№ 17 / 15 հոկտեմբեր

ՍՓՅՈՒՌՔԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է «ՄԱՐԴԱՏԵՂ» ԴՆԵԼ
Ու հրաժարվել «կթան կովի» մոդելից 

Նորերս իր աշխատանքներն ավարտեց երրորդ համահայկական համաժողովը: Կարծիքները բևեռային են այս միջոցառման մասին, սակայն մի կողմ թողնելով սույն երևույթի մասին դրական ու բացասական կարծիքների վերլուծությունը, ավելին՝ չփորձելով հաշվառել դրա «պլյուսներն» ու «մինուսները»՝ կուզեինք պարզապես մի փաստ արձանագրել. համահայկական համագործակցության մոդել առայժմ չկա ու չկա:

Սույն իրողության հիմնական մեղավորները, մեր կարծիքով, երկու հայկական պետությունների իշխանություններն են, որոնք ցայսօր չեն մշակել զարգացման համահայկական մոդել ու չեն կարողացել այդ գործում ներգրավել համայն հայությանը: Ավելին՝ չեն կարողացել պատշաճ վստահություն ստեղծել իրենց նկատմամբ:

Առայսօր Սփյուռքի՝ որպես «կթան կովի» իմիջը շարունակում է գլխավորը մնալ: Կովը վատ կենդանի չէ և իրապես բարի գործ է անում. կաթ է տալիս մեզ, բայց դա՝ կենդանական աշխարհին հարիր չափանիշներով: Վաղուց արդեն ժամանակն է Սփյուռքին «մարդու տեղ դնել», օգտագործել նրա մտավոր, ինտելեկտուալ ներուժը: Գաղափարն ավելին արժե, քան փողը: Գաղափարն է փող բերում, այլ ոչ թե հակառակը: Ինչ խոսք, փողն էլ է գաղափար բերում, բայց խելոքին: Այսինքն՝ դարձյալ առաջնայինը խելքը, գաղափարն է: Մենք պիտի գաղափարի, մտքի սուր պակաս զգանք, բայց մեր իշխանավորները, հասկանալի պատճառներով, միայն փողի կարիք են զգում: Մակարդակի  ու բարոյականության խնդիր է: Զորօրինակ, Սահմանադրության նախագծի մշակման ժամանակ կարելի էր համագործակցել տարբեր երկրների իրավական դաշտում բավականին լուրջ դերակատարություն ունեցող հայազգի մասնագետների հետ: Բայց սփյուռքահայերից մերոնք միայն մեկ ակնկալիք ունեն՝ փող:

Սակայն այս ամենում մեղքի իր բաժինն ունի նաեւ սփյուռքահայությունը, որն իր հերթին ցայսօր չի մշակել հայկական պետություններին աջակցելու հստակ ռազմավարություն ու մեխանիզմներ եւ շարունակում է խարխափել զանազան բարդույթների ու ստերեոտիպների մեջ: Սփյուռքահայերը եզակի բացառությամբ գերադասում են որեւէ գումար նվիրաբերել, լուսանկարվել նախագահի հետ (զավակներին ու թոռներին ցույց տալու համար) ու գլուխներն ազատել երկրի կյանքին գործուն մասնակցելու գլխացավանքից: Սփյուռքը չի ուզում ընդունել մի պարզ ճշմարտություն: Այն, որ իր տրամադրած գումարները եւ աջակցությունը կարող են իմաստավորվել միայն այն դեպքում, եթե Հայաստանն ու Արցախը կայանան որպես իրապես ժողովրդավարական երկիր ու քաղաքացիական հասարակություն, որտեղ կապահովվի հասարակության վերահսկողությունը իշխանությունների գործունեության նկատմամբ: Սակայն սփյուռքահայերն իսկույն «խրտնում» են, երբ իրենց ներկայությամբ խոսում եմ մարդու իրավունքների ու ընդդիմության մասին:

Ինչ որ է, Հայաստան-Ղարաբաղ-Սփյուռք եռամիասնական համագործակցության մոդելի ու ռազմավարության փոխարեն շարունակում են գործել զանազան կարծրատիպեր (ստերեոտիպներ) ու արատավոր ավանդույթներ: Իսկ դա նշանակում է, որ հայության աշխարհասփյուռ զորությունն ի մի բերելու գաղափարը կշարունակի մնալ որպես տեսլական:

——————————————————————————————

Լրահոս

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ես որոշել եմ այսօր հանդիպել ձեզ հետ` մի մտահոգիչ հարցի առիթով:

Վերջին ժամանակներս առանձին հրապարակումներում հայտնվել են տարբեր մտացածին տեղեկություններ` ԼՂՀ նախագահի պաշտոնում նորից առաջադրվելու իբրև թե իմ մտադրության մասին: Մասնավորապես, շրջանառվում են լուրեր, թե հենց այդ նպատակով է ընդունվում ԼՂՀ Սահմանադրությունը:

Այդ հերյուրանքներին ուշադրություն չէի դարձնի, հատկապես որ նման կարգի զրպարտությունների հեղինակները կաղապարված դեմքերի սահմանափակ շրջանակից են, եթե չլինեին երկու սկզբունքային հանգամանքներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես ժողովրդավարական արժեքներին հավատարիմ պետության վարկանիշը և Սահմանադրության հիմնարար նշանակությունը մեր երկրի կյանքում:

Որպես քաղաքական գործիչ և քաղաքացի՝ ինձ համար չկա ավելի կարևոր նպատակ, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը և իրավական պետության կառուցումը: Նախագահի պաշտոնում իմ գործունեության բոլոր տարիներին, իսկ մինչ այդ էլ` որպես արտաքին գործերի նախարար, ձգտել եմ ու շարունակում եմ ձգտել իմ ուժերի, հնարավորությունների, գիտելիքների ու փորձի չափով արագացնել այդ գործընթացները: Դուք ականատեսն եք այն բանի, թե ինչքան դժվար է մեզ համար ժողովրդավարության հաստատումը, ինչ բարդությունների ենք մենք առնչվել քաղաքացիական հասարակության ձևավորան ճանապարհին: Ի՞նչ թաքցնեմ, ինձ գոհացնում է այն իրողությունը, որ երկրի համար ճակատագրական մարտահրավերներին մենք դիմակայել ենք մեր ժողովրդի շնորհիվ, որն աջակցել է նախագահի քաղաքական կուրսին: Ես չեմ նահանջել այդ ուղեգծից և այժմ էլ համարում եմ, որ այն այլընտրանք չուներ:

Իրավական պետություն կառուցելու գլխավոր պայմաններից մեկը Սահմանադրության առկայությունն է, և այս հարցում մեր երկրի բոլոր քաղաքական ուժերը միակարծիք են: Իմ նախընտրական ծրագրերում ես խոստացել էի անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ԼՂՀ Հիմնական օրենքի մշակմանը և ընդունմանը: Ցավոք, ղարաբաղյան հակամարտության լուծման հետ կապված մի շարք օբյեկտիվ հանգամանքներ խանգարել են Սահմանադրությունն ավելի վաղ ընդունելուն: Պիտի ասեմ, որ հիմա էլ մեր չարակամները ջանքեր չեն խնայում, որպեսզի Լեռնային Ղարաբաղը Սահմանադրություն չունենա: Մինչդեռ ես պարտավորված եմ ինձ զգում մինչև իմ լիազորությունների ավարտը կատարել ժողովրդին տված խոստումս:

Մնում է միայն ափսոսալ, որ իմ դիրքորոշումը և իմ գործողություններն այս ուղղությամբ առանձին անձանց կողմից միտումնավոր խեղաթյուրվում են: Վստահեցնում եմ ձեզ` երրորդ ժամկետով առաջադրվելու մտադրություն չեմ ունեցել և հիմա էլ չունեմ: Եթե նույնիսկ ապագա Սահմանադրությունը ինձ նման իրավունք ընձեռի, ապա դա ամենևին էլ չի նշանակում, որ ես կօգտվեմ այդ հնարավորությունից: Ինձ համար բարոյական նորմերը նույնքան կարևոր են, որքան իրավական նորմերը: Ե°վ որպես մարդ, և° որպես նախագահ՝ ես արել եմ ինձնից կախված ամեն բան, որ մեր հասարակության ժողովրդավարացման գործընթացը դառնա անշրջելի: Դա միշտ չէ, որ անվտանգ է եղել: Եվ ուրեմն ո՞րն էր իմաստը ամեն ինչ նժարի վրա դնելու պատրաստակամության, եթե այսօր հարցականի տակ պիտի դրվեն այն արժեքները, որոնց հավատարիմ է մեր ժողովուրդը, ստվեր գցվի ԼՂՀ վարկանիշի վրա:

Ինձ բոլորովին չի հուզում իշխանության մեջ չլինելու հեռանկարը: Երբեք իշխանությունը ինձ համար ինքնանպատակ չի եղել: Եթե ես կամենայի այսուհետ էլ զբաղեցնել նախագահական պաշտոնը, ապա տեսականորեն կարող էի ավելի հեշտ ու կարճ ճանապարհ ընտրել` խորհրդարանում համապատասխան օրենքի փոփոխության միջոցով: Ի դեպ, նման գաղափարով ինձ բազմիցս են դիմել նախորդ և ներկա գումարումների ԼՂՀ Ազգային ժողովի շատ պատգամավորներ: Բայց ես միշտ դեմ եմ արտահայտվել, քանի որ այդպիսի մոտեցումը լիովին հակասում է իմ սկզբունքներին: Ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնել մեր երկրում ընթացող ժողովրդավարացման գործընթացի անշրջելիությունը: Ու նաև այս պատճառով է մեզ պետք Սահմանադրությունը, որպեսզի տեսականորեն անգամ բացառվի նման իրավիճակների հնարավորությունը:

Համոզված եմ՝ Լեռնային Ղարաբաղը հերթական անգամ աշխարհին ցույց է տալու ժողովրդավարության բարձր մակարդակ և օգտագործելու է իշխանության քաղաքակիրթ հերթագայման՝ իրեն տրված հնարավորությունը, ինչը միշտ չէ, որ հաջողվում է իրականացնել հետխորհրդային տարածքի՝ նույնիսկ ճանաչված շատ պետությունների: Եվ այս առթիվ ես իմ գլխավոր խնդիրն եմ համարում ազատ և արդար նախագահական ընտրությունների ապահովումը գալիք տարում:

Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ հույս հայտնել, որ իմ այսօրվա հայտարարությունը վերջ կդնի ամեն տեսակ մտավարժանքներին, որոնք կարող են վնասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային վարկանիշը և ապակողմնորոշել հանրային կարծիքը ԼՂՀ Սահմանադրության ընդունման իրական նպատակների վերաբերյալ:

  ԵԿԱՆ, ՍՏՈՒԳԵՑԻՆ, ԳՆԱՑԻՆ

ՄԱԿ-ԵԱՀԿ առաքելական խումբն ավարտել է իր աշխատանքը Ղարաբաղում: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը որոշում է ընդունել ԵԱՀԿ-ի շրջանակներում ստեղծել մոնիթորինգային խումբ, որը պետք է ստուգեր իրավիճակը Ղարաբաղի եւ Ադրբեջանի` հրդեհներից տուժած տարածքներում: Առաքելության տարբերակիչ առանձնահատկությունը  ադրբեջանցի եւ ղարաբաղցի փորձագետների մասնակցությունն է:

Հոկտեմբերի 9-ին ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանն ընդունեց ԵԱՀԿ առաքելության անդամներին: Նա ընդգծեց, որ ԼՂՀ իշխանությունները միշտ բաց են միջազգային համագործակցության համար եւ ձեռնարկել են ամեն ինչ, որ ԵԱՀԿ դիտարկումը կայանա: Իր հերթին առաքելության ղեկավար, ԵԱՀԿ էկոնոմիկայի եւ շրջակա միջավայրի հարցերով համակարգող Բեռնար Սնոյը (Բելգիա) երախտագիտություն հայտնեց նախատեսված ծրագրերի իրականացմանն էական աջակցության համար՝ նշելով, որ դիտարկմանը մասնակից ղարաբաղցի փորձագետները կառուցողական ներդրում են ունեցել Ադրբեջանի տարածքում առաքելության աշխատանքում: Իսկ ԼՂ իշխանությունները Ադրբեջանի ներկայացուցիչներին հնարավորություն են ընձեռել մասնակցել Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացվող դիտարկմանը: «Տվյալ առաքելության նպատակը կողմերի միջեւ վստահության ամրապնդումն է, ինչը հետագայում կնպաստի, ընդհանուր առմամբ, հակամարտության կարգավորմանը»,- նշեց ԵԱՀԿ համակարգողը:

Մասիս Մայիլյանը նշեց, որ հրդեհները սկսել են բռնկվել հունիսի սկզբներին` աննախադեպ չորային եղանակների պատճառով: «Մենք խորապես մտահոգված էինք ստեղծված իրավիճակով, քանի որ հրդեհները զգալի վնաս էին հասցրել ագրարային ուղղվածություն ունեցող մեր հանրապետությանը: Անհապաղ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` հրդեհների պատճառները պարզելու եւ դրանք մարելու աշխատանքները համակարգելու նպատակով: Պետությունը հավաքագրել է բոլոր ռեսուրսները հրդեհների դեմ պայքարելու համար եւ կարողացել է կանգնեցնել կրակի զանգվածային տարածումը: Հրդեհների մարումը դժվարանում էր նրանով, որ հրշեջները աշխատում էին ադրբեջանցի դիպուկահարների նշանառության տակ»,- ասաց Մասիս Մայիլյանը:

Նա նաեւ նշեց, որ հիմնախնդիրը քաղաքականացվում է Բաքվի կողմից. ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակվում են նյութեր, որոնցում ղարաբաղյան կողմը մեղադրվում է հրդեհների կազմակերպման մեջ: «Հունիսին մենք ԵԱՀԿ գրասենյակ ենք հղել նամակ` ճգնաժամ-դիտարկում անցկացնելու պահանջով, ինչը վերջ կդներ Բաքվի անհիմն մեղադրանքներին: Առաջին դիտարկումն անցկացվել է հունիսի 28-ին, դրան հետեւել են երեք դիտարկումներ` հուլիսի 3,4,5-ին: Դիտարկումների արդյունքներով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը նախապատրաստել է համապատասխան հաշվետվություն: Սակայն Ադրբեջանը տվյալ հարցը տեղափոխել է ՄԱԿ, ինչից մենք ծայրաստիճան դժգոհ ենք»,- ասաց Մասիս Մայիլյանը:

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալը դժգոհություն հայտնեց այն առթիվ, որ վերջերս հրդեհների հարցով Վիեննայում կայացած քննարկումներն անցել են առանց ամենաշահագրգիռ կողմի` Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների: «Դուք գիտեք, որ տվյալ դիտարկումը խափանման եզրին էր, եւ այն կայացավ մեր ջանքերի շնորհիվ: Սակայն այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի տարածքի 15 տոկոսը գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ` Մարտունու շրջանի արեւելյան, Մարտակերտի շրջանի հյուսիսարեւելյան շրջանները եւ ամբողջ Շահումյանի շրջանը: Եթե մենք հնարավորություն ունենայինք մասնակցել դիտարկման նախապատրաստական մասին, հավանաբար մեզ կհաջողվեր համաձայնության հասնել մեր շահերի գոտում գտնվող տարածքներում եւս դիտարկում անցկացնելու շուրջ: Մենք խորապես ափսոսում ենք, որ միջազգային փորձագետները չեն այցելի Շահումյանի շրջանի տարածքներ, քանի որ մեզ խիստ մտահոգում է այնտեղ ստեղծված բնապահպանական իրավիճակը: Մեր տեղեկություններով, այնտեղ իրականացվում են զանգվածային անտառահատումներ, տեղ են գտնում հրդեհների դեպքեր»,- նշեց Մասիս Մայիլյանը:

Ն. ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

ՖՐԱՆՍԻԱՆ ԱՐԵՑ ԻՐ ԱՍԱԾԸ

Փարիզի մեր աղբյուրը հաղորդում է, որ Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 12-ի կեսօրին մոտ ընդունել է սոցիալիստների ներկայացրած օրենքի նախագիծը, որը քրեական հետապնդում է նախատեսում անձանց համար, ովքեր կհերքեն 1915 թվականի հայերի ցեղասպանության փաստը: Օրինագիծը հավաքել է 106 կողմ ձայն, ընդ որում, քննարկումների ընթացքում ենթարկվել է աննշան փոփոխությունների:

http://www.lragir.am

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

Սեպտեմբերի 13-ին Ստեփանակերտի մամուլի ակումբը կազմակերպեց կլոր սեղան՝ «Խոսքի ազատություն և տեղեկատվության մատչելիություն. հիմնախնդիրներ և հեռանկարներ» թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ լրատվամիջոցների ու լրագրողական կազմակերպությունների ղեկավարներ, պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մասնակցում էր նաև «Արտիկլ 19» միջազգային կազմակերպության կովկասյան ծրագրի համակարգող Անուշ Բեգոյանը: Սույն կազմակերպությունն արդեն իրականացրել էր «Խոսքի ազատության միջոցով ժողովրդավարության ամրապնդումը Հարավային Կովկասում» ծրագիր, որում ներգրավված էին հարավկովկասյան երեք ճանաչված ու երեք չճանաչված պետությունների լրագրողական կազմակերպություններ (Արցախում գործընկեր կազմակերպությունը Ստեփանակերտի մամուլի ակումբն էր):

Ներկայումս քննարկվում է ծրագիրը շարունակելու հնարավորությունը, ինչին էլ միտված էր կլոր սեղանը՝ հասկանալու համար այս ոլորտի հիմնախնդիրներն ու անլիքները:

Սեփ. լրատվություն

——————————————————————————————-

Ներքաղաքական

ԱՅՈ՛, ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ՝ ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Սեպտեմբերի 11-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հանդես եկավ շատ կարևոր մի հայտարարությամբ: Այն մասին, որ նա չի առաջադրվելու նախագահական հաջորդ ընտրություններում: Անկախ ամեն ինչից՝ դա անհրաժեշտ ու տեղին նախաձեռնություն էր, և պիտի ողջունել նախագահի նման կեցվածքը: Ամենակարևորը՝ այդ հայտարարությամբ պարզություն մտցվեց ներքաղաքական զարգացումներում, ինչի համար պիտի արժանին հատուցել Ա.Ղուկասյանին:

Այնուամենայնիվ, նախքան այդ հայտարարությունը եղած զարգացումները, ինչպես նաև նույն այդ հայտարարության որոշ երանգներ բավականին տհաճ նստվածք են թողնում մարդու հոգում, ինչի մասին հարկ ենք համարում խոսել, որպեսզի կարողանանք խուսափել սխալ եզրահանգումներից, քավության նոխազի որոնումներից ու վհուկորսից:

Մտահոգություն առաջին

Վստահեցնելով, որ երրորդ ժամկետով առաջադրվելու մտադրություն չի ունեցել և հիմա էլ չունի, նման լուրերը նախագահ Ղուկասյանը զրպարտություն է համարել, որոնց «հեղինակները կաղապարված դեմքերի սահմանափակ շրջանակից են»: Սա անհիմն մեղադրանք է, և ահա թե ինչու: Վերջին ամիսներին տեղական և այլ լրատվամիջոցներ մի քանի անգամ հարցրել են նրան այս մասին, և նա ոչ մի անգամ, ուշադրություն դարձրեք՝ ոչ մի անգամ, հստակ չի ասել իր կարծիքը: Մինչդեռ կարող էր միանշանակ ասել ու դրանով իսկ փակել թեման: Բայց դա չի արել՝ բնականաբար, տեղիք տալով զանազան ենթադրությունների ու կարծիքների: Ուրեմն ինչո՞ւ ուրիշներին մեղադրել: Եվ եթե հանրությունը քննարկում է կարևոր հարցեր ու փորձում ներազդել իշխանությունների վրա, ապա ժողովրդավարական բարեփոխումների ուղեգիծ հռչակած ղեկավարը դրանից միայն պիտի ուրախանար, այլ ոչ թե զայրանար:

Մտահոգություն երկրորդ

Արձագանքելով շրջանառվող լուրերին, թե հենց այդ նպատակով է ընդունվում ԼՂՀ Սահմանադրությունը, նա ասաց. «Եթե նույնիսկ ապագա Սահմանադրությունը ինձ նման իրավունք ընձեռի, ապա դա ամենևին էլ չի նշանակում, որ ես կօգտվեմ այդ հնարավորությունից»:

Մի՞թե արժե բացատրել, որ Սահմանադրության մեջ հենց նման հնարավորության ամրագրումն է նույն «շրջանառվող» լուրերի տեղիք տվել: Եթե այդքան ցավոտ է նա ընդունում Սահմանադրության ընդունումը նախագահական ընտրությունների հետ կապելը, ապա ինչո՞ւ է թույլ տվել, որ ամրագրեն այդ հնարավորությունը նախագծում: Կամ ինչո՞ւ է ասում. «Եթե նույնիսկ ապագա Սահմանադրությունը ինձ նման իրավունք ընձեռի…», երբ հաստատ գիտի, որ նման իրավունք այդ նախագիծն իրեն ընձեռում է, ինչի մասին առավելագույն միանշանակությամբ ու կրքոտությամբ և հրապարակավ վկայել է նախագծի աշխատանքային խմբի ղեկավար ու ԼՂՀ դատախազ Արմեն Զալինյանը:

Ենթադրենք՝ Ղուկասյանը կասկածում է, որ պատգամավորները կընդունեն նախագիծը, այդ դեպքում ինչո՞ւ է նա միանշանակ վստահությամբ ասում, թե «տեսականորեն կարող էի ավելի հեշտ ու կարճ ճանապարհ ընտրել՝ խորհրդարանում համապատասխան օրենքի փոփոխության միջոցով»: Չէ՞ որ նույն խորհրդարանն է, նույն պատգամավորները:

Եվ վերջապես, եթե նա մտադրություն չի ունեցել և չունի, ապա, Աստծո սիրույն, թող որևիցե մեկը բացատրի, թե այդ դեպքում ո՞ւմ համար է Սահմանադրության նախագծում այդ հնարավորությունը ստեղծվում: Հաջորդ նախագահին դա հաստատ պետք չէ:

Մտահոգություն երրորդ

«Դուք ականատեսն եք այն բանի, թե ինչքան դժվար է մեզ համար ժողովրդավարության հաստատումը, ինչ բարդությունների ենք մենք առնչվել քաղաքացիական հասարակության ձևավորման ճանապարհին»,- ասել է նախագահը:

Իհարկե, ականատեսն ենք, իհարկե տեսնում ենք, քանի որ չտեսնել հնարավոր չէ: Բայց, շատ կներեք, Դու’ք չպիտի դա ասեք, մե°նք պիտի դա փաստենք ու հարցնենք Ձեզ, թե ինչու այսքան դժվարությամբ է մեզ մոտ արմատավորվում ժողովրդավարությունը:

Մտահոգություն չորրորդ

Կարևորելով Սահմանադրության նշանակությունը երկրի կյանքում՝ Ա.Ղուկասյանը նշել է. «Ցավոք, ղարաբաղյան հակամարտության լուծման հետ կապված մի շարք օբյեկտիվ հանգամանքներ խանգարել են Սահմանադրությունն ավելի վաղ ընդունելուն»:

Նախ՝ արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ղարաբաղյան կողմը վաղուց արդեն ներգրավված չէ բանակցային գործընթացում (ինչում կա նաև ԼՂՀ իշխանությունների մեղքը): Այլապես նույն Ա.Ղուկասյանը ամիսներ առաջ չէր հայտարարի, որ ՀՀ-ն պիտի դուրս գա բանակցային գործընթացից, որպեսզի ԼՂՀ-ն կարողանա ներգրավվել այնտեղ: Այսպես թե այնպես, մեր իշխանությունները լիուլի ժամանակ ունեին երկրի ներքին բարեկարգմամբ հիմնավորապես զբաղվելու համար, ինչը չեն արել: Այնպես որ, այդ պատճառաբանությունն ուղղակի անընդունելի է:

Սակայն սա դեռ ամենը չէ. փոխանակ ինքնաքննադատաբար մոտենալու այս հարցին՝ նախագահը փորձում է մեղքը բարդել ուրիշների վրա. «մեր չարակամները ջանքեր չեն խնայում, որպեսզի Լեռնային Ղարաբաղը Սահմանադրություն չունենա»:  Նախ՝ եթե, ըստ նրա, օբյեկտիվ պատճառով է Սահմանադրության ընդունումը ձգձգվել (ինչպես ինքն է ասում՝ «ղարաբաղյան հակամարտության լուծման հետ կապված»), ապա ի՞նչ չարակամների մասին է խոսքը: Եվ եթե այդ տրամաբանությունն է գործում ու չարակամների մասին է խոսվում, ապա ո՞վ կարող է ավելի չարակամ լինել այս հարցում, քան նրանք, ումից կախված էր սահմանադրական գործընթացի արագացման հնարավորությունը, այն է՝ երկրի բարձրագույն ղեկավարությունը:

Մտահոգություն հինգերորդ

Ա.Ղուկասյանը հույս է հայտնել, որ իր այդ հայտարարությունը «վերջ կդնի ամեն տեսակ մտավարժանքներին, որոնք կարող են վնասել ԼՂՀ միջազգային վարկանիշը և ապակողմնորոշել հանրային կարծիքը ԼՂՀ Սահմանադրության ընդունման իրական նպատակների վերաբերյալ»:

Մենք էլ հույս ունենք, բայց չենք կարող չփաստել՝ զրույցներն իսպառ կվերանան, եթե Սահմանադրության նախագծից բացառվի իրեն երրորդ անգամ պաշտոնավարելու հնարավորություն ընձեռող դրույթը: «Օրակարգը» դրանով հաստատ կսպառվի:

Մտահոգություն վեցերորդ

Ա.Ղուկասյանն իր հայտարարության մեջ, նկատի ունենալով երրորդ անգամ իր պաշտոնավարման հավանականությունը, նշել է. «Նման գաղափարով ինձ բազմիցս են դիմել նախորդ և ներկա գումարումների ԼՂՀ Ազգային ժողովի շատ պատգամավորներ: Բայց ես միշտ դեմ եմ արտահայտվել, քանի որ այդպիսի մոտեցումը լիովին հակասում է իմ սկզբունքներին: Ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնել մեր երկրում ընթացող ժողովրդավարացման գործընթացի անշրջելիությունը»:

Միանգամայն տրամաբանական հարց է ծագում. ովքե՞ր են այն շատ պատգամավորները, որ համարձակվել են Ա.Ղուկասյանին դիմել նրա սկզբունքներին հակասող առաջարկությամբ և «քաջություն» են ունեցել նախագահի ներկայությամբ կասկածի տակ դնել մեր երկրում ընթացող ժողովրդավարացման գործընթացի անշրջելիությունը: Միգուցե ճիշտ կլիներ հրապարակել նրանց անունները, որպեսզի ժողովուրդը ճանաչի ժողովրդավարության թշնամիներին:

Իսկ ճիշտ չէ՞ր լինի հրապարակել նաև նրանց անունները, ովքեր  «կաղապարված դեմքերի սահմանափակ շրջանակից» են: Թող նրանց էլ ճանաչի ժողովուրդը:

Ի՞նչն է հետաքրքիր՝ նախագահի տրամաբանությամբ երկու «կատեգորիաներն» էլ կարծես թե պիտի դատապարտելի լինեն: Բայց ահա հայտարարության մեջ կոպիտ ու արհամարհանքով խոսվում է նրանց մասին, ովքեր խոսել են նրա երրորդ անգամ պաշտոնավարելու հավանականության մասին, և միանգամայն հանդուրժողական տոնով խոսվում է նրանց մասին, ովքեր իրեն առաջարկել են այդ գաղափարը:

ՀՀ ԵՎ ԼՂՀ. ԻՆՉՈ՞Ւ ՉՈՒՆԵՆԱԼ ՀԱՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔ

ԼՂՀ-ի համար բացառիկ նշանակություն ունի նրա հիմնական օրենքի ընդունումը, որը հսկայական խթան կհանդիսանա անկախ պետականության ամրապնդման եւ պետական շինարարության բարեփոխման համար: Շատ ուրախալի ու ողջունելի է, որ Սահմանադրությունը հռչակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ինքնիշխան ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն: Առաջին անգամ սահմանադրորեն ամրագրվում է արցախահայության ինքնորոշման իրավունքը, որը միջազգային համապատասխան կազմակերպությունների եւ հանրության վրա ազդելու կռվան կհանդիսանա այն պետությունների և ուժերի համար, որոնց կողմից մշտապես առաջ է քաշվում Արցախի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ճանաչման հարցը:

Համոզված ենք՝ ԼՂՀ Սահմանադրության ընդունումը անպայման նպաստելու է ժողովրդավարության զարգացմանը, մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների ապահովմանը, տեղական ինքնակառավարման մարմինների կատարելագործմանը, քաղաքացիական հասարակության ձեւավորմանը:

Օրերս ԼՂՀ ԱԺ-ում կազմակերպվել է Սահմանադրության նախագծի քննարկում՝ քաղաքական ուժերի մասնակցությամբ: Սակայն ուզում եմ մեր կուսակցության կարծիքը ներկայացնել նաև մամուլի միջոցով:

Ընդունված կարգի համաձայն՝ ՀՀ օրենքները կիրառելի են նաեւ ԼՂՀ-ում: ԼՂՀ ԱԺ-ում դրանք քննարկելու եւ ընդունելու ժամանակ փոփոխության են ենթարկվում միայն պետությունների անունները՝ «ՀՀ»-ն փոխարինվում էր «ԼՂՀ»-ով: Ուստի զարմանալի է, թե ինչու ԼՂՀ Սահմանադրության ընդունման հարցում ՀՀ Սահմանադրությունը ենթարկվել է այդքան փոփոխությունների: Ի՞նչ նպատակ են հետապնդում սահմանադրական հանձնաժողովի անդամները, ինչո՞վ են պայմանավորում եւ հիմնավորում երկու հայկական պետությունների հիմնական օրենքների միջեւ տարբերություններն այն դեպքում, երբ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն գտնվում են նույն իրավաքաղաքական եւ ֆինանսատնտեսական դաշտում: Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ ՀՀ Սահմանադրությունը լրջագույն փորձաքննություն է անցել միջազգային կառույցներում եւ համապատասխանում է միջազգային չափանիշներին:

Ուրեմն ի՞նչն է մեզ դրդում հրաժարվել մեկ ընդհանուր հիմնական օրենք ունենալուց: Իսկ գուցե վաղն էլ հրաժարվենք դրամից եւ պահանջենք հատել նոր արժույթ, ասենք՝ փարա:

Այս երեւույթներն անընդունելի են մեր կուսակցության համար:

Արարատ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախագահ

——————————————————————————————-

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԿԵՍԿԱՏԱԿ-ԿԵՍԼՈՒՐՋ

«ԿԱ ՈՉ, ԿԱ ՈՉ, ԱՅ ՈՉՈՒՓՈՒՉ»

Սահմանադրության նախագծի անցումային դրույթներում, ավելի կոնկրետ՝  հոդված 137-ի 2-րդ կետում, նշվում է, որ Սահմանադրության 78 հոդվածի առաջին մասն ուժի մեջ է մտնում ոչ ուշ, քան 2015 թվականից՝ ԱԺ հաջորդ գումարումների համար, իսկ մինչ այդ գործելու են 2001թ. ընդունված «Ազգային ժողովի մասին» ԼՂՀ օրենքի 4-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի դրույթները:

Տեղեկացնենք, որ խոսքը վերաբերում է պրոֆեսիոնալ խորհրդարանի ձևավորմանը, որը նախագծի հեղինակները պարտադիր են համարում ոչ թե 2010-ին (հաջորդ գումարման խորհրդարանի համար), այլ «ոչ ուշ, քան 2015-ին»:

Սա առնվազը տարակուսելի է իր 15-ամյակը թևակոխած պետության պարագայում, այն էլ մի ժամանակահատվածում, երբ, բարձրագույն ղեկավարների պնդմամբ, ամրակայվում են պետականության հիմքերը, և այդ ենթատեքստում էլ բարձրացվում է Ազգային ժողովի դերը: Եթե իրոք այդպես է, ապա ինչո՞ւ են նրանք խուսափում պրոֆեսիոնալ պառլամենտից և գերադասում այսօրվա կիսամշտական խորհրդարանի կարգավիճակը, երբ պատգամավորների կեսից ավելին փաստորեն մշտական աշխատանքներում ներգրավված չէ և աշխատավարձ չի ստանում:

Ա. Զալինյանը սույն տպավորությունը փորձեց մեղմացնել, պարզաբանելով, որ «ոչ ուշ, քան 2015-ին» ձևակերպումը նշանակում է, որ պրոֆեսիոնալ խորհրդարան կարող են ստեղծել նաև մինչ 2015-ը: Մեր կողմից ասենք՝ այո°, կարող են ստեղծել, բայց կարող են նաև չստեղծել: Այսինքն՝ Սահմանադրությունը չի պարտադրում:

Բայց ամենատարակուսելին այն է, որ սույն մոտեցման հիմնական պատճառներից մեկը ֆինանսական միջոցների սղությունն է: Կարծես թե պետության համար դժվար է խորհրդարանի մյուս կեսի համար միջոցներ գտնելը:

Ինչ որ է, մեր պետությունում կարծես թե ամեն ինչի համար փող կա, բացի համապետական կարևոր գործերից:

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՆ ՏՎԵԼ, ՈՐ ՔԱՐԻՆ ԱԾԵՍ՝ ԿՃԱՔՃՔԻ

Նույն նիստում Ա.Զալինյանը, պատասխանելով պատգամավոր Գ.Բաղդասարյանի հարցին, տեղեկացրեց, որ Սահմանադրության նախագիծը լուրջ փորձագիտական քննության է ենթարկվել Հայաստանում և արտերկրում, մատնանշեց մի շարք հայաստանյան ու արտասահմանյան համապատասխան կառույցներ ու մի խումբ փորձագետների: Ապա հավելեց, որ ամենուր այն շատ բարձր գնահատականի է արժանացել:

Զարմանալու ևս մի առիթ: Դատեցեք ինքներդ. «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վ.Աթանեսյանը նույն նիստում տեղեկացրեց, որ իրենք 78 առաջարկություն են արել, որոնցից 50-նն ընդունվել են: «Հայրենիք» խմբակցության ասելով՝ իրենց առաջարկների մեծ մասը ևս ընդունվել է: Ըստ «ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խմբի ղեկավար Ա.Սարգսյանի՝ ընդունվել է նաև խմբի առաջարկների մի մասը: Ամենակոպիտ հաշվումներով՝ 100-ից ավելի առաջարկ է ընդունվել: Հիմա ինչպե՞ս չզարմանաս. այդքան բարձր գնահատականի արժանացած նախագծում ինչպե՞ս են այսքան փոփոխություններ կատարվել: Բա էլ ո՞ւր մնաց բարձր գնահատականը, և ինչի՞ն են, այդ դեպքում, բարձր գնահատական տվել: Կամ էլ եթե այդքան հպարտանում ենք այդ բարձր գնահատականով, ուրեմն ինչո՞ւ ենք փոփոխում նման գնահատականի արժանացած դրույթները:

—————————————————————————————–

Վրաստան. ՏԻՄ ընտրություններ

ԵԱՀԿ դիտորդներն այցելել են նաեւ Ջավախք

Տեղական ինքնակառավարման ընտրությունների կապակցությամբ Վրաստանում գտնվող ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են նաեւ Ջավախք:

Ըստ Ախալքալաքի շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահ Մաքսիմ Մահտեսյանի՝ դիտորդները ոչ միայն հետեւել են քվեարկության ընթացքին, այլեւ գիշերը ներկա են եղել իրենց հանձնաժողովի աշխատանքին:

Նույն դիտորդները եղել են նաեւ Նինոծմինդայի շրջանային ընտրական հանձնաժողովում:

ԵԱՀԿ (OSCE/ODIHR) եւ Եվրախորհրդի տարածաշրջանային եւ տեղական իշխանությունների կոնգրեսի փոքրաթիվ դիտորդները Թբիլիսիում հրապարակել են իրենց նախնական եզրակացությունը Վրաստանի ՏԻՄ ընտրությունների մասին:

Իրենց զեկույցում եւ մամուլի ասուլիսի ժամանակ նրանք արձանագրել են հետեւյալ փաստերը.

-.Վրաստանում 2006թ. ՏԻՄ ընտրությունները անցկացվել են՝ ընդհանրապես հարգելով հիմնական ազատությունները.

-Սակայն իշխանությունների եւ իշխող կուսակցության միջեւ ոչ հստակ տարբերությունը ի նպաստ իշխանությունների գործեց.

