№ 13 / 15 օգոստոս

ԴԱՆԴԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՌՈՒՄԲ
կամ՝ ու՞մ համար է ռազմական դրության ռեժիմը

ՀՀ Սահմանադրությունը, ինչպես հայտնի է,  չի նախատեսում ընտրություններ (նախագահական, խորհրդարանական և այլն) ռազմական և արտակարգ դրության պայմաններում, իսկ ահա ԼՂՀ Սահմանադրության նախագիծը երկակի վերաբերմունք է ապահովում՝ կոնկրետ իրավիճակից կախված թույլատրելի կամ անթույլատրելի համարելով դրանք: Առաջին հայացքից թվացյալ համեմատական «առաջադիմություն» փաստող այս դրույթն իրականում մեծ վտանգ է պարունակում իր մեջ՝ ամեն ինչ կախվածության մեջ դնելով գործող իշխանություններից, այլ ոչ թե օրենքներից:

Նման տրամաբանությունը խարսխված է մշտատև ռազմական դրության հենքին: Ավելի պարզ ասած՝ մեր իշխանությունները ուզում են, որ ռազմական դրության ռեժիմը հարատև  լինի, բայց քանի որ նաև «ժողովրդավարության ուղեգիծ» են հռչակել, ուստի հասկանում են, որ ընտրություններին որոշակի տեղ չտալը պարզապես չի հասկացվի: Սա շատ վտանգավոր միտում է, մի յուրօրինակ դանդաղ գործողության ռումբ:

Այսօր, ինչպես հայտնի է, մեզ մոտ ռազմական դրության ռեժիմն է գործում, որն արգելում է ցույցերն ու հանրահավաքները, գրաքննություն (ցենզուրա) է նախատեսում, ինչպես նաև հնարավորություն է տալիս քաղաքացուն տևական ժամանակով կալանքի ենթարկել: Քաղաքացիներին ցանկացած պահի կարող են նաև տանել ցանկացած հարկադիր աշխատանքի, քանի որ հարկադիր և պարտադիր աշխատանք չի համարվում ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ օրենքով նախատեսված աշխատանքը: Ռեժիմն ունի նաև այլ «բարիքներ», միով բանիվ՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել:

Հանուն արդարության պիտի ասել, որ ռազմական դրության մասին օրենքի որոշ դրույթների գործողությունը, այդ թվում՝ վերոնշյալ «տհաճությունների» մասով, մեզ մոտ կախակայված են, այսինքն՝ ժամանակավորապես դադարեցված են: Սակայն ո՞վ կարող է վստահաբար ասել, որ վաղը դրանք կենդանության չեն կոչելու: Իշխանությունները կարող են ցանկացած պահի՝ իրենց դիրքերը սասանվելու պարագայում, վերականգնել այդ դրույթների գործողությունը: Եւ օրենքն էլ խախտած չեն լինի: Կարող են, օրինակ, պատճառ բռնել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները (մեր հակառակորդը նման հնարավորություն միշտ էլ տալիս է), իսկ շփման գծում էլ միշտ լոկալ կոնֆլիկտներ են լինում: Սրանից էլ լավ պատճառաբանությու՞ն, ասենք թե, նախագահական կամ այլ ընտրությունները հետաձգելու կամ վերոնշյալ «տհաճությունները» մեզ հրամցնելու համար: Մի խոսքով, եթե Սահմանադրության այս նախագիծն ընդունվի, ապա մենք ոտից գլուխ կախված ենք լինելու մեր իշխանությունների քմահաճույքներից:

Ինչ վերաբերում է ընդհանրապես ռազմական դրությանը, ապա մի քանի չափազանց լուրջ հարցեր կան, որոնց պատասխանները ոչ ոք չի տալիս: Ամենակարևորը՝ ու՞մ և ինչի՞ համար է այդ ռեժիմը: Ինչ խոսք, այսօր բոլորն էլ հասկանում են, որ հարկ է ամեն րոպե ամրապնդել մեր երկրի պաշտպանունակությունը, զորացնել մեր բանակը, որը մեր անվտանգության հիմնական երաշխիքն է: Բայց արդյո՞ք դրա միակ ձևը ռազմական դրության ռեժիմն է, և արդյո՞ք նշված ռեժիմի բեկանման դեպքում մեր իշխանությունները հնարավորություն չեն ունենալու ամրապնդելու պաշտպանական գիծը, համալրելու ու նորացնելու զրահատեխնիկան և այլն: Ցանկության դեպքում միշտ էլ կարող են: Թե՞ աշխարհի ամենաուժեղ բանակն այն երկրներն ունեն, ուր ռազմական դրություն է հայտարարված: Իհարկե՝ ոչ: Իսկ եթե մերոնց թվում է, թե հայտարարված նման ռեժիմը զգաստացնում է հակառակորդին, ապա դրանով թերագնահատում են նրան:

Ռազմական դրության ռեժիմը ենթադրում է ունեցած բոլոր պաշարների խնայողական օգտագործում ու նաև պահեստավորում՝ Իքս օրվա համար: Նայում ես մեր իշխանությունների գործելակերպին ու երկու եզրահանգում անում. նախ՝ որ նրանց թվում է, թե մոտակա  50 տարում պատերազմ չի լինելու, և երկրորդ՝ որ մենք աշխարհի ամենահարուստ երկիրն ենք: Ուրեմն՝ ու՞մ համար է ռազմական դրության ռեժիմը:

——————————————————————————————-

Լրահոս

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԿԱՆՑՆԵՆՔ 12-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅԱՆ

Մի քանի ամիս շարունակ խոսվում է այն մասին, որ նոր ուսումնական տարվանից ԼՂՀ-ում պիտի անցնեն նոր կրթակարգի՝ 12-ամյա կրթության: Ինչպես նշում էին համակարգի պատասխանատուները, նոր կրթակարգով այս տարի հանրապետության բոլոր դպրոցներում լինելու են թվով երկու առաջին դասարաններ, մեկը՝ 6, իսկ մյուսը՝ 6,5-7 տարեկանների համար:

Նոր կրթակարգին անցնելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու խնդրանքով դիմեցինք ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Կամո Աթայանին:

– Պարոն Աթայան, սեպտեմբերի 1-ից իրո՞ք անցնելու ենք 12-ամյա կրթության եւ եթե՝ այո, ապա, ըստ Ձեզ, պատրա՞ստ ենք դրան:

– Բնականաբար, եթե մենք Հայաստանի Հանրապետության հետ նույն կրթական դաշտում ենք գտնվում, ապա պետք է անցնենք նոր կրթակարգի, որը համարվում է եվրոպական ընտանիքի պահանջներից մեկը: Եւ մենք չէինք կարող հետ կանգնել այդ գործընթացից: Նոր կրթակարգը դեռևս 2005-ին է հաստատվել ԼՂՀ կառավարության կողմից, «Կրթության մասին» ԼՂՀ օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու հարցն է քննարկվել, մնում է ԱԺ-ն հաստատի:

Ասեմ, որ այդպիսի մանկավարժական գիտափորձ է արվել դեռեւս 1980-ական թվականներին. Ստեփանակերտի 2 դպրոցներում 6 տարեկանների ուսուցում էր կազմակերպվում, կար ընդհանուր պատասխանատու, ստեղծված էին համապատասխան պայմաններ՝ ննջասենյակներ, հանգստի սենյակներ, մի խոսքով՝ նրանց ռեժիմը ընդհանուրից տարբերվում էր: Ճիշտ է, մենք հիմա այդ պայմանները լրիվությամբ չունենք, բայց, կարծում եմ, հիմնախնդիրը կարողանալու ենք աստիճանաբար լուծել: Ժամանակի ընթացքում պետք է կարողանանք  համապատասխան ուսուցում կազմակերպող կադրեր պատրաստել, ՀՀ-ն պետք է կարողանա նորմալ ուսումնական ծրագրեր ու դասագրքեր հրատարակել, իսկ մենք էլ մեր հերթին պետք է դպրոցներում որոշակի հատուկ պայմաններ ստեղծենք՝ այդ երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպելու համար:

Կարծում եմ, 12-ամյա կրթությունը դրական կարելի է համարել հիմնականում այն իմաստով, որ երեխան ուսումնական ինֆորմացիան 10 տարվա փոխարեն ստանալու է 12 տարում, ինչը նրան չի ծանրաբեռնելու: Ուսումը երեխային չի ճնշելու, ինչը շատ կարեւոր է, քանի որ բոլորիս հիմնական նպատակը առողջ երեխա դաստիարակելն է:

– Կոնկրետ ի՞նչ է արվում հիմա եւ կհասցնե՞նք, արդյոք, մինչեւ ուսումնական տարվա սկիզբը գոնե անհրաժեշտ նվազագույնն ապահովել:

– Ներկայումս 12-ամյա կրթությամբ պայմանավորված դասագրքերը եւ ծրագրերը պատրաստվում են Հայաստանում: Մանկավարժական աշխատողների այն խմբերը, որոնք առաջին դասարաններում են աշխատելու, պետք է վերապատրաստվեն եւ, ամենայն հավանականությամբ, այդ գործընթացը Ղարաբաղից է սկսվելու: Մնում է առաջին խմբաքանակի դասագրքերը ձեռքի տակ ունենան Հայաստանի մասնագետները, որպեսզի գան այստեղ եւ կազմակերպեն այդ դասընթացները:

Դասասենյակների մասին: Ինչպես գիտեք, արդեն երկրորդ տարին է, ինչ պետությունը կարողանում է 100-110 մլն դրամ հատկացնել դպրոցների դասասենյակները տեսքի բերելու համար: Այդ միջոցների մի մասը ներքին կարգով խնդրել ենք օգտագործել այն դասարանների վիճակը բարելավելու համար, որտեղ կազմակերպվելու է 6 տարեկանների ուսուցումը:

Իսկ ինչ վերաբերում է հասցնել-չհասցնելուն, ապա ոչ թե կարող ենք, այլ անպայման կհասցնենք:

– Անդրադառնանք մի հրատապ հարցի ևս՝ բուհերում ընդունելության քննություններին: Ի՞նչ նորամուծություններ կային այս տարի եւ ինչպե՞ս եք գնահատում դրանց արդյունքները:

– Ընդունելության քննաշրջանը դեռևս ընթացքի մեջ է, այնպես որ վերջնական ամփոփման համար դեռ ժամանակ ունենք: Ասեմ, որ վերջին մոտ 10-15 տարիների ընթացքում համակարգը մեծ փոփոխությունների չի ենթարկվել, կենտրոնացված քննական համակարգն է գործում: Առանձնակի նորություններ չկային: Արցախի պետհամալսարանում միայն երկու նոր մասնագիտություններ ունենք՝ ռադիոֆիզիկա եւ անտառային գործ:

Այս տարվա հաշվարկները ցույց տվեցին, որ մրցակցություն համարյա թե չկա՝  1 տեղի համար 1,4 դիմորդ: Այսինքն, դրական գնահատականներ ստացած գրեթե բոլոր դիմորդներն էլ ընդունվում են ԱրՊՀ, ինչն անձամբ ես ճիշտ չեմ համարում: Որովհետև ինչքան մրցակցությունը բարձր լինի, այնքան համալսարան կընդունվեն գիտելիքների ավելի լավ պաշար ունեցող դիմորդներ,  եւ, հետեւաբար, համալսարանն էլ ավելի լավ ուսուցում կարող է կազմակերպել: Այդ առումով մենք անելիքներ շատ ունենք:

Իսկ արդյունքներն, իմ կարծիքով, այնքան էլ գոհացուցիչ չեն: Ճիշտ է, անցած տարվա համեմատությամբ մի թեթև դրական տեղաշարժ կա, սակայն, արդյունքների առումով Հայաստանին դեռեւս զիջում ենք: Եւ դա ասում են նաեւ այն հանձնաժողովների նախագահները, ում մենք Հայաստանից ենք հրավիրում:

– Դուք խոսեցիք միայն Արցախի պետհամալսարանի մասին: Իսկ հանրապետությունում գործող մասնավոր բուհերի ընդունելության քննություննե՞րն էլ եք, արդյոք, վերահսկում:

– Բացարձակապես չենք վերահսկում: Գործող օրենսդրությունը ոչինչ չի նախատեսում դրա համար:  Ստացվում է այնպես, որ մենք բուհին գործունեության լիցենզիա ենք տալիս, որոշ ժամանակ հետո հավատարմագրում, որի արդյունքում այդ բուհի դիպլոմը հավասարազոր է լինում պետականին: Պետական համալսարանի համար ընդունելության խիստ պայմաններ ենք սահմանում, իսկ մասնավորի համար՝ ոչ: Պարզ անարդարություն է ստացվում: Սակայն, կարծում եմ, որ շատ ու շատ հարցեր լուծվելու են հավանաբար եկող տարուց սկսած, երբ ունենանք գիտելիքների գնահատման եւ թեսթավորման կենտրոն: Դպրոցների բոլոր շրջանավարտները միանգամից ստուգվելու են, համապատասխան սերտիֆիկատ են ստանալու այդ կենտրոնի կողմից եւ դրանցով ներկայանալու են բուհեր: Ընդունելության քննություն որպես այդպիսին չի լինելու: Հարկ է, սակայն, ավելացնել, որ բացի ընդունելությունից, մյուս բոլոր հարցերը մասնավոր բուհերը մեզ հետ համաձայնեցնում են:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

————————-

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳՆԵՐ

Արցախում է գտնվում հայկական էստրադայի ճանաչված դեմքերից մեկը՝ երգիչ, ծննդով արցախցի (Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղից) Արսեն Սաֆարյանը, որն այս անգամ որոշել է հայրենիքում բարեգործական մենահամերգներ տալ ԼՂՀ անկախության 15-ամյակի կապակցությամբ:

Համերգները մեկնարկեցին Ստեփանակերտ քաղաքից, որտեղ երգիչն ունեցավ է երկու համերգ, այնուհետեւ նա հանդես եկավ Շուշի, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ շրջկենտրոններում, Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում եւ Պաշտպանության բանակի մի քանի զորամասերում: Արսեն Սաֆարյանն ընդհանուր առմամբ 13 մենահամերգ ունեցավ:

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց երգիչը, տոմսեր վաճառվեցին միայն ստեփանակերտյան համերգների համար, որոնցից ստացված հասույթը կտրամադրվի հաշմանդամ երեխաների «Զանգակ» կենտրոնին եւ Ստեփանակերտի ծերանոցին:

Բարեգործական ծրագրի հովանավորներն են «Հայռուսգազարդ», «Արմենիան մոլիբդեն պրոդաքշն»/AMP/ ընկերությունները, Երեւանի Արաբկիրի թաղապետարանը եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը:

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ

2006թ. յոթ ամիսներին ԼՂՀ-ում ծնվել է 1203 երեխա՝ 2005թ. նույն ժամանակահատվածի 1169 երեխայի դիմաց, մահացել է 749 մարդ (2005-ի նույն ժամանակահատվածում՝ 766 մարդ):

«Կաճառ» գիտական կենտրոնի կազմակերպած «կլոր սեղանի» ժամանակ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը նշել է, որ հայկական դիվանագիտության մեջ գործնականում չի օգտագործվում ղարաբաղյան հակամարտության իրավական փաթեթը: «Հայերը կորցրել են դիվանագիտության մեջ ճաշակը. նրանք այդ արվեստին չեն տիրապետում այնպես, ինչպես մեր նախնիները»,- ընդգծել է Ա. Մանասյանը:

 2006 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ԼՂՀ պետական բյուջեի փաստացի սեփական եկամուտները կազմել են 4572.5 մլն դրամ, իսկ ծախսերը՝ 10897.8 մլն դրամ:

 Նորերս ԼՂՀ ժամանեցին Թեհրանի հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրի սկաուտական ջոկատի մոտ 70 անդամներ, օգոստոսի 8-14-ին մասնակցեցին  Շուշիում կայացած «Հայորդիներ» մանկապատանեկան, երիտասարդական բանակումին, որը կազմակերպվել է «Հայկի սերունդ» երիտասարդական կազմակերպության հետ համատեղ. բանակումին մասնակցել են նաեւ պատանիներ ու երիտասարդներ Երեւանից, Կապանից, Ստեփանակերտից եւ Շուշիից:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի տվյալներով՝ շփման գծում  տեղի ունեցած միջադեպերից մոտ 20 մարդ է զոհվել եւ վիրավորվել. եթե համեմատենք այդ թիվը ադրբեջանական քարոզչության հրամցրած տվյալների հետ, կարելի է ենթադրել, որ Բաքուն, շատ ավելի մեծ թիվ ներկայացնելով, որոշակի նպատակներ է հետապնդում:

