№ 16 / 30 սեպտեմբեր

ՀԱՄԱՏԵՂԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ

Հրապարակի վրա է ԼՂՀ Սահմանադրության նախագիծը, արդեն սկսվել են քննարկումները: Ընդ որում, հայտնվում են ամենատարբեր կարծիքներ: Ամենաշատ արծարծվող հարցը հետեւյալն է՝ ինչու՞ հենց հիմա է առաջանցիկ տեմպերով իրականացվում սահմանադրական գործընթացը:

Տարակուսանքի ու կասկածների համար բավարար հիմք կա՝ տարիներ շարունակ այս մասին գրեթե չէր խոսվում, բայց բոլորովին վերջերս քաղաքական ուժերի քննարկմանը ներկայացվեց հիմնական օրենքի երկու գլուխը եւ որոշ ժամանակ անց՝ անսպասելիորեն քաղաքական սեղանին դրվեց ամբողջ փաստաթուղթը: Բնականաբար, կասկածներ ծնվեցին, որ այս «թայդիությունը» կապված է գալիք ամռանը կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Թե որքանով է իրավացի սույն տեսակետը՝ այլ հարց է, բայց միանգամայն բնականոն երեւույթ է, որ այս մասին խոսվում է, որ քննարկվում են ամենատարբեր վարկածներ: Ի վերջո՝ սա քաղաքական կյանքին միանգամայն հարիր երեւույթ է:

Ինչ որ է՝ նախնական տվյալներով նախագիծը հանրաքվեի է դրվելու դեկտեմբերի 10-ին: Այս կապակցությամբ մի առաջարկություն ունենք, այն է՝ համատեղել նախագահական ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն: Փաստարկները հետեւյալն են.

-Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է, ասել է թե՝ կարեւորագույն փաստաթուղթ: Այն փաստորեն երկրի քաղաքացիների փոխադարձ պայմանավորվածությունն է իրենց իսկ կյանքի կազմակերպման մասին: Ասել է թե՝ փաստաթուղթը պիտի մարսվի բոլորի կողմից, որպեսզի ընդունելի լինի: Մինչդեռ դրա համար անհրաժեշտ ժամանակ չի ապահովվում: Նկատի ունենալով փաստաթղթի դժվարամարս լինելն ու տարողունակությունը՝ ուղղակի անհրաժեշտություն է ուսումնասիրման ու քննարկման փուլի երկարաձգումը:

-Սահմանադրական հանրաքվեի ու նախագահական ընտրությունների միաժամանակյա անցկացումը հիմնավորապես կժխտի այն վարկածը, որ գործող նախագահը փորձում է Սահմանադրության շուտափույթ ընդունմամբ իր համար երրորդ ժամկետի հնարավորություն ապահովել: Այլապես կասկածի որդը կրծելու է մարդկանց հոգին ամբողջ գործընթացի ժամանակ:

-Ռազմական դրության պայմաններում ապրող երկրի համար չափազանց մեծ կարեւորություն է ստանում առկա միջոցների ճիշտ բաշխումն ու խնայողական օգտագործումը: Եւ այս առումով ամեն մի լումայի տեղը պիտի իմանանք, որպեսզի կարողանանք բարձրացնել մարդկանց կենսաթոշակը ու լուծենք մեր առջեւ ծառացած բազմաթիվ այլ հարցեր: Երկու խոշոր ընտրական կամպանիաների համատեղմամբ երկիրը բավականին միջոցներ կխնայի:

Այսպես թե այնպես՝ 15 տարի ապրել ենք առանց Սահմանադրության, այնպես որ՝ մի կես տարի էլ կդիմանանք…

——————————————————————————————-

ԼՂՀ-Ն ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
Փորձագիտական հարցման արդյունքների ամփոփում

«Բաց հասարակություն» և «Ստեփանակերտի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունները, շարունակելով հասարակական կարծիքի ուսումնասիրությունը, ս.թ. սեպտեմբերի 21-28-ը անցկացրել են փորձագիտական հարցում ներքաղաքական և ղարաբաղյան կարգավորման թեմաներով: Հարցաշարն ուղարկվել է 21 փորձագետի, ովքեր քաջատեղյակ են նորանկախ Արցախի ներքաղաքական կյանքին ու ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացին և պարբերաբար հրապարակավ հանդես են գալիս իրենց նկատառումներով:

Հարցմանը մասնակցելու հրավեր ուղարկվել է Վահրամ Աթանեսյանին, Դավիթ Բաբայանին, Վահան Բադասյանին, Վահրամ Բալայանին, Վալերի Բալայանին, Գեղամ Բաղդասարյանին, Գագիկ Բաղունցին,  Ալեքսանդր Գրիգորյանին, Արթուր Թովմասյանին, Դավիթ Կարաբեկյանին, Հայկազն Ղահրիյանին, Արման Մելիքյանին, Մաքսիմ Միրզոյանին, Իգոր Մուրադյանին, Սերգեյ Շաքարյանցին, Մուրադ Պետրոսյանին, Գագիկ Պետրոսյանին, Մանվել Սարգսյանին, Աշոտ Սարգսյանին, Սերգեյ Քալանթարյանին և Կարեն Օհանջանյանին:

Տարբեր պատճառներով (զբաղվածություն, առողջական վիճակ, սկզբունքային և այլն) հրաժարվել են հարցմանը մասնակցել Ալեքսանդր Գրիգորյանը, Դավիթ Բաբայանը, Արթուր Թովմասյանը, Մաքսիմ Միրզոյանը և Արման Մելիքյանը: Արդյունքում՝ հարցմանը մասնակցել է 16 փորձագետ: Նրանք հետևյալ կերպ են պատասխանել հարցերին:

1. 2007Թ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ա) Ու՞մ եք տեսնում ԼՂՀ նախագահի պաշտոնում (թույլատրվել է նշել երկու թեկնածուի անուն)

Փորձագետների կողմից նշված թեկնածուները հավաքել են ներքոբերյալ ձայները.

Բակո Սահակյան   – 4
Մասիս Մայիլյան  – 4
Արկադի Ղուկասյան  – 3
Արմեն Սարգսյան  – 2
Սամվել Բաբայան -1
Իգոր Մուրադյան    – 1
Ներսես Օհանջանյան   – 1

Ընդ որում, գործող նախագահ Ա.Ղուկասյանին փորձագետներից մեկը անփոխարինելի է համարել, ինչը, ըստ նրա, ոչ թե մեր առավելությունն է« այլ՝ թերությունը: Նա ցավում է« որ ԼՂՀ-ում քաղաքական կուլտուրան այնքան զարգացած չէ« որպեսզի որեւէ մեկը լուրջ հայտ ներկայացնի պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար, և դա ինչ-որ տեղ նաեւ իշխանությունների թերությունն է համարում:

Ոչ մի թեկնածու չեն առաջադրել 5 փորձագետներ. մեկը չի կողմնորոշվել, երկուսը արժանավոր ոչ ոքի չեն տեսնում այդ պաշտոնում, չորրորդը նշել է, որ չի կարող ասել, քանի դեռ իր կուսակցության համագումարում այդ հարցը չի քննարկվել, հինգերորդն էլ խնդրո առարկան կապում է ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման հետ, նշելով, որ հիմնախնդրի արդարացի լուծումը կախված է մեր երկրի ներքին բարեփոխումներից ու մեր հասարակական օրգանիզմի վիճակից: «Եթե անգամ դա լինի գործող նախագահը,- գրում է նա:- Մեծ հաշվով՝ ի՞նչ նշանակություն ունի, թե որ աղբյուրից է վերջապես հոսելու ջուրը, կարևորն այն է, որ տվյալ պահին փրկվենք ջրազրկումից»: Ըստ նրա, մեր պետական մեքենան կապիտալ բարեկարգման կարիք ունի, ով կկարողանա դա անել՝ նրա շուրջ էլ կհամախմբվի ժողովուրդը: Ընդ որում, այդ փորձագետը տվյալ ենթատեքստում անիմաստ է համարում օրենքը խախտելու մասին մտահոգությունը և գտնում է, որ ժողովուրդն իրավասու է փոփոխել օրենքները՝ հանուն այդ նպատակի:

Ոչ մի թեկնածու չնշած փորձագետներից մեկը գտնում է, որ «փոխզիջումային» տարբերակ կարող է լինել գրագետ ու պրոֆեսիոնալ ռազմական գործիչներից որևիցե մեկը, մեկ այլ փորձագետ էլ, չտեսնելով վառ ընդգծված լիդեր, որը կարող է լիովին կատարել օրենքով նախագահի վրա դրվող պարտականությունները, առաջարկում է իսկապես ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնել (այլ ոչ թե քաղաքական ու ֆինանսական ուժերի կասկածելի մրցույթ), ընտրել արժանավոր և ունակ մարդկանց ու երկիրը դարձնել խորհրդարանական պետություն:

բ) Հավանակա՞ն եք համարում, որ գործող նախագահ Արկադի Ղուկասյանը երրորդ անգամ անընդմեջ առաջադրվի: Եթե այո, ապա ինչպե՞ս կգնահատեիք դա

Գործող նախագահի երրորդ անգամ անընդմեջ առաջադրումը անհավանական է համարել 7 փորձագետ, իսկ 5-ը դա միանգամայն հնարավոր է համարում: Մյուս փորձագետներից մեկը համոզված է, որ նախագահը հակասահմանադրական քայլերի չի դիմելու, այսինքն՝ փաստորեն նույնպես չի բացառում երրորդ անգամ պաշտոնավարելը, եթե ընդունվելիք Սահմանադրությունը տա նման հնարավորություն: Նման հնարավորության առկայության դեպքում Ղուկասյանի երրորդ անգամ պաշտոնավարելը չի բացառում ևս մի փորձագետ:

Իսկ ընդհանրապես՝ փորձագետների գերակշիռ մեծամասնությունը (և նրանցից, ովքեր հավանական են համարում, և նրանցից, ովքեր անհավանական են համարում Ղուկասյանի երրորդ անգամ պաշտոնավարելը) միանշանակ բացասական ու կոշտ գնահատական են տվել հնարավոր նման քայլին: Մեկի կարծիքով՝ դա այնպիսի օրինախախտում է լինելու, որ կարելի է բնորոշել որպես հանցագործություն (ընդ որում, նրա համար կարևոր չէ՝ Սահմանադրությունը թույլ կտա՞, թե ոչ, քանի որ գործող  օրենսդրությունը դա միանշանակ գնահատում է որպես անցանկալի երևույթ, այսինքն՝ սկզբունքորեն դա անընդունելի է համարվում), մեկ ուրիշը անթույլատրելի է համարում, երրորդը դա գնահատում է որպես հանրային ու պետական շահերից վեր դասվող ամբիցիա, չորրորդը դա սխալ է համարում թե իրավաբանական և թե տրամաբանական տեսանկյուններից, հինգերորդը անթույլատրելի է համարում, քանի որ բացասականորեն է անդրադառնալու ԼՂՀ իմիջի վրա, տհաճ հետևանքներ է ունենալու նաև Հայաստանի ղեկավարության վրա, ուստի գնահատում է նման քայլը որպես «անմիտ աֆյորա»: Մեկ այլ փորձագետ քաղաքական «բեսպրեդել» է գնահատել դա և որպես քամահրական վերաբերմունք ինչպես գործող օրենսդրության, այնպես էլ ԼՂՀ միջազգային իմիջի նկատմամբ: Փորձագետներից մեկի կարծիքով էլ՝ դա կնշանակեր իշխանության ուզուրպացիա, ինչը չի տեղավորվում գործող նախագահի՝ որպես ժողովրդավարական բարեփոխումների ջատագովի իմիջի շրջանակներում, ավելին՝ արցախյան հանրությունը դեպքերի նման զարգացման պարագայում ոչ միայն ապակայունացվելու է, այլև կորցնելու արդարության ու քաղաքակիրթ պետություն ունենալու հեռանկարի նկատմամբ հավատը: Ըստ նրա, երրորդ անգամ առաջադրվելը կնշանակի, որ գործող նախագահն ինքն իրեն հակադրում է մի ամբողջ ժողովրդի: Փորձագետներից մեկն էլ գտնում է, որ ոչ միայն նախագահը պիտի հեռանա, այլև՝ նրա օրոք ձևավորված խորհրդարանն ու կառավարությունը:

Իսկ ի՞նչ փաստարկներ ունեն Ղուկասյանի երրորդ անգամ առաջադրվելու կողմնակիցները: Երկուսի կարծիքը մեջբերեցինք նախորդ հարցի պատասխաններն ամփոփելիս: Երրորդ փորձագետը վճռորոշ է համարում գործող նախագահի կուտակած փորձը, չորրորդն էլ կարևոր է համարում այն, որ Ղուկասյանին պաշտպանում է Հայաստանի ղեկավարությունը: Ըստ այս փորձագետի՝ ներկայումս չկան այնպիսի քաղաքական գործիչներ և ուժեր, որոնք կարող են արմատապես փոխել իրավիճակը երկրում, ահա թե ինչու նա կարևոր է համարում պաշտոնական Երևանի աջակցությունը:

Ընդհանուր առմամբ՝ գործող նախագահի երրորդ անգամ պաշտոնավարելը բացասական է գնահատել 12, իսկ դրական՝ 4 փորձագետ:

2. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ա) Արդյո՞ք երկրի հիմնական օրենքի՝ հրապարակի վրա գտնվող տարբերակը երկրի բնականոն զարգացման ու ժողովրդավարական բարեփոխումների արմատավորման երաշխավորն ու գրավականն է

Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.

Հիմնականում՝ այո – 1

Այո – 1 (այն էլ՝ տեսականորեն)

Ոչ  – 5

Լրամշակման

կարիք ունի – 3

Մասնակիորեն – 1

Մի քայլ առաջ է, բայց ոչ հեռանկարային – 1

Չորս փորձագետներ էլ հատուկ կարծիք են հայտնել: Մեկի կարծիքով՝ Սահմանադրության ընդունման նկատմամբ ձևական մոտեցում է ցուցաբերվում, և նման գործընթացը կարող է  հակաժողովրդավարական միջոցառման վերածվել՝ քաղաքական կյանքում հիմք դնելով հակաօրինական միտումների: Երկրորդը կարևոր է համարում ոչ թե պարզապես կատարյալ փաստաթղթի ընդունումը, այլ կոնկրետ դրույթների կիրարկումն ապահովելու մեխանիզմները, մասնավորապես նկատի ունենալով քաղաքացու հիմնարար իրավունքները: Երրորդը գտնում է, որ ոչ մի օրենք չի կարող ապահովել երկրի զարգացումը, եթե չկա դրան պատրաստ հանրություն և քաղաքական էլիտա (ըստ նրա, երկուսն էլ մեզ մոտ բացակայում են), չորրորդն էլ համոզված է, որ Սահմանադրությունը «սրբազան կով» չէ և կարող է վերափոխվել:

Իսկ ի՞նչ նկատի ունեն լրամշակման անհրաժեշտությունը շեշտած փորձագետները: Նրանցից մեկը գտնում է, որ Սահմանադրության հիմքում պիտի լինեն երեք կարևորագույն դրույթներ.

