№ 18 / 30 հոկտեմբեր

Ո՞Վ ԿՀԱՂԹԻ՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈ՞ՒՆԸ, ԹԵ՞ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԸ»

Գորբաչովյան վերակառուցման տարիներին ռուս հայտնի դրամատուրգ Շատրովը Լենինի մասին իր պիեսներից մեկում մի հարց է արծարծել, որը ժամանակին խթանել է ժողովրդավարության որոնումներում գտնվող խորհրդային հանրության պրպտուն միտքը: Հարցը հետևյալն էր՝ «А если вождь пошёл не туда?…» («Իսկ եթե առաջնորդը շեղվի՞ ճանապարհից…»): Հանրությունը սկսեց մտորել, թե նման պարագայում զսպման («դարձի») ինչ մեխանիզմներ ու ավանդույթներ կան՝ սարսափով պարզելով, որ՝ ոչ մի:

 

Մոտավորապես նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նորանկախ Արցախում: Նախագահ Արկադի Ղուկասյանը լրջորեն մտորում էր երրորդ անգամ պաշտոնավարելու մասին (կարծում ենք, այսօր արդեն քչերն են կասկածում դրան): Իսկ երբ Սահմանադրության առաջարկված նախագծում ամրագրվեց նրան այդ հնարավորությունն ընձեռող դրույթը, արդեն միայն միամիտներն էին կասկածում նման մտադրության իսկությանը:

Հանրության տեղեկացված մասը փորձեց պարզություն մտցնել այդ հարցում: Այնուամենայնիվ, նախագահական թիմը չէր ուզում ժամանակից շուտ խաղաքարտերը բացել: Սակայն հանրային «պրեսինգին» չդիմացան գլխավոր դատախազի նյարդերը, և նա խորհրդարանում բացեիբաց հայտարարեց այդ մասին:

Նախագահն այլևս լռել չէր կարող, քանի որ այդ «բացահայտումից» հետո ալիքը տարածվել էր նաև Հայաստանում՝ միայն ու միայն բացասական արձագանքներ գտնելով: Ահա այս ամենից հետո նա հոկտեմբերի 11-ին ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ երրորդ անգամ առաջադրվելու ցանկություն չի ունեցել և չունի: Սա ճարահատ քայլ էր նրա կողմից, ինչը խոստովանում են նույնիսկ երրորդ անգամ պաշտոնավարման գաղափարի «քարոզիչները»: Ամեն ինչից զատ՝ սա մեծ նվաճում էր, քանի որ ժողովրդավարության ուղեգծի հռչակումից հետո սա առաջին դեպքն էր, երբ հանրությունը կարողացավ ներազդել իշխանության վրա:

Այլ հարց է, թե որքանով էր անկեղծ նախագահի այդ հայտարարությունը: Իսկ կասկածելու շատ լուրջ հիմք կա: Նախ՝ «քարոզիչները» շարունակում են իրենց գործն անել՝ ասես ոչինչ էլ չի եղել: Հետո էլ՝ նախագահի մերձավոր շրջապատը սկսել էր «դավեր նյութել»: Այսպես, Ղուկասյանի մերձավորագույն մարդկանցից մեկը՝ ԼՂՀ ոստիկանապետ Ա.Իսագուլովը ներքին գործերի համակարգն սկսեց օգտագործել քաղաքական նպատակներով: Ոստիկաններն սկսեցին այցելել հիմնարկ-ձեռնարկություններ և կրթօջախներ: Նախագահի մերձավոր շրջապատի սցենարը հետևյալն էր՝ իբր թե ուսումնասիրել հասարակական կարծիքը, զեկուցել նախագահին, որ ժողովուրդը միայն ու միայն նրան է տեսնում նախագահի պաշտոնում, և «ժողովրդի կամքը» դրսևորել հանրահավաքի ձևով: Սակայն այս սցենարը ևս փլուզվեց՝ դարձյալ հասարակական հնչեղություն ստանալուց հետո: Ուշադրություն դարձրեք՝ այդ ամենն արվում էր նախագահի հայտարարությունից անմիջապես հետո:

Հիմա եկեք նորից անդրադառնանք նախաբանի հարցին՝ եթե առաջնորդը շեղվո՞ւմ է ճանապարհից: Մեր պարագայում ի՞նչը կարող է նրան հետ պահել, զսպման ի՞նչ մեխանիզմներ կան: Գլխավոր դատախազը (բնականաբար՝ իր համակարգով) ստանձնել է նախագահի փաստաբանի դերը, ոստիկանությունը վերածվում է նախագահին սատարող քաղաքական ուժի, խորհրդարանը ոչ միայն չի հակազդում, այլև նախագահի կամոք իր վրա է վերցնում սցենարի պատասխանատվությունը (ընդդիմադիր պատգամավորական խումբը կարողանում է ազդել «եղանակի», բայց ոչ որոշման վրա):

Խորհրդարանում ճնշող մեծամասնություն կազմող երկու ազդեցիկ կուսակցություններից մեկի՝ միանշանակ իշխանական կուսակցություն հանդիսացող քաղաքական ուժի առանցքային դեմքերից մեկը նորերս հայտարարեց, որ Սահմանադրության ընդունումից հետո նախագահը, խորհրդակցելով քաղաքական ուժերի ու հասարակության լայն շրջանակների հետ, կընդունի վերջնական որոշում: Իսկ ի՞նչ է՝ հոկտեմբերի 11-ի հայտարարությունը խա՞ղ էր: Ընդդիմադիր կարգախոսներով խորհրդարան մտած, բայց հետո իշխանության մաս կազմած մյուս ազդեցիկ կուսակցության առանցքային դեմքերից մեկն էլ այս իրավիճակում (մեղա քեզ, Աստված) սկսեց զմայլվել նախագահով ու արևմտյան երկրներին խորհուրդ տալ ժողովրդավարություն սովորել Ղարաբաղից:

Մնաց հանրությունը՝ իր ինքնակազմակերպման կիսակայացած մեխանիզմներով: Առայժմ այն կարողանում է դիմակայել՝ հընթացս կայանալով ու հասունանալով:

Եվ այսպես՝ ո՞վ կհաղթի այս անհավասար պայքարում: Ժողովրդավարությո՞ւնը, թե՞ նախագահը: Պայքարն ուշագրավ է նրանով, որ Ղուկասյանն իրեն համարում է «արցախյան ժողովրդավարության հայրը»: Ու չի ուզում ընդունել, որ իր հաղթանակը ժողովրդավարության պարտությունն է լինելու, իսկ ժողովրդավարության հաղթանակը նաև իր հաղթանակն է լինելու: Ի վերջո, եթե բարձրագույն իշխանության զսպման մեխանիզմներ չկան, ապա ժողովրդավարություն էլ չկա: Եվ եթե ժողովրդավարության ճակատագիրը կախված է լինում ոչ թե գործուն մեխանիզմներից, այլ մի մարդու կամքից, ապա ցանկացած արդյունքի ու որոշման դեպքում պարտվածը, միևնույն է, ժողովրդավարությունն է լինում:

——————————————————————————————-

Ի դեպ

ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ

Այսպես է ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի այն հարցին, թե ինչ կլինի երկրում, եթե նա թողնի նախագահի պաշտոնը: Պուտինն ընդգծել է, որ, իր կարծիքով, Ռուսաստանը զարգացման նոր փուլ է թևակոխում, որի հիմնական խնդիրը դիսբալանսի վերացումն է «շատ լավ ապրողների ու շատ վատ ապրողների միջև»: Ընդսմին, Պուտինը նորից հիշեցրել է, որ Սահմանադրությունը նույն մարդուն չի թույլատրում երկու անգամից ավելի անընդմեջ պաշտոնավարել. «Չնայած այն բանին, որ իմ աշխատանքը ինձ դուր է գալիս: Բայց անգամ իշխանական լիազորություններն ու լծակները կորցնելով, առանց հիմնական օրենքը իմ անձնական շահերին հարմարեցնելու՝ ինձ, կարծում եմ, կհաջողվի  պահպանել քաղաքական գործչի համար ամենակարևորը՝ ձեր վստահությունը»:

——————————————————————————————-

Լրահոս

ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

ՀՀ ԱԳՆ տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 24-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի հանդիպումը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փարիզյան բանակցությունների նպատակը «հիմնային սկզբունքների մշակումն է, որոնք կարող են հիմք հանդիսանալ երկու երկրների համար ընդունելի խաղաղ համաձայնագրի ստեղծման համար»: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ժան-Բատիստ Մատեին՝ մեկնաբանելով այդ հանդիպումը: Դիվանագետն ընդգծել է, որ սկզբունքները, որոնց մասին խոսք է գնում, պետք է լինեն «հավասարակշռված, արդար եւ տեսականորեն իրագործելի»:  Դիրքորոշումների լրացուցիչ ճշգրտման համար ձեռք բերվեց պայմանավորվածություն ԱԳ նախարարների մակարդակով խորհրդատվությունների շարունակման վերաբերյալ: Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Բրյուսելում ս.թ. նոյեմբերի 14-ին Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի շրջանակներում:

Նույն օրը կայացավ նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Դուստ-Բլազիի եւ Վարդան Օսկանյանի հանդիպումը: Մտքեր փոխանակվեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի, բանակցություններում հնարավոր առաջընթացի հնարավորությունների շուրջ: Քննարկվեցին նաև տարածաշրջանային հարցեր, ռուս-վրացական հարաբերությունների հնարավոր անդրադարձները տարածաշրջանի վրա:

Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպում է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ ևս: Ֆիլիպ Դուստ-Բլազին հույս է հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների փարիզյան հանդիպումը կնպաստի առաջընթացին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

 

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ

Հոկտեմբերի 20-21-ը Ստեփանակերտում անցկացվեց Համաարցախյան երիտասարդական առաջին խորհրդակցությունը, որը նախաձեռնել էր ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին շուրջ 60 երիտասարդներ մայրաքաղաքից եւ հանրապետության բոլոր շրջաններից: Քննարկումների ընթացքում երիտասարդերը ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, հանդես եկել տարբեր առաջարկություններով: Արդյունքում դիմում են հղել ԼՂՀ իշխանություններին, երկրի շահագրգիռ իրավասու կառույցներին, անհատ բարերարներին՝ խնդրելով.

– երիտասարդական պետական քաղաքականության լիարժեք իրականացման համար Ստեփանակերտ քաղաքում կառուցել Երիտասարդական համալիր,

– բոլոր երիտասարդական միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծել Արցախի երիտասարդական հիմնադրամ,

– նպաստել երիտասարդության շրջանում ֆիզիկական դաստիարակության և սպորտի ըստ ամենայնի տարածմանը՝ Ստեփանակերտ քաղաքում համապատասխան երիտասարդական մարզահամալիրի կառուցմամբ,

– շրջկենտրոններում ստեղծել երիտասարդական ակումբներ՝ ապահովելով նյութատեխնիկական բազան,

– գումարներ հատկացնել շրջանային վարչակազմերի ԿՄՍ բաժիններին՝ երիտասարդական միջոցառումներ անցկացնելու համար,

– հանրապետական միջոցառումների մի մասը տեղափոխել շրջկենտրոններ՝ ապակենտրոնացման նպատակով,

– գյուղական երիտասարդական կյանքի աշխուժացման, երիտասարդին գյուղում պահելու նպատակով երիտասարդներին տրամադրել երկարաժամկետ անգրավ վարկեր, երիտասարդ ընտանիքին ապահովել բնակարանով,

– երիտասարդական հասարակական կազմակերպություններին ապահովել գրասենյակային և նյութատեխնիկական բազայով՝ նրանց ակտիվ, արդյունավետ գործունեության ապահովման նպատակով,

– ապահովել երիտասարդների լիարժեք զբաղվածությունը՝ երիտասարդ կադրերի մասնագիտական պատրաստման ու վերապատրաստման, նրանց համար նոր աշխատատեղերի ստեղծման, փոքր և միջին բիզնեսին երիտասարդության մասնակցության խրախուսման և այլ հնարավոր միջոցներով,

– պետականորեն լուծել երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրները, այդ թվում՝ օրախնդիր հիպոթեքային ծրագրի իրականացման և նրա հետագա ընդլայնման միջոցով,

– անհապաղ քննել ու վերացնել հանրապետական ծննդատանը տիրող կամայականությունները,

– ստեղծել Արցախի երիտասարդական տեղեկատվական դաշտ՝ էլեկտրոնային կայքի միջոցով,

– ապահովել միջազգային երիտասարդական կառույցների միջոցառումներին արցախցի երիտասարդների մասնակցության համար հարկ եղած պայմանները,

– համատեղել ջանքերը Հայ առաքելական եկեցեղու հետ՝ աղանդավորական հոսանքների դեմ պայքարելու համար:

 

Նորույթ

«ԼՂՀ  ԳՈՐԾԱՐԱՐ ՏԵՂԵԿԱՏՈՒ – 2006»

Նորանկախ հանրապետության մերօրյա  կյանքը նոր  ռիթմ  է հաղորդում  մարդկանց: Պատերազմը  մնաց  որպես  տխուր  հիշողություն. ավերված  ու  հրկիզված  շենքերի  տեղ  կառուցվում  են  բարձրաճաշակ  շենքեր, գյուղատնտեսության  և  արդյունաբերության  ոլորտներում  ևս  աշխուժություն է  նկատվում: Իսկ  եթե  այսքանին  էլ  գումարենք  առատ ու բազմաբղետ շուկան, ապա  պարզ  կդառնա  «ԼՂՀ  գործարար  տեղեկատու-2006» գրքի  հրատարակման  անհրաժեշտությունն  ու  գաղափարը:

Սույն գիրքը  հրատարակելու  գաղափարը  կարծես  միանգամից  ծնվեց:  Սակայն  որքան  դյուրին  ծնվեց  գաղափարը,  նույնքան  էլ  դժվար  էր  այն  իրականացնելը: Որոշ  գործարարներ  թերահավատությամբ  ընդունեցին  մեր  առաջարկը,  ուստի  գրքում  ընդգրկվեցին ընդամենը  35  կազմակերպություններ:  Սակայն հիմա արդեն գրեթե վստահ ենք, որ հաջորդ հրատարակության «հյուրերն» ավելի շատ են լինելու:

Գովազդը,  այս  կամ  այն   ձեռնարկության  կամ արտադրատեսակի մասին  տեղեկություն  ստանալը  կարևոր  են ոչ  միայն գործարարի,  այլև  յուրաքանչյուր  մարդու  համար,  ահա  թե  ինչու մենք  որոշեցինք  կազմել  մի  եռասյուն, որը  բաղկացած  է  տեղեկատվական  երեք  համակարգից՝ վեբ-սայթ,  CD  համակարգչային-տեղեկատվական  աղբյուր  և  «ԼՂՀ  գործարար  տեղեկատու- 2006» գիրք,  որոնք  մարդկանց կօգնեն  քաջատեղյակ  լինելու  Արցախի  գործարար  կյանքին: Գրքի  վերահրատարակման  ընթացքը  խոստանում  է  նորամուծություններ,  հավելյալ  տեղեկատվություն,  տեղեկատվական  միջոցների  մասնագիտացում:

«Օկտավա» ՍՊԸ-ն շնորհակալություն է հայտնում գրքում  ընդգրկված  բոլոր  ձեռնարկություններին,  նաև իր խորին երախտագիտությունն է  հայտնում  բարերարներ Սամվել  Հակոբյանին և Արարատ  Հովհաննիսյանին:

Ավելացնենք, որ արդեն սկսված  են  «ԼՂՀ  գործարար  տեղեկատու-2007» գրքի պատրաստման  աշխատանքները: Հաշվի  առնելով  մի  շարք  հեղինակավոր  ընկերությունների  կարծիքը՝  նոր գրքում կանդրադառնանք  նաև Արցախի շրջանների  և  գյուղերի  գործարար  կյանքին:

«ԼՂՀ գործարար տեղեկատու-2006»-ը  հրատարակվել է  միայն  հայերեն,  իսկ  2007-ի համար նախատեսվածը  կհրատարակվի  եռալեզու  /հայերեն, ռուսերեն և անգլերեն/: Սփյուռքի  մեր  շատ  հայրենակիցներ  նույնպես  ողջունել  են  գրքի  ծնունդը  և  պատրաստ  են  համագործակցել մեզ  հետ,  որպեսզի  գիրքը  տարածվի  նաև արտերկրում:

Վարսիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Օկտավա»  ՍՊԸ գործադիր տնօրեն

 

