ընդգրկված կառույցները իրենց առաջարկությունները պիտի ներկայացնեն: Քննարկելու ենք, փորձելու ենք ուսումնասիրել: Միջազգային օրենքների հիման վրա խնդիրը տեղայնացնելով և այսօրվա ռեալ իրավիճակը հաշվի առնելով` կստեղծենք բազային կետերը, կմշակենք մարտավարությունը: Մեզ սպասում է բավականին լայնածավալ աշխատանք: Դժվար է լինելու, որովհետև, մեկ անգամ ևս շեշտում եմ՝ նոր բնագավառ է:

Հանձնաժողովի գերխնդիրը, անշուշտ, արտաքին տեղեկատվական անվտանգությունն է, այսինքն՝ թույլ չպիտի տալ պետության շահերին վնասող տեղեկատվության արտահոսք, սակայն կա մեկ այլ խնդիր, որը ևս պետք է մտահոգի՝ դա մեր ներքին տեղեկատվության մատչելիության իրավունքի խախտումն է: Այսինքն որոշ պաշտոնյաներ, իրենց անձնական շահերից ելնելով, կարող են խուսափել որոշակի տեղեկատվության տրամադրումից, ինչը իր հերթին կարող է խանգարել սխալ որոշումը, ձեռնարկումը ժամանակին կանխելուն, պետական միջոցների վատնման առաջն առնելուն: Ի՞նչ եք մտադիր անել այդ ուղղությամբ:

– Ես ևս մի անգամ պիտի շեշտեմ իրավունքի խնդիրը: Մինչև որ օրենսդրորեն չդրվի իրավունքի սահմանագիծը (ասել է թե՝ «կարող ես» ու «պարտավոր ես» հասկացությունների սահմանագիծը), պրոբլեմը լինելու է: Եթե ես չեմ ուզում խոսել ինչ-որ բանի մասին, շատ հանգիստ կարող եմ ասել՝ որ դա պետական գաղտնիք է: Չունենալով համապատասխան օրենք, ամեն մեկն իր ուզածի պես է վարվում:

Նորից եմ կարևորում օրենսդրությունը: Եվ սա շատ ավելի արագ կարող ենք անել, որովհետև եթե տեխնիկական հարցերը լուծելիս կարող են դժվարություններ ծագել, օրենքը մշակելու, ընդունելու և կիրարկվելու առումով՝ առաջ չեն գալիս այդ կարգի  դժվարություններ:

Այդ աշխատանքներում կարևորում ենք հասարակական սեկտորի դերը: Փորձելու ենք ընդգրկել հասարակական կազմակերպություններին՝ թող իրենց տեսակետները հայտնեն և վստահ պաշտպանեն:

Ասեմ, որ հանձնաժողովը իր նիստերին կարող է հրավիրել ցանկացած պետական և ոչ պետական կազմակերպության: Ըստ ժամանակացույցի, որ դեռ մշակման փուլում է, անհրաժեշտության դեպքում կհրավիրվեն այդ մարդիկ: Թափանցիկությունը պիտի ապահովվի, որովհետև եթե բացակայում է վստահությունը և փոխվստահությունը, կասկածները շատանում են: Եվ երկրորդը, նոր հարցադրումները բերում են նոր ուղղվածություններ: Խնդիրներն այնքան շատ են, որ հազիվ թե կարողանանք ընդգրկել ամենը: Չունենք համապատասխան ռեսուրսներ՝ կադրային, մասնագիտական, ֆինանսական, և որ կարևոր է՝ չունենք քաղաքացիական հասարակություն: Դրանք վտանգներ են, ներքին վտանգներ, որ ավելի սպառնացող են:

Եթե կարողանանք ներսում ստեղծել նորմալ պայմաններ, հաղթահարել ներքին սպառնալիքները՝ ավելի հեշտ կլինի արտաքին տեղեկատվական պայքարում: Այսինքն՝ քաղաքացիական հասարակության ստեղծումը ինձ համար ավելի կարևոր է տեղեկատվական անվտանգության առումով, քան արտաքին վտանգները:

Հանրապետության մի շարք բնակավայրերում զրկված են Արցախի հեռուստատեսության հաղորդումները դիտելու հնարավորությունից: Փոխարենը մարդիկ դիտում են հարևան երկրների հեռուստահաղորդումները: Հասկանալի է, թե ինչպիսի տեղեկատվություն է ստանում մեր հանրապետության բնակչության այդ հատվածը և ինչպիսի հետևանքներ դա կունենա: Ի՞նչ եք մտածում այդ մասին և ի՞նչ կձեռնարկեք:

– Ամենաառաջին խնդիրը դա է: Մեր աշխատանքային ժամանա-կացույցի առաջին կետը վերաբերում է այդ հիմնախնդրին: Դրա վտանգը հասկանում են բոլորը: Նախագահը հստակ դրել է այդ խնդիրը: Սա առաջինն է, ինչից պետք է սկսենք: Հարցը ուշադրության կենտրոնում է, բավականին լուրջ աշխատանք է տարվում: Չեմ ուզում կոնկրետ ժամկետներ նշել, բայց հավատացեք` այդ ուղղությամբ աշխատում ենք:

Միայն դա չէ, ռադիո չունենք, թերթերը չեն հասնում, նորմալ հեռախոսակապ չկա: Մշակվում են ծրագրեր, հանձնաժողովը պիտի համակարգի այդ աշխատանքները, որպեսզի այս բոլոր խնդիրները ստանան իրենց լուծումը:

Ֆինանսական կողմը կապահովեն ոլորտում ընդգրկված կազմակերպությունները: Հակամենաշնորհային քաղաքականություն կվարենք: Լուրջ առաջարկություններ ենք անելու տենդերների իմաստով: Փորձելու ենք շատ շահագրգիռ կազմակերպություններ ընդգրկել՝ ղարաբաղյան, արտասահմանյան,  հայաստանյան կազմակերպություններ:

Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ

ԶԳՈՒՇԱՑԵՔ ԱԿԱՆՆԵՐԻՑ

Պատերազմը մնացել է անցյալ հազարամյակում, սակայն նրա հետքերը մնում են առայսօր՝ որպես ոչ միայն տխուր հիշողություն, այլև՝ շարունակվող վտանգ: Ներկայիս ժամանակաշրջանն անվանում ենք հետպատերազմյան և չգիտենք, թե երբ ենք «վերնագիրը փոխելու»: Հետպատերազմյան կոչվող այս շրջանը ևս դյուրին չէ: Թեկուզև այն առումով, որ այն հաճախակի է մեզ հիշեցնում պատերազմական շրջանի մասին՝ կրակոցներ սահմանադռներին, առայժմ չվնասազերծված ականների պայթյուններ: Այս վերջիններս հատկապես չարիք են դարձել, և մարդիկ չեն ուզում հարմարվել մերթընդմերթ փողոցներով սուրացող սակրավորական ջոկի մեքենայի բերած տագնապին:

Ականներ… Ահա պատերազմի այն ահավոր հետևանքը, որը հետապնդում է մեզ, վտանգ, որին դիմակայելու մտքի հետ պետք է հաշտվել, վտանգ, որ կսպառնա մեզ դեռ տարիներ շարունակ: Դատեցեք ինքներդ, ցայսօր Հայրենական մեծ պատերազմի տարիներից մնացած ականների պայթյուններ են արձանագրվում, իսկ մեր փխրուն խաղաղությունը դեռ նոր է բոլորել իր 10-ամյակը: Այսպես թե այնպես, սարսափելի է, որ տարեցտարի ավելանում է ականների պայթյուններից խոշտանգվածների թիվը խաղաղ բնակչության շրջանում: Ո՞րն է սրա պատճառը: Մարդիկ պարզապես հարմարվե՞լ են խաղաղությանը, թե՞ մեր անտառների գրավչությունն է այնքան ուժգնացել, որ ստիպում է արհամարհել վտանգը: Թե՞ մեր աշխատասիրությունն ու հողին կապվածությունն է ստիպում չհանդուրժել «պարապ» հողատարածք:

Ինչ խոսք, մեզ մոտ տարբեր կազմակերպությունների կողմից շարունակվում է ականազերծման գործընթացը, բավականին աշխատանք է կատարվել, բայց նույնքան էլ, եթե ոչ ավելի, անելիք կա: ԼՂՀ ԱԻՎ կառուցվածքում կա բնակչության ուսուցման բաժին, որի աշխատակիցներն  ուսուցիչների համագործակցությամբ աշակերտների հետ համապատասխան աշխատանքներ են վարում:

Գիտեմ, որ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում: Բայց չգիտես ինչու որոշեցի իմ համեստ ներդրումն ունենալ այս ամենում, թեկուզև այն պատճառով, որ սրտիս մոտ եմ ընդունում մերօրյա կորուստները: Թեկուզ միամտության աստիճանի կոչի տպավորություն թողնի «ներդրումս», բայց ուզում եմ ինքս էլ բարձրաձայնել՝ մարդիկ, զգուշացեք ականներից:

Սաթինե ՄԻՆԱՍՅԱՆ

ԱԿԱՄԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Մարդկության հոգևոր մեծագույն արժեքներից մեկը ժողովրդավարությունն է, որին որդեգրվել ենք սրտով և ուղեղով, բայց նույնիսկ այդ արժեքի համար մենք իրավունք չունենք կասկածի տակ դնել հայոց անվտանգությունը: Եթե ինձ ասեն (նկատի ունեմ երկրի քաղաքացուն)՝ նժարների վրա ժողովրդավարությունը և երկրի անվտանգությունն են, պետք է ընտրես մեկը, կընտրեմ վերջինը, և ոչ ոք չի կարող մեղադրել ինձ դրա համար:

Նվարդ ԱՎԱԳՅԱՆ
«Ազատ Արցախ», 17 ապրիլի, 2004թ.

ԱՍՈՒՅԹ 

Նրանք, ովքեր պատրաստ են ազատությունը փոխարինել անվտանգությամբ, արժանի չեն ոչ ազատության, ո’չ անվտանգության:

Բենջամին ՖՐԱՆԿԼԻՆ
«Առավոտ», 17 ապրիլի, 2004թ.