-առավելագույնս խստացնել ընտրությունների գործընթացին ապօրինի միջամտության համար պատիժը,

-ոչ ոք չպիտի պետական պաշտոնի նշանակվի նախագահի միակամությամբ՝ առանց խորհրդարանի համաձայնության կամ խորհրդատվության,

-խորհրդարանական ընտրություններն անցկացնել երկու տարին մեկ՝ ամեն անգամ վերընտրելով խորհրդարանի կեսը (որպեսզի իշխանությունը հաշվի նստի հանրային կարծիքի հետ և թիկունքին զգա ժողովրդի հայացքի ծանրությունը):

Այլ փորձագետների կողմից նշվել է հետևյալը.

-հստակեցնել իշխանության ճյուղերի տարանջատումը,

-ամրագրել պետության փաստացի սահմանները,

-հստակեցնել քաղաքացիությանն ու սեփականությանն առնչվող հարցերը,

-հստակեցնել փախստականներին առնչվող հարցերը,

-ժողովրդավարությանն ու քաղաքացիական հասարակությանը անհրաժեշտությանը զուգահեռ հարկ է հաշվի առնել նաև տարածաշրջանում ներկա ռազմավարական պահի ռազմաքաղաքական իրողությունները:

բ) Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված սահմանադրական գործընթացի արագացումը կոնկրետ այս պահին

Փորձագետները հայտնել են ամենատարբեր կարծիքներ, ընդ որում` որոշ փորձագետներ նշել են մի քանի պատճառներ: Խմբավորելով դրանք՝ ստացվել է հետևյալ պատկերը.

-անկախության 15-ամյակի

տրամաբանությամբ – 1

-խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական դաշտը սկսում է կայանալ  – 1

-անձնական ու կլանային շահերով  – 1

-իրավիճակային մոտեցումներով  -1

-նախագահական ընտրություններով և իշխանության վերարտադրությամբ – 7

-արտաքին ուժի պարտադրանքով  – 2

-ղարաբաղյան հիմնախնդրի

քաղաքական  կարգավորմամբ – 3

Մի փորձագետ դժվարացել է պատասխանել, մեկն էլ պատասխանել է ոչ ըստ էության:

3. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

ա) Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման գործում ԼՂՀ ունեցած դերը

Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.

-ծանրակշիռ  – 1

-բացասական  – 1

-սպասողական  – 1

-ոչ մի դեր չունի  – 7

-գրեթե ոչ մի դեր չունի  – 1

-անբավարար   – 1

-կրավորական  –  1

-թույլ – 1

Երկու փորձագետի պատասխաններն էլ միանշանակ չէին: Մեկը նշել է, որ տարածաշրջանային քաղաքականության մեջ, ինչպես նաև հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործում ԼՂՀ-ի դերը կախված է երկրի «ներքին ինքնազգացողությունից, ներքին ամրությունից ու կազմակերպվածությունից», մյուսն էլ հետևյալն է կարծում. «Կգա ժամանակը, և Ղարաբաղն անպայման կնստի բանակցությունների սեղանի շուրջ, առավել կարևորն այն է, թե ով է նստելու և ներկայացնելու մեզ: Կկարողանա՞նք այնպիսի հասարակություն կառուցել, որը ցանկացած իրավիճակում իրեն արժանապատվորեն ու վստահորեն կպահի, թե՞ պահպանելու ենք այն, ինչ ունենք այսօր՝ հիվանդ, կոռումպացված, սոցիալապես բևեռացված հասարակություն: Այս հարցի պատասխանը մենք պիտի տանք, մեզնից է այն կախված»:

բ) Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պիտի լինի ղարաբաղյան գործոնի դերը հիմնախնդրի կարգավորման և տարածաշրջանային քաղաքականության մեջ

Բոլոր փորձագետներն էլ գտնում են, որ ԼՂՀ-ն կարող է և պարտավոր է ավելի լուրջ եւ առանցքային դեր խաղալ:

Միևնույն ժամանակ, փորձագետների մի մասը գտնում է, որ այդ խնդիրները կարող է լուծել ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր իշխանությունը: Նաև այն կարծիքն է հայտնվել, որ «Հայաստանի ներկայիս բուֆերային դերը հարկ է առավելագույն արդյունավետությամբ օգտագործել ԼՂՀ-ին պատրաստելու բանակցային գործընթացին մասնակցելու համար, քանի որ ԼՂՀ-ն փաստացի պատրաստ չէ նման դերի»:

4. «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ա) Ըստ Ձեզ, Հիմնադրամը կատարու՞մ է իր առաքելությունը: Եթե ոչ, ապա ի՞նչ նոր գաղափար կառաջարկեիք

Հարցվածների պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.

-հիմնականում՝ այո  – 1

-կատարում է, բայց

թերություններով  – 1

-ոչ – 10

-մասնակիորեն – 2

-սպառել է իրեն – 1

Դժվարացել է պատասխանել մեկ փորձագետ:

բ) Ձեր կարծիքով, ինչո՞վ են պայմանավորված Հիմնադրամի գործադիր տնօրինության և ԼՂՀ իշխանությունների միջև տարաձայնությունները

Կարծիքները բաշխվել են հետևյալ կերպ.

-տեղյակ չեմ –  3

-ներիշխանական և կենցաղային մակարդակի հարաբերություններով    – 4

-անձնական

հարաբերություններով – 4

-առաջնահերթությունների տարբեր

տեսանկյուններով  – 2

-վատ աշխատանքի համար պատաս -խանատվությունն իրար վրա գցելով – 1

-ՀՀ, ԼՂՀ և Հիմնադրամի տնօրինության հարաբերություններով  – 1

Փորձագետներից մեկը պատասխանել է ոչ ըստ էության:

——————————————————————————————-

Լրահոս

ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ. «ՄԵՐ ԳՈՐԾԸ ԴՐԱՄ ՀԱՎԱՔԵԼՆ Է»

Բացվեց պոլիկլինիկայի նոր շենքը

«Դժբախտաբար, շատ երկար տեւեց շենքի շինարարությունը, մենք առնվազն երկու տարի առաջ պետք է ավարտեինք այն: Մեր գործը դրամ հավաքելն է, ինձ թվում է՝ դա հաջողվում է մեզ, իսկ նրանք, ովքեր պատասխանատու են այս կառույցների համար, պարտավոր են իրենց պարտականությունները ժամանակին կատարել»,- պոլիկլինիկայի նորակառույց շենքի բացման ժամանակ ասաց նախագահ Արկադի Ղուկասյանը, շնորհակալություն հայտնելով բարերարներին ու ծրագրի մասնակիցներին:

Շենքի պաշտոնական բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 23-ին,  արարողությանը մասնակցում էին նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի բժշկական ոլորտի ներկայացուցիչներ, սփյուռքահայեր:

Տեղեկացնենք, որ նորակառույց շենքում տեղակայված են Ստեփանակերտի պոլիկլինիկան եւ դիագնոստիկ կենտրոնը: Պոլիկլինիկայի ծախսերը հոգացել է սփյուռքահայ բարերար Ջորջ Փակումյանը, իսկ դիագնոստիկ կենտրոնինը՝ Հրայր Հովնանյանը:

Ծրագրի բժշկական գծով ղեկավար Ալինե Դուրյանը նշեց, որ ծրագիրը մոտ 2 մլն դոլար արժողություն ունի /շենքի կառուցում, սարքավորումների տեղակայում եւ աշխատակիցների վերապատրաստում/, որը տրամադրել են վերոնշյալ բարերարները, իսկ աշխատանքներն իրականացվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նյու-Յորքի մասնաճյուղի կողմից:

«Արմինե Փակումյանի անունով է պոլիկլինիկան, քանի որ բարերար  Ջորջ Փակումյանի հորաքրոջ հիշատակին է կառուցվել: Նա Մեծ եղեռնի զոհերից է:

Չնայած որոշ թերությունների՝ Ա. Դուրյանը գոհ է կատարված աշխատանքից. «Բայց մեր աչքը պիտի դրա վրա չլինի, այլ մեծ պատկերի վրա, որ ունենք նոր շենք, որ գործելու է մեր ազգը առողջ պահելու համար: Կարեւորը դա է»:

Բացման արարողության ժամանակ ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, շնորհավորելով բոլորին, նշեց, որ պոլիկլինիկայի բացումը հիմք է համակարգի շարունակական զարգացման համար: Իսկ Հիմնադրամի Նյու-Յորքի մասնաճյուղի ատենապետ Գեւորգ Թորոյանը հավաստիացրեց, որ հնարավորինս կօժանդակեն նաև այլ ծրագրերի իրականացմանը:

 

ՍՏԵՂԾՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Սեպտեմբերի երկրորդ կեսին՝ Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովի նախաշեմին, հանդիսավորությամբ բացվեցին Հայաստանում եւ Արցախում Համաշխարհային Հայկական Կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրերը:

Երևանում կայացած հանդիսավոր բացման արարողության ժամանակ Կոնգրեսի եւ Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ընդգծելով հայերի միասնականության անհրաժեշտությունը, կարեւորեց այդ ուղղությամբ համապատասխան քայլերի ձեռնարկումը. «Եթե միասնական լինենք, ապա կկարողանանք դիմակայել մեր հայրենիքի առջեւ կանգնած մարտահրավերներին եւ ավելի շատ խնդիրներ կլուծենք»: Իսկ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ փաստեց, որ Հայաստանի իշխանությունները շատ բարձր են գնահատում Համաշխարհային Հայկական Կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության ավանդը, եւ որ «դրանց բռնած ճանապարհը հոգեհարազատ է յուրաքանչյուր հայի համար»:

Միջոցառման ելույթները հիմնականում վերաբերում էին տարբեր երկրներում բնակվող հայերի համախմբման անհրաժեշտությանը: Իսկ ասվածի գործնական քայլն արվեց հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում, որտեղ հավաքվել էին  5 տասնյակից ավելի երիտասարդներ, ովքեր ներկայացնում էին Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի տարբեր երիտասարդական կառույցներ: Միջոցառմանը, բնականաբար, մասնակցում էին նաեւ Համաշխարհային Հայկական Կոնգրեսի ներկայացուցիչները՝ նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ: Եկել էին Կոնգրեսի երիտասարդական թեւի ստեղծմանն ընթացք տալու:

Երիտասարդները տարբեր հարցերի քննարկումից հետո ստեղծեցին Համաշխարհային Հայկական Կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիա, որի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ զորացմանն ու ամրապնդմանը, ժողովրդավարության արմատավորմանը, Արցախի հիմնախնդրի արդարացի լուծմանը, ինչպես նաև նպաստել ազգային խնդիրների լուծման գործում երիտասարդության մասնակցության ակտիվացմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու արդարացի հատուցմանը եւ այլն: Ասոցիացիայի անդամ կարող է դառնալ ՀՀ-ում կամ այլ երկրներում գործող յուրաքանչյուր հայկական երիտասարդական կազմակերպություն, որն անդամագրվել է Կոնգրեսին:

Կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի կարծիքով, ասոցիացիայի ստեղծումը շատ կարեւոր ու պատմական մեծ քայլ է: Նա երիտասարդներին խոստացավ որքան հնարավոր է լինել ասոցիացիայի կողքին եւ աջակցել նրա գործունեությանը. «Պետք է քաղաքական կուսակցությունները զգան, որ հայ երիտասարդները միասնական են եւ միշտ հետեւում են նրանց գործունեությանը»:

Ասոցիացիայի 11-հոգանոց խորհուրդը նախագահ ընտրեց երիտասարդական դաշտում մեծ փորձ ունեցող, Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանին:

 

ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱ

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտի Սպայի տանը կայացավ ամերիկահայ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Մեծ պատմություն փոքր քաղաքում» կինոկատակերգության արցախյան պրեմիերան:

Ֆիլմը երկու  մարդկանց մասին է, որոնց շփոթել են դիահերձարանում: Թեման, ինչպես խոստովանում է Գ. Կիրակոսյանը, վերցրել է մի իրական պատմությունից, որն իրեն պատմել է մի մարդ, ինչն էլ շատ է հետաքրքրել իրեն, ուստի որոշել է, որ հենց այդ մասին պետք է նկարահանի իր դիպլոմային աշխատանքը:

«Թեև ապրում եմ ԱՄՆ-ում՝ ֆիլմս Երևանի մարդկանց մասին է, ես հաճախ եմ այցելել այնտեղ, մանրակրկիտ ուսումնասիրել ամեն ինչ, էլ չեմ խոսում այն մասին, թե ֆիլմի նկարահանումից առաջ քանի թաղման եմ մասնակցել, որպեսզի կարողանամ ճիշտ բեմադրել նկարահանվող տեսարանները»:

Ռեժիսորը նշեց նաև, որ ֆիլմը շատ են հավանել իր դասախոսները, շատ ծիծաղել են, և ինքը համարում է, որ կարողացել է կինոդիտողին հասցնել ֆիլմի բուն էությունը՝ այսօրվա Երևանում ապրող մարդկանց ապրելակերպը:

Գոռ Կիրակոսյանի դիպլոմային աշխատանքից, հավանաբար, գոհ են նաև ԱՄՆ-ում, որտեղ, ինչպես ինքն է նշում, ֆիլմը ցուցադրվել է 1500 հոգանոց դահլիճում, և հանդիսատեսների խնդրանքով կրկնվել է: Երևանում նույնպես այն նորից է ցուցադրվում հանդիսատեսների խնդրանքով: Իսկ Ստեփանակերտում, դատելով բուռն ծափահարություններից, ռեժիսորը ենթադրում է, որ ֆիլմը հավանաբար դուր է եկել նաև արցախցի հանդիսականին:

Եվ վերջում մի հետաքրքիր լուր արցախցի հանդիսատեսների համար: Ռեժիսորը մտադիր է հաջորդ տարի ֆիլմ նկարահանել արցախյան գյուղերի մասին:

ԲԱՑՎԵՑ ԵՎՍ  ՄԻ ԵԿԵՂԵՑԻ

Շ. ԱՍԿԱՐՅԱՆ

Նորերս բացվեց Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղի  Ս. Ստեփանոս եկեղեցին:

Բազմաթիվ  անգամներ Ս. Ստեփանոս եկեղեցին ենթարկվել է ավերածությունների: Եվ  2005թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին  սկսելով   բակի  շինարարական աշխատանքները, ծննդով ղարաբաղցի բարերար Սեյրան Կարապետյանի նյութական աջակցությամբ  արդեն 2006թ. մարտի 25-ին ավարտեցին եկեղեցու ամբողջական վերանորոգումը: Եկեղեցու  ճարտարապետական հորինվածքների  պահպանողը ճարտարապետ  Նվեր  Միքայելյանն էր:

Այն հարցին, թե հե՞շտ էր վերականգնել եկեղեցին, ճարտարապետ Ն. Միքայելյանը պատասխանեց.