2006-ի առաջին 7 ամիսների ընթացքում ԼՂՀ է այցելել 1309 զբոսաշրջիկ՝ ԱՊՀ-ից եւ արտասահմանյան տարբեր երկրներից. սա Ղարաբաղ այցելած զբոսաշրջիկների իրական թիվը չէ, այլ՝  ԱԳՆ-ում գրանցվածների, իսկ մեր տվյալներով՝ զբոսաշրջիկների քանակը մեկ տարվա կտրվածքով հատում է 10 հազարի սահմանը:

Ավարտվեց Համահայկական երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած «Բազե»-ի օրերն Արցախում» երիտասարդական փառատոնը, որին մասնակցում էին Սփյուռքի, Ջավախքի, Հայաստանի եւ Արցախի թվով 9 ջոկատներ:

Անկախության հռչակումից հետո անցած 15 տարիների ընթացքում վերանորոգվել են Գանձասարի (13-րդ դ.), Ամարասի (4-րդ դ.), Ծիծեռնավանքի (7-րդ դ.) եկեղեցիներն ու վանական համալիրները, Շուշիի Ղազանչեցոց (19-րդ դ.) եւ Կանաչ ժամ եկեղեցիները. ներկայումս աշխատանքներ են տարվում Դադիվանքի վանական համալիրում, սկսվել են Գտչավանքի (13-րդ դ.) եւ Ամարասի վանական համալիրի վերականգնողական աշխատանքները:

 ԼՂՀ կառավարության հերթական նիստի ժամանակ որոշում ընդունվեց Գիտության օրվա կապակցությամբ 30-հազարական դրամ տրամադրել ԼՂՀ պաշտպանության եւ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների դպրոցական և ուսանող երեխաներին, իսկ սեպտեմբերի 2-ի տոնի առթիվ որոշվեց ԼՂՀ բնակչության առանձին խմբերի միանվագ դրամական օգնություն ցուցաբերել (այդ նպատակներով, ընդհանուր առմամբ, հատկացվել է շուրջ 83 մլն դրամ):

Երբ մարդ հարեւանի դուռը ծեծում է, Ղարաբաղում ասում են՝ «Կամ աղն է պակաս, կամ՝ մաղը». նորերս ԼՂՀ այցելեցին հայաստանյան հայտնի քաղաքական գործիչներ Ստեփան Դեմիրճյանն ու Շավարշ Քոչարյանը (հետաքրքիր է՝ նրանց ի՞նչն էր պակաս. աղը՞, թե՞ մաղը):

Հուլիսի 28-30-ը Երեւանում կայացավ Հայաստանի բիլիարդի «Բուրգ» տեսակի առաջնությունը, որում հաղթող ճանաչվեց Արցախի բիլիարդի բազմակի չեմպիոն Վիտալի Բալայանը:

Հանրապետությունում գործում են ԼՂՀ կառավարությանն առընթեր «Հյուրատունը», «Լոտոս», «Նաիրի», «Հեղնար», «Ղարս», «Անի Պարադիզ» եւ այլ հյուրանոցային ծառայություններ իրականացնող ընկերություններ. «Նաիրի» հյուրանոցում, օրինակ, մեկտեղանոց համարը 40 դոլար է, երկտեղանոցը՝ 60, երեքտեղանոցը՝ 70, չորստեղանոցը՝ 80 եւ լյուքս համարը՝ 100, «Ղարս» հյուրանոցում բոլոր համարները երկտեղանոց են եւ արժեն 10 հազար դրամ (եթե համարը զբաղեցվում է 1 հոգու համար, ապա 7.500 դրամ), «Հեղնար» հյուրանոցում մեկտեղանոց համարը 15-18 հազար դրամ է, երկտեղանոցը՝ 20-24, երեքտեղանոցը՝ 25-30, լյուքսը՝ 40, իսկ կիսալյուքսը՝ 25:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ մոսկվաբնակ երգիչ Մհերի համերգը, ում ժամանակին հաջողվել է երգել հանրահայտ «QWEEN» խմբի հետ. երգչի կարծիքով՝ պատերազմի այդքան դժվարությունները տեսած ղարաբաղցիները շարունակում են սիրել մարդկանց:

 www.KarabakhOpen.com

ՋԱՎԱԽՔ

Զորավարժության ժամանակ վնասվել է մեկ տուն

Սամցխե-Ջավախքում գտնվող Օրփոլայի զորավարժարանում օգոստոսի 8-ին վրացական բանակի ստորաբաժանումներից մեկի անցկացրած զորավարժության ժամանակ արտակարգ պատահար է գրանցվել: Զինվորականների արձակած արկերից մեկն ընկել է Ասպինձայի շրջանի Ռուսթավ գյուղի տներից մեկի վրա: Արկն ընկնելու պահին տանը մարդ չի եղել եւ ոչ ոք չի տուժել, բայց ահա տունը լրջորեն վնասվել է:

Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ծրագրեր Ջավախքում

Փոքրամասնությունների հարցերով Եվրոպական Կենտրոնի Ախալքալաքի գրասենյակը ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմաներով ծրագրում է Ջավախքում իրականացնել թվով ութ նախագիծ: Օգոստոսի 7-ին արդեն մեկնարկել է առաջին նախագիծը: «Մարդու իրավունքների պաշտպանությունը Ջավախքում» թեմայով նախագիծը իրականացնում են «Հանուն ժողովրդավարության զարգացման տարածաշրջանային քաղաքացիական նախաձեռնությունների» միությունը եւ «Իրավաբանները եւ տնտեսագետները հանուն բարեփոխումների» միությունը:

Հայ-վրացական բարեկամության տոն Ջավախքում 

Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղին հարող Մուրճիկան կոչված վայրում օգոստոսի 6-ին նշվեց Ջավախքում հայ-վրացական բարեկամության արդեն ավանդույթ դարձած տոնը: Տոնը կազմակերպվել է Ախալքալաքի շրջանի ղեկավարության նախաձեռնությամբ: Պաշտոնական մասից հետո միջոցառումը շարունակել են Ախալքալաքի շրջանային մշակույթի տան «Ջավախք» համույթի սաները: Միջոցառման անցկացմանը մեծապես օգնել է ռուսաստանաբնակ դիլիսկացի գործարար Արարատ Նահատակյանը:

«Ա-ԻՆՖՈ», Ախալքալաք

——————————————————————————————-

Ղարաբաղյան թնջուկ

ԱԲԴՈՒԼԱԵՎԱՆ ԱՆՀԱՐՄԱՐ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ Է ԴՆՈՒՄ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ

Օգոստոսի 3-ին Բաքվում ասուլիս է հրավիրել Ադրբեջանի Հելսինկյան քաղաքացիական Ազգային կոմիտեի նախագահ Արզու Աբդուլաեւան: Այդ ասուլիսն ուշագրավ է նրանով, որ Աբդուլաեւան պատմել է Հայաստան եւ հատկապես Ղարաբաղ կատարած իր այցելության մասին: Ադրբեջանցի իրավապաշտպանի ասուլիսը բավական ուշագրավ բացահայտումներ է կատարել Արկադի Ղուկասյանի հետ հանդիպման վերաբերյալ: Դրանք գուցե ամենեւին բացահայտում չեն, բայց այդ դեպքում Արկադի Ղուկասյանը պետք է ինքն էլ հայտարարի այդ մասին, կամ էլ հերքի Աբդուլաեւայի խոսքերը: Իսկ Արկադի Ղուկասյանը, ըստ Աբդուլաեւայի, ասել է հետեւյալը, որ «ընդհանուր պետություն կարգավորման տարբերակին հայերի համաձայնությունը զիջում էր եւ շանս Ադրբեջանի համար, որը սակայն Ադրբեջանը բաց է թողել»: Բայց դա դեռ ամենը չէ, ինչ Ղուկասյանն ասել է եւ ինչը պատմել է Աբդուլաեւան իր հայրենիքում:

Աբդուլաեւայի խոսքով, Արկադի Ղուկասյանը հնարավոր է համարել միջանկյալ կարգավիճակի քննարկումը: «Միջանկյալ կարգավիճակը հետաքրքիր է, սակայն մենք պետք է իմանանք, թե ինչ է մեզ սպասում ապագայում»,- ասել է ԼՂՀ նախագահն ըստ Աբդուլաեւայի: Բայց դա էլ դեռ վերջը չէ: Ղուկասյանը, ադրբեջանցի իրավապաշտպանի խոսքով, ճանաչել է Ղարաբաղի կարգավիճակը մշակելու հարցում Ադրբեջանի իրավունքը: Այ դա արդեն վերջն է: Պետք է հուսալ, սակայն, որ դա կլինի Ղուկասյանի վերջը, որպես ԼՂՀ նախագահ:

Պետք է հարցնել Արկադի Ղուկասյանին, թե ինքն իրեն ինչ է համարում Ղարաբաղում՝ նախագա՞հ, մարզպե՞տ, թե՞ ինքնակոչ պաշտոնյա: Եթե նախագահ, ապա ո՞ր երկրի: Եթե Ղարաբաղի, ապա ի՞նչ միջանկյալ կարգավիճակի մասին է խոսում 1992 թվականին անկախություն հռչակած պետության ղեկավարը: Հասկանալի է, որ այդ պետությունը դեռ չի ճանաչվել, բայց Արկադի Ղուկասյանը կարող է վստահ լինել, որ չի էլ ճանաչվի, եթե այդ երկրի նախագահը խոսում է ինչ որ միջանկյալ կարգավիճակների մասին: Ավելին, խոսում է նաեւ կարգավիճակի հարցում Ադրբեջանի իրավունքի մասին: Այն Ադրբեջանի, որ հայկական կողմի կարծիքով ագրեսիայի է ենթարկել Ղարաբաղը: Այն Ադրբեջանի, որից անկախացել է Ղարաբաղը, ընդ որում հազարավոր զոհերի գնով: Եվ այժմ, այդ անկախացած երկրի նախագահը ոչ միայն հնարավոր է համարում ինչ որ միջանկյալ կարգավիճակների գոյությունը, այլեւ ճանաչում է մի պետության միջամտության իրավունքը, որից ազատվելու համար մեր ժողովուրդը տվել է հազարավոր զոհեր:

Եթե Արկադի Ղուկասյանն իրեն համարում է մարզպետ, ապա այդ դեպքում նա թույլ է տվել սուբորդինացիոն լուրջ խախտում, խոսելով մի թեմայի մասին, որի իրավասությունն ունի Հայաստանի նախագահը, քանի որ նա է մշակում երկրի արտաքին քաղաքականությունը: Դե իսկ եթե Արկադի Ղուկասյանը պարզապես ինքնակոչ պաշտոնյա է, ապա այդ դեպքում Ղարաբաղում պետք է անհապաղ նախագահի ընտրություն անցկացվի, քանի դեռ ինչ որ մարդկանց մտքով չի անցել անկախ պետությանը տալ որեւէ միջանկյալ կարգավիճակ: Պետք է շտապել փրկել Ղարաբաղը:

Հնարավոր է նաեւ, որ Արկադի Ղուկասյանը լուրջ ակնկալիքներ ունի, որ մինչեւ 2007 թվականը միջանկյալ կարգավիճակի հասնելուց հետո ինքը հնարավորություն կստանա երկու ժամկետ էլ նախագահություն անել նոր կարգավիճակով Ղարաբաղում: Առավել եւս, որ Մեթյու Բրայզան ակնարկել էր 2007 թվականի գարնանը հիմնական համաձայնության բարենպաստ ժամանակահատվածի մասին: Սատանան ինչ կատակ ասես, որ չի անում, եւ գուցե մինչեւ 2007 թվականի ԼՂՀ նախագահի ընտրությունը Ղարաբաղին նոր կարգավիճակ տրվի, իսկ Արկադի Ղուկասյանն էլ ստանա նոր առաջադրման օրինական հնարավորություն, ինչից ներկայումս զրկված է: Բայց պետք չէ մոռանալ՝ նույնիսկ երկրի անկախությունը մոռանալու պարագայում, որ եթե սատանան կատակում է, ապա միայն Աստծո հավանությամբ:

Սակայն հնարավոր է նաեւ, որ ոչ Ղուկասյանն է մոռանում, ոչ էլ կատակում է սատանան, այլ պարզապես Աբդուլաեւան է սուտ խոսում: Չի բացառվում, որովհետեւ բոլորն էլ մարդ են, ու հակված են ստելու, հատկապես՝ իրենց հայրենիքում: Եվ այդ դեպքում բավական չի լինի միայն այն, որ Արկադի Ղուկասյանը հրապարակավ հերքի Աբդուլաեւայի հայտարարությունը: Հասարակությունը որեւէ հիմք չունի Ղուկասյանին հավատալու ավելի, քան Աբդուլաեւային, կամ հակառակը: Առավել եւս, որ եթե Աբդուլաեւայի ստի համար Ադրբեջանն է հայրենիք, Ղուկասյանի համար էլ հայրենիք է Ղարաբաղը: Բայց հայրենիքում պետք չէ ստել, թե չէ այս անգամ Աստված չի էլ փորձի, այլ կպատժի անմիջապես:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ

ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԵՐՍԿՍԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ԱՊԱ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԸՆՁԵՌՆՎԻ ԱԶԱՏԱԳՐԵԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐՑԱԽԸ

Հարցազրույց ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, «Հավատ» հասարակական կազմակերպության ղեկավար, գեներալ Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

– Պ-ն Բալասանյան, կարծես թե փոխվել է աշխարհի ընկալումը ազատամարտիկ հասկացության վերաբերյալ, մինչդեռ մեր շարժման ակունքներում կանգնածներին էլ ժամանակին այդպես էինք կոչում: Դուք ի՞նչ կասեիք:

– Ազատամարտիկ բառը հենց ինքը նշանակում է ազատության համար մարտնչող անձ: Դա կարող է վերաբերվել ազգի, ժողովրդի, երկրի եւ սեփական անձի ազատությանը: Օրինակ՝ ապրելով խորհրդային բռնապետական երկրում, շատ-շատերն էին պայքարում ազատության, անկախության համար: Եվ 88-ի ղարաբաղյան շարժումը, այնուհետեւ մեզ պարտադրված պատերազմը ոտքի հանեց մեր ժողովրդին հանուն արդարության եւ ազատության:

Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումից անմիջապես հետո ստեղծվեցին բոլոր պետական կառույցները, այդ թվում՝ եւ զինված ուժերը: Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր անդամագրվել էին ազատամարտին ու զենքը ձեռքին պաշտպանել հող-հայրենին, ամրագրվեցին զինված ուժերի շարքերում: ԼՂՀ կառավարության կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովն այդ մարդկանց տվեց զինծառայողի կարգավիճակ, այդ թվում՝ նաեւ ազատամարտում զոհվածներին եւ հաշմանդամներին:

Այո, աշխարհն այսօր այլ ընկալում ունի, որպես թարմ օրինակ Լիբանանում տեղակայված Հեզբոլլահ կազմակերպությունը, նրանց անդամները նույնպես իրենց ազատամարտիկներ են կոչում: Բայց սա համեմատության եզրեր չունի Ղարաբաղի ազատամարտիկների հետ: Մենք շարժման սկզբում չունեինք պետություն, չունեինք կանոնավոր բանակ, ունենալուն պես ամեն ինչ օրինականացվեց, եւ այսօր ԼՂՀ-ում բացի օրենքով կայացած կառույցներից, այլ կազմակերպություններ չկան, որոնք, այսպես ասած, պայքարեն ազատության համար:

ԼՂՀ-ն իր օրինավոր զինված ուժերով է մարտնչում, կամ շարունակում պայքարը հանուն ազատության ու անկախության:

– Ադրբեջանը խոսում է ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունը լուծելու մասին: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր են ռազմական գործողություններ կամ պատերազմի վերսկսում:

– Եթե Ադրբեջանը վերսկսի պատերազմը, ապա ղարաբաղցիներին հնարավորություն կընձեռվի ազատագրել պատմական Արցախը:

– Ի՞նչ նկատի ունեք:

– Այն, որ պատմական Արցախի ընդգրկած տարածքը կազմում էր ավելի քան 15500 կիլոմետր: Պատմական տարբեր հանգրվաններում Արցախի սահմանները փոխվել են, վերջին անգամ այն փոխվել է, երբ 1921 թվականին բռնակցվելով Ադրբեջանին, 1923 թվականին այն ամփոփվեց ԼՂԻՄ սահմաններում, չհաշված 20-րդ դարի վերջին Ադրբեջանի կողմից Ղարաբաղին պարտադրված պատերազմում գծված սահմանները:

1988 թվականին սկսված ազգային զարթոնքը մեկ անգամ եւս վիժեցրեց մեծ Թուրան ստեղծելու Ադրբեջան-Թուրքիայի նկրտումները եւ պարտադրված պատերազմի արդյունքում ղարաբաղցիները ոչ միայն պահպանեցին ԼՂԻՄ սահմանները, այլեւ ազատագրեցին մեր պատմական հայրենիքի մի մասը: Ուստի, կրկնում եմ, Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սանձազերծելու դեպքում ղարաբաղցիներին հնարավորություն կտրվի ազատագրել ողջ պատմական Արցախը:

– Պ-ն Բալասանյան, այսօր որոշ քաղաքական գործիչներ սակայն կասկածի տակ են առնում այդ տարածքների հայկական ծագումը:

– Ես, մեղմ ասած, չեմ հասկանում այդ մարդկանց տրամաբանությունը, այդ տարածքներում ազերինե՞րն են խաչքարեր, քրիստոնեկան մատուռներ կառուցել, որոնք այսօր սփռված են այնտեղ: Միգուցե կասեն, թե Տիգրանակերտի, իմա՝ Շահբուլաղի, բլրի գագաթին գտնվող Սպիտակ վանքն էլ ազերիական է, կամ Պարտավի հայ ճարտարվեստի բազմաթիվ նմուշները:

Ես կարծում եմ, նախ պետք է նայել աշխարհի քաղաքական քարտեզը, որը շատ բան է ասում, գրեթե բոլոր պետությունների քաղաքական սահմանները գծվել են պատերազմների հետեւանքով: ԼՂՀ ներկա սահմաններն էլ գծված են, նորից եմ շեշտում, մեզ պարտադրված պատերազմի արդյունքում, եւ ԼՂՀ զինված ուժերը այսօր տեղակայված են հենց այդ սահմանի վրա:

Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

——————————————————————————————-

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՍԱՌԵՑՈՒՄՆ ՈՒ ՄԵԿՈՒՍԱՑՈ՞ՒՄՆ Է

Դանիայի խաղաղության խորհրդի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում «Հելսինկյան նախաձեռնություն-92» Ստեփանակերտի գրասենյակը բանավեճի շարք է կազմակերպում: Հերթական բանավեճը վերաբերում էր «Կովկասում խաղաղության մշակույթը» թեմային:

Բանախոսի՝ պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Բաբայանի խոսքերով, հայտնի է խաղաղության մի քանի մշակույթ: Առաջինը հակամարտությունից հրաժարվելն է, որը կիրառվել է ոչ մեծ քոչվոր ցեղերի կողմից: Երկրորդ ուղին փոխզիջումն է: Բայց դրա համար կողմերը պետք է ունենան այն, ինչ կարող են զիջել: Երրորդ ուղին լիարժեք հաղթանակն է: Այդ ուղին կիրառվում է միայն դոմինանտ ուժերի առկայության եւ միջազգային հանրության «անտարբերության» առկայության դեպքում: Կա եւ չորրորդ ուղին՝ կողմերի մեկուսացումը մինչեւ այն պահը, երբ նրանք կմոռանան իրենց թշնամության մասին:

Դավիթ Բաբայանի կարծիքով, Ղարաբաղյան հակամարտության համար առաջարկված տարբերակներից ոչ մեկը ընդունելի չէ: Մենք ոչ հեռանալու տեղ ունենք, ոչ զիջելու, ոչ մինչեւ վերջ կռվելու ուժ: Ամենահավանականը կողմերին միմյանցից մեկուսացնելն է:

Հետաքրքիր է, որ նույն օրը Բաքվում գրեթե նույն միտքն է արտահայտել ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Նա ասել է, որ արդի աշխարհը որպես ամենակարեւոր արժեք ընդունում է մարդու շահերը, տնտեսությունը, բաց սահմանները: Ոչ պաշտոնական Երեւանը, ոչ Բաքուն նման առաջարկներն ընդունելու ունակ չեն: «Ես կարծում եմ, որ Ղարաբաղի հակամարտությունը կսառեցվի: Հատկապես որ Ադրբեջանը չի գնա ռազմական ճանապարհով»,- ասել է Ալիզադեն:

Ստեղծված ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցները շատ են եւ հայկական, եւ ադրբեջանական կողմում: Հասարակությունների զգալի մասը գտնում է, որ վատ խաղաղությունը լավ է, քան լավ պատերազմը:

ԵԱՀԿ ՄԽ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԱՇՆԱՆԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ

Փարիզում կայացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: ԱՄՆ-ի միջնորդ Մեթյու Բրայզան իր գործընկերներ Բերնար Ֆասյեին (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան) ներկայացրել է տարածաշրջանային այցի արդյունքները: Ինչպես հայտնում է Asbarez Online-ը, այցի արդյունքները ներկայացվել են նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանին եւ Էլմար Մամեդյարովին առաջարկել են հանդիպել Պրահայում այս տարվա աշնանը:

PanARMENIAN.Net

——————————————————————————————-

Սահմանադրական

ՄԵՆՔ ԱՐԺԱՆԻ ԵՆՔ ԱՎԵԼԻԻՆ
կամ՝ մտորումներ ԼՂՀ Սահմանադրության առաջարկվող նախագծի շուրջ

ԼՂՀ Սահմանադրության ներկայացված նախագծի վերլուծությունը ցույց է տալիս, որ իրականությանը չեն համապատասխանում Սահմանադրության նախագիծը մշակողների այն հավաստիացումները, որ նորանկախ երկրի Հիմնական օրենքը շատ ավելի ժողովրդավարական է լինելու, քան մի շարք երկրների, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրությունը: Չժխտելով նախագծում առաջադիմական դրույթների առկայությունը, սակայն ելնելով այն հանգամանքից, որ Հիմնական օրենքը երկրի հեռանկարային զարգացման գրավականը պիտի լինի, ստիպված ենք փաստել, որ առաջարկվող նախագիծը նման զարգացման համար բավարար պայմաններ չի նախատեսում, ավելին՝ իր ներկայիս տեսքով այն ի զորու չէ երաշխավորելու ժողովրդավարության արմատավորման բնականոն ընթացքը:վ

Ամենակարևոր հարցը հետևյալն է. անհասկանալի է, թե ինչով են պայմանավորված ու հիմնավորված երկու հայկական պետականությունների հիմնական օրենքների միջև սկզբունքային տարբերություններն այն պարագայում, երբ նորանկախ երկրի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն նույն իրավաքաղաքական և ֆինանսատնտեսական դաշտում են: Եթե ԼՂՀ օրենսդրությունը նպատակամետ համապատասխանեցվում է ՀՀ օրենսդրությանը, և հաճախ մեզ մոտ ընդամենը պատճենում են ՀՀ օրենքները՝ դրանցում պարզապես «ՀՀ»-ն փոխելով «ԼՂՀ»-ի, ապա որքանո՞վ է տրամաբանական, այդ հենքն ունենալով հանդերձ, լուրջ, սկզբունքային ու համակարգային տարբերություններ մտցնել արցախյան Սահմանադրությունում: Տարբերություններն անհիմն են նաև այն պատճառով, որ ՀՀ Սահմանադրության նախագիծը լուրջ  փորձաքննություն է անցել միջազգային կառույցներում, ասել է թե՝ ավելի շատ է համապատասխանում միջազգային չափանիշներին:

Իսկ տարբերություններն, իրոք, շատ են: Մասնավորապես, միանգամայն այլ են ՀՀ և ԼՂՀ դատաիրավական համակարգերը: Մեզ մոտ ձևականորեն կամ ձևախեղված է պահվում դատարանների եռաստիճան համակարգը՝ անցյալի մնացուկ Գերագույն դատարանի պահպանմամբ: Մեզ մոտ չի նախատեսվում Սահմանադրական դատարանի, ինչպես նաև տնտեսական դատարանի առկայություն: ԼՂՀ Սահմանադրության նախագիծը բացառում է նաև Կենտրոնական բանկի գոյությունը: Սկզբունքային տարբերություններ կան հանրապետության նախագահին, խորհրդարանին, կառավարությանը և տեղական ինքնակառավարմանը վերաբերող դրույթներում:

Մեկ այլ կարևոր հանգամանք. թեև Սահմանադրության առաջարկվող նախագծում փաստվում է, որ պետական իշխանությունն իրականացվելու է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման հիման վրա, այդուհանդերձ, նախագծում չկան իշխանության ճյուղերի հստակ տարանջատման մեխանիզմներ: Սահմանադրության նախագիծը բավարար հիմքեր չի ապահովում նաև ՏԻՄ բնականոն գործունեության համար և դարձյալ կախվածության մեջ է դնում կառավարությունից:

Առաջարկվող նախագծով մեծ լիազորություններ են տրվում հանրապետության նախագահին, ավելի մեծ, քան ՀՀ Սահմանադրությունն է նախատեսում ՀՀ նախագահի համար: Ուստի առնվազն տարակուսելի է փաստաթուղթը մշակողների այն պնդումը, թե նախագիծը պետական իշխանության կիսանախագահական համակարգ է ենթադրում:

Սակայն երկրի Հիմնական օրենքի առաջարկվող նախագծի հիմնական թերությունն այն է, որ այն իրավիճակային բնույթ ունի, այն այսօրվա Սահմանադրություն է, այլ ոչ թե ապագային միտված, ինչը երկրի գլխավոր փաստաթղթի նկատմամբ անընդունելի մոտեցում է: Հիմնական օրենքը գրվել է այսօրվա իրավիճակի տրամաբանությամբ, նկատի ունենալով ռազմական դրության ռեժիմը և միջազգային հանրության կողմից ԼՂՀ չճանաչված լինելը:

Սահմանադրության առաջարկվող նախագծում չի ամրագրված գերիշխանությունը երկրի փաստացի տարածքների վրա, հստակեցված չեն ինչպես վարչատարածքային միավորները, այնպես էլ մայրաքաղաք Ստեփանակերտի կարգավիճակը:

Երկրի Հիմնական օրենքի նախագիծը զուգակցված չէ պրեամբուլայով և անցումային դրույթներով, ինչը խանգարում է ներկայացված փաստաթղթին ամբողջական ու համապարփակ գնահատական տալուն:

Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ Սահմանադրության նախագիծը մշակվել է գաղտնապահության մթնոլորտում, առանց հանրության ներգրավման ու հասարակական կարծիքի հաշվառման, ավելին՝ այն չի հրապարակվում: Անթույլատրելի է նաև այն հանգամանքը, որ նման փաստաթուղթը փորձագիտական լուրջ վերլուծության չի արժանացել:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ուսումնասիրելով ԼՂՀ Սահմանադրության ներկայացված նախագիծը՝ Ստեփանակերտի մամուլի ակումբը (ՍՄԱ) այն գնահատում է որպես մի քայլ առաջ նորանկախ երկրում ժողովրդավարության արմատավորման ճանապարհին: Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ նախագիծը զերծ չէ թերություններից, մասնավորապես՝ այն կարող էր առավել բարենպաստ պայմաններ ստեղծել խոսքի ազատության ապահովման, չորրորդ իշխանության ու անկախ լրատվամիջոցների ինստիտուտի կայացման համար:

Այս առնչությամբ հայտնում ենք մեր հետևյալ նկատառումները.

1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով նախատեսված են երկու կարգավորող մարմիններ՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը: 2002թ. սեպտեմբերի 14-ին ԼՂՀ-ում ընդունված համանման օրենքում կանոնակարգվում է միայն առաջին մարմնի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի գործունեությունը: Ինչ-ինչ պատճառաբանություններով (հիմնականում՝ ֆինանսական և նորանկախ երկրի չճանաչվածության հետ առնչվող) մեր օրենքով չի նախատեսվել երկրորդ մարմնի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ստեղծումը: Վերջինս անկախ մարմին է՝ պետական հիմնարկի կարգավիճակով, որի գործունեությունն առնչվում է միայն մասնավոր հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների կամ ռադիոընկերությունների) արտոնագրման (լիցենզավորման) եւ վերահսկողության հետ:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքի համաձայն ԼՂՀ-ում նույնպես հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումն իրականացվում է արտոնագրի (լիցենզիայի) հիման վրա (Հոդված 7): Ըստ նույն օրենքի Հոդված 35-ի՝  «Պետական կառավարման հեռահաղորդակցության մարմինը, օգտվելով Հեռահաղորդակցության միջազգային միության (International Telecommunication Union-ITU) կողմից ներկայացրած ցուցակից, կազմում է ԼՂՀ տարածքում  եթերային հաճախությունների ցանկը և տրամադրում ԼՂՀ կառավարության կողմից լիազորված մարմնին: ԼՂՀ կառավարության կողմից լիազորված մարմինը հաստատում եւ հրապարակում է հաճախությունների ցանկը և հայտարարում ազատ (չզբաղեցված) հաճախությունների մրցույթ: Ամեն տարվա սկզբին կառավարության կողմից լիազորված մարմինը սահմանում է մրցույթի անցկացման կարգը, պայմանները եւ ժամկետները՝ ելնելով եթերային հաճախությունների առկա վիճակից»:

Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ գործառույթները հստակեցված են, մինչդեռ համապատասխան մարմինը ցայսօր ստեղծված չէ, իսկ վերոթվարկյալ գործառույթներն էլ, բնականաբար, չեն իրականացվում, ինչը լուրջ բարդություններ է ստեղծում լրատվական դաշտում՝ օրինական դաշտից դուրս թողնելով մի շարք լրատվամիջոցների, հիմնականում՝ ռադիոընկերությունների, գործունեությունը. վերջիններս օրինական գործունեություն չեն կարող ծավալել այն պարզ պատճառով, որ չկա օրինական դաշտ:

Նկատի ունենալով վերոնշյալ իրավիճակը և ելնելով միջազգային փորձից՝ նպատակահարմար ենք գտնում Սահմանադրության նախագծում ներառել երկու կարգավորող մարմինների՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մասին դրույթներ:

2005 թ. հունիսի 23-24-ին Ստրասբուրգում ընդունված «Համաձայնեցված գործողություններ «Ժողովրդավարություն օրենքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) եւ Հայաստանի իշխանությունների միջեւ՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ» փաստաթղթի կետերից մեկը ենթադրում է խորհրդարանի ներգրավումը լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող մարմինների անդամների նշանակման գործընթացում: Ուստի տրամաբանական եւ նպատակահարմար կլինի, եթե Ազգային ժողովն էլ՝ որպես իր բնույթով ներկայացուցչական եւ հասարակության տարբեր շերտերի շահերը արտահայտող հաստատություն, ներկայացնի կարգավորող մարմինների անդամների թեկնածությունները, իսկ նախագահը, որպես Սահմանադրության երաշխավոր եւ պետության գլուխ, նշանակի նրանց: Դրանով կապահովվի իշխանության տարբեր թեւերի եւ հասարակության ակտիվ մասնակցությունն այդ մարմինների ձեւավորմանը:

Սույն առաջարկությունը Սահմանադրությունում ներառելուց հետո հարկ է համապատասխան փոփոխությունները մտցնել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքում:

2. ՍՄԱ-ն նաև գտնում է, որ Սահմանադրության մեջ պետք է ներառել գրաքննության ցանկացած ձեւն արգելող դրույթ: Մեր այս առաջարկը բխում է այն իրողությունից, որ ժողովրդավարության ուղին բռնած երկրներում, որոնցում ոչ հեռու անցյալում կային գրաքննություն իրականացնող մարմիններ, պահպանվում է թաքնված գրաքննության տարրեր ներդնելու վտանգը: Սահմանադրության մեջ գրաքննության ցանկացած ձեւն արգելող դրույթը տարբեր օրենքներում դրա քողարկված դրսեւորումները բացառելու երաշխիք կլինի:

3. ՍՄԱ-ն առաջադիմական գնահատելով Սահմանադրության նախագծի հոդված 28-ի դրույթները խոսքի ու տեղեկատվության ազատության իրավունքի մասին, միևնույն ժամանակ առաջարկում է ՀՀ Սահմանադրության նմանությամբ ավելացնել հետևյալ կետը.

«Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը»:

Այս դրույթը լրացուցիչ կռվան ու խթան կլինի երկրի հիմնական լրատվամիջոցի՝ ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերության իրապես հանրային բնույթն ապահովելու համար:

ՍՄԱ-ն կոչ է անում ԼՂՀ Ազգային ժողովին՝ առաջարկած դրույթները ներառել Սահմանադրության նախագծում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

——————————————————————————————-

Հայրենիք

ԼՌԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼՌԵԼ. ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ
կամ՝ աղբը տնից չհանելը կարող է հանգեցնել տունը աղբանոց դարձնելուն

Դեռևս միջազգային ճանաչում չունեցող ԼՂՀ-ի գրավիչ իմիջի ու էության ստեղծումը բոլորիս համար ամենակարևոր խնդիրն է: Հենց այս հանգամանքը, այն է՝ երկրի իմիջին չվնասելու սրտացավությունն է արցախցիներին ստիպում շրթունքները կծոտելով լռել և չտեսնելու տալ այն ամեն բացասականը, որ կա իրենց կյանքում: Սակայն այդ բացասականը գնալով շատանում է ու սպառնում ամեն ինչի, մարդկանց հոգում թողնելով այն կասկածը, որ միգուցե հենց իրենց լռությունն է պարարտ հող հանդիսանում բացասականի ծլարձակման համար: Արցախցիները կարծում էին, որ հնարավոր է լուռումունջ, գլուխները կախ չտեսնելու տալ այդ ամենը, ինչպես ասում են՝ աղբը տնից չհանելով փորձել բարեկարգել ընդհանուր տունը: Սակայն, ինչպես սրամիտներից մեկն է նկատել, աղբը տնից չհանելը հանգեցնում է տունը աղբանոց դարձնելուն: Անձամբ ես հակված եմ կարծելու, որ հնարավոր է գտնել «ոսկե միջինը», այն է՝ չլռել, հանել տան աղբը, բայց «ցուցահանդես չտանել»: Իսկ խոսել պետք է, բոլոր դեպքերում էլ պետք է խոսել  պրոբլեմների մասին:

Սփյուռքի օգնությունն ու օժանդակությունը այն հիմնական ոլորտներից մեկն է, կամ միակը, որում ԼՂՀ պետական այրերը սիրում են գլուխ գովել, ընդգծել իրենց անձնական գործոնի դերը և ցուցադրել հարցերի լուծման գործող մեխանիզմներ ու արդյունքներ: Որոշ չինովնիկներ էլ նպատակասլացորեն խորհուրդ են տալիս ընդունել գործող իշխանությունների գոնե այս արժանիքը և պնդում են, որ գոնե այս հարցում երկրի ղեկավարները պարզապես անփոխարինելի են: Ասում են՝ նախագահ Ղուկասյանը փող է բերում, եթե նա չլիներ երկրի ղեկավարը, ապա Ղարաբաղին փող չեն տա: Այսինքն՝ սփյուռքը Ղարաբաղին փող է տալիս հանուն Ղուկասյանի:

Չենք կարծում, թե այս հեքիաթը լուրջ վտանգ է սպառնում մեզ, քանի որ այնքան է անլուրջ, որ համեստ ընդունակությունների ու սահմանափակ հումորի տեր մարդն էլ կարող է ծիծաղել դրա վրա: Վտանգավորն այն է, որ հեքիաթը առասպելականացնում է  մի հոգու հնարավորությունները և կասկածի տակ դնում մարդկային մի հոծ զանգվածի (սփյուռքահայ մեր եղբայրների ու քույրերի) մտավոր կարողություններն ու հայրենանվիրությունը: Սա իրոք վտանգավոր է, քանի որ մեկի մոտ կարող է «աստղային հիվանդություն» առաջացնել՝ արցախցիների գլխին, իսկ մյուսների (իմա՝ սփյուռքահայերի) մոտ՝ պարզապես զայրույթ և, որ ամենավատն է՝ հիասթափություն Արցախից ու արցախցիներից:

Թե ինչու են Արցախի իշխանավորները գլուխ  գովելու համար հենց այս ոլորտն ընտրել՝ կարելի է հասկանալ: Հպարտանալու շատ քիչ բան կա մյուս ոլորտներում, որտեղ ցայտուն երևում են ԼՂՀ բարձրագույն ղեկավարության գործունեության տխուր հետքերը: Եւ նորակառույցներն ու արտասահմանյան մակնիշի մեքենաներն ամենևին էլ չեն վարագուրում շարքային արցախցիների բարեկեցության ցածր աստիճանը: Գյուղատնտեսական համարվող ու ներկայումս «լենուբոլ» հողատարածքներ ունեցող երկրում գյուղմթերքներն այնքան են թանկ, որ շարքային քաղաքացու կամ կենսաթոշակառուի ամսական ստացածը կարող է հերիքել ընդամենը մի անգամ նախկին «կոլխոզշուկայում» կես պտույտի: Իսկ օրինականության և սոցիալական արդարության պահպանման մասին ճառերն էլ եթե բոլորովին վերջերս ընդամենը ծիծաղ էին առաջացնում, ապա ներկայումս հանգեցնում են զայրույթի: Այս ամենի մասին երևանաբնակ ղարաբաղցիս (այստեղ բնակություն եմ հաստատել դեռևս «սովետի օրոք») գիտե և իր տեսածով, և իր բարեկամների ու ծանոթների պատմածներով:

Դե, էլ ինչի՞ մասին պիտի խոսի նախագահը, որպեսզի ապացուցի իր մասնակցությունը երկրի առաջընթացին: Այս ոլորտն ամենահարմարն է, մանավանդ, որ այն հնարավորություն է տալիս զբաղվել իր սիրած զբաղմունքով՝ ճանապարհորդությամբ, և արդարացնել իր այդ հակումը պետական գործերի անհրաժեշտությամբ:

Սակայն այս ոլորտի հնարավորությունները ևս անսպառ չեն: Նախ՝ հասկանալի պատճառներով նվազել է սփյուռքի օժանդակությունը, հետո էլ արդեն պարզորոշ երևում են նման օժանդակության, մեղմ ասած, ոչ նպատակային կամ անփույթ օգտագործման հետքերը: Ինչու՞ «հասկանալի պատճառներով»: Սփյուռքահայ մեր եղբայրներն ու քույրերը ուզում են համոզվել, որ Արցախն ինքն էլ ուզում է բարեկարգել իր տունը, որպեսզի իրենք էլ աջակցեն: Նրանք միշտ զարմանում էին, թե ինչու արցախցիները չեն մասնակցում իրենց իսկ երկիր-տան բարեկարգման նպատակով անցկացվող հանգանակություններին: Այդ մարդիկ գալիս են Արցախ, կամ այլ միջոցներով տեղեկանում են առկա իրավիճակի մասին, գիտեն, որ այստեղ էլ կան մեծահարուստներ ու հաստաքսակներ, պալատներ ու «ջիպ»-եր: Ուստի տարակուսում են, թե ինչու նրանք չեն մասնակցում: Տարակուսում են ու հիշեցնում հայտնի սրամիտ խոսքը. «Մարաթոնն այն է, երբ հարուստ երկրների աղքատ քաղաքացիները օգնում են աղքատ երկրների հարուստ քաղաքացիներին»: Ինչպե՞ս չտարակուսեն, երբ վերջին մարաթոնի ժամանակ Արցախում խոստացել էին հանգանակել 200 հազար դոլար, բայց առայսօր դրա կեսն էլ չեն տվել: Դե արի ու մյուսներից պահանջիր խոստացված գումարները…

Ինչ վերաբերում է արդեն ստացածի օգտագործմանը, ապա այստեղ առավել ևս հնարավոր չէ թաքցնել տխուր հետքերը, որովհետև դրանք, կներեք արտահայտությանս համար՝ ուղղակի զռռում են: Դա ուղղակի խայտառակություն է ու սարսափելի վիրավորանք: Նորերս հերթական անգամ այցելեցի հարազատ երկրամաս, մեկնեցի Մարտակերտ՝ տեսնելու համար, թե ինչ նոր բան է արվել այնտեղ մարաթոնից հետո: Անցնելով Ցեխ ձորով, ես ուղղակի չէի ուզում հավատալ աչքերիս: Ես, իհարկե, գիտեի, թե Արցախի իշխանություններն ինչպես են տնօրինում գումարները և ինչպես են վերահսկում իրավիճակը, բայց անկեղծորեն ասած նման այլանդակություն չէի սպասում: Ինչպե՞ս կարելի է խիղճն այդ աստիճան կորցնել: Ուստի, պատրաստելով սույն հոդվածը հատուկ «Դեմո»-ի համար, ես թերթի աշխատակիցներին խնդրեցի լուսանկարել ճանապարհի այդ հատվածները և տպագրել հոդվածիս հետ միասին, որպեսզի արցախցիներից ով չի տեսել՝ տեսնի այդ խայտառակությունը:

Այս ամենի թատերաբեմում ԼՂՀ ղեկավարությունից բացի նաև «Հայաստան» Համահայկական Հիմնադրամն է: ԼՂՀ ղեկավարությունն ուզում էր այստեղ իր մարդն ունենալ և ունեցավ՝ ի դեմս ԼՂՀ նախկին արտգործնախարար Նաիրա Մելքումյանի: «Իր մարդ» հասկացությունն ինքնին իմաստազրկում ու բարոյալքում է աջակցության գաղափարը, մեզ տրամաբանորեն հանգեցնելով այն մտքին, որ «իր մարդը» պիտի աշխատի ոչ թե հանուն երկրի, այլ հանուն «իր»-ի: Ժամանակին հարաբերությունները լավ էին, բայց, հավանաբար, մոտենում է պատասխանատվության պահը, եթե ԼՂՀ բարձրագույն ղեկավարության և հիմնադրամի ղեկավարության միջև «սև կատու» է անցել:

Երկու կողմն էլ փորձում են մեկը մյուսին ներկայացնել որպես «փիս» ու եղած բացասականի համար պատասխանատու: Իրար վրա են գցում, թե ով է մեղավոր, որ վերջին մարաթոնում խոստացված գումարը չի հավաքվում (ընդ որում՝ արդեն հավաքված գումարի տարբեր չափեր են ասում), ում պատճառով է, որ մարաթոնից անգամ ութ ամիս հետո Մարտակերտի շրջանում գրեթե ոչինչ չի արվել: Ուշագրավն այն է, որ աղբը տնից չհանելու կոչ անող իշխանություններն արդեն իրենք են «աղբահանությամբ» զբաղվում:

Մեր կարծիքով, երկու կողմն էլ մեղավոր է: Իսկ նախագահ Ղուկասյանին էլ պարզապես չի սազում այդօրինակ դժգոհությունը մի մարդուց, որին ինքն է առաջ քաշել: Պետք չէ չքմեղանալ, պետք չէ նախկին աջակցին քավության նոխազ դարձնել:

ԼՂՀ բարձրագույն ղեկավարությանը հարկ է ստանձնել պատասխանատվությունը, քանի որ վաղ թե ուշ այդ պատասխանը պահանջելու է ժողովուրդը: Հարկ է ստանձնել պատասխանատվությունն ամեն ինչի համար և իրավիճակից շուտափույթ դուրս գալու ուղիներ որոնել: Որպեսզի գոնե պատվով հեռանալու շանս լինի:

Արսեն ՀԱԿՈԲՅԱՆ
Երևան

——————————————————————————————-

Սոցիալական

ՄԻԺԻ-ի դիրքորոշումը ԱՀՌԾ իրականացման և վերանայման գործընթացի ու հիմնական սկզբունքների վերաբերյալ


ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ. ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ, ՍԻՐՈ, ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐԳՄԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2003թ.-ի օգոստոսին, եռամյա մշակման գործընթացից հետո հաստատվեց Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը՝ ԱՀՌԾ-ն, Հայաստանի Հանրապետության երկարատև սոցիալ-տնտեսական ռազմավարությունը՝ 2003-ից մինչև 2015 թվականները: ԱՀՌԾ հաստատումից հետո անցել է արդեն երեք տարի, իսկ  այս տարվա աշնանը պետք է իրականանա այս պետական ռազմավարական ծրագրի վերանայումը և մշակվի հետագա գործողությունների  ծրագիրը:

ՄԻԺԻ-ն կարևորելով մեր երկրում աղքատության վերացումը, հենց ռազմավարական ծրագրի մշակման սկզբնական փուլից իսկ մասնակից եղավ այս գործընթացին. կազմակերպվեցին բազմաթիվ քննարկումներ, հանրային լսումներ, կլոր սեղաններ, մշակվեցին ու հրապարակվեցին ուղերձներ և դիրքորոշումներ, ներգրավվեցին հիմնական շահառուները՝ աղքատները մարզերում և Երևանում, ու այս ամենի արդյունքում առաջ քաշվեցին մի շարք հիմնախնդիրներ, որոնք բնութագրում էին աղքատությունը մեր երկրում:

Դրանք ձևակերպվեցին հետևյալ կերպ՝

1. աղքատությունը մեր երկրում հիմնականում քաղաքական և հանրային կառավարման խնդիր է. երկրաշարժը, պատերազմն ու տնտեսական շրջափակումն առավել խորացրեցին աղքատությունը, սակայն դրանք չեն աղքատության բուն պատճառները.

2. աղքատության հաղթահարման ռազմավարության առանցքում պետք է դիտարկել մարդուն՝ որպես ազատ ու ստեղծագործ էակի.

3. աղքատության հաղթահարման պետական ռազմավարությունը պետք է լինի մեր ԲՈԼՈՐԻՍ հավաքական  բաղձանքների և շահերի տեսլականը.

4. հասարակական փոխհարաբերությունների մեջ պետք է գերակա լինեն  հավասարությունը, արդարությունը, սերը, համերաշխությունը, հիմնական մարդկային իրավունքներն ու արժանապատվությունը.

5. մեր հասարակության տևական զարգացումը պետք է հիմնված լինի մարդու զարգացման ու ինքնաիրացման վրա, տնտեսության համակարգը պետք է ապահովի եկամուտների ու հարստությունների արդար վերաբաշխում, իսկ սոցիալական համակարգը լինի համերաշխ (սոլիդար):

Այս տեսլականն էր առաջարկում Հայաստանի քաղաքացիական հասարակության մի հատվածը: Այս տեսլականը ենթադրում էր, որ մեր երկրում տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքում առավել զրկված, ճնշված, ընչազուրկ խավերը հնարավորություն կունենան՝

ա. իրենց ունակությունները ստեղծագործաբար բացահայտելու, զարգացնելու և իրացնելու.

բ. այս ամենին հասնելու համար կունենան հավասար մեկնարկային պայմաններ իրավական, տնտեսական, հասարակական ու մշակութային ոլորտներում.

