№ 12 / 31 հուլիս

ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԱՋ ՈՒ ՁԱԽ ՁԵՌՔԵՐԸ
Սահմանադրության առաջարկվող նախագիծն օրինականացնում է օրենսդիր և դատական իշխանությունների կախվածությունը գործադիր իշխանությունից

ԼՂՀ Սահմանադրության ներկայացված նախագծին առաջին իսկ ծանոթությունը ցույց է տալիս, որ «սուպերդեմոկրատական» հիմնական օրենք մշակելու մասին մշակողների հավաստիացումները պարզապես պատկանում են ժողովրդական բանահյուսության ժանրին: Սահմանադրությունը շատ ավելի «իրականամերձ ու առօրեական» է, քան սպասվում էր:

Մեզ համար կան մի շարք անհասկանալի հարցեր, մի շարք այլ հարցեր էլ հիմնավորված ու պարզաբանված չեն: Անդրադառնանք դրանցից սոսկ մեկին, գուցե թե՝ ամենակարևորին: Իսկ ամենակարևոր հարցն, ըստ մեզ, հետևյալն է՝ արդյո՞ք ԼՂՀ Սահմանադրությունն ի զորու է լինելու երաշխավորել ժողովրդավարական բարեփոխումների բնականոն ընթացքը և ապագա քաղաքակիրթ երկրի հիմքը շաղախել: Ցավալի է, բայց փաստ, որ այս առումով մեր ակնկալիքները չեն արդարացել:

Ժողովրդավարության կարևոր հիմնասյուներից մեկը (գուցե թե՝ կարևորագույնը) իշխանության ճյուղերի տարանջատումն է, այսինքն՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների անկախ գործունեության ապահովումը: Թեև Սահմանադրության առաջարկվող նախագծում փաստվում է, որ պետական իշխանությունն իրականացվելու է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման հիման վրա, այդուհանդերձ, նախագծում չկան նման տարանջատման հստակ մեխանիզմներ, ավելին՝ փաստվում-արձանագրվում է ներկայիս վիճակը, երբ իշխանության մյուս ճյուղերը պարզապես գործադիրի կցորդն են:

Սոսկ մի քանի օրինակ: Նախագահն է նշանակում վարչապետին, վերաքննիչ« առաջին ատյանի և օրենքով սահմանված այլ դատարանների նախագահներին ու մյուս դատավորներին« դադարեցնում դատավորների լիազորությունները: Ավելին՝ դատավորը չի կարող կալանավորվել« ներգրավվել որպես մեղադրյալ« ինչպես նաև նրա նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության   ենթարկելու հարց հարուցվել առանց հանրապետության նախագահի համաձայնության: Նախագահն է առաջադրում գլխավոր դատախազի ու Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունները:

Գործադիր իշխանության անհարկի հզորացման առհավատչյան է նաև այն հանգամանքը, որ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում« մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը« նրա լիազորությունները, ըստ նախագծի, կատարելու է վարչապետը, այլ ոչ թե Ազգային ժողովի նախագահը, ինչպես ընդունված է ժողովրդավարական երկրներում: Բացի այդ, կառավարությունը նշանակում և ազատում է վարչակազմերի ղեկավարներին, կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին:

Կարծում ենք, այսքանը բավական է եզրահանգելու համար, որ իշխանության մյուս երկու ճյուղերը շարունակելու են մնալ գործադիր իշխանության կցորդի վիճակում, այսինքն՝ ոչ թե իշխանության անկախ ճյուղեր են ստեղծվելու, այլ այդ ճյուղերը ստանալու են գործադիր իշխանության ու երկրի ղեկավարի աջ ու ձախ ձեռքերի կարգավիճակ:

Եթե, իհարկե, նախագիծն ընդունվի այս տեսքով: Բայց ընդունողը ժողովուրդն է, որն էլ, ցանկության և քաղաքացիական կամքի ու հասունության պարագայում, կարող է «խառնել խաղաթղթերը»:

——————————————————————————————-

ԼՂՀ ԱԺ «ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ – ՇԱՐԺՈՒՄ-88» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԻ՝ ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ

ԼՂՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն – Շարժում-88» պատգամավորական խումբը հանրությանն է ներկայացնում ԼՂՀ Սահմանադրության նախագծի նախնական դիտարկումները, իրեն վերապահելով վերջնական եզրահանգումներով ու հայեցակարգային մոտեցումներով հանրությանը կրկին դիմելու հնարավորությունը: Իսկ նախնական դիտարկումները նպատակ ունեն նպաստել Սահմանադրության նախագծի հանրային քննարկումներին ու կառուցողական բանավեճին:

ԳԼՈՒԽ 1. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Դիտարկում թ. 1 

Հոդված 8. 2. Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն« նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը: Նրանց գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը և օրենքներին« իսկ կառուցվածքն ու գործելակերպը՝ ժողովրդավարության սկզբունքներին:

Կուսակցությունները տարեկան հաշվետվություններ են հրապարակում իրենց միջոցների աղբյուրների և ծախսերի մասին:

Խմբի տեսակետ. Հավելորդս խստացված է կուսակցությունների գործունեության վերահսկողությունը, կուսակցությունների կառուցվածքն ընդհանրապես քննարկման առարկա չպիտի լինի:

Տես՝ ՀՀ Սահմ. Հոդված 7.

Կուսակցություններն ապահովում են իրենց ֆինանսական գործունեության հրապարակայնությունը:

Դիտարկում թ. 2

ՀՀ Սահմ. Հոդված 9. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

ԼՂՀ Հոդված 13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան:

Խմբի տեսակետ. Հարկ է ավելացնել «բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով» դրույթը, ինչը կնպաստի նորանկախ երկրի քաղաքակիրթ իմիջի ապահովմանը:

Դիտարկում թ. 3

Խմբի տեսակետ. Հարկ է ավելացնել բնական պաշարների պահպանության գործում պետության պատասխանատվության մասին դրույթը ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթի նմանությամբ, այն է՝

ՀՀ Սահմ. Հոդված 10. Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը:

Դիտարկում թ. 4 

Խմբի տեսակետ. ԼՂՀ Սահմանադրության նախագծում հստակեցված չեն հանրապետության վարչատարածքային միավորները: Հարկ է հստակեցնել:

Տես՝ ՀՀ Սահմ. Հոդված 11.1.

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը եւ համայնքները:

ԳԼՈՒԽ 2. ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դիտարկում թ. 5

Խմբի տեսակետ. ԼՂՀ Սահմանադրության նախագիծը չի նախատեսում հանրապետության քաղաքացիների՝ միջազգային ատյաններին դիմելու իրավունք: Հարկ է ավելացնել:

Տես՝ ՀՀ Սահմ. Հոդված 18.

Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության խնդրով դիմելու մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին:

Հոդված 43. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները:

Դիտարկում թ. 6

Խմբի տեսակետ. Հոդված 28-ում հարկ է ավելացնել հանրային ռադիոյի և հեռուստատեսության  բազմազանության մասին դրույթը:

Տես՝ ՀՀ Սահմ. Հոդված 27. 

Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը:

Հոդված 28. 1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունք: Արգելվում է անձին հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:

Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք՝ ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու« ստանալու« տարածելու ազատությունը« տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

2. Զանգվածային լրատվամիջոցների ազատությունը երաշխավորվում է: Տեղեկատվության միջոցների գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Դիտարկում թ. 7 

Խմբի տեսակետ. Հանրահավաքների անցկացման մասին հոդված 31-ն ավելորդս խստացված է նախնական իրազեկման մասին դրույթով, ինչը չկա ՀՀ Սահմանադրությունում: Հարկ է մեղմացնել:

Հոդված 31. Յուրաքանչյուր ոք ունի այլոց հետ խաղաղ« առանց զենքի ժողովներ« հանրահավաքներ« երթեր« ցույցեր և այլ հավաքներ անցկացնելու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում հավաքներն անցկացվում են նախնական իրազեկմամբ:

Դիտարկում թ. 8

Խմբի տեսակետ. Հոդված 24-ի 3-րդ կետում թյուրիմացություն կա: Այդ կետը պիտի վերաբերի քաղաքացու մասին ոչ հավաստի տեղեկություններին, մինչդեռ նախագծում այն խճողված է և կարելի է մեկնաբանել որպես քաղաքացու մասին ցանկացած տեղեկատվության վերացման իրավունք. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալ իր վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում առկա տեղեկություններին և պահանջել դրանց ճշգրտում կամ վերացում»:

Տես՝ ՀՀ Սահմ. Հոդված 23.

Յուրաքանչյուր ոք ունի իր մասին ոչ հավաստի տեղեկությունների շտկման եւ իր մասին ապօրինի ձեռք բերված տեղեկությունների վերացման իրավունք:

ԳԼՈՒԽ 3. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Դիտարկում թ. 9

Խմբի տեսակետ. Հոդված 61-ում («Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Հանրապետության Նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության« անկախության« տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է») բացակայում է ՀՀ Սահմանադրությունում առկա կարևոր դրույթը նախագահի պարտականությունների մասին: Հարկ է ավելացնել:

Տես` ՀՀ Սահմ. Հոդված 49.

Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

Դիտարկում թ. 10

Խմբի տեսակետ. Հոդված 62-ը («1. Հանրապետության Նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով») հարկ է լրացնել ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածի շարունակությամբ.

Տես՝ ՀՀ Սահմ. Հոդված 50.

Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից:

Դիտարկում թ. 11

Խմբի տեսակետ. Ըստ Հոդված 68-ի առաջին կետի՝ Հանրապետության Նախագահը կարող է ուղերձով դիմել ժողովրդին և Ազգային ժողովին: Մինչդեռ, խմբի կարծիքով, այս կետն ավելի շատ պարտավորեցնող պիտի լինի, քան մաղթանքային:

Տես՝ ՀՀ Սահմ. Հոդված 55.

Հանրապետության Նախագահը՝ 1) ուղերձով դիմում է ժողովրդին եւ Ազգային ժողովին.

Դիտարկում թ.12

Խմբի տեսակետ. Վարչապետին նշանակելու՝ ԼՂՀ Սահմանադրության նախագծով նախատեսվող կարգը («Հոդված 68. Հանրապետության Նախագահը՝ 4) խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և խմբակցությունների ղեկավարների հետ՝ նշանակում և ազատում է վարչապետին»)  մեծացնում է նախագահի լիազորություններն ի հաշիվ խորհրդարանի լիազորությունների: Լիազորությունների հավասարակշռման առումով առավել ընդունելի է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվող կարգը:

Տես՝ ՀՀ Սահմ. Հոդված 55.

Հանրապետության Նախագահը՝

4) Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին:

Դիտարկում թ. 13

Խմբի տեսակետ. Հոդված 69-ը («Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ») հարկ է լրացնել ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածի շարունակությամբ:

Տես՝ ՀՀ Սահմ. Հոդված 56.

Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր եւ կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում:

Դիտարկում թ. 14

Ինչպես նշվել է սույն վերլուծության սկզբում՝  նախագծում չկան իշխանության ճյուղերի հստակ տարանջատման մեխանիզմներ, ավելին՝ բավարար հիմք է ստեղծված գործադիր իշխանության գերակայության  համար: Սրա վկայությունն է նաև Հոդված 74-ը, ըստ որի «Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում« մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը« Հանրապետության Նախագահի լիազորությունները կատարում է վարչապետը»:

Խմբի տեսակետ. Շատ ավելի ժողովրդավարական կլիներ, եթե նման պարագայում Նախագահի լիազորությունները կատարեր ԱԺ նախագահը, քանի որ Ազգային ժողովն իր բնույթով ներկայացուցչական եւ հասարակության տարբեր շերտերի շահերը արտահայտող հաստատություն է:

Տես՝ ՀՀ Սահմ. Հոդված 60.

Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչեւ նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության Նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա՝ վարչապետը: Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության Նախագահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել էր առավել շատ ձայներ:

Դիտարկում թ. 15

Սահմանադրության ներկայացված նախագիծը, ինչպես նշվել է սույն վերլուծության սկզբում, չի ապահովում դատարանների անկախությունը թեկուզև այն պատճառով, որ դատավորներին կախվածության մեջ է դնում հանրապետության նախագահից: Դիցուք.

Հոդված 68.5 Հանրապետության Նախագահը՝ Ազգային ժողովին առաջարկում է գերագույն դատարանի նախագահի և մյուս դատավորների թեկնածությունները« Սահմանադրության 113-րդ հոդվածով նախատեսված կարգով նշանակում է վերաքննիչ« առաջին ատյանի և օրենքով սահմանված այլ դատարանների նախագահներին ու մյուս դատավորներին« դադարեցնում է դատավորների լիազորությունները« համաձայնություն է տալիս դատավորին կալանավորելու« որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համար:

Հոդված 113. Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով՝

1) կազմում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածուների և դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները« որոնց հիման վրա կատարվում են նշանակումները.

Խմբի տեսակետ. Վերոբերյալից հետևում է, որ հանրապետության նախագահը Գերագույն դատարանի նախագահի և ԳԴ մյուս դատավորների թեկնածությունն առաջադրում է առանց Արդարադատության խորհրդի կարծիքը հաշվի առնելու: Համեմատության համար նշենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության՝ ՀՀ նախագահը նշանակում է ՀՀ Սահմանադրական դատարանի 9 անդամներից ընդամենը 4-ին (հոդված 55.10):

Դիտարկում թ. 16 

Սահմանադրությամբ կանոնակարգվում է հանրապետության նախագահի պաշտոնանկության այնպիսի պատճառաբանություն, որը ապահովագրում է նախագահին նույնիսկ իր պարտականությունների չկատարման դեպքում:

Հոդված 71. Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:

Խմբի տեսակետ. Հարկ է ավելացնել ևս մի պատճառաբանություն՝ «Սահմանադրությամբ նախատեսված իր պարտականությունների չկատարման և անգործության համար»:

ԳԼՈՒԽ 4. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

Դիտարկում թ. 17

Խմբի տեսակետ. Առաջարկվող նախագծում չկա ԱԺ պատգամավորների թվաքանակի մասին դրույթ («Հոդված 77. 1. Ազգային ժողովի պատգամավորների թիվը սահմանվում է օրենքով»): Մինչդեռ սկզբունքը մեկը պիտի լինի, այն է՝ եթե նույն նախագծում հստակեցվում է ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը (Հոդված 84.

1. «Ազգային ժողովում ստեղծվում են ոչ ավել« քան վեց մշտական հանձնաժողովներ»), ապա պատգամավորների թիվը ևս պիտի ամրագրվի: Մանավանդ, որ նույն նախագծով հստակեցվում է այնպիսի մանրամասնություն, ինչպիսին է նստաշրջանների գումարման ժամանակագրությունը (Հոդված 85. 1. «Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով՝ տարեկան երկու անգամ՝ սեպտեմբեր -դեկտեմբեր« փետրվար – հունիս ամիսներին»:):

Տես՝ ՀՀ Սահմ. Հոդված 63.

Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից:

Դիտարկում թ. 18

Ազգային ժողովում օրենքների և որոշումների ընդունման կարգն անիմաստ պարզեցված է: Դիցուք.

Հոդված 87. Օրենքները և Ազգային ժողովի որոշումները« բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի« ընդունվում են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ« բայց ոչ պակաս« քան պատգամավորների ընդհանուր թվի երկու հինգերորդով:

Խմբի տեսակետ. Պատգամավորների ընդհանուր թվի երկու հինգերորդը մեր պարագայում կազմում է 13 հոգի, ինչը ընդունելի տարբերակ չէ: Առավել ընդունելի է «պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելի» տարբերակը:

Դիտարկում թ. 19

Սահմանադրության նախագծով սահմանափակվում են պատգամավորների՝ կառավարությանը հարցեր տալու իրավունքն ու հնարավորությունները:

Հոդված 93.

