№ 19 / 15 նոյեմբեր

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Ներկայումս հայ մտավոր մտքի առջեւ ծառացած խնդիրներից թերևս առաջնայինն ու հրատապը մեր հասարակության արժեքային վերափոխումների բազմակողմանի ուսումնասիրությունն է: Այն հնարավորություն է ընձեռում, հաշվարկելով հասարակությանն ու նրա հոգեւոր-հոգեբանական անվտանգությանը սպառնացող վտանգները, ճիշտ գնահատել նրա ներքին համախմբման միջոցներն ու հնարավորությունները:

Արժեհամակարգային եւ գաղափարական վերափոխումներն առաջին հայացքից աննկատ ընթացող գործընթացներ են: Այդ պատճառով շատ հաճախ այդ փոփոխությունների արդյունք հանդիսացող քաղաքական եւ այլ  կարեւոր իրադարձություններն առավել արագ են զարգանում, քան քաղաքական ընտրանին կամ վերլուծական հանրությունը, ինչպես նաև լայն հասարակական զանգվածները կարողանում են հետեւել դրանց, վերլուծել կամ առավել եւս՝ կառավարել: Փաստորեն, իրավիճակի վերլուծության գործընթացը նկատելիորեն զիջում է բուն գործ- ընթացների շարժմանը:

Հայտնի  է,  որ գաղափարական  դաշտում  վերափոխումները, որոնք ընթանում են հասարակության ներսում՝ քաղաքական և գաղափարական միասնության բացակայության պայմաններում, հանգեցնում են հասարակության ապաինտեգրացմանն ու ատոմացմանը: Դրանց զուգահեռ այդ հասարակություններում նկատվում է հասարակական վստահության, փոխօգնության և հանդուրժողականության անկում, հասարակագիտական տերմիններով ասած՝ սոցիալական կապիտալի ցածր աստիճան:

Հասարակական նշված գործընթացների տեղափոխումը ընտանեկան հարաբերությունների հարթություն, ըստ Ֆ. Ֆուկույամայի, հանգեցնում է հետագա սերունդների համար մարդկային կապիտալի նվազմանը, որի չափորոշիչներն են ամուսնությունների նվազում, ամուսնալուծությունների աճ, մեկ ծնողի (որպես կանոն՝ տղամարդու) բացակայության պայմաններում դաստիարակվող երեխաների եւ արտաամուսնական ծնունդների քանակական բարձր ցուցանիշներ եւ այլն:

Ուշագրավ հետեւությունների են հանգել արեւմտյան տեսաբանները, ուսումնասիրելով արևմտյան, հատկապես՝ ամերիկյան, հասարակությունների միջանձնային հարաբերություններում ակնհայտորեն նվազող վստահությունը, ինչը զուգորդվում է քաղաքացիական հասարակության կայացմամբ եւ արմատավորմամբ: ժամանակակից անհատը, տուրք տալով անհատակենտրոն արժեքներին եւ ինքնադրսեւորման նեղ անձնական ձգտումներին, մեծ խանդավառությամբ անդամակցում է բազմաթիվ մանր հանրույթների և առավել քիչ՝ մեծ ու հզոր միավորների: Ֆ. Ֆուկույաման նշում է. «Խոշոր կազմակերպությունների հեղինակությունը նվազել է, դրա փոխարեն մարդկանց կյանքում աճել են բազմաթիվ փոքր միությունների դերն ու նշանակությունը: Փոխանակ հպարտանալու հզոր արհմիությանն անդամակցությամբ, խոշոր ձեռնարկությունում աշխատելով կամ բանակում ծառայելով, մարդիկ բավարարվում են աերոբիկայով զբաղվելով կամ ինչ-որ աղանդի անդամակցելով, փոխօգնության խմբում միավորվելով կամ ինտերնետում միմյանց հետ ուղղակի զրույցի բռնվելով: Տեղի է ունենում «հանրության մանրացում»:

Այսպիսով, արևմուտքի երկրների փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական հասարակության հետագա կայացումն ինքնին արդեն ենթադրում է բազմաթիվ մանր կազմակերպությունների, տարբեր միությունների հաղթանակներն ի հաշիվ խոշոր ու հզոր միավորումների: Այս երևույթը բնորոշ է անհատակենտրոն հասարակություններին: Այն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում:

Վերադառնալով մեր խնդիրներին՝ նշենք, որ «հասարակության մանրացման» միտումներ նկատելի են նաև հայ հասարակական կյանքում:

… Այնուամենայնիվ, «հասարակության մանրացումը» իր հերթին նվազեցնում է հասարակության ներքին համախմբման աստիճանը՝  լուրջ դժվարություններ առաջացնելով երկրին սպառնացող վտանգներին դիմակայելու անհրաժեշտության պարագայում:

Ներկա փուլում հայ մտավոր ներուժի առջև ծառացած խնդիրներից է հնարավորինս ապահովել հայության քաղաքական և գաղափարական միասնության բարձր մակարդակը: Այն հնարավոր է խթանել մի կողմից ընտրանու տարբեր շերտերի, մյուս կողմից՝ ընտրանու և լայն հասարակության միջև լարված շփումների և փոխազդեցությունների արդյունքում:

Այսպիսով, այսպես կոչված, «հասարակության մանրացումից» բխող հնարավոր վտանգների չեզոքացումը ոչ թե մանր հասարակական միավորումների բացառման մեջ է, այլ՝ զուգահեռ առավել խոշոր միավորումների ստեղ-ծման, դրանց զարգացման, դերի ու հեղինակության բարձրացման:

Թամարա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու
«Ուխտ Արարատի»

——————————————————————————————-

Լրահոս

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ

ԼՂՀ ժողովուրդը չի հրաժարվի իր անկախությունից, եւ հանուն տարածաշրջանում երկարատեւ խաղաղության, կայունության եւ տնտեսական զարգացման մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության եւ համագործակցության բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Այդ մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել է ԱՄՆ-ում` «Նովոյե ռուսսկոյե սլովո» եւ «Իններ սիթի պրեսս» թերթերին, ինչպես նաեւ ՀԸՄԲ «Արարատ» եւ «AGBU» ամսագրերին տրված իր հարցազրույցներում:

Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս փուլի մասին, Արկադի Ղուկասյանը մատնանշել է Ադրբեջանի նախագահի ոչ կառուցողական կեցվածքը, եւ մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հետ ուղղակի բանակցություններից եւ հակամարտության գոտում վստահության մթնոլորտ հաստատելուց նրա հրաժարվելու իրողությունը, որը խոչընդոտում է հիմնախնդրի վերջնական կարգավորմանը:

Ինչպես նախկինում հաղորդվել է, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը գտնվում է ԱՄՆ-ում, այդ երկրում նոյեմբերի 23-ին կայանալիք եւ ԼՂՀ բարեկարգմանը նվիրված հեռուստամարաթոնի կապակցությամբ:

ԼՂՀ Նախագահի մամլո քարտուղարի պաշտոնակատար  

 

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ, ԱՊՀ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՊՐՆ Օ. Ե. ԵՍԱՅԱՆԻՆ

Հարգարժան Օլեգ Եսայի

ԼՂՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ 60-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Գիտնականի ու մանկավարժի, քաղաքական ու պետական գործչի Ձեր երկարամյա բեղմնավոր գործունեությունը, Ձեր ներկայիս դիվանագիտական առաքելությունն ամենայն հիմք են տալիս հավաստելու, որ Ձեր ողջ գիտակցական կյանքն ամբողջովին նվիրված է հայրենիքին ծառայելուն:

Հմուտ ու փորձառու կազմակերպչի Ձեր կարողությունները լավագույնս դրսեւորվեցին ԼՂՀ  եւ ՀՀ տարբեր պետական մարմինների ղեկավարի, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի Ձեր պաշտոնավարությունների ընթացքում:

Համոզված ենք, որ Դուք այսուհետեւ եւս Ձեր անսպառ եռանդն ու  ավյունը, Ձեր բոլորանվեր ջանքերը կներդնեք ի նպաստ մեր ժողովրդի համազգային խնդիրների իրագործման, հայոց պետականության զորացման, նրա  հեղինակության անշեղ աճի եւ, անշուշտ,  ԼՂՀ  միջազգային ճանաչման:

Վերստին շնորհավոր Ձեր հոբելյանը:

Ընդունեք մեր լավագույն բարեմաղթանքները՝ երջանկություն Ձեզ, քաջառողջություն, ղարաբաղյան երկարակեցություն:

Հարգանքներով՝  Աշոտ ՂՈՒԼՅԱՆ
12 նոյեմբերի, 2006թ.

 

ԴԵՍՊԱՆ ԿԱԺՈՅԱՆԻՆ ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

Աթենք. «Հայաստան» լրատու, 10.11.06: Հունաստանում ՀՀ դեսպանատան նոր շենքի ձեռքբերման համար, ժամանակին հունահայոց համայնքից անհատներ կամ կազմակերպություններ խոստացել էին դրամական օժանդակություն: Դեսպանատան նոր շենքն արդեն ձեռք է բերվել, սակայն դրամն ամբողջությամբ չի վճարվել:

Հունաստանում ՀՀ դեսպանատունը նոյեմբերի 6-ին հանդես է եկել մի հայտարարությամբ, որով կոչ է անում «այն կազմակերպություններին եւ անհատներին, ովքեր դեռեւս չեն կատարել խոստացված փոխանցումները, կարճ ժամանակամիջոցում փոխանցեն այդ գումարները»:

Հայտարարությունից պարզ է դառնում, որ դեսպանության հաշվեհամարի վրա ներկայումս կա միայն 90.800 եվրո, մինչդեռ «դեսպանության շենքի պարտքի մարման համար, մինչեւ 2006 թվականի ավարտը անհրաժեշտ է կատարել վերջին վճարումը` 220.000 եվրո»: Պարզվում է նաեւ, որ եթե անգամ կատարվեն էլ խոստացված դրամական փոխանցումները, այնուամենայնիվ, անհրաժեշտ է եւս 64-65.000 եվրո, որպեսզի ամբողջությամբ մարվի վերցված դրամական վարկը եւ այդ պատճառով հունահայ հանրությանը մեկ անգամ եւս կոչ է ուղղվում. «վերջին մեկ ջանք եւս գործադրելու` պակասող գումարը կարճ ժամանակամիջոցում հավաքելու համար»:

Հիշեցնենք, որ ՀՀ Հունաստանի դեսպան Վահրամ Կաժոյանի գործունեությունը եւ, մանավանդ, համայնքի հայկական տարբեր կազմակերպությունների նկատմամբ խտրական վերաբերմունքը մեծ դժգոհություն է առաջացրել հունահայ համայնքում:

 

ՔԱՇԱԹԱՂԻ ՊԱՇՏՊԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ՄՏԱՀՈԳ Է ՔԱՇԱԹԱՂԻ ՎԻՃԱԿՈՎ

ՀՀ նախագահ պրն Ռոբերտ Քոչարյանին,
ԼՂՀ նախագահ պրն Արկադի Ղուկասյանին

Ուզում ենք Ձեր ուշադրությանը բերել Հայաստանի եւ Սփյուռքի մամուլում վերջերս լույս տեսած մի շարք լրատրված հաղորդումներ, որոնք կենտրոնանում են Քաշաթաղի շրջանում սոցիալ-տնտեսական պայմանների հետզհետե վատթարացմանը: Որպես հետեւանք՝ հայերը հեռանում են այս ռազմավարական շատ կենսական հողատարածքից:

Աշխարհասփյուռ հայությունը ցնծությամբ ու սրտի թեթեւացման հավաքված հառաչանքով դիմավորեց Ղարաբաղյան ազատամարտի հաղթանակի ավարտը: Զոհաբերության եւ պայքարի դաժան տարիներից հետո ազատագրվեց Արցախի, ինչպես նաեւ Քաշաթաղի հողատարածքը, որը նախապես Արցախը արհեստականորեն բաժանում էր Հայաստանից:

Սակայն Քաշաթաղի հողերը բարգավաճելու համար կարիքը կար հայերի վերադարձի: Ուստի` 1994-ին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց վերաբնակեցման նոր ծրագիրը Քաշաթաղի եւ շրջակայքի համար: Հիմնականում Հայաստանի լիազոր մարմինները քաջալերեցին եւ Ադրբեջանի հայ փոքրամասնություններին, ինչպես նաեւ Հայաստանում բնակվող չունեվոր ընտանիքներին, որ տեղափոխվեն Քաշաթաղ, տալով նրանց նյութական եւ ֆինանսական օժանդակության առատաձեռն խոստումներ՝ որպես խթան: Շատերը, պատասխանելով այս կոչին, Քաշաթաղ տեղափոխվեցին: Հայաստանի կողմից այս նախաձեռնությունը շատ գովելի էր, քանի որ այն ժամանակ երկիրը շատ նեղ ֆինանսական պայմանների մեջ էր գտնվում: Ըստ որոշ աղբյուրների, Քաշաթաղում հայ վերադարձների թիվը իր գագաթին հասավ 1990-ական թթ. վերջին տարիներին, երբ մոտ 20 000 հայ կար շրջանում: Սակայն այսօր այդ թիվը 10 000-ից պակաս է, եւ ոմանք պնդում են, թե նունիսկ իջել է 7000-ի: Հակառակ նրան, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանից ստանձնել է Քաշաթաղի կառավարման պատասխանատվությունը, այնտեղի իրավիճակը շարունակվում է վատթարանալ:

Այն հայերը, որ ժամանակին կամավոր գնացին Քաշաթաղ, հիմա զգում են, որ մեկուսացման եւ մոռացության են մատնված: Զարմանալին այն է, որ ըստ վերեւում նշված հաղորդումների, Քաշաթաղի տեղական պաշտոնյաներից շատերը համաձայն են այն եզրակացությանը, թե շրջանի խնդիրը անմիջական ուշադրության կարիք ունի: Վախենում ենք, որ եթե պայմանները չբարելավվեն, շուտով կունենանք մի անհայաբնակ հողակտոր: Մեզանից ոչ ոք չի ուզում, որ այսպիսին լինի ապագան:

Անհանգստացնում է մեզ` ներքոստորագրյալներիս, որ Հայաստանի եւ Արցախի պատասխանատու ղեկավարները, ըստ երեւույթին, անտարբեր են մնացել Քաշաթաղում ծավալվող ողբերգության նկատմամբ: Ուստի, խնդրում ենք, որ ձեր կառավարությունները Քաշաթաղի խնդիրը քննարկեն եւ անհրաժեշտ բոլոր միջոցառումները գործադրեն տեղական կենցաղի պայմանները բարելավելու եւ արտագաղթը ներգաղթի վերածելու համար:

Նաեւ ցանկանում ենք, որ հստակեցնեք Ձեր կառավարությունների դիրքորոշումը Քաշաթաղում վերաբնակեցման ծրագրի նկատմամբ: Դժբախտաբար, շատ հայեր այնտեղ հավատում են, թե ապագա քաղաքական բանակցությունների ընթացքին պիտի օգտագործվեն որպես ճատրակի վահանակներ:

Մենք, որ մտահոգվում ենք Քաշաթաղի մեր հայրենակիցների ծանր վիճակով, այլեւս չենք կարող լռելյայն մնալ, երբ հանդիպում ենք Քաշաթաղի պաշտոնյաների շատերի կողմից գործադրած անտարբերության, վատ կառավարման, եւ ինչու չէ, կաշառակերության ավանդական աշխատաձեւի:

 Հարգանքներով` Քաշաթաղի Պաշտպան Միավորում (Կոալիցիա)

 

