№ 9 / 31 մայիս

ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է
Ապրեք, երեխեք, բայց մեզնից լավ ապրեք

 

Լուսանկարը՝ Արեգ ԲԱԼԱՅԱՆԻ

ԳԱՆԳԱՏՎԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ Է ՊԵՏՔ
սեփական իրավունքների համար

Մենք գանգատվող ազգ ենք, իսկ տրտունջն էլ մեր ազգային ինքնագիտակցության ու ինքնադրսևորման տիպական ձևերից մեկն է: Ընդ որում՝ դժգոհ ենք ամեն ինչից ու ամենքից, բայց ոչ՝ մեզնից: Մեր բոլոր դժբախտությունների պատճառն ուրիշներն են, բայց ոչ երբեք մենք: Մեծ բանաստեղծի ասած՝ ամենքը իրենց բախտից են դժգոհ, այլ ոչ թե խելքից: Նման հոգեբանությամբ, բնականաբար, միշտ էլ եկել ենք զգացական-այլամերժական տրտունջ-եզրակացության՝ «էս ինչ զուլում աշխարհ է»: Երբ դանակը ոսկորին էր հասնում, ապա մեր «Հիմի՞ էլ լռենք» ընդվզումն էլ է հաճախ վերածվել սոսկական գանգատ-տրտունջի: Երբ արդեն չէինք ուզում լռել՝ սկսում էինք գանգատվել: Ե՛ւ մեր Տանը, և՛ Դրսում:

Բայց գանգատով կյանքը չեն բարելավում, տուն ու պետություն չեն կառուցում: Հատկապես՝ գանգատի մեր տարբերակով՝ խոհանոցում, պատի տակ, շշուկով՝ որպեսզի հանկարծ մեր ասածը չհասնի նրան, ումից գանգատվում ենք: Գանգատ-տրտունջը երբ հրապարակային է լինում՝ հասցեագրված բոլորի ականջներին, ապա այն վերածվում է բողոքի: Իսկ բողոքն արդեն պաշտպանության նշան է, մինչդեռ գանգատը նահանջ է: Գանգատի դեպքում ցավակցողներ կունենաս, բայց պաշտպաններ ու սատարողներ՝ երբեք: Իսկ բողոքի դեպքում ոչ միայն բախտակից-ցավակից կարող ես գտնել, այլ ուս-ուսի տվողի: Եթե, իհարկե, ինքդ էլ պատրաստ ես մեկ ուրիշի ուսին կցել ուսդ:

Այլ ճանապարհ չկա՝ եթե մարդ ինքն իր շահերը չի պաշտպանում, ապա ոչ ոք էլ չի պաշտպանելու, հենց ինքնապաշտպանության այս մղումն էլ վաղ թե ուշ հասցնելու է նրան, որ իր շահերն առանց իրեն են պաշտպանելու: Բայց դրան պիտի հասնել, պիտի այնպես անել, որ իշխանությունը զգաստանա քո կեցվածքից: Սա այն է, ինչ անվանում են իշխանության հասարակական վերահսկողություն, որին կարելի է հասնել միայն ինքնակազմակերպման մեխանիզմներով, հավաքականության զգացմամբ ու տրամաբանությամբ: Երբ «ես»-ը դառնում է «մենք», երբ «ես»-ը ոչ թե թաքնվում է մեկ այլ «ես»-ի ետևում, այլ կանգնում է նրա կողքին, ինչից էլ գոյանում է «մենք»-ը, ինչն էլ հանգեցնում է ինքնակազմակերպման: «Մենք»-ը կոլեկտիվ պաշտպանություն ու պատասխանատվություն է:

Գանգատվել, նշանակում է՝ դիրքորոշում չունենալ, ինչն ամենահեշտն ու ամենաարհամարհելին է, իսկ բողոքը կեցվածք է, դիրքորոշում ու սկզբունք: Գանգատը պատասխանատվությունից խուսափելու ձև է, իսկ բողոքը՝ պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն: Առաջինի կրողը իշխանությանն ընկալում է որպես վերուստ տրված պատիժ կամ նվեր, որից կարող է գանգատվել կամ շնորհակալ լինել, երկրորդի կրողը իշխանությանն ընկալում է որպես իր մի մասնիկը, իր կողքին կանգնածը, որի համար ևս պատասխանատու է: Գանգատը վախի նշան է, վախ, որ ինքներս մեզ խաբելով նույնացնում ենք համբերության, ըմբռնումով մոտեցման կամ վեհանձնության հետ, գանգատվել՝ նշանակում է քո ճակատագիրն ու իրավունքներն ուրիշների տնօրինմանը թողնել, իսկ բողոքը՝ ինքդ քո մեջ ստրուկին հաղթահարելու, քո իրավունքներին ու ճակատագրին տեր կանգնելու առհավատչյան է:

Եւ ամենակարևորը՝ միայնությունը կարող է միայն գանգատ-տրտունջ ծնել, իսկ հավաքականությունը՝ բողոք: Պատրա՞ստ ես սատարել ընկերոջդ, բարեկամիդ ու հարևանիդ: Եթե այո, ապա կարող ես ակնկալել նրանց աջակցությունը, եթե ոչ, ապա շարունակիր գանգատվել և ապրել այնպես, ինչպես ապրում ես՝ մեղքը քո վիզը: Ուրեմն՝ գոհ ես կյանքից, եթե չես ուզում կյանքդ փոխել: Կամ էլ՝ հոգսերիդ բեռը բարձում ես երեխաներիդ ուսերին, ինչն ազնիվ չէ: Մտածիր այս մասին, մտածիր գոնե վաղը: Իսկ վաղը երեխաների օրն է:

——————————————————————————————-

Ինքնակազմակերպում

ՄԻԺԻ 

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտը՝ ՄԻԺԻ-ն« ոչ կառավարական« անկախ կազմակերպություն է« որը գրանցված է օգոստոս 1999-ին «Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան և գտնվում է Երևանում /Հայաստան/:

ՄԻԺԻ-ի հիմնական նպատակն է նպաստել մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացմանը: Մենք գտնում ենք« որ դա հայ ժողովրդի՝ իբրև անհատ և հավաքականություն« ազատ ու բարգավաճ« մարդավայել ապրելու և զարգանալու հիմնական երաշխիքն է« ինչպես նաև մարդկության ընդհանուր ընտանիքին լիիրավ անդամակցելու հնարավորությունը:

ՄԻԺԻ-ն խթանում և արմատավորում է կամավոր հիմունքներով« նյութական անշահախնդիր քաղաքացիական ակտիվիստական գիտակից« հանձնառու« ներգործուն և նվիրական աշխատանքն ու մշակույթը« որ կազմում է ՄԻԺԻ-ի հիմնադիր կենսական սկզբունքներից մեկը:

ՄԻԺԻ-ն ամեն ճիգ գործադրում է վերլուծելու« քննարկելու և արծարծելու հանրային խնդիրները՝ գիտական« մշակութային և այլ միջոցներով« ինչպես նաև նպաստում և առիթներ է ստեղծում այդ խնդիրների լուծումների որոնման համար:

ՄԻԺԻ-ն հավատարիմ իր գործելակերպին« ակտիվ համագործակցելով մտավոր ու գործուն ուժերի և օղակների հետ« ինչպես նաև ապահովելով ժողովրդի մասնակցությունը՝ թե՛ Հայաստանում« թե՛ Արցախում« թե՛ Սփյուռքում և թե՛ տարածաշրջանում« փորձում է զարգացնել ազգային ու քաղաքացիական ինքնագիտակցությունը և ազգային« քաղաքացիական և հասարակական հիմնախնդիրները դնել հանրային որոշումների օրակարգում: Կազմակերպությունը փորձում է նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության զանազան ոլորտների ու պետության գործոնների ներդաշնակ երկխոսության և համագործակցության զարգացմանը: Այն փորձում է ստեղծել այնպիսի միջավայր« որն ընտրելով՝ մարդիկ հնարավորություն կունենան զարգացնել իրենց գիտելիքները« ստանալ տեղեկություններ« փոխանակել տեսակետներ և նոր գաղափարներ« ինչպես նաև համագործակցել միմյանց հետ:

ՄԻԺԻ-ն« շնորհիվ իր անդամների« համակիրների և ցանցի գիտակից« հանձնառու և նվիրական ջանքերի աշխատում է այս մարդկային նպատակի իրագործման համար:

ՄԻԺԻ-ի հիմնադիր և նախագահ՝ Արմինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՄԻԺԻ կենտրոն՝ Այգեձոր 4/1, Երևան 0019, Հայաստանի Հանրապետություն
Հեռ./ֆաքս: (374 10) 26 47 12, բջջային: (374 91) 43 21 19
E-mail: idhr@web.am, www.idhr.am

——————————————————————————————-

Լրահոս

ԼՂՀ ԱԳՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՌՆՈԳՈՐԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Չեռնոգորիայում անկախության հանրաքվեի անցկացումը և միջազգային հանրության կողմից նրա արդյունքները ճանաչելու պատրաստակամությունը  ընդհանուր առմամբ դրական փաստ է: Մենք համոզված ենք, որ համաժողովրդական հանրաքվեի միջոցով արտահայտված ազգի ինքնորոշման իրավունքի հարգումը անկյունաքարային է նման իրավիճակների կարգավորման հարցում և իրական գործիք՝ հակամարտության տարածաշրջանում քաղաքական կայունության հաստատման համար:

Այդ առթիվ  նպատակահարմար է հիշեցնել, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին անկախության  օգտին քվեարկած  Լեռնային Ղարաբաղի  ժողովրդի իրավունքի ոտնահարումը փաստորեն հիմք ծառայեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա ուղղակի ռազմական ագրեսիայի համար, ինչը  բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման և նրա քաղաքական անկախությունը, տնտեսական և ռազմական անվտանգությունը երաշխավորող պայմանների ստեղծման  իրավունքի հետագա անտեսումը հետաձգում են  փոխադարձ ընդունելի լուծումների և տարածաշրջանում կայուն խաղաղության ու փոխըմբռնման հաստատման հեռանկարը:

25 մայիսի, 2006թ.

«ԲԱՑԱՌԻԿ ԵՎ ԼՈՒՐՋ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ»

Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալներից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչից կազմված միջազգային միջնորդական առաքելությունը երեկ հանդես է եկել համատեղ հայտարարությամբ: Հայտարարության անգլերեն եւ ռուսերեն տեքստերը նախօրեին ընթերցվել են Բաքվում Ռուսաստանի դեսպանատանը: Հայտարարության գրեթե նույն տեքստը՝ լրացված երեւանյան այցի արդյունքներով, երեկ ընթերցվեց նաեւ Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Մենք՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ եւ Ֆրանսիայի փոխնախարարական մակարդակի ներկայացուցիչներս, համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի հետ միասին իրականացնում ենք այս համատեղ դիվանագիտական առաքելությունը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առաջընթացի անհրաժեշտությունն ու այն, որ հիմա ժամանակն է, որպեսզի կողմերը համաձայնության գան խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ:

Մեզ ընդունեց նախագահ Քոչարյանը, իսկ ավելի վաղ հանդիպում ունեցանք արտգործնախարար Օսկանյանի հետ: Մենք քննարկեցինք խնդրի հետագա կարգավորման կարեւոր կողմերը, ինչպես դա արեցինք երեկ Բաքվում: Աշխատել ենք նախադրյալներ ձեւավորել առաջիկայում երկու նախագահների հանդիպման համար: Մենք շեշտադրել ենք մեր ժողովուրդների եւ առավել լայն միջազգային հանրության համոզվածությունն առ այն, որ հակամարտությունը չի կարող ունենալ որեւէ այլ լուծում, քան խաղաղ լուծումն է: Եվ ավելին, երկու երկրներն էլ պետք է իրենց ժողովուրդներին նախապատրաստեն խաղաղության եւ ոչ պատերազմի:

Թե այսօր Երեւանում եւ թե երեկ Բաքվում մեր քննարկումները կառուցողական էին: Երեկ մենք հանդիպում ունեցանք նախագահ Ալիեւի եւ արտգործնախարար Մամեդյարովի հետ: Վաղը մենք վերադառնում ենք մեր երկրների մայրաքաղաքներ« ուր մեր ղեկավարներին զեկուցելու ենք արդյունքների մասին: Համանախագահներն էլ արդյունքների մասին կհայտնեն ԵԱՀԿ-ին եւ միջազգային հանրությանը:

Այսպիսի համատեղ առաքելությունը բացառիկ դեպք է: Այն պետք է մատնացույց անի այն լրջությունը, որով մենք վերաբերվում ենք այս հարցին, ու մասնավորապես այն համոզմունքը, որ մենք գտնվում ենք այնպիսի կետում, երբ փոխշահավետ համաձայնության կայացումը իրագործելի է: Թե ինչ տեղի կունենա հիմա, դա կորոշեն Հայաստանն ու Ադրբեջանը: Մենք մեկնում ենք՝ հուսալով ու ակնկալելով, որ կլինի առաջընթաց: Մեզ համար հաճելի էր լինել Երեւանում, ու մենք ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել նախագահ Քոչարյանին ու Հայաստանի ժողովրդին՝ մեզ ցուցաբերած ընդունելության համար»:

Հարկ է նշել, որ համանախագահների այս հայտարարության նկատմամբ արդեն իրենց հոռետեսությունն են հայտնել ոչ միայն Ադրբեջանի փոխարտգործնախարարը, այլեւ ԼՂՀ նախագահը:

«Առավոտ», մայիսի 26

ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՏՈՒՄ ՈՒ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

«Դեմո» թերթի 2006թ. մայիսի 15-ի թիվ 8(50) համարում տպագրված «Շուշիաբնակ փախստականները պատրաստ են երկխոսության, թեև գտնում են, որ զիջելու բան չունեն» հոդվածում տեղ են գտել մի շարք անճշտություններ և  իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որոնց վրա ցանկանում ենք հրավիրել «Դեմո»-ի ուշադրությունը:

ԼՂՀ կառավարության 2005թ. փետրվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փախստականի հաշվառման վկայական ստացած անձանց սահմանված արտոնությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 101 որոշմամբ սահմանված կարգով, փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմնի՝ ԼՂՀ ԿԱ միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչության կողմից Հանրապետության ողջ տարածքում կազմակերպված է փախստականներին սահմանված արտոնությունների տրամադրումը:

Սակայն, ինչպես «Դեմո»-ի լուսաբանած «Կլոր սեղանի» ժամանակ իրավացիորեն նշել է ԼՂՀ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ պրն. Ա. Սարգսյանը, փախստականները շատ են, իսկ հատկացված գումարները՝ քիչ: Դրա համար էլ որոշվել է սկսել առավել կարիքավոր խմբերից և առաջին հերթին՝ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներից: 2005թ. Հանրապետության ողջ տարածքում բնակվող բոլոր զոհված ազատամարտիկների ընտանիքները միանշանակ ստացել են իրենց հասանելիք գումարները: Ու այժմ այդ գործընթացը շարունակվում է՝ առաջնահերթության կարգով գումարները տալով բազմազավակ, Արցախյան պատերազմում հաշմանդամ դարձած ազատամարտիկների և այլ կարիքավոր ընտանիքներին:

Հոդվածում նշվում է, սակայն, որ Շուշիում բնակվող զոհված ազատամարտիկների ընտանիքները դեռ չեն ստացել այդ գումարները, ինչը իրականությանը չի համապատասխանում և ապատեղեկատվություն է: Հետաքրքիր է, թե հոդվածի հեղինակը (հեղինակները) որտեղի՞ց և ինչպե՞ս են պարզել այդ հանգամանքը, եթե այդ «կլոր սեղանին» ներկա չեն գտնվել փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմնի և Շուշիի շրջվարչակազմի սոցիալական հարցերով զբաղվող բաժնի ներկայացուցիչները, որոնցից միայն կարելի է ստույգ պարզել այդ հանգամանքը:

2003թ. նոյեմբերի 26-ին ընդունված «Փախստականների մասին» ԼՂՀ օրենքը որոշ սահմանափակումներ է նախատեսում փախստականների համար, հաշվի առնելով, որ փախստականը ԼՂՀ քաղաքացի չհանդիսացող անձ է, և, բնականաբար, ոչ քաղաքացիները չեն կարող պետական պաշտոններ զբաղեցնել, ընտրություններին մասնակցել և այլն: Ու այդ հարցի վրա «կլոր սեղանի» ժամանակ ներկաների ուշադրությունը բևեռած «կոմիտե»-ի նախագահ Ս. Սարյանի և «Դեմո»-ի ուշադրությունը ցանկանում ենք բևեռել այդ օրենքի 30-րդ հոդվածի վրա, որի համաձայն՝ օրենքի այն նորմերը, որոնք սահմանափակում են փախստականների իրավունքները, չեն տարածվում 1988-1992 թվականներին ԼՂՀ բռնագաղթած անձանց վրա:

Նշենք նաև, որ 2004թ. օրենքը չեն վերափոխել և փախստականներին սկսել գրանցել, ինչպես նշվում է հոդվածում, այլ փախստականների այդ կատեգորիայի (Ադրբեջանից բռնագաղթած) համար ընդունվեց մեկ այլ օրենք՝ «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ԼՂՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին», որի հիման վրա ԼՂՀ կառավարության կողմից ընդունվեց վերոնշյալ որոշումը, ու սկսեցին փախստականներին գրանցել:

Եւ վերջում ևս մի պարզաբանում. հոդվածում մի քանի անգամ ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպությունը անվանվում է «Փախստականների կոմիտե», մինչդեռ այդպիսի հասկացություն ԼՂՀ-ում գոյություն չունի, և «Փախստականների կոմիտե» ասելով հասարակ մարդիկ, այդ թվում՝ փախստականները, հաճախ ընկալում են մեր վարչությունը, ինչը կարող է թյուրիմացության տեղիք տալ:

ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչություն

ԼՂՀ ԱԺ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏԵՑ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ

ԼՂՀ Ազգային ժողովի փոխանցիկ գավաթի հերթական խաղարկությունը, որ երկու օր շարունակվում էր Ստեփանակերտի Ս. Շահումյանի անվան մարզադաշտում,   հատեց եզրափակիչը: Այն անց է կացվել հնգամարտի գծով՝ հանրապետության հանրակրթական  դպրոցների 1-6-րդ դասարանցիներին ընդգրկող եւ մայրաքաղաքի ու շրջանների՝ միջդպրոցական մրցություններում հաղթող ճանաչված թիմերի մասնակցությամբ:

Մայիսի 26-ին, մրցությունների ավարտից անմիջապես հետո, տեղի ունեցավ  ըստ խաղարկության ամփոփ արդյունքների մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը՝ պատանի մարզիկների, մարզական միջոցառման կազմակերպիչների եւ մարզասերների ներկայությամբ:

Թիմային հաշվարկով հաղթող ճանաչվեց եւ ՀՀ Ազգային ժողովի փոխանցիկ գավաթի՝ առաջիկա աշնանը նախատեսված խաղարկությանը մասնակցելու իրավունքը նվաճեց Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի թիմը, որին էլ հանձնվեց ԼՂՀ ԱԺ փոխանցիկ գավաթը, ընդ որում՝ մշտական պահպանության իրավունքով. արդեն անընդմեջ չորրորդ տարին է, ինչ թիմի անդամներն արժանանում են խաղարկության գավաթակրի պատվավոր կոչմանը:  Նույն կրթօջախի պատանի մարզիկներին բաժին հասավ նաեւ ըստ դասարանների սահմանված առաջին մրցանակների զգալի մասը:

Երկրորդ եւ երրորդ մրցանակային տեղերը գրավեցին համապատասխանաբար Հադրութի շրջանի Մեծ Թաղերի եւ  Մարտունու շրջանի Բերդաշենի միջնակարգ դպրոցների թիմերը:

Մրցությունների գրեթե բոլոր մասնակիցներն էլ արժանացան ԱԺ պատվոգրերի, արժեքավոր նվերների ու դրամական պարգեւների:

Արարողությանը ներկա էր  ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, որը, շնորհակալություն հայտնելով խաղարկության մասնակիցներին ու կազմակերպիչներին,  հավաստեց, որ  խորհրդարանի փոխանցիկ գավաթի համար միջդպրոցական մրցապայքարը կրելու է շարունակական բնույթ:

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՋԱՎԱԽՔ

Շուտով կսկսվի մեսխեթցի թուրքերի վերաբնակեցման պետական ծրագրի իրականացումը

Մեսխեթցի թուրքերի Վրաստանում վերաբնակեցման պետական ծրագրի շրջանակներում պատրաստվում են մայիսի վերջին Ադրբեջանից մեսխեթցիների 6 ընտանիք վերաբնակեցնել Գորիի շրջանում: Ըստ Վրաստանի հակամարտությունների կարգավորման հարցերով պետնախարար Գիորգի Խաինդրավայի« մեսխեթցի թուրքերի Վրաստանում վերաբնակեցման մասին երկրի խորհրդարանը շուտով համապատասխան օրենք կընդունի:

Օրենքի ընդունումից հետո կառավարությունը համապատասխան գործունեության ծրագիր կմշակի: Ծրագրի ֆինանսավորման առումով Գ. Խաինդրավան հույս ունի, որ Եվրախորհուրդը եւ միջազգային հանրությունը համապատասխան աջակցություն կցուցաբերեն, քանի որ Վրաստանի կառավարությունն այդքան միջոցներ չի կարող տրամադրել:

Այսօր կոնկրետ չի հաշվարկված, թե քանի մեսխեթցի թուրք կցանկանա վերադառնալ Վրաստան, սակայն նրանց թիվը կարող է հասնել մինչեւ 500 հազարի: Նշենք նաեւ, որ կառավարությունը մտադիր է մեսխեթցիներին վերաբնակեցնել գերազանցապես հայերով բնակեցված Սամցխե-Ջավախքում:

Անձնագրային ռեժիմ՝ նավթամուղը պաշտպանելու համար 

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգությունն ապահովելու պատճառաբանությամբ« Ախալքալաքի եւ Բորժոմի շրջանի սահմանագծում« որտեղով անցնում է նավթամուղը« Վրաստանի ուժային կառույցների ներկայացուցիչները անձնագրային ռեժիմ են սահմանել: Այս օրերին ճանապարհի այդ հատվածով երթեւեկողները, ովքեր անտեղյակ լինելով իրենց հետ փաստաթուղթ չեն վերցնում« բանավոր զգուշացվում են: Սեւ դիմակներով զինվորականները հավաստում են, որ շուտով անձնագրային ռեժիմը նավթամուղի այս հատվածում խստացվելու է եւ առանց փաստաղթղթերի ոչ ոք չի կարող հատել նավթամուղի գոտին:

Քննարկելու են մտավորականները

Ջավախքի մտավորականների միությունը ծրագրում է մայիսի 31-ին հրավիրել իր երրորդ համաժողովը, որում համակողմանիորեն քննարկվելու է Ջավախքում տիրող իրավիճակը: Ըստ մտավորականների միության նախագահ Ազատ Շիպակցյանի, համաժողովը լրջորեն անդրադառնալու  է ջավախքահայության անվտանգության երաշխիքներին« Սամցխե-Ջավախքում վրացերենին զուգահեռ հայոց լեզվի՝ որպես երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տրամադրելու եւ այլ հիմնախնդիրների:

Հայոց պատմության մրցույթի մրցանակաբաշխություն

Մայիսի 28-ին Ախալքալաքի քաղաքապետարանի դահլիճում տեղի ունեցավ Հայ Օգնության Միության Ջավախքի մասնաճյուղի կողմից Վրաստանի հայկական դպրոցների աշակերտների միջեւ անցկացվող Հայոց պատմության մրցույթի մրցանակաբաշխությունը: Վրաստանի հայկական դպրոցներում Հայոց պատմության ուսուցումը խրախուսելու նպատակով անցկացված այս մրցույթում մրցանակակիր են դարձել 32 դպրոցականներ: Մրցույթի կազմակերպիչները նախատեսում են այն դարձնել ավանդական եւ յուրաքանչյուր մրցանակաբաշխություն անցկացնել Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ մայիսի 28-ին: Մրցույթին իր աջակցությունն էր բերել «Ակունք» միությունը:

«Ա-ԻՆՖՈ»

——————————————————————————————-

Քաղաքականություն

Ռեպլիկ
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԽԱՂԵՐ

Ինչպես տեղեկացրել են ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի երրորդ տասնօրյակում մեկնել էր Մոսկվա, որտեղ մասնակցել է այնտեղ կայացած Ռուսաստանի հայերի միության համագումարի աշխատանքներին, նաև հանդիպումներ ունեցել Ռուսաստանի հայկական համայնքի, գործարար, հասարակական, քաղաքական շրջանակների ներկայացուցիչների  հետ:

Սակայն մեզ առավելս հետաքրքրում էր այն, թե ինչ կարգավիճակով է նա մասնակցել Ռուսաստանի հայերի միության համագումարին: Բանն այն է, որ նախորդ համագումարում Ա. Ղուկասյանը նստած էր ոչ թե նախագահությունում, ուր նաև ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանն էր, այլ դահլիճում: Դեռ այն ժամանակ մեր թերթը տարակուսանք էր հայտնել այն կապակցությամբ, որ նույնիսկ համահայկական հարթության վրա ԼՂՀ-ն չի ճանաչվում որպես անկախ պետություն, ուստի անհասկանալի են մնում ԼՂՀ ճանաչման մեր ակնկալիքները այլ հարթություններում:

Ինչ որ է, այս անգամ ևս Ա. Ղուկասյանի մասնակցությունը ինքնիշխան երկրի (ճանաչված, թե չճանաչված՝ տվյալ պարագայում միևնույնն է) ղեկավարին պատշաճ մասնակցություն չէր: Ինչո՞ւ ԼՂՀ նախագահն իր` նման կարգավիճակային մասնակցությամբ կրկին փաստեց մեր անճանաչվածությունը: Չէ՞ որ կարող էր մեկ այլ պաշտոնյայի կամ ներկայացուցչի ուղարկել այդ համագումարին (իսկ որ համագումարին Արցախի ներկայացուցչի մասնակցությունը կարևոր է՝ այս մասին կասկածներ չունենք):

Սակայն ամենատարակուսելին այս պատմության մեջ այն է, որ նախագահ Ղուկասյանը Մոսկվայում է գտնվել այն օրերին, երբ տարածաշրջանային չափազանց լուրջ այցի շրջանակներում Երևան էին ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները՝ «ուժեղացված կազմով»: Ուրեմն ի՞նչ՝ ռուսահայերի համագումարն ավելի՞ կարևոր էր: Հատկապես այն պարագայում, որ այս միության ու ՀՀ ղեկավարության հարաբերությունները, մեղմ ասած, անամպ չեն:

Հետաքրքիր է՝ ի՞նչն է ԼՂՀ նախագահին ստիպել գնալու նման քաղաքական զոհողության ու ռիսկի, հանուն ինչի՞: Եվ ի՞նչ կա մյուս նժարին, և ո՞ւմ համար է այդ մյուս նժարին եղածը:

«ԴԵՄՈ»

Ի ԴԵՊ

Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ – «Կարծում եմ, պարոն Ղուկասյանը նույնիսկ քաղաքում չէր: Մոսկվայում էր նա այդ օրերին, կարծում եմ, դա էր հիմնական պատճառը, այլապես, այլ միտում չկա: Թե չէ հանդիպում անպայման տեղի կունենար, թեկուզ հենց Երեւանում, ուղղակի նախագահն այստեղ չէր»:

ՕՄԲՈՒԴՍՄԵՆ. ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ

Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը նորանկախ ԼՂՀ-ում ընդունվել է 2005 թվականի մարտին: Ըստ օրենքի, երկու ամիս անց պետք է ընտրվեր համայն Ղարաբաղի օմբուդսմենը: Անցել է ավելի քան մեկ տարի, սակայն մենք առայսօր «յոլա ենք գնում» առանց մարդու իրավունքների պաշտպանի:

Խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանը, մեկնաբանելով այս հարցը, նշեց, որ անցած տարվա հունիսին 3-րդ գումարման խորհրդարանը վայր դրեց իր լիազորությունները՝ չհասցնելով օմբուդսմեն ընտրել:

«Իհարկե, հետո կարելի էր վերադառնալ այդ խնդրին, սակայն եթե առայսօր հարցը չի լուծվել, դա չի նշանակում, որ այդ պաշտոնը մեզ համար կարեւոր չէ,- պարզաբանել է Յու.Հայրապետյանը:- Բանն այն է, որ մեր հանձնաժողովը չէ, որ պիտի օմբուդսմեն ընտրի: Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը կարող է ԼՂՀ նախագահը ներկայացնել կամ պատգամավորները: Չգիտեմ, թե ինչու մյուսները թեկնածու չեն առաջադրում, բայց մեր խմբակցությունը /«Ժողովրդավարություն»- խմբ./ գերադասում է չբարձրացնել այս հարցը մինչեւ Սահմանադրության ընդունումը: Քանի որ, հնարավոր է, որ Սահմանադրության մեջ օմբուդսմենի առաջադրման եւ ընտրման նոր մեխանիզմներ լինեն»:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահը հավելել է, որ դրանով հանդերձ եթե թեկնածություններ, այնուամենայնիվ, ներկայացվեն, ապա խորհրդարանը պարտավոր կլինի քննարկել հարցը: Իսկ արդյո՞ք օմբուդսմեն չընտրելը օրենքի խախտում չէ: Յու.Հայրապետյանը համոզված է, որ՝ ոչ. «Օրենքում շատ ժողովրդավարական սկզբունք է ամրագրած. եթե կա թեկնածություն՝ խորհրդարանը քննարկում է, չկա թեկնածություն, ուրեմն՝ օրենքի խախտում էլ չկա»:

«Ժողովրդավարություն» խմբակցության պարագայում ամեն ինչ պարզվեց: Իսկ ինչո՞ւ «Հայրենիք» խմբակցությունը թեկնածություն չի առաջադրում: «Հայրենիքի» ներկայացուցիչ Գագիկ Պետրոսյանի խոսքերով, խմբակցությունը ճիշտ չի համարում օմբուդսմենի թեկնածություն ներկայացնելը, քանի որ «խորհրդարանում գոյություն ունի քաղաքական մեծամասնություն ի դեմս «Ժողովրդավարություն» խմբակցության»:

«Մեր խումբը շատ է կարեւորում օմբուդսմենի ինստիտուտի անհրաժեշտությունը, նկատի ունենալով նորանկախ երկրում Սահմանադրության ու Սահմանադրական դատարանի բացակայությունից բխող հետեւանքները, – ասում է «ՀՅ Դաշնակցություն – Շարժում 88» պատգամավորական խմբի անդամ Գեղամ Բաղդասարյանը:- Ընդհանրապես, երկրում առայժմ չկան մարդու իրավունքների պաշտպանության հստակ ու փորձարկված մեխանիզմներ: Օմբուդսմենի ինստիտուտի մասին քանիցս խոսվել ու գրվել է տեղական մամուլում, սակայն, ցավոք, առայսօր գործող իշխանությունը շահագրգռվածություն չի դրսեւորում այս հարցում: Ամբողջ բարդությունը կայանում է նրանում, որ մեր պատգամավորական խումբն իր սակավաթվության պատճառով ի զորու չէ հանդես գալու նման նախաձեռնությամբ, իսկ դա, որքան տեղյակ եմ, ԼՂՀ նախագահից բացի կարող է անել խորհրդարանի անդամների մեկ հինգերորդը: Սակայն ոչ երկրի ղեկավարը, ոչ էլ խորհրդարանական երկու՝ «Ժողովրդավարություն» և «Հայրենիք» խմբակցությունները կոնկրետ քայլեր չեն ձեռնարկել այս ուղղությամբ: Մնում է հույսներս դնել հանրային քննարկումների վրա, որոնք միգուցե նպաստեն հարցն օրախնդիր դարձնելուն»:

Այս ամենն իրավական կազուս է հիշեցնում: Օրենքն ընդունված է, բայց դրա կիրառման պատասխանատու չկա: Օրենքն, այնուամենայնիվ, խախտվել է, բայց չգիտես, թե ում կողմից: Թեև ամենակարևորը դա չէ, այլ օմբուդսմեն ունենալու ցանկության բացակայությունը: Ոչ երկրի նախագահը, ոչ էլ խորհրդարանի գերակշիռ մեծամասնությունը շահագրգռվածություն չեն ցուցաբերում: Մի կողմից, օմբուդսմեն ունենալու փորձ չունենք եւ, ըստ երեւույթին, չենք էլ ուզում ունենալ: Մյուս կողմից՝ ո՞ւմ է պետք մարդու իրավունքների եւս մեկ պաշտպանը, չէ՞ որ բոլորը պաշտպաններ են:

Ն.ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

ԶԳՈՒՇԱՑԵՔ, ԴՌՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ

Տեղեկատվության մատչելիության հիմնախնդիրը կարևոր է ցանկացած ժողովրդավարական հասարակությունում, ավելին՝ սա այն կռվան-լծակն է, որ նպաստում է ժողովրդավարության արմատավորմանը: Այսինքն՝ այն ոչ միայն ժողովրդավարության հետևանք-արդյունքներից է, այլ ժողովրդավարությանը հասնելու կարևորագույն միջոցներից մեկը: Ժողովրդավարական բարեփոխումների ուղեգիծ հռչակած մեր երկրում սա հատկապես հրատապ հարց է:

Մի կողմից, կարծես թե այս հարցի կարևորության ընկալումը կա և՛ իշխանությունների, և՛ հանրության կողմից: Համենայն դեպս, երկրի առաջին դեմքերը քանիցս խոսել են այս մասին, նույնիսկ սուր քննադատության ենթարկել պետական այն պաշտոնյաներին, ովքեր խուսափում են լրագրողների ու լրատվամիջոցների հետ շփումներից, դրանով իսկ կտրված լինելով հանրությունից: Մյուս կողմից էլ, այս ամենը հանրության աչքին թոզ փչելու նման մի բան է, քանի որ սուր քննադատության ենթարկվածները շարունակում են աշխատել նույն ձևով և, որ ամենազավեշտականն է, երկրի առաջին դեմքերը չեն շտապում նրանց սովորեցնել իրենց անձնական օրինակով: Այսպես, շուտով երկու տարին կլրանա, ինչ «Դեմո»-ի հարցաշարը գտնվում է երկրի նախագահի սեղանին, բայց առայժմ ձեն-ձուն չկա այնտեղից: Վարչապետը ևս ավելի շատ հակված է այս հարցում ուրիշներին խորհուրդներ տալ, քան ինքը հետևել իր իսկ խորհուրդներին: Նա նույնպես լրագրողների հետ շփվելու, ասուլիսներ ու ճեպազրույցներ տալու սովորություն չունի:

Բայց այն, ինչին տեղեկացանք նորերս, ուղղակի աբսուրդ է: Չգիտենք, թե ում հրահանգով (թեև ենթադրել կարելի է) ԼՂՀ կառավարության լրատվական ծառայությունը շատ յուրօրինակ ձևով լրագրողներին (ուշադրություն դարձրեք՝ կառավարությունում հավատարմագրված լրագրողներին) տեղյակ է պահել, որ այսուհետ նրանց արգելվելու է մասնակցել կառավարության նիստերին: Ավելի ստույգ՝ թույլատրվելու է միայն Արցախի հանրային հեռուստատեսության աշխատակիցներին, այն էլ, ինչպես մեզ տրամաբանորեն բացատրեցին՝ «նկարելու համար»: Մեզ բացատրեցին նաև, որ հավատարմագրված լրագրողներին, այնուամենայնիվ, թույլատրվելու է դիմել մամուլի քարտուղարին՝ ճեպազրույցի և այլ խնդրանքով, նաև ստանալու պաշտոնական հաղորդագրություններ:

Ամենատարակուսելին այն է, որ նման քայլն օրինական չէ: Մասնավորապես, կա ԼՂՀ նախագահի հրամանագիրը «Կառավարության նիստեր հրավիրելու, անցկացնելու և որոշումներ ընդունելու կարգի մասին», ըստ որի կառավարության նիստերը կարող են դռնփակ լինել միայն այն դեպքում, եթե «քննարկվում են պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք համարվող տեղեկությունների հետ առնչվող հարցեր»: Նման հարցերում, բոլորը գիտեն, լրագրողները երբեք ավելորդ հետաքրքրասիրություն չեն ցուցաբերել և երբևէ չեն դժգոհել:

էլ չենք խոսում այն մասին, որ այս վերջին սահմանափակումը  ոչ մի կերպ չի ներգրվում հանրության հետ կապերն ամրապնդելու մասին երկրի ղեկավարների կոչերին: Ըստ երևույթին, իշխանավորները որոշել են հավատարիմ մնալ «շառուփորձանքից հեռու» մարտավարությանը և աշխատել «գլուխները դինջ»: Թե չէ լրագրողների հետ շփումները ոչ մի բարի արդյունք (իրենց համար) չեն բերի: Օրինակ, բոլորովին վերջերս կառավարության նիստերից մեկում վարչապետը բավականին համարձակ դատողություններ արեց, ինչն էլ նիստին ներկա լրագրողների շնորհիվ անմիջապես հանրության սեփականությունը դարձավ:

Հանրության համար դա միանշանակ օգտակար էր, բայց, ըստ երևույթին, օգտակար չէր ոմանց համար, ուստի որոշեցին դռները փակել:

Գ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՆԱՏՕ-Ն ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐ ՉԻ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻՆ

Ղարաբաղի հակամարտության գոտում, ազատագրված տարածքներում ՆԱՏՕ-ի խաղաղարարների մուտքը հավանական չէ: Մայիսի 23-ին Երեւանում այդ տեսակետն է արտահայտել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, ով երկօրյա այց էր կատարել Հայաստան: Սիմոնսը ասել է, որ խաղաղարարների մասին կարելի է խոսել միայն կողմերի սկզբունքային համաձայնությունից հետո: Ըստ Սիմոնսի, միայն դրանից հետո կարելի է խոսել խաղաղարարների մասին, ընդ որում, կողմերն են որոշելու, թե որքան է լինելու թվակազմը, ինչ կազմակերպություն են դրանք ներկայացնելու եւ որտեղ են տեղակայվելու:

«Խաղաղարարների հարցը կորոշեն կողմերը, համաձայնության գալուց հետո»,- ասում է Սիմոնսը: Նա նշում է, որ ՆԱՏՕ-ն չի առաջարկում իր մասնակցությունը խաղաղարար առաքելությանը: Ռոբերտ Սիմոնսը ընդհանրապես հայտարարում է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ՆԱՏՕ-ն չի մասնակցում, այլ ընդամենը պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ռոբերտ Սիմոնսի խոսքով, ԵԱՀԿ-ն է տնօրինում հակամարտության կարգավորման միջնորդի մանդատը:

Ռոբերտ Սիմոնսը հայտարարում է, որ ՆԱՏՕ ԽՎ ղեկավար Պիեր Լելուշը կարող է ունենալ իր տեսակետը կարգավորման վերաբերյալ, եւ նույնիսկ միջնորդության առաջարկություն անել: «ՆԱՏՕ-ի ԽՎ-ն անկախ կառույց է, եւ կարող է ունենալ իր տեսակետը, բայց ՆԱՏՕ-ի դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդությամբ պետք է զբաղվի ԵԱՀԿ Մինսկի խումբը, մենք միայն կարող ենք աջակցել»,- հայտարարում է Սիմոնսը: Գրեթե նույն բանը նա ասում է հայ-թուրքական հարաբերության առնչությամբ, հայտարարելով, որ դա երկկողմ հարաբերության հարց է: Չնայած Թուրքիան հավանություն է տվել Հայաստանի հետ Անհատական գործակցության ծրագիր սկսելուն, այնուամենայնիվ, նշում է Սիմոնսը, ՆԱՏՕ-ն չի զբաղվում իր անդամների արտաքին քաղաքական խնդիրներով:

«Լրագիր»

ՍԱՆ ՄԱՐԻՆՈՆ ԿՃԱՆԱՉԻ՞ ԼՂ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

… Ա. Միհրանյանը վստահեցրեց, թե արդի աշխարհում ընդամենը մի քանի անկախ պետություններ կան՝ «ԱՄՆ-ը, Չինաստանը, որոշ իմաստով՝ Հնդկաստանը, իսկ մնացած բոլոր երկրները կիսակախյալ վիճակում են գտնվում գերտերություններից, կամ մեկը՝ մյուսից: Այդ իմաստով Հայաստանը մինչեւ հիմա որոշ իմաստով կարողանում էր պահպանել ե՛ւ Վաշինգթոնի, ե՛ւ Մոսկվայի հետ նորմալ հարաբերություններ: Ես շատ լավ հիշում եմ, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուներ շատ հարազատ, շատ մտերիմ հարաբերություններ Կրեմլի հետ, ես՝ որպես Ելցինի խորհրդական, գիտեի, թե ինչ հարգանք կար նրա նկատմամբ: Բայց դա չէր խանգարում, որ նա մեծ հարգանք վայելեր նաեւ Քլինթոնի կողմից, եւ դա նորմալ էր»:

Փոխարենը վկայակոչելով ՌԴ պետական գործիչների այն մտադրությունները, թե Կոսովոյի անկախության ճանաչման դեպքում այդ նախադեպը պետք է տարածվի նաեւ Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վրա, նա կարծիք հայտնեց, թե հայաստանյան դիվանագիտության պարտքն է այնպես անել, որ այդ երկրների ցանկն ընդլայնվի ու դրանում ներառվի նաեւ Լեռնային Ղարաբաղը:

Զարգացնելով այս միտքը՝ քաղաքագետը կեսկատակ-կեսլուրջ ասաց, թե՝ «վատ չէր լինի, որ մի շարք պետություններ« թեկուզ մանր-մունր՝ ինչպես Անդորրան կամ Սան Մարինոն« Կոսովոյի անկախությունը ճանաչելուց անմիջապես հետո ճանաչեին ԼՂ-ի անկախությունը»: Իսկ ինչո՞ւ ոչ Ռուսաստանը՝ հնչած այս ռեպլիկին պարոն Միհրանյանն արձագանքեց. «Որպեսզի Ռուսաստանը ճանաչի« հայկական դիվանագիտությունը պետք է բացատրի, որ դա համապատասխանում է Ռուսաստանի շահերին»:

«Առավոտ», 20 մայիսի

——————————————————————————————-

Սոցիալ-տնտեսական

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՃԱՀՃԻ ՄԵՋ ԵՆՔ

Խորհրդային Միության փլուզումով և տնտեսական նոր հարաբերությունների ստեղծումով հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր անկախացած հանրապետությունները լուրջ դժվարությունների առաջ են հայտնվել, ինչն էլ անդրադարձել է մարդկանց (թե քաղաքաբնակների և թե գյուղաբնակների) կենսամակարդակի վրա: Քաղաքներում լուծարվել են համարյա բոլոր գործարաններն ու ձեռնարկությունները, գյուղերում էլ՝ կոլտնտեսություններն ու սովխոզները:

Ցավն այն է, որ հիմնական նյութական միջոցները (քաղաքում՝ հաստոցներ և այլն, գյուղերում՝ խոշոր գյուղտեխնիկա և այլն) ջրի գնով յուրացրել են շատ սահմանափակ թվով մարդիկ, իսկ բնակչության մոտ 80 տոկոսը մնացել է ընչազուրկ: Հողը բաժանվել է մասնավոր տնտեսություններին՝ մի շնչի հաշվով 0.6 հեկտար: Գյուղացիները մնացել են առանց տեխնիկայի՝ վիզները ծռած, թե սեփականատեր մեխանիզատորը երբ կբարեհաճի իր մի կտոր հողը վարի, ցանի և հնձի: Բացակայում է պետական վերահսկողությունն այդ միջոցառումների կատարման համար, և մեխանիզատորն ինքն է որոշում՝ ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ գնով: Այս տարաբախտությանը գումարվում են նաև բնական աղետները, որ անպակաս են մեզնից՝ երաշտ, կարկուտ, արտերի հրդեհում և այլն: Արդյունքում գյուղացին հաճախ զրկվում է բերքից, վտանգելով իր իսկ ընտանիքը, ապրուստը:

Պետական ապահովագրում չկա, և գյուղացին ոչ մի լումայի հատուցում չի ստանում: Հետո էլ ասում են՝ գյուղերը դատարկվում են: Ի՞նչն է զարմանալի, որ երիտասարդները լքում են գյուղը: Մնացողների կյանքն էլ մի բանի նման չէ: Ձեզ չի՞ անհանգստացնում այն հանգամանքը և չե՞ք ուզում պարզել, թե ինչու են հաճախացել դեպքերը, երբ տղան փախցնում է աղջկան: Գյուտ անելու հարկ չկա՝ հարսանիքի փող չունեն: Աղջկա ծնողներն, ինչ խոսք, միսներն ուտում են նման «աննամուս» գործից, բայց ներքուստ թաքուն ուրախանում են, որ առանց ծախսերի իրենց աղջկան ամուսնացրել են, ինչպես ասում են՝ հեշտ են պրծել: Բայց նման հեշտ պրծնելուց երկիրը դժվար է պրծնելու:

Գյուղացու նկատմամբ կառավարության ուշադրությունը գրեթե ձևական է: Մարդկանց կենսաթոշակները շատ ցածր են, մի մարդու տարեկան կենսաթոշակը մեր իշխանավորների մի «ուժինի» փողը չէ: Կառավարությունը խոստացել է, որ 2006թ.  հունվարի 1-ից թոշակները կավելանան 20 տոկոսով, բայց իրականում ավելացել են 10 տոկոսով:

Երիտասարդները ժամանցի վայր չունեն գյուղերում՝ մշակույթի տների դռներին փթանոց կողպեքներ են, հիվանդանոցներում բժիշկ ու դեղորայք չկա, սոցիալական ճահիճ է՝ մի խոսքով: Առաջներում գոնե ցեխի մեջ էինք…

Մեր իշխանությունները կրկնակի, եռակի բարձրացրել են պետական պաշտոնյաների, բանակի սպայական կազմի, ոստիկանության, իրավապահ մարմինների, հրշեջ ու փրկարար ծառայությունների աշխատողների աշխատավարձերը: Դա հերիք չէ՝ օրենք են ընդունել վերոնշյալ երջանիկներին վաստակած հանգստի անցնելուց հետո բարձր կենսաթոշակներ սահմանելու մասին: Ուղղակի վիրավորական է, որ գյուղացու թոշակներին ոչ մի հավելում չի նախատեսվում, ուսուցիչների և այլ  հարգարժան մասնագիտությունների տեր մարդկանց մասին էլ չեմ խոսում:

Բայց գյուղին առնչվող մի կատեգորիայի մասին պարտավոր եմ խոսել: Նախկին մարզի ամենալավ ու աչքի ընկած տնտեսությունների ղեկավարներից քչերն են ողջ, նրանց մի զգալի մասն անշուք կնքել են իրենց մահկանացուն՝ առանց կառավարության արժանի գնահատականի: Ողջերն էլ իրենց պատկառելի տարիքում ստանում են չնչին թոշակ՝ 17-20 հազար դրամ, այսինքն՝ մի շարքային ոստիկանի թոշակի չափ էլ չեն ստանում: Մինչդեռ բոլորն էլ ճանաչված ու հարգված մարդիկ էին ժամանակին: Մահից հետո նրանց գուցե գովաբանեն, ճառեր ասեն: Բայց ահա կենդանի մարդուն օգնել ընդունված չէ: Զօրուգիշեր աշխատել-արարել են այս մարդիկ, որպեսզի խոր ծերության մեջ գոնե հանգիստ ապրեն, բայց մեր իշխանավորները ուզում են, որ այդ բազմաչարչար մարդիկ «թեն ու թոխրը» ձեռքներին մահանան: Մեր իշխանավորները պետք է հասկանան, որ առանց անցյալը գնահատելու՝ ներկան ապագա չունի:

Անցյալը մեր գյուղի աշխատավորների նկարագիրն է, նրանց պատմությունը, որը լեցուն է բազում սխրագործություններով ու հաջողություններով: Ըստ արժանվույն չգնահատել այդ ժամանակվա աչքի ընկած ղեկավարներին ու շարքային կոլտնտեսականներին՝ նշանակում է ժխտել անցյալը:

Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ
գ. Ավետարանոց

ՆԱԽ՝ ԻՆՔՆԵՐՍ ԱՐԴԱՐԱՄԻՏ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ՏԱՆ ՄԵՋ…

Երբ ամեն քայլափոխի թերսնումից ու վշտից ոսկրացած ու խորշոմած տատիկների ես հանդիպում, ապա չես կարող չալեկոծվել՝ եթե մարդ ես, իհարկե… Օր ծերության կիսաքաղց վիճակի մատնված մեր կենսաթոշակառուները բոլորիս մտահոգությունը պիտի լինեն:

Գերսնումից ճարպակալած մարդ Աստծո, ուզում եմ բարեկամաբար հիշեցնել քեզ, որ ուտելու համար չէ մարդն աշխարհ գալիս, այլ ուտում են ապրելու համար և ոչ երբեք հակառակը: Մարդ տվածով է հարստանում, իսկ ագահությունը կործանարար չարիք է, ընչաքաղցությունը՝ քաղցկեղից առավել վատթար հիվանդություն՝ ախտածին բոլոր հետևանքներով:  Ժլատության մասին Պ. Սևակը սպառիչ տողեր ունի. իրավացիորեն «կիսատ-պռատ» է համարում նա բոլոր ժլատներին. «Թե կարող են, թող գան մարդկանց շարքը դասվեն»:

Այս աշխարհից ոչ ոք ոչինչ չի տանում հանդերձյալ աշխարհ. թողածի մասին պիտի մտածել, քանի որ մարդն իր արածով է հիշվում և մարդկային իր նկարագրով է մնում ապրողների հիշողության մեջ:

Զեխ կերուխումների ժամանակ հիշեք, պարտավոր եք հիշել, որ Արցախի անկախության համար զոհվածների զավակները կարիքի մեջ են, իսկ մեր թոշակառուները՝ կիսաքաղց…

Պարոն նախագահ, մենք՝ ժողովրդով, արդարություն ենք պահանջում աշխարհից, բայց չէ՞ որ մենք ինքներս պիտի արդար լինենք միմյանց հանդեպ, մեր ընդհանուր տան մեջ, որի անունն է Արցախ: Ի՞նչ առնչություն ունի սոցիալական այսպիսի բևեռացումն արդարության հետ, երբ ճոխությունից պայթող դղյակների ու առանձնատների հարևանությամբ քաղցած ու կիսաքաղց մանուկներ կան, շուկայում գողություն անող ծերունիներ, մի կտոր հացի համար խիղճ ու սկզբունք վաճառող մարդիկ…

Միայնակ մայրերին՝ յուրաքանչյուր երեխայի համար ամիսը 4000 դրամ է տալիս մեր պետությունը, թոշակառուներին՝ 8-15, զոհվածների ընտանիքներին՝ մեկ երեխայի հաշվով 6-7 հազար դրամ: Իսկ 15-20 հազար դրամով հնարավոր չէ բավարարել թեկուզև մեկ երեխայի կենսական պահանջները և առողջ սերունդ աճեցնել մեր երկրի համար՝ համակարգչի ու գիտատեխնիկական թռիչքների մեր ժամանակներում:

Հաղթանակած մեր հերոսական ժողովուրդն այս վիճակին չէ, որ արժանի է: Ի՞նչ եմ առաջարկում: Մեծահարուստ գործարարներից գանձվող հարկերը կրկնապատկել ու եռապատկել և դրանց հաշվին բարձրացնել զոհվածների ընտանիքների նպաստներն ու կենսաթոշակառուների թոշակները: Նպատակին օգտագործել «դրսից» ստացվող օգնությունները, ժողովրդին անդեմ ու անգետ զանգվածի տեղ չդնել: Համբերատար է նա, բայց, եթե սպառվի համբերությունը, մեր երկրի համար շատ վտանգավոր պայթյուն կլինի: Հիմա առավել ևս, երբ խրամատից անդին ատամներ կրճտացնող հակառակորդն է հոխորտում, մեզ ամենից առաջ ու ամենից շատ միաբանություն, համախմբվածություն ու միակամություն է պետք, սակայն պարզից էլ պարզ է, որ եթե տան մեջ չկա արդարություն, հավասարություն ու փոխըմբռնում, ապա անհեթեթ է խոսել համերաշխության մասին…

Մեկ անգամ չէ մամուլում և բարձր ատյաններից հնչեցվել այն միտքը, որ հատկապես զոհվածների, անհայտ կորածների և հաշմանդամների ընտանիքների նկատմամբ պետության և հանրության վերաբերմունքն ունի ռազմավարական նշանակություն. անուշադրության մատնված, ամեն օր «նեղ օրերից մեկը» ապրող զոհվածի այրին՝ առանց հոր, դժվար մեծացրած իր որդիներին ինչպե՞ս պիտի ճանապարհի անկախության համար դեռևս անավարտ մեր մարտին և ինչպիսի՞ դաստիարակություն պիտի նա այսօր տա իր որդիներին, երբ մերօրյա կալվածատերերի ու կապիտալիստների սնամեջ երեխաների մոտ նրանց «խեղճացնում է» իրենց սոցիալական անապահով վիճակը:

Պարոն նախագահ, կեղծ ու պատեհապաշտ են մտավորական համարվող բոլոր նրանք, ովքեր այսօր ծափահարող ու գովաբանող են միայն, ում մտքին ոչ թե մեր երկրի զարգացումն ու բարգավաճումն է, այլ սեփական շահն ու օգուտը, ուստի հաճոյախոսում ու ճառում են վերամբարձ, ազդարարելով, որ մեր երկրում ամեն ինչ լավ է ու անթերի… Դա ամենևին էլ այդպես չէ: Ունկնդրենք հունգար բանաստեղծ, ազատամարտիկ Շ. Պետեֆֆիին. «Կեղծավորությունը դժվար արհեստ չէ, ամեն մի սրիկա հմուտ է նրանում, բայց բացեիբաց, անկեղծորեն, սրտանց կարող են և համարձակվում են խոսել միայն ազնիվ սրտերը»: Շողոքորթությունը, հիրավի, քողարկված է աղվեսի մորթով և անհամատեղելի է հավատարմության հետ, իսկ նա, ով պարգևատրում է շողոքորթության համար, շողոքորթություն է որոնում՝ սովորեցնում են մտքի մեծերը:

Բազմազավակությունը խրախուսվում է մեր երկրում, որը նույպես ռազմավարական նշանակություն ունի, սակայն, իրականում ինչպիսի՞ն է բազմազավակ ընտանիքների վիճակը: Դժբախտաբար, նրանք նույնպես սոցիալապես անապահով խավ են: Նման ընտանիքներին տրվող նպաստները նույնպես անհրաժեշտ է կրկնապատկել, և կամ միանվագ հատկացվող գումարների ոչ թե տոկոսները տալ միայն, այլ գումարը տալ, թեկուզ երեխայի երեք տարին լրանալուց հետո, որպեսզի ծնողները կարողանան հող մշակել կամ գործարարությամբ զբաղվել: Չէ՞ որ դրամագլուխ վաստակելու համար դրամագլուխ պիտի ունենալ: Չեմ կասկածում, որ նման քայլերից հետո ծնելիությունն Արցախում անպայման աննախադեպ կաճի:

Անթույլատրելի է, որ մատաղ սերունդը սոցիալապես անապահով պայմաններում ապրելու պատճառով թերսնվում է, նման պարագայում երկիրը չի կարող ունենալ ֆիզիկապես և հոգեպես առողջ սերունդ: Մյուս բևեռում՝ գերսնվող սերունդը նույնպես առողջ լինել չի կարող: Իսահակյանի հավաստմամբ և այսօրվա բազմաթիվ օրինակներից ելնելով՝ կարող ենք ասել, որ ճոխության ու զեխության մեջ ոչինչ առողջ լինել չի կարող:

Երկրի հոգսերով համակվել պարտավոր ենք բոլորս և ամենից առաջ նրանք, ում վստահված է այս երկրի ղեկը: Սոցիալական աղետալի չափերի հասած բևեռացման առաջն անհրաժեշտ է առնել և տեր կանգնել սոցիալապես անապահով խավերին:

Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԿՐԻ ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻՑ

Ռազմիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Եթե քո ղեկավարած տարածքում ժողովուրդը պակասում է, դու շուտափույթ պիտի հրաժարական տաս:

Ղեկավարը հրաժարական պիտի տա նաև այն դեպքում, երբ նրա ասածները կամ բարեփոխումները չեն իրականանում:

Եթե պատերազմական ժամանակաշրջանում չինովնիկները հարստանում են, ապա պիտի ամեն ինչ անել, որպեսզի նրանք անպայման իրենց օրինական պատիժը կրեն, այլապես այդ երկիրը պատերազմում պարտվելու է և ոչ մի փորձության էլ չի դիմանալու:

Եթե հայրենիքում մնացողները քչանում են, իսկ կաշառք վերցնողները և թալանչիները՝ ավելանում, ապա վերջիններս ժողովրդի առաջ պատասխանատու են երկրի ճակատագրի համար և տալու են այդ պատասխանը՝ երբ էլ որ լինի:

Պատերազմում հաղթած ժողովրդի ղեկավարը իր ժողովրդից հարուստ չպետք է լինի:

Եթե ղեկավարի ասածները որոշ ժամանակ անց հերքվում կամ չեն կատարվում, ուրեմն նրա ղեկավարած երկիրը փոփոխական է լինելու, կայուն չի լինելու, երերալու է:

Այն ղեկավարները, ովքեր փողն են գերադասում, այլ ոչ թե ժողովրդի բարգավաճումը, ազգի դավաճաններ են:

Եթե ռազմական վտանգի պայմաններում ղեկավարների նպատակը փողն է,  այլ ոչ թե երկրի պաշտպանունակության ամրապնդումը, ապա ժողովուրդը պիտի մտածի նրանց պատժելու մասին:

Եթե պատերազմական ժամանակաշրջանում հարստացողները չեն նմանվում հայ ազգի բարերարներ Մանուկյաններին և Մանթաշովներին, ապա նրանց հարստությունը պետք է առգրավվի ի շահ ժողովրդի:

Եթե երկրի ղեկավարները ժողովրդին չեն ապահովում աշխատանքով, և մարդիկ լքում են հայրենիքը, իսկ չինովնիկներն էլ գովում կամ մեծարում են ղեկավարներին, ապա նրանք երկուսն էլ ազգուրաց են:

Եթե պատերազմում հաղթած երկրում զինվորական կոչումները կամ մեդալներն ու շքանշանները փողով և ծանոթությամբ են տրվում, ապա այդ երկրի բանակը քայքայման եզրին է:

Այն երկիրը, որտեղ նախկին կագեբեական լրտեսներին ոչ միայն չեն մերկացնում, այլ ընդհակառակը՝ վերականգնում ու խրախուսում են, այդ երկիրը երբևէ դեմոկրատական դառնալ և ապագային նայել չի կարող, այլ հավետ կառչած կմնա անցյալին:

Եթե մեր օրերում գրող-բանաստեղծից գրքի փոխարեն փող են գողանում, ուրեմն այդ գրողը առևտրական գրող է, ուրեմն՝ գրականությունն էլ է շուկա դարձել:

————————————————————————————–

Մարդու իրավունքներ

Ի ՎԵՐՋՈ՝ ԿԱ՞ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՈՉ

«Դեմո»-ի հարգելի խմբագրություն

Գիտեմ, որ դուք պետության կողմից արտոնագրված իրավունք չունեք, բայց, այնուամենայնիվ, ակնկալում եմ ձեր աջակցությունը և խնդրում հանրությանը ներկայացնել իմ «ոդիսականը», որպեսզի մարդիկ տեղյակ լինեն այսօրվա անօրինություններին և առանձին պաշտոնյաների աշխատաոճին:

Դիմում եմ ձեզ՝ հաշվի առնելով, որ «Դեմո»-ն ժողովրդի բարեկամն ու ամենաշատ ընթերցվող թերթն է:

Հարգանքներով՝  Սերգեյ ՀԱԽՈՒՄՅԱՆ

Այն, ինչի մասին գրում եմ, գուցե սովորական մի պատմություն է, որ անցել է շատերի գլխով, պարզապես ուրիշների պես չեմ լռում և որոշեցի գրել այս մասին, ցույց տալու համար, թե որքան անիմաստ ու արհեստական քաշքշուկների մեջ են հաճախ մեզ ներքաշում, անտանելի դարձնելով մեր կյանքը:

Իմ և հարևանիս տների համար առանձին ելք ու մուտք ունենալու հարցում մեր մեջ առաջացավ վեճ, որը պետք է լուծվեր օրինական ճանապարհով: Դիմեցի քաղաքապետարան: Մի քանի հոգի մի քանի անգամ տեղազննելուց հետո եկան այն եզրակացության, որ չնայած հարևանս Թումանյան փողոցի վրա ունի ճարտարապետական նորմերին համապատասխանող և 25 տարի գործող ելքի ու մուտքի ճանապարհ, նպատակահարմար է իմ հողակտորի հաշվին, իմ և հարևանիս միջոցներով բացել նոր ելքի ու մուտքի ճանապարհ՝ մեր դիմացի պետական շենքի բակի վրա (Հակոբյան փ., թիվ 3), որից հետո առանձնացնել ճանապարհները: Իմ համաձայնությամբ քաղաքապետարանն ընդունեց որոշում, որի տակ ստորագրեցին 7 հոգի՝ քաղաքապետը, փոխքաղաքապետը, գլխավոր ճարտարապետը, ճարտարա-շինարարական վերահսկողության բաժնի պետը, իրավաբանը, աշխատակազմի ղեկավարը և ինժեներ-շինարարը: Կազմեցին նոր սանդուղքի գծագիրը, նշեցին կառուցման ժամկետը՝ 15 օր (կցում եմ որոշման պատճենը):

Նշված ժամկետում միայն իմ միջոցներով (ծախսել եմ 85 հազար 150 դրամ) կառուցեցի քարե աստիճաններով նոր սանդուղք, որն արժանացավ գլխավոր ճարտարապետի հավանությանը:

Շինարարության ավարտին մնում էր կես ժամվա աշխատանք, երբ այդ նույն ճարտարապետը ներկայացավ և պահանջեց դադարեցնել շինարարությունը, պատճառաբանելով, որ կադաստրի աշխատակիցը փոխել է հարևանիս տան վկայականը, որում նշել է «շտրիխովկա», ըստ որի իբր հարևանս իրավունք ունի շարունակելու երթևեկությունը իմ սեփական բակով: Եթե կադաստրի աշխատա-կիցն իմանար իր իրավունքները, իսկ ճարտարապետը տեղյակ լիներ օրենքին, ըստ որի կադաստրը իրավասու չէ որևէ մեկին ճանապարհ կամ մեկ թիզ հող տալու, ապա չէր դադարեցվի շինարարությունը, և հարցը լուծված կլիներ կես ժամից հետո: Բայց հենց այս չիմացուծությունից էլ սկիզբ առավ մի քաշքշուկ, որին մասնակցեցին տասնյակ միջնորդներ, դժբախտաբար՝ նաև պաշտոնյաներ, և հարցի լուծումը ձգձգվեց՝ չլուծված մնալով առայսօր: Մինչդեռ ես միամտորեն կարծում էի, որ ինչպես ես, այնպես էլ մյուս քաղաքացիները պարտավոր են հավատալ քաղաքապետարանի 7 պաշտոնյայի ստորագրությամբ և ժողովրդի ընտրյալ 15 հոգուց բաղկացած ավագանու հավանությանն արժանացած որոշմանը:

Հարևանս, որը 25 տարի է այդ տան գրանցումից հանված է, ընդհանրապես իրավունք չունի հանդես գալ որպես տան տեր (այդ տանը վարձով ապրում են ուրիշ մարդիկ), սակայն նա, օգտվելով պետական աշխատողների օրենքների չիմացությունից և անսկզբունք աշխատաոճից, սկսեց դիմել դատարաններին՝ դիմելով միջնորդների օգնությանը և այլ միջոցների (հարևանս խոհարար է՝ աշխատում է երկու պաշտոնյաների սրճարաններում):

Առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Վ. Ստեփանյան) հենց սկզբից թույլ տվեց կոպիտ սխալներ: Այսպես՝ հրաժարվեց ինձ մոտ գտնվող փաստաթղթերին ծանոթանալուց, նիստի կեսն անցնելուց հետո հայտարարեց, որ այն հետաձգվում է մինչև հաջորդ օրը, քանի որ վկաներից մեկը պիտի մասնակցի մի հուղարկավորության: Ես բոլոր հիմքերն ունեի ենթադրելու, որ նիստը ձևական բնույթ պետք է կրի և որ վճիռը, կարծես թե, արդեն պատրաստ է: Իմ ենթադրության ճշտությունը հաստատվեց հաջորդ օրը:

Դատավորը, անտեսելով եղած փաստաթղթերը և հրաժարվելով տեղազննությունից, կիրառեց իրականությանը և օրենքին հակասող վճիռ՝ սերվիտուտ:

Քաղաքացիական օրենսգրքում գրված է. «Սերվիտուտը կիրառվում է այն դեպքում, երբ հարևանի սեփական հողակտորը որպես ելքի և մուտքի համար օգտագործելուց բացի՝ դրսի հետ կապվելու ոչ մի հնարավորություն չունի»: Իրականում, սակայն, իմ հարևանը ունի դրսի հետ կապող երկու նորմալ, քարե աստիճաններով ելք և դեռ պահանջում է ունենալ երրորդը՝ իմ սեփական հողամասով: Թե ինչու է այդպիսի հակաօրինական վճիռ կայացվել՝ թողնում եմ ընթերցողների եզրակացությանը:

Վերաքննիչ դատարանը (դատավոր՝ Զ. Օհանյան) նախորդից մի քայլ առաջ անցավ: Անտեսելով խնդրին առնչվող փաստաթղթերը, այն իր վճռի նախաբանի մեջ արձանագրեց բազամթիվ սխալներ: Այսպես՝

1. իբր հարևանիս հողամասը դրսի հետ կապող ոչ մի ելք չունի: Այն դեպքում, երբ նա ունի դրսի հետ կապող երկու հարմարավետ ճանապարհներ.

2. Հախումյանը ինքնակամ երկրորդ հարկում կառուցել է բաղնիք և խոհանոց: Այն դեպքում, երբ այդ կառույցները կային տանը մինչև իմ գնելը և գրանցված են իմ հին ու նոր վկայականներում.

3. Հախումյանը չի ժխտում, որ իր հարևանի տանը վարձով ապրել է: Այն դեպքում, երբ այդ տանը մեկ օր անգամ վարձով չեմ ապրել.

4. Հախումյանը քարե պատով ինքնակամ կտրել է արանքը, այն դեպքում, երբ այն արվել է ճարտարապետի որոշմամբ և անօրեն ձևով քանդվել հարևանիս կողմից.

5. Պետական շենքի բակի վրա նոր ելքը, ըստ շենքի բնակիչների, կարող է խանգարել այնտեղի ավտոտնակներին:

Դատավորը պարտավոր էր իմանալ, որ՝վ

ա. պետական շենքի բակի տնօրինության իրավունքը պատկանում է համայնքին և ոչ թե շենքի բնակիչներին.

բ. այդ շենքի բակի կենտրոնում կա միայն մեկ քարաշեն ավտոտնակ, որը կառուցել է այդ շենքի նախկին բնակիչ Աժդար Աբասովը: Բակի մյուս կառույցները հավաբներ են ու փայտանոցներ: Բոլոր կառույցներն էլ ապօրինի են և, դժբախտաբար, քաղաքի կենտրոնում գտնվող այդ շենքի բակի բարեկարգումը գտնվում է ուշադրությունից դուրս:

Դատավորը իր սխալ վճիռը պատճառաբանում է նաև քաղաքապետարանի իրավաբանի ներկայացրած լիազորագրով: Շատ զարմանալի է՝ և ֆելիետոնի բնույթ կրող: Չէ՞ որ այդ լիազորագիրը ներկայացնող իրավաբանն է մի քանի անգամ եղել տեղում, ստորագրել որոշման տակ, անգամ շնորհավորել ինձ՝ հարցը լուծված համարելով: Հարց է առաջանում. նրանք պետական ծառայողնե՞ր են, թե՞ «տուն-տունիկ» խաղացողներ:

Ինչ որ է, այս և նման այլ սխալ փաստեր ու փաստարկներ շարադրելուց հետո վերաքննիչ դատավորը նույնպես սահմանեց սերվիտուտ: Եւ մի աղաղակող խախտում՝ դատարանի վճիռն ինձ հանձնեցին բողոքարկման ժամկետն անցնելուց հետո՝ 18 օր անց (հավանաբար՝ դիտավորյալ):

Ահա այս «ոդիսականից» հետո ես եկել եմ այն եզրակացության, որ Արցախի քաղաքացին անպաշտպան է, և ցանկացած պաշտոնյա կարող է  կոպտորեն ոտնահարել քաղաքացու իրավունքները և անպատիժ մնալ: Այս առօրյա-չնչին հարցի լուծման նման ձգձգումը ստիպում է մտնել այն քաղաքացիների վիճակը, ովքեր ավելի լուրջ հարցեր ունեն: Պատկերացնում եմ, թե ինչ դժոխքի միջով են նրանք անցնում:

Ուշադրություն դարձրեք՝ իմ այս փոքր հարցի լուծմանը մասնակցել են 21 մարդ. քաղաքապետարանից՝ 6, պետական կադաստրից՝ 6, արդարադատության նախարարությունից՝ 3, Ազգային ժողվից՝ 3, ԴԱՀԿ ծառայությունից՝ 3 մարդ: Այս հարցով անձամբ եղել եմ Ազգային ժողովի նախագահի, արդարադատության նախարարի, կադաստրի պետական կոմիտեի նախագահի, ԴԱՀԿ ծառայության պետի և այլոց մոտ: Բոլորը միանշանակ հաստատել են, որ սերվիտուտի կիրառումը հակաօրինական է: Բայց սայլը տեղից չի շարժվում:

Ասացեք, խնդրեմ՝ հիմա ի՞նչ անեմ, կամ ի՞նչ անի նման իրավիճակում հայտնված քաղաքացին: Եւ ու՞ր դիմի: Մենք մարդու իրավունքների պաշտպան չունենք, ինչպես չունենք սահմանադրական  դատարան: Եղած ատյաններին էլ արդեն դիմել եմ: Ուրեմն, որտե՞ղ արդարություն որոնեմ:

Իմ գլխով անցած այս փորձանքից հետո ես մի պարզ ճշմարտություն ինձ համար պարզեցի՝ արցախցին լքում է իր հայրենիքը ոչ այնքան վատ կյանքից, որքան անարդարություններից, անպաշտպանվածության զգացումից: Եւ այս հարցը պիտի մտահոգի բոլորին՝ իշխանություններին, հանրությանը:

Նաև մտածում եմ. եթե այսքանն ինձ հետ է պատահել, մի մարդու հետ, որ աշխարհից, ինչպես ասում ենք, բեխաբար չէ, և համապատասխան ինտելեկտն ու կապերը ունի ինքն իրեն պաշտպանելու համար, ապա ինչպիսի՞ն կլինի վիճակն, ասենք, հասարակ բանվորի ու գյուղացու: Թող անհամեստություն չլինի ասել, որ ես ճանաչված մտավորական եմ, ունեմ դպրոցի տնօրենի 25 տարվա ստաժ, իմ ներդրումն ունեմ հայրենի գյուղում ու երկրում, հատկապես՝ կրթության համակարգում: 20 հոգուց բաղկացած իմ ընտանիքը (զավակներով, փեսաներով, հարսներով ու թոռներով) ուշի-ուշով հետևում է այս ամենին և նրանց հոգում ևս մի կարևոր բան է կոտրվում, կասկածը մտնում է նաև նրանց սրտերը: Նրանցից 15-ը, իմիջիայլոց, բարձրագույն կրթություն ունեն, մյուսները՝ ուսանող կամ դպրոցական են:

Ես ոչ մի դեպքում չեմ լքի իմ հայրենիքը, սակայն մյուս կողմից էլ ւզում եմ, որ ես ու  իմ ընտանիքն ապրենք իրավական երկրում, ուր պաշտպանված են մարդու իրավունքները և ուր պետությունն այդ իրավունքների պաշտպանն է, այլ ոչ թե ոտնահարողը: Եւ ես, միևնույն է, չեմ լռելու, այլ շարունակելու եմ պայքարել իմ իրավունքների համար, ինչն էլ խորհուրդ եմ տալիս ուրիշներին:

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Հաճախ է խոսվում այն մասին, որ մեր երկրում քաղաքացին պաշտպանված չէ պետական ու այլ պաշտոնյաների կամայականություններից ու անօրինություններից, որ չկան մարդու իրավունքների պաշտպանության հստակ ու փորձարկված մեխանիզմներ: Մարդ հաճախ անզոր է գտնվում պաշտպանելու իր տարրական իրավունքները: Ընդ որում՝ պաշտպանելու պետական մարմիններից, պետական և այլ  պաշտոնյաներից: Ու ստացվում է հետևյալ աբսուրդը. քաղաքացու-հարկատուի միջոցներով կազմվում է պետական բյուջեն, որից սնվում և որով պահպանվում են պետական մարմիններն ու պետական պաշտոնյաները, որոնք պիտի պաշտպանեն նույն այդ քաղաքացու-հարկատուի շահերը: Այսինքն՝ քաղաքացի-հարկատուն իր միջոցներով սկզբունքորեն պիտի պահի իր շահերի պաշտպաններին:

Իրականում միանգամայն հակառակ պատկերն է՝ քաղաքացի-հարկատուն իր միջոցներով պահում է մի հսկայական պետական ապարատ, որպեսզի վերջինս իրեն խանգարի, իր իրավունքները ոտնահարի, իր կյանքը պղտորի: Սա է, որ չեն մարսում մարդիկ, սա է, որ նրանց տանում է զայրույթի ու հուսալքության դուռը՝ դրանց կանխատեսելի հետևանքներով: Քաղաքացի-հարկատուն իր միջոցներով պահում է պետավտոտեսչին, որպեսզի վերջինս ոլորանների մի անտեսանելի տեղ՝ ծառի տակ, թաքնվի ու իրեն հանկարծակիի բերելով տուգանի, կանգնի սահմանին ու ելումուտի փող ուզի, քաղաքացին իր միջոցներով պահում է պետական զանազան ատյանների տարաբղետ պաշտոնյաների, որպեսզի սրանք իրեն անհրաժեշտ տեղեկանքը ջանջալացնեն կամ չտան, քաղաքացին իր միջոցներով կահավորում է նախագահի-վարչապետի-նախարարների աշխատասենյակները, որպեսզի նրանք իրեն չընդունեն և այլն, և այլն: Ու մարդ անզորությունից ճչում է: Այսինքն՝ դա նույնն է, թե քո միջոցներով մարդ վարձես այն նպատակով, որ նա կյանքդ ջանջալացնի, նյարդերդ ուտի…

Մեր նամակագրի «ոդիսականը» հենց սա է վկայում՝ որքան ժամանակ ու նյարդեր է կորցնում մարդ մի չնչին հարց լուծելու համար:

Ուղղակի շշմում ես՝ մի պահ պատկերացնելով, թե ինչ կլիներ, եթե քաղաքացիներ-հարկատուներիս միջոցներով պահվող հսկայական պետական ապարատն ու բազմաթիվ պետական և այլ պաշտոնյաները մտածեին մեր մասին, հեշտացնեին մեր կյանքը, բարելավեին այն, ինչի համար էլ, իմիջիայլոց, վարձատրում ենք նրանց: Հեքիաթ է՝ կասեն շատերը, և սա է ողբերգությունը, այս հավատամեռությունը:

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉԻ ՄԱՀԱՆՈՒՄ

Պատմությանը հայտնի են ոչ քիչ դեպքեր, երբ խեղկատակները իշխանության գլուխ են անցել և ահավոր ողբերգություններ պատճառել սեփական երկրին ու ժողովրդին: Եթե պատմության դասերից օրինակներ քաղեին…

2006թ. ապրիլի 1-ին Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում համայնքի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանի հրաժարականից հետո իր թեկնածությունը առաջադրեց Մխիթար Առուշանյանը՝ միջնակարգ-մասնագիտական կրթությամբ, աշխատանքի փորձ չունեցող մի անձ, որը չի ծառայել բանակում, չի կատարել հայրենիքի նկատմամբ տղամարդու իր պարտքը՝ պատճառաբանելով ստամոքսի հիվանդությունը:

Մխիթար Առուշանյանը կյանքի ասպարեզ ելավ իր հոր պատվով: Հայրը՝ Վաղարշակ Առուշանյանը, ճանաչված ու հարգված մարդ էր՝ ՀՅԴ անդամ, Քարին տակի ինքնապաշտպանության կազմակերպիչ ու հրամանատար, որ զոհվեց գյուղի ինքնապաշտպանության մարտերում: Բայց, ինչպես ասում են, միայն ծնողներիդ պատիվն ու թողած անունը բավարար չեն սեփական կենսագրություն կերտելու համար, եթե ինքդ չունես համապատասխան որակներ ու մարդկային հատկանիշներ: Որպեսզի խնձորը ծառից հեռու չընկնի:

Նախընտրական քարոզարշավը նա անցավ հոխորտանքներով ու հասարակությանը կեղծ խոստումներ տալով, հիշատակելով ու, միաժամանակ, վարկաբեկելով մի շարք հեղինակությունների:

Ընտրողների հետ հանդիպումն էլ անցավ նույն սցենարով, դեռ ավելին՝ չվարանեց հարազատ ուսուցչական կոլեկտիվի վրա մատ թափ տալուց: Նրա եղբայրներից մեկը զինվորական է, և առայսօր չի եղել մի դեպք, որ գար գյուղ և չվիրավորեր գյուղապետին, որի հետ նախկին երկու ընտրապայքարներում եղբայրը պարտություն էր կրել:

Սակայն այն, ինչ արեց մյուս եղբայրը, ուղղակի ոչ մի շրջանակում չի տեղավորվում: Նա իր նորընտիր գյուղապետ եղբոր կերուխումից վերադառնում է տուն և նռնակ պայթեցնում սեփական տան բակում, գոռում-գոչյունով հայհոյելով նախկին գյուղապետին ու նրա ողջ տոհմին: Նորընտիր գյուղապետն էլ ամբողջ կոկորդով բղավում է, որ իր գերդաստանի նկատմամբ մահափորձ է կատարվել:

Սակայն պղտոր ջրում ձուկ որսալ ցանկացողներն իրենց իսկ ձեռքով փոս փորեցին իրենց համար՝ եղելությունը ջրի երես հանվեց: Ուստի ուզում եմ թերթի միջոցով շնորհակալություն  հայտնել ԼՂՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի պետին ու ողջ անձնակազմին, որ կարողացան կարճ ժամկետում բացահայտել հանցագործությունը՝ երևան հանելով իրական կազմակերպիչներին և թույլ չտալով, որ «անմեղ մեղավորներ» տուժեն:

Ռ. ԱՌՍՏԱՄՅԱՆ
Քարին տակ գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ

——————————————————————————————-

Նամականի

Ահազանգ
ՀԱՑԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԹԱՆԿԱՑՈՒՄ

Շուրջ մեկ ամիս առաջ հացի գործարանի թխած հացը վաճառվում էր 60 դրամով: Սակայն վերջերս գործարանի արտադրած հացի գինը անսպասելիորեն, հանկարծակի, առանց որևէ պարզաբանման ու բացատրության դարձավ 70 դրամ: Լավատես գնորդները հույս ունեին, որ դա կարճաժամկետ թանկացում է և երևի շուտով հացի գինը նորից կդարձնեն 60 դրամ:

Բայց, ինչպես ասում են, ախորժակիդ քացախ. ըստ երևույթին այն հետախուզական նպատակ էր հետապնդում՝ իմանալու, թե ինչ արձագանք կունենա թանկացումը: Եվ տեսնելով, որ ոչ ոք բարձրաձայն չի բողոքում, չի ընդվզում, լրատվամիջոցներն աղմուկ չեն բարձրացնում, հացի գործարանի ղեկավարները տասը դրամ «ետ ողորմյայի» փոխարեն տասը դրամ «Հառաջ ողորմյա» գոչեցին և… արդյունքն եղավ այն, որ 60 դրամով վաճառվող հացը հիմա վաճառվում է 80 դրամով:

Շուկայական հարաբերությունների պայմաններում ամենևին էլ չի նշանակում, թե եթե ապրանքը քոնն է, ինչ գին ուզենաս՝ կարող ես դնել:

Ինչպե՞ս վարվի քաղաքացին: Հո չի՞ կարող բոյկոտ հայտարարել հացին այն դեպքում, երբ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «օրը երեք-չորս անգամ սով է»: Ասում են՝ ամեն տարի հացահատիկի երեք տարվա բերք ենք ստանում: Տնտեսական նման իրավիճակում անպատկերացնելի է մեկ շաբաթվա ընթացքում հացի գնի նման տեմպերով բարձրացումը:

Հաց սպառողները սպասում են հացի գործարանի ղեկավարության, ինչպես նաև կառավարության պարզաբանումներին՝ հացի գնի թանկացման առիթով:

Հենրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԵԿԵՔ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԼԻՆԵՆՔ

Որքան գնում, այնքան ավելի զարգանում, այնքան ավելի ենք մոտենում եվրոպական քաղաքակրթությանը: Շարժվելով նորաձևության հետքերով, ունենալով բջջային հեռախոսներ ու մեքենաներ, որոնք երբեմն չես հասկանում՝ անհրաժեշտությո՞ւն է, թե՞ պարզապես շրջապատից հետ չընկնելու ձև, կարծում ենք, թե արդեն զարգացման գագաթնակետին ենք հասնում և հավասար ենք եվրոպական երկրներից շատերին: Բայց ինչքան էլ ցավալի լինի այն փաստը, որ մենք դեռ շատ ենք հետ այդ իրականությունից, միևնույն է, մնում է փաստ: Որպես դրա վառ օրինակ կարող ենք ներկայացնել մեր մայրաքաղաքի շատ երևույթներ. այստեղ որպես մի մեծ թերություն համարում ենք աղբարկղերի պակասն ու ոչ ճիշտ կիրառումը:

Ցանկացած քաղաք կամ փոքրիկ գյուղ ի սկզբանե ունենում է իր աղբանոցը կամ աղբարկղերը, բայց ի հակադրություն դրան, մեր քաղաքում աղբարկղերի պակասն (պահանջը) զգացվում է: Քաղաքի շատ թաղամասեր (հատկապես՝ ծայրամասային) աղբարկղեր չունեն, իսկ եթե կան էլ, ապա աղբանոցի է վերածված նաև նրանց շրջակայքը: Շատ ավելի վատ վիճակում են քաղաքից մի քիչ հեռու գտնվող կանաչապատ վայրերը, որտեղ մարդիկ հանգստանում և թողնում են իրենց աղբը:

Աղբի ժամանակին տեղափոխումը երևի թե այսպիսի խնդիրների առաջ չկանգնեցներ և բնակելի շենքերի շրջակայքը մաքուր կլիներ: Բայց այս խնդրի լուծման համար միայն պետական (աշխատանքի) աշխատողների ջանքերը բավական չեն, այստեղ մեծ դեր պիտի ունենա նաև բնակչությունը:

Շատ անգամ ենք ականատես դառնում, որ բնակիչները աղբը թափում են աղբամանի կողքին և հանգիստ հեռանում, առանց մտածելու, որ դրանից են ձևավորվում բազմաթիվ հիվանդություններ և, վերջապես, կեղտոտվում է իրենց շրջակայքը:

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ/ ԱրՊՀ, լեզվագր., 1-ին կուրս

Ե՞ՐԲ Է ՀԵՐԹԸ ՀԱՍՆԵԼՈՒ

Վերջին տարիներին մեր հանրապետությունը զարգացում է ապրում, ինչի վառ օրինակ է հանդիսանում մեր մայրաքաղաքը, որն օրեցօր ավելի ու ավելի է գեղեցկանում ու շքեղանում: Բայց մայրաքաղաքի, այն էլ միայն կենտրոնական ու «տեսանելի» վայրերի շքեղացումը բավարար չէ երկրի զարգացման համար (շրջանների մասին դեռ չեմ խոսում): Նորերս Ստեփանակերտի Արևելյան թաղամասում ապրող բնակիչներից մեկի հետ զրույցից պարզեցի, որ այս թաղամասը, որտեղ կառուցվում է նոր ավտոկայան, շատ կիսատ-պռատ տեսք ունի: Գանգատվող քաղաքացին թվարկում էր թաղամասի բացերը, որից կամա թե ակամա այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ մենք ապրում ենք դեռևս մարդկության ծագման ու զարգացման վաղ ժամանակաշրջանում:

Թաղամասի ամենացավոտ խնդիրը կոյուղիների բացակայությունն է, ինչը կարող է տխուր հետևանքներ ունենալ: Պակաս կարևոր չեն նաև հեռախոսագծերը. բնակիչներն այդ հարցով բազմիցս դիմել են ուր որ պետք է, բայց առայժմ ապարդյուն: Քչերն այնտեղ բջջային հեռախոսներ ունեն, ուստի մեծ մասը կտրված է աշխարհից:

Ճանապարհների մասին խոսելն անգամ ավելորդ է՝ անձրևային եղանակներին դրանք անանցանելի են դառնում, չորսբոլոր ջրափոսեր են լինում: Այստեղով երկու երթուղային տաքսիներ են անցնում, սակայն դա, ըստ բնակիչների, քիչ է:

Ինչ որ է, թաղամասի բնակիչներն ամեն տարի սպասում են այս խնդիրների լուծմանը, հուսով են, որ իրենց պատգամավորը նույնպես միջոցներ կձեռնարկի: Ամեն մի նոր պատգամավորի հետ նրանք մեծ հույսեր են կապում ու հավատում նրան:

Արևիկ ԱՎԱՆԵՍՅԱՆ / ԱրՊՀ, լեզվագր., 1-ին կուրս

ՀՈՒԶԻՉ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ

Ցավալի է, որ ապրելով 21-րդ դարում, մեր համաքաղաքացիներից շատերը բողոքում են իրենց տնային պայմաններից: Անչափ հուզիչ են Ջուլիետա Սարգսյանի խոսքերը.

«Արդեն 50 տարի է, ինչ ապրում եմ Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյան փողոցում գտնվող շենքերից մեկում: Այդ շենքը կառուցվել է 1929 թվականին: Իմ կյանքի բոլոր ուրախ ու տխուր իրադարձությունները կապված են այդ տան հետ: Եվ ինձ համար այսօր շատ դժվար է տեսնել, թե ինչպես ժամանակի ընթացքում շենքը կամաց-կամաց փլվում է: Իսկ այդ ամենի պատճառն այն է, որ երկար տարիների ընթացքում շենքը երբեք չի ենթարկվել կապիտալ վերանորոգման:

Մենք՝ շենքի բնակիչներս, շատ անգամ ենք դիմել համապատասխան մարմիններին: Եվ երկար բողոքելուց հետո, վերջերս, պատասխանատու մարմիններն ուշադրություն են դարձրել մեր պրոբլեմներին ու վերանորոգել են շենքի տանիքը: Միայն ցավալին այն է, որ նոր տանիքը մեզ հուզող պրոբլեմները չի լուծել: Այսպես, օրինակ՝ շենքի նախագիծը շատ է հին, և այդ պատճառով 2 ընտանիքի համար նախատեսված է մի զուգարան ու բաղնիք: Մենք՝ բնակիչներս, երախտապարտ կլինենք, եթե այդ հարցը ևս լուծվի: Դժվար է ապրել նման պայմաններում»:

Սա, ցավոք, միակ դեպքը չէ, երբ մարդիկ բողոքում են, որ մոտ 70 տարի իրենց շենքը չի վերանորոգվել:

Գո՞ւցե ժամանակն է նմանատիպ բողոքներին ուշադրություն դարձնել:

Ալեքսեյ ՖԻՐՅԱՆ / ԱրՊՀ, լրագր., 1-ին կուրս

ԻՆՉՈ՞Ւ ՉԽՈՍԵՆՔ ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆ

«Հայոց լեզու, մայրենի բարբառ». որքան քաղցր ու հոգեհարազատ են այս բառերը, թեև, ավաղ, բոլորը չէ, որ հասկանում ու գնահատում են այս բառերի բուն իմաստը:

Քայլում ես մայրաքաղաքի փողոցներով, տեսնում բազմաթիվ երիտասարդների, որ հայերեն չեն խոսում կամ, լավագույն դեպքում, խոսում են աղճատված հայերենով: Գոնե բարբառով խոսեին, մինչդեռ ինչ-որ խառնիճաղանջ ժարգոնով են հաղորդակցվում:

Ցավն այն է, որ այս աղճատված հայերենը կամ «հայացված» ռուսերենն ես լսում անգամ կրթական օջախներում: Հարցնում ես ուսանողին, թե որ բաժնում է սովորում, ու  բանասիրական բաժնի փոխարեն լսում ես «ֆիլոլոգիչեսկի», իսկ իրավաբանականի փոխարեն՝ «յուրիդիչեսկի»:

Փորձե՞լ եք ուշադիր լսել, թե մարդիկ ինչ լեզվով են խոսում փողոցում: Այդ լեզուն դեռ հայտնագործված-գրանցված չէ, մի յուրօրինակ հետխորհրդային-միջազգային լեզու է այն՝ հայերենախառն, ռուսերենախառն, թրքախառն, անգլախառն: Մի իսկական «աջաբսանդալ»…

Լեզվին, այո, առաջին հերթին մաքրություն է պետք, ու ոչ միայն հայերենին: Խնդրեմ, խոսեք ռուսերեն, անգլերեն, բայց մի աղավաղեք այն:

Օտար լեզու իմանալը խրախուսելի է, իհարկե, բայց հայոց մեծ Տիկնոջ խոսքերով ասած՝

Թե մորդ անգամ մտքից հանես, Քո մայր լեզուն չմոռանաս:

Իրա ԶԱՔԱՐՅԱՆ / ԱրՊՀ, ժուռն., 3-րդ կուրս

ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ. ԿԱՊԻ ՄԻՋՈ՞Ց, ԱՐԴՈՒԶԱ՞ՐԴ, ԹԵ՞ ՊԱՐԾԱՆՔ

Ասում են՝ նորաձևությանը հետևած լինելու համար ներկայումս անպայման պետք է ունենալ բջջային հեռախոս: Այո, այո, հենց այսպիսի տրամաբանություն ունեն մերօրյա երիտասարդները: Հեռախոսը, բնականաբար, պետքական բան է, սակայն մեր երիտասարդները, անգամ չմտածելով դրա վնասների մասին, այն ավելի շատ օգտագործում են որպես արդուզարդ կամ էլ պարզապես պարծանքի միջոց:

Փողոցում կարելի է ականատես լինել բջջայինների հետ կապված զվարճալի տեսարանների: Քայլում են մեծ ու գեղեցիկ պայուսակներով աղջիկներ, բայց չգիտես ինչու, փոքրիկ բջջային հեռախոսի համար այդ պայուսակում, որպես կանոն, տեղ չի ճարվում: Անպայման պիտի ձեռքում պահեն, որովհետև հեռախոսի ձայնը պայուսակի «քարե պատերից» կարող է չլսվել: Իսկ եթե իրերն անվանենք իրենց անուններով, ապա նրանք պարզապես ցուցադրում են այն: Ու մտքներովն էլ չի անցնում ձեռք բերել բջջային հեռախոսի համար նախատեսված փոքրիկ պատյանը:

Նման «խայտաբղետությանն արդեն հարմարվել է ոչ միայն մեր աչքը, այլև մեր ականջը: Բջջայինը օգտագործում են նաև որպես «երաժշտական կենտրոն»: Փողոցով քայլելիս, թվում է, թե համերգասրահում ես գտնվում: Էլ չենք խոսում երթուղային տաքսիներում միացված տարաբնույթ, հաճախ տարօրինակ ձայների, մեղեդիների մասին: Մեկ այլ զավեշտ. մանկական «հեռախոս-հեռախոս» խաղ է հիշեցնում, երբ երկու երիտասարդ ընդամենը մի քանի մետր հեռավորությունից զանգում են իրար, իրենք էլ չհասկանալով դրա իմաստը:

Հապա եթե լսեք նրանց զրույցները «բջջային» թեմայով… «Դե հինչ մալադյոժ, վեր տրուբկա չոնե», «Իմս լյավն ա, նրանը՝ չէ», «Իմս թազա յա՝ համ կամերա յա, համ ֆոտո», «Պա իմս էլ Ղարաբաղում մի հատ ա» և այլն, և այլն: Այն տպավորությունն է, թե նրանց կյանքի ողջ իմաստը «ձեռքի» հեռախոսի մեջ է:

Բայց արի ու տես, որ «բջջային ցավ»-ով տառապում են ոչ միայն երիտասարդները:

Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպիսի հիացական ու ինքնավստահ տեսքով է բջջայինով խոսում առաջին կամ երկրորդ դասարանցին: Այո, այո, չզարմանաք:

«Քո ինչի՞ն է պետք հեռախոսը, չլինի՞ շատ կարևոր գործից հետ ես մնալու, մի՞թե դրա ժամանակը չի գալու»,- ուզում ես հարցնել նրան: Բայց հանկարծ հասկանում ես, որ կարող ես «հնաճաշակ» երևալ և գուշակում ես պատասխանը. «Մեր դասարանցի Խորենը ինձնից ինչո՞վ է լավ»:

Լինում են նաև դեպքեր, երբ երիտասարդը, ճնշվելով բջջային չունենալու հանգամանքից, դիմում է անհեթեթ քայլերի, վաճառելով ամեն ինչ, գողություն անելով և այլն:

Կամա թե ակամա ուզում ես նրանց հասկացնել, որ կյանքում ամենակարևորը հեռախոս ունենալը կամ չունենալը չէ, այլ նույն այդ կյանքում ու հասարակությունում իրենց տեղը գտնելը:

Յանա ԿԱՐԱԽԱՆՅԱՆ / ԱրՊՀ, լրագր., 2-րդ կուրս

ԻՐԱԿԱՆԸ ՎԵՐԱՓՈԽԵԼ Է ՊԵՏՔ

Այսօր բարձրագույն կրթություն ստանալը դարձել է մի տեսակ անհրաժեշտություն, թե պարտադրանք:

Ամեն տարի համալսարանները թողարկում են տարբեր մասնագիտությունների գծով հարյուրավոր ուսանողներ, որոնց մեծ մասը զուրկ են տարրական գրագիտությունից: Բայց չէ՞ որ այդ նույն ուսանողը կարող է ավելի վառ ու փայլուն ապագա ունենալ, ասենք, արհեստի ասպարեզում: Օրինակ՝ համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ծույլ, ոչ գրագետ ուսանողը թերևս կարող էր դառնալ լավ կոշկակար: Մինչդեռ այսօր այդ «իրավաբանը» սեփական իրավունքների մասին անգամ գաղափար չունի, ո՞ւր մնաց՝ այլոց իրավունքները պաշտպանի… Մի՞թե հմուտ կոշկակարը իր գործունեությամբ ավելի չէ պիտանի իր ժողովրդին, հասարակությանը, քան վատ, տգետ մասնագետը: Այսօր գրեթե յուրաքանչյուր դպրոցական նստարանից տենչում է բարձրագույն կրթություն ստանալ: Իսկ թե ի՞նչ հակումներով է օժտված, ո՞ր մասնագիտությունն է նրան ավելի հոգեհարազատ, դա կարևոր չէ: «Գիտե՞ս, դու կարող ես լավ բժիշկ  կամ էլ հիանալի տնտեսագետ դառնալ: Չէ՞ որ դրանք տարածված, հեղինակավոր, նաև ժամանակակից ու շահութաբեր մասնագիտություններ են»,- և այսպիսի խորհուրդներից ոգևորված աշակերտն արդեն իր մեջ տեսնում է ապագա բժիշկին, իրավաբանին, տնտեսագետին: Մինչդեռ մասնագետն ի վերջո պատասխանատու է իր ցանկացած գործունեության համար. լինի շինարար, բժիշկ թե ատամնաբույժ:

Ուստի, սիրելի աշակերտ, կրթական համակարգի ուսումնատենչ սան, մեր ազգին պիտանի և արժանի զավակներ են պետք, լավ մասնագետներ են պետք և ոչ թե դիպլոմավոր խոտաններ:

Անահիտ ՀԱԿՈԲՅԱՆ / ԱրՊՀ, լրագր., 4-րդ կուրս

ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՉՄԱՏՆԵՆՔ…

Ի՞նչ վիճակում են գտնվում մեր երթուղային ճանապարհները այսօր:

Վերջերս կարծես որոշակի աշխատանքներ են կատարվում ճանապարհաշինության բնագավառում:

Բայց, ցավոք, դեռևս կան գյուղեր, որոնք այս առումով անուշադրության են մատնված: Ճանապարհները գտնվում են անմխիթար, քարուքանդ վիճակում, նամանավանդ՝ անձրևային եղանակներին: Օրինակ՝ Աշան-Նոր Շեն-Հացի երթուղին, որով օրերս վիճակվեց երթևեկել: Վարորդն ամեն կերպ ցանկանում էր ուղևորներին բարեհաջող տեղ հասցնել, բայց իրավիճակն այնպիսին էր, որ մեքենան ցեխից «հրելով» հանելու գործողությանը մասնակցեց նաև Աշան գյուղի գյուղապետը: Եվ այսպես՝ ամեն անգամ: Գյուղացիները հոգնել են այս երևույթից: Ճանապարհների վիճակն օրեցօր վատթարանում է: Ու մարդիկ տարիներ շարունակ սպասում են, հուսով, որ մի օր կարգի կբերվեն իրենց արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհները:

Էմմա ՄՈՎՍԻՍՅԱՆ / ԱրՊՀ, ժուռն., 2-րդ կուրս

——————————————————————————————-

Հավատո հանգանակ

ՏԵՐ ՄԻՆԱՍ. «ՄԵՐ ՈՒԺԸ ՀԱՎԱՏՔԻ ՄԵՋ Է»

Հարցազրույց Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Մինասի հետ

– Եկեղեցու սպասավոր դառնալը Ձեր վաղեմի երազա՞նքն էր:

– Ամեն ինչ Աստծո կամքով է կատարվում: Իսկ նախապատմությունը հետևյալն է:

1988թ. այցելեցի Գանձասար, որտեղ էլ հանդիպեցի Միքայել Վարդապետին, որին վաղուց էի ճանաչում: Նա ինձ տեսավ, ճանաչեց, հորդորեց եկեղեցու սպասավոր դառնալ՝ գնալ Էջմիածին կրթություն ստանալու նպատակով: Սակայն, հաշվի առնելով ղարաբաղյան ծանր ժամանակաշրջանը, ես չէի կարող այդ պահին ամեն ինչ թողնել ու իմ կրթությամբ զբաղվել: Երբ իրավիճակը փոքր ինչ հանդարտվեց, համոզվեցի, որ Միքայել Վարդապետը ճիշտ էր: Եվ  գնացի ու կրթություն ստացա Էջմիածնում: 1994 թվականին էլ ձեռնադրվեցի Գանձասարի Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հետագայում, Սրբազանի հրահանգով, նշանակվեցի Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա: Առայսօր մայրաքաղաքի հավատացյալ բնակչության հոգևոր հովիվն եմ: Այսինքն՝ ոչ թե ես ինձ ընտրեցի, այլ ուղղակի այդպես եղավ: Երևի դա էր Աստծո կամքը:

– Իսկ դժվարությունների շա՞տ  եք հանդիպել դեպի Տաճար տանող ճանապարհին:

– Դժվարություններ եղել են և՝ բազում: Դժվար է բացել տասնամյակներ շարունակ իր եկեղեցուց արհեստականորեն օտարված ժողովրդի հոգևոր աչքը, անել այնպես, որ նա նորից վերադառնա առ Աստված, շարունակի իր հայրերի ավանդները…

Քահանայական պաշտոնը ծանր լուծ է, այլ ոչ թե սոսկական պաշտոն, ուստի այն պետք է կրել հոգով ու սրտով: Ով չի տրտնջում և իր կոչումին հարազատ ապրում է, նա կհասնի օրհնության պսակին: Հոգևոր կյանքով ապրելը նաև նշանակում է աշխարհիկ կյանքից, զվարճանքներից ու ճոխություններից հեռու լինել, չդավաճանել, չնախանձել, չստել, չցանկանալ քո դիմացինի վատը…

Այսքանը իմանալով, ճանաչելով և գիտակցելով՝ ուզում ենք մեր կոչումին արժանի լինել: Պետք է  կարողանանք մեր ժողովրդին առաջնորդել դեպի Հավատք, դեպի Սեր, դեպի Լույս, դեպի Աստված: Սա է մեր նպատակը, հենց սրա մեջ են հաղթանակի գաղտնիքն ու աղբյուրը:

Հավատացյալը ոչ թե միայն պետք է հավատքով ապրի, այլ նաև հավատքի գործերով, կյանքով… Մեր սրբալույս նպատակը հավատքով ու հավատքի գործերով ապրելն է և դրան հաղորդակից դարձնելը մեր դիմացինին, մեր շրջապատին, մեր ժողովրդին: Պիտի այնպես ապրել, որ մարդիկ վստահեն, հավատան և նորից վերադառնան եկեղեցու գիրկը:

– Հիմա Ստեփանակերտում եկեղեցի է կառուցվում: Դուք, որպես Ստեփանակերտի հոգևոր հովիվ, ի՞նչ եք մտածում նրա ունենալիք դերի մասին:

– Սովորաբար եկեղեցիները հենց այնպես չեն կառուցվում, այլ ընտրությամբ: Այն ընտրվում է հոգևոր առաջնորդների կողմից, խորհրդի կողմից, եկեղեցական ժողովի կողմից: Տվյալ դեպքում խոսքը գնում է Հեքիմյան փողոցի եկեղեցու մասին, որի ընտրությունը կատարել է հենց ինքը՝ մեր սրբազան առաջնորդը: Թաղամասում բնակիչների թիվը մեծացել է, և հավատացյալների մեծ հոտ կա: Ուստի որոշվել է այնտեղ կառուցել:

Եկեղեցին կրում է Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի անունը, իսկ եկեղեցու բարերարը ամերիկահայ է, որը վաղուց ուխտ էր արել իր եղբոր հիշատակին Արցախում կառուցել եկեղեցի: Եվ ահա նա ներդրել է իր նյութական օգնությունը, իսկ մենք՝ մեր հավատքը:

Նպատակ կա նաև մեծ եկեղեցի կառուցել քաղաքի վերին մասում:

Իսկ այն եկեղեցին, որտեղ մենք ներկայումս մեր ծառայություններն ենք մատուցում, գտնվում է պետական դրամատիկական թատրոնի շենքի երկրորդ հարկում և գործում է արդեն տասը տարուց ավելի, ունի եկեղեցական բուռն կյանք, բազմաթիվ հավատացյալներ: Այդտեղ անց են կացվում ծիսակատարություններ, հոգևոր բարեպաշտական արարողություններ, մկրտություններ, պսակադրություններ…

– Հոգևոր հովիվն ինչպիսի՞ն է տեսնում արցախցիների ապագան և ի՞նչ կմաղթեր նրանց:

– Ապագան կախված է մեր հոգեվիճակից, տրամադրվածությունից, մեր կյանքի սկզբունքներից, ապրելակերպից: Դեռևս նյութական կեցությունը կարևոր է, բայց առաջնահերթը հոգևոր բարձր ծաղկումն է, հավատքով կյանք ունենալը, հավատքով առաջնորդվելը, աղոթելն ու ապավինելն Աստծուն: Եվ եթե մարդ հավատքով է լցված, ուրեմն նա արդեն իսկ հաղթանակ է տարել ու տանելու է, հավատքը միայն մեկն է և միակ ճշմարիտը: Պետք է որոնել և գտնել այն: Մեր եկեղեցին հենց ճշմարիտ հավատքի քարոզիչն է: Ես ի սրտե կցանկանայի, որ մեր ժողովուրդը ճանաչի իր եկեղեցին, իր հայրերի սրբալույս հավատքը և դրանով առաջնորդվի: Քանզի մեր ուժը մեր հավատքի մեջ է:

Եթե մոլորվենք, հավատքից հեռանանք, տկարանանք, ուշադրություն դարձնենք միայն ֆիզիկականին ու նյութականին, ապա մենք կտարանջատվենք, կօտարվենք Աստծուց ու ինքներս մեզնից և ոչնչի չենք հասնի, իսկ եթե հավատքով ապրենք, ապա միասնական կլինենք ու կհաղթահարենք ամեն մի դժվարություն: Ուրեմն հավատանք, հուսանք, և, իհարկե, աղոթենք, որպեսզի Աստծո հույսն ու լույսը լուսավորեն բոլոր մարդկանց սրտերը, և Բարձրյալի շնորհն ու օրհնությունը անպակաս լինեն մեր կյանքից և աշխարհից:

Բոլորը կարող են փրկվել, ինչպես նշվում է Յայտ. 3:20. «Ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ. եթե մեկը լսի իմ ձայնը և դուռը բանայ, կ’մտնեմ նորա մոտ  և ով Տիրոջ անունը կանչէ կ’ապրի»:

Հարցազրույցը վարեց Նունե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ / ԱրՊՀ, ժուռն., 2-րդ կուրս

 

ՔԻՉ ՉԷ ՊԱՏԱՀԵԼ, ԵՐԲ ԿՈՐՑՐԵԼ ԵՄ  ՀՈՒՅՍՍ, ԲԱՅՑ ՀԱՎԱՏՍ ՄԻՇՏ ԻՆՁ ՀԵՏ Է ԵՂԵԼ

Երիտասարդ բարեկամիս՝ ուսանողական անմիջականությամբ տրված հարցերը, կամ, ավելի ճիշտ, հարցերի տարափը, ինձ այս տարիքում անակնկալի բերեց, ստիպելով գոնե ինքս ինձ համար ճշտել իմ դիրքորոշումն ու վերաբերմունքը հոգևոր ոլորտում:

– Մեղքեր շա՞տ ունես

– Շատ… Ազնիվ մարդկանց մեղքերը միշտ էլ շատ են լինում: Նրանց մեղսընկալումը միանգամայն այլ է, շատ սուր ու հիվանդագին դրսևորումներ ունի: Ընդ որում, այդ ընկալումը համեմատական հարթությունում չէ, և ինքնին համեմատությունն ուրիշների մեղքերի շատուքչի հետ բացարձակապես ոչ մի նշանակություն չունի և չափանիշ չի հանդիսանում: Որովհետև մեղքերի քանակը կապ չունի, մեղքերի ընկալման ու գնահատման չափանիշներն են տարբեր: Սա ընկալելու համար արժե ևս մի անգամ կարդալ աշխարհիս ամենամեղսաշատ մարդկանցից մեկի՝ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան»-ը: Մեղսընկալման այս աստիճանը մարդու համար ներքին կեղեքման աղբյուր հանդիսանալով՝ պարտադրում է Աստծո հետ մշտական երկխոսություն-բանավեճի:

– Այսինքն՝ հավատացյա՞լ ես:

– Մեղքերիցս մեկն էլ այդ հարցի հստակ պատասխանը չունենալն է, «այո-ոչ»-ի տիրույթում չտեղավորվելս է: Եթե «հավատացյալ» բառն ընկալենք զուտ ստուգաբանական, այլ ոչ թե ներկայիս իմաստավորվածության առումով, եթե հավատը պայմանականորեն զատենք-վերացարկենք կրոնից, ապա ես, այո, հավատացյալ եմ: Իսկ, ընդհանրապես, ես ինձ հավատավոր մարդ եմ համարում: Քիչ չէ պատահել, երբ կորցրել եմ հույսս, բայց հավատս միշտ ինձ հետ է եղել:

Ինքս ինձ համար պարզել եմ նաև, որ ես ավելի շատ աստվածավախ մարդ եմ: Իմ ներքին ընկալմամբ Աստված ոչ միայն անսահման սիրագորով ու արդար է, այլև դաժան: Ուստի ես վախենում եմ Նրանից: Մեղքերիցս մեկն էլ այն է, որ հստակ ու միանշանակ չգիտեմ՝ ավելի շատ սիրու՞մ եմ նրան, թե՞ վախենում: Բայց գոնե մի բան աներկբա գիտեմ՝ հավատս սիրուցս ու վախիցս առավել է:

– Ուրեմն ինչու՞ ինքդ քեզ հավատացյալ չհամարել:

– Բառի ամբողջական իմաստով ինձ այդպիսին չեմ համարում, որպեսզի չվիրավորեմ իսկական հավատացյալներին՝ այդ բառի ընդունված ընկալմամբ: Հավատավորն ու հավատացյալը, իմ ընկալմամբ, խորքում մեծ ընդհանրություն ունեն: Ոչ թե սոսկ բառարմատը նկատի ունեմ, այլ հավատն առ Աստված: Պարզապես ընդունված ընկալմամբ՝ հավատացյալի հոգևոր դիրքորոշումն առավել կազմակերպված, կանոնակարգված ու սիստեմային է՝ ձևի եթե ոչ գերիշխանությամբ, ապա բավականին լուրջ դերակատարությամբ: Հավատավորիս հավատը, սերն ու վախն առ Աստված անկազմակերպ, ինքնաբուխ, ինքնահոս ու հախուռն են, ինչպես Սեր երևույթն ընդհանրապես: Ես կարող եմ օրվա մեջ 20 անգամ հիշել Նրան, խոսել Նրա հետ, մեքենայի պատուհանից ծիկրակել, աչքով անել, հոնքերս կիտել, խռովել- մռութ անել, աչքերս փակել ու տեսնել: Կարող եմ մոռանալ Նրան, մոռանալ ու չհիշել, թե վերջին անգամ երբ եմ եկեղեցի մտել ու մոմ վառել: Ծիսակատարությունների մասին գիտելիքներիս մասին էլ ավելի լավ է չխոսեմ: Պաս էլ պահած չկամ:

Չեմ էլ ուզում պարզել, թե որն է ավելի լավը, ճիշտը՝ հավատացյա՞լը, թե՞ հավատավորը: Այսպես կասեմ՝ կարևորը հավատն է: Ընդ որում՝ ոչ միայն հավատն առ Աստված: Հավատն առ ամեն լավն ու բարին: Սա ևս Աստծո նկատմամբ հավատի դրսևորումներից է, ճիշտ է՝ չգիտակցված:

Ինչ վերաբերում է ձևի գերակշռել-չկշռելուն, ապա կամա թե ակամա հիշեցի արցախցիներին ծանոթ քարոզիչներից մեկի՝ Ֆրանգուլյանի նշավակած հավատացյալի տեսակին, որ պաս է պահում, միս չի ուտում, բայց ամեն օր հարևանի «միսն» է ուտում:

Պարզապես պիտի մաքուր լինես քո և Աստծո առաջ: Նկատի ունեմ հոգու մաքրությունն առաջին հերթին: Եթե ձեռքերի մաքրությունը նկատի ունենանք, ապա Պիղատոսն աշխարհիս ամենամաքրակրոն ու ամենամաքրակենցաղ մարդն էր: Նման «լվացքը», սակայն, անիծված է վաղուց: Ձեռքերը լվալը հոգին լվանալու եղանակ չէ: Բայց ձեռքերը ևս մաքուր պիտի լինեն՝ և մաշկը, և տակինը:

– Աստվածաշնչում ասվում է, որ եթե մտքովդ անգամ անցել է մեղքը, ապա այն գործել ես արդեն իսկ:

– Մեղքերիցս մեկն էլ այն է, որ համաձայն չեմ այդ պատվիրանի հետ: Մարդու գլխով ամեն մի միտք էլ երթևեկում է, և հարցն այն չէ՝ պե՞տք է փակել ուղեղիդ դուռը, թե՞ ոչ: Յուրաքանչյուրի մտքով գոնե մեկ անգամ սրընթաց, առանց կանգառի ու իջևանման անցել է ուրիշի չքնաղ կինը, ուրիշի պաշտոնը կամ հարստությունը, բայց մարդու աստվածատուր կեցության ամբողջ իմաստն, ըստ իս, այն է, որ նա հաղթահարի վատ մտքերը, ոչ թե ուղեղի կաթսայի շերեփը փակի, այլ պարզապես այնտեղից արտանետի քափն ու մոլախոտը: Աստծո կամոք մեր հոգին հրեշտակի ու սատանայի մարտադաշտն է, և եթե քո հոգում հրեշտակն է հաղթում, ուրեմն Աստծո սիրեցյալն ես: Մարդու հոգում շանթարգելի պես մեղսարգել պիտի լինի՝ վանելու համար մեղսոտ մտքերը: Տեղնուտեղը վանելու, որովհետև այդ մտքերը մարդու ուղեղում թեկուզ կարճատև իրենց տեղն անելուց, տեղը հարմարեցնելուց հետո գեշ սովորություն ունեն անմիջապես մղելու գործողության, այն է՝ մեղքի: Այնպես որ՝ սարսափելին այն չէ, որ մեղքը մտել է քո «տուգանային հրապարակը», այլ այն, որ նրան իսկույն «կարմիր քարտ» չես ցույց տվել: Այսինքն՝ չպիտի թողնել, որ մեղքը մտնի հոգիդ որպես միտք ու դուրս գա որպես գործողություն:

Բայց, մյուս կողմից էլ, մեղսարգելը չպիտի սրտարգել դառնա ու սպանի մարդու երազանքները: Այս սահմանագծի զգացողությունն է, որ պիտի կարողանանք պահել:

– Բայց ինչու՞ է Աստված մեր հոգին փորձադաշտ դարձնում, մեզ էլ՝ խամաճիկներ: Չէ՞ որ կարող էր այդպես չանել:

– Որքան ես եմ ունակ հասկանալու՝ մենք խաղալիք-խամաճիկներ չենք Աստծո ձեռքին: Ամեն ինչ Նա մեզ հետ ու մեր միջոցով է անում, առանց բռնանալու մեր կամքին: Մենք նրա զորակիցներն ենք, Նա էլ մեր զորակիցը: Կյանքը հետաքրքիր չէր լինի, եթե այն մանկապարտեզի նման լիներ՝ Աստված մեր ձեռքից բռնած այսուայնտեղ տաներ, չարություն անողի փափուկ տեղին խփեր և այլն: Եւ լավ է, որ այդպես չէ, այլապես կյանքը կիմաստազրկվեր: Ինքդ կուզեի՞ր քո տարիքում մանկապարտեզում ապրել: Աստված հուշում է մեզ, ցույց է տալիս ճշմարիտ ճանապարհը, բայց ընտրությունը բոլոր դեպքերում էլ մարդունն է, մերն է:

– Ըստ քեզ, ի՞նչ է սերն առ Աստված:

– Եթե մարդ գեթ մեկ անգամ մտովի պատկերացրել ու տեսել է Հիսուսի խաչելությունը, և մուրճի ամեն մի հարվածից սիրտը ցավել է, ապա նա սիրում է Աստծոն: Ի վերջո, ի՞նչ է սերը, եթե ոչ սրտացավություն:  Իսկ եթե մարդ նաև հասկանում է, որ մուրճի հարվածներից մեկն էլ իրենն էր, իր համար էր, իր բաժինն էր ու իրեն չի հասել, ապա նա, ուրեմն, հավատացյալ կամ հավատավոր է:

– Իսկ ինչպե՞ս ես ընկալում «սիրիր մերձավորիդ» պատվիրանը:

– Այս բիբլիական պատվիրանը շատերն, ըստ իս, միանգամայն սխալ ու բառացի են հասկանում: Բառացի հասկանալը՝ սիրելը, շատ բարձր նշաձող է մարդկային հարաբերություններում: Փորձելով ապացուցել մերձավորին սիրելու իր կամքը՝ մարդ կարող է հասնել փարիսեցիության, երկերեսանիության, այլասերվածության և այլն: Մերձավորին սիրելն անհասանելի նշաձող է, ուստի այն պիտի իջեցնել մարդկային հասանելիության մակարդակին: Նախևառաջ պիտի կարողանանք ընդունել միմյանց այնպիսին, ինչպիսին կանք, հարգենք միմյանց ինքնությունը, խոսենք հավասարը հավասարի պես: Կարծեմ Մարկեսն է ասել. «Մարդ արարածը մեկ այլ մարդու վերից վար նայելու իրավունք ունի այն դեպքում միայն, երբ պետք է օգնել նրան ոտքի կանգնելու»:

– Այդ դեպքում, ի՞նչ է սերը մեկ այլ մարդ արարածի նկատմամբ, և ինչպե՞ս ես այն տարբերակում սիրահարվածությունից:

– Իմ հոգում և ուղեղում բավականին բարդ ու երկարատև խմորումներից հետո ծնվել է բավականին պարզ ու պարզունակ մի թեսթ-բանաձև՝ եթե պարբերաբար սիրահարվում ես նույն մարդուն, ուրեմն՝ սիրում ես նրան: Միանվագ սիրահարվածությունը պարզապես հրապուրանք է, որը բուժելի «հիվանդություն» է, իսկ սերն անբուժելի է:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————-

Մշակույթ

ԽՈՍՏՄԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ

Լեռնային Ղարաբաղի նորաստեղծ Կամերային նվագախումբը գրեթե երկու տարի է՝ պարբերաբար ելույթներ է ունենում իր հավատարիմ հանդիսատեսի համար: Հավատարիմ մնալով իր խոստմանը, որ հանդիսատեսին, բացի եվրոպական դասական երաժշտությունից, հրամցվելու է նաև հայկական դասական երաժշտություն, կամերայինը մեզ է մատուցում ոչ միայն մեր կողմից ճանաչված ու սիրված երգահանների, այլ նաև մեզ համար դեռևս «անհայտ» կոմպոզիտորների ստեղծագործություններ: Մայիսի 27-ի համերգն, ի դեպ, վերը նշվածի վառ ապացույցն էր: Նախ՝ ծրագրում, սովորության համաձայն, ընդգրկված էին նաև հայ երգահանների գործերը, և երկրորդ, ամենակարևոր հանգամանքը. աշխարհահռչակ Արամ Խաչատրյանի «Վալսից» հետո նվագախումբը կատարեց հայ երգահանների նոր սերնդի ներկայացուցիչներից մեկի՝ Լևոն Չաուշյանի «Սերենադը»: Հատկանշականն այն է, որ հեղինակն անձամբ ներկա էր համերգին, որի բացման ժամանակ էլ ԿՄՍ նախարար Կամո Աթայանին հանձնեց «Հայկական երաժշտական համաժողով» կազմակերպության (որի անդամն է կոմպոզիտորը) կողմից 2002 թ. հրատարակված «Արցախի կոմպոզիտորների ստեղծագործությունները» գրքերը:

Ուզում եմ հատուկ շեշտել, որ այս համերգի ժամանակ առաջին անգամ նվագախումբն ամբողջությամբ կատարեց Վիվալդիի «Տարվա եղանակները»՝ Հայաստանի վաստակավոր արտիստ Վիկտոր Խաչատրյանի մենակատարությամբ:

Լևոն Չաուշյանի և Վիկտոր Խաչատրյանի հետ մեր հարցազրույցը կարդացեք թերթի հաջորդ համարում:

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

 

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Մայիսի 18-ին կայացավ Արցախի նկարիչների միության ցուցահանդեսը, որն ավանդության համաձայն կազմակերպվեց քաղաքապետարանին կից պատկերասրահում: Ավանդույթ էր նաև այն, որ յուրաքանչյուր նման ցուցահանդեսի ժամանակ ողջույնի խոսքով ելույթ են ունենում քաղաքի և երկրի ղեկավարները: Այս անգամ վերջիններիս աստիճանը մի քիչ ցածր էր՝ ներկաներին ողջունեց քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և զբոսաշրջության բաժնի պետ Կառլեն Մարգարյանը, ով իր ելույթում կարևորեց նման միջոցառումների նշանակությունը: Ելույթ ունեցավ նաև ԱԺ մամլո ծառայության ղեկավար Միքայել Հաջյանը, ով նշեց, որ իրենց բարձրարվեստ ստեղծագործություններով արցախցի նկարիչներն ի վիճակի են քաղաքական գործիչների չափ աշխատանք կատարել ԼՂՀ ճանաչման համար:

Ցուցահանդեսին մասնակցեցին ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ նկարիչներ և քանդակագործներ, ովքեր իրենց գործերը, իրենց իսկ խոստովանությամբ, նվիրեցին մայիսյան եռատոնին:

Ցուցահանդեսը սովորականի պես գեղարվեստի շատ երկրպագուների հավաքեց: Նշենք, սակայն, որ նկարներից ոչ մեկը չվաճառվեց, մի բան, որի մասին, չթաքցնենք, հոգու խորքում հույս է փայփայում յուրաքանչյուր նկարիչ: Թեև, չթաքցնենք նաև մեկ այլ փաստ. մեր նկարիչները վաղուց են սովորել այն հանգամանքին, որ իրենց նկարները, հազվագյուտ բացառությամբ, հայրենիքում չեն վաճառվում:

Karabakhopen.com

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ

Ըստ Հայաստանի եւ ԼՂՀ ԳՄ անդամների ցուցակի՝ այո, 21-րդ դարասկզբին ստեղծագործում է ավելի քան 400 հայ գրող, հետեւաբար նրանք ինչ-որ բան, այնուամենայնիվ, ստեղծում են: Հենց՝ «ինչ-որ բան», այլ ոչ թե՝ գրականություն, քանի որ հակառակ դեպքում ես, որ ինձ դեռ համարում եմ գրքի, գրականության մարդ, որեւէ գրական իրողություն կմտաբերեի՝ այս վերջին տարիներից:

Ասվածն, իհարկե, չափազանցություն է: Մի քանի գիրք, ամեն դեպքում, ընթերցողի իմ հիշողության մեջ տպավորվել եւ երբեմն-երբեմն արձագանքվում է: Այդ շարքում՝  Հրանտ Մաթեւոսյանի «Սպիտակ թղթի առջեւ»-ը, մեկ-երկու պատմվածք Լեւոն Խեչոյանից, Վարդան Հակոբյանի «Անատոմիական լաբորատորիայում» բանաստեղծությունը եւ Համո Սահյանի վերջին «մորմոքներից»  մի քանի տող:

Ահա, կարծես, այսքանը:

Ուրիշ բան չի մղվում հիշողությանս մեջ, թեեւ գրքեր կարդում եմ:

Ես արդեն հեռացել եմ այն տարիքից, որ աննրբանկատություն չի համարում գրական թերությունն ուղղակի մատնանշելը, ուստի այստեղ ուրիշ անուններ, քան թվեցի, չեմ հնչեցնելու. ամեն մարդ արժանի է հարգանքի՝ որքան էլ քիչ լինի գրական նրա վաստակը: Մանավանդ՝ մեր օրերում, երբ գրող լինելն այլեւս ոչ մի օրախնդիր առավելություն չի պարգեւում: Միայն՝ տանջանք, որովհետեւ չկա ավելի մեծ վրիպում, քան՝ երբ մարդուն թվում է՝ ինքն ասելիք ունի, բայց էապես նրա եւ ուրշների լուռ երկխոսությունը չի կայանում:

Սա, անշուշտ, հեղինակի խնդիրն է: Եւ ինչու՞ խառնվենք, եթե մարդն այս հանրությանը  վնաս չի պատճառում: Գիրքն ընդհանրապես վնասակար լինել չի կարող՝ վրիպած գեղարվեստական գործը: Ի վերջո, եթե անկեղծ լինենք, պիտի ասենք, որ նույն հանրությունը  բարձր պոեզիան այնքան էլ չի տարբերում հնչուն հանգաբանությունից:

Հանրությունը ժամերով բրազիլական սերիալներ է դիտում: Երբեմն նաեւ արտասվում է: Ուստի նա որեւէ մելոդրամատիկ վեպ, որտեղ նկարագրված կլինի կնոջ կամ տղամարդու  տառապանքը՝ կին-ամուսին-սիրեկան /սիրուհի/ դասական եռանկյունու շրջանակներում, կկարդա հաճույքով, գուցե՝ արցունքն աչքերին: Մեզանում չէ՞, արդեն կա քաղքենուհի մի դաս, որ  ուրիշ բանուգործ չունի, քան օրվա մեջ տասնյակ անգամ ամուսնուն զանգել բջջային հեռախոսահամարով եւ ստուգել նրա «հասանելիությունը»:

Անեկդոտը հիշու՞մ եք՝ ստեփանակերտյան, երբ բջջայինը նոր էր «մուտք գործել մեր կենցաղ»:

Քաղքենուհի մեկն  ասում է. «Աստված օրհնի էս սոտովի ստեղծողին, երբ զանգում եմ՝ մարդս գործի տեղն է»: Սա ինչո՞վ մելոդրամատիկ գրականության նյութ չէ: Կամ՝ նույնիսկ բարձր գրականության:

Պարզապես տաղանդի հարց է, կարողության:

Գրականությունն ի՞նչ է: Խոսք: Եւ ով դիպուկ է ասում՝ տաղանդավոր է: Հրանտ Մաթեւոսյանի արձակում նոր ոչինչ չկա՝ հազար անգամ հայերեն պատմված գյուղն է, բայց իրենից առաջ ուրիշ մեկ Սիմոն չի տեսել, Աղուն, Ալխո բեռնաձի, Աբել պապ, որ չկա, չի տեսնվում, բայց կենդանի հերոս է:  «Աշնան արեւում» մի «լիրբ» Սոնա ունի՝ արդեն վաղուցվա մեռել, բայց նա Աղունի նման ապրող կերպար է, քանի որ Աղունը հիշում է Սոնային, Սիմոնը հիշում՝ ցավ կամ ամոթ է զգում, որ մի տարի ինքը «համայնացվել է» Սոնայից: Մեկ այլ պատումի մեջ՝ «Օգոստոս»-ում, այդ «լրբի» անունը Մարիամ է: Սարից շալակով խոտ է բերում, իսկ Անդրոն իր տան բակում սայլի առեղ է տաշում՝ կոլխոզային սայլի համար կոլխոզային փուչ աշխօրով, վատ է տաշում, Մարիամը հասնում, շալակի բեռն իջեցնում եւ «հանգած» նստում է: Հետո … թախտի տախտակը կոշտ է, Մարիամը՝ համարյա անմարմին, եւ Անդրոն գիտակցում է, որ խոտի, փայտի, անասունի հոգսից զատ այդ կինն ունեցել է մի թաքուն կարիք նույնպես: Եղածն այդ է՝ ուզու՞մ ես՝ լրբություն համարիր, չէ՝ պատերազմում զոհված ուրիշ մեկի կնոջ խոսքով «վրա քշիր» Անդրոյի Աշխենին եւ ասա՝ «քոնը որ ետ է եկել, մենակ քեզ համար չէ, եւ նմանապես մերոնք որ Հիտլերի դեմը զոհվել են, մենակ մեզ համար չեն զոհվել»:

Այս վերջին պատերազմից էլ Անդրո ունենք, Մարիամ:

Անդրոն հեչ, Աղվես Գիքոր եւ Գոդի Արտաշ:  Չէ, սրանք խեղճ, խեղճուկրակ են, ընդամենը եղնիկ-ձագի մեղրով զինկոմի հետ հարցը պարզել՝ բանակից խուսափել են, կոլխոզային պահեստի դռանը ջվալ-ջվալ ցորեն կրող կանանց երեւի թե մի քիչ ուրիշ աչքով են նայել: Շատ-շատ՝ եղել են Վաթնանց Սանդրո՝ հարսանքի սեղանից մի շիշ արաղ, մի քանի կտոր միս տարել են նախրապան մեկի տուն՝ կնոջը լիացնելու եւ լիանալու, նախրապանը Լոռեցի Սաքոյի համկալի խելքով գյուղ է իջել, տեսել է՝ ընկեր Վաթինյան Սանդրոն հալավ-փոխանով իր վերմակի տակ է՝ գլուխն՝ իր կնոջ թեւին, գնացել՝ գոմում կախվել է: Այստեղ ոչ մի նշույլ քաղքենություն չկա, որպես թե՝ «մեր ձեռքը կոտրվել է մեր հալավի թեւքում»,-գրողի անչար հայացք է, բայց հեռավոր ետպատերազմյան գյուղի մասին միջնորդավորված հիշողությամբ դարձյալ նողկանք չի հարուցում Վաթինյանի վարքը:

Էլի ասե՞մ:

«Նարցիս» գրական հանդես ունենք: Նոր է ասպարեզ իջել: Լավ է, բայց հանդեսն ինքնին գրականություն չի ստեղծում: Հանդեսը գրող պիտի ունենա, որ գրող ծնի: Գրողն է գրող «բերում» գրականություն, գրական միջավայրը: Գրական առանձնակի շունչը: Բոհեմը: Գրական դիսիդենտը: Անվանեցեք՝ ինչպես կուզեք, բայց  «Ինքնաթիռներ, գնացքներ» պատմվածքն իմը չէ, չի դառնալու: Շատ է նրբամշակված, թեեւ իր լեզվի պարագային այս բառը չի սազում: Շատ է հին: Ուստի ես դրա փոխարեն կգերադասեմ Ռեմարկ կարդալ, Հիմինգուեյ: Ինքն ինչու՞ է իմ եւ «բոհեմի» միջեւ հայոց խոսքն աղճատում: Ինքը, այստեղի մեր «վրիպածը», մյուսները:

Գրական էությունը որեւէ ատրիբուտիկայի կարիք չի ունենում:

«Վարդանանք»-ում մի հրաշք կա՝ Արսենի եւ Խորիշայի սիրո միակ  գիշերը: Եւ՝ ոչ մի ատրիբուտ: Դա է մեծ գրականությունը: «Եւ էլի երկու գիշեր Սիմոնը տուն չգնաց»,- այսքան բան, բայց այստեղ կյանք կա, եւ կյանք է ՝ Սիմոնը գլուխը կախ խառնվում է Ղազախ գնացողներին՝ որ Սոնայի թաղմանը չլինի:

Կարելի է տասնյակ, հարյուրավոր էրոտիկ էջեր գրել՝ որպես «շիրպոտրեբ»: Մարդիկ կան՝ կարդում են: Ավելի անկեղծ ասած՝ բոլորն էլ կարդում են, ինչպես եւ՝ «պոռնո» դիտում: Բայց «պոռնոն» կինո չէ: Կինոյի «ստոպ» պահն է կինո: Եւ գրականությունը՝ «Վարդանանք»-ի հրաշքը, Բակունցի ընկեր Ասյան, Խոնարհ աղջիկը, որ անգամ անուն չունի, ինչպես՝ «Ալպիական մանուշակի» գեղջկուհին:

Հրանտ Մաթեւոսյանն ասում է՝ «Անուշ»-ում լավ ոչինչ չկա, բայց ամբողջ պոեմից ընթերցողը դուրս է գալիս մաքրված, սրբացած: Այդպես է: Իր համար Թումանյանի իր գնահատականը փոխանցեմ՝ Ծմակուտն ավերակ գյուղ է, իր «Սկիզբը» պատմվածքը ծորում է թախիծ, բայց  ընդհանրության մեջ ամեն ինչ գեղեցիկ է, գրողորեն փրկած, սիրելի, եւ այն երեխան, որ թախտի տակ տառկապ կարդում է եղբոր կոշիկի ֆիրմայի անունը՝ «Ցէբօ», գուցե թե մեզնից է, մենք ենք, իր գործն ամբողջովին մեր մասին է, մեզ է պատմել՝ կարդում ենք եւ չենք կարդում այն, ինչ մեզ չի պատմում, իսկ ահա Վարդան Հակոբյանի բանաստեղծությունը նույնպես կարող էինք գրել՝ հիպոթետիկ, բայց ինքն է բառավորել  պատանեկան մեր խայտանքը, ուրիշներն, այնինչ, այլ կենսափորձ են բերում հայերենի դաշտ, եւ բառը պիտի իրենց  դիմադիր լինի:

Կոլխոզային Ծմակուտն ու Հացավանը  նույն գյուղն են, Ծմակուտ, սակայն, Մացակ Ավագյան ու Լեւոն Լամբարյան չի տեսնվել, քանի որ նրանք չեն եղել առհասարակ, «բերվել» են Հացավան՝ արդարացնելու «դասակարգային պայքարի» թեզը, 1920-30-ական թվերի Հայաստանն, ուրեմն, եղեռնից 5 կամ 15 տարի հետո, թուրքական օկուպացիայից մեկ տասնամյակ անց այդ ի՞նչ թռիչք էր ապրելու, որ սովահար գյուղում դասակարգ եւ դասակարգային պայքար էլ ունենար, Հայաստան միայն խաբվել, հավատալ կարող էին, որպես՝  սահմանային կռիվներից հետո առաջին անգամ Ղազախի թուրքը սար է բարձրանում, բջջի քարտուղար Լեւոնը կարմիր պաստառ է կախել՝ «Խոշ գյալմիսինիզ, ազիզ գարդաշլար»,-թուրքը պաստառին չի  նայում, տակից անցնում՝ ելնում է Քոշաքար, Ճրագթաթ ծմակը կճղակահարելով՝ թուրքի քոչը թքած ունի եղբայրություն կոչող «կոմբջջային» քո պաստառի վրա, նրա կոտորվող հոտին մի զով արոտ է պետք՝ «շուրա հյուքիմեթը» տվել է, Լեւոն, դու ո՞վ ես՝ ընդունես-չընդունես, բայց ավելի ճիշտը, որպեսզի խոսքը վրիպած չհնչի, այն է, որ մի Մեսրոպ, որի հորը թուրքի ալփաուտեցին սպանել է, այդ հիշողությամբ հրացան պիտի փնտրի օճորքում, իսկ ամենաճիշտն այն է, որ գիշերով Լեւոնը չէկա բերի Մեսրոպի տուն եւ, որպեսզի Լեւոնն ամոթով չմնա չէկա-ի, շրջանի, խորհրդային իշխանության առաջ՝ Մեսրոպը կնոջը կարգադրելու է՝ «գնա, մառանից բեր կաղամբ կոթատելու մեծ դանակը»,-եւ դա համարվի «զինված դիմադրություն», Մեսրոպն աքսորվի Յաղութիա, հետո, շատ տարիներ անց Մեսրոպը կբռնի Լեւոնի օձիքն ու թափ կտա՝ «գիշերով չէկա էիր բերում, հա՞»,- եւ Լեւոնը կասի՝ «կուսակցությունը որ խղճացել է…»,-եւ նրանց կսաստի կոլխոզի մեծաբերան նախագահ Սանասարը՝ մեկին կուղարկի ձիապան, մյուսին՝ ֆերմայի վարիչ, եւ մթան մեջ՝ ուրթի լռության գիշերին, Մեսրոպը կմտմտա պահանջատիրական դիմումը. «Մասկվա, Կրեմլ, Պրեդսեդատելյու Պրեզիդիումա Վերխովնոգո Սովետա ՍՍՍՌ

Մեր հողերը տվեք մեզ»,-քանի որ Ղազախի թուրքն, ըստ Մեսրոպի եւ՝ առհասարակ, Լոռի ի՞նչ գործ ունի, Լոռի այդ որքա՞ն արոտ կա՝ ղազախեցու հետ կիսվի,-եթե Մեսրոպը մեծ հիշողություն չունի, Աղունի տպավորածը թուրքի ղաչաղությունն է, Վանյա Արզումանովի խելքը՝ մաքուր թուրքերենը բերանում՝ մտնի ղաչաղի մեջ, մաուզերի ռեխը տված բերի՝ լցնի Մանացի բանտը, այդ չի նշանակում, թե գրողորեն չի տեսնվել, չի արծարծվել կորուսյալ հայրենիքի ցավը, մինչդեռ 100 հայ ընթերցողից 99-ը հաստատ Հրանտ Մաթեւոսյանին «հայրենասեր» հեղինակ չի ճանաչում, հայրենասիրությունը «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» է կամ՝ «Եռաձայն պատարագ»: Ինքը, սակայն, կարծես ճչալիս լինի՝ «մարդ աստծո, քու էս մի բուռ երկիրն են ավիրում աչքիդ առաջ, դու էդ ի՞նչ ես խոսում»,- այդ «Մխիթար սպարապետը» հերիք չէր՝ ազգովի նկարեցին «Հուսո աստղը», որ կինո՝ Լենինի ասած «ամենամասսայական արվեստով»՝ ավելի «մասսայականացվի» ի՞նչը, մեր ո՞ր հաղթանակը, ո՞ր նվաճումը. վերջին 30-40 տարվա բովանդակ հայ գրականության մեջ Ղարաբաղից երկու ակնարկ կա՝ Վարդգես Պետրոսյանի «Էսքիզների» կարճ պատումն է Ամարասի մասին, ավելի ճիշտ՝ փակագծերի մեջ առնված դառնությունը՝ որ Մաշտոցի դպրոցի տեղ ցախանոց է, մեկ էլ «Խումհարը» վիպակում պատմվում է գյուղի, ցորենի մասին՝ որ Բաքվից կարգադրել՝ զուտ ղարաբաղյան այդ ցորենի վերջին բերքը մինչեւ մղեղն ու կոտրած հատիկը սրբել՝ քշել են երեւի երկաթուղու Եվլախ կայարան, թե «դուք՝ դուք չեք, ցորենի ձեր տեսակը չունեք»,- դա, ըվստ երեւույթին, ղարաբաղցու «զարդա» ասվող ցորենն է եղել, որ մեկ էլ արձագանքվում է Մաքսիմ Հովհաննիսյանի  մոտ՝ «զարդա ցորենի տաք տված հացը»,-ուրիշ տեղ չեմ հիշում. ահա այս տակռկակալած-խլխլոտ, ցաքի փուշ գրականության ճգնաժամից եմ խոսում, թե չէ, հա, գրքերի պակաս չունենք, ավելցուկ է՝ խորհրդային «շիրպոտրեբ», որի փալաս-փուլուսից  եթե Հրանտ Մաթեւոսյանի երեխա հերոսը տառկապ «ցէբօ» է փնտրում, ես, ուրեմն, ուզում եմ այդ երեխայի նման «թախտի տակ թաքնվել» եւ կարդալ մեր օրերի դժվար խոսքը, հայոց խոսքը, հայոց արժանապատիվ խոսքը, որի համար դուրսը՝ անգամ թշնամու մոտ, թշնամի թուրքի մոտ չեմ ամաչելու, որից ես ինձ եւ իմ զավակների համար պիտի կերտեմ իմ եւ զավակներիս հանդեպ թշնամի թուրքի գոնե հարգանքը, որովհետեւ նրա վախի թշնամանքն ինձ զզվեցնում է ճիշտ այնպես՝ ինչպես 100 տարվա իմ ատելությունն՝ իրեն, որովհետեւ մարդկանց եւ ազգերի միջեւ կապ առհասարակ եթե կա՝ հարգանքն է, իսկ ազգերն իրար ճանաչում եւ միմյանց գիտակցում են Խոսքով…

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

——————————————————————————————-

ԱՐՑԱԽՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Կորկոտ – Ձմռան ցուրտ օրերին գյուղական վայրերում կորկոտ սարքելը մի յուրատեսակ տոն է մարդկանց համար: Արցախյան յուրաքանչյուր գյուղ ունի իր կորկոտ գցողները, այսինքն՝ այն վարպետ-խոհարարները, որոնք խոզի ճարպոտ մսից և ցորենի կորկոտից մի աննման կերակուր են եփում: Կորկոտ գցելու համար պետք է միսը կտրտել ոչ մեծ կտորներով (40-50 գրամ): Ապա վերցնել թակած կամ թաց վիճակում երկայնքով աղած, թեփահան արած կորկոտը: Կաթսան պետք է մեծ լինի և ունենա լայն նստիկ: Նախ հարկավոր է շարել մսի ճարպոտ կտորները, ապա վրան այնքան կորկոտ լցնել, որ միսը ծածկի: Այդ պրոցեսը կարելի է կրկնել և կաթսայի մեջ ստեղծել մի քանի շերտ միս ու կորկոտ: Յուրաքանչյուր շերտ պետք է ունենա իր աղը: Որպեսզի ջուրը լցնելու պահին տակնուվրա չարվեն մսի և կորկոտի շերտեր, անհրաժեշտ է կաթսայում (վերջին շերտին) դնել համապատասխան ափսե: Կորկոտի կաթսան պետք է միշտ ունենա ազատ տարողություն, քանի որ եփվելով, երկու անգամ ավելանում է այդ ճաշը: Կորկոտի ջուրը (լցնում են 1:4-ի հարաբերությամբ) եփում են մարմանդ կրակի վրա, կամ լավ վառված թոնրի մեջ և ուտում են վաղ առավոտյան՝ ծանոթների ու բարեկամների հետ միասին, սրան տալով տոնական տեսք:

Շփոթ – Շփոթը նույնպես տիպիկ արցախյան կերակրատեսակ է: Այն եփելու համար պետք է ունենալ թթի բաքմազ (դոշաբ):

Առաջներում շփոթը եփում էին ցորենի ալյուրով, բայց այն կարելի է եփել նաև եգիպտացորենի ալյուրով, քանի որ եփելով, այն դառնում է ոսկեգույն և բավականին համ ու հոտ է հաղորդում շփոթին: Եգիպտացորենի ալյուրը պետք է բացել սառը ջրով, աղ գցել և խառնելով՝ եփել մարմանդ կրակի վրա, մինչև տեսքը դառնա ոսկեգույն: Պատրաստի շփոթը լցնում են ամանի մեջ, խաշիլի ձևով մեջտեղը փոս անում, լցնում սոխառած (2-3 ճաշի գդալ), իսկ ամանի չորս կողմը լցնում դոշաբ: Շփոթը ուտում են տաք վիճակում:

Ածիկ – Ածիկ պատրաստելու համար ցորենը թրջում են, մառլյայով փաթաթում և թողնում մինչև ծիլի դուրս գալը (3-5 օր): Այնուհետև զտողությամբ լցնում են խոնչաների մեջ, դնում տաք տեղ և թողնում, որ ծլի (3-4 սմ):

Ամեն օր պետք է ջուր ցանել: Ծլած ցորենը տրորում են մինչև ջրային միաձույլ զանգված ստանալը: Ստացված զանգվածը դնում են մարմանդ կրակին, ավելացնում ալյուր (10 գրամ ցորենին 50 գրամ ալյուրի չափով) և անընդհատ խառնելով, հասցնում եռման: Եռալուց հետո 15-20 րոպե շարունակում են եփը, մինչև որ ածիկը դառնա դարչնագույն և ոչ պինդ: Այնուհետև վերցնում են կրակից և թողնում, որ սառչի: Օգտագործում են սառը վիճակում:

Կայծեր ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
6-րդ կարգի խոհարար

 

ԳԱԲՐՈՎՑԻՆԵՐԸ ԾԻԾԱՂՈՒՄ ԵՎ ԾԻԾԱՂԵՑՆՈՒՄ ԵՆ

Գաբրովցիների սրամտությունները, զվարճախոսությունները, «ինքնաձաղկումները» լայնորեն հայտնի են ամբողջ աշխարհում, թարգմանված են տասնյակ ու տասնյակ լեզուներով: Դրանցից՝ ռուսերենից թարգմանաբար ընթերցողներին ենք ներկայացնում մի փնջիկ: Բարի վայելում:

Խելացի պատասխան

Գաբրովցի ամուսնացած կինը այցելեց իր ծնողներին: Պատրաստվելով վերադառնալ տուն, նա դռների մեջ կանգ առավ և հարցրեց.

– Ես ոչինչ չե՞մ մոռացել ձեզ մոտ:

– Ինչ որ բան մոռանալու համար նախ անհրաժեշտ է ինչ որ բան բերել,- արձագանքեց մայրը:

Բաղնիքում

– Ի՞նչ արժե վաննայի տոմսը:

– Երկու լեյ:

– Ահա ձեզ մեկ լեյ, վաննան ջուր լցրեք կիսով չափ:

Այդ դեպքում՝ միայն մանանեխ

Գաբրովցին վաճառողին խնդրեց կշռել հարյուր գրամ երշիկ: Վաճառողը նրան մեկնեց երշիկը՝ մի պարկուճ (տյուբիկ) մանանեխի հետ:

– Բայց ես ձեզ չե՞մ ասել ինձ մանանեխ տվեք:

– Այն անվճար է, երշիկի հետ:

– Այդ դեպքում ինձ տվեք միայն մանանեխ:

Շրջահայացություն

Գաբրովցին կտոր էր ընտրում կոստյումի համար:

– Ներեցեք, ինչո՞ւ եք դուք այդպես մանրակրկիտ տնտղում թարս կողմը,- հարցրեց վաճառողը:

– Որպեսզի իմանամ, թե մի քանի տարի անց կոստյումը հագիս ի՞նչ տեսք է ունենալու:

Ճաշելու ժամին

Գաբրովցու մոտ եկան ընկերները: Նրանք նստեցին և թղթախաղով զբաղվեցին: Կեսօրին տանտերը դեն նետեց խաղաթղթերը և ոտքի կանգնեց.

– Հերիք է խաղանք: Գնացեք ձեր տները՝ ճաշելու:

Սև հավի ձուն

– Տվեք ինձ սև հավի հինգ հատ ձու,- վաճառողին խնդրեց գաբրովցին: Կինը զարմացավ և ասաց.

– Եթե դու կարող ես դրանք մյուսներից զանազանել, ջոկիր:

Գաբրովցին ընտրեց ամենախոշոր ձվերը, վճարեց և գնաց:

Հակը

Գաբրովցին ժամանեց Սոֆիա՝ մի վիթխարի հակ ձեռքին: Նստեց տրամվայ և մեկ տոմսի մանրադրամը մեկնեց տոմսավաճառին.

– Ուղեբեռի համար վերցրեք ևս երկու տոմս,- ասաց վերջինս:

Գաբրովցին արձակեց հակի կապերը և՝

– Դուրս արի, Պենչո: Որպես հակ դու ավելի թանկ ես:

Ռուսերենից թարգմանեց

Հենրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s