№ 22 / 30 դեկտեմբեր

ԲԱՑԻՐ ՔՈ ՊԱՏՈՒՀԱՆԸ

Անցնող տարին ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացում բնորոշվեց որպես նոր պատուհան: Ու թեև լուրջ առաջընթաց չգրանցվեց նույն այդ գործընթացում, այնուամենայնիվ պնդվում է, որ նոր պատուհանը բացելու շանսեր դեռևս մնում են:

Ինչ խոսք, երկրի պատուհանը պիտի բացվի, որպեսզի բացվի նաև հանուրի ու յուրաքանչյուրիս պատուհանը: Բայց, մյուս կողմից էլ, ինքներս ու յուրաքանչյուրս մեր պատուհանը բացելով՝ նպաստած կլինենք նաև երկրի պատուհանը բացելուն: Տեղին է հիշեցնել հայտնի խոսքը՝ մի մտածիր, թե ինչ է հայրենիքն արել քեզ համար, այլ մտածիր, թե դու ինչ ես արել հայրենիքի համար, ավելացնենք` քո եւ երկրի կյանքը բարելավելու համար, քո եւ երկրի պատուհանը բացելու համար:

Եւ ոչ միայն ու ոչ այնքան հիմնախնդրի կարգավորման առումով: Նկատի ունենք պատուհան՝ դեպի զարգացում ու բարգավաճում, դեպի արժանապատիվ ու մարդավայել կյանք, դեպի արդարություն և ազատություն, դեպի Հույս ու Հավատ և, իհարկե, դեպի խաղաղություն ու կայունություն: Պատուհան՝ դեպի դրախտ: Երկրային ու երկնային:

Ուրեմն՝ բացիր քո պատուհանը նոր տարում և Աստված քեզ օգնական:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:

——————————————————————————————-

Բյուջե

Խորհրդարանական՝ կեսկատակ-կեսլուրջ

ՍՊՈՆՍՈՐ ՈՒՆԵՆՔ` ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

ԼՂՀ ԱԺ հուլիսի 20-ի նիստում պատգամավոր Արայիկ Հարությունյանը («Հայրենիք» խմբակցություն) սկզբունքային դիրքորոշմամբ խնդրո առարկա է դարձրել խորհրդարանի նորակառույց շենքի ֆինանսավորման հարցը: Բերված փաստերն ուղղակի շշմեցուցիչ էին. 2006-ի պետական բյուջեով շենքի կառուցման համար հատկացվել է 237 մլն դրամ, իսկ 2007-ի բյուջեի նախագծով նախատեսվում է եւս 398 մլն դրամ: Պատգամավորը տարակուսել էր, թե այդ ինչպես է արդեն կառուցված շենքին հատկացվում շատ ավելի մեծ գումար, քան հատկացվել է նրա կառուցման համար, մանավանդ, որ կահավորման գումարներն այլ հոդվածով են նախատեսված:

Ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանի պատասխանն էլ ավելի շշմեցուցիչ էր: Պարզվում է, որ 2006-ին բյուջեով նախատեսված գումարները չեն հերիքել աշխատանքներն ավարտելու համար, եւ կառավարությունը, շինարարությունը չկանգնեցնելու համար, պարտքով փող է վերցրել հովանավորներից և 2007-ի բյուջեում նախատեսել է նաև պարտքի վերադարձումը: «Մենք դեռ պետք է շնորհակալ լինենք հովանավորներին, որոնց միջոցներով շենքի կառուցումը ավարտին է հասցվել»,- պատգամավորի նման «ապերախտությունից» նեղսրտած-վիրավորված ասել է նախարարը:

Փաստն ինքնին ապշեցուցիչ է՝ պետությունն իր օրենսդիր մարմնի նստավայրի կառուցման համար փող է վերցրել ուրիշներից: Սա պետականության կարևոր ատրիբուտներից մեկի նկատմամբ, մեղմ ասած, ոչ պատշաճ վերաբերմունքի նշան է: Եւ սա երկրորդ դեպքն է, երբ պետական մեծ կարևորության հարցի լուծման համար պետությունում փող չի գտնվում:

Մնում է խնդրել, որ նախարարը տեղեկացնի, թե ումից, ինչքան և ինչ պայմանով է իշխանությունը փող վերցրել: Բա ժողովուրդը չիմանա՞ ում շնորհակալ լինել և թե ինչքա՞ն թանկ է դա իր վրա նստելու:

Իսկ սույն քաղաքական հումորեսկն ավարտենք նիստի ժամանակ դահլիճում ներկա գտնվողներից մեկի սրամիտ մեկնաբանությունը՝ «դե, սպոնսորական փողերով ընտրված պառլամենտի շենքը սպոնսորական փողով էլ պիտի կառուցվի»:

ՄԱՅՐ ՔԱՂԱ՞Ք, ԹԵ՞ ՄԱՅՐ ԱՈՒԼ

2006 թվականի բյուջեով մեծ գումարներ էին հատկացվել մի ենթաշրջանի ոռոգման և խմելու ջրի լուծման համար, 2007-ի բյուջեն էլ շարունակում է այդ «ավանդույթը»: Փորձագետները տարակուսում են, թե ինչ հիմնավորվածությամբ է մի քանի հազար բնակիչ ունեցող ենթաշրջանի համար միլիարդներ հատկացվում, իսկ մի քանի տասնյակ հազար բնակիչ ունեցող մայրաքաղաք Ստեփանակերտի ջրի «դարավոր» պրոբլեմի լուծման համար մի քանի հարյուր միլիոն չի գտնվում:

Պատճառը վերաբերմունքում է, իշխանությունների վերաբերմունքում: Նշյալ հատկացումների «խոհանոցին» ծանոթանալու հնարավորություն ունեցողների համար իսկույն կպարզվեն «սիրի-սիրի»-ի ու «չսիրի-չսիրի»-ի պատճառահետևանքային կապերը:

Մայրաքաղաքի «անտիրության» պատճառներից մեկն էլ ընդդիմադիր ուժի ներկայացուցչի քաղաքապետ լինելու հանգամանքն է: Իշխանությունները, դրսում իրենց ժողովրդավարական ջատագովության հիմնական վկայություն օգտագործելով այս հանգամանքը, ներսում ամեն ինչ անում են, որ քաղաքապետի հեղինակությունը հանկարծ սպառնալից չմեծանա: Ահա թե ինչու գումար չի ճարվում նույնիսկ մայրաքաղաքի շենքերի տանիքները նորոգելու համար:

Ու այդ պատճառով մայր քաղաքին վերաբերվում են մայր աուլին հարիր վերաբերմունքով:

ԿՆԵՐԵՔ՝ ՇՏԱՊ ՓՈՂ Է ՊԵՏՔ

Տեղացի դիտորդների դիտարկմամբ՝ 2007-ի պետական բյուջեում մի քանի հոդվածներով անիմաստ մեծ գումարներ են նախատեսվել, ինչն արվել է այնպես բացահայտ, որ չտեսնել պարզապես հնարավոր չէ:

Նման մի փաստի վրա ԱԺ հուլիսի 20-ի նիստում ուշադրություն հրավիրեց «ՀՅԴ-Շարժում-88» պատգամավորական խմբի ղեկավար Արմեն Սարգսյանը: Հիշեցնելով, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի պահպանման ու սպասարկման համար մեր սփյուռքահայ բարեկամ Վահե Կարապետյանը տարեկան մի քանի հարյուր հազար դոլար է հատկացնում, պատգամավորը ֆինանսների նախարարին հարցրեց, թե ինչ հիմնավորվածությամբ է 2007-ի բյուջեում մեծ գումար նախատեսվում նույն ճանապարհի համար:

Ֆինանսների նախարարը «բացատրեց», որ Վահե Կարապետյանը գումարը տալիս է ճանապարհի պահպանման համար, իսկ բյուջեի հատկացումները նախատեսված են կապիտալ նորոգումների համար: Մինչդեռ, որքան գիտենք, նշված ճանապարհահատվածում կապիտալ աշխատանքների (ճանապարհի լայնացում, կամուրջների կառուցում և այլն) կարիք չկա:

Ստացվում է, որ բարերաի փողերը կգնան ճանապարհն ավլելուն, իսկ պետության փողերը՝ փոսերը ծածկելուն: Շատ թանկ հաճույք չէ՞ երկրի համար:

Ինչ որ է, մի շարք հոդվածներով «զապաս» գումարներ են նախատեսվում ինչ-ինչ նպատակների համար: Իսկ թե ինչ նպատակներ՝ կարելի է ենթադրել:

ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ-ՇԱՐԺՈՒՄ-88» ՊԱՏԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ 2007 Թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

ԼՂՀ 2007 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմվել է տարվա գլխավոր փաստաթղթի նախորդ տարիների ձևավորման տրամաբանությամբ և չի բխում նորանկախ երկրին ուղղված մարտահրավերներին դիմակայելու տրամաբանությունից, չի համապատասխանում երկրի զարգացման ու բնակչության կենսամակարդակի բարձրացման մերօրյա պահանջներին: Չնայած տարեցտարի մեծացող բյուջեին ու տնտեսական աննախադեպ աճի մասին իշխանությունների հավաստիացումներին, ժողովրդի գերակշիռ մասի ու շարքային բնակիչների ապրուստի վրա դրանք շոշափելիորեն չեն անդրադառնում, և նոր տարվա բյուջեն էլ փաստորեն ամրակայելու է առկա վիճակը:

2007 թվականի բյուջեն զարգացման բյուջե չէ, և թեև այն որակվում է որպես սոցիալական ուղղվածության բյուջե, այնուամենայնիվ, հակված ենք կարծելու, որ այն նաև չի նպաստելու բնակչության գերակշիռ մասի սոցիալական ապահովության աճին և այդ առումով էլ այն վերապահումով կարելի է սոցիալական բյուջե անվանել: Սոցիալական անվանվող բյուջեն միտված չէ բարելավելու բնակչության գերակշիռ մասի կենսամակարդակը, վերացնելու ապահով և կարիքավոր խավերի միջև գոյություն ունեցող անջրպետը և մեղմելու սոցիալական անարդարությունը: Շարքային քաղաքացիների կենսաթոշակը համադրելի չէ պետական ծառայողների վարձատրությանը և չի համապատասխանում կենսապահովման նվազագույն զամբյուղին:

Մեր խորին համոզմամբ, առկա միջոցների բաշխման տրամաբանությունը չի համապատասխանում պետության ու ժողովրդի առջև ծառացած կարևորագուն խնդիրների ու առաջնահերթ կարևորության հարցերի  լուծման նկատմամբ պատշաճ վերաբերմունքին: Նախագծով բավականին մեծ ու չհիմնավորված գումարներ են հատկացվում ու անհասկանալիորեն մեծ ուշադրություն է դարձվում ոչ առաջնահերթ հարցերի, այսինքն՝ առկա խնդիրների կարևորությունն ու տրամարդված գումարները համադրելի չեն: Մասնավորապես, առայսօր միջոցներ չեն նախատեսվում մի քանի տասնյակ հազար բնակիչ ունեցող Ստեփանակերտում ջրի հիմնախնդրի լուծման համար:

Իսկ ԼՂՀ Ազգային ժողովի շենքի կառուցման համար մասնավոր անձանցից պարտքով փող վերցնելն ու գալիք տարվա բյուջեում պարտքի վերադարձի համար գումար նախատեսելը համարում ենք աղաղակող օրինախախտում և բավականին վտանգավոր նախադեպ, հատկապես երբ հայտնի չէ, թե ովքեր և ինչ պայմաններով են «վարկավորել» պետությանը:

Այդպես էլ հստակ պատասխան չտրվեց, թե քանի տարի է նախատեսվում զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների բնակարաններով ապահովման գործընթացը ավարտելու համար:            Մեր կարծիքով, այս բոլորի հիմնական պատճառը տարբեր ոլորտների իրատես ու հեռանկարային ծրագրերի բացակայությունն է:

Այս և բազմաթիվ այլ լուրջ թերացումներ «ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խմբին ստիպում են հերթական անգամ դեմ քվեարկել պետական բյուջեի նախագծին:

27 դեկտեմբերի 2006թ.

