№ 15 / 15 սեպտեմբեր

ՄՆԱՑ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՄՈՒՏԸ

Սեպտեմբերի 7-ին մեր երկիրը թերթեց իր պատմության հերթական էջը, կատարվեց պաշտոնամուտի արարողությունը, երկրի ղեկի մոտ կանգնեց նոր մարդ: Ու մարդիկ սկսեցին գուշակություններ անել:

Ոմանք համոզված ասում են, որ ոչինչ էլ չի փոխվի երկրում, երկրորդները, «ի հեճուկս» առաջինների, պնդում են, որ անպայման դրական փոփոխություններ են լինելու, երրորդներն այս ամենի նկատմամբ բացահայտ անտարբեր են, չորրորդներն էլ սպասում են կադրային փոփոխությունների, տեսնելու համար, թե ինչ կարող են իրենց համար պոկել: Այս կատեգորիաների պարագայում ամենացավալին այն է, որ ճնշող մեծամասնությունը կազմում են վերջին երկու կատեգորիաները, ինչը նշանակում է, որ գիտակից ու քաղաքացիական հստակ դիրքորոշում ու ակտիվություն ունեցողները մեզ մոտ քիչ են, ողբերգության աստիճան քիչ: Իսկ քանի դեռ այդպես է, ապա մեր պայմանական դասակարգման մեջ և առաջիններն են սխալ դուրս գալու, և երկրորդները: Պարզաբանեմ միտքս սոսկ մի օրինակով:

Նորերս ֆիլմ էինք նկարահանում Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մասին: Ում տուն մտնում էինք՝ բաժակ էին բարձրացնում ու խմում «Լևոն Գուրգենովիչի կենացը», երդվում նրա արևով: Խոսքը հայտնի բարերար, մեր մոսկվաբնակ հայրենակից Լևոն Հայրապետյանի մասին է: Իսկ ես կամա թե ակամա հիշում էի բարերարի համար այն դժնդակ օրերը, երբ երկրի ղեկավարությունն ինչ-ինչ հարցերով «գժտվել» էր նրա հետ և բոլոր խողովակներով ցեխ էր թափում նրա վրա: Եւ ահա այդ օրերին, երբ մարդն իսկապես օգնության ու բարի խոսքերի կարիք ուներ, կենաց ասողներից ոչ մեկի խոսքը չհնչեց, ընդհանրապես` հրապարակավ ոչ մի բարի խոսք չհնչեց մեզ մոտ:

Առակս զի՞նչ ցուցանե: Մեր հանրությունը կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե պահպանվեն մարդկային, տղամարդկային, ընկերային, ազգային և այլ արժեքներ, եթե հանրային կարծիքը հենված լինի բարի ու լավ ավանդույթների, այլ ոչ թե քաղաքական կոնյունկտուրայի վրա: Իսկ մինչև հանրությունը չկայանա՝ երկրում առաջընթաց չի լինի, դրական փոփոխություններ չեն լինի: Կայացած հանրությունը ձեռնտու է լավ ղեկավարին, մի հանրություն, որ ոչ թե կողքից անտարբեր նայի, այլ միջամտի, իր կարծիքն ասի, աջակցի ղեկավարությանը, նրան հեռու պահի սխալներից, ստանձնի պատասխանատվության իր չափը, այլ ոչ թե «մարաղ կացած» սպասի ու հետո մեղքը գցի նույն այդ ղեկավարության վրա:

Ինչ որ է, սպասենք հանրության պաշտոնամուտին:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————-

Ինաուգուրացիա

ԼՂՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱՄՈՒՏԸ

Սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտի կայազորի Սպայի տան դահլիճում կայացավ ԼՂՀ ԱԺ հատուկ նիստ` նվիրված ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի  պաշտոնամուտի արարողությանը:

Նիստին մասնակցում էր 31 պատգամավոր: ԱԺ հատուկ նիստին հրավիրված էին ԼՂՀ կառավարության անդամներ, Գերագույն եւ Առաջին ատյանի դատարանների դատավորներ, ԼՂՀ պաշտպանության բանակի բարձր հրամանատարական կազմը,  ԼՂՀ ԿԸՀ, ՏԻՄ, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների ղեկավարներ, գիտության, կրթության և մշակույթի գործիչներ, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան պատերազմի մասնակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև ԼՂՀ նախագահի մյուս թեկնածուները: Պաշտոնամուտի արարողությանը մասնակցելու նպատակով Ստեփանակերտ էին ժամանել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի պաշտոնական պատվիրակությունները, ՀՀ և Սփյուռքի հասարակական գործիչներ, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը և այլոք:

Բացելով նիստը` ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշեց.

«2007թ. հուլիսի 19-ին մեր հանրապետությունում կայացան հերթական նախագահական ընտրություններ, որոնք ավարտվեցին Բակո Սահակի Սահակյանի համոզիչ հաղթանակով: Նրա թեկնածության շուրջ ձևավորված հասարակական և քաղաքական համաձայնությունը, անկասկած, մեր բոլորի հաղթանակն է, որովհետև վկայում է այն մասին, որ անկախ քաղաքական հայացքներից և տարբեր հիմնախնդիրների շուրջ գոյություն ունեցող տարակարծություններից, մենք նույն սպասումներն ունենք կենսական և ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում»:

Համաձայն ԼՂՀ Սահմանադրության` Բակո Սահակյանը   երդում տվեց ժողովրդին, մասնավորապես,  նշելով. «Ստանձնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  նախագահի պաշտոնը` երդվում եմ անվերապահորեն կատարել ԼՂՀ Սահմանադրության պահանջները, հարգել մարդու եւ քաղաքացու ազատություններն ու իրավունքները, ապահովել հանրապետության ինքնիշխանությունը եւ անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը` ի փառս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ի բարօրություն մեր ժողովրդի»:

Պաշտոնամուտի կապակցությամբ Բակո Սահակյանի հասցեով բազմաթիվ շնորհավորանքներ են ստացվել, այդ թվում՝ Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության նախագահ Իգոր Սմիռնովից, ՌԴ Պետդումայի պատգամավորներ Կոնստանտին Զատուլինից, Նատալյա Նարոչնիցկայայից, Սերգեյ Գլոտովից և ուրիշներից:

Երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացավ համերգ` հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ: Տոնակատարություններն ավարտվեցին հրավառությամբ:

LՂՀ ԱԳՆ

 

ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԼԻՆԵԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ ՀԵՌՈՒ, ԲԱՅՑ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՄՈՏ

ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի  պաշտոնամուտի արարողությանը լրագրողներ չհրավիրվեցին, ավելի ճիշտ՝ լրագրողներին Ստեփանակերտի կայազորի Սպայի տան դահլիճ չթողեցին, այլ պարզապես նրանց համար Սպայի տան երկրորդ հարկում տեղադրվեց հեռուստացույց, որով էլ նրանք հետևեցին միջոցառմանը:

Որ սա պատահական երևույթ չէ, վկայում է դրանից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 5-ին, տեղի ունեցած միջադեպը, երբ ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի առաջին լիագումար նիստում լրագրողների համար տեղ չգտնվեց:  Իսկ մինչ այդ` ԿԸՀ-ում Բ. Սահակյանին վկայական հանձնելու արարողությանը չեն հրավիրվել «Դեմո»-ն եւ Karabakh-Open-ը:

Այս ամենը պարզապես անհասկանալի է ժողովրդին ավելի մոտ լինելու՝ նոր իշխանությունների հավաստիացումների համապատկերի վրա: Նորից հեծանիվ հնարելու կարիք չկա՝ ժողովրդին ավելի մոտ լինելու ամենաարդյունավետ ձևերից մեկը լրագրողներին մոտ լինելն է: Որովհետև պաշտոնյան օրական կարող է ընդունել, ասենք թե, մի քանի տասնյակ մարդ, բայց ահա լրագրողների օգնությամբ կարող է իր խոսքը հասցնել մի քանի տասնյակ հազար մարդկանց: Լինել ժողովրդին մոտ ու լրագրողներից հեռու՝ պարզապես անհնար է: Լրագրողների հիմնական առաքելությունն էլ հենց կայանում է իշխանությունների խոսքը ժողովրդին հասցնելու և ժողովրդի խոսքը իշխանություններին հասցնելու մեջ:

Անհավատալի է, բայց փաստ՝ նախորդ ղեկավարի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում չի եղել գոնե մի դեպք, երբ որևիցե պետական-պաշտոնական, կամ այլ կարևոր այցի կամ միջոցառման ժամանակ երկրի ղեկավարությանը ուղեկցեին լրագրողներ: Ավելին՝ քիչ չեն եղել դեպքեր, երբ ղեկավարը տեղացի լրագրողներին արգելել է հրապարակել այս կամ այն տեղեկությունը, կամ պարզապես չի տրամադրել այն, բայց նույն այդ տեղեկությունը տրամադրել է հայաստանյան լրատվամիջոցներին:

Սա, իհարկե, ղեկավարության մեղքն է, սակայն մեդալը երկու երես ունի: Մեկն էլ այն է, որ մեր լրագրողները, շատ քիչ բացառություններով, տանելի են համարում այդ ամենը և երբևէ բողոքած չկան, այսինքն՝ իրենց արժանապատվությունը վիրավորված չեն զգում: Իսկ եթե այդպես է, ապա հարցը, ինչպես ասում են, օրակարգից հանվում է:

“Դեմո”-ի թղթակցի այս լուսանկարն արվել է Սպայի տան 2-րդ հարկում տեղադրված հեռուստացույցից:

«Դեմո»

 

ՄԱՅԻԼՅԱՆԻՆ ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ

ԼՂՀ նախագահի երդման արարողությանը հրավիրվել են բազմաթիվ հյուրեր: Ըստ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, որը եւ հրավիրող կողմ էր հանդիսանում, ի շարս մնացածների, հրավիրվել են նաեւ ԼՂՀ նախագահի մյուս 4 թեկնածուները:

Չնայած, որ Բակո Սահակյանին` ընտրվելու կապակցությամբ, առաջինն է շնորհավորել նրա մրցակից Մասիս Մայիլյանը, դահլիճում, որտեղ տեղի էր ունենում երդման արարողությունը, Մայիլյանը չէր երեւում: Արարողությանը հետեւող լրագրողները հարցնում էին՝ նրան չե՞ն հրավիրել, թե՞ Մայիլյանը հրաժարվել է գալ:

Ինչպես մեզ հաջողվեց պարզել, Մ. Մայիլյանը արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել:

http://www.karabakh-open.com

Հատված ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պաշտոնամուտի ելույթից

…Ես գնահատում եմ նաեւ այն քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր իրենց քվեն տվել են հանրապետության նախագահի մյուս թեկնածուներին: Դա նշանակում է, որ նրանք ունեն երկրի զարգացման եւ առաջընթացի այլ պատկերացում, ինչը անպայման հաշվի կառնվի:

——————————————————————————————-

Ներպետական

ՆՈՐԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՍԹԱՓ ԳՆԱՀԱՏԵԼ ԱՆՑՅԱԼԸ  

Վարչապետի պաշտոնում նախագահ Բակո Սահակյանը առաջադրել է Արա Հարությունյանի թեկնածությունը: Ինչպես նշվում է Ազգային ժողովի մամուլի ծառայության տեղեկատվության մեջ, Արա Հարությունյանը «Ղարաբաղի ամենախոշոր ձեռներեցներից է, ԱԺ պատգամավոր, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ»: Կասկած չկա, որ խորհրդարանը կպաշտպանի Արա Հարությունյանի թեկնածությունը, եւ շատ շուտով նա կստանձնի կառավարության ղեկավարի պարտականությունները:

Երկրում փոփոխությունների են սպասում: Սպասում են, որ նոր մարդիկ են կառավարման ղեկի մոտ հայտնվելու, նոր մարդիկ, ովքեր սկսելու են նորովի աշխատել: Սակայն նորովի աշխատանք սկսելու համար պետք է «հնին» գնահատական տալ` իմանալու համար, թե ինչ փոխել եւ դեպի որ կողմը: Եւ մարդիկ հուսով են, որ նոր իշխանությունները կտան անցած տարիների անաչառ գնահատականը, որպեսզի առաջ ընթանանք:

Հաջողություններ եւ սխալներ շատ են եղել մեր երկրում: Վերջին 10 տարիների ընթացքում Ղարաբաղի արտաքին քաղաքականությունը զիջել է իր դիրքերը: ԼՂՀ ներկայացուցիչները չեն մասնակցում բանակցային գործընթացին, իսկ հակամարտությունը սկսել է դիտվել որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ, այսինքն՝ ԼՂՀ-ն հակամարտության սուբյեկտից վերածվել է օբյեկտի: Միջազգային միջնորդները եւ Հայաստանի իշխանությունները ամեն կերպ ցուցադրում են, որ առանց ղարաբաղյան կողմի հետ խորհրդատվության՝ որոշումներ չեն կայացնում, սակայն դա բանակցություններին Ղարաբաղի լիիրավ մասնակցությանը չի փոխարինում:

Այդ ոլորտում դրական կարելի է համարել հրադադարի պահպանումը եւ այն, որ Ղարաբաղի անկախ գոյության եւ նույնիսկ զարգացման հնարավորությունն ապացուցվել է ժամանակի փորձությամբ: Բացասական է համարվում  արտաքին քաղաքականությունում ավելորդ կախվածությունը Հայաստանից, ինքնուրույն տեղեկատվական քաղաքականություն իրականացնելու կարողության եւ ցանկության բացակայությունը: Ղարաբաղը դարձել է լռակյաց տարածք, որի ճակատագիրը տնօրինում է ցանկացած ոք, բացի իր քաղաքացիներից:

Ներքին քաղաքականությունում նույնպես երկու միտում  է նկատվում: Դրականը կայանում է նրանում, որ արյունահեղ եւ ավերիչ պատերազմից ընդամենը մի քանի տարի անց հանրապետությունում կյանքն ամբողջությամբ վերականգնվել է: Գործում են բոլոր ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, էներգետիկա, սերվիս, տնտեսությունում նույնիսկ ի հայտ են եկել նոր ճյուղեր՝ հանքարդյունաբերական եւ տուրիստական: Կառուցվում են տներ, սոցիալական օբյեկտներ: Մարդկանց կենսամակարդակը բարելավվել է. ամռան շրջանում մարդիկ ակտիվ վերանորոգում են իրենց բնակարանները, իսկ աշնանը, երբ վաճառում են ցորենի և այլ գյուղմթերքների աճեցրած բերքը, ավտոմեքենաների թիվը կտրուկ ավելանում է:

Բացասականը կայանում է նրանում, որ թեկուզ հայտարարել են տնտեսության ազատականացման մասին, բայց որոշումներ կայացնելու իրավունքն, այնուամենայնիվ, մնացել է իշխանությունների ներկայացուցիչներին: Ինչ խոսք, ռազմական դրության պայմաններում դա հնարավորություն է տալիս վերահսկելու տնտեսությունը եւ երկրի սոցիալական կյանքը, բայց նման մոտեցումը շատ մարդկանց զրկում է հավասար պայմաններում բիզնեսով զբաղվելու ռեալ հնարավորություններից և վնասում է իրապես շուկայական տնտեսության կայացմանը:

Անկախ գործարարները հայտնվում են կախյալ վիճակում: Եւ դա տնտեսության զարգացման ամենախոշոր խանգարիչ հանգամանքն է: Նախ՝ բիզնեսմենները կախված են պետական պատվերից, ինչը պայմանավորված է չափազանց փոքր շուկայի առկայությամբ: Պատվիրատուն հիմնականում պետությունն է հանդիսանում, եւ ձեռներեցը ստիպված է լինում հաստատել չինովնիկի հետ «լավ» հարաբերություններ, երբեմն էլ նրա հետ հանցավոր համաձայնության մեջ մտնել: Դրանով է հիմնականում պայմանավորված ձեռներեցների՝ վերջին տարիներին նկատվող հոսքը դեպի պետական պաշտոններ: Առանց պետության մեզ մոտ դժվար է բիզնես անել, եւ դա է ուրիշ երկրներում կոչվում կոռուպցիա: Բայց մեր երկրում կոռուպցիա ասելիս միայն հիվանդանոցներն են հիշում:

Նման երեւույթը կանխելու նպատակով օրենքով արգելել ենք պետական պաշտոնյաներին բիզնեսով զբաղվել: Այդ համատեքստում հետաքրքիր կլինի նույն Արա Հարությունյանի պահվածքը. եթե նա վարչապետ դառնա, ապա կհրաժարվի՞ իր բոլոր բիզնեսներից: Չէ՞ որ նա Ղարաբաղի խոշոր բիզնեսմեններից է:

Ձեռներեցը կախված է նաեւ հարկային տեսուչներից, մենաշնորհներից, ռեգիոնալ «ստվերային» նախագծերից եւ իշխանությունների քմահաճույքից: Եւ բոլորովին էլ պատահական չէ, որ ղարաբաղյան բիզնեսմենները, որոնք այս կամ այն ճանապարհով մի փոքրիկ կապիտալ են կուտակում, նախընտրում են այն ներդնել ոչ թե ղարաբաղյան տնտեսության մեջ, այլ, ասենք, բնակարան գնել Երեւանում:

Ներդրումների հոսքի կրճատումը տնտեսական քաղաքականության բացասական կողմերից է, ինչը, փորձագետների կարծիքով, պայմանավորված է ինչպես ներդրումային մեծ ռիսկով, այնպես էլ՝ Ղարաբաղում բարեփոխումների նկատմամբ Սփյուռքի վստահության նվազմամբ: Մինչ օրս Ղարաբաղում կատարած ներդրումները հիմնականում էթնիկական բնույթ էին կրում: Սակայն անզեն աչքով էլ նկատելի է, որ նույնիսկ հայ ներդրողների թիվը նվազել է: Առանձնազրույցների ժամանակ սփյուռքահայ մեր հայրենակիցները դժգոհում են, որ իրենց համար համապատասխան պայմաններ չեն ստեղծում: Որքանով է սա համապատասխանում իրականությանը՝ չգիտենք, քանի որ նրանցից եւ ոչ մեկը չի ցանկանում հրապարակավ արտահայտել իր դժգոհությունը:

Պետականաշինության ոլորտում նույնպես մեծ առաջընթաց կա: Մասնավորապես, ձեւավորվել են պետական իշխանության բոլոր հիմնական ինստիտուտները, անց են կացվում ընտրություններ, պետական մարմիններում ամենօրյա աշխատանք է իրականացվում՝ տեղեկանքներ են տալիս, պետական տուրք են գանձում: Այդ գործընթացի բացասական կողմն այն է, որ ժողովրդավարական բարեփոխումները թերի են մնացել. ժողովրդավարական ինստիտուտների գոյության հետ մեկտեղ նրանց կապող մեխանիզմները ոչ միշտ են աշխատում: Մասնավորապես՝ կա խորհրդարան, բայց չունի վերահսկողության ռեալ գործառույթ: Կան դատարաններ, բայց հանրության կողմից դրանք չեն ընդունվում որպես արդարադատություն իրականացնողներ: Կան բազմաթիվ թերթեր, բայց հասարակական կարծիքը պետական քաղաքականության մեջ որոշիչ չի համարվում: Մեկը պայմանավորում է այս ամենը ռազմական դրությամբ, մյուսը՝ հետպատերազմյան կարճ ժամկետով, երրորդը՝ միջազգային հանրության պասիվությամբ: Այսպես թե այնպես, դա իրողություն է, եւ պետք է այն ճիշտ գնահատել, որպեսզի կարողանանք առաջ ընթանալ:

Իրավիճակի իրական, սթափ գնահատականը, քաղաքական եւ անհատական շահերից հրաժարվելը եւ նորմալ պետություն կառուցելու ցանկությունը կարող են նոր իշխանության գործունեության համար հիմք դառնալ:

Յուրաքանչյուր պետության հիմնական առաքելությունը կայանում է հետեւյալում՝ որոշակի տարածքում քաղաքացիների անվտանգ գոյության ապահովում, կենսագործունեության եւ տնտեսական բարգավաճման հավասար պայմանների ստեղծում, ինչպես նաեւ՝ յուրաքանչյուր մարդու արժանապատվության եւ իրավունքի պաշտպանություն: Իշխանության խնդիրը հնարավորն անելն է, որպեսզի մարդը կարողանա ազատ ապրել ու աշխատել՝ չխանգարելով մյուս մարդկանց: Ցավոք, իշխանությունը հաճախ չի կատարում այդ գործառույթը, ավելին՝ օգտվում է իր դիրքից սեփական վիճակը բարելավելու համար:

Եվ եթե խոսելու լինենք փոփոխությունների մասին, ապա հենց այդ տեսանկյունից արժե դիտարկել ապագան՝ պաշտոնյան պետք է հարգի մարդուն, այլ ոչ թե վերաբերվի նրան ինչպես աներես ճանճի հետ: Եթե նախագահը կարողանա ապահովել պետական ապարատի նման գործունեությունը՝ բարեփոխումներ անպայման կլինեն, եւ կյանքը կլավանա: Եթե իշխանությունների վերաբերմունքը մարդու հանդեպ մնա նույնը եւ փոխվեն միայն անձինք, ապա բազմաթիվ մարդկանց սպասումները չեն արդարանա, նրանք իրենց խաբված կզգան: Եւ մեր պարագայում դա առավել վտանգավոր կլինի. չէ՞ որ միասնական ծրագրի եւ անձերի սատարման մասին պայմանավորվել են բոլոր ուժերը, չէ՞ որ ընդդիմություն չկա, հակաճառող չի լինելու, եւ մեղքն անհնարին կլինի ուրիշի վրա բարդել:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

 

Արա Հարությունյանի թեկնածությանը հավանություն է տվել խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, հրավիրվեց ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հետեւյալ օրակարգային հարցով. «ԼՂՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու համար Արայիկ Վլադիմիրի Հարությունյանի թեկնածությանը համաձայնություն տալու մասին»: Նախագահ Բակո Սահակյանը վարչապետի պաշտոնում Ա. Հարությունյանի թեկնածությունն առաջարկել է մի քանի օր առաջ: Այս ընթացքում կայացել են երկրի ղեկավարի եւ թեկնածուի հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների հետ:

Սեպտեմբերի 14-ի արտահերթ նիստին 33 պատգամավորներից մասնակցել է 32-ը (նիստին չի մասնակցել պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը), որոնք միաձայն Արա Հարությունյանի թեկնածությանը հավանություն են տվել:

Քվեարկությունից հետո Արա Հարությունյանը հայտարարել է, որ նշանակումից հետո կհրաժարվի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից եւ պատգամավորական մանդատից: Հիշեցնենք, որ Արա Հարությունյանը 2005-ին պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով: Համաձայն օրենքի՝ նրա ընտրատարածքում կնշանակվեն նոր ընտրություններ:

 

Կառավարության ղեկավարը հասանելի է լինելու բոլորի համար Վարչապետի թեկնածու Արա Հարությունյանի ճեպազրույցը

-Հանրապետության նախագահի կողմից վարչապետի պաշտոնում Ձեր թեկնածության առաջադրումը անակնկա՞լ էր Ձեզ համար:

-Իհարկե՝ անակնկալ էր, որովհետեւ նախընտրական եւ հետագա հանդիպումների ժամանակ նման պայմանավորվածություն կամ խոսակցություն չի եղել, ես ընդամենը մասնակցել եմ նախընտրական ծրագրի կազմման աշխատանքներին, ինչպես նաեւ նախընտրական հանդիպումներին:

-Ձեր պատգամավորական գործունեության ընթացքում Դուք այնքան էլ գոհ չեք եղել կառավարության գործելաձեւից: Մինչեւ 2008թ. հունվարի 1-ը արդեն կա ձեւավորված բյուջե: Ի՞նչ եք փոխելու, կամ՝ ունե՞ք հնարավորություն ինչ-որ բան այնպես փոխել, որ մարդիկ զգան, որ երկրում փոփոխություններ են տեղի ունեցել:

-Իհարկե, մինչեւ հունվարի 1-ը բյուջեում փոփոխություններ կատարելու հնարավորություն չունենք: Առաջին հերթին փորձելու ենք գնահատական տալ այն երեւույթներին, որոնք այսօր մեզ մտահոգում են՝ բյուջեի ծախսերի եւ փոշիացման առումով: Եթե նման դեպքեր լինեն՝ մենք հասարակությանը տեղյակ կպահենք: Կփորձենք, ուսումնասիրելով այդ սխալներն ու բացթողումները, 2008թ. պետբյուջեի ձեւավորման եւ միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման ժամանակ հաշվի առնել դրանք:

-Ունե՞ք տնտեսական ծրագիր, որ  ներկայացնեք:

-Տնտեսական ծրագիր, որպես այդպիսին, չի լինելու: Կառավարության ծրագիրը հիմնականում լինելու է նախագահի նախընտրական ծրագիրը: Այն ձեւավորվելու եւ վերածվելու է կառավարության գործունեության ծրագրի: Եւ հիմնականում նախագահի նախընտրական ծրագրի այն դրույթներն ու խոստումները, որոնց սպասում են ընտրողները, տեղ են գտնելու մեր ապագա գործունեության մեջ: Եւ 2008-ից ծրագրային դրույթները կյանքի են կոչվելու:

-Եթե վարչապետ դառնաք, որ՞ն է լինելու Ձեր առաջին քայլը:

-Կառաջարկվի կառավարության կառուցվածքային փոփոխություն, որից հետո կձեւավորվի կառավարությունը: Կկատարվեն նաեւ ուսումնասիրություններ, նամանավանդ, որ առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում Աժ հավանությանը պետք է ներկայացվի կառավարության ծրագիրը, պետբյուջեի նախագիծը եւ միջնաժամկետ ծախսային ծրագիրը:

-Կառուցվածքային ի՞նչ փոփոխություններ եք իրականացնելու:

-Այժմ ուսումնասիրում եմ նախորդ կառավարությունների կառուցվածքները, այդ թվում՝ տարբեր երկրների կառավարությունների գործունեությունը, արդյունավետության աստիճանը, որից հետո համապատասխան առաջարկություններ ենք անելու: Բայց այն, որ կառավարության հիմնական ուղղությունները դեպի զարգացում են տանելու, ձեւավորվելու են այնպիսի կառավարման օղակներ, որոնք զբաղվելու են զարգացման ուղղությամբ՝ դա միանշանակ է:

-Որքա՞ն հաճախակի են կառավարության անդամները հանդիպելու լրագրողների հետ:

-Ոչ միայն կառավարության անդամները, այլեւ վարչապետը հասանելի են լինելու ոչ միայն ԶԼՆ-ների ներկայացուցիչների, այլեւ հասարակության համար: Այդ գործելաոճը  զգացվելու է:

-Ի՞նչ թիմ եք հավաքելու, եւ ի՞նչն եք առաջնայինը համարելու:

– Արհեստավարժությունը, բարոյական կերպարն ու մասնագիտական ունակությունները:

-Դուք հրաժարվել եք կուսակցության ղեկավարի պաշտոնից, հրաժարվելու՞ եք նաեւ բիզնեսից:

-Մինչեւ հիմա «Ղարաբաղ Գոլդ»-ում հանդես եմ եկել որպես սեփականատեր, փայատեր: Արդեն բավականին երկար ժամանակ է՝ չեմ ղեկավարում այդ հիմնարկը: Այսուհետ երկրին որպես պետական եւ քաղաքական գործիչ եմ հայտնի լինելու, քանի որ գործարարությամբ չեմ զբաղվելու՝ մինչեւ պաշտոնավարման ավարտը:

 

ՏԻՄ ընտրություններ հարցազրույց ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ ՆԱՍԻԲՅԱՆԻ հետ

– Պարոն Նասիբյան, մանրամասնեք, խնդրեմ, թե հոկտեմբերի 14-ին հանրապետության քանի համայնքներում են կայանալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

– Հանրապետության 227 համայնքներից ընտրություններ տեղի կունենան 218-ում: 9 համայնքներում հոկտեմբերի 14-ին ընդհանրապես ընտրություններ տեղի չեն ունենալու, քանի որ լիազորությունների ժամկետները դեռ չեն լրացել: Վերոնշյալ 218 համայնքներում ավագանու ընտրություններ են անցկացվելու, իսկ 162 համայնքներում՝ նաեւ համայնքի ղեկավարի ընտրություններ: Այսինքն, 56 համայնքում միայն ավագանու ընտրություններ են լինելու: Թեկնածուների առաջադրումը տեղի կունենա սեպտեմբերի 14-19-ը, գրանցումը՝ 19-24-ը: Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին եւ կավարտվի հոկտեմբերի 12-ին, ժամը 24:00-ին:

– Ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:

– Դրանք արդեն սկսված են: Տարածքային ընտրական հանձնաժողովներն ինքնաառաջադրվող քաղաքացիներին տրամադրելու են դիմում-հայտի, հայտարարագրի ձեւերը: Նշենք, որ ամբողջ գործընթացը՝ առաջադրման, գրանցման, քվեարկության կազմակերպման, անցկացման, ամփոփման եւ որոշումների ընդունման, իրականացվելու է տարածքային ընտրական հանձնաժողովներում: Մենք միայն մեթոդական օգնության, փաստաթղթային ձեւակերպումների, գույքի ձեռքբերման ու տրամադրման եւ իրենց պատվերով քվեաթերթիկների պատրաստման հետ կապված աշխատանքներ ենք իրականացնում: Ընտրացուցակներում նույնպես որոշակի աշխատանքներ կատարված են: Արդեն ցուցակները կախված են: Նշեմ նաեւ, որ այս անգամ, ըստ ընտրական օրենսգրքի, ժամկետային զինծառայողները եւ ձերբակալվածները չեն մասնակցելու քվեարկությանը: Չի իրականացվելու նաեւ շրջիկ տուփերով քվեարկություն: Այժմ ցուցակներում մոտ 90 հազար ընտրող կա: Սեպտեմբերի 25-28-ը կձեւավորվեն նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովները: Ավելացնեմ, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար հոկտեմբերի առաջին տասնօրյակում տեղերում ուսուցում ենք կազմակերպելու: Ընդհանուր առմամբ, 218 համայնքներում ստեղծվել են 258 ընտրական տեղամասեր.

– Մեր ընթերցողներին տեղեկացրեք, խնդրեմ, թե ո՞ր դեպքում են ընտրությունները կայացած եւ թեկնածուն ընտրված համարվելու:

– Ընտրությունները կայացած են համարվելու, եթե մասնակցեն ընտրողների 25 տոկոսից ավելին: Մեկ թեկնածուի դեպքում նա ընտրված է համարվում, եթե կեսից ավելին կողմ է ձայն տվել: Երկուսի դեպքում՝ առավել ձայներ հավաքած թեկնածուն: Մի քանի թեկնածուի դեպքում, եթե առաջին երկուսը կամ մի քանիսը հավասար ձայն են հավաքել, ապա վիճակահանություն է կատարվում:

Նաև հիշեցնեմ, որ Սահմանադրության համաձայն այսուհետ ՏԻՄ լիազորությունների ժամկետը 4 տարի կլինի:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

——————————————————————————————-

Բանակ

ՄԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ԲԱՅՑ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Հարցազրույց ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վլադիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ

– Պարոն Խաչատրյան, ԼՂՀ Պաշտպանության բանակը 15 տարեկան է: Այսօր, 15 տարվա հեռավորությունից հետադարձ հայացք ձգելով անցած ուղուն, ամենից առաջ ի՞նչը  կառանձնացնեիք:

– Ժամանակի հրամայականով ճիշտ պահին Արցախը  պոռթկաց… Սեփական ճակատագրին տեր կանգնելը օրախնդիր պահանջ էր: Արցախի ժողովուրդը հայտնվեց չհայտարարված պատերազմի կիզակետում:  Հընթացս իրադարձությունների կազմավորվող կամավորական ջոկատները իրենց վրա վերցրին իրադրության ողջ պատասխանատվությունը:

Առճակատումը գնալով խորացավ, նոր թափ  ու ձեւ ընդունեց: Պատերազմը դարձավ շոշափելի իրողություն, շատ դառն ու դաժան օրեր ապրեցինք: Մեր ազատամարտիկները կենաց ու մահու պայքար էին մղում, մենք բազմաթիվ արիասիրտ մարտական ընկերներ կորցրինք, սակայն կա մի դառը ճշմարտություն, որ մեծ գործը մեծ զոհեր է պահանջում: Մենք անչափ թանկ կյանքեր կորցրինք, դա էր ազատ ու անկախ ապրելու փրկագինը, դա էր հայրենափրկության  միակ ուղին: Դարեր շարունակ մենք կորցրել ենք, եկել էր հայահավաք-հողահավաքի  աստեղային ժամը, մեր սերունդը պիտի արժանապատվորեն հաղթահարեր փորձության իր ժամանակը եւ պատվով հաղթահարեց: Մեր ժողովուրդը, հիրավի, վաստակեց հպարտ ու արժանապատիվ ապրելու իր իրավունքը: Մենք մեծ արժեքների տեր դարձանք եւ այն պահելու ու բազմապատկելու ժամանակը նույնպես չպետք է ձեռքներիցս տանք: Սա քաջ գիտակցում է յուրաքանչյուր ոք, ով արյուն է թափել այս հողի համար եւ ով մտահոգ է երկրի ու նրա ապագայի հետագա ընթացքով:

– Անձնակազմի հետ տարվող աշխատանքի ընթացքում ի՞նչ կարգի դժվարությունների եք հանդիպում:

– Զորակոչիկը հասարակության հայելին է… Եվ այն ամեն դրականն ու բացասականը, որ իր մեջ կրում է հասարակությունը, ուզես թե չուզես, թափանցում է բանակ: Կանոնադրական փոխհարաբերությունների շրջանակներում մենք ձգտում ենք եւ° դաստիարակել, եւ° ուսուցանել անձնակազմին պատշաճ մակարդակով: Բանակում տիրող կարգուկանոնը եւ խստությունը հրամանատարական քմահաճույքներ չեն, ինչպես դա թվում է ոմանց, այլ մեր առջեւ դրված լուրջ խնդիրների կատարման  պատասխանատվության կրում, որով էլ ի վերջո պայմանավորված է մեր ժողովրդի  անվտանգությունը եւ մեր սահմանների անառիկության ապահովումը:

Ես համոզված եմ, որ մեր հասարակությունը քաջ գիտակցում է, թե ինչ խնդիրներ են ծանրացած բանակի ուսերին եւ որ բանակն էլ իր հերթին ակնկալում է հասարակության աջակցությունը անվերապահորեն: Ի ուրախություն մեզ՝ օր-օրի սերտանում է բանակ-հասարակություն կապը, անմիջական շփումների, գիտագործնական կոնֆերանսների միջոցով վեր են հանվում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հստակեցվում են օր-օրի շփման նոր եզրեր գտնելու ուղիները ու հետագա համագործակցության անհրաժեշտությունը:

– Ասում են՝ զանցանքից հանցանք ընդամենը մեկ քայլ է: Ինչպիսի՞ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվում հետագա բարդություններից խուսափելու համար:

– Մեր զորակոչային քանակակազմը միատարր չէ… Լավագույն  պատրաստություն  եւ անհրաժեշտ դաստիարակություն ունեցող նորակոչիկների կողքին ծառայում են նաեւ թերուս, փողոցային բարքերը որդեգրած զորակոչիկներ: Մենք քաջ գիտակցում ենք հետեւանքները եւ նրանց վերցնելով հաշվառման՝ ուսումնասիրում ենք հոգեբանական առանձնահատկությունները եւ ըստ այդմ պրոֆիլակտիկ միջոցառումների շնորհիվ նրանց նպատակամղում ինտեգրվելու կոլեկտիվին: Բազմաթիվ այլ միջոցներ ենք ձեռնարկում, որ բոլոր զանցանքները չվերաճեն հանցագործության: Այս գործընթացը Պաշտպանության բանակում լուրջ հիմքերի վրա է դրված: Եվ դա են վկայում այն խոսուն փաստերը, որ 2006թ. բանակային տարում հանցագործությունների նվազման գծով ունեցել ենք լուրջ հաջողություններ, իսկ 2007թ. ամեն ինչ կանենք, որ այս առումով բոլոր պլանային միջոցառումները կյանքի կոչվեն: Ճիշտ է, բանակի առօրյան բարդ է ու դժվարին, ստվերային երեւույթները արմատախիլ անելը՝ ոչ դյուրին, բայց բոլոր դեպքերում մենք ջանում ենք այն հասցնել նվազագույնի: Այս խնդրում մենք, իհարկե, ակնկալում ենք նաեւ մեր հասարակության ու կրթական  հաստատությունների աջակցությունը: Մենք յուրաքանչյուր մեր արու զավակի մեջ պիտի տեսնենք վաղվա զինվորին, որի հետ մեր ժողովուրդը մեծ հույսեր է կապում:

– Մեր անկախության գլխավոր երաշխավորը Արցախի բանակն է… Հակառակորդի զինուժի օրըստօրե ուռճացող բյուջեին մենք ինչպե՞ս կարող ենք հակադարձել:

– Կրկին վերադառնանք 1990-92թթ.: Ես չգիտեմ, թե ուրիշներն ինչ կարծիքի են, բայց ես, որպես  զինվոր ու ականատես, ռազմի դաշտում զգացել եմ Ադրբեջանի ռազմական ուժի հզորությունը, նրանք գերազանցում էին թե թվաքանակով եւ թե զինտեխնիկայով, սակայն ռազմի դաշտում նրանք պարտություն կրեցին… Ո՞րն էր խնդիրը. մենք պիտի դրա պատճառները վերհանենք ու որպես աննախադեպ երեւույթ փոխանցենք սերունդներին: Այս առումով ես ուզում եմ կարեւորել երկու հանգամանք: Մարտի դաշտում մենք պարտադրված էինք եւ° կռվել, եւ° սովորել, դա էր մեզ պարտադրում սեփական ժողովրդի վտանգված ճակատագիրը: Կարճ ժամանակաընթացքում մենք կարողացանք ոչ միայն հմտանալ տեխնիկայի գործածության մեջ, այլեւ նրա միջոցով մեր խոսքն ասացինք, բայց մեր բոլոր հաջողությունների հիմքը եւ առաջմղիչ ուժը ես գտնում եմ, որ մեր ոգին էր եւ ինչպես Գ. Նժդեհը կասեր. «Ոգին պատերազմի դարբինն է…»: Ես գտնում եմ, որ հայ զինվորն, ընդհանրապես, ոգեղենության մարմնացում է: Այսօր էլ մենք բանակում այս շեշտադրումով ենք դաստիարակում զինվորին: Զինվորը պետք է ոչ միայն սովորի  զենքին լավ տիրապետելը, այլ նրա մեջ ոգի պիտի դնի եւ նպատակ. ամեն գնով պաշտպանել հայրենիքը: Մեր ժողովուրդն էլ իր հերթին պետք է վստահ լինի, որ իր ճակատագիրը վստահելի ձեռքերում է, եւ ի դեմս զինվորի, նա ունի իր պահապան սուրն ու վահանը:

– Պատերազմի վերսկսվելու վտանգ տեսնո՞ւմ եք…

– Աստված մի արասցե… Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստ ենք պատերազմի: Ես լիահույս եմ նաեւ, որ առաջին իսկ վտանգի պահին Արցախյան ազատամարտի բոլոր վետերանները կրկին համախմբվելու են եւ դիմակայելու են երկիրը պատուհասած աղետին: Կարող եք վստահ լինել, որ Պաշտպանության բանակն էլ իր հերթին պատրաստ է հակահարված տալու հակառակորդի բոլոր չար նկրտումներին:

– Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

– 2007 թ. բանակային ուսումնական տարին արդեն իր իրավունքների մեջ է… Յուրաքանչյուր զինծառայող՝ զինվորից մինչեւ հրամանատար, վստահ գիտի իր խնդիրը, որում մեծ բաժին ունենք նաեւ մենք՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների ու դաստիարակության կտրվածքով: Ողջ տարվա ընթացքում մենք ձեռնամուխ ենք ՊԲ հրամանատարի որդեգրած քաղաքականությանը, եւ այն կյանքի կկոչենք ողջ պատասխանատվությամբ:

Ամեն ինչ կանենք, որպեսզի կարգապահությունը բանակում համապատասխանի պահանջվող չափանիշներին:

Հարցազրույցը վարեց Անուշ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

——————————————————————————————-

Հանուն հայրենիքի

ՍՊԱՅԻ ՊԱՏԻՎ

Արժանապատվությունը ցանկացած մարդու համար թանկ է: Բայց զուտ մարդկային արժանապատվությունից բացի կա նաև մասնագիտական, կոչումային պատիվ: Այսպես, կային ժամանակներ, երբ խելացի ու ազնիվ վաճառականի մասին ասում էին՝ նրա խոսքը կարելի է բանկում դնել: Եւ խոսքն այդ ավելին էր լինում, քան մի քանի կնիքներով հաստատված պայմանագիրը: Շատ ավելի մեծ հասկացություն է սպայի պատիվը: Հատկապես՝ հայ սպայի պատիվը, նրա համարձակությունն ու վեհանձնությունը: Մանկուց դաստիարակվել ենք հայ զորավարների վեհանձնությամբ, թե ինչպես են նրանք թշնամու արքային հաղթելուց հետո վեհանձն գտնվել և չեն պղծել նրա կանանոցը, թե ինչպես են անօրինակ քաջություն դրսևորած հակառակորդի գլուխը խնայել, թե ինչպես են ճշմարտությունն ասել սեփական արքային և հեռու պահել մոլորությունից և այլն, և այլն:

Բայց փոխվում են ժամանակները: Գործարարի խոսքն այսօր դրամից ավելի է արժեզրկվել, իսկ սպայական պատվի վեհ դրսևորումների մասին գնալով քիչ առիթներ ենք ունենում խոսելու: Մինչդեռ դրսևորման առիթներ միշտ էլ եղել են ու կլինեն:

Բոլորովին վերջերս նման առիթ էր ստեղծվել արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սէֆիլյանի հետ կապված պատմությունում: Ինչպես հայտնի է, նրան ազատազրկել էին մեկուկես տարով, և հիմնական մեղադրանքներից մեկն էլ ապօրինի զենքի կրումն էր: Մինչդեռ մարդու զենքն օրինական էր, և նա ստացել էր այդ զենքը որպես պետական պարգև: Եւ ահա նրա նեղ պահին պարզապես պետք էր հաստատել այդ զենքի օրինական լինելը: Թեև «նեղն ու լենը» կապ չունի՝ փաստը մնում է փաստ, ճշմարտությունը մնում է ճշմարտություն: Բայց պետական պաշտոնյաները զլացել են տրամադրել համապատասխան փաստաթղթերը, մեր ՊՆ-ից տեղեկացրել են համապատասխան ատյաններին, որ նման փաստաթղթեր գոյություն չունեն: Եւ մարդու, հերոսի, հայրենասերի վիճակն ավելի է նեղացել:

Որ այդ փաստաթղթերը կան՝ այնուամենայնիվ, ապացուցվեց, գտնվեցին դրանք և հիմա դատարանի տրամադրության տակ են: Ինչպես նաև դրանց առկայությունը հերքող պաշտոնական նամակները:

Անկախ նրանից, թե պաշտոնյաները, բանակի ղեկավարությունն ինչ կարծիք ունեն Ժ.Սեֆիլյանի մասին, անուրանալի է, որ նա արցախյան պատերազմի ամենափառապանծ հրամանատարներից է, մարդ, որ ուղղակի տրվել է մեր պայքարին, տրվել է հոգով ու մարմնով, գաղափարով ու սկզբունքով: Եւ իր նկատմամբ նման վերաբերմունքի, մեղմ ասած, արժանի չէ: Արժանիք ու ծառայություն էլ չունենար, միևնույն է՝ չպիտի ժխտվեր պետական պարգևի առկայությունը:

Սա մեծ հաշվով նրա ողբերգությունը չէ, սա մեր բոլորիս ողբերգությունն է:  Ի՞նչն է ամենացավալին՝ նրա մարտական ընկերներից, նրան քաջ ճանաչողներից ոչ ոք Արցախում նրան չաջակցեց այս հարցում, մեկը չգտնվեց, որ հաստատեր պարգևի մասին փաստաթղթերի առկայությունը: Սա, մեղմ ասած, հեռու է սպայական պատիվ հասկացությունից:

Այսօր, սակայն, դեռ ուշ չէ պաշտոնապես հաստատելու փաստաթղթերի գոյությունը: Գուցե դա էական չլինի պատերազմի հերոսին արդարացնելու-փրկելու գործում, բայց որ սպայական պատիվը փրկելու հարցում էական կարող է լինել՝ դա միանշանակ է:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ՄԻՄԻԱՅՆ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՎՃԻՌ»

Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանն արդեն ինն ամիս է կալանավորված է: Այս օրերին նրա, ինչպես նաև Վարդան Մալխասյանի և Վահան Արոյանի գործը գտնվում է վերաքննիչ դատարանում (դատը սկսվել է սեպտեմբերի 14-ին): Ներկայացնում ենք «Դեմո»-ի բացառիկ հարցազրույցը Ժիրայր Սէֆիլյանի դատապաշտպան Վահե ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

– Պարոն Գրիգորյան, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Ժիրայր Սէֆիլյանին դատապարտեց մեկ և կես տարվա ազատազրկման: Ո՞ր մեղքի համար:

– Ժիրայր Սէֆիլյանին ներկայացված երկու մեղադրանքներն էլ անհիմն են: Նա ինքը բազմիցս հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումը պայմանավորված է բացառապես քաղաքական շարժառիթներով, և կարծում եմ, որ անցած դատավարությունն ամբողջությամբ հիմնավորեց Ժիրայրի խոսքերի իրավացիությունը:

Նա մեղադրվում էր 2 հոդվածներով: Առաջինը և հիմնականը, որի հատկանիշներով էլ հենց հարուցվել էր քրեական գործը, ՀՀ քր. օր. 301 հոդվածն էր: Այն, մասնավորապես, վերաբերում է ՀՀ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչերին: Մեղադրող կողմն ի սկզբանե պնդում էր, որ Ժիրայր Սէֆիլյանն այդպիսի կոչեր է արել «Հայ կամավորականների համախմբման» դեկտեմբերի 2-ին կայացած հավաքի ժամանակ: Եվ եթե Ժիրայրն իր այդ ելույթում ուղղակի չասեր, որ «զենքով հարցը լուծելը անիմաստ է համարում», դատարանը հավանաբար նույնպես կհետևեր նախաքննության մարմնի օրինակին և կամայական մեկնաբանությունների հիման վրա մեղադրական վճիռ կկայացներ, ինչպես որ դա արեց Վարդան Մալխասյանի դեպքում: Բարեբախտաբար, այդ մի քանի բառերը որևէ այլ մեկնաբանության համար տեղ չէին թողնում և անգամ մեղադրող դատախազը դատավարության վերջում ընդունեց, որ Ժիրայրը բռնի իշխանափոխության ուղղակի կոչեր չի արել, և միայն տրամաբանորեն վերլուծելով են իրենք նման եզրակացության եկել: Արդյունքում առաջին ատյանի դատարանը ստիպված եղավ Ժիրայր Սէֆիլյանին արդարացնել այս հոդվածով:

Երկրորդ մեղադրանքը՝ ՀՀ քր.օր. 235 հոդվածի առաջին մասով է, որը պատասխանատվություն է սահմանում անօրինական զենք և զինամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու համար: Այս հոդվածով առաջին ատյանի դատարանը մեղադրանքը հիմնավորված համարեց և որպես պատիժ սահմանեց մեկ ու կես տարի ազատազրկում: Սակայն մենք այս մեղադրանքը նույնպես հիմնավորված չենք համարում և վերաքննիչ դատարանից միմիայն արդարացման վճիռ ենք ակնկալում:

– Ի՞նչ զենքի մասին է խոսքը և որտե՞ղ է այն հայտնաբերվել:

– ԼՂՀ-ին մատուցած ծառայությունների համար 1998թ. մայիսի 20-ին, ԼՂՀ պաշտպանության նախարարի թիվ 64 հրամանով Ժիրայր Սէֆիլյանը պարգևատրվել է «Մակարով» տեսակի ՌԿ-2291 համարի ատրճանակով, որը և առգրավվել է նրա աշխատավայրի խուզարկության ժամանակ: Դրանից բացի, ըստ մեղադրանքի, նրա բնակարանում և աշխատավայրում հայտնաբերվել են 92 փամփուշտներ, որոնց մեծ մասը «Մակարով» տեսակի ատրճանակների համար նախատեսված փամփուշտներ են, իսկ 14-ը՝ տարբեր այլ տրամաչափերի փամփուշտներ:

– Բայց չէ՞ որ այդ ատրճանակն օրինական է:

– Իհարկե՝ օրինական է: Մենք դատարանին ենք ներկայացրել երկու փաստաթուղթ: Դրանցից մեկը ԼՂՀ ՊՆ վերոհիշյալ հրամանն է, մյուսը՝ այդ հրամանի հիման վրա հրթիռահրետանային ծառայության տրամադրած ատրճանակի ապրանքագիրը: Իսկ ահա նախաքննության մարմինն այդ հարցում շատ անբարեխիղճ է գտնվել և չի էլ ցանկացել պարզել զենքի օրինական լինելու բավական ակնհայտ հանգամանքը: Ավելին, նախաքննական մարմինների հարցումներին ի պատասխան՝ ԼՂՀ պաշտպանության բանակից ստացվել են իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ փաստաթղթեր: Նախ, 2007թ. փետրվարի 20-ին գեներալ Սեյրան Օհանյանի ստորագրած գրության վերջում ասվում է, որ ՊԲ ՀՀՍ ծառայության ընդհանուր հաշվառման փաստաթղթերում ՊՄ տեսակի ՌԿ-2291 համարի ատրճանակ չի հաշվառվում և ոչինչ չի ասվում այդ զենքով Ժիրայրին պարգևատրելու մասին: Սա չի բավարարել նախաքննական մարմնին, որն ակնկալում էր Ղարաբաղից ստանալ այնպիսի պատասխան, որից կարելի լինի եզրակացնել, որ Սէֆիլյանի հայտարարությունը ատրճանակի պարգև լինելու մասին սուտ է: Նրանց երկրորդ հարցմանը պատասխանել է ոչ թե պաշտպանության նախարարը, այլ ՊԲ սպառազինության շտաբի պետ, գնդապետ Միրզոյանը: Նույնը կրկնելով՝ նա ավելացրել է, որ Ժիրայր Սէֆիլյանին ԼՂՀ ՊՆ-ի կողմից անվանական զենքով պարգևատրման մասին որևէ տվյալ չկա: Նրա այդ պատասխանը միանշանակ հերքվեց դատարանին ներկայացված փաստաթղթերով՝ ԼՂՀ ՊՆ հրամանով և զենքի տրման ապրանքագրով:

Դժվար է պատկերացնել, որ ԼՂՀ ՊԲ-ում հրազենի հաշվառումը այնչափ անփույթ է վարվում, որ ՊԲ ՀՀՍ ծառայության պետը նախարարի հրամանի հիման վրա ապրանքագիր ստորագրի և դրա մասին ծառայության համապատասխան մատյաններում գրառումներ չկատարի: Սա ևս հաստատում է մեր պաշտպանյալի իրավացիությունը, որ նախաքննական մարմնի առջև խնդիր էր դրված բոլոր միջոցներով, մինչև ընտրությունների ավարտը, կալանքի տակ պահել իրեն, և որ ԼՂՀ բանակից կեղծ բովանդակությամբ տեղեկանքների ստացման պատճառները նույնպես քաղաքական են:

– Եթե դուք դատարանին ներկայացրել եք համապատասխան փաստաթղթեր՝ զենքի օրինական լինելու մասին, այդ դեպքում ի՞նչ հիմքով է դատարանը դատապարտել Ժիրայր Սէֆիլյանին 235 հոդվածի մասով:

– Վճռի մեջ մեր ներկայացրած փաստաթղթերին դատարանը ոչ մի գնահատական չի տվել: Այնինչ դրանցով ակնհայտորեն հերքվում են ԼՂՀ ՊՆ Ս.Օհանյանի և ՊԲ սպառազինության շտաբի պետ Միրզոյանի տված պատասխաններում առկա կեղծ տեղեկությունները: Ավելին, դատավճռում վերջիններիս պատասխանները հիշատակվում են որպես մեղադրանքը հաստատող ապացույցներ: Բացի այդ, խուզարկության արձանագրությունները, որոնցում հիշատակվում է փամփուշտների առգրավման մասին, կազմվել են օրենքի պահանջների էական խախտումներով և չեն կարող ապացույց համարվել: Սակայն, եթե անգամ դրանք ապացույց համարվեն, ապա ստացվում է, որ մի շարք պարգևների արժանացած պատերազմի վետերանին, զորամասի հրամանատար սպային որպես պարգև ստացած զենքի և մի քանի տասնյակ փամփուշտի համար դատապարտում են մեկուկես տարվա ազատազրկման:

– Իսկ ի՞նչ է սպասվում վերաքննիչ դատարանում:

– Երբ գործը քաղաքական գունավորում ունի, դժվար է կանխատեսումներ անել, որովհետև նման դեպքերում իրավական գնահատականները հետին պլան են մղվում: Այնուամենայնիվ, զուտ իրավական փաստերի հիման վրա երկու հոդվածներով էլ մենք ակնկալում ենք միմիայն արդարացման վճիռ:

Իրականում նախաքննության մարմինը բոլորից լավ գիտեր, որ Ժիրայր Սէֆիլյանին ներկայացված մեղադրանքները շինծու են: Որպեսզի կարողանային նրան ամիսներ շարունակ կալանքի տակ պահել՝ պետք էր ստել, չնկատել խնդրո առարկա ելույթում առկա այն խոսքերը, որոնք միանշանակ հաստատում էին Ժիրայրի անմեղությունը, ինչպես նաև կեղծ տեղեկանքներ կցել գործին զենքի վերաբերյալ:

– Այսինքն՝ կարելի է պնդել, որ ԼՂՀ ՊՆ-ին և ՊԲ-ին ուղղված հարցումների պատասխանները նպաստել են Ժիրայր Սէֆիլյանի կալանքի երկարաձգմանը և մեղադրական վճռի կայացմանը:

– Միանշանակ:

– Իսկ ԼՂՀ բանակի ղեկավարությունը հիմա կարո՞ղ է ուղղել իր սխալը: Ուշ չէ՞:

– Երբեք ուշ չէ: Ատրճանակի օրինական լինելը անհերքելի փաստ է: Բայց ճիշտ կլիներ, եթե ԼՂՀ ՊԲ ղեկավարությունը հետ կանչեր գործում որպես ապացույց հիշատակվող իր գրությունները և դրանցում անհրաժեշտ ճշտումներ կատարեր: Բացի այդ, այն կարող էր հանդես գալ որպես հեղինակավոր երաշխավոր, ինչը, ամենայն հավանականությամբ, կնպաստեր Ժիրայր Սէֆիլյանի արդարացմանը և ազատմանը:

Հարցազրույցը վարեց Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

——————————————————————————————-

Հիշողություն

ՀՈՐ ՊԵՍ

Շնորհալի լրագրող էր Նվարդ Օհանջանյանը, իր շնորհաշատ հոր՝ արցախցի սիրված գրող Վազգեն Օվյանի մյուս զավակների պես խելոք և ուշիմ: Հոր ամենասիրելի զավակն էր. միգուցե հայրը հենց նրա մեջ էր տեսնում իրեն, իր ներաշխարհի հայելին: Ցավոք սրտի, հոր նման էր Նվարդը նաև չապրած կյանքով, հոր պես վաղամեռիկ: Գոնե դրանում նման չլիներ սիրելի հայրիկին… Իր չապրած կյանքից հայրը երևի հենց նրան էր ամենամեծ բաժինը թողել, ապրելու բաժինը: Ավաղ, այդպես չեղավ:

Ու՞մ է «տալու» Նվարդն իր չապրած կյանքը… Շատ էր սիրում եղբոր՝ Վարդգեսի երկու զավակներին, այնքան շատ, որ մտերմիկ շրջապատում երբեմն կատակի էինք վերածում: Մի օր, Օվյանների տանը մի ուրախության ժամանակ, խմելով Նվարդի կենացը, ես ասացի, որ երեխաներին սիրելու հարցում, իհարկե, հորաքույրը մի քիչ… Դիտմամբ պաուզա արեցի թեթև ինտրիգի համար ու ավելացրի… մի քիչ ավելին է սիրում, քան երեխաների ծնողները: Ընդհանուր աշխուժության ֆոնի վրա նրա ու քրոջ՝ Նարինեի բարի ժպիտներն ամենամեծ գնահատականն ու վերաբերմունքն էին այդ պահին:

Ուրեմն՝ Աստված պահի Վարդգեսի զավակներին ու բոլոր երեխաներին:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

«ԲԱՐԵՎ, ժՈՂՈՎՈՒՐԴ»

Նվարդ Օհանջանյանի հիշատակին

Շատ դժվար է գրել այս տողերը… Ուղեղս ոչ մի կերպ չի հաշտվում այն մտքի հետ, որ Նվարդ Օհանջանյանը մեզ հետ չէ:

Միշտ ժպիտը դեմքին, կոկիկ հագնված, ուրույն զարդերով իր հմայքն ընդգծած, աշխույժ: Մեկ-մեկ անտրամադիր էր լինում: Ասում էի՝ քեզ չի սազում տխուր լինելը: Իսկույն պայծառանում էր, բայց… նաեւ ավելացնում. «Էհ, Սուսան, կյանքը դժվար բան է»: Ի՞նչ էր ուզում ասել՝ չգիտեմ, փակագծերը չէր բացում: Նման պահից հետո սովորաբար անցնում էր գրականության, արվեստի մասին զրույցի: Եւ մենք, եթե ժամանակը ներում էր, ժամերով խոսում էինք հայ, համաշխարհային գրականության մասին: Կարեւոր չէր, թե որ հեղինակին, որ ստեղծագործությունն էր նախընտրում, իսկ որին, ինչպես ինքն էր ասում, պարզապես հարգում տաղանդի համար: Կարեւորն այն էր, որ փաստարկում, վերլուծում էր, փորձում էր համոզել, որ ճիշտ է ընկալում հեղինակի գրածը:

Մենք մտերիմ ընկերներ չէինք, բայց… բացակայությունը նրա ցավ է պատճառում: Անգամ այսքանը գրելիս թվում է, թե հենց այս պահին կերեւա իր սիրած կարմիր զգեստով, «բարեւ, ժողովուրդ» ողջույնը ժպտացող շուրթերին, եւ բոլորը կշրջվեն, բարեւը կառնեն, կոմպլիմենտներ կշռայլեն…

Շատ էիր սիրում պարել, միշտ հիշում էիր Ռիչարդ Գիրի եւ Ջենիֆեր Լոպեսի դերակատարությամբ «Եկեք պարենք» ամերիկյան ֆիլմը: Ասում էիր՝ գրիր այդքան բարի ու ոգեւորիչ այդ ֆիլմի մասին ու կոչ արա Ստեփանակերտի կանանց ու տղամարդկանց պարի ակումբ ստեղծելու: Համոզված էիր, որ դասական, լատինաամերիկյան եւ զուտ հայկական պարեր սովորելու համար անպայման  կհավաքվեն ստեփանակերտցի կանայք ու տղամարդիկ, ինչպես ֆիլմի հերոսները, այնպես էլ մենք վարպետորեն ու հաճույքով կպարենք այդ հրաշագործ պարերը:

Հավատում եմ՝ լուսավոր հոգիդ դեպի երկինք է ճախրում: Հավատա, որ մեզ հետ ես միշտ՝ մեր, քո գործընկերների հիշողության, զրույցների մեջ:

Օրերս մի հաշմանդամի, որի մասին գրել ես բազմիցս, մայրն էր զանգում, քեզ էր ուզում… ու դարդ էր անում, ասում. «Ախր շատ է օգնել որդուս, ես ինչպե՞ս հիմա նրա պատասխանը տամ»:

Քո սիրած Մեծն Թումանյանն էր ասում՝ «Մարդու գործն է միշտ անմահ»: Անմահ գործեր շատ ես հասցրել անել կարճատեւ քո կյանքում, բարին արարել ծանոթ  թե անծանոթ մարդկանց համար: Ուրեմն անմահ կմնաս քո գործերով բոլորիս համար:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

——————————————————————————————-

ՆԱՄԱ՞Կ, ԹԵ՞ ԴԱՌԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հնազանդ տատիկի նամակը

«Հարգելի խմբագրություն:

Այդ ահավոր օրը հիմա էլ աչքիս առաջ է: Ամուսիններով ապրում էինք Արցախի մի այնպիսի գեղատեսիլ, անտառապատ վայրում, որն ուղղակի դրախտային վայր է: Սակայն պատերազմը հոգուս ծաղկունքից քամեց մի այնպիսի դառնություն, որից գլխիս հյուսվում է մի սեւ պսակ: Չքնաղ գյուղի ճոխությունը կնճռոտվեց: Եվ մենք ստիպված տեղահան եղանք՝ անցնելով գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, հանրապետությունից հանրապետություն: Այդպես ահ ու սարսափի մեջ մի կերպ դիմացանք: Ճիշտ է, հավատում էինք, որ շուտով պատերազմը կդադարի: Իհարկե, վախենում էինք ասել նաեւ, թե ում օգտին կդադարեր: Մե՞ր, թե՞ նրանց:

Ես եւ ամուսինս տեսանք մի քանի պատերազմների արհավիրքներ: Ամուսինս Մեծ հայրենականի մասնակից էր, վիրավորվել էր եւ մինչեւ արցախյան պատերազմի ավարտը թեւի մեջ կրում էր պատերազմից հիշատակ մնացած բեկորներ: Այնուհետեւ Արցախի վիշտը վերջնականապես ճնշեց նրա սիրտը: Նա մահացավ:

Մեր քաջ տղաների արյան գնով փրկվեց մեր գյուղը: Թոռնիկիս հետ մեկնեցի այնտեղ՝ վերականգնելու հողին հավասարեցված տունը: Դիմեցինք տարբեր ատյանների ղեկավարների, ստացանք խոստումներ ու հույսեր: Դրանցով էլ ապրում էինք: Ապրում էինք հույսով, բայց ձեռքներս ծալած չէինք նստում: Թոռնիկիս օգնությամբ մի փոքրիկ խրճիթ պատրաստեցինք: Դա տուն կառուցելու նրա առաջին փորձն էր: Սակայն այդ խղճուկ խրճիթում եղած առողջություններս էլ քայքայվեց: Թոռնիկս մի կերպ դիմանում էր, իսկ իմ վիճակն այնքան վատթարացավ, որ ստիպված եղա թոռնիկիս խնդրել, որպեսզի տեղափոխվենք: Տեղափոխվեցինք մի այլ կացարան, մինչեւ որ կառուցեն խոստացված տունը: Դարձյալ դիմեցինք ղեկավարությանը: Պատասխանեցին, որ թոռնիկիս երկու տարվա ծառայությունից հետո այն պատրաստ կլինի՝ իբրեւ երիտասարդ ընտանիքի համար կառուցվող տուն:

Ինչ որ է, ճարահատ սպասեցինք: Թոռնիկս բարով-խերով ծառայեց ու, փառք Աստծո, վերադարձավ ողջ-առողջ: Բայց ծառայությունից հետո էլ ստիպված եղանք ապրել նույն խրճիթում: Ավերված տանս տեղը նորը կառուցելու չիրականացված երազներս ստիպեցին չհավատալ ղեկավարներին: Դադարեցինք դիմումներ գրել: Հույսս ինձնից հանեցի ու թողեցի Աստծուն: Սակայն թոռնիկս հույս էր տալիս ինձ, թեկուզ նրա աչքերում արդեն մեծ հիասթափություն էի նկատում: Առողջությունս օր- օրի վատացավ եւ ստիպված եղա համաձայնվել ՌԴ  մեկնելու եւ բուժվելու առաջարկին: Թոռնիկս չկարողացավ ինձ հետ մեկնել, որովհետեւ ուսանող է: Հիշում եմ հրաժեշտի նրա վերջին խոսքերը. «Սիրելի տատիկ, մինչեւ առողջանաս ու բժշկվես՝ տունդ պատրաստ կլինի: Սպասում եմ վերադարձիդ, որպեսզի միասին կատարենք պապիկի խնդրանքը: Ուժ հավաքիր, որ շենացնենք մեր նոր տունը»:

Ցավոք, առողջանալու հույս արդեն չկա: Օր-օրի ավելի է վատանում առողջությունս: Ներշնչանքս  էլ այնքան խորն է, որ նույնիսկ բարձրանամ մի բարձունք ու ճչամ անարդար ցավի ամպրոպից, դարձյալ անօգուտ է: Նույնիսկ չգիտեմ՝ թոռնիկս դեռ հյուսո՞ւմ է հույսի կամուրջ, թե՞ նա էլ ինձ պես դադարել է… Մահս հյուրս է: Խնդրել եմ մի քանի րոպե, որպեսզի ցավոտ մտքերս հյուսեմ: Հուշերս հուշարձան են արդեն: Շուտով մեռնելու եմ, եւ թոռնիկս էլ հնարավորություն չի ունենա հող լցնել վրաս… Չգիտեմ, նամա՞կ, թե՞ դառը իրականություն վերնագրեմ: Կարծում եմ, թոռնիկս կհասկանա ինձ:

Աստված պահպանի թոռնիկիս, բոլոր ափերում ծվարած հայորդիներին, ինձ պես անօգնական, անհույս մեռնող մարդկանց»:

Թոռնիկի նամակը Հնազանդ տատիկին

«Սիրելի տատիկ, նամակդ ստացա ու հանձնում եմ խմբագրությանը:

Ներիր, որ չկարողացա գալ ու լացել գերեզմանիդ: Գիտեմ, որ կներես: Նամակդ կարդացի պապիկի գերեզմանի մոտ: Արցունքներս, որ պետք է ուլունքի պես շարվեին գերեզմանիդ, պապիկի շիրիմին հանձնեցի: Հուսով եմ, պապիկը կհաղորդի մտքերս, որ դեռ տուն կառուցելու հույսը պահպանում եմ եւ շարունակում ուսումս: Արդեն հույսս ինձ վրա է: Առայժմ հույսով ապրում եմ սրտացավ ու բարի մարդկանց հետ:  Համոզված եմ, որ սովորելով կհասնեմ այն օրվան, որ կկարողանամ կառուցել ոչ միայն մեր, այլեւ մեր նմանների տները:

Սիրելի տատիկ, հոկտեմբերի կեսին մահվանդ առաջին տարին է, եւ հուսով եմ, որ գոնե այդ ժամանակ կկարողանամ լացել գերեզմանիդ…

Պապիկի գերեզմանոցին ինչքան լացեցի՝ չհանգստացա: Կարծես դա նրա բաժինն էր: Արցունքներս, որ թափում էի քեզ համար,  ուղղակի քեզ հաղորդելու մխիթարող տարբերակն էր: Խոստովանեմ, որ սիրտս դեռ քարացած է: Քեզ կենդանի տեսնելու կարոտս փլվել եւ գրեթե ամեն օր փարվել է սրբազան նկարիդ: Մինչ այսօր ողջ ես ինձ համար: Ողջ ես, որովհետեւ չեմ տեսել մահդ: Խոստանում եմ, որ կպահեմ խորհուրդներդ հոգուս եւ սրտիս մեջ: Չէ՞ որ դու ստիպեցիր ապրել, ճեղքել կյանքի բոլոր պատնեշները ու պայքարել հանուն վաղվա:

Այսօր ինձ հետ չես, եւ կարծես ուժերս իրենց զորությունն են կորցրել: Գուցե նոր ուժ առնեմ՝ արտասվելով գերեզմանիդ: Բայց մի նեղվիր: Ինչ բարդ իրավիճակի էլ հանդիպում՝ դարձյալ ճեղքում ու գնում եմ առաջ: Ապրում եմ հույսով, երազներով, սիրով ու սպասումով:

Ահա եւ նամակիդ պատասխանը, որը հանձնում եմ խմբագրությանը:

Իմ թանկագին տատիկ, իմ թանկ հիշողություն»:

Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Շահումյանի շրջանի Եղեգնուտ համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ

——————————————————————————————-

Հետադարձ հայացք

ԱՆԴՐԱԴԱՐՁ

Կյանքի հերոսները գրքի հերոսներից ավելի գեղարվեստական են:

Ֆրեդ Աֆրիկյան

Պատերազմը վաղուց ավարտվել է:

Երևանից դուրս եկանք արևածագին ու փոքր թոռնիկս՝ Մանեն« քնաթաթախ կրկնում էր՝ «Արևը դուրս գա« որ մութը կորչի»: Կրկին Ղարաբաղի ճանապարհին եմ« մեքենան սլանում է« ես վարում եմ այն« ասես քանդելով հուշերիս կծիկը: Չկա արկերի վայոցը« խաղաղ բնությունը հովվերգական է« բայց ամեն պահ պատերազմի ուրվականը հետապնդում է ինձ: Կարծես լուսանկարչական խցիկը մի պահ թարթում է աչքը, ու այսօրվա հարթ ճանապարհի« խաղաղ գյուղի« կանաչ անտառի փոխարեն համառորեն հառնում է անցյալի պատկերը՝ ռմբակոծություններից առաջացած փոսորակներ« ավերակ տներ« վշտից արձանացած մարդկանց ստվերներ… Մղձավանջը հետապնդում է« թեև աշխույժ է շուրջս և ուրախ առիթով եմ ուղևորվում Ղարաբաղ: Ի՞նչ կա առավել երանելի« քան այն« որ սիրելի թոռնիկներիս տանում եմ ամառանոց: Կհանդգնե՞ի ես պատերազմի տարիներին թեկուզ երազել այդ մասին: Հարսիս՝ Մարիամի ծնողները Ղարաբաղից են« թեև նա ծնվել ու մեծացել է Երևանում: Հայրը՝ գնդապետ Լամբերտ Հովսեփյանը« չլդրանցի է: Նա նույնպես պատերազմի մասնակից է և արդեն զինվորական կենսաթոշակի է անցել: Վերանորոգել է հայրական տունը Չլդրանում և դրանով շատ է հպարտանում: Մայրը՝ Լորա Մովսիսյանը, Մոխրաթաղից է, ճանաչված բժշկուհի է Երևանում:

Պատերազմից հետո ընդամենը մեկ-երկու անգամ եմ առիթ ունեցել Ղարաբաղ այցելելու: Այս տարի ես ստանձնեցի այդ հաճելի հոգսը՝ որդուս ընտանիքը հասցնել Ղարաբաղ:

Շուշիի մատույցներում չնկատեցի ուղենիշը և հատեցի օղակաձև ճանապարհը: Ավտոտեսուչը ձեռքի հատու շարժումով նշան արեց: Կանգնեցնելով մեքենան, մոտեցա: Նա անթափանց խստությամբ ստուգեց փաստաթղթերս և հարցրեց.

