№ 10 / 15 հունիս

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԻՏԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԻ

Հայաստանում և Ղարաբաղում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել իշխանությունների համար: Առաջին անգամ, ըստ գործող օրենսդրության, նախագահներն իրավունք չունեն վերընտրվելու (երկու ժամկետն առավելագույնն է): Նախորդ ժամանակահատվածներում նախագահները թողել են իրենց պաշտոնը բավականին յուրօրինակ հանգամանքներից դրդված: Փաստորեն, առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել իշխանությունը (ոչ միայն նախագահին) փոխելու համաժողովրդական քվեարկությամբ:

 

Դեռ բոլորովին վերջերս երկու հայկական պետությունների ղեկավարներն առանձնակի ցանկություն չէին դրսևորում իշխանությունը թողնելու: Առավել ևս՝ նման ցանկություն բացարձակապես չունեն գործադիր կառույցներում և այլուր բնավորված նրանց կողմնակիցները:

Սակայն նորերս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր խորհրդական Գառնիկ Իսագուլյանի շուրթերով հայտարարեց, որ մտադրություն չունի երրորդ ժամկետով նախագահել, ավելին՝ վարչապետ դառնալու ցանկություն էլ չունի, հանգամանքներ, որոնց մասին զօրուգիշեր խոսում են հայաստանյան քաղաքական դաշտում: ԼՂՀ-ում նախագահական ընտրություններն ավելի շուտ են լինելու, քան Հայաստանում (ընդամենը մի տարի է մնացել), բայց նախագահ Արկադի Ղուկասյանը նման բան առայսօր չի ասել ոչ իր, ոչ էլ խորհրդականների ու խոսնակների շուրթերով, դրանով իսկ կամա թե ակամա շրջանառության մեջ թողնելով այն լուրերը, որ Սահմանադրության ընդունման արագացումը նպատակ ունի հիմք ստեղծել նրա երրորդ պաշտոնավարման համար:

Հատկանշական է, որ երրորդ ժամկետից հրաժարվելու մասին վերջերս հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդ որում բավականին կոշտ՝ նման մտադրությունը կնշանակեր արժեզրկել բոլոր նվաճումները և ամեն ինչ հանգեցնել անձնական նկրտումներին ու շահախնդրությանը: Սակայն խնդրի ամբողջ բարդությունը կայանում է նրանում, որ առանցքայինը միայն ղեկավարի փոփոխությունը չէ, այլ նաև այն, թե ղեկավարությանը կհաջողվի՞, արդյոք, վերարտադրվել: Իսկ վերարտադրվելու երկու դասական եղանակ կա: Մեկը՝ սեփական տեսքով, մյուսը՝  կամակատարի(ների):

Ի՞նչ է հուշում դեպքերի զարգացման տրամաբանությունը: Նախագահներն ամրապնդում-ցեմենտբետոնում են սեփական իշխանական դիրքերը: Մասնավորապես, նախագահ Ղուկասյանը պետական շինարարությունը հաջողությամբ կերպափոխում է միանձնյա կառավարվող կառուցվածքի ամրակայման: Այս կառուցվածքն էլ ցեմենտբետոնվում է իշխանության կազմավորման ընտրական մեխանիզմի կառավարելիության մեխանիզմով: Առանցքային պաշտոնները կամ տրվում են միանշանակորեն կառավարելի, հավատարիմ ու հնազանդ անձանց, որոնց ճակատագիրը կախված է իրենից՝ նախագահից, կամ էլ ֆինանսական լուրջ հնարավորություններ ունեցող գործիչների: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ գերագույն նպատակը մնում է իշխանության վերարտադրումը, ընդ որում՝ անգամ բացառված չէ, որ հենց գործող նախագահի տեսքով:

Դեպքերի հնարավոր զարգացման այս տարբերակը լուրջ մարտահրավեր է արցախյան հանրությանն ու նորանկախ երկրին: Սա ինքնաբերաբար հանգեցնելու է ոչ միայն պետական իշխանության թուլացմանն ու պետական կառույցների առավել կոռումպացմանը, այլև վտանգելու է ԼՂՀ անվտանգությունն ու անկախության ուղեգիծը:

ԼՂՀ-ին անհրաժեշտ է գործունակ իշխանություն: Իսկ սա հնարավոր է միայն այն դեպքում, եթե արցախյան հանրությունը գիտակցի սպառնացող վտանգը և համատեղ ջանքերով վիժեցնի հայտնի սցենարը: Արցախցիները պիտի գիտակցեն, որ իշխանության «օլիգարխացումն» ու «ընտելավարժումը» քայքայելու են նորանկախ պետության հիմքերը, ինչի համար պատասխանատու է լինելու ոչ միայն գործող իշխանությունը, այլև այն հանդուրժող հանրությունն ու ժողովուրդը: Կանցնի որոշ ժամանակ, և կրկին կսկսվի «հեղեղը». իշխանավորները ճերմակ լուսապսակով կհառնեն մարդկանց առջև, կթակեն դուռ ու լուսամուտ: Կհավատա՞ հանրությունը, թե՞ գոնե այս անգամ սթափ  կգնահատի իրավիճակը, կզգա սեփական պատասխանատվությունը:

Պիտի բացառել երրորդ ժամկետի մասին միտքն անգամ ու հասկանալ մի պարզ ճշմարտություն՝ եթե այդ սցենարի իրականացման միակ հույսը Հայաստանից ակնկալվող հնարավոր աջակցությունն է, ապա սցենարի «բանը բուրդ է»: Հայաստանում իշխանության վերարտադրման կողմնակիցներն իրենք են աջակցություն ակնկալում ուրիշներից: ՀՀ իշխանությունն ավելի լուրջ խնդիրներ ունի, քան Ա.Ղուկասյանի ու ԼՂՀ ներկայիս իշխանության ճակատագիրն է: Առավել ևս, որ այնտեղ ոչ ոք չէր ցանկանա նման սցենարի համար պատասխանատվություն ստանձնել նաև Արցախում:

Բայց ահա հիշյալ սցենարը վիժեցնելու հարցում արցախյան հանրությունը միանշանակորեն կարող է ակնկալել հայաստանյան հանրության աջակցությունը: Բավական է միայն այդ մասին բարձրաձայն խոսելը, բավական է նաև ճիշտ ու արդարացի հարցադրումը, հարցի հրապարակային ճիշտ ձևակերպումը:

Իսկ հարցը ճիշտ ձևակերպելու սկզբունքը հետևյալն է՝ առաջնայինն ու կարևորը երկրի ու ժողովրդի շահերն են, որոնց ֆոնի վրա այս կամ այն անձի շահերը պարզապես անլուրջ կթվան:

——————————————————————————————-

Լրահոս

Խորհրդարանական
ՉԿԱ ԲԱՐԻՔ ԱՌԱՆՑ ՉԱՐԻՔԻ՞

ԼՂՀ ԱԺ հունիսի 14-ի նիստում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանը («Հայրենիք» խմբակցություն) առողջապահության ոլորտին առնչվող մի սենսացիոն փաստ արձանագրեց՝ բացատրություն պահանջելով առողջապահության նախարար Զոյա Լազարյանից:

Ինչպես տեղեկացրեց պատգամավորը, նվիրատվության շնորհիվ Ստեփանակերտ բերված համակարգչային տոմոգրաֆ կոչվող շատ թանկարժեք (մոտ 800 հազար դոլար արժողության) ժամանակակից արդյունավետ բուժսարքավորումը տարիներ շարունակ «ընկած» է դիագնոստիկայի կենտրոնում և չի օգտագործվում, մինչդեռ դրա կարիքը շատ մեծ է մեզ մոտ: Ի պատասխան նախարարը տեղեկացրեց, որ սարքավորումն ամենևին էլ «ընկած չէ ինչ-որ տեղ», ինչպես նշել է Հ. Ջիվանյանը, այլ ստացված վիճակում անխաթար պահպանվում է, իսկ չի օգտագործվում, քանի որ գործարկման համար որոշակի ծախսեր պիտի արվեն, ինչը, Զ. Լազարյանի տեղեկատվությամբ, կարվի պոլիկլինիկայի նորակառույց շենքում:

Սարքավորման ու համակարգի անգործության համար սա ուղղակի անլուրջ հիմնավորում է, իսկ փաստն ինքնին հուշում է, որ մեր երկրում այս կամ այն նախարարության կամ գերատեսչության աշխատանքի գնահատման չափանիշներ չկան, այլապես այսպիսի աղաղակող իրավիճակը տարիներով չէր շարունակվի:

Ակամայից հիշեցինք մի զավեշտական, բայց իրական պատմություն: Երբ մի 15 տարի առաջ Երևանից առաջին համակարգիչները պիտի բերվեին Ստեփանակերտ՝ բերողները բացեցին տուփերը, տնտղեցին տեխնիկան, բայց հետո դժվարացան նույնկերպ տեղավորել արկղերում, ինչը առիթ տվեց մասնակիցներից մեկի սրամիտ դիտողությանը. «էդ անտեր ճապոնացիները նման հրաշալի տեխնիկա են ստեղծել, իսկ մեր 5000-ամյա ժողովրդի ներկայացուցիչները չեն կարողանում այդ տեխնիկան անգամ տեղավորել արկղերում»:

Կատակը՝ կատակ, բայց Հ. Ջիվանյանի մատնանշած փաստը պերճախոս գնահատականն է մեր երկրի առողջապահական համակարգում տիրող վիճակի: Եւ դրությունն ամենևին էլ չի փրկում Զ. Լազարյանի այն հավաստիացումը, թե տարեկան 40 հիվանդ է ուղարկվում Երևան՝ նմանատիպ սարքավորման օգնությամբ ստուգվելու նպատակով: Մենք կարծես թե Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի հերոսն ենք դարձել:

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ


«ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ»
Թե երբ՝ Աստված գիտի

Նիստում պատասխանելով պատգամավոր Գեղամ Բաղդասարյանի հարցին՝ վարչապետ Անուշավան Դանիելյանն ասաց, որ այս տարվա պետական բյուջեում հիպոթեքի համար նախատեսված 200 միլիոն դրամ գումարը «պիլոտային» նախագիծ է և կարող է ընդամենը 15-20 հոգու հարց լուծել: Նրա կարծիքով՝ անհիմն է այն մտահոգությունը, որ վարկավորման հարցում հրապարակայնություն չկա (ի դեպ, նման մտահոգություն նախորդ նիստերից մեկում հայտնել էր նաև պատգամավոր Ռոմելա Դադայանը): Ամեն ինչ հրապարակային է լինելու՝ հավաստիացրեց վարչապետը: Հենց բանն էլ դրանում է՝ լինելու… Տարին կիսվել է, բայց թե երբ է սկսվելու գործընթացը՝ ոչ ոք չգիտի:

Համենայն դեպս, վարչապետի պատասխանից կարելի է միանշանակ եզրակացնել, որ գործընթացը ցայսօր սկսված չէ: Թե ինչու՝ Ա.Դանիելյանն այս մասին չխոսեց: Չասվեց նաև, թե ինչու կառավարությունը մինչև հիմա խորհրդարան չի ուղարկում հիպոթեքի մասին օրինագիծը:

ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ…

«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ անցած տարվա նոյեմբերին անցկացրած մարաթոնից անցել է յոթ ամիս, սակայն հանրությունը ցայսօր տեղյակ չէ, թե ինչքան գումար է ժողովվել, և կոնկրետ ինչ ծրագրեր են իրականացվում կամ իրականացվելու Արցախում: Հարցուպատասխանի ժամանակ վարչապետը խորհուրդ տվեց գումարների հարցը ճշտել «Հայաստան» հիմնադրամից (կարծես թե մեր երկրում իրականացվելիք ծրագրերի մասին չէ խոսքը), «ասումենթե»-ական ոճով ավելացնելով՝ որքան ինքն է տեղյակ՝ մինչև տարվերջ պիտի ժողովվի 5 միլիոն 200 հազար դոլար (խոստացված 7,7 միլիոնի փոխարեն):

Հիմնադրամի ծրագրերին առնչվող մի հարց էլ տվեց պատգամավոր Գարիկ Գրիգորյանը («Ժողովրդավարություն» խմբակցություն): Խոսքը հիմնադրամի միջոցներով Արցախում կառուցվող ճանապարհների, ավելի ստույգ՝ դրանց վատ որակի մասին է: Պատգամավորը տրամաբանորեն ենթադրում է, որ կառավարությունը պիտի վերահսկի այդ գործընթացը: Քաղաքաշինության նախարար Մ.Հակոբջանյանի պատասխանից, սակայն, պարզվեց, որ նման վերահսկողություն փաստորեն չկա: Ճանապարհների կառուցումից հետո հիմնադրամը, կոպիտ ասած, պիտի դրանք հանձնի ԼՂՀ կառավարությանը, ինչը չի արվում, քանի որ եղել են դեպքեր, երբ կառավարությունը չի «ընդունել» այս կամ այն ճանապարհահատվածը: Պատգամավորը հիշեցրեց, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի վերջին նիստում ԼՂՀ նախագահն այս առիթով հանդես էր եկել լուրջ քննադատությամբ, ինչին Մ.Հակոբջանյանը հավելեց, որ դրանից հետո հիմնադրամը դատի է տվել ճանապարհաշինարարական մի կազմակերպության:

Ինչ որ է, ակնհայտ է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրինության ու ԼՂՀ ղեկավարության հարաբերությունները փչացել են: Թե ինչով է դա պայմանավորված և արդյո՞ք որակի հարցը առանցքայինն է այդ «կլիմայափոխությունում», մնում է գուշակել: Բայց որ նման հարաբերությունները վնաս են նորանկախ երկրին՝ այս հարցն արդեն առանց գուշակության էլ պարզ է:

ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԷՄԻԼ ԼԱՀՈՒԴԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Ինչպես տեղեկացանք Բեյրութի «Ազդակ» հայատառ օրաթերթից, Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդն ընդունել է տեղի «Արցախ» հիմնադրամի հրավերով նորերս Լիբանանում գտնվող ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանին: Հանդիպման ժամանակ, օրաթերթի տեղեկատվությամբ, Գ. Պետրոսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ներկայիս վիճակը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը, հայ և ադրբեջանցի փախստականների հարցի լուծման քննարկումները: Նույն աղբյուրից տեղեկանում ենք նաև, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսը կաթողիկոսության կողմից 100 հազար դոլար գումար է նվիրել Ստեփանակերտի մայր տաճարի կառուցման  համար:

Այս կապակցությամբ հավելենք, որ ԼՂՀ ԱԺ հունիսի 14-ի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Գարիկ Գրիգորյանը ԼՂՀ արտգործնախարարին խնդրեց մանրամասնություններ հաղորդել հիշյալ այցի մասին: Գ. Պետրոսյանը, մասնավորապես, ասաց.

– Բեյրութում կայացել են  մի շարք բարձր մակարդակի պաշտոնական հանդիպումներ, այդ թվում՝ Լիբանանի նախագահի հետ: Շատ հետաքրքիր ու օգտակար հանդիպում էր, որ անցավ շատ բարյացակամ մթնոլորտում: Ասեմ, որ այնտեղ մեծ հետաքրքրություն կա մեր տարածաշրջանի նկատմամբ: Հանդիպել եմ նաև արտգործնախարարի, խորհրդարանի խոսնակի, քաղաքական բոլոր կուսակցությունների ղեկավարների, ինչպես նաև Լիբանանում Եվրամիության դեսպանի հետ: Վերջինիս հետ հիմնականում քննարկել ենք փախստականների հարցը, ես իմ տարակուսանքն եմ հայտնել, որ հայազգի փախստականների հարցը հանիրավի երկրորդ պլան է մղվել և պատշաճ ուշադրության չի արժանանում:

ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2006 Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ

2006թ. հունվար-մայիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնվել է 793 երեխա, որը 2005թ. հունվար-մայիսի համեմատ նվազել է 37-ով կամ 4.5 տոկոսով: 2006թ. հունվար-մայիսին հանրապետությունում մահացածների թիվը կազմել է 547 մարդ, որը 2005թ. հունվար-մայիսի համեմատ նվազել է 39-ով կամ 6.7 տոկոսով: 2006թ. հունվար-մայիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակչության բնական հավելաճը կազմել է 246 մարդ, որը 2005թ. հունվար-մայիսի համեմատ ավելացել է 0.8 տոկոսով կամ 2 մարդով: 2006թ. հունվար-մայիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը կազմել է 309 մարդ, իսկ մեկնողների թվաքանակը՝ 212 մարդ: Մեխանիկական հավելաճը կազմել է 97 մարդ, որը 2005թ. հունվար-մայիսի համեմատ ավելացել է 92 մարդով կամ 19.4 անգամ: 2006թ. հունվար-մայիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված ամուսնությունները կազմել են 241՝ 2005թ. հունվար-մայիսի համեմատ ավելանալով 13-ով կամ 5.7 տոկոսով, ամուսնալուծությունները՝ 49, ավելանալով 2-ով կամ 4.3 տոկոսով:

«Լրագիր»

ԱՐՑԱԽՅԱՆ ՆՈՐ  ԵՐԿՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Լույս է տեսել «Հավատ» երկշաբաթաթերթի առաջին համարը: Թերթի հիմնադիրն ու հրատարակիչը «Հավատ» հասարակական կազմակերպությունն է, գլխավոր խմբագիրը՝ Ռուզան Իշխանյանը:

Դատելով առաջին համարի խմբագրականից՝ նոր լրատվամիջոցի ուշադրության կենտրոնում են լինելու նախևառաջ ղարաբաղյան հիմնախնդիրը, Ղարաբաղի ներկա կարգավիճակի և պատմական ճշմարտության հիմնավորումը, կարգավորման գործընթացին առնչվող իրադարձությունները:

Թերթն  անդրադառնալու է նաև «Հավատ» հասարակական կազմակերպությանը հուզող հիմնահարցերին, այն է՝ պատերազմով անցած հերոսների սոցիալական վիճակին ու նրանց ընտանիքների հոգսերին:

Իսկ ինչու՞ հենց «Հավատ», և ինչի՞ է հավատում թերթը: Հավատում է մեր երկրի հզորությանը, Հայոց բանակին, հայ զինվորի բազկի ուժին:

Բարի երթ:

«Դեմո»

ԿԱՅԱՑԱՎ ԶԼՄ-ՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Հունիսի 9-ին կայացավ ԼՂՀ լրատվամիջոցների ու լրագրողական կազմակերպությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Խորհրդի հերթական նիստի նախաձեռնողը ՀՅԴ-ական մամուլի պատասխանատուներն էին, որոնք կազմակերպեցին խորհրդի առաջին արտագնա նիստը՝ Ասկերանի շրջանի Ղշլաղ գյուղում: Խմբագիրները եղան Նիկոլ Դումանի թանգարանում, ապա ոչ պաշտոնական ու անկաշկանդ մթնոլորտում քննարկվեցին արցախյան լրատվական դաշտի հիմնախնդիրները:

Խորհրդի հաջորդ նիստը կկայանա օգոստոսին, կազմակերպիչն էլ Արցախի ժողովրդավարական կուսակցության «Հայրենիք» պաշտոնաթերթի խմբագրությունն է լինելու: Ընտրությունը պատահական չէ՝ լրանում է թերթի 5-ամյակը:

Սեփ. լրատվություն

——————————————————————————————-

Քաղաքականություն

ԻՆՉՈ՞Վ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ

Արկադի Ղուկասյանն արդյո՞ք հրաժեշտ կտա

1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեից եւ անկախ պետության հռչակումից 15 տարի է անցել: Այս ամբողջ ընթացքում խոսվում էր երկրի գլխավոր օրենքի՝ Սահմանադրության անհրաժեշտության մասին, սակայն միշտ ինչ-որ պատճառներ էին գտնվում, որ խոչընդոտում էին գործընթացը, դրա ընդունումը հետաձգելով անորոշ ժամանակով: Սկզբում ասում էին, որ պատերազմ է, երկրի լինել-չլինելու հարցն է լուծվում, հետո պարզվեց, որ հետպատերազմյան ավելի լուրջ խնդիրներ կան, իմա՝ ժամանակը դեռ չի հասունացել: Մի ժամանակ էլ համոզված պնդում էին, որ նախ պետք է Ղարաբաղի կարգավիճակը ճշտվի, նոր միայն… Տրամաբանությունը հետև-յալն էր՝ «ի՞նչ սահմաններ պիտի ամրագրվեն Սահմանադրությունում»:

Վերջին տարիներին, ըստ երևույթին, հիմնականը հենց այս վերջին պատճառաբանությունն էր: Թեև խոսք գնաց նաև այն մասին, որ պարտադիր չէ երկրի գլխավոր օրենքում սահմաններն ամրագրելը, կարևոր է թեկուզև պայմանավորվելը երկրի սահմանադրական կարգի մասին: Եւ, վերջապես, 2000-ին ձեւավորվեց Սահմանադրական նոր հանձնաժողով, որի աշխատանքային խմբի ղեկավար նշանակվեց այն ժամանակ նախագահական աշխատակազմի ղեկավար, ներկայումս  գլխավոր դատախազ Արմեն Զալինյանը:

Այդ նույն տարիներին որևէ նշան չկար առ այն, որ Սահմանադրության նախագիծը մշակվում է: Բայց ահա սրանից ընդամենը մեկ տարի առաջ Ա. Զալինյանը մամուլի ասուլիս հրավիրեց և հավաստիացրեց, որ աշխատանքն ընթանում է ամբողջ թափով: Նույն ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ նա հայտարարեց, որ Սահմանադրության մեջ ամրագրվելու են ԼՂՀ ներկայիս փաստացի սահմանները:

Դրանից հետո դարձյալ տևական ժամանակ լռություն էր, ոչ ոք տեղյակ չէր, թե ինչ աշխատանքներ են տարվում, ինչ փորձագիտական շրջանակներում է քննարկվում նախագիծը: Եւ միայն ընթացիկ տարվա ապրիլի վերջին՝ ՀՀ եւ ԼՂՀ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո, հանկարծ հայտարարվեց, որ Սահմանադրության 8 գլխից 2-ը պատրաստ են: Նույն ժամանակ արվեց եւս մեկ հատկանշական հայտարարություն՝ առաջին անգամ ասվեց, որ Սահմանադրության նախագծի մեջ խոսք է գնում կիսանախագահական մոդելի մասին: Իսկ արդեն հունիսի 5-ին երկրի նախագահը հայտարարեց, որ ԼՂՀ Սահմանադրության նախագիծն արդեն պատրաստ է և շուտով կներկայացվի ԼՂՀ  ԱԺ քննարկմանը: Հանրությանը նաև տեղեկացրին, որ Սահմանադրության նախագիծը կներկայացվի համաժողովրդական քննարկման մինչեւ տարեվերջ:

Այս «մակընթացական-տեղատվական» անսպասելի ու անհասկանալի զարգացումները մի շարք հարցեր են առաջացնում, որոնք կապված են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության հետ: Առաջին՝ այդ ինչպե՞ս եղավ, որ այսքան շտապ մշակվեցին մյուս 6 գլուխները եւ ինչո՞ւ անպայման մինչեւ տարեվերջ պիտի դրանք քննարկվեն: Արդյո՞ք սա կապված է հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների հետ, եւ հնարավո՞ր է, արդյոք, Ա.Ղուկասյանի «երրորդ ժամկետը»: Երկրորդ՝ արդյոք՞ կամրագրվեն Սահմանադրության մեջ ԼՂՀ փաստացի սահմանները: Եւ երրորդ՝ արդյո՞ք Ղարաբաղի ղեկավարությունը ինչ-որ տեղից «դոբրո»  ստացել է Սահմանադրություն ընդունելու համար, եթե այո, ապա որտեղի՞ց:

Դատելով սոսկ դեպքերի զարգացման տրամաբանությունից (քանի որ գնահատականներ առայժմ չկան), կարելի է մի շարք եզրահանգումներ անել: Նախ՝ եթե խոսքը գնում է կիսանախագահական կառավարմամբ պետության մասին, ապա Ղուկասյանի համար իմաստազրկվում է «աչք ծակելով» հավակնել երրորդ ժամկետին: Հատկապես, որ դեռ պարզ չէ, թե ինչ վերադասավորումներ ու զարգացումներ կլինեն արցախյան քաղաքական դաշտում նախագահական ընտրությունների նախօրեին: Այսինքն, կարելի է ենթադրել, որ Ղուկասյանը հրաժեշտ կտա: Մնում է գուշակել՝ արդյո՞ք «կիսանախագահական» աթոռի համար թեժ պայքար կսկսվի իշխանա-ղուկասյանական ճամբարում (հավանաբար, թեկնածուներ ու ամբիցիաներ կունենա ոչ միայն ԱԺԿ-ն, այլև «Ազատ Հայրենիք» կուսակցությունը), թե՞ հեռացող նախագահը, օգտագործելով դեռևս իր ձեռքի տակ եղած լծակները, կկարողանա «ներիշխանական  համերաշխություն» ապահովել երկրում (համաժողովրդական համերաշխության մասին այս պարագայում, հավանաբար, անիմաստ է խոսելը): Չպիտի թերագնահատել նաև եղած ընդդիմության դերը:

Սակայն Արցախի ժողովրդի համար կարևորագույն հարցը հետևյալն է՝ այս ամենն ինչպե՞ս կանդրադառնա ղարաբաղյան կարգավորման վրա, և որքանո՞վ է Սահմանադրության ընդունումը պայմանավորված հիմնախնդրի կարգավորման շուրջ «սեպարատ» պայմանավորվածություններով:

Եթե, իրոք, Սահմանադրության նախագծում նշված են ԼՂՀ ներկայիս սահմանները, ապա կարելի է ենթադրել, որ որոշակի «փոխըմբռնում» կա «դրսում»: Չի բացառվում, որ այդ ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվի  Ղարաբաղում նոր հանրաքվե անցկացնելու մասին:

Այսպես թե այնպես՝ հստակություն չկա, եթե չասենք, որ ամեն ինչ մշուշոտ է: Ոչ ոք կարծիք չի հայտնում, քանի որ դեռ չի տեսել Սահմանադրության նախագիծը: ԼՂՀ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանն ընդամենը նշեց, որ «Սահմանադրական հանձնաժողովի մարտի 16-ին կայացած նիստում քննարկվել են փաստաթղթի առաջին երկու գլուխները: Եւ այդ ժամանակ էլ աշխատանքային խմբի ղեկավարը տեղեկացրել է, որ Սահմանադրության նախագիծը գրեթե  ամբողջությամբ պատրաստ է»:

Սահմանադրության նախագծի, կամ, համենայն դեպս, առաջին երկու գլուխների քննարկումներ են կազմակերպում նաեւ «Հայրենիք» խմբակցությունը եւ «ՀՅ Դաշնակցություն-Շարժում 88» պատգամավորական խումբը: Հավանաբար, նախագիծը շուտով կհրապարակվի:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

ԼՂՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացում կարևորելով ղարաբաղյան կողմի լիիրավ մասնակցության անհրաժեշտությունը, ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել կարգավորման գործում արցախյան խորհրդարանի և ընդհանրապես խորհրդարանական դիվանագիտության դերին: Ղարաբաղյան հիմնախնդրի թեմայով խորհրդարանական լսումները այս գործում արցախյան խորհրդարանի ներգրավման առաջին քայլն էին: Ուստի օրախնդիր հարց է լսումների արդյունքներն ամփոփող փաստաթղթի մշակումը և այն խորհրդարանական խումբ-խմբակցությունների ու հանրության քննարկմանը անհետաձգելիորեն ներկայացնելը:

Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում ընդգծել, որ դա խորհրդարանական դիվանագիտության ուղղություններից ընդամենը մեկն է, և դեռ բավականին լուրջ անելիքներ ունենք այս ոլորտում: Շատ  կարևոր է Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության խողովակներով ստացված ամբողջ տեղեկատվությանը հասու լինել, ապահովել դրա ժողովումն ու վերլուծությունը: Մասնավորապես, ՀՀ խորհրդարանը ներգրավված է ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական դիվանագիտության ու համագործակցության զանազան ծրագրերում, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչություններ ունեն մեզ հետ: Ուստի հասունացել է պահը այդ ամբողջ տեղեկատվությունը համակարգելու համար: Կարևոր է նաև ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման համատեղ հայեցակարգի մշակումը և ԼՂՀ խորհրդարանի կողմից միջազգային մի շարք կոնվենցիաներին միանալը:

Այս և այլ խնդիրների լուծմանը, ինչպես նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում բոլոր քաղաքական ուժերի ջանքերն ի մի բերելուն նպաստելու համար առաջարկում եմ ընդլայնել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործունեությունը՝ ստեղծելով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, նրանում ընդգրկելով խորհրդարանական բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին, ներգրավելով փորձագետների ու համագործակցելով ԼՂՀ ԱԳՆ-ի հետ:

Ի՞ՆՉ Է ՀԵՏԵՎԵԼՈՒ ԲՈՒԽԱՐԵՍՏԻՆ
Հնարավոր զարգացումների վերլուծության փորձ

Մի շարք քաղաքագետների կարծիքով՝ վերջին մի քանի ամսվա ակտիվացումից հետո ղարաբաղյան կարգավորման մեջ հարաբերական անդորր կհաստատվի: Միջնորդներն, ըստ երևույթին, համոզվել են, որ հիմա անհնարին է համաձայնության հասնել, եւ առավել ճիշտ կլինի ջանքերն ուղղել հակամարտող հասարակությունների «առողջացմանն ու ժողովրդավարացմանը»: Նման համոզման «վերջին կաթիլը» դարձավ Բուխարեստի հանդիպումը, որտեղ, ինչպես պարզվեց, կողմերի միջեւ ոչ մի համաձայնություն էլ չկայացավ: Բուխարեստից հետո ծագած ամենակարեւոր հարցը հետեւյալն էր՝ ի՞նչ է լինելու հետո:

Քաղաքագետ Դավիթ Բաբայանի կարծիքով, սովորաբար, համապարփակ փաստաթղթերը եւ պայմանագրերը ստորագրվում են այն ժամանակ, երբ hասարակությունը ինչ-որ ձևով համոզված է լինում, որ անհրաժեշտ է այդպիսի փաստաթղթի ստորագրումը: «Ըստ երեւույթին, միջազգային հանրությունն աստիճանաբար գիտակցում է, որ հնարավոր չէ հասնել կարգավորմանը՝ միայն վերեւից ճնշում գործադրելով կամ համոզելով նախագահներին, այլ պետք է առաջին հերթին աշխատել հակամարտող կողմերի հանրությունների հետ»,-նշել է քաղաքագետը: Դավիթ Բաբայանն ակնկալում է, որ  կսկսվեն հասարակության հետ ավելի ինտենսիվ աշխատանքներ, այն էլ՝ հումանիտար դաշտում:

ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը գտնում է, որ հարցի հիմնական լուծումը կախված է մեր տնտեսական հաջողություններից՝ երկրում կառուցվող հասարակական ինստիտուտներով հանդերձ: «Այսինքն,- պարզաբանեց նա,- երկրում պետք է ձեւավորվի քաղաքացիական հասարակարգ, ժողովրդավարական սկզբունքները պետք է ներթափանցեն և արմատակալեն Ղարաբաղում: Առաջիկա 7-8 տարվա ընթացքում, կարծում եմ, Ադրբեջանը ոչ մի քայլ չի ձեռնարկելու, քանի որ իր նավթային հիմնական շահույթները կստանա 2012-2015թթ.: Իսկ մինչ այդ մենք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք եւ ռազմական, եւ տնտեսական հզորացման առումով: Այսինքն՝ մենք ունենք 5-7 տարի ժամանակ»:

«Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը ենթադրում է, որ հերթական աշխուժացում կարձանագրվի արդեն 2006-ի աշնանը: «Բանակցությունների առարկան, փոխզիջման սահմանը մի կողմից ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի հարգումն է, մյուս կողմից՝ զինված հակամարտության հետեւանքների վերացումը: Մենք երեւի թե անհրաժեշտություն ունենք մեզ համար որոշարկել, թե բանակցությունների այսօրվա թեմատիկան որքանով է համապատասխանում ԼՂՀ պաշտոնական դիրքորոշմանը», – ասել է Վ. Աթանեսյանը:

Այդուհանդերձ, ի՞նչ կարելի է սպասել մոտ ժամանակներս: Այդ հարցի պատասխանը կարելի է ենթադրել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդի հայտարարությունից: Բուխարեստից հետո նա հայտարարել է, որ իր երկիրը կուզենա, որ Ադրբեջանին վերադարձվեն հնարավորինս շատ հողեր, եւ որ ադրբեջանցի փախստականները վերադառնան իրենց բնակավայրերը: Որոշ քաղաքագետներ ենթադրում են, որ ԱՄՆ-ն Հայաստանում կփորձի իշխանության բերել մի ուժի, որը կհամաձայնվի հողեր վերադարձնել եւ փախստականներ ընդունել:

Դա ԱՄՆ ենթադրյալ դիրքորոշումն է: Չխոսելով կարգավորման դաշտի մյուս «խաղացողների» մասին, փորձենք ենթադրել, թե ինչ կանի Թուրքիան: Ըստ «Հայկական ժամանակ» թերթի, Հայաստանը Թուրքիայի հետ երկու խնդիր ունի՝ Ցեղասպանություն եւ Ղարաբաղ: Միջազգային հանրությունը կարող է աջակցել միայն մեկ խնդրի լուծմանը, ինչը, դատելով իրադարձություններից, կարող է լինել Ցեղասպանության ճանաչումը: «Թուրքիան արդեն պատրաստվում է ճանաչման գործընթացին, քանի որ գիտի, որ այն անպայման տեղի կունենա: Բայց ձեւականորեն դիմադրելով՝ Անկարան տպավորություն է ստեղծում, որ շատ բան է տանուլ տալիս: Իրականում Հայաստանն է իրական հաղթանակը զոհաբերում բարոյականին», – գրում է թերթը:

Եւ վերջին ու ամենակարևոր հարցը. իսկ մենք ի՞նչ պիտի անենք, ինչպիսի՞ն պիտի լինի Արցախի ու արցախցիներիս դիրքորոշումը: Արդյոք, մեզանից ինչ-որ բան կախվա՞ծ է: Կարծում ենք՝ այո, միայն թե կամք ու հայրենանվիրություն է պետք պատասխանատվություն ստանձնելու համար:

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍԿԱՆԱԼ ԻՐԱՆԻՆ

Ինչպես հայտնի է, Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի մամլո ծառայության ղեկավար Ալի Նիջադը դժգոհություն էր հայտնել այն կապակցությամբ, որ իրանական «Իրան TV1» պետական հեռուստաալիքը, լուսաբանելով Բուխարեստում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ Լեռնային Ղարաբաղն անվանել է անկախ հանրապետություն:

Մեկնաբանելով կատարվածը՝ ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանն ասել է. «Եթե իրոք այդպիսի հայտարարություն եղել է, ապա միայն ողջունել կարելի է, որ իրողությունն ընդունող մարդկանց քանակը շատանում է»:

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն էլ չի հավատում տեղեկատվության հավաստիությանը. «Ես լիովին բացառում եմ, որ Իրանի պետական հեռուստաալիքն իրեն թույլ տար նման բան ասել»: Ըստ խորհրդարանականի՝ այդ լուրը հորինել են Իրանի ադրբեջանցիները, որոնք կարծում են, թե ԱՄՆ-ն շատ մի հետաքրքրված է իրենցով, և այդպիսով ուզում են հակաիրանական քարոզարշավ իրականացնել. «Բացի այդ, գնահատելով հանդերձ՝ ես վերապահումով եմ մոտենում Իրանին: ԻԻՀ-ն աշխարհիկ պետություն չէ, այն Իսլամական Համաժողովի ամենաակտիվ մասնակիցներից է, իսկ սույն կազմակերպությունը մեզ շարունակ մեղադրում է Ադրբեջանի տարածքները գրավելու մեջ»:

«Երևի Իրանը ինչ-որ բան է մեզ փորձում հուշել»,- կարծում է ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ըստ նրա՝ գուցե Իրանը տարիների, դարերի փորձն է ուզում ասել մեզ, «որ ոչ մի անգամ գրավված հող հետ չեն տալիս, այսինքն այն, որ դե-յուրեն այնքան կարևոր չէ, որքան՝ դե-ֆակտոն»: Պատգամավորը կարծում է, թե բացառված չէ, որ Իրանը փորձում է առաջարկությամբ հանդես գալ, հատկապես Իրանի և Ադրբեջանի միջև էթնիկական տարաձայնությունների ֆոնին: Քաղաքագետ Դավիթ Բաբայանը նույնպես այդ հայտարարությունն առնչում է իրանա-ադրբեջանական հակասությունների հետ. գաղտնիք չէ, որ Ադրբեջանը բավականին մեծ ակնկալիքներ ուներ Իրան սպասվող ամերիկյան ներխուժման հետ կապված, ինչն Ադրբեջանին հնարավորություն կտար իրականացնել իր դարավոր երազանքը՝ միավորել երկու Ադրբեջանները, ինչը, քաղաքագետի կարծիքով, երբեք չի լինի: Նման ակնկալիքներով Ադրբեջանը պարբերաբար ընդունում էր Իրանի ադրբեջանցիների առաջնորդներին, ինչը չէր կարող անպատասխան մնալ. «Փաստորեն՝ այս քայլով Իրանը կարողացել է բավականին էական և ցավոտ հարված հասցնել Ադրբեջանին»: Իսկ մեզ համար լա՞վ է, թե՞ վատ «Իրան TV1»-ի նման պահվածքը, եթե, իհարկե, այն իրականում եղել է: Դ. Բաբայանի կարծիքով՝ անկասկած լավ է, որովհետև դա նշանակում է, որ տարածաշրջանի հզոր պետություններից մեկը թեև անմիջապես չի ճանաչում մեր անկախությունը, այնուհանդերձ գնահատում է այն ճանապարհը, որը մեր պետությունն անցել է 15 տարի. այսինքն՝ կայացել է:

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

——————————————————————————————-

Սոցիալ-տնտեսական

ՄԵՆՔ ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՀՈՂՈՒՄ ԲԱՏՐԱԿ ԵՆՔ
կամ՝ աջակցեք մեզ, ու մենք հարյուրապատիկ վարձահատույց կլինենք

Կարելի է հիմարացնել ժողովրդի մի մասին մշտապես, կարելի է հիմարացնել ամբողջ ժողովրդին մի որոշ ժամանակ, սակայն անհնար է հիմարացնել ամբողջ ժողովրդին մշտապես:

Լինկոլն

Գրել չեմ սիրում՝ սովոր չեմ, բայց իմ մտքերն ու գաղափարները ազատ ու առանց վախենալու միշտ էլ արտահայտել եմ: Համոզված էի՝ ասած կամ գրած՝ արդյունքը նույնն է: Ինչ ցանկացել, այն էլ արել են, անում են ու անելու են… Չեմ հնազանդվել-հաշտվել այդ մտքին, բայց ինչ-որ տեղ հարմարվել եմ:

Վերջերս «Դեմո»-ում տպագրված «Վարկ ստանալու համար գյուղացու տունը պիտի որպես գրավի առարկա ընդունվի» հոդվածը ուշագրավ էր ինձ համար մի քանի առումներով: Նախ՝ տասնյակ տարիների սպասումից հետո գյուղացուն հող սեփականաշնորհվեց: Չեմ խոսում այդ գործընթացի ժամանակ կատարված բազմաթիվ խախտումների և հանցավոր գործարքների մասին. դա առանձին թեմա է:

Գյուղացին հողը մշակելու, բերք արտադրելու և իր կարիքները հոգալու բացառիկ հնարավորություն ստացավ: Բայց ինչպե՞ս պիտի նա հաց արտադրեր, եթե ինքը հացի փող չունի, էլ ուր մնաց տեխնիկայի, վառելիքի կամ սերմացուի: Իսկ հարկերը… Հարկերը պիտի ժամանակին տաս. բա ո՞նց, չէ՞ որ էդ հարկերից են մեր երեխաներին նպաստ տալիս, մեր ծերերին՝ թոշակ: Արդյունքում՝ շատերը ստիպված հրաժարվեցին իրենց բաժին հողից, մի զգալի մասն էլ ճարահատյալ հողը տվեց արտոնյալ «Ակադեմիա»-ին, բայց սա ևս առանձին թեմա է:

Այդ ինչպե՞ս եղավ, որ ուրիշները կարող են մեր հողը մշակել, մեզ էլ մեր հողում որպես բատրակ աշխատեցնել, իսկ մենք չենք կարող: Այդ ինչպե՞ս են նրանք կարողանում վարկ վերցնել, իսկ մենք՝ ոչ: Չէ՞ որ այս հողը միասին ենք պահել, չէ՞ որ կռվի ժամանակ բոլորին համահավասար զենքի հետ նաև փամփուշտ են տվել: Դե այն ժամանակ էլ գյուղացուն միայն զենք, իսկ քաղաքի բնակչին և զենք, և փամփուշտ տայիք, էլի…

Այդպես չի կարելի, պարոնայք. էն բանը տվել եք, գդալն էլ տվեք, որ համ մենք ուտենք, համ էլ ձեզ տանք: Մենք խրամատներում թե’ քաղաքի, թե’ գյուղի տունը համահավասար արյան գնով ենք պաշտպանել, քանզի պատերը չէ, այլ մեր օջախներն ու նրանց ծուխն էինք պաշտպանում, որոնք դեռ ծխում են ու պիտի դեռ ծխան՝ ի հեճուկս հակառակորդի կամքի: Պաշտպանել ենք, սակայն, այ քեզ բան, մեկը գրավի իրավունքով, մյուսը՝ ոչ:

Անցած տարի ինձ ֆուտբոլի գնդակի նման բանկից կառավարություն, կառավարությունից բանկ էին ուղարկում՝

– Գնա փաստաթղթերը լրացրու, որ վարկ տանք:
– Գնա գրավի հարցը լուծիր, որ փաստաթղթերը լրացնենք…
Փակ շրջան:

Փորձեցի աշխատավարձս գրավ դնել՝ բանկը չէր համաձայնվում, թոշակս առաջարկեցի՝ զինկոմիսարիատը մերժեց, գյուղի տան մասին էլ անգամ լսել չեն ուզում: Իսկ ուրիշ ոչինչ չունեմ, պարոնայք, բացի հիասթափությունից ու ցավից:

«Դեմո»-ի հոդվածը կարդալուց հետո հույսի մի նշույլ առաջացավ իմ մեջ: Մենք հաղթող երկիր ենք և մեզ վայել չէ աղքատ ժողովուրդ ունենալ: Աջակցեք մեզ, պարոնայք, և մենք հարյուրապատիկ վարձահատույց կլինենք:

Հոդվածս կուզեի ավարտել Դյուկլոյի խորիմաստ մտքով. «Ամենալավ պետությունն այն չէ, որ մարդկանց դարձնում է առավելապես երջանիկ, այլ այն, որը երջանիկ է դարձնում առավելագույն թվով մարդկանց»:

Վրեժ ԲԱԲԱՅԱՆ
1-ին կարգի հաշմանդամ
գ. Բերդաշեն

 

ԱՅՍՕՐ ՈՂՋ ՁԱՅՆՈՎ ԳՈՌԱԼ ԵՄ ՈՒԶՈՒՄ

Ժամանակը իր շավղից դուրս է եկել…

Համլետ

Արցախի գոյապայքարի ակունքներում յուր ողջ հասակով ու բոլորանվեր կանգնած Բագրատ Ուլուբաբյանին երբ լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչպես կլուծվի Արցախի հարցը, պատասխանն այս էր. «Արցախի հարցը արցախցին արդեն լուծել է: Այն էլ՝ արցախավարի»:

Իրավ: Եվ ահա քանի տարի է, ինչ տապալված է չարի բռնապետությունը: Կա պաշտպանական բանակ, որ աչալուրջ հսկում է նորանկախ հանրապետության սահմանները: Այդ շարքերում ծառայում են մեր որդիները, թոռներն ու եղբայրները:

Թվում էր՝ ազերիների լուծը թոթափելուց հետո մենք ավելի համախումբ, միասնական կլինեինք, նախնյաց ավանդույթներին պաշտպան ու հավատարիմ: Նրանք հոգու հրճվանքն են կիսել ու հացի պատառը, նեցուկ ու սատար եղել միմյանց դարերի հոլովույթում: Ինչ խոսք, որ գեղեցիկ ապրելու համար մարդիկ միշտ էլ պայքարել են տգեղ ու վնասակար երևույթների դեմ, ինչպես արտը, բանջարանոցն են զերծ պահում մոլախոտերից:

Ի ցավ սրտի, երբ այսօր ականատես ու ունկնդիր եմ այն այլանդակություններին, որոնք աղտոտում են Արցախի մաքրամաքուր դեմքը և անհարիր են «ժողովրդավարության ուղին բռնած» մեր երթին, զայրութից Ձենով Օհանի պես գոռալ եմ ուզում: Ժողովրդավարություն կոչվածը, ի դեպ, ինձ պատկերանում է ճիշտ այնպես, ինչպես կայսրապետության տարիներին տարփողում էինք «ինտերնացիոնալիզմ ու ժողովուրդների բարեկամություն»:

Կույրին անգամ տեսանելի ու զգալի է մի բուռ ժողովրդիս այս խայտառակ բևեռացումը, երբ ճարպիկները թաքստոցներից ելան ու սեփականացրեցին համաժողովրդական ունեցվածքը: Եվ այսօր, երբ նրանցից ոմանք «շինանյութերով շենքեր են կառուցում, աշխատատեղեր բացում մարդկանց համար», մենք դա ոչ ավել, ոչ պակաս բարերարություն, հայրենասիրական արարք ենք ճանաչում: Նման պարագաների համար պապս այս խոսքն ուներ պահած. «Կան մարդիկ, որ նեղության պայմաններում մոր սիրեկանին պապա են ասում»:

Մեր ազատագրական պայքարը վիժեց կենսունակությամբ օժտված մի ապօրինի զավակ, որի անուն-ազգանունն է՝ հասարակության ծայրահեղ բևեռացում, մի բուռ ժողովրդի մեջ միլիոնատերեր և աղքատ, օրվա հացին կարոտ ժողովուրդ: Նայեք ձեր շուրջը և տեսեք թագավորական որպիսի պալատներ, իշխանական ամրոցներ ու դղյակներ են վեր բարձրանում, ինչ մեքենաներով են սլանում, ինչպես են նստում-վերկենում վերևներում ոմանք՝ ամայացած հոգու տեր այդ մարդիկ:

Երկարամյա դասավանդմանս ընթացքում քանիցս եմ անդրադարձել մի պատմության, որի իսկությունը չէ այնքան կարևոր, որքան՝ խրատական իմաստը: Ասում են՝ ամբողջ իշխանությունը սովետներին անցնելուց հետո Մոսկվայում կոշկի գործարան է բացվում: Որոշում են արտադրված առաջին զույգ կոշիկը տանել պրոլետարիատի առաջնորդին: Գործարանի առաջավոր աշխատող Վարդանյանը երբ կոշիկները տանում է Լենինին, վերջինս զննում է, աչքերը կկոցում ու թե՝ «Ընկեր Վարդանյան: Իմ կոշիկները նորն են: Բայց, այ, այստեղ, ազգությունների կոմիսարիատում դուք մի լավ բանաստեղծ ունեք՝ Վահան Տերյան, նրա կոշիկները հին են, քրքրված, խնդրեմ, տարեք նրան…»:

Այս տողերը կարդալուց թերևս ոմանք քմծիծաղ տան ու ասեն. «Այդ հեքիաթը թոռներիդ պատմիր: Էդ վաղ էր, ուր էշը կաղ էր»:

Ես բնավ դեմ չեմ հարստանալուն: Բայց՝ հալալ վաստակով հարստանալուն: Ինչպես հաղորտեցիներ Շամիլ Շաքարյանը, Աղաջան Ավանեսյանը, Դավիթ Աղամյանը, Բախշի Զաքարյանը, ովքեր արևից շուտ են արթնացել, ջրաղաց կառուցել, անասուն պահել և խաղողի վազ աճեցրել: Որոնց, ավաղ, դառն վախճան էր պահված. խորհրդայինը կուլակ ճանաչեց և ենթարկեց ամենադաժան հալածանքների:

Դրա կողքին նորօրյա փաստեր: Իրենց հալալ վաստակով ու տքնության շնորհիվ բարեկեցիկ, ապահով կյանք են ստեղծել իմ համագյուղացիներ մեղվաբույծ Ռաֆայել Հարությունյանը, անասնաբույժ Հրանտ Սաֆարյանը, անասնաբույծ Գրիշա Զաքարյանը և այլք: Ուրիշի մանկան բերանից հաց խլողին, հիվանդին՝ առողջ, առողջին՝ հիվանդ ճանաչող-ձևակերպողին, կաշառքով գնահատական նշանակողին Արցախը ոչ թե հայրենիք, այլ արոտավայր ճանաչողին վերոհիշյալ անձնավորությունները իրավունք ունեն ասելու. «Մեզնից բռնեցեք, խորտակվող մարդիկ, մենք ժայռի նման կանգնած ենք ամուր»:

Համոզված եմ, որ ընթերցողը համանման փաստերի ցուցակ կարող է երկարել:  Ց. Վ.-ն հարբած վիճակում վթարի է ենթարկել ավտոն, որի հետևանքով չորս մարդ մահացել են, երեքը՝ ստացել ծանր վնասվածքներ: Չգիտեմ քրեական օրենսգրքերով նման արարքի համար անձին ինչ պատիժ է սահմանված, հանցանքը մեղմացնող ինչ փաստեր հորինեցին ու փաստաթղթերն այնպես ձևակերպվեցին, որ ստացվող թոշակը կրկնապատկվեց (նա երրորդ կարգի հաշմանդամ էր): Եվ Ց. Վ.-ն առժամանակ հենակներով քայլելուց հետո նախ մի անթացուպը նետեց մի կողմ, ապա մյուսն ուղարկեց գրողի ծոցը, և այսօր մարդը տունուտեղ ու… սիրեկան է պահում, գյուղի նահապետ Ե. Մարտիրոսյանի արտահայտությամբ՝ «օխտը քոլի գլխով միանգամից է ցատկում»:

Մյուսը փաստը՝ Մ. Ա.-ն Արցախյան գոյապայքարի առաջամարտիկ է: Նրա քաջագործությունների վերաբերյալ չխամրող հուշեր ունեն Հաղորտի գյուղի ազատամարտիկները: Այժմ նա հիվանդ է, պարփակված չորս պատերի մեջ, օրերով չի ելնում գյուղամեջ: Չի աշխատում, հաշմանդամության կարգ չի սահմանվում, ծնողների չնչին եկամուտի հաշվին է…

Ուրեմն՝ ճերմակ խալաթ (որ անմեղության նշան է) հագած, ամենամարդասիրական մասնագիտությունն ընտրած մարդիկ՝ բժիշկները (ես հայցում եմ մի բուռ լավերի ներողամտությունը), արդարադատության «ջատագովները»՝ տեսուչները, իրավապահները մի զարմանալի հեշտությամբ ամենաթողության այս պայմաններում ցանկացած փաստ կարող են գլխիվայր շուռ տալ: Այստեղ են ասել. «Դե, եկ, վարդապետ ու մի խենթացիր…»:

Օրենքն ընդունում են մարդիկ և՝ մարդկանց համար: Իմ աշխատանքը բարձր է գնահատվել. ճանաչվել եմ 20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ, ունեմ հրատարակված և անտիպ գրքեր, գրում եմ հոդվածներ, գրքեր գրախոսում և մշակում հող ու խնամում անասուն: Ստանում եմ ամիսը 17 հազար դրամ թոշակ և գոհ եմ իմ վիճակից: Բայց, ասում են (Տեր Աստված, սուտ լինի), կան 200-300 հազար դրամ թոշակ ստացողներ: Հետաքրքիր է, այդ մարդիկ ի՞նչ են արել, որ պետության գրպաններն այդքան լայն բաց են նրանց համար: Այդ արտառոց, զարմանալի իրողությունն էլ ստիպում է ինձ խեղճանալ թերարժեքությանս համար: Եվ մեղքը բարդել վաղուց մի բուռ հող դարձած ծնողներիս վրա, որ այսքան էժան ապրանք են արարել աշխարհի բորսայի համար:

Ցավով նկատում եմ, որ Արցախի արմատը կրծում է որդը, որ, ըստ էության, արյունակից է, բայց գործելակերպով ոսոխից չի տարբերվում: Եվ եթե որդն այդ չոչնչացվի, արմատահան չարվեն մոլախոտերը, այնժամ ինքներս մեզ…

Ինձ մնում է մեկ անգամ ևս կրկնել Վարպետի տողերը.

Այնտեղ, ուր որ աղբն է կիտվում,
Ու գոյանում Ավգյան ախոռ,
Կիտված աղբը պետք է մաքրել
Հերկուլեսյան եղանակով:

 

ԵԿԵՔ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ԴԱՎԻԹՆԵՐԻՆ, ՀԱՍՄԻԿՆԵՐԻՆ ԵՎ ԱՅԼՈՑ

Ասում են՝ Արցախից երիտասարդները մեկնում են հեռավոր երկրներ: Պատճա՞ռը՝ տեղական իշխանությունները և իշխանիկներն այնպիսի մթնոլորտ են ստեղծում, այնպիսի անտանելի վիճակ, որ ստիպված երիտասարդ արցախցին թողնում է տուն ու տեղ, հայրենի երկիրը, ծերացած ծնողներին ու մեկնում հեռավոր երկրներ՝ աշխատանք որոնելու:

Խոսենք փաստերով:

Դավիթը՝ ավագ որդիս, միջնակարգն ավարտելուց հետո ցանկացավ բարձրագույն կրթություն ստանալ Ստեփանակերտում և աշխատել հայրենի երկրում, ընտանիք կազմել, սատար լինել ծնողներին: Դա մինչև Արցախյան շարժումն էր:

Դավիթն աշխատանքի ընդունվեց քաղաքային կապի հանգույցում: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ բաժանմունքում աշխատողներից մեկը պիտի կրճատվի: Թոշակառուին պահեցին, երիտասարդ աշխատողին կրճատեցին: Եվ որդիս վհատվեց:

«Համալսարանն էլ ձեզ լինի, կապի բաժանմունքն էլ, Ստեփանակերտն էլ, Արցախն էլ»,- ասաց, երկու շաբաթ անց մեկնեց Ռուսաստան և մինչ այսօր ապրում է Կուրսկի մարզում: Այնտեղ ստեղծել է բարեկեցիկ կյանք. ունի գեղեցիկ ընտանիք, խանութ, բեռնատար ու մարդատար ավտոներ: 1992 թ. ղարաբաղյան պատերազմի ծանր տարիներին եկավ Արցախ, զինվորագրվեց Աղբուլաղ-Դահրազ ինքնապաշտպանական ջոկատին և ակտիվորեն մասնակցեց տեղական մարտերին: Նույն թվականի օգոստոսի 17-ին ծանր վիրավորվեց «Դավթա խութ» տեղամասում: Զինվորական հոսպիտալ, հետո՝ Երևան, բուժվեց ու գնաց իր ընտանիքի գիրկը: Եվ ի՞նչ. հեռավոր երկրից եկավ Արցախի ազատագրական պատերազմին մասնակցեց, իսկ նրանք, որ խուսափել են պատերազմական գործողություններից, ծլկել այլ երկրներ, հենց դադարեց պատերազմը՝ վերադարձան ու շատ հեշտությամբ գրավեցին փափուկ պաշտոններ:

Այժմ՝ Հասմիկի մասին: Հասմիկն իմ թոռն է: Ավարտելով Արցախի պետական համալսարանի բանասիրականը՝ կարմիր դիպլոմով, թեզ է պաշտպանել և անցել մագիստրատուրան. այժմ ձգտում է ասպիրանտուրա ընդունվել, թեկնածուական պաշտպանել: Որոշել  է իր մասնագիտությամբ քաղաքում որևիցե դպրոցում կամ այլ հիմնարկում աշխատել: Աղջիկ է, էլի, գոնե իրեն նյութապես ապահովի: Սակայն ի՞նչ է ստացվում: Բազմաթիվ հիմնարկների պետերի ենք դիմել, ես էլ, ինքն էլ, բայց միայն՝ սառը պատասխան՝ «տեղ չունենք»…

Թոռնիկս վհատվել, որոշել է գնալ Մոսկվա՝ իր հարազատների մոտ, գուցե կարողանա Մոսկվայի հայկական դպրոցներից մեկում աշխատանքի տեղավորվել: Եվ արդեն Երևան-Մոսկվա թռիչքի տոմսը վերցրել է:

Այսպես, Արցախի իշխանությունները չեն ձգտում, որ իրենց Դավիթները, Հասմիկները չփախչեն հեռավոր երկրներ, չլքեն իրենց հայրենի հողը՝ անպաշտպան թողնելով իրենց ծերացած պապիկներին ու տատիկներին, մեր մահացած հարազատների գերեզմանները:

Եթե մենք Դավիթներին, Հասմիկներին և այլոց չպաշտպանենք, եթե չգնահատենք նրանց, ապա Արցախը երբեք չի բարգավաճի: Իսկ նրանք, որ այսօր եկել բարձր պաշտոններ են ձեռք գցել, վաղը վտանգի դեպքում դարձյալ ծլկելու են «տաք երկրներ»…

Միշա ՍԻՄՈՆՅԱՆ
թոշակառու, գ. Սառնաղբյուր

 

ԻՆՉԻՑ Է ԴԺԳՈՀ ԵՎ ԻՆՉԻՑ Է ԳՈՀ «ՀԱՅՐԵՆԻՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Նորերս ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում էր ԼՂՀ 2005 թվականի պետական բյուջեի կատարողականը: Ի թիվս այլ գերատեսչությունների, հաշվետվությամբ հանդես եկավ նաև առողջապահության նախարարությունը՝ ի դեմս նախարար Զոյա Լազարյանի: Տիկին նախարարը նշեց, որ բյուջեն հիմնականում կատարվել է 100 տոկոսով, եթե հաշվի չառնենք որոշ շինարարական աշխատանքներ:

Նախարարի հենց այս լավատեսական ու արդյունքներից գոհ տրամադրության ֆոնի վրա սառը ցնցուղի տպավորություն թողեց ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի տեղեկատվությունն առ այն, որ իր ընտրատարածքից 3 մարդ մահացել է այն պատճառով, որ ֆինանսական միջոցներ չեն ունեցել Երևանում բուժում կամ վիրահատություն անելու համար: Սա այն դեպքում, երբ պետությունն որոշակի գումարներ է հատկացնում հիվանդներին ԼՂՀ սահմաններից դուրս բուժում իրականացնելու, ավելի ճիշտ՝ ճանապարհածախսի համար:

Այս և այլ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու խնդրանքով դիմեցինք պրն Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, որը նաև «Հայրենիք» խմբակցության ղեկավարն է:

– Պարոն Հարությունյան, խնդրում եմ բուժսպասարկմանն առնչվող Ձեր հարցադրմանը հնարավորինս մանրամասն անդրադառնաք:

– Մեր նախընտրական ծրագրում սոցիալական կարևոր ուղղություններից առաջինը նշել էինք առողջապահական համակարգը: Այսօր Ղարաբաղում առողջապահական համակարգ չկա, բոլորիս էլ ծանոթ է գործող կառույցների վիճակը: Գիտենք նաև,  որ եթե մարդ ստիպված է լինում բուժում ստանալ ԼՂՀ տարածքից դուրս (քանի որ մի շարք մասնագիտական աշխատանքներ այստեղ չեն իրականացվում), ապա ընկնում է ծանր դրության մեջ՝ լավագույն դեպքում պարտքերի մեջ է խրվում, վատագույն դեպքում՝ առողջական վիճակը վատթարանում է, երբեմն հանգեցնելով մահացության դեպքերի: Գիտենք, որ ցանկացած հիվանդության բուժման համար զգալի գումար է անհրաժեշտ, և եթե հաշվի առնենք, թե ինչ միջին աշխատավարձ է գործում ԼՂՀ-ում, ապա կստացվի, որ բնակչության միայն 10 տոկոսը հնարավորություն ունի իր կամ հարազատի բուժումը սեփական միջոցներով իրականացնել ԼՂՀ-ից դուրս, իսկ մյուսները, այն է՝ բնակչության գերակշիռ մեծամասնությունը զուրկ է այդ հնարավորությունից: Վերջիններս, որպես կանոն, պարտք են անում, եթե հնրավորություն է լինում՝ վարկ են վերցնում, բնակարանն են գրավ դնում, և հետագայում, որպես դրա արդյունք, ընկնում շատ ծանր վիճակի մեջ:

Մենք 2006 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ կառավարությանն առաջարկել ենք առաջին տարում նախնական մինչև 100 մլն դրամ նախատեսել և տալ ԼՂՀ տարածքից դուրս, մանավանդ Հայաստանում բուժման կարիք ունեցողներին որպես փոխհատուցում: Առաջարկել ենք, որպեսզի առողջապահության նախարարությունը սոցապ նախարարության հետ  մշակեն հատուկ կարգ, ըստ որի կտրամադրվեն այդ գումարները: Բայց աջակցություն չենք ստացել, առաջարկությունն էլ մնացել է օդում:

– Իսկ ի՞նչ հիմնավորմամբ է գործադիրը մերժել այդ առաջարկը:

– Հիմնականում ասում են, որ պետպատվերի շրջանակներում ինչ-որ փոխհատուցում տրվում է, մարդիկ անվճար բուժում են ստանում: Տալիս են նաև 20 հազար դրամ, որպես ճանապարհածախս, բայց մենք հո գիտենք, որ դրանով հնարավոր չէ նույնիսկ ճանապարհածախսը հոգալ: Էլ չենք ասում, որ հիվանդին ուղեկցող է պետք, Երևանում տեղափոխվելու հարցեր կան, սննդի, դեղորայքի համար պիտի վճարել: Գուցե կառավարությունը 2007 թվականի համա՞ր նախատեսի այդ առաջարկությունը…

– Այսինքն՝ Դուք գտնում եք, որ առկա հնարավորությունների պարագայում պետբյուջեն կարող է լուծել այդ խնդիրը:

– Ըստ մեզ՝ այո:

– Ձեր խմբակցությունը պատրա՞ստ է 2007 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ էլ այդ առաջարկն անել:

– Ոչ միայն 2007 թվականի համար: Ինչքան ԱԺ-ում լինենք, առաջարկելու ենք և փորձելու ենք պնդել, որպեսզի մեխանիզմը գործի դրվի, մինչև որ ԼՂՀ-ում լինի համապատասխան բուժսպասարկում կամ ներդրվի առողջապահական ապահովագրական համակարգ:

– Արդեն քանի օր է՝ բյուջեի կատարողականն է քննարկվում: Ըստ Ձեզ,  սխալներն ու թերացումները շա՞տ են:

– Միանշանակ՝ բյուջեն կատարվել է, կատարման գործընթացը համապատասխանել է «Բյուջետային համակարգի մասին» օրենքին, ծախսերը հիմնականում ֆինանսավորվել են, հայտերը՝ բավարարվել են, աշխատավարձերի և թոշակների գծով պարտավորություններ չեն կուտակվել, կապիտալ շինարարության ծրագրով հատկացված գումարներն իրացվել են: Այն, ինչ վերաբերում է օրենքին, կատարվել է: Եթե եղել էլ են ոչ նպատակային օգտագործման դեպքեր, դա արդեն մեր խնդիրը չէ, դա վերահսկիչի խնդիրն է:

– Դուք գո՞հ էիք առողջապահության նախարարության ներկայացրած հաշվետվությունից:

– Ծախսերը կատարվել են: Թե ինչպիսի արդյունավետությամբ, երևի ժողովուրդն ավելի ճիշտ գնահատականը կտա:

– Որպես խմբակցության ղեկավար՝ ի՞նչ կարծիք ունեք Սահմանադրության ընդունման մասին:

– Անկասկած՝ մենք պիտի ունենանք Սահմանադրություն: Հիմնական օրենքի նախագիծը ներկայացված է ԱԺ, կարող եմ ասել, որ լինելու է շահագրգիռ քննարկում, և մենք մեր առաջարկություններն ու տեսակետները փորձելու ենք ամրագրել նախնական այն փաստաթղթում, որը ԱԺ կողմից պիտի ներկայացվի հանրությանը և ընդունվի հանրաքվեի միջոցով:

– Տարուց ավել է, որ ընդունվել է մարդու իրավունքների պաշտպանի՝ օմբուդսմենի մասին օրենքը, սակայն ցայսօր օմբուդսմեն չունենք: Ի՞նչ եք կարծում, մեզ ընդհանրապես պե՞տք է օմբուդսմեն:

– Միանշանակ՝ այո: Պարզապես առաջարկություններով հանդես չենք գալիս, քանի որ սպասում ենք խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությանը:

Հարցազրույցը վարեց Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆԸ

——————————————————————————————-

ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ
կամ՝ ինչպես է մասնավորեցվում պետական ունեցվածքը

Յուրաքանչյուր մարդ իր կյանքում այս կամ այն կերպ, շատ թե քիչ առնչվում է առևտրային հարաբերություններին: Ուրիշ բան որ չլինի՝ նա գրեթե ամեն օր շուկա կամ խանութ է մտնում, կյանքում գոնե մեկ անգամ բնակարան է ծախում կամ գնում, իր ունեցվածքից ինչ-որ բան փոխանակում մեկ ուրիշի հետ և այլն: Եւ, որպես կանոն, մարդ ձգտում է էժան առնել ու թանկ ծախել: Ընդ որում, այսպես են վարվում ոչ միայն առևտրականները, այլև բոլորը, բացառությամբ հոգեկան հիվանդների ու երդվյալ միամիտների:

ԼՂՀ ԱԺ նախավերջին նիստում քննարկված հարցերից էր պետական գույքի մասնավորեցման 2004-2006թթ. ծրագրի կատարման 2005թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին «ջանջալ» օրինագիծը, որը «նախանձելի» հեշտությամբ ընդունվեց (ընդամենը 4 «դեմ»): Մինչդեռ միայն այդ փաստաթուղթը բավարար է՝ հասկանալու համար մեր իշխանավորների եսակենտրոն քաղաքականությունը: Այսպես, պետական ձեռնարկությունները «ջրի գնով» ծախվել են, մասնավորեցվել են գնահատված արժեքից քանիցս էժան: Ընդ որում, գնահատված արժեքների հարցում ևս լուրջ կասկածներ կան, քանի որ գնահատողներն էլ են իրենք: Բայց բազմաթիվ դեպքերում իրենց իսկ գնահատված արժեքի կեսի չափով էլ չեն նրանք վաճառել օբյեկտը:

Նիստում տողերիս հեղինակը ճարտասանական հարց տվեց՝ «մասնավորեցման պատասխանատուներն իրենց բնակարանը կամ այլ գույքը այսկե՞րպ կվաճառեին, թե՞ ամեն մի լումայի համար կպայքարեին»: Կպայքարեին, իհարկե, այն էլ ինչպես… Բա ինչու՞ նույնը չեն անում պետական ունեցվածքի պարագայում: Կարո՞ղ ենք դրանից եզրակացնել, որ պետական ունեցվածքն ու պետությունն ընդհանրապես անտեր են:

Իսկ ի՞նչ պատճառաբանություններ են բերվում: Հիմնական փաստարկն այն է, որ պետական ձեռնարկությունները վնասով են աշխատում, պետության վզին են մնում կուտակված ու չվճարված հարկերը, և որ իբր միայն սեփականաշնորհումից հետո այդ ձեռնարկությունները կարող են վերականգնվել, հարկերը վճարվել, տույժերն ու տուգանքներն էլ՝ մարվել: Իրականում սա խաբեություն է, քանի որ, որպես կանոն, այդ ձեռնարկությունները ոչ միայն «ջրի գնով» են վաճառվում, այլև պարտքերն էլ ներվում են: Այսինքն՝ իդեալական պայմաններն են ստեղծվում գնորդի համար: Վաճառողն իր շահերը ոտի տակ է տալիս հանուն գնորդի շահերի: Ինչպիսի¯ մեծահոգություն…

Նիստում անպատասխան են մնացել նաև պատգամավորներ Արմեն Սարգսյանի ու Վահրամ Աթանեսյանի տրամաբանական հարցադրումները: Առաջինը տարակուսեց, թե այդ ինչպես է ստացվում, որ մասնավոր անձի (գնորդի) հնարավորությունները միշտ անհամեմատ մեծ են լինում մի ամբողջ պետության հնարավորություններից, երկրորդն էլ հարցրեց, թե ինչու իշխանությունները չեն փորձում պետական ձեռնարկությունների առողջացման քաղաքականություն վարել: Այսինքն՝ «չաղացնել» ու նոր միայն վաճառել, բնականաբար՝ շատ ավելի թանկ գնով: Տողերիս հեղինակն էլ փաստեց, որ պետությունը հատուկ է այդպես անում, գիտակցաբար խրախուսելով պետական ձեռնարկությունների տապալումը, որպեսզի դրանք անհուսալի համարեն ու իրենց ուզած ձևով վաճառեն: Համենայն դեպս, չի եղել գոնե մի դեպք, երբ պատասխանատվության է ենթարկվել պետական ձեռնարկությունը քանդած որևէ ղեկավար: Բայց ահա քիչ չեն դեպքերը, երբ ձեռնարկությունը «ջրի գնով» վաճառել են հենց նույն ձեռնարկությունը քանդած ղեկավարին:

Բայց սա առևտրային հարաբերությունների մի կողմն է միայն, երբ իշխանությունը վաճառողն է: Իսկ ի՞նչ է լինում, երբ կառավարությունը գնորդն է լինում: Ավելի արտառոց երևույթ. կառավարությունն այս կամ այն օբյեկտը գնում է դրա շուկայական գնից բազմապատիկ թանկ: Այսինքն՝ վաճառելիս մերոնք «էժան Խաչի»-ն են, գնելիս՝ «թընգըմալա»:

Գնումներ կատարելիս կառավարությունը «հանկարծ» հասկանում է, որ շուկայում ամեն ինչ թանկ է (վաճառելիս, բնականաբար, այդ ինֆորմացիան չի ունենում): Սոսկ մի աբսուրդային փաստ. ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Ա.Ծատրյանը, պարզաբանելով էլեկտրատեխնիկական գործարանի գործող արտադրամասի էժան գներով մասնավորեցումը (ի դեպ, այնտեղի միայն մի հաստոցն ավելին արժե, քան այն գինն է, որով մասնավորեցվել է արտադրամասը), տեղեկացրել է. «Այնտեղ միայն տանիքի նորոգման համար միլիոնավոր դոլարներ են պետք»: Հավանաբար, ոսկե թիթեղներով են ծածկելու…

Ինչ որ է, ինչու՞ է կառավարությունն էժան ծախում ու թանկ գնում: Նյութի սկզբում նշված երկու կատեգորիաներին (հոգեկան հիվանդներին ու երդվյալ միամիտներին) մեր կառավարությունը հաստատ չի պատկանում, ուրեմն… Ուրեմն, եզրակացությունը թողնում ենք ձեզ, տիկնայք և պարոնայք ընթերցողներ:

Իսկ մեր կողմից ասենք, որ այս կառավարությունն ու իշխանությունն ընդհանրապես շատ թանկ են նստում ժողովրդի վրա: Շատ թանկ հաճույք է մեր ժողովրդի համար: Նամանավանդ, հաճույքն էլ ինքը՝ ժողովուրդը չի ստանում, այլ նույն իշխանությունը:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

ԻՆՉԻ ԿԱՐՈՂ Է ԲԵՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ

ԼՂՀ Ազգային ժողովը Հողային օրենսգրքի մեջ փոփոխություններ է մտցրել, համաձայն որոնց այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր մինչ օրս հող են վարձակալում Ղարաբաղում, կարող են այդ հողը ստանալ սեփականության իրավունքով:

«Օրենսգրքում նորերս կատարված լրացումներն ու փոփոխությունները բավականին հստակեցրել են հողային իրավահարաբերությունները: Փաստորեն դրանք միտված են նորանկախ ԼՂՀ-ում հողի շուկայի ստեղծմանն ու կայացմանը: Նկատի ունենալով այն հանգամանքը, թե հետխորհրդային տարածքի երկրներում ինչպիսի բուռն վեճերի տեղիք է տվել այս հարցի քննարկումը եւ ինչպիսի դժվարությամբ են որոշ երկրներում գնացել նման քայլի՝ մի քիչ տարակուսելի եմ համարում այն, որ հարցը մեզ մոտ ընդհանրապես լուրջ քննարկումների ու բանավեճի տեղիք չտվեց՝ արցախյան խորհրդարանը հաշտուխաղաղ կողմ քվեարկեց փոփոխություններին»,- ասում է «ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խմբի անդամ Գեղամ Բաղդասարյանը:

«Ըստ իս, կատարվածը միանգամայն դրական երևույթ է, եւ ԼՂՀ-ն դրանով «խաղաղ ու ստեղծագործ» աշխատանքի անցնելու եւս մի լուրջ հայտ է ներկայացնում: Ռազմական դրության ռեժիմի պայմաններում ապրող երկրի համար սա նշանակալից եւ ուղենշային քայլ է: Դրանով կարծես թե նաեւ փաստում ենք, որ պատրաստ ենք արտաքին մարտահրավերներին դիմակայելու եւ բավարար հիմք ունենք դրա համար: Միեւնույն ժամանակ այս ամենը նաև որոշակի անհանգստության տեղիք է տալիս: Մի կողմից՝ շուկայական հարաբերություններին անցած երկրի համար սա անհրաժեշտ ու արդարացված քայլ է, մյուս կողմից էլ՝ շուկայի ինքնակարգավորման հստակ ու փորձարկված մեխանիզմների բացակայությունը կարող է հանգեցնել վարչարարական մեթոդներով կարգավորվող հողային շուկայի ստեղծմանը: Մտավախություն ունեմ, որ փոփոխությունները կարող են պարզապես հանգեցնել խոշոր լատիֆունդիստների կայացմանը կամ նրանց օրինականացմանը: Այնինչ նպատակը պիտի լինի գյուղացիական տնտեսությունների զարգացումն ու գյուղերի բարգավաճումը: Այսպես թե այնպես՝ փորձը ցույց կտա, թե ինչպես է մեզ մոտ ստեղծվում հողի շուկան եւ հուսով եմ, որ հընթացս կհաջողվի ճշգրտումներ անել»,- ավելացրել է Գեղամ Բաղդասարյանը:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նույնպես գտնում է, որ փոփոխությունը ի վնաս ղարաբաղցիների չի լինի: Քանի որ այնքան մեծ չեն օտարերկրացիների կողմից վարձակալված հողերի ծավալները, այս ամենը իրենից վտանգ չի ներկայացնում, ասել է նա:

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

——————————————————————————————-

Հասարակություն

ՍՏՈՒԳԻՐ ԵՎ ԱՊՐԻՐ

Ստեփանակերտի տարածքում իրականացվող առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների համայնքային կանոնների պահանջների կատարման հսկողության նպատակով քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որում ընդգրկվել են քաղաքապետարանի, ոստիկանության և հանրապետության էպիդեմիո-լոգիայի եւ հիգիենայի կենտրոնի աշխատակիցները: Սույն հանձնաժողովը մի քանի օր ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի տարբեր խանութներում, սպասարկման օբյեկտներում, հացարտադրող ձեռնարկություններում: Նշենք, որ սա նմանօրինակ առաջին ստուգումը չէ. 2004 թ. նոյեմբերից, երբ քաղաքապետարանն ընդունեց «Հացի արտադրության, տեղափոխման և վաճառքի կանոնների մասին» որոշումը, պարբերական ստուգումներ անցկացվեցին մայրաքաղաքի խանութներում ու հացարտադրող ձեռնարկություններում: Այս անգամ ևս գրեթե ամենուր արձանագրվեցին օրենքի տարատեսակ խախտումներ. վաճառվող հացատեսակների կողքին արտադրողի անունը, արտադրանքի քաշը և գինը մատնանշող համապատասխան փաստաթղթի, վաճառողների հատուկ զգեստի և անունը մատնանշող գրության, ապրանքատեսակների գնացուցակների բացակայությունը, սանիտարական կանոնների խախտումներ:

Վերոհիշյալ բոլոր խախտումներն արձանագրվեցին թե’ քաղաքապետարանի, թե’ հան-րապետության էպիդեմիոլո-գիայի եւ հիգիենայի կենտրոնի աշխատակիցների կողմից, որոնց խոսքերով՝ նախազգուշացումների համար սահմանված ժամկետը մինչև հուլիսի 1-ն է, որից հետո բոլոր իրավախախտների նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ:

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

 

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍՈՎ

Օրեր առաջ մեր թերթի խմբագրություն էր դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Սերգեյ Մովսիսյանը, ով, իր նման բազմաթիվ քաղաքացիների պես, տարբեր ատյաններ դիմելուց հետո, վերջին հույսը կապել է ԶԼՄ-ների հետ՝ գոնե թերթի միջոցով հասնել արդարության:

Իսկ խնդիրն այն է, որ ԼՂՀ առաջին ատյանի և վճռաբեկ դատարանները որոշում են կայացրել Ս. Մովսիսյանի հորեղբորը՝ Պավել Մովսիսյանին սեփականատեր ճանաչել Ստեփանակերտ քաղաքի Մետաքսագործների փողոցի թիվ 48 տան 1/2 մասի նկատմամբ: Մինչդեռ վերոհիշյալ բնակարանը 1953 թ.  կառուցել է Ս. Մովսիսյանի պապը՝ Սերգեյ Սաղաթելյանը, իսկ երեխաների ամուսնանալուց հետո՝ կցել ևս մեկ սենյակ: Մինչև 1961 թվականը՝ այսինքն Ս. Սաղաթելյանի մահը, տունն ամբողջությամբ գրանցված է եղել նրա անունով: 1976-ին նրա կինը՝ Սիրանույշ Մովսիսյանը, դիմել է Ստեփանակերտի պետական նոտարական գրասենյակ՝ իր ամուսնու ժառանգությունը ստանալու նպատակով, որտեղ էլ նրան տվել են տան կեսի նկատմամբ սեփականության իրավունք և տան մյուս կեսի նկատմաբ՝ ըստ ժառանգության իրավունքի վկայագիր: Մինչդեռ հայցը քննելիս՝ դատարանն իր վճիռները հիմնավորել է այնպես, իբր մինչև Ս. Սաղաթելյանի մահը, տան մի մասի սեփականատեր եղել է ինքը, իսկ մյուսինը՝ կինը: Ս. Սաղաթելյանի մահից հետո տունը մնացել է վիճարկելի, որտեղ էլ բնակություն է  հաստատել Պ. Մովսիսյանի ընտանիքը: Իրականում, ինչպես արդեն նշեցինք, տան սեփականատերը մինչև մահվան օրը եղել է Սերգեյ Սաղաթելյանը, ում մահից հետո այն որպես ժառանգություն նոտարական կարգով անցել է նրա կնոջը, իսկ վերջինս էլ՝ 1976-ին իր ողջ ունեցվածքը կտակել է թոռանը՝ Ալեքսանդր Մովսիսյանին: Վերջինս ներկայացել է նոտարական գրասենյակ և դարձել տան կեսի սեփականատեր, իսկ մյուս կեսի սեփականատեր մնացել է Սիրանույշ Մովսիսյանը: Իր հերթին Ա. Մովսիսյանն իր բնակարանը վստահագրով տվել է եղբորը՝ Ս. Մովսիսյանին:

Պ. Մովսիսյանն էլ օգտվելով այն հանգամանքից, որ ըստ կտակի Ա. Մովսիսյանը ժառանգություն է ընդունել տան կեսի նկատմամբ, դիմել է դատարան և իրավունք ձեռք բերել մյուս կեսի նկատմամբ:

Սակայն մեզ դիմած Ս. Մովսիսյանը բողոքում է, թե տան կեսը Պ. Մովսիսյանին տալուց հետո ինչպես են բաժանել բակն ու մերձակա հողամասը: Նա տարակուսում է. «Տունն էլ ջհանդամը, բայց ինչպե՞ս կարելի է նման ձևով բաժանել բակը»: Ընդ որում, Ս. Մովսիսյանի հավաստմամբ՝ բաժանումը նույնիսկ այնպես չեն արել, ինչպես դատարանն է որոշել: Բակն, ինչպես ինքներս համոզվեցինք, այնպես են բաժանել, որ Ս. Մովսիսյանի բնակարան կարելի է հասնել բաժանման հետևանքով բակով մեկ կապկպած ցանցե լաբիրինթոսի միջով երկու պտույտ տալուց հետո միայն, որն այնքան նեղ է, որ երկու հոգով միաժամանակ անցնել չի լինում: «Երեխաներս չեն կարողանում խաղալ բակում»,- ասում է Ս. Մովսիսյանը, որովհետև բակ, որպես այդպիսին՝ չկա:

Մենք ևս թերթի միջոցով դիմում ենք համապատասխան կառույցներին՝ խնդրին նոր ընթացք և արդարացի լուծում տալու ակնկալիքով: Հատկապես, երբ կա դատարանի որոշումը, և մնում է միայն հարցը լուծել ըստ օրենքի: Ի վերջո, պետության ցանկացած քաղաքացու, և հատկապես երկրորդ կարգի հաշմանդամ ազատամարտիկի հանդեպ նման վերաբերմունքը ոչ մի կերպ  չի կարելի արդարացնել:

Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆ

 

«ԱՐՓԵՆ»-Ը ԿԸՆԴԼԱՅՆԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Արդեն 10 տարի է, ինչ ամերիկահայ բարերարներ Քերոլայն և Ջորջ Նաջարյանների հովանավորությամբ Արցախում գործում է մոր և մանկան «Արփեն» կենտրոնը: Նաջարյանների ընտանիքը արցախյան պատերազմի տարիներին մեր երկրին ու ժողովրդին օգնության առաջին ձեռք մեկնողների թվում էր: Նրանք Արցախում զբաղվում էին ճարտարապետական հուշարձանների վերանորոգմամբ, օգնում էին ծնողազուրկ երեխաներին ու հաշմանդամներին, բացում մանկապարտեզներ՝ պատերազմի արհավիրքից  փրկված մանուկների կորսված մանկությունը փոքր-ինչ վերականգնելու նպատակով: 10 տարիների գործունեության ընթացքում «Արփեն» կենտրոնն իրականցրել է բազմաթիվ ծրագրեր, ավելի քան 1000 հղի կանանց օգնել է 6 ամիսների ընթացքում՝ տրամադրելով սննդամթերք, հագուստեղեն և շատ այլ անհրաժեշտ բաներ:

Կենտրոնի գործադիր տնօրեն Սարգիս Գալստյանը նշեց, որ «կազմակերպությունը մի քանի ամսով դադարեցրել էր իր գործունեությունը, բայց ներկայումս այն նորից վերսկսել է աշխատանքները և շարունակում է խթանել ծնելիությունն Արցախում»:

Կենտրոնի գործունեության լավագույն գնահատականը այնտեղի ծառայություններից օգտվող կանանց գնահատականներն են: «Ես շատ գոհ եմ  Նաջարյաններից՝ մեզ ցույց տված օգնության համար: Մերօրյա դժվարին պայմաններում այս օգնությունը շատ մեծ նշանակություն ունի թե նյութական, և թե բարոյահոգեբանական առումներով: Ես արդեն 3-րդ երեխան եմ ծննդաբերել, և սա առաջին անգամն էր, որ ես զգացի, թե ինչպես են մեզանով հետաքրքրվում: Խորին շնորհակալություն եմ հայտնում օգնությունը կազմակերպողներին և այն իրականացնողներին: Շատերն են զգացված նման հոգատարությունից»,- ասում է տիկին Կարինեն:

Խոսելով հետագա ծրագրերի մասին՝ Ս. Գալստյանը տեղեկացրեց, որ կենտրոնը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը և ակտիվորեն գործել հանրապետության շրջաններում: Ըստ կենտրոնի տնօրենի՝ սույն ծրագիրն օգտակար է հատկապես նրանով, որ «Արփեն»-ի ծառայություններից օգտվելու համար հղի կանայք պետք է անպայման հաշվառման ներկայանան ծննդատուն, ինչն էլ թույլ է տալիս պարբերաբար հետևել մոր և պտղի առողջական վիճակին և կանխարգելել հնարավոր բարդացումները:

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

——————————————————————————————-

Պատմություն

ԹԱՔՈՒՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

Ախպեր, ես ի՞նչ անեմ

1724-1725 : «…Յետ նորա հարցրին Չալապի քեխվեն, թե չո՞ւմ (ինչո՞ւ) մեր տուն քանդեցիր: Չալապին ասեց՝ աղբեր, ես ի՞նչ անեմ…»,- ռուսական կանցլեր կոմս Գոլովինին ուղղված նամակում գրում է Ղարաբաղի մելիքների ներկայացուցիչ ռուսական ծառայության մեջ գտնվող Իվան Կարապետը հայոց 1174 (1725) թվականին: Նամակում նկարագրվում է մելիքների շփոթն ու հուսահատությունը, երբ նրանք, երկար տարիներ դիմադրելով պարսկական եւ օսմանյան զորքերին՝ ռուսական օգնական զորքի սպասումով, հանկարծ իրենց պատվիրակների միջոցով, որոնց թվում էր նաեւ Չելեբի քյոխվան, ստանում են Պետրոս Մեծի առաջարկությունը՝ թողնել Ղարաբաղը եւ տեղափոխվել ռուս զորքերի կողմից գրավված (այն էլ ինչպես հետո պարզվեց՝ ժամանակավոր) Գիլյան ու Մազենդարան: Խեղճ մելիքները չեն կարողանում ընկալել տեղի ունեցածը, նրանք իրենց ջղայնությունը թափում են պատվիրակի վրա. «Այ Տեր Անտոն, մենք քեզ ուղարկեցինք, գնա, իմացիր, տես ղոշուն կգա՞յ մեզ, մին քոմակ ու ջար կլինի՞, թե՞ ոչ, ե՞րբ ասացինք մեզ համար տեղ ուզիր Դարպանդ, Պակու, Կիլան եւ կամ այլ տեղ, որ մենք գնանք տեղն կենանք»: Տեր Անտոնն ի՞նչ աներ, վախեցավ, թե մելիքները իրեն կպատժեն, թողեց ու փախավ: «Եւ այսպես, կատարված էր մի մեծ ոճիր ամբողջ ժողովրդի դեմ»,- այս առիթով գրում է Լեոն: Մելիքները չգիտեին, որ ռուս զորքը, որը կանգնած էր Կասպից ծովի ափերին եւ այսպիսով մի քանի օրում կարող էր հասնել Ղարաբաղ, չէր շարժվում տեղից ոչ թե որովհետեւ հայերի ուղարկված նամակների բովանդակությունը չէր հասնում Պետրոս Մեծին, այլ որովհետեւ օգտվելով Ղարաբաղի ու Ղափանի դիմադրությունից օսմանյան զորքերին՝ ռուսները առանց կռվի գրավեցին Կասպից ծովի արեւմուտքն ու հարավը, որից հետո 1724 թվականի հունիսի 12-ին գաղտնի խաղաղություն կնքեցին Օսմանյան կայսրության հետ, որով հայերի զբաղեցրած հողերը մնացին թուրքերին: Իսկ հայերին էլ որպես «պարգեւ» առաջարկեցին թողնել իրենց տներն ու տեղափոխվել նվաճված կիսաանապատ տարածքներ:

Հայի բախտը

1790-ականներ-1813: «Իմ մեծ ծառայությունները, որոնք ես մատուցել եմ Ռուսաստանի սուրբ գահին, հայտնի են ամենքին: Ունեի ես անդրանիկ որդի՝ Ռոստոմ բեկը, եւ նրան էլ զոհ բերի իմ ինքնակալ կայսրին: Իսկապես երեւում է մի բան միայն. այն է, որ ես հայ եմ, եւ այդ պատճառով բոլոր գլխավոր հրամանատարները եւ զորավարները չարանում են ինձ վրա՝ իմ կատարած հաղթությունների եւ քաջությունների համար: Իմ գործողությունների մասին նրանք չեն կամենում տեղեկություններ տալ ուր որ հարկն է»,- 1807 թվականի նոյեմբերի 27-ին գրում է Մելիք Աբով Բեգլարյանը Հովհաննես Լազարեւին ուղղված նամակում: Վրաստանում տարագրության մեջ ապրող մելիքը Ռուսաստանին մատուցած իր ծառայությունների դիմաց խնդրում է մի բան՝ իրեն թույլ տալ վերադառնալ Ղարաբաղում իր հայրենի Գյուլիստանը եւ տիրել ժառանգական ունեցվածքին: Բայց այս համեստ խնդրանքը երբեք էլ իրականություն չդարձավ: Մելիք Աբովը միայնակ չէր իր հուսահատության մեջ: 18-րդ դարի վերջից Ղարաբաղի մելիքները ամենավճռական հույսերն ունեին առ այն, որ ռուսական զորքի օգնությամբ վերջապես կիրագործվի դեռ նույն դարի սկզբից գոյություն ունեցող ծրագիրը՝ թյուրք խաների վտարում տարածաշրջանից եւ Ազատ Հայաստանի վերականգնում: Ռուս արքունիքը չէր էլ ժխտում նման հույսերի հիմնավորված լինելը: 1779-ին կազմվեց նույնիսկ Ռուսաստանի եւ ապագա Հայոց թագավորության միջեւ կնքվելիք դաշնագրի նախագիծը, որի շուրջ բանակցություններ են տարվում Պետերբուրգում ամենաբարձր մակարդակով: Այս հույսերի մի մասը իրականացավ: Ռուս զորքը այս անգամ իրոք մտավ հայերով բնակեցված տարածքներ ու նվաճեց նրանց մի մասը: Բայց հայերի զարմանքն էլի անպակաս էր: Ռուսները ոչ միայն իշխանությունից չզրկեցին մահմեդական խաների մեծ մասին, այլեւ ընդունեցին վերջիններիս իրենց ծառայության մեջ, շնորհեցին պարգեւներ ու տիտղոսներ: Ռուսական բարձր սպայական տիտղոս ստացավ եւ Ղարաբաղի Իբրահիմ խանը, որին վտարելը Ղարաբաղի հայ մելիքների նվազագույն ծրագիրն էր: Եւ սա այն դեպքում, երբ Իբրահիմը միայն իր ցեղակիցներին բնորոշ ճարպկությամբ երկակի խաղ էր խաղում ռուսների ու պարսիկների հետ: Ճիշտ է, վերջը նա սպանվեց համբերությունից հանված ռուսների նախաձեռնությամբ, սակայն խանությունը ժառանգեց նրա որդին՝ մինչեւ 19-րդ դարի կեսերը: Դեռ ավելին՝ եթե մինչ այդ Ղարաբաղի խաները չունեին սեփական կալվածքներ երկրում, այլ միայն վարչական իշխանության դերն էին կատարում, ապա ռուսական շրջանում նրանք ձեռք բերեցին բազմաթիվ հողեր՝ ի հաշիվ հայերի: Ռուսների մուտք գործելով՝ վերջնականապես պատմության գիրկն անցավ Ղարաբաղի հայ մելիքությունների ինքնավարությունը, եւ առհասարակ այդ մելիքությունների հետ կապված պատմական էջը փակվեց:

«Դիտում է հայն… աշխարհը ու կարծես… չի հասկանում այն»

(Գ. Նժդեհ)

1918-1920: 1918-ին, երբ ռուսները հեռանում էին տարածաշրջանից, հայերը միակն էին, ով չէր կրակում հեռացող ռուս զորքերի թիկունքին: Դրան հակառակ դեռեւս 13 տարի առաջ (1905) ի տարբերություն ըմբոստ հայերի՝ ռուս գահին հավատարիմ համարվող Կովկասի թաթարները մեծ հաճույքով զբաղվում էին հեռացող ռուսների ալան-թալանով, զինաթափմամբ ու սպանությունով: Ռուսները գնում էին, գալիս էին թուրքերը, ու թաթարները, որ այդ տարվանից դարձան նաեւ ադրբեջանցի, ուրախությամբ բացահայտում էին իրենց թուրքական կողմնորոշումը: Մի տարի անց թուրքերն էլ գնացին ու եկան անգլիացիները, ու այժմ Ադրբեջանը արդեն վերջիններիս հավատարիմ դաշնակիցն էր: Սակայն ամեն բան փոփոխական է: Եւս մեկ տարի անց մեկ օրվա մեջ Ադրբեջանը դարձավ բոլշեւիկյան ու մինչեւ արյան վերջին կաթիլը՝ ռուսամետ: Ռուսները վերադառնում էին: Ի տարբերություն հայ քաղաքական վերնախավի մի մասի, ոչ միայն հայ զանգվածները, ուրախությամբ կամ առնվազն լոյալությամբ էր ընդունում թեկուզ եւ բոլշեւիկ դարձած ռուսների վերադարձը: Այն աստիճան, որ միայն մեկ լուրը այն մասին, թե թուրքերն այժմ ռուսների դաշնակիցն են, զրկեց հայ բանակը առաջինների հետ կռվելու կամքից՝ ֆանտաստիկ եւ մինչ այժմ անհասկանալի թվացող դեպք:Այս բոլոր պատմական ժամանակահատվածների միջեւ եղած զուգադիպությունները կարծես թե տեղիք չեն տալիս կասկածելու սրանց մեջ թաքնված մի ինչ-որ տարօրինակ օրինաչափության առկայության մասին: Մենք հեռու ենք այն մտքից, թե ռուսների մուտք գործելը տարածաշրջան միայն բացասական հետեւանքներ ունեցավ հայերի համար: Եթե այսպես կարծեինք, կընկնեինք նույն անհեթեթության գիրկը, ինչ որ հակառակ վարկածի հետեւորդները: Չբացառելով հանդերձ պատմության մեջ ոչ ռացիոնալ եւ նույնիսկ խորհրդագիտական կողմը ու թողնելով այն առանձին վերլուծության համար՝ փորձենք ընկալել գոնե շարունակական կրկնվող միեւնույն այս իրականության «ռացիոնալ հատիկը», որը, կարծում ենք, այնքան խորն էլ ընկած չէ: Պետք չէ զարմանալ, որ իրենց Հռոմի պապից էլ կաթոլիկի ու ռուս դերժավնիկից էլ ավելի կայսերապաշտի դերը խաղացնող հայ գործիչները ի վերջո պատժվել են պատմության կողմից: Իրենց մշակույթով մեզանից ավելի ցածր համարվող թուրքերը այս պարզ ճշմարտությունն ավելի լավ են հասկացել: Նրանց վարածը կարելի է քաղաքականություն համարել, ինչքան էլ որ այն գավառական մասշտաբի չի եղել: Հայերի դեպքում գործ ունենք մաքուր «բնազանցության» (մետաֆիզիկայի) հետ՝ քաղաքականության փոխարեն: Ու այսօր էլ, երբ խոսքը արտաքին քաղաքական կողմնորոշման մասին է, ներհայկական վեճերի մասին, դրա մասնակից կողմերը իրականում ոչ թե մարտավարական քաղաքական հարց են լուծում, այլ «բարձր փիլիսոփայական»: Լինե՞լ, թե՞ չլինել Ռուսաստանի դաշնակից՝ սա գաղափարախոսական ընտրություն չէ, ոչ էլ «սուրբ գահին» հավատարմության խնդիր, այլ հաշվարկի առարկա (եթե փորձենք «հոգեվերլուծության» ենթարկել մեր արտաքին քաղաքական վեճերը, կարող ենք նկատել, որ այստեղ դեռ թաքնված համոզմունք կա գաղափարական պայքարի մասին երկու կողմերի մոտ էլ): Արեւմուտքի ու Ռուսաստանի պայքարը վաղուց որեւէ գաղափարական բաղադրիչից զուրկ է, գոնե Ռուսաստանի կողմից: Պատմական իրավիճակը կարող է կրկնվել եւ այսօր: Եթե հանկարծ Ռուսաստանը կրկին վերադառնա տարածաշրջան որպես լիիրավ գերիշխող ուժ, կարելի է նույնիսկ չկասկածել, թե ում կհասնեն դրա շահույթները՝ հետխորհրդային Ռուսաստանի լավագույն դաշնակցի՞ն տարածաշրջանում, թե՞ Բաքվի խաներին: Այսօր, եթե մի բան փոխվել է հայ իրականության մեջ, ապա միայն այն, թե կան տարակարծություններ, թե որ «սուրբ գահին» է պետք հավատարիմ լինել՝ ռուսակա՞ն, թե՞, ասենք, վաշինգտոնյան կամ բրյուսելյան: Ժամանակին, ի դեպ, Օսմանյան կայսրությունում էլ հայերը կրում էին «հավատարիմ ազգի» պաշտոնական տիտղոսը: Հիմա չգիտես՝ դրանով պետք է հպարտանա՞լ, թե՞ ամաչել ու ոչ մեկին չպատմել: Մենք առաջարկում ենք, այնուամենայնիվ, հավատարիմ մնալ միայն Հայաստանի թագավորության թափուր գահին՝ մինչեւ դրա վերականգնումը:

Հրանտ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Հայկական ժամանակ»

 

ՈՍԿԵ ՍՈՒՐԸ. ՎԱԼԵՐԻԱՆ ՄԱԴԱԹՈՎ (ՌՈՍՏՈՄ ՄԱԴԱԹՅԱՆ)

Անցած հարյուրամյակի ամենափայլուն հեծելազորային ղեկավարներից մեկի՝ Վալերիան Մադաթովի մասին նրա ժամանակակիցներից մեկն այսպես է արտահայտվել. «Մադաթովը ռուսական բանակի համար նույնն է, ինչ մարշալ Մյուրատը Նապոլեոնյան բանակի համար»:

Վալերիան Մադաթովը ծնվել է 1782թ. մայիսի 18 (31)-ին Լեռնային Ղարաբաղի Ավետարանոց գյուղում, ազնվականի ընտանիքում: Ղարաբաղյան մելիքների շքախմբի հետ 15-ամյա Մադաթովը մեկնում է Սանկտ Պետերբուրգ: Մելիքները Պետերբուրգ էին գնում պաշտպանություն խնդրելու Ղարաբաղի քրիստոնյա բնակչության համար, որոնք պարբերաբար հարձակումների էին ենթարկվում մահմեդականների կողմից:

Առաջին անգամ Մադաթովը մարտական գործողությունների մասնակցեց 1809թ. Դունայի մոտ, եւ Բրիալով ամրոցի գրավման ժամանակ ցուցաբերած խիզախության համար ստացավ իր առաջին շքանշանը: Դրանից հետո շքանշանները սկսեցին անձրեւի պես թափվել նրա գլխին: Բագրատիոնի հրամանատարությամբ նա մարտնչեց Ռասսեւետում եւ պարգեւատրվեց «Քաջության համար» մակագրությամբ ոսկե սրով:

1810թ. սկզբին Մադաթովին հետեւակազորից տեղափոխեցին Ալեքսանդրյան հուսարական գունդ: Հեծելավաշտը ղեկավարելիս նա աչքի ընկավ հատկապես թուրքերի դեմ ունեցած մարտում, որտեղ դրսեւորեց հեծելազորային հրամանատարին հատուկ հատկանիշներ՝ արիություն եւ հմտություն:

Չաուշկա գյուղում Մադաթովը մխրճվեց հակառակորդի հետեւակային զորասյան շարքերը, իսկ 1810թ. Բարինի մարտում նա երկու հեծելավաշտով գրոհել պատրաստվող թուրքական հեծելազորին ցրեց: Մարտական սխրանքների համար Մադաթովը պարգեւատրվեց Գեորգիեւյան 4-րդ աստիճանի խաչով, ինչպես նաեւ՝ նրան շնորհվեց փոխգնդապետի կոչում:

Հայրենական պատերազմի սկզբին Մադաթովը գլխավորում էր Դունայից Վոլգա տեղափոխված Ալեքսանդրյան հուսարական գունդը, որը մտնում էր 3-րդ Արեւելյան բանակի կազմի մեջ: Հենց առաջին մարտում, որը տեղի ունեցավ Կորինում, առանձին հեծելազորային ջոկատը, Մադաթովի հրամանատարությամբ, պարտության մատնեց սաքսոնական հեծելազորին: Հետագա մարտական գործողություններում նա մշտապես ղեկավարում էր առաջավոր ջոկատները եւ պաշտպանում էր հետեւակը նահանջի դեպքում:

Երբ նապոլեոնյան բանակը սկսեց Ռուսաստանից փախուստի դիմել, Մադաթովն իր ալեքսանդրիականների հետ ամենագործուն մասնակցությունը ցուցաբերեց թշնամու հետապնդման եւ ջախջախման գործում: Ֆրանսիացիներին Բերեզինով տեղափոխելուց հետո նա հրաման ստացավ հասնել թշնամու զորասյուներին, կործանել նրանց փախուստի ճանապարհին գտնվող կամուրջները եւ ամեն կերպ խոչընդոտել նրանց առաջխաղացմանը: Մադաթովը փայլուն կերպով կատարեց այս առաջադրանքը, ամեն շաբաթ գերի վերցնելով հարյուր կամ հազարավոր գերիների եւ հետապնդելով թշնամուն մինչեւ Վիլնա: Այս մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար նրան շնորհվեց գնդապետի կոչում, բացի այդ, Մադաթովը պարգեւատրվեց ադամանդակուռ ոսկե թրով՝ «Քաջության համար» մակագրությամբ:

Լայպցիգի մարտում Մադաթովը ձեռքից վիրավորվեց, սակայն մինչեւ մարտի վերջը ձիուց չիջավ: Այս ճակատամարտից հետո Մադաթովին շնորհվեց գեներալ-մայորի կոչում: Ողջ բանակը գիտեր Մադաթովի քաջության եւ ամենաբարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակության մասին, բոլոր զինվորները նրան սիրում եւ հարգում էին: Հաճախ կարելի էր նրանցից լսել. «Մադաթովի հետ ուր էլ գնաս՝ չես կորչի»: Գերմանիայի մարտերում նրա զինակից Դենիս Դավիդովն այսպես է արտահայտվում նրա մասին. «Աներեւակայելի աներկյուղ գեներալ է»:

Նշանակվելով հուսարական բրիգադի հրամանատար, 1815թ. Մադաթովը ռուսական օկուպացիոն կորպուսի կազմում մնաց Փարիզում, սակայն շուտով ետ կանչվեց եւ նշանակվեց սկզբում՝ Ղարաբաղի խանության, իսկ այնուհետեւ՝ հարեւան Շիրվանի եւ Նուխինյան խանությունների զորքերի հրամանատար:

Կովկասում Մադաթովը մնաց ավելի քան 10 տարի: Նա Երմոլովի ամենագործունյա եւ հավատարիմ օգնականն էր:

Զորքերի հրամանատարությունից բացի, Մադաթովը ստիպված էր զբաղվել քաղաքացիական ղեկավարման գործերով եւ իր համար այս նոր դերը ստանձնելով՝ նա մեծ համբավ ձեռք բերեց տեղի բնակչության շրջանում: Նրա զինակիցներից մեկը հիշում էր. «Իշխան Մադաթովի ռազմատենչ բնավորությունը, տեղի լեզուների եւ սովորույթների իմացությունը, ասիական եւ եվրոպական սովորույթների իմացությունը՝ իր ղեկավարած շրջաններում նրան դարձնում էին անփոխարինելի: Մեկի հետ ընկերաբար էր, մյուսին պարգեւատրություն էր խոստանում, երրորդին պաշտպանում անարդարությունից: Նրա բոլոր արարքներում երեւում էր մտքի ճկունությունն ու հեռատեսությունը»:

Խաղաղության ձգտելով, նա անձամբ էր բանակցություններ վարում լեռնային ժողովուրդների առաջնորդների հետ, ականջ չդնելով զգուշացումներին՝ հաճախ նրանց հետ հանդիպման էր գալիս միայնակ ու անզեն: Իր ղեկավարության հանձնված խանություններում նա միշտ մասնակցում էր դատավարություններին՝ «դիվաններին», հոգ էր տանում լեռնային շրջաններում կամուրջներ կառուցելու, Ղարաբաղյան հայտնի ձիերի բուծման զարգացման, շերամապահության, առեւտրի զարգացման մասին:

1826թ. պարսից արքայազն Աբբաս Միրզան անակնկալ կերպով իր մեծաքանակ բանակով ներխուժեց Անդրկովկաս, եւ նրա զորքերից մեկը ներխուժեց Ղարաբաղ եւ սկսեց թալանել բնակչությանը: Մադաթովն այդ ժամանակ այնտեղ չէր, բուժվում էր թոքերի հիվանդությունից: Լուր ստանալով սկսված պատերազմի մասին, նա շտապեց Թիֆլիս եւ իր դասակով դուրս եկավ թշնամու դեմ:

Ելիզավետոպոլի (Կիրովաբադ) բախտորոշ մարտում Մադաթովը գլխավորում էր զորքերի առաջին գիծը: Հակառակորդը ջախջախվեց եւ թողնելով հրետանին եւ գումակները՝ սկսեց փրկությունը որոնել Արաքսի մյուս ափին: Թեեւ հաղթանակը վերագրվում էր Պասկեւիչին, նրա ժամանակակիցներից շատերը գտնում էին, որ Պասկեւիչը հաղթանակով պարտական էր ոչ թե սեփական ռազմական շնորհներին, այլ երմոլականների հոյակապ զորքերին եւ իրեն հպատակվող քաջ եւ վարժ գեներալներին:

1826թ. Մադաթովին շնորհվեց գեներալ-լեյտենանտի կոչում: Իր մարտական գործունեությունը նա ավարտեց հենց այն վայրում, որտեղից որ սկսել էր՝ Դունայում, ուր տեղափոխվել էր 1828թ. գարնանը: Առանձին ջոկատներ ղեկավարելով, նա թուրքերին ստիպեց հանձնել Իսակչա եւ Գիրսովո ամրոցները, իսկ Բալկաններում հետախուզությամբ էր զբաղվում: Երբ զորքերը գրավեցին Վառնանը, տեղի կայազորը թույլտվություն ստացավ առանց զենքի անցնել Բալկանները: Երկարատեւ պաշարումից հոգնած, սոված եւ ցնցոտիավորված թուրքերի բազմությունը ձգվում անցնում էր աշնանային երկար ճանապարհներով, նրանցից շատերը հենց այդ ճանապարհներին էլ մահանում էին: Տեսնելով այս ամենը՝ Մադաթովը հրամայեց ճանապարհներին խարույկներ վառել, իսկ իր ջոկատի մարդկանց՝ հավաքել ճանապարհներին ընկած հիվանդներին եւ խնամել նրանց: Նրա ջոկատի զինվորներն իրենց հացը կիսում էին հիվանդների հետ: Մադաթովի վերջին սխրագործությունն էր Շումլուի մոտ գտնվող թուրքական հետեւակի գրավումը:

Ադրիանապոլիսը ռուսների կողմից գրավելուց հետո Թուրքիան ճանաչեց իր պարտությունը: Սեպտեմբերի 2-ին խաղաղության դաշնագիր կնքվեց, իսկ Վալերիան Մադաթովը սեպտեմբերի 4-ին՝ ընդամենը 48 տարեկան հասակում՝ վախճանվեց: Նա մահացավ այնքան վաղուց տանջող թոքերի հիվանդությունից, որը գերհոգնածության արդյունքում ավելի էր սրվել: Շումլայի ամրոցը Մադաթովի մահից հետո ընկավ թուրքերի ձեռքը: Ի նշան մեծ զորավարի հանդեպ ունեցած հարգանքի, թուրքերը զինադադար հայտարարեցին եւ բաց արեցին ամրոցի դարպասները՝ որպեսզի Մադաթովի աճյունը հանգրվանի Սուրբ Գեւորգ եկեղեցու գերեզմանոցում: Մի քանի տարի անց Նիկոլայ I-ի ցանկությամբ Մադաթովի եւ նրա կնոջ՝ Սոֆյա Ալեքսանդրովայի աճյունները տեղափոխվեցին Պետերբուրգ:

Պատրաստեց Կամո ՄԱՅԻԼՅԱՆԸ
«168 ժամ»

——————————————————————————————

Մշակույթ

ՀԻՆ ՋՈՒՂԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՇՈՒՇԻՈ՞ՒՄ

1998 թվականից զբաղվում եմ Շուշիի 18¬19¬րդ դարերի պատմաճարտարապետական հուշարձանների և հին հայկական ու ռուսական գերեզմանատների արձանագրությունների ուսումնասիրությամբ։ Ի հայտ են բերվել հարյուրավոր արձանագրություններ, որոնք հստակ տեղեկություններ են տալիս ինչպես մեր երկրամասի, այնպես էլ նրա սահմաններից դուրս հայության պատմության, մշակույթի, կրթության, զինվորական ու առողջապահական և այլ համակարգերի մասին։

Գաղտնիք չէ, որ խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում բաց երկնքի տակ գտնվող այս թանգարանը ոչ միայն չի բարեկարգվել, այլև ամեն կերպ վնաս է հասցվել, ավելի ճիշտ՝ ավերվել է։

Քաջատեղյակ ենք, որ անողոք ժամանակները, ինչպես նաև բարբարոս ու սրբապիղծ ձեռքերը Շուշի քաղաքում կործանել են հայի կերտած արժեքավոր կոթողները, գեղեցիկ եկեղեցիները՝ կառուցված հոյակապ ճարտարապետական ոճով, սքանչելի խաչերով մահարձանները։ Այդ են վկայում մի շարք հանգամանքներ։ Միայն Հյուսիսային գերեզմանատան տարածքում ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ 1960¬80-ական թթ.կառուցվել են երկու ճաշարան, խառն ապրանքների և շինանյութերի խանութներ՝  պահեստով, ավտոնորոգման և այլ արհեստանոցներ՝ որպես շինաքար օգտագործելով շիրմաքարերը: Այժմ խանութի շենքն ու ռեստորանը վերանորոգվում են, բավական չէ, դեռ ռեստորանի շենքի ու գերեզմանատան արանքում էլ բանջարանոց է ասպարեզ եկել՝ իր ցանկապատով։ Երևի նոր տերը չգիտի, որ շենքն այդ կառուցված է գերեզմանատան տարածքում՝ հենց շիրիմների վրա։

Գուցե ավերումների մասշտաբն ավելի մեծ չափերի հասներ, եթե 1960թ. ամռանն իր ծանրակշիռ խոսքը չասեին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը, Վիկտոր Համբարձումյանն ու Սերո Խանզադյանը։ Եվ ի՞նչ է փոխվել։ Նրանց գնալուց հետո, հենց հայոց գերեզմանատների բարեկարգման նպատակով հատկացված ահռելի գումարը ծախսելով, ադրբեջանական իշխանություններն ավտոճանապարհի առկայության դեպքում միտումնավոր ոլորապտույտ ճանապարհ են անցկացրել քաղաքի հյուսիսային գերեզմանատան տարածքով։

Արդեն սրբավայր ու յուրատեսակ պատմական հուշարձան դարձած այս գերեզմանատան ամենախիտ շիրմաքարեր ունեցող հատվածում ճանապարհն այսօր ունի 200 մ երկարություն, 25 մ լայնություն, որը զբաղեցնում է 5000 ք. մ տարածք։ Եթե նայենք այս ճանապարհ կոչվածի աջ ու ձախ կողմերի շիրմաքարերի խտությանը, պիտի որ կարողանանք պատկերացնել, թե քանի¯¬քանի անխոս վկաներ ոճրագործ ձեռքերով թաղվել են հողի տակ, որպեսզի ավտոմեքենաներով երթևեկեն հայի ոսկորների վրայով։ Այս ճանապարհահատվածի լայնությունը նորոգման պատրվակի տակ երեք անգամ հասել է 25 մ լայնության։ Մինչդեռ մեր տարածաշրջանում հազիվ թե գտնվի մի ճանապարհ, որն ունենա 25 մ լայնության երթևեկելի մաս։ Նպատակը դարձյալ հայկականի վերացումն է։ Իսկ մենք՝ հայերս, լռել ենք, ծափերով ընդունել բարձր ամբիոններից հնչող ինտերնացիոնալիզմի, եղբայրության մասին թնդացնող սնամեջ կարգախոսները։

Դրությունը փրկեց միայն Արցախում վերսկսված ազգային¬ազատագրական շարժումը։ Մեզ մնում է հոգ տանել փրկված մասունքները պահպանելու և բարեկարգելու ուղղությամբ կոնկրետ ծրագրեր իրականացնել։ ԼՂՀ ԿՄՍ նախարարության կողմից այսօր որոշակի աշխատանքներ տարվում են, արդյունքներն ակնհայտ են։ ԼՂՀ կառավարության վերջերս կայացած նիստերից մեկում  վարչապետ Ա. Դանիելյանը նշել է, որ հնությունների պահպանությունը պետք է դառնա օրվա խնդիր։ Շատ լավ է և ողջունելի։ Իսկ ի՞նչ ենք անում կամ պիտի արվի, որ մեր արածը սլացող ձիու հետևից նետված քարի չնմանվի։

Արդեն վաղուց ժամանակն է, որպեսզի մեր շուրջը նայենք, լինենք շրջահայաց, մտածենք նաև մեր ապագայի մասին։ Ինչքան տուժել ենք, ինձ թվում է պատճառը մեր լռությունն ու անտարբերությունն է եղել։ Դա երեկ էր, օրեր առաջ էին, որի համար մեղադրում էինք միայն բաքուներին ու մոսկվաներին։

Աշխարհի աչքի առաջ փշրում են Ադրբեջանի և Նախիջևանի տարածքում գտնվող հայկական շիրմաքարերն ու Ջուղայի իրենց նմանը չունեցող միջնադարյան հայկական խաչքարերը։ Մամուլի էջերում, հեռուստատեսությամբ, ես ևս իմ բողոքի ձայնն եմ բարձրացրել։ Սա վանդալիզմ է, բարբարոսություն։ Եղածը՝ եղած է, սակայն ուզում եմ խոսել այսօր տեղի ուենցողի մասին։

Իսկ ի՞նչ է կատարվում այսօր։ Ինչպես նշեցի հոդվածի սկզբում, գերեզմանատան տարածքի «բարեկարգման» անվան տակ հարյուրավոր, գուցեև հազարավոր շիրմաքարեր թուրքը միտումնավոր թաղել է հողի տակ։

Այսօր տվյալ ճանապարհահատվածը կապիտալ վերանորոգման է ենթարկում «Սերպանտին» շինարարական կազմակերպությունը։ Արդեն քանիերորդ անգամ փլվում է գերեզմանատան տարածքի 4 մ բարձրություն ունեցող պատը, իսկ «ճանապարհը» լայնացվել, հասցվել է 25 մետրի։ Մինչ Շուշիից աշխատելով կիջնի «Սերպանտինը», պատը նույն տեղում նորից է ահագին թեքվել ու, փլվելով, էլի ահագին շիրմաքարեր կթողներ իր տակ արդեն բարեկարգված գերեզմանատան տարածքում, եթե հենարան չծառայեին խիտ տնկված հաստաբուն դեկորատիվ ծառերը։ Նորից են սկսել անձայն օգնություն հայցել տասնյակ շիրմաքարեր։ Առանց համապատասխան կազմակերպություններին իրազեկ դարձնելու, «Սերպանտինը» շարունակում է իր շինարարությունը, որն ավելի շատ ջարդարարության է նման։ Առաջին երկու այցելությանս ժամանակ աշխատում էին երեք բանվոր և մեկ էքսկավատոր, որը շերեփի ատամներով հետքեր թողնելով շիրմաքարերի վրա, նոր հիմք էր փորում ապագա՝ այս անգամ ցեմենտբետոնե պատի համար։ Ճիշտն ասած՝ նրանք էլ դժգոհ էին, չէին ուզում աշխատել տեղամասում։ Նրանց խնդրեցի իմ այցելությունների մասին իրազեկել իրենց ղեկավարներին և շիրմաքարերը չտեղաշարժել։ Հետո հանդիպեցի աշխղեկ Վ. Միրզոյանին։ Վերջինս առաջարկեց վերամբարձ կռունկ բերել և ճանապարհի տակից հանել բոլոր շիրմաքարերը։ Առաջարկեցի դադարեցնել աշխատանքը, մինչև հարցը վերջնական լուծում ստանա։ Երրորդ անգամ լինելով տեղում, ուղղակի շշմեցի. շիրմաքարերի մի մասն արդեն կիսով չափ բետոնապատված էր, իսկ մնացածը՝ խճապատված։ Աշխղեկին պահանջեցի աշխատանքը դադարեցնել, այլապես հարցը կվճռվի դատարանում, քանի որ Սահմանադրության մի շարք հոդվածներով հնությունները, այդ թվում՝ նաև գերեզմանատները, պաշտպանվում են։

Հեռացա՝ մտորելով։ Բաքվում հայկական գերեզմանատների տարածքում շինարարություն է կատարվում, ճանապարհներ են անցկացվում, արգելող չկա, չարագործի ձեռքը բռնող չկա, քանի որ այդ ամենն արվում է պետականորեն, հայկականը ոչնչացնելու համար։ Իսկ մեզ մո՞տ։ Ավելի քան հավատացած եմ, որ նշված ընկերության ղեկավարները, որոնք պարտավոր են ի հայտ եկած շիրմաքարերի մասին տեղեկացնել համապատասխան կազմակերպություններին, ոչ միայն այդ բանը չեն արել, այլև մոլեռանդորեն շարունակում են մեր հարևանների «կիսատ մնացած» գործը։ Ստացվում է, որ թուրքն օձագալար ճանապարհ է անցկացրել հայերի շիրիմների վրայով, հայն այսօր վերանորոգում է՝ այն էլ ցեմենտբետոնով:

Ի՞նչ է, մեր երակներով այլևս հայի արյուն չի՞ հոսում։ Բաքուն՝ Բաքու, Ջուղան՝ Ջուղա, հասկացանք։ Պաշտոնական Բաքուն «թույլ չի տալիս», որ միջազգային փորձագետներն ու դիտորդները լինեն Ջուղայում ու գրանցեն եղածը, իսկ մեր աչքի առաջ տեղի ունեցողին ի՞նչ անուն տանք։ Պատկերացնո՞ւմ եք՝ մեր իսկ պետության, երկրի ու ազգի փողերով «սերպանտինականները» ցեմենտբետոնի մեջ թաղում են ազգի արմատները և ազգի տուրքերից գոյացած միջոցներից փող վաստակում։

