№ 13 / 31 հուլիս

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԱՐԺԱՆԻ Է ԻՐ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Հուլիսի 16-ի իմ հեռուստաելույթում ես կիսել էի իմ տպավորությունները նախընտրական բազմաթիվ հանդիպումների և հազարավոր մարդկանց հետ շփումների մասին և պնդել էի, որ մեր ժողովուրդն ավելի լավն է, քան իր իշխանությունը: Բայց արդեն ընտրությունների օրը՝ հուլիսի 19-ի ուշ երեկոյան, երբ արդեն ամեն ինչ պարզ էր, մի քանի հոգի նախատեցին՝ «բա ասում էիր…»:

Ուստի ստիպված եմ որոշ պարզաբանումներ տալ: Յուրաքանչյուր ժողովուրդ իրենից ներկայացնում է ամենատարբեր մարդկանց, զանազան բնավորությունների, մակարդակի ու դաստիարակության տեր անհատների հավաքականություն, դրականի ու բացասականի, առաջադեմի ու հետադեմի, օրինապաշտի ու օրինախախտի, բարու և չարի մի բարդ համակցություն: Եւ ժողովրդի հավաքական կերպարը հյուսվում է այս ամենից, ուստի շատ կարևոր է, թե որ մարդիկ ու որ հատկանիշներն են գերակայում ժողովրդի դիմագծում: Եթե այդ դիմագծում ու ժողովրդի հավաքական բնավորության մեջ գերիշխում են դրականը, առաջադեմը, օրինապաշտը և բարին, ապա դա խթանում է երկրի զարգացումը, եթե հակառակը, ապա կանգառվում է երկրի զարգացումը:

Իրականում ցանկացած ժողովրդի մեջ լավն ու բարին են գերակշռում, պարզապես ի տարբերություն «մյուս բևեռի»՝ լավն ու բարին դժվար են համախմբվում, նախահարձակ չեն ու այս առումով փոքր ինչ «խեղճ» են: Բայց նրանք ակնթարթորեն հզորանում են և կառուցողական հսկա ներուժ են դառնում, հենց որ նրանց վրա են հենվում: Իսկ եթե ոչ, ապա իրենց պատյանի մեջ են մտնում: Ազգաշահ ու պետականանպաստ, հայրենասեր ու ազնիվ ղեկավարությունը հենց այս ներուժի վրա պիտի հենվի: Եթե այսպես չի լինում, ուրեմն դա նշանակում է, որ իշխանությունը «մյուս բևեռից» է:

Հենց ժողովրդի լավագույն մասը նկատի ունենալով եմ ասել, որ մեր ժողովուրդն ավելի լավն է, քան իր ղեկավարությունը: Եւ ցանկալի, շատ ցանկալի կլիներ, որ երբ ասում են, թե յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր ղեկավարությանը, ապա նկատի ունենային լավագույն մասը:

Տա Աստված, որ նոր ղեկավարն ու իշխանությունը արժանի լինեն ժողովրդի լավագույն մասին: Եւ ժողովուրդն էլ արժանի լինի իր ղեկավարությանը:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————-

Ընտրություններ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

2007թ. հուլիսի 21-ին տեղի ունեցավ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ, որը վարում էր նրա նախագահ Սերգեյ Նասիբյանը:

Նիստին հրավիրված և մասնակցում էին կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո կենտրոնի ղեկավարը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ԼՂՀ Նախագահի լիազոր ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նիստում ԼՂՀ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված՝ ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա ամփոփվեցին և արձանագրությամբ վավերացվեցին ԼՂՀ Նախագահի 2007թ. հուլիսի 19-ի ընտրության արդյունքները:

Հանձնաժողովն արձանագրեց.

ԼՂՀ ընտրողների ընդհանուր թիվն ըստ ընտրողների ցուցակների կազմում է՝ 92114,

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը՝ 93196,

Մարված (չօգտագործված, ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված) քվեաթերթիկների թիվը՝ 21913,

Գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվն ըստ ստորագրությունների՝ 71286,

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 1594,

Յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմում է՝

Աբգարյան Արմեն Բորիսի – 867,

Ավանեսյան Վանյա Գարեգինի – 212,

Մայիլյան Մասիս Սամվելի – 8734,

Մելքումյան Հրանտ Արտեմի – 554,

Սահակյան Բակո Սահակի – 59326,

Կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 69693,

Վավեր քվեաթերթիկների թիվը՝ 69693,

Անճշտությունների չափը՝ 15 :

Առաջնորդվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ, 8-րդ կետերով և հիմք ընդունելով վերոնշյալ արձանագրությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007թ. հուլիսի 19-ի ընտրության արդունքում բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների բացարձակ մեծամասնության քվեները ստանալու կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը Բակո Սահակի Սահակյանին համարեց ընտրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը հանձնաժողովի անունից երախտագիտություն հայտնեց կենտրոնական, տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին, միջազգային և տեղական դիտորդներին, լրագրողներին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո կենտրոնի աշխատակիցներին, կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին, արտաքին գործերի նախարարության, պաշտպանության բանակի, ազգային անվտանգության և ոստիկանության ծառայությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կապի, էլեկտրամատակարարման և սպասարկման ոլորտների այն աշխատողներին, որոնք աջակցել են ընտրական հանձնաժողովներին՝ ԼՂՀ Նախագահի ընտրության գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը երախտագիտություն հայտնեց նաև ԼՂՀ բոլոր քաղաքացիներին, որոնք ԼՂՀ Նախագահի ընտրության քվեարկությանը ակտիվ մասնակցությամբ մեկ անգամ ևս հավաստեցին իրենց նվիրվածությունը Արցախի պետականության կայացման և ժողովրդավարության հետագա զարգացման գործին:

ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

Ս.թ հուլիսի 20-ին ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցած ամերիկյան պատվիրակության ասուլիսը:

Դիտորդներն ընդգծել են, որ հուլիսի 19-ի նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում գնահատում են ազատ, արդար, թափանցիկ եւ համապատասխան ԼՂՀ Սահմանադրությանն ու միջազգային չափանիշներին:

Պատվիրակության անդամները տեղեկացրեցին, որ ԼՂՀ-ում անցկացված ընտրություններին հետեւել են եւ 2002, եւ 2005 թվականներին, ըստ այդմ, այս՝ հուլիսի 19-ի ընտրությունները լավագույնն էին՝ կազմակերպվածության եւ ընտրական գործընթացների կատարելագործման տեսակետից:

Համաձայն ամերիկյան դիտորդների գրավոր եզրակացության, իրենք դիտարկումներ են անցկացրել Լեռնային Ղարաբաղի 50 ընտրատեղամասերում, հանդիպել են նախագահի թեկնածուների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների, շարքային ընտրողների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ:

Առաքելության ղեկավար Վլադիմիր Մատիչը տեղեկացրեց, որ իրենց զեկույցը ներկայացնելու են մի շարք միջազգային կազմակերպություններ, ինչպես նաեւ՝ ԱՄՆ Կոնգրես:

ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչություն

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանին:

Ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Սահակյան,

Շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ, իշխանության մյուս թեւերի հետ սերտ համագործակցությամբ եւ Արցախի ողջ ժողովրդի ջանքերով կշարունակվի ԼՂՀ-ի տնտեսական ու քաղաքական զարգացումը: Հավատում եմ, որ Դուք նոր ոգով ձեռնամուխ կլինեք երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:

Տեղի ունեցած ընտրությունները վկայությունն են ժողովրդավարության սկզբունքների վրա խարսխված պետականության կայացածության: Դրանք մեկ անգամ եւս վկայում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության պատմական իրականության անշրջելիությունը:

Մաղթում եմ Ձեզ արդյունավետ գործունեություն՝ ի բարօրություն Արցախի ու նրա ժողովրդի»:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Կատարելով հրապարակավ տրված իր խոստումը՝ ԿԸՀ-ի կողմից նախագահական ընտրությունների նախնական տվյալների հրապարակումից հետո նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ԼՂՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան:

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ

ԲԱԿՈ ՍԱՀԱԿԻ ՍԱՀԱԿՅԱՆ 

Ծնվել է 1960 թվականի օգոստոսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում:

1977 թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1978-1980թ.թ. ծառայել է խորհրդային բանակում:

1981թ. ընդունվել է աշխատանքի Ստեփանակերտի թիվ 9 արտադրական մեքենայացված կոմբինատում՝ որպես փականագործ-մեխանիկ: Մեկ տարի անց տեղափոխվել է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ՝ որպես քարջարդ-բանվոր:

1983-1987 թ.թ. աշխատել է հնությունների վերականգնման գիտական վարչության Ստեփանակերտի մասնաճյուղում՝ որպես վարպետ – ռեստավրատոր:

1987-1990թ.թ. աշխատել է մատակարարման մարզային վարչությունում՝ որպես մատակարար:

1988 թվականից արցախյան շարժման առաջամարտիկներից է:

1990թ. ընդգրկվել է ինքնապաշտպանական ուժերում:

1992-1993թ.թ. նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի պետի` թիկունքի գծով տեղակալ:

1993-1995թ.թ. նշանակվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի թիկունքի շտաբի պետ, իսկ 1995-1996թ.թ.՝ Պաշտպանության բանակի հրամանատարի արտաքին կապերի գծով տեղակալ:

1996-1997թ.թ. նշանակվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ:

1997-1999թ.թ. աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի օգնական:

1999-2001թ.թ. ԼՂՀ ներքին գործերի նախարար էր:

2001 թվականից մինչև 2007թ. հունիսը ԼՂՀ ազգային անվտանգության պետվարչության պետ- ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենն էր:

Ավարտել է Արցախի պետհամալսարանի իրավագիտության բաժինը:

Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի, «Սպարապետ Վազգեն Սարգսյանի» և Ռուսաստանի Դաշնության «Պետրոս Մեծի» 1-ին աստիճանի շքանշաններով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի և այլ մեդալներով:

Հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության, պաշտպանության և օրինապահպանության հարցերով ակադեմիայի իսկական անդամ:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

——————————————————————————————-

Արձագանք

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 19-ի ընտրությունը ուղենշային փուլ էր մեր երկրի պատմության մեջ և մեծ փորձություն արցախյան երիտասարդ ժողովրդավարության համար: Հենց այս կտրվածքով դիտարկելով հարցը՝ հարկ է ասել, որ մենք մեր առջև դրած հիմնական խնդիրներից մեկը կատարել ենք, այն է՝ իրապես այլընտրանքային ընտրության անցկացում և այս հանգամանքով պայմանավորված՝ ԼՂՀ ժողովրդավարական իմիջի պահպանում: Եւ մեր ներդրումն այս ամենում ամենածանրակշիռն էր, ինչն արդեն իսկ հաղթանակ է:

Մեր թիմն իրենից կախված ամեն ինչ արել է՝ մեր քաղաքացիներին իրական ընտրության հնարավորություն տալու և ընտրությունները օրինականության շրջանակներում անցկացնելու համար: Ընտրախախտումների հարցում մեր սկզբունքային դիրքորոշումն ու օպերատիվ արձագանքը հենց այդ նպատակն էին հետապնդում՝ ապահովել օրինականության հաղթանակը մեր երկրում:

Առկա իրավիճակում և ռեսուրսների անհամադրելիության պայմաններում մեր կողմից հավաքած ավելի քան 8 000 քվեն համարում եմ լուրջ ձեռքբերում:

Քարոզարշավի ժամանակ և ընտրությունների օրը եղել են բազմաթիվ խախտումներ: Իմ նախընտրական շտաբը Կենտրոնական ընտրական հաձնաժողովին չորս անգամ դիմել է մինչև հուլիսի 19-ը և մոտ 20 անգամ հուլիսի 19-ին՝ ընտրությունների օրը: Ամենատարբեր խախտումներն, ինչ խոսք, ազդել են ընտրությունների արդյունքների վրա, բայց նաև հարկ է ասել, որ դրանք որոշիչ չեն եղել:

Մենք այլընտրանք ենք առաջարկել մարդկանց: Մեր բնորոշմամբ՝ դա եղել է ընտրություն այսօրվա և վաղվա միջև: Բնակչության զգալի մեծամասնությունը նախապատվությունը տվել է այսօրվան: Հասկանում ենք, որ առկա մթնոլորտը լրջորեն ազդել է մարդկանց տրամադրության վրա, բայց, միևնույն ժամանակ, չենք կարող չընդունել, որ դա գիտակցական վերաբերմունք էր: Մարդիկ կարող էին այլ կերպ վարվել, բայց դա չարեցին: Դա նրանց իրավունքն է: Մենք հարգում ենք այդ իրավունքը և ընդունում նրանց ընտրությունը: Ես հարգում եմ իմ ժողովրդի ընտրությունը:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գաղափարակից ընկերներին, համախոհներին ու թիմակիցներին, ովքեր օրինապահության, սկզբունքայնության ու հայրենասիրության օրինակ ծառայեցին ամբողջ հանրության համար:

Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ի հեճուկս ամեն ինչի, քվեարկել են իմ ծրագրի օգտին: Իմ և թիմակիցներիս պատրաստակամությունն եմ հայտնում մինչև վերջ մնալ այն մարդկանց կողքին, ովքեր ռիսկի են դիմել հանուն մեր գաղափարների: Մենք պաշտպանելու ենք նրանց իրավունքները, եթե փորձ արվի ոտնահարել դրանք:

Առանձնակի երախտագիտություն եմ հայտնում այն լրագրողներին ու լրատվամիջոցներին, որոնք անաչառ լուսաբանել են ընտրությունները:

Շնորհակալություն բոլորին: Ամենայն բարիք ձեզ:

20 հուլիսի 2007թ.

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԻ ԹԻՄԸ ՓՐԿԵՑ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՄԻՋԸ

Եվ այսպես, Ղարաբաղում ավարտվեց նախագահի ընտրությունը: Նախընտրական շրջանում տարաբնույթ գնահատականներ էին տրվում այդ իրադարձությանը` սկսած նրանից, որ նոր նախագահի ընտրությունը ճակատագրական նշանակություն ունի Ղարաբաղի եւ Հայաստանի համար, վերջացրած նրանով, որ դա ոչ մի նշանակություն էլ չունի, եւ ամեն ինչ որոշվում է Երեւանում: ԼՂՀ նոր նախագահի ընտրության արժեքը կերեւա ժամանակի ընթացքում, երբ կսկսեն որոշակիանալ երկրի ներքին զարգացման տրամաբանությունը, Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական սկզբունքները, ինչպես նաեւ Հայաստանի մոտ ապագայի ներքաղաքական զարգացումների ուղղությունը: Իսկ առայժմ փորձենք գնահատել ԼՂՀ նախագահի ընտրությունը առկա իրողությունների հիման վրա:

Անցած ընտրությունն առաջին անգամ տեղի ունեցավ իրական այլընտրանքի առկայության պայմաններում: Ըստ այդմ, Ղարաբաղում առաջին անգամ ծավալվեց բավական լուրջ ներքաղաքական պայքար, ինչն անշուշտ չի կարող իր դրական նշանակությունը չունենալ Ղարաբաղի արտաքին իմիջի տեսանկյունից: Ընտրությանը ներկա միջազգային դիտորդները (բացի իհարկե նախկին խորհրդային տարածքի դիտորդներից, որոնց համար չափանիշներն այլ են) արդեն նշել են այս փաստը որպես դրական գործոն: Մյուս կողմից, սակայն, դիտորդներն էլ ամեն ինչ հասկանում են` ինչ վերաբերում է իշխանության գործողություններին, եւ ներքին զրույցներում, լրագրողների վկայությամբ, դժգոհություն են արտահայտել դրանցից:

Հաջորդ իրողությունն այն է, որ ընտրարշավը ցույց տվեց, որ Ղարաբաղի իշխանությունը, քաղաքական ուժերը պատրաստ չէին նման իրավիճակի եւ իրենց գործողություններով ցույց տվեցին, որ համարժեք չեն ժամանակակից հասարակական քաղաքական մարտահրավերներին, որոնցում հայտնվել է Ղարաբաղը: Խորհրդային լավագույն ավանդույթներով անցած «միասնական թեկնածու» գործողությունը հարված էր երկրի իմիջին եւ սպառնում է հետ գլորել Ղարաբաղը դեպի «անվերահսկելի տարածք» կարգավիճակ` դրանից բխող հետեւանքներով: Այս սպառնալիքն առկա է նաեւ ներկայումս, որովհետեւ հույս չկա, որ նոր ձեւավորվելիք կառավարությունը կարող է մշակել եւ վարել երկրի շահերից բխող արդյունավետ ներքին եւ արտաքին քաղաքականություն: Դա է վկայում Բակո Սահակյանի` հուլիսի 19-ին տված հարցազրույցում հնչած միտքը, թե քաղաքական կուլտուրան պահանջում է, որ պաշտոնների նշանակվեն նրանք, ովքեր եղել են իր թիմում: Իսկ Ղարաբաղում տարածված համոզմունքի համաձայն, Բակո Սահակյանի թիմում հավաքվել էին հիմնականում անձնական շահեր հետապնդող գործիչներ եւ կարիերիստներ, որոնց շահերը որեւէ առնչություն չունեն երկրի խնդիրների հետ:

Բակո Սահակյանի համար սա միակ բարդությունը չէ: Նրա համար խնդիր է լինելու նաեւ այն, թե արդյոք իրեն որպես գործընկեր են ընկալելու Հայաստանում եւ արտերկրում, որպես ինքնուրույն քաղաքական գործիչ: Հեռացող նախագահ Ղուկասյանն ամեն ինչ անում է, որ որպես գործընկեր, այնուամենայնիվ, մնա ինքը: Եւ դա չի էլ թաքցնում իր հրապարակային ելույթներում: Բացի այդ, որքան էլ դիտորդները գովեն ընտրական գործընթացը, Ղարաբաղում բոլորն էլ գիտեն, թե ինչ մեթոդներով է իշխանությունը հասել իր համար ցանկալի արդյունքին: Իսկ դա չի կարող իր հետքը չթողնել հանրային լայն վստահության եւ աջակցության առումով, որը նոր նախագահին անհրաժեշտ է ինքնուրույն եւ արդյունավետ քաղաքականություն վարելու համար: Այսինքն, նրան միշտ կհիշեցնեն, թե ինչ «ծառայություններ» են մատուցել իրեն` ակնկալելով սեփական խնդիրների լուծման «առաջնահերթություն»:

Սրա հետ կապված` հաջորդ լուրջ բարդությունը այն չարաբաստիկ 85-86 տոկոսն է, որ նշվում է Բակո Սահակյանի անվան կողքին, որի մասին նախօրոք հայտարարում էին թե նախագահ Ղուկասյանը, թե այլ անձինք: Հայաստանում էլ մի կուսակցություն «բացարձակ մեծամասնություն» հավաքեց, սակայն տեսնում ենք, թե ժամանակի ընթացքում ինչ է քայլ առ քայլ կատարվում այդ «մեծամասնության» հետ: Որեւէ մեծամասնություն, որ հիմնված չէ իրական ժողովրդական վստահության վրա, մի կողմից, պարտավորեցնող չէ, մյուս կողմից բումերանգի պես հարվածում է այն ունեցողին: Ղարաբաղում արդեն մոտ ժամանակ թերեւս դա կդրսեւորվի, կառավարություն կազմավորելու ժամանակ:

Ընտրարշավի առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ «միասնական թեկնածու» գործողության մեջ ներգրավված, թող ներվի ասել, քաղաքական ուժերն ու գործիչները մեղադրում էին բոլոր մյուսներին ամենատարբեր մեղադրանքներով, ընդհուպ «դրսից» աջակցություն, Ղարաբաղի դեմ գործունեություն, «սեւ փիար» եւ այլն: Սակայն հենց այս մեղադրվողների գործունեության շնորհիվ Ղարաբաղի նախագահի ընտրությունը ստացավ միջազգային դրական արձագանք եւ որոշակի լեգիտիմություն: Իրականում հենց «միասնական թեկնածու» գործողության հեղինակներն ու ապոլոգետներն էին ըստ էության հարվածում երկրի իմիջին ու ժողովրդին, իրականացնում լայնածավալ սեւ փիար: Նրանք առաջին անգամ Ղարաբաղ ներմուծեցին թե սեւ փիարը, թե Հայաստանի խորհրդարանի վերջին ընտրության ողջ «սեւ տեխնոլոգիաները»:

Իսկ Մասիս Մայիլյանի թիմում հավաքված երկրի ու ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գործունեությունը փաստորեն փրկեց Ղարաբաղի արտաքին իմիջը` երկիրն առժամանակ հետ պահելով հնարավոր ցնցումներից: Միշտ էլ այդպես է եղել` մի խումբ մարդիկ են մտածում երկրի մասին, մյուսներն իրենց անձնական հարցերն են լուծում` անհեթեթ կարգախոսների ու մեղադրանքների ներքո:

Աստված պահի Ղարաբաղը:

Հայկ ԱՐԱՄՅԱՆ
«Լրագիր»