1. Պատգամավորներն իրավունք ունեն հարցերով դիմել կառավարությանը: Հերթական նստաշրջանի ընթացքում գումարվող առնվազն երկու նիստերում վարչապետը և կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:

Խմբի տեսակետ. Հարկ է ավելացնել հարցուպատասխան նախատեսող նիստերի քանակը:

ԳԼՈՒԽ 5. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Դիտարկում թ. 20

Ըստ ներկայացված նախագծի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործադիր իշխանության բարձրագույն մարմինը Կառավարությունն է» (Հոդված 98.1.): Ըստ ՀՀ Սահմանադրության՝ «Կառավարությունը մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում եւ իրականացնում է Հանրապետության Նախագահի հետ համատեղ» (Հոդված 85.):

Խմբի տեսակետ.  Եթե կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է, ապա ինչու՞ առաջարկվող նախագծում խոսք չկա արտաքին քաղաքականության ոլորտում կառավարության գործառույթի մասին: Ըստ նախագծի հանրապետության նախագահն է իրականացնում արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը (հոդված 68.11): Տարիմաստություն կա գործադիր իշխանության բարձրագույն մարմնի հարցում:

Նախագծում հստակեցված չեն նաև կառավարության՝ որպես գործադիր իշխանության բարձրագույն մարմնի գործառույթներն ու պարտականությունները:

Տես՝ ՀՀ Սահմ. Հոդված 89.

Կառավարությունը՝

1) Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը.

2) Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը, ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողով.

3) կառավարում է պետական սեփականությունը.

4) իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային եւ հարկային միասնական պետական քաղաքականությունը.

4.1) իրականացնում է տարածքային զարգացման պետական քաղաքականությունը.

5) իրականացնում է պետական քաղաքականությունը գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնության պահպանության բնագավառներում.

6) ապահովում է Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության իրականացումը.

7) ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման ուղղությամբ.

8) իրականացնում է Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված այլ գործառույթներ եւ լիազորություններ:

Դիտարկում թ. 21

Խմբի տեսակետ. ԼՂՀ-ի նման սահմանափակ հնարավորություններ ունեցող երկրի համար նպատակահարմար չէ պետական ապարատի ուռճացումը: Մասնավորապես, ըստ առաջարկվող նախագծի՝ «Կառավարությունը կազմված է վարչապետից« փոխվարչապետից և նախարարներից» (Հոդված 98.2.): Ավելի նպատակահարմար է, որպեսզի նախարարներից մեկը կատարի նաև փոխվարչապետի պարտականությունները, ինչպես դա արվում է ՀՀ-ում:

Տես՝ ՀՀ Սահմ. Հոդված 85.

Կառավարությունը կազմված է վարչապետից եւ նախարարներից: Նախարարներից մեկը կարող է վարչապետի առաջարկությամբ Հանրապետության Նախագահի կողմից նշանակվել փոխվարչապետ եւ փոխարինել վարչապետին վերջինիս բացակայության ժամանակ:

Դիտարկում թ. 22

Խմբի տեսակետ. Չգիտես ինչ պատճառաբանությամբ նախագիծը չի պնդում, որ վարչապետն ու նախարարները լինեն ԼՂՀ քաղաքացիներ:

Տես՝ ՀՀ Սահմ. Հոդված 85.

Վարչապետը եւ նախարարները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

ԳԼՈՒԽ 6. ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

Դիտարկում թ. 23

Խմբի տեսակետ. Չհիմնավորված ձևով մեծ է Արդարադատության խորհրդում նշանակվող անդամների թիվը (Հոդված 112. «Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով ձևավորվում և գործում է արդարադատության խորհուրդը: Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով օրենքով սահմանված կարգով ընտրված հինգ դատավորներ« Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբաններ»): Խորհուրդը փաստորեն կազմվում է 9 անդամներից, որից չորսը չեն ընտրվում: Ընտրվող ու նշանակվող անդամների նման համամասնությունն ընդունելի չէ: Համեմատության համար նշենք, որ ՀՀ համանման խորհուրդն ունի 13 անդամներ, որոնցից միայն 4-ն են նշանակվում, իսկ մեր պարագայում՝ գրեթե կեսը:

Ավելի նպատակահարմար կլինի, որ անդամների նշված թվաքանակի պարագայում հանրապետության նախագահն ու ԱԺ նախագահը նշանակեն մեկական իրավաբաններ:

Տես՝ ՀՀ Սահմ. Հոդված 94.1.

Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով օրենքով սահմանված կարգով ընտրված ինը դատավորներ, Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ:

Դիտարկում թ. 24

Խմբի տեսակետ. Ըստ առաջարկվող նախագծի՝ «Դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ» (Հոդված 108.): Խմբի կարծիքով՝ այդ կետը հարկ է շարունակել հետևյալ կերպ՝ «…կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ»: Նույն դրույթը հարկ է նկատի ունենալ նաև գլխավոր դատախազի ու դատախազների, վերահսկիչ պալատի նախագահի, մարդու իրավունքների պաշտպանի պարագայում:

Դիտարկում թ. 25

Խմբի տեսակետ. Դատավորների անկախությունը կասկածի տակ դնող դրույթ կա առաջարկվող նախագծում: Ըստ Հոդված 109.3.-ի «Դատավորը չի կարող կալանավորվել« ներգրավվել որպես մեղադրյալ« ինչպես նաև նրա նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության   ենթարկելու հարց հարուցվել առանց Սահմանադրության 113-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության Նախագահի համաձայնության»:

Համեմատության համար նշենք, որ ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթն ավելի ընդունելի է:

Տես՝ ՀՀ Սահմ. Հոդված 97.

Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես նաեւ նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ սահմանադրական դատարանի համաձայնության:

ԳԼՈՒԽ 8. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ

Դիտարկում թ. 26

Խմբի տեսակետ. Առաջարկվող նախագծում բավարար հիմքեր չեն նախատեսվում օմբուդսմենի անկախ գործունեության համար: Մասնավորապես, եթե ՀՀ Սահմանադրությամբ մարդու իրավունքների պաշտպանն անփոփոխելի է (հոդված 83.1), ապա ԼՂՀ Սահմանադրության նախագծի համաձայն՝ «Օրենքով նախատեսված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել մարդու իրավունքների պաշտպանին» (Հոդված 117.4.):

Բացի դրանից, նախագիծը չի սահմանում օմբուդսմենի ընտրության կարգը և թեկնածուի հասարակական հեղինակության հարցը:

Տես՝ ՀՀ Սահմ. Հոդված 83.1.

Ազգային ժողովը մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ վեց տարի ժամկետով:

Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը, որը համապատասխանում է պատգամավորին ներկայացվող պահանջներին:

ԳԼՈՒԽ 9. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ

Դիտարկում թ. 27

Խմբի տեսակետ. Վերահսկիչ պալատի նախագահի անկախ գործունեության համար ևս առաջարկվող նախագիծը բավարար հիմքեր չի նախատեսում: Ըստ նախագծի՝ ՎՊ նախագահի թեկնածու առաջադրում է հանրապետության նախագահը (հոդված 118.1.), այլ ոչ թե Ազգային ժողովը, որն իր բնույթով ներկայացուցչական եւ հասարակության տարբեր շերտերի շահերը արտահայտող հաստատություն է: ՎՊ նախագահին, ըստ նախագծի, կարելի է պաշտոնանկ անել դարձյալ հանրապետության նախագահի առաջարկությամբ (հոդված 119.3.), ինչը ևս նախագահի լիազորությունների ուռճացում և ՎՊ նախագահի՝ նրանից կախվածություն է նշանակում:

Բացի դրանից, նախագիծը չի կանոնակարգում ՎՊ նախագահի ընտրության կարգը: Եթե ՎՊ նախագահը կարող է պաշտոնանկ արվել «պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ» (հոդված 119.3.), ապա չի նշվում, թե ձայների ինչ հարաբերակցությամբ է ընտրվում ՎՊ նախագահը:

ԳԼՈՒԽ 10. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Դիտարկում թ. 28

Խմբի տեսակետ. Սահմանադրության առաջարկվող նախագիծը չի ապահովում նաև տեղական ինքնակառավարման մարմինների անկախ գործունեությունը: Այսպես, ըստ նախագծի Հոդված 128-ի՝ «Կառավարությունը« օրենքով նախատեսված դեպքերում և կարգով« կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին»: Սա ևս նպատակամիտված է գործադիր իշխանության անհարկի ուժեղացմանը և խաթարում է իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքի էությունը: Եւ եթե ՀՀ-ում նման դեպքում կարևոր է Սահմանադրական դատարանի դերը, ապա մեր պարագայում կառավարությունը լուրջ խոչընդոտներ չունի համայնքների ղեկավարներին իր «կրնկի» տակ առնելու համար:

Տես՝ ՀՀ Սահմ. Հոդված 109.

Կառավարությունը օրենքով նախատեսված դեպքերում սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին:

Դիտարկում թ. 29

Խմբի տեսակետ. Նախագծի՝ տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող գլխում չի խոսվում համայնքի անդամների իրավունքների, մասնավորապես՝ տեղական հանրաքվեների մասին:

Տես՝ ԼՂՀ Սահմ. նախագիծ.

Հոդված 125.1. Համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի միջոցով« որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են չորս տարի ժամկետով:

ՀՀ Սահմ.Հոդված 107. Համայնքի անդամները կարող են ուղղակիորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ համայնքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով: Տեղական հանրաքվեի անցկացման կարգը սահմանվում է օրենքով:

Դիտարկում թ. 30

Խմբի կարծիքով՝ շրջանային վարչակազմերի ղեկավարները պիտի ընտրովի  լինեն, որպեսզի ապահովվի պետական կառավարման՝ ժողովրդավարությանը հարիր ապակենտրոնացում:

Դիտարկում թ. 31

Առաջարկվող նախագծով կանոնակարգված չեն մայրաքաղաք Ստեփանակերտի կարգավիճակը և քաղաքապետի ընտրության կարգը:

Տես՝ ՀՀ Սահմ. Հոդված 108.

Երեւանը համայնք է: Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Օրենքով կարող է սահմանվել Երեւանի քաղաքապետի ուղղակի կամ անուղղակի ընտրություն:

ԳԼՈՒԽ 11. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ

Դիտարկում թ. 32

Խմբի տեսակետ. Հանուն արդարության պիտի նշել, որ սահմանադրական հանրաքվեի կարևորությունը և Սահմանադրության՝ առավել մեծ թվով քաղաքացիների հավանության արժանանալու հանգամանքը նախագծում ավելի է ընդգծված, քան ՀՀ Սահմանադրությունում: ԼՂՀ Սահմանադրության նախագիծը կարող է ընդունված համարել, եթե «կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին« բայց ոչ պակաս« քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը» (Հոդված 133.): ՀՀ Սահմանադրությամբ բավարար է համարվում նաև մեկ քառորդը (Հոդված 113.):

Այս հարցում պատշաճը հատուցելով նախագիծը մշակողներին, այդուհանդերձ, հակված ենք կարծելու, որ երկրի գլխավոր կենսական փաստաթուղթը պիտի արժանանա ժողովրդի գերակշիռ մեծամասնության հավանությանը, քանի որ Սահմանադրությունը իրենից ներկայացնում է մի ամբողջ ժողովրդի՝ իր կենսակերպի հարցում պայմանավորվածություն:

Դիտարկում թ. 33

Սույն դիտարկման արդյունքը պարզապես թյուրիմացության հետե-վանք է: Հոդված 74-ում հղում է արված հոդված 70-ի 12, 17, 18 կետերին, մինչդեռ հոդված 70-ն ընդհանրապես կետեր չունի:

——————————————————————————————

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՐԿՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ՏԱՐԱՆՋԱՏՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԼՈՒՐՋ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ »

«Դեմո»-ի հարցազրույցը ԼՂՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88» պատգամավորական խմբի ղեկավարի հետ

– Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում սահմանադրական հանձնաժողովի գործունեությունը և դրա արդյունքում ներկայացված տարբերակը: Կամ՝ ի՞նչ տպավորություն ունեք սահմանադրական այս գործընթացից:

– Սահմանադրության մշակման հանձնաժողովը, ինչպես գիտեք, ստեղծվել է տարիներ առաջ: Երբեմն այն իր աշխատանքներն աշխուժացնում էր, առավել հաճախ էլ մատնվում էր պասիվության: Ցավոք սրտի, տարիներ առաջ ստեղծված, մի քանի անգամ փոփոխված հանձնաժողովի նման աշխատաոճը հանգեցրել Է նրան, որ կարճ ժամկետում պետք է ընդունվի ԼՂՀ Սահմանադրություն: Դինամիկ աշխատանքի բացակայությունը, բնականաբար, տեղիք է տվել ժամանակի սղության, ինչն էլ իր հերթին կբերի նրան, որ ժողովրդի լայն խավերը չեն հասցնի հանգամանորեն ուսումնասիրել առաջարկվող նախագիծն ու առաջարկություններ ներկայացնել: Նույն այդ պատճառով էլ (ժամանակի սղության) դժվար է լինելու այդ առաջարկությունների համապարփակ ամփոփումը: Սակայն քաղաքական իրավիճակը թելադրում է ԼՂՀ Սահմանադրության ընդունման հրամայական անհրաժեշտությունը:  Մեր կարծիքով, ԼՂՀ սահմանադրությունը բացառիկ կարևոր նշանակություն պետք է ունենա և արտաքին քաղաքականության հայեցակարգի ու սկզբունքների ճշտման, և ներքին քաղաքականության արմատական բարեփոխման առումով:

Ուրեմն, ժամանակի սղության բացասական գործոնը պետք է չեզոքացվի, իսկ դա հնարավոր է անել, եթե իշխանության բոլոր օղակները շահագրգիռ ու աշխույժ (այլ ոչ թե վախվխելով ու պասիվորեն) քննարկումներ ծավալեն: Նույնկերպ պիտի վարվեն նաև կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները, հանրության լայն շերտերը: Թերությունների վերհանումը և դրանց բացառումը որևէ քաղաքական թիմի խնդիր չի կարող լինել, առաջարկվող նախագծի բարեփոխումն ու առավել ժողովրդավարացումը բոլորիս խնդիրն է տևական հեռանկարով, քանզի սահմանադրությունն այս պահի համար չէ, այլ հանուրի ապագայի, մեր երեխաների վաղվա օրվա: Մեր ցանկությունն է, որ այսօր քննարկումներն ընթանան բոլոր հասարակական-քաղաքական ուժերի շահագրգիռ մասնակցությամբ, փոխադարձ հարգանքի կառուցողական մթնոլորտում, այլ ոչ թե սուբյեկտիվ ու այսրոպեական նպատակների տեսանկյունից: Միայն այդպես կարող է ապահովվել հանրության ներգրավումը երկրի գլխավոր փաստաթղթի քննարկմանը, միայն այդպես կարելի է սահմանադրական գործընթացը կառուցողական հունի մեջ դնել:

– Ի՞նչ նկատի ունեք «արտաքին քաղաքականության հայեցակարգի ու սկզբունքների ճշտում» ասելով:

– Միջազգային լայն ճանաչման միակ և ամենակարճ ճանապարհը ԼՂՀ-ի իրապես ժողովրդավարական էության ապահովումն է: Իսկ ժողովրդավարությունը սոսկ առաջադեմ կարգախոսների ու լոզունգների հավաքածու չէ, այլ նրա հիմնասյուները հանդիսացող կոնկրետ մեխանիզմների ստեղծում, որոնք ապահովում են իշխանությունների գործունեության նկատմամբ հանրային վերահսկողությունը և նվազագույնի հասցնում անհատական և անձնականացված կամայական գործոնների դերը:  Երկրորդ կարևոր հանգամանքը հետևյալն է. Սահմանադրության մեջ, մեր համոզմամբ, անպայման պետք է արտացոլվի ԼՂՀ տարածքային ամբողջականության սկզբունքը: Սա կհանգեցնի նրան, որ հստակություն կլինի արտաքին քաղաքականության մեր գերակա  նպատակների ու առաջնահերթությունների  հարցում:  Չի կարելի խուսանավելով ասել այն, ինչ օտարներին դուր կգա, ընդհակառակը՝ քաղաքական գործիչների մեծությունը կայանում է նրանում, որ ժողովրդի պահանջները «դրսում» կարողանան  ոչ միայն ներկայացնել, այլև հաջողությամբ պաշտպանել:  Սահմանադրության մեջ ամրագրելով ԼՂՀ-ի գերիշխանությունը նաև ազատագրված տարածքների վրա, կրկնում եմ, կհանգեցնի մեր դիրքորոշման հստակեցման և կպարտադրի, որ արտաքին քաղաքականության մեջ այդ ուղղությամբ համապատասխան մեխանիզմներ կիրառվեն:  Սա է այսօրվա կարևորագույն խնդիրը:

Մեզ լրջորեն մտահոգում է այն հանգամանքը, որ ժամանակն իսկապես սուղ է, և այդ ընթացքում նախագծին լուրջ  փորձագիտական  գնահատական տալու հավանականությունը չնչին է: Այս առումով ուղղակի տարակուսելի է երկու հայկական պետությունների հիմնական օրենքների միջև լուրջ ու սկզբունքային տարբերությունների առկայությունը, քանի որ, ինչպես գիտեք, ԼՂՀ և ՀՀ օրենսդրական դաշտերը հիմնականում համապատասխանում են: Էլ չեմ խոսում այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունը միջազգային լուրջ փորձագիտական վերլուծության է ենթարկվել, ինչի հնարավորությունը մենք չունենք: Ուստի մի՞թե տրամաբանական չէ, երբ մենք պնդում ենք, որ մեր Սահմանադրությունը ՀՀ Սահմանադրությունից պետք է տարբերվի ընդամենը ԼՂՀ որոշ առանձնահատկություններ նկատի առնելու իմաստով: Իսկ գլխավորում՝ հիմնական սկզբունքներում, չպիտի տարբերություններ լինեն: Այլապես երկու հայկական պետականությունների իրավական դաշտի աստիճանական տարանջատումը կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել հայկական միացյալ պետության ստեղծման ճանապարհին:

Ահա թե ինչու ԼՂՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն-Շարժում 88» պատգամավորական խումբն իր նախնական դիտարկումներն անելիս հենց վերոհիշյալ հանգամանքների վրա է ուշադրությունը բևեռել:

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԴԺԳՈՀ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻՑ

Ստեփանակերտի համայնքի ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը, ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք շարունակում է զբաղվել քաղաքական գործունեությամբ (հիշեցնենք, որ նա նաև «Շարժում-88» կուսակցության նախագահն է – խմբ.), նշեց, որ շատ ժամանակ չունի դրա համար, բայց ահա Սահմանադրության առաջարկված  նախագիծն ըստ ամենայնի ուսումնասիրել է եւ դժգոհ է դրանից: «Տպավորություն է ստեղծվել, որ մի շնչում գրված փաստաթուղթ է: Ինչ-որ շտապողականություն կա: Ո՞ւր ենք շտապում», – ճարտասանական հարց է տվել քաղաքապետը:

Հիմնականում նա դժգոհ է տեղական ինքնակառավարման համակարգը կանոնակարգող դրույթներից: Նախագծում, ըստ Ստեփանակերտի քաղաքապետի, չկան դրույթեր, որոնք հստակ տարանջատում են տեղական ինքնակառավարման մարմինների եւ պետության (կառավարության) գործառույթները: Էդ. Աղաբեկյանի այս դիտարկումը բավականին օրախնդիր է, քանի որ, ինչպես հայտնի է, հենց նման տարանջատման բացակայությունն է կառավարությանը հնարավորություն տալիս ցանկության դեպքում մտնելու համայնքների «կենսատարածք», ավելին՝ ըստ ամենայնի վերահսկել համայնքների ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց «կառավարելիության» լծակները: Հենց դա է պատճառը, որ Էդուարդ Աղաբեկյանը քաղաքացիներին խոսք է տալիս վերանորոգել շենքերի տանիքները, համապատասխան ծրագիր է ներկայացնում կառավարությանը, սակայն վերջինս ֆինանսավորում չի ապահովում: Ու ստացվում է, որ մեղավորը քաղաքապետն է, քանի որ «սուտ» խոստումներ է տվել:

Բացի այդ, ըստ Էդ. Աղաբեկյանի, տարակուսելի են կիսանախագահական կառավարման մասին հավաստիացումները, քանի որ առաջարկվող նախագծում անձամբ ինքը նման պնդումը հավաստող դրույթներ չի հայտնաբերել: Մինչդեռ նախագիծը ներկայացնելուց առաջ հենց կիսանախագահական կառավարման մասին էր հավաստիացնում նախագծի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Զալինյանը:

Սեփ. լրատվություն  

——————————————————————————————-

Լրահոս

ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԲԱՐՈՅԱԶՐԿՈՒՄՆ ԱՅՆՔԱՆ ԱԿՆՀԱՅՏ Է ԴԱՐՁԵԼ, ՈՐ ՀԱՐԿ Է ԱՆՀԱՊԱՂ ՊԱՅՔԱՐԵԼ ԴՐԱ ԴԵՄ»

Հուլիսի 28-ին կայացավ ԼՂՀ նախագահին առընթեր նորերս ստեղծված Պետական ծառայողի էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանի մամուլի ասուլիսը: Հենց սկզբից նա նշեց, որ իրեն ավելի հոգեհարազատ կլիներ հանձնաժողովի այլ անվանում, այն է՝ «Հանրության բարոյական վիճակի դիտարկման հանձնաժողով», քանի որ, ըստ նրա, եթե հանրությունում չեն խրախուսվում արդարությունն ու ճշմարտությունը, այլ արմատակալում են սուտն ու հարմարվողականությունը, ապա նման հանրությունն ապագա չունի: «Այսօրվա հանրությունում բարոյազրկումն այնքան է ակնհայտ դարձել, – ասաց Մ.Պետրոսյանը,- որ հարկ է անհապաղ պայքարել դրա դեմ»:

Ըստ Մ. Պետրոսյանի, նորաստեղծ հանձնաժողովի հիմնական խնդիրները հետևյալն են. հանրության բարոյական վիճակի մշտական դիտարկում, ԼՂՀ նախագահին համապատասխան եզրահանգումների ու առաջարկությունների ներկայացում, պետական պաշտոնյաների կողմից ծառայողական էթիկայի կոպիտ խախտումների դեմ պայքարի ուժեղացում:

«Մարդկանց օրը ցերեկով թալանում են,- փաստեց Մ. Պետրոսյանը, – իսկ նրանք լռում են: Ահա թե հանրային մթնոլորտի բարոյական ջերմաչափում ինչպիսի վտանգավոր բարձր աստիճանի է հասել բարոյալքումը: Մի խոսքով, ընդհանուր գանձարանի, ընդհանուր սեփականության պահպանման և արդարացի բաշխման համար պայքարն էլ հենց նորաստեղծ հանձնաժողովի հիմնական խնդիրներից մեկն է: Ես այդ պայքարն անվանում եմ պայքար հանուն կարգուկանոնի»:

Հանձնաժողովի կազմում, բացի Մ. Պետրոսյանից, ընդգրկվել են Հադրութի շրջանի ճարտարապետ Ալեքսանդրա Ավանեսյանը, ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, ԼՂՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անդրանիկ Սարգսյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ներումների, պարգևների և քաղաքացիության հարցերով բաժնի պետ Կարեն Սաղյանը, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության ռեժիսոր Վարդգես Ուլուբաբյանը և Մարտակերտի շրջանի մեքենատրակտորային կայանի տնօրեն Վալերի Խաչատրյանը:

Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահը, «այս հանձնաժողովի և հայկական ու եվրոպական համանման կառույցների տարբերությունը կայանում է նրանում, որ այստեղ միայնումիայն ներգրավվել են համաքաղաքացիների շրջանում անբասիր վարքի տեր մարդկանց համբավ ունեցողները, նրանք, ովքեր ունեն արդարության նկատմամբ գենետիկ ընկալունակություն և սկզբունքային դիրքորոշում»:

Պատասխանելով «Դեմո»-ի թղթակցի հարցին, Մ.Պետրոսյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովն աշխատելու է հասարակական հիմունքներով, բացի հանձնաժողովի նախագահից ու պատասխանատու քարտուղարից, բայց բոլոր անդամներն ունենալու են նույն իրավունքները և միասին են որոշելու, թե ինչից սկսել և ինչպես աշխատել: «Եթե նախագահին ներկայացված մեր առաջարկությունների թեկուզև 30 տոկոսին ընթացք տրվի, ապա դա արդեն լավ ցուցանիշ կհամարենք: Թերությունները պետք է արմատախիլ անել, ընդ որում՝ ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ գործերով: Ժողովուրդը կուշտ է խոսքերից, եկել է իրական գործերի ժամանակը»,- ամփոփեց Մ.Պետրոսյանը:

Սեփ. լրատվություն

 

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՆ ՈՒՂԻՆԵՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ 

Հուլիսի 28-ին Ստեփանակերտում կայացավ անհայտ կորածների հարցերով զբաղվող փորձագետների համաժողով, որը նախաձեռնել էր «Հելսինկյան նախաձեռնություն- 92» կազմակերպության Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը: Միջոցառումն անցկացվել է Խաղաղության միջեկեղեցական խորհրդի (Նիդեռլանդներ) աջակցությամբ՝ «Դեղին կակաչներ» ծրագրի շրջանակներում: Համաժողովին մասնակցում էին փորձագետներ Հայաստանից, Ադրբեջանից (չորս հոգի՝ Բաքվից ու Գյանջայից), Վրաստանից, Ուկրաինայից, ինչպես նաև միջազգային փորձագետներ:

Քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում՝ անհայտ կորածների հիմնախնդիրը հումանիստական տեսանկյունից, պետական կառույցների վերաբերմունքը հիմնախնդրի լուծման գործում, միջազգային հումանիտար իրավունք, անհայտ կորածների մասին առկա օրենսդրություն ու ազգային մեխանիզմներ, ԶԼՄ-ների դերը և այլն:

Համաժողովից հետո հյուրերը հանդիպեցին ԼՂՀ նախագահ Ա.Ղուկասյանի հետ, այցելեցին Գանձասար և Շուշի:

Սեփ. լրատվություն

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՋՐԻ ՊՐՈԲԼԵՄԸ ՉԻ ԼՈՒԾՎՈՒՄ 

Օրումեջ՝ մի ժամով: Սա դեղի չափաբաժին չէ, ոչ էլ առողջարարական մարզանքի հանձնարարական, այլ Ստեփանակերտում ջրի մատակարարման ժամանակացույց: Եթե մարդ ջուր պահելու լրացուցիչ տարողություն չունի, ապա ստիպված պիտի լինի ամռան շոգին 2 օր սպասել ջրի հերթական բացթողմանը: Քաղաքապետները փոխվում են, կառավարության խոստումները՝ վերահաստատվում, բայց հիմնախնդիրը մնում ու մնում է:

Կառավարության որոշմամբ Ստեփանակերտի վերին մասում պետք է խոշոր ջրամբար կառուցվի: Սակայն քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը գտնում է, որ քանի դեռ չեն վերանորոգվել քաղաքի ջրագծերը, ջրամբարի կառուցումն սպասված արդյունքը չի տա: Նա առաջարկում է գումարներն առաջին հերթին ուղղել ջրագծերի վերանորոգմանը: Ըստ հաշվարկների, եթե ջրի կորուստներ չլինեն /իսկ հիմա դրանք վայրկյանում 5 լիտր են կազմում/, հնարավոր է, որ յուրաքանչյուր բնակարան եթե ոչ շուրջօրյա, ապա գոնե կես-օրյա ջրամատակարարում ունենա: Մանավանդ, որ վերջերս մի քանի նոր արտեզյան ջրհորներ են փորվել ու պոմպեր տեղադրվել: Այսօր քաղաք է մտնում օրական 9 հազար խորանարդ մետր ջուր՝ տեղեկացրեց քաղաքապետը:

«Կառավարության պահուստային ֆոնդից 18.5 միլիոն դրամ է հատկացվել Ռուսաստանից նոր պոմպեր ձեռքբերելու համար: Հավանաբար, սեպտեմբերին կգործարկենք»,- նշեց Էդ. Աղաբեկյանը:

Տեղեկացնենք, որ Ստեփանակերտում 263 բազմաբնակարան շենք կա, իսկ քաղաքի բնակչությունն էլ ընդամենը 50 հազար է: Ուստի հուսանք, որ մարդիկ «մարդավարի» կապահովվեն ջրով:

 

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ 

Ստեփանակերտի «Դիզակ պլյուս» հրատարակչությունում լույս է տեսել «Լրագրություն. ժանրեր» ուսումնական ձեռնարկը: Այն տպագրության է պատրաստել Ստեփանակերտի մամուլի ակումբը (ՍՄԱ): Գիրքը հրատարակվել է ակումբի այն ծրագրի շրջանակներում, որը հաղթող է ճանաչվել ԼՂՀ պետական բյուջեից հատկացված դրամային միջոցների դրամաշնորհային մրցույթում:

Նման ձեռնարկի հրատարակման փորձ Ստեփանակերտի մամուլի ակումբն արդեն ունի՝ 2003 թվականին Մամուլի ազատության համաշխարհային կոմիտեի (ՄԱՀԿ) ֆինանսական աջակցությամբ ՍՄԱ-ն հայերեն է թարգմանել ու հրատարակել ՄԱՀԿ-ի պատրաստած ձեռնարկը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի լրագրողների համար:

Գրքում փորձ է արվում ի մի բերել լրագրության ժանրերին վերաբերող հայատառ և այլ գրականությունը՝ ավելի դյուրամատչելի դարձնելու համար թեմայի ուսումնասիրությունը: Գիրքը կարող է օգտակար լինել ոչ միայն ուսանողների ու դասախոսների, այլեւ գործող երիտասարդ լրագրողների համար£ Ձեռնարկն անվճար կտարածվի արցախյան բուհերում ու լրատվամիջոցներում:

Գրքի շնորհանդեսը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի սկզբին՝ արցախյան համալսարաններում ուսումնական տարին սկսելուն պես:

Սեփ լրատվություն

 

ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ, ԱՅՈ, ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԱՐԴԵՆ ԿԱՌՈՒՑԱԾՆԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

Համայնքային բյուջեն բնակարանաշինություն չի նախատեսում: Սակայն պետական բյուջեի միջոցներով Ստեփանակերտում բնակելի երկու շենք  է կառուցվում, որոնց բնակարանների մեծ մասը կտրամադրվի զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Թումանյան փողոցում կլինի 45, իսկ Տիգրան Մեծ փողոցում՝ 23 բնակարանոց շենք: Այստեղ, հնարավոր է, տեղափոխվեն նաեւ հանրակացարանում մինչև այժմ բնակվող մի շարք ընտանիքներ:

Իսկ Ստեփանակերտի համայնքի հաշվին բարեկարգվում են մի քանի շենքերի բակեր, վերանորոգում ջրագծեր: Իսկ ահա շենքերի տանիքները չեն վերանորոգում, քանի որ, ըստ քաղաքապետ Էդ. Աղաբեկյանի, պետական բյուջեի նախագծից ինչ-ինչ պատճառներով համապատասխան հոդվածը դուրս է մնացել: 263 բազմաբնակարան շենքերից միայն 26-ի տանիք է վերանորոգվել պատերազմից հետո: Այնպես որ, սա բավականին ցավոտ հարց է մեզ համար:

Սեփ. լրատվություն

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՔԱՐՆ Է ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ, ՀԱՆՈՒՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՀԱՆՈՒՆ ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ  

Թույլ չտանք դրա ապականումը և այլասերումը հանուն ընտրախավերի  իշխանական ախորժակի և նկրտումների Ուժը ոգին է, արդարության և ճշմարտության նկատմամբ հավատը և զոհաբերումը հանուն վեհի 

2006թ.-ի հունիսին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հարցով զբաղվող Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության /ԵԱՀԿ/ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան մի շարք հայտարարություններով:

Սույն հայտարարությունները հնարավորություն տվեցին հանրության լայն շերտերին՝ տեղեկանալ բուն բանակցային գործընթացին, հարցի կարգավորման սկզբունքներին, մասամբ նաև՝ հիմնահարցը լուծելու կապակցությամբ կողմերի դիրքորոշումներին:

«Մարդու Իրավունքների և Ժողովրդավարության Ինստիտուտ»՝ ՄԻԺԻ հայաստանյան անկախ, ոչ կառավարական կազմակերպությունը, կարևորելով հայության առջև ծառացած հիմնախնդիրների լուծումը, նպատակ ունենալով խթանել Հայ Ժողովրդավարական և Սոցիալական Արդար Պետականության զարգացման գործընթացին և հայի՝ իբրև մարդ-անհատ և ազգ  զարգացմանը, մշտապես ունենալով այս խնդիրներն իր ռազմավարության և գործունեության առանցքում, բազմիցս կազմակերպել է այս հարցերի շուրջ հանրային և քաղաքացիական ակումբային քննարկումներ, հանդես է եկել հայտարարություններով՝ փորձելով մոբիլիզացնել հայ հասարակությանը և ժողովրդին արդար գաղափարների շուրջ և Արցախյան հիմնահարցի այս կարևոր փուլում էլ արտահայտում է իր դիրքորոշումը վերջին զարգացումների լույսի ներքո:

Սույն դիրքորոշումը մենք արտահայտում ենք համանախագահների  հայտարարությունից մեկ ամիս հետո՝ ակնկալելով, որ մինչ այս հայության ընտրախավերը արտահայտած կլինեին իրենց համապատասխան դիրքորոշումները՝ մեր Ժողովրդի և պետության ներկայի ու ապագայի մասին հստակ հիմնավորումներով ու բանաձևումներով: Այսպիսի դիրքորոշումներ, սակայն, մինչև օրս չկան:

Մենք գտնում ենք, որ Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը նախ և առաջ պետք է հիմնված լինի ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ  և ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ հիմնական սկզբունքների վրա, առաջնորդվի Ժողովրդավարության ու Մարդու Իրավունքների հիմնարար սկզբունքներով թե’  իրավական և թե’ քաղաքական իմաստով:

Մենք գտնում ենք, որ Արցախյան հարցի լուծման ամբողջ գործընթացը պետք է լինի հանրային ու հրապարակային, որտեղ հայ ժողովուրդը պետք է ունենա իր լիարժեք ասելիքը՝ որպես այս ամբողջ գործընթացի տերը և պատասխանատուն:

Մենք պնդում ենք, որ այս հարցի վերաբերյալ որոշումը նախ և առաջ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ԼՂՀ ժողովրդի և քաղաքացիների իրավունքն է:

Պետք է պահպանվեն ազատագրված տարածքները՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության հիմնական երաշխիք և ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության հետ:  Մոտ ապագայում նախատեսվում է ԼՂՀ-ի Սահմանադրության մշակումն ու ընդունումը, որտեղ կարևոր կետերից մեկը, կարծում ենք, պետք է լինի ներկայումս ԼՂՀ իշխանության ներքո գտնվող բոլոր տարածքների  պահպանումը:

Պետք է առաջնային պահանջ դիտարկվի ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը ոչ միայն միջազգային հանրության, այլ առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության կողմից:

Ընդունելի չէ որևէ շուտափույթ լուծում, որը ոտնատակ կանի ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ և Մարդու Իրավունքների հիմնարար սկզբունքները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես այս իրավունքների և ժառանգության իրական կրողը, պետք է դառնա դիվանագիտական գործընթացների ու նաև բանակցությունների լիիրավ կողմ և լիարժեք մասնակից: Հանդիպումների ընթացքում պետք է բարձրացվի նաև հայ փախստականների և ադրբեջանահայության կորուստների փոխհատուցման խնդիրը:

Պետք է բացառվի որևէ զիջում կամ փոխզիջում. հայկական կողմը զիջելու որևէ բան չունի:

Պետք է զարգացնել և առավել ամրապնդել մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների վրա հիմնված Ժողովրդավարական գործընթացներն ու մշակույթը թե’ Հայաստանի Հանրապետությունում, թե’ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ու նաև Ադրբեջանում և Թուրքիայում: Առանց այս ամենի ԱՐԴԱՐ և Մարդու Իրավունքների վրա հիմնված բարիդրացիական փոխհարաբերություններ չեն կարող հաստատվել ժողովուրդների և պետությունների միջև և ոչ էլ տևական խաղաղություն և զարգացում է հնարավոր ո’չ այդ պետություններում և ո’չ էլ տարածաշրջանում:

Արցախյան հիմնահարցի «շուտափույթ լուծումը» կծառայի աշխարհաքաղաքական և ներքին տիրապետող այլասերված ընտրախավերի անձնապաշտ և նյութապաշտ շահերին, կհամընկնի արտաքին գերուժերի և ուժերի նմանատիպ շահերին, որոնք անպայման չէ, որ համընկնեն Հայ Ժողովրդի՝ Մարդու Իրավունքների և Ժողովրդավարությանը ձգտող ԱՐԴԱՐ և ՃՇՄԱՐԻՏ շահերին:

Մարդու Իրավունքների և Ժողովրդավարության Ինստիտուտ՝ ՄԻԺԻ
ք. Երևան

 

Մ. ԲՐԱՅԶԱ. «ԵՍ ԱՅՍՏԵՂ ԵՄ, ԵՍ ԼՍՈՒՄ ԵՄ ՁԵԶ»
կամ՝ Բրայզան և եղանակի փոփոխությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Մեթյու Բրայզայի Ստեփանակերտ ժամանման օրը եղանակն անսպասելիորեն փոխվեց՝ տևական տապից հետո հանկարծ անձրև հորդաց: Ինչպես պարոն Բրայզան էր անսպասելիորեն հրապարակել ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման մանրամասները, այնպես էլ անսպասելիորեն Արցախում նրան «դիմավորեց» եղանակի փոփոխությունը: Ի՞նչ ասել կուզի սա… Արդեն բավականին ժամանակ է, ինչ համանախագահները  տարածաշրջան կատարվող իրենց այցելություններում «շրջանցում» են Ղարաբաղը և գերադասում ԼՂՀ ղեկավարության հետ շփվել Ղարաբաղից դուրս: Բայց ահա նոր համանախագահը Ստեփանակերտում է: Արդյո՞ք սա եղանակի փոփոխություն է նախանշում բանակցային գործընթացում:

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ Բրայզայի հանդիպումը տևեց ավելի քան մեկ ժամ ու անցավ փակ դռների ետևում, և միջանցքում հավաքված լրագրողներին անգամ դրանից հետո շատ քիչ բան հաջողվեց կորզել: Մեթյու Բրայզան որքան ժպտադեմ ու անմիջական էր, նույնքան էլ դիվանագիտորեն գաղտնապահ.

– Շնորհակալություն հյուրընկալ վերաբերմունքի համար: Սա իմ առաջին այցն է այստեղ ընդհանրապես, և որպես Մինսկի խմբի համանախագահ՝ մասնավորապես: Նախընտրում եմ այսօրվա հանդիպման մանրամասնությունների մասին չխոսել, բայց գտնում եմ, որ տրամադրությունը շատ կառուցողական էր, նույնիսկ կարելի է ասել՝ ստեղծագործական: Մենք ոչ միայն մտքեր փոխանակեցինք, այլև միասին փորձեցինք նոր մոտեցումներ փնտրել, որպեսզի խթանենք բանակցային գործընթացը, նպաստենք առաջխաղացմանը: Իսկ մանրամասնությունների մասին, ներող կլինեք, կլռեմ:

«ԴԵՄՈ» – Համանախագահներն ասում են, որ հարկ է Հայաստանի ու Ադրբեջանի հանրությունները նախապատրաստել խաղաղության ու փոխզիջումների, բայց նրանց դիմումներում խոսք անգամ չկա ղարաբաղյան հանրության մասին, այն մարդկանց մասին, ովքեր փաստորեն պիտի իրականացնեն կարգավորման պլանը: Ինչու՞ դուք չեք խոսում նաև ղարաբաղյան հանրության կարիքների մասին:

Մ. ԲՐԱՅԶԱ – Հենց այդ պատճառով էլ ես այստեղ եմ՝ լսելու համար ձեր կարծիքը, ձեր լիդերների կարծիքը: Ես միայն սա կարող եմ ասել՝ ես այստեղ եմ, ես լսում եմ ձեզ: Կուզենայի այստեղ հանդիպել հնարավորինս շատ մարդկանց հետ, նոր վայրեր տեսնել: Ես եկել եմ, որպեսզի լսեմ այստեղի կարծիքը:

Պատասխանելով բանակցային գործընթացին ղարաբաղյան կողմի լիիրավ մասնակցության մասին հարցին, պրն Բրայզան ասաց. «Ես չէի ուզենա մեկնաբանել դա: Բանակցային կազմի մասին համաձայնության պիտի գան Հայաստանն ու Ադրբեջանը»:

«ԴԵՄՈ» – Համանախագահները հայտարարել են, որ նոր առաջարկություններ են սպասում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներից: Կա՞ն, արդյոք, նման առաջարկություններ:

Մ. ԲՐԱՅԶԱ – Կան գաղափարներ: Կան տարբեր գաղափարների նոր տարրեր, բայց ես չեմ կարող ասել, թե այսօր կան նոր կոնկրետ առաջարկություններ: Ես պարզապես եկել եմ ծանոթանալու համար նախագահների ու այստեղի բոլոր խմբերի կարծիքներին: Ասեմ, որ հիմա չի լինի նոր ու մեծ քայլ: Միգուցե հետագայում դա լինի, բայց հիմա մենք պիտի մտորենք այդ ամենի մասին:

Ղարաբաղյան ղեկավարության հետ Մ. Բրայզայի բանակցությունները շարունակվեցին նաև հուլիսի 29-ի ուշ երեկոյան: Իսկ հուլիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը այցելեց Գանձասար: Կիրակի օրն էլ եղանակը սկսեց բարելավվել: Եւ ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք դրանից օրինակ կվերցնի նաև «քաղաքական եղանակը»:

Կ. ՕՀԱՆՅԱՆ

 

ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ՝ «ՄԻԱՅՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՐԵՆ ԸՆՏՐՎԱԾ ԼՂՀ  ՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԳՏՆԵԼ» 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը ԻԱ ՌԵԳՆՈՒՄ  գործակալությանը մեկնաբանել է Սանկտ Պետերբուրգում կայացած Մեծ ութնյակի երկրների գագաթնաժողովում արված հայտարարությունը: 

«Կարելի է  միայն ողջունել Մեծ ութնյակի երկրների  հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  ջանքերը պաշտպանելու և  հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման անհրաժեշտության մասին»: Լեռնային Ղարաբաղը միշտ հանդես է եկել հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին և պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը տարածաշրջանում տևական խաղաղության  հասնելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու  համար:  Ցավոք, միջնորդներն էլ շատ բան չեն որոշում:  Ադրբեջանի  ոչ կառուցողական դիրքորոշման, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հետ որևէ շփումներ հաստատելու չկամության  պատճառով   այսօր ծայրաստիճան բարդանում է ընդունելի և արդարացի լուծում գտնելը: Ռուսաստանի Դաշնության նախագահը արդարացիորեն նկատել է, որ Ռուսաստանը մտադիր չէ հակամարտության կողմերին ինչ-որ լուծումներ պարտադրել և  փոխհամաձայնության պետք է գան ժողովուրդները: Հաշվի առնելով պայմանավորվածությունների  կատարման երաշխավորը դառնալու Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ մենք մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ միայն  օրինականորեն ընտրված ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ է հնարավոր մեր երկրի և ժողովրդի ապագային անմիջականորեն վերաբերող լուծումներ գտնել:

——————————————————————————————-

Հասարակություն

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Ազգովի նորից կանգնել ենք Ղարաբաղում նախագահական ընտրությունների շեմին: Ի՞նչ են նշանակում ընտրությունները անկախ Հայաստանի եւ Ղարաբաղի համար. ոմանց համար նշանակում է հսկայական միջոցների ձեռք բերում, ոմանց համար՝ ձայները սակարկելու նոր միջոց, որի շնորհիվ հետո ստանալու են ինչ որ արտոնություններ: Նույնն է նաեւ մեր սփյուռքահայ «հայրենակիցների» համար: Այսինքն, ոմանք գալիս են, ընտրությունների ժամանակ որոշակի գումարներ են տալիս, որից հետո ձեռք են բերում որոշակի տարածք, կամ ինչ-ինչ «սնանկացման» եզրին կանգնած ձեռնարկություն, որի դիմաց վերցնում են որոշակի «պարտավորվածություն», որոնք կամ երբեք չեն կատարվում, կամ էլ կատարում են ընտրությունից ընտրություն:

Արդյունքում ժողովուրդը զրկվում է մի շարք կարեւոր «օբյեկտներից»: Այդ կարեւոր օբյեկտներից մեկն է Ձորաղբյուրի մարզաբազան, որը 2001 թ. կառավարության որոշմամբ 50 տարի ժամկետով տրամադրվեց «Արարատ» ակումբի նոր տերերին, որոնք իրենց վրա վերցրեցին եւ ակումբի հովանավորությունը, եւ այդ մարզաբազան ամբողջական վերակառուցելու պարտավորվածությունը (շուրջ 32 հեկտար բերրի հողատարածք, իր մի քանի հազար պտղատու ծառերով), որը 2004 թվականին սեփականաշնորհվեց ընդամենը 14,000 ԱՄՆ դոլարով: Որոշ տեղեկություններով, այդ գործարքից որոշ մարդկանց գրպանում հայտնվեց 400,000 ԱՄՆ դոլար, իսկ նույն ժամանակ այդ տարածքի ինքնարժեքն էր, ոչ ավել ոչ պակաս, քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլար: Ինչ որ է, այս մարդիկ, որոնք ունեն ԼՂՀ նախագահի եւ վարչապետի հովանավորությունը, ձեռք բերելով նաեւ հայաստանյան ծագում ունեցող հովանավորներ, սկսեցին «խաբել» երկրի առաջին դեմքերին: Նույն ժամանակ նրանք խոստանալով ՊՆ-ին, որ կգնեն ֆիզիկայի ինստիտուտի ինչ որ մասնաբաժին, 12 միլիոն ԱՄՆ դոլարով, ու նաեւ շատ ու շատ այլ խոստումներ, այդ թվում նաեւ 5 հեկտար հող Դալմայի այգիներում, որտեղ պետք է կառուցվեր ժամանակակից տեխնոլոգիաներով ժամացույցի գործարան, որի արտադրանքը պետք է արտահանվեր արտերկիր, երկրի առաջին դեմքերին «լռեցրեցին». ի վերջո, Հայաստանում էլ մի առ ժամանակ հետո մեկնարկում են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Նույն ժամանակ, Ղարաբաղի նախագահի եւ վարչապետի հովանավորությունը վայելող այս «գործարար-բարերարները» սկսեցին սեփականաշնորհել մի շարք ձեռնարկություններ՝ իրենց տրամադրվեց «Ղարաբաղ» հյուրանոցը, որը 2002 թվականին սկսեց վերակառուցվել «Սպիտակ Տնակ» կազմակերպության կողմից: Նախագիծը մշակեցին Իտալիայից հրավիրված հայ մասնագետներ (իմիջիայլոց, նրանց վարձավճարը չվճարվեց «բարերարների» կողմից, որի արդյունքում մարդիկ ընդմիշտ հեռացան Հայաստանից): Հյուրանոցը 2005 թվականին, նախքան ընտրությունները, սկսեցին «բզբզել», որի արդյունքում քանդվեց հին մասնաշենքը, իսկ հիմա էլ իբր շարունակում են «Սպիտակ Տնակ» կազմակերպության կիսատ թողած գործը, բայց հայտնի չէ՝ ինչ նախագծով:

Նրանք ձեռք բերեցին նաեւ Հայաստանում եւ Ղարաբաղում աշխատող միակ՝ շպոնի «Անդրանիկ» գործարանը, «Կարին» քարի գործարանը, իր 7 հանքերով, Ղարաբաղի միակ մարզաբազան ու ֆուտբոլի մարզադաշտը, շատ ու շատ այլ ձեռնարկություններ: Բացի դրանից, նրանք ստացան Ղարաբաղում հայտնի «Շռլան» արոտավայրը (շուրջ 2000 հեկտար), իսկ Ֆիզուլիում հացահատիկի «զարգացումը» ապահովելու համար եւս շուրջ 2000 հեկտար բերրի հողատարածքներ: Դրա դիմաց Ղարաբաղի նախագահի եւ վարչապետի «նախնտրական ֆոնդին» վճարվեց մի քանի տասնյակ հազար դոլար գումար: Այս գործարքից հետո, Ղարաբաղի նախագահն ու վարչապետը բազմիցս Շվեյցարիայում ու ԱՄՆ-ում եղան այս «հայրենասերների» հյուրը, որտեղ նորից ու նորից քննարկում էին, թե էլ ինչեր են կարող ձեռք բերել:

Արդյունքում ինչ է տեղի ունենում: Այսօր կարելի է ասել, որ գրեթե ոչ մի գործ չի կատարվում, բացի մի թեթեւ աշխատանք «Ղարաբաղ» հյուրանոցի վրա, մնացած ձեռնարկությունները պարապուրդի են ենթարկված: Իսկ ամենակարեւորը՝ այդ մարդիկ ամեն ընտրության ժամանակ մի քանի տասնյակ հազար դոլար են «մուծում», իսկ ժողովուրդը երբեք ոչ մի բան չի ստանում: Ղարաբաղի նախագահական ընտրության նախաշեմին նորից սկսել են «բզբզել» ձեռք բերած ձեռնարկությունները, որպեսզի հայրենի ղեկավարները կարողանան ժողովրդին ցույց տալ, թե տեսեք՝ մենք ինչ ներդրողներ ենք բերել, երկիրը շենացնելու համար:

Վերջերս նախագահ Ղուկասյանը անձամբ այդ մարդկանց հանդիպեց եւ խնդրեց նրանց աջակցությունը իր երրորդ անգամ ընտրվելու համար, խոստանալով, հասկանալի է արդեն, թե ինչ: 

Վարդան ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Լրագիր»

 

Ռեպլիկ

ՄԵՌԵ՞Լ ԵՆՔ ԱՐԴԵՆ, ԹԵ՞ ԴԵՌ ՈՂՋ ԵՆՔ
Կամ՝ սայլը ոչ միայն տեղից չի շարժվում, այլ չի էլ ճռռում

Կենդանի օրգանիզմի մասին սովորաբար դատում են ըստ նրա ռեակցիաների: Կենդանի օրգանիզմն արձագանքում է ցանկացած շարժման, հատկապես, եթե կասկած կա, որ այդ շարժումը կարող է վտանգել օրգանիզմի անվտանգությունը: Եթե չկա արձագանք ու հակազդեցություն, ուրեմն օրգանիզմն առնվազն հիվանդ է, եթե չի մեռել, իհարկե:

Ըստ այս բանաձևի՝ կարծես թե մեր հասարակությունն էլ է «առնվազն» հիվանդ:  Այլապես ինչպե՞ս կարող է չարձագանքել հանրամատչելի մամուլում տպագրվող հոդվածներին, որոնցում փաստվում է, թե ինչպես են խաբում շարքային քաղաքացուն, նրա հաշվին հարստանում, նրան մարդու տեղ չդնում, ավելին՝ հեշտուհանգիստ ոտնահարում հանրային շահը:

Միայն վերջերս ղարաբաղյան եւ հայաստանյան մամուլում բազմաթիվ նյութեր են տպագրվել նման դեպքերի մասին՝ հագեցված համապատասխան փաստ-փաստարկներով եւ անափ մտահոգությամբ: Ինչ արժե միայն ախտորոշման կենտրոնում տարիներ շարունակ պահվող համակարգչային տոմոգրաֆի մասին լրագրողական հետաքննությունը: Ժողովրդին փաստորեն ներկայացվել են ապացույցներ առ այն, որ սփյուռքահայ մեր քույրերի ու եղբայրների կողմից ուղարկված ու արցախցիների առողջության պահպանման համար խիստ անհրաժեշտ բուժսարքավորումն առայսօր չի օգտագործվում: Արցախցի հիվանդները տարիներ շարունակ ստիպված են մեկնել Երևան, մեծ գումարներ ծախսել, հերթ կանգնել, մի խոսքով՝ տանջվել միայն մի պատճառով, որ ինչ-որ մեկը, արհամարհելով ամբողջ ժողովրդին, չի կատարել իր պարտականությունները, այն պարտականությունները, որոնց համար ժողովուրդը վճարում է նրան: Այդպես էլ չպարզվեց, թե ով էր մեղավորը, թե ու՞մ մեղքով է մեր սփյուռքահայ եղբայրների ու քույրերի՝ մեր նկատմամբ վստահությունը ևս մի ճեղք տվել: Եւ երկրորդ անգամ նրանք կդիմե՞ն, արդյոք, նման քայլի:

Նման ճակատագրի է արժանացել նաեւ Շուշիի ճանապարհի վերանորոգման և «հընթացս» հնօրյա տապանաքարերի ոչնչացման մասին նյութը: Հասարակայնությանը տեղեկացրել են, որ հին տապանաքարերը… տառացիորեն թաղում են: Եւ ոչ մի արձագանք: Ոչ մշակույթի նախարարությունը, ոչ Շուշիի վարչակազմը, ո.չ դատախազությունը չեն արձագանքել հոդվածին: Գոնե դատի տային թերթին՝ «զրպարտության» համար:

Արտառոց էին նաև ոռոգման ծրագրերի համար նախատեսված գումարի մի մասի փոշիացման, Մարտակերտի չսկսված վերականգնման մասին նյութերը: Նախորդ տարվա նոյեմբերին հեռուստամարաթոն ենք անցկացրել, գումարներ հավաքել Մարտակերտի համար, սակայն առայսօր ոչ մի բան չի արվել: Դարձյալ «ձայն բարբառո հանապատի»:

Հայաստանյան թերթերից մեկը շշմեցուցիչ փաստեր բերեց ԼՂՀ իշխանությունների ու արտասահմանյան ֆիրմաներից մեկի «ստվերային» համագործակցության մասին: Դարձյալ լռություն:

Գրում են, գրում ենք, բայց օգուտ չկա: Սայլը տեղից ոչ միայն չի շարժվում, այլև չի էլ ճռռում: Այն մարդիկ ու մարմինները, որոնք պատասխանատու են այս կամ այն ոլորտի համար, լավ ձեւ են գտել՝ լռել: Ու բերանները ջուր են առել: Իբր՝ չեմ կարդացել, չգիտեմ: Հետո էլ, գրում եք՝ գրեք: Հասարակությունն էլ շոկի թե կոմայի մեջ է: Հիպնոս է դա, թե հոգնածություն՝ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ թույլ ենք տալիս մեզ խաբել, մեր անունից խոսել, մեզ մարդու տեղ չդնել: Թույլ ենք տալիս չարձագանքել ու չպատասխանել: Սա՞ է մեր արժանապատվությունը:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

——————————————————————————————

Անդրադարձ

Ո՞Վ Է ՊԱՏՎԻՐՈՒՄ ՍԵՌԱՄՈԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՄՈԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՈԶԸ
կամ դադարեցրեք ազգային և հոգևոր սրբությունների պղծումը

«168 ժամ»-ի 11-12. 07. 2006թ. թիվ 76(165) թողարկման մեջ, իհարկե՝ խոսքի ազատության շրջանակներում, տպագրվել է «Սեր և հավատարմություն. Գաղտնի ամուսնություն վախի մթնոլորտում» հոդվածը: Կարծում ենք՝ խոսքի ազատությունը թույլ կտա, որ մենք էլ մամուլում, տվյալ պարագայում՝ «Դեմո»-ում, արտահայտենք մեր կարծիքը հիշյալ հոդվածի նկատմամբ՝ առանց վախի զգացողության:

Միմյանց սիրո հավատարմություն տված Միշան ու Հարութը այնքա¯ն «հայեցի» են (հազար ներողություն համեմատականի համար), որ ցանկանում են որպես ազգային միջավայրում դաստիարակված օրինավոր «հայեր»՝ եկեղեցում ամուսնանալ… ու հայ լեսբուհուց արհեստական բեղմնավորմամբ երեխա ունենալ: Մի քիչ շատ չէ՞ «հայկականությունը»: Գիտե՞ք, Հոլանդիայում, Դանիայում և էլի եվրոպական երկրներում արդեն անասունների հետ են ամուսնանում (շուն, աքաղաղ և այլն), իսկ գուցե մի «հայ» էլ հանկարծ ցանկանա «հայ ավանակի» հետ ամուսնանալ ու անպայմա¯ն եկեղեցական ծեսով… Ի՞նչ են անելու մարդու իրավապաշտպանները, կարելի՞ է հրապարակավ նրանց կարծիքն իմանալ, իսկ այդ անասունի կարծիքն ո՞վ է ճշտելու:

Լա¯վ, բա այլասերվածությունն ու հիվանդությունը կամա թե ակամա քարոզելու՞ բան են: Մի պահ հանդարտվենք ու ասենք՝ սրանց գլուխը քարը, սիրում են իրար, թող ամուսնանան, իսկ ինչու՞ են փորձում դա դարձնել հասարակական պահանջ, ինչու՞ են փորձում փոխել ավելի քան 1700-ամյա եկեղեցական կարգը. «Կուզեի եկեղեցին փոխվի, անարդար է», ա¯յ քեզ բան… Ա°յ «տղա», բա որ եկեղեցի մտաք ու մեկն ու մեկդ էլ հարսի քողը գլխին քաշեց, բա մարդկության մեղքերի համար խաչված Քրիստոսին ի՞նչ պիտի ասեն հոգևորականները, բա սոդոմգոմորյան պատիժն ու՞մ համար էր, իսկ որ հետո էլ երեխա «ունեցաք», ու այդ անմեղ արարածը հարցրեց, թե ձեզնից ո՞ր մեկն է մաման, ի՞նչ եք ասելու, ինչու՞ եք ձեր հիվանդ երևակայությունը պարբերական հիվանդության վարակի վերածում:

Մենք ԱՐԱՐՉԻ ստեղծած տղամարդու և կնոջ բնախոսականի հետևորդներ ենք, իսկ եթե ոմանց թվում է, թե ԱՐԱՐԻՉԸ սխալվել է, ու փորձում են սրբագրումներ անել, ապա դա հաստատ հակառակ բևեռի՝ սատանայի գործն է կամ էլ սրանք հիվանդ են… նաև ուղեղից:

Հեռուստաեթերներն ու մամուլի միջոցները հեղեղված են անբարո քարոզներով, սեքս-էրոտիկ-կինոնկարներով, կիսամերկ-համերգ-«շոուներ»-ով, հետույքակրծքախառը-«կլիպներ»-ով, մորեմերկ կանանց նկարներով, սեռախեղվածների ու այլ «ազատամիտների» քարոզով և այլն: Սա՞ է խոսքի, հավատի ու խղճի ազատությունը: Սա սանձարձակություն է, ամենաթողություն: Եթե որևէ մեկն ինքն իրեն իրավունք է տալիս մերկ՝ «հրավիրող» տեսքով քայլել, ապա մյուսին էլ իրավունք է վերապահվում նրան պարզապես բռնաբարել: Սա է լինելու հաջորդ «տրամաբանությունը» կամ՝ պատվերը:

Իսկ գուցե արդեն բավակա՞ն է: Ու՞մ ենք հանդուրժում: Ուշքի գալ է պետք, Աստծո ստեղծած հրաշք մարդիկ, ՄԱՐԴ մնացած մարդիկ: Ով փոխում է սեռը, նա փոխում է և° դեմքը, և’ ազգը, և’ հայրենիքը…

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հայ Արիական Միաբանության առաջնորդ, Երևան

 

«ԴԵՄՈ» ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՊՐՆ. Գ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ

«Դեմո» թերթի ս. թ. հունիսի 30-ի համարի «Փոքր գործերի համար փող չկա երկրում, փող կա միայն մեծ գործերի համար» խմբագրականում արծարծված հիմնախնդիրների շարքում նշված է փոստային հաղորդակցության անբավարար աշխատանքը: Մենք միանգամայն համամիտ ենք Ձեզ հետ, որ փոստային կապը արտաքին աշխարհի հետ շաբաթական մեկ անգամ իրականացնելը, թերևս, անբավարար է, իհարկե՝ լավ կլիներ շաբաթական գոնե երկու անգամ Ստեփանակերտից Երևան փոստ ուղարկել: Որպես ի գիտություն հայտնում ենք Ձեզ, որ ներկայումս փոստի առաքումը Երևան-Ստեփանակերտ-Երևան երթուղով շաբաթական մեկ անգամ իրագործում է Հայաստանի Հանրապետության «Հայփոստ» ՓԲ ընկերությունը՝ իր տրանսպորտային միջոցներով և ծախսերով: Իսկ նշված երթուղով ամեն մի ուղևորության ծախսերը կազմում են մոտավորապես 100 հազար դրամ:

Որպեսզի կազմակերպվի փոստի շաբաթական լրացուցիչ առաքում Երևան, ապա երկրորդ ուղևորության ծախսերը պարտավոր է ապահովել «Արցախփոստ» ՓԲ ընկերությունը, որը դրա համար բավարար միջոցներ չունի: Ինչ վերաբերվում է Ձեր այն կարծիքին, որ կարելի է ամսական 2000 դրամով շաբաթը մեկ անգամ երթուղային տաքսու վարորդին ամեն անգամ 500 դրամ տալով փոստը առաքել Երևան, ապա այս հարցում Դուք իրավացի չեք:

Չէ՞ որ փոստը դա մենակ սովորական նամակը չէ: Փոստ հասկացողության մեջ մտնում են՝ հասարակ, գնահատված, պատվիրած նամակներ, ծանրոցներ, փաթեթներ և այլ բաներ: Մենք իրավասու չենք պատահական մարդու, տվյալ դեպքում վարորդի միջոցով փոստ ուղարկել: Չէ՞ որ ընդունված առաքումների ապահովագրության համար փոստի ադմինիստրացիան պատասխանատվություն է կրում պատվիրատուի առաջ:

Հետո էլ, ենթադրենք, թե երթուղային տաքսու վարորդը փոստը հասցրեց Երևան, այն ու՞մ պիտի հանձնի և ե՞րբ: Սրանք լուրջ հարցեր են, որոնք պատասխան են պահանջում: Մենք հույս ունենք, որ կգա ժամանակ, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ն իր ուժերով կկարողանա կազմակերպել լրացուցիչ ուղևորություն Երևան փոստի փոխադրման նպատակով:

Հարգանքներով՝ «ԱՐՑԱԽՓՈՍՏ» ՓԲԸ  գործադիր տնօրեն Է. Ա. ԶԱՔԻՅԱՆ

Խմբագրի կողմից.

