№ 20 / 30 նոյեմբեր

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԱՐԴԱՐԱՑՐԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԵՐԸ. ՀԱՐԿԱՎՈՐ Է ՑՐԵԼ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Իշխանություն-ժողովուրդ հարաբերությունները բավականին հետաքրքիր փուլ են թևակոխել: Այն է՝ իշխանությունները սկսել են լրջորեն քննադատել ժողովրդին: Արդեն ժողովրդին: «Օդիոզների» քննադատությունը, ինչպես տեսնում եք, վերաճել է ժողովրդականի:

Երևույթի ուշագրավությունն ու զավեշտայնությունն առավել հստակ պատկերացնելու համար հիշեցնենք հայտնի երգիծաբան Միխայիլ Ժվանեցկու միտքը. «Ժողովրդի հետ այսքանն անելուց հետո իշխանությունը պարզապես պարտավոր է առնվազն ամուսնանալ նրա հետ»: Մեր պարագայում, սակայն,  «այսքանից հետո» իշխանությունները, ընդհակառակը՝ «ռազվոդ են տալիս»:

Իսկ կատարվել է հետևյալը: ԼՂՀ ԱԺ նոյեմբերի 15-ի լիագումար նիստում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Անուշավան Դանիելյանը հմտորեն փորձ արեց ինքնահեռանալ երկրում առկա պրոբլեմներից ու դրանցում մեղադրել ժողովրդին: Այսպես, երբ խոսք գնաց արդեն աղետ դարձող հրդեհների կանխարգելման մասին, նա ասաց. «Կառավարությունը հո հրշեջ կայան չէ, որ գնա ու հրդեհները մարի: Հո կառավարությու՞նը չի վառում: Սահմանամերձ գոտիներում, հասկանալի է, շփման գծի մյուս կողմից են վառում, բայց մյուս տեղերում ժողովուրդն է դա անում՝ մարդիկ սովորություն ունեն արտը հնձելուց հետո այն վառել: Մարդիկ չեն հասկանում»: Ամենահետաքրքիրը «հո մե՞նք չենք վառել» միտքն է: Նույն տրամաբանությամբ կարելի է հանցագործին չբռնել (հո մե՞նք չենք սպանել և այլն), վարկը չվերադարձրած մարդուն հանգիստ թողնել (հո մե՞նք չենք վարկը մսխել) և այլն, և այլն:

Կամ երբ պատգամավորներից մեկը, փաստելով մայրաքաղաքի Ա. Մանուկյան փողոցի թ.120 շենքում բռնկված դեղնախտի համաճարակը և շենքի անմխիթար բնակարանային պայմանները, հարցրեց, թե կառավարությունն ինչ է ձեռնարկել այս ուղղությամբ, Ա. Դանիելյանը «հարվածի» ուղղությունը փոխեց դեպի քաղաքապետարան և ապա հընթացս դարձյալ անցավ ժողովրդի քննադատությանը. «Տեսեք, թե ինչպիսի վիճակ է բոլոր շենքերում: Հո կառավարությունը չի՞ գնալու ու ստուգի շենքերի նրբանցքները (հավանաբար, նկատի ունի շքամուտքերը – խմբ.): Տեսեք, թե ինչպիսի վիճակ է այնտեղ: Մենք առաջարկել ենք ստեղծել համատիրություններ, խոստանալով օգնել: Բայց մարդիկ չեն հասկանում, չեն անում: Քաղաքապետարանն էլ չի անում: Կառավարությունն ի՞նչ անի»:

Ուշադրություն դարձրեք, առաջին դեպքում վարչապետը չխոսեց ամառվա շեմին հրդեհների կանխարգելման աշխատանքները համակարգելու իր պարտականության մասին, երկրորդ դեպքում էլ խուսափեց ասել, թե իշխանություններն ինչ են անում տասնամյակներ շարունակ անմարդկային պայմաններում ապրող մարդկանց բնակարանային պայմանները բարելավելու և կառավարության ստորաբաժանումներից մեկի՝ առողջապահության նախարարության կատարածի կամ անելիքների մասին գոնե դեղնախտի օջախը վերացնելու ուղղությամբ:

Եթե այս ամենին գումարենք նաև այն հանգամանքը, որ այս կամ այն տնտեսական խնդրի ծագման դեպքում իշխանություններն ասում են. «Դե, մենք ի՞նչ կարող ենք անել՝ շուկայական տնտեսություն է, շուկայական հարաբերություններ, մասնավոր սեփականություն», ապա պատկերը միանգամայն պարզ կդառնա: Ու կծնվի միանգամայն տրամաբանական հարցը՝ լավ, որ այդպես է, բա այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի մեր իսկ գումարներով այսպիսի բազմաքանակ կառավարություն ու պետական ապարատ պահել: Որպեսզի այնքան վեր բարձրանան, որ կտրվե՞ն երկրից ու ժողովրդից:

Բայց «անհասկացող» ենք ու այդ հարցը չենք տալիս: Չէ, իրոք որ, հրաշալի պատճառաբանություն է գտնվել՝ մենք ի՞նչ անենք, մարդիկ չեն հասկանում, անհասկացող են: Ու դրանից բխող եզրակացությունը՝ դե թող այդպես էլ ապրեն: Սա նույնն է, թե, ասենք, մի դար առաջ գյուղացիները իրենց մի կտոր հացից պոկեն ու մի  քանի ուշիմ երիտասարդի կրթություն տան, որ գան իրենց դարդին դարման անեն ու փրկեն պրիստավի անիրավություններից, ու այս երիտասարդներն էլ «գրագիտացած» գան ու սկսեն նույն պրիստավից ավելի «գրագետ» ծուղակներ սարքել նույն գյուղացիների գլխին:

Նմանօրինակ մի իրավիճակ ժամանակին ստեղծվել էր Գերմանիայում, ինչը ստիպել էր հայտնի գրող Բերտոլդ Բրեխտին դառը սրտով կատակել՝ «Ժողովուրդը չարդարացրեց կառավարության հույսերը: Հարկավոր է ցրել ժողովուրդը»: Դե, եթե կառավարությունը ցրել չի հաջողվում, ապա պիտի ցրվի ժողովուրդը: Իսկ ժողովուրդն առանց այն էլ «ցրվում» է՝ վերածվելով սոսկական բնակչության:

Ի՞նչ ասենք, մեր ժողովրդի գլխով հազար ու մի փորձանք է անցել: Այս մեկին էլ կդիմանա: Ու «կհասկանա» վերջապես:

——————————————————————————————-

Ռռամիասնություն

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ-2006»-Ի ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ՝ 13,7 ՄԼՆ ԴՈԼԱՐ 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2006 թվականի հեռուստամարաթոնում արձանագրվեց նվիրատվությունների եւ նվիրատվության խոստումների աննախադեպ ռեկորդային արդյունք՝ 13,7 մլն դոլար: Նման ցուցանիշ չէր արձանագրվել Հիմնադրամի նախորդ՝ թվով 8 հեռուստամարաթոններից եւ ո°չ մեկում. առավելագույն արդյունքը եղել էր 12 մլն դոլարը: Հիմնադրամի 9-րդ հեռուստամարաթոնը նպատակ ուներ միջոցներ հանգանակել «Արցախի վերածնունդ» ծրագրի իրագործման համար: Հեռուստամարաթոնի արդյունքը կանխատեսելի էր, քանի որ, դեռեւս մինչ նոյեմբերի 23-ը, Հիմնադրամը մեծ թվով նվիրատվություններ էր ստացել անհատներից ու կազմակերպություններից եւ բարձր արդյունքներ ապահովել հայաստանյան ու եվրոպական հեռախոսամարաթոններում:

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցած հեռուստամարաթոնի սկզբում եւեթ արձանագրվեց, որ մարաթոնը մեկնարկում է արդեն իսկ ունենալով 2,4 մլն դոլարի չափով նվիրատվությունների ու նվիրատվության խոստումների ցուցանիշ ՝ 1,2 մլն-ը՝ Հայաստանից ու Արցախից, 1,4 մլն-ը՝ Եվրոպայից: «Արցախի վերածնունդ» ծրագիրը անտարբեր չթողեց հայրենիքի եւ սփյուռքի հայությանը. մարաթոնն առաջին իսկ ժամվա ընթացքում արագ թափ հավաքեց, եւ խոշոր բարերարներն ու «շարքային» նվիրատուներն իրենց ակտիվ մասնակցությամբ ձեւավորեցին մարաթոնի՝ սրընթաց աճող ցուցանիշները:

Առաջին խոշոր նվիրատվությունը Սարգիս Հակոբյանինն էր, ով խոստացավ նվիրաբերել 550 հզ դոլար՝ ԼՂՀ Հադրութի շրջանի զարգացման համար: 500 հազար դոլարի նվիրատվության խոստում տրվեց Լուիզ Սիմոն Մանուկյանի կողմից՝ նույնպես Հադրութի շրջանի զարգացման համար: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Ալբեր Բոյաջյանը հեռուստամարաթոնում հայտարարեց իր ընկերոջ՝ Ջերի Թուրփանջյանի 1 մլն 250 հազար դոլար նվիրատվության մասին. տրամադրվող միջոցներով Ստեփանակերտում կկառուցվի դպրոց: Հայտարարվեց նաեւ բարերար Վահե Կարապետյանի՝ 1,5 մլն դոլար նվիրատվության մասին. այն կծառայեցվի Ամարասի ճանապարհի կառուցմանը: Ամերիկահայ ճանաչված բարերար Քըրք Քըրքորյանի՝ «Լինսի» հիմնադրամի միջոցով նվիրաբերված 2 մլն դոլարի մասին հայտարարեց հիմնադրամի փոխատենապետ Հարութ Սասունյանը: Գումարը կտրամադրվի ԼՂՀ տարածքում ուսումնական հաստատությունների կառուցման ու վերակառուցման ծրագրի իրագործմանը: 1 մլն դոլարի նվիրատվության խոստում տրվեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից. գումարը կհատկացվի Ստեփանակերտում նոր դպրոց կառուցելուն: Ամերիկյան «Project Cure» կազմակերպությունը եւս հայտարարեց 2 մլն դոլարի նվիրատվության մասին. նվիրատվությունը, բուժսարքավորումների տեսքով, կտրամադրվի Հադրութի շրջանային հիվանդանոցին, որի վերակառուցման ծրագիրը Հիմնադրամի աշխատանքների օրակարգում է: Նույն կազմակերպությունը 1,5 մլն դոլար արժողությամբ բուժսարքավորումներ է հատկացնելու նաեւ Մարտակերտի շրջանային հիվանդանոցին:

Հեռուստամարաթոնի ընթացքում 1,5 մլն դոլարի հանգանակություն կատարեց Հիմնադրամի Լոս Անջելեսի տեղական մարմինը, եւ 900 հազար դոլարի հանգանակություն՝ Հիմնադրամի Նյու Յորքի տեղական մարմինը: Հեռուստամարաթոնին երկրների մասնակցության ցուցանիշները Հիմնադրամը կամփոփի եւ կներկայացնի առաջիկայում: Հայաստանյան գործարարներն ու կազմակերպությունները եւս աչքի ընկան հեռուստամարաթոնում. 100 հազար դոլարի նվիրատվության խոստում տվեց գործարար Միքայել Բաղդասարովը, 50 հազար դոլարի նվիրատվության խոստում՝ Աժ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, եւս 50հազար դոլարի նվիրատվություն խոստացվեց ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի կողմից: 70 հազար դոլարի նվիրատվություն կատարեց «ՎիվաՍել» ընկերությունը, 41 հազար դոլար նվիրաբերվեց «Արդշինինվեստբանկի» եւ 25 հազար դոլար՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից: Հայաստանյան մյուս կազմակերպությունների, ինչպես նաեւ՝ անհատների, նվիրատվությունների մասին առավել մանրամասն տեղեկատվությունը եւս Հիմնադրամը կհրապարակի առաջիկայում:

«Հեռուստամարաթոն-2006»-ի աննախադեպ հաջողությունն ուղղակիորեն պայմանավորված էր նաեւ այն հանգամանքով, որ դրամահավաքին հավասարաչափ աշխուժությամբ մասնակցեցին թե° խոշոր բարերարները, թե° «շարքային» նվիրատուները: «Արցախի վերածնունդ» ծրագիրը մեծ նվիրատվություններ ապահովեց ո°չ միայն Հադրութի շրջանի զարգացման ծրագրի, այլեւ՝ տարբեր նպատակային ծրագրերի իրագործման համար: Հիմնադրամն այդ կապակցությամբ խորին երախտագիտություն է հայտնում բոլոր նվիրատուներին:

Հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակը նոյեմբերի 23-ին հարյուրավոր հեռախոսազանգեր ու նվիրատվություններ ստացավ ո°չ միայն Հայաստանից ու Արցախից, այլեւ՝ Գերմանիայից, Իրանից, Թուրքիայից, ՌԴ-ից, Բելգիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Ուկրաինայից, Հունաստանից եւ այլ երկրներից: Նվիրատուների անվանացանկը Հիմնադրամը, ինչպես ավանդաբար, կհրապարակի 2007-ի մայիսին լույս տեսնելիք իր ամենամյա հաշվետու հանդեսում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժին

ARMENIAN REPRESENTATION

Հայաստանի ներկայացուցչություն

9 Alex Manoogian,Yerevan0070,Armenia
Tel: (37410)  51-2250,  fax: (37410)  51-2252
E-mail: agbu@aua.am

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ / 24.11.2006

Նոյեմբերի 23-ին Հայաստան համահայկական հիմնադրամի` ԱՄՆ-ում տեղի ունեցած հեռուստամարաթոնի ընթացքում իր հերթական զգալի մասնակցությունն ունեցավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի ատենապետ Լուիզ Մանուկյան Սիմոնը` հանգանակելով 500 000 ԱՄՆ դոլար:

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հատուկ շնորհակալություն հայտնեց տիկին Մանուկյան Սիմոնին`  նշելով, որ «Լուիզ Մանուկյան Սիմոնը տասնյակ ծրագրեր է իրականացրել եւ իրականացնում Լեռնային Ղարաբաղում: Եվ իզուր չէ, որ նրան անվանում են Ղարաբաղի պահապան հրեշտակ»:

«Վստահ եմ, որ Ձեր ծանր հրետանին կշարունակի իր գործը»,-վերջում նախագահն իր խոսքն ուղղեց Լուիզ Մանուկյան Սիմոնին:

ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի ատենապետ Լուիզ Մանուկյան Սիմոնը ԼՂՀ անկախացումից ի վեր մշտապես իր մասնակցությունն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի վերակառուցմանը` զգալի ներդրում ունենալով Գորիս-Ստեփանակերտ, Հյուսիս-Հարավ ավտոճանապարհների վերակառուցման գործում: Անձնական նվիրատվությունների միջոցով Ստեփանակերտում կառուցվել է 2 բարձրահարկ շենք` ազատամարտիկների ընտանիքների համար, Ազատամարտիկների փողոցում տեղակայված թիվ 7 դպրոցը եւ Ալեք Մանուկյան  փողոցը: Ինչպես նաեւ, վերակառուցվել է Շախմատի դպրոցը:

Բացի այսօրինակ աշխատանքներից, ՀԲԸՄ-ն իր միջոցներով գյուղաշինության եւ վերաբնակեցման աշխատանքներ է տանում ԼՂՀ-ում` մասնավորապես Հադրութի շրջանում: Արդեն վերաբնակեցվել է Նորաշեն գյուղը, իսկ Ջրակն եւ Բարեշեն գյուղերում դեռեւս ընթանում է նոր տների շինարարությունը:

Ստեփանակերտից մոտ 70 կմ հարավ-արեւելք գտնվող Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի վերակառուցումն սկսվել է 2001 թվականին: Գյուղում կառուցվել է 22 տուն, մանկապարտեզ եւ բուժկետ: Նորաշենի ենթակառուցվածքները, այդ թվում եւ դպրոցը, ծառայելու են նաեւ հարակից  Բարեշեն եւ Ջրակն գյուղերին, որոնք կառուցվում են  ՀԲԸՄ-ի հովանավորությամբ:

Ջրակն գյուղի կառուցումն ընթանալու է 2 փուլով: Մինչեւ 2007 թվականի առաջին եռամսյակը նախատեսվում է ավարտին հասցնել 10 տան շինարարություն: Եվս 10 տուն կկառուցվի երկրորդ փուլում:

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆ ԱՄՓՈՓԵԼ Է «ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆ-2006»-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփել է ամենամյա հեռախոսամարաթոնի արդյունքները: Նախորդ տարվա հեռախոսամարաթոնի արդյունքի՝ 27 մլն դրամի համեմատ՝ այս տարի Հիմնադրամն արձանագրել է աճ՝ 35 մլն դրամ: Հիմնադրամի աշխատակիցների՝ նոյեմբերի 15-17-ը հայաստանյան խոշոր, մանր, միջին ձեռնարկություններ եւ տարբեր կազմակերպություններ արված հեռախոսազանգերի արդյունքում խոստացված գումարներից 29 մլն-ն արդեն փոխանցված է Հիմնադրամի հաշվեհամարներին: Նվիրատվությունները նոյեմբերի 23-ին տեղի ունենալիք «Հեռուստամարաթոն-2006»-ից հետո կծառայեցվեն ԼՂՀ Հադրութի շրջանի զարգացման ծրագրի իրագործմանը:

