№ 6 / 15 հունիս

ԹԵՐԹԸ՝ ՀԱՅԵԼԻ

Խմբագրություն այցելած տարեց մարդու հոգեկան տվայտանքն էր պատճառը սույն մտորումների:  Վաստակաշատ ու ճանաչված մարդ է, բարեխղճորեն աշխատել է մի շարք հիմնարկներում, հավատավոր ծառայել իր ազգին ու պետությանը: Ու մի գեղեցիկ օր սասանվել է նրա հավատը: Զանգեց խմբագրություն, ողջունեց մեր թերթի ծնունդը ու «սպառնաց», որ շատ սուր հոդված է բերելու: Հետո եկավ, քաջագործություն արածի բավարարվածությամբ կարդաց նյութը:

Չէի ասի, թե նրա գրածը «ռումբ» էր, մարդու հոգին պարզապես կասկած էր ընկել, և նա թղթին էր հանձնել այդ կասկածները, ճարտասանական հարցեր էր տալիս: Փաստելով, որ մեր կյանքը կյանք չէ՝ նա թումանյանական Գաբո բիձու միամտությամբ հարցնում էր՝ կարո՞ղ է սրանից է, նրանից է:

Բայց վերջին պահին միտքը փոխեց, գրածը վերցրեց ու գնաց: Ասաց՝ հասկանում եմ, որ ճիշտ չեմ անում, բայց դու էլ հասկացիր՝ երեխաներ, թոռներ ունեմ: Գնաց, բայց՝ վայ այդ գնալուն. մարդն աչքիդ առաջ տանջվում էր:

Ճանապարհեցի հակասական զգացումներով: Ու հիմա նստել-մտածում եմ, թե ինչպե՞ս պիտի այս երկրում մի բան փոխվի, եթե բոլորս այդպես մտածենք: Բոլորս ուզում ենք, որ փոխվի, բայց առանց մեզ: Չի փոխվի, սիրելիներս: Սիրելի պապիկ, այնքան կուզեի, որ մեր երկրում ամեն ինչ փոխվեր, որ քեզ համար ապահովվեր երջանիկ ծերություն, և որ դա լիներ առանց քո հոգեկան տվայտանքի, առանց քո հոգեկան անդորրը խախտելու: Բայց, ի՞նչ անեմ, չի ստացվում, ինքդ էլ ես տեսնում, որ չի ստացվում:

Սույն կրավորական կեցվածքը միայն նրա մոտ չէ, որ նկատվում է: Այդ կեցվածքի տեր իմ ճանաչած մարդկանցից ամենաազնիվն էր նա: Մինչդեռ,հրեն, հայտնի մտավորականը. ամեն տեսնելուց ասում է՝ կեցցեք, մեծ գործ եք անում, ինքներդդ գիտեք, որ հիմա պարզապես չեմ կարող միանալ ձեզ, բայց հոգեպես ու բարոյապես ձեզ հետ եմ: Մեկ ուրիշն էլ, որ նույնպես հայտնի անուն է, մեկ-մեկ գալիս և «մերկացնող» փաստեր է տրամադրում մեզ, ասելով՝ ինքներդ գիտեք, որ ես չեմ կարող ինքս խոսել այդ մասին, իմ բեռը ծանր է, առանց այդ էլ շատ եմ խոսում այդ թեմաներով, այնպես որ՝ դուք արեք: Որքան հիշողություններս փորփրում ենք, չենք կարողանում հիշել գոնե մեկ դեպք, երբ այդ մարդը հրապարակավ խոսել է մեր հասարակությունում առկա որևիցե թերության մասին (մեզ հետ իր շշուկաձայն զրույցները չհաշված), բայց ահա մարդն իր գործի կարևորության գիտակցումով հանձնարարականներ է տալիս:

Իսկ մենք՝ մի բուռ լրագրողներս, «Մատեան գունդ» դառնալու ոչ ուժ ունենք, ոչ էլ ցանկություն, և ոչ էլ մեր առաքելությունն է դա: Հիմնել ենք հանրային թերթ, կրկնում ենք՝ հանրային, ասել է թե՝ ձեզ, հարգելի հայրենակիցներ, հնարավորություն ենք ընձեռում թերթի էջերում խոսել ձեր դարդուցավի մասին: Թերթը ձեր հայելին է լինելու, և ընդամենը: Ինչպիսին դուք լինեք, այնպիսին թերթն է լինելու, այնպիսին, մեծ հաշվով, մեր հասարակությունն է լինելու: Դուք պիտի գնահատեք ձեզ ընձեռված հնարավորությունը, օգտվեք դրանից, սատար կանգնեք մեզ, ավելի ճիշտ՝ ոչ թե մեզ, այլ ձեզ ընձեռված հնարավորությանը, ձեր իրավունքին, ձեր ամբիոնին:

Եւ ոչինչ չի փոխվի մեր երկրում (նկատի ունեմ՝ դեպի լավը), եթե մեր հասարակության գերակշիռ հատվածը չհրաժարվի իր կրավորական կեցվածքից, եթե մարդիկ իրենց այս երկրի տերն ու պատասխանատուն չզգան: Այլապես, ուրիշների արածներն էլ՝ անգամ ձեր «բարոյական» աջակցությամբ, ոչ մի արդյունք չեն տա: Չեն տա, մինչև չդադարեք վախենալուց: Հայտնի մտածողներից մեկն առաջարկել է բիբլիական 10 պատվիրաններին ավելացնել ևս մեկը՝ մի վախեցիր:

Եւ այսպես՝ մի վախեցեք: Կամ՝ վախեցեք միայն Աստծուց:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ 

Երկրում կայունության հաստատման առաջին նշաններից մեկը դարձավ անշարժ գույքի թանկացումը Ստեփանակերտում: Մյուսը գյուղատնտեսական աշխատանքների ընդլայնումն է և, որպես հետևանք, հակատանկային ականների պայթյունները: Ինչպես տեղեկացրեց ԼՂՀ-ում ականազերծման աշխատանքներ տանող The Halo Trust կազմակերպության ներկայացուցիչ Էդ Ռոուին, ականազերծված է և ստուգված 6 մլն ք. մ տարածք: Չեզոքացված են 2400 հակահետեւակային, 1100 հակատանկային ական, 27000 չպայթած զինամթերք: Նրա խոսքերով, վերջին տարիներին չմշակվող և մեծամասամբ ականապատված տարածքներում լայնածավալ գյուղատնտեսական աշխատանքներ են կատարվում, և այդ պատճառով էլ վերջերս գրանցվել է մի քանի դեպք, երբ հակատանկային ականների պայթյունից վնասվել է գյուղտեխնիկան: Ընթացիկ տարում ականների պայթման 8 դեպք է գրանցվել, 21 հոգի տուժել են, 10-ը՝ զոհվել:

ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԱՅՑԵԼԵՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 

Ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող եվրաչինովնիկները վերջերս իրենց պարտքն են համարում գոնե մեկ օրով այցելել Արցախ: Որպես կանոն, դա տեղի է ունենում շաբաթ-կիրակի օրերին: Մի կողմ թողնելով այն հարցը, որ իրենց «ուիկ-էնդի» իրավունքը սրբությամբ պահպանող եվրոպացիները նույն վերաբերմունքը չունեն մերոնց հանգստի նկատմամբ, փաստենք մեկ այլ հանգամանք՝ այդ օրերին է նախապատվություն տրվում, հավանաբար, նաև այն պատճառով, որպեսզի նման այցերին հիվանդագին արձագանքող Ադրբեջանին ցույց տրվի, որ այդ այցերը պաշտոնական չեն: Ինչ որ է, փաստն ինքնին դրական է՝ գոնե այցելում են: Օրերս Ստեփնակերտում  էր գտնվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ ղարաբաղյան հարցով հատուկ զեկուցող, շվեդ պատգամավոր Գորան Լենմարկերը:Նշյալ կառույցում ներկայացված են 55 երկրների խորհրդարանականներ: Լենմարկերի խոսքերով, այդ կառույցը չի պատրաստվում փոխարինել Մինսկի խմբին, պարզապես փորձում է աջակցել խմբի աշխատանքին: Ըստ երևույթին, զեկույցում, որը կհնչի հուլիսի 5-ին, կներկայացվեն առաջարկներ հիմնախնդրի ոչ միայն քաղաքական, այլև հասարակական տեսանկյունից: Համենայն դեպս, կարծում ենք, պատահական չէր, որ Լենմարկերը հանդիպեց փախստականների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ:Աննախադեպ էր նաև Գորան Լենմարկերի դռնբաց հանդիպումը ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների և խորհրդարանական խմբակցությունների հետ, որին մասնակցեցին նաև լրագրողները: Չորրորդ իշխանության ներկայացուցիչները հնարավորություն ունեցան լսելու և եվրոպական պաշտոնյայի կարծիքը, և պատգամավորների դիրքորոշումը: Հանդիպումն ուշագրավ էր նաև այն առումով, որ արցախյան խորհրդարանում հազվադեպ է քննարկվում ղարաբաղյան հիմնախնդիրը:Խորհրդարանի խոսնակ Օ. Եսայանը հանդիպման ժամանակ հետևյալ կարծիքն արտահայտեց՝ «Սենք հասկանում ենք, որ կարող ենք հասնել միջազգային կարգավորման, եթե կարողանանք մեզ մոտ եվրոպական չափանիշներով ժողովրդավարական պետություն կառուցել»: Խոսնակը շեշտեց նաև, որ միջազգային հանրությունը չպետք է անտեսի ղարաբաղցիներին սոսկ այն պատճառով, որ ԼՂՀ-ն ճանաչված չէ: Լենմարկերը պատասխանեց, որ ժողովրդավարական հասարակություն կառուցելու ցանկությունն ինքնին լավ նշան է և լավ հնարավորություն: Նա նշեց, որ Եվրոպայի հետաքրքրությունը ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ պատահական չէ. մայիսի 1-ին ավարտվել է Եվրամիության ընդլայնումը դեպի հյուսիս, այս տարվա ընթացքում կընթանան բանակցություններ Բալկանյան երկրների և Թուրքիայի հետ: «Հերթը» հետո Հարավային Կովկասինն է: Գ. Լենմարկերը հիշեցրեց, որ Եվրոպան միշտ չէր խաղաղ: «Իմ հայրենի Շվեդիայի սահմաններն էլ են պատերազմի ընթացքում ձևավորվել»,- նշել է Լենմարկերը և խորհուրդ տվել ինչպես չմոռանալ պատմությունը, այնպես էլ չդառնալ նրա պատանդը:

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ԵՎՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՂԵԿԱՎԱՐՎՈՒՄ ՄԻ ԿԵՆՏՐՈՆԻՑ 

ԵԱՀԿ ԽՎ ղարաբաղյան հիմնախնդրով զեկուցող Գորան Լենմարկերի հետ Ստեփանակերտ էր ժամանել նաև ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպես է նա գնահատում եվրակառույցների ակտիվացումը, Վ. Հովհաննիսյանը, ողջունելով մի շարք կառույցների հետաքրքրության աճը, միևնույն ժամանակ շեշտեց, որ միայն Մինսկի խումբն ունի բավականին փորձ և գիտելիքների պաշար, որպեսզի իրական ու հիմնավորված առաջարկներ ներկայացնի բանակցային գործընթացին: Ըստ նրա, գնալով Մինսկի խումբը ավելի իրատեսական է գործում, Ադրբեջանի կարծիքով՝ հայամետ է դառնում՝ «Ահա թե ինչու պաշտոնական Բաքուն փորձում է բանակցային գործընթացում ներգրավել հնարավորինս շատ կառույցներ, հատկապես՝ խորհրդարանական, երբեմն էլ՝ հիմնախնդրին ոչ քաջատեղյակ, որպեսզի կարողանա իր շահերն առաջ տանել»: Վ. Հովհաննիսյանն այն կարծիքը հայտնեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ տարբեր կառույցների գործողությունները չեն ղեկավարվում մի կետրոնից: Ըստ երևույթին, ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը ևս նույն կարծիքին է. նա նշել է, որ այդ գործողությունները կոորդինացված չեն, ուստի չեն կարող հասնել դրական արդյունքի:

ՊԱՅԹԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՓՈՒՉԻԿ 

«Մեր այսօրվա նպատակներից մեկն էլ առասպելների բացահայտումն է»,- հայտարարել է գերիների և պատանդների որոնման և ազատման միջազգային աշխատանքային խմբի համանախագահ Սվետլանա Գանուշկինան Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ: Նա հայտարարել է, որ վերջերս շահագրգիռ աշխատանքի փոխարեն Ադրբեջանի անհայտ կորածների գծով պետհանձնաժողովը զբաղվում է քարոզչությամբ:Ըստ երևույթին, ադրբեջանական քարոզչությունն այն աստիճան է խախտել «խաղի կանոնները», որ սովորաբար շատ զուսպ միջազգային կազմակերպությունը նման հայտարարություն է արել:Խումբը բացահայտել է ադրբեջանական քարոզչության ևս մի «մարգարիտ». «Զերկալո» թերթը պնդել էր, որ հայերը Բերձորի մանկատանը կամիկաձեներ են պատրաստում: Խմբի գերմանացի համանախագահ Բերնհարդ Կլազենը անձամբ ստուգել է. Բերձորի մանկատանը սովորական մանուկներ են ապրում:Այսպիսով, պայթեց ևս մի փուչիկ: Ո՞րը կլինի հաջորդը:

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ 

Սահմանադրական հանձնաժողովը, ի վերջո, նիստ հրավիրեց: Երկրի և նշված հանձնաժողովի նախագահ Ա. Ղուկասյանը նշել է, որ ԼՂՀ-ն «չի կարող հավիտյան լինել սպասողական վիճակում, մինչև Ադրբեջանը բարեհաճի ուղղակի երկխոսության գնալ ԼՂՀ-ի հետ», ուստի պետք է կառուցի ժողովրդավարական հասարակություն, որտեղ գերակայում է օրենքը: Նորերս ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար, երկրի նախագահի խորհրդական Արմեն Զալինյանը նիստից հետո հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, Սահմանադրությունում կամրագրվի վերջին տարիներին իրեն արդարացրած պետական կառավարման նախագահական համակարգը: Դրա հետ մեկտեղ կհստակեցվեն իշխանության բոլոր թևերի փոխհարաբերությունների և փոխվերահսկման մեխանիզմները:Նիստի  ժամանակ Ա. Ղուկասյանը նշել է, որ Սահմանադրության ընդունումը ԼՂՀ-ում առկա բոլոր քաղաքական և հասարակական ուժերի պահանջն է: Հիշեցնենք, որ Ստեփանակերտի մամուլի ակումբի կողմից վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցման մասնակիցների 98 տոկոսն արտահայտվել էր երկրի Հիմնական օրենքի ընդունման օգտին: Հետաքրքիր է՝ իրո՞ք իշխանությունների այս քայլը պայմանավորված է միայն հասարակական պահանջով: Իսկ գուցե հասունացել են լուրջ  նախադրյալներ, որպեսզի մեր հանրապետությունն ունենա պետականության հիմնական ատրիբուտը և ամրակայվի պատերազմում ամրագրված իր սահմաններն ու կառավարման համակարգը:

ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԲՈՒԺԶՆՆՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 

Ազգային ժողովի նախանցյալ նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ առ այն, որ հասարակության մեջ ճանաչված շատ մարդկանց որդիներ անօրեն, կեղծ բժշկական զննման ճանապարհով ազատվում են ծառայությունից: Նրա խոսքերով, 8 հազար զինակոչիկից 542-ը ազատվել են զինապարտությունից:Ինչպես մեզ պարզաբանել է առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, կրկնակի զննումը շարունակվում է, և վերջնական արդյունքները անպայման կներկայացվեն հանրությանը: Ամենայն հավանականությամբ, օրերս կհրավիրվի բրիֆինգ՝ այս աղմկոտ հարցը պարզաբանելու համար: Հիշեցնենք, որ կառավարությունն արդեն խորհրդարան է ուղարկել  «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն անցած քաղաքացիների մասին» օրինագիծը:

ԻՆՉՈ՞Վ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ 

Ինչպես հայտնի է, պետությունը բնակչության որոշ խավերի համար բնակարաններ է կառուցում: Հիմնականում այդ արտոնությունից օգտվում են զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքները, վերաբնակիչները: Քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված տիպային տների նախագծերի գինը կազմում 6 մլն 200 հազար դրամ: Տունը կառուցվում է առանց կոմունիկացիաների: Ինչպես տեղեկացանք, միգրացիայի, վերաբնակիչների և փախստականների հարցով պետվարչությունը իր բաժին տները կառուցում է 2 մլն 600 հազար դրամով: Ինչպես մեզ պարզաբանեց նշված վարչության պետ Սերժ Ամիրխանյանը, նրանք բոլորի համար նույն նախագծով չեն տուն կառուցում, այլ յուրաքանչյուր դեպքում տարբեր մոտեցում են ցուցաբերում: Ասենք, եթե տվյալ բնակավայրում կան պատրաստի տներ, կամ կիսավեր, բայց ամուր շինություններ, ապա դրանք անպայման օգտագործվում են: Այսինքն, ամեն ինչ արվում է, որ պետական միջոցները չշռայլվեն: Ըստ երևույթին, քաղաքաշինության նախարարությունը նման «անհատական» մոտեցում չունի, և տները կառուցում է կայուն գնով՝ 6 մլն 200 հազար դրամ:

ԳԻՇԵՐՕԹԻԿ ԴՊՐՈՑԻ ՀԱՐՑԸ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ ԱՐԾԱՐԾՎԵԼ Է 16 ԱՆԳԱՄ

Հունիսի 9-ին ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովները նախնական քննարկումներ անցկացրեցին 2003թ. բյուջեի կատարողականի թեմայով: Նիստի ժամանակ նշվեց, որ կրթության բնագավառում գործում է 5-ամյա նպատակային ծրագիր, որն ընդգրկում է դպրոցի զարգացման տարբեր ուղղություններ: Դրանցից մեկը գիշերօթիկ դպրոցի հիմնադրումն է Արցախում: Այն պիտի հիմնադրվեր դեռևս 2002թ., սակայն մինչև այսօր, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվում: Սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը զարմանք հայտնեց, թե ինչու 2003թ. բյուջեի պրոֆիցիտի պայմաններում (ինչպես հայտնի է, անցած տարի հավաքագրվել է մոտ կես միլիարդ ավելի սեփական եկամուտ, քան նախատեսված էր) միջոցներ չգտնվեցին այդ նպատակի համար: Նրա հաշվարկներով, վերջերս գիշերօթիկի թեման արծարծվել է միայն տպագիր ԶԼՄ-ներում 16 անգամ:Կրթության նախարար Արմեն Սարգսյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, գիշերօթիկ դպրոցներ կբացվեն Շուշիում և Աջափնյակ թաղամասում (թ. 12 դպրոց)՝ նկատի ունենալով համապատասխան կոնտինգենտի մեծաթվությունն այստեղ:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հունիսի 1-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը խորհրդակցություն է անցկացրել հանրապետության ուժային կառույցների եւ իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության մասնակիցները նախագահի առաջ հաշվետու են եղել իրենց գերատեսչությունների կողմից տարվող աշխատանքի մասին: Նախագահը մտահոգություն է հայտնել վերջերս երիտասարդության շրջանում հաճախակի դարձած իրավախախտումների դեպքերի կապակցությամբ: Այդ առումով նա անթույլատրելի է համարել, երբ օրենքը խախտում են բարձրաստիճան պաշտոնյաների զավակները: Նման փաստերը, ասել է նա, առաջ են բերում հասարակայնության արդարացի վրդովմունքը: Այդ դրսեւորումներին, ընդգծել է նախագահը, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, պետք է տրվի համապատասխան գնահատական` անկախ իրավախախտների ծնողների ծառայողական դիրքից:Խոսելով իրավապահ մարմինների, մասնավորապես, ԼՂՀ ոստիկանության եւ դատախազության գործունեության մասին` նախագահը արտահայտվել է նրանց կողմից անհիմն կարճվող քրեական գործերի անթույլատրելիության վերաբերյալ: Այդ կապակցությամբ նա, մասնավորապես, ընդգծել է, որ քրեական գործերը պետք է տրամաբանական ավարտ ունենան դատական մարմիններում:Հունիսի 2-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է  ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նորընտիր անդամներին: Հանդիպման ընթացքում հիմնականում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն հանրապետության քաղաքական դաշտի հետագա  կայացման եւ զարգացման վերաբերյալ: Նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում առկա են բոլոր պայմանները տարբեր քաղաքական կուսակցությունների արդյունավետ գործելու համար: Նրա խոսքերով, միայն կարծիքների լայն շրջանակը հաշվի առնելու շնորհիվ է հնարավոր իսկապես ժողովրդավարական իրավական պետության կառուցումը:Խոսելով ԼՂՀ իշխանությունների եւ ՀՅԴ միջեւ հարաբերությունների մասին, նախագահը նշել է, որ նրանց միջեւ համագործակցությունը, ընդհանուր առմամբ, կրում է կառուցողական բնույթ եւ այդպիսին էլ պետք է լինի այսուհետ: Հունիսի 3-ին տեղի է ունեցել ԼՂՀ Սահմանադրական հանձնաժողովի նոր կազմի առաջին նիստը: Նիստը վարել է ԼՂՀ ղեկավար Արկադի Ղուկասյանը, որն այդ հանձնաժողովի նախագահն է:Իր ելույթում Արկադի Ղուկասյանը, մասնավորապես, ասել է, որ կյանքը համառորեն պնդում է, որպեսզի ԼՂՀ-ն ունենա իր Սահմանադրությունը: Նրա խոսքերով, Հիմնական օրենքի ընդունումը կդառնա եւս մի կարեւոր քայլ Լեռնային Ղարաբաղի պետականության կայացման ճանապարհին: Նախագահը նշել է, որ ԼՂՀ Սահմանադրության մշակման ուշացումը բացատրվում է ներքին եւ արտաքին քաղաքական, այդ թվում նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող  մի շարք օբյեկտիվ պատճառներով: ԼՂՀ-ն, հայտարարել է նախագահը, չի կարող հավիտյան լինել սպասողական վիճակում` մինչեւ Ադրբեջանը բարեհաճի ուղղակի երկխոսության գնալ Լեռնային Ղարաբաղի հետ` հիմնախնդրի քաղաքական լուծման հարցի վերաբերյալ: ԼՂՀ-ն, շարունակել է նա, պետք է զարգանա  ժամանակակից ժողովրդավարական հասարակության հետ համաքայլ, հասարակության, որտեղ գերակայում է օրենքը:  Հունիսի 7-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը մեկնել է Ֆրանսիա, որտեղ կմասնակցի մշակութային միջոցառումներին` նվիրված ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման տասնամյակին: Ծրագիրը կազմակերպված է «Սատար Ղարաբաղին» Ֆրանսիայի հայկական միության նախաձեռնությամբ եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող կոմիտեի աջակցությամբ: Այդ նպատակով ԼՂՀ նախագահը կլինի Փարիզում, Մարսելում եւ Նիցցայում: Ակնկալվում է, որ իր այցի ընթացքում Արկադի Ղուկասյանը հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենի, Ֆրանսիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ այդ երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչություն    

ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ

Այս տարի Արցախի դպրոցները տվեցին 2000 շրջանավարտներ, որոնցից 24-ը հավակնում էին մեդալի, սակայն անցած քննությունների արդյունքում միայն 16-ին հաջողվեց պաշտպանել ստացած  գնահատականները:

Կառավարությունը հավանություն է տվել «Կենսապահովման նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» օրինագծին, որն ընդունելու դեպքում կենսաթոշակների և աշխատավարձերի չափերը «կախված» կլինեն զամբյուղից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է օգոստոսի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

Երկրի նախագահը զգուշացրել է իրավապահ և դատական մարմինների ներկայացուցիչներին՝ որոշ քրեական գործեր անհիմն կարճելու անթույլատրելիության մասին. նա շեշտել է, որ ցանկացած, հատկապես, «աղմկոտ» գործին պետք է գնահատական տրվի՝ անկախ իրավախախտողի ծառայողական դիրքերից:

Հունիսի 7-ին ԼՂՀ նախագահը մեկնել է Ֆրանսիա, որտեղ սկսվել են ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման 10-ամյակին նվիրված միջոցառումները (ավելի վաղ Ֆրանսիա են մեկնել «Ղարաբաղ» պետական էստրադային համույթը և պարի պետական համույթը):

Առայսօր միգրացիայի, վերաբնակեցման և փախստականների գծով պետվարչությունում ոչ մի փախստական չի գրանցվել (թեկուզ «Փախստականների մասին» օրենքն ընդունվել է անցած տարի, դեռ չեն մշակված փախստականների սոցիալ-կենցաղային պայմանները ապահովելու կարգերը, իսկ փախստականի կարգավիճակ կարող են ստանալ 1989թ. հետո ադրբեջանական բնակավայրերից բռնի տեղահանված անձինք):

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ. ԳՈՐԾԸՆԹԱՑ, ՈՐՈՒՄ ԱՆՏԵՍՎԵՑ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԸ

Իսկ խորհրդարանական մեծամասնությունը, պարզվում է, պատասխանատվությունից չի խուսափում 

Ազգային ժողովն իր վերջին նիստում, ի թիվս մի շարք հարցերի, քննարկեց պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման)  2002-2003թ. տարեկան հաշվետվությունն ու առաջիկա երկու տարիների ծրագիրը: Այդ նիստը, թերեւս, հիշարժան է նրանով, որ մի խումբ պատգամավորներ հանրապետությունում իրականացված սեփականաշնորհման գործընթացի համար պատասխանատվություն ստանձնելու հարցը դրեցին: Քվեարկության արդյունքում պարզվեց, որ խորհրդարանական մեծամասնությունը նման պատասխանատվությունից չի խուսափում, այն պարագայում, երբ փոքրամասնությունը ոչ միայն չի ստանձնում պատասխանատվություն, այլեւ գտնում է, որ այդ գործընթացում անտեսվել է ժողովրդի շահը:

Աժ պատգամավոր, դաշնակցության խմբակցության անդամ Լեւոն Հայրյանն, արտահայտելով իր տեսակետը սեփականաշնորհման առնչությամբ, շեշտել է, որ բնակչության գերակշիռ մեծամասնությունը դրանից ոչինչ չի ստացել:  Սեփականաշնորհման քաղաքականությունը, որի հիմքում դրված է պետական տնտեսության ձեւի փոփոխությունը, նրա համոզմամբ, նախեւառաջ պետք է միտված լինի երկրի զարգացմանը, հետեւաբար՝ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը: «Այս ոլորտում մեր կառավարության վարած քաղաքականությունը թափանցիկ չէ, մենք չենք տեսնում այդ գործընթացի ո’չ դրական եւ ո’չ էլ բացասական կողմերը:  Այդ կամայականությունների արդյունքում Ստեփանակերտ քաղաքի բնակչությունը սեփականաշնորհումից ոչինչ չի ստացել: Սեփականաշնորհումից անմասն են մնացել մեր գյուղերն ու քաղաքները, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում: Խոսքս վաուչերիզացիայի մասին է»,- նշել է Լ. Հայրյանը: ԱԺ մարտի 10-ի նիստում նա  կոչ է արել իր գործընկերներին՝ դեմ քվեարկել 2004-2006 թթ. սեփականաշնորհման ծրագրին եւ առաջարկել կառավարությանը՝ ներկայացնել նոր ծրագիր, որտեղ համեմատաբար առավելս արտահայտված կլինեն մեր բնակչության շահերը: Իսկ մայիսյան նիստում նա քննադատության է ենթարկել ԱԺ ֆինանսա-վարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Մ. Դանիելյանի դիրքորոշումը՝ կողմ քվեարկել կառավարության ներկայացրած ծրագրին: «Ես չեմ հասկանում, թե ինչ տրամաբանությամբ է հանձնաժողովի նախագահը նման առաջարկություն անում: Նրա ընտրողների կեսը Շուշի քաղաքի բնակիչներ են, որոնք սեփականաշնորհումից ոչինչ չեն ստացել եւ չեն էլ ստանալու»: Խորհրդարանը, Լ. Հայրյանի խոսքերով, իրեն ավելի ճիշտ կպահեր, եթե կասեցներ օրենքը եւ նոր օրենք ընդուներ սեփականաշնորհման մասին, որպեսզի մեր մարդիկ իրենց տասնամյակների վաստակի դիմաց կարողանան գոնե մի չնչին օգուտ  ստանալ: Խորհրդարանի մեծամասնությունը մայրաքաղաքը ներկայացնող պատգամավորներ են: Լ. Հայրյանը գտնում է, որ այդ մեծամասնությունը կողմ քվեարկելով կառավարության ներկայացրած ծրագրին՝ դրանով իսկ ոտնահարում է ընտրողների իրավունքները: «Այդ մեծամասնությունն ի՞նչ պատասխան պիտի տա  այն մարդուն, ով 70 տարի աշխատել է ու ոչ մի դրական վերաբերմունքի չի արժանացել այս երկրի կողմից: Նա ընդամենը հինգ-տաս հազար դրամ թոշակ է ստանում եւ ուրիշ ոչինչ»:

ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ ունեցած զրույցում փորձեցինք պարզել, թե հանձնաժողովի եզրակացության մեջ ի՞նչ կարգի դիտողություններ են նշվել, ի՞նչն է անընդունելի այս գործընթացում՝ սոցիալական քաղաքականության առումով, հաջորդ տարիների համար ներկայացված ծրագրում ի՞նչպիսի փոփոխություններ ու մոտեցումներ են նախանշվել: Նա ասաց, որ պատգամավորների դժգոհությունն է հարուցել մասնավորապես ընկերությունների գնահատած արժեքի եւ վաճառքի գնի տարբերությունը: Մեկ դեպքում այդ տատանումները կազմել են 25 տոկոս, մի այլ դեպքում՝ մինչեւ 100 տոկոս: Մ. Դանիելյանը դա համարում է «մայր» օրենքի թերակատարության արդյունք: Նրա խոսքերով՝ կառավարությունը գները որոշելիս  ելնում է ձեռնարկությունների շահութաբերության տվյալներից: Բայց տվյալ դեպքում սեփականաշնորվել են ձեռնարկություններ, որոնք, պատգամավորների մեծամասնության կարծիքով, շահութաբեր են եւ հեռանկարների առումով խնդիրներ չունեն, հատկապես շինարարական կազմակերպությունները:  «Ինչպե՞ս է հանձնաժողովը վերաբերվում այն փաստին, որ բնակչության զգալի մասը սեփականաշնորհումից ոչինչ չի ստացել, իսկ մի խումբ մարդիկ  տիրացել են արտադրության բավականին մեծ միջոցների». հարցին պատասխանելիս նա նշեց, որ դա ռազմավարական մեծ խնդիր է, եւ պետությունն ի սկզբանե իր առջեւ նպատակ չի դրել սոցիալական հարց լուծելու: Այդ լուծումն իրականացվում է սեփականաշնորհումից ակնկալվող միջոցների, այսինքն բյուջեի մուտքերի հաշվին: «Իհարկե, համաձայն եմ, որ կառավարությունն այստեղ պետք է հաշվի առներ քաղաքացիների, աշխատանքային կոլեկտիվների շահերը»,- այնուհետեւ ավելացրեց Մ. Դանիելյանը: Իսկ առաջիկա տարիների համար ներկայացված ծրագիրը՝ իրականացման մեխանիզմների եւ ցանկի առումով համարյա ոչնչով չի տարբերվում նախորդից: Նա գտնում է, որ քննարկումների արդյունքում մատնացույց արված  խնդիրներն ու դիտողությունները պահանջում են փոփոխության ենթարկել «մայր» օրենքը:

Սեփականաշնորհման գործընթացը, անկասկած, ենթադրում է բնակչության  զբաղվածության խնդրի լուծում: Մեր այն հարցին, թե քաղաքացիների քանի տոկոսն է աշխատանք ձեռք բերել պետական գույքի մասնավորեցման արդյունքում, մեր զրուցակիցը չկարողացավ կոնկրետ թիվ նշել՝ ասելով, որ կառավարությունը նման տեղեկատվություն հանձնաժողովին չի տրամադրել:

Կարծում ենք, վերը շարադրված ելույթները երկար ու բարակ մեկնաբանություններ չեն պահանջում: Փաստն այն է, որ պետական գույքի մասնավորեցումից օգուտ է քաղել բնակչության չնչին տոկոսը: Մնացածները, երեւի, իրավունք չունեն օգտվելու երկրի բարիքներից: Պատասխանատվության մասին խոսելն էլ տվյալ պարագայում դատարկ կրակոցի կնմանվեր, քանի որ մեր երկրում յուրացումների համար որեւէ մեկը երբեւիցե պատասխանատվության չի ենթարկվել: Հենց դա է պատճառը, որ խորհրդարանական մեծամասնությունը նույն սառնասրտությամբ հաստատել է 2004-2006 թթ. սեփականաշնորհման ծրագիրը, որը ոչնչով չի տարբերվում իր նախորդից:

Մայիսի 19-ի նիստն անդրադարձավ նաեւ պետական գույքի մասնավորեցման մասին ԼՂՀ օրենքում առաջարկվող փոփոխություններին ու լրացումներին, որը նախաձեռնել էր ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը: Պատգամավորից մենք տեղեկացանք, որ իր կողմից առաջարկվող հիմնական եւ սկզբունքային  փոփոխությունը հետապնդում է հիշյալ օրենքի որոշ դրույթներ Քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակ: ՔՕ-ի առաջին հոդվածի առաջին կետով սահմանվում է, որ այլ օրենքներում պարունակվող քաղաքացիական իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն օրենսգրքին: Այդ համատեքստում, նշեց նա,- անհասկանալի է, որ ցայսօր պետական գույքի մասնավորեցման մասին ԼՂՀ օրենքի որոշ դրույթներ մնացել են վերջինիս՝ քաղաքացիական հարաբերությունները կարգավորող գերակա օրենքի  հետ հակասության մեջ:  Փաստորեն ստացվում է, որ առայսօր մեր հանրապետությունում պետական եւ անձնական սեփականություն հասկացությունները գերակա են «համայնքային սեփականություն» հասկացությանը: Մինչդեռ, օրենքով պետք է երաշխավորվի համայնքի գույքային ինքնուրույնությունը, սեփականության անձեռնմխելիությունը եւ մյուս իրավունքները: Հիշեցնենք. մեզ մոտ «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենք ընդունվել է 1998 թ., որի առաջին իսկ հոդվածում նշված է եղել, որ համայնքի գույքի, այդ թվում անավարտ շինարարական օբյեկտների, մասնավորեցման իրավահարաբերությունները , որոշ բացառություններով, սույն օրենքով չեն կարգավորվում (հիմք է ընդունվել դրանից մեկ տարի առաջ Հայաստանում ընդունված նույն օրենքը): 2000 թ. մեր խորհրդարանը փոփոխություն է կատարել առաջին հոդվածում եւ այն վերաշարադրել  ուղիղ հակառակ բովանդակությամբ: Համաձայն այդ փոփոխության՝ համայնքի գույքի մասնավորեցման իրավահարաբերությունները կարգավորվում են պետական գույքի մասնավորեցման մասին օրենքով: Իսկ «համայնքի գույքի մասնավորեցումն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմինը»: Հարց է ծագում՝ ի՞նչ գործ ունի պետական կառավարման լիազորված մարմինը ինքնակառավարվող մարմնի՝ համայնքի սեփականության հետ: Ինչպես մեր զրույցում շեշտեց Էդ. Աղաբեկյանը, օրենքում շարադրվածը լիովին հակասում է  սեփականության իրավունքի հասկացությանն ու բովանդակությանը, այսինքն՝ սեփականատիրոջ կողմից իր հայեցողությամբ այն տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունքին:  Իմիջիայլոց, ավելացնենք, որ ՀՀ սահմանադրությամբ պետությունը սեփականության այլ ձեւերի հետ մեկտեղ՝ ճանաչում եւ պաշտպանում է նաեւ համայնքային սեփականությունը, որը հանդիսանում է բնակչության կողմից տեղական ինքնակառավարում իրականացնելու իրավունքի կենսագործման տնտեսական հիմքը:

«Մեզ մոտ տեղական ինքնակառավարումը վերածվել է պետական-տեղական ինքնակառավարման: Եվ փոխանակ այս ժողովրդավարական ինստիտուտն աստիճանաբար զարգացվի ու կատարելագործվի, հակառակը, անտեսվում է դրա նշանակությունը»: Հանձնաժողովի նախագահը գտնում է, որ նշված փոփոխության ընդունումը կօժանդակի նախեւառաջ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի կայացմանը, ինչը պետական քաղաքականության գերակա ուղղություններից է ու համահունչ եվրոպական չափանիշներին:

Սույն առաջարկությամբ հանձնաժողովի նախագահը հանդես է եկել դեռեւս փետրվարի 20-ին, սակայն այն չի քննարկվել գործող օրենքին համապատասխան, այսինքն՝ կանոնակարգով նախատեսված ժամկետում: Էդ. Աղաբեկյանի վկայությամբ՝ խորհրդարանի ղեկավարը իրավաբաններ էր հրավիրել օրենքում առկա այս հակասությունը պարզելու նպատակով: Եվ, թերեւս, ուշագրավն այն է, որ իրավաբաններն այս առնչությամբ արձանագրել են, ինչպես մեզ փոխանցվեց, «մի քիչ, շատ-շատ քիչ հակասություն»:  Նախագծի քննարկումը հետաձգվել է, սակայն պատգամավորը  տեղյակ չէ, թե կոնկրետ քանի օրով է հետաձգվել: Էդ. Աղաբեկյանը պահանջում է հարգել օրենքը եւ պատգամավորին:

ՈՐՏԵ՞Ղ  ԵՆ ՃԱՄՓՈՐԴՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
կամ՝ ու՞ր է «չքվել» 386 միլիոնը 

ԼՂՀ ԱԺ-ում այս օրերին ընթանում  են լսումներ: Քննարկման թեման 2003 թվականի պետական բյուջեի կատարողականն է: 

Հունիսի 2-ին կառավարությունը ԱԺ մշտական հանձնաժողովներին ներկայացրեց բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Թեև հաշվետվության ներկայացումը չի ենթադրում հարցադրումներ /դրանք նախատեսված են հետագա լսումներում/ պատգամավորներն, այնուամենայնիվ, հանդես եկան առանձին հարցադրումներով, մասնավորապես՝ խորհրդարանի ՀՅԴ խմբակցության  ղեկավար Վահրամ Բալայանը, բարձրացնելով կառավարական «ավտոպարկի» արագացված համալրման հարցը,  մեր պայմաններում պետբյուջեի նման վատնումը անընդունելի համարեց: Խուսափողական պատասխան տալով` կառավարության  ներկայացուցիչները խոստացան հետագա քննարկումներում կոնկրետ հարցադրումներին կոնկրետ պատասխաններ տալ: Սակայն հետագա նիստերում ևս  այս  և ներքոբերյալ այլ հարցադրումների պատասխաններն անորոշ էին:

ԼՂՀ բյուջետային գործընթացը կանոնակարգվում է «ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» օրենքով: Ըստ այդ օրենքի 8-րդ հոդվածի՝ «Բյուջետային ելքերը և մուտքերը պետք է արտահատվեն լրիվությամբ»:

2003 թվականի նոյեմբերի 26-ին ԼՂՀ Ազգային ժողովն ընդունել է «2003 թվականի պետբյուջեով լրացուցիչ արտացոլվող  ֆինանսական միջոցների օգտագործման մասին» օրենք (հանրապետության նախագահն այն ստորագրել է նույն տարվա դեկտեմբերի 23-ին), ըստ որի կառավարությանը  թույլատրվում էր լրացուցիչ ստացվող 450 միլիոն դրամը /հավելորդ՝ ըստ օրենքի/ ծախսել գույքի և սարքավորումների ձեռքբերման նպատակով:

Նկատենք, որ միջոցների այն մասը, որը դեկտեմբերի 23-ից հետո չյուրացվեր, որպես ազատ մնացորդ պետք է մուտքագրվեր հաջորդ տարվա՝ 2004 թվականի պետբյուջե: Ըստ նույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի գ/ ենթակետի՝ տվյալ տարվա հավելորդն առաջանում է «Բյուջեով սահմանված մուտքերի կատարման համեմատ` տարեկան ծախսերի թերակատարմամբ» և այդ գումարը, ըստ նույն հոդվածի 2-րդ կետի՝  այդ ազատ մնացորդը այդ տարվա բյուջեի մուտքն է:  Բյուջետային գործընթացի այս օրենսդրական  պահանջը /ի թիվս այլ հարցերի/ հնարավորություն է ընձեռնում  պետբյուջեի կատարման հսկողությունը կառավարության  և վերահսկողությունը ԱԺ կողմից: Այդ նպատակով նույն օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ կետը պարզաբանում է, որ բյուջետային  միջոցների հաշվին ապրանքներ գնելու, աշխատաքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ծախսերի ֆինանսավորումը իրականացվում է «Գնումների մասին» ԼՂՀ օրենքով: Վերջինիս 2-րդ հոդվածը պահանջում է բյուջետային  գործառույթների հրապարակայնություն, դրա արդյունավետ կազմակերպում և պետության համար շահավետ պայմաններով գնումների կատարում: Այդ նպատակով «Պետական կարիքների համար իրականացվող գնումների անվանացանկը հաստատում է պետական բյուջեի մասին օրենքի առանձին հավելվածով» /հոդված 18, կետ 5/:

Շահավետ պայմաններով պետության համար գնումների կատարումը ենթադրում է մրցութային սկզբունքի կիրառում: Համաձայն գնումների մասին օրենքի 25-րդ հոդվածի 1 կետի՝  պատվիրատուն պաշտոնական տեղեկագրում հրապարակում է հայտարարություն՝ հայտերի ընդունման  ժամկետից 30 օր առաջ: Ավելին, 25-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե գնումների կամ ծառայությունների նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի 90-ապատիկը /ԼՂՀ-ում բազային միավորը նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկն է/, ապա պատվիրատուն պարտավոր է մրցույթի հայտարարությունը հրապարակել նաև ոչ պակաս, քան  երկու երկրում շրջանառվող մամուլում` հայտերի ընդունման վերջին օրվանից 40 օր առաջ:

Օրենքների այս երկարաշունչ շարադրումը ինքնանպատակ չէ:  Փորձենք ԼՂՀ-ում գործող օրենսդրական դաշտի  համապատասխան դիտարկել կառավարության  կողմից բյուջեի հավելորդի շարժը:

ԼՂՀ կառավարության  2003 թվականի դեկտեմբերի 3-ին ստորագրված թիվ 274 որոշմամբ  /նկատենք, որ օրենքը նախագահի կողմից ստորագրվել է նույն թվականի դեկտեմբերի 23-ին, հետևաբար՝ այդ պահին այն դեռևս  ուժի մեջ չէր մտել/ գյուղերի գազիֆիկացմանը հատկացվում է 40,5 միլիոն դրամ, Տիգրան Մեծ փողոցի կապիտալ վերանորոգմանը` 14,8 միլիոն դրամ, հանրապետական նշանակության ճանապարհների վերանորոգմանը` 40 միլիոն դրամ, ԼՂՀ ԱԺ նոր շենքի կառուցմանը` 150 միլիոն դրամ, ԼՂՀ կառավարության նոր շենքի կառուցմանը և հնի կապիտալ վերանորոգմանը` 91,6 միլիոն դրամ, ընդամենը՝ 386 միլիոն դրամ: Իհարկե, նպատակների մի մասը ողջունելի է /եթե հաշվի չառնենք, որ արդեն երկու տարի է գիշերօթիկ դպրոցի հարցը չի լուծվում և որ ԼՂՀ ԱԺ և կառավարության նոր շենքերի կառուցման  միջոցները կարելի էր ուղղել այս խնդրի լուծմանը/, բայց բավականաչափ կարճ ժամկետում /դեկտեմբերի 23-ից մինչև տարվա վերջ/ դրանց իրագործումը գրեթե անհնար է, առավել ևս, որ այս աշխատանքների համար դեկտեմբերը այնքան էլ հարմար ամիս չէ` եղանակային առումով: Այսինքն` որպես օրինապաշտ գործելակերպի ապացույց կարելի էր չյուրացված միջոցները տեղափոխել 2004 թվականի պետական բյուջեի մուտքային մաս, քանի որ այդ աշխատանքները, բնականաբար, իրականացվելու են 2004-ին:

Պարզվում է, սակայն, որ 450 միլիոն գումարից ոչ մի լումա  2004 թվականի բյուջե չի տեղափոխվել: Անհասկանալի է մնում, թե ո՞ւր է «չքվել» առնվազն դրա առույծի բաժինը` 386 միլիոն դրամը /ենթադրենք, թե  գույքի և սարքավորումների ձեռք բերման 64 միլիոն դրամը ֆանտաստիկ արագությամբ նպատակային ծախսվել է, բա մնացա՞ծ մասը/:

2003 թվականին  պետբյուջեի հավելորդը պետք է ձևակերպվեր որպես 2004-ի բյուջեի ազատ մնացորդ, որպեսզի հնարավոր լինի ապահովել պետբյուջեի կատարման  հսկողությունը կառավարության և վերահսկողությունը ԱԺ-ի կողմից: Տվյալ պարագայում,  հսկողության և վերահսկողության մասին խոսք լինել չի կարող, քանի որ այդ միջոցները /386 միլիոն դրամ/ չեն երևում ոչ մի տեղ, ուրեմն և վերահսկելի չեն: Կառավարության ներկայացուցիչները մեկ ասում են, որ միջոցները սառեցված են, մեկ այլ դեպքում էլ փորձում համոզել, որ դրանք ուղղվում են առանձին ծրագրերի իրականացմանը: Սակայն այդպես էլ հստակ ու միանշանակ պատասխան չի հնչում:

Իրավիճակը պարզից էլ պարզ էր՝ պետական  միջոցները 6 ամսով սառեցնելու փոխարեն կարելի էր դրանք տեղափոխել 2004 թվականի պետական բյուջեի մուտքային մաս /ինչը և նախատեսված է օրենքով/: Ինչո՞ւ, ուրեմն, այն թողնվեց 2003-ի պետբյուջեում, մի՞թե հասկանալի  չէր, որ 7 օրվա ընթացքում հնարավոր չէ այդ միջոցներին ընթացք տալ: Ինչու՞ չեն պահպանվել պետական գնումների մասին օրենքի պահանջները: Ի՞նչ է սա` դիտավորյալ օրինազանցությո՞ւն: Ի վերջո, որտե՞ղ են ճամփորդում պետական միջոցները:

ԱԺ հերթական լիագումար նիստում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի՝ խնդրո առարկային առնչվող հարցադրմանն ի պատասպան ԼՂՀ վարչապետը պատասխանել է. «Դուք հանդես եք գալիս ոչ պրոֆեսիոնալ ձևակերպված հարցադրումներով»:

Մեզ ուրիշ բան չի մնում, քան հուսալ, որ այս հրապարակումից հետո  կստանանք «պրոֆեսիոնալ պատասխան»:

Մարինե  ՄԿՐՏՉՅԱՆ

ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ԲԱՅՑ ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽԹԱՆՎՈՒՄ 

Մեր ապուտատերի ընտանիքներում սովորաբար յոթ, ութ, տասը երեխա էր լինում: Հաջորդ սերունդները գերադասում էին պլանավորել իրենց ընտանիքները և, որպես կանոն, սահմանափակվում երեք երեխայով: Ներկայիս երիտասարդ ընտանիքների համար ամենաարդյունավետ թիվը երկուսն է՝ մեկ տղա ու մեկ աղջիկ: Այո, մեկ-երկու երեխան և պահելն է հեշտ, և դաստիարակելը: Բացի այդ, ընտանիք պլանավորելն էլ է հեշտացել. այնքա¯ն կոնտրացեպտիվներ են արտադրվում: Մյուս կողմից էլ, ամեն ընտանիք չէ, որ ֆինանսապես իրեն պատրաստ է զգում բազմանալու: Բոլոր նշածս գործոնները հանգեցնում են նրան, որ այն ազգերը, որոնց ներկայացուցիչները միջինը 2 երեխա են ունենում, ընդամենը քանակապես վերարտադրվում են, և ոչ թե բազմանում: Ծնելիության մակարդակը կարող է դիտվել երկու տեսանկյունից. եթե առանձին մարդու շահերից ելնելով՝ շահավետ ու հեշտ է քիչ երեխա ունենալը, ապա ազգի և պետության շահերն առաջին հերթին պահանջում են հնարավորինս բազմազավակ ընտանիքներ: Ո՞րն է կարևորը:

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՊՐՈՒՄ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՆ ԱՅՍՕՐ 

Գարնանային մի օր այցելեցինք 7 արու զավակ ունեցող Ալլա և Արմեն Սողոմոնյանների բնակարանը: Ավագ որդին ընդամենը 9 տարեկան է: Նա լուրջ հայացքով հետևում էր տան փոքրիկին, որը շատ էր մոտեցել փայտյա վառարանին: Վեր կացավ ու երեխային հեռացրեց վառարանից: Հետո գնաց փայտ բերեց: Թեյնիկի մեջ ջուր լցրեց: Հայրը աշխատանքի էր (նա ինչ-որ տեղ տնտեսվար է աշխատում, 25-30 հազար դրամ վաստակում): Մայրը 8-րդ երեխային էր սպասում: Հարցրինք՝ քանի՞ երեխա է ցանկանում ունենալ: Պատասխանեց՝ մինչև աղջիկ ծնվի:

Տունն աղքատիկ էր. ո’չ հարմարություն, ո’չ կահույք: Հարցրինք, թե որքան գումար է ստանում որպես բազմազավակ մայր: Ալլան բացատրեց, որ 4-րդ երեխան ծնվելուց հետո փոքրիկի հաշվին 1000 դոլարի չափ գումար փոխանցեցին, 5-րդի հաշվին՝ 1500, իսկ 6-րդի և 7-րդի՝ 2000: Այդ գումարները նրանք կստանան երեխաների 18 տարեկանը լրանալուց հետո, իսկ հիմա ծնողներն ամեն ամիս տոկոսներ են ստանում՝ ընդամենը 25 հազար դրամի չափով: Մի 10 հազար դրամ էլ երեխայի նպաստ՝ ու վերջ:

Սողոմոնյանների համար տուն են կառուցել, բայց նախագծով տան մեջ ոչ մի կոմունիկացիա չի նախատեսվել, և տունն առանց ջրի, գազի, կոյուղու և այլ հարմարությունների է:

Վիկտոր Հարությունյանի ընտանիքում նույնպես 7 երեխա կա: Նա բողոքում է, որ ոչ մի կերպ չի կարողանում փակել կուտակվող պարտքերը: Մշտական աշխատանք չունի. ցանկացած գործի համաձայն է՝ միայն թե մի քանի դրամ վաստակի: «Ինչո՞ւ պետությունը բազմազավակ ընտանիքների համար ավելի շատ արտոնություններ չի սահմանում»,- հարցնում է Վիկտորը:

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳՍԸ ՊԵՏՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ԾՆՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՆ Է 

Ոչ ոք չի ստիպել Վիկտորին շատ երեխա ունենալ և, մեծ հաշվով, նա իրավասու չէ որևէ մեկից բան պահանջել: Սակայն կա հարցի հակառակ կողմը. մի քանի տարի առաջ մեր հանրապետության ղեկավարները հայտարարել են, թե ամեն ինչ կանեն՝ Արցախի բնակչությունը 300 հազարի հասցնելու համար: Մշակվեց ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների ծրագիր: Ըստ տվյալների՝ միայն ավանդներ են բացվել, 2001թ-ին՝ 563 հազ. դոլարի, 2002 թ.՝ 530 հազար: Եթե 2000 թ. ծնվել է 645 4-րդ և ավելի երեխա, ապա 2001-ին՝ 628, իսկ 2002-ին՝ 566: Ստացվում է՝ միջոցառումները կատարվում են, իսկ երեխաների թիվը նվազում է:

2003 թ. ԼՂՀ-ում ընդհանրապես ծնվել է 2058 երեխա, այսինքն՝ 132-ով ավելի քիչ, քան 2002 թվականին, կամ կրճատվել է 6 տոկոսով: 2004 թ. առաջին եռամսյակում ծնվել է 469 երեխա, որը 10-ով բարձր է անցած տարվա ցուցանիշից:

Ազգային վիճակագրության այս տվյալները պետք է բոլորիս զգուշացնեն: Ո՞ւմ համար ենք պատերազմել, պահպանել մեր հողը: Արդյո՞ք, պետությունն ամեն ինչ անում է՝ բազմազավակությունը խթանելու համար:

ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ 

Հարուստ ընտանիքները, որքան էլ դա տարօրինակ թվա, շատ երեխաներ չեն ունենում: Որպես կանոն, 6-րդ, 7-րդ և այլ երեխաներ ծնվում են ոչ այնքան ապահովված ընտանիքներում: Դարձյալ որպես կանոն, այդ ընտանիքներում ծնողները նորմալ աշխատանք չեն ունենում: Եթե նույնիսկ նրանք գյուղական վայրերում են բնակվում և հող ունեն, այն մշակելու համար ֆինանսներ չեն գտնում: Պետությունից ստացած տոկոսները հազիվ հացի են հերիքում, իսկ սեփական հողում աշխատելու կամ անասուն պահելու փոխարեն 7 կամ 10 երեխայի հայրը ստիպված է լինում ուրիշի մոտ բատրակություն անել:

Վազգենաշեն գյուղի վերաբնակիչներ Սարգսյանների ընտանիքում 11-րդ երեխան է ծնվել: Այդ կապակցությամբ ընտանիքին միանվագ 5 հազար ամերիկյան դոլար են տվել՝ տնտեսությունը բարելավելու համար: Մինչ այդ, ընտանիքի հայրը դժգոհում էր, որ թեկուզ առավոտից իրիկուն աշխատում է, ընտանիքի հոգսերն ամենևին չեն թեթևանում: Քանի որ ուրիշի մոտ և ուրիշի համար է աշխատում:

Այժմ նա որոշել է անասուն ձեռք բերել, գուցե նաև մի փոքրիկ տրակտոր էլ գտնի: Երևի թե, դա ավելի ճիշտ եղանակ է՝ գումարը միանգամից տալ, որպեսզի մարդ սեփական գործ սկսի:

Իհարկե, շատ շահավետ է, երբ պետությունը ժամկետային ավանդ է պահում բանկում ցածր տոկոսներով: Շահավետ է առաջին հերթին բանկի համար: Տոկոսներն էլ մեծ օգնություն են բազմազավակ ընտանիքների համար: Բայց եթե վիճակագրությունը խոսում է այն մասին, որ ծրագիրն անցած 3-4 տարիներին այդպես էլ բազմազավակությունը չի խթանել, ուրեմն, պետք է ուրիշ ճանապարհներ փնտրել:

ՄՈՌԱՑՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ ԵՍ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ ՉԵՄ ԿՌՎԵԼ… 

Հաղթեցինք պատերազմում:

Այս «խոչընդոտն էլ» հաղթահարեցինք: Եվ բոլորս էլ գիտակցում ենք, թե ինչ գնով՝ բավականին թանկ գնով: Այսօր, ըստ էության, վայելում ենք այդ թանկ գնով նվաճած ազատության պտուղները՝ ոչ մի վայրկյան չմոռանալով, ամեն պատեհ առիթով հիշելով նահատակված կամ հրաշքով փրկված մեր քաջորդիներին: Սակայն բոլո՞ր քաջորդիներին ենք արդյոք հիշում հավուր պատշաճի, արդյո՞ք բոլորին ենք մատուցում արժանին…

Ցավոք, լիարժեք «այո» ասելու համար խանգարում են մի քանի իրողություններ: Ծննդով ստեփանակերտցի Հրաչ Գևորգյանը դեռևս 17 տարեկան էր, որ սկսվեց պատերազմը: Սովորում էր Սևանի մեքենաճանապարհաշինարարական տեխնիկումում: 1992 թ., ազատամարտիկ հորեղբոր զոհվելու լուրը առնելուն պես, վերադառնում է Արցախ և զինվորագրվում այն գումարտակում, որտեղ ծառայել է հերոսաբար նահատակված հորեղբայրը՝ Աշոտ Գևորգյանը: Որոշ ժամանակ անց տեղափոխվում է թիվ 39179 գումարտակ և մասնակցում Արցախի ինքնապաշտպանության համար մղվող մարտերին: Հարուստ ոդիսական ունի Հրաչը. Մարտակերտի շրջանի պաշտպանական և ազատագրական, Աղդամի կրակակետերի ոչնչացման, Ֆիզուլու, Կուբաթլուի, Ջեբրայիլի, Քելբաջարի շրջանների հերոսամարտեր, ինչպես նաև՝ Օմարի լեռնանցքի պաշտպանական մարտեր:

«Մի քանի կիլոմետր բարձրություն ունեցող դժվարահաս բարձունքից վերահսկում էինք տարածքը,- Օմարի մարտերի մասին պատմում է Հրաչը,- հանկարծ, չգիտես որտեղից, անսպասելիորեն դուրս եկան ազերիները և աղմուկ-աղաղակով հարձակվեցին մեզ վրա: Գնդացրի մոտ Արմենն էր, սակայն ազերիները նռնակներով լռեցրին նրան: Հիշում եմ ինչպես նա գլորվեց անդնդախոր ձորը: Ես ու  Անդրանիկը կրակում էինք մեր ինքնաձիգներից: Այնուհետև Անդրանիկը վազեց գնդացրի մոտ, բայց նա էլ զոհվեց թշնամու նռնակներից»: Անդրանիկից հետո գնդացիրն իր ձեռքն է վերցնում Հրաչը և վիրավորվում շուրջ մեկ մետր հեռավորության վրա պայթած թշնամու նռնակից: Նա չի հիշում, թե այդպես վիրավորված ինչքան ժամանակ է դիմադրել ազերիներին. «10, 15 թե 20 րոպե… Չեմ հիշում: Բայց հիշում եմ, որ մեր տղաները հասան և թշնամուն մատնեցին փախուստի»: Ազերիները, մի քանի տասնյակ զոհ տալով, փախան, իսկ Հրաչին, արդեն անգիտակից վիճակում, ընկերներն իջեցնում են բարձունքից և հասցնում Մարտակերտի հիվանդանոց: Բժիշկը, տեսնելով նրա ծանր վիճակը, ընկերներին խորհուրդ չի տալիս տեղափոխել՝ ասելով, որ բոլոր ջանքերն արդեն իզուր են: Սակայն մարտական ընկերները Հրաչին մի կերպ հասցնում են Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ բժիշկ Լևոն Հարությունյանի շնորհիվ հրաշքով կենդանի է մնում:

Նռնակի բեկորներից մի քանիսը մխրճվել էին գլխի մեջ, և վիրավորի վիճակն իրոք անհուսալի էր: «Աստծո օգնությամբ փրկվեց Հրաչը: Իրոք, ապրելու հնարավորությունները չափազանց քիչ էին, նույնիսկ կարելի է ասել՝ չկային»,- հետո հիշելու էր Լևոն Հարությունյանը:

Այնուհետև Հրաչն իր բուժումը շարունակում է Երևանի թիվ 2 շտապ օգնության հիվանդանոցում և որոշ ժամանակ անց վերադառնում է Ստեփանակերտ:

Երկար տևեց Հրաչի հիշողության վերականգնումը: Այսօր, թեկուզ կցկտուր, բայց հիշում է դրվագներ իր գումարտակի անցած հերոսական ուղուց, ծիծաղում, տխրում…

Առաջին կարգի հաշմանդամ Հրաչ Գևորգյանը հպարտությամբ մեզ ցույց տվեց Մարշալ Բաղրամյանի անվան մեդալը, որով պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարի 1997 թ. նոյեմբերի 15-ի հրամանով: Եվ, հիրավի, թախիծ չտեսանք մենք հերոսի աչքերում, դժգոհության ոչ մի նշույլ, որ առ այսօր հայրենիքն իր ծառայության գնահատականը ամփոփել է ընդամենը այդ մեկ հատիկ մեդալի մեջ: «Ես մեդալի կամ շքանշանի համար չեմ կռվել: Եվ եթե, Աստված հեռու տանի, նորից պատերազմ սկսվի, ես առանց տարակուսելու կլինեմ իմ ընկերների կողքին՝ իմ հայրենիքը պաշտպանելու»:

—–

ԱԿՆԱԿԼՈՒՄ ԵՆՔ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 

Մեզ հետ ունեցած հարցազրույցում այսպես ասաց առևտրի, հասարակական սննդի, կոմունալ կենսածառայությունների աշխատողների արհմիությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Արայիկ Ղահրամանյանը:

ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիան լուծարվել է մոտավորապես 1996-ի կեսերին: Ինչո՞վ է պայմանավորված նրա վերածննդի գաղափարը:

– Նախկինում արհմիություններն էին կառավարում պետական սոցիալական ապահովագրությունը, վերահսկում էին աշխատանքի պաշտպանության ու անվտանգության տեխնիկայի վիճակի, աշխատանքային օրենսդրության պահպանման հարցերը: Նրանց հիմնական խնդիրներից էին նաև ժողտնտեսության պլանների կատարման համար ժողովրդի ուժերի մոբիլիզացումը, տեխնիկական առաջադիմության միջոցառումների իրականացումը, մասնակցությունը հիմնարկ-ձեռնարկությունների հեռանկարային պլանների մշակմանը: Նրանք զբաղվում էին աշխատողների սոցիալական ապահովագրության, բուժսպասարկման, կրթության, թոշակների կարգավորման հարցերով, ունեին իրենց սանատորիաները, հանգստյան տները, տուրբազաները, պիոներական ճամբարները, ուր ամեն տարի բուժվում, հանգստանում էին հազարավոր բանվոր-ծառայողներ, պիոներ-դպրոցականներ: Այժմ, շուկայական հարաբերությունների պայմաններում, այդ ամենը կարծես թե վերացել է: Աշխատավոր խավը օտարվել է համաժողովրդական սեփականությունից, ոտնահարվում են մարդկանց իրավունքները, գործատուները խախտում են աշխատանքային պայմանագրերը, աշխատաժամանակի ժամկետները, կիրակնօրյա հանգստի, արձակուրդի տրման կարգը, ժամանակին չեն տալիս աշխատավարձերը: Ձգձգելով աշխատավարձի վճարումները, շատ գործատուներ շահույթը ներ են դնում շրջանառության մեջ՝ ավելի բարձր եկամուտներ ստանալու համար՝ բոլորովին հաշվի չառնելով, թե ինչով են սնվում-ապրում իրենց աշխատողները: Մեծ չարիք է դարձել գործազրկությունը, ժողովրդի մեծ մասի համար պարզապես անհասանելի է վճարովի բուժսպասարկումն ու կրթությունը: Այս և նման այլ խնդիրների առկայությունն էլ օրվա պահանջ է դարձրել արհմիությունների վերականգնումը, որի մասին օրենքն ընդունվել է ԼՂՀ Ազգային ժողովում (2003 թ. ապրիլին) և ստորագրվել հանրապետության նախագահի կողմից:

Ամեն մի երևույթ էլ ունենում է իր՝ տեղական, միայն իրեն հատուկ առանձնահատկությունները: Այդ առումով՝ որո՞նք են արհմիությունների վերականգնման յուրահատկությունները մեր հանրապետությունում:

– Այն կապված է պետականության կայացման ու զարգացման, ինչպես նաև ժողովրդի ինքնագիտակցության բարձրացման, նրա սոցիալ-տնտեսական ակտիվության զարգացման հետ: Վերստեղծվող կազմակերպությունները բավականին փորձ ունեն և հույս ունեն դառնալու ներկա հասարակության կառուցման սոցիալ-տնտեսական հիմնական կառույցներից մեկը: Բայց այնպիսի կառույց, որն իր բնույթով ու յուրահատկություններով տարբերվում, առանձնանում է հասարակական ու քաղաքական մյուս կազմակերպություններից: Քաղաքական գործընթացներում արհմիությունները հանդես են գալիս միայն այնքանով, որքանով նրանք այս կամ այն կերպ կապված են այնպիսի կազմակերպությունների հետ, որոնց ծրագրային հիմնադրույթները շաղկապվում են աշխատավորության նպատակներին ու ձգտումներին: Վերստեղծվող արհմիությունները կառավարվում են նույն կազմակերպության անդամների կողմից: Կառավարող անձնակազմում հավանաբար կլինեն նաև վարձատրվող աշխատողներ, բայց շատ սակավաթիվ: Ոլորտի բոլոր պաշտոնյաներն էլ, կազմակերպության մյուս անդամների նման, որոշակի պարտականություններ ունեն երկրի հանդեպ: Ճիշտ է, այս առումով հիմա առավել դժվար կլինի: Բանն այն է, որ նախկինում, որպես գործատու, հանդես էր գալիս միայն պետությունը: Այժմ պետությունը գործատուի իր դերը մեծամասամբ զիջել է մասնավոր սեփականատերերին: Իսկ նրանց հետ այնքան էլ հեշտ չի լինի: Եվ մենք ակնկալում ենք պետական մարմինների կայուն աջակցությունը: Իհարկե, օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ինչպե՞ս է ընթանում արհմիութենական կազմակերպությունների վերականգնման գործընթացը: Կա՞ն խանգարող հանգամանքներ:

– Արհմիութենական կազմակերպությունների ճյուղային հիմնադիր համագումարը կայացել է նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին: Այն ժամանակ ճյուղում վերստեղծվել են 26 սկզբնական կազմակերպություններ: Այսօր, հինգ ամիս հետո, այդ թիվը հասել է 60-ի, որոնցում ընդգրկված են 2300-ից ավելի անդամներ: Գործընթացում անհաղթահարելի դժվարություններ, մեծ խոչընդոտներ չկան, չհաշված, որ որոշ գործատուներ, իրենց շահերից ելնելով, ինչ-որ ձևով ուզում են խոչընդոտել:

Ի դեպ, բանվոր-ծառայողները, աշխատավորությունը մեծ հույսեր են կապում արհմիութենական կազմակերպությունների վերստեղծման հետ: Ձեր ղեկավարելիս հանրապետական միությունը մոտավորապես հինգ ամսվա պատմություն ունի: Այդ ժամանակաընթացքում կարողացե՞լ եք ինչ-որ չափով համոզել նրանց, որ նրանք չեն սխալվում իրենց սպասելիքներում:

– Արհմիությունները նախկինում շատ իրավունքներից էին օգտվում: Դրանք, սակայն հետագայում (արհմիությունների լուծարումից հետո) բաժան-բաժան են արվել: Այդ ամենին նորից տիրանալու համար և’ ժամանակ է պետք, և’ անհրաժեշտ նախապայմանների ստեղծում: Անցած հինգ ամիսներին կայացել է միության նախագահության երկու նիստ, որտեղ քննարկվել են բազմաթիվ հարցեր, կատարվել է աշխատանքի բաշխում նախագահության անդամների միջև, հաստատվել են աշխատանքային պլան ու հաստիքացուցակներ, լսվել են եկամուտների ու ծախսերի գծով, ինչպես նաև տարվա առաջին ու երկրորդ եռամսյակներում կատարված աշխատանքների մասին հաշվետվությունները:

Հինգ ամիսն, ինչ խոսք, նման բնագավառում նկատելի հաջողությունների հասնելու համար քիչ ժամանակ է: Այնուամենայնիվ, որոշ ձեռքբերումներ ունենք: Անցած ժամանակահատվածում, հագուստեղենի տեսքով, օգնություն է ցույց տրվել 57 զոհված ազատամարտիկների ընտանիքների: Նախնական պայմանավորվածություն ունենք Ստեփանակերտի քաղաքապետարանի ու մի շարք բիզնեսմենների հետ («Արջ» ՓԲԸ տնօրեն Կարեն Եսայանի գլխավորությամբ) մայրաքաղաքում 100 տեղանոց անվճար մանկապարտեզ բացելու համար: Արդեն կա ճյուղային միության, մարդու իրավունքների Ասոցիացիայի Ստեփանակերտի մասնաճյուղի և ԼՂՀ ԿՄՍ նախարարության պայմանավորվածությունը Շուշի քաղաքում գիշերօթիկ դպրոց բացելու համար: Նշեմ, որ անդամավճարների 50 տոկոսը մնում է սկզբնական կազմակերպությունների տրամադրության տակ, որոնք կարող են օգտագործվել ցանկացած նպատակներով:

Որոշակի պայմանավորվածությունների ենք հասել մի շարք գործատուների, իրավապահ մարմինների հետ, հատկապես աշխատանքային օրենսդրության պահպանման, աշխատանքային օրվա տևողության, հանգստյան օրերի ու արձակուրդների տրման, աշխատանքից հեռացման կամ այլ աշխատանքի տեղափոխման, բժշկական հիվանդաթերթիկների դիմաց վճարման և այլ խնդիրների կարգավորման ուղղությամբ: Մի խոսքով՝ ինչ-որ բան կա: Ճիշտ է, առայժմ դա շատ է քիչ, բայց համոզված եմ, որ ժամանակի ընթացքում կարդարացվեն մարդկանց հույսերը:

Եվ վերջին հարցը. առաջիկայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են: Արհմիություններն իրավո՞ւնք ունեն, արդյոք, իրենց ներկայացուցիչներն ունենալ ինչպես այդ, այնպես էլ պետական կառավարման մարմիններում: Բացի այդ, յուրաքանչյուր արցախցու համար այսօր ամենաառաջնայինը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է: Ձեր մոտեցումն այդ խնդրին:

– Գործող օրենսդրությամբ՝ մենք, դժբախտաբար, միայն ընտրելու իրավունք ունենք, բայց ոչ ընտրվելու: Այդ մասին հստակ իմացվեց, երբ ուզում էինք աշխատանք ծավալել տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների կապակցությամբ: Ռուսաստանի Դաշնության արհմիություններն, օրինակ, ունեն և ընտրելու, և ընտրվելու իրավունք: Իսկ մենք՝ ոչ: Կարծում էմ՝ սա պարզապես վրիպում է: Վերջերս հատուկ նիստ ենք հրավիրել, որտեղ արվել են կոնկրետ առաջարկություններ, որոնք կուղարկվեն ԼՂՀ Ազգային Ժողով՝ գործող օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու համար: Հուսանք, որ դրությունը կշտկվի:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին, միանշանակ նշեմ, որ այս գործում արհմիությունները բացարձակապես կլինեն ու հանդես կգան պետական մարմինների հետ ձեռք-ձեռքի տված՝ այդ նպատակով օգտագործելով այլ երկրների արհմիությունների և հասարակական այլ կազմակերպությունների հետ համագործակցելու՝ օրենքով սահմանված մեր իրավունքը: Ունեցած բոլոր մեր հնարավորությունները կօգտագործենք խնդրի խաղաղ կարգավորման, ԼՂՀ միջազգային ճանաչման, երկրում կայուն խաղաղության ապահովման, նրա պաշտպանունակության հզորեցման, Արցախը տնտեսապես ու սոցիալապես առավել զարգացած հանրապետություն դարձնելու համար:

Հարցազրույցը վարեց Դավիթ ԻՇԽԱՆՅԱՆԸ

«ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱԶԱՏՎԵԼ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻՑ»

ԱրՊՀ-ում սկսված է պետական քննաշրջանը: Մայիսի 31-ին պետական քննություն հանձնեցին նաև ապագա լրագրողները: Ընդունող հանձնաժողովը նախագահում էր ԵրՊՀ լրագրության ֆակուլտետի հեռուստատեսության և ռադիոլրագրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Մուշեղ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, որին և խնդրեցինք մեր թերթի ընթերցողների հետ կիսել իր տպավորությունները:

– Պատրաստվածության առումով ուսանողները թույլ չէին, կար ձգտում: Պարզապես այստեղ կարելի էր ավելի արդյունավետ կազմակերպել ուսումնական պրոցեսը, որպեսզի ուսանողներն ավելի շատ ինֆորմացիա ունենային: Օրինակ՝ հարցատոմսերի մեջ ընդգրկված չէին այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են նոր տեղեկատվական տեխնոլոգիաների վերջին նվաճումները,  ցանցային ժուռնալիստիկան և այլն: Դուրս էին մնացել նույնիսկ ինտերնետային ռադիոն, հեռուստատեսությունը, իրողություններ կապված ինտերնետի հետ, սփյուռքահայ ԶԼՄ-ները և դրանց անմիջական կապը հայրենիքի հետ, որոնք, կարծում եմ, պետք է որ կարևոր լինեն Արցախի համար: Ուզում եմ նշել նաև նյութատեխնիկական բազայի թերությունները, որովհետև հատկապես ժուռնալիստիկայի բաժինը պետք է այդ առումով հագեցված լինի, լինեն փորձի փոխանակումներ ժուռնալիստական լավագույն կենտրոնների հետ, և կարողանան դրա վրա զարգացնել նյութատեխնիկական բազան, այսինքն՝ ունենան լսարանային մեծ ֆոնդեր, հեռուստառադիոստուդիաներ, համակարգչային կենտրոն (ընդ որում՝ առանձին բաժնի համար), գրադարան՝ մասնագիտական գրքերով հագեցված: Անհրաժեշտ է կատարել նաև ծրագրային փոփոխություններ, ծրագրի մեջ ընդգրկել հայկական վերջին անկախ պետականության մամուլը, նորագույն ժուռնալիստիկայի նվաճումները, Հայաստանի և Արցախի մամուլի համեմատական վերլուծությունը, որովհետև այս ամբողջի մեջ հայկական լրատվամիջոցները կարծես չեն ուսումնասիրվում, ինչպես նաև հանրային ռադիոյի, հեռուստատեսության, մասնավոր սեկտորի ստեղծումը, դրանց մարկետինգը, մենեջմենթը, տնտեսական շուկայի պահանջները մրցակցության պայմաններում, շուկայի պահանջների ներկա մակարդակն Արցախում: Եվ այն փորձը, որ կա Հայաստանում, անպայման պիտի փոխանցվի այստեղ, նկատի ունենալով ուսանողների գիտակրթական կադրերի պատրաստումը՝ ժուռնալիստիկայի գծով թեզերի, ատենախոսությունների, թեկնածուականների պաշտպանությունը, որի արդյունքում միայն կարելի կլինի զարգացնել ամբիոնը, որը պետք է անջատվի բանասիրականացված ժուռնալիստիկայից. դա աննորմալ երևույթ է: Իհարկե, մենք բոլորս էլ ունեցել ենք այդ փորձը և գիտենք, որ մինչև ամբիոնը չանջատվի, մինչև չունենա իր բազան, ժուռնալիստիկան առաջադիմություն չի ունենա: Օրինակ, Հայաստանում, երբ ժուռնալիստիկան բանասիրական ֆակուլտետի բաժինն էր, մենք 1-2 ժուռնալիստական գիրք հազիվ էինք հրատարակում, իսկ ահա 5 տարի պատմություն ունեցող ֆակուլտետը 35 անուն գիրք է հրատարակել և բազմաթիվ նվիրատվություն-դրամաշնորհներ է ստացել:

Իսկ, ի՞նչ եք կարծում, նման նյութատեխնիկական բազայով  կարելի՞ է մի ամբողջ բաժին պահել:

– Սկիզբը միշտ էլ դժվար է լինում: Նույն վիճակը նաև մեզ մոտ էր. ոչինչ չունեինք, շաբաթը մեկ անգամ միայն անցնում էինք ժուռնալիստական մասնագիտացում, մենք ընդամենը մի տեսախցիկ և մի ձայնագրիչ ունեինք, բայց այս աստիճանական պրոցեսը բերեց նրան, որ հիմա ժամանակակից տեխնիկական բազա ունենք, ինչի շնորհիվ լուծում ենք մեր բոլոր հարցերը: Իհարկե, ցանկալի է, որ դուք էլ միանգամից լավ բազա ունենաք, բայց եթե լավը չկա, չի կարելի հրաժարվել և ասել, որ եղածն էլ պետք չէ: Պետք է աստիճանական հոգածություն լինի՝ հիմնարար բազա ստեղծելու համար: Ես կառաջարկեի դիպլոմային աշխատանքների պաշտպանության ժամանակ հրավիրել նաև մամուլի ակումբի անդամներին, թերթերի խմբագիրներին: Թող գան և տեսնեն, թե ինչպիսի կադրեր են աճում, գուցե նաև ցանկանան ոմանց հրավիրել աշխատանքի:

Այսօր ավարտած լրագրողներից ոչ բոլորն են ապահովված աշխատանքով: Ի՞նչ  եք կարծում, այսքան լրագրողների պահանջ կա՞ Արցախում:

– Ընդհանրապես, ժուռնալիստիկան այն մասնագիտությունն է, որի պահանջարկը միշտ էլ լինում է, ինչպես ասում են՝ տաշած քարը գետնին չի մնում, ընդունակ ուսանողը վաղը ամեն դեպքում իր տեղը կգտնի, այլ խնդիր է, որ լրատվամիջոցների շուկան Արցախում նոր է ձևավորվում: Այստեղ պահանջարկը դեռ այնքան շատ չէ, որպեսզի լրատվամիջոցները մրցակցության մեջ մտնեն, լսարան նվաճելու համար բարձրացնեն տպաքանակը, բայց կգա նաև դրա ժամանակը:

Կարծում եք՝ նախահիմքեր կա՞ն:

– Իհարկե: Նկատելի է թերթերի տեսականու ավելացումը: Հեռու չէ այն ժամանակը, երբ կստեղծվեն մասնավոր ռադիոկայաններ, հեռուստատեսություններ: Աստիճանաբար բազան կզարգանա, կմեծանա պահանջարկը: Իսկ դրա համար ներդրումներ պետք է արվեն և, իհարկե, գովազդ պետք է լինի, իսկ դա էլ տնտեսական զարգացման հետևանք է, պետք է տնտեսական զարգացում լինի, որպեսզի տնտեսությունն ինքը կարողանա ֆինանսավորել լրատվամիջոցին և ոչ թե պարզապես մեկին գումար տա ու ասի՝ կգնաս ինձ գովես: Ինչո՞ւ: Նա այդ գումարը կտա լրատվամիջոցին, որն ավելի ընդունված և ճանաչված է, ավելի շատ ժողովրդականություն է վայելում: Դրա հետևանքով էլ կլինեն միավորումներ, կստեղծվեն հոլդինգներ, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում:

Չե՞ք կարծում, որ ուսանողների, հատկապես լրագրողների, շփման անհրաժեշտություն կա:

– Անշուշտ: Սակայն այստեղ ֆինանսների հետ կապված խնդիրներ կան: Մենք ունենք մեր սայթը, մենք կմշակենք համագործակցության պլան, Արցախի ուսանողներն ինտերնետի միջոցով կմտնեն մեր սայթը, կուղարկեն մեզ հոդվածներ, որոնք մենք կտեղադրենք այդ սայթում, և սա կլինի յուրահատուկ շփման ձև: Իհարկե, կենդանի շփումն ավելի նախընտրելի է, սակայն, քանի որ համալսարանն այդ պայմանները չունի, առայժմ կարող ենք համագործակցել ինտերնետային կապի միջոցով:

Ուզում ենք հատուկ նշել, որ   պարոն Հովսեփյանը հունիսի 1-ին և 2-ին դասախոսություններ կարդաց ԱրՊՀ ժուռնալիստիկայի բաժնի ուսանողների համար: Ի դեպ, դասախոսություններից մեկի ընթացքում նա սիրով ընդունեց ԱրՊՀ դասախոսներից մեկի այն առաջարկը, որ այն տեխնիկական միջոցները, որոնք չեն օգտագործվում ԵրՊՀ-ում (քանի որ ստացել են ժամանակակից տեխնիկական միջոցներ) տրամադրվեն ԱրՊՀ-ին: Հուսանք, որ ԱրՊՀ-ն շուտով կունենա թեկուզ օգտագործված, սակայն այդքան սպասված տեխնիկական բազան:

Հարցազրույցը վարեց Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆԸ

Կարծիք
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԻ ՀԱԳՈՒՍՏԸ

Դասական բնորոշմամբ՝ պետությունը հավատամքի ընկերային կազմությունն է՝ հասարակության բարոյական համակարգի իրավական կառուցվածքը: Պետությունը չի կարող բարոյազուրկ լինել, հակառակ դեպքում՝ անխուսափելի է կործանումը: Ուստի պետությունը պարտավոր է հոգալ, որ երկրում արմատախիլ արվի անբարոյականություն ծնող ցանկացած երևույթ: Մարդու կողմից բարոյականության դրսևորման ձևերը տարբեր են: Արտաքին դրսևորման մեջ առաջնայինը հագուստն է:

Հագուստը մարմնի արհեստական ծածկոց է: Այն առաջացել է մարդու արարումից հետո: Երբ Ադամն ու Եվան ճաշակել են արգելված պտուղը, առաջին զգացումը, որ նրանց մոտ առաջացել է, եղել է ամոթը: Աստված կատարված մեղքի պատճառով Ադամին և Եվային վռնդել է Եդեմից, նախապես կաշվե հանդերձներ շինելով և հագցնելով նրանց: Այսքանը հայտնի է բոլորին՝ հավատացյալներին և անհավատներին: Եզրակացնենք՝ մեղքը, ամոթը և հագուստը փոխկապակցված են:

Հասարակության զարգացման ընթացքում տարբերակվել են տղամարդու և կնոջ, կանանց ու աղջիկների հագուստները: Ստեղծվել են առօրյա, տնային, տոնական, աշխատանքային, ծիսական, եկեղեցական, իշխանական, սոցիալական շերտավորումների և այլ հագուստներ: Պատմական ժամանակաշրջաններում հագուստը արտացոլել է էթնիկական, հետագայում՝ նաև ազգային առանձնահատկությունները: Այնուհետև ազգային տարազը դուրս է մղվել, փոխարինվել է եվրոպական հագուստով, ապազգային և հակազգային գործոններից մեկի՝ նորաձևության միջոցով: Այսքանը եղել է անցյալում, պատասխանատուները մեր նախնիներն են: Բայց ներկայումս, երբ ստեղծված է անկախ, ինքնիշխան, հայկական պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը (ներառյալ՝ Արցախը), բնականաբար, մեր արտաքին տեսքը պիտի համապատասխանեցնենք մեր ազգային էությանը, այսինքն՝ պիտի ստեղծենք ձևի և բովանդակության ներդաշնակություն: Հայկական պետությունը բազմաթիվ այլ խնդիրների հետ միասին պիտի լուծի նաև ժամանակակից հայի հագուստի խնդիրը: Այդ խնդիրը առաջնահերթ է այն պատճառով, որ անմիջապես ցույց է տալիս ազգի բարոյական կերպարը, պատկերացում տալիս ամոթի զգացումի նկատմամբ ազգի վերաբերմունքի մասին: Գաղտնիք չէ, որ բարոյազրկված, անամոթ հասարակության մեջ ազգային, պետական և ոչ մի լուրջ խնդիր հնարավոր չէ լուծել:

Արցախյան պատերազմից անմիջապես հետո, հիշենք, մենք հիմնականում հագնում էինք համեստ, մուգ գույնի, իսկ կանանց որոշ մասը՝ սգո հագուստներ: Այսինքն՝ հագուստի միջոցով արտահայտում էինք հազարավոր զոհված հայորդիների հիշատակի նկատմամբ մեր վերաբերմունքը: Պատերազմի ավարտից անցել է ավելի քան տասը տարի, սակայն, այսօր էլ որոշ կանայք շարունակում են հագնել սգո հագուստներ, որոշ մասն էլ՝ պահպանողական մասը, շարունակում են հագնել նախկին ժամանակների նման, իսկ ի՞նչ են հագնում մյուսները (մեծամասնությունը): Վիճակն այնքան է խայտառակ, որ դժվար է բնորոշման համար այնպիսի բառ գտնել, որն արտահայտի իրական վիճակը և լինի պատշաճ:

Յուրաքանչյուր ժամանակաշրջանում միշտ էլ կանացի հագուստը եղել է առաջատարը՝ թե° բազմազանության, թե° գեղեցկության առումով: Հայ կինը դարեր շարունակ հագել է հայկական տարազ, որն իր բազմազանությամբ, նշանակությամբ, նուրբ ճաշակով տարբերվել է հարևան ազգերից: Պատմական Հայաստանի յուրաքանչյուր նահանգ ունեցել է իր տարազը: Հայկական տարազի ամեն մի տարր ունեցել է իր նշանակությունը և կիրառությունը: Մասնավորապես, գոտին (ի հեճուկս ներկայիս պորտաբաց կանանց և աղջիկների)՝ բացի հագուստի զարդ լինելուց, պահպանել է երիկամները մրսելուց: Իսկ գլխաշորը…

Իսկ եթե նրանց գլխաշորից դեղ¬դարման սարքվեր՝ անպարկեշտություն կոչված ախտը կբուժվեր իսպառ:

Հայ մեծ բանաստեղծի այս տողերը ընդամենը քառասուն տարվա վաղեմություն ունեն: Փոխվե՞լ են ժամանակները: Իհարկե, ժամանակները փոխվում են, բայց մարդու ներքին էությունը մնում է անփոփոխ: Ժամանակակից մարդն իր զգացմունքների, սիրո և ատելության, ներքին մղումների, կրքերի, կասկածների ու անվստահության, քողարկված և անսքող ձգտումների ամբողջությամբ ոչնչով չի տարբերվում անտիկ ժամանակաշրջանի հույն ողբերգակների հերոսներից, Նարեկացու հանճարեղ հերոսից, միջնադարի կամ ատոմային դարաշրջանի անհատից:

Այո, մարդու ներքին էությունը չի փոխվում, փոխվում են միայն արտաքին դրսևորման ձևերն ու եղանակները:

Առանձնապես մտահոգիչ է հագուստի հարցը հայկական դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Աղջիկների մեծամասնությունը դպրոց է հաճախում սպորտային, տնային, բազմազան տիպի և ձևի անդրավարտիքներով, կիսավարտիքներով և վերնազգեստներով: Կոսմետիկայի և արդուզարդի տեսանկյունից էլ հաճախ գերազանցում են ուսուցչուհիներին: Մանկավարժությունից շատ թե քիչ տեղյակ մարդն էլ կարող է հաստատել, որ ներկայիս դպրոցներում ուսուցիչների ոչ մի արդարացում չհանդուրժող ցածր աշխատավարձի և ժամանակակից «դպրոցական հագուստ» կրողների շրջանում չի կարելի պատշաճ ձևով իրականացնել ուսուցման հիմնական խնդիրները՝ կրթությունը և դաստիարակությունը: Դպրոցական հագուստի հարցի հետևողականորեն լուծման դեպքում կլուծվի նաև չորս կարևոր խնդիր.

ա) բարոյահոգեբանական,
բ) սոցիալական,
գ) ազգային ավանդույթների պահպանման, դ) տնտեսական (նոր աշխատատեղերի բացում):

Այսօրվա հայուհիները հիմնականում հագնում են Թուրքիայից, Իրանից և արաբական երկրներից ներկրված ցածրորակ, էժանագին և անճաշակ հագուստներ, որոնք այդ երկրներում, թեկուզ զավեշտական թվա, չեն հագնում, քանի որ նախ՝ Ալլահը թույլ չի տալիս, և մի քիչ էլ ամոթի զգացում ունեն:

Այո, հայ կինը կամաց¬կամաց կորցնում է ամոթի զգացումը և ճաշակը, իսկ տղամարդիկ կարծես թե հանդուրժում և հարմարվում են: Տղամարդկանց նման վերաբերմունքը կանանց հագուստի նկատմամբ բացատրվում է նրանով, որ.