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ

Դեկտեմբերի 27-ին ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովը շարունակեց դեկտեմբերի 20-ի ընդմիջված լիագումար նիստի աշխատանքը: Նիստը  վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Ներկա էին հանրապետության կառավարության անդամները՝ վարչապետ Անուշավան Դանիելյանի գլխավորությամբ:

…Անդրադառնալով պետբյուջեի օրինագծին, նիստը, նախ, լսեց կառավարության լիազոր ներկայացուցչի՝  ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանի ելույթը: Հարցի առնչությամբ լսվեցին նաեւ խումբխմբակցությունների տեսակետները:

…«Հայրենիք» խմբակցության տեսակետը ներկայացրեց պատգամավոր Արթուր Թովմասյանը: Նշելով, որ «2007թ. պետական բյուջեն կթուլացնի  երկրում առկա սոցիալական լարվածությունը, բայց այն լրիվությամբ չի վերացնի, իսկ թե որքան իրատեսական է բյուջեն՝ ցույց կտա ապագան», նա հայտնեց, որ խմբակցության անդամները հանդես են գալու ազատ քվեարկությամբ:

«Ժողովրդավարություն» խմբակցության կարծիքով, նշեց խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը, 2007թ. բյուջեն ունի հստակ  ընդգծված սոցիալական ուղղվածություն, որը համարժեք է առկա իրավիճակին: «Խմբակցությունը միաժամանակ գտնում է, որ կառավարության գործունեությունը պետք է հենված լինի ԼՂՀում ինքնաբավ տնտեսություն ունենալու առաջնահերթության վրա», ասաց նա՝ այդ համատեքստում ներկայացնելով առանձին նկատառումներ երկրի սոցիալտնտեսական զարգացման գործընթացի վերաբերյալ:  ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցությունը, հայտարարեց նրա ղեկավարը, վերոհիշյալ վերապահումներով հանդերձ, որոշել է կողմ քվեարկել «ԼՂՀ 2007թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին:

Գործադիրը նպատակահարմար չգտավ օգտվել եզրափակիչ ելույթով հանդես գալու իր կանոնակարգային իրավունքից, եւ օրինագիծը  դրվեց  քվեարկության: Օրենքն ընդունվեց 22 կողմ եւ 9 դեմ ձայնով:

ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ     

—————————————————————————————–

Ներքաղաքական

ԿԱՐԵՆ ԲԱԲՈՒՐՅԱՆ. «ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆ Է»

Յուրաքանչյուր մարդ ուզում է իրեն անվտանգ զգալ, ապրել կայուն երկրում եւ կանխատեսել գոնե մոտ ապագան: Ռազմական դրության պայմաններում գտնվող երկրի պարագայում նման հարցերի շուրջ վերապահումներով կարելի է խոսել: Սակայն նման երկրների մարդիկ նույնպես ուզում են հանգիստ ու ապահով կյանքով ապրել: Որքանո՞վ է դա հնարավոր: Այս մասին է մեր հարցազրույցը ԼՂՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար Կարեն ԲԱԲՈՒՐՅԱՆԻ հետ:

– Պարոն Բաբուրյան, ԼՂՀ-ն գտնվում է ոչ կայուն աշխարհաքաղաքական կենսատարածքում: Բայց մարդիկ այստեղ ապրում են եւ պիտի ապրեն: Ձեր գնահատմամբ, որքանո՞վ է այսօրվա դրությամբ ղարաբաղցին պաշտպանված արտաքին վտանգներից:

– Եթե դուք նկատի ունեք հազարամյակի մարտահրավերները, մասնավորապես՝ միջազգային ահաբեկչությունը, ապա մենք, իհարկե, մեկուսացված չենք աշխարհից: Սակայն, պետք է ասեմ, որ այդ առումով Ղարաբաղը կայունության կղզի է իրենից ներկայացնում: Այս փաստն ընդգծում է այստեղ այցելողների մեծ մասը, եւ դա համարում եմ մեր ձեռքբերումներից մեկը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող սպառնալիքներին, ապա մենք իրականացնում ենք երկրի պաշտպանունակությունն ապահովող պլանային բոլոր միջոցառումները, այդ թվում՝ ինժեներա-տեխնիկական կառույցների ամրապնդում առաջին գծում:

– Բոլորովին վերջերս, երբ Հայաստանի նախագահը խոսել է բանակցությունների ժամանակավոր սառեցման մասին, Ադրբեջանի ղեկավարը կրկին սպառնացել է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:

– Ադրբեջանի ղեկավարության նման հայտարարությունները ստիպում են մեզ միշտ պատրաստ լինել եւ բոլորովին չեն նպաստում հակամարտող կողմերի փոխհարաբերությունների բարելավմանը: Եթե նկատել եք, այս տարի Ադրբեջանի քաղաքականության մեջ նոր սպեցիֆիկ տարրեր են երեւան եկել: Բաքուն փորձել է դուրս բերել հարցի քննարկումը այլ ֆորումներ, մասնավորապես՝ Իսլամական Համաժողովի Կազմակերպություն: Դրանից առաջ ջիհադի սպառնալիքով հանդես է եկել այդ երկրի գլխավոր հոգևորականը: Դա վտանգավոր միտում է, առաջին հերթին՝ Ադրբեջանի համար: Նաև գտնում եմ, որ պաշտոնական Բաքվի կողմից ռազմական բյուջեի ավելացումը պետք չէ գերագնահատել՝ Ադրբեջանը դեռ երկար ժամանակ կմնա թանկարժեք մեքենաներ լիցքավորողի դերում:

Դառնալով մեր պատրաստվածությանը, ասեմ, որ բավականին աշխատանքներ  են իրականացվել պաշտպանվածության ամրապնդման ուղղությամբ, սակայն սա այն ոլորտն է, որտեղ չի կարելի միանշանակ երաշխիքներ տալ:

– Եւ միջնորդները, եւ Ղարաբաղում բնակվող մարդիկ գիտակցում են, որ խնդրի չկարգավորված լինելը բացասական է անդրադառնում բոլորիս կյանքի վրա՝ ճանապարհները փակ են, ներդրումային ռիսկը՝ բարձր: Ինչպե՞ս կգնահատեիք բանակցային գործընթացն այս պահին: «Նոր պատուհանի» մասին շատ է խոսվում՝ ի՞նչ վիճակում է նույն այդ պատուհանը:

– Ոչ մի պատուհանի մասին խոսք անգամ չի կարող լինել առանց Ղարաբաղի ներգրավվածության բանակցային գործընթացում: Բանակցությունների այն իմիտացիան, որը տեղի է ունենում առանց Ղարաբաղի, նույնիսկ պատուհանիկ անվանել չի կարելի: Դա առկա իրողությունների հրամայականն է՝ եթե Ղարաբաղը չմասնակցի բանակցություններին, ապա լուրջ առաջընթաց չի կարող լինել:

– Բայց չէ՞ որ ասում են, թե ընդամենը մեկ հարց է մնացել համաձայնեցնելու:

– Ընդհանրապես, գոյություն ունի մեկ հարց՝ Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակը: Մնացյալը ածանցյալ է դրանից: Այդ թվում՝ փախստականների վերադարձի հարցը: Ի դեպ, մենք պատրաստ ենք քննարկել ադրբեջանցի փախստականների հարցը՝ հայազգի փախստականների հարցի հետ համալիր ձևով: Միայն մի պայմանով՝ եթե վերադարձվելիք ադրբեջանցիները պատրաստ լինեն ընդունելու եւ հարգելու ԼՂՀ օրենքները:

– Խոսենք նաև ներքին վտանգների մասին: Ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական կայունությունը երկրում:

– 2006-ը նշանավորվել է ԼՂՀ անկախության 15-ամյակով: Մենք, իհարկե, չենք հավակնում կայացած ժողովրդավարական երկիր կոչվելու, սակայն այդ ուղղությամբ կատարվել է զգալի աշխատանք, որը պսակվել է Սահմանադրության ընդունմամբ: Միևնույն ժամանակ չեմ կարծում, թե ժողովրդավարությունը ամենաթողություն է: Ես բողոք ունեմ հատկապես լրագրողների առնչությամբ: Նորերս, օրինակ, «Իրավունք» թերթում նյութ է տպագրվել, որտեղ պախարակվում են ղարաբաղյան բանակն ու նրա հրամանատար Սեյրան Օհանյանը: Նման լրագրողները պետք է հաշվի նստեն իրականության հետ՝ այսօրվա ԼՂՀ-ն արմատապես փոխվել է, այդ թվում՝ նաև բանակը:

Ամենաթողությունից օգտվում են նույնիսկ որոշ կուսակցություններ: Քաղաքական կուսակցություններին խորհուրդ կտայի գործել՝ նկատի ունենալով արտաքին վտանգը եւ ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը: Ժողովրդավարության գերդոզավորումը կարող է անչափ վտանգավոր լինել:

– 2007-ին Ղարաբաղում սպասվում են նախագահական ընտրություններ: Ձեր կարծիքով, դա կարո՞ղ է բերել ներքաղաքական ապակայունացման:

– Չեմ կարծում: Կայունությունը մեր հիմնական ձեռքբերումներից մեկն է: Ընդ որում, ոչ միայն իշխանությունների, այլեւ մեր օրինապաշտ ժողովրդի: Ինչ վերաբերում է երրորդ ժամկետի մասին խոսակցություններին, ապա նախագահը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը:

Չեմ կարող չխոսել բարձրացված այն աղմուկի մասին, որն առնչվում է նախագահական ընտրությունների եւ Սահմանադրության իբր թե փոխկապակցվածությանը: Գտնում եմ, որ դա անթույլատրելի էր, եւ Սահմանադրության վարկաբեկումը ձեռնտու էր միայն մեր հակառակորդներին: Վաղ թե ուշ մենք պետք է Սահմանադրություն ընդունեինք, եւ ցանկացած նախագահի մասին, որի օրոք Սահմանադրությունը կընդունվեր, նույն բաները կգրեին: Ի՞նչ անեինք՝ չընդունեի՞նք: Մեր երկիրը երիտասարդ եւ փխրուն օրգանիզմ է, եւ պետք է զգույշ լինել: Կարծում եմ, որ ընտրությունների մասին զրույցները ներմուծվում են այլ երկրներից, որտեղ ցանկացած ընտրություն ոչ առողջ մթնոլորտ է առաջացնում:

– Երկրի կայունության հենասյուներից մեկը սեփականության եւ բիզնեսի պաշտպանվածությունն է: Որքանո՞վ կարող է ղարաբաղցին իրեն տնտեսապես անվտանգ զգալ:

– Այս տարիների ընթացքում մենք մի շարք օրենքներ ենք ընդունել, որոնք պաշտպանում են սեփականության իրավունքը: Մենք ստեղծել ենք բարենպաստ հարկային դաշտ, ինչը թույլ է տվել մի քանի անգամ ավելացնել կապիտալ ներդրումների ծավալները: Անշարժ գույքի օրեցօր աճող գները վկայում են, որ պահանջարկ կա: Ինչ վերաբերում է այդ իրավունքի օրենսդրական ապահովման միջազգային ճանաչմանը, ապա հողերի, ընդերքի եւ անշարժ գույքի հարցը մենք վաղուց լուծել ենք վերջնականապես եւ անշրջելի:

Օգտվելով ընձեռված հնարավորությունից, ուզում եմ շնորհավորել Արցախի ժողովրդին Նոր տարվա եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ եւ մաղթել կայունություն մեր երկրում, խաղաղություն բոլոր ընտանիքներում եւ արժանապատիվ կյանք:

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ՆԱԽԱՆՇՈՒՄ ԵՆ

Տարվա արդյունքներն ամփոփելու եւ հետագա անելիքները նախանշելու խնդրանքով «Դեմո»-ն դիմել է խորհրդարանում ներկայացված եւ հանրային կյանքում իրական ազդեցություն ունեցող կուսակցությունների ղեկավարներին:

ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆ / Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ

– Պարոն Ղուլյան, ինչպիսի՞ն էր 2006-ը Ձեր ղեկավարած կուսակցության համար:

– 2006 թվականը Արցախի ժողովրդավարական կուսակցության /ԱԺԿ/ համար կարելի է բնութագրել որպես խորհրդարանական անցած ընտրությունների արդյունքները եւ ներքաղաքական իրողությունները խորապես գնահատելու«  գործունեության գալիք առաջնահերթությունները ճշգրտելու տարի: Փորձել ենք հնարավորինս համակարգել ներկուսակցական հարցերը, եւ այս առումով պիտի ընդգծեմ« որ անցնող տարում ԱԺԿ-ի շարքերը համալրվել են ավելի քան 400 նոր անդամներով« կանոնակարգվել են տարածքային որոշ կառույցների աշխատանքները: Ի տարբերություն քաղաքական այլ ուժերի« մենք նախընտրում ենք այդ եւ ամենօրյա այլ խնդիրների շուրջ լրատվական հատուկ հետաքրքրություն չստեղծել: Դա մեր համոզմունքն է« որից չենք շեղվելու նաեւ հետայսու:

– Ո՞րն եք համարում անցնող տարվա հիմնական ձեռքբերումը:

– Ամենակարեւոր հանգամանքը համարում եմ այն, որ ԱԺԿ-ն շարունակում է մնալ ներքաղաքական կայունության եւ հանրային համերաշխության երաշխավորը« ինչը մեր ծրագրային հիմնական նպատակն է: Հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքում առաջնահերթությունների առումով  ԱԺԿ-ն  գործել  է իր նախընտրական համոզմունքներին հավատարիմ: Այն է՝ շեշտը դնել ինքնաբավ տնտեսություն ունենալու նպատակի վրա« հեռու մնալ սոցիալական ամբոխավարությունից: Կարծում եմ՝ դա արդարացված մոտեցում է:

Որպես նախընտրական ծրագրի էական դրույթների իրականացում՝ ուզում եմ կարեւորել ԼՂՀ Սահմանադրության նախագծի մշակման« դրա խորհրդարանական եւ համաժողովրդական քննարկումներում ԱԺԿ ունեցած սկզբունքային« իսկ որոշ դեպքերում՝ նաեւ վճռորոշ դերակատարությունը եւ ղարաբաղյան կարգավորման թեմայով մեր խորհրդարանական խմբակցության պատասխանատվությամբ անցկացված լսումները: Այս համապետական նշանակության միջոցառումների մեջ կուզենայի նորից արժեւորել մեր քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ստանձնած կուսակցությունների՝ ընդհանուր արժեքների շուրջ միավորվելու ունակությունը եւ այդ համատեքստում ԱԺԿ դիրքորոշումը:

–  2007-ին ի՞նչ հեռանկարներ եք տեսնում կուսակցության համար:

– Եթե ընդհանուր գծերով ասեմ« ապա ունենք կուսակցական շինարարության անցած փորձն ընդհանրացնելու եւ նոր քայլեր ձեռնարկելու համալիր ծրագիր մշակելու ցանկություն« որում« առանց բացառության« ընդգրկված կլինեն մեր բոլոր տարածքային կառույցները: Մտադիր ենք առավել ուշադրություն դարձնել քարոզչական աշխատանքներին: Իհարկե« կուսակցությունն անմասն չի մնա սպասվող նախագահական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից: Քանի որ վերջնական որոշում ընդունելու իրավասությունը վերապահված է կուսակցության համագումարին, ապա հենց այդ համաժողովում էլ կհստակեցնենք մեր գործունեության ծրագիրը  2007թ. եւ հաջորդ տարիների համար:

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ / «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ

– Պարոն Հարությունյան, ինչպիսի՞ն էր 2006-ը ձեր կուսակցության համար:

– Նկատի առնելով այն, որ 2005-ին մենք խորհրդարան ենք մտել որպես անփորձ քաղաքական ուժ /թեկուզ փորձառու մարդիկ կուսակցությունում եղել են/, 2006-ը «Ազատ Հայրենիքի» համար առաջին քաղաքական տարին էր: Մենք հանդես ենք եկել որպես միասնական քաղաքական միավոր եւ քաղաքացիական հասարակություն կերտող ուժերից մեկը: Ինչ վերաբերում է խորհրդարանական մեր աշխատանքին, կարելի է արձանագրել, որ մեր ներկայությունը պառլամենտում արդարացված է:

– Եթե հնարավոր է՝ բացատրեք, թե ինչով է արդարացված:

– Ասենք, շոշափելի թվով առաջարկներ, որոնցով կուսակցությունը հանդես է եկել բյուջեի ձեւավորման ժամանակ, արդեն տեղ են գտել բյուջեի նախագծում: Առաջարկությունները վերաբերում էին եւ աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացմանը, եւ ոռոգման համակարգին: Մասնավորապես, մեր առաջարկությամբ, բյուջեի գումարները կուղղվեն ոչ թե խոշոր ջրամբարների կառուցմանը, այլ ավելի փոքր եւ արդարացված  ծրագրերի իրականացմանը:

– Կուսակցության մեջ նաեւ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել:

– Այո, համանախագահությանը փոխարինել է նախագահությունը: Գտել ենք, որ կուսակցության աշխատանքները կանոնակարգելու համար դա առավել նպատակահարմար է: Կատարել ենք մեծ աշխատանք, եւ այսօր կարող ենք ասել, որ կայացած կուսակցություն ենք ստեղծել, որն արդեն իր ավանդույթներն ունի: Թեկուզ, եթե հիշում եք, մինչեւ խորհրդարանական ընտրություններն ասում էին, որ հենց մտնենք խորհրդարան՝ կուսակցությունը կլուծարվի:

– Ի դեպ, ձեր կուսակցության մուտքը խորհրդարան մասնակիորեն գնահատվել է նաև որպես բիզնեսի հոսք դեպի օրինաստեղծ դաշտ: Ըստ Ձեզ, որքանո՞վ է խորհրդարանը անցած տարի ծառայել առանձին գործարարների շահերին: Համաձայն դիտարկումների, այս գումարման խորհրդարանն ավելի շատ զբաղվում է սոցիալ-տնտեսական, քան քաղաքական հարցերով:

– Դա ես լրիվ արդարացված եմ համարում: Դատեք ինքներդ՝ մեր երկիրն արտաքին ակտիվ քաղաքականություն չի իրականացնում: Եւ մենք այն կարծիքին ենք, որ երկրի ճակատագիրն այսօր կախված է կայունությունից, սոցիալ-տնտեսական զարգացումից եւ ժողովրդավարական առաջընթացից: Դրանով է պայմանավորված Ղարաբաղյան հարցի լուծումը, եւ դրանով են պայմանավորված մեր գործունեության առաջնահերթությունները:

Մեր կուսակցությունում կան բազմաթիվ մտավորականներ՝ գիտնականներ, մանկավարժներ, բժիշկներ: Մեր շարքերում ամենաքիչը հենց ձեռներեցների խավն է, որի միակ ներկայացուցիչը ես եմ:

Համաձայն չեմ այն գնահատականներին, որ խորհրդրարանը  հօգուտ բիզնեսի է աշխատում: Հակառակը՝ մենք վարում ենք հակամենաշնորհային քաղաքականություն, խստացնում հարկային պատժամիջոցները: Նույնիսկ բարձրացրել ենք ակցիզային հարկը: Կարող եմ ասել, որ խորհրդարանի մակարդակով ձեր ասած աջակցությունը բիզնեսին չկա:

– 2007-ին սպասվում են նախագահական ընտրություններ: Ձեր կուսակցությունը ինչպիսի՞ մասնակցություն կունենա:

-Մենք պատրաստվում ենք նախընտրական ծրագիր մշակել ապագա նախագահի համար: Կսատարենք այն անձին, որն իր վրա կվերցնի այդ ծրագրով աշխատելու պատասխանատվությունը: Գարնանը կայանալիք համագումարի ժամանակ կորոշենք՝ առաջադրելո՞ւ ենք սեփական թեկնածու, թե՞ ոչ: Չի բացառվում, որ մեր թեկնածուն «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ չլինի:

Կարող եմ միայն ասել, որ մեր մասնակցությունն  ընտրություններին շատ ակտիվ կլինի:

ԱՐԹՈՒՐ ՄՈՍԻՅԱՆ / ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ

– Պարոն Մոսիյան, ինչպե՞ս կբնորոշեիք անցնող տարին:

-Եթե ընդհանուր տարին գնահատեմ, պետք է ասեմ, որ կարեւորում եմ խաղաղության պահպանումը եւ լուրջ հաջողություն եմ համարում Սահմանադրության ընդունումը: Ցավոք սրտի, ներքին տնտեսական զարգացման ուղղությամբ լուրջ տեղաշարժեր չնկատվեց:

2006-ը կուսակցական կառույցի ամրապնդման տարի էր: Բոլոր հարցերն, իհարկե, չեն լուծվել, սակայն կառույցն ամրապնդվել է, հատկապես՝ երիտասարդական թեւը: Բացել ենք բավականին մեծ գրադարան, որն ունի մոտ երկուսուկես հազար հատոր գիրք, համակարգիչներ եւ տեխնիկական այլ հնարավորություններ: Գրադարանը բաց է բոլորի համար, եւ արդեն այցելում են մայրաքաղաքի բոլոր ուսումնական հաստատությունների ուսանողները:

– Դուք ուսումնասիրե՞լ եք հասարակական կարծիքը ձեր կուսակցության վարկանիշի մասին: Պոտենցիալ ի՞նչ ընտրազանգված ունեք:

– Անցած տարվա խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել, որ մեր կուսակցության համակիրների թիվը վերջին  10 տարիներին պահպանվում է: Մեզ սատարում է երկրի բնակչության 25-30 տոկոսը:

– 2007-ին կկայանան նախագահական ընտրություններ: Դուք կունենա՞ք ձեր թեկնածուն:

– Մենք այնպես կվարվենք, ինչպես կուսակցությունը կորոշի: Հասկանալի է, որ մեր նման կուսակցությունը չի կարող կողքից նայել: Ասեմ միայն, որ մենք կպահպանենք կառուցողական ընդդիմության դիրքորոշումը:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

——————————————————————————————-

Մենք

2006. ԴԵՄՔԵՐ ԵՎ ԴԵՊՔԵՐ

Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆ 

Տարվա ամենասպասված  հայտարարության հեղինակ: Հոկտեմբերի 11-ին նա հայտարարեց, որ մտադրություն չունի երրորդ անգամ պաշտոնավարելու, ինչը զգալիորեն լիցքաթափեց քաղաքական մթնոլորտը:

Արմեն ԶԱԼԻՆՅԱՆ

Տարվա ամենատհաճ հայտարարության ու հանրությանը նետած մարտահրավերի հեղինակ: Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը, նույն ինքը՝ ԼՂՀ գլխավոր դատախազը ԼՂՀ ԱԺ նիստերից մեկում, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին, միանշանակ ու վիճարկություն չընդունողի կեցվածքով հայտարարեց, որ Սահմանադրությունը գործող նախագահին թույլ է տալիս ևս մեկ անգամ պաշտոնավարելու, ասելով՝ «Ա՞յդ էիք ուզում իմանալ՝ իմացեք»:

Արմեն ԻՍԱԳՈՒԼՈՎ

Տարվա ամենաանակնկալ քայլի հեղինակ: ԼՂՀ նախագահի հոկտեմբերի 11-ի հայտարարությունից անմիջապես հետո, մոռացության տալով իրավապահ համակարգի առօրյա հոգսերն ու հրատապ խնդիրները, իր ենթականերին հանձնարարեց զբաղվելու սոցիոլոգիական հարցումներով: Հուսանք, որ գալիք տարում նա չի հանձնարարելու զբաղվել երկրի ընդերքի ուսումնասիրման գործով:

Անուշավան ԴԱՆԻԵԼՅԱՆ

Տարվա ամենաոչժողովրդական հայտարարության հեղինակ: Երկրի մի շարք հրատապ հարցերի չլուծման համար նա մեղադրեց ոչ թե կոնկրետ անձանց, այլ ժողովրդին:

Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ

Տարվա նորովի հայտնություն: ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալի մասնագիտական հմտություններին, լուրջ ու ծանրակշիռ կեցվածքին ու հեղինակությանը տարիներ շարունակ ոչ ոք չէր կասկածում, բայց որ նա կարող էր ինքնաբացահայտվել որպես կայացած ու ինքնուրույն քաղաքական գործիչ՝ լինելով հանրության ուշադրության կենտրոնում և առաջատար տեղեր զբաղեցնելով տարբեր հարցումներում՝ թերևս, անակնկալ էր:

Թերի ԴԵՎԻՍ

Տարվա հակահերոսը՝ ղարաբաղյան կտրվածքով: Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ մեր հանրաքվեն չի ճանաչվելու, ուստի անկարևոր է: Չգիտենք, թե ինչպես կարող է մի մարդ չճանաչել մի ամբողջ ժողովրդի ընտրություն, բայց գիտենք, որ մի ամբողջ ժողովրդի համար մի մարդու կարծիքն առավել մեծ «շանսեր» ունի անկարևոր համարվելու:

Պիտեր ՍԵՄՆԵԲԻ

Տարվա ամենանորովի ու հաճելի հայտարարության հեղինակ՝ ղարաբաղյան կտրվածքով: Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հատուկ նշել է, որ պետք չէ հանրաքվեի վերաբերյալ բացասական հայտարարությունները ընկալել որպես Ղարաբաղի ժողովրդավարական ճանապարհի չընդունում: Այլ կերպ ասած, Եվրամիությունը ողջունում է ժողովրդավարական գործընթացը Ղարաբաղում: Ընդ որում, ըստ Պիտեր Սեմնեբիի, թեկուզ չճանաչված պետությունները չեն ներառվելու «Նոր հարեվաններ» ծրագրում եւ նրանց համար հատուկ ծրագիր չի մշակվելու, Եվրամիությունը անմիջապես աշխատելու է Ղարաբաղի հետ:

Նիկ ՎԱԳՆԵՐ

ԱՄՆ-ում ապրող, տևական ժամանակ Հայաստանում դասավանդած և Արցախում դասախոսություններով հանդես եկած այս մարդը շարունակում է սիրել Արցախը ու նվիրված մնալ նրան, մշտական կապի մեջ է լինում ու հետևում է բոլոր նորություններին և «Դեմո»-ի միջոցով շարունակում է հաղորդակցվել արցախցիների հետ, իր ռեբուսներով ու «գլուխկոտրուկներով» փորձելով արթուն պահել արցախցիների հնարամտությունը:

Տարվա կորուստ 

Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Կյանքի 87-րդ տարում վախճանվեց հայ ժողովրդի մեծանուն դուստրը՝ Սիլվա Կապուտիկյանը, որ նաև Արցախի սրտացավ բարեկամն էր ու նրա ցավի ու հույսի երգիչներից մեկը: Քաղաքացիական ազնիվ կեցվածքի տեր էր և այս առումով եթե ուրիշ բան արած չլիներ, ապա հերիք է նաև այն, որ հայ հանրությանը մարտահրավերի պես նետված «Ու՞ր է այն տղամարդը» հարցի պատասխանը իր կեցվածքով տվեց՝ տղամարդիկ պատասխանում էին այս հարցին այսպես՝ «Սիլվա Կապուտիկյանը»:

Քաղաքացիական արիություն

Այս անվանակարգում «Դեմո»-ն ընտրել է  մարդկանց, ովքեր անցնող տարում  քաղաքացիական կամք են ցուցաբերել:

Հրաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Հարությունյանը տարվա ընթացքում «Դեմո»-ի էջերում հանդես է եկել սրտացավ ու սկզբունքային հրապարակումներով արցախյան պատմական հուշարձանների պահպանության հիմնախնդիրների մասին: Եւ չնայած պատկան մարմինների քար անտարբերությանը, շարունակում է դոնքիշոտյան համառությամբ հրատապ պահել այդ հարցերը:

Ալբերտ ՄԱՐԴՅԱՆ

Չունենալով տեսողություն, բայց աներևակայելի քաղաքացիական հեռատեսություն ունեցող այս անձնավորությունն իր սահմանափակ հնարավորություններով շարունակել է պայքարել ճշմարտության ու արդարության համար և հույսնուհավատը չի կորցնում անգամ այն ժամանակ, երբ «տեսնում» է, որ իր ջանքերն ապարդյուն են և չի ուզում, որ հայրենի իշխանությունը դառնա իսկական «կույրերի միություն»:

Դավիթ ԿԱՐԱԲԵԿՅԱՆ

«Դեմո»-ի էջերում սկզբունքային մտավորականի ու քաղաքացիական հստակ դիրքորոշում ունեցողի կեցվածքով գրած հոդվածից հետո տեղի չտվեց ճնշմանը, նույնիսկ աշխատանքը կորցնելու վտանգի տակ չհրաժարվեց իր սկզբունքներից ու հանդես եկավ նոր հրապարակմամբ՝ մի անգամ ևս հավաստելով իր սկզբունքները:

Վրեժ ԲԱԲԱՅԱՆ

Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ այս երիտասարդը, որ մարմնի կեսը կորցրել է արցախյան ազատամարտում, մի քանի անգամ «Դեմո»-ի էջերում հանդես եկավ իր սկզբունքային, տղամարդկային ու սրտակեղեք մտորումներով: Մտորումներ, որոնցում կա բողոք և ընդվզում, հայրենասիրություն և սրտացավություն:

Թոմաս դե ՎԱԱԼ

Տարվա համարձակ մտավորականներից մեկը՝ ղարաբաղյան կտրվածքով: Քաջատեղյակ լինելով իր «Սև այգի» գրքի մասին ղարաբաղյան հանրության հիմնականում բացասական կարծիքին՝ նա քաջություն ունեցավ գրքի շնորհանդեսն անցկացնելու Ստեփանակերտում և առերես լսելու իր ընդդիմախոսների բոլոր դիտողությունները:

Ա. Մանուկյան 120 շենքի բնակիչներ

Տևական համբերությունից ու «ընկալումով մոտեցումից» հետո հատեց նրանց համբերությունը և նրանք բարձրացրին իրենց բողոքի ձայնը, ձգտելով բարելավել իրենց անմարդկային բնակարանային պայմանները: Իսկ համբերության բաժակի վերջին կաթիլը դեղնախտի համաճարակն էր իրենց շենքում: «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի» ասացվածքի ոգով կարելի է ասել, որ շենք կանգնի՝ հարց կլուծվի: Նրանց բողոքից հետո իշխանությունները ձեռնամուխ եղան շենքի բնակիչներին հուզող հարցերի լուծմանը:

Տարվա ձեռքբերում

Հեռուստամարաթոն-2006

Սրա արդյունքներն իսկապես ռեկորդային էին՝ 13.7 միլիոն դոլար: Ռեկորդային էին հայկական չափանիշներով: Մարաթոնից հետո եղան համեմատություններ այլ ազգերի նմանատիպ առաքելությունների հետ, որոնք (այդ համեմատությունները) մեր օգտին չէին: Այնուամենայնիվ, այն մնում է ռեկորդ, ինչպես հեռացատկում Ռոբերտ Էմմիյանի ռեկորդն է մեզ համար թանկ, թեև կա նաև Բոբ Բիմոնի ռեկորդը:

Սահմանադրություն

ԼՂՀ-ն վերջապես ունեցավ Հիմնական օրենք: Անկախ ուշացումով ընդունելու և սկսված գործընթացի ափալթափալության հանգամանքներից՝ սա ուղենշային երևույթ է նորանկախ երկրի կյանքում:

Տարվա կասկածը

Անգամ ԼՂՀ նախագահի հոկտեմբերի 11-ի հայտարարությունից հետո իշխանամետ լրատվամիջոցներն ու ուժերը շարունակում էին փաստել այդ հանգամանքը, պարտադիր ավելացնելով՝ «թեև սահմանադրության ընդունումը նման հնարավորություն տալիս է»: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կասկածը «թեժ պահելու» ձգտում:

Տարվա հայացքը

Տարվա հայացքը, մեր կարծիքով, «Դեմո»-ի համարներից մեկի առաջին էջում հայտնված այս մանչուկի ազնիվ ու խոհուն հայացքն է:

——————————————————————————————-

Կարգավորում

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ. ՆՈՐ ՊԱՏՈՒՀԱ՞Ն, ԹԵ՞ ՄԻՋԱՆՑՈՒԿ ՔԱՄԻ

2006-ի ժամանակագրություն

ՓԵՏՐՎԱՐ

Ժակ ՇԻՐԱԿ

Ներկայիս իրավիճակում կա շանս պայմանավորվածությունների համար հիմք ստեղծելու:

Էլմար ՄԱՄԵԴՅԱՐՈՎ

Ռամբույեում համաձայնեցվել է քննարկվող ինը հարցերից յոթը:

Սթիվեն ՄԱՆՆ

Մենք պետք է մտածենք, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք առաջ, արդյունքներ չկան, համաձայնության հասնել չի հաջողվել:

Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆ

փետրվար

Հայաստանը պիտի հրաժարվի մասնակցել բանակցություններին, որպեսզի Ադրբեջանը ստիպված լինի բանակցել Ղարաբաղի հետ: Քանի դեռ Հայաստանը խոսում է Ադրբեջանի հետ առանց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանը չի համաձայնի բանակցել Ղարաբաղի հետ:

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ

մարտ

Վերջին որոշ հայտարարություններն ու զարգացումները ցույց են տալիս, որ կան մարդիկ, որ կամ լավ չեն պատկերացնում այս նրբերանգները կամ այլ նպատակներով փորձում են այստեղ ինչ-որ բան որսալ:

ՄԱՅԻՍ

Վլադիմիր ԺԻՐԻՆՈՎՍԿԻ

Ռուսաստանը բոլոր հիմքերն ունի ճանաչելու Արցախը, Աբխազիան, Հարավային Օսիան և Մերձդնեստրը:

ՀՈՒՆԻՍ

Մեթյու Բրայզա

Մենք ունենք շրջանակային համաձայնագիր, որը կոչ է անում դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի այն տարածքներից, որտեղ նրանք ներկայումս տեղակայված են: Մյուս կողմից, համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական ու դիվանագիտական կապերի նորմալացում: Կան նաեւ այլ դրույթներ, ինչպես, ասենք, խաղաղապահների տեղակայում, միջազգային տնտեսական օժանդակություն Ղարաբաղի տարածաշրջանի համար, եւ տնտեսական զարգացում: Այսինքն, կա փաթեթային առաջարկ սեղանի վրա: Եվ վերջում, ինչ-որ մի պահի նախատեսված է նաեւ քվեարկություն՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցով: Ահա սա է բանակցությունների սեղանին դրված առաջարկի հիմնական ուրվագիծը: Մենք քաջալերում ենք նախագահներին ընդունել շրջանակային համաձայնագիրը, ինչը քաղաքական քաջություն է պահանջում:

Թերի ԴԵՎԻՍ

Այն փաստը, որ երկու նախագահները հանդիպում են և նստում բանակցությունների սեղանի շուրջ, ինքնին դրական երևույթ է: Կա անգլիական մի ասացվածք, որի իմաստը կայանում է հետևյալում՝ ավելի լավ է զրուցել, քան կռվել:

ՀՈՒԼԻՍ

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սպառել են իրենց երևակայությունը խաղաղ կարգավորման սկզբունքների ընդունման, ձևակերպման և վերջնական տեսքի բերման գործում:

Մեթյու ԲՐԱՅԶԱ

Ստեփանակերտ

Կան գաղափարներ: Կան տարբեր գաղափարների նոր տարրեր, բայց ես չեմ կարող ասել, թե այսօր կան նոր կոնկրետ առաջարկություններ: Ասեմ, որ հիմա չի լինի նոր ու մեծ քայլ: Միգուցե հետագայում դա լինի, բայց հիմա մենք պիտի մտորենք այդ ամենի մասին:

ԴԵԿՏԵՄԲԵՐ

Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆ

Փոխզիջումը չի կարող լինել միակողմանի եւ վտանգել ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը:

Այսօր մենք չենք մասնակցում բանակցություններին, և բանակցություններ, որպես այդպիսին, չկան. կան հանդիպումներ նախագահների եւ նախարարների միջև և, բնական է, որ այստեղ խոսել բանակցությունների մասին առանց փոխզիջումների պատրաստակամության, հնարավոր չէ, բայց դա վերջնական փաստաթուղթ չի կարելի համարել: Վերջում, ամեն դեպքում, Ղարաբաղը ներգրավվելու է, և վերջին խոսքը մերն է լինելու:

Սեյրան ՕՀԱՆՅԱՆ

Իհարկե, եթե մենք ուզում ենք Ղարաբաղի հարցը լուծվի, լինելու են նաեւ թե համապատասխան զիջումներ կամ փոխանակումներ, որոնք բանակցության եւ քաղաքական իշխանությունների գործունեության արդյունք են լինելու: Եթե նկատել եք՝ ես ընդհանրապես այդ մասին չեմ խոսում: Մեր և մասնավորապես՝ իմ խնդիրը առաջին գիծն օրըստօրե ամրապնդելն է եւ պայքարելը յուրաքանչյուր թիզ հողի համար:

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ

Մինչեւ Ազգային ժողովի ընտրությունները՝ ակտիվ բանակցային գործընթաց չի լինելու:

Պիտեր ՍԵՄՆԵԲԻ

Ես չեմ ցանկանում մեկնաբանել Հայաստանի նախագահի խոսքը, սակայն ուզում եմ հայտնել ԵՄ եւ ողջ միջազգային հանրության հույսը, որ վերջին շաբաթների ինտենսիվությունը կշարունակվի:

Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ

Չգիտենք՝ վաղը ինչ կկատարվի: Սեղանի վրա կա տրամաբանական առաջարկություն, կան հետաքրքրական մտքեր, պետք է նորմալ նստել, բանակցել եւ կամք ցուցաբերել:

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Մենք՝ ներքոստորագրյալներս, քաջատեղյակ լինելով արցախյան ազատամարտում Ժիրայր Սեֆիլյանի ու Վարդան Մալխասյանի անուրանալի ծառայություններին, նաև խորապես համոզված լինելով, որ ՀՀ իշխանությունների ձեռնարկած միջոցները համադրելի չեն հասարակական-քաղաքական դաշտում նրանց ծավալած գործունեությանը և գտնելով, որ ազատամարտի հերոսների նկատմամբ նման վերաբերմունքը կարող է սասանել հայրենիքի պաշտպանության սուրբ պարտականության նկատմամբ մարդկանց հավատը, խնդրում ենք ձեր միջամտությունը Ժ. Սեֆիլյանի և Վ. Մալխասյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու և նրանց ազատ արձակելու հարցում:

ՎԱԼԵՐԻ ԲԱԼԱՅԱՆ -ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահության անդամ, պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ

ՎԱԼԵՐԻ ՂԱԶԱՐՅԱՆ -ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահության անդամ

 ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ   -ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի լրատվական ծառայության ղեկավար, ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր

ՍԵՐԳԵՅ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ  -ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահի խորհրդական, ԳԽ վերլուծական ծառայության ղեկավար

ՏԻԳՐԱՆ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ – ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, ԼՂՀ երրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր

ԳԵՆԱԴԻ ՀԱԿՈԲՅԱՆ  – Առաջին գումարտակի հրամանատար (1992-94)

ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ – Երկրորդ գումարտակի հրամանատար (1992-94)

ԲՈՐԻՍ ԱՍՐՅԱՆ – «Աֆղանցիների» ջոկատի հրամանատար (1989-91)

26 դեկտեմբերի 2006թ.