Նախորդ տարվա համեմատ՝ աճ է արձանագրվել նաեւ եվրոպական հեռախոսամարաթոնում, որն այս տարի անցկացվում էր նոյեմբերի 16-19-ը՝ Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում: Նախորդ տարվա եվրոպական հեռախոսամարաթոնն ապահովել էր 976 հզ եվրոյի նվիրատվություն, դրամահավաքին մասնակցել էր սփյուռքի 11 հզ ընտանիք ու ձեռնարկություն: Այս տարվա արդյունքն է 1 մլն 100 հզ եվրո՝ սփյուռքի ավելի քան 13 հզ ընտանիքի եւ ձեռնարկության մասնակցությամբ:

40 հզ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում է ստացվել Արգենտինայում տեղի ունեցած հեռախոսամարաթոնի ընթացքում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժին

—————————————————————————————–

Կարգավորում

ՄԻՆՍԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Նոյեմբերի 28-ին Բելառուսի մայրաքաղաքում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները` բանակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության անանուն մի պաշտոնյա, ընդլայնված կազմով հանդիպումից հետո, որին մասնակցում էին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Կարել դե Գուխտը եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը առանձնացան` «դեմ առ դեմ հանդիպման համար»:

«Ազատություն» ռ/կ

«ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ» ԵՎ «ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ» ՄՏՔԵՐ

Նախօրեին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները Բրյուսելում ասուլիս տվեցին: ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների գլխավորությամբ անցկացված ասուլիսում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները շատ լավ էին տրամադրված միմյանց նկատմամբ, համենայնդեպս, նրանց մեկնաբանությունները խիստ տարբերվում էին նախորդ նման հանդիպումներում հրապարակված հայտարարություններից:

Իրենց նախնական խոսքում երկու նախարարներն էլ բարձր գնահատեցին Եվրամիության հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե բարեկամական թվացող մեկնաբանություններն արդյոք ինչ-որ բան նշանակո՞ւմ են  ղարաբաղյան բանակցությունների համար, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Չգիտենք՝ վաղը ինչ կկատարվի: Սեղանի վրա կա տրամաբանական առաջարկություն, կան հետաքրքրական մտքեր, պետք է նորմալ նստել, բանակցել եւ կամք ցուցաբերել: Այնպես որ, դա էր արտահայտում այսօր մեր հայտարարությունը»:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի կարծիքով, «հարցը պետք է դիտել այն համատեքստում, որ ժամանակն արդեն հրում է մեզ առաջ, եւ ըմբռնումն էլ է աճել, որ պետք է շարժվել մեռյալ կետից՝ այնտեղից, որտեղ կանգ ենք առել այս հակամարտության հարցում»: «Եվ տվյալ դեպքում, ես կարծում եմ, որ լավ հնարավորություն կա»,- ամփոփեց Ադրբեջանի ԱԳ նախարարը:

«Առավոտ» (ըստ «Ազատություն» ռ/կ-ի)

ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԲԱՆ ՉԻ ՏԱ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻՆ

Կովկաս վերլուծական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը նոյեմբերի 18-ին Ուրբաթ ակումբում տեղի ունեցած քննարկման ընթացքում հայտարարել է, որ ԵՄ-Հայաստան անհատական գործակցության ծրագիրը հազիվ թե նոր սկզբունքներ ու մոտեցումներ բերի Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Մանվել Սարգսյանը կարծում է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե Եվրամիության հետ Հարավային Կովկասի երկրների անհատական գործակցության ծրագրերն ինչ նոր մոտեցումներ առաջ կբերեն տարածաշրջանային հարաբերությունների որակի առումով: Այդ տեսանկյունից փորձագետը քիչ հավանական է համարում, որ մոտեցումների փոփոխություն լինի, քանի որ անհատական գործակցության ծրագրերն ուղղված չեն տարածաշրջանի միասնական եվրոպական ինտեգրացիային, այլ ամեն երկրի պարագայում հետապնդում են առանձին նպատակ եւ գործողություններ:

Մյուս կողմից, փորձագետը նշում է, որ երբ միասնական Եվրոպան 2004 թվականին փորձ արեց ներգրավվել Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, այդ կապակցությամբ ընդունած ԵԽԽՎ բանաձեւում առաջ քաշեց մտքեր, որոնք ձեռնտու էին հայկական կողմին: Մանվել Սարգսյանը մասնավորապես նշում է Թերի Դեւիսի հայտարարությունը, թե կարեւորը տարածքները չեն, այլ մարդիկ: Փորձագետը նշում է, որ Դեւիսն այդպիսով ակնարկում էր Ղարաբաղ-Ադրբեջան ուղղակի բանակցության անհրաժեշտության մասին, ինչն էլ հետագայում ամրագրվեց Ատկինսոնի հայտնի զեկույցի եւ ընդունված բանաձեւի մեջ: Մանվել Սարգսյանը նշում է, որ Եվրոպան այդպիսով փորձում էր ցույց տալ, որ Մինսկի խմբի ձեւաչափում հարցը չկարգավորելու կարեւորագույն պատճառներից մեկը հենց Ղարաբաղ-Ադրբեջան ուղղակի բանակցության բացակայությունն է:

«Կովկասի» փորձագետի գնահատմամբ, Ադրբեջանը անմիջապես հասկացավ իր համար այդ վտանգավոր մոտեցումը եւ այդ պատճառով է, որ հարցը Եվրոպական կառույցներում քննարկելու մղումը անմիջապես փոխարինեց այն ՄԱԿ տեղափոխելու ջանքով: Մանվել Սարգսյանի համար զարմանալի է, որ Հայաստանը չգիտես ինչու լռության մատնեց եվրոպական այն մոտեցումները, որոնք փաստացի բխում էին հայկական կողմի շահից: Միեւնույն ժամանակ փորձագետն ասում է, որ Մինսկի խումբը, բացի Ղարաբաղի հարցից, վերածվել է ընդհանուր աշխարհաքաղաքական խնդիրների լուծման մի կառույցի, որը զբաղվում է հարցերի լայն շրջանակով եւ մեծ ազդեցություն ունի այս տարածաշրջանում: Այդ առումով փորձագետը շատ դժվար է համարում աշխարհաքաղաքական այդ հզոր գործիքը անմիջապես փոխարինելը եւ այդ դեպքում առաջանալիք վակուումը լրացնելը: Եվ հենց այդ նկատառումով էլ նա քիչ հավանական, գրեթե անհավանական է համարում, որ տարածաշրջանում միասնական Եվրոպայի ներկայացվածության ավելացումը էական փոփոխություն բերի Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակին:

«Լրագիր»

Ս. ՖՐԵՅԶԵՐ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՔՎԵՆ»

Միջազգային Ճգնաժամային խումբը Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նոր զեկույց չի պատրաստի, քանի որ իրավիճակի փոփոխություն չի եղել: Ինչպես տեղեկացնում է day.az-ը, այդ մասին նոյեմբերի 28-ին հայտարարել է ՄՃԽ Հարավային Կովկասի ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքով, տարածաշրջանում իրավիճակի մասին նոր զեկույց կպատրաստվի 2007 թվականին: Մինսկում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման առնչությամբ Ֆրեյզերն ասել է, թե դժվար է ենթադրել, որ կարող է կատարվել հակամարտության կարգավորման առաջընթաց քայլ. «Նախագահներ Ալիեւն ու Քոչարյանը փոխզիջման հասնելու հարցում վճռական չեն, իսկ ինչ ավելի կարեւոր է` նրանք իրենց հասարակությունները չեն պատրաստել այդ փոխզիջումներին: Եթե բանը հասնի սկզբունքների համաձայնեցմանը, ապա նախագահները պետք է ժողովուրդներին բացատրեն դրանց էությունը, եւ թե ինչու է պետք հասնել այդ փոխզիջմանը»:

Ինչ վերաբերում է Ղարաբաղում դեկտեմբերի 10-ին կայանալիք Սահմանադրության հանրաքվեին, ապա Ս. Ֆրեյզերն ասել է, որ այդպիսի միջոցառումները բավական տարածված են դարձել հետխորհրդային տարածքում. «Հնարավոր է՝ դրա պատճառը Չեռնոգորիայի հանրաքվեն էր, սակայն Չեռնոգորիայի դեպքը բացարձակ նման չէ նախկին ԽՍՀՄ տարածքի հակամարտություններին, որովհետեւ Սերբիան հենց սկզբից արձանագրեց, որ կընդունի հանրաքվեի արդյունքը, ինչպիսին էլ որ այն լինի: Հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի արդյունքը միջազգային հանրությունը չի ճանաչի»:

 

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ  ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան նոյեմբերի 24-ին ԱՄՆ-ում մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս վիճակի եւ նրա հեռանկարների վերաբերյալ:

Կառուցողական մթնոլորտում կայացած զրույցի մասնակիցները կարեւորել են հակամարտության կողմերի միջեւ ծագող խնդիրները բանակցային սեղանի շուրջ կարգավորելու անհրաժեշտությունը:

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՍՈՒՏ Է ՈՒ ՇՈՈՒ

Ադրբեջանի արտաքին քաղաքականության հարցերով նախկին պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեի կարծիքով, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը ուղղակիորեն կախված է ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցումից, հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը:

«Հայաստանը այն պետությունը չէ, որը մեզ դիմակայում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, – ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի հարցազրույցում հայտարարել է Գուլուզադեն: – Իրականում այդ պետությունը Ռուսաստանն է, իսկ Հայաստանը միայն գործիք է նրա ձեռքին»:

Նա համոզմունք է հայտնել, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ներկայացնող միջնորդները, «ոչ մի կապ չունենալով այդ երկրների ղեկավարության հետ, ուղղակի ինքնագործունեությամբ են զբաղվում: Համանախագահների գործունեությունն ընդամենը շոու է»:

«Չորրորդ իշխանություն»

ՄՆԱԼՈՒ Է 40 ԿԻԼՈՄԵՏՐԱՆՈՑ ՄԻՋԱՆՑՔ

Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում ներկայումս քննարկվում է շրջանակային համաձայնագրի նախագիծը, ըստ որի` Հայաստանը վերադարձնելու է բոլոր 7 ադրբեջանական շրջանները, իսկ ԼՂ-ն Հայաստանին է միանալու 40 կիլոմետրանոց միջանցքով, որը վերահսկվելու է խաղաղապահ ուժերի կողմից: Երեկ նման տեղեկատվություն է տարածել ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթը` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: «Համաձայնագրի նախագիծը նախատեսում է հետեւյալ քայլերը. Հայաստանը դուրս է բերում զորքերը իր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներից, փախստականները վերադառնում են իրենց մշտական բնակության վայրերը, նորմալացվում են Հայաստանի եւ Ադրբեջանի դիվանագիտական ու տնտեսական կապերը, հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր են տեղակայվում, ԼՂ-ին միջազգային տնտեսական աջակցություն է ցուցաբերվում եւ անցկացվում է հանրաքվե` ԼՂ-ի կարգավիճակի հարցով»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

«Հայկական ժամանակ»

——————————————————————————————

Արցախ-Սփյուռք 

ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ. ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՐԵ՞Լ ԵՆ, ԱՐԴՅՈՔ, ԾԱԽՍԵՐԸ

Այս տարվա հեռուստամարաթոնը հավաքել է 13.7. մլն. դոլար: Ոմանք նման արդյունքը աննախադեպ եւ ուղենշային են գնահատում, ոմանք էլ նշում են, որ այս անգամ մեծ էր խոշոր բարերարների ներդրումը, իսկ «շարքային» սփյուռքահայերի մասնակցությունն այնքան էլ մեծ չի եղել: Այս և այլ հարցեր մեկնաբանելու խնդրանքով «Դեմո»-ն դիմեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղարաբաղյան ներկայացուցիչ պարոն Միշել ՏԱՆԿՐԵԶԻՆ:

-Պարոն Տանկրեզ, ինչո՞վ է, ըստ Ձեզ, պայմանավորված հեռուստամարաթոն-2006-ի հաջողությունը:

-Պետք է ասեմ, որ այս տարի ավելի մեծ թվով միջոցառումներ են կազմակերպվել: Բացի այդ, գումարներ են հանգանակել խոշոր բարերարները, եւ ոչ միայն Հադրութի շրջանի բարեկարգման համար: Օրինակ, պարոն Ալբեր Բոյաջյանը 1.5 մլն. դոլար է խոստացել Ստեփանակերտում նոր դպրոց կառուցելու համար: Ֆրանսիացի բարերարները գումար են տալիս Ակնաղբյուրում ևս դպրոց կառուցելու համար, իսկ «Լինսի» հիմնադրամի 2 միլիոն դոլարը եւս պետք է ուղղվեն կրթական համակարգի զարգացմանը: Կասեի, որ այս տարի ավելի լայն էր հիմնադրամի կապը ամբողջ աշխարհի հայության հետ: Իր դերն է խաղացել նաև այն, որ 2006-ը Հայաստանի տարին է Ֆրանսիայում: Դրա շնորհիվ միայն Ֆրանսիայում 1 մլն. 300 հազ. դոլար է հանգանակվել: Եւս մեկ հանգամանք՝ այս տարի Ղարաբաղում եւ Հայաստանում մեծ գումարներ են հավաքվել: Եւ Սփյուռքը դա ըստ արժանվույն է գնահատել: Հատկապես, որ բացի առանձին անձերից եւ հաստատություններից, մասնակցել են նաեւ գործարարներ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանում եւ Ղարաբաղում սկսել են մտածել երկրի բարեկեցության մասին:

-Իսկ ս.թ. սեպտեմբերին Երեւանում կայացած Սփյուռք-Հայաստան համաժողովը, Ձեր կարծիքով, որեւէ դեր խաղացե՞լ է:

-Կարծում եմ՝ այո: Չէ՞ որ ամբողջ Սփյուռքն էր հավաքվել: Մեծ է նաեւ Հայաստանի եւ Ղարաբաղի կառավարությունների դերը, ինչպես նաեւ հիմնադրամի աշխատանքը: Չէ՞ որ խոշոր բարերարներին զանգում էին ոչ թե կամավորները, այլ հատուկ մարդիկ: Օրինակ, Ֆրանսիայում 1000 դոլարից շատ հանգանակողներին հատուկ մարդիկ էին զանգում:

-Ինչպե՞ս եք գնահատւմ Ռուսաստանի մասնակցությունը:

-Դուք գիտեք, որ Ռուսաստանի հայերի միությունը 1 մլն. 250 հազար դոլար է հանգանակել

Ստեփանակերտի թիվ 11 միջնակարգ դպրոցի համար: Այնտեղ հայկական սփյուռքը մեծ է, բայց «Հայաստան» հիմնադրամի մասնաճյուղ այնտեղ բացվել է միայն 2005-ին: Մեկ տարվա համար քիչ գործ չէ արված:

-Պարոն Տանկրեզ, որքա՞ն արժե Հադրութի վերականգնման ծրագիրը:

-Նվազագույն ծրագիրը 7-10 միլիոն դոլարի չափով է հաշվարկված: Բայց դա վաղուց էր արված, դրանից հետո դոլարի արժեզրկումը շարունակվել է: Ընդհանրապես, դոլարի արժեքի փոփոխությունը մեծ խառնաշփոթ է մտցնում հիմնադրամի ծրագրերի մեջ: Ինչ վերաբերում է Հադրութին, ապա դեռ ոչինչ պարզ չէ՝ հունվարի վերջին-փետրվարի սկզբին կկայանա հիմնադրամի ժողովը, որտեղ կհստակեցվեն ծրագրերը եւ վերջնական որոշում կընդունվի:

-Անցած տարի հայտարարվել է, որ Մարտակերտի վերականգնման ծրագիրն արժե 17 միլիոն դոլար: Սակայն ծրագրի համար հավաքվել է ընդամենը 5 միլիոն: Հնարավո՞ր է, արդյոք, որ այս տարվա գումարներից Մարտակերտին էլ բաժին հասնի:

-Կրկին նշեմ, որ ամեն ինչ ընդհանուր ժողովի ժամանակ կորոշվի: Սակայն պետք է ասեմ, որ բացի մարաթոնի գումարներից պարտնյոր  (գործակից)    ենք գտնում խնդիրները լուծելու համար: Օրինակ, «Հեյֆեր» կազմակերպությունը որոշել է Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մոխրաթաղ գյուղերի բնակիչներին հորթեր տրամադրել:  Կան բարերաներ, որոնց միջոցներով Հաթերքում, Ջանյաթաղում, Վերին Հոռաթաղում դպրոցներ են վերակառուցվել: Հիմա ունենք բարերար, որը 5 հազար եվրո է տվել, եւ հիմա  ԼՂՀ ԿՄՍ նախարարության հետ միասին որոշում ենք որևիցե մի դպրոց վերակառուցել:

-Մարաթոնն անցկացնելու համար մեծ միջոցներ են պետք, այն, ինչպես գիտենք, թանկ հաճույք է՝  թանկարժեք եթերային ժամեր, հեռախոսներ, կապ, վերջապես՝ ճանապարհորդություններ: Արդյո՞ք արդարացվում են այդ ծախսերը:

-Առանց ծախսելու հնարավոր չէ շահույթ ստանալ, բիզնեսում էլ, ինչպես գիտեք, լուրջ գումարներ են ծախսում գովազդի համար: Ինչպե՞ս կարելի է առանց կապի ժամանակակից միջոցների, հեռախոսի ու  ինտեռնետի մարդկանց տեղյակ պահել: Օրինակ, Ֆրանսիայում աշխատեցվում էր 150 համակարգիչ, որոնց ծախերի մեծ մասն իր վրա է վերցրել «ՖրանսՏելեկոմը»: «ՎիվաՍելն» էլ հանդիսանում է Հայաստանում հովանավոր-կազմակերպություններից մեկը, որը ֆինանսավորել է հեռուստամարաթոնի ուղիղ եթերը Հայաստանում: Գիտեմ, որ Ֆրանսիայում ծախսվել է ընդհանուր առմամբ 70 հազար դոլար, բայց դա թույլ է տվել հավաքել 1 միլիոն 300 հազար դոլար: Տրանսպորտային ծախսերն են բավականին մեծ, դրա համար էլ այս տարի որոշվեց, որ Հայաստանից եւ Ղարաբաղից քիչ մարդ գնա ԱՄՆ:

-Եւ վերջին հարցը. դատելով լրատվամիջոցներից՝ հիմնադրամի եւ ԼՂՀ կառավարության միջև որոշակի հակասություններ գոյություն ունեն: Այդպե՞ս է, արդյոք, և եթե այո, ապա ինչո՞վ են դրանք պայմանավորված:

-«Հայաստան» համահայկական հիմնադրամն այս առումով ոչ մի պրոբլեմ չունի, ընդհակառակը՝ մեր համագործակցությունը բավականին ամուր ու  սերտ  է: Նշեմ, որ մենք ԼՂՀ կառավարության հետ միասին ենք կազմել Հադրութի շրջանի ծրագրերը: Հիմա առնվազը ամիսը մեկ անգամ գրավոր հաշվետվություն ենք հանձնում, որպեսզի ավելի պաշտոնականացվեն ԼՂՀ կառավարության եւ հիմնադրամի հարաբերությունները:

Վերջում նշենք, որ պարոն Միշել Տանկրեզը, որը Փարիզում էր բնակվում, մի քանի տարի առաջ ԼՂՀ քաղաքացիություն է ստացել եւ հիմա ընտանյոք հանդերձ բնակվում է Ստեփանակերտում: Մեծ գործ է անում Ղարաբաղի համար: Որպես հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական և ԼՂՀ-ում հիմնադրամի կողմից իրագործվող զարգացման ծրագրերի ղեկավար, աշխատում է հասարակական հիմունքներով: Նորերս ընտրվել է ԼՂՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի փոխնախագահ եւ վերջին մի քանի ամսվա ընթացքում իր ֆրանսիացի ընկերների աջակցությամբ արդեն 7 մարզասեղան է բերել Արցախ:

Հարցազրույցը վարեց  Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆԸ

ԻՆՉՈՎ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ

Հեռուստամարաթոն-2006-ը ռեկորդային գումար է հավաքել` 13.7 մլն դոլար: Դեռ մինչեւ մարաթոնի սկիզբը խոսվել է այն մասին, որ այս անգամ հանգանակությունները շատ կլինեն` ելնելով մի շարք պատճառներից, այդ թվում` աշխարհաքաղաքական:

«Մարաթոնի ժամանակ հանգանակած ռեկորդային գումարը հայկական իրականության մեջ տեղի ունեցող ներքին եւ արտաքին քաղաքական միտումների վկայությունն է: Նախ` դա Ղարաբաղի Հանրապետության հանդեպ Սփյուռքի եւ ամբողջ հայության վստահության ապացույցն է: Երկրորդ` իր դերն են խաղացել մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարացման պրոցեսները: Շատ կարեւոր էր նաեւ, որ Արկադի Ղուկասյանը վերջ է դրել «երրորդ ժամկետի» մասին խոսակցություններին: Եւ դա, եւ Մեթյու Բրայզայի մտադրությունը` ԼՂՀ նախագահի հետ հանդիպել ԱՄՆ-ում, ապացուցում են, որ Լեռնային Ղարաբաղը կարեւոր գործոն է ոչ միայն կարգավորման գործընթացում, այլեւ տարածաշրջանային եւ համահայկական քաղաքականության մեջ», այդ մասին մեր թղթակցին ասել է ղարաբաղյան քաղաքագետ Դավիթ Բաբայանը:

ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՃԻՉԵՐ, ՈՐ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2006 թվականի հեռուստամարաթոնը համարվեց ռեկորդային իր ցուցանիշով: Հիմնադրամի ամենամյա մարաթոնների ընթացքում հավաքվեց աննախադեպ` 13,7 միլիոն դոլար: Բայց կազմակերպիչների ու մասնակից պաշտոնյաների ոգեւորությունը չունի ռացիոնալ որեւէ հիմք, եւ դրա պատճառները մի քանիսն են: Իրականում, հավաքվածի արժեքով, գործ ունենք ոչ թե ռեկորդի, այլ թերեւս աննախադեպ վատ մի արդյունքի հետ: 13,7 միլիոն դոլարից մոտ 8-9 միլիոնը հավաքվել է ընդամենը 6 նվիրատվության շնորհիվ: Իհարկե, շատ լավ է, որ ընդամենը 6 նվիրատվությունը տվել է այդպիսի պատկառելի արդյունք, բայց մյուս կողմից ստացվում է, որ համազգային հանգանակությունն ընդամենը հավաքել է 4,7 միլիոն դոլար: Դա աննախադեպ վատ արդյունք է, այդպիսի ցածր ցուցանիշ չի արձանագրվել գրեթե երբեք: Այսինքն ոգեւորության որեւէ պատճառ չկա, եւ անհիմն են այն պնդումները, թե Հայաստանն սկսել է ավելի շատ վստահություն վայելել Սփյուռքի շրջանում: Սփյուռքը դա մի քանի մեծահարուստները չեն, կամ ավելի ճիշտ `մի քանի մեծահարուստը ամենեւին Սփյուռք չի նշանակում: Եվ հատկանշական է, որ համազգային աննախադեպ ցածր հանգանակությունը տեղի է ունենում Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովից ընդամենը երկու ամիս անց: Համաժողով, որի ընթացքում հայտարարում էին Հայրենիք-Սփյուռք հարաբերության նոր որակի, վստահության նոր մակարդակի մասին: Փաստորեն իսկապես գործ ունենք վստահության նոր մակարդակի հետ, որ սակայն առաջացել է ոչ թե վստահության աճի, այլ անկման շնորհիվ: Հետեւաբար պետք է ենթադրել, որ նոյեմբերի 23-ի հեռուստամարաթոնը ոչ միայն Հայաստան հիմնադրամի, այլ նաեւ Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի ձախողումն էր, որքան էլ որ թե մեկի, թե մյուսի կազմակերպիչներն ու ղեկավարները խոսեն ռեկորդային հաջողությունների ու նոր մակարդակների մասին:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
PR` ՀՕԳՈՒՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Նոյեմբերի 27-ի հեռուստամարաթոնի ընթացքում տեղի ունեցավ մի միջադեպ, որը, չգիտես ինչու, անուշադրության մատնվեց:

Ուղիղ եթերում խոսելով հայտնի բարերար Վահե Կարապետյանի հետ (ով այս անգամ էլ աչքաթող չի արել ղարաբաղցիներին եւ նվիրաբերել է 1.5 մլն դոլար)` ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ասել է, թե Կարապետյանին այնքան լավ են ճանաչում Արցախում, որ եթե վերջինս առաջադրի իր թեկնածությունը, ապա հաստատ կընտրվի Արցախի նախագահ: Ի պատասխան Ղուկասյանի այս մտքի, արցախցիների կողմից իրոք սիրված եւ հարգված Կարապետյանը նշել է, թե ինքը չի առաջադրվի, եւ ապա մի շատ վտանգավոր միտք է ասել. «Ես ամեն ինչ կանեմ, որ Դուք երրորդ անգամ ընտրվեք ԼՂՀ նախագահ»: Իհարկե, ղարաբաղցիները վաղուց են սովորել այն բանին, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հեռուստամարաթոնների ընթացքում անուղղակի կերպով ցույց տրվի Ղուկասյանի հեղինակությունը Սփյուռքում` իբր այդ նրա «թանկագին խաթեր համար են» սփյուռքահայերը մեզ գումարներ տրամադրում: Իսկ այն, ինչ կատարվեց նոյեմբերի 27-ին, ուղղակի քարոզչություն էր, ընդ որում, հօգուտ մի մարդու, ով թե° օրենքով իրավունք չունի երրորդ անգամ առաջադրվել եւ թե° ինքն է հայտարարել չառաջադրվելու մտադրության մասին: Եւ ամենաբացասականն այն է, որ այդ քարոզչությունը կայացած որոշման նման հնչեցրել է անուն ունեցող այնպիսի անձնավորություն, ինչպիսին Վահե Կարապետյանն է: Իհարկե, Կարապետյանը կարող է սեփական սիմպատիաներ եւ ցանկություններ ունենալ: Նա, որպես հայ, ով մեկ անգամ չէ առնչվել Ղուկասյանի հետ, կարող է վերջինիս լավը ցանկանալ: Բայց մի մարդ, որ այդքան բան է արել Արցախի համար, ինչպե՞ս կարող է միայն Ղուկասյանի լավը ցանկանալ` մոռանալով Արցախի լավի մասին: Չմոռանանք, որ հենց ինքը` Ղուկասյանն է նշել, թե անկախ Արցախի, որպես ժողովրդավար պետության, իմիջի համար կարեւոր է չառաջադրվելու իր որոշումը: Բայց արի ու տես, ժողովրդավարության օրրան համարվող ԱՄՆ-ում ապրող հայ բարերարի համար այդ իմիջը այնքան էլ կարեւոր չէ:

«Հայկական ժամանակ»

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ

Խորհրդաժողովը մի անգամ ևս դրսևորեց աշխարհասփյուռ հայության հաստատակամ վճռականությունը՝ համարժեքորեն դիմակայելով առկա մարտահրավերներին, պահպանել ազգային ինքնությունը և արժանի տեղ գրավել ժողովուրդների ընտանիքում: Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ:

Այդ կապակցությամբ խորհրդաժողովում հնչեցին բազմաթիվ փայլուն գաղափարներ, որոնք ոչ միայն տեսական հետաքրքրություն են ներկայացնում, այլ նաև արժեքավոր են գործնականորեն:

Անդրադառնանք արտահայտված գաղափարներից երեքին:

 ՀՍՏԱԿԵՑՆԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՄԱՐՏԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Ներկայացված գաղափարների մեջ առաջնայինն է մեկը, որի էությունը կայանում է հետևյալում:

Հայությունն ունի հզոր ներուժ՝ տնտեսական, քաղաքական, ֆինանսական, մտավոր: Եթե հայությունը կարողանա լիարժեքորեն օգտագործել իր ռեսուրսները, ապա նրան կհաջողվի հեշտությամբ դիմակայել մարտահրավերներին:

Ցավոք, իրական պատկերը ոչ այնքան ոգևորիչ է, ավելին՝ շատ իրողություններ տխուր խորհրդածությունների տեղիք են տալիս: Հայաստանում դժվարությամբ են արմատավորվում ժողովրդավարության հիմնարար սկզբունքները. կաշառակերությունը ժանգի նման քայքայում է հասարակությունը, չի հաջողվում էականորեն նվազեցնել արտագաղթը երկրից, հայապահպանությունը Սփյուռքի շատ գաղթօջախներում դարձել է մեծ հիմնախնդիր, վերջնականորեն չի շահված հայության գլխավոր՝ արցախյան ճակատամարտը…

Ինչու՞: Տրամաբանական պատասխանը մեկն է՝ հայության հզոր ներուժն օգտագործվում է ոչ լիարժեք. ջանքերը, հավանական է, վատ են կոորդինացված:

Նման ոչ բարենպաստ վիճակը փոխելու հնարավորություն խորհրդաժողովի մի քանի մասնակիցներ իրենց ելույթներում համերաշխորեն տեսնում էին մի բանում՝ անհրաժեշտ է մի ընդհանուր գաղափար, որը կհամախմբեր ողջ հայությանը, կդառնար, պատկերավոր ասած, նրանց ջանքերի կիրառման ֆոկուսը և այդպիսով կապահովեր դրանց բարձր արդյունավետությունը:

Կարելի է բավականաչափ մանրամասն և համոզիչ կերպով հիմնավորել, որ այդպիսի ցանկալի հրաշագործ ուժով օժտված գաղափար է ռազմավարական նպատակը: Այն շատ ավելի մեծ գործնական արժեք ունի, քան կարելի է ենթադրել: Գործունեության նպատակային դետերմինիզմի ջատագովները պնդում են, որ ցանկացած գործունեության հաջողությունը 90% -ով կախված է այն բանի ըմբռնումից, թե ինչու՞, ի՞նչ նպատակի համար է այն իրականացվում և միայն 10% -ով այն բանից, թե ինչպես է այն իրականացվում: Համոզվել այն բանում, որ գործունեության ռազմավարական նպատակի ճշմարիտ ըմբռնումը վճռականորեն որոշում է նրա հաջողությունը, օգնում է հետևյալ անալոգիան: Գիշերային խավար, փոթորկուն ծովում նավը կենթարկվեր դաժան նավաբեկության, փշուր-փշուր կդառնար, եթե նրան ուղի ցույց չտար փարոսի փրկարար լույսը: Ահա և ժամանակի փոթորկուն ծովում հայտնված հայությանը անհրաժեշտ է մի արժանավոր, բարձր նպատակ, որը հզոր փարոսի նման կլուսավորեր նրա դժվար պատմական ուղին:

Շահագրգիռ խոսակցություն այդ մասին եղավ խորհրդաժողովում: Սպառիչ պատասխաններ, իհարկե, չհնչեցին, բայց եղան  գովելի փորձեր: Ուշադրության է արժանի, օրինակ, հետևյալ միտքը, որը համահունչ է ՀՅԴ հայտնի բանաձևին. ՀՀ-ն հանդիսանում է խարիսխ համայն հայության համար: Կամ գուցե չպե՞տք է բացառել համահայկական կառավարության նպատակահարմարությունը:

ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԴԱՐՁՆԵԼ ԱՎԵԼԻ ՀՐԱՊՈՒՐԻՉ

Աշխարհում լուրջ մրցակցություն է արևի տակ տեղ գրավելու համար: Եւ հաջողությունն ապահովելու համար խելամտություն կլիներ հայտնաբերել և կիրառել արդյունավետ մրցակցության այն օգտակար սկզբունքները, որոնք վաղուց հայտնի են մրցակցային պայքարի այլ բնագավառներում: Օրինակ, բիզնեսում: Հաջող բիզնես իրականացնելու պայմաններից մեկն, ինչպես հայտնի է, այսպես կոչված բարենպաստ հասարակական ֆոնն է, հրապուրիչ «մատուցման» անհրաժեշտությունը:

Ամեն մի երկիր, սեթևեթ կնոջ նման, ջանքեր է գործադրում ներդրումների և այլնի համար հրապուրիչ երևալու համար: Այս մասին պատկերավոր կերպով ասվել է խորհրդաժողովում հնչած ելույթներից մեկում՝ հայությունը պետք է ճառագայթի դրական գաղափարների այնպիսի հզոր էներգիա, որը կարող է հարուցել այլ ժողովուրդների համակրանքն ու վստահությունը: Եթե վերածենք այդ բանաստեղծական բանաձևը գործնականի, ապա հայությունը պետք է կարողանա աշխարհին ներկայանալ իր ազգային արժեքներով՝ պատմությամբ, մշակույթով, գիտությամբ: Դրան զուգահեռ մենք պիտի ցուցանենք ժամանակակից արժեքներին մեր հակվածությունը՝ խոսքի ազատություն, քաղաքացիական հասարակություն: Պիտի կարողանանք, ինչպես նշվել է խորհրդաժողովում, ամրացնել պետությունը ոչ միայն տնտեսապես, այլ նաև բարոյապես:

ԱՎԵԼԻ ՇԱՏ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայության առաջ ծառացած հիմնախնդիրները  լուծելու համար անհրաժեշտ է մշակել և իրականացնել բազմակողմանիորեն մտածված, գիտականորեն հիմնավորված գործողությունների ծրագրեր: Սա միանգամայն խելամիտ, տրամաբանական մոտեցում է, բայց զարմանալի է, որ այն ընկալվում է ոչ միշտ, ինչի արդյունքում հիմնախնդիրների իրական լուծումներին ուղղված նպատակասլաց, արդյունավետ ջանքեր գործադրելու փոխարեն զբաղվում են նրանց անվերջանալի, տեղապտույտ հիշեցնող քննարկումներով: Իհարկե, քննարկումները նույնպես անհրաժեշտ են, նույնիսկ անխուսափելի են, բայց երբ դրանք դառնում են ինքնանպատակ, ապա հազիվ թե այդ երևույթը կարելի է հանդուրժել:

Թվում է, թե խորհրդաժողովում, որի առաջ ծառացած էին ներկայի և ապագայի համար կենսական նշանակություն ունեցող բազում հիմնախնդիրներ, պետք է գերակշռեր պրագմատիզմը՝ բառի լավագույն իմաստով: Բայց իրական պատկերը խորհրդաժողովում ուրիշ էր՝ այնտեղ տոն էին տալիս, պայմանականորեն ասած, տեսաբանները: Արդյունքում շարադրված էին փայլուն տեսական հայեցակարգեր այն մասին, թե ինչումն է կայանում հայի ինքնությունը, բայց թե ինչ գործնական հետևություններ է հարկավոր անել  այդ տեսական պատկերացումներից, դա թողնվում էր ապագային. բերվում էին հետաքրքիր վիճակագրական տվյալներ արտագաղթի մասին, բայց չէր խոսվում այն մասին, որ անհրաժեշտ է մշակել և իրականացնել արտագաղթը նվազեցնել-կանխելու ծրագիր…