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՅՑ

Նոյեմբերի 8-ին կայացավ ԱրՊՀ ռեկտոր Համլետ Գրիգորյանի մամլո ասուլիսը՝ նվիրված իր և ԼՂՀ ԿՄՍ նախարար Կամո Աթայանի այցին եվրոպական մի շարք քաղաքներ: «Այցը գործնական էր և նպատակն էր ուսումնասիրել արտերկրի կրթական համակարգն ու ուսումնական վիճակը: Եղանք Ֆրանսիայի մի շարք ուսումնական հաստատություններում, հանդիպումներ ունեցանք 8  քաղաքապետերի հետ, արդյունքում եղան համագործակցության պայմանավորվածություններ: Մասնակցեցինք նաև Ֆրանսիայի Լիլ քաղաքում կազմակերպված գիտաժողովին, որի հիմնական ելույթները մեր ելույթներն էին, քանի որ համաժողովը նվիրված էր ԼՂՀ անկախության 15-ամյակին»:

Գործնական այցի «աշխարհագրությունը» Ֆրանսիայով չսահմանափակվեց, մեր պատվիրակությունը եղավ նաև Բրյուսելում  և Մոսկվայում: Հ. Գրիգորյանը տեղեկացրեց, որ Մոսկվայի հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցին աջակցության կոնկրետ առաջարկություններ, մի շարք հարցեր էլ լուծվեցին անմիջապես, մասնավորապես՝ 2000 ԱՄՆ դոլար նվիրաբերվեց ԱրՊՀ կարիքավոր ուսանողներին՝ ուսման վարձը մուծելու համար, պայմանավորվածություն ձեռք բերվեց ԱրՊՀ դասախոսներին Մոսկվայում   վերապատրաստելու շուրջ, առաջարկվեց իրականացնել տեղեկատվական (ինչպես նաև գիտական հոդվածների) փոխանակում:

Հ. Գրիգորյանի կարծիքով՝ ամենահետաքրքիրը իր և ԿՄՍ նախարարի այցն էր ՌԴ Հասարակական պալատ, որտեղ, ըստ նրա տպավորության, ցանկացած հարց կարելի է արծարծել՝ «նույնիսկ եթե դա շոշափում է  պաշտոնատար անձանց շահերը»:

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

——————————————————————————————-

Սահմանադրական

ԻՍԿ ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱ՞ՅՆ ԵՔ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ

«Դեմո»-ի հարցազրույցը ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Սերգեյ ՆԱՍԻԲՅԱՆԻ հետ

 – Պարոն Նասիբյան, դեկտեմբերի 10-ին նշանակված է Սահմանադրության հանրաքվեն: Ինչպե՞ս են ընթանում նախապատրաստական աշխատանքները:

– Աշխատանքները սկսել ենք դեռ 2-3 ամիս առաջ: Նախ՝ կրկին ստուգել ենք ընտրացուցակները, եւ արդեն ունենք ճշտված տարբերակները: Ըստ ցուցակների, ԼՂՀ-ում կա քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող  90 հազար անձ: Նրանք, ինչպես եւ ընտրությունների ժամանակ, 18 տարեկանը լրացած հաշվառված քաղաքացիներն են:

– Որպես սահմանադրական գործընթացի «արատ», որպես կանոն, նշում են դրա «շուտափույթությունը»: Այսպես, դեռ պատրաստ չէ նախագծի վերջնական տեքստը: Ձեր կարծիքով, մարդիկ տեղյա՞կ են Սահմանադրության նախագծին:

– Համաձայն օրենքի, նախագիծը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան քվեարկությունից 25 օր առաջ: Այսինքն, վերջին ժամկետը նոյեմբերի 14-ն է: Կարծում եմ, որ այս մի քանի օրվա ընթացքում նախագիծը կհրապարակվի եւ թերթերում, եւ գրքույկի տեսքով: Սակայն դա էլ բավարար չէ. պետք է որոշակի աշխատանք կատարվի բնակչության շրջանում, որպեսզի մարդիկ կարողանան ծանոթանալ տեքստին եւ կողմնորոշվել: Ի վերջո, երկրի հիմնական օրենքն է:

– Իսկ ո՞վ պետք է զբաղվի քարոզչությամբ:

– Դարձյալ համաձայն օրենքի՝ քարոզչությամբ կարող են զբաղվել կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները եւ առանձին մարդիկ: ԿԸՀ-ը, ինչպես նաեւ տարածքային, տեղամասային հանձնաժողովները իրավունք չունեն քարոզելու: Այդ իրավունքը չունեն նաեւ զինծառայողները, դատախազության, ոստիկանության աշխատողները, նույնիսկ պետական ծառայողները՝ աշխատանքի ժամերին: Իմ կարծիքով, քարոզչական աշխատանքը անհրաժեշտ տեմպերով չի իրականացվում: Թեկուզ տեղյակ եմ, որ որոշ կուսակցություններ արդեն միջոցառումների ժամանակացույց են  պատրաստում:

– Իսկ եթե կուսակցությունները քարոզչություն չիրականացնե՞ն:

-Ոչ մեկի վրա այդ պարտականությունը դրված չէ, յուրաքանչյուր կազմակերպություն ինքն է որոշում՝ քարոզե՞լ, թե՞ չքարոզել:

– Հանձնաժողովների կազմում կլինե՞ն փոփոխություններ:

– Ոչ, համաձայն օրենքի՝ հանրաքվեի /ինչպես նաեւ ընտրական/ հանձնաժողովները կազմավորվում են համապատասխան կարգով. 3 հոգի նշանակում է երկրի նախագահը, երկուական՝ խորհրդարանի «Ժողովրդավարություն» եւ «Հայրենիք» խմբակցությունները: Ես գտնում եմ, որ հանձնաժողովներում պետք է ներկայացված լինեն նաեւ խորհրդարանական խմբերի ներկայացուցիչները, եւ հետագայում մենք հանդես կգանք համապատասխան առաջարկությամբ: Ընդհանրապես, ձեւավորված են 22 ընտրատարածքային եւ 278 տեղամասային հանձնաժողովներ:

– Ե՞րբ հանրաքվեն կհամարվի կայացած, իսկ Սահմանադրությունը՝ ընդունված:

– Հանրաքվեի կայացման հատուկ սահմանումներ չկան: Իսկ Սահմանադրությունը ընդունված կհամարվի, եթե նախագծին կողմ քվեարկեն հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, ընդ որում՝ ոչ քիչ, քան ցուցակներում ընդգրկված մասնակիցների մեկ երրորդը: Այսինքն, Սահմանադրությունը կընդունվի, եթե նախագծին «կողմ» ձայն տան ոչ պակաս, քան 30 հազար մարդ: Հետեւաբար, հանրաքվեին պետք է մասնակցի 60 հազարից ավելին մարդ:

– Պարոն Նասիբյան, իսկ կհրավիրվե՞ն միջազգային դիտորդներ:

– Որքան տեղյակ եմ, արդեն կա նախնական պայմանավորվածություն ԼՂՀ ԱԳՆ-ի հետ: ԱԳՆ վաղուց են դիմել մարդիկ, ովքեր լսել են հանրաքվեի մասին: Երկրի ղեկավարությունը եւս դիտորդներ կհրավիրի: Նախնական տվյալներով, կմասնակցեն 100-130 դիտորդներ:

– Համապատասխան գումարներ հատկացվա՞ծ են հանրաքվեի համար:

– ԼՂՀ  2006թ.-ի բյուջեում նախատեսված է 40 միլիոն դրամ:

– Ինչի՞ են «կողմ» կամ «դեմ» քվեարկելու արցախցիները, ի՞նչ հարցի են պատասխանելու:

– Թերթիկի մեջ գրված կլինի. «Համաձա՞յն եք ԼՂՀ Սահմանադրության նախագծի ընդունմանը»: Պատասխանի տարբերակները՝ «այո» եւ «ոչ»:

Հարցազրույցը վարեց Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆԸ

——————————————————————————————-

ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ.  «ԵԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՑԱՆԿԱՆԱ ԻՐ ԵՐԿՐԻ ՈՒ ԻՐ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՏԵՐԸ ԼԻՆԵԼ՝ ՈՉԻՆՉ ՆՐԱՆ ԽԱՆԳԱՐԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»

– Ինչո՞վ բացատրել, որ ԼՂՀ ԱԺ-ում Սահմանադրության նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ Դուք «ձեռնպահ» եք քվեարկել:

– Սկզբունքորեն ես «կասկածել» եմ ոչ թե և ոչ այնքան Սահմանադրությանը, որքան սահմանադրական նման գործընթացին, որն, իմ կարծիքով,  այնքան էլ չէր հա-մապատասխանում նման կարևորագույն փաստաթղթի ընդունման նկատմամբ պատշաճ վերաբերմունքին: Սահմանադրությունը փաստորեն երկրի քաղաքացիների փոխադարձ պայմանավորվածությունն է իրենց իսկ կյանքի կազմակերպման մասին: Ասել է թե՝ փաստաթուղթը պիտի մարսվի բոլորի կողմից, որպեսզի ընդունելի լինի: Իսկ դրա համար անհրաժեշտ ժամանակ ու հնարավորություն չի ստեղծվել: Մեզ մոտ տխուր ավանդույթ է դառնում կարևորագույն փաստաթղթերի ընդունումն առանց հանրային կարծիքը հաշվի առնելու: Այդկերպ կատարեցինք լրջագույն փոփոխություններ կրթական համակարգում, այդկերպ երկրի գլխավոր փաստաթուղթն ենք ընդունում:

Իմ այդ կեցվածքում ոչ քիչ դեր է խաղացել անթույլատրելի աշխատաոճի վրա հանրության ուշադրությունը հրավիրելու ձգտումը: Նկատի ունեմ նաև խորհրդարանի, ավելի ճիշտ՝ խորհրդարանի ղեկավարության ու որոշում ընդունող մասի վերաբերմունքը: Ուշացումով, միայն առաջին ընթերցումից հետո նախագծի հրապարակումը  և հանրային քննարկման դնելն անիմաստ էր, որովհետև պարզ չէր, թե ինչպես պիտի նոր առաջարկությունները մտցվեին նախագծի մեջ: Խորհրդարանում Սահմանադրության նախագիծը չի քննարկվել անգամ հատուկ ընթացակարգով, ինչը հարիր կլիներ կարևորագույն փաստաթղթին:

Բավականին տհաճ տպավորություն է մնացել նաև խորհրդարանի դերի մերօրյա ընկալումից: Փաստորեն Ազգային ժողովը հարմարվում էր աշխատանքային խմբի ղեկավարի (գլխավոր դատախազի) աշխատանքային ռիթմին, հենց վերջինիս կարծիքն էր վճռորոշ լինում նիստերի օրերը և քննարկման ռիթմը որոշելու ժամանակ: Ու բոլորս շունչներս պահած սպասում էինք, թե պարոն Զալինյանը կհասցնի՞ մինչև «վաղը չէ մյուս օրվա ժամը 14.00-ն» ուղղումները մտցնել, թե՞ ոչ: Անգամ քննարկել ենք նախագծի «ուղղված» տարբերակ, որ մեր ձեռքին չկար: Այդպես էլ չհասկացանք, թե պարոնայք ուր են շտապում և ինչու՞ երկրորդ ընթերցման ժամանակ նրանք տրամադրված չէին քննարկելու հիմնական տարաձայնությունները: Կողքից նայողն անգամ այն տպավորությունը կստանար, որ այդ ամենից զատ այլ, ավելի կարևոր հարցեր կան, որոնց մասին չէին ուզում հրապարակավ խոսել: Ամենատարակուսելին այն էր, որ սա կատարվել է խորհրդարանի դերի բարձրացման մասին հավաստիացումներին զուգահեռ: Մինչդեռ նույնիսկ պրոֆեսիոնալ պառլամենտի ստեղծումն է վերապահումով արձանագրվել նախագծում:

– «Ձեռնպահ» կեցվածքը նաև դրական լիցք է իր մեջ պարունակում: Ո՞րն է այն:

– Երկրի հիմնական օրենքի ընդունումը, կամա թե ակամա, հայրենանվիրական ու պետականաշինական տրամադրություններ է առաջացնում: Այս տրամադրվածությամբ էլ մտածում ես  երկրի վարկանիշի մասին: Մյուս կողմից էլ, մի շարք կարևոր առաջարկություններ ընդունվել են, նախագծի վրա մեծ աշխատանք է տարվել բոլոր քաղաքական ուժերի կողմից, այդ թվում մեր՝ «ՀՅԴ-Շարժում-88» պատգամավորական խմբի լուրջ ու կառուցողական աշխատանքի արդյունքն է տեսանելի:

Այլ հարց է, որ վստահ չեմ, թե պատգամավորների մի զգալի մասը գիտակցում էր պատասխանատվությունն այն բանի հանդեպ, թե ինչպես է ընդունվում Սահմանադրությունը: Կարծում եմ, խորհրդարանում որոշման ընդունման վրա լուրջ ազդեցություն ունեցող իմ գործընկերները հետագայում առիթ ու ժամանակ կունենան լրջորեն խորհելու նման աշխատաոճի անհեռանկարայնության մասին:

– Եւ ինչպիսի՞ն կլինի, ըստ Ձեզ, դեպքերի հետագա զարգացումը:

– Անկեղծորեն ասած, հոգեպես հանգիստ եմ: Եւ դա երկու պատճառ ունի: Նախ՝ որ մեզնից կախված ամեն ինչ արել ենք: Հետո էլ՝ ճակատագրական չեմ համարում այդ ամենը: Իհարկե, մենք կարող էինք ունենալ ավելի լավ Սահմանադրություն, իհարկե՝ կարող էր այնպես լինել, որ միայնումիայն հայրենանվիրության ու պետականաշինության ծիրում լիներ սահմանադրական ողջ գործընթացը:

Սակայն այն փաստը, որ նորանկախ երկիրը վերջապես Սահմանադրություն է ունենալու, ինքնին երևույթ է, որի համապատկերին այս կամ այն «ստվերը» որոշիչ չի դառնում: Սահմանադրությունը մեծ արժեք է և երկրի ներքին կյանքում, և արտաքին աշխարհի հետ հարաբերություններում: Սա է գլխավորը:

Խորապես համոզված եմ, որ այս տարբերակի դեպքում ևս հնարավոր է ապահովել երկրի զարգացումը: Առաջարկվող նախագծում կան մի շարք առաջադեմ դրույթներ, և Սահմանադրությունը կարող է նպաստել երկրում ժողովրդավարության արմատավորմանը, եթե լինեն դրա հասարակական պահանջարկը և ժողովրդի քաղաքացիական կամքը՝ ինքնակազմակերպման հոգեբանությամբ, մեխանիզմներով ու լծակներով, և եթե ժողովուրդը կարողանա վերահսկել իշխանությունների գործունեությունը, ինչն էլ ժողովրդավարության էությունն է: Այս վերջին հանգամանքներն են կարևոր: Եթե դրանք լինեն, ապա ամեն ինչ լավ է լինելու, եթե չեղան, ապա ոչ մի Սահմանադրություն էլ չի օգնի, անգամ ամենաիդեալականը:

Եթե ժողովուրդը ցանկանա իր երկրի ու իր ճակատագրի տերը լինել՝ ոչինչ նրան խանգարել չի կարող:

http://www.karabakhopen.com

 

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՀԱՐԿԵ, ԿԱՐԵՎՈՐ Է
բայց առավել կարևորը մեր օրինապահությունն է

