№ 5 / 31 մարտ

ՈՐՊԵՍԶԻ ԱՐՑԱԽՑԻՆ ԱՐՄԱՏԱԿԱԼԻ ԻՐ ՀՈՂՈՒՄ

Ստեփանակերտի կենտրոնում 12-բնակարանոց այս երկու շենքերը նորերս են շահագործման հանձնվել: Սա ուրախալի երևույթ է ոչ միայն Պաշտպանության բանակի այն 24 սպաների համար, որ բնակարանամուտ են տոնել, այլև հանրության համար, քանի որ նկատելի է, որ պետությունը միջոցներ է ձեռնարկում մարդկանց բնակարանային պայմանները բարելավելու համար: 2006-ին բավականին լուրջ միջոցներ են տրամադրվել բանակային բնակարանաշինության համար, 300 միլիոն դրամ էլ հատկացվելու Է զոհված ազատամարտիկների ընտանիքների համար տներ կառուցելուն:

Ողջունելով նման քայլերը, միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեն ոչ միայն առանձին սոցիալական խմբերի ներկայացուցիչներ, այլև բնակչության մի զգալի մասը: Ուստի այս հարցում պիտի լինի համալիր մոտեցում, պիտի ազգային ծրագրի նշանակություն հաղորդել արցախցիներին իրենց հողում արմատակալելու մարտավարությանը: Մանավանդ՝ ղարաբաղյան հիմնա-խնդրի քաղաքական կարգավորման ներկայիս հեռանկարների պարագայում: Իհարկե, բոլորիս համար հասկանալի և ընդունելի պատճառներով առանձնակի ուշադրություն ու հոգածություն պիտի լինի մեր բանակի սպայական կազմի ու զոհված ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ, սակայն եթե բնակարանային պայմանների բարելավման գործընթացը չընդլայնվի և իր մեջ չներառի հասարակության լայն շրջանակներին, ապա նույն հանրությունում վերոհիշյալ կատեգորիաների նկատմամբ անառողջ տրամադրություններ կծնվեն:

Ամբողջ հարցն այն է, որ արցախցիներին, հանրության մեծ մասին պիտի իրական շանս տրվի մարդավայել բնակարանային պայմաններում ապրելու, իր ճակատագիրն այս հողի հետ ընդմիշտ կապելու և օտար ափերում դեգերելու գայթակղությունից հրաժարվելու համար: Դրա եղանակներն ու ձևերը շատ են, մնում է ամենայն լրջությամբ մոտենալ այդ հարցին: Բնակարանային հերթին սպասելը միակ ձևը չէ, ոչ էլ անգամ լավագույնը: Մարդուն պիտի մասնակից անել իր իսկ բնակարանային պայմանների բարելավման գործին:

Հիպոթեքը դրա լավագույն ձևերից մեկն է: Այսինքն՝ երբ պետությունը բավականին գումարներ է տրամադրում, և քաղաքացին բանկային համակարգի միջոցով տևական ժամկետով և ցածր տոկոսով վարկ ստանալու հնարավորություն է ստանում: Եւ այդ գումարով կամ իր համար իր իսկ ճաշակով տուն է կառուցում, կամ էլ բնակարան է գնում: Ու ազատվում բնակարանային հերթում քաշքշվելու հեռանկարից:

Տարիներ շարունակ մեր իշխանությունները պատշաճ ուշադրություն չեն դարձրել այս հարցին: Այս տարվա բյուջեում, վերջապես, մի փոքրիկ գումար է հատկացվել այդ նպատակի համար: Որ գումարը (200 միլիոն) կարող էր շատ ավելի մեծ լինել՝ դա հարցի միայն մի կողմն է: Բանն այն է, որ անգամ այդ փոքրիկ գումարն առայսօր գործի մեջ չի դրվել, մինչդեռ արդեն երեք ամիս է անցել: Կառավարությունը դա պատճառաբանում է համապատասխան օրենքի բացակայությամբ, սակայն այս հարցում ևս չի շտապում և դեռ օրինագիծը չի ներկայացրել խորհրդարան:

Կամ էլ չի բացառվում, որ գումարը տնօրինվում է, բայց հասարակությունից թաքուն: Համենայն դեպս, ԼՂՀ ԱԺ վերջին նիստում «Հայրենիք» խմբակցության անդամ Ռ. Դադայանը մտահոգություն հայտնեց գործընթացի ոչ թափանցիկության կապակցությամբ:

——————————————————————————————-

ՍԵՎ ԿՅԱՆՔ

Ս.թ. մարտի 17-ին Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ֆոտոլրագրության բաժնի ղեկավար, ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանը հաղթող է ճանաչվել լուսանկարչական գործակալությունների, ամսագրերի և թերթերի լուսանկարիչների Press Photo միջազգային մրցույթում:

Լեհական Press Photo հիմնադրամի կազմակերպած այս մրցույթն անցկացվում էր առաջին անգամ և հավաքել էր աննախադեպ թվով մասնակիցների, որոնք ներկայացրել էին 5000-ից ավելի աշխատանքներ: Մրցույթն ուներ հինգ անվանակարգ‚ երեքական մրցանակներով: Միջազգային հեղինակավոր ժյուրին հաղթող ճանաչեց 15 լուսանկարչի՝ Իրաքից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Ավստրալիայից և Հայաստանից:

Ռ. Մանգասարյանի «Սև կյանքը» ֆոտոպատմությունը լավագույնը ճանաչվեց «Կյանքն այսօր» անվանակարգում‚ արժանանալով առաջին մրցանակի և դրամական պարգևի:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 9-ին Վարշավայում: Նույն օրը կբացվի հաղթող լուսանկարների ցուցահանդեսը, և մրցանակակիրները կմասնակցեն ժամանակակից ֆոտոռեպորտաժի խնդիրներին նվիրված կոնֆերանսին:

Լեհական Press Photo հիմնադրամը նպատակ ունի զարգացնել ֆոտոլրագրությունը և մրցույթի միջոցով  մասսայականացնել այն աշխատանքները, որոնք թեև ազդեցիկության և հեղինակների «սուր աչքի» շնորհիվ արժանի են ուշադրության և հարգանքի, սակայն հաճախ թերագնահատվում են:

Լրատվամիջոցների Կովկասյան Ինստիտուտ

——————————————————————————————-

Լրահոս

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼ

Մարտի 30-ին ԼՂՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ է հրավիրվել, որին նաեւ լրագրողներն են մասնակցել:

2005թ. դատախազության կողմից կատարված աշխատանքները ներկայացրել է Գլխավոր դատախազի տեղակալ Արամայիս Ավագյանը: Նա էլ, չգիտես ինչու, վերջում պատասխան է տվել գլխավոր դատախազին, թե ինչու չի կատարվել այս կամ այն գործողությունը:

Ինչպես նշված էր տեղեկատվության մեջ, պետական շահերի պաշտպանության բաժնի եւ շրջդատախազությունների կողմից կատարվել են 169 ստուգումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ պետական շահերին վնաս պատճառելու մասով գրանցվել է օրենքի խախտման 399 դեպք: Ստուգումների արդյունքում 184 ֆիզիկական անձանց արվել է պաշտոնական նախազգուշացում, 27 հոգի ենթարկվել են վարչական, իսկ 18-ը՝ կարգապահական պատասխանատվության: Հարուցվել են 23 քրեական գործեր: Վերականգնվել է պետությանը պատճառած 42 մլն դրամից ավելի եւ հազարից ավելի ԱՄՆ դոլարի վնասը:

Բացի այդ, պետությանը պատճառած վնասները վերականգնելու համար հարուցվել եւ դատարան է ուղարկվել պետական շահերի պաշտպանության 127 հայց՝ շուրջ 260 մլն դրամ ընդհանուր հայցապահանջով, որոնցից 114-ը շուրջ 247 մլն դրամի չափով դատարանի կողմից բավարարվել են, իսկ 11 հայց գտնվում է քննարկման փուլում:

Անցյալ տարի հանրապետության տարածքում գրանցվել է հանցագործության 538 փաստ՝ 2004-ի 518-ի դիմաց. ոչ մեծ ծանրության 238 հանցագործություններ, միջին ծանրության՝ 110-ը, ծանր՝ 177-ը, իսկ առանձնապես ծանր՝ 13-ը /6-ի դիմաց/: Թվերը ցույց են տալիս, որ հանցագործությունների քանակը աճել է 20-ով:

ԲԱՆԱԿԻ 24 ՍՊԱՆԵՐ ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ

Պաշտպանության բանակի 24 սպաների բանկարաններ է տրամադրվել Ստեփանակերտի 13-րդ թաղամասում կառուցված երկու 12-բնակարանոց հարմարավետ շենքերում:

Բացման արարողության ժամանակ նախագահ Ղուկասյանը նշել է, որ քաղաքացիական իշխանություններն ու բանակի ղեկավարությունը պետք է համատեղ լուծեն այն խնդիրները, որոնք թույլ կտան մեր զինվորներին կատարել իրենց պարտքը, իմանալու, որ իրենց ընտանիքներն ապահովված են:

«Վերջին տարիներին կառուցած տները, դպրոցներն ապացույցն են այն բանի, որ մենք հաջողությունների ենք հասել: Պետությունը կավելացնի իր ներդրումը բանակային եւ սոցիալական բնագավառներում: Մենք պաշտպանում ենք մեր անկախությունը եւ փորձում ենք լուծել այն հարցերը, որոնց համար երազել են մեր զոհված ընկերները: Թող այս տներում միշտ երջանկություն լինի», – ասել է Ա. Ղուկասյանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերով, 2005-ին բանակի բնակարանային շինարարության համար նախատեսվել է 750 մլն դրամ: 2006-ին տրամադրվել է 1 մլրդ 200 մլն դրամ: Եւս 300 մլն կտրամադրվի զոհված ազատամարտիկների ընտանիքների համար տներ կառուցելուն:

Կապիտան Էդուարդ Հակոբյանը 13 տարի ծառայում է Պաշպանության բանակում եւ երկար տարիներ սպասում է իր բնակարանային հերթին: Այսօր նա 3-սենյականոց բնակարան է ստացել:

Փոխգնդապետ Սահակյանը երկար սպասված բնակարանի տեր է դարձել: «Մենք 3 սենյակ ենք ստացել, շատ ընդարձակ: Չէի սպասում, որ բնակարանն այսքան հարմարավետ կլինի»,- ասել է փոխգնդապետը:

Մեր տվյալներով, անցած տարիներին զոհված ազատամարտիկների 210 ընտանիք բնակարաններ են ստացել: Այսօրվա դրությամբ Ստեփանակերտի քաղաքապետարանում գրանցված են 1130 ընտանիք /արտահերթում՝ 17, արտոնյալ՝ 539/, որից զոհված ազատամարտիկների ընտանիքներ՝ 169, հաշմանդամների՝ 161, բազմազավակ ընտանիքներ՝ 43, միայնակ մայրեր՝ 41, հիվանդ քաղաքացիների՝  43:

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՇՈՒՇԻԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ 86-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

1920 թվականի մարտի 23-ին Շուշիում հայերի հանդեպ ոճրագործություն կատարվեց: Հայկական թաղամասը, որը զբաղեցնում էր քաղաքի մեծ մասը, լրիվությամբ այրեցին, կոտորեցին 45 հազար հայերից 35 հազարին:

«Մեր ընտանիքը Բաքվից Շուշի է տեղափոխվել 1938 թվականին: Հայկական թաղամասը ոճրագործությունից 18 տարի անց դեռ մխում էր: Ես տեսա ջրհորներ, որոնք լիքն էին ոսկորներով: 68 տարի է ապրում եմ Շուշիում եւ ամեն պահի լսում եմ խոստումներ, որ շուտով քաղաքը կվերականգնեն եւ այն ձեռք կբերի իր փառքը: Այս քաղաքում կա գերբնական ձգող ինչ-որ բան: Իզուր չեն ադրբեջանցիներն այդքան շատ խոսում Շուշիի մասին»,-պատմում է Շուշիի հումանիտար տեխնիկումի տնօրեն Ալբերտ Խաչատրյանը:

Մարտի 23-ին Շուշիի հումանիտար տեխնիկումում տեղի ունեցավ գիտական կոնֆերանս՝ «1920թ. մարտի Շուշիի ողբերգությունը, պատճառները եւ դասերը» թեմայով: Կոնֆերանսը հրավիրել էր վերջերս ստեղծված «Կաճառ» գիտական կենտրոնը, որի ղեկավարը հանդիսանում է պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանը:

Ինչպես ընդգծել է Մհեր Հարությունյանը, այն, որ Շուշիի ոճրագործությունը չի ստացել քաղաքական գնահատական, ազերիներին թույլ է տվել հանդես գալ բազմապահանջ քաղաքականությամբ:

«Իր հայատյաց քաղաքականությունը Թուրքիան միշտ արդարացրել է հայերի ապստամբության առասպելով: Այդպիսի պատճառ են բերում թուրքական պատմաբանները` Շուշիի ոճրագործության հանդեպ: Ասում են Նովրուզ-բայրամի օրը մի խումբ հայեր խանգարել են տոնը եւ դա առիթ է դարձել, որպեսզի մուսուլմանները կոտորեն քաղաքի ամբողջ հայկական բնակչությանը: Հնարավոր է այդպիսի դեպք եղել է, բայց չէ՞ որ մինչ այդ Շուշիում կենտրոնացված էին թուրքական զորքերը, քրդական եւ թաթարական հրոսակախմբեր: Այսինքն՝ ոճրագործությունն արդեն պլանավորված էր, ինչպես նաեւ՝ հայերի հետ դեպքերը»,-ասել է Մ. Հարությունյանը:

«Ազատ հայրենիք» կուսակցության համանախագահ Արթուր Թովմասյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է իմաստավորել անցյալի իրադարձությունները եւ անցնել նորի կառուցմանը: Ա. Թովմասյանի կարծիքով, հարկ է հանրապետության մայրաքաղաքը Շուշին դարձնել: Անհրաժեշտ է առանց հարկերի գոտու գաղափարը կիրառել, անել ամեն ինչ, որպեսզի Շուշիում լինեն շատ աշխատատեղեր: «2007-ի Համահայկական հեռուստամարաթոնը նվիրված կլինի Շուշիի հիմնախնդրին»,-նշել է Արթուր Թովմասյանը:

Կոնֆերանսը 1920թ. մարտի ողբերգական դեպքերը դատապարտող հայտարարություն է ընդունել:

ԳԱՌՆԱՔԱՐ. ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գառնաքար գյուղի պատմությունն այսպիսինն է. դեռեւս 4-րդ դարում հովիվը  հոտ էր պահում, երբ սկսվեց հեղեղը, որն իր հետեւից ամեն ինչ վերացրեց: Փրկվեց միայն հովիվն ու մի գառնուկ: Եւ այդ վայրն անվանեցին Գառնաքար: Պատմաբանները բաժանում են Հին Գառնաքար եւ Նոր Գառնաքար: Հին Գառնաքարը գտնվում է Նոր Գառնաքարի վերին մասում: Այստեղ 4-րդ դարից պահպանվել են բազմաթիվ խաչքարեր: Այդ վայրն անվանում են իշխանանիստ: Հին Գառնաքարի եւ Գանձասարի միջեւ գտնվում է պատմական Հավապտուկը: Մարդիկ ասում են, որ հենց այստեղ է գտնվում Ռուզան եկեղեցին՝ Գանձասարի հիմնադիր Հասան Ջալալյանի աղջկա: Սակայն պատմաբանների կարծիքով, այստեղ ոչ թե եկեղեցին է, այլ Ռուզանի գերեզմանաքարը:

Նոր Գառնաքարն ունի 300 տարուց ավելի պատմություն: Ներկայումս Գառնաքարում 59 տուն կա, սակայն դրանցից 29-ը դատարկ են: Գյուղապետ Գագիկ Հարությունյանի խոսքերով, գյուղի բնակիչների թիվը կազմում է 161: Աշխատատեղերի բացակայության պատճառով գյուղաբնակները ստիպված աշխատում են հարեւան գյուղերում: Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ մեղվաբուծությամբ. 30 ընտանիքից 10-ը զբաղվում են մեղվաբուծությամբ: «60 տարի աշխատել եմ Վանք գյուղի կահույքի կոմբինատում եւ պահում էի ընտանիքս,- պատմում է գյուղի 85-ամյա բնակիչ Գուրգեն Մանգասարյանը:- Առանց աշխատանքի չմնալու համար մեծ հաճույքով զբաղվում եմ մեղվաբուծությամբ: Այս զբաղմունքը շահութաբեր է: Առաջվա պես ես պահում եմ ընտանիքս, օգնում՝ բարեկամներիս, իսկ ապրանքի որոշ մասն էլ՝ վաճառում»:

Գյուղում գործում է տարրական դպրոցը /3 դասարան/, որտեղ սովորում են 8 երեխաներ, որոնցից 5-ը մեկ ընտանիքից են: Այդ ընտանիքը 6 տարի առաջ այստեղ է տեղափոխվել Հայաստանից: Հիմա ընտանիքում դաստիարակվում են 9  երեխաներ: Պետության միջոցներով նրանց համար տուն է կառուցվել: Պետությունը բազմազավակ ընտանիքին պարբերաբար օգնություն է տրամադրում:

Գյուղն ապահովված է ջրով եւ հեռախոսակապով: Սակայն դարերի խորքից գյուղը տուժվում էր ճանապարհի պատճառով. տրանսպորտը մինչեւ գյուղ չի հասնում, եւ մարդիկ մայրուղի հասնելու համար ստիպված են լինում ոտքով անցնել 3 կմ ճանապարհը: Եւ ով գիտի, գո՞ւցե դրա համար է երիտասարդությունը հեռանում գյուղից եւ տեղափոխվում քաղաք…

ԳԱՐՆԱՆԸ ՇԱՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

Ինչպես հաղորդել են ԿՄՍ նախարարության մշակույթի վարչությունից, այս տարվա մարտ և ապրիլ ամիսներին նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ: Դրանց թվում՝ հայ ականավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 85-ամյակի կապակցությամբ կկազմակերպվի մրցույթ. վարչությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի Ա. Բաբաջանյանի ֆոնդի հետ, ըստ որի՝ վերջինս վարչությանը կտրամադրի նոտաներ, գրքեր, աֆիշներ, ինչպես նաև արխիվային լուսանկարներ, որոնք կցուցադրվեն Ստեփանակերտում: Բացի այդ, անց է կացվելու գուսանական երգի փառատոն, արվեստագետների-արհեստագետների մրցույթ-փառատոն, համահայկական երգի «Ընծա» մրցույթ-փառատոնը: Մշակույթի վարչության պետ Մ. Կարապետյանի խոսքերով՝ այսօրվանից իրենք արդեն նախապատրաստվում են նաև մայիսի 9-ի տոնակատարությանը: Վարչության պետի հավաստմամբ՝ այդ օրը կլինեն ինչպես նորություներ, այնպես էլ Երևանից ժամանած հայտնի երգիչ-երգչուհիների ավանդական ելույթներ:

20 ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ՝ 5 ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակի տվյալներով հանրապետությունում ընթացիկ տարվա հունվար ամսում գրանցվել են 20 ամուսնություն եւ 5 ամուսնալուծություն: Ծնունդների թիվը կազմել է 56, իսկ մահացությունը՝ 43: Karabakh-online-ը փորձել է համեմատել թվերը անցյալ տարվա նույն ամսվա տվյալների հետ: 2005-ին դրանք կազմել են՝ ամուսնություն՝ 13, ամուսնալուծություն՝ 4, ծնունդ՝ 55 եւ մահացություն՝ 44:

2006-ի փետրվարին գրանցվել են 22 ամուսնություն, 9 ամուսնալուծություն, 52 ծնունդ, 42 մահացություն: 2005-ի փետրվար ամսում  ամուսնացել են 17 հոգի, ամուսնալուծվել՝ 8-ը, ծնվել 56-ը, մահացել՝ 40-ը:

Ուսումնասիրելով այս թվերը, կարելի է եզրակացնել, որ անցած երկու ամսում Ղարաբաղի բնակչության բնական աճը կազմում է 23, իսկ 42 ամուսնության դիմաց գրանցվել է 14 ամուսնալուծություն:

Վերոնշյալ տվյալների մեկնաբանման համար զրուցել ենք բնակիչների շրջանում: «Ամուսնական զույգերը բաժանվում են տարբեր պատճառներով: Բայց ամենակարեւոր պատճառը սոցիալական խնդիրն է, որը ծագում է առաջին հերթին գործազրկությունից,- մեկնաբանում է ներկայումս ամուսնալուծված Բելլա Գասպարյանը:- Մեր ընտանիքը դրա ապացույցն է: Մեր ընտանիքի ստեղծման օրից ամուսինս չէր աշխատում եւ մենք ստիպված էինք ապրել նրա ծնողների հաշվին: Անցավ մի քանի տարի, մենք երեխա ունեցանք, բայց դա էլ ամուսնուս չմղեց  աշխատելու: Նա իր հերթին արդարանում էր, որ ունի բարձրագույն կրթություն, մասնագիտությամբ ինժեներ է եւ աշխատանքի տեղավորվելու տեղ չկա: Բնականաբար ինձ համար հաճելի չէր ամեն անգամ փող խնդրել ամուսնուս ծնողներից: Ծննդաբերության համար արձակուրդից հետո ես դուրս եկա աշխատելու: Վատ չեմ վաստակում, կարող եմ ապահովել եւ ինձ, եւ երեխայիս, իսկ ամուսինս դեռ չի աշխատում: Այդ հողի վրա մեր տանն ամեն օր կռիվ էր… մենք բաժանվեցինք: Հիմա երեխայիս հետ ապրում եմ վարձով: Եւ աշխատանքս չկորցնելու համար ստիպված եղա երեխային խնամելու համար մեկին վարձել: Կարող եք ասել, որ հնարավոր էր մի օր էլ ամուսինդ աշխատանքի մտներ, ինչի՞ն էր պետք բաժանվելը: Բայց նա աստիճանաբար ընտանիքի հանդեպ սկսեց անպատասխանատվություն ցուցաբերել»:

Մեր մի քանի զրուցակիցները հաստատում էին այն մասին, որ ամուսնալուծությունները շատ հաճախ ծնողների միջամտության, նրանց մշտական խորհուրդների պատճառով են լինում:

Բնակչության բնական աճի վերաբերյալ խոսելով, շատերը գտնում են, որ ընտանիքում երկու երեխայի առկայությունը բավական է: Առաջնային խնդիրը երեխաներին ոտքի կանգնեցնելն է, երջանիկ մանկության ու ապագայի ապահովումը: Իսկ շատերի սոցիալական պայմանները թույլ չեն տալիս շատ երեխաներ ունենալ:

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԱ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ 15 ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ  ԲԱԺԱՆՈՐԴ

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Ա. Ծատուրյանի տեղեկատվությամբ՝ մոտ ապագայում կսկսվեն Ստեփանակերտի քաղաքային ավտոմատ հեռախոսակայանի թվայնացման աշխատանքները£

Ընդհանրապես, հանրապետության գծային հեռախոսակապը զարգացնելու համար կպահանջվի ավելի քան 4,5 մլն դոլար£ Հեռախոսակապի՝ երեկոյան ժամերին խաթարումները Ա. Ծատուրյանը բացատրեց այդ ժամերին գծերի ծանրաբեռնվածությամբ. մաշվածության պատճառով ցանցը չի դիմանում: Ինչ վերաբերում է բջջային ցանցին, նախարարն իրազեկեց, որ ոլորտում նախատեսվում է եւս 2-2,5 մլն դոլարի ներդրում£ Անցյալ տարի բջջային կապի ոլորտում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ներդրումների ծավալը կազմել է մոտ 60 մլն դրամ: Բջջային բազային կայանների քանակն անցյալ տարի 14-ից աճել է 17-ի: Այս տարի դրանց թիվը կավելացվի եւս 7-ով: 2005թ. տվյալներով՝ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ցանցի բաժանորդների թիվը կազմել է 15600 մարդ:

ՔԱՇԱԹԱՂՈՒՄ ԲԱԶՄԱԶԱՎԱԿՆԵՐԻՆ ՁԵՌՔ ԵՆ ՄԵԿՆՈՒՄ ՆԱԵՎ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ

Քաշաթաղի շրջանում բնակվում են 5 եւ ավելի երեխա ունեցող 73 ընտանիքներ, այդ թվում՝ 10 երեխա ունեն 2 ընտանիք, 9-ը՝ մեկ ընտանիք, 8-ը՝ 4, իսկ մեծամասնությունը կազմում են 5 երեխա ունեցողները: Այս մասին karabakh-online-ին հայտնել է շրջանի սոցապահովության եւ առողջապահության վարչության պետ Լեւոն Թասալյանը: Նրա խոսքերով, պետության կողմից բազմազավակ ընտանիքների երեխաներին  նպաստ է տրվում, ինչպես նաեւ` ծնելիության եւ  բազմազավակության խթանման ծրագրով ամսական այդ երեխաներին տրամադրվում է նաեւ 60 կվտ էլեկտրաէներգիայի փոխհատուցում:

«Քաշաթաղի շրջանի բազմազավակ ընտանիքներին մեծ աջակցություն է ցուցաբերում «Գուրգեն Մելիքյան» Քաշաթաղի շրջանի բազմազավակ ընտանիքների հիմնադրամը, որը նշված ընտանիքներին տարբեր տեսակի օգնություն է տրամադրում՝ հագուստեղեն, մինչեւ անգամ կարտոֆիլի սերմացու: Հիմնադրամը 5 եւ ավելի երեխա ունեցող բոլոր ընտանիքներին տրամադրել է կովեր, իսկ այժմ նույն օգնությունն է ցուցաբերում 4 երեխա ունեցողներին»,- նշել է բաժնի պետ Թասալյանը:

ԿՈՐՈՇՎԻ ՆԱԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Արդեն սկսվել են Ստեփանակերտի Ս.Շահումյանի անվան մարզադաշտի քանդման աշխատանքները: Այստեղ ըստ ամենայնի կկառուցվի բոլորովին նոր մարզադաշտ:

Մարզադաշտի վերակառուցման եւ շինարարական աշխատանքների ձգձգումը, ինչպես karabakh-online-ին հայտնել է ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարը, հիմնականում պայմանավորված է նախագծերի ուշացման հետ: Նախարար Արմո Ծատուրյանի խոսքերով, մոտ ժամանակներս կքննարկվի նաեւ այդ հարցը: Այստեղ է գտնվում «Սիրկապ Արմենիա» ընկերության ներկայացուցիչը, որի հետ կքննարկվեն մի շարք հարցեր՝ կապված  նրանց սեփականություն հանդիսացող օբյեկտների ճակատագրի հետ: Հիշեցնենք, որ այդ օբյեկտների շարքում են նաեւ Ստեփանակերտի հյուրանոցը եւ մարզադաշտը:

————————————————————————————–

Ներպետական

ԼՂՀ  ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՎ ԱՌԱՋԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԸ

Մեր հարցազրույցը ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ ՂՈՒԼՅԱՆԻ հետ

– Պարոն Ղուլյան, վերջին ժամանակներս երկրի նախագահի մոտ մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել՝ պատգամավորների նախաձեռնությամբ, որտեղ, ըստ պաշտոնական տեղեկությունների, քննարկվել են Ազգային ժողովի հետ կապված խնդիրներ: Ի՞նչ հարցեր եք քննարկել:

– Նախ ասեմ, որ պետության ղեկավարի եւ խորհրդարանի խումբ-խմբակցությունների ներկայացուցիչների պարբերական հանդիպման ավանդույթը հատուկ է բոլոր ժողովրդավարական երկրներին եւ այստեղ որևէ արտառոց երեւույթ չկա: Մեր պարագայում ես չէի ցանկանա առանձնացնել հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի միջեւ համատեղ քննարկման հատուկ թեմա: Ամեն ինչ ընթանում է խորհրդարանական խումբ-խմբակցությունների՝ հանրապետության նախագահի հետ նպատակային  հանդիպումներ անցկացնելու պայմանավորվածությունների շրջանակում, որ ձեռք են բերվել դեռեւս անցյալ տարի: Այդ հանդիպումների օրակարգը, բնականաբար, չի սահմանափակվում մեկ-երկու հարցով: Մասնավորապես՝ վերջին հանդիպումների ժամանակ քննարկվել է հարցերի մի ամբողջ համալիր՝ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներ եւ դրանց շուրջ պատկերացումներ, ներքաղաքական իրավիճակ, սոցիալ-տնտեսական առաջնահերթություններ, Սահմանադրության մշակման ընթացակարգ եւ այլն:

– Խորհրդարանում արդեն մի քանի ամիս է՝ քննարկվում է մի շարք պատգամավորների նախաձեռնությամբ մշակված մի օրինագիծ, որն առաջարկում է լուծարել ԱԺ նախագահությունը եւ, ընդհանրապես,  խորհրդարանին հաղորդել առավել քաղաքական բնույթ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը: 

– Ընդհանրապես, շատ դրական եւ բարձր եմ գնահատում պատգամավորի նախաձեռնողականությունը: Միաժամանակ, գտնում եմ, որ յուրաքանչյուր առանձին դեպքում դրա նպատակը պետք է հստակ եւ հիմնավորված լինի: Քանի որ նշված նախաձեռնությունները վերաբերում են խորհրդարանի գործունեությանը, ապա, ինչպես նշել եմ ԱԺ վերջին լիագումար նիստում, առաջարկվող փոփոխությունները պետք է ուղղված լինեն խորհրդարանի օրինաստեղծ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Իմ խորին համոզմամբ, արված առաջարկությունների մասնակի ընդունման դեպքում այդ նպատակը իրագործելի չէ: Քանի որ նշված նախագծերը նախաձեռնողների առաջարկությամբ քվեարկության փուլից հանվել են՝ դրանք լրամշակելու հիմնավորմամբ, հույս ունեմ, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում կհաջողվի հասնել Ազգային ժողովում ներկայացված  քաղաքական ուժերին բավարարող, բոլորի համար ընդունելի լուծման:

– Արդեն հայտարարվել է Ազգային ժողովում Ղարաբաղյան հարցով առաջին խորհրդարանական լսումներ անցկացնելու մասին: Ե՞րբ կկայանան լսումները:

– Խորհրդարանական լսումների հաջողությունը ես ուղղակիորեն կապում եմ նախապատրաստական փուլի համաձայնությունների հետ: Նման քննարկումների հրատապությունն այսօր չէ, որ ծագել է: Եթե հիշում եք՝ առաջին նստաշրջանի եզրափակիչ ելույթում ես ընդգծել եմ առհասարակ խորհրդարանական լսումների կարեւորությունը: Խոսքը վերաբերում է ոչ միայն ղարաբաղյան հիմնախնդրին, այլեւ հանրապետության կենսագործունեությանն առնչվող տարաբնույթ հարցերին առհասարակ: Խորհրդարանի քաղաքական ուժերը կիսում են այս մոտեցումը, եւ մենք պարբերաբար քննարկում ենք լսումների օրակարգ ձեւավորելու հարցը: Պետք է ասեմ, որ որոշակի նախապատրաստական փուլ մենք արդեն անցել ենք, եւ մոտ ապագայում կփորձենք կոնկրետացնել առաջին՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը նվիրված լսումների ժամկետի, քննարկման շրջանակի եւ հնարավոր մասնակիցների հետ կապված հարցերը: Մի էական խնդրի շուրջ մենք արդեն համաձայնություն ենք  ձեռք բերել՝ խորհրդարանական լսումները պետք է կազմակերպվեն պատշաճ մակարդակով, ապահովեն քաղաքական ուժերի եւ փորձագետների գնահատականների ազատությունը եւ նպաստեն հարցի վերաբերյալ մեր պաշտոնական դիրքորոշման հետագա ամրապնդմանը:

– Համաձայն տեղեկությունների, նախատեսվում է նաեւ ՀՀ և ԼՂՀ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը: Ի՞նչ հարցեր կքննարկվեն:

– Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որն, ի դեպ, առաջին անգամ է գումարվելու Ստեփանակերտում, արդեն ունի նախնական օրակարգ: Այն համաձայնեցվել է հանձնաժողովի համանախագահների միջև, ինչը, սակայն, չի նշանակում, որ չի կարող լրացվել՝ հանդիպումն ավելի օգտակար դարձնելու նպատակով: Ամենայն հավանականությամբ, հանդիպումը կկայանա ապրիլի վերջին տասնօրյակում, այսինքն, դեռ ժամանակ կա հետաքրքիր գաղափարների համար: Ինչ վերաբերվում է նախնական օրակարգին, ապա այն ներառում է մի քանի կոնկրետ հարցադրումներ, մասնավորապես՝ խորհրդարանի օրենսդրական գործունեության արդյունավետության հարցերը՝ մշտական հանձնաժողովների կառուցվածքի կատարելագործման տեսանկյունից, եվրոպական կառույցներում և միջխորհրդարանական հարաբերություններում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տարվող քննարկումների ներկա ընթացքը և հնարավոր համագործակցությունն այս ուղղությամբ և, հավանաբար, քննարկման նյութ կդառնան նաև երկու խորհրդարանների Վերահսկիչ պալատների միջև փոխգործակցության հարցերը:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

 

ԼՂՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ՝ ԱՐՑԱԽԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մարտի 22-ից ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ինչպես մեզ տեղեկացրել են ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում, Նյու Յորքում Մասիս Մայիլյանը հանդիպում ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Օշական Չոլոյանի հետ: Նյու Յորքում նաեւ հանդիպում կայացավ ամերիկյան գործարար շրջանակների հետ:

ԼՂՀ փոխարտգործնախարարն այցելեց ԱՄՆ Կանեկտիկուտ նահանգը, որտեղ Կանեկտիկուտի համալսարանում հանդես եկավ դասախոսությամբ՝ «ԼՂՀ-ն որպես Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղության եւ կայունության գործոն» թեմայով: Մ. Մայիլյանն այցելեց Կանեկտիկուտ նահանգի Նահանգային Ժողով (State Assembly):

Վաշինգտոնում փոխարտգործնախարարը մասնակցեց Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) Ազգային Կոնֆերանսի բացման արարողությանը եւ աշխատանքներին:

Մարտի 28-ին Մասիս Մայիլյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի տեղակալ, Կովկասի երկրների բաԺնի պատասխանատու Էլիզաբեթ Ռուտի հետ: Նա հանդիպում ունեցավ Ամերիկացիներն Արցախին (Ameri-cans for Artsakh) կազմակերպության Տնօրենների Խորհրդի անդամների հետ: Նշենք, որ Americans for Artsakh կազմակերպությունը միակն է սփյուռքահայ կազմակերպությունների շարքում, որի ծրագրերում նախատեսված է «աջակցություն Արցախի ժողովրդավարական զարգացմանը»: Մյուս կազմակերպությունները հիմնականում զբաղվում են սոցիալ-հումանիտար աջակցությամբ:

Նույն օրը Մասիս Մայիլյանը հանդես եկավ ելույթով Ռազմավարական եւ Միջազգային Հետազոտությունների Կենտրոնի կողմից կազմակերպված «Ղարաբաղի հակամարտությունը: Հայացք Ստեփանակերտից» թեմայով միջոցառմանը: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ պետքարտուղարության եւ Պենտագոնի ներկայացուցիչներ, այլ երկրների դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ադրբեջանցի լրագրողներ ու փորձագետներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Իր ելույթում ԼՂՀ փոխնախարարը ընդգծեց տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը նպաստող գործոններ, ինչպիսիք են՝ զինադադարի ամրապնդումը, ԼՂՀ-ի միջազգային գործընթացներում ընդգրկումը, ԼՂՀ միջազգային ճանաչումը: Նա նշեց, որ ներկայումս ԼՂՀ-ն կազմում է տարածաշրջանում ձեւավորված անվտանգության համակարգի կարեւոր մաս: Ըստ ԼՂՀ փոխարտգործխնախարարի՝ ԼՂՀ միջազգային ճանաչումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը՝ ստիպելով Ադրբեջանին զերծ մնալ ԼՂՀ-ի նկատմամբ նոր ագրեսիայի փորձից:

Մարտի 29-ին ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը ԱՄՆ Կոնգրեսում հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենք Փալոնեի հետ: Հանդիպմանը ԼՂՀ փոխարտգործնախարարը, ԼՂՀ իշխանությունների անունից շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին Արցախին աջակցություն ցուցաբերելու համար, մատնանշեց Արցախում մարդասիրական ծրագրերից զարգացման ծրագրերին անցնելու անհրաժեշտությունը: Նա նաեւ ընդգծեց ԱՄՆ Կոնգրեսի աջակցության կարեւորությունը՝ ԼՂՀ միջազգային ճանաչման գործում:

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական խումբը ամենաազդեցիկ խմբերից է: ԱՄՆ-ում լոբբիստական գործունեությունը գնալով առավել ընդգծված էթնիկական բնույթ է ստանում, եւ այդ համատեքստում հայկական լոբբիի աշխատանքն առավել նկատելի է: Ինչպես իր գրքերից մեկում նշել է հայտնի քաղաքագետ Զբիգնեւ Բժեզինսկին, ԱՄՆ-ում ամենաազդեցիկները հրեական, հայական, հունական եւ կուբայական լոբբիներն են:

 

ՍԱՅԼԸ ՏԵՂԻՑ ՇԱՐԺՎԵԼ Է

Վերջին ժամանակներս հասարակության կողմից լայն քննարկումների թեմա  է դարձել փախստականներին տրվող միանվագ օգնությունը: Խոսակցությունները տարբեր են՝ սկսած օգնության չափից, ժամկետներից, վերջացրած փախստականների ցուցակներով ու հերթականությամբ: Այս խոսակցությունները առիթ դարձան ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչության պետ Պավել Նաջարյանի հետ մեր հանդիպմանը: Պ. Նաջարյանի մեզ հաղորդած տվյալներով՝ ԼՂՀ-ում փախստականներն այսօր չունեն ոչ մի արտոնություն. նրանց համար գործում են նույն օրենքները, ինչը ԼՂՀ մնացած քաղաքացիների համար:

Սայլը, սակայն, տեղից շարժվեց 2005 թվականին, երբ ԼՂՀ կառավարությունը  փախստականներին միանվագ օգնություն տալու մասին որոշում ընդունեց: Օգնության չափը կախված է ընտանիքի կազմից. ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվում է 20 հազարական դրամ՝ գումարած 5 հազար դրամ ճանապարհածախս: ԼՂՀ-ում ամուսնացած փախստականների երեխաներին՝ 5 հազարական դրամ: Մոտավոր հաշվարկներով 5 հոգուց բաղկացած ընտանիքը ստանում է մոտ 140 հազար դրամ: «Ճիշտ է,- նշում է Պ. Նաջարյանը,- դա այն գումարը չէ, որ կկարողանա լուծել ընտանիքի խնդիրները, բայց, դե, էլի կարող է ինչ-որ բանի համար օգտակար լինել»: Ինչ վերաբերում է գրանցման ցուցակներին, ապա Պավել Նաջարյանի հավաստմամբ՝ դա ի սկզբանե արվել էր սոսկ այն նպատակով, որպեսզի պարզեն, թե իրականում քանի փախստական կա ԼՂՀ-ում, ինչ պայմաններում են նրանք ապրում և ինչ կարելի է անել նրանց համար: Ուսումնասիրությունները, Պ. Նաջարյանի հավաստմամբ, սկզբից ցույց են տվել, որ ներկայումս Ղարաբաղում ապրում են փախստականների 3476 ընտանիք: Սակայն հետո, երբ սկսել են ուսումնասիրել ավելի խորը, պարզվել է, որ նրանցից շատերի երեխաներն ամուսնացել են, հետևաբար՝ այդ թիվը մեծացել է: Այդ իսկ պատճառով, վարչության պետը որոշեց պարզել, թե վերոհիշյալ ընտանիքներում քանի զոհված ազատամարտիկների ընտանիք կա, Արցախյան և Հայրենական մեծ պատերազմների քանի հաշմանդամի ընտանիք ունենք, ապա, թե քանի ընտանիքի անդամներն են 75 տարեկան և բարձր, քանիսն են բազմազավակ ընտանիք և այլն: Արդյունքում պարզվել է, որ փախստականներից 329 ընտանիք զոհված ազատամարտիկների ընտանիքներ են: Եվ ահա այստեղ էլ առաջացել է հիմնական բարդությունը: Բանն այն է, որ կառավարության սկզբնական որոշմամբ նախատեսվում էր ամեն տարի օգնություն տալ 150 ընտանիքների, ինչի համար, Պ. Նաջարյանի խոսքերով՝ կպահանջվեր 20 և ավելի տարի. «Այդ իսկ պատճառով դիմեցի կառավարությանը, խնդրեցի ավելացնել նախատեսված գումարը, որպեսզի գոնե կարողանանք նախնական ցուցակում ընդգրկել զոհված ազատամարտիկների ընտանիքներին»: Գումարը ավելացվեց, ինչի արդյունքում 150-ը դարձավ 490:

Ինչ վերաբերում է 2005թ., ապա այդ տարվա համար, ի վերջո, նախատեսվեց արդեն 82 մլն 350 հազար դրամ: Այդ գումարով արդեն 1000 ընտանիք ստացել են օգնություն: Ընդհանուր առմամբ ստացվում է, որ գրեթե 1500 ընտանիք են օգնություն ստացել: Պ. Նաջարյանը նշում է, որ կդիմի կառավարությանը՝ ևս 400-500 ընտանիքների համար գումար ստանալու համար, որպեսզի օգնություն ստացածների թիվը դառնա 2000: Կմնան 1500 ընտանիք, որոնք էլ իրենց համար նախատեսված գումարներն արդեն կստանան 2007 թվականին: 2007 թվականին մենք ավարտելու ենք այդ ծրագիրը՝ հավաստիացնում է Պ. Նաջարյանը:

Վերջինիս խնդրեցինք նաև պարզաբանել ցուցակների հերթի կապակցությամբ առաջացած դժգոհություններն առ այն, որ բոլորը չէ, որ օգնություն են ստացել ըստ իրենց հերթի: Ի՞նչն է առիթ տվել նման խոսակցությունների: Պավել Նաջարյանն ասում է, որ իրականում այդ ցուցակների հերթականությունը ոչ մի նշանակություն չունի: Առաջին հերթին գումարը ստանում են առավել կարիքավորները: Ընդ որում, ինչպես հավաստիացրեց վարչության պետը, վարչությունը ստուգում է այդ մարդկանց կարիքավորության աստիճանը և հետո միայն նրանց առաջնահերթ  օգնություն տալիս:

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

Կարծիք

Փախստական մի կին, ով ցանկացավ իր անունը գաղտնի պահել, մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց հետևյալը. «Այս ամենը ի սկզբանե ուղղակի տարերային բնույթ էր կրում: Սկզբից թերթերից իմացա, որ պետությունը մեզ օգնություն է տալու: Գնացել և առաջիններից մեկն եմ գրանցվել: Բայց հետո պարզվել է, որ վերագրանցում են անում, ինչի մասին ոչ մի տեղ, սակայն, չի ասվել: Մինչ իմացա այդ մասին, մինչ գնացի վերագրանցվեցի, համարս գրեթե 1000 նիշ հետ ընկավ: Թեև հիմա ասում են, որ այդ համարները էական նշանակություն չունեն: Այդ դեպքում հարց է ծագում՝ ի՞նչ կարգով եք որոշում, թե ով երբ պիտի ստանա: Մեզ ասում են, որ կան մարդիկ, ովքեր ավելի կարիքավոր են, ովքեր ունեն բազմաթիվ խնդիրներ: Բայց, չէ՞ որ փախստականներն այն մարդիկ են, որոնց նորից բաժանել սպիտակների և սևերի, ըստ իս, չի կարելի: Մենք բոլորս էլ նույն կարգի մարդիկ ենք՝ տուժածներ: Հարյուր տեսակի փաստաթղթեր են բերում, թե կարիքավոր ենք: Իսկ կարելի՞ է իմանալ՝ ինչպե՞ս եք ստուգում, թե այդ մարդն ինչքան կարիքավոր է: Մի՞թե պիտի գնաս և ողջ կյանքդ պատմես: Մենք բոլորս էլ կարիքավոր ենք, բոլորն էլ զգում են այդ գումարի կարիքը: Ես ունեմ բազմաթիվ պատճառներ այդ գումարը ստանալու, ես կարող եմ հազար տեսակի փաստաթուղթ բերել, որպեսզի առաջիններից մեկը ստանամ, բայց ես չեմ ուզում գնալ ու խնդրել: Այդպես ճիշտ չէ»:

——————————————————————————————-

Կարգավորում

ԱՄՆ-Ն ՎԱՐՈՒՄ Է ԼՂՀ-Ն ՃԱՆԱՉԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ԱՄՆ-ին ձեռնտու չէ Հարավային Կովկասի էթնիկ հակամարտությունների արագ լուծումը, քանի որ դրանք հանդիսանում են յուրօրինակ սկզբնաղբյուր, որ նպաստում են տարածաշրջանում ամերիկյան ներկայությանը եւ տարբեր նպատակների նվաճմանը»,- Սոչիում տեղի ունեցած միջազգային սեմինարի ընթացքում նման տեսակետ է արտահայտել քաղաքագետ Իգոր Մուրադյանը: Նրա խոսքով, Միացյալ Նահանգները վերցրել է ԼՂՀ անկախությունը ճանաչելու ուղղություն, բայց դա իրականացնելու են առանց շտապելու՝ նախապես որոշակիացնելով տվյալ սուբյեկտի լեգիտիմության մոդելը եւ այլ հարցեր: «Զարմանալի է, որ ընդունելով այդպիսի որոշում, Վաշինգտոնը տվյալ լծակը օգտագործեց Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման վրա ազդելու համար: Մյուս կողմից, սկզբունքորեն փաստելով Լեռնային Ղարաբաղի անկախության փաստը, ամերիկացիները հակակշռի դերում առաջ են քաշում Հայաստանի ներքաղաքական հարցերին մասնակցելու, զուտ ներքին հարցերի վրա ազդելու ցանկությունն ու հնարավորությունը»,- ասել է Իգոր Մուրադյանը:

Եվրամիությունն իր հերթին, Իգոր Մուրադյանի խոսքով, կտրականապես դեմ է Հարավային Կովկասում նոր պետությունների ստեղծմանը: «Մենք հուսով ենք, որ Ռուսաստանը տվյալ դեպքում կհարի ամերիկյան «դավադրությանը», բայց, ըստ երեւույթին, Ռուսաստանը չունի այլ տարբերակ, քան պաշտպանել եվրոպական տեսակետը»,- կարծում է հայ քաղաքագետը: Նրա խոսքով, Ռուսաստանում գոյություն ունի ոմն վերլուծական հանրություն, որը ոչ մի դեպքում թույլ չի տա «Լեռնային Ղարաբաղի ճանաչում»:

 

ՍՏԱՄԲՈՒԼԻՑ ՀԵՏՈ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԱՍԵԼ

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 20-ին Ստամբուլում կայացած հանդիպումից հետո դեռ չեն տեղեկացրել իրենց հետագա քայլերի մասին: Վարդան Օսկանյանի խոսքով, հնարավոր է երկու հավանական տարբերակ՝ կամ համանախագահներն իրենք կգան տարածաշրջան, կամ հանդիպում կկազմակերպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ:

Վարդան Օսկանյանը նաեւ հայտարարել է, որ Հայաստանը շատ բան է արել խաղաղ կարգավորման համար եւ այժմ սպասում է Բաքվի համապատասխան քայլերին: ՀՀ ԱԳ ղեկավարը նաեւ նշել է, որ քիչ է խաղաղ համաձայնագրի ստորագրման հավանականությունը: «Նման փաստաթղթի ստորագրումը ցանկալի է, բայց այժմ վաղ է խոսել դրա մասին»,- ասել է Վարդան Օսկանյանը: Նա ավելացրել է, որ կար մի պահ, երբ համաձայնագրի ստորագրման նախադրյալներ կային, բայց հիմա դրանք նվազել են:

ԱՄՆ-Ն ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՎԵԼԻ Է ԱԿՏԻՎԱՑՐԵԼ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի հետ օրեր առաջ տեղի ունեցած փակ հանդիպման որոշ մանրամասներ եւ նրբություններ գաղտնազերծեց հանդիպման մասնակիցներից մեկը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

«Տպավորությունն այնպիսին է, որ Դանիել Ֆրիդի այցի նպատակը Հարավային Կովկասի երեք հանրապետություններում երեք խնդիր քննարկելն էր՝ տարածաշրջանային համագործակցության եւ կոնֆլիկտների հետ կապված խնդիրները, էներգետիկ անվտանգության հարցերը եւ ժողովրդավարական գործընթացները: Ըստ էության, հանդիպման ենթատեքստն այն էր, որ բոլոր խնդիրները կարող են լուծվել միայն տարածաշրջանային համագործակցության եւ անվտանգության համատեքստում: Հանդիպման ժամանակ ուղղակի ասվեց, որ տվյալ պարագայում պատերազմի հրահրման հնարավորությունը նրանք բացառում են եւ ամեն ջանք գործադրելու են, մասնավորապես Ադրբեջանի վրա, որպեսզի նման բան տեղի չունենա: Այսինքն, կար հստակ գնահատական, որ ռազմական ճանապարհով Ղարաբաղի խնդիրը չի կարելի լուծել: Փաստորեն Միացյալ Նահանգները առանձին առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված: Չնայած մեզ ասվեց, որ հետագա հանդիպումների ընթացքում տեղեկացվելու են նաեւ մնացած երկու երկրները՝ Ֆրանսիան եւ Ռուսաստանը: Բայց ես ուզում եմ արձանագրել, որ փաստորեն Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ ավելի է ակտիվացրել իր գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր հետ կապված: ԱՄՆ-ն ավելի նախանձախնդիր եւ նախաձեռնող է»:

«Լրագիր»

 

ՄՈՏԱԿԱ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴԳՐԿՈՒՄՆ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԿԼԻՆԻ

Միջազգային ճգնաժամային խմբի հերթական զեկույցն իր մեջ ներառում էր խորհրդատվություն՝ Եվրամիությանը Հարավային Կովկասում հակամարտությունների, այդ թվում՝ Ղարաբաղյան կարգավորմանն առավել ակտիվ ներգրավելու վերաբերյալ: Դատելով այդ ամենից, Եվրամիությունը մտադրություն ունի իր ջանքերն ակտիվացնել այդ տարածաշրջանում: Որքանո՞վ է իրատեսական իրադարձությունների այդպիսի ընթացքը եւ ի՞նչ իրատեսական լծակներ կարող են կիրառվել:

ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվական գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Գրիգորյան.

– Ներկա փուլում ես թերահավատորեն եմ վերաբերվում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում տարբեր կառույցների ընդգրկմանը: Քանի դեռ կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, մյուս բոլոր կառույցների ջանքերն էֆեկտիվ բնույթ չեն կրի: Թեկուզ, հասկանում եմ մասնավորապես կարգավորման գործընթացում ընդգրկվելու Եվրամիության ձգտումը, քանի որ ակնհայտ է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը մտնում է ԵՄ «հարեւանների» տարածք: Եվրամիությունն, իհարկե, շահագրգռված է, որ իրեն սահմանակից տարածքներում կայունություն լինի եւ որպեսզի նա նույնպես կարողանա օգտվել այդ տարածքների հարստություններից, մասնավորապես, Ադրբեջանի նավթագազային պաշարներից:

Կարծում եմ, Եվրամիությունը կարող է մշակել օգնության տրամադրման ծրագիր՝ հետկոնֆլիկտային տուժած տարածքների վերականգնման համար: Բայց մինչ հիմա հակամարտող կողմերն իրենք են լուծում այդ խնդիրը: Մասնավորապես՝ ԼՂՀ-ն, որը օգնություն չի ստանում ոչ մի միջազգային կառույցի կողմից, սակայն համեմատաբար հաջող է զբաղվում իր տնտեսության վերականգնմամբ: Ադրբեջանը՝ նույնպես: Ամենայն հավանականությամբ, խորհրդատվության մեջ խոսքը գնում է բուֆերային գոտու մասին, որտեղ մարդիկ չեն ապրում:

Հնարավոր է, որ դա վերաբերում է Իրանի ատոմային ծրագրի հետ կապված իրավիճակի հնարավոր ապակայունացմանը: Թեկուզ չեմ բացառում նաեւ մեր տարածաշրջանում իրավիճակի սրումը: Ինչո՞ւմ կարող է արտահայտվել ԵՄ-ի անպատրաստվածությունը: Հնարավոր է, նրանում, որ դեռեւս չկա տարածաշրջանում խաղաղարար ուժերի տեղակայման մասին որոշում: Ինչպես հայտնի է, ԵՄ-ում խաղաղարար ուժերը դեռ գոյացման սահմանում են: Իհարկե, Վրաստանում եւ Հայաստանում ռուսական զորքերի տեղակայման, իսկ Ադրբեջանում  ԱՄՆ մոբիլային ուժերի հնարավոր տեղակայման պայմաններում,  ԵՄ-ին, որը ներկայացված չէ տարածաշրջանում, դժվար է լինելու արձագանքել իրավիճակի սրմանը: Ահա թե ինչու ես կարծում եմ, որ մոտակա հեռանկարում ԵՄ-ի ընդգրկումը անուղղակի բնույթ կկրի եւ կսահմանափակվի խորհրդատվական զեկույցներով, իսկ կոնկրետ պարտավորող ազդեցություն չի լինի:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյան.

– Միջնորդության ֆորմատի փոփոխությունից որեւէ էական ակնկալիքներ, կարծում եմ, ԼՂՀ-ում որեւէ մեկը չի կարող ունենալ: Եթե ցանկացած միջնորդ կարծում է, որ հակամարտության կարգավորումը մեծացնեու է իր ազդեցությունը տարածաշրջանում, ապա դա լուրջ միջնորդություն համարել չի կարելի: Եթե միջնորդությունը ելնում է նրանից, որ առկա իրավիճակը չի համապատասխանում երկու ժողովուրդների՝ Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի շահերին եւ փորձում է երկու ժողովուրդներին, նրանց քաղաքական վերնախավերին, երկու երկրների ղեկավարությանը համոզել, որ ստատուս-քվոն հղի է տնտեսական, սոցիալական, քաղաքական, քաղաքացիական զարգացման խոչընդոտներով, ապա սա կարելի է ընդունել:

Բնականաբար, Եվրամիությունը ձգտում է ունենալ քաղաքակիրթ հարեւաններ եւ Հարավային Կովկասը դիտում է որպես իր ապագա մաս: Բայց կան արժեքներ, որոնք ենթակա չեն որեւէ հռչակագրային երաշխիքներով վերանայմանը: Եթե Եվրամիությունը պատրաստ է բացառել Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ զինված նախահարձակման հնարավորությունը, սա մի խնդիր է, եթե Եվրամիությունը փորձում է Ադրբեջանի տնտեսական եւ մյուս բոլոր հնարավորությունները գործի դնել ԼՂՀ ժողովրդին համոզելու, որ ապագա միավորված Եվրոպայում, որի մաս կարող է կազմել նաեւ Հարավային Կովկասը, սահմանների հարցը արժեք չի ունենալու, ապա սա ես իրատեսական չեմ համարում:

Պետք է փոխվի հակամարտության կարգավորման միջնորդության մեթոդոլոգիան, որի էությունը պետք է լինի հետեւյալը. գոյություն ունի հռչակված ԼՂՀ, որը ձգտում է իր միջազգային ճանաչմանը եւ այս ճանապարհից ԼՂՀ-ն չի պատրաստվում որեւէ ետ քայլ անել: Որովհետեւ դա ոչ միայն անտրամաբանական, անբարոյական է, այլեւ բացարձակապես չի արտահայտում մեր ժողովրդի կենսական շահերը:

«ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խմբի Գեղամ Բաղդասարյան.

– Եթե խոսքը գնում է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի ջանքերին աջակցելուն ու դրանք լրացնելուն, ապա դա գովելի մտադրություն է: Ընդհանրապես, Եվրամիությունը լուրջ ներուժ ունի և կարող է իր ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության ապահովման գործում: Սակայն մտահոգում է այն հանգամանքը, որ դա կարող է արվել առաջին հերթին և հիմնականում սեփական շահերի տեսանկյունից, մինչդեռ առաջնայինը, ըստ իս, պիտի լինեն տարածաշրջանի հեռանկարները: Ամենակարևորը, մրցակցային մտադրությունները լավագույն տարբերակը չեն, քանի որ առանց այն էլ տարածաշրջանը աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ է դարձել, ինչը չի նպաստում հակամարտությունների կարգավորմանը: Ուստի տարակուսում եմ, որ ՄՃԽ-ն հենց այս հարթությունում է քննարկում Եվրամիության դերը՝ մտահոգվելով ԱՄՆ և Ռուսաստանի համեմատությամբ Եվրամիության հեղինակության հնարավոր կորստով: Հենց միջնորդների եսակենտրոն քաղաքականությունն է պատճառներից մեկը, որ հակամարտության կողմերը նույնատիպ դիրքորոշում են որդեգրում, տեսնելով միայնումիայն սեփական շահերը:

ԼՂՀ արտգործնախարարության քաղաքական բաժնի պետ Իրինա Բեգլարյան.

– ԱԳՆ կիսում է միջազգային հանրության մտադրութունը՝ թույլ չտալ Եվրոպայի սահմանների մոտ լայնածավալ պատերազմ: «Այդ համատեքստում մենք ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք ուղղված են Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Հասկանալի է եվրոպական կառույցների ձգտումը՝ սեփական անվտանգությունը ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, առավել խորը ներգրավվել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը: Սակայն Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում ներկայացված մեխանիզմները անգործակցելի են, քանի որ չեն արտացոլում ղարաբաղյան հակամարտության էությունը», – ասել է Իրինա Բեգլարյանը: Որպես զեկույցի դրական պահ ԱԳՆ աշխատակիցը համարում է ՀԿ չճանաչված երկրների ներգրավվումը ԵՄ ինտեգրացիոն գործընթացներում, ինչպես նաեւ միջխորհրդարանական երկխոսության անհրաժեշտությունը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին ԵՄ հատուկ ներկայացուցչի մասնակցությանը, դա, մի կողմից, կարող է նոր շունչ հաղորդել բանակցություններին, մյուս կողմից՝ անհիմն ապակենտրոնացնել ջանքերը:

«Դրա հետ մեկտեղ կուզենայի ընդգծել, որ միջնորդների ցանկացած ձեւաչափ չի կարող փոխհատուցել բանակցություններում հակամարտության անմիջական մասնակցի՝ ԼՂՀ բացակայությունը», – ասել է Իրինա Բեգլարյանը:

——————————————————————————————-

Կարգավորում

ՍԱՀՄԱՆՈՒՄ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ԲՅՈՒՋԵԻ ԱՎԵԼՑՈՒԿԸ

Ըստ «Մեդիամաքս»-ի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, որ «ոչ 10, ոչ էլ 100 տարի հետո մենք չենք հանդուրժի ԼՂ-ի անջատումը»:

Ի. Ալիեւն ասել է այս մասին՝ այսօր Բաքվում ելույթ ունենալով ադրբեջանցիների երկրորդ համաշխարհային համագումարում: Նա հայտարարել է, որ Ադրբեջանը տարեցտարի ուժեղացնում է ռազմական զորությունը, եւ այս տարի երկրի ռազմական բյուջեն կազմել է $600 մլն:

«Ես մտադիր եմ Ադրբեջանի ռազմական բյուջեն մոտ ապագայում հավասարեցնել Հայաստանի ողջ բյուջեին: Հայաստանը երբեք ի վիճակի չի լինի մրցել մեզ հետ: Լավ կլինի, որ Հայաստանի կառավարությունը գիտակցի դա հնարավորինս շուտ»,- հայտարարել է Ի. Ալիեւը: Նա նաեւ ասել է, որ Ադրբեջանը ստիպված կլինի վերանայել իր մասնակցությունը բանակցություններին, եթե Հայաստանը չցուցաբերի կառուցողական մոտեցում: «Խաղաղ բանակցությունները շարունակվում են 12 տարուց ավելի, սակայն՝ անարդյունավետ: Հայտնի չէ, թե դեռ որքան դրանք կշարունակվեն: Մենք կողմ ենք խաղաղ գործընթացին, սակայն երբ բախվում ենք ՀՀ-ի ոչ կառուցողական դիրքորոշմանը, մեր համբերության բաժակը սկսում է լցվել: Եթե Ադրբեջանը նկատի, որ բանակցությունները կրում են իմիտացիոն բնույթ, մենք կհրաժարվենք մասնակցել դրանց», – հայտարարել է Իլհամ Ալիեւը:

«Հ2»-ի խնդրանքով անդրադառնալով Ի. Ալիեւի այդ հայտարարություններին՝ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ասաց. «Առաջին անգամ չենք լսում Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման մասին: Թվում է, թե այդ բյուջեն ավելանում է օրեցօր, եւ թերեւս դրա համար են ադրբեջանական վայ-մարտիկներն անընդհատ սահմանի վրա խախտում զինադադարի ռեժիմը՝ սպառելու համար զինամթերքի այդ ավելցուկը: Բայց եկեք դրան նայենք գլոբալ համատեքստում: Այսօր քաղաքակիրթ աշխարհում ազգերն ու պետությունները մրցակցություն չեն ծավալում իրենց ռազմական բյուջեի չափի շուրջ: Դա այն հարցը չէ, որով կարելի է պարծենալ եւ համեմատվել հարեւանների հետ: Այսօր մրցակցության ոլորտները այլ տեղերում են: Եվ այդ բոլոր տեղերում Հայաստանն Ադրբեջանից առաջ է ընկած: Այդ հարցում համեմատության որեւէ տեղ չկա: Սկսած ՄԱԿ-ի մարդկային զարգացման ցուցանիշներից, ՀՀ-ն Ադրբեջանից առաջ է: Համաձայն համաշխարհային գործակցի, որը կանխորոշում է ՀՀ-ում ներդրումային մթնոլորտը, Հայաստանը դարձյալ Ադրբեջանից առաջ է: Նրանք նույնիսկ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ չեն: Անհամեմատելի են նույնիսկ ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության կամ մամուլի ազատության մակարդակներով: Այն գործակիցներով, որոնցով որոշվում են տնտեսության ազատությունը եւ զարգացումը, ինչպես նաեւ կաշառակերության դեմ պայքարում թափանցիկությունը եւ արդյունավետությունը, Հայաստանն անհամեմատ լավ վիճակում է, քան Ադրբեջանը: Չնայած նրան, որ արդեն քանի տարի է, ինչ Ադրբեջանն արդյունահանում է օրական 400 հազար բարել նավթ, միեւնույն է՝ բնակչության մեկ շնչին ընկնող եկամտով առայսօր չի հասել Հայաստանին: Լավ կլիներ, որ Ադրբեջանը փորձեր ՀՀ-ին հավասարվել այս ոլորտներում, քան փորձեր մրցակցել եւ պարծենար իր թվացյալ ռազմական գերազանցությամբ»:

 

«ԴԺՎԱՐ Է ԶՈՒՍՊ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՏԱԼԸ»

Երեկ հավաքվեցին «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսի կողմնակիցները

Փետրվարի 28-ին ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան կազմի օպերատիվ հավաքում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասել էր. «Ի՞նչ էինք ուզում մենք 88-ին: Ուզում էինք, որ ԼՂԻՄ-ը միանար Հայաստանին: Հիմա ուրիշ է՞լ ինչ ենք ուզում: Պատերազմի ժամանակ մենք հող չէինք ազատագրում, այլ կրակակետեր էինք ոչնչացնում: Ի՞նչ ազատագրված տարածք, դա անվտանգության գոտի է: Վերջին 100 տարում այդտեղ հայեր չեն ապրել: Ձեզանից ո՞վ կարող է ապացուցել, որ Աղդամը հայկական է եղել»:

Երեկ Արցախի պատերազմի տասնյակ կամավորներ, հրամանատարներ, պաշտպանության նախկին երկու նախարարներ Վազգեն Մանուկյանը եւ Վաղարշակ Հարությունյանը մասնակցում էին «Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտե» հ/կ-ի հրավիրած քննարկմանը: Կազմակերպության կոորդինատոր Արմեն Եղյանի գնահատմամբ, Սերժ Սարգսյանի հայտարարությունը անօրինական է, վտանգավոր, ստահոդ եւ «դժվար է զուսպ գնահատականներ տալ դրան»:

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ պաշտպանության նախարարը իրավունք չուներ նման բան ասելու, դա նրա գործը չէր, եւ ասվածը քաղաքական որոշման, ժողովրդի կամքի դրսեւորում չէ, այլ ընդամենը «դուր գալ Արեւմուտքին՝ իշխանությունը պահելու համար»: Պաշտպանության մեկ այլ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նկատեց, որ Ադրբեջանի ոչ մի քաղաքական ուժ չի ասում, թե եկեք քննարկենք Ղարաբաղի կարգավիճակը, սակայն մեր քաղաքական ուժերը «հետամուտ են» դրան: Վազգեն Մանուկյանը հարցով դիմեց լսարանին, թե ո՞րն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառը եւ ապա նշեց, որ Քոչարյանն ու Սարգսյանը «զիջումների գնալու պատրվակի» անվան տակ միավորվեցին՝ Լեւոնին հանելու համար եւ գտնում էր, որ երկուսն էլ պիտի հրաժարական տան:

Արցախի զինված ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը պաշտպանության նախարարի հայտարարությունը դիտեց ոգին թուլացնելու քայլ, ապա նշեց, որ նույն մտքին «ձայնակցել» է ՊՆ շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Նա ասաց. «Էլ ի՞նչ պաշտպանության նախարար, որ թուլացնում է զորքը: Ինչքան Սյունիքն է նեղ բանակի համար, այնքան էլ նեղ է ՊՆ մտածելակերպը»: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը իր զարմանքը արտահայտեց, որ քաղաքական ուժերը լռում են պաշտպանության նախարարի հայտարարության շուրջ, որը, ըստ նրա, հասարակության «ռոբոտացման» արդյունք է: Նա ասաց, որ կոալիցիան «կազմակերպում է զորիբալայանական, հանրապետադաշնակցական շոուներ», ապա առաջարկեց սկսել գործընթաց «Սերժին հեռացնելու համար»: «Առավոտի» տեղեկություններով, այսօրվանից կազմակերպվելու է ստորագրահավաք՝ նրա հրաժարականը պահանջելու համար:

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը նկատեց, որ եթե իրենք չգիտակցեին, թե Աղդամը ու մնացած տարածքները մերը չեն, ապա հաղթանակներ չէինք ունենա. «Ամոթալի է, որ պաշտպանության նախարարը՝ մատ թափ տալով այդպիսի մտքեր ասի»: Քննարկման ընթացքում հնչեց հետեւյալ ռեպլիկը. «Հետաքրքիր է, որ ամերիկացիները ասել են, թե պատերազմ չի լինի», ինչին արձագանքեց Վազգեն Մանուկյանը, ասելով, որ դիտավորյալ վախեցնում են ժողովրդին պատերազմով, եւ որ իսկապես պատերազմ չի լինի: Ամփոփելով հավաքը, Ժիրայր Սեֆիլյանը կանխատեսեց. «Արեւմուտքը ի վերջո հարգելու է այն գործչին, որը պաշտպանելու է այս հողը»:

«Առավոտ», 17 մարտի

 

ԼՂ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՏ Է

«Մարշալի ծրագիրը»՝ Լեռնային Ղարաբաղում

Անցյալ շաբաթավերջին Դավիթ Շահնազարյանը կարծիք էր հայտնել, թե Ռամբույեից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի 14 տարվա պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ն հրապարակայնորեն նախաձեռնություն է ցուցաբերում միայնակ:

Այս հայտարարություններին խիստ համահունչ մի հրապարակում կար երեկ ադրբեջանական «Զերկալո» թերթում՝ «ԱՄՆ-ն ուժգնացնում է ճնշումն Ադրբեջանի վրա» վերտառությամբ: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ավելի քան տասը տարի խաղաղ բանակցությունների ընթացքում առաջին անգամ որեւէ բան չթաքցրին հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ, որոնց թվում կարելի է առանձնացնել երկուսը՝ ԼՂ շուրջ գրավյալ տարածքների ազատում եւ ԼՂ կարգավիճակի հարցում «հետաձգված հանրաքվեի» անցկացում»,- գրում է «Զերկալոն»: Ըստ թերթի, հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագիրն ավելի ընդարձակ կերպով շարադրված է վերջերս «The Washington Post»-ում հրապարակված ԱՄՆ-ում «Մարշալի հիմնադրամի» խորհրդական եւ Իսպանիայի ԱԳ նախկին նախարար Աննա Պալասիոյի՝ «Ռուսաստանի ստվերային կայսրությունը» հոդվածում: Ըստ այդմ, «դժվարությամբ սառեցված հակամարտությունը սպառնում է վերածվել դաժան պատերազմի, որը կարող է ամայացնել ողջ տարածաշրջանը», թեեւ, հոդվածի հեղինակների կարծիքով, հակամարտության խաղաղ լուծումը ռեալ է. «Արեւմտյան կառավարությունները կարող են աջակցել համաձայնության ձեռքբերմանը, որով Հայաստանը կվերադարձնի Ադրբեջանին գրավված գավառները եւ թույլ կտա ադրբեջանցի փախստականներին վերադառնալ այդ տարածքներն ապրելու: ԼՂ-ն կարող է մնալ ինքնուրույն այնքան ժամանակ, մինչեւ տարածաշրջանի կարգավիճակի հարցը լուծվի հանրաքվեի միջոցով ապագա հեռանկարում: Այս հակամարտության ավարտի հարցում Ադրբեջանի կողմից այդպիսի համագործակցության փոխարեն Արեւմուտքը պետք է գնա այս երկրի հետ մերձեցման՝ բարեփոխումների իրականացման ճանապարհով, եւ պետք է վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ 1991-94թթ. պատերազմի պատճառով կիրառվող պատժամիջոցներին: Արեւմուտքը պետք է նաեւ պահանջի ՀՀ-ից դուրս բերել ռուսական ռազմաբազաները, որոնք սպառնում են Ադրբեջանին, ու ամբողջ Հարավային Կովկասի համար առաջարկի ինքնատիպ «Մարշալի ծրագիր» ու տարածաշրջանի այդ երկրներին տանի դեպի միասնական Եվրոպայի ճանապարհով»:

Ընդ որում, «Զերկալոն» ընդգծել է, որ հիշյալ առաջարկությունների հեղինակը՝ Իսպանիայի ԱԳ նախկին նախարարը, ԱՄՆ-ի՝ հակաիրաքյան կոալիցիայի ամենահավատարիմ դաշնակիցներից մեկն է եղել, ինչը նրա այս հրապարակմանը, ըստ էության, «պաշտոնական կարգավիճակ» է տալիս:

Վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները՝ թերթը նաեւ փոխանցում է, թե Հարավային Կովկասի երկրների Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Բաքու կատարած այցի ժամանակ աննախադեպ ճնշումներ են գործադրվել պաշտոնական Բաքվի վրա: «Վաշինգթոնյան էմիսարները ցանկացած մեթոդներով փորձել են ստանալ Իլհամ Ալիեւի համաձայնությունը հայ-ադրբեջանական հակամարտությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկած պայմաններով ընդունելու համար: Բացի այդ, ԱՄՆ-ն պաշտոնական Բաքվից պահանջել է համաձայնություն տալ հակաիրանական կոալիցիային մասնակցելու վերաբերյալ, եթե նման կառույցի ստեղծումն անհրաժեշտություն դառնա: Վաշինգթոնյան էմիսարները նաեւ ակնարկել են, թե հակառակ դեպքում ԱՄՆ-ն պատրաստվում է պաշտոնական Բաքվի նկատմամբ ճնշման տարբեր լծակներ կիրառել»,- գրում է թերթը: Ավելին, նույն աղբյուրից թերթին հայտնի է դարձել, որ Բաքուն այս դեպքում դժվար թե ստանա ՌԴ-ի աջակցությունը:

«Մենք չափազանց մոտ ենք իրադարձությունների կենտրոնին եւ չափազանց՝ մինչեւ ականջներս ենք թաղվել տարածաշրջանում երկու առաջատար տերությունների աշխարհաքաղաքական խաղերի մեջ»,- եզրակացրել է «Զերկալոն»:

«Առավոտ», 23 մարտի

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ Արցախյան ազատագրական պայքարի ներքոստորագրյալ մասնակիցներս, խորը վրդովմունք ենք հայտնում Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների պարտվողական, անգամ թրքահաճ ընթացքի առնչությամբ:

Մասնավորապես, վերջերս, ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան կազմի օպերատիվ հավաքում, նախարար Սերժ Սարգսյանը արել է հետևյալ ջղաձիգ շեշտադրումները. «Ի՞նչ էինք ուզում մենք 88-ին: Ուզում էինք, որ ԼՂԻՄ-ը միանար Հայաստանին: Հիմա ուրիշ էլ ի՞նչ ենք ուզում: Պատերազմի ժամանակ մենք հող չէինք ազատագրում, այլ կրակակետեր էինք ոչնչացնում: Ի՞նչ ազատագրված տարածք, դա անվտանգության գոտի է: Վերջին հարյուր տարում այդտեղ հայեր չեն ապրել: Ձեզանից ո՞վ կարող է ապացուցել, թե Աղդամը հայկական է եղել: Իսկ խաղաղապահ զորքերի տեղակայումը անվտանգության գոտում նպաստավոր է մեզ համար»:

Նախարարը, Ադրբեջանում օրեցօր ծավալվող հակահայ հիստերիային և պատերազմական աճող սպառնալիքին արժանի հակահարված տալու փոխարեն, այս էլ որերորդ անգամ, դավաճանորեն, փորձում է կոտրել հայ ժողովրդի և բանակի մարտական ոգին, պարտվողական և խուճապային տրամադրություններ սերմանել բարձրագույն հրամանատարության և զինվորների շրջանում: Վերջին տարիների հետևողական այս վարքագիծը պայմանավորված է ՀՀ նախագահի պաշտոնին տիրելու նրա անհագուրդ ցանկությամբ:

Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ մեր հայրենիքն է ոչ միայն Աղդամը, այլև նրանից անդին շատ տարածքներ: Անկասկած՝ նաև Նախիջևանը, որը ռուս-թուրքական հայակուլ պայմանագրով հանձնվեց Ադրբեջանի շինծու պետությանը: Քարվաճառը, Քաշաթաղը, Կովսականը, Բարգուշատը, Դիզակը և Հաբանդը Հայաստանի անբաժան մասն են և ոչնչով չեն տարբերվում ոչ Մարտակերտից ու Հադրութից, ոչ էլ Սյունիքից կամ Լոռիից:

Մենք վճռականորեն հայտարարում ենք, որ թույլ չենք տա Ադրբեջանի պարտադրած պատերազմում լավագույն հայորդիների նահատակության գնով ազատագրված հայրենիքը զոհաբերել որևէ մեկի իշխանատենչ մղումներին:

Հայտարարում ենք նաև, որ իշխանությունը բռնազավթած անձինք հայ ժողովրդի և Հայաստանի անունից ներկայանալու իրավունք չունեն: Նրանց հետագա պաշտոնավարությունը հղի է աղետալի հետևանքներով:

Պահանջում ենք

– դադարեցնել Ղարաբաղյան խնդրի շուրջ Ադրբեջանի հետ տարվող բանակցությունները՝ մինչև Հայաստանում օրինական և ազգային իշխանությունների կազմավորումը,

– Հայաստանի կուսակցություններին նախաձեռնել ՀՀ գործող պաշտպանության նախարարի պաշտոնանկության գործընթաց:

Արցախյան ազատամարտի

կամավորականներ, գործիչներ՝

Գագիկ Պետրոսյան- Հրթիռահրետանային զորքերի սպա
Արկադի Կարապետյան – Արցախի պաշտ. ուժերի առաջին հրամանատար
Պայքար Ղալումյան – Դաշտային հրամանատար
Մայիս Մկրտչյան – «Միացյալ Հայաստան» ջոկատի հրամանատար
Ժիրայր Սէֆիլյան – Շուշիի առանձն. գումարտակի հրամանատար
Մուրադ Օհանյան – «Անկախության բանակ» միավորման անդամ
Ոսկան Գուլումյան – Հատուկ գնդի դաշտային հրամանատար
Մկրտիչ Տոնոյան – «Ազգային լեգեոն» ջոկատի անդամ
Արմեն Եղյան-  ԼՂՀ ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալ
Գագիկ Գաբրիելյան – «Մահապարտներ» գնդի անդամ
Հովսեփ Աղաբեկյան – հետախուզական դասակի հրամանատար
Արայիկ Սողոմոնյան – «Արաբո» ջոկատի անդամ
Վազգեն Սիսլյան – հատուկ նշանակության զինվորական
Գրիգոր Ադամյան – «Ադանա» երկրապահ կամավոր-ջոկատի հրամանատար
Սամվել Հարությունյան – ինքնապաշտպանության գործիչ
Վարդան Մալխասյան – ինքնապաշտպանության գործիչ

23 մարտի 2006

 

ՌԴ-Ն ՈՐՈՇԵԼ Է «ՀԱՆՁՆԵԼ» ԻՐ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ

«Այս անգամ Ռուսաստանը որոշել է ԱՄՆ-ի «ողորմածությանը հանձնել» ինչպես իր «ամենավստահելի դաշնակից» եւ Հարավային Կովկասում իր «առաջապահ ֆորպոստ» Հայաստանին, այնպես էլ՝ իր «ռազմավարական դաշնակից» Ադրբեջանին»,- երեկ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ գրել է ադրբեջանական «Զերկալոն»՝ փաստարկելով նաեւ, թե դրա դիմաց ՌԴ-ն ինչ «փոխհատուցում» է ստանալու ԱՄՆ-ից: Թերթի փոխանցմամբ, ԱՄՆ-ն «տրամադրված է հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել հատկապես այս տարվա գարնանը՝ չսպասելով անգամ ամռան գալուն», մինչդեռ Ադրբեջանը բավարար ռեսուրսներ չունի ԱՄՆ-ի այդ ծրագրերին դիմակայելու համար:

——————————————————————————————-

Սոցիալ-տնտեսական

«ԱՊՐՈՒՄ ԵՆՔ, ԷԼԻ…»

Վերջերս քաղաքի զբոսայգիներից մեկում պատահեցի ընկերներիցս մեկին: Բարևեցի ու հարցրի՝ ինչպե՞ս ես: Նա ժպտաց՝ «ապրում ենք, էլի…»: Հենց այս «ապրումենքէլիական» տրամադրությամբ էլ զրույցը երկարեց: Նա ինձ անեկդոտանման մի եղելություն պատմեց. «Անբարոյականության մեջ մեղադրվողին կոլեկտիվի ընդհանուր ժողովում պատին էին դեմ արել: Մեղադրյալն արդարանում էր, թե իր հասակի ու վիճակի մարդը չէր կարող նման արարք կատարել: Այս ու այն կողմից գոռում էին՝ փաստեր կան, փաստեր: Իսկ նա անկեղծորեն զարմանում էր. «Տրամաբանությունը թողած՝ փաստերի՞ն եք հավատում»:

«Անեկդոտի» հերոսը, անշուշտ, պատժվեց, քանի որ նա… ուսուցիչ էր (պատմողն էլ է նախկին ուսուցիչ): Շատ տիպական օրինակ է մեր օրերի համար: Տիպական է տրամաբանությունը, այլ ոչ թե պատժվելու փաստը:

Այսօր դժվար չէ հանդիպել երթևեկության կանոնների կոպիտ խախտումներով կամ ծանր հետևանքներ ունեցող ավտովթարներով ներքուստ ուրախացող ավտոտեսուչների (դժվար է, չէ՞, հավատալ), գողերի, թալանչիների, զանազան իրավախախտների, կաշառակերների հետ մտերմացած, կատարված հանցագործությունը դատապարտելու համար նախատեսված քրեական հոդվածը մեղմացնելու նպատակով գտած հնարավորությամբ հրճվող իրավապահ մարմինների աշխատողների: Ինչու՞ միայն նրանք: Մեր որոշ բժիշկներ ներքին բավարարվածություն են ապրում ծանր հիվանդությամբ տառապող հիվանդներ ընդունելիս (անհավատալի է, չէ՞): Կամ էլ, հավանաբար, շատերդ եք ականատես եղել փաստաթղթերն ինստիտուտ ներկայացրած անգրագետ երիտասարդի ու նրա ծնողների հետ «բանակցող» դասախոսների զրույցին:

Հենց այս թեմայով էլ զրուցում էինք, ու հընթացս մեր զրույցին ուրիշներն էլ միացան: Զրուցակիցներիցս մեկն անդրադարձավ ապրանքների լայն տեսականուն ու առատությանը: «Այո,- ասում է նա,- տարեցտարի ավելանում է հանրապետությունում արտադրվող, ինչպես նաև ներկրվող ապրանքաքանակը: Բայց եղած առատությունը բոլորովին էլ դրանով չէ, որ պետք է բացատրել: Դա պայմանավորված է ժողովրդի մեծագույն մասի գնողունակության նվազեցմամբ: Ապրանքագներն ավելի արագ են աճում, քան ապրանքարտադրության քանակը: Ես 12 հազար դրամ կենսաթոշակ եմ ստանում, իսկ շատ ձեռնարկություններում աշխատողների մի զգալի մասը՝ 15-25 հազար դրամ աշխատավարձ: Այդ գումարով ի՞նչ կարող ես գնել: Ահա թե ինչով պետք է բացատրել այս առատությունը: Այսինքն՝ մեր ունեցած ապրանքառատության մեջ մեծ դեր ունի նաև մեր… աղքատությունը»:

Հետո զրուցակիցներս անդրադարձան բուժսպասարկմանը: Նշեցին, որ ցանկացած բուժհիմնարկ մտնելիս՝ առաջին իսկ հայացքից աչքի են զարնվում սոցիալական այն խավերի ցուցակները, որ անվճար բուժօգնություն ստանալու իրավունք ունեն: «Ընթերցում ես,- նշեց ներկաներից մեկը,- և ինչ-որ չափով ուրախանում՝ թոշակառուներիս մասին էլ մտածողներ կան»: Սակայն այդ խեղճուկրակ թոշակառուների ուրախությունը կարճ է տևում: Հիվանդը պոլիկլինիկա է գնում: Բժիշկը գտնում է, որ անհրաժեշտ է արյան և այլ հետազոտություններ կատարել, ռենտգենյան լուսանկարահանումներ անել: Բայց, պատահում է, պոլիկլինիկայի լաբորատորիան չի աշխատում կամ չի գործում ռենտգեն-ապարատը: «Ստիպված ես լինում դիմել ուրիշներին օգնությանը: Իսկ այդ «ուրիշները» չեն էլ հարցնում, թե դու սոցիալական ինչ խմբի ես պատկանում: Սպասարկման համար պիտի վճարես. ռենտգենյան մեկ լուսանկարի համար, օրինակ, 2000 դրամ: Ու ստացվում է, որ նույն այդ թոշակառուն, այնուամենայնիվ, ստիպված է վճարել: Սա սոսկ մի օրինակ է, նման օրինակներ շատ կարելի է բերել:

Հիվանդ թոշակառուին հիվանդանոցում, այո, ընդունում են անվճար: Հետո, բուժող բժշկի առաջին զննումներից հետո, բուժքույրը հիվանդին կամ նրա խնամողին է ներկայացնում առաջին դեղացուցակը՝ պահանջելով դեղերը շուտ հասցնել: Ու եթե, Աստված մի արասցե, հիվանդի բուժումը տևի մեկ կամ մեկուկես ամիս, ապա ստիպված պիտի լինես մեծ գումար ծախսել միայն դեղորայք գնելու համար: Էլ չենք խոսում մյուս «ծախսերի» մասին…

Ահա քեզ անվճար բուժսպասարկման փաստացի օրինակ: Ահա քեզ փաստեր ու տրամաբանություն:

Ապրում ենք, էլի…

Դավիթ ԻՇԽԱՆՅԱՆ

——————————————————————————————-

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ ՉԷ

Արցախում անասնաբուժությունը ժամանակին բարձր մակարդակի վրա էր դրված, տասնամյակներ շարունակ կուտակվել է հարուստ փորձ, սակայն այնուհետև, շուկայական հարաբերություններին անցնելուն զուգընթաց, այս ոլորտը կամաց-կամաց զիջել է իր դիրքերը: Պատճառներից մեկն էլ այն էր, որ բնականոն սերնդափոխություն չկատարվեց և լավագույն ավանդույթներն ու փորձը չպահպանվեցին: Ահա թե ինչու որոշեցի գրել այս ոլորտի երկու ռահվիրաների՝ բարձր մասնագիտական գիտելիքների տեր, ժողովրդի ու կոլեկտիվներիի կողմից մեծ հարգանք վայելած, բարոյական վեհ կերպարի տեր երկու հրաշալի անասնաբույժ-մասնագետների մասին: Նրանց մասին, ովքեր դպրոց են ստեղծել: Ներկայացնելով եմ այդ երկու երախտավորների կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը, հույս ունեմ, որ դա կնպաստի բացասական երևույթները հաղթահարելուն, որ ներկայումս նկատվում են այդ ոլորտում:

Անդրեյ Միրզայի Գրիգորյան («մեր Անդրուշան»):

Ծնվել է 1907թ. մայիսի 20-ին, Ստեփանակերտում: Սկզբնական կրթությունը ստացել է քաղաքում, ապա 1923թ. ընդունվել է Ստեփանակերտի նորաստեղծ գյուղատնտեսական տեխնիկումի անասնաբուժական բաժին, ավարտել է 1927թ. գերազանց գնահատականներով, անասնաբույժի վկայականով: Լուսժողկոմի ուղեգրով ընդունվել է Երևանի անասնաբուժական  ինստիտուտը, 1931թ. գերազանցությամբ ավարտում ու վերադառնում է Ստեփանակերտ: 1931թ. նշանակվում է Ստեփանակերտի շրջանի գլխավոր անասնաբույժի պաշտոնում:

Դժվար էր նորավարտ երիտասարդ անասնաբույժի համար. կոլեկտիվացման վերջին շրջան, նորաստեղծ ֆերմաներ, մասնագետների պակաս, հիվանդությունների նոր օջախներ, բիոպրեպարատների, քիմիկատների, դեղորայքի ու գործիքների պակասություն: Նա առաջնային համարեց շրջել շրջանի 48 գյուղերը, ուսումնասիրել դրանց  հակահամաճարակային վիճակը: Ստույգ տվյալների հիման վրա կազմեց շրջանի համաճարակային հիվանդությունների գրանցման քարտեզ, բուժպրոֆիլակտիկ միջոցառումների պլան: Հիվանդությունների կանխարգելման ու բուժման նպատակով ձեռք բերեց համապատասխան բիոպրեպարատներ, քիմիկատներ և անհրաժեշտ ախտահանիչ նյութեր: Ուրիշ շրջաններից վարակի չտարածման համար Ասկերանում կազմակերպեց անասնաբուժական կետ՝ մյուս շրջաններից մտնող գլխաքանակը ստուգելու համար: Կազմակերպեց սանիտարական դասընթացներ, որոնց կարիքը շատ էր:

Սակայն պատերազմը կիսատ թողեց նրա գործերը: 1941թ. հունիսի 25-ին զորակոչվեց ու մինչև վերջ մասնակցեց պատերազմին: Ավելին՝ հաղթանակից հետո նա 2 տարի ծառայեց Բեռլինում: 1948թ. զորացրվեց, վերադարձավ հայրենիք ու վերականգնվեց իր նախկին պաշտոնում:

Նա իր 50-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում ազգօգուտ շատ գործեր է կատարել: Շրջանի անասնաբույժ մասնագետների պակասը լրացնելու նպատակով աջակցել է մոտ երեք տասնյակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, շրջանում նրա առաջարկությամբ կառուցվել են 6 տիպային անասնաբուժական տեղամասեր, կենտրոնական անասնաբուժական կայան, քաղաքային անասնաբուժարան, մսի որակի վերահսկողության կայան շուկայում:

Նա մինչև կյանքի վերջը ընդունվել ու հարգվել է որպես անասնաբուժական ծառայության ռահվիրա: «Մեր Անդրուշան»՝ այսպես մտերմաբար էին արտահայտվում նրա մասին շատերը:

Եգոր Ավետիսի Ֆանյան:

Ծնվել է 1909թ.՝ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում: 1929թ. Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը գերազանց գնահատականներով ավարտել է և ընդունվել Երևանի անասնաբուժական ինստիտուտը: 1932թ.-ին վերադարձել և անմիջապես նշանակվել է Մարտակերտի շրջանի ավագ անասնաբույժի պաշտոնում:

Դժվարին 30-ական թվականներն էին՝ ամեն ինչի պակաս կար, մոլեգնում էին վարակիչ հիվանդությունները: Նրա ջանքերով կազմակերպվեցին սանիտարական կարճատև (եռամսյա) դասընթացներ, կազմվեց հակահամաճարակային ու բուժպրոֆիլակտիկ միջոցառումների ծրագիր, ձեռք բերվեցին համապատասխան նյութեր: Եւ շուտով ձեռնարկված միջոցներն արդյունք տվեցին, տեսանելի եղան ձեռքբերումներն ու հաջողությունները: Ղեկավարությունն ըստ արժանվույն գնահատեց նրա կատարածը. 1943թ. մարզժողբաժնի հրամանով նշանակվեց մարզի գլխավոր անասնաբույժի պաշտոնում: Երկու տարի անց նպատակահարմար գտան նրան գործուղել Մարտակերտ, որտեղ աշխատեց որպես շրջխորհրդի գյուղբաժնի վարիչ: 1947թ. նորից է նշանակվում մարզի գլխավոր անասնաբույժի պաշտոնում: Մոտ 40 տարի աշխատել է այս ոլորտում, իր ազնիվ աշխատանքով վաստակել հրաշալի մասնագետի ու մեծատառով մարդու  համբավ: Նաև գիտնական էր, հեղինակել է երկու աշխատություն (անասնաբույժի ուղեցույցեր՝ մատղաշների ու հորթերի վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխման ու նրանց բուժման) ու բազմաթիվ հոդվածներ: Արժանացել է վաստակավոր անասնաբույժի կոչմանը, պարգևատրվել մի շարք շքանշաններով ու մեդալներով:

Լավ հիշում եմ, թե ինչպիսի հանդիսավորությամբ նրան ուղարկեցին վաստակած հանգստի: Իր ելույթում նա կոչ արեց պատվով պահել անասնաբույժի պատվավոր կոչումը, պահպանել ու զարգացնել այս լորտի փորձն ու ավանդույթները:

Ս. ՍԻՄՈՆՅԱՆ
անասնաբույժ

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ԱԺ ՄԱՐՏԻ 22-Ի ՆԻՍՏՈՒՄ

Վերջին օրերին բազմաթիվ մարդիկ են դիմել «Շարժում-88» կուսակցությանը, իրենց անհանգստությունը հայտնելով գազի սակագների հնարավոր փոփոխման կապակցությամբ: «Շարժում-88» կուսակցությունը ևս մտահոգված է գազի գնի հնարավոր թանկացմամբ և դրա հնարավոր հետևանքներով: Գազի  և մյուս էներգակիրների գների հնարավոր աճը և ի հետևանս դրա՝ շուկայական ապրանքների թանկացումը ոչ միայն կարող են շատ ծանր անդրադառնալ մարդկանց, հատկապես սոցիալապես անապահով խավերի կենսամակարդակի վրա, այլև կարող են սոցիալական պայթյունի պատճառ դառնալ: «Շարժում-88» կուսակցությունը գտնում է, որ կառավարությունը պիտի հատուկ ծրագիր մշակի գազի գնի թանկացման հետևանքները մեղմացնելու և սոցիալապես անապահով խավերի համար փոխհատուցման համակարգ մշակելու նպատակով: Կառավարությանը կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ:

ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՏՈԻՐՔ ՎՃԱՐԵՆ

Միայն հեշտ տեղափոխվող ապրանքի արտադրությունը կարող է արդյունավետ լինի շրջափակված Ղարաբաղում: Այդ համատեքստում ադամանդագործությունը համարվում է Ղարաբաղի տնտեսության առաջնային ճյուղերից մեկը:

ԼՂՀ Ազգային ժողովն այսօր «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ է մտցրել: Համաձայն փոփոխությունների, ադամանդագործական ձեռնարկությունների տերերը պետք է լիցենզիա վերցնեն եւ դրա համար տարեկան 100 հազար դրամ տուրք վճարեն: Հայաստանում տուրքի չափը 1 մլն դրամ է:

Ղարաբաղում երկու ադամանդագործական գործարան է աշխատում, որից մեկը ժամանակավոր փակվել է: Ձեռնարկությունների համար ամենալուրջ պրոբլեմ է հանդիսանում երկրի չճանաչվածությունը՝ պատրաստի ապրանքը դժվար է արտահանել: Ոլորտի վերահսկողությունը իրականացվում է միջազգային կենտրոնացված ձեւով, եւ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի չթույլատրի ղարաբաղցիների մուտքը միջազգային շուկա: Դա մեծամասամբ հաջողվում է. «վերահսկող» մարմինները ազդում են նույնիսկ այն հայաստանյան ձեռնարկությունների վրա, որոնք աշխատում են ղարաբաղցիների հետ:

«Լրագիր»

——————————————————————————————-

Նամականի

ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎՍ ԱՊՐԱ՞ՆՔ

Հավանաբար շատերն են նկատել, որ մեզ մոտ մարդիկ բժշկի են դիմում միայն ծայրահեղ դեպքում, երբ ցավին դիմանալն այլևս անհնար է դառնում: Դրա հիմնական պատճառներից մեկը սոցիալական ծանր վիճակն է. նախ բժշկությունն է վճարովի, հետո էլ դատարկ ձեռքով բժշկի գնալն է անհարմար: Եվ այսպես, անուշադրության մատնված թեկուզ և թեթև հիվանդությունը ժամանակի ընթացքում բարդանալով ու խորանալով՝ լուրջ պրոբլեմներ է առաջացնում: Հարցն ավելի է սրվում, երբ արտագնա բուժման անհրաժեշտություն է լինում: Բուժումն էլի ոչինչ, բայց երբեմն ստիպված են լինում անալիզ հանձնելու համար էլ հասնել Երևան: Իսկ դա, հավատացեք, ոչ բոլորն են ի վիճակի անել: Եվ անուշադրության մատնված բավականին լուրջ հիվանդությունները հետագայում կարող են ավելի լուրջ պրոբլեմներ առաջացնել:

Վերջերս հանդիպեցի մի աղջկա, որն իր հիվանդությունը ախտորոշելու և բուժելու համար բժշկի խորհրդով պետք է Երևան մեկներ՝ անալիզներ հանձնելու: Սակայն սոցիալապես անապահով վիճակը մինչ օրս թույլ չի տալիս: Նմանատիպ դեպքերը քիչ չեն: Ու մարդկանց մոտ ինքնըստինքյան այն կարծիքն է ձևավորվում, որ կամ համապատասխան մասնագետ չկա, կամ էլ տեխնիկական հնարավորությունները թույլ չեն տալիս դա անել տեղում: Պարզելու համար, թե այս ամենը որքանով է համապատասխանում իրականությանը, դիմեցինք «Դիագնոստիկա» ՓԲԸ տնօրեն Վլադիմիր Մուսայելյանին: Վերջինիս հետ մեր ունեցած զրույցի ընթացքում պարզվեց, որ կան որոշ անալիզներ, որոնք այստեղ չեն արվում: «Դա կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ, իսկ քանի որ այդ անալիզները, այսպես ասած, պահանջարկ չունեն, ծախսերն իրենց չեն արդարացնում»,- պարզաբանեց նա:

Այն տպավորությունն է ստեղծվում, թե խոսքն ինչ-որ ապրանքի մասին է, որի լինել-չլինելու հարցը բացատրվում է բիզնեսի կանոններով՝ պահանջարկը ծնում է առաջարկը: Գուցե դրա պատճառն այն է, որ «Դիագնոստիկան» ինքնաֆինանսավորվող ընկերություն է և, ինչպես տեղեկացրեց Վ. Մուսայելյանը, պետության կողմից օժանդակություն չի ստանում, ուստի ստիպված է իր գոյությունը պահպանել սեփական միջոցներով:

Յուլիա ՎԱՆՅԱՆ

 

ԱՅՍՕՐՎԱ ԳՈՐԾԸ ՉԹՈՂՆԵՆՔ ՎԱՂՎԱՆ

Շուշիում կան բազմաթիվ պրոբլեմներ, որոնց լուծման համար համալիր մոտեցում է պետք, նաև՝ տևական ժամանակ: Բայց կան նաև հարցեր, որոնք այսօր կարելի է լուծել ու չթողնել վաղվան: Քաղաքի բնակչությունը ցանկանում է, որ նախ և առաջ լուծվի Ստեփանակերտ-Շուշի երթուղային տաքսիների խնդիրը: Այստեղ աշխատում է 4 երթուղային տաքսի, որոնցից օրական աշխատում են 2-ը, փոխարինելով մեկը մյուսին: Բայց, ըստ բնակիչների, 2 երթուղային տաքսին քիչ է քաղաքի բնակիչներին սպասարկելու համար:

Երթուղային տաքսիներից ավելի շատ օգտվում են ուսանողները, որոնք ևս դժգոհում են մեքենաների պակասից: 170 դրամի փոխարեն նրանք պատրաստ են նույնիսկ ավելին վճարել, միայն թե նորմալ երթևեկեն: 13-15 տեղանոց երթուղային տաքսին տեղափոխում է 20-ից ավելի ուղևորների, ու ոչ ոքի չի հուզում, թե ինչ վիճակում են ուղեւորները տեղ հասնում: Չենք կարող չխոսել նաև Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի օրեցօր վատացող վիճակի մասին: Ճանապարհները պիտի ոչ միայն սարքել, այլև պարբերաբար սպասարկել:

Արևիկ ԱՎԱՆԵՍՅԱՆ / ԱրՊՀ, լեզվագր., 1-ին կուրս

 

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԽՆԱՄՔ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Շուշիի շրջանի Հին շեն գյուղն ապրում է իր ամենօրյա հոգսերով, փորձելով հաղթահարել կյանքի դժվարությունները: Բայց կան դժվարություններ, որոնք դժվար է, ավելի ճիշտ՝ գյուղի բնակչության ուժերից վեր է հաղթահարել: Խոսքը ճանապարհների վիճակի մասին է:

Հին շեն տանող ճանապարհը շատ վատ վիճակում է, կարելի է ասել՝ ահավոր վիճակում: Շաբաթական երկու անգամ քաղաք այցելող բնակիչները ծանր են տանում այս անտանելի ճանապարհը և անհամբեր սպասում նրա վերանորոգմանը:

Երթևեկելով այդ ճանապարհով՝ վախենում ես, որ ահա ուր որ է մեքենան ձորը կընկնի, և այդ վախը ուղեկցում է քեզ ողջ ճանապարհի ընթացքում: Վիճակն ավելի է վատանում ձմռան եղանակներին, երբ առատ ձյան, բքի ու սառցակալման պատճառով գյուղի ավտոբուսը քաղաք չի մեկնում, և այն մարդիկ, ովքեր աշխատում են մայրաքաղաքում, կորցնում են հացի փող վաստակելու իրենց վերջին հույսը:

Գյուղացիները բազմաթիվ խնդիրներից առաջնային են համարում այս մեկը, հասկանալով, որ այն ծախսատար է, բայց նաև հուսալով, որ երկրի տարեցտարի մեծացող բյուջեում անհրաժեշտ գումարը կգտնվի: Ընդ որում, նորոգումը որքան ուշանում, այնքան թանկանում է, քանի որ ճանապարհն ամեն օր ավելի է քայքայվում: Եթե չնորոգվի այս ճանապարհը, ապա աշխարհից կկտրվի ոչ միայն Հին շենը, այլև այդ ճանապարհի վրա գտնվող Մեծ շեն գյուղը ևս:

Արևիկ ԱՎԱՆԵՍՅԱՆ /  ԱրՊՀ, լեզվագր., 1-ին կուրս

 

ԴԱԳԱՂԻ ՎԱՃԱՌՔ
կամ՝ զգույշ, մարդ է

Գրիչ վերցնելուս պատճառն ու «մեղավորը» Ա. Մկրտչյան փողոցում նորերս անհատ ձեռներեցի բացած «Դագաղ» խանութն է, որի մոտով անցնելիս կամա թե ակամա շոկի մեջ ես ընկնում: Դագաղը վաճառվում է նարնջի, կարտոֆիլի, սոխի և այլ բնամթերքների անմիջական հարևանությամբ: Կողքի խանութը ցուցահանել է մրգաբանջարեղենային ապրանքանին, «Դագաղ» խանութն էլ, բնականաբար, իր տեսականին, այսինքն՝ դագաղները: Երեկոյան ժամերին խանութը փակ է, բայց լույսերը վառված են թողնվում և անցնելիս այդ հսկայական դագաղները սահմռկեցուցիչ տպավորություն են թողնում անցորդների վրա: Կեսօրին այդ նույն դագաղներն արդեն խանութից դուրս են հանվում և նշածս նարինջների կողքին, այսպես ասած, գովազդվում են: Հարց է ծագում՝ արդյո՞ք, դագաղը այն ապրանքն է, որ կարիք է զգում նման գովազդման և անպայման պիտի ցուցադրվի: Մանավանդ, որ դագաղ վաճառողի, թե պատրաստողի տան և բջջային հեռախոսի համարները կպցված են ապակեպատ դռան վրա:

Հասկանալի է, այժմ ամեն ոք զբաղվում է նրանով, ինչով կարողանում է, բայց արդյո՞ք գոյության պայքար մղելու համար «բոլոր միջոցները լավ են», նույնիսկ դագաղները մարդկանց «աչքը կոխելը» մարդաշատ փողոցում: Թող ների ինձ «Դագաղ»-ի տնօրենը, բայց մարդաշատ փողոցում դագաղ գովազդելը, մեղմ ասած, անհեթեթություն է, քանզի դա այն ապրանքը չէ, որ երեկոյան տուն շտապելիս տեսնենք և չմոռանանք գնել…

Ըստ իս, խանութի տերը ճիշտ կաներ, եթե վարագուրեր խանութի պատուհանները, քանի որ նրա «կոորդինատները» խանութի դռան վրա և խոշոր տառերով «Դագաղ» մռայլ մակագրությունը, համոզված եմ, բավական են, որպեսզի ում որ պետք է՝ այցելի այդտեղ:

Մեր՝ առանց այն էլ շատ վիշտ ու կորուստներ տեսած արցախցիները, համոզված եմ, հիացմունք չեն ապրում տեսնելով իրար ետևից շարված դագաղները:

Իսկ հնարավոր չէ՞, արդյոք, որ դագաղները և, ընդհանրապես, սգո պարագաները վաճառվեն գերեզմանատանը հարող տարածքներում, և չկա՞, արդյոք, կանոնակարգ, որ կարգավորի  փողոցային առևտուրը: Որպեսզի դագաղն ու մթերքները «միասին» չվաճառվեն:

Մի տխուր զավեշտ ևս. մեկ այլ «դագաղագործ» կոոպերատիվ, որը, ճիշտ է, տեղակայված է քաղաքի ծայրամասում, բայց, չգիտես ինչու, իրեն անվանել է «ձþՑ», այսինքն՝ հարմարավետություն, բարեհարմարություն: Աստված հեռու պահի նման «կոմֆորտից»: Այս «անհարմար» կյանքն ավելի նախընտրելի է:

Ն. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

ԳՐՔԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Օրերս այցելեցինք Մուրացանի անվան քաղաքային գրադարանը: Ինչո՞ւ մեղքներս թաքցնենք՝ այնտեղ հայտնվեցինք առաջին անգամ: Նախ՝ սովորաբար օգտվում ենք ԱրՊՀ-ի, երբեմն էլ կենտրոնական՝ Մ. Մաշտոցի անունը կրող գրադարանի ծառայություններից: Հետո էլ՝ քաղաքայինի տեղը չգիտեինք: Ու որոշեցինք գտնել: Ահա այսպիսի լրագրողական հետաքննություն: Գտանք մեծ դժվարությամբ՝ անցորդների ու խանութների աշխատակիցների օգնությամբ: Դե որտեղի՞ց կարող էինք կռահել, որ այդ երկաթյա հնաոճ դռների ետևում են պատսպարված գրքերը, մանավանդ՝ չկար և ոչ մի ցուցատախտակ:

Դժվարությամբ գտանք նաև այն պարզ պատճառով, որ փնտրում էինք ոչ թե ինչ որ շենքի առաջին հարկում գտնվող՝ հին, վառարանների ծխից սևացած պատերով, քարուքանդ աստիճաններով ու շքեղ խանութներով շրջապատված, այլ ակնկալում էինք տեսնել վերանորոգված հարմարավետ շենքում:

Բայց, ինչպես ասում են, կարևորն արտաքինը չէ: Այդ հույսով էլ ներս մտանք: Բացվեց հետևյալ տեսարանը. երկարումութ տարածություն՝ զուրկ պատուհաններից, մթության մեջ թաքնված՝ մկների ու առնետների կողմից մի քիչ կրծոտված, առաստաղից թափվող ջրերով ներծծված, դեղնոտած, պատառոտված ու արևի շողեր վաղուց փափագող գրքեր, մրոտ պատեր, բորբոսնած առաստաղ, երկու վառարան… Մուտքի մոտ էլ՝ հայ մի քանի նշանավոր  գրողների նկարներ ու մի քանի ցուցատախտակներ: Ահա այս է մեր քաղաքային, մեր մեծ ռեալիստի՝ Մուրացանի անունը կրող գրադարանը:

Երևի կմտածեք, որ մոռացել ենք պատմել, թե ինչ վիճակում է գտնվում ընթերցասրահը: Չենք մոռացել, պարզապես գրադարանը զուրկ է ընթերցասրահից:

Հետաքրքիր ազգ ենք, չէ՞: Հիմա ինչպես չհիշես Վարպետի տողերը գալիք ոգու սովի մասին: Կարծես թե այդ ժամանակները հեռու չեն:

Անահիտ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ, Լարա ՍԵՎՈՒՄՅԱՆ / ԱրՊՀ, լրագր., 2-րդ կուրս

 

«Кать-кать чебуреки», «Так-так пирожки»

Պայծառահրաշ մի օր, դասերից հետո զբոսնելով՝ տուն էի վերադառնում: Հանկարծ հոգնած ու քաղցած ուսանողիս աչքը գրավեցին «чебуреки» և «пирожки» բառերը: Կենտրոնացրի ուշադրությունս, պարզելու համար, թե ինչ են նշանակում «кать-кать чебу-реки» և «так-так пирожки» բառակապակցությունները: Անկեղծ լինեմ, միանգամից չընկալեցի դրանց բովանդակությունը: Իսկ երբ հասկացա, ի՞նչ եք կարծում, ի՞նչ արեցի… Դե, իհարկե, լիաթոք ծիծաղեցի: Իսկ հետո սկսեցի պատկերացնել, որ իմ փոխարեն այս գրությունները փորձում է «վերծանել» ազգությամբ ռուս մի ոմն անցորդ. հարազատ տառեր են, բառերն՝ օտար: Կարելի է միայն ենթադրել, որ նա նախ կտարակուսի, ապա կմտածի, որ սրանք ոմն  Կատյայի թխածն են: Բայց երկրորդ գրության հարցում հաստատ կդժվարանա: Ինքներդ դատեք նրա տրամաբանությամբ՝ ի՞նչ է նշանակում «այսպես-այսպես» կարկանդակ:

Մինչ ես զոռ էի տալիս երևակայությանս, մտորելով այս զավեշտի մասին, նույն տեղով բազմաթիվ անցորդներ անցան և նրանց դեմքերին էլ սկզբում ժպիտ, իսկ հետո հեգնանք հայտնվեց. ինչո՞ւ կիսառուսահայերեն: Ես նույնպես, ամեն անգամ վերհիշելով «ախորժալի» չեբուրեկիներն ու պերաշկիները, փորձում եմ հասկանալ, թե ինչ նպատակ են հետապնդել այդ «հաստատության» աշխատակիցները: Եթե ցուցանակը կպցվել է ռուսախոսների համար և ռուսախոսների կողմից, ապա մի՞թե ռուսախոսը չէր հասկանա «չՏՐÿփՌռ» կամ «Ցպտսօռ» բառերը: Իսկ եթե փորձել են կատակի ձևով ներկայացնել և գրավել անցորդների ուշադրությունը, ապա մի՞թե կատակի այլ տարբերակ չկա: Եվ մի՞թե տվյալ հաստատությունում չի գտնվել մեկը, ով «տաք» և «կարկանդակ» բառերն իմանա: Ցավալին այն է, որ այդ ցուցանակը գտնվում է բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի հարևանությամբ և հնարավոր է, որ այդ հաստատության ուսանողներից ու դասախոսներից շատերն են համտեսում նույն «кать-кать» կամ «Tак-так» պերաշկիներն ու չեբուրեկիները՝ չնկատելով աղավաղված գրությունները:

Սա, իհարկե, առաջին նման երևույթը չէ: Լեզվի տեսչությունը պարբերաբար հանդես է գալիս հրամաններով ու նախազգուշացումներով: Բայց աղավաղումները շարունակվում են:

Յանա ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

 

ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ՊԱԿԱՍ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ

Օրեցօր զարգացող շուկայական պայմաններում բնական է խանութների առատությունը:

Մի կողմից դա դրվատելի է, քանի որ մենք հնարավորություն ունենք առանց երկար փնտրտուքի գնել մեզ անհրաժեշտ ապրանքը: Չնայած այդ առատությանը՝ խանութներից շատ քչերում է սպասարկումը կատարվում բարձր մակարդակով: Մենք ձգտում ենք դեպի Եվրոպա, բայց սպասարկման ոլորտում մեր մակարդակը ասիական է՝ բառի տրադիցիոն իմաստով (թող ինձ ներեն ասիական զարգացած երկրները): Շատ դժվար է խանութներում առևտուր անելիս հեռախոսազրույցից կտրել սպասարկող անձնակազմի անդամներին: Թվում է՝ հեռախոսը նրանց ավելի շատ է հուզում, քան թե առևտուրը:

Սպասարկման որակի հարցը ավելի լուրջ է հագուստեղենի խանութներում: Եթե հագուստեղենը դիտելուց հետո դրանցից ոչ մեկը չես գնում, արժանանում ես վաճառողի՝ լավագույն դեպքում արհամարհական հայացքին կամ նույնիսկ կարող ես արժանանալ զայրացած վաճառողի մի քանի ոչ կոռեկտ արտահայտությունների:

Չի կարելի ժխտել, որ մի շարք խանութներում սպասարկման ոլորտում դրական քայլեր կան արդեն: Ցանկալի է, որ նրանց օրինակը տարածվի նաև մյուսների վրա:

Աննա ՆԱՐԻՄԱՆՅԱՆ / ԱրՊՀ, լրագր., 1-ին կուրս

——————————————————————————————-

Մշակույթ

ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԳՈՒՄԱՐԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԻՄՈՒՄ.
այսպիսին է Մերի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ դեղատոմսը

Անցյալ տարվա վերջին՝ համաձայն իր դիմումի, զբաղեցրած պաշտոնից ազատվել էր ԿՄՍ նախարարության մշակույթի վարչության պետ Վ. Միքայելյանը: Այդ պաշտոնում ժամանակավոր նշանակվեց երաժիշտ-իրավաբան, Միջազգային իրավունքի ասոցիացիայի անդամ Մերի Կարապետյանը, ով մարտի 15-ին վերոհիշյալ պաշտոնի համար անցկացված մրցույթից հետո նշանակվեց վարչության պետ:

Ձեզ ենք ներկայացնում ԿՄՍ նախարարության մշակույթի նորանշանակ վարչության պետ Մերի Կարապետյանի՝ մեր թերթին տված հարցազրույցը:

– Ինչպե՞ս կբնութագրեիք արցախցիների մշակույթի և մասնավորապես, Ձեր  գլխավորած վարչության ներուժը:

– Բոլոր բնագավառներում էլ Ղարաբաղի մարդկային ներուժը միշտ էլ շատ բարձր է եղել: Դա, երևի, գենետիկ հատկանիշ է: Սակայն, ինչ-ինչ սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներով՝ պատերազմ, 70 տարի ուրիշ հանրապետության կազմում լինելը և այլն, բացասական իմաստով իրենց դրոշմն են թողել:

– Ի՞նչ եք կարծում, ԿՄՍ նախարարության մշակույթի վարչությունում կադրային փոփոխությունների անհրաժեշտություն կա՞:

– Տվյալ պարագայում այդ ամենը ինձանից կախված չէ: Ես չեմ կարող կադրային փոփոխություններ անել, քանի որ դրանք իմ գործառույթների մեջ չեն մտնում՝ համաձայն քաղծառայության մասին օրենքի: Եվ չեմ էլ կարծում, թե մասսայական կադրային փոփոխությունների կարիք կա: Խնդիրը դա չէ: Մարդիկ այսքան տարի աշխատել են այստեղ…

Ուստի հարցը ոչ թե մարդկանց, այլ ուղղվածությունը, աշխատանքի ոճը, միջոցառումների մակարդակը փոխելու մեջ է:

– Բայց չէ՞ որ այդ ամենը կապված է նաև կադրերի պրոֆեսիոնալիզմի հետ: Եվ եթե կադրային փոփոխության մասին չենք խոսում, ապա՝ պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու համար կկազմակերպվե՞ն գոնե որոշակի միջոցառումներ, դասընթացներ:

– Ինտեգրացիոն քաղաքականությունը մեր հիմնական աշխատանքային նպատակներից մեկն է, որովհետև, ինչպես նշեցի, ներուժը շատ մեծ է, բայց այդ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով մասնագետների կարիք է առաջացել: Ուստի՝ նախ, ընդհանուր մակարդակը բարձրացնելու համար անպայման ինտեգրացիոն քաղաքականություն է պետք, որպեսզի մասնագետներ գան այստեղ, աշխատեն: Երկրորդը. նայեք՝ մարդ կարող է աշխատել և° իր հնարավորությունների մինիմումով, և° կարող է աշխատել մաքսիմումով: Ամեն ինչ կախված է ղեկավարից. ղեկավարը պիտի կարողանա գործը կազմակերպել այնպես, որ ամեն ինչը մաքսիմումով լինի. այդ դեպքում արդեն ամեն ինչ կստացվի:

– Ի դեպ, ինտեգրացիոն քաղաքականության մասին: Ինչպե՞ս է վարչությունը համագործակցում Հայաստանի համապատասխան նախարարության հետ:

– Ես դեռ նոր եմ նշանակվել, բայց մոտ ժամանակներս հնարավորություն կունենամ ինքս գնալ, տեղում ծանոթանալ ու պարզել, թե ինչ կարելի է անել այդ ուղղությամբ: Մասնագետներ, անշուշտ, կհրավիրվեն: Ծրագրով դա նախատեսված է:

– Անցյալ տարի նախարարությունը ստեղծեց հանձնաժողով, որի կազմում էիք նաև Դուք: Այն ստուգումներ անցկացրեց թատրոնում, ինչի արդյունքում հանձնաժողովը եկավ եզրակացության, որ «թատրոնը գտնվում է ճգնաժամային վիճակում»: Հետաքրքիր է, որքանո՞վ է Ձեր իրավասության մեջ  մտնում թատրոնի հարցի այս կամ այն կերպ լուծումը:

– Թատրոնը մշակույթի վարչության անմիջական ենթակա կազմակերպությունն է: Ինչ վերաբերվում է գնահատականին, այն օբյեկտիվ ու ճշգրիտ էր: Հարցը ընթացքում է, և հույս ունենք, որ այն վերջնականապես կլուծվի:

– Մոտավորապես ինչպե՞ս կլուծվի, և որքանո՞վ է իրատեսական ճգնաժամային իրավիճակի համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու հանգամանքը:

– Երբ մարդ պատասխանատվության է ենթարկվում, ուրեմն նա մեղադրվում է ինչ-որ բանի մեջ: Մեր եզրակացության մեջ գրված էր, թե ինչպիսի բացթողումներ կային թատրոնում, ինչպիսի ոչ ճիշտ քաղաքականություն էր վարվում, սակայն եկեք սպասենք, տեսնենք՝ ինչ որոշում կկայացվի:

– Լուրեր են պտտվում, թե թատրոնում Երևանից հրավիրված նոր տնօրեն ու նոր գլխավոր ռեժիսոր կնշանակվեն: Ինչքանո՞վ են այդ լուրերը համապատասխանում իրականությանը:

– Երևանից հրավիրվել է ռեժիսոր: Բայց միայն մեկ նոր բեմադրություն անելու համար:

– Մոտակա մեկ ամսվա ընթացքում ի՞նչ միջոցառումներ է նախատեսել վարչությունը:

– Նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ: Նախ՝ այս տարի լրանում է Առնո Բաբաջանյանի 85-ամյակը, որը մեծ շուքով նշելու ենք. կկազմակերպվի մրցույթ, Երևանի Առնո Բաբաջանյանի ֆոնդի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն և իրենք մեծ սիրով համաձայնվել են տրամադրել  արխիվային ֆոտոները, կազմակերպվելու է ցուցահանդես: Նաև  տրամադրելու են նոտաներ, գրքեր, աֆիշներ: Բացի այդ, անց են կացվելու գուսանական երգի փառատոն, արվեստագետների-արհեստագետների մրցույթ-փառատոն, լինելու է համահայկական երգի մրցույթ-փառատոն, նաև, այսօրվանից արդեն պատրաստվում ենք մայիսի 9-ի տոնակատարությանը:

– Այդ օրը կլինե՞ն որոշակի նորություններ ու նորամուծություններ:

– Հնարավոր է:

– Երևանից հյուրեր կլինե՞ն:

– Կլինեն:

Հ.Գ.- Վերջին ժամանակներս ԿՄՍ նախարարությունում առկա զարգացումները տխուր օրինաչափության առաջ էին կանգնեցրել մեզ. 2 տարվա մեջ ԿՄՍ նախարարի պաշտոնը ստանձնեցին 3 հոգի: Քաղաքականություն է, հասկանում ենք, թեև ցանկալի կլիներ, որ այն քաղաքականության հետ սերտ առնչություն չունենար: Միևնույն ժամանակ հարկ է փաստել, որ ԿՄՍ ներկայիս նախարար Կամո Աթայանը լրջորեն ձեռնամուխ է եղել բարեփոխումների: Մշակույթի վարչությունում կատարված փոփոխությունները դրա վառ ապացույցն են: Հուսանք, վարչությունը քաղաքական խաղերի համար փորձադաշտ չի դառնա, իսկ կատարվող փոփոխություններն էլ համապատասխան մասնագետների համալրումը կլինեն:

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

 

ՆՐԱ ՈԳԻՆ ԵՐԳԵՐՈՒՄ Է

Տումի գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, 20-րդ դարի լավագույն մանկավարժ, 1999 թվականից ԼՂՀ գրողների միության անդամ Խորեն Բաղդասարյանի մասին շատ էի լսել: Նա բանաստեղծությունների մի շարք ժողովածուների («Սիրտս հայոց գրերի մեջ», «Արցախ, սիրտ իմ, սեր իմ»), մանկավարժության որոշ հարցերն ուսումնասիրող մեթոդական մենագրությունների, բազմաթիվ հոդվածների և հրապարակախոսությունների հեղինակ է: Վերջերս էլ, գործի բերումով ներկա գտնվելով ուսուցչական երգչախմբերի մրցույթ-փառատոնին, իմացա, որ նա նաև Տումիի դպրոցի ուսուցչական երգչախմբի ղեկավարն է:

Այն, որ ոչ թե մասնագետը կամ երգի դասատուն էր ղեկավարում ուսուցչական երգչախումբը, այլ հայոց լեզվի և գրականության ուսուցիչը, հնամենի ժամանակները հիշեցրին: Ժամանակներ, երբ մայրենի լեզվի ուսուցիչը եղել է դպրոցի հոգին ու միտքը:

Հյուրընկալվելով ուսուցչի մոտ

Ուսուցչին հյուր գնալու միտքը, նույնիսկ անկոչ հյուրի կարգավիճակով, վաղուց էր հասունացել: Մի քեֆչի մարդու մոտ «անկոչ» հյուր էի և ռուսական հայտնի «незванный гость хуже татарина» ասացվածքը բերանիցս դուրս թռավ: Նա նկատեց. «Այդ ասածվածքը հայերի մասին չէ: Հայի համար անկոչ հյուրեր չեն լինում»: Դիպուկ էր ասված: Խոսքից այս անգամ էլ անցա գործի:

Ուսուցիչը փոքր-ինչ անակնկալի եկավ մեր հանկարծակի այցելությունից, բայց… անչափ ուրախացավ: Մի թեթեև իրար խառնվեց. ուզում էր, որ ամեն ինչ լինի լավագույն կերպով, որպեսզի մենք զգանք մեզ ինչպես տանը: Գրքերով և թղթերով կուտակված սեղանի վրա հայտնվեց հրաշալի բուրող խնձորներով մի պնակ: Անշուշտ՝ իր այգու պտուղներն էին: Կինը լուռ կատարում էր նրա բոլոր ցանկությունները, որոնք ավելի շուտ հրահանգի պես էին հնչում:

Զրույցը «գնաց» իր հունով, գրիչն էլ «մասնագիտորեն» գրի էր առնում խոսողի շուրթերից դուրս եկած յուրաքանչյուր բառ: Բայց ես նրան լսում էի բնազդաբար, վեցերորդ զգայարանով՝ փորձելով լսել նրա ոգու հաճախականությունը: Մենք խոսում էինք դպրոցի, դասավանդման, դաստիարակման, ուսուցման մեթոդների, նախկին և ներկայիս կրթական համակարգերի, ընտանիքի, երեխայի, հայոց լեզվի, հայ երգի մասին: Գրեթե ողջ աշխարհին հայացք ձգեցինք:

Ես նկատեցի, որ վերջին թեմայի շուրջ խոսելիս, նրա հայացքը՝ խիստ և խրոխտ, մեղմացավ և լուսավորվեց: Խիստ, պահանջկոտ մանկավարժը դարձավ մեղմ, նուրբ, երազկոտ մի մարդ: Խնդրեցի երգել. գիտեի, որ հրաշալի երգում է: Նրա համար դա իր հայրենի տարերքում հայտնվելու ևս մեկ առիթ էր: Տարերք, որտեղ բառի և մեղեդու հնչյունն ապրում էին սկզբնական, սինկրետիկ միասնականության մեջ:

Ես հոբելյաններ չեմ սիրում

2005 թվականին լրացավ Խորեն Բաղդասարյանի 75-ամյակը: Խոստովանեմ, որ նպատակ ունեի հոդվածը գրել հոբելյանի կապակցությամբ: Շնորհավորում եմ ավելի քան 50 տարվա մանկավարժական գործունեության, ծննդյան հոբելյանական տարելիցի առթիվ…

«Անկեղծ ասած, ես հոբելյաններ չեմ սիրում,- ասում է նա,- սիրում եմ մարդկանց, երեխաներին էլ՝ ավելի շատ, սիրում եմ պարզապես շփվել նրանց հետ»:

Տունն ու դպրոցը Խորեն Բաղդասարյանի համար անքակտելի միասնություն են, որտեղ ուսումնական գործընթացը մեկ վայրկյան անգամ չի դադարում իր աշխատանքը: Ուսումնական ծրագրեր, պատի թերթի պարբերական թողարկումներ, որի լույս ընծայման ավանդույթը դրվել է դեռ 1954 թվականին, ծրագրերի պարբերական թողարկում դպրոցական ռադիոյով, սիստեմատիկ քննարկումների անցկացում՝ բարոյադաստիարակչական, հոգեբանական թեմաներով, լրացուցիչ պարապմունքներ, փորձեր, որոնց ընթացքում ուսուցիչ Բաղդասարյանը՝ հայկական երգի գիտակը, երեխաներին սովորեցնում է ոչ պակաս ջանադրությամբ նույն այդ երգի կատարման գաղտնիքները:

Իսկ տանը օրվա ընթացքում երեխաների հետ շփումից ստացված ինֆորմացիան է մշակում, կարգավորում և նախագծում գալիք օրվա անելիքները: Ողջ օրն է ենթարկում մի նպատակի՝ դաստիարակել կիրթ, բարոյապես և հոգեպես առողջ սերունդ:

Նիհիլիստական մոտեցումը ճիշտ չէ

Որո՞նք են դպրոցի այսօրվա խնդիրները և ինչպե՞ս է այդ պրոբլեմներին մոտենում մանկավարժ, բանաստեղծ, հրապարակախոս Խորեն Բաղդասարյանը:

«Բարոյականությունը հասարակությունն է ստեղծում,- ասում է ուսուցիչը,-այդ նորմերը էապես, ժամանակների ընթացքում երբեք չեն փոխվում: Իսկ գրողը, բանաստեղծը բոլոր ժամանակներում նայում է աշխարհին, իրերին բարոյահոգեբանական տեսանկյունից: Ինչո՞ւ են հիմա  հայ գրականության ծրագրերից դուրս մնացել բանաստեղծներ Գեղամ Սարյանը, Հակոբ Հակոբյանը, Չարենցի պոեզիայի լենինյան թեման: Նիհիլիստական մոտեցումը ճիշտ չէ, կգա ժամանակ,- համոզված է ուսուցիչը,- և  նման մոտեցումը քննադատության կենթարկվի»: Հետևում է հաստատված ծրագրերին, սակայն միշտ լրացնում է այն ամենով, ինչը անհրաժեշտ է համարում երեխաների համար:

«Այսօրվա հայկական հասարակությունն ապրում է արժեքների աղավաղման շրջանում: Մոռացության է մատնվել ծնողի, ընտանիքի դերը, կարելի է ասել, որ այն լիովին հեռացել է դպրոցից: Հասարակությունն ոչ լիարժեք մասնակցություն է բերում երեխայի դաստիարակության գործում: Փոխարենը՝ ամենաթողությունն ավելի լայնածավալ է դառնում: Բայց ամենաթողությունը ազատություն չէ: Ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ դադարում է հսկողությունը: Խորհրդային ժամանակներում լրիվ հակառակն էր՝ հսկողությունն այնքան խիստ էր, որ հետապնդվում էր յուրաքանչյուր ազատ ստեղծագործական միտք: Ոչ առաջինի, ոչ էլ երկրորդի դեպքում հասարակությունը չի կարող ներդաշնակ զարգացում ապրել: Սերունդների ներդաշնակ դաստիարակությունն առավել ևս դժվար է  իրականացնել այսօր, երբ բազմադարյան արժեքներն ու ավանդույթները աղավաղվում են»:

Խորեն Բաղդասարյանը, այնուամենայնիվ, հավատում է, որ ներկայիս հասարակության, երիտասարդության առողջ մասը ի վիճակի է իր ուսերին վերցնել մատաղ սերնդի ներդաշնակ դաստիարակության հարցը:

Արվեստանոցում

Խորեն Բաղդասարյանի հայրական մեծ տունը լիքն էր գրքերով: Բայց կար ևս մի սենյակ, ուր նա ուղեկցեց մեզ այնպես, ասես սրբատեղի տանելիս լիներ: Այդ սենյակում միայն ու միայն գրքեր ու երաժշտական գործիքներ էին: Դա նրա աշխատասենյակն էր, ավելի ճիշտ, արվեստանոցը:

Երգեց արվեստանոցում, երգում էր ինչ էլ խնդրեի. գուսանական, ժողովրդական երգեր: Կատարեց նաև երգեր մոր, սիրո մասին: Ընդհանրապես կյանքում, ինչպես և բանաստեղծության և երգի մեջ, մոր կերպարը բանաստեղծի սրտում հատուկ տեղ են գրավում: Նրա համար մայրը մի աշխարհ է, որը միշտ իր հետ է, նրա մեջ է, եթե նույնիսկ երկուսն էլ ողջ չեն: Մայրաշխարհը, որն ստեղծված է աստվածային ճշմարտությամբ, հավիտենական է, քանզի ի վիճակի է ուրախություն ու երջանկություն, սեր պարգևել յուրաքանչյուրին, ով ծնվել է այդ աշխարհում և ապրում է ի շնորհիվ այդ աշխարհի:

Զարմանալի է՝ 75-ամյա ուսուցիչը չէր հոգնում երգելուց: Շատ է սիրում Սայաթ-Նովային, Ջիվանուն, Շահենին, համեմատաբար նոր երգահաններին՝ Հասմիկ Մանասարյանին, Ավետիս Խաչատուրյանին, գրչեղբայր Գուրգեն Գաբրիելյանին: Հրաշալի իմանում է ժողովրդական երգերը: Իմանում է վաղուց՝ մանկուց, գեներով: Գիտե, քանի որ սիրում է երգը պոեզիայի մեջ և պոեզիան՝ երգի: Սիրում է, որովհետև նրա հոգին ապրում է երգերում և պոեզիայում:

Վերջաբանի փոխարեն

Լրագրողի կյանքում հանդիպումներն ու բաժանումները սովորական բան են, մասնագիտության հիմքը: Խորեն Բաղդասարյանի հետ հանդիպումը բացառություն էր. մենք պայմանավորվեցինք նորից հանդիպել: Նա խոստացավ նորոգել իր հին դհոլը, իսկ ես գալ նրա մոտ քանոնահարուհու հետ: Պայմանավորվել ենք միասին նստել իր բակի թթենու տակ և հնագույն քանոնի նվագակցությամբ երգել… Չէ՞ որ հայկական երգն ու պոեզիան անսպառ ու հավերժ են:

Ո՞վ կշարունակի Խորեն Բաղդասարյանի գործը, ո՞վ կդառնա նրա ոգու գանձերի ժառանգը: «Մեր երեխաները»,- պարզապես ասաց նա: Այն երեխաները, ում նա սովորեցնում է հայոց լեզուն, գրականությունն ու հայ երգն ահա 53 տարի:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Տումի-Ստեփանակերտ

——————————————————————————————-

Պատմություն

ԹՈՒՐՔ ԲՌՆԱԿԱԼԻ ՑԱՍՈՒՄԸ

հատված «Արցախի ճակատագիրը» անտիպ պատմավեպից

Իբրահիմ խանը արնախում բորենու պես ոռնաց կատաղությունից՝ լսելով բանտից մելիքների փախուստի մասին լուրը: Նրա վեզիրներն ու ներքինապետն ահից քարացել էին: Երբեք խանին այդ աստիճան կատաղած չէին տեսել: Ինչու չէ, նաև սարսափում էին, որ իրենք նույնպես կարող էին դառնալ հայատյաց բռնապետի վրեժխնդրության զոհերը: Անգամ մեծ վեզիրը՝ Սուլեյմանը, որը խանի ամենամոտ մարդն էր, ներքին տագնապից հարցականի պես թեքվել էր օթևանի դռան անկյունում: Այնինչ, սովորաբար կարևոր խորհրդակցությունների ընթացքում ծալապատիկ նստում էր խանի կողքին՝ հատակին փռված պարսկական գորգին: Եվ, ընդհանրապես, արևելյան ավանդույթի համաձայն, խանի ներկայությամբ նստում էին միայն շեյխը և մեծ վեզիրը, իսկ մնացածները պարտավոր էին կանգնել հեռավորության վրա: Միայն բարձրաստիճան հյուրեր ընդունելիս վեզիրից մինչև ներքինապետը կանգնում էին ոտքի վրա՝ ի նշան խոնարհումի: Սակայն բոլոր հպատակները քաջածանոթ լինելով Իբրահիմ խանի չափազանց դյուրագրգիռ, կասկածամիտ ու անհավասարակշիռ բնավորությանը, հաճախ ակամայից դառնում էին նրա կայացրած անսպասելի վճիռների իրականացման ականատեսներ: Խանի առաջին հրամանը եղավ փախուստի գիշերը բանտապահ զինվորներին գլխատելը: Երկրորդ հրամանը բանտարկված Հովհաննես կաթողիկոսի և նրա եղբայրներին կրկնակի տանջանքների ենթարկելն էր: Երրորդը՝ բանտապահ զորապետի՝ Արիֆի պատժելն էր: Բոլորը համրացած սպասումով գրեթե համոզված էին, որ այն կլինի թերևս ամենասարսափելի պատիժը, քանզի բանտի կառուցումից ի վեր՝ շուրջ քսանհինգ տարիների ընթացքում փախուստի ոչ մի դեպք չէր արձանագրվել:

Արիֆը վախից լեղապատառ ու գլխիկոր կուչ էր եկել խանի առջև: Աննկարագրելի զայրույթի մոլուցքից քառասունյոթամյա Իբրահիմ խանի սեխանման դեղին դեմքին գայլի պես դուրս ցցված աչքերը մահամերձ գազանի սարսափազդու տեսք ունեին: Ծիրանագույն պատմուճանի տակից երկու ձեռքերը մեջքի երկայնքով փաթաթած ատլասե ոսկեգույն հաստ գոտու մեջ խրած՝ խանն անհանգիստ՝ արյան ծարավով լի, ետ ու առաջ քայլում էր իր վիթխարի օթևանում: Մանկությունից ապրելով ու կրթություն ստանալով Պարսկաստանում, ոչ միայն սովորել էր մահմեդական կրոնի բոլոր մոլեռանդությունները, այլև պատիժների այնպիսի ձևեր էր մշակել, որ ողջ լեռնաստանը սարսափի մեջ էր պահում: Տեր դառնալով հայրական ժառանգության՝ Վարանդայի տիրակալի՝ մելիք Շահնազարի պես նախ ստիպված էր կռվել իր եղբոր՝ Միհրալի խանի դեմ, որը չէր ուզում ճանաչել նրա իրավունքներն ըստ ավագության: Եղբորը տապալելու և հզորանալու նպատակով քաղաքական խորամանկ քայլի դիմեց՝ ամուսնանալով Դաղստանի ուժեղ տիրապետողներից մեկի՝ Ավարիայի Ումմա խանի քրոջ հետ: Եղբայրն էլ դաշինք կնքեց Ղուբայի Ֆաթալի խանի հետ, որը նույնպես հզոր իշխողներից էր: Միհրալի խանին հաջողվեց գրավել Ղարաբաղի տափարակները և պատրաստվեց գրավել Շուշին: Բայց այդ ընթացքում նա սպանվեց, իսկ Ֆաթալի խանը, որ գրավել էր Գանձակը, մեռավ: Ժառանգական վեճը լուծվեց ի շահ Իբրահիմ խանի, որին հաջողվեց դառնալ Ղարաբաղի տերը և ընդարձակել իր խանության սահմանները: Անհրաժեշտ է ընդգծել, որ Իբրահիմին՝ որպես թուրքի, խանության աստիճան շնորհեց Պարսկաստանի Բերիմ խանը և կարգեց նրան Շուշիի բերդի կառավարիչ: Այսինքն՝ նա հասարակ խան էր, որը Պարսկաստանում նույն ժամանակահատվածում երկպառակության ու անիշխանության պատճառով տասնյակ տարիներ ի վեր իր տեղում մնաց: Լինելով ժամանակավոր կառավարիչ՝ նույնպես հարկ էր վճարում Պարսկաստանին: Նաև վերոհիշյալ գլուխներից հայտնի է, որ օգտվելով Արցախի հայ մելիքների ներքին գժտություններից, որպես հզոր գործիք խանն օգտագործեց մելիք Շահնազարին՝ ամուսնանալով նրա դստեր՝ Հուրիզատ խանումի հետ: Այս փաստը ևս սաստկացրեց լարվածությունը մելիքների մեջ: Նա երբեմն դիմում էր դաշնակիցների օգնությանը՝ հակառակորդին տապալելու համար: Բոլորովին պատահական չէր, որ և Գանձակի Շահվերդի խանի, և Վրաստանի Հերակլ թագավորի համար ուժեղ ախոյան էր: Մի քանի անգամ փորձեց տիրանալ Գանձակին: Բայց ապարդյուն: Շահվերդի խանին օգնության հասավ Հերակլի զորքը: Իբրահիմ խանը ստիպված էր հեռանալ՝ կողոպտելով Շահվերդի խանի ունեցվածքը: Լինելով անկախ Արցախի, ինչպես նաև անկախ Հայաստանի պետականության հաստատման գաղափարի բացարձակ թշնամին՝ նա ընդունեց ռուսներին հպատակվելու առաջարկը: Երբ ռուսական զորքերը մտան Թիֆլիս, Իբրահիմ խանը զգաց, որ Ղարաբաղի խանության վրա մեծ վտանգ էր կախվել: Ուստի պաշտպանողական համաձայնություն կայացրեց Խոյի, Նուխու և Բաքվի խաների հետ: Նրանք որոշեցին դիմակայել ռուսներին, եթե հարձակում լիներ: Ու երբ գեներալ Պավել Պոտյոմկինը ծրագրեց արշավանք կազմակերպել դեպի Հայաստան, Իբրահիմ խանը խիստ վախեցավ: Պոտյոմկինը որոշել էր բանակը բաժանել երկու մասի՝ մի մասը պիտի շարժվեր Ղզլարից դեպի Դերբենդ՝ Կասպից ծովափը գրավելու համար, իսկ մյուս մասը՝ Մոզդոկից Կովկասյան լեռներով պիտի գնար Թիֆլիս, այնտեղից էլ՝ դեպի Արցախ: Իբրահիմ խանը ներկայացուցիչ ուղարկեց Պոտյոմկինի մոտ և հայտնեց, որ ուզում էր իբրև Խոյի խանի հետ ռուսահպատակ դառնալ: Իբրահիմ խանը դիմեց Հերակլին, որն այդ ժամանակ իր դաշնակիցն էր: Երկուսի նպատակն էր տիրել Գանձակին: Այնինչ, Պոտյոմկինի արշավանքը ձգձգվեց: Իբրահիմ խանը լավ էր ճանաչում նաև հայերի դիմադրողական ուժը: Նրա համար վտանգավոր էին մելիք Մեջլումը, մելիք Աբովը և մելիք Բախտամը, որոնց էլ բանտարկել էր Շուշիի բերդում: Սակայն նրա երկարատև ջանքերը բերդապահ զինվորների թույլ հսկողության պատճառով միանգամից հօդս ցնդեցին: Ու եթե նման տխուր իրավիճակ երբևիցե չէր ստեղծվել, պարզ էր, որ նման պատիժ էլ չէր սահմանվել: Իբրահիմի հպատակներն առաջվա պես համակ լռությամբ հետևում էին իրենց տիրակալի յուրաքանչյուր շարժմանը: Իսկ նազիր-վեզիրները զգում էին, որ խանը բոլորովին ցանկություն չուներ լսելու իրենց առաջարկությունները: Դա հավանաբար այն բացառիկ դեպքն էր, որ միանձնյա որոշում պիտի կայացվեր:

– Հը, հարամզադա, էդ գյավուրների բանտից ծլկելու համար քեզ ո՞նց շեյթանի ծոցն ուղարկեմ,- ճչաց կատաղած խանը՝ այս անգամ ձեռքերը հանելով գոտուց:

Բանտապահ զորապետը քաթանի պես սփրթնած՝ վախեցավ որևէ բան արտասանել: Խանն ավելի զայրացավ նրա լռությունից:

– Ի՞նչ ես լլկվել… Ի՞նչ պատիժ է քեզ սպասվում, գոնե մտածե՞լ ես:

– Ալլահը վկա, արևելափայլ իմ խան, չստացվեց դիմակայել նրանց: Քո ոտքերի հողը դառնամ, եթե սուտ եմ խոսում:

– Դու հենց Ալլահի դուշմանն ես, որովհետև ստում ես: Այսքան ժամանակ օձն իր պորտով չէր կարողացել սողոսկել բանտ:

– Թող քեզանից չարը հեռացնելու պատարագ դառնամ, խան, եթե խաբում եմ,- կմկմաց Արիֆը:

– Պատարագ էլ կդառնաս, եթե իմ խանությանը հավատարիմ չծառայեցիր:

Արիֆը լռեց: Նա գիտեր, որ մի քանի վայրկյան անց կհայտնվի մահվան երախում: Եվ ուզում էր, որքան հնարավոր է, կայծակնային արագությամբ անցնեին այդ վայրկյանները: Ո՞ւմ չէր հայտնի արևելյան պատժի տեսակները՝ աչքեր հանել, գլխատել, մարմնի մասեր հատել և այլն: Ու մտածեց, որ եթե խանը պահակախմբի մարդկանց հետ իրեն չէր գլխատել, ուրեմն՝ իրեն ավելի սոսկալի պատիժ էր սպասվում:

Անկյունում կանգնած խանի մեծ վեզիրը կարծես կռահեց, թե ինչ պատիժ էր սպասվում Արիֆին՝ հիշելով Իբրահիմի հետ ունեցած վերջին զրույցը:

– Դու առավոտյան նամազ էլ չես անի, քանի որ հենց հիմա մենք ականատեսը կլինենք, թե ինչպես ես քո վերջին ճիչն արձակում,- ու հրացայտ հայացքն ուղղելով մեծ վեզիրին՝ խանն ասաց.- ուղեկցիր բոլորին դեպի ներքնահարկի վերջին դուռը: Ես նույնպես կհետևեմ ձեզ: Սուլեյմանը հասկացավ, որ ճիշտ էր կռահել, թե ինչպիսի պատիժ էր սահմանել խանը: Մի քանի օր առաջ ամրոց էին բերվել երկու առյուծ: Արիֆը սարսափեց, երբ հասան գազանների վանդակին: Սուլեյմանը բացեց վանդակի դուռը՝ զոհին միանգամից ներս հրելով, և բոլորի աչքի առաջ գազանները պատառ-պատառ արեցին զորապետին, որն նույնիսկ չհասցրեց ճիչ արձակել, քանի որ էգ առյուծը մի ոստյունով սեղմեց նրա կոկորդը և անշնչացրեց: Իբրահիմ խանը այդ զարհուրելի տեսարանով մի անգամ ևս ներկա գտնվողներին ի ցույց արեց իր դաժանության սահմանը: Այնուհետև իր բերդի մինբաշուն (հազարապետին)՝ Ռահիմին, հրամայեց գիշերով հրկիզել բանտից փախած երկու մելիքների գյուղերն ու ավանները:

Առավոտյան նամազից հետո Իբրահիմ խանն իր մոտ կանչեց ծաղրածուին՝ Հասանին, որը նաև գուշակություններ էր անում:

Հնում Արևելքի թագավորները, խաները, իշխաններն ու մելիքները սովորություն ունեին իրենց պալատներում ծաղրածու, զվարճարան և առակախոս ունենալ: Նրանք հիմնականում լինելով հնարամիտ ու հեռատես՝ իրենց խորհուրդներով վստահություն էին ներշնչում տերերին: Իբրահիմ խանը պատիժներն իրականացնելուց հետո թեև հոգեպես համեմատաբար իրեն հանգիստ էր զգում, այնուամենայնիվ, կարիք ուներ փոքր-ինչ գոտեպնդվելու: Իսկ ինքնահաստատումի լավագույն միջոցներից էր նրա համար շփումը Հասանի հետ: Այդ պատճառով ծառաներին կարգադրեց մեծ վեզիրից բացի ոչ ոքի ներս չթողնել իր մոտ:

Հասանը, որը մոտ երեսունհինգամյա երիտասարդ էր՝ երկար ու նեղ դեմքով, մանր աչքերով ու մեծ քթով, արդեն տասը տարի էր, ինչ ծառայում է խանի մոտ: Առաջին հայացքից թվում էր, թե նա ջահել սատանայի դիմակ էր հագել: Բայց երբ մարդու աչքը սովորում է ծաղրածուի տեսքին, հասկանում է, որ դիմացը կանգնած է ոչ այնքան խելամիտ, որքան խորամանկ մի պարսիկ: Քաջ տիրապետելով շողոքորթելու արհեստին՝ ամեն անգամ փորձում էր ասել այն ամենը, ինչ խանն էր ուզում լսել:

– Հասան, ի՞նչ ես մտածում, ալլահը ներողամի՞տ կգտնվի իմ հանդեպ՝ նրան մատուցած զոհաբերությունների համար:

– Իմ գլխի պսակ, աստղերն ինձ հուշում են, որ կկանգնես անպայման Մուհամմեդի կողքին,- Հասանն այնպես կկոցեց մանր աչքերը, ասես իրականում կախարդական ուժով կապված էր տիեզերքի հետ:

– Աֆարիմ, Հասան, այդպես էլ գիտեի,- միանգամից զվարթ դեմք ընդունեց խանը:- Կարող ես ասել, թե նորից ինձ կհաջողվի՞ որսալ բանտից փախած հանդուգն մելիքներին:

Այս հարցին Հասանը փորձեց խորիմաստ միտք հաղորդել: Մի քանի վայրկյան հապաղելով՝ կարծես հարմար պատասխան գտավ.