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեի 2006թ. 9 ամսվա ընդհանուր մուտքերը կազմել են 226600.9 հազար դրամ կամ պլանավորված 237823.8 հազար դրամի 95.3 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընդհանուր մուտքերը աճել են 30792.2 հազար դրամով՝ կազմելով 195808.7 կամ 15.7 տոկոս: Ընդհանուր մուտքերի թվում սեփական եկամուտները կազմել են 62.6 տոկոս: Սեփական եկամուտները կազմել են 141958.7 հազար դրամ կամ պլանավորված 151151.1 հազար դրամի 93.9 տոկոսը, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 41328.1 հազար դրամով կամ 41.1 տոկոս: Սեփական եկամուտների 32.3 տոկոսը կազմել են հարկային եկամուտները, որոնց գծով նախատեսված 64675.0 հազար դրամի  դիմաց մուտքագրվել է 45824.6 հազար դրամ կամ 70.9 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ հարկային եկամուտները աճել են 7.5 մլն դրամի չափով կամ 19.7 տոկոսով:

***

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշել է համայնքի 2006-ի բյուջեից 1050.0 հազար դրամ հատկացնել «Սանմաքրում-կանաչապատում» կազմակերպությանը շուրջ 50 աղբարկղերի պատրաստման նպատակով (մայրաքաղաքի տարածքում շարքից դուրս եկած աղբարկղերը փոխելու համար):

***

«Սանմաքրում-կանաչապատում» կազմակերպությունը իր չօգտագործվող մեքենաներից երկուսը կտրամադրի Մարտակերտ համայնքին:

***

-«Սանմաքրում-կանաչապատում» ընկերությանն արդեն տրամադրվել է 3 նոր աղբահանման մեքենա, որոնք հնարավորություն են տալիս որոշակի չափով բարելավել մայրաքաղաքի սանիտարական վիճակը,- նորերս կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը:- Եթե մեզ հաջողվի լիզինգային ծրագրով հաջորդ տարվա համայնքային բյուջեում նախատեսել եւս 2 աղբահավաք մեքենայի ձեռքբերում, հնարավոր կլինի առկա լարվածությունը վերացնել»:

***

Դագաղների, սգո ծաղկեպսակների եւ այլ պարագաների վաճառքը այսուհետ նախատեսվում է իրականացնել Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ առանձնացված հատուկ տեղերում: Ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն գերեզմանամերձ տարածքներում:

***

Շուտով մայրաքաղաքում կավելանան մի քանի երթուղիներ, որոնք կընդգրկեն Ստեփանակերտի մի շարք փողոցներ, իսկ «թեժ ժամերին» կգործեն նաեւ «պահեստային» երթուղային տաքսիները:

——————————————————————————————

Ներքաղաքական

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Շարժում-88» կուսակցության փոխնախագահ.

– Առաջին տպավորությամբ Արկադի Ղուկասյանի հայտարարությունն ընկալեցի միանգամայն դրական երանգներով, սակայն հետագա վերլուծությունը ինձ բերեց այն եզրահանգման, որ դա սոսկ դիվանագիտական խաղի շարունակությունն է: Նախ՝ Սահմանադրության նախագծում շարունակում է մնալ այն դրույթը, որ նրան հնարավորություն է ընձեռում երրորդ անգամ անընդմեջ պաշտոնավարել: Հետո էլ՝ նախագահի մերձավորագույն շրջապատի վարքագծում հայտարարությունից բխող փոփոխություններ չեմ նկատում, ավելին՝ շարունակվում է նույն գործելակերպը՝ արդեն քողարկված ձևով: Առավել ևս, որ Ա.Ղուկասյանը շարունակում է ասել. «Եթե Սահմանադրությունը ինձ նման հնարավորություն տա…»: Այսինքն՝ իր համար դեռ տեղ թողնում է:

Այնուամենայնիվ, գործող նախագահի հայտարարությունն ինքնին մեծ նվաճում եմ համարում, քանի որ 1999-ին ժողովրդավարական բարեփոխումների ուղեգծի հռչակումից հետո սա առաջին դեպքն է, երբ արցախյան հանրությունը երկրի բարձրագույն իշխանության վրա ներազդելու լծակներ գտավ:

Տվյալ պահին կարևոր եմ համարում, որ Ա.Ղուկասյանը հանրության սեփականությունը դարձնի այն պատգամավորների անունները, ովքեր փորձել են իրեն մղել հակաօրինական քայլերի և կասկածի տակ դնել ժողովրդավարության անշրջելիությունը, ինչի մասին նա վկայել է իր հայտարարության մեջ: Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ ամեն ինչից զատ՝ ընտրողները պիտի իմանան, թե իրենց ընտրյալի դիրքորոշումն ինչպիսին է այս հարցում: Ստվեր է նետվել պատգամավորական ամբողջ «կորպուսի» վրա, և կարծում եմ, որ «ցուցակի» մեջ չմտած պատգամավորները պիտի շահագրգռված լինեն «ցուցակի» հրապարակմամբ:

ԳԱԳԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Ազատ հայրենիք» կուսակցության անդամ, ԼՂՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ.

– Ձեր հարցին լիարժեք պատասխանելու համար պետք է էքսկուրս կատարեմ. երկու ամիս առաջ այդպիսի հարցով դուք դիմել եք ինձ: Հարցն այսպես էր հնչում. «Վ.Պուտինը եւ Ռ.Քոչարյանը հայտարարել են, որ երրորդ անգամ չեն առաջադրվի: Ինչո՞ւ Ա.Ղուկասյանը չի հայտարարում»: Իմ պատասխանն այսպիսին էր. «Ես զարմանում եմ հարցի նման առաջադրումից: Անձը չի որոշում երրորդ անգամ առաջադրվել կամ չառաջադրվել, այլ միայն օրենքը: Այն, որ Ղուկասյանը չի անդրադառնում այդ թեմային, դա ինքնըստինքյան հասկանալի է: Տվյալ պահին ԼՂՀ օրենսդրությունը Ղուկասյանին արգելում է երրորդ անգամ առաջադրվել: Եվ այն, որ Ռուսաստանում եւ Հայաստանում հայտարարել են այդ մասին /չնայած որ այնտեղ էլ օրենքն արգելում է/, իսկ մեզ մոտ՝ ոչ, դա նորից ապացուցում է, որ մենք ԱՊՀ բոլոր երկրներից ժողովրդավարության առումով առաջ ենք ընկել: Այդ թեմայով բարձրացված աժիոտաժը /չնայած անհասկանալի է, թե ինչու/ կանխորոշել է նախագահի կողմից հրավիրված մամուլի ասուլիսը: Չէ՞ որ խաղաթղթերի վրա ԼՂՀ վարկանիշն էր: Մամուլի ասուլիսի ժամանակ նախագահը միանշանակ հայտարարեց, որ երրորդ անգամ չի առաջադրվի, չնայած Սահմանադրությունը /կասկած չունեմ՝ այն անպայման կընդունվի/ կտա նրան այդ իրավունքը: Ակնհայտ է ժողովրդավարության ուղու շարունակումը, ուղի, որը ԼՂՀ-ն ընտրել է 1999-ին: Եվ ժողովրդավարացման լոկոմոտիվը նախագահ Ա.Ղուկասյանն է հանդիսանում: Ես նաեւ գտնում եմ, որ եթե ԱՊՀ երկրների ղեկավարների մեծամասնությանը նման /երրորդ անգամ առաջադրվելու/ հնարավորություն տրվեր, ապա նրանք իսկույն կօգտվեին դրանից: Եվ դեռ մեծ հարց է, թե ԱՊՀ անդամ երկրների նախագահներից ով է համարվում ժողովրդավարության իսկական հետեւորդը:

Այդ համատեքստում արեւմտյան երկրները /ժողովրդավարության պատվարները/ ճիշտ կանեին, որ բացականչեին. «Բոլորին, բոլորին, բոլորին: Ուշադրություն: Հավասարությունը դեպի ԼՂՀ»:

ԱՐԹՈՒՐ ՄՈՍԻՅԱՆ
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ.

– Ողջունում եմ նախագահի հայտարարությունը եւ գտնում, որ ժամանակին է քայլը արվել, քանի որ Ազգային ժողովում սահմանադրական քննարկումների ընթացքում Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, գլխավոր դատախազ Արմեն Զալինյանի խոսքերը կարող էին տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ եւ երկրի ժողովրդավարական իմիջը վտանգի տակ դնել: Հույս ունեմ, որ հետագա իրադարձությունները կզարգանան ժողովրդավարական գործընթացներով:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
ԼՂՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար.

– Ճիշտ չէ մեկնաբանել հանրապետության նախագահի՝ հոկտեմբերի 11-ին արած հայտարարությունն այն մասին, որ երրորդ անգամ չի առաջադրելու իր թեկնածութjունը: Նկատի ունեմ որոշ քաղաքական ուժերի կողմից նախագահի հայտարարության մեջ որեւէ ենթատեքստ տեսնելու եւ դրանից հեռուն գնացող ենթադրություններ անելու միտումը, ինչը արդեն իսկ արտահայտվել է: Կարող ենք մեր վերաբերմունքը արտահայտել նախագահի հայտարարության վերաբերյալ: Այս առումով հանրապետության նախագահի հոկտեմբերի 11-ի հայտարարությունը մեզ համար անսպասելի չէր, քանի որ ԼՂՀ պետական կյանքի ազատականացումը, ժողովրդավարացումը, մեր երկրում քաղաքացիական հասարակությանը հարիր ինստիտուտների կայացումը տեղի է ունեցել հանրապետության նախագահի նախաձեռնությամբ: Մենք միշտ էլ այն տեսակետն ենք արտահայտել, որ նախագահը չի կարող հակաօրինական, առավել եւս` հակասահմանադրական քայլի դիմել:

Մեր խմբակցության կարծիքով, ամբողջ հետխորհրդային տարածքում, հատկապես մեր տարածաշրջանում սա եզակի նախադեպերից մեկն է, երբ լիազորությունների ավարտից գրեթե մեկ տարի առաջ հանրապետության նախագահը հայտարարում է քաղաքակիրթ ճանապարհով իշխանությունը փոխանցելու մտադրության եւ կամքի մասին: Այս պահի կարեւորությունը կայանում է նրանում, որ ԼՂՀ բոլոր քաղաքական ուժերը աջակցեն, որպեսզի նախագահ Ղուկասյանը կարողանա իրականացնել հոկտեմբերի 11-ի իր հայտարարությամբ նախանշված նպատակները: Առաջին հերթին` որպեսզի առանց ներքաղաքական շահարկումների, համաժողովրդական քվեարկությամբ ընդունվի ԼՂՀ Սահմանադրությունը, եւ այնուհետեւ, կրկնում եմ, օրինական ճանապարհով՝ ազատ, արդար ու թափանցիկ նախագահական ընտրություններով, ընտրվի հանրապետության նոր ղեկավար:

Այսօր որեւէ ենթադրություն անելու, առավել եւս ռեյտինգ-հարցումներ (մանավանդ այն մակարդակով, որ արվում է մեզանում) անցկացնելու անհրաժեշտություն մենք չենք տեսնում եւ գտնում ենք, որ Սահմանադրության ընդունումից, Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց հետո հանրապետության նախագահը, խորհրդակցելով քաղաքական ուժերի, հասարակության լայն շրջանակների հետ` ի դեմս կուսակցությունների եւ որոշ ազդեցիկ հասարակական ինստիտուտների, կընդունի վերջնական որոշում, եւ մեր հանրապետությունը առանց ցնցումների, քաղաքակիրթ, օրինական ձեւով հնարավորություն կունենա ընտրել երկրի ղեկավարին:

ՀՐԱՆՏ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ԼՂՀ կոմկուսի ղեկավար.

– Նման թույլ խորհրդարանի դեպքում հեռանալը սխալ է: Շուտ եմ համարում նախագահական ընտրություններում առաջադրվելուց Ա.Ղուկասյանի հրաժարվելը, այն դեպքում, երբ առաջադրվելը օրենքի խախտում չի լինելու: Ես չեմ ասում, որ ներկայումս Ղարաբաղում ուժեր չկան, բայց արտաքին քաղաքականության մեջ այդպիսի փորձ ունեցող, ինչպիսին նախագահ Ղուկասյանն է, չկա: 10 տարին քիչ չէ, որ մարդը այդպիսի հարաբերությունների մեջ լինի արտասահմանյան երկրների, Մինսկի խմբի եւ այլ կառույցների հետ: Ես Ղարաբաղի արտաքին քաղաքականությունը ավելի եմ դասում, քան ներքինը, որովհետեւ եթե ղարաբաղյան հարցը լուծվի, մեր կյանքը մի քիչ ավելի կբարելավվի: Իմ կարծիքով, նախագահի հեռանալը ճիշտ չի լինի, այլ հարց է, որ ժողովուրդը չընտրի: Բայց թեկնածությունը հանել՝ ջղայնանալով ինչ-որ մարդկանց վրա, որ թերթերում գրում են, ես դա ոչ լուրջ մոտեցում եմ համարում ազգային հարցին: Ասեմ, որ միշտ թերթերին հետեւում եմ, բայց ընդդիմության կողմից այդկերպ սուր չի դրվել նրա հեռանալու կամ չհեռանալու հարցը: Իմ կարծիքով, այս վիճակում, ունենալով այդպիսի թույլ խորհրդարան, հեռանալը սխալ է:

Իսկ ինչ վերաբերում է 2007-ի ընտրություններում թեկնածու առաջադրելուն, դեռ վաղ է դրա մասին մտածել: Ինչպես գիտեք, ընտրություններում միշտ ֆինանսներն են որոշում, իսկ կոմկուսը այդպիսի ֆինանսական միջոցներ չունի, չնայած հզոր գաղափարախոսություն ունի:

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ

Մեծարգո պատգամավորներ

Հոկտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ ԼՂՀ նախագահի պաշտոնում նորից առաջադրվելու մտադրություն չի ունեցել և չունի: Միևնույն ժամանակ, Սահմանադրության առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում շարունակում է մնալ երրորդ անգամ պաշտոնավարելու հնարավորությունն ապահովող դրույթը: Մի տեսակ անիմաստ ու անհասկանալի իրավիճակ է ստեղծվել. այդ դրույթը վերաբերում է միայն ու միայն մի մարդու՝ ԼՂՀ գործող նախագահին, որն էլ հրապարակավ հայտարարել է, որ դրա կարիքը չունի:

Հարգելի պատգամավորներ

Կոչ ենք անում ձեզ երկրորդ ընթերցման ժամանակ նախագծից հանել այդ դրույթը: Այլապես դա կարող է զանազան մեկնաբանությունների տեղիք տալ և իրապես վնասել նորանկախ երկրի վարկանիշը: Ավելին՝ այն տպավորությունը կարող է ստեղծել, որ հենց խորհրդարանն է, երկրի ղեկավարի կամքին հակառակ, նրան մղում նման գործողությունների: Նման ենթադրության համար հող է ստեղծել նաև նախագահի հայտնի հայտարարության այն հատվածը, որտեղ ասվում է. «Ի դեպ, նման գաղափարով ինձ բազմիցս են դիմել նախորդ և ներկա գումարումների ԼՂՀ Ազգային ժողովի շատ պատգամավորներ: Բայց ես միշտ դեմ եմ արտահայտվել, քանի որ այդպիսի մոտեցումը լիովին հակասում է իմ սկզբունքներին: Ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնել մեր երկրում ընթացող ժողովրդավարացման գործընթացի անշրջելիությունը: Ու նաև այս պատճառով է մեզ պետք Սահմանադրությունը, որպեսզի տեսականորեն անգամ բացառվի նման իրավիճակների հնարավորությունը»:

Չենք կարծում, որ մեր ժողովրդի ընտրյալները հակված են ստանձնելու ժողովրդավարացման գործընթացի անշրջելիությունը կասկածի տակ դնելու անպատվաբեր առաքելությունը, ինչի հույսով էլ դիմում ենք ձեզ:

Կոչ ենք անում նաև բոլոր ընտրողներին՝ նույն առաջարկով դիմել իրենց ընտրատարածքների պատգամավորներին:

Սահմանադրության ընդունումը ռազմավարական քայլ է մեր ժողովրդի ճակատագրում, ուստի ոչինչ չպետք է խանգարի նման ճակատագրական պահի երկրում լիակատար վստահության մթնոլորտի ստեղծմանը: Կարծում ենք, դրանում շահագրգռված է նաև ԼՂՀ նախագահը: Մինչդեռ Սահմանադրության նախագծում այդ դրույթի առկայությունը կարող է անվստահության տեղիք տալ:

 Հարգանքներով՝ մի խումբ ընտրողներ
(թվով 10 ստորագրություն)

 