ա) մեծամասնությունը լինելով գործազուրկ կամ ցածր վարձատրվող, չկարողանալով ապահովել ընտանիքի նվազագույն կարիքները, հեղինակազրկվում է՝ «լեզուն կարճանում է»,

բ) մի ստվար մասն էլ ընդհանրապես անտարբեր է ամեն ինչի նկատմամբ (դա էլ հասարակության հիվանդության ախտանիշն է),

գ) մի մասի համար էլ ուղղակի հաճելի է ամեն քայլափոխի ձրի «ստրիպտիզ» դիտելը:

Սա ի՞նչ է, մի՞թե ազգի ինքնակործանման նախանշաններ չեն:

Այսօրվա հայ կնոջ հագուստն ունի ավելի շատ սեքսուալ ուղղվածություն: Ասել է թե՝ հագուստի միջոցով պիտի կարողանա առավելագույնս ցուցադրի, ընդգծի մարմնի ամոթանքները, անկախ նրանից՝ դրանք գեղեցի՞կ են, թե՞ տգեղ, «նորմերի» սահմաններո՞ւմ են, թե՞ երկու կամ ավելի անգամ մեծ, իսկ նպատակն է՝ գայթակղել հակառակ սեռի ներկայացուցիչներին, նրանց մոտ առաջացնել կրքեր և այլ մղումներ: Եվ ինչո՞ւ միայն հակառակ սեռի, չէ որ հիմա ազատություն¬ժողովրդավարություն, սեքսուալ հեղափոխություն է: Հագուստի միջոցով կանայք փորձում են նմանվել տղամարդկանց, որը բերում է կանացիության աղավաղում և այլասերում: Այդ երևույթը՝ էմանսիպացիան, նվաստացնում է կնոջը, նրան դարձնում երկրորդ տեսակի տղամարդ և զրկում ինքնատիպությունից:

Վերջերս անգլիական լրատվամիջոցներում հաճախ է նշվում անգլիական ազգի վաղ ծերացման մասին: Գիտնականները հայտնաբերել են, որ այդ երևույթը հիմնականում պայմանավորված է ռոք երաժշտությամբ և հագուստով: Ռոք երաժշտության վնասակարության մասին բազմիցս գրվել է: Նրա դիվային և մոգական ուժի մասին ոչ միայն Եկեղեցին է հայտարարում, այլ գիտնականներն էլ են պարզել, որ շատ հանրահայտ ռոք խմբերի երգացանկերում բացահայտ սատանայի գովքն արվող երգեր կան: Հագուստի սեքսուալ ուղղվածությունը գայթակղեցնելով մարդուն՝ պարտադրում է ավելորդ ճիգեր թափելու հոգևոր և ֆիզիկական հավասարակշռությունը, պարկեշտությունը պահպանելու համար:

Այն առավել վտանգավոր հետևանքներ է առաջացնում դեռահասների ու պատանիների շրջանում: Նրանց մեծամասնության մոտ սեքսուալ կրքերը խանգարում են ստեղծագործական մտքի զարգացմանը: Այդ տարիքի տղաների մոտ աստիճանաբար վերանում են հետաքրքրասիրությունները, ազգասիրության ու հայրենասիրության գաղափարները, ռոմանտիզմը, արմատավորվում է անտարբերություն ամեն ինչի նկատմամբ, բացի մարմնական ցանկություններից:

Հագուստի մասին Պողոս առաքյալը գրել է, որ կանայք համեստ զարդարանքներով, ակնածությամբ և պարկեշտությամբ թող զարդարվեն, ոչ թե մարգարիտով ընդելուզված ոսկյա հյուսքերով կամ պճնազարդ զգեստներով, այլ՝ բարի գործերով… Քավ լիցի. այստեղ գավառային մտածողության, հետամնացության, նահապետականության բարդույթ չկա, կա ազգի բարոյական դիմագիծը պահպանելու, ամոթի զգացումը վերականգնելու խնդիր, որի լուծումը հնարավոր է միայն ընտանիք, կրթական համակարգ, եկեղեցի, պետություն շղթայի միջոցով: Խնդրի լուծման հարցում մեծ դեր կարող են ունենալ հասարակական կազմակերպությունները: Հայաստանի Հանրապետությունում և Արցախում գրանցված են կանանց ավելի քան 70 կազմակերպություններ: Մեծամասնությունը հովանավորվելով և ֆինանսավորվելով «դրսի» կողմից, բնականաբար, ավելի շատ վնասում են, քան թե նպաստում հայ հասարակության նորոգմանը և հայավարի զարգացմանը:

Ներկայիս կանանց և աղջիկների հագուստի խայտաբղետության մեջ, այնուամենայնիվ, անդրավարտիքը (տղամարդու հիմնական հագուստը) առաջնային տեղ է գրավում: Տրվելով նորաձևությանը՝ կանայք և աղջիկները հիմնականում հագնում են սինթետիկ, ձգվող կտորներից կամ ջինսի տարբեր տարատեսակներից կարված տարբեր ձևի ու չափի անդրավարտիքներ, կիսավարտիքներ, «բրիջիներ» և այլն: Պարտադիր պայման է, որ դրանք սեղմեն մարմնի համապատասխան մասերը՝ ապահովելու համար սեքսուալ ուղղվածությունը: Ցավալին այն է, որ «շալվարակիրներից» շատերը (մանավանդ՝ պորտաբացները) չգիտեն, որ ներկայիս հագուստների մեծամասնությունը այլ երկրներում հագնում են սոցիալական շերտավորումների, խավերի ներկայացուցիչները, մասնավորապես համասեռամոլները, մարմնավաճառները, ազատ կանայք: Կան նաև կանայք, որոնք հատուկ վարձատրվում են որոշ կազմակերպությունների կողմից՝ նմանատիպ հագուստներ հագնելու, գովազդելու համար: Զարմանալի է նաև, երբ մեր հայ կանանցից ոմանք հագնում են աֆրիկյան որոշ հետամնաց ցեղախմբերին հատուկ հագուստներ: Պատկերացնո՞ւմ եք՝ Զիմբաբվեում հայկական տարազ հագնեն: Շատ կանայք էլ պատճառաբանում են, թե անդրավարտիքը հարմար է: Իհարկե, հարմարավետության հարցում կարելի է համաձայնվել, եթե կինը այն հագնի ճանապարհորդելիս, մարզական միջոցառումներին մասնակցելիս, տարբեր աշխատանքներ կատարելիս, բայց մշտական հագնելու հարցում՝ թույլ տվեք չհամաձայնվել: Այստեղ հարցը չի վերաբերում տղամարդու և կնոջ իրավահավասարությանը, կանանց իրավունքների և ազատությունների ոտնահարմանը: Հարցն ունի նախ՝ ազգային երանգավորում (հայ կինը պիտի հագնվի հայավարի, հաշվի առնի դարերի խորքից մեզ հասած ազգային ավանդույթները), երկրորդը՝ առողջապահական բնույթ, երրորդը՝ գեղագիտական տեսանկյուն: Բացի դրանից, երկար ժամանակ անդրավարտիք հագնող կանանց և աղջիկների քայլվածքը դառնում է կոշտ ու գռեհիկ, շարժուձևերը դառնում են տղայական: Բարձրացված խնդրի կապակցությամբ շատերն այն կարծիքի են, որ հագնվելը զուտ անհատական, անձնական գործ է, ճաշակի և ազատության արտահայտման ձև: Այո°, բայց երբ այդ զուտ անհատականն ու անձնականը դառնում են հասարակական, խաթարում ազգային դիմագիծը, ապա այն դառնում է ազգային չարիք:

Ժամանակակից հայի հագուստի խնդիրը դժվարալուծելի է այն պատճառով, որ չկա խնդրի նկատմամբ ազգային, պետական, հոգևոր-եկեղեցական նպատակաուղղված մոտեցում, որը հետևանք է այգային գաղափարախոսության բացակայության: Սակայն խնդիրը այնքան է հրատապ, որ պիտի քննարկվի և լուծվի ամենաբարձր ատյաններում, հակառակ դեպքում մեղք-ամոթ հարաբերակցությունից առաջացած աններդաշնակությունը ազգը կանգնեցնելու է մի նոր Սոդոմ¬Գոմորի առաջ:

Նամականի

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, «ԴԵՄՈ»

Մենք՝ անկեղծ ու համարձակ խոսքի ծարավներս, վաղուց ենք սպասում քո ծննդին, «Դեմո»: Անունդ երանի թե հայկյան լիներ, բայց արդեն տպագրված համարներդ հերիք են, որ ճանաչեինք և ուրախանայինք լիաբուռն, և թեթևացած շունչ քաշեինք, քանզի ժողովուրդը՝ դեմոսը, հանձինս Ձեզ՝ ունի իր հուսալի պաշտպանը: Այնքա¯ն ծարավ ենք այդ պաշտպանությանը, այնքա¯ն կարիք կա անաչառ մի պարբերականի, ուր անկաշկանդ պիտի հնչի արդարության ձայնը, որի էջերում իրերը կանվանվեն իրենց անուններով և իսպառ կբացակայի նորին մեծություն կեղծիքը, որ հազար երես ունի ու խայտաբղետ դիմակներ:

Նորամանուկ մեր «Դեմո», հուսահատվածի անակնկալ ուրախությունն այնքա¯ն դժվար է արտահայտել բառերով: Ձեր ծնունդը թևավորեց մեզ և վերակենդանացրեց մեր հոգևոր հույսը: Ինչ լավ է գիտակցումն այն իրողության, որ ունես անշահախնդիր պաշտպան, պարբերական, որն առանց տատանվելու տեղ կտա արդար խոսքին և ի լուր հանրության կհնչեցնի ճշմարտության ձայնը: Ես անկեղծորեն ոգևորված եմ Ձեր անհրաժեշտ ծննդով և մեծ ակնկալիքներ ունեմ Ձեզնից:

Թերևս, Դուք էլ գիտեք, որ Ձեր յուրաքանչյուր համարին անհամբեր սպասում են հարյուրավոր մարդիկ, որպես լույսի շողի՝ համատարած գորշության մեջ:

Թույլ տվեք կրկին շնորհավորել Ձեր ծնունդը, «Դեմո», մեր երկար սպասած և իրականություն դարձած երազ:

Անի ՍԱՐԳՍՅԱՆ, ուսուցչուհի

ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ՄԱՀՃԱԿԱԼՆԵՐԸ ԴԱՏԱՐԿ ԵՆ…

Մինչդեռ մայրաքաղաքում և մեր հանրապետության գյուղերում այնքա¯ն հիվանդներ կան: Ինչո՞ւ: Այսպիսի ցավագին «ինչու»-ներն այսօր շատ-շատ են:

Դարեր շարունակ հայ ժողովուրդը պայքարել է իր ոխերիմ թշնամիների դեմ: Կրել է շատ ծանր տառապանքներ: Եվ, վերջապես, մեր քաջ տղաների թափած արյան գնով ձեռք է բերել անկախություն: Սակայն այժմ մենք գնում ենք մի պետության ապրանքներ, որ դարեր շարունակ եղել և մնում է մեր ոխերիմ թշնամին: Այո°, խոսքը Թուրքիայի մասին է: Եվ չգիտես, թե հիմա ինչով ենք սնվում, ինչ ենք հագնում:

Մի՞թե ոչ մեկի մտքով չի անցնում այն, ինչ հիմա մենք ուտում ենք, կարող է թունավորված լինել, եթե ոչ անմիջապես, ապա մի քանի տարի հետո վնասել մեր առողջությանը: Եվ այդ չէ՞, արդյոք, պատճառը, որ մեր հայրենակիցները, որ տարիներ առաջ ապրում էին մինչև 100 տարի և ավելի, չէին հիվանդանում: Իսկ այժմ… Դեռ չհասած 60-ին՝ մահանում են: Պատճառներից մեկն այն է, որ մարդիկ հնարավորություն չունեն հիվանդանոց գնալու և բուժվելու:

Մեր օրերում բուժումն այնքան է թանկացել, որ հիվանդների ճնշող մեծամասնության համար այդ գումարներն անմատչելի են: Նման մարդիկ բժշկին դիմում են միայն ծայրահեղ դեպքերում, երբ հիվանդությունը խորացել ու կատարել է իր «սև գործը»: Դրանից հետո մի քանի անգամ ավելի է դժվարանում բուժումը, եթե, իհարկե, հնարավոր է լինում բուժել: Մեր հանրապետությունում առկա է այնպիսի մի վտանգավոր և երկարատև բուժում պահանջող հիվանդություն, ինչպիսին թոքախտն է, որն, ինչպես գիտենք գրականությունից, սովյալների ու աղքատների հիվանդությունն է, քանի որ այն առաջանում է ցրտից ու թերասնումից: Այնպես որ՝ առողջապահության բնագավառը պետք է վերահսկվի պետության կողմից, և այնտեղ չպետք է ներթափանցեն շուկայական հարաբերությունները:

Մարինե ՍԱՐԳՍՅԱՆ, «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի լրագրության բաժնի առաջին կուրս

Հարգելի «Դեմո»-ի անձնակազմ, մեծ ուրախությամբ քննեցի Demo-ի վեբ-սայթը: Շատ տպավորիչ է և ճաշակով:

Հաջողության մաղթանքներով՝ Մկրտիչ ՄԿՐՏԻՉՅԱՆ, Տորոնտո, Կանադա

Բարև: Շնորհավորում եմ ձեր թերթի առթիվ: Թող հաջող լինի: Արդյոք, թերթը լույս կտեսնի՞ անգլերեն:

Հարգանքներով՝Անդրիան ԿՈԼՄԵՆ, Արևմտյան Ավստրալիա

Поздравляю с новой газетой. Очень интересно и хорошо сделано.

