№ 14 / 31 օգոստոս

Ո՞ՐՆ Է, ԲԱԲՈ, ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ

«Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք»՝ բանաստեղծի այս հանրահայտ տողում ցավով ամփոփված հարցի պատասխանը մենք գիտենք: Գիտենք մեր պետականակիր ու սահմանակիր հայրենիքի տեղը, ինչպես և մեր հայրենիքի ոչ պետականասահմանակիր հատվածների տեղը: Հայրենիքի «ճշտման» հարցը միշտ էլ հետևել է մեզ՝ մեր իսկ ստվերի պես, իսկ հայրենահավաք ու ազգահավաք գաղափարներն ու դրանց կրողները միշտ էլ պահանջված են եղել մեզ մոտ:

Սակայն նույնկերպ հետևել է մեզ մեկ այլ հարց ևս՝ ո՞րն է մեր ինքնությունը: Մենք դարեր ի վեր կռիվս ենք տվել մեր  ինքնությունն ու ազգային նկարագիրը չկորցնելու համար: Թեև ոչ ոք չի տվել նույն այդ ինքնության ու նկարագրի բանաձևը: Ամեն մարդ, ինչպես նաև ամեն ազգ իր մեջ կրում է դրական ու բացասական հատկանիշների մի ամբողջ հավաքածու: Որո՞նք են միայն հային ու հայությանը բնորոշ հատկանիշները, որ պիտի սրբորեն պահպանել, կամ՝ այն հատկանիշները, որոնցից ցանկալի կլիներ ձերբազատվել: Այս ծանր հարցերին երբևէ չենք պատասխանել:

Երբ դժվարանում էինք այդ բանաձևի հարցում, ինքներս շեղում էինք ուշադրությունն այս թեմայից, հպարտորեն փաստելով, որ նախաքրիստոնեական ժամանակներից հասել ենք մինչև 10-րդ դար (15-րդ, 20-րդ, 21-րդ՝ նայած նման հարցով հոգին կեղեքողի ծննդաբանությանը): Բայց թե ինչ ենք հասցրել մինչև 10-րդ (15-րդ, 20-րդ, 21-րդ) դար՝ կարծես թե չի հետաքրքրում մեզ: Ինչպես վազորդների համար՝ կարևորը արդյունքն է, կարևորը տեղ հասնելն է: Հասել ենք, կանք, կլինենք, ու դեռ կշատանանք: Մնում է պարզել, թե ի՞նչ ինքնություն ենք մեզ հետ տանում մեր այս հարատև ընթացքում, մնում է բանաձևել մեր պատմական շալակին եղածի ԻՆՉ-ը և ԻՆՉՊԵՍ-ը:

Ձևի առումով գոնե որոշակի հստակություն կա: Ոչ միայն մեր պատմական քիթն ու հայկյան ժամանակներից եկող շեկությունը նկատի ունենք, այլև որոշակի իմաստով մեր լեզուն ու բառուբանը, ինչպես նաև հագուկապը: Այս համարում մի ուշագրավ նյութ ենք տպագրում արցախահայերի տարազների մասին (կարդացեք՝ էջ 15): Այդ հոդվածից վերոբերյալ նկարի հերոսի՝ երկու դար առաջ Ավդուռում ծնված Բարիշկա այայի հագուկապից կարելի է պատկերացնել այն ժամանակվա մեր «արտաքին կեղևի» մասին: Սակայն հագուկապից բացի ոչ պակաս հետաքրքիր կլիներ իմանալ, թե նա ինչ էր կրում իր հոգում, ինչ ինքնություն է ժառանգել և ապա կտակել զավակներին:

Շուտով՝ սեպտեմբերի 2-ին, արցախցիներս տոնելու ենք մեր անկախության հերթական տարեդարձը, անկախություն, որ արդեն երկրորդ տասնամյակի դուռը փակելուն մոտ է: Այսօր ունենք օրհներգ, զինանշան, դրոշ և պետականության այլ արտաքին ատրիբուտներ: Բայց ի՞նչ «ատրիբուտներ» ունեն անկախություն կոփող արցախցու հոգին ու էությունը: Այս հարցին պատասխանելը շատ ավելի դժվար է: Նայեք մեր ապրելակերպին ու բարքերին և փորձեք պատասխանել հետևյալ հարցերին՝ արդյո՞ք այս հոգեկերտվածքն էինք ուզում կռել, արդյո՞ք այսպիսին է մեր էությունը:

Թե՞ կարող ենք ավելի լավը լինել:

——————————————————————————————-

Լրահոս

Ո՞վ  կլինի ԼՂՀ հաջորդ նախագահը

2007-ը կարող է Ղարաբաղի համար շրջադարձային լինել: Հաջորդ տարվա աշնանն ավարտում է Արկադի Ղուկասյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը: Օրենքի համաձայն, մարդը չի կարող երկու անգամից ավելի անընդմեջ լինել նախագահական պաշտոնում:

Իհարկե, չի բացառվում, որ Ա.Ղուկասյանը կփորձի մեկ անգամ եւս առաջադրել իր թեկնածությունը, բայց այդ առնչությամբ դեռ պաշտոնական հայտարարություններ չեն եղել: Դրա համար էլ թեկնածուի հարցը դառնում է ներկայիս իրավիճակի ամենահրատապ հարցը: Եւ դրա հանդեպ հետաքրքրությունը բնական է:

«Բաց հասարակություն» հասարակական կազմակերպությունը որոշել է հարցում անցկացնել հանրապետության բնակիչների շրջանում: Ելնելով լրատվամիջոցների ելույթներից, փորձագետների արձագանքներից եւ քաղաքական ակտիվությունից, ընտրվել են 14 քաղաքական եւ հասարակական գործիչներ, որոնք կարող են նախագահի թեկնածուներ դառնալ: Կազմակերպությունը առաջարկել է ընտրել ցուցակից մեկին:

«Բաց հասարակություն»-ը հարցում է արել 150 հոգու մեջ, որոնցից 31 հոգի ընտրել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: Նրան հաջորդում է «ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խմբի ղեկավար Արմեն Սարգսյանը՝ 24 ձայնով, այնուհետեւ ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ 15 ձայնով: Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանին եւ Մասիս Մայիլյանին են ընտրել 11-ական հոգի: Բակո Սահակյանը եւ Վիտալի Բալասանյանը հավաքել են 7-ական ձայն, Գեորգի Պետրոսյանը եւ Գեղամ Բաղդասարյանը՝ 5-ական ձայն, Արարատ Դանիելյանը՝ 4, Ռուդիկ Հյուսնունցը՝ 2, Հրանտ Մելքումյանը, Մուրադ Պետրոսյանը եւ Արթուր Մոսիյանը՝ 1-ական ձայն:

Հարցաթերթիկում կար նաեւ «ուրիշ թեկնածուներ» տարբերակը: 3 հոգի տվել են Արկադի Ղուկասյանի անունը, 1-ը՝ Սամվել Բաբայանի:

11 հոգի դժվարացել են պատասխանել հարցին, 9-ը գտնում են, որ իրենց հայտնի քաղաքական գործիչներից ոչ ոք չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել, իսկ մեկ հոգի ասաց, որ ցուցակում ներկայացվածներից բոլորն էլ կարող են աշխատել այդ պաշտոնում, քանի որ մեծ պատասխանատվություն այնտեղ չկա:

http://www.karabakhopen.com

Լիբանանահայ երիտասարդներն՝ Արցախում

Սևանն ու Շանթը առաջին անգամ են Արցախում և շատ ուրախ են, որ վերջապես հնարավորություն ընձեռվեց ի կատար ածել իրենց վաղեմի երազանքը: Դա ավելի իրական ու հեռանկարային դարձավ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի՝ Լիբանան կատարած այցից հետո: «Շատ ուրախացանք, երբ նախարարը խորհուրդ տվեց անձամբ այցելել ու սեփական աչքերով տեսնել Արցախը: Միառժամանակ հետո ցանկություն հայտնեցինք գալ Արցախ և այստեղ պրակտիկա անցնել: Մեզ ընդառաջեցին»,-պատմում է Սևան Բոյուքյանը, որը սովորում է Լիբանանի ամերիկյան համալսարանում:

Բեյրութահայ երիտասարդները պրակտիկա են անցնում մեր արտգործնախարարությունում, բացի այդ նրանք հանդիպումներ են ունեցել Ղարաբաղում գործող երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց գործունեությանը, խնդիրներին ու ծրագրերին: «Նպատակ ունենք այստեղ մնալու 6-7 շաբաթվա ընթացքում ավելի շատ ծանոթանալ երկրին ու բնակիչներին, ինչպես նաև համագործակցության եզրեր որոնել արցախցի երիտասարդների հետ»,-ասում է Սևանը, որը նաև Լիբանանի Զավարյան ուսանողական միության անդամ է: Նա  փաստեց, որ արտգործնախարարությունում պրակտիկան շատ հետաքրքիր է անցնում. արդեն հասցրել են ծանոթանալ նախարարության բոլոր բաժինների աշխատողների հետ, այժմ արդեն գործնական աշխատանքի են անցել:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Երանի նրանց, ովքեր ծարավ են արդարության

Ջրկիր մեքենա փողոցի կենտրոնում, տասնյակ դույլակիր մարդիկ. այս պատկերը, ցավոք սրտի, տիպիկ է դարձել օգոստոսյան Ստեփանակերտի համար: Քաղաքամայրը ծարավ է ու ջրի կարոտ: Եթե փորձես զրուցել դույլակիր մարդկանց հետ, ապա նրանք քեզ կհրամցնեն ժողովրդական բանահյուսության որոշ ժանրեր, մասնավորապես՝ հիշողությունդ ու գիտելիքներդ կթարմացնեն անեծքի ժանրի մասով: Ժանրի «բարիքները» կթափեն երկրի նախագահի, վարչապետի, պատգամավորների, քաղաքապետի ու բոլորի գլխներին: Նրանց հոգը չէ, թե ով է ավել կամ պակաս մեղավոր, որ ջրի հիմնախնդրի լուծման ֆինանսական լծակները ոչ թե քաղաքապետարանի, այլ կառավարության ձեռքին են:

Մարդիկ դժգոհ են ամենքից ու ամեն ինչից: Դժգոհ են իրենց բախտից, բայց ոչ խելքից: Ու դժվար է նրանց հասկացնել, որ իրենք էլ մեղքի իրենց բաժինն ունեն: Դժվար է ապացուցել, որ հանրային կյանքի նկատմամբ իրենց անտարբերությունն է պատճառներից մեկը: Որ քաղաքացիական մասնակցության ու հասունության ցածր աստիճանն է նաև մեղավոր:

Ջրի հիմնախնդրի լուծման մասին խոսում են տարիներ շարունակ, հսկայական գումարներ են դուրս գրվել այդ նպատակով, շատ ավելի մեծ գումարներ էլ ծախսվել են իրենց նշանակությամբ երկրորդական-երրորդական հրատապություն ունեցող հարցերի լուծման համար: Իսկ ջուր չկա ու չկա: Ջրի հիմնախնդիրը չի լուծվում ու չի լուծվում:

Իսկ կլուծվի միայն այն դեպքում, եթե մենք ծարավ լինենք արդարության: Ասում են՝ ինքնին ծարավի առկայությունը վկայությունն է այն բանի, որ ինչ-որ տեղ ջուր կա, պիտի լինի, սկզբունքորեն պիտի լինի: Եթե մենք ծարավ լինենք արդարության, ապա արդարությունը կլինի, անպայման կլինի:

«Դեմո»

ՆՎԻՐՎԱԾ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

Մշակույթի և երիտասարդության պալատում օգոստոսի 31-ին բացվեց լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված սեպտեմբերի 2-ի տոնին: Կազմակերպիչը Ռազմաճակատային լրագրողների լիգան է (լիգայի համակարգող՝ Գեորգի Ղազարյան): Ցուցադրվել են երեք հեղինակների՝ Աշոտ Երամիշյանի, Սերգեյ Շահվերդյանի և իր՝ Գեորգի Ղազարյանի հեղինակային լուսանակարները: Նկարներում արցախյան ազգային-ազատագրական պայքարի, պատերազմի ու պետականաշինության ժամանակաշրջանն է՝ 1988-2006թթ.:

Սա Ռազմաճակատային լրագրողների լիգայի կազմակերպած երկրորդ նմանօրինակ ցուցահանդեսն է (առաջինը կայացել է ս.թ. մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը): Ինչպես տեղեկացրեց Գ.Ղազարյանը՝ ցուցահանդեսը շարունակական է լինելու և ընդգրկելու է նորանոր հեղինակների: Հաջորդ ցուցահանդեսն, ամենայն հավանականությամբ, կկազմակերպվի հոկտեմբերին:

Սեփ. լրատվություն

Հայազգի մարզիկների հաջողությունները

Հայաստանցի գրոսմայստեր, 2005թ. աշխարհի գավաթակիր, 2006թ. շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Լեւոն Արոնյանը եւ գործող չեմպիոն, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը «Չեսս 960» վարկածով շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարը սկսել էին դեռեւս օգոստոսի 17-ին: Չորս օրում մրցակիցները խաղացին 8 տուր: Արդյունքում Լեւոն Արոնյանը   5:3 հաշվով հաղթեց ռուսաստանցի հակառակորդին եւ նվաճեց չեմպիոնի կոչումը:

***

Վերջերս հրապարակվել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցության վարկանիշային ցուցակը: Ըստ ցուցակի, արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը աշխարհի թիվ մեկ թենիսիստ, շվեյցարացի Ռոժե Ֆեդերերից, իսպանացի Ռաֆայել Նադալից եւ խորվաթ Իվան Լյուբիչիչից հետո զբաղեցնում է չորրորդ տեղը:

***

Հայաստանցի գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը Միացյալ Արաբական Էմիրությունների Աբու-Դաբի քաղաքում անցկացված շախմատի 16-րդ միջազգային փառատոնի մրցաշարում,  9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, գրավել է 2-րդ տեղը:

Ի դեպ, մրցաշարի 3-րդ տեղը 6 միավորով զբաղեցրել է Ռուսաստանից հայազգի գրոսմայստեր  Սերգեյ Գրիգորյանցը:

——————————————————————————————-

Սեպտեմբերի 2. Հանրապետություն

ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Անցած տասնհինգ տարիները  ակնառու ապացուցում են, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդը  ճիշտ որոշում է ընդունել՝ որդեգրելով սեփական անկախ  պետություն կառուցելու ուղեգիծ:

Ի սկզբանե պետական շինարարության հիմքում դրվեց կառավարման խորհրդարանական ձեւը:  Հետագայում, պատերազմական իրավիճակի դրդմամբ, իհարկե, անխուսափելի դարձան վերափոխումները պետական կառավարման համակարգում, եւ Գերագույն խորհրդի մի ամբողջ շարք լիազորություններ վերապահվեցին  Պաշտպանության պետական կոմիտեին:

Մեր ժողովրդի համար մեկ այլ ծանր քննություն դարձավ պատերազմից հարաբերական խաղաղության անցման  փորձությունը: Այդ նոր պայմաններում՝ ահա արդեն ավելի քան տասներկու տարի է, ինչ մենք հետեւողականորեն կատարելագործում ենք կառավարման համակարգը, այն դարձնում ավելի ու ավելի ժողովրդավարական. վերակենդանացնում ենք  տնտեսությունը, հնարավորինս բարելավում սոցիալական իրավիճակը, բարենորոգում կենսագործունեության մյուս բոլոր  ոլորտները:

Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ պետական եւ հանրային կյանքի բարեփոխումների հիմքում դրված են  մարդու հիմնարար ազատությունների եւ իրավունքների գերակայությունը, քաղաքացիական հասարակության կառուցման առաջնահերթությունը, մի ուղեգիծ, որ մենք առաջ ենք տանում սեփական նախաձեռնությամբ՝ հանուն մեր ժողովրդի: Մասնավորապես, եթե ԼՂՀ առաջին նախագահն ընտրվել  է Գերագույն խորհրդի կողմից, ապա  հետագայում մենք անցանք պետության ղեկավարի համաժողովրդական, ուղղակի ընտրության սկզբունքին:

Այս համատեքստում, ինչ խոսք, կարեւոր առաքելություն ունի նաեւ Ազգային ժողովը՝ օրենսդիր մարմնին ներհատուկ իրավասությամբ ու լիազորություններով, զարգացման, կատարելագործման իր յուրահատուկ ուղիներով ու ձեռքբերումներով:

ԼՂՀ հասարակական-քաղաքական դաշտի կայացման, երկրի ժողովրդավարացման գործընթացները չէին կարող իրենց դրական անդրադարձը չունենալ նաեւ մեր խորհրդարանական համակարգի զարգացման վրա, ինչը, ըստ իս, էականորեն սկսեց դրսեւորվել խորհրդարանական երրորդ ընտրություններից հետո: Երրորդ գումարման ԱԺ կազմը եւ կառուցվածքը  ձեւավորվեցին բազմակուսակցական հիմունքով. ըստ կուսակցական պատկանելության սկսեցին գործել պատգամավորական խմբակցությունները, իսկ ըստ նրանց անդամների թվաքանակների համամասնության՝ ընտրվեցին խորհրդարանի ղեկավար մարմինները՝ Ազգային ժողովի նախագահից սկսած մինչեւ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները:

Դա, պետք է ընդունել, նոր որակ էր խորհրդարանի՝ որպես եւ ներկայացուցչական, եւ քաղաքական մարմնի, եւ  ըստ այդմ՝ բազմակարծության, բացախոսության  կայացման գործընթացում:

Ուշագրավ իրողություն էր նաեւ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի ստեղծման փաստը, մի կառույցի, որի միջոցով օրենսդիր իշխանությունն օժտված է նաեւ վերահսկողության իրականացման լիարժեք  լծակով:

Նույն պատկերը՝ որոշ առանձնահատկություններով հանդերձ,  տեսնում ենք նաեւ  ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովում: Գլխավոր առանձնահատկությունը, որ  ներկայիս խորհրդարանին էապես տարբերակում է նախորդներից, այն է, որ նրա կազմը ձեւավորվել է ինչպես մեծամասնական, նույնպես եւ համամասնական ընտրակարգերով անցկացված ընտրությունների արդյունքում: Երեւույթը, համոզված եմ, որպես ժողովրդավարական սկզբունքների հաստատման հերթական դրսեւորում, կարեւոր  առաջընթաց է թե, ընդհանուր առմամբ, երկրի  հասարակականքաղաքական կյանքում եւ թե, մասնավորապես,  մեր խորհրդարանական պրակտիկայում:

Չորրորդ գումարման Ազգային ժողովը, ի շարունակումն ձեւավորված ավանդույթների, ամենատարբեր մակարդակներով փոխգործակցության սերտ կապեր է իրականացնում ՀՀ Ազգային ժողովի հետ: Ինչպես հիշում եք, այս տարվա ապրիլին Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂՀ եւ ՀՀ միջխորհրդարանական համագործակցության համատեղ նիստը: Հանձնաժողովի հերթական նիստը նախատեսված է առաջիկա աշնանը՝ Երեւանում:

Միեւնույն ժամանակ, մենք շարունակում ենք զարգացնել  խորհրդարանական դիվանագիտության ավանդույթները, ձգտելով տարբեր, առաջին հերթին՝ բարեկամ երկրների խորհրդարանական ուժերի հետ կապերի վերականգնմամբ,  հաստատմամբ եւ աշխուժացմամբ՝ ի լրումն երկրի քաղաքական ղեկավարության ջանքերի, նույնպես նկատելի նպաստ բերել ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի կարգավորման գործին: Առհասարակ, ներկայումս առավել քան ակնհայտ է Ազգային ժողովի արտաքին քաղաքական  գործառույթների կյանքի կոչման անհրաժեշտությունը՝ պայմանավորված խորհրդարանական դիվանագիտության կարեւորությամբ: Մանավանդ, որ ժամանակին այն որոշակի դրական դրսեւորումներ է ունեցել:

Ի ամփոփումն խոսքիս նշեմ, որ  պետական շինարարությունը շարունակական գործընթաց է, ինչի մերօրյա կարեւոր դրսեւորում է Հանրապետության հիմնական օրենքի՝ Սահմանադրության նախագծի մշակման եւ այն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու  իրողությունը:

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ

ՁԵՌՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ…

Շուրջ 14 տարի է անցել Արցախի ազատագրական պատերազմից, և այդ բոլոր տարիների ընթացքում խաթարվել են բազում ազգային, հոգևոր-մշակութային, բարոյական և այլ արժեքներ: Չեմ կարող միանշանակ ասել, թե ովքեր են դրա մեղավորները, սակայն հստակ է, որ պատասխանատուները միայնումիայն իշխանություններն են: Ես, որպես Արցախի ազատագրական պայքարի զինվոր, գումարտակի նախկին հրամանատար, Մարտական խաչի և պետական այլ շքանշանների ասպետ, վիրավոր-հաշմանդամ, նայում եմ այս ամենին և մեծ ցավով գրում սույն տողերը: Իմ զոհված և ողջ մնացած մարտական ընկերների արյան գնով ենք ստեղծել այս պետությունը: Այն ժամանակ ոչ ոք չէր մտածում կռվել ի շահ նյութականի, ի շահ հարստության, կռվել ենք հանուն երկրի ազատագրման:

Մենք համոզված էինք, որ յուրաքանչյուրի զոհվելու պարագայում պետությունը կհոգա մեր ընտանիքների հոգսերը: Իսկ այսօր…

Թվում էր, թե 1999թ. ԼՂՀ նախագահի կողմից հռչակած արդարության ուղենիշը վերջ կդնի վերոնշյալ արժեքների կործանմանը: Սակայն հետագայում պարզվեց, որ ապօրինություններն այլ, ավելի վտանգավոր ձևեր ստացան, այն է՝ ավելի գրագետ, ավելի խորաթափանց կերպով սկսեցին ներսից կործանել, ոչնչացնել մեր արյան գնով պահպանված երկրի նյութական ու բարոյական արժեքները: Ի դեպ, ցավով պիտի նշեմ, որ ներկայիս պետական այրերի մի զգալի մասը արցախյան շարժման նախկին հակառակորդներն էին և ոչ մի կապ չունեին շարժման հետ, ասել է թե՝ այս երկրի ստեղծման ղադրը չիմացողներ են, մարդիկ, ովքեր եկել են ոչ թե մեր ժողովրդի կյանքը կազմակերպելու, այլ իրենց անձնական կյանքը դասավորելու, նորից եմ կրկնում՝ մեր արյան ու քրտինքի հաշվին:

Ինչ խոսք, պետական այրերի մեջ կան նաև շատ արժանավոր մարդիկ (մարտիկներ), ովքեր, սակայն, ոչ մի անարդարության դեմ հրապարակավ չեն արտահայտվել՝ հակառակ իրենց նախկին համոզմունքների, և հարմարվում են՝ գերադասելով չկորցնել իրենց աթոռները: Իսկ իշխանական համակարգն էլ, ընդհանուր առմամբ, կոռումպացված է: Բնական է, որ նման համակարգը չի խորշի տրորել այնքան թանկ գնով ստեղծված արժեքները:

Այսօր կադրերն ընտրվում են ոչ թե ըստ ընդունակությունների, գիտելիքների, մասնագիտությունների, այլ ըստ վերևներին լավ ծառայելու, քծնելու հատկությունների: Եւ ինչքան անգրագետ՝ այնքան լավ, ինչքան գործից հեռու՝ այնքան խրախուսելի, որքան բարոյազուրկ՝ այնքան ցանկալի:

Սակայն միայն այսքանը փաստելու համար այսօր ես գրիչ չէի վերցնի, որովհետև հրապարակումներով բազմիցս եմ հանդես եկել այս ամենի մասին, շրջանային վարչակազմի ղեկավարի պաշտոնից էլ հրաժարվել եմ նույն այդ պատճառներով: Պետական այրերն անամոթաբար ձեռք են բարձրացնում նույնիսկ զոհված զինծառայողի ընտանիքի վրա: Խոսքս վերաբերում է արցախյան շարժման հիմնադիրներից մեկի՝ Մարտական խաչի ասպետ,  հրամանատար, քաղաքական գործիչ, աննկուն հայրենասեր, իմ մարտական ընկեր Վիգեն Գրիգորյանի ընտանիքին:

Մի քանի ամիս առաջ իշխանությունները, երկրի նախագահի և վարչապետի թողտվությամբ, ապօրինաբար խլել են Վիգենի որդիներին պատկանող հողամասը: Պաշտոնյաների անունները նշում եմ, քանի որ Վիգենի կնոջ՝ Գրետայի և նախագահի ու վարչապետի հանդիպումից հետո է միայն վերջնականապես խլվել հողամասը: Սա ցավ է, իհարկե, բայց ցավի մի մասը լոկ: Բանն այն է, որ այդ  հողամասը տրվել է արցախյան շարժման հակառակորդ, պատերազմի ժամանակ զինծառայությունից խուսափած ու պատերազմի ընթացքում «փող լվացած» մի նախկին միլիցիոների: Հարց եմ տալիս, սիրելի ընթերցողներ, ի՞նչն է մեր իշխանությունների կողմից խրախուսվում՝ հայրենասիրությո՞ւնը թե՞ հայրենամերժությունը: Վիգենն իր ընտանիքի անդամներին նյութական արժեք չի թողել, բայց չէ՞ որ նա հավատում էր ստեղծվող պետությանը, արդարությանը, ապագային, հայրենիքին:

Իսկ բոլորովին վերջերս էլ Վիգենի որդիների և որոշ ուժային կառույցների մի քանի պաշտոնյաների միջև ծեծկռտուք է առաջացել: Ըստ քննչական մարմինների և պաշտպանի՝ տուժել են երկու կողմերը, սակայն ձերբակալվել են զոհվածի որդիները, իսկ մյուս կողմի ներկայացուցիչները մնում են իրենց պաշտոններին ու միջամտում քննությանը:

Ըստ փաստերի՝ Վիգենի որդիներից միայն մեկն է մասնակցել միջադեպին, ուստի անհասկանալի է մնում, թե ինչու են երկու եղբայրներին ձերբակալել. չլինի՞ թե այն պատճառաբանությամբ, որ երկվորյակներ են: Կամ էլ ինչու՞ չեն ձերբակալվել ծեծին մասնակից պետական պաշտոնյաները, ովքեր հասարակական վայր են եկել հարբած վիճակում և չեն էլ հիշում, թե ով է խփել իրենց կամ ինչու են վնասվածք ստացել: Միգուցե չեն ձերբակալվել այն պատճառով, որ նրանցից մեկը դատական համակարգի առանցքային դեմքերից մեկի որդին է, մյուսները՝ նրա ազգականները: Ստացվում է, որ մի կողմը և կռիվ հրահրողն է, և սանկցիա տվողը, և ձերբակալողը, և քննողը, և դատողը: Ես՝ Վահան Միքայելի Բադասյանս, ճակատային մարդ եմ, մասնակցած արցախյան պատերազմի գրեթե բոլոր գործողություններին, ուստի ինձ թույլ եմ տալիս հայտարարելու՝ ձեռքներդ հեռու մեր նահատակ ու երախտավոր ընկերոջ ընտանիքից:

Ամենաամոթալին մեր երկրում այն է, որ հենց պետական այրերն են մատաղ սերնդի մեջ հայրենասիրական սերմերը ոչնչացնում: Ուստի դիմում եմ նրանց՝ սթափվեք, վերջապես, և առաջնորդվեք միայնումիայն պետական և ազգային շահերով: Իսկ եթե չեք կարող, ապա հեռացեք, քանի դեռ կորած չէ ամեն ինչ:

Վահան ԲԱԴԱՍՅԱՆ
Հադրութ

ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգարժան ազատամարտիկներ, սեպտեմբերի 2-ին բոլոր արցախցիներս տոնելու ենք մեր հանրապետության անկախության պանծալի 15-ամյակը: Այս խոսուն փաստը իրեղեն ապացույց է այն անվիճելի իրողության, որ այդ անկախությունը նվաճվել է մեր մարտական գործողությունների, զրկանքների, տառապանքների, ռազմադաշտում ստացած հեղումների, ձեր մարտական ընկերներից շատերի կյանքի գնով: Այո, անկախությունը նվաճելու եւ այն պահպանելու գործընթացներն իրականացրինք մենք՝ ազատամարտիկներս, իսկ եթե նորից ազերիները սանձազերծեն պատերազմ, դարձյալ մենք հաստատակամ կերպով պատրաստ ենք պաշտպանելու մեր պետության անկախությունը:

Բայց եթե մեկն այսօր պատահական կերպով հարցնի, թե ինչպես է ապրում Արցախի ազատամարտիկը, ի՞նչ պատասխան կարող ենք տալ նրան: Բոլորս միասին կասենք՝ մոռացված վիճակում, պարտքերի մեջ խրված, սոցիալ-տնտեսական, կուլտուր-կենցաղային ամենածայրահեղ վիճակում, հոգսերի մեջ: Շատ ազատամարտիկներ տուն ու տեղ չունեն, նրանք ապրում են օրեցօր թանկացող վարձու բնակարաններում: Պետությունն ազատամարտիկների կյանքում կողմնակի դիտորդի դեր է կատարում. փոխանակ հոգատարություն դրսևորի նրանց նկատմամբ, կատարում է հակառակը: Օրինակ, մեր պետական այրերը քաջատեղյակ են, թե ինչպիսի ծայրահեղ աղքատության մեջ է ապրում բնակչության մեծ մասը, և փոխանակ բարձրացնեն կենսաթոշակները, աշխատավարձերը, որպեսզի մի քիչ բարելավվի նրանց կյանքն ու կենցաղը, պարբերաբար բարձրացնում են պետական տուրքերը, ջրի, գազի, աղբահեռացման, բնակարանների, Էլեկտրաէներգիայի եւ այլ ծառայությունների սակագները:

Հարգելի ազատամարտիկներ, պետական այրերի այս գործողություններից կյանքը ավելի է վատթարանում, ինչու՞, օրինակ, այսօր Ստեփանակերտի մի շարք թաղամասերում բնակչությունը ջուր չի ստանում: Այս բացասական երևույթները նկատել էին ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաև ողջ Արցախում:

Ես համոզված եմ, որ այսպես շարունակել հնարավոր չէ: Գտնում եմ, որ պետք է հոգատար վերաբերմունք ցուցաբերել յուրաքանչյուր ազատամարտիկի հանդեպ, բարեկեցիկ պայմաններ ստեղծել նրանց համար, նորակառույց բնակարաններից երկարամյա վարձակալման հիմունքներով հատկացնել 30-ից ավել տարիներ բնակարանի հերթում սպասող, կենցաղային անբարենպաստ պայմաններում ապրող ազատամարտիկներին: Դա շահեկան կլինի և պետության համար, և կռված ու արյուն թափած ազատամարտիկների համար:

Ազատամարտիկներին չպետք է թողնել բախտի քմահաճույքին, չէ՞ որ պատերազմը դեռ չի ավարտվել, նրանք դեռ պետք են հայրենիքին, դեռ խոսք ունեն ասելու և առաքելություն ունեն կատարելու:

Արարատ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԼՂՀ վետերանների «Երկրապահ» կամավորականների միության անդամ

——————————————————————————————-

Կրթություն

Անցնում ենք նոր կրթակարգի

Oգոստոսի 23-ին կայացավ ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը: Օրակարգում միայն «Կրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծի մասին հարցն էր: Փոփոխությունների համաձայն, Ղարաբաղի դպրոցները կանցնեն 12-ամյա կրթական համակարգի:

Խորհրդարանում ներկայացված երկու խմբակցությունները՝ «Ժողովրդավարություն» եւ «Հայրենիք», կողմ են քվեարկել փոփոխություններին, իսկ ընդդիմադիր «ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խումբը ձեռնպահ է մնացել, գտնելով, որ նոր կրթակարգի գաղափարն ու էությունն ընդունելի են, սակայն կատարված նախապատրաստական աշխատանքները բավարար չեն: Խմբի կարծիքով, ցանկալի կլիներ, որ նոր կրթակարգին անցումը լիներ «քննարկելով-ընկալելով-մարսելով», այլ ոչ թե ստիպված:

Նիստի ընթացքում հնչեց այն միտքը, որ Ղարաբաղում պատրաստ չեն 12-ամյա կրթությանն անցնելուն, ինչպես նաեւ կարեւորվեց նոր համակարգի անցման շուրջ հանրային քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտությունը: Այդ մասին խոսեց նաեւ նախարար Կամո Աթայանը եւ խոստովանեց, որ «այդպես էլ չի հաջողվել դա իրականացնել»: Այնուամենայնիվ, օրենքն ընդունվեց, որն արդեն ստորագրել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը:

Նախարարի հավաստմամբ, նոր համակարգին անցնելու համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր չեն պահանջվում, քանի որ այդ ծախսերը նախատեսվել են դեռ անցած տարվա դեկտեմբերին ընդունած բյուջեով:

Փաստելով, որ թեման հանրային լուրջ քննարկումների առարկա չի դարձել, այնուամենայնիվ, հավելենք, որ  նիստից երկու օր առաջ ԼՂՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից նախաձեռնվեցին խորհրդարանական լսումներ, որին մասնակցեցին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, հանրապետության ուսումնական տարբեր հաստատությունների ղեկավարներ եւ մանկավարժներ: Լսումներին մասնակցելու համար հրավիրվել էին նաեւ Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը եւ ՀՀ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը: Լսումներին մասնակից մանկավարժները նույնպես միակարծիք չէին. ոմանք նոր կրթակարգին անցնելը կարեւոր էին համարում, իսկ ոմանց կարծիքով էլ նախեւառաջ տեխնիկական եւ այլ բնույթի հարցեր պետք է լուծվեն:

Նոր կրթակարգի ընդունման արդյունքում այս ուսումնական տարում կունենանք 2 առաջին դասարան՝ մեկը՝ 6, իսկ մյուսը՝ 6.5-7 տարեկանների համար: Ընդհանուր կրթությունը սկսվում է 6 տարեկանից: Միջնակարգ հանրակրթական 12 տարի ընդհանուր տեւողություն ունեցող դպրոցում՝ տարրական դպրոցը 1-4-րդ, միջինը՝ 5-9-րդ, ավագ դպրոցը՝ 10-12-րդ դասարաններն են: Մինչեւ  2001թ. հանրակրթական դպրոց ընդունված աշակերտները 10-ամյա կրթություն կստանան, 2001-2005թթ., ինչպես նաեւ՝ 2006թ. 6.5 եւ բարձր տարիքի ընդունվածները՝ 11-ամյա, իսկ 2006-ին ընդունված 6 տարեկանները կսովորեն 12 տարի: Այդ մասին տեղեկացրեց Կամո Աթայանը, իսկ ՀՀ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը հավելեց, որ այս տարի Հայաստանի եւ Ղարաբաղի դպրոցները կունենան 10 անուն նոր դասագրքեր՝ տարբեր դասարանների համար: Հետաքրքրական է նաեւ այն, որ 2011թ. ԼՂՀ եւ ՀՀ դպրոցները շրջանավարտներ չեն ունենա:

Կրթության ոլորտի այս բարեփոխումը կբերի նրան, որ 9-րդ դասարանից հետո աշակերտների  20-30 տոկոսը չի գնա ավագ դպրոց, որտեղ կսովորեն միայն բուհ ընդունվողները: Օրենքը թույլ է տալիս դպրոցում ունենալ նաեւ հոսքային դասարաններ՝ արհեստագործական, ֆիզիկա-մաթեմատիկական, հումանիտար, բնագիտական թեքումով:

Ինչպես եւ խոստացել էին,  օգոստոսի 25-ին Արցախ բերվեցին համապատասխան դասագրքերը, իսկ սեպտեմբերի առաջին տասնօրյակում կանցկացվեն ուսուցիչների վերապատրաստման դասընթացները:

Մեկ երեխային դպրոց տանելու համար անհրաժեշտ է առնվազն 25 հազար դրամ

Վաղը կսկսի նոր ուսումնական տարին: Նոր ուսումնականի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռեւս օգոստոսի սկզբներին: Եթե նախկինում 6.5-7 տարեկան երեխաներ ունեցող ծնողներն էին պատրաստվում իրենց երեխաներին առաջին անգամ դպրոց ուղարկելուն, ապա այս տարի դպրոց կգնան նաեւ 6 տարեկանները: Բնականաբար, դպրոցականների թիվը որոշակի չափով կավելանա: Այս տարի մայրաքաղաքի դպրոցներում նախատեսվում է ընդունել 655 երեխա:

Իսկ ինչպե՞ս են պատրաստվում ծնողները, որքա՞ն գումար է պահանջվում մեկ երեխային դպրոց ուղարկելու համար, անցյալ տարվա համեմատ ի՞նչ տարբերություններ կան դպրոցական պիտույքների գների միջեւ: Այս եւ մյուս հարցերի շուրջ զրուցեցինք մի քանի ծնողների հետ:

Անուշ Գալստյանը դպրոցական տարիքի երկու երեխա ունի, իսկ ընտանիքում միայն ամուսինն է աշխատում: Ասում է, որ ամեն տարի օգոստոսին սկսում են երեխաների համար դպրոցական իրեր գնել՝ հագուստներ, դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ եւ այլն: «Մեկ երեխայի հագուստի համար անհրաժեշտ է առնվազն 20-22 հազար դրամ, պայուսակի համար՝ 1.5-2.5 հազար դրամ, մոտ 3 հազար դրամ էլ գրենական պիտույքների համար: Ընդհանուր առմամբ, մեկ երեխային դպրոց ուղարկելու համար ծնողը պետք է ունենա 25-28 հազար դրամ: Սա մեկ երեխայի համար, իսկ մեր դեպքում անհրաժեշտ է ունենալ 50-55 հազար դրամ, որը, անկեղծ ասած, ամուսնուս մեկ ամսվա աշխատավարձի չափն է: Իսկ այդ ամսվա ընթացքում ինչո՞վ պետք է սնվի ընտանիքը»,- տարակուսում է Ա. Գալստյանը:

Կարինե Սարգսյանն էլ երեք դպրոցահասակ երեխա ունի: Ասում է, որ հագուստների եւ դպրոցական տարբեր իրերի ձեռքբերման համար մոտ 70 հազար դրամ է ծախսել: «Ի տարբերություն որոշ ծնողների, իմ բախտն ինչ-որ չափով բերել է, քանի որ երեք երեխաներն էլ տղաներ են եւ փոքրերը մեկ-մեկ համաձայնվում են մեծի հագուստներից հագնել: Բայց, եթե հաշվի առնենք հանրապետությունում առկա աշխատավարձերը, ապա մեր նման ընտանիքների համար շատ դժվար է, հատկապես, երբ երեխաներդ արդեն մեծ են: Ասեմ, որ դպրոցական իրերն այդքան էլ թանկ չեն, հագուստներն են թանկ: Ինչ վերաբերում է գներին, ասեմ, որ համարյա ոչ մի տարբերություն չկա: Ուրախալին միայն այն է, որ այս տարի պայուսակ կարելի է ձեռք բերել շատ մատչելի գներով, իսկ անցյալ տարի շատ թանկ էր»,-մեր զրույցի ժամանակ նշել է երեք երեխայի մայրը:

Ծնողների հետ զրույցից պարզվել է, որ կան այնպիսի ունեւոր ծնողներ, որոնք մեկ երեխայի համար ծախսել են մոտ 40-50 հազար դրամ: Դրանք այն խավի ծնողներն են, ովքեր չեն կարող հանդուրժել, որ իրենց երեխայից ավելի լավ հագնվող լինի դասարանում ու ամեն ինչ անում են երեխաների ցանկությամբ:

Ինչեւէ, տարբեր մարդիկ տարբեր կերպ են պատրաստվում նոր ուսումնականին, տարբեր են նաեւ սեպտեմբերի 1-ին ուսուցչի համար նախատեսվող  ծաղկեփնջերը, որոնց գները օգոստոսի վերջին օրերին բարձրանում են: Ծնողների ծախսերին ավելանում է եւս մի քանի հազար դրամ:

Քաղաքի տարբեր մասերում դպրոցական տոնավաճառներ են գործում, որոշ տեղերում էլ նույնիսկ հերթ է գոյանում. գրենական պիտույքներ ու հագուստներ գնելու են գալիս նաեւ շրջանի բնակիչները, չնայած հնարամիտ առեւտրականներից շատերը օգոստոս ամսում շրջում են տարբեր գյուղերով՝ վաճառելով դպրոց հաճախելու համար անհրաժեշտ իրեր:

Մենք փորձեցինք հարցումներ անցկացնել նաեւ խանութների տերերի եւ վաճառողների շրջանում՝ պարզելու դպրոցական իրերի գները եւ բնակիչների պահանջարկը:

Օրինակ, «Կանցլեր» ՍՊԸ տնօրեն Սասուն Բարսեղյանի խոսքերով, անցյալ տարվա համեմատ դպրոցական իրերի գները համարյա չեն փոխվել ու եթե փոխվել են, ապա ընդամենը 5-10 դրամով: Նա ցավով է նշում այն մասին, որ այս տարի ապրանքների լայն տեսականի ապահովված չէր, քանի որ Ռուսաստանից համարյա ապրանք չի տեղափոխվել այստեղ, այնինչ ռուսական գրենական պիտույքները, ճիշտ է, թանկ, բայց շատ որակով են: Պատճառը Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան տանող ավտոճանապարհի փակումն էր, որի արդյունքում ապրանքով լի բեռնատար մեքենաները ժամանակին չեն հասել Հայաստան եւ Արցախ:

«Իսկ ինչ վերաբերում է վաճառված ապրանքների ծավալներին, նշեմ, որ անցյալ տարվա համեմատ այս տարի ծավալները մոտ 30-40 տոկոսով նվազել են, ինչը կարելի է բացատրել նաեւ շատ տաք եղանակներով, գուցե եւ ռուսական ապրանքների բացակայությամբ: Հիմնականում Դուբայից եւ Չինաստանից բերված դպրոցական իրեր ենք վաճառել այս տարի»,- տեղեկացրեց Ս. Բարսեղյանը:

Խանութի տերերից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, շատ գոհ էր այս տարվա առեւտրից, ինչը բացատրում է նրանով, որ նրան հաջողվել է ավելի էժան գներով ապրանք ձեռք բերել եւ, բնականաբար, վաճառել մայրաքաղաքի մյուս խանութներում գործող գներից ավելի ցածր գնով:

Տեղեկացնենք նաեւ, որ վերջերս ԼՂՀ ոստիկանության քաղաքային վարչության անչափահասների հարցերով բաժնում գրանցված թափառաշրջիկ, մուրացկան եւ սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցական հասակի 20 երեխաների ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը դպրոցական իրեր է տրամադրել: Ծրագիրն իրականացվում է 1999 թվականից:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

——————————————————————————————-

Սահմանադրական

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ. «ԿՈՒԶԵՆԱՅԻՆՔ, ՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ, ՆԵՐԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐԱԿԱՆ ՓՈՐՁԸ ԵՎ ԵՐԿՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ԼՂՀ Սահմանադրության նախագիծն արդեն ներկայացված է Ազգային ժողովի քննարկմանը: Խորհրդարանական խումբ-խմբակցություններն ու առանձին պատգամավորներ ուսումնասիրում են այն: Իր կարծիքը Սահմանադրության նախագծի վերաբերյալ արդեն հրապարակավ հայտնել է «ՀՅ Դաշնակցություն – Շարժում 88» պատգամավորական խումբը:

Մենք դիմեցինք Արցախի ժողովրդավարական կուսակցության «Ժողովրդավարություն» պատգամավորական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ, խնդրելով ներկայացնել կուսակցության գնահատականը նախագծին:

– Ուզում եմ ընդգծել, որ 2005թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԱԺԿ նախընտրական ծրագրում ընդգծված է եղել Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը: Եւ կուսակցությունը խոստացավ իր բոլոր հնարավորություններն օգտագործել՝ երկրի հիմնական օրենքը համաժողովրդական քվեարկության ներկայացնելու համար:

Սահմանադրության այն նախագծում, որը հանրապետության նախագահի ներկայացմամբ պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Ազգային ժողովում,  ԱԺԿ պատկերացմամբ, ամրագրված են հանրապետության՝ որպես ինքնիշխան պետության, արդեն իսկ ժամանակի մարտահրավերներին դիմակայած պետական կարգը, ինչպես նաեւ այն ժողովրդավարական զարգացումները, որոնք 2000 թվականից հանրապետությունում դարձել են անշրջելի:

– Ձեր կարծիքով, նախագիծը ապահովո՞ւմ է իշխանության բոլոր ճյուղերի բնականոն կենսագործունեությունը հանրապետությունում:

– Մեր գնահատմամբ, Սահմանադրության նախագիծը տարանջատում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները, միաժամանակ ամրագրելով իշխանության 3 թեւերի միջեւ զսպման եւ հավասարակշռման մեխանիզմները: Թեկուզ մենք կուզենայինք, որ հիշյալ մեխանիզմները խորհրդարանական քննարկման փուլում ավելի հստակեցվեին: Մասնավորապես, խոսքս վերաբերում է կառավարության ձեւավորման սահմանադրական մեխանիզմներին եւ խորհրդարանի կողմից կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողությանը:

Մենք գտնում ենք, որ Սահմանադրությունը պետք է լիարժեքորեն կարգավորի պետական եւ ինքնակառավարման մարմինների հարաբերությունները:

Որոշակի վերապահումներ են առկա դատական համակարգի այն կառուցվածքի վերաբերյալ, որն արտացոլված է Սահմանադրության քննարկվող նախագծում:

Գտնում ենք նաեւ, որ որոշ սրբագրումների կարիք ունի Սահմանադրության նախագծի առաջին գլուխը՝ Սահմանադրական կարգի հիմունքների մասին:

– Ըստ Ձեզ, որքանո՞վ է Սահմանադրության  նախագիծը երաշխավորում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը:

– Մենք կարծում ենք, որ մարդու իրավունքների եւ ազատությունների հարցում պետք է խստորեն պահպանվեն միջազգային ընդունված չափանիշները: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում սահմանաված բոլոր կետերը պետք է  պահպանվեն: Պետք է ասեմ, որ նախագծում որոշ կետեր բացակայում են:

Մեր կուսակցությունը միաժամանակ գիտակցում է հանրապետության դե-ֆակտո իրավիճակը, ուստի կարեւորում է մարդու իրավունքների ու ազատությունների եւ փաստացի պատերազմական իրավիճակից ենթադրվող սահմանափակումների ամրագրումը Սահմանադրության մեջ, որը պետք է խստորեն համապատասխանի դարձյալ միջազգային չափանիշներին:

– Մարդու հիմնարար իրավունքների թվում է կամքի ազատ արտահայտման իրավունքը: Նախագիծը ապահովո՞ւմ է այդ իրավունքը:

– Սահմանադրության նախագծում անհրաժեշտ է անպայման ամրագրել Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի կարգավիճակը, այս բնագավառը կարգավորող մարմնի իրավասությունները, նրա անդամների նշանակման պարիտետային մեխանիզմը: Մեր գնահատմամբ, լրամշակման կարիք ունեն նաեւ մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ հոդվածները:

– Իսկ կուսակցության նկատառումներն արդեն ներկայացվե՞լ են:

-Ընդհանուր առմամբ, ԱԺԿ-ն ըստ արժանվույն է գնահատում սահմանադրական հանձնաժողովի եւ աշխատանքային խմբի գործունեությունը եւ մտադիր է նախագծի խորհրդարանական քննարկմանը նախորդող փուլում իր բոլոր նկատառումները ընդհանրացնել եւ քննարկել աշխատանքային խմբի ղեկավարի հետ, հույս ունենալով, որ կոնստրուկտիվ մթնոլորտում հնարավոր կլինի հասնել լիարժեք փոխըմբռնման:

Մենք չենք պնդում, թե մեր առաջարկներն ավելի լիարժեք են կամ առավել ժողովրդավարական, քան Սահմանադրության նախագիծը: Պարզապես կուզենայինք, որ համաժողովրդական քվեարկության ներկայացվելիք նախագիծը համապատասխանի միջազգային չափանիշներին, ներառի պետական շինարարության անցած 15 տարիների ամբողջ դրական փորձը եւ մեր երկրի առանձնահատկությունները:

Հարցազրույցը վարեց Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆԸ

——————————————————————————————

Հայրենական

SOS. ՔԱՇԱԹԱՂԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է

Երկրում լիքը պրոբլեմներ կան, այնքան շատ, որ իշխանությունները զօրուգիշեր պիտի մտածեն ու գործեն: Բայց նայում ես նրանց անհոգությանն ու դինջությանը ու մի ավելորդ անգամ էլ համոզվում, որ երկրի հերն անիծվում է: Հետևողական ու հիմնավորապես: Իշխանությունն ինքնահեռացել է այդ պրոբլեմներից և ապրում է իր կյանքով: Մեր հաշվին ապրում է իր կյանքով՝ մեզ թողնելով մեր պրոբլեմները: Հաճախ էլ՝ ոչ միայն չօգնելով, այլ խանգարելով մեզ: Այսօրվա անտիրությունն անտրամաբանական չափերի է հասել: Այսօրվա անտիրությունն արդեն սպառնում է նաև այսօրվա տերերին, բայց նրանք մտահոգված չեն: Այս երևույթն անուն չունի…

Քաշաթաղի շրջանը միշտ էլ «համեղ պատառ» է եղել մեր իշխանությունների համար, նրանք դժվարությամբ էին հաշտվում այն մտքի հետ, որ ԼՂՀ վարչատարածքային միավոր հանդիսացող շրջանն իրականում իրենց ենթակայության տակ չէ: Ու զօրուգիշեր մտածում էին այդ «պատմական սխալն» ուղղելու մասին: Ու հասան իրենց նպատակին, թեև դեռևս այն ժամանակ հասկացողը հասկանում էր, որ դա շրջանի վերջն էր լինելու: Այդպես էլ ստացվում է: Վերջին տարիներին արդեն բավականին լուրջ պրոբլեմներ ունեցող շրջանով սկսեցին զբաղվել մերոնք: Ու պրոբլեմները իսկույն ավելացան: Շրջանի «յուրացումն» արագ տեմպերով շարունակվում է: Շրջանը յուրացվում է ոչ թե երկրի, այլ իշխանությունների համար:

Ռազմավարական հսկայական նշանակություն ունեցող այս շրջանի այսօրվա վիճակը տագնապի տեղիք պիտի տա արցախցիներին, պիտի SOS հնչեցվի: Մենք տեղյակ էինք այնտեղի պրոբլեմների մասին, բայց մի ներքին տաբու կար, որ խանգարում էր այդ մասին բարձրաձայնել: Սակայն, միևնույն է, այդ մասին խոսվում է, ու ճիշտ էլ արվում է: Ընթերցողներին ներկայացնելով մեր գործընկեր ու հայրենակից Էդիկ Բաղդասարյանի՝ «Հետք» էլեկտրոնային թերթում տպագրված հոդվածաշարի այս հատվածը՝ մենք էլ մեր հերթին ենք տագնապ հնչեցնում:

«ԴԵՄՈ»

Վերաբնակեցման ծրագիրը տապալվում է պետական մակարդակով Պատրանքներ եւ իրականություն

Քաշաթաղ շրջանի կենտրոն Բերձորում կյանքը մի տեսակ քնկոտ է դարձել: Մարդիկ դարձել են ալարկոտ, դա զգացվում է նույնիսկ նրանց քայլվածքից ու խոսելուց: Առաջվա պես չէ, հաստատ: Իսկ Բերձորից մի քանի տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող գյուղեր արդեն ներխուժել է հուսախաբությունը: Հատուկենտ մարդիկ կան, ովքեր մնացել են լավատես եւ շարունակում են սպասել, որ իշխանությունները կհիշեն իրենց: Մարդիկ ավելի են հուսախաբվել պաշտոնյաների՝ հողերը հետ տալու մասին հայտարարություններից:

Եթե առաջներում այնքան էլ լուրջ չէին ընդունում այդ հայտարարությունները, ապա վերջին շրջանում նրանք այլ կերպ են սկսել ընկալել: Եթե ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունները, ինչպես իրենք են ասում՝ «բանի տեղ չեն դնում», ապա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՝ հինգ շրջանները հետ տալու մասին ասածներն իսկապես մտորելու տեղիք են տվել:

Նրանք բնակվում են հենց այդ հինգ շրջաններից որեւէ մեկում:

«Պաշտպանության նախարարը նման բան ասելու իրավունք չունի: Ով ով, բայց նա չպիտի ասի, որ այս հողերը հետ ենք տալու: Գիտե՞ս ինչքան արյուն է թափվել այստեղ»,- ասում է հարավային սահմանում ծառայությունն անցկացնող մի փոխգնդապետ:

Բերձորի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանը միանգամից բորբոքվում է, երբ խոսք է գնում տարածքները հանձնելու մասին.

«Եթե մտածում ենք ազատագրված տարածքները հետ տալու մասին, ուրեմն մենք կործանված ենք, ում մտքով նման բան անցավ՝ հենց ինքը կործանված է, էլ չեմ ասում՝ եթե շատերն են մտածում, ուրեմն Հայաստանն է կործանված, հայություն գոյություն չունի: էլ ու՞մ է պետք էդ ապրելը կամ որտե՞ղ ես ապրելու, երբ հայրենիք չունես»:

Կառավարության վարած քաղաքականությունը նպաստել է Քաշաթաղի վերաբնակեցված բնակավայրերի դատարկվելուն:

«Քաղաքականությունը այդպիսին է, կարեւոր չէ, թե ով կլինի վարչակազմի ղեկավարը: Կառավարությունը ոչ թե վատ ծրագիր է իրականացնում, այլ ընդհանրապես ծրագիր չի իրականացնում»,- ասում է բերձորցի ուսուցիչներից մեկը, ում անունը չենք նշում:

«Շրջանի վերաբնակեցումն Ալեքսան Հակոբյանի (վարչակազմի նախկին ղեկավար-Է.Բ.) նախաձեռնությունն էր: Այն ժամանակ շատերը չէին հավատում, որ դա հնարավոր կլինի, գաղափարները սկզբից բարձր էին, իսկապես վերաբնակեցում էր: Բայց հետո փչացավ, ինչպես ամեն ինչ»,-ասում է վարչակազմի նախկին մի աշխատակից:

«Վարչակազմի այսօրվա ղեկավարն ամբողջ կյանքում դատախազ է աշխատել եւ բոլոր բնակիչներին նայում է որպես հանցագործների: Նրա հետ խոսել հնարավոր չէ»,-ասում է բերձորցի ուսուցիչը: Նա նույնպես վաճառում է տունը՝ Երեւան տեղափոխվելու նպատակով:

Վարչակազմի նոր ղեկավարի՝ Համլետ Խաչատրյանի նշանակումը համընկավ նաեւ այն ժամանակաշրջանին, երբ ֆինանսավորումը Հայաստանից անցավ Ղարաբաղին: Առաջ Հայաստանից ամբողջ փողը փոխանցվում էր վարչակազմին եւ նա էր որոշում շրջանի ծախսերը: Այժմ Ղարաբաղի կառավարությունն է որոշում ֆինանսավորման ուղղությունն ու բյուջեն: Այս փոփոխությունից հետո կրճատվել են գրեթե բոլոր գերատեսչությունների բյուջեները եւ փոխանցումները, որպես կանոն, ուշացվում են: Օրինակ՝ Բերձորի գիշերօթիկ դպրոցի սննդի համար նախատեսված գումարը յոթ ամիս է չի փոխանցվել:

Այժմ ամեն ինչ որոշվում է Ստեփանակերտում: Մեր աղբյուրներից մեկը հայտնեց, որ ԼՂՀ-ի կառավարությունը երկու աշխատող է ձեւակերպել Քաշաթաղի վարչակազմում, ովքեր ընդհանրապես աշխատանքի չեն գալիս, սակայն աշխատավարձ են ստանում:

Վերաբնակեցման սկզբից՝ 1994-ից մինչեւ 2004-ը, հոսանքն այստեղ անվճար էր, իսկ 2005-ից այն դարձավ վճարովի՝ 1 կվտ-ը 14 դրամ էր, այս տարվա հուլիսի մեկից թանկացավ եւ դարձավ 20 դրամ: Միայն այս փաստն արդեն բավարար է հետեւություններ անելու համար, բացի այս շրջանի դեռ 51 բնակավայր առայսօր հոսանք չունի:

Հուլիսի մեկից բուժօգնությունը վճարովի դարձնելը երկրորդ հարվածն էր Քաշաթաղի շրջանի բնակչությանը:

«Հասկանում եք, էս ծանր պայմանների հետ կռիվ տվող գյուղացին մի հատ տեղեկանքի համար, որն անհրաժեշտ է իր երեխային համալսարան ընդունվելիս, 1500 դրամ պետք է մուծի: Եթե այդ թուղթը տալիս ես, բայց գումարը չես վերցնում, հարկայինը կամ մնացած ծառայությունները գալիս են ու ասում՝ յուրացրել եք, ու՞ր են այս գումարները: Մի սարսափելի վիճակի մեջ են մեզ դրել. ամաչում ես, որ կարող է հիվանդը, որին լավ ճանաչում ես, գիտես, թե ինչ վիճակի մեջ է, դու պետք է նրան ասես՝ պատին կպցրած է պետական գները՝ մի վիրահատությունը 54 կամ 60 հազար, մի օր հիվանդանոցում մնալը՝ 8 հազար դրամ, գնա վճարիր»,-ասում է Բերձորի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանը:

Ծաղկաբերդը շրջանի ամենամեծ գյուղն է. 260 մարդ է ապրում գյուղում: 97-98թթ. գյուղի դպրոցում կար 50-ից ավել աշակերտ, այժմ 30-ը չի անցնում: Երեւանից 1994թ.-ին Ծաղկաբերդ տեղափոխված Ազատ Եղոյանը՝ գյուղապետը, գտնում է, որ իշխանությունները չեն կարեւորում այս տարածքների վերաբնակեցումը, այլապես այլ քաղաքականություն կվարեին:

«Ես ապագա տեսնում եմ այստեղ, բայց դրա համար բոլորի վերաբերմունքը այս տարածաշրջանի նկատմամբ պետք է փոխվի, պետք է այս տարածքներին ուղղված օրենք լինի: Մարդը պետք է իմանա, որ գալիս է այստեղ եւ այս տարածքն այսպիսի ճակատագիր է ունենալու: Մեր պետությունը խնդիր է դրել այս տարածքները վերաբնակեցնել: Բայց ինչպե՞ս է այդ խնդիրը դրել, երբ վեց տարի առաջ այստեղի բնակչությունը եղել է 12 հազար, իսկ հիմա 7 հազար է: Այդպես խնդիր չեն դնում: 1994թ.-ին այդպիսի խնդիր կար, բայց ոչ մի նպաստավոր գործողություն չեղավ, որպեսզի այս տարածքը բարգավաճի, զարգանա: Երբ մարդուն բերում այստեղ եւ ասում ես՝ ապրիր, երեք ամսից տուն կկառուցեմ, ու տասը տարի չես կառուցում, երբ մարդուն բերում ես գյուղ ու ասում՝ ապրիր, էս ա հոսանքը կլինի, ու տասը տարի հոսանք չի լինում: Ու՞մ խնդիրն է այդ հոսանքը բերելը, այդ մարդու խնդի՞րն է, մարդիկ ինչի՞ հույսով պիտի դիմանան»,- շարունակում է Ազատ Եղոյանը, ով 2000-2005թթ.-ին եղել է ԼՂՀ-ի Ազգային ժողովիի պատգամավոր:

Քաշաթաղի շրջանը հյուսիսից հարավ 300 կմ երկարություն ունի: Պետությունը հարյուր գյուղ եւ երեք քաղաք ունեցող շրջանին այս տարի հատկացրել է 300 մլն դրամ:

Էդիկ Բաղդասարյան
Քաշաթաղ-Երեւան
http://www.hetq.am

——————————————————————————————-

Մշակույթ

ԱՐՑԱԽԱՀԱՅՈՑ ՏԱՐԱԶԸ

Պատմական տարբեր դարաշրջաններում զանազան երկրների ժողովուրդներ, տարածքային խմբեր, բնակչության որոշակի շերտեր ունեցել են իրենց բնորոշ հագուստը՝ ձևածքի, գույնի, զարդարանքի առանձնահատկություններով:

Ժողովրդական տարազն ամբողջությամբ կամ առանձին տարրերով արտացոլել է ազգային մշակույթի առանձնահատկություններ: Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդն ունեցել է մեծ տեղաշարժեր՝ արտագաղթ, օտար ցեղերի ներխուժում, որոնք, անշուշտ, իրենց ազդեցությունն են ունեցել մեր ազգային տարազի վրա, սակայն չեն վերացրել ազգային ինքնատիպությունը:

Տարազաձևերի բազմազանությունը, նրանց տարաբնույթը գալիս է պատմականորեն զարգացող անհատի հոգու կերտվածքից: Հայ ժողովուրդը հաճախ ներգործուն դեր է կատարել հարևան ժողովուրդների տարազի ձևավորման վրա և հակառակը: Հատկապես տղամարդկանց տարազի վրա կարելի է հանդիպել օտարոտի պատվաստումներ:

«Հայ ժողովրդի տարազը նրա ինքնապահպանման ազդակներից մեկն է հանդիսացել: Նույնիսկ օտար փոխառությունների անհրաժեշտության դեպքերում հայ ժողովուրդը միշտ ստեղծագործական մոտեցում է ունեցել ըստ իր տոհմային ճաշակի ու դարավոր ավանդությունների: Հատկապես պետք է նշել հայ կնոջ ցուցաբերած ավանդապահությունն այդ հարցերում: Նա միշտ հայտնաբերել է ինքնուրույն ճաշակ, ձևերի և գույների վայելչություն, ներդաշնակության բնածին նրբազգացություն: Խորշել է անբովանդակ, անհեթեթ ձևերից: Հայկական տարազի զանազան փոփոխությունները նման են մեր լեզվի բազմաթիվ բարբառներին, որոնք բոլորն էլ սերտորեն կապված են միասնական լեզվի հետ և նրանց նման հանդիսանում են մեր դարավոր մշակույթի անկրկնելի գանձերից մեկը:

Բացի դրանից, հայ ժողովուրդը, գտնվելով արևելքի ու արևմուտքի ոճերի բախման ու սերտ համադրման մի մարզում, հաճախ ներգործուն դեր է կատարել հարևան ժողովուրդների տարազի վրա»: (Առաքել Պատրիկ, «Հայկական տարազ», Երևան, 1967):

Ազգային սովորույթն ու ավանդույթը անհնար է պատկերացնել առանց տարազի: Չէ՞ որ տարազը ոչ միայն դեկորատիվ կիրառական արվեստի մի քանի ճյուղերի զուգակցումն է, այլև մտածողության մակարդակ, գեղագիտական ճաշակ, մշակույթի աստիճան ու ժողովրդի անցած պատմական ուղի:

Պատմական Սյունիքն ու Արցախն աչքի են ընկնում դարերի վաղեմություն ունեցող իրենց տարազով, ուր առանձնանում էր հատկապես կանանց տարազը: Արցախահայոց տարազի կանանց համալիրն առանձնանում է ձևվածքի կատարելությամբ և գունային ներդաշնակ լուծումներով: Հաճախ արցախահայոց տարազում նկատվում է կարմիր և կանաչ, կարմիր և կապույտ երանգների զուգորդում: Վերնազգեստի վրայից երիտասարդ կանայք կապում էին արծաթե, տարեցները՝ երբեմն կտորե գոտիներ: Ձմռանը հագուստը համալրվում էր մուգ կարմիր մուշտակ-քուրքով, որը բավականին կարճ էր թե փեշերի, և թե թևքերի հատվածում, այն եզրազարդվում էր աղվեսի մորթուց եզրաշերտով:

Տղամարդկանց տարազը ենթարկվում էր կովկասյան ընդհանուր ձևերին: Գլխարկը ուլի կամ ոչխարի մորթուց կարված բարձր, կոնաձև, երբեմն «բուխարա» տիպի՝ ցածր գլանաձև: Տղամարդկանց արխալուղը մուգ կապույտ է, երկար շալվարն ամփոփված է երկարաճիտ կոշիկների կամ գուլպայի մեջ: Արցախի տղամարդկանց հագուստը արևելահայ մյուս տարազաձևերի հետ մեկտեղ ուներ համահայկական, ավելի ընդհանուր կովկասյան գծեր:

Արցախ և Սյունյաց աշխարհի կանացի տարազը ինքնատիպ հայկական է: Այդ հազվագյուտ տարազն էլ իր զուսպ, տպավորիչ ձևավորումով, ծիրանագույնի, սևի, կանաչի և մուգ դեղնավունի գեղեցիկ համադրությամբ հանդիսացել է նրա ինքնապահպանման ազդակներից մեկը: Սյունիք-Արցախի ավանդական տարազը զարդանախշվել է մետաղական զարդանախշերով: Բուսական, երկրաչափական ասեղնագործությամբ զարդարվել են հարսանեկան շապիկների բացվածքները (վզի, կրծքի, թևքերի, ինչպես նաև քղանցքը), ինչն ունեցել է նաև ծիսահմայական նշանակություն: Արցախահայոց տարազախմբին յուրահատուկ ականջակալները զարդարել են բուսանախշերով:

Գոյություն ուներ տարազի երկու ձև, որոնք անվանում են «հայավարի» և «քաղաքավարի»: Հայավարին Արցախի ավանդական տարազն էր, իսկ քաղաքավարին՝ Թիֆլիսի հայ կանանց տարազի ընդօրինակված ձևը: Հայավարի համալիրի բաղկացուցիչ մասերն էին՝ հալավը (տկըհալավ), Կարմիր հալավը (դրեյի հալավ), օձիքը (եխան): Այն զարդարվում էր կամ վրայից դրվում սև գույնի կտոր, որի վրա շարվում էին սուրմաներ (արծաթե ուլունքներ) կեռիկների ձևով, փոխանը, որ կարվում էր մետաքսե կամ բամբակյա կտորից, խլեղը (կարվում էր աստառով, մուգ կանաչ մետաքսե կտորից, որը նախշագործ էր և կոչվում էր «իրեք փըշկանե»):

Այնուհետև գլխի զարդերը՝ պալին (ճըկտանոց), շըքըլյան (տյուլ): Հետաքրքիր է Շուշվա երիտասարդ աղջիկների տարազը, որ քաղաքաբնակի դրոշմ էր կրում: Հատկանշական է առանց բերանակալի գլխահարդարանքի պարզությունը: Թեզանիքը լայնորեն շրջանակված էր նրբահյուս ժանյակով: Գանձակեցիների տարազը ձևով գրեթե նման է արցախցիների տարազին: «Լոռին հնում կոչվում էր Գուգարաց աշխարհի Տաշիր գավառ: Բնակչության մի մասը բնիկներ էին, սակայն 1795 և 1830 թվականներին այստեղ հայ գաղթականներ են Ղարաբաղից, Շամշադինից, Ալաշկերտից և Կարինից: Իսկ այդ իրողությունը ազդել է, անշուշտ, տեղական տարազի վրա»: (Առաքել Պատրիկ, «Հայկական տարազ»):

Սյունիք-Արցախի ենթախմբին է պատկանում նաև Նախիջևանի կանանց տարազը: Նրանց հագուստի համալիրի յոթներանգ քթակապերում բազմերանգություն է նկատվում, որը բնորոշ է այդ տարազաձևին: Արցախահայոց տարազը հայկական ավանդութային տարազի համակարգում միակն է, որ պահպանվել է մինչև մեր ժամանակները՝ տարեց կանանց շրջանում:

Ադելա (Արշալույս Սարգսյան)
գ. Պառավաթումբ

 

ԳԵՂԱՀՈՒՆՉ  ՀԱՅԵՐԵ՞Ն, Թ՞Ե…

Ախ լեզու’ն,  լեզուն, լեզուն որ չըլի, մարդ ինչի նման կըլի:
Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզունա ու հավատը:
Լեզուդ փոխի°ր, հավատդ ուրացի°ր, էլ ինչ՞ով կարես ասիլ, թե որ
ազգիցն ես: Ինչ քաղցր, պատվական կերակուր էլ տաս  երեխին,
էլի իր մոր կաթը նրա համար շաքարից էլ ա անուշ մեղրից էլ:

Խ. Աբովյան

Հայերենն աշխարհի հնագույն, զարգացած լեզուներից է: Հայերենով է ստեղծվել հնամյա, հարուստ, ինքնուրույն մի մշակույթ, որն ընդունում է ողջ աշխարհը: Հայերենով են ստեղծագործել հանճարեղ մտածողներ, ականավոր գիտնականներ: Հազարամյակներ շարունակ նրանով  է  արտահայտվել  վեհին ու բարուն ձգտող, վատն ու չարը մերժող, հարուստ ու պայծառ ոգով լեցուն մի ժողովուրդ: Հայ լեզուն վիթխարի դեր է ունեցել հայոց պետականության հաստատման, վերջինիս ինքնության ու ինքնուրույնության պահպանման գործում: Այն   ժողովրդի հավերժության  հզոր զարկերակն է: Հպարտությամբ կարող ենք նշել, որ հայերենը վաղուց դարձել է միջազգային լեզվագիտության ուսումնասիրությունների առանցք:

Այսպիսի մի հնամյա  լեզվի արժեքը, որը  բարձր  են գնահատում  անգամ օտարները՝ մենք դաժանորեն թերագնահատում ենք:

Որ հայերենը անարատ, հարուստ և հնադարյան լեզու է՝ անվիճելի է, բայց երբ այն աղավաղվում է օտարահունչ բառերով ու արտահայտություններով՝ պարտակվում է անաղարտությունը: Ցավալի փաստ է, որ շարունակ ծավալվում է օտարասիրությունն և անկիրթ հայերենով արտահայտվելու միտումը: Մի քանի տասնամյակ հետո այդ աղճատումները՝ ցավոք՝ սովորական բնույթ կստանան:

Զարմանք հարուցող է, երբ հանրապետական՝ «Ազատ Արցախ», «Ստեփանակերտ», «Դիզակ», «Ջրաբերդ», «Ամարաս», «Դեմո», «Ապառաժ» թերթերում հանդիպում ենք օտարահունչ բառերի՝ այն դեպքում,  երբ ունենք տվյալ բառերի հայերեն համարժեքը:

Այսպես. եթե ունենք  պաստառ բառը, ինչու օգտագործենք պլակատ, կամ վիրակապի փոխարեն՝ բինտ, շրջանի փոխարեն՝ սիզոն, արդյունավետի փոխարեն՝ ինտենսիվ, առաջնորդի փոխարեն՝ լիդեր,  կարգախոսի փոխարեն՝ լոզունգ, համակարգի փոխարեն՝ սիստեմ, աշխատախմբի փոխարեն՝ կոլեկտիվ, գործընկերի փոխարեն՝ կոլեգա, մարդասիրականի փոխարեն՝ հումանիտար:

Մի՞թե տգեղ է, երբ ասում ենք՝ «աշխատանքային պաշարներ» (օգտագործվել է՝ աշխատանքային ռեսուրսներ), «ստույգ պատասխան» (օգտագործվել է՝ կոնկրետ պատասխան), «համաճարակային-վարակիչ հիվանդություն» (օգտագործվել է՝ ինֆեկցիոն-վարակիչ հիվանդություն), «անհատական բաժանմունք» (օգտագործվել է՝ անհատական սեկտոր), «տեղեկատվության համաձայն» (օգտագործվել է՝ ինֆորմացիայի համաձայն) և այլն («Ամարաս» թերթ #24/36.02/ 1-15.10.05թ.), կամ մի՞թե հնչուն չէ, «իրավական հենակետ» (օգտագործվել է՝ իրավական բազա), «հայտնի բեմագիր» (օգտագործվել է՝ հայտնի սցենար), «համապատկերի վրա» (օգտագործվել է՝ ֆոնի վրա), «համաբուժարանի նորակառույց շենք» (օգտագործվել է՝ պոլիկլինիկայի նորակառույց շենք)   բառակապակցությունները («Դեմո» 10/52-15.06.06թ.):