Արձագանք

ՊԱՐԶ ՈՒ ՃՇՄԱՐԻՏ ԽՈՍՔԸ ԲՈՒԺՈՒՄ Է

Յուրաքանչյուր թերթի ընթերցողների քանակը կախված է տպագրվող նյութերի բովանդակությունից, այս կամ այն նյութի, երեւույթի տրամաբանական վերլուծությունից, հոդվածագրի ազնիվ ու համարձակ կեցվածքից եւ վերջապես նյութի ճշմարտացիության մակարդակից:

Այս առումով «Դեմո» հանրային թերթը շահեկանորեն տարբերվում է: Կրպակներում այն ամենաշատն է սպառվում: «Դեմո»-ն իմ սեղանի ոչ միայն թերթը, այլեւ գրքին փոխարինողն է: Ես նրա կրքոտ ընթերցողն եմ՝ սկսած առաջին համարից: Ընթերցում եմ բոլոր հոդվածները, ինչպես ասում են՝ պռնկեպռունկ: Թերթը սպառիչ պատասխան է տալիս ինձ հետաքրքրող քաղաքական, սոցիալական, մեր պետության ներսի իրադարձությունների, պետական պաշտոնյաների աշխատաոճի, ժողովրդի ապրելակերպի եւ այլնի մասին:

Սոսկ մի օրինակ: Հոկտեմբերի 15-ի համարում  տպագրված «Այո°, պարզություն ամենից առաջ» հոդվածն այնքան տրամաբանորեն է վերլուծում վերջին ներքաղաքական զարգացումները, որ ընթերցողների համար ամեն ինչ հասկանալի է դառնում: Այն, թե ով ինչ է անում, ով ինչով է առաջնորդվում, ինչ շահեր է հետապնդում: Ամեն ինչ պարզ է դառնում, և այդ պարզությունն օգտակար է բոլորիս համար: Ճիշտ է թերթը երկրորդում՝ այո, ժողովրդավարությունը մեզ մոտ դժվարությամբ է արմատավորվում: «Դեմո»-ն քանիցս անդրադարձել է այս թեմային ու հատկապես կադրային ճիշտ քաղաքականություն վարելու հրամայականին:

Բոլոր ժամանակներում եւ երկրներում պետության բախտը կախված է եղել առանցքային կադրերից: Դեռեւս լրիվությամբ չձևավորված մեր պետությունում՝ հատկապես: Չնայած հափշտակումների,  կեղծումների, բյուջեի սխալ ծախսումների ու պետական միջոցների վատնման, իրավական եւ առողջապահության, ինչպես նաև այլ ոլորտներում տեղ գտած խոշոր թերությունների եւ այլնի մասին «Դեմո»-ում տպագրված հոդվածներին՝ առայսօր ոչ մի դրական տեղաշարժ չի նկատվում. ղեկավարները շարունակում են աշխատել նույն ոճով: Երկրին ու ժողովրդին նետված մարտահրավերները կարծես չեն ազդում մեր մի շարք պետական այրերի, բարձրաստիճան մի շարք զինծառայողների վրա, որոնք նապոլեոնանման  կեցվածք են ընդունել. իրենց հիմնական աշխատանքին զուգահեռ կատարում են շինարարի, ֆինանսիստի, բիզնեսմենի աշխատանքներ:

Այս մասին պիտի խոսվի, այնքան խոսվի, մինչև արդյունք տա, մինչև հանրությունը գիտակցի ու կարողանա ազդել իշխանությունների վրա: Այս առումով «Դեմո»-ն, իրոք, մեծ գործ է անում:

ՍԵՐԳԵՅ ՀԱԽՈՒՄՅԱՆ

ԼՂՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՑՀԱՐՑՈ՞ՒՄ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ

Դեռ մի կարգին ժամանակ էլ չի անցել այն օրից, երբ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարեց, թե չի գնալու երրորդ անգամ առաջադրման, երբ Ղարաբաղի իշխանական շրջանակում ծավալվել է մի գործողություն, որի նպատակը թերեւս Ղուկասյանի երրորդ առաջադրման համար հող նախապատրաստելն է: Մեզ հայտնի դարձավ, որ ԼՂՀ ոստիկանության պետ Արմեն Իսագուլովի հրամանով Լեռնային Ղարաբաղի ոստիկանները սոցիոլոգիական հարցում են անցկացնում ԼՂՀ բնակչության եւ, մասնավորապես, վարչական հաստատությունների աշխատակիցների շրջանում, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում: Հարցման նպատակն է պարզել, թե բնակչությունն ինչպես է վերաբերվում Արկադի Ղուկասյանի երրորդ անգամ անընդմեջ առաջադրմանը:

Այդ փաստը տարօրինակ է առնվազն երկու առումով: Նախ, որ իրավապահները, իրենց բուն գործը թողած, զբաղվում են հասարակագիտական աշխատանքով, եւ երկրորդ, որ ԼՂՀ ոստիկանապետը նախաձեռնում է հարցում՝ մի թեմայի հետ կապված, որի կապակցությամբ մի քանի օր առաջ կարծես թե հստակ բացատրություն է տվել անձամբ ԼՂՀ նախագահը՝ ասելով, թե սկզբունքորեն չի գնալու երրորդ անընդմեջ առաջադրման, եթե նույնիսկ օրենքով իրեն ընձեռվի այդ հնարավորությունը:

Ուրեմն կա°մ ԼՂՀ ոստիկանապետը կասկածում է ԼՂՀ նախագահի սկզբունքայնությանը, կա°մ ԼՂՀ նախագահը տեղյակ չէ ԼՂՀ ոստիկանապետի գործողությանը, ինչը նշանակում է, որ չի տիրապետում երկրի իրավիճակին, կա°մ էլ տիրապետում է եւ ցանկանում է շարունակել այդ տիրապետությունը եւ փոշմանել է իր արած հայտարարությունից ու այժմ հասարակական պահանջի տեսքով է ցանկանում ներկայացնել իր հավանական առաջադրումը:

Ի դեպ, տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ վերջին շրջանում Ղարաբաղի բյուջետային հաստատություններում անցանկալի աշխատակիցների «զտումներ» են կատարվում:

 

«ԱՄՈԹԻ ԹԻՄ». ԳԵՆԵՐԱԼ ԻՍԱԳՈՒԼՈՎԸ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԹԽՈՒՄ Է «ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԽՆԴՐԱՆՔ»

Հոկտեմբերի 11-ին, երբ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հանդես եկավ իր հայտնի հայտարարությամբ, կարծում էինք, թե իրավիճակը երրորդ ժամկետի խնդրի շուրջ փոխվել է, եւ մեր նախաձեռնած «Ամոթի թիմ» խորագրի միակ ու վերջին հյուրը ԼՂՀ գլխավոր դատախազ Արմեն Զալինյանն է: Սակայն, ցավոք, մենք սխալվեցինք, եւ խորագրի այսօրվա հյուրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանապետ Արմեն Իսագուլովն է:

Արկադի Ղուկասյանը հոկտեմբերի 11-ի իր հայտարարության մեջ զայրույթով մեղադրեց բոլոր նրանց, ովքեր կասկածում են նրան երրորդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվելու ծրագրեր մտմտալու մեջ: Նա չքմեղանում էր, թե իր սկզբունքների ուժով չի գնա այնպիսի քայլերի, որ սպառնում են հարվածել ԼՂՀ վարկին եւ ժողովրդավարությանը: Ոչ քիչ մարդիկ, ովքեր սովոր են Ղուկասյանի խոսքի եւ գործի պերմանենտ անհամապատասխանությանը, մեծ կասկածանքով վերաբերվեցին նրա խոսքերին: Եվ կարծես թե` ոչ պատահական:

Դեռ մի քանի օր էլ չէր անցել նախագահ Ղուկասյանի արած հայտարարությունից, երբ ԼՂՀ Հադրութի շրջանից մեզ հայտնի դարձավ զարմանալի փաստ. ԼՂՀ ոստիկանապետ Արմեն Իսագուլովի հրամանով Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում սոցհարցում է անցկացվում ոստիկանության աշխատակիցների ուժերով: Եվ, ձեր կարծիքով, ի՞նչ է ուզում իմանալ Արկադի Ղուկասյանի այս մերձավոր համախոհը: Ոչ ավել, ոչ պակաս. «Ինչպես է ընդունվում ԼՂՀ ներկայիս նախագահի թեկնածության առաջադրումը առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ, եւ ում կցանկանայիք տեսնել ապագա նախագահ»: Ֆանտաստիկա: Իսկ Ղուկասյանը դեռ ասում է, որ իր հասցեին ինչ-որ մեկը զրպարտում է: Ոստիկանության աշխատակիցների ուժերով սոցիոլոգիական հարցման փաստը հոկտեմբերի 17-ին հաստատեցին նաեւ Շուշիի, Ասկերանի շրջանային վարչակազմերում եւ բյուջետային որոշ կազմակերպություններում:

Ինչ է ստացվում. նախագահը ժողովրդին ասում է մեկ բան, անիծում եւ նզովում է բոլոր նրանց, ովքեր նրան կասկածում են այլ բանում, իսկ ուժայինները ժողովրդին «տակից» ներկայացնում են այլ առաջարկներ: Հավանաբար ջանում են կազմակերպել «աշխատավորների խնդրանք» Արկադի Ղուկասյանի համար. այս միտքը նրանց «չի լքում»: Ինչի՞ է սա նման: Եվ որքանո՞վ են ոստիկանության գործողությունները համապատասխանում օրենքին: Պետք է խոստովանել, որ լինում է եւ այսպես, երբ ժողովրդավարության հակառակորդներն ու օրինախախտները, բացի ԼՂՀ խորհրդարանից, նստած են նաեւ պետական պատասխանատու այլ պաշտոնների:

Ակնհայտ է, որ նախագահ Ղուկասյանը ժամանակին եւ լավ է «պահեստավորվել» նման գործիչներով: Հետաքրքիր է, այս նախաձեռնության մասին նո՞ւյնպես հուշել են Արկադի Ղուկասյանին: Իսկ եթե չեն ասել, նա ի՞նչ կասի տեղի ունեցողի առթիվ:

Ինչ վերաբերում է Արմեն Իսագուլովին, ապա նրա բնութագրի համառոտ հիշեցումը ոչ մեկի մեջ կասկած չի թողնի, թե ինչու է նա սկսել (կամ ինչու են նրան հանձնարարել) այս արշավը: Նախկին խորհրդային ՆԳ սպա Արմեն Իսագուլովը ժամանակին հեռացվել է ՆԳ վարչության պետի պաշտոնից ԼՂՀ այն ժամանակվա ղեկավար Ռոբերտ Քոչարյանի կողմից: Հետո Սամվել Բաբայանին ղարաբաղյան բանակի հրամանատարի պաշտոնից հեռացրած Արկադի Ղուկասյանը Արմեն Իսագուլովին նշանակեց ԼՂՀ ՆԳ նախարար՝ հետագայում նրան գեներալի կոչում տալով: Նոր նախարարը անմիջապես աչքի ընկավ նրանով, որ իր համախոհ, նախկին գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանի հետ միասին Ստեփանակերտի պուրակային հատվածում իր համար «աճեցրեց» շքեղ առանձնատուն: Այս «հերոսությունը» Լեռնային Ղարաբաղին արժեցավ այն, որ սույն երկու գործիչները հայտնվեցին Միջազգային ճգնաժամային խմբի 2005 թվականի սեպտեմբերի՝ Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցի «կոռուպցիա» բաժնում: ԼՂՀ-ին հենց միայն դա էր պակասում: Իսագուլովը, բնականաբար, հերքում է սեփական բիզնես ունենալու փաստը: Ճիշտ է անում. այսօր լավագույն բիզնեսը կոռուպցիան է: Իսագուլովը հռչակավոր դարձավ նրանով, որ հայ հասարակության կողմից մեղադրվեց Հայաստանի ընդդիմության դեմ հատուկ գործողությունների համար ապօրինի կազմավորումներ նախապատրաստելու մեջ:

Թվում էր՝ ներկայում Իսագուլովը պետք է ավելի շատ մտածեր հրաժարականի եւ կենսաթոշակի մասին. տարիքն առել է: Եվ նրա ինչի՞ն է պետք Ղուկասյանի երրորդ ժամկետը: Խնդիրը պարզ է. Իսագուլովը նույնպես չի ուզում հեռանալ. հետո՞ ինչ, որ օրենքն է դա պահանջում: Ահա եւ զբաղվում է ժողովրդի «մշակմամբ» (ի դեպ, սոցհարցման արդյունքները մխիթարական չեն. շատ քչերն են ցանկանում Արկադի Ղուկասյանին տեսնել այս պաշտոնում): Հավանաբար, Իսագուլովը փորձում է տպավորություն ստեղծել, որ թեեւ Արկադի Ղուկասյանը «հանուն բարձր սկզբունքների» չի ցանկանում մնալ նախագահի պաշտոնում երրորդ անգամ, ուրեմն դա պետք է անել «աշխատավորների խնդրանքով»: Ճիշտ է, մինչ այդ հարկ է «տեղը տեղին մշակել» այդ աշխատավորներին ոստիկանության աշխատակիցների ուժերով:

Կոփված են, պետք է ասել, մեր թոշակային տարիքի կոռուպցիոներները: Ահա եւ ձեզ ժողովրդավարության եւս մեկ հակառակորդ: Նախագահ Ղուկասյանը պետք է ժամանակին թոշակի ուղարկեր Իսագուլովին: Իսկ հիմա ստիպված պետք է մեկ անգամ եւս ելույթ ունենալ եւ ասել ժողովրդին` ես չեմ, կամ, որ ավելի վատ է` ես մեղավոր չեմ, նա ինքն է եկել: Բայց դժվար թե ինչ-որ մեկը հավատա. միայն ինչ-որ մեկը եւս մեկ անգամ կհամոզվի, թե ում հետ գործ ունի Լեռնային Ղարաբաղը:

«Լրագիր»

 

ՄԻՋԱԴԵՊ ԴՊՐՈՑՈՒՄ

Ոստիկանության աշխատակիցը մտնում է դպրոց, խանգարում բարձր դասարաններից մեկում անցկացվող դասը և հարցնում աշակերտներին.

– Ինչպե՞ս կվերաբերվեիք, եթե գործող նախագահ Արկադի Ղուկասյանը երրորդ անգամ առաջադրվեր:

– Բայց ախր նա իրավունք չունի,- խեղճ-խեղճ ու «խորով» պատասխանում են աշակերտները:

Ոստիկանը, սակայն, շարունակում է «քարոզարշավը» ու փորձում համոզել աշակերտներին: Ի վերջո, այդ ամենից զզված աշակերտներից մեկը հարցնում է.

