№ 21 / 15 դեկտեմբեր

ԼՂՀ-Ն ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 Դեկտեմբերի 10-ի ժամը 20:00-ին փակվել են ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեի տեղամասերը:

Հաջորդ առավոտյան Կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը հրապարակեց քվեարկության նախնական արդյունքները: Ըստ Ս.Նասիբյանի տեղեկատվության, երկրի գլխավոր օրենքի հանրաքվեին մասնակցել են ցուցակներում ընդգրկված 90077 քաղաքացիներից 78389-ը, որը կազմում է քվեարկողների ընդհանուր թվի 87.02 տոկոսը: Քվեարկողներից Սահմանադրության նախագծին «կողմ» են քվեարկել 77279 հոգի, որը կազմում է քվեարկողների 98.58 տոկոսը: «Դեմ» են քվեարկել 549 քաղաքացիներ, այն է՝ քվեարկողների 0.7 տոկոսը:

Ակտիվության ռեկորդ են սահմանել Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բնակիչները, որոնք քվեարկությանը մասնակցել են 100 տոկոսով, եւ բոլորն էլ կողմ են քվեարկել Սահմանադրությանը: Իսկ Ստեփանակերտում մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 71 տոկոսը:

 

Հանրաքվե. բարձր տոկոսներ, խանդավառություն, մի քիչ էլ՝ ձեւականություն

Ըստ երեւույթին, «դեմ» քվեարկողների մեծ մասը հենց մայրաքաղաքի բնակիչներն էին:

Ընդհանրապես, մայրաքաղաքում նկատելի էր երկու «բողոքական» զանգված՝ նրանք, ովքեր սկզբունքորեն դեմ են քվեարկել, եւ նրանք, ովքեր չեն ներկայացել քվեարկության: «Բողոքականությունն» էլ իր հերթին մի քանի պատճառ ուներ. նախ, բնակչության մի մասը ոչ թե Սահմանադրության նախագծին չէր տեղյակ, այլ կարծում էր, թե հերթական ընտրություններ են: Լրագրողների հարցերին, թե ինչու չեն գնում քվեարկության, շատերը պատասխանում էին. «Մեկ է՝ ում կուզենան, նրան էլ կընտրեն»: Ոմանք էլ հարցին  հարցով էին պատասխանում. «Իսկ ի՞նչ պիտի այդ Սահմանադրությունը մեզ տա»:

Հանրաքվեն, այդուհանդերձ, կայացավ, այն էլ՝ համընդգրկուն: Ձեռքի տակ ճշտված տվյալներ չունենալով, իհարկե, չենք կարող վիճարկել մասնակցության մասին տվյալները, սակայն մեր դիտարկումներով Ստեփանակերտում քվեարկության մասնակիցները նկատելիորեն քիչ էին նշված թվերից: Նման կասկածներ շրջանառվում են այսուայնտեղ, և եթե դրանք անհիմն չեն, ապա կարող են բացասաբար անդրադառնալ ընդհանրապես ընտրական գործընթացների նկատմամբ քաղաքացիների վստահության վրա:

Դիտորդները գտնում են, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի սահմանել սեփական պետության կարգերը

Սահմանադրության հանրաքվեին մասնակցել է 168 դիտորդ, այդ թվում՝ 37 միջազգային (եղել է անգամ Վենետիկի հանձնաժողովի անդամ-փորձագետ), հավատարմագրվել են 65 լրագրողներ, որոնցից 26-ը՝ արտերկրից: Բոլոր դիտորդների գնահատականներն էլ դրական են եղել, ոչ ոք էական դիտողություններ չի արել ու չի գրանցել լուրջ թերացումներ: Ահա նրանցից մի քանիսի կարծիքը:

Լուչիանո Արդեզի /Մարդու իրավունքների համաշխարհային լիգայի անդամ/ – Ես այսօր եղել եմ Մեհմանա գյուղում: Պետք է ասեմ, որ հանրաքվեն շատ կազմակերպված է անցկացվել, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Քվեարկությունն ազատ էր ու թափանցիկ: Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը՝ ունենալով բոլոր ինստիտուտները: Սա ինքնորոշման իրավունքն է, որն ամրագրված է միջազգային երկու պակտերով, մեկը՝ քաղաքական, մյուսը՝ սոցիալ-տնտեսական: Կարող եմ վկայել, որ այն, ինչ այսօր Ղարաբաղի ժողովուրդն արեց, դա լեգիտիմ էր: Կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է ընդունի այն, ինչ ուզում է Ղարաբաղի ժողովուրդը:

Միլա Բաթայ /Սերբ գոլիստների շարժում/  – Ես ներկայացնում եմ սերբ ժողովրդին Ֆրանսիայում: Ղարաբաղում դիտորդի կարգավիճակով եմ: Այսօր եղել ենք հանրաքվեի Մարտունու տեղամասում, որն ընտրել ենք նրա համար, որ այն բավականին հեռու է Ստեփանակերտից եւ բավականին մոտիկ Ադրբեջանի սահմանին: Այն բնակավայրն ենք ընտրել, որը, հնարավոր է, պատերազմի արդյունքում տուժել է: Ճիշտ է, շատ տեղեր չկարողացանք այցելել, բայց որտեղ եղանք, շատ կազմակերպված էր ամեն ինչ եւ կոռեկտ: Ոչ մի դիտողություն չունեմ եւ գտնում եմ, որ հանրաքվեն անցել է միջազգային չափանիշներին համապատասխան: Թող օբյեկտիվ չլինեմ, բայց պետք է ասեմ, որ Հայաստան եւ Ղարաբաղ եմ այցելել՝ աջակցելու հայ ժողովրդին, քանի որ երբ Սերբիան ռմբակոծվում էր, Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները օգնում էին սերբերին, նույնիսկ գալիս էին եկեղեցի եւ աղոթում սերբ ժողովրդի համար: Ինչ վերաբերում է հանրաքվեի իրավական եւ քաղաքական ասպեկտներին, ասեմ, որ Ղարաբաղի ժողովուրդը ունի իր անկախության համար քվեարկելու իրավունքը:

«Իմ անունը Էլիզաբետ Օուեն է, ես Նյու Յորքի «EurasiaNet» էլեկտրոնային լրագրի գործող մասնաճյուղի խմբագիրն եմ: Առաջին անգամ եմ Արցախում եւ ինձ շատ լավ եմ զգում այստեղ, շատ դուր եկավ ինձ Ղարաբաղը: Ինչ վերաբերում է Սահմանադրության հանրաքվեին, ապա ես ոչ մի արտառոց բան չեմ նկատել, մարդիկ շատ հանգիստ գնում են քվեարկելու, եւ նկատեցի, որ Սահմանադրության ընդունումը իրենց համար շատ կարեւոր է՝ որպես իրենց պետության ամրապնդում: Մինչեւ իմ այստեղ գալը լավ բան քիչ էի լսել Ղարաբաղի մասին՝ պատերազմ, աղքատություն, ինչը, սակայն, չի համապատասխանում իմ այսօրվա տեսածին: Համոզվել եմ, որ այդ գրածները պարզապես Ղարաբաղի մասին քիչ տեղեկացվածության արդյունք են: Իմ ընկերներին անպայման պատմելու եմ Ղարաբաղի մասին, թե որքան գեղեցիկ է Ղարաբաղը, իսկ նրա բնությունը՝ պարզապես հիասքանչ»:

Մարինա Լիպովչակ (Մարդու իրավունքների քաղաքացիական կոմիտե, Զագրեբ, Խորվաթիա) – Ես գտնում եմ, որ ամեն ինչ շատ լավ է կազմակերպված: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ամեն ինչ անցնում է գործող օրենսդրությանը համապատասխան: Սահմանադրությունը ամեն երկրի համար հիմնարար փաստաթուղթ է համարվում՝ մարդու իրավունքների եւ իշխանությունների տարանջատման ապահովմամբ: Այո, ես ընթերցել եմ ղարաբաղյան Սահմանադրության նախագիծը, կարծում եմ, այն մշակված է միջազգային չափանիշներին համապատասխան: Բալկանները եւ Հարավային Կովկասը վերջերս անցել են պատերազմներով եւ տուժել են ռազմական գործողություններից: Բայց տարբերությունը կայանում է նրանում, որ բալկանյան երկրների համար ավելի հեշտ է, որովհետեւ նրանք Եվրամիություն մտնելու թեկնածուներ են եւ եվրոպական օգնության առկայությունն այնտեղ ավելի շոշափելի է: Հարավային Կովկասում բախվում են առավել շատ շահեր, եւ ամեն ինչ առավել բարդ է: Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագաքին, ապա, կարծում եմ, շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կլուսաբանվի սահմանադրական գործընթացը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյան – Եղել եմ Այգեստանի, Շուշիի, Ստեփանակերտի մի շարք տեղամասերում եւ զարմանալիորեն մեծ ակտիվություն եմ տեսնում, ինչն, իհարկե, շատ ուրախալի է: Գործընթացը կատարվում էր, ինչպես տեսա, խաղաղ պայմաններում՝ առանց որեւէ միջադեպերի:

Սահմանադրության ընդունումը շատ հիմնարար դեր կխաղա պետության վերջնական կայացման գործում:

ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյան – Ղարաբաղում ընթացող ցանկացած կարեւոր միջոցառմանն անպայման մասնակցում եմ, սկսած 1988-ից, հանրաքվեն ևս բացառություն չէր: Տպավորությունս բավականին մեծ է: Դիմություն թե ընդդիմություն՝ միեւնույն տեսակետն ունեն այս հարցում: Այն, ինչ տեղի էր ունեցել կրակոցների տակ 15 տարի առաջ, նկատի ունեմ անկախության հանրաքվեն, հաստատվում է այսօր Սահմանադրության հանրաքվեի միջոցով: Ինչպե՞ս կարձագանքի միջազգային հանրությունը: Երբեմն նույնիսկ կարեւոր չէ, թե միջազգային հանրությունը ինչ կասի, երբեմն շատ ավելի կարեւոր է, թե ժողովուրդը իր նպատակների իրականացման գործում ինչպես է ուղղորդվում: Շատերի համար գուցե նույնիսկ անընկալելի է, թե ինչ է այսօր տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Շատ-շատերը տարբեր մեկնաբանություններ էին տալիս ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեի անցկացման հանգամանքին, շատերը ձեւակերպում էին այն որպես ԼՂՀ նախագահի համար, այսպես կոչված, իրավական հիմնավորում, որ կարող է նրան երրորդ ժամկետով պաշտոնավարելու հնարավորություն տալ եւ այլն: Բայց, կարծում եմ, հանրաքվեն, նախագահի՝ դրան նախորդած հայտարարությունը եւ հանրաքվեի օրը եւս մեկ անգամ հաստատում են, որ սա այն չէ, ինչ ոմանք մտածում են (երրորդ ժամկետի փաստաթուղթ): Այս փաստաթղթի ընդունումը բոլորին կկանգնեցնի մի պարզ իրողության առջեւ, որ արդեն իսկ ԼՂՀ-ում կայացել է պետությունը, որը իր Սահմանադրության նախագծի 1-ին հոդվածով հռչակում է, թե ինչ պետություն է ԼՂՀ-ն, իսկ 142-րդ հոդվածով ասում, թե որ սահմաններում է այդ պետությունը կայացել: Սա այլեւս բոլորին կանգնեցնում է փաստի առաջ՝ եւ’ բանակցող կողմերին, եւ’ Արեւմուտքին, եւ’ Եվրամիությանը, եւ’ Ռուսաստանին, եւ’ ամբողջ աշխարհին:

ԼՂՀ նախագահը գտնում է, որ փոխզիջումները չպետք է սպառնան ԼՂՀ անվտանգությանն ու անկախությանը 

Հանրաքվեի առաջին տեղամասում իր «այո» -ն ասելուց հետո լրագրողների հարցերին պատասխանեց նաև ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Խոսելով բանակցային գործընթացի վրա Սահմանադրական հանրաքվեի հավանական ազդեցության մասին, նախագահ Ղուկասյանը նշեց, որ եթե դա որևէ կերպ ազդի բանակցությունների վրա, ապա այդ ազդեցությունը կլինի միայն դրական: Նախագահի կարծիքով, Սահմանադրական հանրաքվեն լիովին տեղավորվում է բանակցությունների տրամաբանության մեջ: Նախագահը նշեց նաեւ, որ Ղարաբաղի հասարակությունը պատրաստ է այսքան խոսվող փոխզիջումներին, «խնդիրը այն է, թե մենք ինչ ենք հասկանում «փոխզիջում» ասելով. «Ենթադրում եմ, որ հասարակությունը պատրաստ է դրան, բայց այդ փոխզիջումը չի կարող լինել միակողմանի եւ վտանգել ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը»: Ինչ վերաբերվում է այն հարցին, թե գո՞հ է արդյոք նախագահը բանակցությունների ընթացքից, ապա Ա.Ղուկասյանի խոսքերով՝ «գոհ լինելը քաղաքական կատեգորիա չէ, պետք է միշտ դժգոհ լինես, որ առաջ գնաս»:

«Միջազգային հանրությունը Ադրբեջանի ճնշման տակ երեւի կոկետություն կանի այդ հարցում»,- շարունակեց ԼՂՀ նախագահը: Միջազգային հանրության կողմից կլինեն որոշակի հայտարարություններ, ինչը Ղուկասյանը հակված չէ լուրջ ընդունել: Իսկ դրանք լուրջ չընդունելու պատճառը ԼՂՀ նախագահը հիմնավորում է նրանով, որ միջազգային հանրության նպատակն, ի վերջո, տարածաշրջանում խաղաղության հաստատումն է:

Ա. Ղուկասյանը նշեց, որ չի կարելի բանակցային գործընթացի ընդհանուր ենթատեքստում որևէ կետ համաձայնեցված համարել, եթե ընդհանուր ենթատեքստը համաձայնեցված չէ. «Այսօր մենք չենք մասնակցում բանակցություններին, և բանակցություններ, որպես այդպիսին, չկան. կան հանդիպումներ նախագահների եւ նախարարների միջև, և բնական է, որ այստեղ խոսել բանակցությունների մասին առանց փոխզիջումների պատրաստակամության, հնարավոր չէ, բայց դա վերջնական փաստաթուղթ չի կարելի համարել: Վերջում, ամեն դեպքում, Ղարաբաղը ներգրավվելու է, և վերջին խոսքը մերն է լինելու»:

Ա. Ղուկասյանը հավելեց նաև, որ ժողովրդավարությունը պատմական շանս է Արցախի համար. «Իհարկե, դա չի նշանակում, որ վաղը մեզ կճանաչեն, բայց մենք ուրիշ ելք չունենք. եթե մենք ուզում ենք ճանաչվել միջազգային հանրության կողմից, պետք է կառուցենք ժողովրդավարական պետություն, և այս ենթատեքստում Սահմանադրությունը շատ կարեւոր է: Փաստորեն, այսօր մեզ համար ևս ճակատագրական հարց ենք լուծում՝ մենք ընտրում ենք մեր հետագա ճանապարհը, որը, նորից եմ ուզում կրկնել՝ անկախության ճանապարհն է: Եւ քանի որ մենք մեկուսացված չենք միջազգային հանրությունից, ապա շահագրգռված ենք, որ աշխարհը տեսնի և հասկանա, և գիտակցի այն, ինչ տեղի է ունենում ԼՂՀ-ում»:

Ղուկասյանը նաեւ վերահաստատեց իր այն հայտարարությունը, թե ինքը երրորդ ժամկետով պաշտոնավարման չի գնալու: Սակայն նա դեռ չի որոշել գալիք տարվա իր անելիքները, բայց խոստացավ, որ հենց որոշի՝ կկիսվի հանրության հետ:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

——————————————————————————————-

Տեղեկատվության մատչելիություն

Հ Ա Ր Ց ՈՒ Մ

ԼՂՀ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ / ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԼՂՀ լրագրողների միությունը և Ստեփանակերտի մամուլի ակումբը ս.թ. դեկտեմբերի 5-12-ը անցկացրել են սոցիոլոգիական հարցում տեղեկատվության մատչելիության թեմայով: Հարցմանը մասնակցել է 37 լրագրող, որոնք ներկայացնում են 35 (13 արցախյան, 15 հայաստանյան և 7 արտասահմանյան) լրատվամիջոցներ: Արցախյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին, արտերկրի՝ ԼՂՀ-ում և ՀՀ-ում հավատարմագրված թղթակիցներին ու նորանկախ երկրի առօրյան պարբերաբար լուսաբանող այլ լրատվամիջոցների աշխատակիցներին առաջարկվել է որոշել.

ա) ԼՂՀ ամենամատչելի պաշտոնյան,

բ) ԼՂՀ ամենաանմատչելի պաշտոնյան£

Հարցման մասնակիցները յուրաքանչյուր անվանակարգում կարող էին առաջարկել երկուական թեկնածու: Լրագրողները տվել են մատչելի պաշտոնյաների 21 և անմատչելի պաշտոնյաների 20 անուն:

ա) ԼՂՀ ամենամատչելի պաշտոնյան 

1. Մասիս Մայիլյան————————————– 22

2. Կամո Աթայան——————————————- 8

3. Սեյրան Օհանյան————————————– 7

4. Աշոտ Ղուլյան——————————————– 6

5. Էդուարդ Աղաբեկյան ———————————- 2

6. Դավիթ Բաբայան————————————— 2

7. Արմո Ծատուրյան————————————– 2

8. Վահրամ Աթանեսյան———————————- 2

9. Գեորգի Պետրոսյան ———————————- 2

10. Զոյա Լազարյան ————————————– 2

11. Ալեքսանդր Գրիգորյան —————————– 1

12. Կարեն Բաբուրյան————————————-1

13. Մովսես Հակոբյան———————————— 1

14. Արայիկ Հարությունյան ——————————1

15. Վիտալի Բալասանյան —————————— 1

16. Սենոր Հասրաթյան———————————– 1

17. Արկադի Ղուկասյան ——————————— 1

18. Սերգեյ Նասիբյան ———————————— 1

19.Վահրամ Բաղդասարյան —————————- 1

20. Բակո Սահակյան ————————————- 1

21. Հակոբ Ղահրամանյան —————————— 1

 

Լավագույն եռյակ

Մասիս Մայիլյան —————————————- 22

Կամո Աթայան ——————————————— 8

Սեյրան Օհանյան —————————————- 7

բ) ԼՂՀ ամենաանմատչելի պաշտոնյան

 

1. Անուշավան Դանիելյան ——————— 15

2. Սպարտակ Թևոսյան ————————–  3

3. Ռոբերտ Հայրապետյան ———————– 3

4. Արկադի Ղուկասյան —————————- 3

5. Արմեն Իսագուլով——————————– 2

6. Վահրամ Աթանեսյան ————————— 2

7. Զոյա Լազարյան ——————————— 2

8. Գեորգի Պետրոսյան —————————- 2

9. Արարատ Դանիելյան ————————— 2

10. Բակո Սահակյան——————————- 1

11. Հակոբ Ղահրամանյան ————————1

12. Էդուարդ Աղաբեկյան ————————- 1

13. Կարեն Բաբուրյան —————————- 1

14. Ֆելիքս Հակոբյան (Շուշիի քաղաքապետ)—– 1

15. ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցիչ —————- 1

16.Բենիկ Բաբայան ——————————– 1

17. Առնոլդ Աբրահամյան ————————– 1

18. Վյաչեսլավ Առստամյան ———————–1

19. Մարատ Հակոբջանյան ———————– 1

20. Սամվել Հակոբյան —————————– 1

 

Վատագույն եռյակ

Անուշավան Դանիելյան —————————-15

Սպարտակ Թևոսյան——————————— 3

Ռոբերտ Հայրապետյան—————————– 3

 

——————————————————————————————

ԱՄԵՆԱ… ԱՄԵՆԱ…

Ամենամատչելի պաշտոնյայի անվանակարգում բացահայտ առավելությամբ հաղթել է ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ Մասիս ՄԱՅԻԼՅԱՆԸ: Սա ուշագրավ ու ծանրակշիռ արդյունք է այն առումով, որ հարցման ենթարկվածները ամենաիրազեկ ու միաժամանակ «ամենաջանջալ» խավերից մեկի ներկայացուցիչներն են, որոնց համակրանքին արժանանալն այնքան էլ հեշտ չէ: Հաճելի է, իհարկե, փաստել, որ պետական համակարգում կան նաև մատչելի ու ժողովրդական պաշտոնյաներ: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այս անվանակարգում լրագրողները մատնանշել են 21 հոգու:

Հիշեցնենք, որ «Բաց հասարակություն» հասարակական կազմակերպության և Ստեփանակերտի մամուլի ակումբի՝ ս.թ. սեպտեմբերին անցկացրած փորձագիտական հարցման արդյունքներով Մ. Մայիլյանը գլխավորել է ԼՂՀ ապագա նախագահի թեկնածուների ցուցակը՝ առաջին տեղը կիսելով Բ. Սահակյանի հետ:

«ԴԵՄՈ»

 

Ռեպլիկ

«ՓԻՍ-ՓԻՍ», «ԼԱՎ-ԼԱՎ»  ԵՎ  ԲՈԼ-ԲՈԼ

Կարծում ենք, պատահական չէ, որ տեղեկատվության մատչելիության թեմայով հարցման ամենաանմատչելի պաշտոնյայի անվանակարգում («բացահայտ առավելությամբ»)  «հաղթել» է ԼՂՀ վարչապետ Անուշավան ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: Եւ ոչ միայն այն պատճառով, որ վարչապետը սովորություն չունի ասուլիսներ հրավիրել, տալ բացառիկ և «ոչ բացառիկ» հարցազրույցներ: Մասնավորապես, «Դեմո» հանրային թերթը երկու անգամ գրավոր հարցաշար է ուղարկել նրան և մնացել անպատասխան: Մեր թերթն այս առումով բացառություն չէ և «բախտակիցներ» շատ ունի: Կրկնենք՝ բանը դրանում չէ, այլ վերաբերմունքում, այն էլ՝ անթաքույց վերաբերմունքում: Երևի շատերն են հիշում, թե ինչպես մի գեղեցիկ օր անդրկուլիսյան մեթոդներով արգելվեց լրագրողների մասնակցությունը կառավարության նիստերին:

Մեր ուղարկած հարցաշարերից մեկի ճակատագրով երբ հետաքրքրվում էինք՝ կառավարության մամուլի ծառայությունից մեզ հասկացրին, որ վարչապետը չի պատասխանում մեր հարցերին, քանի որ մեր թերթում նրա մասին «փիս-փիս» բաներ ենք գրում: Այսքանից, իհարկե, կարելի կլիներ եզրակացնել, որ վարչապետը պատասխանում է միայն այն թերթերի հարցերին, որոնք իր մասին միայն «լավ-լավ» բաներ են գրում: Բայց ցավն այն է, որ «լավ-լավերի» բախտն էլ այս հարցում առանձնապես չի բերում:

Ինչ վերաբերում է «փիս-փիս» բաներին, ապա մեր սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է՝ մարդիկ ունեն տեղեկատվություն ստանալու իրավունք, հանրությունն էլ իրավունք ունի տեղյակ լինելու և° «լավ-լավ», և° «փիս-փիս» բաներին, այն է՝ ունենալ տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներ: Որպեսզի կարողանա կարծիք կազմել, դիրքորոշում ունենալ: Երբեմն մեզ հանդիմանում են, որ «փիս-փիս» բաները մեր թերթում ավելի շատ են: Փաստը ճիշտ է, իհարկե, պարզապես մեկնաբանությունն է սխալ: Բանն այն է, որ «լավ-լավ» բաների լուսաբանման համար մեր երկրում ամբիոնի պակաս չկա: Կա «փիս-փիս» բաների լուսաբանման համար ամբիոնի պակաս: Ուստի տեղեկատվական դաշտում «լավ-լավ» ու «փիս-փիս» բաների մոտավոր հավասարակշռություն պահպանելու համար ճարահատ ծանրացնում ենք «փիս-փիս»-երի նժարը, ինչը խախտում է հավասարակշռությունը մեր թերթում, բայց  նպաստում ընդհանուր տեղեկատվական հավասարակշռությանը: Հավատացնում ենք, որ սա ծանր ու երբեմն էլ անշնորհակալ առաքելություն է, բայց որ այն օգտակար է հանրության համար՝ մեզ համար միանշանակ է:

Միևնույն ժամանակ հուսով ենք, որ մի գեղեցիկ օր էլ մեզ մոտ կստեղծվի տեղեկատվական հավասարակշռություն, կկայանա անկախ լրատվամիջոցների ինստիտուտը, կլինի չորրորդ իշխանություն: Այսինքն՝ կլինի Խոսքի գործուն ազատություն, այն էլ՝ բոլ-բոլ:

«ԴԵՄՈ»

——————————————————————————————-

Սոցիալ-տնտեսական

ՏԻԳՐԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. «ԾՐԱԳԻՐԸ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎՐԱ»

Հարցազրույց գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրենի հետ

– Պարոն Գաբրիելյան, խնդրում ենք համառոտակի ներկայացնել հիմնադրամի ստեղծման նախապատմությունը:

– ԼՂՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը ստեղծվել է ԼՂՀ կառավարության 2006թ. հունվարի 24-ի թիվ 39 որոշմամբ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 11 հոգուց£ Այնտեղ ընդգրկված են ԼՂՀ Ազգային ժողովի, կառավարության, գյուղատնտեսության տարբեր ճյուղերում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներ: Հիմնադրամի նպատակներն են՝ օժանդակել Արցախում ՀՀ և Սփյուռքի գյուղատնտեսական բնագավառի գիտական արդյունքների օգտագործմանը, առանձին գիտահետազոտական ու ռազմավարական ծրագրերի իրականացմանը£

Հիմնադրամը նախատեսում է կազմակերպել գիտական սեմինարներ, համաժողովներ ու ցուցահանդեսներ, տարբեր դասընթացներ, կզբաղվի մասնագետների պատրաստմամբ և վերապատրաստմամբ, ինչպես նաև՝ գյուղատնտեսական աջակցություն կցուցաբերի գյուղական անապահով ընտանիքներին£ Այսօրվա դրությամբ հիմնադրամը հիմնականում զբաղված է տարբեր ծրագրերի մշակման և ֆինանսավորման աղբյուրների որոնմամբ: Արդեն գալիք տարում նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնց արդյունքը, համոզված եմ, գյուղացիներն իրենց վրա կզգան:

– 21-րդ դարը տեղեկատվության դար է, և առանց այս գործոնը հաշվի առնելու դժվար է լուրջ հաջողության հասնել որևիցե բնագավառում, այդ թվում նաև գյուղատնտեսությունում: Կարծում ենք՝ կհամաձայնվեք, որ շատ բան կախված է երկրում առկա ներուժի ըստ ամենայնի ներկայացման և դրսի հնարավարությունների ուսումնասիրման ուղղությամբ տարվող աշխատանքներից: Այս ուղղությանը հիմնադրամը պատշաճ ուշադրություն դարձնու՞մ է:

– Ինչ խոսք, աշխարհում կարևոր դեր է խաղում տեղեկատվությունը և, իհարկե, գտնում եմ, որ այդ ուղղությամբ մեծ աշխատանք ունի անելու հիմնադրամը, որպեսզի ներկայացնի միջազգային կազմակերպություններին և ձեռնարկություններին ԼՂՀ-ում գյուղատնտեսության բնագավառի պոտենցիալը: Բայց ես կկարևորեի նաև հանրապետության ներսում տեղեկատվական փոխանակման ու համապատասխան ցանցի ստեղծման անհրաժեշտությունը, որպեսզի լինի միասնական ցանց, ու շրջանները կտրված չլինեն տեղեկատվական հոսքից:

-Ինչպե՞ս է լուծվում հիմնադրամի գործունեության ֆինանսական ապահովվածության հարցը, մասնավորապես՝ դրամաշնորհային եղանակը կարո՞ղ է դառնալ հիմնադրամի գործունեության ապահովման ուղղություններից մեկը:

-Ինչպես քաղաքակիրթ մյուս երկրներում, մեզ մոտ էլ առանձնակի ուշադրություն կդարձվի այս ուղղությանը: Շատ երկրներում նմանատիպ ծրագրերն իրականացվում են նաև տարբեր հասարակական միավորումների և տվյալ ոլորտում գործող ոչ կառավարական կազմակերպությունների խողովակներով, ինչը հավելվում է ոլորտում պետական քաղաքականությանը և օգնում դրան: Այստեղ գործունեության լայն դաշտ կա:

Իսկ ներկայումս «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մարտակերտի վերածնունդ» ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում է «1245յուղատնտեսական նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագիր: Այդ ծրագրի իրականացման համար ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից հիմնադրվել է «Մարտակերտի գյուղատնտեսական ծառայություններ» ՓԲԸ: Դրան զուգահեռ ստեղծված է «Մարտակերտի գյուղատնտեսության զարգացման ասոցիացիա» ՀԿ: Ասոցիացիայի անդամ կարող է դառնալ Մարտակերտ քաղաքի և հարակից 17 համայնքների ցանկացած բնակիչ, որը հանդիսանում է հողի սեփականատեր:

«Մարտակերտի գյուղատնտեսական ծառայություններ» ՓԲԸ-ն ստեղծված է նշված Ասոցիացիայի անդամներին գյուղատնտեսական ծառայություններ տրամադրելու նպատակով: Նշված ՓԲԸ-ում արդեն իսկ բացվել է 28 նոր աշխատատեղ:

– Ձեր նշածը նորություն է գյուղատնտեսության բնագավառում, իսկ ամեն մի նոր բան, որպես կանոն, դժվարությամբ է արմատավորվում: Ընթացքում ինչպիսի՞ դժվարություններ են ծագել:

– Ծրագիրը բավականին բարդ է, քանի որ աշխատանքը տարվելու է մոտ 6000 սեփականատերերի հետ, և Ասոցիացիայի գաղափարը, իհարկե, նորություն է բոլորի համար:  Բացատրական աշխատանք է տարվել ժողովրդի հետ, որպեսզի հիմնավորապես ու հանգամանորեն բացատրվի Ասոցիացիայի կարևորությունն ու դերը:

Իհարկե, սկզբում կային դժվարություններ Ասոցիացիայի ձևավորման գործում, քանի որ յուրաքանչյուր հողօգտագործողի հետ պետք էր կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր, որի հիման վրա էլ տրամադրվում է համապատասխան ծառայություն: Կային նաև որոշ տեխնիկական խնդիրներ, սակայն այս բարդությունները հաջողությամբ հաղթահարվել են, և հիմա ծրագիրը բնականոն հունի մեջ է մտել:

Չնայած սեղմ ժամկետներին (սարքավորումների անհրաժեշտ խմբաքանակը ստացվել է սեպտեմբերին), այսօրվա դրությամբ արդեն մեծ ծավալի աշխատանք է կատարված: Վերանորոգվել է մեքենա-տրակտորային կայանի համար նախատեսված բազայի տարածքը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ձեռք են բերվել 7 միավոր բելոռուսական տրակտորներ, 4 միավոր չինական տրակտոր և 1 միավոր չինական կոմբայն, տրակտորների համար անհրաժեշտ ագրեգատներ և այլ սարքավորումներ, 3 բեռնատար մեքենա և «Նիվա» մակնիշի 2 մարդատար ավտոմեքենա: Ուզում եմ ընդգծել, որ ձեռքբերվածը միանգամայն նոր տեխնիկա է: Մոտ ապագայում կունենանք նաև սարքավորումներ գարնանային աշխատանքներն իրականացնելու համար: Ձեռք կբերվեն հացահատիկահավաք կոմբայններ:

– Այդ ամենը, հասկանալի է, ձրի չի արվում, ուստի տեղին կլիներ հարցնել՝ արդյո՞ք մատուցվող ծառայությունների գներն այնպիսին են, որ գյուղացիները շահագրգռված լինեն համագործակցելու:

– Ասոցիացիայի անդամների համար գյուղատնտեսական ծառայությունները մատուցվում են մատչելի պայմաններով ու գներով: Ծառայության դիմաց վճարվող գումարի մեծ մասը սեփականատերը մուծում է բերքահավաքից հետո: Այսինքն, գյուղացուն տրվել է հնարավորություն իր հողակտորի վրա կատարվող ծախսի հիմնական մասը վճարել ստացած բերքը վաճառելուց հետո:

Հաշվի առնելով, որ օբյեկտիվ պատճառներով տեխնիկան ներկրվել է փոքր-ինչ ուշացումով, նաև այն հանգամանքը, որ ծրագիրը նորություն է բոլորիս համար, որոշվել է այս տարի աշխատանքները ծավալել միայն Մոխրաթաղ, Ջանյաթաղ, Վարդաձոր համայնքներում և Մարտակերտ քաղաքում: Սակայն մյուս տարի ծրագիրը կգործարկվի բոլոր 18 համայնքներում:

Այսօրվա դրությամբ աշխատանքներ են տարվել սեփականաշնորհված հողերի մոտ 350 հեկտարի վրա, և ծառայությունններից օգտվել է մոտ 160  սեփականատեր: Վարձակալների համար գործում են ուրիշ սակագներ, որոնք մոտ 20-ով բարձր են Ասոցիացիայի անդամների համար սահմանված գներից: Հարկ է նշել, որ վարձակալների համար ծառայություն է մատուցվում միայն այն դեպքում, եթե չկա Ասոցիացիայի անդամների պատվեր, և տեխնիկան պարապուրդի մեջ է: Ծառայությունների դիմաց ստացված գումարները ուղղվում են մեքենա-տրակտորային կայանի պահպանմանը, իսկ հետագայում նախատեսվում է ընդլայնել աշխատանքների ծավալները և ծրագրի մեջ ընդգրկել գյուղատնտեսության մյուս ճյուղերը: Մի խոսքով, ծրագրից ստացված գումարները նույնպես ծախսվելու են սեփականատերերին աջակցություն ցուցաբերելու համար:

– Եւ վերջին հարցը՝ ինչպիսի՞ն է մարդկանց վերաբերմունքը, ինչպե՞ս են նրանք ընկալում նորամուծությունը:

– Այցելելով բոլոր համայնքները, որտեղ այս տարի աշխատանք է ծավալվում, ականատես եղա, որ հողօգտագործողները գոհ են կատարված աշխատանքի որակից: Նշեմ, որ աշխատանքը կազմակերպվում է մասնագետների կողմից: Այս հանգամանքի ու ներկրված տեխնիկայի որակի շնորհիվ հողի մշակումը բավականին բարձր մակարդակի վրա է:

Տարիներ շարունակ գյուղացիները, և հատկապես փոքր համայնքների հողի սեփականատերերը գյուղտեխնիկայի հետ կապված խնդիրներ ունեին, ժամանակին չէին կարողանում իրականացնել հողի մշակման աշխատանքները, ինչն էլ պատճառ էր հանդիսանում ցածր բերքատվության: Այս տարի աշխատանքները կազմակերպվել են ժամանակին և անհրաժեշտ որակի:

Այսքանով հանդերձ, գտնում եմ, որ նման ծրագրերի վերջնական գնահատականը պետք է տա ժողովուրդը: Մյուս կողմից էլ, նկատի ունենալով մեր ծառայություններից օգտված մարդկանց դրական արձագանքները, արդեն կարելի է փաստել, որ ծրագրի մեկնարկը հաջող է, և այն դրական ազդեցությունը կունենա ԼՂՀ-ում գյուղատնտեսության զարգացման վրա:

Անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել «Մարտակերտի վերածնունդ» ծրագրի համար կազմակերպված դրամահավաքի մասնակից մեր բոլոր հայրենակիցներին և հույս ունեմ, որ այս  ծրագիրը միայն Մարտակերտի շրջանով չի սահմանափակվի: Իրենց հերթին են սպասում նաև ԼՂՀ մնացած շրջանները:

Հիմա, երբ արդեն հայտնի են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի արդյունքները, կարելի է ասել, որ հավաքված գումարները թույլ կտան «Հադրութի վերածնունդ» ծրագրի շրջանակներում իրականացնել նմանատիպ մի ծրագիր նաև Հադրութում:

—————————————————————————————–

ՏԱՐՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ. «ԿԱՐԵՎՈՐԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆ Է»

«Վերածնված հայրենիք» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2006թ. սեպտեմբերին Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնի դասախոս Տարոն Հակոբյանի կողմից: Կազմակերպությունը նպատակ է հետապնդում  մշակել եւ իրականացնել ԼՂՀ եւ ՀՀ սահմանային գոտիների բնակավայրերում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաեւ նպաստել մարդու իրավունքների արդարացի պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, ժողովրդավարական արժեքների հաստատմանը: Կազմակերպությունը  «Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ»-ի հայկական մասնաճյուղի աջակցությամբ արդեն իսկ նախաձեռնել է «Վերածնված կյանք Մարտակերտի շրջանում» ծրագիրը՝ շրջանի սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացմանը նպաստելուն միտված: Ընթերցողներին ենք ներկայացնում «Դեմո»-ի բացառիկ հարցազրույցը Տարոն ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

– Պարոն Հակոբյան, ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը և կոնկրետ ի՞նչ է արվում:

– Ծրագրի նպատակն է աջակցել ԼՂՀ սահմանամերձ Մարտակերտի շրջանի համայնքների անապահով ընտանիքներին՝ տրամադրելով ու կատարելով գյուղատնտեսական ներդրումներ: Փորձնական փուլում ծրագրի շրջանակներում ներգրավվել են Մարտակերտի շրջանի Թալիշ և Մոխրաթաղ համայնքների 28 անապահով ընտանիքներ, որոնց տրամադրվել են 28 հղի երինջ, մեկական՝ յուրաքանչյուր ընտանիքի: Որպես գյուղատնտեսական ներդրում: Նախատեսվում է նաեւ նույնն իրականացնել Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ եւ Չանկաթաղ գյուղերում, որտեղ  օգնություն կտրամադրվի եւս 30 ընտանիքների:

Զուգահեռաբար նրանք կստանան համապատասխան տեխնիկական աջակցություն՝ տավարաբուծության, ֆերմերային տնտեսության արդյունավետ վարման, ինչպես նաև Հեյֆերի մեթոդաբանության վերաբերյալ ուսուցում:

– Դա միանվագ գործողությու՞ն է լինելու, թե՞ մասնակիցներն այս կամ այն կերպ մնալու են ծրագրի «շրջանակներում»:

– Ծրագրում հիմնարար է հանդիսանում նվիրատվության փոխանցման սկզբունքը, ըստ որի երեք տարի անց ծրագրի մասնակից ընտանիքներն իրենց տրամադրված կենդանու առաջին էգ սերունդը, ինչպես նաև ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները փոխանցելու են մեկ ուրիշ անապահով ընտանիքի: Այսկերպ կընդլայնվի ծրագիրը, ներառելով նորանոր ընտանիքներ:

Տրամադրված կենդանիներից ստացված բարիքները՝ կաթը և կաթնամթերքը, կօգնեն ընտանիքներին բարելավելու իրենց սննդի տեսականին, ինչպես նաև կհանդիսանան լրացուցիչ եկամտի աղբյուր, որը կօգնի նրանց հոգալու առօրյա ծախսերը և լավ հիմք կհանդիսանա անհատական կենսունակ ֆերմերային տնտեսությունների ստեղծման համար:

 

ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Դեկտեմբերի 1-ին կառավարությունը, համաձայն օրենքի, 2007 թվականի պետական բյուջեի նախագիծն է ներկայացրել Ազգային ժողով: Մինչեւ ամսվա վերջ խորհրդարանը տարբեր ձևաչափերով կքննարկի երկրի հիմնական ֆինանսական օրենքը: Բյուջեի հաստատումը կնշանակի վստահություն կառավարությանը: Ըստ մեր դիտարկումների՝ չնայած այն հանգամանքին, որ պատգամավորները և հատկապես «Ազատ Հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը բավականին հարցեր ունեն կառավարությանը, 2007-ի բյուջեն, կարծում ենք, կընդունվի: Կառավարությանը, համենայնդեպս, դժվար թե անվստահություն հայտնվի:

 

ԻՆՉՊԻՍԻ՞ ԲՅՈՒՋԵ ԿԸՆԴՈՒՆՎԻ

Համաձայն նախագծի՝ 2007-ի պետական բյուջեն եկամուտների մասով կկազմի 31072,6 մլն դրամ, իսկ ծախսերի մասով՝ 33058,6 մլն դրամ: ՀՆԱ-ն 2007-ին կկազմի 69,5 մլրդ դրամ (2004-ին այն կազմել էր 42,8 մլրդ): Ճիշտ է, այն ժամանակ դոլարի փոխարժեքը կազմում էր 532, իսկ 2007-ի հաշվարկներն արվել են 357 փոխարժեքով: Ընդ որում, ՀՆԱ-ի 27,3 տոկոսը կկազմեն միջին եւ փոքր բիզնեսի եկամուտները:

Բյուջեն մի շարք նորույթներ է ներառում իր մեջ: Օրինակ, նվազագույն աշխատավարձը 15 հազար դրամից կավելանա մինչեւ 20 հազար: Իսկ պետական կառավարման համակարգի աշխատողների բազային աշխատավարձը 30-ից կհասնի 35 հազար դրամի: Ընդհանուր առմամբ, օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների գործունեության ապահովման համար կտրամադրվի 2,8 մլրդ դրամ: Եթե դրան գումարենք բոլոր մյուս բյուջետային աշխատողներին (կրթություն, առողջապահություն եւ այլն), գումարը կկազմի մոտ 6 մլրդ դրամ: Ընդ որում, բյուջետային աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 7585, այդ թվում՝ 2926 օրենսդիր, գործադիր եւ դատական համակարգերի աշխատողներ: Պետական աշխատավարձերը կավելացվեն 20 տոկոսով: Օրինակ, ուսուցիչների միջին աշխատավարձը կհասնի 71,8 հազ. դրամի:

Բազային կենսաթոշակի ավելացում չի նախատեսվում, այն կկազմի 4250 դրամ, իսկ աշխատանքային ստաժի համար վճարները 180-ից կավելանան մինչեւ 230 դրամ: Այդ նպատակով կենսաթոշակային ապահովության ծախսերը կավելանան 401 մլն դրամով եւ կկազմեն 1,9 մլրդ: Նպաստների տրամադրման համար նախատեսվել է 1,1 մլրդ. դրամ, ընդ որում՝ առանձին խմբերի երեխաների նպաստները փոքր-ինչ կավելանան: Ընդհանրապես, ինչպես ասվում է բյուջեի նախագծում, սոցիալական ծրագրերի վրա կուղղվի բյուջեի 58 տոկոսը:

Բյուջեի ծախսերից մոտ 5 մլրդ դրամ կտրամադրվի կրթությանն ու գիտությանը /գիտությանը՝  ընդամենը 15 մլն/: Այս հոդվածով ծախսերը կավելանան 903 մլն դրամով՝ 2006-ի համեմատ:

Հատկանշական է, որ վերաբնակեցման համար նախատեսված է 1 մլրդ դրամ: Նախատեսվում է վերաբնակեցնել 220 ընտանիք: Վերաբնակիչների համար տներ կառուցելու նպատակով կտրամադրվի 800 միլիոն 700 հազ. դրամ: Իսկ փախստականների 1700 ընտանիքների միանվագ օգնություն կհատկացվի /այդ նպատակով նախատեսվել է 127,5 մլն դրամ/:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ

2007թ. պետական բյուջեի նախագծում կան  մի քանի նոր ծախսեր: Օրինակ, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ստեղծման համար նախատեսված է 32 մլն դրամ, իսկ Հանրային ծառայությունների կարգավորման նորաստեղծ հանձնաժողովի համար՝ 36,5  մլն: Մոտ 100 մլն կտրամադրվի այս տարի բացված արհեստագործական ուսումնարաններին: Հանրային հեռուստառադիոընկերությանը կտրամադրվի 164 մլն դրամ, իսկ հեռուստաալիքների հեռարձակման պետպատվերը կկազմի 160 մլն:  55 մլն դրամ կտրամադրվի հասարակական կազմակերպություններին եւ ոչ կառավարական լրատվամիջոցներին: 500 մլն դրամ էլ նախատեսվում է հիպոթեքային վարկավորման համար: Իսկ կառավարության պահուստային ֆոնդը, ըստ նախագծի, 750 միլիոն է:

ԿԿԱՌՈՒՑԵՆՔ

9,3 մլրդ դրամ Է նախագծով նախատեսվում կապիտալ շինարարության համար: Դրանից 1 միլիարդ 144 մլն կտրամադրվի բնակարանային շինարարությանը /864 միլիոնը՝ Ստեփանակերտում/: Ճանապարհային շինարարությանը հատկացվում է 1074 մլն դրամ: Դրա հիմնական մասը կծախսվի Մարտունու շրջանում՝ Կարմիր շուկա-Սոս ճանապարհահատվածի վերանորոգման վրա: Ոռոգման համակարգի համար նախատեսվում է 1,9 մլրդ դրամ:

Ստեփանակերտում կառուցվելիք Տիգրան Մեծ 21  շենքի համար նախատեսվում է 215 մլն դրամ, Ազատամարտիկների 20, 9, 7 շենքերի համար՝ համապատասխանաբար 45, 278, 40 մլն: Մայրաքաղաքի հիմնական ջրագիծը վերջապես կտեղափոխվի գերեզմանոցից, մայրաքաղաքը կունենա նոր աղբանոց: Վերջին հատկացումը (78 մլն դրամ) կտրվի նոր ավտոկայանի կառուցման համար /ծրագրի ընդհանուր արժեքը՝ 391 մլն/:

Ասկերանի շրջանում կկառուցվեն Ասկերանի եւ Սղնախի դպրոցները: Իսկ Նախիջեւանիկ, Արանզամին, Վարդաձոր, Մադաթաշեն գյուղերի համար վերջապես ջրագիծ կանցկացվի: Իվանյան, Սղնախ, Խաչմաչ, Նախիջեւանիկ գյուղերն էլ գազ կստանան:

Մարտակերտի շրջանի Մաղավուզ, Հաթերք գյուղերում դպրոցներ  կկառուցվեն, իսկ Վանքը գազ կունենա: Մարտունու շրջանում էլ Եմիշճան եւ Թաղավարդ գյուղերում դպրոցները կկառուցվեն: Գազ կունենան Ճարտար, Թաղավարդ, Բերդաշեն, Նորշեն, Աշան, Ավդուռ, Հացի գյուղերը:

Հադրութի շրջանի Դրախտիկ եւ Քյուրաթաղ գյուղերում դպրոցներ կկառուցվեն, Տողն ու Մեծ Թաղերն էլ գազ կստանան: Կվերանորոգվեն Շուշիի փողոցները: Քարին տակ գյուղում ջրագիծ կանցկացվի:

Սրանք, իհարկե, բոլոր ծրագրերը չեն: Թե որքանով են դրանք նպատակահարմար՝ ներկայումս  քննարկում են պատգամավորները: Նրանք իրենց համապատասխան առաջարկությունները կներկայացնեն կառավարությանը:

Խորհրդարանին առնչվող մի փաստ ևս. Ազգային ժողովի շենքի կառուցման համար այս տարի կտրամադրվի 398 մլն դրամ: Պարզվում է՝ շենքի կառուցման ընդհանուր ծախսը 635 մլն դրամ է կազմում:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

 

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԵՏԱՔՐՔՐՎԵՑԻՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՎԻՃԱԿՈՎ

Տեղական լրատվամիջոցների մի շարք հրապարակումներից հետո Ստեփանակերտի Ալեք Մանուկյան 120 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչների անմխիթար բնակարանային պայմաններն ու շենքում տիրող հակասանիտարական վիճակը վերջապես արժանացան իշխանությունների ուշադրությանը, հարցը նորերս քննարկվեց ԼՂՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդում: Մեր ունեցած տեղեկություններով՝ առկա խնդիրների, դեղնախտի համաճարակի ու ԶԼՄ-ների ահազանգի մասին Ա.Ղուկասյանին տեղյակ էին պահել դեռևս նրա՝ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ: ԼՂՀ նախագահը վերադառնալուն պես զբաղվեց այդ հարցով:

«Դեմո»-ն որոշեց ձեռնարկված միջոցները ներկայացնել տեղի «թաղկոմ» Արեւ Միքայելյանի մատուցմամբ, նաև պարզելու համար, թե բնակիչներն ինչպես են ընկալել այդ ամենը և ինչպես են գնահատում:

Եւ այսպես, ըստ Ա. Միքայելյանի՝  հանրակացարան են այցելել մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ (այցելողների թվում էին առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, քաղաքաշինության նախարար Մարատ Հակոբջանյանը, նախագահի աշխատակազմի սոցիալ-տնտեսական բաժնի վարիչ Բորիս Ալավերդյանը). «Առողջապահության նախարար Զոյա Լազարյանն ասաց, որ նախագահը իրենց առջեւ խնդիր է դրել պարզելու, թե ինչ է կատարվում հանրակացարանում եւ անել ինչ հնարավոր է,  – պատմում է Արեւ Միքայելյանը:- Եկածները միասին անցել են հանրակացարանով եւ ականատես եղել տխուր իրավիճակին: Իրենց ասելով որոշվել է լրիվությամբ փոխել շենքի կոյուղին եւ ջրագծերը: Ընդ որում՝ հիմնովին: Դրանից երկու օր հետո եկել են Կապշինարարության վարչության աշխատողները, կատարել բոլոր ուսումնասիրությունները, եւ ասել, որ շուտով աշխատանքները կսկսեն նկուղային հարկից:

Հանձնաժողովը համոզվել է, որ նման պայմաններում ապրելն ուղղակի անհնար է: Նրանք ասել են, որ ճիշտ է՝ ոչ մոտակա 2 տարին, բայց բնակիչներին կամաց-կամաց կտեղափոխեն կառուցվող շենքեր, իսկ հանրակացարանի շենքը կվերակառուցեն հիմնովին»:

Ինչ խոսք, 322 մարդու բնակարանով ապահովելու հարցը միանգամից լուծելն անհավանական է թվում, սակայն առաջխաղացումն ակնհայտ է՝ իշխանությունները հասարակական ռեզոնանսից հետո վերջապես հետաքրքրվեցին շարքային բնակիչների վիճակով եւ կոնկրետ քայլեր ձեռնարկեցին:

——————————————————————————————-

Պաշտպանունակություն

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՄԵՐ ԽՆԴԻՐՆ ԱՌԱՋԻՆ ԳԻԾՆ ՕՐԸՍՏՕՐԵ ԱՄՐԱՊՆԴԵԼՆ Է ԵՎ ՊԱՅՔԱՐԵԼԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԹԻԶ ՀՈՂԻ ՀԱՄԱՐ»

ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը, լրագրողների խնդրանքով, վերջերս որոշեց ոչ միայն արտագնա մամուլի ասուլիս անցկացնել, այլեւ լրագրողների հետ այցելել Պաշտպանության բանակի մի քանի ստորաբաժանումներ:

Զորամասերում

Լրագրողների խումբը նախարարի ուղեկցությամբ սկզբից այցելեց ԼՂՀ Պաշտպանության բանակի Քրիստաֆոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան, որտեղ ամենօրյա պարապմունքներ էին ընթանում: 8-րդ դասարանն ավարտած պատանիները, գալով այստեղ, ոչ միայն ռազմական ուսում ստանալու հնարավորություն են ստանում, այլեւ նշված դասերին զուգահեռ անցում են նաեւ այլ առարկաներ: Վարժարանը գերազանց գնահատականներով ավարտած սաներն առանց քննության կարող են ընդունվել ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Վարժարանի առօրյային եւ պայմաններին ծանոթանալուց հետո լրագրողները ճանապարհվեցին դեպի ՊԲ զորամասերից մեկը, որտեղ նախարարը դարձյալ ծանոթացրեց զորամասի առօրյային, ծառայության համար ստեղծված համապատասխան պայմաններին եւ այլն: ՊԲ-ում, նախարարի հավաստմամբ, մեծ ուշադրություն է դարձվում նաեւ մարտական հերթապահությանը: «Արդեն մի քանի տարի է,- տեղեկացրեց Ս. Օհանյանը, – ինչ մեր օրինակով հայկական զինված ուժերում կահավորվում են հատուկ տեղեր, որտեղ զինվորները հրահանգավորվում եւ գործնական պատրաստություն են անցնում մարտական հերթապահությունն իրականացնելու համար»:

Մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ զինվորներից մեկը նշեց, որ արդեն ծառայել է 1 տարի 3 ամիս եւ գոհ է զորամասի պայմաններից ու սպայական կազմի վերաբերմունքից, սակայն, ինչպես ամեն մի զինվոր, նա նույնպես օրացույցում մեկ առ մեկ «խազում» է անցած օրը եւ անհամբեր սպասում զորացրվելուն: «Թեկուզ գոհ եմ իմ ծառայությունից, բայց, միեւնույն է, ուզում եմ վերադառնալ տուն, քանի որ ընտանիքիս անդամներին ու ընկերներիս շատ եմ կարոտել: Բայց եթե հարկ լինի, պատրաստ եմ պաշտպանելու իմ հայրենիքը»,-ավելացրել է զինվորը:

Լրագրողները եղան առաջին գծում

Ամենահետաքրքրականն այն էր, որ լրագրողներին հնարավորություն ընձեռվեց լինել առաջին գծում: Այցելելով այնտեղ եւ սեփական աչքով տեսնելով սահմանում առկա վիճակը, հստակ պատկերացում ես կազմում «սահման» եւ «առաջին գիծ» հասկացությունների մասին: Կոնկրետ մեր պարագայում այն սահմանի մասին, որը հակառակորդի դիրքերից հեռու է ընդամենը 120-150 մետր: Քայլելով խրամատներով՝ չես կարող չնկատել, որ առաջնային գծում շատ մեծ աշխատանքներ են իրականացվել, եւ այստեղ մեծ ուշադրություն է դարձվում նաև զինվորների անվտանգության ապահովմանը, ինչի համար, նախարարի հավաստմամբ, ստեղծված են անհրաժեշտ պայմանները: Սահմանային հերթապահությունում գտնվող զինվորները նույնպես գոհ էին իրենց ծառայությունից, իսկ նրանցից մեկն իր հպարտությունն արտահայտեց առ այն, որ հենց առաջնային գծում է գտնվում: Իսկ ապագա զինվորներին խորհուրդ տվեց առաջին գծում լինելու դեպքում շատ զգույշ եւ ուշադիր լինել:

Մամուլի ասուլիս՝ պաշտպանական դիրքերում

Այնուհետեւ, վրանային պայմաններում, կայացավ պաշտպանության նախարարի մամուլի ասուլիսը:

Նախարարը, ներկայացնելով պաշտպանության բանակում տիրող իրավիճակը,   ձմեռային նախապատրաստական աշխատանքները,  լրագրողներին ծանոթացրեց նաեւ շարունակվող միջոցառումներին: Նա նշեց, որ 2006-ը պաշտպանության բանակում հայտարարված էր մարտավարության որակի եւ կարգապահության ամրապնդման տարի, զինվորների գործողությունների վրա են ուշադրություն դարձրել եւ ուսուցման ժամանակ, եւ առաջին գծում, ինչպես նաեւ շարունակվել են միավորումների եւ զորամասերի մարտունակության ամրապնդմանն ուղղված միջոցառումները:

Մեր խնդրանքով Ս. Օհանյանն անդրադարձավ Անվտանգության խորհրդի վերջերս կայացած նիստին, որտեղ քննարկվել է նաեւ շփման գծի վիճակը, եւ երկրի նախագահը տվել է համապատասխան հանձնարարականներ: «Նախագահին զեկուցել եմ այն իրավիճակի մասին, որ վերջին ամսվա ընթացքում եղել է մարտական հերթապահությունում՝ հակառակորդի հետ շփման գծում,- ասաց պաշտպանության նախարարը: – Տեղեկացրել եմ կատարվող այն բոլոր միջոցառումների, ինժեներական աշխատանքների մասին, որոնք եզրափակում են 2006-ի ծրագիրը: Հանրապետության նախագահի՝ գլխավոր հրամանատարի կողմից ցուցում է տրվել, որպեսզի աշխատանքների իրականացման գործում ավելի հետեւողական լինենք»:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության բյուջեի մեծացումը անհանգստանալու տեղի՞ք է տալիս մեր պաշտպանության բանակի ղեկավարությանը, եւ դա կարո՞ղ է անդրադառնալ ռազմատենչ հայտարարությունները գործողության մեջ դնելուն» մեր հարցին ի պատասխան Ս. Օհանյանն ասաց. «Իհարկե, հակառակորդի բանակում յուրաքանչյուր ներդրում, փոփոխություն մտահոգում է մեր բանակի ղեկավարությանը եւ, ընդհանրապես, հանրապետության իշխանություններին, բայց համոզված եղեք, որ դրանից մենք համապատասխան հետեւություններ ենք անում»: Նախարարի խոսքերով, հիմնական կանխարգելիչ միջոցառումներն ուղղված են հակառակորդի քանակական եւ ծավալային փոփոխություններին հակազդելուն: Լուրջ աշխատանքներ են տարվում նաեւ առաջին գծում դիրքերն ամրապնդելու եւ առավելս անմատչելի դարձնելու, պաշտպանողական խնդիրներն իրականացնելու համար:

Պատասխանելով ազատագրված տարածքների ճակատագրի մասին հարցին՝ պաշտպանության նախարարը նշեց. «Այդ հողերն ազատագրվել են ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով, ինչպես նաեւ ժողովրդի խաղաղ կյանքն ապահովելու համար: Մենք հեռացրել ենք բոլոր այն կրակակետերը, որոնք ներազդում էին մեր հանրապետության բնակավայրերի վրա: Իհարկե, եթե մենք ուզում ենք Ղարաբաղի հարցը լուծվի, լինելու են նաեւ թե համապատասխան զիջումներ կամ փոխանակումներ, որոնք բանակցության եւ քաղաքական իշխանությունների գործունեության արդյունք են լինելու: Եթե նկատել եք՝ ես ընդհանրապես այդ մասին չեմ խոսում: Մեր և մասնավորապես՝ իմ խնդիրը առաջին գիծն օրըստօրե ամրապնդելն է եւ պայքարելը յուրաքանչյուր  թիզ հողի համար»:

Իսկ շփման գծում առկա իրավիճակը, նախարարի ներկայացմամբ, համեմատաբար հանգիստ է. «Իհարկե, լինում են փոխհրաձգություններ, դիպուկահարների կրակոցներ, սակայն պատասխանում ենք միայն այն դեպքում, երբ այդ կրակոցները նպատակային են լինում (անկանոն կրակոցներին մենք երբեք չենք պատասխանում): Ի տարբերություն մյուս տարիների,  2006-ը համեմատաբար ավելի հանգիստ է եղել: Այս տարվա ընթացքում մենք գրեթե զրոյի ենք հավասարեցրել հակառակորդի ազդեցության արդյունքում ունեցած մեր կորուստները, դա հիմնականում այն բանի արդյունքն է, որ ինժեներական կառույցների տեղակայման ժամանակ հիմնականում մեծ ուշադրություն ենք դարձնում զինվորների անվտանգության ապահովմանը»:

Իսկ ինչի՞ կարող են հանգեցնել Ադրբեջանի այն հաճախակի հայտարարությունները, թե իբր հայկական կողմն է խախտում զինադադարը: Արդյո՞ք հայկական կողմը համարժեքորեն հակադարձում է: Ս. Օհանյանը պատասխանեց, որ հրադադարի խախտումները, որպես կանոն, տեղի են ունենում հակառակորդի կողմից. «Նախորդ տարիների ընթացքում մենք չէինք ասում դրա մասին: Հարկ չէինք համարում այն փոքր հրաձգությունների, կրակոցների  մասին աշխարհով մեկ անել, բայց, կարծում եմ, դա անհրաժեշտ է: Դրանով ադրբեջանական կողմը փորձում է համապատասխան քարոզչություն իրականացնել, իբր հայկական կողմն է խախտում զինադադարի պայմանագիրը»: Նախարարի կարծիքով, յուրաքանչյուր խելամիտ մարդ կամ կազմակերպություն, որ տեղյակ են մեր գոյապայքարին, գիտեն դրա պատճառներն ու ամբողջ ընթացքը, այդպես չեն մտածում:

«Իսկ սահմանային գծի փոփոխություններ եղե՞լ են  այս տարի» հարցին Ս.Օհանյանը պատասխանեց. «2006-ին մի քանի նման փորձեր եղել են, բայց դրանք բոլորն էլ կանխվել են: Այն, ինչ նախորդ տարիների (2004, 2005 թվականներին) ընթացքում այս կամ այն չափով կատարվում էր, այս տարի հիմնականում կանխվել է, որովհետեւ մենք ավելի ենք  ուժեղացրել առաջին գծի դիտարկումը»:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

——————————————————————————————-

Քաղաքացիություն

«Փախստականները եվ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարությունը

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը մի քանի անգամ առիթ ունեցել է հիշեցնելու ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ընթացող բանակցային գործընթացի մասնակիցներին և Մինսկի խմբի համանախագահներին այն մասին, որ առանց Ադրբեջանական ԽՍՀ-ից ու Նախիջևանից բռնագաղթած հայ փախստականների խնդիրը բանակցությունների օրակարգում ընդգրկելու հնարավոր չի լինի հասնել կայուն ու երկարաժամկետ խաղաղության: Բոլորի համար պետք է պարզ լինի, որ հայ փախստականները չեն վերադառնա ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող որևէ տարածք, քանզի նրանց կյանքին այնտեղ վտանգ է սպառնում, իսկ հայատյացությունը Ադրբեջանում գնալով ավելի է խորանում: Սա չի նշանակում, որ հայ փախստականները կհրաժարվեն իրենց օրինական շահերը պաշտպանելու իրավունքից: Նրանք իրավունք ունեն վերաբնակվել նախկին Խորհրդային Ադրբեջանի այն տարածքներում, որոնք ներկայումս գտնվում են ԼՂՀ իրավատիրույթում: Քանի որ ադրբեջանական իշխանությունները հրաժարվում են խոսել բռնագաղթած հայության իրավունքների մասին, իսկ նրա օրինական պահանջները լռության մատնում, այլ բան չի մնում անելու, քան սեփական հայեցողությամբ լուծելու խնդիրը: Ուստի մենք հայտարարում ենք, որ հայ փախստականները իրավունք ունեն վերաբնակվել նախկին Աղդամում ու Ֆիզուլիում, Քաշաթաղում ու Քարվաճառում, ներկայիս անվտանգության գոտի կոչված ողջ տարածքում: Փախստականների այս իրավունքին պիտի սատար կանգնեն բոլոր մակարդակների հայկական իշխանությունները. դա նրանց պարտքն է: Մինչև ս.թ. նոյեմբերի վերջը «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը ԼՂՀ Ազգային Ժողով է ներկայացնելու «ԼՂՀ քաղաքացիության մասին» օրենքի լրամշակված տարբերակը, որով Ադրբեջանական ԽՍՀ ողջ հայությունը հնարավորություն կստանա դառնալու ԼՂՀ լիարժեք քաղաքացի, ինչն, իր հերթին, կնպաստի ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, բանակցային գործընթացում ստեղծված փակուղու հաղթահարմանը:

 

Ադրբեջանցիները չե՞ն դառնա ԼՂՀ քաղաքացի

Դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում Սահմանադրությունը հանրաքվեով ընդունվելու դեպքում հաջորդ ուշագրավ օրենսդրական ակտը լինելու է «ԼՂՀ քաղաքացիության մասին» օրենքը: Օրինագիծը շրջանառության մեջ է դրվել վերջին ամիսներին: Այն ներկայացվում է «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի անունից, որտեղ ներգրավված են փախստականների հարցերով զբաղվող բարեգործական կազմակերպություններ: Այս օրենքի նախագիծը եւ դրա հետ կապված առարկությունները երեկ քննարկվեցին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

Օրինագծի հեղինակների համոզմամբ, ԼՂՀ-ի քաղաքացիության վերաբերյալ օրենքի անհրաժեշտության շնորհիվ Ադրբեջանական ԽՍՀ-ից եւ Նախիջեւանից բռնագաղթած հարյուր հազարավոր հայ փախստականներ հնարավորություն կունենան վերագտնել իրենց Հայրենիքը: Բացի այդ, ըստ օրինագծի հեղինակների, «Ղարաբաղյան հակամարտության գործընթացում կհայտնվի մի նոր՝ հիմնարար տարր, որը կարող է որոշիչ դառնալ ԼՂՀ միջազգային ճանաչման, նրա դե-ֆակտո գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիության եւ անփոփոխության հարցերում»: Օրինագծի ընդունմամբ, ըստ շահագրգիռ հ/կ-ների համոզման, հնարավոր կլինի փոխհատուցել Ադրբեջանական ԽՍՀ, այնուհետեւ՝ Ադրբեջանական Հանարպետության իշխանությունների գործողությունների հետեւանքով Ադրբեջանից եւ Նախիջեւանից բռնագաղթած հայ փախստականների նյութական վնասները: Հ/կ-ների բնորոշմամբ՝ «ի հաշիվ ԼՂՀ իրավատիրույթում գտնվող մի շարք տարածքների»: Այս խնդրի հետ կապված իրավական լուծումները հ/կ-ները պատրաստվում են ներկայացնել առաջիկայում՝ ենթաօրենսդրական ակտի նախագծի տեսքով:

«ԼՂՀ քաղաքացիության մասին» օրենքի նախագծով սահմանվում են ԼՂՀ Սահմանադրության նախագծով առաջարկվող երկքաղաքացիության հետ կապված դրույթները: Մասնավորապես, ըստ նախագծի 14-րդ հոդվածի առաջին կետի՝ «18 տարին լրացած եւ գործունակ օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն դիմելու ԼՂՀ քաղաքացիություն ստանալու համար, եթե՝ ա) վերջին երեք տարիների ընթացքում մշտապես բնակվել են ԼՂՀ տարածքում, բ) կարող են բացատրվել հայերեն, գ) պարտավորվում են պահպանել ԼՂՀ Սահմանադրությունը եւ օրենքները»: Կա մտավախություն, որ իրավական խնդիրների կարգավորման կարոտ ԼՂՀ-ում այս ֆորմատով քաղաքացիության հնարավորություն ընձեռելը կարող է հանգեցնել ԼՂՀ պետականությանը սպառնացող հետեւանքների: Մասնավորապես, չի բացառվում, որ հայերեն լեզվի խնդիր չունեցող 18-ամյա ադրբեջանցիները համապատասխան խոստումներ տալով՝ կդառնան ԼՂՀ քաղաքացի. այդպիսով կծավալեն ոչ հայանպաստ գործունեություն: Օրինագծի հեղինակները, սակայն, վստահեցնում են, որ «ԼՂՀ քաղաքացիների քանակը 3-4 տարվա ընթացքում կարող է աճել միջինը 300-350 հազար, իսկ պոտենցիալ՝ 500-550 հազար մարդով»: Բայց չարժե անտեսել ադրբեջանցիների բազմացման մեծ թափը: Ի տարբերություն հայերի, ադրբեջանցիները նախընտրում են ծնել անհամեմատ շատ երեխաներ:

Երեկվա քննարկմանը մասնակցող Հարավային Կովկասում ինտեգրացիայի եւ անվտանգության հարցերի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտարարեց. «Ես չեմ կարծում, թե նրանք (խոսքը ադրբեջանցիների մասին է – Ա.Մ.) ցանկություն կունենան սովորել հայերեն, դառնալ ԼՂՀ քաղաքացի»: Ըստ Սերգեյ Մինասյանի, ադրբեջանցիները ուղղակի համարձակություն չեն ունենա գնալ առավելապես իրենց «թշնամիներով» (հայերով) բնակեցված Ղարաբաղ եւ այնտեղ հաստատվել: Այս հայտարարությունը բարկացրեց քաղաքագետ Իգոր Մուրադյանին: «Ո՞նց չեն գնա»,- ընդվզեց քաղաքագետը: Նա, ի դեպ, կարճ ելույթ ունեցավ, ապա լսելով բացառապես իր կարծիքին հակառակ տեսակետներ, բարկացած ու հուսալքված հեռացավ քննարկումից: Իգոր Մուրադյանը հեռանալուց առաջ խոսեց շատ կարճ: Ասաց միայն հետեւյալը. «Ինձ հետաքրքիր է փաստաթղթի լեգիտիմությունը: Ո՞վ պետք է ընդունի այդ օրինագիծը: Ղարաբաղի Սահմանադրությունը ընդունվում է ժամանակից շուտ: Առաջնահերթ խնդիրը կապված է պառլամետի արտահերթ ընտրությունների հետ»: Իգոր Մուրադյանին արդեն միջանցքում հարցրինք, թե ինչ գործնական հետեւանքներ կարող է ունենալ իրեն բարկացրած օրինագիծը: Պատասխանեց այսպես. «Չճանաչված հանրապետությունը չի կարող պահպանել միջազգային ստանդարտները: Կարող է պահպանել միջազգային ստանդարտները միայն ճանաչումից հետո»: Պարոն Մուրադյանի պատասխանից պարզ դարձավ, որ քննարկումն իրեն վերջնականապես ջղայնացրել էր հնչած տեսակետից, թե քննարկվող օրինագիծը ներառել է միջազգային ստանդարտները, իսկ մնացյալ անհանգստությունները քաղաքական են, եւ իրական վտանգի դեպքում պետք է կայացնել քաղաքական որոշումներ:

«ԼՂՀ քաղաքացիության մասին» օրենքի նախագծի ընդհանուր դրույթներում «ԼՂՀ տարածք» արտահայտությունը բացատրվում է այսպես. «Ծնունդով ԼՂՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք ընձեռող տարածք, որի սահմաններով հռչակվել է ԼՂՀ-ն»: Այս ձեւակերպման պարագայում, ըստ ԼՂՀ նախագահի խորհրդական Արման Մելիքյանի, խոսքը վերաբերում է 85 հազար բնակչությանը, որոնք ապրել են Ղարաբաղում. «Խոսքը ազատագրված տարածքների մասին չէ»,- հավելեց Արման Մելիքյանը:

Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի խորհրդարանում շրջանառվող երկքաղաքացիության վերաբերյալ օրինագծին: «Վերադարձ Հայք» հ/կ նախագահ Ռոբերտ Մելիք Փաշաեւը հայտարարեց, որ այդ օրինագծով երկքաղաքացիության դրույթները կարգավորվելիս հատուկ շեշտադրմամբ նշվում է սփյուռքահայերին Հայաստանի քաղաքացիության շնորհման կարգի մասին: Մինչդեռ, ըստ հ/կ նախագահի, չկա որեւէ հիշատակում փախստականների մասին: Այս իրավիճակի մեղավորը, նրա խոսքերով, միգրացիայի գործակալության ղեկավար Գագիկ Եգանյանի ոչ կոռեկտ գործունեությունն է: «Նա հաճախ հայտարարում է, թե փախստական չկա Հայաստանում: Նա գործ չի անում: Նա միայն փող է ուտում: Ես կարող եմ բերել մարդկանց, ովքեր փախստական են եւ ունեն լուրջ խնդիրներ»,- ասաց «Վերադարձ Հայք» հ/կ նախագահը:

ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի նախագծով երկքաղաքացիության հնարավորությունները ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի մեջ առաջացնում են մի մտահղացում, ըստ որի՝ ԼՂՀ-ն պետք է հատուկ պայմանագիր կնքի Հայաստանի հետ՝ հայաստանցիների երկքաղաքացիության հարցը դյուրացնելու նպատակով:

Քննարկմանը մասնակից էր նաեւ «Ժողովրդավարություն» հ/կ նախագահ, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը: Նա ասաց, որ օրինագիծն ունի բովանդակային եւ օրենսդրական տեխնիկայի հետ կապված որոշ թերություններ: Վարդան Պողոսյանը դրանք կներկայացնի գրավոր: Քննարկման մասնակիցները որեւէ կասկած չունեին, որ ԼՂՀ-ում Սահմանադրության նախագիծը կընդունվի եւ դրան կհաջորդի նաեւ «ԼՂՀ քաղաքացիության մասին» օրենքի ընդունումը:

Անուշ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Տարեգիր»

 

ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԹԵԿՈՒԶ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ ՊԵՏՔ Է ԱՐՏԱՑՈԼԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ

Ինչպե՞ս դառնալ ԼՂ քաղաքացի

«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցն այս տարվա հուլիսի 13-ին նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որում առաջարկում է քննարկել Ադրբեջանից ու Նախիջեւանից բռնագաղթած հայ փախստականների` 1988 թվականից կրած կորուստների փոխհատուցման հարցը: Իլհամ Ալիեւը ոչ մի տողով չի արձագանքել, չնայած նույն ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցներում արծարծվել է իրողությունը: Նամակ է հղվել նաեւ Մինսկի խմբի համանախագահներին առ այն, որ ԼՂ վերաբերյալ առ այսօր ընդունված ոչ մի փաստաթղթում փախստականների հարցը չի ներառվել:

Ադրբեջանական կողմից ոչ մի արձագանք չստանալով, կազմակերպության փորձագետները իրենց այլեւս ազատ են զգացել միակողմանի լուծումներ մշակելու համար:

Ցանցը մշակել է «ԼՂՀ քաղաքացիության մասին» օրենքի նախագիծ, որը ներկայացրել էր հասարակական քննարկման: Նախագիծը արդեն 2 ամիս է, ներկայացվել է նաեւ փորձագետներին:

Ցանցը հարցումներ է անցկացրել Ադրբեջանից եւ Նախիջեւանից բռնագաղթած 6 հազար չափահաս տարիքի փախստականների հետ (իրականում նրանք ներկայացնում են 25-30 հազար մարդ), եւ վերահաստատել իրողությունը, որ նրանք ոչ մի պայմանով մտադիր չեն վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը: Բայց դա չի նշանակում, որ հրաժարվում են իրենց կարգավիճակի անձանց վերապահված միջազգայնորեն սահմանված իրավունքներից, նյութական ու բարոյական մասնակի փոխհատուցումներ ստանալու հավանականությունից: Ցանցը այդ մասին բազմաթիվ նամակներ է ստացել ԱՄՆ-ում, Ռուսաստանում այժմ վերաբնակված հազարավոր արցախցիներից:

Հայ փախստականներին փոխհատուցում տրամադրելու կարգը ներկայացնող ենթաօրենսդրական ակտի համապատասխան նախագիծը «Փախստականները եւ միջազգային իրավունքը» հասարակական ցանցը խոստանում է ներկայացնել առաջիկայում: Սակայն մինչ այդ բազմաթիվ անպարզ ու խճճված խնդիրներ կան, որոնցից փորձում էին գլուխ հանել երեկվա հավաքի մասնակիցները:

Օրենքի նախագիծը հայ փախստականների խնդիրները փորձում է կարգավորել միջազգային նորմաներով: Մինչ այսօր անտեսված այս կարեւոր հիմնախնդիրը կարող է գործուն խաղաթուղթ դառնալ ԼՂՀ միջազգային ճանաչման, նրա սահմանների անձեռնմխելիության եւ անփոփոխ թողնելու հարցերում: Համենայն դեպս, այս հույսին են նախագիծը ներկայացրած խմբի անդամները:

Փորձագիտական դիտարկումներով, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիության մասին օրենքը գործողության մեջ դնելու դեպքում Ղարաբաղի բնակչության քանակը կարող է աճել միջինը 300-350 հազար մարդով:

Այն ադրբեջանցիները, որոնք ապրել են Արցախի տարածքում, ըստ օրինագծի, եթե ցանկանան, իրենք էլ կարող են վերականգնել Ղարաբաղի քաղաքացիությունը` երկքաղաքացի դառնալով, պայմանով, որ մինչեւ ԼՂՀ հռչակումը «ծնունդով եղել են» այստեղի քաղաքացի: Դա նշանակում է, որ Կուբաթլիի, Զանգելանի, Լաչինի, Քելբաջարի եւ մյուս շրջաններում ծնված ադրբեջանցիները ավտոմատ կարող են դառնալ ԼՂ քաղաքացիներ:

Բայց ինչպես մյուս ադրբեջանցիները, նրանք ի սկզբանե թշնամական վերաբերմունք են արտահայտել ԼՂ պետության գոյության փաստի հանդեպ: Մյուս կողմից նրանց մեծամասնությունն այդ տարածքներ վերադառնալու եւ ապրելու լուրջ հավակնություններ ունի: Այսօր բանակցությունների սեղանին այդ հարցն է դրված, առանց սակայն տարհանված հայերի խնդիրները լուծելու: Եվ ԼՂՀ նախագահի խորհրդական Արման Մելիքյանի դիտարկումն այս առթիվ այն է, որ «այդպիսի մարդկանց Արցախի քաղաքացի դառնալու իրավունք տալն անհեթեթ է եւ անտեղի»:

Քաղաքագետ Արմեն Այվազյանը ադրբեջանցիների զանգվածային երկքաղաքացի դառնալու հնարավորությունը անհավանական է համարում. «Միայն Արցախում ծնված լինելու հանգամանքը բավական չէ նրանց քաղաքացիությունը վերականգնելու համար: Պետությունն այս առթիվ որոշակի պայմաններ կարող է առաջադրել, որոնք 100 տոկոսով նրանց սրտով չեն լինի, որ սա հայկական պետություն է, որ այս պետության լեզուն հայերենն է եւ այլն»:

Իգոր Մուրադյանը մտավախություն հայտնեց փաստաթղթի լեգիտիմության վերաբերյալ, գտնելով, որ Ղարաբաղի գործող պառլամենտն ի վիճակի չէ այս պահին նման պատասխանատու եւ լուրջ օրինագիծ ընդունել:

Կարինե ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Ազգ»

——————————————————————————————-

Հիշատակ

Սամցխե-Ջավախքում հարգել են երկրաշարժի զոհերի հիշատակը

Դեկտեմբերի 7-ին Սամցխե-Ջավախքի բոլոր հայկական եկեղեցիներում 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված Սուրբ եւ Անմահ պատարագ է մատուցվել: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ Հայ Առաքելական եկեղեցու Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդ Բաբկեն աբեղա Սալբիյանը նշել է, որ օրվա միջոցառման խորհուրդը մեր անցյալը եւ ներկան իրար կապելու անհրաժեշտությունն է:

Շրջանների ղեկավարները, դպրոցների մանկավարժական կոլեկտիվները եւս մասնակցել են սգո պատարագներին, ծաղկեպսակներ դրել անմեղ զոհերի հուշաքարերին:

Ա-ԻՆՖՈ

 

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ԱՆՄԱՀԱՑՆՈՂ ԱՌԱՋԻՆ ԿՈԹՈՂԸ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ԳՈՐԻՍՈՒՄ

1988 թվական: Դեկտեմբերի 7: Այդ օրը մտավ մեր օրացույցի մեջ որպես ողբերգական օր:

Որքան մարդկային կյանք խլեցին այդ մի քանի դաժան վայրկյանները, որքան բողբոջ սրտեր կոտրեցին, որքան մայրեր արտասվեցին, որքան մանուկներ որբացան, անթիվ ու անօթեւան դարձան դժբախտ ընտանիքներ:

Հայ ժողովուրդը եւս մեկ անգամ միավորվեց, բայց ոչ հաղթանակի համար պայքարելու, այլ այդ ցավալի պահին մեկը մյուսի կողքին լինելու ու ազգին ինչ-որ բանով օգնելու համար:

Աշխարհի տարբեր ծայրերից Սպիտակ ժամանեցին փրկարարական ջոկատներ, որոնց միացան նաեւ Հայաստանի տարբեր վայրերից այցելած փրկարարները:

Այդ օրերին, ինչպես եւ ողջ Հայաստանում, Գորիս քաղաքում նույնպես մարդիկ իրենց տեղերը չէին գտնում: Նրանք էլ էին ցանկանում ինչ-որ կերպ օգնություն ցուցաբերել:

Գորիսեցի բազմաթիվ երիտասարդներ կամավոր մի քանի տարբեր խմբեր կազմեցին ու շտապեցին աղետի գոտի:

Գորիսից ուղարկված փրկարարական ջոկատները հիմնականում երիտասարդներից էին կազմված:

Գորիսեցի փրկարարների մի զգալի մասը Քոլատակ թաղամասից էին: Այս թաղամասը տարբեր առիթներով միշտ էլ աչքի էր  ընկել իր կազմակերպվածությամբ եւ այս դեպքն էլ բացառություն չէր: Հենց առաջինը նրանց մոտ գաղափար հղացավ Քոլատակում կառուցել մի հուշակոթող՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի:

Մայիս Մնացականյանը, ով թաղամասում կատարվող յուրաքանչյուր լավ գործի նախաձեռնող էր, իր ուսերին առավ նաեւ այս գործը: Քոլատակցիները, օժանդակություն ստանալով քաղաքական իշխանություններից, սկսեցին հուշարձանի աշխատանքները: Հետամուտ գորիսեցիները ջանք չէին խնայում իրենց արած գործը արժանապատվորեն ավարտին հասցնելու համար:

Դեռեւս հունվարին սկսված աշխատանքները ավարտեցին մայիս ամսին եւ 1989թ. հունիսին տեղի ունեցավ հուշարձանի բացումը:

Գորիսեցիները իրենց հոգու պարտքն էին համարում կառուցել հուշակոթողը ու արեցին դա: Բայց շատ-շատերը այդպես էլ չիմացան, որ այդ բարի գործը առաջինը նրանք էին նախաձեռնել, եւ Հայաստանում երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը առաջինը կառուցել են գորիսեցիները:

Գայանե ՍՈՂՈՄՈՆՅԱՆ / ԱրՊՀ լրագր. 3-րդ կուրս  

 

ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԴԵՄՔՈՎ
կամ Էդուարդ Վերդիյանի ֆենոմենը

Գալու է, անխուսափելիորեն գալու է մի ժամանակ, երբ մարդիկ ապրելու են իսկապես ուրախ ու երջանիկ, չունենալով կեղեքիչ  կենսական հոգսեր: Իսկ առայժմ մեր կյանքի պատկերը, ավաղ,  ուրիշ է:  Մեր հայրենակիցներից շատերը  անօթևան են, կան նաև այնպիսիք, որ ունեն նույնիսկ… հանապազօրյա  հացի  խնդիր: Այս կարգի մարդիկ ունեն այնպիսի  հենարանների կարիք, որոնք  կօգնեին  նրանց չերերալ, չընկնել, կանգուն մնալ: Տարբեր մարդիկ  փնտրում են և գտնում տարբեր հենարաններ: Շատերի համար փրկարար օղակ է դառնում  հզոր դասական  մշակույթը, նրա անմահ գանձերի հետ  հաղորդակցվելը: Ուրիշները մխիթարություն են գտնում  գինու մեջ, որը տանում է անուրջների աշխարհ…

Բայց կա նաև այլ եղանակ՝ սրտացավ հայրենակիցների աջակցությունը, հայրենակիցներ, ովքեր մարմնավորում են  իրենց  մեջ  մեր մտքին և  սրտին հարազատ  արժանիքներ: Մարդկային  նման  դրական  կերպարի  օրինակ է հանդիսանում  Էդուարդ Վերդիյանը: Նրա մասին գիտեն  մեր  համերկրացիներից շատերը, և շատ բան գիտեն: Բայց նա արժանի է, որ  նրա մասին իմանան  ավելի շատ մարդիկ և ավելի շատ բան: Ինչու՞: Նա արժանի է հարգանքի և համակրանքի  թեկուզ միայն այն բանի համար, որ կարողացել է հիմնադրել  «Պետրոլ Սերվիս» ՓԲԸ  և ապահովել նրա հաջող  գործունեությունը:

Կարող են մտածել՝  «Դա ի՞նչ մեծ բան է… Տեսեք, թե  ինչքան մարդիկ են  զբաղվում հաջող գործարարությամբ»: Մինչդեռ դա իսկապես մեծ բան է:  Հաջող  գործ  վարելու համար  անհրաժեշտ է ունենալ  մտավոր կարողություններ, ձեռներեցության ձիրք,  ոչ քիչ անձնական  արժանիքներ…  Այդպիսի տարաբնույթ հատկանիշներ իրենց մեջ, որպես կանոն, համատեղում են 100 մարդուց  ընդամենը  5-10 հոգի: Կարող են ընդդիմախոսել, թե «Պետրոլ Սերվիսի» բարվոք ֆինանսական վիճակը դեռևս հիմք չէ համարելու, որ Էդուարդ Վերդիյանի  գործը արժանի է մեծարման: Սա արդեն լուրջ քննարկման փաստարկ է:

Իսկապես, տպավորիչ ֆինանսական  ցուցանիշներին կարելի է հասնել տարբեր միջոցներով: Այդ տեսակետից   գոհունակության համար  Էդուարդ Վերդիյանը   ունի բավականաչափ հիմքեր: «Պետրոլ Սերվիսի» ստեղծումը և նրա  հետագա բարեհաջող  զարգացումը  վերևից տրված  պարգև  չէր. այդ հաջող գործը կռել է ինքը՝ Էդուարդ Վերդիյանը: Այն արդյունք է, օրինակ,  այն բանի , որ իր ժամանակին  նա կարողացել է դրսևորել գործարարի լավ ձիրք, տիրապետել է մասնավորապես հաջող գործ  վարելու  հանճարեղորեն  պարզ  բանաձևին՝  «Գտիր  պահանջարկ և բավարարիր այն»: Կիրառելով այդ բանաձևը, նա հեռատեսորեն կանխագուշակել է իրավիճակն ու անելիքը:

Գործարարությունը մշտական փորձությունների մի շղթա է, որը բարեհաջող կերպով կարող են անցնել միայն նրանք, ովքեր օժտված են  խելքով, կամքի ուժով և տոկունությամբ: Ոչ բոլոր գործարարներին է հաջողվում  պատվով անցնել փորձությունները, պատահում է՝ գործարարության   բարձունքներ մագլցելու  ճանապարհին նրանք կորցնում- զոհաբերում են, ինչպես դա պատկերավոր կերպով  նկարագրված է մի իմաստուն առակում, իրենց «լավագույն մարդկային հատկանիշները, խելքի բարի մասը»:

Բազում փորձություններ բաժին են ընկել  նաև գործարար Էդուարդ Վերդիյանին,  բայց  դրանք ի զորու չեն եղել  խեղաթյուրելու նրա հոգեկերտվածքը: Նրա տոկունության և կամքի ուժի համար առանձնապես ծանր փորձություն էր նրա ազատազրկումը (դատարանի ոչ արդարացի որոշման  հիման վրա.):  Կար մի պահ, շիտակորեն խոստովանում է նա, երբ թվում էր, որ ինքն ուր որ է կկոտրվի, կընկնի,  բայց նա իր մեջ ուժ գտավ դիմանալու, վերածնվելու:

Եվ այսպես, անցնելով «կրակը, ջուրը  և պղնձե շեփորները»,  Էդուարդ Վերդիյանը չկորցրեց իր  լավագույն  մարդկային հատկանիշները: Օրինակ, ազնվությունը:  Ի հեճուկս որոշ գործարարների  պարզունակ պատկերացումներին ( “Չես խաբի՝ չես վաճառի” ) նա դավանում է  տրամագծորեն հակառակ սկզբունքի՝ «Բիզնեսը  սիրում է ազնվություն»:

Էությամբ երախտագետ է ու տանել չի կարող ապերախտությունը: Ցավ ու դառնություն է զգում, երբ    օգտվում են իր բարեսրտությունից ու սև ապերախտությամբ պատասխանում (այդպիսիք էլ կային): Հավատարիմ է իր խոսքին ու տված խոստումին: Ժամանակին նման մարդկանց մասին ասում էին՝ «Նրա խոսքը կարելի է բանկում դնել»: Ինքն այլ կերպ է ասում, իրեն հատուկ արտահայտչաձևով՝ «հունցը Ժնևում փեչատածը»:

Բարեգործությունը հայ գործարարության լավագույն ավանդույթներից մեկն է. բարի գործեր կատարելը  միշտ էլ եղել է անվանի հայ գործարարների համար պատվի հարց: Այդ տեսակետից միանգամայն  բնական է, որ բարեգործությամբ զբաղվում  է նաև Էդուարդ Վերդիյանը, և դա ինչ որ արտառոց երևույթ չէ: Բայց, այնուամենայնիվ,  կա մի հանգամանք, որը յուրահատուկ  հմայք է հաղորդում նրա բարեգործությանը: Դա այն շարժառիթներն են, որոնք մղում են  նրան բարի գործերի: Ահա թե ինչպես է նա  հիմնավորում, թե ինչու պետք է օգնի  կարիքի մեջ հայտնված մարդկանց. « Եթե ինձ մոտ ստացվել է կազմակերպել հաջող, շահույթ բերող գործ, ապա դրանում ես պարտական եմ  իմ անձնական  և գործնական  հատկանիշներին, որոնք ես ժառանգել եմ իմ ծնողներից  կամ որոնց ձևավորմանը  նպաստել են  կյանքի պայմանները: Իսկ եթե ուրիշները չունեն հաջող գործ վարելու  և իրենց անձնական  բարեկեցությունը  կերտելու  համար անհրաժեշտ տվյալներ, ապա դա ոչ թե նրանց  մեղքն է (մեղքը ընկնում է  ժառանգականության և նախորդ կյանքի  հանգամանքների վրա), այլ դժբախտությունը: Ուրեմն, պետք է ցույց տալ  կարիքավորներին նյութական աջակցություն: Այդ են պահանջում բարոյականության, արդարության  օրենքները»:

Տպավորիչ է այն մարդկանց թիվը, ովքեր ստացել են Էդուարդ Վերդիյանի կողմից դրամական և այլ նյութական աջակցություն: Բայց կարիքավորների թիվը շատ ավելի մեծ է: Այդ դեպքում ի՞նչ պետք է նա անի, եթե իր ֆինանսական  հնարավորությունները սահմանափակ են: Էդուարդ Վերդիյանը հասկանում է նաև, որ քաղցածին ձուկ տալը  աղքատության հաղթահարման  լիարժեք լուծում չէ, արմատական լուծումը քաղցածին «կարթ» տալն է, որպեսզի  նա կարողանա  ինքը ձուկ որսալ: Ժամանակին նա  ներկայացրել է կառավարությանը  համապատասխան ծրագիր, որը, սակայն,  անարձագանք է մնացել:

Այժմ  Էդուարդ Վերդիյանի բարեգործության ամենավսեմ  շարժառիթի մասին: Նա անկեղծ, խոր ակնածանքով է վերաբերվում  արցախյան հողի համար  նահատակված ազատամարտիկների հիշատակին: «Եթե ես հիմա, – ասում է նա ,-  կարող եմ զբաղվել  իմ գործով, վայելել կյանքի ուրախությունները, ապա դրանով ես պարտական եմ  զոհված տղաներին: Եվ իմ սուրբ պարտքն է հարգել  նրանց հիշատակը»: Սրանք լոկ խոսքեր չեն:  Սրբորեն հարգելով Արցախի անկախության համար իրենց մատաղ կյանքը զոհաբերած  հայորդիների անմար հիշատակը,և արժանավոր այրին  վայել գործ արարելով,  Էդուարդ Վերդիյանը  հուշարձաններ է  կանգնեցրել…. 81 զոհված ազատամարտիկների  շիրիմներին: Հիմա էլ  որոշել է պարբերաբար նյութական աջակցություն  ցույց տալ 200  զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

Պրագմատիկ լինելը նրա հոգում չի սպանել ռոմանտիկությունը: Ինչի՞ մասին է երազում գործարարը՝ «Մի երկիր, որտեղ հայ մարդը  իրեն փառավոր է զգում, փառավոր՝ իր աշխատանքով, գործերով, ընտանիքով»: Իսկ ինչպե՞ս պետք է կառուցվի մեր երազանքի երկիրը: Այդ մասին  նա ունի  կոնկրետ պատկերացումներ՝ «Պետք է հավաքագրել մի քանի տասնյակ  փայլուն ինտելեկտուալներից բաղկացած թիմ, որն  ապագայում իր ձեռքը կվերցներ երկրի կառավարման ղեկը և կկազմակերպեր մարդկանց կյանքը արդարության, բարության և գեղեցկության  օրենքներով»:

Աստված օգնական:

 Ստեփան ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Պրոֆեսոր, «Մեսրոպ Մաշտոց»  համալսարանի պրոռեկտոր

——————————————————————————————-

Մշակույթ

ՏԱԳՆԱՊԻ ԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՐԳԵՐ

Իլյա Արցախեցին, որ գրողի աստվածատուր շնորհք ունի, էն գլխից հասկացել է ժողովրդի հոգսերին ու ցավերին արձագանքելու հրամայականը՝ նրան որդիաբար սատարելու եւ ինչ-որ չափով օգնելու միտումով: Այստեղից էլ նրա պոետական փնջի խորագիրը` «Զանգ արդարության», որ լույս է ընծայվել Երեւանի «Ամարաս» հրատարակչությունում:

Ի. Արցախեցու բանաստեղծական մտորումները ծնվել են մայր ժողովրդի դարավոր տառապանքից, նորօրյա մաքառումներից, անկախության եւ ազատության համար մղված պայքարում նրա անձնուրաց զավակների սխրանքից, արդարության լույսը գտնելու եւ ճաշակելու ոգորումներից: Հաճելին եւ ուրախալին այն է, որ Ի. Արցախեցու խոսքը պատկերավոր է, ցավն՝ անմիջական, հոգսն՝ առինքնող, ձգտումը՝ բարեխիղճ:

«Ձայն արդարության» ժողովածուում զետեղված բանաստեղծությունները ժողովրդի ճակատագրով ապրող քաղաքացու սրտաբուխ մտորումներն են՝ մտքի եւ հույզի համաձուլվածքով: Նշենք, որ գրքի մեծ մասում Արցախում ընթացած հայոց ազգային-ազատագրական  պայքարի պատկերն է, որտեղից էլ՝ պոետական խոսքի զգացմունքայնությունն ու համոզիչ լինելը: Բանաստեղծը որպես համաժողովրդական այդ գոյամարտի ականատես ու մասնակից, հնչեցնում է՝ մի կողմից իր ցասումնալից խոսքը ոսոխի դեմ, մյուս կողմից արտահայտում է իր անմար հավատը մայր ժողովրդի արդարացի պահանջատիրության, անկոտրում կամքի եւ վերջնական հաղթանակի նկատմամբ: Դեռեւս 1988թ. փետրվարին գրած «Դու պիտի փրկվես» բանաստեղծությունը մեր դիտարկումի լավագույն ապացույցն է:

Այն պայքարի կոչ է:

Հայտնի է, որ ղարաբաղյան շարժման հենց առաջին օրերից Ստեփանակերտում եւ Արցախի շրջաններում հնչում էր մեծն Շիրազի «Ղարաբաղի ողբը» ստեղծագործությունը: Իլյայի տվյալ երգը համահունչ է այդ օրերին ժողովրդական համընդհանուր ընդվզումին:

Օտարի ճամփին դու ծաղիկ քնքուշ.
Ոտնակոխ եղած, տանջված Ղարաբաղ,
Դեռ ինչքան պիտի հոգուդ մեջ ցավ, մուժ,
Ապրես դու կքված, իմ սուրբ Ղարաբաղ:

Բանաստեղծին հուզում եւ ոգեւորում է այն իրողությունը, որ հայրենի Ղարաբաղի խիզախ որդիները ելել են օտարի լուծը թոթափելու, հարազատ ժողովրդի վերքը բուժելու, ապրելու ինքնիշխան եւ ազատ: Եվ ժողովրդի բանաստեղծ որդին թեւավորվում է, որ Ղարաբաղը մենակ չէ, որ նրա թիկունքին մայր Հայաստանն է.