Հայերեն որոշ բառերի գործածությունը, գուցե  անսովոր, սակայն վերջինս հարազատ կդառնա, երբ դարձնենք մեր առօրյա խոսակցականի հիմնական բաղադրիչը: Մեր հայտնի լեզվաբանների՝ Էդուարդ Աղայանի, Հրաչյա Աճառյանի, Մանվել Ասատրյանի, Աշոտ Սուքիասյանի հսկայածավալ աշխատանքը՝ ուղղված բառարանների կազմման աշխատանքին՝ այսօր մեղմ ասած, անտեսում ենք: Գեղեցիկ հնչեղություն և հայաշունչ իմաստով բազմաթիվ բառեր բառարաններում քնած են: Ինչպես՝ շարժառիթ (մոտիվ), դասուսույց (ռեպետիտոր), ձև (մեթոդ), խորհրդանիշ (էմբլեմա), նոթատետր (բլոկնոտ), շոքեբաղնիք (սաունա), կանգուն հայելի (տրյումո), հիմնադրամ (ֆոնդ), գեղադեղ (կոսմետիկա), ստորակարգություն (հիերարխիա), ավելորդություն (բալաստ), միջակորեար (բուրժուազիա), հատկանիշ (ատրիբուտ), բաժանորդ (աբոնենտ), այլուրեքություն (ալիբի), գետնաձյութ (ասֆալտ), ազնվայր (ջենտլմեն), եղևմտացույց (բյուջե), սևակուճ (բազալտ), ցնցղատապ, փողակացավ  (բրոնխիտ),  երգավար (դիրիժոր), թանչ, արնալուծ (դիզենտերիա), դատակազմ (ժյուրի), ատենախոսություն (թեզ), պահոց (արխիվ),  խոսագիր (բուկլետ), պարահանդես (դիսկոտեկ), շարժանք (ժեստ), օրինական (լեգիտիմ), արույրե (լատունե), կաթնաշաքար (լակտոզա), ոսկրափուտ (կարիես), բնակազմ (կադր), քարյուղ (նավթ), չհրկիզվող պահարան (սեյֆ), մանրակ (դետալ), աշխույժ (ակտիվ), դրսեկ (էքստեռն), դրույթ (թեզիս), բնազանցական (մետաֆիզիկական), բնահող (գրունտ), բնաշրջություն (էվոլյուցիա) և այլն:

Յուրաքանչյուր  քաղաքակիրթ պետություն՝ լինի դա Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան վարում են խիստ հետևողական աշխատանք՝ լեզվական քաղաքականության բնագավառում: Ռազմական իրավիճակում հայտնված մեր հանրապետությունը, ուր դեռևս ոչ հեռավոր անցյալում դրված էր տարալուծման, ուծացման վտանգը,  առավելագույնս պետք է հետամուտ լինի ազգային արժեքների պահպանմանը:

Ցավալի է, որ անկախություն տենչացող մեր հայրենակից գործարարները  նախընտրում են օտար լեզուներով շարադրված գովազդները, ցուցանակներն ու վահանակները: Մի՞թե հայերենը չունի գեղեցիկ  անուներ, որոնցով անվանվի  մայրաքաղաքի հանրախանութները, առևտրի կետերը: Ի՞նչ է նշանակում քաղաքի կենտրոնական մասում տեղադրել ռուսական հնչեղություն ունեցող «Բոգինիա», «Նադեժդա» կամ «Մերկուրի» օտարահունչ գովազդային ցուցանակները, այն դեպքում՝ երբ հայերենը ունի դրանց համարժեքը՝ «Դիցուհի», «Հույս»  և «Փայլածու»  տարբերակները: Ըստ երևույթին չունենք սեփականը գնահատելու կարողություն: Տխուր  է, երբ մի կողմ ենք նետում ազգային արժեքները՝ ածանցելով  հայկական մտածողությունն ընդհանրապես և ընդունում ենք մեր հագ ու կապին անսովոր, չափազանց շինծու մի կերպար:

Աններելի է,  երբ թերթերում հանդիպում ենք ուղղագրական սխալների, ասել է թե մամուլը թերանում է իր աշխատանքում: Հոտնկայս բառի փոխարեն գրվել է՝ ոտընկայս, («Դիզակ», # 20,/3933/ 08.09.05թ.), անսալ (լսել) բառի փոխարեն՝ ամսալ («Դիզակ» #20, 3933) մեսրոպյան գրերի փոխարեն՝ Մեսրոպյան գրեր («Ազատ Արցախ» #142/1800/, 06.12.05թ.), լիբանանահայ բառը բառամիջում գրվել է մեծատառով, իսկ Իրան մայրաքաղաքի անունը՝ փոքրատառով: (Ապառաժ» #29/149/ 1-15.06.06թ.): Սխալ կետադրություն դնելու կամ ընդհանրապես չդնելու պատճառով, երբեմն կարող ենք հանդիպել զավեշտական երևույթների: Այսպես. գրված է՝ «Դպրոցական շենքի բացման և ընդհանրապես Մարաղայի նկատմամբ դպրոցի տնօրեն  Լյուբա Գրիգորյանի խոսքը պատմական անդրադարձ է» («Ջրաբերդ» սեպ. 10 թիվ 25/4963), «Ըստ կայանի տնօրեն Է. Դանիելյանի ժամանակին են ձեռնարկել..» («Ջրաբերդ» սեպ. 1-10 թիվ 28 /4966/), «…ճանաչ է աշխարհին նշանակում է…» («Դիզակ» #22/3935/, 11.10.05թ):

Երբեմն էլ հանդիպում ենք մեր լեզվամտածողությանը խորթ ու անհարազատ շարահյուսական-ոճական ձևակերպումների: Փոխանակ գրելու՝ երիտասարդության համարյա մեծամասնությունը, գրված է՝  «…համարյա երիտասարդության մեծամասնությունը» («Ջրաբերդ» թիվ 25 /4963/), Մարտունու մշակույթի տուն գրելու փոխարեն գրված է՝ «…Մշակույթի Մարտունու տուն» («Ամարաս» # 24 /3602/), որից դարեր ի վեր իր եկամտի հիմնական մասն էր ստանում ղարաբաղցին  գրելու փոխարեն գրված է՝ «…որից իր եկամտի հիմնական մասն էր ստանում դարեր ի վեր ղարաբաղցին»  («Ամարաս» # 24 /3602/ 1-15. 10. 05թ.), …Այնուհետև, գրական-երաժշտական յուրօրինակ ներկայացումով իրենց երախտիքն արտահայտեցին կրթօջախի աշակերտները գրելու փոխարեն գրված է՝ «..Այնուհետև գրական երաժշտական մոնտաժով երախտիքի յուրօրինակ խոսք ասացին կրթօջախի աշակերտները»  («Ազատ Արցախ» #6 /1821/ ,17.01.06թ.),  …որը կնշանակի պատասխանատվության բարձրացում»  գրելու փոխարեն գրված է՝ «…իսկ այն իր հերթին պատասխանատվության բարձրացում կենթադրի» («Ազատ Արցախ» #12/1827/, 31.01.06թ.):

Նկատվում են նաև լեզվի այնպիսի  գործածություններ, որոնք դիտավորյալ չես հորինի՝ …տղաներն Արմեն անունով են կնքվել գրելու փոխարեն գրված է՝ «տղաններն Արմեններ են կնքել», 2006թ. աշնանացանի հերկի կատարման փոխարեն գրված է՝ «2006թ. բերքի տակ աշնանացանի հերկի կատարման» («Ամարաս» # 24 /3602/ 1-15. 10. 05թ.): Լեզվաոճական նման սխալները բազմազան են՝ «…նա մի կրկին անգամ շնորհավորեց», «ծլկում էին դեպի Ֆիզուլի տանող ճանապարհը» («Դիզակ» # 22, /3935/ 11. 10. 05թ.),  «…դահլիճը լեփ լեցուն էր աշակերտներով, տոնական հագուստներով» («Ջրաբերդ» թիվ 25/4963/ սեպտեմբեր-10), «խաղաղ զոհերի հիշատակ», «Թող այս հաղթանակը շնորհավոր լինի մեզ բոլորիս» («Ապառաժ» #27/147/-15.05.06թ.):

Յուրաքանչյուր հայ՝ լինելով ազգասեր, պարտավոր է իր ազգային ինքնությունը և համազգային միասնականության ողջամտությունը պահպանելու համար անաղարտ պահի իր լեզուն: Կցանկանայի Ձեր ուշադրությանը ներկայացնել «հրավերք» բառը: Բառի իմաստն է` hյուրասիրություն, ճաշկերույթ, հացկերույթ: Բայց ահա, հաճախ մեր սեղանին են հայտնվում տոնական համերգների հրավիրատոմսեր, որոնց վրա մեծ, ճչացող տառերով գրված է՝ ՀՐԱՎԵՐՔ: Անգիտակցաբար աղճատելով խոսքը՝ մենք շեղվում ենք բառիմաստից:

Հայերեն որոշ բառերի գործածությունը, գուցե, անսովոր, սակայն վերջինս հարազատ կդառնա, երբ դարձնենք մեր առօրյա խոսակցականի հիմնական բաղադրիչը և հատկապես, երբ այն մուտք գործի դպրոց և բարձրագույն ուսումնական հաստատություն:

Ազգային ինքնության և համազգային միասնականության  ողջամտության պահպանման երաշխիքը  անաղարտ լեզու ունենալն է:

Եկե°ք, նոր շունչ տանք մեր հնամյա ու չքնաղ հայերենին, լեզվական  մտածողության ապազգայնացման երևույթը կտանի աշխարհաքաղաքացի (կոսմոպոլիտ) անձի ձևավորմանը, որն անհարիր է մեր ազգային էությանը:

Անուշ ԼԱԼԱՅԱՆ

——————————————————————————————-

Պատմություն

Արցախի Տիգրանակերտի պեղումները շարունակություն կունենան

Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի 5 հոգանոց արշավախումբը օգոստոսի 3-18-ը Մարտակերտի շրջանի Սուրենավան (նախկին Շահբուլաղ) գյուղի մոտակայքում  Արցախի  Տիգրանակերտ քաղաքի պեղումների առաջին փուլն է իրականացրել: Արշավախմբում ընդգրկված էին  ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, Երեւանի եւ Արցախի պետհամալսարանների ներկայացուցիչներ:

Օգոստոսի 19-ին հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը հանդիպում է ունեցել Ղարաբաղի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Պեղումների արդյունքները վկայում են Տիգրանակերտի մասին

Լրագրողները խմբի ղեկավարի հետ շրջեցին հնավայրում եւ ականատեսը դարձան պեղումների արդյունքներին:

Համլետ Պետրոսյանը լրագրողներին պատմեց, որ պեղումների արդյունքում հայտնաբերվել են միջնաբերդի պարիսպը, 5-6-րդ դարերի բազիլիկ եկեղեցի, սանդղավանդերից մեկի հենապատը եւ հարյուրավոր հնագիտական իրեր, ինչպես նաեւ ուսումնասիրվել է քաղաքի մերձակայքում՝ Խաչենագետի հովտում գտնվող ժայռափոր եկեղեցական համալիրը:

«Արցախի Տիգրանակերտի հայտնաբերումը սկսվել է դեռեւս 19-րդ դարում, մոտ մեկուկես դար այդ փնտրտուքները շարունակվել են: Խնդիրը հնագիտորեն ապացուցելն էր եւ ցույց տալը, որ սա մի հզոր քաղաք է եղել՝ կառուցված որոշակի պլանավորումով, հատակագծով, ժամանակի առաջավոր տեխնիկայով, որի կառուցման համար անհրաժեշտ էր հազարավոր ստրուկներ ու վարպետներ ներգրավել: Ասեմ, որ մեր պեղումների արդյունքները հիմք են տալիս ասելու, որ գտել ենք Տիգրանակերտ քաղաքը, եւ որ հայկական աղբյուրները, որոնք մանրամասն տեղեկություններ են հաղորդել այդ քաղաքի մասին, միանգամայն ճշմարտացի են»,-լրագրողների հետ զրույցում նշեց Համլետ Պետրոսյանը:

Նա միաժամանակ փաստել է, որ 15 օր կատարված պեղումների արդյունքում արդեն մի բեռնատար մեքենա նյութեր են հայտնաբերել, որոնք լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: «Ցավոք, Հայաստանում այսօր այդ հնարավորությունը չկա, ընդամենը մի քանի մասնագետներ կան, բայց նրանք էլ շատ զբաղված են: Հիմա փորձում ենք հասարակական հիմունքներով նման մի լաբորատորիա ստեղծել, որտեղ կիրականացնենք եւ մեր աշխատանքները, եւ կփորձենք սպասարկել ուրիշներին: Ներկայումս հնագիտական նյութերի հիմնական մասը պահվում է հնագիտական հանգրվանում, որը գտնվում է Նոր Մարաղա գյուղում: Նյութերը կտեղափոխվեն Երեւան, որտեղ դրանք պետք է մշակվեն, այնուհետեւ՝ տեղ գտնեն Արցախի թանգարաններում»,-հավաստիացրեց Հ. Պետրոսյանը:

Արշավախմբի ղեկավարի խոսքերով, հաջորդ տարի նույնպես կշարունակվեն աշխատանքները, բայց արդեն ոչ թե 15 օր, այլ 2 ամիս տեւողությամբ եւ ավելի մեծ արշավախմբով: Դա հաստատեց նաեւ «Երկիր» կազմակերպության վարչության անդամ Վահրամ Գեւորգյանը, որը հավաստիացրեց, որ  «Երկիր»-ը տեր է կանգնելու Տիգրանակերտի պեղման և գտածոների ուսումնասիրության աշխատանքների շարունակելիությանը: Կատարված պեղումների արդյունքների հիման վրա հայերեն լեզվով պատկերազարդ գիրք է տպագրվելու, որը կթարգմանվի նաեւ այլ լեզուներով:

«Երկիր» միությունը գտնում է, որ կատարված հայտնագործություններն ունեն ոչ միայն հայկական, այլ նաեւ համաշխարհային բացառիկ պատմամշակութային եւ կրոնական արժեք, ինչի վառ ապացույցն են քաղաքային թաղամասի պեղումների ընթացքում հայտնաբերված վաղ միջնադարյան (5-6 -րդ դարեր) բազիլիկային տիպի եկեղեցու մնացորդները եւ քարանձավային եկեղեցու համալիրը, որոնք ապացուցում են, որ Տիգրանակերտը հանդիսացել է արևելյան քրիստոնեական քաղաքակրթության կենտրոններից մեկը:

Բոլորին էլ մտահոգում էր բացված շինությունների պահպանման հարցը: Հ.Պետրոսյանի  հավաստմամբ, դա հեշտ չի լինի, սակայն խիստ անհրաժեշտ է, քանի որ հնավայրը կարող է զբոսաշրջային յուրահատուկ կենտրոն դառնալ:

Նա նաեւ տեղեկացրեց, որ նպատակ ունեն Տիգրանակերտի եռաչափ պատկերը ստեղծել ինտերնետում, ինչը հնարավորություն կտա դեպի քաղաք վիրտուալ ճանապարհորդությունը: Նա հուսով է, որ ֆինանսական միջոցներ կգտնեն եւ հաջորդ տարի դա ևս իրականություն կդարձնեն:

Պեղումների արդյունքները ոչ միայն քաղաքակրթական, այլև քաղաքական լուրջ կռվաններ են

Իսկ ի՞նչ նշանակություն կունենան պեղումների արդյունքները Ղարաբաղյան հարցի կարգավորման գործում, ի՞նչ դեր է վերապահվում այն միջազգային կազմակերպություններին, որոնք նման ծրագրերի իրականացման համար դրամաշնորհներ են տալիս, եւ, վերջապես, ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները խոչընդոտու՞մ են, արդյոք, գործընթացին: «Դեմո»-ի  այս եւ մյուս հարցերին համաձայնեց պատասխանել  արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Ի դեպ, նա մասնակցել է նաեւ  Հայ Կաթոլիկ համայնքի, «Ժան Պողոսյան եւ որդիներ ընկերության» եւ «Շուշի» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող Շուշիի պեղումներին, Քարվաճառի՝ ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգից Հարությունյանների ընտանիքի հովանավորությամբ անցկացված պեղումներին:

Հ. Պետրոսյանի կարծիքով, ոչ միայն Տիգրանակերտի, այլեւ Արցախի մշակույթի հետազոտությունը եւ ներկայացումը լուրջ քաղաքակրթական կռվան կարող են դառնալ ղարաբաղյան կարգավորման հարցում, քանի որ մի անգամ ևս կփաստեն այս տարածքի հայեցիությունը: Ինչ վերաբերում է դրամաշնորհատու միջազգային կազմակերպություններին, ապա արշավախմբի ղեկավարը գտնում է, որ այն, ինչ արվում է՝ նախեւառաջ մեր մշակույթի համար է արվում. «Ես ինքս բազմաթիվ գրանտներ եմ ստացել՝ անհատական գործունեության համար: Օրինակ՝ հիմա պատրաստվում եմ խաչքարերի աշխարհում առաջին կայքը ստեղծել, ինչպես նաեւ Արցախի խաչքարերին նվիրված գիրք հրատարակել, որոնք, իհարկե, հնարավոր չեն առանց ֆինանսական միջոցների: Բայց հնագիտական պեղումների իրականացման համար պետք է խելամիտ լինել ու չընդունել ուրիշի պարտադրանքը: Եւ այդ դեպքում միայն տեղին ու ճիշտ կլինի ֆինանսավորումը: Մյուս կողմից էլ, ինչպես հայտնի է, միջազգային մի շարք կազմակերպություններ խուսափում են Արցախին առնչվող ծրագրերից, ինչը նույնպես ընդունելի չէ»: Ընդսմին, ըստ նրա, ադրբեջանական կողմից հնչող տարբեր հայտարարություններն ու կարծիքները էական խոչընդոտներ չեն ստեղծում իրենց աշխատանքների համար:

«Իսկ ինչպե՞ս եք տեսնում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը» հարցին ի պատասխան Հ.Պետրոսյանը ասաց. «Ես Ղարաբաղի հարցի կարգավորումը տեսնում եմ միայն մի գաղափարի շուրջ: Ամեն մարդ՝ անկախ ազգությունից, իրավունք ունի երջանիկ ապրելու: Ակնհայտորեն, երկու կողմից էլ պետք է ձգտեն դրան: Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ այդ քամահրանքը, մեծամտությունն ու արհամարհանքը ընդունելի կեցվածք չէ: Նախեւառաջ մարդիկ պետք է հասկանան, որ ամեն ոք երջանիկ լինելու իրավունք ունի: Կարծում եմ, ադրբեջանական մտավորականությունը մեծ պատասխանատվություն է կրում սեփական ժողովրդի առաջ՝ նման ողբերգության համար, ուստի պետք չէ առասպելներ հորինել հայերին նվաստացնելու համար»:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Տիգրանի քաղաքը Աղդամի մոտ է

Հայտնաբերվել են համաքրիստոնեական նշանակության գտածոներ ԼՂՀ-ի Տիգրանակերտում

Կիրակի օրը պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի ղեկավարած հնագիտական արշավախումբը կվերադառնա Երեւան եւ առաջիկա օրերին պաշտոնապես հայտարարություն կարվի Արցախի արեւելյան սահմաններում իրենց հայտնաբերած Տիգրանակերտ քաղաքի ու համաքրիստոնեական նշանակություն ունեցող պեղումների արդյունքների մասին, որ իրականացվել է Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ: «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին համոզված է, որ քրիստոնեական սրբավայրերի գոյությունը Արցախի Տիգրանակերտում այսօր արդեն միանշանակ սնանկ է դարձնում ղարաբաղյան խնդրի համատեքստում շահարկվող ադրբեջանական այն պնդումները, թե իբր այդ հողերը հայկական չեն:

Դեռ անցյալ տարվա ապրիլից սկսված պեղումները, փաստորեն, ապարդյուն չանցան: Գիտնականները հայտնաբերել էին Արցախի Տիգրանակերտի միջնաբերդի պարիսպները, այնուհետեւ հայերեն ու հունարեն արձանագրություններով ու հունական խաչերով քարանձավներ, որոնք քրիստոնեական աղոթավայրեր են եղել մինչեւ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ճանաչվելը: «Դա փաստորեն Տիգրանակերտի քրիստոնյաների գաղտնի հավաքատեղին էր, երբ Հայաստանում քրիստոնեությունն արգելված էր: Այդ քարանձավի մեջ Արցախ նահանգի իշխանական ընտանիքները հայերեն արձանագրություններ են թողել, թե ինչպես են ուխտագնացության եկել ու աղոթել»,- տեղեկացրեց պրն Արծրունին:

Օգոստոսի 3-18-ը արշավախումբը պեղել է բուն քաղաքավայրը եւ այն տարածքը, որտեղ սկզբում պարիսպների փորվածքներն էին հայտնաբերվել: Հենց քաղաքամիջում էլ հայտնաբերվել է քարե խաչ ու 6-րդ դարի բազիլիկ եկեղեցի՝ սրբատաշ քարերով: Ս. Արծրունու փոխանցմամբ, նման եկեղեցիներ ժամանակին կառուցվել են նաեւ մյուս մայրաքաղաքներում՝ Դվինում, Արտաշատում: «Երկիրի» նախագահը փաստեց, որ Տիգրանակերտի միջնաբերդի հսկայական պարիսպը կառուցված է հելլենիզմի շինարարական ու ճարտարապետական ամենազարգացած նորմերով, ինչը մասնագետներն անվանում են ծիծեռնակապոչի շարվածքով պատ: «100%-ով հաստատված է, որ դա Տիգրանակերտն է, ապացույցը՝ քրիստոնեական մշակույթի 2 մեծ օջախները՝ 5-6-րդ դդ© բազիլիկան եւ քարանձավային վանքային համալիրը: Մինչ այսօր աշխարհի թուրքամետ բլոկն ասում է, որ այդ հողերը հայկական չեն, իսկ գիտությունն ապացուցում է, որ հենց Աղդամի մոտ հսկայական քաղաք է եղել: Անգամ քաղաքի ջրամատակարարման ամբողջ ենթակառուցվածքն ենք գտել: Քաղաքական խնդիրներից զատ« կարեւորում եմ բացահայտումների քաղաքակրթական նշանակությունը՝ այն իմաստով, որ Արցախի արեւելյան հատվածը քրիստոնեության ծագումնային շրջանի օջախներից մեկն է եղել: Համոզված եմ, որ մեր հայտնագործությունները ոչ միայն հայկական քաղաքական խնդիրներին կծառայեցվեն, այլեւ ամբողջ աշխարհի քաղաքակրթությունների ուսումնասիրման գործընթացներում մեծ դեր կունենան»,- նշեց մեր զրուցակիցը:

«Կարծում եմ, որ 70 տարիների ընթացքում այդ տարածքում Աղդամի իշխանությունները հայտնաբերել էին ինչ-որ բաներ ու քանդել, որովհետեւ հենց քրիստոնեական բազիլիկ եկեղեցու տեղում փորվածք էր, ոչ թե թումբ: Ըստ երեւույթին, քանդել էին, քարերն օգտագործել, որ հետքը չերեւա»,- ավելացրեց պրն Արծրունին: Ի դեպ, ուշագրավ այս հայտնագործությանը առաջինը արձագանքել է Ադրբեջանը, վկայակոչելով ՀՀ պաշտպանության նախարարի հայտնի հայտարարությունը, թե Աղդամը հայկական չէ: «Մենք ոչինչ քաղաքականացնելու նպատակ չենք հետապնդում, ադրբեջանցիների հայտարարություններին լուրջ չենք վերաբերվում: Բանակցությունների ժամանակ հնարավոր է տարբեր կարծիքներ հնչեն, բայց այսօր արդեն գիտությունն իր փաստարկներն ունի այս տարածքների վերաբերյալ»,- ասում է Ս. Արծրունին:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»

————————————————————————————————————————————————————————————–

Ստեփանակերտ

Շատ եմ սիրել մեր քաղաքը այս փոքրիկ,
Եվ այդ փոքրիկ և սիրելի քաղաքում
ունեցել եմ մեծ-մեծ սերեր, սուրբ սերեր,
որոնք հիմա հուշերիս մեջ են ծաղկում:
Եվ հուշերս,
ինչպես ջուրը ջինջ աղբյուրի,
սիրուց աղքատ այս օրերի մեջ դժգույն
բորբոքում են անհագ սիրուս ծարավը
Եվ կարոտը, և կարոտը իմ հոգու:
Երգ են դարձել ու մեղեդի հուշերս
Ու հնչում են, հնչում անվերջ, անդադար
իմ ունկերում, երազներում գիշերվա,
երազներում,
Որ թվում են կորած-գտած մի աշխարհ:
Շատ եմ սիրել,
Շատ եմ սիրում մեր քաղաքը այս փոքրիկ
Եվ ապրում եմ,
դեռ ապրում եմ մեր այս փոքրիկ քաղաքում,
ուր իմ օրը սիրուց աղքատ է ծնվում,
բայց մնում է ու ինձ հետ է այն մեծ սերը,
որով փարված եմ մնում ես
Մեր այս փոքրիկ և սիրելի քաղաքում:

Բոգդան ՋԱՆՅԱՆ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s