№ 16 / 4 հոկտեմբեր

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ

Նորերս Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կայացավ միջազգային լուրջ համաժողով ղարաբաղյան կարգավորման թեմայով: Համաժողովի մի դրվագ անցավ զուտ շախմատային տերմինաբանությամբ: Քաղաքական շախմատի դեբյուտի հեղինակը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանն էր, որը հանգամանորեն անդրադարձավ ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկայիս վիճակի ու շախմատային «ոզնի» կոչվող իրավիճակի առնչություններին:

«Ոզնի» իրավիճակը մոտավորապես հետևյալն է՝ մրցակիցները ամրակուռ պաշտպանական ռեդուտներ են կառուցում, որոնք գրեթե անխոցելի են: Նրանք ռիսկի չեն դիմում, մեկ-մեկ գլուխները հանում են դիրքերից, հետախուզում շրջակայքը և նորից մտնում «պատյանի» մեջ: Ավելորդ քայլեր չեն անում, «հեռուն» չեն գնում, այլ սպասում են, որ մրցակիցն ավելորդ քայլեր անի, վտանգավոր մերձության գա, որպեսզի «շամփրեն» նրան: Այսինքն՝ ամբողջ մարտավարությունը կառուցվում է մրցակցի անփութության և արկածախնդրության վրա: Եւ եթե մրցակիցները մինչև վերջ հավատարիմ են մնում «ոզնու» սպասողական մարտավարությանը, ապա փաստորեն մնում են անխոցելի, դիրքերը չեն փոխվում, և ամեն ինչ գնում է դեպի մարտական ոչ ոքի, իսկ քաղաքական դաշտում՝ ստատուս-քվոյի պահպանում:

Ադրբեջանցի փորձագետներից մեկը, լուրջ հակափաստարկ չունենալով այս իրավիճակի ոչ իրատեսությունը ապացուցելու համար, պարզապես փոխեց շախմատային տերմինը, ներկաներին հիշեցնելով, որ կա մեկ այլ իրավիճակ՝ ցուգցվանգ: Սա այն իրավիճակն է, երբ մրցակիցներից մեկն այն օրին է հասնում, որ ցանկացած քայլ պարտության է տանում: Չբացատրվեց, թե քաղաքական մրցակիցներից որը և ինչու կարող է հայտնվել այդ իրավիճակում, թեև ենթատեքստում կարելի էր դա կռահել:

Ինչ որ է, կարծում ենք, որ հայ փորձագետի շախմատային դիտարկումը միանգամայն մոտ է քաղաքական իրականությանը: Ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլում կարծես թե հենց այդ իրավիճակն է, այն է՝ դիրքային մանևրներ են ընթանում: Եւ այս իրավիճակում կտրուկ քայլերը կարող են վատ անդրադառնալ մեզ վրա: Թեև այս շախմատային մարտավարության միակ թերությունն այն է, որ նախաձեռնությունը վերջնականապես զիջելու վտանգ կա:

Այս վերջին հանգամանքը միգուցե մեզ համար այնքան էլ հրատապ չէ, քանի որ հայկական երկու կողմերը նախաձեռնությունը վաղուց են զիջել: Ուրեմն, մնում է գոնե ոզնու զգուշությունը:

——————————————————————————————-

Կարգավորում

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ «ԽԱՉՄԵՐՈՒԿ» ԼՈՆԴՈՆՈՒՄ

Սեպտեմբերի 24-ից 29-ը արցախյան հասարակական կազմակերպությունների մի ստվար պատվիրակություն մասնակցեց Լոնդոնում կազմակերպված մի շարք միջոցառումների, որոնց առանցքը ղարաբաղյան կարգավորումն էր: Դրանք այն կազմակերպությունների ներկայացուցիչներն էին, որոնք մասնակցում են  բրիտանական ոչ կառավարական կազմակերպությունների՝ ղարաբաղյան կարգավորմանն առնչված միավորման (կոնսորցիումի) դրամաշնորհային ծրագրերին: Արցախյան ՀԿ-ներից մասնակցեցին Ստեփանակերտի մամուլի ակումբն ու Ստեփանակերտի Ռեսուրս-կենտրոնում ներգրավված մի շարք ՀԿ-ներ: Այցելության ընթացքում մերոնք մասնակցեցին միջազգային մի բավականին լուրջ ու ներկայացուցչական համաժողովի, Մեծ Բրիտանիայի Ֆորին-օֆիսում (ԱԳՆ-ում) կայացած հանդիպմանը, ՀԿ-ների հետագա համագործակցության ծրագրերի քննարկմանը, ինչպես նաև Ստեփանակերտի մամուլի ակումբի, «Ինտերնյուս-Հայաստան»  և  «Ինտերնյուս-Ադրբեջան»  ՀԿ-ների՝ «Երկխոսություն՝ ֆիլմերի միջոցով» համատեղ ծրագրի շրջանակներում նկարահանված ֆիլմերի հրապարակային ցուցադրմանն ու բանավեճին:

ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ, ՀԵՏՈ՞ ԲԱՐԻԴՐԱՑԻՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ

Ղարաբաղյան կարգավորման և տարածաշրջանային զարգացումների  գործընթացում գոյություն ունի երկու հիմնական կարծիք, երկու հայեցակարգ: Ըստ առաջինի՝ միայն հիմնախնդիրների շուտափույթ լուծումը կարող է էապես նպաստել պետականաշինությանն ու իրական ժողովրդավարության հաստատմանը Հարավային Կովկասի երկրներում: Ըստ երկրորդ կարծիքի՝ միայն իրական ժողովրդավարության հաստատումը կարող է էապես նպաստել հիմնախնդիրների կարգավորմանը: Քանի որ երկու հայեցակարգերն էլ ըստ էության թերի են, գնալով տիրապետող է դառնում երրորդ՝ «փոխզիջումային» տարբերակը, այն է՝ համատեղել այս երկու ուղղությունները, բայց ժողովրդավարացման փոքր ինչ ավելի շեշտադրմամբ: Իսկ միագումար այս ամենի նպատակը տարածաշրջանային կայունությունն է:

Հենց այս տրամաբանությունն է գործում հասարակական կազմակերպությունների վերոնշյալ համագործակցության ծիրում: Այն, ըստ էության, միանգամայն ընդունելի է մեր նորանկախ երկրի համար, քանի որ հնարավորություն է տալիս չճանաչվածության պայմաններում ապահովել մեր երկրի որոշակի ներկայացվածությունը տարածաշրջանային և միջազգային գործընթացներում և անմասն չմնալ ժողովրդավարությանը նպաստող միտումներից: Այս առումով արցախյան ՀԿ-ները լրացնում են չճանաչվածության պարագայում պետական-պաշտոնական արտաքին շփումների բացը:

Ադրբեջանին, ընդհակառակը, համագործակցության այս տրամաբանությունը դուր չի գալիս, քանի որ նախքան հիմնախնդրի լուծումը հայկական երկու կողմերի հետ ցանկացած առնչություն դիտում է որպես առկա ստատուս-քվոյի պահպանմանը նպաստող հանգամանք: Այս առումով բավականին դժվար կացության մեջ են հայտնվել ադրբեջանական այն ՀԿ-ները, որոնք մասնակցում են սույն ծրագրերին: Այնուամենայնիվ, Ադրբեջանում գտնվել են համարձակ ու գիտակից ՀԿ-ներ ու հասարակական գործիչներ, որոնք չեն խորշում նման համագործակցությունից:

Բրիտանացիների հետ համագործակցության մասին մեզ մոտ զանազան բաներ են ասում, ամեն ինչ հանգեցնում պարզունակ ու անազնիվ սխեմաների, մինչդեռ մի բան, այնուամենայնիվ, միանշանակ է՝ բրիտանացիներն այս համագործակցությունում, իհարկե, ունեն իրենց շահերը, և ինչու՞ պիտի չունենան: Բայց որ մենք էլ պիտի ունենանք մեր շահերը՝ դա ևս պարզից էլ պարզ է: Համենայն դեպս, համագործակցության մինչև այժմ եղած փուլում մեր շահերը չեն հակասել:

ՄԵՐ ՁԱՅՆԸ ԼՍՎԵՑ, ԵՎ ԱՅՆ ԸՆԿԱԼԵԼԻ ԷՐ

Լոնդոնյան թերևս ամենալուրջ միջոցառումը «Խաղաղության հեռանկարները» միջազգային համաժողովն էր, որ կազմակերպել էին բրիտանական վերոնշյալ կոնսորցիումը և Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը:  Մեզ ծանոթ դեմքերից այնտեղ էին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պետեր Սեմնեբին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, Եվրամիության, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային միջպետական կառույցների այլ ներկայացուցիչներ, եվրոպական մի շարք երկրների խորհրդարանականներ,  բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Թոմ դե Վաալը, Օքսանա Անտոնենկոն, Լոուրենս Բրոերսը, Մարկ Գրիգորյանը (արցախցի քաղաքագետները պիտի որ հիշեն նրանց) և այլք: Հրավիրվել էին պատգամավորներ նաև Հայաստանից ու Ադրբեջանից:

Հինգ բանավեճ-քննարկումներ էին (պանելներ), որոնց թեմաներն էին՝ «Խաղաղ գործընթացի ո՞ր փուլում ենք մենք ներկայումս», «Մարտահրավերներ միֆերին», «Կյանքը հակամարտության պայմաններում», «Փոփոխությունների առաջագնացները», «Խաղաղ գործընթաց. դեպի ու՞ր է այն տանում»: Տողերիս հեղինակը որպես զեկուցող հանդես է եկել երկրորդ (տես՝ էջ 9), Ռեսուրս-կենտրոնի ղեկավար

Իրինա Գրիգորյանը՝ երրորդ բանավեճում, իսկ մյուսներն էլ ակտիվորեն մասնակցել են բոլոր թեմաներով բանավեճերին:

Համաժողովն իրոք որ լուրջ ու կարևոր ամբիոն էր արցախյան տեսակետները բարձրաձայնելու համար, և առանց կեղծ համեստություն անելու կարող ենք ասել, որ մեր մասնակիցներն ըստ արժանվույն օգտագործեցին այդ եզակի հնարավորությունը:

ՈՉ ԹԵ ՏԱՐԱԾՔ, ԱՅԼ ՄԱՐԴԻԿ ԿԱՄ՝ ԶԱՆԳԵԶՈՒՐԸ ԵՎ ԱՐՄԵՆԻՔԵՆԴԸ

Համաժողովում հնչած ամենաուշագրավ միտքն, ըստ իս, այն էր, որ Ղարաբաղը պիտի դիտարկել ոչ թե որպես տարածք, այլ որպես մարդիկ: Սա ոչ միայն սոսկական միտք էր, այլ նոր ռազմավարության նախակարապետ: Եւ հնչեցրեց այդ միտքը մեզ քաջածանոթ Թոմ դե Վաալը՝ «Սև այգի» գրքի հեղինակը (ի դեպ, նորերս լույս տեսավ գրքի հայերեն տարբերակը, որի շնորհանդեսը կայացավ Երևանում): Դե Վաալը հիշեցրեց «մոռացկոտներին», որ ղարաբաղյան շարժումը սկսվել է այն ժամանակ, երբ տեղի գերակշիռ մեծամասնություն կազմող հայ բնակչությունն արտահայտեց իր կամքը: Ի դեպ, դե Վաալն արձագանքեց նաև պատերազմի՝ Ադրբեջանի համար անհեռանկարային լինելու մասին իմ ելույթում արված դիտարկմանը հակաճառած ադրբեջանցի հասարակական գործչի այն մտքին, որ հիմա օդուժի կռիվ է լինելու, իսկ Ադրբեջանի օդուժն էլ շատ ավելի զորեղ է: Դե Վաալը, կրկնելով տարածքների ու մարդկանց մասին իր տեսությունը, այդ գործչին հարցրեց՝ «Ասում եք՝ Ղարաբաղը ձերն է, ուրեմն ի՞նչն եք ռմբակոծելու»:

Տարածքների և մարդկանց մասին վաալյան տեսանկյունը միանգամայն արդարացի ու ճիշտ է, այն կարևոր է հատկապես հիմա, երբ Արցախը բանակցությունների սուբյեկտից վերածվել է օբյեկտի: Սակայն այս տեսանկյունը նաև պարտավորեցնող է, որովհետև շեշտը դրվում է մարդու հիմնարար իրավունքների վրա, որոնք պարտավոր ենք մենք պահել, այն էլ ոչ թե խոսքով, ինչպես սովոր ենք, այլ գործով, այսինքն՝ դարձյալ վերադառնում ենք իրական ժողովրդավարության ծիրին: Այս տեսանկյունը նաև դիտարկում է Արցախի բոլոր բնակիչների ու քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ ադրբեջանցիների:

Նույն Թոմ դե Վաալը մի շեշտադրում էլ արեց, որ առաջինի պես սրերով ընդունեցին որոշ ադրբեջանցիներ: Նա ասաց, որ Լեռնային Ղարաբաղը ներկայումս փաստացիորեն վիճարկվող սուվերենության երկիր է: Ադրբեջանցի երկու քաղաքագետ կոպտորեն միջամտելով ելույթին՝ առաջարկեցին Զանգեզուրն էլ այդպիսին համարել, ինչին դե Վաալը շատ հանգիստ, հումորով, բայց ներքին ընդվզումով պատասխանեց.