գ. այս պայմանների ստեղծումը հնարավորություն կտա ոչ միայն հաղթահարել ֆիզիկական (գոյատևման) կենսագործունեությանը սպառնացող վտանգները, այլ նաև թույլ կտա զգալ և գիտակցել սեփական անհատն ու հավաքականությունը հանրային կյանքում ու հասարակական հարաբերություններում, նաև պայքարել՝ ի խնդիր իր ունակությունների զարգացման ու իրացման, և այդ միջավայրում հավասար հնարավորությունների ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ու ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ:

Եվ այս ամենին հասնելու համար այս քաղաքացիական կառույցներն ու գործիչներն առաջարկում էին որպես ԱՀՌԾ գերակայություններ ընտրել հանրային քաղաքականության հետևյալ գերակա ոլորտները՝

1. կրթության ոլորտը, այդ թվում հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթությունը և ոչ ֆորմալ կրթությունը:

Կրթական ոլորտը կարևորվում է նրանով, որ այստեղ է ձևավորվում մեր պետության քաղաքացին, ստեղծագործող ու պայքարող մարդ-անհատը, պետական մտածողությունը և «հանրային լավ»-ի գիտակցումը: Այստեղ է հնարավոր զարգացնել մարդուն ու քաղաքացուն անհրաժեշտ ունակություններն ու հմտությունները, գիտելիքները, սովորեցնել մտածել և  ձևավորել քաղաքացիական գիտակցություն:

2. Հանրային կառավարման և դատաիրավական ոլորտները, այն է՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերը, արդարադատության և դատական համակարգերը: Այստեղ է, որ ապահովվում է հավասար հնարավորությունների և հավասար իրավունքների գործադրումը: Իրավական իմաստով այս հավասարությունն ամրագրված է մեր Սահմանադրությամբ ու որոշ օրենքներով: 2005թ.-ին բարեփոխված ՀՀ Սահմանադրությունն առավել է հստակեցրել այդ իրավունքները: Սակայն քիչ արժեք ունի իրավունքը, եթե չկան դրա գործադրման իրական կամքը և մեխանիզմները: Մեր պետական քաղաքականությունները պետք է հնարավորություն և արտոնություն տան, որպեսզի ճնշված և ընչազուրկ խավը նվաճի և օգտվի իր իրավունքներից, իրական հնարավորություն ունենա զարգացնել իր կարողությունները, գիտելիքն ու հմտությունները, և այդպիսով հավասար պայմաններ ու հնարավորություններ ունենա տիրապետող փոքրաթիվ խավի հետ:

***

Այնուհանդերձ, 2003թ.-ին ԱՀՌԾ գերակայություն ընտրվեց ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ-ի քաղաքականությունը:

Բազմաթիվ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները, և որ ամենակարևորն է՝ հիմնական ռազմավարական գերակայությունները դուրս մնացին իշխանությունների որդեգրած վերջնական ռազմավարությունից կամ խեղաթյուրվեցին: ԱՀՌԾ-ի երկամյա իրականացման շրջանը ցույց տվեց, որ որպես փաստաթուղթ այն բազմաթիվ բացթողումներ ունի. ամենաէականը՝ դրանով իրականում չի լուծվում աղքատության հիմնախնդիրը մեր երկրում, որի պատճառը ծրագրի հիմքում ընկած գերակայություններն են, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ-ի քաղաքականությունը:

2006թ.-ի մայիսին ԱՀՌԾ Համակարգող Խորհուրդը հաստատեց 2004-ին և 2005թ.-ի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունը, որի արդյունքներով ՀՆԱ (Համախառն ներքին արդյունք) մեկ շնչի հաշվով 2004 թ. փաստացի ցուցանիշը համապատասխանում է ԱՀՌԾ 2007թ. կանխատեսումներին, իսկ 2005թ.-ի փաստացի ցուցանիշը՝ մեկ շնչին տարեկան  1524 ԱՄՆ դոլարին համապատասխանում է ԱՀՌԾ 2011թ.-ի կանխատեսումներին: 2004 թվականին արձանագրված աղքատ բնակչության 39 տոկոս ցուցանիշին ԱՀՌԾ-ի համաձայն նախատեսվում էր հասնել 2006 թվականի ընթացքում, իսկ 2004 թվականին գրանցված շատ աղքատ բնակչության 7.2 տոկոս ցուցանիշին նախատեսվում էր հասնել միայն 2013թ.-ին:

Ստացվում է, որ հաշվետվության հիմնական ցուցանիշներով Հայաստանի կառավարությունն արդեն իսկ «գերակատարել է պլանը»: Միաժամանակ, այս նույն տրամաբանությամբ, եթե 2006թ.-ին տնտեսական աճ չարձանագրվի կամ ցածր արձանագրվի, մեր պետությունում աղքատության ցուցանիշներն անխուսափելիորեն կաճեն  և բավականին մեծ չափերով:

Եկամուտների բարձրացումը դեռևս չի նշանակում, որ այդ մարդն այլևս աղքատ չէ: Տնտեսական աճի քաղաքականության պարագայում թվերի միջոցով հեշտությամբ հնարավոր է «աղքատության կրճատում արձանագրել»: Սա կատարվում է մոտավորապես այսպես. եթե մեր երկրում պարենային  զամբյուղի սահմանը համարվում է ամսական 10000 դրամը (24 ԱՄՆ դոլար), ապա ցանկացած ոք, ով ունի ամսական, օրինակ, 12000 դրամ (28 ԱՄՆ դոլար) եկամուտ, այլևս աղքատ չի համարվում: Միաժամանակ, հստակ է, որ սոցիալ-տնտեսական հնարավորությունների իմաստով եկամուտների այսպիսի տարբերությունը որևէ էական առավելություն չի տալիս. երկրում աղքատների թիվը փաստացիորեն չի փոխվում, քանի որ սահմանված աղքատության գծից այս կամ այն կողմ գտնվողները նույնքան զուրկ են արժանապատիվ մարդ և քաղաքացի կայանալու ու զարգանալու հնարավորությունից, որակյալ կրթություն ստանալու, առողջապահական ծառայություններից օգտվելու, մշակութային կյանքին մասնակցելու, հանգստի իրավունքից օգտվելու և բազմաթիվ այլ իրավունքներից:

Տնտեսական աճը, իհարկե, կարևոր նախապայման է նյութական տեսանկյունից աղքատությունը մեղմացնելու, սակայն ոչ երբեք՝ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ համար: Տնտեսական աճի քաղաքականությունը կարող է լուծել գոյատևման, բայց ոչ երբեք զարգացման և արժանավայել ապրելու հարցը: Իսկ գոյատևման խնդիրը Հայաստանն իրականացնում է և կիրականացնի առանց ԱՀՌԾ-ի գոյության էլ, քանի որ նույնիսկ պետբյուջեում այս ծրագրի հատուկ հատկացումներ չլինելու դեպքում էլ պետական եկամուտների աճի պայմաններում այդ գումարի մի մասն անխուսափելիորեն ուղղվելու էր սոցիալական ոլորտ:

Այս կտրվածքով խնդիրը դիտարկելիս կարելի է արձանագրել, որ եթե 2006թ-ի վերանայման ժամանակ չփոխվեն գերակայությունները, ապա  ծրագրի շարունակությունը կկրի ձևական բնույթ, և անիմաստ կդառնան ծրագրի մշակմանն ուղղված բոլոր ջանքերը, ֆինանսական ու մարդկային ռեսուրսները, ժամանակը…

Մարդու Իրավունքների եւ Ժողովրդավարության Ինստիտուտ՝ ՄԻԺԻ
Երևան

 

«ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԱՅՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՐԺԱՆԻ ՉԷ ՆԵՐԿԱՅԻՍ ԿՅԱՆՔԻՆ»

Վրեժ Բաբայանը ծնվել է 1965թ. Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում, ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1990թ. աշխատանքի է անցել հարեւան Հաղորտի գյուղի միջնակարգ դպրոցում, նույն գյուղի ինքնապաշտպանական ուժերի հետ մասնակցել է մարտական գործողություններին: 1993թ. հուլիսի 31-ին Աղդամի մերձակայքում զրահամեքենայում պայթում է հակատանկային ականի վրա, կորցնում աջ ոտքը, աջ ձեռքը, վիրավորվում ձախ ոտքից եւ աջ աչքից: Երբ նրանից տպագրության համար մի նկար խնդրեցի, պարզվեց, որ Վրեժը ավտոմատով կամ զինվորական համազգեստով որեւէ նկար չունի, երեք տարի պատերազմել է, բայց ոչ մի անգամ չի նկարվել: Այսօր շատ-շատերն ունեն ավտոմատով նկարներ, բայց չեն էլ կրակել, չեն շնչել վառոդի հոտը, չեն ապրել «գրադի» ահասարսուռ ձայնը: Վրեժը նման նկարի կարիք հաստատ չունի: Նա այս պատերազմին տվել է իր մարմնի ուղիղ կեսը:

Երեւանում երկարատեւ բուժումից հետո 1995թ. նա վերադառնում է Բերդաշեն եւ աշխատանքի անցնում գյուղի դպրոցում:

Հարցնում եմ՝ ի՞նչ էր քո համար Շարժումը, պատերազմը:

«Ես մի քիչ նացիոնալիստ եմ, ազգային-ազատագրական շարժմանը անդամագրվել եմ առաջին իսկ օրվանից: Պատերազմն աշխարհի, մարդկության ստեղծած ամենամեծ ողբերգությունն է: Պատերազմից հետո հասկացա, որ պատերազմում տուժում են անմեղ մարդիկ, իսկ մեղավորները՝ շահույթ ստանում: Կոնկրետ ղարաբաղյան պատերազմը ազգային-ազատագրական էր, դրան մենք ստիպված էինք մասնակցել, որովհետեւ այլընտրանք չկար. կամ պետք է տուն-տեղ թողնեինք, փախչեինք, կամ՝ պատերազմեինք: Կամ պետք է մեզ սպանեին, կամ մենք սպանեինք նրանց, այլ տարբերակ չկար: Պատերազմում մենք հաղթեցինք, բայց շատ ծանր գնով, ամեն դեպքում՝ ազատություն ձեռք բերեցինք, բայց այդ հաղթանակած ժողովուրդն արժանի չէ ներկայիս կյանքին, ապրուստին: 1988թ. մեր ազգն ամենահամախմբվածն էր մեր ողջ պատմության ընթացքում, բայց այսօր այդ համախմբվածության հետքն անգամ չի մնացել: Բացի այդ, իշխանության են գալիս մարդիկ, ովքեր ազգի ցավերով չեն տառապում եւ միայն իրենց սեփական շահի մասին են մտածում, ցավոք, այդպես է: Ինչ-որ տեղ մենք ենք մեղավոր, բայց մյուս կողմից իշխանավորներն էլ չպետք է խիղճներն այդչափ կորցնեն»,-պատասխանում է Վրեժը:

«Պատերազմն ինքնին ողբերգություն է, մահ է: Դու մասնակցել ես պատերազմին, քեզ համար ո՞րն էր ամենաողբերգական պահը»,-շարունակում եմ հարցեր տալ նրան:

«Մեր գյուղը սահմանի վրա է. մենք դիրքերում էինք կանգնում, հակառակորդը մեր գյուղը հրետակոծում էր, արկերն անցնում էին մեր գլխավերեւով: Փաստորեն, մենք խրամատում ավելի ապահով էինք, քան մեր գյուղում մեր ծնողները, երեխաները: Հրետակոծությունից ժամեր, երբեմն օրեր անց էինք իմանում, թե գյուղում ինչ է կատարվել հերթական հրետակոծությունից հետո: Ժամեր, օրեր սրտատրոփ սպասում էինք, սարսափելի բան էր դա: Բայց ամենաողբերգականն այն էր, երբ երեխաներ էին սպանվում: Մեր գյուղում 11-12 տարեկան երկու աղջիկներ են սպանվել, իսկ ընդհանուր առմամբ գյուղը տվել է ավելի քան 40 զոհ, մի մասը՝ խաղաղ բնակիչներ»,-ասում է նա:

«Իսկ դուք ցավո՞ւմ էիք, որ ձեր նետած արկերից կարող են ադրբեջանցի երեխաներ սպանվել»,-հարցնում եմ նորից:

«Անձամբ ես երբեք խաղաղ բնակչի վրա չեմ կրակել: Պատահել է, որ գերիներ ենք վերցրել, երբեք չէի թողնում, որ մեր տղաները նրանց ծեծեն: Ինչպես հիմա, այն ժամանակ էլ էի մտածում, որ խաղաղ բնակչությունը մեղք չունի: Ուղղակի ճակատագրի բերումով նրանք էլ էին ընկել պատերազմի մեջ եւ պիտի քաշեին այդ լուծը: Մենք այդքան արկեր չունեինք, որ հարվածեինք խաղաղ բնակավայրերին, մենք անգամ չունեինք այնքան արկեր, որ բավարարեր հակառակորդի կրակակետերը լռեցնելուն: Նրանց տասը հրետակոծությանը մենք մեկով էինք պատասխանում: Ադրբեջանական բանակը շատ լավ էր սպառազինված, մենք, հատկապես սկզբնական շրջանում, համարյա ոչինչ չունեինք»,-պատմում է Վրեժը:

Նա ասում է, որ պետությունը թոշակ է տալիս, իսկ վերջերս մրցույթ-փառատոն էին կազմակերպել հաշմանդամների համար, գրեթե ամեն տարի կազմակերպում են: «Դա էլ է մեր նկատմամբ ուշադրության նշան: Բայց այդ ուշադրությունը չպիտի լինի ողորմության ձեւով: Սեղանի շուրջ խմում են զոհված կամ վիրավորված ազատամարտիկների կենացը, սեղանից հեռանում՝ ամեն ինչ մոռանում են: Մեզ ամենից շատ հիշում են խղճալով: Ես ինձ համար չեմ ասում, ես ունեմ աշխատանք, ես խոսում եմ հաշմանդամ ազատամարտիկների մեծամասնության անունից: Զոհվածների ընտանիքներին, վիրավորներին լավ կամ վատ էլի օգնում են, բայց կան ազատամարտիկներ, ովքեր չեն սպանվել կամ հաշմվել եւ առաջինից մինչեւ վերջին օրը կռվել են պատերազմում, բայց այսօր հացի փող չունեն, որպեսզի կերակրեն իրենց երեխաներին»:

«Իսկ ո՞րն է ամենատանջող բանը, որ մնացել է քո հոգում պատերազմի տարիներից»,-շարունակում եմ հարցեր տալ եւ լսել դիմացս նստած հասարակ մարդուն՝ հայրենասերին, զինվորին, ուսուցչին:

«Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ոչ միայն ես, այլեւ շատ- շատերը համոզվել են, որ պատմությունը իրոք գրվում է պատվերով: Ես այսօր համոզվել եմ դրանում: Ես մտածում եմ, որ Վարդանանց պատերազմն էլ է գրվել պատվերով, եւ եթե այդ պատվերը տրվեր Վասակ Սյունու կողմից, ապա կարող էր գրվել, որ դավաճանը Վարդան Մամիկոնյանն է: Նույնն է նաեւ արցախյան շարժման եւ պատերազմի դեպքում: Ակամա մտածում ես. մի հարյուր տարի հետո վիճակագիրները վերցնելու-կարդալու են, որ 100 մարդ պարգեւատրվել է «Մարտական խաչով», եւ մտածելու են, որ այս պատերազմում կռվել են հենց նրանք»:

«Իսկ ո՞վ է կռվել»,-հարցնում եմ:

«Ժողովուրդը: Ի՞նչ ես մտածում, շտաբում նստածնե՞րն են տարել հաղթանակը: Պատերազմում հաղթել ենք խրամատներում»,-ասում է Վրեժ Բաբայանը:

«Հետք» (www.hetq.am)
Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ
Բերդաշեն-Երեւան

——————————————————————————————-

Միջազգային

ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐԱՁԵՎՈՒՄԸ ՉՊԻՏԻ ԼԻՆԻ ՈՄԱՆՑ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ

Մենք արդեն խստագույնս քննադատել ենք Իսրայելի սիոնիստական կառավարության անմարդկային քաղաքականությունը՝ հանդեպ Լիբանանի խաղաղ բնակչության: Չկարողանալով արժանվույնս մարտնչել «Հզբոլլահ»-ի մարտիկների դեմ, իսրայելական կառավարությունը խաղաղ բնակավայրերը ռմբահարելու հրամաններ է արձակում, փորձելով Լիբանանի բնակչությանն ահաբեկել ու տրամադրել «Հզբոլլահ»-ի դեմ, իբր այս ամենի մեղավորը նրանք են, որ ավերվում է Լիբանանը: Սա փորձ է Լիբանանում քաղաքացիական կռիվներ հրահրելու: Թուլացնելով Լիբանանը, հաջորդ թիրախը կդարձնեն Սիրիան, հետագայում՝ նաև Իրանը: ԱՄՆ-ի իշխանությունները նույնպես չեն թաքցնում նոր Մերձավոր Արևելք «կերտելու» իրենց նկրտումները: Սրա ապացույցը նաև վերջերս Սանկտ-Պետերբուրգում «մեծ ութնյակի» շրջանակներում «ակամա» թույլ տված Բուշ-Բլեր հայհոյախառն զրույցն էր, որը, մեր կարծիքով, ակնհայտ մարտահրավեր էր ոչ միայն Սիրիային ու Իրանին, այլ՝ ամբողջ աշխարհին:

Մեզ համար արդեն զարմանալի չէ, որ ՄԱԿ-ը «չկարողացավ» Իսրայելի գործողությունները դատապարտող փաստաթուղթ ընդունել, այլ միայն «ցնցվեց ու վշտացավ» իր գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ: Կոֆի Անանը ցնցումներից դուրս չեկավ նույնիսկ այն ժամանակ, երբ իսրայելական պաշտոնյաներից մեկը բացահայտ հայտարարեց, թե իրենք պիտի ոչնչացնեն բոլոր նրանց, ովքեր ատում են իրենց, որից հետո ոչնչացվեց նաև ՄԱԿ-ի դիտորդական կետը և 4 դիտորդներ զոհվեցին:

Արևմուտքը ոչ միանշանակ, բայց հայտարարում է, թե Իսրայելը ինքնապաշտպանվելու իրավունք ունի, լա՛վ, իսկ հարց է առաջանում՝ Իրաքը ունի՞ այդ իրավունքը, ինքնապաշտպանվելու Արևմուտքի ու Թուրքիայի ոտնձգություններից, իսկ Սիրիա՞ն կամ Իրա՞նը: Իսկ Պաղեստինը կարո՞ղ է ինքնապաշտպանվել Իսրայելից, Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանից, Աբխազիան ու Օսեթիան՝ Վրաստանից, Սերբիան՝ անգլո-սաքսոնական դավադրություններից, Հյուսիսային Կորեան ու Աֆղանստանը՝ ԱՄՆ-ից և այլն…

ՄԱԿ-ը վաղուց կիրառում է երկակի «ստանդարտներ»: Երբ հարցը իրենց կամակատար պետություններին կամ էթնիկ խմբավորումներին է վերաբերում, ապա ի շահս նրանց է գործում «տարածքային անձեռնմխելիության» կամ «ազգերի ինքնորոշման» իրավունքները, հակառակ դեպքում՝ սրանք երկակի իմաստներ են կրում, տալով տեղապտույտներ…

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ
Երեւան
(մասնակի կրճատումներով)

 

ՀԱՅԱՍՏԱՆ. ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Իր հայտնի՝ «Տվե°ք ինձ ազատություն կամ մահ» ճառի մեջ, Վերջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում 1775 թվականի մարտի 23-ին Պատրիկ Հենրին ասաց. «Ես ուզում եմ իմանալ ողջ ճշմարտությունը, որքան էլ մեծ հոգեկան տառապանք դա պատճառի: Ուզում եմ իմանալ վատթարագույնը՝ որպեսզի կարողանամ դիմագրավել այն»:

Այս համբավավոր միտքը Հայաստանի կառավարությանը ներշնչող ոգին պետք է հանդիսանա:

Հայաստանի ներկա կառավարությունը, ըստ երևույթին, անտեղյակ է ճշմարտությանը և այդ պատճառով պատրաստ չէ դիմագրավելու վատթարագույնին: Նրանք չգիտեն ինչպես ստեղծել ազատ պետություն գլոբալիզացիան իրականացնողների աննկատելի և նենգ ներխուժման պայմաններում:

Նախ և առաջ պետք է հաստատել, որ մարդը իր իրավունքները ստանում է կամ մարդուց, կամ իրավունքներ ստեղծող ավելի բարձր մեկից: Եթե չկա ավելի բարձր մի հեղինակություն, մարդը միշտ փորձում է ստրկացնել մարդուն: Ազատության և խաղաղության Ամերիկայի առաջին մեծ պաշտպան Վիլյամ Պիթը գրել է. «Եթե մարդիկ չկառավարվեն Աստծով, բռնակալները կկառավարեն նրանց»:

Թվում է, թե Հայաստանի կառավարությունը չի կարողացել նախապատրաստվել դիմագրավելու վատթարագույնին, պատկերացրած չլինելով պետականության ճանապարհի խոչընդոտները, երբ որոշ ուժեր փորձում են ստեղծել «համաշխարհային կառավարություն»: Նրանք խճճել են իրենց հենց այն միջազգայնապաշտ կազմակերպությունների ցանցում, որոնք իրականում դեմ են փոքր և անկախ ազգությունների գոյությանը:

Հետևյալ հաստատությունները մի քանիսն են բազմաթիվ այն կազմակերպություններից, որոնք կոչված են կառավարելու աշխարհը:

Միացյալ Ազգերի Կազմակերպություն

Մեզ միշտ ասվել է, թե ՄԱԿ-ը աշխարհի վերջին և լավագույն հույսն է խաղաղություն պահպանելու համար: Ազգամիջյան խնդիրների խաղաղ ճանապարհով լուծումը և ազգերի համերաշխությունը բոլոր ազնիվ ժողովուրդների ձգտումներից են: ՄԱԿ-ը, սակայն, կատարյալ ձախողության է մատնվել խաղաղություն պաշտպանելու իր նպատակի մեջ: Այս կազմակերպության 1945 թվականին հիմնադրումից ի վեր բազմաթիվ պատերազմներ են տեղի ունեցել: Միջպետական կռիվները, պարտիզանական ապստամբությունները և ահաբեկչությունը շարունակում են խլել բազմաթիվ կյանքեր:

Մարդկային այս աղետները առիթ են հանդիսացել ՄԱԿ-ի շրջանակներում նոր կազմակերպությունների ստեղծման համար, որոնց բոլորի նպատակը նույնն է՝ աշխարհը կառավարելը: Ակնհայտ է, որ ՄԱԿ-ը իր հիմնադիրների կողմից ծրագրված սոցիալիստական համաշխարհային կառավարություն դառնալու համար զինվորական ուժի անհրաժեշտություն ունի: Այդ ուժը այնքան հզոր պիտի լինի, որ կարողանա պարտադրել իր կամքը: Այս նպատակին են ծառայում, օրինակ, տարբեր պետությունների մասնակցությամբ միացյալ ռազմափորձերը: Հայաստանի պարագայում այդպիսի ռազմափորձերը թուլացում են հայ զինվորների ազգային ոգին՝ նրանց ներշնչելով համաշխարհային բանակի մաս լինելու գիտակցությունը:

ՄԱԿ-ի նպատակը համաշխարհային կառավարությունն է և մեկ աշխարհը, որտեղ ազգային պետություններն ու մշակույթները տեղ չունեն:

ՄԱԿ-ը նաև ծրագրում է համաշխարհային տուրք: Սթիվ Բոնթան իր «Համաշխարհային տուրքահավաք» գրքում նշում է. «Համաշխարհային կառավարության ջատագովները ցանկանում են համաշխարհային տուրք մտցնել, որպես ՄԱԿ-ը համաշխարհային կառավարության քայլ առ քայլ վերածելու ծրագրի  մաս»: (Նյու Ամերիքըն Սփեշըլ Ռիփորթ, 22-ը հոկտեմբերի, 2001 թ.):

Հռոմի Ակումբ

Հռոմի Ակումբը խիստ ազդեցիկ համաշխարհային հետազոտական հաստատություն է, որի հիմ-նական նպատակն աշխարհի բնակչությունը երկու միլիարդով նվազացնելն է, եթե անգամ դա պահանջի պատերազմ, սով, համաճարակ կամ որևէ այլ միջոց: Այս նպատակի հիմքում ընկած է շրջակա միջավայրի պաշտպանության խաբեությունը: Դկ. Ժաքլին Կասունը իր «Պատերազմ աշխարհի բնակչության դեմ» գրքում զգայացունց տեղեկություններ է բերում աշխարհի բնակչությանը հսկողության տակ պահելու բազմամիլիոն դոլար արժողությամբ ծրագրերի մասին: Թոմաս Ֆերգուսոնը՝ Միացյալ Նահանգների Պետական Դեպարտամենտի բնակչության բաժնի Լատինական Ամերիկայի գրասենյակի պատասխանատուն, հայտարարել է. «Մենք կգնանք ցանկացած երկիր և կասենք՝ դեն նետեք զարգացման ձեր խղճուկ ծրագիրը: Մտածեք, թե ինչ պետք է անեք բնակչության չափերը կրճատելու համար: Եթե համաձայն չեք և չեք ցանկանում դա անել ընտանիքի չափի փոքրացման ճանապարհով, վաղ թե ուշ կդառնաք մի երկրորդ Էլ-Սալվադոր կամ Իրան, կամ, որ ավելի վատ է, Կամբոջիա»: (Էքզեքյութիվ Ինթելիջընս Ռիվյու, 10-ը մարտի, 1961 թ.)

Եվրախորհուրդ

Մեծ խանդավառությամբ Եվրախորհրդի անդամ Հայաստանի դառնալուց հետո, այս կազմակերպության Ընդհանուր Քարտուղար Վոլթըր Շվիմերը Հայաստանը դասակարգեց որպես «պատերազմական վիճակի մեջ գտնվող երկիր» և Հայաստանի կառավարությունից սպառնալով պահանջեց համաձայնություն կնքել Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի առնչությամբ: Հետաքրքիր է, ինչպե՞ս կարող է Հայաստանը պատերազմի մեջ լինել, երբ արդեն 12 տարի է անցել ռազմական գործողությունների ավարտից: Մի՞թե Հայաստանի կառավարությունը չէր հասկանում, որ անդամակցելով մեկ-աշխարհական այդ կազմակերպությանը, կորցնելու է իր անկախությունը:

Վոլթըր Շվիմերը նաև ասել է. «Մենք ապրում ենք գլոբալիզացիայի դարում, երբ սահմաններ փակելը բնական աղետ է բոլորի համար»: Հարց է առաջանում՝ ինչու՞ է Եվրախորհրդի ղեկավարը այդքան մտահոգված Հայաստանի սահմաններով: Եթե պրն. Շվիմերը իսկապես մտահոգված է փակ սահմաններով, պետք չէ՞, արդյոք, որ նա նախ խոսի նրանց հետ, ովքեր փակել են Հայաստանի սահմանները: Ի դեպ, պատմությունը ցույց է տվել, որ միշտ ուրիշներն են որոշել Հայաստանի սահմանները: Եթե պրն. Շվիմերը մտահոգված լիներ Հայաստանի ապագայով, նա Հայաստանը չէր անվանի «ճիշտ ճանապարհով ընթացող աշակերտ»: Լինելով ավստրիական խորհրդարանի Իսրայելի հետ բարեկամության խմբի ղեկավարը 1976 թվականից մինչև 1999-ը, պրն. Շվիմերը մի՞թե չէր կարող համոզել Իսրայելի կառավարությանը, որ վերջինս դադարեցնի մարզել Ադրբեջանի զինված ուժերին: (Իսրայելը մասնակցում է ադրբեջանական ձեռնարկների, Ջոունզ Դիֆենս Ուիքլի, դեկտեմբերի 22, 1999 թ.):

Ո՞վ է կառավարելու Հայաստանը՝ Պրն. Շվիմե՞րը, թե՞ Հայաստանի ժողովուրդը: Հայերը կարող են և պետք է հարաբերվեն Եվրոպայի հետ, բայց ոչ թե հրամայվեն Եվրախորհրդի կողմից:

Միջազգային Դատարան

Միջազգային դատարանը գտնվում է Հոլանդիայի Հաագա քաղաքում: Դատարանի գաղափարը որդեգրվեց գլոբալիզացիայի ջատագովների կողմից 1988 թվականի հուլիսի 17-ին Հռոմում կայացած մի համագումարի ընթացքում: Այս դատարանը իրավունք ունի բեկանելու անկախ պետությունների դատարանների վճիռները: Օրինակ, այն պաշտպանում է կանանց իրավունքները և երեխաների իրավունքները ծնողների նկատմամբ այնպես, որ իրականում քանդում է ընտանիքի հիմքերը: Այն կարող է նաև Ղարաբաղի կառավարության անդամներին դիտել իբրև պատերազմի հանցագործներ և նրանց դատի տալ: Դատարանը կարող է նաև դատել Հայաստանի զինված ուժերի ցանկացած անդամի, անտեսելով  Հայաստանի արդարադատության ատյանների վճիռները: Անցյալի ցեղասպանությունները, այդ թվում՝ հայ ժողովրդինը, դատաքննության չեն դրվելու: Միջազգային դատարանը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեկը միջազգային այն կազմակերպություններից, որոնք հիմնվել են իրականացնելու ՄԱԿ-ի՝ համաշխարհային կառավարություն դառնալու նպատակը:

Միջազգային Զարգացման  Գործակալություն (ԱՄՆ)

Սա ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող մեկ ուրիշ կազմակերպություն է: Այս կազմակերպության առաջին նպատակը շրջակա միջավայրի պաշտպանության  քողի տակ տարբեր երկրների տնտեսական զարգացման ընթացքը փոխելն է: Նրանց ցանկացած փոփոխություններից մեկը Հայաստանի ատոմակայանը փակելն է: Հետևյալը մեկն է անկախ պետությունների նկատմամբ նրանց մտադրությունները արտահատող հարցադրումներից. «Մշակվե՞լ է, արդյոք, երկրում շրջակա միջավայրի պաշտպանության համապարփակ մի ծրագիր, որի շրջանակներում հնարավոր լինի փոխել տնտեսական և հասարակական հարաբերությունները»:

Արտավազդ ԱՎԱԳՅԱՆ
Բոքա ՌԸԹՈՆ
Ֆլորիդա, ԱՄՆ

——————————————————————————————-

Մայրաքաղաք

ՍԿԻԶԲԸ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ Է

Մոտ հինգ տարի առաջ Ստեփանակերտում հիմք դրվեց «Բուսաբանական այգի» փակ բաժնետիրական ընկերությանը, որի գործառույթների շրջանակներում է նաև քաղաքի կանաչապատման աշխատանքների կազմակերպումը:

Ինչպես մյուս քաղաքները, այնպես էլ մեր Ստեփանակերտ այցելողներն իրենց առաջին տպավորությունն ստանում են քաղաքի արտաքին տեսքից՝ շինարարական օբյեկտների գեղեցկությունը, փողոցների մաքրությունը, ինչպես նաև քաղաքի կանաչ զանգվածը: Ուրեմն, ընկերությունն այս առումով կրում է մեծ պատասխանատվություն:

Չնայած վաղուց քաղաքն ուներ ջերմոց, բայց այն քիչ արդյունք էր տալիս: Քաղաքի համար տնկիները, մշտադալար ծառատեսակներն ու թփերը, անգամ խոտի սերմերը ձեռք էին բերում Հայաստանից, Ռուսաստանից (հազվադեպ՝ Հադրութից ու Ասկերանից) և այլ տեղերից՝ ծախսելով մեծ գումարներ:

Եվ ահա մեկ տարի առաջ ընկերության նորանշանակ տնօրեն Ռոբերտ Բարսեղյանը, որը մասնագիտությամբ բուսաբույծ չէ (նախկին տնօրենը կենսաբանական գիտությունների թեկնածու էր) իր առաջին գործը սկսեց նոր տնկարան և ջերմոց ունենալուց, քանի որ նախընտրելի համարեց ոչ թե գնելն ու գումարներ վատնելը, այլ ստեղծելն ու վաճառելը:

Այդ նպատակով Կարկառ գետի աջ ափին սկսվեց նոր տնկարանի և ջերմոցների ստեղծումը, որոնք ունեն զարգացման ու «փող բերելու» բավականին լավ հեռանկարներ:

Մայրաքաղաքն ունի երեք հիմնական մուտք՝ արևելքից, հյուսիսից և հարավից: Առաջին երկուսը բարեկարգված են, կան գեղեցիկ ծառուղիներ՝ կանաչ թփերով ու սիզամարգերով, իսկ երրորդը, որն ամենահիմնականն է, գտնվում է Ստեփանակերտ-Շուշի մայրուղու վրա և   անբարեկարգ վիճակում էր:

Վերջերս քաղաքապետարանը ձեռնամուխ եղավ այդ մուտքի բարեկարգմանը՝ Մազի կամրջից մինչև հանրապետական հիվանդանոց ձգվող ճանապարհի երկու կողմով ձգվեց գեղեցիկ, տուֆակերտ ցանկապատը, որը հիացմունք է պատճառում այցելուներին, հատկապես՝ արտասահմանցիներին: Այդ մուտքի բարեկարգման գործում իր լուման է ներդրել նաև «Բուսաբանական այգի» ՓԲԸ-ը:

Մուտքի ճանապարհի երկայնքով տնկել են հարյուրավոր ընկուզենիներ, և մի քանի տարուց հետո այդ տեղամասը կդառնա գեղատեսիլ ծառուղիներով քաղաքամուտք: Իսկ դրա պահպանումն արդեն մեզնից է կախված լինելու, բոլորիս հոգատար վերաբերմունքից:

Չնայած ընկերության տնօրեն Ռ. Բարսեղյանը և երիտասարդ փոխտնօրեն Ն. Լալայանը ամեն օր լինում են տեղամասերում, տալիս առաջադրանքներ, բայց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ընկերության աշխատանքներում տեղ են գտնում թերություններ ևս:

Այսպես, մեկ ջրկիր ավտոմեքենան ի վիճակի չէ այս տոթ եղանակներին կատարելու քաղաքի բոլոր պուրակների, հազարավոր նորատունկ ծառերի, թփերի ոռոգման աշխատանքները, որի հետևանքով չորանում է տնկիների մի մասը:

Անբարեկարգ վիճակում են «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի շրջակայքը, պետական շենքերի բակերը: Մյուս կողմից էլ կոտրատվում և արմատահան են արվում նորատունկ տնկիները: Այս հարցում բացակայում է դպրոցների, քաղաքապետարանի և տեղամասային տեսուչների համագործակցված դաստիարակչական աշխատանքը: Անհրաժեշտ ծանրաբեռնվածությամբ չեն աշխատում ընկերության բուհական կրթությամբ մասնագետները:

Մեր մայրաքաղաքն ունի բարենպաստ կլիմա, գեղեցիկ շրջակայք և իրավունք ունի մտնելու աշխարհի կանաչ քաղաքների (Կիև, Բուդապեշտ, Սոչի, Բաթում և այլն) ցուցակի մեջ, եթե շահագրգիռ կազմակերպությունները և պատասխանատու անձինք ունենան ցանկություն, բարձր ճաշակ և պետական մտածողություն:

Սերգեյ ՀԱԽՈՒՄՅԱՆ

 

ԻՆՉՈ՞Ւ ԱՅՍՔԱՆ ԱՆՏԱՐԲԵՐ ԵՆՔ ԴԱՐՁԵԼ

Ցավով պիտի արձանագրել, որ իրականության մեջ, մեր կենցաղում նկատվող տարբերությունը (վերևներից՝ ներքևներ) քանի գնում՝ ավելի է խորանում, որի դեմ պետք է անհաշտ պայքար մղվի նաև մեր լրատվամիջոցների կողմից: Մարդիկ անասելի եսասեր են դարձել և իրենց անձնական շահի համար դիմում են ցանկացած միջոցի՝ անտեսելով մյուսներին, անարգել խախտելով համակեցության ընդունված նորմերը: Եւ նրանց ձեռքը բռնող չկա, այդ ձեռքը չի բռնում նույնիսկ նա, ով պարտավոր է բռնել, միջոցներ ձեռնարկել, այսինքն՝ կատարել այն, ինչին կոչված է, ինչի համար աշխատավարձ է ստանում: Անտարբերության մթնոլորտ է տիրում մեր առօրյայում, մեր աչքի առաջ: Իսկ որպեսզի մեր մտահոգությունը մերկապարանոց չհնչի, ներկայացնենք պարզապես ամոթալի, մեր ազգային նկարագրին խորթ ու անհարիր մի քանի օրինակներ:

Եկեք օրվա ցանկացած ժամի լինենք Ազատամարտիկների լայնահուն պողոտայի և նրա շարունակություն կազմող Մեսրոպ Մաշտոցի անունը կրող պողոտայի տարածքներում, հատկապես՝ Հաղթանակի հրապարակ («Կոլցովայա» կոչված) հատվածում: Այս այն սրբազան հրապարակն է, որտեղ մեր ազգային-ազատագրական շարժման պատմական հավաքատեղին էր լինում: Սակայն այսօր այդ սրբատեղին բացարձակ անտարբերության, անուշադրության է մատնված թե իշխանությունների, թե բնակիչների կողմից:

Անշուշտ, շատերն են հիշում, թե հրապարակի կենտրոնական մասում գտնվող տարածքում ինչպիսի հեքիաթային ծաղկանոց էր աճում: Մարդիկ, իրոք, գեղագիտական մեծ հաճույք էին ստանում գեղատեսիլ վարդենիներից, երփներանգ ծաղիկներից, կանաչ թփերից: Այդ բուրաստանը մշակում-խնամում էր շատ հարգված ստեփանակերտցի, բանվոր-բանաստեղծ Արշակ Մակարյանը: Եվ ինչպես չհիշես ու ողորմի չտաս նման մարդկանց:

Բայց ահա մի քանի տարի առաջ եկան, քանդեցին, տակն ու վրա արեցին ու հեռացան (հասկանալի է՝ ինքնագլուխ չեն այդ քայլին դիմել): Բնակիչները սպասում էին, որ ավելի գեղեցիկ տեսք կստանա ծաղկանոցը: Ավաղ, այդ տարածքը հիմա ավերակի է նման: Այ քեզ բացահայտ անտարբերություն ու անհոգություն:

Ավելի խայտառակ, անբացատրելի իրավիճակ է թագավորում այս տարածքի մյուս հատվածում, ուր փռված է «Սուպերմարկետ» կոչվող նորօրյա խանութներից մեկը: Եթե ուզում եք ըստ ամենայնի պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնում «հակասանիտարական վիճակ» ասվածը, եղեք այս տարածքում: Թող գոնե մեկ ժամ այստեղ հայտնվեն ու ոտքով, միայն ոտքով շրջեն մայրաքաղաքի մաքրության, կարգուկանոնին պատասխանատու ընկերները եւ համապատասխան եզրակացություն հանգեն:

Այլապես ինչպե՞ս հասկանան մարդիկ. գարնանը հայտարարված միամսյակի անվան տակ այս տարածքում (որտեղ, ի դեպ, Գյումրիի քաղաքապետարանը հուշաղբյուր է կառուցել՝ ի հիշատակ արցախյան ազատամարտում նահատակված մեր սուրբ տղաների), իբր թե աշխատանքներ կատարեցին, երկու մասի բաժանված մի մասում թփեր տնկեցին, մյուս մասում էլ փոսեր փորեցին, որ թփեր տնկեն, բայց… փոսերը վերածվեցին աղբանոցների: Այս տարածքում վեր խոյացած 9 հարկանի շենքի բնակիչները անընդհատ բողոքում են մի կողմից հակասանիտարական ահավոր վիճակից, մյուս կողմից էլ փողոցային այլանդակ առևտրից: Էլ չենք խոսում այն մասին, որ բակում երեխաների համար խաղալու մի քանի մետր անգամ տեղ չկա:

Մի այլ մտահոգող օրինակ. հիմա տաքսիների բազմաթիվ հավաքատեղիներ կան (խոսքը երթուղային միկրոավտոբուսների մասին չէ): Ահա դրանից մեկն էլ Ազատամարտիկների պողոտայի վրա է, հենց պողոտայի սկզբնամասում: Տաքսիները կանգնում են փողոցում, գազոնի կողքին: Պետք է ճշմարիտն ասենք. գարնանը և աշնանը «Բուսաբանական այգու» աշխատողները փխրեցնում են գազոնի փարթամ ծառերի տակը և ազատ տարածքը, խոտ ցանում: Խոտը փարթամորեն աճում է, գեղեցկություն պարգևում շրջապատին, հենց մարդկանց, հենց վարորդներին:

Բայց ահա այդ նույն վարորդները (այո, հիմնականում նրանք) առանց խղճի խայթ զգալու կոխկրտում են կանաչը, ծխախոտի մնացորդները թափում մայթի ու գազոնի վրա:

Անտարբերությունը խեղդում է մեզ. դիտողություն անողին չեն լսում, ոչ ոք պարսավանքի չի ենթարկվում, պատասխանատու մարդիկ էլ անպատասխանատու են:

Բորիս ԲԱՂՐՅԱՆ

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՊՈՒՐԱԿՆԵՐԸ

Ամառ է, երեկոյան ժամերին քաղաքի փողոցներում աշխուժություն է տիրում. մարդիկ աշխատում են առիթը բաց չթողնել ու դուրս գալ փողոց, զբոսնել որևէ պուրակում կամ պարզապես նստել ու զրուցել: Սակայն ցավալիորեն պետք է խոստովանել, որ մայրաքաղաքի պուրակները վատթար վիճակում են գտնվում, ինչն էլ, բնականաբար, մարդկանց դժգոհության տեղիք է տալիս:

Ստեփանակերտի բնակիչ Արթուր Գաբրիելյանն, օրինակ, գտնում է, որ պատկան մարմինները անտարբերություն են ցուցաբերում Շահումյանի անվան պուրակի և զբոսայգու հանդեպ, որոնք տարիներ շարունակ չեն նորոգվում: Բնակիչների համար արդեն սովորական է դարձել, որ պուրակները վերանորոգելու փոխարեն ընդամենը ներկում են ու դրանով գործը ավարտված համարում: Փոքր պուրակների մասին ընդհանրապես չարժե խոսել, որովհետև այդտեղով անցնելիս դժվարությամբ ես հավատում, որ 20-25 տարի առաջ այդտեղ պուրակներ են եղել:

Մեկ այլ ստեփանակերտցու՝ Արթուր Պետրոսյանի համար ևս տհաճ է գիտակցել, որ Շահումյանի պուրակում և զբոսայգում վաղուց արդեն ոչ մի փոփոխություն չի նկատում, այլ ընդհակառակը՝ ատրակցիոնները հնացել են, նորերն էլ շատ քիչ են: Հասկանալի է, որ  հանգստի գրեթե բոլոր վայրերը ներկայումս մասնավոր սեփականություն են, բայց չէ՞ որ պատկան մարմինները պահպանում են վերահսկման գործառույթը:

Ընդհանրապես, ինձ էլ է թվում, որ կենտրոնական զբոսայգու հարցում որոշակի խառնաշփոթ կա՝ չգիտես ինչն ինչի համար է արվում, կա՞ զարգացման ծրագիր, թե՞ ոչ:

Ալեքսեյ ՖԻՐՅԱՆ  / ԱրՊՀ, լրագր., 1-ին կուրս

—————————————————————————————

Մշակույթ

ԱՆԱՎԱՐՏ ԶՐՈՒՅՑ ՀԱՅՈՑ ՏԱՌԵՐԻ ՈՒ ԲԱՌԵՐԻ ՀԵՏ

Հայ գրերի 1600-ամյակի հանդիսությունների օրերին ԱրՊՀ մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողներին դիմեցի այսպիսի հարցով. «Հոգեբանորեն ի՞նչ ազդեցություն են թողնում ձեզ վրա հայոց տառերն ու բառերը: Ի՞նչ զգացմունքներ են առաջանում ձեր հոգեկանում, երբ այդ տառերով դուք գրում, ընթերցում եք կամ խոսում»:

Ուսանողներից մեկի աշխատանքն արժանացավ մեր հավանությանը, որը հարմար գտանք ներկայացնել տպագրության՝ հայցելով խմբագրության բարի կամեցողությունը:

Գրիգոր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Երբ հոգուս դռները բացվեցին աշխարհի դեմ, և զարմանքի քաղցր դրդմամբ կլանել սկսեցի աշխարհի ինձ պատկանող միջավայրը, որին կոչում են Հայրենիք, զգացի, որ հոգուս մեջ զրնգոցով սկսեցին թափվել բազում պատկեր-իմաստներ: Այդ իմաստները կերպավորվում էին հայոց տառերի պատկերներով: Գիտակցեցի, որ դրանք ինձ հայ պահող հայոց տառերի քարավաններն են, որոնց շքերթը կարծես գալիս էր դարերի խորքից և իմ գենականչի խողովակով կերպավորվում ու լցվում իմ զարմանքի ծալքերը: Ու ես հասկացա, որ ինձ համար այդ տառերը ստեղծեցին զարմանահրաշ մի հայելի, որի մեջ արտացոլված իմ պատկերի մեջ՝ խառնիճաղանջ այս աշխարհում ես ճանաչեցի իմ տեսակը՝ հայ անվանումով…

Այդ պահից սկսած ես սկսեցի զրուցել իմ տառերի հետ՝ ինչպես կենդանի, բանական արարածների հետ:

Ահա «Ա» տառը: Սա բաղադրիչն ու կազմակերպիչն է մյուս բոլոր տառերի, որոնց միացնելով՝ նա ստեղծում է բառեր ու տառեր: «Ա»-ն կարծես իմ լուսամուտն է, որտեղից ես նայում եմ աշխարհին և ձգտում ըմբռնել նրա խորհրդավոր առեղծվածները… Ես գլուխ եմ խոնարհում իմ «Ա»-ի առջև, որն իր յուրատիպ պատկերով տարբերվում է աշխարհի բոլոր «Ա»-երից:

«Ա»-ի թվաքանակը բոլոր բառերում միշտ էլ ամենաշատն է լինում: Որպես օրինակ Ավ. Իսահակյանից մեջբերենք այս քառյակը.

Ասում են, թե դու այնպես,
Մոռացել ես ինձ այնպես,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտդ եմ գալիս…

Այս քառյակում ութ «Ա» ունեմ: Ոչ մի տառ այդքան չի կրկնվում:

Խախտելով հայոց այբուբենի հերթականությունը, ասեմ, որ մեծագույն հարգանք ունեմ «Հ» տառի նկատմամբ: Այս տառով է սկսվում «Հայրենիք» բառը, որը ես համարում եմ գոյիս վկայականը: Երբ ես ասում եմ՝ Հայրենիք ունեմ, գիտակցում եմ, որ երկիր-մոլորակի վրա հողի մի տարածք կա, որն իմ սեփականն է, որն ինձ անգոյությունից գոյություն է տվել ու ապրելու իրավունք պարգևել:

Ուրեմն՝ ես տեր ունեմ, որի համար ես դողում եմ, երբ վտանգվում է իմ փոքրիկ հողակտորը, անունը՝ Արցախ: Դա իմ դրախտավայրն է, և ես ինձ համարում եմ այդ դրախտի ազատ բնակիչը:

Հակառակորդը ջանում է իմ դրախտը ետ խլել ինձնից: Բայց եթե նա կրկին հանդգնի մեզ ստրկացնել, այս անգամ մենք՝ աղջիկներս, անվարան կկանգնենք մեր տղաների կողքին՝ զենքը ձեռքներիս: Ես գլուխ եմ խոնարհում մեր բանակի տղաների առջև, և հատկապես այն մեկի, որ իր նամակներով «խորովում է» հոգիս: Ամեն օր աղոթում եմ այն մեկի և մեր բոլոր տղաների համար, որ անվտանգ ծառայեն, տուն գան, հարսանիքներ լինեն՝ ազգը բազմանա:

Հայ… Որքան հայ կա մոլորակի վրա: Գիտեմ, որ նրանք բոլորն էլ հպարտանում են, որ իրենք հայ քրիստոնյա են: Փառք Աստծո, որ այդ տեսակը շարունակում է ապրել, արարել ու բազմանալ: Ես փորձել եմ բնութագրել, թե ինչ է հայը, որի տեսակներից մեկն էլ ես եմ: Բայց երբ ծանոթացա Պարույր Սևակի բնութագրմանը՝ «Մենք քիչ ենք, սակայն, մեզ հայ են ասում», ես իսկույն հասկացա, որ դրանից ավելի խոսուն ու մեծ գնահատական չի կարող լինել: Այս բնութագրի մեջ հասկանալի է, որ գրողը ակնարկում է հայի որակը: Եվ գաղտնիք չէ, որ մենք աշխարհում գոյատևել ենք մեր որակի շնորհիվ:

Այժմ «Դ»-ի մասին: Այս տառն իմ մեջ վերարտադրում է մեր ժողովրդի դաժան ճակատագրի հետ կապված բազում դժվարությունները: Այդ դժվարությունները հանճարեղ արվեստով է պատկերել մեր ազգային մեծ բանաստեղծը՝ «Հայոց լեռներում» իր բանաստեղծության մեջ: Թումանյանը «դժվար» բառը գերադասում է փոխարինել «դժար» բառով՝ «Հայոց լեռներում, դժար լեռներում»: Ինչո՞ւ. հարց է ծագում: Փորձենք «դժար»-ը փոխարինել «դժվար լեռներում»-ով: Անշուշտ նկատեցիք, որ բանաստեղծության միտքը խիստ աղքատանում է: «Դժարը» ժողովրդի բառն է, քանի որ ժողովուրդն է (հայը), որ տնքալով տանում է իր ճակատագրի ծանր բեռը: «Դժվար» բառն այն ծանրությունը չունի, ինչ «դժարը»: «Դժվարը» համընդհանուր բառ է, քանի որ բոլորն էլ կյանքում ունեն իրենց բաժին դժվարությունները, իսկ «դժարի» մեջ զգացվում է ժողովրդի համազգային ցավի տնքոցը: Այս դեպքում է, որ Թումանյանն ասում է. «Բանաստեղծի համար բառը մի աշխարհ է»:

Ինչպես նշեցի, հայոց տառերն ինձ պատկերանում են որպես կենդանի, շոշափելի արարածներ, որոնցից ամեն մեկն իր առանձնահատուկ դեմքն ու ձևն ունի: Օրինակ. ինչպես Մասիսը՝ «Մ» տառով կամ Մատենադարանը, որ դարերի խորքում թաղված մեր պատմությունը վերապատմում է մեզ:

Երբ հանդիպում եմ «Ս» տառին՝ իմ մտաշխարհում հառնում են պարսիկ մեծ պոետ Օմար Խայամի մի քառյակի հետևյալ տողերը՝

«Աշխարհի մատյանի առաջին բառը Սեր է,
Մեռնողին ապրողի մաղթանքը Սեր է…»:

Սա սիրո համընդհանուր բնութագրում է: Իսկ երիտասարդ տարիքում, որի սահմանագծում եմ ես այսօր, սերն ինձ համար աննկարագրելի կարևոր կենսակերպ է: Այն կարծես իմ բոլոր գործողությունների շարժիչ ուժն է: Դա իմ կյանքի ամենասքանչելի շրջանն է: Ես շատ հպարտ եմ, որ իմ սերը ես արտահայտում եմ հայերեն բառերով, և նույնկերպ էլ լսում եմ իմ սիրեցյալի խոսքը: Մեկ այլ լեզվով, այլ բառերով այդպիսի նուրբ զգացմունքներ չէի ունենա, այսինքն՝ այն «համն» ու «հոտը» չէի զգա, ինչպես ունենում եմ իմ հարազատ լեզվով: Ուրեմն՝ այդ գերագույն զգացմունքի խորքային ապրման համար ես երախտապարտ եմ այն տառերի, վանկերի միացությանը, որոնք կազմում են բառեր և արտահայտում մարդու հոգու ողջ իմաստները, նպատակներն ու ցանկությունները՝ պատճառում նրան խնդություն, տհաճություն կամ երջանկություն…

Հետևաբար խոնարհվում եմ նաև «ե» տառի առջև, քանի որ նրանով է սկսում «երջանկություն» բառը: Այստեղից էլ բխում է այսպիսի միտք՝ երջանիկ է նա, ով իր Հայրենիքն ունի, և հայրենիքում ինքը պաշտպանված է, ունի սեփական լեզու, մշակույթ, տուն-տեղ, ընտանիք, և այդ բոլորը հայերեն, հայկական, հայավարի է…

Այս պահին ես մեկ առ մեկ ի վիճակի չեմ մեկնաբանել հայ գրերի բոլոր տառերը, ինձ համար սրբություն-սրբոց սիրո կապերը: Դա ես անավարտ եմ համարում, քանի որ այդ զրույցը շարունակվելու է իմ ողջ կյանքում, զրույց, որ ես փոխանցելու եմ իմ հետնորդներին, որոնք էլ՝ իրենց հաջորդներին: Բայց մի բան ինձ համար լիովին ակնհայտ է: Դա այն է, որ ինչքան խորանում եմ դեպի իմ լինելության գաղտնիքի խորքերը, ինձ գտնում եմ իմ հայ տառերի ու բառերի իմաստների ծալքերում և փառք եմ տալիս Արարչին ու այն արարչաստեղծ մարդուն՝ «Եվ այր մի Մաշտոց» անվամբ, որն ստեղծեց վկայագիրն այն երկաթակուռ տառանիշների, որով մենք ջոկվեցինք խառնածին քաոսից և դարձանք ազգ՝ հայ անունով:

Ահա իմ փոքր-ինչ տարօրինակ, փոքր-ինչ ցրված, բայց ոչ ավարտուն պատկերացումը մեր «արքայական» լեզվի հիմքը կազմող տառ ու բառի մասին, որոնք այս պահին հարություն առան իմ ենթագիտակցության ոլորտից և դարձան անավարտ սիրո խոստովանություն: Ավելացնեմ, որ ինչքան էլ ապրեմ Երկիր կոչվող այս մոլորակի՝ Հայաստան-Արցախ սրբացած հողի վրա, հոգուս մեջ միշտ զնգոցով երգելու են հայոց տառերն ու բառերը, որոնք ինձ պատկերվում են մերթ կոպիտ, մերթ քնքուշ, պայծառատես՝ կապույտ ու կանաչ և մերթ էլ արնագույն-արյունոտ…

Նանար ԶԱՔԱՐՅԱՆ

 

Դիմանկարի էսքիզներ

ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ

Խոսքը անցյալում անուն հանած համերկրացի մտավորական, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, «Ասք Ղարաբաղի և Ննգի գյուղի մասին» եռահատոր (Երևան, 2005թ. 577 էջ և մեկ մամուլ նկարներ) գրքի հեղինակ Մովսես Փարսադանի Առաքելյանի և նրա ավագ որդի, ճանաչված գեղանկարիչ Աշոտ Առաքելյանի մասին է:

Ծանոթանալով նրանց կյանքի ու գործունեության էջերին, մարդ ակամայից ժողովրդական իմաստությունն է հիշում՝ պտուղը ծառից հեռու չի ընկնի: Կեսկատակ-կեսլուրջ ասեմ, որ գուցե մյուսները համապատասխանում են Դարվինի տեսությանը, բայց ղարաբաղցին «իր ապորը տղան է»:

Մովսես Առաքելյանը լեռնցիներ Փարսադանի և Սոնայի տասնմեկ զավակներից է՝ Ներսես եղբոր հետ միասին աշխարհ եկած: Վաստակաշատ մանկավարժ Արաքսյա Օհանյանի հավաստմամբ՝ Հաղորտիի յոթնամյակում մեկ ուսումնական տարում երկու դասարան է փոխադրվել: 1941-ին, միջնակարգն ավարտելուց հետո, մեկնեց ռազմաճակատ, «վիրավորվեց ու հաշմանդամ տուն վերադարձավ»: Այնուհետև Երևան մեկնեց, ընդունվեց ու ավարտեց Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտն ու նրա ասպիրանտուրան, պաշտպանեց թեկնածուական թեզ և դարձավ փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ապա՝ դոցենտ: Երեսունվեց տարի դասախոսեց նույն բուհում: Հեղինակել է վեց գիրք, տասնհինգ գիտական հոդվածներ և երեք մենագրություն: Միայն վաղահաս ծանր հիվանդությունը կանգնեցրեց դոկտորականի պատրաստման կես ճանապարհին. 2005-ի սկզբներին կնքեց յուր մահկանացուն:

… Աստծո մեկ օր հազարավոր ննգեցիներ, Երկիր մոլորակի տարբեր ծայրերից, գյուղ էին հավաքվել՝ մասնակցելու երկրորդ աշխարհամարտում 151 համագյուղացիների հիշատակին կառուցված հուշարձանի բացման արարողությանը: Խոսք եղավ գյուղի պատմությունը գրելու մասին, և գյուղն այդ «ծանր բեռը փիլիսոփա որդու ուսերին իջեցրեց»: Ու դարերի ճամփորդ Ննգու խելոք, քանքարավոր որդին սկսեց որոնումները՝ ջահի պես ամուր պահած մեծն Րաֆֆու պատգամը. «Քննիր ազգիդ… և մեկ գիշերվա մեջ կզարթնի նրա հոգին քո առջև»:

Իսկ այդ ե՞րբ էր, ե՞րբ…  Հազիվ պատանության շեմին նոր ոտք դրած տղերքը գառներ էին արածացնում գյուղի հանդերում: Ավագ ընկերները նրան ցույց էին տալիս գյուղատեղեր, մատուռներ, կիկլոպյան քարերով հյուսված պատեր ու փլվածքներ: Փաստերն այդ նոր իմաստ ու բովանդակություն են ստանում փիլիսոփայի համար, և նա համոզվում ու համոզում է, որ այս հողի վրա մարդն ապրել է դեռևս նախաքրիստոնեական ժամանակներում: Իսկ Ննգի գյուղի համահավաք կազմավորումը նա ճանաչում է 16-րդ դարը՝ 1580-1585 թվականները: Այն կազմավորվել է գյուղի ներկայիս տարածքում եղած 13 բնակավայրերի մեկտեղումից: Դրանք էին՝ Նիգ շեն, Քոլատակ, Թառանց տուն, Գոմերի հովիտ, Հին կալեր, Թանագ-աղբյուր, Շենի առաջ, Օխնաղբյուր, Մկնակեր, Ըլաջա ջուր, Եղծահող, Բյուրգյուջան, Հարց աղբյուր: Ուրեմն, այսօր ավելի քան 400 տարեկան է Ննգին:

Ինչ որ է, իր տեսակի գրականության մեջ խիստ առանձնանում է Մ. Առաքելյանի «Ասք Ղարաբաղի ու Ննգի գյուղի մասին» գիրքը: Այն գրված է պատմաբանի կուռ տրամաբանությամբ ու բարեխղճությամբ, ունի ճանաչողական, երկրագիտական, ազգագրական նշանակություն: Մտերմական ու պատկերավոր է նրա ոճը, ունի ձգողական ուժ և ստիպում է առանձին դրվագներ ընթերցել կրկին ու կրկին…

Աշոտը եղավ հոր գրքի հրատարակության հովանավորը: Ի դեպ, հայրը դեռ կենդանի էր, որ գիրքը շարված ու սրբագրվում էր: Այսօր Ննգի գյուղի գրեթե յուրաքանչյուր ընտանիք, ծանոթ-բարեկամ իր սեղանին ունի Մովսես Առաքելյանի «Ասք Ղարաբաղի և Ննգի գյուղի մասին» շքեղ հրատարակությունը: Այն սեղանի գիրք է շատերի համար:

Աշոտ Առաքելյանը ծնվել է 1948թ. Ննգի գյուղում: 1970-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության բաժինը: Խորհրդային բանակում ծառայելուց հետո հիշյալ ինստիտուտում եղել է նախ լաբորանտ, ապա՝ դիսերտանտ, կաբինետի վարիչ և դասախոս:

1992-ից մինչև այժմ բնակվում է կնոջ՝ Եվայի հայրենիքում (Չեխիա): Անհատական և կոլեկտիվ ցուցահանդեսների մասնակցել է Չեխիայում, Գերմանիայում, Սլովակիայում, Ռուսաստանում և Հայաստանում: 2006-ին ճանչվել է Մորավիայի 10 լավագույն նկարիչներից մեկը:

Նրա մասին գնահատանքի հիացական տողեր են գրել Չեխիայում լույս տեսնող «Պրավս», «Պանորամա», «Բլեսկ», «Սլովացկի Նովինկի» և այլ թերթեր ու ամսագրեր: Գրել են նաև «Հայաստանի Հանրապետություն», «ԸՐչցՎպվՑօ Ռ ՒՈՍՑօ», «Ազգ», «Առավոտ», «Հոգևոր հայրենիք» թերթերը, նկարիչը բազմիցս հանդես է եկել ռադիոյով ու հեռուստատեսությամբ:

Արցախի նկարիչների միության անդամ է 2005-ից, Մորավիայի նկարիչների միության անդամ (Չեխիա) 2006-ից, իսկ 2001թ. ճանաչվել է  Երևանի մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի պատվավոր անդամ:

«Աշոտ Առաքելյանի գեղանկարչական արվեստի առանձնահատկությունն այն է, որ արևելաեվրոպական ոճը հասցրել է արևմտաեվրոպական ոճի կատարյալ աստիճանի, – գրում է չեխ հայտնի նկարիչ Յոզեֆ Մաթեուս Մինարիկը:- Գեղանկարիչը տեսարաններն ընտրում է համաձայն իր ներքին զգացողության, ազատում է դրանք իրական կապերից, իրական և նյութեղեն աշխարհից և դարձնում է երեխայական ու ոգեղեն աշխարհ: Աշոտի նկարները կախարդում են իրենց ինքնատիպությամբ, իրենց գեղագիտական լեզվով: Եվ դրանք ստեղծված են բաց սրտով մարդկանց համար, հագեցած են Հայաստանի, Մորավիայի և մեր գեղեցիկ կյանքի հաճելի ու նվիրական արժեքներով»,- Չեխիայի ակադեմիական նկարիչ Յոզեֆ Մարիաս Մինարիկի բառերն են:

Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ, ՀՀ նկարիչների միության անդամ Սպարտակ Եգանյանը նկատել է. «Աշոտի կտավներում առկա են ժամանակի միտումները իրենց ռիթմով, ծավալական և գեղարվեստական մտածողությամբ, նրանցում իշխում է դինամիկան…»:

Աշոտ Առաքելյանը վերջերս եղավ հայրենի գյուղում, ծանոթների, բարեկամների, հարազատների շրջանում, քայլեց մանկության արահետներով: Արցախի հեռուստատեսությամբ ունեցած ելույթի ժամանակ անդրադարձավ իր անցած ճանապարհին, իր արվեստի առանձնահատկություններին: Եվ այն բարեգործական ձեռնարկումների մասին խոսեց, որ մտադիր է կատարել հայրենի գյուղի, նրա այնքա¯ն-այնքան սիրելի մարդկանց բարեկեցության համար: Նրա ասածներից այս միտքն էր ճառագում. «Իմ սիրտն այստեղ է, Արցախ աշխարհում»:

Նորայր ԱՎԵՏԻՍՅԱՆ
Թոշակառու մանկավարժ

 

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

(Իրապատում)

Տնային առաջադրանքները կատարելուց հետո փոքրիկ տղան, որ երրորդ դասարանում էր սովորում, գնաց ընկերոջ հետ խաղալու:

Քիչ հետո տխուր վերադարձավ, գլուխը կախ նստեց բազմոցին, ընկավ մտածմունքի մեջ: Մայրը նկատեց, որ երեխայի հետ ինչ-որ բան է պատահել:

– Ինչո՞ւ ետ եկար, չէ՞ որ գնացիր խաղալու:
– Մենակ ո՞նց խաղամ:
– Ինչո՞ւ մենակ, ընկերոջդ հետ:
– Գնացի, որ կանչեմ, տեսա մայրը ծեծում է, ո¯նց է ծեծում: Բարկացած ինձ վրա էլ գոռաց, դուրս արեց:
– Իսկ ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է ծեծում:
– Ծխում է:
– Ո՞նց թե ծխում է, ի՞նչ է ծխում,- տագնապով ու զարմանքով հարցրեց մայրը:
– Չգիտե՞ս ինչ են ծխում, ծխախոտ է ծխում:
-Դու ինքդ տեսե՞լ ես:
– Այո, տեսել եմ: Մայրը փող է տալիս, որ ուտելու բան-ման առնի, բայց ինքը հավաքում է ու ծխախոտ առնում, դեռ ուրիշներին էլ հյուրասիրում:
– Բալիկ ջան, դու այդպիսի հիմարություն չանես, եթե քեզ էլ ծխախոտ առաջարկեն՝ հրաժարվիր, դեն գցիր, չծխես:
– Մայրիկ, հանգիստ եղիր, չեմ ծխի, ես վաղուց թողել եմ, էլ երբեք չեմ ծխի:
– Ո՞նց թե,- սարսափահար հարցրեց մայրը,- էդ ե՞րբ ես ծխել, ե՞րբ ես թողել, որ ես չեմ իմացել:
– Երբ առաջին դասարան գնացի՝ ծխելը թողեցի,- ծիծաղելով պատասխանեց փոքրիկը,- հայրիկի սիգարետներից էի մեկ-մեկ թռցնում: Փորձել եմ, բայց դուր չեկավ, զզվելի է:

Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s