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ 

21-րդ դարը Եվրոպայի համար սկսվեց  վերակազմավորման և ընդլայնման նոր գործընթացներով, իսկ  Հարավային Կովկասի երկրների, այդ թվում և հայկական երկու պետությունների համար՝ աշխարհի  հետ հարաբերությունները  հստակեցնելու  մարտահրավերներով: Արտաքին  կողմնորոշման խնդիրները  քննարկման նյութ դարձան «Եվրոպական ինտեգրացիան՝ որպես խաղաղության և կայուն զարգացման երաշխիք» թեմայով սեմինարի ընթացքում, որ Ստեփանակերտում կազմակերպել էին  «Եվրոպական ինտեգրացիա», «Հելսինկյան նախաձեռնություն-92» հասարակական կազմակերպությունները, «Անտարես» մեդիա-հոլդինգը և «Վարանդա» ՍՊԸ-ն, համագործակցությամբ՝  ՀՀ   և  ԼՂՀ  խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների  և ԼՂՀ արտգործնախարարության: Սեմինարի մասնակիցներն  իրենց տեսակետներն արտահայտեցին  ինչպես  ինտեգրացիոն գործընթացների, այնպես էլ  քաղաքացիական հասարակության ձևավորման խնդիրների շուրջ:

Աշոտ Ղուլյան (ԼՂՀ արտգործնախարար)

Զինադադարի հաստատումից 10 տարի անց ԼՂՀ-ում խոսվում է հեռանկարների մասին, որոնցից մեկը կարող է լինել Եվրաինտեգրումը: Գուցե այս պահին այդ խնդրի շուրջ քննարկումները միակողմանի գործողությունների տպավորություն կարող են թողնել, բայց, մյուս կողմից, այն, ինչ որ այսօր կատարվում է Եվրոպայում կամ այն հետաքրքրությունը, որ ցուցաբերում է Եվրոպան Հարավային Կովկասի նկատմամբ, բնականաբար, չի կարող շրջանցել Լեռնային Ղարաբաղը: Այսօր դժվար է ասել՝ ինչ ձևով կարող է արտահայտվել Արցախի ներգրավվածությունը եվրոպական գործընթացներին, բայց կա այդ ծրագիրը՝ “Ընդլայնվող Եվրոպա – նոր հարևաններ”, որը ներառում է Հարավային Կովկասը: Ինտեգրացիոն գործընթացները՝ թե ընդհանուր իրավիճակային, թե տարածաշրջանային առումով, կարծես սկսում են գերակշռել: Մյուս կողմից՝ Հարավային Կովկասի բոլոր անդամ-երկրների մոտ չէ, որ կա տարածաշրջանային համագործակցության պատրաստակամություն: Կարծում եմ, հենց այստեղ է, որ Եվրոպան անելիքներ ունի, որովհետև այն, ինչ փորձարկվում կամ արդեն գործում է Եվրոպայում, կարող է կիրառելի լինել նաև մեր տարածաշրջանում՝ եթե հնարավոր լինի ապահովել տարածաշրջանի բոլոր պետությունների /ճանաչված և չճանաչված/ մասնակցությունը: Ամենակարևորը՝ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած շրջադարձի դեպքում ներկայացնելու մեր հստակ դիրքորոշումը:

Կարեն Բեքարյան («Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ)

Եվրաինտեգրացիան այն խնդիրն է, որի վերաբերյալ պաշտոնական Երևանի և Բաքվի դիրքորոշումները համընկնում են: Համենայն դեպս, այդ մասին են վկայում երկու կողմերից հնչող հայտարարությունները: Գոնե այս խնդրում հակասություններ չկան: Իսկ ցանկացած ինտեգրացիա դեպի դուրս հնարավոր է արդյունավետ իրագործել միայն այն դեպքում, եթե ներքին ինտեգրման գործընթացն ամուր հիմքերի վրա է: Ուստի, կարծում եմ, որ անկախ ճանաչվածության խնդրից, Լեռնային Ղարաբաղի հասարակությունը, պետությունն իր բոլոր կառույցներով պետք է տիրապետի քաղաքացիական հասարակության ընդունված նորմերին, որպեսզի երբ լուծվի ղարաբաղյան հիմնախնդիրը, հետկոնֆլիկտային վիճակը նոր կոնֆլիկտի բուն չդառնա: Շատ էական է ժողովրդավարության արմատավորումը և ներգրավվածությունը համընդհանուր գործընթացներին ոչ միայն պետական, այլև քաղաքացիական մակարդակով: Ներքին ինտեգրման առումով այսօր մենք լուրջ խնդիրներ ունենք: Դա ոչ միայն Երևան-Ստեփանակերտ, այլև Երևան-մարզեր կապերն են:

Կարեն Օհանջանյան («Հելսինկյան նախաձեռնություն-92» ՀԿ համակարգող)

Հարավային Կովկասն ընդլայնվող Եվրոպայի մերձակա սահմանն է, ուստի այստեղ պետք է ժողովրդավարական և քաղաքացիական նորմերը համապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին: Եվրաինտեգրումը մեզ համար անհրաժեշտ է, քանի որ մենք երազում ենք ԼՂՀ-ում կենսամակարդակի բարձրացման մասին: Ես նկատի ունեմ առաջին հերթին քաղաքացիների սոցիալական պայմանները և ժողովրդավարական սկզբունքներից օգտվելու հնարավորությունը: Բնականաբար, միջազգային հանրությունը ևս շահագրգռված է Հարավային Կովկասի ինտեգրացիոն գործընթացներով: Եվրոպայի համար անչափ կարևոր է ունենալ կայուն և անվտանգ սահման: Եվրաինտեգրումը հնարավորություն կտա բարելավել տնտեսական վիճակն այս տարածաշրջանում և ապահովել Հարավային Կովկասի բոլոր էթնո-տարածքային բաղադրիչների բարգավաճումը:

Մանվել Սարգսյան (ԼՂՀ նախագահի խորհրդական)

Եվրոպան ինքն այսօր քաղաքական ձևավորման փուլում է, ուստի պետք է հստակեցնենք մեր դիրքորոշումները և դեպի Եվրոպա գնանք ոչ թե իներցիայով, այլ սեփական տեսակետներով: Մենք պետք է ավելի ակտիվ լինենք՝ նախաձեռնողական քաղաքականություն վարենք: Ցավոք, մեր հասարակական կյանքում մենք առաջնորդվում ենք էթնո-քաղաքական ավանդույթներով, ինչն այսօր անընդունելի է: Պետական կարգ ձևավորելու մեջ ես չգիտեմ, թե ինչ է նշանակում ազգային արժեք, ազգային մտածողություն: Ոչ-ոք ոչ մեկից չի խլում ազգային արժանապատվությունը և ազգային մտածողությունը: Պահանջ է միայն՝ լիբերալ-դեմոկրատական մոտեցում ցուցաբերել պետական կարգ հաստատելու համար:

Եվրաինտեգրումն ինքնին ստիպելու է նոր մոտեցում ցուցաբերել նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, այսինքն՝ փորձ է արվելու  իրավիճակը փոխակերպել՝ կոնֆլիկտայինից խաղաղ վիճակի:

Շուշան Խաթլամաջյան (ՀՀ քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտի համակարգող)

Այսօր ստեղծված է հնարավորություն. ունենք անկախ պետություն, մեր գիտական ներուժն ավելի բարձր է, ուստի պետք է պատրաստ լինենք արձագանքել արտաքին աշխարհի առաջադրած խնդիրներին, նաև ունենանք մեր հարցադրումները:  Արտաքին աշխարհի հետ շփումները պետք է բխեն հայաստանակենտրոն հայեցակարգից:

Առանձին հարցերում Հայաստանն ու Արցախը, դիվանագիտական նկատառումներով, գուցե և պետք է արտահայտեն տարբեր կարծիքներ, սակայն խոշոր խնդիրներում պետք է գործեն միասնական գաղափարախոսության սկզբունքներով: Բոլոր մակարդակներում աշխատանք պետք է տարվի՝ Արցախը քաղաքական մեկուսացումից դուրս բերելու համար:

Սիմոն Կամսարական (ՀՀ հիմնարար գիտությունների հայկական կենտրոնի տնօրեն)

Մեր քաղաքական գործիչներն ու քաղաքագետները ժողովրդի հետ առնչվելիս պարտավոր են ներկայացնել հիմնավորումներ, որպեսզի ժողովուրդն ինքը կարողանա գնահատել և կողմնորոշվել: Ճշմարիտ պետական գործիչը նա է, ով կարողանում է ընկալել ժողովրդի ընդհանուր մտածողությունը և ըստ այդմ կատարել իր քայլը: Եվրոպականացումը նշանակում է ժողովրդավարության արմատավորում, այսինքն, երբ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Մինչդեռ այսօր այդ ժողովրդավարությունը մեզ մոտ սահմանափակվում է ընտրելու իրավունքով: Ժողովուրդն ընտրում է նախագահ, Ազգային Ժողով, հետո նրան մեկուսացնում են ամեն ինչից: Ընդ որում, ընտրության են դրվում այնպիսի թեկնածություններ, որ ժողովուրդը պարզապես իմաստ չի գտնում որևէ մեկին ընտրել, էլ ուր մնաց վիճի՝ որն է լեգիտիմ: Մենք մոռանում ենք, որ չի կարելի ապրել իշխանավորի ու քաղաքական գործչի ակնկալիքային խաղերով:

Այսօր շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում. իշխանությունն ու ընդդիմությունը ինքնամեկուսացել են և այդ մեկուսացած դաշտում կռվում են, որ ցույց տան, թե ով ավելի շատ կծառայի դրսին: Ժողովուրդն էլ մնացել է իր տան մեջ՝ առանց ղեկավարության ու հիմա ամբողջ հույսն այն է, որ սկսի ինքնակառավարվել: Սա շատ վտանգավոր երևույթ է:

Մուրադ Պետրոսյան («Չտո դելատ» թերթի խմբագիր)

Յուրաքանչյուր մարդ, եթե ուզում է ինչ որ բանի հասնել, պետք է նախ աշխատի իր վրա: Նույնն էլ պետությունը. եթե ուզում է առաջնային տեղ զբաղեցնել արտաքին աշխարհում, պետք է իր ներսում ամեն ինչ կարգի բերի: Առանց ներքին խնդիրները լուծելու հնարավոր չէ մեկ սանտիմետր անգամ առաջ գնալ արտաքին խնդիրների լուծման ճանապարհին: Եվրոպան զարգացած տնտեսական տարածություն է և, բնականաբար, յուրաքանչյուրն էլ կցանկանա մուտք գործել այնտեղ: Իսկ Եվրոպան իր փողերի հետ առաջարկում է և իր գաղափարախոսությունը:  Ժողովրդավարությունն, իմ պատկերացմամբ, այն է, երբ յուրաքանչյուրը հնարավորություն ունի հասարակության մեջ գտնել իր տեղը: Ամեն ինչ չպիտի կախված լինի մեկ մարդու ցանկությունից: Օրինակ, կադրերի նշանակումը: Այսօր Հայաստանի, Ղարաբաղի առաջընթացն արգելակողը, առաջին հերթին, կադրային քաղաքականությունն է: Կադրերը պետության համար նույնն են, ինչ արյունը օրգանիզմի համար: Եթե արյունը վարակված է, օրգանիզմը չի կարող լիարժեք գործել:

Եթե մենք կայուն լինենք, կազմակերպված, կարող ենք նույն Եվրոպային հասկացնել, որ իր որդեգրած բոլոր սկզբունքները չեն, որ պիտանի են և որ եվրոպական գաղափարախոսության մեջ էլ սխալներ կան:

Բորիս Նավասարդյան (Երևանի մամուլի ակումբի նախագահ)

Ես միանշանակ համարում եմ, որ այն զարգացումը (արժեքային համակարգի առումով), որը տեղի է ունեցել Հայաստանում՝ բազմադարյա պատմության ընթացքում, հուշում է, որ Հայաստանն, իհարկե, պիտի լինի միավորված Եվրոպայի մաս: Եվրաինտեգրացիան կարող է լուրջ խթան հանդիսանալ տարածաշրջանի բազմաթիվ հակամարտությունների, այդ թվում և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Կարծում եմ, Կիպրոսի փորձը  հոռետեսությամբ չպիտի ընդունել: Թեև վերամիավորումը տեղի չունեցավ, այն ամենն, ինչ կատարվեց, մեծ հեռանկարներ բացեց: Եվ եթե նույնատիպ գործընթաց զարգանա այստեղ, անկախ նրանից, երբ կավարտվի՝ մեր տարածաշրջանի, մեր երկրի առաջընթացի համար կարևոր հանգամանք պիտի լինի: Մեր հասարակությունը դեռ հստակ չի պատկերացնում՝ ինչ է նշանակում Եվրոպայի մաս կազմել: Շատերի համար դա ուղղակի ազատ տեղաշարժվելու, եվրոպական անձնագիր ձեռք բերելու, առանց դեսպանատների դռների առջև երկար հերթ կանգնելու վիզա ստանալու, գուցե նաև Եվրոպայում աշխատանք գտնելու հնարավորություն է: Սակայն ինտեգրացումն այդպիսի սահմանափակ արդյունք չի նախատեսում, ուստի պետք է և մամուլի, և հասարակական կազմակերպությունների միջոցով լուրջ երկխոսություն կազմակերպել՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում, որպեսզի պարզ լինի, թե ինչ է նշանակում Եվրոպայի ուղղությամբ զարգանալը, ինչպիսի պարտավորություններ, հնարավորություններ, իրավունքներ է նախատեսում: Իհարկե, ռազմավարական առումով, Եվրոպայի համար շատ ձեռնտու է ունենալ Հարավային Կովկասը որպես իր մաս, բայց դա չի նշանակում, թե Եվրոպան պատրաստ է նոր գլխացավանք և խնդիրներ ստեղծել իր համար՝ ներառելով հարավկովկասյան երկրներն՝ իրենց բոլոր դժվարություններով: Ամեն դեպքում, ձգտումը պետք է երկուստեք լինի: Եթե Եվրոպայի ռազմավարական շահերը և եվրոպական արժեքներն ընդունելու մեր պատրաստակամությունը շարժվեն միմյանց ընդառաջ, ապա Հարավային Կովկասը վաղ թե ուշ կդառնա Եվրոպայի մաս:

Նարինե ԱՂԱԲԱԼՅԱՆ

«ԼՂՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ»

ԱԺ փոխնախագահ Մուշեղ Օհանջանյանը նաեւ պահանջում է հստակեցնել պատգամավորի կարգավիճակը 

Ընտրական օրենսգրքի նախագծի առնչությամբ վերջերս ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացանք, որ նշված նախագիծը՝ խորհրդարանի ղեկավարության միջամտության արդյունքում, դուրս է բերվել շրջանառությունից: Առավել ստույգ տեղեկությունների համար մենք որոշեցինք  դիմել հենց ԱԺ ղեկավարությանը:

ԱԺ փոխխոսնակ Մուշեղ Օհանջանյանը, կտրականապես հերքելով այս լուրը, միաժամանակ ասաց, որ սա չափազանց լուրջ ու անհրաժեշտ օրինագիծ է, որի ընդունումը խորհրդարանի կողմից պարտադիր է: Նրա խոսքերով՝ Ընտրական օրենսգրքի նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ Ընտրական օրենսգիրքը:

Միջխորհրդարանական հանձնաժողովն իր hերթին  որոշել էր  նիստ անցկացնել Ստեփանակերտում, որպեսզի հնարավորություն ընձեռվի խոսել ՀՀ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ «Ագոյի խմբի»  դիտողությունների ու առաջարկությունների մասին: «Շատ կարեւոր է մեզ համար ճիշտ կողմնորոշվելն ու մեր Ընտրական օրենսգիրքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը»,- շեշտեց նա:

Մ. Օհանջանյանի համոզմամբ՝ չի կարելի նման փաստաթուղթն ընդունել հապճեպ, ուրեմն, անհրաժեշտ է, որ  քննարկումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերեն մեր հանրապետության քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, առաջարկվող  լրացումները հրապարակվեն զանգվածային լրատվամիջոցներում:

Ներկայացնելով իր անձնական տեսակետներն ու առաջարկությունները օրենսգրքի տարբեր հոդվածների առնչությամբ, որոնք հղվել են ԱԺ պետաիրավական հանձնաժողովին, պարոն Օհանջանյանը նախեւառաջ կարեւորեց ընտրատարածքներում ընտրողների թվաքանակին վերաբերող դրույթը:  Նրա կարծիքով՝ ընտրատարածքներից պետք է ընդգրկված լինեն հավասար թվով ընտրողներ՝ բացառությամբ Շուշիի եւ Շահումյանի ընտրատարածքների: Թույլատրվում է ընտրողների թվի մինչեւ 15 տոկոս տարբերություն: Ի հավելումն այս հոդվածի (նախագծի թիվ 18 հոդված), ԱԺ փոխնախագահն առաջարկում է ԼՂՀ նախագահի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրատարածքներ հաշվել Ստեփանակերտ քաղաքը եւ հանրապետության յոթ շրջանները:

«Ընտրական օրենսգրքում չի նախատեսված հատուկ հոդված, թե երբ են համարվում ընտրությունները կայացած,- շարունակեց մեր զրուցակիցը,-ուստիեւ առաջարկում եմ ավելացնել հատուկ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ. «ԼՂՀ-ում ընտրությունները համարվում են կայացած, եթե դրանց  մասնակցել են ընտրողների ոչ պակաս, քան մեկ երրորդը»:

Նա շոշափեց նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության հարցը:  Ըստ նախագծի 34-րդ հոդվածի՝ ԿԸՀ նախագահը վարձատրվում է ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահի աշխատավարձի չափով: ԱԺ փոխխոսնակը գտնում է, որ ԿԸՀ նախագահը եւ քարտուղարը պետք է վարձատրվեն ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, մասնավորապես հոդված 123-ին, որտեղ նշված է համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի առաջադրման համար նախատեսված ընտրական գրավի չափը,  Մ. Օհանջանյանն առաջարկում է  ընտրական գրավի հասկացությունն այստեղից հանել, հաշվի առնելով այն իրողությունը, որ ավագանու անդամները չեն վարձատրվում:

Գալով Աժ ընտրություններին, շեշտվեց պատգամավորի կարգավիճակի հարցը: «ԱԺ կանոնակարգի ընդունման ժամանակ հանվել է մի ամբողջ գլուխ՝ պատգամավորի կարգավիճակի վերաբերյալ: Անշուշտ, ժողովրդի ընտրյալի համար առաջնայինը օրենսդրական գործունեությունն է, բայց, համաձայնեք, դրանից ոչ պակաս կարեւոր է նաեւ ընտրողների հետ կապի պահպանումը»:

ԱԺ փոխխոսնակի դիտողություններին ծանոթանալուց հետո նրան առաջադրեցինք  այն հարցերը, որոնց  առնչությամբ  այսօր առավել շատ  բացասական գնահատականներ են հնչում: Առաջին հերթին  հարց ուղղեցինք վարչակազմի ղեկավարի նշանակման մասին՝ մի՞թե ընդունելի է, երբ նշանակված մարդը կարողանում է աշխատանքից ազատել վստահության քվե ստացած մարդուն: Ի պատասխան մեր զրուցակիցն ասաց՝ եթե մինչեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները օրենսգիրքն ընդունված չլինի, ապա  մենք շահագրգռված ենք լինելու փոփոխություններ կատարել գործող օրենքում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:

Արդյո՞ք, միատեսակ պիտի լինեն քվեաթերթիկներում կատարվող նշումները :  Մ. Օհանջանյանը նախկինում այլ կերպ էր մեկնաբանում այս երեւույթը, ասելով, թե մարդուն չի կարելի պարտադրել վերաբերմունք արտահայտել ինչ-որ հաստատուն նշումով, քանի որ դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Սակայն նա իր կարծիքն աստիճանաբար փոխել է, հատկապես եվրոպական փորձագետների բացատրություններին իրազեկվելուց հետո: Ինչ վերաբերում է շրջանային ընտրական հանձնաժողովների ձեւավորման գործընթացին, որը միշտ էլ վերահսկվել է գործադիր իշխանության կողմից եւ  որը խիստ քննադատության է ենթարկվել ՀՅԴ-ի, կոմկուսի եւ այլ ուժերի կողմից, ապա խորհրդարանի փոխնախագահը կիսում է նաեւ այս առնչությամբ առկա անհանգստությունը՝ ասելով, որ պետք է հաշվի նստել քաղաքական ուժերի պահանջի հետ: «Պետք է խելք-խելքի տանք, ընդունենք բոլոր դիտողությունները՝ թե’ ներսում եւ թե’ դրսից, որպեսզի կարողանանք հավուր պատշաճի կազմակերպել ընտրությունները»,- եզրակացրեց նա:

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

«ՓՈՔՐ» ՄԱՐԴՆ ԸՆԴԴԵՄ «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ». ԱՆՀԱՎԱՍԱՐ ՄԱՐՏ

Քանիցս նշել ենք, որ մեր պետական պաշտոնյաները մեծ հնարամտություն, ճկունություն ու խելք ունեն, ինչը, ցավոք, դրսևորվում է ոչ այնտեղ, որտեղ պետք է: Այդ որակներն ըստ ամենայնի դրսևորվում են՝ երբ խնդրո առարկան իրենց անձնական շահն է, և իսպառ վերանում են՝ երբ քննարկվող հարցում շահադիտության հեռանկար չկա: Ձեր ուշադրությանը ներկայացվող հոդվածը դրա պերճախոս վկայությունն է: Հոդվածը կարդալուց հետո պարզապես չես կարող մի պահ երազանքի չտրվել ու չփաստել. եթե մեր իշխանավորներն այս նույն եռանդով ու փութաջանությամբ հոգային պետական շահի մասին, ապա լուսահոգի Խրուշչովի երազանքը մենք վաղուց էինք իրականացրել՝ հասնել ու անցնել ԱՄՆ-ին:

«Դ»

Ստեփանակերտի նախկին թիվ 148 դեղատան կոլեկտիվի, ներկայումս «Գալենիկա» դուստր ընկերության անդամներ Սուսաննա Մկրտչյանը և Էլեոնորա Գրիգորյանը 35 տարուց ավելի վարձակալական հիմունքներով աշխատել են Ազատամարտիկների փողոցի թիվ 23 շենքի առաջին հարկում` այն շահագործման հանձնելուց ի վեր: Մինչև 2001 թվականը քաղաքապետարանի հետ տարածքի վարձակալության պայմանագրերը կնքում էին ուղղակի: 2001 թվականից երկու տարի ժամկետով քաղաքապետարանը նշված տարածքի վերաբերյալ վարձակալական պայմանագիրը կնքել է «Գալենիկա»-ի գլխադասային կազմակերպության՝ «Արցախդեղագործություն» ՊՓԲԸ-ի հետ, իսկ վերջինս էլ` «Գալենիկա» դուստր ընկերության հետ: Բոլոր դեպքերում էլ, միշտ վարձավճարները վճարվել է միայն «Գալենիկա» ընկերության կողմից, ինչը փաստվում է համապատասխան անդորրագրերով: Չնայած դրան, 2003 թվականի օգոստոսի 19-ին «Արցախդեղագործություն» ՊՓԲԸ-ն, առանց տեղյակ պահելու «Գալենիկա» ընկերությանը, անհայտ ու անհասկանալի պատճառներով դիմել է Ստեփանակերտի քաղաքապետարան, ընկերության կողմից փաստացի օգտագործվող տարածքից մասնակի հրաժարվելով: Նշենք, որ առ այդ ժամկետը պարբերաբար, առանց ուշացումների ընկերությունը կատարում էր իր վարձակալական պարտականությունները` ժամանակին վճարումներ կատարելով:

Օգոստոսի 20-ին Ստեփանակերտի քաղաքապետը ցուցաբերելով «զարմանալի օպերատիվություն», իր թիվ 617 և 618 որոշումներով «Գալենիկա»-ի կողմից վարձակալված և օգտագործվող տարածքի մի մասը` որպես առևտրի սրահ, վարձակալության է հանձնում ԼՂՀ ՆԳՆ աշխատակից Մ.Գ.-ին, որը 2002 թվականից նշված շենքի երկրորդ հարկի բնակիչ է և դժվար չէ ենթադրել, որ խնդիր ունի առաջին հարկում խանութ ունենալ:

Օգոստոսի 23-ին` շաբաթ օրը, ԼՂՀ կառավարությունը իր թիվ 221 որոշմամբ նույն «զարմանալի օպերատիվությամբ» այդ իսկ տարածքը` հիմա էլ արդեն սեփականության իրավունքով, հատկացնում է նոր, երկօրյա վարձակալին, որը, ինչպես պարզվում է, ԼՂՀ վարչապետի թիկնապահն է և Ֆինանսների նախարարի փեսան:

Կարծում ենք, ընթերցողին պարզ դարձավ մեր պայմաններում հազվադեպ «զարմանալի օպերատիվության» պատճառը: Եվ ոչինչ, որ խախտվել են կոլեկտիվի՝ որպես վարձակալի  իրավունքները, որոնք երաշխավորված են ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքի 624 հոդվածի 2-րդ մասով, որտեղ նշված է. «Եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով, անորոշ ժամկետով» (ընկերությունը 2003 թվականի հունվարից, իր հետ կնքված պայմանագրի ժամկետն ավարտելուց հետո էլ, շարունակել է իրականացնել վարձակալական վճարների մուծումը, առաջնորդվելով հիշյալ հոդվածով և ենթադրելով, որ գլխադասային կազմակերպությունը կերկարաձգի պայմանագիրը, ինչպես եղել է տասնյակ տարիներ): Եվ ոչինչ, որ այդ նույն իրավունքը խախտվել է քաղաքացիական օրենսգրքի 612 հոդվածով, համաձայն որի վարձակալության պայմանագիրը կնքողների որևէ կողմը իրավունք ունի հրաժարվել դրանից՝ այդ մասին մյուս կողմին 3 ամիս առաջ զգուշացնելուց հետո միայն, ինչը նույնպես չի արվել: Եվ ոչինչ, որ ԼՂՀ-ում ձեռներեց-ոստիկան հասկացություն չկա, այնինչ ԼՂՀ վարչապետի թիվ 221 որոշմամբ վիճահարույց օբյեկտը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվում է վարձակալ` անհատ ձեռնարկատեր Մ. Գ.-ին (որոշման մեջ այդպես էլ գրված է` անհատ ձեռներեց): Եվ ոչինչ, որ մինչև Մ. Գ.-ի սեփականատիրական ցանկությունների ի հայտ գալը նույն այդ տարածքի սեփականաշնորհման խնդրանքով թե’ կառավարություն, թե’ քաղաքապետարան էր դիմել «Գալենիկա»-ի տնօրեն Սուսաննա Մկրտչյանը, և որ տարածքը սեփականաշնորհելիս առաջնահերթությունը պիտի տրվեր այն տարիներ շարունակ դեղատան կարիքների համար օգտագործող և պարբերաբար վճարումներ կատարող պատասխանատու վարձակալին, այլ ոչ թե նորահայտ անհատ ձեռնարկատեր-ոստիկանին («Պետական գույքի մասնավորեցման մասին» ԼՂՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի և 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ «Փոքր օբյեկտների մասնավորեցման դեպքում առաջնահերթությունը տրվում է կոլեկտիվին, վարձակալին, ինչի համար էլ սահմանվում է 20-օրյա ժամկետ (վարձակալին դիմելու օրվանից), որն անհրաժեշտ է կազմակերպության վերակազմակերպման համար): Եվ ոչինչ, որ թիվ 23 և հարևան շենքերի բնակիչները (դեղատունը տեղակայված է թիվ 23 շենքի առաջին հարկում) հօգուտ դեղատան ստորագրահավաք են կազմակերպել և ուղարկել կառավարություն:

Այս բոլոր «ոչինչները»՝ ոչինչ, որովհետև դեռ ապրում ենք մի երկրում, ուր որոշիչը ոչ թե օրենքն է ու սոցիալական արդարության սկզբունքը, այլ մարդու ով լինելը, որտեղ աշխատելը, խնամի-դրացիական կապերը: Ու, թերևս, այդ պատճառով է թիկնապահը նշված տարածքի ազատման մասին որոշման բացակայության պայմաններում` հոր և ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային բաժնի աշխատակիցների հետ մի քանի օր անընդհատ ուժային մեթոդներով ստիպել դեղատան աշխատակիցներին ազատել վիճահարույց տարածքը: Արդյունքում խախտվել են նաև դեղերի դեղատնային պատրաստման տեխնոլոգիական ցիկլը, ուժեղ ազդող նյութերի ու թույների պահպանման պայմանները:

Ու, թերևս, այդ պատճառով է հոդվածում նշված փաստերի շարադրանքով ու պարզաբանումներով հայցվորներ Սուսաննա Մկրտչյանի և Էլեոնորա Գրիգորյանի դիմումը անպատասխան մնացել:

Սուսաննա Մկրտչյանին դատարանում բարյացակամորեն խորհուրդ են տվել հարցը ներքին կարգով լուծել, ասելով` կառավարության դեմ ես գնում, անօգուտ գործ է: Թե այդ ո՞ր օրվանից է կառավարության ղեկավարի թիկնապահը կառավարություն ներկայացնում… Հայցվորը ստիպված դիմել է հանրապետության ղեկավարին: 5 ամիս ապարդյուն սպասելուց հետո հույսը կորցրած քաղաքացին հրաժարվել է արդարության վերականգնման մտքից: «Ո՞վ եմ ես, ես շատ փոքր մարդ եմ, ի՞նչ կարող եմ անել կազմակերպված այդ մեխանիզմի դեմ»,- ասում է նա:

Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ

ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ

Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմը 10 տարի առաջ է ավարտվել, հարաբերական անդորր է սահմանի զույգ կողմերում (չհաշված, որ հակառակորդի քարոզչական հզոր մեքենան ամեն օր ու ժամ դիվանագիտական կրակահերթեր է սփռում բոլոր ուղղություններով): Պատերազմ չկա (առայժմ, բարեբախտաբար չկա), բայց արի ու տես, որ մեր խաղաղ օրերում ավելի շատ հերոսներ են ծնվում, քան պատերազմական դաժան օրերին:

Սամվել Բաբայանի դատավարությունից և կոչումներից զրկելուց հետո մի պահ թվաց, թե Արցախում հերոսների թիվը մեկով պակասեց: Մյուս կողմից՝ մեծ հաշվով, աշխատանք էլ չկա, որ, ասենք, ինչպես խորհրդային ժամանակներում մարդկանց մի որոշ մասն էլ աշխատանքային հերոսներ դառնային: Վե’րջ, հերոսների ժամանակներն էլ պատմական անցյալ դարձան,- միամտորեն մտածեցինք մենք, մի կողմից՝ ուրախանալով, որ պատերազմ չկա, մյուս կողմից՝ ափսոսալով, որ հերոս քաջորդիների թիվն այլևս չի աճելու… Հերոսներ, ովքեր այն տարիներին ամենևին մտադրություն ու ցանկություն չեն ունեցել հերոս  դառնալու: Նրանք նաև ժամանակ չեն ունեցել հերոս դառնալու մասին մտածելու, որովհետև դիմացը թշնամին էր, թիկունքում՝ մայրը, որդին, քույրն ու սիրած կինը…

Սակայն հետպատերազմյան ժամանակներն ու իրադարձությունները հակառակն ապացուցեցին: Ճիշտ է, առանց լողավազանի ոչ մի կերպ հնարավոր չէ լողի գծով ռեկորդներ սահմանել, սակայն պարզվում է, որ առանց պատերազմի էլ կարելի է հերոս դառնալ, պարգևատրվել մեդալներով ու շքանշաններով: Եվ հերոսանում են աջ ու ձախ: Բացում ես ինչ-որ թերթ կամ գիրք և ապշում. պարզվում է, որ այսինչը, ոչ ավել, ոչ պակաս, հերոս է: Այնինչը ոչ միայն հերոս է, այլև, իր ասելով, հենց ինքն է սկսել Արցախյան շարժումը… Երրորդը՝ ռադիո-հեռուստաեթերներից հայտարարում է, որ հերոսը հենց ինքն է, դեռ ավելին՝ ազգի փրկիչ:

Մեկն աղմուկ-աղաղակով է իրեն հերոս հռչակում, մյուսը՝ թաքուն, անաղմուկ, երրորդը՝ աջ ու ձախ ինտրիգներ սարքելով և պղտոր ջրում ձուկ որսալով, հաջորդը՝ նախորդների վրա ցեխ շպրտելով, մի ուրիշը՝ կաշառելով, վեցերորդը՝ քծնելով ու շողոքորթելով, հարկ եղած դեպքում՝ նաև սողալով…

Մեկը կարծում է, թե հերոս դառնալու համար ամենակարևոր հատկությունը համառությունն է, երկրորդի կարծիքով՝ լավ լսողությունն ու հոտառությունը, երրորդին թվում է, թե հերոս դառնալու համար անպայման պետք է բարեկամներ ունենալ իշխանական նստավայրերում…

Իսկ մենք, ցավոք, չգիտենք, որ նրանք հերոս են: Դե, պարզ է, որ չէինք էլ կարող իմանալ. այն ծանր ու դժվարին տարիներին ո՞վ ժամանակ ուներ՝ շրջելու նկուղներն ու հարցազրույցներ կազմակերպելու նրանց հետ. բոլորի ուշադրությունն ուղղված էր ռազմի դաշտ, որտեղ կենաց ու մահու կռիվ էին մղում մեկի որդին ու հայրը, մյուսի ամուսինն ու եղբայրը, կամ բոլորը միասին… Որովհետև այնտեղ՝ մեր փոքրիկ հողակտորի ինչ-որ հատվածներում վճռվում էր երկրի լինել-չլինելու խնդիրը:

Եվ այսօր հերոսանում են մարդիկ, որոնց այն տարիներին ճրագով, խոշորացույցով ու հեռադիտակով անգամ չէիր գտնի: Ու այսօր, պարզվում է, նրանք հերոսներ են, և հերոսանում են առանց ամոթի ու խղճի խայթի, հերոսանում են՝ առանց հասարակության կամքը հարցնելու: Ոչ մեկը հարկ չի համարում հարցնել ժողովրդին, թե նա ի զորու է այդքան հերոսներ կրելու իր վտիտ ուսերի վրա: Ոչ ոք չի հարցնում նաև, թե այդ ինչու հերոսների թիվն ավելանում է, բայց ժողովուրդը, դեռ երեկ զոհված զինվորի մայրը, կինն ու երեխան շարունակում են վատ ապրել…

Դրանք, հերոսացման մոլուցքով տառապող այդ մարդիկ, գուցե փորձեն մի ավելի օգտակար գործով զբաղվել, իրենց ողջ ուժն ու եռանդն ուղղեն այլ բանի վրա: Եվ հետո՝ ի՞նչ պարտադիր է, որ բոլորը հերոս դառնան: Հետպատերազմյան այս հերոսների ստվարությունը առաջին հերթին վիրավորում է մեր հերոս նահատակների հիշատակը, նսեմացնում ու արժեզրկում նրանց թափած արյան գինը:

Վերջերս, եռատոնի կապակցությամբ նույնպես մեդալներ ու շքանշաններ բաժանվեցին: Եվ ոչ միայն զինվորականների: Ու ամենազավեշտականը, թերևս՝ ամենասարսափելին ոչ թե այն է, որ ծանր պատերազմում հաղթած մի ժողովուրդ այսքան վատ է ապրում, այլ այն, որ այսքան վատ ապրող փոքրիկ ժողովուրդն այսքան շատ հերոսներ ունի: Հետպատերազմյա¯ն հերոսներ: Շատ լավ և շատ շքեղ ապրող հերոսներ:

Էպիլոգ

Վերջերս փողոցում հանդիպեցի ծանոթ մի թոշակառուի: Երբ հարցրի՝ ինչպես եք, տխուր պատասխանեց. «Պատերազմի, հրետակոծությունների ժամանակ ես կարծում էի, թե սարսափելի է մեռնելը, իսկ այժմ, երբ նայում եմ աչք ծակող դղյակներին և մոտերքում՝ աղբարկղերում մի կտոր հաց որոնող մուրացկաններին, մտածում եմ, որ սարսափելի է ապրելը»:

Վարդգես ՕՎՅԱՆ

 

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԻ ՏՈՆ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԸ

Ազգի ինքնատիպության բնորոշ գծերից է տոն և հիշատակի օրերի նկատմամբ վերաբերմունքը, դրանց ընդունման կարգը, արմատավորելը և անշեղորեն կատարելու կամքը: Ուսումնասիրելով ցանկացած ազգի տոնացույց, կարելի է պարզ պատկերացում կազմել նրա հոգեկերտվածքի, հոգեբանության, ավանդապահության, արժանապատվության, անցյալի, սրբությունների և հիշողությունների, ազատության ու անկախության ընկալումի մասին: Հայերը, լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը, պետք է առանձնահատուկ վերաբերմունք ունենան պատմականորեն ձևավորված տոն և հիշատակի օրերի նկատմամբ, բայց, ցավոք սրտի, հիմնականում անտարբեր են:

Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ «Տոն և հիշատակի օրերի մասին» օրենքները իրարից քիչ են տարբերվում, սակայն դրանք սկզբունքորեն տարբերվում են ազգային-հոգևոր զարթոնքի տարիներին ընդունված օրենքներից: Նախկինում համապատասխան օրենքների մեծ մասը կազմում էին ազգային և հոգևոր տոները, իհարկե՝ արժանի տեղ էր հատկացված նաև միջազգային և մասնագիտական տոներին, հիշատակի օրերին: Նախկինում օրենքներն ընդունելիս առաջնորդվել են այն սկզբունքով, որ մենք՝ հայերս, կառուցում ենք ազատ ու անկախ Հայաստան (ներառյալ Արցախը): Մասնավորապես, հաշվի առնելով մեր ազգային ավանդույթները, մտցվել է ազգային-հոգևոր նշանակությամբ նոր տոն՝ Մայրության և գեղեցկության օրը՝ Ապրիլի 7-ը: Այն պիտի փոխարինի իր դարն ապրած Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան: Նոր տոն մտցնելու նպատակն է եղել ու կա՝ արմատավորել հայ իրականության մեջ հայ կնոջ նկատմամբ որակապես նոր՝ ազգային-հոգևոր մոտեցում, ճշգրտորեն տալու հայուհու տեղի և դերի արժանի գնահատականը:

Շատերին է հայտնի, որ Մարտի 8-ը հիմնականում նախկին սոցիալիստական ճամբարի երկրների կարևոր տոներից մեկն է եղել: 1910 թվականին սոցիալիստ կանանց միջազգային համաժողովում հաստատված տոնի նպատակի և խնդիրների մասին կլարացետկինյան հիմնավորումները հազիվ թե արտահայտեն ժամանակակից հայուհու նկրտումները, ցանկություններն ու իղձերը: Թե ով է եղել Կլարա Ցետկինը և նրա պրոլետար զինակիցները, ինչ գործունեություն են ծավալել և ինչի են հասել, պատմությունը տվել է իր արժանի գնահատականը: Բայց, թե ինչո՞ւ ենք մենք հայերս նորից տոնում Մարտի 8-ը, ինչպես նաև Փետրվարի 23-ը, Մայիսի 1-ը և դեռ չենք տոնում Նոյեմբերի 7-ը՝ շատ մե¯ծ հարցական է:

Հիմնավորենք այն սկզբունքային մոտեցումները, թե ինչո՞ւ ժամանակակից հայը չպիտի տոնի վերը նշված տոները: Բոլոր քրիստոնյա ազգերի համար մեծ նշանակություն ունեն պահոց օրերը և մանավանդ Մեծ պահքի շրջանը, որն առնվազն տևում է 40 օր: Թեթև հայացք ձգելով ցանկացած քրիստոնեական Տոնացույցի վրա, դժվար չէ նկատել, որ վերջին ծայրագույն ժամկետը, որից հետո սկսվում է Մեծ պահքի շրջանը՝ 7 օր է: Այսինքն, ցանկացած քրիստոնյա երկրում մարտի 8-ը կամ Մեծ պահքի առաջին օրն է, կամ միջին շրջանի օրերից մեկը: Բոլորս էլ գիտենք, որ Մարտի 8-ին կազմակերպվում են տոնախմբություններ, նվերներ են տալիս, նվերներ ստանում, ուտում-խմում, քեֆ են անում: Այդ միօրյա տոնախմբությունը հայ հնարամիտ ձեռներեցների թեթև ձեռքով ավելացել է նաև Մարտի 8-ից մինչև Ապրիլի 7-ը միամսյակ կազմակերպելու շահավետ գաղափարը, որը, դժբախտաբար, արմատավորվում է: Այդ միամսյակի օրերին, որ ամբողջությամբ ընդգրկվում է Պահքի շրջանի մեջ, կազմակերպվում են համերգներ, բազմապիսի շոուներ, լոտոների տոնական խաղարկություններ և այլ տարաբնույթ զվարճություններ: Պահոց շրջանի նկատմամբ այդպիսի արհամարհական վերաբերմունքը պատիվ չի բերում ո’չ Հայոց պետությանը և ո’չ էլ Հայ Եկեղեցուն: Պահոց շրջանի նկատմամբ ոչ քրիստոնեավայել վերաբերմունքի դեմ առաջին հերթին, կարծում եմ, պետք է արտահայտվեն իրենց խոհեմությամբ հայտնի և ազգի ճակատագիրն իրենց ափերի մեջ պահող հայուհիները, հայ կանանց կազմակերպությունները:

Մայիսի 1-ը Աշխատավորների միջազգային համերաշխության օրն է: Այդ օրը նաև միջազգային մասոնության տոնն է: Բնականաբար, կասկածից վեր է՝ մասոններն են «միջազգային աշխատավորությանը» հրամցրել Մայիսի 1-ը, որ աշխատավորները (մանավանդ, պրոլետարները) համերաշխ ու խաղաղ ապրեն, քրտնաջան աշխատեն, շատ ու շատ բարիքներ ստեղծեն, որ «մի քիչ» էլ իրենց բաժին հասնի: Մայիսի 1-ի վտանգավորությունը հատկապես ցայտուն է դառնում դրա հաջորդ օրվա խորհրդով: Մայիսի 2-ին բազմաթիվ հայ ընտանիքներ այցելում են իրենց ննջեցյալների գերեզմանները, ծաղիկներ են դնում շիրմաքարերին, իսկ շատերն էլ քաղցրավենիքներով ու խմիչքներով շնորհավորում են (այո’, շնորհավորում են) ննջեցյալներին տոնի կապակցությամբ: Տոն օրվա հաջորդ օրը ննջեցյալներին այցելելու ավանդույթը պրոլետարների առաջնորդները փոխ են առել Եկեղեցուց:

Հայ Առաքելական Եկեղեցին ունի հինգ տաղավարաց տոներ՝ Սուրբ Ծնունդ, Սուրբ Զատիկ, Վարդավառ, Վերափոխումն Մարիամ Աստվածածնի, Խաչվերաց: Յուրաքանչյուր տաղավարաց տոնի հաջորդ օրը մեռելոց հիշատակի օր է: Ավանդաբար այդ օրերին հայերը հաճախում են եկեղեցի, մասնակցում ննջեցյալների հիշատակի համար մատուցվող Սուրբ   Պատարագին,  այնուհետև այցելում  ննջեցյալների գերեզմանները, ծաղիկներ դնում շիրմաքարերին և, որ ամենակարևորն է՝ աղոթում առ Աստված  ննջեցյալների հոգու փրկության համար: Սրտի ցավով ու կսկիծով եմ գրում, որ աշխարհում եթե փնտրեք էլ, չեք գտնի ավելի զավեշտական բան, քան հունվարի 2-ին ննջեցյալների Նոր տարին կամ Մայիսի 2-ին ննջեցյալների աշխատավորների համերաշխության օրը մեր հայրենակիցների կողմից նշելը:

Ըստ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ԼՂՀ-ում գործող օրենքի՝ Հայ Առաքելական Եկեղեցու միջնորդությամբ տաղավարաց տոներին հաջորդող երկուշաբթի աշխատանքային օրը տեղափոխվում է նախորդ շաբաթ օրը: Զարմանալիորեն Հայ Եկեղեցին թե’ Հայաստանում, թե’ Արցախում չի օգտվել և չի օգտվում օրենքով ընձեռած հնարավորությունից և Հայոց պետության հետ համատեղ չի վերականգնում ննջեցյալների հիշատակը հարգելու հայկական՝ ազգային-հոգևոր ավանդույթը: Ի դեպ, Հայոց պետության (ներառյալ Արցախը) ղեկավարների բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալներ են, իրավունքներից բացի ունեն նաև պարտականություններ Աստծո և Հայ Եկեղեցու հանդեպ:

Նախկին ԽՍՀՄ-ում մեծ շուքով նշվում էր Կարմիր բանակի ստեղծման օրը՝ Փետրվարի 23-ը: Անգամ Ռուսաստանը, լինելով ԽՍՀՄ իրավահաջորդը, հրաժարվել է նախկին տոնի խորհրդից, դրան տվել նոր որակ և անվանում, իսկ մեզ մոտ դեռ իներցիայով տոնվում է… Տոնվում է այն բանակի ստեղծման օրը, որը «ազատագրել» է Հայաստանը, մանավանդ Արցախն ու Նախիջևանը (Շարուրի հետ միասին): Եվ այդ տոնն էլ հաշվում են տղամարդու, հայ տղամարդու օր: Զարմանալի է, ինչպե՞ս կարելի է քծնաբար սեփականաշնորհել օտարի տոնը, երբ ունենք սեփական փառապանծ ու հաղթանակած Հայոց բանակ: Եթե, իրոք, իսկական հայ տղամարդու տոն է հարկավոր, ինչո՞ւ չնշենք Հայոց բանակի ստեղծման օրը՝ Հունվարի 28-ը:

Տոն և հիշատակի օրերի հիմնախնդիրը հրատապ լուծման կարիք է զգում: Հայոց պետությունը և Հայ Առաքելական Եկեղեցին համատեղ կարող են և պետք է լուծեն այն: Հակառակ դեպքում, հայը աստիճանաբար զրկվելու է իր ազգային-հոգևոր տոնացույցերից, ավանդույթներից, Եկեղեցուց և Հայրենիքից:

Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆԸ ԿԱՆՉՈՒՄ Է ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻ ՆԵՐԿԱՅԻ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

Վերջերս անձնական գործով մեկնեցի  Երևան, որտեղ հանդիպեցի իմ ուսանողական տարիների ընկերներից մեկին՝ Ժորային: Խոսեցինք դեսից-դենից: Ժորան մեր կողմերից է, ինստիտուտն ավարտելուց հետո մնացել է Երևանում, աշխատել տարբեր բնագավառներում, վերջում էլ՝ առևտրի ցանցում: Հրավիրեց իր կառուցած երկհարկանի սեփական տունը՝ իր բոլոր հարմարություններով:

Սեղանի շուրջ նստած էինք մոտ տասը մարդ, բոլորն էլ արցախցիիներ: Նրանցից շատերին վաղուց էի ճանաչում, ժամանակին աշխատում էին մեզ մոտ՝  որը իրավաբան էր, որը՝ ուսուցիչ, որը՝ բժիշկ… Մթնոլորտը ջերմ էր ու ընկերական: Սակայն բոլորն էլ առավելս հակված էին ինձ լսելու:

Խոսեցի Արցախի այսօրվա ծանր կացության, տարիների ընթացքում երիտասարդության հոսունության,  գյուղերի քայքայման մասին: Միայն վերջին տարիներս տասնյակ գյուղեր են դատարկվել, և դեռ շատ գյուղեր էլ վտանգի տակ են: Մի շարք գյուղերի սոսկ անուններն են մնացել՝ որպես ծանր մի հուշ, պատմություն: Գյուղական դպրոցներում խիստ նվազել է դպրոցականների թիվը, վերացել է «զուգահեռ դասարաններ» հասկացությունը, շատուշատ դպրոցներում ամեն մի դասարանում 5-6 երեխա է սովորում: Ցավալի է, ասացի, որ գյուղերում ապրողների մեծ մասը տարիքն առած մարդիկ են: Դրանցում հարսանիքը և ծնունդը դարձել են երևույթ, երիտասարդ ընտանիքներին մատերի վրա կարելի է հաշվել:

– Դե, ասա, քանդում եք, էլի, Ղարաբաղը, – քլունգի պես խփեց Բենոն:

– Ղարաբաղում ապրողները չեն քանդում, Ղարաբաղից փախչողներն են քանդում,- վրդովվեցի ես:

Այո, դեռ Հայրենական մեծ պատերազմից հետո էր սկսվել զանգվածային արտահոսքը: Ի՞նչ է կատարվում հիմա. ծնողները ծերանում են, մնում մենակ ու նոր են հասկանում իրենց սխալը: Նրանք աղաչում են մոլորված զավակներին վերադառնալ գյուղ, շարունակել պապենական օջախի ծուխը վեր բարձրացնել, բայց իզուր…

– Ուշ է, երեխաներս ռուսական դպրոցում են սովորում, վերադառնամ գյուղ՝ ի՞նչ անեմ,- բացատրում են խաբված որդիները:

…Գյուղում ի՞նչ պիտի անեն: Կարծես քաղաքում մի այնպիսի մասնագիտություն են սովորել, որ գյուղում չեն կարող աշխատել: Մի հարցնող լինի՝ բանվոր մարդ ես, գյուղում աշխատած, թե քաղաքում՝ մե՞կ չէ: Դեռ գյուղը ունի իր առավելությունները՝ մաքուր, կենարար օդը, զուլալ աղբյուրների ջուրը, բնության հարուստ բարիքները և ամենագլխավորը՝ պապենական օջախը շենացնելը:

Այսպես թե այնպես, փաստը մնում է փաստ՝ տասնյակ հազարավոր արցախցիներ առայսօր պանդուխտ են: Հասկանալի է՝ ամեն մեկն իր պատճառն ուներ հեռանալու, բայց ո՞ւր մնաց արցախցու ինքնասիրությունը, ազգային հպարտությունը…

Ադրբեջանից փախած  և Երևանում, Հայաստանի մյուս քաղաքներում և շատ գյուղերում բնավորված հայերի հիմնական մասը ևս արցախցիներ են: Մի կողմից դա լավ է, որ նրանք գոնե հիշել են Հայաստանը և Ռուսաստան կամ այլուր չէին հեռացել: Բայց, հետաքրքիր է, ինչո՞ւ են նրանք մոռացել Ղարաբաղի ճանապարհը:

… Հիշում եմ, հիսունական թվականներին, երբ ես սովորում էի Երևանում, այնտեղ ընդամենը յոթ արցախցի ընտանիք կար: Այսօր Երևանում, Հայաստանի մյուս քաղաքներում և գյուղերում մի քանի անգամ ավելի շատ ղարաբաղցիներ են բնակվում, քան բուն Ղարաբաղում: Այդ ինչպե՞ս եղավ: Մի՞թե նրանց համար Ղարաբաղում աշխատանք չկար, ապրելու համար պայմաններ չկային: Չէ՞որ նրանց այստեղ սպասում են իրենց զառամյալ ծնողները, իրենց պապենական օջախները: Արդյո՞ք նրանք չեն հասկանում, որ եթե այդպես շարունակվի, ապա վաղ թե ուշ այդ օջախներում ուրիշներն են ապրելու: Այսինքն՝ կտրվելու է դեպի իրենց մանկություն տանող ճանապարհը:

ԼՂՀ ղեկավարությունը ծրագիր ունի Արցախ վերադարձող և մշտական բնակություն հաստատող հայերին օգնելու համար, որպեսզի նրանք ամրապնդվեն այդ հողի վրա, լինեն իրենց ապուպապերի հողի տերը:

Խոսք չունեմ, Երևանում շատ ղարաբաղցիներ կան, ովքեր իրենց գիտելիքների ու մասնագիտության բերումով պետք է, որ մնան այնտեղ (Երևանը համայն հայության մայրաքաղաքն է): Իսկ մյուսնե՞րը…Ինչու՞ չվերադառնալ Արցախ, չէ՞ որ մենք միասին, միաձույլ կամքով կարող ենք շենացնել մեր երկրամասը և ավելի լավ ապրել:

…«Ղարաբաղը քանդում եք»: Ղարաբաղը քանդում են նրանք, ովքեր լքել են իրենց հայրենի հողը, պապենական օջախները և «երկար ռուբլու» ետևից չվել են հեռու¯-հեռուներ՝ Միջին Ասիա, Հյուսիսային Կովկաս և այլուր: Չվել են ու մոռացել իրենց հայրենիքը, իրենց ծնողներին, ապուպապերի գերեզմանները թողել փուշ ու տատասկի մեջ կորած: Վաղուց կորել է այդ գերեզմանները տանող միակ արահետը: Իսկ մի շարք «խելոք» զավակներ էլ արդեն վաճառել են հայրական տունը, իրենց մանկության օրրանը: Եվ երբ մեկ-մեկ Ղարաբաղի մասին խոսք է բացվում, սկսում են բարոյախրատական դասեր տալ մեզ՝ չեք կարողանում պահել Ղարաբաղը, գյուղերը քանդում եք, դպրոցները փակում, այգիները լավ չեք մշակում… Տեսեք-տեսեք՝ հայրենասեր են, մտածում են իրենց ծննդավայրի մասին: Ինչպես ասում են՝ նրանց ձայնը տաք տեղից է դուրս գալիս: Դե, ինչ ասեմ նրանց: Տղամարդ եք՝ եկեք միասին շենացնենք հայրենիքը:

Խոսք չունեմ, հայրենիքում մնացածներս քիչ ենք: Մեր անելիքները շատ ու շատ են: Պատահում է, որ մեր այս փոքրությունից մեծ սխալներ ենք թույլ տալիս: Հասկանում ենք դա, բայց չենք կարողանում շտկել, որովհետև քիչ ենք, չի հերիքում մեր ուժը, պակաս են կարողությունները:

Մինչդեռ, ինչ էլ որ լինի՝ Արցախը պետք է պահենք միայն ու միայն մեր գոյությամբ, մեր շնչով, մեր աշխատանքով: Արցախցիներն իրենց նվիրյալ զավակների արյան գնով են ձեռք բերել իրենց անկախությունն ու ազատությունը: Մենք պետք է մեր հողում ավելի ամուր կանգնենք, շատանանք ու բազմանանք: Խնդրենք, որ վերադառնան մեր զավակները, մեր քույրերն ու եղբայրները, որպեսզի մեզ թիկունք կանգնեն, ամրապնդենք, շենացնենք մեր Արցախ աշխարհը: Մեր իշխանությունները պիտի հնարավորն ու անհնարն անեն այս ուղղությամբ: Ի վերջո, նաև պիտի նորմալ պայմաններ կարողանանք ապահովել վերադարձողների համար:

ԼՂՀ-ն ազատորեն կարող է իր ներկայիս տարածքում տեղավորել և իր բարիքներով կերակրել մեկ միլիոնից ավելի մարդ: Իսկ Արցախից դուրս մոտավորապես հենց այդքան արցախցիներ են ապրում:

Վերադարձե’ք ձեր պապենական տունը, մեր Արցախ աշխարհը, իմ սիրելի հայրենակիցներ:

Լևոն ՄԿՐՏՉՅԱՆ-ՔՅՈԽՈՒՆՑ, «Արցախ»  հայրենակցական միության վարչության անդամ

«ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է»

Այս երկիրը, սակայն ,  իրար է հավասարեցրել դահճին ու զոհին 

Գերմանիայում ապրող մեր հայրենակից Ժիրայր Քոչարյանն արցախցիներին քաջածանոթ անձնավորություն է: Մեկ անգամ չէ, որ այցելել է Արցախ:  Հերթական այցին նա խոստովանեց, որ 37-րդ անգամ է լինում այստեղ  եւ դեռ շարունակելու է գալ՝ ժողովրդին տեսնելու, ընկերներին հանդիպելու, հայրենիքում կատարվող ամենաչնչին դրական փոփոխությամբ ուրախանալու եւ նրան որեւէ կերպ  օգտակար լինելու համար: Նա  աշխատում է Բեռլինի պետական ազատ համալսարանին կից գործող հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության ինստիտուտի հայկական բաժնում:

«Դեմո»-ի հյուրասրահում Ժիրայր Քոչարյանը պատասխանեց մեր հարցերին:

Պարոն Քոչարյան, մենք տեղյակ ենք Ձեր գիտական գործունեությանը, նաեւ Ձեր ջանքերին՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ի՞նչ նորություններով եք այս անգամ այցելել Արցախ:

– Հրավիրված էի ՀՀ արտգործնախարարության խորհրդաժողովին ու նաեւ ԳԱ-ում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Մեծ եղեռնի 89-ամյակին: Վերջինիս  կազմակերպիչը Հայկական համաշխարհային համագումարն էր: Արտաքին գործերի գերատեսչությունը հայկական լոբինգի ակտիվացման խնդիր դրեց, իսկ ակադեմիայում ծավալված զրույցը հիմնականում նպատակաուղղված էր Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի արագացմանը: Հաջորդ տարի համայն հայությունը կնշի թուրք օսմանների կողմից իրականացված մեծ ոճիրի 90-րդ տարելիցը, ուրեմն մեզնից ավելի մեծ ջանքեր են պահանջվում, որպեսզի միջազգային հանրության կողմից համընդհանուր դատապարտման արժանանա  դարասկզբի այս ոճրագործությունը:

Ինչ վերաբերում է գիտական ոլորտին, ապա  մենք՝  գերմանացի հանրահայտ գիտնական Տեսսա Հոֆմանի հետ փորձում ենք կապ հաստատել Երեւանի պետական եւ Բեռլինի պետական ազատ համալսարանների միջեւ: Օգտվելով առիթից՝ ես մեջտեղ քաշեցի Արցախի պետական համալսարանի հարցը: Կարծում եմ, օգտակար կլինի ԱրՊՀ-ի եւ Բեռլինի համալսարանի գերմանական բաժինների միջեւ համագործակցության հաստատումը: Արցախից ուսանողներ կհրավիրվեն Գերմանիա, այնտեղից կլինեն այցելություններ, մի խոսքով՝ այս ամենը կնպաստի նրան, որ Արցախի մայր բուհը դուրս կգա լճացած, մեկուսացված վիճակից:

Ընդհանրապես, առաքելությանս բուն էությունը համարում եմ իմ այցելած հայկական համայնքներում (Հոլանդիայի, Անգլիայի, Կիպրոսի, Շվեյցարիայի)  Արցախի նկատմամբ գործնական հետաքրքրության առաջացումը: Կարծում եմ՝ սփյուռքահայերը ինչ-որ չափով աչքաթող են արել հայրենիքը, այնինչ, նրանցից յուրաքանչյուրը պետք է կարելվույն չափ օգտակար լինի այս երկրին:

ԼՂՀ միջազգային ճանաչումն, անշուշտ, տեւական գործընթաց է, իսկ Հայաստանի հետ վերամիավորվելը՝ առավել դժվարին խնդիր (մենք համոզվեցինք Կիպրոսի օրինակով), ուստիեւ մեր գործունեությունը պետք է  միտված լինի Արցախի զարգացմանն ու բարգավաճմանը: Այդ դեպքում ոչ մեկը մեզ չի կարող հրամայել, թե գնացեք Ադրբեջանի գերիշխանության տակ ապրեցեք:

–  Ինչպես  ասացիք, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր է դրված: Դուք Գերմանիայում տեսնո՞ւմ եք բարենպաստ հող՝ նման հաջողության հասնելու համար:

– Գերմանիան եղել եւ մնում է Թուրքիայի դաշնակիցը՝ տնտեսական, քաղաքական եւ ռազմական առումներով: եվ հիմա էլ Գերմանիայի կառավարությունը փորձում է օգնել Թուրքիային՝ Եվրամիություն մտնելու հարցում: Իհարկե, այս առումով՝ Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչումը շատ կարեւոր է: Արդեն երեք տարի է, ինչ հիմնել ենք ցեղասպանության ճանաչման հանձնախումբ եւ արդեն մեկ տարվա գրանցում ունենք: Որոշակի աշխատանք կատարելուց հետո հանձնախումբը կանգ առավ երկու խոչընդոտի առջեւ: Առաջինը հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովն է, երկրորդը՝ Գերմանիայում գործող հայ-գերմանական ընկերությունը: Վերջինս, իմ համոզմամբ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության երկարացված ձեռքն է: Դրանում համոզվեցինք այն դեպքից հետո, երբ նրանք հայ-թուրքական երկխոսություն կազմակերպեցին եւ Հայաստանից ոչ մեկին չհրավիրեցին: Վերջին պահին միայն հրավիրեցին Հակոբ Չաքրյանին, մինչդեռ Թուրքիայից այդ երկխոսությանը մասնակցում էր մոտ քսան մարդ: Ինչ խոսք, թուրքերը նման հանդիպումներին ուղարկում են ոչ թե խղճով գիտնականների, այլ՝ իրենց գործակալներին եւ, ուրեմն, պարզ է, թե ինչ արդյունք կարելի է սպասել դրանից: Եվ դա պատճառ դարձավ, որ գերմանական պետությունը, որը ցեղասպանության խնդիրը հանձնարարել էր իր արտաքին գործերի նախարարությանը, մոտավորապես այսպիսի  հայտարարություն անի՝ քանի որ դուք՝ հայերդ, միջազգային մակարդակով երկխոսության մեջ եք թուրքերի հետ, ապա մենք չենք ուզում դրան խոչընդոտել եւ որեւէ դիրքորոշում ընդունել:

Ուրեմն, այս երկրի կողմից ցեղասպանության ճանաչումը երկար գործընթաց է, մանավանդ, որ գնալով ուժեղանում է թուրքական ազդեցությունը (թուրքերը Գերմանիայում արդեն երեք միլիոն են կազմում): Սակայն, ամեն դեպքում, մեր հանձնախմբի աշխատանքը ես իրական եմ համարում եւ ամենեւին էլ հոռետեսորեն չեմ տրամադրված:

Պարոն Քոչարյան, այսօր ակնառու են Գերմանիայի ձգտումները դեպի հարավկովկասյան տարածաշրջան: Այդ երկիրը ոչ կառավարական մակարդակով շփումներ ունի նաեւ Արցախի հասարակական կազմակերպությունների հետ: Ձեր կարծիքով, հայկական կողմի հետ այդ եւ ավելի բարձր մակարդակի շփումների զարգացումն ի՞նչ դրական արդյունք կարող է տալ:

– Նախեւառաջ նշեմ, որ Գերմանիան ցույց չէր տալիս ընդգծված քաղաքականություն Հարավային Կովկասի նկատմամբ: Համենայն դեպս, մինչեւ արտգործնախարար Յոշկա ֆիշերի այցը տարածաշրջան: Եթե դատելու լինենք այցի արդյունքներից, ապա պիտի ասենք, որ այդ երկրի քաղաքականությունը պարզապես հիասթափեցրել է հայերիս: Ֆիշերն այցելեց Անդրկովկասի բոլոր երեք հանրապետությունները, եւ երեւի նրա համար ամենաարդյունավետը Վրաստանում անցկացրած ժամանակն էր: Իսկ հայերի ուրախությունը՝ Ծիծեռնակաբերդի այցելության հետ կապված, վաղաժամ էր, քանի որ այդ նույն պաշտոնյան նույն օրը Բաքվում ծաղկեպսակ դրեց ադրբեջանցի զոհերի հուշաքարին (Վրաստանում հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին):  Այսպիսով, Ֆիշերը ներկայացրել է Գերմանիայի քաղաքականությունն այս տարածաշրջանում, այն է՝ հավասարակշռվածության պահպանում: Նա փաստորեն իրար է հավասարեցրել Մեծ եղեռնի զոհերին եւ ադրբեջանցի ջարդարարներին ու կողոպտիչներին: Դրա հետ ես չեմ կարող հաշտվել:

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

Այս գիտաժողովը կարեւորվում է նաեւ նրանով, որ ներկայացված հայկական հուշարձանները մեծ մասամբ գտնվում են այժմյան Թուրքիայի տարածքում եւ ոչնչացման վտանգի տակ են: Դեռ ավելին, նշված հուշարձաններից եւ ոչ մեկը չի գտնվում UNESCO-ի պաշտպանության ներքո:

Վերջերս Բրյուսելի Ճարտարապետների կենտրոնում Եվրոապահայերի Համագումարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայկական միջնադարյան ճարտարապետությանը նվիրված գիտաժողով, որին հրավիրված էին ճարտարապետներ, Եվրոհանձնաժողովի մշակութային բաժնի աշխատակիցներ, դասախոսներ եւ ուսանողներ£ Գիտաժողովի զեկուցողներն էին Լուվենի Կաթոլիկ Համալսարանի ռեկտոր, արեւելագետ Բերնար Կուլին, Ցյուրիխի EFP համալսարանի գիտաշխատող, Հայաստան-Շվեյցարիա Միության համանախագահ Սարգիս Շահինյանը, Ֆրանսիայի արտգործնախարարության աշխատակից, ճարտարապետ Պատրիկ Դոնապետյանը: Գիտաժողովի նպատակն էր Եվրոպական մասնագետներին եւ ակադեմիականներին ծանոթացնել հայկական մշակութային կոթողներին, որոնք համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մասն են, եւ հայկական ճարտարապետության ավանդույթներին:

Գիտաժողովի բացմանը Բերնար Կուլին իր ցավակցությունները հայտնեց հայկական համայնքին հայտնի եգիպտագետ, արեւելագետ եւ հայագետ, ինչպես նաեւ Բելգիայի հայկական համայնքի ակտիվ անդամ Արբակ Մխիթարյանի մահվան կապակցությամբ:

Բերնար Կուլին գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց հայոց լեզուն, պատմությունը, մշակույթը, աշխարհագրությունը եւ քրիստոնեություն՝ որպես հայկական դիմագծի անբաժան մաս: Սարգիս Շահինյանը մանրամասն անդրադարձավ միջնադարյան հայկական եկեղեցիների ճարտարապետությանը, վերհանելով կապը նախաքրիստոնեական մշակույթի եւ քրիստոնեական ոսկեդարի միջեւ՝ ընդհուպ ժամանակակից ճարտարապետություն, որի արտացոլումն է Երեւանի քաղաքաշինությունը£ Պատրիկ Դոնապետյանի զեկույցը նվիրված էր հայկական խաչքարերին:

Այս գիտաժողովը կարեւորվում է նաեւ նրանով, որ ներկայացված հայկական հուշարձանները մեծ մասամբ գտնվում են այժմյան Թուրքիայի տարածքում եւ ոչնչացման վտանգի տակ են: Դեռ ավելին, նշված հուշարձաններից եւ ոչ մեկը չի գտնվում UNESCO-ի պաշտպանության ներքո:

Գիտաժողովին հաջորդեց Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը: Ներկայացված լուսանկարների հեղինակը ֆրանսիացի լուսանկարիչ Վոյտեկ Բասն է: Ֆոտոնկարչի իր կոչումը Վոյտեկ Բասը բացահայտել է պատանեկության տարիներին Հայաստան կատարած այցելության ժամանակ եւ տարիներ անց վերադարձել Հայաստան՝ իր երազանքը իրականացնելու: 1998 թ-ին Փարիզում հրատարակած իր լուսանկարների ալբոմը կոչվում է «Հայաստան, մի գաղտնի երկրի հմայք»: Հայկական եկեղեցիների, վանքերի, բնաշխարհի եւ բնակիչների հիասքանչ նկարները վկայում են հայերի քաջության, սիրո եւ հարուստ հոգեւոր աշխարհի մասին:

ASSEMBLY OF ARMENIANS OFEUROPE

ՆՈՐ ԱՇԽԱՐՀ. ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Մայիսի 17-ին Ստեփանակերտի Երիտասարդության պալատում կայացավ Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղի Սմբատ Թաթոսյանի անվան երիտասարդական կենտրոնի սաների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Քաշաթաղի վերաբնակեցման տասնամյակին: Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի տնօրեն Ալեքս Ենիգոմչյանի և Քաշաթաղի շրջվարչակազմի ջանքերով, որին մասնակցում էին 9-16 տարեկան պատանիներ և աղջիկներ: Ինչպես նշում է լուսանկարչական խմբակի ղեկավար Խաչիկ Բաղդասարյանը՝ երեխաների հետ ինքն աշխատել է հինգուկես ամիս, այսինքն՝ 60-70 ակադեմիական ժամ:

Բացմանը ներկա էին ԿՄՍ փոխնախարար Ս. Ասրյանը, արվեստագետներ, հյուրեր: Ինչպես տեղեկացանք երիտասարդական կենտրոնի տնօրեն Մարինե Պետոյանից, սա երեխաների առաջին ցուցահանդեսը չէ. մարտի 18-ին Երևանում, Ալեքսանդր Թամանյանի տուն-թանգարանում, կայացել է կենտրոնի սաների ևս մեկ ցուցահանդես, որ  կազմակերպվել էր «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի և Սաշա Թամանյանի ջանքերով: Իսկ Երևանի հանդիսատեսի բարձր գնահատականների մասին վկայում են «Տպավորությունների գրքում» արված նշումները, որոնց հեղինակների թվում է արվեստագետ Ռուբեն Հախվերդյանը: Կենտրոնի տնօրեն Մ. Պետոյանից (նա միաժամանակ Քարեգահի գյուղապետն է) տեղեկացանք նաև, որ կենտրոնը բացվել է 2003 թ . հուլիսին, Ա. Ենիգոմչյանի ջանքերով: Վերջինս գյուղում անց էր կացնում ընդհանուր զարգացման ծրագիր, որի մեջ մտնում էր նաև կենտրոնի ստեղծումը (այն այսօր ունի 57 սան, բոլորն էլ դպրոցահասակ, հիմնականում՝ երրորդից բարձր դասարանցիներ): Այստեղ երեխաները հնարավորություն ունեն անցնել համակարգչային դասընթացներ, անգլերեն լեզու, էթիկա, էսթետիկա, պար, անցկացնում են ֆուտբոլային պարապմունքներ և այլն: Մանկավարժները հիմնականում հրավիրված են Բերձորից, որոնք տնից աշխատանքի հասնում են կենտրոնի տրամադրած մեքենաներով: Խորհրդանշական է, որ ցուցահանդեսը կրում էր «Այս երեխաների մի մասը ծնվել և մեծացել է Քաշաթաղում, նրանք ստեղծել են իրենց հայրենիքը, ստեղծում են իրենց հայրենիքը, ստեղծելու են իրենց հայրենիքը և շարունակելու են ստեղծել հայրենիքը» խորագիրը:

Եվ, իսկապես, նայելով մանուկների ձեռքով արված այս պարզ, մաքուր, ինչ-որ տեղ անմեղ լուսանկարներին՝ հավատում ես, որ, իրոք, այս երեխաները այս հողում ստեղծելու են իրենց հայրենիքը, որովհետև մաքուր ու անմեղ են ոչ միայն իրենց լուսանկարները, այլև իրենք՝ որ ամաչկոտ ու շվարած նայում են մերթ հյուրերին, մերթ էլ լուսանկարչական խցիկին, որ փորձում է կադրի վրա անմահացնել իրենց անմեղությունը: Իսկ նրանք ամաչում են, ասես իրենք չէին այդ նույն լուսանկարչական խցիկները առած լուսանկարել իրենց հայրենի եզերքը, շրջապատի մարդկանց: Մեծերը նրանց փոխարեն սիրալիր կժպտային՝ մոտեցող մարդկանց, տեսախցիկներին, կիմանային, թե «ինչպես պետք է իրենց պահեն», իսկ այս երեխաները հեռու են նման ցուցադրականությունից. նրանք «չգիտեն իրենց պահելու ձևը», և դրանում էլ հենց կայանում է նրանց և’ առավելությունը:

Ս. Ասրյան (ԿՄՍ փոխնախարար) – Տպավորություններս միանգամայն դրական են: Քաշաթաղի երեխաները այս լուսանկարներում բնութագրել են իրենց բնությունը, կենցաղը, պատմությունը, և բավականին հաջող: Անշուշտ, դիտողը կհեռանա լավ տպավորություններով:

Հր. Բեգլարյան (բանաստեղծ) – Կարևորն այն է, թե այդ երեխաները ինչպես են կարողացել Քաշաթաղում, որ մեկ դարից ավելի ազերիների ձեռքում է մնացել, այդ հայկական հողում տեսնել, ճանաչել հայերենը: Ծառ են նկարել, քար են նկարել, թե ծաղիկ՝ բոլոր նկարները շնչում են հայերեն:

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

ՄԵՐՕՐՅԱ ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ

Չէի կարծում, թե մեր օրերում այդքան շատ են մուրացկանները, հատկապես՝ մեծապատիվ: Այսպես, օրերից մի օր շատ կանանց նման ցանկացա աննպատակ դուրս գալ՝  անցնել խանութներով: Դեղատան առաջ պատահեցի Աղքատ Չքավորյանին: Վաստակաշատ մանկավարժի երբեմնի հպարտ կեցվածքը տեղի էր տվել խեղճության, թշվառության առաջ: Երբ հարցրի որպիսությունը, ուսերը թոթեց.

– Առանց պատմելու էլ պիտի լավ իմանաս, ի՞նչ ասեմ:

Հետո գրպանից հանեց դեղատոմսեր ու քմծիծաղով հարցրեց.

– Այս դեղատոմսերի արժեքը 15 հազար դրամ է, իսկ թոշակս էլ, գիտես, կոպեկներ են: Չեմ կարողանում դեղատան դռնով մտնել, հեռվից եմ նայում…

Քիչ բարձրանալով՝ դատարանի շենքի մոտ հանդիպեցի Տուժածյանին: Նա ամուսնուց բաժանվել էր, բայց տեղյակ չլինելով դատական կառույցների մերօրյա գործելաոճին, ստորագրել էր ապահարզանի թուղթը, զրկվել և’ ունեցվածքից, և’ տնից: Տուժածյանի վիճակի մասին ամբողջ քաղաքը գիտեր, բոլորն էլ վրդովված էին նման անօրինության համար:

– Գնա Ստախոսյանի և Փողասերյանի մոտ,- խորհուրդ տվեցի,- գուցե կարողանան մի բան անել:

– Է՛հ,- տնքաց Տուժածյանը,- գիտե՞ս ինչ մեծ գումար են պահանջում արդարությունը վերականգնելու համար:

Դատարանի շենքից քիչ բարձրանալով՝ հանդիպեցի Ընչազուրկյանին: Վաղեմի իմ գործընկերն էր, հարգված ուսուցիչ: Նա չսպասեց իմ հարցին, անմիջապես կիսվեց.

– Երեխան լավաշ էր ուզել, 2 փաթեթ առա՝ 700 դրամով, մուծեցի տան, հեռախոսի, գազի, հոսանքի և այլ վարձեր, աշխատավարձիցս 3 հազար դրամ մնաց ամբողջ ամսվա համար: Նորի՞ց պարտք անեմ, ամաչում եմ:

Ընչազուրկյանից ընդամենը քիչ էի հեռացել՝ պատահեցի գրող Քաղցածյանին:

– Որտեղի՞ց ես գալիս:

– Գոնե ուրիշ հարց տայիր՝ չդժվարանայի պատասխանել: Թեև ծանր է խոստովանել, բայց քեզ կասեմ. գնացել էի Թալանչիանցի մոտ:

– Օ՛, նա միլիոնատեր չէ, այլ՝ միլիարդատեր:

– Ես էլ էի այդ կարծիքին, սակայն, երբ նրան խնդրեցի նոր գրած գրքիս հովանավորը դառնալ, նույնիսկ ասացի, որ նկարը գրքիս առաջին էջում կդնեմ ու կնշեմ՝ հովանավոր՝ Թալանչիանց, մերժեց: Զարմացա և զայրացա, հիմա գիրքս ո՞նց հրատարակեմ, ընտանիքս մի կերպ եմ պահում:

Քիչ մնաց Քաղցածյանին ասեի. «Դու էլ մի’ գրիր, դրանց հերն էլ անիծած»: Բայց հետո մտածեցի՝ բա մենք մեր սեփական գրականությունը չունենա՞նք, բա, ի՞նչ է, մենք ազգ չե՞նք, մենք ո՞ւր տանենք մեր շնորհալիներին, շուն-շան տղերք:

Այսպես ընկճված մտա մի խանութ, որտեղ առևտուր էր անում իմ ծանոթներից մեկը՝ Չարչիյանը: Մարդ չկար, երևում էր՝ առևտուրն այնքան էլ աշխույժ չէր: Երբ հարցրի այդ մասին, նա մի հաստափոր տետր թափահարեց իմ քթի տակ.

– Առևտուրը գնում է, էն էլ շատ, բայց՝ ցուցակով: Հայտնի մարդիկ են՝ ուսուցիչներ, դերասաններ, ծանոթ ուսանողներ, որոնք բերում, մաս-մաս տալիս են պարտքերը: Հո մարդիկ առանց հագուստի չեն նստելու, հագնվել է պետք, մարդամեջ դուրս գալ է պետք:

Իմ զբոսանքից հիասթափված՝ մտա շուկա որոշ գնումներ անելու: Պատահեց Առևտրականյանը՝ ապրանքների դեզերով շրջապատված: Հենց այնպես ասացի.

– Բայց շատ թանկ ես տալիս:

Գաղտնիք ասողի պես նա խորհրդավոր շշնջաց.

– Սադախլուից գալիս ճամպրուկիս մեկը կորցրել եմ, դրա համար մյուս երկուսի մեջ ինչ կար՝ թանկ եմ դրել, որ գինը հանեմ:

Հետո մեղավորի պես արդարացավ.

– Ի՞նչ անեմ, պիտի ապրե՞մ, թե՞ չէ:

Շուկայից վերադարձա ու բակում ամեն օրվա պես հանդիպեցի Սովածյանին՝ ձեռքը գրպաններում՝ մաքուր օդ է շնչում: Յոթ տարի է, ինչ կրճատել են հաստիքը հիմնարկում, յոթ տարի է՝ օրվա մեծ մասը սոված, քանի որ մոր թոշակով հազիվ հասցնում են օրը մեկ անգամ կիսով չափ սնվել: Մնացածը լրացնում է մաքուր օդով: Եվ դեռ փառք Աստծո, որ այդ օդի համար փող չեն պահանջում, թե չէ…

Շնչահեղձ դարձա, իմ զբոսանքի կեսից վերադարձա տուն: Ականջդ կանչի, Աբիսողոմ աղա, լավ է, որ Ստեփանակերտ չընկար, ի՞նչ կլիներ քո հալը…

Իսկ ես, ի տարբերություն Սովածյանի, օդի խիստ պակասություն եմ զգում: Շատ խիստ… Ուստի սույն նյութը ստորագրում եմ՝ Շնչահեղձյան

Սիրուն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, բանասիրական գիտությունների թեկնածու

ԻՍԿ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՍԵԼ ԱՐՑԱԽ

«Բարի գալուստ: Ղարաբաղ Տելեկոմ: Ձեր կանչած անձը»… հասանելի է բոլոր կողմերից և ոչ միայն հեռախոսով, այլև, ժամանակ առ ժամանակ, նաև՝ հեռուստացույցով… Ահա թե ուր է հասել տեխնիկայի զարգացումը:

Հեռախոսազանգ՝ վերցնում ես լսափողը և, այ քեզ բան, մեջն արդեն երկու հոգի զրուցում են: Հավաքում ես  անհրաժեշտ համարը, սակայն պարզվում է, որ դա ավելի հեշտ չէ, քան երկրաչափական խնդրի լուծումը: Իսկ երբ բախտը վերջապես ժպտում է, թեթևացած շունչ ես քաշում, հեռախոսագծի մյուս ծայրից լսվում է անծանոթ տղամարդու դժգոհ մի ձայն.

– Աղջիկ ջան, համարը հավաքելիս դու ընդհանրապես նայե՞լ ես հեռախոսի կոճակներին…

Իսկ եթե քեզ վերջապես հաջողվում է 10 րոպե անխափան զրուցել բարեկամիդ հետ, հաջորդ օրն անպայման պետք է մոմ վառես այդ հրաշքի համար, որովհետև սովորաբար յուրաքանչյուր 2-3 րոպեն մեկ զրուցակիցներիդ թիվն ավելանում է թվաբանական պրոգրեսիայով, կամ էլ գծի մեջ այնպիսի խշշոց-փոթորիկ է բարձրանում, որ լրջորեն կարող է վնասնել թմբկաթաղանթներդ:

Չէ’, մենք չենք կարող ասել, թե Ղարաբաղ Տելեկոմն իր բոլոր պարտականություններն է այդպես կատարում: Կան որոշ պարտականություններ, որոնք կատարվում են նախանձելի ճշտապահությամբ, օրինակ՝ հեռախոսավարձերը ճիշտ ժամանակին հավաքելը և չվճարվող հեռախոսահամարները ճիշտ ժամանակին անջատելը… Հոգուս վրա մեղք չվերցնեմ, ասում են՝ բջջային հեռախոսակապը բարձրորակ է: Բայց դա քչերին է ուրախացնում:

Հարգելի Ղարաբաղ Տելեկոմ,  մենք դեռ չենք մոռացել Արցախում նորմալ հեռախոսակապ ստեղծելու մասին ձեր խոստումները: Մենք մեղր ու ընկույզ շատ ենք օգտագործում՝ հիշողության ամրապնդման համար: Տո՛ւ-ո՛ւ-տո՛ւ…

Անահիտ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԱրՊՀ ժուռն. 3-րդ կուրս

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s