№ 11 / 30 հունիս

WWW.ABSURD.NK.AM
«Փոքր» գործերի համար փող չկա երկրում, փող կա միայն «մեծ» գործերի համար

 

Շատ է խոսվել պետական միջոցների ոչ արդյունավետ ծախսման, կամ, ավելի ճիշտ՝ վատնման մասին: Ընդ որում՝ հաճախ խոսքն ուղղակի հսկայական գումարների մասին է լինում: Մինչդեռ օրախնդիր հարցերի լուծման համար հաճախ համապատասխան գումարներ չեն ճարվում: Խոսքը նույնիսկ մեծ ծրագրերի մասին չէ, ինչպիսին են, օրինակ, Շուշիի վերականգնումը կամ գյուղատնտեսության խթանումը: Հաճախ գումարներ չեն ճարվում նույնիսկ փոքր գործերի համար: Անդրադառնանք սոսկ մի ոլորտի՝ տեղեկատվական-հաղորդակցական դաշտին առնչվող խնդիրներին: Ռազմական դրության ռեժիմի և արտաքին վտանգի պայմաններում ապրող մեր երկրի համար օրախնդիր է տեղեկատվական անվտանգության հարցը, ինչի մասին քանիցս խոսվել է, բայց առայսօր ոչ մի գործուն միջոց չի ձեռնարկվել:

Հիմնախնդիրներից ամենակարևորը հետևյալն է՝ հանրապետության շրջանների ու գյուղական բնակավայրերի մի զգալի մասում չեն դիտում Արցախի հանրային հեռուստատեսություն և հայաստանյան հեռուստաալիքներ, դրա փոխարեն անարգել թափանցում են Ադրբեջանի և Թուրքիայի հեռուստաալիքները: Հիմա պատկերացրեք մեր երկրի սահմանամերձ գոտիներում ապրողների վիճակը, ովքեր առավոտից երեկո լսում են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու քարոզչությունը: Այսպե՞ս ենք ամրացնում մեր սահմանները:

Երկրում չկա պետական լրատվական գործակալություն, ընդհանրապես չկա որևիցե լրատվական գործակալություն, որ կարողանար նորանկախ երկրի ձայնը հասցնել աշխարհին: Սա էլ պետության համար թանկ հաճույք չէ և ցանկության դեպքում համապատասխան գումարը հեշտությամբ կճարվի:

Կաղում ենք նաև ժամանակակից տեխնոլոգիաների հարցում: Թեև դրանց մասին խոսելն իսկ ավելորդ է դառնում, երբ տեղեկանում ենք, որ պետությունում գումարներ չեն ճարվում նույնիսկ բավարար թվով էլեկտրոնային կայքեր պատրաստելու համար: Համակարգիչը գրավել է ամբողջ աշխարհը, բայց մենք դեռ «անմատույց ամրոց ենք»: Էլեկտրոնային կայք չունի անգամ չորրորդ գումարման Ազգային ժողովը, ասել է թե՝ խորհրդարանն օրենքներ է ընդունում, բայց կարծես թե շահագրգռված չէ, որ դրանք մատչելի լինեն հանրությանը:

Կամ վերցնենք փոստային հաղորդակցությունը: 21-րդ դարում ապրող երկրում արտաքին աշխարհի հետ փոստային կապն ապահովվում է շաբաթական մեկ անգամ: Այսինքն՝ եթե դու նամակ ես գրել Երևան, ապա այն տեղ է հասնելու մեկ շաբաթ հետո: Կարելի է, օրինակ, գոնե շաբաթական երկու անգամ առաքել փոստը: Շաբաթական մեկ լրացուցիչ անգամ ուղարկելը մեկ ամսում կարժենա 2000 դրամ՝ եթե Ստեփանակերտ-Երևան երթուղային տաքսու վարորդին ամեն անգամ 500 դրամ տրվի: Սակայն մեր երկրում, ըստ երևույթին, նման «աստղաբաշխական» գումարներ չկան: Ցանկության դեպքում 2 միլիարդ գտնում են ինչ-որ «խիստ կարևոր» (թե ո՞ւմ համար՝ հարց է) գործի համար, բայց նման «մանրուքների» համար 2 հազար՝ ոչ:

Իսկ որ փող կա երկրում՝ կարող եք համոզվել ինքներդ թեկուզև այս օրինակով՝ 2005թ. ոռոգման համակարգի զարգացման ծրագրին բյուջեով հատկացված գումարներից կառավարությունը մոտ 150 միլիոն դրամ գումար է հատկացրել Աջափնյակում (նախկին՝ Մալիբեկլու) գտնվող սովորականից էլ սովորական ջերմոցային տնտեսությունը գնելու և բուսաբանական այգուն հատկացնելու համար: Թե այդ օբյեկտն ինչ կապ ունի ոռոգման ծրագրերի հետ (այդ գումարով կարելի էր մի շարք գյուղերում ջրի հարց լուծել) և թե ինչու այդպիսի հեքիաթային թանկ գնով է այն գնվել՝ թողնում ենք ընթերցողների դատողունակությանը: Իսկ մենք պարզապես փաստենք, որ նման գումարով կարելի էր լուծել սույն խմբագրականում մատնանշված ու այլ բազմաթիվ «մանր» պրոբլեմներ:

——————————————————————————————-

Լրահոս

ԱՐԻ ՈՒ ՏԵՍ

Տպավորություններ միջազգային գիտաժողովից 

Ստեփանակերտում ավարտվել է «ԼՂՀ. երեկ, այսօր, վաղը» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցել են մոտ 200 գիտնականներ 10 երկրներից: Երեք օրվա ընթացքում քննարկումներ են ընթացել մի քանի մասնաբաժիններում (հնչել են բազմաթիվ զեկույցներ), որոնց մի մասը՝ հանրապետության շրջաններում, այդ թվում՝ Գանձասարում: Գիտաժողովին մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը՝ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորությամբ:

Նման ընդգրկմամբ գիտաժողովի նպատակահարմարության մասին կարծիքներն Արցախում կիսվում են: Մասնակիցների մի մասը, ընթերցելով ծրագիրը, տարակուսանքով եզրահանգեց, որ կարծես թե «մենք ինքներս մեզ համոզում ենք, որ մենք ենք իրավացի»:  Զրուցակիցներիցս մեկն էլ այն կարծիքին էր, որ նման գիտաժողովներ պետք է միջազգային լուրջ քաղաքագիտական եւ վերլուծական կենտրոնների մասնակցությամբ կազմակերպվեն, որպեսզի պատմական եւ այլ փաստարկները քաղաքական կշիռ ունենան. «Պատկերացրեք, որ շատ ավելի օգտակար ու նպատակային կլիներ, եթե 200 մարդու փոխարեն այստեղ գային 15-20 ազդեցիկ մարդիկ քաղաքական-փորձագիտական շրջանակներից, ովքեր ինչ-որ ազդեցություն ունեն քաղաքականության վրա կամ էլ բավականին լուրջ մակարդակով տեղեկացված են: Այդ դեպքում նման ծախսերը իսկապես արդարացված կլինեին»: Միևնույն ժամանակ, մեծամասնությունն, այնուամենայնիվ, այն կարծիքին էր, որ նման միջոցառումները բոլոր դեպքերում էլ օգտակար ու խրախուսելի են, թեկուզև այն պատճառով, որ ԼՂՀ այցելած հարյուրավոր մարդիկ կպատմեն այստեղ տեսածի մասին ամբողջ աշխարհով մեկ:

Գիտաժողովում զեկույցով հանդես է եկել նաև գերմանացի հայագետ Թեսսա Հոֆմանը: Նա զուգահեռներ է անցկացրել ղարաբաղյան եւ աբխազական ու հարավօսական հակամարտությունների միջև: Գերմանացի գիտնականի կարծիքով, այս երեք հակամարտություններում Ռուսաստանի ազդեցությունն ամենաքիչն է հենց Ղարաբաղում:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Թեսսա Հոֆմանը նշեց, որ բանակցային գործընթացի սառեցման պատճառներից է Ղարաբաղի չմասնակցությունը: Նաև նկատեց, որ ոչ ոք չի վերլուծել պատերազմի իրական պատճառները: Մեր հարցին, թե նա, արդյոք, տեսնո՞ւմ է ղարաբաղյան կարգավորման նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի փոփոխման միտում, գիտնականը նշել է, որ ճանաչված պետությունները շատ դժվար են համակերպվում նոր պետությունների ստեղծման մտքին: Սակայն վերջերս, թեկուզև չուզենալով, միջազգային հանրությունը ճանաչեց Չեռնոգորիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. «Ժամանակը մեծ դեր է խաղում: Ես խորհուրդ կտայի Ղարաբաղի ժողովրդին ձգտել ճանաչման գոնե մեկ երկրի կողմից»:

«Ազգանունս Զախարով է: Աշխատում եմ Միջազգային հարա-բերությունների Մոսկվայի պետա-կան ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնում եւ արդեն երրորդ անգամ է՝ Ղարաբաղում եմ: Այս գիտաժողովից հետո լույս կտեսնի ռուսական պատմական ընկերության հերթական հատորը, որը կանվանվի «Ռուսաստանը եւ Ղարաբաղը»: Մեկ շաբաթ առաջ լույս է տեսել «Ռուսաստանը եւ Ղրիմը» մեծ հատորը: Աբխազիայի ղեկավարությունը որոշում է ընդունել՝ Աբխազիայի մասին նման ժողովածուի հրատարակմանը աջակցելու համար: Ղարաբաղի մասին ժողովածուն նվիրված կլինի այս հողի պատմությանը եւ Ռուսաստանի հետ  կապերին, որոնք գոյություն ունեին եւ պետք չէ դրանց վրա աչք փակել: Այնտեղ կներկայացվեն ոչ միայն հետաքրքիր զեկույցներ, այլեւ Ղարաբաղի պատմության հետ կապված փաստաթղթեր եւ 20-րդ դարի վերջերի իրողությունները: Մենք կպատմենք եւ ցույց կտանք, թե ինչպես է Ղարաբաղը հայտնվել Ադրբեջանի կազմում, քանի որ դա բոլորը պետք է իմանան, հավատացեք»:

Ն. ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Մեթյու Բրայզա. «Նախագահներին ներկայացվել է շրջանակային համաձայնագիր»

«Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Ասիայի հարցերով տեղակալի օգնական, այժմ արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հրապարակեց այն հիմնարար սկզբունքները, կամ առաջարկությունների փաթեթը, որն այսօր դրված է ղարաբաղյան բանակցությունների սեղանին: 

«Մենք ունենք շրջանակային համաձայնագիր, որը կոչ է անում դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի այն տարածքներից, որտեղ նրանք ներկայումս տեղակայված են,- հայտարարեց Մեթյու Բրայզան:- Մյուս կողմից, համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական ու դիվանագիտական կապերի նորմալացում: Կան նաեւ այլ դրույթներ, ինչպես, ասենք, խաղաղապահների տեղակայում, միջազգային տնտեսական օժանդակություն Ղարաբաղի տարածաշրջանի համար, եւ տնտեսական զարգացում: Այսինքն, կա փաթեթային առաջարկ սեղանի վրա»:

«Եվ վերջում, ինչ-որ մի պահի նախատեսված է նաեւ քվեարկություն՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցով: Ահա սա է բանակցությունների սեղանին դրված առաջարկի հիմնական ուրվագիծը»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց ամերիկացի նոր համանախագահ Մեթյու Բրայզան:

Փաստորեն, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացված է կոնկրետ առաջարկ, նրանց սեղանին դրված է կոնկրետ համաձայնագիր, որը նրանք առայժմ հրաժարվում են ընդունել: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հրաժարվեց մանրամասնել, թե հատկապես որ դրույթի շուրջ չեն համաձայնում նախագահները:

Մեթյու Բրայզան հորդորեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ընդունել այս համաձայնագիրը: «Մենք քաջալերում ենք նախագահներին ընդունել շրջանակային համաձայնագիրը, ինչը քաղաքական քաջություն է պահանջում»,- նշեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

«Ազատություն»

Լեռնային Ղարաբաղում անընդունելի են համարում Մինսկի խմբի նոր համանախագահի գաղտնազերծած առաջարկությունները

Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագրի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Մեթյու Բրայզայի գաղտնազերծած հիմնական դրույթները անընդունելի են համարում:

«Ազատություն» ռադիոկայանի զրուցակիցների մեծամասնության կարծիքով, Բրայզայի գաղտնազերծածը «սկզբունքորեն որեւէ նորություն չի պարունակում»: Ներկայացված սկզբունքները, այսպես թե այնպես, հայտնի են եղել. նախ դուրս բերել հայկական զինված ուժերը, տեղակայել խաղաղապահ ուժեր, իսկ հետո՝ ինչ-որ հարմար պահի լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

«Առաջին անգամ համանախագահը (Մեթյու Բրայզան) համակարգված է ներկայացնում այն ամբողջ տեղեկատվությունը, ինչ կարելի էր քաղել տարբեր աղբյուրներից՝ առանձին բաղադրիչներով,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ հավելելով.- Կարգավորման այն սկզբունքները, ինչ ներկայացնում է ամերիկյան նորանշանակ համանախագահը, չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի պաշտոնական դիրքորոշմանը»:

Վ. Աթանեսյանի խոսքերով, այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը բաց տեքստով գաղտնազերծել է բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի ուրվագիծը, հուշում է, որ «ինչ-որ առումով ճնշում գործադրելու փորձ է արվում»:

«Հակառակ պարագայում նախագահները ինչ-որ համաձայնության կարող էին արդեն իսկ հանգել»,- փաստարկեց նա՝ հավելելով, որ առանց Լեռնային Ղարաբաղի իշխանության մասնակցության՝ ձեռք բերված որեւէ համաձայնություն իրոք չի կարող գործել, եւ «այդ սկզբունքը պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում»:

«Իմ անձնական տպավորությունը, ցավոք, այն է, որ ամերիկյան համանախագահի հայտարարությունը ավելի շատ ուղղված է հայկական հանրությանը, որովհետեւ կարգավորման այդ սկզբունքները լիովին համապատասխանում են Ադրբեջանի շահերին,- շարունակեց Վահրամ Աթանեսյանը:- Խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջը անվտանգության գոտի հանդիսացող տարածքները միանշանակ վերադարձնելուն, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվում է անորոշ ժամանակով»:

 Կարինե ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
 Ստեփանակերտ

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաշվի առնելով ս.թ. հունիսի 22-ին Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ԵԱՀԿ մշտական խորհրդին եւ դրան հաջորդած ամերիկացի համանախագահ Մետյու Բրայզայի հարցազրույցը, որտեղ առաջին անգամ, թեեւ հատվածաբար, բացվում են ԼՂ հարցի կարգավորման սկզբունքները, ինչպես նաեւ Ադրբեջանի հուսալքված հայտարարությունները ռազմական լուծման եւ ԼՂ ինքնավարության վերաբերյալ, հայտնում ենք հետեւյալը.