 

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԵՎ ԶԻՋՈՒՄՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ

Արցախյան շարժման առաջին իսկ օրերից մեր չկամեցողները անկախության համար պայքարող արցախցուն բնութագրել են ամենատարբեր հասկացություններով. ծայրահեղականներ (էքստրեմիստ), ահաբեկիչներ, զավթիչներ, ագրեսորներ: Պատերազմից հետո շրջանառության մեջ է դրվել «ազատագրված» կամ «գրավյալ տարածքներ» հասկացությունը, իսկ վերջերս էլ «անվտանգության գոտին» է դարձել առավել գործածական:

Ես ժամանակին անդրադարձել եմ խնդրո առարկային, բայց այսօր ուզում եմ նորից անդրադառնալ եւ հայտնել իմ` նախկին ԼՂԻՄ քաղաքացու, ԼՂՀ զինված ուժերի նախկին գնդի (Ասկերանի) հրամանատարի, գեներալի, ԱԺ պատգամավորի եւ վերջապես այս երկրի հերոսի տեսակետը:

Այո, խաղաղ ցույցերի ժամանակ մեզ էքստրեմիստ էին անվանում, իսկ երբ անկախ Ադրբեջանը պատերազմ սկսեց մեր դեմ, օգտագործելով անգամ արգելված զինատեսակներ, այդ թվում՝ «գրադ» կայանք, ավիացիոն ռումբեր, հեռահար ռադիոակտիվ հրետանի եւ այլն, մեր կողմից ցուցաբերված ինքնապաշտպանությունը որակվեց որպես ագրեսիա, բայց երբ արդեն մենք սկսեցինք մեր հաղթարշավը՝ ստիպելով հակառակորդին նահանջել մեր հողերից, մեզ անվանեցին ահաբեկիչներ ու զավթիչներ: Նման շատ օրինակներ կարելի է թվարկել, բայց քննությունը թողնում եմ միջազգային հանրության առավել գիտակից զանգվածին. թող որոշեն, թե ինչպիսին էին մեր քայլերը. ծայրահեղակա՞ն, ագրեսի՞վ, զավթողակա՞ն, թե՞…

Իսկ հիմա ուզում եմ անդրադառնալ վերջերս լայն շրջանառում գտած «անվտանգության գոտի» հասկացությանը: Անկեղծ ասած, ինքս չեմ հասկանում, թե անվտանգության գոտին ինչ տարածքների վրա է տարածվում: Առավել եւս ինձ՝ այս երկրի զինվորին, անհասկանալի է, թե ռազմական գործողությունների ժամանակ ե՞րբ է հրաման կամ հրահանգ իջեցվել եւ ու՞մ է ուղղվել ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծելու, առավել եւս բանակցային գործընթացում խաղաքարտ ունենալու մասին հրահանգը:

Պետք է ի չիք դարձնել «ազատագրված», «գրավյալ տարածքներ», «անվտանգության գոտի» հասկացությունները: Պետք է ազգովին պահանջենք միջազգային հանրությանը՝ ճանաչել ու գնահատական տալ իրական ագրեսորին, որի քաղաքականությունը ոչնչով չտարբերվեց 20-րդ դարասկզբի Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունից: Ես մի առիթով գրել եմ ու նորից եմ կրկնում, որ Ադրբեջանը երկու անգամ պատերազմ է սանձազերծել արցախահայության դեմ: Առաջին անգամ 1988 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղը եւ Շահումյանի շրջանը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էին: Ադրբեջանական իշխանությունները փետրվարի 22-ին զինված հարձակումներ կազմակերպեցին այն ժամանակվա ԼՂԻՄ-ի վրա, այնուհետեւ այն շարունակելով Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Գետաշենում, Շահումյանի, Շամխորի շրջաններում եւ այլ հայկական բնակավայրերում, իրագործեցին «Օղակ» պատժիչ գործողությունը ԼՂԻՄ-ում եւ Շահումյանի շրջանում: Դա փաստորեն պատերազմ էր սեփական քաղաքացիների դեմ:

ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն անկախ Ադրբեջանը նոր պատերազմ սանձազերծեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:

Միանշանակ պետք է շարունակենք մեր պայքարը, պաշտպանենք ծանր մաքառումներով, հազարավոր կյանքերի գնով վերադարձված հող-հայրենին: Թուրքական դիվանագիտությունն այս անգամ եւս անում է ամեն ինչ՝ խեղաթյուրելու իրականությունը: Իրական ագրեսոր Ադրբեջանն այսօր աշխարհին ներկայանում է անմեղ զոհի տեսքով, փոխարենը Հայաստանին ներկայացնելով որպես այս հակամարտության ագրեսոր ու զավթիչ, ԼՂՀ բնակչությանն անվանելով ահաբեկիչներ, լավագույն դեպքում՝ հայ համայնք: Բավական է մի թեթեւ հայացք ձգել մեր պատմական անցյալին, եւ ահաբեկումն ու ագրեսիան պարզ կդառնան: Բոլորին քաջ հայտնի է, թե ինչեր պահանջվեց հայերից, երբ դեռեւս 20-րդ դարի սկզբին քեմալական Թուրքիան եւ բոլշեւիկյան Ռուսաստանը ստեղծում էին «Ադրբեջան« կոչված պետությունը:

Բայց այսօր կարծես թե մենք ինքներս ենք վտանգում մեզ ու մեր հայրենիքը, մեզանից ոմանք հանդես են գալիս այնպիսի հայտարարություններով, ինչպիսիք են «տարածքների վերադարձ», «զիջումներ», «անվտանգության գոտի», «հող՝ խաղաղության, կարգավիճակի դիմաց» եւ այլն: Արդյո՞ք, սա հակառակորդին ընդառաջ գնալ չի նշանակում: Նախ պատմությունն արդեն իսկ ապացուցել է, որ հայրենիքի հարցում զիջումներ չեն լինում, եւ որ հայրենիքի կորուստը վաղեմություն չունի: Մենք վերադարձրել ենք այն, երբ որ ունեցել ենք այդ հնարավորությունը: Հայրենիքին համահավասար փոխարժեքներ գոյություն չունեն: Հայրենիքը պատկանում է ամբողջ ժողովրդին` անցած հազարամյակներում ապրած մեր նախնիներից մինչեւ ապագայում ծնվելիք բոլոր սերունդները: Այդ պատճառով էլ այս ժողովրդի ոչ մի սերունդ, ոչ մի գործիչ իրավունք չունի թեկուզ մի թիզ հող նվիրաբերելու, հանձնելու, զիջելու այլ ժողովուրդների կամ էլ հրաժարվելու կորցրած հայրենիքի տարածքներից: Ազգային գաղափարախոսության տեսանկյունից նման քայլը որակվում է որպես ազգային դավաճանություն:

Մեր անվտանգության միակ գրավականն այսօր մենք ենք ու մեր հզորությունը, ու եթե դու ամուր չես կանգնած քո հողի վրա, միշտ էլ վտանգ ես զգալու, ու դժվար թե հանուն խաղաղության սեփական հողդ առեւտրի առարկա դարձնելով՝ կարողանաս ապահովել անվտանգ գոյությունդ:

Ոչ մի երաշխավոր նույնպես չի կարող ապահովել քո երկրի հավիտենական անվտանգությունը՝ լինի դա միջազգային հանրություն, թե անհատ, կամ պետություն, քանզի նրանց առաքելությունը սահմանափակվում է որոշակի ժամանակահատվածով ու պայմանավորված է որոշակի շահերով: Հետեւաբար, մենք դատապարտված ենք հզորանալ, քանզի աշխարհը չի սիրում թույլերին, եւ հարգվելու համար պետք է հզոր լինենք թե° քաղաքականապես, թե° պաշտպանվածության առումով եւ թե° տնտեսապես:

Իսկ խաղաղության երաշխավոր կազմակերպությունները, կառույցներն ու երկրները պետք է գործեն հանուն ողջ մոլորակի խաղաղության, որպեսզի զերծ մնանք պայթյունավտանգ իրավիճակներից:

Ինչ վերաբերվում է հարցի կարգավորման խաղաղ գործընթացին, ապա բոլոր շահագրգիռ կողմերը պետք է իրենց ներդրումն ունենան տարածաշրջանում խաղաղության պայմանագիր կնքելու գործում:

Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս

——————————————————————————————-

Հասարակություն

ՏԱՐԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԷՐ ՀԿ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Պատմության գիրկն է անցնում 2006 թվականը: Ասել է թե՝ ժամանակն է ի մի բերել տարվա արդյունքները, պարզելու համար, թե ինչպիսին էր այն մարդկանց ու տարբեր կազմակերպությունների համար:  Ինչպիսի՞ն էր անցնող տարին արցախյան հասարակական կազմակերպությունների համար.,այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ մի շարք ՀԿ-ների ղեկավարներից:

Սարասար ՍԱՐՅԱՆ (ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության նախագահ)

– 2006-ը կազմակերպության համար նշանավորվել է տեղերում կազմակերպչական մի շարք աշխատանքներով: Բրիտանական կոնսորցիումի հետ համագործակցության շրջանակներում մեր կողմից մեծ աշխատանք է իրականացվել խաղաղարար թեմայով: Հասարակության ուշադրությունը հրավիրել ենք բռնի տեղահանված փախստականների հիմնախնդիրներին, որոնք պետք է նաեւ բոլոր մակարդակներում քննարկման առարկա դառնան:

Փախստականները մեծ ոգեւորությամբ են մասնակցել ԼՂՀ Սահմանադրության նախագծի քննարկմանը, եւ հույս ունենք, որ գալիք տարի կունենանք նաև «Քաղաքացիության մասին» ԼՂՀ օրենք:

Ալբերտ ՈՍԿԱՆՅԱՆ (ԼՂՀ Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն)

– 2006-ը մեզ համար ֆինանսական եւ նյութական առումով շատ դժվար տարի էր, բայց բավականին արդյունավետ եւ հագեցած՝ նախատեսված ծրագրերի իրականացման առումով, որոնցից շատերն իրականացվել են կամավորական հիմունքներով:

Գալիք տարում նախատեսում ենք բարելավել մեր նյութական վիճակը եւ ընդլայնել ծրագրերի շրջանակը:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ  («Ոգի Նաիրի» գեղագիտական կենտրոն)

– Կենտրոնի համար հետաքրքիր տարի էր, որովհետեւ մենք տարվա ընթացքում դրամաշնորհային ծրագիր էինք իրականացնում «Ժամանակակից արվեստ եւ նորարարական արվեստ» թեմայով: Մի քանի հետաքրքիր միջոցառումներ ենք իրականացրել, իսկ դեկտեմբերի վերջին ծրագրային հերթական միջոցառումներից էր արցախցի նկարիչներից մեկի հոբելյանական ցուցահանդեսը: Միջոցառումներ ենք կազմակերպել կերպարվեստի, գրականության եւ երաժշտության ոլորտներին առնչված: Կենտրոնը հիմնականում այդ ուղղությամբ է աշխատել, նաեւ ուշադրությունը սեւեռած է պահել իր հանդեսի՝ «ԳեղԱրմ»-ի հրատարակման վրա, որն այս տարի սկսեց տպագրվել գունավոր, ավելի ծավալուն ու շատ հետաքրքիր գրականությամբ: Կազմակերպության համար տարին բավարար կարող եմ գնահատել: Իհարկե, շատ ծրագրեր էինք ցանկանում իրականացնել, ավելի շատ ակնկալիքներ ունեինք 2005-ի վերջին, բայց իրականացավ մեր սպասելիքների մոտ կեսը:

Գալյա ԱՌՍՏԱՄՅԱՆ (ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ)

– 2006-ը շատ լավ տարի էր կազմակերպության համար: Կազմակերպության խողովակով ղարաբաղցի մի քանի բարերարներ որոշ աշխատանքներ են կատարել: Օրինակ, Էդուարդ Վերդիյանի հովանավորությամբ Ստեփանակերտի հուշահամալիրում թվով 81 զոհված ազատամարտիկների հուշարձանը կանգնեցվեց, բարերարը «Բեյզ Մեթլս» ընկերության հետ մեկտեղ դրամական օգնություն ցուցաբերեց զոհված ազատամարտիկների թվով 200 ընտանիքների:  Թանգարանային ուղեցույց ենք տպագրել եւ պատրաստում ենք նաեւ ԼՂՀ զոհված ազատամարտիկների հուշամատյանը:

Կազմակերպությունը սերտ համագործակցել է նաեւ Պաշտպանության բանակի հետ, տարբեր միջոցառումներ ենք անցկացրել՝ զորամասերում, դպրոցներում: Համալրել ենք մեր թանգարանը, որը տարվա ընթացքում ունեցել է 900-ից ավելի այցելուներ:

Ընդհանուր առմամբ, տարին արդյունավետ էր, եւ հույս ունենք, որ գալիք տարին էլ այդպիսին կլինի:

Քանաքարա ՔՈՉԱՐՅԱՆ /«Միասնություն» մարզամշակութային երիտասարդական կազմակերպության նախագահ/

– 2006-ը մեր կազմակերպության համար առաջընթացային էր: Ավանդույթ դարձած միջոցառումներից բացի /մարզական մրցումներ, մաքրման աշխատանքներ, ճանաչողական այցեր/ կազմակերպությունը աշխատանքային շեշտադրումն ուղղեց գրական-գեղարվեստական երեկոներին՝ խնդիր դնելով գրականությունը, մասնավորապես՝ պոեզիան, նեղ տարածականությունից դուրս բերել հանրային դաշտ: Տարվա ընթացքում կազմակերպել ենք մի քանի գրական երեկոներ: Կազմակերպությանը կից գործող գրականասերների ակումբի անդամները քննարկել են արդի հեղինակների երկու տասնյակից ավելի նոր տպագրված գրքերը:

Բացի այդ, գործունեության, այսպես ասած, նոր ուղղություն ենք սկսել, որի արդյունքում տարվա ընթացքում Ղարաբաղում գործող «Բաց հասարակություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ տարբեր հարցերի շուրջ սոցհարցումներ ենք անցկացրել, ինչպես նաեւ կազմակերպել կլոր սեղան:

Հուսով ենք, որ հաջորդ տարի կշարունակենք մեր գործունեությունն ու մյուս կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ 2007-ը դարձնելով կազմակերպության նպատակների եւ խնդիրների հաջող իրականացման տարի:

Գեղամ ՍՏԵՓԱՆՅԱՆ (Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպության նախագահ)

– Տարին նշանավորվել է նրանով, որ հենց 2006-ին է ստեղծվել մեր կազմակերպությունը: Ստեղծման օրից մենք որոշել ենք չկենտրոնանալ մայրաքաղաքում, եւ ձեռնամուխ ենք եղել շրջաններում մասնաճյուղերի բացմանը: Նախատեսված ժամկետներում այդ ծրագիրն իրականություն դարձավ: Կարող ենք  փաստել, որ այսօր մեր կազմակերպությունը մասնաճյուղեր ունի հանրապետության բոլոր շրջկենտրոններում /բացառությամբ Բերձորի/  եւ 10-ից ավելի գյուղական համայնքներում, ունենք շուրջ 500 անդամ: Ծրագիրը կարեւորվում է նրանով, որ գյուղական բնակավայրերի երիտասարդները կազմակերպության միջոցով հնարավորություն են ունեցել մասնակցել հանրապետությունում տեղի ունեցող երիտասարդական միջոցառումներին եւ ծրագրերին:

Կազմակերպության անունից շնորհավորում եմ բոլորին գալիք Նոր տարվա եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ ու հույս հայտնում, որ հաջորդ տարի կշարունակենք մեր անելիքները՝ ի շահ մեր երկրի հզորացման:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

ՀԿ-ՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՆ` ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ

——————————————————————————————-

 

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

ԼՂՀ լրագրողների միությանը
Ստեփանակերտի մամուլի ակումբին
«Դեմո» հանրային թերթի խմբագրությանը

Ընթերցելով «Դեմո» հանրային թերթի թիվ 21 (15 դեկտեմբերի 2006 թ.) համարում տպագրված տեղեկատվության մատչելիության մասին հարցման արդյունքները, մեղմ ասած, տարակուսանքով լցվեցի:  Իհարկե, տարակուսելի է, երբ տեսնում ես, որ ոչ միայն լրագրողները, այլեւ լրագրողական հասարակական կազմակերպությունների ղեկավարները պարզապես չեն  ճանաչում իրենց երկրի պաշտոնյաներին: Մինչդեռ հենց գործի բերումով նրանք պետք է լավ իմանան այդ պաշտոնյաներին, ներառյալ նրանց կենսագրական տվյալները, տեղյակ լինեն  նրանց գործունեության բնույթին ու ոճին: Խնդիրն այն է, որ ամենամատչելի պաշտոնյաների ցանկում ես տեսա նաեւ իմ անուն-ազգանունը: Սույն հարցման նախաձեռնողներին հարկ եմ համարում հիշեցնել, որ  2005 թվականի հունվարին ԼՂՀ նախագահի հրամանագրով եւ ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով ինձ զորացրել են, եւ ես մինչ այսօր որեւէ պաշտոն չեմ զբաղեցրել (եթե ձեզ հետաքրքրում են պատճառները, ապա կարող եք անձամբ դիմել նրանց): Իսկ եթե իմ կենսագրությունն է հետաքրքրում՝ ես պատրաստ եմ այն տրամադրել:

Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՈՒՂՂՈՒՄ

Մեր թերթի դեկտեմբերի 15-ի թ. 21 համարի 15-րդ էջի «Առողջ, ուժեղ, բարեսիրտ» վերտառությամբ նյութում տեխնիկական պատճառներով դուրս է մնացել «Հարցազրույց ԼՂՀ ուշուի ֆեդերացիայի ավագ մարզիչ Սայաթ Բաղդասարյանի հետ» ենթավերնագիրը, ինչի համար հայցում ենք հեղինակի ու ընթերցողների ներողամտությունը:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Մեր թերթի դեկտեմբերի 15-ի թ. 21 համարի 14-րդ էջում զետեղվել է երկրաշարժի հերթական տարելիցին նվիրված երկու նյութ և մեկ նկար: Երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող ստեփանակերտյան հայտնի հուշարձանի նկարը շրջանակի մեջ է առնվել որպես առանձին լրագրական իլյուստրացիա, սակայն մեր ընթերցողների մի զգալի մասը այն ընկալել է կողքի նյութի՝ «Երկրաշարժի զոհերի հիշատակը անմահացնող առաջին կոթողը կառուցվել է Գորիսում» թղթակցության հետ շաղկապված: Վերոնշյալ պարզաբանմամբ հանդերձ գտնում ենք, որ խմբագրությունը կարող էր թյուրիմացության տեղիք չտալու համար նյութերի մատուցման ավելի հաջող տարբերակ ընտրել: Մեր ընթերցողներից ակնկալում ենք փոխըմբռնում:

«Դեմո»

——————————————————————————————

Ապրուստ

Ինչպիսի՞ն էր 2006-ը ղարաբաղցիների համար

«Բաց հասարակություն» հասարակական կազմակերպությունը` «Միասնություն» մարզամշակութային երիտասարդական կազմակերպության հետ համատեղ, օրերս անց է կացրել հարցում` պարզելու համար, թե ինչպիսին էր 2006 թվականը ղարաբաղցիների կյանքում:

Հարցմանը մասնակցել են 18 տարեկանից բարձր 150 քաղաքացիներ: 20-ական հոգի մասնակցել են Մարտունու, Մարտակերտի, Շուշիի եւ Հադրութի շրջաններից, իսկ Ստեփանակերտից հարցմանը մասնակցել են 70 քաղաքացիներ:

Հարցման մասնակիցները պատասխանեցին մեկ հարցի` «2006 թվականին Ձեր կյանքում առաջընթաց գրանցվե՞լ է` ընտանեկան, քաղաքական կյանքում, սոցիալական վիճակում, ազատությունների եւ կայունության ու պաշտպանվածության առումով»:

Առաջընթաց` ընտանեկան կյանքում

Հարցման 150 մասնակիցներից 59-ի ընտանեկան կյանքում 2006-ին առաջընթաց է գրանցվել, 25-ը գտնում են, որ մի քիչ է առաջընթաց գրանցվել, 51-ը փաստել են, որ ոչինչ չի փոխվել, իսկ 15-ի կարծիքով՝ վիճակն ավելի է վատացել:

Ստեփանակերտի 70 մասնակիցներից 28-ի ընտանեկան կյանքում է առաջընթաց գրանցվել, 13-ի մոտ` մի քիչ, 23-ի համար ոչինչ չի փոխվել, իսկ 6 հոգու համար ավելի է վատացել:

Մարտունու շրջանում 20 հարցվածներից 12-ն են նշել, որ առաջընթաց է գրանցվել իրենց ընտանեկան կյանքում, 7-ի մոտ ոչինչ չի փոխվել, իսկ 1-ի մոտ ավելի է վատացել:

Մարտակերտում 20 հոգուց 7-ի ընտանեկան կյանքում է առաջընթաց գրանցվել, 4-ը գտնում են, որ մի քիչ է առաջընթաց եղել, 7-ի համար ոչինչ չի փոխվել, իսկ 2-ի մոտ վիճակն ավելի է վատացել:

Շուշիում 20 հոգուց 6-ի մոտ է առաջընթաց գրանցվել, 6-ի մոտ` «մի քիչ», 5-ի մոտ` ոչինչ չի փոխվել, իսկ 3-ի մոտ` ավելի է վատացել:

Հադրութում 20 հոգուց դարձյալ 6-ի մոտ է առաջընթաց գրանցվել, 2-ի մոտ` «մի քիչ», 11-ի մոտ ոչինչ չի փոխվել, իսկ 3-ի մոտ ավելի է վատացել:

Առաջընթաց` սոցիալական վիճակում

Հարցման 150 մասնակիցներից 33-ի սոցիալական վիճակում է 2006-ին առաջընթաց գրանցվել, 39-ի մոտ` «մի քիչ», 62-ի սոցիալական վիճակում ոչինչ չի փոխվել, իսկ 16-ի սոցիալական վիճակն ավելի է վատացել:

Ստեփանակերտի 70 մանակիցներից 18-ի սոցիալական վիճակում է առաջընթաց գրանցվել, 16-ի մոտ` մի քիչ, 30-ի համար ոչինչ չի փոխվել, իսկ 6 հոգու սոցիալական վիճակն ավելի է վատացել:

Մարտունու շրջանում 20 հարցվածներից 5-ի սոցիալական վիճակում է առաջընթաց գրանցվել, 6-ի մոտ` «մի քիչ», 8-ի մոտ ոչինչ չի փոխվել, իսկ 1-ի սոցիալական վիճակն ավելի է վատացել:

Մարտակերտում 20 հոգուց 4-ի սոցիալական վիճակում է առաջընթաց գրանցվել, 8-ը գտնում են, որ մի քիչ է առաջընթաց եղել, 5-ի համար ոչինչ չի փոխվել, իսկ 3-ի մոտ վիճակն ավելի է վատացել:

Շուշիում 20 հոգուց 3-ի սոցիալական վիճակում է առաջընթաց գրանցվել, 7-ի մոտ` «մի քիչ», 9-ի մոտ ոչինչ չի փոխվել, իսկ 1-ի սոցիալական վիճակն ավելի է վատացել:

Հադրութում 20 հոգուց դարձյալ 3-ի մոտ է առաջընթաց գրանցվել, 2-ի մոտ` «մի քիչ», 10-ի մոտ ոչինչ չի փոխվել, իսկ 5-ի մոտ ավելի է վատացել:

Առաջընթաց` քաղաքական կյանքում

150 մասնակիցներից 37-ի կարծիքով 2006-ին հանրապետության քաղաքական կյանքում առաջընթաց է գրանցվել, 37-ի կարծիքով` «մի քիչ», 73-ը գտնում է, որ քաղաքական կյանքում ոչինչ չի փոխվել, իսկ 3-ը գտնում են, որ վիճակն ավելի է վատացել:

Ստեփանակերտի 70 մասնակիցներից 10-ը գտնում է, որ քաղաքական կյանքում առաջընթաց կար, 19-ի կարծիքով` «մի քիչ», 41-ի կարծիքով` ոչինչ չի փոխվել:

Մարտունիում 20 մասնակիցներից 8-ի փաստմամբ առաջընթաց գրանցվել է, 4-ի կարծիքով` «մի քիչ», 8-ի կարծիքով ոչինչ չի փոխվել:

Մարտակերտում 20 հոգուց 11-ը նշել են, որ քաղաքական կյանքում առաջընթաց կար: 3-ը գտնում են, որ մի քիչ է առաջընթաց եղել, 5-ի կարծիքով ոչինչ չի փոխվել, իսկ 1-ի կարծիքով վիճակն ավելի է վատացել:

Շուշիում 20 հոգուց ոչ մեկը չի նշել, որ քաղաքական կյանքում առաջընթաց է գրանցվել: 7-ի կարծիքով «մի քիչ» է առաջընթաց եղել, 13-ը գտնում են, որ ոչինչ չի փոխվել:

Հադրութի շրջանի 20 հարցվածներից 8-ի կարծիքով նշված ոլորտում առաջընթաց գրանցվել է, 4-ի կարծիքով` «մի քիչ», 6-ը գտնում են, որ ոչինչ չի փոխվել, իսկ 2-ի կարծիքով ավելի է վատացել:

Առաջընթաց` ազատությունների առումով

«Ձեր կյանքում առաջընթաց գրանցվե՞լ է ազատությունների առումով» հարցին հարցման 150 մասնակիցներից 28-ը «այո» են պատասխանել, 37-ը` «մի քիչ», 79-ը` «ոչինչ չի փոխվել», իսկ 6-ը`«ավելի է վատացել»:

Ստեփանակերտի 70 մասնակիցներից 17-ը «այո» են պատասխանել, 13-ը` «մի քիչ», 39-ը` «ոչինչ չի փոխվել», իսկ 1-ը`«ավելի է վատացել»:

Մարտունու շրջանում 20 հարցվածներից 6-ը գտնում են, որ ազատությունների առումով առաջընթաց է գրանցվել, 7-ը` պատասխանել են` «մի քիչ», 7-ը` «ոչ»:

Մարտակերտի շրջանում 20 հոգուց 2-ը «այո» են պատասխանել, 5-ը` «մի քիչ», 11-ը` «ոչինչ չի փոխվել», իսկ 2-ը`«ավելի է վատացել»:

Շուշիում 20 հոգուց 1-ն է գտնում, որ ազատությունների առումով առաջընթաց է գրանցվել, 9-ը` պատասխանել են` «մի քիչ», 10-ը` «ոչինչ չի փոխվել»:

Հադրութում 20 հոգուց 2-ը «այո» են պատասխանել, 3-ը` «մի քիչ», 13-ը` «ոչինչ չի փոխվել», իսկ 3-ը`«ավելի է վատացել»:

Առաջընթաց` կայունության եւ պաշտպանվածության առումով

150 մասնակիցներից 43-ի կարծիքով 2006-ին իրենց կյանքում կայունության եւ պաշտպանվածության առումով առաջընթաց է գրանցվել, 32-ի կարծիքով` «մի քիչ», 60-ը գտնում է, որ ոչինչ չի փոխվել, իսկ 5-ը գտնում են, որ վիճակն ավելի է վատացել:

Ստեփանակերտի 70 մասնակիցներից 26-ը գտնում են, որ կայունության եւ պաշտպանվածության առումով առաջընթաց կա, 10-ի կարծիքով` «մի քիչ», 33-ի կարծիքով` ոչինչ չի փոխվել, իսկ 1-ի կարծիքով՝ վիճակն ավելի է վատացել:

Մարտունիում 20 մասնակիցներից 8-ի փաստմամբ առաջընթաց գրանցվել է, 5-ի կարծիքով` «մի քիչ», 7-ի` ոչինչ չի փոխվել:

Մարտակերտում 20 հոգուց 4-ը նշել են, որ կայունության եւ պաշտպանվածության առումով իրենց կյանքում առաջընթաց կար: 3-ը գտնում են, որ մի քիչ է առաջընթաց եղել, 11-ի կարծիքով ոչինչ չի փոխվել, իսկ 2-ի կարծիքով՝ վիճակն ավելի է վատացել:

Շուշիում 20 հոգուց ոչ մեկը առաջընթաց չի նկատել: 9-ի կարծիքով «մի քիչ» է առաջընթաց եղել, 10-ը գտնում են, որ ոչինչ չի փոխվել, իսկ 1-ի կարծիքով՝ վիճակն ավելի է վատացել:

Հադրութի շրջանի 20 հարցվածներից 5-ի կարծիքով նշված ոլորտում առաջընթաց գրանցվել է, 5-ի կարծիքով` «մի քիչ», 9-ը գտնում են, որ ոչինչ չի փոխվել, իսկ 1-ի կարծիքով ավելի է վատացել:

http://www.karabakhopen.com

——————————————————————————————

ՆՈՐ ՏԱՐՎԱ ՍԵՂԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՌՆՎԱԶՆ 35-40 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

Շուտով դեկտեմբերի 31-ն է: Ուրեմն, պետք է ամանորյա սեղան բացել՝ Նոր տարին ըստ արժանվույն դիմավորելու համար: Ճիշտ է, մեզ մոտ ամանորյա տոներն այնքան երկար չեն տեւում, ինչպես, օրինակ, Հայաստանում, բայց ղարաբաղցիներն էլ են սիրում լավ սեղան գցել ու մի կարգին քեֆ անել:

Բացի քեֆերից, վերջին տարիներին ղարաբաղցիների մոտ նոր ավանդույթ է ձեւավորվել՝ Նոր տարվա շեմին կենցաղային տեխնիկա գնելը: Երեւի այդ հանգամանքն հաշվի առնելով են խանութների տերերը զեղչեր անում ու ըստ ամենայնի գովազդում իրենց ապրանքանին: Ինչեւէ, սա խոսում է այն մասին, որ այնքան էլ վատ չենք ապրում, համենայնդեպս, բնակչության մի զգալի մասը «մեծ» գնումներ կատարելու հնարավորություն արդեն ունի:

Սակայն հարկ է փաստել, որ նոր տարվա շեմին զեղչեր չեն լինում սննդամթերքի գներում եւ գնալով պարենային ապրանքներն ավելի են թանկանում: Բնակիչները հիմնականում բողոքում են մրգերի ու կանաչեղենի գներից: Հուրախություն բոլորի՝ վերջին ամիսներին խոզի միսը բավականին էժանացել է: 1կգ խոզի միսը կարելի է արդեն գնել 1000-1200 դրամով, տավարինը՝1300 դրամով: Այնպես որ, ղարաբաղցիները կարող են մի կարգին խորոված անել, թեև ասում են, որ վարազի տարվա ամանորյա սեղանին ցանկալի չէ խոզի խորովածը: Անցած տարվա համեմատ աճել է հնդկահավի գինը. եթե անցած տարի հնդկահավի 1կգ-ն արժեր 800-1000 դրամ /սա կապված էր թռչնագրիպի լուրի տարածման հետ/, ապա այսօր 1կգ-ն արժե 2500-3000 դրամ: Կանաչին, ինչպես միշտ, թանկ է՝ 200-250 դրամ: Խնձորն արժե 350-500 դրամ, նուռը՝ 1000 դրամ, նարինջը՝ 750-800, բանանը՝ 800-900 եւ այլն:

Թե նվազագույնը որքան գումար է անհրաժեշտ ամանորյա սեղանի համար՝ փորձեցինք պարզել բնակիչներից:

48-ամյա Նաիրա Ավետիսյանը նշում է, որ արդեն բոլոր գնումները կատարել է՝ ամանորյա սեղանին դնելու համար. «Ընդհանուր առմամբ, ծախսել եմ 40 հազար դրամ: Բայց պետք է նշեմ, որ ճոխ սեղան չի լինելու մեր տանը՝ խորոված, ձուկ, շամպայն, գինի, հյութ, մի քանի աղցաններ, մրգեր ու տորթ: Սեղանի համար այդքան եմ ծախսել, իսկ 15 հազար դրամի սահմաններում նվերներ եմ գնել ընտանիքիս անդամների համար»:

55-ամյա տնային տնտեսուհի Լարիսա Գրիգորյանն ասում է, որ այս տարի ավելի լավ է դիմավորելու Նոր տարին, քանի որ որդին Ռուսաստանից փող է ուղարկել. «Անցած տարի համարյա թե չենք նշել Նոր տարին, իսկ այս անգամ միայն սեղանի համար 50-55 հազար դրամ ենք ծախսել: Բացի այդ, թոռնիկներիս համար նվերներ, տոնածառ եմ գնել ու զարդարել: Էս տարի կարգին տոն կլինի մեզ համար: Համ էլ, բալա ջան, կարեւորը ուրախ սրտով Նոր տարին դիմավորելն է»:

Դե ինչ, մաղթենք, որ Ամանորը ուրախ սրտով դիմավորեն բոլոր արցախցիները:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

——————————————————————————————-

Հումոր

ԻՄԱՍՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝  ԾԱՆԾԱՂՈՒՏՆԵՐՈՒՄ

Հենրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ո՞վ է ում նայում

Չըխկի Արսենը մտավ տուն և երբ տեսավ, որ իր տղան միացրած հեռուստացույցի առջև քնել է, սկսեց թոնթորալ.

– Դե արի ու հասկացիր, թե ո՞վ է ում նայում:
Կյանքս ուզիր՝ կտամ,
ժամանակս չեմ տա
– Ներողություն, մի րոպե, բան եմ ասում
– Ժամանակ չունեմ:
– Վա˜ա˜, այ մարդ, մի րոպեն ի՞նչ է, որ ժամանակ չունես:
– Րոպեն էլ ժամանակ է: Կյանքս ուզիր՝ կտամ, ժամանակս չեմ տա:

 

Միամիտ խնդրանք՝  իշխանավորներին

Ձեզ բարիքների առատության գետեր ենք վստահում: Չեն ցամաքում այդ գետերը, նույնիսկ չեն ծանծաղանում: Ընդհակառակը, գնալով տարեցտարի ավելի են հորդանում: Այդ գետերը մի շրջեք ձեր կողմը, մի փոխեք գետերի հունը դեպի ձեզ, ժողովուրդը մնում է ծարավ: Թողեք գետերը մշտապես հոսեն իրենց բնական հունով…

– Բա մեր օգուտն ի՞նչ է,- կասեք:

– Գետերի ափերին կանաչ-կանաչ օազիսներ եք առաջացնում. մի՞թե ձեզ չեն բավարարում այդ օազիսների տված բարիքները:

Ո՞ւմ է նման փոքրիկը

– Ասում ես՝ թեկուզ տարիներով գյուղ չեմ գալիս, բայց բոլորին ճանաչում եմ: Դե հիմա  ասա՝ այս փոքրիկը ո՞ւմ տղան է:

-Ը˜ը˜ը˜… դժվարանում եմ…

– Ինչո՞ւ:

– Ախր… շատերին է նման:

Միքայել ԲԱԼՅԱՆ
գ. Մեծ Թաղեր, Հադրութի շրջան

 

ՊԵՏԻ ԾՆՈՒՆԴԸ

Պետի ծնունդն էր ու եկել էին
Բարի մաղթանքի խոսքեր ասելու,
Ամբողջ հիմնարկով հավաքվել էին՝
Պետի հետ բաժակ-բաժակ խփելու:
Սեթն էր, Սիմոնը, էլի ուրիշներ,
Բոլորի ձեռքին՝ սիրուն նվերներ.
Չէր եկել միայն պահակ Վարդանը,
Հարմար բան չուներ խեղճն իր տանը:
Պահեստապետը կաս-կարմիր կտրած՝
Կամաց երգում էր. «Հեյ¯ ջան, խորոված…»,
Աշխղեկ Մարգարն էլ բաժակը ձեռքին՝
Պետի կենացն էր խմում թանկագին:
Նրա «ծով խելքը», գործն էին գովում,
Ու փառքը մինչև երկինք հասցնում,
Ասում՝ ազնիվ է ու անչափ բարի,
Աստված թող կյանք տա մի հարյուր տարի:
Անցավ մի շաբաթ, տերը մեր «շիտակ»
Պահակ Վարդանին գցեց «սև ցուցակ»,
Ու մեր հիմնարկում գլխի ընկան նոր,
Թե ինչ ասել է «պետի ծնված օր»:

Նորայր ԱՎԵՏԻՍՅԱՆ
գ. Հաղորտի

 

ՊՈՒՂԻԱՊԱՏՈՒՄ

Առեւտուրդ լավ է գնում

Գարունն ավարտվում էր, առջեւում խոտհունձն էր՝ ամառվա կարեւոր եւ ծանր աշխատանքներից մեկը: Նախապատրաստվել էր պետք, լավ ծեծած, բակի թթենուց կախված գերանդի, մի քանի հեսան, հեսանաքար էլ հետը: Մուրճն ու զնդանն ունի, ուրիշից չի խնդրի: Ծեծողն էլ տնից է: Գլխովը շուռ գամ  ութերորդցի Ավետի: Մի աչքաճպում գերանդին «ծիլի կդարձնի, կդնի ձեռս ու կասի՝ պապի, տար խոտի կողքին դիր, ինքը հարելու է, էնպես եմ սարքել»:

Այս մտքերով ծանրաբեռ Պուղի ապան քաղաք գնաց մեկ օր:

«Տնտեսական ապրանքների խանութ»: Կարդաց եւ ուրախ-ուրախ ներս մտավ: Իսկ խանութ կոչվածում կատարյալ դատարկություն էր, ասես՝ ցախավելը դրած-սրբած: Հիշեց Սողոմոն Իմաստունի խոսքը. «Ունայնություն ունայնաց: Եվ ամեն ինչ ընդունայն է»: Միայն ջահել մի տղա, ամենամոդայիկ հագնված, ընկղմվել էր բազկաթոռին պատուհանի մոտ, զոռ էր տալիս ծխամորճին ու թազբեհի հատիկները հաշվում: Մեկ էլ ճարպիկ շարժումներով ճանճեր սատկացնում:

– Բալան կըծիմ, հինչը՞ս ծախում:

Սա զարմանում է, քննախույզ նայում հաճախորդին, գյուղից եկած տգետի մեկը կարծելով՝ նետում.