– Բայց ի՞նչ իմաստ ունի մեզ քարոզել, չէ՞ որ մենք, միևնույն է, ընտրություններին չենք մասնակցելու:

– Հա, էդ էլ է ճիշտ,- շվարած ասել է «քարոզիչը»:

Այս երկիրն ապրելու ու հարատևելու է, քանի դեռ դպրոցականներն անգամ ավելի մեծ քաղաքացիական հասունություն ունեն, քան իրավապահները:

 

ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ Է ԱՆԳԱՄ ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇՈՒՆ

Թուրքմենիայի նախագահ Սափարմուրադ Նիյազովը, նույն ինքը՝ Թուրքմենբաշին, հանդես գալով ազգային հեռուստատեսության եթերում, դիմել է ԶԼՄ ներկայացուցիչներին եւ ստեղծագործողներին՝ ասելով, թե պետք չէ իրեն անսահման գովել:

«Ստեղծագործողներին խնդրում եմ` չափազանց մի° գովաբանեք ինձ, մի° մեծարեք ինձ: Ինձ շատ դժվար է տանել այդ ամենը: Եթե այստեղ փոս լիներ, ապա ձեր գովեստներից ես կընկնեի դրա մեջ: Օգնեք ինձ, որ ես կարողանամ հանգիստ ապրել: Եթե դուք ինձ չգովաբանեք, դա ինձ համար կլինի մեծ օգնություն»,- հեռուստատեսության եթերում ասել է Թուրքմենբաշին:

Դժվար է պատկերացնել, թե այդքանից հետո ինչ են անելու Թուրքմենիայի ստեղծագործողները եւ ԶԼՄ ներկայացուցիչները: Թուրքմենբաշին ասել է, որ չգովեն իրեն: Բայց նա չի ասել, թե ինչ անեն կամ ում գովեն: Իսկ չգովել նրանք չեն կարող, քանի որ տարիների այդ աշխատաոճը դարձել է ավանդույթ: Միեւնույն ժամանակ նրանք չեն կարող ինքնուրույն որոշել, թե ում են գովում, քանի որ սովոր են` երբ նրանց ասում են, թե ում պետք է գովել: Հետեւաբար թուրքմենների վիճակը նախանձելի չէ: Բայց կա ելք: Մինչեւ Թուրքմենբաշին կկողմնորոշվի, թե իր փոխարեն ում պետք է գովել, թուրքմեն լրագրողներն ու ստեղծագործողները կարող են պատվեր ընդունել ԱՊՀ մյուս երկրներից: Թե° կողմնակի եկամուտ կլինի եւ թե° կյանքի իմաստը չի կորչի: Առավել եւս, որ պատվերի պակաս թերեւս չի զգացվի:

«Լրագիր»

——————————————————————————————-

Սոցիալ-տնտեսական

ԱՎԵՐԱԿ, ՈՐ ՆՄԱՆ Է ԴՊՐՈՑԻ

Տիգրան ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ
http://www.hetq.am

Ուզում էի գրել` «Դպրոց, որ նման է ավերակի», բայց երեւի այսպես ավելի ճիշտ է, որովհետեւ դպրոցն ինչ-որ պահի, ինչ-ինչ պատճառներով, ասենք` երկրաշարժ, ասենք` հրդեհ կամ սելավ, կարող է նմանվել ավերակի, բայց որ ավերակը նմանվեր դպրոցի, երբեք չէի տեսել:

Եթե պատին փակցված չլիներ «Աշակերտների կարգապահության կանոններ» խիստ վերնագրով վահանակը, որի կետերից մեկը հրահանգում է խնամքով վերաբերվել դպրոցական գույքին, ու եթե սենյակներում չլիներ անցած դարի հիսուն-վաթսունականների կահույք, դժվար թե մտածեի, թե ավերակը դպրոց է: Կմտածեի՝ սովորական ավերակ է ու վերջ:

Խոսքը Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի դպրոցի մասին է: Կարմրակուճը Հադրութ քաղաքին շատ մոտ է՝ 3-4 կիլոմետր: Ունի 130 բնակիչ: Դպրոց հիշեցնող ավերակում ութամյա կրթություն է ստանում 12 երեխա: Պատերազմի ընթացքում Կարմրակուճն ադրբեջանցիները չեն գրավել, եւ հետեւաբար՝ դպրոցի ներկա վիճակը ռազմական գործողությունների հետեւանք չէ:

Տնօրեն Կարինե Դավթյանն ասում է, թե, ըստ գյուղի մեծերի պատմածների, դպրոցը կառուցվել է 1928 թվականին՝ շաբաթօրյակի կարգով: Դա նշանակում է, որ նախագիծ չի եղել, ֆինանսական հատկացումներ չեն եղել. գյուղի մարդիկ հավաքվել ու կառուցել են այս շենքը, որը հետագայում երբեւէ չի նորոգվել: «Ամեն տարի՝ սեպտեմբերի մեկից առաջ, սպիտակեցնում ենք, ուրիշ ոչինչ»,- ասում է տիկին Դավթյանը:

Դպրոցի անմխիթար վիճակը բացասաբար է ազդում կրթության որակի վրա: Հնարավորություն ունեցող ծնողներն իրենց երեխաներին արդեն ուղարկում են Հադրութի միջնակարգ դպրոցում սովորելու: Կարինե Դավթյանը ցավում է աշակերտների կորստի համար, բայց եւ չի կարող չհասկանալ նրանց ծնողներին. «Որ մի ուժեղ քամի ա ըլնում, երեխաներին հավաքում ենք ուսուցչանոցում: Էն կողմում պատը ճաք տված ա: Էս փլման ենթակա դպրոցը, հասկանալի չի՞, որ շատ վատ կազդի երեխաների հոգեբանության, նրանց կրթության վրա, նրանց ամեն ինչի վրա էլ կազդի»:

Գյուղը Հադրութից հեռու չէ, կապված է «Հյուսիս-հարավ» մայրուղու վերջին հատվածով: Գուցե ավելի նպատակահարմար է նոր շենք կառուցելու փոխարեն լուծել երեխաների ամենօրյա փոխադրման խնդի՞րը: Դպրոցի տնօրենի կարծիքով, տնտեսապես վատ լուծում չէ, բայց Կարմրակուճը շատ արագ կդադարի գոյություն ունենալուց. «Գյուղում եթե դպրոց չկա, արդեն հասկանալի ա, որ գյուղն էլ չկա: 12-13 աշակերտը քիչ չի, ինչքան ես եմ հասկանում: Հինգ ուսուցիչ ունենք, ի՞նչ անենք, տնային տնտեսուհիներ դառնանք, տա՞նը նստենք»:

Աշակերտների փոքր թիվն է պատճառը, որ դպրոցը միշտ դուրս է մնում կառավարության ծրագրերից: Ասում են՝ ավելի կարեւոր գործեր կան, բայց չեն ասում, թե հերթը երբ է հասնելու Կարմրակուճին: Քանի որ աշակերտները քիչ են, գուցե իսկապես նպատակահարմար չէ դպրոց կառուցելը:

«Գյուղի հայելին, գյուղի դեմքը դպրոցն ա, եթե դպրոց չկա, էլ ի՞նչ գյուղ,- ասում է Կարինե Դավթյանը:- Գյուղում, եթե հաշվենք, 19-20 ջահել կա արդեն՝ բանակում ծառայած, զորացրված տղաներ: Նրանք, հասկանալի ա, ուզում են ամուսնանան, ընտանիք կազմեն, երեխա ունենան: Եթե դպրոց էլ չլինի, էլ ինչո՞ւ են մնում ծերանոց հիշեցնող այս գյուղում»:

Այս տարվա սեպտեմբերին էլ հնչեց Կարմրակուճի դպրոցի զանգը, իսկ երկու տարի անց հավանաբար կնշվի դպրոցի հիմնադրման 80-ամյակը, եւ այդ առիթով մուտքի մոտ կգրվի. «Երեխաների մուտքն արգելվում է»:

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱ’Մ ՄԵԽԻՆ Է ԽՓՈՒՄ, ՀԱ’Մ ՆԱԼԻՆ

ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատուրյանը օրերս «Karabakhopen.com» ինտերնետային լրագրին տված հարցազրույցում ասել է, թե Ստեփանակերտի կենտրոնում` կառավարության շենքի հարեւանությամբ գտնվող տարածքում, նախատեսվում է կառուցել վեցհարկանի շենք, որի առաջին հարկում տեղակայված կլինի ավտոմեքենաների կանգառ, երկրորդ հարկում՝ խանութներ, իսկ մնացած հարկերում՝ կա°մ գրասենյակներ, կա°մ էլ բնակարաններ:

Նշված շենքի կառուցման աշխատանքները կսկսվեն 2007-ին: Թվում է` ոչ մի արտասովոր բան չկա, մարդիկ շենք են կառուցելու: Բայց հետաքրքրականն այստեղ այն է, որ վերոհիշյալ շենքը պիտի կառուցի «Սիրկապ Արմենիա» ընկերությունը, որն արդեն քանի տարի է` կառուցում ու այդպես էլ ավարտին չի հասցնում Ստեփանակերտի կենտրոնում գտնվող նախկին «Ղարաբաղ» հյուրանոցը, իսկ վերջերս էլ իբր սկսել է Ստեփանակերտի մարզադաշտի վերանորոգումն ու վերակառուցումը, ինչի համար էլ պիտի 200 հազար դոլարի ներդրում անի: Սա առավել եւս հետաքրքրական է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սիրկապ Արմենիայի» անբարեխիղճ աշխատանքների մասին խոստովանում են հենց իրենք` ԼՂՀ իշխանությունները: Այսպես, մայիսի 31-ին կայացած ԼՂՀ ԱԺ նախավերջին նիստում նախարար Ծատուրյանն ասել է, թե արդեն 6 ձեռնարկություն կա, որոնք չեն կատարել ԼՂՀ կառավարության առաջ ստանձնած` համապատասխան ներդրումներ անելու, աշխատատեղեր բացելու պարտավորությունները: Եվ պատկերացնո՞ւմ եք, թե ով կարող էր լինել այդ 6-ի մեջ. իհարկե, հենց վերոհիշյալ «Սիրկապ Արմենիան»: Այս բավականին հետաքրքրական իրավիճակից գոնե ինչ-որ բան հասկանալու համար դիմեցինք Ա. Ծատուրյանին եւ փորձեցինք պարզել, թե այդ ինչպես է ստացվում, որ իրենք հա°մ խոստովանում են, որ ձեռնարկությունը չի կատարում ստանձնած պարտավորվածությունները, հա°մ էլ հանկարծ հայտարարում են, թե նույն ընկերությունը 2 օբյեկտ էլ պիտի կառուցի: Մեր կասկածներին ի պատասխան՝ Ծատուրյանը նշեց, թե ընկերության հետ պայմանավորվածություն ձեռք էր բերվել մինչեւ մայիսի 31-ի` իր կողմից արված չարաբաստիկ հայտարարությունը: Այդ դեպքում նախարարը մտավախություն չունի՞, որ այդ 2 օբյեկտներն էլ կարժանանան «Ղարաբաղ» հյուրանոցի ճակատագրին: Պարզվեց, որ Ծատուրյանը նման մտավախություն չունի, քանի որ ընկերության հետ արդեն կնքվել է համապատասխան պայմանագիր, ու հստակեցվել է ժամանակացույցը: Իսկ ի՞նչ կարող է ասել նախարարը հյուրանոցի ճակատագրի մասին: Ծատուրյանը կարծում է, որ այն շահագործման կհանձնվի գալիք տարվա մայիսին: Իսկ եթե հանկարծ էլի չավարտեն, ի՞նչ պիտի անեն իրենք: «Իսկ ի՞նչ եք առաջարկում»,- մեր այս հարցին հարցով պատասխանեց նախարարը եւ ավելացրեց, թե հո էդքան գումարները հետ չե՞ն վերցնելու: Իսկ մի՞թե չեն կարող պատասխանատվության ենթարկել: Պարզվեց` կառավարությունը կարող է: Դե ուրեմն, եթե ընկերությունն էլի խախտի համաձայնությունը, գոնե այս անգամ պատասխանատվության կենթարկվի՞: «Չեմ կարող ասել»,- ասաց Ծատուրյանը: Իհարկե, չի բացառվում, որ «Սիրկապ Արմենիան» մինչեւ գալիք տարվա մայիսը, այնուամենայնիվ, կկառուցի հյուրանոցը: Բայց եւ չի բացառվում, որ այս անգամ էլ ամեն ինչ կանի սովորության համաձայն. մեկ է` մինչեւ հիմա իրեն դրա համար ոչինչ չեն արել: Ավելին` հասկանալ են տալիս, թե հիմա էլ կարող է հանգիստ խախտել ժամանակացույցը. հո փողերը հետ չե՞ն վերցնելու:

«Հայկական Ժամանակ»

——————————————————————————————-

Մարդկային ճակատագրեր

ԿՅԱՆՔՆ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԻ՞

Վերջին տարիներին մեր հանրապետությունում ավելացել է մուրացկանների թիվը: Հասարակության նոր անդամներ են սուզվում կյանքի հատակը՝ օրվա մի կտոր հացը գտնելով քաղաքի բազմաթիվ աղբարկղերից մեկում: Բայց առավել ցավալի է այն երևույթը, որ ժամանակին «կարգին մարդ» լինելով հանդերձ՝ ոմանք դարձել են  հարբեցող ու մուրացկան:

Շուշի քաղաքում շատերն են ճանաչում Միքայել (Միշա) անունով, ազգությամբ չեչեն, Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող մուրացկանին ու հարբեցողին: Բազմիցս ականջալուր եմ եղել այդ խեղճ ու անօգնական մարդու զրույցներին, որոնց ընթացքում նա ասում էր, որ ժամանակին եղել է ռազմական հետախույզ, կռվել է Ղարաբաղում: Ներկայումս նա քնելու տեղ չունի, և այն հարցին, թե որտեղ է լուսացնում գիշերները, պատասխանեց. «Որտեղ քնում եմ՝ այնտեղ էլ հայրենի օջախ է»:

Ակամայից խղճում ես աշխարհի կողմից մոռացված այս մարդուն, հատկապես այն պահին, երբ ժպիտը դեմքին հիացմունքով խոսում է հայերիս մասին:

Միշան ասում է, որ իրեն ոչ ոք չի օգնում վերադառնալ  ընտանիքի գիրկը, բոլորն էլ երես են թեքում և, կոպիտ ասած, գլորում են ավելի խոր անդունդը:

Ասում է, որ ժամանակին պաշտպանության նախկին նախարար Ս.Բաբայանն իրեն բնակարան էր տվել, բայց հայտնի դեպքերից հետո այն հետ են վերցրել:

Ո՞վ պիտի մտածի նման մարդկանց մասին:

ԱՐԵՎԻԿ ԱՎԱՆԵՍՅԱՆ / ԱրՊՀ, լեզվագրական, 2-րդ կուրս

 

ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ

Ստեփանակերտի ավտոկայանի դիմացի փակ շուկայի տարածքում մի տարեց կին իր «կենցաղային իրերով» բնակություն է հաստատել թղթե արկղերից պատրաստված տնակում: Կարեկցանքից ու հետաքրքրությունից դրդված՝ հայտնվեցի նրա հյուրընկալ «բնակարանում»: Տնկած չորս փայտերի վրա ամրացված արկղերը կազմում էին «բնակարանի» պատերը, իսկ ներսում դրված էր աթոռանման մի հարմարանք, մեկ էլ մի վառարան:

Զրույցից պարզվեց, որ տատիկը շուկայի շենքի պահակն է: Իր պատմելով՝ արդեն հինգ տարի է, ինչ աշխատում է այդտեղ, շուկայի պահակության դիմաց որոշակի գումար ստանում: Պահակություն է անում նաև նույն տարածքում գտնվող խանութներին եւ մի քիչ էլ այդտեղից է ստանում:

Ու ահա այսպես ապրում է, եթե կարելի է դա ապրել անվանել: Նա ոչ մեկից բողոք չունի, բողոքում է միայն իր ճակատագրից: Իսկ ճակատագիրը…

Նրա միակ զավակը (դուստրը) բազմազավակ մայր է. յոթ երեխա ունի: Բայց ոչ ինքն է աշխատում, ոչ էլ ամուսինը: Մի խոսքով, ընտանիքի միակ աշխատողը նկարագրածս տատիկն է:

Ահա այսպիսի ճակատագիր… Մարդ է՝ մեր հայրենակիցը, մեր կողքին ապրողը, մեր քաղաքացին: Բայց մենակ է, մեն-մենակ իր ճակատագրին դեմ հանդիման: Անցնում ենք նրա կողքով ու գնում մեր գործին, ինչպես ասում են արցախցիները՝ «մեր դարդին կենում»: Իսկ ի՞նչ  անի նման վիճակում հայտնված մարդը: Մի՞թե չկա մեկը, որ նրան օգնի, դարդին դարման անի: Փորձենք պատկերացնել, որ մեր հարազատն է, ընկերը, ծանոթը…  Ու այդժամ գուցե սրտներս ցավի:

ԷՄՄԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ / ԱրՊՀ, լրագր. 3-րդ կուրս

 

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ՀՈՒԶՈՂ ԽՆԴԻՐՆԵՐ

Մի քանի օր առաջ ականատես էի գյուղացիների թեժ զրույցին: Հասկանալով, որ նրանք ինչ-որ բանից բողոքում են, որոշեցի մասնակցել նրանց զրույցին: Ահա թե ինչ պատմեց Կարմիր շուկայի բնակիչ  Արթուր Գրիգորյանը. «Արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում եմ անասնապահությամբ: Եվ հասկանալի է, որ տարին մի քանի անգամ անասուններից մորթում և հանձնում եմ Ստեփանակերտի մսավաճառներին: Բայց ինձ հուզում է այն հարցը, որ մենք ավելի քիչ գումար ենք վաստակում, քան այն  մսագործները, որոնք էժան գնով մեզնից գնում են միսը և թանկ վաճառում»:

«Հացահատիկը Ստեփանակերտում հանձնելիս նույնպես նույն պրոբլեմն է առաջանում: 1 կգ հացահատիկի համար 75 դրամից ավելի ոչ մի ալրաղաց չի տալիս, բայց խանութներում ալյուրի գինը երկու-երեք անգամ թանկ է մեր հացահատիկի գնից»,- բողոքում է Կարեն Պողոսյանը:

Գուցե պետական մարմիններն ուշադրությո՞ւն դարձնեն այս հարցերին:

ԱԼԵՔՍԵՅ ՖԻՐՅԱՆ /  ԱրՊՀ, լրագր. 2-րդ կուրս

 

