№ 7 / 29 ապրիլ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՒՍԱՓԵՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

Անկախ ամեն ինչից՝ ղարաբաղյան կարգավորման թեմայով խորհրդարանական լսումների անցկացումն ինքնին դրական երևույթ է: Իսկը ժամանակն է հիշեցնելու, որ վաղուց արդեն նման քննարկումներ չեն եղել, և վաղուց արդեն արցախյան խորհրդարանը չէր կատարում իրեն վերապահված երեք հիմնական գործառույթներից մեկը՝ քաղաքական մարմին չէր:

Լսումներն, ամեն ինչից զատ, միտված էին նաև խորհրդարանի դերի բարձրացմանն ու արժեվորման-կարևորմանը: Էն գլխից ասենք, որ սա և հաջողվեց, և չհաջողվեց: Լսումները, որքան էլ տարօրինակ հնչի, և օգնեցին այդ նպատակին մոտենալու, և վնասեցին: Ինչ որ է, մեծ հաշվով սա մի քայլ առաջ էր, ինչը հնարավոր չէ չողջունել:

Ո՞րն էր, սակայն, լսումների հիմնական իմաստը: Արցախյան հանրությունն ուզում էր իմանալ, թե ինչպիսին է իրական վիճակը ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացում, ի՞նչ հարցեր են քննարկվում, ո՞ր հարցերում է պայմանավորվածություն ձեռք բերվել, ի՞նչ հարցերում կողմերը լեզու չեն գտնում: Հանրությանը հետաքրքրում էր նաև, թե ինչու Լեռնային Ղարաբաղը դադարել է բանակցային կողմ լինելուց, հակամարտության սուբյեկտից վերածվել օբյեկտի, ու՞մ թերացումների արգասիքն է սա, ԼՂՀ իշխանությունները, ղարաբաղյան արտաքին քաղաքականության պատասխանատուները մինչև հիմա ի՞նչ են արել վիճակը շտկելու, նորանկախ երկրի միջազգային ճանաչման և տարածաշրջանում ղարաբաղյան գործոնի ամրապնդման համար:

Միանգամից ասենք, որ այս հարցերի պատասխաններն այդպես էլ չհնչեցին: Եւ ճիշտ էր փորձագետ Ալ. Մանասյանի այն կարծիքը, որ սրանք, ըստ էության, լսումներ-քննարկումներ չէին, քանի որ դրանք արվել էին ոչ փորձագիտական մակարդակով: Այսինքն՝ լսումները կամ պիտի կազմակերպվեին վերոհիշյալ հարցերի պատասխանները ստանալու համար, որպեսզի դահլիճը չվերածվեր «անտեղյակների ակումբի», կամ էլ պիտի անցկացվեին փորձագիտական մակարդակով: Մինչդեռ ընտրվեց «կլորսեղանային»՝ տվյալ պարագային  ոչ այնքան հարիր ձևը՝ տեղիք տալով ոմանց տրտունջին առ այն, որ «ով ուզում է՝ խոսում է»:

Լսումներին նախորդած անհասկանալի զարգացումները ցույց տվեցին, որ գործող իշխանություններն ամեն ինչ անելու են խորհրդարանական լսումների եւ ընդհանրապես խորհրդարանի դերի նվազեցման համար և փորձելու են խուսափել հաշվետվությունից: Այս դիրքորոշումը ավելորդս երևակեցին խորհրդարանում ճնշող մեծամասնություն կազմող խմբակցությունների ղեկավարները, լսումներից առաջ կարծիք հայտնելով, որ առանձնապես ոչինչ չեն ակնկալում նման միջոցառումից:

Իշխանություններն ու խորհրդարանի ղեկավարությունն ամեն ինչ արեցին, որպեսզի ոչ թե հանրությունը լսի իշխանություններին, այլ ընդհակառակը, ինչն ուղղակի անտրամաբանական է, որովհետև հանրությանը լսելու առիթ իշխանությունը միշտ էլ ունեցել է, այդ հանրությունն է, որ իշխանություններին լսելու առիթ գրեթե չի ունեցել: Փաստենք՝ լսումներին չմասնակցեցին ԼՂՀ նախագահը, որ 1993-ից ի վեր տիրապետում է բանակցային գործընթացի մանրամասներին և ԼՂՀ պաշտպանության նախարարը, ինչպես նաև ՀՀ արտգործնախարարը:

Մեր տպավորությունները, կարելի է ասել, հակասական են: Մի կողմից՝ խորհրդարանի դերը կարծես թե բարձրացավ նման լսումներով, և խորհրդարանը կարծես թե սկսեց ներգրավվել կարգավորման գործընթացում: Մյուս կողմից էլ՝ խորհրդարանի հեղինակությունը կրկին տուժեց, քանի որ նրան պարզապես լուրջ չէին ընդունել, այլ լսումների տեսքով «պարապ վախտի խաղալիք» են տվել ձեռքը:

Եւ վերջին հանգամանքը: Եթե ԼՂՀ բարձրագույն ղեկավարությանը թվում է, թե նման ձևով կարելի է խուսափել հաշվետվությունից ու պատասխանատվությունից, ապա դա մոլորություն է: Խորհրդարանին ու հանրությանը խաղից դուրս վիճակում թողնելը հակառակն է նշանակում, այն է՝ պատասխանատվության միանշանակ ու անվիճարկելի ստանձնում:

——————————————————————————————-

ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ Է ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ
Կայացավ ՀՀ և ԼՂՀ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը

ԼՂՀ ԱԺ պատգամավորները չեն կարող ընդգրկվել ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության կազմում. այս մասին Ստեփանակերտում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը՝ ՀՀ և ԼՂՀ միջխորհրդարանական հանձնաժողովի Ստեփանակերտում կայացած նիստից հետո:

Նա նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը վերջին տարիներին ակտիվորեն քննարկվել է եվրոպական կառույցներում: Մասնավորապես, ԵԽԽՎ-ն  2005-ին ընդունել է թ.1416 բանաձեւը, որն առնչված է հակամարտության կարգավորմանը, նորերս բանաձեւ է ընդունվել փախստականների վերաբերյալ եւ համապատասխան փաստաթուղթ է պատրաստվում անհայտ կորած անձանց մասին: ԵԽԽՎ-ում աշխատում է նաեւ ժամանակավոր հանձնաժողով՝ լորդ Ռասել Ջոնստոնի ղեկավարությամբ: Տ. Թորոսյանը տեղեկացրել է, որ աշնանը հանձնաժողովի անդամները կայցելեն Ղարաբաղ:

Խոսելով եվրոպական կառույցներում հայկական կողմի տարած աշխատանքների մասին՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ հայկական  պատվիրակությանն առ այսօր հաջողվել է ապահովել քննարկումների՝ մեզ համար բարենպաստ հունը, հատկապես   Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցում:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ բանաձեւին, որում կողմերին կոչ է արվում դադարեցնել ռազմատենչ հայտարարությունները եւ չվերսկսել պատերազմը, ապա, ըստ Թորոսյանի, այդ բանաձեւի պահանջների կատարումը վերահսկելու մեխանիզմներ չեն մշակվել: Ըստ երևույթին, Ռասել Ջոնստոնի հանձնաժողովի իրավասություններն երկարաձգվել են հենց այդ նպատակով, որպեսզի այն վերահսկի բանաձեւի կատարումը:

Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկվել է նաեւ ԼՂՀ Սահմանադրության մշակման հարցը: Ըստ ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցի, Սահմանադրությունն ընդունվելու է մինչեւ տարեվերջ, և այդ հարցում ԼՂՀ-ն ակնկալում է Հայաստանի աջակցությունը: Հյուսնունցի խոսքերով, ԼՂՀ Սահմանադրությունը կտարբերվի Հայաստանի Սահմանադրությունից իր առանձնահատկություններով:

Իսկ պատասխանելով իրանա-ամերիկյան հարաբերությունների՝ ղարաբաղյան կարգավորման վրա հնարավոր ազդեցության մասին հարցին, Տիգրան Թորոսյանը նշել է, որ կոնկրետ իրադարձությունները պարտադիր ազդեցություն ունենում են կոնկրետ հակամարտությունների վրա, սակայն ԱՄՆ-ի հնարավոր հարվածները այն հարցը չէ, որ պետք է քննարկվեր համատեղ հանձնաժողովի նիստում. «Ես հուսով եմ, որ հարվածներ չեն լինի, իսկ եթե լինեն՝ դա չի ազդի հակամարտության կարգավորման վրա»:

 Սեփ. լրատվություն

ԱՊՐԻԼԻ 24

1915 թ. հայերի ցեղասպանությունից 91 տարի անց այս ոճրագործությունը ճանաչել եւ դատապարտել է 19 երկիր եւ Եվրամիությունը: Ուրուգվայը հայերի ցեղասպանությունը ճանաչել է 1965 թ.՝ խորհրդարանի որոշումով, իսկ 2004-ին՝ օրենքով: Կիպրոսը ճանաչել է 1982 թ.՝ խորհրդարանի բանաձեւով, Եվրամիությունը 1987-ին, 1998-ին, 2000-ին, 2001-ին, 2002-ին եւ 2005-ին ճանաչել է եւ ընդունել հայերի ցեղասպանությունը դատապարտող բանաձեւեր:

Արգենտինայի խորհրդարանը բանաձեւեր է ընդունել 1993-ին եւ 2005-ին, իսկ 2004-ին ցեղասպանությունը ճանաչել է օրենքով: ՌԴ Պետդուման բանաձեւ է ընդունել 1995 թվականին: Կանադայի խորհրդարանը հայերի ցեղասպանությունը դատապարտող բանաձեւեր է ընդունել 1996, 2002, 2004 թթ.: Հունաստանի խորհրդարանը համանման բանաձեւ է ընդունել 1996 թվականին: Լիբանանը եւս հայերի ցեղասպանությունը ճանաչել է բանաձեւերով‘ 1997 եւ 2000 թվականներին: Բելգիայի խորհրդարանը բանաձեւ է ընդունել 1998-ին: Ֆրանսիայի խորհրդարանը որոշումներ է ընդունել 1998 եւ 2000 թթ., իսկ 2001-ին ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել է օրենքով: Շվեդիան ընդունել է 2000 թ. խորհրդարանի զեկույցով: Նույն տարում հայերի ցեղասպանությունը ընդունել են նաեւ Վատիկանը եւ Իտալիան: Շվեյցարիան հատուկ բանաձեւ է ընդունել 2003-ին, Սլովակիան եւ Հոլանդիան՝ 2004-ին: Գերմանիան, Լիտվան, Լեհաստանը հայերի ցեղասպանությունը դատապարտող որոշումներ են ընդունել 2005-ին:

Մեծ ութնյակի երկրներից՝ ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա, Կանադա, Գերմանիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, ՌԴ, հայերի ցեղասպանությունը ճանաչել են հինգը: Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ճանաչել հայերի ցեղասպանությունը: Սակայն ԱՄՆ 51 սուբյեկտների մեծ մասը՝ 29-ը, ճանաչել է: Դրանք են՝ Ալյասկա, Արիզոնա, Արկանզաս, Կալիֆորնիա, Կոլորադո, Կոնեկտիկուտ, Ֆլորիդա, Ջորջիա, Իլինոյս, Մեն, Մերիլենդ, Մասաչուսեթս, Միչիգան, Մինեսոտա, Միսուրի, Նեւադա, Նյու Հեմփշիր, Նյու Ջերսի, Նյու Մեքսիկո, Նյու Յորք, Օկլահոմա, Օրեգոն, Փենսիլվանիա, Ռոդ Այլենդ, Հարավային Կարոլինա, Վիրջինիա, Վիսկոնսին, Մոնտանա, ֆեդերալ օկրուգ Վաշինգթոն:

«Լրագիր»

——————————————————————————————-

Ներպետական

Ազգային Ժողովի նիստում

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ԴԵ՞Մ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

կամ՝ ոմանք, պարզվում է, փորձում են բռնատիրանալ խորհրդարանին

ԼՂՀ Ազգային ժողովի ապրիլի 19-ի լիագումար նիստում մի բավականին բարդ կնճիռ եղավ: Խնդրո առարկան «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խմբակցության անդամներ Գագիկ Պետրոսյանի և Հովիկ Ջիվանյանի հեղինակած երկու օրինագծերն էին, մեկը՝ «ԼՂՀ Ազգային ժողովի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», մյուսը՝ «ԼՂՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»: Ըստ ներկայացված օրինագծերի, ԱԺ նախագահությունը որպես ինստիտուտ վերանում է՝ տեղը զիջելով աշխատանքային խորհրդակցությանը (խումբ-խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ): Օրինագծերը ևս մի քանի նշանակալից փոփոխություններ էին ներառում՝ միտված խորհրդարանական գործունեության ժողովրդավարացմանը, քաղաքական ուժերի կայացմանն ու նրանց դերի բարձրացմանը:

«Հայրենիք» խմբակցության նախաձեռնությունը պաշտպանեց «ՀՅ Դաշնակցություն – Շարժում – 88» պատգամավորական խումբը: Սակայն խորհրդարանում մեծամասնություն կազմող Արցախի ժողովրդավարական կուսակցության (նախկինում՝ ԺԱՄ) «Ժողովրդավարություն» խմբակցությունը քվեարկության ժամանակ վիժեցրեց օրինագծերի ընդունումը:

Պատգամավորական հայտարարությունների ժամանակ Գագիկ Պետրոսյանն էլ կոշտ գնահատական տվեց այդ ամենին և մի քանի մանրամասներ բացահայտեց: Մասնավորապես այն, որ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը դեմ է եղել խնդրո առարկա օրինագծերին նաև այն պատճառով, որ ըստ դրանց՝ բոլոր պատգամավորներին աշխատանքային խորհրդակցություններին մասնակցելու իրավունք է վերապահվում: Գ.Պետրոսյանը շատ տարակուսելի համարեց սա, քանի որ ստացվում է, որ պատգամավորներն, օրինակ, կառավարության նիստերին մասնակցելու իրավունք ունեն, բայց ԱԺ աշխատանքային խորհրդակցություններին՝ ոչ: Մեզ էլ է թվում, որ հիմնավոր չէ Ա.Ղուլյանի այն կարծիքը, ըստ որի խորհրդակցությունները կվերածվեն լիագումար նիստերի: Հակված չենք կարծելու, թե պատգամավորները գիշերուզօր սպասելու են հերթական խորհրդակցությանը, որպեսզի, Աստված մի արասցե, բաց չթողնեն այն: Համենայն դեպս, պատգամավորները երբևէ չեն հեղեղել կառավարության նիստերի դահլիճը:

Ինչ որ է, պատգամավոր Գ.Պետրոսյանը, փաստելով «Ժողովրդավարություն» խմբակցության մերժողական կեցվածքը, այն տրամաբանական եզրակացությանն է հանգել, որ հիշյալ խմբակցությունը դրանով իսկ հավաստել է, որ ԱԺ ղեկավարության խորհրդակցություններում բոլորից թաքուն հարցեր ունեն քննարկելու: Պատգամավորը կատարվածը գնահատեց որպես «Ժողովրդավարություն» խմբակցության որոշ անդամների կողմից Ազգային ժողովին բռնատիրանալու փորձ:

Խորհրդարանի խոսնակը հանդես եկավ պատասխան հայտարարությամբ՝ օրինագծերի չընդունումը պատճառաբանելով այն հանգամանքով, որ դրանք լավ չեն մշակված և խորհուրդ տվեց ոչ թե կամայական մեկնաբանություններ անել, այլ ուշադրությունը բևեռել ներկայացվող օրինագծերի որակին:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՔՍԵՐՈ՞ՔՍ Է