-Այդ ցանկը կարելի է շարունակել, ասենք՝ ավելացնելով Բաքվի Արմենիքենդի շրջանը…

ԼԱ՞Վ, ԹԵ՞ ՎԱՏ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈ ԿԱՄ՝ ՄԻ ՎՆԱՍԻՐ

Իմ ելույթում ես նշել էի, որ եթե չկա իրավիճակից դուրս գալու լավ տարբերակ, ապա պիտի առաջնորդվենք բժշկական հայտնի սկզբունքով՝ մի վնասիր: Բայց այդ տեսանկյունն ավելի հստակ ու ավելի համոզիչ հնչեցրեց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Նա ասաց մոտավորապես հետեւյալը.

-Ստատուս-քվոն վատ է, իհարկե` վատ է, եթե կա լավ տարբերակ, շատ ավելի լավ տարբերակ, բայց եթե չկա նման տարբերակ, եթե դիտարկենք այն, ինչ կարող է լինել կամ ինչ արդեն եղել է, ապա պիտի աղոթենք, որ ներկայիս ստատուս-քվոն պահպանվի:

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾՈՒՂԱԿ

Համաժողովի ադրբեջանցի մասնակիցներից մի քանիսն անընդհատ պնդում էին, որ բանակցությունների երկկողմ՝ Ադրբեջան-Հայաստան ձևաչափը միակ ընդունելին է, որ Լեռնային Ղարաբաղը չպիտի մասնակցի այդ  գործընթացին, ավելին՝ որ ադրբեջանական համայնքը պիտի կարևորվի: Նրանցից մեկին ես հարցրի՝ «Դուք ուզում եք, որ բանակցային գործընթացը հաճելի՞ լինի, թե՞ արդյունավետ»: Բացատրելով, որ ԼՂՀ-ն հանդիսանում է տարածաշրջանային բալանսի բաղկացուցիչ մաս և ռազմաքաղաքական գործոն, որպիսին չի կարող հանդիսանալ ադրբեջանական համայնքը, և որ բանակցությունները կարող են արդյունավետ լինել, եթե այս հանգամանքը նկատի առնվի, ավելացրի.

-Բայց եթե ուզում եք, որ բանակցությունները հաճելի լինեն, ապա կառաջարկեի մեկ այլ երկկողմանի ձևաչափ, մի կողմից՝ Ադրբեջանը, մյուս կողմից՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը: Ես մեկ այլ համաժողովում սա արդեն առաջարկել եմ, որից հետո տարակուսած ադրբեջանցիներից մեկը հարցրել էր՝ բա ընդունված որոշումներն ո՞վ պիտի կատարի, ես էլ պատասխանել եմ՝ դա արդեն ձեր պրոբլեմն է…

Ի դեպ, ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Մամեդովը մեկ այլ միֆ էր ուզում հաստատել, այն է, որ ի տարբերություն այլ հակամարտությունների՝ մերում հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակության պրոբլեմ չկա: Սակայն այս վարկածի արհեստականությունը համոզիչ կերպով ցույց տվեց Իրինա Գրիգորյանը:

ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՄԵՆԱԶՈՐ» ՍՓՅՈՒՌՔ ԿԱՄ՝ «ՀՊԱՐՏ» ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

Ամենալարված օրը ղարաբաղյան և ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման օրն էր: Կազմակերպիչները դահլիճ էին վարձել, պատշաճ գովազդել միջոցառումը: Արդյունքում դահլիճը լիքն էր, բայց, ով զարմանք, մոտ կեսը լոնդոնաբնակ ադրբեջանցիներն էին, որոնք իրենց շատ ագրեսիվ պահեցին: Ֆիլմերից հետո բռնկված բանավեճին մենք՝ ֆիլմերի հեղինակներս, մասնակցելու «իրավունք չունեինք», քանի որ ակնկալվում էր միայնումիայն հանդիսատեսների կարծիքը: Իսկ դահլիճում կամ հայեր չկային, կամ էլ լուռումունջ էին, ավելի շուտ՝ երկրորդ տարբերակը: Հետո իմացանք, որ ադրբեջանական համայնքն ու ադրբեջանական դեսպանատունն էին դա կազմակերպել, ինչն առաջին անգամ չէ: Պատմում են, որ նման մեկ այլ միջոցառման նույն մարդիկ ներկայացել էին ցուցապաստառներով և շատ ավելի նախահարձակ էին:

Իսկ ու՞ր էր նայում… «կոմերիտմիությունը»… Ի՞նչ բանի էին մեր դեսպանատունը, մեր համայնքը: Մենք նրանց գոյությունը չզգացինք: Նույնիսկ համաժողովում, մեր հաջող ելույթներից հետո, ուրիշները մեզ շնորհավորում էին, իսկ մերոնք անտարբեր էին: Ահա այսպիսի զորեղություն:

«ԼԱՎ» ԵՎ «ՎԱՏ» ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԿԱՄ՝ ԱՅՍ ԱՄԵՆԸ ԻՄԱՍՏԱՎՈՐՎԱԾ Է

Ֆիլմերի ցուցադրմանը հաջորդած բանավեճում մի պահ ինձ համակեց այն զգացումը, որ այս ամենը, իմա՝ համագործակցության այս ծիրը, իմաստավորված է: Այդ զգացումը համակեց ինձ, երբ նայեցի այն ադրբեջանցիների դեմքերին, ում վաղուց եմ ճանաչում և ում հետ շփումների մեջ ենք: Նրանք իրենց վատ էին զգում այդ պահին: Իսկ նրանցից մեկն էլ ելույթ ունեցավ նույն բանավեճում և հակաճառեց իր հայրենակիցներին: Իսկ ավելի ուշ շարունակված մեր զրույցում նրանք իրենց անկեղծ վրդովմունքը հայտնեցին:

Ես ինձ բռնացրի այն մտքի վրա, որ մեր համագործակցությունն իմաստ ունի, քանի դեռ մյուս կողմում կան նման գիտակից մարդիկ, ովքեր գտնում են, որ հակամարտությունը պիտի լուծվի խաղաղ ճանապարհով, որ պիտի բանակցեն հակամարտության բոլոր կողմերը, որ բարիդրացիությունն այլընտրանք չունի: Ադրբեջանում, այո, կան նման գործիչներ, քիչ, բայց կան: Իսկ մեզ մոտ շա՞տ են…

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————-

Անցուդարձ

Բակո Սահակյան. «Ոչ ոք մեզ չի հասկանա եւ ոչինչ չի արդարացնի մեզ, եթե մենք զիջենք դիվանագիտական ճակատում» 

Սեպտեմբերի 29-30-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է գտնվել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, արտերկրում ՀՀ դեսպանների եւ հյուպատոսությունների ղեկավարների պատվիրակությունը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ: Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում կայացել է հանդիպում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: «Մեր ժողովրդի դարավոր պատմության մեջ դեռեւս չի եղել այսքան պատասխանատու եւ հերոսական ժամանակաշրջան: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության զինված փուլը մենք ազգովի պատվով ենք հաղթահարել: Մեզ ոչ ոք չի հասկանա եւ ոչինչ չի արդարացնի, եթե զիջենք դիվանագիտական ճակատում»,- հանդիպման ընթացքում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա գործընթացը եւ հեռանկարները, փոխգործակցության տարբեր ասպեկտները եւ այլն: Բակո Սահակյանն ընդգծեց դիվանագիտական կորպուսի դերը տվյալ հարցերի լուծման գործում: Նա նշեց, որ միջազգային հանրության կողմից դեռեւս չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հույս է դնում արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա,- հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ՊՐՆ Բ. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Շնորհավորելով Ձեզ, պարոն Սահակյան, ԼՂՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթելով բարի ծառայություն հանուն Արցախի և արցախահայության, դիմում եմ Ձեզ որպես ԼՂՀ գերագույն գլխավոր հրամանատարի:

Վերջերս մամուլում շատ հանգամանորեն ներկայացվեց Ժիրայր Սէֆիլյանի դեմ հարուցված քրեական գործի այն դրվագը, որ կապված է նրա ատրճանակի հետ: Մասնավորապես, հանրությանը պարզ դարձավ, որ 235-րդ հոդվածի առաջին մասով Ժիրայրին մեղադրանք ներկայացնելու համար հիմք են հանդիսացել ԼՂՀ ՊԲ-ի ղեկավարության տրամադրած կեղծ տեղեկանքները, թե իբր իրենք տեղեկություն չունեն այն մասին, որ Ժիրայր Սէֆիլյանը այդ զենքը ստացել է որպես պարգև, և որ այդ զենքի վերաբերյալ առհասարակ որևէ գրառում իրենց մոտ չկա:

Նման վերաբերմունքը Արցախի պաշտպանությանը ակտիվ մասնակցած սփյուռքահայ հրամանատարի նկատմամբ, մեղմ ասած, պատիվ չի բերում ոչ ԼՂՀ-ին և ոչ էլ Պաշտպանական բանակին:

Այժմ, երբ ակնհայտ է, որ  այդ զենքն օրինական է և ժամանակին պատշաճ կարգով հաշվառված է եղել, ես հույս ունեմ, որ Դուք Արցախի ժողովրդի և բանակի անունից հանդես կգաք համապատասխան հայտարարությամբ: Ուղղելով ամիսներ առաջ թույլ տրված սխալը և շահագրգիռ կերպով միջնորդելով դադարեցնել անհիմն հետապնդումը Արցախյան պատերազմի հայտնի հրամանատարներից մեկի նկատմամբ, Դուք կվերականգնեք ԼՂՀ-ի և ՊԲ-ի պատիվը, որը որոշ չափով խաթարվել է այս անհեթեթ մեղադրանքների պատճառով:

Արցախի բնակչությունը միշտ երախտապարտ է եղել այն կամավորականներին, ովքեր, գալով հեռուներից, մեծ ավանդ են ունեցել երկրամասի ազատագրման գործում: Հաշվի առնելով, որ դեռ պատերազմը ավարտված չէ, և մեզ դեռ նոր փորձություններ են սպասում, չպետք է թույլ տանք, որ ստվեր նետվի այն նվիրական գործի վրա, որի կարևոր մասնակիցներից և խորհրդանիշներից մեկը Ժիրայր Սէֆիլյանն է:

Ռաֆայել ՂԱԶԱՐՅԱՆ
Երեւան, 24 սեպտեմբերի 2007թ.

 

ԲԱՆԱՁԵՎԸ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է

Հոկտեմբերի 10-ին Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը քննարկվելու է Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերով կոմիտեում: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Կոմիտեի կողմից այդ հարցի քննարկումն ու որոշման ընդունումը հիմք կստեղծեն մարդու իրավունքների այս կարեւորագույն հարցի հաստատման համար:

Հիշեցնենք, որ 106-րդ բանաձեւը՝ Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հաստատման մասին եւ ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործման պարտավորության մասին ապրիլի 24-ի իր ելույթում ներկայացվել է  2007 թվականի հունվարի 30-ին Կալիֆորնիայի կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Նույնատիպ բանաձեւ է ներկայացրել սենատոր Դիք Դուրբինը: Այսօրվա դրությամբ բանաձեւն ստացել է 227 կոնգրեսականի եւ 31 սենատորի աջակցություն, ինչը բանաձեւի ընդունման համար անհրաժեշտ ձայների քանակից ավելի է:

 

ՀՀ ԱԳՆ ղեկավարը Նյու Յորքում հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նախօրեին հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանի հետ,- հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախարար Օսկանյանն անդրադարձավ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակին: Զրուցակիցները նաեւ քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ:

Վարդան Օսկանյանը հանդիպել է նաեւ Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունները, էներգետիկ խնդիրներ, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներ:

PanARMENIAN.Net

 

Պատասխանի իրավունքով

ՀԱՐԳԵԼԻ   ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ընթերցելով     Բերդաշենի    գյուղբնակիչ, ՀՄՊ-ի մասնակից Նորիկ Գրիգորիի Աբրահամյանի բաց նամակն («Դեմո», 15.09.2007թ.) ուղղված ԼՂՀ նախագահ   Բակո   Սահակյանին՝ որպես ՀՄՊ-ի մասնակցի իր իրավունքների պաշտպանության համար, ցավով հայտնում եմ, որ նամակում նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:

Ն. Աբրահամյանին որպես   ՀՄՊ-ի մասնակից թոշակառուի,   սոցապահովագրության Մարտունու տարածքային կենտրոնի կողմից 1999թ.-ի հունիսի 1-ից նշանակվել է դրամական փոխհատուցում 510 դրամ, պատվովճար 2000թ. հունվարի 1-ից՝ 2860 դրամ (տեղեկանքը ըստ ամիսների վճարումների մասին կցվում է), ըստ գործող օրենքների և վճարումը   շարունակվել է մինչև հաշվառումից հանվելը առ 01.09.2001թ.: Ն.Աբրահամյանը սույն   թվականի սեպտեմբեր   ամսում դիմել Է    անցած ժամանակաշրջանի համար պատվովճար չստանալու հարցով:

Սոցապահովության Մարտունու   տարածքային կենտրոնի և կապի Մարտունու բաժանմունքի կողմից ստուգվել են արխիվային փաստաթղթերը, եւ նա լրիվությամբ բավարարված հարցի պարզաբանումից սույն թվականի   սեպտեմբերի   12-ին գրավոր   դիմել է  կենսաթոշակային գործը ԼՂՀ զինկոմիսարիատից պահանջելու և  վճարումը սոցապահովագրության Մարտունու տարածքային կենտրոնի կողմից կատարելու համար:

Ս.թ. սեպտեմբերի 20-ին նրան նշանակվել Է տարիքային կենսաթոշակ, դրամական օգնություն ե պատվովճար:

Հ.Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆ
Սոցապահովագրության Մարտունու տարածքային կենտրոնի տնօրեն

——————————————————————————————-

Ներպետական

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏ.
լավ նորություններ եւ ծանոթ խոստումներ

ԼՂՀ կառավարությունը ձեւավորված է: Հոկտեմբերի 2-ին կայացավ գործադրի անդրանիկ նիստը, որը վարեց երկրի նախագահ Բակո Սահակյանը: Տպավորություններս նիստից միանշանակ չէին. մի կողմից՝ հնչել են նույն խոստումները եւ անելիքների ծրագրերը, որոնք երկրորդում էին նախորդ կառավարություններին, մյուս կողմից՝ նախագահն ու վարչապետը շատ կոնկրետ բաներ ասացին, որոնք հնարավոր չէ ընդունել որպես դատարկ խոստումներ:   Նախ, նախորդ կառավարության աշխատանքը բացասական գնահատվեց մի քանի ուղղություններով: Առաջինը՝ գյուղատնտեսությունում, քանի որ զարգանալու փոխարեն այն անկում է ապրել, երկրորդը՝ սոցիալական ծրագրերի իրականացման ոլորտում:

Նիստում ելույթ ունենալով՝ երկրի ղեկավարը նախարարներին առաջարկեց նոր աշխատաոճ ձեւավորել եւ ընդգծեց, որ կառավարության գործունեությունը մշտական եւ խիստ վերահսկողության տակ կգտնվի: Նա նկատեց, որ նախկին անհաջողությունների պատճառն այն է, որ «չեն կատարվել պարտականությունները, եւ ղեկավարները ազնիվ չէին ժողովրդի առաջ»:

Այսուհետ իշխանությունների ուշադրության կենտրոնում պետք է լինի մարդը՝ իր խնդիրներով: Որպես կառավարության գործունեության առաջնահերթություն՝ նախագահը նշեց սոցիալ-տնտեսական լարվածության թուլացումը, ժողովրդագրական վիճակի բարելավումը, այդ թվում՝ երիտասարդ ընտանիքներին աջակցելը, ինչպես նաեւ վերաբնակեցման ծրագրի վերանայումը: Կմշակվեն նաեւ փոքր բիզնեսի զարգացման եւ Արցախ-Սփյուռք կապերի նոր մոտեցումներ:

Վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ 2008թ. բյուջեի նախագծի հետ կապված աշխատանքներն արդեն սկսվել են: Արդեն հայտնի են հիմնական ցուցանիշները: Մասնավորապես, բյուջեի ծախսային մասը կազմելու է 43 մլրդ. դրամ: Նվազագույն աշխատավարձը 20 հազարից կհասնի մինչեւ 25 հազար դրամի: Ուսուցիչների աշխատավարձը կբարձրացվի 19.4 տոկոսով եւ միջին հաշվով կհասնի մինչեւ 71 հազար դրամի: Առողջապահության ոլորտի աշխատողները կստանան 25 տոկոսով բարձր աշխատավարձ, իսկ քաղծառայողների բազային աշխատավարձը 35 հազարից կբարձրանա 40 հազար դրամի: Բազային կենսաթոշակը 4250 դրամից կբարձրանա մինչեւ 6800 դրամ, իսկ մեկ տարվա ստաժի հավելավճարը 230-ից կհասնի մինչեւ 395 դրամի: Կենսաթոշակի միջին չափը կլինի 23 հազար դրամ: Նորածինների մայրերի նպաստները կկրկնապատկվեն եւ կհասնեն 70 հազարի, իսկ նոր ամուսնացածները կստանան 300 հազար դրամ միանվագ օգնություն: Մի քանի անգամ կաճի հիպոթեքային վարկերի չափը:

Այս ամենը, իհարկե, Հայաստանի հետ համընթաց: Ինչպես հայտնի է, այնտեղ էլ նման փոփոխություններ են սպասվում: Սակայն ընդունվել է մի քանի կարեւոր «լոկալ» որոշում: Մասնավորապես՝ Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում կառուցվող շենքի բնակարանները կտրամադրվեն զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Իսկ շրջաններում ապրող նույն խավի ընտանիքների համար մինչեւ տարեվերջ կամ բնակարան կգնեն, կամ տան շինարարության համար փոխհատուցում կտրվի:

Բավականին խիստ առաջադրանքներ տվեց նախագահը փոխվարչապետ, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատրյանին: Նա նշեց, որ գյուղի զարգացման մոտեցումները պետք է արմատական փոփոխությունների ենթարկվեն:

Ինչպես պարզվել է, վերջին տարիներին ցորենի բերքատվությունը նվազել է: Կրճատվել են նաեւ ցանքատարածությունները: Թվում է, պետությունը գյուղատնտեսական արտադրության մեջ միջոցներ է ներդրել: Օրինակ՝ 2004-2006թթ. պետբյուջեից հողօգտագործողներին 3340 տոննա սերմացու եւ 1177 տոննա դիզվառելիք է հատկացվել: Դրանցից պետությանն է վերադարձվել միայն 1641 տոննա ցորեն եւ 666 տոննա դիզվառելիք:

Ինչպես ընդգծել է նախագահ Բակո Սահակյանը, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ պետական օգնությունը բաշխվել է ոչ արդարացի ձեւով: «Կան մարդիկ, որոնք 50-ական տոննա սերմացու են ստացել, իսկ ոմանց նույնիսկ կես տոննա չի հասել: Մենք չենք կարող նման բան հանդուրժել»,- ասել է նախագահը:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

 

ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ՀԱՇՎԻ ԱՌՆՎԵԼ ԿԱԴՐԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մինչեւ ընտրությունները եւ դրանցից հետո ներկայիս նախագահ Բակո Սահակյանը եւ վարչապետ Արայիկ Հարությունյանը բազմիցս հայտարարել են, որ կառավարությունը ձեւավորելիս հաշվի են առնելու կադրերի պրոֆեսիոնալիզմը, արհեստավարժությունը: Նույնը կառավարության առաջին նիստում հաստատել է նախագահը, նշելով, որ «կարեւորել են պաշտոնյաների մասնագիտական ու կազմակերպչական ունակությունները, անձնական ու բարոյական հատկանիշները»:

Արդեն ձեւավորվել է կառավարության նոր կազմը: Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով ԼՂՀ գյուղատնտեսության նախարար եւ փոխվարչապետ է նշանակվել Արմո Ծատուրյանը, առողջապահության նախարար՝ Արմեն Խաչատրյանը, արդարադատության նախարար՝ Արթուր Մոսիյանը, արտգործնախարար՝ Գեորգի Պետրոսյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ Սուրեն Գրիգորյանը, կրթության եւ գիտության նախարար՝ Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար՝ Նորեկ Գասպարյանը, պաշտպանության նախարար՝ Մովսես Հակոբյանը, սոցապնախարար՝ Նարինե Ազատյանը, տնտեսական զարգացման նախարար՝ Բենիկ Բաբայանը, քաղաքաշինության նախարար՝ Ալեքսանդր Մամունցը, ֆինանսների նախարար՝ Սպարտակ Թեւոսյանը:

ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ է նշանակվել Արտակ Բալայանը, ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ՝ Մանուշ Մինասյանը, կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ՝ Լեռնիկ Ղալայանը: ԼՂՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ է նշանակվել ոստիկանության գեներալ-մայոր Արշավիր Ղարամյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ գեներալ-մայոր Վիկտոր Քոչարյանը:

Կադրային փոփոխություններ են կատարվել նաեւ շրջաններում. Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար է նշանակվել Սերգեյ Օհանյանը, Շուշիի շրջվարչակազմի ղեկավար՝ Վարդան Գաբրիելյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար՝ Վալերի Խաչատրյանը:

Բնակիչների շրջանում կադրային փոփոխությունների մասին տարբեր կարծիքներ կան. ոմանք գտնում են, որ փոփոխությունները հաջողված են, ոմանց ուրախացնում է այն փաստը, որ պաշտոններում նշանակվել են նաեւ երիտասարդ կադրեր, իսկ մի մասն էլ մտահոգված է նրանով, որ որոշ պաշտոններում այնպիսի մարդիկ են նշանակվել, որոնք մինչ այդ համապատասխան ոլորտի հետ կապ  ու առնչություն չեն ունեցել: Խոսքը հիմնականում մի քանի նախարարների մասին է, որոնց կենսագրականներից էլ կարելի է դատել այդ ամենը:

ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Արցախի հանրային հեռուստատեսության նախկին գլխավոր խմբագիր Նորեկ Գասպարյանը, որն ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, աշխատել է Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» թերթում, ԼՂԻՄ արհմիությունների կոմիտեի մշակույթի բաժնի ինքնագործ ստեղծագործության տանը՝ որպես բաժնի վարիչ: 1988-ին աշխատանքի է անցել Հեռուստառադիոկոմիտեում՝ որպես երիտասարդական հեռուստահաղորդումների բաժնի վարիչ:

ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար է նշանակվել Վլադիկ Խաչատրյանը, որը Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալն էր՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով: Նա ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը: Աշխատել է Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի միջնակարգ դպրոցում, բարձր եւ պատասխանատու պաշտոններ  է զբաղեցրել ԼՂՀ զինված ուժերում:

Արդարադատության նախարար է նշանակվել ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, որն ավարտել է   Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի «Պատմություն եւ իրավագիտություն» բաժինը, ինչպես նաեւ՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: Եղել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ, ընտրվել է ԼՂՀ երրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր եւ զբաղեցրել ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Կառավարությանն առընթեր նորաստեղծ սպորտի պետական կոմիտեի նախագահ է նշանակվել Լեռնիկ Ղալայանը, որն ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական    ֆակուլտետը: Եղել  է  5-րդ բրիգադի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար: 1994թ-ից  աշխատել է որպես 5-րդ  բրիգադի իրավաբան: Ընտրվել է ԼՂՀ ԱԺ  պատգամավոր եւ մինչեւ 2005թ. աշխատել որպես ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի փոխնախագահ:

Հիշեցնենք, որ պատասխանատու պաշտոնների են նշանակվել մի քանի պատգամավորներ. Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետ, Վիտալի Բալասանյանը և Ռուդիկ Մարտիրոսյանը՝ նախագահի խորհրդական և օգնական, Հովիկ Ջիվանյանը՝ վարչապետի խոր-հրդական, Սերգեյ Օհանյանը՝ Մարտակերտի վարչակազմի ղեկավար: Այնպես որ, ՏԻՄ ընտրություններից հետո հանրապետության որոշ ընտրատարածքներում նաեւ պատգամավորական ընտրություններ են լինելու:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

ՕՐՎԱ  ԱՆԵԿԴՈՏԸ  ։)

Ասում են՝  ԼՂՀ նոր կառավարության ձևավորման ու նոր նշանակումների նախօրեին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին զանգել են Եգիպտոսից և տեղի բուրգերում պահպանվող մումիաների անունից նրանցից մեկը «տեղեկացրել է» նորընտիր նախագահին, որ քանի դեռ իրենք կան`՝  Սպարտակ Թևոսյանը պիտի ֆինանսների նախարար մնա:

——————————————————————————————-

Ընտրություններ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՎԱՆԴՈՒՅԹ 

Ակնհայտ է, որ Ղարաբաղում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ճիշտ ժամանակ չի ընտրվել: Բնականաբար, ընտրությունների նշանակումը պայմանավորված է տեղական մարմինների լիազորությունների ժամկետի ավարտով: Եվ, այնուամենայնիվ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան նախագահական արշավից մի քանի ամիս անց, որի ժամանակ թե կուսակցությունները, թե ընտրողները հոգնել են: Եվ նաեւ՝ հիասթափվել:

Եվ, այնուամենայնիվ, Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունը չի կարող հետաքրքրություն չառաջացնել: Մինչև առաջադրման վերջին օրը այդ պաշտոնին հավակնում էր միայն մեկ թեկնածու՝ Վազգեն Միքայելյանը, ում մասին մինչ այժմ գրեթե ոչինչ հայտնի չէ, բացի այն, որ նա նախագահի ազգականն է: Թեև վերջին օրն, այնուամենայնիվ, հայտնվեց ևս մի թեկնածու, բոլորի համար կարծես թե արդեն պարզ է, որ իրականում կա մեկ թեկնածու, որին իրական այլընտրանք չկա:

Ինչո՞ւ ոչ ոք չի ցանկանում դառնալ Ստեփանակերտի քաղաքապետ: Ըստ երեւույթին, չար կատակ խաղաց գործող քաղաքապետի գործունեության փորձը եւ անցած նախագահական ընտրությունը:

Էդուարդ Աղաբեկյանի աշխատանքի երեք տարիները կարող են ընդդիմադիր քաղաքապետի եւ ոչ բարեկամաբար տրամադրված կառավարության հետ աշխատանքի դասական օրինակ դառնալ: Իսկապես ժողովրդավարական ընտրության արդյունքում ընտրված Աղաբեկյանին թերեւս ուզում էին ապացուցել, որ չի կարելի խցկվել «հոր» կամքին հակառակ: Ընդհանուր առմամբ, ապացուցեցին: Եվ, թերեւս, ոչ միայն Աղաբեկյանին: Ոչ ոք չի ուզում հայտնվել քաղաքապետի «մորթու մեջ», որի լիազորությունները հստակ որոշված չեն եւ որի աշխատանքը կախված է կառավարությունից:

Երկրորդ պատճառը, որի համար ոչ ոք չի ուզում դառնալ Ստեփանակերտի քաղաքապետ, անցած նախագահական ընտրություններն են: «Միասնական թեկնածուի» գաղափարը, բոլոր ուժերի կտրուկ անցումը թեկնածուներից մեկի ճամբար՝ Ղարաբաղում ծնել են նոր ավանդույթ` այլընտրանքը դառնում է անիմաստ: Անցած ընտրությունների ժամանակ ես լսեցի մի հետաքրքիր խոսակցություն` «Դու ո՞ւմ օգտին ես քվեարկելու: – Մայիլյանի: – Իսկ ինչո՞ւ, միեւնույն է` նրան չեն ընտրի: – Իսկ ինչ է, պետք է քվեարկել նրա օգտին, ում կընտրե՞ն»:

Այս առաջին հայացքից անհեթեթ թվացող իրավիճակը ղարաբաղցիների համար դառնում է բնութագրական: Դրա հետեւանքները մենք կզգանք հետո, երբ կպարզվի, որ «միասնական կարծիքին» այլընտրանք հակադրող որեւէ մեկը չի լինելու, որ չի լինելու մեկը, որ առաջարկություն, գնահատական, դիտողություն ներկայացնի: Իսկ առանց դրա իշխանությունը կարո՞ղ է աշխատել: Մեքենան, որ արգելակներ չունի, կամ չի շարժվում տեղից, կամ չի կարող կանգնել: Իսկ երբ նավի բոլոր ուղեւորները հավաքվում են տախտակամածին, նավը թեքվում է:

Ղարաբաղի քաղաքական դաշտի միաբեւեռությունը, ավելի ճիշտ` ճապաղությունը հիասթափության եւ անվստահության նշան է: Եւ այն, ամենայն հավանականությամբ, կդրսեւորվի Ստեփանակերտի քաղաքապետի առաջիկա ընտրությանը: Որպեսզի ընտրությունը համարվի կայացած, անհրաժեշտ է ընտրողների 25 տոկոսի մասնակցությունը: Որպեսզի թեկնածուն ընտրվի, անհրաժեշտ է հավաքել ընտրության մասնակիցների ձայների կեսը: Եթե հաշվենք, ստացվում է, որ 3,5 հազար ձայնն էլ բավական է:

Ստեփանակերտում արդեն ձեւավորվել է քաղաքապետի հիմնական թեկնածու Վ. Միքայելյանի նախընտրական քարոզչության շտաբը: Անզիջում պայքարի պատրաստվող շտաբականներին մնում է ապահովել ընտրողների մասնակցությունը: Իսկ նրանք, ովքեր կներկայանան ընտրության, ստիպված կլինեն քվեարկել հիմնական կամ «մյուս» թեկնածուի օգտին, որովհետեւ «բոլորին դեմ» նշում քվեաթերթիկում չկա:

Այո, ընտրությունների պարագայում ստացվում է անհարմար վիճակ: «Միասնական թեկնածուի» օգտին քվեարկած կուսակցությունները որոշել են չքաղաքականացնել ընտրությունները եւ չմասնակցել դրանց, ընդդիմություն որպես այդպիսին չկա, հավանական անկախ թեկնածուներն էլ են որոշել չառաջադրվել: Ահա այսպիսի դրություն:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ ՆՐԱ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Դեմո»-ի հարցազրույցը Ստեփանակերտի համայնքի ղեկավարի թեկնածու Արա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ

– Պարոն Ղահրամանյան, ինչո՞ւ եք որոշել քաղաքապետի պարտականությունները ստանձնել, եւ ի՞նչն է Ձեզ մղել այդ քայլին:

– Սեպտեմբերի 19-ին, երբ դեռ քաղաքապետի մեկ թեկնածու էր առաջադրված, իմ շրջապատում եւ համակիրներս առաջարկեցին առաջադրել իմ թեկնածությունը: Խորհրդակցեցինք, քննարկեցինք բոլոր հարցերը, որից հետո, հաշվի առնելով ժողովրդին ծառայելու իմ պատրաստակամությունը, աշխատանքային փորձն ու հնարավորությունները, որոշեցի առաջադրվել եւ որպես այլընտրանքային թեկնածու հանդես գալ:

– Դուք, կարելի է ասել, որ պասիվ քարոզչություն եք վարում: Ի՞նչն է պատճառը:

– Հաշվի առնելով իմ նախկին փորձը, երբ թեկնածությունս առաջադրել էի պատգամավորական ընտրություններում, այս անգամ որոշեցի քարոզչության ձեւը փոխել: Ասեմ՝ ինչու: Անցած անգամ հանդիպումների ժամանակ ընտրողները պասիվություն էին ցուցաբերում, ինչ-ինչ պատճառներով հավաքվում էին քիչ թվով ընտրողներ: Ժողովուրդը պատրաստ չէ հանդիպումներից լուրջ հետեւություն անել ու ընտրել այն մարդուն, որն իրոք ցանկություն ունի իրեն ծառայել: Այս անգամ ես այլ տարբերակ եմ ընտրել: Աշխատանքային ոճից ելնելով, տարեկան շուրջ 100 հանդիպումներ եմ ունենում արհմիությունների տարբեր սկզբնական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւ համապատասխան հիմնարկներում: Մեր արհմիութենական թերթում տպագրել ենք իմ կենսագրական տվյալները եւ նախընտրական ծրագիրը, որը բաժանվել է ընտրողներին: Ընտրողներին առաջարկել ենք մեզ հետ հանդիպում ունենալու ցանկության դեպքում դիմել նախընտրական շտաբ, որը կկազմակերպի այդ հանդիպումը: Իսկ հանրային հեռուստատեսությամբ քարոզչություն չի իրականացվում, քանի որ ֆինանսական հնարավորություններ չունեմ:

– Իսկ քարոզչության այդ տարբերակը որքանո՞վ է գործել, եւ հանդիպումներ եղե՞լ են:

– Դեռ զանգահարողներ եւ հանդիպումներ չեն եղել, բայց որոշ կոլեկտիվներից հայտնել են, որ կպաշտպանեն իմ թեկնածությունը:

– Մայրաքաղաքի զարգացման ի՞նչ հայեցակարգ ունեք, եւ որո՞նք են լինելու զարգացման հիմնական ուղղությունները:

– Ստեփանակերտը, որպես հանրապետության մայրաքաղաք, պետք է ունենա իր կարգավիճակը՝ դրանից բխող կառուցվածքային փոփոխություններով: Մայրաքաղաքում ջրամատակարարումը դեռեւս լուրջ խնդիր է մնում, որին մեծ ուշադրություն պետք է դարձվի: Ստեփանակերտի բյուջեի չափը շատ փոքր է, որի մի զգալի մասը կազմում են աշխատավարձերը, իսկ մյուս մասի հաշվին հնարավոր չէ լուծել մայրաքաղաքի խնդիրները: Դրանց լուծման համար պետական աջակցություն է պահանջվում, այլապես մայրաքաղաքի վիճակը կմնա նույնը: Մայրաքաղաքի խնդիրների լուծման գործում պետք է ակտիվ մասնակցություն ունենան նաեւ մեր կայացած բիզնեսմենները:

– Ընտրվելու դեպքում ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը:

– Ընտրվելու դեպքում չեմ պատրաստվում կադրային ջարդ կատարել: Ամեն ինչ կանեմ, որ քաղաքապետարանը ծառայի ժողովրդին: Նախատեսում եմ փոխել աշխատաոճս. ամեն օր ժամը 16.00 -18.00 իմ սենյակի դռները բաց կլինեն բոլոր քաղաքացիների համար: Առավել մեծ ուշադրություն կդարձնեմ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների ակտիվացմանը, ինչպես նաեւ՝ քաղաքապետարան-կառավարություն եւ քաղաքապետարան-թաղային կոմիտեներ համագործակցությանը: Այդ համագործակցության բացակայությունը քաշքշուկներ է ստեղծում բնակիչների համար:

– Դա, թերեւս, հետևանք է այն բանի, որ կառավարությունը քաղաքապետարանից «խլել» է մի շարք կարեւոր լիազորություններ: Ընտրվելու դեպքում Դուք պնդելո՞ւ եք, որ օրենսդրորեն վերադարձվեն քաղաքապետարանի լիազորությունները:

– Երբ խոսում էի մայրաքաղաքի կարգավիճակի եւ կառուցվածքային փոփոխությունների մասին՝ հենց դա ի նկատի ունեի, որովհետեւ առանց դրա ոչինչ հնարավոր չէ լուծել: Այսօր բացակայում են որոշ հիմնարկների քաղաքային կառույցները, եւ ոլորտները վերահսկելու հնարավորություններն էլ չկան: Որոշ կառույցներ պետք է լինեն քաղաքապետարանի ենթակայության տակ եւ վերահսկվեն քաղաքապետարանի կողմից: Ընտրվելու դեպքում անպայման պնդելու եմ, որ լիազորությունները վերադարձվեն, քանի որ առանց դրա քաղաքապետարանը լծակներ չի ունենալու:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Մենք փորձել ենք հարցազրույց ունենալ նաեւ Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Վազգեն Միքայելյանի հետ, սակայն դա չի հաջողվել՝ թեկնածուի խիստ զբաղվածության պատճառով:

——————————————————————————————-

Տեսլական

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՄԱՆԻՍՏԱԿԱՆ ՄԵԾ ՈՒՍՄՈՒՆՔԻ ՀԱՅՐԵՆԻՔ ԱՅՍՊԻՍԻՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՓՈՔՐ ԱՐՑԱԽԸ 

Ստեփան ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հանրահայտ է հետևյալ թևավոր խոսքը. «Մարդը ծնվում է երջանկության համար, ինչպես թռչունը՝ թռիչքի համար»: Տպավորիչ միտք է արտահայտել այդ կապակցությամբ գերմանացի փիլիսոփա Լ. Ֆոյերբախը. «Երջանկության ձգտումը ձգտումների ձգտումն է: Ամեն մի ձգտում երջանկության անանուն ձգտումն է»: Այս թեման նվիրական է եղել նաւ մեր մեծ հայրենակից Ա. Իսահակյանի համար, որին է պատկանում  հետևյալ գեղեցիկ բանաստեղծական միտքը. «Մարդը օրորոցից մինչև գերեզման անհաղթելի հավատով ձգտում է մի բանի` երջանկության»:

Ուրեմն, Ջ. Լոկը միանգամայն ճշմարտացի էր, երբ համարում էր, որ երջանկության ձգտումը արժանահավատ, փորձնական ճանապարհով  ապացուցված փաստ է:

Մեծ մտածողները  սեւեռուն ուշադրություն են դարձրել երջանկության թեմային:  Արդեն անտիկ շրջանում այն դառնում է ականավոր փիլիսոփաներ Զենոնի, Դեմոկրիտի, Արիստիպի, Արիստոտելի, Էպիկուրի, Լուկրեցիոսի, Սենեկայի և ուրիշների բեղմնավոր մտքի անխոնջ որոնումների առարկա: Որոնումների ծավալների մասին կարող է վկայել այն փաստը, որ I դարում հայտնի էր երջանկության 278 սահմանում:

Հենց անտիկ շրջանում են դրվել երջանկության մասին ուսմունքի՝ Էվդեմոնիզմի (հունարենից՝ eudaimonia – երջանկություն, երանություն) հիմքերը:

Էվդեմոնիզմի գլխավոր հարցում հույն փիլիսոփաները եղել են միաբան: Նրանք բոլորը համոզված են եղել, որ մարդու արարքների, գործողությունների նպատակը մի բան է՝ երջանկություն:

Ինչ վերաբերում է պատկերացումներին այն մասին, թե ինչ բան է ինքը երջանկությունը, ապա այստեղ անտիկ փիլիսոփաները մի ընդհանուր հայտարարի չեն եկել: Արդյունքում զարգացել են երջանկության մի քանի հայեցակարգեր: Դրանցից հնագույնն է ստոիցիզմը (մ.թ.ա. V դար): Ստոիկները (Զենոնը և նրա հետևորդները) մեկնաբանում էին երջանկությունը այն ոգով, որը համապատասխանում է փիլիսոփաների մասին ավանդական (նաև ինչ-որ չափով հեգնական) պատկերացումներին: Երջանկությունը, ասում էին նրանք, դա կրքերի չափավորությունն  է, տառապանքների բացակայությունը և առաքինությունները:

Ավելի ուշ (մ.թ.ա. IV դար) լայն տարածում է գտնում երջանկության ևս մեկ, Արիստիպի կողմից դավանած հեդոնիստական հայեցակարգը՝ Հեդոնիզմը (հունարեն hedone – հաճույք, բավականություն): Ըստ այդ հայեցակարգի՝ երջանկությունը զգայական հաճույքների մեջ է:

Հետագայում հեդոնիստական հայեցակարգը էականորեն կատարելագործվեց Էպիկուրի (մ.թ.ա. 341 – 270) կողմից: Ըստ նրա պատկերացումների՝ երջանիկ ապրել նշանակում է, այո, հաճույքներ վայելել, բայց ոչ միայն զգայական հաճույքներ, այլ նաև ավելի նուրբ մտավոր և էսթետիկական հաճույքներ:

Անտիկ շրջանի փայլուն մտածողների ճշմարտության որոնումները ընդհատեց միջնադարը: Աշխարհը ընկղմվեց տգիտության հազարամյա խավարի մեջ: Բայց մարդկությունը չէր կարող հաշտվել, որ  ինքը անվերադարձորեն կորցրել է իր ստեղծած ինտելեկտուալ գանձերը: Նա պետք է վերադառնար դրանց ու  վերածներ դրանք: Եվ այդ բաղձալի վերածնունդը սկսվեց XV դարում: Եվ առաջին հերթին դա հումանիզմի գաղափարների վերածնունդ էր: Վերածննդի իդեալն է դառնում մեծատառով Մարդը: Նա նորից, ինչպես և անտիկ շրջանում, դիտարկվում է որպես աշխարհի բարձրագույն արժեք, որպես «արքիմեդյան կետ», «տիեզերքը կառուցելու հիմք»:

Մեծ վերելք է ապրում նաև, բնական է, հումանիստական մտքի գլխավոր ուղղությունը՝ Էվդեմոնիզմը: Յուրացնելով և զարգացնելով անտիկ շրջանի փիլիսոփաների հարուստ ժառանգությունը,  Վերածննդի և Նոր ժամանակաշրջանի մտածողները հարստացնում են Էվդեմոնիզմը նոր ու բեղմնավոր հայեցակարգերով: Նրանցից ամենահեռանկարայինը և XXI դարի մարդկության համար իրական հրատապություն ներկայացնողը Բենտամի (1748 – 1832) և Միլի (1806 – 1873) հիմնավորած ուտիլիտարիզմն է, որի էությունը պատկերավոր կերպով արտահայտված է այսպես՝ «հնարավորին չափ շատ երջանկություն, հնարավորին չափ շատ թվով մարդկանց համար»: Պետությունը, նրա բոլոր ինստիտուտները, օրենքները կոչված են, բացատրում են ուտիլիտարիստները, ծառայել այդ բարձր նպատակին:

18-րդ դարի ևս մեկ մեծ հումանիստ՝ գերմանացի Գ. Ֆորստերը, նույնպես պնդում էր, որ «պետական կառավարման արդյունավետության չափանիշ պետք է ծառայի «մարդու երջանկությունը»:

Եվ վերջապես, մարդու երջանկության գաղափարին նվիրվածության ևս մեկ  ծանրակշիռ փաստ: ԱՄՆ-ի 1794 թ. Անկախության հռչակագրում, որպես մարդու անքակտելի իրավունքներից մեկը, նշված է…  «մարդու երջանկության ձգտումը»:

Մարդկությանը և այս անգամ չէր վիճակված, ինչպես անտիկ շրջանում, շարունակել վայելելու ստեղծագործ աշխատանքի ուրախությունները, դանդաղորեն, բայց հաստատուն քայլերով գնալ դեպի մարդու երջանկության հասարակարգը: Վրա հասած չարագույժ, մարդկության պատմության համար երևի ճգնաժամային, բեկումնային XX դարը մարդկությանը բազում աղետներ բերեց՝ Առաջին համաշխարհային պատերազմ, 1.5 մլն հայերի ցեղասպանություն Օսմանյան Թուրքիայում, բոլշևիկյան տեռոր Խորհրդային Միությունում, Երկրորդ համաշխարհային պատերազմ, 6 մլն հրեաների հոլոքոստը, ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծություն… Հարյուր միլիոնավոր մարդիկ, որ ծնվել էին երջանկության համար, փոշու վերածվեցին Կոլիմայի ճամբարներում, Օսվենցիումի, Մայդանեկի գազային վառարանների բոցերի մեջ:

Լիուլի ճաշակելով XX դարից իրեն բաժին հասած դժբախտությունները, մարդկությունն էլ ավելի համառորեն է տենչում  երջանկություն: Ավելի հաստատակամ է դարձել նրա վճռականությունը՝ վերափոխել մեր այս շատ առումներով բիրտ, դաժան, տգետ աշխարհը, կառուցել այն երջանկության (դա նշանակում է նաև բարության, ճշմարտության, գեղեցկության) հիմունքներով: Այդ հզոր սոցիալական պահանջարկը (ցավոք, առայժմ թույլ գիտակցված, թաքնված) հանգեցրեց երջանկության պրոբլեմատիկայի նկատմամբ հետաքրքրության բուռն պոռթկման: Պայմանականորեն՝ անցած դարի 80-ական թվականներին սկիզբ առավ երջանկության մասին ուսմունքի՝ էվդեմոնիզմի երկրորդ վերածնունդը:

Հետազոտությունների աշխարհագրությունը բավականին ընդարձակ է: Առավել մեծ թափով դրանք իրականացվում են ԱՄՆ-ում և Գերմանիայում: Երջանկության հետազոտողներ կան նաև Ռուսաստանում՝ Դ. Լեոնտև, Վ Պետրովսկի, Ա. Շապիրո: Մինսկում նույնպես ապրում է հետազոտությունների այդ ուղղության էնտուզիաստ Վ. Կրետյակովը, որը ինտերնետում ներկայացնում է ուղղակի ֆանտաստիկ նախագիծ՝ «Դեպի երջանիկ կյանք Երկիր մոլորակի վրա»: Ինտերնետում հիշատակվում են նաև հայազգի գիտնականների աշխատությունները՝ նվիրված երջանկության պրոբլեմատիկային:

Հետազոտողները համառորեն փնտրում են, օրինակ, մարդկային օրգանիզմի կենսագործունեության այնպիսի ցուցանիշներ, որոնք կարող են բնութագրել երջանկության վիճակը մարդու մոտ: Հայտնի են երջանկության մակարդակի քանակական գնահատման նաև այլ մեթոդներ՝ կյանքից բավարարվածության սանդղակ (Դիներ), երջանկության սանդղակ (Ֆորդիս), աֆեկտային հաշվեկշիռ ( Բրենդսբերն)…

Համակարգելով հեղինակավոր միջազգային կազմակերպու-թյունների կողմից (ՅՈՒՆԵՍԿՕ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Latinbaro-mete) անցկացված և 80 հազար մարդ ընդգրկած սոցիոլոգիական հարցումների տվյալները, բրիտանացի հոգեբան դ-ր Ադրիան Ուայթը կազմել  է երջանկության  բաշխման քարտեզ: 178 երկրների երջանկության վարկանիշը գլխավորում է Դանիան (273 բալ), վերջին տեղում է Բուրունդին (100 բալ): Հայաստանը, ավաղ, զբաղեցնում է 170-րդ տեղը (123 բալ):

Բրիտանական դպրոցներում աշակերտները ստանում են գիտելիքներ այն մասին, թե ինչ է երջանկությունը, ինչ է անհրաժեշտ երջանիկ լինելու համար (բրիտանական դպրոցների օրինակին պատրաստվում են հետևել գերմանական դպրոցները):  Գերմանական Կարլսռուհե համալսարանի ուսանողներին կարդացվում է դասախոսությունների շարք՝ «Երջանկությունը և բարոյագիտությունը» թեմայով: Աշխարհի մի շարք խոշորագույն  ընկերություններ (IBM, Price Waterhouse Coopers, Daimler Chrysler) իրենց կազմակերպչական կառուցվածքում ունեն երջանկության հարցերով խորհրդատուներ: Երջանկության հարցերով խորհրդատու է աշխատում նաև բրիտանական կառավարության կազմում:

Գոյություն ունի, ինչպես հայտնի է, տարբեր երկրների ընդհանուր զարգացման մակարդակների համեմատության խնդիր: Այդ նպատակի համար ներկա ժամանակ օգտագործվող չափանիշները միանգամայն արդարացիորեն ենթարկվում են քննադատության, քանի որ դրանց հիմքը կազմում է համախառն ազգային եկամտի ցուցանիշը, որը լավագույն դեպքում կարող է բնութագրել երկրի միայն տնտեսական զարգացումը:

Ի՞նչ անել: Պատասխանը հուշում են իմաստուն բրիտանացիները: Նրանց 81 տոկոսը գտնում է, որ «Կառավարությունը պետք է մարդկանց դարձնի ավելի ԵՐՋԱՆԻԿ, այլ ոչ թե ավելի ՀԱՐՈՒՍՏ»: Ուրեմն՝ երկրի ընդհանուր զարգացման ընդունելի չափանիշի հիմքը պետք է կազմի «Համախառն ազգային Երջանկությունը»: Ահա այդպես գտնվել է մի հետազոտող, որն արհամարհելով մտածողության դոգմաները, դրսևորելով մտքի խիզախություն, գիտության բառապաշարի մեջ մտցրել է այդ հասկացությունը:

Աշխարհի շատ երկրներում լուրջ ջանքեր են գործադրվում այն բանի համար, որպեսզի երջանկությունը իրականում դառնա պետական քաղաքականության առարկա:

Իսկ մե՞նք: Ի՞նչ ենք անելու մենք: Մեր գործը քի՞չ է, թող մարդկության ճակատագրի մասին մտածեն մեծ երկրները: Իսկ մենք դատապարտված ենք բավարարվել դիտորդի դերո՞վ և կողքից նայել, թե ինչպես ուրիշները ջանադրաբար ճշգրտում են մարդկության առաջընթացի ուղեծիրը, դնում նրա ապագայի հոյակապ շենքի հի՞մքը:

Այսպիսի մտայնությունը հարիր չէր լինի արցախցու կերտվածքին: Չէ՞ որ նրա մասին ասում են, որ եթե նա հնարավորություն ունենար, աշխարհի մեծ ու փոքր հոգսերը կառներ իր ուսերին՝ իր փառապանծ, բայց չճկած ուսերին: Ուրեմն, արցախցու՝ դարերի ընթացքում ձևավորված այդ սրտացավ, ազնիվ կերպարին հիմնարար հումանիստական նախագծի իրականացման ոչ թե պասիվ դիտորդի, այլ ակտիվ, արժանավայել մասնակցի դեր է բնորոշ:

Բայց հնարավո՞ր է դա, արդյոք: Այո, հնարավոր է: Մեր փոքր երկիրը կարող է դառնալ երջանկության հետազոտությունների կենտրոններից մեկը, երջանկության մեծ հումանիստական ուսմունքի հայրենիք:

Պարզելու համար, թե պատրա՞ստ է, արդյոք,  արցախյան հասարակությունը ընկալել էվդեմոնիզմի գաղափարը, կատարված է մի թեթև «հետախուզություն»: Այդ նպատակով «Դեմո» թերթում հրապարակվել է համապատասխան հոդված, որը մնաց անարձագանք: Սահմանադրական հանձնաժողովին առաջարկվել է ամրագրել ԼՂՀ Սահմանադրության նախաբանում մի դրույթ, որով երկրի զարգացման ռազմավարական նպատակ է հռչակվում մարդը, մարդու երջանկությունը (ներկայացվել է դրույթի 5 տարբերակ): Առաջարկությունը չի ընդունվել:

Ուրեմն՝վ անհրաժեշտ է շատ ավելի ուժեղ ազդակ: Այդպիսի ազդակի դեր կարող էր կատարել ներկայացուցչական միջազգային գիտաժողովը Ստեփանակերտում, որի ծրագրի նախնական տարբերակը արդեն նշմարված է:

Առաջարկվում է նաև հիմնադրել, մի քանի երկրների օրինակով, Երջանկության հետազոտությունների ինստիտուտ Ստեփանակերտում կամ Երևանում:

Պե՞տք է, արդյոք, բացատրել, որ գիտաժողովի անցկացումը և ինստիտուտի հիմնադրումը ոչ միայն գործուն ազդակ կհաղորդի ռազմավարական նշանակություն ունեցող հետազոտությունների ծավալմանը մեր երկրում, այլ նաև էլ ավելի կբարձրացներ Արցախի հեղինակությունը աշխարհում և դրանով իսկ կմոտեցներ ԼՂՀ միջազգային ճանաչման ժամը:

Քայլը նրանցն է, ովքեր գտնում են, որ կոչված են կատարելու ժողովրդի արժանի առաջնորդներ լինելու առաքելությունը:

——————————————————————————————-

Գործարարություն

Ի՞ՆՉ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ԿԼԻՆԵՆ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԲԻԶՆԵՍԻ ՀԵՏ

Վարչապետ Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի աջակցությունն ստանալուց հետո, հայտարարել է, որ վարչապետ նշանակվելուց հետո կհրաժարվի սեփական բիզնեսից: Դա շատ կարեւոր հայտարարություն էր, քանի որ վերջերս Արցախում բիզնեսն ու քաղաքականությունը շատ են փոխկապակցվել: Իհարկե, մենք չենք ժխտում, որ քաղաքականությունը էկոնոմիկայի շարունակությունն է, բայց օրենքի այն դրույթը, որը պետական չինովնիկներին, ուժային եւ իրավապահ մարմիններում աշխատողներին արգելում է բիզնեսով զբաղվել՝ ոչ ոք չի բեկանել:

Ղարաբաղում այդ օրենսդրական դրույթը մնացել է թղթի վրա: Թեկուզ սովորական մարդը կարող է զարմանալ դրանից, քանի որ այդ օրենքը խախտվում է բոլորի աչքի առաջ: Չէ՞ որ Ղարաբաղը փոքր երկիր է, եւ բոլորը գիտեն, թե ով ինչ ունի: Մեզ մոտ ոչ ոք չի զարմանում, երբ, ասենք, քաղաքաշինության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան մասնավոր շինարարական կազմակերպության տեր է, եւ իր կազմակերպությունը կատարում է պետական պատվեր: Ընդհակառակը՝ եթե դրա մասին ասես, կարող են զարմանալ՝ բա աչքերը բաց ո՞ւմ պետք է տա պետպատվերը:

Վերջերս եւս մեկ միտում է նկատվել՝ բիզնեսմենները, որոնց աշխատանքը կախված է պետությունից, գալիս են աշխատելու պետական մարմիններում: Այդ կախվածությունը երկու ասպեկտ ունի. նախ՝ պետական պատվեր եւ երկրորդ՝ հարկային եւ այլ մարմինների հետ «լավ» հարաբերություններ:

Փոքր շուկա ունեցող երկրի գործարարների համար պետական պատվերը մեծ նշանակություն ունի: Ոչ պակաս նշանակություն ունեն նաեւ հարկայինի հետ «ջերմ» հարաբերությունները, հատկապես, որ մեր օրենքներով մի փոքր խախտման համար պատժամիջոցի չափը կարող է ավելին լինել, քան հարկի չափը: Ահա թե ինչու բիզնեսմենների մի մասը ձգտում են կամ իրենք ներկայացված լինեն խորհրդարանում եւ կառավարությունում, կամ էլ «իրենց» մարդն այնտեղ ունենալ:

Որոշ երկրներում դա կոչվում է լոբբինգ, եւ այն գումարները, որոնք օրենքով տրվում են ոմանց շահերը պետական մակարդակով պաշտպանելու համար, նույնիսկ հարկվում են: Այլ երկրներում դա կոչվում է կոռուպցիա եւ համարվում է ազատ շուկային եւ տնտեսական մրցակցությանը հակազդող երեւույթ: Երրորդ պետություններում դրան անվանում են խոշոր չափի կաշառակերություն:

Համաձայն օրենքի, Ղարաբաղում նման երեւույթը կոռուպցիա է համարվում: Ճիշտ է, այդ օրենքով մեզ մոտ դեռ ոչ ոք չի դատվել, բայց վարչապետի այս քայլը կարելի է համարել կոռուպցիայի հետ պայքարի առաջին քայլ: Եթե, իհարկե, լինի երկրորդ քայլը, եւ եթե վարչապետին հետեւեն մնացածները:

Կառավարությունը նշանակված է, հայտնի են բոլոր անդամները: Նրանցից քչերի մասին կարելի է խոսել որպես հաջողակ բիզնեսմենների: Թեկուզ, կրկնենք, ամեն ինչ մարդկանց աչքի առջեւ է: Սպասենք ու տեսնենք, թե ինչ հարաբերությունների մեջ կլինեն նոր նախարարները բիզնեսի հետ:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

 

ԱՎՍՏՐԱԼԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԸ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Ղարաբաղի բնակարանաշինության մեջ յուրօրինակ նորույթ է փորձում մտցնել «Նաիրի» հյուրանոցի սեփականատեր, ավստրալահայ գործարար, մասնագիտությամբ շինարար Հակոբ Աբուլաքյանը: Նրա նախաձեռնությամբ եւ ակտիվ մասնակցությամբ էլ հենց հյուրանոցի տարածքում յուրատիպ առանձնատուն է կառուցվում, ինչը կարող է օրինակ ծառայել եւ նոր մոտեցում մտցնել բնակարանաշինության բնագավառում:

Նկատելով, որ Հայաստանում եւ Ղարաբաղում կառուցվող տները բավականին հետ են մնում ժամանակակից պահանջներից, եւ այնպիսի տներ են կառուցվում, ինչպես աշխարհում կառուցում էին շատ տարիներ առաջ, ավստրալահայ գործարարը, Ղարաբաղի ղեկավարությանն առաջարկելով փոփոխության ենթարկել բնակարանաշինության որոշ մոտեցումներ, որոշեց նմուշի համար մի առանձնատուն կառուցել:

Ինչպես նա պատմում է, որոշումը կայացվեց դեռեւս երկու տարի առաջ, սակայն տան շինարարությունն ավելի ուշ սկսեց, քանի որ պահանջվող որոշ շինանյութեր նա ստիպված եղավ երկար փնտրել: Սովորաբար օգտագործվող ծանր քարերին եւ բետոններին փոխարինելու եկան փայտն ու աղյուսը: «Աղյուսը շատ ուշ եւ դժվար գտնվեց,- ասում է պարոն Աբուլաքյանը: – Մոտ երկու տարի տեւեց, իսկ երբ այն գտնվեց` սկսեցինք տան շինարարությունը»:

Վերոնշյալ շինանյութերով կառուցված տունը, ըստ Հ. Աբուլաքյանի, մի քանի առավելություն ունի. նախ այն, որ երկրաշարժի դեպքում այդ տան պատերը կարող են ճաք տալ, բայց տունը երբեք չի փլվում, ինչը չի կարելի ասել ներկայումս կառուցվող տների մասին: Երկրորդ առավելությունն այն է, որ այդ տունը լրիվությամբ պաշտպանված է եւ ցրտից, եւ շոգից: Նման տներում նախատեսված են բնակլիմայական բոլոր պայմանները:

Իսկ ամենակարեւորն այն է, որ տունը ֆինանսական առումով մատչելի է, ինչպես նաեւ՝ դիմացկուն:

Դրսից տունը շատ գեղեցիկ տեսք ունի` երեւում են շարված աղյուսները: Շինարարի խոսքերով, տան պատերը դրսից ծեփ չեն արվում, եւ այդ քարերն առհավետ մնում են անփոփոխ:

Երկու ամիս առաջ սկսվեց 110 քառ. մետր տարածքով տան շինարարությունը, որտեղ նախատեսված է երկու ընդարձակ ննջարան, հյուրասենյակ, խոհանոց, երկու բաղնիք եւ զուգարան` մեծերի եւ փոքրերի համար, ինչպես նաեւ` փոքրիկ պատշգամբ: Տան դիմաց նախատեսվում է նաեւ փոքրիկ պարտեզի կառուցում: Եւ այս ամենը, պարոն Աբուլաքյանի հաշվարկներով, կարժենա մոտ 12 մլն դրամ, դա այն դեպքում, երբ տան գնորդը ոչ մի ներքին աշխատանք չի կատարելու, եւ իր հետ բերելու է միայն շարժական գույքը:

Հյուրանոցի տարածքում նախատեսվում է կառուցել 4-5 տուն եւս, իսկ հետագայում` անհրաժեշտության դեպքում նման տներ կկառուցեն մայրաքաղաքի եւ հանրապետության տարբեր մասերում:

Ավստրալահայ գործարարը տները նախատեսում է վաճառել ապառիկով` 20 տարի մարման ժամկետով եւ 6-8 տոկոս տոկոսադրույքով: Գնորդը սակայն պետք է սկզբից վճարի գումարի 25-30 տոկոսը, եւ առաջին 10 տարում տունը վաճառելու կամ վարձով տալու իրավունք չպիտի ունենա: «Քանի որ ցածր տոկոսով ենք տալիս տունը, ուզում ենք, որ գնորդն այդտեղ մնա»,-ասում է Հակոբ Աբուլաքյանը, որը գտնում է, որ ժամանակն է, որ պետությունը նման տներ կառուցի եւ նման մատչելի պայմաններով վաճառի ընտանիքներին: Այս կերպ, ըստ նրա, հնարավոր է կանխել արտագաղթը, քանի որ շատ անգամ երիտասարդ ընտանիքները տուն չունենալու պատճառով են թողնում երկիրը:

«Կառավարության նպատակը փող աշխատելը չպիտի լինի, այլ բնակիչների համար նորմալ պայմաններ ստեղծելը, որպեսզի մարդիկ մնան ու աշխատեն այս երկրում, իսկ դրա համար պետք է ոչ թե անվճար տներ բաժանել, այլ ցածր տոկոսադրույքով եւ մատչելի պայմաններով առաջարկել բնակարանները: Համոզված եմ` ով գումար է վճարում այդ տան համար` չի թողնում այդ տունը»,- ասում է պարոն Աբուլաքյանը, որը գտնում է, որ անվճար բնակարանի տրամադրման երեւույթը պետք է վերացվի:

«Ձրի տալը սխալ է: Ուզում եք առանց տոկոսի կամ ցածր տոկոսադրույքով տվեք, բայց ոչ ձրի,- ասում է պարոն Աբուլաքյանը:- Մեր սփյուռքահայ բարերարները նույնպես պետք է զերծ մնան նման բաներից: Մարդիկ պետք է վճարեն, որ պահեն, այլապես մարդկանց մեջ մուրացկանի, ողորմություն խնդրողի հոգեբանությունն է մտնում, եւ մարդը դրանից ավելի է ծուլանում: Իսկ սա արդեն երկիր քանդել է, այլ ոչ թե կառուցել»:

Զրուցակցիս հավաստմամբ, հնարավորություն ունեն կատարել պետության պատվերը` իհարկե համապատասխան աշխատուժի ընդգրկմամբ: «Վեց ամսվա ընթացքում կարելի է թվով 20 տուն շահագործման հանձնել»,- համոզված է ավստրալահայ գործարարը:

Հյուրանոցի տարածքում կառուցվող տան շինարարության ավարտից հետո շինարարը մարդկանց կհրավիրի եւ հնարավորություն կտա մոտիկից ծանոթանալ այդ յուրատիպ առանձնատանը: «Թող բոլորը գան, տեսնեն եւ եթե հավանեն` ցանկության դեպքում պատրաստ եմ համագործակցել շինարարական ընկերությունների հետ: Սակայն, ամեն մի շինարարություն պետք է վերահսկվի, այլապես տները շատ անորակ կկառուցվեն:

Շինարարի շահույթը պետք է կազմի 10-15 տոկոս, այլ ոչ թե` 50 տոկոս,-ասում է պարոն Աբուլաքյանը: -Այս ուղղությամբ լրջորեն մտածելու ժամանակն արդեն վաղուց եկել է: Համայն հայության ուժերով պետք է ձգտենք շենացնել մեր հայրենիքը, այլ ոչ թե քանդել, իսկ այս ամենը հնարավոր է միայն բնակչին իր հայրենիքում պահելով` ոչ թե օգնություն տրամադրելով, այլ` ապրելու համար առավել լավ եւ մատչելի պայմաններ ստեղծելով»:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