–  Դժբախտաբար« մեծամասնական ընտրապայքարի 27.5 տոկոսում եւ համամասնական ընտրապայքարի 8.7 տոկոսում ներկայացվել էր միայն մեկ թեկնածու կամ կուսակցություն. բոլորը, բացի մեկից, ներկայացնում էին իշխող կուսակցությունը.

–  Անկախ թեկնածուների 30 տոկոսը չի կարողացել գրանցվել հիմնականում ընտրությունների կազմակերպիչների պատճառով.

-Ընտրությունների մասին իրենց նախընտրած լեզվով տեղեկություն ստանալու՝ ազգային փոքրամասնությունների իրավունքը ոչ ամբողջությամբ հարգվեց երկրի տարածքում.

– Որոշ վայրերում« հիմնականում՝ փոքրամասնությունների շրջաններում« քվեների հաշվման ժամանակ դիտորդները նկատել են ընթացակարգային կարեւոր խնդիրներ:

ԵԱՀԿ և Եվրախորհրդի դիտորդները իրենց նախնական զեկույցում արձանագրել են նաեւ ՏԻՄ ընտրությունների մասին օրենքի՝ առանց բավարար հասարակական քննարկման ընդունելու փաստը:

Դիտորդական խումբը Վրաստանի ՏԻՄ ընտրական օրենքի եւ ՏԻՄ ընտրությունների մասին իր վերջնական զեկույցը  հրապարակելու է երկու ամսից:

«Ա-ԻՆՖՈ»

««Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» ՀԿ հայտարարությունը

2006թ. հոկտեմբերի 5-ին Վրաստանում տեղի ունեցան ՏԻՄ ընտրությունները, որոնցում ինչպես մեծամասնական ընտրատարածքներում, այնպես էլ համամասնական ցուցակով «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» բլոկի կազմում նաեւ մասնակցել են ««Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Ախալքալաքի շրջանում ընտրությունների նախապատրաստումը, քվեարկության ընթացքը եւ արդյունքների ամփոփումը ուղեկցվել են աննախադեպ եւ էական բացթողումներով եւ խախտումներով, որոնք լուրջ կասկածի տակ են դնում ընտրությունների արդյունքների արդարացի եւ ազնիվ լինելը եւ վկայում են, որ թույլ են տրվել լուրջ կեղծիքներ «Միասնական ազգային շարժում» կուսակցության օգտին:

«Ջավախք-ինֆո»

***

Ինչպես հաղորդում է «Միասնական Ջավախք» ժողովրդավարական  դաշինքի մամլո գրասենյակը, ս.թ. հոկտեմբերի 7-ին «Ազգ» օրաթերթին տված հարցազրույցում Վրաստանի խորհրդարանի ժողպատգամավոր, Վրաստանի հայերի միության փոխնախագահ Վան Բայբուրդը  նշել է, որ Ախալքալաքի շրջանում 18 հազար հայ ընտրողներից 16 հազարը քվեարկել են իշխող կուսակցության օգտին, և Ախալքալաքի շրջանային ժողովում 32 պատգամավորից 28-ը անցել են իշխող կուսակցությունից:

Ուզում ենք հիշեցնել Վան Բայբուրդին, ով ո°չ Ջավախքի տեղը գիտի և ո°չ էլ բնակչության թիվը, որ Ախալքալաքում «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցությունը, չնայած մեծաթիվ կեղծումներին, 65:35 տոկոս հարաբերակցությամբ համոզիչ հաղթանակ է տարել իշխող կուսակցության նկատմամբ: Վ. Բայբուրդը սխալ է նշել նաև այն փաստը, որ  ընդդիմությունից միայն 4 թեկնածու է ընտրվել:

«Ջավախք-ինֆո» 

Հետընտրական լարվածություն Ախալքալաքում

Հոկտեմբերի 9-ին առավոտյան հետընտրական լարված իրավիճակ է ստեղծվել Ախալքալաքում:

Շրջանում համամասնական կարգով ընտրություններին մասնակցող «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցությանը միացած «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի ներկայացուցիչները որոշել են շրջանային ընտրական հանձնաժողովում ստուգել ընտրությունների արդյունքները:

Շրջանային ընտրական հանձնաժողովի մոտ ընդդիմադիրներին դիմավորեն են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները: Անմիջապես տեղի է ունեցել ընդհարում, օգտագործվել է նաեւ հրազեն: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը փորձել է հանդարտեցնել կրքերը: Արդյունքում ծեծի է ենթարկվել նաեւ շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանը: Հրազենից վիրավորվել է մեկ երիտասարդ, որին տեղափոխել են ՀՀ Աշոցքի հիվանդանոց:

Իրավիճակը դեռ լարված է մնում: Ի դեպ, «Միասնական Ջավախքի» ներկայացուցիչները իրենց բողոքի միջոցառումը լուսաբանելու համար նախապես Ջավախք են հրավիրել վրացական մի շարք լրատվամիջոցների:

Ջավախքում ընդդիմադիրները պահանջում են նոր ընտրություններ

««Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» հասարակական կազմակերպությունը ԶԼՄ-ների միջոցով դիմել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն՝ Ախալքալաքի շրջանում հոկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման ընտրությունները չեղյալ հայտարարելու առաջարկով: Ընդդիմադիր «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցությանը միացած հասարակական կազմակերպության ներկայացուցիչները համոզված են, որ Ախալքալաքի շրջանում ընտրությունների արդյունքները կեղծվել են: Մասնավորապես, համամասնական կարգով, ըստ «Միասնական Ջավախքի» ներկայացուցիչ Աղասի Սուրենյանի, «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության ձայները 70%-ից իջեցվել են 30%-ի:

Պատգամավորը հրաժարվել է մանդատից

Ախալցխայի շրջանի Ծղալքբիլա գյուղական թեմի տարածքում հոկտեմբերի 5-ին շրջանային ժողովի պատգամավոր ընտրված Յուրա Մելքոնյանը ծղալթբիլացիների ճնշման տակ հրաժարվել է պատգամավորի մանդատից: Խնդիրը կայանում է նրանում, որ նա իր մրցակից Սերգեյ Բաբաջանյանին հաղթել էր մոտ 150 ձայնի առավելությամբ՝ փոխարենը կեղծելով մոտ 300 քվե: Յու.Մելքոնյանը քվեները կեղծելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովի հետ համագործակցաբար իր օգտին գրանցել է Ծղալթբիլայում չբնակվող մարդկանց ձայները: Ամենայն հավանականությամբ շուտով Ախալցխայի շրջանային ընտրական հանձնաժողովը շրջանային սակրեբուլոյի մանդատը կհանձնի Սերգեյ Բաբաջանյանին:

Հանրահավաք Ախալքալաքում

Հոկտեմբերի 10-ին Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Ախալքալաքի մասնաճյուղը հանրահավաք էր հրավիրել, որի նպատակը նախօրեին ՏԻՄ-ի ընտրությունները Ախալքալաքի շրջանում կեղծումների պատճառով անվավեր հայտարարելու՝ ընդդիմադիրների առաջարկին պատասխանելն էր: Հանրահավաքին մասնակցել է մոտ 100 մարդ: Մասնակիցների առջեւ Կարտիկամի գյուղական թեմի տարածքում մեծամասնական պատգամավոր ընտրված Սարգիս Ուզունյանը հայտարարել է, որ ընտրություններն անցկացվել են օրինականության սահմաններում:

«Ա-ԻՆՖՈ»

Եվս մեկ հաղթանակ Սահակաշվիլու օգտին

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում ձայների գերակշիռ մեծամասնությամբ հաղթել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու ղեկավարած «Ազգային շարժում» կուսակցությունը: Ընտրությունները կայացել են հոկտեմբերի 5-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալներով՝ ընտրողների թիվը Վրաստանում կազմում է 3 205 634: Ընտրություններում իրենց թեկնածուներին են առաջադրել 5 կուսակցություն, որոնցից «Ազգային շարժումը» իշխող կուսակցությունն է, իսկ մյուս 4-ը՝ ընդդիմադիր:

Հերթական անգամ անց է կացվել«Exit poll», սակայն նորությունն այն է, որ այս անգամ դրա անցկացումը հովանավորել են տեղական 3 խոշոր հեռուստաընկերություններ: Նպատակը՝ առաջինը իմանալ ընտրությունների մոտավոր արդյունքների մասին: «Exit poll»-ի՝ ընտրատեղամասերում գտնվող աշխատակիցներն արդեն քվեարկած քաղաքացիների շրջանում հարցում են կատարում և իմանում, թե որ թեկնածուի օգտին են ձայն տվել: Ըստ այդմ, 3 ժամը մեկ «Exit poll»-ի կազմակերպիչները հայտնում են այդ պահի դրությամբ առաջատար տեղում գտնվող թեկնածուի անունը:  Ընտրության օրը՝ ժամը 22:00-ին, երբ հայտնի դարձան «Exit poll»-ի վերջնական արդյունքները, ըստ որոնց՝  հաղթող էր ճանաչվել «Ազգային շարժում» կուսակցությունը, Վրաստանի հեռուստաընկերություններն ուղիղ կապով հեռարձակում Էին «Ռուսթավելի» թատրոնում նախագահ Սահակաշվիլու և խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի ելույթը: Հենց այդ հեռուստաեթերի ընթացքում նախագահ Սահակաշվիլին, չսպասելով պաշտոնական տվյալներին, իր մոտ  հրավիրեց Թբիլիսիի գործող քաղաքապետ  և միաժամանակ «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Գիգի Ուգուլավային և շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ:

Ընտրություններին հետևում էին միջազգային դիտորդներ, որոնք նշել են, որ լուրջ խախտումներ չեն եղել: Մինչդեռ ընդդիմության կարծիքով՝ գրանցվել են լուրջ խախտումներ, հատկապես՝ կապված ընտրացուցակների հետ: «Ընտրողների մեծ մասը ընտրության օրն իր անունը չի գտել ընտրացուցակներում, այնինչ մի քանի օր առաջ, երբ գնացել և ստուգել է, անունները  եղել են:  Մեր ներկայացուցիչները, արձանագրելով այդ դեպքերը, տեղում դիմում են ներկայացրել ԿԸՀ-ին, բայց սպառիչ պատասխան չեն ստացել: Տեսնելով այդ անարդարությունները՝ մենք որոշել ենք այլևս չպայքարել ճշգրիտ պատասխան ստանալու համար»,- ասաց ԿԸՀ-ում «Սալոմե Զուրաբիշվիլի» կուսակցության ներկայացուցիչ Մարիամ Մկալավիշվիլին:

ԿԸՀ-ում Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Գեորգի Մտվարելիձեն ասաց, որ  ընտրությունները ժողովրդավարական չեն եղել,  և գրանցվել են բազմաթիվ խախտումներ:

««Ազգային շարժումը» ընտրողներին  տրամադրում էր որոշակի գումար, որպեսզի նրանք ընտրեն իրենց կուսակցության առաջադրած թեկնածուներին: Մենք խախտումների վերաբերյալ ունենք բազմաթիվ փաստեր, որոնք ներկայացրել ենք Սահմանադրական դատարան»,- ասել է Մտվարելիձեն:

«Այս ընտրությունների ընտրացուցակները ամենաճշգրիտ ցուցակներն են, որ եղել են երբևէ: Ընտրողների միայն  2-3%-ը չի մասնակցել ընտրություններին, այն էլ իր մեղքով՝ ժամանակին չի ստուգել ընտրացուցակում իր անվան առկայությունը: Եղել են թեթևակի խախտումներ, օրինակ՝ Ախմեդսկի ընտրատարածքի ընտրացուցակներում եղել են այլ շրջանի ընտրողների անուններ: Նմանատիպ խախտումներ արձանագրվել են մի քանի բնակավայրերում ևս: Այդ տարածքների ընտրությունները չեղյալ են հայտարարվել, և ամսի 17-ին կանցկացվի կրկնակի ընտրություն: Դա, սակայն,  չի փոխի ընտրությունների արդեն հայտնի արդյունքները»,- իր հերթին նշեց  ԿԸՀ-ում «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Կարլո Կվիտաիշվիլին:

Քաղաքագետ Գիա Խուխաշվիլին էլ փաստում է, որ ընտրողների ակտիվությունը չափազանց ցածր է եղել. «Մարդիկ շատ քիչ են վստահում ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը, և դրա համար պետք է ցավել: Քաղաքական ճգնաժամ է տիրում Վրաստանում: Ելք, իհարկե, կա. պետք է քաղաքական դաշտ դուրս գան այնպիսի մարդիկ, ովքեր իրական քայլեր կձեռնարկեն երկրի բարգավաճման համար: Այսօր այդպիսի մարդիկ կան, բայց նրանք կազմակերպված չեն, նրանք չեն երևում քաղաքական դաշտում»:

Լիլիթ ԱՍՐՅԱՆ
Թբիլիսիից՝ հատուկ «Դեմո»-ի համար

——————————————————————————————-

Հասարակություն

ՈՐՊԵՍԶԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՄԱՔՈՒՐ ՈՒ ԿՈԿԻԿ ԼԻՆԻ

Ստեփանակերտի հյուրերը, որպես կանոն, նշում են մեր մայրաքաղաքի մաքուր լինելը, և դա հաճելի է լսել: Այնուամենայնիվ, պետք  չէ ինքնահանգստանալ, այլ ընդհակառակը. հարկ է մշտապես հետևել քաղաքի փողոցների մաքրությանը, որպեսզի մեր սիրելի քաղաքը միշտ էլ ու ամբողջովին լինի մաքուր ու կոկիկ: Իսկ անելիքներ կան:

Սոսկ մի օրինակ: Նալբանդյան փողոցը քաղաքի բանուկ փողոցներից է: Այն առանձնահատուկ է նաև նրանով, որ այստեղ է գտնվում քաղաքի ճանաչված հյուրանոցներից մեկը, որը պարբերաբար օտարերկրացիների է հյուրընկալում: Բնականաբար, նկատի ունենալով այդ հանգամանքը՝ պետք է առանձնակի  ուշադրություն դարձնել փողոցի սանիտարական վիճակին:

Սակայն ցավով պիտի նշեմ, որ այդպես չի արվում: Փողոցի բնակիչները բողոքում են, որ աղբը ժամանակին չեն տանում: Ու տարակուսում են, քանի որ համապատասխան վճարը իրենք ժամանակին մուծում են: Նրանց հայտնի չեն պատկան մարմինների նման վերաբերմունքի պատճառները:

Ինքս ականատեսը եղա այսպիսի մի դրվագի: Մի օր սնկի պես աճեցին աղբով լի պարկերը, իսկ աղբահավաք մեքենան չկա ու չկա: Ի վերջո, բնակիչներից մեկն իր մեքենայով աղբը հանեց փողոցից: Ինչ խոսք, խրախուսելի է նման քաղաքացիական ինքնագիտակցությունը, բայց այն չպիտի փոխարինի պատկան մարմինների պարտականություններին, այլ պիտի լրացնի դրանք:

Սակայն այստեղ մի վիճելի հանգամանք կա: Կարող են ասել՝ եթե բնակիչները աղբը չդիզեն, այլ այն թափեն մոտակայքում գտնվող աղբարկղերի մեջ, ապա այդպես չէր լինի: Բայց արկղերը, չգիտես ինչու, «անարդար» են բաշխել՝ երեք մեծ փողոցների համար ընդամենը երկու աղբարկղ: Հասկանալի է, որ, ասենք, տարեց մարդու համար դժվար է այդքան ճանապարհ կտրել՝ աղբը թափելու համար:

Ինչ որ է, ելք պիտի գտնվի: Ու գտնողներն էլ նրանք պիտի լինեն, ում վստահված է այդ կարևոր գուրծի կազմակերպումը:

Էմմա ՄՈՎՍԻՍՅԱՆ

ԳՈՒՆԱՎՈՐԻՐ ԿՅԱՆՔԴ ՔՈ ԳՈՒՅՆՈՎ

Ուշ աշնանը եւ ձմռանը մարդկանց մոտ սովորաբար նկատվում է տրամադրության անկում, դիմադրողականության թուլացում և հիվանդությունների սրացում: Սրանց պատճառը միայն վատ եղանակը չէ: Գուցե զարմանալի թվա, բայց պատճառը նաեւ լույսի ու գույնի պակասությունն է:

Գիտե՞ք արդյոք, որ այսօր աշխարհում բուժման տարածված մեթոդ է գունաթերապիան, որը կիրառվում է դեռևս հնագույն ժամանակներից: Օրինակ՝ փորձեք գունավոր ապակիների միջով նայել աշխարհին, եւ ձեր տրամադրությունն անպայման կբարձրանա, ի հայտ կգան վսեմ խոհեր, ցանկություն կառաջանա ժպտալ եւ վայելել կյանքի գեղեցկությունները:

Ամերիկացի բժիշկները հոգնածությունը, դեպրեսիան եւ նույնիսկ վախը հաղթահարելու համար խորհուրդ են տալիս կարմիրը, գազարագույնը և դեղինը: Կարմիրը բարձրացնում է ներքին էներգիան, կարգավորում արյան շրջանառությունը եւ նյութափոխանակությունը, նաեւ տաքացնում ու ջերմացնում է մարդու հոգին ու մարմինը: Այն հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր հաճախակի մրսում են: Գազարագույնը օգնում է բարձրացնել տրամադրությունը, նպաստում է ախորժակին, լավացնում է մարսողությունը: Օգտակար է մարսողության պրոբլեմներ ունեցողների համար: Իսկ դեղինը նպաստում է հիշողության բարելավմանը, բարերար ազդեցություն է ունենում լյարդի վրա, նաեւ կարեւոր է մաշկի  ու նյարդերի համար:

Ըստ բժիշկների՝ աչքերի հանգստի համար օգտակար են կանաչը եւ երկնագույնը: Կանաչը հանգստացնում է, օգնում, որ սրտի աշխատանքը լինի  կանոնավոր, ունի հակաբորբոքային  եւ հակաալերգիկ  ազդեցություն: Երկնագույնը հանգստացնում է,  բարձրացնում դիմադրողականությունը, բուժում բորբոքվածությունը եւ նույնիսկ այրվածքները: Բոլոր նրանց համար, ովքեր ունեն վահանագեղձի հետ կապված  պրոբլեմներ, երկնքի եւ ծովի գույնը ամենաօգտակարն է:

Անքնությունը, զարկերակային ճնշման բարձրացումը շատերին տանջող երեւույթներ են: Մուգ կապույտ գույնը  հենց դրանցով տառապողների համար է: Բժիշկների կարծիքով, մուգ կապույտը նաեւ ստեղծում է խաղաղության տպավորություն: Նաև նպաստում է շնչառության  կարգավորմանը, օգնում վերին շնչուղիների սուր բորբոքումների ժամանակ: Մանուշակագույնը օգնում է ինտուիցիայի /ներազդում/ արթնացմանը, ինչպես նաեւ կարգավորում է լիմֆարիկ գեղձերի ֆունկցիան եւ օգնում է գլխացավերի ժամանակ:

Շատ կարեւոր է ճիշտ որոշել բնակարանների լուսավորվածությունը: Ըստ ամերիկացի հոգեբան Թոմաս Ուոդդենի՝ կանաչ լուսավորվածությունը հանգստացնում է եւ տրամադրում  քնի, ուստի կարելի է օգտագործել կանաչ լուսամփոփ: Բաց կարմիրը բարձրացնում է տրամադրությունը: Մանուշակագույնը, ըստ հոգեբանի, համարվում է ստեղծագործողների գույնը:

Ընտրեք եւ գտեք ձեր գույնը, եւ թող ձեր կյանքը նմանվի ամենավառ գույների համաստեղության:

Իրեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱՄԱԿ «ԴԵՄՈ»-ԻՆ

Հարգելի խմբագրություն:

Թույլ տվեք թերթի միջոցով իմ երախտագիտությունը հայտնել դատապաշտպաններ Վագիֆ Իշխանյանին եւ Յուրի Դանիելյանին՝ իրենց մասնագիտական եւ մարդկային պարտքը բարեխղճորեն կատարելու համար: Պետք է հայտնեմ, որ որդիս, անմեղ լինելով, հայտնվել է ծանր քրեական պրոցեսի առանցքում, եւ նրան սպառնում էր խիստ պատիժ: Արել ենք ամեն ինչ, որպեսզի որդիս, տվյալ դեպքում՝ նաև անմեղ մարդը, չհայտնվի ճաղերի հետեւում: Եվ դա հաջողվել է այն մարդկանց շնորհիվ, ովքեր ոչ միայն պարզապես մտել են իմ դրության մեջ, այլև արդարության ջատագով են, ինչի արդյունքում իմ տղան հիմա ազատության մեջ է:

Շնորհակալություն եմ հայտնում դատավոր Լեռնիկ Աթանյանին՝ արդարադատության համար: Իմ երախտագիտությունն եմ հայտնում նաև ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանին, որն իրեն դիմելու պահից ուշադրության կենտրոնում է պահել հարցը:

Սվետլանա  ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Զոհված ազատամարտիկի այրի

——————————————————————————————-

Հավատք

Տեսակետ

ԼՈՒՅՍԻ ՄԱՆԱՆԱ ԱՍՏԾՈՒՑ  ՎԱԽԵՑՈՂԸ  ՈՉՆՉԻՑ  ԱՀ  ՉՈՒՆԻ….

Քրիստոնյա աշխարհի կրած ամենածանր դժվարությունների եւ դժբախտությունների պատճառներից մեկը, գուցե եւ ամենագլխավորը, ներհավատքային տարաձայնությունների տեւականությունն է, ունայնամիտ սրումները:  Բանը երբեմն հասնում է նրան, որ թե° երեկ, թե° այսօր Սուրբ Երրորդություն ընդունող եկեղեցիները (Կաթոլիկ, Ուղղափառ-օրթոդոքս, Հայ առաքելական, Բողոքական և այլն) իրենց շարքերի համալրման ճանապարհին (եւ դրանից հետո) իրարից երես են թեքում՝ բացարձակ ճշմարտախոսի կեցվածք ընդունելով: Մեկը մյուսին մերժելով են հավակնում իրենց աստվածահաճո գործունեությանը, թեեւ գրեթե բոլորը, ըստ էության, նույն վարդապետությանն են դավանում՝ հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու…

Տարբերությունը, ըստ իս, ծիսական-ավանդական դրսեւորումների ասպարեզում է: Մարդ անհատն այդ դավանանքի համակի՞րն է, թե՞ նվիրյալը, աստվածավա՞խն է, թե՞ աստվածամերժը: Կամա-ակամա երբ եկեղեցի է մտնում՝ ունկնդրելու աստվածաշնչյան մեկնաբանումներ, նա հոգեւոր ծարավ ունի, նա որոնում է այն մեկնաբան-քարոզչին, որը կարող է հագեցնել իր ծարավը:

Երբեմն ծարավների ճանապարհին հայտնվում են աղբյուրի «տեղն իմացողները», որոնք փորձում են որոնողներին ցույց տալ ոչ թե Սուրբ Երրորդության մաքրամաքուր ակունքը, ոչ թե խաչյալ-հարուցյալ Հիսուսի վարդապետության լույսը, այլ ճանապարհից շեղելով նրանց՝ խճճել շինծու հակասությունների ոստայնում՝ շեշտելով իրենց ընդունած ճշմարտության աներկբայությունը: Այդ վարքաբանությանը հանդիպող նորահավատները հիասթափվում են մարդորսության այդ կարգի դրսեւորումներից, որի հետեւանքով շատերը երես են թեքում ոչ միայն մատուցվող ջրի պղտորությունից (հոսանքից), այլեւ շատ հաճախ… Աստծուց: Մեկը մյուսին փնովելը հանդուրժելի չէ աշխարհիկ կյանքում, ուր մնաց՝ հոգեւոր ոլորտում:

Մնում է, ի սեր Աստծո, աղաչել ամենքին ու բոլորին՝ թողե°ք ձեր ներկուսակցական-միջկուսակցական  պայքար հիշեցնող ունայնամիտ հակասությունները եւ… մի° տարեք մեզ փորձության, հեռո°ւ պահեք մեզ չարից…