կամ՝ արտոնություններ «սավառնող» քաղծառայողների համար

Ինչպես հայտնի է, խորհրդարանին սովորաբար երեք գործառույթ է վերապահվում. օրենսդրական, կառավարության գործունեության վերահսկում և քաղաքական մարմնի գործառույթ: Սակայն արցախյան խորհրդարանն, ըստ երևույթին, չորրորդ գործառույթն էլ ունի: Ըստ պատգամավոր Մաքսիմ Միրզոյանի՝ դա քսերոքսի գործառույթն է: Պատգամավորին նման տխուր եզրակացության հիմք է տվել այն հանգամանքը, որ մեր օրենսդիրները հաճախ պարզապես կուրորեն պատճենում են ՀՀ համապատասխան օրենքները, տեքստերում «ՀՀ»-ն պարզապես փոխելով «ԼՂՀ»-ի:

Իսկ առիթը ԼՂՀ Ազգային ժողովի ապրիլի 19-ի լիագումար նիստում քննարկման ներկայացված «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծն էր: Հայաստանում ընդունվել է նման օրենք, ըստ որի բարձր լեռնային գոտում (ծովի մակերևույթից 2000 մետր բարձրություն) աշխատողների համար սահմանվել են որոշակի արտոնություններ: Մեր օրենսդիրները պատճենել են այն, հաշվի չառնելով, որ նման բարձրության վրա  «սավառնող» արցախցի քաղծառայողներ չկան, կան միայն արծիվներ, որոնց համար արտոնություններ, սակայն, սահմանված չեն:

Նիստում պատգամավորներն ամենայն լրջությամբ և տևական ժամանակ քննարկում էին «բարձրլեռնային» բառը «լեռնային» բառով փոխարինելու դժվարություններն ու խոչընդոտները, ինչն էլ համբերությունից հանել էր պատգամավոր Մ.Միրզոյանին: Ավելացնենք, որ ԱԺ նախագահ Ա.Ղուլյանը պարզունակ համարեց պատգամավորի նման համեմատությունը:

ՈՒՍՏԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԻ ՄԵՏՐ ՁԱԽ, ՄԻ ՄԵՏՐ ԱՋ…

Ապրիլի 19-ի լիագումար նիստում կառավարությանը հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը տարակուսանք հայտնեց առ այն, որ վերջին մարաթոնից անգամ հինգ ամիս անց դեռ չեն ամփոփվել վերջնական արդյունքները, չեն սկսվել ծրագրով նախատեսված աշխատանքները, հանրությունը տեղյակ չէ, թե խոստացված 7,7 միլիոն դոլարից որքան է հավաքվել, ի՞նչ ծրագրեր են կրճատվել և ե՞րբ են սկսվելու ընտրված ծրագրերով նախատեսվող աշխատանքները: Ի պատասխան ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատրյանը տեղեկացրեց, որ հավաքվել է 5,5 մլն դոլար, իսկ ծրագրերն էլ «շուտով իրականացվելու են»: Իսկ մնացյալ գումարն ինչու՞ չի հավաքվել: Ա.Ծատրյանի խոսքերով՝ ոչ բոլորն են իրենց խոսքի տերը եղել: Դա վերաբերում է նաև արցախցիներին, որոնք խոստացել էին 200 հազար դոլար, բայց այդ գումարը դեռ չի ժողովվել:

Հետաքրքիրն այն է, որ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Ն. Մելքումյանի տվյալներով՝ հավաքվել է 3,5 մլն դոլար, այսինքն՝ Ա.Ծատրյանի ասած 5,5 մլն դոլարից զգալիորեն քիչ: Բայց ուստայության մեջ, ինչպես ասում են, մի մետր ձախը կամ մի մետր աջը կարևոր չէ: Նույն Ա.Ծատրյանը, պատասխանելով պատգամավոր Արծվիկ Սարգսյանի հարցին, այսպիսի մի հետաքրքիր բան ասաց. «Շուշիին այս տարի տրամադրվել է 300-400 միլիոն դրամ»:

Ի՞նչ կա որ՝ «ընդամենը» մի հարյուր միլիոնի տարբերություն է:

«ԴԵՄՈ»

ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՆԱԿԸ ՍՏՈՒԳՈՒՄ Է ԻՐ ՄԿԱՆՆԵՐԸ

Ապրիլի 12-19-ը ԼՂՀ Պաշտպանության բանակն անց է կացրել զորավարժություններ, որոնցում ընդգրկված էին  զինված ուժերի բոլոր տեսակները: ԼՂՀ պաշտպանության նախարարի խոսքերով՝ զորախաղերն աննախադեպ էին նրանով, որ ստուգում էին զորքերի լրիվ պատրաստականությունը: Զորախաղերի վերջին օրը ներկա էին ԼՂՀ բարձրագույն ղեկավարությունը՝ նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ, իսկ դիտորդների կարգավիճակով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ու ՊՆ բարձրագույն սպայական կազմի, հայաստանյան և տեղական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Զորախաղերի ավարտից հետո Ա. Ղուկասանն ու Ս. Սարգսյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Խոսելով զորավարժությունների արդյունքների մասին՝ նրանք նշել են, որ դեռ վաղ է գնահատականներ տալ դրանց ընթացքին, պետք է ամփոփվեն արդյունքները, որից հետո համապատասխան վերլուծություններ կարվեն ու կտրվեն գնահատականներ:

Բնականաբար, արծարծվեց նաև ղարաբաղյան հիմնախնդիրը: Այսպես, գնահատելով բանակցությունների ընթացքը՝ նախագահ Արկադի Ղուկասյանն ասել է, թե «կողքից միշտ թվում է, որ դու ավելի շատ կանես. սա շատ սուբյեկտիվ մոտեցում է, մենք անվստահության հիմքեր չունենք, մենք գտնում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը փորձում է անել այն, ինչ հնարավոր է: Այստեղ խոսքը անվստահության մասին չէ, այլ՝ էֆեկտիվության և ռեալ ֆորմատի: Մենք գտնում ենք, որ Ղարաբաղի մասնակցությունն ավելի էֆեկտիվ կդարձնի պրոցեսը, և դա ավելի բնական կընդունվի միջազգային հանրության կողմից»: Ս. Սարգսյանն ասվածին հավելեց. «Թեև ղարաբաղյան կողմի մասնակցությունը ցանկալի է, բայց միշտ չէ, որ ամեն ինչ ընթանում է մեր ցանկությամբ»: Միևնույն ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ այստեղ, սակայն, ինքը մեծ պրոբլեմ չի տեսնում:

Անդրադառնալով փոխզիջումներին՝ Ա. Ղուկասյանը նշել է, թե ճիշտ չէր լինի բացել բանակցությունների բոլոր խաղաքարտերը. «Ամեն ինչ կպարզվի բանակցային սեղանի շուրջ: Մենք պատրաստ ենք փոխզիջումների, բայց մեր զիջումները կախված են Ադրբեջանի զիջումներից: Միակողմանի զիջումներ չեն լինելու»: Անդրադառնալով խորհրդարանական լսումներին, նա նշել է, որ ինքը բարձր է գնահատում ԱԺ-ի կարծիքը և գտնում է, որ կարևոր է լսել հայ ժողովրդին ընդհանրապես:

Նախագահը չի բացառել նաև կրկնակի հանրաքվե անցկացնելու գաղափարը: Նրա խոսքերով՝ նախորդ հանրաքվեի արդյունքները աշխարհը չի ճանաչում, բայց եթե այսօր մենք ունենք շանս, որ աշխարհը ճանաչի նոր հանրաքվեի արդյունքները, ապա դա քննարկելու թեմա է համարում ու դրա մեջ որևէ վատ բան չկա:

Մեկնաբանելով պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունները, ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նշել է, թե տպավորություն կա, որ Ադրբեջանը ցանկանում է իրեն ձեռնտու նոր առաջարկություններ կորզել. «Բայց եթե մեզանից յուրաքանչյուրը փորձի շատ ավելի բան պոկել, ապա դժվար թե մենք կարողանանք ընդհանուր հայտարարի գալ»: Ս. Սարգսյանը անտեղի է համարել նաև զորավարժությունների հետ կապված ադրբեջանցիների բարձրացրած աղմուկը: «Իրենք երկու շաբաթ առաջ զորավարժություններ են անցկացրել այստեղից 50-60 կմ հեռավորության վրա, արդյո՞ք մենք էլ պիտի աղմուկ բարձրացնեինք»,- տարակուսել է ՀՀ ՊՆախարարը:

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՊԵՏՔ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ԿԱՄ՝  ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔՈՎ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՆ ԱՄՈԹ ՉԷ

Հայաստանի Սահմանադրական դատարանը՝ մի կոնկրետ հարցում պաշտպանելով բողոքող ժողովրդի շահերը, հակասահմանադրական է համարել կառավարության արածը նույն այդ հարցում: Տեղեկություններն այդ մասին հաղորդվել են հայաստանյան բոլոր հեռուստաալիքներով:

Մենք փոքրիկ հարցում ենք անցկացրել Ստեփանակերտի կենտրոնական փողոցներում, փորձելով պարզել, թե ինչպիսինն է մարդկանց վերաբերմունքն այդ աննախադեպ փաստին:

– Ինչ-որ բան մեզ չեն ասում, այդ պատմությունից երևի ամեն ինչ չէ, որ մեզ հայտնի է: Երեւի՝ պայմանավորվել են:

– Ճիշտն ասած, տեղյակ չեմ:

– Վերջապես ժողովրդի «ճիշտը» տեղ է հասել:

– Էդ Գագիկ Հարությունյանը միշտ էլ դուր էր գալիս ինձ:

– Գուցե մինչեւ վերջ չե՞մ լսել. Սահմանադրական դատարանը, մեղադրանք ներկայացնելով, ինչ-որ պատիժ մեղավորների համար սահմանե՞լ է: Եթե ոչ, ապա ինչի՞ համար է մեղադրել:

– Մեզ մոտ՝ Ղարաբաղում, դատարաններին շատ քիչ ուշադրություն են դարձնում: Մեկ-մեկ նույնիսկ մոռանում ենք, որ դատարան գոյություն ունի: Օրինակ, զարմանում եմ, որ առայսօր Ցեղասպանության ճանաչման համար հայերը տարբեր երկրների կառավարություններին են դիմում, կամ առանձին անձանց: Չի՞ կարելի Հաագայի դատարան դիմել: Չէ՞ որ միայն դատարանն է իրավասու դատապարտել:

– Ժողովրդի շահը պաշտպանվեց: Դա լավ է: Կարդացել եմ, որ իշխանությունները դա ընդունել են որպես պարտություն: Բայց չէ՞ որ իշխանությունները՝ ժողովրդի շահերի պաշտպանության համար են: Իմիջիայլոց, Ֆրանսիայում էլ էր նույն պատմությունը: Ամբողջ հանրությունը կանգնել է, որ ինչ-որ օրենք չեղյալ համարեն, կառավարությունն էլ կանգնել է, որ՝ ոչ, չենք անի: Մեկը չկար՝ հարցնի. էդ ո՞ր հանրության շահերի դեմ եք գնում, ո՞ւմ շահերն եք պաշտպանում: Բա ժողովրդավարությո՞ւն չէ: Հետո հասկացան, որ ժողովրդի կամքով գնալը ամոթ չէ: Հակառակը, այդպես պետք է լինի:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

——————————————————————————————-

Խորհրդարանական լսումներ

ԼՍՈՒՄՆԵՐԸ ԿԱՅԱՑԱՆ

Ապրիլի 21-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում կայացան «Ղարաբաղյան հիմնախնդիր. կարգավորման հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումներ: Լսումներին պատգամավորներից բացի հրավիրված էին կառավարության անդամներ, արցախյան քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արցախյան շարժման առաջամարտիկներ, փորձագետներ, մտավորականներ, լրագրողներ: Մասնակցում էին նաև ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, փորձագետներ: Նկատի ունենալով առաջիկա տխուր տարեդարձը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը:

Լսումների մասնակիցներին ԼՂՀ ղեկավարության անունից ողջույնի խոսք հղեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: ԼՂՀ ԱԺ խումբ-խմբակցությունների ղեկավարների զեկույցներից հետո արտահայտվելու հնարավորություն տրվեց քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, պատգամավորներին, հյուրերին:

Վերջում ընթերցվեց խորհրդարանական խումբ-խմբակցությունների հայտարարությունը, որն ուղարկվելու է նաև միջազգային շահագրգիռ կառույցներին:

Սեփ. լրատվություն

ԱՍ ՈՒ ԼԻՍ

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հարց – Նկատի ունենալով լսումների կարևորությունը և հանրության տեղեկացված լինելու անհրաժեշտությունը, կարծում եմ՝ ցանկալի և նպատակահարմար է, որպեսզի լսումներին մասնակցի ԼՂՀ նախագահը, որը 1993 թվականից տիրապետում է բանակցային գործընթացի մանրամասներին: Լսումների հիմնական նպատակն այն է, որ ժողովուրդն իր ընտրյալների միջոցով տեղեկացվի իր իսկ ճակատագրին առնչվող հարցերի լուծմանը: Ի վերջո, հանրությանը լսելու հնարավորություն իշխանությունները միշտ էլ ունեցել են, այդ հանրությունն է, որ իշխանություններին լսելու հնարավորություն գրեթե չի ունեցել: Ուստի ինձ համար անհասկանալի է խորհրդարանական լսումներին հերթական «կլորսեղանային» բնույթ տալը: Այսօր մենք ավելի շատ լսողի, ոչ թե խոսողի դերում պիտի լինեինք:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Պատասխան – ԼՂՀ նախագահի աշխատանքային գրաֆիկը, ինչպես գիտեք, մենք չէ, որ կազմում ենք, նա է կազմում, և մենք էլ հարմարվում ենք այդ գրաֆիկին: Ինչ վերաբերում է լսումներին Արկադի Ղուկասյանի մասնակցությանը, ապա ԼՂՀ նախագահն այսօր ներկա է լինելու պաշտպանության բանակի զորավարժությունների արդյունքների ամփոփմանը, ուստի հնարավորություն չի ունենալու մասնակցել խորհրդարանական լսումներին:

Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հարց – Դատելով Ղարաբաղի կուսակցությունների ներկայացուցիչների ելույթներից, կարելի է արձանագրել, որ Ղարաբաղի բոլոր քաղաքական ուժերը փաստորեն մերժում են բանակցությունների այն օրակարգը, որն այսօր քննարկվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Հարց է ծագում. ինչի՞ համար է քննարկվում: Եւ երկրորդ. կա՞ն համապատասխան փաստարկներ՝ այն մերժելու համար:

Դուք ձեզ համար մի հարց պիտի պարզեք, և մեզ համար էլ է հետաքրքիր, թե արդյո՞ք դուք և ձեր իշխանությունները տիրապետում եք բանակցային գործընթացի մանրամասներին: Որովհետև տեղեկացված լինելը նաև պատասխանատվություն ստանձնել է նշանակում: Թերթերում գրում են, որ դուք և իշխանությունները, այդ թվում՝ նույնիսկ Արկադի Ղուկասյանը, բանակցային գործընթացի մանրամասներին տեղեկանում եք լրատվամիջոցներից: Իրո՞ք այդպես է:

Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ

Պատասխան – Թերթերում հիմա ամեն ինչ գրում են և շատ բան ճիշտ են գրում: Իսկ ես կասեմ հետևյալը: Ամեն մի կարևոր հանդիպումից հետո ՀՀ նախագահը տեղյակ է պահում ԼՂՀ նախագահին, վերջինս էլ ԼՂՀ արտգործնախարարին: Այս իմաստով մենք, այո, տեղյակ ենք բանակցություններին: Բայց դա անպայման չի նշանակում, թե մենք համաձայն ենք լինում: Տեղյակ լինելը դեռ համաձայն լինել չի նշանակում: Մենք ասել ու ասելու ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռքբերված ցանկացած պայմանավորվածություն կարող է Լեռնային Ղարաբաղի համար ընդունելի համարվել միայնումիայն լուրջ քննարկումներից հետո: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ ԼՂՀ հարաբերություններին, ապա մենք երկու եղբայրական ինքնիշխան պետություններ ենք, որոնք կարող են ինքնուրույն քայլեր ձեռնարկել:

Եւ մի խնդրանք. հայաստանյան ներքաղաքական կյանքում և իշխանության համար պայքարում պետք չէ շահարկել ղարաբաղյան հիմնախնդիրը:

Դրվագներ

ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության էությունը կայանում է մարդկանց իրավունքը չհարգելու մեջ: Ադրբեջանի կողմից այդ էությունը պարբերաբար տեղափոխվում էր հակամարտություններ ստեղծող հարթություններ: Եթե որեւէ հակամարտության մեջ անտեսվում են մարդու իրավունքներն, այն վեր է ածվում շահերի բախման… Այս համատեքստում միջնորդները պետք է առաջարկեն կողմերին մեկ անգամ եւս հաստատել պատերազմը չվերսկսելու պատրաստակամությունը: Այդ ժամանակ կպարզվի, թե ով ինչ փաստարկ է օգտագործում և ինչի կողմնակից է:

Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները թուլության նշան են: Բայց միջնորդները դա օգտագործում են հայկական կողմերի վրա ճնշում գործադրելու նպատակով: Ներկայացվող առաջարկություններում զիջողը հայկական կողմերն են: Միջնորդները նաև արհամարհում են Լեռնային Ղարաբաղում 1991 թվականին անցկացված հանրաքվեն: Որպես պատճառ համարել այն հանգամանքը, որ ադրբեջանցիները դրան չեն մասնակցել՝ ճիշտ չէ: Ադրբեջանցիներն օգտվել են հանրաքվեին չմասնակցելու իրենց իրավունքից: Բայց Բաքվի թելադրանքով:

Նման լսումները կարևոր են նաև խորհրդարանի դերի բարձրացման առումով: Ընդհանրապես, ես գտնում եմ, որ պիտի առանցքային համարենք ժողովրդավարության ամրապնդումը մեր երկրում: Այս հարցում մենք առնվազն կես քայլ առաջ պիտի լինենք Ադրբեջանից, Վրաստանից և Հայաստանից:

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Թեև ուշացումով, բայց կարևոր ու ճիշտ դեր ենք հատկացնում ՀՀ և ԼՂՀ խորհրդարաններին: Ասում եմ ուշացումով, որովհետև յուր ժամանակին լիարժեք չենք օգտագործել այդ հնարավորությունը: Ընդհանրապես պիտի ըստ ամենայնի օգտագործել դիվանագիտության երեք մակարդակների հնարավորությունները: Դրանք են՝ պաշտոնական, խորհրդարանական և ժողովրդական դիվանագիտություն: Այս առումով Ադրբեջանն է առաջանցիկ քայլեր կատարել: Իսկ Հայաստանի 14 քաղաքական ուժեր փորձել են ընդունել ղարաբաղյան կարգավորման շուրջ մի համաձայնեցված որոշում, սակայն գործընթացը դեռ շարունակվում է: Հայտարարություններ եղել են, բայց ոչ որոշում:

Պատերազմն, ըստ էության, չի ավարտվել,այլ պարզապես փոխել է իր բնույթը: Մենք պատերազմական վիճակում ենք Ադրբեջանի հետ: Համենայն դեպս, Ադրբեջանի պահվածքն այդպիսին է, ինչին մենք չենք կարող չարձագանքել: Դիվանագիտական դաշտում էլ պիտի նույն կռիվը տանք: Որքան կոշտ է Ադրբեջանի դիրքորոշումը, այնքան էլ մեր դիրքորոշումը պիտի կոշտ լինի:

Մենք ունենք մարտավարական գլխավոր խնդիր, որը պիտի երկու զուգահեռ գործընթաց ունենա: Պիտի շարունակել խաղաղ կարգավորման գործընթացը՝ հընթացս հետամուտ լինելով ԼՂՀ միջազգային ճանաչմանը: ԼՂՀ միջազգային ճանաչումը չպիտի կախվածության մեջ դնել բանակցային գործընթացից: Շատ կարևոր է միջազգային հանրությանը մեր մոտեցումները, տեսակետներն ու փաստարկները տեսանելի և ընկալելի դարձնելը: Միջազգային հանրությանը պիտի կարողանանք ցույց տալ և ապացուցել Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը: Հարկ է միջնորդներին դիտորդի կարգավիճակից բերել դրական չեզոքության: Եթե չեն միջամտում, ապա չպիտի էլ խանգարեն: Բայց միջնորդությունն ինքնին նաև պատասխանատվություն է նշանակում: Եթե միջամտում ես, ապա պիտի որոշակի պատասխանատվություն ստանձնես:

 

Առեղծված

ՀՐԱՎԻՐԵ՞Լ, ԹԵ՞ ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ

Ղարաբաղյան կարգավորման թեմայով խորհրդարանական լսումների նախապատմությունը հետև-յալն է: Սրանից մի քանի ամիս առաջ ԼՂՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն – Շարժում-88» խորհրդարանական խումբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ազդարարելով ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման հանրային (այդ թվում՝ խորհրդարանական) քննարկումներին աջակցելու իր մտադրության մասին: Նախաձեռնությունը պաշտպանել են խորհրդարանական երկու՝ «Ժողովրդավարություն» և «Հայրենիք» խմբակցությունները: Խումբը, մասնավորապես, առաջարկել էր խորհրդարանի փակ նիստ անցկացնել: Իշխանությունները կտրականապես հրաժարվել են նիստի գաղափարից, առաջարկելով խորհրդարանական լսումների գաղափարը: Այն ճարահատ ընդունվել է, սակայն պայմանով, որ դրան մասնակցեն ՀՀ արտգործնախարարը, ԼՂՀ նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները:

ԼՂՀ ԱԺ ղեկավարությունը խորհրդարանական խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ պարբերաբար անցկացված խորհրդատվություններում տեղեկացնում էր մասնավորապես ՀՀ արտգործնախարարի ներկայության ապահովմանն ուղղված քայլերի մասին: Տեղեկանալով, որ մարտի կեսերին Վ.Օսկանյանը պիտի դասախոսությամբ հանդես գա Արցախի պետական համալսարանում, որոշվեց հենց այդ օրերին էլ անցկացնել լսումները: Սակայն հետո պարզվեց, որ ՀՀ արտգործնախարարը մարտի կեսերին չի գալու Ստեփանակերտ, ինչն էլ հանդիսացավ լսումները հետաձգելու պատճառներից մեկը: Որոշվեց դրանք անցկացնել ապրիլի 21-ին՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ այդ ժամանակ Վ. Օսկանյանը պիտի գա դասախոսելու:

Սակայն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այդպես էլ չհայտնվեց լսումներում, ինչը կարելի էր կանխատեսել: Ապրիլի 20-ին՝ լսումներից մեկ օր առաջ, ԼՂՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը «Առավոտ» թերթին տված հարցազրույցում սենսացիոն հայտարարություն է արել, ըստ որի Վ.Օսկանյանը չի էլ հրավիրվել լսումներին, ինչը, ըստ Աթանեսյանի, չի կարող խոչընդոտել նրա մասնակցությանը, եթե, իհարկե, կա համապատասխան ցանկություն: Իսկ բուն լսումներում պատգամավոր Գեղամ Բաղդասարյանի հարցին պատասխանելով՝ Վ.Աթանեսյանը մոտավորապես նույն պատասխանը տվեց, հավելելով, որ ՀՀ արտգործնախարարն իր առանձին աշխատանքային ժամանակացույցն ունի, և մերոնք, տեղյակ լինելով, որ նա զբաղված է՝ չեն հրավիրել:

Ինչպե՞ս մեկնաբանել այս ամենը և ի՞նչ է թաքնված այս անհասկանալի խաղերի տակ: Կարելի է ենթադրել մի քանի տարբերակ.

ա) մերոնք Վ.Օսկանյանին իսկապես չեն հրավիրել: Այդ դեպքում անհասկանալի է մնում, թե ինչ իմաստ ունեին հրավիրման «բանակցությունների» մասին զրույցները, և ով ում էր խաբում,

բ) մերոնք Վ. Օսկանյանին իսկապես հրավիրել են, բայց տարբեր պատճառներով ՀՀ արտգործնախարարը հրաժարվել է, և մերոնք ասպետաբար որոշել են սեպ չխրել երկու հայկական պետությունների միջև՝ բացառելով զանազան շահարկումները: Սա տրամաբանական եզրակացություն է, պարզապես անհասկանալի է մնում, թե ինչու այսքան երկար տևեց մասնակցության հարցի լուծումը, դասախոսությունների պարբերաբար հետաձգումը: Ըստ երևույթին, վերջնական որոշումն անընդհատ քննարկվում էր և ի վերջո նախապատվությունը տրվել է չմասնակցելուն: Թե ում խոսքն է եղել վճռորոշ, ո՞վ է տատանվել՝ մնում է ենթադրել,

գ) սա եղել է «բանակցությունների իմիտացիա», մի երկկողմանի խաղ, որի նպատակը իշխանություններին, մասնավորապես՝ բանակցային գործընթացի ամբողջ տեղեկատվությանը տիրապետող պետական այրերին լսումներից հեռու պահելն էր: Այսինքն՝ այս խաղը ձեռնտու է եղել երկու կողմերին: Այսպես, վերջին ժամանակներս երևակվել է ԼՂՀ իշխանությունների որոշակի դժգոհությունը ՀՀ իշխանություններից (բանակցային գործընթացում ղարաբաղյան կողմին փոխարինելու առումով), իսկ վերջիններս էլ թափանցիկ ակնարկել են, որ այդ ամբողջ ընթացքում Ղարաբաղից որևիցե նախաձեռնություն չի եղել: Վ. Օսկանյանը կարող էր «ավելորդ» բաներ ասել լսումներում, ստանալ «ավելորդ» պատասխաններ, որոնք մեծ հաշվով ձեռնտու չեն երկու հայկական պետությունների ղեկավարության համար, թեև խիստ օգտակար կարող էին լինել հանրության համար: Ինչ որ է, Օսկանյանն, այնուամենայնիվ, եկավ Ստեփանակերտ, բայց լսումներից մեկ շաբաթ անց:

Սրանք մեր ենթադրություններն են, որոնց համար պետք չէ մեզ մեղադրել: Եթե մեզ ճշմարտությունը չեն ասում, ապա  գոնե ենթադրություններ անելու իրավունք մենք պիտի ունենանք:

«Դեմո»

Խորհրդարանական լսումներ

ԼՂՀ ԱԺ ՓՈԽԽՈՍՆԱԿ ՌՈՒԴԻԿ ՀՅՈՒՍՆՈՒՆՑԻ ԵԼՈՒՅԹԻՑ

Ինչ խոսք, միայն ողջունել կարելի է համատեղ լսումների գաղափարն ու իրողությունը: Սակայն ուզում եմ Ձեր ուշադրությունը սեւեռել այն մտահոգիչ հանգամանքի վրա, որ Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ եւ այդ թեմայով լսումները (նմանատիպ լսումներ եղել են եւ ոչ հեռավոր անցյալում), կարծես թե շոշափելի արդյունքի, ի վերջո, չեն հանգեցնում: Այսինքն՝ ո՞րն է այս լսումների հիմնական եւ գլխավոր նպատակը, եթե դա չի լինելու Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա բարերար ազդեցությունը:

Անշուշտ, քաղաքական կամ, ավելի ստույգ, արտաքին քաղաքականության առումով դրանք ազդեցություն, այդուհանդերձ, ունենում են: Սակայն մեր լսումները, իմ խորին համոզմամբ, նախ եւ առաջ պետք է նպատակաուղղված լինեն խնդրի, եթե կուզեք, հայեցակարգային կարգավորմանը: Համոզված եմ, վաղուց արդեն հասունացել է պահը՝ հայրենասիրական կարգախոսներից եւ ընդամենը միայն կարգավորմանը միտված գովելի՝ պատրաստակամության արտահայտություններից ու հավաստումներից անցնել շատ ավելի  արդյունավետ գործնական քայլերի:

…Ո՞վ է պատասխանատուն Արցախի հիմնահարցի համար: Մի՞թե միայն ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները, որոնք ամենամեծ ցանկության դեպքում անգամ, առանց համազգային ուղղորդված աջակցության, ի վիճակի չեն կյանքի կոչել մեր ժողովրդին հուզող բոլոր խնդիրները, իրականացնել նրա բոլոր իղձերը: Անհրաժեշտ է ձեւավորել համահայկական պատասխանատվություն Արցախի հիմնախնդրի շուրջ: Եւ այս շրջանակներում ու այս հարթությունում նպատակահարմար է ուրվագծել, որոշել քաղաքական յուրաքանչյուր կոնկրետ ուժի պատասխանատվության նեղ ոլորտը Արցախում:

Միանգամայն հստակորեն հասկանալով եւ պահի լրջությունը, եւ արվող առաջարկի անսպասելիությունն ու վիճարկելիությունը, այնուամենայնիվ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալին. կարծում եմ՝ կհամաձայնեք, որ աշխարհասփյուռ հայության առջեւ ներկայումս թիվ 1 խնդիրն Արցախի հարցն է£ Ու ցանկացած մեծ նպատակ իրագործելու համար անհրաժեշտ է ունենալ նաեւ այն մարմնավորող-համակարգող գաղափարախոսություն, կենսունակ գաղափարախոսություն, որը կկարողանար համախմբել հայոց 2 պետություններին մասնավորապես, եւ աշխարհասփյուռ հայությանը՝ ընդհանրապես£ Եվ քանի որ ազգային գաղափարախոսությունը ձեւավորվում-ստեղծվում է կյանքի թելադրած հրամայականներով, եւ ներկայիս թիվ 1 խնդիրը մեր առջեւ Արցախի հիմնախնդիրն է, ապա սխալ չէր լինի, որ Արցախը դիտարկվեր, համարվեր այն առանցքը, որի շուրջն էլ կհյուսվի մեր ազգային գաղափարախոսությունը՝ գոնե տեսանելի ապագայի համար, քանզի  ազգային գաղափարախոսությունը նույնպես հարափոփոխ հասկացություն է ժամանակի մեջ։

 

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԻՑ

Անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության տարիները արցախահայության և մեր ժողովրդի տարբեր հատվածների համար նշանավորվել են որպես քաղաքական և այլ բնույթի բազմաթիվ մարտահրավերներ դիմակայելու մի յուրահատուկ քննաշրջան, որի հետագա հաջողությունը կախված է մեր հնարավորությունների իրատեսական գնահատումից և միջազգային ասպարեզում ընթացող զարգացումների հետ մեր շահերի ճիշտ համադրումից:

Արցախա-ադրբեջանական հակամարտության շուրջ բանակցային գործընթացը չի կարող արձանագրել որևէ շոշափելի և էական առաջընթաց, եթե բանակցող կողմերից մեկը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը« սկզբունքորեն չհրաժարվի ռասիստական նկրտումներից և չդադարի պետական մակարդակով հովանավորել ու քաջալերել հակահայկական արմատական անհանդուրժողականության բոլոր դրսևորումները:

Վերջին տարիներին բանակցություններն ընթացել են ՀՀ և ԱՀ նախագահների կամ վերջիններիս լիազոր ներկայացուցիչների մակարդակով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական աջակցությամբ: Արցախի ժողովրդավարական կուսակցությունը վերոնշյալ ձևաչափը դիտարկում է որպես լիարժեք բանակցություններից Ադրբեջանի խուսափելու պարագայում  կարգավորման գործընթացը կենսունակ պահելու՝ հայկական կողմերի  ձգտում£ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը պաշտպանում է ԼՂՀ Նախագահի այն տեսակետը, որի համաձայն, բանակցությունների  արդյունավետության համար ԼՂՀ՝ որպես իրավազոր կողմի մասնակցությունը  պարտադիր և վիճարկման ոչ ենթակա պայման է, ինչը ընդունվում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից£

Որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ԼՂՀ պետական անկախության դե-յուրե ճանաչումը պետք է մնա երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթ գերակայությունը:

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը գտնում է« որ կարգավորումը պետք է փնտրել միայն  հակամարտության  կողմերի համաիրավազոր մասնակցությամբ՝ լիարժեք  բանակցությունների սեղանի շուրջ եւ առաջնահերթ է համարում հետեւյալ նպատակներին հասնելու՝ արտաքին քաղաքական ուղեգծի իրականացումը©

– Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման եւ իր պատմական հայրենիքում անկախ պետություն ունենալու իրավունքի միջազգային ճանաչում«

– ԼՂՀ տարածքային ամբողջականության վերականգնում եւ միջազգային ամրագրում  այն սահմաններում« որը կընդունի ԼՂՀ ժողովուրդը«

– ԼՂՀ անվտանգության ազգային համակարգի գերակայություն՝ անվտանգության միջազգային եւ տարածաշրջանային երաշխիքների նկատմամբ«

– ԼՂՀ-ՀՀ ցամաքային սահմանի միջազգային ամրագրում այնպիսի պարամետրերով« որը կբացառի Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ն շրջափակելու ցանկացած հնարավորություն,

– տարածաշրջանի եւ այլ երկրների հետ ԼՂՀ ինքնաբավ կոմունիկացիոն« այդ թվում՝ օդային կապի իրավունքի միջազգային ամրագրում եւ երաշխավորում:

«ՀԱՅՐԵՆԻՔ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԻՑ

Մենք թեւակոխել ենք 21-րդ դար: Ինչպիսի՞ն կլինի այն, ի՞նչ պետք է անել, որպեսզի նոր պետությունների կազմավորման գործընթացն անցնի խաղաղ: Մեր կարծիքով՝

ա) Հայաստանի, Ղարաբաղի եւ Սփյուռքի բոլոր քաղաքական գործիչները պետք է խոսեն մի բանի, այն է՝ ԼՂՀ անկախության մասին, չհիշելով ընդսմին, վերջնական նպատակի՝ Հայաստանի հետ վերամիավորման մասին եւ հարգելով 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, որով, կարծում ենք, նպաստած կլինեն նաեւ, որպեսզի մեր հարեւաններն իրենց վիրավորված չզգան.

բ) շեշտադրել ԼՂՀ կազմավորման իրավական անխոցելիությունը: Եթե առանձնացող ժողովուրդը, եւ այն ժողովուրդը, որից առանձնանում է նա, գիտակցեն, որ իրենք գտնվում են միջազգային իրավունքի պաշտպանության տակ եւ իրենց սպասում է բաժանման երկարամյա եւ քաղաքակիրթ գործընթաց, ապա շատերի մոտ կանհետանա կռվելու եւ մարտնչելու ցանկությունը.

գ) պետք է հասցնել միջազգային հանրությանը, որ այսօր Կովկասում եւ Այսրկովկասում ձեւավորվում են տարբեր իրավական կարգավիճակով պետություններ: Եթե այդ գործընթացը շարունակվի, ապա տարածաշրջանում տարբեր իրավական կարգավիճակով, ժողովրդավարացման  տարբեր մակարդակով պետությունների առկայությունը կդառնա նոր հակամարտություններ ստեղծող գործոն.

դ) մենք ինքներս պետք է մարդկանց օգնենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, օգնենք նրանց ազատվել բռնությունների հետ կապված ցավոտ հիշողություններից՝ ստեղծելով վստահության մթնոլորտ, ժողովրդավարական ինստիտուտներ եւ քաղաքացիական հասարակություն, որը նույնպես արդյունավետորեն նպաստում է հակամարտության կարգավորմանը:

«Ազատ հայրենիք» կուսակցության համար բանակցային գործընթացի այլընտրանքը նորից եւ նորից բանակցություններն են՝ պարզապես գուցե արդեն մեկ ուրիշ ձեւաչափով: Չի կարելի չարձանագրել, որ մոտ 12 տարվա բանակցությունները, ամենատարբեր ձեւաչափերով, որոշակի արդյունք են տվել, թեկուզ եւ այն առումով, որ այդ տարիները խաղաղության տարիներ էին: Մենք կարծում ենք, որ եւ հակամարտող կողմերը, եւ միջազգային հանրությունն ավելի մեծ արդյունքներ էին ակնկալում շուրջ 12 տարի ընթացող բանակցություններից, սակայն, մեր կարծիքով, փոխվստահության մթնոլորտը   բացակայում էր ոչ միայն հակամարտող կողմերի իշխանությունների, այլեւ ժողովուրդների մոտ: Եւ այս պարագայում ցանկացած պայմանագրի ստորագրումը դատապարտված է լինելու երկու ժողովուրդների կողմից չընդունվելուն:

Մեր կարծիքով՝ մենք պարտավոր ենք ստեղծել ժողովրդավարական, իրավական պետություն՝ բաց, քաղաքացիական հասարակությամբ, քանի որ, մեր խորին համոզմամբ, 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհը հաշվի կնստի այն չճանաչված պետությունների հետ, որոնցում առկա են թվարկված արժեքները: Բարեբախտաբար, եւ դա ողջ աշխարհը տեսավ, վերջին տարիների մեր ինքնադրսեւորումը հավաստեց, որ մենք արդեն հաստատակամորեն որդեգրել ենք զարգացման այդ ճանապարհը, ինչի ամենացայտուն օրինակներն են մեզ մոտ անցկացվող ընտրությունները, որոնցից յուրաքանչյուրը նախորդի համեմատությամբ մի քայլ առաջ է:

ԼՂՀ ԱԺ «ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ – ՇԱՐԺՈՒՄ-88» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԻՑ

«ՀՅ Դաշնակցություն-Շարժում 88» պատգամավորական խումբը, գտնելով, որ հիմնախնդրի քննարկման պատմական, իրավական ու առկա իրողությունների հարթություններում ղարաբաղյան կողմն ունի լուրջ կռվաններ ու գործոններ, հիմնախնդրի քաղաքական կարգավորման հարցում իր առաջարկությունների մեջ է ներառում հետևյալ շեշտադրումները.

– միջազգային ուժերը  ԼՂՀ-ին բանակցություններին մասնակից են անելու այն դեպքում, եթե ԼՂՀ գոյությունը հստակ ընդունեն որպես իրողություն: ԼՂՀ-ն Հարավային Կովկասի անվտանգության ու կայունության համակարգի կարևորագույն քաղաքական գործոն է: Եվ այստեղ ԼՂՀ չճանաչված լինելը որևէ կերպ չպիտի անդրադառնա նրա ինքնուրույնության վրա, հետևաբար չպիտի նսեմացվի այն դերը, որը ԼՂՀ-ն ունի և ունենալու է Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության արդի համակարգում,

– հիմնախնդրի կարգավորման գործում համահայկական հարթության վրա վերջին խոսքը ԼՂՀ ժողովրդինն է,

– հարկ է հստակեցնել ու ճշտել բանակցային գործընթացում երկու հայկական պետությունների դերի ու պատասխանատվության չափը, յուրաքանչյուրի իրավասության տակ գտնվող հարցերի շրջանակը: Հայաստանի Հանրապետությունը պետք է ըստ ամենայնի նպաստի բանակցային գործընթացում ղարաբաղյան կողմի լիիրավ ներգրավմանը և բանակցությունների գործընթացում  հանդես գա որպես ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքի ու անվտանգության երաշխավորի դերում, իսկ այդ դերը ավելի է մեծանում հզոր Հայաստանի դեպքում,

-ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացի հիմքում պետք է դրված լինի համալիր համաձայնությունների, այսինքն՝ փաթեթային կարգավորման սկզբունքը, որն ի սկզբանե Ղարաբաղի կարգավիճակի ճանաչում է նշանակում,

– ԼՂՀ  իշխանություններն իրենց գերիշխանությունը պետք  է հայտարարեն ներկա փաստացի սահմանների վրա և այն ամրագրեն ընդունվելիք Սահմանադրության մեջ,

-փոխզիջումներն ինքնանպատակ չպետք է լինեն և չպիտի  վտանգեն երկու հայկական հանրապետությունների անվտանգությունը: Աստիճանաբար «փոխզիջում»  բառն իր տեղը պետք է զիջի «պայմանավորվածություններ» բառին,

– ի չիք դարձնել շրջանառության մեջ գտնվող այն վտանգավոր վարկածը, որ տարածքներ չվերադարձնելը տանում է դեպի պատերազմի վերսկսում: Իրականում միանգամայն հակառակն է՝ տարածքների վերադարձն է խախտում տարածաշրջանում առկա ռազմա-քաղաքական բալանսը, որն առանց խաղաղապահ ուժերի  խաղաղության պահպանման հիմնական երաշխիքն է: Այդ բալանսի խախտումը և կողմերից մեկի անհամադրելի ուժեղացումը կամ թուլացումն է  մեծացնում պատերազմի վերսկսման հավանականությունը: Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ խաղաղության պահպանումը ոչ թե պետք է դիտել այս կտրվածքով, այլ որպես ռազմավարություն:

Դրվագներ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ

Սա քննարկում չէ՝ տեքստեր, փորձագիտական վերլուծություններ են պետք: Մենք չունենք փորձագիտական կենտրոններ: Պետական այրերը գիտնականներից, փորձագետներից ու մասնագետներից պիտի հարցնեն, թե ինչ խոսեն: Դիվանագիտությունն էլ է, ախր, գիտություն և սիրողական մակարդակ չի հանդուրժում: Ասում ենք՝ մենք հաղթող կողմ ենք, և Ադրբեջանն էլ այս մեր սխալն էլ օգտագործում է միջազգային ասպարեզում՝ իր լալկանությամբ հարցեր լուծելով: Մենք հաղթող կողմ չենք: Հայաստանը մնացել է իր սահմաններում, Ղարաբաղն էլ ընդամենը չի թողել, որ իրեն բնաջնջեն: Ադրբեջանը քշել է հայերին իր տարածքից:

Պետք չէ ասել, թե Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացին, քանի որ նման գործընթաց ներկայումս չկա, կան Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միջնորդավորված հանդիպումներ: Պիտի պահանջենք վերսկսել բանակցությունները, իսկ դրանցում մենք ի սկզբանե կանք:

Միանգամայն սխալ է, երբ պահանջում ենք ճանաչել ինքնորոշման մեր իրավունքը: Պետք է ոչ թե ասենք՝ ճանաչեք ինքնորոշման մեր իրավունքը, այլ պահանջենք հարգել վաղուց ճանաչված ինքնորոշման մեր իրավունքը:

ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ես ավելի քան համոզված եմ, որ տարածքային, ազգամիջյան և ընդհանրապես բոլոր հակամարտությունների լուծման գործում դիվանագիտության ոլորտի դերը երկրորդական է: Այն ածանցյալ է և ամբողջապես կախված է հակամարտող կողմերի ներքին կացությունից, այն բանից, թե մի կողմի նյութական և բարոյական իրողություններն ինչպես են արտացոլված մյուս կողմի հանրային գիտակցության մեջ: Հիմնարար հարցերում որոշումներ ընդունվում են այն իրականության տվյալների հիման վրա, որն արտացոլված է որոշում կայացնող սուբյեկտի գիտակցության մեջ: Միամտություն կլիներ մեզ կապկպելն այն հույսով, թե ղարաբաղյան հիմնախնդիրը կարելի է դրականորեն լուծել դիվանագիտության ջանքերով: Նույնիսկ ամենաբարձր մակարդակի ու աստիճանի դիվանագիտության շանսերը հավասար են զրոյի, եթե երկրի բարոյահոգեբանական (գումարած նաև՝ նյութական) վիճակը չի համապատասխանում առաջադրված նպատակին:

Մեր արտաքին քաղաքական խնդիրները լուծվում են ԱՅՍՏԵՂ: Եթե չփոխենք մեր իրականությունը, եթե գոնե փոքրիկ Արցախը (եթե ոչ ամբողջ Հայաստանը) չվերածենք օրինակելի երկրի (պետական-կառուցվածքային առումով), ապա երբեք չենք արժանանա աշխարհիս ուժեղների հարգանքին, համակրանքին և աջակցությանը: Եւ երբեք չենք կարողանա ներազդել հակառակորդի հասարակական գիտակցության վրա:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ

Այստեղ շատերը խոսեցին դիվանագիտության ոլորտում մեր ունեցած առավելությունների կամ թերացումների, իրավական հարթության մեջ մեզ անհրաժեշտ փաստարկների մասին: Սակայն իրականում հիմնախնդիրները լուծվում են ոչ թե դիվանագիտական կամ իրավական, այլ քաղաքական դաշտում: Իսկ այս դաշտում հաջողության հասնելու համար պիտի ամրակայել ու զարգացնել իրողությունները, պիտի հաստատել սեփական ինքնությունը: Հենց սեփական ինքնությունը հաստատելը կարող է իրապես նպաստել նույն այդ ինքնության ճանաչմանը: Սրա վրա է հարկավոր բևեռել ուշադրությունը:

«ՇԱՐԺՈՒՄ-88» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՑ

… Թող պարադոքսալ չհնչի, եթե ասենք, որ ԼՂՀ իշխանությունների համար մյուս կողմից էլ ձեռնտու էր այն հանգամանքը, որ հիմնախնդրի քաղաքական կարգավորման հիմնական պատասխանատվությունը ՀՀ իշխանությունների ուսերին էր: Սա պիտի որ ԼՂՀ իշխանությունների համար ժամանակ ու ջանքեր խնայեր ամբողջ ուշադրությունը պետականաշինության, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, քաղաքացիական հասարակության կառուցման, մարդկանց բարեկեցության ապահովման վրա բևեռելու համար: Ի վերջո, սա է ամենակարևորը, և իզուր չեն ասում, որ երկրի արտաքին քաղաքականությունը նրա ներքին քաղաքականության շարունակությունն է: Թույլ, թերզարգացած, սոցիալական անարդարությունից բզկտված երկիրը չի կարող իր շահերն ըստ արժանվույն պաշտպանել դրսում՝ առանց ամուր թիկունք ունենալու ի դեմս սեփական ժողովրդի: Իրականում, սակայն, իշխանություններն իրենց այս շահեկան վիճակն արդյունավետ չօգտագործեցին, բաց թողնելով պատմական բացառիկ շանսը:

Այսքանից ելնելով՝ ամենևին էլ զարմանալի չէ, որ մեր իշխանությունները բավականին հանգիստ են տարել բանակցային գործընթացից դուրս մնալու հանգամանքը, բավարարվելով  ղարաբաղյան կողմի մասնակցության անհրաժեշտության մասին զուտ պատմագրության համար արվող հերթապահ հիշեցումներով: Համենայն դեպս, երբ տարիներ շարունակ մամուլում արծարծվում էր այն հարցը, թե ինչու ղարաբաղյան կողմը դուրս է մնացել բանակցություններից, գործող իշխանությունը փորձում էր ապացուցել հակառակը: Եւ հանկարծ մի գեղեցիկ օր նույն այդ իշխանությունը ընդունում է այդ բացահայտ ճշմարտությունը, հընթացս էլ ավելի ընդգծելով Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունը:

