№ 14 / 31 օգոստոս

ԽԱՂԱՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ

Սեպտեմբերի 1-ին արցախյան բոլոր դպրոցներում “խաղաղության դասեր” կանցկացվեն, իսկ հաջորդ օրն էլ՝ սեպտեմբերի 2-ին երկիրը կնշի իր անկախության “չափահասությունը”։ Ու կհիշի խաղաղության այն դասերը, որոնք իրեն բաժին էին ընկել անցած 16 տարիներին։

Ամեն ինչ էլ եղել է։ Պատերազմ եւ ավերածությություններ, ցուրտ ու սեւ օրեր, մահ ու դաժանություն, բայց երկիրը պատվով է դուրս եկել պատերազմի դասերից եւ սկսել է կամաց-կամաց՝ շյուղ առ շյուղ աղյուս առ աղյուս կառուցել խաղաղություն, թող որ այժմ փխրում եւ ոչ դյուրին։

Ասում են՝ միայն նա կարող է վերաիմաստավորել իր կյանքը, ով գիտե կորստի գինը։ Եվ այսօր՝ այն ամենից հետո, ինչ կատարվել է, մենք կարող ենք այլ հայացքով նայել մեր անցած ուղուն ու նորովի նայել մեր անցած ուղուն ու նորովի գնահատել քաղաքական եւ ոչ քաղաքական այն բոլոր իրադարձությունները, որ մեզ հետ կատարվել են վերջին տարիներին։

Ներքին դժգոհություն եւ շահերի բախում, անարդարության զգացողություն եւ դեպի լավագույն իդեալներ մեր մղումը դարձել են մեր առօրյա կյանքի բաղադրիչ մասերը։ Մենք այնպես ենք հարմարվել խաղաղությանը, որ մեր հոգու խորքում նույնիսկ մանրուքներում ենք գժտվում, եւ անխռով չէ մեր հոգին…

Բայց մեկ-մեկ էլ՝ այն օրերին, երբ դպրոցներում աշակերտներին “խաղաղության դաս” են տալիս, մեր գիտակցությունը մեզ սթափեցնում է՝ ժողովրդավարությունը եւ ընտրությունները, տնտեսական զարգացումն ու մարդու իրավունքները… այս ամենն էլ հենց այն դասերն են, խաղաղության դասերը,  որ դասավանդում է կյանքը, ու դասավանդում է բոլորին։ Եվ թույթ չէ, որ հաճախ մեր կարծիքները, զարգացման մեր տեսլականները զանազան են, քանի որ հենց այս զանազանության հանդեպ “պարտադրված խաղաղությունն” այն լավագույն դասերից մեկն է, որն արդեն ստացել ենք մեր անկախության տարիներին։

Կարեւոր էլ չէ, որ մեր 16-ամյակին չենք ստանա պաշտոնական անձնագիր, այն է՝ միջազգային հանրության կողմից ճանաչում։ Կարեւրն այն է, որ մենք անցել ենք կյանքի դասերի քուրայով, որ մենք եղել ենք այդ դասերին ու պատվով ենք դուրս եկել։ Կարեւորն այն է, որ մենք հասկացել ենք՝ գլխավոր նպատակաը առջեւում է դեռ։ Կարեւորն այն է, որ միասին գնում ենք դեպի այն՝ տարբեր մտածելակերպով ու գործելակերպով, բայց ստացած միեւնույն դասերով, 88-ին 88-ին ընտրած միեւնույն նպատակներով։

Թեկուզ եւ այն, որ առաջին անգամ դպրոցական նստարաններին նստած մեր մանչուկներն այսօր ունկնդրում են “խաղաղության դասը”, վկայում է, որ մենք արդեն թեւակոխել ենք մեր չափահասությունը…

——————————————————————————————-

Լրահոս

ԼՂՀ ՕԴԱՅԻՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է

Սահմանն անցած հայ զինվորին կփոխանակեն եւ կդատեն` այս մասին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը՝ վերջերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Նախարարը հայտնել է, որ ադրբեջանական կողմն անցած զինվորը նախկինում մի քանի անգամ փորձել է խուսափել ծառայությունից, եւ այս անգամ էլ նման քայլի է դիմել: Նախարարի հավաստմամբ, զինվորը փոխանակվելուց հետո օրենքի սահմաններում կդատվի: Անդրադառնալով նաեւ սահմանն անցած ադրբեջանցուն, նախարարը հավաստիացրել է, որ նա շփոթվել է: Սակայն նա միաժամանակ հայտնել է, որ այդ բոլոր հարցերով զբաղվում է ոչ թե բանակը, այլ Ազգային անվտանգության ծառայությունը:

Մ.Հակոբյանի մամուլի ասուլիսը հրավիրված էր նրա պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ: Լրագրողներին ծանոթացնելով այդ ընթացքում բանակում տեղի ունեցած միջոցառումներին եւ հետագա ծրագրերին, նախարարը հավաստիացրեց, որ պաշտպանության բանակը կատարում է իր առջեւ դրված խնդիրը՝ ապահովել պետության անվտանգությունը: «Մեր խնդիրը շփման գծում խաղաղության պահպանումն է եւ թույլ չտալը, որ հակառակորդը նախաձեռնությունն իր վրա վերցնի»,- հավելել է նախարարը, նշելով, որ բանակն ի զորու է պահպանել բալանսը շփման գծում: Խոսելով դիրքերում ինժեներական կառույցների կատարելագործան ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին, նախարարը նշեց, որ այն փորձագետները, ովքեր տեսել են ղարաբաղյան բանակի դիրքերը եւ այդ ինժեներական կառույցները, հաստատել են, որ եթե Ադրբեջանը վերսկսի հարձակումը, ապա կպարտվի: Հիշեցնելով, որ Ղարաբաղի զինված ուժերը կոչվում են պաշտպանության բանակ, Մովսես Հակոբյանը միևնույն ժամանակ հատուկ ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում բանակը պատրաստ է հակառակորդի թիկունքում գործողություններ վարելուն:

Իսկ հակաօդային պաշտպանության վերաբերյալ նախարարի գնահատականը միանշանակ էր. «Հակաօդային պաշտպանությունում մեծ ձեռքբերումներ ունենք: Կարող եմ ասել, որ ԼՂՀ ողջ օդային տարածքը պաշտպանված է, եւ Ստեփանակերտն այլեւս չեն կարող ռմբակոծել»:

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԴԵՌԵՎՍ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԻՔ ԿԱ

Մեր երկրում այսօրվա դրությամբ կառուցման փուլում է գտնվում 7 դպրոցական շենք, որից 2-ը՝ Ստեփանակերտում: ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Կամո Աթայանի խոսքերով, սկսված է մայրաքաղաքի թիվ 6 դպրոցի շենքի կառուցումը, որի հովանավորությունն իր վրա է վերցրել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Շուտով կսկսվի նաեւ թիվ 11 դպրոցի շենքի շինարարությունը՝ ամերիկահայ բարերարի միջոցներով: Նախարարի հավաստմամբ, ներկայիս թիվ 11 դպրոցի տարածքում կրթահամալիր կունենանք. դպրոցից բացի այդ տարածքում կգործի նաեւ մանկապարտեզ:

Այժմ եվրոպական չափանիշներով դպրոց է կառուցվում Վանք գյուղում՝ հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանի միջոցներով: Դպրոցն ունենալու է նաեւ փակ լողավազան: «Հիանալի դպրոցական շենք է նախագծված, եւ կառուցումն արդեն սկսված է Ասկերանում: Այդ շենքի շինարարությունը կատարվում է պետական միջոցներով: Մենք մեր ջանքերը կգործադրենք, որպեսզի հաջորդ ուսումնական տարին դպրոցականները դիմավորեն նոր շենքում: Դպրոցներ են կառուցվում նաեւ Մարտունու շրջանի Եմիշճան, Մարտակերտի շրջանի Կոճողոտ եւ Հադրութի շրջանի Հակակու գյուղերում: Ասեմ նաեւ, որ վերջերս շահագործման հանձնվեց Առաջամուղ գյուղի դպրոցը, որը կառուցվել է «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցներով»,- նշեց նախարարը:

Ընդհանուր առմամբ, վերջին 15 տարիների ընթացքում Ղարաբաղում կառուցվել են 51, հիմնանորոգվել՝ 60 դպրոցներ: Նախարարի խոսքերով, հանրապետությունում շուրջ 25 դպրոցների շենքերի  հիմնանորոգման եւ նոր շենքերի կառուցման կարիք կա: «Այդ դպրոցների կեսից ավելին կառուցվում է պետության միջոցներով, եւ ուրախալի է, որ տարեցտարի պետական բյուջեի միջոցներով կառուցվող դպրոցների քանակն ավելի է մեծանում»,- իր գոհունակությունն է հայտնել նախարարը:

Ի դեպ, այս ուսումնական տարում դպրոցականների առջեւ իրենց դռները կբացեն հանրապետության թվով 230 դպրոցներ, իսկ առաջին դասարան այս տարի կհաճախեն շուրջ 2000 երեխաներ: Նախարարի հավաստմամբ, տարեցտարի առաջին դասարանցիների թիվն աճում է, բայց աճի տեմպերն այնքան էլ գոհացուցիչ չեն:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՆ ԱՐԴԵՆ ԴՐՈՇ ՈՒՆԻ

Օրերս Ստեփանակերտի քաղաքապետի «Ստեփանակերտ քաղաքի դրոշի մասին» որոշմամբ հաստատվեց քաղաքի դրոշի նկարագիրը:

Մայրաքաղաքի խորհրդանիշն իրենից ներկայացնում է 100սմ լայնությամբ եւ 170 սմ երկարությամբ սպիտակ` խաղաղությունը խորհրդանշող ուղղանկյունաձեւ կտոր, որի կենտրոնում` շրջանակի մեջ, հավերժությունը խորհրդանշող կապույտ գույնի 13 եռանկյունաձեւ նշումներ են, որոնք խորհրդանշում են հայոց բոլոր մայրաքաղաքները: Իսկ կենտրոնում «Տատիկ եւ Պապիկ» /ՄԵնք ենք մեր սարերը/ տուֆակերտ հուշարձանի ուրվապատկերն է, որը բովանդակում է հարատեւության գաղափարը եւ մայրաքաղաքի հիմնական արժեքը` մարդը: Շրջանակի կարմիր, կապույտ եւ նարնջագույն գույները խորհրդանշում են ԼՂՀ պետական դրոշի գույները:

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ

Մարտակերտի շրջանի Սուրենավան (նախկին Շահբուլաղ) գյուղի մոտակայքում հայտնաբերված Տիգրանակերտ քաղաքի տարածքում այս տարի նույնպես հնագիտական պեղումներ են իրականացվել՝ Հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների «Երկիր» միության նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ: Հին հայկական քաղաքում պեղումներն իրականացնում է ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը՝ պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ: Վերջերս խմբի ղեկավարը այս տարվա պեղումների արդյունքներն ամփոփեց տեղում հրավիրած մամուլի ասուլիսում:

Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է վաղ հայկական ամրոց, շարունակվել են միջնաբերդի պատերի եւ եկեղեցու պեղումները, հողից մաքրվել են հարավային պարսպահիմքերը: Պեղումները երեւան են բերել անտիկ եւ միջնադարյան մշակույթի բազմազան նյութեր: «Մեկ ամիս հետախուզական պեղումներ ենք արել, ինչի արդյուքում հայտնաբերված ամրոցը, թվում է, նույնպես Տիգրան Մեծի ժամանակի կառույց է, բայց դեռ լավ չենք հետազոտել»,- նշել է Համլետ Պետրոսյանը:

Մեր այցի ժամանակ դեռ շարունակվում էին միջնաբերդի, պարսպահիմքերի, դարավանդի եւ եկեղեցու պեղումները: Արշավախմբի ղեկավարը մեզ տեղեկացրեց, որ հայտնաբերել են նաեւ երկու թոնիր, որոնք, ըստ ամենայնի, 12-րդ դարից են:

Հ. Պետրոսյանը հուսով է, որ հայտնաբերված եկեղեցու շրջակայքից կգտնեն հայերեն արձանագրություններ: Արդեն գտնվել են մի արձանագրության առանձին մասեր, սակայն, ըստ հնագետի, առայժմ չի կարելի հայտարարել, որ հայերեն արձանագրություններ են գտել: Նա ընդգծեց, որ նշված եւ մի շարք այլ արձանագրությունների հայտնաբերումը, ինչպես նաեւ պեղումների շարունակումը կապված են ֆինանսական խնդիրների հետ:

Պարոն Պետրոսյանը ցավում է, որ «Երկիր» միության միջոցներն այս տարի սահմանափակ էին: «Ցավոք, հայկական բազմաթիվ պետական կառույցներ ու կազմակերպություններ ոչնչով չաջակցեցին մեզ, ներառյալ՝ Հայաստանի իշխանությունները, Գիտությունների Ազգային ակադեմիան: Միայն Արցախի իշխանությունները ընդամենը հուլիսի վերջին, երբ դիմեցինք վարչապետին, որոշեցին մեզ 3.5 մլն դրամ տրամադրել, սակայն արդեն պեղումներն ավարտում ենք, բայց այդ գումարը դեռ չենք ստացել: Հուսով եմ, ամեն ինչ կհարթվի: Սա առաջին դեպքն է, որ Արցախի իշխանությունները մեզ օգնում են, եւ ես դա ողջունում եմ: Կարծում եմ, նոր իշխանությունները պիտի գոնե մի քիչ ավելի սրտացավ լինեն նման հարցերում»,- լրագրողներին ասել է պարոն Պետրոսյանը:

Հնագետն անդրադարձավ նաև Տիգրանակերտի պեղումների քաղաքական գնահատականներին, նշելով, որ Ադրբեջանում պնդում են, որ դրանք քաղաքական են, թեև իրականում դրանք ամենևին էլ քաղաքական նպատակով պեղումներ չեն. «Ինչո՞ւ: Որովհետեւ մեր քաղաքական կառույցները «զրոյական» ուշադություն են դարձնում այս ամենին: Սա զուտ ակադեմիական ձեռնարկում է: Ես այստեղ մեր իշխանությունների կողմից որեւէ քաղաքականություն չեմ տեսնում»:

Տեղեկացնենք, որ Տիգրանակերտի պատմահնագիտական պեղումների ծրագիրն իրականացվում Է 2005 թվականից: Առաջին տարում ճշգրտվել Էր քաղաքի կոնկրետ տեղադրությունը, իսկ 2006թ. պեղումները իրականացվել են քաղաքի եւ նրա շրջակայքի տարբեր հատվածներում, որոնք երեւան են հանել քաղաքի միջնաբերդի պարսպի մի հատվածը, ամրացված թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, կենտրոնական թաղամասի վաղ քրիստոնեական բազիլիկայի մնացորդներով մի հատվածը:

Համլետ Պետրոսյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի էլ կշարունակվեն Տիգրանակերտի պեղումները, եւ իրենց կհաջողվի ավելի շատ նյութեր հայտնաբերել: Ըստ հնագետի, մեր խնդիրը պետք է լինի ոչ միայն Տիգրանակերտի հայտնաբերումը, այլև հայտնաբերածը պահպանելն ու ներկայացնելը:

Մեր խնդրանքով հնագետն անդրադարձավ նաեւ Դադիվանքում իրականացված պեղումներին: «Եթե որոշել են, որ դրանք Դադիի մասունքներն են՝ դա եկեղեցու գործն է, բայց ես պաշտոնական հաշվետվություն եմ տվել, որտեղ հստակ ասել եմ, որ պեղումները պետք է շարունակել, պետք է մինչեւ հետազոտության ավարտը զերծ մնալ Դադիի մասունքների ինքնության ցանկացած փորձերից: Բայց եւ Սրբազանը, եւ Վեհափառը այդպես հարմար գտան,- նշել է Համլետ Պետրոսյանը, որը Դադիվանքում պեղումներ է կատարել 6-7 օր:- Աշխատանքը կեսից ընդհատվեց եւ որոշում կայացվեց, որ գտնված մասունքները Դադիի մասունքներն են, մինչդեռ կարիք կար մանրամասն մարդաբանական և այլ հետազոտությունների: Գտնում եմ, որ պեղումները պետք է շարունակել՝ գուցե ավելի խոր շերտերում իրոք վաղ քրիստոնեական ինչ-որ բան է գտնվում, բայց առկա նյութերով այդ պեղումների ամբողջ ժամանակաշրջանը դեռեւս չի անցնում 12-րդ դարից: Այդ իսկ պատճառով ես, որպես մասնագետ, հրաժարվեցի աշխատանքներին մասնակցել, հատկապես նկատի ունենալով, որ Տիգրանակերտն եմ պեղում»:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

——————————————————————————————-

Կարգավորում

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

Օգոստոսի 23-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Մեծ Բրիտանիայի Թագավորության Համայնքների պալատի անդամ Ստիվեն Փաունդին եւ նրան ուղեկցող անձանց:

Հայտնելով, որ առաջին անգամ է Լեռնային Ղարաբաղ այցելում, բրիտանացի խորհրդարանականը նշեց, որ առաջնորդվել է առկա իրողություններին անձամբ ականատես լինելու սկզբունքով, քանզի կողմնակի տեղեկատվութությունը միշտ չէ իրական պատկերացում տալիս այս նորանկախ երկրի մասին:

Ողջունելով հյուրերին, ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ այցի ընթացքում  նրանք  տարաբնույթ հանդիպումների միջոցով սպառիչ  տեղեկատվություն կստանան  հանրապետության մասին:

Տեղի ունեցավ հանգամանալի զրույց, որի ժամանակ ԱԺ նախագահը, ի պատասխան Ստիվեն Փաունդի հարցերի, ներկայացրեց ԼՂՀ հասարակական-քաղաքական կյանքը, սոցիալ-տնտեսական իրավիճակը, կրթական համակարգի ձեռքբերումները, նշեց առաջիկա խնդիրները եւ դրանց լուծման հեռանկարներն ու դժվարությունները:

ԼՂՀ  ԱԺ  ՄԱՄԼՈ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ     

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՁԳՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ

Հարավային Կովկասի պետությունները, այդ թվում նաեւ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը, շատ հեռու են Եվրամիությանը անդամակցելուն: Այս մասին նշել է Հայաստանում գործող «Եվրաինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը, Ստեփանակերտի ռեսուրս-կենտրոնում «Եվրամիության օրակարգը» թեմայով անցկացված բանավեճի ընթացքում: Բանավեճն անց է կացվել «International Alert» բրիտանական կազմակերպության հովանավորությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում:

«Այսօր հնարավոր չէ երկիրը չորս կողմով պատել երկաթե վարագույրներով եւ զարգանալ: Այդպես մենք կվերածվենք մի երկրի, որը տարիների ընթացքում կմեռնի՝ ոչ թե պատերազմների, այլ արտագաղթի պատճառով: Այսօր Հայաստանն այն 19 երկրների շարքում է, որոնք Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն ունեն: Իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ այնպիսի արժեքային համակարգ, որն ունի Եվրամիությունը: Ժողովրդավարական, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության եւ քաղաքացիական ինստիտուտների զարգացման այնպիսի մի աստիճանի պետք է հասնել, որտեղ կապահովվի իրավունքի գերակայությունը: Եվրաինտեգրման համար պետք է նաեւ հարեւանների հետ խնդիրներ չունենալ, ինչպես նաեւ երկրի տնտեսական աճի տեմպերը հավասարեցնել եվրոպական միջինին»,- նշել է Կ.Բեքարյանը:

Ըստ բանախոսի, այսօր քաղաքականության մեջ ամեն ինչ պետք է դիտարկել շահերի տեսանկյունից: Իսկ շահեր Հայաստանում ունեն ինչպես ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, այնպես էլ Եվրամիությունը եւ Չինաստանը: Եւ, բնականաբար, բոլորն իրենց ձեւով են փորձում շահերը պաշտպանել, իսկ Հայաստանն էլ իր հերթին պետք է փորձի իր շահերը պաշտպանել՝ համագործակցելով համապատասխան երկրների հետ: Իսկ առողջ համագործակցության համար անհրաժեշտ է, որ Հայաստանը ժողովրդավարական եւ զարգացած երկիր լինի, որպեսզի իր ձայնը լսելի լինի բոլորի համար:

Անդրադառնալով ղարաբաղյան հարցի կարգավորմանը, պարոն Բեքարյանը նկատեց, որ «եթե վերջին տարիներին Ադրբեջանը ժողովրդավարական առումով առաջընթաց գրանցեր Հայաստանի համեմատ, ապա Ղարաբաղը վաղուց Ադրբեջանի կազմում հայտնված կլիներ: Երկու կողմերի սխալների հաշվին այդ բալանսը պահպանվում է»: Այդ իսկ պատճառով, ըստ բանախոսի, այս մրցակցության մեջ հաղթողի ձայնը կլինի լսելի:

Իսկ Ադրբեջանի «եղբայր» պետության՝ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակում գտնվող Թուրքիայի Եվրամիություն մտնելը որքանո՞վ է ձեռնտու Հայաստանին: Ըստ Կարեն Բեքարյանի, եթե Եվրամիությունը քաղաքական որոշմամբ՝ առանց երկիրը կոպենհագենյան չափանիշներին համապատասխանելու, Թուրքիային որոշի դարձնել Եվրամիության անդամ, դա ձեռնտու չի լինի ոչ Հայաստանի, եւ ոչ էլ Եվրամիության համար, քանի որ դա Թուրքիային կդարձնի ավելի ինքնավստահ ու ցինիկ պետություն: Ավելի ձեռնտու է, որ Թուրքիան Եվրամիություն մտնի ինչպես բոլոր երկրները, սակայն ավելի ցակալի կլինի, որ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների անընդհատ ձգձգումը Հայաստանն «օգտագործի», իր երկիրը պահանջվող չափանիշներին համապատասխանեցնի եւ ձգտի Թուրքիայի հետ զուգահեռ մտնել Եվրամիություն: Այլապես Թուրքիայի համար հնարավորություն կստեղծվի մերժել Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը:

Որպես եվրաինտեգրմանը հակակարծիք միշտ հնչում է այն միտքը, որ եվրոպական արժեքները հակասում եւ կարող են վնասել ազգային արժեքներին, ավանդույթներին եւ ինքնությանը: Որքանո՞վ են դրանից տուժել Եվրամիության անդամ պետությունները: Կ.Բեքարյանը եվրաինտեգրման մեջ ազգային արժեքների, ինքնության կորուստ չի տեսնում: «Եթե մենք կորցնենք մեր դեմքը, այն է` ազգային ավանդույթները, ինքնությունը եւ այլն, ապա ես էլ կողմանկից չեմ այդ ինտեգրմանը: Դրանց պահպանման համար, կարծում եմ, յուրաքանչյուր պետություն պետք է պոտենցիալ եւ իմունիտետ ունենա, անկախ նրանից՝ ինտեգրվու՞մ է, թե՞ ոչ»,- ընդգծել է բանախոսը:

ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ՂԱՐԱԲԱՂԸ ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱ՞ԶՄ

Նորերս Ղարաբաղում էր գտնվում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Ստեֆան Փաունդը: Ղարաբաղում գտնվելու մի քանի օրերին պատգամավորը հանդիպել է պաշտոնական եւ ոչ կառավարական կառույցների ներկայացուցիչների հետ:

Բրիտանական խորհրդարանում շատ են խոսում Ղարաբաղի եւ ղարաբաղյան խնդրի մասին, սակայն քչերը գիտեն, թե դա ինչ է: Մինչդեռ Ղարաբաղը շատ կարեւոր է Բրիտանիայի համար: Այդ մասին Ստեֆֆան Փաունդը ասել է karabakh-open.com կայքի թղթակցին:

Ինչո՞վ է կարեւոր Ղարաբաղը Բրիտանիայի համար: Պատասխանելով այդ հարցին, բրիտանացի պատգամավորն առաջին հերթին ընդգծեց, որ իր երկիրը մասնակցում է Ղարաբաղյան կարգավորման Մինսկի գործընթացին: «Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի հարաբերություններում քիչ չեն «ամոթալի» էջերը: Առաջին հերթին, հայերի ջարդերը Շուշիում 20-րդ դարի սկզբին. այդ ժամանակ Բրիտանիան ներկայացված էր տարածաշրջանում: Եւ այն, որ Միացյալ Թագավորությունը մինչ այժմ չի ճանաչել 1915թ. հայերի ցեղասպանությունը: Միեւնույն ժամանակ, Լոնդոնի հայկական համայնքը ամենակայուն եւ աշխատասեր համայնքներից է: Համայնքը, որ քանակապես այդքան էլ մեծ չէ, անհամեմատ մեծ ներդրում ունի բրիտանական տնտեսության եւ մշակույթի մեջ: Դրանով հանդերձ Բրիտանիան վարում է բացարձակ ադրբեջանամետ քաղաքականություն, որն անհրաժեշտ է հավասարակշռել: Իսկ դրա համար անհրաժեշտ է տեսնել իրավիճակը սեփական աչքերով»,  – նշել է պարոն Փաունդը:

– Եվ ի՞նչ է տեսել բրիտանացի պատգամավորը Ղարաբաղում:

– Սա Հայաստան է, ամեն ինչով, բացի անունից: Ես չտեսա մարդկանց ցույցեր եւ հանրահավաքներ, որոնք ուզում են վերադառնալ Ադրբեջանի կազմ: Սա նորմալ պետություն է, եւ մարդիկ չեն ուզում ոչինչ փոխել:

– Իսկ ինչ է, Բրիտանիայում կա կարծիք, որ Ղարաբաղը ձգտում է Ադրբեջան, իսկ Հայաստանը թույլ չի՞ տալիս այդ բանը:

– Օ, հավատացնում եմ ձեզ, այո: Ցավոք սրտի, մեզ մոտ շատ բան է կառուցվում քարոզչական տեղեկատվության վրա: Օրինակ, մինչ այստեղ գալս ես հատուկ ոչ մի բան չէի կարդում, քանի որ գիտեմ, թե ինչքան քարոզչություն կա այդ հարցի շուրջ:

– Եվ ի՞նչ եք պատրաստվում անել Լոնդոն վերադառնալուց հետո:

– Ես մեծ աղմուկ կբարձրացնեմ: Կպատմեմ այն մասին, ինչ տեսել եմ: Անհրաժեշտ է փոխել պատգամավորների վերաբերմունքն այսպիսի կարեւոր հարցերի վերաբերյալ եւ նրանց առավելագույնը մոտեցնել իրականությանը:

– Ի՞նչ ուժերի եք դուք պատրաստվում ապավինել:

– Առաջին հերթին դա հայկական համայնքն է, մասնավորապես ՀՅԴ-ն, որը լավ կազմակերպված է եւ որի հետ ունեմ սերտ կապ: Բացի այդ, Ցեղասպանության ճանաչման խնդրի կապակցությամբ ես արդեն մի քանի անգամ ելույթ եմ ունեցել Համայնքների պալատում, եւ կարող եմ ասել, որ խորհրդարանում արդեն ձեւավորվել է խումբ, որը Ցեղասպանության հարցում համաձայն է ինձ հետ: Իսկ եթե կա համապատասխան վերաբերմունք Ցեղասպանության հանդեպ, ապա Ղարաբաղի հարցում քաղաքականությունը չի կարող հակասել դրան:

– Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Ղարաբաղի հարցում:

– Ղարաբաղը Հայաստանի փաստացի մասն է, եւ մնում է միայն իրավական ճանաչում տալ դրան: Բացի այդ, երկիրը ունի ենթակառուցվածքների վերականգնման կարիք: Էներգետիկ եւ տրանսպորտային համակարգերում ներդրված ոչ մեծ գումարը կարող է բերել մեծ օգուտ: Ես կուզեի մեր երկրների միջեւ տեսնել ամուր առեւտրային կապ, ամուր Սփյուռքի առկայությամբ: 21-րդ դարում աշխարհը շատ անկայուն է, եւ եվրոպական երկրներին, այդ թվում եւ իմ երկրին, անհրաժեշտ են կայուն գործընկերներ: Ի դեմս Հայաստանի մենք տեսնում ենք կայուն գործընկեր: Հայաստանի պատմությունը գնում է դեպի դարերի խորք, ավելի, քան եվրոպական շատ պետությունների պատմությունը: Ես կարծում եմ, սերտ կապը բարիք է թե Հայաստանի, թե Մեծ Բրիտանիայի համար:

 

ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՅՑՆ ԱՐՑԱԽ

Ադրբեջանի արտգործնախարարությունն ուսումնասիրում է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Սթիվեն Փաունդի ու նրան ուղեկցող պատվիրակության Լեռնային Ղարաբաղ այցելության հարցը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Day.az գործակալությունը, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցները պարզում են բրիտանացի պատգամավորի կողմից Լեռնային Ղարաբաղում անցկացված բանակցությունների էությունը:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Խազար Իբրահիմովի խոսքով՝ միայն այն բանից հետո, երբ պարզ կդառնա ողջ պատկերը, Ադրբեջանի ԱԳՆ կարող է արձագանքել բրիտանացի պատգամավորի ուղեւորությանը Ադրբեջանի «օկուպացված տարածքներ»:

Հիշեցնենք, որ օրերս ԼՂՀ այցելած Սթիվեն Փաունդին ընդունել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը: Բրիտանացի խորհրդարանականը նշել է, որ դա իր առաջին այցն է Լեռնային Ղարաբաղ: Ս.Փաունդը նաեւ ասել է, որ ղեկավարվել է ԼՂՀ-ում առկա իրողություններին անձամբ ծանոթանալու ցանկությամբ, քանզի միշտ չէ, որ կողմնակի տեղեկատվությունն իրական պատկերացում է ստեղծում երկրի մասին:

http://www.armradio.am

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՄՏԱՀՈԳԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Ղարաբաղի հակամարտությունը կարելի է կարգավորել 2 ամսվա ընթացքում, եթե ներդրվի առավելագույն ջանք: Այդ տեսակետին է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ագիլ Աբբասը, ով, ըստ Day.az-ի, հայտարարել է, որ Ադրբեջանի հասարակությունն անտարբեր է Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանդեպ: «Նույնիսկ ամենից վախկոտ պատանուն կարելի է վերադաստիրակել երկու ամսվա ընթացքում եւ ուղարկել բանակ: Հայրենասիրական ոգու բարձրացման համար առավել մեծ ակտիվություն պետք է ցուցաբերեն հեռուստաալիքները», հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը: Նա անտարբերության առումով չի բացառում նաեւ մտավորականության մեղքը, որը նույնպես պասիվ է: «Մտավորականությունը պետք է ավելի աշխույժ ներգրավվի հայրենասիրական դաստիրակության գործին: Իհարկե, հիմնական քարոզչությունը պետք է տանեն հեռուստաալիքները, որոնք պետք է մշտապես քարոզեն հայրենասիրություն եւ հաղորդումներ պատրաստեն հայրենիքի քաջ որդիների մասին՝ տանկիստների, օդաչուների, ազգային հերոսների», հայտարարել է Ագիլ Աբբասը:

«Լրագիր»

——————————————————————————————-

Պետություն

Good Governance ` Բարի կառավարում

1997թ. ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրերի փաստաթղթերում սկսում է շրջանառության մեջ մտնել «Good Governance» բառակապակցությունը, որը հետագա տարիներին լայն տարածում է գտնում: Որ դա իրոք այդպես է,  կարելի է համոզվել «Good Governance» որոնողական հարցում ուղղելով Yahoo.com որոնողական սերվերին: Պատասխանելով հարցմանը, ամեն ինչ իմացող Yahoo.com-ը տրամադրում է …3 330 000 աղբյուր (2007թ. հունիսի 25-ի տվյալներով):

Ի՞նչ բան է «Good Governance»» -ն, որը ստացել է այդպիսի  լայն տարածում գիտական և գիտահանրամատչելի գրականության մեջ:

Բառակապակցության 2-րդ մասը ընկալվում է գործնականորեն առանց դժվարության: Այն կարելի է թարգմանել միանշանակորեն՝ կառավարում: Հիշենք, որ կառավարումը, ամենաընդհանուր ձևակերպմամբ, սոցիալական համակարգերի գործունեությանը վերաբերող որոշումների ընդունումն է և դրանց իրականացումը:

Թվարկենք սոցիալական այն համակարգերը, որոնցում իրականացվում է կառավարում, իմա՝ որոնք հանդիսանում են կառավարման օբյեկտներ`

1. կազմակերպություն (սա ստորին, լոկալ մակարդակն է),

2. շրջան, մարզ (սա ռեգիոնալ մակարդակն է),

3. երկիր (պետություն)՝ ամբողջությամբ վերցրած (սա ազգային մակարդակն է),

4. երկրների (պետությունների) միություն, օրինակ՝ Եվրոպական Միություն (սա, տվյալ դեպքում, եվրոպական մակարդակն է),

5. աշխարհը՝ ամբողջությամբ վերցրած (կարելի է պայմանականորեն պատկերացնել, որ աշխարհի կառավարությունն է ՄԱԿ-ը. երբևէ երևի կգործի համաշխարհային կառավարություն). սա  էլ գլոբալ մակարդակն է:

Կենսականորեն անհրաժեշտ է, իհարկե, որ բոլոր մակարդակներում իրականացվի արդյունավետ կառավարում: Բայց առավել կարևոր է երկրների (պետությունների) արդյունավետ կառավարումը, քանի որ այդ դեպքում ստեղծվում են բարենպաստ պայմաններ կազմակերպությունների և տարածքային  միավորների գործունեության համար, հեշտացվում է նաև համագործակցությունը երկրների միջև, նրանց փոխադարձ ինտեգրումը, ինչին այդքան համառորեն և հաստատակամորեն գնում  է աշխարհը: Այդ պատճառով ստորև խոսքը գնալու է առավելապես երկրի (պետության) կառավարման, այն է՝ պետական կառավարման մասին:

Համեմատաբար ավելի դժվար է ընկալվում «Good Governance»- ի առաջին մասը, որը կոչված է, ինչպես դժվար չէ ենթադրել, բնութագրել, գնահատել կառավարումը, նրա որակը: Դժվար է, քանի որ անգլերենում «Good» ածականը ունի բազմաթիվ իմաստներ (ըստ Օքսֆորդի և Մյուլլերի անգլերեն-ռուսերեն բառարանների՝ համապատասխանաբար 12 և 19)՝ լավ, հաճելի, հմուտ, սիրալիր, բարի, պիտանի, օգտակար, նպատակասլաց, հուսալի, թարմ, բերրի, առաքինի… Ուրեմն, «Good Governance»-ը կառավարման յուրօրինակ իդեալ է:

Հայերենում պետք է հայտնվեր և հայտնվել է «Good Governance»-ի համարժեք՝ «Լավ Կառավարում»: Եվ «լավ» ածականը ունի բազմաթիվ դրական երանգներ՝ որակով, դրական, վայելուչ, կարգին, բարեկիրթ, հաջող, բարենպաստ, հմուտ, գիտակ, ազնիվ, շնորհալի…

Ինչքանո՞վ  է հաջողված «Good Governance» (և հետևաբար «Լավ Կառավարում») տերմինը, եզրը:

Եվ անգլերենի «good», և հայերենի «լավ» ածականների իմաստների ճոխությունը լիովին ապահովում են «Good Governance»-ի և «Լավ Կառավարման» դրական հուզական ընկալումը, ինչը ցանկացած տերմինի օգտակարության բավականին կարևոր բաղադրիչներից մեկն է:

Բայց որպեսզի այդ կարևորագույն հասկացությունը կարողանա ծառայել առօրյա կիրառական-պրագմատիկ նպատակների, այն պետք է լրացուցիչ բնութագրվի նաև միանգամայն կոնկրետ հատկանիշներով: Եվ այդպիսի հատկանիշներ հիմնավորված և սահմանված են: Համընդհանուր ճանաչում են գտել պատկերացումներն այն մասին, որ Կառավարումը կարող է համարվել Good այն դեպքում, եթե այն ապահովում է՝

-Բոլոր քաղաքացիների ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ  (ուղղակիորեն կամ իրենց կողմից ընտրված լեգիտիմ ինստիտուտների միջոցով) որոշումներ կայացնելու գործընթացում.

-ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ (իրավական կառույցների ազնվություն և անաչառություն, առանձնապես նրանց, ովքեր ապահովում են մարդու իրավունքների պահպանումը).

-ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ (տեղեկույթի ազատությունը, նրա մատչելիությունը բոլոր նրանց համար, ովքեր շահագրգռված են նրանում).

-ԶԳԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ (բոլոր ինստիտուտները կարեկցաբար արձագանքում են քաղաքացիների կարիքներին).

-ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ (հասարակության տարբեր խմբերի շահերի հավասարակշռության պահպանում).

-ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ (բոլոր քաղաքացիներին հնարավորություն է տրվում բարելավել իրենց բարեկեցությունը).

-ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆՈՒԹՅՈՒՆ (ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը քաղաքացիների պահանջմունքները բարելավելու համար).

-Կառավարության, մասնավոր բիզնեսի և քաղաքացիական հասարակության կառույցների ՀԱՇՎԵՏՈՒ ԼԻՆԵԼԸ հասարակությանը և իրավունքի ինստիտուցիոնալ կրողներին.

-Անձի զարգացման երկարաժամկետ հեռանկարների և նրանց տանող ուղիների ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՏԵՍԼԱԿԱՆ:

Սրանք, իհարկե, արտակարգ կարևոր հատկանիշներ են, որոնք բնութագրում են Good Governance -ի (Լավ Կառավարման) տարբեր կողմերը, այսինքն՝ հանդես են գալիս որպես նրա արժեքավորության, արդյունավետության մասնավոր չափանիշներ: Գործնական տեսակետից շատ ավելի կարևոր է կարողանալ գնահատել, թե ինչքանով է արժեքավոր, արդյունավետ կառավարումը ոչ թե հատվածաբար, այլ ամբողջապես վերցրած, ուրիշ բառերով՝ ո՞րն է Good Governance-ի (Լավ Կառավարման)  արժեքավորության ամփոփ, ընդհանրացված, ինտեգրալ չափանիշը:

Եվ այսպես, ո՞րն է Good Governance-ի (Լավ Կառավարման) որոնելի, ամփոփ, ընդհանրացնող, ինտեգրալ չափանիշը:

Այդ հարցին օգնում է պատասխանել  անտիկ դարաշրջանի փիլիսոփա Պրոթագորասը, որը ձևակերպել է մարդկության երևի ամենահանճարեղ, ամենահիմնարար գաղափարը (2400 տարի առաջ որպիսի խորաթափանցություն)՝ «Մարդը բոլոր իրերի չափանիշն է»:

Եթե «Մարդը բոլոր իրերի չափանիշն է», ապա նա նաև կառավարման  արդյունավետության, արժեքավորության չափանիշն է, այսինքն՝ կառավարումը պետք է ճանաչել արդյունավետ, արժեքավոր այն չափով, ինչ չափով այն համապատասխանում է մարդու բարիքին, ինչքանով այն բարի է: Սա  է Good Governance-ի (Լավ Կառավարման) ներքին  խորքային էությունը, նրա ամփոփ չափանիշը: Ուրեմն, տերմինաբանական գլխավոր կանոնի համաձայն («տերմինը պետք է արտահայտի առարկայի, երևույթի էությունը») Good Governance-ի հայերեն համարժեքը պետք է լինի ոչ թե «Լավ Կառավարումը», այլ «Բարի Կառավարումը» (համանման ձևով որպես Good Governance-ի ռուսերեն ավելի հաջող համարժեք պետք է համարել, երևի, “ըսՈչՏպ ձտՐՈՉսպվՌպ”-ն, կառավարում, որը բերում է մարդուն “ոսՈչՏե՝ բարիք):

Այսպիսով, արժեքավոր, արդյունավետ, Good Governance (Բարի Կառավարում) իրականացնելու համար պետք է իմանալ՝ իսկ ինչու՞մն է կայանում մարդու բարիքը: Այստեղ իմ «խորաթափանց» ընդդիմախոսը կարող է տարակուսել: «Որպիսի միամիտ հարց,- կմտածի նա,- մի՞թե պարզ չէ, թե ինչումն է կայանում մարդու բարիքը: Մարդը պետք է սնվի, ունենա տանիք իր գլխի վրա….»:

Պատկերացումներն այն մասին, որ մարդը լիարժեք սննդի, առողջ կենսամիջավայրի կարիք ունի, բխում են հասարակ մարդկային բանականությունից և միանգամայն բնական են: Դրանք, իհարկե, ճշմարիտ պատկերացումներ են: Սակայն դա ոչ լրիվ ճշմարտությունն է, ինչը երևան է հանվում, եթե մարդը ուսումնասիրվում է մակերեսային, կենցաղային մակարդակի վրա: Բայց եթե զննել նրան փիլիսոփայական մակարդակի վրա, դիտանայել, պատկերավոր ասած, «մանրադիտակի տակ», ապա պարզվում է, որ մարդը մի ինչ-որ ուրիշ բանի կարիք ունի, ինչը նրա համար երբեմն ավելի մեծ արժեք է ներկայացնում, քան նույնիսկ կյանքը (հիշենք, օրինակ, մահապարտներին):

Եվ այսպես, այդ ի՞նչ առեղծվածային բան է «Մարդու բարիքը»: Բայց սա արդեն ուրիշ թեմա է:

Ստեփան ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵ՞Ն, ԹԵ՞ ՉՈՒՆԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ

Նորընտիր նախագահի լիազորություններին մնացել է ընդամենը մեկ շաբաթ: Բնականաբար, ինչպես ամեն մի ընտրությունից հետո, մարդիկ սկսում են աշխույժ քննարկման առարկա դարձնել ակնկալվող կադրային փոփոխությունների թեման: Քննարկումներն առայժմ շշուկների ու շրջանառվող ասեկոսեների մակարդակի վրա են, սակայն, ինչպես կյանքն է քանիցս ապացուցել, դրանց մեջ ճշմարտության աստիճանն այնքան էլ ցածր չի լինում: Կարծիքները տարբեր են. ոմանք մտածում են, որ ընդամենը կադրային «փոխատեղումներ» են լինելու, ոմանք հույս ունեն, որ արմատական փոփոխություններ են լինելու, իսկ ոմանք էլ պարզապես անտարբեր են:

Հանրության տարբեր շրջանակներում պաշտոնների հավակնորդների տարբեր անուններ են հնչում, իսկ այս կամ այն նախարարի պաշտոնի հավակնորդների թիվը  հաճախ գերազանցում է երեքը: Բացառություն է կազմում միայն կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, որի ոչ միայն նախարարի պաշտոնի բազմաթիվ հավակնորդների մասին են խոսում, այլ նաեւ՝ որպես պետական պաշտոնների «պակասության» հարցի լուծման տարբերակ, նախարարության տարանջատման եւ այն երկու կամ երեք նախարարությունների վերածման մասին: ԼՂՀ ԿՄՍ նախարար Կամո Աթայանը մեր հարցին ի պատասխան շեշտեց. «Այնքան ժամանակ, մինչեւ պետության բարձրագույն ղեկավարությունն այս սխեման պահի, ես՝ որպես գերատեսչության ղեկավար, պարտավոր եմ հավասար աչքով նայել բոլոր ոլորտներին, եւ կարծում եմ, որ մենք ի զորու ենք դա անել: Իսկ թե ինչ կորոշեն նորընտիր նախագահը եւ ղեկավարությունը, ինչպիսի մոտեցումներ կլինեն՝ դա նրանց գործն է: Համենայնդեպս, նախարարությունը տարանջատելու հարցի վերաբերյալ ինձ հետ ոչ մեկը չի խորհրդակցել»:

Իսկ ի՞նչ են ակնկալում հանրապետության այն քաղաքական ուժերը, որոնք նախագահական ընտրություններում սատարել են միասնական թեկնածուին: Հավակնո՞ւմ են որոշ պաշտոնների, թե՞ոչ: Պաշտոնների շուրջ բանակցություններ ընթանո՞ւմ են, թե՞ ոչ: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ խորհրդարանում ընդգրկված չորս քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, որոնք բոլորն էլ հայտնեցին, որ պաշտոնների շուրջ քննարկումներ չեն եղել:

Արցախի ժողովրդավարական կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ, ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի կարծիքով, «հարցադրումը չի բխում իրավական իրողությունից, քանի որ կառավարության ձեւավորումը վերապահված է նախագահին»: «Մեր կուսակցությունը որպես քաղաքական ուժ, որը գերակայությունը միշտ էլ տվել է օրենքի ուժին, հակված չէ քաղաքական բանակցություններ վարել մի հարցի շուրջ, որը Սահմանադրությամբ նախագահին է վերապահված»,- նշել է Վ.Աթանեսյանը: Ըստ պարոն Աթանեսյանի, դա չի նշանակում, որ կուսակցությունը չի ունենալու իր դերակատարությունը վարչապետի թեկնածությանը հավանություն տալու եւ կառավարության ձեւավորման հարցում: Նա հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը՝ «Ժողովրդավարությունը»-ը, խորհրդարանում մեծամասնություն է կազմում, եւ «կուսակցության դիրքորոշումը վճռորոշ է լինելու»:

«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ

Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ կուսակցությունն առաջին հերթին ակնկալում է նախընտրական ծրագրի իրականացում: «Մեր հիմնական գերխնդիրը դա է, քանի որ այդ ծրագիրը ժողովրդի կողմից բավականին բարձր է գնահատվել եւ ընդունվել: Համարում ենք, որ ժողովրդի ցանկություններն արտահայտող ծրագիր է, եւ մեր կուսակցությունն ամեն ինչ անելու է, որ մասնակցի այդ ծրագրի իրագործմանը: Իսկ ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, ասեմ, որ, իհարկե, մենք պաշտոններ չենք ակնկալում՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությամբ նախագահին է վերապահված վարչապետի առաջադրումը, եւ մեր կուսակցությունը նորընտիր նախագահի կողմից առաջարկվող վարչապետի թեկնածությանը համաձայնություն տալու կամ վստահություն հայտնելու մեջ իր մասնակցությունն ունենալու է. խորհրդարանն իր համաձայնությունն է տալու, որից հետո արդեն նախագահը եւ վարչապետը ձեւավորելու են կառավարությունը: Արդեն նոր ձեւավորված կառավարության գործունեության ծրագիրը նորից հաստատվելու է խորհրդարանի կողմից, եւ ինձ թվում է, որ այդ ծրագիրը չպիտի տարբերվի նախագահի ծրագրից, քանի որ կառավարության ձեւավորման ընթացքում նախագահի դերը բավականին մեծ է»,- ընդգծել է Ա.Հարությունյանը:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանի հավաստիացմամբ, կուսակցության ակնկալիքն այն է, որ հետայսու կատարվող կադրային փոփոխությունները միտված լինեն երկրի բնականոն զարգացումն ապահովելուն, կադրային ճիշտ քաղաքականություն վարելուն: «Հանրապետության նորընտիր նախագահը բազմիցս հայտարարել է, որ կադրային քաղաքականություն վարելուց որպես չափանիշ պրոֆեսիոնալ կարողություններն ու ազնվությունն է հաշվի առնելու: Ակնկալում ենք, որ այսուհետ պաշտոններում նշանակվելու են ազնիվ մարդիկ, իսկ թե դրանց մեջ կլինե՞ն կուսակցականներ, թե՞ ոչ, դա էական չէ»,- ընդգծել է Ա.Մոսիյանը: Նա ավելացրել է նաեւ, որ «իրադարձություններից առաջ ընկնելն անշնորհակալ գործ է»:

Իսկ «Շարժում-88» կուսակցության նախագահ

Էդուարդ Աղաբեկյանի խոսքերով, կուսակցությունը պաշտոնների հավակնություններ չունի: «Եթե գտնեն, որ մեզանից որեւէ մեկը որեւէ տեղ կարող է ավելի օգտակար լինել, քան առկա կադրերը, ապա կհամաձայնվենք»,- հավելել է Է.Աղաբեկյանը:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

——————————————————————————————-

Հոգեւոր

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՏՎԻՐԱՆՔԸ

«Եվ դպիրներից մեկը մոտ եկավ՝ լսելով, որ վիճում էին, եւ երբ որ տեսավ, թե լավ պատասխանեց նրանց, Նրան հարցրեց. Ո՞րն է ամենից առաջին պատվիրանքը: Հիսուսն էլ նրան պատասխանեց, թե ամեն պատվիրանքներից առաջինը  սա է՝ Լսիր Իսրայել, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է: Եվ սիրիր քո Տեր Աստծուն բոլոր սրտիցդ, եւ բոլոր անձիցդ, եւ բոլոր մտքիցդ, եւ բոլոր զորությունիցդ, սա է  առաջին պատվիրանքը: Եվ երկրորդը սրան նման, Սիրիր քո ընկերին քո անձի պես, սրանցից ավելի մեծ ուրիշ պատվիրանք չկա» (Մարկոս 12:28-31):

Մեր օրերում, երբ լսում են, որ մեկը հավատացյալ է, ապա հարցնում են, թե ո՞ր հավատքից է: Գաղտնիք չէ, որ գոյություն ունեն բազմաթիվ քրիստոնեական կոչված կրոնական կազմակերպություններ, եւ մեզանից ոմանք հարում են մեկ, իսկ ուրիշներն էլ՝ մեկ այլ ուսմունքի: Ճշմարտությունն այն է, որ Քրիստոսը մեկ ուսմունք ունի, եւ չի կարող այդ մեկ ուսմունքն իր մեջ բաժանված լինել: Հիսուսը Պետրոսին ասաց. «… Այդ վեմի վրա կշինեմ Իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն հաղթի նրան» (Մատթ. 16:18):

Բայց այսօր տեսնում ենք տարանջատված, բաժանված քրիստոնեական խմբավորումներ, որոնք շատ հարցերում տարբերվում են իրարից: Եվ երբ խորանաս այս ուսմունքների մեջ, ապա կտեսնես, որ մի ուսմունքի Քրիստոսը նման չէ մյուսին: Եվ անփորձ մարդիկ, նույնիսկ հավատացյալներ, տրամաբանական հարց են տալիս, թե ինչպես կարող է, «Աստված որ մեկ Տեր է», «Աստված, որ կարգ ու կանոնի Աստված է», թույլ տալ այսպիսի քաոս Իր Եկեղեցում:

Որտե՞ղ է թաքնված այս ողբերգության արմատը, եւ ինչպե՞ս է հաջողվում սատանային կատարել այս քայքայիչ գործունեությունը:

Շատ մարդիկ ասում են, որ նրանց բոլորին պետք է հավաքվել եւ պայմանավորվել միասին, մայր եկեղեցում կատարել իրենց պաշտամունքը եւ վերջ: Բայց միավորվել` չի նշանակում հավաքվել մեկ շենքում: Միանալ պետք է հոգով, մտքով, ընկալումով: Հազարավոր ուսանողներ օրվա մեծ մասն անցկացնում են նույն շենքում, կարդում են նույն գրքերը ու լսում նույն ուսուցիչներին, բայց կյանքի նկատմամբ տարբեր են նրանց աշխարհայացքները: Նույնպես եւ ամուսինները՝ 40-50 տարի ապրում են նույն հարկի տակ, բայց նույն միտքն ու հոգին չունեն:

Եթե կան բաժանումներ, ապա դրանք ուսմունքն ընկալելու, Աստվածաշնչի այս կամ այն միտքն այսպես, կամ այնպես հասկանալու, բաժանումներ են: Եվ գալով մեկ տեղ՝ միտքը դրանից չի փոխվում:

Փորձենք մի քանի խոսքով, մակերեսորեն անդրադառնալ որոշ ուղղությունների տարաձայնություններին, իսկ հետո կնայենք ամենամեծ պատվիրանքին:

«Հիսունականները» (հոգեգալստական) ասում են, որ Սուրբ Հոգու ներկայությունը մարդու մեջ պետք է արտահայտվի նոր լեզվով աղոթելով: Եվ օրինակներ են կարդացվում «Գործք առաքելոց» գրքից, թե ինչպես շատերը Հոգին ընդունելով այլ լեզուներով խոսեցին: Այդ մասին կարելի է կարդալ եւ Պողոս առաքյալի թղթերում եւ այլն: Ուրիշներն այդ նույն տեղերը կարդալով մեկնաբանում են այլ կերպ, գալով այն եզրակացության, որ դա մոլորություն է եւ բնական է, որ միասին չեն կարող լինել:

«Մկրտողականները» գլխավորապես դեմ են մանուկների մկրտությանը եւ ասում են, որ գրված է. «Որի օրինակն այսինքն մկրտությունը մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թե մարմնի ախտը դեն գցելով, այլ բարի խղճմտանքի վկայությունը առ Աստված, Հիսուս Քրիստոսի հարությունովը» (1 Պետր. 3:21): Այսինքն՝ ծծկեր երեխան չի կարող բարի խղճմտանք վկայել:

Յոթերորդ օրվա ատվենդիստները (շաբաթականներ) ասում են, որ շաբաթ օրը սուրբ է: Տասը պատվիրաններից չորրորդն այդ օրը Տիրոջը տալու մասին է եւ, բացի այդ, շատ եւ շատ անգամներ, առանձնապես Հին կտակարանում, հիշատակվում է այդ օրը պահելու մասին: Բայց կան նաեւ «Գործք առաքելոց»-ում եւ այլ տեղեր, որ հայտնում են այն մասին, թե աշակերտները հավաքվում էին միշաբթի, այսինքն՝ կիրակի:

Այստեղ կա նաեւ ուտելիքի չափավորության մասին տարաձայնություն, մասնավորապես խոզի մսի վերաբերյալ, որի մասին նույնպես քիչ չի խոսվում Հին կտակարանում:

Խարիզմատական շարժման հետեւորդներն ավելի շատ հրաշքների, բժշկությունների, երգով ու պարով Տիրոջը փառաբանելու եւ նույնպես լեզուներով խոսելու մեջ են տեսնում կարեւորություն:

Այս ուսումնքների ցուցակը կարելի է շարունակել: Ամեն մի ուսմունք ավետարանական ինչ-որ ճշմարտություն դարձնելով դոգմա՝ սկսում է չհամաձայնել մյուսների հետ:

Եվ այսպես ոմանք բարեգործ են, ոմանք՝ ծոմապահ, ոմանք՝ պարկեշտ հագնվող, ոմանք՝ խաչակնքվող, ոմանք՝ չխաչակնքվող, ոմանք՝  սրբերին աղոթող, ոմանք՝ միայն Հիսուսին, ոմանք՝ չսափրվող, ոմանք՝ սափրվող, ոմանք՝ ծնկների վրա, ոմանք՝ նստած աղոթող, ոմանք՝ մոմ վառող, ոմանք՝ չվառող, ոմանք՝ քահանային խոստովանող, իսկ ոմանք էլ՝ միայն Տիրոջը, ու թիվ ու հաշիվ չկա այս ուսմունքներին: Եվ սատանան կանգնած հռհռում է հրճվանքից` տեսնելով այս պատկերը:

Սիրելինե°ր, ուշադրություն դարձրեք այս տարաձայնությունների ցանկին եւ կնկատեք, որ այս բոլոր հարցերը ոչ մի առնչություն չունեն ամենամեծ եւ ամենակարեւոր պատվիրանի՝ «Սիրիր քո Տեր Աստծուն եւ ընկերոջդ անձիդ պես», հետ: Եթե ես տուն պիտի կառուցեմ, իհարկե, ինձ պետք է ե°ւ քար, ե°ւ ավազ, ե°ւ ցեմենտ, ե°ւ լուսամուտ, ե°ւ դուռ եւ այլն: Բայց այս բոլորը կարող եմ ձեռք բերել միայն այն դեպքում, երբ ունեմ համապատասխան գումար:

Պատկերացրեք երկու մարդու, որոնցից ոչ մեկը չունի այս գումարը, բայց իրար հետ վիճում են, թե տան համար որն է ավելի կարեւոր՝ հատա՞կը, թե՞ առաստաղը:

Մեր հոգեւոր տունը կկառուցվի, եթե մենք ունենք գլխավորը՝ «Սեր դեպի Աստված եւ ընկերոջը անձիդ պես»:

Կորնթացիներին գրված առաջին նամակում սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Եթե մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խոսիմ, բայց սեր չունիմ, ես եղա ձայն հանող պղինձ կամ հնչեցող ծնծղա: Եվ եթե մարգարեություն ունենամ, եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտությունը,  եւ եթե ամեն հավատքն ունենամ, մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սեր չունիմ, ոչինչ եմ: Եվ եթե իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ, որ այրվի, բայց սեր չունիմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենա» (1 Կորնթացիս 13:1-3):

Եվ այս գլխի վերջում ասում է. «Ապա ուրեմն մնում է հավատք, հույս, սեր, այս երեքը, եւ սրանցից մեծը սերն է» (1 Կորնթ. 13:13):

Գիտե՞ք ինչու է սերը մեծ, որովհետեւ եթե ես հույս ունեմ որեւէ բանի, եւ հուսացածս կատարվի, այլեւ հույս պետք չէ, նմանապես եւ հավատքը, եթե Տիրոջը տեսնեմ երկնքում, ապա հավատքս պետք չէ, բայց սերը հավիտյան է:

Մտածեք ինքներդ: Մի՞թե մեծ զորություն է պետք այս երկրորդական պատվերները կատարելու կամ չկատարելու համար:

Մի՞թե մեծ հավատք է պետք երեխաներին չմկրտելու կամ մկրտելու համար, մի՞թե մեծ գործ է մոմ չվառել կամ վառել, մի՞թե մեծ աստվածապաշտություն է խոզի մսի տեղ տավարի կամ հավի միս ուտել, մի՞թե մեծ կրոնավորություն է ծափով կամ առանց ծափի երգել:

Բայց համաձայնվեք, որ գլխավոր պատվիրանքը կատարելը բավականին բարդ գործ է: Եվ այս կեղծավորության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ գլխավորի մասին ոչ մեկը մյուսի հետ չի վիճում:

Դժբախտաբար, այս կարեւոր հարցի շուրջ բոլորս համախոհներ ենք, եւ ոչ ոք չի ասում, թե դու ինչպես ես հասկանում Հիսուսի այդ ամենամեծ պատվիրանքը:

Իսկ գիտե՞ք ինչու «դժբախտաբար, համախոհներ»: Որովհետեւ թվարկված եւ չթվարկված բոլոր քրիստոնեական ուսմունքների ջատագովներս համընդհանուր երկու ոտքից կաղում ենք այս ամենակարեւոր հարցում եւ այդ պատճառով էլ չենք սիրում խոսել այդ մասին:

«Սիրիր քո ընկերին քո անձի պես»: Այո°, այս պատվիրանը ծնողն է մյուս բոլոր պատվիրանների: Եթե սիրեմ մեկին, ինչպես ինձ եմ սիրում, ապա նրանից չեմ գողանա, չեմ սպանի, չեմ բամբասի, նրա ուրախությամբ չեմ տխրի եւ տխրությամբ չեմ ուրախանա, նրա ունեցվածքը չեմ ցանկանա եւ կկատարեմ Ավետարանի ոսկե կանոնը. «Ամեն ինչ, որ կամենում եք, թե ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց, որովհետեւ այս են օրենքը եւ մարգարեները» (Մատթ. 7:12):

Աստծո զավակների մեջ բաժանումներ գցելը դարերի ընթացքում սատանայի ամենաարդյունավետ ձեւն է պայքարի: Առաքյալը գրում է. «Որովհետեւ տակավին մարմնավոր եք, վասնզի տակավին նախանձ եւ կռիվ եւ բաժանումներ կան ձեզանում, չէ՞ որ մարմնավոր եք եւ մարդկայնորեն եք վարվում: Որովհետեւ երբ որ մեկն ասե, ես Պողոսյան եմ, եւ մյուսը Ես Ապողոսյան, չէ՞ որ մարմնավոր եք: Արդ, ո՞վ է Պողոսը կամ ո՞վ է Ապողոսը, միայն պաշտոնյաներ, որոնց ձեռովը հավատացիք, եւ ամեն մեկին՝ ինչպես Տերը տվավ: Ես տնկեցի, Ապողոսը ջուր տվավ, բայց Աստված մեծացրեց: Ուրեմն՝ ոչ տնկողն է մի բան, ոչ էլ ջուր տվողը, բայց աճեցնող Աստվածը» (1 Կորնթ. 3:3-7): Եվ Տիմոթեոսին գրված առաջին նամակում ասում է. «…. որ պատվիրես ոմանց, որ օտար ուսմունք չսովորեցնեն: Եվ մտիկ չտան առասպելների եւ ազգահամարների, որ վերջ չունին, որ ավելի վիճաբանություններ են գրգռում, քան թե Աստծո շինությունը հավատքով: Իսկ պատվիրանքի վախճանը սերն է սուրբ սրտից, եւ բարի խղճմտանքով, եւ անկեղծ հավատքից: Որոնցից ոմանք խոտորելով ունայն խոսքերի ետեւից գնացին: Կամենում են օրենքի վարդապետ լինել, եւ իրանք չեն իմանում ոչ այն, որ խոսում են, եւ ոչ էլ այն բաները, որ պնդում են»  (1 Տիմոթ. 1:3-7):

Լսո՞մ եք՝ ինչ է ասում առաքյալը. «Պատվիրանքի վախճանը սերն է»: Այսինքն՝ եթե սեր կա, ապա պատվիրանք եւ օրենք պետք չէ:

Երբ երիտասարդ մայրը երեխա է ծնում, նրան չեն պատվիրում, թե հանկարծ չծեծես, սոված չթողնես, չսպանես, ուրիշի չտաս եւ այլն:

Սրանցից ոչ մեկն էլ պետք չէ հիշեցնել մորը, որովհետեւ մայրական սերը բնությամբ թելադրում է մոր ինչպես վարվելը:

Այսպես էլ մենք, թողած արմատը՝ վիճում ենք տերեւների մասին՝ խաբելով ինքներս մեզ:

Քրիստոնյա մարդը պետք է գիտակցի, որ սերը, որի մասին խոսում է Տերը, չկա մեզանից ոչ մեկի սրտում: Մենք այն կորցրել ենք Եդեմի պարտեզում, երբ մեր նախահայրը խաբվեց բանսարկու օձից: Սակայն Քրիստոս Աստված կամենում է տալ այդ սերը իր զավակներին:

Այսօր շատ քրիստոնյաներ ավելի շատ վարժեցնում են իրենց անձերը  ոչ թե սերն ունենալու, այլ չունեցածը որպես ունեցած ցույց տալու մեջ: Ահա այս սիրո բացակայությունն է արմատը բոլոր չարիքների:

Աստվածային «ագապե» սերը բոլորովին տարբերվում է այս աշխարհի կեղծավոր ու շողոքորթ խոսքերից հորինված սիրուց:

Հիսուս Քրիստոսը մարդկանց մասին ոչ մի փաղաքշական խոսք չէր ասում: Ընդհակառակը, անվանում էր մեզ կեղծավորներ, շնացողներ եւ նույնիսկ իժի ծնունդներ: Բայց Իր սերն այդպիսիների նկատմամբ ապացուցեց Գողգոթայի խաչի վրա:

Իսկ ինչպե՞ս հասկանանք այդ սիրո ներկայությունը մեր կյանքի մեջ:

Առաքյալը գրում է. «Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չէ նախանձում, չէ գոռոզանում, չէ հպարտանում, չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում, անիրավության վրա չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հետ: Ամեն բանի դիմանում է, ամեն բան հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է» (1 Կորնթ. 13:4-7): Ահա ճշմարիտ սիրո հատկանիշները մարդու կյանքում:

Ուրեմն, թողնելով փուչ ու ունայն վեճերը կրոնի եւ պաշտամունքի ձեւերի մասին եւ տեսնելով ամենամեծ պատվիրանքի բացակայությունը մեր կյանքում՝ խոնարհվենք Տիրոջ վեհության եւ սրբության առջեւ եւ վարժեցնելով մեր սրտերը եղբայրասիրության` «ահով ու դողով գործենք մեր անձերի փրկությունը» (Փիլիպ. 2:12):

Գառնիկ ԱԲՐԵՅԱՆ

——————————————————————————————-

Կենսոլորտ

ԵՐԿՐԻ ՄԹՆՈԼՈՐՏՆ ՈՒ ՄԵՆՔ

Երկիր մոլորակի ջերմաստիճանը սկսել է բարձրանալ 25-30 տարի առաջ՝ այնքան դանդաղ, որ սկզբի 10-12 տարիներին մարդկությունն ընդհանրապես չի նկատել: Մարդիկ մտահոգվեցին միայն այն  բանից հետո, երբ 1990-ական թվականներից սկսած հորդառատ անձրեւները սկսեցին առաջացնել ջրհեղեղներ, ուժեղ քամիներից սկսեցին քանդվել տները, քամիներին չդիմացան ծառերի շատ տեսակներ, հեռագրասյուներ, ավելի հաճախակի դարձան երկրաշարժերը, շատ գետեր սկսեցին դուրս գալ իրենց հուներից՝ ավերելով գյուղեր, քաղաքներ, կամուրջներ, վարելահողեր: Եթե սկզբնական շրջանում կլիմայի փոփոխությունը այնքան էլ շատ վնաս չէր տալիս մարդկությանը, ապա հիմա արդեն այն մի իսկական աղետ է դարձել՝ որոշ երկրներում 45-50 աստիճան տաքությանը չեն դիմանում մարդիկ, գյուղատնտեսական կենդանիները, շատ տեսակի մշակվող բույսեր նորմալ ձեւով չեն աճում եւ քիչ բերք են տալիս, երաշտի եւ բարձր ջերմաստիճանի պատճառով հրդեհներ են բռնկվում անտառներում, արոտավայրերում: Եղել են դեպքեր, երբ ջրհեղեղների ժամանակ ջրի տակ են մնացել բազմահարկ շենքերի առաջին հարկերը, հազարավոր հեկտար բանջարանոցներ, ցանքատարածություններ եւ այլն:

Եվ սա այն դեպքում, երբ Երկիր մոլորակի միջին 15 ջերմաստիճանը դարձել է 16: Դժվար է հավատալ, որ 1 աստիճանը կարող է այսքան ավերածություններ, այսքան վնաս պատճառել: Բայց մենք ամեն օր հեռուստաէկրաններին տեսնում ենք այդ աղետները եւ համոզվում, որ, իրոք, մարդկությունը գրեթե Երկրի ամեն տեղ էլ ծանր օրեր է ապրում…

Եվ այս ծանր օրերը դեռ կշարունակվեն երկար ժամանակ, մինչեւ որ կվերջանան Երկրի ընդերքում գտնվող պինդ, հեղուկ եւ գազային վառելանյութերը: Իսկ ինչպե՞ս են այդ վառելանյութերը փոփոխում մեր մոլորակի կլիման: Այս հարցի պատասխանն իմանալու համար մենք պետք է որոշ գիտելիքներ ունենանք Երկիր մոլորակի վրա կյանքի եւ նրա մթնոլորտի մասին:

Շատ մոլորակներ կան, բայց կյանք կա միայն Երկրի վրա, որովհետեւ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ (ջուր, օդ, ջերմաստիճան, լույս) կան միայն Երկրի վրա: Միլիոնավոր տարիներ կյանքի գոյության նշված գործոնները հաստատուն մակարդակով պահպանվել են, որի համար էլ աղետներ չեն եղել: Վերջին 20 տարվա ընթացքում Երկրի ջերմաստիճանը դանդաղ բարձրանում է եւ այժմ  ամբողջ մոլորակի վրա միջին ջերմաստիճանը 16 աստիճան է՝ 15-ի փոխարեն: Ջերմաստիճանի անգամ փոքր տատանումները /եւ բարձրանալը, եւ ցածրանալը/  մեծ աղետներ կարող են առաջացնել: Բայց ես ուզում եմ ընթերցողներին բացատրել, թե ինչպես է հիմա ջերմաստիճանը բարձրանում Երկրի վրա: Երկրի վրա ապրողներս արդեն հարմարվել ենք, որ ամեն նոր տարին նախորդից ավելի տաք է լինում, իսկ աղետներն էլ՝ ավելի շատ: Համոզվել ենք նաեւ, որ տաքացումը շարունակվում է:  Բայց ինչո՞ւ եւ ինչպե՞ս է Երկիրը տաքանում:

Երեսուն տարուց ավելի է, ինչ այս հարցերը մտահոգում են մասնագետ գիտնականներին, աշխարհի բնակչությանը: Սկզբում կարծում էին, թե Երկրի դիրքը տիեզերական անսահման տարածության մեջ Արեգակի նկատմամբ փոփոխության է ենթարկվել, ոմանք էլ գտնում էին, որ Արեգակի ակտիվությունը բարձրացել է՝ նրա ներսում միջուկային ռեակցիաների ուժեղացման պատճառով: Բայց շարունակական ուսումնասիրությունները հաստատեցին, որ Երկրի ջերմաստիճանը բարձրանում է Երկրի մթնոլորտում կատարվող փոփոխությունների պատճառով: Այժմ կյանքը լրիվ հաստատել է այս վարկածի  ճշմարտացիությունը: Հարկ է իմանալ, որ մթնոլորտը փոփոխվելու պատճառով է շարունակվում տաքացումը, իսկ մթնոլորտն էլ փոփոխվում է միայն մարդկային գործոնի առկայությամբ:

Երկիրը միակ մոլորակն է, որի վրա անհրաժեշտ պայմանների առկայության շնորհիվ 3-3,5 միլիարդ տարի առաջ կյանք է առաջացել, իսկ մարդը Երկրի վրա սկսեց ձեւավորվել որպես տեսակ 3 միլիոն տարի առաջ:

Մեր մոլորակի մակերեւույթի հետ փոփոխություններ առաջանալիս, անխուսափելիորեն փոխվում է նաեւ կենդանի օրգանիզմների կյանքը /բույսեր, կենդանիներ, մարդիկ, միկրոօրգանիզմներ/: Այսպես, անտառները քչանալիս՝ պակասում է մարդկանց խմելու ջուրը, վարելահողերը անապատացման ենթարկվելիս զրկվում ենք մշակովի բույսերի բերքից եւ այլն:

Բայց ավելի վտանգավոր է, երբ փոփոխություններ են առաջանում Երկրի մթնոլորտում: Վերհիշենք մեր իմացածը մթնոլորտի մասին: Երկիրը շրջապատող եւ նրա հետ պտտվող օդի թաղանթը կոչվում է մթնոլորտ: Երկրի մակերեւույթի մոտ գտնվող օդի այդ խառնուրդը կազմված է հիմնականում ազոտից /7,08%/, թթվածնից /20,95%/, մնացածը ջրային գոլորշիներ, ածխաթթու գազ, իներտ գազեր եւ ուրիշ այլ գազեր:

Մթնոլորտային օդի հաստությունը մոտ 1000 կմ է, սակայն նրա հիմնական մասսան գտնվում է ներքին 5 կմ հաստությամբ շերտում, Երկրի մակերեւույթի հետ շփվող շերտում: Ծանր նյութերը /գազերը/ մթնոլորտի ամենաստորին մասերում են տեղավորված, թեթեւները՝ ավելի բարձր շերտերում: Դրա համար էլ մթնոլորտի խտությունն ու ճնշումը բարձրության հետ նվազում են: Երկրի մակերեւույթից առաջացած ջրային գոլորշիները բարձրանում եւ տեղավորվում են մթնոլորտի ստորին՝ 20 կմ հաստությամբ շերտում: Դրանց քանակն անընդհատ փոփոխության է ենթարկվում: Մթնոլորտը պաշտպանում է Երկրի մակերեւույթը՝ նրա վրա ընկնող մետեորիտների եւ Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթման կործանարար ազդեցությունից: Մթնոլորտի ջերմային եւ խոնավության ռեժիմները որոշակի ազդեցություն են գործում մարդու առողջական վիճակի վրա: Մարդու գործունեությունն իր հերթին զգալի ազդեցություն է գործում մթնոլորտի եւ կլիմայական ռեժիմի վրա: Դրանում համոզվելու համար գրենք աշխարհի բնակչության քանակի թվերը տարբեր ժամանակներում: Մ.թ.ա 15000 տարի առաջ աշխարհում ապրում էր 3 մլն. մարդ, մ.թ.ա. 2000 տարի առաջ՝ 50 մլն, մեր թվարկության սկզբում՝ 230 մլն, 1000 թվականին՝ 275 մլն, 1900 թվականին՝ 1,6 մլրդ, 1987թ.՝ 5 մլրդ, այժմ՝ 6 միլիարդից ավելի:

Գիտնականները, ուսումնասիրելով Երկիր մոլորակի կլիմայի փոփոխությունները, հաստատել են, որ Երկրի վրա ջերմաստիճանի դանդաղ բարձրացումը  սկսեց միայն այն ժամանակ, երբ աշխարհում բնակչությունը հասավ 5 միլիարդի, այսինքն՝ 1987 թվից:

Բայց ինչպե՞ս է մարդը ազդում կլիմայի վրա, դարձնում այն վնասակար: Այս հարցին փորձենք պատասխանել հանրամատչելի ձեւով: 6 մլրդ մարդու կյանքն ավելի շատ է ազդում Երկիր մոլորակի վրա: Արտադրության բոլոր ճյուղերում, կենցաղում, տրանսպորտում, ամեն տեղ օգտագործում են միլիոնավոր տոննաներ վառելանյութեր /բենզին, սոլյարկա, կերոսին, գազ, քարածուխ, փայտ եւ այլն/, որպեսզի բավարարեն սննդի, հագուստի, ջեռուցման եւ մնացած բոլոր պահանջները: Հաշվել են՝ վառելանյութերի /բոլոր տեսակի/ այրման հետեւանքով Երկրի մթնոլորտ են անցնում մեծ քանակությամբ թափոններ /տարեկան մոտ 20 մլրդ տոննա ածխաթթու գազ, 150 մլն տոննա մոխիր, 100 մլն տոննա ծծմբի եւ 60 մլն տոննա ազոտի օքսիդներ/: Ծանր նյութերը /գազերը/  հանգրվանում-խառնվում են մթնոլորտի ներքեւի՝ Երկրի մակերեւույթի հետ շփվող շերտերում, իսկ թեթեւ գազերը /ջրածին, ածխածնի մոնօքսիդ եւ այլն/ բարձրանում են մթնոլորտի վերեւի շերտերը: Որոշ նյութեր /ֆրեոններ, ամոնիակ եւ այլն/  20-25 կմ բարձրանալով՝ քայքայում են օզոնային շերտը, որը Երկրի բոլոր կենդանի օրգանիզմներին պաշտպանում է Արեգակի ուլտրամանուշակագույն կարճալիք ճառագայթների բացասական ազդեցությունից:

Այսպիսով, մարդու տնտեսական գործունեության հետեւանքով նկատելի փոփոխության է ենթարկվել մթնոլորտը, խտացել է հատկապես նրա ներքեւի շերտը: Ինչպես հայտնի է, օդի ավելի խիտ շերտը, որպես կանոն, Արեգակից ավելի շատ էներգիա է կլանում ու տաքացնում Երկրի մակերեւույթը: Խտացած մթնոլորտը փոփոխության է ենթարկում կլիմայի՝ Երկրի վրա միլիոնավոր տարիների ընթացքում ստեղծված բազմամյա բարենպաստ ռեժիմը: Խտացած մթնոլորտը, ընդհանրապես մթնոլորտը, հավասարաչափ չի տաքանում Արեգակի կողմից, քիչ տաքացած տեղերից օդը տեղափոխվում է շատ տաքացած տեղեր մեծ արագությամբ /դիֆուզիայի օրենքի համաձայն/, ինչի հետևանքով էլ Երկրի վրա կործանարար քամիներ են առաջանում: Օդի շերտերի նշված տեղափոխությունների հետեւանքով հաճախակի փոփոխվում է մթնոլորտային ճնշումների մեծությունը (ահա թե ինչու է շատացել արյան ճնշում ունեցող հիվանդների քանակը): Բոլորս էլ մեզ վրա այս փոփոխությունները զգում ենք: Պակաս վատ հետեւանքներ չի ստեղծում օդի բարձրացած ջերմաստիճանը: Երկրի մակերեւույթից ավելի շատ ջուր է գոլորշիանում, արագ տեղափոխվելով Երկրի բոլոր շրջանները, հորդառատ ու տեղատարափ անձրեւներ են առաջանում, խորանում են գետերը, դուրս գալիս իրենց հուներից, հաճախակի են դարձել ջրհեղեղները՝ մարդկության համար մի իսկական պատուհաս:

Ամենավատն այն է, որ այս երեւույթները, անոմալիաները տարեցտարի ավելի են սաստկանում, ավելի վտանգավոր դառնում: Այս հանգամանքը ցայտուն կերպով ապացուցում է, որ կլիմայի փոփոխման գործում ամենագլխավոր պատճառը մարդու տնտեսական գործունեությունն է, անտրոպոգեն գործոնը:

Այս ամենը, այս աղետները գուշակել են գիտնականները: 1965 թ. ամերիկյան մամուլում գիտնականների ստորագրությամբ տպագրվել է Բաց նամակ՝ ուղղված աշխարհի ժողովուրդներին. «Եթե ուզում եք կյանքը շարունակվի Երկրի վրա, փակենք բոլոր գործարանները, հողը առաջվա նման մշակենք գութանով եւ արորով, օգտագործենք կենդանիների ուժը գյուղատնտեսական աշխատանքները կատարելիս եւ գործի գցենք սայլերը, մանգաղները»: Քննադատեցին նամակի հեղինակներին, իբր «աշխարհի բնակչության համար կյանքի թշվառ ճանապարհ են ցույց տալիս, մղում աղքատության»: Հետագայում, 90-ականների երկրորդ կեսին, երբ ամբողջ աշխարհում կլիմայական աղետները անհանգստացնում էին մարդկությանը, թերթերը  բաց նամակի հեղինակներին սկսեցին անվանել «փոփոխվող կլիմայի գուշակներ, մարդկությանը կործանումից փրկողներ»:

Դրանից հետո ամբողջ աշխարհում մշակեցին գիտական հիմնավորված միջոցառումների պլան՝ ծանր գազերի /ամենից առաջ՝ ածխաթթու գազի/, օզոնային շերտը քայքայող նյութերի արտանետումները սահմանափակելու մասին: Հիմա շատ գործարաններում վնասակար շատ գազեր դուրս չեն մղվում մթնոլորտ, դրանք քայքայվում են հենց ծխնելույզի մեջ: Մեծ պրոբլեմ է միլիոնավոր ավտոմեքենաների շարժիչներում վառելանյութերի այրումից ստացված վնասակար գազերի ոչնչացումը: Փաստորեն վնասակար գազերի ոչնչացման, քայքայման պրոցեսը շարժվող մեքենայում չի ստացվում /հիշենք, որ հեղուկ գազերով աշխատող մեքենաները սովորական ձեւով վնասակար նյութեր են արտանետում/:

Դրա համար հիմա աշխատում են ջուրը ավելի էժան եղանակով քայքայելով ջրածին ստանալ, որպեսզի մեքենաները աշխատեն ջրածինն այրելու ընթացքում ստացվող էներգիայով, որի ժամանակ վնասակար գազեր չեն առաջանում, այլ ստացվում է ջուր: Գիտնականները մտածում են նաեւ բոլոր տեսակի ավտոմեքենաներում միջուկային էներգիան օգտագործելու մասին: Այսպիսով, մի քանի տարբերակներ կան, որպեսզի մթնոլորտը չկեղտոտվի, չխտանա: Ոչ մի տարբերակ էլ դեռ այժմ ոչ մի դրական արդյունք չի տվել, տարեցտարի եղանակը անարգել տաքանում է, աշխարհի բնակչությունը հսկայական վնասներ է կրում:

Միայն այս տարի Հայաստանում անբարենպաստ եղանակից տուժեցին ծիրանի այգիները, հորդառատ անձրեւները եւ վարարած գետերը  հողին հավասարեցրին հազարավոր հեկտարներում դժվարությամբ աճեցրած բանջարանոցային բույսերի բերքը: Արցախում էլ անսովոր բարձր ջերմաստիճանից եւ ոռոգման ջրի բացակայությունից տուժեցին ցորենի արտերը եւ արդյունքում՝ ցածր բերքատվություն, ցորենի անորակ, փոքր հատիկներ: Երկրի ջերմաստիճանի դանդաղ բարձրացումից միայն բույսերի մոտ չէ, որ փոփոխություններ են առաջանում, շատ կենդանիներ ավելի լավ կբազմանան /սողուններ, միջատներ/, ուրիշները կտուժվեն սննդի պակասից, Երկրի վրա կհայտնվեն նոր հիվանդություններ:

Երկիր մոլորակն իր պատմական զարգացման ընթացքում երբեք այսքան անողոք չի եղել իր բնակիչների /առաջին հերթին իր «գլխավոր բնակիչների»/ հանդեպ, ինչպես հիմա է: Սակայն հոդվածն ավարտեմ գոնե մեկ մխիթարիչ եզրակացությամբ՝ ջերմաստիճանի բարձրացումը Մայր Հայաստանում եւ Արցախում ավելի քիչ աղետներ կառաջացնի, քան մյուս երկրներում, որովհետեւ Հայաստանը լեռնային երկիր է, եւ ըստ բարձրության յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրում ջերմաստիճանը ցածրանում է 6 աստիճանով:

Այդուամենայնիվ, երկրագնդի ջերմաստիճանի բարձրացման պատճառով այժմ գրեթե բոլոր մշակովի բույսերը առանց ոռոգման բերք չեն տալիս, կամ տալիս են շատ աննշան: Դրա համար էլ հիմա ամեն տեղ, այդ թվում նաեւ Հայաստանում, մեծ ուշադրություն են դարձնում գետերի, աղբյուրների ջրերը ամբարելուն և այդ նպատակով ջրամբարներ կառուցելուն: Խորհրդային Ադրբեջանում Արցախի տարածքով հոսող ամենախոշոր գետեր Թարթառի եւ Խաչենագետի վրա ջրամբարներ են կառուցել՝ ելնելով ոչ թե արցախցիների, այլ հենց ադրբեջանցիների շահերից, քանի որ մեր ջրերը ոռոգում էին ադրբեջանական գյուղերի հողերը: Սա կանխամտածված գործունեություն էր, որպեսզի Արցախի բնակիչները վատ կենսամակարդակի պատճառով հեռանան իրենց պատմական բնօրրաններից: Մեր իշխանությունները, կառավարությունը ներկա պայմաններում պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն մեր ջրային պաշարների ամբարմանն ու ոռոգման կայուն համակարգի ստեղծմանը՝ որպես բնակչության կյանքը պահպանելու կարեւոր գործոն: Կենսական անհրաժեշտություն է դարձել Վարանդա, Իշխանագետ, Կարկառ, Խոնաշեն, Բադարա, Բալուջա գետերի վրա ջրամբարների կառուցումը:

Ժորա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կենսաբան

——————————————————————————————-

Գիտություն

ԱՐԴՅՈ՞Ք ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿՅԱՆՔԸ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ
Մարսը համարվում է Երկրի անցյալը, իսկ Վեներան՝ նրա ապագան

Բնաբանի միտքը ստիպում է մտորել կյանքի ու տիեզերքի մասին: Իսկ արեգակնային համակարգության մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար սկսենք մի փոքր հեռվից:

Աստղագետները դեռ 18-րդ դարում գիտականորեն ելնելով բնության մեջ տեղի ունեցող օրինաչափություններից՝ ապացուցեցին, որ աշխարհի կենտրոնը Արեգակն է և բոլոր երկնային մարմինները, այդ թվում՝ նաև Երկիրը, որը որոշակի հաստատուն հետագծով պտտվում է Արեգակի շուրջը: Երբ գիտականորեն ապացուցեցին, որ բոլոր մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը տարբեր հեռավորությունների վրա, աստղագետներին և ֆիզիկոսներին սկզբում հետաքրքրեց այն հարցը, թե ինչ ազդեցություն ունեն Արեգակի ճառագայթները մոլորակների վրա՝ կենդանական ու բուսական աշխարհի ձևավորման հարցում: Համոզվեցին, որ միայն ու միայն Արեգակի ճառագայթներն են, որ ստեղծում են տիեզերքում բնակլիմայական պայմաններ կյանքի գոյության համար: Իսկ ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ միայն ու միայն Երկիրն ունի նպաստավոր պայմաններ կենդանական և բուսական աշխարհի զարգացման համար: Հայտնի է, որ Արեգակի շուրջը 9 մոլորակները պտտվում են ըստ հետևյալ հաջորդականության.

