№ 15 / 15 սեպտեմբեր

ԿՅԱՆՔ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 2-ին Արցախը նշեց Հանրապետության հռչակման 15-րդ տարեդարձը: Ի՞նչ է արվել այս 15 տարիների ընթացքում: Այդ կապակցությամբ եւ դրական, եւ բացասական գնահատականներ են հնչել:

Լուսանկարը՝ Դավիթ Ասլանյանի

Այն, որ այս ժամանակահատվածում զգալիորեն հաղթահարվել են խորհրդային կայսրության փլուզման, արյունալի պատերազմի, շրջափակման հետեւանքները` ոչ ոք չի կարող վիճարկել: Ղարաբաղում, իրոք, դրվել են պետության հիմքերը, եւ ապահովվել է կյանքի նվազագույն  բնականոն ընթացքը: Այստեղ հնարավոր է ապրել: Բավականին տներ, ճանապարհներ, եկեղեցիներ են կառուցվել եւ վերակառուցվել: Մի քանի տարի առաջ Ստեփանակերտի կենտրոնական փողոցների յուրաքանչյուր շենքում մեկ կամ երկու վերանորոգված պատշգամբ կարելի էր նկատել: Հիմա բնակարանների մի զգալի մասը ճաշակով նորոգված եւ նույնիսկ շքեղ վերանորոգված է:

Եւ ամենակարեւորը՝ հիմա, ի տարբերություն պատերազմական եւ դրան հաջորդած մի քանի տարիների, մարդու կյանքը արժեք է իրենից ներկայացնում: Ղարաբաղցիները հիշում են ժամանակներ, երբ մարդուն անձնական կամ քաղաքական այլակարծության համար կարող էին պատժել:

Այսօր նման խնդիր Արցախում կարծես թե չկա, բայց կա մեկ այլ՝ ոչ նվազ կարեւոր խնդիր: Կյանքը արժեք է դարձել, սակայն արժանապատվությունը՝ դեռ ոչ: Այո, կյանքին չեն սպառնում, բայց մարդու իրավունքները՝ աշխատելու, բուժում ստանալու, պետական այրերի հետ շփվելու, դատարանում իր շահերը պաշտպանելու, տեղեկություններ ստանալու, օրինական բիզնես անելու եւ այլ իրավունքներ պաշտպանված չեն: Ամենակարեւորը՝ շարքային մարդուց գրեթե ոչինչ կախված չէ, եւ նա չի կարողանում պայքարել իր արժանապատիվ կյանքի համար: Բայց չէ՞ որ կյանքն առանց արժանապատվության իրենից մեծ արժեք չի ներկայացնում:

Ղարաբաղում դեռ գործում է պատերազմ տեսած ժողովրդի հոգեբանությունը՝ միայն թե պատերազմ չլինի եւ մի կտոր հաց լինի, մնացածը տանելի է: Ավելի ճիշտ, իշխանության մոտ է գործում այդ հոգեբանությունը՝ «ժողովուրդը կհամբերի»: Հասարակության շրջանում, ընդհակառակը, բարձրանում է քաղաքացիական ինքնագիտակցության մակարդակը: Ընկալումն այն բանի, որ իրավական անպաշտպանվածությունը Ղարաբաղում ոչ այնքան օբյեկտիվ, որքան սուբյեկտիվ պատճառներ ունի: Եւ որ արժանապատվությունը պաշտպանված չի լինի, քանի դեռ պետությունում այն ամրագրված չէ որպես բարձրագույն արժեք:

—————————————————————————————–

Լրահոս

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Սեպտեմբերի 7-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է «Ֆրանսիայի եւ Հայաստանի բողոքական համերաշխություն» /SPFA/ կազմակերպության ամառային ուսանողական ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով Վրաստանից, Լեհաստանից, Ֆրանսիայից եւ Գերմանիայից Հայաստան եւ ապա Արցախ ժամանած շուրջ 50 երիտասարդների:

Ողջունելով հյուրերի` Արցախ այցելելու նախաձեռնությունը, նախագահ Արկադի Ղուկասյանը կարեւորել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող եւ եվրոպական ու կովկասյան տարածաշրջանի երիտասարդության միջեւ համագործակցության հաստատման ու կապերի ամրապնդմանն ուղղված ծրագիրը: Նա շեշտել է նոր սերունդների կարեւոր տեղն ու դերը 21-րդ դարում ազգերի եւ պետությունների միջեւ խաղաղության ու փոխգործակցության մթնոլորտի հաստատման գործում եւ կոչ արել միջազգային երիտասարդական կազմակերպություններին խորացնել համագործակցությունն իրենց արցախցի գործընկերների եւ հասակակիցների հետ:

Հյուրերի խնդրանքով անդրադառնալով ԼՂՀ ներկային եւ անցած ուղուն, երկրի ղեկավարը մասնավորապես հույս է հայտնել, որ ԵՄ անդամ պետությունների միջեւ առկա բարիդրացիության եւ համագործակցության ավանդույթներն ի վերջո կարմատավորվեն Հարավային Կովկասում եւս` հիմք դնելով տարածաշրջանի զարգացմանն ու բարգավաճմանը:

ԼՂՀ նախագահի մամլո քարտուղարի պաշտոնակատար

ՖՐԱՆՍԱԽՈՍՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԸ ՆԱԵՎ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ Է ԶԲԱՂՎՈՒՄ

Շուշան ԱՍԿԱՐՅԱՆ

1997թ. ֆրանսահայ բարերար Սամուել Սահակյանը ԼՂՀ-ում հիմնեց «SPFA» բարեգործական ընկերությունը, որի առաջին ճաճանչը դարձավ մայրաքաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցում ֆրանսախոսների ակումբի բացումը: Պրն. Սահակյանը մեծ ծրագրեր ունի նաև կապված Մարտակերտի շրջանի Խաչեն գյուղի հետ. նախատեսվում է մանկապարտեզ կառուցել, եկեղեցին վերանորոգել, մի խոսքով՝ իր ուժերի ներածին չափ նպաստել հայրենակիցների կյանքը բարեկեցիկ դարձնելուն:

Ֆրանսախոսների ակումբն այսօր էլ գործում է: Շաբաթական երկու անգամ պարապմունքներ են անցկացվում, ընդհանուր առմամբ այն ունի 30 անդամ: Ակումբի փոխնախագահ Նելլի Ավանեսյանին խնդրեցինք պատմել ակումբի առօրյայի մասին:

– Ֆրանսախոսների ակումբը գործում է ահա 9 տարի, որի ընթացքում զգալի աշխատանք է տարվել, որպեսզի ղարաբաղցի երեխաները հնարավորություն ունենան անվճար ֆրանսերեն սովորելու: Բարեգործ Ս. Սահակյանի նախաձեռնությամբ բացվեց ԱրՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի ֆրանսերեն բաժինը: Այսօր, ցավոք, ֆրանսերեն բաժին չկա, կա միայն անգլո-ֆրանսերեն բաժինը: Ակումբում կան 4 տարիքային խմբեր: Տարին մեկ անգամ Ֆրանսիայից մեր ակումբ և ԱրՊՀ են ժամանում մասնագետներ ու դասախոսություններ կարդում: Ակումբն ունի հարուստ գրադարան՝ համաշխարհային գրականության տիտանների ստեղծագործություններով, ֆրանսիացի գրողների՝ Էմիլ Զոլայի, Գի դը Մոպասանի, Անրի Թրուայայի, ինչպես նաև ժամանակակից գրողների երկերով: Ունենք ֆրանսերեն լեզվով ֆիլմեր, արբանյակային ալեհավաք, որի միջոցով նայում ենք Ֆրանսիայից հեռարձակվող ամենաթարմ նորությունները: Եւ մշտապես ամենատարբեր քննարկումներ ենք անցկացնում:

– Իսկ ակումբն ինքը որևէ բարեգործական գործունեություն ծավալու՞մ է, արդյոք:

– Այո, անշուշտ: Մեր ծանոթների, բարեկամների միջոցով փորձում ենք իմանալ սոցիալապես անապահով մարդկանց հասցեները, որոնց նյութական աջակցություն ենք ցուցաբերում (հիմնականում՝ հագուստներ): Բայց քանի որ մեր ծանոթությունների շրջանակը լայն չէ, այդ իսկ պատճառով շատերի մասին չգիտենք: Պարզապես, եթե նման տեղեկատվություն լինի, շատ գոհ կլինենք: Այդ նպատակով մեզ հետ կարող են կապվել 4-89-26, 26-77-67 հեռախոսահամարներով: Մեր էլեկտրոնային կայքի հասցեն է՝ spfa-armenie.org:

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին՝ Լրագրողների համերաշխության միջազգային օրը, Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում հյուրընկալվեց Ստեփանակերտի մամուլի ակումբի (ՍՄԱ) պատվիրակությունը: Առիթը նաև ակումբի հաճելի անակնկալն էր լրագրության բաժնի ուսանողներին ու դասախոսներին. լույս էր տեսել ՍՄԱ պատրաստած «Լրագրություն. ժանրեր» ուսումնական ձեռնարկը, որն անվճար տարածվելու է արցախյան համալսարանների լրագրության բաժիններում ու ԶԼՄ-ներում: Առաջին խմբաքանակն այդ օրը բաժանվեց ԱրՊՀ ուսանողներին ու դասախոսներին:

ԱրՊՀ բանասիրական բաժնի դեկան Արմեն Սարգսյանն ու ամբիոնի վարիչ Սոկրատ Խանյանը գոհունակություն հայտնեցին լրագրողական կազմակերպության ու մայր բուհի միջև ստեղծված արդյունավետ կապերով ու իրենց երախտագիտությունը հայտնեցին Ստեփանակերտի մամուլի ակումբին: Բաժնի ուսանողներն ու դասախոսները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան գրքի նախապատմությանն ու ակումբի հետագա ծրագրերին: Ֆակուլտետի ղեկավարության հետ պայմանավորվածություն ձեռքբերվեց համագործակցության շրջանակներն ընդլայնելու մասին:

ՍՄԱ նախագահ Գեղամ Բաղդասարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց համագործակցության համար, ակումբի անունից պատրաստակամություն հայտնելով ընդլայնել ու զարգացնել այն: Վերջում նա ապագա լրագրողներին շնորհավորեց Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ. «Ցանկալի կլինի, որ արցախցի լրագրողները, որտեղ էլ որ աշխատելիս լինեն՝ պետական, թե ոչ պետական լրատվամիջոցներում, գիտակցեն, որ իրենք նույն գործն են անում՝ ի շահ երկրի բարգավաճման ու ժողովրդավարացման, և եթե մեր մեջ լինի հավաքականության զգացումը, ապա, համոզված եմ, որ բարեփոխումներն ավելի արագ կընթանան»:

Սեփ. լրատվություն

Ջրի հերթում
ՍԱ ԿՅԱ՞ՆՔ Է…

Ամեն տարի ամառը գալուն պես քաղաքամայր Ստեփանակերտը ջրի կարիք է զգում: Խախտվում է ջրամատակարարման ժամանակացույցը, մարդիկ 3-4 օրը մեկ են ջուր ստանում: Էլ չեմ խոսում այն մասին, որ բարձրահարկ շենքերի վերջին հարկերի բնակիչներն ընդհանրապես ջուր չեն ստանում այդ ժամանակ: Ու քաղաքում որտեղ աղբյուրի ջրի ծորակ կա՝ այնտեղ մարդկանց մեծ հերթեր են գոյանում: Այդ ծորակներից էլ ոչ բոլորն են բարվոք վիճակում: Մի քանիսից էլ ջուրը ոչ թե ծորում, այլ կաթում է: «Կաթիլ-կաթիլ» էլ նվազում է հերթը: Տողերիս հեղինակը եւս քանիցս եղել է այդ հերթերում: Նորերս, երբ ես դարձյալ սպասում էի, իսկ հերթս չէր մոտենում, թեեւ կեսգիշեր էր արդեն դառնում, հանկարծ լսեցի հետեւյալ խոսակցությունը.

-Ամեն օր մեկուկես-երկու ժամ ջրի հերթում եմ անցկացնում,- բողոքեց տիկին Արուսյակը:- Բա ի՞նչ անեմ… Տանը մի կաթիլ ջուր չկա՝ ոչ խմելու, ոչ էլ լվացվելու: Սա կյա՞նք է: Քիչ պրոբլեմներ ունենք, ջուրն էլ ավելացավ:

-Իհարկե՝ կյանք չէ,- զրույցի տուտը բռնեց երեսունին մոտ մի ջահել հարս՝ ծծկեր երեխան գրկին,- հինգերորդ հարկում ենք ապրում, ջուր բաց թողնելու դեպքում էլ այն մինչեւ մեր հարկը չի բարձրանում: Իսկ երեխային պիտի շուտ-շուտ լողացնեմ: Ամուսինս զինծառայող է, տանը քիչ է լինում, դրա համար էլ ես եմ ստիպված լինում երեխան գրկիս հերթ կանգնել:

-Բայց, մեկ է՝ կտեսնեք, որ ամսի վերջին ջրի փողը կպահանջեն բոլորից: Թե ինչու պիտի վճարենք՝ չեմ հասկանում: Հերթ կանգնելու համա՞ր պիտի վճարենք,- տարակուսեց հիսունին մոտ մի տղամարդ:

-Դստերս հետ առաջին անգամ եկա այստեղ՝ կեսուրիս մոտ մի քիչ մնալու,- զրույցին խառնվեց 40-45 տարեկան մի շիկահեր կին՝ հայերենն ու ռուսերենն իրար խառնելով:- Եւ ամեն օր ջրի հերթ եմ կանգնում: Մեզ մոտ՝ Կրասնոդարում, 24 ժամ ջուր է լինում բնակարաններում, խանութներում էլ մեկ-մեկուկես կամ ավելի մեծ շշերում խմելու մաքուր ջուր են ծախում, բայց էժան: Իսկ այստեղ նմանատիպ «Նոյ»-ը այսքան թանկ է: Դժվար թե էլի գամ այստեղ:

Անսպասելիորեն զրույցն ընդհատվեց, եւ բոլորը լռեցին: Հավանաբար, ամեն մեկն իր համար սկսեց «փիքր անել»: Իսկ հերթը շարժվում էր կրիայի արագությամբ: Նույն արագությամբ էլ մարդկանց ուղեղներում պտտվում էր մի հարց՝ «սա կյա՞նք է»…