Վերջին ամիսներին մեր երկրի հիմնական իրադարձությունը սահմանադրական գործընթացն էր, որն էլ գտնվում էր լրատվամիջոցների ու հանրության ուշադրության կենտրոնում: Հանրությանը վերապահումով եմ ասում, որովհետև իշխանություններն իրենցից կախվածը չարեցին, որպեսզի ժողովրդական լայն զանգվածները ներգրավվեն այս ամենում: Ես ինքս մտավորական եմ և Սահմանադրության առաջարկված նախագծի իմ դիտողություններն ու առաջարկությունները մինչև ի մի բերեցի, պարզվեց, որ քննարկման փուլն ավարտված է, նախագիծն Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունված է: Ու փաստորեն իմ մի շարք կարևոր առաջարկություններ այդպես էլ մնացին չպահանջված:

Չեմ հասկանում, թե ինչ իմաստ ուներ նախագիծը հրապարակելուց հետո այդքան կարճ ժամանակ հատկացնել բնակչության իրազեկման, քննարկումների ու առաջարկությունների հավաքման համար: Եթե ես չեմ հասցրել իմ առաջարկությունները ժամանակին տեղ հասցնել, ապա հեռավոր գյուղերում ապրող մտավորականները, շարքային մարդիկ ինչպե՞ս կարող էին հասցնել: Ո՞րն է այս կարճ ժամկետի պատճառը, ինչու՞մն է կայանում նրա իմաստը: Ինչ որ է, ես ստիպված եմ ծալել-գրպանս դնել իմ առաջարկությունները և չգիտեմ, թե դա ում է օգուտ: Այնուամենայնիվ, կուզեի մի քանի կոնցեպտուալ հարցերի մասին կարծիքս ասել:

Սահմանադրությունը, իհարկե, կարևոր է, սակայն առավել կարևոր է մեր օրինապահությունը, այն, թե ինչպես ենք վերաբերվում ընդունված օրենքներին, կա՞, արդյոք, օրինապահության ավանդույթ: Նկատի ունեմ հատկապես նրանց, ովքեր ի պաշտոնե պարտավոր են հետևել օրինապահությանը: Այս ենթատեքստում էլ ուզում եմ անդրադառնալ պետական պաշտոնյաների ու հատկապես դատավորների վարձատրության հարցին:

Մեզ մոտ անընդհատ բարձրացվում է պետական պաշտոնյաների աշխատավարձը: Սա ինքնին ցանկալի երևույթ չէ բնակչության մեծ մասի անապահովության ֆոնի վրա: Կառավարությունն ասում է, որ պիտի բարձրացվեն աշխատավարձերը, որպեսզի պահումների հաշվին մեծացվեն նաև կենսաթոշակները: Սա, մեղմ ասած, վիճելի հանգամանք է, բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա:

Մեզ մոտ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման համար հորինվել է մի անհասկանալի պատճառաբանություն: Ասում են՝ պիտի այնքան բարձրացնենք նրանց աշխատավարձը, որ «թամահ չանեն» ու կաշառք չվերցնեն: Սա ուղղակի հիմարություն է, քանի որ պետական պաշտոնյաները դիտարկվում են որպես պոտենցիալ հանցագործներ: Ուրեմն՝ ինչու՞ նման մարդկանց պաշտոններ տալ:

Հատկապես ուզում եմ խոսել դատավորների մասին: Մեր դատավորները դեռ չեն հասել բարձրագույն այն ցիվիլիզացիային, որի դեպքում նրանց աշխատավարձի ու կենսաթոշակի ահռելի բարձրացմամբ կպայմանավորվի նրանց ազնիվ ու անկաշառ գործունեությունը: Նման միամիտ միջոցները նպաստում են պարզապես «ստավկաների բարձրացմանը»: Սա բարոյական դաստիարակության օրինակ չէ, այլ հակառակը:

Պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ օրենքները պահպանվեն բոլորի կողմից: Որ յուրաքանչյուր քաղաքացի ուղղակի բարիկադների վրա պաշտպանի իր իրավունքները, որ հասարակությունում այնպիսի բարոյական մթնոլորտ լինի, որ ցանկացած պաշտոնյա սարսափի օրինախախտումից: Սա ավելի բարդ խնդիր է, քան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը:

Իսկ բարձր աշխատավարձը կամ բարձր թոշակը պիտի պահանջված ու վաստակված լինի, կախված լինելով հանրօգուտ և ազգօգուտ չափանիշներից, օգտակար գործողության գործակցից: Եւ ամենակարևորը՝ ցանկացած աշխատավարձ պիտի համադրելի լինի բնակչության մեծ մասի եկամուտների հետ:

Եւ վերջում կուզեի հենց օրինապահության տեսակետից անդրադառնալ նախագահի երրորդ անգամ պաշտոնավարելու հավանականությանը: Թող ոչ ոք պատրանքներ չունենա՝ արցախյան հանրությունը դա միանշանակ ընդունելու է որպես օրինախախտում, այն էլ՝ լուրջ օրինախախտում: Եւ նման օրինախախտման համար պատասխանատու է լինելու ոչ միայն այն թույլ տված անձը, այլև բոլոր նրանք, ովքեր կամ մղել են այդ գործողությանը, կամ էլ սատարել են այն:

Վանյա ԱՎԱՆԵՍՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

——————————————————————————————-

Արցախ-Սփյուռք

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՎԱՆԵԼ

«Դեմո»-ի բացառիկ հարցազրույցը ԼՂՀ քաղաքաշինության նախարար Մարատ Հակոբջանյանի հետ

– Պարոն Հակոբջանյան, վերջին շրջանում լրատվամիջոցներում շատ է խոսվում ԼՂՀ կառավարության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջեւ առկա հակասությունների մասին: Ինչո՞ւմն է խնդիրը:

– Հակասություն՝ որպես այդպիսին չկա, պարզապես մեր քաղաքաշինության նախարարության կողմից պահանջարկ կա, որպեսզի աշխատանքները կատարվեն արագ տեմպերով եւ որակյալ: Կան աշխատանքների եւ գործընթացների քննարկումներ՝ ուղղված աշխատանքների բնականոն ընթացքի ապահովմանը, ինչը հակասություն համարել չի կարելի: Մանավանդ, որ հարցերը միասին որոշում եւ համաձայնության ենք գալիս:

Մեր կողմից պահանջվել է, որ նախագծերը ժամանակին ուղարկեն մեզ, որպեսզի մեր ներկայացուցիչը մասնակցի մրցույթներին՝ նախօրոք ծանոթ լինելով աշխատանքներին:

Իսկ թե ինչո՞ւ են լրատվամիջոցները գրում այդ հակասությունների մասին, դա արդեն լրատվամիջոցներին հարցրեք:

– Հիմնադրամի ծրագրերի մրցույթներին մասնակցում են քիչ կազմակերպություններ: Ինչո՞ւ է այդպես: Գո՞ւցե ստեղծված չեն համապատասխան պայմաններ՝ շատ կազմակերպությունների մասնակցության համար:

– Հնարավոր է եւ պայմաններն այնպիսին չլինեն, բայց ես պարզաբանումներ չեմ կարող տալ, դա մեր իրավասության տակ չէ: Մրցույթի համար պահանջվող ողջ փաթեթը ներկայացվում է հիմնադրամի կողմից, իսկ թե կազմակերպություններն ինչու մասնակցում կամ չեն մասնակցում՝ չենք կարող ասել:

– Դա չի՞ կարող պատճառ դառնալ անորակ շինարարության իրականացման համար:

-Հնարավոր է եւ դառնա,  բայց, ամեն դեպքում, անորակ շինարարությունից խուսափելու համար վերահսկողությունն է պետք ուժեղացնել: Եւ մեր կողմից՝ որպես պետական տեսչություն, եւ հիմնադրամի կողմից:

-Վերահսկողություն, բնականաբար, կատարվում է: Ուստի հետաքրքիր կլիներ իմանալ, թե կոնկրետ ի՞նչ է արձանագրվել, եւ շինարարական խախտումներ եղե՞լ են, արդյոք: Ընդհանրապես,  ինչպե՞ս են նման հարցերը լուծվում:

-Իհարկե, որտեղ աշխատանք կա, այնտեղ էլ խախտում է կատարվում: Հիմա պետք է ժամանակին վերահսկողություն իրականացնել եւ թերությունները շտկել, որպեսզի հետագայում էլ խուսափենք այդ խախտումներից: Կոնկրետ դեպքերի մասին կասեի, որ ամեն տեղ էլ լինում են, եւ մենք աշխատում ենք ոչ միայն վերահսկողի դերում հանդես գալ, այլ՝ նաեւ օգնողի:

– Շատ է խոսվում Ծակուռի-Հադրութ ճանապարհահատվածի շինարարության ընթացքում տեղի ունեցած խախտումների, ինչպես նաեւ ճանապարհը նորից վերականգնելու մասին: Ի՞նչ է հիմա կատարվում այնտեղ:

– Այսօր էլ այդ հարցը քննարկման փուլում է: Մենք առաջարկում ենք ճանապարհահատվածի 20-րդ կիլոմետրում սարալանջը հատել արեւելյան մասով, իսկ նախատեսված է անցնել արեւմտյան մասով, որտեղ 2-3 տեղերում կան սողանքի հատվածներ: Այժմ հարցի շուրջ քննարկումներ են ընթանում, եւ դեռ վերջնական որոշում չի կայացվել:

– Իսկ ի՞նչ վիճակում է Ստեփանակերտ-Սարուշեն ճանապարհահատվածը: Այնտե՞ղ եւս կան խնդիրներ:

– Առաջին՝ 8.6 կիլոմետրանոց հատվածի ասֆալտապատումն արդեն ավարտվել է, իսկ մյուս՝ 12.4 կիլոմետրանոց հատվածի շինարարական կազմակերպության հետ հիմնադրամը խզել է պայմանագիրը: Այժմ մրցույթ է անցկացվում նոր կազմակերպություն ընտրելու համար: Այդ հատվածում այժմ շինարարություն չի իրականացվում:

– Կարմիր Շուկայից Հադրութ գնացող ճանապարհի տարբեր հատվածներ իրարից խիստ տարբերվում են. մեկը լրիվությամբ ասֆալտապատված, մյուսը քարուքանդ, եւ այդպես շարունակ: Ինչո՞ւ է այդպես:

– Կան ճանապարհահատվածներ, որոնց շինարարությունը ժամանակին չի ավարտվել կամ ձգձգվել է, բայց շինարարությունը պետք է ավարտվի, որպեսզի լիովին գործի Հյուսիս-Հարավ ճանապարհը: Հադրութից սկսած դեռեւս երկու փուլ ավարտված չէ, ինչպես նաեւ՝ Սարուշեն-Շոշ հատվածը:

Կա հատվածներ, որոնց շինարարությունը պետք է ավարտվեր դեռեւս 2004-ին, 2005-ին: Հատվածների շինարարությունը տարբեր պատճառներով է  ձգձգվում /բիտումի բացակայություն, շինկազմակերպության մեղքով, հսկողության պակաս եւ այլն/:

– Կարմիր Շուկա-Ճարտար ճանապարհի մասին ի՞նչ կասեք:

– Կարմիր Շուկա-Սոս ճանապարհի հողային աշխատանքներն արդեն ավարտված են: Այս տարի նախատեսել ենք մոտ 1-2 կմ ճանապարհահատված ասֆալտապատել, իհարկե՝ եթե հասցնենք, բայց ամբողջովին ասֆալտապատումը կկատարվի մյուս տարի: Իսկ Սոս-Ճարտար հատվածը հետագայի հարց է:

– Նախատեսվո՞ւմ է, արդյոք, վերականգնել Ստեփանակերտ-Աղդամ-Մարտունի ճանապարհահատվածը:

– Ընդհանրապես, մենք նախատեսում ենք Մարտակերտ-Աղդամ-Մարտունի-Հադրութ ճանապարհահատվածը թեթեւակի վերանորոգել: Նախագծերի պատվիրման պայմանավորվածություն ունենք, որպեսզի հետագայում հատված առ հատված կարողանանք վերականգնել: Դա մեծ հատված է եւ միանգամից չենք կարող վերանորոգել:

– 2007-ի բյուջեն արդեն ձեւավորման փուլում է, վերոնշյալ հատվածի վերակառուցումը հաջորդ տարվա բյուջեով նախատեսված չէ՞:

– Առայժմ ոչ, բայց հնարավոր են փոփոխություններ:

– Պոլիկլինիկայի նախկին շենքի հարեւանությամբ կառուցվող եկեղեցու շրջակայքում գտնվող օբյեկտները ե՞րբ կքանդվեն, եւ  փոխհատուցում կտրվի՞, արդյոք, այդ շինությունների տերերին:

– Մեծ թվով շինություններ կան այնտեղ: Միանշանակ այդ հարցը պետք է լուծվի, պարզապես դեռ քննարկումներ են ընթանում: Փոխհատուցում պետք է տրվի, բայց թե ում կողմից՝ դա կորոշվի: Քանդումը նախատեսվում է եթե ոչ ձմռան ամիսներին, ապա՝ գարնան սկզբներին հաստատ, քանի որ այդ ժամանակ շինարարությունը նոր թափ պետք է ստանա: Պոլիկլինիկայի նախկին շենքի  մի մասը նույնպես կքանդվի:

– 2007-ին կապիտալ շինարարության ծավալները կմեծանա՞ն: Եթե այո, ապա ի՞նչ չափով: 

-Ծավալներն, անշուշտ, կմեծանան: Քանի որ բյուջեն դեռ քննարկման փուլում է, հստակ թիվ չեմ կարող ասել, բայց զգալի աճ է նախատեսվում՝ մոտ 20-30 տոկոսով:

– Մայրաքաղաքի շենքերի տանիքների վերականգնման համար այս տարի ընդհանրապես գումար չի հատկացվել: 2007-ին նախատեսվո՞ւմ են հատկացումներ:

– Չնայած այս տարի գումար չի հատկացվել այս ուղղությամբ, բայց որոշ աշխատանքներ, այնուամենայնիվ, արվել են: Անշուշտ, գումար նախատեսվելու է, բայց ոչ շատ: Հարցն այնքան խորն է ու մեծ, որ եթե անգամ բյուջեն «տանենք» այդ ուղղությամբ, չի բավարարի: Այդ իսկ պատճառով աստիճանաբար ենք փորձում այդ հարցը լուծել:

– Պարոն նախարար, բազմիցս խոսվել է Շուշի մտնող ճանապարհի նորոգման արդյունքում ի հայտ եկած տապանաքարերի վնասման մասին: Ինչպե՞ս է լուծվել այդ հարցը:

– Եթե խոսքը ճանապարհի շրջակայքը կարգի բերելու ժամանակ բացված քարերի մասին, ապա ասեմ, որ մեր կարգադրությամբ այդ քարերը դրվել են իրենց տեղերը: Մենք ընդամենը մաքրել ենք տեղանքը՝ ջրահեռացումների հետ կապված հարցերը ճշտելու համար:

Հարցազրույցը վարեց Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

——————————————————————————————-

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ 2006-Ի ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԸ

Նոյեմբերի 23-ին Լոս-Անջելեսում կայանալիք ամենամյա հեռուստամարաթոնի նախապատրաստմանը մասնակցելու նպատակով նոյեմբերի 4-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Գալիք հեռուստամարաթոնի հանդեպ հետաքրքրությունը հատուկ է: Ոչ այնքան այն պատճառով, որ հավաքվելիք գումարները պետք է ուղղվեն Հադրութի շրջանի վերականգնմանը: Բանն այն է, որ այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեին Ղարաբաղից անհամեմատ շատ մեղադրանքներ են հնչել: Ու մի շարք հարցեր են ծագել: Առաջին` ինչո՞ւ հեռուստամարաթոնների ժամանակ այնքան գումար չի հավաքվում, որքան կարելի է ակնկալել: Երկրորդ` ինչո՞ւ այսքան տարի չի փոփոխվում հիմնադրամի աշխատաոճը, թեկուզ շատ է խոսվում դրա ցածր արդյունավետության մասին: Ընդ որում, անարդյունավետությունը կապվում է վստահության պակասի հետ: Երրորդ` հեռուստամարաթոնին կհավաքագրվե՞ն գումարներ, եթե «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ որոշում է ընդունվել Հայաստանի գյուղական վայրերում լայնածավալ ծրագիր սկսելու մասին:

Եւ դա բոլոր հարցերը չեն: Ինչպե՞ս կանցնի հեռուստամարաթոնը. չէ՞ որ, թերեւս, առաջին անգամ է, որ այսքան բացասական ինֆորմացիա է հնչում հիմնադրամի աշխատանքների եւ Ղարաբաղի կառավարության հետ հարաբերությունների մասին: Կմասնակցի՞ մարաթոնին ռուսաստանյան սփյուռքը: Ինչպե՞ս Ֆրանսիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենքի ընդունումից հետո կանցնի ֆոնոթոնը Եվրոպայում:

Հեռուստամարաթոնը, երեւի, շատ բան կպատմի համահայկական հարաբերությունների եւ համահայկական կառույցների մասին: Հատկապես, որ նման կառույցների թեման վերջերս օրախնդրային է դարձել` կապված երկու հայկական պետությունների նախագահների ղեկավարման ժամկետների ավարտի հետ:

«Լրագիր»

 

ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆԸ ԿԸՆԹԱՆԱ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-17-Ը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոյեմբերյան ամենամյա հեռուստամարաթոնի նախաշեմին ավանդաբար կազմակերպում է հեռախոսամարաթոն, որի շրջանակներում Հիմնադրամի աշխատակիցներն ու կամավորականները դրամահավաքի նպատակով զանգահարում են կազմակերպություններ եւ անհատներին: Հեռախոսամարաթոնը, որն անցկացվում է աշխարհի մի շարք երկրներում, ինչպես նաեւ՝ Հայաստանում ու Արցախում, կկազմակերպվի այս տարի եւս:

Եվրոպական հեռախոսամարաթոնը /ֆոնեթոն/ կընթանա նոյեմբերի 16-19-ը: Հայաստանում եւ Արցախում հեռախոսամարաթոնն անցկացվելու է արդեն չորրորդ անգամ եւ տեղի կունենա նոյեմբերի 15-17-ը:

 

ՆԱԻՐԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ 2006 Թ. ՄԱՐԱԹՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿՄԵԿՆԻ ՖՐԱՆՍԻԱ ԵՎ ԱՄՆ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը նոյեմբերի 16-ին կմեկնի Ֆրանսիա, որտեղ անցկացվելու է համաեվրոպական ամենամյա հեռախոսամարաթոնը /ֆոնեթոնը/:

Հեռուստամարաթոնի նախաշեմին ավանդաբար անցկացվող համաեվրոպական ֆոնեթոնի աշխարհագրությունն ու մասնակիցների թիվը տարեցտարի ընդլայնվում է. 2005-ի ֆոնեթոնին մասնակցած երկրների շարքում այս տարի կավելանա նաեւ Բելգիան: Նաիրա Մելքումյանը հեռախոսամարաթոնի առիթով Ֆրանսիայում է գտնվելու Հիմնադրամի՝ Եվրոպայում գործող տեղական մարմինների ներկայացուցիչների խնդրանքով: Ֆոնեթոնի ավարտին Հիմնադրամի գործադիր տնօրենը, ինչպես ամեն տարի, կմեկնի Մ. Նահանգներ, որտեղ, Լոս Անջելեսում նոյեմբերի 23-ին անցկացվելու է «Հեռուստամարաթոն-2006»-ը: Այս տարվա հեռուստամարաթոնում հավաքագրվելիք միջոցներն ուղղվելու են ԼՂՀ Հադրութի շրջանի զարգացմանը՝ «Արցախի վերածնունդ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում:

Նոյեմբերի 13-ին, հեռուստամարաթոնի կազմակերպական աշխատանքներին մասնակցելու նպատակով, Մ. Նահանգներ կմեկնի նաեւ Հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արա Վարդանյանը:

 

ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ՍԿՍԵԼ Է ԳՈՐԾԵԼ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

«Հայաստան» հիմնադրամի՝ նոյեմբերի 16-19-ը Ֆրանսիայում տեղի ունենալիք եվրոպական ամենամյա հեռախոսամարաթոնին այս տարի կմասնակցի նաեւ Բելգիան, որտեղ ստեղծվել է Հիմնադրամի տեղական մարմին: Բելգիայի հանձնախմբի նախագահ է նշանակվել Լինդա Յալմանը, ում առաջին գործն այս օրերին հեռախոսամարաթոնին նախապատրաստվելն է եւ տեղի հայ համայնքի հետ աշխատանքը:

Ֆրանսիայում ավանդաբար կազմակերպվող հեռախոսամարաթոնին մասնակցելու նպատակով առաջիկա օրերին այդ երկիր կմեկնեն բելգիահայ 10 կամավորական, ովքեր, միանալով Ֆրանսիայի իրենց գործընկերներին, կզանգահարեն ո°չ միայն ֆրանսահայությանը, այլեւ՝ Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի, Բելգիայի հայ համայնքների ներկայացուցիչներին, եւ կոչ կանեն ներդրում ունենալ Հիմնադրամի կողմից իրագործվող «Արցախի վերածնունդ» ծրագրում: Ընդհանուր առմամբ՝ եվրոպական հեռախոսամարաթոնին կմասնակցի 700 կամավորական:

Հիմնադրամը շարունակում է աշխատանքներ իրականացնել եվրոպական հեռախոսամարաթոնի մասնակից երկրների ցանկն ընդլայնելու ուղղությամբ: 2007 թվականի ֆոնեթոնում նախատեսվում է ընդգրկել նաեւ Իտալիան:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժին

——————————————————————————————-

Մեր «բակը»

ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆ. ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԻՐՈՒԹՅՈՒՆ, ԴԵՂՆԱԽՏ
Հանրակացարանում դեղնախտի համաճարակ է

Ստեփանակերտի հանրակացարաններից մեկում /Ալեք Մանուկյան փողոց, 120/ սկսվել է դեղնախտի համաճարակ: Այս մասին իմացանք հանրակացարանի կամ, ինչպես նախկինում էին անվանում՝ թաղամասի «թաղկոմ» տիկին Արեւից: Նա մի քանի օր վազվզում էր բոլոր ատյաններով, փորձելով համապատասխան կառույցների ուշադրությունը հրավիրել հանրակացարանի պրոբլեմներին: Ինչ-որ բաներ նրան հաջողվել է, բայց իրավիճակը չի փոխվել՝ արդեն 30-ից ավելի երեխաներ գտնվում են հիվանդանոցում: Ընդհանուր առմամբ, հանրակացարանում բնակվում է 322 մարդ, նրանցից 3-ը՝  հղի կանայք: «Ամբողջ հիվանդանոցում մեր շենքի երեխաներն են», – թևերը տարածում է տիկին Արեւը:

«Էս ի՛նչ ահավոր պայմաններ են»

Տիկին Արեւից փորձեցինք տեղեկանալ, թե ինչից է սկսվել համաճարակը: Հակասանիտարական վիճակից՝ միանշանակ պնդում է նա: Ու առաջարկում. «Վեր կացեք՝ գնանք հանրակացարան: Որ ձեր աչքերով տեսնեք, թե ինչ ահավոր վիճակ է: Ամեն հարկում՝ երկուական ընդհանուր զուգարան, որոնցում լույս անգամ չկա: Չի երեւում, թե որտեղ է ջրի խողովակը եւ որտեղ՝ կոյուղին: Մի սարքին խողովակ անգամ չկա: Ամեն տեղից կաթում է, չես հասկանում՝ մաքու՞ր ջուր է, թե՞ կոյուղաջուր:

Վեր կացանք ու գնացինք…

«Բալա ջան, մեր բնակիչների մի մասը վաղուց թոքերի պրոբլեմ ունի: Հիմա էլ դրան գումարվեց դեղնախտը: Եթե էսպես շարունակվի, ժանտախտ էլ կսկսվի: Երեւի դրան են սպասում», – այսպիսի խոսքերով մեզ դիմավորեց տարեց մի կին:

Շենքը կառուցվել է 1966 թվականին: Իր ժամանակին դա եղել է Ղարմետաքսկոմբինատի հանրակացարանը: Տիկին Արեւն արդեն 40 տարի  այստեղ է բնակվում: Երեխաներ են այստեղ ծնվել, թոռներ: «Այն ժամանակ կոմբինատի տնօրինությունը ուշադրության կենտրոնում էր պահում հանրակացարանը, տարին երկու անգամ գալիս էին, անհրաժեշտ վերանորոգողական աշխատանքներ կատարում, լուծում առկա պրոբլեմները: Իսկ հիմա անտեր ենք ու չգիտենք, թե  ում դիմել», – ասում է Ղարմետաքսկոմբինատի նախկին աշխատողը:

Նոր ժամանակներում ևս շատերն են եկել, նայել ու գնացել: Մի քանի տարի առաջ էլ վարչապետ Անուշավան Դանիելյանն էր եկել ու ասել, որ հանրակացարանի հարցը մեկ տարվա ընթացքում կլուծվի: «Այնքան վստահ է ասել, որ հավատացել ենք», – պատմում է մի երիտասարդ: Հետո հավելում, որ, հասկանալի է, ընտրություններ էին, պետք էր խոստումներ տալ: «Թող այլևս ոչ ոք չհամարձակվի այստեղ գալ ու կոչ անել գնալու ընտրությունների ու քվեարկելու սրա-նրա օգտին: Ավտոբուսներ են բերում, որ մեզ ընտրությունների տանեն: Սահմանադրություն էլ չենք ընդունի: Թող չքարոզեն, հոգնել ենք ամեն ինչից», – բարկացած ասում է մի կին:

«Էշ չենք, չէ՞, ամեն ինչ տեսնում ենք»

«Արի գնանք մեր նկուղը տես: Բայց չմտնես՝ մինչեւ ծնկներդ ջրի մեջ կխրվես», – ջղայնացած ինձ դեպի նկուղ է տանում 4 երեխատեր մի մարդ: -Պատերը լրիվ փտած են, մի փոքր երկրաշարժ լինի՝ Աստված գիտի, թե ինչ կարող է լինել: Մարդիկ փորձում են իրենց սենյակներում ինչ-որ նորոգումներ անել, սակայն նույն օրը թարմ ներկի տակից կանաչ հետքեր են սկսում երեւալ»:

Վիճակն իսկապես անտանելի է: Այն մի ժամվա ընթացքում, որ գտնվում էինք շենքում, անսովոր շատ էինք մրսում: Այդքան էլ ցուրտ չէր դրսում, բայց սենյակներում ահավոր խոնավ էր՝ ահա թե ինչն էր պատճառը: Ու պատահական չէ, որ այդտեղի երեխաների մի մասը հիվանդ է:

Բնակիչները պատմում են, որ մի քանի տարի առաջ հերթական հանձնաժողովն է եկել ստուգելու, որից հետո տանիքը նորոգել են: Բայց պրոբլեմները մնացին:

-Տանիքը նորոգելով հարց չի լուծվի: Էս շենքը պիտի քանդվի կամ հիմնավորապես նորոգվի ամբողջությամբ: Այստեղ ապրելն այլևս անհնար է, այսպես ապրել այլևս չենք ուզում: Թող մեզ էլ փոխհատուցում տան, որ մեր գլխի ճարն անենք, կամ էլ թող նոր բնակարաններ հատկացնեն: Ասում են՝ փող չկա տուն կառուցելու: Բա պառլամենտի, կառավարության համար նոր շենքերն ինչո՞վ են կառուցում: Էշ չենք, չէ՞, ամեն ինչ տեսնում ենք, – վրդովվում է բնակիչներից մեկը:

-Եկել էին, որ գազ գցեն շենքը, ստուգել էին ու հետո որոշել, որ չի կարելի՝ շենքը վթարային է: Ուրեմն, գազի համար վթարային է, մեզ համար՝ ո՞չ, – տարակուսում է մեկ այլ բնակիչ:

-Ճիշտը էն կլիներ, որ մի քանի նաչալնիկի բերեին, մի երկու օր մեզ մոտ պահեին: Նրանց փափկասուն կանայք չեն դիմանա՝ կփախչեն, – կատակում է մյուսը ու անմիջապես էլ լրջանում, – բայց մենք էլ ենք, չէ՞, մարդիկ:

Որպես վերջաբան կամ՝ քանի դեռ ուշ չէ

Ինչ ասենք, դժվար թե այսօր կամ վաղը հանրակացարանի հարցը լուծվի: Բայց դեղնախտի հարցը պիտի շուտափույթ լուծվի, և իշխանությունը պիտի անհապաղ միջոցներ ձեռնարկի հիվանդության օջախը մարելու համար: Եւ ապա լրջագույնս զբաղվի այդ մարդկանց բնակարանային պայմանների բարելավմամբ. ի վերջո՝ մարդիկ են, չէ՞, մեր համաքաղաքացիները: Ու պետք չէ ուշացնել:

Թե՞ անպայման պետք է մի վատ բան պատահի, որ սկսենք մեղավորներ փնտրել եւ հընթացս էլ զոհերի հիշատակը «հարգել»:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

 

ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ԿԿՐԻ

Վերջերս մի հաճելի երևույթ է նկատվում մայրաքաղաք Ստեփանակերտում.  բակերում կարծես թե խաղահրապարակների կառուցման ավանդույթի սկիզբն է դրվում:

Հայտնի է, որ արցախյան պատերազմի եւ նրան հաջորդող տարիներին բակերի նախկին խաղահրապարակներն այլ նպատակներով սկսեցին օգտագործել. ոմանք ավտոտնակ են կառուցել, ուրիշները՝ հավաբներ, իսկ մյուսներն էլ՝ պարզապես փոքրիկ տնակ-«ձեռքատեղ»: Եւ այս ամենի արդյունքում երեխաները զրկվել են բակում ազատ խաղալու եւ ժամանցն ավելի հետաքրքիր անցկացնելու հնարավորությունից:

Այս տարի առաջին անգամ Ստեփանակերտի համայնքային բյուջեում առանձին տողով ավելի քան 5 մլն դրամ գումար է նախատեսվել բակային խաղահրապարակների կառուցման եւ վերակառուցման համար: Դրան զուգահեռ մայիս ամսին խաղահրապարակների կառուցման համար դրամահավաք է կազմակերպել նաեւ «Ստեփանակերտ» հիմնադրամը, որի արդյունքում հավաքվել է մոտ 2 մլն դրամ: Գումարներ են տրամադրել ինչպես առանձին քաղաքացիներ, այնպես էլ տարբեր ընկերություններ՝ «Արցախգազ», «Թամարա», «Արցախբանկ», «SBS» եւ այլն: Բացի այդ, առանձին գործարարներ եւ ընկերություններ պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորելու խաղահրապարակների կառուցումը:

Ինչպես տեղեկացանք Ստեփանակերտի քաղաքապետարանից, մայրաքաղաքի Բաղրամյան փողոցում խաղահրապարակ են կառուցել  ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ Արշավիր Ղարամյանը, Սարոյան փողոցում՝ «Բեյզ Մեթլս» ընկերությունը, իսկ Սասունցի Դավիթ փողոցում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը: Մայրաքաղաքի տարբեր թաղամասերում խաղահրապարակների կառուցման պայմանավորվածություն կա նաեւ «MLM» ընկերության ղեկավար Մհեր Ղազարյանի, «Նաիրի» հյուրանոցի տնօրեն Հակոբ Աբուլաքյանի, «Կանցլեր» ընկերության տնօրեն Սասուն Բարսեղյանի եւ ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանի հետ: Ի դեպ, խաղահրապարակների կառուցման հետ մեկտեղ տեղադրվում են նաեւ մանկական տարբեր ճոճեր եւ կարուսելներ:

Հիմնադրամի ղեկավարը մեր զրույցի ժամանակ հավաստիացրեց, որ դեռ շարունակվում են առանձին անհատների կողմից խաղահրապարակների կառուցումը ֆինանսավորելու խոստումները:

Ամփոփելով արդեն կատարված աշխատանքը, նշենք, որ տարվա ընթացքում արդեն շուրջ 10 խաղահրապարակ է կառուցվել ու վերանորոգվել: Համայնքային բյուջեի հաշվին խաղահրապարակներ են կառուցվել Լուսավորիչ 8 /1.2 մլն դրամ/, Մանուկյան 13 /1.4մ լն դրամ/, Կնունյանց 28 /1.9 մլն դրամ/, Հեքիմյան 9 /2.8 մլն դրամ/ եւ Հեքիմյան 3 /1.6 մլն դրամ/ հասցեներում: Ի դեպ, Լուսավորիչ 8 հասցեում կառուցվող խաղահրապարակի կառուցումն իրականացվել է «Ստեփանակերտ» հիմնադրամի եւ բարերար Արմեն Աբգարյանի աջակցությամբ: Շուրջ 400 հազար դրամի վերանորոգողական աշխատանքներ են իրականացվել Մանուկյան փողոցի խաղահրապարակներից մեկում:

Խաղահրապարակների կառուցում է նախատեսվում նաեւ հաջորդ տարի: Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանի հավաստմամբ, գործընթացը  շարունակական բնույթ կկրի եւ տարեցտարի ավելի շատ գումարներ կհատկացվեն այդ նպատակով: 2007-ին, նախնական տվյալներով,  համայնքային բյուջեով կնախատեսվի շուրջ 9 մլն դրամ:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

——————————————————————————————-

Վիրք

ՎՐԱՑԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԷԼ Է  ՈՒՆԵՆՈՒՄ ՈԴԻՍԱԿԱՆ

Խաղողաքաղը Կախեթի շրջանի Շիբիլիանի գյուղում այս տարի սկսվեց սովորականից շատ ուշ: Բանն այն է, որ կառավարությունը խոստացել էր բնակչությանը գնել ստացված բերքը, այդ պատճառով գյուղացիները մինչև հոկտեմբերի վերջ դեռևս  չէին սկսել խաղողաքաղը, նրանք սպասում էին կառավարության պատվերին: Իսկ կառավարությունը խաղողաքաղի եռուն շրջանում  լռում էր: Օգտվելով կառավարության լռությունից՝ գործարարները գյուղացու բերքն ընդունում էին բավականին ցածր գներով: Գյուղացիները տեսնելով, որ խաղողն արդեն փչանում է, ստիպված էին հավաքել այն:

Գիվի Չամիաշվիլին մեկն է Շիբիլիանիի այն բնակիչներից, ով խաղողի այգի ունի: Նա էլ էր սպասում կառավարության պատվերին, սակայն չստանալով այն՝ ուշացումով սկսեց խաղողաքաղը:

– Մենք խաբվեցինք, կառավարությունը խոստումը չկատարեց, ու բերքի մեծ մասը փչացավ: Այժմ մենք ինքներս պետք է իրացնենք մեր ապրանքը, այսինքն պետք է տանը գինի պատրաստենք և ձմռանը վաճառենք, իսկ դա չի փակի ամբողջ վնասի նույնիսկ կեսը,- ասում է Չամիաշվիլին:

Կախեթում կա սովորություն, երբ բերքահավաքի ժամանակ հարևաններն օգնում են միմյանց: Գուլիկո Ջիմշելաձեն էլ իր 4 տարեկան որդու և մյուս հարևանների հետ այդ օրն օգնում էին Չամիաշվիլիին:

Ջիմշելաձեն արդեն ավարտել է խաղողաքաղն իր այգում, նա էլ չգիտե, թե ինչպես է իրացնելու իր բերքը, սակայն մի բան հաստատ գիտե՝ վնասն այս տարի շատ է:

– Խաղողագործությունը մեր ընտանիքի եկամտի միակ աղբյուրն է: Մենք չգիտենք, թե ինչպես կիրացնենք մեր բերքը, քանի որ տեղացի գործարարներն այն գնում են շատ ցածր գներով՝ կիլոգրամի դիմաց վճարելով 20-25 թեթրի (վրացական մանրադրամ, որը համարժեք է հայկական 50-63 դրամին), իսկ այդ գումարը չի հերիքում անգամ երեխաների համար շաքարավազ գնելուն,- պատմում է Ջիմշելաձեն:

Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ անցյալ տարի գինու արտահանումից ստացված  ամբողջ եկամուտը կազմել է $81 միլիոն ԱՄՆ դոլար, որից  $62 միլիոն դոլարն ստացվել է միայն Ռուսաստանից, ինչը կազմում է եկամտի 80 տոկոսը:

Չնայած վրացական գինիների հիմնական ներկրող երկիրը՝ Ռուսաստանը, ռուս-վրացական հարաբերությունների վատթարացման հետևանքով  արգելք է սահմանել տվյալ երկրից գինու ներկրման վրա, այնուամենայնիվ, Վրաստանում շարունակում են բացվել գինու նոր գործարաններ:

Գինու մի գործարան էլ բացվեց վերջերս Կախեթի շրջանի Ախմեթա գյուղում: «Բադագոնի»-ն վրաց- իտալական համատեղ ձեռնարկություն է: Այն դառնալու է  երկրի՝ գինի արտադրող ամենամեծ ձեռնարկություններից մեկը, որը գինին արտահանելու է Եվրոպա: Գործարանի արտադրած գինու  1 շշի արժեքը կազմում է 50-70 եվրո: Գործարանը կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխան:

«Բադագոնի»-ի բացման արարողությանը հրավիրված էր նաև   Վրաստանի գյուղատնտեսության նախարար Միխեիլ Սվիմոնիշվիլին:Նրա խոսքերով՝ «Բադագոնի»- ն վրացական գինեգործության  վառ օրինակ է: Մեկնաբանելով Ռուսաստանի արգելքը վրացական գինու նկատմամբ՝ Սվիմոնիշվիլին ասաց.

– Մենք գտել ենք 40 այլ երկրներ, որոնք կներկրեն մեր գինին: Գուցե լավ է, որ Ռուսաստանը արգելել է մեր գինու ներկրումը, որովհետև մենք անցյալում երբևէ չէինք մտածել ընդարձակել գինու արտահանման  աշխարհագրությունը:

Ինչ վերաբերում է  այս տարվա խաղողաքաղին, ապա մենք կանենք ամեն ինչ խաղողի այգի ունեցող հասարակ մարդկանց օգնելու համար: Իհարկե, ամեն ինչ գերազանց չի լինելու, բայց մենք կաշխատենք անել հնարավորը նրանց օգնելու համար:

«Բադագոնի»-ի հիմնական գործընկեր իտալական «Դելատոֆոլլա» կազմակերպության ներկայացուցիչ Գիորգի Բեցիաշվիլին ասաց, որ Ռուսաստանի արգելքը հնարավորություն կտա վրացի գինեգործներին արտադրել ավելի լավ գինի, որը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին:

– Ռուսաստանում մենք մրցակիցներ չունեինք, այդ պատճառով այնտեղ կատարվել են կեղծումներ: Այժմ մենք պետք է աշխատենք զարգացնել և առաջ մղել մեր գինու բիզնեսը այն երկրներում, որտեղ մենք ունենալու ենք շատ մրցակիցներ,- ասաց նա:

Գործարար Գոգի Թոփաձեն էլ  է գտնում, որ Ռուսաստանի  դեպքը օգնեց, որպեսզի  վրացի գինեգործներն այլընտրանքային ուղիներ գտնեն վրացական գինու համար:

– Եթե օտար ներդրողը այստեղ հեռանկար չտեսներ, չէր գա օտար երկիր և գումար ներդներ: Սա լավ նշան է այն բանի, որ գինու խնդիրը շուտով կլուծվի: Վրացական լավ գինին խնդիր չի ունենա, այն միշտ կգնեն և° ռուսները, և° ուկրաինացիները, և° եվրոպացիները: Նրանք չեն կարող «սպանել» վրացի գինեգործին,- համոզված է Թոփաձեն:

Մինչ կառավարությունը և պաշտոնական անձինք պնդում են, որ խնդիրը շուտով կլուծվի, Գիվի Չամիաշվիլիի նման մարդկանց համար այդ ընթացքում շատ դժվար է, նրանք հուսահատված են և նույնիսկ մտածում են արմատախիլ անել խաղողի այգին ու նոր գործ ձեռնարկել:

Լիլիթ  ԱՍՐՅԱՆ
Թբիլիսիից հատուկ «Դեմո»-ի համար

 

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԵՆԱՑԸ ԽՄԵԼ ԵՆ ԱՎԱՆՍՈՎ

Ջավախքը համարվում է լճերի երկիր: Վանաձորի բնակչության չափ բնակիչ ունեցող այդ տարածքում կա մոտ երկու տասնյակ մեծ ու փոքր լիճ: Դրանից ամենահայտնին, ամենամեծը եւ, անկասկած, Ջավախքի «ջրային խորհրդանիշը» Փարվանան է: Դժվար է ասել, թե արդյոք ինչ նկատի ուներ Հայաստանի պաշտպանության նախարարը, երբ Վրաստանի արտգործնախարարին ու նրա Հայաստանի գործընկերոջը հրավիրել էր ընթրիքի հենց Փարվանա ռեստորանում: Թերեւս հաշվարկն այն է եղել, որ եթե նույնիսկ Բեժուաշվիլին չցանկանա խոսել Ջավախքից, այնուամենայնիվ, ռեստորանի անունը նրան անընդհատ կհիշեցնի այդ մասին: Բայց մյուս կողմից հավանական է, որ Բեժուաշվիլին առավել մեծ շահագրգռություն ուներ խոսել Ջավախքի մասին: Եվ հնարավոր է, որ հենց դա հաշվի առնելով էլ հանդիպման վայր էր ընտրվել Փարվանան, գուցե ակնարկելու համար, որ Փարվանայում տանտերը հայերն են, հայերն են հյուրընկալում:

Սակայն դժվար է կարծել, թե Վրաստանը չգիտե այդ մասին եւ ունի լրացուցիչ ակնարկների կարիք: Հակառակ պարագայում պաշտոնական Թբիլիսին ամեն ինչ չէր անի Ջավախքում հյուրընկալող կողմին փոխելու համար եւ, առավել եւս, ՏԻՄ ընտրությունից առաջ չէր գա Հայաստան: Իսկ Հայաստանի հետ հարաբերությունն այդ առումով ունի կոնկրետ նպատակ: Վրաստանը հասկանում է, որ համենայն դեպս առաջիկա տարիներին Ջավախքի ժողովրդագրական պատկերը լինելու է հոգուտ հայերի: Դա արագ փոխելու համար պետք են արմատական գործողություններ: Իսկ արմատական գործողությունները հանգեցնելու են բնակչության ադեկվատ արձագանքին ու անկայունությանը: Վրաստանին այս պահին դա բոլորովին ձեռնտու չէ: Այդ իսկ պատճառով Թբիլիսին Ջավախքի հարցում արմատական քայլերի չի գնում, ինչն, օրինակ, կատարեց Մառնեուլի շրջանի ադրբեջանցիների հանդեպ: Սահակաշվիլին այնտեղ ուղղակի մարդորս էր կազմակերպել եւ այդ տարածաշրջանում միանգամից ցույց տվեց, որ իշխանությունը պատկանելու է Թբիլիսիին:

Ջավախքի հարցում Վրաստանն ընտրել է այլ մարտավարություն, եւ մտածելով ու հաշվի առնելով, որ այնտեղի հայերի վրա ինքն առայժմ շատ քիչ ազդեցություն կարող է ունենալ, Թբիլիսին փորձում է տեղի հայերի հետ հարաբերվել Հայաստանի իշխանության, կամ առնվազն իշխանության որոշ ազդեցիկ շրջանակների միջոցով: Այսինքն, եթե Ջավախքի հայերը չեն գտնվում Թբիլիսիի ենթակայության տակ, ապա պետք է ամեն ինչ անել նրանց գոնե Երեւանի ենթակայության տակ դնելու համար: Այդ խնդիրն էլ թերեւս փորձում էր լուծել Բեժուաշվիլին ՏԻՄ ընտրությունից առաջ Հայաստանում հաց ուտելով: Մյուս կողմից, Վրաստանի համար դա բավական վտանգավոր խաղ է, քանի որ Հայաստանի իշխանությունը Ջավախքն իր ազդեցության տակ վերցնելու պարագայում կարող է ընդհանրապես այդ տարածաշրջանը «խլել» վրացիներից: Բայց ըստ ամենայնի Թբիլիսին մտածել էր նաեւ այդ մասին: Երեւան ճաշի գալուց առաջ Վրաստանը ակնարկել էր, որ ինքը մտադիր չէ ոչ մի բանի համար վճարել եւ դա պետք է անի Հայաստանը: Պատահական չէր, որ երբ մեկնարկեց ռուս-վրացական լրտեսական սկանդալը, Վրաստանը հայտարարեց, որ ռուսական լրտեսների գործողությունները համակարգվել են Երեւանից: Այդ հայտարարությունը կարծես թե շարունակություն չունեցավ, բայց հատկանշական է, որ այն արձագանք չունեցավ նաեւ Երեւանում: Պաշտոնական Երեւանը որեւէ կերպ չփորձեց Թբիլիսիից բացատրություն պահանջել: Դրա պատճառը գուցե այն է, որ Թբիլիսին կարող էր բացատրություն տալ: Այդ դեպքում արդեն բացատրելու հերթը պետք է հասներ Երեւանին: Որքան էլ որ լրտեսությունը, եթե եղել է այդպիսին, իրականացրել են ռուսները, դա առնչվում է Հայաստանին, եթե իրականացվել է Երեւանից: Իսկ դա արդեն ազգային անվտանգության խնդիր է, երբ մի երկրի տարածքը կարող է վերածվել տարածաշրջանային լրտեսական շտաբի:

Հաշվի առնելով դա, առավել ակնհայտ է դառնում Թբիլիսիից հնչած մեղադրանքի լրջությունը, եւ այդ ֆոնին պաշտոնական Երեւանի փաստացի լռությունը առավել խորացնում է կասկածները, որ իրականում առավել նպատակահարմար համարվեց բացատրություն պահանջելու փոխարեն ուղղակի լռության մատնել այդ փաստը: Իսկ քաղաքականության մեջ ամեն ինչ, ինչպես հայտնի է, իր գինն ունի: Թբիլիսին համաձայնում է լռել, իսկ Երեւանն էլ համաձայնում է ամեն կերպ վերահսկողության տակ պահել Ջավախքի գործընթացները: Իսկ այն, ինչ չի հաջողվում պահել վերահսկողության տակ, պահում են Ազգային Անվտանգության մեկուսարանում, ինչպես եղավ Վահագն Չախալյանի դեպքում, ով ոչ մի կերպ չհամաձայնեց տեղավորվել Վրաստանի իշխող կուսակցության դրոշի տակ հավաքված ջավախահայ ազգային կազմակերպությունների շարքում, որոնք պաշտոնական տվյալով 70 տոկոս ձայն են հավաքել ՏԻՄ ընտրությանը:

Դա փաստորեն ոչ այնքան ջավախահայության, որքան պաշտոնական Թբիլիսիի եւ Երեւանի հաղթանակն էր, որի կենացը գուցե խմվել է Փարվանայում, ավանսով: Թե այդ հաղթանակն ինչ կտա Ջավախքին, ժամանակի խնդիր է: Բայց պետք է նկատել, որ Երեւանն ու Թբիլիսին մշտապես էլ պայմանավորվել են Ջավախքի առնչությամբ, եւ առայժմ լուծված միակ խնդիրը եղած խնդիրները հաջողությամբ պարփակելն է:

Ջեյմս ՀԱԿՈԲՅԱՆ
Lragir.am

——————————————————————————————-

Լուսավորչական

Տեսակետ

ԼՈՒՅՍԻ ՄԱՆԱՆԱ ԱՍՏԾՈՒՑ  ՎԱԽԵՑՈՂԸ  ՈՉՆՉԻՑ  ԱՀ  ՉՈՒՆԻ….