– համանախագահները ԼՂ հարցի կարգավորման սկզբունքները մասնակի են բացել, մասնավորպես, դուրս են մնացել Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի եւ մինչեւ հանրաքվե Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի խնդիրները,

– համանախագահներն առաջին անգամ հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի կողմից ռեֆերենդումի միջոցով,

– բանակցությունների ընթացքում ի հայտ եկած անհամաձայնությունները չեն վերաբերում հանրաքվեին՝ այդ հարցը նախագահների միջեւ արդեն համաձայնեցված է: Տարաձայնությունները վերաբերում են ԼՂ ռազմական կոնֆլիկտի առաջացրած հետեւանքների վերացման հերթականությանը,

– կոնկրետ այդ հարցին առնչվող տարաձայնությունների վերաբերյալ բանակցությունների Ռամբույեի փուլից հետո Բուխարեստում սեղանի վրա դրված առաջարկություններին Հայաստանը համաձայնել է, իսկ Ադրբեջանը՝ մերժել,

– Հայաստանը համարում է, որ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները, խոշոր հաշվով, լուրջ հիմք են բանակցությունները շարունակելու համար, եւ մենք պատրաստ ենք այդ հիմքի վրա բանակցել Ադրբեջանի հետ,

– Հայաստանը համարում է, որ Ադրբեջանի փոփոխամտությունը այս տարրերի նկատմամբ լուրջ խոչընդոտ է բանակցությունների առաջընթացում: Նման քաղաքականության շարունակության դեպքում, Հայաստանը կպնդի, որ Ադրբեջանը ուղիղ բանակցություններ վարի Ղարաբաղի հետ,

– եւ, վերջապես, մեկ անգամ եւս կուզենայինք հիշեցնել Ադրբեջանին, որ նա, անկախ ռազմական բյուջեի չափերից, երբեք չի կարող ստիպել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հրաժարվել իր ազատության եւ ինքնորոշման իրավունքներից:

ԹՈՂ ԹԱԼԻՇՆԵՐԻՆ ՈՒ ԼԵԶԳԻՆԵՐԻՆ ՏԱՆ

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն առաջարկել է Լեռնային Ղարաբաղին տալ Թաթարստանի պես ինքնավարություն: ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, մեկնաբանելով իր գործընկերոջ հայտարարությունը, ասել է. «Կուզենայի հույս հայտնել, որ նման կարգավիճակ կտրամադրվի Ադրբեջանում բնակվող թալիշներին, լեզգիներին եւ այլ ազգերի: Ինչ վերաբերում է ԼՂՀ-ին, որի ղեկավարության հետ շփումներից Ադրբեջանն անընդհատ խուսափում է, պետք է ընդգծել, որ պաշտոնական Բաքուն չի կարող տրամադրել Ղարաբաղին ոչ մի կարգավիճակ, քանի որ այդ հարցը չի մտնում Ադրբեջանի իրավասությունների մեջ: ԼՂՀ կարգավիճակը որոշված է այստեղ բնակվող ժողովրդի կողմից՝ իրավազորության շրջանակներում: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը հենց նրանում է կայանում, որ ադրբեջանական կողմը չի կարողացել քաղաքակիրթ ձեւով լուծել նման հարցերը եւ դիմել է զինված ագրեսիայի»:

——————————————————————————————-

Քաղաքականություն

ՊԱՐԶ Է, ՈՐ ՈՉԻՆՉ ԷԼ ՊԱՐԶ ՉԷ 

ԼՂՀ այդքան սպասված Սահմանադրության նախագիծն արդեն հասել է խորհրդարանականներին:

Հատկանշականն այն է, որ այս տարվա ապրիլին հիմնական օրենքի 8 գլուխներից պատրաստ էին միայն երկուսը, իսկ ահա հունիսի 5-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ կայացած Սահմանադրական հանձնաժողովի նիստից հետո հայտարարվեց, որ Սահմանադրության նախագիծը պատրաստ է ամբողջությամբ, եւ այն շուտով կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Իսկ Սահմանադրությունն էլ մինչեւ տարեվերջ (նշվում է նաեւ Ղարաբաղի համար նշանակալից դեկտեմբերի 10-ը) կընդունվի համաժողովրդական հանրաքվեի միջոցով:

Այս պարագայում, բնականաբար, ծագեցին մի շարք հարցեր՝ հիմնականում կապված տարածքների (այսինքն՝ թե ինչ սահմաններ պիտի ընդգրկի ԼՂՀ-ն) եւ հատկապես 2007 թվականին սպասվող նախագահական ընտրությունների հետ. արդյո՞ք նախագահ Ղուկասյանը կգնա պաշտոնավարման երրորդ ժամկետի: «ԼՂՀ նախագահի մասին» օրենքի 3-րդ հոդվածում հստակ նշված է. «Միեւնույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ԼՂՀ նախագահի պաշտոնում»: Իսկ ի՞նչ կլինի, եթե մինչեւ գալիք ընտրությունները ընդունվի Սահմանադրությունը, կարո՞ղ է այն որեւէ բան փոխել: Ինչպես պարզեցինք, Սահմանադրության գոնե նախագծի մեջ (հոդված 62) բառացիորեն կրկնվում է «Նախագահի մասին» օրենքի 3-րդ հոդվածը: Այս դեպքում ինչո՞ւ են բոլորը խառնվել իրար: Գուցե այն պատճառով, որ ի տարբերություն ՀՀ եւ ՌԴ նախագահների, Արկադի Ղուկասյանը պաշտոնապես չի՞ հայտարարել այն մասին, որ գալիք ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրելու:

Առաջադրվել-չառաջադրվելու հետ կապված մեկնաբանությունների խնդրանքով դիմեցինք ԼՂՀ նախագահի մամլո քարտուղարի պաշտոնակատար Էդուարդ Աթանեսյանին: Վերջինիս խոսքերով. «Նախագահ Ղուկասյանը մինչ այսօր որեւէ տեղ չի հայտարարել, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը պաշտոնավարման 3-րդ ժամկետի համար: Իսկ Սահմանադրությունն էլ կենսական անհրաժեշտություն ունի մեր երկրի համար. այն կուժեղացնի ԼՂՀ դիրքերը բանակցային գործընթացում եւ կարագացնի անկախ ԼՂՀ միջազգային ճանաչումը»: Քաղաքական ուժերն այս հարցում ճիշտ են համարում չշտապելն ու հետագա զարգացումներին սպասելը, բայց եւ կարեւորում են Սահմանադրության ընդունման հանգամանքը:

ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ Սահմանադրությունը ոչ թե կարող է նպաստել այն բանին, որ նախագահն իր թեկնածությունը երրորդ ժամկետով կառաջադրի, այլ հակառակը. «Սահմանադրության բացակայության դեպքում ավելի հեշտ է լինելու իրականացնել այն, ինչի մասին ենթադրում է մամուլը: Ես անհիմն եմ գտնում Սահմանադրության ընդունման գործընթացը գալիք նախագահական ընտրությունների հետ այդքան խիստ շաղկապելը: Կարող եմ ասել, որ 2007-ին ԼՂՀ նախագահի ընտրությունները կկայանան Սահմանադրությանը խիստ համապատասխան՝ եթե այն ընդունենք, իսկ եթե ոչ՝ ապա հարցը կմնա օրենքի կարգավորմանը»:

«Հայրենիք» խմբակցության ղեկավար Արա Հարությունյանը գերադասում է չխոսել «երրորդ ժամկետի» իրավական կողմի մասին՝ այդ գործառույթը թողնելով իրավաբաններին: «Ազատ հայրենիք» կուսակցությունը, Ա. Հարությունյանի խոսքերով՝ գալիք նախագահական ընտրությունների հետ կապված ոչինչ դեռ չի որոշել, իսկ դա կլինի միայն կուսակցության համագումարի ժամանակ: Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, թե իշխանություններն ինչ-ինչ նկատառումներով հատուկ արագացնում են Սահմանադրության ընդունման գործընթացը, ապա ըստ Ա. Հարությունյանի՝ վաղուց արդեն ժամանակն է, որ Սահմանադրություն ունենանք, ինչի մասին խոսում են դեռ 1998 թվականից. «Բայց թե ինչո՞ւ է ձգձգվել եւ թե ինչո՞ւ են հենց հիմա որոշել ընդունել՝ չեմ կարող որեւէ պատասխան տալ»:

«Սահմանադրությանն ու սահմանադրական գործընթացին անաչառ գնահատական տալու համար կարեւոր է հասկանալ «սահմանադրամերձ» գործընթացների ժամանակագրությունն ու տրամաբանությունը»,- ասում է «ՀՅԴ-Շարժում-88» պատգամավորական խմբի անդամ Գեղամ Բաղդասարյանը եւ շարունակում. «Այս առումով մի շարք հարցեր են արցախյան հանրությանը հուզում. ինչո՞ւ հենց հիմա է ընդունվում երկրի գլխավոր փաստաթուղթը, նախորդ տարիներին ի՞նչն էր խանգարում այդ քայլին դիմելու համար, ի՞նչ խոչընդոտներ կային, ի՞նչ է փոխվել, հաղթահարվե՞լ են արդյոք այդ խոչընդոտները, թե՞ ոչ: Այսինքն՝ Սահմանադրության ընդունումը բխում է պետական շինարարության տրամաբանությունի՞ց, թե՞ ներքաղաքական շեշտադրումներ ունի, կամ էլ՝ ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացից է բխում: Ինձ համար նաեւ տարակուսելի է նման փաստաթղթի մշակման գործից հանրությանը հեռու պահելը եւ մի մարդու հանձնարարելը՝ առանց գոնե փորձագիտական լուրջ ուժերի ներգրավման»: Սակայն, ըստ Գ. Բաղդասարյանի, այս բոլոր կասկածներն ու թյուրիմացությունները խամրում են այն փաստի առաջ, որ նորանկախ Արցախը՝ հայկական երկրորդ պետականությունը, շուտով Սահմանադրություն է ունենալու:

Կառաջադրի՞ իր թեկնածությունը գործող նախագահը, թե՞ ոչ. կարծիքները տարբեր են: Սակայն առայժմ պարզ է միայն այն, որ ոչինչ էլ պարզ չէ: Այս պարագայում ուզում եմ միայն հիշեցնել, որ Սահմանադրության մշակման աշխատանքային խմբի ղեկավար, ԼՂՀ գլխավոր դատախազ Արմեն Զալինյանը մայիսի 20-ին «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ ԼՂՀ Սահմանադրությունը լինելու է ինքնիշխան« ժողովրդավարական« իրավական« սոցիալական պետության Սահմանադրություն, եւ ամենակարեւորը՝ կիսանախագահական կառավարման ձեւով:

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

Ո՞ՒՐ Է ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ

Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի լրատվամիջոցները հանրության ուշադրությունը հրավիրեցին ԼՂՀ նախագահի 2007 թվականի ընտրության թեմայի վրա: Մասնավորապես, շատ է խոսվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության մշակման եւ այն իրարանցման մասին, որ այդ խնդրի պատճառով առաջացել է իշխանական վերնախավում: Բանն այն է, որ հանրության շրջանում մտահոգություն է առաջացել, որ նախագահ Արկադի Ղուկասյանը Սահմանադրության գործոնը փորձում է օգտագործել իր պաշտոնավարման երրորդ ժամկետի իրավական բազա ստեղծելու համար:

Ինքը Ղուկասյանը եւ նրա շրջապատը հրաժարվում են որեւէ բացատրությունից, որը կցրի հանրության մտահոգությունը: Նախագահն իր աշխատավայր կատարած կարճատեւ այցերի ընթացքում ընդամենը նոր ցուցումներ է տալիս Սահմանադրության նախագծի վերաբերյալ եւ արագ հեռանում ինչ որ ուղղությամբ: Ավելին, իշխանական վերնախավում տեղի է ունենում դժվար բացատրելի գործընթաց, որն ավելի է հետաքրքրում հանրությանը՝ տարբեր աստիճանի պաշտոնյաները ազատ մամուլին հասու են դարձնում միմյանց վարկաբեկող տեղեկություններ: Իսկական կռիվ է սկսվել ԼՂՀ կառավարության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջեւ: Հանրության սեփականությունն է դառնում խորհրդարանի երկու իշխանամետ խմբակցությունների միջեւ հասունացող հակամարտությունը: Ի հայտ են եկել «նախագահի ժառանգորդի» թեմայի սիրահարներ:

Բայց հանրության հետաքրքրությունն ամենից ավելի մտահոգում է հենց նախագահ Ղուկասյանը: Ղարաբաղի հանրության շրջանում ավելի շատ է խոսվում, որ 2006 թվականի գրեթե ամբողջ ընթացքում Արկադի Ղուկասյանը բացակայել է երկրից, իր գտնվելու վայրի մասին գրեթե չհրապարակելով ոչ մի տեղեկություն: Ղարաբաղցիները վաղուց են «վարժվել» Ղուկասյանի բազմամսյա բացակայությանը, որ ընդհատվում էր տարբեր տոնակատարությունների առիթով «երկիր կատարած կարճատեւ այցերով»: Ռեկորդային էր 2002 թվականը (Արկադի Ղուկասյանի վերընտրության առաջին տարին), երբ նրա մասին տեղեկանում էին արտասահմանյան լրատվամիջոցներին նրա տված հարցազրույցների միջոցով: Հենց այդ ժամանակ ծնվեց «Ղարաբաղի իշխանության Ղարաբաղ կատարած կարճատեւ այցի» մասին ժողովրդական կատակը:

Բայց ոչ բոլորը: Արկադի Ղուկասյանի երկարատեւ բացակայությունը ներկայումս շատերի մոտ առաջացնում է հատուկ հետաքրքրություն: Նրա նախագահության ժամկետի ավարտի հանգամանքն է դրա պատճառը: Երրորդ ժամկետի գնալու մտադրության մասին գաղափարը հունցելու հետ մեկտեղ, գոյություն ունի վարկած, որ Ղուկասյանը դադարել է հավատալ երրորդ ժամկետի հնարավորությանը եւ ձեռնամուխ է եղել իր ապագան դասավորելու գործին: Ասվում է նաեւ, որ տարբեր երկրներում նրա գտնվելու նպատակներից է «այս կամ այն ժամանակահատվածում ԼՂՀ ժողովրդին աջակցություն ցուցաբերած զանազան հովանավորների հետ ֆինանսական բարդ խնդիրների (այսպես ասած «պոչերի») կարգավորումը»:

Հայկական մամուլը մեկ անգամ չէ, որ հրապարակել է Ղուկասյանի ձեռք բերած սեփականության եւ գույքի մասին: Սակայն այժմ, երբ իշխանական վերնախավի առաջնորդների գործունեության «ստվերային կողմի» մասին տեղեկության հրապարակման վտանգը գալիս է հենց իշխանական կառույցներից, դա չի կարող չանհանգստացնել նրան:

Այսպես թե այնպես, թե Հայաստանում, թե ԼՂՀ-ում նախագահության ժամկետի ավարտը առաջացրել է մեծ խնդիրներ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը «տեղայնացվել» է սեփական ապագայի մասին մտահոգության շրջանակում: Ինչպես երեւում է, ինչ որ մեկի համար Լեռնային Ղարաբաղի խնդիրն էլ հանգել է անձնական ճակատագրի խնդրին: Այդ հանգամանքը, իսկապես, կարող է մտահոգել Ղարաբաղի հանրությանը: Այն ժամանակահատվածում, երբ երկրի քաղաքական խնդիրը գտնվում է «միջազգային ճնշման» տակ, տեղի ունեցող գործընթացներին երկրի առաջնորդի լիակատար բացակայությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքի: Շատերի համար պարզ է դառնում, որ Ղուկասյանը չունի դրա ժամանակը՝ ի՞նչ Ղարաբաղի ճակատագիր:

Ասել, որ Ղուկասյանի անձնական ճակատագիրը պետական խնդիր չէ, անարդար կլիներ (առավել եւս, որ առկա է Սամվել Բաբայանի «վրեժի ուրվականը»): Բայց Ղուկասյանը, թերեւս, չի կարողանում գիտակցել, որ այդ հարցը լուծվում է փոքր ինչ այլ կերպ: Օրինակ, նպատակահարմար կլիներ, եթե Արկադի Ղուկասյանը իր համար ձեռնտու պահին ժամանակից շուտ թողներ իր պաշտոնը: Բոլորը հիշում են, թե ինչպես ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինը ժամանակին հանձնելով իշխանությունը՝ ապահովեց իր անվտանգ ապագան: Կարող էր գիտակցել, բայց այդպես վարվում են միայն իսկական գործիչները: Հայաստանում եւ Ղարաբաղում սպասում են այնքան, մինչեւ ջախջախման վտանգը կախվում է ուղիղ գլխավերեւում, իսկ հետո բողոքում են բոլորից: Հույս են տածում, որ կարող են փրկություն գտնել «տարբեր տիրակալների» մոտ վազելով:

Դրա համար ժողովուրդը պետք է հույսը դնի ինքն իր վրա: Ղարաբաղին անհրաժեշտ է նոր, գործունյա առաջնորդ: Նա անհրաժեշտ է հատկապես այժմ, քանի որ չկա Ղուկասյանին աշխարհով մեկ փնտրելու եւ նախագահական պարտականություններին վերադարձնելու ժամանակ:

Մելիք ՄԵՋԼՈՒՄՅԱՆ
«Լրագիր»

ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՉԻ ԳՆԱ ՀԱՆՑԱՆՔԻ

1996-98թթ. ՀՀ ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը, մեր թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ԼՂՀ գործող նախագահ Արկադի Ղուկասյանի՝ երրորդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորության շուրջ խոսակցությունները, բնական է համարել, որ այդ առկա անորոշությունը հասարակության ներսում անհանգստություն է առաջացնում:

Առավել եւս Լեռնային Ղարաբաղում, ուր մարդկանց գիտակցությունը մշտապես լարված վիճակում է, քանի դեռ չի լուծվել երկրի քաղաքական հիմնախնդիրը: «Այս իրավիճակում, երբ ԼՂՀ ժողովրդավարական զարգացումը հանդիսանում է միջազգային ճանաչման եւ հակամարտության վերջնական կարգավորման հիմնական կռվաններից մեկը, բարձրագույն իշխանությունների կողմից հակաժողովրդավարական գործելակերպի որեւէ դրսեւորում չի կարող տագնապ չառաջացնել: Այն հապճեպությունը, որով ԼՂՀ իշխանությունները վերջերս ձեռնամուխ են եղել երկրի Սահմանադրության ընդունման գործընթացի արհեստական արագացմանը, հասարակության մոտ կասկած է առաջացնում, որ իշխանությունը ցանկանում է իրեն վերարտադրել Արկադի Ղուկասյանին երրորդ անգամ նախագահական ընտրություններում առաջադրելու միջոցով: Նման կասկածները խթանվում են նաեւ որոշ ներքաղաքական միտումներով: Բայց լավ ճանաչելով Արկադի Ղուկասյանին՝ ես կարծում եմ, որ Արցախի հասարակության մտահոգությունները թերեւս վաղաժամ են: Ղուկասյանը չի փորձի ո°չ երրորդ անգամ առաջադրվել, ո°չ էլ հակաժողովրդավարական ձեւով իշխանությունն արհեստականորեն վերարտադրել: Անշուշտ, նա գիտակցում է, որ նման քայլը կդիտարկվեր որպես հանցագործություն ժողովրդի եւ պետության հանդեպ: Նման միտումներ մենք տեսնում ենք Հայաստանում: Սակայն քաղաքական գործիչների այդ որակը չէ, որ պետք է լուծի մեր զույգ պետականությունների քաղաքական ճակատագիրը: Պարտավոր ենք գիտակցել, որ Հայաստանում եւ ԼՂՀ-ում լիակատար սահմանադրական կարգի վրա խարսխված պետությունների կայացումը իրական ռազմավարություն պետք է լինի, այլ ոչ՝ քաղաքական-դիվանագիտական պատրանք: ԼՂ հակամարտության կարգավորումը անբաժանելիորեն կապված է պետական շինարարության գործընթացի հետ, մեր պետականությունների իրական ժողովրդավարականության եւ արդյունավետության հետ: Մի շարք քաղաքական գործիչների կողմից այս հանգամանքը չգիտակցելը հարվածի տակ է դնում ոչ միայն մեր քաղաքացիների անվտանգությունը, այլեւ անցած տասնամյակների մեր ձեռքբերումները: Պետությունների ճակատագրերը չեն կարող նենգափոխվել մի քանի գործիչների ճակատագրով, որոնք արդեն իսկ դրսեւորել են մեր առջեւ ծառացած քաղաքական խնդիրների խորքային իմաստը գիտակցելու իրենց անկարողությունը: Ակնհայտ է՝ իրենք չէ, որ վճռելու են մեր ժողովրդի ճակատագիրը»,- ասել է նա:

«Հայկական ժամանակ»

——————————————————————————————-

Սոցիալ-տնտեսական

Լրագրողական հետաքննություն

ԱՆՏԻՐՈՒԹՅՈՒՆ
կամ՝ մի հանցագործության պատմություն

Նախապատմություն

Մեր թերթի նախորդ համարում ընթերցողներին տեղեկացրել էինք առողջապահության բնագավառում մի աղաղակող փաստի մասին: Հիշեցնենք՝ ԼՂՀ ԱԺ հունիսի 14-ի նիստում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանը («Հայրենիք» խմբակցություն) առողջապահության նախարար Զոյա Լազարյանին հարցրեց, թե ինչու տարիներ շարունակ անգործության է մատված նվիրատվության շնորհիվ Ստեփանակերտ բերված համակարգչային տոմոգրաֆ կոչվող շատ թանկարժեք (մոտ 800 հազար դոլար արժողության) արդիական բուժսարքավորումը:

Ի պատասխան նախարարը տեղեկացրեց, որ սարքավորումն անխաթար վիճակում պահվում է, իսկ չի օգտագործվում, քանի որ գործարկման համար որոշակի ծախսեր պիտի արվեն, ինչը նախատեսվում է անել պոլիկլինիկայի նորակառույց շենքում: Պատգամավորն էլ տրամաբանորեն եզրահանգում է անում. «Եթե արդեն իսկ բերվել է 800 հազարանոց խիստ անհրաժեշտ սարքավորումը, ապա անհամոզիչ է թվում մի 15-20 հազար գտնելու դժվարությունը»:

Սակայն ինքնին փաստն ավելի խայտառակ կներկայանա, եթե տեղեկացնենք, որ հիշյալ տեխնիկան նվիրողները նաև պատրաստակամություն էին հայտնել իրենց վրա վերցնել դրա գործարկման և այլ ծախսերը, ինչը պարզել ենք «Դեմո»-ի լրագրողական հետաքննությամբ: Բայց ամեն ինչ՝ ըստ հերթականության…

Ե՞րբ և ինչպե՞ս է տեխնիկան հայտնվել Արցախում 

2001 թվականին ամերիկահայերի նախաձեռնությամբ որոշվել է GE9800 C.T. կոչվող համակարգչային տոմոգրաֆը նվիրել Արցախին (պաշտպանության բանակին): Ենթադրվող պատճառաբանությամբ փաստաթղթերում, սակայն, խոսվում է Հայաստանի ՊՆ բուժծառայությանը հատկացնելու մասին: Կամ էլ չի բացառվում, որ տեխնիկան արդեն Հայաստանից Արցախ ուղարկելու գաղափարն ու որոշումը ծնվել են Երևանում: Ինչ որ է, մեր ձեռքի տակ է «Աջակցության և կրթության հայ-ամերիկյան կենտրոնի» (“Armenian American support and educational center INC.”) նախագահ Հրանտ Ղուլյանի և Մանուկ Բաղդադի նամակը Հայ եկեղեցու ԱՄՆ-ի թեմի Հայկական միացյալ հիմնադրամի տնօրեն Սիմոն Բալյանին, որով կենտրոնի ղեկավարները հիմնադրամի աջակցությունն են խնդրում բուժսարքավորումը Հայաստան տեղափոխելու համար:

Նամակում նաև խոսվում է այդ սարքավորման կարևորության մասին և պատրաստակամություն հայտնվում 20 հազար ԱՄՆ դոլար հատկացնել մասնագետներ ուղարկելու, սարքավորումը տեղակայելու և ընդհանրապես  համակարգի զարգացման համար: Հիմնադրամն իսկապես աջակցում է, և տեխնիկան տեղ է հասնում, ինչում իր ներդրումն ունի մեր հայրենակից, այն ժամանակ ՀՀ ՊՆ-ում ծառայող Արթուր Ալեքսանյանը:

Տեխնիկայի Արցախ տեղափոխման և դրան առնչվող այլ հարցերում, մեր հավաստի տեղեկություններով, մեծ ներդրում ունի նաև ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը շահագրգիռ վերաբերմունք է ցուցաբերել: Ավելին՝ ԼՂՀ ՊՆ ղեկավարությունը խոհեմ ու ճիշտ որոշում է կայացնում, այն է՝ բուժսարքավորումը տեղակայել ոչ թե ռազմական հոսպիտալում, իմա՝ բանակայինների կարիքների համար, այլ հանձնել առողջապահության նախարարությանը՝ սպասարկելու համար բոլորին: Սակայն հանձնելուց հետո էլ ԼՂՀ ՊՆ-ն ուժերի ներածին չափ աջակցում է այն տեղակայելու հարցում:

Համակարգչային տոմոգրաֆը որոշվում է տեղակայել Դիագնոստիկայի կենտրոնում, պատվիրվում է տեղակայման վայրի կառուցապատման աշխատանքային նախագիծ, որն իրականացնում է «Ադոնա-Մ» անհատական ձեռնարկությունը…

Գիտակցված անճարակություն

Այսքանից հետո, այսինքն՝ գործը, ինչպես ասում են՝ ծամած-պատրաստ վիճակում, տրամաբանական վախճանին պիտի հասցներ առողջապահության նախարարությունը: Դա, հիշեցնենք, եղել է 2001 թվականին: Սակայն առայսօր՝ հինգ տարի անց, բուժսարքավորումը նույնիսկ արկղերից չի հանվել:

Աբսուրդը պատկերացնելու համար ընդգծենք մի քանի կարևոր հանգամանք.

– թանկարժեք բուժսարքավորումը երկնային մանանայի պես հայտնվել է առողջապահության համակարգում՝ առանց վերջինիս կողմից գործադրված որևէ ջանքի,

– դարձյալ առանց նախարարության որևէ ջանքի կազմվել է տեղակայման վայրի աշխատանքային նախագիծ,

– նվիրատուները պատրաստակամություն են հայտնել 20 հազար դոլար հատկացնել երկու մասնագետներ ուղարկելու և սարքավորումը տեղակայելու համար,

– նվիրատուները խոստացել են իրենց միջոցներով երկու տեղացի բժիշկ հրավիրել ԱՄՆ և վերապատրաստել:

Առողջապահության նախարարությանը ի՞նչ էր մնում անել այսքանից հետո: Ընդամենը «վեհանձնաբար» համաձայնվել: Ոչինչ չանել, պարզապես համաձայնվել: Չգիտենք, թե ինչպես է վարվել նախարարությունը, չգիտենք, թե ինչու գործը տեղից չի շարժվել: Գիտենք այն, ինչ գիտենք, այն է՝ նախարար Զ. Լազարյանի բացատրությունը ԼՂՀ ԱԺ հունիսի 14-ի նիստում. «Սարքավորումը չի տեղակայվել, քանի որ գործարկման համար որոշակի ծախսեր պիտի արվեն, ինչն էլ արվելու է պոլիկլինիկայի նորակառույց շենքում»:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ բուժսարքավորումը տարիներով պահեստում պահվելով, մեղմ ասած, չի շահում, նաև այն հանգամանքը, թե ինչու է նախարարն այդքան սպասել (ու սպասեցրել) սարքավորումը նոր պոլիկլինիկայում տեղակայելու համար, և պարզապես հարցնենք մեր ընթերցողներին, այս ամենից տուժած հարյուրավոր արցախցիներին ու պատկան մարմիններին՝ ձեզ բավարարու՞մ է նման հիմնավորումը, դուք դա, ինչպես ասում են, «կու՞լ եք տալիս»:

Պետական մարմիններում ու հատկապես ղեկավար պաշտոններում, ըստ մեզ, պիտի այնպիսի մարդիկ լինեն, ովքեր լավ կազմակերպիչ են, կարողանում են ոչնչից բան ստեղծել, ինչպես ասում են՝ սառույցի վրա կրակ անել, նաև ազնիվ ու հայրենասեր են ու կարողանում են անձնականը ստորադասել հանրայինին: Այլ ոչ թե՝ հակառակը: Որովհետև հակառակ պարագայում մենք մեր ձեռքով մեր իսկ տունն ենք քանդում:

Առակս զի՞նչ ցուցանե 

Վերոշարադրյալը «Դեմո»-ի լրագրողական հետաքննության արդյունքներն են, ինչպես ասում են՝ տեղեկություններ մտորումների համար: Մենք մեր անելիքը կատարել ենք: Մնացածը թողնում ենք հանրության և իշխանությունների դատին:

ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ. ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ

Վերջին ժամանակներս հաճախ է խոսվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության և հատկապես վերջին մարաթոնին առնչվող հանգամանքների մասին: Մարաթոնի շրջանակներում իրականացվող ծրագրերի մասին «Դեմո»-ի խնդրանքով սիրահոժար համաձայնվեց տեղեկացնել հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Միշել Տանկրեզը: Ավելին՝ փոխադարձ շահագրգռվածությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց մեր թերթում  այդ ծրագրերի շարունակական լուսաբանման մասին, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում պրն Տանկրեզին:

«Դեմո»

Միշել ՏԱՆԿՐԵԶ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական և ԼՂՀ-ում Հիմնադրամի կողմից իրագործվող զարգացման ծրագրերի ղեկավար

Գտնում եմ, որ ճիշտ ժամանակն է ձեզ իրազեկել Մարտակերտի շրջանին նվիրված Մարաթոն-2005-ի արդյունքների, հավաքված գումարների, ինչպես նաև արձանագրված ծրագրերի մասին:

Ներկա դրությամբ  ծրագրերի իրականացման համար հավաքված գումարը հասնում է $ 5.6 միլիոնի, որին պետք է ավելացնել ևս $ 1 միլիոն՝ Մարտակերտի հիվանդանոցի և ենթաշրջանի գյուղատնտեսության զարգացման համար: Հեռուստամարաթոնի հետ կապված ծախսերը նույնպես ներգրավված են հավաքված գումարի մեջ:

Ցավոք սրտի, պետք է նշել, որ Հայաստանի և Արցախի հավաքած գումարը բավականին հեռու է 2005թ. նոյեմբերին խոստացած գումարից, իրականում միայն Հայաստանում 65 %-ով և Արցախում 57,33%-ով  նվիրատուները կատարեցին իրենց խոստացած նվիրատվությունները: Խոստովանենք, որ ի համեմատ  ամբողջ աշխարհում հիմնադրամի 19 ներկայացուցչությունների, մենք հպարտանալու քիչ բան ունենք:

Ծրագրերը համաձայնեցված էին կառավարության, տեղական իշխանությունների, համայնքապետերի հետ, և գյուղերում տեղի ունեցած Արցախի ներկայացուցչության այցից հետո, և Հայաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից ժամանած մասնագետների առաքելություններից հետո:

Ծրագրերը հետևյալն են՝

Խմելու ջուր.

1. 500 մմ տրամագծով 30 կմ երկարությամբ ջրատարի կառուցում, որը կսպասարկի Խոդորաշենից մինչև Մարտակերտ, մենք նույնպես ցանկանում ենք՝ խողովակներ տեղադրելով, մատակարարել Վանկաթաղ, Մաղավուզ, Մեծ Շեն գյուղերը և վերանորոգել ջրամբարներ. Մարտակերտի 2 ջրամբարների մատակարարումը, որոնցից յուրաքանչյուրը 1000 տոննա է, որը հնարավորություն կտա 5217 բնակչի խմելու ջուր ունենալ: Խոսելով այնպիսի գյուղերի մասին, ինչպիսիք են Աղաբեկալանջը, Մոխրաթաղը, Ներքին Հոռաթաղը, ապա դրանք նույնպես կարող են, օգտվելով գլխավոր ջրատար խողովակից, խմելու ջուր ունենալ: Այսպիսով, մենք կունենանք ևս 6 223 սպասարկված բնակջչ՝ Խադարաշեն աղբյուղից:

2. Վաղուհաս գյուղը, որտեղ մեր արգենտինացի բարեկամները  իրականացրել են բազմաթիվ ծրագրեր, ամբողջովին ապահովված կլինի խմելու ջրով, իհարկե, հենց մեր արգենտինացի հովանավորների շնորհիվ: Աղբյուրները ի հայտ բերելու, խողովակները փոխելու, գոյություն ունեցող 3 ջրամբարների կառուցման և 150 տոննանոց նոր ջրամբարի կառուցման համար, ընդհանուր հաշվով, 10 կմ երկարությամբ խողովակներ կտեղադրվեն:

Ահա 2 կարևոր և շտապ իրականացնելու ծրագրերը:

Առողջապահություն:

1. Մարտակերտի հիվանդանոցի վերանորոգում (55 մահճակալ) և 5 նոր շտապ օգնության մեքենաների սպասարկում: Շտապ օգնության մեքենաները արդեն պատվիրել ենք: Նախապատրաստական աշխատանքները կատարվել են, համաձայնեցնելով առողջապահության նախարար Զոյա Լազարյանի, Արևմտյան Ամերիկայի հիմնադրամի ներկայացուցիչ Ալինա Դորյանի և ԱՄՆ-ից ժամանած ճարտարապետի, հիվանդանոցների մասնագետ Արտուրո Ֆրիբուրգի հետ: Դիզայնը պատրաստման ընթացքում է:

2. Ավելի փոքր մասշտաբի ծրագրեր են Դրմբոնի, Վաղուհասի և Մաղավուզի բուժկետների հատակների վերանորոգումը, Գառնաքարի բուժկետի մեծ աստիճանների կառուցումը, ինչպես նաև Ղազարահող գյուղում նոր բուժկետի կառուցումը (նվիրատու՝ Ֆրանսիայից ֆոնեթոն 2005-ի ժամանակ) :