– Ճիշտն ասած, շատ դժվար էր այն առումով, որ պատմական շատ տվյալներ չկային, սակայն  խորհրդակցելով համագյուղացիների  և տեղի հոգևոր հայրերի հետ, մենք կարողացանք միահամուռ ջանքերով ի կատար ածել   հայկական այս եկեղեցու վերանորոգումը` իհարկե, առավելագույնս ջանալով պահպանել այն ճարտարապետական լուծումները, որոնք ուրույն տեսք էին տվել այս կառույցին:

 

Սեմինար

ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՐԱՎՄԱՆ

Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը 2006 թ. սեպտեմբերի կեսերին անցկացրեց «Լրագրությունը եւ տրավման» թեմայով սեմինար, որը կազմակերպվեց վաշինգթոնյան «Dart» կենտրոնի հետ համատեղ:

Սեմինարը նախատեսված էր այն լրագրողների, ինչպես նաեւ հոգեբանների եւ սոցիալական աշխատողների համար, որոնք լուսաբանում են աղետներ, վթարներ, սպանություններ, ինքնասպանություններ, զինված հակամարտություններ եւ իրենց առօրյա աշխատանքում գործ են ունենում հոգեկան տրավմայի ենթարկված մարդկանց հետ` աղետների ենթարկվածներ, զոհերի հարազատներ, փախստականներ, մահացու հիվանդություններով ապրող մարդիկ, պատերազմների վետերաններ եւ այլն:

Զեկուցումներով հանդես եկան «Dart» կենտրոնի խորհրդի պատվավոր նախագահ, հոգեբան Ֆրանկ Օքբերգը, «Բալթիմոր Սան» թերթի նախկին թղթակից, Վիետնամի պատերազմը լուսաբանած լրագրող Առնոլդ Այզեքսը, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը եւ այլք:

Սույն ծրագիրը նախատեսում է հետագա համագործակցություն «Dart» կենտրոնի հետ: Մասնավորապես, հետաքրքիր թեմաների առաջարկության դեպքում կենտրոնը կարող է ֆինանսավորել ոչ ծավալուն հոդվածների պատրաստումը:

ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

————————————————————————————–

Սահմանադրական

ԿԱՐԵՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ. «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ, ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՄԻՋԻ ՎՐԱ»

Սահմանադրության նախագիծն արդեն քննարկվում է Ազգային ժողովում: Աշնանային նիստերից մեկում խորհրդարանը կհաստատի վերջնական նախագիծը, որն էլ կդրվի համաժողովրդական քվեարկության: Այսօր էլ, մեր տեղեկություններով, խորհրդարանական ուժերը պատրաստում են իրենց դիտողություններն ու առաջարկությունները, որոնք կներկայացվեն Սահմանադրական հանձնաժողովին: Շարունակելով ներկայացնել արցախյան քաղաքական ուժերի դիրքորոշումն այս հարցում, «Դեմո»-ն դիմեց «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ, «Հելսինկյան նախաձեռնություն-92» հասարակական կազմակերպության համակարգող Կարեն ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ, խնդրելով պատասխանել Սահմանադրությանն առնչվող հարցերին:

– Պարոն Օհանջանյան, Դուք արդեն ծանոթացե՞լ եք Սահմանադրության ներկայացված նախագծին: Եթե այո, ապա, ըստ Ձեզ, ապահովվա՞ծ են նախագծում մարդու իրավունքներն ու ազատությունները:

– Ես ծանոթացել եմ նախագծին, եւ առաջին հայացքից այն բավականին լուրջ է թվացել: Համենայնդեպս, իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ քաղաքացիների պարտականությունները բավականին լայն են ներկայացված: Իհարկե, իմ այս կարծիքը միայն առաջին տպավորությամբ է, մինչդեռ ներկայացված փաստաթուղթը շատ ավելի ուշադիր եւ մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում: Ես՝ որպես հասարակական կազմակերպության ղեկավար եւ կուսակցության նախագահ, պատրաստվում եմ լայնընդգրկուն քննարկումներ կազմակերպել կուսակցության անդամների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: «Կլոր սեղանների» ընթացքում մենք կընդհանրացնենք մեր առաջարկները եւ կներկայացնենք դրանք պետական համապատասխան մարմիններին այն ակնկալիքով, որ դրանք նկատի կառնվեն մինչեւ  նախագիծը  հանրաքվեի դնելը:

– Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված Սահմանադրության ընդունման գործընթացը կոնկրետ այս պահին:

– Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է, թեև հարկ է նշել, որ գոյություն ունեն զարգացած ժողովրդավարական երկրներ, որոնք շատ հանգիստ ապրում են առանց Սահմանադրության: Սակայն ԼՂՀ-ի համար, որը չճանաչված երկիր է, Սահմանադրության ընդունումը կարող է մեկ անգան եւս վերահաստատել երկրի ժողովրդավարական ուղղվածությունն ու մեր նպատակները: Եւ դա, անտարակույս, կնպաստի, որ առաջադեմ մարդկությունը առավել համակրանքով վերաբերվի մեզ: Բացի այդ, Սահմանադրության մեջ կամրագրվեն մեր բոլոր ձեռքբերումները, ներառյալ պետական եւ ժողովրդավարական շինարարության արդյունքները, ինչպես նաեւ քաղաքացիական ազատությունների երաշխիքները:

Նման կարգի փաստաթուղթը, դրական քվեարկության դեպքում, կարող է պարտադրող լինել ԼՂՀ բոլոր քաղաքացիների համար: Դա դրական ազդեցություն կունենա եւ քաղաքացիների կյանքի, և պետության իմիջի վրա:

————————

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԵՏՔ Է ԱՄՐԱԳՐՎԵՆ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

KarabakhOpen.com-ի հարցազրույցը ՀՅԴ Արցախի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանի հետ

– Ծանոթացե՞լ եք ԼՂՀ Սահմանադրության նախագծին: Ձեր կարծիքով, որքանո՞վ է հավասարակշռված պետական կառավարման համակարգը:

– ԼՂՀ Սահմանադրության նախագիծն արդեն մտել է Ազգային ժողով, որոշակի աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել: Բնականաբար,  ՀՅԴ-ն քննարկել է այդ նախագիծը, սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին կամփոփենք մեր տեսակետը եւ առաջարկությունները մեր պատգամավորական խմբի միջոցով կներկայացնենք Ազգային ժողով: Սահմանադրությամբ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների միջեւ բալանսը, ըստ մեզ, բավարար չէ: Մասնավորապես՝ գործադիրի առավելությունը հստակ երեւում է: ՀՀ Սահմանադրության մեջ այդ բալանսը ինչ-որ չափով պահպանվում է:

ՀՀ Սահմանադրությամբ խորհրդարանի մեծամասնությունն է նշանակում վարչապետին, իսկ մեր նախագծով` նախագահը: Ինչն է վատ, որ նախագահն է նշանակում: Անշուշտ, եթե ՀՀ-ում քաղաքական դաշտը գտնվում է կայացման փուլում, ապա Ղարաբաղում այն ձեւավորման փուլում է: Այս առումով սա մեկ հարված եւս է, որ քաղաքական դաշտը մնա միշտ էլ ձեւավորման փուլում: Իսկ Ղարաբաղի նման պետության համար շատ կարեւոր է քաղաքական դաշտի կայացումը:

– Որքանո՞վ է նախագիծը երաշխավորում պետության ներքին եւ արտաքին անվտանգությունը:

-Նախագծում մի քանի դրույթներ դուրս են մնացել: Ինչպես գիտեք, մենք բազմիցս նշել ենք, որ ազատագրված տարածքների հարցը պետք է անպայման իր իրավական ամրագրումն ունենա Սահմանադրությունում, որը բացակայում է: Ամրագրումը շատ կարեւոր է մի քանի առումներով: Այսօր որոշակի տարածքներ իրավականորեն գտնվում են Ղարաբաղից դուրս: Դրա համար մենք առաջարկել ենք ԱԺ խումբ-խմբակցություններով միանալ եւ մեկ իրավական ակտ կազմել:

Մեր երկրի ազգաբնակչության մի մասը, որն ապրում է այդ ազատագրված տարածքներում, փաստորեն, իրավական ոչ մի հիմք չունի: Իսկ որ շատ անգամ խոսում ենք, որ վերաբնակեցման գործընթացը դանդաղ է ընթանում, գո՞ւցե հենց պատճառը դրանումն է: Մարդն ապրում է այդ տարածքում եւ չգիտի, թե այն իրավականորեն Ղարաբաղին է պատկանում, թե՝ ոչ: Հետո էլ, պատերազմի հետեւանքով մեր տղաների արյամբ գծվել են մեր սահմանները եւ մենք պարտավոր ենք տեր կանգնել այդ սահմանին, որը մեր անվտանգության հիմնական երաշխիքն է: ՀՅԴ-ն էլ է կողմ բանակցային գործընթացին, բայց դա չպետք է վերաբերվի ազատագրված տարածքներին:

Եթե սրանից 5 տարի առաջ տարածքների մասին խոսելը հանցագործություն էր, այժմ այն մոդա է դարձել:

– Ինչպե՞ս եք գտնում, նախագծում ապահովվո՞ւմ են մարդու իրավունքներն ու ազատությունները: Չե՞ք գտնում, որ նախագիծը գրված է ռազմական դրության ռեժիմի համար:

– Սահմանադրությունը, որը երկրի հիմնական օրենքն է, ընդունվում է անկախ նրանից՝ ռազմական դրությո՞ւն է երկրում, թե՞ ոչ: Պետք է ուղղակի նշվի, թե ռազմական դրության դեպքում որ կետերը կգործեն եւ որոնք՝ ոչ: Ռազմական դրության ժամանակ ամեն ինչ պետք է կանոնակարգվի եւ որոշակի սահմանափակումներ հնարավոր է լինեն: Դա աշխարհում ընդունված նորմ է:

———————

ՀՐԱՆՏ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ. «ԳՏՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ՀԱՄԱՐ ՉԷ, ՈՐ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ ԴՐԱԽՏ ԴԱՐՁՆԻ, ԱՅԼ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ՈՐ ԱՅՆ ԴԺՈԽՔ ՉԴԱՐՁՆԻ»

Մեր հարցազրույցը ԼՂՀ կոմունիստական կուսակցության ղեկավար Հրանտ Մելքումյանի հետ

– Պարոն Մելքումյան, ինչպիսի՞ն է ձեր կուսակցության դիրքորոշումը Սահմանադրության նախագծի վերաբերյալ: Ունե՞ք կոնկրետ առաջարկներ:

– Քանի որ ես սահմանադրական հանձնաժողովի անդամ եմ, ուստի կուսակցության    դիրքորոշումներն արտահայտվել են սահմանադրական հանձնաժողովի նիստերում: Համարյա բոլոր հարցերը, որոնք բարձրացվել են մեր կողմից, ընդունվել են, բացի մեկից, որի ընդունումն, իմ կարծիքով, անհրաժեշտ է: Խոսքը վերաբերում է ԼՂՀ քաղաքացիների աշխատանքի իրավունքին: Անգամ համաձայնվել եմ նախագծում մտցնել այսպիսի տարբերակով՝ ԼՂՀ քաղաքացիներն ունեն աշխատանքի իրավունք, որը կարգավորվում է հատուկ օրենքներով, բայց դա  էլ չի անցել: Ընդունված առաջարկները հիմնականում սոցիալական հարցերի հետ էին կապված:

Իհարկե, մենք Սահմանադրության յուրաքանչյուր մի մանրուք պետք է լավ պատկերացնենք ու ճիշտ ամրագրենք: Գտնում եմ, որ պետությունը նրա  համար չէ, որ մեր կյանքը դրախտ դարձնի, այլ նրա համար, որ կյանքը դժոխք չդարձնի:

Իհարկե, մեր Սահմանադրությունը պետք է տարբերվի մյուս պետությունների սահմանադրություններից, հաշվի առնելով Ղարաբաղի ներկայիս «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակը, աշխարհաքաղաքական դրությունը:

– Ձեր կարծիքով, նախագիծն ապահովու՞մ է իշխանության թևերի իրավասությունների հավասարակշիռ բաժանումը: Որքանո՞վ եք ճիշտ համարում այն, որ վարչապետին նշանակի ոչ թե խորհրդարանը, այլ Նախագահը:

– Կարելի է ասել՝ եւ ապահովում է, եւ՝ ոչ: Խոսքը եթե վերաբերում է դատական իշխանությանը, ապա ամեն ինչ նորմալ է: Սակայն կա մեկ երեւույթ. խորհրդարանի քաղաքական ուժերը դեմ են արտահայտվում, որ վարչապետին պետք է նախագահը նշանակի:

Իմ կարծիքով, տարբերություն չկա, թե ով է նշանակում վարչապետին: Եթե խորհրդարանը չի ուզում տվյալ անձը լինի վարչապետ, ապա Սահմանադրությամբ ամրագրված լծակներով կարող է ազդել, ասենք՝ կառավարության ծրագիրը կարող է չընդունել եւ այլն: Այստեղ ավելի շատ քաղաքական ուժերի էգոիզմն է խոսում, եւ դա ավելորդ քաղաքական հարայ-հրոց է:

Սահմանադրության նախագծում, եթե ծանոթացել եք, ուղղահայաց իշխանությունը երեւում է: Եթե խորը մտածենք, ապա Սահմանադրությունը կարող է դեմոկրատական սկզբունքներին չհամապատասխանի, սակայն մեր դեպքում՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում, այլ հանգամանքներ էլ պետք է հաշվի առնենք: Աշխարհաքաղաքական վիճակից ելնելով, ես այս մեխանիզմները ճիշտ եմ գտնում: Եթե գործադիր իշխանությունը մեկ մարդու ձեռքին չլինի, ապա վաղը կամ մյուս օրը հնարավոր է քաոս ստեղծվի:

Սա համարում եմ անցողիկ Սահմանադրություն, մինչեւ մեր պետության իսկական կայացումը: Սահմանադրությունը բոլոր քաղաքական ուժերը՝ իրենց դիրքորոշումներից ելնելով, պետք է ճիշտ ներկայացնեն ժողովրդին, որպեսզի քվեարկման ժամանակ ժողովուրդը իմանա ինչի համար է քվեարկում, քանի որ Սահմանադրությունը հանդիսանում է ժողովրդի եւ պետության իրավունքների, եւ պարտականությունների հիմնական օրենքը: Սա կարեւոր խնդիր է: Սահմանադրությունը եւս մեկ քայլ է մեր պետության կայացման համար, կասեի նաեւ՝  շատ մեծ քայլ է՝ իր թերություններով հանդերձ:

– Որքանո՞վ կլինեն, Ձեր կարծիքով, երաշխավորված մարդու իրավունքները, եթե ընդունվի Սահմանադրության այս նախագիծը: Հակասություն չկա՞ մարդու իրավունքների ապահովման և ռազմական դրության ռեժիմի միջև:

– Եթե ռազմական դրության մասին օրենքը սկսում է գործել, ապա մարդու իրավունքների մասին խոսելը ինչ-որ տեղ տարօրինակ է դառնում: Իսկ, ընդհանրապես, մարդու իրավունքները՝ ողջ կոնտեքստով, որ ներկայացված են  նախագծում, կասեի երաշխավորված են, այն հիմնականում համապատասխանում է ՀՀ Սահմանադրության նույն դրույթներին:

Իսկ ինչ վերաբերում է հակասությանը, ապա եթե ռազմական դրության մասին օրենքը չգործի՝ հակասություն չի լինի:

– Նախագծում, ըստ կուսակցության, պե՞տք է ամրագրվեն ԼՂՀ փաստացի սահմանները:

– Կա «Վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենք, որով կարգավորվում են այդ բոլոր հարցերը: Ես համաձայն եմ, որ սահմանները պետք է ամրագրվեն, նախագահը պետք է երաշխավորի այդ սահմանների անձեռնմխելիությունը, բայց այսօր, աշխարհաքաղաքական այս պայմաններում, ամրագրել սահմանները, իմ կարծիքով, անիմաստ է:

– Ի՞նչ եք կարծում, Սահմանադրության ընդունումը կապվա՞ծ է հաջորդ տարի նախատեսվող նախագահական ընտրությունների հետ:

– Նախագահն այդ պաշտոնը զբաղեցնում է 5 տարի, եթե պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, նախագահական ընտրություններ պետք է անցկացվեն՝ անկախ Սահմանադրության ընդունումից: Ի՞նչ կապ ունի Սահմանադրությունը դրա հետ: Կարծում եմ, ոչ մի կապ էլ չունի, ի վերջո՝ մեկը պետք է, չէ՞, այդ Սահմանադրության տակ ստորագրի:

Հարցազրույցը վարեց Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

—————————————————————————————-

Համահայկական

ԱՐԱՄ Ա-Ն ՀԱՄԱՄԻՏ ՉԷ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ հնչած ելույթներից շրջադարձորեն, կարելի է ասել 180 աստիճանով Ռոբերտ Քոչարյանի ելույթից տարբերվում էր Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի ելույթը: Միայն նրա ելույթն էր, որ արժանացավ երկարատեւ եւ բուռն ծափահարությունների եւ եթե Վարդան Օսկանյանը չընդմիջեր` հայտարարելով հաջորդ ելույթ ունեցողի անունը, ապա ծափահարությունները շատ երկար կտեւեին:

Արամ Ա-ն նախ նշեց, որ նախորդ երկու համաժողովները ավելի շատ զգայական եւ ոչ հստակ խնդիրներ առաջադրող հիմքի վրա անցկացվեցին եւ հույս ունի, որ այս համաժողովը նույն ճակատագրին չի արժանանա: Ի տարբերություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Արամ Ա-ն իր ելույթի շեշտը դրեց ինքնաքննադատության վրա` նշելով, որ Հայաստան-Սփյուռք գործակցությունը միայն ու միայն պիտի ծառայի ժողովրդի բարօրության, բարգավաճման եւ զարգացման համար` կենսական պայմանների ստեղծումով: Պաշտոնական Հայաստանը հաճախ է լսեցնել տալիս երկրի տնտեսական աճի մասին, ասում է կաթողիկոսը եւ մտահոգ նշում, որ իրենք իզուր են փնտրում այդ աճի աղբյուրները եւ անդրադարձը ժողովրդի մակարդակի վրա, ընդ որում, ողջ երկրի տարածքով. «Եթե իրապես աճ կա եւ կհավատանք, որ կա, ինչու՞ այդ արդյունքը չի զգացվում նաեւ ժողովրդի մակարդակի վրա եւ բոլոր շրջաններում հավասարապես»: Կաթողիկոսը գտնում է, որ հստակ ծրագրեր չեն ներկայացնում թե հայաստանյան մարմինները, թե Սփյուռքը:

Նա նաեւ մասնավորապես նշեց, որ նման համաժողովները կարեւոր են դառնում միայն այն դեպքում, երբ կան փոխադարձ հանձնառություններ, պարտավորություններ եւ հստակ դերակատարողներ, նաեւ փոխադարձ վստահություն, որը կարեւոր գործոն է Հայաստան-Սփյուռք կապի առավել խորը զարգացման ու գործընթացի հարատեւման համար: Ինչ վերաբերում է Սփյուռքի կողմից ներդրումներ սպասելուն, կաթողիկոսը վստահ է, որ Սփյուռքը ավելին կարող է տալ, սակայն դա կախված է նաեւ Հայաստանի իշխանություններից, թե որքանով են նրանք իրագործում երկրի առջեւ ծառացած խնդիրները:

«Ա1+»

 

ԼՂ-ն ՔԱՇՎԵՑ

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովում քննարկվող ծրագրերը լուրջ դժգոհություն են առաջացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամում:

Խնդիրն այն է, որ գյուղական աղքատության վերացման ծրագրում Ղարաբաղը ընդհանրապես ներկայացված չէ, այսինքն` այդ ծրագրի շրջանակներում հավաքված գումարներից Ղարաբաղի գյուղերին բաժին չի հասնելու: Բայց սա, իհարկե, դժգոհության հիմնական առիթը չէ: Ընդհանրապես, Ղարաբաղում իրականացվող ծրագրերի ֆինանսավորման առյուծի բաժինը իր վրա է վերցնում «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ու հիմնադրամի ներկայացուցիչներն էլ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի ընթացքում գլխի են ընկել, որ այս նոր ծրագրի ֆինանսավորումը իրականացնելու են այն մարդիկ, ովքեր դոնոր են հանդիսանում համահայկական հիմնադրամի համար ու, բնական է, որ նոր ծրագրի մեկնարկից հետո այդ մարդիկ չեն կարող պահպանել նախկին նվիրատվությունների չափերը, ու շատ հավանական է, որ կա°մ հիմնադրամին տրվող գումարները կպակասեցնեն, կա°մ էլ ընդհանրապես կզբաղվեն միայն գյուղական աղքատության հաղթահարումով: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը եւ, այսպիսով նաեւ Ղարաբաղը, էապես տուժելու են ՀՀ իշխանությունների նոր իդեայի հաշվին, մանավանդ որ շատերն են կարծում, որ այդ նոր իդեան նախընտրական բնույթ ունի:

«Հայկական ժամանակ»

 

3-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՍԸ.
մշակել  հայության գոյամարտի համալիր Համազգային ծրագիր

Խորհրդաժողովը ակնառու կերպով դրսևորեց  հայության հաստատակամ վճռականությունը`  համարժեքորեն դիմակայելով ներկա, շատ առումներով բիրտ և դաժան աշխարհի անողոք մարտահրավերներին, պահպանել իր ազգային ինքնությունը և իր արժանի տեղը գրավել ժողովուրդների ընտանիքում:

Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ:

Ասում են՝ բոլոր խոշոր ճակատամարտերը շահում են սկզբում թղթի վրա: ՈՒրեմն, եթե հայությունը ուզում է շահել իր մահու և կենաց գոյամարտը և շարունակել հազարամյակների իր պատմական երթը, ապա նա պետք է հոգա այն մասին, որպեսզի ունենա այդ հրապուրիչ շահումը սկզբում թղթի վրա, հիմնավորի մաթեմատիկական խստությամբ և ճշգրտությամբ, թե ինչու և ինչպես է այն հնարավոր, այլ կերպ ասած՝ մշակի հայության գոյամարտի համալիր ծրագիր, որը նպատակահարմար է անվանել, հաշվի առնելով նրա կենսական նշանակությունը մեր ժողովրդի ապագայի համար, ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ:

Չնայած Համազգային ծրագիրը կենսական անհրաժեշտություն է, մինչև հիմա այն չի մշակված: Դա նշանակում է, որ հայությունը դատապարտված է առաջ գնալու խարխափելով, մեր հայրենակիցների թանկ զոհողությունների և տառապանքների գնով:

Եթե Համալիր Համազգային ծրագիրը կարող է բախտորոշ դեր խաղալ հայության կյանքում, դառնալ նրա փրկարար ուղեցույցը, ապա ինչո՞ւ այն մինչև հիմա չի մշակված: Ամենից առաջ այն պատճառով, որ առայժմ ամբողջ խորությամբ չի գիտակցված նման ծրագրի իրական անհրաժեշտությունը: Իհարկե, առանձին հրապարակումներում (թերթային, հեռուստատեսային և այլն) խոսվում է հայության գոյամարտի ռազմավարության մշակման, ազգային գաղափարախոսության հիմնավորման անհրաժեշտության մասին,  բայց տպավորությունն այնպիսին է, որ այդ կարծիքները չեն կրում համոզիչ, հստակ և հետևողական բնույթ: Այլ կերպ ասած, առայժմ չի ձևավորված Համազգային ծրագրի մշակման հստակ և հաստատակամ սոցիալական պատվեր:

Գու՞ցե այդպիսի բարձր սոցիալական պատվեր ընկալվի երրորդ խորհրդաժողովը: Նման լավատեսական ակնկալիքի համար հիմք են հանդիսանում խորհրդաժողովում հնչած մի քանի ելույթներ: Նրանց մեջ արտահայտված է հայության տագնապը այն բանի կապակցությամբ, որ իր գոյամարտը չունի լիարժեք տեսական ապահովում, գիտական ուղեկցում: Համազգային ծրագիր մշակելու անհրաժեշտության մասին հստակորեն ասվեց, օրինակ, Հայերի Համաշխարհային Կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի ելույթում:

Բայց եթե նույնիսկ համարենք, որ Համազգային ծրագրի մշակման հստակ սոցիալական պատվեր արդեն ձևավորված է, միևնույն է՝ շարունակում է գործել ևս մեկ,  երկրորդ պատճառը, որի իմաստը հանճարեղորեն պարզ է: Հեշտ է պատկերացնել համալիր Համազգային ծրագրի մշակման ֆանտաստիկ դժվարությունը և բարդությունը. չէ՞ որ նրա առարկան է աշխարհասփյուռ հայությունը, նրա գոյամարտը, որն առնչվում է անսահման բարդության և անսահման քանակության գործոնների հետ: Այն բազմաթիվ հիմնախնդիրները, որոնք կաշկանդում են հայության առաջընթացը, ունեն բարդ միջառարկայական (բազմաառարկայական), միջճյուղային (բազմաճյուղային) բնույթ. նրանց իմաստավորումների և այնուհետև հաջող լուծումների համար անհրաժեշտ է կիրառել գիտելիքներ կառավարման տեսության, տնտեսագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության, փիլիսոփայության և գիտության այլ բնագավառներից: Հայության գոյամարտը այն աստիճանի բարդ երևույթ է, որ նրա մեջ կարելի է տեսնել միայն քաոս, ընկրկել նրա առջև, ապրել անօգնականության և անճարակության դառը զգացում:

Այդ դեպքում ի՞նչ անենք: Ընդունե՞նք մեր անճարակությունը և կամազուրկ լողանք ժամանակի փոթորկուն ծովում՝ հույս փայփայելով, որ պատմություն-ճակատագիրը գթասրտություն կցուցաբերի մեր նկատմամբ և կխնայի մեր նավը: Այդպիսի ամոթալի դատապարտվածության պահվածքը չի կարող, իհարկե, ոգևորել, ուստի պետք է ձեռնամուխ լինել Համազգային ծրագրի մշակմանը: Դա անհրաժեշտ է, նպատակահարմար է մի շատ պարզ պատճառով՝ մենք այլընտրանք չունենք: Դուք պատկերացնու՞մ եք, որ կարելի է մի հասարակ տուն կառուցել, չունենալով նրա նախագիծը: Հայության գլոբալ գոյամարտը առավել ևս անհնար է գրագետ, արդյունավետ վարել, չունենալով համապատասխան հիմնարար ծրագիր: Ուրեմն՝ կամ մենք պետք է ունենանք այնպիսի հիմնարար ծրագիր, որը կդառնա հայության առաջընթացի հուսալի հիմքը, կամ մենք այն չենք ունենա և կդատապարտվենք տանջալից առաջընթացի:

Այստեղ հարկ է նախազգուշացնել մի շատ լուրջ վտանգի մասին: Կարող է այնպես ստացվել, ինչպես դա հաճախ պատահում է, որ մենք զբաղվենք նման ծրագրի մասին անվերջանալի խոսակցություններով, այսինքն՝ խրվենք «մտազեղումների» թավուտում և չկարողանանք դուրս գալ: Ուստի հարկ է ոչ թե սոսկ  քննարկումներ կազմակերպել, հարյուրավոր հոդվածներ գրել, այլ հիմնավորել միանգամայն կոնկրետ գործողությունների ծրագիր:

Տողերիս հեղինակը պատրաստ է ներկայացնել Համազգային ծրագրի հայեցակարգի իր տարբերակը:

Ստեփան ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Պրոֆեսոր, Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր

Ստեփան Գաբրիելյանը մասնակցել է սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայացած 3-րդ համահայկական խորհրդաժողովի աշխատանքներին: Ընթերցողներին ենք ներկայացնում նրա տպավորությունները:

——————————————————————————————

Կենցաղը` գոյամարտ

ԼԻԱԶՈՐՎԱԾ ԹԱԼԱՆ

Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Լուսանկարի այս փաստաթուղթը մենք ձեռք ենք բերել Բերձորում: Ինչպես տեսնում եք, լիազորագրով թույլատրված է «Յուպիտեր» ՍՊԸ-ի տնօրեն Յուրիկ Պետրոսյանին մի քանի բնակավայրերում կիսաքանդ շենքերից ապամոնտաժել երկաթբետոնե կոնստրուկցիաներ` շրջանում շինմոնտաժային աշխատանքներ կատարելու համար:

Մենք փորձեցինք պարզել` արդյոք Քաշաթաղի վարչակազմում որեւէ տեղ նշվա՞ծ է, թե այս ընկերությունը որքան երկաթբետոնե կոնստրուկցիաներ է հանձնել շրջանում շինարարական աշխատանքներ կատարելու համար: «Նման բան երբեւէ չի եղել»,- ասաց վարչակազմի պաշտոնյաներից մեկը, ում անունը նշել չենք կարող: Մեր աղբյուրը նշեց նաեւ, որ այս կազմակերպությունը 1995-ից է նման գործունեություն ծավալել:

Ինչու՞ է առաջացել նման փաստաթղթի անհրաժեշտությունը: Մուշ գյուղում դպրոցն առանց տանիքի էր, կիսաքանդ, սակայն շենքը լավ վիճակում էր, եւ գյուղացիները որոշել էին այն վերանորոգել: Շենքը ծառայելու էր որպես դպրոց, գյուղապետարան եւ հավաքատեղի: Գյուղացիները ոտքի են կանգնել եւ արգելել Յուրիկ Կարապետյանին քանդել շենքը: Վերջինս էլ գնացել է եւ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Համլետ Խաչատրյանից բերել ահա այս լիազորագիրը: Սա իրականում թալանի իրականացման լիազորագիր է: Յուրիկ Կարապետյանը Մուշի գյուղապետարանին որպես փոխհատուցում վճարել է 50 հազար դրամ: Մուշի դպրոցից նա տարել է 150 պանել, որոնք հիմնականում վաճառել է Գորիսում, իսկ այնտեղ մեկ պանելն արժե նվազագույնը 100 դոլար: Թե այդ գումարից որքա՞նն է տրվել Հ. Խաչատրյանին, հայտնի չէ: Յուրիկ Կարապետյանը քանդել է նաեւ Այգեհովիտ գյուղի գինու գործարանի կոնստրուկցիաները: Իսկ գործարանը որոշել էր վերականգնել Թուֆենկյան հիմնադրամը, որը Այգեհովիտ եւ Ուռեկան գյուղերում վերականգնել է 35 հա խաղողի այգիներ: Այժմ խաղողը մթերվում է 70 կմ հեռավորության վրա գտնվող Հադրութի գործարանում: Սա, իհարկե, անհեթեթություն է, երբ թալանվում են կիսաքանդ շինությունները, ջրագծերը, իսկ հետո բյուջեով հատկացումներ են կատարվում շինանյութ ձեռք բերելու, ջրագծեր քաշելու համար:

2005-ի նոյեմբերից սկսվեց Բերձորի գազիֆիկացումը: Այդ նպատակով նախորդ իշխանությունների ժամանակ պահեստավորվել էր մի քանի կմ խողովակ, որը ներառված էր շինարարական աշխատանքների արժեքի մեջ: Հետո պարզվել է, որ վարչակազմի նոր ղեկավար Համլետ Խաչատրյանը դրանք վաճառել է: Քրեական գործ հարուցելու փոխարեն ԼՂՀ կառավարությունը բյուջեով նոր հատկացում է կատարել խողովակ ձեռք բերելու համար:

Նման փաստերը բազմաթիվ են, եւ այս ամենի մասին գիտեն թե° ԼՂՀ-ի, թե° Հայաստանի իշխանությունները: Հավանաբար վերջիններիս Քաշաթաղում տարվող նման քաղաքականությունն անհրաժեշտ է այս տարածքներից մարդկանց հեռացնելու համար: Եվ դա, կարծես թե, հաջողվում է նրանց:

http://www.hetq.am

«Դեմո»-ի կողմից. Սեպտեմբերի 27-ին տեղի  ունեցած ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի առաջին լիագումար նիստում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատգամավոր Վահրամ Աթանեսյանը (ԱԺԿ) հարց ուղղեց հանրապետության վարչապետին, մտահոգություն հայտնելով Քաշաթաղում առկա իրավիճակի կապակցությամբ՝ հղում կատարելով Էդ. Բաղդասարյանի հոդվածաշարին: Վարչապետ Անուշավան Դանիելյանն ի պատասխան նշեց, որ շրջանի վիճակը ներկայումս շատ ավելի լավ է, քան եղել է տարիներ առաջ: Ըստ նրա, նախկին վարչակազմի օրոք շրջանում շատ անօրինություններ են կատարվել, որոնց պատճառը պատշաճ վերահսկողության բացակայությունն էր: Իսկ հիմա, նրա բնորոշմամբ, շրջանը օրենսդրական դաշտ է բերվում: Ինչ վերաբերում է հիշյալ հոդվածաշարին, ապա, Ա.Դանիելյանի կարծիքով, այնտեղ բերված, ասենք թե, հարյուր փաստից միայն 1-2-ն են «ճշտին մոտ»:

Ինչ որ է, մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին, պարզապես նշենք, որ հոդվածաշարում բերվել են բազմաթիվ փաստեր և բազմաթիվ մարդկանց վկայություններ:

 

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ՀԱՐՍԱՆԻՔ ԱՆՈՒՄ

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հայերն ընդհանրապես սիրում են հարսանիք անել՝ հավաքել բարեկամներին, ընկերներին, հարեւաններին ու մի կարգին, ինչպես ասում են՝ «յոթ օր ու յոթ գիշեր» քեֆ անել: Եթե նախկինում հարսանիքները համեմատաբար համեստ էին ու միանման, ապա այսօրվա հարսանիքներն աչքի են ընկնում իրենց ճոխությամբ ու բազմազանությամբ: Մեզ մոտ, օրինակ, հարսանքատերերը փորձում են իրենց հարսանիքում մի նորույթ մտցնել /իհարկե, կրկնօրինակելով հայաստանյան կամ մեկ այլ երկրի հարսանիքների որոշ դրվագներ, ուստի, բնականաբար, այն միայն Ղարաբաղի համար է նորույթ լինում/, եւ այս երեւույթը, կարծես թե, մրցակցություն է առաջացնում ղարաբաղյան հարսանիքների միջեւ:

Իհարկե, յուրաքանչյուրն էլ իր հնարավորության չափով է ձգտում հարսանիք անել, սակայն արդեն սովորական երեւույթ է դարձել, որ ղարաբաղցիներից ոմանք ստիպված են լինում հարսանիքի գումարի զգալի մասը պարտքով վերցնել, քանի որ, ինչպես ասում են, մեր օրերում հարսանիքը թանկ հաճույք է:

Իսկ թե ինչ գումար է անհրաժեշտ մեզ մոտ հարսանյաց հանդեսի ու հարսանիքի հետ կապված հարցերը լուծելու համար, փորձեցինք պարզել փոքրիկ հարցման միջոցով:

Պարզվում է, որ Ղարաբաղում հարսի շորը վարձույթով վերցնելու վճարը 10-130 հազար դրամ է, սակայն մեր հայրենակիցները հիմնականում նախընտրում են 60-70 հազարանոց շորերը: Կան նաեւ մարդիկ, ովքեր նախընտրում են հարսի շորը գնել: Նույնչափ գումար է ծախսվում նաեւ փեսայի շորերը գնելու համար: Հարսանյաց հանդեսի անցկացման համար սրահներն արժեն 70-100 հազար, իսկ վերջերս «Օկեան» հարսանյաց սրահը զեղչեր է սահմանել, եւ սրահը տրամադրվում է 50 հազար դրամով:

Ի՞նչ հարսանիք՝ առանց երաժիշտների եւ թամադայի, որոնց համար նույնպես վճարել է պետք. երաժիշտների համար՝ 100-120, իսկ թամադայի համար՝ 20-25 հազար դրամ:

Հարսանյաց հանդեսը տեսախցիկով նկարահանում են 30-50 հազար դրամով, իսկ մեքենա վարձելու համար պետք է վճարես 25 հազար դրամ: Հարսանիքի զարդը համարվող հարսանյաց տորթն արժե 25-30 հազար դրամ: Էլ չենք խոսում այն մասին, որ սինիների համար էլ է փող պահանջվում: Մեր ուսումնասիրությունները  ցույց տվեցին, որ յուրաքանչյուր սինիի տարողությունը, միջին հաշվով,  արժե մոտ 10 հազար դրամ, իսկ մի քանի տասնյակ հազար էլ արժեն տարոսիկները, հարսանյաց բաժակները, մոմերը, ծաղկեփունջը եւ այլն: Հարսանյաց սեղանի ծախսերն էլ մոտավորապես կազմում են 1000-1400 դոլար /սա այն դեպքում, երբ խնամիները  հարսանիքը միասին են  անցկացնում/:

Այսպիսով, պարզվում է, որ հարսանիքի համար առնվազն 800 հազարից մինչեւ 1 մլն դրամ գումար է պետք, ինչի հնարավորությունը, հասկանալի է, արցախցիներից ոչ բոլորն ունեն: Հենց դա է պատճառը, որ շատ զույգեր հարսանիք չեն անում եւ փոխարենը նախընտրում են ավելի քիչ գումարով ճամփորդության մեկնել: Իսկ կան նաեւ երիտասարդ տղաներ, ովքեր ստիպված են լինում աղջիկ փախցնել, որի մասին, սովորաբար, զույգը նախօրոք պայմանավորվում է:

Ասում են, մրցակցությունը միշտ էլ նպաստում է ոլորտի զարգացմանը, սակայն, արի ու տես, որ այս յուրահատուկ ոլորտում նորույթների ու ճոխությունների համար մրցակցությունը բավականին դժվար վիճակի մեջ է գցում ամուսնության պատրաստվող զույգերին, մանավանդ նրանց, ովքեր ճոխ կամ գոնե միջին հարսանիք կազմակերպելու հնարավորություն չունեն: Գո՞ւցե արժե վերջ տալ այդ մրցակցությանը, որպեսզի հարսանիքը բոլորի համար մատչելի լինի, եւ որպեսզի կարողանան «կարգին» ուրախանալ բոլոր զույգերը…

——————————————————————————————-

Նամականի

ՎԵՐՀԻՇԵՆՔ ՄՈՌԱՑՎԱԾԸ ԱՐՄԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

21-րդ դարը համարվում է տեխնիկայի դար եւ օրեցօր, տարեցտարի մեր առօրյայում սկսում ենք ավելի շատ տեղ հատկացնել ժամանակակից տեխնիկային: Ժամանակի ընթացքում ավելի են մեծանում համակարգիչների, ինտերնետի կիրառության ծավալներն ու ոլորտները: Ինտերնետի (համացանցի) միջոցով ամեն ոք վայրկյանների ընթացքում կարող է տեղեկանալ այն ամենին, ինչ կատարվում է աշխարհի բոլոր ծագերում: Ինտերնետի միջոցով մենք ստանում ենք մեծածավալ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է մարդուն՝ մտահորիզոնը ընդարձակելու համար: Բազմաթիվ հարցումները ցույց են տվել, որ հենց ինտերնետն է հանդիսանում մարդկանց /հատկապես՝ երիտասարդության/ գիտելիքների հիմնական աղբյուրը:

Անշուշտ, դա գովելի երեւույթ է, բայց, այնուամենայնիվ, ցավով պետք է նշել, որ տուժում է տեղեկատվության մեկ այլ, ըստ իս՝ շատ կարևոր աղբյուր: Գիրքը: Որքան էլ տեղեկատվության նոր միջոցներ երևան գան, գիրքը երբեք չպետք է կորցնի իր տեղն ու դերը մարդու կյանքում: Իսկ ինչպիսի՞ն է գրքի դերը արցախցիների կյանքում, ի՞նչ գրքեր են նախընտրում այսօր Արցախում եւ ովքե՞ր… Այս հարցերի պատասխանները ստանալու համար մենք դիմեցինք «Գրքեր» խանութի տնօրեն Սամվել Պետրոսյանին:

Մեր առաջադրած հարցերին տրված պատասխաններից պարզվեց, որ գրքերի պահանջը այնքան էլ մեծ չէ, նրանց գնողների թիվն էլ փոքր է, ինչը, ըստ նրա, կախված է մի քանի հանգամանքներից. մարդկանց գնողունակության ցածր մակարդակ, ժամանակի սղություն կամ էլ պարզապես… անտարբերություն:

Այս ամենը, սակայն, չի նշանակում, որ գիրքն իսպառ կորցրել է իր արժեքը: Իրականում քիչ չեն մարդիկ, ովքեր գնահատում են գիրքն ու նրա դերը իրենց կյանքում: Ինչպես նշեց Սամվել Պետրոսյանը, հիմնականում վաճառվում են ծրագրային ձեռնարկներ, դետեկտիվներ, մանկական գրքեր:

 

ԲԱՌԵՐԸ ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐ ԵՆ

Բառը զենքի պես զգույշ գործածիր

Գեւորգ Էմին

«Գեղահունչ հայերե՞ն, թե՞…» հոդվածում /տես՝ «Դեմո», թ.14/ իրավացիորեն քննադատվում են «Բոգինիա», «Նադեժդա», «Մերկուրի» օտարահունչ գովազդային ցուցանակները. չէ՞ որ կան դրանց հայերեն համարժեք անվանումները: Շրջանային եւ հանրապետական մի շարք թերթերից հայերենին խորթ լեզվամտածողության եւ շարահյուսական-ոճական ձեւակերպումների վերաբերյալ մեջբերումները շոշափելի օգնություն են թերթերի աշխատողներին: Հոդվածագիրը չի զլացել գրելու նաեւ ուղղագրական եւ կետադրական սխալների մասին:

Այժմ մի երկու դիտողություն: Հոդվածում մտահոգություն կա, որ «անկիրթ հայերենով» արտահայտվելու միտումը հետագայում կարող է «սովորական բնույթ» ստանալ: Երկյուղելու հիմքեր չկան: Մեր լեզուն ոչ միայն գեղահունչ է, ոսկեղենիկ, այլ դարերի, հազարամյակների ավերիչ ներգործությանը դիմակայող: Իսկ, այ, բառերի գործածության մասին տեսչության հանձնարարականները միակողմանի, խիստ չափազանցված բնույթ են կրում: Մի՞թե կարելի է լուրջ դեմք ընդունել եւ խորհուրդ տալ, օրինակ, «բուրժուազիա» բառի փոխարեն օգտագործել միջակորեար, ալիբիի փոխարեն՝ այլուրեքություն, ջենտլմենի փոխարեն՝ ազնվայր, բյուջեի փոխարեն՝ ելեւմտացույց, բազալտի փոխարեն՝ սեւակուճ, տրյումոյի փոխարեն՝ կանգուն հայելի, կադրի փոխարեն՝ բնակազմ, էվոլյուցիայի փոխարեն՝ բնաշրջություն եւ այլն, եւ այլն, բոլորը չես թվարկի:

Բառերը գործածվելու հավասար իրավունքներ ունեն, բառի, լեզվի տերը ժողովուրդն է, ազգը եւ ոչ թե առանձին անհատը: Վերջինս կարող է առաջարկել բառը, բայց տարիներ, տասնամյակներ են պետք, որ պարզվի՝ բառը լեզվի կողմից ընդունվե՞լ է, թե՞ չէ: Ոչ ոք ի զորու չէ բառը զոռով գործածության մեջ դնել, դա անհույս, նախապես ձախողման դատապարտված ձեռնարկում է: Տվյալ դեպքում զարմանք է հարուցում լեզվի տեսչության կազմած «լեզվական սխալների ամփոփագիրը». սցենար, ֆոն, պոլիկլինիկա, կատեգորիա, դեկորատիվ, պրոբլեմ, բազա, ռեկորդային բառերը համապատասխանաբար պետք է լինեն՝ բեմագիր, համապատկեր, համաբուժարան, ձեւ, գեղազարդ, խնդիր, հենակետ, մրցանշային: Առաջին շարքի բառերը տեսչության կողմից սխալ համարելն է սխալ է. հին ու նոր բառերը հավասար իրավունքներ ունեն, բառին զոռով կյանքի չես կոչի: Բառերը նման են անկախ ճանապարհորդների. ամեն մեկը, իր տոպրակը ուսովը գցած, ճանապարհ է ընկնում: Իսկ թե ո՞ր բառը «կհաղթի», ո՞րը կընդունվի լեզվի կողմից, դրա համար ժամանակ է պետք:

Մի կարեւոր նկատառում ևս. եթե մեր նախնիները բառերի նկատմամբ մեզ նման վերաբերվեին, ապա մենք տարբեր լեզուներից փոխառնված բառեր չէինք ունենա: Ըստ Հ.Աճառյանի՝ հայերենի արմատական բառերի 30 տոկոսը փոխառնված է պարսկերենից: Մտքներովդ կանցնի՞, որ «պատասխան» բառը պարսկերեն է: Ընդհանրապես, բոլոր լեզուներին հատուկ է փոխառությունը: Ռուսերենում փոխառյալ բառերը շատ ավելին են, քան հայերենում, բայց ռուսները այս առիթով ամենեւին էլ չեն անհանգստանում:

Հենրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

«ՍԵՐՄՆԱՑԱՆՆԵՐԸ ՉՎԵՐԱԴԱՐՁԱՆ…»

Շատ հաճախ է արծարծվում այն հարցը, թե ինչու Հայաստանում կամ այլ երկրներում ուսանող արցախցի երիտասարդներից շատերը, սովորելով թե պետպատվերով և թե վճարովի համակարգերում, ուսումն ավարտելուց հետո այդպես էլ հայրենիք չեն վերադառնում՝ ստացած գիտելիքները կիրառելու հարազատ երկրում: Այնինչ, հայտնի է, որ դրա կարիքը շատ է զգացվում: Ի՞նչն է նրանց ստիպում ապրել ու աշխատել հայրենիքից դուրս, ինչու՞ հետ չեն վերադառնում: Այս և նման այլ ցավոտ հարցերի պատասխաններն իմանալու համար փորձեցի դիմել Հայաստանի  բուհերում սովորող արցախցի ուսանողներին, որպեսզի նրանք բացատրեն նման պահվածքի պատճառները:

Առաջադրեցի հետևյալ հարցերը՝

-Ձեր կարծիքով, ինչու՞ շատերն ուսումն ավարտելուց հետո հայրենիք չեն վերադառնում:

-Դուք անձամբ կվերադառնա՞ք:

-Չե՞ք կարծում, որ հմուտ մասնագետների կարիք Արցախն ավելի շատ է զգում:

Արմինե ՊԵՏՐՈՍՅԱՆ /ԵրՊՀ, համաշխարհային տնտեսագիտություն/

– Այստեղ աշխատանքի ասպարեզում չկայանալու վախ կա, իսկ, ասենք, կոնկրետ Հայաստանում լավ աշխատանք գտնելու հնարավորությունը մեծ է: Նշեմ նաև, որ հաճախ լավ սովորողները դեռևս ուսման ընթացքում անգամ արտասահմանից են աշխատանքի հրավերներ ստանում: Բացի այդ, չվերադառնալու պատճառ է նաև տվյալ երկրում ամուսնանալը:

-Անշուշտ, ես կվերադառնամ: Ծրագրեր ունեմ, որոնք կցանկանայի իրագործել այստեղ:

-Իհարկե, մասնագետների կարիք Արցախն ավելի շատ է զգում, չէ՞ որ այն միայն վերջին տարիներին է սկսել զարգանալ և իսկապես մեր օգնությամբ ավելի բուռն կլինի նրա բարգավաճումը: Սակայն մի բան է զրոյից սկսելը, մեկ այլ բան՝ արդեն կայացած վայրում աշխատելը:

Զարինե ԲԱՂՄԱՆՅԱՆ /ԵրՊՀ, ճարտարապետական միջավայրի դիզայն/

-Չվերադառնալու պատճառներից մեկն այն է, որ մասնագետի աշխատանքն այստեղ ըստ արժանվույն չի գնահատվում:

-Կցանկանայի ավարտելուց հետո ապրել Արցախում, բայց հիմնական աշխատանք ունենալ Հայաստանում:

-Եթե մասնագետների կարիք կա, չեմ հասկանում, թե ինչու ավարտած ու վերադարձածներից շատ-շատերը մինչեւ հիմա անգործ են:

Գոհար ՆԵՐՍԻՍՅԱՆ /ԵրՊՀ, միջազգային հարաբերություններ/

-Պետպատվերով սովորող ուսանողներին պետք է երաշխավորեն, որ վերադառնալուց հետո իրենց գիտելիքներին ու կրթությանը հարիր աշխատանք կտան: Սակայն վերադառնալուց հետո շատերը հարմար աշխատանք չեն գտնում, այնինչ, մնալով՝ կարող են աշխատանքի անցնել և Հայաստանում, և արտերկրում:

-Այստեղ սովորական աշխատանքով չեմ բավարարվի, իսկ եթե լուրջ աշխատատեղ լինի՝ իհարկե, կվերադառնամ: Հակառակ դեպքում, կմնամ ու կաշխատեմ այստեղ: Հայաստանում Արցախի ներկայացուցչություն կա, հաճույքով կաշխատեի այնտեղ:

-Գուցե մասնագետների կարիք կա, բայց անձամբ ես չեմ ուզում իմ ստացած գիտելիքներով հանդերձ ապագայում վերադառնալ ու աշխատել, ասենք, որպես թարգմանչուհի:

Նարինե ԴԱՆԻԵԼՅԱՆ /ԵրՊՀ, ընդհանուր բժշկություն)

-Տեղի հիվանդանոցներում տեխնիկայի բացակայությունը, անսարքությունն ու անհարմարությունն է պատճառ հանդիսանում, որ բժշկի վկայական ունեցողները նախընտրում են չվերադառնալ:

-Նախ նշեմ, որ ես վճարովի համակարգում եմ սովորում եւ ազատ եմ ընտրության մեջ՝ մնա՞լ, թե՞ վերադառնալ: Թերեւս, եթե լավ աշխատանք գտնեմ, կմնամ այստեղ:

-Մասնագետների կարիքը մեծ է: Բայց ինչպես ասում են՝ մի ձեռքը ծափ չի տալիս: Միայն գիտելիքները բավարար չեն՝ մարդուն բուժելու համար: Այստեղ շատ կարեւոր դեր ունեն նաև սարքավորումները: Էլ չեմ խոսում այստեղ կիրառվող վիրահատական մեթոդների մասին, որոնք կոնկրետ Հայաստանի մակարդակով վերցրած վաղուց արդեն հնացել են:

Հնչված պատասխանները տարբեր են՝ թե իրենց բնույթով և թե կարծիքների բազմազանությամբ, բայց ընդհանուր է այն, որ յուրաքանչյուրի մոտ էլ ձգտում կա վերադառնալու, թեեւ նաև սքողված կասկած կա՝ չկայանալու, չգնահատվելու…Իրավացի՞ են նրանք՝ դատեք ինքներդ:

Անի ԱՎԱՆԵՍՅԱՆ

——————————————————————————————-

Պատմություն

ԲՈՐԻՍ ԿԵՎՈՐԿՈՎԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Ղարաբաղի նախկին ղեկավարը իր ժամանակի զավակն էր:

1993 թվականին Բաքվի Բաիլովի բանտից հոգեպես սպանված Բորիս Կեւորկովին ղարաբաղյան ուժերի մոտ պատանդված մի ադրբեջանցու հետ փոխանակելու նպատակով հասցնում են Ֆիզուլիի շրջան: Պատանդների փոխանակման հարցերով խառը հանձնաժողովի անդամների միջոցով Կեւորկովը դիմում է Լեռնային Ղարաբաղի իշխանավորներին (որոնցից շատերը ժամանակին իր ենթակայության տակ էին աշխատել)՝ խնդրելով իրեն փոխանակել: Հետեւում է պատասխանը՝ Կեւորկովն արժանի չէ գթասրտության:

Իրականում՝ Կեւորկովը Ղարաբաղը միանձնյա ղեկավարելու տարիներին շատ շատերին էր դառնություն պատճառել: Ժամանակակիցների վկայությամբ՝ Կեւորկովը եղել է ամբարտավան, մարդկանց հետ շփումներում՝ չարդարացված կերպով կոպիտ: Նա վայելել է Հեյդար Ալիեւի անվերապահ վստահությունն ու աջակցությունը:

1975թ. մարտին, Կեւորկովի Լեռնային Ղարաբաղ գալուց մեկուկես տարի անց, տեղի է ունենում ԼՂԻՄ մարզխորհրդի պլենումը, որը մեծ աղմուկ է առաջ բերում: Կեւորկովի զեկույցը, որում խիստ քննադատություն էր հնչել բոլոր նրանց հասցեին, ովքեր կանգնած են եղել ղարաբաղյան շարժման ղեկավար շարքերում, առաջ է բերում Ղարաբաղի հայերի եւ Հայաստանի խիստ դժգոհությունը:

«Լեռնային Ղարաբաղում Կեւորկովի պաշտոնավարության առաջինից մինչեւ վերջին օրը ես անդադար շփվել եմ նրա հետ, ինչն ինձ թույլ է տալիս պնդելու, որ նրա հետագա գործողություններն ուղղված էին իր անունը վերականգնելուն, ինչը նրան այդպես էլ չհաջողվեց»,- գրում է Վլադիմիր Թովմասյանը, ով երկար տարիներ եղել է ԼՂԻՄ ժողվերահսկողության մարզային կոմիտեի նախագահ, իսկ հետագայում աշխատել Ռոբերտ Քոչարյանի հետ, երբ վերջինս ՊՊԿ ղեկավարն էր:

ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղարի հետ շփված հայ պաշտոնյաները նրան բնութագրում են հակասական, հիմնականում՝ բացասական գնահատականներով:

«Կեւորկովի կերպարը լավ հասկանալու համար պետք էր հաշվի առնել ոչ միայն նրա անձը, այլեւ՝ թե ինչ պաշտոն էր զբաղեցնում եւ ինչ պայմաններում աշխատում: Նա անում էր ավելին, քան իրենից պահանջում էին Բաքվում, այդ պատճառով նա Ղարաբաղի համար վտանգավոր մարդ էր: Մյուս կողմից՝ Կեւորկովն իր քայլերով ակամա օգնեց, որ ղարաբաղյան շարժումն ինչ-որ տեղ նաեւ կանոնակարգվի: Երբ ստորագրահավաքը թափ էր հավաքում, նա մարզկոմ էր կանչում խոշոր ձեռնարկությունների տնօրեններին եւ նախատում, թե ինչու են թույլ տալիս իրենց կոլեկտիվներում ստորագրահավաք կատարվի»,- հիշում է ԼՂԻՄ-ում մեծությամբ երկրորդ խոշոր ձեռնարկության՝ կոշիկի գործարանի տնօրեն Վասիլի Աթաջանյանը:

Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում 1988թ. փետրվարի 8-ին տեղի է ունենում ակտիվի ժողով եւ ընդունվում է դեկլարացիա՝ Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելու մասին:

«Հաջորդ օրը ինձ իր մոտ զրույցի կանչեց Կեւորկովը: Բայց դա զրույց չէր: Նա գոռում եւ հայհոյում էր: Հաջորդ օրերին Ղարաբաղի այլ ձեռնարկություններում եւս տեղի են ունենում նման ժողովներ, ընդունվում են դեկլարացիաներ: Կեւորկովը տեղեկացնում է Բաքվին, եւ արդեն փետրվարի 11-ին Ստեփանակերտ է ժամանում Ադրբեջանի կոմկուսի երկրորդ քարտուղար Կոնովալովը: Հավաքեցին գործարանների առաջին դեմքերին: Կեւորկովը գոռգոռում էր եւ սպառնում, որ քանի դեռ ինքը մարզկոմի առաջին քարտուղարն է, թույլ չի տա Ղարաբաղի միացումը Հայաստանին»,- հիշում է գործարանի տնօրեն Բորիս Առուշանյանը:

Նրան քննադատողներից շատերն ընդունում են, որ Կեւորկովի իշխանության օրոք լուրջ քայլեր են ձեռնարկվել ԼՂԻՄ-ի տնտեսության զարգացման գործում, իսկ 80-ական թվականներից սկսվում են Հայաստանից ԼՂԻՄ-ի թատերական խմբերի, երգչախմբերի, գրողների եւ գիտնականների հաճախակի այցերը, Շուշիի հայկական եկեղեցու, Գանձասարի եւ Ամարասի վանքերի վերականգնողական աշխատանքները: Սրա հետ մեկտեղ, Բաքվի իշխանությունները ձեռնամուխ եղան մարզում ադրբեջանական բնակավայրերի կառուցմանը եւ բարեկարգմանը:

Շարժումն սկսելու ժամանակ Օլեգ Եսայանը եղել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի դոցենտ, պատմության ֆակուլտետի կուսակցական կազմակերպության քարտուղար: Նա ասում է, որ Կեւորկովի ժամանակ ադրբեջանցիները բավականին ամրապնդվեցին Ղարաբաղում:

«Վստահաբար չեմ կարող ասել, թե Կեւորկովն ինչքանով էր այդ ամենն անում գիտակցաբար, բայց որ դա համահունչ էր հանրապետական կենտրոնի կողմից տարվող քաղաքականությանը, միանշանակ է: Զարգանում էին ձեռնարկություններ, որոնք արտաքին էֆեկտի առումով շատ գեղեցիկ էին նայվում. Ստեփանակերտում կառուցվում էին խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, ակտիվանում էր տնտեսական շինարարությունը: Մոտ 40 հազարանոց Ստեփանակերտում բանվորական աշխատատեղերի թիվը հասնում էր 15 հազարի: Սա տնտեսական հարաբերությունների հարթության վրա դրական երեւույթ էր դիտվում, բայց դրա արդյունքում Ստեփանակերտում ադրբեջանցիների թիվը այդ տարիներին բավականին շատացավ՝ հիմնականում Լաչինից եւ մարզկենտրոնի մոտակա ադրբեջանական գյուղերի բնակիչների տեղափոխման հաշվին»,- ասում է նա:

«Շարժման առաջին տարիներին իհարկե ինքը կատարում էր Բաքվի հանձնարարությունը՝ ամեն կերպ ճնշել շարժումը, եւ իմ տեղեկություններով՝ նա չէր հավատում, որ ժողովուրդը մինչեւ վերջ կկանգնի եւ բոլորովին չէր կանխատեսում Խորհրդային Միության կործանումը, չէր հավատում, որ հնարավոր էր ղարաբաղյան հարցին լուծում տալ: Ինքն այդ մասին հետագայում արտահայտվել է որոշակի շրջանակում»,- շարունակում է Եսայանը, բայց մյուս կողմից ընդունում, որ Կեւորկովի ժամանակ աշխուժացան Հայաստանի հետ մշակութային շփումները:

Խորհրդային Հայաստանի վերջին վարչապետներից Ֆադեյ Սարգսյանը Կեւորկովի մասին բացասական կարծիք ունի: «Ինչքանով ես եմ տեղյակ, նա Կարեն Դեմիրճյանի հետ հանդիպել է մեկ կամ երկու անգամ, ինձ հետ էլ՝ ընդամենը մեկ-երկու անգամ: Նա Հայաստանի հետ չուներ բարեկամական հարաբերություններ: Կեւորկովը ցանկության դեպքում կարող էր մեզ հետ էլ հարցեր լուծել, մեզ երբեք չի դիմել եւ ոչ մի հարցով»,- ասում է նա:

Վլադիմիր Թովմասյանը համամիտ է: «Որեւէ հորդոր կամ խորհուրդ ի զորու չեղան համոզելու Կեւորկովին՝ Հայաստան այցելելու եւ նրա ղեկավարության հետ շփումներ հաստատելու անհրաժեշտությունը: Ավելին, երբ որեւէ միջոցառման հետ կապված Երեւան էին հրավիրվում անդրկովկասյան հանրապետությունների եւ Ղարաբաղի ղեկավարները, Կեւորկովը չմեկնելու պատրվակ էր գտնում՝ իր փոխարեն ուղարկելով մարզի ղեկավարներից որեւէ մեկին»,- նշում է նա:

Թեեւ 14 տարիների ընթացքում Կեւորկովն այդպես էլ չեղավ Հայաստանում, սակայն նա 1980-ականների կեսերից այլեւս ի զորու չէր կամ չէր ուզում խոչընդոտել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ակտիվացող շփումները:

Խորհրդային Միության հոգեվարքի շրջանի Հայաստանի բարձրաստիճան մի պաշտոնյա, ով չցանկացավ իր անունը հրապարակել, պատմում է, որ Կեւորկովը ճոխ հյուրասիրություններ էր կազմակերպում Երեւանից Լեռնային Ղարաբաղ այցելող հյուրերի համար, նրանց ճանապարհում նվերներով: «Մեր պատմագիր վիպասաններից մեկը, ով հաճախ էր մեկնում Ղարաբաղ եւ Կեւորկովից միշտ ստանում նվերներ՝ կարպետներ, Երեւան հասնելուն պես Կեւորկովին անվանում էր թուրք»:

Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ շփումների աշխուժացման առումով շրջադարձային էր Հայաստանի ՊԱԿ-ի ղեկավար Մարիուս Յուզբաշյանի (ով արմատներով Մեծ Շեն գյուղից էր) այցը Ղարաբաղ: Վլադիմիր Թովմասյանը ականատեսի վկայությամբ նկարագրում է մի դեպք այդ այցելությունից, որը տեղի է ունենում հյուրասիրության ընթացքում՝ ԼՂԻՄ ՊԱԿ-ի ղեկավար Դուբրովինի ներկայությամբ, եւ որն ավելի հակասական ու անտրամաբանական է դարձնում Կեւորկովի անձն ու գործունեությունը:

Յուզբաշյանը բաժակաճառ է ասում. «Լինելով հինավուրց հայկական հողում, ես խմում եմ ղարաբաղցիների եւ ողջ հայ ժողովրդի կենացը: Բնականաբար, դա չի վերաբերում արտասահմանում բնակվող դաշնակցականներին եւ նրանց նմաններին»: Կեւորկովը կանգնում է, կոպիտ ձեւով ընդհատում Յուզբաշյանին. «Ես կտրականապես համաձայն չեմ: Ի՞նչ իրավունքով ես մեր ժողովրդին բաժանում հատվածների: Մենք միասնական ժողովուրդ ենք, եւ որեւէ նշանակություն չունի՝ ով որտեղ է գտնվում եւ ինչով զբաղվում»: Կեւորկովի եւ Յուզբաշյանի միջեւ սկսված վիճաբանությունը վերածվում է քաշքշուկի:

Յուզբաշյանի Ղարաբաղ այցի արդյունքները երկար սպասեցնել չեն տալիս: Որոշ ժամանակ անց Ստեփանակերտ է ժամանում Հայաստանում հայտնի մարդկանց մի խումբ, որի կազմում էին Երեւանի քաղխորհրդի նախագահ Մուրադ Մուրադյանը, գրող Վարդգես Պետրոսյանը, «Հայտրանսգազի» գլխավոր տնօրեն Գեորգի Թաթարյանը, «Հայոսկի» միավորման պետ Սաբիր Ստեփանյանը: Այս այցի ընթացքում ամենաուշագրավը Կեւորկովի եւ գրող Պետրոսյանի մի քանի ժամ տեւած առանձնազրույցն էր, որի ընթացքում Վարդգես Պետրոսյանը Հայաստանի ղեկավարության անունից Կեւորկովին առաջարկում է տեղափոխվել Հայաստան կամ որեւէ քայլ չձեռնարկել ընդդեմ ղարաբաղյան շարժման:

Այս պնդումները երկրորդ աղբյուրից ճշտել գրեթե անհնար է, քանի որ Կեւորկովը վախճանվել է, իսկ Յուզբաշյանն ու Պետրոսյանը՝ սպանվել: Թովմասյանը պնդում է, որ Կեւորկովը Շարժման ծավալման մասին չի տեղեկացրել ոչ Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար Քյամրան Բաղիրովին, ոչ էլ Մոսկվայում գտնվող Հեյդար Ալիեւին:

Հենց Հեյդար Ալիեւն էր, ով եղավ մեծահոգի ու վերջ դրեց Կեւորկովի բանտային ստորացումներին ու տառապանքներին, երբ վերջինս հեռացել էր Ղարաբաղից: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս Կեւորկովը հայտնվեց բանտում: 1980 թ. հերթական անգամ Ստեփանակերտ է ժամանում Ալիեւը, հանդիպումներից մեկի ժամանակ ղարաբաղցի կոմունիստները նրան հիշեցնում են, որ Ադրբեջանի Կենտկոմում ԼՂԻՄ-ից ոչ մի հայ չկա: Ալիեւը Կեւորկովին հանձնարարում է. «Ուղարկեք, ում որ ցանկանում եք, ես նրան կվերցնեմ աշխատանքի»: Ընտրությունը կանգ է առնում Վալերի Աթաջանյանի վրա, ով 7 տարի աշխատում է Ադրբեջանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեում, որից մեկուկես տարին՝ Ալիեւի, եւս հինգ տարի՝ Բաղիրովի հետ:

«1988 թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ հայտնի նստաշրջանը, երկու օր անց՝ փետրվարի 22-ին, կենտկոմի տեսուչներին՝ հիմնականում հայ եւ ռուս, Դեմիչեւի եւ Կոնովալովի հետ նույն ուղղաթիռով գործուղեցին Ստեփանակերտ՝ հանձնարարելով անցկացնել մարզկոմի նիստ եւ հեռացնել Կեւորկովին: Մենք անցկացրինք կուսակցության մարզկոմի նիստ, եւ այդ օրվանից ես մնացի Ստեփանակերտում: Փետրվարի 24-ին Հենրիխ Պողոսյանը դարձավ առաջին քարտուղար, Բորիս Մալկովը՝ երկրորդ, ես՝ երրորդ քարտուղար: Եվ Բաքուն, եւ Մոսկվան ուզում էին Կեւորկովին հեռացնել պաշտոնից: Այսինքն՝ փետրվարի 13-ից հրապարակ դուրս եկած ժողովրդին հանդարտեցնելու նպատակով նշանակեցին նոր ղեկավար, բայց այնպիսի մեկին՝ ով ընդունելի կլիներ ժողովրդի համար»,- ասում է Վալերի Աթաջանյանը:

Նույն օրը՝ փետրվարի 24-ին, Կեւորկովը հեռանում է Բաքու, որտեղ, չնայած Ադրբեջանի իշխանությունների սուր քննադատություններին, շարունակվում է բնակվել իր Բաքվի բնակարանում, որն ավելի նման էր տնային աքսորի: 1992թ., երբ ղարաբաղյան հակամարտությունը արդեն մտել էր պատերազմական փուլ, Կեւորկովը պատրաստվում է տեղափոխվել Մոսկվա:

Մոսկվա հեռանալու թույլտվություն ստանալով, Կեւորկովին հենց օդանավակայանում՝ մայիսի 24-ին, մի քանի այլ անձանց հետ ձերբակալում են եւ մեղադրում նախկին նախագահ Մութալիբովի՝ երկրորդ անգամ իշխանության գալը կազմակերպելու, ինչպես նաեւ ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար աշխատած տարիների ընթացքում մարզում հակաադրբեջանական քաղաքականություն վարելու մեջ:

Տարիներ անց նա պիտի պատմեր, թե ինչպիսի ծաղրուծանակի ու ստորացման է ենթարկվել Բաիլովի բանտում: Երեք անգամ, իր իսկ խոսքերով, ենթարկվում է «քաղաքացիական մահապատժի»: Նրան երեք անգամ բերում են կառափնարան եւ «գնդակահարում»՝ կանգնեցնելով մեկ դեմքով դեպի պատը, մեկ՝ դեմքով դեպի իր դահիճները: Կրակում են մարտական փամփուշտներով, բայց՝ շեղ:

Կեւորկովի ստորացված գոյությունը Բաքվում շարունակվում է՝ մինչեւ Ադրբեջանում կրկին իշխանության է գալիս Հեյդար Ալիեւը: Նրանք երկուսն էլ մեկմեկու շատ հարցերում էին պարտական, եւ ի պատիվ Ալիեւի, նա Կեւորկովի համար արեց առավելագույնը: 1993 թ. սեպտեմբերի 27-ին նրա ցուցումով Կեւորկովին ազատում են բանտից: Նա տեղափոխվում է Մոսկվա, որտեղ, ոչ առանց Ալիեւի միջամտության, նրան տրամադրվում է բնակարան, եւ Կեւորկովը տեղի միջնակարգ դպրոցներից մեկում սկսում է ուսուցչություն անել՝ պատմության դասեր տալ:

1988թ. փետրվարին Ստեփանակերտի հրապարակում Կեւորկովին պաշտոնից ազատելու մասին լուրը հավաքված ժողովուրդն ընդունում է ցնծությամբ: Նորանշանակ Հենրիխ Պողոսյանը շնորհակալություն է հայտնում իրեն վստահելու առիթով եւ ժողովրդին խնդրում ցրվել տները, դադարեցնել գործադուլները եւ վերադառնալ բնականոն կյանքի՝ մարզի նոր ղեկավարությանը հնարավորություն տալով ակտիվորեն զբաղվելու ղարաբաղյան շարժման հարցով:

Բայց նախքան հայրենիքից Բաքու հեռանալը (Կեւորկովն արմատներով Ղարաբաղի Մարտունու շրջանից էր), նա այցելում է նաեւ մարզային «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրություն՝ հրաժեշտ տալու լրագրողներին: Տեղի լրագրողներից մեկի հիշողության մեջ մնացել է հրաժեշտի պահը. «Բարձրահասակ եւ հաղթանդամ Կեւորկովին, որից Ղարաբաղում շատ-շատերն էին սարսափում, դիմավորեցին այնպես, ինչպես նա էր ժամանակին շփվում մարդկանց հետ՝ անպարկեշտ, կոպիտ արտահայտություններ, բղավոց: Կեւորկովն անմիջապես շրջվեց եւ հեռացավ: Մուտքի մոտ հասած Կեւորկովն իր հետեւում զգաց իրեն տապալելու պատրաստ լրագրողների ամբոխի շնչառությունը: Նա կանգ առավ, շրջվեց. ամբոխը քարացավ տեղում: Ապա նա հանգիստ շրջվեց ու հեռացավ»:

Բորիս Կեւորկովը ղարաբաղյան շարժման պատմության մեջ մնաց որպես բացառապես բացասական կերպար: Միգուցե, եւ հավանական է, որ հենց դա է մոտ իրականությանը: Անկասկած, նա շատ ու շատ սխալներ է թույլ տվել, բայց նրա ամենաճակատագրական սխալը ժամանակների փոփոխությունը չզգալն էր: Նա, ինչպես եւ շատ կոմունիստներ, այդպես էլ չհասկացան, որ Գորբաչովի գալով, ժամանակներն իրոք փոխվում են: Կեւորկովը վաղաժամ կյանքից հեռացավ՝ 1999թ. դեկտեմբերին, այդպես էլ չտեսնելով իր իսկական հայրենիքն ազատ, ինչին նա միգուցե եւ ձգտում էր: Ասում են՝ Կեւորկովը թողել է ղարաբաղյան անտիպ հուշեր, որոնք պահվում են նրա ադրբեջանուհի կնոջ մոտ:

ԹԱԹՈԻԼ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»

——————————————————————————————

Երեւելիներ

ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

Կյանքի 87-րդ տարում վախճանվեց հայ պոեզիայի թագուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ, հայ ժողովրդի մեծանուն դուստր Սիլվա Կապուտիկյանը: Կորուստն, հիրավի, անլցնելի է, քանզի ստից շնչահեղձ մեր ժամանակներում սակավ են այն ընտրյալները, ովքեր աստվածատուր ձիրքը ծառայեցնում են ժողովրդին ու հայրենիքին: Մինչեւ վերջ նա մնաց ճշմարտության անվեհեր զինվորը՝ սուրը ձեռքին, բարիկադների վրա: Նրա միտքը պայծառ էր, եւ գրիչը բանում էր զօրուգիշեր: Վերջին երկու տարում հրապարակեց մի քանի անուն գրքեր՝ «Էջեր փակ գզրոցներից», «Վերջին զանգ» եւ այլն:

Ս.Կապուտիկյանը բանաստեղծություն ունի նվիրված Սիրանույշին, որի մեջ կան այսպիսի տողեր.

Երբ թուլանում են հանկարծ`
Հոգնած սյուները կամքիս,
Երդումի պես, հույսի պես,
Ես քո անունն եմ տալիս:

Երդումի ու հույսի պես այս տողերի հեղինակի անունը ես հիշեցի 1988-ին, երբ Արցախն ազատագրական շարժման սրբազան հրդեհով բռնկվեց, եւ մեր «հույսի բերդ» Մոսկվան մեզ հուսախաբ արեց:

ԼՂՀ Մարտունու «Փրկության կոմիտեից» զանգահարեցի Երեւան, պաղատագին խնդրելով՝ բարձրացնել իր ազդու ձայնը Արցախի բռնադատված իրավունքները պաշտպանելու համար: Հետո հանդիպեցինք բազմիցս: Զարմանալի պայծառ հիշողություն ուներ եւ մշտապես այրվում էր հանուրի հոգսով:

Իսկական հայ գրիչ՝ ժողովրդանվեր, խիզախ, անխոնջ, միշտ ոտքի վրա եւ սուրը ձեռին…

Նրա հետ յուրաքանչյուր հանդիպում հոգեւոր տոն էր ինձ համար: Ասես լիցքավորվում էի: Ընծայագրում էր իր հեղինակած գրքերը առաջին հերթին Արցախի պետական համալսարանի գրադարանին: Վերջին անգամ /ո՞վ կմտածեր, թե դա վերջինն էր լինելու/ մենք հանդիպեցինք հուլիսի 17-ին: Դժվար էր քայլում, բայց միտքն անվրեպ էր գործում: ԼՂՀ-ում լույս ընծայվող թերթերից ընթերցում էր «Դեմո»-ն եւ «Ինչ անել»-ը: Ամեն անգամվա պես խնդրեց իր ջերմ ողջույնն հղել երկու խմբագիրներին:

Դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ նա այլեւս չկա, որ ընդդեմ անիրավությունների այլեւս չի հնչելու սթափության կոչող նրա ձայնը, որ այսուհետ չեմ լսելու նրա կենդանի բարբառը… Հանրությունը կորցրեց իր շահերի թիվ մեկ խիզախ պաշտպանին, եւ արդարության համար մարտնչող մեծ անհատների շարքը նոսրացավ…

Սիլվա Կապուտիկյանի կյանքը, հատկապես վերջին մեկուկես տասնամյակում  ապրած նրա խռովահույզ տարիներն անմոռաց դաս եղան առաջին հերթին բոլոր կարգի պատեհապաշտներին եւ իշխանությունների «փեշերի տակ մտնող» գրչակներին: Նա իր ապրած կյանքով ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի ժողովրդի բանաստեղծը եւ ինչպես պետք է ծառայի ժողովրդին:

Իսկ ժողովուրդն իր մեծանուն զավակին Օպերայից մինչեւ Պանթեոն՝ հայոց մեծերի հավիտենական հանգրվանը, տարավ ձեռքերի վրա, գլխից վեր պահած…

ՍԻԼՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՕՐՀՆՅԱԼ ԼԻՆԵՔ, ՀԱՅՈՐԴԻ  ԶԱՔԱՐ ՔԵՇԻՇՅԱՆ

Այո, օրհնյալ լինեք, որ հայրենասիրության կենդանի դասեր եք տալիս հայ ազգային երգարվեստի նվիրյալի Ձեր անձնական օրինակով՝ ռաբիս երգաթափոնների խլացնող ու ճաշակ փչացնող աղմուկի մեջ հնչեցնելով կոմիտասյան զուլալ երգը որպես հոգեւոր մանանա…