-Մերկուրի (Փայլածու): Արեգակի ամենամոտ մոլորակն է, հեռավորությունը Արեգակից հավասար է 58 մլն կիլոմետրի, Արեգակի շուրջը պտտվում է 88 երկրային օրում: Քանի որ Մերկուրին Արեգակի շուրջը պտտվում է էլիպսաձև, ապա փոփոխվում է Արեգակից ունեցած նրա հեռավորությունը 46 մլն կիլոմետրից մինչև 70 մլն կիլոմետրի սահմաններում: Իսկ երկրից նրա հեռավորությունը փոփոխվում է 72 մլն կիլոմետրից մինչև 217 մլն կիլոմետր:

-Վեներա (Արուսյակ): Վեներայի հեռավորությունը Արեգակից կազմում է 108.1 մլն կիլոմետր, պտտման պարբերությունը Արեգակի շուրջը հավասար է 225 երկրային օրվա: Երկրից նրա հեռավորությունը փոփոխվում է 40 մլն կիլոմետրից մինչև 257.4 մլն կիլոմետրի սահմաններում:

-Երկիրը Արեգակից ունեցած հեռավորությամբ 3-րդ մոլորակն է, նրա ունեցած հեռավորությունը Արեգակից հավասար է 149.6 մլն կիլոմետրի: Իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտ կատարում է 23 ժամ 56 րոպեում:

-Արեգակից իր ունեցած հեռավորության 4-րդ մոլորակը Մարսն է: Մարսը պտտվում է Արեգակի շուրջը 688 երկրային օրում: Նրա ուղեծիրը բավականին ձգված է, որի հետևանքով էլ փոփոխվում է նրա հեռավորությունը Արեգակից: Արևամոտ դիրքում այն կազմում է 206.5 մլն կիլոմետր, իսկ արևահեռ դիրքում՝ 249 մլն կիլոմետր: Մարսի ամենամեծ հեռավորությունը Երկրից հավասար է 400 մլն կիլոմետրի, իսկ մոտավորապես 15-17 տարին մեկ անգամ Մարսը մոտենում է Երկրին 56.5 մլն կիլոմետրով:

9 մոլորակներից վերոթվարկյալ 4 մոլորակները կոչվում են երկրամոտ կամ ներքին մոլորակներ, իսկ Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն, Պլուտոն մոլորակները համարվում են երկրահեռ կամ արտաքին մոլորակներ: Մոլորակների այդ ստորաբաժանումը կատարվում է այն իմաստով, որ ներքին մոլորակների մակերևույթների վրա կան որոշակի ֆիզիկաքիմիական հատկությունների նմանություն, և իրենց չափերով այդ մոլորակները Երկրի հետ համեմատած իրար մոտ են:

1959թ. սեպտեմբերի 4-ից ի վեր արհեստական արբանյակների միջոցով սկսեցին ինտենսիվ ուսումնասիրել մոլորակների ֆիզիկաքիմիական կառուցվածքը: 1968թ. Երկրի մակերևույթից արձակվեց հերթական հրթիռ, որը և պտտվելով Մարսի շուրջը, լուսանկարեց Մարսի դեպի Արեգակը և հակառակ կողմը ուղղված մակերևույթները, և այդ լուսանկարները հաղորդեց Երկիր: Վերամշակելով այդ տվյալների արդյունքները, աստղագետները և ֆիզիկոսները լիարժեք, բայց ոչ վերջնական տեղեկություններ կազմեցին Մարսի մասին:

Հեշտությամբ կարելի է որոշել Վեներայի և Մարսի հեռավորությունը Երկրից: Հաշվումները ցույց են տվել, որ Վեներայի հեռավորությունը Երկրից կազմում է 42 մլն կիլոմետր, իսկ Մարսի հեռավորությունը՝ 77.8 մլն կիլոմետր: Ըստ դասավորության՝ Վեներան Արեգակից ունեցած հեռավորությամբ 2-րդ մոլորակն է, Երկիրը՝ 3-րդ, իսկ Մարսը՝ 4-րդ:

Այդ մոլորակների կառուցվածքը և ֆիզիկաքիմիական հատկությունները շարադրված են տարբեր գիտական աղբյուրներում: Մեր նպատակը չէ վերարտադրել այդ ամենը, մեր առջև սույն հոդվածում պարզապես խնդիր դրեցինք տիեզերական մարմինների մասին տալ կոնկրետ և հիմնավորված տեսակետներ՝ ելնելով առկա գիտական սկզբնաղբյուրներից և զանգվածային լրատվամիջոցներից: Մասնավորապես՝ տալ մի վարկած (հիպոթեզ) Մարս մոլորակի վրա կենդանական և բուսական աշխարհի գոյության մասին:

Հայտնի է, որ Երկրի վրա տարեցտարի նվազում են բնական հանածոները (պաշարները), որոնք հանդիսանում են էներգետիկայի զարգացման միակ աղբյուրը: Եվ գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կա այլ էներգակիրների ստեղծման կենսական անհրաժեշտություն: Երկրի վրա դրանք անսպառ չեն, ուստի առաջնահերթ խնդիր է հանդիսանում տիեզերքի ուսումնասիրությունը:

Ինչպես հայտնի է, տարբեր ժամանակաշրջաններում Երկրի մակերևույթի վրա, Երկրի ձգողական ուժի ազդեցության տակ ընկել են երկնային քարեր, որոնք մեծ ավերածություններ են առաջացրել Երկրի վրա: Երկնային քարերի ֆիզիկաքիմիական հատկությունների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ քարերի բաղադրության մեջ կան ազնիվ և սովորական մետաղներ: Այդ նկատառումով սկսեցին ուսումնասիրել երկրամոտ մոլորակների՝ Մարսի և Վեներայի մակերևույթների կառուցվածքը: Ավելի ինտենսիվ սկսեցին Մարսի մակերևույթը ուսումնասիրել ամերիկացի աստղագետները 2003թ. ի վեր: Եվ երբ արհեստական արբանյակների օգնությամբ նկարվեց Մարսի մակերևույթը և գիտական սարքավորումներ իջեցրին նրա մակերևույթի վրա, պարզվեց, որ Մարսի մակերևույթը հիմնականում պատված է փոշով, որը նման է օվկիանոսի ընդերքի և ափերում գոյություն ունեցող ավազի մասնիկներին: Հետագայում Մարսի մակերևույթի վրա հայտնաբերվեցին նաև կապույտ գույնի հղկված քարեր (տարբեր մեծության), որոնց կարելի է նմանեցնել գետերի կամ ծովերի ափերին և դրանց խորքերում ընկած քարերի:

Նաև եղել են տեղեկություններ, որ Մարսի մակերևույթի խորքում հայտնաբերվել են նաև սառցի փոքր կտորներ: Այս և նման փաստերը ենթադրել են տալիս, որ դարեր առաջ Մարսի մակերևույթի վրա եղել են ծովեր և գետեր, այսինքն՝ Մարսը պատված է եղել ջրային մակերևույթով: Բացի այդ, Մարսը իր հեռավորությամբ լինելով Արեգակից 4-րդ մոլորակը, ստանում է որոշակի ջերմության քանակ: Մարսը իր առանցքի շուրջը պտտվում է 24 ժամ 37 րոպեում, այսինքն՝ կարելի է ասել, որ այդ մոլորակի վրա ցերեկվա և գիշերվա տևողությունները նույնն են, ինչ-որ Երկրինը: Մարսի շառավիղը փոքր է Երկրի շառավղից մոտավորապես 2 անգամ, իսկ զանգվածը՝ փոքր Երկրի զանգվածից մոտ 9 անգամ: Հասարակածում Մարսի վրա ցերեկվա ջերմաստիճանը հասնում է +300-ի, իսկ գիշերը՝ մինչև -900C: Քանի որ Մարսը հանդիսանում է երկրամոտ կամ ներքին մոլորակ, ապա վերը նշված տվյալները թույլ են տալիս ենթադրելու, որ Մարսի վրա ինչ-որ ժամանակ եղել են պայմաններ կենդանական և բուսական աշխարհի գոյության համար:

Գիտենք, որ մոլորակները, այդ թվում՝ Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը էլիպսաձև ուղեծրով, ինչը նշանակում է, որ նրանք ունեն նաև արևահեռ կետեր: Այդ կետերում Արեգակի ճառագայթները տաքացնում են մոլորակների մակերևույթները տարբեր ինտենսիվությամբ: Ինքներս ենք ականատեսը վերջին ժամանակներս Երկրի վրա բնակլիմայական պայմանների կտրուկ փոփոխության: Երկրի մակերևույթի ջերմաստիճանը մերթ կտրուկ անկում է, մերթ բարձրանում, տարվա եղանակների անոմալ փոփոխություններ են լինում և այլն, ինչը հուշում է մեզ, որ Մարսի վրա եղել են նմանատիպ փոփոխություններ:

Ելնելով վերը նշվածից, կարելի է առաջարկել վարկած Մարսի վրա կենդանական և բուսական աշխարհի գոյության մասին, որի էությունը կայանում է հետևյալում: Մարսի ներկայիս կառուցվածքի ուսումնասիրությունները, ավազի և հղկած կապույտ քարերի առկայությունը թույլ են տալիս ենթադրելու, որ հազարավոր տարիներ առաջ Մարսի մակերևույթը ծածկված է եղել ջրով: Եվ ժամանակի ընթացքում Արեգակի ջերմաստիճանի ինտենսիվության մեծացման հետևանքով տեղի է ունեցել գոլորշիացում: Փաստորեն ասածից հետևում է, որ ժամանակի ընթացքում Մարսի մակերևույթի վրա գտնվող ջրային պաշարները ամբողջովին գոլորշիացել են, և այդ գոլորշիները բարձրացել են այնտեղ հազարավոր կիլոմետրերի վրա: Հայտնի է, որ գոյություն ունեն արեգակնային քամիներ: Այդ քամիները ջրային գոլորշիները տարածում են տարբեր ուղղությամբ: Քանի որ Մարս մոլորակի ամենամոտ մոլորակը Երկիրն է, ապա այդ քամիները ջրային գոլորշիների մի մասը տարածել են Երկրի ուղղությամբ: Եվ երկրի ձգողական դաշտի ազդեցության տակ դրանք թափել են Երկրի վրա:

Այսպիսով՝ դա պատճառ է հանդիսացել Երկրի վրա բուսական և կենդանական աշխարհի գոյության համար: Եթե նույն տրամաբանությամբ շարունակենք մեր միտքը, կարող ենք նշել, որ Վեներան Երկրի ապագան է: Այդ դեպքում Երկրի մակերևույթի վրա և մթնոլորտում տեղի ունեցող բնակլիմայական պայմանների փոփոխությունը մեզ թույլ է տալիս եզրակացնելու, որ ժամանակի ընթացքում այս ինտենսիվ ջերմային փոփոխությունները Երկրի մակերևույթի վրա կստիպեն, որպեսզի այն, ինչ դարեր և հազարամյակներ առաջ տեղի է ունեցել Մարսի մակերևույթի հետ, տեղի ունենա Երկրի մակերևույթի հետ: Նույն արեգակնային քամիների օգնությամբ ջրային գոլորշիները Երկրի մթնոլորտից կտեղափոխվեն Երկրի մերձակա մոլորակ Վեներայի վրա:

Այսինքն, ելնելով այդ տրամաբանությունից, իրավացի ենք համարում նախաբանի 2-րդ մասը, այն է՝  Երկրի ապագան Վեներան է:

Ա. Ջ. ՍԱՐԳՍՅԱՆ
ԱրՊՀ ֆիզիկայի ամբիոնի ավագ դասախոս

——————————————————————————————-

Մշակույթ

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՍ` ԳՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ Է

Լրացավ բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծ, արձակագիր,  լրագրող Ժաննա ՀԱԿՈԲՅԱՆԻ գրական գործունեության 25-ամյակը: Ստորև ներկայացնում ենք հարցազրույց գրողի հետ նրա ստեղծագործական անցյալի, ներկայի և մոտակա անելիքների վերաբերյալ:

– Ո՞ր տարիքից եք սկսել ստեղծագործել:

– Ստեղծագործել սկսել եմ 11 տարեկանից: Գրում էի բանաստեղծություններ, որոնք հիմնականում նվիրված էին սիրելի ուսուցիչներիս, մարդկանց, բնությանը: Բարձր դասարաններում սովորելիս տպագրվեց առաջին բանաստեղծությունս` «Եղիր մարդկային» խորագրով: Գրում էի պատմվածքներ, ֆելիետոններ: Այդ տարիներին նաև գրեցի «Վահանի խրատը» խորագրով  պիեսը` դպրոցական կյանքի մասին:

– Որտե՞ղ էին տպագրվում ձեր առաջին ստեղծագործությունները, և ե՞րբ է տպագրվել բանաստեղծություններիդ առաջին ժողովածուն:

– Առաջին բանաստեղծություններս տպագրվել են «Խորհրդային Ղարաբաղ» թերթում, Բաքվի «Գրական Ադրբեջան» ամսագրում, այնուհետև` Հայաստանի  մամուլի էջերում: Երգերիս անդրանիկ ժողովածուն նախատեսել էր հրատարակել Բաքվի «Յազըչի» հրատարակչությունը 1982թ., սակայն Ղարաբաղի հայ գրողներից ինչ-որ մեկն արդեն գրախոսված ժողովածուս հանել էր տվել տպագրվելիք գրքերի ցուցակից: Այն տպագրվեց միայն տասը տարի անց`1992թ., Երևանում` «Նաիրի» հրատարակչությունում` հինգ հազար տպաքանակով: Այդ գրքով ես ինչ-որ չափով ճանաչում ունեցա  Հայաստանի ընթերցասեր հասարակության շրջանում, հանդիպումներ կազմակերպվեցին հանրապետության տարբեր վայրերում:

 -Ստեղծագործելուն զուգընթաց երբվանի՞ց եք զբաղվել նաև գիտամանկավարժական գործունեությամբ:

– 1982թ. ընդունվել եմ  ասպիրանտուրա, ավարտել և 1986թ.-ին պաշտպանել եմ գիտական թեզ, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչում: Դասախոսել եմ Երևանի տարբեր բուհերում, միաժամանակ  տպագրել գրականագիտական բնույթի հոդվածներ: Սակայն ժամանակի ընթացքում գիտամանկավարժական գործունեությունից  առավել գերադասեցի գրական արժեքների ստեղծումը: Ըստ իս` յուրաքանչյուր մարդ կյանքում որոշակի ճանապարհ անցնելուց հետո է կարողանում իմանալ իր առաքելությունը կյանքում:

– Ունեք տպագրված բանաստեղծությունների յոթ ժողովածու  և վեց վեպ: Ինչպե՞ս եք  տեղավորվում  այդ երկու  ժանրերի  մեջ:

– Ի սկզբանե  թե  պոեզիան,  թե  արձակը հոգեհարազատ էին  ինձ: Անկեղծ  ասած, բանաստեղծության  միջոցով  շունչ  եմ  առնում  և  խաղաղվում   նրա հետ:  Արձակը  մի քիչ  այլ  է: Հայտնի  է,  որ  յուրաքանչյուր   գրողի  ստեղծագործություններում  դրոշմված  է  նրա  ճակատագիրը  ու  ապրած  կյանքը:  Պատկերելով  ժամանակակից  մարդուն,  իմ  հերոսների  միջոցով  ցանկանում  եմ, որ մեզանից  յուրաքանչյուրը  միշտ  կարողանա  դիմակայել  կյանքի, ճակատագրի  հարվածներին: Այդ  պատճառով  իմ հերոսները  նպատակասլաց  են, ուժեղ` հոգով  ու  կամքով: Նրանցից  շատերը  արվեստի  մարդիկ  են , որովհետև  նրանք  են գեղեցկացնում  կյանքը:

– Այս  տարի  բավականին  բեղմնավոր  էր  ձեր  ստեղծագործական  գործունեությունը, մանավանդ, երբ  լույս   տեսավ  ձեր  առաջին  պատմավեպը:

– Պատմավեպի ստեղծումը լուրջ  ու  ծանր  աշխատանք  է: Երկու  տարի  շարունակ  ես  ինձ   զրկել  էի  այս  կյանքի  իրողություններից`  տեղափոխվելով  18-րդ   դարաշրջանը: Ցավոք, պատմավեպի  լույսընծայումը  մեր  օրերում  սովորական  երևույթ է  դիտվում: Երևի  ապրում  ենք  տխուր  ու  անտարբեր  մի  ժամանակահատվածում, որ  եթե  Քրիստոսն  անգամ  մեր  կողքով  անցնի`  չենք  նկատի: Թեկուզ  ոչ  խորհրդային   տարիներին, ոչ  էլ  նախախորհրդային  տարիների  ընթացքում  գրողն  առանց  սատարման  ձեռնամուխ  չի  եղել  պատմավեպ  գրելուն: Պատմավեպերը  հիմնականում  գրվել  են  պատվերով:  Այնինչ,  ես  կամովին  ու  համարձակությամբ  լծվել  եմ  այդ  գործին, մտածելով`  որևէ  դուռ  կբացվի: Հայրենասիրական  կտավ  ստեղծելն  ամեն  դեպքում  պետական  հովանավորչություն  է  պահանջում:

– Չե՞ք  դիմել   ՀՀ  և  ԼՂՀ   պետական  պատկան  մարմիններին: 

– Իհարկե,  դիմել  եմ`  բազմաթիվ   նամակներ  հղելով    պետական  այրերին: Մերժված  ձևակերպումներից «հետաքրքիր է»  ԼՂՀ Պաշտպանության  նախարարի քաղաքական  դաստիարակչական  գծով  տեղակալի  պատասխանը: «Հիմա պատմավեպ  ո՞վ  է  կարդում,  որ  գրել  եք»: Թվում  է,  թե  առանձնապես  նա  պետք  է  գնահատի  հայրենասիրական  բնույթի  ստեղծագործությունների  դերը  հայ  զինվորների  դաստիարակության   գործում: Ինչ որ է,  հավաստի  աղբյուրներից  հայտնի   է, որ  բանակում  գիրքս  ձեռքից  ձեռք  է  անցնում:

Դիմել էի նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանին: Նա հանձնարարել էր իր ենթականերին զբաղվել աջակցության հարցով: Սակայն  ամիսների  ձգձգումից հետո սույն թվականի հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացել եմ գրություն, որտեղ մասնավորապես ասված էր. «Գնահատելով Ձեր «Ղարաբաղի ճակատագիրը» վեպի պատմաճանաչողական և գեղարվեստական արժանիքները, ինչպես նաև դաստիարակչական նշանակությունը, միաժամանակ փաստում ենք, որ Ձեր դիմումին հաջորդած  ժամանակաշրջանում պաշտպանական  գերատեսչությունում լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն գոյացել և, ցավոք, հնարավոր չէ օժանդակել Ձեզ` Ձեր գրքի տպագրության հարցում»: Գրությունն առաքվել էր ՊՆ վարչական ապարատի ղեկավար, գնդապետ Ա.Մելոյանի կողմից: Զավեշտականն այն է, որ  եթե ֆինանսական միջոցներ չունեին, ինչո՞ւ էին պատմավեպն ամիսներ շարունակ քննարկելու համար հատուկ  հանձնախումբ ստեղծել: Բարեբախտաբար, Ղարաբաղի մի քանի գործարարներ որոշ ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին, որը շատ անբավարար էր գիրքը գոնե 1000 օրինակ տպաքանակով տպագրելու համար: Այսուհանդերձ, պատմավեպը 500 օրինակով լույս է տեսել:

– Գրքի տարածման հարցում գոնե աջակցություն ստանու՞մ եք:

– Ես շնորհակալություն եմ հայտնում Ասկերանի շրջվարչակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Արվիդ Ավանեսյանին, որն օգնեց, որպեսզի շրջանի 40 դպրոցներ ունենան պատմավեպի օրինակները: Նաև երախտապարտ եմ Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանին, որի աջակցությամբ շրջանի  դպրոցները երկուական օրինակ ձեռք բերեցին իմ գրքից: Ցավոք, նույնը չեմ կարող ասել Ստեփանակերտի քաղժողկրթբաժնի վարիչ Կառլեն Մարգարյանի մասին, որը լինելով բանասեր`չգնահատեց պատմավեպի արժեքը և մերժեց քաղաքի ընդամենը 10-12 դպրոցներ գիրքն առաքելու առաջարկը:

– Ձեր  առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին:

– Տպագրության են պատրաստվում Թաթուլ Հուրյանի ծննդյան 95-ամյակին նվիրված գիտական մենագրությունը և «Փլուզված սիրո հովիտներ» վեպը: Վերջերս փոքր տպաքանակով լույս են տեսել ինչպես ռուսերեն թարգմանված «Մոխրացող վարդի  բույրը» վեպը, այնպես էլ անտիպ բանաստեղծություններս`«Քեզ տեսնեի ժամանակին» խորագրով գիրքը: Այժմ աշխատում եմ «Անվախճան կարոտ» վեպի վրա, որը լույս կտեսնի հաջորդ տարի:

Լուսինե  ՏԵՐ-ՍԻՄՈՆՅԱՆ

ԽԱՌՆԱՇՓՈԹ

Հայաստանի Հանրապետությունում մտավորականություն կա, բայց մտավորականության պահանջ չկա: «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեցին ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը եւ ասմունքող Սիլվա Յուզբաշյանը:

Ազատ Գասպարյանն իրենց այդ կարծիքը մեկնաբանեց այսպես. «Մտավորականության պահանջ չկա Հայաստանում զուտ նրա համար, որովհետեւ ով մտավորական է, նա թշվառ է, աղքատ, իսկ հիմա ամենուր փողի պաշտանմունք է եւ ուշադրություն չի դարձվում գիտնականին, արտիստին կամ ուսուցչին»:

Նա կարծում է, որ հիմա ընթերցող չկա ոչ այն պատճառով, որ վատ ստեղծագործություններ են գրվում, այլ այն պատճառով, որ սերնդափոխությունը վայրենի ձեւով է կատարվել:

Ըստ նրա՝ այսօր երաժշտությունը եւ պարը խառնվել են պոեզիային եւ խանգարում են: Ու հիմա պոեզիայում մատուցման ձեւ չկա: Սիլվա Յուզբաշյանը համաձայնվեց այդ մտքի հետ, բայց ավելացրեց, որ բանաստեղծությունը չպետք է խաղալ, ինչը հիմա անում են համատարած: Նա համարում է, որ աշխարհը ծարավ է մաքուր քնարերգության, իսկ մեր այսօրվա բանաստեղծները կտրվել են դասական արմատներից եւ իրենց աչքը հառել են դեպի Արեւմուտք:

Նա հիշեց իր այցը Պարսկաստան, որտեղ գործարարները պոեզիա գիտեին: Իսկ մեր այսօրվա գործարարները, ըստ նրա, նույնիսկ Թումանյանից չեն կարող 4 տող արտասանել:

http://www.a1plus.am

 

ԱՍՈՒՅԹՆԵՐ

Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆ

(2007թ. մայիս-օգոստոս)

Երբ դատավորը չի կարողանում կամ չի ուզում պաշտպանել անմեղին, արդարին, զոհին, ապա պատրվակ է որոնում ինչ-որ բանում մեղավոր ճանաչել եւ գտնում էլ է:

Այն հասարակությունը, որը մարդկանց հոգեբանությունում բացասական փոփոխություններ է առաջացնում, լավ ապագա ունենալ չի կարող:

Տգիտության ու անտարբերության մթնոլորտը պարարտ հող է անօրինականությունների, անբարո երեւույթների համար:

Զրկանքների ու նվաստացումների մեջ ապրողի համար հայրենիքը աստիճանաբար օտարանում է:

Մեծ հեղաշրջումներից հետո թվարկելով ձեռքբերումները, արժե թվարկել ու նժարի վրա դնել նաեւ կորուստները:

Հին ճշմարտության կողքին երբեմն թարմ սխալը մատուցվում ու գովազդվում է որպես կատարյալ նորամուծություն ու ճշմարտություն, եւ շատերի կողմից դա այդպես էլ ընդունվում է:

Պատահում է՝ անառակին էլ են առաքինության պատվանդանին կանգնեցնում, բայց ոչ՝ առաքինիները:

Անդնդի եզրին գտնվողի անդունդ ընկնելու համար շատ բան չի պահանջվում, մի փոքր սայթաքումն էլ բավական է:

Անհասկացողի նկատմամբ արտակարգ հոգատարությունն առանց պահանջկոտության, ամենայն հավանականությամբ, նրան կլկտիացնի:

Որտեղ ժողովրդի աղքատության հաշվին ապահովվում է որոշ խմբերի արտոնյալ բարեկեցությունը, առկա է ոչ միայն հակաժողովրդական, այլեւ հակամարդկային քաղաքականություն:

Երբեմն նշմարվող վտանգի տագնապի առաջացրած խուճապը կարող է նոր վտանգների պատճառ դառնալ:

Երեխա չունենալը չունեցողի համար վիշտ  ու ցավ է, ունեցողի համար էլ վիշտ ու ցավ է, եթե շարունակ հոգս ու կարիքի մեջ է:

Կյանքի ոչ նորմալ պայմաններում հնարավոր է խելոքն էլ ինչ-որ հիմարություն գործի:

Նոր ժամանակների զարմանալի ու ցավալի անակնկալներից է՝ շատերի համար անբարոյականությունը դարձել է ապրելակերպի սովորական ու հանդուրժելի ձեւ:

Քաղցր լեզուն միշտ չէ, որ բարի ու ազնիվ հոգու առկայության վկայություն կարող է լինել:

Բոլոր դարերում հեղափոխությունների, արյունահեղ հեղաշրջումների պատճառները սոցիալական անհավասարություններն ու անարդարություններն են լինում, երբ դրանք որեւէ կերպ քողարկել այլեւս անհնար է դառնում: Ներկա ժամանակաշրջանում ժողովրդավարության անվան տակ է դա արվում:

Ժողովրդավարության թշնամին սոցիալական անարդարությունն է, մինչդեռ ժողովրդավարության կոչերով հաճախ հաջողությամբ արմատավորվում է անարդարությունը:

Երբեմն պարտությունը շատ ավելի բան է սովորեցնում, քան տվյալ հանգամանքներում հաղթանակը կընձեռեր:

Կյանքը ցույց է տալիս, որ ճոխ խոստումներ տվողի համար ոչ այնքան կարեւոր են լինում դրանց կատարումը, որքան կարողանալ հավատացնելը, որ դրանք կկատարվեն:

Մարդկանց մեծ մասը ապրում ու որոնում է կյանքի իմաստը ու այդպես էլ հեռանում կյանքից:

Պատմության անիվն առաջ է ընթանում առանց համոզիչ առաջադիմության, քանի որ նկատելիորեն արժեզրկվում է մարդկային բարոյականությունը:

Ամեն ինչում կարեւորը որակն է, բայց հայտնվել ենք համատարած անորակության պայմաններում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s