Volker Jacoby
OSCE

17 ՏԱՐԻ ՄԱՏՆՎԱԾ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ 

17 տարի է, ինչ մենք՝ սումգայիթցի փախստականներս, «ապրում ենք» ԱրՊՀ-ի՝ տարրական կենսապայմաններից զուրկ հանրակացարանում և, 17 տարի շարունակ մեզ, այդ թվում նաև ինձ՝ ծեր ծնողներիս և 2 անչափահաս տղաներիս հետ, կերակրում են խոստումներով, որ բնակարան կտան: Բազմաթիվ գաղթականների դիակներ են հանրակացարանից ճանապարհվել գերեզմանոց: Նվաստացուցիչ է պարզապես փախստական կամ «բեժենեց» կոչվել հայրենի եզերքում և այսքան անուշադրության մատնված լինել հայրենական իշխանությունների կողմից, որոնք ամեն տարի փետրվարին եղբայրական գերեզմանոցում հարգանքի տուրք են մատուցում սումգայիթյան նախճիրին զոհ գնացողների հիշատակին, իսկ կենդանի մնացածների վրա փաստորեն թքած ունեն: Երևի թե մենք «մեղավոր ենք», որ փրկվել ենք սպանդից և հոգս դարձել մեր ղեկավարների համար, որոնք շատ վաղուց են իրենց հիշողության դաշտից դուրս շպրտել մեզ: Չեմ սպառնում հայրենիքը լքելու հայտարարությամբ, չենք լքի ամենևին էլ:

Հայրենիքը մեղավոր չէ, հայրենիքն իրենց համար «ցոփ արոտավայր դարձնող» պետական այրեր համարվող մի բուռ անձինք են մեղավոր: Երբ է կուշտն իմացել, թե սովածն ինչպես է ապրում: Վճռել ենք եկող փետրվարին, եթե նույն վիճակում լինենք՝ անտուն ու արհամարհված, եղբայրական գերեզմանոցում ցույց կազմակերպել՝ որպես արդար մեր բողոքի արտահայտություն: Քանի՞ նորակառույց շենքեր են շահագործման հանձնվել. ո՞վ է սումգայիթյան գեհենից փրկված հային մարդատեղ դրել. թուրքից՝ մազապուրծ, յուրայիններից՝ արհամարհված. այս է մեր վիճակը: Բոլորս դառնացած ենք, գրում եմ բոլոր հայրենադարձների անունից, որոնք ռուսաստանների փոխարեն գերադասեցին անկախացած հայրենիքը վերադառնալ, չմտածելով, որ հուսախաբ կլինեն մեկ ու կես տասնամյակ շարունակ:

Հարգարժան «Դեմո», խնդրում եմ խոսքս հասցնեք իշխանություններին: Հուսով եմ, որ գոնե այս անգամ այն «ձայն բարբառո հանապատի» չի լինի…

Հավատով՝ Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆ
Հասցեն՝ ԱրՊՀ-ի հանրակացարան

 

Ռեպլիկ
ՈՐՊԵՍ ՃՇՏՈՒՄ

ԼՂՀ համաներման գծով հանձնաժողովի նախագահ պ-րն Կ. Բաբուրյան. դուք «նկատում» եք, որ ոչ Ս. Բաբայանից, ոչ նրա մերձավոր բարեկամներից հանձնաժողովը դիմում չի ստացել:

Դուք ոչ թե մի քիչ, այլ շատ եք սխալվում, պ-րն Բաբուրյան: Արցախում, Հայաստանում, Սփյուռքում Սամվել Բաբայանը տասնյակ ու տասնյակ հազարավոր մերձավորներ ունի, որոնք թերթերում բազմիցս հանդես են եկել նրան ազատելու պահանջով, որովհետև Սամվել Բաբայանն ազգային հերոս է: Սակայն ոչ մի արդյունք: Չենք զարմանում, քանզի լավ գիտենք, որ Արցախում և Հայաստանում թերթերում տպագրված պահանջները իշխանավորների համար մնում են որպես ձայն բարբառո հանապատի:

Նշում եք նաև, որ «երկրի նախագահը մարդկայնորեն է վերաբերվում «մարտի 22-ի գործով դատապարտվածներին»: Շատ զարմանալի է. մի՞թե տասնյակ ու հարյուրավոր մարդկանց, Ս. Բաբայանի մարտական ընկերների, զինակիցների, քաղաքական բազմաթիվ ականավոր գործիչների, կազմակերպությունների պահանջները «մարդկայնորեն վերաբերվելու» կայծ չառաջացրին նախագահի հոգում: Այսքանից հետո չենք կարող ասել, որ «եթե Ս. Բաբայանը դիմի նախագահին», ինչ կստացվի: Մնում է միայն, որ նախագահը իսկապես «մարդկայնորեն վերաբերվի» և ազատ արձակի ազգային հերոսին:

Հենրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ք. Ստեփանակերտ

ՆԱ, ՈՐ ՄՈՒՐ ՉԷՐ ՑԱՆՈՒՄ

«Գիշերվա ժամերի նման մարդկանց սրտերն էլ քնած են, արևի ջերմությունն է միայն, որ կարող է կյանք ներշնչել նրանց մեջ, բայց ո՞ւր գտնենք այն մարդը, որ արևի գունդը ծածկած ունենա յուր կրծքում…»:

Ուղիղ 150 տարի առաջ՝ 1854 թ., Շուշի քաղաքում հողագործ Տեր Հովհաննեսի ընտանիքում որդի ծնվեց՝ Գրիգորը, որ տարիներ անց՝ 1881 թ. հայ գրականության մեջ պիտի մտներ Մուրացան անունով: «Ռուզան», «Նոյի ագռավը», «Առաքյալը», «Խորհրդավոր միանձնուհին». ստեղծագործություններ, որ արժանացան բոլորի ուշադրությանը, սակայն Մուրացանը հռչակավոր պիտի դառնար իր հանճարեղ «Գևորգ Մարզպետունի» վեպի շնորհիվ, որ մեր ազգային-ազատագրական պայքարի լավագույն արտացոլումներից մեկն է հայ գրականության մեջ:

Եվ 1854 թվականից 150 տարի հետո՝ 2004 թ. մայիսի 27-ին Ստեփանակերտի «Մշակույթի և երիտասարդության» պալատի ճեմասրահում, մեծ գրողի անունը կրող քաղաքային գրադարանի աշխատակիցները կազմակերպեցին գրական-երաժշտական ցերեկույթ, որին ներկա էին արվեստագետներ, երիտասարդական միությունների անդամներ և, պարզապես, Մուրացանի ստեղծագործությունների երկրպագուներ. միջոցառում, որ ևս մեկ անգամ վկայում է, որ գրականությունը մարդկանց սոցիալական խնդիրների ֆոնի վրա դեռ լիովին չի անցել երկրորդ պլան, և որ դեռ կան մարդիկ, ովքեր սիրում և երկրպագում են մեր մեծ գրողներին:

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

ԱՇԽԱՐՀ՝ ԱՇԽԱՐՀԻ ՄԵՋ. ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ

Հունիսի 10-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի պատկերասրահում կայացավ Արցախի նկարիչների միության անդամների գործերի ցուցահանդես-վաճառք, որին ներկայացված էին արցախցի 25 արվեստագետների շուրջ 100 ստեղծագործություններ՝ նկարներ, քանդակներ, փայտի փորագրություններ: Բացման խոսքում նկարիչների միության նախագահ Լենորդ Զաքարյանը նշեց, որ ցուցահանդես-վաճառքից ստացված գումարի 50 տոկոսը կտրամադրվի «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությանը: Բացմանը ներկա էին ՊԲ նախարար Սեյրան Օհանյանը, արտգործնախարար Աշոտ Ղուլյանը, քաղաքապետ Համիկ Ավանեսյանը, ԿՄՍ փոխնախարար Սլավա Ասրյանը, պատգամավորներ, հյուրեր: Հիշեցնենք, որ նկարիչների այս ստեղծագործությունները, մայիսյան եռատոնի կապակցությամբ, ցուցադրվել էին նաև Երևանում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ՇԻՐԱԶ – 90  ՊՈԵԶԻԱ, ՈՐ ԲՈՑԱՎԱՌՈՒՄ Է ԱՐՅՈՒՆԸ

Տարիներն ինչքան արագ են սլանում:

Վիթխարի հայրենասերի, մեր կորուսյալ հայրենիքի մեծ ըղձասացի, ազնվազարմ Մարդու՝ այս բառի բովանդակ իմաստով, անկրկնելիորեն շքեղ այդ անհատականության՝ բանաստեղծ Հովհաննես Շիրազի կորստի հետ դեռ չեմ հաշտվել, չեմ հաշտվել այն մեծ անարդարության հետ, որ նա՝ «օտար Ղարաբաղ դարձած հայոց անուշ Արցախի» ցավով կիզվող հրեղեն բանաստեղծը, որն այնքա¯ն շատ էր ուզում լինել Արցախում, այդպես էլ, դաժան ժամանակների պատճառով չտեսավ ոչ միայն Արցախը, այլև արցախյան սրբազան գոյապայքարն ու անկախացած Արցախը:

Բանաստեղծի անհավատալի մահից ընդամենը հինգ տարի հետո սկիզբ առավ Արցախի ազատագրական գոյամարտը: Նա ֆիզիկապես չէր ներկա, նրա բոցաշունչ հայրենասիրական երգերը, դեռևս անտիպ լայնորեն տարածված «Ողբ Ղարաբաղին» թնդում էին ազգային զարթոնք ապրող Արցախում:

Քանի իմ հողերն ինձ չեք տվել,
Ձեզ ելուզակ պիտի ասեմ,
Ավարայրի Վարդան դառած
Ես ձեզ Վասակ պիտի ասեմ,

…………………………..

Կոմիտասի երգից զատված,
Քեզ կուլ կտան մուղամները,
Թառդ կառնեն, վայ Ղարաբաղ…

Խլացնող ուռաների դիմազրկող ժխորում հայոց մեծ բանաստեղծը կարողացավ տեսնել «սպիտակ եղեռնի» հայակուլ ժանիքները և կապ ու կապանքներից ազատ, ինչպես բոլոր մեծ մարգարեները, աղաղակել ահավոր աղետի մասին.

Քեզ կուլ կտան մուղամները,
Թե «եղբայր» ենք ինչո՞ւ են քեզ,
Դարձրել մեր մեջ կռվախնձոր:

Արցախյան ազգային-ազատագրական շարժումն, ինչպես գիտենք, մեկ տարում չէ հասունացել: Այն տասնամյակներով է նախապատրաստվել, տարբեր սերնդի բանաստեղծների և մտավորականության լավագույն մասի ջանքերով: Հովհաննես Շիրազի պոեզիան հզոր ազդակ հանդիսացավ արցախյան ազատագրական շարժումը նախապատրաստելու և բորբոքելու գործում: Ամեհի ցասումով հնչած նրա բողոքի բանաստեղծական աղաղակը, որ ժայթքեց «Ղարաբաղի ողբ»-ում, արթնացնում էր նիրհած արցախահայությանը, երիտասարդությանը մղում արդար պահանջատիրության:

Իր մի բուռ մնացած ժողովրդի անագորույն բախտի համար տառապում էր մեծ բանաստեղծի հոգին և այդ տառապանքից հրեղեն, արյուն բոցավառող հայրենասիրական երգեր էին հորդում:

Հողմերն անցան, և դու ընդմիշտ հաղթ կմնաս,
Քո ձորերը գերեզմանն են ոսոխներիդ,
Քո լեռները փառքի սյուներ են երկնահաս՝
Կյանքիդ համար ընկածների:
Ու ես ցմահ կպարծենամ երկրե-երկիր,
Իմ ժողովուրդ, քո անունով և վեհ, և հեզ,
Թող քանդակեն այս ինձ իբրև տապանագիր…
Կպարծենամ, որ հայ եմ ես:

Գրածս յուրաքանչյուր նամակի իր պատասխանում պաշտելի բանաստեղծն ուղարկում էր իր անտիպ գործերից մեկը. մեքենագիր թղթի վրա թողնելով իր ձեռագիր գրությունը: Ստորև ներկայացված է դրանցից մեկը:

Հ. Գ.- Բանաստեղծի 22 նամակների և մի շարք անտիպների պատճենները կհանձնեմ Հովհաննես Շիրազի անվան գրական ֆոնդին:

Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժամանց

ԳՐԱՍՏԱՊԱՏՈՒՄՆԵՐ

Էշին տվին երկու պաշտոն,
Ձիուն թողած պարապ-սարապ,
Էշն այստեղ հո մեղք չունի՝
Ուղտի գլուխն է վաղուց խարաբ:

* * *

Ասացին՝ նժույգ, մի նեղանա,
Տեր Աստվածը քեզի վկա
Երկար ու ձիգ այս քարավանում
Վարգաձիու հաստիք չկա:

ԳԻՏՆԱԿԱՆԻ ԿՈՉՈՒՄԸ

Կոչումն արավ հովանի,
Որ ապրուստը ծով անի,
Թե չէ առանց կոչումի՝
Գնա որտեղ ընդունվի:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Բազկաթոռ ճարեց նա վերևներում,
Չորթանը փռեց վառ արևներում
Ընտրողների կարոտած աչքին
Նա էլ ոչ մի տեղ չէ, չի երևում:

Ախր նա ինչպե՞ս մարդկանց երևա,
Մեջտեղ բազմաթիվ խոստումներ կան,
Դե խոստումն էլ հո մի խնձոր չէ,
Որ ծառից պոկի և իսկույն ձեզ տա:

* * *

Երբ էշը դրին քարավանի գլխին,
Անչափ նեղացավ ուղտ – անկոչից,
Ասաց, – հիմարին դուք չխնայեք,
Ամուր կկապեք քարավանի պոչից:

* * *

Իշուկ, քեզնից չեմ նեղանում՝
Այս անիրավ, գիժ աշխարհում,
Երկար ու ձիգ քարավաններն՝
Իշուկներն են հիմա վարում:

ԱՆԵԿԴՈՏՆԵՐ ։)

– Ճի՞շտ է, որ սրտի կաթվածից խուսափելու համար թարմ ձուկ պիտի ուտել…
– Ոչ: Ճիշտ չէ: Թարմ ձկան արժեքը իմանալով՝ սրտի կաթված կարելի է ստանալ:

– Ինչո՞ւ ազգությամբ հայ խոշոր արվեստագետները օտար երկրներում են հաճախ հրապարակ իջնում:
– Որովհետև փոքրիկ հայրենիքի փոքրիկ հրապարակները… փոքր մարդկանց համար են նախատեսված:

– Ո՞րն է մեր օրերի անբուժելի ցավը:
– Անմիտ ու հիմար սովորություններն ընդօրինակելն ու կապկելը:

– Ճի՞շտ են անում հայերը, որ հպարտանում են մեր անցյալի մշակութային արժեքներով:      – Այո: Չէ՞ որ հիմա հպարտանալու այլ բան չունենք:

– Ի՞նչ տարբերություն կա մսավաճառի և մարմնավաճառի միջև:
– Ոչ մի: Երկուսն էլ առևտրական են. մեկն իր միսն է վաճառում, մյուսն՝ ուրիշի:

– Ինչո՞ւ դեղատները ապառիկով դեղեր չեն տալիս…
– Որովհետև համոզված են, որ այդ դեղերն օգտագործողներից շատ քչերն են «սաղ-սալամաթ» դուրս գալիս:

– Մեր օրերում ո՞վ է, որ օր-օրի նիհարում է:
– Հացթուխների թխած հացը:

– Ինչո՞ւ են որոշ մարդիկ փախչում ճշմարտությունից և ճիշտ խոսքից:
– Որովհետև ճշմարտությունը դաժան ու դառն է, ոչ ոք չի սիրում այն կուլ տալ:

– Կարո՞ղ եք ասել, թե ինչու են մեր օրերում շատացել գրող-մրողները:
– Պարզ է՝ անգործությունից:

 Է. ԵՍԱՅԱՆ

ՌՈՒՍԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ուսուցչուհին հետաքրքրվում է, թե ինչով են զբաղվում իր սաների ծնողները:
– Հայրս ողջ օրը աշխատում է համակարգչով,- ասում է փոքրիկ Պետյան:
– Նշանակում է՝ հայրդ ծրագրավորող է:
– Իսկ իմ հայրը զբաղվում է ինչ-որ փայտերով,- ասում է Վասյան:
– Նշանակում է՝ նա հյուսն է:
– Իսկ իմ հայրը շարունակ կեղտ է փորփրում:
– Ի՞նչ է, նա սանմաքրման կայանո՞ւմ է աշխատում:
– Չէ, մի, նա քաղաքագետ է:

– Իվան, ի՞նչ ընդհանուր բան կա պատգամավորի և մանկական փամփերսների միջև:
– Ե’վ մեկը, և’ մյուսը պետք անընդհատ փոխել: Ընդ որում՝ միևնույն պատճառով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s