Եթե անտեղյակ մարդը սեփական աչքով տեսնի, հազիվ թե հավատա, որ սա հայ ճարտարապետի ու շինարարի արած գործ է։ Էլ ինչո՞ւ ենք թուրքերին մեղադրում, երբ մերոնք նրանցից ետ չեն մնում:

Ստեղծված վիճակը փրկելու երկու տարբերակ եմ տեսնում։ Առաջին՝ Շուշիի մուտքի ճանապարհը քաղաքը շրջանցող Ստեփանակերտ-Երևան մայրուղուն միացնել՝ շրջանցելով գերեզմանատան տարածքը հյուսիս¬արևելյան կողմից, կամ, երկրորդ՝ 100 մետր նոր հատված բացել՝ գերեզմանատան տարածքը չմտած, ու միացնել նշված մայրուղուն։ Երկրորդ տարբերակը կարելի է իրականացնել ոչ մեծ ծախսերով։

Նպատակս այս ամենի մասին հանրությանն ու իշխանություններին իրազեկ դարձնելն է, որպեսզի կատարյալ այս ջարդարարության առաջն առնվի, և համապատասխան միջոցներ ձեռնարկենք:

Աւաղ փառաց անցաւորիս,
Զի չիք իարատև ի վերայ երկրի՝
Եթե ոչ մարդկաց գործ բարի:

Ամենազավեշտականը, ավելի ճիշտ՝ ամենաողբերգականը, ամենացավալին այն է,  որ ՄԱՐԴԿԱՆՑ ԲԱՐԻ ԳՈՐԾԻ մասին այս սքանչելի տողերը դարեր առաջ փորագրվել են այն տապանաքարի վրա (տես՝ վերևի լուսանկարը), որ այսօր մերազգի ճարտարապետ-շինարարներն իրենց «բարի գործով» փորձում են ցեմենտբետոնել, թաղել հողի տակ…

Հրաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Մոտ մի տասնամյակ էª ծննդով շուշեցի Հրաչիկ Հարությունյանը սեփական նախաձեռնությամբ նվիրվել է պատմամշակութային հուշարձանների և դրանց արձանագրությունների ուսումնասիրության հայրենանվեր գործին: Սկզբում կարծես թե թերահավատորեն էինք նայում նրա ձեռնարկումներին, հետո հասկացանք, որ գործ ունենք հետազոտական լուրջ հատկություններով օժտված, հայրենի երկրին մեծ ու փոքր պրոբլեմներով մտահոգ պատմաբանի հետ՝  “պատմաբանի՚ բոլոր բառիմաստներով… Մարդ, որ այսօր գրեթե մի ողջ պատմագիտական հիմնարկի գործ է անում՝ կամավոր, սեփական ջանքերով: Կատարում է այն, ինչ վաղուց պետությունը պիտի աներ, կատարում է այն, որ առաջին հերթին մեր պետություն-երկրի պարտքն է… Թուրքիայում ՙվերականգնողական՚ աշխատանքների անվան տակ սկսել են ՙկրոնափոխ՚ ու ՙազգափոխ՚ անել հայկական պատմաճարտարապետական հինավուրց արժեքները, Ադրբեջանում, Նախիջևանում այդ ամենն անում են ավելի լկտիորենª հողին հավասարեցնելով հայոց ներկայության քարեղեն վկաները… Այս ամենը մեզանում էլ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերում. մի՞թե 21-րդ դարում էլ պիտի անպատիժ շարունակվի նման վայրագությունը: Ու ի՞նչ, պարզվում է, որ այդ ջարդարարությունը նույն եռանդով շարունակում են մեր աչքի առաջ. մեր իսկ երկրում անգթորեն ավերում ու փորձում են հողի տակ թաղել մեր Պատմությունը, մեր Անցյալը, մեր Սրբությունները: Եվ դա պետական համապատասխան մարմինները ՙչեն նկատում՚… Հրաչիկ Հարությունյանի սույն հոդվածը ոչ միայն այդ խայտառակ ավերումներին վերջ տալու մասին է, այլև մեծ, շատ մեծ ԱՀԱԶԱՆԳ է բոլորիս՝ պետությանը, հանրությանը, մեր ողջ ժողովրդին. “Կանգ առեք, պարոնայք, այս ո՞ւր ենք գլորվում…”:

 

ՊՐԵՄԻԵՐԱ

Հունիսի 13-ին Ստեփանակերտի կայազորային սպայի տանը կայացավ Ֆուլ  կոնտակտ կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի «Ճակատագիր» ֆիլմի շնորհանդեսը: Կինոնկարը պատմում է արցախյան ազատամարտի առաջին տարիների, հայտնի «Կոլցո» օպերացիայի և Քարին տակի հերոսամարտի մասին: Գլխավոր հերոսը՝ Գոռը,  զինծառայության տարիներն անց է կացրել Աֆղանստանում, որտեղ գերի ընկնելուց և մահից նրան փրկել է միայն իր հայ լինելը: Տարիներ անց նա վերադառնում է իր հայրենի Մեծ շեն գյուղը, ամուսնանում, մյուս բոլոր գյուղացիների պես աշխատում հողի հետ և ապրում խաղաղ կյանքի հույսով: Սակայն սկսվում է Շարժումը, և ամեն ինչ տակնուվրա է լինում: Ռուս «խաղաղապահները» խաղաղություն պահելու փոխարեն, ձերբակալում են հայ տղամարդկանց, որից հետո ազերիները մտնում են հայկական գյուղերը և սպանում խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ Գոռի ծնողներին ու փոքրիկ տղային. հղի կինը հազիվ է փրկվում մահվան ճանկերից: Եվ ահա համերաշխությանը հավատող Գոռը հասկանում է, որ ժամանակն է զենք վերցնելու: Ու թեև հայերը թվով սակավ են և ավելի քիչ զենք ունեն, սակայն կարողանում են հաղթել ազերիներին և դուրս շպրտել հայկական հողերից:

Նշենք, որ ֆիլմի նկարահանումները սկսվել են դեռևս երկու տարի առաջ՝ Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում, որի բնակիչներն էլ հենց ստանձնել էին երկրորդական դերերը զանգվածային տեսարաններում: Իսկ գլխավոր դերերում, Գոռ Վարդանյանի հետ միասին հանդես էին եկել Ստեփանակերտի Փափազյանի անվան դրամատիկ թատրոնի դերասանները: Հատկանշական է նաև այն, որ բացի նկարահանումներից, ֆիլմի հետ կապված մնացած բոլոր աշխատանքներն արվել են ԱՄՆ-ում՝ ապահովելով ֆիլիմի տեսաձայնային բարձր որակը: Չանդրադառնալով ֆիլմի գեղարվեստական արժեքին, նշենք միայն, որ այն, փաստորեն, արցախյան պատերազմի մասին նկարահանված առաջին լիամետրաժ գեղարվեստական կինոնկարն է:

Սեփ. լրատվություն

——————————————————————————————-

Մշակույթ

ԵՎՍ ՄԵԿ ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

Մայիսի 27-ին Ստեփանակերտի կայազորային սպայի տանը կայացավ Արցախի պետական նվագախմբի հերթական համերգը: Այս համերգն ուշագրավ էր մի քանի պատճառներով: Նախ, նվագախումբը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Վիկտոր Խաչատրյանի մենակատարությամբ, ամբողջությամբ նվագեց Վիվալդիի «Տարվա եղանակները»: Ապա՝ համերգի ընթացքում հնչեց մեր ժամանակակից Լևոն Չաուշյանի «Սերենադ»-ը: Վերջինս, ի դեպ, ներկա էր համերգին: Եվ երրորդ՝ Լևոն Չաուշյանը ԿՄՍ նախարար Կամո Աթայանին հանձնեց «Արցախի կոմպոզիտորների ստեղծագործությունները» գրքերը:

Ինչպես խոստացել էինք թերթի նախորդ համարում, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Լևոն Չաուշյանի և Վիկտոր Խաչատրյանի հետ մեր հարցազրույցը:

– Պարոն Չաուշյան, ինչպե՞ս որոշեցիք հրատարակել արցախցի երգահանների գործերը:

– Մեր կազմակերպությունը, որ կոչվում է «Հայկական երաժշտական հանձնաժողով» և որտեղ ընդգրկված են կոմպոզիտորներ, արվեստագետներ և երաժիշտ կատարողներ, իր նիստերից մեկում որոշեց անպայման գումար տրամադրել Արցախի կոմպոզիտորների ստեղծագործությունները հրատարակելու համար: Մի գործ, որը ես շատ կարևոր եմ համարում, քանի որ եվրոպական ինտեգրացման հարցերն այսօր շատ որոշիչ են: Աշխարհը պետք է հասկանա, որ Ղարաբաղի պարագայում խոսքը գնում է քաղաքակրթության, եվրոպական կրթության մեջ գտնվող ազգի մասին: Այս տեսակետից կարևոր է, որ և° գերմանացին, և° ֆրանսիացին, և° ամերիկացին, և° բոլորը հասկանան, որ Ղարաբաղը մարդկային մի հողակտոր է, որտեղ ամեն ինչը օրգանական ձևով զարգանում է: Այս երեք գրքերում մենք հրատարակեցինք այն, ինչ գրվել էր վերջին շրջանում, բայց երևի պետք է ավելի խորը փորփրել և գտնել ավելի հին սերնդի երաժիշտների, որոնք անկասկած եղել են: Հիշում եմ՝ տարիներ առաջ Ադրբեջանում գրում էին, թե ադրբեջանական երաժշտության օրրանը Ղարաբաղն է: Դա այդպես չէ, չնայած 2-3 հոգի այստեղ են ծնվել: Այստեղ մեծ (հայ – հեղ.) երաժիշտներ են եղել, թեկուզ հենց ժողգործիքների վրա նվագող, ուստի անպայման պետք է նրանց բացահայտել ու ներկայացնել:

– Ե՞րբ են հրատարակվել գրքերը:

– Գրքերը հրատարակվեցին 2002 թ. վերջին և դրանցից ոչ մեկը վաճառքի չի հանվել: Դրանց մի մասը տվեցինք Վարդան Օսկանյանին՝ իր հյուրերին նվիրելու համար, մի մասն էլ բաժանեցինք երաժիշտներին, մնացածն էլ բերել ենք այստեղ:

– Տեղյա՞կ եք գրքերի ճակատագրին: Այսինքն՝ դրանք ինչ-որ մեկը կատարո՞ւմ է, ներկայացնո՞ւմ է:

– Այդ մասին տեղեկություններ չունեմ, սակայն խնդիրն, ըստ իս, այլ է. գրքերն ավելի շատ քաղաքական նշանակություն ունեն: Ինքը՝ փաստը, որ մեծ երաժիշտներին՝ Գերմանիայից կամ, ասենք, Անգլիայից, նվիրել ենք այդ գրքերը, և որ այդ մարդիկ իմացել են, որ այդպիսի բան կա, դա շատ որոշիչ հանգամանք է: Այս ազգը հակված է դեպի Եվրոպան և, կարծում եմ՝ հիմնախնդրի լուծման որոշիչը կդառնա հենց այդ հանգամանքը:

– Ձեր ստեղծագործությունը հնչեց բեմում: Դա ի՞նչ զգացողություն է հեղինակի համար:

– Նախ՝ ուզում եմ նշել, որ ժողովուրդը շատ լավ էր լսում իմ ստեղծագործությունը, որը բավականին բարդ գործ է, և գիտեմ, որ այստեղ նման ավանդույթներ չեն եղել: 1988-ին եղել եմ այստեղ, այն ժամանակ միան ժողովրդական երաժշտությունն էր տարածված, ցավոք, պիտի ասեմ, որ մեծ ազդեցություն էլ գալիս էր «նրանց» կողմից: Ուստի, շատ ուրախ եմ, որ այսքան մարդ հաճույքով լսում էր նման բարդ դասական երաժշտություն:

– Բեմից ասացիք «Արցախը ոչ միայն հողակտոր է, այլև՝ մշակույթ»…

– Իհարկե, մշակո’ւյթ, որովհետև այսպիսի բնության մեջ ապրող մարդը չի կարող մշակույթով չզբաղվել և տաղանդներ չունենալ:

 

– Ինչպե՞ս էիք զգում Արցախի բեմում, պարոն Խաչատրյան:

– Հրաշալի: Բայց պիտի ասեմ, որ ես առաջին անգամը չէ, որ այստեղ ելույթ եմ ունենում:

– Հետաքրքիր է, նախորդ անգամ ե՞րբ եք եղել այստեղ:

– Որքան հիշում եմ՝ 1985-ին, սովետի ժամանակ էր, հաստատ:

– Գրեթե 21 տարի անց ի՞նչ տարբերություն եք զգում հանդիսատեսի մեջ:

– Այսօր ես տեսնում եմ ազատ մարդկանց: «Բիս»-ի ժամանակ «Կռունկը»  պատահական չէ, որ նվագեցի: Հավատացնում եմ ձեզ՝ այդ գործը երևի մի տարի չեմ նվագել: Իսկ այստեղ միանգամից նվագեցի, որովհետև պահանջ զգացի:

– Հե՞շտ էր մեր նվագախմբի հետ մենակատարելը:

– Այս նվագախմբի հետ առաջին անգամ եմ նվագում, և պիտի ասեմ, որ շատ լավ տպավորություն եմ ստացել:

– Չե՞ք չափազանցնում:

– Չեմ չափազանցնում: Երևի դուք ինքներդ էլ լավ չեք պատկերացնում, թե ինչ է նշանակում ստեղծել նվագախումբ: Դա սարսափելի բարդ գործ է: Ես ինքս ժամանակին ստեղծել եմ «Իկար» կամերային նվագախումբը և լավ հասկանում եմ, թե ինչպես է կատար-վում այդ ամենը: Միանգամից ոչինչ չի կարող լինել, ամեն ինչ կամաց-կամաց պիտի լինի, ամեն դեպքում, որպես գնահատական, կասեի՝ շատ հուսադրող է: Ուղղակի ուզում եմ ցանկություն հայտնել, որ այստեղի կառավարությունը մի քիչ ավելի ուշադիր լինի նվագախմբի հանդեպ, որովհետև դա, իրոք, արտառոց երևույթ է:

– Ի՞նչ նկատի ունեք «ավելի ուշադիր լինել» ասելով:

– Օգնել ավելի շատ քարոզելու դասական երաժշտությունը, շուտափույթ կերպով մի քանի CD ձայնագրել, DVD նկարել, ուղարկել շրջագայության, գտնել հովանավորներ:

– Իրենք հովանավոր ունեն:

– Դա ուրիշ հարց է, իսկ դուրս տանելը այլ հարց է: Հետո, անհրաժեշտ է կազմը ընդլայնել, ավելի ճիշտ կլիներ, եթե դարձնեին սիմֆոնիկ նվագախումբ, որն, անհրաժեշտության դեպքում, կարող էր նաև օպերային թատրոնի ֆունկցիաներ կատարել:

Բացի այդ, առաջարկել եմ այստեղ դասական երաժշտության փառատոն կազմակերպել (և ես էլ իմ ուժերի ներածին չափ կօգնեմ), հրավիրել մասնակիցների Փարիզից, Լոնդոնից, Հռոմից: Կարծում եմ՝ դա կարող է նաև քաղաքական ակցիա լինել և ուշադրություն բևեռել Արցախի վրա:

– Իսկ նրանք կգա՞ն:

– Ինձ թվում է՝ այո:

– Դուք շատ բեմերում եք ելույթ ունեցել: Հետաքրքիր է՝ նրանց հանդիսատեսը և մեր հանդիսատեսն ինչո՞վ են տարբերվում:

– Ամեն ինչով:

– Այնտեղ հե՞շտ է:

– Ոչ մի տեղ էլ հեշտ չէ: Եթե ես նվագում եմ, ապա լիովին պատասխանատվություն եմ կրում, անկախ այն բանից՝ Բեռլինո՞ւմ եմ նվագում, թե՞ Ստեփանակերտում:

– Այդ դեպքում՝ տարբերությունն ինչո՞ւմ է:

– Նրանք չափազանց բարեկեցիկ են: Եվ դա արտացոլվում է շատ հանգամանքների վրա: Երբ մտնում ես ինչ-որ շատ հայտնի դահլիճ, քեզ առաջին հերթին խեղդում է թանկարժեք պարֆյումի հոտը, դեկոլտեներով ու վզնոցներով կանայք՝ նստած առաջին շարքում, և շատ դժվար է նրանց «շարժելը»: Սակայն եթե «շարժվեն», դառնում են այնպիսին, ինչպիսին ամենուր: Իսկ, ընդհանրապես, նրանք շատ սառն են:

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

 

«ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՍԱՊՆԱՋՐԻ ՀԵՏ ԵՐԵԽԱՅԻՆ ԷԼ ՇՊՐՏԵՆ»

Վերջերս կայացավ Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի հաշվետու համերգը, որի ժամանակ, ի զարմանս մեզ, հաղորդավարը նշեց, որ լրանում է երաժշտանոցի 70-ամյակը:

Այս հանգամանքը առիթ դարձավ երաժշտական դպրոցի տնօրեն Կարինե ՄԱՋԱՐՅԱՆԻ հետ մեր հարցազրույցին:

– Դպրոցը հիմնադրվել է 1938 թվականին: Հիմնադիրն ու առաջին տնօրենը եղել է Պերճ Հայրապետյանը: Այն ժամանակ ընդամենը երկու բաժին կար՝ դաշնամուրի և ժողովրդական: Դե, հետո դպրոցը, ինչպես ցանկացած կենդանի մարմին, սկսեց զարգանալ, ունեցավ իր վերելքն ու վայրէջքը, ծաղկման շրջանը. պատերազմի տարիներին դպրոցն անկում ապրեց, քանի որ թե’ դասատուները, թե’ աշակերտները ցրվեցին:

Ես դպրոցի տնօրեն դարձա 1994-ին՝ պատերազմից հետո: Թե ինչ վիճակում էր դպրոցը, անգամ խոսել չեմ ուզում: Եվ ահա կամաց-կամաց սկսվեց վերելքը: Այժմ մենք գրեթե 10 բաժին ունենք:

– Որո՞նք են, ըստ Ձեզ, դպրոցի երեք հիմնական պրոբլեմները:

– Ամենահիմնական խնդիրը ֆինանսների հարցն է: Եթե մեր դարում ֆինանս չունես, ապա ոչինչ «կառուցել» հնարավոր չէ: Այո, մենք ունենք հովանավոր, որը մեզ այսօրվա դրությամբ հնարավորություն է տալիս ձեռք բերել երաժշտական գործիքներ և խորհրդանշական ձևով գումար բաժանել մեր լավագույն աշակերտներին: 1000 դոլար ենք ստանում  հովանավորից՝ լավագույն 35 աշակերտի ու 16 դասատուի խրախուսելու, երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար: Հետո պետք է անպայման հրավիրել պրոֆեսորների, դոցենտների, կազմակերպել դասընթացներ, իսկ պրոֆեսորի մի դասն արժե 100 դոլար, և մեզ ոչ ոք չի օգնում: Այն, ինչ պետությունն անում է, անցնում է մեր կողքով: Շնորհակալ ենք, իհարկե, «Հայաստան» հիմնադրամից, որ մեզ համար երկու գործիք է ուղարկել՝ չինական արտադրության կլարնետ և ջութակ:

Երկրորդ պրոբլեմը դասատուների ատեստավորման հարցն է: Այսօր նախարարությունը բարձրացրել է այդ հարցը, ինչը մենք ողջունում ենք: Պրոբլեմ է դասավանդման որակը, որը մենք փորձում ենք լուծել մեր ուժերով: Ստեղծել ենք «Էրուդիտ» խմբակը, որում ընդգրկված են մեր լավագույն դասատուներն ու աշակերտները, և մեր հաշվետու համերգը փաստորեն «ընկած էր այդ երեխաների ուսերին»:

Երրորդ խնդիրը ծնողների աշխարհայացքի դաստիարակությունն է, քանի որ մինչև ծնողները չհասկանան, որ երեխային դպրոց ուղարկելով՝ պետք է լուրջ պատասխանատվություն կրեն նրա ուսման համար, ոչ մի այլ հարց հնարավոր չի լինի լուծել: Յուրի Բաշմետը ասում է՝ մեզ տաղանդավոր երեխաներ չեն պետք, մեզ պետք են տաղանդավոր ծնողներ: Եթե աշակերտը տուն գալով վերցնում է գործիքը և սկսում է նվագել, իսկ ծնողը հետևում է, այդ դեպքում մակարդակն այլ է լինում: Իսկ եթե այդքանը չկա, և ծնողը միայն պահանջում է դասատուից…

Մի խնդիրն էլ սովորողների պակասն է, որովհետև մեր ազգն այսօր ուզում է միայն պարել: Այսօրվա դրությամբ մենք դարձել ենք պարող ազգ: Ու ստացվում է, որ 454 աշակերտ պահելը ներկա դրությամբ խիզախություն է: Մեկ էլ բոլորն ուզում են երգել՝ պարում են և երգում: Եվ ծնողների պահվածքն այդ պարագայում, խեղդում է մեզ՝ բոլոր ծնողներն ուզում են, որ իրենց երեխաները հանդես գան բեմում, երգեն: Այդ իսկ պատճառով մենք պլանավորում ենք այս տարվա հաշվետու համերգը մի քիչ այլ կերպ անցկացնել՝ դպրոցի դահլիճում կկազմակերպենք կամերային-գործիքային և դասական վոկալ համերգ՝ հատուկ հրավիրված մարդկանց համար, ովքեր գալով այդ համերգին՝ կտեսնեն դպրոցի մակարդակը, որպեսզի ոչ թե դրսից օտար քեռիներ գնահատական տան մեզ, այլ որպեսզի նրանք հասկանան, թե ինչն ինչոց է: Իսկ նրանք՝ մեր ղեկավարները, հազվադեպ են գալիս նման համերգների: Միշտ միևնույն մարդիկ են գալիս, բայց տեսեք՝ այլ միջոցառումների բոլորն ընկերովի գնում են:

– Ստեփանակերտում շատ երաժշտանոցներ կան, եթե համեմատենք՝  ինչո՞վ եք դուք առավել, ինչո՞վ՝ մյուսները:

– Երաժշտական-գործիքային մասով մեր դպրոցից լավը չկա: Բաբաջանյանի անվան հանրապետական մրցույթը դրա ապացույցն է: Դե, Աննա Առուշանյանի մասին չեմ խոսում, Աննան մեր ժամանակների Մոցարտն է, նա իր ծրագիրն ունի. պրոֆեսորը գալիս է, պարապում է նրա հետ, նրա պայմաններն այլ են, ի համեմատություն այլ երաժշտական հաստատությունների երեխաների: Պետական դպրոցն այսօրվա դրությամբ ի վիճակի չէ տալ այն արդյունքները, որ տալիս  է մասնավոր դպրոցը, միշտ էլ ռեպետիտորությունը երաժիշտների համար հատուկ նշանակություն է ունեցել:

– Ի դեպ՝ Բաբաջանյանի անվան մրցույթի մասին…

– Դա կոռումպացված մրցույթ է, որ ֆինանսավորվում է միայն մի ուղղությամբ: Եթե անհատական պարապմունքը թույլ է տալիս որոշակի ապահովված ընտանիքների երեխաների պարապել, նրանք կարող են հասնել ինչ-որ բանի, իսկ մեր հաստատության երեխաները, ովքեր ոչ մի հնարավորություն չունեն և հիմնականում բազմազավակ ընտանիքներից են, բայց՝ տաղանդավոր, ուրեմն՝ հե՞չ:

Ենթադրենք, ես տարեկան 10-20 դոլար տամ այդ երեխային, ի՞նչ է դա փոխելու: Մենք նյութական օժանդակության համար ոչինչ չենք կարողանում անել: Ասենք՝ ուզում եմ պրոֆեսոր հրավիրել, ինչպե՞ս հրավիրեմ: Ես պետք է կարողանամ ֆինանսավորել այդ դասընթացները: Իսկ եթե մեր երեխաները երկու տարվա ընթացքում ֆինանսավորվեին, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Նման ֆինանսավորում կատարում են ընտանիքները, ոչ թե կազմակերպությունները, բնականաբար, հարուստի երեխան կարող է իրեն թույլ տալ պարապել պրոֆեսորի մոտ, հասարակ աշխատավորինը՝ ոչ: Եվ այսօր նման մրցույթներ կազմակերպել, ու բոլորի համար հավասար պայմաններ դնել, բնականաբար՝ ճիշտ չէ: Մենք այս տարի շատ վրդովված էինք, համարեք, որ մեր երեխաները փաստորեն տուժել են, քանի որ հնարավորություն չենք ունեցել նրանց Երևան տանել:

– Ինչո՞ւ հարցրի այդ մրցույթի մասին, որովհետև տպավորությունս այն էր, թե այդ «խեղճ ու կրակ» մրցույթը նորմալ ֆինանսավորող չկար, պաշտոնյաներից էլ միայն  Աշոտ Ղուլյանն ու Կամո Աթայանը եկան: Դե, մտածում ես՝ պաշտոնյաներ են, երևի զբաղված են: Ու հանկարծ «Ընծա» մրցույթի ժամանակ տեսնում ենք լիովին այլ պատկեր. և’ պետական անասելի ուշադրություն, և’ ֆինանսավորում, և’ հովանավորների առատություն: Մեր պաշտոնյաները դասական երաժշտությունը հետին պլա՞ն են մղել: Հնարավոր չէ՞ր Բաբաջանյանի անվան մրցույթի համար գոնե «Ընծա»-ին հատկացված գումարի կեսի կեսը տրամադրել և նորմալ կազմակերպել այն:

– Ես լիովին համաձայն եմ ձեզ հետ, իսկ թե ինչով է նման վերաբերմունքը պայմանավորված՝ չգիտեմ: Միայն մի բան կարող եմ ասել. 2002 թվականին հանրապետության առաջին տիկնոջ հովանու ներքո մենք մեկնեցինք Երևան, խմբում 14 երեխաներ էին, 7 երեխա Երաժշտական դպրոցից, 4-ը՝ Գիմնազիայից, 2-ը՝ Արվեստների դպրոցից, մեկն էլ՝ Երևանից: Մենք ելույթ ունեցանք Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում և կարծում էինք, որ այդ մոտեցումը կշարունակվի, քանի որ մենք փաստորեն եղել ենք «Օժանդակություն տաղանդավոր երեխաներին» հիմնադրամի հիմնադիրները: Դրանից հետո ուշադրությունն ուղղվեց միայն էստրադային: Մեր մասին հիմա մոռացել են, ինչը շատ ցավալի է: Վոկալը  քաղաքականություն է, բոլորն էլ տեսնում են՝ ընտրությունների ժամանակ էստրադայի աստղերին են հրավիրում, նրանք էլ մասսաներ են հավաքում, և ինչ պետք է՝ քարոզում են: Դա քաղաքականություն է, ամենուր այսպես է, և այդ ամենն ինչ-որ տեղ անհրաժեշտ է, բայց մենք չենք ուզում, որ «սապնաջրի հետ երեխային էլ շպրտեն»: Թող ամեն մի կազմակերպություն մեկ երեխայի հովանավորի, թող ընդամենը մեկին, ինչպես ասում են՝ ես մի երեխա եմ լույս աշխարհ բերում, բայց բերում եմ առյուծ, ախր մենք ցույց տալու շատ բան ունենք:

– Հաշվետու համերգի ժամանակ նշվել է, որ դպրոցի 70-ամյակը մեծ շուքով պիտի նշվի: Եթե հնարավոր է՝ փակագծերը բացեք:

– Մենք ծրագրել ենք կազմակերպել համերգ-հանդիպում: Կհրավիրենք մեր բոլոր շրջանավարտներին, յուրաքանչյուր ոք, ով կցանկանա, կմասնակցի:

Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆ

——————————————————————————————-

Ժամանակակից բարքեր

ՊԱՊԻ ԹՈՇԱԿԸ ԵՎ ՊԱՂՊԱՂԱԿԸ

(Իրապատում)

Ամառային շոգ օր էր: Պապը թոշակը ստացել, եկել-նստել՝ ինչ-որ հաշվառումներ էր կատարում: Թոռնիկը՝ բերանը բացուխուփ անելով, պապի շուրջն էր պտտվում, ինչ-որ բան ուզում ասել, բայց հարմար պահը դեռ չէր գալիս:

Երկար գրել-ջնջելուց, հաշվառումներ կատարելուց հետո պապը դժգոհ, ինքն իրեն խոսելով, տեղից վեր կացավ: Թոռնիկին թվաց՝ պահը հասել է, կանգնեց պապի դիմաց ու՝

– Պապ ջան,- ասաց ու աղերսանքով լի աչքերը հառեց պապի հոգսերով լի աչքերին:

– Ի՞նչ է պատահել,- հարցրեց պապը:

– Պապ ջան, չե՞ս տա:

– Ի՞նչը:

– Էն էլի, որ խոստացել ես:

– Ի՞նչ եմ խոստացել, հիշողությունս լավ չի:

– Մոռացե՞լ ես, ակնոցներդ կորցրել էիր, ես գտա՝ քեզ տվի, ուրախացար և երկու պաղպաղակ խոստացար:

– Կարող է՝ այդպիսի բան եղել է, բայց այս անգամ չեմ կարող, չի ստացվում, ցավդ տանեմ, հազիվ պարտքերս եմ տալու, այն էլ՝ ոչ բոլորը, մի մասը:

– Առաջ իմը տուր, հետո ուրիշներինը,- դեմքին հմայիչ, լուսավոր ժպիտ, որի համար արժեր ոչ թե երկու, այլ՝ տասներկու պաղպաղակ տալ,- խնդրեց թոռնիկը:

– Չէ, չի ստացվի, հացի խանութում էլ շատ պարտք ունեմ, ոչ մի կերպ չի ստացվում, ես էլ չգիտեմ, ինչ անել, խնդրում եմ, հասկացող եղիր:

Թոռնիկը պապի շուրջը պտտվեց ու հանկարծ ձեռքերը վեր բարձրացրեց, սկսեց իրար ետևից, որպես բողոքի ցույց բացականչել. «Պաղ-պա-ղակ, պաղ-պա-ղակ»: Տեսնելով, որ պապը դրա վրա ոչ մի ուշադրություն չի դարձնում, մի պահ լռեց, մտախոհ նստեց բազմոցին: Քիչ հետո նա լրջացած նայեց պապին, ապա հարցրեց.

– Պապ ջան, մի ասա տեսնեմ, քանի տարեկանից են թոշակ տալիս:

– Քո ինչի՞ն է պետք:

– Ասա, ասա, ուզում եմ իմանալ:

– Թոշակ տղամարդկանց տալիս են վաթսունհինգ տարեկանից:

Թոռնիկը մտածմունքի մեջ ընկավ, հետո, որպես թե գյուտ արած՝ նորից խոսեց.

– Պապ ջան, ես հաշվեցի, հիսունհինգ տարուց հետո ես թոշակ եմ ստանալու, դու հիմա ինձ գոնե պարտք տուր, հետո հենց թոշակ ստանամ՝ առաջինը քո պարտքը կտամ, կուզենաս՝ դոլարով, կուզենաս՝ դրամով:

Այս անգամ պապը նախ ժպտաց, ապա անսպասելիորեն սկսեց բարձրաձայն ծիծաղել, ավելի շուտ՝ ուժգին քրքջալ:

Թոռնիկը պապին այդպես երբեք չէր տեսել, ոչինչ չհասկանալով՝ ինքն էլ սկսեց բարձրաձայն ծիծաղել: Մի պահ սենյակը լցվեց ուրախ ծիծաղով:

Կուշտ ծիծաղելուց հետո պապը մոտեցավ, գրկեց թոռնիկին, ջերմ համբուրեց, նստեց կողքին:

– Ինձ լսիր, և ասածս լավ հիշիր, ամբողջ կյանքում,- ասաց լրջադեմ,- ես ուզում եմ, որ դու մեծանաս, ապրես այնպես, որ կյանքում ոչ մի մարդու պարտք չլինես, թեկուզ՝ քեզ սիրող պապիկիդ, հորդ, մորդ… Կհիշե՞ս իմ ասածները:

– Այո, այո, կհիշեմ:

– Եթե կհիշես, կրկնիր ասածներս:

– Դու ինձ ասացիր, որ երբ ես մեծանամ, այնպես ապրեմ, որ ոչ ոքի պարտք չլինեմ, նույնիսկ՝ պապիկիս, հայրիկիս, մայրիկիս:

– Այո, այդպես, ապրե°ս, լավ հիշիր, չմոռանաս: Հիմա առ քեզ քո երկու պաղպաղակի փողը, գնա վերցրու անուշ արա…

Երբ թոռնիկը դուրս վազեց, պապը նորից տխրեց, դառնորեն հառաչելով ասաց՝ Աստվա~ծ, Աստվա~ծ, էսպես ապրել կլինի՞, ո՞ւր գնալ, ի՞նչ անել…

Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԱՐՑԱԽՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Թթո չորացրած հոնից – Մեկ բաժակ չորացրած հոնը լվանում են, լցնում կաթսան, ավելացնում  2 բաժակ սառը ջուր և եփում մարմանդ կրակով՝ մինչև հոնի փափկելը: Եփած հոնը տրորում են, անջատում կորիզը: Ստացված թանձր արգանակին ավելացնում են 1 ճաշի գդալ ջրով բացած ալյուր և շարունակում եփել ևս 15-20 րոպե: Հինգ րոպե մնացած մինչև եփելը գցում են աղը: Մատուցում են տաք վիճակում:

Այս կերակրատեսակը շատ օգտակար է մրսածների և հատկապես գրիպով հիվանդների համար:

Կճեխաշ – Նախապես ջրում թրջած 200 գրամ սիսեռը, 200 գրամ ցորենի հետ եփում են 10 րոպե, ավելացնում 200 գրամ ընտրած, լվացած չոր լոբի և շարունակում եփել մինչև պատրաստ լինելը: Եփելուց հինգ րոպե առաջ գցում են աղը: Մատուցում են տաք վիճակում: Կճեխաշը հայկական ազգային տոների ու ծեսերի հետ կապված կերակուր է: Այն հատկապես օգտագործում են մանուկների ատամների ծկթման ժամանակ, լցնելով նրա գլխին, որի շուրջը հավաքված երեխաները վերցնում և ուտում են: Այս ծեսի ժամանակ որոշվում է նաև մանկան զբաղմունքը, նրա առաջ դնում են մկրատ, գդալ, մատիտ և այլ իրեր: Ըստ ավանդության, երեխան դրանցից որը վերցնի, այն էլ կդառնա նրա աշխատանքային գործիքը:

Քլնգյոշ – Այս կերակրատեսակը կարծես թե մոռացվել է արցախյան խոհանոցում: Պատճառն այն է, որ հիմա շատ քիչ մարդիկ են չորաթան սարքում, մինչդեռ չորաթանը կարելի է պահել 3-4 տարի և բնավ էլ չի կորցնի իր համն ու հոտը: Այն հարմար է նաև հեռու տեղ տանելու համար:

Քլնգյոշ եփելու համար չորաթանը թրջում են ջրում, պահում 2 ժամ, ապա կավե ամանի մեջ հարում այնքան, որ ստացվի թան:

Պատրաստի թանը լցնում են կաթսայի մեջ, եփում մարմանդ կրակի վրա, եռացման պահին ավելացնում են չոր հացի կտորներ և շարունակում եփել 15-20 րոպե: Եփելուց 5 րոպե առաջ ավելացնում են սոխառած: Քլնգյոշի 1 լիտր թանին հասնում է 30 գրամ յուղ և 4-5 կտոր հաց: Քլնգյոշը լավագույն միջոց է չոր հացը օգտագործելու համար: Այն մատուցում են տաք վիճակում:

Աղանձ – Աղանձ ուտելը դա ամենալավ ժամանակն է ղարաբաղցու համար, առանձնապես՝ ձմռան օրերին: Աղանձ պատրաստելու համար ընտրում են ցորենը, սիսեռը, չաթանը, կեղևահանված դդումի սերմերը, և այդ բոլորը լավ լվանալուց հետո, բովում սաջի վրա: Բոված սերմերը խառնում են իրար, ավելացնելով չորացրած թութ և ընկույզ: Աղը գցում են ըստ ճաշակի: Բոլոր սերմերը, թութը և ընկույզը խառնում են համահավասար չափով:

Տապակած շիրիշ – Շիրիշը շուշանազգի բույս է, աճում է դաշտային Ղարաբաղում, հատկապես Գևորգավանում: Վաղ գարնանը ծաղկող բույսերից է: Ունի սննդարար և բուժիչ հատկություններ, որի համար օգտագործվում է լայնորեն: Շիրիշը աճում է փնջաձև և այն քաղելը առանձին դժվարություն չի ներկայացնում: Շիրիշի ջրային մասը չափազանց շատ է, դրա համար պետք է եփել շատ մեծ կաթսայի մեջ:

Ստամոքսաղիքային հիվանդություններ ունեցողները կարող են այն ուտել թեթև աղով անելուց հետո, իսկ ընդհանրապես, որպես կերակրատեսակ, պետք է տապակել բանջարի նման: Հարկ է նկատի առնել, որ զուտ շիրիշով կարկանդակը բոլոր մարդիկ չէ, որ կարող են ուտել հաճույքով, ուստի խորհուրդ է տրվում շիրիշով կարկանդակի մեջ գցել հոնի ախտա կամ սալորի լավաշ:

Եփած խնջլոզ – Արցախյան խոհանոցում վաղ գարնանը տեղ է գտնում եփած խնջլոզը: Խնջլոզը վայրի վիճակում առատորեն աճում է անտառների բացատներում, թթենու այգիներում, առվի եզրերին, քարափներում ու թփերի տակ:

Այն սովորաբար արմատագլխիկով հանում են հողից, լվանում սառը ջրի մեջ, բարակ շերտով մաքրում սոխի պես սպիտակ գլխարմատը:

Նախքան կաթսային մեջ լցնելը պետք է ջուրը եռացնել: Դա արվում է հատկապես նրա համար, որ չկորցնի կանաչ գույնը: Աղը գցում են եփելուց հինգ րոպե առաջ: Խնջլոզը եփած են համարվում, երբ նրա գլխիկները փափկած են լինում: Վերջում ավելացնում են մանր կտրտած մաղադանոս: Կարելի է վերջինս օգտագործել նաև չորացրած վիճակում: Քացախը պետք է մատուցել ըստ ճաշակի: Կարելի է մեջը բրդել նաև չոր հաց:

Ստամոքսաղիքային հիվանդություններով տառապող մարդիկ կարող են խմել եփած խնջլոզի թանձր հյութը:

Տապակած շաղգամ ձվով – Գարնանը մեր բանջարանոցներում, այգիներում, հացահատիկի դաշտերում առատորեն աճում է վայրի շաղգամ: Այն պետք է քաղել այն ժամանակ, երբ ունենում է հաստ ու հյութալի թարմ ցողուն: Շաղգամի հասակ առած թերթերը պետք է խուզել, թողնել յուղալի զոխերը: Սառը ջրում լավ լվանալուց ու քամելուց հետո լցնում են եռացող ջրի մեջ և եփում մինչև զոխերի փափկելը, որից հետո քամում են փլավքամիչով և տապակում ինչպես բանջարը, ավելացնելով 1-2 ձու: Մատուցում են տաք վիճակում, վրան ցանելով մանր կտրտած մաղադանոս:

Կայծեր ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
6-րդ կարգի խոհարար

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s