— Բժի՞շկ եք:

Նկատել էր դիմապակուն փակցրած բժշկական խաչը: Հետո անսպասելի ժպտաց, պատվի առավ ու վերադարձնելով փաստաթղթերը« բարի ճանապարհ մաղթեց:

«Մարությանի արժանիքների շնորհիվ է«- մտածեցի ես«- այս մարդիկ առ այսօր հիշում են բուժաշխատողների նվիրումը»:

Պատերազմի տարիներին ռազմաբժշկական ծառայության ղեկավարը ասես միաժամանակ հասցնում էր լինել ամենուր« որտեղ հրատապ զգացվում էր նրա պահանջը« որտեղ վիրավորների մեծ հոսք էր սպասվում: Երկու տարի առաջ« երբ «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմը (որի բժիշկն էի) հյուրընկալվում էր Ղարաբաղում« ես այցի գնացի Վալերի Մարությանի շիրմին ու մի քանի ծաղիկները« որոնք դրեցի հուշաքարին« ավելի քան խոսուն էին: Մեր խոնարհումը Ձեզ« սիրելի բժիշկ: Իսկ ի¯նչ մեծարանքով էր վերաբերվում նրան լեդի Քերոլայն Քոքսը:

Լոնդոնում ու Ջիբրալթարում մեր ազգի մեծ նվիրյալը հյուրընկալվեց «Կիլիկիայի» վրա: Նավը զննելիս նա ասաց, որ Հայաստան է այցելել վաթսուն անգամ: Զորի Բալայանը պնդեց, որ լեդի Քոքսը վաթսունմեկ անգամ է եղել Հայաստանում: Նրանք անգամ գրազ եկան  և այն շահեց գրողը, քանզի «Կիլիկիայի» տախտակամածը Հայաստանի տարածք է համարվում: Անգլուհին ծափերով ընդունեց իր «պարտությունը». մենք մեր Հայրենիքի հողին ավելացրել էինք ութսունհինգ քառակուսի մետր: Ճիշտ այդքան է առագաստանավի տախտակամածի մակերեսը: Լեդի Քոքսի հետ երկար զրույցներ ունեցա՝ պատերազմի խաչուղիներում քանիցս հանդիպել էինք:

Երբ նավի անձնակազմը Գանձասար էր մեկնում« միկրոավտոբուսի վարորդի դեմքը ծանոթ թվաց« նա էլ ինձ ճանաչեց ու մենք ողջագուրվեցինք՝ հոսպիտալի վարորդ Էդիկն էր: Պատերազմից հետո չէինք հանդիպել: Նրան խնդրեցի ցույց տալ Առաջաձորի մեր հոսպիտալի տեղը: Ինքնուրույն չէի գտնի« միանշանակ չէի գտնի« թեև Խաչեն գետը հուշում էր« թե ահա այս կողմերում պետք է փնտրել: Տեղանքը փոխվել էր՝ ծառերն ու թփուտները ծածկել էին նախկին բացատը« որտեղ մի ժամանակ վրաններն էին կանգնած: Միայն մի քանի ժայռեր էին անսասան կանգուն՝ նրանց միջև պաշտպանվում էինք գնդիկավոր ռումբերից: Այստեղ նաև մեր ռազմադաշտային խոհանոցն էր« խոհարար Գարիկի պատրաստած տնական կերակուրները անասելի համեղ էին թվում բոլորին:

Պատերազմի տարիներին հոսպիտալները շատ էին և տարբեր ժամանակներում աշխատելով Դրմբոնում« Չլդրանում« Առաջաձորում« Ստեփանակերտում« Ֆիզուլիում« ստեղծել էինք մեր անխախտ ու հարազատ միաբանությունը՝ բուժաշխատողներս մի առանձնակի պատկառանքով էինք վերաբերվում միմյանց: Անասելի երախտագիտությամբ եմ հիշում հատկապես բուժքույրերին« քանզի մենք տղամարդ ենք« տոկալը մեր «պարտականությունն» է: Բայց ի¯նչ ահավոր պահանջ էր ստիպել մեր սիրասուն քույրերին պատերազմ գնալ և օրնիբուն տառապել ամեն վիրավորի հետ« վերապրել նրանց ցավը ու նաև երջանկանալ« եթե մարտիկը կյանք էր վերադառնում:

Թերթում եմ պատերազմի մասին գրած գրքույկներս, հոդվածներս ու տարիների մշուշից հառնում են իմ բոլո¯ր-բոլոր գործընկերները՝ Պավելը« Սարգիսը« Արցախը« Տարոնը« Լևոնը, երկու Արայիկները« Վարուժանը, Աշոտը« Արմենը« Կամոն« Սուրենը« Գրիգորը« երկու Արթուրները, Սերգեյը« երեք Կարենները, Ալեքսանդրը, Արկադին, վաղամեռիկ Վալերիկը, Արտակը, Լյոնյան… Մի՞թե կարելի է մոռանալ բուժքույրեր Արևիկին« Անժելային« Անյուտային« Մարինեին« Կարինեին« Ստելլային« երկու Լիդաներին« երկու Աիդաներին« երկու Լյուդաներին« Մարիետային« Գայանեին« Ալլային« Էլմիրային, Մանուշակին: Այն վարորդներին« որոնք վտանգելով իրենց կյանքը, մարտադաշտից հոսպիտալներ էին տեղափոխում վիրավորներին՝ Էդիկը« Համոն« Ռաֆիկը« Լյովան: Հիշում եմ հերոս օդաչուներին, անվախ լրագրողներին, կինոօպերատորներին, «Սպիտակ» և «Արցախ» փրկարար ջոկատների անդամներին՝ բոլորը միասին են կռել Հաղթանակը:

Որտե՞ղ եք դուք« իմ հարազատներ« անցած տարիների թանկագին հիշողություններ« պատերազմի հերոս« բայց համեստ մշակներ: Հասմիկը ուսուցչուհի էր Վանաձորից՝ որդին սեպտեմբերի մեկին առաջին դասարան պետք է գնար« բայց մայրը չէր կարողանում թույլ տալ իրեն հեռանալ հոսպիտալից՝ խնամում էր վիրավորներին:

Աիդան մերթ ռազմի դաշտում էր՝ զենքը ձեռքին« մերթ հոսպիտալում գթության քրոջ իր առաքինի գործն էր կատարում:

– Մի անգամ դիրքերում,- հիշում էր նա վերջերս,- կտրված էինք բոլորից, երեք օր ոչինչ չէինք կերել: Վերջապես երևաց մի բեռնատար, վարորդի մոտ մի ամբողջ հաց կար, այն էլ բորբոսնած էր: Քերեցի հացը ու կրակի վրա տաքացրեցի: Ամեն մեկիս մի կտոր հասավ: Դրանից համեղ երբևէ ոչինչ չեմ կերել: Այդ հացի համը մինչև հիմա բերանումս է: Մի՞թե լինելու բան է, որ պատերազմի օրերը մարդ երանությամբ հիշի… Որովհետև շահ չկար, հավատ կար, նվիրում, մաքրություն, նպատակ և հույս:

Աիդան այսօր բժշկուհի է, ռազմաբժշկական ծառայության մայոր:

Իդան Հադրութից էր, սովորում էր Երևանի բժշկական ինստիտուտում, թողնելով ուսանողական անհոգ առօրյան, պատերազմ էր եկել ու Ֆիզուլու հոսպիտալում օգնում էր մեզ՝ ինչով կարող էր, անգամ մայրապետի գործն էր կատարում այդ բարյացակամ, ժպտերես աղջիկը ու չէր տրտնջում երբեք: Հիշում եմ՝ վիրահատության ժամանակ օգնում էր ինձ, ես էլ ինչ-որ պահ դժգոհեցի, որ վարժ չի աշխատում: Հետո միայն իմացա, որ կյանքում առաջին անգամ էր լվացվել վիրահատության: Երևի թե ներողություն էլ չխնդրեցի այդ հրեշտակից՝ լարված զսպանակ էինք դարձել, մոռացել նրբանկատության մասին: Նա հիմա գինեկոլոգ է աշխատում Երևանում, ամուսնացել է, երկու բալիկ ունի:

Հոսպիտալներում աղջիկները վիրավորներին խնամելուց բացի հասցնում էին քրոջ գորովանքով սեղան գցել, անգամ մուրաբա եփել, երբեք չկորցնելով կանացի իրենց հմայքը: Մեկ էլ մի սրտացավ գյուղացի մածուն էր բերում, եփած հնդկահավ կամ ժանգյալով հաց.

– Կերեք, մատաղ, սոված կլինեք:

Իսկ բժիշկները ջուր էին կրում, փայտ կտրում, զենքը ձեռքներին հսկում հոսպիտալը, երբեմն միրգ ու հատապտուղ հավաքում անտառում: Վիրահատում էինք, ամոքում վիրավորներին, երբեմն անզորությունից թևաթափ լինում, եթե մահն էր հաղթում այդ օրհասական մենամարտում: Ամեն զոհված մարտիկը օջախի սյուն էր ու տան ճրագ, որի լույսը չկարողացանք վառ պահել: Ներեցեք մեզ, մայրեր, եթե կարող եք, ոչ բոլորի զավակներին կարողացանք փրկել…

Այն դժնդակ օրերին հիշելով թիկունքում մնացած իմ գործընկերներին, մտորում էի՝ վերջապես ամեն մեկին բախտ չի վիճակվում աշխատել ռազմադաշտային հոսպիտալում: Ամենակարևորը« ինչպես սիրում էի կատակել« երբ մեծանամ« թոռներիս պատմելու բան կունենամ…

Եվ ահա Չլդրանում եմ: Պատերազմի ժամանակ այն ինձ թվում էր հավաք ու խիտ բնակատեղի: Պարզվում է« որ գյուղը արձակ փռված է բլուրների վրա և մեծ տարածք է զբաղեցնում« թեև այսօր բնակիչները խիստ սակավաթիվ են: Կանգնած եմ Քրքորիկ թաղամասի բարձունքին ու առաջին անգամ զգում եմ այդ գյուղի հմայքը՝ տների միջև անգամ խոտհարքներ կան ու անտառակներ: Ինձ ներկայացնում են Տանձենին, որի մոտ առ այսօր գյուղի սիրահարները ժամադրություն են նշանակում: Ասում են, թե անգամ տարեց ամուսինները, եթե վիճել են, հաշտվելու համար այդ ծառի տակ են հանդիպում: Պատկառելի ծառ է. անգամ պատերազմը չի կարողացել խանգարել նրա առաքելությանը՝ կենդանի Սիրո հուշարձան է, բայց ոչ ոք չի մտածել այդ մասին:

Հարցնում եմ հոսպիտալի տեղը« ցույց են տալիս« թե որ ուղղությամբ գնամ: Ահա՝ չեմ սխալվել« սպիտակ« երկարավուն շինությունը« որը մեր հոսպիտալն էր: Դուռը փակ է« շրջակայքում մարդ չի երևում: Քայլում եմ շուրջը« գտնում արկերի թողած հետքերը պատերի վրա: Թոռնիկներս, անտեղյակ հոգուս փոթորկին« անհոգ վազվզում են խոտերի վրա« իսկ ես մի ուրիշ տանձենի եմ հիշում« որը աճել էր հոսպիտալի բակում և որի բունը թրի նման կտրել էր թշնամու արկը: Չգտա պատերազմի այդ համր վկային՝ երևի վիրավորվելուց հետո իր մեջ ուժ չէր գտել վերածնվելու: Մի քանի լորենի հասակ են առել հոսպիտալի մոտ: Իսկ մուտքի հարթակը այն ժամանակ այնքան էր ներծծված արյունով« որ հնարավոր չէր մաքրել: Պարզվում է« որ հնարավոր է՝ տարիները վերացրել են նաև արյան հետքերը: Մեր հոսպիտալը շտաբի հարևանությամբ էր և տարածքը հետևողականորեն ռմբակոծում էին: Հերթական հրետանակոծման ժամանակ շենքը համարյա քարուքանդ եղավ« Անժելան վիրավորվեց թևից: 1992 թվականի ամառն էր: Մեզ տեղափոխեցին անտառով քողարկված մի տարածք Ցեխձորում, և այնտեղ սկսեց գործել Առաջաձորի հոսպիտալը: Անձնակազմերը հերթափոխով հաջորդում էին իրար և ես մերվելով նորեկներին« կարոտում էի մեկնող բուժաշխատողներին:

– Պապիկ, դու այստեղ կռվե՞լ ես,- հարցնում  է մեծ թոռնիկս՝  Անուշիկը« ու զարմացած նայում է շուրջը:

Պատերազմի հասկացությունը նա մի անգամ ամփոփել էր՝ նկարելով մի տանկ ու անվարժ ձեռքով մակագրել՝ «Պատերազմ»: Բայց խոստովանեմ« որ ինձ առավել դուր են գալիս նրա նկարած ծաղիկները« տնակներն ու արևը: Տա Աստված« որ Անուշիկը պատերազմը պատկերացնի իր նկարած տանկով միայն: Իսկ Մանեն, բոլորովին անտեղյակ աշխարհի չարից« մանկական անմիջականությամբ հրճվում էր շրջապատով ու միայն մեղուներին տեսնելով էր վախենում.

-Ճա՛նճը,- բացականչում էր նա:

Ու նայելով երեխաների անմեղ ժպիտով ողողված դեմքերին« վերջապես ինձ համար պարզվեց շատ կարևոր մի բան« որի պատասխանը երկար էի փնտրել©©. Մենք պատերազմ գնացինք« որ երկիրը լիաթոք շնչի, որ մեր թոռնիկները անհոգ վազվզեն« վայելեն այսօրվա հրաշալի օրը և ինչու չէ՝ նաև հանգիստը անցկացնեն իրենց պապիկի գյուղում…

Գեւորգ ԳՐԻԳՈՐՅԱՆ
 Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբույժ, պատերազմի մասնակից
20 օգոստոսի 2007թ.

——————————————————————————————-

Մշակույթ

ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է

Բարի լույս «Դեմո»-ի ընթերցողին

Նիկ ՎԱԳՆԵՐ

Իմ կարծիքով, Վիլյամ Սարոյանը «Իմ սիրտը լեռներում է» պիեսը գրելիս  ներշնչվել է Հովհաննես Թումանյանի «Հայող լեռներում» բանաստեղծությունից: Ճիշտ է, պիեսի դեպքերը Հայաստանում չեն տեղի ունենում, այլ 1914 թ.՝ Ֆրեզնոյում: Թե Հովհաննես Թումանյանը եւ թե Վիլյամ Սարոյանը գրել են մարդկային հոգու հանդեպ հավատի մասին, այն հավատի մասին, որ «մեր ժողովրդի մեծ հոգին» /Հ.Թ./ կօգնի մեզ «գեղեցիկի համար հավերժական պայքարում» /Վ.Ս./, որ կօգնի հաղթահարել դժվարություններն անգամ «նոր աշխարհակարգում»:

Մայիսի 13-ին ես եկա Երեւան եւ ապրում էի «Զատիկ» մանկատանը, որ գտնվում է Քանաքեռում: Ամսվա վերջին գնացի Արցախ, որ այցելեմ Ստեփանակերտում ապրող մի ընտանիքի, որ 2002թ. մայիսից ճանաչում էի: Ամսի 31-ին հայոց լեռներով Երեւան վերադառնալով՝ հասա մի վայր, որ 2002 թ. կոչել էի «աշխարհի գագաթը»: Արցախի սահմանի եւ Գորիսի միջեւ գտնվող վառ կանաչ բլուրները եւ փոքրիկ ժայռաբեկորներն են մտքիս, երբ կարդում եմ Սարոյանի առաջին պիեսի երկխոսությունները եւ Հովհաննես Թումանյանի 1902 թ. գրած բանաստեղծությունը:

Այս գրողները ուրիշ տեսարաններից են ներշնչվել: Անկախ ամեն ինչից, երկուսն էլ, եւ Դուք նույնպես, աշխարհի այն բանաստեղծներից եք, ովքեր աղոթում են, որ արշալույս բացվի «հայոց լեռներում, կանաչ լեռներում» /Հ.Թ./: Ես կարծում եմ, որ թե Հայաստանի, թե Արցախի լեռները, ինչպես Սարոյանն է ասում, դրանք պոեզիայի աղբյուր են, լի արցունքով ու ծիծաղով, որ հարատեւ է հայկական հոգում, այս պիեսի թեման են: Երբ սիրտդ լեռներում է՝ լինի Շոտլանդիայում, որի պատկերն էր իր մեջ կրում ՄաքԳրեգորի կերպարը, Հայաստանում, թե Կալիֆորնիայի Սիերա Նեվադայում, «ուր էլ որ գնաս» /Վ.Ս./, ամեն մի դժվարություն էլ կհաղթահարես:

Տեղ գյուղի կողքով անցնելիս, որը Արցախի սահմանի եւ Գորիսի միջեւ է գտնվում, «աշխարհի գագաթի» մասին գրառումներ արեցի՝ ամպրոպաբեր ամպեր կապույտ ու արեւոտ երկնքի տակ, ճուռակներ եւ այլ գիշատիչ թռչուններ, որ ճախրում եւ պտույտներ են կատարում օդում՝ սպասելով զոհին, էշը քայլում է՝ մեջքին վառելափայտ եւ պապիկը, դեղին, մանուշակագույն, սպիտակ, վարդագույն եւ կարմիր գարնան դաշտային ծաղիկներ, բանուկ կածաններ, նախրապան, որ կովերին քշում է քամոտ խճուղուց դեպի հեռվում երեւացող ձյունածածկ սարերը, եւ մի քանի կոկիկ բանջարանոց:

Այո, իմ սիրտն իրոք լեռներում է, եւ ինչպես Սարոյանն է գրել իր պիեսում, ես էլ եմ ցանկանում`

«Նրան, ով սրտով անեղծ է,
Եւ կյանքում բանաստեղծ է,
Բարձրին ու ցածրին, ում կյանքը երգ է,
Եւ ծերին մանուկ, եւ մանկանն անվիշտ,
Ով սրտով լեռներում է միշտ»
որ այն հավերժ լինի, ուր էլ որ գնանք:
Խաղաղությամբ` ՆԻԿ

ԱՄՆ, Կոլումբիա, Թենեսի Անգլերենից թարգմանեց
Արփեն ՂԱՀՐԻՅԱՆԸ

 

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

ԱՆԱՐՁԱԳԱՆՔ ՈԳԻ

Մեղքի հետքերը անցքեր են հոգու,
որոնցով հոսում է քաոսը: Հոգեւոր
աշխարհն աներեւութանում է առեւտրական
սեղանիկներին: Փոխհարաբերությունն այդ
տարածվող ու իշխող եղանա՛կն է միակ…
Ազատագրված երկրում գլխիվա՞յր է շրջվում
նշանացույցը… Կարծես ետեւ՛ում է մնացել
շնչառությունը պատմության: Թռիչքը մտքի:
Խավար, երազ, անդունդ: Նախնադարյան
մի արեւ բարձրանու՛մ է անապատներից
անարձագանք Ոգու:
Պատմության կեղեւը
հիմա մեր մաշկն է,
որով շնչու՛մ է Առավոտի ներկան: Անցյալը: Ապագան:

(Աշխարհի չորս կողմերից բխում է նույն կետը`

մութը.

դոլար,

որ ղեկավարում է քաղաքական խրախճանքը):

Ամեն ելք դուռն է բախում կախյալության… Դժո°խք,

որ եռու¯մ է «սիրո եւ ստի» արանքում…

Պատերազմ բառից պոկվում-անջատվում են

վիրակապերը

անդրաշխարհի,

եւ թեթեւանու¯մ է տառապանքի լույսը…

(Իրականության աչքերը բացող ու փակող ձե¯ռքն եմ

հորիզոնի):

Հիշողությունը

ծառս է լինում պարիսպներն ի¯ վեր անհայտության…

Այս խաղը, իրոք, ո°չ սկիզբ ունի, ո°չ վե¯րջ…

Ցավի պտուտահողմ…

Խղճի անապատում օազի¯ս է Ոգին… Սերը՝ զոհասեղա¯ն…

Բացվում է լույսը,

որից մայրական սերը

ջնջու¯մ է հետքերը

անհայտ ճակատագրի:

(Ցավի զսպաշապի~կն է ճանապարհը հույսի):

Պատերազմ, որ շարունակվու¯մ է վերքերի ներսում…

Հետքերի հոսքում

բացվում է մի ծաղիկ…

Քաոսի ստվերն է,

որ ձգտու¯մ է ծածկել հիշողության ավազանը…

Լույսը դեմքն է հողի: Առանց հայացքի՝

չի կայանում անգամ պատմությունը… երկրի:

Կարոտների բեւեռներն են

միավորվում

մակերեսի վրա

Աներեւույթ ժամանակի:

(Մարդն իր հավատքից գրեթե դու¯րս է սահել):

Մարդը Աստծո ստորագրությո՞ւնն է:

Խաչ, որ ցույց է տալիս Սիրո ճանապարհը,

որը թերեւս այս աշխարհից դու¯րս է:

Զանգ, որ ղողանջում է ցավի ընդերքներից:

Երկինք, որ զսպաշապիկ է:

Բանալի, որ հավերժության դուռն է բացում:

Երազանքի գագաթներով գլորվող

արցունքները

կառչում են թեւերից հրեշտակների

եւ հասնում երկնքի բաց խորաններին:

Պատարագվող ժամը

լցվում է աչքերը օրվա,

եւ աչքերը դառնում են հիշատակի

գագաթներ:

(Ազատությունն իր իմաստից գրեթե դու¯րս  է սահել, ինչպես այսբերգ):

Ազատագրված երկրում գլխիվա՞յր է շրջվում

նշանացույցը… Կարծես ետեւու¯մ է մնացել

շնչառությունը Գեղեցիկի: Թռիչքը Մտքի:

Խավար, երազ, անդունդ: (Մշուշներից, ինչպես ստինքներից կառչող

գոյացումներ, որ կոչվում է հասարակությու¯ն):

Երազն ինքնահաղթահարմա¯ն զոհասեղան է…

Հայտնի չէ ճշմարտության

դեմքը. այն մի պատա¯նդ է,

որ չի° վերադարձվում

/երբեք, երբեք, երբեք/

Նաիրական հողին:

Մի ծաղիկ իբրեւ լույս խուտուտ է տալիս ծիլերին

Անսահմանության…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s