Անզեն աչքով էլ տեսանելի է, որ ԼՂՀ համայնքներում գոյություն ունեցող Սուրբ երրորդություն դավանող եկեղեցիների հետ համերաշխվելու, մեկը մյուսին սատարելու նախաձեռնություն չկա: Գո՞ւցե այդ նախաձեռնությունն իր վրա վերցնի մեր մայր եկեղեցին: Եթե ոչ նա, ապա՝ էլ ո՞վ: Հակառակ պարագայում չպետք է զարմանալ, եթե մի օր մեր չճանաչված անկախության գոյատիրույթներում երեւան Կրիշնայի, Բուդդայի, Դալայ լամայի… վկաները: Ում շատ են վստահում, նրանից շատ էլ շատ պիտի պահանջվի: Մինչեւ ե՞րբ պիտի քույր եկեղեցիները, մեկը մյուսի վրա մատ թափ տալով, պիտակավորեն՝ հերձվածներ, աղանդավորներ… Նույնիսկ եհովականների հանդեպ չէի ցանկանա խոժոռվել: Գերխնդիրը ոչ թե խորթանալ-խոժոռվելն է, այլ մոլորյալներին դարձի բերելը:

Մեկին տալու, մյուսին զրկելու երեւույթը վանող է: Զրկելով, մերժելով ավելի է քաղցրանում արգելված պտուղը: Համոզված եմ՝ եթե ունկնդիրներն ու ընթերցողները հնարավորություն ունենան լսել ամենքին, զինակոչիկը երդումից, զենքից չի հրաժարվի, խորթացման պատերը չեն հաստանա: Նրանք, ովքեր խուսափում են երկխոսությունից, տառապում են կրոնական էգոիզմով, իրենց վարվելակերպով նպաստում ազգի պառակտմանը: Քանի դեռ համառների զորեղ լռությունը չի զորեղացնում Եզնիկ Կողբացու, Նարեկացու, Շնորհալու, Գրիգոր Տաթեւացու եւ մայր եկեղեցու մյուս երեւելիների ձայները, աղմուկների մեջ երկար ենք խարխափելու: Սուրբ երրորդություն դավանողները, ներառյալ՝ մայր եկեղեցին, դադարելու են անհատի եւ ազգի ոգու անխաթարության ապահովիչ-շանթարգելը լինել:

Պատմագրությունից հիշում ենք Արցախի թեմի անբարյացակամությունը բողոքական միսիոներների (գերմանացի Մարտին Լյութերի գաղափարակիցների) դեմ: Ելիսավետպոլի նահանգապետին, Ղարաբաղի ռուս կառավարիչ Ալեքսանդր Միկլաչեւսկուն հղած թղթում Զաքարիա վարդապետը տագնապով հայտնում է, որ 1830-ական թվերին Արցախի հոտը մի նոր փորձության է ենթարկվել: Այդ հոգեւոր տեսակետից անապական տարածքում՝ անամպ երկնքում ճայթած ամպրոպի պես հայտնվեցին լյութերական միսիոներները:

Այստեղ խոսքը գնում է 1823-ին Շվեյցարիայի Բազել քաղաքի «Ավետարանչական քարոզչական ընկերության» մասին, որի անդամները, լինելով բողոքականներ՝ բարի լուրի ավետմանը համընթաց ծավալել էին լուսավորչական-մշակութային-հրատարակչական գործունեություն: Բազելցի միսիոներները ուսումը մատչելի դարձրին ոչ ունեւոր խավի երեխաների համար: Ուսուցանում էին հայերեն, Հին ու Նոր Կտակարանի ընթերցանություն, թվաբանություն, աշխարհագրություն, թարգմանություններ գրաբարից աշխարհաբար: Դասավանդողներն էլ տեղացի հայեր էին:

Սակայն բազելցիների գործունեությունը կարճ տեւեց, որովհետեւ ոչ միայն աջակցություն չստացան տեղում, այլեւ հանդիպեցին եկեղեցու համառ դիմադրությանը եւ փակեցին դպրոցները, հեռացան Արցախից:

«Միսիոներների լուսավորչական գործունեությունը Շուշիում բավականին խոր արմատներ ձգեց եւ նպաստեց նրա կրթամշակութային առաջադիմությանը»,- նշված է «Կրթությունը, մշակույթը եւ սպորտը Արցախում» ժողովածուի մեջ (էջ 22):

Դարասկզբին (1909 թ.) Արցախի թեմում կար 226 գյուղ: Գործում էր 221 եկեղեցի: Հովվում էին 219 քահանաներ, որոնցից միայն մեկն էր ճեմարանավարտ, 19-ը դպրոցավարտ էր, 119-ը՝ բոլորովին անուս: Եվ 221 եկեղեցի ունեցող թեմը խուճապի էր մատնվել մի քանի բողոքականների երեսից: Պատճառը, ենթադրում եմ, քարոզչության անօգնական վիճակն էր: Զավեն վարդապետի վավերագրերից մեկում նշվում է, որ առաջ, երբ քահանան գյուղի միակ գրագետ եւ «կարդացած» մարդն էր համարվում, այժմ ետին շարքերն է անցել: Աշխարհականների մեջ արդեն շատ են բանիմաց, ուսյալ մարդիկ, մինչդեռ քահանաներից շատերը, հակառակ իրենց կոչման, գցում են հոգեւոր պաշտոնյաների «յարգն ու պատիվը» եւ անգամ չեն ցանկանում Ավետարան կարդալ: Նրա կարծիքով, ս. Էջմիածնի սրբազան սինոդը պետք է հատուկ ուշադրություն դարձնի նոր ձեռնադրվող քահանաների կրթական ցենզին, այլապես եղած մակարդակը չի բավարարում, չի համապատասխանում «ինչպես ժողովրդի եւ եկեղեցու, այնպես էլ ժամանակի հրամայական պահանջին»:

Թե որ ծուռ նստեք ու շիտակ խոսենք՝ հիշված ժամանակներից շատ չենք հեռացել եւ այսօր: Մայր եկեղեցին կտրուկ շրջադարձի անհրաժեշտություն ունի: Սա մասնավոր կարծիքս է՝ տեւական դիտարկումներից հետո: Հասարակայնության ճնշող մեծամասնությունը Աստծո խոսքի մատուցման-մեկնաբանման ծարավն ունի, մինչդեռ ասպարեզում խոսք ասողներ չեն երեւում: Ասում են՝ մեր թեմը նույնիսկ ռադիոալիք ունի, բայց ո՞վ է լսել նրա ձայնը: Աստծուն հետաքրքրում է ոչ այնքան գործը, որքան այդ գործի նպատակն ու վերջնարդյունքը: Վերջնարդյունքը հոգեւոր կյանքի ներկա անսփոփ վիճակն է:

Մարտակերտի 4 հազարին մոտ բնակչությունից ընդամենը 4-5 տասնյակին մոտ հավատացյալներ-համախոհներ են հաճախում սուրբ երրորդություն դավանող եկեղեցի ու հավաք (ս. Կարապետ եկեղեցի, եղբայրասիրաց միություն եւ բողոքական): Մինչդեռ Եհովայի վկաների հավաքներին ունկնդրում են դրանից մեկուկես անգամով ավելի հաճախորդներ: Բնակչության մնացյալ մասն անտարբեր զանգված է կամ հեթանոս, աթեիստ է:

Նրանց էլ հասկանալ ու մերձենալ է պետք: Նրանց օգնել է պետք, որպեսզի կարողանան հազարավոր ձայների մեջ ճանաչել Տիրոջ ձայնը: Ոչ միայն ճանաչել, այլեւ այդ ձայնին ունկնդիր ընդառաջ գնալ:

Ընդունել Աստծուն, կնշանակե՝ երկխոսության մեջ մտնել սեփական խղճի հետ: Աղոթել, կնշանակե՝ մենախոսել սեփական «ես»-ի առաջ: Ապաշխարել՝ մենամարտել ու հաղթել սեփական «ես»-ին: Բախտավոր են նրանք, ում հաջողվում է վեր բարձրանալ սեփական «ես»-ից: Կարեկցանքի են արժանի նրանք, ովքեր իրենցից այն կողմ ոչինչ եւ ոչ մեկին չեն տեսնում:

Մարդը սխալական է: Երբ փոքր սխալի մեջ որոնվում է արդարացում, ապա կորսվում է զգաստության զգացողությունը, ճանապարհ հարթվում մեծ մեղքերի առաջ: Եթե որեւէ մեկը (առաքելական թե կաթոլիկ, ուղղափառ թե բողոքական) իրեն քրիստոնյա է համարում, ապա դիմացինի հանդեպ չպիտի անի այն, ինչը չի ցանկանա, որ իր հանդեպ անեն ուրիշները, որովհետեւ քրիստոնեությունը բարեպաշտների կրոն է: Քրիստոնյա դառնում են, հայ ծնվում:

Ո՞ւր է թե ազգովի ընդունենք սուրբ երրորդության խորհուրդը: Այդժամ մեզ երբեւէ մահը չէր սպառնա: Մահվան ահը չէր լինի, որովհետեւ Աստծուց վախեցողը ոչնչից ահ չունի…

Սլավա ՄՈՍՈՒՆՑ

 

ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Կրթական համակարգում արմատական բարեփոխումներ են պետք, այլապես վաղը ուշ կլինի: Այս միտքն է արտահայտել մեր զրույցի ժամանակ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի դպրոցի ուսուցիչ Վրեժ Բաբայանը, որի կարծիքով ոչ թե պետք է ձգտել եվրոպական կրթակարգին անցնել, այլ հարկ է փորձել բարձրացնելու հանրակրթական դպրոցների ուսման մակարդակը: Իսկ մակարդակն այդ ցածր է, ինչի պատճառները, ըստ Վ. Բաբայանի, շատ են:

Նա առաջին հերթին մատնանշեց  գնահատման կարգը. «Հենց առաջին դասարանից սկսած գիտելիքները կեղծ են գնահատվում, եւ գնահատականներն անընդհատ արհեստականորեն բարձրացվում են: Եթե ուսուցիչները սկսեն ճիշտ գնահատել, ապա դասարանում կմնան 2-3 աշակերտ: Դրա համար էլ ստիպված գնահատականները բարձրացվում են: Հենց դա է պատճառը, որ աշակերտները սկսում են գնահատականի համար սովորել, եւ սերը ուսման հանդեպ բացակայում է: Իսկ դա էլ պայմանավորված է նրանով, որ աշակերտը շատ հեշտությամբ է դպրոցն ավարտում եւ նույն հեշտությամբ էլ բուհ ընդունվում»:

Նա գտնում է, որ իրենց դպրոցը, որը անցած տարի հանրապետության լավագույն դպրոց է ճանաչվել, նույնպես պատշաճ մակարդակի վրա չի գտնվում: Եւ, բնականաբար, եթե «լավագույն դպրոցն այդ վիճակում է, ապա կարելի է ենթադրել, որ հանրապետության դպրոցների վիճակն ավելի վատ է»:

«Իսկ ձեր դպրոցում շա՞տ են լինում դեպքեր, երբ աշակերտին թողնում են նույն դասարանում» հարցին մանկավարժը պատասխանեց, որ լինում են այդպիսի դեպքեր, բայց՝ քիչ: Այստեղ էլ սոցիալական խնդիրներ են ծագում. դասարանից մի քանի աշակերտ նույն դասարանում մնալու արդյունքում աշակերտների թիվը կրճատվում է, եւ ստիպված երկու դասարանը միացնում են: Ինչի հետեւանքով և ժամաքանակ է կրճատվում, եւ ուսուցիչներն են սոցիալական խնդիրների առաջ հայտնվում, որոնց լուծման համար դպրոցն անում է հնարավորը:

– Գտնում եմ, որ դպրոցի հաշվին սոցիալական հարցեր լուծելը սխալ է, քանի որ դպրոցն առաջին հերթին պետք է պաշտպանի աշակերտների շահերը: Հենց առաջին դասարանից պետք է խիստ լինել՝ երեխաների գիտելիքները գնահատելու հարցում: Լինում են դեպքեր, երբ երեխան ուսումնական դասընթացը դեռևս լիովին չանցած, փոխադրվում է երկրորդ դասարան, եւ այդպես էլ ոչ լիարժեք ուսում ստանալով՝  ավարտում է 10-րդ դասարանը: Իսկ առաջին դասարանից աշակերտին երկրորդ դասարան չփոխադրելու համար պետք է լինի ծնողի համաձայնությունը եւ մանկավարժական խորհրդի որոշումը,- գտնում է Վ. Բաբայանը:

Գնահատման հետ կապված հարցերին ենթադրաբար պիտի լուծում տա ստեղծվելիք գնահատման կենտրոնը, սակայն, զրուցակցիս կարծիքով, համապատասխան պահանջներով եւ անաչառ գնահատելու դեպքում աշակերտների 80 տոկոսը բացասական գնահատական կստանա:

Ոլորտի խնդիրներից է նաեւ բարձր դասարաններում որոշ առարկաների դասերին (գրականություն, հայոց լեզու, ռուսաց լեզու, անգլերեն եւ այլն) դասարանի կիսումը: Վ. Բաբայանի կարծիքով կամ պետք է բոլոր առարկաների ժամանակ կիսեն, կամ՝ ոչ մեկի: Իսկ այդպես ֆինանսական հարցեր են լուծում միայն: Ըստ նրա, ավելի նպատակահարմար է տարրական դասարաններում դասարանը կիսել, քանի որ այդ դասարաններում է հենց անհրաժեշտ անհատական մոտեցումը:

Ուսման ցածր մակարդակը պայմանավորված է նաեւ մի շարք այլ հարցերով՝ ուսուցիչների ցածր վարձատրություն, մանկավարժների ոչ ճիշտ վերապատրաստում, վերահսկողության պակաս եւ այլն:

Ըստ նրա, սխալ է, որ մանկավարժները՝ անկախ մասնագիտությունից, նույն չափով են վարձատրվում: Ավելի նպատակահարմար կլինի, որ մանկավարժների շրջանում արդար ատեստացիա անցկացնեն ու գնահատեն բալերով՝ որոշ կարգեր սահմանելով եւ ըստ այդ կարգերի էլ վարձատրեն ուսուցիչներին, այլ ոչ թե ըստ գործունեության ստաժի: Այդպես բոլոր մանկավարժներն էլ կձգտեն իրենց մասնագիտության մեջ առավել խորանալ ու կատարելագործվել: Եւ ցանկալի ու պարտադիր է, որ ատեստավորման գործընթացում «ծանոթ-բարեկամ» հասկացությունները չգործեն:

Իսկ անդրադառնալով 12-ամյա կրթությանը, մանկավարժ Բաբայանը նկատեց, որ դա իբր թե նպատակ ունի «թեթեւացնել աշակերտների բեռը», սակայն այստեղ էլ սոցիալական հարցեր են լուծվում՝ չմտածելով այն մասին,  թե պե՞տք է, արդյոք, դա աշակերտին, թե՞ ոչ: Դա այն դեպքում, երբ արդեն բողոքներ կան, որ 6 տարեկաններին շատ մեծ դժվարությամբ են սովորեցնում պահանջվող գիտելիքները:

Եւ եթե նման քաղաքականությամբ առաջնորդվեն մեր դպրոցները, որտեղ հիմք է դրվում ամեն մի մասնագիտության եւ զարգացման, ապա ապագայում մեծ խնդիրների առաջ կկանգնենք:

– Ու դա առավել սարսափելի է, երբ մտածում ես, որ 10-15 տարի հետո երկիրը ղեկավարելու են հենց այսօրվա աշակերտները, այն էլ՝ այս մակարդակով,- եզրակացնում է մանկավարժը:

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

ՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻՆ

Ինչպես ասում են՝ գիտության հիմքը գիրքն է: Այդպես եղել է ու, կարծում եմ, այդպես էլ կլինի: Ճիշտ է« այսօր երիտասարդներիս ուղեկիցն է դարձել համակարգիչը, և ամեն ոք իրեն հուզող հարցի պատասխանը կարող է հեշտությամբ ստանալ ինտերնետից« բայց « այնուամենայնիվ« գիրքը մնում է գիրք« նամանավանդ՝  գեղարվեստական գրականությունը:

Ժամանակին Մեծշենի գրադարանը լավագույններից էր ոչ միայն Մարտակերտի շրջանում« այլ նաև մարզում: Այն ապահովված էր ոչ միայն հայ« այլև ռուս և արտասահմանյան գրականությամբ: Գյուղի դպրոցը ևս ուներ գրադարան« որը ոչնչով չէր զիջում առաջինին: Այսօր« սակայն« գյուղը զրկված է այդ հնարավորությունից: Գործում է միայն դպրոցի խղճուկ գրադարանը:

Գրադարանավարուհի Անժելա Քոչարյանի խոսքերով« այն աշակերտներին ապահովում է միայն դասագրքերով: Ի դեպ, այնտեղ սովորողներն ընդամենը 40-ն են, յուրաքանչյուր դասարանում՝ 3-4 աշակերտ: Իսկ գեղարվեստական գրականություն գրադարանը գրեթե չունի:

Գրականության անծայրածիր աշխարհին աշակերտները գրեթե անհաղորդ են, որովհետև դասագրքով ծանոթանում են այս կամ այն գրողի կյանքին ու ստեղծագործությանը« բայց քանի որ չկա համապատասխան թեմատիկ գրականություն« նրանք դրանով էլ բավարարվում են: Արդյունքում ունենում են մակերեսային գիտելիքներ: Իսկ առջևում նպատակներ՝ կապված բուհերի հետ…

Անժելա Քոչարյանը տեղեկացրեց« որ բազմիցս դիմել են պատկան մարմիններին՝ գրադարանը գրքերով ապահովելու խնդրանքով: Սակայն ցայսօր չի լուծվում հարցը: Եթե սրան գումարենք  նաև այն« որ գյուղում, հասկանալի պատճառներով, չկա նաև ինտերնետից օգտվելու հնարավորություն« ապա ամեն ինչ պարզ կդառնա:

էմմա ՄՈՎՍԻՍՅԱՆ /  ԱրՊՀ, լրագր. 3-րդ կուրս

 

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ մեր դպրոցը հանրակրթական է« և բոլոր առարկաները կոչված են ծառայելու աշակերտների բազմակողմանի զարգացմանը, ընդլայնելու նրա մտահորիզոնն ու հոգևոր պահանջմունքների շրջանակները: Սակայն այդպես է սոսկ պաշտոնական փաստաթղթերով« իսկ իրականում պատկերն այլ է:

Ուսումնական առարկաները միջնակարգ դպրոցում բովանդակության զգալի մասով բուհական ընդունելության քննություններին են նախապատրաստում, այլ ոչ թե անձի ընդհանուր զարգացմանը: Արդյունքում ունենում ենք միակողմանի զարգացած մասնագետներ: Մտահոգում է հատկապես սովորողների զգալի մասի առաջադիմության և զարգացության մակարդակը:

Սակայն ուրախալի է« որ այսօր մայրաքաղաքում կա համացանցից օգտվելու լայն հնարավորություն« որը տեղեկացված լինելու հուսալի աղբյուր է: Այժմ երիտասարդությունը նախընտրում է նյութը պատրաստի կերպով ստանալ համացանցից« քան գրքերից: Սակայն« ինչպես Բ. Գարսիան է ասել. «Գրքերը գրված են միտքը մարզելու համար»:

Սիրելի երիտասարդներ« շնորհավորում եմ մեր բոլորիս տոնն ու կոչ անում մարզել մեր մտքերը:

 Սոֆյա ԹԵՎՈՍՅԱՆ / ԱրՊՀ, բանաս. 4-րդ կուրս

——————————————————————————————-

Պատմություն

ՌԵԱԼԱԿԱՆԻ «ՌԵԱԼ» ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Շուշիի  պատմաճարտարապետական հուշարձանների և հին հայկական գերեզմանատների տապանագրերում շատ են «բարերար», «բարեգործ», «աղքատասեր», «բարեպաշտ» /ուհի/, «սեփական արդեամբ» /միջոցներով/ և նման այլ որակումներ:

«Բարեգործությունը Շուշիում» կամ «Շուշեցի բարեգործները» վերտառությամբ ավելի ուշ կներկայացնեմ 19-րդ դարում Շուշիում ու նրա սահմաններից դուրս ապրած և ամբողջ էությամբ հայրենիքին նվիրված Թամիրյանցների, Ժամհարյանների, Շահնազարյանների, Խանդամիրյանների, Դոլուխանյանների, Բահաթրյանների, Թառումյանների սերունդների թողած բարի հիշատակի մասին, իսկ հիմա ներկայացնեմ Շուշիի Ռեալական ուսումնարանի շենքն ու նրա մերօրյա վիճակը: Շենք, հատուկ կրթօջախ, որ կառուցվել է անցյալ դարասկզբին 7-8 տարիների ընթացքում՝ ծննդով շուշեցի, մոսկվայաբնակ Գրիգոր Մարտիրոսի Առաքելյանի /արձանագրությունում՝ Գրիգորի Մարտինովիչ Արաֆելով/  սեփական միջոցներով: Բարերարի հասցեին ինչքան էլ գովեստի խոսքեր ասենք, չենք կարող ներկայացնել այնպես, ինչպես ներկայացնում է դարի հսկա և գեղեցիկ կառույցն ինքը:

Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ կառուցվել է շենքը մասնավոր միջոցներով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ   Շուշիում  կարևոր նշանակություն ունեցող, իսկ այսօր էլ պատմաճարտարապետական հուշարձան դարձած ոչ մի կառույց պետական միջոցներով չի կառուցվել: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ շուրջ երկտասնամյակ /Ռեալական ուսումնարանը բացվել է 1881թ./ կրթօջախը «քոչվորի» կարգավիճակ ուներ՝ պարապմունքներն անցկացվում էին մասնավոր տներում, ապա կհասկանանք, թե բարերարը որպիսի խելացի գործ է ձեռնարկել, մտնելով պատմության մեջ:

Սույն ուսումնասիրության մեջ ներկայացվում են շենքի հատակագիծն ու լուսանկարը հյուսիսահայաց կողմից, որտեղ պատի կենտրոնական մասում տեղադրված է 2մ լայնության և 4,5 մ բարձրություն ունեցող դուռը /շենքն ունի ևս 4 դուռ, բացի նշածից մեկը՝ արևելահայաց պատում, մյուսը՝ արևմտահայաց, իսկ մյուս երկուսը բակի կողմից, ինչպես պատկերված է գծագրում/:

Հյուսիսահայաց դռան վերնամասում ռուսերեն գրված է.

РЕАЛЬНОЕ УЧИЛИЩЕ

Իսկ նույն հյուսիսահայաց պատի վերնամասում խոշոր տառերով գրված է.

ЗДАНIЕ ПОСТРОЕНО НАКАПИТАЛЪ ПОЖЕРТВОВАННЫЙ ПОТОМСТВЕННЫМЪ 1901-1908 ПОЧЕТНЫМЪ ГРАЖДАНИНОМЪ ГРИГОРIЕМЪ МАРТИНОВИЧЕМЪ АРАФЕЛОВЫМЪ

Այս հսկա կառույցը, շինված տեղական սպիտակ սրբատաշ քարով, իր չափերով շատ կառույցների է գերազանցում, ու ոչ միայն չափերով, այլև գեղեցկությամբ ու հարմարավետությամբ: Առաջին հարկի պատերի հաստությունը 1մ է, իսկ երկրորդինը և երրորդինը՝ 90 սմ: Հարկից հարկ բարձրանալ կարելի է շենքի ներսից՝ արևելահայաց պատից կառուցված աստիճաններով: Շենքն ունի 74մ երկարություն, 61մ լայնություն և զբաղեցնում է 4494 քառակուսի մետր   տարածություն, որից 3409-ը զբաղեցնում են առաջին հարկի սենյակներն ու միջանցքը: Շենքի բոլոր հարկերն ընդհանուր առմամբ ունեն 201 պատուհան:

Շենքը մեկ դար անխաթար ծառայել է հայությանը, այստեղ կրթվել են հազարավոր մարդիկ:

Այն ծառայել սկսել է որպես ռեալական ուսումնարանի շենք ու շարունակել մնալ որպես կրթօջախ, ծառայելով որպես երկամյա մանկավարժական ինստիտուտ, հետագայում՝ մանկավարժական ուսումնարան, իսկ 1960-ից՝ որպես միջնակարգ գիշերօթիկ դպրոց:

Արցախյան պատերազմից հետո շենքը չի օգտագործվում: Հսկան իր դժբախտ ու լքված վիճակով կանգնած է դեռ: Եթե մենք շարունակենք կողմնակի դիտորդի դերում հանդես գալ, ապա դա երկար չի շարունակվի /շենքը չունի տանիք, կոնսերվացված չեն գոնե պատերը/: Վերջին տարիներին եղան մի քանի միջոցառումներ, միտված փրկության ելք գտնելուն, սակայն …

Իմ պատկերացմամբ, «Շուշի» հիմնադրամը հենց այս շենքից պիտի սկսի իր շինարարական-վերականգնողական աշխատանքները, այլ ոչ գիտաժողովներում համանախագահը առաջարկի գիրք տպել հիմնադրամի միջոցներով: Հարկ է սրտացավ լինել ու կոնկրետ քայլեր անել, որպեսզի եկեղեցիներից բացի գոնե Թ. Թամիրյանցի ջրամբարն ու այս շենքը մեր սերունդներին մնան որպես նմուշներ շուշեցի ճարտարապետների ու քարագործ վարպետների ձեռագրից:

Եւ, ինչու չէ, որպեսզի հիշենք այնպիսի մի պատվարժան մարդու, որպիսին էր Գրիգոր Առաքելյանը:

Հրաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

——————————————————————————————-

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՑԱԽԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ  

Արցախի հայությունը, նրա մելիքական ուժերը երկիրը ազատագրելու նպատակով կռվում էին ոչ միայն հայրենիքի սահմաններում, այլ ուր որ ռուսական հրամանատարությունը հարմար գտներ: Օրինակ, երբ 1804թ. ռուսական զորքը պաշարում է Երևանը, այնտեղ էր Գյուլիստանի Մելիք-Աբովի որդի  Ռուստամ-Բեկի հեծյալ ջոկատը, որը անձնազոհության շատ օրինակներ դրսևորեց Բոլնիսում, Փամբակի և Ապարանի մարտերում: Հենց այդ մարտերում ընկան շատ արցախցիներ, իսկ Ռուստամը գերի ընկավ ու Թավրիզի բանտում սպանվեց: Նրա հայրը՝ ծերունի Մելիք-Աբովը, վրեժխնդիր լինելով պարսիկներից, գլխավորեց տղայի ջոկատը: Պարսկական զորքերի դեմ մղված մարտերին ակտիվ մասնակցություն բերեց և Մելիք-Ջումշուդ Շահնազարյանը իր հեծյալ ջոկատով (նրան ռուսները 1806թ. փոխգնդապետի աստիճան շնորհեցին):

Ղարաբաղցիների քաջագործությունները առավելս դրսևորվեցին 1826-28թթ., երբ Պարսկաստանի թագաժառանգ Աբաս-Միրզան հանկարծակի հարձակվեց Շուշի բերդաքաղաքի վրա /1826թ. հուլիս/: Քաղաքում ընդամենը 6 վաշտ ունեցող ռուսական զինուժը 48 օր շրջափակված վիճակում դիմադրում է թշնամու 60 հազարանոց  զորքին: Ռեուտի գունդը, որ սկզբում գտնվում էր Ղարաբաղի  Ավետարանոց /Չանախչի/ գյուղում, իսկ հետո Շուշիի ամրոցում,  միայն հայերի օգնությամբ կարողացավ դիմագրավել թշնամուն:

1500 հոգուց բաղկացած հայ աշխարհազորայինները ռուսների հետ վճռողականորեն պաշտպանեցին բերդաքաղաքը և շրջակա 22 գյուղերից Շուշիում պաշտպանություն գտած հայ բնակչությանը: Հայերի հերոսական դիմագծի վերաբերյալ արժե կարդալ Շուշիի ռուսական կայազորի հրամանատար  Ռեուտի նամակը գ-լ  Երմոլովին. «Բերդը պաշտպանող հայերի վերաբերյալ պարտքս եմ համարում բացատրել, որ նրանց ծառայությունը արժանի է ուշադրության, որովհետև նրանք բոլորը գործում էին գերազանց քաջությամբ, դիմացան բազմաթիվ գրոհների, ետ մղեցին թշնամուն խոշոր կորուստներով, արհամարհում էին պարենի պակասը և բնավ չէին մտածում Բերդը հանձնելու մասին, թեև վրա էր հասել կատարյալ սովը»:

Անօրինակ քաջությունների բազմաթիվ դրսևորումներ եղան: Օրինակ, բարութչի Պողոսը կամ հայ մեծահարուստներ Հախումյանները, Մելիք-Շահնազարյանները, Զոհրաբ-աղա-Թառումյանը, որոնք իրենց ողջ ունեցվածքը ի սպաս դրեցին հաղթանակին: Մարդիկ գիշերները իրենց ուսերի վրա հացահատիկը իջեցնում էին Հունոտ և Շոշ գյուղերի ջրաղացները և ալյուրը հասցնում պաշտպաններին: Հայերի հերոսական դիմադրությունը ղեկավարում էին Սաֆար և Ռոստոմ Թախանյան  եղբայրները: Աչքի ընկան նաև սուրհանդակ Հակոբ Ալթունյանը, կապիտան Մադաթովը և ուրիշներ: Հանրահայտ է Խաթուհի  հայ կնոջ կերպարը, որը մեծարվել է Րաֆֆու գրչով: Հերոսական շատ գործեր արեց նաև Մելիք-Ռուստամի որդի Մելիք Րովշանը: Վասիլի Պոտտոն վկայում է, որ հետագայում հայ կամավորներից շատերը արժանացան պարգևների և արտոնությունների:

Պոտտոն ռուսներին՝ հայերի նվիրվածության մասին գրել է. «Իհարկե, եթե հայերն էլ պարսիկներին դիմավորեին խոնարհաբար, աղուհացով… ինչպես այդ արեցին թաթարները, նրանք կարող էին պահպանել իրենց կյանքն ու ինչքը: Սակայն հայերի մեջ դավաճաններ չգտնվեցին /Ռուսաստանին/ և նրանք բոլորն էլ դատապարտված էին կործանման»:

Միքայել ԲԵԳԼԱՐՅԱՆ

——————————————————————————————-

Նամականի

ՓՈՔՐԻԿ ՔԱՂԱՔԻ «ՓՈՔՐԻԿ» ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ստեփանակերտը դեռահաս աղջկա պես գնալով փթթում ու ավելի է սիրունանում: Անձրևից հետո դուրս եկած սնկերի պես շատանում են խանութները, բար-ռեստորանները, ինտերնետ-ակումբները: Այսօր կենտրոնական գրեթե բոլոր փողոցները ասֆալտապատ կամ սալահատակված են: Եվ առաջին հայացքից շատ մաքուր և կոկիկ քաղաքի տպավորություն է մնում: Սակայն միայն առաջին հայացքից:

Ժողովուրդն ասում է, որ տանտիրուհու մաքուր լինելն իմանալու համար պետք է տան անկյունները նայել, քանի որ բոլորը կարող են տան մեջտեղը ավլել՝ աղբը կուտակելով անկյուններում:

Այսօր թերևս չկա մի բնակելի շենքի բակ, որը հարթ և ասֆալտապատ լինի: Իսկ անձրևի ժամանակ այնպիսի «լճեր» են գոյանում, որոնք չորանում են սոսկ ամառնամուտին: Եվ ստացվում է այնպես, որ մարդ, մաքուր կոշիկներով դուրս գալով իր բնակարանից, բակում հիմնավորապես կեղտոտվում է, ապա միայն հայտնվում սալահատակված փողոցում:

Շենքերի բակերի անկարգությունը՝ ծայրամասերի աղբամանների անկարգության կողքին, ինչպես ղարաբաղցին է ասում, «մըշտըլըղ ա»: Սակայն այստեղ մեղքը միայն բնակիչներինն է: Աղբարկղերից բացի շրջակայքում ամենուրեք աղբ է թափված: Կարծես յուրատեսակ մրցույթ է. ո՞վ ավելի հեռու կդնի աղբը:

Էլ չեմ խոսում այն մասին, որ աղբարկղերը որոշ տեղերում դարձել են յուրովի մի արոտավայր «քաղաքաբնակ» կովերի համար: Չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս:

Քնար ԲԱԲԱՅԱՆ /  ԱրՊՀ, լրագր. 3-րդ կուրս

 

ՄԵԶՆԻՑ ԿԱԽՎԱԾՆ ԱՆԵՆՔ

Քանի որ «Դեմո»-ն դեմոս-ժողովուրդ է թարգմանվում, ցանկանում եմ թերթին դիմել մի առաջարկությամբ, որ, կարծում եմ, ժողովրդի սրտից կլինի:

Մեր քաղաքում կան մուրացիկներ« ճիշտ է՝ քիչ, բայց կան: Նրանք  հիմնականում լինում են շուկայի մոտ, «պիտաչոկում» և մեկ-մեկ էլ՝ «կոլցեվոյում»: Այդ երևույթը շատ գեշ, ղարաբաղցուն չսազական, անպատվաբեր երևույթ է և, կամա թե ակամա, վատ ես զգում, երբ մտածում ես, որ դրան ականատես են լինում նաև մայրաքաղաքն այցելող արտասահմանցիները:

Առաջարկում եմ «Դեմո»-ում տպագրվող ու հոնորար ստացող հեղինակներին դիմել հետևյալ կոչով, այն է՝ կամավոր հիմունքներով ստեղծել դրամական փոքրիկ ֆոնդ, որից որոշակի ժամանակահատված վարձատրել այդ մարդկանց, բայց պայմանով, որ նրանք այլևս պարզած ձեռքերով չհայտնվեն փողոցներում և չստվերեն մեր ազգի անունը:

Ես այդ ֆոնդին նվիրում եմ իմ առաջին հոնորարն ամբողջությամբ՝ 100 տոկոսով, իսկ այնուհետև մյուս թղթակիցների հետ պայմանավորվածությամբ՝ որոշակի տոկոսաչափով:

Հասկանում եմ, որ սա համապարփակ ձև չէ երևույթի դեմ պայքարելու համար: Երևույթն այդ շատ ավելի խորքային է ու բարդ, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այդ հարցով պիտի զբաղվի պետությունը, պատկան մարմինները, բայց հանրությունն էլ չպիտի անտարբեր մնա: Առաջարկածս ընդամենը հանրային մասնակցության մի շտրիխ է: Այսպես թե այնպես, կարծում եմ, որ այն կունենա կարևոր նշանակություն թե մարդասիրական և թե քաղաքական առումով:

Սերգեյ ՀԱԽՈՒՄՅԱՆ

——————————————————————————————-

ՀՈՒՍԱՆՔ, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՉԻ ԽԱԲՎԻ

Ես ոգևորությամբ ընդունեցի ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հոկտեմբերի 11-ի հայտարարությունը: Նա ասաց, որ չի փորձելու երրորդ անգամ պաշտոնավարել: Կարծում եմ, որ դա ինքնաքննադատական մոտեցման վկայություն էր: Ինչ խոսք, նա քիչ բան չի արել երկրի համար, բայց, միևնույն ժամանակ, երկրում կուտակվել են բազմաթիվ չլուծված հարցեր, որ նրա գլխավորած իշխանությունը չի կարողացել լուծել: Ուստի շատերն են կարծում, որ երկրում համակարգային փոփոխություններ են պետք, որոնք դժվար թե կարողանա իրականացնել ներկայիս իշխանությունը, ինչի պատճառները շատ են:

Ներկայիս ղեկավարության ամենամեծ թերացումն այն է, որ իշխանությունները կտրվել են ժողովրդից ու հեռացել են ժողովրդին հուզող հարցերից: Մարդիկ ուղղակի տարակուսում են պաշտոնյաների քար անտարբերությունից: Սեփական ղեկավարներն անհաղորդ են սեփական ժողովրդի դարդուցավին: Մարդիկ հոգնել են սուտ խոստումներից: Մի՞թե սարսափելի չէ սա:

Հիասթափությունդ մեկ-մեկ այնքան մեծ է լինում, որ քեզնից անկախ ծայրահեղության մեջ ես ընկնում: Օրինակ, ես այն կարծիքին եմ, որ շատ ավելի լավ կլիներ արտերկրից որևէ մեկին ընտրել մեր երկրի նախագահ, որ Արցախի մասին հայրենասիրական նկրտումներով տոգորված, փորձի շենացնել երկրորդ հայկական պետականությունը:

Երկրում սովածներն ավելի շատ են, քան կուշտերը, փախստականների մի մասը շարունակում է հանրակացարաններում ապրել, իսկ նորակառույց բնակելի շենքերը տալիս են ոչ թե կարիքավորներին, այլ ունևորներին: Բնակարանները վաճառում են, իսկ ո՞ր կարիքավորը կարող է ներկայիս գներով բնակարան գնել: Անարդարություններ ինչքան ասես կան, սոցիալական արդարության հետքն էլ չի երևում:

Բայց ամենասարսափելին այն է, որ ասածին լսող չկա, հարցնողին պատասխանող չկա: Անձամբ ես քանի անգամ նամակ եմ գրել երկրի ղեկավարին, բայց միշտ էլ անպատասխան եմ մնացել: Հուսով եմ, որ նոր նախագահն ավելի մոտ կլինի ժողովրդին: ՈՒ առաջին հերթին կզբաղվի գործազրկության կրճատմամբ: Դրան զուգընթաց՝ կենսաթոշակառուների վիճակի բարելավմամբ:

Շուտով ընտրություններ կլինեն, թեկնածուները կրկին ոսկե սարեր կխոստանան, կփորձեն մարդկանց կաշառել, որպեսզի կիսաքաղց ժողովուրդը չնչին գումարով վաճառի իր ձայնը: Չհասկանալով, որ իր գլխին քար է գցում:

Այնուամենայնիվ, հուսով եմ, որ այս անգամ այդպես չի լինի: Ու ժողովուրդը չի խաբվի այսրոպեական շահով, այլ կմտածի երկրի ապագայի մասին: Ընտրելով ամենաարժանավորին:

Հռիփսիմե  ՔՈՉԱՐՅԱՆ

 

ԻՍԿ ԱԶԳԱՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ Ո՞Վ ՊԻՏԻ ՀՈԳԱ 

Հայերս միշտ էլ ավանդապահ ազգ ենք համարվել: Այս հանգամանքն է, թերևս, օգնել, որ դարերի ընթացքում չենք կորցրել մեր ինքնությունը: Ուստի երիցս ցավալի է, որ այսօր մեր երիտասարդությունը անտարբերություն է ցուցաբերում դեպի ազգայինը, որը դրսևորվում է ամենուր՝ ազգային տոների« ծեսերի իմացության և դրանց պահպանման, երգ ու պարի մեջ, հագուկապում:

Ո՞րն է պատճառը: Գո՞ւցե այն, որ եվրոպականացման ճանապարհ բռնած շատ հայ ընտանիքներ մոռացել են իրենց արմատների մասին: Իսկ գո՞ւցե պատճառներից մեկն էլ այն է, որ մեր եկեղեցին ամեն ինչ չէ, որ անում է երիտասարդությանը ազգային տոներին ու ծեսերին մասնակից դարձնելու և ակտիվ քարոզչություն ծավալելու համար, որպեսզի հայը սուրբ Սարգսի տոնի փոխարեն սուրբ Վալենտին չնշի:

Մենք՝ հայերս, քեֆ սիրող ազգ ենք: Մեր պապերի սեղանները միշտ էլ ուղեկցվել են զուռնա-դհոլով: Սակայն ինչպիսի՞ն է այսօրվա քեֆ-ուրախություններում հնչող երգն ու երաժշտությունը: Վրացական լեզգինկայից սկսած ու արաբաթուրքական պորտապարերով դուրս եկած ամեն ինչ կլսես, բացի հայկական երաժշտությունից: Չէ, կներեք, հայկական էլ կլսես, բայց վա՛յ էդ հայկականին:

Մտահոգիչ է նաև հագուստի հարցը: Այսօր հայ երիտասարդությունը, և ինչու՞ միայն երիտասարդությունը, հագնում է հիմնականում Թուրքիայից, Իրանից և արաբական երկրներից ներկրված էժանագին, ցածրորակ, անճաշակ հագուստներ: Կամ էլ ձգտելով նմանվել արտասահմանյան «աստղերին»՝ հագնվում է գռեհիկ կամ, ավելի ճիշտ՝ կիսահագնվում է:

Շատերը կարող են այն կարծիքը հայտնել, որ հագնվելը զուտ անձնական գործ է, ազատության և ճաշակի արտահայտման միջոց: Միգուցե այդպես է: Պարզապես կուզեի հարցնել՝ իսկ ազգապահպանման մասին ո՞վ պիտի հոգա:

Իրեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

«ՎՈՒ՞Ր ՄԻ ԿՐԱԿԻՆ ԴԻՄԱՆԱՄ»…

Աշոտ Հարությունյանն ապրում է Շուշի քաղաքում: Աշխատում է Շուշիի պատմաերկրագիտական թանգարանում, ինչպես ինքը նշեց՝  «իբրև տնօրեն»: Ահա թե ինչ է պատմում. «Մի օր գնում եմ բնակարանային շահագործման գրասենյակ  /«ժեկ»/` տեղեկանք վերցնելու: Բայց տեղեկանք ես չկարողացա ստանալ, որովհետև, ինչպես ինձ «տեղեկացրին», ես 2003 թվականից պարտք ունեմ այդ հիմնարկին: Այն, որ մենք 88 թվականից ի վեր պայքարում ենք այդ տեղեկանքների համակարգի դեմ, այն էլ ապարդյուն՝ դա գիտեի, բայց չգիտեի ու չեմ հասկանում, թե ինչու՞ պետք է  ես փող մուծեմ ԲՇԳ-ին, ինչու՞ պետք է տեղեկանք վերցնեմ ԲՇԳ-ից և նրա ո՞ր ծառայության համար պետք է հարկ մուծեմ:

Ապրում եմ սեփական տանը, որը ես եմ կառուցել: Ամեն ինչ ես եմ արել, ջուրը իմ ուժերով եմ քաշել, աղբը ես եմ հեռացնում, արտաքնոցի հարցերը նույնպես ես եմ լուծել, այսինքն՝ ուզում եմ ասել, որ հիշյալ կառույցն ինձ համար ոչ մի խնդիր չի լուծում: Հիմա ես ինչու՞ պետք է այդ հիմնարկին փող մուծեմ, կամ գնամ տեղեկանք վերցնելու, օրինակ՝  ամուսնության մասին, չէ՞ որ դրա համար ԶԱԳՍ կա:

Նախկինում նման բան չկար: Ասում են, որ օրենքներ են փոխվել, նոր օրենքներ են ընդունվել, այդ դեպքում  ինչու՞ ես ու ինձ նմանները տեղյակ չեն այդ օրենքներին:

Այդ ԲՇԳ-ն թե ԲՇՏ-ն քաղցկեղի նման կպել է մարմնիս: Ու չգիտեմ՝ ինչ անել: Իմ 30000 դրամ աշխատավարձով ես բշգանման հիմնարկների՞ն հարկ մուծեմ, իմ ընտանիքի հացի խնդիրը լուծե՞մ, թե՞ երեխայիս համար կոշիկ առնեմ:

Էս պետությունը իբր անցել է դրամատիրական հասարակության, բայց պտուղներ չի տալիս որպես այդպիսին: Մենք հո հիմարներ չե՞նք:  Բողոքում ես, ասում են՝  «կլյաուզնիկ» է, չես բողոքում, ասում են՝ «սուս ես անում, դրա համար էդ օրին ես»: Ա՛յ քեզ բան…

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

——————————————————————————————-

ԱՍՈՒՅԹՆԵՐ

Ճակատագրից հաճախ դժգոհում են ոչ միայն խեղճ դժբախտները, այլև անհոգ երջանիկները, աչքի առաջ ունենալով էլ ավելի երջանիկներին:

Երբ մեկը երկու անգամ տված խոստումը չի կատարում, երրորդ անգամ նույնի կրկնելը բացառված չէ:

Ոչ մի դեպքում հայրենասեր չի կարելի համարել այն մարդուն, որը հնարավորություն ունի, բայց ցանկություն չունի օգնելու կարիքավոր հայրենակցին:

Կան օրենքներ, որոնք աննկատելիորեն կարող են քողարկել անօրինականությունն ու մնալ չեզոք դերում:

Ոմանք առաջ են գնում իրենց խելքի, ընդունակությունների շնորհիվ, ոմանք էլ՝ ուժեղ «թիկունքի», պատահում է նաեւ՝ մեծ-մեծ խոսելով ու ճոխ խոստումներով:

Կյանքը որքան էլ շատ դժվարություններ, խոչնդոտներ ունենա, չպետք է անգործության մատնվել, հիշելով, որ գիշերվա խավարին միշտ հաջորդում է առավոտյան լույսը:

Պատահում է՝ կուռք է ստեղծվում նաև դատարկ տեղում, միայն հմուտ գովազդողներ լինեն, իսկ միամիտ հավատացողներ միշտ էլ կգտնվեն:

Ազատ խոսքի իրավունքը ոմանց համար անառարկելի, սանձարձակ խոսք է նշանակում:

Չարը հաղթում է այնտեղ, որտեղ իշխում են անտարբերությունն ու կեղծ բարեպաշտությունը, իսկ տուժողը միշտ էլ անմեղ առաքինությունն է լինում:

Գիտելիքն  ուժ եւ հարստություն է միայն այն դեպքում, երբ գործադրելու պայմաններ ու հնարավորություններ կան:

Երբ մոլորյալն իրեն ուղղողի, ճշմարիտ ճանապարհ ցույց տվողի կարիքն է զգում, պատահում է, որ այդ դերը ստանձնում է մի այլ մոլորված: Արդյունքում՝ ոչ լաց, ոչ ծիծաղ, կամ էլ՝ երկուսը միասին:

Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s