– Խանն ապրած կենա, աստղերն ինձ հուշում են, որ ալլահի կամքով միայն դու կլինես Ղարաբաղի տիրակալը, և բոլոր մելիքները կլինեն քո հպատակները:

Խանն այս անգամ ջղաձիգ շարժում արեց.

– Այ գլխակեր, էլի՞ խելքդ թռցրիր… Մի՞թե հիմա էլ Ղարաբաղի միահեծան խանը չեմ: Ո՞վ կհամարձակվի չհպատակվել ինձ… Իմ հարցը վերաբերում է մելիք Մեջլումին և մելիք Աբովին:

Հասանը նկատելիորեն կմկմաց: Ի՞նչ պատասխան տար. եթե ասեր անպայման կբռնի նրանց, բայց իրականում հակառակը պատահի՞… Իսկ բացասական պատասխան տալ չէր համարձակվում: Ի վերջո, ինքը ոչ թե իսկական կախարդ էր, այլ ընդամենը քծնանքի վարպետ:

– Իմ աչքի լույս, աստղերն այնպիսի անորոշ դիրքով են դասավորված վերջին օրերին, որ կոնկրետ որևէ բան գուշակելը դառնում է անհնարին:

– Լավ, կորիր աչքիցս և գլխիդ զոռ տուր մի քիչ:

Հասանի հեռանալուց հետո ներս մտավ մեծ վեզիրը՝ հայտնելով Խոյի Մուստաֆա խանի ժամանման մասին: Իբրահիմ խանը ծառաներին հրամայելով ներս բերել իրենց համար շերբեթ և նարգիլե՝ հյուրի հետ ծալապատիկ նստելով հատակին փռված Պարսկաստանից մեկ տարի առաջ բերված շքեղ գորգին, անհամբերությամբ սպասեց, թե ինչպիսի լուրեր է իր հետ բերել: Չհավատալով ռուսներին և վրացիներին՝ խանը համոզված էր, որ իր համար հուսալի թիկունք են ռուսները, որոնց հետ արդեն մերձեցել էր:

– Հերակլ թագավորը Բուրնաշովի հետ պատրաստվում են արշավանք սկսել դեպի Գանձակ,- ասաց Մուստաֆա խանը:

– Այդ մասին ինձ ոչինչ հայտնի չէ… գո՞ւցե մենք էլ միացյալ ուժերով հարձակվենք Գանձակի վրա,- առաջարկեց Իբրահիմ խանը՝ նարգիլե ծխելով:

– Իմաստ չունի: Լուրեր են պտտվում, որ նրանք Գանձակից հետո կհարձակվեն Ղարաբաղի վրա: Մենք պետք է ավելի ամրապնդենք մեր դիրքերը: Ավելի ճիշտ՝ քեզ լուրջ վտանգ է սպասվում:

Իբրահիմը կատաղեց հայտնած վերջին լուրից: Պարզվում է, որ ոչ միայն ինքն է խորամանկորեն խաբում ռուսներին, այլև ընդհակառակը՝ ռուսներն իրեն ամենևին չեն վստահում, նույնիսկ նրանց հպատակվելու առաջարկն ընդունելու դեպքում: Նա մտածեց, որ բանտից փախած մելիքներն էլ կմիանան ռուսներին ու իրեն իսկապես ծանր օղակի մեջ կարող են առնել: Կրկին ցասումով լցվեց ինչպես ռուսների, այնպես էլ հայերի հանդեպ՝ չմոռանալով նաև տագնապով մտածել քաղաքական իրադարձությունների հետագա ընթացքի կտրուկ շրջադարձի մասին: Չէ՞ որ ամեն բան կարող էր փոխվել՝ ոչ հանուն իր շահերի օգտին:

– Ամեն ինչ փախած գլխավորների սարքած գործն է,- մռնչաց Իբրահիմ խանը:

– Ո՞ր գյավուրների մասին է խոսքդ… ովքե՞ր են փախել,- զարմացավ Մուստաֆա փաշան:

Իբրահիմ խանը պատմեց ինչպես մելիքների, այնպես էլ իր կողմից կայացրած պատիժների մասին:

– Իմ դաշնակիցները պետք է օգնեն ինձ թուրքերով բնակեցնելու այս ողջ երկրամասը:

– Իսկ հայերին որտե՞ղ պիտի բնակեցնես,- հարցրեց Մուստաֆա խանը:

– Նրանց ուժով կստիպեմ ընդունել մահմեդական կրոնը, իսկ ովքեր չենթարկվեն ինձ, թող կամավոր հեռանան այստեղից: Թող փառք տան իրենց աստծուն, որ սովորական հարկերի ու տուրքերի հետ ջիզյա (այլադավանության հարկ) չեմ պահանջում:

– Իբրահիմ, դու հայերին լավ չես ճանաչում: Նրանք չափազանց կրոնասեր են ու հանդուգն:

– Հետո ի՞նչ… մի՞թե նրանց մեջ քիչ են այն մատնիչները, որոնց միջոցով կարող եմ իմ ծրագիրն իրականացնել: Շուշվա այս ամրոցն էլ հայրս կառուցեց նրանց օգնությամբ: Շուրջ երեսուներեք տարի է, ինչ մենք ենք իշխում այս երկրամասին ու այդպես էլ պետք է շարունակվի մեր իշխանությունը ժառանգաբար: Ամեն միջոց կգործադրեմ, որ հետագայում մեր սերունդները Ղարաբաղում հատուկենտ մնացած գյավուրներին միայն եկվորներ ճանաչեն:

– Ի՞նչ պիտի անենք նրանց հազարավոր եկեղեցիների ու խաչքարերի հետ:

– Կավերեմ բոլորը և դրանց փոխարեն մզկիթներ կկառուցեմ: Իմ հավատարիմ դաշնակիցները պիտի կարողանան ինձ ամեն տարի իրենց շրջաններից հարյուրավոր մահմեդական ընտանիքներ տեղափոխել այստեղ՝ բնակության համար: Այդպես արել է հայրս, այդպես անում եմ ես, իսկ նրանք թող տարիներ շարունակ ռուսների ոտքերը ընկեն և աղերսեն, որ իրենց ազատեն մեր լծից:

– Իսկ եթե այս անգամ ռուսներն օգնե՞ն հայերին…

– Չեն կարող… մենք միասնական ուժերով կջարդենք նրանց բանակը:

– Նաև Հերակլի՞… Նա ռուսների դաշնակիցն է:

Ներս մտավ մեծ վեզիրը՝ Սուլեյմանը, այս անգամ տեղեկացնելով, որ ժամանել է Երիցմանկանց վանքի կաթողիկոսը:

– Խնդրեմ, Մուստաֆա, ևս մի մատնիչ է ինձ ծառայում, որն իր աթոռի համար պատրաստ է անցնել մերձավորի դիակի վրայով, չարությամբ խնդաց Իբրահիմը, այնուհետև դիմելով վեզիրին՝ շարունակեց: – Հայտնիր նրան, որ խիստ զբաղված եմ և նրանց կարող եմ ընդունել միայն մի շաբաթ հետո:

Մերժում ստանալով խանից՝ Իսրայել կաթողիկոսը զայրացած հեռացավ Շուշվա ամրոցից՝ հայացքն ուղղելով Վարանդայի կողմը:

Ժաննա ՀԱԿՈԲՅԱՆ

——————————————————————————————-

Ապրիլի 1

ԱՄԵՆԱԴՈԿՏՈՐԸ

Արցախցի դասախոս-գիտնականների մեջ կա մարդկային մի տեսակ, որը հակված է սեփական արժանիքները ուռճացնելուն, ինքն իր համար պատվանդան կառուցելուն ու այդ պատվանդանի վրա հուշարձանվելուն: Ընդ որում, նշանակություն չունի՝ նրան որպես գիտնական ճանաչու՞մ են գիտական աշխարհում, թե՞ ոչ, երբևիցե որևէ աշխատություն ուշադրությու՞ն է գրավել, թե՞ ոչ: Գավառական հոգեբանության արգասիք է սա: Այնպես են քայլում մարդկային այս տեսակի ներկայացուցիչները, ասես մեր ազգի նշանավոր գիտնականները, համաշխարհային գիտության լուսատուները ոչինչ են նրանց մոտ: Իմ «հերոսն», այսպիսով, հավաքական կերպար է, ուստի կարող եք նրան շփոթեցնել շատերի հետ:

Նա իրեն համարում է բոլոր գիտությունների դոկտոր, իր արտահայտությամբ՝ ամենադոկտոր… Այս ամենադոկտորը իրեն համարում է անմրցելի ու անխոցելի: Պիտի զգուշանաս նրանից, երբ կպչում ես նրա շահերին: Նրա շահը, իր իսկ ներկայացմամբ, գիտության զարգացումն է բոլոր բնագավառներում:

– Քանի որ ես ոչ միայն մի գիտության դոկտոր եմ, այլ միաժամանակ բազմաթիվ գիտությունների՝ մաթեմատիկական, տեխնիկական, մանկավարժական, լեզվագրական, քաղաքագիտական, արվեստագիտական և շատ այլ գիտությունների, դրա համար ես անգնահատելի եմ ու անփոխարինելի,- այսպես է բնութագրում ինքն իրեն մեր գերհամեստ գիտնականը:

Նա պարտադրաբար պահանջում է իշխանավորներից ստեղծել մի պատկառելի հանձնաժողով՝ իր նախագահությամբ, որը վերահսկի գիտությունների զարգացման գործընթացը, պաշտպանվող գիտական թեզերի որակները, հարկ եղած դեպքերում էլ որակազրկի շատերին գիտական աստիճաններից: Մի խոսքով՝ ստանձնի տեղական ԲՈՀ-ի իրավունքներ:

– Գաղտնիք չէ, որ բոլոր համալսարաններում էլ տիրում է մասսայական անգրագիտություն,- ասում է ամենադոկտորը,- սերունդը փչանում է՝ թե գիտական և թե բարոյական առումներով, քանի որ չկան ինձ նման գիտուն մասնագետներ: Թույլ չեն տալիս, որ սովորողների ուսումնա- դաստիարակչական գործը ես առաջ մղեմ իմ կողմից մշակված մեթոդներով, որպեսզի նրանք միանգամից դառնան ինտելեկտուալներ: Մենք այսօր թողարկում ենք անգրագետ շրջանավարտներ: Իմ ծով գիտելիքներն այդպես էլ կորչում են, ինչպես կենարար ջուրն ավազուտներում: Չեն հասկանում ինձ թե վերևներում, թե ներքևներում: Ես գիտեմ, որ մի օր նրանք փոշմանելու են իմ խորագին մտքի գոհարները չգնահատելու համար, բայց ուշ է լինելու: Քանի-քանի հոդվածներ եմ գրել ու պարտադրաբար պահանջել, որ դպրոցն ու բուհը փրկելու համար առաջնորդվեն իմ կողմից նշված վերակառուցողական ծրագրերով ու մեթոդներով, բայց իշխանավորները նախանձից դրդված ոչ միայն չեն լսում ինձ, այլև ծիծաղում են իմ տեսակետերի վրա: Դրությունը փրկելու համար ջանում եմ համախոհներ հավաքագրել, նույնիսկ գրչակիցներիս, բայց չի ստացվում: Իմ շատ բարձր մակարդակով գրված հոդվածների առնչությամբ կասկածներ են տարածում, թե, իբր, ուրիշներն են գրում: Ես նույնիսկ չեմ կարողանում մարդկանց հավատացնել, որ գտել եմ Ղարաբաղի հարցի լուծման բանաձևը: Դրա համար ես հայտնագործել և գործառության մեջ եմ դրել բազմաթիվ մաթեմատիկական բանաձևեր: Հարցի վերջնական լուծման համար ես գտել եմ մի կոնցեպցիա, թե ինչպես կարելի է բնակեցնել Կարմիր մոլորակը: Չէ՞ որ երկիր մոլորակի շատ խիտ բնակեցման պատճառով մարդիկ (ազգերը, պետությունները) կռիվներ են անում տարածքների համար: Զարմանալի է, որ այս գյուտի համար փոխանակ ինձ ներկայացնեն Նոբելյան մրցանակի, ընդհակառակը՝ ծիծաղում են ինձ վրա:

Ամենադոկտորը համոզված է, որ եթե օգտվեն իր գյուտերից, ապա կլուծվեն սոցիալական բոլոր հարցերը, և գիտնականները չեն դիմի անաշխատ եկամուտներով ապրելու միջոցների:

Ով որ ծանոթ դիմագծեր հայտնաբերի իմ գրածում՝ մեղքն իր վրա: Տուժածներին խնդրում եմ ինձ չդիմել: Այն, ինչ չի համապատասխանել ձեր ծանոթի դիմանկարին, փնտրեք ուրիշների դիմագծերում: Ու դուք էլ կգծեք այս հավաքական կերպարը:

Զարինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

Վաղվա օրվա հույսով

Էշը, ծանր բեռան տակ կքած, սոված էր և տերը ինչքան էլ չու-չու էր անում, էշը տեղից չէր շարժվում:

Տերը էշի ճակատից մի փունջ կանաչ խոտ կախեց: Էշը տեսավ խոտը և դունչը մեկնեց խոտը ուտելու, սակայն դունչը խոտին չհասավ: Սկսեց տեղից շարժվել՝ խոտին հասնելու համար:

Սակայն խոտը հա շարժվում էր առաջ՝ էշը նրա հետևից…

Եվ այսպես… խոտին հասնելու համար էշը շարունակեց ճանապարհը:

Այսպես էլ որոշ մարդիկ ապրում են՝ վաղվա, գալիք լավ օրերի մասին հույսեր փայփայելով:

Մի քիչ պակաս

– Ասում են դուք Ղարաբաղի Լենինն եք, ճի՞շտ է:

– Մի քիչ շատ է… մի քիչ:

Օգնություն քաչալ բարեկամին

Մի պաշտոնյա մի անբաշար քաչալ բարեկամ ուներ: Էս պաշտոնյան ինչքան չարչարվում էր, չէր կարողանում նրան մի աշխատանքի տեղավորել…

Վերջապես բարեկամը քաչալին տեղավորեց մի ճաշարանում: Երբ տնօրենը ընդվզեց, որ քաչալը ոչինչ անել չի կարողանում, պաշտոնյան խիստ բարկացավ.

– Ո՞նց թե չի կարողանում,- ասաց:- Ուրիշ բան որ չէ՝ քաչալ գլուխը շատ հարմար է եփած կարտոֆիլը ճմոռելու համար:

Ծուռ բերանը

– Հրապարակախոս Այսինչ Այսինչյանի բերանը ծռվել է:

– Նրա բերանը ե՞րբ է դուզ եղել, որ հիմա էլ ծռվի:

Ինչպե՞ս բացառվեց

անգրագիտությունը

– Տողին ինչքա՞ն հոնորար գրեմ քեզ համար, ասա,- խմբագրության հաշվապահը հենց էնպես հարցրեց Չըխկի Արսենին:

– Տողին հարյուր դրամ:

– Չէ, 100-ը շատ է, տողին՝ 60 դրամ:

Եվ հաշվապահը 60-ը տառերով գրեց՝ վածծուն:

Արսենը նայեց գրածին և ցավակցաբար տարուբերեց գլուխը.

– Որ ինձ լսեիր և 60-ի փոխարեն 100 գրեիր՝ անգրագիտությունդ չէր բացահայտվի:

Տըզըթևած հավը

– Հավը թուխս է գալիս, տար թուխս դիր:

– Էս ցրտին հավը չի թուխս գա. խեղճը ցրտից տըզըթևալ ա, իսկ քեզ թվում է, թե թուխս է գալիս:

Ի՞նչ եմ ուզում ասել: Չեմ ասի: Ամեն մի ընթերցող յուրովի է ընկալում և մեկնաբանում այլաբանությունը:

Անհաջողակի խոստովանությունը

Հայի ետե խելքը իմս լիներ:

Ես հետևեցի այս իմաստուն խորհրդին և էդ «ետե խելքով» շարժվեցի, գործեցի…

Բայց, ավա˜ղ, էլի հաջողություն չունեցա:

Ոհմակի կողքին կանգնելու «օգուտը»

– Մի կանգիր ոհմակի կողքին:

– Ինչո՞ւ:

– Չնայած դու ոհմակից չես, բայց երբ կանգնում ես նրա կողքին, կարծում են, թե դու էլ ես ոհմակից:

Կարդացեք «Ի՞նչ անել»

և կիմանաք՝ ինչ անել

Ինչպե՞ս իմանալ ինչ անել, երբ չգիտեք ի՞նչ անել: Ձեզ ո՞վ է ասում կարդացեք «Ի՞նչ անել», որ չիմանաք՝ ինչ անել: «Ի՞նչ անել»-ի հետևորդները ավելի քան մեկ դար է ուզում են իմանալ ի՞նչ անել և դեռ մի կարգին չգիտեն՝ ինչ անել:

Իսկ այ, մեզ մոտ, մեր հարազատ Արցախում ի՞նչ անելու պրոբլեմը չկա, հարցականը չկա, քանի որ գտնված է՝ Ինչ անել. էլ ի՞նչ «Ի՞նչ անել»:

Ուզո՞ւմ եք իմանալ՝ ի՞նչ անել, կարդացեք «Ինչ անել» և կիմանաք՝ ինչ անել:

Ընդլայնում են տարածքային

ամբողջականությունը

Մի շարք պետություններ կրակն են ընկել տարածքային ամբողջականության ձեռքին, քանզի չեն կարողանում պահպանել այն:

Իսկ մերն ուրի˜շ է:

ԼՂՀ կառավարությունը և Ազգային ժողովը պահպանում և ջանասիրաբար ընդլայնում են իրենց տարածքային ամբողջականությունը՝ սկսելով նոր շենքերի կառուցումը: Հուսով ենք, որ նույն ջանասիրությամբ զբաղվում են նաև մեր նորանկախ երկրի տարածքային ամբողջականության պահպանման հոգսերով:

Հենրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s