Բարձրաձայն խոհեր

ՀԵ՞Տ ԵՆՔ ՄՆՈՒՄ, ԹԵ՞ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԵՏ ԵՆՔ ԳՆՈՒՄ

Հառաջադիմություն կպոռանք, բայց ետ-ետ կգնանք:

Հակոբ Պարոնյան

Անցած ողջ կյանքս՝ նրա յոթանասուներեք տարիները, ապրել եմ հայրենի գյուղում, եղել ականատեսը այնտեղ կատարվող բազմաբնույթ իրադարձությունների: Նրա վերելքների ու վայրէջքների, ձեռքբերումների ու բացթողումների, նրա խեր ու շառի:

Ձեռքիս տակ է Մարտունու «Ամարաս» շրջանային թերթի համարներից մեկը, որից տեղեկանում եմ. «Այսպես. 2003թ. հեկտարի միջին բերքատվությունը շրջանում կազմել է 24.1, 2004թ.՝ 17.7, 2005թ.՝ 13.6, 2006թ.՝ 13.7 ցենտներ»: Այս հաղորդագրությունը մտորումների տեղիք տվեց, ու ծնվեցին այս բարձրաձայն խոհերը:

Հաղորտին ու Մուշկապատը միավորված էին մեկ տնտեսության մեջ: Ամեն տարի 1000-1200 հեկտարի վրա ցորեն ու գարի էր ցանվում, և հեկտարի միջին բերքատվությունը չէր իջնում 20-22 ցենտներից: Իր նպատակին էր օգտագործվում յուրաքանչյուր հեկտարը, յուրաքանչյուր ափ հողը: Մանավանդ՝ գյուղամերձ տարածությունները, որ պիտանի են երկրագործության համար:

Գոյապայքարի առաջին տարիներին, երբ առանձնացվել էին, և Հաղորտին առանձին տնտեսություն էր, գյուղամերձ 150 հեկտարի վրա ծփում-ծածանվում էին ցորենի արտերը:

– Հողը վերջապես տալիս ենք նրա իսկական տիրոջը՝ գյուղացուն,- ասացին վերևում նստած այրերը և տվին:

Ի՞նչ եղավ արդյունքում: Եղավ այն, որ անգամ հողը տվին գյուղացուն, բայց և շղթայվեցին նրա ձեռքերն ու ոտքերը: Այսպես, անցյալ տարի գյուղամերձ տարածություններում, այդ 150 հեկտարների վրա, մի ակոս անգամ չգծվեց: Ցավով եմ նշում, որ չի գծվում և այս տարի, թեև հիանալի աշուն է, վարուցանքի իդեալական ժամանակ:

Պատճառները շատ են ու բազմապիսի, օբյեկտիվ ու սուբյեկտիվ: Ես դատավոր-դատախազի կեցվածք չեմ ընդունում՝ մեկին մեղադրելու և արդարացնելու մյուսին: Բայց ինքներդ դատեք. այս պարագայում մենք հե՞տ ենք մնում, թե՞ հետ ենք  գնում…

Հարևան գյուղեր են Հաղորտին ու Կոլխոզաշենը, և իրար համարյա կից են տասնյակ հեկտարների վրա նրանց մրգատու, բարելից այգիները: «Այն անիծյալ ժամանակներում»՝ սոցիալիզմի ժամանակ, հոգատարությամբ խնամվում-պահպանվում էին ծառերը, տարին բոլոր գյուղացիների մառաններում առատ էին տանձն ու խնձորը, ընկույզն ու սերկևիլը: Հիմա այլ է պատկերը: Երկուստեք այգիները ոտքի կոխան են դարձել: Ոմանց համար՝ անասունների արոտավայր, մյուսների համար՝ վառելափայտ մթերելու ու ծախելու մոտիկ անտառ:

– Այս ինչպե՞ս եղավ,- շվարած հարց են տալիս հարևան գյուղերի բնակիչներից ոմանք ՝ զգալով, որ հետ են գնում:

Գյուղամերձ հողամասների մի զգալի մասը սարուլանջեր են, քարքարոտ թեքություններ: Իսկական արոտավայրեր մանր եղջերավոր անասունների համար: Բայց ահա Մուշկապատում «որպես դասակարգ» վերացել են այծերն ու ոչխարները: Քանի որ չկա մեկը, որ մահակը ձեռքն առնի ու խաշները քշի դալարախիտ  հովիտները: Ջինսե շալվար հագնող տղաների համար, որ խմբվում են գյուղամիջում, խոսում աշխատատեղեր չլինելու մասին, հովվությունը անպատվաբեր գործ է:

Մեր դասական գրողներից Վ. Տերյանի պես ոչ ոք այդքան սիստեմատիկ կրթություն չի ստացել: Նրա կարոտալից տողերն են.

Լինեի չոբան սարերում
հեռու,
Գայիր-անցնեիր վրանիս
մոտով…

Բայց ո՞ւմ ես ասում, ո՞վ է լսողը՝ առևտրի պոչը բռնածնե՞րը:

Իսկ խոպանի վերածվող հանդամասերին կրկին կենդանություն տալու համար ի՞նչ քայլի դիմել: Դառնա՞լ արոր-գութանին, մշակ-հոտաղին, կալ ու կամին: Ո°չ: Ժամանակը առաջ է գնում: Իսկ բանաստեղծն էլ տարիներ առաջ է հառաչել.

Հոտաղ տղան քաղաք գնաց,
Էլ հորովել ասող չկա…

***

…Լույս են տեսնում հազար ու մի ձևի և բովանդակության գրքեր: Ասես մրցություն է, թե ով շատ գիրք կտպի: Թերթիր դրանցից մի քանիսը ու «տես՝ կա մեկը շատից-քչից գրաճանաչ, որ չի երգում կապույտ սարեր, կապույտ ձորեր, դաշտեր կանաչ»: 80-ամյա զառամյալ մարդը սիրային բանաստեղծությունների շարքեր է հրամցնում ընթերցողին: Խորհում ես՝ նա՞ էլ Գյոթեի պես խոր ծերության հասակում սիրահարվել է դեռատի աղջնակին, թե՞ հարմար ժամանակ է գտել աշակերտական տարիներին գրած տխուր նվնվոցները ջրի երես հանելու: Այս թեժ «բազարի բովում  անգամ մուշտարիներ են գտնվում, որ այդ թեփն են եռանդով գովում»:

Հայ պոեզիայի մի ողջ ժամանակաշրջան, ըստ Թումանյանի պարբերացման՝ 1887-ից մինչև 1908-ը՝ մինչև Վ.Տերյանի «Մթնշաղի անուրջները», կապվում է Հովհաննես Հովհաննիսյանի անվան հետ: Բայց արի ու տես, որ «բանաստեղծության այդ մեծ մոգպետը» (Ավ. Իսահակյանի բառերն են) իր ողջ կյանքում հրատարակել է ընդամենը … երեք գիրք: Իսկ Հովհ. Շիրազը երբ կազմեց նրա ընտրանին, ստացվեց ոչ ավել,  ոչ պակաս… 16 էջանոց (մեկ մամուլ) գիրք: Հիմա լույս են տեսնում 16 մամուլանոց /գուցե և ավելի/ հատընտիրներ: Թերևս այս հատընտրանիների հեղինակներից ոմանք իրենց համարում են «մի Ֆիրդուսի կամ նոր կախարդ մի Հոմեր, որ կերտում են մեր օրերի «Իլիականն» ու «Շահնամեն»:

Ինքս կոչումով մանկավարժ եմ: Մի փոքր էլ՝ գրչի մարդ:

Ամեն տարի /երբեմն՝ մեկ տարում երկու/ գիրք և «հատընտիր» հրատարակող «գրչակից» ընկերներիս կխնդրեի խորհուրդ նստեին վերոհիշյալ փաստի հետ: Խնայեին փողը և ընթերցողների… թանկ ժամանակը: Թե չէ, ինչպես Համո Սահյանն է դեռ յուր ժամանակին նկատել,

Ում վրա ուզում ես մատդ դիր,
Այս տարի տպում է հատընտիր:

Ոմանք նույնիսկ տասնամյակներ առաջ գրած թղթակցություններին են «հարություն» տալիս՝ տեղավորելով իրենց ստվարածավալ հատորներում: Կարդում ես ու ակամայից հիշում Մուրացանի «Հատուկ թղթակիցը» պատմվածքը, նրա գլխավոր հերոսին ու ասում. «Աստված ողորմի կողքիդ մեռելներին, Հակո: Շատ ու շատ հետնորդներ ունես մեր օրերում: Մեր ամենաթող ժամանակներում»:

ՆՈՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հաղորտիի միջն. դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ

 

ԵՍ ԿԱՐՄՐԵՑԻ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Անցած կիրակի հյուր էի գնացել ընկերուհուս՝ Ռուզաննայենց տուն: Հաճախ եմ նրանց այցելում, որովհետև  հաճելի մթնոլորտ է նրանց ընտանիքում: Մայրը աշխատում է դպրոցում, հայրը վարորդ է, նրանց հետ ապրում է նաև պապիկը: Մենք սուրճ խմեցինք և սկսեցինք հարցուփորձ անել պապիկին: Ընկերուհուս պապիկը մասնակցել է նաևՂարաբաղյան պատերազմին,  հաշմանդամ է և ստանում է կենսաթոշակ:

Զրույցն ընդհատեց դռան զանգը: Ներս մտավ թոշակներ  բաժանող կինը: Նա սեղանին դրեց մի փոքրիկ գումար և հեռացավ: Ես զարմացա… Իր ժամանակին այդ մարդը իր պետության համար շատ բան էր արել, իսկ հիմա նրան պետությունը որքան քիչ է վարձահատույց լինում: Սիրտս մի տեսակ ճզմվեց, երբ մտածեցի, թե որքան քիչ փող են ստանում մեր թոշակառուները:  Ես կարմրեցի և ամաչեցի մեր պետության փոխարեն:

Իսկ Ռուզաննայի պապիկի դեմքը հանգիստ էր. կարծես նա այդ գումարն էլ չէր ուզում:

Ես ուզում եմ, որ մեր ղեկավարությունը լրջորեն և մարդկայնորեն մտահոգվի կենսաթոշակառուների խնդրով:

ՏԱԹԵՎԻԿ ԲԵՋԱՆՅԱՆ

 

ՍՐՏԻ ԽՈՍՔ

Մեկ տարի առաջ էլեկտրականությունից հրդեհ բռնկվեց իմ տան պատշգամբում, րոպեների ընթացքում բոցավառվեց երկհարկանի տունս, այրվեց, մոխրացավ: Ոչինչ փրկել հնարավոր չեղավ, մի թել ու ասեղ անգամ: Ես, իմ կրտսեր որդին, որ Արցախյան պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ է, իր ընտանիքով մնացինք անօթևան: 50 տարիների ստեղծածս, դժվարությամբ ձեռք բերածս րոպեների ընթացքում կորցրի:

Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, Ասկերանի շրջվարչակազմի ներկայացուցիչները՝ պարոն Սամվել Հարությունյանի գլխավորությամբ, ներկայացան դեպքի վայր, նրանց հետ էլ՝ մեր պատգամավոր Արծվիկ Սարգսյանը, որը գնալու հենց հաջորդ օրը փոքրիկ ծանրոցներ ուղարկեց տուժած երեք ընտանիքներին հավասարապես: Օգնության ձեռք մեկնողները շատ էին՝ և’ ղեկավար անձինք, և’ շրջանի ուսուցչական կոլեկտիվներ, և’ համագյուղացիներ, և’ բարեկամներ, նույնիսկ անծանոթներ:

Մինչ այդ, ճիշտն ասած, հուսահատվել էի, մտածում էի՝ իշխանությունը երևի ոչինչ ի վիճակի չի լինի անելու. դե, նորաստեղծ պետություն է, դարդ ու ցավը մենք չենք միայն: Բայց սխալվում էի: Դրա վառ ապացույցը գյուղի կենտրոնում՝ գյուղամիջյան ճանապարհից քիչ հեռու վեր խոյացած նորակառույց բնակարանն է:

Իմ կյանքի այդ ծանրագույն պահին ես մոտիկից ճանաչեցի քաղաքաշինության նախարար Մարատ Հակոբջանյանին: Հենց առաջին հանդիպումից  ասած խոսքերի տերը եղավ նա. «Մայրի°կ ջան, չտխրես, ամեն ինչ լավ է լինելու, մի լավ տուն ենք կառուցելու»: Նույնիսկ արձակուրդի օրերին, երբ նա Արցախում չէր, զանգում էր ու հետաքրքրվում:

Հոգատար վերաբերմունքի համար երախտապարտ եմ նաև Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարությանը՝ Ս. Հարությունյանի գլխավորությամբ:

Զգացված եմ նաև գործարար-ինժեներ Հովսեփ Գասպարյանի վերաբերմունքից: Նա հարգված ու սիրված անձնավորություն դարձավ ոչ միայն իմ ընտանիքի անդամների, այլև համագյուղացիներից շատ-շատերի համար: Այդ նույն եռանդով տներ է կառուցել Արցախի տարբեր բնակավայրերում:

Մեկ առ մեկ բոլորի մասին գրել չեմ կարող, պարզապես խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն շինարարներին, ում ուժերով կառուցվեց այս գեղեցիկ, լուսավոր բնակարանը:

Շնորհակալություն ձեզ, բարի մարդիկ, շնորհակալություն, նորանկախ պետություն:

ՎԱՐԴՈՒՀԻ ԲԱՂՐՅԱՆ
կենսաթոշակառու
գ. Ավետարանոց 

 

Ձմռանը տանը տաք կլինի՞

Դեռեւս օգոստոսին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը ստորագրել է «2006-2007թթ. ձմռան նախապատրաստման համար հանձնաժողով ստեղծելու մասին» որոշում, ըստ որի՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները պարտավորվել են մինչեւ հոկտեմբերի 15-ը ներկայացնել հաշվետվություններ՝ նախապատրաստական աշխատանքների ընթացքի« մշակված եւ հաստատված ծրագրերի մասին:

2006-2007թթ. ջեռուցման շրջանը մոտենում է: Պարզելու համար« թե ինչպիսի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ջեռուցման համակարգում, դիմեցինք «Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ տնօրեն Արմեն Շաբանյանին, որն այս առնչությամբ տեղեկացրեց, որ 2006-2007թթ. ջեռուցման շրջանում շահագործման է հանձնվելու 12 կաթսայատուն, որից այսօրվա դրությամբ պատրաստ են 11-ը:

Ա.Շաբանյանի խոսքերով, թիվ 8 դպրոցում նորոգվում է նոր կաթսայատուն, որը միայն բավարարելու է տվյալ դպրոցին: Ներկայումս այդ աշխատանքներն ընթացքի մեջ են:

5-6 տարի առաջ մայրաքաղաքում անհատական կաթսայատներ դնելու մասին կար կառավարության կողմից հաստատված ծրագիր: Ա.Շաբանյանի հավաստմամբ« մինչեւ օրս այդ ծրագիրը մնացել է թղթի վրա« որի պատճառը, թերեւս, ֆինանսների բացակայությունն է:

«2001-2002թթ. հեռուստատեսությամբ մենք բնակչությանը տեղեկացրել ենք, որ ջեռուցում ստանալու ցանկության դեպքում քաղաքացիները կարող են դիմել «Ջեմային տնտեսությանը» եւ կնքել պայմանագիր« սակայն ոչ ոք չի դիմել մեզ, իսկ հիմա արդեն ուշ է« քանի որ մեր ընկերությունը չի կարող իր ֆինանսների հաշվին իրականացնել ջեռուցման ցանցերի վերանորոգումներ»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց Ա.Շաբանյանը:

Նշենք« որ «Ջերմային տնտեսության» ծառայություններից  հիմնականում օգտվում են ադմինիստրատիվ շենքերը, մի շարք դպրոցներ եւ մեկ բնակելի շենք:

Փախստականների գրանցման գործընթացը շարունակվում է 

ԼՂՀ-ում փախստականների գրանցման գործընթացը դեռեւս շարունակվում է: Ներկայումս գրանցված է հանրապետությունում բնակվող փախստականների շուրջ 80 տոկոսը: Այս մասին KarabakhOpen-ին հայտնել է ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Պավել Նաջարյանը:

Նրա խոսքերով, մինչեւ այժմ միանվագ օգնություն է ստացել փախստականների 50 տոկոսը, իսկ մյուս մասին օգնություն կտրամադրվի 2007-ին:

Աշխատանքներ են տարվում նաեւ փախստական ընտանիքներին բնակարանով ապահովելու ուղղությամբ. Աջափնյակում կառուցվող թվով 14 տները մեկ ամիս հետո արդեն պատրաստ կլինեն, որտեղ կտեղափոխվեն ներկայումս Արցախի պետհամալսարանի հանրակացարանում բնակվող 14 ընտանիքներ: Իսկ 6-7 ընտանիք էլ նույն թաղամաս կտեղափոխվի մյուս տարի:

——————————————————————————————-

Նամականի

ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԹԱԿԱՐԴՆԵՐԸ

Ասում են՝ բոլոր կանայք գերադասում են գեղեցիկ լինել, քան թե բարի: Սրա հետ կարող ենք համաձայնվել կամ չհամաձայնվել, քանի որ բացառություններ լինում են: Սակայն անվիճելի է այն փաստը, որ գեղեցկությունը հզոր զենք է: Ինչեր ասես, որ չենք անում այդ զենքին տիրապետելու համար: Խնամված, ճաշակով հագնված, համակրելի արտաքինով կինը միշտ էլ աչքի է զարնվում եւ արժանանում է հակառակ սեռի ուշադրությանը:

Չկա այնպիսի կին, որ չցանկանա լինել գեղեցիկ: Հայտնի իմաստուններից մեկն ասել է. «Կնոջը խաբելու համար բավական է, որ ասես՝ գեղեցիկ է»: Սակայն գեղեցիկ լինելու համար հաճախ կանայք վտանգի են ենթարկում իրենց առողջությունը՝ մոռանալով, որ հիվանդ մարդը գեղեցիկ լինել չի կարող:

Յուրաքանչյուր կին երազում է գեղեցիկ կազմվածք ունենալու մասին եւ այդ իսկ պատճառով ավելորդ քաշի դեմ պայքարում հաճախ ընտրում է այնպիսի միջոցներ, ինչպիսիք են սննդապահքը /դիետա/, քաղցը, ճարպերն «այրող» տարաբնույթ դեղամիջոցներ: Բայց քչերին է հայտնի, որ արագ նիհարելը կարող է մեծ վնաս հասցնել օրգանիզմին: Բժիշկները զգուշացնում են, որ նման դեպքերում առաջին հերթին տուժում է լյարդը: Քաշի անկման դեպքում (շաբաթական 1-2 կգ-ից ավելի) լյարդը մեծ վտանգի է ենթարկվում: Բժիշկներն ավելորդ քաշի դեմ պայքարի լավագույն միջոց են համարում ոչ թե, այսպես ասած, «սովամահությունը», այլ առողջ ապրելակերպը՝ զբաղվել սպորտով, խմել շատ հեղուկ եւ օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ:

Ստորին վերջույթների երակների վարիկոզ հիվանդություն, ոտնաթաթի ոսկրիկների գերաճ, ողնաշարի գոտկային շրջանի ճողվածքներ /գրիժա/՝ ահա եւ ոչ լրիվ շարքը այն զոհաբերությունների, որոնք բարձր կրունկների սիրահարները վճարում են գեղեցկությանը: Իսկ վերջերս բրիտանացի բժիշկները հայտնաբերել են եւս մի վտանգ նրանց համար: 8-12 սմ-ից բարձր կրունկի դեպքում կանայք ակամա թեքված են հետ՝ անբնական կորացնելով եւ ուռեցնելով որովայնը: Սրա պատճառով ներքին օրգանները ենթարկվում են ուժգին ճնշման: Այս վիճակում երկարատեւ  եւ պարբերաբար գտնվելը կարող է հանգեցնել անգամ անպտղության:

Ոչ ոք չի վիճարկում՝ նեղ ջինսերը, որոնք քիպ նստում են ազդրերին, շատ նորաձեւ են: Սակայն բժիշկները զգուշացնում են, որ  այդպիսի հագուստը վտանգավոր է առողջության համար: Այն կարող է ուժեղ սեղմել փորի ստորին մասը, ճնշել կոնքի շրջանի նյարդերը եւ ազդրերի շրջանում թմրածություն առաջացնել:

Գեղեցկությունը, ինչպես ասում են, զոհեր է պահանջում, բայց զոհերի թվում առողջությունը չպիտի լինի:

ԻՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

ՈՍԿԵ ՁԿՆԻԿԻ ՈՒ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ՄԱՍԻՆ

Երիտասարդ շատ զույգեր ամուսնանալուց երկու-երեք ամիս կամ մի տարի հետո բաժանվում են: Նման ամուսնալուծությունների պատճառը հաճախ այն է լինում, որ միությունը կազմվում է հապճեպ եւ հիմնված է լինում նյութական շահի, այլ ոչ թե փոխադարձ սիրո հիմքի վրա: Սա մի երեւույթ է, որը կա յուրաքանչյուրիս շրջապատում, եւ որին չի կարելի անտարբեր նայել: Ձեր բարեկամը կամ ծանոթը առանց երկար-բարակ մտածելու ամուսնանում է «ռուսաստաններից» եկած մեկի հետ եւ մեկնում երկրից: «Եկվորը», որպես կանոն, հարուստ անձնավորություն է լինում, աղջիկներն էլ մտածում են՝ ինչո՞ւ ձեռքից բաց թողնել «ոսկե ձկնիկը»: Արդյունքը հաճախ այն է լինում, որ կանգնում են կոտրած տաշտակի առաջ:

Այս հարցում, կարծում եմ, շատ մեծ է ծնողների դերը, ովքեր երբեմն իրենք են անխոհեմաբար հրահրում եւ խրախուսում նման անհիմն միությունը՝ լրջորեն չմտածելով դրա հետեւանքների մասին:

Մեր օրերում ամուսնալուծվում են հիմնականում երիտասարդ զույգերը: Նրանցից ոմանք պատճառաբանում են.«Մեր հայացքները չէին համընկնում», կամ՝ «Մեր բնավորություններն անհամատեղելի են»: Ոմանց մոտ էլ, պարզվում է, գործում է «Ես՝ ինձ համար, դու՝ քեզ համար» սկզբունքը… Իսկ ինչո՞վ է մեղավոր նման «ընտանիքում» ծնված երեխան…

Մեզանից ամեն մեկը մի առանձին անհատ է եւ հանդիսանում է այն մեծ «շենքի» բնակիչը, որ կոչվում է հասարակություն: Ուստի չխուսափենք նորովի վերակառուցել ու կատարելագործել այդ համընդհանուր «շենքը», դառնանք նրա արժանի «շինարարները» եւ առաջնորդվենք միայն բարոյական վեհ արժեքներով…

ՀԵՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ / ԱրՊՀ, լրագր. 2-րդ կուրս

 

ԴԻՊԼՈՄԸ ՕԺԻՏԻ ՀԱՄԱՐ ՉԷ

Այսօր, այսպես ասած, ավանդույթ է դարձել բարձրագույն կրթություն ստանալը: Երիտասարդը, ցանկանա-չցանկանա, ուղղակի պարտավոր է բուհ ավարտել: Այլընտրանք պարզապես չկա: Ի՞նչ կմտածի հարևանը, որի երեխան ամենամոդայիկ բաժիններից մեկի ուսանող է արդեն: Ահա այս աշխարհայացքով առաջնորդվելով՝ համալսարան են մտնում արդեն չափահաս մարդիկ, ում ուսերին են վաղը լինելու Արցախի բազում խնդիրներն ու պրոբլեմները: Հարց է ծագում՝ մի՞թե պայքարել ենք, որ մի լուսավոր օր Ղարաբաղը հայտնվի տգիտության մեջ խարխափելու ուղու վրա:

Բազմաթիվ ուսանողներ այսօր չափազանց անհոգ ու հանգիստ ասում են, որ եթե իրենց կամքը լիներ, ապա կընտրեին այլ բաժին: Մնում ես շվարած. իսկ ո՞ւմ կամքով, հետաքրքիր է, համալսարանի տվյալ բաժինն ընդունվեցիր, իսկ ո՞վ պիտի քո փոխարեն, հարգելի ուսանող, հետագայում աշխատի: Եթե դեռ համալսարանի պատերի մեջ է մարդ դժգոհում իր ապագա մասնագիտությունից, ապա ի՞նչ  պիտի լինի 4-5 տարի անց:

Հասկանալի է՝ նրանց համար, ովքեր դիպլոմը օժիտի կապոցի մեջ տեղավորելու համար են համալսարան այցելում, այդ փաստաթուղթն այդպես էլ կմնա «փոշու տակ»: Բայց ի՞նչ ասել նրանց մասին, ովքեր «ստանում» են գիտելիքներ, որոնք իրենց չեն էլ հետաքրքրում:

Հարցնում եմ.

– Ինչո՞ւ ես ընտրել այդ բաժինը:
– Գիտե՞ք… մոդայիկ է:
– Իսկ հետաքրքի՞ր է:

– Գուշակեք ինքներդ. եթե 70 րոպե շարունակ թվերի մասին են խոսում, իսկ մտքերդ տարված են երեկ կարդացած հերթական ստեղծագործությամբ, էլ ի՞նչ հետաքրքրության մասին է խոսքը…

Ցավալի է, այսօրվա ուսանողության գրեթե 60%-ը չի սիրում իր ընտրած մասնագիտությունը: Այդ մասին է վկայում օրերս անցկացրած փոքրիկ հարցումը: Այդ  60%-ը սիրով չի աշխատելու, ավելի ճիշտ, ընդհանրապես չի աշխատելու: Եվ հետո նույն մարդիկ համարձակվում են խոսել գործազրկության մասին՝ չհասկանալով, որ նման խնդրի չլուծման հիմնական պատճառն իրենք են: Կամա թե ակամա եզրահանգում ես՝ եթե տարբեր հիմնարկներն ու կազմակերպությունները լեփ-լեցուն են հենց այնպես «ժամանակը սպանող» աշխատակիցներով, որոնց «քրտնաջան» աշխատանքը կայանում է սուրճ խմելու, համակարգչային խաղեր խաղալու կամ էլ եղունգներ ներկելու մեջ, ապա այն մարդիկ, ովքեր իրոք մասնագետներ են, մնում են գործազուրկ:

Ցավալին այն է, որ մեզնից գրեթե ամեն երկրորդը սարսափում է հասարակության «քննադատությունից»: Բացեք ձեր աչքերը, մի լռեք, մի տատանվեք ձեր ընտրության առջև, մի թաքցրեք ձեր հետաքրքրությունները, մի խուսափեք քննադատությունից, որը վաղ թե ուշ մարում է, և արդյունքում մնում է ձեր՝ որպես անձնավորության կայացած չլինելը:

Մեզնից յուրաքանչյուրը թող առաջնորդվի ոչ թե մի քանիսի՝ կյանքում իրենց տեղը չգտածների կարծիքով, այլ իր իսկ սրտի կամքով:

Իսկ հասարակությունն էլ, համոզված եմ, կշահի դրանից:

ԻՐԻՆԱ ՈՍԿԱՆՅԱՆ / ԱրՊՀ, լրագր. 2-րդ կուրս  

 

ԳԱԶԱՆՆԵՐԸ ԼԻՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՄԱՐԴԱԿԵՐՊ

Ինչպես նշում է 20-րդ դարի նշանավոր գենետիկներից մեկը՝ Ֆ.Դոբժանսկին, հավասարությունը ոչ թե կենսաբանական ֆենոմեն է, այլ էթիկական սկզբունք, որի իրականացումը պայմանավորված է մի շարք բարդություններով: Կա ծագումնաբանական անհավասարություն, որը բազում անհաջողությունների ու ողբերգությունների պատճառ է դառնում: Միևնույն ժամանակ, ծագումնաբանական անհավասարությունը մարդկային վերարտադրության բարդ ու հակասական գործընթացի բաղկացուցիչ մասն է:

Մարդ արարածը ևս կենդանի է, հասարակական կենդանի: Նրա մեջ նաև կենդանական բնազդներ կան, իսկ ոմանց մոտ դրանք ուղղակի գերակշռում են, ուստի հանրային «առողջության» ու ապահովության, ինչպես նաև մարդկային բնականոն զարգացման համար հարկ է «գազանաբարո» մարդկանց հեռու պահել կառավարման համակարգից և ընդհանրապես առանցքային ու անվերահսկելիության թեկուզև չնչին տարր պարունակող դերերից:

Գիտության մեջ մարդու բնույթի ըմբռնման երկու ծայրահեղ ու իրարամերժ ուղղություններ կան: Առաջինը մարդուն դիտում է որպես գլխավորապես կենսաբանական էակ, իսկ երկրորդը՝ որպես սոցիալական էակ: Առաջինը մարդու վարքի շարժառիթները, իր նմանների հանդեպ առավելության հասնելու ձգտումը մարդու կենսաբանական էության մեջ է տեսնում: Ու ելնելով այդ սկզբունքից՝ հիմնավորում է այն գաղափարը, որ մարդկանց միջև տեղի ունեցող «մրցակցության» ժամանակ հաղթում են կենսաբանորեն ուժեղ ու լիարժեք մարդկային տեսակները: Այս տեսության կողմնակից էր Նիցշեն:

Կարծում եմ, սա սխալ տեսակետ է, քանի որ մարդկային պատմության փորձը ցույց է տալիս, որ հաճախ հաղթում են էությամբ թույլերը (սրիկաները, խաբեբաները և այլն), հաղթում են ուժեղներին ու խելոքներին, այն էլ՝ կեղտոտ մեթոդներով: Սրանց առաջնորդողը միայն ու միայն սեփական շահն է, հանուն որի նրանք թյուրիմացության մեջ են գցում ուրիշներին, միջոցների մեջ խտրություն չդնելով փորձում հարստանալ ու հասնել իշխանության կամ հակառակը՝ հասնել իշխանության ու հարստանալ:

Բացի դրանից, գիտական այս ուղղության ներկայացուցիչները անտեսում են սոցիալական գործոնի դերը՝ որպես մարդու լինելության ու գոյության գլխավոր գործոն: Մինչդեռ ինչպես բնությունը, այնպես էլ հասարակությունը ներդաշնակ զարգացման հնարավորություն են ստանում բազմազանությունների, մարդկային տարբեր ունակությունների ու ընդունակությունների համադրմամբ:

Նիցշեի ասած «թույլ մարդը» ևս սոցիալական որոշակի դերի կրող է և ապրելու, հասարակության լիիրավ անդամ լինելու իրավունք ունի: Եվ դա՝ ոչ միայն բարոյական ու մարդասիրական սկզբունքի ուժով, այլև հասարակության սոցիալական կառուցվածքի մեջ իր գրաված տեղի և ունեցած դերի անհրաժեշտությամբ: Ահա թե ինչու անընդունելի է Նիցշեի այն պնդումը,որ «թույլերի» ու «անհաջողակների» նկատմամբ ցուցաբերած կարեկցանքը հակաբնական է և հակասում է զարգացման օրենքներին:

Մարդասիրական սկզբունքներից զատ տվյալ պարագայում հարկ է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ ժառանգական լուրջ թերություններ ունեցող, նույնիսկ ի ծնե հաշմանդամ մարդիկ գործունեության այս կամ այն ոլորտում, իրենց կամքի ու համառության շնորհիվ, լուրջ հաջողությունների են հասնում, որոնց կնախանձեր կենսաբանորեն «լիարժեք» մարդը: Ինչ խոսք, իդեալական տարբերակ կլիներ, եթե մարդիկ ծնվեին կենսաբանական առումով ուժեղ ու «որակական» բոլոր չափանիշներին համապատասխան, բայց սա ուտոպիա է:

Այլ հարց է, որ հասարակությունը պիտի հասնի այնպիսի մակարդակի, որ բացառի ջունգլիական բարքերը, երբ ուժեղը խժռում է թույլին: Մարդն էլ հենց դրանով է տարբերվում կենդանական աշխարհի ներկայացուցիչներից, մարդկային հասարակությունն էլ՝ ջունգլիից: Հասարակությունը պիտի կարողանա առաջ քաշել այնպիսի անհատների, ովքեր մարդկային, այլ ոչ թե կենդանական արժեքների կրողներն են, մարդիկ, ովքեր առաջնորդվում են ոչ միայն անձնական շահով, այլև իր նմանի ու ամբողջ հանրության շահերով:

Իսկ եթե հակառակն է կատարվում, այսինքն՝ հանրությունը «ճամփա է տալիս» կենդանական բարքերով անհատների, ապա հասարակությունը շերտավորվում-բևեռացվում է, իսկ մարդկային արժեքների կրողներն էլ հայտնվելու են խեղճուկրակ վիճակում:

ՎԱՆՅԱ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

——————————————————————————————-

Հավատք

Տեսակետ

ԼՈՒՅՍԻ ՄԱՆԱՆԱ ԱՍՏԾՈՒՑ  ՎԱԽԵՑՈՂԸ  ՈՉՆՉԻՑ  ԱՀ  ՉՈՒՆԻ….