Խորհրդաժողովի գերազանցապես վերացական ուղղվածության ամփոփ վկայությունն է նրա եզրափակիչ Հռչակագիրը: Այնտեղ չի ամրագրված գործնականորեն բացառիկ կարևոր դրույթն այն մասին, որ անհրաժեշտ է կատարել անցում հիմնախնդիրների անվերջանալի քննարկումներից դեպի դրանց լուծման ծրագրերի մշակումը և իրականացումը: Առավել ևս չեն թվարկված այն առաջնահերթ  հիմնախնդիրները, որոնց լուծումների համար հարկավոր է մշակել ծրագրեր: Այդ տեսակետից առանձնահատուկ ափսոսանքի է արժանի այն փաստը, որ Հռչակագրում տեղ չի գտել խորհրդաժողովում հնչած մի առաջարկ, որը կարելի է համարել ամենահեռանկարայինը՝ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի առաջարկը հայության գոյամարտի համալիր համազգային ծրագրի մշակման մասին:

 Ստեփան ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ի՞նչ պետք է անի սփյուռքը եւ չի անում

Հարցադրումը

Անկախ պետության կազմավորմամբ հայ ազգի ողջ ազգային-պետական կառուցվածքը պետք է վերանայվի բովանդակային եւ վերաբաշխման տեսանկյունից: Ինչո՞ւ: Չէ՞ որ վերջապես ժողովրդի ԿԱՄՔԸ՝ ի դեմս Հայաստանի, ազատվել է մի պետության դիկտատից, ասել է թե՝ չկա ձուլման կամ դեգրադացիայի ենթարկվելու ոչ մի, նույնիսկ աննշան վտանգ: Այն սփյուռքը, որը կազմավորվել էր 20-րդ դարի սկզբին եւ ավելացել հայերի նոր մեծաքանակ խմբերով ԽՍՀՄ-ի փլուզումից եւ Հայաստանի անկախացումից հետո, բովանդակային եւ կառուցվածքային առումով իր մեջ կրում է վերջին դարերի գլխավոր սկզբունքը՝ հայոց ազգի՝ որպես միասնական ընդհանրության, պահպանումը: Այստեղից էլ սփյուռքի բոլոր ազգային ինստիտուտները՝ բարեգործական, մարդասիրական, կրթական, սպորտային, երիտասարդական եւ այլ կազմակերպություններ, հենց այդպիսի բնույթ ունեն՝ ինքնապահպանական: Սակայն որքանո՞վ է դա այսօր արդարացված, եթե Հայաստանին եւ հայ ազգին օգտակար եւ անհրաժեշտ է զարգանալ: Ի՞նչ եւ ինչպե՞ս պետք է արվի, որ սփյուռքում ազգային կյանքն արդյունավետ լինի ինչպես ինտելեկտուալ, մշակութային, այնպես էլ ֆինանսատնտեսական եւ, իհարկե, քաղաքական տեսանկյունից: Եվ սա պետք է շահավետ լինի ինչպես յուրաքանչյուր առանձին հայի, այնպես էլ ողջ համայնքի համար: Ի՞նչ կցանկանար տեսնել զարգացած Հայաստանը սփյուռքում, եւ ի՞նչ պետք է սփյուռքը սպասի իր մայր երկրից:

Երկու խոսք Հայաստանի մասին 

Այսօր միանգամայն այլ իրավիճակ է ինչպես ազգի, այնպես էլ Հայաստանի համար: Այսօր Հայաստանի քաղաքացիները լուծում են ինչպես Ղարաբաղի, այնպես էլ բացարձակ կոռումպացված եւ անարդար իշխանական ապարատի ներսում արդար հասարակություն կառուցելու հարցերը: Մյուս կողմից՝ Հայաստանին ոչ այնքան հարկավոր են սփյուռքից եկող գումարները, որոնք վատ են վերահսկվում, որքան սփյուռքահայերի ինտելեկտուալ օգնությունը: Հատկապես պետք են իրավաբանական, ֆինանսական, մենեջերական կադրեր: Հատկապես կուզեինք նշել, որ հարկավոր են միջազգային աշխատանքի փորձ ունեցող լրագրողներ այնպիսի երկրներում, որոնք նման են Հայաստանին: Նրանց փորձը, ազնվությունն ու քաջությունը պետք է բացահայտեն Հայաստանի պետական ապարատի ներսում հանգուցային թերությունները եւ ցույց տան դրանք ինչպես սփյուռքին, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներին: Նրանք պետք է աշխատեն անկախ իրավաբանների եւ ֆինանսիստների հետ: Հերիք է գալ եւ կարոտախտով գովաբանել հայրենիքը, կամ էլ հայհոյել ու հիասթափվել…

Երկու բանաձեւ

1.Հայոց ազգի պետական մտածելակերպի ամենակարեւոր թերություններից մեկը, որն իրականացնում է յուրաքանչյուր իշխանություն դարեր շարունակ եւ որն առաջին հերթին կործանում էր պետությունը, այն է, որ պետության հիմքում ընկած չեն մարդու կյանքի անվտանգությունն ու նրա հնարավորությունները (ազատությունը): ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԱՐԴԸ ՄԻՇՏ ԷԼ ՀԱՇՎԻ ՉԻ ԱՌՆՎԵԼ: Մենք մեր մտածելակերպը պետք է դուրս բերենք կյանքի ընկալման հենց այդ ուղի, հենց այդ դիրքերից: Ցանկացած այլ դեպքում տեղի կունենա իշխանության եւ մարդու դեֆորմացիա, իսկ արդարությունը ոտքի տակ կնետվի անպետք ու ջարդված խաղալիքի նման:

2.Երբեք ոչ մի բան չի կարելի ուղղել փոխհարաբերությունների ազգային էթնո-պետական կառուցվածքի մեջ, իսկ այդ համակարգը հասկանալով՝ ճիշտ, բովանդակային մեկնաբանություն տալ: Հիշեցնում եմ, որ հենց էթնո-պետական կառուցվածքն է ազգային մտածողության հիմքը եւ պետության ու նրա օրենքների նյութական ձեւը: Սակայն այդ օրենքը ճշմարիտ է Հայաստանում, բայց ոչ սփյուռքում:

Ի՞նչն է պակասում Սփյուռքի եւ Հայաստանի փոխհարաբերություններում: ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ:

Եվ ի՞նչ է հարկավոր, որպեսզի հաջողությունը գա: Երկու բաղադրիչ՝ 1. Հայրենիքի նկատմամբ իսկական սեր, 2. Հանգիստ, ռացիոնալ, հավասարակշռված հայացք այն խնդիրների նկատմամբ, որոնք պետք է մենք բոլորս միասին լուծենք՝ ի բարօրություն մարդու, ազգի եւ Հայաստանի Հանրապետության:

Հենց սա էլ կլինի ազգի կյանքում բոլորովին նոր դարաշրջան:

Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ
«168 ժամ»

——————————————————————————————-

Հեռահաղորդակցություն

Ա. ԾԱՏՈՒՐՅԱՆ «ԱՌԱՅՍՕՐ ԵՐԿՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԶ ՀԱՅՏ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ»

«Դեմո»-ի բացառիկ հարցազրույցը ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո ԾԱՏՈՒՐՅԱՆԻ հետ:

– Պարոն Ծատուրյան, վերջին շրջանում շատ է խոսվում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ոչ պատշաճ մակարդակի գործունեության մասին: Բնակիչներին հետաքրքրում է, թե կառավարությունն ինչ պայմաններով է ընկերության հետ պայմանագիր կնքել: Կարո՞ղ եք, արդյոք, այդ պայմանագիրը տրամադրել մեզ՝ սպառողներին ծանոթացնելու համար:

– Վարձակալման հիմունքներով է ընկերությանը տրվել այդ ոլորտը: Պայմանագիրը կնքվել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության եւ կառավարության միջեւ, եւ մեր նախարարությունն իր ձեռքի տակ չունի այդ պայմանագիրը:

– Իսկ նախարարությունը վերահսկողություն իրականացնու՞մ է ընկերության կողմից պարտավորությունները կատարելու ուղղությամբ:

– «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հետ մեր անմիջական շփումը միշտ էլ կա: Ընկերությունն ամեն տարի ներկայացնում է իր կողմից կատարված աշխատանքների, առաջիկա ծրագրերի ու խնդիրների վերաբերյալ հաշվետվություն:

– Ըստ այդ հաշվետվությունների՝ ընկերությունը ստանձնած պարտավորությունները կատարո՞ւմ է, թե՞ ոչ:

– Այո, կատարում է: Եթե այսօրվա դրությամբ 100 տոկոսով էլ չեն կատարվել, աշխատանքներն ընթացքի մեջ են: Օրինակ, այս տարի ընկերությունը պետք է Ստեփանակերտի կենտրոնական կայանը վերազինի, ինչն էլ ընթացքի մեջ է:

– Փայատերերի շարքում կառավարությունից ներկայացուցիչ կա՞, թե՞ ոչ:

– Իմ տվյալներով, փայատերերի մեջ կառավարությունից ներկայացուցիչ չկա:

– Քանի՞ ինտերնետ բաժանորդ կա այժմ, եւ առաջընթաց կա՞ այս ոլորտում:

– Ներկայումս կա 905 ինտերնետ-բաժանորդ, ինչն էլ խոսում է այն մասին, որ ոլորտում առաջընթաց կա:

– Բաժանորդների կողմից բողոքներ են ստացվում, որ ինտերնետ կապի որակը ցածր է: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ, քանի որ ինտերնետից չեմ օգտվում եւ բնակիչներից էլ բողոք չենք ստացել:

– Վերջին շրջանում կեսօրվա ժամերին եւ երեկոյան ժամը 18:00-ից հետո բջջային հեռախոսակապը շատ մեծ դժվարություններով է աշխատում, եւ անհնար է լինում որևիցե բաժանորդի հետ կապվելը: Ի՞նչն է պատճառը, եւ հարցն ինչպե՞ս կլուծվի:

– Այո, տեղյակ ենք այդ մասին: Պատճառը ոլորտում առկա գերլարվածությունն է: Ես զրուցել եմ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ղեկավար Ռալֆ Եիրիկյանի հետ, որը հավաստիացրել է, որ լրացուցիչ կայաններ պետք է տեղադրեն՝ գերլարվածությունը վերացնելու համար:

– Իսկ ե՞րբ դա կիրականացվի:

– Պարոն Եիրիկյանն ասաց, որ շուտով:

– Կապի ծառայությունների սակագները վերանայվե՞լ են, թե՞ ոչ:

– Սակագները լրիվությամբ վերանայված են, ներկայացվել են արդարադատության նախարարության գրանցմանը եւ ուղարկվել «Ղարաբաղ Տելեկոմ»-ին: Նոր սակագները կգործեն դեկտեմբերի 1-ից:

Կան ծառայություններ, որոնց սակագները նվազել են, որոշներինը՝ պահպանվել, իսկ մյուսներինն էլ՝ փոքր-ինչ բարձրացել:

– Ֆիքսված (լարային) հեռախոսակապը նույնպես բարելավման կարիք ունի: Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:

– Եթե կայանը լրիվությամբ վերազինեն, կանցնեն գերհեռախոսալարերի: 10 մլն դոլար գումար պետք է ներդնեն այդ ուղղությամբ:

– Միջազգային հեռախոսակապի սակագների մասին: Հայտնի է, որ Հայաստանում IP հեռախոսակապով արտասահմանյան ցանկացած երկիր զանգելու համար մեկ րոպեի համար վճարում են առավելագույնը 70-80 դրամ, իսկ մեզ մոտ րոպեի դիմաց համարյա տասնապատիկ շատ ենք վճարում: Ինչո՞ւմն է խնդիրը:

– Միջազգային զանգերի սակագները չեն վերանայվել: Համապատասխան օրենք պետք է ընդունվի, որն էլ կկարգավորի նաեւ այդ հարցը:

– Պարոն նախարար, կապի ոլորտում կառավարությունը հակամենաշնորհային  քաղաքականություն վարու՞մ է:

– Հենց այդ նպատակով էլ ընդունել ենք «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը: Կառավարությունը հիմա նոր օրենսգրքային փաթեթ է ուղարկել Ազգային ժողով, շուտով կընդունեն: Հունվարի 1-ից էլ կգործի անկախ՝ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով, որը եւ կկարգավորի այդ ոլորտը:

– Այդ քաղաքականության շրջանակներում պետությունը չի՞ պատրաստվում որպես երկրորդ օպերատոր հանդես գալ:

– Կառավարությունը չի կարող փնտրել երկրորդ օպերատորին: Մեզ առայսօր երկրորդ օպերատորի համար հայտ չեն ներկայացրել: Իսկ ինչ վերաբերում է պետության հանդես գալուն, ապա պետությունն ուզում է բոլոր ոլորտները մասնավորեցնել, որպեսզի շատ ներդրումներ լինեն:

Եթե այս րոպեին մեկ այլ ընկերություն ևս հայտ ներկայացներ, մեծ հաճույքով կընդունեինք:

Հիշեցնենք, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը մինչեւ այս տարի օգտվում էր հարկային արտոնություններից, այն էլ՝ ամենաբարձր սանդղակով (ընկերությունը շահութահարկ չէր տալիս), իսկ 2006-2007թթ. շահութահարկ կմուծի ընդունված չափի 50 տոկոսով:

Հարցազրույցը վարեց Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

 

ՄԱՐԴԿԱՆՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԱՆԸՆԴՀԱՏ ԱՃՈՒՄ ԵՆ

Շուտով արցախցիները հնարավորություն կունենան դիտելու շուրջ 50 հեռուստաալիքներ և ունկնդրելու նույնքան ռադիոալիքներ

Հեռահաղորդակցության ոլորտում հայտնվել է նոր ընկերություն, որը կզբաղվի շուրջ 50 հեռուստաալիքների եւ նույնքան էլ ռադիոալիքների վերահեռարձակմամբ:

Ընկերության անելիքների ու ծրագրերի մասին է մեր հարցազրույցը «Արցախկապ» ՓԲԸ տնօրեն Սուրեն ՄԻՐԶՈՅԱՆԻ հետ:

– Պարոն Միրզոյան, նախ պատմեք, խնդրեմ, թե ինչպես ծագեց ընկերության ստեղծման գաղափարը, եւ կոնկրետ ինչո՞վ է զբաղվելու այն:

– Միշտ էլ իմ մտքում կար այն գաղափարը, որ ոլորտի զարգացման համար պետք է անցնենք հեռուստառադիոալիքների թվային հեռարձակման, ինչպես աշխարհի շատ երկրներում, սակայն անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունը հետաձգում էր գաղափարիս իրականացումը: Այդ իսկ պատճառով այն կիսեցի արտերկրում ապրող մեր հայրենակիցների հետ, որոնցից երեքն էլ պատրաստակամություն հայտնեցին ստեղծել մի ընկերություն, որն Արցախում կզբաղվի հեռուստառադիոալիքների վերահեռարձակմամբ: Ընկերությունը, որը կոչվում է «ՍատարԿապ», արդեն գրանցվել է Երեւանում, իսկ Ստեփանակերտի մասնաճյուղն էլ գրանցման փուլում է:

Ես գտնում եմ, որ ընկերության մուտքը Ղարաբաղ շատ ողջունելի է, քանի որ նրա շնորհիվ ոլորտը կզարգանա, եւ մեր բնակիչները հնարավորություն կունենան դիտել շուրջ 50 հեռուստաալիքներ եւ լսել 50-ից ավելի ռադիոալիքներ հանրապետության ցանկացած բնակավայրում:

– Այսինքն՝ Արցախի նույնիսկ ամենահեռավոր ու սահմանամերձ բնակավայրերում կարող են դիտել նշված ալիքները, այն էլ՝ որակով:

– Այո: Եթե ոչ թվային հեռարձակման դեպքում հարեւան Ադրբեջանն անընդհատ խանգարում է եւ լուրջ խոչընդոտներ է ստեղծում, որոնք ազդում են նաեւ հեռարձակման որակին, ապա թվայինի դեպքում նման խանգարումները բացառվում են: Պետությունը չի կարող իր սուղ միջոցներով հեռարձակել նման քանակությամբ հեռուստահաղորդումներ, որոնք կսփռվեն հանրապետության ողջ տարածքով: Ուրեմն, ինչո՞ւ դա չանել մասնավոր բիզնեսի հաշվին: Ճիշտ է, պետությունը ունի զարգացման ծրագիր, սակայն այսօրվա հեռուստադիտողը տեղեկատվություն ստանալու ավելի մեծ պահանջ ունի: Իսկ այդ պահանջը կարելի է ապահովել միայն թվայնացման եղանակով:

– Ի՞նչ հեռուստաալիքներ են ընդգրկվելու վերահեռարձակվողների ցանկում:

– Ցանկում ընդգրկվելու են հիմնականում հայաստանյան եւ ռուսաստանյան հեռուստաալիքներ: Ընկերությունը նախատեսում է վերահեռարձակել նաեւ Հայաստանում հեռարձակվող տեղական այն բոլոր ալիքները, որոնք դիտելու հնարավորությունն այժմ չունեն Ղարաբաղի հեռուստադիտողները:

Ի դեպ, պետք է նշենք, որ այն ալիքները, որոնց հեռարձակումը կատարում է «Արցախկապ»-ը, մասնավորապես՝ հայկական երեք եւ Արցախի հանրային հեռուստահաղորդումները, նույնպես կընդգրկվեն բազային հեռուստաալիքների ցանկում, եւ բաժանորդները կարող են այդ հաղորդումները դիտել ավելի բարձր որակով:  Ընդհանուր առմամբ, վերահեռարձակվելու են 4 բլոկի հեռուստաալիքներ, որոնցից հիմնականը բազային բլոկն է: Բացի այդ, կլինեն սոցիալական, մարզական եւ կինո բլոկեր:

– Իսկ ինչպե՞ս կարող են մարդիկ օգտվել այդ ծառայություններից,  եւ «թա՞նկ հաճույք» է դա լինելու:

– Մարդիկ ցանկության դեպքում կարող են բաժանորդ դառնալ, որի համար ընկերությունից նախօրոք պետք է ձեռք բերեն հատուկ սարք՝ նշված ծառայություններից օգտվելու համար: Սարքը, մոտավոր հաշվարկներով, արժե 120 դոլար /ԱԱՀ-ը ներառյալ/, իսկ տեղադրումը կատարվելու է անվճար: Այնուհետեւ բաժանորդն ամեն ամիս բաժանորդավճար է մուծելու՝ առնվազն 2400 դրամ /բազային բլոկի արժեքն այդքան է/: Իսկ եթե նա ցանկանա ավելի շատ հեռուստահաղորդումներ դիտել, ապա պետք է ավել վճարի: Բոլոր 4 բլոկները միասին կարժենան 7200 դրամ:

– Իսկ եթե մարդ մեկ այլ տեղից ձեռք բերի այդ նույն սարքը, կտեղադրե՞ք այն:

– Իհարկե, կտեղադրենք, բայց պետք է նախապես կոդավորենք:

– Դաձյա՞լ պիտի վճարեն:

– Ոչ, կոդավորումն անվճար է:

– Ուրիշ ի՞նչ ծառայություններ է մատուցելու «ՍատարԿապ»-ը, եւ ե՞րբ է սկսելու բուն ծրագիրը:

– Բուն ծրագիրը սկսելու է նոր տարվա նախաշեմին: Իսկ այլ ծառայությունների մասին դեռեւս վաղ է խոսել, միայն կարող եմ ասել, որ ընկերությունը կարող է նաեւ գովազդներ պատրաստել ու հեռարձակել:

 – Որքա՞ն ներդրում է նախատեսում կատարել ընկերությունը եւ քանի՞ աշխատատեղ է արդյունքում բացվելու:

– Ծրագիրը եռամյա է, որի ընթացքում ընկերությունը նախատեսում է 4-5 մլն դոլար ներդրում կատարել, իսկ աշխատատեղերի թիվը կկազմի շուրջ 180: Բացի մայրաքաղաքից ընկերությունը մասնաճյուղեր եւ սպասարկման կետեր կունենա նաեւ հանրապետության շրջկենտրոններում եւ բնակավայրերում:

Հարցազրույցը վարեց Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Դեկտեմբերի 1-ից Ղարաբաղում կապի ծառայությունները կմատուցվեն նոր սակագներով, այն էլ՝ դրամով

ԼՂՀ կառավարությունը եւ հանրապետությունում կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը սակագների հարցում համաձայնության եկան: Իսկ սակագները վերանայելու առիթը եղավ այն, որ անցյալ տարվա հոկտեմբեր ամսում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը կտրուկ /3-6 անգամ/ բարձրացրեց ինտերնետ ծառայությունների սակագները, ինչը բողոքի տեղիք տվեց ինտերնետ բաժանորդների շրջանում: Հարցը բազմիցս բարձրացվեց ինչպես Ազգային ժողովի նիստերում, այնպես էլ` տարբեր լրատվամիջոցներում: Սակայն մինչեւ այս տարվա նոյեմբեր ամիսը սակագների շուրջ քննարկումներ էին ընթանում:

Ինչեւէ, սակագները փոփոխության են ենթարկվել. որոշ ծառայությունների համար նախկին սակագնից ավելի պետք է վճարենք, որոշների համար` էժան, իսկ կան ծառայություններ, որոնց սակագները չեն փոխվել: Օրինակ, բջջային հեռախոսահամարից բջջայինին կամ հաստատուն գծերին զանգելու դեպքում 1 րոպեի համար վճարում էինք $ 0.096 /մոտ 36 դրամ/, իսկ դեկտեմբերի 1-ից կվճարենք 44 դրամ: Բջջայինից ՀՀ-ի բջջայինին զանգելու դեպքում 1 րոպեի համար պետք է վճարեինք $ 0.269 /մոտ 101դրամ/, այսուհետ կվճարենք 90 դրամ, իսկ բջջայինից ՀՀ-ի հաստատուն գծերին զանգելու դեպքում` $ 0.140 /մոտ 53 դրամ/, հիմա` 60 դրամ: Կարճ հաղորդագրության համար նախկինում բջջայինից բջջային վճարում էինք $ 0.05 / մոտ 19 դրամ/ , ՀՀ-ի բջջայինին` $ 0.06 /մոտ 23 դրամ/, իսկ ԱՊՀ երկրներ և արտասահման $ 0.10 /մոտ 38 դրամ/, այսուհետ բոլոր հաղորդագրությունների համար կվճարենք 20 դրամ: Փոփոխության է ենթարկվել նաեւ ամսական բաժանորդավճարը` 1688 դրամից /$ 4.50/ դառնալով 1500 դրամ, ինչպես նաեւ` բաժանորդային համարի միացման վարձը, որը 18750 դրամից /$ 50/ դարձել է 8000 դրամ:

Կանխիկ քարտ /120 միավոր, 25 օր+5 օր/ ստանալու համար պետք է վճարեիր 11250 դրամ /$ 30/, իսկ վերալիցքավորման համար` $ 20/7500 դրամ/ կամ $ 15 /5625 դրամ/, իսկ դեկտեմբերի 1-ից կանխիկ քարտ ձեռք բերելու համար պետք է վճարել 13300 դրամ, իսկ վերալիցքավորելու համար` համապատասխանաբար 8800 դրամ եւ 6650 դրամ:

Կանխիկ քարտերի տրամադրման բարձր գներից բողոքում է Ղարաբաղ այցելող զբոսաշրջիկների հիմնական մասը: Իսկ մեզ հայտնի է, որ տարվա ընթացքում Ղարաբաղ են մտնում հազարավոր զբոսաշրջիկներ` ՀՀ-ից եւ արտասահմանյան տարբեր երկրներից: Նրանց ավելի շահագրգռելու համար տարբեր կառույցների եւ անհատների կողմից փորձ է արվում որոշ քայլեր ձեռնարկել, բայց արի ու տես, որ կապի միակ օպերատորը «հատուկ» մոտեցում ունի այս հարցին: Հետո ինչ՝ մարդիկ բողոքում են, բայց չէ՞ որ ընկերությանը ձեռնտու է: Սա գո՞ւցե արվում է նրա համար, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի դուստր ձեռնարկությունը` «Վիվա Սել»-ը, որը ՀՀ-ում է գործունեություն ծավալում, այդ զբոսաշրջիկներին ռոումինգով քարտ տրամադրի: Ընկերությունը, ինչ-ինչ պատճառներով, անհասկանալի քաղաքականություն է վարում: Օրինակ, բջջայինից ԼՂՀ, ՀՀ եւ արտասահման զանգելու համար բաժանորդը դեկտեմբերի 1-ից պետք է կանխավճար մուծի` 5000-15000 դրամի չափով /կանխավճարը կա նաեւ հիմա/, իսկ եթե ոչ, ապա չես կարող զանգել` նույնիսկ «Վիվա Սել»-ի հեռախոսահամարին:

Իսկ ՀՀ-ում նույն ընկերությունն ամենամատչելի ու ամենալավ պայմաններն է ստեղծում բաժանորդների համար. ցանկացած ժամանակ կարող ես տարբեր երկրներ զանգել /առանց որեւէ կանխավճարի/, ընդամենը 1200 դրամով կարող ես կանխիկ քարտ ձեռք բերել, իսկ վերալիցքավորել ընդամենը 2000 դրամով:

Գուցե ժամանակն է, որ Ղարաբաղում սկսեն հակամենաշնորհային քաղաքականություն վարել, ինչը, մասնագետների կարծիքով, կբերի ոլորտի զարգացմանը:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՄԵՐ ԵՐԿԻՐՆ ԱՐԺԱՆԻ Է ԵՎ ՀԱՍՈՒ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ
կամ՝ ի՞նչ արժեն մտավարժանքները  «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո» թեմայով

Պատահականորեն միայն նորերս ձեռքս ընկավ «Հայրենիք»-ի այս տարվա 18-րդ համարը՝ նոյեմբերի 16-ի թվակիր: Նրա ութ էջերից երկուսուկեսը նվիրված է այսօրվա քաղաքական կյանքի ամենակարեւոր իրադարձությանը՝ Սահմանադրության նախագծին եւ առաջիկա հանրաքվեին: Ողջունելի քայլ, մանավանդ, որ Սահմանադրության նախագիծը շտապողականության պատճառով լայն քննարկման չի արժանացել: Թերթի խմբագրականը՝ Սահմանադրության նախագծի բարեմասնությունների մասին, կոչվում է «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո», իսկ թեման շարունակված է թերթի խմբագիր Վահրամ Աթանեսյանի «Հայրենասիրության, դեմոկրատիայի եւ հարակից խնդիրների մասին» հոդվածում:

Վերոհիշյալ հրապարակումներում ինձ համար մտահոգիչ շեշտադրումներ կան, որոնց չէի անդրադառնա ու չէի փորձի դրանց հասարակական հնչողություն տալ, եթե «Հայրենիքը» չլիներ իշխող կուսակցության՝ ԱԺԿ-ի պաշտոնաթերթը:

Ողջունելի է, որ առաջիկա հանրաքվեի արդյունքի առումով հեղինակը /խմբագրականի թե ոճը, թե հարցադրումների բնույթը վկայում են, որ դրա հեղինակն էլ Վ.Աթանեսյանն է/ լավատես է եւ ամենից առաջ դա պայմանավորում է նրանով, որ «Սահմանադրության նախագիծը Ազգային Ժողովում քննարկելուց զատ անցել է հանրային բավարար փորձաքննություն, չունի քաղաքական ընդդիմություն»: Ինչ ասեմ, «բավարար փորձաքննություն» միգուցե և եղել է, բայց որ համաժողովրդական քննարկում չի կայացել՝ դա, կարծում եմ, անժխտելի է: Իմ ծանոթ ստեփանակերտցիներից շատերն ափսոսում են, որ սահմանված յոթ օրում հազիվ հասցրել են ծանոթանալ նախագծին եւ չեն հասցրել իրենց առաջարկները ներկայացնել քննարկման: Էլ ինչ խոսենք մեր հեռավոր գյուղերի բնակիչների մասին, ովքեր, ամենայն հավանականությամբ, հնարավորություն չեն ունեցել մասնակցելու գործընթացին՝ կապի ներկայիս անբավարար պայմաններում: Հոդվածիս վրա տանը աշխատում էի, երբ մեր հեռուստատեսությամբ նույնը հաստատեց Հադրութի շրջանի Խծաբերդի համայնքի ղեկավարը.

-Եկեք խոստովանենք, որ Սահմանադրության նախագծի ժողովրդական քննարկում  չի եղել: Մենք նույնիսկ չենք հասցրել ստանալ «Ազատ Արցախ»-ի այն համարը, ուր տպագրվել է նախագիծը,- պատմում էր նա:

Ինչպե՞ս որակել սեփական ժողովրդի կարծիքի նկատմամբ նման քամահրանքը: Արդյո՞ք մեր «վերեւներն» այն կարծիքին չեն, թե մարգարեներն իրենք են, իսկ «ներքեւներն» էլ պարտավոր են լուռումունջ ենթարկվել, այլապես կարող են ընկնել աննախանձելի վիճակ, որի մասին հիշեցնում է Վ.Աթանեսյանը. «Շատ դեպքերում առաջարկողն ինքը համոզվել է, որ ամենախելոք գաղափարը չի ներկայացրել»:

Թող ներեն ինձ մեր իշխանավորները, բայց սա հիշեցնում է հայտնի պատմությունը, երբ ինչ-որ երկրի թագավոր, բարձրանալով երկրի մայրաքաղաքին մոտ գտնվող սարը եւ այնտեղից դիտելով իր առջեւ փռված քաղաքը, հարցրել է՝ «այդ  ի՞նչ մժեղներ են շարժվում մեր քաղաքի փողոցներում»: Գոռոզամիտ, ամբարտավան թագավորի աչքում իր հպատակները մժեղներ էին դարձել:

Սահմանադրական նախագծի նկատմամբ Վ.Աթանեսյանի լավատեսությունը ունի եւ այլ կռվան: «Մեզ մոտ,-գրում է նա,-ստեղծվել է քաղաքական մի իրավիճակ, որից չեն կարողանում խուսափել շատ երկրներ»: Այդ շատ երկրներում «հասարակությունը բաժանված է այս կամ այն գաղափարի կողմնակիցների եւ ընդդիմախոսների», իսկ մեզ մոտ, պարզվում է, տիրում է իդեալական համերաշխություն, հանրաքվեին «դեմ» եւ «ձեռնպահ» են եղել ընդամենը երկու պատգամավորներ, որոնք «չունեն հասարակական բավարար հենարան» եւ ուստի «դժվար է հավատալ, թե հանրաքվեի ժամանակ նրանք անձնապես  դեմ են քվեարկելու առաջարկված նախագծին»:

Եթե մեզ մոտ տիրում է աշխարհում իր օրինակը չունեցող հասարակական  այդպիսի անդորր, եթե երկու «խեղճուկրակ» ընդդիմախոսներ ի վիճակի չեն մազաչափ իսկ խախտելու այդ անդորրը, դեռ ավելին՝ «անձնապես դեմ չեն քվեարկելու Սահմանադրության նախագծին», ապա, հարգելի հեղինակ, կարիք կա՞ սուր ճոճել նրանց դեմ ու մրոտել նրանց: Գուցե պատճառն այն է եղել, որ հանկարծ հիշել եք, որ ընդդիմախոսները ոչ թե երկուսն են, այլ ավելի շատ, համենայն դեպս՝ ակնարկում եք նաև ուրիշների, վերագրում նրանց «ծանր հանցանքներ»: Նրանցից մեկը, պարզվում է,  ինքնասիրահարված մարդ է, ինքն իր հետ հարցազրույց է տպագրում իր իսկ խմբագրած թերթում, այն էլ … քնարական լուսանկարով: Ինչպիսի՞ ծանր հանցանք, գոնե լուսանկարը քնարական չլիներ…Ու չէր լինի «Հայրենիք»-ի զայրույթը: Սակայն «մեղադրանքը» նաև այլ ենթատեքստ ունի՝ քնա՞ծ են մեր իրավապահ մարմինները, թե՞ զույգ աչոք կույր, որ չեն նկատում մեր «իդեալական անդորրի» դեմ «ոտնձգությունները»:

Մարսենք պարոնի այս տեսությունն  էլ եւ առաջ անցնենք՝ մեջբերելով դեմոկրատական սահմանադրություն ունենալուն խանգարող մեր մյուս մեղքը: Ուրեմն, ականջդ բեր՝ պատմի պարոն Աթանեսյանը ԱՄՆ մեկնած մի հայ ընտանիքի պատմությունը: Հայրն այնտեղ չի կարողանում որդուն ծեծել, բայց վերադառնալուց` հենց «Զվարթնոց» օդանավակայնում մուռը հանում է:

Ի՞նչ կցուցանե այս նաղլաբանությունը: Պարզից էլ պարզ է՝ մենք Ամերիկա չենք, գռեհիկ մարդիկ ենք: Մեզ մոտ կարող ես կատարել ցանկացածդ հանցագործություն եւ մնալ անպատիժ: Իսկ քանի որ այդպիսին ենք, էլ ի՞նչ դեմոկրատական սահմանադրություն, ինչ քեզ հրամցնում են՝ անբարբառ ընդունիր;

Նվաստացուցի՞չ է: Այո, եւ ցավալի, որ ժողովրդի մասին այդպիսի քամահրանքով է խոսում  Ազգային ժողովի պատգամավորը:

Զարմանալի հետևողականությամբ Վ. Աթանեսյանը ձախլիկ է նաեւ մարդկանց հոգսերը դարմանելու հարցում, թեկուզ, որպես ժողովրդական պատգամավոր, նա պիտի որ անտարբեր չլիներ դրանց նկատմամբ: Բայց, ինչպես ասում են՝ կուշտը  սովածին չի հասկանա: Թե չէ իր կենցաղային հարցերը հեշտությամբ լուծած, պաշտոնական բուրգի հարմար աստիճանների հասած մեր պատգամավորը չէր հայտարարի. «Նա, ով իր կենցաղային հարցերը փորձում է լուծել պետության հաշվին, պետական մտածողություն չունի»:

Հայտարարում եւ անմիջապես նշում է պետականորեն չմտածողներին՝ «հաջողակ բիզնեսով» զբաղվողներին, մոռանալով դրանց շարքը դասել մեր բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներին, Ազգային ժողովի 250-300 հազար դրամ աշխատավարձ ստացող պատգամավորներին, որոնց  աշխատավարձը մեզ մոտ սահմանված թոշակի ցածր վարձատրվողների միջին մակարդակը գերազանցում է 20-30 անգամ: Ինչպե՞ս կարելի է, կնեղանան…Այսպես թե այնպես, աղքատության ծանր բեռան տակ կքած մեր տասնյակ հազարավոր կարիքավորներին մնում է մնալ իրենց իսկ հույսին, Վ.Աթանեսյանը նրանց համար ոչ մի ելք չի տեսնում: Այդ խեղճերը պետական մտածողություն չունեն:

«Հայրենիք»-ի հիշյալ հրապարակումներից անձամբ ես այն եզրակացությունն եմ արել, որ Սահմանադրության փետրահանողը ոչ թե Վ. Աթանեսյանի կծու խոսքին ու քննադատական կրակահերթին արժանացած «երկուսը» կամ «չորսն» են, այլ հենց ինքը՝ այդ մտավարժանքների հեղինակը: Դրանից ավելի մեծ վնաս հնարավոր էլ չէր տալ Սահմանադրությանը: Որովհետև մարդ կարող է նրա մատուցմամբ այն կարծիքին հանգել, որ ժողովրդավարությունը «մարսելի» չէ մեզ համար, այդ պատճառով էլ մեր սահմանադրությունը ժողովրդավարական չէ, ուստի պիտի դեմ քվեարկել: Ի տարբերություն Վ.Աթանեսյանի՝ ես մեծ կարծիքի եմ մեր ժողովրդի մասին ու ժողովրդավարության նրա ընկալունակության մակարդակի մասին և համոզված եմ, որ մարդիկ ամեն ինչ հասկանալով «կողմ» կքվեարկեն մեր Սահմանադրությանը գիտակցաբար, այլ ոչ թե Վահրամ Աթանեսյանի «սպառնալիքից» վախեցած:

Ու կքվեարկեն ազատ ու անկաշկանդ մթնոլորտում, առանց վախենալու սրա-նրա քննադատությանն արժանանալուց: Ու իրենք կորոշեն, թե ինչպես քվեարկել: Ինչպես էլ քվեարկեն՝ բոլորն էլ մերն են, մեր հայրենակիցը, մեզնից ոչ պակաս հայրենասերն ու պետականամետը: Թե չէ ի՞նչ է նշանակում նախագիծը հանրաքվեի դնել ու էն գլխից հարց տալ՝ «ի՞նչ է նշանակում դեմ քվեարկել…մարդիկ չե՞ն ուզում, որ մեր նորանկախ երկիրն ունենա հիմնական օրենք»: Այսքանից հետո էլ ի՞նչ հանրաքվե…

Եղիշե ՍԱՐԳՍՅԱՆ

Այ քեզ բան…

ԴԻՄԵՔ «ԴԻԶԱԿ+» ՏՊԱՐԱՆ
կամ՝ այսպես էլ ապրում ենք

Երբ Սահմանադրության նախագիծը խորհրդարանում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, երկրի նախագահն էլ ստորագրեց հանրաքվեի մասին հրամանագիրը, բոլորը սկսեցին խոսել Սահմանադրության քարոզչության մասին: Թվում էր՝ իշխանությունները շահագրգիռ են հանրության իրազեկման հարցում: Ոգեւորվելով այդ գաղափարով, «Դեմո» հանրային թերթն ու KarabakhOpen.com էլեկտրոնային թերթը որոշեցին իրենց ծառայությունն առաջարկել այդ գործում եւ նախագիծը հրապարակելով տեղեկացնել իրենց ոչ փոքր լսարանին: Ու սկսվեց մեր «ոդիսականը», ու տարբեր ատյաններ մեզ ֆուտբոլի գնդակի պես սկսեցին փոխանցել…

Դիմեցինք Ազգային ժողովի մամուլի ծառայություն, որտեղից մեզ ուղարկեցին ԱԺ քարտուղարություն: Այնտեղ մեզ պարզաբանեցին, որ Ազգային ժողովն ավարտել է իր «առաքելությունը», եւ նախագիծն ուղարկվել է ԼՂՀ նախագահի աշխատակազմ: Դիմեցինք աշխատակազմին: Այստեղ էլ մեզ տեղեկացրին, որ այս փուլում արդեն Արդարադատության նախարարությունն է դրանով զբաղվում՝ դիմեք այնտեղ:

Ճարներս ի՞նչ…Դիմեցինք պաշտոնական նամակով: Սակայն նախարարության պատասխանն ամենաֆանտաստիկն էր: Նախարարությունն իր պաշտոնական պատասխանում խորհուրդ տվեց դիմել…Ի՞նչ եք կարծում՝ ու՞ր: «Դիզակ +» տպարան:

Ինչպես հայտնի երգում է ասվում՝ «այսպես էլ ապրում ենք մեր սիրելի քաղաքում»:

Մեզ այսքանից հետո ի՞նչ է մնում անել: Մնում է դիմել ժողովրդին հետևյալ կոչով՝ հարգելի ժողովուրդ, դիմեք «Դիզակ+» տպարան:

Ն.ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

ՆՈՐՄԱԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐՄԱԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 10-ին կայանալու է Սահմանադրության հանրաքվեն: Արդյո՞ք ըստ ամենայնի պատրաստվել ենք դրան: Մենք փորձեցինք պարզել, թե այսօրվա դրությամբ որքանո՞վ են մարդիկ ծանոթ նախագծի տեքստին եւ մասնակցելու՞ են, արդյոք, հանրաքվեին:

Նվեր ԴԱԴԱՍՅԱՆ (15 տարվա ստաժ ունեցող պետական ծառայող)

-Բնակչության մեծ մասը ծանոթ չէ նախագծին: Շատերը կարծում են, թե նախագահական ընտրություններ են, հարցնում են՝ ովքե՞ր են թեկնածուները: Այնպես որ, ոչ թե առանձին դրույթներին չեն ծանոթ, այլ ընհանրապես՝ որ հանրաքվե կլինի, Սահմանադրություն կընդունենք:

-Անձամբ ես կողմ եմ քվեարկելու՝ ի՞նչ պետություն առանց Սահմանադրության: Թեկուզ բոլոր դրույթներին չեմ համաձայն, բայց քվեարկությունը, ցավոք, առանձին դրույթներով չէ: Եւ, այդուհանդերձ, ես կոչ եմ անում քվեարկել Սահմանադրության օգտին: Եկեք ևս մի քայլ անենք դեպի Պետության կայացումը:

Կարինա ԲԱԲԱՅԱՆ ( հաշվապահ):

– Նախագծում մի դրույթ կա այն մասին, որ կառավարության անդամները իրավունք չունեն բիզնեսով զբաղվելու: Ես դրա հետ համաձայն չեմ. յուրաքանչյուր ոք իրավունք ունի սեփականություն ունենալ: Թե չէ՝ չեն թույլատրում օրինական ձեւով զբաղվել, հետո էլ ասում՝ «ստվերային բիզնես»: Էդ ո՞վ չի կարող իր բիզնեսը կնոջ կամ զոքանչի անունով գրանցել: Նորմալ պետությանը Սահմանադրություն պետք է, բայց նորմալ, իրական Սահմանադրություն:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (48 տարեկան)

-Ուսումնասիրել եմ նախագիծը եւ լրիվությամբ ընդունում եմ, քանի որ զգում եմ պատասխանատվություն մեր զոհված տղաների առջեւ: Մեր նախնիների երազանքն էր, որ մենք մեր հողում ազատ ու անկախ ապրենք: Եւ Սահմանադրությունը մեզ համար ուղեցույց կդառնա:

Արմեն ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ (Հադրութի շրջանի Տող գյուղ)

-Չէ, ընդհանրապես ծանոթ չեմ: Գուցե մեր գյուղ հասցրել են մեկ-երկու օրինակ, բայց ժողովրդին դեռ չի հասել: Այնպես որ, բան չեմ կարող ասել: Հանրաքվեին կգնամ, բայց մինչ այդ անպայման պիտի ծանոթանամ տեքստին:

Մհեր ԱՌՍՏԱՄՅԱՆ (ք. Մարտունի)

-80 տոկոսով տեքստին ծանոթ եմ: Ինչ-որ բան պակասում է: Չէ, սահմանների հետ չէ կապված՝ այդ առումով ձեւակերպումները կարծես թե նորմալ են: Անպայման կգնամ հանրաքվեի եւ կողմ կքվեարկեմ:

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ ( Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ)

–  Ծանոթացել եմ, բայց մակերեսորեն: ժամանակին ուսումնասիրել եմ Հայաստանի Սահմանադրությունը եւ գտնում եմ, որ դրա համեմատ այս նախագիծը առաջընթաց է մեզ համար: Այնպես որ՝ կողմ եմ քվեարկելու:

Մանուշակ ՏԻՏԱՆՅԱՆ ( ճարտարապետ)

-Ծանոթացել եմ, իհարկե: Հատկապես պետության կառավարման համակարգն էր հետաքրքիր: Ճիշտն ասած, չեմ գտել այն դրույթը, որտեղ խոսվում է «երրորդ ժամկետի» մասին:

-Կողմ կքվեարկե՞մ: Դժվար հարց եք տալիս: Դեռ չեմ որոշել, կկարդամ՝ կտեսնեմ:

Լիանուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ( «Ջրաբերդ» թերթի թղթակից)

-Ծանոթ եմ Սահմանադրության նախագծին, սակայն չեմ կարծում, որ նրա ընդունմամբ որեւէ շոշափելի, էական տեղաշարժ կնկատվի մեր կյանքում: Ձեւական եմ համարում, բայց, մյուս կողմից էլ՝ քանի որ անկախ պետություն ենք, պիտի ունենանք մեր սահմանադրությունը, ուստի կմասնակցեմ եւ «կողմ» կքվեարկեմ:

Անահիտ ԳՐԻԳՈՐՅԱՆ (տնային տնտեսուհի)

– Սահմանադրության նախագծին ծանոթ չեմ եւ տեղյակ էլ չեմ, թե ինչ է կատարվում քաղաքական, հասարակական կյանքում: Նույնիսկ չգիտեմ՝ կհասցնե՞մ մասնակցել քվեարկությանը, թե՞ ոչ:

——————————————————————————————-

Սոցիալական

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ՊՐՆ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՊՐՆ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻՆ
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՊՐՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ

Մեծարգո պարոնայք:

Մենք, որպես այս երկրի քաղաքացիներ, ուրախ ենք մեր նորանկախ պետության հաջողություններով և ցավում ենք անհաջողությունների ու դժվարությունների համար: Ամենակարևորը՝ մենք հույսուհավատով ենք նայում մեր երկրի ու մեր իսկ ապագային և ակնկալում ենք, որ առկա դժվարությունները կհաղթահարվեն: Միևնույն ժամանակ գտնում ենք, որ դրանք հաղթահարելու համար հարկ է անհետաձգելիորեն կոնկրետ միջոցներ ձեռնարկել:

Մենք՝ մայրաքաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թ.120 շենքի (հանրակացարանի) բնակիչներս, գտնվում ենք անմխիթար վիճակում, ինչի վկայությունը վերջին փորձությունն էր մեզ համար: Շենքում ապրող ընտանիքների երեխաների մեծ մասը տառապում է դեղնախտով, ինչը սանիտարահիգիենիկ անբավարար պայմանների հետևանք է: Բազմիցս դիմել ենք ամենատարբեր ատյանների, բայց մեզ առայսօր օգնության ձեռք մեկնող չկա:

Դեղնախտը միակ վտանգը չէ մեզ համար, այստեղ ապրողները խոցելի են ամենատարբեր հիվանդությունների առաջ, քանի որ ուղղակի անմարդկային պայմաններ են շենքում: Շենքի կոյուղին չի գործում, ներքնահարկը լցված է ջրով, գազից օգտվելու հնարավորություն չունենք, բնակարաններում գերխտություն է: Եւ սա մայրաքաղաքի կենտրոնում: Ինչքա՞ն կարելի է համբերել, և մինչև ե՞րբ մենք պիտի ապրենք այսպիսի պայմաններում: Անընդհատ խոստանում են բարելավել մեր բնակարանային պայմանները, բայց խոստումները մի տարուց փոխանցվում են մյուս տարին, իսկ մենք շարունակում ենք ապրել նույն պայմաններում:

Ինչպե՞ս կարող է պետությունը հանդուրժել նման վիճակ: Այսօրվա երեխաները մեր վաղվա սերունդն են, մեր բանակի ապագա զինվորները: Սակայն մանկուց առողջական լուրջ պրոբլեմներ ունեցող սերունդը ինչպե՞ս կարող է հետագայում կատարել իր վրա դրվելիք առաքելությունը:

Մենք ահազանգ ենք խփում և դիմում ձեր օգնությանը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ Թ. 120 ՇԵՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
(շուրջ 50 ստորագրություն)

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՄՏԱԾԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

Ես նույնպես բնակվում եմ այդ չարաբաստիկ հանրակացարանում: Մի քանի ամիս առաջ շենքում դեղնախտի համաճարակ էր: Էլ թերթ-հեռուստատեսություն չի մնացել, որ չգան եւ չնկարեն խայտառակ վիճակը: Փառք Աստծո, համաճարակը կանգնեցրինք, եւ հիվանդացած 30 երեխաների վիճակը հիմա նորմալ է: Սանէպիդկայանից եկել են, նույնիսկ ջուրն են ստուգել:

Հանրակացարանի հարցը Ազգային ժողովում բարձրացրել է նաեւ մեր պատգամավոր Վալերի Հարությունյանը: Եւ ի՞նչ պատասխան է ստացել վարչապետից: Փոխանակ ասելու, թե ինչպես է լուծվելու հանրակացարանում բնակվող  322 մարդու ճակատագիրը, վարչապետը անհասկանալի պատասխան է տվել: Իբր, կառավարությունը չէ, որ պիտի լուծի նման հարցերը, այլ քաղաքապետարանը: Ասաց, որ արդեն երեք տարի է քաղաքապետարանին ասվել է, որ սենյակները սեփականաշնորհեն, համատիրություն ստեղծվի, հետո լուծեն հարցերը: Հետաքրքիր է, նրանք գիտե՞ն, որ իրենց ելույթները հեռուստատեսությամբ ցուցադրում են, եւ մարդիկ այդ ամենը տեսնում են ու հարցեր տալիս:

Ես էլ հարց ունեմ: Իսկ 2 տարի առաջ ինչո՞ւ չի լուծվել հանրակացարանի հարցը: Ինչո՞ւ մենք պետք է սեփականաշնորհենք սենյակներ, որտեղ ապրելն անհնար է: Չէ՞ որ վարչապետը, երբ խորհրդարանական ընտրություններ էին, անձամբ եկել է մեր շենքը, որ քարոզի իրեն պետքական թեկնածուի օգտին: Այն ժամանակ էլ անձամբ վարչապետին նամակ եմ տվել, որի պատասխանն արդեն քանի տարի է չեմ ստացել: Այդպե՞ս են աշխատում: Եւ այդքանից հետո ինչո՞ւ ուրիշին են մեղադրում:

Մեր հանրակացարանում ապրելն այլևս անհնար է: Եւ կառավարությունը պարտավոր է մտածել այստեղ ապրող մարդկանց առողջության եւ բնակարանային նորմալ պայմանների մասին:

Ռուդիկ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ 

ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ  ԿԱՐԾԻՔՈՎ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Ստեփանակերտի Ալեք Մանուկյան 120 հասցեով գտնվող հանրակացարանի իրավիճակը լակմուսի թուղթ է դարձել Ղարաբաղի իշխանությունների համար: Մենք արդեն գրել ենք, որ այդ հանրակացարանում, որը կառուցվել է 1967 թվականին Ղարմետաքսկոմբինատի աշխատողների համար, դեղնախտի համաճարակ է բռնկվել: Արդեն հիվանդացել է 35 երեխա: Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, ջրի եւ կոյուղու խողովակների անսարք վիճակն է:

Այդ մասին ահազանգել են տեղական լրատվամիջոցները: Հանրակացարանի «թաղկոմը» եւս դիմել է համապատասխան մարմիններ, բայց՝ ապարդյուն: Ընտրատարածքի պատգամավոր Վալերի Հարությունյանն է կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցով դիմել գործադիրին: Նախ, պատասխանել է ոչ թե առողջապահության նախարարության ներկայացուցիչը, այլ` վարչապետը: Ընդ որում, նա չպատասխանեց դեղնախտի մասին հարցին: Հակառակը` նա մեղադրեց Ստեփանակերտի քաղաքապետարանին, պատգամավորներին եւ Ղարաբաղի ժողովրդին: Վարչապետն ասաց, որ կառավարությունը փրկարար ծառայություն չէ, որ ամեն հարցով դիմեն: Կա քաղաքապետարան, որին շատ վաղուց առաջարկվել է համատիրություն կազմավորել այդ հանրակացարանում: «Այդ դեպքում մենք պարտավորվել ենք վերանորոգել հանրակացարանը: Հիմա ո՞ւմ հետ մենք պետք է աշխատենք»,- ասել է վարչապետը: Ընդհանրապես, նա չի հասկանում ղարաբաղցիների սովորությունը` ամեն ինչի համար մեղադրել կառավարությանը: Թե ինչ պետք է անեն հանրակացարանի բնակիչները, վարչապետն այդպես էլ չասաց: Պատգամավորներն էլ չդիմեցին առողջապահության նախարարության ներկայացուցչին, պահանջելով պատասխանել այդ հարցին:

Այս հարցուպատասխանը բացահայտեց Ղարաբաղում տիրող իրավիճակը: Նախ` պետական համապատասխան մարմինները չեն արձագանքում մամուլում հրապարակված ահազանգերին: Երկրորդ, նույնիսկ չեն արձագանքում բնակիչների տագնապին` հնարավոր համաճարակի մասին: Երրորդ` չկա հստակ բաժանում, թե ինչով պետք է զբաղվեն պետական եւ ինչով` տեղական ինքնակառավարման մարմինները: Ֆինանսական կողմը կառավարությունը վերցնում է իր վրա, իսկ պատասխանատվությունը բարդում համայնքների վրա: Չորրորդ` պատգամավորներն ի վիճակի չեն կառավարությունից որեւէ հարցի լուծում պահանջել, նույնիսկ նրանք, ովքեր խորհրդարանական մեծամասնություն են ներկայացնում: Եւ, վերջապես, հինգերորդ` ոչ ոքի չի հետաքրքրում սովորական մարդու խնդիրը, նույնիսկ եթե այն հասարակական վտանգ է ներկայացնում:

Եթե հիշենք, որ ժողովրդավարությունը պետական կառավարում է` հիմնված հանրային կարծիքի վրա, պետք է արձանագրենք, որ Ղարաբաղում ժողովրդավարություն գոյություն չունի:

http://www.KarabakhOpen.com

——————————————————————————————-

Նամականի

ՄՈՒՐԱՑԻԿՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾՎԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐՈՎ

Ուշադրությամբ կարդացի «Դեմո» թերթի 19-րդ համարում Ս.Հախումյանի «Մեզնից կախվածն անենք» հոդվածը եւ որոշեցի անպայման արձագանքել: Նա բավականին ցավոտ հարց է բարձրացրել՝ մուրացկանների խնդիրը, ու սեփական հոնորարից բաժին հանելու կոչով դիմել թերթի հեղինակներին: Ինչ խոսք, կարելի է հասկանալ նրան ու առաջարկը գնահատել որպես բարի կամքի դրսեւորում: Պարզապես գտնում եմ, որ դա հարցի լուծում չէ և ելք չէ ստեղծված իրավիճակից:

Ինչպես գիտեք, 2000 թվականից հանրապետությունում գործում է հաշմանդամ երեխաների «Զանգակ» միությունը: Այս հասարակական կազմակերպության հովանավորությամբ 2003 թվականին բացվել է «Զանգակ» մանկական կենտրոնը, որտեղ ընդգրկված են հաշմանդամ, տեսադաշտից դուրս մնացած,   մուրացիկ, երկկողմանի եւ միակողմանի որբ՝ թվով 35 երեխա, որոնցից 20-ը ապրում են շուրջօրյա (գիշերօթիկ) սկզբունքով: Այս երեխաների մեծամասնությունը հենց այդ մուրացիկ ծնողների երեխաներն են, որոնք երեխաներին ի ցույց դնելով՝ գթություն են աղերսում: Իսկ թերթում զետեղված լուսանկարի փոքրիկ տղան արդեն 4-րդ տարին ապրում է կենտրոնում՝ ալկոհոլիկ հոր եւ հոգեկան հիվանդ մոր պատճառով:

Ինձ թվում է, կհամաձայնեք, որ այդ մուրացիկները հավաքած փողը ծախսում են ոչ թե երեխայի կամ ընտանիքի համար, այլ խմիչքի, ծխախոտի եւ այլնի վրա: Երեխան նորից մնում է սոված, անխնամ եւ ծնողական տեսադաշտից դուրս: Իհարկե, մեզանից յուրաքանչյուրը կյանքում անում է այն, ինչ կարող է եւ ինչի ընդունակ է: Ես գտնում եմ, որ իրեն հարգող մարդը աղքատությունն էլ պետք է հպարտությամբ տանի, առավել եւս՝ մեր երկրամասում, որն իր բնությամբ ամեն ինչ պարգեւում է, ուղղակի աշխատող է պետք: Այսինքն՝ ցանկության դեպքում գոնե սոված չես մնա:

Մենք հաճախակի այցելում ենք այդ մուրացկանների ընտանիքները, զրուցում ենք նրանց հետ, առաջարկում մեր օգնությունը նրանց երեխաների ուսման եւ դաստիարակության գործում: Դուք էլ կարող եք այցելել Ստեփանակերտ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 15 հասցեում գտնվող բնակարանը, որտեղ մեծանում են անչափահաս  երեխաներ: «Տիրուհին» սեփական տունը, հազար ներողություն,  խոզանոցի է վերածել եւ չի աշխատում, թեև ի վիճակի է: Չի աշխատում, որովհետեւ երեխաներին խղճալով՝ հարեւանները եւ բարի մարդիկ օգնում են, իսկ երեխաները, որ հաճախակի դպրոց չեն գնում,  մորը չեն մտահոգում: Շատերը երեխաներին դարձրել են իրենց ապրուստի միջոցը: Մենք շփվում ենք նման երեխաների հետ եւ լսում ենք այնպիսի խոսակցություններ, ականատես ենք լինում այնպիսի տեսարանների, որ ուղղակի ապշում ենք:

Սա ասում եմ ոչ թե հեղինակին հակասելու համար, այլ ուզում եմ, որ մենք աշխատենք համագործակցված: Ինչպես ասում են՝ ցավը բուժելու համար հարկավոր է նրա պատճառը գտնել: Դրա համար այս խավի մարդկանց հետ աշխատել ցանկացողը պիտի ըմբռնի երևույթի արմատները ու դրա դեմ պայքարի համապարփակ միջոցները: Այս գործում անելիք ունի ոչ միայն պետությունը: Ունենք  ազդու անուններով տասնյակ հասարակական կազմակերպություններ, պատկան մարմիններ, բայց արի ու տես, որ չի կրճատվում ոչ մուրացիկների ու ոչ էլ տեսադաշտից դուրս մնացած երեխաների թիվը: Պատճառն այն է, որ համագործակցված չենք աշխատում: Հեշտ ելքը գտել են՝ ուղարկում են Քաշաթաղ կամ Երեւան՝  մանկատուն: Իսկ ու՞ր են մեր հայրենասերները:

«Զանգակ» մանկական կենտրոնի պատրաստակամությունն եմ հայտնում անվճար սկզբունքով ընդունել 3-16 տարեկան թվով 10 երեխա՝ պատասխանատվություն կրելով նրանց սնման, ուսման եւ դաստիարակության համար:

Աննա ԱՍԱՏՐՅԱՆ
«Զանգակ» միության նախագահ

ԴԱՐՁՅԱԼ ՀԱՑԻ ԽՆԴԻՐ

Ամեն առավոտ ականատես ենք լինում, թե ինչպես են մթերային խանութներին հաց բաժանում: Մեքենաների տեսքը, որպես կանոն, անբարեհաճ է, մատակարարներն էլ հիմնականում վարորդներն են: Մեքենայի տարբեր մասերի հետ «շփված» ձեռքերով էլ նրանք վերցնում են հացը, ստանում փողը, հաշվում և հետո էլ փողի հետ «շփված» ձեռքերով սպասարկում մյուս խանութները: Կամ՝ մեկ էլ տեսնում ես վարորդը աշխատում է մեքենայի վրա, ինչ որ անսարքություն կարգի բերում, ապա ձեռքերը շորով սրբում ու հացը տանում խանութ:

Տեղյակ ենք, որ քաղաքապետարանը մի քանի անգամ ստուգայցեր է կազմակերպել, բայց դրանց արդյունքները ժամանակավոր են լինում՝ որոշ ժամանակ անց նույնը կրկնվում է: Ինչքան էլ քաղաքապետարանն ու մյուս ծառայությունները հետևեն, միևնույն է, իմ կարծիքով ոչինչ չի փոխվի, քանի դեռ մենք ձեռք չենք բերել այդ կուլտուրան՝ հացի նկատմամբ սրբությամբ վերաբերվելու կուլտուրան: Սա վերաբերում է բոլորին՝ և հացարտադրողին, և մատակարարողին, և սպառողին:

Ալինա ԶԱՔԱՐՅԱՆ

ՆՈՐԻՑ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նորաբաց խանութները, նորակառույց շենքերն ու «ինոմարկաները» չեն կարող վարագուրել այն իրողությունը, որ բնակչության սոցիալական վիճակը բարվոք չէ: Մարդկանց մի զգալի մասը գտնվում է անելանելի վիճակում, և այս անելանելիության հիմնական պատճառն այն է, որ աշխատատեղեր չկան, իսկ գործազրկությունը շարունակում է չարիք մնալ մեր երկրի համար: Արդյունքում՝ մարդկանց մի մասը լքում է հայրենիքը, ինչպես նախկինում էին ասում՝ «երկար ռուբլու» ետևից ընկնելով: Եւ միայն հայրենասիրական կոչով նրանց ետ չես բերի, ոչ էլ մնացողներին հեռու կպահես այդ գայթակղությունից:

Հասարակությունը բաժանվել է հարուստների ու չքավորների, դրանց արանքում էլ միջին բարեկեցության տեր մարդկանց ոչ մեծաքանակ խավն է, որն ի վիճակի չէ մեղմացնելու առկա բևեռացումը:

Մենք պետություն ենք, ունենք բյուջե, որ պիտի ծառայի ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը: Ամեն տարի խոսում են այն մասին, որ բյուջեն մեծանում է, եկամուտներն ավելանում են, երկիրը զարգանում է և այլն, և այլն: Բայց թե ինչու այդ ամենը չի անդրադառնում հասարակ մարդու ապրուստի վրա՝ մնում ես շշմած:

Իննա ԱՎԱՆԵՍՅԱՆ

ՈՐ ՀԱՃՈՒՅՔԸ  ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՉՎԵՐԱԾՎԻ

Աշնանային արևոտ եղանակ էր, ընկերուհուս հետ շտապում էինք դասի: Հանկարծ ականատես եղանք այսպիսի մի տեսարանի. փոշոտ փողոցի մայթում տարեց կանայք կռացել՝ ինչ-որ բան էին որոնում: Որոշեցինք մոտենալ ու օգնել: Բայց երբ մոտեցանք, ուղղակի ապշեցինք:

Պարզվեց, որ կանայք… արևածաղիկ վաճառողներ էին և ոչ թե ինչ-որ բան էին որոնում, այլ հավաքում էին գետնին թափված արևածաղկի սերմերը: Հավաքելուց հետո, հանգիստ կերպով լցրին դրանք թասը, որից էլ շատերս օգտվում ենք հաճախ:

Ու նոր միայն հասկանում ես, թե արևածաղիկ չրթելով ինչպիսի ռիսկի ենք դիմում, չէ՞ որ հնարավոր է «ձեռք բերել» տուբերկուլյոզ և սուր ռեսպիրատոր վիրուսային հիվանդություններ: Ի՞նչ են մտածում այդ կանայք, երբ հանգիստ խղճով հավաքում են գետնից արևածաղիկը և վաճառում մեծուփոքրի:

Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես կարելի է դրա դեմ պայքարել: Պարզապես ուզում եմ դիմել բոլորին՝ զգուշացեք:

Կամ էլ կարելի է հետևյալ եզրակացությունն անել՝ արևածաղիկ չրթելը ոչ միայն անկուլտուրականություն է, այլև վտանգավոր է առողջության համար:

Յանա ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

 

ՄԵՐ ՔԱՂԱՔԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է

Քայլում ես մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներով, և  սիրտդ հրճվանքով է լցվում, երբ տեսնում ես, թե քաղաքն ինչպես է օրեցօր գեղեցկանում, ինչպես է եռում կյանքը: Ամենուր շինարարություն է, հին ու վթարային շենքերի տեղը աճում են նորակառույցներ, վերանորոգվում են ճանապարհները, նոր խանութներ են բացվում: Մի խոսքով՝ կյանքը շարունակվում է, ապրում ենք, կանք:

Սակայն հրճվանքդ խամրում է, երբ տեսնում ես մայրաքաղաքային կյանքի մյուս երեսը՝ ծայրամասային անխնամ ու կիսախավար փողոցներ, ցեխաջուր: Այս կոնտրաստը դեռ մեր իրականությունն է:

Տհաճ է նաև տեսնել փողոցային առևտրի ներկայիս պատկերը՝ իրար խառնած մրգեր, բանջարեղեն, խմիչք, հյութեր, կտորեղեն, կոշիկ: Եւ այս ամենը՝ հենց մայթերի վրա: Որքան տեղյակ եմ, Երևանում արդեն արգելել են փողոցային առևտուրը, բացի ծաղիկների ու պաղպաղակի առևտրից: Իսկ մեզ մոտ հնարավո՞ր չէ դա անել:

Հասկանում եմ, որ նման քայլը կվնասի իրենց օրվա հացը այդկերպ վաստակող բազմաթիվ մարդկանց: Ուստի թերևս ճիշտ կլիներ արգելելուց առաջ նրանց համար մի բան մտածել:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

ԱՅՍՕՐՎԱ ԱՆԵԼԻՔԸ ՎԱՂՎԱՆ ՉԹՈՂՆԵՆՔ

Կա մի հին, ճիշտ է՝ կոպիտ, բայց դիպուկ ասացվածք՝ «էշ, մի մեռիր, գարուն կգա»: Գուցե տգեղ համեմատություն լինի, բայց հաճախ մարդ արարածս էլ այդ «գրաստային» ճակատագիրն ու հոգեբանությունն ունի, երբ անվերջ սպասում է հույսով, որ մի օր լույս կբացվի իր համար:

Զորօրինակ, մեծշենցիներին այսօր նույն հոգեբանությամբ խորհուրդ են տալիս սպասել: Մարտակերտի շրջանի այս գյուղում տրանսպորտի հարցը լուրջ պրոբլեմ է դարձել: Մարդկանց սպասարկում էր Մեծ շեն-Մարտակերտ երթուղային ավտոբուսը, սակայն գարնանը պատահած ավտովթարից հետո գյուղը զրկվել է փոխադրամիջոցից:

Ամիսները հերթափոխում են միմյանց, մեծշենցիներն էլ սպասում են այն երանելի օրվան, երբ նորից «տեղաշարժվելու» հնարավորություն կունենան: Ծայրահեղ կարիքի դեպքում մարդիկ մոտ 12 կմ ճանապարհ են կտրում շրջկենտրոն հասնելու համար, քանի որ հնարավոր չէ ամեն անգամ 4000 դրամով տաքսի վարձել:

Ամենաշատը մայրաքաղաքում սովորող ուսանողներն են տուժում: Առանց այն էլ նրանց պրոբլեմները քիչ չէին՝ բնակարանի վարձ, ամենօրյա ծախսեր, ուսման վարձ: Հիմա ավելացավ ևս մեկը: Ուսանողների համար ոչ միայն դժվարացել է գոնե ամիսը երկու անգամ գյուղ մեկնելը, այլև նրանք զրկվել են գյուղից ծնողների կողմից ուղարկվող «պայոկից» (խեղճ ծնողներն ինչպե՞ս ուղարկեն):

Հիշու՞մ եք, թե ինչ էր ասում մայր Թերեզան՝ «Երեկն անցել է, վաղը դեռ չի եկել, միայն այսօրն է՝ սկսենք»: Ուրեմն՝ սկսենք, և թող պատկան մարմիններն իրենց գործը չթողնեն վաղվան, այլ մարդկանց ձեռք մեկնեն արդեն իսկ այսօր:

Էմմա ՄՈՎՍԻՍՅԱՆ

 

ՈՐ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՏԿԱԳՆԵՐ ՉԴԱՌՆԱՆ

Մամուլից պարբերաբար տեղեկանում ես, որ սակագները բարձրանում են՝ լույսի, գազի, կապի և այլն: Ու ոչ ոք չի մտածում, թե բնակչության անապահով խավերը ինչպես են դուրս գալու այս ամենի տակից: Մարդ կա՝ հազար անգամ հաշվում է իր խղճուկ կենսաթոշակը, հազար անգամ ձևում-վերաձևում, կարկատում-կցմցում, որպեսզի մի կերպ, ինչպես ասում են, ծայրը ծայրին հասցնի:

Նորմալ երկրներում անապահով խավերի համար նման դեպքերում փոխհատուցման մեխանիզմներ են մշակում, կամ էլ պարզապես բարձրացնում են նրանց թոշակները՝ համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին: Ավելի ճիշտ՝ նվազագույն զամբյուղի իրական չափին:

Եթե մեզ մոտ ևս այդպես չանեն, ապա շատ շուտով այդ սակագները մարդկանց մի զգալի մասի համար սատկագների են վերածվելու:

Անյա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ

Շեքսպիրյան հերոսի այս ծանր հարցն այսօր դամոկլյան թրի պես կախված է արցախցի բազմաթիվ կենսաթոշակառուների գլխին: Ու պատասխան է պահանջում: Իսկ պատասխան գտնելը դժվար չէ, իհարկե՝ «լինել», պարզապես այդ պատասխանի «պատասխանը» տալն է դժվար: Այն է՝ ինչպե՞ս: Չնչին կենսաթոշակը հարցը չի լուծում, չի ապրեցնում: Ուրեմն՝ ի՞նչ պիտի անել: Հուսալ: Հուսալ, որ մի օր այս մարդկանց վիճակը կբարելավվի, և պետությունը հնարավորություն կունենա այնքան բարձրացնել նրանց կենսաթոշակը, որ հնարավոր լինի «լինե՞լ, թե՞ չլինել» հարցին պատասխանել:

Արփինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՐԳԵՆՔ ՄԵԾԵՐԻՆ

Հարգեք մեծերին՝ սովորեցնում են մեզ փոքրուց: Իսկ գուցե արդեն չե՞ն սովորեցնում: Դատեք ինքներդ հետևյալ միջադեպից:

Երթուղային տաքսին լեփ-լեցուն էր, մեծ մասը՝ ջահել տղաներ ու աղջիկներ: Նստելու տեղ արդեն չկար, երբ հաջորդ կանգառում ներս մտավ տարեց մի կին: Պատանիներից ոչ ոք տեղից չշարժվեց, ասես չէին էլ նկատել տատիկին: Մի արհամարհական հայացք ձգելով դեպի այդ անհոգ տղերքը, ես ոտքի ելա և տեղս զիջեցի կնոջը: Մյուս կանգառում արդեն ես իջա ու նկատեցի, որ մի քանի կին նստեցին: Քայլում էի փողոցով ու մտածում՝ տեսնես օրինակս վարակիչ եղա՞վ, թե՞ ոչ, այդ տղաներից որևիցե մեկը տեղը զիջե՞ց, թե՞ ոչ:

Դժվար թե՝ եզրակացրեցի ես: Մտապատկերումս նրանցից մեկի դեմքն էր, որ բառերով չեմ կարող արտահայտել: Պարզապես որպես լրացուցիչ շտրիխ նշեմ, որ բերանին ծխախոտ էր:

Տաթևիկ ԲԵՋԱՆՅԱՆ

—————————————————————————————-

Մշակույթ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ  ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

«Ժամանակակից երիտասարդություն» ասելով՝ առաջին հերթին պատկերացնում ես կենսուրախ ու ակտիվ մի հոծ զանգված, որը տարբեր կերպ աշխատում է զարգացնել, այսպես ասած` «աճեցնել» իր գիտելիքների «ծառը», լայնացնել մտահորիզոնը՝ վաղը լիարժեք քաղաքացի ու հայրենիքին օգտակար անձնավորություն դառնալու համար: «Ազգային ավանդույթներ» ասելով էլ՝ հետադարձ հայացք ես ձգում սեփական ազգիդ անցյալին ու մտովի թերթում նրա պատմության էջերը, տեղեկանալով այն ամենին, ինչ եկել է դարերի խորքից եւ ուղեկցում է ժողովրդիդ դարեր շարունակ, իմա՝ սովորույթներ, ադաթներ,  երաժշտություն, կերպարվեստ և այլն, այսինքն՝ այն, ինչից հյուսվում է ազգային դիմագիծը:

Պարզելու համար այսօրվա երիտասարդության վերաբերմունքը՝ տողերիս հեղինակը փոքրիկ սոցհարցում անցկացրեց, 16-25 տարեկան տղաներին ու աղջիկներին տալով հետեւյալ հարցը`«Ի՞նչ է ձեզ համար «ազգային ավանդույթ» հասկացությունը եւ ի՞նչ  դեր է այն խաղում ձեր կյանքում»:

Պարզվեց, որ հարցված 100 երիտասարդից միայն 15-ն է այս կամ այն կերպ «կապ պաշտպանում» ազգայինի հետ: Մնացած 85-ից 25-ը գոնե գաղափար ունի, թե ինչ է նշանակում «ազգային ավանդույթը», իսկ ահա 60-ը նախընտրում է նման հարցերով չծանրաբեռնել իրեն, չկտրվելու համար համակարգչային խաղերից, նոր արտադրված «ինոմարկաներից» և այլ արդիական հաճույքներից: Հանրահայտ մոդելավորողների նոր հավաքածուներով ծանրաբեռնված ուղեղում ոչ մի կերպ չի տեղավորվում ոչ մոդայիկ ազգային տարազը:

Մեղադրե՞լ նման անձանց: Ոչ, դա անհեթեթություն կլիներ, քանի որ միայն մեղադրելով ու դատափետելով` ոչ մի հարց չի լուծվի: Պիտի  ընդունենք, որ միշտ էլ եղել են ազգային ակունքներից սնվող մարդիկ եւ օտարի ստեղծածը նախընտրողներ ու ալտրուիստներ:

Բայց պատճառներից մեկն էլ հայտնի թյուրիմացությունն է: Ոմանք կարծում են, թե «չմոռանալ ազգային ավանդույթները» արտահայտությունը նշանակում է, թե նախընտրած երաժշտությունը անպայման պիտի զուռնա-դհոլ լինի, կարդացած գրականությունդ՝ միայնումիայն հայկական, հագուստդ՝ խլուղ, իսկ իրականացվող տարաբնույթ միջոցառումները պիտի խստորեն համապատասխանեն դարերի խորքից եկող ավանդույթներին: Բայց ո՞վ է ասել, թե պիտի կտրվենք ժամանակից ու վերադառնանք, ասենք թե, միջնադար: Այդպիսի դիրքորոշումը ոչ միայն սխալ է, այլեւ վնասակար, ու նպաստում է ազգայինից «խրտնելուն»: Ինչպե՞ս կարող է ժամանակակից մարդն անհաղորդ մնալ համաշխարհային քաղաքակրթությանն ու ժամանակի նորամուծություններին: Պարզապես դա չի նշանակում կտրվել նաև ազգային արմատներից, հայեցի դաստիարակությունից ու մտածողությունից: Ի վերջո, ինչպես մեծերն են ասել՝ առանց ազգայինի չկա միջազգային: Ահա այս երկու ծայրահեղ ընկալումներից խուսափելու մեջ է հարցի լուծումը:

Մի հանգամանքի մասին ևս. երիտասարդների մտածելակերպի վրա մեծ ազդեցություն ունեն հանրային բարքերը, տիրապետող մտայնությունները, քարոզվող արժեքները: Ի՞նչ են քարոզում մերօրյա լրատվամիջոցները, հատկապես բազմաթիվ հեռուստառադիոալիքները: Հետեւաբար, չպետք է զարմանալ այսօրվա երիտասարդության մտածելակերպից: Ծիծաղում ենք Ստեփան Շահումյանի արձանը «ձեռքերը խաչած մարդ» անվանողների, Սայաթ-Նովային կին կարծողների, ռադիոյով Վերածննդի հրապարակը «կալցեվոյ» և քաղաքի կենտրոնը «պիտաչոկ» հայտարարողների, օտարահունչ ցուցանակների հեղինակների վրա ու դրանով բավարարվում: Հապա ուշադիր նայեք, թե դպրոցականներին հրամցվող տետրերի շապիկներին ովքեր են: Ումի՞ց ենք նեղանում:  Ուսուցիչների մի զգալի մասն էլ դասարանում գրական հայերենով չի խոսում:

Այսքանից հետո երիտասարդներին պարզապես մեղադրելն անիմաստ է: Պետությունը, մտավորականությունը, բոլորս պիտի մտահոգվենք այս ամենով ու «ազգովի» ելք որոնենք:

Իրինա ՈՍԿԱՆՅԱՆ

 

ՀԱՄԵՐԳԸ ՀԱՋՈՂՎԵՑ

Նոյեմբերի 22-ին մայրաքաղաքի Սպայի տանը կայացավ Վարդան Սարգսյանի և Սոֆիի համերգը: Դահլիճը լեփ-լեցուն էր, հիմնականում՝ երիտասարդներ: Համերգը բացեց Վարդանն իր նոր՝ «Կանգառ» երգով: Նրան շարունակեց հմայիչ Սոֆին՝ նույն հաջողությամբ «պոկելով» հանդիսատեսների ծափողջույնները: Մտերմիկ ու հաճելի մթնորտ էր ամբողջ համերգի ընթացքում:

Վերջում Վարդանն ու Սոֆին մոտիկից շփվեցին իրենց երկրպագուների հետ, վերջիններիս ընծայելով իրենց լուսանկարները և լուսանկարվելով նրանց հետ: Վարդան Սարգսյանը տեղեկացրեց, որ գալիք տարվա ապրիլին Արցախում հանդես կգա մենահամերգներով:

Նարինե ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐ

21-րդ դարը համարվում է համակարգչային դարաշրջան: Համացանցն աշխարհը նվաճել է իր անսահմանափակ հնարավորություններով: Ինչպես ամեն երեւույթ, այնպես էլ համացանցը դրականից բացի ունի նաեւ բացասական կողմեր:

Արցախը եւս զերծ չի մնացել դարի հիվանդությունից, բավական է միայն նշել մայրաքաղաքում գործող 20-ից ավելի ինտերնետային ակումբները, որոնք անչափահասների համար յուրօրինակ դրախտ են դարձել, որտեղ կարելի է ամբողջ օրն անցկացնել եւ նույնիսկ չգնալ դպրոց:

Համակարգչային խաղերն օգտակար են այն առումով, որ զարգացնում են երեխայի միտքը, ռեակցիան, ի վերջո՝ կտրում են փողոցի վատ ազդեցությունից: Միևնույն ժամանակ, Ճապոնացի մասնագետները պարզել են, որ երկար ժամանակ համակարգչի առջեւ նստելը թուլացնում է մարդու մկանները եւ հաճախ տեղի է ունենում ձեռքերի անզգայացում, ինչպես նաեւ խաթարվում է նյարդային համակարգի գործունեությունը:

Մեկ այլ հանգամանք. արդյո՞ք երեխան լիարժեք դաստիարակություն կունենա, եթե ամեն օր համակարգչի էկրանին տեսնի դաժանություն ու կոպտություն: Այո, դաժանություն, քանի որ համակարգչային խաղերում մեծամասամբ սպանություն ու կողոպուտ, ծեծկռտուք եւ նմանատիպ տեսարաններ են լինում:

Գայանե ՊԵՏՐՈՍՅԱՆ

——————————————————————————————-

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

ՏԱՐԱԾՔԸ ԴԵՌԵՎՍ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԷ

Տարածքը դեռեւս հայրենիք չէ…

Եթե մեր ոգու լույսը չի բխում հողի հունդերից

եւ խաչքարերից չի տարածվում շո՛ւնչը լինելիության,

եթե գրքերը հավելվածներ են անորոշության,

համակարգիչներն՝ աստվածներ անմեռ,

իսկ անցորդները կյանքից դուրս մղված

նշաններ են լոկ,

եթե հայ երգը պատա՛նդ է միայն

ազատագրված այս փողոցներում

եւ քաղաքներում հայրենակարո՛տ,

ուր ընկած է ոգին խարխափանքների զոհասեղանին,

ուր նյութի շքեղ ցուցահանդես է

եւ մուրացկանի ուրվականային անցուդարձ ու սահք,

ուր անհավասար կյանքի շերտերից

/ամենաէժան աշխատուժը դեռ Հայաստանո՛ւմ է-

հանքատեսակ, որ չի օգտագործվում

շրջափակման այս կեղեքարանում/

պոռթկո՛ւմ է ճիչը բանաստեղծների,

ոգու լույսը եւ մտքի աուրան…

/Ցավն էլ… անդո՛ւնդ է/:

Վարագույրներն են ընկնում բեմերից

հասարակության:

Ի՞նչ ունենք հիմա.

երազանքի շե՞մ

եւ ջիպերի լայն անվադողերով

քարտեզագրվող իրականությո՞ւն,

ուր մեր ունեցած հարստությունը հիշողությո՞ւնն է.-

88 թվի տարերքն ենք հիշում ժողովրդական,

երբ տառապանքի ցա՛վն էր ընդհանուր,

երբ երազանքի լո՛ւյսն էր ընդհանուր…

Տենդի վիհե՛րն են ելնում հավատի լեռնապարն ի վեր…

Տարածքը դեռեւս հայրենիք չէ /փորագրված է

այս տողը ծառին, քարին, անհունին/:

Եթե մեր ոգու ելքը չի բխում սալաքարերից

եւ խաչքարերից չի տարածվում հիմնը լինելիության-

ուրեմն մեր քայլը անորոշության հավելվա՛ծն է հենց,

ուրեմն մեր սերը զարդարա՛նք է եւ բառերի թափոն…

Վառեք ջահե՛րը Ոգու Անհունի

եւ հայրենիքի լույսի ուղղությամբ

նայե՛նք երազին, հողին, հավատին,

զի մեր հոգեւոր Հայրենիքն Ազատ

առանցքն է Գոյի եւ Լինելության:

——————————————————————————————-

Խճանկար

ԱՆԳԼԻԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Անգլիացի լորդը լարում է ժամացույցը և զարմացած ծառային պարզաբանում.

– Բժիշկը ինձ հանձնարարել է ֆիզիկական վարժություններ կատարել:

***

– Սըր, Ձեզ վրա ճանճ է նստել: Օյ, սըր, Ձեզ վրա մի ճանճ էլ է նստել: Ո°չ, ո°չ, սըր, ես ոչինչ չեմ ուզում ասել, սակայն ճանճերը հազվադեպ են սխալվում:

***

– Պարոնայք, մի գիշերվա ընթացքում ես միանգամից եղջյուրակիր եմ դարձրել երեք ջենտլմենի,- իր ակումբակիցների մոտ պարծենում է լորդը:

– Ինչպե՞ս կարող է դա պատահել:

-Ես գիշերը անց եմ կացրել կնոջս հետ:

***

Անգլիական ակումբում ընդունելության ժամանակ մի լորդ մյուսին ասում է.

– Սըր, լսել եմ, որ դուք վերջերս հողին եք հանձնել ձեր կնոջը: Ինչպիսի՛ վիշտ: Իսկ ի՞նչ էր պատահել նրան:

– Գիտե՞ք ինչ, սըր, նա մահացել էր:

***

– Հոլմս, ինչու՞ է վարունգը ուտելու ժամանակ խրթխրթում:

– Շատ պարզ, Վաթսոն, ապակյա բանկան չի բացվել և ստիպված այն ջարդել են…

***

– Վաթսոն, ինչպե՞ս է վիճակն Իրաքում:

– Հոլմս, ինչպե՞ս իմացար, որ ես այնտեղից եմ գալիս:

– Շատ պարզ, Վաթսոն: Ախր դու ցինկե դագաղում ես:

 

Մարզական խճանկար

ՇԱԽՄԱՏ

Միխայիլ Տալի՝ Մոսկվայում անցկացված հուշամրցաշարում, որին մասնակցում էին 10 ուժեղագույն գրոսմայստերներ, հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը, վաստակելով 5.5 միավոր, ճանաչվեց մրցաշարի երեք ուժեղագույններից մեկը: Նա մրցաշարի առաջին տեղը բաժանեց Լեկոյի եւ Պոնոմարյովի հետ:

***

Հայ երկու հայտնի գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը 2007թ. հունվարի 12-18-ը կմասնակցեն Վեյկ ան Զեեի հեղինակավոր շախմատային մրցաշարին: Արոնյանը հանդես կգա ուժեղագույն «Ա» խմբում, որտեղ կմրցի Կրամնիկի, Տոպալովի, Անանդի, Սվիդլերի, Մորոզեւիչի, Ռաջաբովի, Շիրովի, Պոնոմարյովի, Կառլսենի, Տիվյակովի, Վան Վելիի, Կարյակինի եւ Մոտելյովի հետ: Իսկ Գաբրիել Սարգսյանը հանդես կգա «Բ» խմբում՝ Յակովենկոյի, Հիանցզիի, Ելյանովի, Նիջբոերի, Լ՝Ամիի, Ատալիկի, Ստելվագնի, Գեորգիեւի, Սմիթսի, Կոսնիցեւայի, Լագրավի հետ: Հաղթելու դեպքում Սարգսյանը իրավունք կստանա հաջորդ տարի հանդես գալ ուժեղագույնների պայքարում:

***

Աջարիայի մայրաքաղաք Բաթումում կայացած 8-18 տարեկան տղաների եւ աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունում, որին մասնացում էին 30 հայ շախմատիստներ, ամենահաջողը հանդես եկավ 12-ամյա Ռոբերտ Աղասարյանը, որը, վաստակելով 9 միավոր, իր տարիքային խմբում դարձավ  աշխարհի չեմպիոն: 18 տարեկանների պայքարում 8 միավորով փոխչեմպիոն հռչակվեց Հրանտ Մելքումյանը:

ԼՈՂ

Դեկտեմբերի 5-ին հայ լողորդ Միքայել Կոլոյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Հելսինկիում: Ի դեպ, սպորտի վարպետ Կոլոյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է:

ԲԻԼԻԱՐԴ

Դեկտեմբերի 8-10-ը Ֆինլանդիայում կայանալիք բիլիարդի՝ «Ազատ բուրգ» մարզաձեւով աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաեւ Հայաստանի բիլիարդիստները: Հայաստանի տղամարդկանց հավաքականում հանդես կգան Անդրանիկ Գրիգորյանը, Էդիկ Հունանյանը, Ռոբերտ Ամիրխանյանը եւ ԼՂՀ բիլիարդի բազմակի չեմպիոն Վիտալի Բալայանը: Իսկ կանանցից հանդես կգա Անահիտ Զաքարյանը:

ԲՌՆՑՔԱՄԱՐՏ

IBF վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաջորդ տարվա ապրիլ ամսին նորից ռինգ դուրս կգա։ Հայ մարզիկն այժմ բուժական կուրս է ընդունում ծնոտի կոտրվածքից հետո։

***

IBF-ի եւ IBO-ի վարկածներով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի ներկայիս չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հնարավոր է իր հերթական մենամարտն անցկացնի 2007 թ. հունվարի 7-ին՝ Լաս Վեգասում: Նրա հնարավոր մրցակիցը կլինի առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, 32-ամյա մեքսիկացի բռնցքամարտիկ Վիկտոր Բուրգոսը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s