№ 6 / 15 ապրիլ

ՄԵՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՄԵՐ ԻՍԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Ժողովրդավարության էությունը իշխանությունների գործունեության հասարակական վերահսկողությունն է: Հասարակությունը, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի և պարտավոր է տեղյակ լինել, թե ինչպես են լուծվում հանրային նշանակություն ունեցող հարցերը, այդ թվում՝ թե ինչպես են տնօրինվում բյուջետային և այլ գումարները:

Սրանք սոսկ ֆինանսական-բարոյական նշանակության հարցեր չեն, գումարների ոչ նպատակային ծախսումը ոչ միայն արգելակում է երկրի զարգացումը, ոչ միայն խորացնում սոցիալական անարդարությունն ու ավելի ընդգծում հարուստներ-աղքատներ ջրբաժանը, այլև բառի բուն իմաստով սպառնում է մեր իսկ անվտանգությանը: Ընդ որում, բոլորի անվտանգությանը՝ և հարուստների, և աղքատների, և շարքային քաղաքացիների, և իշխանավորների, և գումարները ոչ նպատակին ծախսողների, և նրանց, ումից թաքցրել են նույն այդ գումարները: Ասել է թե՝ հանրային վերահսկողությունը բխում է բոլորիս շահերից, այլ հարց է, որ ոմանց կողմից դա գիտակցվում է, ոմանց կողմից՝ ոչ:

Ոմանք այնքան էլ պատշաճ չեն համարում «ուրիշների» փողերը հաշվելը, մոռանալով, որ դրանք ուրիշներինը չեն, մեր բոլորիս փողերն են, որոնց տնօրինումը վստահել ենք իշխանություններին: Պետական բյուջեն գոյանում է մեր՝ հարկատուներիս, գումարներից: Արտասահմանյան նվիրատվությունները նույնպես հասցեագրված են մեզ: Սփյուռքահայ մեր եղբայրներն ու քույրերը գումար տալիս են ոչ թե նախագահին, վարչապետին կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյաի, այլ ժողովրդին: Եւ թող ոչ ոք չպարծենա, թե իր սիրուն աչքերի համար է դա արվում: Ժողովուրդն էլ, ըստ այդմ, իրավունք ունի ու պարտավոր է հաշվետվություն պահանջել, ինչում, սակայն, թերանում է:

Օրինակներ շատ կարելի է բերել, բայց վերցնենք թեկուզ վերջին մարաթոնի օրինակը: Ինչպես հայտնի է, անցած տարվա նոյեմբերին տեղի ունեցած հերթական հեռուստամարաթոնի ընթացքում մոտ 7,7 մլն դոլար գումար է հավաքվել, կամ, ավելի ճիշտ, խոստացվել «Արցախի վերածնունդ» եռամյա ծրագրին աջակցելու համար: Սակայն ամբողջ պրոբլեմն այն է, որ մինչև հիմա ոչ ԼՂՀ իշխանությունները, ոչ էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրինությունը չեն տեղեկացնում, թե իրականում ինչքան գումար է մուտք գործել: Լուրեր են շրջանառվում, որ խոստացված գումարի մի զգալի մասը չի ժողովվել, մյուս տարբերակն էլ այն է, որ գումարն, այնուամենայնիվ, հավաքվել է, բայց նպատակային չի օգտագործվում: Արդյունքում հանրությունը չգիտի՝ իրո՞ք այդպես է, թե ոչ: Փաստը մնում է փաստ, որ ոչ մի թափանցիկություն չկա այդ հարցում, ավելին՝ առայսօր դեռ չեն սկսել իրականացնել այդ գումարով նախատեսված ծրագրերը:

Որպեսզի համոզվենք, որ այս և նման հարցերը պարապ վախտի զբաղմունք չեն, այլ հույժ կարևոր նշանակություն ունեն երկրի ու ժողովրդի համար, սոսկ մի մտահոգիչ հանգամանք փաստենք՝ վերջերս մեր երկրում հանուրիս անվտանգությանն առնչվող մի կարևոր հարց պիտի լուծվեր, որի համար գումար չի ճարվել տարեցտարի աճող մեր բյուջեում:

——————————————————————————————

Գործուղման հասցեն՝ Մարտակերտ

ՄԱՐԴԸ՝ ԱՓԻ ՄԵՋ ԵՎ ԵՐԿԻՐԸ՝ ՄԱՐԴՈՒ ԱՓԻ ՄԵՋ

«Դեմո» թերթի խմբագրակազմը, փորձելով խախտել մայրաքաղաքային կյանքի թեմայի գերիշխանությունը, որոշել է հաճախակի այցելել հանրապետության շրջանները՝ ականատես լինելու քաղաքամայր Ստեփանակերտից հեռու և մոտիկ բնակավայրերի կյանքին ու ապրուստին: Որպես շրջանների ու գյուղական բնակավայրերի անցուդարձի լուսաբանման բանալի նախընտրել ենք այնտեղ ապրող մարդկանց մտորումներն ու հոգեբանությունը, ուրախություններն ու հոգսերը, դիտարկումներն ու գնահատականները, քանի որ միայն լրագրողներիս կարճաժամկետ դիտարկումները կարող են միանգամայն սուբյեկտիվ լինել: Եւ քանի որ մեր գործընկեր կազմակերպությունը՝ «Ղարաբաղ-օնլայն» էլեկտրոնային լրատվամիջոցը նմանատիպ հատուկ խորագիր ունի՝ «Կյանքը՝ դեմքերում», ապա համատեղ նախաձեռնությամբ սկսում ենք այս շարքը:

Մեր առաջին  այցելության հասցեն Մարտակերտի շրջանն էր, որտեղ հանդիպեցինք ամենատարբեր մարդկանց՝ և պետական պաշտոնյաների, և շարքային քաղաքացիների հետ: Մարդիկ տարբեր են ամենուր, ուստի ընթերցողներին առաջարկում ենք մեր զրուցակիցների դիմագծերից յուրովի հյուսել շրջանի դեմքն ու պատկերը: Կարծում ենք, լրագրողներիս դիտարկումներն ու գնահատականները ևս ավելորդ չեն լինի:

Կոնտրաստ

ԱՆՈՒՇԱՎԱՆ ՎԱՆՅԱՆ / Նոր Մարաղայի միջնակարգ դպրոցի ուսմասվար

– Ես ուղղակի շշմած եմ մեր իշխանությունների գործելակերպով, ուղղակի ապշելու բան է դա: Ինչպե՞ս են հասցնում այդ ամենն անել, այդքան շատ բան անել, ինչպե՞ս են կարողանում մարդկանց օգնության հասնել, ամեն ինչ ժամանակին մատակարարել: Աշխատավարձերն ու թոշակները ժամանակին տեղ են հասցնում, հացը ժամանակին մատակարարում են, մարդկանց սոցիալական վիճակն անընդհատ բարելավում են: Երևի ոչ մի տեղ այսպիսի իշխանություն չկա: Պատերազմ է եղել, ավերածություններ, տնտեսությունը ծանր վիճակում էր հայտնվել, բայց իշխանությունները շատ արագ ամեն ինչ կարգի բերեցին: Անկեղծորեն եմ ասում՝ ուղղակի ապշած եմ, թե ինչպես են կարողանում դա անել, ինչպե՞ս են այդ ամենը հասցնում…

ՍՎԵՏԼԱՆԱ ԽՈՒԴՈՒՆՑ /  Մարտակերտ քաղաքի բնակիչ

Ընդամենը մի քանի հոգի են լավ ապրում, այ ձեր շուրջ ինչ տեսնում եք՝ մի քանի հոգու է պատկանում: Իսկ թե մնացածները՝ այս տուժած, կորուստներ տեսած ժողովուրդն ինչպես է ապրում՝ ոչ ոքի չի հետաքրքրում: Արդարություն չկա, ուժեղն է հաղթում, իսկ մարդիկ էլ անզոր են ինչ-որ բան անել, իրենց շահերը պաշտպանել, ու կորցրել են հավատը: Ես էլ որդիներ ունեմ և, Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի՝ չէի ուզենա, որ զավակներս իրենց կյանքը վտանգեն հանուն այսպիսի հայրենիքի: Ով որ այսօր տիրացել է ամեն ինչի՝ թող նրանք ու նրանց որդիները գնան պաշտպանելու: Բայց չեն գնա, ինչպես չեն գնացել անցած պատերազմում:

Ինչու՞ միայն պատերազմի դեպքում, հիմա ևս եթե հնարավորություն ունենամ՝ անպայման կհեռանամ այստեղից: Աշխատանք են տալիս նրան, ով ամեն ինչ ունի, բնակարան են տալիս նրան, ով մի քանի բնակարան ունի… Ո՞ր մեկն ասեմ: Երեկ բնակելի նոր շենք են շահագործման հանձնել, ղեկավարությունից էին եկել: Բայց ի՞նչ… Ոմանք իրենց արդեն ունեցած բնակարանը վարձով են տվել և եկել այս նոր շենքում նոր բնակարան ստացել, մինչդեռ այնքա¯ն ընտանիքներ կան, որ խեղճուկրակ պայմաններում են ապրում:

Ես կորած մարդ չեմ, ժամանակին ճանաչված աշխատող եմ եղել Երրորդ սովխոզում, Մամունցի հետ միասին երկուսով բազմաթիվ միութենական միջոցառումներում ներկայացրել ենք Ղարաբաղը, բայց հիմա ո՞վ է նման մարդկանց մարդու տեղ դնում: Մամունցը խելոք էր՝ ժամանակին հեռացավ այստեղից, իսկ ե՞ս…

ԿՅԱՆՔՆ ԻՆՔՆԱՀՈՍԻ ՉՊԻՏԻ ՏՐՎԻ

Մեր գործուղումը սկսեցինք Նոր Մարաղայից: Նախ՝ այդ օրերին նշվում էր Մարաղայի ոճրագործության 14-րդ տարեդարձը: Բացի դրանից, գյուղը  տեղակայված է Մարտակերտի ճանապարհին, եւ ուղղակի անհնարին է այն շրջանցել: Եղել ենք գյուղում 2 տարի առաջ: Այն ժամանակ մեր տպավորությունները շատ վատ էին՝ քանդված տներ, վատ հագնված մարդիկ: Այս անգամ իրավիճակն այլ էր: Տեղ-տեղ երեւում էին նոր կառուցված տիպային տներ, մարդիկ հիմնականում հանդերում էին, երեխաներն էլ՝ գեղեցիկ եւ ճաշակով հագնված՝ նոր դպրոցում: Կյանքն առաջ է ընթանում: Այլընտրանք չկա՝ եթե ապրում ես, պետք է ձգտես հարմարավետության, գեղեցկության: Եւ ինքդ ձգտես, եւ իշխանություններիդ ստիպես, որ միջոցներ ձեռնարկեն ու չթողնեն ամեն ինչ ժամանակի զարգացմանը, նաև՝ ճիշտ եւ արդար քաղաքականություն վարեն:

Սլավիկ Վանյան

Ես Լենինականից եմ եկել այստեղ: Ընտանիքով: Հիմա տղաներս, թոռներս՝ բոլորն այստեղ են բնակվում: Հարմար տներ չկան մարդկանց համար: Անցած տարի 10 տուն կառուցել են: Խոստանում են այս տարի եւս 10-ը կառուցել: Բայց դա շատ քիչ է: Գյուղի տեղը լավ է՝ մի քիչ պայմաններ ստեղծվեն, լավ կլինի: Ի՞նչ պայմաններ: Նախ՝ տները, երկրորդ՝ վարկերը: Շատերն են հող մշակում: Կան մարդիկ՝ նույնիսկ հեկտարներով են մշակում: Բայց եթե ես ցանկանամ վարկ վերցնել, մայրիկիս ծննդականն էլ կպահանջեն: Այդ կարգը պետք է հեշտացնել, որպեսզի բոլորը կարողանան գործ սկսել: Իսկ սկսելու դեպքում միայն հիմարը չի կարողանա փող աշխատել:

Սերժիկ քեռի

Հա, աղջիկ ջան, ամեն տարի ապրիլի 10-ը նշում ենք: Այս տարի էլ ենք եկել հուշարձանի մոտ: Մերոնք էին՝ մարաղացիները: 75 մարդ է զոհվել: Ռուսներ էլ էին, բայց նրանք չէին մոտենում՝ ազերիներն էին կոտորում: Մի կերպ փրկվեցինք: Հիմա այս գյուղում մոտ 75 տուն կա: Հողեր ունենք, տրակտոր: Ճիշտ է, գազ չկա, բայց էլեկտրականություն արդեն ունենք: Վատն այն է, որ տարեցներն են շատ: Երիտասարդները ո՞ւր հանգստանան: Հանդիսությունների տունը 5 տարի առաջ սկսել են կառուցել, մինչեւ հիմա կառուցում են: Գյուղում հեռախոս չկա: Որ մի բան պատահի, պիտի գնաս մեկի բջջայինով զանգես: Իսկ ամենակարեւորը՝ չենք կարողանում իրացնել մթերքները: Մեկի խելքը չի կտրում անցնի գյուղերով եւ, ասենք, կաթը հավաքի, տանի հանձնի: Ով կով ունի, ավելորդ կաթը թափում է:

Մագդալենա Համբարձումյան

Դպրոցում անգլերեն եմ դասավանդում: Հայրս գյուղի հիմնադիրն էր՝ Վագիֆ Համբարձումյանը: Ցավոք, հիվանդացավ ու մահացավ: Հիմա մորս ու եղբորս հետ այստեղ ենք բնակվում: Դժվար է, իհարկե, բայց զարգացումը շատ հստակ է երեւում: Ասենք, բերքահավաքից հետո մեկ էլ տեսար՝ հարեւանդ նոր հեռուստացույց գնեց, տեսամագնիտոֆոն: Ճիշտ է, այս գյուղի ապրողների համար առավել դժվար է՝ նրանք ամեն ինչ կորցրել են եւ ստիպված են եղել զրոյից սկսել: Դրա համար, որքան էլ հարստանան՝ առնելու բան միշտ էլ կա: Երեկոյան հարեւաններիս հետ զբոսնում ենք, դեսից-դենից զրուցում: Եղբայրս դեռ 20 տարեկան է: Չգիտեմ, թե ինչով կզբաղվի գյուղում, բայց կարծես թե ուրիշ տեղ գնալու ցանկություն չունի: Մի բան կգտնի անելու՝ այստեղ հողերն էլ են լավ, անասունների համար էլ կլոր տարին կանաչ խոտ կա:

Լիդա Գրիգորյան, դպրոցի տնօրեն

Դպրոցը կառուցվել է տեր եւ տիկին Վարուժան եւ Ալմա Հովհաննիսյանների միջոցներով: 11 դասասենյակ ունենք եւ 10 դասարան: Երեխաների թիվն էլ ավելանում է: Անցած տարի 37 էր, հիմա՝ 43: Արդեն նոր մասնաշենքի կարիք ունենք: Եկեք մեր համակարգչային դասարանը ցույց տամ: Այս երկու համակարգիչը «Շեն» միությունն է նվիրել, այս մեկն էլ՝ պետությունը: Երեխաներն արդեն որոշ գիտելիքներ ունեն, հիմա էլ ուսուցիչներն են սովորում: Որ մի բան մոռանում ենք՝ երեխաներից ենք հարցնում: Մարաղայի դեպքերից հետո մի քանի տարի Հայաստանում ենք բնակվել՝ Մեծամորում: Հենց այս գյուղը հիմնադրեցին՝ վերադարձանք: Նորմալ է ամեն ինչ: Առանց պրոբլեմ չի լինի, իհարկե, բայց առաջ ենք ընթանում: Նոր վերադարձանք հարեւան Այգեստանից՝ վոլեյբոլ էին խաղում-մրցում երեխաները: Նույն գյուղում մեր թատերական խումբը /որը հանրապետական մրցույթի դափնեկիր է/ հյուրախաղեր է կազմակերպել:

Ռոզան և Ալինան 

Բոլորը դասի էին, իսկ Ռոզան ու Ալինան խաղում էին դպրոցի բակում: Ազատ էին՝ ռուսաց լեզվի ուսուցչուհին հիվանդ էր, իսկ եղանակն ու մարզահրապարակը ուրախ ժամանցի տրամադրություն էին ստեղծում:

– Երեխեք, ո՞նց եք ապրում այստեղ:

– Լավ…

Ծիծաղկոտ այս աղջնակները սկսեցին պատմել. «Լավ ենք ապրում, ուտելու բան միշտ ունենք, հագնելու էլ…»:

– Լա՞վ է, որ Նոր Մարաղայում եք ապրում:

– Հա: Մենք ոչ մի ուրիշ տեղ չենք էլ եղել…

Հանկարծ Ռոզան, ով մի քանի  տարի հետո հաստատ գյուղի գեղեցկուհին է դառնալու, հիշում է, որ մայրիկի պատմածով ինքը փոքր տարիքում Ռուսաստանում էր եղել…  Բայց ինքը դա չի հիշում, որպես իր կյանքում տեսած միակ մեծ քաղաք հիշում է Ստեփանակերտը. «Իհարկե, այնտեղ ավելի լավ էր, քան մեր գյուղում…»:

ՀԵՆՑ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆ

Վերջին մարաթոնից ստացված գումարներով շրջանում նախատեսվում է իրականացնել «Արցախի վեածնունդ» ծրագրի առաջին մասը՝ Մարտակերտի տարածքային զարգացումը. բնակելի տների, առողջապահական հաստատությունների, կրթօջախների վերականգնում, գյուղատնտեսության զարգացում և այլն: Մարաթոնի ժամանակ 7.77 մլն դոլարի խոստում էր ստացվել, բայց մինչ այսօր, ասում են, հավաքվել է միայն 3.5 մլն-ը: Մարտակերտի շրջանի զարգացման համար կազմվել է 17 մլն դոլարի ծրագիր:

Ինչպես տեղեկացանք շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ժիրայր Գաբրիելյանից՝ վերոհիշյալ ծրագրերից ոչ մեկը դեռ չեն սկսել: Ժ. Գաբրիելյանն ըստ առաջնահերթության նշեց շրջանի երեք հիմնական պրոբլեմները. ջուր, գազ, բնակարանաշինություն: Պատերազմի ժամանակ ձեռքից-ձեռք անցած Մարտակերտում բազմաթիվ մարդիկ այսօր նոր բնակարանի են սպասում, ընդ որում՝ նրանցից մոտ 280-ը զոհված ազատամարտիկների ընտանիքներ են: Ճիշտ է՝ նոր բնակարաններ կառուցում են, տներ են վերանորոգում, բայց… Հենց վերջերս  Մարտակերտի կենտրոնում շահագործման է հանձնվել ՊԲ 24 սպաների համար կառուցված բնակելի շենքը: Իսկ ՀՕՖ-ը, որ բնակարանաշինարարական աշխատանքներ է իրականացնում շրջանում, արդեն 80 բնակարան է կառուցել ու վերանորոգել: Տեղակալի խոսքերով՝ բացի այդ, բյուջեով նախատեսված է նաև 3 գյուղերի դպրոցների շինարարությունը, Մարտակերտ-Նոր Մարաղա ճանապարհի վերանորոգումը, 2 կամուրջների վերականգնումը:

Ինչ վերաբերվում է զբաղվածությանը, ապա, ըստ Ժ. Գաբրիելյանի, բնակիչների մեծ մասն աշխատանք ունի, այլ հարց է, որ մասնագիտությամբ աշխատանք գտնելը շատ դժվար է: Այդ դեպքում՝ ինչո՞վ է զբաղված այդ մեծամասնությունը: Պարզվում է՝ կամ գյուղատնտեսությունում, կամ մասնավոր հատվածում: Մասնավոր հատված ասածը փոքր և միջին բիզնեսն է. մարդիկ հիմնականում զբաղված են առևտրով՝ Մարտակերտում կան տարատեսակ խանութներ՝ թե° մթերային, թե° տնտեսական ապրանքների, թե° շորերի, նույնիսկ էլեկտրոնիկայի 2 խանութ կա: Ժ. Գաբրիելյանը հավաստիացնում է, որ Մարտակերտում այսօրվա դրությամբ գները նույնն են, ինչ Ստեփանակերտում, նույնիսկ որոշ ապրանքների գներ Մարտակերտում ավելի էժան են, մարդիկ էլ ապրանք գնելու համար Ստեփանակերտ չեն հասնում: Այլ է պատկերը գյուղատնտեսությունում: Սեփական հողը մշակելու համար պետությունը գյուղատնտեսական վարկեր է տրամադրում մարդկանց: Միակ հարցն այն է, որ որպես գրավ վարկ ստացողը չի կարող ներկայացնել ոչ իր հողամասը, ոչ էլ՝ բնակարանը. միայն հասարակական որևէ օբյեկտ, խոշոր տեխնիկա կամ բնակարան մայրաքաղաքում: Խնդիրներ կան նաև հողերի սեփականաշնորհման հետ կապված: Ժ. Գաբրիելյանը նշում է, որ մինչ այսօր (ոչ իրենց մեղքով) բոլորը չէ, որ սեփականաշնորհած հողամաս ունեն: Ապրիլի վերջին պետությունը նախատեսում է անհատույց հողեր տրամադրել նրանց, ինչը, սակայն, էժան չի նստի մարդկանց վրա, քանի որ գրանցման հետ կապված բոլոր ծախսերը պետք է կատարեն հող ստացողները:

Վարչակազմի ղեկավարի տեղակալը դրական մեծ գործոն է համարում այն, որ անցյալ տարի մարդկանց անտոկոս վարկի ձևով սերմացու և վառելիք է տրամադրվել:

Ի՞նչ եք անում այսօր երեկոյան

 Սա՝ պարզապես վերնագիր չէ, այս հարցը մենք ուղղում էինք մեզ հանդիպած բոլոր երիտասարդներին: Շատերը քմծիծաղում էին: Պարզվեց, որ տղաների և աղջիկների համար ժամանցի ձևերը բավականին տարբեր են: Մարտակերտում տղաները կարող են գնալ.

1. նոր բիլիարդանոց
2. քաղաքի 2 սրճարանները
3. որսի

Մի երիտասարդ ծիծաղելով ասաց. «Ինչո՞ւ միայն տղաները: Թող աղջիկներն էլ գան, եթե ուզում են…»: Իսկ հակառակ սեռի ներկայացուցիչների կարծիքը նույնպես հակառակ էր: «Մարտակերտում չեն հասկանա, եթե աղջիկները սրճարան գնան կամ ուշ ժամի զբոսնեն. միանգամից վատ են խոսում: Մի քայլ աջ, մի քայլ ձախ՝ և պիտակը պատրաստ է»: Աղջիկները նաև պատմեցին, որ ամառը պատկերը փոխվում է: Ուսանողները վերադառնում են ու կյանքն աշխուժանում է. նույնիսկ դիսկոտեկներ են կազմակերպվում: Իսկ մինչ այդ գնալու տեղ չի լինում: Մինչեւ իսկ միակ ինտերնետ-ակումբում, որտեղ, ի դեպ, մեկ ժամ ինտերնետի համար վերցնում են 400 դրամ, հիմնական հաճախորդները տղաներ են. աղջիկների համար նույնիսկ ինտերնետ- ակումբ այցելելը կարող է «գցել անունը»:

Սեմյոն Խաչատրյան

Իմ խանութը էլեկտրատեխնիկական ապրանքների առաջին խանութը չէ Մարտակերտում: Որ ասեմ առեւտուրը լավ է գնում, ճիշտ չէր լինի: Ամեն օր հեռուստացույց չեն գնում, բայց պարապ էլ չենք մնում: Գները Ստեփանակերտից բարձր չեն: Հիմա շրջկենտրոնում բուն մարտակերտցիներից բացի գյուղարանքներից եկածներն էլ են բնակվում: Մարտակերտցիների մի զգալի մասն էլ Ռուսաստանում են բնակվում, ամռանը գալիս են, հանգստանում ու ետ վերադառնում: Չէ, դեռ չեն ուզում գալ Ղարաբաղ՝ չլուծված հարցերը շատ են: Սպասողական վիճակ է:

Տիկին Արաքսյա

Իր ժամանակին իմ չափ ոչ ոք Ղարմետաքսկոմբինատի «տկացկի» ցեխում փող չէր վաստակում: Ո՞ւր մնաց կոմբինատը: Հիմա ամուսնուս հետ Մարտակերտում եմ բնակվում: Դեսից-դենից ծախում ենք՝ ապրում ենք, էլի: Հա, մենք էլ հող ունենք: Մարդկանց 50 տոկոսը սեփական հողով է ապրում: Ճիշտ է, մի քանի հոգի մեծ արտոնություններ ունեն, բայց, դե, նրանք էլ գործ են բացում, մարդկանց աշխատավարձ են տալիս: Ով կարողանում է աշխատել՝ թող աշխատի: Տղաներս 95-ին են գնացել Ռուսաստան: Այստեղ այն ժամանակ շատ դժվար էր: Չէ, չեն օգնում, մենք էլ դրա կարիքը դեռ չենք զգում: Շատերի հարազատներն են Ռուսաստանում, բայց միայն մի քանի հոգի են բարեկամների ուղարկած փողով ապրում:

Մարտակերտում մի շենք տեսանք, որի տեսքը այդ քաղաքի «այսօրն» էր արտացոլում: Հին ու գեղեցիկ շինության կեսը, ըստ երեւույթին, տրամադրվել է մասնավոր բիզնեսով զբաղվող մարդկանց: Վերջիններս արդեն հասցրել են վերանորոգել, «եվրարեմոնտ» անել: Մյուս դատարկ կեսի պատուհանները դեռ ծածկված էին «մարտակերտսկի» կապույտ  ցելոֆանով: Այդ ցելոֆանները մարտակերտցիներին էին տրամադրել բռնագաղթից հետո: Դրանով կարելի էր ճանաչել մարտակերտցիների տները նույնիսկ Ստեփանակերտում:

Շենքի կողքով մեր ներկայությամբ մի քանի անգամ մի «Ջիպ» անցավ, ղեկի մոտ մի գեղեցիկ աղջիկ էր նստած: Նա անցավ մի հին «Մոսկվիչի» մոտով, որը չոր խոտ էր տեղափոխում: Եւս մի կոնտրաստ: Ընդհանրապես, Մարտակերտը ընդգծված կոնտրաստների քաղաք է: Քաղաքը տնքում է ջրի պակասից, բայց ջրատարը, որը սկսել են կառուցել 7 տարի առաջ, մինչ օրս կառուցված չէ: Այն ժամանակ 70 միլիոն տրամադրել են կառուցման, իսկ նորերս էլ, այ քեզ բան, 130 միլիոն՝ վերակառուցման ու վերանորոգման համար (թվում է, թե հակառակը պիտի լիներ): Բայց ջուր չկա ու չկա:

Ռայա Համբարձումյան

– Բալա, մատաղ լինեմ քեզ, երբ որ մարդ ուշաթափվում է՝ ջուր են ցայում դեմքին: Հիմա մեր Մարտակերտը ուշաթափ վիճակում է: Ջուր ցայող էլ չկա:

ՎՈԼՈԴՅԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ / Ներքին Հոռաթաղի բնակիչ

– Արդարություն չկա: Եթե արդարություն լիներ, եթե ամեն ինչ արդարացի արվեր, ապա կյանքը միանգամայն այլ կլիներ, շատ ավելի լավ կլիներ: Կռվել եմ հայրենիքիս համար, բազմաթիվ մարտերի եմ մասնակցել, ինձ չեմ խնայել, քանի անգամ վիրավորվել եմ: Շատերդ եք երևի ինձ տեսել տարբեր լուսանկարներում՝ երկար ու սպիտակ մորուքով: Պաշտպանել եմ հայրենիքս՝ սեփական հողում լավ ու ապահով կյանքի հույսով: Սակայն միանգամայն այլ բան եղավ, իմ հույսերը չարդարացան: Բայց դե… Ի՞նչ ասեմ՝ 1994 թվականից բնակարանի վերանորոգման հերթում առաջինն եմ, սակայն այսօր էլ տունս նույն վիճակում է: Սա ընդամենը մի օրինակ է: Չեմ բողոքում, այսպես էլ կապրեմ, բայց, դե, արդարություն չկա… Ես հո մեղավո՞ր չեմ, որ չեմ զոհվել, որ ողջ եմ մնացել…

Պատահական հանդիպում

– Վույ, վույ, աղջիկ ջան, մի նկարի, լավ չենք հագնված,- այսպես մեզ դիմավորեցին երկու մեծահասակ կին Ներքին Հոռաթաղում: Ավելի լավ է մեր տների տանիքները նկարեք: Ա°յ այստեղից երևում են բոլոր կարկատանները:

– Իսկ ընդհանրապես, ո՞նց եք ապրում:

– Դե, ո՞նց պիտի ապրենք: Անձրևի ժամանակ մեր տան եղած ողջ սպասքն ու ամանեղենը շարում ենք գետնին՝ ջրհեղեղից փրկվելու համար: Երկուսս էլ թոշակառու ենք, կենսաթոշակով տանիք վերանորոգել չի լինի, իսկ օգնող էլ չկա:

Լավ եղանակին էլ միայն մի բանի մասին ենք մտահոգվում. որ ջուր չկա: Մենք հո թամբալ ժողովուրդ չենք, շատ ենք ուզում աշխատել ու արածի արդյունքը տեսնել, բայց առանց ջրի ի՞նչ ցորեն հասկ կդառնա: Յոլա ենք գնում, էլի:

Ներքին Հոռաթաղ գյուղում 160 մարդ արդեն սեփական հողատարածք ունի: Վարկերը կանոնավոր վերադարձվում են, պրոբլեմները հիմնականում տեխնիկայի հետ է կապված: Համայնքի ղեկավար Ալեքսանդր Աթաբեկյանի խոսքերով՝ մարաթոնի գումարներով նախատեսվող ծրագրում նաև Ներքին Հոռաթաղի խմելու ջրի հարցը կա: Իսկ պրոբլեմներ, ինչպես այլուր, այստեղ ևս շատ կան՝ սոցիալական,  բնակարանային  խնդիրներ: ՀՕՖ-ն այստեղ 14 տուն ու 1 բուժկետ է վերանորոգել, բայց մոտ  800 բնակիչ ունեցող գյուղի համար դա խնդրի լուծում չէ: Համայնքապետը տարակուսում է՝ «Ի՞նչ անեմ, ինչպե՞ս օգնեմ մարդկանց»: Գյուղապետի ձեռքին իսկապես քիչ բան կա, բայց դա մարդկանց ինչպե՞ս բացատրես: Դիմումներ են գրում, խնդրում են օգնել բնակարանի հարցով: Համայնքապետը մեզ երկու դիմում է ցույց տալիս, բազմաթիվ դիմումներից ընդամենը երկուսը, ընդ որում՝ ոչ մեկին ոչնչով օգնել չի կարող: Բնակիչներից մեկն իր դիմումի մեջ գրում է, որ պատերազմի ժամանակ իրեց տունը թալանվել է, և իրենք արդեն 10 տարի է՝ ապրում են այդ տան մեջ, որն այդպես էլ չի վերանորոգվել: 2-րդ կարգի հաշմանդամ կնոջ սիրտը վիրահատված է: 4 աղջիկ ունի, որոնցից 2-ը ուսանող, 2-ը՝ աշակերտ, ինքը զինծառայող է, մայրը՝ թոշակառու, Հայրենական պատերազմի մասնակից: Հայրը սպանվել է արցախյան պատերազմի ժամանակ: Խնդրում է համայնքապետին միջամտել վերադասին՝ տունը վերանորոգելու հարցով:

Երկրորդ դիմումի մեջ կրկին խնդրում են լուծել տան հարցը՝ տղաներից մեկը նոր է ամուսնացել և կինն արդեն հղի է, երկրորդ որդին էլ է ուզում ամուսնանալ, բայց տուն չունենալու պատճառով հապաղում է, բոլորը միասին ապրում են մի սենյակում: «Ի՞նչ պատասխան տամ ես այս մարդկանց, – հարցնում է համայնքի ղեկավարը: – Եթե խղճով մարդ ես, կարող ես սեփական աշխատավարձից ինչ-որ գումար տալ նրանց: Ուրիշ՝ ոչինչ»: Իսկապես ոչինչ, քանի որ ոչ այդքան լիազորություններ ունի, ոչ էլ՝ ֆինանսական միջոցներ: Համայնքի բյուջեն ձևավորվում է հողահարկից, գույքահարկից, տեղական տուրքերից, վարձակալական վճարներից, իսկ դրանք հազիվ հերիքում են աշխատավարձերի և կոմունալ ծախսերի համար:

Ներքին Հոռաթաղում ուրիշ խնդիրներ էլ կան ՝ գյուղը բուժկետ ունի, բայց չունի բժիշկ: Լավ է՝ գոնե Մարտակերտը մոտ է, դիմում են այնտեղի բժիշկներին: Դպրոցը 108 աշակերտ ունի, մինչև 6 տարեկան էլ 80-90 երեխա կա: «Լավ կլիներ, որ մանուկների համար մանկապարտեզ բացվեր, – ասում է համայնքապետը,- մշակույթի տան հարցն էլ լուծվեր»: Ի դեպ, մշակույթի տան վերանորոգման համար անցյալ տարի կառավարությունը 20 մլն դրամ էր հատկացրել, սակայն, չգիտես ինչու, ոչինչ էլ չի արվել, իսկ այս տարվա բյուջեում նույնիսկ գումարը չի նախատեսվել: Գյուղը եկեղեցի էլ ունի՝ 1905 թվականին կառուցված, բայց եկեղեցին սպասավոր չունի: Մարտակերտից է մեկ-մեկ քահանա գալիս:

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ. ՋՈՒՐ

Մարտակերտի շրջանի թ.1 հիմնախնդիրը ջուրն է: Առաջին հայացքից կարող է թվալ, որ այստեղ ջրի հարցն առավել սուր չէ, քան մյուս շրջաններում, սակայն իրականությունն այն է, որ ընդամենը մի քանի ենթաշրջանում է վիճակը բարվոք, մինչդեռ ոռոգման ու հատկապես խմելու ջրի պրոբլեմը շարունակում է շատ սուր մնալ: Կառավարությունն ու շրջանի ղեկավարությունը, իհարկե, զբաղվում են այս հարցով, սակայն միջոցների երբեմն ոչ խելամիտ բաշխումն ու ոչ արդյունավետ օգտագործումը շարունակում են հիմնախնդիրը «հրատապ» պահել:

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ. ԳՐԱՎԻ ԽՆԴԻՐ

Մարտակերտի շրջանում, ինչպես և մյուս շրջաններում, ամենացավոտ խնդիրներից մեկը գյուղատնտեսական վարկերից օգտվելու բարդագույն մեխանիզմն է: Հարցերի հարցը գրավն է: Որպես գրավ չի ընդունվում գյուղացու ոչ տունը, ոչ էլ հողամասը: Վարկ ստանալու համար անհրաժեշտ է կամ բնակարան ունենալ Ստեփանակերտում, կամ էլ սեփական խոշոր տեխնիկա, որոնցից զուրկ է բնակիչների մեծ մասը: Արդյունքում վարկ ստանում են մեծահարուստները, որոնց մոտ էլ խեղճ գյուղացին ստիպված է լինում որպես բատրակ աշխատել, զրկված լինելով սեփական հողում արարելու ու մարդավայել ապրելու հաճույքից: Մի լուսավոր շող այս ամենի ֆոնի վրա, այնուամենայնիվ, կա՝ գյուղացուն անտոկոս վարկով վառելիք ու սերմացու են տրամադրել: Մնում է տարին հաջող ու բերքառատ լինի, որ նա կարողանա մարել պարտքը: Բայց գրավի հարցը, միևնույն է, պիտի լուծվի:

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴ. ՀՈՂԻ ՀԱՐՑ

Հողի պրոբլեմը շրջանում ևս օրախնդիր է: Ավելին՝ շատերն են գտնում, որ մյուս շրջաններում վիճակն ավելի բարվոք է: Իսկ այստեղ կան զգալի թվով մարդիկ, ում հող չի տրամադրվել: Պատճառները տարբեր են, բայց դրանց մեղավորները, համենայն դեպս, գյուղացիները չեն: Պատճառներից մեկն էլ այն է, որ զգալի տարածքներ մնացել են սահմանից անդին, մի մասն էլ ականազերծված չէ: Սեփականաշնորհման գործընթացը կառավարությունը երկարաձգել է, ուստի հուսանք, որ այս ցավոտ հարցն իր լուծումը կստանա:

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՉՈՐՐՈՐԴ. ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺԱԾ ՏՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

Բնակարանաշինությունն ու պատերազմից ավերված կամ տուժած տների վերանորոգումը Մարտակերտի շրջանում շատ ավելի սուր հնչողություն ունեն: Շրջանն ամենաշատն է տուժել պատերազմից և կարելի է հասկանալ յուր ժամանակին ապահով ու բարեկեցիկ  կյանքով ապրող գյուղացու ներկայիս խեղճ վիճակից բխող մտահոգությունն ու կոտրվածությունը: Ուստի պիտի շատ ավելի միջոցներ տրամադրել ու շատ ավելի արագ տեմպերով իրականացնել բնակարանաշինությունն ու պատերազմից տուժած տների վերանորոգումը: Եւ ամենակարևորը՝ դա անել որակով ու սոցիալական արդարությանը հարիր ձևով:

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ. ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գյուղացիական տնտեսությունների աշխուժացմանը խոչընդոտում է վերամշակման ձեռնարկությունների բացակայությունը: Պահեստավորման հնարավորություններն էլ սուղ են: Գյուղացին չգիտի, թե որտեղ իրացնի իր գյուղմթերքները: Նման ձեռնարկությունների առկայությունը կխթաներ գյուղատնտեսության զարգացմանը, սակայն, չգիտես ինչու, այս խնդրին իշխանություններն առաջնահերթություն չեն տալիս: Համենայն դեպս, թե մարաթոնի գումարներով նախատեսված և թե իշխանությունների մշակած ծրագրերում այս հարցին համարժեք կարևորություն տրված չէ: Մինչդեռ, շատերի կարծիքով, առաջին հերթին պիտի այս հարցը լուծվի, հետո միայն տնտեսություններին աջակցելու ծրագիր իրականացվի: Կառավարությունը, քողարկվելով շուկայական հարաբերությունների հոգեբանությամբ ու տրամաբանությամբ, այս հարցը թողել է ինքնահոսի: Մինչդեռ սա օրախնդիր հարց է Մարտակերտի և մյուս շրջանների համար: Ուստի՝ բոլոր անհրաժեշտ լծակներով օժտված իշխանությունները պարտավոր են ելք գտնել:

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՎԵՑԵՐՈՐԴ. ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Մեր զրուցակիցների պատմածներից բխած եզրակացություններից մեկն էլ այն է, որ շրջանային իշխանություններին և ընդհանրապես՝ տեղական ինքնակառավարման մարմիններին պիտի շատ ավելի մեծ լիազորություններ տրվեն, դրանք զուգակցելով պատասխանատվության չափի մեծացմամբ: Այսպես, բնակարանաշինության և այլ ծրագրերում հաճախ հաշվի չի առնվել շրջանային վարչակազմի ու համայնքների կարծիքը, վերահսկողական գործառույթ նրանք չեն ունեցել: Բազմաթիվ տներ կառուցվել են ընդունված նորմերին ոչ համապատասխան, որոշ ծրագրերի առաջնահերթությունների որոշման հարցում ՏԻՄ-երի կարծիքը վճռորոշ չի եղել: Նախկին համայնքապետերից մեկի խոսքերով՝ ավելի լավ է մայրաքաղաքում փողոցային առևտրով զբաղվել, քան գյուղում համայնքի ղեկավար լինել, որի միակ գործը հարկերի հավաքումն է: Մարտակերտի շրջանում կա երկու խոշոր կոմբինատ (Դրմբոնում և Վանքում), որոնք, կոպիտ ասած, շրջանային ենթակայության տակ չեն: Մարտակերտի վարչակազմի ղեկավարի տեղակալի խոսքերով, այդ կոմբինատները լուրջ ներդրում ունեն շրջանի հոգսերի թեթևացման գործում, ինչը վիճարկել չենք կարող, սակայն դրանց իրավական «ամրագրումը» շրջանին շատ ավելի օգտակար կարող է լինել Մարտակերտի համար:

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՅՈԹԵՐՈՐԴ. ՄԱՐԱԹՈՆԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ

Անցած տարեվերջին անցկացված մարաթոնի գումարներով նախատեսվում էր լուրջ միջոցներ ձեռնարկել Մարտակերտի շրջանի զարգացման համար: Սակայն անորոշությունը շարունակում է կրծել բոլորի հոգին: Առայժմ հայտնի չէ, թե իրականում որքան գումար է հավաքվել և դրանից ինչքանն է հատկացվելու շրջանին, ինչ ծրագրեր են իրականացվելու: Եթե երկրի իշխանությունները պարզություն մտցնեն այս հարցում, ապա շրջանում ընդհանուր տրամադրության վրա դա էականորեն կազդի:

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՈՒԹԵՐՈՐԴ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական արդարության լուրջ հիմնախնդիր կա մեր նորանկախ երկրում, դա զգացվում է և մայրաքաղաքում, և շրջաններում: Մարտակերտի շրջանում, մեր ընկալմամբ, այն ավելի ցավագնորեն է ընկալվում և ավելի հիվանդագին տեսք է ընդունում: Շրջանի զարգացմանը հատկացվող միջոցներն առանց այն էլ սուղ են, բայց եթե դրանք արդարացիորեն բաշխվեն, ապա զգալիորեն կլիցքաթափեն մթնոլորտը: Ամենակարևորը՝ կնպաստեն, որպեսզի մարտակերտցին չլքի հայրենի օջախը, ավելին՝ հեռացածներն էլ վերադառնան: Դրա համար շատ բան պետք չէ, դրա համար մի բաղադրիչն էլ հերիք է: ՀԱՎԱՏԸ:

ՙՇրջանն այսօր վեր է ածվել հզոր շինհարթակի: Առավոտից իրիկուն չի դադարում շինարարի մուրճի հաճելի զնգոցը: Սա խոսում է այն մասին, որ Մարտակերտը պետք է վերականգնվի, վերածնունդ ապրի՚:

——————————————————————————————-

Լրահոս

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

Ապրիլի 13-ին ԼՂՀ Նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է ֆրանսահայ  բարերար Կարպիս Նիկողոսյանին:

Նույն օրը Արկադի Ղուկասյանն ընդունել է ԼՂՀ Պաշտպանության բանակի ծրագրային բանակային հրամանատարա-շտաբային զորավարժություններին դիտորդի կարգավիճակով մասնակցող ՀՀ պաշտպանության փոխնախարար, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Հարությունյանին:  Ի թիվս այլ հարցերի՝ զրուցակիցներն անդրադարձել են վերջին շրջանում շփման գծի ղարաբաղա-ադրբեջանական հատվածում զինադադարի ռեժիմի խախտման փաստերին: Երկուստեք նշվել է, որ նման միջադեպերը խոչընդոտում են կողմերի միջեւ փոխվստահության հաստատմանը:

Ապրիլի 14-ին ԼՂՀ Նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է «Անասնաբուժության մասին» ԼՂՀ օրենքը, ինչպես նաեւ «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն, իսկ «Պետական տուրքի մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ԼՂՀ օրենքները:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծում հաճախակիացել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն, ինչը հնարավոր է դարձել նաև Ադրբեջանում ամենաբարձր մակարդակներում հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների պատշաճ գնահատականի բացակայության հատևանքով:

Միջադեպերը, որոնք հանգեցրել են շփման գծում զոհերի թվի աճին, խորացնում են փոխադարձ անվստահությունը և կարող են բերել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ողջ տարածաշրջանի կայունությանը սպառնացող լարվածության լուրջ աճի: Այս առնչությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերահաստատում է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իր դիրքորոշումը և հայտնում է իր պատրաստակամությունը կատարել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ կողմերի անժամկետ գործող պարտականություններն ամրագրված 1995թ. փետրվարի 6-ի համաձայնագրում, որը ստորագրել են ԼՂՀ-ի, ՀՀ-ի և ԱՀ-ի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները:

Մենք կոչ ենք անում մյուս երկու կողմերին՝ Ադրբեջանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը, որոնք ստորագրել են վերոհիշյալ համաձայնագիրը, միանալ մեր նախաձեռնությանը և հույս ենք հայտնում, որ համատեղ ջանքերով և ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների, ինչպես նաև այլ միջազգային միջնորդների և շահագրգիռ կողմերի միջնորդությամբ հնարավոր կլինի վերահաստատել հավատարմությունը հիշյալ համաձայնագրին և իրականացնել փաստաթղթում ամրագրված մեխանիզմները՝ զինված ուժերի շփման գծում միջադեպերի տեղայնացման ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ խաղաղ կարգավորման նախապայմաններն են հանդիսանում, ի թիվս հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման, խաղաղարար գործընթացը հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ, վստահության միջոցների ձևավորումը, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդումը և մարդու իրավունքների հարգումը:

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԸ» ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Ապրիլի 13-ին Բուդապեշտի քաղաքային դատարանը հրապարակեց 2004 թ. փետրվարի 19-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դատավճիռը, այն է՝ ցմահ ազատազրկում, ընդ որում՝ առաջին 30 տարիների ընթացքում առանց համաներման իրավունքի: Ոճրագործին անմեղսունակ ներկայացնելու ադրբեջանական կողմի երկամյա բոլոր ճիգերն անցան ապարդյուն, Ադրբեջանի «ազգային հերոսի» և «տարվա մարդու» հորջորջումները և այլևայլ կեղծ ու շինծու փաստարկներն անգամ չկարողացան մոլորեցնել Հունգարիայի դատական մարմիններին ու հանրությանը, որովհետեւ ավելի քան ակնառու ու զորեղ էին Գուրգեն Մարգարյանին կանխամտածված ու գիտակցված սպանելու ադրբեջանցի սպայի մտադրությունն ու դիտավորությունը մերկացնող ապացույցները:

Հուսահատության մեջ գտնվող Սաֆարովն իր վերջին խոսքում մի վերջին անգամ փորձեց համոզել դատարանին, որ ինքը հոգեկան խանգարումներ ունի ու Մարգարյանին սպանել է նոպայի պահին, որ իբր հիմա ոչինչ չի հիշում, նույնիսկ չի հիշում, թե ինչ նպատակով է կացին գնել, ինքը հայ սպային սպանելու մտադրություն չի ունեցել, և որ իր արարքն ուղղված է եղել ողջ հայ ազգի դեմ և այլն:

Դատավճռի հրապարակումից հետո պաշտպանող կողմը հոխորտացել է, որ բողոքարկելու է դատավճիռը:

Թերևս հազիվ թե այդ բողոքարկումը փրկի Ադրբեջանի «ազգային հերոսին»: Ավելացնենք, որ երկրորդ քրեական գործով դատավարությունը սկսվելու է մայիսի 3-ին՝ Բուդապեշտում:

ԿԱՅԱՑԱՎ ԶԼՄ-ՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Ապրիլի 7-ին կայացավ ԼՂՀ լրատվամիջոցների ու լրագրողական կազմակերպությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Ինչպես հայտնի է, Խորհուրդը ստեղծվել է մեկ տարի առաջ՝ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախաձեռնությամբ և արցախյան ԶԼՄ-ների շահագրգիռ մասնակցությամբ: Խորհրդում ընդգրկվել են արցախյան առաջատար լրատվամիջոցների ու լրագրողական կազմակերպությունների 12 ղեկավարներ: Խորհուրդը, որի առաքելությունը լրատվամիջոցների ինքնակարգավորմանն ու տեղեկատվական դաշտի հիմնախնդիրների լուծմանը նպաստելն է, մեկ տարի առաջ մշակել և արցախցի լրագրողների դատին է ներկայացրել արցախցի լրագրողի Վարքականոնը: Վերջինս ստորագրած լրագրողները պարտավորվել են մասնագիտական վեճերի ու տեղեկատվական դաշտում առկա վիճահարույց հարցերի պարագայում, նախքան իրավական ատյաններում լուծում որոնելը, դրանք քննարկել նորաստեղծ մարմնում:

Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ արցախյան լրատվամիջոցներն ու լրագրողական կազմակերպությունները տեղեկատվական դաշտի պարբերական դիտարկում են անցկացնում, վերլուծելով դեպքերի զարգացումը, նոր միտումները, ինչպես նաև արձանագրելով Վարքականոնի խախտումները:  Խորհրդի հերթական նիստի նախաձեռնողը «Չտո դելատ» հեղինակային թերթի խմբագիր Մուրադ Պետրոսյանն էր: Ոչ պաշտոնական ու անկաշկանդ մթնոլորտում քննարկվեցին արցախյան լրատվական դաշտի հիմնախնդիրները, լրագրողական համերաշխությանը խոչընդոտող հանգամանքները, ընդգծվեց լրատվական դաշտը կարգավորող օրենսդրության կատարելագործման և համապատասխան օրենքներում որոշ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը:

Խորհրդի հաջորդ նիստը կկայանա մայիսի վերջին, այն անցկացնելու է «Ապառաժ» թերթը:

Սեփ. լրատվություն

ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ

Ապրիլի 11-ը նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների օր: Այդ օրը իրենց հարգանքի տուրքը  մատուցելու համար Ստեփանակերտի հուշահամալիր էին եկել զինծառայողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, ուսանողներ, հյուրեր: Ներկաները ծաղիկներ դրեցին անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին և իրենց սրտի խոսքն ասացին:

ԼՂՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյան.

– Առաջին հերթին այս օրը մենք պետք է հիշենք մեր անհայտ կորած և գերության մեջ գտնվող ընկերներին: Եվ այս հավաքույթը պետք է պարտավորեցնի, որպեսզի մենք կարողանանք և մեր երկրի ներսում, և միջազգային ատյաններում բարձրացնել այդ հարցը, հետևողականորեն զբաղվենք դրանով, համագործակցելով նաև Ադրբեջանի նմանատիպ կառույցների հետ: Մյուս կողմից էլ մենք՝ որպես բանակի ներկայացուցիչներ, այս օրը պետք է պարտավորվենք շարունակել մեր ընկերների առաքելությունը՝ մեր երկրի պաշտպանությունը, սահմանները ամուր պահենք, զարգացնենք տնտեսությունը, օրինակելի պետություն կառուցենք:

Այս օրը մենք սփոփանքի խոսքեր պիտի ասենք մեր մայրերին, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին, կիսենք նրանց վիշտը, որպեսզի նրանք տեսնեն, որ մենք իրենց կողքին ենք:

Վերա Գրիգորյան.