Հրապարակումներից մեկը կրում է «Փակենք աղանդների ու աղանդավորների ճանապարհը» խորագիր-կոչը: Բայց չի բացահայտում, թե ինչպես եւ ինչ ձեւով դա անել: Հենց այնպես քար է ձգում կարծեցյալ հակառակորդի բոստանը: Գուցե ոստիկանության միջնորդությա՞մբ… «Այո» ասելուց հետո ո՞վ կշահի, մանավանդ, երբ նետահարման թիրախ է ընտրված ավետարանչականությունը, բողոքականությունը: Լրատվամիջոցները, թացը չորին խառնելով, բոլորին պիտակավորել են որպես հերձվածներ, աղանդավորներ, ինչ իմանաս՝ էլինչավորներ: Այնպես են խոյահարում, ասես այդ եկեղեցիներում մեր քաղաքացիները չեն, ասես այդտեղ Քրիստոսին մերժող-հայհոյողներ են հավաքվում: Նույնիսկ մոլորյալներին չպետք է ուրիշ համարել, օտարացնել:

Հարգելիներս, ժամանակակից աշխարհում դավանական հակասությունների հարթեցման ու փոխըմբռնման ընդունված ձեւերից մեկը լուսավոր մրցունակությունն է, համատեղ քարոզչությունները, հրապարակային երկխոսությունները: Այս բնագավառում շահեկան է բացախոսությունը: Ասենք, մեր լեռնաշխարհում պետական կառույցների աջակցությամբ լռեցրինք ոչ ավանդական եկեղեցու քարոզիչներին, իսկ GNL և TBP հեռուստականալներով շուրջօրյա հաղորդումներն ինչպե՞ս լռեցնել: Համագործակցելու փոխարեն… բանադրա՞նք, «քարապրանո՞ւկ»… Չէ՞ որ բողոքականների համարում ունեցող ավետարանչական եկեղեցին դասական եկեղեցիների ծոցից ելած ընդդիմություն է՝ իր 300 տարվա պատմությամբ ու քարոզչության փորձով: Մինչեւ ե՞րբ պիտի իրար հետ անհաշտ մնան Սուրբ Երրորդություն դավանող եկեղեցիները, որոնք շինծու պատճառաբանումներով անջրպետվել են մեկը մյուսից: Եթե ինչ-որ տեղ (Եվրոպայում, ԱՄՆ-ում) այդ կարգի խորթացումները վտանգավոր չեն (առայժմ), ապա շրջափակման մեջ հայտնված ու միջազգայնորեն չճանաչված մեր երկրի համար չհամագործակցելը, մեղմ ասած, աղետավոր հետեւանքներով է հղի:

Լրագրողական հետաքրքրությամբ մասնակցել եմ տարբեր հոսանքների, ուղղությունների եկեղեցիների քարոզչություններին, ծեսերին, տոնախմբություններին, տեսել ու լսել անկեղծ երկրպագողների, հայրենաշունչ աղոթքներ, ինքնամաքրման ապաշխարանքներ, ազգապաշտպան անհանգստություններ:

Արցախյան շարժման օրերին, երբ վերաբացվեցին մեր եկեղեցիները, Մարտակերտում, մինչեւ Սուրբ Կարապետ եկեղեցու դռները կբացվեին, իր լույսը վառեց Հայ առաքելական եկեղեցու եղբայրասիրաց միությունը: Մեղքս ինչու թաքցնեմ. այդ օրերին դժվարանում էի ընկալել Ավետարանի խորհուրդը: Հասկացա մի բան, որ Աստվածաշունչը գեղարվեստական գիրք չէ: Ավելին, ինձ նմանի համար անհնար է մի հպումով կեղեւը բացել: Թեեւ ուժերը ներածին չափ հնարավորն արեց Ներքին Հոռաթաղի եկեղեցու քահանա տեր Թադեւոսը: Հետո վրա հասած բռնագաղթի փրփուրից բռնած՝ հանգրվանեցի օտար ափերում, լսեցի Քրիստոսի երկրորդ գալստյանը սպասող եկեղեցու հռչակավոր քարոզիչ Մարկ Ֆինլիին, այնուհետեւ՝ Մոսկվայի հայոց ս. Հարություն եկեղեցու հովիվներին: Օգտվեցի Տիրան սրբազանի հարուստ գրադարանից:

Տիրան սրբազանին (Կյուրեղյան) ներողություն խնդրելով՝ պատմեցի ապրումներիս մասին. ուզում եմ լիարժեք քարոզչություն լսել իմ մայր եկեղեցում: Նույնիսկ հանդգնեցի հուշել, որ եկեղեցու բակում գտնվող թափուր առանձնատունը կարելի է քարոզատուն դարձնել: Այդուհետ հասկացա (կամ ինձ թվաց), որ սրբազանը քարոզչության շահագրգիռը չէր: Ափսոս, ռուսահայությունը մայրենի լեզվով չի լսում իր մայր եկեղեցու քարոզչությունը: Այդտեղ կիրակիները պատարագ էինք լսում, մոմ վառում… Էլ ուրիշ ոչինչ: Գրաբարին անհաղորդակից՝ «բավարարվում էինք» մոմ վառելով:

Հոգիս տակնուվրա եղավ: Վիրավորվեցի: Վիրավորվեցի ոչ թե իմ մայր եկեղեցուց, այլ նրա սպասավորների միապաղաղ գործելակերպից: Ոչ մեկի սրտում օրեցօր ծավալվող քարոզամրցակցությունից դուրս մղվելու ահը չկար: Երբ նրանց ասում էի խոսքի մեկնաբանման անհրաժեշտության, քարոզի համոզող-համախմբող-միավորող առավելությունների մասին, խոսքս կտուրն էին գցում դիտավորյալ:

– Բողոքական եկեղեցի՞ եք հաճախում,- հարցնում էին քննախույզ հայացքով, լեզու կարճացնելու հանգով:

– Ո°չ, գնում եմ այնտեղ, ուր Աստծո շունչը կա, լսում կենդանի խոսք, ըմբռնում ինձ համար անըմբռնելին,- պատասխանում եմ:

Եվ դրանով էլ ավարտվում էր մեր մոսկովյան երկխոսությունը: Ափսոս, իմ Առաքելական եկեղեցի, որտեղ Աստծո առաքյալների ավանդական կենդանի խոսքն իր տեղը մասամբ զիջել է ծեսերին:  Տեւական ժամանակ ոգու ճգնաժամ ունեցա: Բայց երբեք երես չթեքեցի իմ մայր եկեղեցուց: Մի բան պարզ էր ինձ համար. եկեղեցին հաստատուն ու հարատեւ է, սպասավորները՝ ժամանակավոր ու փոփոխական (թող ներեն իմ մայր եկեղեցու բազում երախտավորները, լուսապսակ ճակատների սուրբ խորհուրդը): Ավելին, ծանոթանալով նրա պատմության վերելքներին ու վայրէջքներին՝ սիրտս մղկտաց: Սիրեցի էլ ավելի, քան երբեւէ, մեր հալածական ու աստանդական ճակատագրի արժանացած կաթողիկոսներին, դիվանագիտական խաչմերուկներում շփոթված-շվարած իմ աստվածավախ վեհափառներին, երեք տերությունների տիրակալների (ցարի, շահի, սուլթանի) շահարկող համաձայնությամբ նշանակված հայրապետներին, դավադրության զոհ դարձած առաջնորդներին… Եվ այդպես՝ 1700 տարի: Եվ այդպես ու այդքան ժամանակ պետականությունը կորցրած ժողովրդին առաջնորդել, միաբանել, հուսադրել է մայր եկեղեցին:

Մեր մայր եկեղեցուց մենք ակնկալում ենք առավելագույնը: Եվ դա գալիս է վստահությունից: Երբ այսօր խոսք է բացվում ցավալի թերացումների մասին, այդ կնշանակի՝ կա պատրաստակամություն նշված թերությունների շտկման համար: Մի խոսքով, իմ անհանգստությունները գալիս են Լույսի պակասից, մեր գոյատիրույթի հոգեւոր զորույթի բազմապատկմանը նպաստող տագնապներից: Մի խոսքով, ինչպես ամենայն հայոց բանաստեղծը կասեր.

– Իմ զայրույթը լիքն է սիրով…

Ինձ զարմացնում է քարոզչության պակասի հանդեպ ցուցաբերվող պաղությունը: Ըստ էության,  Աստծո խոսքի իշխանությունը թողնված է քահանաների հույսին, որոնց խոսքը առայժմ այնքան էլ համոզիչ ու մատչելի չէ: Երբեմն նրանց լեզվի վրա Ավետարանը հեքիաթի կերպարանք է առնում, դառնում ժամանակավրեպ ասված խոսք: Շատ հաճախ Աստծո խոսքը շնչահեղձվում է, որովհետեւ ոմանք, իմ կարծիքով, մատուցելու-մեկնաբանելու շնորհից քիչ են օգտվել: Չգիտեմ, որքանով է ճիշտ, ասում են՝ Էջմիածնի ճեմարանը միայն քահանայություն է մասնագիտացնում, իսկ քարոզիչնե՞ր…

Չեմ ուզում կեղծ սփոփանքով ինքնախաբ լինել: Պարզորոշ երեւում է, որ մայր եկեղեցու հավակնությունները հնարավորությունների հետ չեն զուգահեռվում այսօր: Հովիվները հեռացել են հոտից, եւ հոտն անտերության է մատնվում: Եհովականների անունը լսելուց շատերը խոժոռվում են: Բայց չէ՞ որ նրանցից էլ կարելի է շատ բան սովորել: Առաջին հերթին ինքնամոռաց նվիրվածություն իրենց գործին (անկախ այն բանից՝ որքանով է ընդունելի նրանց ձեռնարկած գործը): Համառորեն այցելում են տնից տուն: Հետեւողականորեն բաժանում գրականություն: Համոզում շատերին հետեւել իրենց վարդապետությանը: Նեղն ընկածներին միայնակ չեն թողնում: Հոգ են տանում ծերերի ու հիվանդների մասին:

Իսկ իմ մայր եկեղեցի՞ն, իսկ Սուրբ Երրորդություն որդեգրած մեր մյուս եկեղեցինե՞րը…

Այս պահի դրությամբ Արցախում գործող եկեղեցիները՝ Առաքելական թե բողոքական, պարտադրված են համատեղել իրենց ջանքերը: Դա, իմ խորին համոզմամբ, ճակատագրի հրամայականն է՝ հասցեագրված Սուրբ Երրորդությունն ընդունողներին: Հակառակ պարագայում Արցախի հոգեւոր դաշտում կծլարձակեն բոլորիս համար խոտելի ու վտանգավոր մոլախոտեր, որոնք կդառնան ազգի անվտանգության եւ պետության կայացման հակոտնյաներ:

Պատմագրությունը հուշում է, որ Հայ առաքելականը քաղաքական հանգամանքների հրամայականով չի կարողացել Առաքելականի կոչմանը համարժեք քարոզչություն ծավալել: Ժամանակին Քրիստոսի առաքյալները շրջել են երկրից երկիր, գյուղից գյուղ, տնից տուն, հալածվել ու հետապնդվել, պատժվել ու գլխատվել: Մարտիրոսվել են Աստծո խոսքի քարոզման համար, իսկ մերօրյա քահանաները, չնչին բացառությամբ, եկեղեցու պատերից այն կողմ քայլ չեն անում: Գրեթե նույն պատկերն է ավետարանչականում, որտեղ հաճելի բացառություն են քարոզչությունն ու Աստծո փառաբանումը, պաշտամունքը: Կրոնական էգոիզմը խանգարում է երկուստեք: Ոչ մեկը հակված չէ միաբանվելու:

Այդ էգոիզմի եւ այլ երեւույթների դեմ միջին դարերում ընդդիմացել են պավլիկյանները, թոնդրակեցիները: Նրանցից առաջ էլ եղել են: Ընդդիմացել են ոչ թե Աստծո, այլ Նրա սպասավորների դեմ: Հաջորդ ժամանակներում հայոց երեւելիներն են ցավով արտահայտվել շեղումների շուրջ (Լեոն՝ «Հայ կղերական դիվանագիտությունը», Րաֆֆին՝ «Պարսկական ուղեւորություններ»-ում, Ավ. Իսահակյանը՝ «Աֆորիզմներ»-ում):

Այսօրվա օրն էլ լիքն է պարադոքսներով: Հանրապետության նախագահը երդվում է Աստվածաշնչի վրա, որ անվարան կծառայի իր ժողովրդին, մինչդեռ նրա ծրագրերի իրագործողները, իշխանական բուրգի ստորաբաժանումներում ծառայողների ճնշող մեծամասնությունը Աստծո եւ Աստվածաշնչի անունը լսել չեն ցանկանում: Ավելին, այն համարում են հեքիաթ: Իշխանության ամենաստորին օղակում էլ նույն վերաբերմունքն է: Այդ դեպքում ինչո՞ւ երդվել… Աստիճանավորները, ենթադրում եմ, մերժում են Աստծուն, որովհետեւ Աստվածաշունչը պայման ունի՝ չգողանալ, չշնանալ, կեղծ վկայություն չտալ…

Մի այլ պարադոքս. դպրոցներում ավանդվում է ոչ թե Աստվածաշունչ, այլ եկեղեցու պատմություն… Իսկ ովքե՞ր են ուսուցիչները: Ո՞ր բուհի և ի՞նչ բաժնում են հմտացել: Այդ առարկայի մասնագե՞տն են, թե՞ դրույքի լրացման կարիքավորներ: Նոր սերնդի դաստիարակության ասպարեզում ո՞րը պետք է կարեւորել՝ եկեղեցու պատմությո՞ւնը, թե՞ Աստվածաշունչը: Մեր կարծիքով, երկուսը միասին՝ առաջնահերթությունը տալով Սուրբ գրքի ոգուն, Քրիստոսի վարդապետությանը:

ԼՂՀ Սահմանադրության նախագծով եկեղեցին անջատ է պետությունից: Եվ ԼՂՀ-ն ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունն արցախահայության հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Այս բացառիկ մենաշնորհը, որ տրվել է մայր եկեղեցուն, ավելի պարտականություններով է հագեցած, քան իրավունքներով: Պետության հովանավորությունն առնելով՝ եկեղեցու սպասավորները, մեր կարծիքով, պետք է համերաշխության աղոթքով ու օրհնանքով պահպանեն ազգային ինքնության ոգին: Հանուն ազգային այդ արժեքի պահպանման ու ամրապնդման  հենվել ոչ այնքան ուժային կառույցների աջակցության, որքան Աստծո խոսքի զորության վրա: Եվ այդ խոսքի զորույթով ապահովել հասարակության տարբեր շերտերի ոգու ներդաշնակությունը: Պետականորեն հովանավորված բացառիկ մենաշնորհը, ըստ իս, հենց ազգային արժեքներին համարժեք գործունեություն ծավալելու մեջ է:

ՍԼԱՎԱ ՄՈՍՈՒՆՑ
Մոսկվա-Ստեփանակերտ-Մարտակերտ
1996-2006

——————————————————————————————

Մշակույթ

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄՈՌԱՆՈՒՄ ՄԵՐ ԱՆՑՅԱԼԸ,
երբ այդ անցյալով հպարտանալ միայն կարելի է

Ոչ ոք չի մոռացվել,
Ոչինչ չի մոռացվել…

Ռ.Ռոժդեստվենսկի

Կամա թե ակամա ռուս բանաստեղծի այս խոսքերն եմ հիշում, երբ մտորում եմ Արցախի պատմական կենտրոն Շուշիի մշակութային ժառանգության պահպանության մասին: Քեզնից անկախ ուզում ես բնաբանի խոսքերը հարցականով գրել: Եվ ահա թե ինչու:

Ուրիշներն էլ են գրել այն մասին, ինչի վրա ուշադրություն եմ ուզում հրավիրել: Բայց այս հանգամանքը թող ոմանց չստիպի մտածել, որ բանուգործ թողած՝ որոշել եմ «ջուր պղտորել»: Ոչ, հակառակը. ուզում եմ ջուր պղտորողների արածի մասին գրել: Գրում եմ՝ հուսալով, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, կփոխվի:

«Դեմո»-ում արդեն գրել եմ մեծ բարերար,բնիկ շուշեցի Թադևոս Թամիրյանցի շիրմաքարի  «անհետանալու» մասին: Կրկին անդրադառնում եմ դրան,որովհետև մտավախություն ունեմ, որ կարող է նման ճակատագրի արժանանան այլ շիրմաքարեր ևս քաղաքի հին հայկական գերեզմանատների տարածքներում,որտեղ հանգչում են կենդանության օրոք ազգին ու երկրամասին ծառայություններ մատուցած շուշեցիներ:

Իսկ մտավախությունս անհիմն չէ: Այս մասին որոշել էի գրել դեռևս 2001 թվականի նոյեմբերի 7-ին Ստեփանակերտում կայացած գիտագործնական համաժողովից հետո,երբ լսեցի զեկույցներ Արցախի պատմաճարտարապետական հնությունների վիճակի մասին: Դադիվանքի,Գանձասարի և Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու մասին խոսել են Երևանի Հ.Կոջոյանի տուն-թանգարանի տնօրեն Շ.Մկրտչյանն ու ԼՂՀ հուշարձանների պահպանության ու հաշվառման վարչության պետ Ս.Սարգսյանը: Շատ թերությունների և մեր ոչ բարյացակամ վերաբերմունքի մասին էլ խոսվեց: Մի տեսակ թերահավատ էի որոշ փաստերի առնչությամբ,սակայն Թ.Թամիրյանցի շիրմաքարի պահպանված պատվանդանի մերօրյա ճակատագիրը ստիպեց հավատալ զեկուցողների ասածներին,մանավանդ որ անձամբ ականատեսն եմ դարձել այս վերջին հանգամանքին:

Եվ այսպես,զարմանում եմ,որ չեղածից պատմություն ստեղծել ցանկացողների կողքին անտարբեր ենք մեր անցյալի նկատմամբ: Ապացույցներ՝ ինչքան ուզում եք: Խոսենք թեկուզև Ղազանչեցոց եկեղեցու ճարտարապետ Սիմոն Տեր-Յակոբյանցի (Հակոբյանցի),աստվածաբանության դոկտոր,տարիներ շարունակ Արցախի թեմական դպրոցում,ապա Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդած,տասնյակ գրքերի հեղինակ (նշված է շիրմաքարի արձանագրությունում) Արշակ Ղազարի Տեր-Միքայելյանի,բժշկապետ Մարգարե Հովհաննեսի Առուստամյանցի,մի շարք բարձրաստիճան զինվորականների (Շահնազարյաններ,Դանդամիրյաններ,Զուրաբյաններ,Դոլուխանյաններ) մասին,ովքեր այսօր մոռացության են մատնված:

Անդրադառնանք ճարտարապետ Արմեն Տեր-Յակոբյանցի շիրմաքարի վիճակին: Այն գտնվում է Երևանյան դռների հարավարևմտյան կողմի գերեզմանատանը՝ Շահնազարյանների պատմական գերեզմանոցից դեպի հյուսիս: Նրա շրջակայքը գտնվում է անմխիթար վիճակում: Տրամաբանական կլիներ, որ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը, մասնավորապես Ղազանչեցոց եկեղեցու հոգևոր հայրերը իրենց հոգածության տակ վերցնեին դա, քանի որ տաղանդաշատ ճարտարապետի նախագծով ու վերահսկողությամբ է կառուցվել եկեղեցին: Անտարբեր չպիտի լինեն նաև մերօրյա ճարտարապետները: Սակայն, ցավոք սրտի, բոլորն էլ անտարբեր են:

Տարբեր առիթներով քանիցս խոսք է բացվել ճարտարապետ Սիմոն Տեր-Յակոբյանցի մասին, սակայն առայսօր վարպետ Վոլոդյա Բաբայանն է շիրմաքարին մեխակներ դրել ու մի բաժակ օղով հարգել նրա հիշատակը: Եթե հիշում եք՝ Վ. Բաբայանը Ղազանչեցոց եկեղեցու նորոգման աշխատանքներին մասնակցել է դեռևս 1980-ականներից (հոգիներս չծռելով ասենք,որ վերանորոգման աշխատանքները սկսվել են դեռևս ԼՂՀ մարզկոմի առաջին քարտուղար Բ.Ս. Կևորկովի ժամանակ, մարդ,որ, իր թերություններով հանդերձ, մի լավ հատկանիշ գոնե ուներ՝ անգրագետներին ու «կաղ մարդկանց» չէր սիրում):

Ինչ որ է, մի արտառոց հանգամանք ևս. եկեղեցու արևմտահայաց մուտքի ձախակողմյան մի կիսաթաքնված քարե տախտակի վրա գրված է.

ՎԵՐԱՇԻՆԵՑԱՒ ՍԲ. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՍ ԲԱՐԵՐԱՐՈՒԹԵԱՄԲ ԱՆԴՐԵԱՍԻ ՌՈՒԲԵԱՆԻ Ի ՅԻՇԱՏԱԿ ԻՐ ԾՆՈՂԱՑ ԶԱՒԵՆԻ ԵՒ ԶՈՒԱՐԹԻ ՅԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵԱՆ Տ ՊԱՐԳԵՒԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԵՒ Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԳԱՐԵԳԻՆԻ Ս.ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՅԱՄԻ ՏԵԱՌՆ ՌՁՂԹ (1998)

Այս մասին էլ հպանցիկ նշվել է վերը նշված գիտաժողովում: Եվ ես,որ կասկածելով էի լսում,հիմա արդեն համոզվեցի,երբ եղա տեղում ու սեփական աչքերով կարդացի: Զարմացա,որ կանգուն կառույցը, պարզվում է, «վերաշինվել է»,այլ ոչ՝ վերանորոգվել,այն էլ, մեր մեջ ասած, անորակ: Գոնե գրվեր՝ «ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՑԱՎ»: Չէ՞ որ սրանով ևս մի առիթ ենք տալիս,որ տարիներ հետո ազերիներն ասեն, թե հայերն այստեղ են եկել 1998 թվականին՝ որպես ապացույց բերելով նշյալ արձանագրությունը:

Ինչ ասեմ, այսօր էլ հույս ունեմ վերականգնված տեսնել Արցախի թեմի առաջնորդ Անդրեաս արքեպիսկոպոսի և հայտնի բարերար  Թ.Թամիրյանցի շիրմաքարերը Ղազանչեցոց եկեղեցու զանգակատան հարավային կողմում: Եվ ոչ միայն նրանց. մոռացության մատնված հայտնի անձինք շատ կան:

Մոռացության մատնվածների ցանկն այնքան երկար, ու անճշտությունների թիվն այնքան շատ է,որ այս անգամ սրանով բավարարվենք:

Հրաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՊԱՏԿԵՐԱԳԻՐՔ` ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

Վերջերս   Հունաստանում  լույս  է  տեսել  « Լեռնային  Ղարաբաղ.  հայկական  ժառանգութիւնը  Կովկասի  սրտին  մեջ»  եռալեզու  (հայերեն,  հունարեն,  անգլերեն) մեկնաբանություններով շքեղ պատկերագիրք: Այն արտասահմանյան  ընթերցողին    հնարավորություն  է   ընձեռում   ծանոթանալ  Արցախին,   ճանաչել    գեղատեսիլ  երկրի   բնությունն   ու    մշակութային   հարուստ   ժառանգությունը,  անցած  ուղին ու անելիքները: Բազմաթիվ բարձրորակ,   գունավոր   լուսանկարներից  բացի այնտեղ    զետեղված է նաև համառոտ պատմական ակնարկ Լեռնային Ղարաբաղի  մասին:

Ալբոմի  հեղինակը՝  Վանկելիս  Խաչատուրյանը,   ծնվել  է  Հունաստանի  մայրաքաղաք  Աթենքում:  Դպրոցական  տարիքից   զբաղվել է  գեղարվեստական  նկարչությամբ: Նրա  հոդվածները  և    լուսանկարները  պարբերաբար  տպագրվում  են  թերթերում և ամսագրերում:

1999   թվականին   Վանկելիսը ստանձնել  է   Նեա  Զմիռնի  քաղաքի    մշակութային  հարցերով   փոխքաղաքապետի   պաշտոնը:   Նա  հասցրել  է  իրագործել  բազմաթիվ  ծրագրեր  ու  ձեռնարկներ՝  միշտ  որպես հենք  ունենալով  մշակույթը,   արվեստն     ու   ավանդույթները:  Վերջին  վեց  տարիների  ընթացքում   նա  հինգ  անգամ  այցելել    է    Հայաստան:    2004  թվականին հյուրընկալվել   է    նաև  Արցախում:

Ուղևորության  ընթացքում   նա  եղել  է   մայրաքաղաք  Ստեփանակերտում,  Շուշիի,  Ասկերանի,  Մարտակերտի,  Մարտունու  և  Հադրութի  շրջաններում,   լուսանկարել  է   հարյուրավոր  հուշակոթողներ,  որոնք   խորհրդանշում  են  հին   և    նոր   պատմական   ու  վավերագրական  եղելություններ  ու  դեմքեր,   մարմնավորում    են    ժողովրդի   մշակույթը, ավանդույթները, պայքարը,  հերոսությունը:

Պատկերագրքի  առաջին  էջերում  զետեղված  են    Հունաստանի   հայոց   հոգևոր առաջնորդ  Տ. Խորեն  եպս.  Տողրամաճյանի,  ԼՂՀ  նախագահ  Արկադի  Ղուկասյանի  և  ՀՀ  Ազգային  Ժողովի   արտաքին  հարաբերությունների  հանձնաժողովի  նախագահ  Արմեն  Ռուստամյանի   ողջույնները  սույն  նախաձեռնությանը:

Ալբոմի  հեղինակը իր   շնորհակալությունն  է   հայտնել    այն   անձանց, ում ջանքերի  շնորհիվ  կարողացել  է   կատարել   իր   շրջագայությունը Լեռնային  Ղարաբաղում: Նրանց  թվում  է   Ստեփանակերտի  բնակիչ,  «Ղարաբաղ  Տելեկոմ»    ՓԲԸ   աշխատակից   Վաղարշակ  Հակոբյանը,  որը,  ինչպես  գրում  է  հեղինակը,  «Լեռնային  Ղարաբաղի  մեջ  մեր  կեցութեան  բովանդակ  տեւողութեան  ընկերանալով  եւ  առաջնորդելով  մեզ՝   մեզի  փոխանցեց  այնքան  թանկարժէք  իր  ծանօթութիւններն   ու  փորձառութիւնը»:

Վանկելիս   Խաչատուրեանի    հրավերով   ս.թ. սեպտեմբերին Վաղարշակ   Հակոբյանը  իր  ընտանիքով  հյուրընկալվել  է   Աթենքում  և   Նեա  Զմիռնիում:    Այստեղ     փոխքաղաքապետը    նրան  նվիրել  է  իր  ալբոմը՝   հեղինակային  մակագրությամբ:

Հատկանշական  է,  որ  ընտանիքի  ճանապարհորդությունը  զուգադիպել  է  Արցախի  պետական  պարախմբի  (ղեկավար՝  Ա. Բաբայան)  հյուրախաղերին  Հունաստանում:    Պարախումբը     ՀՅԴ  Կոմիտեի  և    Նեա  Զմիռնիի  քաղաքապետարանի  հրավերով  ու  հովանավորությամբ    մասնակցել  է    «Իոնիքէս  Եորթէս»     փառատոնին:

ՎԱԼԵՐԻ ԱՆԴՐՅԱՆ

——————————————————————————————-

Խճանկար

ՄԱՐԶԱՇԽԱՐՀ  ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՆԵՐՈՒՄ

Շախմատային մեծ համբավ ունեցող Հայաստանը ունեցավ եւս մեկ աշխարհի չեմպիոն: Այս անգամ դա մինչեւ 20 տարեկանների առաջնությունում էր, որը վերջերս ավարտվեց Երեւանում: Ընդհանուր հաշվարկով հավաքելով 9.5 միավոր,  մինչեւ 20 տարեկան շախմատիստների չեմպիոնի կոչումը նվաճել է 17-ամյա հայ պատանի շախմատիստ Զավեն Անդրեասյանը: 2-րդ տեղը գրավել է ռուս շախմատիստ Նիկիտա Վիտյուգովը, որին հաջորդել է ուկրաինացի Յուրի Կրիվորուչկոն:

***

Շախմատային նշանակալից իրադարձություն է արձանագրվել նաեւ Կալմիկիայում անցկացվող շախմատային մրցամարտում, որում աշխարհի բացարձակ չեմպիոնի համար պայքարում էին ռուսաստանցի շախմատիստ Վլադիմիր Կրամնիկը եւ բուլղարացի շախմատիստ Վեսելին Թոփալովը:

Համառ ու անզիջում պայքարում Կրամնիկը կարողացավ առավելության հասնել Թոփալովի նկատմամբ: Ի դեպ, մենամարտի հիմնական մասը, որը բաղկացած էր 12 պարտիայից, ավարտվել էր ոչ-ոքի: Գրոսմայստերներից յուրաքանչյուրը վաստակել էր 6-ական միավոր: Իսկ հաղթողը որոշվեց թայ-բրեյքում: Թայ-բրեյքի առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Հաջորդ երկու պարտիաներում Կրամնիկն ու Թոփալովը սպիտակներով մեկական հաղթանակ տարան: Իսկ չորրորդ պարտիայի 46-րդ քայլում Կրամնիկը մրցակցին ստիպեց հանձնվել եւ հռչակվեց աշխարհի բացարձակ չեմպիոն: Այլեւս շախմատի աշխարհի չեմպիոնի մասին խոսելիս հարկ չի լինի շեշտել՝ ՖԻԴԵ-ի վարկածո՞վ չեմպիոն, թե՞ պրոֆեսիոնալ ասոցիացիայի: Չեմպիոնը մեկն է՝ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:

***

Վրաստանի Բաթում քաղաքում կայացած շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում հանդես էին գալիս նաեւ արցախցի պատանի շախմատիստները: Մեր մարզիկներից հաջող խաղ են ցուցաբերել Հովիկ Հայրապետյանը, որը հանդես էր գալիս  մինչեւ 16 տարեկանների խմբում, եւ Մանուել Պետրոսյանը, որը պայքարում էր մինչեւ 8 տարեկանների խմբում: Փոքրիկ Մանուելը մինչեւ 8-րդ տուրը փայլուն էր հանդես գալիս: Նա 8 հնարավորից 7 միավոր ուներ եւ զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը, սակայն վերջին մի քանի պարտիաներում Մանուելը անհաջող հանդես եկավ: Սա փոքրիկ Մանուելի համար ամենամեծ փորձությունն էր շախմատային նրա նոր գրվող պատմությունում:

——————————————————————————————-

Ժամանակակից բարքեր

ԵԶԱԿԻ ԴԵՊՔ

/Իրապատում/

Թոռնիկը դպրոցից տուն էր գալիս թե չէ, տատը իրար հետևից նրան հարցեր    էր տալիս. «Քեզնից դաս հարցրի՞ն», «Ի՞նչ հարցրին», «Ինչպե՞ս պատասխանեցիր», «Ի՞նչ ես ստացել» և այլն, և այլն… Թոռնիկը հարցերին իրար հետևից  արագ-արագ պատասխանում էր, որ տատը ձեռ քաշի իրենից, վերջ տա այդ յուրօրինակ, իր համար ոչ հաճելի հարցաքննությանը:

Մի օր էլ, երբ թոռնիկը դպրոցից հոգնած եկավ, տատը, սովորականի պես չսպասելով, որ նա պայուսակը ցած դնի, սկսեց էլի հարցուփորձ անել: Դռների մոտ կանգնած թոռնիկը  հանկարծ վրդովված բացականչեց.

– Վե’րջ տուր ինտերվյուիդ: Հերի°ք է, դպրոցում ինտերվյո՛ւ, տանը ինտերվյո՛ւ…Հոգնեցի’, վերջ:

Ծեր, ոչ այնքան գրագետ տատը տարակուսանքով հարցրեց.

– Ա’յ տղա, ի՞նչ ինտերվյու, ես միայն հետաքրքրվում ու հարցնում եմ:

-Հետաքրքրվում-հարցնում ես, բայց չէ՞ որ ես պիտի պատասխանեմ:

– Դժվար չէ, պատասխանի՜ր:

– Երբ պատասխանում եմ, դա էլ կոչվում է ինտերվյո՛ւ, հասկացա՞ր, էդ ո՞նց է՝ մինչեւ հիմա  էդ էլ չգիտես,- ասաց թոռնիկը՝ մտքում ուրախանալով, որ իր նոր սովորած բառը կարողացավ այդպես հաջող, տեղին, առաջին անգամ օգտագործել և դա համարեց առաջընթաց, ինքնուրույնության ևս մի վկայություն:

 Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆ 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s