Հրայր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ      

Լույս է տեսել
ՆՌԱՆ ԾԱՂԻԿ

Երևանի «Վան Արյան» հրատարակչատանը լույս է ընծայվել արցախցի շնորհալի նկարիչ Լիանա Քոչարյանի «Նռան ծաղիկ» բանաստեղծությունների ժողովածուն: Սա հեղինակի բանաստեղծությունների առաջին գիրքն է՝ նկարազարդված իր իսկ ստեղծագործություններով:

Լիանա Քոչարյանը ծնվել է 1961թ. Արցախի Աշան գյուղում: ԼՂՀ Նկարիչների միության անդամ է, ստեղծագործում է գեղանկարի, հիմնականում՝ գրաֆիկայի ժանրում: Ձևավորել է 20-ից ավելի գրքեր, մասնակցել է Ստեփանակերտում 1996 և 1997թթ. անցկացված գեղանկարի և քանդակի սիմպոզիումներին: ԼՂՀ Եղիշեի անվան պետական մրցանակի դափնեկիր է:

«Դեմո»-ն շնորհավորում է շնորհալի արվեստագետին ու մաղթում նորանոր հաջողություններ:

Վախճանվել է Արկադի Վոլսկին

Սեպտեմբերի 9-ին 75 տարեկան հասակում երկարատեւ ծանր հիվանդությունից հետո մահացավ Արկադի Վոլսկին: Արկադի Վոլսկին հայտնի հասարակական եւ պետական գործիչ էր, Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության պատվավոր նախագահն ու հիմնադիրը: 1988 թվականին Ա.Վոլսկին եղել է ԽՄԿԿ ԿԿ եւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության ներկայացուցիչն Ադրբեջանի ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, իսկ 1989 հունվարից՝ ԼՂԻՄ-ի Հատուկ կառավարման կոմիտեի նախագահը: 1989 թվականի գարնանը նա ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր ԼՂԻՄ-ի Ստեփանակերտի ընտրատարածքից:

——————————————————————————————-

Կարգավորում

Վ. Յուշչենկո. Ուկրաինան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին

«Ուկրաինան կարեւորում է հակամարտությունների կարգավորումը ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների, այդ թվում Ադրբեջանի տարած քում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Նրա խոսքերով, Ուկրաինայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու պայմանով, մնում է անփոփոխ. «Մենք միշտ հանդես ենք եկել եւ հանդես ենք գալիս ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին՝ ընդունված նորմերի եւ միջազգային իրավունքի սկզբունքների, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության եւ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձեւերի կատարման հիման վրա»: «Ուկրաինան աջակցում է ադրբեջանական կողմի համապատասխան նախաձեռնություններին այդ հարցում, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Մենք պատրաստ ենք հետագայում եւս, զարգացնելով ՎՈՒԱՄ-ի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները, աջակցել ադրբեջանական կողմին՝ ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաեւ ՎՈՒԱՄ-ի երկրների տարածքում այլ, այսպես կոչված, «սառեցված հակամարտությունների» կարգավորմանն անհրաժեշտությանը միջազգային հանրության ուշադրությունը սեւեռելու նպատակով»,-ասել է Ուկրաինայի նախագահը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

Ղարաբաղում հրդեհների վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւի նախագիծը հստակ քաղաքական նպատակներ է հետապնդում

Ներկայացված բանաձեւի նախագիծը քննարկում է մի հարց, որը, մեր կարծիքով, փակվել էր երկու շաբաթ առաջ ԵԱՀԿ գործող նախագահի, Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ քննարկումներից հետո: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 60-րդ նստաշրջանի 98-րդ ընդլայնված նիստում: Նրա խոսքերով, քննարկումների արդյունքում որոշում էր կայացվել ԵԱՀԿ հովանու ներքո փորձագետներից բաղկացած առաքելություն ուղարկել՝ հրդեհներից ստեղծված իրավիճակը գնահատելու համար: «Լեռնային Ղարաբաղի իշխանություններն արդեն իսկ ընդունել են այս առաջարկը, եւ Հայաստանն իրապես պատրաստ էր իր ջանքերը գործադրելու՝ աջակցելու նման առաքելությանը: Մեր հասկացողությամբ, Ադրբեջանը եւս համաձայնել էր դրան»,-նշել է նա:

Արմեն Մարտիրոսյանը տարակուսանք էր հայտնել այն փաստի վերաբերյալ, որ այդ նույն հարցի վերաբերյալ ՄԱԿ-ում շրջանառության մեջ է դրվել բանաձեւի նախագիծ, հատկապես հաշվի առնելով այն, որ նախագիծը կոչ էր անում զուգահեռ առաքելություն ուղարկել ՄԱԿ-ի հովանու ներքո:

«Այդ մոտեցումն անընդունելի էր: Մենք նման քայլը դիտում ենք որպես խոչընդոտ բանակցությունները շարունակելու համար: Եվ քանի որ այն հստակորեն քաղաքական նպատակներ էր հետապնդում, Հայաստանը դեմ հանդես եկավ այդ քայլին:

Այնուամենայնիվ, Մինսկի խմբի համանախագահների հետ մեր բանակցությունների արդյունքում մենք համաձայնության եկանք մի տեքստի շուրջ, որը պարզապես վերահաստատում է իր աջակցությունն ԵԱՀԿ առաքելությանը: Այս առումով մենք կցանկանայինք ողջունել բոլոր կողմերի պատրաստակամությունը բանակցելու փոխզիջման ոգով՝ Մինսկի խմբի համանախագահների կարող ու շատ արդյունավետ միջնորդության ներքո: Այդուհանդերձ, թեեւ մենք սատարում ենք ձեռք բերված համաձայնության բովանդակային մասը, սակայն շարունակում ենք դեմ լինել այս օրակարգի կետի եւ նրա տակ ներկայացված ՄԱԿ-ի բանաձեւի ընդհանուր գաղափարին: Սա է պատճառը, որ Հայաստանը չի միանում այս բանաձեւի կոնսենսուսին»,- ընդգծել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

ՀՀ ԱԳՆ. ՄԱԿ-ի բանաձեւը Ղարաբաղի հրդեհների վերաբերյալ ընդհանուր առմամբ ընդունելի է Հայաստանի համար

Սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի 98-րդ ընդլայնված նիստում ընդունվեց Ղարաբաղում հրդեհների հետ կապված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի նախաձեռնած  բանաձեւի նախագիծը: Հայաստանը բանակցել էր բանաձեւի նախագծի շուրջ եւ համաձայնության եկել դրա բովանդակության եւ ձեւակերպումների հարցում: Արդյունքում փաստաթուղթը, ընդհանուր առմամբ, դարձավ ընդունելի հայկական կողմի համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Մասնավորապես, բանաձեւի տեքստում ասվում է, որ ՄԱԿ-ի ԳՎ-ն լրջորեն մտահոգված է հրդեհներով, որոնք լայնածավալ բնապահպանական վնաս են հասցրել: Այդ կապակցությամբ ընդգծվում է շտապ բնապահպանական միջոցառումների անհրաժեշտությունը՝ տուժած տարածքներում հրդեհների մարման եւ դրանց հետեւանքների վերացման նպատակով: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ողջունում է կողմերի պատրաստակամությունը համագործակցելու այդ ուղղությամբ եւ համարում է այսպիսի գործողությունը կարեւոր, փոխվստահությունն ամրապնդող միջոցառում: Նկատի է առնում ԵԱՀԿ մտադրությունը՝ կազմակերպելու առաքելության առաքում տարածաշրջան՝ հրդեհների կարճաժամկետ ու երկարաժամկետ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գնահատելու նպատակով, խնդրում է ԵԱՀԿ գործող նախագահին զեկույց ներկայացնել այս հարցի վերաբերյալ Գլխավոր ասամբլեայի անդամ երկրներին՝ մինչեւ 2007թ.-ի ապրիլի 30-ը:

PanARMENIAN

Գլխավոր ասամբլեա 
Վաթսուներորդ նստաշրջան 

Ադրբեջան. բանաձեւ «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» Գլխավոր ասամբլեան,

Լրջորեն մտահոգված լինելով հրդեհներով՝ դրանցից տուժած տարածքներում, որոնք լայնածավալ բնապահպանական վնաս են պատճառել,

1. Շեշտում է տուժած տարածքներում հրդեհները մարելու եւ նրանց վնասարար հետեւանքները հաղթահարելու նպատակով շտապ բնապահպանական գործողություն իրականացնելու անհրաժեշտությունը,

2. Ողջունում է կողմերի պատրաստակամությունը համագործակցելու այդ ուղղությամբ եւ համարում է այսպիսի գործողությունը կարեւոր, փոխվստահությունն ամրապնդող միջոցառում,

3. Նկատի է առնում ԵԱՀԿ մտադրությունը՝ կազմակերպելու առաքելության առաքում տարածաշրջան՝ հրդեհների կարճաժամկետ ու երկարաժամկետ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գնահատելու նպատակով, որպես քայլ ուղղված բնապահպանական գործողության նախապատրաստմանը,

4. Կոչ է անում, այս առումով, Միացյալ ազգերի կազմակերպության համակարգի կազմակերպություններին ու ծրագրերին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրին, ԵԱՀԿ-ի հետ համագործակցությամբ, ողջ անհրաժեշտ օգնությունն ու փորձագիտական օժանդակությունը ցույց տալ, ներառյալ՝ տարածաշրջանի բնապահպանական քայքայման կարճաժամկետ ու երկարաժամկետ ազդեցության գնահատման ու դրան հակազդման, ինչպես նաեւ վերականգնման հարցում,

5. Խնդրում է ԵԱՀԿ գործող նախագահին զեկույց ներկայացնել այս հարցի վերաբերյալ գլխավոր ասամբլեայի անդամ երկրներին՝ մինչև 2007թ.-ի ապրիլի 30-ը»:

ՄԱՍԻՍԸ ՄԵԶ, ՀՈՂԵՐԸ` ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

Ազգայնական գաղափարախոսության կրող մի քանի ուժերի մտահոգել է ամերիկացի վերլուծաբան, «Զինված Ուժերի Հանդես» ամերիկյան պարբերականի փորձագետ Ռալֆ Փիթերսի մի հրապարակումը, որը ներկայացնում է Մերձավոր Արեւելքի վերաձեւման քարտեզ, ուր ներկայացվում է այդ տարածաշրջանի դասավորության նախընտրելի տարբերակը, նախընտրելի` ըստ փորձագետի: Սակայն ազգայնական հայերը համոզված են, որ դա ոչ թե նախընտրելի տարբերակ է, այլ հենց ամերիկյան քաղաքականության ծրագիր, որի իրականացման նախանշանները արդեն նկատվում են, եւ մասնավորապես բավական ակնառու էին Հըզբոլլահի դեմ Իսրայելի ձեռնարկած ռազմարշավից:

Մասնավորապես այդպես են կարծում Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալների եւ ազատամարտիկների «ՈՒխտ Արարատի» միության ղեկավար Տիգրան Փաշադեզյանը, «Հանուն Հայրենիքի» հայրենասիրական միության նախագահ Ներսես Ներսիսյանը, Նժդեհյան Ցեղակրոն կուսակցության նախագահ Գեւորգ Հովսեփյանը: Սեպտեմբերի 2-ին նրանք «Ազդակ» ակումբում ներկայացնում էին իրենց մտահոգությունը Նոր Մերձավոր Արեւելք քարտեզի կապակցությամբ: Նրանց հատկապես մտահոգում է այն, որ քարտեզը նախատեսում է Քրդական պետության ստեղծում, որը ստեղծվելու է պատմական Հայաստանի հողի վրա` Թուրքիայի եւ Իրանի տարածքում: Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը համոզված է, որ Քրդական պետությունը ծառայելու է Իսրայելի շահին:

«Այստեղ մեզ խայծ են տալիս, Մասիսը տալիս են մեզ, որպես խայծ, որպեսզի ասեն, թե մեր սրբազան լեռը տալիս են մեզ, էլ ի՞նչ ենք ուզում, մնացածի հետ գործ չունենք»,- ասում է Արմեն Ավետիսյանը, նկատի ունենալով, որ վերաձեւումները ենթադրում են Արարատի եւ հարակից փոքր մի տարածքի վերադարձ Հայաստանին, ըստ ամերիկացի փորձագետի կազմած քարտեզի:

«Մենք կարծում ենք, որ այս քարտեզը, որը քննարկվում է բոլոր տարածաշրջանային պետություններում, բացի երեւի թե Հայաստանից, իշխանական մակարդակով, շատ զարմանալի է: Մենք ցանկանում ենք հարցը բարձրացնել, որպեսզի մեր իշխանություններն իրենց վերաբերմունքը ցույց տան, թե այս տարածաշրջանային ձեւափոխումներին ինչպես են նայում: Ինչ է լինելու Հայաստանի, հայության հետագա ճակատագիրը, մենք կարողանալու ենք միջամտել եւ մեր քաղաքականությունը նաեւ ներդնել այս գործին, միեւնույն է, սա սկսվել եւ շարունակվելու է»,- ասում է Արմեն Ավետիսյանը:

Ազգայնական գործիչները համոզված են, որ Հայաստանը պետք է համայն հայության ջանքը կենտրոնացնի, համախմբի իր ներուժը, որպեսզի դիմագրավի ձեւափոխումներին: Սակայն ձեւափոխումներին, որպես այդպիսին, հայ ազգայնականները դեմ չեն, նրանք պարզապես նշում են, որ հայերի պատմական հողերը քրդերին տալու փոխարեն պետք է տալ հենց հայերին: Նրանք համոզված են, որ Հայաստանը չնայած փոքր է, այնուամենայնիվ, ունի անհրաժեշտ ներուժ, որպեսզի կարողանա իր շահը հետապնդել տարածաշրջանային ձեւափոխումների գործընթացում:

Ազգայնականները պարզապես համարում են, որ դրա համար պետք է իբրեւ պետություն հզորանալ եւ համախմբվել ազգովի, համախմբվել արդարության շուրջ, հիշեցնելով Նժդեհի խոսքը, թե չի լինում արդարություն առանց Հայրենիքի եւ Հայրենիք՝ առանց արդարության:

Քանի որ պետության կառավարումն այսօր իրականացվում է նույնպես Նժդեհի վկայակոչումների քողի տակ, ի դեմս ՀՀԿ, ապա հետաքրքիր է, թե ազգայնականների կարծիքով, այն միջոցները, որով Հանրապետականը գնում է առաջիկա ընտրությանը եւ պատրաստվում է երկրի համար վճռորոշ ժամանակաշրջանին, արդյո՞ք համապատասխանում են ներուժի համախմբման ազգայնականների տեսլականին: Պարզվում է, որ ոչ: Արմեն Ավետիսյանը նշում է, որ եւս մեկ խարդախ ընտրությունն ուղղակի հարվածելու է պետության ապագային: Նա ասում է, թե դրա դեմ պատրաստ են դիմագրավելու փորձ անել ընտրությանը մասնակցելու եւ իրենց համախոհների թիվն ավելացնելու միջոցով:

Բայց միաժամանակ վտանգ կա, որ նույն կառավարողները, ովքեր ծրագրում են իշխանությունը պահելու նոր խարդախություններ, օգտագործեն հենց այն մտահոգությունը, որ ներկայացնում են ազգայնականները, կապված տարածաշրջանի վերաձեւավորման հետ: Իշխանությունը ընտրության անցանկալի ելքի պարագայում, կեղծիքներն արդարացնելու համար, Մերձավոր Արեւելքի այդ գործընթացը կամ դրա մասին ենթադրությունները կարող է շահարկել ընդդիմության հետ պայքարում, ասելով, թե աշխարհում ընթանում են գլոբալ գործընթացներ, որոնք շոշափում են մեր ազգային նպատակները, եւ այդ պահին ոմանք Հայաստանում փորձում են ինչ որ նեղ հարցեր լուծել ընտրության արդյունքը վիճարկելով: Արմեն Ավետիսյանը կարծում է, թե շահարկումը չի հաջողվի, քանի որ այդ շահարկումը ոչ ոք լուրջ չի ընդունի:

«Լրագիր»

——————————————————————————————-

Սահմանադրական

Ռուդիկ Հյուսնունց. «Մենք գտնում ենք, որ վարչապետի նշանակումը պետք է կատարի խորհրդարանը»

«Դեմո»-ի հարցազրույցը Ազգային ժողովի փոխնախագահ, «Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահ Ռուդիկ ՀՅՈՒՍՆՈՒՆՑԻ  հետ

– Պարոն Հյուսնունց, ինչպիսի՞ն է «Ազատ Հայրենիք» կուսակցության դիրքորոշումը Սահմանադրության նախագծի վերաբերյալ: Դուք արդեն կոնկրետ առաջարկներ ունե՞ք :

– Նախ ասեմ, որ մեր նորանկախ հանրապետության Սահմանադրության ընդունումը «Ազատ Հայրենիք» կուսակցության նախընտրական ծրագրի կարևորագույն հիմնադրույթներից է:

Սահմանադրության նախագծի ներկայացված տարբերակի նկատմամբ մեր կուսակցությունն ունի իր մոտեցումները:

Գտնում ենք, որ ԼՂՀ Սահմանադրության մեջ պետք է արտացոլվեն Արցախի պետականության առանձնահատկությունները: Ունենք հիմնարար և կառուցողական բազմաթիվ առաջարկություններ:

Որպես Սահմանադրության նախագծի մշակման պետական հանձնաժողովի անդամ` իմ առաջարկներն եմ արել նախագծի վերաբերյալ, և հանձնաժողովի նիստում նախագծի առաջին 2 գլուխների նախնական քննարկումների ժամանակ իմ կողմից արված առաջարկությունների հիմնական մասն ընդունվել է աշխատանքային խմբի կողմից, ու այն արդեն տեղ է գտել Ազգային ժողով ներկայացված լրամշակված տարբերակում:

Սահմանադրության հաջորդ բաժինների վերաբերյալ իմ առաջարկությունների փաթեթը պատրաստ է, և այն կներկայացնեմ օրենսդրությամբ սահմանված կարգով:

– Ձեր կարծիքով, նախագիծն ապահովո՞ւմ է իշխանության թևերի իրավասությունների հավասարակշիռ բաժանումը: Որքանո՞վ եք ճիշտ համարում այն, որ վարչապետին նշանակի ոչ թե խորհրդարանը, այլ` Նախագահը:

– Գտնում եմ, որ Սահմանադրության ընդունումը կնպաստի կառավարման կիսանախագահական ձև ունեցող մեր պետության իշխանության թևերի առավել արդյունավետ գործունեությանը: Սահմանադրությամբ կամրագրվեն իշխանության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ինքնուրույն գործելու և միմյանց հակակշռելու նորմերը:

Իշխանության թևերի հավասարակշիռ գործունեությունը կնպաստի երկրի զարգացման ժողովրդավարական հիմքերի ամրապնդմանը:

Սահմանադրության ներկայացված նախագծով նախատեսված է, որ վարչապետին նշանակում է Հանրապետության Նախագահը` խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և խմբակցությունների ղեկավարների հետ:

Մենք գտնում ենք, որ վարչապետի նշանակումը պետք է կատարի խորհրդարանը, և պնդելու ենք, որ այս փոփոխությունն ամրագրվի Սահմանադրության նախագծում: Ըստ իս, սա առաջադիմական քայլ կլինի խորհրդարանի դերի և պատասխանատվության բարձրացման գործընթացում:

– Ըստ Ձեզ, որքանո՞վ կլինեն երաշխավորված մարդու իրավունքները, եթե ընդունվի Սահմանադրության այս նախագիծը: Հակասություն չկա՞ մարդու իրավունքների ապահովման և ռազմական դրության ռեժիմի միջև:

– «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կարգավիճակը չի խանգարում ունենալ աշխարհի առաջադեմ պետություններին հատուկ Սահմանադրություն, որի ընդունումը էական քայլ կդառնա քաղաքակիրթ աշխարհին մեր երկրի ինտեգրման և միջազգային ճանաչման ճանապարհին:

Ռազմի դաշտում հաղթանակած արցախցին պետք է ապրի արժանավայել կյանքով, և Սահմանադրությամբ կերաշխավորվեն նրա` որպես մարդու, քաղաքացու իրավական երաշխիքները:

Նախագծի այս բաժնի վերաբերյալ ևս արել եմ մի շարք առաջարկություններ, որոնք ամրագրվել են ներկայացված նախագծում: Դրանցից կառանձնացնեի միայն մահապատժի վերացման դրույթը, որն արդեն ամրագրված է ներկայացված նախագծում:

-Իսկ ինչպիսի՞ն է ձեր կուսակցության կարծիքը. նախագծի մեջ պե՞տք է ամրագրվեն ԼՂՀ սահմանները:

– Երկրի սահմանները կարող են և չամրագրվել Սահմանադրությամբ: Մեր հանրապետության սահմաններն ամրագրող առանձին օրենք, ի դեպ, մենք արդեն ունենք (խոսքը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» 2005թ. հունվարի 9-ին ընդունված օրենքի մասին է):

Կարող եմ ասել, որ Սահմանադրության նախագծի աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ ծավալվել են բուռն քննարկումներ` հանրապետության տարածքային ամբողջականության և նրա սահմանների անձեռնմխելիության գործում զինված ուժերի դերակատարության մասին: Ներկայացված նախագծի տարբերակում ամրագրված է նաև մեր կողմից արված այս առաջարկությունը:

– Ձեր կարծիքով, Սահմանադրության ընդունումը կապվա՞ծ է հաջորդ տարի նախատեսվող նախագահական ընտրությունների հետ:

– Ես առանձնակի կապ չեմ տեսնում մեր երկրի կյանքում առաջիկա այդ երկու կարևոր իրադարձությունների միջև:

Նախագահական ընտրությունները կապված են Նախագահի լիազորությունների ավարտման հետ, սա ոչ թե վիճարկման թեմա է, այլև` օրենսդրական պահանջ:

Իսկ ԼՂՀ Սահմանադրության նախագծի մշակումն անցել է նախապատրաստական լուրջ փորձաշրջան: ԼՂՀ սահմանադրական առաջին հանձնաժողովը ձևավորվել է դեռևս 1996 թվականին:

2005թ. հունիսի 19-ի ընտրությունների և կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունների հաշվառումով` անցած տարվա դեկտեմբերին հաստատվել է Սահմանադրության  նախագծի մշակման պետական հանձնաժողովի նոր կազմը, որին էլ հաջողվել է ընդհանրացնել և Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել Սահմանադրության նախագիծը:

Հանրապետության Նախագահի կողմից հաստատված  Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու ընթացակարգի համաձայն` ընթանում են Սահմանադրության ընդունման հետ կապված բոլոր գործընթացները:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

«ԱՆՑՈՒՄԱՅԻՆ» ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐ 

ԼՂՀ-ում նախագահական ընտրություններին ինն ամիս է մնացել, սակայն նախագահ Արկադի Ղուկասյանն առայսօր հստակորեն չի ասել՝ առաջադրելու՞ է իր թեկնածությունը երրորդ անգամ, թե՞ ոչ: Մի կողմից՝ կարծես թե սա բնականոն և մի-անգամայն օրինաչափ երևույթ է: Բոլորը, այդ թվում ինքը՝ Ղուկասյանը, գիտեն, որ օրենքով արգելվում է երրորդ անգամ անընդմեջ պաշտոնավարելը: Այսինքն՝ կարծես թե բոլորն էլ հասկանում են, որ երրորդ անգամ պաշտոնավարելը կդիտվի որպես հանցագործություն, իսկ պաշտոնավարողն էլ՝ հանցագործ: Ինչպես և այն ԿԸՀ-ը, որ կհամարձակվի գրանցել նման թեկնածուին (դեռ պիտի ԿԸՀ-ի այդպիսի նախագահ ու կազմ էլ ճարվի):

Ի դեպ, հենց այս պատճառաբանությամբ արցախյան քաղաքական ուժերի մի զգալի մասը հրաժարվում է քննարկել սույն թեման, փաստելով, որ անիմաստ է նման քննարկումը, քանի որ օրենսդրությամբ ամեն ինչ արդեն կանոնակարգված է: Չգիտենք, թե որքանով է ազնիվ նման կեցվածքը, բայց այն, համենայն դեպս, տրամաբանական է:

Այդ դեպքում մի շատ սովորական հարց է ծագում՝ ինչու՞ Ղուկասյանը միանշանակ չի հայտարարում, որ ինքը չի առաջադրվելու: Ասել, թե շուտ է ու դեռ ժամանակ կա՝ նշանակում է ոչ միայն գլուխ չհանել ստեղծված իրավիճակից, այլև արհամարհել քաղաքական դաշտը, քանի որ նորմալ երկրներում գալիք նախագահական ընտրությունների մասին խոսում ու նախապատրաստվում են ոչ թե ինն ամիս, այլ տարիներ առաջ:

Ինչ որ է, մի պահ ենթադրենք, որ հենց վերոհիշյալ պատճառաբանությամբ է, որ գործող նախագահը ոչինչ չի ասում, այսինքն՝ անիմաստ է համարում: Քանի որ դա օրինախախտում է, իսկ ինքն էլ վերջերս մի քանի անգամ հատուկ ասել է, որ ոչ մի անգամ չի խախտել օրենքը և չի էլ խախտի: Այս վերջին հանգամանքը մի կողմ թողնենք իր, մեղմ ասած, վիճելիությամբ: Մի կողմ թողնենք ու փորձենք հասկանալ, թե արդյո՞ք նման չափանիշով նվազ օրինապահ են Քոչարյանն ու Պուտինը, որ արդեն այս կամ այն կերպ հայտարարել են երրորդ ժամկետով պաշտոնավարելուն չգնալու մասին: Թե՞ նվազ ազնիվ են: Կհամաձայնվեինք նաև այս տարբերակին, բայց… կա մի վտանգավոր «բայց»: «Ազատ Արցախ» հանրապետական թերթի կայքէջի ընթերցողների հարցերին պատասխանելիս նախագահ Ղուկասյանը մի շատ վտանգավոր միտք է արտահայտել, որը հողմացրիվ է անում վերոնշյալ վարկածը:

Նա ասել է տառացիորեն հետևյալը. «Եթե նույնիսկ ենթադրենք, որ Սահմանադրությունը, նրա ընդունման դեպքում, այդպիսի հնարավորություն կընձեռի ինձ, ապա մի ամբողջ շարք հարցեր կծագեն, մասնավորապես. ես ինքս արդյոք կգնա՞մ դրան, և, ամենագլխավորը, դա պե՞տք է արդյոք ժողովրդին»:

Կուզենայինք նախագահ Ղուկասյանին հիշեցնել, որ արդեն իսկ գործող օրենքով արգելվում է երրորդ ժամկետով պաշտոնավարելը, Սահմանադրության առաջարկվող նախագծում էլ դարձյալ միանշանակորեն փաստվում է այդ արգելքը (նախագիծն էլ իր գլխավորությամբ է ներկայացվել): Ուրեմն՝ ի՞նչ «եթե»-ների մասին է խոսքը: Ինչու՞ է նա իր համար, այնուամենայնիվ, «տեղ թողնում» և ինչպե՞ս է դա անելու:

Փորձենք պատասխանել այս վերջին հարցին՝ «ինչպես»-ին, քանի որ բոլորին էլ հասկանալի է «ինչու»-ն: Երկու ձև կա «տեղ թողելու»: Առաջին՝ խորհրդարանական քննարկումների ժամանակ իրեն սատարող մեծամասնության ձեռքով փոխել այդ դրույթը և հետո միայն ներկայացնել հանրաքվեին (մնացածը «տեխնիկայի» հարց է): Այդ դեպքում որքանո՞վ է ազնիվ հանրության ժամանակն ու նյարդերը խլել խաբուսիկ իդեայով, հանրությունն ուրիշ դարդ չունի՞: Երկրորդ տարբերակը հետևյալն է՝ թողնել արգելքը, բայց Հիմնական օրենքի անցումային դրույթներում գրանցել, որ այդ կետը հետադարձ ուժ չունի, այսինքն՝ չի վերաբերում մինչև Սահմանադրությունն ընկած ժամանակահատվածին: Դրանով նա իր համար կապահովի ոչ միայն երրորդ, այլև չորրորդ անգամ պաշտոնավարելու տեսական հնարավորություն: Նույն հարցն այստեղ էլ է ծագում՝ որքանո՞վ է ազնիվ որպես պարապ վախտի խաղալիք հանրության ձեռքը տալ մի փաստաթուղթ, որի հիմնական գաղափարները վերջին պահին չեզոքացվելու են անցումային դրույթներով: Ահա թե ինչու գիտակից ուժերը պահանջում են խոհրդարանական քննարկումները սկսել միայնումիայն անցումային դրույթների տեքստի առկայության դեպքում:

Ինչ որ է, նախագահ Ղուկասյանի դիվանագիտական բավականին հարուստ փորձը նրան ստիպում է դիվանագետ լինել ամենուր: Պարզապես կուզեինք հիշեցնել, որ դիվանագետ են լինում ու ծուղակներ են պատրաստում ուրիշների հետ հարաբերություններում, ինչը չի կարելի անել հարազատ ժողովրդի նկատմամբ: Հարազատների հետ սովորաբար խոսում են պարզ ու անկեղծ, առանց մի ձեռքը մեջքի ետևում պահելու:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————-

Անդրադարձ

ԻՍԿ ՄԵՆՔ ՎԱՂՈՒՑ ԷԻՆՔ ԳՈՌՈՒՄ ՈՂՋ ՁԱՅՆՈՎ

«Դեմո» հանրային թերթի այս տարվա հունիսի 15-ի համարում կարդացի Նորայր Ավետիսյանի «Այսօր ողջ ձայնով գոռալ եմ ուզում» հոդվածը: Իր արտահայտած մտքերով այն ոչ միայն մեծ տպավորություն թողեց ինձ վրա, այլև պարզապես ուրախացրեց: Եվ ահա թե ինչու:

Հոդվածի հեղինակին ես լավ գիտեմ ու վաղուց գիտեմ: Գիտեմ, որ նա Արցախի լավագույն մտավորականներից է, սիրված ու հարգված ուսուցիչ, հայոց գիր ու գրականության, մեր ոսկեղենիկ լեզվի սիրահարն ու քարոզիչը, հային հայեցի ու հայրենասեր դաստիարակողներից, 20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժներից մեկը: Բայց այդ խելացի մտավորականը մեր՝ արցախյան պատերազմից հետո, իր որոշ դիրքորոշումներով ինձ /ու շատերի/ վրա միանգամայն այլ տպավորություն է թողել: Բանն այն է, որ երբ մենք խոսում էինք պատերազմից հետո մեզ մոտ ստեղծված իրավիճակի, սոցիալական անարդարությունների եւ կաշառակերության անզուսպ զարգացումների, գործազրկության ու մուրացկանության, հասարակության սոցիալական բևեռացման և այլնի մասին, նա միշտ էլ նույն բանն էր կրկնում, որը մոտավորապես այսպես էր հնչում. «Դուք մոռանում եք, որ մենք վերջապես ազատություն, անկախություն  ենք ձեռք բերել»:

Նա կարծում էր, թե մենք դեմ ենք այդ անկախությանը, որին հասնելու համար ոչինչ չենք խնայել: Նա մոռանում էր, որ անկախություն, ազատություն ենք ձեռք բերել, որպեսզի ավելի լավ ապրենք, այլ ոչ թե ընդհակառակը: Իհարկե, ես գիտեի, համոզված էի, որ մի օր կլսենք նրա իսկական ձայնը, ստեղծված իրավիճակը բնորոշող՝ նրա ճշմարիտ խոսքը: Համոզված էի, որ մի օր ականատեսը կլինենք նրա պոռթկումներին: Եվ այսօր նա արդեն «ողջ  ձայնով գոռալ է ուզում»: Ահա թե ինչով էր պայմանավորված իմ ուրախությունը. չեմ սխալվել գնահատումիս մեջ:

Նշածս հոդվածում նա գրում է. «Թվում էր, ազերիների լուծը թոթափելուց հետո մենք ավելի համախումբ, միասնական կլինեինք, նախնյաց ավանդույթներին պաշտպան ու հավատարիմ… Ի ցավ սրտի, երբ այսօր ականատես ու ունկնդիր եմ այն այլանդակություններին, որոնք աղտոտում են Արցախի մաքրամաքուր դեմքը և անհարիր են «ժողովրդավարության ուղին բռնած» մեր երթին, զայրույթից Ձենով Օհանի պես գոռալ եմ ուզում»:

Մինչդեռ ժամանակին, երբ խոսք էր բացվում հասարակության բևեռացման, տասնամյակների ընթացքում ստեղծված համաժողովրդական ունեցվածքի թալանման, ժողովրդի մեծ մասի ծայրահեղ աղքատության մասին, հարգված մտավորականը մարդկանց համոզել էր ուզում, որ այդ ամենը պատերազմի հետևանք է, կվերջանա անցումային շրջանը՝ ամեն ինչ իր տեղը կընկնի: Եվ թվում էր՝ ինքը համոզված է դրանում: Գուցե ինքն էլ երբևէ իր «ձայնը» տվել էր անարժաններին, թաքստոցներից դուրս եկած թալանչիներին: Բայց որքա¯ն երկար տևեց այդ անցումային կոչվածը և որքա¯ն դառնություններ պատճառեց ժողովրդին: Մի բան, որ այլև չէր կարող վրիպել Ավետիսյանի նման մտավորականի ուշադրությունից: Ու նա գրում է.«Կույրին անգամ տեսանելի ու զգալի է մի բուռ ժողովրդիս այս խայտառակ բևեռացումը, երբ ճարպիկները թոքստոցներից ելան ու սեփականացրին համաժողովրդական ունեցվածքը… մի բուռ ժողովրդի մեջ միլիոնատերեր և աղքատ, օրվա հացին կարոտ ժողովուրդ: Նայեք ձեր շուրջը և տեսեք թագավորական որպիսի պալատներ, իշխանական ամրոցներ ու դղյակներ են վեր բարձրանում, ինչ մեքենաներով են սլանում, ինչպես են նստում-վեր կենում վերևներում ոմանք՝ ամայացած հոգու տեր այդ մարդիկ»:

Ինչպե՞ս ու ինչո՞վ են ապրում մեր նահատակված քաջորդիների ընտանիքները, առանց հոր խնամքի մնացած երեխաները, մեր նահատակների՝ մինչև այսօր «սևեր» հագած մայրերն ու այրիները, պատերազմի հաշմանդամները, մասնակիցները: Այդ մասին շատ է գրվել մեր լրատվամիջոցներում: Կարդացեք հենց նույն թերթի նշածս հոդվածի հարևանությամբ տպագրված «Մենք մեր սեփական հողում բատրակ ենք» հոդվածը, որի հեղինակը բերդաշենցի 1-ին կարգի հաշմանդամ Վրեժ Բաբայանն է:

Վաղուց է այդպես, հարգարժան Ավետիսյան, բայց դուք, դժբախտաբար, չեք նկատել: Մի՞թե դուք նոր եք հասկանում, որ այսօրվա կենսաթոշակով թոշակառուն չի կարող գոյատևել, մի՞թե նոր եք նկատում, թե ինչպիսի ճչացող անարդարություն կա մարդկանց վարձատրության ու կենսաթոշակների չափի սահմանման համակարգում:

Ինչ որ է, սիրելի ընկեր, ինձ ուրախացնում է, որ Դուք վերջապես իրերն իրենց իսկ անուններով կոչելու ուժ գտաք: Ու համամիտ եմ Ձեզ հետ, երբ գրում եք, որ «Արցախի արմատը կրծում է որդը, որ, ըստ էության, արյունակից է, բայց գործելակերպով ոսոխից չի տարբերվում»: Ես համամիտ եմ նաև Ձեր հոդվածի վերջաբանին, ուր մեջբերում եք արել մեծն Վարպետից. «Կիտված աղբը պետք է մաքրել հերկուլեսյան եղանակով»:

Իսկ մաքրողները մենք պետք է լինենք՝ ես, դու, նա, ողջ ժողովուրդը՝ իր միակամությամբ:

Դավիթ ԻՇԽԱՆՅԱՆ

ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆ

Հարգելի Հրաչյա: Չեմ կարող չխոստովանել՝ «Դեմո»-ում տպագրված քո «Երկու տող՝ բարեկամաբար»-ն առնվազն վշտացրեց ինձ: Վշտացրեց ամենից առաջ պարզունակ քո դատողությունը՝ վարել ես խորհրդային իշխանության տարիներին բարձր պաշտոններ, ուրեմն դու ադրբեջանամետ ես:

Բայց չէ՞ որ այդ մարդկանց մեջ ես մենակ չեմ: Ուրեմն, դա կոպիտ վիրավորանք է ոչ միայն իմ, այլեւ կյանքից հեռացած եւ դեռ ողջ մեր այն վետերանների հասցեին, ովքեր հեռու լինելով սեփական ապարանքներ կառուցելու, միլիոններ կուտակելու մոլուցքից, որով վարակված են մեր այսօրվա մեծամեծերից ոչ քչերը, չափավոր աշխատավարձով ազնվորեն կատարել են իրենց պարտականությունները, ծառայել մեր ժողովրդին: Մարդիկ, որոնց շատ-շատերի մասին այսօր էլ մեզ մոտ ակնածանքով են խոսում:

Թերեւս կարելի էր անտեսել քո կարծիքը, եթե այն համահունչ չլիներ այն վերաբերմունքին, որ ԼՂՀ ղեկավարներն ունեն մեր այդ կարգի վետերանների նկատմամբ: Նրանցից շատերն ունեն մեծ կենսափորձ եւ դեռ կարող են օգուտ բերել մեր հասարակությանը, սակայն, ցավոք, մոռացված ու մեկուսացված են, նույնիսկ կարելի է ասել՝ արհամարհված:

Մինչդեռ այլ էր վիճակը այն ժամանակ: Ով՝ ով, դու լավ գիտես, որ արցախյան շարժման առաջին փուլում «Խորհրդային Ղարաբաղը» հայատառ առաջին թերթն էր, որ լուսաբանեց նրա ընթացքը, դատապարտելով Սումգայիթի եւ Բաքվի հայ բնակչության եղեռնը: Հիշո՞ւմ ես, երբ ես տանը հիվանդ պառկած էի, ինքդ էիր թղթատարի փոխարեն պատրաստի նյութերը ստորագրության համար բերում մեր տուն, թեկուզեւ այդ պարտականությունը կարող էին կատարել իմ տեղակալները, նույնիսկ դու եւ խմբագրական կոլեգիայի մյուս անդամները:

Ես չէի ասի, թե եղել եմ Բաքվի մշտական ընդդիմախոսը: Բայց որ նրա ծայրաստիճան անօրեն քայլերի դեմ բողոքել եմ, դա անժխտելի է: Այսպես, հիմք ընդունելով Զ. Բալայանի նոր լույս տեսած «Օջախ» գիրքը, Բաքվին հաջողվեց Երեւանից ԼՂԻՄ գրքերի առաքումը կատարել իր վերահսկողությամբ: Արդյունքում շատ գրքեր Բաքվում պարզապես «ձերբակալվում էին», մնացածներն էլ՝ այսպես կոչված «անվնասները», մեզ էին հասնում մեծ ուշացումներով: Այդ առթիվ մեր բողոքը մատնվեց անուշադրության: Մեզ, սակայն, հաջողվեց պայմանավորվել Երեւանի հետ, խախտել սահմանված «կարգը» եւ գաղտնիության պահպանմամբ վերականգնել առաքման նախկին, անմիջական ձեւը:

Մեկ այլ օրինակ: Ադրբեջանի բուհերում արտոնյալ պայմաններով ուսուցման ուղարկվող շրջանավարտների 1983 թվականի համար հատկացված թվաքանակը մենք ստացանք կտրուկ փոփոխությամբ՝ 80:20 հարաբերակցությամբ հօգուտ ադրբեջաներեն ուսուցման: Բ.Կեւորկովի համաձայնությամբ եւ իմ ստորագրությամբ բողոքի նամակ ուղարկվեց  Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարին, ինչի համար ես նախատինքի արժանացա: Բայց նախկին հարաբերակցությունն, այնուամենայնիվ, վերականգնվեց:

Օրինակներ շատ կարող եմ բերել, բայց բավարարվեմ եւս մեկով: «Ազերֆիլմը» իմ սցենարով նկարահանել էր վավերագրական կինոնկար՝ նվիրված ԼՂԻՄ 60-ամյակին: Բայց Ադրբեջանի ղեկավարության թելադրանքով այն լրացվել-աղճատվել էր Շուշիում, մարզի ադրբեջանական այլ բնակավայրերում, նույնիսկ Աղդամում կատարված նկարահանումներով: Դրա համար ես հեռագրով իմ բողոքն եմ հայտնել «Ազերֆիլմ»-ի ղեկավարությանը եւ Կենտկոմին, հրաժարվելով սցենարի հեղինակ լինելուց: Իսկ կինոնկարի ցուցադրումը Ղարաբաղում արգելեցինք:

Ես չգիտեմ, Հրաչյա, թե քեզ համար որն է «ադրբեջանամետի» կերպարը: Կարծում եմ, այսպիսին է՝ քեզ տրված է պաշտոն, ուրեմն նստիր աթոռիդ, ընդունիր Բաքվից հրահանգները, ասա «բաշ ուստա» ու կատարիր հրահանգները՝ թեկուզ դրանք լինեն ի վնաս քո հայրենակիցների, քո ժողովրդի, քո ինքնության: Կարող եմ առանց երկմտանքի ասել, որ իմ շրջապատում, մեր շարքերում ես այդպիսիների չեմ հանդիպել: Ավելին, եղել եմ վկան, երբ մեր ընկերները բնակշինարարության, գյուղատնտեսական տեխնիկայի, խտացված կերերի հատկացման, մթերումների չափերի սահմանման եւ այլ հարցերում ոչ քիչ դեպքերում համառորեն պաշտպանել են մեր շահերը, հասել արդարացի վճիռների:

Ինչ խոսք, այն ժամանակ երանելի չէր մեր վիճակը, մարզի վիճակը, բայց, այնուհանդերձ, այսօր շատ-շատերն այն վերհիշում են երանությամբ: Այսօրվա պես զանգվածային ալան-թալան չկար, երկրի ընդերքի հարստությունները ծառայում էին հանուրին, կար սոցիալական արդարություն: Իսկ ի՞նչ է կատարվել դրանից հետո:

Արցախում սեփականաշնորհումն իրականացվեց պետական սեփականության մեծ պաշարների փոշիացմամբ: Զրկվեցինք հազարավոր տոննաների սպիրտից, քարուքանդ եղան, թալանվեցին արդյունաբերական ձեռնարկությունները, ավտոբազաները: Քանդվեցին մեր կոլտնտեսություններն ու խորհտնտեսությունները, դատարկվեցին անասնապահական ֆերմաները, ցաքուցրիվ արվեց գյուղատնտեսական տեխնիկան: Հաշվումները ցույց են տալիս, որ եթե գոնե Մարտակերտի, Ճարտարի,  Բերդաշենի, Գիշու տնտեսությունները պահպանվեին, ապա կարելի էր հանրապետության բնակչությանը լիովին ապահովել գյուղմթերքներով: Միայն խաղողի արտադրությունը Մարտակերտի խորհտնտեսությունում կազմում էր 23-25 հազար տոննա, շատ ավելի, քան այսօր ամբողջ հանրապետությունն է ստանում: Հիմա Ղարաբաղում չկա եւ ոչ մի ցեղային կով, մինչդեռ 80-ականների վերջերին մենք ունեինք 17 հազար այդպիսի կով:

Քո գրածը, Հրաչյա, մտորումների տեղիք տվեց: Մենք դեռ անցնելիք դժվարին ճանապարհ ունենք եւ այն կարող ենք հաղթահարել, եթե լինենք միաձույլ, եթե կարողանանք արմատախիլ անել այն հոռի բարքերը, որ այսօր գոյություն ունեն մեր շրջապատում, մեր կողքին: Իսկ դրան կարելի է հասնել, եթե միավորվեն մեր բոլորի ջանքերը, եթե համահունչ լինի բոլորիս ձայնը, այդ թվում եւ քոնը, մեր ճանաչված գրողներինն ու լրագրողներինը:

Եղիշե ՍԱՐԳՍՅԱՆ

ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՍԱՀՄԱՆ ՉԷ

«Դեմո»-ի հունիսի 30-ի համարում տպագրված «Անտիրություն» հոդվածն ընթերցելուց շատ թե քիչ խելք ունեցող ոչ մի արցախցի չի կարող  անտարբեր մնալ կամ չդատապարտել այն պաշտոնյաներին, ում մեղքով 5 տարի շարունակ արկղներից չի հանվել մեր տանջված ժողովրդին այդքան անհրաժեշտ համակարգչային տոմոգրաֆ կոչվող 800 հազար դոլար արժողությամբ բուժսարքավորումը: Եթե վերադասը մեղավորներին կարգի չի հրավիրել, նշանակում է չպետք է հավատալ «հույս, հավատ», «վստահություն» բառերին, որոնք կրկնվում են գրեթե ամեն օր:

Դրվատանքի է արժանի  ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վերաբերմունքն այս հարցի նկատմամբ, սակայն առավել լավ կլիներ, եթե նա հետամուտ լիներ, կառավարության նիստի օրակարգի հարց դարձներ, իրենից կախվածն աներ, որ մեղավորները պատժվեն, կամ էլ իր ձեռքի տակ առներ իր նախաձեռնությամբ սկսված գործը:

Հոդվածում այս երևույթն անվանվում է գիտակցված անճարակություն: Գիտակցված անճարակություն է ի հայտ գալիս նաև կաշառակերության, պետական գումարների փոշիացման, կադրերի նշանակման և այլ հարցերում: Այդ դեպքում ո՞ր հարցերում է այսպես ասած ճարակությունը:

Ինչպե՞ս կարելի է քար լռությամբ անցնել աղաղակող փաստի կողքով:

Թերթերում տպագրվում են հոդվածներ՝ պետական գումարների փոշիացման, դատական համակարգի սխալ վճիռների, բազմաթիվ անօրինությունների մասին եւ այլն, բայց բոլորն էլ մնում են անհետևանք:

Չկարծեք, թե հոդվածագիրները գրում են պետության դեմ: Ոչ: Նրանք գրում են պետությանը օգնելու նպատակով: Չէ՞ որ այդ հոդվածների հեղինակները վաստակավոր մանկավարժներ են, խորհրդարանականներ, դասախոսներ ու գիտաշխատողներ, լուրջ մասնագետներ, հասարակական գործիչներ: Նրանց բարձրացրած հարցերը պետք է լուծում գտնեն, արձագանք գտնեն, քանի որ նրանք չեն գրում սոսկ գրելու համար: Նրանք եւ ողջ ժողովուրդը սպասում են արդար պատասխանի:

Ա՛խր այս պղտոր ջրերը տարիներ շարունակ չեն պարզվում:

Լրագրող Նաիրա Հայրումյանը իր մի հոդվածում գրում է, որ ժողովուրդը շոկի թե կոմայի մեջ է, իսկ սայլն էլ ոչ միայն տեղից չի շարժվում, այլև չի էլ ճռռում: Բայց, ախր, շոկը առաջանում է արտակարգ իրավիճակների դեպքում: Ինչու՞ հասցնել դրան: Չէ՞ որ մարդկանց համբերությունն էլ սահման ունի:

Սերգեյ ՀԱԽՈՒՄՅԱՆ

——————————————————————————————-

Պատմություն

Անպատվություն
«ԳԵՐԵԶՄԱՆՆ Ի՞ՆՉ ՀՈՒՇԱՐՁԱՆ»

Շուշիի բերդապարսպի Երևանյան դռներից մոտ 150 մետր հեռավորության վրա, համանուն փողոցի աջ կողմում, կառուցված է մի ջրամբար, արևելահայաց պատի վերնամասում գտնվող կամարաձև սրբատաշ քարի վրա գրված՝ «1893-1901թ. ի յիշատակ յաւէրժական բարութեանց կառուցեալ այս ջրամբար եւ ջրուղին ի Թադէոսէ Բապայեան Թամիրեանց անմահ նուէր Շուշւոյ համայն քաղաքին,

«ТАТЕВОСЬ БАБАЯНЬ ТАМИРЯНЦЬ»: Սույն արձանագրությունը գրված է նաև պարսկերեն:

Գիտենք նաև, որ քաղաքի Ղազանչեցոց եկեղեցու զանգակատան հարավային կողմում սև մարմարից շիրմաքար է եղել կանգնեցված, վրան գրված` Թադևոս Թամիրեանց, և ուրիշ ոչինչ: Այո, կանգնեցված է եղել, սակայն այսօր չորս կտորից բաղկացած այն հայելանման փայլուն շիրմաքարը, որին նայողն իր պատկերն էր տեսնում, չկա: Այն, ինչպես  նաև նրա երբեմնի կանգնած տեղը, հիշողությանս մեջ են: Կան նաև լուսանկարներ, և կանգուն է 1000 խոր. մետր ջրատարողությամբ կամարաձև ջրամբարը, որը տասնյակ տարիների «ընդմիջումից» հետո վերսկսել է կատարել իր «պարտականությունները»:

Ինչպես 18 կիլոմետր երկարություն ունեցող ջրատարի, այնպես էլ հսկա ջրամբարի կառուցման ժամանակ Թադևոս Թամիրյանցը ոչ թե վերահսկող է եղել, այլ մի մարդ, որը սեփական գրպանից հատկացնելով 100 հազար ռուբլի ոսկեդրամ, քաղաքն ապահովել է ջրով: Ջրատարի անցկացման համար օգտագործվել են մոտ 40 հազար կեսմետրանոց խոշոր տրամաչափի կավե թրծված խողովակներ, որոնք պատրաստվել էին Թամիրյանցների գերդաստանին պատկանող աղյուսի երկու գործարաններում, որոնցից մեկը գտնվում էր քաղաքի հարավային կողմում, իսկ մյուսը՝ Պեխի աղբյուրից ոչ հեռու: Ասք կա այն մասին, որ ջրատարի ժայռոտ տեղամասի յուրաքանչյուր մետրի փորման համար բանվորը ստացել է մեկ ռուբլի: Մեծ բարերարը մահացել է 1899թ. դեկտեմբերին՝ կտակելով հոգևոր դպրոցին 300 հազար, իսկ ռեալական ուսումնարանին, Մարիամյան օրիորդաց, ռուսական ու թաթարական դպրոցներին՝ 100 հազարական ռուբլի և նույնքան էլ՝ քաղաքի որբ երեխաներին: Բարձր գնահատելով Թադևոս Թամիրյանցի ծառայությունը, ժողովրդի որոշմամբ դիակը հողին է հանձնվել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու զանգակատան հարավային կողմում, Արցախյան թեմի առաջնորդ Անդրեաս Արքեպիսկոպոս Պոլսեցու շիրմի հարևանությամբ:

Այսքանը՝ որպես նախաբան, ինչից հետո ուզում եմ խոսել Թադևոս Թամիրյանցի հիշատակը հավերժացնող  շիրմաքարի անհետացման մասին: Սովորաբար հեռացնում են այն, ինչը վնասում կամ խանգարում է՝ մատի փուշը, աչքի մժեղը, ճանապարհին ընկած քարը… Ինչպես տեսնում ենք, անհետացած շիրմաքարը նշված առարկաներից ոչ մեկի նման չէր, այլ մի սքանչելի ճարտարապետական ձեռագրով Մոսկվայում պատրաստված ու Շուշիում տեղադրված: Այդ մասին վկայում էր գրությունը պատվանդանի կողին՝ «КАБАНОВЬ, МОСКВА-МЯСНИЦКАЯ»:

Խորհրդային շրջանի  1955-60-ական թվականներին փորձեր են արվել շիրմաքարը տեղահան անելու, նույնիսկ գողանալու, սակայն կասեցվել են ազգասեր մարդկանց ջանքերով, ու այն կանգուն մնացել է մինչև 1990 թվականը: Արցախյան շարժման այդ օրերին հայաթափվեց Շուշին: Շուշին ազատագրելուց հետո ականատես եղանք, որ ոչ մի շիրմաքար չկա եկեղեցու զանգակատան հարևանությամբ: Միայն տեղում որոշ վնասվածքներով մնում էին Թադևոսի քառակտոր ու երեքմետրանոց բարձրություն ունեցող հուշարձան-շիրմաքարի հիմնաքարն ու պատվանդանը՝ վերը նշված ռուսերեն գրությամբ: Որոշ ժամանակ անց դրանք էլ, ինչպես նաև նրանց կողքին ընկած, բայց ջարդված հրեշտակների արձաններն էլ անհետացան, տեղը հարթվեց ու խճապատվեց, նույն տեղում էլ սկսեցին մոմ վաճառել, որ մարդիկ մոմ վառեն հանգուցյալների հոգու հանգստության և այլ  նպատակների համար:

Տարիներ են անցել: Մի առիթով խոսք եղավ ինչպես ջրի, ջրատարի, այնպես էլ եկեղեցու բակի շիրմաքարերի մասին: Կարծում էի, թե գոնե Թադևոսի շիրմաքարը կվերականգնվի ու հարեւանությամբ էլ մի փոքրիկ տարածք կհատկացվի  ջարդված շիրմաքարերն ու հրեշտակների արձանները տեղադրելու համար: Նաև նրա համար, որ  մի մոմ էլ վառեն բարերարի շիրմաքարի մոտ ու ասեն. «Հավերժական բարությանդ համար շնորհակալ ենք, հանգստություն ոսկորներիդ»: Սակայն, ցավոք, սխալ էին իմ պատկերացումները արցախցիներիս երախտագիտության մասին: Այսօր էլ ոտնակոխ ենք անում այդ տեղը, առանց մտաբերելու, թե ում ոսկորների վրայով ենք քայլում:

Մի զրույցի ժամանակ ինձ ասացին, որ եկեղեցու պահեստ-ավտոկառանի բակում շիրմաքարեր կան: Մի երկու օր անց գնացի նշված տեղը: Աշխատողներ կային. պարզվեց, որ «Վանական» հանքային ջրի շշալցման արտադրամաս կա այդտեղ: Իմ խնդրանքով այդտեղ աշխատող մարդկանցից մեկը ինձ ցույց տվեց պահվող ջարդված շիրմաքարերի տեղը: Կարծում էի, թե տեղափոխել են, որ հետագայում նորից տեղադրեն: Բայց երբ ականատես եղա՝ ուղղակի շշմեցի:

Տեղը, որտեղ ցաքուցրիվ գետնին են գլորված շիրմաքարերի ու զանգակատան նախկին երկու հրեշտակների 12 կտորները, որոնց թվում էր Թադևոս Թամիրյանցի 96x38x116 սմ չափսերի շիրմաքարի պատվանդանը, ոչ ավել, ոչ պակաս, աղբանոցի է նման: Իսկ քիչ հեռվում խնամքով դարսված են քարեր, որոնցով փողոցների մայթերը բաժանվում են երթևեկելի մասերից:

Պարզ է, որ 1990-ին հայաթափված Շուշիին տիրացածներին այն ժամանակ պետք չէին Թադևոսի անունն էլ, շիրմաքարն էլ, ուստի ջարդել են: Բայց մեզ ի՞նչը ստիպեց, որ նման վերաբերմունք ցուցաբերենք: Տեղին է մեջբերել Արցախի թեմի հոգևորականներից մեկի հետ երկխոսությունից մի դրվագ՝ կապված հուշարձանների պահպանության հետ: Նա կասկածանքի տակ առավ գերեզմանի՝ հուշարձան լինելու հանգամանքը. «Գերեզմանն ի՞նչ հուշարձան, դրանք բոլորը պետք է քանդվեն-վերացվեն: Վանքերի մոտ ոչ մի գերեզմանոց էլ չպիտի լինի»:

Ցավալի է, շատ ցավալի… Այնուամենայնիվ, լավատես լինենք ու հուսանք, որ եթե ոչ բոլորը, ապա  գոնե Թադևոսի շիրմաքարի պատվանդանը ետ կբերվի իր տեղը, քանի որ ազգն է որոշել, թե իր սիրելի զավակի ոսկորները որտեղ պիտի հանգչեն:

Հրաչ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արցախցիների քաջագործությունները Արցախը Ռուսաստանին միանալու ճանապարհին

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմում արցախահայերի կողմից ռուսական բանակին թև ու թիկունք կանգնելու շատ դրսևորումներ են հայտնի պատմությանը: Այսպես, երբ 1805թ. հունվարին պարսկական մեծաքանակ մի զորագունդ է ուղարկվում Ղարաբաղ՝ ռուսների առաջխաղացումը կանգնեցնելու համար, այն դեռ Շուշի չհասած, Դիզակի հայ կամավորների կողմից խայտառակ պարտության է ենթարկվում և նահանջում: Կամ երբ ռուս  գնդապետ Կարյագինի հրամանատարությամբ 500-հոգանոց մի ջոկատ Ասկերանի մոտ շրջափակվում է պարսկական Փիր-Ղուլի  խանի  10 հազարանոց զորաբանակի կողմից, իսկ այդ պահին Ասկերանին էր մոտենում Աբաս Միրզայի 30 հազարանոց բանակը, և անհուսալի է դառնում ռուսական ջոկատի վիճակը, կուսապատցի Վանի /Հովհաննես/ Աթաբեկյանը գումարտակի ծանր վիճակի մասին տեղյակ է դարձնում Շուշիի ռուսական կայազորին և ինքն էլ գումարտակը գիշերով գաղտնի հանում է շրջափակումից ու հասցնում Շահբուլաղ բերդը:

Վանու նվիրվածությունը դրանով չի ավարտվում, նա այժմ էլ Աբաս Միրզայի կողմից շրջափակված  նույն ռուսական գումարտակը սննդամթերքով ապահովելու և նրան այդ վիճակից հանելու  հարցերն էր լուծում իր եղբայր Հակոբի և գեներալ Ցիցիանովի միջոցով: Վանու ջանքերի շնորհիվ գիշերը Կարյագինի ջոկատը դուրս է բերվում 2-րդ շրջափակումից ու տարվում Մոխրաթաղ գյուղը: Եվ զուր չէ, որ ռուսական կովկասյան զորքերի գլխավոր հրամանատարի քաղաքական գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վասիլի Պոտտոյի  «Ղարաբաղի առաջին կամավորները» աշխատության մեջ մեծ տեղ է հատկացված կուսապատցի Մելիք Վանի Աթաբեկյանին և նրա նման քաջերին:

Մելիք Վանին Ղարաբաղի ազատագրման համար մղված ճակատամարտների մասնակիցն էր 1805-1813թթ.: Նրա արյունը եռ էր գալիս, երբ լսում էր զենքի շառաչյուն: Ծնողներից թաքուն նա դարձավ հեծելազորային յուզբաշի: Նա մտերմացավ գեներալ Կարյագինի հետ /այն ժամանակ՝ գնդապետ/, երբ պետք է գրավվեր Շուշին: Հենց Վանի յուզբաշու հեծելախումբը վճռեց ճակատամարտի ելքը: Նա իր հոր ու համագյուղացիների միջոցներով մի քանի ամիս կերակրեց ռուսական բանակը: Այնուհետև Վանու ռազմական հետքերը ետևում են Ասլանդյուզում /Հորադիզից այն կողմ/, 1812թ. Աբաս Միրզայի դեմ Երասխի ափին մղված ճակատամարտում: Նա Ռուսաստանի կողմից պարգևատրվեց մեդալներով և ստացավ մշտական թոշակ, իսկ ռուսական զորքերի հրամանատար Ցիցիանովը Վանուն նվիրեց իր արծաթե ժամացույցը: Մելիք Վանիի ջանքերով է, որ զսպվեց Աբաս Միրզայի բարկությունը (տեսակցություն ունեցավ նրա հետ): Հերոսը տեղի տվեց, հետո պատժվեց գեներալ Մադաթովի կողմից, բայց քիչ հետո արդարացվեց «երկերեսանի» մեծ խաղի համար, որ խաղացել էր նա Աբաս Միրզայի հետ՝ իբր ռուսների դեմ: Այդ նույն Վանին իր ջանքերով Ջրաբերդ մահալում բնակեցնում է յոթ հայկական գյուղեր, որտեղ պարսկական արշավանքների ժամանակ բոլորովին ոչնչացվել էին երկրամասում երբեմնի եղած քաղաքակրթության բոլոր հետքերը:

Իր  «մելիքությունը» (տեղական փոքր մելիքությունը) խաղաղ պահելու համար ժողովուրդը Վանուն հռչակեց «խաղաղ Մելիք»: Իսկ մահից հետո իր՝ Աթաբեկյանների տոհմը նշանավորվեց  Ղարաբաղում:

Վանու՝ ռուսներին մատուցած ծառայությունների շատ դրվագներ են հայտնի, ուստի ներկայացնենք ևս մեկը, որ նկարագրել է ռուս ռազմական պատմաբանը. «Երբ Պարսկաստանի թագաժառանգ Աբաս-Միրզան, անհանգստացած 1826թ. հուլիսին Շուշի ամրոց-քաղաքի ուժեղ դիմադրությունից, հատուկ հետախույզների միջոցով գերի վերցրեց Աղվանից վերջին կաթողիկոս Սարգսին, Հովսեփ Բեգլարյանին և Վանուն ու բոլորին էլ բանտ նետեց, նրանց և թագաժառանգի միջեւ տեղի ունեցավ զրույց, որը վերաբերում էր ղարաբաղցիների ռուսական եւ պարսկական կողմնորոշմանը: Աբաս-Միրզայի այն հարցին, թե ինչ շահ ունեն հայերը, որ սիրում են ռուսական հպատակությունը, այլ ոչ թե պարսկականը, Վանին սրամտորեն է պատասխանում՝ ասելով. «Եթե Ղարաբաղը քոնն է, ապա ինչու՞ են ձեր պարսիկները մորթոտում քո այդ ղարաբաղցի ենթականերին: Չէ՞ որ այդպես կվերաբերվեն միայն խորթ ու թշնամական երկրի նկատմամբ: Ռուսական ցարը և նրա կամակատարները այդպես չեն վերաբերվում իրենց ենթակաների նկատմամբ և ընդհակառակը՝ ձգտում են բազմապատկել նրանց թիվը, քանզի ինչքան շատ լինեն հպատակները, այնքան հզոր ու փառավոր կլինի թագավորությունը»: Աբաս-Միրզան ոչինչ չպատասխանելով, Վանու ձեռքից վերցրած ռուսական նվեր-մեդալները, որ կախել էր շան վզից, հանեց ու հետ տվեց Վանուն»:

 Միքայել ԲԵԳԼԱՐՅԱՆ
20-րդ դարի լավագույն մանկավարժ

——————————————————————————————-

Մշակույթ

ՌՈՒԲԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՍ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆ Է»

Վերջերս Երևանում իր 80-ամյա հոբելյանն է նշել նկարիչ, ծննդով ղարաբաղցի Ռուբեն Գաբրիելյանը: Ուստի առիթը բաց չթողեցինք և նկարչի հետ մի փոքրիկ հարցազրույց անցկացրինք:

-Հայրս Քարագլխից է, մայրս՝ Շուշիից, ես էլ ծնվել եմ Բաքվում: Այնտեղ եմ ավարտել ուսումնարանը, ապա մեկնել Լենինգրադ, սովորել ակադեմիայում: Ասեմ, որ Լենինգրադում արած դիպլոմային աշխատանքս ղարաբաղյան թեմայով էր, բայց այդ թեմայում խորացա, երբ 10 տարի Չելյաբինսկում ապրելուց հետո վերադարձա Բաքու, որտեղ էլ ծանոթացա Բագրատ Ուլուբաբյանի հետ: 1986 թվականին ես տեղափոխվեցի Երևան, քույրերս էլ՝ Ամերիկա և Ռուսաստան: Հետո ինքս էլ մի քանի անգամ գնացի Ամերիկա, այնտեղ նկարներ արեցի, որոնք ցուցադրվեցին տարբեր տեղերում: Սակայն, անկեղծ ասած, այնտեղ ինձ հարազատ թեմաներով չէ, որ նկարում էի: Այս տարի ուզում էի Ղարաբաղում ցուցահանդես կազմակերպել: Սակայն առողջականս այնքան էլ լավ վիճակում չէր և գալս չստացվեց: Այժմ, երբ արդեն 80 տարեկան եմ, մեկ-մեկ մտածում եմ՝ ի՞նչ եմ անելու նկարներիս հետ: Այդ է պատճառը, որ շատ էի ուզում գալ Ստեփանակերտ, հանդիպել նախագահ Ղուկասյանի հետ: Կուզենայի, որ Ստեփանակերտում կամ Շուշիում մի փոքրիկ շենք հատկացնեին, թանգարան բացեի և իմ բոլոր նկարները նվիրեի Ղարաբաղին: Չգիտեմ՝ կստացվի՞, թե՞ ոչ: Մի բան գիտեմ միանշանակ՝ հարկավոր է գալ Ղարաբաղ: Բայց ինչպես՝ չգիտեմ:

– Ասացիք՝ Ամերիկայում Ձեզ հարազատ թեմաներով չէիք նկարում: Ինչու՞:

– 1993 թվականին վերցրի ղարաբաղյան թեմաներով  նկարներս և տարա Ամերիկա: Ցուցահանդես արեցի, բայց այնտեղի հայերը շատ սառը վերաբերմունք ցուցաբերեցին: Գալիս էին, թե՝ հրաշալի, ուղղակի հրաշալի նկարներ են, բայց ոչ մի նկար չէին գնում:

-Իսկ ի՞նչ է նրանց առավելս հետաքրքրում:

-Նկարչությունն այնտեղ բիզնես է: Ուստի այն գործերը, որտեղ քաղաքականություն կա, որտեղ քաղաքական հարցեր են բարձրացվում՝ իրենց չեն հետաքրքրում: Դե, իրենք կամ Արարատ են ուզում, կամ էլ մերկ ֆիգուրներ: Իսկ ես չեմ կարող նստել և պատվերով նկարել:

– Կարելի՞ է ասել, որ ղարաբաղյան թեման Ձեր ստեղծագործությունների հիմնական թեման է:

– Այո: Եվ միշտ էլ այդպես է եղել: Միշտ էլ հիմնականում Ղարաբաղն էի նկարում: Իսկ դա, բնականաբար, հեշտ բան չէր. Բաքվում ապրել և ղարաբաղյան թեման արծարծել… Սկզբում չէի հասկանում, թե ինչու իմ հանդեպ այդքան հիստերիկ վերաբերմունք կա: Հետո հասկացա, որ ես, ախր, Ղարաբաղը հայկական եմ նկարում, իսկ իրենք էլ դա շատ լավ էին հասկանում:

– Ըստ Ձեզ, ե՞րբ էր ղարաբաղյան թեման առավել հրատապ:

– Տարօրինակ չթվա, բայց նույնիսկ մինչև 1988-ի շարժումը ղարաբաղյան թեման էլի հրատապ էր: Բաքվում հավաքվում էինք՝ ես էի, գրող Սուրեն Կասպարովն էր, Լեոնիդ Հուրունցն էր, Հայաստանից էլ էին գալիս, և այսպես մի խումբ ստեղծվեց, որը մշտապես արծարծում էր այդ թեման: Անում էինք ով ինչ կարող էր. մեկը նկարելով, մյուսը՝ գրելով:

– Ձեր կարծիքով, ո՞րն է մերօրյա հայ նկարչի ամենամեծ պրոբլեմը:

– Գիտե՞ք, վերջին տարիներին ամերիկաներից այնքան տարբեր տեսակի նորամուծություններ եկան այստեղ, որ փոխվեց ամեն ինչ: Այսօր շատ նկարիչներ ասում են՝ առաջ ազատություն չկար, հիմա է, իբր, ազատությունը: Սուտ է: Ես ասածիս վառ օրինակն եմ: Բաքվում ապրելու տարիներին նկարում էի Ղարաբաղի թեմայով ու տանում էի Մոսկվա ցուցադրելու: Իսկ հիմա ոչ մեկին այդ թեման հարկավոր չէ: Ուրեմն՝ ե՞րբ էր ազատությունը: Հիմա ինձ ասում են՝ հասարակ, սիրուն բաներ նկարիր, որ կարողանաս վաճառել: Մերօրյա նկարիչների մի մասը միայն վաճառելու մասին է մտածում, գլխավորն այսօր փողն է: Գիտե՞ք, մեր ակադեմիայում (ես նաև դասավանդում եմ գեղարվեստի ակադեմիայում) տաղանդավոր երեխաներ շատ կան, ովքեր, իրոք, կարող են նկարել: Եվ ես ուզում եմ նրանց ճիշտ ճանապարհով տանել, որպեսզի իրենք արվեստի հայկական լեզուն առաջ տանեն, հայկական միտքը: Մեզ ասում են՝ հայերեն խոսեք: Բայց ախր արվեստի մեջ էլ պետք է հայերեն խոսել:

– Եվ վերջին հարցը՝ Ձեր նշած և մերօրյա այլ դժվարությունների ելքն, ըստ Ձեզ, ո՞րն է:

– Ասում են՝ ձուկը գլխից է փչանում: Էլ ի՞նչ ավելացնեմ: Եթե մեր մշակույթի նախարարը չի գալիս նկարիչների ցուցահանդեսներին, ապա ինչի՞ մասին խոսեմ: 75-ամյակիս կապակցությամբ ցուցահանդես արեցի: Ռուսաստանի դեսպանը եկավ, ով ասես եկավ, իսկ մեր նախարարը չեկավ: Լավ, ասենք Քոչարյանը զբաղված է, բա նախարարն ի՞նչ է անում: Մինչդեռ ինքը պարտավոր է գալ, նայել, օգնել նկարչին: Ժամանակները փոխվել են, հիմա այլ արժեքներ են կարևորվում: Եթե ակադեմիկոսները, գիտնականներն աղքատության մեջ են, էլ ինչի՞ց ենք մենք խոսում, ի՞նչ ենք ուզում այս աշխարհից՝ չեմ հասկանում: Ով ինչ ուզում է՝ անում է: Պարադոքս է, բայց հիմա ամենահարուստ, ամենաերևելի մարդիկ ոչ թե անուններ ունեն, այլ մականուններ: Բա այդպես կարելի՞ է, բա չե՞նք ամաչում: Այս ի՞նչ երկիր ենք կառուցում:

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

——————————————————————————————-

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ԼՂՀ նախագահ պարոն Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ պարոն Աշոտ ՂՈՒԼՅԱՆԻՆ
ԼՂՀ վարչապետ պարոն Անուշավան ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ

Հարգարժան ղեկավարներ:

Ձեզ եմ դիմում մի շատ կարևոր, ազգային անվտանգության շահերը շոշափող հարցով: Խոսքը վերաբերում է գիտագաղափարաքաղաքական և,  ինչու չէ, նաև դիվանագիտական բնագավառներում մեր աններելի անվճռականությանն ու լուրջ բացթողումներին: Պաշտոնական Բաքուն աշխարհի գրեթե բոլոր լեզուներով, ինտերնետային կայքերի միջոցով  լայնածավալ քարոզչական-տեղեկատվական պատերազմ է մղում հայության դեմ: Անխտրական բոլոր միջոցներով կեղծելով մեր պատմությունն ու մշակույթը՝ ազերիները փորձում են ապակողմնորոշել միջազգային հանրությանը՝ նսեմացնելով մեր ժողովրդի պատմաէթնիկական նկարագիրը, ծուռ հայելու մեջ ներկայացնելով իրականությունը: Դեռ ավելին, հայությունը ներկայացվում է որպես «չզարգացած ազգ», «մարդկության համար չարիք», մի դեպքում որպես «կեղտոտ ու վախկոտ մկներ», մյուսում՝ «արյունարբու գազան», «ագրեսոր» և այլն, և այլն:

Ըստ որում, հակահայկական մոլեգնող քարոզչության ասպարեզում ներգրավվել են կեղծիքի, դեմագոգիայի եւ խարդավանքների մեջ փորձառություն ունեցող այլազգի վարձու գրչակներ: Փաստորեն, Ադրբեջանն  իր լայնածավալ քարոզչությամբ բացահայտորեն փորձում է թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը, Արցախի հարցով զբաղվող ատյաններին:

Դժբախտաբար, հայկական կողմը համարժեք ու հետևողական պատասխան չի տալիս: Արդյունքում հակառակորդը ավելի նախահարձակ, չարամիտ ու ագրեսիվ է դարձել: Ցավոք, մեզանում քարոզչությունը պետական քաղաքականության առանցք չի դարձել, պատմական, քաղաքական, իրավական ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու գործը պետական քաղաքականության  անկյունաքար չի համարվել, ինչի պատճառով թևաթափ են եղել անգամ առանձին անհատներ, ովքեր փորձում են անձնական ջանքերով գոնե մասամբ լրացնել այդ բացը: Առավել ցավալի է, որ պատկան մարմիններում պաշտոններ  գրաված ոչ քիչ թվով մարդիկ ացախագիտական բնույթի գրքեր, հոդվածներ չեն կարդում, բայց իրենց իրավունք են վերապահում կարծիք հայտնել չիմացած բաների մասին: Դժբախտաբար, հայ դիվանագիտությունը և խորհրդարանական դիվանագիտությամբ զբաղվող այրերը առաջնորդվում են իրադարձությունների ետևից գնալու մարտավարությամբ:

Վաղուց ժամանակն է լեթարգիական քնից արթնանալու եւ լուրջ պահանջ ներկայացնելու մեր դիվանագիտական առաքելությունները իրականացնող մարդկանց, գիտությամբ և քարոզչությամբ զբաղվող այրերին: Ի վերջո, ովքե՞ր պետք է պաշտպանեն մեր պատմությունը, մշակույթը, ժողովրդի արժանապատվությունն ու իրավունքները: Վաղուց ժամանակն է վերարժեւորել ԱրՊՀ-ի հասարակական գիտությունների գործունեության արդի խնդիրները: Փաստորեն, մեր հասարակական գիտությունները դեռ չեն թոթափել անցյալից ժառանգած  երկչոտ կեցվածքը, խորհրդային ժամանակների պարտադրած մարքս-լենինյան մեթոդաբանությունը և դարձել են սխալ պատկերացումների և ընկալումների գերի:

Հարկ է համախմբել կարող ուժերին,  նրանց, ովքեր գիտեն և կարող են վճռականորեն պայքարել, այլ ոչ թե կուրորեն վերաշարադրել, կրկնել անցյալում տպագրված, խորհրդային գաղափարախոսության դիտանկյունից շարադրված աշխատությունների մակերեսային, երբեմն նույնիսկ հայադավ դրույթները: Համոզված ենք, եթե մենք ըստ էության ու համարժեք հանդես գայինք վճռական ու փաստարկված, անկասկած, չէին լինի ոչ հայանպաստ այն վտանգավոր շեշտադրումները, որոնցից այսօր բոլորս դժգոհում ենք: Անհրաժեշտ է գործել, գործել նորովի, քանզի պաշտպանել մեր ազգային արժեքները, ժողովրդի արժանապատվությունը նույնպես առաջնահերթ ռազմավարական խնդիր է:

Այս բնագավառում մեր անհաջողության հիմնական պատճառն այն ընկալման բացակայությունն է, որ քարոզչությունը միանվագ գործողություն չէ, այլ ավելի ընդգրկուն, ավելի աշխատատար և տևական ու անդադար կրկնվող պետական-քաղաքական առօրյա աշխատանք:

Վերոշարադրյալից ելնելով, առաջարկում եմ պետական հովանավորությամբ ստեղծել Հակահայկական քարոզչական-տեղեկատվական ագրեսիային հակազդող գիտական-քարոզչական կենտրոն:

Հարկադրված եմ կրկնել, որ հայոց պատմության ու մշակութային ժառանգության, մանավանդ մեր ժողովրդի արժանապատվության պաշտպանությունը ազգային-պետական անհետաձգելի խնդիր է և ունի ռազմավարական հույժ կարևոր նշանակություն: Այս բնագավառում ամեն մի թերացման համար սերունդները մեզ չեն ների: Հուսով եմ, որ թե իշխանությունները և թե քաղաքական ուժերն ըմբռնումով կվերաբերվեն այս՝ հիրավի օրակարգային հարցին:

Հարգանքներով՝ Շահեն ՄԿՐՏՉՅԱՆ

——————————————————————————————-

Նամուս և ղեյրաթ

ՄԵԾ ԳՐՈՂԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԾԱԾԿՎԱԾ Է ԽՈՏՈՎ ՈՒ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՄԲ

ԲԱ ՍԱ ՆԱՄՈՒ՞Ս Է

«Դեմո»-ի նախորդ խմբագրականում ներկայացրել էինք խորհրդածություններ մեր ազգային ու մարդկային նկարագրի ու էության շուրջ: Ո՞րն է այդ նկարագիրը, ո՞րն է դրվատելին և ո՞րը խոտելին՝ ուզում էինք, որ այս մասին խորհեին բոլորը: Իսկ այսօր ուզում ենք մի իրավիճակ ներկայացնել և համատեղ ուժերով փորձել պարզելու՝ մեր նկարագրին խո՞րթ, թե՞ հարիր է այն:

Օրերս այցելեցինք Մարտունու շրջանի Նոր շեն գյուղը՝ պարզելու համար, թե ինչպիսին է գյուղի ու երկրի պարծանք, հայտնի գրող Լեոնիդ Հուրունցի նկատմամբ վերաբերմունքը: Այդ առաքելությունը ստանձնել էինք գրողի այրու՝ Լարիսա Իսահակյանի խնդրանքով:

Գրողի գերեզմանը, հասկանալի պատճառով, ոչ թե գյուղական գերեզմանոցում է, այլ գյուղամիջի հուշահամալիրում, որտեղ Մեծ հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողն է, արցախյան ազատամարտի նահատակների գերեզմանները և մի քանի այլ գերեզմաններ:

Էն գլխից ասենք, որ համալիրի վիճակը պարզապես ամոթանքի արժանանալու աստիճան անմխիթար էր. բացի նորաթաղ գերեզմաններից, ամբողջ տարածքը պատված է խոտով ու միանգամայն անխնամ վիճակում է: Իսկ Հուրունցի գերեզմանը պարզապես ծածկված է խոտով, և չիմացողի համար դժվար է այն գտնել: Գրողի գերեզմանաքարի «տեսադաշտը» փակել է իր մահկանացուն նորերս կնքած մի նորշենցի կնոջ գերեզման՝ իր տարածքով մի տասը անգամ մեծ՝ գրողի գերեզմանից: Այն մեծ է նաև արցախյան ազատամարտի նահատակների գերեզմաններին հատկացված տարածքից: Որքան էլ որ երևելի լիներ նորահանգուցյալը, չեմ կարծում (թող ներող լինեն նրա հարազատները), թե մեծ գրողն ու ազատամարտի նահատակներն առավել մեծ արժեք չլինեն գյուղի ու երկրի համար: Նահատակների գերեզմաններն էլ են անխնամ՝ քարե սալիկների մի մասը խրվել է հողում, դարձնելով տարածքն անհարթ:

Գրողի պապական տունն էլ փլուզման եզրին է:

Համայնքի ղեկավարն ու ավագանին չեն զբաղվում դրանով, ու գյուղի հանրությունն էլ  հանդուրժում է դա: Գյուղացիներից մեկն առաջարկել էր ջրի մի տարա (չան) դնել տարածքում (մոտակայքում ծորակ կա), որպեսզի ինքը կամովին ու իր ուժերով խնամի հուշահամալիրը, ջրի ծառերը, նոր ծառեր տնկի: Սակայն հարցն առայսօր չի լուծվել:

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ծննդով նորշենցի Լեոնիդ Հուրունցը մեծ գրող է, նրան լավ էին ճանաչում ամբողջ Խորհրդային Միությունում: Բայց ամենակարևորը՝ նա Արցախի ամենաարժանավոր զավակներից է, այն քչերից մեկը, ովքեր խորհրդային կայսրապետության ժամանակներում հետամուտ էին Արցախի դատին, իրենց կյանքը նվիրել էին այդ սուրբ գործին՝ կործանելով սեփական թե կարիերան և թե առողջությունը: Հուրունցը շատ է հալածվել իր արցախանվիրյալության համար: Մահից առաջ նա խնդրել էր կնոջը, որ երբ գան «լավ ժամանակները», իր աճյունն անպայման տեղափոխվի հայրենի գյուղ: Նա գիտեր, որ ինքնավար մարզի այն ժամանակվա ղեկավարությունը չէր թույլատրի դա:

1999-ին «Ազատ Արցախ» հանրապետական թերթի մի քանի աշխատողներով (տողերիս հեղինակն այն ժամանակ թերթի գլխավոր խմբագիրն էր) հանդիպեցինք տիկին Լարիսայի հետ, և տեղեկանալով վերոհիշյալ պատմությանը, ձեռնամուխ եղանք այդ գործին: Հեշտ չէր, երկրի ղեկավարությանը հղած մեր բաց նամակը հարկ եղած ուշադրությանը չարժանացավ: Եւ եթե չլիներ պաշտպանության այն ժամանակվա նախարար Սամվել Բաբայանի միջամտությունն ու աջակցությունը, ապա գործը գլուխ չէր գա: Ինչ որ է, կատարվեց գրողի վերջին կամքը. ստեղծվեց պետական հանձնաժողով, նրա աճյունը մեծ շուքով տեղափոխվեց հայրենի գյուղ, դպրոցը վերանվանվեց նրա անվամբ, Ստեփանակերտում՝ գրողի անունը կրող փողոցում, դրվեց նրա կիսանդրին, եղան հանդիսություններ:

Տիկին Լարիսան գյուղի հանրությանը խնդրեց «մենակ չթողնել» Հուրունցին, ուշադիր լինել նրա նկատմամբ, քանի որ իր տարիքն ու առողջությունը թույլ չեն տալու հաճախակի այցելել: «Բա դա ասելու՞ բան է»՝ ասել էին գրողի համագյուղացիներն ու հավաստիացրել, որ ամեն ինչ կանեն իրենց մեծ հայրենակցի հիշատակը վառ պահելու համար:

ՑՈՒՑԱՆԱԿԸ ԿՈՐԵԼ Է

Նոր շենի Լեոնիդ Հուրունցի անվան միջնակարգ դպրոցի շենքի մուտքին չկար նշյալ փաստն արձանագրող ցուցանակը (ընդհանրապես, ոչ մի գրություն չկար): Տողերիս հեղինակը քաջ հիշում է, որ հանդիսությունների ժամանակ մեծ ու գեղեցիկ ցուցանակ էր պատվիրվել ու անմիջապես տեղադրվել: Հիմա այդ ցուցանակը չկա: Ներկայիս տնօրենը՝ Ռիգանա Օհանջանյանը, որ խելացի ու բանիմաց կին է երևում, շատ վատ զգաց իրեն, թեև նա չէ, որ պիտի վատ զգար, քանի որ տիկին Օհանջանյանը ընդամենը մի քանի օր առաջ էր նշանակվել այդ պաշտոնում: Ինչ որ է, ուսուցիչները հավաստեցին, որ կար, տեսել էին ցուցանակը, սակայն ոչ ոք տեղը չգիտի: Երկար փնտրտուքից հետո գյուղում գտան մեկին, որ դպրոցի տեխնիկական աշխատողներից է, նա էլ տեղեկացրեց, որ նախկին տնօրենը ինչ-որ գործի համար ցուցանակն օգտագործել է որպես «շինանյութ»:

Ահա այսպիսի բաներ, ահա այսպիսի նամուս…

Դպրոցում չկար Հուրունցին նվիրված անկյուն, թեև ժամանակին տիկին Լարիսայի օգնությամբ բավականին նյութեր էինք բերել, տեղում էլ խոստացել էին մի գեղեցիկ անկյուն պատրաստել: Ուսուցչանոցում մի փոքրիկ սեղանի վրա գրողի նկարն էր ու մի քանի գիրք: Տիկին Օհանջանյանի հետ պայմանավորվեցինք հետագա համագործակցության մասին՝ ձևավորել անկյուն, գրողին նվիրված միջոցառումներ անցկացնել: Տնօրենն էլ խոստացավ ուսուցիչների ու աշակերտների ջանքերով խնամել գրողի գերեզմանը:

Հուսանք, որ գոնե այս անգամ հուսախաբ չենք լինի:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ ԿԱՄ՝ ՏԵՐ ԵՂԻՐ

Մենք ի՞նչ կարող ենք անել, եթե ղեկավարությունը չի անում՝ այս միտքը քանիցս հնչեց մեզ պատահած նորշենցիների հետ զրույցում: Գյուղ չկա՝ թառանչ քաշելով ասաց մեկը: Այդ «գյուղ չկան»-ն ասվեց «երկիր չկա»-ի տրամաբանությամբ, քանի որ երկիրը ծնվում է գյուղում ու գյուղով շենանում: Ու մեռնում է երկիրը նույնպես գյուղում: Մեղավոր են ղեկավարները՝ այսպես են ասում ոչ միայն Նոր շենում, այլև ամենուր: Ասում են ու մի կողմ քաշվում, իրենցից գցում պատասխանատվությունը: Ու մոռանալով, որ ամեն երկիր, ամեն քաղաք ու ամեն գյուղ արժանի է այն ղեկավարությանը, որն ունի: Չհասկանալով, որ ոչ մի ղեկավար էլ կարգին չի աշխատի, եթե չլինի հանրության աջակցությունն ու վերահսկողությունը: Իսկ մեզ մոտ այդպես չէ, մարդ մի կողմ է քաշվում, փակվում իր պատյանի մեջ, ապրում միայն իր հոգսերով և ուրախություններով ու զարմանում, որ «վիճակը վիճակ չէ»:

Նոր շենի համայնքի ղեկավարն այդ օրը գյուղում չէր: «Մերիա»-ում էլ չկարողացանք հավաքել ավագանու անդամներին (եկավ միայն մի հոգի): Անձամբ ես ոչինչ չունեմ գյուղապետի դեմ, շատ հնարավոր է, որ կարգին մարդ է, պարզապես չեմ հասկանում, թե «ի՞նչ երեսով» է դուրս գալիս գյուղամեջ, երբ վիճակն այդպիսին է:  Չեմ հասկանում, թե «ի՞նչ երեսով» են լռում գյուղի մտավորականները, հանրությունը: Չեմ հասկանում, թե ինչով է զբաղված համայնքի ավագանին: Ավելի «վեր» չեմ բարձրանում, քանի որ մինչև չսովորենք տեղում հարցերը լուծել, ոչինչ էլ չի ստացվի:

Ու ոչ միայն գյուղում, այլ երկրում էլ ոչինչ չի փոխվի, մինչև մարդ իրեն Քաղաքացի ու Տեր չզգա:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Հուսով ենք, որ այս հրապարակումը կարժանանա նաև շրջանի ու երկրի ղեկավարության, ԿՄՍ նախարարության և Գրողների միության ուշադրությանը:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————-

Խճանկար

Ինչո՞ւ են ծառերը հանել

2005-ի գարնանը մայրաքաղաքի հուշահամալիրի դիմացի մայթի երկայնքով՝ Ղարաբաղում գործող երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ համատեղ, ծառատունկ են իրականացրել` Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Այդ մասին գրվել է տարբեր թերթերում, ցուցադրվել Արցախի հանրային հեռուստատեսությամբ:

Ծառատունկի արդյունքում, ինչպես եւ նախատեսված էր, թվով 90 սոսենի է տնկվել: Երիտասարդների մասնակցությամբ դա առաջին ծառատունկը չէր: Նման միջոցառումներ հանրապետությունում շատ են կազմակերպվել, եւ ամեն անգամ իրենց ներդրումն են ունեցել նաեւ երիտասարդական կազմակերպությունները:

Ճիշտ է, ծառատունկից մի քանի օր անց արդեն մի քանի ծառեր ջարդված էին, բայց մեծ մասը մնում էր: Եւ այդ մեկ տարուց ավելի ժամանակահատվածում ծառերը կարգին «հասակ են առել»՝ հասնելով մինչեւ 1.5-2 մետրի: Վերջերս, ավելի ստույգ՝ օգոստոսի վերջին օրերին, նկատեցինք, որ այդ նույն ծառերը հանել են՝ փոխարենը տեղադրելով այլ ծառեր:

Երեւույթը քննարկման առարկա դարձավ նաեւ երիտասարդական կազմակերպությունների որոշ շրջանակներում:

Հարցի առնչությամբ դիմեցինք փոխքաղաքապետ Սամվել Ավանեսյանին, որը մեզ տեղեկացրեց, որ այդ ծառերի հանման մասին տեղեկացրել են իրենց, բայց քաղաքապետարանը կտրականապես դեմ է եղել, եւ դա արվել է առանց քաղաքապետարանի թույլտվության: Իսկ իրականացնողը «Բուսաբանական այգի» պետական ընկերությունն էր, որի տնօրեն Ռոբերտ Բարսեղյանին էլ խնդրեցինք պարզաբանել կատարվածը: Նա սոսենիների հանումը պատճառաբանեց դրանց անմխիթար վիճակով, ասելով, որ նորմալ ծառերի տեսք չունեին՝ դրա համար հանեցին: «Իսկ նոր ծառերը՝ կենսածառերը /տույաները/, որոնք տեղադրված են դույլերի մեջ, ժամանակավոր են: Դրանք տեղադրվել են անկախության տոնի նախօրյակին՝ հուշահամալիրի շրջակայքին տոնական տեսք տալու համար: Այժմ սոսենիները մեր տնկարանում են, նորմալ ծառ դառնալու դեպքում դրանք ինչ-որ տեղ կդրվեն: Տույաները նույնպես կհանեն եւ կպահեն տնկարանում, իսկ հետո կտեղադրեն հուշահամալիրի դիմացի մայթի երկայնքով»,- փաստել է Ռ. Բարսեղյանը: Նա նաեւ պատճառաբանեց, որ սոսենիները հապճեպ են տնկել, բացի դրանից՝ փոսերի ներքեւի մասով ինչ-որ լարեր են անցնում եւ այդ ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն:

Այժմ մայթը դատարկված է, եւ ոչ մի ծառ չկա: Մնում է սպասել ծառատունկի ժամանակաշրջանին, իսկ թե ինչքան պիտի սպասենք, որ այդ մայթի ծառերը մեծանան, դա դեռ հայտնի չէ:

Մեր զրույցի ժամանակ Ռ. Բարսեղյանն իր հերթին սկսեց բողոքել քաղաքապետարանի գործունեությունից, նշելով, որ այդ նույն ծառերի պահպանման համար քաղաքապետարանը հուլիս եւ օգոստոս ամիսներին ոչ մի գումար չի հատկացրել ծառերը ջրող համապատասխան մեքենայի վառելիքի ձեռքբերման համար: Նա նույնիսկ զարմացավ, թե «ինչու միայն այդ տարածքի ծառերի վիճակն է մեզ հետաքրքրում, երբ հանրապետության տարբեր վայրերում տնկված ծառերի մեծամասնությունը ոչ բավարար վիճակում է գտնվում»:

Իսկ ո՞վ պետք է պատասխանատու լինի այդ ծառերի վիճակի համար: Կարծում եմ, բոլորին էլ հայտնի է, որ Ղարաբաղում ստեղծված են համապատասխան կառույցներ, որոնք պարտավոր են վերահսկել այդ ոլորտը՝ պետբյուջեից հատկացված գումարների միջոցով:  Իհարկե, բնակիչներն էլ իրենց հերթին պետք է պահպանեն շրջակա միջավայրը, կամ գոնե թույլ չտան, որ նոր տնկված ծառերը վնասվեն:

Բերված փաստը խոսում է այն մասին, որ վերոնշյալ երկու կառույցների՝ քաղաքապետարանի եւ «Բուսաբանական այգի» ընկերության համատեղ աշխատանքներն այնքան էլ չեն հաջողվում, եւ ամեն մեկը  գործում է առանձին՝ առանց մյուսի համաձայնության կամ կարծիքը հաշվի առնելու: Սա, անշուշտ, իր բացասական ազդեցությունն է թողնում եւ պետական մարմինների հանդեպ վստահության, եւ, ընդհանրապես, քաղաքի արտաքին տեսքի վրա: Ինչեւէ, հարց է առաջանում՝ մի՞թե մինչեւ ծառատունկի կազմակերպումն այդ երկու կառույցները չեն պայմանավորվել հարցի շուրջ, կամ չեն որոշել, թե ինչ ծառ պետք է այդ տարածքում տնկել: Չգիտես ինչու, անցած տարի որոշվեց նշված տարածքում սոսենիներ տնկել, իսկ այս տարի տնկածները փոխարինվում են ոչ թե նույն ծառերով, այլ՝ տույա ծառերով: Հուսանք, որ մյուս տարի այլեւս հարկ չի լինի տույաներն էլ մեկ ուրիշով փոխարինել, եւ պետական մարմինների համատեղ գործունեությունը առավել պատշաճ մակարդակի կլինի:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հայ բարեգործական ընդհանուր միության ղարաբաղյան ծրագրերը շարունակություն կունենան

Վերջերս ԼՂՀ Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում տեղի ունեցավ նորակառույց դպրոցի բացման արարողությունը, որին մասնակցելու էին եկել ԼՂՀ նախագահը, կառավարության անդամներ, շրջանի ղեկավարներ եւ Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)  ներկայացուցիչներ:

8-ամյա դպրոցի կառուցումն իրականացվել է ՀԲԸՄ Լոս Անջելեսի եւ Սիդնեյի մասնաճյուղերի ֆինանսավորմամբ: Ինչպես հայտնել է ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, դպրոցի կառուցման համար շուրջ 38 մլն դրամ է ներդրվել: Բարեգործները դպրոցի բացման օրը բոլոր աշակերտներին գրենական պիտույքներ են բաժանել:

Դպրոցը նախատեսված է 80 աշակերտի համար, ունի 8 դասասենյակ, միջոցառումների սրահ, ուսուցչանոց եւ տնօրենի աշխատասենյակ: Ներկայումս դպրոց է հաճախում 32 աշակերտ:

Բացման արարողությանը մասնակցելու նպատակով Արցախ ժամանած ՀԲԸՄ պատվավոր անդամ Լեւոն Քեբաբջյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ հնարավորինս պետք է աջակցեն գյուղի զարգացմանը, եւ հույս հայտնեց, որ գնալով կկրկնապատկվի աշակերտների թիվը: Նա նաեւ նշել է, որ ՀԲԸՄ-ի հովանավորությամբ վերականգնված Նորաշեն գյուղում ծրագրերը դեռ չեն ավարտվում, «քանի որ պիտի սկսեն մեկ այլ ծրագիր, որին կօժանդակեն նաեւ Նյու Յորքի բարերարները»:

Նույն օրը տեղի է ունեցել Նորաշենից 200 մետր հեռավորության վրա գտնվող, Արցախյան պատերազմի տարիներին ավերված Ջրակն գյուղի հիմնարկեքի արարողությունը: Այս գյուղում տներ կկառուցվեն երկու փուլով: Առաջին փուլում նախատեսված է 10 տան կառուցումը, որը ավարտին կհասցվի մինչեւ 2007-ի առաջին եռամսյակը: Եւս 10 տուն կկառուցվի երկրորդ փուլում: Գյուղին են ծառայելու նաեւ Նորաշենի ենթակառուցվածքները:

Տեղեկացնենք, որ Նորաշենում ՀԲԸՄ-ի շնորհիվ կառուցվել են 22 տներ, բուժկետ, մանկապարտեզ ու դպրոց: Բացի այդ, գյուղացիներին անասուն, սերմացու է տրամադրվել:

Հիշեցնենք, որ ՀԲԸՄ-ն մեծ ներդրում է կատարել Արցախի վերականգնման գործում. հայ բարերարները ներդրում են ունեցել Գորիս-Ստեփանակերտ, Հյուսիս-հարավ ավտոճանապարհների կառուցման գործում, ինչպես նաեւ՝ Լուիզ Մանուկյանի հովանավորությամբ վերակառուցվել է Ստեփանակերտի Ալեք Մանուկյան փողոցը, կառուցվել Ստեփանակերտի թիվ 7 դպրոցի, մեկ բազմաբնակարանոց եւ շախմատի դպրոցի շենքերը:

2004-ին ՀԲԸՄ-ն նախաձեռնել է Արցախի կամերային նվագախմբի ստեղծումը՝ նվագախմբի անդամներին ապահովելով ամենամսյա աշխատավարձով, իսկ Երեւանից ժամանած 12 երաժիշտներին՝ բնակարաններով:

Միության Լոնդոնի մասնաճյուղը 2005-ին սկսել է Հադրութի շրջանի Բարեշեն գյուղի վերակառուցումը, իսկ Կանադայի մասնաճյուղը նախատեսում է սկսել Մարտակերտի շրջանի Նոր Ջրաբերդ գյուղի վերակառուցման ծրագիրը:

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

——————————————————————————————

Մարզաշխարհ

Հայաստանի ֆուտբոլի կանանց (մինչեւ 19 տարեկան), հավաքականը նախապատրաստվում է կանանց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպումներին, որոնք կկայանան Լեհաստանում, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 2-ը: Հավաքականը սեպտեմբերի 18-23-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Աշտարակում, որից հետո կմեկնի Լեհաստան: Առաջին հանդիպումը կլինի սեպտեմբերի 26-ին` Լեհաստանի հավաքականի հետ: Սեպտեմբերի 28-ին կկայանան Իսպանիա-Հայաստան, իսկ հոկտեմբերի 1-ին` Լատվիա-Հայաստան հանդիպումները:

***

Տղամարդկանց 69 կգ քաշային կարգում գյումրեցի Տիգրան Մարտիրոսյանը, երկամարտում ցույց տալով 330 կգ արդյունք, նվաճել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Տիգրան Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացնելով 150 կգ-անոց ծանրաձողը` սահմանել է Եվրոպայի նոր ռեկորդ:

Հաջող են հանդես եկել նաեւ կանայք. 63 կգ քաշայինների մրցումներում Մելինե Դալուզյանը երկամարտի 222 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 53 կգ քաշային կարգում Թեհմինա Կարապետյանը 170 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել:

***

Հայտնի ամերիկահայ բեւեռախույզ եւ լեռնագնաց Կարո Հովասափյանը դեկտեմբերին նախատեսում է գրավել Անտարկտիդա մայրցամաքի ամենաբարձր` Ուինսենթ Մեսսիվ լեռնագագաթը, որի բարձրությունը ծովի մակերեւույթից մոտ 5 հազար մետր է:

Այդ վերելքից հետո հայազգի լեռնագնացը կդասվի աշխարհի տասը լավագույնների շարքը` գրավելով միաժամանակ բոլոր յոթ մայրցամաքների եւ երկու բեւեռների ամենաբարձր լեռնագագաթները:

Երեք տարի անընդմեջ թուրքական իշխանություններից մերժում ստանալուց հետո Կ. Հովասափյանին ի վերջո հաջողվել է այս ամսվա ընթացքում բարձրանալ բիբլիական լեռան գագաթը` տասը հոգուց բաղկացած ռուսական արշավախմբի կազմում:

***

Հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կմեկնարկի Հայկական ազգային-մշակութային ինքնավարության շախմատի գավաթի համար առաջին սիրողական բաց առաջնությունը, որը նվիրված է լինելու Հայաստանի հավաքականի հաղթանակին՝ Թուրինում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում:

Մրցաշարի կազմակերպիչն է «Սանկտ Պետերբուրգի հայկական հայրենակցությունը»: Նախաձեռնությանն իրենց աջակցությունն են բերել «Սանկտ Պետերբուրգի ազգությունների տունը», Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Արտաքին կապերի եւ զբոսաշրջության կոմիտեն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s