ԵՎ ԹՈՒՅՆ, ԵՎ ԴԵՂ

Ինչպես հայտնի է, վերջին 20 տարում Հայաստանում ամեն ինչ սկսվում է Ղարաբաղից: 88-ի հանուն անկախության եւ ժողովրդավարության պայքարի հիմնական իմպուլսը տվեց Ղարաբաղը: 98-ի իշխանափոխության պատրվակը Ղարաբաղն էր: 90-ականների այլանդակությունների խորացնողն ու բազմապատկողն այսօր ղարաբաղյան ծագում ունեցող ՀՀ ղեկավարներն են: Հայտնի ճշմարտություն է՝ չկա բացարձակ թույն եւ բացարձակ դեղամիջոց, ամեն ինչ կախված է օգտագործման չափից եւ տեղից: Ղարաբաղը նույնպես կարող է հանդես գալ ե°ւ որպես դեղ, ե°ւ որպես թույն: Երբ ինձ փողոցում մարդիկ են բռնացնում եւ դառնացած ասում՝ «Երեւանում տղամարդ չկա, հալալ ա սրանց, որ եկել՝ սաղին կզացրել են»՝ դրանք նողկալի, լյումպենական խոսակցություններ են, որոնց, ճիշտ է, «տոն տվեց» ՀՀ ներկայիս նախագահը իր՝ «ո՞վ է այն տղամարդը» հայտնի տղայական, պետական գործչին ոչ վայել բացականչությամբ: Սա, անշուշտ, թույն է, որն առաջացել է Ղարաբաղի «սխալ եւ չդոզավորված կիրառումից»: Այդ «թույնի» մի մասը առասպելն է ղարաբաղցիների մասին՝ որպես նենգ, ագրեսիվ եւ հայ մշակութային ավանդույթներից շատ հեռու հրեշների: (Պարզ է, թե ում պատճառով է ստեղծվել այդ առասպելը): Եվ պատահական չէ, որ նույնիսկ դրական համատեքստում ղարաբաղցիներին հիշատակելիս անպայման նշում են հայտնի զինվորականներին: Իսկ ինչո՞ւ ոչ, ասենք, Մուրացանին, Վաղարշ Վաղարշյանին կամ Ալեքսանդր Մելիք-Փաշաեւին: Կամ ինչո՞ւ չհիշել, որ հենց Արցախն էր Հայաստանի մարզերից մեկը, որտեղ Մաշտոցը հիմնել էր առաջին «հայատառ» դպրոցները:

Բայց թույնի կողքին միշտ էլ կա դեղամիջոցը: Դրա արտահայտությունն ունենք՝ ի դեմս Արկադի Ղուկասյանի, որը երեք տարի շարունակ կրկնում էր, որ չի պատրաստվում առաջադրվել երրորդ անգամ: «Աչքը վախեցած» լրագրողները, բնականաբար, կասկածում էին պարոն Ղուկասյանի անկեղծությանը, եւ ԼՂՀ երկրորդ նախագահը ստիպված էր դա կրկնել գրեթե ամեն օր: Նման միանշանակ հավաստիացումներ Ռոբերտ Քոչարյանից մենք, կարծես թե, չենք լսել, ինչը որոշակի կասկածների տեղիք է տալիս՝ գուցե ՀՀ նախագահը ինչ-որ խորամանկ «իրավական» ելքե՞ր գտնի՝ աթոռին մնալու համար: Մի խոսքով, այս առումով Ղարաբաղը Հայաստանից մի քայլ առաջ է՝ քաղաքակիրթ եւ ժողովրդավարական պետություն կառուցելու գործում: Երկրորդ «դեղամիջոցը» տվեց ԼՂՀ նախագահի՝ արդեն նախկին թեկնածու Մասիս Մայիլյանը. նա հայտարարեց, որ, չնայած ընտրություններում թույլ տրված խախտումներին, շնորհավորելու է նախագահ ընտրված Բակո Սահակյանին: Դա էլ քաղաքական մշակույթի մի օրինակ է, որով Հայաստանը 17 տարվա ընթացքում չի կարող պարծենալ: Այդ երկու փաստերը աղոտ հույս են տալիս, որ այս անգամ էլ գուցե Հայաստանի համար մի ինչ-որ լավ բան Ղարաբաղից կսկսվի:

…Տատս ֆրանսերեն էր սովորել Շուշիի գիմնազիայում՝ 20-րդ դարի սկզբին, եւ հետո հնարավորություն չէր ունեցել լեզուն ուսումնասիրելու: Բայց մանկության գիտելիքներն այնքան ամուր էին, որ նա մինչեւ խորը ծերություն ազատ խոսում եւ կարդում էր այդ լեզվով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ»

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Մնում է կյանքի կոչել «Միասին հանուն Արցախի» կարգախոսը Մասիս Մայիլյանը արդյունքները «օրինական իրողություն է» համարում

Երեկ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը հրապարակեց հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Թեպետ Ս. Նասիբյանը դրանք խիստ նախնական բնութագրեց, սակայն արդյունքների վերջնական ամփոփումից հետո հազիվ թե էական փոփոխություն լինի, քանզի ընտրություններում անվերապահորեն հաղթող ճանաչված Բակո Սահակյանի եւ նրա մրցակիցների ստացած քվեների տարբերությունը հսկայական է:

Ըստ պաշտոնապես ներկայացված տվյալների՝ Բակո Սահակյանին կողմ է քվեարկել 57.828 ընտրող: Դա կազմում է ընտրողների ընդհանուր թվի 85.42 տոկոսը: Մասիս Մայիլյանը հավաքել է 8270 ձայն՝ շուրջ 13 տոկոս: ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանը ստացել է 1.26 տոկոս ձայն, իսկ ահա մյուս երկու թեկնածուները՝ կոմկուսի առաջնորդ Հրանտ Մելքումյանը եւ ԱրՊՀ պրոֆեսոր Վանյա Ավանեսյանը նույնիսկ չեն կարողացել մեկական տոկոս ապահովել:

Դեռեւս քարոզարշավից առաջ «Ազգը» գրել էր, որ ԼՂՀ-ում լրատվամիջոցների դերը քարոզչության ժամանակ այնքան էլ նշանակալից չի լինի. ընտրություններում կշահի նա, ով ավելի շատ հանդիպումներ կունենա հանրության հետ: Այս առումով նորընտիր նախագահ Բակո Սահակյանն անմրցելի էր նաեւ բնակչության հետ հանդիպումների թվով: Քարոզարշավի ընթացքում նա եղել է հանրապետության համարյա բոլոր բնակավայրերում, հանդիպել ԼՂՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու համեմատաբար մեծ թվակազմ ունեցող հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողների հետ:

Արդարացել է նաեւ մեր այն կանխատեսումը, որ կուսակցությունների ազդեցությունը ընտրողների կողմնորոշումների վրա նույնպես շոշափելի չի լինելու: Ավելի քան 3000 անդամ ունեցող կոմկուսակցության առաջադրած թեկնածուն, օրինակ, ընդամենը 0.80 տոկոս ձայն է հավաքել:

Ինչեւէ, ընտրություններն արդեն հետեւում են մնացել, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի համաժողովրդական քվեարկությամբ ընտրված նոր նախագահ, եւ շատ կարեւոր է, որ ժողովրդի հավանությանն արժանացած նախընտրական ծրագիրը լիարժեք կյանքի կոչվի: Նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Բակո Սահակյանին, գիտեն նրա սկզբունքային եւ հետեւողական լինելու մասին, եւ այս տեսանկյունից լավատեսությունն առկա է: Հաղթած թեկնածուի նախընտրական կարգախոսը՝ «Միասին հանուն Արցախի», պետք է դառնա նաեւ հետընտրական կարգախոս, որովհետեւ հանրապետության նախագահը բոլոր ընտրողների նախագահն է: Նախընտրական սառնությունները, ոչ հազվադեպ տեղ գտած փոխադարձ վիրավորանքները պետք է մոռացության մատնվեն, եւ իրոք համատեղվի բոլորի ներուժը հանուն Արցախի բարգավաճման:

Ընտրությունների ավարտից հետո միջազգային դիտորդներն իրենց գրավոր եւ բանավոր հայտարարություններով փաստել են ԼՂՀ նախագահական ընտրությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխանությունը, որը ծանրակշիռ հիմք է միջազգային կառույցների, առանձնապես՝ միջնորդների կողմից ղարաբաղյան կարգավորման ըմբռնումներում ճիշտ մոտեցումներ դրսեւորելու համար: Բարձր օրինականությանը զուգադիր՝ ընդունված չափանիշների կարեւոր բաղադրիչ է նաեւ Արցախում արմատավորվող ընտրական կուլտուրան, ինչը շատ չէ տիպական հետխորհրդային մյուս երկրների համար: Այս առումով եւս արժենշելի բան կա՝ պարտված թեկնածու Մասիս Մայիլյանի, որը Բակո Սահակյանի հիմնական մրցակիցն էր համարվում ընտրություններում, երեկ հնչեցրած հայտարարությունը, որում ընտրությունների ներկա արդյունքը գնահատվում է իբրեւ օրինական իրողություն:

Հերթական ժողովրդավարական ընտրությունների անցկացմամբ Ղարաբաղն ապացուցեց աշխարհին իր նախընտրած ուղուն հավատարիմ մնալը: Թերեւս չկասկածենք նաեւ ժողովրդավարության հետագա ընթացքին:

Կիմ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Ազգ», 21 հուլիսի

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է

Հուլիսի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախօրեին միջազգային կազմակերպությունների ու առանձին երկրների բացասական հայտարարությունների եւ ճիշտ այդ նույն կազմակերպություններից ու երկրներից Լեռնային Ղարաբաղ ժամանած անհատ-դիտորդների հիացական գնահատականների ակնհայտ կոնտրաստն արտացոլում է այն «քաղաքական պահի» իմաստն ու բովանդակությունը, որի մեջ ներկայումս հայտնվել են ԼՂՀ ժողովուրդն ու ղեկավարությունը:

Ընտրությունների ազատությունը, արդարությունն ու թափանցիկությունը, իբրեւ ԼՂՀ միջազգային ճանաչմանը հասնելու կարեւոր պայման, ապահովվել է առաջադրված մեկից ավելի թեկնածուների առկայության, ընտրապայքարի ազատության, քվեարկության ողջ ընթացքի թափանցիկության, ինչպես նաեւ թեկնածուներից մեկի՝ մրցակիցների հանդեպ ձեռք բերած առավելության ավելի քան անվիճելի լինելու փաստով:

Հաղթող թեկնածու Բակո Սահակյանի ու նրա հիմնական մրցակից Մասիս Մայիլյանի ստացած քվեների ահռելի տարբերությունը ավելի շատ հետեւանք է ղարաբաղցիներին բնորոշ՝ վճռական պահերին մեկ անձի կամ ուժի շուրջ արագորեն համախմբվելու բացառիկ ունակության:

ԼՂՀ նախագահական ընտրությունները կրկին հավաստեցին, որ 1991-ին Ադրբեջանական ԽՍՀ-ից տարանջատված այս չճանաչված երկրում ժողովրդավարությունը մի քանի անգամ ավելի բարձր մակարդակի վրա է, քան ռազմաճակատի գծի հակառակ կողմում:

Այս խորապատկերի վրա անհանգստության տեղիք են տալիս միայն ԼՂՀ նախագահական ընտրապայքարի վերջին հանգրվանում ու մանավանդ քվեարկության օրն արձանագրված այն բացասական միտումները, որոնք ինչ-որ առումով հիշեցնում են Հայաստանում տեղի ունեցող նախորդ բոլոր ընտրությունները: Ղարաբաղցիները եւս վերջին օրերին սկսեցին արտաբերել մեր ականջի համար սովորական դարձած՝ «սեւ PR», «լցոնում», «ընտրողներին ուղղորդելու փորձ» եւ այլ հասկացություններ:

Սակայն չպետք է մոռանալ, որ ԼՂՀ-ն ոչ միայն միջազգային ճանաչման ձգտող պետություն է, այլեւ արտաքին ագրեսիայի վտանգը դեռեւս չհաղթահարած մի երկիր ու հասարակություն, որի համար ներկա նախընտրական ու հետընտրական գործընթացները առաջին հերթին նորացված միասնություն ձեռք բերելու եղանակ են: Ընտրություններից առաջ ԼՂՀ առաջատար քաղաքական ուժերի որդեգրած միասնական թեկնածուի առաջադրման գործելակերպը այս առումով, անշուշտ, իր դրական դերն ունեցավ, սակայն միասնական թեկնածու դարձած Բակո Սահակյանի անվիճելի հաղթանակը, կարծում ենք, միասնության ապահովման սկիզբն է միայն:

Ի վերջո, Լեռնային Ղարաբաղի ընտրողների մի ստվար զանգված՝ շուրջ 12 տոկոսից ավելին, որի նշանակալի մասը մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչներ են, իրենց ձայները տվեցին միասնական թեկնածուի մրցակից Մասիս Մայիլյանին: Այս երկու թեկնածուների միջեւ ծավալված սուր պայքարը, մանավանդ իր եզրափակիչ հանգրվանում որոշ չափով դուրս եկավ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ցանկացած ընտրություններին բնորոշ արժեչափերի շրջագծից:

Լեռնային Ղարաբաղում եւս կարող են առաջ գալ Հայաստանին բնորոշ ցավագին հետընտրական ռազբորկաները՝ քաղաքական հայտարարությունների, փոխադարձ մեղադրանքների, դատական քաշքշուկների տեսքով, որի հետեւանքով սովորաբար հասարակության ուշադրությունը երկար ժամանակով գամված է մնում ավարտված ընտրությունների օրինականության հարցի վրա: Ավելին՝ քաղաքական հակառակորդների դիմակայությունը տեղափոխվում է նաեւ հասարակություն՝ նրան երկար ժամանակ պահելով տրոհված ու պառակտված վիճակում:

Ցանկալի եւ ինչ-որ առումով անգամ անհրաժեշտ է, որ նախկին մրցակիցները եւ առաջին հերթին՝ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը հետընտրական շրջանում պահպանեն իրենց դիրքերը պետական ապարատում կամ զբաղեցնեն նոր պաշտոններ: Այդպիսով ոչ միայն կարելի է լիարժեքորեն օգտագործել այդ փոքր պետության քաղաքական ու մասնագիտական հնարավորությունները, այլեւ կանխել ղարաբաղյան հասարակության մեջ նույնպես ընտրական շրջանում նկատվող հասկանալի ու օրինաչափ տարանջատումը տեւական ու ցավագին ներքաղաքական դիմակայության վերածվելու վտանգը:

Կարծում ենք, անցած ընտրությունների բոլոր մասնակիցներն ու մանավանդ հիմնական դերակատարները պետք է կրկին համակվեն Ղարաբաղին ու ղարաբաղցիներին բնորոշ միասնականության ու կազմակերպվածության ավանդական չափանիշներին վերադառնալու կամքով ու վճռականությամբ:

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Հայոց Աշխարհ»
21.07.07

ԼՂՀ-Ն ԱՐԺԱՆԻ Է ՃԱՆԱՉՄԱՆ` ԱՍՈՒՄ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

«Ես կարծում եմ, որ այդ ընտրությունները կայացել են իրենց քաղաքական թե էթիկայի համապատասխանությամբ, թե վարկով: Ես կարծում եմ, որ ընտրության օրը քիչ վրիպումներ, խախտումներ են եղել»,- հուլիսի 27-ին Հայացք ակումբում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, բնորոշելով հուլիսի 19-ին տեղի ունեցած Ղարաբաղի նախագահի ընտրությունը, ինչին Րաֆֆի Հովհաննիսյանը հետեւել է հենց տեղում` ԼՂՀ-ում:

«Ինչ եղել է, եղել է անհավասար դաշտի ստեղծման միջեւ, մինչեւ ընտրությունները: Կային, օրինակ՝ ընտրատեղամասեր, որ ես այցելեցի Դադիվանքից մինչեւ Մեծ Թաղլար, որտեղ ընտրության նախավերջին օրը թեկնածուներից մեկի պաստառը տակավին փակցված էր ընտրատեղամասում: Հավելյալ ցուցակների խնդիրներ կային, բայց, ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ ինքն ընտրությունը կայացել է, հիմնական ախոյանը ընդունել է ընտրության թե ընթացքը, թե արդյունքը, եւ ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր հերթական քայլն է Արցախի ազատության, ժողովրդավարության եւ ինքնիշխանության ճանապարհին: Ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արժանի է ճանաչման»,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ընդ որում, նա համարում է, որ Հայաստանն էլ պետք է իր օրակարգ ներառի Ղարաբաղը ճանաչելու հարցը, նշելով, թե այդ հարցը, այսինքն՝ Ղարաբաղի անկախությունը, չճանաչելը Հայաստանի համար թե տակտիկական խնդիր է, թե սխալ` հաջորդաբար: Այսինքն՝ մինչ այս՝ տակտիկական խնդիր էր, իսկ այժմ՝ պարզապես սխալ:

«Լրագիր»

ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԴՐՈՇ

Եվ այդ դրոշի ներքո, ըստ «Կովկաս» վերլուծական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանի՝ քողարկվում են հանցագործությունները: Մանվել Սարգսյանը 1992-1995-ը Հայաստանում ԼՂՀ ներկայացուցիչն էր, 2000-2005-ը՝ ԼՂՀ նախագահի խորհրդականը:

Մանվել Սարգսյանը մեր խնդրանքով անդրադարձավ Արկադի Ղուկասյանի այս պնդմանը. «Սեւ PR-ը, շատ կեղտոտ տեխնոլոգիաները փոխանցվել են Հայաստանից ԼՂՀ»: Ըստ «Կովկաս» կենտրոնի փորձագետի, անհրաժեշտ է փորձել հասկանալ, թե ինչ գործընթացների հետեւանք են նման հայտարարությունները. «Հետեւելով վերջին տարվա գործընթացներին՝ եկել եմ եզրակացության, որ թե° Հայաստանում, թե° ԼՂ-ում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ: Ընդհանրապես, հայկական քաղաքականության մեջ չի ծագել նման խնդիր, երբ նախագահը պաշտոնից պիտի հեռանա ըստ օրենքի: Կարծում եմ, որ այսօր ամեն ինչ պայմանավորված է այս հանգամանքով՝ խնդիրների խնդրով: Բայց պարզ է, որ ԼՂ ո°չ իշխանությունը, ո°չ քաղաքական ուժերը, ո°չ էլ, առավել եւս՝ հասարակությունը պատրաստ չէին լուծելու նման բարդ քաղաքական խնդիր: Մնացածն արդեն դրա հետեւանքներն են: Եթե երկիրը պատրաստ չէ՝ բնական է, որ ստեղծվում է անորոշության ինչ-որ նյարդային վիճակ: Իսկ ԼՂ իշխանական վերնախավում, նկատել եմ, ստեղծվեց ընդհանրապես ներիշխանական սարսափի մթնոլորտ: Մարդիկ գործում էին ուղղակի ներքին վախի դրդմամբ: Ապագայի անորոշությունը դուր չի գալիս մարդկանց: Եվ այս հոգեբանական իրավիճակն էր պատճառը նկատված բոլոր բացասական երեւույթների»:

Հիշեցրինք Արկադի Ղուկասյանի նաեւ այն հայտարարությունը, թե մինչ այսօր ԼՂՀ ընտրությունների վրա ստվեր նետողներն Ադրբեջանը, Թուրքիան եւ նրանց բարեկամներն էին, իսկ «այսօր մեր սեփական սեւ PR-շչիկներն են փորձում ստվեր գցել ԼՂ ընտրությունների վրա»: ԼՂՀ նախագահի նախկին խորհրդականն այս կշտամբանքին ի պատասխան՝ նշեց. «Տարիների ընթացքում ձեւավորվել է այս մթնոլորտը, եւ 2000 թվականին նույնպես ես լսել եմ կարծիքներ՝ առավելապես հայաստանյան քաղաքական գործիչներից, որ եթե Ղարաբաղում ընտրությունները կեղծվեն անգամ 100 տոկոսով ու տապալվեն՝ ոչ ոք իրավունք չունի այդ մասին խոսելու, բոլորը պիտի ասեն, որ ամեն ինչ փայլուն է, քանի որ առանց այդ էլ կան թշնամինե¯ր, մեր իրավիճակո¯ւմ… Մարդիկ գուցե ճիշտ են կամ՝ ոչ: Սակայն կա նաեւ մեկ այլ իրողություն, որ մի ստվար զանգված սկսել է հասկանալ, թե ինչքան ձեռնտու եւ գեղեցիկ թեզ է դա՝ կարելի է անել բացահայտ հանցագործություններ ժողովրդի եւ պետության դեմ եւ ազգային միասնության, միջազգային ասպարեզում ներկայանալու եւ այլնի դրոշի տակ թույլ չտալ, որ որեւէ մեկը մատնանշի այդ հանցագործությունները: Ի՞նչն է ավելի վտանգավոր: Ես գտնում եմ, որ միանշանա°կ շատ ավելի վտանգավոր երեւույթ է հանցագործություն կատարելը նման դրոշների ներքո: Քանի որ մատնացույց անելով չի՝ բոլորն էլ ամեն ինչ տեսնում են ու գիտեն: Խնդիրն այս է՝ իրականում մենք կարո՞ղ ենք կառուցել ժողովրդավարական պետություն, թե՞ ոչ: Վերջապես, Թուրքմենիայում, Ղազախստանում կամ նախկին Խորհրդային Միությունում էլ էին փայլուն քվեարկություններ իրականացվում՝ մի քվեաթերթիկ ավելի կամ պակաս չէր լինում, ամեն ինչ իդեալական էր: Բայց նման երկրներն, այնուամենայնիվ, ամբողջատիրական էին: Եվ եթե ոմանց թվում է, թե երկրում բոլորը պիտի գոռան՝ միասի՛ն, մեր նմանը չկա՛, բոլորին պիտի սովորեցնե¯նք՝ նման մարդկանց վրա ընդամենը ծիծաղում են աշխարհում»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«Առավոտ»,25 հուլիսի
(Մասնակի կրճատումներով)