Արդ կանչում է քեզ մայր Հայաստանը
Ու ձեռքով անում, որդի Ղարաբաղ,
Ասես օտար ես նույնիսկ քո տանը
Ու կռվախնձոր, իմ որբ Ղարաբաղ:

Բանաստեղծության ընդհանրացման մեջ ընդգծվում է որդիական հորդորն ու հավատը. «Դու պիտի ապրես, գիտեմ ես հաստատ, Եվ պիտի փրկվես, դաջված Ղարաբաղ»: Չխաբվելու, չերկնչելու, սեփական ուժերով փրկվելու պատկերավոր կոչեր են «Ե՞րբ պիտի հասնես», «Այդ ի՞նչ արեցիր», «Ձայն Շիրազին» եւ այլ երգեր:

Հայոց աշխարհի գրանիտե կողերից մեկը կազմող Ջրաբերդի Կուսապատ գյուղում հասակ առած եւ կրթված բանաստեղծի սրտի եւ հոգու հետ մայրենի լեզվով զրուցում են իր իսկ երկրամասի հուշարձան-կոթողների մեսրոպատառ պատգամները.

Բայց ո՞վ չգիտե, որ Մաշտոցը սուրբ
Դպրոցներ բացեց տանդ հայրենի,
Իսկ որդիներդ քաջ, փոթորկածուփ
Քեզ արժան եղան թրով հավլունի:

(«Հենց քո օջախում»)

 

Ի. Արցախեցու ժողովածուում զգալի տեղ են գրավում ձոները, որոնք հրապարակախոսական երանգների գերակշռությամբ հանդերձ սրտառուչ են, հուզիչ, որովհետեւ շեփորում են արդարության եւ ճշմարտության ձայնը: Նման  գործերից են «Իմ հայ ժողովուրդ», «Դեհ, ելեք», «Հայաստանին», «Իմ Շուշի ամրոց» եւ այլն:

«Ձայն արդարության» ժողովածուն ժամանակագրորեն ներկայացնում է 1988-ից մինչեւ մեր օրերը տեղի ունեցած քաղաքական, հասարակական իրադարձությունները: Եթե գրքի առաջին մասում հնչում են տագնապի եւ մաքառման կոչերը, ապա երկրորդ մասում հաղթանակը շահած ժողովրդի լուսավոր զգացումների երանգներն են:

Ժողովածուում զետեղված են նաեւ երգեր, որոնցում հեղինակը ներկայացնում է տեղի ունեցող անհաճո երեւույթները: Բանաստեղծը վրդովմունքով խարազանում է սոցիալական անարդարությունները, նյութապաշտությունը, ընչաքաղցությունը, անտարբերությունը, պաշտոնական չարաշահումները եւ այլ հասարակական արատներ: Միաժամանակ նա կոչ է անում միասնության՝ երկիրը ծաղկեցնելու, կյանքը բարգավաճ դարձնելու, ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Պետք է «Ամեն մեկը դառնա Դավիթ՝ ուժ ու բազուկ դյուցազնական»,- նշում է պոետը, որպեսզի «թրատի չարի ուժը»: Բանաստեղծը հավատում է ազգի ուժին, որ դեռ խոսք ունի ասելու աշխարհին: Նա կորուսյալ հողեր ունի, պետք է ետ բերի, վերադարձնի հին համբավը:

Հաճելի նվագներ են «Խառը բանաստեղծություններ» շարքի «Կարոտել եմ քեզ», «Հրաժեշտ», «Պուրակում», «Թոռնիկիս՝ Արմենին» եւ այլ գործեր: Պոետը չի մոռանում հայոց ազգային դիմագիծն ապահովող մայրենին: «Պատգամ» բանաստեղծության մեջ այդ գաղափար-կտակն է ընդգծված.

Այսօր ես եմ դողով գրում
Ու պատգամում ամեն հայի,
Որ իր լեզուն հոգում պահի,
Սուրբ ու սրբոց միշտ փայփայի:
Գերի մնա տառին անուշ,
Բառ  ու բանին ու հնչյունին,
Զի մեր ազգը ու մայրենին
Դեռ խոսք ունեն այս աշխարհին։

Ժողովածուում մի առանձին բաժին են կազմում քառյակները, որոնցում քարոզվում են հասուն գաղափարներ, սակայն ամբողջության մեջ միշտ չէ, որ համապատասխանում են քառյակին ներկայացվող գեղարվեստական չափանիշներին: Պետք է լուրջ ուշադրություն դարձնել բառային եւ ներքին հանգավորման ձեւերին՝ խոհական-փիլիսոփայական խորքը պահպանելով հանդերձ: Քառյակը կայուն ժանրերից է, որ զարգացման բարձրակետին են հասցրել Օմար Խայամն ու Հովհ. Թումանյանը: Յուրաքանչյուր քառատող երգ չէ, որ կարելի է համարել քառյակ:

Չնայած այս մասնակի դիտողությանը, կարող ենք ասել, որ Ի. Արցախեցու «Ձայն արդարության» ժողովածուն հասուն բանաստեղծի պատկերավոր խոսք է, որի սնուցող աղբյուրը ավանդական հայրենիքի եւ հարազատ ժողովրդի ճակատագիրն է՝ նրա անցյալը, ներկան և ապագան:

Սոկրատ ԽԱՆՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԼՂՀ գիտությունների վաստակավոր գործիչ  

 

ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐ ՏԵՂԸ ԿԴՆԻ

Հարգելի խմբագրություն, պատիվ ունեմ տեղեկացնելու, որ «Դեմո»-ում իմ հրապարակումներն աշխույժ քննարկումների տեղիք են տալիս մարդկանց տարբեր շրջանակներում: Ամենատարբեր մարդիկ հաճախակի դիմում են ինձ, ակնկալելով մանրամասնություններ այս կամ այն հրապարակման առնչությամբ: Հատկապես շատ են հարցնում «Դեմո»-ում հրապարակված «Ռեալականի «ռեալ» ճակատագիրը», «Հին Ջուղան շարունակվում է Շուշիում», «Գերեզմանն ի՞նչ հուշարձան» հոդվածներում բարձրացված հարցերի հետագա ճակատագրի մասին:

Մարդկանց հատկապես հուզել է մեծ բարերար Թադևոս Թամիրյանցի հուշարձան-շիրմաքարի ողբերգական ճակատագիրը: Եթե սկզբում նրանք հարցնում էին, թե ինչպե՞ս, ե՞րբ, ու՞մ կողմից է ջարդվել շիրմաքարը և ինչպե՞ս է հայտնվել աղբանոցում նրա պատվանդանը, ապա հիմա հարցնում են՝ քարը ետ բերի՞ն իր տեղը, չի՞ վերականգնվելու շիրմաքարը և այլն:

Մի կողմից ուրախ եմ իմ հոդվածների ու «Դեմո»-ի նկատմամբ նման շահագրգիռ վերաբերմունքից, մյուս կողմից էլ նեղվում եմ, որովհետև այդ հարցերը պիտի տրվեն ոչ թե ինձ կամ թերթին, այլ պատկան մարմիններին ու մեղավորներին: Երբ մարդկանց հետ կիսում եմ իմ այս վերջին մտահոգությունը, նրանք փորձում են մխիթարել՝ «մենք էլ կգրենք, կպահանջենք, հետամուտ կլինենք»:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր անցյալի նկատմամբ սրտացավ իմ հայրենակիցներին: Միևնույն ժամանակ, խորապես հիասթափված եմ մեր ղեկավարությունից, պետական մարմիններից, որ պատշաճ ուշադրություն չեն դարձնում բարձրացված հարցերին:

Ինչ ասեմ, մեծ բարերարին հարգանքի տուրք մատուցողը ժամանակին ժողովուրդն է եղել: Այսօր ևս ժողովուրդը պիտի զբաղվի դրանով, այն է՝ աղբանոց նետված պատվանդանն ու մեր մյուս պատմական արժեքները իրենց արժանի տեղը դնի:

Այս հույսով էլ ավարտեմ իմ այս մտորումները:

Հրաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ԱՌՈՂՋ, ՈՒԺԵՂ, ԲԱՐԵՍԻՐՏ

Հարցազրույց ԼՂՀ ուշուի ֆեդերացիայի ավագ մարզիչ Սայաթ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ

– Պարոն Բաղդասարյան, որո՞նք են մարզաձևի առանձնահատկությունները:

– Այսօր աշխարհում միլիոնավոր մարդիկ զբաղվում են այս մարտարվեստով, այն ընկալելով և° որպես մարմնամարզություն, և° որպես ինքնապաշտպանության միջոց: Ընդհանրապես, կոնգ-ֆուն իրենից ներկայացնում է նաև մի ուրույն փիլիսոփայություն, ծառայում նաև որպես բժշկության հատուկ եղանակ: Մենք մարզում ենք կոնգ-ֆուի թայ-նույ ոճը: «Քոնգ-ֆու» թարգմանաբար նշանակում է «Լավ աշխատանք»՝ իր գործի մեջ լավ վարպետ: Մարզիկները ձեռք են բերում կամքի ուժ, առողջ մարմին, իմաստություն, սովորում են լինել մեծահոգի և բարեսիրտ: Այժմ աշխարհի տարբեր երկրներում ընդհանուր առմամբ մոտ հիսուն միլիոն մարդ է զբաղվում այս մարզաձևով և, որ ուշագրավ է, այս մարտարվեստը գայթակղում է բազմաթիվ հայ երիտասարդների, ինչում մեծ ներդրում ունեն «Մեծ վարպետ» Կարո Քեպապճյանն ու նրա ստեղծած «Հայ Սև Գոտիների» միջազգային ակադեմիան:

– Որքա՞ն ժամանակ է, որ զբաղվում եք այդ մարզաձևով:

– Արդեն յոթ տարի է, ինչ ես հանդիսանում եմ «Հայ Սև Գոտիների» ակադեմիայի անդամ: Քանի որ ուշուի ասպարեզում քսան տարվա քրտնաջան աշխատանքից հետո միայն կարելի է հասնել «Մեծ Վարպետի» կոչման, հետևաբար դեռ վարպետի աստիճանի հասնելու համար երկար ճամփա ունեմ անցնելու:

– Իսկ մեզ մոտ ե՞րբ է ստեղծվել այս մարզաձևի դպրոցը:

– Արցախում այս մարզաձևի դպրոցը պետական միջամտությամբ ստեղծվել է 1998 թվականի դեկտեմբերի 21-ին, «Հայ Սև Գոտիների» ակադեմիայի՝ «ABBA»-ի հիմնադիր Կարո Քեպապճյանի անմիջական նախաձեռնությամբ, մարզիկներ Հարութ Բերբերյանի և Հարութ Ադամյանի մասնակցությամբ:  Ստեփանակերտում այժմ մենք մարզում ենք երկու խումբ, ընդհանուր առմամբ՝ մոտ հիսուն աշակերտ, սակայն ցանկացողների թիվը օրըստօրե մեծանում է:

– Ի՞նչ հիմունքներով են պարապում մարզասերները:

– Մենք աշխատում ենք բացառապես անվճար հիմունքներով: Մեր նյութական միջոցները ստեղծվում են այլընտրանքային ճանապարհներով: Սակայն դրանք բավարար չեն ֆեդերացիայի ծախսերը հոգալու համար: Հուսով եմ, որ պետությունը ևս ուշադրություն կդարձնի այս մարզաձևին և ըստ ամենայնի կնպաստի ուշուն Արցախում զարգացնելու հարցին:

-Պատմեք, խնդրեմ, մարզադպրոցի այսօրվա առօրյայի մասին: 

-Նոյեմբերի կեսերին կազմակերպել էինք բանակում, որի նպատակն էր սովորեցնել երեխաներին հարմարվելու ամենատարբեր կենսական պայմաններին, հոգեպես և ֆիզիկապես կազդուրվել: Բանակումի ընթացքում կազմակերպվեցին ամենատարբեր միջոցառումներ ու  ժամանցային խաղեր: Ներկայումս պատրաստվում ենք պատշաճ կերպով նշել «ABBA»-ի ութամյակը, կլինեն տարբեր միջոցառումներ ու մրցումներ:

Հարցազրույցը վարեց  Մհեր ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s