***

Ողբերգական հանգամանքների հրամայականով հանգրվանել եմ Լիտվայում, ուր կաթոլիկներ են, Ռուսաստանում (Մոսկվա, Ս.Պետերբուրգ, Տվեր, Ռոստով, Կրասնոդար, Վլադիմիր, Պյատիգորսկ), Ուկրաինայում (Դոնեցկի, Խարկովի մարզեր), որտեղ ուղղափառությունն է գերիշխում: Ներկա եմ գտնվել թե° կաթոլիկների, թե° ուղղափառների պատարագներին, ունկնդրել բողոքական թեւին պատկանող եկեղեցիների քարոզչությունները (Մոսկվայում): Այդքանով հանդերձ մնացել եմ իմ մայր եկեղեցու՝ Հայ առաքելականի ճշմարիտ նվիրյալը: Մեղքս ի՞նչ թաքցնեմ. իմ ներաշխարհում առավել խոսում է ազգայինի զգացումը, քան հավատավորի կույր նվիրվածությունը: Բռնագաղթից հետո՝ 1992-ից, ուր ասեք, որ չեմ եղել, ում ասեք, որ չեմ լսել: Լսել եմ նույնիսկ «Եհովայի վկաներին»: Նրանց ես չեմ որոնել, նրանք են ինձ եւ ինձ նման ճարահատներին որոնել: Նախանձելի համառություն ունեն «վկաները», փակ դռներ բացելու փորձված մոտեցումներ: Վարձովի բնակարանիս դուռը բացել ու ներս են մտել՝ այլեւս այնտեղից դուրս չգալու մտադրությամբ: Մեծ համբերությամբ ընտանյոք հանդերձ լսել ենք նրանց: Փառք Աստծուն, նրանք էլ մեզ են լսել: Ի վերջո, վեց ամսից հետո կայացել է մի ցանկալի փոխըմբռնում, որից հետո բնակարանիս շեմը չեն կոխել:

Հետագայում (2004-ին) «վկաների» հանդիպել եմ ծննդավայր Մարտակերտում: Հրավիրել են՝ իմանալով, որ իմ հոգեւոր դաշտը հերկված ու ցանված է: Մերժել չէի կարող, որովհետեւ այդ հոսանքի մարտակերտյան հավաքներին մասնակցում են իմ համերկրացիները, որոնց ճանաչում ու հարգում եմ տարիների խորքից: Բոլորն էլ, առանց բացառության, իմոնք են: Մերոնք են: Ազնիվ ու աշխատասեր, տոկուն ու բարեհոգի մարդիկ էին, դեռ էն գլխից, երբ հավատքի մասին ոչ մի պատկերացում չունեին:

Հազար ափսոս, որ հայրենակիցներս, ըստ իս (մեղա քեզ, Տե°ր իմ), մոլորվել եւ ուրիշի խաղ են խաղում իմ սահմանամերձ Մարտակերտում, այն էլ մի այնպիսի վճռորոշ ժամանակահատվածում, երբ ծանր հաղթանակով նվաճվածը մի փխրուն զինադադար է: Երբ բնակչության գոյատեւման հույսի երաշխավորը, Աստծո կամոք, մնացել էր մեր պաշտպանական բանակի զինվորը: Ափսոս, որ քրիստոսամերժ իմ հայրենակիցները (մերժում են Որդու աստվածությունը), իրենց հավաքներին հրավիրում են մարդկանց՝ նրանց գայթակղելով զենք չվերցնելու, զինվորական երդումից հրաժարվելու հոգեհաշմություններով:

Մեզնից ոչ մեկը զերծ չէ մոլորություններից, մեղքից: Սակայն այս պարագայում սա մոլորությունից անդին է: Այդ իսկ պատճառով աղաչում են իմոնց  սթափվել, իսկ խոտոր ճամփաների հմայուններին… զգաստանալ ընդհանուր վտանգի առաջ: Ի սեր Աստծո, մի° թշվառաբանեք, ջահելներին կորովաթափ մի° արեք, հակառակահորդոր քարոզչությամբ մի° շեղեք աջակցություն աղերսողների ճանապարհը: Խոսքի եւ խղճի ազատությունից յուրաքանչյուրս այնպիսի երկյուղածությամբ պիտի օգտվենք, որ սերունդներն անեծքով չհիշեն նրանց, ովքեր մեղք են գործել Սուրբ Երրորդության հանդեպ: Չմոռանանք՝ այնտեղ, որտեղ հակառակությունը նպատակ է, բացակայելու է օրհնությունը:

ԼՂՀ զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար հրապարակվում են աղանդավորների մասին: Հեղինակների խոսքից երեւում է, որ շատերը ոչ մի եկեղեցու դավանակից չեն: Ծանոթ չեն, թե նրանցից ով է ինչ հաստատում կամ ժխտում: Բոլորը, խոսքերը մեկ արած, հոգեւոր խոտորումները վերագրում են միայն ընտանեկան ողբերգություններին, սոցիալական ծանր կացությանը՝ որպես պատերազմի հետեւանք: Մինչդեռ աստվածաշունչ եկեղեցին հենց նրա համար է, որպեսզի դժվար կացությունների մեջ հայտնվածները (եւ ոչ միայն նրանք) ապավինեն Սուրբ Երրորդության արարչական-փրկչական զորույթին,՝ դիմակայելով, իրենցից վանելով ծնկածալ ոգեթափությունը, քարոզչական բացորոշմամբ լռեցնելով նեղմիտ ու հոգեհաշմ կրոնախևերին:

Հրապարակումներից մեկը կրում է «Փակենք աղանդների ու աղանդավորների ճանապարհը» խորագիր-կոչը:  Բայց չի բացահայտում, թե ինչպես եւ ինչ ձեւով դա անել:

Սլավա ՄՈՍՈՒՆՑ
Մոսկվա-Ստեփանակերտ-Մարտակերտ
1996-2006

ԻՍԼԱՄՆ ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ԿՐՈՆԸ

Լույս է տեսել

Նորերս Գյումրիի «Էլդորադո» հրատարակչության մատուցմամբ ընթերցողների դատին է հանձնվել աննախադեպ մի ուսումնասիրություն, որի հեղինակը հայտնի աստվածաբան Ա.Ռ. Գայաեանն է: Հեղինակը գաղափարաբանական դրսևորումներով դիտարկել է համաշխարհային կրոններից մեկի՝ իսլամի ընդարձակ տարեգրությունը՝ ծննդից մինչև մեր օրերը: Այն առավելապես կարևորվում է Ղուրանի ավանդութավարդապետական նկարագրի ամբողջացմամբ՝ պատմական և այժմեական աշխարհաքաղաքական համատեքստում: Ներկայացնում ենք գրքի առաջաբանը:

՞Ինչու մուսուլմաններն ամենուր խնդիրներ ունեն իրենց դրացիների հետ: Նրանք աշխարհի բնակչության հինգերորդ մասն են, բայց ոչ մի այլ քաղաքակրթության որևէ ժողովուրդ նրանց չափ ատելություն և թշնամանք չի ծնում այսօր: Արդյոք հանդուրժո՞ղ կրոն է իսլամը: Ինչու Փարիզում, Լոնդոնում կամ Բեռլինում մուսուլմանները կարող են օրինական և ապօրինի միջոցներով օտար ժողովուրդներից աահանջել հարգել իրենց իրավունքները, իսկ նույն եվրոպացին չի կարող նույնը պահանջել իսլամական երկրներում: Ի վերջո, ի՞նչ է իսլամը, ո՞րն է նրա փիլիսոփայությունը:

Իսլամը անհատական կամ հասարակական կյանքի մեկուսացված տարր չէ, ինչպես քրիստոնեությունն Է քրիստոնյա աշխարհի շատ ժողովուրդների (ցավով նշենք՝ նաև հայերիս) համար: Միամտություն կլիներ այս աշխարհակուլ կրոնը նեղացնել սոսկ ծիսական կամ պաշտամունքային վիճակի: Իսլամին (առավել, քան մարդկության մյուս, այսպես կոչված« «մեծ կրոններին») հատուկ Է իր ներաշխարհի և կյանքի ամբողջական պատկերացումը, լայն և ընդգրկուն աշխարհընկալումը, որ հատուկ պիտի լիներ նաև քրիստոնեական հավատքին (եթե ոչ առավել), առնվազն այն անհատներին և ազգերին, ովքեր իրենց քրիստոնյա են անվանում: Մինչդեռ իսլամը և իսլամիզմը խիստ տարբերվում են քրիստոնեության ամուլ տեսակից: Իսլամն ավելին Է, քան կրոնը. իսլամը մտածելակերպ Է, գործելակերպ, կենսակերպ, ես կասեի՝ մարդաբանական կերպ Է:

Անառարկելիորեն ակնհայտ է վիթխարի, անհամատեղելի տարբերությունը քրիստոնեական հավատքի և իսլամի միջև: Հեղինակը գնահատում Է այդ տարբերությունը ինտելեկտուալ ազնվությամբ և քրիստոնեական բարեսրտությամբ: Նրա մտադրությունը չար չէ, պարզապես նրա (և մեր) հավատացյալ սրտին բացահայտված ճշմարտության վկայություն է: Հեղինակի համոզմամբ, քրիստոնեական պարզ բարեսրտության, ոչ թե դեմագոգիայի արդյունք է ճշմարիտ հանդուրժողությունը՝ ի շահ նրանց, ովքեր զուրկ են քաղաքակիրթ աշխարհի ազատություններից, ում եվրոպացին սիրահոժար սովորեցնում է իր լեզուն, իր պատմությունը, ում օգնում է հասկանալ ու սիրել այն երկիրը, որտեղ ապաստանել է մուսուլմանը, ծանոթացնում քաղաքակրթության ամենահիմնարար արժեքներին, ներշնչում, որ ցանկացած պետության և հասարակության օրինական պարտավորությունն է հարգել իր մուսուլմանի մարդկային իրավունքները: Խղճի ազատության իրավունքը ամեն մարդ արարածի անօտարելի սեփականությունն է՝ առանց խտրության:

Քրիստոսի Ավետարանը մեզ՝ քրիստոնյաներիս, պարտավորեցնում է սիրել մերձավորին (անկասկած, նաև մուսուլմանին): Այդուհանդերձ, մեր վերաբերմունքը, մեր պարտավորությունը սրանով չի ավարտվում: Հեղինակը համոզված է, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի անողնաշար ու անարյուն հանդուրժողականությունը և անսկզբունք մեծահոգությունը ջնջեն աստվածաշնչյան ճշմարտությունները և քրիստոնեական համոզմունքները, «որովհետև Արևմուտքը՝ իր լավագույն կողմերով, ծնվել է քրիստոնեությունից, նույնիսկ եթե այսօր իրեն պահում է կամակոր այծի պես՝ կամա-ակամա խառնակվելով հոգևոր և բարոյական բազում պղծություններով»:

Այս գիրքը չի հավակնում լինել իսլամի սպառիչ և համակողմանի ուսումնասիրություն: Վերապատվելի Ա. Ռ. Գայաեանը լավագույնս բնութագրում է իր աշխատությունը. «Թեկուզ և երկարաշունչ, այն իսլամի գծով մասնագետի խորազնին հետազոտության արդյունք չէ, ոչ սպառիչ և ոչ էլ հրաշալիորեն խորագետ սույն հետազոտությունը, այդուհանդերձ, սնվել է վստահելի, այդ թվում նաև իսլամական աղբյուրներից»:

Մեր կողմից կավելացնեինք՝ իսկապես խորագետ աշխատություն: Նա, ով կցանկանա շրջանցել գրքի խիստ մասնագիտական հատվածները, կարող է «Բովանդակությունից» ընտրել առավել մատչելի և իր կարիքներին համահունչ գլուխները: Քրիստոնեական հավատքի հանդեպ հեղինակի մոտեցումը իր համոզմունքների և տարիների փորձի արդյունքն է: Ընթերցողն ազատ է ընդունել կամ մերժել այն, սակայն չի կարող չնկատել քրիստոնյա հայորդու՝ Ահարոն Գայաեանի սրտագին զգացմունքները, խոհերն ու նախանձախնդրությունը իր ժողովրդի քրիստոնեական նկարագրի համար: Հեղինակի նպատակն է ոչ թե գիտական աշխատություն երկնել, այլ պարզապես օգտակար մի գիրք առաջարկել քրիստոնյա և ոչ քրիստոնյա ընթերցողին:

Եվ դա նրան լիարժեք հաջողվել է:

Արմեն ԵՂԻԿՅԱՆ

——————————————————————————————-

Սփյուռք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

Վերջին ժամանակներս Գերմանիայում հրատարակվել են հայերին և Հայաստանին առնչվող 5 գրքեր, որոնց փորձեմ անդրադառնալ ստորև:

Առաջին 3 գրքերի հեղինակները թուրքեր են.