——————————————————————————————-

Հավատալիք

ՉԱՐ ԱՉՔ

Դուք հավատո՞ւմ եք «չար աչքին»: Իհարկե, դա ժխտել մենք չենք կարող: Չէ՞ որ հաճախ ենք լսում. «Ահ, ինձ աչք է դիպել», «Ինչ անում եմ՝ թարսվում է, հաստատ ինչ-որ մեկի աչքն է դիպել»:

Համաձայնեք, որ դա զուր տեղից չէ: Ախր, դեռ հնուց էին մարդիկ վախենում չար աչքից: Դեռեւս Հին Եգիպտոսում կոսմետիկան երեւան է եկել ոչ թե կնոջն ավելի գեղեցիկ դարձնելու նպատակով, այլ նրան չար աչքից պահպանելու համար: Հին Եգիպտոսում համարում էին, որ ինչքան շատ են ներկված շուրթերն ու աչքերը, այնքան ավելի քիչ են այդ մարդիկ ենթակա «սեւ մոգության» ազդեցությանը: Նաեւ գտնում էին, որ սեւ ուժերը շուրթերով ու աչքերով են թափանցում: Կա նաեւ մի հավատալիք, ըստ որի ամենավտանգավոր աչքերը սեւ աչքերն են: Աչքերի գույնն, իմ կարծիքով, առանձնակի նշանակություն չունի, ամեն ինչ կախված է այն բանից, թե տվյալ մարդը չա՞ր է, թե՞ ոչ:

Չար աչք ունեցողներից շատերը դա նույնիսկ չեն էլ ենթադրում: Օրինակ, վաղուց ընդունված է, որ եթե տանը նորածին կա, նրան չի կարելի դուրս բերել կամ ցույց տալ ուրիշների մինչեւ որ 40 օր չանցնի:

Դա բացատրում են այսպես. սիրո հայացքին հակոտնյա է ոչ թե ատելության հայացքը, այլ նախանձի պասիվ, անկենդան հայացքը, որը վամպիրի պես մղվում է դեպի ուրիշների կյանքը: Երբ չբեր կինը մի նորածին երեխա է տեսնում, պատրաստ է նրան գովաբանելով մինչ երկինք բարձրացնել, բայց նրա խոսքերի իմաստն ուղղակի հակասում է այն ամենին, ինչ ասում է. ու թեեւ նա դա էլ չի ըմբռնում, նրա հայացքը երեխայի ուղիղ սիրտն է խրվում: Որտեղի՞ց է մեր վստահությունն այն բանում, թե ժեստերի լեզուն անզոր է, որ դա մեր ցեղի յուրատեսակ էվոլյուցիոն ապենդիքսն է, որը շուտով կանհետանա: Մի՞թե մենք չենք տեսնում, որ այն ունի բավականաչափ ուժեր, որպեսզի առաջացնի սեր, հիվանդություն եւ նույնիսկ մահ: Եթե, այնուամենայնիվ, հարկ է լինում երեխան ցույց տալ բժշկին կամ ինչ-որ մեկ ուրիշի, նրա ճակատին սեւ կետ են նկարում, որն իբր չար աչքին թույլ չի տա կենտրոնանալ. երբեմն, այ, այդպես էլ են վարվում:

Հին ժամանակներում «սերուցքային» հասարակության տիկնայք իրենց աղախիններին հրամայում էին հագնվել գռեհիկ ձեւով՝ դրանով իսկ իրենց վրա գրավելով եւ ամենքի ուշադրությունը, եւ չար աչքը, դրանից ազատելով տիրուհուն: Mal occhio աչքն, ասում են, իրոք գոյություն է ունեցել եւ գոյություն ունի: Ժամանակակից արեւմտյան մշակույթն այնքան ջանքեր է գործադրել, որպեսզի մենք սկսենք այդ երեւույթն ընդունել որպես այն, ինչ նա ամենեւին չի հանդիսանում: Արդյունքում Չար աչքը գործում է աննկատ կերպով՝ հասարակության մեջ հարուցելով նախանձի նոպաներ: Նախանձը պասիվ վիրավորանքի ակտիվ դրսեւորումն է: Այն արտացոլվում է հայացքի, դիմախաղի միջոցով ու ժեստերի լեզվով, որոնք ժամանակակից մարդկանց մեծ մասը չի նկատում:

Այդ տեսակի մոլուցքն ավելի լավ է ներգործում, երբ նրա ազդեցությունը մենք չենք գիտակցում: Ավելին, հայտնի է, որ չար աչք ունեցողը  համարյա երբեք այդ մասին չգիտե: Նա իսկական վհուկ չէ: Ավելի շուտ նա ինքն էլ զոհ է, քանի որ նրանով է փոխանցվում բացասական էներգիան:

Մի հեռուստածրագրի հերոս այս առնչությամբ իր պատմությունն է արել: Նա երկու ոտքից հաշմանդամ է ծնվել: Չնայած հաշմանդամությանը, իրեն բավականին հաջողակ մարդ է համարում, քանի որ լուրջ ֆիրմայում աշխատում է որպես ծրագրավորող եւ պատկառելի վաստակ ունի: Ամեն առավոտ նա բախվում էր գործարար հարեւանի հետ: Վերջինս ամեն հանդիպման ժամանակ ծաղրանքներ էր տեղում հաշմանդամի հասցեին: Մի անգամ, այդ ծաղրանքներին չդիմանալով, հաշմանդամն ասաց գործարարին. «Թող որ քո արգելակները փչանան»: Հաջորդ առավոտյան լուր ստացվեց, թե գործարարը մեծ արագությամբ ընթացող մեքենայով ջարդուփշուր է եղել: Հաշմանդամը խոստովանել է, որ ինքն սպասում էր այդ լուրին, եւ դա այդ պահին իրեն չցնցեց:

Բայց այդ օրից ինքն իրեն միշտ մեղադրում է այդ մարդու մահվան համար: Պետք է հետեւել սեփական ամեն մի խոսքին, շարժմանը եւ նույնիսկ՝  մտքին: Այդպիսի մարդիկ, իմանալով ուրիշներին վնաս հասցնելու իրենց «ձիրքի» մասին, պետք է հիշեն, որ այդ ամենը բումերանգի պես հետ կշրջվի՝ եթե ոչ անձամբ իրենց, ապա իրենց երեխաների հանդեպ: Ավանդապաշտ հասարակություններում մարդիկ շատ ավելի դյուրազգաց են ժեստերի լեզվի նկատմամբ: Այնտեղ, որտեղ չկա հեռուստատեսություն, «ոչինչ տեղի չի ունենում», մարդիկ հետեւում են մարդկանց, մարդիկ «կարդում են մարդկանց». փողոցում անցորդները որսում են ձեր տրամադրությունը եւ ըստ իրենց խառնվածքի՝ կոնֆլիկտի մեջ մտնում նրա հետ, հավասարակշռություն գտնում կամ օգտագործում այն: Ամերիկայում մարդիկ առավել հաճախ քեզ ընկալում են այն «գաղափարի» միջոցով, որը դու ես արտացոլում՝ հագուստի, աշխատանքի, պաշտոնի, խոսքի միջոցով:  Արեւելքում, ի զարմանս քեզ, հաճախ նկատում ես, որ զրուցակիցդ արձագանքում է քո ներքին կացությանը, նույնիսկ եթե դու ինքդ դրանում քեզ հաշիվ չես տալիս: Այդ էֆեկտը նման է հեռազգացությանը: Մեծամասամբ, մարմնի լեզուն է:

Միջերկրական ծովի շրջանում եւ Մերձավոր Արեւելքում մարդիկ ավելի շատ են հակված նախանձի, քան նրանց հյուսիսային հարեւանները: Սակայն, Չար աչքը համաշխարհային հայեցակարգ է, այն գոյություն ունի ամենուրեք, բայց՝ ոչ միշտ: Բացառություն է կազմում պատմական շրջանը՝ սառն բանականության տիրապետման շրջանը: Բանականությունը մոգությունից պաշտպանվում է նրան չհավատալով, նրան դուրս մղելով բանական դիսկուրսի թագավորությունից:

Ասիան մոգությունից պաշտպանվում է էլ ավելի մեծ մոգությամբ. Mal occhio-ի դեպքում գործի է դրվում կապույտ քարը /տարածված է Լիբանանից մինչեւ Հնդկաստան/: Միջերկրական ծովի շրջանում հարգի են հուռութքները: Իսկ մեզ մոտ՝ ձեռքը երեք անգամ շրջանաձեւ պտտեցնել գլխավերեւում, ապա ձեռքի մի պտղունց աղը նետել կրակի մեջ: Դա ամենատարածված եղանակն է: Նաեւ գրբացների մոտ են գնում: Թե որ հավատաս Չար աչքին, իսկ ավելի վատ՝ վախենաս նրանից, իհարկե, հանգիստ կյանք չի լինի: Եթե նրան հավատանք, ապա չի կարելի, որ ինքդ քեզ ժպտաս՝ նայելով հայելու մեջ, չի կարելի գեղեցիկ հագնվել, ամբոխից զանազանվել, լավ, հարուստ ապրել:

Չար աչքը նախանձի հետեւանք է: Հարուստները նախանձում են աղքատներին, աղքատները՝ հարուստներին, խելոքները՝ հիմարներին, իսկ հիմարները՝ խելոքներին, գեղեցիկները՝ տգեղներին եւ տգեղները՝ գեղեցիկներին…

Նախանձը խթանում է այն ամեն բացասականը, ինչ կատարվում է մեր շուրջը:

Չար աչքի ազդեցությունից ազատվելու համար պետք է դառնալ հոգեւոր առումով շատ ուժեղ մարդ: Ոչինչ ի զորու չէ կոտրել ուժեղ մարդուն: «Չար աչքի ընկերակցության» դեմ հուռութ կարող է դառնալ մեր սեփական կյանքը՝ քարի կամ եղջյուրի պես կարծր…

Հավատացյալների համար գոյություն ունեն կախարդանքի ու չարակնման դեմ աղոթքներ: Աղոթել պետք է ամեն օր, եւ հավատն առ Աստված կօգնի պաշտպանել մարդուն: Ամեն ոք չար աչքից պաշտպանություն է որոնում իր համոզմունքներին ու հավատքին համապատասխան:

Մարդկանց մեծ մասը հավատում է սեւ ուժի գոյությանը եւ նրանից պաշտպանվում է տարբեր մեթոդներով: Իսկ դրան չհավատացող փոքրամասնությունը հակված է համարելու, որ մենք ինքներս ենք մեզ համար հորինել Չար աչքը, որպեսզի արդարացնենք մեր հոգեւոր կամ ֆիզիկական անզորությունը, թուլությունն ու ծուլությունը: Նույնիսկ այն կարծիքը կա, թե ժամանակակից տղամարդկանց ֆիզիկական եւ հոգեւոր թուլության պատճառով բազմակի մեծացել է գրբացների ու կախարդների մոտ հաճախողների թիվը:

Ի՞նչ կնշանակե դա:

Էլինա ՀՈՎՍԵՓՅԱՆ

——————————————————————————————-

Մշակույթ

ՀԵՏԵՎԵՆՔ ՄԵՐ ՀԱԳՈՒԿԱՊԻՆ

Դուք երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք մերօրյա ուսուցիչ-ուսուցչուհիների հագուկապին: Երևի թե ոչ: Բայց հենց այս մասին եմ ուզում կիսել իմ մտորումները ընթերցողների հետ, էն գլխից հուսալով, որ մեր մանկավարժները սրերով չեն ընդունի ասածս:

Ինչ որ է, մենք հաճախ ենք խոսում աշակերտների հագուկապի մասին, ընդունում, որ նրանք այնքան էլ պատշաճ կերպով չեն հագնվում, ավելին՝ շարունակվում են քննարկումները դպրոցական միասնական համազգեստ ունենալու մասին: Այս ամենը, իհարկե, ճիշտ է, բայց հարկ է ուշադրություն դարձնել նաև ուսուցիչների հագուկապին: Ես գտնում եմ, որ հենց ուսուցիչներից էլ պիտի սկսել: Դժվար է աշակերտից պահանջել պատշաճ հագնվել, եթե այդպես չի հագնվում ուսուցիչը:

Իսկ մերօրյա որոշ ուսուցիչ-ուսուցչուհիներ երբեմն մոռանում են, որ գնում են կրթօջախ: Մեկն ասես եվրոպական նորաձևության սրահից է վերադարձել, մյուսն էլ, ընդհակառակը, այնքան փնթի է, որ, թվում է, վերջին անգամ իրեն հայելում նայել է նախորդ ուսումնականի սկզբին: Առաջինները կարող են հակաճառել, որ հիմա  21-րդ դարում ենք ապրում, երկրորդներն էլ, ինչ խոսք, շեշտը կդնեն ներքին գեղեցկության վրա: Իսկ իրականությունն այն է, որ մենք մի ծայրահեղությունից մյուսի գիրկն ենք ընկնում և չենք կարողանում գտնել ոսկե միջինը:

Ուսուցիչը պիտի մաքուր, ճաշակով ու կոկիկ հագնված լինի, այլ ոչ թե ճչան հագուկապ ունենա կամ պարզապես շորերն իր վրա գցի: Մեր ուսուցիչներից ոմանք ոչ միայն պատշաճ չեն հագնվում, այլ ուղղակի գռեհիկ հագուկապ ունեն: Տաք օրերին մեր դպրոցներում կարող ես հանդիպել կիսամերկ ուսուցչուհու: Թե ինչպես է նրան հաջողվում շեղել բարձրդասարանցու ուշադրությունը իր բարեմասնություներից՝ չես հասկանում: Չեմ ասում, թե նման ուսուցչուհու մասնագիտական մակարդակն անպայման ցածր է լինում: Ոչ, կարող է՝ նա լավ մասնագետ է, բայց դա թույլ մխիթարանք է: Ի վերջո, ուսուցիչը ոչ միայն կրթում է, այլ նաև՝ դաստիարակում:

Ես, որպես սկսնակ մանկավարժ, ցավով եմ ականատես լինում նման «տեսարանների»: Ուզում եմ ճիշտ ընկալվել՝ ցավով եմ ականատես լինում դպրոցում: Ինչ խոսք, ամեն մարդ իրավունք ունի հագնվել իր ճաշակով, այդ թվում՝ ուսուցիչը, բայց նա կարող է դա անել դպրոցից դուրս: Դպրոցում, կարծում եմ, պիտի համեստ հագնվել, իսկ ավելի ազատ՝ այլուր:

Թող տպավորություն չստեղծվի, որ ասածս վերաբերում է միայն ուսուցչուհիներին: Բնավ: Տղամարդիկ էլ յուրովի են աչքի ընկնում: Մեկ էլ տեսար դպրոցում հայտնվեց մարզական հագուստով ուսուցիչ, ով ամենևին էլ մարմնակրթություն չի դասավանդում:

Մենք պիտի միշտ հիշենք, որ աշակերտներն ամենուր աչքի տակով զննում են մեզ:

Վերջում կուզենայի, այնուամենայնիվ, անդրադառնալ նաև աշակերտների հագուկապին: Այս մասին շատ է խոսվել, շատերն են արտահայտվել և, հանրագումարի բերելով այդ ամենը, կարելի է ասել, որ մեծամասնությունը հակված է դպրոցական միասնական համազգեստի գաղափարին: Ուստի մնում է արդեն նոր կառավարությանը կոչ անել լրջորեն զբաղվելու այդ հարցով:

Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Շահումյանի շրջանի Եղեգնուտ համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ

ՄԵՆՔ ՀԱՅԵՐ ԵՆՔ

Արդեն 15 տարի է, ինչ մեր ազատագրված երկիրը  բռնել է վաղուց երազած անկախության դժվարին, բայց սեփական ճամփան: Բոլոր նրանք, ովքեր ելան պայքարի, իրենց բոլոր քայլերի հիմքում դրեցին գաղափարը: Եվ  այդ էր պատճառը, որ բանականությամբ  անհավանական թվացող հաղթանակը դարձավ իրական:

Ցավոք սրտի, հետագա տարիների ընթացքում շատ բան փոխվեց: Չարենցյան խոսքերով ասած` «ինչ-որ լույս էր, ինչ-որ հույս էր, մնաց թերի, իմ որբ հոգին այս վանդակում մնաց գերի»: Գործերի գլուխ անցան մարդիկ, ովքեր ոչ միայն չունեին համապատասխան հիմնավոր կրթություն, այլ նաեւ զուրկ էին հայրենասիրությունից, որն այսօր մեր պետության եւ պետականության կայացման գործում իր որոշիչ դերը պիտի ունենա, ազգի արժեքային համակարգի պահպանումը  պիտի լինի ռազմավարական խնդիր եւ ընկած լինի  բոլոր պետական եւ հասարակական կառույցների գործունեության հիմքում:

Նոր  նախագահական ընտրությունները նոր հույսեր են բերել իրենց հետ: Սակայն մտավախությունը, թե իրականում ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքը դեպի գործը եւ անբարոյական  ու սպառողական վերաբերմունքը դեպի սեփական ժողովուրդն ու նրա արժեքները կշարունակվի, շարունակում են հուզել մտավորականությանը, մի խավ, որ ամեն ինչ դրել է ազգի զարգացման ու  բարգավաճման զոհասեղանին:

Ավելորդ եմ համարում նշել այն փաստը, որ վաղուց արդեն հետ ենք սովորել որակյալ շինարարությունից: Շինարարական  աշխատանքները կատարելիս հաշվի է առնվում ոչ թե ճարտարապետական  նախագիծը, այլ էժան եւ անորակ արհեստավորների հնարավորությունները:

Մենք հայեր ենք եւ իրավունք չունենք մոռանալու մեր ավանդական, կատարելության հասած արհեստները: Մեր շինարարության ղեկավարները չեն նպաստում որակի բարձրացմանը, պահանջները հասցված են մինիմումի, բավարարվում են ամենացածր որակով, դրանով իսկ բարոյապես քայքայելով մեր հասարակությունը:

Մի՞թե սրան են արժան մեր այն տղաների զավակները, ովքեր  զոհվեցին այս պատերազմում ազգային արժեքները պահպանելու համար, մի՞թե այս են մեր հնարավորությունները, եւ, արդյոք, կարո՞ղ ենք մենք նման վերաբերմունքով դեպի պրոֆեսիոնալիզմը, դեպի հասարակությունը ինտեգրվել Եվրոպային, մեր տեղը գտնել աշխարհում ու ասել բոլորին. «Հեյ, ով կա այդտեղ, տեսեք ու ճանաչեք մեզ, մենք Հայ ենք, եկել ենք դարերից ու պիտի գնանք, մեզ հետ բերելով աշխարհին սեր եւ միտք»:

Երանի մեր զավակները մեզանից ուժեղ գտնվեն  եւ պահեն այն, ինչ մեզ է հասել մեր պապերի արյան, մեր գրերի իմաստության հետ: Ու թող երբեք չվախենանք ու չամաչենք ասել, թե մենք Հայ ենք:

Մ. ՏԻՏԱՆՅԱՆ
ճարտարապետ

 

Լույս տեսավ Աշոտ Բեգլարյանի պատմվածքների հերթական ժողովածուն

Երևանի “Անտարես” հրատարակչությունում լույս է տեսել գրող, լրագրող, Ստեփանակերտում ռուսաստանյան  REGNUM և հայաստանյան ԱՐՄԻՆՖՈ գործակալությունների թղթակից Աշոտ Բեգլարյանի պատմվածքների հերթական ժողովածուն:

Գրքում հիմնականում տեղ են գտել հեղինակի տարբեր տարիների, նաև  սկսած ուսանողական նստարանից, հումորիստական և երգիծական ստեղծագործությունները: Ժողովածուն պատահական չէ անվանվել “կՏքԴփՌվՈ” («Ապտակ»). հեղինակը հարվածում է մարդկանց բարոյական արատներին, սոցիալական և հասարակական խոցերին, ագահությանը, երկերեսայնությանը, անձեռնհասությանը, պորտաբուծությանը և այլն:

Միևնույն ժամանակ նա ոչ վիրավորական ձևով կատակում է մարդկանց թուլությունների վրա:

Ժողովածուում տեղ են գտել նաև մի քանի պատերազմական պատմվածքներ, որոնք չեն մտել հեղինակի առաջին, “ճցՋՏռ րփպՑ “ («Ուրիշի հաշիվ»)  ղարաբաղյան պատերազմի մասին գրքի մեջ («Անտարես», 2004թ.):

Աշոտ Բեգլարյանը տպագրվում է 19 տարեկանից: Նրա պատմվածքները և ակնարկները հրապարակվել են գրական, հասարակական-քաղաքական հանդեսներում և ինտերնետային կայքերում` Ստեփանակերտում, Երևանում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Նովոչերկասկում, Նիժնի Նովգորոդում, Աբխազիայում, Վրաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում, Պատերազմի և խաղաղության լուսաբանման միջազգային ինստիտուտի (Լոնդոն), ԲԻ-ԲԻ-ՍԻ համաշխարհային ծառայության կայքերում: “ԹպսՌՍՌռ րՑՐՈվվՌՍ” ռուսական ֆոնդի կողմից կազմակերպված գրական մրցույթում երկրորդ տեղ գրավելու համար Աշոտ Բեգլարյանին շնորհվել է ֆոնդի Մագիստրի կոչում: Նա մասնակցել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը, ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում ծանր վիրավորվել է. պատահական չէ, որ զինվորական թեման  առավել հարազատ է նրան: Պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության  “Մարտական ծառայություն”, “Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին” մեդալներով:

——————————————————————————————-

ԱՍՈՒՅԹՆԵՐ

Բարու եւ չարի հավիտենական պայքարում բարու հաղթանակը տեսանելի չէ, գուցե նրա համար, որ միաժամանակ գոյություն ունի «չարին չհակադրվել» ասված չարիքը:

Մարդ կյանքում շատ կորուստներ է ունենում, բայց ամենամեծը իր ինքնության կորուստն է:

Խառնաշփոթ հասարակությունում զարմանալի արտոնություններ են լինում, նույնիսկ այնպիսին, երբ առօրյա կյանքում մեկի՝ մյուսի նկատմամբ կտտանքը չի կանխվում, չի արգելվում… ի պատիվ նախկին «ծառայությունների»:

Պինդ թիկունք ունեցող անառակության մոտ առաքինությունը նսեմացվում է, անարգվում, կարող է նաեւ նրա զոհը դառնալ:

Անկախ ունեցվածքի չափից՝ հոգու աղքատությունը աղքատության ամենասարսափելի աստիճանն է:

Ամեն մի հասարակություն սերունդ է դաստիարակում ապագայի նկատառումներով, բայց դա հետագայում, հիմնականում, ոչ թե երջանկություն, այլ բարդություններ է առաջացնում, քանի որ հակասության մեջ է հայտնվում նոր ժամանակների պահանջների ու բարքերի հետ:

Անմակարդակը բարձր մակարդակում գտնվողի դրական փորձը օգտագործելով՝ հազիվ թե մեծ արդյունքների հասնի:

Գիտելիքն առանց ազնվության կարող է չարիք էլ գործել, իսկ ազնվությունը միշտ էլ մեծ բարիք է:

Երկու հարազատների միջեւ դատի ժամանակ շահողի կորուստը հնարավոր է ավելին լինի, քան պարտվողինը:

Ներողամտությունն ու հանդուրժելն անհրաժեշտ են եւ հնարավոր, բայց ոչ դավաճանության դեպքում:

Սովորաբար հպարտ աղքատը հարուստի մոտ ամաչում է իր սոված լինելու մասին խոսել, իսկ հարուստը չի ամաչում սովածի մոտ հպարտորեն թվարկել կերած ճաշատեսակները:

Ազգը, ժողովուրդը միասնական ամբողջականություն է, բաժանելով զանազան խմբերի, շերտերի, խավերի, արտոնյալների՝ անհավասարություն, մասնատվածություն, հակասություններ ու խորթություններ են առաջանում:

Դաստիարակչական աշխատանքի արդյունքները կախված են դաստիարակողի դաստիարակվածության եւ ընդհանուր զարգացման մակարդակից, մինչդեռ այդ գործով երբեմն զբաղվում են նման հատկություններից եւ ոչ մեկը չունեցողները:

Հավատարմությունը բարոյական վեհ հատկություն է, արժանի հատուցվելու փովխադարձ հավատարմությամբ:

Երբ սոխակը վեհաշուք գեղգեղանքից հետո հարձակվում է նուրբ, սպիտակաթեւ, թրթռացող թույլ ու անզոր թիթեռի վրա, կտցահարում – կուլ տալիս, նա արդեն գիշատիչ է:

Անճաշակությունը նաեւ անպարկեշտություն է, ապացույցը՝ որոշ աղջիկների մրցակցությունը` ցուցադրել փորը, պորտը, կուրծքը, թիկունքը, գոտկատեղը, ծնկներից վերը, հետույքի վերին մասը եւ այլն…

Մի սխալ, անհամապատասխան նշանակված պաշտոնյայի շուրջը անպայման հայտնվում են բազմաթիվ իր նմանները:

Ճշմարտության արժեքն ավելին է, քան «դառը» կամ «քաղցր» լինելը, խոհեմն է, որ ունկնդիր է լինում թե բարեկամի, թե թշնամու հայտնած ճշմարտությանը:

 Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s