Գյուղատնտեսություն:

Համագործակցելով գյուղատնտեսության նախարար Վահրամ Բաղդասարյանի և շրջանի վարչակազմի ղեկավար Կարլեն Պետրոսյանի հետ, Արևելյան Ամերիկայի հիմնադրամը  Մարտակերտի ենթաշրջանի գյուղատնտեսության զարգացմանը օգնելու նպատակով աշխատեցնում է երկու կազմակերպություն, որին, հուսով ենք, կանդամագրվեն  18 գյուղերի գյուղացիների մեծամասնությունը:

Մարտակերտում գտնվող կենտրոնը վերանորոգման ընթացքում է, և շուտով ներկայումս արդեն պատվիրված 9 տրակտոր կստանա, իսկ հետո կոմբայններ, որոնք նույնպես կսպասարկվեն: Հայտարարություններն արված են, և ներկայումս երեք աշխատակից ունենք Մարտակերտում:

Գազամատակարարում:

Գազով ապահովված կլինեն Առաջաձոր և Չլդրան գյուղերը, որոնք ունեն 1219 բնակիչ: Ուսումնասիրությունները կատարվել են «Արցախգազ» կազմակերպության կողմից՝ Մաքսիմ Միրզոյանի գլխավորությամբ:

Կրթություն:

Այս բնագավարում ևս ծրագրերի որոշումը ընդունվեց կրթության և մշակույթի նախարար Կամո Աթայանի և փոխնախարար Սլավիկ Ասրյանի համաձայնությամբ : Տորոնտոյի հիմնադրամը գումար հատկացրեց Մադաղիսի դպրոցի կառուցման համար, որն արդեն ընթացքի մեջ է, ինչպես նաև Վերին  Հոռաթաղում նոր դպրոցի կառուցման համար: Այս 2 դպրոցները կունենան միևնույն ձևն, ինչ Շոշի և Դրմբոնի դպրոցներն ունեն:

Առաջին աշխատանքներն են արվել արդեն նաև Կոճողոտի դպրոցի համար, որի հովանավորն է Ֆրանսիայի հիմնադրամը, և դպրոցի կահույքավորման հովանավորը՝  Ֆրանսիայի հիմնադրամի մի անդամ:

Միաժամանակ պետք է նշել, որ Մարաթոն-2005-ի շրջանակներից դուրս «Հայաստան» հիմնադրամը հովանավորում է Մարտակերտի թիվ 1 դպրոցի և Հաթերքի դպրոցի համար կահույքը, որն արդեն պատվիրել ենք: Այս 2 դպրոցները վերանորոգվում են պետության կողմից:

Ճանապարհ:

Ստեփանակերտից Դրմբոն ընկած ճանապարհի կառուցումը և Մարտակերտ տանող 11,6 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը կավարտվեն տարվա վերջին:

Դոլարի կուրսի իջնելը՝ ի համեմատ դրամի, մեզ թույլ չտվեց լրիվությամբ հովանավորել ճանապարհը: Մարաթոն-2005-ին ստացած գումարի մի մասը տրամադրեցինք 2 անհետաձգելի ծրագրերին, որոնց համար մրցույթ է կազմակերպվել, մեկը՝ Կիչանի և Չլդրանի միջև կամուրջը,  և մօուսը՝ Մարտակերտ տանող 4,8 կմ երկարությամբ ճանապարհը: Մնում է մասնակիորեն վերանորոգել Դրմբոնից մինչև Ալաշան խաչմերուկից մինչև 10 կմ ճանապարհը և Մաղավուզի խաչմերուկը ու 7 կմ ճանապարհ մինչև Մարտակերտ:

Արցախում բազմաթիվ տարիների ընթացքում հիմնադրամի կողմից իրագործված ծրագրերի մասին խոսելիս, կցանկանայի ուշադրություն հրավիրել  ձեռք բերվածը պահպանելու անհրաժեշտության վրա, օրինակ՝ ցուրտ ձմեռներից թեթև քանդված ճանապարհների հատվածները նորոգել կամ փակել առաջացած փոսերը՝ ջրերի կուտակումից խուսափելու համար:

Օգտվելով առիթից, ասեմ, որ անպայման տեղյակ եմ պահելու մամուլին մեր ծրագրերի ընթացքի մասին:

«KarabakhOpen» – «Դեմո» 

Արցախցիները էլեկտրաէներգիայի համար կվճարեն գիշերային եւ ցերեկային սակագներով

Հուլիսի մեկից 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի մինչեւ այժմ գործող 14 դրամի սակագինը կդադարի գործել: Բնակչության 1 կՎտ/ժամ սպառած էլեկտրաէներգիայի համար ցերեկային սակագինը կկազմի 20 դրամ, իսկ գիշերայինը՝ 15: Գիշերային սակագները գործելու են երեկոյան ժամը 23.00-ից մինչեւ առավոտյան ժամը 7.00-ն:

Այդ մասին մեզ տեղեկացրեց «Արցախէներգո» ՓԲԸ-ի տնօրեն Սլավա Գաբրիելյանը, որը այն հարցին« թե ինչո՞վ է պայմանավորված սակագների բարձրացումը« պատասխանեց. «Հանրապետության սպառողներին Էլեկտրաէներգիա մատակարարվում է սեփական արտադրանքով՝ Թարթառի հիդրոկայանից, սակայն ՀՀ-ից գնում ենք մեզ չբավականացնող էլեկտրաէներգիան: 2006 թվականը, մեր կանխատեսումներով, սակավաջուր կլինի եւ ՀՀ-ից գնվող էլեկտրաէներգիայի ծավալը կտրուկ աճել է»: Նա նաեւ ավելացրեց, որ ՀՀ-ից գնվող էլեկտրաէներգիայի սակագներն աճել են 54 %-ով: «Մենք արտադրում ենք սպառվող էլեկտրաէներգիայի ընդամենը 35 %-ը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք էլեկտրաէներգիա պետք է ապահովենք նաեւ վթարների անջատման դեպքում, դիմել ենք կառավարությանը՝ սակագների բարձրացման խնդրանքով»«- ասաց Ս. Գաբրիելյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ բնակչության կողմից սպառված էլեկտրաէներգիայի ծավալների երկսակագնային հաշվարկն իրականացվելու է հատուկ երկսակագնային հաշվիչների միջոցով« որոնց ձեռքբերմանը եւ տեղադրմանն առնչվող հարցերը պետք է լուծեն սպառողները« հակառակ դեպքում, եթե նման հաշվիչներ չտեղադրվեն« ապա սպառած էլեկտրաէներգիայի դիմաց բնակիչները կվճարեն ցերեկային սակագնով,- ասաց Սլավա Գաբրիելյանը, Karabakhopen.com-ին տված հարցազրույցի ժամանակ:

Ճարտարի մանկապարտեզը գործում է բիզնեսմենի զոհաբերության շնորհիվ

Մարտունու շրջանի Գյունե Ճարտար գյուղի մանկապարտեզը, որտեղ հաճախում է 30 երեխա, 20 տարեկան է: Մանկապարտեզի տնօրեն Սեդա Հարությունյանի խոսքերով, մանկապարտեզին պարբերաբար օգնություն է ցուցաբերում նախկին ազատամարտիկ, այժմ բիզնեսմեն Արթուր Խաչատրյանը, ինչի համար մանկապարտեզի ադմինիստրացիան շնորհակալություն է հայտնում:

Սակայն, ինչպես նշվել է «Ազատ Արցախ» թերթում, մանկապարտեզն ունի չլուծված խնդիրներ, եւ այն օգնության կարիք ունի: «Երեխայի ամենամսյա վճարը կազմում է 2 հազար դրամ,-նշում է Ս.Հարությունյանը,- բայց նույնիսկ այդ չնչին գումարը, որն ուղղվում է աշխատողների աշխատավարձերին ու երեխաների սննդին, ոչ բոլորն են ի վիճակի վճարել: Բացի այդ, մանկապարտեզում այլ խնդիրներ կան. չկա հեռուստացույց, եւ մինչ օրս մանկապարտեզը գազիֆիկացված չէ»:

Անհատույց սեփականաշնորհված ձեռնարկությունները չեն կատարում իրենց պարտականությունները

ԼՂՀ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել Ասկերանի շրջանում: Աուդիտի առարկան՝ սեփականաշնորհված ձեռնարկությունների կողմից ներդրումային պարտավորությունների կատարումն է: Արդյունքների քննարկմանը մասնակցում էին նաեւ ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատուրյանը եւ ներդրումային բաժնի պետ Արսեն Աբրահամյանը:

Ինչպես մեզ հայտնել են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, պարզվել է, որ 2005թ. 37 ներդրումային պարտավորություններ ունեցող սուբյեկտներից 35-ն են կատարել իրենց պարտավորությունները: Իրենց պարտավորությունները չեն կատարել այն ձեռնարկությունները, որոնք սեփականաշնորհվել են անհատույց: Բացի այդ, սեփականաշնորհված ձեռնարկությունների նոր տերերը պարտավորվում էին վճարել 44.5 մլն դրամ՝ այն ձեռնարկության պարտքը, որի իրավահաջորդն են հանդիսանում: Սակայն, փաստորեն, վճարվել է 42.2 մլն դրամ:

Վերաբնակեցման գործընթացը շարունակվում է

2006 թվականին հանրապետության տարբեր շրջաններում վերաբնակիչների համար կկառուցվի եւ կվերանորոգվի 116 տուն: Շինարարական աշխատանքները սկսված են առայժմ միայն սահմանամերձ գյուղերում, իսկ մյուս բնակավայրերում տների կառուցումը մրցութային փուլում է գտնվում: Այս մասին KarabakhOpen-ին հայտնել է ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Պավել Նաջարյանը, որը միաժամանակ փաստեց, որ անցած տարի Մսմնա գյուղում կառուցված 8 տներում արդեն բնակվում են, եւ գյուղի երեխաների թիվը 15-ով ավելացել է:

Վարչության պետը նաեւ հավաստիացրեց, որ վերաբնակեցման գործընթացն արդեն սկսված է, եւ Ղարաբաղում բնակություն հաստատելու ցանկություն են հայտնում տարբեր երկրների բնակիչներ: «Վերջին շրջանում բնակություն հաստատելու ցանկություն են հայտնում հիմնականում Միջին Ասիայի եւ Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքների բնակիչներ»,-փաստել է պարոն Նաջարյանը:

Բացի պետական միջոցներով իրականացվող աշխատանքներից, վերաբնակիչների համար տներ եւ սոցիալական օբյեկտներ են կառուցվում նաեւ բարերարների հովանավորությամբ: Ինչպես տեղեկացրեցին վարչությունում, Հայ բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ Հադրութի շրջանի Բարեշեն գյուղում 10 տուն է կառուցվում, որը կավարտվի մինչեւ տարեվերջ: «Հետագայում նախատեսվում է 10 տուն էլ կառուցել, ինչպես նաեւ դպրոց, բուժկետ եւ այլն: Նույն կազմակերպության հովանավորությամբ դպրոց է կառուցվում նաեւ շրջանի Նորաշեն գյուղում»,- մեր զրույցի ժամանակ նշել է վարչության պետը: Մյուս բարերարի միջոցներով Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղում կկառուցվեն բնակելի տներ եւ դպրոց:

Փախստականների համար 21 տուն կկառուցվի

Օրերս Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում փախստականների համար տների շինարարության համար մրցույթ կհայտարարվի: Այս մասին KarabakhOpen-ին հայտնել է ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Պավել Նաջարյանը: Մինչեւ տարեվերջ կկառուցվի 11 տուն: Եւս 10 տուն պետք է կառուցվի նաեւ շրջաններում՝ Մարտունու շրջանում՝ 5, Հադրութի շրջանում՝ 3, իսկ մեկական՝ Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում: Մարտակերտի շրջանի Չափար գյուղի փախստական մեկ ընտանիքի տուն էլ կվերակառուցվի:

Այս տարի միանվագ օգնություն են ստացել 1161 ընտանիք:

2006թ. պետբյուջեով փախստականներին միանվագ օգնության համար նախատեսված գումարներն արդեն լրիվությամբ բաժանված են: Այս տարի միանվագ օգնություն են ստացել 1161 փախստական ընտանիք, որոնցից 810-ը՝ Ստեփանակերտ քաղաքից են, իսկ մյուսները՝ հանրապետության տարբեր շրջաններից: 2006-ին տրամադրվել է մոտ 83 մլն դրամի միանվագ օգնություն: Այս մասին տեղեկացրել է ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Պավել Նաջարյանը: Նրա հավաստմամբ, առայժմ միանվագ օգնություն են ստացել գրանցված փախստականների կեսը, իսկ մյուս կեսին օգնություն կտրամադրվի 2007 թվականի ընթացքում: Նա միաժամանակ փաստել է, որ վկայականների տրամադրումը դեռեւս ընթացքի մեջ է, եւ այն ավարտին կհասցվի 1-2 ամսում:

——————————————————————————————

Հասարակություն

ԱՅԼԱՍԵՐՈՒՄ

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աղարտվում է վարդի կախարդ բույրը
լաբորատոր պաղ գազահոտի,-
այդ կարմրահոգի ծաղկի սգերգը սև շղարշի շրշմամբ
անլուր սքողում է ջինջ լսողության ոստանները:
Խստանում է արդար լույսն առավոտի
լազերափնջի համաչափությամբ:
Սրտի բաբախյունը նմանվում է թիկ-թակ
ժամացույցով գործող ուժանակի,
որ սիրում է թնդալ հրճվանքի պահերին:
Ցնցակաթվածից ծնկող ծանր ատլետի շարժ ու վարքով
գունատվում է հայացքը լեռների –
սնդիկով լիցքավորվող ամպերի ներքո:
Աստվածաշունչ խոսքը տարիմաստնանում է
համաղետներ գուժող ծածկագրերի:
Բազմագլուխ հիդրաների են ձևախեղվում
աշխարհակալ քաղաքները հսկայամարմին:
Անմեղ սյուքը մեկեն փոթորիկ է վիժում
խաղաղության խամրող օազիսներում:-
Կերպափոխվում է երազը մահաթմբիրի,
ծառը՝ մեթաստազի, տաճարը՝ դիակիզարանի,
թռիչքը՝ օտարման…
Այլասերման մունետիկներն են սրարշավում անդուլ
երկար ու լեցուն սրսկիչներով – ամենահաս են, անկռահելի,
աճապարում են մայրցամաքների սոսկումն ի վար,
տիվ ու գիշերվա տափաստաններով,
և ամեն ինչ նրանց փորձամուկն է, ինչպես
աֆիտամինով սրսկված ժամանակն այս.-
ահա ամիսների մի կարճ շարք ևս,
և նա անգիտակից կփլվի, ասես վերջին թմրամոլը
հետնախորշերի: Չէ, զինվոր-ռոբոտի նմանակն է անտես՝
դիպուկ ու վերահաս, ծրագրավորված,
հուշազերծ իսպառ –
մանկուրտ ժամանակն այս,
որին հրահանգված է մտնել բնական կյանքի մաշկի տակ
և անջատել նրա ոգու գծերը:-
(Ի՞նչ շոյանքով նրան դարձի բերեմ,
ի՞նչ բառեր հեղեմ նրա բեկված սրտին,
որ վերգտնի նա մաքուր ազատությունն իր…)
Վախից այլակերպված ժամանակը՝
լայն աչքերով՝ խաղք ու անհոգության դիմաց:-
Համակ ցողեմ նրան տաքուկ մտերմության ջերմուկներով.-
իմ ազիզ-շուշան ժամանակը –
քո առագաստը՝ փափուկ, փողփողէջ,
որ ուզում է բացվել աստղոտ
ցանկության ծովաշխարհներում…
***

Երկնակամարին աստղերը վերադասավորվում են
հրեղեն խաչի նմանությամբ,
լուսնի մահիկը շիկանում է, ինչպես
սաստիկ սլացող պողպատե բումերանգ,
որի համար ստվերն իսկ կարող է թիրախ լինել:-
Ատելության հողը արյունից ծանրանում է:
Ոճիր հերքողների երկրում՝ նոր ռազմակայաններ՝
իմպերիական հատուկ տարբերանշաններով:-
Մոսկվայում դանակահարվում են հայ պատանիներ,
Ստամբուլում՝ կաթոլիկ քահանա ու այլադավանք:
Խավարել է արևը Իրանի վաշինգտոնյան ամպից:-
Ժամանակի կրծքում խիստ շողշողում են
բոլոր ռեակտորներն ու հրթիռները,
գնդակներն ու նետերը՝ եղյալ ու գալիք:

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Անմեղ մի շարժումով՝ կնիք ու ստորագրություն,
և կտակն ահա՝ բյուր վավերացմամբ.-
թեժ ու սառը պատերազմներ ազատ  –
միջէթնիկական ու միջկրոնական,
միջպետական ու միջքաղաքակրթական,
միջռասայական ու միջհամայնքային,
միջիշխանական ու միջկլանային,
միջդասային ու միջհամքարային,
միջքաղաքային ու միջթաղային,
միջընտանեկան ու միջանձնային,
միջաստվածների ու միջսատանայաց,
միջժամանակային ու միջպատմական,
միջսրբերի ու միջմեռյալների,
միջմարգարեների ու միջտխմարների,
միջհզորների ու միջանզորների,
միջկառավարիչների ու միջհպատակաց,
միջհոգևորների ու միջնյութասիրաց,
միջմահապարտների ու միջդատավորաց,
միջավերողների ու միջկառուցողների,
միջծնողների ու միջզավակաց,
միջտարիքային ու միջսեռային,
միջառաջադիմականների ու միջդավաճանաց,
միջհերոսների ու միջպահպանողականների,
միջբնիկների ու միջեկվորաց,
միջմայրցամաքների ու միջաշխարհների,
միջիմաստնությանց ու միջունայնությանց…

***

Անմար խռովություններ՝
կաճառներում ու գաղութներում համայն,
ծննդատներում ու տաճարներում մայր, –
խռովություններով արծնապատվող
մկրտության հանդեսներ,
պալատներ ու դաշինքներ կուռ, –
խռովքը համացանցերի,
գեների ընդվզումը անպարագիծ.-
քույրս անցնում է մազե կամուրջներով,
եղբայրս լեռների պապակն է առնում իր շուրթերին,
սիրելիներս թափում են խավարի լեղապարկը անտակ, –
բայց էլի խռովություն է կակաչների ձայնում,
առավոտների ճամբարն է հուզումներով գերված.-
երբ հրաշամանուկը մահվան աչքերն է
փակում լուսինների էջանշանով:
Հանուն ազատության Ամերիկան դիակներով ու
վառվող նավթի թանձրաշերտ ծխով պատեց
Իրաքի միջագետքյան բնանկարը,
հանուն ազատության Ամերիկան ռմբահարեց
հինավուրց Աֆղանստանի յուրաքանչյուր թիզ հողը,
սերբական ըմբոստ երկիրը խոցոտեց
ծովահրեշի քամահրանքով,
հանուն ազատության Ամերիկան անհայտի
մառախուղին մատնեց Ղարաբաղն ու Աբխազիան,
ուր զանգերն այնպես ազատ են ղողանջում,
որ երկյուղի մեջ մեկեն քարանում են
աշխարհը պատանքող
կարմիր-կապույտ-աստղակիր դրոշները,
հանուն ազատության Ամերիկան երազում է
բզիկ-բզիկ անել պատմական Իրանը,
քանզի նախընտրում է նա գույների մի այլ դասավորություն
պարսկական հոգու շշնջոցով,
հանուն ազատության Ամերիկան պատին է սեղմում
էկզոտիկ բնիկներին մայրցամաքների,
իր բոլոր կենվորների քայլերն է հսկում
մինչև արտաքնոց ու անկողին –
հսկա-ամենատես դիտակ ինչպես,
հանուն ազատության այլոց շնչառությունն Է չափագրում
անկոչ բժշկի փութաջանությամբ
և սեղմում-սեղմո¯ւմ աշխարհն արար
իր անպարագիծ ցնորք ՕK-ի մեջ…

***

1915-ի ծանրամած ստվերը անմռունչ խլում է
Հայք բարձրավանդակի լույսն ու ջերմությունը –
պատմական կողոպտչի հաշվեհարդարով:¬
Թուրքի ուրվանկարը շարունակ կարմիր է
ժամանակի խճողված ցուցապաստառին:
«Սպանդ» բառը հարություն է առնում հին ու
նորելուկ իմպերիաների
դրոշներին ու գաղտնի զեկույցներում:¬
Եվ խցանված է լսողությունդ աղաղակների տաք արճիճով,
երբ խորալները սիրո ու բարու –
հին եղանակով գրված «սիդիներ» –
ներփակ ընկած են Աստծո մոռացված ձայնադարանում:

ԲԼԻՑ

Վառվող սիգարի պես հոգին կարճանում է և –
բլից պատերազմներ ու բլից դաշինքներ,
բլից կայսրություններ ու բլից գաղութներ,
բլից կրոններ ու բլից աստվածներ,
բլից անմահություններ ու բլից անգոյություն,
բլից հայրենիքներ ու բլից գալակտիկաներ,
բլից իրականություններ ու բլից առասպելներ,
բլից մարտագլխիկներ ու բլից բունկերներ,
բլից առավոտներ ու բլից խավարումներ,
բլից քնքշանքներ ու բլից լլկումներ,
բլից ոճիրներ ու բլից ատելություններ,
բլից երազներ ու բլից մղձավանջներ,-
և համբույրդ տաք՝ հավերժության
սառը շուրթ ու պարանոցին,
և հապաղումը ձեռքերիդ՝ սիրո խաչի վրա,
ոտքերիդ դողը՝ ունայնի շքամուտքին –
կարճ փեշերով աղջիկն է նշագրում փութկոտ
աստղերից կախված երկար իր ճոճքում…

——————————————————————————————-

ԱՐՑԱԽԸ՝ ԱՐՑԱԽՑՈՒ ԱՉՔԵՐՈՎ

Սիրելի Գեղամ:

Ժամանակին ստացել եմ թերթիդ այն համարները, որտեղ տպագրել եք իմ հուշապատումը: Շնորհակալ եմ: Ես այստեղ ձեր «Դեմոն» կարդում եմ և ուրախանում, որ իմ Հայրենի Արցախում վերջապես հայտնվել է մի թերթ, որ բարձր թռիչք ու բարձր որակ ունի և կարդացվում է հետաքրքրությամբ, թերթ, որ իր ճշմարտացի ձայնն ունի այսօրվա համատարած անարդարացի, ազգավնաս երևույթների ու այդ երևույթների քստմնելի հեղինակների դեմ: Հավատա, չեմ քաղցրախոսում, ձերն ավելի հնչեղ և հեղինակություն ունի, քան այստեղ՝ մայրաքաղաքում լույս տեսնող թերթերից շատերը, որոնք կեղտաջրեր են թափում այսօրվա կյանքի դաշտի վրա, որն առանց այն էլ պղտոր հեղեղների տակ է և մշտապես էլ պղտորվում է:

Ես մամուլում քիչ տպագրվողներից չեմ, բայց մեծ ուրախություն եմ ապրել, երբ տպագրվել եմ արցախյան մամուլում: Իմ գրածները՝ լինի բանաստեղծություն, թե հրապարակախոսություն, իմ սիրած երկրամասին է վերաբերում, իմ հայրենի Արցախի ցավից են ծնվում իմ գրածները, առանց Արցախի ես տարագիր հայ եմ և հայ բանաստեղծ:

Արցախի այսօրվա ցավից և նրան կորցնելու վախից է ծնվել իմ այս հոդվածը, որ ուղարկում եմ ձեզ և ուզում այն լույս աշխարհ գա հատկապես թերթում, որը այստեղ էլ՝ Երևանում, ընթերցողներ ունի և լավ եք անում, որ բաժին եք անում և Երևանի ընթերցողներին:

Բոգդան ՋԱՆՅԱՆ
Երևան

Ճշմարիտ պատմությունը վկայում է, որ մենք ունեցել ենք հոգնասահման Արցախ, Արևելից կողմանց մի Հայաստան երկիր, որը խլվելով, կրծվելով քոչվոր ցեղերի կողմից, փոքրացել, դարձել է փոքրիկ երկրամաս, այսինքն՝ ունեինք այն, ինչ որ ունեինք մինչև արցախյան պատերազմը՝ մի կում Արցախ: Մեծ Արցախը փոքրացավ, բայց մեծ Արցախի խիզախ, մարտնչող ոգին կար, մնում էր արցախցիների մեջ: Կար, մնում էր և դրա համար էլ հաղթեց Մեծ Ադրբեջանի հետ գոտեմարտում:

Երբ Արցախյան շարժումը նորից փոթորկվեց, պայթեց մի ահագնացող ուժով, ազերիները այնքան էլ չանհանգստացան, նրանց իշխանավորները հոխորտացին՝ ղարաբաղցիներ, կրակի հետ մի խաղաք, դուք մեր բանակի համար մի քանի օրվա կերակուր եք, մենք հսկա բանակ ունենք ձեր սահմաններին կանգնած, թե այդ բանակը պոկվեց տեղից, դուք չեք դիմանա, ձեր Ղարաբաղի հողը կդառնա համատարած գերեզմանոց, և դուք այս անգամ լրիվ կկործանվեք և գուցե հետագայում ոչ ոք էլ չհիշի, որ այս աշխարհում ինչ որ Ղարաբաղ է եղել, ղարաբաղցի հայեր են եղել:

Եվ այդ սարսափազդու հոխորտանքը ուղղված էր ոչ միայն արցախցի հայերին, այլև Հայաստանին ու բոլոր հայերին, որովհետև գիտեին՝ նման բախտորոշ ժամին հայերն ու ամբողջ Հայաստանը Հայոց Արցախին մենակ չէին թողնի: Այնուամենայնիվ, վստահ իր ուժերին, իր բանակի գերազանցությանը՝ ազերիների բանակը, որը զինված էր ու պաշտպանված ուրիշ շատ ուժերի կողմից, իսկապես պոկ եկավ տեղից և այնպիսի թափ ու վազք ստացավ, որ այն ժամանակ կարելի էր մտածել, որ Արցախը, իրոք, կճզմվի ազերիների զինյալների ոտքերի տակ, և մի քանի օրից հետո Հայոց Արցախը միայն տխուր հուշ կմնա:

Բայց այդ օրերը ամիսներ դարձան, և հակառակորդի թափը կոտրվեց՝ հանդիպելով արցախցիների, առհասարակ հայերի համառ դիմադրությանը և ժայռակող կամքին: Զարմացան հակառակորդն ու նրա բարեկամները, զարմացան, բայց չհասկացան՝ ինչպես է կարողանում փոքրիկ Արցախը դիմանալ և դիմադրել ամեն ինչով գերազանցող զորագնդերին: Այո, այդ զորագնդերն ամեն ինչ ունեին, բայց չունեին այն կարևորը, անհրաժեշտը, ինչ որ ունեին հայկական ուժերը: Եվ այդ անհրաժեշտ ու կարևորը արցախցիների հերոսական ոգին էր:

Ու եղավ այնպես, ինչպես լինում է նման դեպքերում: Իր հողի, հայրենի տան, արժանապատվության համար կռվողը հաղթեց մի կռվում, որն ինքը չէ սկսել, բայց որն իր կռիվն էր, իր ազատագրական կռիվը: Նախահարձակը նահանջեց երկրի խորքերը: Եվ ահա քանի տարի է՝ Արցախը ազատ է, անկախ, ինքնուրույն պետություն է, հայկական պետություն: Կայացած պետություն: Բնավ կարևոր չէ, որ աշխարհը դեռ չի ընդունում անհերքելի այդ փաստը: Կարևորն այն է, որ Արցախը դուրս է եկել, պատվով է դուրս եկել պարտադրված պատերազմից, և արցախցու մաքրամաքուր շունչն է թևածում հայոց այս հնավանդ հողի վրա:

Բայց հիմա էլ պարտված հակառակորդն իրեն այնպես է պահում, որ կարծես ինքն է հաղթողը: Հոխորտում է, պահանջներ ներկայացնում, մեջտեղ է բերել իր հին, արդեն մաշված զենքը՝ սուտը, սուտ խոստումներ է տալիս՝ թողեք Ղարաբաղը իմը մնա, իմ պետության կազմի մեջ մնա, ես նրան ամեն ինչ կտամ: Մեկը լիներ՝ ասեր՝ ի՞նչ պիտի տաս, որ Արցախ-Ղարաբաղն այսօր չունի, երբ նա արդեն անկախ է, ազատ և դուրս է եկել Ադրբեջանի Հանրապետության՝ հայ պետականություն հետ ոչ մի կապ չունեցող կազմից և ամեն ինչ ունի, ունի այն ամենը, ինչ ուզում էր ունենալ և ինչի համար անթիվ զոհեր է տվել, իր խիզախ, ազնվազարմ զավակների արյունն է տվել և ահա քանի տարի է՝ ազատ է և պետություն է կառուցում, որտեղ Արցախի հայը վերջապես իրեն իր տանն է զգում և իր տան հիմքը՝ հարազատ հողի մեջ:

Ադրբեջանի նախագահ Ալիևը ժամանակին ուզում էր Արցախը ծնկի բերել այն զենքով, որով պայքարում էր Նախիջևանի հայության դեմ և կարողացավ հայաթափ անել երբեմնի հոծ հայաշխարհը, նույնն էր ուզում անել Արցախում: Արցախում արգելեց բոլոր տեսակի անասուններ պահելը, ուզեց Արցախի արոտավայրերը, դաշտերը լցնել ոչխարի հոտերով, Արցախի մաքրամաքուր օդը դարձնել ոչխարահոտ: Ինչո՞ւ անպայման ոչխար, որովհետև ոչխարները իրենց հետ ազերի էին բերում:

Այստեղ ես պիտի ընդմիջեմ և դիմեմ հուշագրությանս: Շատ տարիներ առաջ Համո Սահյանը եկել էր Ստեփանակերտ: Աշուն էր, արցախյան շքեղագույն, մրգաբույր աշուն և աշնան մեղմ գգվող արև: Մենք երեքով՝ ես, Բագրատ Ուլուբաբյանը և Համո Սահյանը, նստած էինք Բագրատի առանձնատան պատշգամբում և հիանում էինք Կարկառի ձորահովտի աշնանային գույներով: Եվ հանկարծ մեր հայացքն ընկավ Շուշի քաղաքից Ստեփանակերտ եկող ճանապարհի ոլորաններին և դրանց շուրջը փայլփլող ձորալանջերին: Եվ տեսանք, որ այդ ամենը ծածկված է սև հեղեղով, և աշնան դեղինը, ոսկեգույն դեղինը փոխվել է սևի, որը անվերջ ծավալվում, մեծանում էր: Ազերիների սարերից իջնող ոչխարի հոտն էր:

Համոն իսկույն մտավ Բագրատի աշխատասենյակը և որոշ ժամանակ անց վերադարձավ, ձեռքին մի թուղթ՝ նոր գրած բանաստեղծություն, կարդաց հուզված, Բագրատի տան պատշգամբը կարծես ամբիոն էր, և Սահյանն իր այդ բանաստեղծությունը կարդում էր բարձրաձայն, կարծես ամբողջ Արցախն էր լսում նրան:

Գալիս է հոտը,
Ներին առջևից,
Գամփռը հետևից,
Ուղտը մի թևից,
Թուխպը մի թևից,
Ամեն, ամեն ինչ,
Խառնելով իրար՝
Ալեկոծվում
Բլուրներն ի վար
Սև հեղեղի պես:
Այդպես է եղել,
Փալանած եզան
Բութ կճղակներով
Առևանգել են
Հունդ ու հորովել:
Առևանգել են
Ծիլը քրտինքիդ,
Բողբոջը հույսիդ,
Նշխարը լույսիդ:
Առևանգել են,
Տրորել են քեզ
Քոչվորը ցեղերը
Դարեր շարունակ:
Դարեր շարունակ
Գալիս է հոտը:

Եվ ահա Ալիևը, երբ արդեն Արցախն ազատագրված էր, ձայնը գլուխը գցած աղաղակում էր աշխարհով մեկ, որ ամենաշատ փախստականները Ադրբեջանն ունի, որոնք հիմնականում Ղարաբաղից են, պահանջում էր, որ նրանք վերադառնան Ղարաբաղ, այսինքն՝ վերադառնան, հեղեղեն մեր ամենաբերրի հողերը, դաշտերը, բնակատեղերը, իսկ Արցախի ծաղկաշատ սարերի ծաղկաբույրը նորից պիտի խեղդվի ոչխարահոտի մեջ:

Իսկ ի՞նչ էին ասում մերոնք, ի՞նչ էր ասում մեր նախագահը՝ Տեր-Պետրոսյանը: Համենայն դեպս, հաղթողի պես չէր պահում, իրեն պահում էր համարյա մեղապարտի պես՝ չէր առարկում, չէր բողոքում, գոնե չէր ասում՝ ճիշտ չեք խոսում, գլխակոր էր, լուռ: Չէ, չէ, երբեմն խոսում էր, լուռ չէր մնում և նույնիսկ պահանջներ էր ներկայացնում, բայց ոչ թե ազերիներին, այլ մեզ, մեր ժողովրդին, հերոսական Արցախին: Փորձում էր համոզել, որ եթե ուզում եք նորից պատերազմ չլինի, խաղաղություն լինի, ապա Ղարաբաղը պիտի մնա Ադրբեջանի հովանու տակ, նրա կազմի մեջ: Ես մինչև հիմա մեծ զայրույթ եմ ապրում, երբ հիշում եմ այն ժամանակ՝ Արցախյան պատերազմի ամենաթունդ ժամանակ, Հայաստանի Ազգային ժողովում նրա խղճալի ելույթը, որն ավարտվեց ահա այս խոսքերով.