1. Շահին Ալի Սոյլեմեզօղլու, «Մեդալիոնի մյուս կողմը», 2005թ., «Օնել» հրատարակչություն, 254 էջ:

Հեղինակը, ինչպես ինքն է գրում, փորձել է պարզաբանել 1915թ. ողբերգության պատճառները՝ հիմք ունենալով եվրոպական, ամերիկյան և հայկական աղբյուրները: Գիրքն ամբողջությամբ ողողված է մեր՝ հայերիս մասին կեղծիքներով: Գրքում առկա միակ նորությունը գերմաներենով գրված լինելու փաստն է:

2. Չեմ Օզգյոնոլ, «Մի ցեղասպանության առասպել. Լեփսիուսի փաստաթղթերի քննական ակնարկ և գերմանացիների դերը  «Հայկական հարցի» նկատմամբ անցյալում և ներկայումս», 2006, «Օնել» հրատարակչություն, 325 էջ:

Այս գիրքն իր ոգով ու բնույթով վերը նշված գրքի շարունակությունն է, միակ տարբերությունն այն է, որ սրա առաջաբանը գրել է ոմն գերմանացի դոկտ. Ուդո Վիցենզը, ըստ որի՝ «1945-46 թթ. վտարվել են 15 միլիոն արևելյան գերմանացիներ (Լեհաստանից և Չեխիայից,- Ժ.Ք.)՝ շուրջ 2 միլիոն զոհերով,  ոչ ոք չի խոսում ցեղասպանությունից», այնուհետ հանգում է «ցնցող» եզրակացության.՝ «հայերի վերաբնակեցումն էլ և դրա հետևանքով մահացածներին էլ արդար չի լինի ցեղասպանություն կոչել»: Հեղինակն էլ գրքին առանձնահատուկ կշիռ տալու համար ինքն իրեն գերմանացի-թուրք պատմաբան է կոչում: Այս գիրքը, ինչպես նախորդը, հրատարակվել է «Օնել» հրատարակչության կողմից, տպագրության վայրը հայտնի չէ: Հարկավ, սա մի անհայտ թրքական հրատարակչություն է, և բացառված չէ, որ երկու գրքերն էլ Թուրքիայի պետության պատվերներ են:

3. Ալփերեն Չելջք, «Հայ ժողովրդի ողբերգությունը, 1915-1918», 2006թ., Վուրցբուրգ, 119 էջ:

Գրքույկի  հեղինակը իրավաբանության ուսանող է, իսկ հրատարակչությունը՝ անհայտ: Գիրքը հենված է կեղծիքի վրա և լի է հակասություններով, նախորդ երկուսի նման չի ներկայացնում գիտական արժեք և, ավելի շուտ, գրված է Գերմանիայում բնակվող 2,5 միլիոնից ավելի թուրքերի համար:

4. Եորգ Բեոլին և Ադրիան Քլեններ, «Ցեղասպանությո՞ւն, թե՞ վերաբնակեցում», 2006թ., Համբուրգ, «Փափիռոսսա» հրատարակչություն, 410 էջ:

Գիրքը՝ իր 5 քարտեզներով, ցեղասպանության մասին լուսանկարներով, հիմնված է համոզիչ փաստերի վրա: Գրքի մասին կարծիք կազմելու համար թարգմանաբար մեջբերենք գրքի շապիկի վրայի ծանուցումը, որը համապատասխանում է գրքի բովանդակությանը. ««Էլ ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»,- ասել է Հիտլերը նախքան Լեհաստանի վրա հարձակվելը, որպեսզի իր զինվորները չունենան խղճի խայթ: Սա նշանակում է, որ որևէ ցեղասպանության մասին եղած յուրաքանչյուր հիշողություն կարող է օգնել, որպեսզի գալիք ցեղասպանությունը խափանվի»: Գրքի առաջին մասում տեղ են գտել հայոց պատմության և 1915-16 թթ. ցեղասպանության ընթացքին առնչվող հարցեր, ինչպես նաև ցեղասպանության պատճառների վերլուծություն: Երկրորդ մասում նյութերը դասավորված են ըստ աղբյուրների: Թրքական տեքստերին զուգընթաց ներկայացվում են հայերի, ամերիկացիների ու գերմանացիների վկայությունները: Այստեղ նշվում է մի կողմից՝ թուրքերի ոճրագործ գործունեությունը, մյուս կողմից՝ նրանց արարքները, ովքեր փորձեցին օգնել ցեղասպանության զոհերին: Գրքում բերված օրինակներով ավելի է հստականում Գերմանիայի վարած քաղաքականության պատասխանատվությունը: Գրքում բերված են նաև այն ժամանակի դիվանագետների քաղաքական գնահատականները և նրանց՝ կայսերական Գերմանիային տված խորհուրդները հայ-թրքական հարաբերությունների խնդրում: Այս հարցերի մասին փաստաթղթերը առաջին անգամ են հավաքական տպագրվում և արժեքավոր են հատկապես այն ուսումնասիրողների համար, ովքեր զբաղվում են Հայոց ցեղասպանության ընթացքում Գերմանիայի վարած քաղաքականության խնդրով: Այս գրքի մասին մոտ ապագայում գրախոսականով հանդես կգա դոկտ. Թեսսա Հոֆմանը, և նրա խոսքը մի յուրօրինակ պատասխան է լինելու վերոնշյալ 3 թուրք հեղինակներին:

Եորգ Բեոլինի և Ադրիան Քլենների «Ցեղասպանությո՞ւն, թե՞ վերաբնակեցում» գիրքն արժանացել է լայն հասարակության և հատկապես երիտասարդ ուսումնասիրողների հավանությանը:

5. Ութե Ֆրիզն և Մարկոս Վուրմլի, «Կովկաս. մշակութային ցնցում», 2006թ., Բիլեֆելդ, «Փեթեր Ռումփ» հրատարակչություն, 526 էջ:

Այս գրքի մասին ավելի մանրամասն անդրադառնում եմ առանձին գրախոսականով: Արդարացի է գերմանահայերի և նրանց գերմանացի բարեկամների վրդովմունքը, քանի որ այն Հայաստանի վրա թողնելու է խիստ բացասական հետք:

Դոկտ. Ժիրայր ՔՈՉԱՐՅԱՆ
Բեռլինի Ազատ համալսարան

«ԿՈՎԿԱՍ. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑՆՑՈՒՄ» ԳՐՔԻ ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

Հայերիս համար արդեն սովորական երևույթ է դարձել, երբ ոչ իրավասու մարդիկ մեր մասին գրքեր են գրում, որպեսզի անպետք խորհուրդներով մեզ «խելքի բերեն»: Այնուամենայնիվ, այս գիրքը գերազանցում է իր նախորդներին: Թե ինչու և ինչ պատճառով է հրատարակչության պատասխանատու խմբագիրը այսպիսի մի ձեռագիր ընդունել՝ կանդրադառնանք ավելի ուշ:

Ութե Ֆրիզնի և Մարկոս Վուրմլիի (այսուհետ՝ Ֆ./Վ.) հրատարակած այս գիրքը ո°չ տեղեկատվական է, ո°չ էլ առարկայական: Եթե այսպիսի մի գիրք հրատարակվեր հրեաների կամ թուրքերի մասին, հեղինակները պատասխանատվության կկանչվեին:

Եթե բոլոր սխալները, անճշտությունները և վրիպումները հանգամանորեն մեկնաբանվեին, կստացվեր իր ծավալով ավելի մեծ գիրք, քան այս գրքույկն է, ուրեմն սահմանափակվում եմ միայն մի քանի կետերով:

– Ֆ./Վ. Հայոց ցեղասպանության կապակցությամբ գրում են.  «. թրքական Անատոլիայում ապրող հայերը.»: Սակայն իրականում ճիշտ հակառակն էր. մենք միշտ ապրել ենք մեր հայրենիքում, իսկ թուրքերը ներխուժել են Հայաստան: Թուրքիայի երբեմնի զինեղբայրները և ներկայումս էլ NATO-ում Թուրքիայի դաշնակիցները մոռանում են այս իրողությունը:

– Ֆ./Վ. խորհուրդ են տալիս հայացքն ուղղել դեպի ապագան, «քանի որ դեպի անցյալ ուղղված հարատև հայացքն արգելակում է հայ ժողովրդի շարժումը դեպի առաջ»: Հարկավ, մենք հասկանում ենք, որ գերմանական հասարակությունը խանգարված հարաբերություն ունի իր անցյալի նկատմամբ. դյուրին չէ հետադարձ հայացք նետել դեպի միլիոնավոր զոհերը: Սա նկատի առնելով է, որ Դաշնային Հանրապետության ներկայիս լրատվամիջոցները գերմանական բացասական տրամադրության հիմնական պատճառը տեսնում են սեփական դժնի անցյալի հետ չառնչվելու մեջ: Ֆ./Վ., հաճախ արտասահմանում գտնվելով, պետք է որ իմանան, որ մարդկության մեծամասնությունը   սեփական անցյալի նկատմամբ խանգարված հարաբերություն չունի գերմանացիների նման:  Ո°չ հայերը, ո°չ էլ հրեաները սևեռուն մտապատկերներով չեն նայում անցյալին, այլ փորրձում են դասեր քաղել անցյալից: Ցեղասպանության զոհը եթե այդպես չվարվի, նորից է դառնալու ցեղասպանության զոհ: Անցյալը հաղթահարելու և ներել կարողանալու համար հարկ է ոճրագործ ժողովրդի սերունդների օժանդակությունը: Սակայն թրքական իշխանություններն արդեն 91 տարի ուրանում են հայկական ցեղասպանությունը: Այն թուրքերը, ովքեր պատմական իրողությունները հրապարակավ ճանաչել են, մեղադրվել են ազգայնամոլ իրավաբանների կողմից և դատապարտվել: Թուրքիան այսօր էլ սպառնում է ՀՀ-ի գոյությանը:

–          Ֆ./Վ. հայոց լեզուն որակում են որպես «ֆշշոց» և «շչոց»: Այստեղ տեղին է հիշել հայկական մի ասացվածք, երբ սխտորը սոխին նախատում է գարշահոտության մեջ: Հարց է առաջանում, թե այս երկու քննադատները երբեւիցե հարցրե՞լ են օտարներին, թե ինչպես է գերմաներենը հնչում իրենց ականջին: Այնուամենայնիվ, պետք է նրանց հուսախաբեցնեմ: Հայերենը «շչացող» և «ֆշշացող» որակավորելու համար որպես օրինակ բերված բառերի կեսը չի պատկանում հայերենին, մյուսների արտասանությունն էլ դժվար է գերմանացիների համար, քանի որ գերմաներենը չունի համապատասխան բաղաձայններ:

Թե ինչ ատելությամբ են նրանք արտահայտվում  հայոց լեզվի մասին, պարզորոշ երևում է հետևյալ նախադասությունում. «Հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզուների խմբին, բայց այնտեղ ունի մեկուսացած դիրքորոշում»: Որպես համեմատություն՝ բերենք Հայնրիխ Հյուբշմանի, որը 1897-ին փաստել է հայոց լեզվի պատկանելությունը հնդեվրոպական լեզվաընտանիքին, տեսակետը. «Հայոց լեզուն հնդեվրոպական լեզվաընտանիքի ուրույն ճյուղ է կազմում»:

Ֆ./Վ.-ի կարծիքով, հայոց լեզուն ունի աղքատ բառապաշար, հայերը չեն տիրապետում իրենց մայրենի լեզվին, իսկ Հայաստանի դասախոսներն ու ուսուցիչները ունեն մակերեսային գիտելիքներ: Այս հետևության նրանք հանգել են այն բանից հետո, երբ Սևանա լճի ափի գյուղերից մեկում մի աշակերտուհի չի իմացել, թե իրենց գյուղի ճահճի գորտը որ տեսակին է պատկանում:

–          Արցախի թեմայի մասին խոսելիս Ֆ./Վ. դարձյալ հենվում են ուրիշի կարծիքների վրա՝ այս անգամ խոսելով Սաադեթի և Հայկի անունից, որոնց իսկությունը թերևս վիճելի է: Ոչ մի խոսք ժողովրդավարության, ազգերի ինքնորոշման և կամ ժողովուրդների իրավունքների մասին, դեռ հակառակը, հարկ եղած դեպքում էլ ստում են: Որպես օրինակ բերենք հետևյալ հատվածը. «.Ադրբեջանի նախագահ Ալիևը պաշտոնապես ներողություն է խնդրել: Սպանության հարցում ադրբեջանցի սպան որևէ հրահանգ չի ունեցել: Նրա արարքը դատապարտելի է.»: Խոսքը գնում է հայ սպայի դաժան, կանխամտածված սպանության մասին, երբ 2004թ. փետրվարին Բուդապեշտում NATO-ի կազմակերպած «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացված միջոցառման ժամանակ մի ադրբեջանցի սպա կացնով գլխատել էր քնած հայ սպային: Ոճրագործը Բուդապեշտում դատապարտվել է  պատժի առավելագույն չափի: Ո°չ Ադրբեջանի նախագահը և ո°չ էլ որևէ այլ ադրբեջանցի ներողություն չի խնդրել կատարված ոճիրի համար, դեռ հակառակը, մարդասպան Ռամիլ Սաֆարովը մեծարվել է որպես ազգային հերոս: Ադրբեջանի կողմից զղջումի ոչ մի խոսք չի եղել նաև նախիջևանահայերի բռնագաղթի, կողոպուտի և սպանության համար: Նրանք է°լ ավելի հետևողականորեն են ավերում հայկական եկեղեցական հուշակոթողները, հատկապես Ջուղայի՝ իրենց տեսակի մեջ եզակի խաչքարերը:

–          Անդրադառնանք «հայկականություն-արիականություն» հարցին: Այսօրվա Հայաստանի ժողովրդի ճանաչողության հարցում ի՞նչ կարևորություն կարող է ունենալ 1934թ. գերմանա-հայկական ընկերության կողմից հրատարակվածը: Թե° գերմանա-հայկական, և թե° գերմանա-թրքական ընկերությունները ստեղծվել են 1914-ին՝ պատերազմից անմիջապես առաջ, մշակութակայսերապաշտական փառամոլության հենքով ու քաղաքական հետին նկատառումներով: Գերմանա-հայկական ընկերությունը երբևիցե չի ունեցել և այսօր էլ չունի մասնաճյուղ Հայաստանում, իսկ ընկերության անդամները գերմանացիներ են կամ Գերմանիայում ապրող հայեր: Ֆ./Վ.-ի հիշատակած տպագրությունը փորձ էր՝ փրկելու գերմանական տիրապետության սահմաններում գտնվող հայերին սեմիտականության մեջ մեղադրվելու մահացու վտանգից: Այս տպագրությունը առաջին հերթին պարզաբանում է տիրող իրավիճակը ֆաշիստական Գերմանիայում: Ֆ./Վ. չեն դատապարտում նացիոնալիստների դժնիությունը, ենթակաների նկատմամբ կիրառած մահաբեր ցեղային ուսմունքը, այլ պարսավում են հայերին՝ որպես հակասեմիտների: «Հայաստանում տիրում է ուժեղ հակասեմիտականություն, թեպետև երկու երկրների պատմությունները իրար շատ նման են»:

Նմա՞ն են արդյոք իսրայելական և հայկական պատմությունները՝ թողնենք պատմաբաններին, սակայն փաստ է, որ Երևանի կենտրոնում առկա է ողջակիզվածների հիշատակը հավերժացնող մի հուշակոթող: Հայոց ցեղասպանությունը հիշեցնող նման մի հուշակոթող էլ կցանկանայինք, որ Երուսաղեմում լիներ:  Լավ կլիներ, որ Ֆ./Վ.-ն  զբաղվեին Գերմանիայում՝ հենց իրենց արիական քթի տակ տեղի ունեցող հակասեմիտական խժդժություններով:

–          Ո’չ հայերը և ո’չ էլ հրեաները չեն պահանջում կոտորված ազգականների դիմաց դրամական փոխհատուցում՝ որպես եկամտի աղբյուր, ինչպես հեղինակներն են պնդում: Ով կարծում է, թե Եվրոպայի 6 միլիոն սպանված հրեաների և Փոքր Ասիայի ու Արևմտյան Հայաստանի՝ 5 միլիոնից ավելի սպանված քրիստոնյաների (հույներ, հայեր, ասորիներ/արամեացիներ, քրիստոնյա արաբներ) թափված անմեղ արյունը կփոխհատուցվի մի քանի հազար ամերիկյան դոլարով, գտնվում է Ֆ./Վ.-ի մակարդակին: Թե° հայերը և թե°  հրեաները երկու ոճրագործ պետություններից՝ Թուրքիայից և նացիստական Գերմանիայից,  պահանջում են  այն, ինչ նրանք գողացել են այդ ժողովուրդներից:

——————————————————————————————-

Խճանկար

ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ես քայլում եմ՝ իմ ուսերով
ընդլայնելով
ազատությունը
հոգու:
Այս մայթով
իմ սպասումը թեքվում է դեպի Անհունը…

Իբրեւ մաշված կրունկ՝
ընկնում է իմ հայացքը
եւ տրորվում դիպվածի
հարվածների տակ:
Վ. Մամիկոնյանի փողոցում

Ես քայլում եմ՝ իմ աչքերով
կլանելով
համբույրը,
դողը
գարնանագեղ օդի:

Հրապարակից
հրապարակ
եւ հասարակարգից
հասարակարգ
փոխանցվում է
թափոնը
օրենքների:

Դիպվածի շնչից ծլարձակում է
լռությունը մեր…
Ճանապարհը
կաթիլ առ կաթիլ ըմպո՛ւմ է
հայացքը
աղբյուրի:

(Ծարավել է անգաղափար հորիզոնը):

Կեղեւաթափվում է
Անհունը
եւ ծվեն առ ծվեն թափվում
ներկայի
կմախքի վրա…
Մարմնավորո՛ւմ է (իմ ու քո դիմաց)
Դեւը:

Այս մայթով
իմ հավատը թեքվում է դեպի
երազները
լույսի…

ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅԱՆ ԿԵՏԸ

Աղբանոցը,
որի մեջ հույս է փնտրում
մուրացկանը,
այս աշխարհից դուրս չէ…
Մուրացկանը
շրջվում է
արագ
եւ անցորդների քայլից, խոսքից, ժպիտից
իր ներկայության իմա՛ստը
հանում,
անհեթեթության
կետին է
մեխում…

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՂԱՆԻ ՎՐԱ ԵՎ ՍԵՂԱՆԻ ՏԱԿ

Օրը միակե՞րպ է լուսանում
ու մթնում
քաղաքականության սեղանի վրա
եւ սեղանի տակ…

Իսկ սե՞րը…
Զիգզագներ: Անորոշությունը
բեռ է իմ
ուսերին, որից ազատվելու կա լո՛կ մի
հնար, այն է՝ բարձրանալ ինքս իմ
հայացքից, բառից եւ ժամանակից…
Հոգեւոր արժեքը անցո՞րդ է մոլորյալ:
Ետ տար տողը, ինչպես կափարիչը
քաոսի, եւ կտեսնես՝
թե ինչպե՛ս է ծնվում ճանապարհը…
Անցորդներ: Իմ զգացմունքներով առնչվում
եմ նրանց կորուսյալ բախտի
պտույտին, եւ վերքերից իմ բյուր աստղեր են
ցայտում՝ լուսավորելով խաչմերուկը Սիրո…
Երեխայի ձեռքին՝ զանգ, որով առնչվում է
ներկան
հիշողության պարսպին:
Բառը դուռ է, որ բացվում է դեպի
երա՛զը…
Դարը միակե՞րպ է սկսվում
ու ավարտվում
քաղաքականության սեղանի վրա
եւ սեղանի տակ…

Իսկ երա՞զը…

Ռոբերտ ԵՍԱՅԱՆ

ՀՈՒՇԱՐՁԱՆ ՄԵԾ ՇԵՆՈՒՄ

Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի  և Մեծ հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացումը: Ուշագրավ է« որ բարի ավանդույթի համաձայն՝ Արցախի գրեթե բոլոր գյուղերում կան նման հուշարձաններ:

Այս մի հուշարձանը կառուցվել է Եսայան ամուսինների հովանավորությամբ: Նրանք բժիշկներ են՝ ծննդով Մեծ շենից« ապրում են Երևանում: Հայրենի գյուղին օգնելու նպատակով նրանք հանձն են առել այդ գործը:

Հուշարձանի բացմանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Ա. Դանիելյանը«  պաշտպանության նախարար Ս. Օհանյանը« Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Կ. Պետրոսյանը« բարձրաստիճան սպաներ« քաղաքական գործիչներ: Իր մասնակցությամբ մեծշենցիներին հաճելի անակնկալ մատուցեց «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմը՝ Զորի Բալայանի առաջնորդությամբ: Հնչեցին երախտագիտական խոսքեր« տեղի դպրոցի սաներն ասմունքեցին ու երգեցին:

Իսկ Կառլեն և Սառա Եսայանները նշեցին« որ հուշարձանով չի սահմանափակվելու իրենց մասնակցությունը գյուղի կյանքին, և որ աշխատելու են հնարավորինս աջակցել Մեծ շենի բարենորոգմանը:

Էմմա ՄՈՎՍԻՍՅԱՆ  /  ԱրՊՀ ժուռն. 3-րդ կուրս

 

«ՕԱՍԻՍԸ» ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Օրերս Ստեփանակերտի  Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի բեմը տրամադրվեց Երևանի երիտասարդ հաշմանդամների «Կամք և կորով» կազմակերպության «Օասիս» մնջախաղի թատրոնին, որի կոլեկտիվի անդամները, զրկված լինելով բնության տված՝ խոսելու և լսելու շնորհներից, կարողացան մնջախաղով վաստակել լեփ-լեցուն դահլիճի բուռն ծափահարությունները: Ներկայացման հովանավորն էր Ստեփանակերտի նորաստեղծ «Լուսայգ» մշակութային հասարակական կազմակերպությունը:

Երիտասարդ հաշմանդամների «Կամք և կորով» հասարակական կազմակերպությունը, որը ստեղծվել է 1998-ին և ընդգրկում է 100-ից ավելի խուլերի, իրականացնում է դրամաշնորհային ծրագրեր և տարբեր սեմինարներ՝ խուլ երիտասարդների ու նրանց ծնողների, ինչպես նաև խուլերի մասնագիտացված մանկավարժների համար:

Կազմակերպությունն ստեղծել է հայկական ժեստերի լեզվի բառարանը. այժմ աշխատում է ժեստերի լեզվով հեքիաթների տեսաերիզի ստեղծման ուղղությամբ, Երևանի՝ լսողության խանգարում ունեցող թիվ 15 դպրոցում իրականացնում է երկլեզու ուսուցում:

«Օասիսը» ելույթ ունեցավ  նաև Շուշիում:

 Ս. ՀԱՅԿՅԱՆ

——————————————————————————————-

Մարզաշխարհ

Ստեփանակերտում ավարտվեց սեղանի թենիսի գծով ԼՂՀ նախագահի գավաթի 4-րդ խաղարկումը: Այն միջազգային մրցաշար էր, որին մասնակցել են Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ ԼՂՀ՝ թվով 56 մարզիկներ:

Տղամարդկանց անհատական առաջնությունում հաղթող է ճանաչվել Մոսկվան ներկայացնող թենիսիստ Միխայիլ Խոմոտովը, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երեւանից Մուրադ Ասատրյանը եւ Թեհրանից Նոսրաթի Արաշը: Կանանցից հաղթող է դարձել Ռուսաստանը ներկայացնող Գալինա Դեգտյարյովան, երկրորդ տեղում  Մարիամ Սահակյանն էր՝ Բեյրութից, իսկ երրորդում՝ Վիկտորյա Բարամիդզեն՝ Բաթումից:

***

Դոմինիկյան Հանրապետությունում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում 23-ամյա ծանրորդ Տիգրան Վ. Մարտիրոսյանը 85 կգ քաշայինների մրցավեճում նվաճել է բրոնզե մեդալ: Առաջնությունում Հայաստանը ձեռք է բերել թվով 3  բրոնզե մեդալ: Մինչ այդ իրենց քաշային կարգերում երրորդ տեղն էին զբաղեցրել 77կ գ քաշային Արա Խաչատրյանը եւ 63 կգ քաշային Մելինե Դալուզյանը:

***

Հայազգի բռնցքամարտիկ, IBO եւ IBF վարկածներով թեթեւքաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում պարտության մատնեց ֆիլիպինցի Լեն Դոներին եւ պաշտպանեց չեմպիոնական գոտին:

***

«Արարատ» ակումբը, Էստոնիայի ֆուտբոլի երրորդ լիգայի առաջնությունում հերթական հաղթանակները տանելով եզրափակիչ երկու տուրերում, գրավել է առաջին տեղը:

Ինչպես հաղորդել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հաջորդ մրցաշրջանում «Արարատը» հանդես է գալու երկրի ֆուտբոլի առաջնության երկրորդ լիգայում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s