Ի դեպ, ինչ վերաբերում է նախագահ Ղուկասյանի անակնկալ հայտարարությանը, ապա հարկ է ասել, որ այս թեման ղարաբաղյան հանրությունում շատ է քննարկվել, ընդ որում խոսքը գնում էր ոչ թե բանակցային գործընթացին Հայաստանի մասնակցելու կամ չմասնակցելու, այլ ղարաբաղյան կողմի պարտադիր մասնակցության մասին, եւ առաջարկվում էր հստակեցնել այդ գործընթացում երկու հայկական պետությունների իրավասությունների շրջանակը: Հայաստանը շահագրգիռ կողմ է եւ, բնականաբար, իրեն առնչվող հարցերի շրջանակում պիտի մասնակցի բանակցություններին՝ նաև որպես ԼՂՀ ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի երաշխավոր, այստեղից բխող հարցերի շրջանակով եւ պատասխանատվության չափով: Հասարակ մի օրինակ՝ ենթադրենք քննարկվում է ադրբեջանցի փախստականների Հայաստան վերադառնալու և հայաստանաբնակ փախստականների Ադրբեջան վերադառնալու հարցը. Ղարաբա՞ղը պիտի բանակցի այս հարցում:

Ինչ-որ է, այսօր չպիտի մի ծայրահեղությունից ընկնենք մյուսը՝ ամբողջ պատասխանատվությունը բարդելով Հայաստանի իշխանության վրա, որի բեռն առանց այն էլ ծանր է, այլ պիտի միջոցներ ձեռնարկենք պատասխանատվությունը կիսելու և երկու հայկական պետությունների համար շահեկան դիրքեր ապահովելու համար: Այսօր իսկը ժամանակն է խոսելու այն մասին, որ տարիներ շարունակ ԼՂՀ իշխանությունները սպասողական կեցվածք էին որդեգրել, չդրսևորելով որևիցե նախաձեռնություն, ունենալով սոսկ արձագանքային-անդրադարձային մարտավարություն: Էլ չեմ խոսում այն մասին, որ ղարաբաղյան արտաքին քաղաքականության պատասխանատուները շատ քիչ բան են արել նորանկախ երկրի միջազգային ճանաչման ուղղությամբ: Դարձյալ նույն սպասողական կեցվածքի արգասիքն է:

Եւ վերջին հանգամանքը: Մտահոգիչ է նաև այն, որ չնայած հակամարտության կարգավորման գործում հանրությանը ներգրավելու անհրաժեշտության մասին հավաստիացումներին, ժողովուրդը շարունակում է անմասն ու անտեղյակ մնալ այդ ամենին: Իշխանությունները տարիներ շարունակ ոչինչ չեն անում արցախյան հանրությանը փոքրիշատե տեղեկացնելու ուղղությամբ, բավարարվելով հատուկենտ հանդիպումների մասին կարճառոտ ու ոչինչ չասող ձևակերպումներով, խորհրդարանին ու հանրությանը թողնելով խաղից դուրս վիճակում: Իհարկե, քաղաքականությունից փոքրիշատե հասկացող յուրաքանչյուր մարդ գիտակցում և ընդունում է բանակցային գործընթացի որոշակի գաղտնապահության անհրաժեշտությունը, սակայն գաղտնապահությունը չպիտի վերածվի գաղտագողության: Տեսեք, թե Ադրբեջանում ոնց են մերթընդմերթ հրապարակ նետում այս կամ այն տեղեկատվությունը, դրանով իսկ միավորներ շահելով և փլուզելով իրենց համար ոչ ձեռնտու զարգացումները:

Միայնումիայն իշխանությունները չեն կարող, և չպիտի էլ թույլ տալ, որ ստանձնեն ամբողջ ժողովրդի ճակատագրի տնօրինման մենաշնորհը: Կարգավորման գործում կարելի է հաջողության հասնել, եթե հավաքագրվի ամբողջ ժողովրդի մտավոր ներուժը, եթե խորհրդարանը մասնակից լինի դրան, եթե իշխանությունները պարբերաբար հաշվետու լինեն ժողովրդին ու ի դեմս նրա ամուր թիկունք ունենան: Որպեսզի չկանգնենք կոտրած տաշտակի առաջ, որպեսզի սխալները ժամանակին ուղղվեն: Այլապես հետագայում մեղավորների որոնումն ու հայտնաբերումը շատ թույլ մխիթարանք է լինելու դեպքերի ոչ բարենպաստ զարգացման պարագայում:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՑ

Ադրբեջանն երկու անգամ պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: 1988 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղը և Շահումյանի շրջանը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էին, ադրբեջանական իշխանությունները փետրվարի 22-ին զինված հարձակումներ կազմակերպեցին այնժամանակյա ԼՂԻՄ-ի վրա, այնուհետ այն շարունակելով Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Շահումյանի շրջանում, Գետաշենում, Շամխորի շրջանում և այլ հայկական բնակավայրերում, իրագործեցին «Օղակ» պատժիչ գործողությունը ԼՂԻՄ-ում և Շահումյանի շրջանում: Դա պատերազմ էր սեփական քաղաքացիների դեմ: ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն անկախ Ադրբեջանը նոր պատերազմ սանձազերծեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Պատերազմը գնում էր Ղարաբաղի տարածքում, և մենք ստիպված էինք պաշտպանվել: Այնուհետև Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը, անցնելով հակահարձակման, ոչնչացրին հակառակորդի կրակակետերը և կարողացան իրենց վերահսկողությունը հաստատել տարածքների այն մասում, որն աշխարհագրորեն Ղարաբաղ տեղանվան սահմաններում է: Ուստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չկա ազատագրված կամ գրավյալ տարածք, այլ կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջականություն՝ իր ներկայիս տարածքով:

Այսօր Ադրբեջանը խոսում է երրորդ պատերազմի մասին, և համաշխարհային հանրությունը ոչինչ չի ձեռնարկում դադարեցնելու համար հակահայկական քարոզչությունն ու ռազմատենչ հայտարարություններն այդ երկրում: Առաջին հերթին միջազգային հանրությունը պետք է գնահատական տա կատարվածին: Ադրբեջանցի փախստականների վերադարձը պահանջող հանրությունը պետք է ընդունի, որ երկու կողմից էլ փախստականների ծագումը Ադրբեջանի պարտադրած պատերազմի հետևանք է: Գտնում եմ, որ պարտավոր ենք, թեկուզև ուշացումով, կատարել կտրուկ և համապատասխան քայլեր՝ չգնալով ոչ մի զիջման, քանի դեռ ղարաբաղյան կողմի առաջարկությունները չեն ընդունվել համապատասխան ատյանների կողմից:

Լեռնային Ղարաբաղը միանշանակ պետք է հանդես գա որպես բանակցային լիիրավ կողմ, այսինքն՝ հակամարտության օբյեկտից վերածվի սուբյեկտի: Իսկ Հայաստանի Հանրապետությունը հանդես գա որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգության և անկախության երաշխավոր՝ զինված ուժեր տեղակայելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում և դրանք չթաքցնելով միջազգային հանրությունից:

Ելնելով այս և մյուս փաստերից՝ գտնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ըստ ամենայնի և կարճ ժամկետում ընդունի համապատասխան օրենքներ և որոշումներ՝ դրանք ներկայացնելով միջազգային հանրությանը.

ա. ճանաչել Ադրբեջանի Հանրապետությունը որպես ագրեսոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ադրբեջանական ագրեսիայի ողբերգական հետևանքների (պատերազմ, ավերածություններ, գաղթականներ և շրջափակում) ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ագրեսիան ձեռնարկած կողմի վրա,

բ. ճանաչել ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքը որպես պատմական Ղարաբաղի բաղկացուցիչ մաս,

գ. վերահաստատել 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ճանաչված Շահումյանի շրջանը որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բաղկացուցիչ մաս, շրջանը ներկայացնել միջազգային հանրությանը որպես Ադրբեջանի Հանրապետության կողմից պատերազմական գործողությունների հետևանքով բռնագրավված (օկուպացված) տարածք:

Դրվագներ

ՄԱՔՍԻՄ ՄԻՐԶՈՅԱՆ

Մենք այսօր հավաքվել ենք ոչ թե խոսելու ցանկությունների մասին, այլ սխալների եւ դրանք շտկելու ուղիների մասին: Եկեք նախ հստակեցնենք Ղարաբաղ-Հայաստան հարաբերությունները: Եկեք բաժանենք գործառույթները եւ չամաչենք խոստովանել, որ այս մի տեղը իմը չէ: 1991-ին Հայաստանի իշխանությունների կամքին հակառակ մենք հանրաքվե ենք անցկացրել: Բանակցությունների մասին. ժամանակին մեզ բանակցությունների էին հրավիրում, բայց մենք հրաժարվեցինք: Հիմա բողոքում ենք: Ամենակարևորը հետևյալն է՝ մենք ինքներս հավատո՞ւմ ենք մեր անկախությանը:

Մինչև ինքներս մեզ չճանաչենք՝ ոչ ոք մեզ չի ճանաչելու: Մինչև ինքներս մեզ չհարգենք՝ ոչ ոք մեզ չի հարգելու: Մենք հեռացել ենք մեր ակունքներից: Այն նախաձեռնությունները, որոնք դուրս են եկել Ղարաբաղից՝ իրենց արդարացրել ու հաջողության են հասել: Որոշակի փուլում նախաձեռնություններ սկսեցին դուրս գալ այլ տեղերից, մենք զիջեցինք նախաձեռնությունը: Ահա և անհաջողությունների արմատը:

ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ

Արցախցիների ինքնորոշման իրավունքն արդեն իսկ ճանաչված է: Պիտի պահանջենք հարգել ինքնորոշման մեր ճանաչված իրավունքը:

Քանի որ ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչված երկիր չէ, ապա Հայաստանը պարտավոր է հասանելի դարձնել արցախցիների ձայնը միջազգային ատյաններ: Սակայն այստեղ կա մի գայթակղություն, որին տրվում ենք, մի սահման, որ անցնում ենք, բայց չպիտի անենք: Փոխանցելով ԼՂՀ-ի ձայնը՝ պիտի կարողանանք չփոխարինել այն մեր ձայնով: Հայաստանը կարող է լինել ԼՂՀ անկախության եւ անվտանգության երաշխավոր, սակայն երբեք չպիտի թույլ տա իրենով փոխարինել Ղարաբաղին:

Օսկանյանը պետք է ոչ թե ասի, որ Հայաստանը կարող է զիջել այս կամ այն, այլ ասի՝ եթե Ղարաբաղն ու Ադրբեջանը գան համաձայնության, Հայաստանն էլ համաձայն կլինի: Վերջնական որոշում պետք է կայացնի Ղարաբաղը:

ՀՐԱՆՏ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Կոմունիստական կուսակցությունը կտրուկ դեմ է արտահայտվում եւ փախստականների վերադարձին, եւ տարածքների հանձնմանը: Կուսակցությունը կողմ է Ադրբեջանի եւ Ղարաբաղի ժողովուրդների միջև լավ հարաբերություններին, բայց՝ յուրաքանչյուրն իր հողի վրա:

ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆ

Ադրբեջանի ագրեսիայի ընդունման դեպքում ազատագրված տարածքների հարցը կարելի է առավել հեշտ լուծել: Ցանկացած ագրեսոր տարածքային պատասխանատվություն է կրում: Եկեք հիշենք Արեւելյան Պրուսիայի պատմությունը, որը Գերմանիայի հետ համաձայնագրով, որպես փոխհատուցում անցել է հաղթող կողմին: Բացի այդ՝ հայկական կողմը պետք է հայտարարի կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքի մասին: Միջազգային իրավունքը թույլ է տալիս երկրներին՝ ռեալ վտանգի դեպքում դիմել նման քայլերի:

ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆ

ԼՂՀ-ն պիտի մշակի հակամարտության վերաբերյալ քաղաքական հայեցակարգ, իսկ Հայաստանի ԱԳՆ-ն նոտայի միջոցով տեղեկացնի այդ մասին միջազգային հանրությանը: Հիմա ՀՀ ԱԳՆ-ն ոչ մի հիմք չունի դա անելու: Բայց ահա ՀՀ Ազգային ժողովը կարող է և պետք է հայտարարի, որ ճանաչում է ԼՂՀ անկախացման անթերի քաղաքական ակտը: Նման փաստաթղթերը հետագա աշխատանքի հիմք կարող են հանդիսանալ:

ԼՂՀ-ն պետք է ձևավորի պետական դիրքորոշում: Եթե մենք ակնկալում ենք, որ որևէ պետություն պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, ապա պետք է իրավական հիմք, իսկ այդպիսին չկա: Զիջումներն էլ պետք է լինեն համաչափ ու համազոր:

ԱՐԹՈՒՐ ՄՈՍԻՅԱՆ

Պետք է ամրագրել ազատագրված տարածքները ԼՂՀ կազմում, իսկ ԱԺ-ն պիտի ընդունի համապատասխան օրենք:

ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կարևորը ԼՂՀ ժողովրդի կարծիքն է, ինձ համար դա սրբության սրբոց է:

ԳԱԼՅԱ ԱՌՍՏԱՄՅԱՆ

Կոչ ենք անում ոչ մի թիզ հող չտալ և ոչ մի զիջում չանել:

——————————————————————————————-

Սոցիալ-տնտեսական

ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՏՈՒՆԸ ՊԻՏԻ ՈՐՊԵՍ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱ ԸՆԴՈՒՆՎԻ

Մեր երկիրը ագրարային երկիր է: Այդպիսին եղել է ու այդպիսին էլ կմնա: Եւ լավ է, որ այդպես է, քանի որ և դարավոր փորձն ու ավանդույթներն են շարունակվում, և էկոլոգիական անաղարտությունն է պահպանվում, ինչը, միևնույն ժամանակ, չի բացառում փոքր ու էկոլոգիապես մաքուր արդյունաբերական ձեռնարկությունների առկայությունն ու այստեղից բխող աշխատատեղերի ավելացման հնարավորությունը: Բայց գյուղատնտեսությունն եղել ու պիտի մնա երկրի տնտեսական զարգացման, մարդկանց բարեկեցության ապահովման հիմնական աղբյուրը, իսկ գյուղն էլ՝ երկրի ամենաամուր բջիջը, հայրենի հողը պահել-շենացնելու, երկրի շտեմարանները լեցուն պահելու և տնտեսական անվտանգությունն ապահովելու, ամենակարևորը՝ արցախցուն իր պապական հողում արմատակալած-ամրակայած պահելու հիմնական գործոնը: Այստեղից էլ՝ գյուղատնտեսությանը, գյուղին ու գյուղացուն մշտական ուշադրության ու հոգածության էպիկենտրոնում պահելու կենսական անհրաժեշտությունը:

Գիտակցվու՞մ է մեզ մոտ նման անհրաժեշտությունը, արդյո՞ք ամեն ինչ արվում է դրա համար: Միանշանակ՝ ոչ: Հողը մեզ մոտ վաղուց են սեփականաշնորհել, բայց ինչպես շուկայական հարաբերություններից ծնված կատակն է վկայում՝ ոչ թե հողն են տվել գյուղացուն, այլ գյուղացուն են տվել հողին: Իրոք այդպես է, որովհետև անսպասելիորեն շուկայական հարաբերությունների հորձանուտում հայտնված գյուղացուն հնարավորություն չեն տվել ու չեն տալիս սեփական հողը մշակելու: Միայնումիայն կոլեկտիվ տնտեսավարման փորձ ունեցող և միանգամից նոր տնտեսական հարաբերություններում հայտնված գյուղացին գլուխը կորցրել է, քանի որ ոչ համապատասխան փորձ ունի, ոչ էլ ժամանակ (ընտանիքը պահել է պետք) ու հնարավորություն՝ նոր պայմաններին հարմարվելու համար: Այս պարագայում իշխանությունները, որ երկրի դժվարություններն ու չլուծված հարցերը սիրում են պատճառաբանել անցումային ժամանակաշրջանով, պարտավոր էին նման «անցումային» հնարավորություն տալ նաև գյուղացուն: Մինչդեռ նրանք պատսպարվել են շուկայական հարաբերությունների տրամաբանությամբ, «ձեռքերը լվացել» ու մի կողմ քաշվել:

Սակայն մի հարց մնում է օդում կախված՝ եթե իսկապես շուկայական հարաբերությունների տրամաբանությունն է որոշիչը, ապա ի՞նչ իմաստ ունի այսքան ուռճացված պետական ապարատ ունենալը, տվյալ ենթատեքստում՝ ընդհանրապես գյուղնախարարություն ունենալը: Ասացեք խնդրեմ՝ խելքը գլխին ո՞ր տնտեսավարող սուբյեկտը ահագին միջոցներ քամուն կտա իր ձեռնարկությունում հարյուրավոր մարդկանցից բաղկացած ադմինիստրացիա կերակրելու համար, ադմինիստրացիա, որը ձեռնարկության առջև ծառացած լուրջ խնդիրների պարագայում մի կողմ կքաշվի՝ պատճառաբանելով շուկայական հարաբերությունները (մեր իշխանավորներն իրենց սեփական ձեռնարկություններում այդպե՞ս են վարվում): Ուրեմն՝ թող այդ ադմինիստրացիան ևս կազմավորվի այդ հարաբերությունների տրամաբանությամբ: Իշխանությունները պարզապես պարտավոր են տվյալ իրավիճակից ելք որոնել, քանի որ ամբողջ լծակները նրանց ձեռքին են, իսկ դրանք տրվել են հենց ելք որոնել-գտնելու համար:

Ի՞նչ պիտի արվի և ի՞նչ է հնարավոր անել: Հիմնական ձևը գյուղատնտեսական վարկերն են: Գյուղացին պիտի կարողանա ցածր տոկոսով (կամ անտոկոս) երկարաժամկետ վարկ ստանա, զարգացնի իր տնտեսությունը, ոտքի կանգնի ու կամաց-կամաց պարտքը մարի: Սակայն մեզ մոտ վարկերի ստացման մեխանիզմն այնքան բարդ է գյուղացու համար, որ այդ վարկերից ով ասես օգտվում է, բայց՝ ոչ գյուղացին:

Հարցերի հարցը գրավի պարագան է: Որպես գրավ չի ընդունվում գյուղացու ոչ տունը, ոչ էլ հողամասը: Վարկ ստանալու համար անհրաժեշտ է կամ բնակարան ունենալ Ստեփանակերտում, կամ էլ սեփական խոշոր տեխնիկա, որոնցից զուրկ է գյուղաբնակների ճնշող մեծամասնությունը: Աբսուրդ է սա. եթե տուն ունենար մայրաքաղաքում՝ այնտեղ էլ կապրեր, եթե խոշոր տեխնիկա ունենար՝ առանց  վարկի էլ իր գլուխը կպահի: Ինչ որ է, արդյունքում վարկ ստանում են «անդրշրջանային» մեծահարուստները, որոնց մոտ էլ խեղճ գյուղացին ստիպված է լինում որպես բատրակ աշխատել կամ էլ զիջել իր հողը նրանց՝ զրկվելով սեփական հողում արարելու ու մարդավայել ապրելու հաճույքից: Արդյունքում գյուղը «շենացնելու» առաքելությամբ «զբաղվում» է ստեփանակերտցին կամ գյուղարանքներում արդեն ձևավորված սակավաթիվ «կուլակությունը»:

Մեկ այլ լուրջ խնդիրն էլ վերամշակման ձեռնարկությունների պակասն է և այն հանգամանքը, որ գյուղացին հնարավորություն չունի իրացնել իր արտադրանքը: Իշխանությունները դարձյալ շուկայական հարաբերությունների տրամաբանությամբ են զինվում և պնդում, որ պետությունն իրավունք չունի միջամտել այս հարցին: Սակայն պետությունը համակարգող դեր պիտի ունենա, այլապես կիմաստազրկվի նրա գոյությունը:

Եվ ամենակարևորը. պետք չէ Պապից ավելի կաթոլիկ երևալ: Շուկայական տնտեսության ամենաջերմ ջատագով մեր իշխանություններին ու մեզ բոլորիս հարկ է հիշեցնել շվեդական սոցիալական ժողովրդավարությունը: Թեև մեր պարագայում շատ ավելի ուսանելի է նաև Իսրայել պետության փորձը: Այս պետության ձևավորվելուց և առաջին արտաքին վտանգներին դիմակայելուց հետո նրա կառավարությունը ոչ միայն  անտոկոս ու երկարաժամկետ վարկեր է տրամադրել գյուղացիներին, այլև առաջին տարիներին գնում էր նրանց արտադրած գյուղմթերքները և, չզարմանաք, թափում ծովը, քանի որ դրանք սկզբնական փուլում մրցունակ չէին շուկայում: Բայց դրա փոխարեն գյուղատնտեսությունը շատ կարճ ժամկետում ոտքի կանգնեց ու դարձավ մրցունակ: Երկիրն էլ ունեցավ զարգացած տնտեսություն ու իր քաղաքացիների համար ապահովեց բարեկեցիկ կյանք:

Ամփոփելով վերոնշյալը՝ հազարումեկերորդ անգամ ընդգծենք գրավի հարցի լուծման կարևորությունն ու անհապաղությունը: Ինչու՞ որպես գրավ չի ընդունվում գյուղաբնակի տունը: Որովհետև նրա շուկայական արժեքը ցածր է: Սակայն այս հարցը շուկայա-տնտեսական բովանդակությունից զատ զուտ հոգեբանական երանգներ էլ ունի: Ոմանց, հատկապես սեզոնային աշխատանքի կենսակերպ-հոգեբանություն ունեցողների համար, տունն ընդամենը չորս պատ է՝ քարուկրից ու երկաթբետոնից կազմված: Այս շինանյութերն ունեն իրենց գները, ուստի կարելի է գնահատել ցանկացած տուն՝ այս բովանդակությամբ: Սակայն տոհմիկ արցախցու համար տունը պարզապես չորս պատ չէ, պարզապես քարուկիր ու երկաթբետոն չէ: Այն առաջին հերթին օջախ է՝ պապերի հիշողությամբ, երեխաների երգուճիչով, մանկության հուշերով, ուրախությունների ու տխրությունների հետքերով: Արցախցու տան պատերը ներծծված են հիշողությամբ, դասերով ու խորհուրդներով:

Հիմա եկեք ու հաշվեք այս ամենի գինը: Թե չէ, գրողի ասած, «հաշվում եք, հաշվում»… Ի՞նչ փոխարժեքով պիտի հաշվվի այս անգին արժեքը շուկայական տնտեսությունում: Ի՞նչ բարոյականությամբ են իշխանավորները  սնանկացնում այս արժեքները: Կյանքն առուծախի վերածած մարդը միայն կարող է այս հարցին մոտենալ զուտ «դոլարային» հոգեբանությամբ և կարծել, որ արցախցին կխաբի՝ մի քանի կոպեկի համար կդավաճանի իր օջախին, փողը կվերցնի ու կկորչի, կամ չի վերադարձնի, գերադասելով ապրել հարևանի մի պուճախում կամ մայրաքաղաքում մի նկուղահարկ զբաղեցնելով: Մենք հո քոչվոր ազգ չենք… Ինչ խոսք, կճարվեն նաև այդպիսի մարդիկ, բայց արժե՞ նրանց «խաթրու» նեղել հազարավոր ազնիվ մարդկանց:

«Դեմո»

ՀԱՆՐԱՐՇԱՎ

Մեր խորին համոզմամբ՝ գյուղացու տունը պիտի որպես գրավի առարկա ընդունվի: Կարծում ենք, որ այս կարծիքին են բազմաթիվ մարդիկ: Ուստի թերթը հանրարշավ է սկսում այս թեմայով: Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր կիսում են այս կարծիքը, մեզ տեղյակ պահել՝ նամակ գրել, զանգել: Արդյունավետ կարող են լինել կոլեկտիվ նամակներն ու ստորագրությունները: Մենք կամփոփենք բոլոր նամակներն ու ստորագրությունները, ձեր անունից կներկայացնենք իշխանություններին և այնքան հրատապ կպահենք այս թեման, մինչև որ հարցը լուծվի:

Դիմեք մեզ:

ԱՆՀԱՎԱՏԱԼԻՆ՝ ԱԿՆՀԱՅՏ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴԴԵՄ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ
կամ՝ «քավության նոխազի» որոնումներում

Ապրիլի 26-ին կայացավ կառավարության հերթական նիստը, որը, սակայն, էապես տարբերվեց նմանօրինակ նիստերից և որի մասին, կարծում ենք, դեռ շատ է խոսվելու: ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը մի շարք սենսացիոն հայտարարություններ արեց: Քանի որ դա արվեց լրագրողների ներկայությամբ, ապա կարելի է ենթադրել, որ կատարվածը պատահականություն չէ, ավելին՝ հարցերն այնքան ցավոտ են, որ վարչապետը որոշել է դրանց հասարակական հնչողություն տալ:

Անդրադառնալով երկրի տնտեսության զարգացման միտումներին ու հիմնախնդիրներին, Ա.Դանիելյանը կարևորեց նաև հանրության հետ տարվող աշխատանքները, մասնավորապես՝ նախարարներին կոչ արեց պարբերաբար հանդես գալ ասուլիսներով: 2005 թ. պետական բյուջեի կատարողականի մասին խոսելիս՝ վարչապետը նշեց, որ թեկուզ սեփական եկամուտներն աճել են 43 տոկոսով, այնուամենայնիվ՝ բյուջեն կատարվել է ընդամենը 102 տոկոսով, ինչը նշանակում է, որ այն՝ բյուջեն, ռիսկային է: Ա.Դանիելյանն անկեղծորեն խոստովանեց, որ, ճիշտ է, իր գլխավորած կառավարության 7 տարվա գործունեության ընթացքում արդյունաբերության ծավալները նկատելիորեն աճել են, սակայն դա փաստորեն տեղի է ունեցել հիմնականում Դրմբոնի պղնձա-հարստացուցիչ գործարանի շնորհիվ: Այլ կերպ ասած՝ ուրիշ գործարաններ չեն բացվել:

Նշելով, որ Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ստացած գումարներից 146 միլիոն դոլար ուղղելու է ոռոգման համակարգի զարգացմանը, նա եզրակացրեց, որ դրանով իսկ շուտով Հայաստանում բերքատվությունը մի քանի անգամ բարձրանալու է, ինչի արդյունքում էլ Ղարաբաղում արտադրվող գյուղմթերքները դադարելու են մրցունակ լինելուց: Այս ենթատեքստում վարչապետը խիստ գնահատական է տվել և մեղադրել այն մարդկանց, ովքեր մեզ մոտ հանդես են գալիս ոռոգման ցանցի զարգացման ծրագրերի դեմ: Ու՞մ է սա վերաբերվում: Չթողնելով ենթադրությունների գիրկն ընկնել՝ Անուշավան Դանիելյանը թափանցիկ ակնարկներ արեց. «Դրանք օլիգարխներն են, որոնք ամեն ինչ անում են, որ հողի գինն ընկնի, եւ որպեսզի իրենք «ջրի գնով» ձեռք բերեն բոլոր հողերը»:

Վարչապետն առանձնակի կարևորեց վերամշակող ձեռնարկությունների անհրաժեշտությունը գյուղատնտեսության զարգացման համար, հընթացս դժգոհություն հայտնելով, որ այս ոլորտում, հատկապես՝ գինեգործությունում, ստեղծվել են մոնոպոլիաներ: Նա առաջարկեց վարկավորման միջոցով խթանել փոքր գինեգործարանների ստեղծումը:

Ինչ խոսք, վարչապետը միանգամայն ճիշտ վերլուծություններ ու եզրակացություններ է արել, ինչը գովելի երևույթ է, այլ հարց է, թե ինչու նա հիմա է դա անում, նաև՝ արդյո՞ք կառավարությունը և անձամբ ինքը պատասխանատու չեն ստեղծված իրավիճակի համար: Չենք բացառում, որ վարչապետը փորձել է ինչ-որ բան անել ու շտկել իրավիճակը, ինչը նրան չեն թողել:

Այսպես թե այնպես, Ա.Դանիելյանը չխնայեց նաև կառավարությանը, նշելով, որ նախարարները (ինչպես նաև համայնքների ղեկավարները) չեն գործում որպես միասնական թիմ, այլ յուրաքանչյուրն իր համար «խնամարկյալին» հատուկ («իժդիվենչեսկի») քաղաքականություն է վարում, փորձելով հնարավորինս շատ պոկել պետական բյուջեից. «Եւ միայն ես ու ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանն ենք մտածում, թե ինչպես տեղավորվենք «մի դույլ» բյուջեի մեջ»: Հարկավոր է բաց ու արդար աշխատել՝ նախարարներին դիմեց վարչապետը. «եթե հասարակությունը բողոքում է, ապա ավելի շատ սոցիալական անարդարությունից, քան կենսամակարդակից»:

Ինչպե՞ս մեկնաբանել կատարվածը: Մեր կարծիքով, չի բացառվում, որ սա վարչապետի պատասխան քայլն է հետագա դեպքերի զարգացման այն շրջանառվող վարկածի, ըստ որի առկա բացթողումների համար որպես «քավության նոխազ» հենց ինքն է «ընտրվելու»: Ըստ էության, նա առաջարկեց «քավության նոխազի» մեկ այլ տարբերակ ու հասցե:

Մի բան, սակայն, մեզ համար միանշանակ է՝ «քավության նոխազի» միջոցով հարցեր լուծելը երբևէ չի նպաստել երկրի զարգացմանը:

«Դեմո»

——————————————————————————————-

Ուսանողների աչքերով

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

2002թ. հունիսին ինձ բախտ վիճակվեց լինել Երևանում: Ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, ես իմ պարտքը համարեցի այցելել Ծիծեռնակաբերդ:

Ես ունեի այն զգացումը, որ երևի ունենում է Ծիծեռնակաբերդ այցելող ամեն մի հայ: Զգացի, որ պրկվեց ամեն մի մկանս, ամեն մի նյարդս: Սիրտս դողում էր՝ ինչպես ցրտահարված ճնճղուկ, սկսեցի մտովի թերթել մեր մղձավանջային պատմության էջերը:

Սթափվելով մտորումներից՝ շրջվեցի և բարձրից դիտեցի վերակենդանացած հրաշալիքը՝ Երևանը. այրող արցունքների միջից աչքերս ուրախությունից փայլեցին և հոգուս կսկիծին փոխարինելու եկավ հպարտությունը, որ, իմ կարծիքով, ծնվում է ամեն հայի սրտում, երբ նայում է հայոց նոր ոստանին: Ի հեճուկս թուրքի՝ մենք ոչ միայն փրկվեցինք, ոչ միայն շտկեցինք դարերով կորացած մեր մեջքը, այլև մեզանից էլ զորանալով՝ դարձանք աշխարհին նոր աչքերով նայող մարդիկ և շարունակում ենք գիտությամբ, արվեստով, գիտական ձեռքբերումներով զարմացնել աշխարհին:

Կանգնած երկար դիտում էի քաղաքը, որ շատ գեղեցիկ էր մայրամուտին. լույսերով ողողված քաղաքը կարծես վառվում էր բոցերի մեջ: Իմ աչքերի առջև գծագրվեց և բիբլիական հսկան՝ Արա-րատը՝ իր զույգ գագաթներով, ասես արթուն պահապան՝ նա հսկում էր իր փրկված զավակների խաղաղ առօրյան:

Քնար ԲԱԲԱՅԱՆ / ԱրՊՀ, լրագր., 2-րդ կուրս

 

ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Հետաքրքիր պատմություն ունի Շուշիի թանգարանի շենքը:

1920-ական թվականներին այժմյան թանգարանի շենքը բնակչությանը ծառայել է որպես ծննդատուն, ապա՝ 1988թ. դարձել է գորգերի թանգարան և միայն 1992թվականից հետո ծառայում է որպես մշակույթի թանգարան:

Շուշիի միակ թանգարանի շենքը վերանորոգման կարիք է զգում, ողջ մշակութային արժեքները գտնվում են մի սենյակում, որոնց պահպանումը խոնավությունից և հատկապես ձմռան ցրտից ապահովվում է փոքրիկ փայտե վառարանի միջոցով:

Այստեղ տեղ են գտել դեռևս 5-րդ դարի նմուշներ, անցյալ դարի պեղումներից հայտնաբերվել ու պահպանվում են 6-7-րդ դդ. նմուշներ: Օրըստօրե թանգարանի աշխատակիցների, տնօրենի ջանքերով ձեռք են բերվում նոր արժեքավոր նյութեր, որոնց պահպանման համար, սակայն, բավարար պայմաններ չկան:

Շուշիի թանգարանը կարիք ունի նոր կամ վերանորոգված շենքի:

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ / ԱրՊՀ, լեզվագր., 1-ին կուրս

 

ԹԱՏՐՈՆԻ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ…

Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն էր և, ըստ ավանդության, Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հանդես եկավ նոր՝ «Հրաժարական» ներկայացմամբ:

Դահլիճը լեցուն չէր, բայց մթնոլորտը ջերմ ու հաճելի էր: Մոտ 2 ժամ տևած ներկայացումը մեծ հաճույք պատճառեց ներկաներին, չնայած, որ դահլիճը ցուրտ ու սառն էր, և հանդիսատեսը պարզապես խղճում էր «սրթսրթացող» դերասաններին:

1932թ. Կարո Ալվարյանի կողմից ստեղծված և արդեն 74-ամյա թատրոնը բազմաթիվ լավ ու վատ օրեր  է ապրել, հաղթահարելով դժվարությունները, բայց այսօր թատրոնը մի նոր դժվարին շրջան է ապրում: Բազմաթիվ խնդիրներ ունի Արցախի միակ թատրոնը:

Գլխավոր խնդիրներից մեկը ջեռուցումն է: Թատրոնի շենքը բոլորովին չի ջեռուցվում, և դերասանները ստիպված աշխատում են խոնավության մեջ, բայց ինչպես դերասան Քաջիկ Հարությունյանն է ասում. «Ամեն ինչ հանուն արվեստի և ժողովրդի է արվում»:

Լուրջ խնդիր է նաև շենքի անշուք վիճակը՝ բոլոր առումներով: Նաև այս պատճառով է, որ հանդիսատեսը քիչ է գալիս թատրոն:

Ինչպես դերասանների, այնպես էլ թատերասերների կարծիքով՝ զգացվում է դրամատուրգների պակասը: Արցախյան գոյամարտը այս առումով պատշաճ ներկայացված չէ:

Դերասան Քաջիկ Հարությունյանը գտնում է, որ այս դժվարին պայմաններում պետք է փորձել պահպանել վաղեմի փառքի այն փշրանքները, որոնցից գալիք ամրություն պիտի ստեղծվի:

Արևիկ ԱՎԱՆԵՍՅԱՆ / ԱրՊՀ, լեզվագր., 1-ին կուրս

 

ՏՀԱՃ ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մի քանի օր առաջ թիվ 10 երթուղային տաքսով գնում էինք հիվանդանոց՝ մեր ուսուցչին տեսակցելու: Մինչև հիվանդանոց հասնելը մեքենան մի քանի անգամ կանգնեց: Ուղևորներից ամեն մեկն իր ուզած կանգառում իջնում էր: Իսկ երբ արդեն մարդիկ մեքենայի դուռը փակում ու հեռանում էին, վարորդը, որն իրեն, երևի, համարում էր թունդ կատակասեր, ամեն մի ուղևորի հետևից մի վիրավորական արտահայտություն էր անում: Ճիշտ է, ներկաներից շատերը ծիծաղում էին ամեն անգամ: Բայց նկատեցի, որ վարորդը բոլոր իջնողներին էլ ծաղրում է: Իրոք՝ ես ինձ շատ վատ զգացի՝ մտածելով, որ մի կանգառում էլ մենք ենք իջնելու, և մեր հետևից նա նույնպես նույնը կկրկնի, ինչպես մնացած ուղևորների հետևից: Ավելին, կանգառներից մեկում մեր «հումորիստ» վարորդը, նկատելով իր ծանոթներից մեկին, կանգնեցրեց մեքենան, իջավ և սկսեց երկար-բարակ զրուցել հետը: Իսկ մենք՝ ուղևորներս, նստած սպասում էինք վարորդին: Բայց մի՞թե կարելի է այդպես աջ ու ձախ վիրավորել մարդկանց, ոտնատակ տալ նրանց արժանապատվությունը, միաժամանակ խախտելով նաև երթևեկության կանոնները: Մարդ պիտի գիտակցի, հատկապես այդ նույն վարորդը, որ ուրիշներին ծաղրելուց առաջ՝ լավ կլինի մի անգամ նայի հայելուն և իր ներսը: Տարրական կուլտուրայից զուրկ մարդն ամենաձանձրալին և ամենատհաճն է աշխարհում:

Զարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ / ԱրՊՀ, լրագր., 1-ին կուրս

 

ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ

Եկեղեցին Աստծո տունն է, այն վայրը, ուր մարդն իր մեղքերը քավելու համար ձեռք է բերում հոգևոր զորություն և համարձակություն: Գտնվելով այնտեղ՝ զգում ես Աստծո ներկայությունը, գիտակցում, որ նա պատրաստ է ցանկացած պահի օգնել քեզ: Եկեղեցում մխիթարվում ես, մի պահ հոգիդ սավառնում է երազի թևերով  դեպի երկինք, դեպի հեռու և լուսաձակ աստղերը, ուր նստած է նա՝ երկրի ու երկնքի տիրակալը: Կարծես ձգտում ես հասնել նրան, փորձում գոնե մեկ անգամ տեսնել նրա դեմքը, սակայն ամեն ինչ անօգուտ է, անհասանելի՝ Աստված կատարյալ է, իսկ մարդը…

Հայտնի իրողություն է՝ մեր քաղաքի եկեղեցին փոքր է, բայց, միևնույն է, մարդիկ գրեթե ամեն օր այցելում են այնտեղ ու աղոթում: Դա ապացուցում է, որ մարդկանց համար կարևոր չէ՝ եկեղեցին մե՞ծ է, թե՞ փոքր, հի՞ն է, թե՞ նոր: Նրանց համար կարևորը հավատն է ու Աստծո զորությունը: Վերջերս լուր տարածվեց, որ մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի մի տարածքում պետք է նոր եկեղեցի կառուցվի: Նախկինում այդ տարածքը զբաղեցնում էր պատերազմից փլուզված մի շենք, որը քանդելուց հետո՝ տարածքը դատարկ մնաց: Ամեն օր տասնյակ մարդիկ են անցնում այդ վայրով: Բոլորն էլ գիտեն, որ երկու-երեք տարի հետո այդտեղ կանգուն կլինի մի նորակառույց եկեղեցի: Սակայն թե ե՞րբ են սկսելու եկեղեցին կառուցել, դեռևս հայտնի չէ: Կարևորն այն է, որ քաղաքի բնակիչները հավատով սպասում են եկեղեցու կառուցմանը: Մենք հավատում ենք, որ կգա ժամանակ, և այդ տարածքը ևս սրբատեղի կդառնա, ու մարդիկ կունենան մխիթարության, մեղքերի թողության նոր վայր: Իսկ շինարարական աշխատանքներին գուցե մասնակցենք նաև մենք՝ ով ինչպես կարող է, և Աստված հենց ի սկզբանե կօրհնի մեզ:

Տաթևիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ / ԱրՊՀ, ժուռն., 1-ին կուրս

 

ԳԱՆՁԱՍԱՐ

Ամեն մի երկիր մարդուն բացվում է յուրովի: Ամեն մի երկրում մարդ իր համար մի նոր բան է հայտնաբերում:

Ահա և Արցախի լեռնաշխարհը. այն բացվում է մարդուն իր բարձրաբերձ լեռներով, խիտ անտառներով, պատմական հուշարձաններով, գեղատեսիլ վայրերով…

Իսկ երբ այս բոլորը միախառնվում են՝ ստեղծվում է մի հիանալի ներդաշնակություն…

Վկայությունը՝ չնաշխարհիկ Գանձասարը: Այս ճարտարապետական հուշարձանը ընկղմված է խիտ անտառների մեջ, որոնք մի յուրովի գեղեցկություն են տալիս և, միախառնելով պատմությունն ու բնությունը, ստեղծում մի անզուգական տեսարժան վայր: Իսկ փոքր-ինչ ներքև՝ Վանք գյուղում, «Էկլեկտիկա» նավ-հյուրանոցն է: Չհիանալ այս կառույցով՝ ևս անհնար է:

Շարունակելով ճանապարհը, մեր առջև հառնում է «Ծովին քար» հյուրանոցը: Չնայած հյուրանոցը դեռ ամբողջովին պատրաստ չէ, բայց արդեն կատարվել են զգալի աշխատանքներ, և սպասվում է, որ կկառուցվի մի հոյակապ շինություն: Եվ այս հյուրանոցին մի առանձին հմայք կհաղորդի գետափին գտնվելու հանգամանքը: Այս հյուրանոցի կառուցումը կարևորվում է նրանով, որ այստեղ կբացվեն շատ աշխատատեղեր և նպաստավոր պայմաններ կստեղծվեն զբոսաշրջության համար: Վանքից մինչև Գանձասար ամբողջ ճանապարհը ասֆալտապատ է:

Պարտավոր ենք նշել, որ այս բոլոր շինությունները կառուցվել են շնորհիվ բարերար Լևոն Հայրապետյանի:

Գանձասարն, իրոք, այսօր վերածվել է ԼՂՀ զբոսաշրջության կենտրոնի: Այստեղ ժամանում են զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից:

Մեծ շուքով նշվեց Գանձասարում Սուրբ Զատիկը: Այստեղ էին հավաքվել բազմաթիվ մարդիկ՝ հանրապետության տարբեր բնակավայրերից:

Իհարկե, նման պատմաճարտարապետական հուշարձանների վերանորոգմամբ ոչ միայն զարգացվում է զբոսաշրջությունը, այլ նաև պահպանվում են մեր պատմական հուշարձանները:

Եվ հենց այսպիսի տեսարժան վայրերի մասին է ասված. «Լավ է մեկ անգամ տեսնել, քան թե հազար անգամ լսել»:

Անահիտ ԲԱԴԱԼՅԱՆ / ԱրՊՀ, ժուռն., 1-ին կուրս

 

ԵՐԵՎԱՆՑԻ ՎՈԿԱԼԻՍՏՆ ՈՒՆԿՆԴՐԵՑ ԱՐՑԱԽՑԻ ՍԱՆԵՐԻՆ

Օրերս Երևանի պետական կոնսերվատորիայից մեզ մոտ ժամանեց դոցենտ, վոկալիստ Լարա Մկրտչյանը: Գրեթե մեկ շաբաթ նա աշխատել է երաժշտական ուսումնարանում՝ ուսանողների հետ, իսկ ապրիլի 11-12-ը նա այցելեց Կոմիտասի անվան երաժշտական դպրոց, որտեղ նրա դատին էին ներկայացվել դպրոցի երգիչ սաների կատարումները:

Դպրոցի տնօրեն Կարինե Արամովնան ասաց, որ Լարա Մկրտչյանը՝ լսելով մասնակիցների կատարումները, իր արժեքավոր խորհուրդներով կօգնի մասնակիցներին եւ ուսուցիչներին: Եվ կընտրի տաղանդաշատ աշակերտներ, որոնց հետ կշարունակի իր աշխատանքը:

Համերգի ընթացքում հնչեցին և ժողովրդական, և էստրադային, և դասական, և գուսանական հոյակապ երգեր: Հանդիսատեսին իրենց կատարումներով հիացրին դպրոցի սաներ Անուշ Ավանեսյանը, Հարութ Պետրոսյանը, Արամ Ադամյանը, Կարեն Խաչատրյանը, Բորիս Աղաջանյանը և այլ շնորհալի երեխաներ:

Համերգի վերջում Երևանի պետական կոնսերվատորիայից ժամանած հյուրը որոշ խորհուրդներ տվեց համերգի մասնակիցներին:

Հուսանք, որ հետևելով բարի խորհուրդներին, մեր շնորհալի երեխաները կդառնան ճանաչված արտիստներ:

Անահիտ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ, Լարա ՍԵՎՈՒՄՅԱՆ

——————————————————————————————-

Մամուլի պատմությունից

«ՂԱՐԱԲԱՂ» ԹԵՐԹԻ ՎԱՆԵՑԻ ԽՄԲԱԳԻՐԸ

140 տարի առաջ ծնվեց նշանավոր գրող, մանկավարժ, խմբագիր և ազգային խոշոր գործիչ Վրթանես Փափազյանը՝ Շուշի արցախական մայրաքաղաքում տպագրվող

«Ղարաբաղ» թերթի փաստացի խմբագիրը:

«Ղարաբաղ» թերթը նախախորհրդային Արցախում լույս տեսնող մամուլի այն պարբերականն էր, որը ժառանգություն պիտի դառնար «Ղարաբաղի գեղջուկ», «Նեցուկ», «Նոր կյանք» և այլ թերթերի հետ, և հիմք դառնար «Երիտասարդ բոլշևիկ» – «Խորհրդային Ղարաբաղ», «Սովետական Ղարաբաղ», «Արցախ» և, վերջապես, «Ազատ Արցախ» թերթի համար:

Երևի շատ քչերը գիտեն, որ այս թերթը ժամանակին խմբագրել է հայ դասական գրող, մանկավարժ և ազգային խոշոր գործիչ Վրթանես Փափազյանը:

Սա առաջին դեպքը չէր, երբ Ելիզավետպոլի նահանգում կամ Արցախի Շուշի խոշոր մշակութային քաղաքում հանգրվանում է համահայկական հնչեղություն ունեցող գրական անձ ու անուն:

Վրթանես Փափազյանը ծնվել է 1864թ. Վանի վիլայեթի Խորգոմ գյուղում: Նախնական կրթություն ստանալով տեղի ծխական դպրոցում, պատանի Վրթանեսը ուսման ծարավով մեկնում է Էջմիածին, այնուհետև տեղափոխվում է Թիֆլիս և, ճեմարանական կրթություն ստանալով, տրվում գրական և մանկավարժական աշխատանքի:

Վրթանես Փափազյանն առավելապես ստեղծագործական ջիղ ունեցող մանկավարժ էր և դա էր, որ նրան մղեց գրական, լրագրական ասպարեզը, և շուրջ 3 տասնամյակ շարունակ նա աշխատակցեց Կովկասում ու նրանից դուրս տպագրվող հայկական մամուլին:

Հետաքրքիրն այն է, որ երկու տարի նա ապրել է նաև Արցախում: Բժիշկ Նիկոլայ Երամիշյանի հետ ունեցած մտերմության պատճառով 20-րդ դարի 10-ական թվականներին Փափազյանը հայտնվում է Շուշիում: Դեռևս 1910թ. Շուշիում հիմնադրված Մելքոն Բաբաջանյանի տպարանում բժիշկ-բանասերը և վանեցի երիտասարդ արձակագիրը հասցնում են տպագրել մի քանի բրոշյուրներ՝ թերթ տպագրելու իրավունք ստանալու հույսով դիմած լինելով Կովկասի փոխարքա իշխան Գոլիցինին:

Այդ իրավունքը Նիկոլայ Երամիշյանը ստացել է մեկ տարի հետո՝ 1911թ. սեպտեմբերի 13-ին, և իրեն այցելած ընկերոջը ներքաշելով այդ գործի մեջ՝ դարձրել շուշեցի: Չնայած այս ազգաշահ ձեռնարկման գործում քիչ չէ նվիրյալ բժշկի ջանքն ու եռանդն, ինչպես նաև Մակար Բարխուդարյանի և այլոց ներդրումը, սակայն փաստ էր, որ թերթի ստեղծման ամբողջ ծանրությունը մնում էր գրող, լրագրող Վրթանես Փափազյանի ուսերին:

Հաշվի առնելով, որ Վրթանես Փափազյանը որպես գրող հայտնի է հայությանը և աշխարհին, փորձենք այս առիթն օգտագործել նրան ներկայացնելու որպես «Ղարաբաղ» թերթի փաստացի խմբագիր:

Նիկոլայ Երամիշյանի թերթը (լույս էր տեսնում շաբաթական 2 անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին) Ստոլիպինյան ներքին քաղաքականության դժնդակ տարիներին (1909-1913թթ.) ազգամիջյան ընդհարումներից հետո լույսի ու հույսի մի շող էր, որ ճառագում էր Արցախ աշխարհում:

Չնայած այն քաղաքական լրատվամիջոց չէր և հակված չէր քաղաքական որևէ կուսակցության քարոզչությանը, սակայն իր ուղղվածությամբ ժողովրդական թերթ էր, ինչպես հուշել է նրա անդրանիկ առաջնորդողը. «Ղարաբաղը» լինելու է անաչառ՝ յուր նկրտումների մեջ, հեռու թայֆայական նեղսրտությունից: Ճշմարտությունն ու արդարությունն են լինելու նրա նշանաբանը…»:

Թերթը առաջին համարից (1911թ. սեպտեմբերի 17-ից) մինչև վերջին համարը (լույս է տեսել 1912թ. օգոստոսի 19-ին) հաստատ է եղել իր խոստմանը: Այնտեղ տպագրվում էին առաջնորդող հոդվածներ, տեղական խրոնիկա, հեռագրեր ու լուրեր, հոդվածներ ու թղթակցություններ երկրամասի կյանքի շուրջ, ֆելիետոններ, պոեզիա ու արձակ, ակնարկներ՝ պատմությունից ու աշխարհագրությունից, քաղաքատնտեսությունից ու մշակույթից, ինչպես նաև լուսաբանվում էր երկրամասի ու, ընդհանրապես, կայսրության կյանքն ու շարժը, տպում էր հայտարարություններ՝ հայերեն, ռուսերեն և թաթարերեն լեզուներով:

Հատկապես Վրթանես Փափազյանի ներկայությունը, որը ոչ միայն խմբագրության կենտրոնական դեմքն էր, տեսանելի էր ոչ միայն մայրաքաղաք Շուշիում, բազմաբնույթ միջոցառումների ժամանակ, այլև գավառի մոտ ու հեռավոր անկյուններում, որը ոգևորում և համախմբում էր մտավորկան ուժերին:

Ընդամենը 2-3 տարվա ընթացքում Փափազյանը կարողացավ իր ու թերթի շուրջը համախմբել այնպիսի ուժերի, որոնցից շատերը հետագայում դարձան հայ գրականության և մշակույթի ակնառու գործիչներ:

«Ղարաբաղ» թերթում են իրենց գրվածքները տպագրել Կոնստանտին Մելիք-Շահնազարյանը (հայտնի ֆելիետոնիստ Տմբլաչի Խաչանը), Շուշիի Մարիամյան օրիորդաց դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Հ. Ստոինյանը, Ա. Գյանջեցյանը, գրող Միրզա Տեր-Սարգսյանը,  մշակութաբան Պ. Զաքարյանը, հետագայում՝ ակադեմիկոս Ա. Առաքելյանը, գրող Գրիգոր Ներսիսյանը, Խորեն Բորյանը, Հակոբ Խանլարյանը, Վ. Հայկազը, Լևոն Աթաբեկյանը և ուրիշներ:

Ուշագրավ էին թերթում պարբերաբար լույս տեսնող «Գրական ակնարկները» և գրամշակութային թեմատիկ էջերը, որոնց հեղինակը Վրթանես Փափազյանն ինքն էր:

Թերթում հաճախակի էին երևում «տեսություն»-ներ, ուր գրականագիտական քննադատական խոսք էր ասվում ոչ միայն Արցախում ապրող և ստեղծագործող գրողների ստեղծագործությունների, այլև Արցախից դուրս գործող հայ և այլազգի նշանավոր գրողների երկերի շուրջ:

Սա խոսում է այն մասին, որ «Ղարաբաղ» թերթը չէր սահմանափակվում տեղական կաղապարների մեջ և համարձակորեն մղվում էր համահայկական դաշտ:

Թերթը հասնում էր նաև գավառի ամենահեռավոր գյուղերը, որտեղից մտավորական ուժերը սերտ կապ էին պաշտպանում՝ ուղարկելով ոչ միայն գրական, այլև լրագրական ժանրի նյութեր:

Եթե ավելացնենք, որ «Ղարաբաղ» թերթը քննադատական և վերաբերական սուր խոսք էր ասում նաև Թիֆլիսում, Բաքվում և սփյուռքում տպագրվող թերթերում լույս տեսած հոդվածների մասին, ապա անկասկած է, որ «Մշակը», «Մուրճը», «Աղբյուրը», «Լույսը» (Նոր Նախիջևան), «Մարտը» (Մոսկվա) և այլ պարբերականներ հաճախ էին անդրադառնում «Ղարաբաղ» թերթին:

Այսպես թե այնպես, թերթի յոթ տասնյակից ավելի համարների ընդհանուր գրա-մշակութային ուղղվածությունը՝ մի կողմից, և իր իսկ խոստովանությունն էլ մյուս կողմից, վկայում են «Ղարաբաղ» թերթի խմբագրի ով լինելը: Վրթանես Փափազյանը Գարեգին Լևոնյանին մի նամակում գրել է .«Լևոնյան, …եթե ուզում եք, որ ռեկլամ լինի և տարածվի գիրքը (խոսքը «Գեղարվեստ»-ի չորրորդ պրակի մասին է – Է. Ե.), ինձ թվում է, որ «Ղարաբաղ»-ին էլ պետք է ուղարկեք: Այդ առիթով խնդրեմ մի կարծիք. ես եմ խմբագրում թերթը, ես ու թերթը միևնույնն ենք…»:

«Մշակ» թերթն այս առիթով 1912թ. հոկտեմբերի 6-ի համարում հուշում է «Ղարաբաղ» թերթի խմբագրի դեմ դատ» լրատվության մեջ. «… բժիշկ Երամիշյանը նոմինալ կերպով է եղել հրատարակիչ խմբագիր, փաստորեն թերթը խմբագրում էր Վրթանես Փափազյանը»:

Երկու տարի հետո 1912թ. վեջերին թերթը դադարեց լույս տեսնելուց: Սակայն աներկբայորեն այն իր տեղը գրավեց գավառի մամուլի պատմության մեջ՝ ուրույն դերով, միաժամանակ՝ մակարդակ հաղորդելով մշակութային և գրական հարցերին ու դրանց լուսաբանման գործին: Իսկ այդ ամենը կարողացավ անել «Ղարաբաղ» թերթի վանեցի խմբագիրը՝ ազգային և գրամշակութային նշանավոր գործիչ, գրող Վրթանես Փափազյանը:

Էռնեստ ԵՍԱՅԱՆ

 

«ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ»-Ի ՇՌԱՅԼ ՓԱՅԼԱՏՈՒՆ

(Ստեփանոս Նազարյանցի մահվան 125-ամյակի կապակցությամբ)

Ռուսահայոց մամուլի պատմության մեջ մեծագույն դեր է վերապահված հայ մեծ լուսավորիչ-ազգագրագետ, գրող-հրապարակախոս Ստեփանոս Նազարյանցին, որի մահվան 125-ամյակը լրանում է ապրիլին:

1812 թվականի դեկտեմբերի 25-ին Խոյ-Սալմաստից մի քանի տարի առաջ վերաբնակության եկած Եսայի Նազարյանի հավլաբարյան օջախում ծնվեց ընտանիքի չորրորդ զավակը, որին քահանա հայրը մկրտեց Ստեփան(ոս) անունով:

1830թ. Պողոս Վարդապետի դպրոցում մտերմացած Խաչատուր Աբովյանը  Նազարյանցին հրավիրում է Դորպատ (պրոֆեսոր Պարրոտի անունից), որտեղ Ստեփանոսը սովորում և ավարտում է Դորպատի համալսարանը:

Ապա Նազարյանցին տեսնում ենք Կազանի համալսարանում, ուր նա մնում է 6 տարի: Նա բավականաչափ հանրածանոթ կրթա-լուսավորչական և գրական գործիչ էր արդեն, երբ կնքվեց Փարիզի դաշնագիրը Ղրիմի արյունահեղ և երկարատև պատերազմի շուրջ: Ռուսաստանը բարենորոգումների սուր պահանջ ուներ և մամուլի ու գրականության, գիտության ու մշակույթի վերակենդանացման նոր շրջան սկսվեց:

Նազարյանցը չէր կարող անտարբեր մնալ այս հասարակական արթնացման հանդեպ և 1856թ. մարտի 19-ին մի նամակ-խնդրագիր է ուղղում լուսավորության նախարար Նորովին, որին 1857թ. մայիսի 30-ին հետևում է հայտարարությունը «Հյուսիսափայլ» անունով ամսագրի տպագրման մասին:

Բացատրելով ամսագրի ստեղծման նպատակները և չունենալով ոչ բավական դրամական հանգանակություն ու միջոցներ՝ 1858թ. հունվարից սկսում է լույս տեսնել խոստացված ամսագիրը, որն ուներ ոչ միայն համակիրներ, այլև ընդդիմախոսներ:

Այսպես թե այնպես, «Հյուսիսափայլ»-ը մեզանում արմատավորեց հրապարակագրություն և հանդիսացավ ազատաբաղձ դեմոկրատիայի տրիբունը:

1864թ. նոյեմբերյան համարը վերջինը եղավ: Թեկուզ  ռուսահայոց դեմոկրատական մամուլի առաջնեկին բաժին էր հասնում նոր ու թարմ գաղափարների քարոզիչը դառնալ: 7-ամյա գոյության ձիգ ժամանակահատվածում «Հյուսիսափայլ»-ը մոլի առաջադիմական-լուսավորիչ Ստեփանոս Նազարյանցի առաջնորդությամբ հայ իրականություն բերեց 19-րդ դարի 50-60-ական թթ. հայ լուսավորչական, մամուլի, գրական ու ազատագրական պայքարի ականավոր առաջամարտիկներ Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու, Միքայել Միանսարյանի, Հարություն Սվաճյանի, Սմբատ Շահազիզի, Ռաֆայել Պատկանյանի, Գրիգոր Արծրունու, Գ. Տեր-Հովհաննիսյանի, Գևորգ Բարխուդարյանի, Անանիա Սուլթանշահի, Գևորգ Դոդոխյանի և հարյուրավոր այլ առաջադեմ մտավորականների և գրողների, հրապարակախոսների միտքն ու ստեղծագործությունները:

Չնայած միջոցները սուղ էին, սակայն արևելագետ պրոֆեսորը չթողեց իր ժողովրդին ծառայելու միտքը: 1867թ. լրացավ Նազարյանցի պետական ծառայության 25-ամյակը: Նախօրյակին նա ճանապարհորդեց դեպի Կովկաս, եղավ Նոր Նախիջևանում, Ղզլարում: Այս շրջանում նա ունեցավ անձնական կորուստներ՝ 1868թ. մահացավ տիֆով վարակված նրա Ֆրիդերիկ որդին, մինչ այդ հավերժական հրաժեշտ էր ասել առաջին կնոջը: Երկրորդ կնոջից ծնվել էր Էմանուել անունով որդին:

Անձնական կորուստներն ու գտնումները, սակայն, չշեղեցին նրան:

Նազարյանցը պատրաստվում էր տպելու «Լապտեր Հայաստանի» ամսագիրը: Այս հրաշալի ծրագիրը, որը նա պետք է կյանքի կոչեր, խանգարվեց Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում տեսուչ նշանակվելու պատճառով: 1871թ. չկարողանալով տանել հոգաբարձուների և ուսուցչության հետամնաց մտավոր վարքը, Նազարյանցը նորից անցնում է Մոսկվա և շարունակում Լազարյան ճեմարանում իր պրոֆեսորական առաքելությունը:

Ստեփանոս Նազարյանցը վախճանվեց 1879թ. ապրիլի 26-ին Մոսկվայում՝ Սմբատ Շահազիզի ձեռքերում, և նրա վերջին խոսքերը եղել են հետևյալը. «Ո՞ւր են իմ ընկերները, ո՞ւր են իմ մոտիկները…»:

«Հյուսիսափայլը» հայոց առաջադիմական մամուլի իսկական զինվորն էր, որի դասը միշտ էլ եղել ու մնում է կենդանի և օգտակար:

Եվ դա հենց Ստեփանոս Նազարյանցի ինքնայրում և ինքնամոռաց վարքի շնորհիվ էր:

խճանկար

Ապրիլի 18-ին Ստեփանակերտի կայազորային սպայի տանը կայացավ «Ղարաբաղ» էստրադային համույթի հերթական համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Աշոտ Լալայան): Արցախյան երաժշտական դաշտում իր լուրջ տեղն ունեցող այս համույթը թեև սովորաբար հանդես է գալիս համեմատաբար քիչ համերգներով, բայց դրանք միշտ հագեցած են լինում բարձրաճաշակ երաժշտական կատարումներով: Այս անգամ էլ ծրագիրը հագեցած էր՝ ջազ, փոփ-երաժշտություն: Համերգին հրաշալի հանդես եկան ինչպես համույթի երաժիշտները, այնպես էլ մենակատարները՝ Պարույր Գրիգորյանն ու Տաթևիկ Բալայանը:

Նշենք, որ այսօր Հայաստանը տարբեր միջազգային մրցույթներում ներկայացնող երգիչներ Անդրեն ու Ռազմիկ Ամյանը ժամանակին եղել են «Ղարաբաղ» համույթի մենակատարները:

Ապրիլի 19-ին Արցախի պետական կամերային նվագախումբն ու երգչախումբը հանդես եկան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգով: Հարկ է նշել, որ համերգի դիրիժորն էր Նինա Գրիգորյանը: Վերջինս ավարտել է ասպիրանտուրայի «Նվագախմբի դիրիժոր» բաժինը, և վերոհիշյալ համերգը նրա առաջին լուրջն բեմելն էր նվագախմբի դիրիժորի կարգավիճակում: Համերգին հնչեցին Կոմիտասի «Սուրբ, սուրբ»-ը, հատվածներ Վիվալդիի «Գլորիա» և Մոցարտի «Մեսսա» ստեղծագործություններից, Շոստակովիչի «Ռոմանսը»: Մեներգում էին Սոֆյա Արզումանյանը (սոպրանո), Անուշ Այվազյանը (մեցցո-սոպրանո), Մակենա Բաղրյանը (տենոր) և Վիտալի Ղազարյանը (բաս-բարիտոն)£

Ապրիլի 23-ին ՀՅԴ երիտասարդական թևի նախաձեռնությամբ՝ արցախյան երիտասարդական հ/կ-ները կազմակերպեցին ջահերթ՝ ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի: ՀՅԴ Արցախյան կոմիտեի մոտ այրելով Թուրքիայի դրոշը՝ խումբն ուղղվեց դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ հանգրվան գտան երիտասարդների բերած մոմերն ու ջահերը: Ապա սկսվեց արցախցի երիտասարդ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ մի խումբ հայ երիտասարդների Արևմտյան Հայաստան կատարած այցի մասին պատմող «Սեփական պատմության արահետներով» ֆիլմի ցուցադրությունը, որին անմիջական օժանդակություն էր ցուցաբերել ԼՂՀ ԿՄՍ նախարար Կամո Աթայանը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s