– Հասկացեք, պարոններ, հասկացեք, հայեր, որ մենք չենք կարող պատերազմը շարունակել յոթմիլիոնանոց հանրապետության դեմ, մենք զինվորական պաշարներ չունենք, անհնարին բան եք առաջարկում:

Ասաց և նստեց խեղճ-խեղճ, պարտվածի, սգավորի տեսքով:

Նորից առիթ ստեղծվեց, որ ես ընդմիջեմ զրույցս և դիմեմ հուշագրությանս: Պատերազմ չկար, խաղաղություն էր և ոգևորություն իմ հայրենի Արցախում, որտեղ ամեն ինչ կամաց-կամաց իր տեղն էր բռնում, ազգային զարթոնք էր: Արցախում երբեք առանձին մտավորականների՝ գրողների, դերասանների, գիտնականների՝ մանավանդ տեղացի գրողների, դերասանների և ուրիշ այլ արժանավորների հոբելյաններ չէին լինում, ազերիները նման միջոցառումները խիստ վտանգավոր էին համարում և արգելում էին: Եվ ահա Արցախի անկախության հենց առաջին տարիներից Արցախը սկսեց արժեվորել իր տաղանդավոր զավակների արած-թողածը: Նշեցին Հրաչյա Բեգլարյանի, Բագրատ Ուլուբաբյանի, Գուրգեն Գաբրիելյանի և ուրիշների հոբելյանները: Հերթը ինձ էլ հասավ: Իմ 50-ամյակը, 60-ամյակը և 70-ամյակը չի նշվել Արցախում: Կևորկով կար՝ չէր ուզում, ավելի շուտ՝ վախենում էր վերևներից: Եվ ահա 1997թ. Արցախը նշեց իմ 80-ամյակը՝ նախ իմ հայրենի գյուղում՝ Տումիում, հետո՝ Ստեփանակերտում: Այդ օրերին, երբ Արցախում էի, իսկույն նկատեցի, տեսա, թե ինչպիսի հիասթափություն, հուսաբեկություն է ստեղծել արցախահայության մեջ Տեր-Պետրոսյանի այդ ելույթը Ազգային ժողովում, այսպես կոչված Ղարաբաղի հիմնահարցի նկատմամբ, ելույթ, որ հնչեց որպես հաղթանակած Արցախի նահանջի կոչ: Լսել էին այդ կոչը իմ հայրենակիցները ու զարմացել-զայրացել էին:

Հիշում եմ, մեր գյուղում հոբելյանս նշելուց հետո գյուղապետի նախաձեռնությամբ ճաշկերույթ կազմակերպվեց: Եվ ճաշկերույթի ամենաթեժ պահին 90-ամյա եղբայրս, որ նստած էր իմ կողքին, ասաց.

– Ախպեր, մի բան ասեմ, չմեղադրես ինձ: Հայաստանի նախագահն իրեն ոչ թե հաղթած երկրի նախագահի պես է պահում, այլ պարտվածի: Ափսոս, որ նա չի եղել մեր գյուղում՝ իսկ եթե լիներ, ես նրան ցույց կտայի, կասեի՝ նայիր մեր գյուղի դիմացի մեծ բլրին: Դա գյուղի միակ գերեզմանոցն է եղել, էն էլ հա քանի տարի, քանի դար: Էս հսկա գյուղը մի գերեզմանոց ուներ, իսկ հիմա նույն գերեզմանոցի կողքին ու շուրջը ինչքան բլուրներ կան՝ դարձել են գերեզմանոցներ: Գերեզմանոցներ՝ ղարաբաղյան պատերազմում մեր գյուղի նահատակված ջահել-ջիվան տղաների համար: Էդ ես եմ ասում, ես՝ տումեցիս, բայց այսպես կասեն Ղարաբաղի շատ գյուղերի բնակիչներ: Այսպես կասի Ստեփանակերտում ապրող ամեն մարդ, որովհետև Ստեփանակերտը շրջապատող բարձունքները ևս գերեզմանոց են դարձել այս մեզ պարտադրած պատերազմում զոհված ղարաբաղցի քաջարի զավակների համար: Էդ որ էլի ծնկաչոք, չարչարանքի, հալածանքի մեջ պիտի ապրենք մեր հողի վրա, մեր տանը, էսքան զոհեր ինչու՞ տվինք:

Խոր ծերություն ապրող եղբայրս այս խոսքերը ասաց խորապես վիրավորված, իսկ այդ տխուր խոսակցությունից որոշ ժամանակ անց նա մահացավ: Եղբորս խոսքը միայն իրենը չէր, ամեն արցախցի նույնը կասեր, նույնը կհիշեր և կհիշեցներ: Այդ խոսքերը պիտի լսեն Ղարաբաղի հիմնահարցի շուրջը բանակցողները: Որովհետև անգամ հիմա, երբ Արցախը վերջապես ազատ է, արցախցին վերջապես իր հողի, իր տան տերն է, լսելով բանակցությունների արձագանքները, առանձին քաղաքական գործիչների ելույթները, նրա հազիվ գտած ազատության մեջ վախն է սողոսկում, կորստի վախը, գտածը նորից կորցնելու վախը: Նույն Արցախը, արցախցին հիշում են, թե ինչ գնով է պաշտպանվել երկիրը: Հիշում և հիշեցնում են՝ մենք մեր հողի վրա ենք, մենք եկվոր չենք և ինչ էլ որ մերն է՝ էլ չենք տա:

Ռեպլիկ
ԱՆՏՈՆԻՈ ՍՏՐԱԴԻՎԱՐԻՈՒՍԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ ԱՄԱՏԻ Է

Եթե որևէ մեկը փորձի կասկածել, որ Ստրադիվարիուսն ու Ամատին տարբեր անձնավորություններ են, ապա այդ «անգետին» պետք է շտապ ուղարկել վերջերս «Էդ-Էմ»-ում կայացած «Մտքի թել» միջոցառման ժյուրիի մոտ, քանզի այդ գաղտնիքը միայն նրանց է հաջողվել մի քանի հարյուրամյակ հետո բացել:

Ահա թե ինչպես է եղել դա: ԱԺԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված վերոհիշյալ ինտելեկտուալ խաղի ժամանակ, որին մասնակցում էին մեկևկես տասնյակ թիմեր ԼՂՀ ԱԺ-ից, ԱրՊՀ-ից, Արցախի հանրային հեռուստատեսությունից, ոստիկանությունից, ԼՂՀ պաշտպանության, գյուղատնտեսության, ԿՄՍ և այլ նախարարություններից, մրցանակային երկրորդ տեղի համար պայքարող թիմին որոշելու համար Պաշտպանության բանակի «Ասպար» և ԿՄՍ նախարարության «Ծիր-կաթին» թիմերին առաջադրեցին լրացուցիչ հարցեր: Երկար ժամանակ հնարավոր չէր որոշել հաղթողին, և ահա հնչեց վերջին ճակատագրական հարցը, որի պատասխանն էր՝ «Ստրադիվարիուս», բայց քանի որ ՊԲ թիմը պատասխանել էր՝ «Ամատի», ժյուրին հայտարարեց, որ պատասխանը ճիշտ է, քանզի Ստրադիվարիուսն ու Ամատին «նույն բանն են»:

Եվ իսկապես՝ չէ՞ որ երկուսն էլ իտալացիներ են, դեռ ավելին՝ ջութակի ճանաչված վարպետներ: Հենց այս խելացի տրամաբանությամբ են ռուսները կովկասյան բոլոր ժողովուրդներին անվանում «կովկասյան ազգության ներկայացուցիչներ»: Այս տրամաբանությամբ կարող ենք համոզված պնդել, որ Մովսես Խորենացին Ագաթանգեղոսն է, Խաչատուր Աբովյանը Պերճ Պռոշյանն է, իսկ Հովհաննես Շիրազի իսկական անուն-ազգանունն է Պարույր Սևակ: Ինչ մնում է Թոմաս Էդիսոնին, ապա նրա ծննդյան վկայականում գրված է եղել՝ Իսահակ Նյուտոն: Չմոռանանք ասել, որ բոլորովին վերջերս հայտնի է դարձել նաև Ջուզեպպե Վերդիի իսկական անուն-ազգանունը. նրա գերեզմանաքարի վրա հայերեն փորագրված է՝ Նիկոլո Պագանինի… Կարելի է անվերջ շարունակել այս սոդոմ-գոմորիզմը:

Այս զավեշտը հիշեցնում է հետևյալ անեկդոտը.

– Ո՞վ է գրել Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմը,- հարցնում է ընկեր Մարգոն:

– Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմը գրել է Ավետիք Իսահակյանը,- պատասխանում է Վարդանիկը:

Վերոհիշյալ ժյուրին ևս այս կարծիքին է:

Ընդհանրապես, բոլոր ծանոթ-բարեկամներս ու ընկերներս ինձ գիտեն որպես Վարդգես       Օվյան, բայց, հայցելով բոլոր գրասերների ու արվեստասերների ներողամտությունը, հարգարժան ժյուրիի համար ստորագրում եմ՝

Հակոբ ՊԱՐՈՆՅԱՆ

SOS. ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հարգելի խմբագրություն, ձեր թերթի ս. թ. հունիսի 15-ի համարում տպագրվել է իմ հոդվածը «Հին Ջուղան շարունակվում է Շուշիո՞ւմ» վերնագրով, որտեղ նկարագրել եմ մեր օրերում Շուշիի հին հայկական գերեզմանատան տարածքում կատարվող ավերածությունների մասին: Նախ՝ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեր կոլեկտիվին՝ հոդվածս ու պատմագիտական որոնումներս բարձր գնահատականի արժանացնելու կապակցությամբ:

Միաժամանակ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ վիճակը դեպի լավը չի փոխվել: Խնդրի լուծման յուրովի տարբերակ գտած շինարարները նախկինում կիսով չափ բետոնապատված շիրմաքարերի արձանագրություն պարունակող քարերը պոկել-տեղափոխել են Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի աջ կողմը, տեղում թողնելով գերեզմաններն ու տապանաքարերը: Այլ կերպ ասած՝ բռնությամբ գլխատել, մեր նախնիների գերեզմանները թողել են առանց շիրմաքարերի: Այդպիսի վիճակում են Թազագյուլ Գևորգյանցի (1805-1880), Խաչատուր Թամրազյանցի (1875-1894), Գրիգոր Խաչատուրի Նաջարովի (1834-1871), Խաչատուր Հովսեփի Նաջարյանցի (1799-1879) շիրմաքարերը:

Ցավոք, Շուշիի հին հայկական գերեզմանոցի ավերումը առայսօր շարունակվում է:

Հրաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

——————————————————————————————-

Անդրադարձ

«ԴԵՄՈ» ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ Պ-Ն ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ

Մեծարգո խմբագիր

Ձեր թերթի այս տարվա մայիսի 31-ի համարի նախավերջին էջում, ինձ համար գոնե անծանոթ, սակայն իրեն «գրքի ու գրականության մարդ» համարող Վահրամ Աթանեսյանը, իր վրա վերցնելով ժամանակակից հայ գրականությունը գնահատողի ծանր բեռը, հոդված է տպագրել «Գրականության ճգնաժամը, կա՞ արդյոք, ժամանակակից հայ գրականություն» վերնագրով:

Այդ հոդվածում փորձ չանելով պատասխանելու իր իսկ տված հարցին, թե ինչ է հասկանում ժամանակակից գրականություն ասելով, այդ պարոնը, սակայն, զարմանալի անտեղյակություն է ցուցաբերել ինչպես ժամանակակից գրականության զարգացման միտումների և ընթացքի, այնպես էլ անցյալ դարի մեր դասականների ստեղծագործությունների էության, դրանց իմաստի խորության և մեծության խնդրում: Այլապես չէր գրի, թե «Հրանտ Մաթևոսյանի արձակում նոր ոչինչ չկա, հազար անգամ հայերեն պատմված գյուղն է…»:

Չցանկանալով ամբողջությամբ մեկնաբանել այդ խառնափնթոր ու իմաստազուրկ հոդվածը կամ բանավիճել Հրանտ Մաթևոսյանի՝ հոդվածագրին անհասանելի, սակայն աշխարհ զարմացնող գործերի շուրջ, կուզենայի միայն գնահատական տալ իր կարծիքով՝ Լևոն Խեչոյանից ու Վարդան Հակոբյանից հետո գրականության մեջ տեղ գրավող «Համո Սահյանի վերջին «մորմոքներից» մի քանի տող» արտահայտությանը:

Քանի որ իր հոդվածի սկզբում պարոն Աթանեսյանը գանգատվում է սեփական հիշողության կարծրությունից. «Ուրիշ բան չի մղվում հիշողությանս մեջ, թեև գրքեր կարդում եմ…», կցանկանայի նրա հիշողության մեջ մղել, որ հին ու նոր գրականություն գոյություն չունի: Կա ազգային, համամարդկային, ճշմարիտ ու իսկական գրականություն, որը երբեք չի հնանում: Այսօր Նարեկացին և Քուչակը, Թումանյանն ու Տերյանը, Համո Սահյանն ու Պարույր Աևակը նույն հարթության վրա են և նոր են, քան երբևիցե:

Ինչ վերաբերում է Համո Սահյանին, ապա նա երբեք «մորմոքներով» չի բնութագրվել ինչպես հայրենի, այնպես էլ մյուս բոլոր խոշոր գրականագետների կողմից: Նա ստեղծել է հզոր, ինքնատիպ, հայ գրականության մեջ ուղղություն դարձած քնարերգություն: Իր ստեղծագործության հսկայական նշանակությամբ և ճանաչողական իմաստների մեծությամբ, ընդհանրացումների տիեզերականությամբ, լեզվական կատարելությամբ Համո Սահյանը վաղուց մտել է բանաստեղծական զարգացման համաշխարհային ուղեծիր՝ շփման եզրեր ունենալով հին ու նոր բոլոր խոշորագույն քնարերգուների հետ:

Ինչո՞վ է մեղավոր Համո Սահյանը, որ պարոն Աթանեսյանը այդքանը չգիտի:

Չեմ կարծում, թե այդ պարոնի «կարծրահուշ» կեցվածքը պիտի թույլ տար չզգալու այն հսկայական հետաքրքրությունը, որ գոյություն ունի վերջին տարիներին Համո Սահյանի քնարերգության նկատմամբ: Բավական է նշել, որ լույս են տեսել բանաստեղծի «Ինձ բացակա չդնեք» վերջին ժողովածուի երեք հրատարակություններ (1999, 2003, 2004թթ.), «Դաղձի ծաղիկ» ժողովածուն (2005թ.), «Քարե պատարագ» երկհատորյակը (2004թ.), «60 և մեկ հայրեն» ժողովածու-պատկերագիրքը (2003թ.), «Հատընտիր, ութնյակներ, հայրեններ, տրիոլետներ» (2001թ.), «Ինչ էլ լինի, կգամ» (հայերեն, ռուսերեն 2004թ.): Տպագրվել են «Համո Սահյան բանաստեղծի հավատամքը» (2004թ.), «Համո Սահյան» (2004թ.) մենագրությունները, «Համո Սահյան. բանաստեղծը, մտածողը, մարդը» (2001թ.), «Համո Սահյան. գրչի, խոսքի, խղճի կշիռը» (2003թ.) գրականագիտական ժողովածուները: Թողարկվել են ձայնասկավառակներ, նկարահանվել են տեսաֆիլմեր, գրվել են և գրվում են դիսերտացիաներ, հարյուրավոր հոդվածներ, անց են կացվում բազմաթիվ միջոցառումներ:

Եվ, պատկերացնու՞մ եք, այդքանը այդ մի քանի տող «մորմոքների» մասին ու նրանց շուրջ:

Ի՞նչ ավելացնեմ: Համո Սահյանն ասում էր, թե «ամեն մեկն աշխատում է իր թուլությունը դարձնել տեսություն, դա էլ ավանդույթ է»:

Իսկ եթե պարոն Աթանեսյանին տանջում էր, թե ինչով են զբաղվում ՀԳՄ 400 անդամները, ապա թող քաջություն ունենար նրանց կամ նրանցից որևէ մեկի մասին կարծիք հայտնել և ոչ թե իրենից շատ հեռու մեծությունների՝ Համո Սահյանի ու Հրանտ Մաթեւոսյանի:

Շչորս ԴԱՎԹՅԱՆ
«Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող, հրապարակախոս, բանասիրական գիտությունների թեկնածու

 

«ԴԵՄՈ» ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ Գ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ

«Դեմո» հանրային թերթի ս. թ. մայիսի 31-ի համարում զետեղված «Ի վերջո՝ կա՞ արդարություն, թե՞ ոչ» հրապարակման իրավաբանական գնահատականը տալու և ճշմարտությունը երևան հանելու վերաբերյալ ԼՂՀ արդարադատության նախարարություն հասցեագրված Ձեր նամակը մեր կողմից ուսումնասիրվել է:

Պարզվել է, որ քաղաքացուհի Էթերի Լալայանը հայցով դիմել է ԼՂՀ 1-ին ատյանի դատարան, խնդրելով իրավունք վերապահել իր հարևան Ս. Հախումյանին սեփականության իրավունքով պատկանող Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փող. թ. 41 տան մուտքն օգտագործել որպես ընդհանուր տարածք, հիմնավորելով, որ ներկայումս Հախումյանն արգելում է տարիներ շարունակ որպես ընդհանուր ճանապարհ հանդիսացած տարածքի հետագա օգտագործումը: Դատարանն իր 2005 թ. նոյեմբերի 18-ի վճռով հայցը բավարարել է և Է. Լալայանին ու նրա ընտանիքի անդամներին իրավունք վերապահել սեփականատեր Ս. Հախումյանի հետ համատեղ օգտագործելու վիճելի տարածքը՝ մինչև քաղաքապետարանի և իրավասու մարմինների կողմից հարցի համապատասխան ճարտարապետական լուծումը: Ս. Հախումյանը չհամաձայնելով նշված վճռի հետ, այն վերաքննության կարգով բողոքարկել է: ԼՂՀ Գերագույն դատարանի վերաքննիչ ատյանը ստուգելով կայացված վճռի օրինականությունն ու հիմնավորվածությունը, կատարելով տեղազննություն, գնահատելով գործում առկա փաստաթղթերն ու դատական քննության ընթացքում ձեռք բերված ապացույցները՝ հանգել է այն եզրակացության, որ հայցվոր Է. Լալայանը այլ տեղով ելումուտի ճանապարհ չունի, բացի դրանից, սպառվել են քաղաքապետարանի կողմից հարցի ճարտարապետական լուծման հնարավոր տարբերակները, և սահմանել է ԼՂՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հարկադիր սերվիտուտ՝ ըստ էության կայացնելով 1-ին ատյանի դատարանի հետ նույնաբովանդակ վճիռ:

Նշված վճիռն իրավասու անձանց, այդ թվամ նաև Հախումյանի կողմից չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: Հայցվորի պահանջով դուրս գրված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, որի կատարման ընթացքում Ս. Հախումյանը պարտավորվել է ոչ մի արգելք չստեղծել Է. Լալայանի և նրա ընտանիքի անդամների՝ վիճելի տարածքով երթևեկելու համար և ստորագրել է այդ մասին կազմված ակտը, ինչը և հիմք է հանդիսացել կատարողական վարույթը փաստացի կատարված լինելու հիմքով կարճելուն:

Դատական ատյանների կողմից կայացված որոշումների օրինականության վերաբերյալ գնահատական տալու Ձեր խնդրանքը մեր կողմից չի կարող բավարարվել, քանի որ ստորադաս դատարանի վճիռների օրինականության ու հիմնավորվածության գնահատականը կարող է տրվել միայն վերադաս դատարանի կողմից,  այն էլ օրենքով սահմանված իրավասու անձանց բողոքների առկայության դեպքում: Ոչ մի պետական կառույց, այդ թվում՝ արդարադատության նախարարությունը, իրավասու չեն գնահատել, բողոքարկել, փոփոխել, բեկանել դատական ակտերը, կամ որևէ այլ ձևով միջամտել արդարադատության իրականացման գործընթացին:

Չնայած վերը նշված վճռի վճռաբեկության կարգով բողոքարկման ժամկետը Ս. Հախումյանի կողմից բաց է թողնվել, սակայն վերջինս ներկայումս էլ զրկված չէ այդ հնարավորությունից և կարող է օրենքով սահմանված կարգով՝ այն վիճարկել հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանի միջոցով:

Լ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
ԼՂՀ արդարադատության նախարա-րության աշխատակազմի ղեկավար

 

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ՝ ԼԱՅՆ ՃԱՆԱՊԱՐՀ

Բորիս ԲԱՂՐՅԱՆ

«Դեմո» թերթի համարներից մեկում տպագրված «Երիտասարդությունը պետության ապագան է» հոդվածում (հեղինակ՝ Արտավազդ Իսրայելյան) ներկայացված խնդիրները բխում են մեր շատ անհանգիստ ժամանակի պահանջներից: Իսկապես, առանց համակողմանիորեն զարգացած, ֆիզիկապես կատարյալ, առողջ, բանիմաց, հայրենիքին բոլորանվեր հավատարիմ երիտասարդության մենք չենք կարող հիմնավորապես լուծել մեր առջև ծառացած ոչ դյուրին խնդիրները: Այո, երիտասարդության մշտական ակտիվությամբ, հասարակական-քաղաքական կյանքին անմիջական մասնակցությամբ, համապատասխան մարմինների կողմից երիտասարդության հետ հաշվի նստելու կարողությամբ ու պատրաստակամությամբ են մեծապես պայմանավորված մեր նորանկախ հանրապետության ոչ միայն ապագան, այլև մեր այսօրը, մեր ներկան, որն էլ նախանշում է մեր ցանկալի վաղը: Այդպես է եղել անցյալում, այդպես է ներկայումս, այդպես կլինի ապագայում:

Որքանով տեղյակ ենք, այսօր գործում են մի քանի երիտասարդական կազմակերպություններ: Թե որքանո՞վ է նպատակահարմար ու արդյունավետ այդքան կազմակերպություններ ունենալը, դժվար է ասել: Գուցե դա ժամանակի թելադրանքով է պայմանավորված, թող որ այդպես լինի, բայց կարևորը, ի վերջո, արդյունքն է: Իսկ արդյունքն այնքան էլ գոհացուցիչ չէ. փաստորեն այդ բոլոր կազմակերպությունները միասին վերցրած չեն հասնում այն արդյունքին, որին սպասում ենք բոլորս: Ավագ սերնդի ներկայացուցիչներս լավ ենք հիշում, թե պիոներական, կոմերիտական կազմակերպությունների շարքերն ընդունվելը որպիսի հանդիսավորությամբ էր կատարվում և որպիսի պատասխանատվություն էր ստան-ձնում ընդունվող պատանին: Պարզից պարզ է, որ մեր իրականության մեջ տեղ գտնող այսքան թերությունների հիմնական պատճառը հենց պարտքի ու պատասխանատվության զգացման բացակայությունն է: Քիչ չեն անպատասխանատուները մեր կյանքի ցանկացած բնագավառում: Եթե բժշկի անտարբերության պատճառով տուժում է հիվանդը, եթե ուսուցիչը հետևողականորեն չի կատարում իր պարտականությունը, եթե պաշտոնյան սրտացավորեն, բարեխղճորեն չի ծառայում իրեն այդ դիրքին հասցրած ժողովրդին, եթե բիզնեսմենը միայն իր անձնական շահն է գերադասում, եթե… ապա, ցավալիորեն տուժում ենք բոլորս՝ դու, նա, ես: Իսկ բոլորովին էլ գաղտնիք չէ, որ երիտասարդությունը ուշի-ուշով հետևում է, թե ինչպես են աշխատում, գործում ավագները: Ուրեմն՝ եկեք երիտասարդներին միայն լավ օրինակ ցույց տանք…

Ինչպես հոդվածագիրն է տեղին նշում, անչափահասների, երիտասարդության ճիշտ դաստիարակությամբ պետք է զբաղվեն բոլորը (ընտանիք-դպրոց-հասարակություն-լրատվամիջոցներ):

Մեր երիտասարդության ճնշող մեծամասնությունը տառապում է ծխամոլությամբ, և առավել ցավալին ու մտահոգիչն այն է, որ այդ վարակը տարածվում է նաև անչափահասների շրջանում: Վերջերս մի հեռուստահաղորդումից իմացա, որ աշխարհում ամենաշատ ծխող երկրներից է Հայաստանը: Մտահոգիչ է: Մեզ մոտ համարյա ոչինչ չի արվում, դա են ապացուցում այն տխուր փաստերը, որ դպրոցականը մտնում է խանութ, ծխախոտ գնում, դուրս գալիս փողոց, մեծավարի վառում ծխախոտը… Եվ ոչ մեկը դիտողություն չի անում, և տարօրինակն այն է, որ դրան առանձնապես նշանակություն չեն տալիս ո°չ ծնողները, ո°չ ուսուցիչները, ո°չ բոլորս: Դժբախտաբար, այդպես անտարբեր ենք դարձել մեր ինքնությունն աղճատող շատ թերությունների հանդեպ: «Է¯, թող որքան ուզում են աղավաղեն մեր մայրենի լեզուն, թող որքան կարող է օտարամոլությունը մուտք գործի երիտասարդության դեռևս կարգին չձևավորված էության մեջ, նույնիսկ պորտապար պարեն (մեղա, Աստված), թող գրքասիրությունը երկրորդական պլան մղվի, դա կարևոր չէ, կարևորը բարձրագույն կրթություն ունենալն է (չէ՞ որ հիմա բոլոր երիտասարդներն էլ նույն հեշտությամբ բուհ են ընդունվում ու դիպլոմ ստանում), թող…

Մենք շատ ենք կարևորում հասարակական-հանրօգուտ աշխատանքով զբաղվելու պարագան, չէ՞ որ աշխատանքը մայրն է ամեն բարիքի: Օրինակ, մեր մայրաքաղաքի երիտասարդությունը, համապատասխան կազմակերպությունների գլխավորությամբ, կարող է շեֆություն վերցնել և լուծել կանաչապատման խնդիրը, որը, ցավոք, չի լուծվում ահա քանի տարի է: Մենք հիանում ենք Ն. Ստեփանյանի անվան զբոսայգու, Ստ. Շահումյանի անվան գեղատեսիլ պուրակի, Ազատամարտիկների, Վ. Սարգսյանի անվան պողոտաների բազմատեսակ ծառերի գեղեցկությամբ, ախր, դրանք այդպիսին են դարձրել ժամանակի երիտասարդներն ու դպրոցականները: Ինչո՞ւ չշարունակել այդ գեղեցիկ ավանդույթը: Ախր մեր երիտասարդությունն իր այնքան թանկ ու սուրբ արյան գնով Արցախ է փրկել ոսոխից, փրկել է, որպեսզի խաղաղ պայմաններում մեր երկիրը շենացնենք, բազմապատկենք նրա հզորությունը և դրանով իսկ բարձր պահենք մեր սուրբ նահատակների անունն ու փառքը:

 

Ի ՎԵՐՋՈ՝ ԿԱ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

Մերի ՊԱՊՅԱՆ

«Դեմո»-ի հարգելի խմբագրություն: Գիտեմ, որ ձեր թերթն արդեն մեծ ճանաչում ունի և այնտեղ տեղ են գտնում օրախնդիր թեմաներ: Դրա համար էլ ուզում եմ տպագրել պատասխանս Ս. Հախումյանի «Ի վերջո՝ կա՞ արդարություն» հոդվածին, կամ նրա «ոդիսականին», ինչպես ինքն էր բնորոշել:

Այդ «ոդիսականի» մեջ կան մի շարք շինծու տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Ինքս տեղյակ եմ գործին և շատ լավ էլ ճանաչում եմ այն մարդուն, ում դեմ գրված է այդ նյութը: Դատավարության ժամանակ անօրինական ոչինչ չի եղել, կարող եմ վստահեցնել, որ հայցվորն էլ երբեք անօրինական քայլերի չի դիմում և միշտ էլ ձգտում է, որ արդարությունը հաղթի:

Պարոն Հախումյանը հանգամանորեն թվարկել է դատավարության ժամանակ հնչած այն բոլոր կետերը, որոնք, իր կարծիքով, «աններելի» սխալներ են: «Հարևանս 25 տարի է՝ այդ տան գրանցումից հանված է»,- գրում է Ս. Հախումյանը: Բայց, ախր, դա հայրական տուն է, որը ժառանգաբար փոխանցվել է և այժմ համարվում է հայցվորի սեփականությունը, և նա, անկասկած, իրավունք ունի համարվելու տան տեր: Իսկ ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ տունը վարձով է տրված, ապա ընդամենը 3 տարի է, որ այդպես է, և ինքներդ էլ շատ լավ հասկանում եք, որ սոցիալական անբարենպաստ պայմաններից ելնելով են մարդիկ նման քայլի դիմում:

Պետք չէ զուր տեղը քննադատել դատավորներին և մեղադրել հայցը բավարարելու հարցում, քանի որ նրանք առաջնորդվել են գործող օրենսդրությամբ:

Հախումյանը գրում է, որ հայցվորը Թումանյան փողոցի վրա ունի ճարտարապետական նորմերին համապատասխանող և 25 տարի գործող ելք ու մուտքի ճանապարհ: Բայց մի՞թե կարող է ելք ու մուտքի ճանապարհ համարվել, այն էլ՝ ճարտարապետական նորմերին համապատասխանող, եթե տարիներ առաջ այդ տանը ճաշարան բացելու նպատակով տանտերը հանել էր պատուհաններից մեկը, դրա փոխարեն տեղադրել դուռ, որի անհարմարության պատճառով ճաշարանը շատ չանցած փակվել է, և այդ նույն պատուհանը նորից տեղադրել են նույն տեղում, որը երբեք էլ չի համարվել ճանապարհ:

Ինչ որ է, եկեք չմտածենք, որ մենք լիովին անհույս ենք, ու պետությունում էլ գործում է միայն անարդարությունը: Խորհենք նաև այն մասին, որ այն հարգանքը, այն ընկերությունը, որ տարիներ շարունակ եղել է, այսօր, չգիտես ինչու, վեր է ածվել թշնամանքի, իսկ փոխադարձ հարգանքն էլ լիովին վերացել է, ինչն ավելի ահավոր երևույթ է, քան նշված մեղադրանքները:

Համոզված ենք, որ կա արդարություն, իսկ դատարանի որոշումն էլ միանգամայն արդարացի է:

——————————————————————————————-

Մշակույթ

ՇԱՀԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ է

Շնորհավորում ենք

Այս անուն-ազգանվանն առաջին անգամ առնչվել եմ 1967-ին, երբ պատահաբար ներկա եմ եղել մի հեռախոսազրույցի մարզային գրադարանի վարիչ Սուրեն Կարապետյանի և Քրիստափոր Պետրոսյանի միջև: Նրանք յոթ մահացու մեղքեր էին վերագրում մարզային թանգարանի երիտասարդ տնօրենին այն հանդգնության համար, որ ինչ-որ տեղից մի խաչքար է բերել թանգարան: Ծանր մտորումներով գնացի թանգարան՝ զգուշացնելու իր դեմ կազմակերպվող որոգայթի մասին, բայց «հանցագործը» տեղում չէր: Մեր հանդիպումն ու հանդիպումները տեղի ունեցան քսան տարի հետո, երբ արդեն համազգային չափերի էին հասել արցախյան շարժումն ու նրան հաջորդած ազատամարտը:

Շահեն Մկրտչյանը ևս այն սերնդի ներկայացուցիչներից է, որոնք պիոներական հասակի չհասած՝ դարձան տղամարդ, 10-11 տարեկանից հոտաղ ու հնձվոր էին, պատերազմի մեջ գտնվող հայրենիքի թիկունքի պահապաններ: Եվ իր սերնդակիցների մեջ ծանրագույն խաչը բաժին էր ընկել նրան: Շահենը ապրեց ու հաղթահարեց որբանոցային կյանքի դառնությունները, պարտադրված էր ոչ միայն իր, այլև կրտսեր եղբայրների գոյատևման հոգսը վերցնել իր ուսերին, ուսումը շարունակելուն զուգահեռ՝ ամառները հունձ ու հնձավարձով ապահովեր նրանց ապրուստը և ամեն մի դժվարություն հաղթահարելով՝ ստանալ բարձրագույն կրթություն:

1965 թ. արդեն Շ. Մկրտչյանը ԼՂ մարզային թանգարանի վարիչ էր. անունով միայն թանգարան, բայց որը կարճ ժամանակահատվածում այդպիսին դարձավ Մկրտչյանի ջանքերով: Նա վաստակավոր ղարաբաղցիների հիշատակը հավերժացնող թանգարաններ ստեղծեց նաև մարզի Ննգի, Կոլխոզաշեն, Ճարտար և Մեծ Թաղլար գյուղերում:

Հանգամանքների բերումով իր աշխատանքային գործունեությունը սկսելով որպես թանգարանի աշխատակից՝ Շահեն Մկրտչյանը զբաղվել է երկրամասի քիչ ուսումնասիրված պատմության, մանավանդ գրեթե չուսումնասիրված, քաղաքական պարտադրանքով աչքաթող արված պատմաճարտարապետական հուշարձանների հիմնովին հետազոտմամբ: Համառ հետևողականությամբ, հալածանքների ու հետապնդումների մղձավանջը հաղթահարելով՝ նա տարիներ շարունակ չափչփեց Արցախի սարերն ու ձորերը, կիրճերն ու դարավանդները և հավաքեց, մեկտեղեց մի պատկառելի մասն այն ամենի, ինչ ստեղծել է հայի արարիչ ձեռքը՝ որպես նյութական մշակույթի արտահայտություն:

Որպես ակտիվ խառնվածքի տեր անձնավորություն՝ Մկրտչյանը կյանքի բոլոր բնագավառների վերաբերյալ հավաքել, մեկտեղել է պատկառելի փաստական նյութ՝ սկսած հրապարակային ու գաղտնի փաստաթղթերից մինչև վիճակագրություն և ընթացիկ կյանքի այլևայլ բնագավառներ:

Շահեն Մկրտչյանը ճիշտ ժամանակին իջավ ազգային-քաղաքական, քարոզչական պատերազմի դաշտ: Նա կարողացավ մեկը մյուսի հետևից հրատարակել ու գիտական-քարոզչական շրջանառության մեջ դնել երկու տասնյակից ավելի արժեքավոր աշխատություններ, հանդես եկավ բազմաթիվ հոդվածներով ու հրապարակումներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, բուլղարերեն, քրդերեն և այլ լեզուներով:

Հատկապես մեծ մասսայականություն է վայելում նրա «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» ծավալուն ուսումնասիրությունը, որը մեկ տասնամյակում ունեցել է չորս վերամշակված, լրացված հրատարակություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով, ավելի քան 100 հազար տպաքանակով:

Եթե անձնական համակրանքի ու կողմնակալության վերագրենք այն բոլոր գնահատականները, որին արժանացավ գիրքը հայերիս կողմից, մեր քաղաքական գործիչների այն խոստովանությունը, թե «մեր զենքը սկզբնական շրջանում միայն այդ գիրքն էր, որը փայլուն ձևով կատարեց հայկական Ղարաբաղին ճանաչել տալու իր դերը», ապա չենք կարող շրջանցել օտար անկողմնակալ այն բարձր գնահատականները, որոնք նվիրված են արտասահմանում տպագրված «Արցախ» և «Լեռնային Ղարաբաղ» աշխատություններին: Առաջինը տպագրվել է 1992 թ. անգլերեն ու ֆրանսերեն, երկրորդը՝ 1993 թ. բուլղարերեն: Այլազգի գրախոսները ըստ արժանվույն են գնահատել մեր հայրենակցի բեղմնավոր աշխատանքը:

«Աշխարհին գրեթե անհայտ Արցախ-Ղարաբաղի մասին գրված Շահեն Մկրտչյանի հրաշալի գիրքը,- գրել է հայտնի արվեստաբան Ջ. Թիերրին,- մեզ համար հայտնություն է, միաժամանակ նաև հրճվանք, քանզի մինչև այդ ֆրանսախոս, անգլախոս ընթերցողին դեռևս չէր վիճակվել այդքան հարուստ, այդքան կուռ բովանդակությամբ ու խոր ներթափանցմամբ որևէ լուրջ նյութ կարդալ Ղարաբաղի բնիկ հայերի դարավոր պատմության, մասնավորապես անչափ հարուստ մշակույթի, ինչպես նաև սովետական իշխանության տարիներին նրանց կրած տառապանքների ու զրկանքների վերաբերյալ: Դարաբաղյան հզոր շարժումը մեծ ուժով ոգևորել է բոլորիս, սակայն մենք այդ երկրամասի մասին գրեթե ոչինչ չգիտեինք: Այստեղից էլ գրախոսվող գրքի բացառիկ դերը մեծ նշանակություն է ձեռք բերում»:

Բուլղարական «Պոդկրեպո» թերթը տեղեկացնում է, թե «Շահեն Մկրտչյանի բուլղարերեն տպագրված «Լեռնային Ղարաբաղ» աշխատությունը կարդացողը լիովին պատկերացում կկազմի այդ երկրամասի չնաշխարհիկ բնության, հերոսական պատմության, բարձրարժեք արվեստի մասին: Մենք՝ Բուլղարիայի ընթերցողներս, երախտապարտ ենք տաղանդավոր պատմաբան Շահեն Մկրտչյանին, որ նա մեզ ծանոթացրեց իր հայրենի Ղարաբաղի հետ, որի հմայքը մինչև օրս չէր նկատված բուլղարացիների կողմից»:

Միանգամայն նոր որակ է Շ. Մկրտչյանի «Արցախի գանձերը» պատկերագիրքը, որն առանց երկմտելու կարելի է դասել նմանատիպ հրատարակությունների մնայուն արժեքների շարքը: Մեզ մնում է հավաստել, որ «Արցախի գանձերը» ոչ միայն պատմագիտական, արվեստաբանական բնույթի, այլև ճանաչողական, քաղաքացիական երանգով արարված լուրջ աշխատանք է, իրական իմաստով մնայուն մի գանձ՝ արժանի ամենաբարձր գնահատականի: Ճշմարտությունը պահանջում է ասել, որ հեղինակն այն արարել է խղճի թելադրանքով, որպես հոգեկան պահանջ ու նաև պարտքի, հարգանքի տուրք իր հայրենի երկրամասին՝ նրա բազմադարյա գանձերը հանգամանորեն ներկայացնելու առաջադրանքով: Այն մի համապարփակ աշխատանք է, որը կոչված է վերականգնելու ժողովրդի պատմական հիշողությունը, կռելու նրա կամքը, բորբոքելու հայրենիքի նկատմամբ հպարտության վեհ զգացմունք: Միաժամանակ կոչված է ռազմի դաշտում հաղթանակած, նորանկախ պետություն կերտող արցախցիներին համախմբելու, գոտեպնդելու, նրա ազատաբաղձ ոգին բարձրացնելու, հույս ու հավատ ներշնչելու համար:

Անչափ տպավորիչ այդ պատկերագիրքը սիրով ու հպարտությամբ դիտվող, կարդացվող մեծարժեք հրատարակություն է, Արցախի հին ու նոր պատմության, բազմաճյուղ մշակույթի, ծառ ու ծաղկի, հող ու ջրի, քունջ ու պուճախի, նրա հազարավոր հուշարձանների հանրագումար: Այն միաժամանակ Արցախի փնտրված պատգամախոսն է, Արցախն ու արցախցիներին աշխարհին ներկայացնելու անձնագիրը, որը գիտաքարոզչական բնագավառում լուրջ անելիքներ ունի:

«Վանդալիզմ» գրքում (տպագրվել է հայերեն, ռուսերեն, անգլերեն) հեղինակը շրջանառության մեջ է դրել փաստական այն անսպառ նյութը, որ վերաբերում է Ղարաբաղի 70-ամյա մղձավանջային իրականությանը, այն համակողմանի բարբարոսական քաղաքականությանը, որ Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն իրականացրել են Ղարաբաղում:

Իր գիտաքարոզչական աշխատանքներում, իր հրապարակախոսական ելույթներում Շահեն Մկրտչյանը առաջնորդվում է մի անսասան սկզբունքով. Արցախի պարագայում սխալվելու իրավունք չունենք: Ահա թե ինչու կեղծիքի, չափ ու սահման չճանաչող նենգափոխումների դեմ նրա անզիջում քաղաքական պայքարում իշխում է ոչ թե զգացմունքը, ոչ թե ընթերցողի վրա տպավորություն թողնելու ձգտումը, այլ փաստն ու փաստարկումը, իրականությունն իր բնական մերկությամբ ցուցադրելու հանգամանքը: Ահա թե ինչու նա անողոք է նաև իր այն գրչակիցների նկատմամբ, ովքեր հայրենասիրություն ցուցադրելու մղումով շեղվում են պատմական, իրական ճշմարտությունից, ովքեր չեն հասկանում, որ Արցախն իր փառապանծ պատմությամբ, իր հարուստ ու բազմաճյուղ մշակույթով լրացուցիչ վերագրումների ու գունազարդումի կարիք չունի:

Շահեն Մկրտչյանը 70 տարեկան է: Բայց նա դեռ ասելիք ունի, ընթերցողը սպասում է նրա նորանոր հայտնություններին: Մնում է շնորհավորել Շահեն Մկրտչյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ և սպասել հետագա բեղմնավոր գիտական աշխատանք՝ ի շահ հայրենի արցախագիտության:

Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

 

ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է

Ճանաչված երգիչ և երաժիշտ Ռոմա Խաչատրյանը 60 տարեկան է

Ցանկացած մարդու համար գնահատված լինելը երջանկություն է: Արվեստի մարդու համար՝ առավել ևս… Չէ՞որ հենց նրանք են, որ միշտ էլ ծափահարությունների, ջերմ վերաբերմունքի և գնահատանքի կարիքը զգում են ավելի սուր, քան մնացածները:

Վերջերս նշվեց ԼՂՀ մշակույթի վաստակավոր աշխատող,  երաժշտասեր հասարակության շրջանում ճանաչված երգիչ և երաժիշտ Ռոմա Խաչատրյանի 60-ամյակը: Ստեփանակերտի Երիտասարդության պալատում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո՝ նվիրված այդ իրադարձությանը:

Ռ. Խաչատրյանի ստեղծագործական կյանքի աստեղային պահերը սկիզբ առան և ընդգրկեցին խորհրդային տարիները, երբ արհեստավարժ ստեղծագործական խմբերին զուգընթաց Ղարաբաղում մեծ զարթոնք ապրեց նաև գեղարվեստական ինքնագործունեությունը: Հենց այս ժանրում երևացին Ռ. Խաչատրյանի ստեղծագործական ունակությունները, քանզի ինքնագործ խումբ ստեղծելը համարվում է ավելի բարդ երևույթ, քան պրոֆեսիոնալ համույթ կազմավորելը: 60-ական թվականների սկզբին՝ Ղարմետաքսկոմբինատում աշխատելու տարիներին, նրան ընձեռվեց երգ ու երաժշտությանը հաղորդակցվելու լավագույն հնարավորությունը: Այդ տարիներին էլ նա «մուտք գործեց արվեստ»: Հետո եղան Ստեփանակերտի Սայաթ- Նովայի անվան ուսումնարանի վոկալ բաժինը, Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի արհմիության ակումբը և «Արագած» համույթը: Տարբեր մշակութային օջախներում է աշխատել Ռ. Խաչատրյանը, Ղարաբաղի տարբեր անկյուններում ունի և° աշակերտներ, և° հետևորդներ: 1993 թվականից առայսօր նա գլխավորում է Ստեփանակերտի քաղաքային մշակույթի տունը, որտեղ գործում են տարբեր երաժշտական խմբակներ: Ռ. Խաչատրյանի ղեկավարած դհոլահարների խումբը, որի կազմը տարիներին համընթաց մշտապես փոխվում է, պարբերաբար մասնակցում է հանրապետությունում կազմակերպվող տարբեր մրցույթ-փառատոների և գրավում մրցանակային տեղեր:

1985 թվականին Ռոմա Խաչատրյանը՝ հանրապետության մշակույթի ոլորտում ցուցաբերած ծառայությունների համար, արժանացել է մշակույթի վաստակավոր աշխատողի կոչմանը:

Հանդիսավոր երեկոյի ժամանակ հոբելյարին շնորհավորելու էին եկել գործընկերները՝ արվեստի հայտնի գործիչները. շնորհավորական իրենց խոսքն էին ուղղել նաև ԼՂՀ ԿՄՍ նախարարը և Ստեփանակերտի քաղաքապետը: Բազմաթիվ էին երգերը, պարերը, բարեմաղթանքներն ու շնորհավորանքները…

Դեռ փոքր հասակից Ռ. Խաչատրյանը ընդգծված սեր ուներ հայկական երաժշտարվեստի հանդեպ: Այսօր էլ, երբ գնահատում է ժամանակակից արվեստը՝ ափսոսանքով նշում է, որ շատ քիչ հայկական բան է պահպանվել արդի արվեստում. մեծ է արևելքի ազդեցությունը, և երիտասարդությունը չի հասկանում, որ կորցնում է իր արմատները:

Ինչպես նշվեց տոնական համերգի ժամանակ, կարևորը երկար ապրելը չէ, այլ այն, թե ճի՞շտ ես արդյոք ապրել: 60 տարին հիրավի պարտավորեցնող տարիք է մարդու համար, որովհետև մարդը, առավելևս արվեստագետը, պարտավոր է հաշվետու լինել հանրությանը իր արած-թողածի համար: Այս համատեքստում Ռոմա Խաչատրյանն իր արած-թողածից դժգոհելու առիթ չունի: Տարիների հեռվից հետադարձ հայացք ձգելով իր անցած ստեղծագործական փոթորկուն ուղուն՝ ավելի քան վստահ է, որ գործել է խղճի կամոք և որ իր կյանքում արժանահիշատակ շատ ու շատ դրվագներ են եղել: Սակայն 60 տարին դեռ այն տարիքը չէ, որ պիտի արդյունքներ ամփոփել: Արվեստագետի համար դա նաև ստեղծագործական ծաղկման շարունակական շրջան է: Ուրեմն՝ դեռ ամեն ինչ առջևում է և ամենակարևոր գնահատականը դեռ կլինի:

Կ. ՕՀԱՆՅԱՆ

 

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Լույս է տեսել բանասիրական գիտությունների թեկնածու, ԱրՊՀ գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս Հովիկ Մուսայելյանի «Բառի ինքնահաղթահարման խորհուրդը. 60-ական թվականների հայ բանաստեղծության տիպաբանության խնդիրներ» աշխատությունը: Աշխատության մեջ քննության են առնված 20-րդ դարի 60-ական թվականների հայ բանաստեղծության զարգացման հիմնական ուղղություններն ու միտումները: Ուսումնասիրությունները կատարված են սերնդի առաջատար դեմքերի՝ Հենրիկ Էդոյանի, Հովհաննես Գրիգորյանի և Արտեմ Հարությունյանի ստեղծագործությունների ընդհանուր համապատկերի վրա և միտում ունեն նոր հարթության մեջ դիտարկելու հասարակական-քաղաքական կյանքի հետ ունեցած արդի բանաստեղծության նորօրյա աղերսները:

Գիրքը տպագրվել է ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի և ԱրՊՀ գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի երաշխավորությամբ:

Շնորհավորում ենք երիտասարդ ու շնորհալի գիտնականին և մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ:

«Դեմո»

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s