– Էշի գլուխ…

– Ըրվամ ա առեւտուրդ հաջողա քյընամ, վեր մինն ա մընացալ,- ասում է Պուղին եւ քայլ անում դեպի ելքի դուռը:

Պատը քանդողն է տարել

Խոսքը միանգամայն նորերս տեղի ունեցած դեպքի մասին է: Սարգիսն արթնանում է քնից, եւ դանդաղ քայլերը նրան դեպի գոմի դուռն են տանում: Տեսածից քար է կտրում մարդը. դիմացի հաստաբեստ պատը քանդված է, եւ ճեղքը, կույր մուրացկանի աչքի պես, անթարթ իրեն է նայում:

Գողը պատը քանդել ու տարել էր Սարգսի պահած-պաշտած տաս ոչխարները:

– Բայց ո՞վ կլինի տարած, տեր Աստված՝ ո՞վ,- այս հարցն էր արդեն մտատանջում Սարգսին ու հավաքված դրացիներին:

Մարդիկ սրա-նրա անունն են տալիս, հաստատում ու ժխտում, մինչեւ նրանցից մեկը՝ Ղազունց Պետրոսը, ասաց.

– Տղերք, կանչենք Պուղի ապուն, նա մեզ կասի, թե ով է տարել ոչխարները:

Գալիս է Պուղի ապան, ճեղքից նայում դատարկ գոմին, լսում մարդկանց զանազան ենթադրությունները և խորհում. «Այ մարդ, հիմա էլ թորք չկա, հեռու է քշված, համոթ չի՞ վեր կյուղոթուն կա: Կերած հացըտ հարամ ինի, Թեվոս, վեր թոբա չըս անում»:

Բայց, ի վերջո՝ կատակով, թե հարեւան գյուղը հարս գնացած քրոջ ամուսնու անունը Արցախով մեկ խայտառակ չանելու համար, Պուղին ասում է.

– Հաստատ ոչխարները տարել է… պատը քանդողը: Էն շան տղան:

Չի երեւալու

– Ա Պուղ, ինձ էլ լի մըհետ տար,- շատ անգամ է երեխայի պես թախանձել կինը եւ քաշել ամուսնու չուխայի փեշը: Պուղին խոստացել է, բայց միշտ էլ մի անակնկալ պատճառ է ճարել, որ այն հետաձգի, թողնի առաջիկային:

Եվ ահա քաղաքում են: Ամեն ինչ զարմանալի, հետաքրքիր է գեղջուկ կնոջ համար: Բարձրահարկ շենքեր, լայնահուն փողոցներ, աջուձախ սլացող մեքենաներ, լիքը-տրաքվող խանութներ, խանութներ…

Բայց ամենից հետաքրքիրը զբոսայգուց ներքեւ գտնվող կարուսելի հսկա անիվն է: Հանդարտ պտտվող անիվը, որից կախված արկղերի մեջ նստածները ծիծաղում ու ժպտում են, ուրախանում եւ ուրախության ճիչեր արձակում:

-Ա Պուղ, սերտըս էլ ա օզում էն չարխը նըստիմ…

-Հարկավեր չի: Հանե էն նստածեն տակե շորը ըրվամա: Համոթ ա: Տու թիմաշա ըրա, յես քյինիմ էրկու մարոժնի պիրիմ: Մինը՝ ինձետե, մինն էլ՝ քըզետե:

Մարդը գնում, մոտիկ կրպակից երկու պաղպաղակ է առնում եւ շուտ վերադառնում: Տեսնում է՝ կինը չի դիմացել գայթակղությանը, նստել է «չարխը» եւ օդ բարձրացել:

-Ախճի, պա քեզ ասալ չը՞մ նստիս վեչ, տակե շորըտ ըրվըլանա…

-Վախել մեր: Ըրվըլան չի: Հանալ ըմ-տիրալ խուրջինումը,- հանգստացնում է կինը:

——————————————————————————————-

Սպորտ

ԱՐՑԱԽՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ 2006-Ի ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

ԼՂՀ մարզիկները 2006 թվականի ընթացքում մասնակցել են ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս անցկացված մրցումներին:

Արցախցի մարզիկների 2006-ի ձեռքբերումներն ու հաջողություններն ամփոփելու նպատակով դիմեցինք ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության սպորտվարչություն, որտեղ մեզ տեղեկացրեցին, որ տարվա ընթացքում հանրապետության ներսում կազմակերպվել են 24 մրցումներ` 1611 մարզիկների մասնակցությամբ, Հայաստանում թվով 517 մարզիկներ մասնակցել են 67 առաջնությունների եւ 28 մարզիկներ` 9 միջազգային մրցաշարերի: Հանրապետությունից դուրս անցկացված առաջնություններում Ղարաբաղը ներկայացնող մարզիկներից 27-ը գրավել են առաջին մրցանակային տեղը, 27-ը` երկրորդ, 17-ը` երրորդ: Ի դեպ, 2005-ի համեմատ մեր մարզիկներն ունեցել են ավելի շատ նվաճումներ: 2005-ին հանրապետությունում անց են կացվել 14 մրցումներ` 1231 մարզիկների մասնակցությամբ: Հանրապետությունից դուրս 59 մրցումներում հանդես են եկել 565 մարզիկներ: Ընդհանուր առմամբ, 2005-ին դրսում անցկացված մրցումներում առաջին տեղ են գրավել 21 հոգի, երկրորդ` 24, իսկ երրորդ` 25 մարզիկներ:

Իսկ այժմ արցախցի մարզիկների հաջողությունները մանրամասնությամբ.

Փետրվարի 15-20-ը ՀՀ Աբովյան քաղաքում անցկացված Սամվել Անդրյանի հիշատակին նվիրված սամբոյի ավանդական բաց առաջնությունում 52 կգ քաշային կարգում Արման Բալասանյանը գրավել է առաջին տեղը:

Մարտի 10-14-ը Վանաձոր քաղաքում ՀՀ կանանց վոլեյբոլի ընտրական մրցաշարում ԼՂՀ հավաքականը գրավել է առաջին տեղը:

Մարտի 11-21-ը Երեւանում անցկացված ՀՀ պատանիների շախմատի կիսաեզրափակիչ առաջնությունում մինչեւ 12 տարեկանների խմբում Մհեր Հայրապետյանը զբաղեցրել է առաջին տեղը:

Մարտի 25-27-ը Երեւանում անցկացված թաեքվոնդոյի բաց առաջնությունում 78-84 կգ քաշային կարգում Արմեն Սարգսյանը հաղթող է ճանաչվել:

Մարտի 28-31-ը Երեւանում անցկացվեց ՀՀ սամբոյի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների առաջնությունը, որտեղ հաղթող են ճանաչվել 74կգ քաշային Աշոտ Դանիելյանը եւ 48կգ քաշային Սոսե Բալասանյանը:

Ապրիլի 7-9-ը ՀՀ Մասիս քաղաքում անցկացված Մասիսի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված կրոսավազքի հանրապետական 8-րդ առաջնությունում Մարինե Մուսայելյանը (3000 մետր վազքատարածքում) եւ Էդուարդ Մնացականյանը (1000 մետր վազքատարաքում) գրավել են առաջին տեղը:

Ապրիլի 6-16-ը Երեւանում կայացած ՀՀ պատանիների շախմատի եզրափակիչ առաջնությունում մինչեւ 8 տարեկանների մեջ հաղթող է դարձել Մանուել Պետրոսյանը:

Ապրիլի 7-12-ը Արարատի մարզի սամբո-ըմբշամարտի բաց առաջնությունում 57կգ քաշային Արման Բալասանյանը զբաղեցրել է առաջին տեղը:

Ապրիլի 13-17-ը Հարավսլավիայի Բելգրադ քաղաքում կայացած Եվրոպայի սամբոյի մեծահասակների առաջնությունում Աշոտ Դանիելյանը գրավել է երկրորդ տեղը:

Ապրիլի 19-22-ը Երեւանում կայացած սանդա ուշուի 3-րդ միջազգային առաջնությունում Գրիգորի Հարությունյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ Նարեկ Տերտերյանը եւ Հարություն Առաքելյանը` երրորդ տեղը:

Ապրիլի 19-ից մայիսի 2-ը Դագամիս քաղաքում անցկացված ՌԴ շախմատի պատանեկան ակումբների բաց առաջնությանը ՀՀ-1 թիմի կազմում հանդես է եկել նաեւ արցախցի շախմատիստ Հովիկ Հայրապետյանը: Թիմը գրավել է երկրորդ մրցանակային տեղը:

Մայիսի 4-8-ը Երեւանում կայացած ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Հակոբյանի հիշատակին նվիրված ծանրամարտի ավանդական 14-րդ հուշամրցաշարում 85կգ քաշային կարգում առաջին տեղ է գրավել Արսեն Բալայանը:

Մայիսի 8-11-ը ՀՀ Վանաձոր քաղաքում անցկացվեց Հայաստանի ազգային դեն-դո ֆուդոկան կարատե-դո մարտարվեստի բաց առաջնություն, որը նվիրված էր 2-րդ համաշխարհային պատերազմի հաղթանակին եւ Շուշիի ազատագրմանը: Այստեղ Արցախը ներկայացնող մարզիկներ  Արմինե Աղաբեկյանը, Աննա Մովսիսյանը, Արտավազդ Զաքարյանը, Հարություն Խաչատրյանը եւ Հարություն Հարությունյանը զբաղեցրել են առաջին տեղը:

Մայիսի 18-21-ը Երեւանում անցկացված ՀՀ պատանիների սանդա ուշուի բաց առաջնությունում հաղթող է ճանաչվել Գրիգորի Հարությունյանը:

Հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը Երեւանում անցկացված ՀՀ պրոֆեսիոնալ բիլիարդի «բուրգ» խաղաձեւի առաջնությունում առաջին տեղ է գրավել ԼՂՀ կրկնակի չեմպիոն Վիտալի Բալայանը:

Օգոստոսի 11-14-ը Գյումրի քաղաքում կայացած ՀՀ աթլետիկայի առաջնությունում 1500 մետր վազքատարածքում հաղթող է դարձել Աշոտ Հայրապետյանը:

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը ՀՀ Գավառ քաղաքում անցկացված 1992-93թթ. ծնված աղջիկների ՀՀ վոլեյբոլի առաջնությունում  մեր հավաքականը ուժեղագույնն է ճանաչվել:

Հոկտեմբերի 6-9-ը Արմավիրի մարզի Խանջյան համայնքի զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների  հիշատակին նվիրված ՀՀ կրոսավազքի միջազգային հուշամրցաշարում Աշոտ Հայրապետյանը (1000մ), Նինել Մնացականյանը (2000մ) եւ Մարինե Մուսայելյանը (2000մ) գրավել են առաջին տեղը, իսկ Անուշ Եսայանը (1000մ)` երկրորդ տեղը:

Հոկտեմբերի 13-17-ը ՀՀ պատանիների եւ աղջիկների 1993-94թթ. ծնվածների ձեռքի գնդակի ֆեդերացիայի խաղարկությունում մեր աղջիկների եւ պատանիների թիմերը արժանացել են ֆեդերացիայի գավաթին:

Հոկտեմբերի 17-30-ը Բաթումի քաղաքում անցկացված շախմատի պատանիների աշխարհի առաջնությունում հաջողությամբ են հանդես եկել մեր երկու պատանի շախմատիստները` Հովիկ Հայրապետյանը եւ Մանուել Պետրոսյանը, որոնք համապատասխանաբար մինչեւ 16 եւ 8 տարեկանների խմբում գրավել են 5-րդ մրցանակային տեղը:

Նոյեմբերի 4-5-ը ՀՀ օլիմպիական հերթափոխի սամբո-ձյուդոյի մարզադպրոցի բաց առաջնությունում, որը նվիրված էր Վարազդատ թագավորի հիշատակին, 55կգ քաշային կարգում Գոռ Ազիզբեկյանը հաղթող է ճանաչվել:

Նոյեմբերի 15-24-ը Երեւանում անցկացված ՀՀ շախմատի բարձրագույն խմբի ընտրական մրցաշարում առաջին տեղ է գրավել Արթուր Չիբուխչյանը:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s