№ 9 / 31 հուլիս

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

– Մեր իրականության մեջ դեռ չի եղել դեպք, որ տեսողությունից զուրկ մարդը քաղաքական գործիչ դառնա, դու վստա՞հ ես, որ քեզ կհաջողվի այդպիսի նախադեպ ստեղծել:
– Ոչ միայն վստահ եմ, այլև գիտեմ, որ հասարակությունը շատ լավ կընդունի դա:
1995-ի գարունն էր: Մի ամբողջ տարի էր անցել առանց կրակոցների ու պայթյունների: Թվում էր, այլևս ոչինչ չի խաթարի օրերի խաղաղ ընթացքը, քանզի անասելի մեծ գին էր վճարվել… Արտակի հայրը՝ Արտյուշա Բեգլարյանն էլ էր կյանքը դրել Հայրենիքի զոհասեղանին, հավատալով, որ երեք որդիներն ու կինը կապրեն անհոգ ու անթախիծ: Սակայն Բեգլարյանների ընտանիքին սպասում էր ևս մի փորձություն: Արտակն այն ժամանակ յոթ տարեկան էլ չկար: Միամիտ խաղում էր տան բակում, երբ հանկարծ թշնամու դարանակալ արկը պայթեց ու… խավարեց աշխարհը: Այդ օրվանից ճակատագրի անիվը փոխեց իր ուղղությունը, և Արտակի ու նրա հարազատների համար սկսվեց մաքառումի ճանապարհը:

Սովորում է Երևանի՝ տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցում: Վաղուց համակերպվել է իր վիճակին, իսկ ահա ճակատագրի հետ հաշտ ու խաղաղ ապրել չի ուզում: Գերազանց գնահատականներով փոխադրվել է 10-րդ դասարան: Մասնակցել ու հաղթել է առարկայական օլիմպիադաներում, երգի փառատոներում, շախմատի մրցաշարերում: Անգամ համակարգչային դասընթաց է անցել: Համակարգիչ ունենալն իր երազանքն էր: Թեև չի տեսել, հավատում է, որ այդ ժամանակակից մեքենան կօգնի իրեն՝ ճանաչել աշխարհը: Իր երազանքն իրագործելու համար մեկ տարի առաջ մասնակցել է Հ-1 հեռուստաընկերության «Մենք գիտենք, որ դու գիտես» խաղին և շահել գլխավոր մրցանակը: Կազմակերպիչները, սակայն, երաժշտական կենտրոն էին տվել, մտածելով, որ համակարգիչը կույրին պետք չէ: Արտակը համաձայն չէր: Նա երկրորդ անգամ մասնակցեց խաղին և, նորից փայլուն գիտելիքներ ցուցաբերելով, ստացավ իր փափագած մրցանակը: Կազմակերպիչներն օգնեցին հատուկ ծրագիր տեղադրել, որպեսզի Արտակը կարողանա օգտվել համակարգչից:

– Եթե սկաներ էլ լիներ, կկարողանայի համակարգչի միջոցով նույնիսկ գիրք կարդալ:

Իսկ առաջինն ի՞նչ գիրք կկարդայիր, Արտակ:

– Նժդեհ: Նժդեհ եմ ուզում կարդալ:

Հուլիսի 5-ին, իր ծննդյան օրը, Արտակը նվեր ստացավ սկաները: ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանն էր ուղարկել, շնորհավորելով և ինտելեկտուալ խաղում կրած հաղթանակը, և ծննդյան օրը: Դա հաճելի անակնկալ էր Արտակի համար, քանզի, ինչպես ինքը խոստովանեց հետո, երազում է հենց արտգործնախարար դառնալ:

Արտակ, քո կարծիքով, ինչու՞ են գերտերություններն ու եվրոպական կառույցները ակտիվացրել իրենց քաղաքականությունը Հարավային Կովկասում:

– Ամեն մեկն իր շահն է հետապնդում: Օրինակ, ԱՄՆ և Ռուսաստանի շահերը բախվում են Վրաստանում: Հիմա Ամերիկան է հովանավորում Վրաստանին: ԱՄՆ-ն ձգտում է իր իշխանությունը պահել բոլոր երկրների վրա, իսկ Եվրամիությունը ձգտում է բազմակենտրոն աշխարհ ստեղծել:

Զրուցում ես 16-ամյա այս պատանու հետ ու մեկ-մեկ այն մտքին հանգում, որ նա իր համար անտեսանելի աշխարհը պատկերացնում է ավելի հստակ, քան մեզնից շատերը, որ ի վիճակի ենք տեսնել այն բոլոր երանգներով:

Եթե չլիներ այդ պատահարը, ինչպիսի՞ն կլիներ քո ճակատագիրը: Երբևէ մտածե՞լ ես այդ մասին:

– Այո, շատ եմ մտածել: Եթե չլիներ… այսքան երազանքներ չէի ունենա:

Արտակ, քաղաքագետ դառնալը, ազգին ծառայելը անանձնական ցանկություններ են, իսկ ի՞նչ կցանկանայիր քեզ համար:

– Ի՞նձ համար… Վերականգնել տեսողությունս…

Նարինե ԱՂԱԲԱԼՅԱՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԴԱՆԴԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՌՈՒՄԲ Է
Կամ ինչպե՞ս է ձևավորվում սերունդը

1996-ին սկսված և առայսօր շարունակվող` ավելի քան ձանձրացուցիչ ու ճղճիմ քաղաքական թամաշան, որ խաղարկվում է երկու ապաշնորհ դերակատարների` իշխանության և ընդդիմության մասնակցությամբ, զգալիորեն քամել է հասարակական ակտիվության պոտենցիալը. հանգուցալուծումներ կամ չեն լինում, կամ լինում են ոչինչ չտվող փոփոխությունների տեսքով: Արդյունքում՝ առանց այդ էլ ընդգծվածորեն իներտ մեր հասարակությունը, իր մտավորականությամբ հանդերձ, միանգամայն կորցրել է հետաքրքրությունն ամեն ինչի նկատմամբ և չի մասնակցում ոչ միայն քաղաքական գործընթացներին, այլև գրեթե իսպառ դադարեցրել է իր վերահսկողական դերն այնպիսի ոլորտների նկատմամբ, ինչպիսիք են բարոյահոգեբանական մթնոլորտն ու հասարակական-ընկերային հարաբերությունները: Իսկ այստեղի թերացումները հղի են ամենալուրջ վտանգներով և շատ մեծ սպառնալիք են մեր գալիքին, որովհետև մերօրյա ջունգլիներից զատ, ձեռի հետ, ինքնահոսի տրված, ձևավորվում է վաղվա մեր հասարակության անդամը, որը միանգամայն դուրս է մնացել մեր հասարակության ուշադրության տիրույթից:

Սա կարող է մանրուք թվալ, շինծու մտահոգություն, բայց սթափ գնահատման դեպքում` կարձանագրենք` ինչ-ինչ, հաստատ չի ձևավորվում այն սերունդը, որ վաղն ի վիճակի է լինելու անհրաժեշտ կերպով հանդիսանալ որոշակի արժեքների կրողն ու պաշտպանը:

Բալզակն ասում էր՝ ազգի ապագան մայրերի ձեռքում է: Ասել է թե` կյանք մտնողները դրա համար անհրաժեշտ պատրաստականության գործընթաց պետք է անցնեն, ուրիշ խոսքով` դաստիարակությունն է եթե ոչ պայծառ, ապա գոնե երաշխավորված ապագայի գրավականը:

Մեր սերնդի կյանքն ասվածի վառ ապացույցն է: Գտնվելով պետության ու հասարակության սևեռուն ուշադրության ներքո, մեր սերունդն այլընտրանք չուներ, քան պատշաճ դաստիարակությունը. նրա համար Րաֆֆի չընթերցելն առնվազն ամոթաբեր էր (80-ականների 2-րդ կեսին Ստեփանակերտի մանկինստիտուտի հանրակացարանում Դաշտենցի «Ռանչպարների կանչը» ընթերցելու համար մեծ հերթ էր գոյացել, եղած մի օրինակը ձեռքից ձեռք էր անցնում, իսկ Վերֆելի «Մուսա լեռն» ավելի բաղձալի էր, քան այսօր բջջային հեռախոսն իր քարտով), դիտում էր «Մարտի են գնում միայն ծերերը», Չինգաչգուկի մասին ֆիլմերը, մասնակցում էր արշավների ու խարույկների շուրջ լսում ոգեշնչող զրույցներ հոգեցունց սխրանքների ու նվիրումի, բարու ու չարի մասին: Նրա արժեքների սանդղակում Վարդան Մամիկոնյանն ու Յուրի Գագարինն էին, Դանկոն էր ու «Արարատ – 73»-ը: Համարյա  յուրաքանչյուրը ներգրավված էր որևէ մարզական կամ արվեստի ճյուղ ներկայացնող խմբակի պարապմունքներին:

Ու քանի որ նրա առօրյան այսպես թե այնպես պատշաճորեն հագեցված էր, այդու` ձևավորված սերունդն արժանիորեն դրսևորեց իրեն տնտեսության մեջ ու արդյունաբերությունում, և° գիտության ու հոգևոր-մշակութային ոլորտներում, որ անկախանալուց պակաս մեկնարկային կապիտալ չէր, էլ չասած, որ այդ սերունդը նաև արժանապատվորեն բարձրացրեց ճակատագրի նետած հերթական ձեռնոցը, ընդ որում, երևի թե Տիգրան Մեծից հետո առաջին անգամ:

Հիմա դիտարկենք, թե ով է փոխարինելու գալիս «Արփա-Սևան» կառուցած և Արցախ ազատագրած սերնդին: Այդ հերթափոխը, անկախ ամեն ինչից, սերնդափոխության օրինաչափությամբ, արդեն իսկ բախում է մեր իրականության համապարփակ տիրույթի դուռը: Նրա ուսերին ավելի մեծ բեռ է լինելու, քան իր նախորդի: Մեծ, որովհետև առկա են նախկինում եղած որոշակի տնտեսական կապերի ու երաշխիքների կորուստը և գաղափարական վակուումը: Այս արևի տակ մեր ինքնության պահպանության ու մշտական վերահաստատման խնդիրը լուծելուց զատ, նաև հարկ է լինելու դրսևորել որոշակի հոգևոր-մշակութային դեմք (ինչի փոխարեն այսօր հրապարակի վրա է մեր` ավելի անսանձելի դարձող ազգային սնապարծությունը` ամենահին, 7500 տարեկան աստղադիտարան, երբ դեռ մարդկության միտքը մանուկ էր, ամենաառաջին, մեր հայրենակից Անդրե Աղասին…), որ նկատել է անգամ գերմանացի մեծանուն գրող Հերման Հեսսեն («Մասսագետների մետ»), չխոսելով արդեն առայժմ անլուծելի թվացող տնտեսական վերելքի մասին: Մանավանդ, սրանից հետո համաշխարհային պատմության ընթացքին մերվելն առանց վերը նշված հատուկ պատասխանատվության, անիրական է թվում:

Բացթողումները, մեծավ մասամբ, սուբյեկտիվ կորուստներ են, որովհետև այս դեպքում ոչինչ և ոչ ոք էլ մեղավոր չէ, բացի մեզնից: Եվ ոչ իսկ տնտեսական շրջափակումը:

Ամեն ինչ կարծես սկսվեց նրանից, որ ծափողջույնների ուղեկցությամբ մի հյուր ժամանեց` հայեցի կրթություն անունով: Ու քանի որ այդպես էլ ոչ ոք կարգին չգիտեր այդ գերհզոր զենքի (հեսա տես աշխարհին ինչ մատ ենք անելու) գործարկման ձևը, ապա յուրաքանչյուր ծակուծուկ սկսեց լցվել զուտ հայկականի թանձր շիլայով: Բոլոր դպրոցների միջանցքներում անխտիր ֆիդայիների նկարներով ստենդներից մինչև բոլոր տեսակի օտարամուտ բառերը հայերենով փոխարինելու` հաճախ ծիծաղելիության չափ տխմար փորձերը: Այս ընթացքում հացի փորձության խնդիր առաջացավ, որ ավարտվեց տնտեսության մոնոպոլացմամբ` առանց չափազանցության` որոշակի մարդկային խմբերի կողմից, առանց անհրաժեշտ երաշխիքների ու օրենքների: Ու ստացվեց մի հասարակություն, որ անհամամասնորեն բևեռացված է` սոցիալական վիճակից զատ` նաև խորն անվստահությամբ և, վայ թե, նաև թշնամությամբ:

Այս պարագային, միանգամայն անտեր ու բարձիթողի, մեզ է ներկայանում կյանք մտնելուն պատրաստվող անհատը:

Ի՞նչ է տեսնում նա այսօր. միանշանակ, որ աշխարհում ամենաբաղձալի, ամենաանհրաժեշտ բանը դա կանաչ թղթադրամն է: Ուրեմն նա հաստատ նյութապաշտ է լինելու: Անպատկառ էլ է լինելու, որովհետև տեսնում է, որ ավագ և կրտսեր հասկացություններն ընդամենը անհարկի կոմպլեքսներ են: Ազնիվ չի լինելու, որովհետև տեսնում է, որ դա ամենաանցանկալի տխմարությունն է, որ անազնիվ լինելը բարեկեցության երաշխիքներից է: Համենայն դեպս, այն հասարակությունում, որում ինքն է ապրում: Լինելու է նաև անպարկեշտ, որովհետև էկրանից պոռնոֆիլմ է նրան մատուցվում:

Մի խոսքով, բարոյականության առումով նա շատ խոցելի և հակահասարակական նկարագիր է ձեռք բերում: Ու քանի որ միանգամայն անհաղորդ է հոգևոր-մշակութային ու գիտական նվաճումներին, ինտելեկտուալ առումով էլ մի գովելի վիճակում չէ: Եվ զարմանալու ոչինչ չկա, որ փիլիսոփայական ուղղություններից նախընտրում է … գողականը («Վարդանանքին» փոխարինել են «Կնքահայրն» ու Մոդեստովի “Москва бандитская” -ն, մեր էպոսի փոխարեն նա հրաշալի գիտի վերջին տարիների հանցագործ աշխարհի անցուդարձը):

Առայժմ մենք նրան մոլորեցնում ենք, նրա հայացքն ուղղելով սոսկ դեպի արտաքին վտանգները, ինչով և կասեցնում ենք կամ, առնվազն, դանդաղեցնում քաղաքացու ձևավորումը: Այս ֆոնին միանգամայն անտեղի ու վնասակար է ոմանց` հայ ժողովրդին ցեղելու մտադրություն-ծրագիրը (հենց այդպես էլ ասում են` պիտի ցեղենք):

Հարկ ենք համարում նկատել, որ հայ մարդը` հայ դպրոցականը, մշակն ու մտավորականը հայրենասեր լինելու հորդորների կարիքը չունի: Հենց դպրոցից ու փողոցից նա շատ լավ գիտի, ինչ ասել է հայ լինել: Նա ուրիշ բանի կարիք ունի: Համենայն դեպս, իսկական հայրենասերը հենց օրինավոր քաղաքացին է, պարկեշտ մարդը: Իսկ այդպիսին ձևավորելու համար անհրաժեշտ է համապատասխան հասարակական-բարոյական նկարագիր:

Առայժմ անհատ ձևավորելու համար առկա վիճակը խիստ անբավարար է. չեղած հայեցակարգ, պետական պատվերի բացակայություն և հոգևոր-մշակութային դաշտ, որ հիշեցնում է լքված ու խարխուլ եկեղեցի, որի խորանին գրված է, ասենք, «Արտյոմ – 74, Կիսլովոդսկ»:

Եթե ասվածին հավելենք նաև խնդրո առարկա անհատի ֆիզիկական դաստիարակության վիճակը, հաշվի առնելով մարզաձևերի մեծ մասի` արմատից քոքահան անելը, ապա մեզ կպատկերանա գալիքի հողմերին հանդիման անզոր կանգնած մի մարդ, որի փխրուն ուսերին երաշխավորված ու արժանապատիվ պետականության բեռն անտանելիորեն ծանր է լինելու ու ստացվում է, որ ինքներս մեր տակ դանդաղ գործողության ռումբ ենք դնում: Եվ սա մեր ոսոխների մշտական հոխորտանքների ֆոնին…

Այնպես որ՝ արդեն ժամանակն է «Վերադարձ դեպի մեր արմատները» անժամանակ կարգախոսը փոխարինել «Վերադարձ դեպի պարկեշտ հասարակական-ընկերական հարաբերությունները` մատաղ սերնդի դաստիարակության գործին համակողմանի նվիրումով» ճշմարտությամբ:

Հ.Գ  Պատանիների ու երիտասարդների հասարակությունը մի խիստ ներփակ աշխարհ է: Դա մի մութ անտառ է ու պարունակում է շատ ավելի գաղտնիքներ ու արատներ, քան մենք պատկերացնել կարող ենք:  Այնտեղ հոսող և ամեն ինչ կեղտոտող-մրող սևին ու գորշին ընդդիմանալ կարող են միայն կայացած և ձևավորված դիմադրության օջախները, ինչպիսիք էին, օրինակ, թող զարմանալի չթվա, կոմերիտմիությունն ու պիոներիան, գոնե այնքանով, որ որոշակիորեն հագեցնում էին մանուկների առօրյան (ՀՅԴ-ի կազմակերպած բանակումները, թեկուզ հանց կաթիլը ծովում, գովելի նախաձեռնություն է և ցանկալի է, որ համակողմանի խրախուսանքի և օժանդակության արժանանա):

Ցավոք, այսօրվա կրթօջախները չարիքի դեմ պայքարելու միջոցներ, լիազորություններ ու հնարավորություններ չունեն: Հետևաբար, պետք է գործել հասարակությամբ ճակատ կազմած: Սա այն դեպքն է, երբ պետք է ձեռնամուխ լինել կտրուկ քայլերի, եթե անգամ չգիտենք, թե ինչից պետք է սկսել:

Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ
Գորիս

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 10 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՄՆԱՑԻՆ 6-Ը

Ստեփանակերտի քաղաքային ընտրական հանձնաժողովից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտ համայնքի ղեկավարի 3 թեկնածուներ՝ Վլադիմիր Միքայելի Սարգսյանը, Գարիկ Շահենի Ջհանգիրյանը եւ Հրանտ Արտեմի Մելքումյանը ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ:

Թեկնածուներին նման հնարավորություն ընձեռում է «Տեղական ինքնակառավարման ընտրությունների մասին» ԼՂՀ օրենքի 9-րդ հոդվածը: Հանձնաժողովի նախագահ Արինա Ոսկանյանի վկայությամբ՝ քաղաքային ընտրական հանձնաժողովի հուլիսի 23-ի նիստը բավարարել է նշված թեկնածուների  դիմումները: Ի հավելումն նա նշել է, որ օրենքը թույլ է տալիս ինքնաբացարկի դիմումներ ընդունել մինչեւ օգոստոսի 2-ը՝  ընտրություններից ոչ ուշ, քան 5 օր առաջ:

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Հայտնի է, որ ընտրությունները պետության քաղաքական հիմքն են: Ընտրական համակարգի ձևավորումը անցել է երկար ուղի դեռևս անտիկ ժամանակներից և շարունակում է կատարելության հասնելու իր անհույս վազքը: Ընտրելու և ընտրվելու իրավունքը քաղաքակրթության մեծագույն նվաճումներից մեկն է: Ընտրապայքարը բոլոր ժամանակներում ուղեկցվում էր դասակարգերի և կուսակցությունների բախմամբ, կոռուպցիայով, սպանություններով և այլ հանիրավի երևույթներով:

Մեր ժամանակներում ևս ընտրությունները զերծ չեն վերը նշված հոռի երևույթներից, քաղաքակիրթ վայրենության դրսևորումներից: Ընտրական համակարգ և ընտրական իրավունք հասկացությունները, մասնավորապես համաշխարհային հանրության կողմից չճանաչված պետություններում, օժտված են յուրօրինակ առանձնահատկություններով, հատկապես դեմոգրաֆիկ կառուցվածքի առումով: Այդպիսի ընտրություններում, որպես կանոն, գործում է բարեկամը՝ բարեկամին, հարևանը՝ հարևանին, ընկերը՝ ընկերոջը (կամ էլ այս բոլորը միասին) նախընտրելու սկզբունքը, տասնամյակներով չարչրկված ստերեոտիպը: Այսինքն՝ երկրի կառավարման, նրա հետագա ժողովրդավարացման կարևոր նախապայմանը դիտարկվում և ըմբռնվում է սոսկ անձնական շահախնդրության տեսանկյունից և ենթադրված չէ պետական մտածողությամբ, ասել է թե՝ համընդհանուր բարեկեցությամբ, որին ձգտում և երբեմն էլ հասնում են քաղաքակիրթ ժողովուրդները: Հանրահայտ փաստ է, որ վատ օրենքն ավելի լավ է, քան ընդհանրապես օրենք չունենալը: Եթե այդ տեսանկյունից դիտարկենք մեր օրենքը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին, միանշանակ կարելի է ասել, որ օրենքն արմատապես հեռու է ծառայելու այն նշանակությանը, որի համար կոչված է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները քաղաքակրթական և ժողովրդավարական առումով մեծ առաջընթաց են և ենթադրում են հասարակության ամենաստորին խավերի դերի բարձրացումը պետության կառավարման գործընթացում, առանց վարանելու կարելի է փաստել, որ մեր ընդունած օրենքից ճահճահոտ է փչում: Եթե Արցախի քաղաքացին, գտնվելով Հայաստանի Հանրապետությունում, իր ընտրական իրավունքից չի կարող օգտվել՝ հօգուտ իր նախընտրած թեկնածուի ԼՂՀ-ում, եթե բանակի ժամկետային ծառայողը, որի վրա խարսխված են մեր երկրի ներկան ու ապագան, արհեստականորեն զրկված է ընտրական իրավունքից, եթե ընտրացուցակները կազմում են քաղաքային ու համայնքային գործադիր մարմինները և ոչ ոստիկանության անձնագրային ստորաբաժանումները, ընտրացուցակները զերծ պահելու համար «մեռած հոգիներից», որոնք հարկադրված են այն աշխարհից էլ մասնակցելու մեր ընտրություններին, մարգարե պետք չէ լինել հասկանալու համար, որ ընտրությունները կունենան ոչ թե քաղաքական, այլ քաղաքականացված բնույթ և չեն կարող ժողովրդավարական արժեքների հաստատման հիմք հանդիսանալ:

Ուրեմն կարելի է ենթադրել, որ որևէ պաշտոնի հավակնորդ թեկնածուն ոչ թե ընտրվում, այլ վերածվում է վարչական ռեսուրսի և տրամաբանորեն նպաստում է իր կարգով ավելի գերադաս մարմիններում ընտրվելու իշխանամետ թեկնածուին:

Քաղաքապետի բոլոր թեկնածուների միակ մտահոգությունը կարծես թե ժողովրդի բարեկեցության բարձրացումն է: Նրանք այնքան են ապրում ու տառապում ժողովրդի հոգսերով, որ իրենց ծրագրերում ու ելույթներում մոռանում են նշել անձնական հոգսերի մասին: Ստեղծվում է այն տպավորությունը, որ նրանք ձերբազատված են սեփական հոգսերից և մտահոգված են միայն ժողովրդին երջանկացնելու պատմական առաքելությամբ: Սա միանգամայն հասկանալի է այն առումով, որ նախընտրական պայքարում «հոգսազուրկ» թեկնածուն՝ ընտրվելու դեպքում կօժտվի բազում անձնական հոգսերով՝ բարդված ժողովրդի կռնակին:

Ոչ մի թեկնածու չի նշում ուղիները, որոնցով ժողովրդին պետք է հասցնի այն բաղձալիին, որի մասին անթաքույց ճամարտակում է իր նախընտրական ծրագրերում ու ելույթներում: Ապշելու առիթ է տալիս այն հանգամանքը, որ մեր քաղաքը կամ շենը շենացնել պարտավորվող թեկնածուն բառ անգամ չի նշում այն միջոցների մասին, որով կյանքը պիտի շենացնի:

Գործող քաղաքապետը իր եռամյա իշխանության տարիներին մեկ քաղաքակիրթ և հայրենանվեր գործ է կատարել, այն է՝ աղբարկղեր է տեղադրել քաղաքի բոլոր բանուկ ու անբանուկ մասերում՝  չմտածելով, որ այս ժողովուրդը տնտեսապես ու սոցիալապես այնքան է հյուծված, որ աղբարկղերը գցելու ոչինչ չունի, բացի իր կորցրած երազներից և առատ թքից, որը հաճախ գոյանում է անզուսպ ախորժակի առկայության և նրան հագուրդ տալու անհնարինության արդյունքում:

Նոր քաղաքապետը, ամենայն հավանականությամբ ,կշտկի նախկին քաղաքապետի քաղաքակիրթ և հայրենանվեր սխալը, որովհետև ինքն էլ իր դառը փորձից գիտի, որ բան չի ունեցել գցելու այդ աղբարկղերի մեջ, բացի թքից՝ չկորցնելով միայն երազը՝ հետագայում կիրառության մեջ դնելու նպատակով, հավաքել կտա բոլոր աղբարկղերը, բացառությամբ մեկի, որպեսզի ժողովուրդն այնտեղ գցի նոր քաղաքապետի զառանցանքները բարվոք կյանքի ու պայծառ ապագայի վերաբերյալ: Իսկ մնացածը ջարդոնի տեսքով իրանական բեռնատարների շալակը կտան՝ օտար ափերում ապրանք դառնալու և նորից հայրենիք վերադառնալու ու մեզ վրա ավելի թանկ գնով վաճառելու ակնկալիքով:

Պարզվում է, որ հայրենադարձության ախտով միայն մարդիկ չեն տառապում…

Ասում են՝ Արցախ այցելող զբոսաշրջիկները՝ հայրենակցի և ոչ հայրենակցի տեսքով, հիացած ու ապշած են երեք երևույթով՝ քաղաքի մաքուր փողոցներով, քաղաքացիների մաքուր հոգիներով ու նրանց մաքուր գրպաններով:

Տարիներն այսպես գլորվում են ժամանակի հորձանուտի մեջ…

Գյուղապետի մակարդակով քաղաքապետ ենք ընտրում ու փոշմանում. մեր հայրենակիցները անվրդով թեթևությամբ ու զարմանահրաշ ճարպկությամբ մի կուսակցությունից անցնում են մի այլ կուսակցություն, մի հավատից՝ մեկ ուրիշ հավատի, առանց որևիցե շահի ու դավանանքի, և թվում է՝ ոչինչ չկորցնելով՝ շարունակում են մնալ լիակատար անգիտության մեջ: Այս հարափոփոխ աշխարհում միակ անփոփոխը իմ հայրենակիցների օլիմպական լռությունն է համբերանքի չիբուխի անվերջանալի քուլաների համայնապատկերում…