Պրն Զաքիյանի բերած պատճառաբանությունները միանգամայն հասկանալի են: Սակայն, ինչպես հայտնի է՝ գործ անողը միջոցներն է գտնում, իսկ չանողը՝ պատճառները: Չեմ ուզում, որ «Արցախփոստի» հարգելի տնօրենը իմ ասածից վիրավորվի, մանավանդ, որ այսօրվա մեր պաշտոնյաների գերակշիռ մասը հենց այդպես է վարվում, կամ՝ ավելի վատ: Մարդուն նշանակում կամ ընտրում են այս կամ այն պաշտոնում ու աշխատանքի համար լավ պայմաններ ստեղծում ոչ թե գործ չանելու հնարավոր պատճառների մասին դիսերտացիա գրելու, այլ գործը տեղից շարժելու համար: Սույն խնդիրը ես չէ, որ պիտի բարձրացնեի, «Դեմո»-ն չէ, որ պիտի զբաղվի դրանով, այլ այդ ոլորտի պատասխանատուները: Այնպես որ, մեզ չէ, որ պիտի հարցնեք, թե  «ենթադրենք, թե երթուղային տաքսու վարորդը փոստը հասցրեց Երևան, այն ու՞մ պիտի հանձնի և ե՞րբ», այլ ինքներդ ձեզ:

 

ՄԻ ԵՐԿՈՒ ՏՈՂՈՎ՝ ԲԱՐԵԿԱՄԱԲԱՐ

Մեծարգո Եղիշե Գրիգորի:

«Դեմո» թերթում ուշադրությամբ ու հետաքրքրությամբ կարդացի խորհրդային տարիների վերջին շրջանի մասին Ձեր գրած հուշապատումը: Ես հարգում եմ Ձեր գրիչը, առավել ևս՝ Ձեր անձնավորությունը, ընդունում եմ ձեր մեղմ ու բարի վարքը: Ձեր բերած բոլոր փաստերը ճիշտ են: Դուք եղել եք այդ բոլորի վկան ու մասնակիցը:

Սակայն կա մի բան, որի հետ ոչ մի կերպ չեմ կարողանում հաշտվել, համոզվել, որ դա կարող է լինել այնպես, ինչպես դուք ներկայացնում եք: Այսինքն՝ աղաղակող այդ թերությունների հանդեպ ձեր անհանդուրժողականությունը, ընդդիմախոսությունը մինչև անգամ Հեյդար Ալիևին, Բորիս Կևորկովին: Դուք այդ շրջանում ավելի քան 10 տարի բարձր պաշտոններ եք վարել մեր մարզում, եղել եք ռադիոկոմիտեի նախագահ, մարզկոմի երրորդ քարտուղար, մարզային թերթի խմբագիր: Սրանք այն պաշտոններն են, որոնց տերը չէր կարող մազաչափ անգամ դուրս գալ Ղարաբաղում տարվող ադրբեջանամետ կուրսից և մնալ պաշտոնում:

Կարող է՝ դուք հոգով, մտքով դեմ եք եղել այդ կուրսին, բայց այն, որ դուք երես առ երես դեմ եք խոսել, միանգամայն անհամոզիչ է և նույնիսկ՝ զավեշտական: Այդ տարիներին ձեր ստորագրությամբ տպագրվել են հոդվածներ, գրքեր, որոնց ամբողջ բովանդակությունը բխում է ժամանակի ոգուց: Սրանով ես չեմ ուզում Ձեզ մեղադրել, քանի որ այդ ոգևորությունը ընդհանուր է եղել:

Ես առանձնակի պաշտամունք ունեմ Ձեր նկատմամբ, ուստի չէի ցանկանա, որ եթե վաղը ձեր քաղաքական հուշապատումը որպես գիրք տպագրվի, նրա մեջ լինեն ստվերոտ ու  տարակուսանքի տեղիք տվող տողեր:

Հարգանքներով՝ Հրաչյա ԲԵԳԼԱՐՅԱՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲՈՂՈՔ

«Դեմո»-ի թ.10-ում տպագրված Նորայր Ավետիսյանի «Այսօր ողջ ձայնով գոռալ եմ ուզում» հոդվածը մտորումների տեղիք տվեց: Առանձնապես հոդվածի այն հատվածը, որը վերաբերում է նրա աշխատանքային գործունեությանը և այսօրվա գնահատմանը՝ ստանում է 17 հազար դրամ թոշակ: Անվանի մանկավարժը, մասնագիտական հարյուրավոր հոդվածների և գրքերի հեղինակը, դարի լավագույն մանկավարժն այսօր իր գոյությունը պահելու համար ստիպված զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ: Եւ դա այն դեպքում, երբ իրավապահ համակարգից թոշակի անցածները ստանում են նրանից 10-ապատիկ շատ: Հարց է ծագում՝ ինչո՞ւ:

Ես էլ մանկավարժ էի և հիմա թոշակառու եմ 1988 թվից: Խորհրդային տարիներին ստանում էի 132 ռուբլի կենսաթոշակ, որը գրեթե նույնքան էր, որքան թոշակառու դատավորինը, դատախազինը, շրջխորհրդի նախագահինը:

Ո՞վ է սահմանել մերօրյա այս անարդար օրենքը: 1300 աշակերտ ունեցող դպրոցի տնօրենի աշխատանքն ավելի հե՞շտ է, քան ոստիկանինը, դատախազինը: Ոչ՝ իհարկե: Սրան համամիտ են շատ թե քիչ գրագետ մարդիկ, ծնողներ: Այդ դեպքում ինչու՞ այսպիսի հսկայական տարբերություն մանկավարժների և իրավապահ մարմինների աշխատակիցների աշխատավարձի և թոշակի միջև: Դեռ դրան էլ գումարած վերջիններիս այն արտոնությունը, ըստ որի թոշակի անցնելուց նրանք ստանում են աշխատավարձի տասնապատիկ կամ քսանապատիկ միանվագ վարձատրություն, որից օգտվելու իրավունքից զուրկ են մյուսները:

Այսօրվա «նորայրների» թվում եմ նաև ես: Եւ նույն պրոբլեմներն ունեմ, նույն մտահոգությունները: Ես նույնպես չեմ հասկանում, թե ինչու իմ և մյուսների միջև այսպիսի անդունդ կա վարձատրման ու գնահատման հարցում: Չեմ հասկանում, թե ինչու՞ ենք այսպես արհամարհված ու ո՞ր մեղքի համար: Ստացվում է, որ ուսուցչի աշխատանքն ըստ արժանվույն չի գնահատվում մեզ մոտ, ստացվում է, որ պետությունը քամահրանքով է վերաբերվում մեզ:

Ինչո՞ւ թույլ տալ, որ ժամանակն իր շավղից դուրս գա, ինչու՞ այնպիսի իրավիճակ ստեղծել, որ նորայրները և մյուսները Ձենով Օհանի նման ողջ ձայնով գոռան, ինչու՞ հաշվի չնստել մարդկային խղճի հետ, ինչու՞ քաղաքակիրթ չլինել ու չգնահատել քաղաքակրթվածությունը:

Թերթերից մեկում նորերս կարդացի, որ Իտալիայի պառլամենտը որոշում է ընդունել՝ բարձր աշխատավարձ ստացող պետական այրերի աշխատավարձը 10 տոկոսով կրճատել ի շահ ժողովրդի:

Հնարավոր չէ՞, արդյոք, որ մերոնք էլ դիմեն նման հումանիստական քայլի՝ առաջարկեն կրճատել բարձր աշխատավարձերի և թոշակների 10-20 տոկոսը՝ ի նպաստ ցածր աշխատավարձ ու կենսաթոշակ ստացողների: Դրանով միգո՞ւցե կրճատվի հուսահատությունից «գոռալ ցանկացողների» թիվը:

Սերգեյ ՀԱԽՈՒՄՅԱՆ

—————————————————————————————

Մշակույթ

ՈՐՊԵՍ ԴԵՐԱՍԱՆ ԵՍ ԱՅԼԵՎՍ ԻՄ ՄԱՍԻՆ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԽՈՍԵԼ

Վերջին անգամ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը ծափողջույններից այսպես թնդացել էր, երբ այստեղ էր Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը: Իսկ այս անգամ էլ Սոս Սարգսյանի գլխավորած Համազգային թատրոնը «թնդացրեց» դահլիճը: 4 հրաշալի օրեր և 4 հրաշալի ներկայացում՝ մեծահասակների («Ախ, կանայք, կանայք», «Ծննդյան տոները սինյոր Կուպելոյի տանը», «Շխոնց Միհրան») և երեխաների համար («Անբան Հուռին»): Դահլիճը լեփ-լեցուն էր, վարագույրն իջնելուց հետո անգամ արցախցի հանդիսատեսը երկար ժամանակ բաց չէր թողնում դերասաններին:

Ինչ խոսք, կարոտ է մնացել Ստեփանակերտի հանդիսատեսը դերասանական լավ խաղի, բեմի գեղեցիկ ձևավորման, ռեժիսորական բազմաբովանդակ լուծումների և, ինչու չէ, լուրջ պիեսների: Եվ ահա այդ ամենը միաձույլ հրամցվեց, ինչի համար երախտապերտ ենք մեծն Սոս Սարգսյանին, կամ, ինչպես նրա սաներն են ասում՝ Սոս Արտաշեսովիչին:

Կարող եք պատկերացնել, թե որքան դժվար էր այդ օրերի «թոհուբոհի» մեջ մոտենալ  մեծահամբավ դերասանին, սակայն, ինչպես ղարաբաղցիք են ասում՝ «ղաթը ճղեցինք» և խնդրեցինք պատասխանել մեր հարցերին:

– Ներկայացումից առաջ Դուք հանդիսատեսին ասացիք՝ «առաջին անգամն եմ այստեղ որպես արվեստագետ»: Բայց Դուք հոգեպես միշտ մեզ հետ էիք, միշտ մեզ հետ էին Ձեր մարմնավորած կերպարները:

Դուք հայության մեջ ամենուր էինք: Եւ ահա այսքանից հետո՝ հետադարձ հայացք ձգելով Ձեր անցած ողջ ճանապարհի վրա, ինչպե՞ս կբնութագրեր արվեստագետ Սոս Սարգսյանն ինքն իրեն:

– Երբ մարդը երկար է ապրում, ապա տարիների ընթացքում անընդհատ՝ ուզի-չուզի, կուտակումներ է ունենում՝ կյանքի փորձ, մինչև անգամ իմաստություն է ձեռք բերում: Ցավոք սրտի, բնությունն այնպես է ստեղծել, որ որքան շատ ես իմանում, որքան շատ ես փորձ ձեռք բերում, այնքան ուժերդ պակասում են. խոսքս ֆիզիկական ուժերի մասին է: Այնպես որ, որպես դերասան ես այլևս իմ մասին չեմ կարող խոսել: Դերասանությունը ծանր ֆիզիկական գործ է, այն մեծ ուժ է պահանջում: Բայց ես խնդիր եմ դրել իմ ունեցած կյանքի փորձը, իմ սովորածը փոխանցել իմ երիտասարդ գործընկերներին: Եվ ինչպես նկատեցիք, Համազգայինը կազմված է հիմնականում երիտասարդներից: Դերասանությունը բոլոր իմաստներով դժվարին գործ է, բայց վերջին հաշվով՝ ի՞նչ է դերասանը: Դերասանը մարդ է, մարդ, որն ինքն իրեն դուրս է բերում բեմ: Եվ ինչ էլ խաղաս, միևնույն է՝ դու ես: Դրա համար ես միշտ իմ երիտասարդ ընկերներին ասում եմ, որ կարևորն այն է, թե դուք ինչպիսի մարդ եք, ինչքան եք հարուստ, ինչքան եք աչքաբաց, ինչքան եք կարողանում սպունգի նման ներծծել կյանքը, նկատել կյանքի բարդությունները, խորխորատները: Որովհետև այդ ամենն է մարդուն դարձնում անհատականություն, և եթե այդ անհատականությունը կայանում է, բեմի վրա հետաքրքիր է դառնում: Այս է իմ խնդիրը՝ թատրոնը որքան կարելի է լավ պահել, երիտասարդ ընկերներիս որքան կարելի է օգտակար լինել:

– Ըստ Ձեզ, ինչո՞վ է Համազգայինը տարբերվում մյուսներից:

– Թատրոնները մեծ դեր ունեն և արվեստում, և պետականության կառուցման, և հասարակության ձևավորման գործում: Մենք նոր ենք պետություն դառնում, նոր ենք  հասարակություն ձևավորում, իսկ ո՞վ պիտի ձևավորի, ո՞վ պիտի հենարան լինի, ուղղություն ցույց տա: Թատրոնը: Ցավոք սրտի, այսօր թատրոններն այդ դերը չեն խաղում, որովհետև այս ծանր տարիներին զբաղված էին միայն գոյատևելու խնդիրը լուծելով: Բայց այսօր արդեն ժամանակն է, որ թատրոնը քաղաքական հարցեր բարձրացնի, ակտիվորեն միջամտի կյանքին, խարազանի վատը, բարձրացնի լավը, բարին, մարդու էությունը, արժանապատվությունը: Սրանք շատ կարևոր բաներ են, և թատրոնը շատ անելիքներ ունի:

– Իսկ կա՞ն թատրոններ, որ ձգտում են այդ առաքելությանը:

– Կան: Կարծում եմ՝ հիմա արդեն Երևանի թատրոնները մի քիչ արդեն ուշքի են եկել և այդ ճանապարհի վրա են: Հասկանում են, որ պարտականություններ ունեն, հասկանում են, որ իրենք պետք է նորից խաղան այն դերը, ինչ թատրոնը խաղացել է նախկինում:

– Կարելի՞ է ասել, որ Համազգայինի ստեղծումը հենց այդ նպատակն էր հետապնդում:

– Այո, որովհետև ես ինքս ինձ միշտ համարել եմ այս երկրի քաղաքացի և որպես քաղաքացի շատ պարտականություններ ունեմ և հենց այդ իմաստով էլ ես աշխատում եմ դաստիարակել թատրոնի աշխատողներին: Հենց այդ ուղղությամբ է, որ ուզում եմ նրանք «տարածվեն»:

– Դուք երկար տարիներ ղեկավարել եք Երևանի թատերական ինստիտուտը: Ու թեև այսօր արդեն ռեկտոր չեք, բայց շատերը շարունակում են ինստիտուտն առնչել Ձեր անվան հետ:

– Անհամեստություն չթվա, բայց այն 6-7 տարիների ընթացքում, որ ես ռեկտոր էի, ինչ կարողացել եմ՝ արել եմ: Եվ կարող եմ հանգիստ սրտով ասել, որ իմ գաղափարները, անելիքը ինստիտուտում կարողացել եմ կյանքի կոչել, հիմքը դնել: Այն հիմքը, որ հիմա կա, իսկ թե հետո ինչ կլինի՝ չգիտեմ:

– Սովորաբար տարիքն առած դերասաններն ասում են, թե իրենց փոխարինող չկա: Իսկ Դու՞ք…

– Դժվար է ասել, որ որևէ մեկը նորից կկրկնվի, որ կծնվի մի նոր Հրաչյա Ներսիսյան, մի նոր Խորեն Աբրահամյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Մետաքսյա Սիմոնյան: Ամեն մի սերունդ իր դերասանն ունի: Հիմա, որ նայում եմ մեր դերասաններին, շատ տաղանդավոր երիտասարդներ եմ տեսնում, սրանք էլ իրենց սերնդի նկատմամբ իրենց խնդիրը կկատարեն:

– Ձեր կարծիքով, ինչո՞ւմն է նրանց և ձեր սերնդի  տարբերությունը:

– Տարբերությունը շատ մեծ է: Որովհետև ժամանակներն էլ տարբեր են: Խորհրդային տարիներին ուրիշ էր, իսկ հիմա ուրիշ ժամանակ է: Այն ժամանակ ուրիշ գաղափարախոսություն էր, հիմա ուրիշ ձգտումներ են, ուրիշ միտումներ ու ուղղություններ են: Անկասկած՝ տարբերությունը հսկայական է:

– Ընդունված է ասել, որ նախկինում թատրոնին վերաբերվում էին որպես սրբավայրի, մի բան, որ այսօր չկա: Կվերականգնվի՞ բարի ավանդույթը:

– Կարծում եմ՝ կվերականգնվի:

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ թատերական ինստիտուտը կարո՞ղ է լինել այն դարբնոցը, որտեղ կձևավորվի հենց այդ առաքելությունը կատարելու ունակ սերունդը:

– Կարող է լինել, և՝ է:

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

——————————————————————————————-

ՆՐԲԱԳԵՂՈՒԹՅՈՒՆ «Ա-ԼՅԱ ԱՐՑԱԽ»

Հմայիչ կինը միշտ էլ դյութել է հասարակությանը իր նրբագեղությամբ, իսկ նրբագեղ կանայք, ի ցավ հասարակության ու հատկապես նրա արական մասի՝ քիչ են լինում: Դրա համար էլ հաճախ են որոնում նրանց: Իսկ որոնելու ձևերից մեկն էլ մրցույթն է: Մեզ մոտ արդեն ավանդական դարձած նրբագեղության մրցույթն անցկացվեց նաև այս տարի: Ու այս անգամ, համենայն դեպս, հավատարիմ չմնաց իր սկզբունքներին:

Ընտրված 9 գեղեցկուհիները, օժտված լինելով բնատուր հակումներով, չափազանց յուրօրինակ ներկայացրին իրենց անհատական համարները: Ինչպիսի¯ ձայնային տվյալներ, ինչպիսի¯ նմանակումներ՝ խենթանալ կարելի է… Եթե միջոցառմանը ներկա գտնվեր ռուսական էստրադայի աստղ Վիտասը և լսեր իր երգի կրկնօրինակումը, ապա շտապ կհորիներ երգի երկրորդ տարբերակը և կհրաժարվեր առաջինից:

Իսկ ինչպիսի¯ նրբագեությամբ, մարդկային բնության ու սրտի նուրբ լարերին դիպչող ռոմանտիկ բանաստեղծություններ հրամցվեցին՝ սահյանական պոեզիայից մինչև Սևակ: Պարզապես տեղափոխվել կարելի էր անուրջների աշխարհ: Իսկ պոեզիայի գիտակներն էլ հազար անգամ զղջացին, որ Սևակ ու Սահյան են սիրել:

Բա պարե¯րը… Ակնհայտ է, որ բարձրակրունկ կոշիկները հարմար են միայն որոշ պարերի համար (լատինական, պասադոբլ), իսկ որ դրանք կարող են ծառայել նաև պորտապարերի ընդգծված շարժումներն արտահայտելու համար՝ այդ մասին իմացանք հենց մրցույթի ժամանակ:

Ինչ որ է, երեկոն շարունակում էր իր նրբագեղ ընթացքը, իսկ հանդիսատեսներին էլ տանջում էր այն հարցը, թե ով է արժանանալու գեղեցկության թագին: Իսկ արժանացավ, իհարկե, «ամենանրբագեղը, ամենահիասքանչը և ամենաշնորհալին»:

Հաղթեց մրցույթի ամենակրտսեր մասնակիցը: Իսկ եթե «ամենակրտսերին» հավելենք ընտրված գեղեցկուհու դպրոցական լինելու հանգամանքը, ապա կարելի է ենթադրել, թե սա ինչպիսի խանդավառություն կառաջացնի մեր հանրակրթական օջախներում՝ խթանելով ուսումնական գործընթացը:

Վարսիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Անահիտ ՀԱԿՈԲՅԱՆ / ԱրՊՀ, ժուռն., 5-րդ կուրս

 

ԵՍ ԵԿԵԼ ԵՄ ՋԱՋՈՒՌԻՑ

Երևանի Զեյթուն-Քանաքեռ համայնքում մեկ տարի առաջ բացվեց Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոց, որը կոչված է շարունակելու մեծ նկարչի ավանդները: Դպրոցում ներգրավված են 70 պատանիներ, որոնք սովորում են ոչ միայն նկարել, այլև մեր ազգային կերպարվեստի անկյունաքարերին են ծանոթանում:

Մ. Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցի տնօրեն Հովիկ Տեր-Գևորգյանի գլխավորությամբ և Քանաքեռ-Զեյթուն համայնքի հովանավորությամբ նորերս կազմակերպվեց Մանկապատանեկան գեղանկարիչների անդրանիկ փառատոն: Փառատոնի բացումը տեղի ունեցավ հուլիսի 21-ին՝ Մ. Ավետիսյանի կիսանդրու մոտ ծաղկեպսակի տեղադրումով: Բացման խոսքից հետո մասնակիցները անցան գեղանկարչական աշխատանքների կատարմանը: Իսկ հաջորդ օրը եղավ այցելություն Ջաջուռ՝ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան:

Հարկ է նշել, որ մրցույթին իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաև Ստեփանակերտի Հ. Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաներ  Մասիս Բաբայանը, Արշակ Ասկարյանը, Հովիկ Մայիլյանը՝ իրենց նկարչության դասատու Ռոբերտ Ասկարյանի գլխավորությամբ: Արցախցի բոլոր մասնակիցներն էլ արժանացան պատվոգրերի:

Ահա թե ինչպես է միջոցառումը գնահատում Ռ.Ասկարյանը.

-Բոլոր պատանի նկարիչներին համախմբել էր Մինասի հոգու լույսը: Այն սենյակում, որտեղ նկարում էին երեխաները, դիմացի պատին կախված էր Մինասի մեծ դիմանկարը, կարծես այդ հանգամանքն էլ էր տրամադրում: Փառատոնին ներկայացել էին նաև Մինասի որդիները, զրուցել մասնակիցների հետ: Երեխաները հնարավորություն են ունեցել շփվել միմյանց հետ (ՀՀ բոլոր շրջաններից մասնակիցներ են եղել), այցելել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Ընդհանուր առմամբ գոհ ենք, ամեն ինչ անցավ հետաքրքիր ու բովանդակալից, և ես հույս ունեմ, որ փառատոնին մասնակցած երեխաները իրենց կյանքում միշտ կհիշեն այդ անմոռանալի օրերը: Սա ինքնազարգացման մի հիանալի միջոց է: Հանձնախմբի կողմից ընտրված աշխատանքները կհավաքվեն, կտպագրվի բուկլետ, կկազմակերպվեն շրջիկ ցուցահանդեսներ Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև, համաձայն ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների՝ աշխատանքները կընդգրկվեն ՄԱԿ-ի «UNISEF» ծրագրի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՀՄՖ-ի (Հայկական Մշակութային ֆոնդի) կողմից կազմակերպվելիք ցուցահանդեսներում:

Իսկ ես խոսքս կցանկանայի ավարտել Մինասին ուղղված Մ. Սարյանի հայտնի խոսքերով, որոնք ուղերձ են նաև ապագա բոլոր արվեստագետներին. «Ես քեզանից մեծ եմ հիսուն տարով, ափսոս, որ քիչ ժամանակ է մնացել: Որտե՞ղ էիր: Ինչո՞ւ ավելի շուտ չեկար: Մի մոռացիր, որ արվեստը պայքար է սիրում: Հիմա ես արդեն մենակ չեմ: Դու ևս մենակ չես: Ուրեմն՝ շարունակիր պայքարել: Ես հավատում եմ քո լավ ձեռքերին»:

Շուշան

 

ՀՈԳՈՒ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽՆԻՆԵՐԻ ԿԱՆՉ

Արշալույս Սարգսյանը (Ադելա) ծնվել է 1937 թվականին, Մարտունու շրջանի Պառավաթումբ գյուղում: Ավարտել է Շուշիի մանկավարժական ուսումնարանը եւ Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի դպրոցական բաժինը: 1964¬ին տեղափոխվել է Հայաստան եւ հաստատվել Աբովյան քաղաքում: Երկար տարիներ որպես ուսուցիչ աշխատել է Աբովյան քաղաքի դպրոցներում: 2000թ. աշխատել է քաղաքի արհեստագործական ավագ դպրոցում. դասավանդել է ասեղնագործություն:

Տաղանդավոր մարդն ամեն ինչում է տաղանդավոր: Բացի նրանից, որ տիկին Ադելան հրաշալի ասեղնագործ աշխատանքներ ունի, նաև հեղինակ է պատմվածքների, բանաստեղծությունների, երգերի: Հատկապես ուշագրավ են ղարաբաղյան բարբառով գրված նրա երգերը:

Մեր զրույցի ժամանակ ասաց, որ ափսոսում է, երբ նախնիների ստեղծած բառը, կարպետը, երգը, ժանյակը կորչում է: Ահա թե ինչու որոշել է հավաքել այդ ամենը, որպեսզի ստեղծվածը դեռ երկար տարիներ ծառայի մարդկանց:

Ա. Սարգսյանի հետաքրքրությունների կենտրոնում ձեռագործությունն է, հատկապես՝ ղարաբաղյան ասեղնագործությունը, որի նկատմամբ հատուկ սեր է տածում: Տիրապետում է ղարաբաղյան ասեղնագործության բոլոր կարաձեւերին: Տարիների ընթացքում նա հավաքել է նաեւ հայրենի բնաշխարհի շնորհաշատ կանանց ձեռագործ աշխատանքները: Շրջել է Արցախով մեկ, բառացիորեն մտել բոլոր տները, հավաքել ու մշակել է, կարգի բերել ու վերականգնել ձեռագործական արվեստի հարյուրավոր նմուշներ:

1987-ի օգոստոսին առաջին անգամ Արցախում՝ Ստեփանակերտի պատկերասրահում, բացվեց Արշալույս Սարգսյանի կիրառական աշխատանքների ցուցահանդեսը: Եվ տարբեր բնակավայրերից գալիս էին կանայք, ցույց տալիս իրենց հոգու ջերմությունն ու քնքուշ մատների խորհուրդը բովանդակող գործերը: «Ահա այստեղ ես սրտի ցավ զգացի, կսկիծ ու դառնաղի մորմոք ապրեցի, որ մեր նախնիներից ժառանգություն ստացած այս մասունքները կորստյան, անհետացման ճանապարհին են: Հենց այդ պահից էլ ձեռնամուխ եղա հավաքել, ժամանակագրական կարգով ճշգրտել, թարմացնել, ուսումնասիրել եւ տարածել ձեռագործ այդ աշխատանքները. չէ՞ որ դրանք Արցախ աշխարհի մշակույթի պատմության ոգեշունչ ու հոգեհմա «էջերն» են: Այսօր իմ հավաքածուում կան ոճական տարբեր համադրումներով, գունային առինքնող լուծումներով հարուստ ու բազմազան նրբահյուս 500-ից ավելի աշխատանքներ, շուրջ 100 եւ 200 տարվա մասունքներ, ձեռագործական արվեստի արժեքավոր գործեր: Իմ հավաքած բանվածքների զարդանախշերը տիպիկ արցախյան են եւ չեն կրկնվում: Պատեհ առիթն ուզում եմ օգտագործել եւ իմ երախտիքի խոսքն ասել բոլոր նրանց, ովքեր դույզն-ինչ օգնել են ինձ, խրախուսել՝ կատարելու ազգապահպան այդ գործը՝ սիրով տրամադրելով ձեռագործ աշխատանքների յուրահատուկ տեսականին: Եթե իմ համեստ աշխատանքով կարողանամ բոլորեքյան ներկայացնել արցախուհիների անզուգական ստեղծագործությունները, այնժամ ես ինձ վարձատրած կլինեմ եւ հանգիստ կզգամ»,- ասում է Արշալույս Սարգսյանը:

Եւ ահա Ստեփանակերտի «Սոնա» հրատարակչությունում լույս է տեսել մի հրաշալի գիրք՝ «Արցախի ժանյակներ»: Այն հովանավորել է ԼՂՀ կրթության եւ մշակույթի նախարարությունը: Գիրքը արվեստի  սուրբ մասունքների հավաքածու է, արցախցի կանանց ու աղջիկների հոգու ջերմություն: Թերթում ես գիրքը ու աչքիդ առաջ պատկերանում է գեղջկական մի բակ, որտեղ ժամանակը կանգ է առել: Բակի մի անկյունում բուրդ է չորանում, մի քիչ հեռու՝ թթենու ստվերի տակ, տան հարսներն ու աղջիկները թել են մանում: Ջահել հարսը մեկընդմերթ օրորում է նրբահյուս ժանյակով ծածկված օրորոցը: Իսկ աղջնակը, որի համար օժիտ են պատրաստում, լուռ երազում է փեսացուի մասին: Նրա մուրազին միայն սուր ասեղն է խանգարում: Տանտիկինը կարպետ է գործում: «Կարպետ գործեմ, մեկնեմ բակում եւ դարդերս փաթաթեմ մեջը»: Ժամանակի հնամենի բույրն է Ադելա – Արշալույս Սարգսյանի գրքում:

«Վերջին տարիներին կատարած իմ ուսումնասիրություններն ու պրպտումները կիրառական արվեստի՝ ձեռագործության բնագավառում, որի շնորհիվ կարողացա ստեղծել այս պատկերագիրքը, նախադրյալներ են ստեղծում խոսելու ձեռագործի այն բազում նմուշների, մասունքների մասին, որ պահպանվել են Արցախի կանանց խճանկար բոխչաներում, մասունքներ, որոնք դուրս են մնացել ուսումնասիրությունից: Տպագրվելիք պատկերագիրքս պարունակում է մեծ թվով նյութեր, որոնք գիտական, ճանաչողական անուրանալի արժեք ունեն եւ ներկայացնում են Արցախի ասեղնագործության, հելունագործության եւ շյուղագործության բնագավառին վերաբերող մեծաթիվ նմուշներ: Առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվում բավականին հարուստ, դեռ չուսումնասիրված, գրեթե անհայտ նյութեր, որոնք առավել մաքուր են պահպանել ազգային «ձեռագիրը»: Զարմանալիորեն նրբահյուս գործեր են ստեղծել մեր նախնիները: Հյուսել են ճրագի լույսի տակ, ցուրտ խրճիթներում, հողածածկ տներում: Արցախում լայն տարածում ուներ ժանեկագործական արվեստը: Մարդու կենցաղից անբաժան են եղել պատի նրբահյուս զարդերը, ծածկոցները, սրբիչներն ու սփռոցները:

Ճարտարապետական կառույցների զարդանախշերը, խաչքարերը, առանձին զարդաքանդակներ պահպանել են դարերից եկող զարդարվեստի ինքնատիպությունը, որոնք ընդհանուր աղերսներ ունեն ասեղնագործության հետ», – նշում է տիկին Ադելան:

Հետաքրքիր դիտարկումներ է արել տիկին Ադելան: «Ուշագրավ է այն, որ Արցախի, Գանձակի, Նախիջեւանի հայուհիների աշխատանքներից դեռեւս հնագույն ժամանակներից մեզ են հասել վարագույրների, ծածկոցների, բարձի երեսների, տակդիրների եւ այլ հյուսվածքների նմուշներ,- գրում է նա:

Կամա թե ակամա հարց է ծագում. ե՞րբ, որտե՞ղ եւ ո՞վ էր այն հնարամիտ կինը, որ հղացավ նախշազարդեր ստեղծելու գաղափարը եւ որը կատարելագործելով՝ ժանեկագործների հաջորդ սերունդներին փոխանցեցին: Փոխանցեցին մի արվեստ, որի միջոցով կարելի է ժամանակակից զգեստը հարստացնել՝ դարձնելով շքեղ տարազ, ազգային շունչ հաղորդել սփռոցին, սրբիչին, անձեռոցիկին, օձիքին, գոտիներին: Աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերի միջեւ գոյություն ունեն մշակութային սերտ կապեր: Ամերիկայում ապրող Աշխարհուհի Ավագյանի ստեղծած հելունահյուս տակդիրը նման է դիզակցի Թամարա Սարգսյանի տակդիրին: Թեհրանում ծնված, բայց արմատներով շուշեցի Իսագուլյան տոհմի ժառանգորդուհի Մարի Իսագուլյանի սփռոցը նման է շուշեցի Սառա Արիստակեսյանի սփռոցին: Արցախում լայն տարածում ուներ ցորենի հասկերից «խաչփունջ» պատրաստելը: Արցախցին հասկի քիստեր է հյուսել, ջրի փայտե կուլա է սարքել, խմոր հունցել փայտե տաշտում: Նա եղել է մայր ժողովրդի տոհմիկ ազգային ավանդների կրողը եւ դար ու դարեր գեղեցիկը համատեղելով՝ արհեստը դարձրել է արվեստ, նյութականը՝ ոգեղեն»:

Գիրքը մի իսկական հրաշք է: Հուսանք, որ կլինի շնորհանդես, որտեղ հեղինակն ինքը կներկայացնի իր ստեղծագործությունը, գուցե կերգի ասեղնագործության ժամանակ ծնված երգերը, կպատմի, թե ինչպես է գործել սովորել տատից, կներկայացնի վերջերս հրատարակված իր մի քանի գրքեր եւս: Պարզվում է, նրա մանկական երգարաններով են պատրաստում հանդեսներ Ղարաբաղի մանկապարտեզներում:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

——————————————————————————————-

Խճանկար

ԱՐՑԱԽՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Եփած փիփերթ – Եփած փիփերթը սիրված կերակրատեսակ է Արցախում: Շատերն են ցանկանում իրենց խոհանոցում ունենալ եփած փիփերթ: Արցախում փիփերթը կարելի է ձեռք բերել տարվա բոլոր եղանակներին: Այն առատորեն աճում է գյուղամերձ բանջարանոցներում, այգիներում: Փիփերթը, հատկապես շուկայից գնածը, պետք է մի քանի անգամ լվանալ սառը ջրում, քամել, ապա լցնել եռացող ջրի մեջ: Ջուրը պետք է փիփերթից բարձր լինի 3-5 սմ: Եփում են մինչև փիփերթի զոխերի փափկելը: Վերջում գցում են աղ և մանր կտրտած մաղադանոս: Փիփերթը ուտում են իր հյութի հետ միասին: Կարելի է ավելացնել ծեծած սխտոր, գինու քացախ (ըստ ճաշակի) և բրդել չոր հացի կտորներ:

Տապակած բանջար (եղինջ)՝ ձվով – Մատղաշ բանջարը լավ լվանում են և եփում նախապես եռացող ջրում՝ մինչև զոխերի փափկելը: Այնուհետև քամում են փլավքամիչով: Առանձին թավայում պատրաստում են սոխառած, վրան լցնում քամված բանջարը և տապակում 5 րոպե: Վերջում գցում են ձուն և աղը: Մատուցում են տաք վիճակում:

Բաղադրամասն է՝ 1 կգ բանջարին 20 գրամ հալած յուղ, 1 ձու:

Ավելուկ – Ավելուկը քաղում են գարնան վերջին: Թարմ ավելուկը մաքրում են, լվանում սառը ջրով, դնում մարմանդ կրակին և եփում մինչև արմատի փափկելը: Հինգ րոպե մնացած մինչև եփելը գցում են աղ, չորացրած հոն կամ մանր կտրտած հոնի լավաշ:

Ավելուկը օգտագործում են տաք և սառը վիճակում: Ձմռանն ավելուկ ունենալու համար այն քաղում են գարնանը և հյուսում (ծամ անում), ապա չորացնում ստվերում և պահում ձմռան համար: Ձմռանը չորացրած ավելուկը մի քանի անգամ լվանում են տաք ջրով, որպեսզի լավ մաքրվի և փափկի: Այնուհետև եփում են այնպես, ինչպես՝ թարմը:

Կրմուզուկ – Կրմուզուկը քաղում են գարնան վերջին ամսում. գերադասելի է չբացված կրմուզուկը:

Կրմուզուկը կարելի է եփել, թթու դնել և փակել բանկաներում (մարինադ, պահածո):

Եփելու համար կրմուզուկը մաքրում են ավելորդ կեղևից, լվանում, լցնում եռացող ջուրը. ջուրը պետք է կրմուզուկից բարձր լինի 3-4 սմ: Եփելուց հետո քամում են փլավքամիչով: Մատուցում են տաք և սառը:

Թթու դնելու համար պատրաստի կրմուզուկը փունջ-փունջ են անում, կապում թելով և լցնում նախապես եռացող ջուրը, պահում 1-2 րոպե և քամում փլավքամիչով, այնուհետև փնջերը կիպ դասավորում են էմալապատ կաթսաների կամ ապակյա բանկաների մեջ, որից հետո վրան լցնում պատրաստի աղաջուրը: Աղաջուրը պատրաստում են հետևյալ կերպ՝ 1լ եռացրած և սառեցրած ջրին խառնում են 30գ աղ, 1թեյի գդալ ուքսուս:

Փակելու համար (մարինադ) փնջերը պատրաստում են այնպես, ինչպես թթվինը և նույն ձևով դասավորում բանկաներում (1լ բանկային 1թեյի գդալ աղ և 1թեյի գդալ ուքսուս):

Թերթերուկ – Թերթերուկը ղարաբաղցու սիրած թխվածքներից մեկն է, առանձնապես՝ երեխաների համար: Խմորը հունցում են ոչ պինդ, ինչպես ժենգալով հացը (ալյուր, ջուր, աղ): Այն բաժանում են 300 գրամանոց գնդերի, բարակ շերտով գրտնակում, երեսին քսում հասը (խորիզը), այնուհետև բռնելով երկու ծայրերից, զգուշությամբ փաթաթում են, նորից դարձնում գունդ և բարակ շերտով գրտնակում: Թերթերուկը թխում են սաջի վրա՝ երկու կողմից:

Հասի պատրաստումը-ձեթը, շաքարավազը և ալյուրը խառնում են, պատրաստում ոչ պինդ զանգված: Մեկ թխվածքի բաղադրամասն է.

խմոր – 200 գ ալյուր, գոլ ջուր, մի պտղանոց աղ:

հաս – 100 գ ձեթ, 100 գ շաքարավազ, երկու ճաշի գդալ ալյուր:

Արցախի գաթա – Արցախի գաթա թխելու համար ալյուրը մաղում են, մեջը փոս անում, առանձին ամանում խաշը բացում են գոլ ջրով, աղով անում, խառնում ալյուրին, հունցում ոչ պինդ խմոր եւ դնում տաք տեղ (1.5-2 ժամ)՝ խմորման համար: Առանձին պատրաստում են հաս (խորիզ): Դրա համար շաքարավազին խառնում են փափկեցրած յուղ, լավ հարում, ավելացնում ալյուր և խառնում այնքան, մինչև ստացվի ոչ պինդ միաձույլ զանգված:

Պատրաստի խմորը բաժանում են 500 գրամանոց գնդերի, թեթևակի գրտնակում, մեջը տեղադրում 300 գրամ հաս, խմորի եզրերը միացնում մի քանի տեղից, ծածկում, գրտնակում, երեսին քսում ձվի և մածնի խառնուրդ, նախշում պատառաքաղով և տալիս 2սմ հաստությամբ բլիթների տեսք:

Արցախի գաթան, ինչպես ընդունված է, թխում են թոնրի մեջ, տեփի օգնությամբ:

Տապակած ծնեբեկ ձվով – Ծնեբեկը արցախցիներին հայտնի է շատ հին ժամանակներից, ունի թարմացուցիչ և բուժիչ հատկություն, հարուստ է վիտամիններով և հանքային աղերով: Ծնեբեկը աճում է վաղ գարնանը, ձյունը հալվելուն պես: Սննդի համար առավել պիտանի է հողի տակ գտնվող սպիտակ մասը և հողից 5-10 սմ բարձրացած կանաչ մասը, ավելին օգտագործման համար պիտանի չէ:

Ծնեբեկ պատրաստելու համար թարմ, հյութալի ընձյուղները մաքրում են կոշտ կոթերից, կտրատում, լվանում սառը ջրով և եփում թույլ աղաջրում, մինչև սպիտակ մասի փափկելը, որից հետո քամում փլավքամիչով:

Թավայում առանձին պատրաստում են սոխառած, վրան լցնում քամված ծնեբեկը և տապակում մարմանդ կրակի վրա: 2-3 րոպե մնացած մինչև պատրաստ լինելը՝ ավելացնում են ձուն և աղը: Ծնեբեկը մատուցում են տաք վիճակում, համեմելով կանաչիով: Մեկ բաժնի համար պահանջվում է 400 գ ծնեբեկ, 50 գ գլուխ սոխ, 30 գ հալած յուղ, 2 ձու:

Թանով ճաշ (թանով ապուր) – Թանով պատրաստելու համար մածունը բացում են սառը ջրով 1:1 հարաբերությամբ: Առանձին կաթսայում լավ հարում են ձուն և ալյուրը ու խառնելով ավելացնում ջրով բացած մածնաթանը, մաքրած, լվացած բրինձը, դնում մարմանդ կրակին և անընդհատ խառնելով՝ հասցնում եռման, այնուհետև շարունակում եփել մինչև բրնձի պատրաստ լինելը: Թանովը մատուցվում է տաք և սառը վիճակում, ավելացնելով համեմ և անանուխ (նանա):

Մեկ բաժնի համար անհրաժեշտ է 200 գ մածուն, 25 գ բրինձ, 1/2 ձու, 10 գ ալյուր:

Կայծեր ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
6-րդ կարգի խոհարար

 

ԱՍՈՒՅԹՆԵՐ

Զուտ հայկական է, երբ ոմանց ոչ մի կերպ չի հաջողվում ուղիղ նստել և ուղիղ խոսել, առաջարկվում է «Ծուռ նստել-ուղիղ խոսելը»:

Մարդն իրեն անհանգստացնող շատ բաներից կարող է փախչել, խուսափել, բացի ինքն իրենից:

Խելոքին երբ խելոք են անվանում, ասում է՝ իմաստուններն են շատ, իսկ իրական անհասկացողին երբ հիշեցնում են իր մասին, զարմանում է, որովհետև իրեն ամենախելոքն է համարում:

Կան մարդիկ, որ ուրիշների խելացի մտքերն են յուրացնում, ոմանք էլ՝ սխալներով են ոգևորվում ու կրկնում:

Եսասերները սովորաբար իրենց բարոյական վեհ հատկություններ են վերագրում, բայց հարկ եղած դեպքում դրանք երբևէ ի հայտ չեն գալիս:

Անառակության առջև առաքինության նվաստանալը դիտվում է որպես անբարո, բայց դա կարող է լինել նաև հոգու խիզախություն՝ նայած հանգամանքներին:

Երախտամոռությունը նույնն է, ինչ ստոր դավաճանությունը:

Ի սկզբանե անարդար էր, երբ մեղավորների մեղքերի համար զոհ են դարձրել անմեղներին:

Ամեն մի չարիք անպայման պետք է պատժվի, բայց դա դեռևս երաշխիք չէ, որ այն չի կրկնվի:

Անհամերաշխ ընտանիքներում խիստ պատժվում են երեխաները, իսկ պետություններում քաղաքական առճակատումների պայմաններում՝ ժողովուրդը:

Հանուն «աղուհացի» հնարավոր է ներել նյութական վնաս հասցնողին, բայց ոչ արժանապատվությունը ոտնահարողին:

Մարդ կա՝ ապրում է միայն կյանքի բարիքներից օգտվելու համար, մարդ էլ կա՝ միայն բարիքներ է ստեղծում, առանց օգտվելու:

Երբ համբերատարի համբերությունն սպառվում է, նրանից ներում ստանալու հավանականությունն էլ կարելի է սպառված համարել:

Մարդը գաղափարի կամազուրկ ու անգործունյա ստրուկը չպիտի դառնա, այլ պետք է կարողանա այն ծառայեցնել ստեղծարար գործունեությանը:

Լինել մեծահոգի ու ներողամիտ՝ վեհանձնություն է: Սակայն շարունակ հանդուրժելն ու ներողամիտ լինելը անհասկացողի նկատմամբ՝ անհանդուրժելի է:

Մարդու բանականությունն առօրյա հոգսերի հետ միասին շարունակ զբաղված է լինում իր հոգեկանը արտաքին աշխարհի հետ հաշտեցնելու բարդ խնդրով:

Խղճով մարդը իր ուսերին չի զգում կարիքավորի բեռան ծանրությունը:

Չիրականացած երազանքից, այնուամենայնիվ, մի փշրանք հույս է մնում, որն օգնում է կյանքն ինչ-որ ձևով շարունակելու համար:

Գիշատչի զոհ դառնում են ոչ միայն թույլերը, այլև դյուրահավատ ուժեղները:

Ծռված մեխին որքան ուզում ես ուղիղ խփիր՝ անօգուտ է, չի ուղղվի, էլ ավելի կծռվի: Այդպես էլ ծուռ հոգու տեր մարդկանց հետ. որքան ուզում ես ազնիվ, շիտակ խոսիր՝ անօգուտ է:

Ազնվությունը մարդկային այն վեհ հատկությունն է, որով հիանում են շատերը, իսկ առաջնորդվում՝ քչերը:

Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s