– Գերիների միջազգային օրը ամեն տարի նշվում է և Արցախում, և Հայաստանում, քանի որ մեր պետական այրերը, մեր կառավարությունը, մեր բանակը միշտ էլ ամեն ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի մեր զավակների, եղբայրների ճակատագրերը պարզեն: Նրանք մեզ միշտ ուշադրության կենտրոնում են պահում և դրանից մեր հույսերը կրկնապատկվում են, մենք կարոտով սպասում ենք մեր զավակների վերադարձին:

Յանա ԿԱՐԱԽԱՆՅԱՆ /  ԱրՊՀ, լրագր., 2-րդ կուրս

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ազգային, հայրենասիրական գաղափարների տարածման, երիտասարդության ակտիվ ու բովանդակալից առօրյայի կազմակերպման նպատակով Արցախի ազատամարտիկների միությունը նախաձեռնեց ստեղծել երիտասարդական թև: Ապրիլի 3-ին ԱԱՄ գրասենյակում տեղի ունեցավ «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպության նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը:

Ներկա էին ՊԲ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Վլադիկ Խաչատրյանը, ԱԱՄ գրասենյակի պետ Կոմիտաս Դանիելյանը և ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը: Նրանք ողջունեցին նորաստեղծ կազմակերպության նախաձեռնող խմբի անդամներին, կոչ արեցին նրանց ակտիվությամբ գործել ի շահ երկրի բարօրության և պատվով կատարել երիտասարդ սերնդին հայ պահելու առաքելությունը: Ու պարտավորվեցին աջակցել կազմակերպության նախաձեռնած լավագույն միջոցառումներին:

«Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպության նախաձեռնող խմբի նախագահ Գեղամ Ստեփանյանը ներկաներին ծանոթացրեց կազմակերպության կանոնադրության նախագծին: Գ. Ստեփանյանի խոսքերով, կազմակերպության այցեքարտը երիտասարդներին ազգային և հայրենասիրական դասերով դաստիարակելն է, նրանց առողջ ու հետաքրքիր առօրյայի կազմակերպումը:

Լուսինե ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՋԱՎԱԽՔ

Իրավիճակը հանգիստ է

Մարտի 9-ին Ծալկայում Գեւորգ Գեւորգյանի սպանությունից եւ հաջորդած դեպքերից հետո իրավիճակը Ջավախքում հանդարտվել է: Ինչպես հայտնում են Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի մամլո ծառայությունից, ջավախքահայությունը Վրաստանի իրավապահ մարմիններից արդար դատավճիռ է ակնկալում եւ, թերեւս, դրանով է պայմանավորված ներկայիս հանդարտությունը: Ջավախքի հասարակությունը այժմ դարձել է ավելի զգոն եւ փորձում է սադրանքների չգնալ: Այսպես, երբ իրենց իսկությունը չհայտարարած կազմակերպություններ ըլուրեր տարածեցին Ախալքալաքում մարտի 16-ին հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ, հրապարակում ժողովուրդ չերեւաց: Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդում մեկնաբանում են, որ մարտի 16-ին Ախալքալաքի հրապարակում հանրահավաքը ծրագրել էին այնպիսի ուժեր, որոնց խնդիրը իրավիճակի ապակայունացումն է:

Վրաստանի կառավարության օգնությունը

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ գարնանացանին Սամցխե-Ջավախքի գյուղական բնակավայրերի յուրաքանչյուր ընտանիք հողագործության համար որպես նվեր կստանա 25 կգ քիմիական պարարտանյութ: Երկրի գյուղատնտեսության նախարարությունը եւ Սամցխե-Ջավախքում նախագահի լիազոր ներկայացուցչի աշխատակազմն արդեն իրականացրել են համապատասխան հաշվարկը, ըստ որի 47844 ընտանիքի բաժանվելու է 1096 տոննա պարարտանյութ: Սկզբնական շրջանում կառավարության օգնությունը կբաժանվի ցածր գոտում գտնվող Ախալցխայի, Ասպինձայի, Ադիգենի եւ Բորժոմի շրջաններին, իսկ ապա՝ բարձր գոտում գտնվող Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններին:

Միաժամանակ հարկ է նշել, որ հատկացվելիք 25 կգ պարարտանյութը անհամեմատ քիչ է գյուղական նույնիսկ ամենափոքր ընտանիք-տնտեսությունների համար, որոնք տարբեր դեպքերում գարնանացանի ժամանակ օգտագործում են միջին հաշվով 500-1000 կգ պարարտանյութ:

Ժողովրդական համալսարանների ստեղծման ծրագիր

Եվրամիությունը եւ Ժողովրդական համալսարանների գերմանական ընկերությունը պատրաստվում են 500000 եվրո կազմող բյուջեով 30-ամսյա կրթական ծրագիր իրականացնել Սամցխե-Ջավախքում: Ըստ Եվրամիության նախագծերի տնօրեն Ադրիանա Լոնգոնի՝ այս նախագծի հիմնական նպատակը Վրաստանի հարավային տարածաշրջանում՝ Սամցխե-Ջավախքում, հայերի իրավունքների պաշտպանությունն ու երկրի քաղաքացիական հասարակությանը նրանց  ինտեգրումն է: Նախատեսվում է Ախալցխայում եւ Ախալքալաքում ստեղծել Ժողովրդական համալսարաններ, որտեղ քաղաքացիական կրթության ծրագիր է իրականացվելու: Համալսարաններում մոտ 6300 մարդ իրավաբանական գիտելիքներ ստանալուց բացի կանցնեն վրացերենի ուսուցման դասընթացներ: Փոքր բիզնեսի խրախուսման նպատակով համալսարաններում կլինեն նաեւ արհեստագործական կրթության դասընթացներ:

«Ա-ԻՆՖՈ»

——————————————————————————————-

Կարգավորում

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՊԵՍ ԱԳՐԵՍՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «ՀՅ Դաշնակցություն – Շարժում-88» խորհրդարանական խմբի անդամ Վիտալի Բալասանյանը պատրաստվում է երկու օրինագիծ ներկայացնել Ազգային ժողովին: Օրինագծերից մեկը «Ադրբեջանի Հանրապետությանը որպես ագրեսոր ճանաչելու մասին» է, մյուսը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հսկողության տակ գտնվող տարածքների կարգավիճակի մասին»: Առաջին օրինագծի հիմնավորումը հետևյալն է.

Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, գտնվելով Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմում (ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը), 1988 թվականի փետրվարի 22-ին զինված պատժիչ գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ապրող՝ ազգությամբ հայ բնակչության վրա, այնուհետև այն շարունակելով Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Շահումյանի շրջանում, Գետաշենի ենթաշրջանում և այլ հայաբնակ վայրերում՝ ամենուր սփռելով մահ և ավերածություններ, ինչը կարելի է որակել որպես պատերազմ իր սեփական ժողովրդի դեմ: 1991 թվականի օգոստոսին Ադր.ԽՍՀ-ն, դուրս գալով ԽՍՀՄ կազմից և հռչակելով անկախություն, արդեն իսկ Ադրբեջանի Հանրապետության կարգավիճակով, պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Այսօր էլ՝ պատերազմից 12 տարի անց, Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարությունները և պատրաստվում նոր պատերազմի:

Վիտալի Բալասանյանը համոզված է, որ արցախյան խորհրդարանը պիտի ճանաչի Ադրբեջանը որպես պատերազմ հրահրող և ագրեսոր, համանման առաջարկով դիմի միջազգային բոլոր ատյաններին: Որպեսզի պատերազմի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնի ագրեսիան ձեռնարկած կողմի վրա: Միևնույն ժամանակ, պատգամավորը գտնում է, որ ԼՂՀ Ազգային ժողովը պետք է դիմի ՀՀ Ազգային ժողովին՝ համապատասխան որոշում ընդունելու խնդրանքով, որում պետք է արտացոլված լինի ՀՀ կողմից անհրաժեշտ քանակության զինված ուժեր ԼՂՀ տարածքում տեղաբաշխելու անհրաժեշտությունը:

Երկրորդ օրինագծում առաջարկվում է նախքան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի միջազգայնորեն հստակեցումը՝ ճանաչել ներկայումս ԼՂՀ հսկողության տակ գտնվող տարածքը,  որի աշխարհագրական անվանումն է Ղարաբաղ: Միևնույն ժամանակ Վ. Բալասանյանն առաջարկում է ամրագրել Շահումյանի շրջանը որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  մաս, այն ներկայացնելով միջազգային հանրությանը որպես Ադրբեջանի Հանրապետության կողմից պատերազմական գործողությունների հետևանքով օկուպացված տարածք: Պատգամավորական նախաձեռնությամբ ԼՂՀ կառավարությանն առաջարկվում է ուսումնասիրել  և Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնել վարչական միավորների քանակի և վարչատարածքային բաժանման մասին քարտեզը:

Սեփ. լրատվություն

ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

«Դիվանագետները հենց այնպես չեն ճանապարհորդում: Եթե պրն. Ֆասիեն այստեղ է, դա նշանակում է, որ նյութ կա ասելու»,- ապրիլի 13-ին ՀՀ-ում ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին այդ նախաբանով բացեց հայ լրագրողների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հետ: Ֆասիեն Հայաստան է ժամանել ապրիլի 12-ին, Բաքվից: Մինչեւ լրագրողների հետ հանդիպումը Ֆասիեն հանդիպել է Հայաստանի նախագահին: Այդ հանդիպման մասին ֆրանսիացի համանախագահն այդքան էլ պերճախոս չգտնվեց, բայց ընդհանուր առմամբ ասաց բավականին շատ բան, հաշվի առնելով այն, որ ֆրանսիացին թերեւս ամենից սակավախոսն է ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահներից:

Բեռնար Ֆասիեի եւ հայ լրագրողների հանդիպումը տեւեց ավելի քան մեկ ժամ, ինչը բավական աննախադեպ է համանախագահներ-լրագրողներ հանդիպումների համար: Սակայն երկարատեւ հանդիպումը թերեւս ոչ այնքան ասելիքի շատության, այլ հակառակը, ասելիք կորզելու ցանկությունից էր: Մինչդեռ մեկ ժամից ավելի Ֆասիեն ասում էր միայն այն, ինչ պատրաստվել էր ասել: Նրա հիմնական ասելիքն այն էր, որ Ռամբույեից հետո «Բանակցային գործընթացը չի մահացել»:

«Նախքան Ռամբույեն ունեինք կիսով չափ լեցուն բաժակ, հույս ունեինք, որ Ռամբույեում այդ բաժակը ավելի կլցվի: Իհարկե, գիտակցում էինք, որ բաժակը միանգամից լցնելն անհնար է, բայց հույս ունեինք փոքր ինչ ավելի լեցուն տեսնել: Սակայն ինչ կատարվեց՝ բաժակը լցնել չհաջողվեց: Բայց կարեւոր է, որ կիսով չափ լեցուն բաժակը շուռ էլ չեկավ»,- ասում է Բեռնար Ֆասիեն: Նա նշում է, որ Ռամբույեից հետո համանախագահների ջանքերը միտված են բաժակի պարունակությունը ավելացնելու համար նախագահների նոր հանդիպման հնարավորություն ստեղծելուն:

«Հույս չկա, որ նոր հանդիպում կլինի: Բայց համանախագահները պարտավորված են աշխատել պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Եթե երկու երկրների նախագահները զգան, որ կարող են ավելացնել բաժակի պարունակությունը, ապա կլինի նոր հանդիպում, եթե այդ բանը նախագահները չզգան, ապա բնական է, որ հանդիպում չի լինի»,- ասում է Բեռնար Ֆասիեն: Նա չի նշում նախագահների հանդիպման որոշակի ժամկետ, քանի որ այդպիսի ժամկետ չկա: Ֆասիեն միայն ասում է, որ համանախագահները պատրաստ են օգտագործել նաեւ հարակից հնարավորությունը, այսինքն՝ նախագահների հանդիպում կազմակերպել նաեւ միջազգային համաժողովների դեպքում, եթե իհարկե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ժամանակացույցը հնարավորություն տա մասնակցել դրանց, եւ որ ամենակարեւորը՝ նախագահները ունենան մասնակցելու ցանկություն:

«Եթե հունիսին ստացվի հանդիպում կազմակերպել, ավելի լավ, եթե չստացվի հունիսին, ապա հույս ունենք, որ հուլիսին կլինի: Ամեն ինչ կախված է, թե ինչպես կորոշեն նախագահները: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ապա մենք մտածում ենք՝ որքան շուտ՝ այդքան լավ»,- ասում է Բեռնար Ֆասիեն: Նա նշում է, որ նոր հանդիպում նախապատրաստող համանախագահները պատրաստ են նաեւ կողմերին նոր գաղափարներ առաջարկել, իհարկե, արդեն առկա սկզբունքների լրացման նպատակով: Ֆասիեն նույնիսկ ասում է, որ Ռամբույեից հետո երկու նախագահներն են խնդրել համանախագահներին, որ սկզբունքներն ընդարձակվեն:

«Իհարկե բանակցությունների գերագույն նպատակը Ղարաբաղի կարգավիճակն է, ամբողջ խնդիրն այն է, եւ բանակցությունն էլ ընթանում է հենց այդ խնդիրը պարզելու ուղղությամբ, թե արդյո՞ք կարգավիճակը պետք է միանգամից ճշտվի, թե աստիճանաբար»,- նշում է Բեռնար Ֆասիեն: Նա պարզաբանում է նաեւ Ադրբեջանում արած հայտարարությունը, որ համանախագահների նոր առաջարկները ապահովում են կողմերի 80 տոկոս բավարարվածություն: «Ես Ադրբեջանում ասել եմ հետեւյալը, որ երբեք հնարավոր չի լինի կարգավորել հակամարտությունը, բավարարելով կողմերի 100 տոկոս ցանկությունները եւ պահանջները: Փոխզիջման համար նվազագույն սահմանը կողմերի 50 տոկոս բավարարվածությունն ապահովելն է, իսկ եթե հաջողվի 80 տոկոս բավարարվածության հասնել, ապա դա կլինի ֆանտաստիկ արդյունք»,- ասում է Բեռնար Ֆասիեն: ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահը նշում է, որ Ղարաբաղի նման հակամարտությունների վերջնական լուծում հնարավոր է միայն աներեւակայելի տարբերակների միջոցով, այնպիսի տարբերակների, որ կողմերը չեն էլ կարող երեւակայել:

«Լրագիր», 14.04.06

«ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵՔ՝ ԿՀԵՌԱՑՆԵՄ»

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե Վան դեր Լինդենը երեկ «Մեդիամաքս» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ այն երկիրը, որը կդիմի ղարաբաղյան խնդրի ուժային լուծմանը, կհեռացվի Եվրոպայի խորհրդից: «Եթե Լեռնային Ղարաբաղում վերսկսվեն ռազմական գործողությունները, ես հնարավոր չեմ համարում մի երկրի ներկայությունը Եվրախորհրդում, որը զինված ուժեր է կիրառում հակամարտության լուծման համար: Այդ դեպքում մենք ստիպված կլինենք քննարկել այդ երկրի անդամակցության հարցը»,- հայտարարել է Ռենե Վան դեր Լինդենը: ԵԽԽՎ նախագահը հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից եւ գիտակցել, որ հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:

«Առավոտ»

ՄԱՅԻՍԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՅՑԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ռումինիայի ԱԳՆ ղեկավարը անկեղծորեն հավատում է, որ 2006 թվականին ղարաբաղյան հարցը կկարգավորվի.

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ Պրահայի գործընթացի համատեքստում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաեւ 2005 թվականին Վարշավայում եւ Կազանում բարձր մակարդակի հանդիպումներից հետո, 2006 թվականին ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի: Այդ մասին ասվում է Ռումինիայի արտգործնախարար, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Միխայ-Ռազվան Ունգուրյանուի ապրիլի 12-ին հրապարակած նամակում՝ ուղղված ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամներին: Հարցերն ուղղվել են ադրբեջանցի խորհրդարանականներ Գանիրա Փաշաեւային եւ Ռաֆայել Հուսեյնովին: Պատասխանում նշվում է. «Պետությունների ղեկավարները իրենց կարծիքները չկարգավորված հակամարտությունների մասին հայտնել են Վարշավայում բարձր մակարդակի երրորդ հանդիպման ժամանակ: ԵԽ Նախարարների կոմիտեն նշել է, որ ղարաբաղյան հակամարտությանը պետք է առանձնակի ուշադրություն դարձնել: Տվյալ դիրքորոշումը անփոփոխ է մնում Ադրբեջանի եւ Հայաստանի Եվրոպայի Խորհրդին անդամակցելու պահից»: Ինչպես նշվում է փաստաթղթում, միայն համաձայնությունը եւ երկխոսությունն են «ճանապարհ դեպի առաջ»: Էական է, որ երկու կողմերը հարգում են հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ պարտավորությունները: «Երկու երկրների հանրության ներկայացուցիչները, ներառյալ խորհրդարանականներին, ունեն իրենց սեփական պարտավորություններն այդ համատեքստում: Օգտագործելով ահաբեկման լեզուն, չի կարելի որեւէ դրական արդյունք ստանալ»,-գտնում է Ռումինիայի ԱԳՆ ղեկավարը: Նրա կարծիքով, դա Եվրոպայի Խորհրդի, մասնավորապես ԵԽ Նախարարների կոմիտեի դերը չէ միջամտել հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին: «Դրանով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Միեւնույն ժամանակ, ԵԽ-ն իր իրավասությունների շրջանակներում պատրաստ է աջակցել երկու երկրների միջեւ համագործակցության հաստատմանը: Կարող եմ կրկին հիշեցնել1690 հանձնարարականի պատասխանը, որն ընդունվել է 2005 թվականի սեպտեմբերին Նախարարների կոմիտեի կողմից, որտեղ հիշատակվում են մի շարք նման նախաձեռնություններ»,-ասվում է Միխայ-Ռազվան Ունգուրյանուի պատասխանում, հաղորդում է «Թրենդը»:

/PanARMENIAN.Net/

ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՈՉ ՄԻԱՅՆ  ԵԱՀԿ ԴՐՈՇԻ, ԱՅԼ ՆԱԵՎ ՆԱՏՕ-Ի ԿԱՄ ՄԱԿ-Ի ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ

«Հարավային Կովկասում առկա հակամարտությունները գտնվում են ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում, եւ այդ խնդիրները մտահոգում են դաշինքին: Դրանք խանգարում են տարածաշրջանի երկրների համագործակցությանը»,- հայտարարել է այցով Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Հիշեցնելով ՆԱՏՕ-ի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, նա նշել է, որ դաշինքի դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ դիրքորոշմանն այս խնդրի շուրջ: «Այն կայանում է նրանում, որ որեւէ երկրի տարածքում մեկ այլ կողմի զորքեր տեղակայելու համար պարտադիր է առաջին կողմի համաձայնությունը: Ինչ վերաբերում է ռուսական ռազմական համակազմի առկայությանը Հայաստանում, ապա նրանք այնտեղ են գտնվում հայկական կողմի համաձայնությամբ, եւ ՆԱՏՕ-ն չի միջամտում այդ հարցին»: Անդրադառնալով տարածաշրջանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման հարցին՝ Ռ. Սիմոնսը նշել է, որ դա հնարավոր է երկարատեւ քննարկումից հետո: «Դա հնարավոր կլինի, եթե հակամարտող կողմերը պայմանավորվածության հասնեն: Խաղաղապահների տեղակայումը հնարավոր է ոչ միայն ԵԱՀԿ դրոշի, այլ նաեւ ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի դրոշի ներքո»:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը չի բացառել, որ իր կազմակերպությունը կարող է մասնակցել մի շարք էներգետիկ նախագծերի, որոնք նախատեսվում են տարածաշրջանում, այդ թվում նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի պաշտպանությանը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի զորքերը չեն պաշտպանի նավթամուղը, ՆԱՏՕ-ն կարող է տեխնիկական աջակցություն ցուցաբերել եւ զորավարժություններ կազմակերպել այն երկրների համապատասխան կազմակերպությունների հետ, որոնց տարածքով անցնում է նավթամուղը: Թեեւ Ռ. Սիմոնսը նշեց, որ Իրանի միջուկային դոսյեն մտահոգում է ՆԱՏՕ-ին, նա նշեց, որ դաշինքը չի պատրաստվում հարձակվել Իրանի վրա եւ նման բան չի անի:

——————————————————————————————-

Մենք ենք՝ մեր երկիրը

ՇՈՒՇԻԻ ԱՅՍՕՐՎԱ ՎԻՃԱԿԸ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է

Ասում են, 2006-ի հեռուստամարաթոնը նվիրված կլինի Շուշիի վերականգնմանը: Իբր, ամբողջ հայությունը նոյեմբերին գումարներ կհանգանակի, որպեսզի Ղարաբաղի նախկին մայրաքաղաքը վերականգնվի:

Նույնիսկ անզեն աչքի տերը կարող է ենթադրել, որ վերականգնումը հիմնովին պետք է լինի: Բացի նրանից, որ պատերազմից հետո մնացել են բազմաթիվ ավերակներ, այրված շենքեր եւ շինություններ, վերջին տարիներին պահպանված կառույցներն էլ են քանդվել: Եւ ոչ միայն ժամանակի մեղքով: Մարդիկ էլ են իրենց «ներդրումն» ունեցել այդ գործում: Ղարաբաղյան լրատվամիջոցներում մի քանի անդրադարձ է եղել այն փաստերին, որ հին տների տաշած եւ անտաշ քարերը գիշերվա ժամերին հանվում են եւ օգտագործվում ինչ-որ մարդկանց տների կառուցման համար: Նման փաստերի վերաբերյալ հարուցած քրեական գործերի մասին տեղյակ չենք, բայց իրավապահ մարմինները չեն էլ արձագանքել մամուլում տպագրված նյութերին:

Շուշիի մասին խոսելիս, ղարաբաղցիների մեծ մասը նշում են, որ չեն հասկանում, թե ինչու առայսօր քաղաքը չի վերականգնվել: Չէ՞ որ Ստեփանակերտում եւ նույնիսկ այլ շրջաններում թափով շինարարություն է իրականացվում: Մեկը հարցնում է. արդյոք Շուշիի հարցը քաղաքական լուծում դեռ չի՞ ստացել: Ի՞նչ է, կասկածո՞ւմ ենք, որ Շուշին մերն է: Մյուսներն ասում են, որ Ղարաբաղի իշխանությունները հստակ չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է լուծել հարցը: Ու դա քողարկելու համար ասում են, որ համահայկական ծրագիր է անհրաժեշտ: Կան նաեւ մարդիկ, որոնք մասնագիտորեն ասում են, որ «քանդելն ավելի շահավետ է»:

Իսկ խնդիրն այն է, որ մի քանի տարի առաջ մշակվել եւ հաստատվել է Շուշիի հատակագիծը, որի համաձայն քաղաքը պետք է վերածվեր տուրիստա-առողջարանային, մշակութա-կրթական կենտրոնի: Այդ ուղղությամբ դեռ ոչ մի քայլ չի կատարվել: Բացի դրանից, որ քաղաքում գործում են մեկ տասնյակից ավելի մշակութային հիմնարկներ, այդ թվում՝ 4-5 թատրոն:

Քաղաքում բնակվում է մոտ 2.5 հազար մարդ: 1994-95 թվականներին այդ թիվը հասնում էր 5-6 հազարի: Ասում են, այն ժամանակ քաղաքում զորամաս էր տեղակայված: Զորամասի ծառայողներն իրենց համար բնակարաններ էին վերցնում, վերանորոգում, տեղափոխում իրենց ընտանիքները քաղաք: Բնականաբար, խանութներ էին բացվում, դպրոց, մանկապարտեզ, մի խոսքով՝ քաղաքը զարգանում էր: Հետո, ելնելով ինչ-ինչ պատճառներից, մեր տվյալներով՝ անձնական, զորամասը տեղափոխվեց ուրիշ վայր, եւ քաղաքի զարգացման առանցքը կոտրեց: Ուրիշն էլ չստեղծեցին:

Զարգացում, իհարկե, կա, բայց այն չի փոխում քաղաքի դեմքը: Ասենք, 2005-ին վերանորոգվել է 5 բնակարան, որոնց վրա ծախսվել է 16 մլն 889 հազ. դրամ, շուրջ 30 մլն դրամ տրամադրվել է քաղաքի մի շարք շենքերի վթարային տանիքների վերանորոգմանը: 20 մլն դրամ ուղղակի կարգով տրվել է զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների՝ պատերազմի հետեւանքով ավերված տները վերանորոգելու համար, Շուշիի երաժշտական դպրոցի վերանորոգման գործընթացն ավարտին հասցնելուն՝ 7 մլն դրամ: 2005-ին քաղաքի կենտրոնական՝ Ղազանչեցոց փողոցի բարեկարգումն ավարտին հասցնելուն տրամադրվել է 72,7 մլն դրամ. այն արդեն հանձնվել է շահագործման: Նույն փողոցի շարունակությունը կազմող՝ Վ. Սարգսյանի անվան հրապարակից մինչեւ Գորիս¬Ստեփանակերտ մայրուղին ընկած ճանապարհահատվածի արմատական վերանորոգման համար հատկացվել է 78,6 մլն դրամ: Շուշիի երաժշտական դպրոցը հիմնանորոգվել է բարերար Հակոբ Բաղդասարյանի աջակցությամբ (26 մլն դրամ), «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության կողմից մասնակի վերանորոգվել է կենտրոնական հիվանդանոցը: ԼՂՀ պետբյուջեից տրամադրված միջոցներով բարեկարգվել են համայնքային ճանապարհներ, գերեզմանատներ. այս ամենի համար ներդրվել է ավելի քան 75 մլն դրամ:

Վերջերս Շուշիում կայացել է 1920 թվականի ոճրագործության 86-ամյակին նվիրված գիտաժողով: Այն տեղի է ունեցել Շուշիի հումանիտար ուսումնարանի սառը եւ ոչ այնքան բարեկարգ դահլիճում: Ելույթ ունեցող գիտնականները խոսում էին անցած դարի սկզբին տեղի ունեցածի մասին, իսկ ներկաները՝ քաղաքի այսօրվա վիճակի: Առաջարկվել են մի քանի ճանապարհներ: Ասենք, տեղափոխել ԼՂՀ մայրաքաղաքը Շուշի՝ ինչպես որ Նազարբաեւը մայրաքաղաքը Աստանա է տեղափոխել: Կամ Շուշի տեղափոխել մի քանի պետական հիմնարկներ: Վերածել Շուշին տուրիստական կենտրոնի: Եւ այլն: Սակայն բոլորը խոսում էին այն մասին, որ այսօրվա իրավիճակը մեր ընդհանուր անտարբերության նշանն է, որը շարունակվում է առայսօր: Վեհ Ղազանչեցոցի ճանապարհին տեսնելով վիրավոր տներ՝ ոչ թե զայրանում, այլ՝ ամաչելով ցած ենք նայում եւ անցնում: Կարծես, եթե չենք տեսնում, ուրեմն, ամեն ինչ լավ է:

«Լրագիր»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Շատ ջրեր չեն հոսել այն ժամանակներից, երբ մեր փոքրիկ պետության նույնչափ փոքրիկ մայրաքաղաքը՝ Ստեփանակերտը, գտնվում էր հետպատերազմյան շրջանի ծանր ու դժվար կացության մեջ: Սակայն այժմ այլ պատկեր է բացվում մարդու աչքի առաջ. մեր քաղաքում բուռն ծաղկում են ապրում թե° շինարարությունը, թե° մշակույթը և թե° սոցիալ-տնտեսական գործունեությունը: Իսկ հետաքրքիր է՝ ի՞նչ կարծիք ունեն քաղաքի ու իրենց նիստուկացի մասին մեր համաքաղաքացիները: Պարզելու համար մենք մի փոքրիկ հարցում անցկացրինք, մարդկանց առաջադրելով հետևյալ հարցերը.

– դու՞ր է գալիս Ձեզ մեր քաղաքի մթնոլորտը

– ի՞նչը կցանկանայիք փոխել կամ ավելացնել քաղաքում

– իշխանություններն, ըստ Ձեզ, ամե՞ն ինչ են անում, որպեսզի հանրությունն ապրի բարեկեցիկ կյանքով:

Ալբերտ Ասատրյան (թոշակառու)

– Իհարկե, սա իմ հարազատ քաղաքն է, այդ պատճառով էլ սիրում եմ և ապագայում սպասելիքներս շատ մեծ են: Կցանկանայի, որ մեր հասարակությունն ապրեր անհոգ կյանքով, ավելի շատ ժպտան մարդիկ, քանի որ նրանք տեսել են դաժան օրեր: Մեր պետությունը դեռ չի հասել զարգացման այն մակարդակին, որպեսզի հասարակության համար անի այն ամենը, ինչին նրանք արժանի են:

Գալինա Հարությունյան (ատամնաբույժ)

– Ես երեք զավակ ունեմ և գտնում եմ, որ նրանք չունեն զբաղմունք: Իհարկե, այս մասին հարկ է մտածել, միջոցներ ձեռնարկել: Մենք չունենք հետաքրքիր վայրեր, որտեղ երիտասարդները կկարողանան անցկացնել լիարժեք ժամանակ: Որպես ատամնաբույժ իմ ամենօրյա աշխատանքում տեսնում եմ, որ այցելու թոշակառուները շատ վատ սոցիալական վիճակում են: Գտնում եմ, որ պետք է զբաղվել երիտասարդների և թոշակառուների լուրջ պրոբլեմներով: Իշխանություններն ամե՞ն ինչ են անում, թե ոչ՝ դատեք իմ պատասխաններից:

Դիանա Մելքումյան (ուսանողուհի)

– Ընդհանրապես, սիրում եմ մեր քաղաքը՝ իր թերություններով հանդերձ: Երիտասարդությունը այնքան էլ ակտիվ չէ, բայց ձգտում է եվրոպական ապրելակերպին: Բնականաբար, երիտասարդության համար ժամանցի ավելի շատ վայրեր են պետք: Իսկ պետությունը ձգտում է, իհարկե, բարելավել կյանքը, բայց ոչ այնքան:

Արտավազդ Ասլանյան (թոշակառու)

– Իհարկե, դուր է գալիս, երբ մեր պետական այրերը ևս թոշակի անցնելով՝ մեզանից շատ անգամ ավելի թոշակ են ստանում, «դուր է գալիս», իհարկե: Կցանկանայի, որ մեր օրենքները գործեին արդար, վերանար անարխիան:

Լավ պետություն է, բայց կարգ ու կանոն չկա: Իշխանավորները մտածում են միայն իրենց մասին, իրենց համար պալատներ կառուցում:

Սերգեյ Ղարայան (ուսանող)

– Միանշանակ չեմ կարող ասել, որ դուր է գալիս կամ դուր չի գալիս: Քաղաքական մթնոլորտը, երիտասարդության պահվածքը դուր չեն գալիս, բայց քաղաքը շատ-շատ եմ սիրում: Ի՞նչը կցանկանայի փոխել… Երիտասարդության և իշխանավորների պահվածքը: Իշխանություններն  աշխատում են, բայց արդյունքները այնքան էլ տեսանելի չեն:

Աշոտ Սողոմոնյան (ուսանող)

– Այո, բավականին լավ մթնոլորտ է: Չնայած թերություններին, այնուամենայնիվ, մեր քաղաքը շատ հանգիստ և հաճելի վայր է: Պիտի և հասարակությունը, և իշխանավորները միահամուռ ջանքերով աշխատեն, որպեսզի բարելավեն մեր վիճակը: Կցանկանայի, որ ավելանային սերն ու հարգանքը միմյանց նկատմամբ, մարդիկ ուշադրություն դարձնեին ավելի շատ ոչ թե նյութական, այլ հոգևոր արժեքներին: Իմ կարծիքով, պետությունը բավականին աշխատանքներ է տանում: Բարեկեցության մակարդակը բավականին բարձր է և որոշակի հաջողություններ, իհարկե, կան:

Յանա ԿԱՐԱԽԱՆՅԱՆ, Անի ԱՎԱՆԵՍՅԱՆ / ԱրՊՀ, լրագրություն, 2-րդ կուրս

ԼԱՎ ՄԱՍՆԱԳԵՏԸ ՊԱՀԱՆՋՎԱԾ Է ՆԱԵՎ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ ԱՆՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Սիմոն Սիմոնյանին շատերն են ճանաչում, շատերն են լսել նրա բարի խորհուրդները: Զարմանալու բան չկա. բազմակողմանի զարգացած մարդ է, իսկ իր մասնագիտությանը՝ անասնաբուժությանը, տիրապետում է կատարելապես և, թեև վաստակած հանգստի է անցել, բայց մարդիկ շարունակում են դիմել նրան: Մանավանդ, որ գիտակ է նաև ժողովրդական բժշկությանը: Այս օրերին հատկապես նա պահանջված մարդ է, քանի որ շատերին է մտահոգում թռչնագրիպի խնդիրը, ուստի հաճախ կարելի է քաղաքի տարբեր վայրերում նրան տեսնել մարդկանցով շրջապատված:

Նրա կարծիքով, այս տարի Արցախին թռչնագրիպ չի սպառնում, քանի որ մեզ մոտ ձմեռվա ամիսներին թռչնագրիպի վիրուսների բազմացման ու զարգացման համար բարենպաստ պայմաններ չեն եղել: Ի դեպ, այս թեմայով նա հաճախակի է ելույթներ ունենում, մասնագիտական խորհուրդներ տալիս, այնպես որ՝ բոլոր նրանց, ում այս կամ այն չափով մտահոգում է խնդիրը, կամ ով որոշակի կասկածներ ունի, խորհուրդ եմ տալիս դիմել նաև նրան: Հենց այս նպատակով եմ գրում նրա մասին, նաև, ինչու չէ, գնահատելու համար վաստակաշատ մասնագետի արած-թողածը:

Ծնվել է 1925թ. Ասկերանի շրջանի Շոշ գյուղում: 1944 թվականին գյուղի դպրոցի 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվում է Շուշիի գյուղատնտեսական տեխնիկումի անասնաբուժական բաժինը: 1946-ին աշխատանքի է անցել Շոշի կոլեկտիվ տնտեսությունում, իսկ 1950-ին Ստեփանակերտի կենտրոնական անասնաբուժական կայանում: Աշխատել է նաև Ավետարանոցում, Ասկերանում, Ստեփանակերտում:

Որտեղ էլ որ աշխատել է Սիմոնյանը, միշտ էլ իր պարտականությունները կատարել է անթերի և ցայսօր վայելում է հմուտ մասնագետի համբավ: Այսօր էլ նրան դիմողները շատ են, մարդիկ գալիս են ու խնդրում բուժել ընտանի կենդանիներին, թռչուններին: Նա էլ ոչ մեկին չի մերժում, ոչ մեկից ոչինչ չի պահանջում, ասում է՝ «Իմը մի բաժակ թեյ է, ուզում եք՝ տվեք, չեք ուզում՝ իրավունքը ձերն է»:

Ժամանակին ավարտել է Երևանի անասնաբուժական ինստիտուտը, ունեցել այնպիսի ուսուցիչներ, ինչպիսիք են գիտնականներ Բայբուրտյանը, Հովհաննիսյանը, Մանասյանը, Շաքարյանը: Բարեխիղճ աշխատանքի համար արժանացել է բազմաթիվ խրախուսանքների, գովասանագրերի ու մեդալների: Նրա կարիքը շատ է զգացվել Արցախի ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ՝ թիկունքում: Չնայած բազմաթիվ դժվարություններին, նա ամենօրյա լաբորատոր ստուգումների է ենթարկել բուսական ու կենդանական ծագում ունեցող սննդամթերքները, պահածոների որակը, որպեսզի զանգվածային թունավորումներ և վարակիչ հիվանդություններ չլինեն:

Այդպիսի մի օր էլ նա ռմբակոծվող վայրում է հայտնվել ու վիրավորվել: 2-րդ կարգի հաշմանդամը, սակայն, այսօր էլ պարապ նստած չէ տանը ու միշտ պատրաստ է մարդկանց օգնության հասնելու:

Ժորա ԳՐԻԳՈՐՅԱՆ

——————————————————————————————-

Նամականի

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով,
Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրազու հափրած որկորով՝
Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:

Ավ. Իսահակյան

Տարբեր առիթներով զրուցելով մեր համաքաղաքացիների հետ, եկել եմ այն եզրակացության, որ իմ զրուցակիցներից շատերն այն կարծիքին են, որ մեր երիտասարդությունը շատ է հեռացել գրականությունից: Եվ եթե համամիտ լինենք նրանց հետ, ապա Ավետիք Իսահակյանի վերը նշված տողերը գնալով ավելի են մոտենում իրականությանը:

«Հայ մեծ գրողներն ու բանաստեղծները, որոնք մոտ անցյալում պաշտվում էին երիտասարդության կողմից, այժմ դպրոցականներից շատերին չեն էլ հետաքրքրում: Իսկ չէ՞ որ առանց գրականություն իմանալու անհնար է ունենալ հարուստ հոգեկան աշխարհ: Գրականությունն անհատի մեջ զարգացնում է այն ամենն, ինչն անհրաժեշտ է ունենալ հասարակության լիակատար անդամ դառնալու համար: Այն մարդը, որը ծանոթ չէ իր ազգի գրողների ու բանաստեղծների լավագույն ստեղծագործություններին, ինչպե՞ս կարող է հարուստ հոգեկան աշխարհ ունենալ: Մոտ 30 տարի առաջ, երբ դասընկերներով գնում էինք ընթերցասրահ՝ անվերջ մտածում էինք. «Տեսնես ընթերցասրահում տեղ կլինի՞, թե՞ ոչ», իսկ հիմա, երբ այդ ամենը պատմում եմ որևէ երիտասարդի, միայն ժպիտ եմ առաջացնում նրա դեմքին»,- ասում է Արմեն Գրիգորյանը:

Ցավալին այն է, որ իմ զրուցակիցներից շատերն են նմանատիպ կարծիք արտահայտում: Անահիտ Սևումյանը ասում է. «80-ական թվականներին Արցախում կար միայն մեկ համալսարան, բայց Ստեփանակերտի ընթերցասրահները լցված էին ուսանողներով: Մինչդեռ, այժմ Ստեփանակերտում գործում են 5 համալսարաններ, բայց մտնելով ընթերցասրահ, կտեսնենք, որ ընթերցասրահը դատարկ է, կամ էլ, լավագույն դեպքում, կհանդիպենք 1-2 ընթերցողների: Իսկ չէ՞ որ ընդունված է, որ ուսանողներին անհրաժեշտ է հաճախել գրադարան»:

Այսպիսով, տարբեր անձանց հետ զրուցելով «ինչո՞ւ երիտասարդության ներկայացուցիչներից շատերին չի հետաքրքրում գիրն ու գրականությունը»  հարցով, եկա այն եզրակացության, որ մեր օրերի երիտասարդները շատ են հեռացել հայկական հին ավանդույթներից, որոնց մեջ է նաև հարգելն ու հասկանալը մշակույթն ու գրականությունը:

Ալեքսեյ ՖԻՐՅԱՆ/ ԱրՊՀ, լրագր., 1-ին կուրս

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂ»

Այն հանգամանքը, որ քաղաքականությունը մի մեծ խաղ է, ամենևին էլ նորություն չէ: Խաղ, որ տնօրինում են մեծ ու տնտեսապես ամուր հիմքերի վրա կանգնած տերությունները, հետևաբար՝ խաղի կանոններ առաջադրողը ևս նրանք են: Հայաստանը, անշուշտ, ունի իր զբաղեցրած համեստ տեղը այդ «խաղատախտակի» վրա: Նմանօրինակ խաղում հաղթում է նա, ով բավականին հեռատես է: Խաղի կանոններից դույզն ինչ շեղումը ունենում է տխուր հետևանքներ: Այս երևույթի վառ ապացույցն է Ռուսաստանի կողմից Հայաստանին վաճառվող գազի գնի կտրուկ թանկացումը: Իրադարձության այսպիսի զարգացումը, թերևս, կարելի է դիտել ոչ այլ կերպ, քան Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ վարվող քաղաքականության կոշտացում: Եվ սա այն պարագայում, երբ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը:

Դառն իրողությունը, կարծես թե, ստիպեց Հայաստանի կառավարությանն արթնանալ ձմեռային քնից: Եվ, ինչպես փարոս, առկայծեց նոր ատոմակայան ստեղծելու ու այլ պետություններից, այդ թվում՝ նաև Ռուսաստանից, էներգետիկ, տնտեսական և այլ կախվածությունը թեթևացնելու գաղափարը:

Նոր ատոմակայանի ստեղծումը, անշուշտ, լավ գաղափար է, սակայն պետք է խոստովանել, որ սեփական միջոցներով մոտակա 15-20 և ավելի տարիների ընթացքում Հայաստանը հազիվ թե կարողանա իրականացնել: Մնում է կրկին հույս դնել օտարերկրյա ներդրումների վրա: Իսկ թե նրանք, արդյո՞ք, շահագրգռված կլինեն իրականացնել այսպիսի ֆինանսական մեծ ծախսեր պահանջող մի նախագիծ, ևս մեկ անպատասխան հարց է:

Արցախը ողջ այս գործընթացում հանդես է գալիս զուտ սպառողի կարգավիճակով: Գազի գնի թանկացումը անխուսափելիորեն իր ազդեցությունը կունենա նաև էներգետիկ համակարգում: Իսկ մենք գիտենք, որ ԼՂՀ-ն սեփական միջոցներով ի վիճակի է արտադրել սպառվող էներգիայի 30-40 տոկոսը:

Այս պարագայում «Արցախգազ» ՓԲԸ-ն չի շտապում ժամանակից շուտ որևէ հայտարարություն անել՝ սպասելով  կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունմանը: Իսկ մեր կառավարությունը որոշումներ ընդունելիս երբեք էլ չի շտապում, ինչպես հայտնի երգիծաբան Հ. Պարոնյանն է ասել յուր ժամանակին. «Գործելու մասին իրեն օրինակ բռնած է կրիան»:

Ու մինչ մեր կառավարությունը զբաղված է պարոնյանական նկարագրած 6 նիստերով, որոնք «մեկ նիստ չարժեն», դրանից մեր երկրի կախվածությունը չի թուլանալու և ստիպված ենք լինելու ենթարկվել խաղի՝ նրանց կողմից առաջադրված կանոններին:

Մհեր ԻՍՐԱՅԵԼՅԱՆ / ԱրՊՀ, ժուռն., 3-րդ կուրս

 

ԾԽՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ…

Գաղտնիք չէ, որ մեզ շրջապատող մարդկանցից շատերը կախվածություն են զգում ծխախոտից:

Այսօր մեր հասարակության մեջ կան աղջիկներ, ովքեր ծխախոտի հանդեպ ունեն համակրանք, և ծխում են, իհարկե, թաքուն:

Իսկ ի՞նչ են մտածում տղաները ծխող աղջիկների մասին.

Արսեն (ուսանող) – Ընդհանրապես չեմ ընդունում, որ աղջիկը ծխում է, դա շատ տգեղ է:

– Իսկ եթե պարզեք, որ ձեր ընկերուհին ծխում է, ինչպե՞ս կվարվեք նրա հետ:

– Միանշանակ կհիասթափվեմ նրանից, և մեր բոլոր հարաբերություններին վերջ կդնեմ:

Արայիկ (զինծառայող) – Ինձ համար սովորական երևույթ է, թող ծխի՝ որքան սիրտն է ուզում:

– Իսկ եթե պարզեք, որ ձեր սիրած էակը ծխում է, դա կազդի՞ ձեր սիրո վրա:

– Ոչ, եթե սիրում եմ նրան, ինչ էլ որ անի, ես կընդունեմ դա:

Հայկ (ուսանող) – Նախ կփորձեմ, որպեսզի նա հրաժարվի այդ սովորությունից, իսկ եթե չկարողանա կամ չցանկանա, ինձ մնում է միայն հրաժեշտ տալ նման ընկերուհուն:

Իսկ ի՞նչ են մտածում աղջիկները:

Արմինե (ուսանողուհի) – Այո, կան աղջիկներ, որոնք ծխում են: Իսկ եթե իմ ընկերուհին ծխի, ես ջանք չեմ խնայի և ամեն ինչ կանեմ, որպեսզի նա թողնի ծխելը, որովհետև ես կամաչեմ նրա փոխարեն: Եթե դա ինձ չհաջողվի, վերջ կդնեմ մեր ընկերությանը:

Իրինա (ուսանողուհի) – Տղաների ծխելը սովորական երևույթ է, բայց ես ընդունում եմ նաև աղջիկների ծխելը, և դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Կցանկանայի, որ ծխելը մեզ մոտ ընդունվեր որպես սովորական երևույթ, ինչպես շատ երկրներում:

– Իսկ դուք ծխո՞ւմ եք:

– Այո, և ինձ չի հուզում, թե ինչ կմտածեն:

Ահա այսպիսի կարծիքներ: Ինձ մնում է միայն հիշեցնել բոլորին, որ առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ «Ծխելը վնասակար է առողջությանը», հատկապես այն կանանց համար, ովքեր հղի են: Ծխելով, դուք վտանգում եք նաև ձեր փոքրիկի առողջությունը, որը կարող է լույս աշխարհ գալ վաղաժամ, բազմաթիվ արատներով, քանի որ ծխախոտի մեջ եղած թույնը արյան միջոցով անցնում է նաև ձեր փոքրիկին, և դա հավասարազոր է, թե ծխում է ձեր փոքրիկը…

Արտյոմ ՍԱՀԱԿՅԱՆ / ԱրՊՀ, ժուռն., 2-րդ կուրս

 

ԻՆՉՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ ՍԻՐՈՒՄ ՄԵԶ ԹՈՒՆԱՎՈՐԵԼ

Անգլիացին ասում է. «Helth is above Welth», ինչը թարգմանաբար նշանակում է՝ առողջությունը Վելսից էլ է բարձր:  Իհարկե, եթե չկա առողջություն, ապա՝ ցտեսություն հանգիստ կյանք և զվարճանք: Մարդու առողջությունը նման է թանկարժեք սպասքի, որը պետք է աչքի լույսի պես պահել: Իսկ եթե հանկարծ ջարդեցին այն, նորից հնարավոր չէ սոսնձել: Ի դժբախտություն մեզ՝ մեր շուրջն այնքան հրապուրիչ իրեր կան, որոնք անխնա վնասում են մեր թանկագին առողջությունը՝ ծխախոտ, թմրանյութ, ալկոհոլ…

Մի հայտնի դերասանուհու հարցնում են, թե նա, արդյո՞ք, շատ է ծխում: «Չէի ասի,- պատասխանում է,- այ, օրինակ, ատամներս մաքրելիս, եթե աջ կողմն եմ մաքրում, ծխախոտը տեղադրում եմ ձախ մասում և՝ հակառակը…»:

Հիրավի, այսօր փողոցով քայլող հինգ երիտասարդներից երեքը ծխախոտ ունեն բերաններին: Եվ եթե ուշադիր նայենք դեմքերի արտահայտությանը, ապա դժվար չէ կռահել, որ նրանք, կտրված ամբողջ աշխարհից, վայելում են մի դրախտային հաճույք, որը նրանց պարգևում է միայն ու միայն ծխախոտը: Ամեն անգամ, երբ հանդիպում եմ ծխող մեկին, փորձում եմ կռահել, թե ինչու է նա ծխում. նեղ տեղ է ընկե՞լ, թե՞ պարզապես ուզում է պարծենկոտություն անել: Բանն այն է, որ երբ ես հետաքրքրվեցի, թե ինչու է բարեկամս ծխում, նա նշեց այդ երկու պատճառները: Չգիտեմ, որքանով է այդ պատճառաբանությունն արդարացուցիչ, բայց այն թվում է ճշմարտանման: Իսկ ինչ են մտածում իրենք՝ ծխողները.

Բենիկ (օպերատոր) – Ծխել սկսել եմ 23 տարեկանից: Կոպիտ ասած, ծխելը պարզապես անմտություն եմ  համարում: Օրը հազիվ կես տուփ եմ ծխում: Ծխելը կթողնեմ, եթե մեր երկրի սոցիալական մակարդակը բարձրանա:

Արեգ (լուսանկարիչ) – Սկսել եմ ծխել 18 տարեկանից: Սկզբում ծխում էի հաճույքի համար: Հետո թողեցի ծխելը, սակայն դա շատ քիչ տևեց: Դժբախտ դեպք պատահեց մտերիմներիցս մեկին, և նորից սկսեցի ծխել: Օրական ծխում եմ առնվազն 1 տուփ: Պատրաստ եմ հրաժարվել ծխելուց միայն այն դեպքում, երբ հարստանամ:

Արտյոմ (ուսանող) – Սկսել եմ ծխել բանակում: Ճիշտն ասած, սկզբում հաճույք էի ստանում, և մտածում էի, որ ցանկացած պահի կարող եմ թողնել: Իսկ երբ փորձեցի թողնել, միայն այդ պահին զգացի, որ այնքան էլ հեշտ չէ: Իմ կարծիքով՝ այդ «ճգնաժամը» կարելի է հաղթահարել ցանկությամբ և ուժեղ կամքի շնորհիվ:

Պրոբլեմներ ու պատճառներ շատ կլինեն: Եկեք, այնուամենայնիվ, այդ պրոբլեմները չլուծենք մեզ համար ամենաթանկի՝ մեր առողջության հաշվին: Չե՞ք կարծում, որ դա այնքան էլ խելամիտ չէ…

Քնար ԲԱԲԱՅԱՆ / լրագր., 2-րդ կուրս

 

ՏԱՏԻԿ-ՊԱՊԻԿ, ԻՆՉՈ՞Ւ ՏԽՈՒՐ ԵՔ…

Տարիներ ի վեր այն եղել է Արցախ աշխարհի ապրելու ու արարելու ամրակուռ առհավատչյան, տարիներ ի վեր այն եղել է օտարերկրացու հիացմունքի առարկան: Տարիներ ի վեր հպարտացել ենք նրանով, խոսել նրա մասին ու այցի գնացել…

Բայց որքա˜ն տխուր է նա այժմ, որքա˜ն ցավալի է նրա վիճակն այսօր:

Այո, խոսքը «Մենք ենք, մեր լեռները» մեր խորհրդանիշ-կոթողի մասին է: Ժողովուրդն այս արձանը «Տատիկ-պապիկ» է կոչել, ես կասեի՝ արցախցի տատիկ-պապիկ, որոնք այսօր կարոտ են թոռների հոգատար վերաբերմունքին: Իսկ մենք՝ ենթադրյալ թոռներս, որքանո՞վ ենք բարելավում նրանց վիճակը: Ճիշտ է, վերջերս աշխատանքներ են անցկացվում՝ արձանի շրջակայքը մաքրելու ու ցանկապատելու ուղղությամբ, բայց մի՞թե մեր բոլորիս մասնակցությամբ կամ անտարբերությամբ չէր կատարվել այդ ամենը. խրախճանքից մնացած ու անփութորեն դես ու դեն նետված շշեր ու նմանակի աղբ՝ կուտակված չորսբոլորը, անպետք իրերի մի կատարյալ քաոս… Էլ չեմ խոսում հենց արձանին հասցված վնասների մասին: Ամեն ոք, ով այցելում է այստեղ, իր պարտքն է համարում «անմահանալ»՝ ոչինչ չասող իր անունը փորագրելով արձանին: Անթիվ ու անհամար անվանումների ու անհարկի խոսքերի մի խառնիճաղանջ հանրագիտարան…

Նայում ես այս ցավալի ու անմխիթար տեսարանին, նայում ու մեղավոր շշնջում ես ինքդ քեզ. «Տատիկ-պապիկ, ինչո՞ւ տխուր եք այդպես…»:

Անի ԱՎԱՆԵՍՅԱՆ / ԱրՊՀ, ժուռն., 2-րդ կուրս

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ

Ցավալի է, բայց փաստ է, որ ցեղասպանությունը դեռ չի ավարտվել և շարունակվում է՝ չդատապարտված մնալով: 1915թ., Մեծ Եղեռն՝ չճանաչված ու չդատապարտված համաշխարհային հանրության կողմից, 1988թ. փետրվար, Սումգայիթ՝ նորից նույնը, 2004 թ. Բուդապեշտ՝ հայ սպայի սպանություն, և այսօր՝ մեր օրերում, Ջուղա, Նախիջևան՝ հայկական հուշարձանների ոչնչացում…

Ո՞վ է մեղավոր, որ դարեդար շարունակվող այս ոճիրներից և ոչ մեկը, ինչպես հարկն է, չի դատապարտվել… Ինչո՞ւ մեղքը չփնտրել առաջին հերթին մեր մեջ՝ մեր սեփական թուլության մեջ:

Փետրվարի 28-ին Սումգայիթի զոհերի հիշատակի օրն էր, սգո և ոգեկոչման օր, երբ ամբողջ Արցախը ոտքի կանգնած՝ իր բողոքի ձայնը պիտի բարձրացներ, հատուցում պահանջեր… բայց…

Լրատվամիջոցները հայտնեցին. «Այսօր հարյուրավոր մարդիկ էին քայլում դեպի եղբայրական գերեզմանոց և այլն, և այլն…»:

Իսկ ո՞վ է համոզված, որ երթի մասնակիցների  թիվը հարյուրից անցնում էր… Թույլ տվեք ճշտել՝ կառավարության նախագահ, նախարար, պատգամավոր՝ իրենց թիկնապահներով ու տարբեր երիտասարդական միությունների ու կազմակերպությունների պետական և ոչ պետական բուհերի՝ երթի չափազանց փոքրաթիվ մասնակիցները հարյուրներ չեն, առավել ևս՝ ժողովուրդ, ազգ չեն, այլ դրա, ընդամենը, մի մասնիկը:

Ու սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այդ երթն էլ պարտականության նման ձևական մի բան էր, թող ներեն՝ եթե այդպես չէ: Ինչո՞ւ ձևական՝ կհարցնեք: Որովհետև այն կառավարությունը, որը 18 տարվա ընթացքում չի կարողացել ճշտել փետրվարի 28-ը օրացույցում՝ որպես համազգային սգո օր, չի էլ կարող իր ժողովրդի հետ մի բռունցք դարձած այդ օրը պատշաճին տուրք մատուցել իր զոհերի հիշատակին՝ ինչքան էլ բարձր ամբիոններից ճոռոմ ճառեր ասվեն:

Ի՞նչ արեցինք մենք, երբ Բուդապեշտում անմեղ հայ սպան կացնահարվեց հենց միայն այն պատճառով, որ հայ է: Ոչինչ: Իսկ ի՞նչ արեցին Ադրբեջանում: Ոճրագործին փորձում են հերոս դարձնել… Այդ օրերին հայությունը պիտի ցնցեր ողջ աշխարհը՝ դատապարտման իր հզոր ալիքով, բայց հանգստացանք՝ բավարարվելով մի քանի հոգով մի քանի անգամ մի երկու խոսք ասելով:

Ի վերջո, ո՞ւմ մեղադրենք՝ կառավարությա՞նը, ժողովրդի՞ն, միջազգային ատյանների՞ն… Առ այսօր մենք միասնական ազգային գաղափարախոսություն չունենք, հստակ չենք գիտակցում՝ ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում…