——————————————————————————————-

Հետընտրական

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌԱՎ, ԿԵՑՑԵ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

ԼՂՀ-ում կայացած 4-րդ նախագահական ընտրությունները պատմության մեջ կմնան նաև միջազգային մասշտաբով տարօրինակ նորամուծությամբ, այն է՝ իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական խաչասերմամբ: Նույնիսկ ընտրությունները բարձր գնահատած և մեր երկրի նկատմամբ ընդգծված բարյացակամություն ցուցաբերած միջազգային դիտորդներն էին տարակուսած այդ փաստից: Հատկանշական է չեխ դիտորդ, «Բերկուտ» ՀԿ ներկայացուցիչ Յանա Գրադիլկովայի կարծիքը. «Միասնական թեկնածուի գաղափարն ինձ համար մի բան է, որ հակասում է ժողովրդավարության չափանիշներին, բայց եթե այն ընդունելի է այս հողի վրա ապրող մարդկանց համար, ապա կարելի է այն հաջող պրոեկտ անվանել»:

Ասվածում թաքուն հանդիմանություն կա, և արժանապատվություն ունենալու դեպքում մեզ համար վիրավորական պիտի դա հնչեր: Եթե իսկապես ժողովրդավարական երկիր ենք մեզ համարում, կամ էլ միանշանակ ուզում ենք այդպիսին լինել: Ի՞նչ է ասվել: Շատ ավելի հասկանալի լինելու համար այն պարզունակեցնենք: Այդ նույնն է, թե ասվի՝ ֆուտբոլ սովորաբար խաղում են երկու դարպասներով, բայց եթե այս հողի վրա ապրող մարդկանց համար ընդունելի է մեկ դարպասով խաղալը, ապա… Այսքանից հետո ուրիշ բան չեմ ասում՝ խաղի միդարպասանի մեր կանոններով մենք կարո՞ղ ենք ֆուտբոլային տերություն համարվել: Եւ կամ ու՞մ հետ ենք մրցելու-համեմատվելու:

Ընդդիմության համար մի «այիբ» էր իշխանական կուսակցությունների հետ դաշինք կազմելը, մեկ այլ «այիբ»՝ իշխանական կուսակցությունների գործելակերպ որդեգրելը: Ընտրություններից առաջ մենք զգուշացրել էինք, որ ընդդիմությունը կարող է պարզապես ծիծաղելի վիճակի մեջ հայտնվել, եթե լինեն օրինախախտումներ, որոնց համար նույն ընդդիմությունը, ուզի-չուզի, պատասխանատվության իր բաժինն է ստանձնելու: Այդպես էլ եղավ, ու կատարվեց զավեշտը՝ ընդդիմությունը չկանխեց օրինախախտումները և դա արեց հանուն իշխանության թեկնածուի: Համենայն դեպս, ընդդիմադիր երկու կուսակցությունները ծպտուն անգամ չհանեցին այդ խախտումների դեմ: Մինչդեռ ընտրությունների օրը Մ.Մայիլյանի նախընտրական շտաբից եկող ահազանգերը հիշեցնում էին պատերազմական շրջանի ճակատային լուրեր:

Ինչ որ է, եղավ այն, ինչ եղավ: Այսինքն՝ ընդդիմությունը մեռավ: Ընդդիմադիր եղած երկու կուսակցությունների համար այսուհետ «ընդդիմություն խաղալը», մեղմ ասած, այլևս չի հասկացվելու:

Բայց մեկ հարց, այնուամենայնիվ, մնում է օդում կախված: Ո՞րն էր ընդդիմությունը: Այսպես, Արկադի Ղուկասյանը ընտրությունների օրը այսպիսի մի միտք արտահայտեց. «Ընդդիմությունը «օբիժեննիկներ» են: Ընդդիմություն են դարձել նրանք, ում ժամանակին մենք ազատել ենք աշխատանքից, քանի որ արժանի չեն եղել այդ պաշտոններում աշխատելու: Եւ դա ընդդիմություն է կոչվում: Ես գտնում եմ, որ ընդդիմությունը պիտի ունենա գաղափար, և միայն այդ ժամանակ դասական բանաձևերը կարող են աշխատել»:

Հարց է ծագում՝ ու՞մ է սա վերաբերվում: Եթե ընդդիմադիր եղած երկու կուսակցություններին, ապա վերջիններս իշխանության կողմից երևի ավելի լավ վերաբերմունքի են արժանի, քանի որ պաշտպանել են հենց իշխանության թեկնածուին: Իսկ եթե նրա՞նց չէ, որ նկատի էր ունեցել Ղուկասյանը: Այդ դեպքում՝ ու՞մ: Մասիս Մայիլյանը քանիցս հայտարարել և գործով ցույց է տվել, որ ինքը ընդդիմադիր չէ, այլ բարեփոխիչ: Իսկ եթե, այնուամենայնիվ, նկատի էին ունեցել իրական այլընտրանք ներկայացրած թիմին, ապա մեծ ցանկություն է պետք  Մ.Մայիլյանին եւ թիմակիցներին «օբիժեննիկներ» անվանելու համար:

Հավանաբար, Ա.Ղուկասյանը նկատի է ունեցել ընդհանրապես այլախոհներին: Եթե այդպես է, ապա ցավալի, շատ ցավալի է, որ նրա մտքով անգամ չի անցնում, որ կարելի է ընդդիմադիր կամ այլախոհ լինել նաև սկզբունքային ու գաղափարական պատճառներով: Նա տեսականորեն անգամ դա չի ընդունում, ուստի նրա կողմից, մեղմ ասած, պարզապես ճիշտ չէ խոսել «գաղափար ունենալու» մասին:

Այսպես թե այնպես, ընդդիմության «գտնվելու վայրը» այդպես էլ հայտնի չդարձավ: Օրինակ, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ «նախագահական ընտրություններում շատ մեծ լումա է ներդրել եւ ընդդիմությունը, այլախոսությունը: Ընդդիմախոս թեկնածուն, որը քվեարկության արդյունքներով զբաղեցրել է երկրորդ տեղը, ցույց է տվել, որ այլախոսությունը եւ ժողովրդավարությունը կայանում են ոչ միայն ճանաչված եւ մեծ պետություններում, այլ նաեւ Ղարաբաղի նման փոքրիկ ու չճանաչված երկրում: Երկրորդ տեղը ընդդիմության պարտություն չի կարելի համարել»:

Ի՞նչ է սա նշանակում: Որ ընդդիմության կարիք կա, որ ընդդիմություն պիտի լինի, քանի որ որոնում են նրան: Եւ կարևոր չէ, թե ինչպես են նրան անվանում՝ ընդդիմությո՞ւն, ընդդիմախո՞ս, թե՞ այլախոս: Կարևորն այն է, որ կա երկրորդ բևեռի խիստ անհրաժեշտություն, բնական անհրաժեշտություն:

Իսկ երկրորդ բևեռը չի ձևավորվի, քանի դեռ առաջին բևեռը չէր հստակեցրել իր «սահմանները»: Հիմա հստակեցրեց: Հստակեցրեց նաև ընդդիմության ու երկրորդ բևեռի դատարկ տարածությունը: Որը լցվելու է՝ եթե անգամ չուզենանք:

Դե ի՞նչ: Ընդդիմությունը մեռավ, կեցցե ընդդիմությունը:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————-

Ի՞ՆՉ ԵՆ ԱՆԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

Նախագահական ընտրությունների ժամանակ արտասահմանից ժամանած բոլոր դիտորդները միակարծիք էին իրենց գնահատականներում: Միայն դիտորդներից մեկը, մեղմ ասած, դիտողություն արեց, այն էլ՝  հասարակական սեկտորին: Խոսքը Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Բատալ Կոբախիայի արտահայտած այն կարծիքի մասին է, որ չնայած Ղարաբաղում նախագահական ընտրությունները կայացել են եւ անցել են ազատ ու արդար, բայց «Ղարաբաղի հասարակական սեկտորն այս ընտրություններում իր գործառույթը չի կատարել, եւ դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ են դիմել ընդամենը 2 կազմակերպություն»: Հիշեցնենք, որ ԿԸՀ-ում որպես դիտորդ գրանցվել են ընդամենը 8 տեղական դիտորդ, որոնք ներկայացնում էին Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնը եւ Մարդու իրավունքմերի պաշտպանության արցախյան ասոցիացիան: Սա, թերեւս, այն պատճառով է, որ մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ ստեղծագործական միություններ, հայտարարել էին նախագահի թեկնածուներից մեկին սատարելու մասին:

Տեղական դիտորդների սակավության փաստը, երեւի թե, այնքան «լավ» էր ներկայացնում հասարակական սեկտորը, որ Ղարաբաղ ժամանած դիտորդներն էլ էին իրենց զարմանքն արտահայտում, թեկուզ դա տեղ չի գտել նրանց պաշտոնական գնահատականներում: Ղարաբաղյան հասարակական դաշտի «միագույն» լինելու մասին խոսում էին նաեւ Հայաստանում: Ամենեւին էլ պատահական չէր, որ վերջերս երեւանցի ծանոթներիցս մեկն ասաց՝ «մի թողեք, որ դաշտն ամբողջությամբ միագույն լինի, գոնե մի քանիսն այլ գույն պետք է ունենան»: Խոսքը վերաբերում էր նախընտրական շրջանում մի շարք հասարակական, հատկապես՝ երիտասարդական կազմակերպությունների կողմից նախագահի թեկնածու Բակո Սահակյանին սատարելուն:

Տրամաբանության մեջ գոնե ինչ-որ չափով տեղավորվում է քաղաքական տարբեր ուղղվածության ուժերի կողմից նույն թեկնածուին սատարելը, սակայն չի տեղավորվում այն, որ հասարակական կազմակերպություններն են սկսել «համախմբվել» միեւնույն թեկնածուի շուրջ: Եւ գաղտնիք չէ, որ այդ նույն կազմակերպությունների շարքերը՝ «ստորին խավը», տեղյակ չէր վերնախավի որոշմանը, կամ էլ պարզապես դեմ էր դրան: Իսկ մյուս թեկնածուներին սատարելու մասին չէր հայտարարել ոչ մի հասարակական կազմակերպություն:

Բանականությունը հուշում է, որ հասարակական կազմակերպությունները մի դրոշի տակ պիտի հավաքվեին ոչ թե հանուն որևիցե թեկնածուի սատարելու եւ դրանով իսկ ընտրողների իրավունքները սահմանափակելու, այլ այդ նույն իրավունքի ազատությունն ապահովելու եւ ընտրություններում հասարակական վերահսկողություն իրականացնելու: Եւ ամենեւին էլ պատահական չէր ԼՂՀ ԿԸՀ-ում որպես դիտորդ գրանցված ընդամենը երկու տեղական կազմակերպությունների փաստը, քանի որ թեկնածուներից մեկին սատարելու հայտարարությամբ հանդես եկող կազմակերպությունները իրավունք չունեին ԿԸՀ-ում որպես դիտորդ գրանցվել:

Այս ամենը կարող է մի քանի ենթադրությունների տեղիք տալ: Առաջին՝ կարելի է ենթադրել, որ հասարակական սեկտորն այնքան շատ է վստահում իր իշխանություններին եւ հավանում նրանց կողմից առաջադրված թեկնածուին, որ ավելորդ է համարում հասարակական վերահսկողությունը: Երկրորդ՝ հնարավոր է, որ ՀԿ-ները վախից կամ ունեցածը կորցնելու վտանգից ելնելով են այդպիսի որոշում կայացրել, կամ էլ՝ իշխանությունների առաջ հաճոյանալու համար:

Այսպես թե այնպես, կարելի է եզրակացություն անել, որ Ղարաբաղում հասարակական վերահսկողությունը, մեղմ ասած, մարում է: Իսկ եթե մի երկրում այդ վերահսկողությունը մարում է, ապա կարելի է լուրջ վերապահումներով խոսել ժողովրդավարության հեռանկարների մասին:

Այս ամենին մենք ականատես եղանք նախընտրական շրջանում, իսկ ի՞նչ է լինելու առանց հասարակական վերահսկողության ընտրված իշխանությունների գործունեության ժամանակ: Մի՞թե կարելի է հուսալ, որ այդ դեպքում վերահսկողությունը «հարություն կառնի»: Միանշանակ՝ ոչ: Իսկ դա կնշանակի, որ իշխանությունը կրկին անվերահսկելի կլինի: Կա մեկ այլ տարբերակ՝ հասարակական սեկտորն աստիճանաբար վերափոխվում-վերակազմավորվում է և վերադառնում իր հիմնական առաքելությանը: Սակայն խնդիրն այն է, որ նման զարգացումների համար բարենպաստ հող չկա: Համենայն դեպս՝ այսօր:

Ինչեւէ, ընտրությունը ժողովրդինն էր, եւ նա ընտրեց հենց առանց հասարակական վերահսկողության կառավարման համակարգը: Միամիտ կլինի հուսալ, որ իշխանություններն այնքան լավ կաշխատեն, որ հասարակական վերահսկողության կարիքը չի լինի: Հակառակ դեպքում չի բացառվում, որ կհայտնվեն այնպիսի կազմակերպություններ կամ անձինք, որոնք կստանձնեն հենց այս վերահսկողի դերը, որը ընտրությունների ժամանակ ստիպված էին կատարել մի քանի լրատվամիջոցներ:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ 

Մենք ողջունում ենք հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունները, որին մասնակցել է ԼՂ բնակչության մոտավորապես 80% -ը: Այս ընտրությունները 1991 թվականից մինչ այժմ Արցախում անցկացված տասնյակից ավելի նախագահական, խորհրդարանական եւ տեղական ընտրությունների, ինչպես նաեւ անցյալ տարի տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի շարքում վերջինն են:

Ընտրությունների անցկացումը Արցախի բնակչության ժողովրդավարության եւ օրենքի իշխանությունն ապահովելու ուղու գրավականներից մեկն է: Օրինականորեն ձեւավորված իշխանությունները հաջողությամբ ապահովում են այդ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, նույնիսկ վերջնական կարգավորման բացակայության պայմաններում:

ԵԱՀԿ եւ միջազգային մի շարք փաստաթղթերում հստակորեն նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի ոչ միայն հիմնախնդրի կարգավորման բանակցությունների կողմ, այլեւ այն, որ ընտրված իշխանությունները պետք է ներկայացնեն ԼՂ ժողովրդին:

Այս եւ այլ ընտրությունների անտեսումը ազնիվ չէ եւ ուղղակիորեն հակասող ժամանակակից քաղաքական արժեքներին: Ավելին, այս կարգի մերժողականությունը չի կարող հասկացվել, քանզի աշխարհի այլ վայրերում, ուր եւս բացակայում է վերջնական քաղաքական կարգավիճակ ու հիմնախնդրի կարգավորում, նման ընտրություններն, իսկապես, խրախուսվում են, դիտարկվում եւ դրանց օժանդակություն է ցույց տրվում:

Արցախի ժողովուրդը հաստատակամ է բանակցությունների միջոցով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը` խաղաղության ու վերջնական կարգավորման հասնելու նպատակով:

Ի տարբերություն այլ հակամարտությունների, Լեռնային Ղարաբաղում բնակչությունը մշտապես ստիպված է եղել ապահովել իր սեփական անվտանգությունը առանց միջազգային հանրության օգնության: Նույն կերպ նրանք հաջողության հասան նաեւ իրենց ժողովրդավարական գործընթացների եւ ներքին կայունության ապահովման գործում:

«ԺՈԶԵ ԲԱՐՈԶՈՆ ԵՎ ԽԱՎԻԵՐ ՍՈԼԱՆԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՐՏԵՍՆԵՐ ԵՆ»

ԼՂՀ նախագահի ընտրություններում բոլոր միջազգային դիտորդական խմբերն իրենց հայտարարություններում արձանագրեցին, որ ընտրություններն ընթացել են ազատ, արդար եւ թափանցիկ, սակայն դիտորդները ավելի հետաքրքիր էին առանձին զրույցներում:

«ԼՂՀ -ն անկախ պետություն է, եւ դա փաստ է: ԵՄ-ն ու ԱՄՆ-ն դա պետք է ընդունեն իբրեւ փաստ», -ԼՂՀ նախագահի ընտրություններից հետո «Ա1+»-ին հայտնեց Սերբիայի «Բելգրադի կրիմինոլոգիայի եւ սոցիոլոգիական ուսումնասիրությունների ինստիտուտի» տնօրեն Միրոսլավ Իվանովիչը:

Նա վստահ է, որ Եվրոպական հանրությունը եւ ԱՄՆ-ն ԼՂՀ-ի անկախությունը չեն ընդունում` ելնելով իրենց անձնական շահերից. «Նրանք տնտեսական ակնկալիքներ ունեն Ադրբեջանից, եւ դա սխալ, անընդունելի եւ էգոիստական մոտեցում է ԼՂՀ-ի նկատմամբ»:

Պարոն Իվանովիչի կարծիքով, ԼՂՀ-ի նկատմամբ Ադրբեջանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի քաղաքականությունը դեռ երկար կարող են մնալ անփոփոխ, սակայն դա չպետք է հետաքրքրի ԼՂՀ-ին. «ԼՂՀ հայ ժողովուրդը պետք է ապրի իր կյանքով: Որքան էլ Ադրբեջանն ու միջազգային կառույցները շարունակեն իրենց քաղաքականությունը, միեւնույն է` ուշ թե շուտ նրանք պարտավոր են հաշվի նստել Ղարաբաղի որոշումների հետ: Եւ որքան շուտ Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, դրանից կշահի առաջին հերթին ինքը: ԼՂՀ-ն, այսպես թե այնպես, կառուցում է իր ժողովրդավար ապագան»:

Ընտրությունների ընթացքում Միրոսլավ Իվանովիչը շրջել է ԼՂՀ տարբեր շրջաններում եւ գյուղերում ու վստահեցրեց, որ որեւէ խախտում չի արձանագրել. «Եթե խախտում լիներ, հնարավոր չէր այն չնկատել: Չկա որեւէ հիմք, որ միջազգային հանրությունը չընդունի ԼՂՀ նախագահի ընտրությունների արդյունքները: Իսկ չընդունելու դեպքում միջազգային հանրությունն ընդամենը հաստատում է, որ ԼՂՀ-ի նկատմամբ օբյեկտիվ չէ»:

Ինչ վերաբերում է ԼՂ-ի հարակից տարածքների վերաբերյալ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի տեսակետին, ապա Սերբիայի «Բելգրադի կրիմինոլոգիայի եւ սոցիոլոգիական ուսումնասիրությունների ինստիտուտի» տնօրեն Միրոսլավ Իվանովիչն ասաց. «Նա խորապես սխալվում է: Նրան պետք է ԼՂՀ հրավիրել, որպեսզի տեսնի, թե ովքեր եւ ինչպես են այստեղ ապրում: Թերի Դեւիսն ընդամենը աչք է փակում իրականության վրա»:

ԼՂՀ նախագահի ընտրությունները ժողովրդավարության չափանիշներին համապատասխան գնահատեց նաեւ Ֆրանսիացի փորձագետ Իվ Բաթայը: Միջազգային հանրության եւ հատկապես ԵՄ-ի կողմից ԼՂՀ ընտրությունների արդյունքները չճանաչելը նա բացարձակ չի կարեւորում եւ գտնում է. «Իրականում ԵՄ գոյություն չունի, այն ընդամենը տնտեսական միություն է: ԵՄ-ն ներկայացնող Ժոզե Մանուել Բարոզոն ընդամենը ամերիկյան լրտես է: Ամերիկյան լրտես է նաեւ Խավիեր Սոլանան: Նրանք չեն ներկայացնում Եվրոպան»:

Իվ Բաթայը գտնում է, որ ԼՂ հիմնախնդրին նույնիսկ մակերեսային ծանոթները գիտեն, որ ԼՂ-ն հայկական հող է, եւ այսօր հարցը քննարկելու կարիք չկա. «Դա շատ լավ գիտի նաեւ Ադրբեջանը եւ ընդամենը պետք է իր մեջ ուժ գտնի եւ դա խոստովանի: Ես իրատեսական չեմ համարում նաեւ այն տեսակետը, թե ադրբեջանցիները կարող են վերադառնալ Ղարաբաղ: Այդ մասին հայտարարողներն էլ վստահ են, որ ԼՂ-ն հայկական տարածք է, սակայն այդ մասին բացահայտ չեն խոսում` ելնելով իրենց երկրների շահերից»:

ԼՂՀ-ն անկախ եւ կայացած պետություն է համարում նաեւ աշխարհաքաղաքական փորձագետ սլովակ Սաշա Պոպովիչը:

http://www.a1plus.am

——————————————————————————————-

Մարդը եւ օրենքը

ՈՐՊԵՍԶԻ ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ԼԻՆԵՆ

Հուլիսի 19-ից առաջ քանիցս նշվել է, որ նորանկախ երկրի համար այս կարևորագույն միջոցառման ժամանակ գերագույն նպատակը պիտի լինի ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը, որից ածանցյալ են քաղաքական պայքարը և թեկնածուներից մեկի հաղթանակը: Այս միտքը ոչ ոքի կողմից չէր վիճարկվում, ավելին՝ այն երկրորդվում և երրորդվում էր ամենատարբեր ուժերի, ինչպես նաև գործող իշխանության կողմից: Սակայն այն տպավորությունն էր, որ նրանք յուրովի են պատկերացնում դա: Ինչ խոսք, այս մի նախագահական ընտրությունը մի շարք առումներով շահեկանորեն տարբերվում էր նախորդներից, բայց նաև միանշանակ է, որ մենք կարող էինք շատ ավելի լավ անցկացնել այն: Օրինախախտումների հարցում այլընտրանքային թեկնածու Մասիս Մայիլյանի նախընտրական շտաբի սկզբունքային դիրքորոշումը հենց միտված էր օրինականության ըստ ամենայնի պահպանմանը և օրինախախտումների կանխմանը: Ընդհանրապես, նրա պահվածքը ընտրություններից առաջ ու հետո կարելի է բնորոշել որպես ազգաշահ ու պետականանպաստ:

Ընտրախախտումների մասին բարձրաձայնելը ոմանց մոտ զարմանալիորեն այլ արձագանք առաջացրեց: Ոմանք դա գնահատեցին որպես սև փիար: Ու ստացան Մ.Մայիլյանի դիպուկ պատասխանը՝ ««Ինձ թվում է` սեւ PR անում են այն մարդիկ, ովքեր խախտում են օրենքները: Ասացվածք կա՝ երբ աղբը տնից չես հանում, ապա տունը աղբանոց է դառնում: Եթե մենք սիրում ենք մեր երկիրը՝ պետք է մեր թերությունների մասին կարողանանք բաց խոսել: Ոչ մեկին չպիտի խաբենք՝ ոչ ինքներս մեզ, եւ ոչ էլ միջազգային հանրությանը: Մենք պետք է լինենք ժողովրդավարական երկիր, այլ ոչ թե համարվենք՝ եթե ուզում ենք մեր տեղը գրավել աշխարհում: Բոլորը պետք է սա հասկանան, այդ թվում նրանք, ովքեր զբաղվում են ընտրախախտումներով: Օրենքը ամենակարեւորն է: Միայն օրենքով ընտրված նախագահը կարող է ներկայացնել մեր երկիրը եւ օրենք հաստատել երկրում: Եթե մենք ընտրախախտումներով ընտրություններ կատարենք՝ ապագայում էլ չեն ճանաչի մեր ընտրությունները: Որովհետեւ նմաններն են նմաններին ճանաչում: Իսկ մենք ուզում ենք, որ քաղաքակիրթ աշխարհը մեզ ճանաչի, ուրեմն մենք էլ պետք է քաղաքակիրթ լինենք»:

Ներկայացնում ենք հատվածներ Մ.Մայիլյանի նախընտրական շտաբի դիմում-բողոքներին (4-ը մինչև ընտրությունները և 19-ը՝ ընտրությունների օրը) ԿԸՀ-ի պատասխաններից

Ստեփանակերտի «գյուղքոլեջի» շենքում գտնվող թիվ 7/3 տեղամասում քվեարկությունը անց է կացվում շենքի առաջին հարկի միջանցքում, ինչն իրոք որոշակի դժվարություններ է առաջացրել հանձնաժողովի անդամների, վստահված անձանց և դիտորդների համար՝ տեսանելիության առումով: Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի միջամտության շնորհիվ, ահազանգը ստանալուց հետո, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել և թերությունը վերացված է:

***

Բերձոր քաղաքի թիվ 22/1 տեղամասում գրանցված միջադեպի մասին՝ ըստ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղեկատվության, նշված տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից փորձ է արվել քվեարկել մեկ ուրիշի փոխարեն, ինչը կանխվել է վստահված անձի կողմից: Տեղամասային ընտրական հանձնաժողովը խստիվ զգուշացվել է տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի պահվածքը կքննարկվի տարածքային ընտրական հանձնաժողովի նիստում:

***

Դիմում-բողոքներում նշված Ասկերանի Խնապատ և Խնձրիստան, Շուշիի շրջանի Քարինտակ և Շահումյանի շրջկենտրոնի ընտրական տեղամասերում լցոնումների մասին Ձեր փաստարկները չեն հաստատվել, ինչի մասին վկայում են նշված տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները, անդամները և այդ հանձնաժողովների գործավարության մատյանների գրառումները:

***

Հադրութ շրջկենտրոնի թիվ 11/1 տեղամասում քաղաքացին օրենքի չիմացության պատճառով իր հետ բերել է նաև ընտանիքի անդամների անձնագրերը՝ նրանց փոխարեն քվեարկելու համար, ինչը, բնականաբար, չի թույլատրվել հանձնաժողովի կողմից:

***

Ինչ վերաբերում է ԼՂՀ ոստիկանության քննչական մեկուսարանում կազմավորված Ստեփանակերտի թիվ 7/4 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը, ապա, իրոք, այդ տեղամասում, որտեղ քվեարկում են միայն կալանքի տակ գտնվող 30 քաղաքացի, ժամը 10.30-ին ավարտել են քվեարկությունը, տեղամասային ընտրական հանձնաժողովը կատարել է քվեարկության արդյունքների ամփոփում, բայց արձանագրությունը չի հրապարակել: Վստահված անձի պահանջով նրան տրվել է քաղվածք արձանագրությունից, իսկ վստահված անձը քաջատեղյակ լինելով ընտրական օրենսգրքի պահանջներին, մինչև քվեարկության համար նախատեսված ժամկետի ավարտը չպետք է հրապարակեր այդ արդյունքները:

***

Որոշ գյուղերում համայնքի ղեկավարի աշխատասենյակում կամ ընտրական տեղամասերում քարոզչապաստառների առկայությունը վկայում է նրանց կողմից ընտրական օրենսգրքի պահանջներից անտեղյակության մասին, ուստի ԿԸՀ-ն կրկին անգամ հանձնարարել է բոլոր տարածքային ընտրական հանձնաժողովներին՝ հետեւել համայնքներում միայն հատուկ տեղերում քարոզչական նյութեր տեղադրելու գործընթացին: Կոնկրետ Լիսագորի եւ Ներքին Հոռաթաղի համայնքներում Ձեր կողմից նշված թերությունները վերացված են:

***

Ստուգման արդյունքներով պարզվել է նաեւ, որ վերաբնակեցվող Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում ուրիշ քաղաքացիներ չեն հաշվառվում, այլ մինչեւ 2007թ. վերջը երկարաձգվում է տվյալ տարածքում բնակվող եւ ժամանակավոր հաշվառում ունեցող ԼՂՀ քաղաքացիների ժամկետանց հաշվառումը:

***

Դիմումի քննարկման ընթացքում հարցման ժամանակ քաղաքացիները, համայնքների ղեկավարները վկայել են, որ ԼՂՀ ոստիկանության եւ Ազգային անվտանգության ստորաբաժանումների ղեկավարները ընդհանուր ցուցում են տվել նախընտրական քարոզչության միջոցառումների ժամանակ անվտանգությունը ապահովելու վերաբերյալ, նրանք անձամբ որեւէ «կանխարգելիչ» աշխատանք չեն տարել:

***

Դիմումներում բերված որոշ կասկածները կամ նախընտրական քարոզչությունը խանգարելու որոշ փորձերի մասին ընդհանուր տիպի պնդումները ԿԸՀ-ի կողմից հնարավոր չէր քննարկել՝ հանձնաժողովների լիազորությունների շրջանակներից դուրս լինելու կամ անհնարինության պատճառներով:

Նախընտրական քարոզարշավում և բուն ընտրությունների օրը արձանագրված խախտումները կարելի է հետևյալ կերպ դասակարգել.

-վարչական ռեսուրսի օգտագործում (ուժային կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների միջամտություն հօգուտ մի թեկնածուի և ի վնաս մյուսի),

-զինծառայողների բաց քվեարկության դեպքեր,

-«կառուսելի» կիրառման փորձեր,

– լցոնումների փորձեր,

-մի ընտրողի կողմից մի քանի հոգու փոխարեն քվեարկելու փորձեր,

-Արցախի հանրային հեռուստատեսությամբ թեկնածուների համար սահմանված վճարովի և անվճար եթերաժամից դուրս ապօրինի քարոզչություն և հակաքարոզչություն (ի դեպ, անհավասար լուսաբանման դեպքեր եղել են գրեթե բոլոր լրատվամիջոցներում),

-անճշտություններ ընտրացուցակներում,

-մարդկանց աշխատանքից ազատելու և այլ սպառնալիքներ,

-ընտրական հանձնաժողովների անդամների կողմից օրինախախտումներ:

Այս և այլ ընտրախախտումներն, ինչ խոսք, իրենց հետքն են թողել նախընտրական մթնոլորտի և ընտրությունների արդյունքների վրա, թեև, ինչպես նախագահի թեկնածու Մ.Մայիլյանն է բնորոշել՝ դրանք որոշիչ չեն եղել:

Այդուհանդերձ, նախագահական ընտրությունները մի յուրօրինակ փորձություն էին ղարաբաղյան երիտասարդ ժողովրդավարության համար: Միանշանակ կարելի է պնդել, որ մենք դիմացանք այդ փորձությանը, թեև կարող էինք ավելի պատվով դուրս գալ այդ փորձությունից: Այս առումով շատ կարևոր էր, թե օրինախախտումների նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունեին ընտրական հանձնաժողովներն ու հանրությունը: Ինչ վերաբերում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ապա շատ դեպքերում բողոքներին նրա արձագանքը կարելի է բնորոշել «Ղարաբաղօփեն» էլեկտրոնային լրատվամիջոցի դիպուկ մեկնաբանությամբ՝ «Կատու, մածունը դու՞ ես կերել»: Այսինքն՝ հաճախ օրինախախտումը պարզելու միակ միջոցը եղել է օրինախախտումը կատարող անձի հերքումը:

Հանուն արդարության պիտի ասել, որ մի շարք դեպքերում ԿԸՀ-ը սկզբունքային դիրքորոշում է ունեցել, ընդունել է խախտման իրողությունը և միջոցներ է ձեռնարկել:

Այսպես թե այնպես՝ մենք պիտի ճիշտ դասեր քաղենք այս մի փորձությունից, որպեսզի հաջորդ ընտրությունները ոչ թե փորձություն լինեն, այլ մեր ժողովրդավարական հասունությունն առլեցուն դրսևորելու հնարավորություն:

—————————————————————————————–
—————————————————————————————–

«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԸ» ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ՆՎԻՐԵՑ ԵՐԵՔ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ

Հուլիսի 28-ին Ստեփանակերտում բացվեց եւս երեք խաղահրապարակ, որոնք կառուցվել են «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության հովանավորությամբ: Խաղահրապարակները գտնվում են Սասունցի Դավիթ 52, 54, 56, Իսակովի 4ա, Ազատամարտիկների 31, 33 եւ Մ. Գոշ 4, 6 շենքերի բակերում:

Բացման արարողությանը ներկա էին «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Եիրիկյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը եւ նշյալ ու մոտակա շենքերի բնակիչներ, այդ թվում՝ բազմաթիվ մանուկներ:

Ինչպես նշեց «Ստեփանակերտ» հիմնադրամի ղեկավար Նաիրա Պետրոսյանը, «Ղարաբաղ Տելեկոմ»-ը այն ընկերություններից էր, որն առաջինն արձագանքեց «Ուրախ մանուկ» մարաթոնի շրջանակներում խաղահրապարակների կառուցմանը: Այս երեք խաղահրապարակների կառուցման համար 7 մլն դրամից ավելի գումար է ծախսվել:

Ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Եիրիկյանի հավաստմամբ, խաղահրապարակների կառուցումը կշարունակվի ինչպես հանրապետության մայրաքաղաքում, այնպես էլ՝ տարբեր շրջաններում:

Ընդհանուր առմամբ, ընկերության կողմից խաղահրապարակներ են կառուցվել Բերձորում, Շուշիում, Ասկերանում, Մարտակերտում եւ Ստեփանակերտում /3 հատ/: Ընթացքի մեջ է մայրաքաղաքի 2, ինչպես նաեւ Մարտունի եւ Հադրութ քաղաքներում խաղահրապարակների կառուցումը:

Ընկերության կողմից կատարված բարի գործի գնահատականն այսօր հնչեց խաղահրապարակներում խաղացող այն բազմաթիվ երեխաների ծնողների, տատիկների եւ պապիկների խոսքերում, որոնք իրենց շնորհակալությունը հայտնելով ընկերությանը, հավաստիացրեցին, որ «հիմա շատ ավելի հանգիստ են իրենց մանուկների համար եւ համոզված, որ նրանք նորմալ պայմաններում խաղում են, այլ ոչ թե թափառում փողոցներում»:

Իսկ ընդհանրապես խաղահրապարակների կառուցման համար մարաթոնի կազմակերպումը սկիզբ էր առել «Ստեփանակերտ» հիմնադրամից: Իսկ 2006-ին առաջին անգամ Ստեփանակերտի համայնքային բյուջեում առանձին տողով ավելի քան 5 մլն դրամ գումար է հատկացվել բակային խաղահրապարակների կառուցման եւ վերակառուցման համար: Հիմնադրամի կողմից կազմակերպված «Ուրախ մանուկ» դրամահավաքի ընթացքում գումարներ են տրամադրել առանձին քաղաքացիներ եւ տարբեր ընկերություններ, մասնավորապես՝ «Արցախէներգո»՝ 50000 դրամ, «Արցախբանկ»՝ 100000, «Պետրոլ սերվիս»՝ 200000, «SBS» ընկերություն՝ 100000, «Արցախկապ»՝ 100000, «Թամարա»՝ 100000, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն՝ 77000, «Արցախգազ»՝ 25000, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայություն՝ 187.000, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարություն՝ 68000 դրամ եւ այլն: «Բեյզ Մեթըլս» ընկերությունը խաղահրապարակ է կառուցել Սարոյան 6, 8 շենքերի բակում, որի ծախսային գումարը կազմել է 9,5 մլն դրամ:

Ստեփանակերտի համայնքային բյուջեի հաշվին խաղահրապարակներ են կառուցվել Լուսավորիչ 8 /1.2 մլն դրամ/, Մանուկյան 13 /1.4մլն դրամ/, Կնունյանց 28 /1.9 մլն դրամ/, Հեքիմյան 9 /2.8 մլն դրամ/ եւ Հեքիմյան 3 /1.6 մլն դրամ/ հասցեներում: Ի դեպ, Լուսավորիչ 8 հասցեում կառուցվող խաղահրապարակի կառուցումն իրականացվել է «Ստեփանակերտ» հիմնադրամի եւ բարերար Արմեն Աբգարյանի աջակցությամբ:

Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանի խոսքերով, 2006-ի ապրիլից համայնքում հայտարարված «Ուրախ մանուկ» մարաթոնի արդյունքում հնարավորություն եղավ համայնքի խաղահրապարակների թիվն ավելացնել մոտ 11-ով /2-ը՝վերանորոգված, 9-ը՝ նոր կառուցված/: Նա նաեւ հավաստիացրեց, որ «տարեցտարի պետք է ավելանան խաղահրապարակների կառուցման համար հատկացվող գումարները, ինչպես նաեւ ուշադրություն դարձվի մարզահրապարակների կառուցմանը»:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«ԹԹԵՆԻ» ՀՈԴՎԱԾԻ ՀԵՂԻՆԱԿ ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ

Հարգելի Նելսոն:

«Դեմո» թերթի հուլիսի 14-ի համարում մեծ հաճույքով կարդացի Ձեր հեղինակած «Թթենի» հոդվածը: Այդուհանդերձ, թույլ տվեք մի քանի դիտողություն անել:

Նախ՝ լուսանկարների մասին: Սովորաբար թթենիները՝ իրենց արմատներից մինչև կատարները, ունենում են գեղեցիկ ու ճոխ տեսք: Գովերգելով թթենու պտուղը, միևնույն ժամանակ նյութն ուղեկցվում է անխնամ ծառի լուսանկարով:

Երկրորդ՝ Դուք  հիշատակում եք Չինաստանի մասին, բայց ես կարդացել եմ, որ թթենին առաջին անգամ հայտնվել է Աֆղանստանում: Աֆղանները չորացնում էին պտուղը, ապա դրանից պատրաստված ալյուրն օգտագործում բժշկության մեջ՝ դեղամիջոցներ պատրաստելու համար: Այն ժամանակներում արգելվում էր թթենին դուրս բերել երկրից: Ասում են՝ մի կրոնական-վաճառական, անցնելով «մետաքսի ճանապարհով», իր շորերի մեջ թաքցնելով Արցախ է հասցրել թթենու արմատները:

Թթից պատրաստում են դոշաբ, չամիչ և օղի, որոնք բոլորն էլ բուժիչ հատկություններ ունեն: Թթենու պտուղները հասունանում են «խմբաքանակներով»՝ մինչև ինը անգամ: Թութ կարելի է թափել 8-9 անգամ: Սովորաբար այդ ժամանակահատվածում լինում են անձրեւներ, կարկուտ, ուժեղ քամի և այլն: Ես մոտավորապես հաշվել եմ, որ 50-ից մինչև 100 թթից միայն մեկն է «ընկնում» մեր տակառների մեջ, իսկ մնացածը թափվում է գետնին: Ասում եմ Ձեզ՝ ճապոնացին կամ գերմանացին չէին թողնի, որ այդ անգնահատելի պտղի չնչին մասն անգամ կորչեր: Իսկ մե՞նք… Ինչքան կլինի՝ կլինի:

Հաղթելը մենք արդեն սովորել ենք, իսկ ե՞րբ ենք սովորելու գնահատել ձեռքբերածն ու ունեցած բարիքը:

Հարգանքներով՝ Նորիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հայրենական մեծ պատերազմի վետերան, պաշտոնաթող մայոր

 

«ՄՈՐԱՔՈՒՅՐԸ  ՓԱՐԻԶԻՑ»

Նորերս Ստեփանակերտում հանդես եկավ Փարիզից հրավիրված բեմադրող-ռեժիսոր Նարեկ Դուրյանը: Արցախի հանդիսատեսին ներկայացվեց “Մորաքույրը Փարիզից” երաժշտական կատակերգությունը:

Նարեկ Դուրյանը ծնվել է Երևանում, 4 տարի սովորել թատերական ինստիտուտում: Ավարտելուց հետո մեկնել է Ֆրանսիա և արդեն 30 տարի ապրում եւ ստեղծագործում  է այնտեղ:

– Յուրաքանչյուր թատրոն ունի իր խաղացանկը, որից էլ հյուսվում է նրա դեմքը: Ինչպիսի՞ն է ձեր խաղացանկը:

– Մեծամասնությամբ մեզ մոտ կոմեդիա է, որը, շատ կոպիտ ասած, հեշտ է նկատվում մարդկանց կողմից: Մեր կյանքում զավեշտը, ցավոք սրտի, շատ է: Մի կողմից Ղարաբաղն ենք վերցնում, Էրզրումը ուզում, բայց ո՞վ է մնալու: Ավելի շատ հարցական է մնում, որովհետև բոլորս այսպես թողնում-գնում ենք,  երկրում մարդ չի մնա: Ինձ թվում է, որ մեր բոլոր կոմեդիաները, այնուամենայնիվ, ինչ-որ մի ասելիք ունեն իրենց մեջ:

– Ինչու՞ որոշեցիք  “Մորաքույրը Փարիզից”  ներկայացնել Արցախի հանդիսատեսին:

– Որովհետև նախ շատ լավ կոմեդիա է: Այսօրվա պիես է, հատկապես՝ արցախցու համար, որը պետք է շատ ծիծաղի, ծիծաղելու կարիքը շատ է զգում պատերազմից հետո: Եւ ես ինձ շատ լավ եմ զգում բեմի վրա, երբ այսպիսի հանդիսատես եմ տեսնում:

– Չէի՞ք ցանկանա մնալ Արցախում:

– Ինչո՞ւ ոչ, եթե պայմաններ ստեղծվեն: Եթե հրավիրեն` կմնամ: Ինձ համար Արցախում հաճելի է աշխատել: Երեւանում չէի ցանկանա մնալ: Այստեղ, այս ժողովրդի մեջ ես մաքրություն եմ տեսնում: Փորձառությունը շատ ավելի իմաստավորված է ցույց տալ այստեղ, քան Երևանում:

– Ձեր ցանկությունները և մաղթանքները Արցախի հանդիսատեսին:

– Իմ միակ և ամենամեծ ցանկությունն է, որ ձեր թատրոնը դառնա լավ թատրոն, լինի վերանորոգված շենք, որ ամեն ինչ ընկնի իր տեղը, իսկ մնացած առումով հրաշալի է, հատկապես՝ հանդիսատեսը, որը հոյակապ ըմբռնում է ամեն ինչ:

Անուշ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s