Ռաֆայել ՏԵՐ-ԱՂԱՍՅԱՆՑ

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ  ՊԵՏՈՒԹՅԱՆԸ

Այնպես որ՝ իշխանությունները պետք է հրաժարվեն «նշանակովի ընտրություններից»

Իսկը ժամանակն է, որպեսզի մեր հասարակությունը լրջորեն զբաղվի ընտրովի տեղական կառավարման լիարժեք համակարգ ստեղծելու խնդրով: Դրա բարեհաջող լուծումը թույլ կտա միջազգային հանրության աչքում Արցախը ներկայացնել որպես կենսունակ  ժողովրդավարական համակարգ ունեցող երկիր: Սրանով է, թերեւս, պայմանավորված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ռազմավարական նշանակությունը: Ցավոք սրտի, իշխանության վերին օղակներում այն մտայնությունն է իշխում, որ ինքնակառավարվող մարմինների դերի բարձրացումը սպառնում է կենտրոնացված պետությանը: Պետք է հասկանալ մի պարզ ճշմարտություն՝ կենտրոնի եւ համայնքների միջեւ արդյունավետ հարաբերություններ կարող են ձեւավորվել միայն շահերի փոխադարձ ըմբռնման պարագայում: Դրանից օգուտ է քաղելու ազգը, պետությունը:

Ազդարարված է ընտրությունների վճռական փուլի՝ քարոզարշավի սկիզբը: Վերջինիս բնորոշիչներից մեկն անաչառ քննադատությունն է, որը հետապնդում է նոր ձևավորվող իշխանությունների աշխատաոճը բարելավելու, ընդհանրապես՝ երկրի կյանքը բարեփոխելու նպատակ: Համայնքապետերի եւ ավագանու անդամների թեկնածուները հնարավորություն ունեն առավելագույնս դրսեւորելու իրենց՝ ընտրազանգվածի աչքում, հասարակական-քաղաքական կազմակերպություններին մնում է մեկ անգամ եւս փորձարկել իրենց քաղաքական վարկանիշը, եթե, իհարկե, նման ցանկություն ունեն: Իսկ նոր ձեւավորվող ուժերի համար հարմար պահ է՝ հասարակությանը խոսք հղելու եւ ինչու չէ՝ նաեւ ճանապարհ հարթելու դեպի խորհրդարանական  ընտրություններ:

Որ այսօր տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի շատ պաշտպանության կարիք ունեն՝ ապացուցելու կարիք չկա, ինչպես ասում են՝  անզեն աչքով իսկ տեսանելի է:  Նախեւառաջ այն պատճառով, որ այդ ինստիտուտը դեռ չի կայացել եւ երկրորդ՝ շրջանային վարչակազմերի ղեկավարների պաշտոնը մնում է նշանակովի: Այսինքն՝ խախտված է ժողովրդավարության տրամաբանությունը շրջանների ղեկավարների եւ գյուղական համայնքների փոխհարաբերություններում: Բայց  ինչքան էլ ձգձգվի այս խնդրի լուծումը,  անկասկած, մեր իշխանությունները մի օր հաշվի են նստելու իրականության հետ: Մանավանդ, որ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը յոթը սարի ետեւում չէ:

Քարոզարշավի ընթացքում թեկնածուները, որպես կանոն, փորձում են ճշտել իրենց էլեկտորատը, կամ էլ ձեռք բերել համակիրներ՝ ոմանք ազնիվ քարոզչության ճանապարհով, ոմանք էլ՝ պարզապես սին խոստումների ու  ընտրակաշառքների միջոցով: Մեզ՝ ընտրողներիս, մնում է քվեարկելուց առաջ  հիշել ժողովրդական իմաստնությունը՝ յոթ անգամ չափիր եւ մեկ անգամ կտրիր:  Նախորդ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ղարաբաղյան իրականություն են մուտք գործել բուտերբրոդներն ու գարեջուրը:  Ականատես եղանք նաեւ, թե ինչպես են մարդիկ դիմում նվաստացուցիչ քայլերի՝ այդքան էժան գնով վաճառելով իրենց քվեները:  Հանրությունը, աչքի առաջ ունենալով ամեն կարգի ընտրակաշառքները,  պետք է բարձր գիտակցությամբ վերաբերվի ընտրություններին եւ չխաբվի այսրոպեական խոստումներով: Այսօրվա սխալը վաղն իրեն զգացնել է տալու եւ  բումերանգի պես մեզ է հարվածելու: Մեր ընթերցողներին ուզում եմ հիշեցնել լուսահոգի Վազգեն Սարգսյանի՝ յուր ժամանակին ընտրազանգվածին տված խորհուրդը. «Ժողովո°ւրդ, հանգիստ վերցրեք բոլոր կաշառքները, այդ ամենը ձեզ է պատկանում: Մի ժամանակ ձեզանից են դրանք խլել, հիմա կամաց-կամաց վերադարձնում են: Վերցրեք, բայց քվեարկեցե°ք  խղճի թելադրանքով»:

Արժանի թեկնածուն՝ իր ժողովրդի հոգսերով մտահոգ մարդը, հասարակության մեջ հեղինակություն է ձեռքբերում ամենօրյա աշխատանքի ընթացքում: Հնարավոր չէ, որ կրավորական կեցվածքով մարդը, ով իր լուսամուտի վարագույրի ետեւից է նայում երկրի կյանքում արմատավորված բացասական երեւույթներին՝ գոնե մի անգամ չարձագանքելով դրանց՝ մի օրում լավ երևա ժողովրդի աչքին: Ժողովուրդը պիտի հասկանա, թե ով է պատրաստ հանուն իր շահերի պայքարել վարչարարության, կոռուպցիայի դեմ եւ ով է վայրկենապես կատարելու վերեւների թելադրանքը: Դժբախտաբար, մեզ մոտ ավանդույթ է դարձել դյուրահավատ ու պարզամիտ զանգվածին սարեր խոստանալն ու այդ ձեւով նրան ցանկալի հունով առաջնորդելը: Բայց դեռեւս 19-րդ դարում է Աբրահամ Լինկոլնը տվել այդ երեւույթի բացատրությունը՝ անհնար է մշտապես հիմարացնել մի ամբողջ ժողովրդի, մի օր նա հասկանալու է իր վիճակը:

Սակայն կա մտահոգիչ մի երեւույթ  եւս, որը թույլ չի տալիս գոնե այս անգամ մատների արանքով նայել իրեն: Նորից բանակի ու քաղաքականության եւ դրանց անհարիրության մասին:  Ուժային կառույցի ամենատարբեր տրամաչափի պաշտոնյաներ այսօր զբաղված են ընտրություններով: Իրենց կամքո՞վ են նրանք ներքաշված ընտրական գործընթաց, թե՞ պարզապես հրահանգ են կատարում: Իսկ գուցե՝ եւ° մեկը, եւ° մյուսը: Բայց 5 տարի առաջ ինչքան բարձր էինք խոսում դրա վտանգավորության մասին, նախկին հրամանատարին մեղադրում ներքաղաքական հարցերին անհարկի միջամտելու համար:

Ինչեւէ:  Թեւակոխել է քաղաքական ակտիվ բանավեճի փուլը, իսկ այս փուլում բոլոր կողմերը հավասար են՝ սկսած իշխանությունների կողմից հովանավորվող թեկնածուից մինչեւ աննշան էլեկտորատ ունեցող թեկնածուն: Նրանց հայացքների, երկրի հիմնահարցերի նկատմամբ մոտեցումների տարբերությունը հուշելու է ընտրողներին, թե ինչպես կողմնորոշվել: Ուրեմն, ընտրություններին պետք է գնալ սթափ մտածողությամբ, որպեսզի ապագայում տրտնջալու եւ թոնթորալու քիչ առիթներ ունենանք:

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Մեծարգո պ-ն Գ. Բաղդասարյան և «Դեմո» թերթի խմբագրական աշխատակազմ:

Ընթերցելով «Դեմո»-ի 7-րդ համարը, ես եկա այն եզրակացության, որ մեր հասարակությանը հուզող հարցերը հնարավոր է վերհանել հրապարակայնորեն՝ մամուլի միջոցով, չվախենալով իշխանությունների ընդվզումներից:

Մամուլի միջոցով վերհանելով, պախարակելով իշխանության ներկայացուցիչների այս կամ այն անօրինականությունները, բայց և այնպես, ըստ իս,               նրանք շարունակելու են անպատիժ մնալ, շարունակելու են իրենց գործողությունները, և գալու է մի ժամանակ, որ մամուլում տպված քննադատական հոդվածները նրանց համար սովորական են դառնալու…

Ահա, այստեղ է, որ մեր հասարակությունը պետք է ասի իր խոսքը՝ հիմնվելով մամուլում հրապարակված նյութերի վրա, հաշվի առնելով և դրականը, և բացասականը:

ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել: Մեր ժողովուրդը մինչև ընտրությունների օրը բավական ժամանակ ունի խորհելու իր ընտրյալի լավ ու վատ կողմերի մասին: Հստակ ինֆորմացիա ունենա ամեն մի թեկնածուի անցյալի, կատարած գործերի (լավ ու վատ) և ապագա ծրագրերի մասին: Իսկ այդ ինֆորմացիան՝ հստակ, առանց աղավաղման, կարելի է ստանալ ընթերցելով «Դեմո» թերթը: Սա իմ կարծիքն է:

Այժմ ես ուզում եմ անդրադառնալ ԼՂՀ տեղական մարմինների ընտրությունների կազմակերպման համար հանձնաժողովների կազմավորման գործընթացի վրա, որը, ցավոք, կատարվում է ընտրական օրենքի կոպիտ խախտումներով:

Խոսքս վերաբերվում է Հադրութի շրջանի Կարմրակուճի տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմավորմանը:

Սույն թվականի հունիսի 27-ին տեղի է ունեցել համայնքի հասարակության ժողովը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ ընտրելու համար: Ժողովին մասնակցել է 15 հոգի (90-ից ավելի ընտրող կա), սակայն կազմվել է արձանագրություն, որի համաձայն ժողովի մասնակիցների թիվը գրչի մի հարվածով հասցվել է 57-ի: Կազմվել է տեղամասային ընտրական հանձնաժողով՝ բաղկացած 5 հոգուց, ընտրվել են նախագահ, քարտուղար, որը սակայն շրջանային հանձնաժողովի միջամտությամբ նորից փոխվել է: Ես չեմ ուզում նշել այն բոլորը, ինչ տեղի է ունեցել այդ ժամանակահատվածում, բայց ցանկալի է, որ այդ ամենը լսեիք տեղում, իմանայիք ժողովրդի կարծիքը:

Կուզեի նշել նաև, որ ժամանակն է,  մամուլը անդրադառնա հեռավոր գյուղերի անցուդարձին, քանի որ անարդարությունների մեծ մասը կատարվում է այդտեղ, այսպես ասած, «աչքից հեռու»: Նմանատիպ երևույթներից զերծ չէ նաև Կարմրակուճ գյուղը:

Խորին հարգանքներով՝ Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ ՊԵՏՔ Է ՍԿՍԵՆՔ ՄԵԶՆԻՑ

Հռիփսիմե  ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀՀ Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի գրասենյակի  գործադիր տնօրեն

Երբ մենք քվեախցիկում ենք, և որևիցե մեկը չի խանգարում, և մենք ազատ ենք մեր խղճի, մեր ինքնության հետ, մենք էլի կեղծում ենք ինքներս մեզ: Նման պարագայում անիմաստ է դրսից օգնություն ակնկալել: Մենք պիտի գիտակցենք, որ խնդիրը մեր ներսում է:

Ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմիններում՝ համայնքներում, շատ կարևոր է: Համայնքներից է սկսվում ժողովրդավարությունը, համայնքներից է ձևավորվում մեր ակտիվ մասնակցությունը քաղաքականությանը միկրոմակարդակներում: Եվ այդ միկրո-ների հանրագումարն է, որ տանում է պետության իրական ժողովրդավարացմանը: Համայնքներում ավելի դյուրին է ճիշտ ընտրություն կատարել, որովհետև մենք ճանաչում ենք այն անձին, ում վստահում ենք իշխանական լծակները: Ճիշտ է ասված, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Մենք ենք ընտրում այդ իշխանությունը, մենք ենք վաճառում մեր ձայնը պարարտանյութով կամ մի քանի հազար դրամով: Դա մենք ենք: Եվ, չանցած մի որոշ ժամանակ, մենք փորձում ենք դժգոհել իշխանությունից:

Ես ուղղակի խորհուրդ կտամ հանրությանը՝ գիտակից ընտրություն անել և եթե արդյունքում ինչ-որ բան այնպես չի ստացվում, մեղավորությունը փնտրենք ինքներս մեր մեջ: Այո, պատրաստի ոչինչ չկա եւ չի լինելու: Մենք ինքներս ենք մեզ կերտում իբրև մարդ, իբրև ազգ:

Փորձենք ինքներս մեզ ձևավորենք իբրև քաղաքացի: Արյունակցական կապով չէ, որ պետք է ընտրություն անել: Ի՞նչ սկզբունքով ենք ընտրում, ի՞նչ արժեքներ ենք ընտրում. երբ մենք դա գիտակցենք և կարողանանք այդ արժեքներով մեր վարքագիծը դրսևորել, այն ժամանակ կունենանք իսկապես ժողովրդավար համայնք, իսկ այնուհետև, մակրոմակարդակներում՝ նաև ժողովրդավար պետություն:

Հաջողություն ձեզ՝ ձեր ընտրություններում: Թող, որ ձեր իշխանությունները լինեն ժողովրդավարական ճանապարհով ընտրված և նպաստեն բարեկեցիկ Արցախ ստեղծելուն:

Նելսոն ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կուսապատի համայնքի ղեկավար

Չնայած երրորդ ընտրարշավն է մեր հանրապետությունում, խնդիրներ շատ կան: Սակայն ես ամենակարևորը համարում եմ ընտրությունների կազմակերպման աշխատանքները: Լարվածություն չառաջացնել բնակչության մեջ. իմ կարծիքով, սա է թիվ 1 խնդիրը: Ինչպես ասում են, ազգակցական խմբավորումներ չստեղծել: Ինչպես ընդունված է քաղաքակիրթ երկրներում՝ նորմալ, թափանցիկ ընտրություններ կազմակերպել: Հրապարակայնության ապահովումը նույնպես շատ կարևոր է, չնայած այդ ոլորտում դժվարություններ կան: Բնակչությունը ծանոթ չէ գործող օրենքներին, ուստի առաջնահերթ խնդիր եմ համարում բնակչության իրազեկումը, որպեսզի յուրաքանչյուրը գիտակցի, որ ունի անձնական իրավունքներ: Բնակչությունից գաղտնի ինչ-որ գործարքներ կատարելը համարում եմ մարդու իրավունքների կոպիտ խախտում: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունները լինեն թափանցիկ, և մարդիկ իմանան ինչ է կատարվում:

ԸՆՏՐԵՆՔ ԱՐԺԱՆԱՎՈՐԻՆ

Յուրաքանչյուր պետության առաջընթացը պայմանավորված է որակյալ, բանիմաց կադրերի գործունեությամբ: Պետության ղեկի առջև առաջին հերթին պետք է լինեն գործունյա և նվիրված կադրեր՝ անաղարտ բարոյականությամբ, համեստ, վճռական և անշահախնդիր:

Մեր ղեկավարության խոշորագույն սխալներից ու սայթաքումներից մեկը կադրերի ընտրության ու տեղաբաշխման սխալ քաղաքականությունն է, որը բացասաբար է ազդում երկրի տնտեսական, սոցիալ-քաղաքական, ինչպես նաև արտաքին քաղաքական, դիվանագիտական հարցերի լուծման վրա: Ցավոք, մեզ մոտ կադրեր ընտրելիս հիմք են ընդունում ենթարկվելու և հնազանդ ծառայելու պատրաստակամությունը: Նման կադրերի համար կարևորը ոչ թե աշխատանքն է ու ժողովուրդը, այլ այն, որ ավելի ամրապնդեն իրենց դիրքերը, իսկ ժողովրդի և նրանց ապրելակերպի վրա նրանք թքած ունեն:

Եթե մեկը նախարար է և ձախողել է տվյալ ճյուղը, ապա ներողամտաբար նրան տեղավորում են մի այլ փափուկ պաշտոնում, որպեսզի նույն հաջողությամբ կազմալուծի այդ ոլորտը ևս: Եթե ժողովուրդն աղքատ է, իհարկե, մեղավորն իշխանավորներն են: Այս համատարած աղքատության մեջ մեր իշխանավորներն ապրում են շռայլության և շքեղության մեջ՝ պալատներ, ճոխ հարսանիքներ, մերսեդեսներ, ջիպեր, հով ամառանոցներ, արտասահմանյան երկարատև ուղևորություններ և այլն: Մյուս կողմից՝ կոռուպցիա ու կաշառակերություն: Ահա թե որտեղից է գալիս ժողովրդի հավատի կորուստը առ իշխանություններ…

Այսօր մեզ մոտ քիչ չեն բարձր ինտելեկտով, քաղաքականապես բարձր պատրաստակամություն ունեցող, անաղարտ բարոյականությամբ օժտված առողջ կադրերը, որոնց ներուժի օգտագործումը հսկայական օգուտներ կբերի մեր տառապյալ ժողովրդին: Եվ բնական հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ մեր ղեկավարները շարունակ անտեսում են այդպիսի կադրերին: Եվ ինչո՞ւ մեզ մոտ՝ իշխանական բուրգում, սրտացավ, ժողովրդի հոգսերի մասին մտածող ղեկավարի դեֆիցիտ է, իսկական հայ մարդու դեֆիցիտ:

Առջևում ընտրություններն են: Իմ խաբված, իմ տառապած, սիրելի արցախցիներ, եկեք այս անգամ էլ չսխալվենք, չխաբվենք 1 կգ շաքարավազով կամ բրնձով, օգտագործենք մեզ տրված հնարավորությունը, կատարենք ճիշտ ընտրություն և Ստեփանակերտի քաղաքագլուխ ընտրենք ամենաարժանավոր թեկնածուին:

Ազնվություն, նվիրվածություն և ճշմարտություն, կիրթ ու բարի, հումանիստական բարձր ձգտումը, քննադատական մոտեցումը կյանքի նեգատիվ երևույթների հանդեպ, անմիջական բնավորությամբ, մասնագիտության մեջ խորացած, մարդկանց սոցիալական կարիքների բարելավման համար պայքարող, բոլորին հասկացող, կարիերիզմի թույնից զերծ, հայրենասեր, համարձակ ու ճշմարտախոս, մարդ, որ երբեք չի եղել ու չի դառնալու դեպքերի և դեմքերի անկամ ստրուկը – այսպիսին ենք մենք տեսնում մեր ապագա քաղաքապետին: Մյուս հարցը՝ կա՞, արդյոք, այդպիսի թեկնածու: Այո°, բարեբախտաբար կա°: Ուշադիր նայեք և առանց ձեր խղճի առջև մեղանչելու մեկ առ մեկ հիշեք, թե նրանցից ով՝ ով է, ծանրութեթև արեք նրանց բոլորի երեկվա ու այսօրվա արած-թողածը, և դուք կգտնեք Նրան:

Ես հաստատ համոզված եմ, որ մեր ժողովուրդն այս անգամ կցուցաբերի իմաստություն և վերջապես կկատարի ճիշտ ընտրություն: Հակառակ դեպքում՝ դարձյալ ինքն է տուժելու:

Անահիտ ԳԱՍՊԱՐՅԱՆ, կենսաթոշակառու

Այդ պատվարժան պաշտոնի համար
Գնանք ընտրենք ամենից լավին,
Երբ որ նա անցնի վստահված գործին՝
Բալասան դառնա մեր վիշտ ու ցավին:
Մայրաքաղաքին՝ մեր այս հոգսառատ,
Որ ամուր կապի իր սիրտն ու հոգին,
Եվ իր իմաստուն բարի գործերով՝
Սիրելին դառնա ամբողջ քաղաքի:
Որ քաջանց կյանքով փրկված քաղաքը
Դառնա աննման մի գեղեցկուհի,
Օրենք հաստատվի բոլոր գործերում,
Ոչ թե մթնոլորտ՝ սարսափի, ահի:

ՔԱՂԱՔԱՊԵՏՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ, ԳՆՈՒՄ, ԻՍԿ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ

Երեք տարին մեկ հույս ու հավատով քաղաքապետներ ենք ընտրում: Լսելով նրանց նախընտրական խոստումները, հավատում, հուսավառվում ենք, սակայն ընտրություններից հետո պարզվում է, որ ոչինչ չի փոխվել՝ նույն ջուրն է, նույն ջրաղացը:

Սարոյան փողոցի 6 շենքի հինգերորդ հարկի բնակիչներս բազմիցս դիմել ենք քաղաքապետարան՝ հալումաշ եղած տանիքը վերանորոգելու խնդրով: «Ձեր դիմումը 72-րդն է, հերթով նորոգում ենք, սպասեք ձեր հերթին»,- պատասխանել են մեզ: Եթե հավատանք քաղաքապետարանի շինբաժնի պետին, տարեկան վերանորոգում են ընդամենը 4 տանիք: Ասել է թե՝ որպեսզի վերոհիշյալ շենքի հերթը հասնի, դեռ մի քանի քաղաքապետ էլ պիտի ընտրենք…

Եթե քաղաքապետարանը այս տեմպերով է աշխատում, ապա մի քայլ անգամ դեպի ընտրատարածք չեմ գնա՝ վճռել էի ես: Բայց թերթերից ու պատահական հանդիպումներից իմանալով թեկնածուների մասին, համոզվելով, որ նրանց մեջ իսկապես կա արժանի թեկնածու, հաստատ վճռել եմ ոչ միայն մասնակցել ընտրություններին, այլև ինձ հետ տանել ծանոթ-բարեկամներիս, ընկերներիս, որպեսզի մեր սիրելի քաղաքը վերջապես ունենա արժանի ղեկավար:

Համոզված եմ, որ նա՝ մեր նոր ղեկավարը, կարողանալու է բարելավել քաղաքացիների սոցիալական դրությունը, թեթևացնել նրանց հոգսերը: Տարիներ շարունակ մայրաքաղաքում կուտակվել են բարդ ու դժվարին բազմաթիվ հարցեր: Գիտեմ, որ հեշտ չի լինելու նոր քաղաքապետի համար, բայց լավատեսորեն եմ տրամադրված և հաջողություն եմ մաղթում նրան: Իսկ առայժմ՝ համաքաղաքացիներին խորհուրդ եմ տալիս չսխալվել, լրջորեն ծանրութեթև անել և կատարել ճիշտ ընտրություն:

Նարեկ ԱՍՐՅԱՆ

ԵՎՐԱՏԼԱՆՏՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է

Հուլիսի 23-ին Ստեփանակերտում էր գտնվում  «Անցումային ժողովրդավարություններ» նախագծի նախագահ, ԱՄՆ սենատում ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավար Բրյուս Ջեքսոնը, ինչպես նաև Մարշալի հիմնադրամի, «Օրիոն» ռազմավարական կենտրոնի, Եվրատլանտյան ինտեգրացիայի և Ժողովրդավարության կենտրոնի ներկայացուցիչները: Նշված կազմակերպությունները իրականացնում են «Եվրոպայում սառեցված հակամարտությունների կարգավորումը» ծրագիրը: Ըստ Բրյուս Ջեքսոնի՝ ղարաբաղյան կարգավորման մեջ Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից կոնկրետ ներդրման ժամանակը եկել է: Խումբը պատրաստվում է լուրջ զեկույց ներկայացնել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ:

Ըստ երևույթին, ատլանտյան ուժերը որոշել են լրջորեն զբաղվել ղարաբաղյան կարգավորմամբ: Պարզապես նրանք չեն կարողանում մշակել ռուսների հետ համատեղ դիրքորոշում: Այլապես, ինչպե՞ս մեկնաբանել այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները՝ Անրի Ժակոլենը (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) և Սթիվեն Մանը (ԱՄՆ), բարձրաձայն հայտարարել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության  ճանաչման մասին և, միևնույն ժամանակ, խոսելով ազատագրված տարածքներից հայկական ուժերի դուրսբերման մասին, Յուրի Մերզլյակովը նշել է. «Զորքերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից չի նշանակում զորքերի դուրսբերում Ադրբեջանի տարածքից: Ադրբեջանի շրջանները մենք դիտում ենք մի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ մյուս»: Եվս մեկ հակասություն. տարածաշրջան կատարած այցից հետո Սթիվեն Մանը նշել է, որ «համանախագահները սկսել են ավելի լավ հասկանալ Ադրբեջանի ղեկավարությանը», իսկ Յուրի Մերզլյակովը շեշտել է, որ «հակամարտության շուտափույթ կարգավորման համար լավ հնարավորություն է ստեղծվել, որը չի կարելի բաց թողնել»:

Գաղտնիության ռեժիմը թույլ չի տալիս պարզել, թե այդ ինչ հնարավորություն է ստեղծվել: Կարելի է ենթադրել միայն, որ ազատագրված տարածքների ճակատագիրը շուտով կորոշվի: Այդ մասին է վկայում նաեւ այն, որ նույնիսկ Հայաստանում հաճախ են խոսում տարածքները որպես անվտանգության երաշխիք դիտելու մասին:  Անուղղակի վկայություն է նաև Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունն Արցախում: Ինչպես հայտնի է, մայրուղին շրջանցում է Աղդամի տարածքը՝ միացնելով միմյանց հանրապետության շրջանները Ստեփանակերտի միջոցով:

Վերջերս նոր առաջարկությամբ հանդես է եկել Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Ներկայացնելով, թե ինչպես են Բաքվի պատճառով ձախողվել հրադադարի մասին պայմանավորվածությունները, նա հայերին առաջարկում է հրաժարվել «Հողերը՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքից և առաջ քաշել «Հողերը՝ անվտանգության դիմաց» «փոխզիջումը»: Եթե այդ է Ռուսաստանի դիրքորոշումը, ապա ազատագրված հողերի հանձնումը, թվում է,  իրոք մոտենում է:

Արդյոք, չե՞նք հայտնվի կոտրած տաշտակի առջև:

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԸ

Դատախազությունը հաշվետվություն է ներկայացրել ս. թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքների մասին: Համաձայն հաշվետվության, քաղաքացիների ահազանգերի հիման վրա կատարվել են 64 ստուգումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են պետական շահերի խախտման 204 դեպքեր: Դատարան է ներկայացվել 69 հայց՝ 32 մլն 697 հազար դրամ հայցապահանջով: Թե ինչ կարգի գործեր են դրանք, դատախազության մամուլի ծառայությունը չի ճշտում: Հետաքրքիր է, ո՞ւմ դեմ են ներկայացվել այդ հայցերը. խեղճ քաղաքացիների՞, որոնք չեն կարողացել մարել ջրի կամ գազի պարտքերը, թե՞ պետական ձեռնարկության ղեկավարների, որոնց մեղքով ՊՓԲԸ-ները սնանկ են հայտարարվում և համարյա անվճար «հաջողությամբ» սեփականաշնորհվում:

2005 Թ. ԱՐՑԱԽՆ ԱՄՆ-ԻՑ ԿՍՏԱՆԱ 5 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

2005 թ. ԱՄՆ-ն, ըստ ներկայացուցիչների պալատի որոշման, Հայաստանին  կտրամադրի 65 մլն դոլարի տնտեսական օգնություն և 5 մլն դոլարի՝ ռազմական: Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվելիք ռազմական օգնությունները կլինեն նույն չափի:

Որոշվել է նաև 5 մլն դոլարի հումանիտար օգնություն տրամադրել Արցախին:

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ԱՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՎԱԶԵԼ

Վիճակագրական ծառայությունը 2004 թ. հունվար-հունիս ամիսներին գրանցել է բնակչության բնական աճի 16 տոկոսանոց նվազում՝ անցած տարվա տվյալների համեմատ: Ըստ ծառայության տվյալների՝ 6 ամսվա ընթացքում ԼՂՀ-ում ծնվել է 1031 երեխա և մահացել 730 մարդ:

Դրա փոխարեն Արցախ եկողների թիվը կազմել է 548 մարդ, մեկնողների՝ 354-ի դիմաց: Համաձայն տվյալների, մեխանիկական աճը ավելացել է 2 անգամ:

Ինչո՞ւ է նվազել ծնելիությունը և բարձրացել մահացության մակարդակը:  Առողջապահության նախարարությունը, արդյոք, ուսումնասիրո՞ւմ է նման վիճակագրության պատճառները: Ո՞վ է, ընդհանրապես, ուսումնասիրում, թե ինչու է ավելացել (դա կարելի է նկատել անզեն աչքով) քաղցկեղների, ինֆարկտների, ինսուլտների, կանացի հիվանդությունների դեպքերի թիվը: Ո՞վ կարող է ասել՝ ծնելիության նվազումը ունի սոցիալակա՞ն, թե՞ առողջապահական պատճառներ: Ի վերջո, մեխանիկական աճի բարձրացումը չի արդարացնում բնականի նվազումը:

ՕԳՈՍՏՈՍԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՓԱՌԱՏՈՆԸ

Օգոստոսի 13-ին Երևանում կկայանա «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ավանդական դարձած փառատոնի հանդիսավոր բացումը: Փառատոնի շրջանակներում օգոստոսի 13-23-ը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում կկայանան մշակութային տարբեր միջոցառումներ: Ըստ որոշ տվյալների, հայ գործարարները  փառատոնի կազմակերպիչներին են տրամադրել 100 հազար դոլար: Սակայն ՀՀ և ԼՂՀ ժամանելիք 1500 սփյուռքահայերը պետք է սեփական միջոցներով լուծեն իրենց տրանսպորտային և բնակարանային հարցերը:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԵՌՈՒՆ ՇՐՋԱ՞Ն

Ինչպես մեզ տեղեկացրեց Արցախի պետհամալսարանի ընդունող հանձնաժողովի քարտուղար Սվետլանա Երիցյանը, այս տարի բուհ է դիմել 901 դիմորդ: Նախատեսված են պետպատվերով՝ 200 և վճարովի՝ 590 տեղեր: Քննությունները սկսվել են հուլիսի 20-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի 13-ը:

Այս տարվա քննությունների նորույթը կայանում է նրանում, որ դիմորդը, բացի հիմնական մասնագիտությունից, կարող է ընտրել 3 երկրորդական: Իսկ գլխավոր ինտրիգն այն է, որ պայքար է գնում ոչ թե բուհ ընդունվելու, այլ պետպատվերով կամ առաջին մասնագիտությամբ ընդունվելու համար:

Փորձագետների  կարծիքով, քանի որ ընդհանուր առմամբ ԱրՊՀ-ում գրեթե մրցույթ չկա, բոլոր դրական բալեր ստացողները «կտեղավորվեն»:

Եվս մի փաստ. այս տարի, ի տարբերություն նախորդի, 1 դիմորդ ստացել է 20 բալ՝ հայոց լեզվից, իսկ 3-ը՝ ֆիզիկայից:

Այս տարի ևս որոշ բաժիններում հայոց լեզվի քննություն չի եղել և հաշվի է առվել դպրոցի թվանշանը: Ակնկալվում է, որ 1-2 տարի անց ընդունելության քննությունները և դրանց ուղեկցող աժիոտաժը կվերանան:

ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ Է ԵՐԿՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արցախն ու արցախցիներին ճանաչելու նպատակով  մեկշաբաթյա այցով այստեղ էին ժամանել ֆրանսիացի լրագրողներ Սելիա Շոֆֆուերը եւ Ֆրանսուա Գրեմին: Նրանք այցելել են նաեւ Ստեփանակերտի մամուլի ակումբ եւ «Դեմո»:  Խմբագրությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ լրագրողները տեղեկացրին, որ 2005 թ. հունվարից Թբիլիսիում կսկսվի  «Կովկաս-Եվրոպա. նորություններ»՝ ռուսերեն լեզվով թերթի լույս ընծայումը: Դրանից ավելի վաղ՝ ս. թ. սեպտեմբերից կսկսվեն համանուն վեբ-սայթի նախապատրաստման աշխատանքները: Հետաքրքրականը թերեւս այն է, որ սայթը նախատեսված է Եվրոպայի համար եւ պատրաստվելու է երեք լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն եւ ռուսերեն: Իսկ Թբիլիսիում լույս ընծայվելիք թերթը փորձելու է բավարարել, իրենց խոսքերով, Հարավային Կովկասի ընթերցող ոչ այնքան լայն շրջանակների պահանջները: Լրատվամիջոցի տնօրեն Ս. Շոֆֆուերի վկայությամբ՝ սույն նախաձեռնության հիմնական աջակիցն ու հենարանը Եվրամիությունն է,  ինչպես նաեւ բոլոր այն քաղաքական ուժերն ու կազմակերպությունները, որոնք ընդունում են միջազգային այդ կառույցի նպատակներն ու խնդիրները: Շոշափվելու են  մեր տարածաշրջանի հակամարտություններին, ազգային փոքրամասնություններին, փախստականներին առնչվող թեմաներ, սոցիալ-տնտեսական եւ այլ բնույթի խնդիրներ: Հյուրերը նշեցին, որ, անտարակույս, թերթի էջերում զետեղվելու են նաեւ Ղարաբաղին վերաբերող թեմաներ, հետաքրքիր նորություններ:

Հյուրերը, փոխանցելով իրենց տպավորությունները, նախեւառաջ շեշտեցին, որ ղարաբաղցիներն ավելի շատ երազում են խաղաղության մասին, իսկ մնացած հիմնահարցերը համարում են լուծելի: «Ես ավելի շատ մտածում եմ Ղարաբաղի կարգավիճակի մասին, որի հստակեցումը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը»,- ավելացրել է «Կովկաս-Եվրոպա. նորություններ»-ի տնօրենի տեղակալ Ֆ. Գրեմին:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հուլիսի 23-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է Ֆրանսիայի քաղաքացի Միշել Թանքրեզին, որն ընտանյոք հանդերձ տեղափոխվել է Ստեփանակերտ՝ մշտական բնակություն հաստատելու նպատակով: Պարոն Թանքրեզը Լեռնային Ղարաբաղ է այցելում 1993 թվականից: Նա ըստ ամենայնի աջակցություն է ցուցաբերել հանրապետության բարեկարգմանը` ինչպես մարդասիրական օգնություն ցուցաբերելու, այնպես էլ այստեղ մի շարք սոցիալական ծրագրերի իրականացման ձեւով: Պարոն Թանքրեզը ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ ԼՂՀ-ում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության համար դրամահավաքի նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Ֆրանսիայում ֆոնոթոնի կազմակերպման աշխատանքներին:

Նախագահի հետ զրույցի ընթացքում պարոն Թանքրեզը ցանկություն է հայտնել իր գիտելիքներն ու հնարավորություններն օգտագործել ի շահ Լեռնային Ղարաբաղի:

Հուլիսի 27-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է բրիտանական խորհրդարանի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

Բարոնուհին գոհունակությամբ նշել է, որ Լեռնային Ղարաբաղ իր վերջին այցից հետո այստեղ տեղի են ունեցել դրական փոփոխություններ ինչպես հիրավի ժողովրդավարական եւ քաղաքացիական հասարակության կառուցման, այնպես էլ պատերազմական գործողությունների հետեւանքով ավերված բնակարանատնտեսական համալիրի վերականգնման բնագավառում: Նրա խոսքերով, նա խոր հարգանք է տածում ղարաբաղյան ժողովրդի եւ անկախության հասնելու ճանապարհին նրա ձեռքբերումների հանդեպ:

Միաժամանակ բարոնուհին տեղեկացրել է, որ նրա ղեկավարությամբ ստեղծվել է «ՀԱՐԹ» («HART») բարեգործական կազմակերպությունը, որը գրասենյակներ ունի Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Կազմակերպությունը կզբաղվի աշխարհի տարբեր երկրների, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնություն ցույց տալու ծրագրերի իրականացմամբ:

ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչություն

«ՇԱՐԺՈՒՄ-88»-Ը ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԼՈՒՐՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ  ՈՒԺ ԴԱՌՆԱԼ

Հուլիսի 20-ին տեղի ունեցավ «Շարժում-88» հասարակական-քաղաքական կազմակերպության հիմնադիր ժողովը: Հանրապետության քաղաքական դաշտում  այս տարվա փետրվարին իր ծնունդը հայտարարած շարժումն իր հավատարմությունն է հայտարարում 88-ի գաղափարներին, ինչը չի նշանակում այդ գաղափարների սոսկ կրում: Շարժման նպատակն այն տարիների ազգային միասնության  ու ինքնազոհողության պատրաստակամության վերականգնումն է, ազգային զարթոնքի, չիրականացված հույսերի իրագործումը: Շարժման նախաձեռնողներն իրենց մտահոգությունն են հայտնում  մեր նորանկախ հանրապետության կայացմանը խոչընդոտող ստվերային երևույթների կապակցությամբ և դրանց  դեմն առնելու պատրաստակամություն հայտնում:

Անձնավորված սեփականաշնորհում, կադրային սխալ քաղաքականություն, անհավասար մրցակցության պայմաններով, ոչ ճիշտ հունով զարգացող շուկայական հարաբերություններ` մեր պետականությանը սպառնացող վտանգներին հավասարազոր այս երևույթների շարքում  շարժման նախաձեռնողները մատնանշում են օրինախախտ տնտեսական գործունեություն ծավալող քաղաքական վերնախավն ու պետական կառավարման համակարգից հիասթափված բնակչության հուսախաբությունն անկախության գաղափարից:

Իշխանության թևերի հստակ տարանջատում, ի հակակշիռ նախագահական ինստիտուտի` խորհրդարանի դերի բարձրացում, պայքար հովանավորչական կոռուպցիայի, սոցիալական անարդարության դեմ, գյուղում սեփականատիրոջ կայացման, ագրարային քաղաքականության  ռազմավարական ծրագրի մշակում,  աջակցություն ինտելեկտուալ կապիտալին, ներքին ռեսուրսների հաշվին տնտեսության վերականգնում ու գործազրկության կրճատում` սրանք են կազմակերպության առջև դրված հիմնական խնդիրները, որոնց լուծման համար շարժման նախաձեռնողներն ակնկալում են հասարակության բոլոր առողջ ուժերի աջակցությունը:

Շարժման նախաձեռնողներն առանձնակի ուշադրություն են դարձնում նաեւ հասարակության բևեռացվածության վերացման, միջին խավի ձևավորման խնդրին:

Շարժման նախաձեռնողների կարծիքով, մեր տնտեսական ներուժը լրիվությամբ չի օգտագործվում: Ըստ նրանց, մենք ռեալ զարգանալու, սեփական ներուժով ինքներս մեզ պահելու հնարավորություն ունենք, ինչը, սակայն, չի արվում կադրային սխալ քաղաքականության և քաղաքացիական անտարբերության պատճառով: Շարժումն այդ անտարբերությունը թոթափելու կոչ է անում և մատնանշում, որ յուրաքանչյուր արցախցու պարտքն է պայքարել մեր պետականությանը խոչընդոտող ստվերային երևույթների` եսապաշտ չինովնիկության,  հովանավորչական կոռուպցիայի,  գանձարանագողության և այլնի դեմ:

Ստեղծել մարդկային արժեքների վրա հիմնված  զարգացած ժողովրդավարական հասարակություն, կայուն պետություն` սա է շարժման գերխնդիրը, որը իրագործելու համար «Շարժում-88»-ը պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ:

Նոր կազմակերպության ծնունդը ողջունեցին և իրենց աջակցությունը խոստացան ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն, առանձին անհատներ:

Ընտրվեց 7 հոգանոց վարչություն, որի անդամները հանրապետությունում հայտնի մտավորակականներ, հասարակական գործիչներ են:  Շարժմանն  անդամակցելու կարգը կորոշվի կանոնադրության մշակումից հետո: Կազմակերպությունն ակնկալում է միավորել պետության կայացմամբ շահագրգիռ ազնիվ կերտվածքի տեր մարդկանց:

Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ

հիմնախնդիրներ

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Ստեփանակերտի հոգեբանական-վերականգնողական կենտրոնը 10 տարեկան է: Կենտրոնն իր գործունեությունն սկսել է պատերազմ ապրած երեխաների հոգեբանական վերականգմամբ, այնուհետև ընդլայնել իր աշխատանքների շրջանակը՝ հոգեբանական օգնություն ցուցաբերելով նաև մեծահասակներին: Կենտրոն դիմածների թիվն այսօր անցնում է 15 հազարից: Եվ այն, որ կենտրոնի ամենատարեց հաճախորդը 77 տարեկան է, խոսում է այս ծառայության զարգացման, ավելի խոր մասնագիտացման անհրաժեշտության մասին:

94-ին, երբ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության աջակցությամբ տեղացի 5 մասնագետ հիմնադրեցին մինչ այդմ գործառություն չունեցող հոգեբանական օգնության ծառայությունը, օրախնդիր էին պատերազմի հոգեբանական ավերածությունները: Օգնում էին հիմնականում մանուկներին, որոնց մատաղ հոգիներում վախը, հարազատի կորուստը տարատեսակ դրսևորումներ էր գտնում:

Յուրաքանչյուր ռմբակոծությունից հետո կենտրոն դիմողների հոսքը մեծանում էր: Աստիճանաբար, երբ երեխաներին կենտրոն բերող ծնողները սկսեցին կիսվել իրենց մտահոգող խնդիրներով՝ պարզ դարձավ, որ աշխատանքի մեծ դաշտ կա: Հոգեբանական օգնության կարիք ունեն թե’ պատերազմի բովով անցած մարտիկները, թե’ թիկունքում զրկանքներին դիմադրող կանայք ու թե’ այդ ամենը տպավորիչ մանկական հոգեընկալմամբ ամբարող երեխաները:

Խաղաղ պայմաններում եղած հիմնախնդիրներին ավելացան նորերը: Դա և պատերազմում հաղթանակած ռազմիկի՝ նոր հասարակական հարաբերություններին ադապտացվելն է (շատ հաճախ նրանք իրենց դուրս են զգում «խաղաղ»  հասարակությունից), և’ լուրջ սոցիալական հիմնախնդիր դարձած աղքատությունն է՝ իրենից բխող հետևանքներով, և’ գնալով ավելի կոնկրետ ուրվագծվող սոցիալական բևեռացումն է:

Գաղտնիք չէ, որ այսօր շատ ընտանիքներ հազիվ են ծերը ծերին հասցնում: Հոգեբան Արմիդա Բադալովան սեփական ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել է, որ մեր երեխաները ընդունված չափանիշներից 3 անգամ քիչ միս, 2 անգամ քիչ կաթ են օգտագործում: Մեր բժիշկների պրակտիկայում հաճախ են դեպքերը, երբ թերսնման պատճառով երեխան իր զարգացմամբ ետ է մնում տարեկիցներից: Պատմում են, որ 1,5 տարեկան երեխան, որին Ստեփանակերտի մանկական հիվանդանոց էին հասցրել Շուշիից, 7 ամսականի զարգացում ուներ. դա այն դեպքում, երբ նա ծնվել էր նորմալ քաշով, առանց որևիցե բնածին արատի: Մեկ այլ դեպքում երեխան գլխապտույտ էր ունենում, նույնիսկ ուշագնաց լինում: Մինչ խորը հետազոտման անցնելը, բժիշկը հետաքրքրվեց, թե նա առավոտյան քաղցր թեյ խմե՞լ է, ինչին երեխայի տատը պատասխանեց՝ «Մատաղ ինիմ, զոռավ ցամաք հացն ընք հըսցնում»:

Դժվար չէ կռահել, թե ինչպես է ազդում այս ամենը հոգեբանական առողջության վրա: Ստեփանակերտի քաղաքային կրթության բաժնի և հոգեբանական կենտրոնի համատեղ ուսումնասիրություններից պարզվեց, որ վերջին շրջանում շատացել է արգելակված մտավոր գործընթացով աշակերտների թիվը: Հոգեբանները դա կապում են հասարակության մեջ տեղի ունեցող նոր շարժերով (աղքատությունը, նոր հասարակարգում ինքնահաստատման դժվարությունը ծնում են հոգեբանական խնդիրներ), շատ հարցերի պատասխաններ էլ դեռևս բացահայտված չեն:

Այսպես՝ վերջին տարիներին մեծ թիվ են կազմում հոգեբանական շեղումներով երեխաները: Շատացել են վաղ մանկական աուտիզմի դեպքերը: Մասնագետները միանշանակ չեն կարողանում մատնանշել դրա պատճառները: Սակայն հնարավոր պատճառների թվում են պատերազմի ընթացքում մարդկանց ապրած սթրեսները և հետպատերազմյան, նաև՝ անցումային ադապտացիոն դժվարությունները:

Արցախի հոգեբանների և հոգեբույժների ասոցիացիայի նախագահ Էլֆրիդա Սարումովայից տեղեկացանք, որ այդպիսի երեխաների հետ մասնագիտացված աշխատանք է տարվում: Սակայն զգացվում է նեղ մասնագիտացվածության անհրաժեշտությունը (մեր հանրապետությունում այդպիսի երեխաների հետ աշխատելու մասնագիտացում ունեցող հոգեբանները շատ քիչ են): Է. Սարումովան ոչ պակաս կարևոր է համարում հասարակական գործոնը. «Մեծ աշխատանք պիտի տարվի հասարակության հետ: Պիտի հասնել նրան, որ հասարակությունը հոգեկան հիմնախնդիրներով մարդկանց ընդունի որպես անհատների և հարգի նրանց իրավունքները: Եվ հետո՝ բոլորը պիտի հասկանան, որ ոչ ոք ապահովագրված չէ դրանից»:

Իր տասնամյակի կապակցությամբ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը կազմակերպեց սեմինար՝ նվիրված հոգեբանական առողջության խնդիրներին: Սեմինարում այն միտքն ընդգծվեց, որ հոգեբանական առողջացման ծրագրերը պիտի զուգակցվեն սոցիալական ադապտացիոն ծրագրերով: Ցավոք, մեր հանրապետության չճանաչվածության պատճառով, միջազգային հիմնադրամների օժանդակությամբ նման ծրագրերի իրականացումը դեռևս անհնար է: Եվրոպական կառույցների հետաքրքրության աշխուժացումը մեր տարածաշրջանի նկատմամբ ու դրա հետ կապված հնարավոր վերականգնողական ծրագրերը հույս են ներշնչում, որ այդ նախագծերում կընդգրկվի նաև այս բնագավառը: Ու շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես է մեր պետությունը և հասարակությունը վերաբերում այս հիմնախնդրին: Ի վերջո, առողջությունը ֆիզիկական, հոգևոր և սոցիալական բարեկեցության ամբողջությունն է և պիտի հասնել առողջության բանաձևի այս 3 տարրերի ապահովմանն ու համատեղ զարգացմանը:

Մարինե  ՄԿՐՏՉՅԱՆ

նամականի

ԿԱԴՐԵՐՆ ԵՆ ՎՃՌՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ

Այս հոդվածը գրելուն առիթ հանդիսացավ այն, երբ «Ազատ Արցախ»-ի հունիսի 10-ի թիվ 64-ում կարդացի «Հանրակրթական դպրոցներում գիտելիքների մակարդակն անբավարար է» (Նաիրա Հայրումյանի՝ կրթության նախարարության աշխատակիցների կողմից հանրապետության դպրոցներում անցկացված ստուգողական աշխատանքների արդյունքների մասին) հոդվածը: Հոդվածում գրված է. «Աշակերտների գիտելիքների մակարդակը գնահատվել է զրո»: Նույն հոդվածում գրված է, որ կրթության նախարարի հրամանով վերջին ստուգումների արդյունքում 17 դպրոցների 7 տնօրեններ ազատվել են աշխատանքից, իսկ 2-ը՝ ստացել գրավոր նախազգուշացում:

Դրան գումարվեց նաև այն, որ ուսումնական տարվա եզրափակման նախօրյակին առավոտյան մոտ ժամը 10-ին անցնում էի քաղաքի դպրոցներից մեկի մոտով, տեսա 10-12  յոթերորդցի տղաներ՝ ծառի տակ, բոլորի բերաններին՝ վառված ծխախոտ: Չհամբերեցի, մոտեցա և հարցրի, թե ինչու դասը թողել և ծխախոտ են ծխում: Նրանք միաբերան պատասխանեցին՝ «Մեր ուսուցչի համար միևնույն է, ուզում ես դասին նստիր, ուզում ես՝ բացակայիր»:

Եվ ահա որոշեցի այս հոդվածով, իմ տրամաբանությամբ, որոշակի պատասխան տալ աշակերտների գիտելիքների «զրո» արդյունքի և նման անկարգություններ ծնող պատճառների վերաբերյալ:

Ես քառորդ դար եղել եմ գյուղական դպրոցի տնօրեն: Այդ տարիներին Ստեփանակերտի N1 դպրոցի տնօրենն էր Սերգեյ Յարամիշյանը, N2 դպրոցում՝ Պավել Անդրյանը, N3 դպրոցում՝ Քրիստափոր Պետրոսյանը, N8 դպրոցում՝ Քրիս Միխայլիդիսը, ինտերնատ (այժմյա N9) դպրոցի տնօրենն էր Սարգիս Արամյանը և այլն:

Հիշում եմ նրանց ազնիվ, նվիրված, բարեխիղճ, շատ գրագետ աշխատանքը, նրանց հմուտ ղեկավարի հատկությունները և այդ ամենի արդյունքը: Աշակերտների գիտակցական կարգապահությունը գտնվում էր բարձր հիմքերի վրա: Ուսումնադաստիարակչական աշխատանքների դրվածքը օրինակելի էր: Հանրապետական առարկայական օլիմպիադաներում Ղարաբաղը միշտ գրավում էր առաջին տեղը: Գաղտնիք չէ, որ այդ ամենի մեջ մեծ դեր էին խաղում ուսուցչական կոլեկտիվները, առանձնապես՝ դպրոցների տնօրենները:

Երկու խոսք դպրոցական տեսուչների աշխատանքի մասին: Աշխատանքի վերահսկողությունն անհրաժեշտ է բոլոր բնագավառներում: Նրա անհրաժեշտությունը մեծ է նաև կրթության համակարգում:

Իմ դպրոցավարության տարիներին երկու զույգ դպրոցական տեսուչներ էին աշխատում. Սամվել Ղուկասյան, Աբրահամ Ղահրամանյան, Կոլյա Բաղդասարյան և Վազգեն Գասպարյան: Յուրաքանչյուր քառորդը մեկ նրանք հաճախում էին շրջանի բոլոր դպրոցները (շրջանում կային 40-45 դպրոցներ) մեծամասամբ ոտքով, յուրաքանչյուր գյուղում մնում էին 3-4 օր, լսում էին 30-40-ական դասեր, այդ թվում՝ դպրոցների տնօրենների, փոխտնօրենների դասերը: Հրավիրում էին մանկխորհի հատուկ նիստեր, որտեղ վերլուծում էին յուրաքանչյուր դաս, արդյուքները գրանցում ակտերի գրքում և տեղեկանքի մեջ: Իսկ ամենակարևորը՝ նրանք աշակերտների, ուսուցիչների, ծնողական հասարակության առջև առանձին-առանձին հանդես էին գալիս զրույցներով, զեկուցումներով, մանկավարժական, դաստիարակչական, գիտական, միջազգային և այլ բնույթի թեմաներով: Ամբողջ շրջանների գյուղերի բնակիչները ճանաչում էին նրանց:

Դպրոցական տեսուչները ստուգում էին տնօրենների դասալսումները՝ ինչպես քանակական, այնպես էլ որակական տեսակետից:

Հիշում եմ, երբ դպրոցական տեսուչ Կոլյա Բաղդասարյանը նոյեմբեր ամսում ստուգելով դասալսումներս, նկատեց, որ ինձ մոտ գրանցված է 85 դասաժամ, որոշ դժգոհություն հայտնեց քիչ լինելու համար: Բայց երբ իմացավ, որ ամբողջ դպրոցը մեկ ամիս մասնակցել է խաղողաքաղին, «ետ վերցրեց» իր դժգոհությունը: Բայց ինձնից հետո 15 տարում նշանակվեցին 5 տնօրեններ, որոնք միասին վերցրած 15 տարում չլսեցին 85 դասաժամ:

Դպրոցական տեսուչները մեծ դեր էին խաղում մանկավարժական կոլեկտիվների ամրապնդման, լավագույն մանկավարժների փորձի տարածման, կոլեկտիվների միջև մրցությունների անցկացման, ավարտական դասարանների աշակերտներին բուհերի ընդունելության համար նախապատրաստելու և այլ հարցերում:

Հարց է առաջանում. այդպիսի՞ն է դրվածքը նաև այժմ: Այդ սիստեմի բացթողումներով չեն բացատրվո՞ւմ, արդյոք, մերօրյա գոյություն ունեցող թերությունները:

Կադրերի նշանակման համար լիազորված անձը պետք է համոզված լինի իր ընտրության ճշտության մեջ: Նոր նշանակվող կադրի անցած գործունեությունը, ունեցած գիտելիքները, շրջապատի մեջ ունեցած հեղինակությունը պետք է համապատասխանեն նոր պաշտոնյային առաջադրվող պահանջներին: Տվյալ դեպքում՝ դպրոցի տնօրենը պետք է լինի դպրոցի ամենաորակյալ ուսուցիչը, ամենահեղինակավոր մարդը, հարուստ գիտելիքի տեր, ազնիվ, պահանջկոտ, պատասխանատվության բարձր զգացումով անձնավորություն:

Իմ տնօրինության 25 տարիների ընթացքում կառուցել ենք դպրոցական նոր շենք, հասարակական ձևով՝ առանց պետական միջոցների, քարով պարսպապատել դպրոցի շրջակայքը, 200 քառ. մետր դպրոցամերձ հողամասը դարձրել 2 հեկտար՝ պտղատու ծառերով, բանջարանոցներով, ջրածորակներով: Մեր դպրոցն այդ տարիներին նշվում էր շրջանի առաջավոր հինգ դպրոցների շարքում:

Բայց ահա դպրոցի տնօրեն են նշանակել մի կնոջ, որի ժամանակ ես թոշակառու ուսուցիչ էի, որը հայերեն մի տառ էլ չգիտեր, դասալսման մասին խոսք չկար, ուսուցչանոցը դարձրել էր ճաշասենյակ, որի հաճախորդները գյուղի հեղինակազուրկ, պատահական կանայք էին: Կարճ ժամանակում սկսեցին քանդվել դպրոցի քարե ցանկապատերը, դպրոցամերձ հողամասի մրգատու ծառերի մի մասը ոչնչացվեց, մյուս մասը դարձավ անբերրի, հողամասն ամբողջությամբ դարձավ գյուղի անասունների արոտավայրը, դպրոցը սկսեց հիշատակվել ետ մնացողների շարքում և այլն: Տարիներով ձեռք բերվածը հասցվեց զրոյի:

Չկարողացա հաշտվել այս ամենի հետ: Ստիպված դիմեցի վերադասին: Եղա դպրոցների վարչության պետ Սոս Արզումանյանի, կրթության նախարար Համլետ Գրիգորյանի մոտ, բայց՝ ոչ մի արդյունք: Հարցը լուծվեց միայն շատ ուշացումով, ուրիշների միջամտությամբ, երբ արդեն վաղեմի փառք ունեցող դպրոցը դարձել էր ծաղրի օջախ…

Ինձ զարմացնում են նաև համալսարանների գովազդները: Ինչպես գովազդում են ապրանքները՝ ամենալավը, ամենաէժանը, ամենագեղեցիկը և այլն, նույնը ասվում է նաև կրթության բնագավառի մասին: Չլինի՞ թե սա յուրահատուկ բիզնես է:

Այդքան դիպլոմավորները որտե՞ղ պետք է աշխատեն: Մեր փոքրիկ երկրամասում արդեն կան հարյուրավոր իրավաբաններ: Այդ համալսարանների փակման մասին եղել է նախկին նախարար Համլետ Գրիգորյանի հրամանը, որտեղ գրված էր. «Ստուգումներից պարզվել է, որ պետական արտոնագրեր չունեցող մի շարք բուհերում ուսանողների հաճախումները կազմում են 20, 30, 35 տոկոս: Բացահայտված են ձևականություններ, կեղծիք և այլն»: Ուստի նոր ուսումնական տարվանից նախարարի հրամանով նրանք պետք է փակվեին: Բայց չփակվեցին:

Այդ նույն նախարարի ժամանակ տպագրվել են դարի լավագույն մանկավարժների անուն-ազգանունները:

Եվ ի՞նչ. Սարգիս Աբրահամյանի, Սարգիս Արամյանի կողքին տեղ են գտել այնպիսի մանկավարժների անուններ, որոնք ոչ թե դպրոցի լավագույն մանկավարժ, այլ տվյալ դպրոցի միջակ ուսուցիչը կոչվելու իրավունք չունեն: Այս հարցով նույնպես եղել են նախարարին գրավոր և բանավոր դիմողներ, բայց ոչինչ չի փոխվել:

Ընդհանրացնելով իմ միտքը, ուզում եմ հիշեցնել, որ կադրը, պաշտոնյան սկսած սկզբնական օղակից մինչև ամենավերադասը, կարևոր դեր է խաղում աշխատանքների ճիշտ կազմակերպման գործում:

Ուսուցիչը պետք է հարգի տնօրենին, կրթության շրջանային, հանրապետական բնագավառի աշխատողներին: Վրիպումները, անպատասխանատվությունը տանում են դեպի աշխատանքի տապալում, պաշտոնյաների հեղինակազրկում:

Սերգեյ ՀԱԽՈՒՄՅԱՆ, կենսաթոշակառու

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ

Մեծարգո Նախագահ:

Առաջին անգամը չէ, որ դիմում եմ Ձեզ: Սկսած 1990 թ. մեր բնակարանային պրոբլեմը քննարկվել է ԼՂՀ գրեթե բոլոր դատաքննչական ինստանցիաներում, սկսած շրջանային դատարաններից, ԼՂՀ Առաջին ատյանի դատարանից, ԼՂՀ Գերագույն դատարանից, ԼՂՀ վճռաբեկ դատարանից, ԼՂՀ նախագահի աշխատակազմից և ԼՂՀ Անվտանգության խորհրդից, որոնք միշտ էլ վերջին րոպեներին շեղվել են հարցի ճիշտ և արդարացի լուծումից, ինչը հաստատում է այն փաստը, որ դատա-իրավական համակարգը ԼՂՀ-ում արդարացի չի գործում, այլ կատարում է իշխանական բարձունքի հասած անձանց հանձնարարությունները: Հույսուհավատով ակնկալում եմ, որ միմիայն Ձեր միջամտությամբ գոնե այս անգամ վերջ կտրվի իրավապահ մարմինների շարունակական ոտնձգություններին:

Մենք՝ ես ու իմ նախկին ամուսին Ա. Գասպարյանը, միասին ստացել ենք Հ. Հակոբյան 27/1 հասցեում գտնվող երկսենյականոց բնակարանը: Ամուսինս մշտական դիտավորյալ վեճ ու կռիվներ էր կազմակերպում, ծեծում ինձ, ինչը հասցրել է իմ հղիության ընդհատմանը, որը և ինձ համար դարձել է ճակատագրական: 1990թ. մարտին մենք ամուսնալուծվել ենք: Նույն տարում նա ամուսնացել է համագյուղացի Լենա Սարգսյանի հետ և, ինձ բնակարանից դուրս անելու նպատակով, առանց իմ համաձայնության, նրան անօրեն գրանցել բնակարանում: Ամուսնանալուց հետո նրանց ընտանիքը շարունակել է բնակվել Ասկերանի շրջանի Հարավ գյուղում` Ա. Գասպարյանի հայրական հարմարավետ բնակարանում:

1998 թ. ես հայց եմ ներկայացրել Ստեփանակերտի քաղաքային դատարանին, քանի որ նրանք բնակարանի հետ ոչ մի կապ չունեին, սկսած 1990 թ. բնակարանում չէին բնակվում, բնակվարձերը չէին մուծում, իրենց գույքը լրիվությամբ բնակարանից տեղափոխել էին, նրանց իրավունքը կորցրած ճանաչել բնակարանի նկատմամբ: Ստեփանակերտի քաղդատարանը բնակարանի տարածքից զրկել է միայն Ա. Գասպարյանին, իսկ Լ. Սարգսյանի նկատմամբ հայցը համարել է անարդարացի, անտեսելով հարևանների տված ցուցմունքները և կազմած ակտը այն մասին, որ Լ. Սարգսյանին՝ որպես վերոհիշյալ վիճելի բնակարանի բնակչուհի չեն ճանաչում: ԼՂՀ Գերագույն դատարանը Ն. Դադայանի նախագահությամբ, ԼՂՀ գլխավոր դատախազի բողոքարկումից հետո գործը կարճել է, պատճառաբանելով, որ առկա պրոբլեմը իրավասու է լուծելու միայն քաղաքապետարանը: Ստեփանակերտի քաղաքապետարանն իր հերթին 1998թ. հայց է ներկայացրել քաղդատարանին՝ Ա. Գասպարյանի և Լ. Սարգսյանի իրավունքը կորցրած ճանաչել Հակոբյան փողոցի թիվ 27/1 բնակարանի նկատմամբ: Բայց տարօրինակն այն է, որ նախքան դատական պրոցեսի սկսվելը, հրաժարվել է հայցից, ասելով, որ երկու առանձին մեկ սենյականոցներ չկան՝ կողմերին առանձին-առանձին բնակարաններով ապահովելու համար, թեկուզ հայցը ներկայացրել էր ոչ թե առանձին բնակարաններով ապահովելու, այլ բնակարանային օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ 6 ամսից ավելի անհարգելի պատճառով բնակարանում չբնակվելու պատճառով բնակարանի նկատմամբ իրավունքը կորցրած ճանաչելու համար:

2002թ. Ստեփանակերտի քաղաքապետարանը մի քանի անգամ մեր հարևանների ստորագրությամբ ակտ կազմելուց հետո (որ նրանք սույն բնակարանում չեն ապրել), նորից 2002թ. հուլիսին հայցային դիմում է ներկայացրել Ստեփանակերտի Առաջին ատյանի դատարանին՝ «Ա. Գասպարյանի և Լ. Սարգսյանի բնակտարածության օգտագործման իրավունքը կորցրած ճանաչելու մասին»: Դատարանը՝ նախագահությամբ Ա. Մադաթյանի 2002թ. սեպտեմբերին բավարարել է հայցը: Վճիռը Լենա Սարգսյանի կողմից (որը ոչ ամուսնության ընթացքում և ոչ էլ ամուսնալուծվելուց հետո բնակարանում չի բնակվել) բողոքարկվել է ԼՂՀ Գերագույն դատարանի վերաքննիչ ատյանին: 2002թ. նոյեմբերին դատավոր Կ. Ղարայանի նախագահությամբ քննվել է գործը և ԼՂՀ Առաջին ատյանի դատարանի վճիռը մնացել է ուժի մեջ: Սույն վճռի դեմ նորից վճռաբեկ բողոք է ներկայացրել Լ. Սարգսյանը: Վճռաբեկ ատյանը 2002թ. դեկտեմբերի 20-ին, չհիմնավորված ապացույցներով, նույն գործը երկրորդ անգամ Ն. Դադայանի նախագահությամբ թեքել է արդարացի և ճիշտ լուծումից և, բեկանելով ԼՂՀ Առաջին ատյանի և ԼՂՀ Գերագույն դատարանի վերաքննիչ ատյանի վճիռները, գործի վարույթը կարճել՝ պատճառաբանելով, որ եթե 01.06.1998-ին Ստեփանակերտի քաղաքապետարանը նույն առարկայի մասին, միևնույն հիմքերով հայցային դիմում է ներկայացրել դատարան և նորից հրաժարվել հայցից, ուստի նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով նույն կողմերի միջև եղած վեճի վերաբերյալ դատարան դիմել չի թույլատրվում, անտեսելով քաղ. օրենսգրքի համապատասխան կետերը՝ թիվ 109 կետ 4 և թիվ 110 կետ 3:

2003 թ. մարտից Ա. Գասպարյանն իր տված դիմումի համաձայն հանվել է գրանցումից:

2004թ. հունվարին Լ. Սարգսյանը դիմել է ԼՂՀ Առաջին ատյանի դատարան՝ ինձ բնակարանից վտարելու պահանջով: Դատարանը՝ դատավոր Կ. Ղահրամանյանի նախագահությամբ, 2004թ. փետրվարի 10-ին լսել է գործը, և ինչպես պարզվել է դատավարության ընթացքում, նա մինչ դատը չէր ծանոթացել գործին կցված և ոչ մի փաստաթղթի հետ, որովհետև նախօրոք դատավճիռը պատրաստ էր: Դատավորը ուշադրություն չի դարձրել հարևանների կողմից ներկայացված ակտին այն մասին, որ Լ. Սարգսյանին որպես վերոհիշյալ բնակարանի բնակչուհի չեն ճանաչում, ուշադրություն չի դարձրել ԲՇՏ-ից ներկայացրած տեղեկանքին բնակվարձերի մուծման մասին: Հաշվի չառնելով մեր համատեղ բնակվելու անհնարին լինելը, բավարարել է Լ. Սարգսյանի հայցը:

Նշված վճռի դեմ բողոքարկել եմ ԼՂՀ Գերագույն դատարանի վերաքննիչ ատյանին՝ նյութական և դատավարական իրավունքի խախտման հիմքերով, քանի որ, բնակարանը սեփականաշնորհված չէ, գտնվում է քաղաքապետարանի հաշվեկշռում, և հայցվորը 10 տարուց ավել չի բնակվում այնտեղ ու բնակարանային վարձերը չի մուծում: Վերաքննիչ ատյանը ԼՂՀ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ: Լ. Սարգսյանը խոստովանել է, որ իր թիկունքում կանգնած է բարձրաստիճան պաշտոնյա, ուստի պետք չէ այլևս ոչ մի միջոց ձեռնարկել, ավելի լավ է բնակարանն ազատեմ: «Այլապես այս անգամ ավելի վատ կլինի, և այստեղից դիակդ կտանեն, իսկ ինձ ոչինչ էլ չի լինի»,- վերջում սպառնացել է նա:

Հարգարժան Նախագահ:

Խնդրում եմ Ձեր աջակցությունը՝ հանձնարարել համապատասխան մարմիններին, որպեսզի անօրեն ճանաչեն ԼՂՀ Գերագույն դատարանի վերջին չարաբաստիկ որոշումները, մինչև քաղաքապետարանի օգնությամբ համապատասխան հարմար տարբերակ գտնելը, այլապես Լ. Սարգսյանին մեր բնակարանում բնակեցնելը ամեն րոպե, ամեն վայրկյան լի է անկանխատեսելի հետևանքներով:

Նաիրա ԵՂՅԱՆ

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ

Հողի սեփականաշնորհումը չտվեց այն արդյունքը« ինչ ակնկալվում էր։ ՉԷ՞ որ ամեն մի գյուղացի իր տնամերձի ամեն մի քառ. մետրից բազմապատիկ անգամ ավելի եկամուտ էր ստանում« քան կոլխոզ-սովխոզները։ Եվ ահա մտածում էին« որ սեփականաշնորհված հողը նույն հաջողությամբ առատ եկամուտ է բերելու շինականին։ Այժմ արդեն բոլորին էլ պարզ է« որ սեփականաշնորհման նման եղանակը« հողը պատառ-պատառ« ծվեն-ծվեն անելն ու գյուղացիներին բաժանելը ճիշտ եղանակ չէր։ Սեփականատեր դարձած գյուղացու ուրախությունը մինչև հաջորդ աշունը« ասել է թե՝ մեկ «վեգետացիա» տևեց։ Գյուղացին մնաց մեն-մենակ իրեն բաժին հասած հողակտորի մշակության հոգսերի հետ։ Չէ՞ որ բոլորին չէ« որ գյուղտեխնիկա է բաժին հասել… Իսկ ամենից մեծ բացթողումը այդ խնդրում մենք համարում ենք գյուղտեխնիկայի սեփականաշնորհումն ու առուծախը։

Նման պայմաններում սպասել« որ գյուղացին կամ ամեն մի գյուղացիական ընտանիք« ասենք՝ 4-6 անձից բաղկացած ու 2-4 հա ունեցող« կդառնա հաջողակ կամ գոնե միջին ֆերմեր, միամտություն էր։

Այժմ ձևավորվել են բավական խոշոր« մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր հա վարելահող ու տնկարկներ ունեցող սեփականատերեր« որոնց կարելի է հաջողակ ֆերմերական տնտեսություն համարել։ Նրանք միաժամանակ ունեն և° բավարար տեխնիկա, և° միջոցներ՝ արդյունավետ արտադրություն կազմակերպելու համար։ Սակայն դրանք կամ դրանց մեծամասնությունը գյուղատնտեսական արտադրության« վար ու ցանքի հետ երբևէ առնչություն չեն ունեցել։ Այսինքն՝ ֆերմեր դառնում է ոչ սերնդեսերունդ հողի վրա ու հողի հետ աշխատող շինականը« մասնագետ-գյուղատնտեսը« թեև« ինչ կա որ« դրանում դատապարտելի ոչինչ չկա։ Բայց« ախր, իսկական հողի աշխատողը զուրկ է այդ հնարավորություններից« նա է« որ պիտի շենացնի գյուղը« մինչդեռ նա լքում է հողը…

Ինչո՞ւ։ Հողի մշակությունը« հանգամանքների բերումով« տարվում է ագրոտեխնիկական պահանջվող կանոններին հակառակ։ Նախ՝ տարիներ շարունակ այդ մի կտոր հողի վրա կատարվում է նույն մշակաբույսի ցանք՝ մոնոկուլտուրա։ Դրա հետ կապված տեղի է ունենում հողի միակողմանի աղքատացում« տարեցտարի ավելի քիչ բերք է վերցվում։ Միևնույն կուլտուրայի անընդհատ մշակության հետ ավելանում են նրան ուղեկցող« հերբիցիդների կիրառմամբ չվերացվող մոլախոտերը։ Թեև փոքր հողակտորների վրա ոչ հերբիցիդ սրսկելու հնարավորություն կա« ոչ էլ պահպանված համապատասխան տեխնիկա։ Այդ է պատճառը« որ Արցախում հացահատիկի ցանքերը խիստ վարակված են խրփուկով (պռութող)« մոլասորգոյով (քալոշ)« իշառվույտով (մարալյոնջա) և այլն։ Սրանք բավական հզոր աճ տվող« պայմանների նկատմամբ ոչ պահանջկոտ« հողը անչափ մեծ չափով աղքատացնող ու հացահատիկին խիստ ճնշող մոլախոտեր են« որոնց դեմ պայքարի ամենից արդյունավետ եղանակը ցանքաշրջանառության կիրառումն է։ Իսկ ինչպե՞ս դա անել փոքր հողակտորի վրա« մանավանդ« որ գյուղացին իր հանապազօրյա հացը ապահովելու համար ստիպված է ամեն տարի հացահատիկ ցանել։ Գյուղտեխնիկայի պակասության հետ կապված տեխնիկական ծառայության և վառելանյութի թանկացումներն ավելի ու ավելի անարդյունավետ են դարձնում հողի մշակությունը« առավել ևս՝ որ տարեցտարի նվազում է հացահատիկի բերքատվությունը: Դրա պատճառներից մեկն էլ պարարտանյութերի սակավությունն է։ Լավագույն դեպքում առանձին հողատերերի հաջողվում է ազոտական պարարտանյութ օգտագործել« թեև ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերի բացակայության պայմաններում վերջինիս օգտագործման արդյունավետությունը բարձր լինել չի կարող։

Վերջապես սերմնաբուծության բացակայության պայմաններում (իսկ դա իրոք փաստ է) գյուղացին ցանում է իր վերցրած բերքից մի կերպ մաքրած սերմնացուն« որը սերմի համար պիտանի էլ չէ« և սա ևս պատճառ է դառնում ցածր բերքատվության։ Սերմնաբուծությանը պետական հովանավորություն է անհրաժեշտ« քանի որ նախ՝ այն մասնագիտական մոտեցում է պահանջում« և բացի այդ« վաճառքի սերմացու աճեցնելու համար սերմնաբուծական տնտեսությունը« ընկերությունը« կամ անհատը ստիպված է մի քանի տարի ներդրումներ կատարել առանց հատուցման (մինչև առաջին վերարտադրության կամ էլիտայի ստացումը)« որը ոչ մի ձեռներեցի համար ընդունելի չէ։ Հենց դրա համար է« որ ամբողջ աշխարհում ցանկացած մշակաբույսի սերմնաբուծությունը մեծ չափով (եթե ոչ լրիվ« ապա գոնե մասնակիորեն) պետության հովանավորության ներքո է գտնվում։ Իսկ դա մեզ մոտ բացակայում է։ Այս ամենի հետևանքը լինում է այն« ինչ ունենք հիմա և ինչ սպասվում է մոտ ապագայում։

Գյուղացին կամ վաճառում է իր հողաբաժինը« կամ նվազագույն վարձաչափով տրամադրում մեկ այլ ձեռներեցի« իսկ ինքն ապրուստի միջոց փնտրում օտար ափերում։ Հետևանքը գյուղերի ամայացումն է« աճ ապահովող բնակչության նվազումն է։

Հետևանքը ժողովրդի աղքատացումն ու պետության հզորության նվազումն է։ Ագրարային երկրի համար« ինչպիսին Արցախն է« շատ կարևոր է գյուղատնտեսության զարգացումը« գյուղական բնակչության ամրացումը հողի վրա« նրանց համար հողի մշակությունը շահութաբեր դարձնելու« այս հող ու ջրի վրա բնավորվելու պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը։

Ամայի տարածքները պաշտպանող չի լինելու։ Շեն տարածքներն են« որ շենացնողը պաշտպանում է։ Ո՞վ է պաշտպանը« եթե շենացնողը չկա։

Ո՞րն է ելքը։ Ինչպե՞ս անել« որ գյուղացին երես չթեքի հողից« որ գյուղը չդատարկվի« որ գյուղաբնակ երիտասարդությունը ապահովված զգա իրեն« մնա ու շենացնի գյուղը« ասել է թե՝ Արցախը։

Կարծում եմ՝ պետք է ուղղել առաջին հերթին սեփականաշնորհման սխալը։ Դիմադրողներ կլինեն։ Չէ՞ որ մի շարք նախարարներ« բանկիրներ« գործող ու հանգստի անցած բարձրաստիճան սպաներ« կառավարման մարմինների ղեկավարներ« գյուղապետեր և այլն« հասցրել են մեծ չափերի հասնող սեփական տարածքների տեր դառնալ։ Բայց այդ անհատները չէ« որ պայմանավորում են երկրի հզորությունը։

Ելքը կոոպերացումն է։ Կոլեկտիվ« միայն կոլեկտիվ գյուղացիական բաժնետիրական ընկերությունների հիմնումը կարող է կանխել Արցախի գյուղատնտեսության հետագա անկումը« հողի անխնա շահագործումն ու բերրիության անկումը« նպաստել գյուղական համայնքների ամրապնդմանն ու գյուղացիության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը« վերջապես՝ պետության հարստացմանն ու հզորացմանը։ Դա հանրապետական« համազգային խնդիր է և սպոնտան լուծվել չի կարող։ Ուստի անհրաժեշտ է միայն և միայն պետական մոտեցում ու խթանում։ Վերջինս՝ խթանումը« նաև լրատվամիջոցներով ու մասնագետների կողմից բացատրական« համոզիչ քարոզներով կարող է կատարվել։

Ի՞նչ կտա կոոպերացումը։ Նախ՝ կոոպերացումը դա կոլեկտիվ ընկերության« տնտեսության հիմնումն է« գուցե կոպիտ ու հնաոճ է հնչում« բայց դա նույն կոլխոզն է« միայն առանց վերևներից կատարվող հրամանների« առանց պետական պարտավորությունների ու պլանների: Կոլեկտիվ աշխատանք« կոլեկտիվ բաշխում« կոլեկտիվ վայելում՝ ստեղծված բարիքը ինքնուրույն տնօրինելու իրավունքով։ Կարևորն այստեղ կոլեկտիվ աշխատանքի կազմակերպումն է« տեխնիկայի կենտրոնացումով ու կոլեկտիվի շահերի համար օգտագործումով։

Դա հնարավորություն կտա հողի նկատմամբ բարեհոգի վերաբերմունք ցուցաբերելու.

«Սրտի աչքով հողին նայեք «Հողին ոչինչ մի խնայեք» «- ասում է բանաստեղծը։

Շինականը լավ գիտի ցախավելի օրինակը և պետք է առաջնորդվի այդ սկզբունքով։ Կոլեկտիվի հնարավորությունները ավելի շատ են« քան անհատինը։ Ուրեմն« ինչ չի կարող հաղթահարել անհատը« զորու է անել կոլեկտիվը։ Առաջին հերթին տեխնիկայի ռացիոնալ և ընդհանուրի համար օգտագործումն է։ Ապա՝ ցանքաշրջանառության կիրառման մատչելիությունը։ Եթե մտածված կերպով հողի մի մասը (կամ կեսը) թողնվի ցելի տակ« որն անչափ օգտակար է մոլախոտերի դեմ պայքարի ու հողի բերրիության բարձրացման համար« կամ թողնվի խոտհարքի տակ« խոտը հնձվի ծաղկման փուլում« դրանով իսկ լուծելով և° կերարտադրության խնդիրը« և° միաժամանակ վերացնելով մոլախոտերի բազմացման հնարավորությունը« ու խոտհնձից հետո հողը հերկվի ու թողնվի աշնանացանի տակ« ապա դրանից լավ միջոցառում՝ բարձր բերք ակնկալելու համար« ներկայիս պայմաններում դժվար է գտնել։

Կոոպերացման կամ գյուղական բաժնետիրական ընկերությունների ձևավորման« դրա հետ կապված ու դրան նպաստող այլ խնդիրների մասին մենք արտահայտվել ենք ավելի վաղ և կրկնելու հարկ չկա (տես՝ «Ազատ Արցախ», 17.04.03, «Մտորումներ գյուղացիական տնտեսությունների կոոպերացման մասին»)։

Մնում է ևս մի անգամ փաստել. հարգելի արցախցիներ« հարգելի պետական այրեր« եթե ուզում եք« որ Արցախ աշխարհը շենացվի« բարգավաճի« հզորանա« ապա ելքը դա է։ Լուծումը ձեզանից է կախված։ Հապաղումը թուլացման է տանում։ Թե° տնտեսական« թե° ռազմական։ Եթե այժմվանից այդ ուղղությամբ քայլեր չկատարվեն« վաղը կարող է ուշ լինել։

Դա ոչ միայն զուտ Արցախի պրոբլեմն է։ Դա նաև ողջ Հայաստանին է վերաբերում։ Սթափվել է պետք։

Եթե կառավարությունը« պետության ու պետականության կայացման համար պատասխանատու մարմինները չեն արձագանքում այսօրինակ ահազանգ-առաջարկներին« ապա մնում է մտածել ու խորհել՝ արդյո՞ք նրանք են մեր պետության առաջնորդները« որոնց տնօրինությանն ենք հանձնել մեր ժողովրդի ներկան ու ապագան։

Արտակ ԳՈՒԼՅԱՆ, կենսաբանական գիտ. դոկտոր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s