Սեպտեմբերյան այդ օրը Ստեփանակերտի երիտասարդական պալատի կամարների ներքո քաղաքի մտավորականությունը հոգեւոր վայելքի անկրկնելի պահեր ապրեց: Զաքար Քեշիշյան անունն Արցախ աշխարհում վաղուց արդեն խորհրդանիշ է նվիրումի ու հայրենասիրության:

Օրհնյալ լինեք Դուք, որ հեռավոր արտերկրից հազարավոր կիլոմետրեր կտրելով՝ գալիս հասնում եք անկախ Արցախի մշակութային վաղեմի կենտրոններից մեկը՝ Շուշի, տքնաջան աշխատանքով հավաքագրում եւ վարժում ձայնեղ պատանիներին ու աղջիկներին եւ կոմիտասյան անմահ երգի ղողանջներով իմաստավորում արյամբ ձեռք բերված մեր ազատությունը:

Դուք Ձեր շքեղ ներկայությամբ լցնում եք Արցախը՝ Ձեր ազգանպաստ գործունեությամբ ավելի հայացնում օտարի լուծը թոթափած մեր հայկական երկրամասը: Չի կորչի այն ազգը, որ Ձեզ պես նվիրյալ որդիներ ունի:

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ԵՐԵՎԵԼԻՆ ՈՒ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԸ

Ասում են՝ երևելի անձ կարող է լինել միայն նա, ով առօրյա գործերում ընդունակ է մնալու իբրեւ սովորական մարդ: Սեպտեմբերի 28-ին ԱրՊՀ-ի նիստերի դահլիճում նշվեց հենց այդպիսի մի երևելի, բայց եւ սովորական մարդու՝ լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Բաղդասարյանի 80-ամյակը: Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Հ.Գրիգորյանը, պրոռեկտոր Ս.Դադայանը, դասախոսներ, ուսանողներ, հրավիրվածներ, հոբելյարի նախկին ուսանողներ:

Հանդիսավոր արարողության բացման պատիվը ընձեռվեց ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ, դոցենտ Օֆելյա Բաբայանին, իսկ վաստակավոր մանկավարժի հարուստ կենսագրությունը ներկայացրեց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, հոբելյարի նախկին ուսանող Սիլվա Մինասյանը:

Այնուհետեւ խոսքը տրվեց ԱրՊՀ ռեկտոր Հ.Գրիգորյանին, որը, շնորհավորելով հոբելյարին, հանձնեց պատվոգիր: ԱրՊՀ գրականության եւ ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, նշելով նրա արժանիքները, ելույթի վերջում հոբելյարին ձոնեց իր բանաստեղծությունը: Բանաստեղծուհի Ժաննա Բեգլարյանը, շնորհավորելով «ԳրիգորՆարեկացի» համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության անունից, Գ.Բաղդասարյանին հանձնեց համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանի նոր գիրքը եւ ընթերցեց Հրաչյա Բեգլարյանի ողջույնի  նամակը:

Իսկ ԱրՊՀ ուսանողակակն խորհրդի նախագահ Արմեն Դոլուխանյանից նվեր ստանալով թուր՝ հոբելյարը հումորով նկատեց. «Սա պահելու եմ 100 տարեկանում բանեցնելու համար»:

Գուրգեն Բաղդասարյանին շնորհավորական ուղերձներ էին հղել նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը եւ ԿՄՍ նախարար Կամո Աթայանը:

Միջոցառման վերջում երախտիքի խոսք ասաց ինքը՝ հոբելյարը: Նշելով, որ չնայած տոնվում է իր 80-ամյակը, նա իրեն համարում է ստեղծագործական ամենաբեղուն շրջանում. «Մտածողությունս 35 տարեկանի է, աշխատունակությունս՝ 50-ի, հասունություն՝ 60-ի»:

Յանա ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

 

ՄԵԾ ԱՐՑԱԽՑՈՒ ՊԱՏՎԻՆ

Օրերս Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված մեծանուն գրող, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Բագրատ Արշակի Ուլուբաբյանի 80-ամյակին: Երեկոյին ներկա էին ԱԺ նախագահ Ա.Ղուլյանը, փոխվարչապետ Ա.Դանիելյանը, Երեւանից ժամանած պատվիրակությունը՝ ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ: Երեկոն կազմակերպել էր ԿՄՍ նախարարության արվեստի եւ մշակույթի բաժինը:

Բացման խոսքով հանդես եկավ ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը: Նա նշեց, որ Բ. Ուլուբաբյանի անունը տարիներ շարունակ դրոշ էր բոլորի համար, որ «բարձր պահած գնում էինք դեպի մեր ըղձալի նպատակները, բայց ափսոս, որ մեր հողի մեծ նահապետը, գրականության մեծ մշակը մեզ հետ չէ, քանի որ հենց Բ. Ուլուբաբյանով մեր Արցախը ավելի Արցախ է, երկիրը՝ ավելի երկիր, անկախությունը՝ ավելի անկախություն»: Իրենց սրտի խոսքն ասացին նաեւ  Լեւոն Անանյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ԵՊՀ պրոֆեսոր, բանաստեղծ Արտեմ Հարությունյանը, Բ. Ուլուբաբյանի գրչակից, արձակագիր Մաքսիմ Հովհաննիսյանը, «Պըլը Պուղի» հանդեսի խմբագիր Հրաչյա Բեգլարյանը, ԱրՊՀ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը: Իսկ ԱրՊՀ դասախոս Վալյա Առաքելյանը, որի գիտական ատենախոսության թեման Բ. Ուլուբաբյանի ստեղծագործությունն է, ներկայացրեց գրողի խոչընդոտներով լի, բայց բեղուն գրական ուղին:

Արտեմ Հարությունյանն իր մեծարանքի խոսքում բնութագրեց Բ.Ուլուբաբյանին որպես նուրբ մարդ, սակայն որի ներսը նստած էին ապստամբ ուժեր՝ ուղղված այն ստոր քաղաքականության, հայաթափման հրեշների դեմ, որոնք ամեն մի տնտեսական լծակ օգտագործում էին՝ ազնիվ Արցախը հազարամյակներ եկած հինավուրց ժողովրդից հայաթափելու: Վերջում երախտագիտության խոսք ասաց նաեւ ականավոր գրողի այրին՝ Արուս Ուլուբաբյանը:

Ապա ցուցադրվեց Արցախի հանրային հեռուստատեսության պատրաստած «Հայ պատմության աչալուրջ սահմանապահը» տեսաֆիլմը:

Յանա ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

 

ՄՈՒՐԱՑԱՆՅԱՆ ՕՐԵՐ

Մուրացանյան օրերն Արցախում ավանդույթ են դարձել: Ընթացիկ տարին ևս բացառություն չդարձավ: Սեպտեմբերի 23-ին Արցախի գրողների միության նախաձեռած միջոցառմանը ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը, բանաստեղծ Արտեմ Հարությունյանը եւ արցախյան մտավորականության ներկայացուցիչներ:

Մեծ գրողի ծննդավայր Շուշիում հյուրերին ընդունեց Մուրացանի անվան դպրոցի տնօրեն Նազիկ Հովհաննիսյանը: Արցախի գրողների միության նախագահ Վ.Հակոբյանը, կարեւորելով միջոցառման անհրաժեշտությունը, նշեց Մուրացանի ստեղծագործության արդիաշունչ եւ ազգապահպան նշանակությունը. «Եթե ներկա տանող ճանապարհին հանդիպում ես նախապապերիդ, ուրեմն՝ ճիշտ է ընթացքը ազգի»:

ԱրՊՀ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սոկրատ Խանյանն ընդգծեց հայ գրականության պատմության մեջ Մուրացանի նվաճուն վաստակը էթնիկական ինքնագիտակցության, բարոյականության, ազգապահպանման տեսանկյունից: Իսկ ԵրՊՀ պրոֆեսոր, բանաստեղծ Արտեմ Հարությունյանը հատկանշեց Շուշիի տարածքային ֆենոմենալ նշանակությունը Մուրացանի անհատական խառնվածքի ձեւավորման գործում եւ վկայեց տատի պատմած հուշերը շուշեցիների մասին: Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանն էլ առանձնացրեց մուրացանյան արվեստը, մեծ գրողի հոգեկան վերապրումներն ու փիլիսոփայական խորհրդածությունները, որոնք հիմնականում ընդգծում են գրողի ներանձնացումը իռացիոնալ իրականությունից:

Ելույթ ունեցավ նաեւ  ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Զինաիդա Բալայանը, ապա դպրոցի աշակերտներն արտասանեցին  Մուրացանի ասույթներից, իսկ միջոցառման վերջում շնորհակալական խոսքով հյուրերին իր երախտագիտությունը հայտնեց դպրոցի տնօրեն Ն.Հովհաննիսյանը:

Քանաքարա ՔՈՉԱՐՅԱՆ

——————————————————————————————-

Ժամանակակից բարքեր

ԵԶԱԿԻ ԴԵՊՔ

/Իրապատում/

Զանգը հնչեց: Երեխաները իրար հրմշտելով, արագ դասարան մտան ու շտապեցին իրենց տեղերը զբաղեցնել: Քիչ անց ուսուցչուհին ներս մտավ: Հայոց լեզվի դաս էր: Հանձնարարված էր «Գարուն» վերնագրով բանաստեղծությունը անգիր սովորել, արտասանել ու պատմել: Բանաստեղծությունը մանուկների համար գարնան մասին հաջողված ստեղծագործություն էր: Երեխաները համարյա բոլորն էլ վարժ, անգիր սովորել էին: Մի քանի հոգի բանաստեղծությունն անսխալ, սահուն արտասանեցին, ստացան «5» կամ «ապրե’ս» գնահատական: Հերթը հասավ Հարութիկին, որի համբերությունն արդեն հատել էր ձեռք բարձրացնելուց:

-Հարութի’կ, դասդ լա՞վ ես սովորել,-հարցրեց ուսուցչուհին:

-Այո’, սովորել եմ:

-Կարո՞ղ ես պատմել:

-Այո°, կարող եմ, միայն ասեք՝ գրքի բառերո՞վ, թե՞ իմ բառերով:

-Իհարկե՝ քո բառերով, քո մտածողությամբ: Պատմելը դա է և ոչ թե տառացիորեն գրքի բառերը կրկնելը:

Հարութի թույլ կողմն էր դա: Բառապաշար չունենալու պատճառով հաճախ նույնությամբ կրկնում էր ոտանավորի կամ պատմվածքի բառերը: Քանի որ ուսուցչուհին թույլատրել էր… Հարութիկը ոգևորված սկսեց, ո¯նց սկսեց: Ընտիր ղարաբաղյան բարբառով նկարագրեց գարնան սկիզբը, ձնհալը, հետո հաճելի արևոտ օրերը, ծառերի բողբոջելը, ծաղկելը: Ուսուցչուհին զարմացել էր Հարութի ղարաբաղյան բարբառի գիտակցությամբ, ակամա հիացած, հմայված լսում էր յուրաքանչյուր բառ, նախադասություն ու ներքուստ հրճվում:

Ուսուցչուհու համար անսպասելի էր Հարութիկի դիտողունակությունը, պատկերավոր մտածողությունը, բարբառային հարուստ բառապաշարը՝ արտասանված մանկական քաղցրահունչ ձայնով: Ամբողջ դասարանը շունչը պահած լսում էր: Կարծում էին՝ ուսուցչուհին կբարկանա և «2» կնշանակի:

Վերջապես Հարութը, գոհ, որ պատմելու ժամանակ իրեն չընդհատեցին և նկատողություններ չարին, լռեց ու ժպտալով նայեց ուսուցչուհուն:

-Ապրե’ս, նստի’ր, շատ լավ պատմեցիր,-ասաց ուսուցչուհին, ապա դիմեց դասարանին,- համարենք բացառություն, եզակի դեպք:

Հետաքրքիր է, Հարութիկը հետագայու՞մ էլ կպահպանի Ղարաբաղի բարեհունչ, հարազատ բարբառը: Իրոք, այն յուրաքանչյուր ղարաբաղցու համար հարազատ ու հաճելի է, համարյա երկրորդ անձնագիրը, բայց ափսոս, որ մոռացության է տրվում օրեցօր:

Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆ

——————————————————————————————-

ՄԱՐԶԱՇԽԱՐՀ

Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ մենամարտում երրորդ  անգամ պահպանեց IBF-ի վարկածով չեմպիոնի կոչումը:

Ամբողջ մարտի ընթացքում Միրանդան բավականին կոշտ ու խաղի կանոնների խախտումով էր մենամարտում, «հաջողացնելով» լուրջ վնասվածք հասցնել Աբրահամին՝ կոտրելով նրա ծնոտը: Մարտից հետո բժիշկները հաստատել են, որ Արթուր Աբրահամը ծնոտոսկրի վնասվածքից հետո վիրահատության կարիք ունի: Օրերս  Արթուր Աբրահամը Գերմանիայի Վեցլար քաղաքում  ենթարկվել է վիրահատության: Բժիշկների հավաստմամբ՝ 6 ամիս Աբրահամը ռինգ չի կարողանա դուրս գալ: Սակայն մարզիկը պատրաստվում է  4 շաբաթ անց վերսկսել մարզումները:

***

Մոնտենեգրոյում ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում  Հայաստանը ներկայացնող 17-ամյա Զավեն Անդրեասյանը, վաստակելով 6.5 միավոր, դարձավ մինչեւ 18 տարեկանների փոխչեմպիոն: Հիշեցնենք, որ 2005թ. Եվրոպայի առաջնությունում նա դարձել էր մինչեւ 16 տարեկանների չեմպիոն:

***

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Երեւանում կայանալու է մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի ֆուտբոլի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարը: Հայաստանի հավաքականի հետ խմբում ընդգրկված են նաեւ Հունգարիայի, Բուլղարիայի եւ Շոտլանդիայի հավաքականները:

***

Ինչպես տեղեկացանք ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության սպորտվարչությունից, վերջերս շախմատի ԼՂՀ պատանեկան թիմը ուսումնամարզական հավաք է անցկացրել Վանք գյուղի «Էկլեկտիկա» նավ-հյուրանոցում:

Տեղեկացնենք, որ հյուրանոցը պատկանում է հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանին, որի հրավերով էլ պատանի շախմատիստները անց են կացրել իրենց ուսումնամարզական հավաքը: Հավաքականի կազմում են Մանուել Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Կամո Ուլուբաբյանը, Վահե Բաղդասարյանը եւ Նելսոն Շախկուլյանը:

Ի դեպ, Մանուել Պետրոսյանը եւ Հովիկ Հայրապետյանը պատրաստվում են շախմատի աշխարհի պատանիների առաջնությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, Բաթում քաղաքում:

***

2007թ. ըմբշամարտի աշխարհի առաջնությունը նախատեսված էր անցկացնել Բաքվում, որի ընթացքում խաղարկվելու էին նաեւ 2008թ. օլիմպիական խաղերի մի քանի տասնյակ ուղեգրեր: Սա լուրջ խոչընդոտ էր Հայաստանի համար, որի մարզիկները չէին կարող մեկնել Բաքու, ուստի կզրկվեին նաեւ օլիմպիական ուղեգրերից:

Հաշվի առնելով այս եւ այլ մի քանի հանգամանքներ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է Ադրբեջանին զրկել  աշխարհի առաջնությունը անցկացնելու իրավունքից:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s