Սարինե ՀԱՅՐԻՅԱՆ / ԱրՊՀ, ,3-րդ կուրս

——————————————————————————————-

Պատմություն

ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՄԵԾ ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԲԵՌԼԻՆ»
կամ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու անզոր ճիգեր

Նախկինի մաոիստ և ներկայիս, այսպես կոչված, թուրքական աշխատավորական կուսակցության նախագահ Դոգու Փերինչեքը մեկ ամիս առաջ ուղևորվել էր Գերմանիա՝ կազմակերպելու «Արշավ դեպի Բեռլին» և իրականացնելու «Մեծ ծրագիր 2006»-ը: Նրան են միացել մի նախկին գլխավոր դատախազ« Թուրքիայի խորհրդարանի չորս պատգամավորներ« որից երեքը ներկայիս իշխանության՝ AKP-ի կուսակցության պատգամավորներ« ինչպես նաև խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահը և, վերջապես, ընտրություններին տանուլ տված Ռաուլ Դենկթաշը՝ Կիպրոսի հյուսիս-թրքական մասի նախկին նախագահը:

«Վերցրու դրոշդ և շտապիր Բեռլին»« «Մենք Արևմուտքին ցույց կտանք, թե ինչքան հզոր է Թուրքիան» պատերազմական կարգախոսների և «անխիղճ եվրոպացիները եթե շտապ չդադարեցնեն իրենց անհիմն ցեղասպանության մեղադրանքները« իրենց մայրաքաղաքները բոցավառվելու են ինչպես Փարիզը» սպառնալիքներով սկսեցին մեծ արշավը: Համարյա բոլոր գերմանական թերթերը ծաղրեցին ու քննադատեցին՝ «ծայրահեղ ազգամոլ» և «ռեակցիոներ» կոչելով այդ շարժումը: Շարժման նպատակն էր©

– մեծարել ոճրագործ Թալեաթ փաշային և բարձրացնել նրան ազգային հերոսի աստիճանին« քանզի նա էր« որ Փոքր Ասիան և Արևմտյան Հայաստանը մաքրեց թշնամիներից և, ի վերջո, Մուստաֆա Քեմալը թրքացրեց այն,

– չեղյալ համարել Գերմանիայի պետության կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը (ի դեպ, Բունդեստագի որոշման տեքստում չեն հիշված ոչ «ցեղասպանություն» և ոչ էլ «դեպորտացիա» բառերը – հեղ.),

– դադարեցնել Գերմանիայում թուրքերի նկատմամբ թշնամանքը,

– թույլ չտալ հայոց ցեղասպանության «սուտը» մտցնել գերմանական դպրոցական դասագրքեր (Գերմանիայի դպրոցական որևէ դասագրքում չկա որևէ հիշատակում հայոց ցեղասպանության մասին – հեղ.):

Ս. թ. մարտի 15-ի առավոտյան ժամը 11-ին« երբ 20-25 թուրքեր հայտնվեցին Շթայն հրապարակում՝ ծաղիկ դնելու ֆաշիստական Գերմանիայի զոհերի հուշակոթողին՝ ի մեծարումն Թալեաթ փաշայի (Թալեաթն իր արդար դատաստանը ստացել էր Սողոմոն Թեհլիրյանի կողմից« Հարդնբերգ և Ֆասան փողոցների համարյա անկյունում« որը գտնվում է 250-300 մ հեռավորության վրա): Հայկական ցեղասպանության ճանաչման հանձնախումբը արդեն ժամը 10-ից գրավել էր հուշարձանի շուրջբոլորը՝ իր պաստառներով և թռուցիկներով: Օգնության էին եկել նաև հույները« ասորիները և այլ ազգության ներկայացուցիչներ« ինչպես նաև քրդական ուսումնասիրության համաեվրոպական կենտրոնը«  TUDY –  մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունը« նաև քրդագիտությանն աջակցող բեռլինյան ընկերությունը:

Միջոցառման բուն նպատակն էր թույլ չտալ« որ ֆաշիստական զոհերի հուշակոթողը պղծվի ոճրագործ Թալեաթի մեծարումով:

20-35 ծաղիկավոր թուրքերին ուրիշ բան չէր մնում« քան քաշվել այգու անկյուններից մեկը, մի երկու ճառ արտասանելուց հետո ծաղիկները դնել ձյունոտ մարգի վրա և, միմյանց հետ դժգոհ վիճաբանելով, հեռանալ:

Մարտի 18-ին տեղի ունեցավ թուրքերի «մեծ արշավը»՝ հազարից ավելի մասնակիցներով« առանց Բեռլինում ապրող թուրքերի մասնակցության (քաղաքում ապրում են 250 հազարից ավելի թուրքեր)« հակահայկական կոչերով և պաստառներով: Ի պատասխան սրան« վերը նշված կազմակերպությունները կազմակերպել էին նախ հանրակառքով շրջագայություն« այցելելով հայերի հետ առնչվող վայրերը (Թալեաթ փաշայի պատժավայրը« Ա© Վեգների« Կոմիտասի ապրած բնակավայրերը և այլն)« իսկ օրվա երկրորդ կեսից հետո տեղեկատվական երեկո կազմակերպեցին նույն Հարդնբերգ փողոցի վրա գտնվող Գեղարվեստի համալսարանում՝ «Հայոց ցեղասպանության հիշողության դժվարությունները» անվանումով« որտեղ իր վերջին վեպից հատվածներ կարդաց թուրք հեղինակ Դողան Աքսանլին: Պատմաբան Հանս-Լուկաս Քիսերը դասախոսեց Թալեաթ փաշայի կենսագրության մասին: Հեղինակ« դերասան Գրիգոր Մելիքյանը և դերասանուհի Բեա էլերզը կարդացին Թալեաթ փաշայի դատավարության արձանագրությունից: Նուրեն՝ քուրդ մի երգչուհի« երգեց Եղեռնի հետ առնչվող մի քանի  երգ: Վերջում կազմակերպվեց կլոր սեղան՝ հարց ու պատասխանով: Միջոցառումը ճոխ էր և հաջող« սրահն էլ՝ լեցուն:

Ինչ վերաբերվում է ոստիկանության կողմից Թալեաթ փաշայի մեծարման «մեծ ցույց»¬ի արգելմանը (որոնց կարողացել էր համոզել դոկտ© Թեսա Հոֆմանը)« 2-րդ ատյանի Բեռլին-Բրանդենբուրգի կառավարչական դատարանը չեղյալ էր համարել՝ «ազատ կարծիքի իրավունք» հիմնավորումով և այն պայմանով« որ ոչ կոչերով և ոչ էլ պաստառներով չվիրավորեն և չժխտեն հայերի զանգվածային կոտորածները:

Այստեղ վստահաբար իր սև դերն էր ունեցել վաղեմի թուրք-գերմանական զինեղբայրությունը: Թուրքերը թե° կոչերով և թե° պաստառներով արտահայտվեցին, ինչպես ծրագրել էին, և դեռ դր. Փերինչեքը ցույցի վերջում երկարաշունչ ճառ արտասանեց« թեպետև այդ էլ արգելված էր:

Որ այս «մեծ արշավի» և Պոլսո համագումարի մեջ ուղղակի կապ կար« շատ հասկանալի է© սփյուռքահայերին ահաբեկել և զգուշացնել այն պետություններին« որոնք պատրաստվում են հայոց ցեղասպանությունը ճանաչել որպես այդպիսին: «Արշավ»-ը սկսվել է անցյալ տարի Շվեյցարիայից և Բեռլինից, հետո տարածվել է նաև Եվրոպայի մյուս մայրաքաղաքներում (ըստ Փերինչեքի): Թուրքերն իրենց ԶԼՄ-ներում այդ միջոցառումներն ուռճացրին և մեծ հաջողություն համարեցին: Գերմանիայի պաշտոնյաները տեղի տվեցին« իսկ մամուլն ու տեղյակ մտավորականությունը քննադատական մոտեցում ցուցաբերեցին այդ ցույցերին:

Ցավալին« այնուամենայնիվ« արհմիությունների կազմակերպության և մշակույթների Workshop-ի կողմից սրահների տրամադրումն էր այդ ռասայամոլներին: Մտահոգիչ էր նաև գերմանահայոց կենտրոնական խորհրդի և նրանց անդամ միությունների անտարբերությունն ու չեզոքությունը« որոնք ինչպես իրենց կայքէջում գրել էին՝ «ուշի-ուշով մոտիկից հետևում էին անցուդարձերին»:

ժիրայր ՔՈՉԱՐՅԱՆ

—————————————————————————————

ԱՅՍՕՐՎԱ ԹՈՒՐՔԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԵՆ 1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան: Չնայած Հայաստանի ձգտումներին, Թուրքիան ղարաբաղյան հիմնախնդրի չլուծվելու պատճառով դիվանագիտական հարաբերություններ չի հաստատում: Սակայն անցյալ տարի անցկացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ երկու երկրների քաղաքացիների միջեւ համագործակցությունը կարող է նպաստել լավ հարաբերությունների հաստատմանը: Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի պատասխանները հաստատում են այդ:

– Հայաստանի նոր Սահմանադրությունը չի արգելում երկքաղաքացիությունը: Ի՞նչ կկատարվի, եթե մեծանա սփյուռքի ազդեցությունը Հայաստանում քաղաքական գործընթացների վրա:

– Երկքաղաքացիության հարցը Հայաստանում դեռեւս քննարկվում է: Վերջնական որոշում առայժմ չկա: Սակայն ակնհայտ է, որ ինչպես եւ ցանկացած այլ երկրում, Հայաստանի քաղաքականությունը որոշում են Հայաստանում բնակվող մարդիկ: Թուրքիայում բավականին շատ սխալ դատողություններ գոյություն ունեն Հայաստանի մասին եւ, ընդհանուր առմամբ, բացասական ընկալում է ստեղծվում: Եւ դա Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց՝ Թուրքիայի կառավարության հրաժարվելու հիմնական պատճառներից մեկն է: Եթե մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ լինեին, ապա երկու երկրների ժողովուրդները կազդեին մեկը մյուսի վրա, եւ Թուրքիայում կհասկանային, որ Հայաստանից հեռու մնալու կարիք չկա:

Թուրքիայում շատերը մտածում են, որ եթե սփյուռքը չլիներ, ապա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները շատ լավ կլինեին:

Բայց եթե չկատարվեր այն, ինչ եղավ 1915 թվականին, ապա չէր լինի նաեւ սփյուռքը: Հայաստանը եւ սփյուռքը պահանջում են, որպեսզի ճանաչվեն եւ դատապարտվեն 1915 թվականի դեպքերը: Մյուս կողմից, փակ սահմանները, երկու երկրների միջեւ հարաբերությունների բացակայությունը թշնամացնում են մարդկանց եւ միայն խորացնում են երկու երկրների միջեւ անդունդը: Մեր ժողովուրդները նոր տպավորություններ կիսելու եւ անցյալի հիշողությունները նորով թարմացնելու առիթ չեն ունենում: Սփյուռքը, իհարկե, Հայաստանին լավագույնն է կամենում: Իսկ Հայաստանի համար լավագույնը բոլոր հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենալն է: Մենք հուսով ենք, որ թուրք ժողովուրդը նույնպես ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ հարեւանների հետ եւ սպասում ենք դրան:

– Արտասահմանի հայերը ձայնի իրավունք կունենա՞ն:
– Ոչ:
– Դուք հատուկ ուղերձ ունե՞ք թուրք ժողովրդին:

– Խաղաղությունը եւ կայունությունը հնարավոր են միայն այնտեղ, որտեղ գոյություն ունեն նորմալ հարաբերություններ եւ տարվում է երկխոսություն: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Էրդողանի՝ «պատմության հարցերի վերաբերյալ երկկողմանի հանձնաժողովի» ստեղծման մասին առաջարկություններին ի պատասխան ասել էր, որ այդպիսի հանձնաժողով կարելի է ստեղծել միայն երկու երկրների միջեւ, որոնք ունեն դիվանագիտական հարաբերություններ եւ որոնց միջեւ սահմանները բաց են, այդ դեպքում այն կարող է   միջկառավարական երկխոսության մաս դառնալ: Թուրքիան չպատասխանեց այդ առաջարկությանը: Եվրամիությունը նույնպես համարում է, որ նույնիսկ չնայած տարաձայնություններին, Թուրքիան պարտավոր է բարեկամական հարաբերություններ հաստատել իր բոլոր հարեւանների հետ: Թուրքիան  լուրջ խնդիրներ ունի մի քանի հարեւանների հետ, բայց նա դիվանագիտական հարաբերություններ է պահպանում բոլորի հետ, բացի Հայաստանից: Թուրքիան եւ Հայաստանը իրենց ներկա ընդհանուր սահմաններով միջազգային հանրության համար քաղաքական իրականություն են: Մյուս քաղաքական իրականությունն այն է, որ մենք հարեւաններ ենք եւ ապրելու ենք կողք-կողքի: Հայաստանը Թուրքիայի անվտանգության համար սպառնալիք չի ներկայացնում եւ դա նույնպես քաղաքական իրողություն է: Բավական է, որպեսզի սկզբում ընդառաջ քայլ կատարվի:

Սփյուռքն այլ կերպ է մտածում

Լոս-Անջելեսում World Affairs Council  կազմակերպության կազմակերպած գիտաժողովին («Թուրք-հայկական հարաբերությունները: Թուրքական հեռանկարը», ծ.գ. խմբ.) մասնակցեց Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Վեջդի Գենյուլը, որը հանդես եկավ «Եվրասիայում անվտանգության մթնոլորտի փոփոխությունը եւ Թուրքիայի ռազմավարական նշանակությունը» թեմայով զեկույցով: Տեղի հայերը բողոքի ցույց էին կազմակերպել, որին մասնակցում էին մոտ հազար մարդ: Դատելով պաստառներից, սփյուռքի հայերը ցեղասպանության համար ուղղակիորեն մեղադրում են Թուրքիային. «Թուրքիան ցեղասպանության մեղավորն է», «Վեջդի Գենյուլ=Թալեաթ Փաշա», «Մեր հաղորդածները հասցրեք Նեջդեթ Սեզերին» (Թուրքիայի նախագահը, ծ.գ.,խմբ.):

http://www.mediadialogue.org
Սեֆա ԿԱՊԼԱՆ
«Հյուրիեթ» թերթ /Թուրքիա/

 

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆՈՐ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ

Նրանք, ովքեր մասնակցություն են ունեցել Արցախյան գոյամարտին, եւ ողջ են, կարող են հայտնվել «Արցախյան գոյամարտի համահավաք» հատորյակում: Տեղը շատ է, բոլորին կհերիքի: Նախաձեռնության հեղինակ, «Շուշի» հիմնադրամի տնօրեն Բակուր Կարապետյանը ասում է, որ համահավաքը կլինի մոտ 50, նույնիսկ՝ 100 հատոր:

Առայժմ պատրաստ է մոտ 5 հատորի նյութ, եւ այն շուտով կհրապարակվի: Բակուր Կարապետյանի համոզմամբ, արցախյան գոյամարտի հերոսների, իրադարձությունների եւ նշանակալից պահերի մատենաշարը հիանալի ժառանգություն է սերունդներին: Այդ ժառանգությունը սերունդներին կկտակվի Արցախի պատերազմի մասնակից Արթուր Ալեքսանյանի եւ նրա կնոջ՝ Նինա Հովնանյան-Ալեքսանյանի հովանավորությամբ: Ավելացնենք, որ Նինա Հովնանյանը բարերար, Վահագն թաղամասի հիմնադիր Վահագն Հովնանյանի դուստրն է:

http://www.lragir.am

——————————————————————————————-

Մշակույթ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐԸ

2006-2007 ուս.տարվա բուհական ընդունելության քննություններում փոփոխությվուններ չեն լինելու: Այս մասին տեղեկացրել է ԼՂՀ ԿՄՍ նախարար Կամո Աթայանը: Նա տեղեկացրել է նաև, որ այս տարվանից կդադարի գործել հավաստագրերով քննությունների համակարգը: Փոխարենը՝ կտրամադրվեն լիմիտներ ըստ շրջանների կարիքների:

«Հավանաբար ամեն մի գյուղ ունի մի պրոբլեմ: Գյուղապետարաններն արդեն ստացել են համապատասխան ցուցումներ՝ նրանք մինչև մայիսի 20-ը մեզ կներկայացնեն այն տեղերի ցուցակը, որոնց կարիքը իրենք ունեն և ԱրՊՀ-ի այս տարվա ընդունելության պետական պատվերի տեղերի մի մասը մենք կբաժանենք ըստ շրջանների, որպես լիմիտներ»,- ասել է Կ. Աթայանը: Չի բացառվում նաև, որ գալիք տարի որոշ մասնագիտությունների ընդունելության քննությունները անցկացվեն նոր՝ գիտելիքների գնահատման կենտրոնի համակարգով: Թե դրանք ինչ առարկաներ կլինեն, ինչպիսի ընթացակարգով քննությունները կանցկացվեն, ԼՂՀ ԿՄՍՆ-ն սպասում է ՀՀ համապատասխան մարմնի նախաձեռնությանը: Նախարարը նշել է նաև, որ արդեն հաստատվել է այն մասնագիտությունների ցանկը, ըստ որոնց Արցախին տեղեր կտրամադրվեն Հայաստանի բուհերում: Այսպես՝ ԵրՊՀ-ից խնդրում ենք 11 տեղ, Երևանի ճարտարագիտական համալսարանից՝ 9 տեղ, Ճարտարապետության և շինարարության ինստիտուտից՝ 7 տեղ, Պետական տնտեսագիտական ինստիտուտից՝ 5 տեղ, Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտից՝ 4 տեղ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից՝ 5 տեղ, ԵԹԿՊԻ-ից՝ 3 տեղ, Գեղարվեստի ակադեմիայից՝ 1 տեղ, Հերացու անվան բժշկական ինստիտուտից՝ 5 տեղ, Գյուղակադեմիայից՝ 3 տեղ, Ռուս-հայկական համալսարանից՝ 5 տեղ: Ընդհանուրը՝ 60 տեղ:

Նորությունն այն է, որ պետությունն այս տարի տեղեր է խնդրել նաև վճարովի համակարգից: Նախարարը հաստատել է նաև այն լուրը, որ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտները կարող են մինչև ապրիլի 25-ը դիմել նախարարություն, մասնակցել պետական քննությունների և պետական նմուշի դիպլոմ ստանալ: Քննությունն ընդունելու են նույն պետական հանձնաժողովները, որոնք պետք է քննություն ընդունեն պետհամալսարանում:

Մեզ հետաքրքրել է նաև այն հարցը, թե ինչպես է նախարարությունը պայքարում բուհական կոռուպցիայի դեմ: Այդ հարցին ի պատասխան Կ. Աթայանը նշեց, որ այդ նպատակով իրենք անց են կացնում սոցիալական հարցումներ. «Մենք մեր հերթին ուզում ենք պարզել այդ մեխանիզմները, բայց, բնականաբար, լինում են դեպքեր, որոնց մասին մենք ոչինչ չենք իմանում: Համալսարանի ղեկավարությունը փորձում է ամեն ինչ անել, բայց ես չեմ կարող ասել, որ դա լիարժեք է կատարվում, ու մենք կարող ենք արմատախիլ անել կոռուպցիան: Դժբախտաբար, այն բոլոր ազդակները, որոնցից մենք պետք է իրազեկվենք, երևի լիարժեք չեն գործում»,- ասել է նախարարը: Նա նշել է նաև, որ պետհամալսարանում եղել են դեպքեր, երբ մարդիկ կաշառակերության համար զրկվել են դասախոսելու իրավունքից, սակայն վերջին տարիներին կաշառակերության համար ոչ ոք բուհից չի ազատվել:

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

 

ՌՈԲԵՐՏ ԱՍԿԱՐՅԱՆ. «ԱՅՆ, ԻՆՉ ՊԻՏԻ ԱՍԵՄ՝ ԿԱԽՎԱԾ Է ՊԱՏԵՐԻՑ»

Ծնվել է 1956 թ. Ստեփանակերտում:

Ավարտել է Երևանի Մ. Սարյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Գեղանկարչական ու քանդակագործական (փայտ ու քար) բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է: 1980-83թթ. ապրել ու ստեղծագործել է Մոսկվայում:

Ասկարյանի մի շարք գործեր գտնվում են Հայաստանի մշակույթի ֆոնդում և տեղի ու արտասահմանյան մասնավոր հավաքածուներում: Նրա քանդակներից տեղադրված են Արցախի ու Հայաստանի քաղաքներում: Մասնակցել է քանդակի արցախյան երկու սիմպոզիումներին (1996 և 1997թթ.): 2000¬2001թթ. մասնակցել է Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված հայաստանյան« ապա և՝ միջազգային սիմպոզիումներին: 2004թ. անհատական ցուցահանդես է ունեցել Լիտվայի Կաունաս քաղաքում« միաժամանակ այնտեղ կերտել ու տեղադրել Գ. Նարեկացու «Մատյանի» 1000-ամյակին նվիրված խաչքար: 2005թ. Բրազիլիայում մասնակցել է քանդակի միջազգային սիմպոզիումին« Սան-Պաուլոյում բացել անհատական ցուցահանդես: Ռ. Ասկարյանը ձևավորել է կինո եւ թատերական բեմադրություններ« իր աշխատանքներով զարդարել եկեղեցիներ ու թանգարաններ:

Ստեփանակերտի քաղաքային պատկերասրահում օրերս բացվեց ՀՀ և ԼՂՀ նկարիչների միության անդամ Ռոբերտ Ասկարյանի հոբելյանական անհատական ցուցահանդեսը: 50-ամյա արվեստագետն արցախցի արվեստասերներին ներկայացրել է առավելապես իր կտավները՝ թեմատիկ բազմազանությամբ, յուրատիպ մտածողությամբ ու կատարմամբ:

Արցախցի գեղանկարիչ-քանդակագործն իր ավելի քան 30-ամյա ստեղծագործական ճանապարհին աշխարհը, մարդկային կյանքը դիտարկել է իր ողջ գունագեղությամբ, ինքնարտահայտման համար գեղանկարից մերթ անցնելով քանդակի, մերթ՝ գրաֆիկայի, միաժամանակ՝ ստեղծելով կիրառական արվեստի ինքնատիպ գործեր:

Ասկարյանի ստեղծագործություններին արվեստասերները ծանոթ են դեռևս 70-ական թվականների վերջերից, երբ նրա գործերն առաջին անգամ ցուցադրվել են Երևանում ու Մոսկվայում: Այնուհետև նա ավելի քան մեկևկես տասնյակ ցուցահանդեսներ է ունեցել Լենինգրադում ու Տալինում, Ստեփանակերտում ու Լիոնում, Նյու-Յորքում ու Բեռլինում, Թեհրանում ու Վեյմարում, Կաունասում ու Սան-Պաուլոյում:

Արվեստագետի հոբելյանական ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԼՂՀ բարձրաստիճան անձինք՝ ԱԺ-ից ու կառավարությունից, գրողներ ու նկարիչներ, ուսուցիչներ ու ուսանողներ, մարդիկ, որոնց կյանքում շարունակում է իր ուրույն տեղն ունենալ արվեստը: Նկարիչ-արվեստագետի անցած բեղմնավոր ստեղծագործական կյանքի մասին ներկաներին համառոտակի ծանոթացրեց բանաստեղծ Հրանտ Ալեքսանյանը: Շնորհավորեցին և իրենց սրտի խոսքն ասացին ԿՄՍ նախարար Կամո Աթայանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, նկարիչների միության նախագահ Լենորդ Զաքարյանը, նկարիչ-քանդակագործ Առնոլդ Մելիքսեթյանը, սիրված երգիչ Տիգրան Մկրտչյանը (վերջինս անշուշտ՝ երգով) և այլք:

Պարզ ու հասարակ էր հոբելյարի խոսքը: Շնորհակալություն՝ ջերմ խոսքերի ու ցուցահանդեսին ներկայանալու համար և՝ «Այն, ինչ պիտի ասեմ՝ կախված է պատերից»:

Իսկ «պատերից կախված է» ասկարյանական գունագեղ մի աշխարհ՝ «Ընտանիք», «Ճանապարհ», «Մենք» և դարձյալ Մենք՝ մեր ինքնատիպ կերպով ու միջավայրով, «Հույս, Սեր, Հավատ»-ով՝ «Կրկես»-ից մինչև «Դրախտի դռները»…

Սակայն լսենք նաև մեր արվեստագետներին:

Առնոլդ Մելիքսեթյան – Ռոբերտ Ասկարյանին գիտեմ իր առաջին քայլերից: Մեր գործընկերներից մեկը հենց նոր այն միտքը հայտնեց, որ անհատական ցուցահանդեսը հնարավորություն է տալիս առավել ռեալ կարծիք կազմել նկարչի մասին: Եվ, անկեղծ ասած, ինչ-որ տեղ անակնկալ պահ էլ կար: Տպավորությունս շատ լավ է: Բավական լուրջ, հասունացած արվեստագետ է և, ամենագլխավորը՝ Ասկարյանի գործերում արտացոլվում է Ղարաբաղի շունչը և ոգին:

Հրանտ Ալեքսանյան – Մեր ժամանակի անկեղծ ու խոսուն տարեգիրը լինելով՝ Ռ. Ասկարյանն արդիական է ոչ միայն իր գեղարվեստական ուրույն, անշփոթելի մտածողությամբ ու կատարմամբ, այլև թեմատիկ բազմազանությամբ, որ մեր առջև բացում է կյանքի թե° ողբերգական և թե° հրաշալի թերթերը:

Սամվել Գաբրիելյան – Ռոբերտին վաղուց գիտեմ: Գիտեմ նաև, որ արվեստի մեջ նա իրեն չի կեղծում: Ասվածի վկայությունն այսօրվա ցուցահանդեսի գործերն են: Նա անում է այն, ինչ կարողանում է անել՝ իր հնարավորության սահմաններում: Չնայած բոլորն են աշխատում իրենց հնարավորության սահմաններում, բայց երբ անկեղծ ես՝ կատարած աշխատանքդ որակ է ապահովում: Այդ անկեղծ որակն այսօր առկա է: Նկարելուց բացի նկարիչը նաև իր մտածողությունն է արտացոլում կտավներում, իր ներաշխարհն է բացահայտում, տեսնում իր լավն ու բարին:


Ն. ԱԴԱՄՅԱՆ

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼ ԵՆ

Ավարտվել է պատանի դաշնակահարների Առնո Բաբաջանյանի անվան մրցույթը: Սա հանրահայտ կոմպոզիտորի անունը կրող  թվով երկրորդ մրցույթն է, որ անց է կացվում Արցախում: Ի տարբերություն նախորդ տարվա, այս մրցույթին մասնակցեցին թվով 19 պատանի երաժիշտներ՝ ԼՂՀ գրեթե բոլոր շրջանների երաժշտանոցներից: Ուշագրավն այն է, որ երեք տարիքային խմբերից միայն Ստեփանակերտի երաժշտական վարժարանի 5-րդ դասարանի սան 9-ամյա Անահիտ Առուշանյանը գրավեց առաջին տեղը՝ հետևում թողնելով ոչ միայն երաժշտական դպրոցների, այլ նաև երաժշտական ուսումնարանի սաներին:

«ԵՂԻՇԵՆ» ՀԱՆՁՆԵԼ ԵՆ

Հաստատվել են ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակաբաշխության 2005 թվականի արդյունքները: Գրականության ասպարեզում հաղթող է ճանաչվել «Ազատ Արցախ» թերթի խմբագիր, արձակագիր Մարսել Պետրոսյանը: Արվեստի բնագավառում հաղթել են նկարիչներ Հովիկ Գասպարյանը և Լիանա Քոչարյանը, գիտության բնագավառում՝ ԱրՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Համլետ Գրիգորյանը և մանկավարժական գիտությունների դոկտոր Գրիշա Հարությունյանը: Միակ խրախուսական մրցանակը շնորհվել է Արցախի լավագույն մանկավարժ Խորեն Ղազարյանին:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ապրիլի 5-ին կայացավ արցախյան պատերազմի մասնակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ներկայացված էին Սերգեյ Առստամյանի, Յուրի Հովհաննիսյանի, Ռաֆայել Պետրոսյանի, Արտակ Պողոսյանի և Գևորգ Սարգսյանի մոտ 30 նկարներ ու քանդակներ:

—————————————————————————————–

Զվարճասրահ

ԱՎԱՆԱԿԻ ՎԱԽՃԱՆԸ

Էշը բարեկամ ուներ վերևում
Ու մեր աշխետ ձին լավ էր իմանում,
Լավ էր իմանում, բայց…
էլի էշին էշ էր անվանում,
Եվ մարդիկ լսում, չէին զարմանում:
Չէին զարմանում, քանզի գիտեին,
Որ ամեն գործում նրան սատար է
կանգնում իր «քեռին»:
Տարին բոլորեց, եկավ նոր տարի
Ու «քեռու» կամոք էշը մեծ շուքով
բազմեց Աթոռի:
Եվս մի տարի եկավ ու անցավ,
Էշը ավելի սաստիկ էշացավ:
Իր շուրջը նայել նա չէր կամենում,
Ու վերևից էր խեղճ մարդկանց նայում.
Իր ով լինելը և իր ծագումը,
ասես, մոռացել,
Ինքն իր աչքում նժույգ էր դարձել:
Արդարություն էր քարոզում անվերջ,
Թեև խրված էր հազար կեղտի մեջ.
Գոհ էր իր բախտից և իր համետից,
Եվ ձևանում էր մաքուր ու անբիծ:
Այսպես մեր էշը հենց մեր օրերում
Գիշեր ու ցերեկ փառք էր որոնում.
Ի՞նչ փույթ, թե մեկը հաց չուներ տանը,
Կամ թե բոբիկ է փոքրիկ Վարդանը:
Ի՞նչ փույթ, թե մարդիկ ինչ են մտածում,
Ում են անիծում, կամ ում նկատմամբ
մեծ հարգանք տանում.
Նա ամբողջ օրը հանգիստ, անվրդով
Հրահանգներ էր տալիս հաճույքով:
Փորձում էր իշխել բոլորի վրա
Ու շրջապատում խելոք երևալ,
Իր էշ խելքովը հարցեր էր «լուծում»
Իրեն անսխալ ու գիտուն կարծում:
Ում որ տեսնում էր՝ ամենից առաջ
Խղճից էր խոսում՝ իր խիղճը կորցրած,
Նա իր Աթոռից դենը չէր տեսնում՝
Ու իր «ես»-ն էր միշտ գերադասում:
Ճարահատ մարդիկ մի օր գնացին,
Առյուծ արքային խիստ բողոքեցին.
Ասացին՝ սա էլ որերորդ անգամ
Մենք դիմում ենք քեզ,
մեր տեր, մեր Արքա:
Ու պահանջում ենք՝ էլ չհանդուրժել,
Էն ավանակին խստորեն պատժել:
Թե չէ՝ երդվում ենք, էլ չենք լռելու,
Աթոռամոլին կորցրեք հեռու…
Առյուծը լսեց, լսեց բոլորին,
Նոր հարցեր ուղղեց ձիուն ու կովին,
Եվ խիստ հրաման տվեց մի վերին՝
Էշին վերստին կապել ախոռին:

Միքայել ԲԱԼՅԱՆ
Թոշակառու ուսուցիչ, գ. Մեծ Թաղեր

 

ՆՈՐ ԿՈՍՏՅՈՒՄ

Վազգեն ՕՎՅԱՆ

Կոստյումս հնացել« գույնը գցել էր« հարկավոր էր նորը գնել:

– Բան չկա,- ասաց կինս«- բանաստեղծություններդ կտպագրվեն« հոնորարով կառնենք:

Բանաստեղծություններս տպագրվեցին« գունավոր հեռուստացույց գնեցինք:

– Ի՞նչ ես քիթդ կախել«- կինս ճիշտ էր« քիթս կախել էի,- պոեմդ կտպագրվի« նոր կոստյում կառնենք:

Պոեմս տպագրվեց« դաշնամուր գնեցինք« և կինս տեսնելով փչացած տրամադրությունս« հուսադրեց.

– Բան չկա« թանկագինս« թատրոնը կընդունի պիեսդ« կոստյումն էլ ետևից կգա:

Պիեսս թատրոնն ընդունեց« ետևից իմպորտնի գառնիտուրը եկավ:

Ես արդեն լրիվ հուսահատվել էի« բայց կինս՝

– Գիրքդ հենց որ տպագրվեց« աշխարհի ամենալավ կոստյումը կգնենք քեզ համար:

Գիրքս տպագրվեց« հոնորարը ստացա« կնոջս տրամադրությունը հասավ գագաթնակետին.

– Սիրելիս«- ասաց«- արի մենք էլ ուրիշների նման տուրիստական ուղեգրով մի քիչ պտտվենք և աշխարհ տեսնենք:

– Բա՞ կոստյումը…

– Ա¯խ« կոստյումը«- հիշեց կինս և տեղն ու տեղը գյուտ արեց«- ճանապարհորդական նոթեր կգրես« կոստյումիդ փողը կգա:

Իմ հին կոստյումով կնոջս հետ ելա արտասահմանյան ճանապարհորդության« մի ամսում գրքիցս եկած հոնորարը քամուն տվեցինք« և ես նոր կոստյում գնելու պայծառ հեռանկարով նոթերս հանձնեցի տպագրության« հոնորարը ստացա« և կինս հիշեց.

– Գիտես, չէ՞« վաղը մարտի ութն է:

– Հետո ի՞նչ…

– Ինձ համար մի լավ վերարկու կգնես:

– Իսկ կոստյո՞ւմս:

– Ասա, խնդրեմ« ո՞վ է լսել« որ կանանց տոնին կանայք իրենց ամուսինների համար որևէ նվեր գնեն: Մեծ բան չէ« նստիր թերթի համար կանանց տոնին նվիրված մի հրաշալի բանաստեղծություն գրիր« կոստյումը կլինի:

Գրեցի« տպագրվեց« հոնորարը ստացա և որոշեցի այս անգամ չնահանջել ու սպառնացի.

– Կնի°կ« եթե այս անգամ կոստյում չգնենք ինձ համար« քեզ կթողնեմ աշխատավարձիս հույսին կամ կբաժանվեմ:

Դա իսկապես ազդեց« խանութից մի հրաշալի կոստյում գնեցինք« տղաս« որ արդեն իմ բոյ-բուսաթին էր« մտավ իմ նոր կոստյումի մեջ և ասաց.

– Չափած¬կարած վրաս է:

Կինս խեղճ-խեղճ նայեց ինձ« վիզը խեղճ-խեղճ ծռեց.

– Արի երեխայի սիրտը չկոտրենք:

– Ուրեմն նորի՞ց մնամ առանց կոստյումի:

– Սիրելիս« ախր, ինչո՞ւ ես այդպես շուտ հուսահատվում, նստիր մի բան գրիր« տուր տպագրության« կոստյումիդ փողը կգա:

Եվ ես նստեցի ու գրեցի այս բանը: Բայց« այնուամենայնիվ, տարակուսանքի մեջ եմ. «այս բանից» կոստյո՞ւմ դուրս կգա, կոստյումացո՞ւ, թե՞ տղամարդու գլխարկ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s