№ 17 / 16 հոկտեմբեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՋՈՐԴ ԿԱՅԱՐԱՆԸ՝ «ՆԱԽԱՆՁԻ ԱՌԱՐԿԱ»

Հայտնի քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը մի քաղաքական-ժողովրդավարական մոդել է մշակել, որն, իր ասելով, ներկայումս քննարկվում է ԼՂՀ նախագահի, խորհրդարանի նախագահի եւ կառավարության մակարդակով, եւ ընդունվելու պարագայում ԼՂՀ-ն ամբողջ աշխարհում նախանձի առարկա է լինելու:

Լսենք նրան. «Ի դեպ, ասեմ, որ պետությունների ժողովրդավարության կատարյալ մոդելը հիմա Արցախում քննարկվում է, ես առաջիկայում հրավիրվելու եմ, որպեսզի դա Արցախում կյանքի կոչվի, եթե Արցախի քաղաքական գործիչները, պետական այրերը համաձայնությունը տան, եթե դա ընդունեն: Այդ ձեւով Արցախը կդառնա աշխարհի այն պետությունը, որի ժողովրդավարականությունն օրինակելի կդառնա աշխարհի համար»:

Պարզ ասած, մենք դառնալու ենք ժողովրդավարության կղզյակ կամ օազիս և ինքներս ենք հեղափոխության ձևով ժողովրդավարություն տարածելու աշխարհում: Նայելու ենք օգնության համար մեզ մեկնած դիկտատորական ձեռքերին և դեռ մտածելու ենք, թե ում առաջին հերթին օգնել, կամ արժե՞, ընդհանրապես, օգնել:

Ի՞նչ կարելի է ասել այս առիթով: Եթե, Աստված մի արասցե, այդ մոդելը կյանքի կոչվի, ապա ԼՂՀ-ն դառնալու է աշխարհի նախանձի առարկան: Իսկ «Աստված մի արասցե», քանի որ մենք գիտենք, թե ինչ են անում մեկին, երբ բոլորը նրան նախանձում են: Մենք միայն մեր ու ադրբեջանցիների սև նախանձի մասին գիտենք ու անտեղյակ ենք կանադացիների, պուերտոռիկացիների, գվինեաբիսաուցիների, շոտլանդացիների, եթովպացիների, կոտդիվուարցիների երփներանգ նախանձի մասին: Ամերիկացիների մասին էլ չեմ խոսում: Իսկ մեր ռազմավարական դաշնակից ռուսներն իրենց ֆորպոստն իսկույն կտան «Կուզկինի մայրիկին»: Մի խոսքով, կխժռեն մեզ ու անձեռոցիկ էլ չեն օգտագործի:

Հետո էլ՝ ինչքա՞ն կարելի է ժողովրդավարացնել երկիրը, էդ անտեր ժողովրդավարությունը հո առաձգակա՞ն չէ: Արդեն այսօր մենք այնպիսի մակարդակի ենք հասել, որ մեր ժողովրդավարության մասին գիտեն յոթ սարից անդին: Հետո ի՞նչ, որ մեր սեփական ժողովուրդը տեղյակ չէ, կարևորն այն է, որ ուրիշներն իմանան:

Ամենակարևորը՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, իսկ եթե ավելի լուրջ, ապա մեր դարավոր թշնամին մեր իսկ անհամեստությունն է, մեր իսկ ցուցամոլությունը: Մինչդեռ պատմական վճռորոշ պահերին շատ ավելի պահանջված են թևքերը քշտած, անաղմուկ աշխատելն ու պատրաստվելը, սեփական ժողովրդին «գաղտագողի» երջանկացնելը:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————-

Տոն

ՔԱՂԱՔ, ՈՐՏԵՂ ԱՆՀՆԱՐ Է ՍՏԵԼ…

Օրերս ստեփանակերտցիներն առաջին անգամ նշեցին իրենց սիրելի քաղաքի օրը: Քաղաքի օրվան նվիրված տարբեր միջոցառումներ կազմակերպվեցին, իսկ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրապետության մշակութային տարբեր օջախների ներկայացուցիչների մասնակցությամբ համերգ է անցկացվել, որը եզրափակվել է հրավառությամբ:

Մայրաքաղաքում տիրող կիսատոնական մթնոլորտն ամենեւին էլ համահունչ չէր քաղաքի նկատմամբ այն զգացմունքներին, որոնք ունեն ստեփանակերտցիներից շատերը: Հատկապես նրանք, ովքեր ծնվել ու մեծացել են այստեղ ու այն չեն լքել նույնիսկ պատերազմի ծանր տարիներին: Ոմանց համար Ստեփանակերտը երկրագնդի ամենալավ քաղաքն է: Սա, թերեւս, նրանց համար պայմանավորված չէ քաղաքի գեղեցիկ լինելով, այլ նրանով, որ հենց այս քաղաքի հետ են նրանք ապրել պատերազմի դժվար, տխուր ու ցուրտ օրերին, երբ քաղաքը չորս կողմից գնդակոծվում ու հրթիռակոծվում էր, երբ մարդիկ ապրում էին սիրելի քաղաքի շենքերի նկուղներում եւ հարազատ քաղաքը տեսնելու հնարավորություն էին ունենում միայն հրթիռակոծության «ընդմիջման» ժամանակ, այն էլ, երբ տնից շտապ ինչ-որ բան էր պետք լինում վերցնել:

Այսօր, փառք Աստծո, նման պայմաններում չենք ապրում, եւ սիրելի ու հարազատ քաղաքում քայլելու, ապրելու եւ արարելու հնարավորությունը կա:

Այստեղ է, որ կարող ես հանգիստ շունչ քաշել, զբոսնել՝ ճանապարհին հանդիպելով բազմաթիվ ծանոթների ու բարեկամների: Այստեղ է, որ ամեն ինչ հարազատ է՝ յուրաքանչյուր ծառ, թուփ, փողոց: Իսկ մարդիկ… Այս փոքրիկ քաղաքում շատերն իրար ճանաչում են: Հենց այստեղ է, որ մեկի մասին հարցնելով՝ կարող ես ստանալ նրա մասին ուզածդ կամ չուզածդ տեղեկությունը: Այստեղ քեզ կասեն, թե նա ում կինն է կամ ում բարեկամը, ինչով է հիմա զբաղվում կամ ինչ էր նախկինում անում: Կարճ ասած՝ բոլորը գիտեն, թե ով ինչ է շնչում եւ նույնիսկ որտեղ է անցկացնում ազատ ժամանակը: Գուցե հենց սա է ստեփանակերտցիներին ինչ-որ չափով զերծ պահում ստելուց, վատություն անելուց եւ այլ չարիքներից:

Պատահական չէ նաեւ այն, որ դրսից քաղաք այցելած մարդու մասին իսկույն իմանում են, քանի որ նրա դեմքն անծանոթ է լինում շատերի համար: Տղաները նույնիսկ հաճախ կատակում են, թե հնարավոր չէ քաղաքը դրսից մի աղջիկ մտնի եւ նրանք իսկույն չիմանան: Տեղացիներին էլ ճանաչում են դեմքով, անուններով, իսկ ոմանց նույնիսկ շատ լավ են ճանաչում, քանի որ նրանց կարելի է քաղաքի դեմքեր անվանել: Օրինակ, Թայդիին /«Շշտապողին»/ մեր քաղաքում գիտեն բոլորը՝ մեծից մինչեւ փոքր: Գիտեն, որ արագաշարժ այս մարդը իր ողջ կյանքում հեռագրեր է բաժանում: «Մի օր մեքենան կանգնեցնում են եւ Թայդիին ասում՝ արի տանենք, իսկ նա պատասխանում է՝ պետք չէ, թայդի եմ /շտապում եմ/»,- սա պատմում են համարյա բոլոր ստեփանակերտցիները, երբ խոսք է գնում նրա մասին:

Թայդիի նման շատերը կան, որոնք ոչ մի բարձր պաշտոն չեն զբաղեցնում, մեծահարուստ չեն, բայց նրանց բոլորը ճանաչում եւ հարգում են, նրանք բոլորին հարազատ են: Կարծում եմ, հենց հարազատ լինելու այս հանգամանքն է պատճառը, որ շատերն ասում են, թե առանց Ստեփանակերտի չեն պատկերացնում իրենց կյանքը:

Իսկ Ստեփանակերտը, ինչպես գիտենք, չի փայլում իր տեսարժան վայրերի առատությամբ: Նույնիսկ կասեի, որ դրանց բացակայությունն ընդգծված կերպով զգացվում է, իսկ եղածներն էլ ժամանակի հետ վերանում են: Բայց այս փոքրիկ, գեղեցիկ ու կանաչ քաղաքում հաճելի է ոչ միայն ստեփանակերտցիների, այլեւ այստեղ այցելող յուրաքանչյուր մարդու համար:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

——————————————————————————————-

Ընտրություններ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՅԱՑԱԾ ԵՆ

Հանրապետությունում հոկտեմբերի 14-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին  ընտրության իրավունք ունեցող 89327 հոգուց, նախնական տվյալների համաձայն, քվեարկությանը մասնակցել են 56300-ը, կամ՝ 62.9 տոկոսը: Մասնակցության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ստեփանակերտում, որտեղ քվեարկել է ընտրողների ընդամենը 43.7 տոկոսը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանի խոսքերով, մասնակցության առումով բոլոր համայնքներում կայացել են ընտրությունները, սակայն, ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, հանրապետության 162 համայնքներից 154-ում են ղեկավարներն ընտրված  համարվում, 7 համայնքներում դիմում-բողոքների հիման վրա մոտ օրերս վերահաշվարկ է կատարվելու, իսկ մի համայնքում՝ Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում, ընտրությունները չկայացած են համարվում, քանի որ համայնքի ղեկավարի միակ թեկնածուի օգտին չի քվեարկել քվեարկողների կեսից ավելին: Բայց ահա ավագանու անդամների ընտրությունները կայացել են բոլոր 218 համայնքներում:

Ընտրությունների նախնական արդյունքներով՝ Ստեփանակերտի համայնքի ղեկավար է ընտրվել Վազգեն Միքայելյանը, որի օգտին քվեարկել է 15250 քվեարկողներից 12186-ը: Արա Ղահրամանյանի օգտին քվեարկել են 1336, իսկ Ալբերտ Ղազարյանի օգտին՝ 911 հոգի:

Ստեփանակերտ քաղաքի ավագանու անդամներ են ընտրվել Վալերի Աբրահամյանը, Հասմիկ Ասրյանը, Արայիկ Ավանեսյանը, Արթուր Դադասյանը, Սամվել Եսայանը, Աշոտ Հակոբյանը, Դավիթ Հակոբյանը, Մարատ Հասրաթյանը, Սերգեյ Մելքումյանը, Ելենա Մնացականյանը, Նազիկ Նազլուխանյանը, Նաիրա Նազարյանը, Հրաչիկ Նասիբյանը, Ալբերտ Պետրոսյանը եւ Կարեն Պետրոսյանը:

Մարտունի քաղաքում քաղաքապետ է ընտրվել Նելսոն Մուսայելյանը, Մարտակերտում՝ Սերգեյ Հարությունյանը, Քարվաճառում՝ Ժորա Գրիգորյանը, իսկ Բերձորում` Արթուր Սահակյանը:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԱՄԵՆԱԾՈՒՅԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հոկտեմբերի 14-ին ԼՂՀ-ում կայացան ՏԻՄ հերթական, արդեն 4-րդ ընտրությունները, որոնք, երեւի, պատմության մեջ կմնան որպես ամենապասիվ ընտրություններ:

Հիմնական պայքարը պետք է ծավալվեր Ստեփանակերտում, որտեղ սպասվում էր իշխանությունների թեկնածուի, ներկայիս քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանի և, հնարավոր էր, այն ուժերի ներկայացուցչի մասնակցությունը, որոնք նախագահական ընտրությունների ժամանակ դեմ էին խորհրդարանական կուսակցություններին:

Աղաբեկյանի հնարավոր մասնակցությունը վերլուծաբանները պայմանավորում էին նրանով, որ չնայած 2004թ. ժողովրդավարական ուղով ընտրությանը եւ վերջին 3 տարվա ընթացքում ինչ-որ չափով ընդդիմադիր դիրքորոշմանը, Էդ. Աղաբեկյանը նախագահական քարոզարշավի ժամանակ հրաժարվել է ոչ միայն ընդդիմադիր, այլ նաեւ չեզոք դիրքորոշումից:

Ինչ վերաբերում է ուժերին, որոնք նախագահական ընտրություններում կանգնած էին թեկնածու Մասիս Մայիլյանի կողքին, ապա ՏԻՄ ընտրություններում նրանց մասնակցությամբ շահագրգռված էին հենց իշխանությունները: Այդպես կապահովվեր ընտրությունների, ինչու չէ՝ նաեւ քաղաքական համակարգի ժողովրդավարական իմիջը:

Սակայն, երկու պոտենցիալ ուժերի չմասնակցելը, փաստորեն, նախընտրական պայքարը պասիվացրել է: Քաղաքապետի թեկնածու Վազգեն Միքայելյանը, որը նախագահի բարեկամն է, եւ նրան սատարելու մասին հայտարարել են «Ազատ Հայրենիք» եւ ՀՅԴ կուսակցությունները, նախընտրական հանդիպումներ էր անցկացնում, ելույթ ունենում հեռուստատեսությամբ, բայց բնակչությանը իր կողմը գրավելու համար հատուկ ջանքեր չի թափում:

Երկրորդ թեկնածուն՝ Արա Ղահրամանյանը, նախընտրական քարոզչություն գրեթե չի անցկացրել եւ, փաստորեն, խոստովանել է, որ իր թեկնածությունն առաջադրել է վերջին օրը՝ միայն այլընտրանք ապահովելու համար:

Երրորդ թեկնածուն՝ Ալբերտ Ղազարյանը, որը նույնպես փաստաթղթերը ընտրական հանձնաժողով է հանձնել վերջին օրը, փորձում է նախընտրական հանդիպումներ անցկացնել, բայց հեռուստառեպորտաժներից դատելով, հանդիպումներին շատ մարդ չէր լինում: Դրա համար էլ հազիվ թե կարելի էր խոսել Ստեփանակերտում նախընտրական ակտիվ պայքարի մասին:

Ցավով պետք է արձանագրել, որ նախագահական ընտրություններում կիրառված մեթոդները, որոնք տեղավորվում էին «ով մեզ հետ չէ՝ նա մեր դեմ է» կարգախոսում, բացասաբար է ազդել ՏԻՄ ընտրությունների գործընթացի վրա: Ոչ քիչ կարեւոր նշանակություն է ունեցել եւ գործող նախագահի հիմնական մրցակից Մասիս Մայիլյանին փոխարտգործնախարարի պաշտոնից ազատելը: Նախագահի հրամանագրում նշված չի եղել ազատման պատճառը, բայց դրա մասին կարելի է կռահել: Դրանից հետո ո՞վ կառաջադրի իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնի համար, երբ արդեն կա իշխանությունների թեկնածուն:

Բայց ամենավտանգավորը, իհարկե, մարդկանց տրամադրության փոփոխությունն է: Դժվար էր գուշակել, թե Ստեփանակերտի ընտրողների քանի տոկոսը կգնա ընտրությունների, բայց այն, որ տոկոսը բարձր չի լինելու՝ էն գլխից պարզ էր:

«ՀՈՒՍՈՎ ԵՄ՝ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆԱԽՈՐԴԻՑ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԱՇԽԱՏԻ»

«Ես չեմ գնալու ընտրության, որովհետեւ մնացած ընտրությունների նման սրանք էլ են ձեւական: Սակայն, մնացածները այս աստիճան չէին: Ես վստահ եմ, որ քաղաքապետի մյուս երկու թեկնածուներն էլ են գնալու Վազգեն Միքայելյանի օգտին քվեարկեն»,- այս կարծիքն է արտահայտել Ստեփանակերտի բնակիչ, 40-ամյա Սամվելը:

24-ամյա Դիանան մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ չի գնալու ընտրության, իսկ 52-ամյա տիկին Զարինեն ասաց, որ ընտրության պիտի գնա, սակայն միայն ավագանի կընտրի: «Քաղաքապետը նշանակվել է հուլիսի 20-ին»,-ասել է նա:

53-ամյա տիկին Լիդան նույնպես չի գնալու ընտրության: «Ինչո՞ւ պետք է գնամ, միեւնույն է՝ նախագահի բարեկամն է ընտրվելու: Համ էլ չեն հավատում, թե ինչ-որ բան է փոխվելու դրանից հետո»,- ավելացրել է նա:

Նման կարծիքներ արտահայտել են նաեւ փողոցում հանդիպած մեր զրուցակիցներից ոմանք, որոնց մեջ կային նաեւ այնպիսիք, ովքեր առավոտյան գնացել են ընտրության: Օրինակ, թոշակառու Վազգենը առավոտյան շուտ է գնացել քվեարկության: «Ես բոլոր ընտրություններին անպայման մասնակցում եմ, դա իմ քաղաքացիական պարտքն է»,- ասում է նա:

62-ամյա տիկին Լաուրան, որը նույնպես քվեարկության է գնացել, ասաց. «Ինչո՞ւ չպիտի գնամ: Նախագահական ընտրություններին էլ եմ գնացել, հիմա էլ: Հուսով եմ՝ նոր քաղաքապետը նախորդից ավելի լավ կաշխատի, քանի որ իշխանությունների հետ միեւնույն թիմից է»:

www.karabakh-open.com

——————————————————————————————-

Մունք

«ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՎ ՁԵՐ ԴԻՄԱՆԿԱՐԸ»  ԿԱՄ՝ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ 

Որպես նախաբան

Հոկտեմբերի 5-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Մասիս Սամվելի Մայիլյանին ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել Էդուարդ Բենիամինի Աթանեսյանն՝ ազատվելով ԼՂՀ նախագահի առաջին օգնականի պաշտոնից: 

Սպասված անսպասելիություն

Եթե ասելու լինենք, որ սա անսպասելի էր՝ անկեղծ չէինք լինի: Շատերս, որպես վատ սցենար, մեր մտքում կանխատեսում էինք սա, բայց մի փոքրիկ հույսով, մի թաքուն ակնկալիքով սպասում, որ միգուցե երկրիս այսօրվա տերերը չգնան այդ քայլին, քանի որ դա չափից ավելի անհարիր էր նրանց ասած խոսքերին, կառավարման նոր ոճի  մասին իրենց հավաստիացումներին ու հայտարարություններին, հանուն Արցախի միասին լինելու գրավիչ հեքիաթին: Ինչ խոսք, ոչ ոք հալած յուղի տեղ չէր ընդունում այդ ամենը, քանի որ փոքր երկիր ենք և իրար լավ ենք ճանաչում, այնուամենայնիվ, նման քայլի ճչանությունը, թվում էր, կխրտնեցնի նրանց:

Սակայն այդպես չեղավ: Եթե ավելացնելու լինենք այն հանգամանքը, որ մինչ այդ էլ իրենց աշխատավայրերից (ի դեպ, պետական) դուրս են մնացել Մասիս Մայիլյանի երկու եղբայրները, նաև այն, որ որոշ շրջաններում նրա մի շարք կողմնակիցների տուժել են, ապա կպարզվի, որ արցախյան մերօրյա հանդուրժողականության վազքը… մինչև մարագն էր:

Կարծում ենք, այս քայլի տպավորվող հետևանքները վերացնելու համար երկրիս այսօրվա տերերին շատ ավելի լուրջ ջանքեր են պահանջվելու:

Իսկ ովքե՞ր են տերերը

Չգիտենք, թե որքանով է համապատասխանում իրականությանը, բայց շրջանառվում են լուրեր այն մասին, որ Մ. Մայիլյանին ազատելը եղել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի «թախանձագին պահանջով», որը դրանով երկու հարց է լուծել, նախ՝ կատարել է «Մայիլյանների ցեղին» պատժելու մասին իր «նախընտրական խոստումը», հետո էլ՝ կարևոր պաշտոնում տեղավորել է իր մարդուն:

Ինքս հակված չեմ միանշանակ ընդունելու այս վարկածը ոչ միայն այն պատճառով, որ դա լուրջ կասկածի տակ է դնում ներկայիս ղեկավարության ինքնուրույնությունը, այլև այն պատճառով, որ արդեն նաև այլ լուրեր են շրջանառության մեջ, որոնք վկայում են ներկայիս և նախկին նախագահների միջև փոխըմբռնման որոշակի դեֆիցիտի մասին:

Վասն տղամարդկության

Մ. Մայիլյանի պաշտոնանկության փաստը միանշանակ վատ է ընդունվել հանրության մեջ, ավելին՝ չեմ հիշում մեկ այլ դեպք, երբ պետական պաշտոնյայի ճակատագրի հանդեպ այդպիսի սրտացավություն լիներ շարքային մարդկանց ու հասարակ ժողովրդի մեջ: Սակայն իշխանական բուրգին մոտ կանգնած և սերտորեն առնչվող մի խավի մոտ տիրապետող է այն կարծիքը, որ Մայիլյանը ճիշտ ու տղամարդավարի վարված կլիներ, եթե ինքը հեռանար:

Հարցը երկու կողմ ունի: Նախ՝ այս տեսակետը ճիշտ կլիներ, եթե պետությունը դիտարկենք որպես մի խումբ մարդկանց կողմից սեփականաշնորհված օբյեկտ, սակայն եթե մենք հարգում ենք մեր ասածների գոնե մեկ տոկոսը և ընդունում ենք պետությունը որպես հանրային կառավարման ձև, որպես բոլորիս հավաքական ստեղծագործություն, ապա պիտի հասկանանք, որ Մայիլյանը որևիցե մի հարուստի տանը բատրակ չէր աշխատում, այլ ծառայում էր պետություն կերտող իր ժողովրդին:

Ինչ վերաբերում է բուն տղամարդկությանը, ապա ընտրություններում Մայիլյանի արածը, իհարկե, տղամարդկություն չէր, այն մի մակարդակ բարձր է և շատ ավելի մեծ չափանիշներով չափվող կատեգորիա է: Մ. Մայիլյանն, ամեն ինչից զատ, լավ նախադեպ ստեղծեց՝ բազմակարծություն բուն պետական ապարատում, առանց որի ցանկացած ապարատ անարգելակ մեքենա է: Գուցե ծիծաղելի հնչի, բայց Մայիլյանը պետական ապարատում սեփական կարծիք ունենալու և այն պնդելու ավանդույթ ստեղծեց: Թե չէ այսօր պետական պաշտոնյաների գերակշիռ մասից կարծիք կորզելը նույնքան անհնար է, որքան Ադրբեջանից մեր անկախության ճանաչում կորզելը: Եւ նրանց շատ է սազում հայտնի անեկդոտը, երբ մեկին պատին դեմ են տալիս և հարցնում՝ «Դու սեփական կարծիք ունե՞ս, թե՞ ոչ», իսկ նա էլ պատասխանում է՝ «Ես, իհարկե, սեփական կարծիք ունեմ, բայց նրա հետ համաձայն չեմ»:

Եվ այս ֆոնի վրա Մ. Մայիլյանի տղամարդկությունը կասկածի տակ դնելը պարզապես զավեշտ է: Առավել ևս, որ նրան հակադարձում էր երկու կառավարություն, երկու համակարգ: «Ոչ տղամարդկանց» դեմ նման ռեսուրսներ չեն հանում:

Շնորհակալություն՝ վերջաբանի փոխարեն… կամ՝ տաշած քարը գետնին չի մնում

Ով էլ ինչ էլ որ ասելու լինի՝ այստեղի ու արտերկրի գիտակից մարդկանց և ուժերի կողմից միանշանակ ընդունվել է Մ. Մայիլյանի ուղղակի պատմական դերը մեր այս ընտրություններում: Արցախի քաղաքակիրթ ու ժողովրդավարական դեմքը այս մի կոնկրետ ժամանակահատվածում հենց նրա հետ էր կապվում: Շատերն էին զարմանում, որ նորանկախ երկրում կա, աճել է այսպիսի բարձրամակարդակ ու ազնվաբարո պետական ու քաղաքական գործիչ: Պարադոքսալ է, բայց փաստ՝ նմանների ճակատագիրը միշտ էլ բարդ է լինում, նրանք հաճախ ոչ միայն չգնահատված են լինում, այլև պատժվում են այն ստեղծածի համար, որից օգտվել են ուրիշները: Եւ պատժողներն էլ այդ ուրիշներն են լինում:

Թեև չենք կարծում, թե դա պատիժ էր նրա համար, քանի որ իր իսկ աճի այդ փուլը նա վաղուց էր անցել և հոգեպես պատրաստ էր այլ որակի: Հետո էլ, ինչպես ասում են՝ տաշած քարը գետնին չի մնում: Ոչ պարադոքսալ, բայց ոչ պակաս փաստ է նաև՝ նման մարդկանց կարիքը շատ շուտ են զգում:

Աստված համբերություն տա նրան ու մեզ:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ Է  ԻՐ  ՀԻՄՆԱԿԱՆ ՄՐՑԱԿՑԻՆ

… Նախագահի մեկ այլ հրամանագրով աշխատանքից ազատվել է նաեւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասիս Մայիլյանը, որը Բակո Սահակյանի հիմնական մրցակիցն էր նախագահական ընտրություններում:

Համաձայն ԼՂՀ օրենսդրության` կառավարությունը չի ձեւավորվում ըստ խորհրդարանում ներկայացված կուսակցությունների համաչափության: Ընդհակառակը, կառավարությունը ձեւավորվում է մասնագիտական ունակությունների հիման վրա:

Սակայն ձեւավորված կառավարության կազմում կան Բ. Սահակյանին սատարած կուսակցության ղեկավարներ: Ասենք, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արա Հարությունյանը նշանակվել է վարչապետ: Իսկ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը նշանակվել է արդարադատության նախարար: Կառավարության կազմում կան նաեւ Ժողովրդավարական կուսակցության անդամներ:

Սակայն ամենաքաղաքական քայլը, թերեւս, Մասիս Մայիլյանին պաշտոնից ազատելն է: Չէ որ, եթե խոսվում է զուտ պրոֆեսիոնալիզմի մասին, ապա անհնար է ժխտել, որ Մ. Մայիլյանը աշխատում է ԱԳՆ-ում նախարարության ստեղծման օրվանից եւ համարվում է Ղարաբաղի եզակի պրոֆեսիոնալ դիվանագետներից մեկը:

Բացի այդ` ինչպես Karabakh-Open-ի թղթակցին տեղեկացրեց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանը, գործող օրենքի համաձայն, փոխնախարարները նշանակվում եւ ազատվում են կառավարության որոշմամբ:

Ինչու են վերոնշյալ պաշտոնյաներն ազատվել եւ նշանակվել նախագահի հրամանագրով` անհասկանալի է:

http://www.karabakh-open.com

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՒՅՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆ ՉԴՐՍԵՎՈՐԵՑ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Մասիս Մայիլյանը ազատվեց ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից: Այդ պաշտոնին նշանակվեց Էդուարդ Աթանեսյանը, որ մինչ այդ եղել է ԼՂՀ նախագահի առաջին օգնականը: Հիշեցնենք, որ Մասիս Մայիլյանը ԼՂՀ նախագահական ընտրություններում զբաղեցրեց 2-րդ տեղը եւ պարտությունից հետո շնորհավորեց իր մրցակցին: Karabakh-Open կայքը հայտնում է, որ Մասիս Մայիլյանն աշխատում էր ԱԳՆ-ում նախարարության ստեղծված օրվանից եւ համարվում է Ղարաբաղի եզակի պրոֆեսիոնալ դիվանագետներից մեկը:

«Առավոտ»

ԽՈՍՏՈՒՄԸ ՉԻ ՊԱՀՈՒՄ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ փոխարտգործնախարար, նախագահի նախկին թեկնածու Մասիս Մայիլյանը ազատվել է աշխատանքից: Մեկ այլ հրամանագրի համաձայն, Սահակյանը այդ պաշտոնում նշանակել է ԼՂՀ նախագահի օգնական-մամլո քարտուղար Էդուարդ Աթանեսյանին: Ինչպես մեզ հաջողվեց պարզել, ինքը՝ Մայիլյանը, ազատման դիմում չի ներկայացրել, իսկ դա նշանակում է, որ սա ընտրություններում հաղթած թեկնածուի հաշվեհարդարն է իր նախկին հակառակորդի նկատմամբ: Թեեւ հարկ է հիշեցնել, որ դեռ ընտրությունների օրը Բակո Սահակյանը հայտարարել էր, թե ընտրվելու դեպքում պաշտոնները առաջին հերթին բաժանելու է իր թիմակիցներին, սակայն խոստացել էր նաեւ, որ քաղաքական հակառակորդները չեն հետապնդվելու:

«Հայկական ժամանակ»

ԼԱՅՆԱԽՈՀՈՒԹՅՈՒՆ ԸՍՏ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ

Հոկտեմբերի 8-ին «Հայացք» ակումբում լրագրողները ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի ուշադրությունն են հրավիրել Ղարաբաղի նորընտիր նախագահ Բակո Սահակյանի մի քայլի վրա: Խոսքը նախագահի ընտրությանը Սահակյանի մրցակից, փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանին պաշտոնից հեռացնելու նրա հրամանագրի մասին է: Նկատի ունենալով, որ ՀՅԴ-ն իբրեւ միասնական թեկնածու պաշտպանում էր Բակո Սահակյանին, ով էլ հանդես էր գալիս քաղաքական լայնախոհության եւ քաղաքական հակառակորդներին չհալածելու մասին թեզերով, լրագրողները Կիրո Մանոյանին հարցրել են, թե արդյոք նախագահի ընտրության մրցակցին պաշտոնից հեռացնելը Բակո Սահակյանի քաղաքական լայնախոհության դրսեւորում է:

«Այդ հարցը պետք է երեւի թե տաք Ղարաբաղի նախագահին: Անպայման պետք չէ դա համարել հալածանք: Պաշտոնից ամեն ազատում հալածանք չէ: Պարզ է, որ եթե եկել է նոր նախագահ, կարող է նաեւ ինչ որ տեղ էլ իր փոփոխություններն անի, որպեսզի իր թիմը ձեւավորի»,- ասում է Կիրո Մանոյանը:

Lragir.am

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԸ ՁԵՌՆՊԱՀ Է ՄՆՈՒՄ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանը ձեռնպահ մնաց իր պաշտոնանկության վերաբերյալ մեկնաբանություններից: «Ազատություն» ռադիոկայանին նա հայտնեց, որ կան տարբեր առաջարկներ, սակայն առայժմ հանգստանում է եւ միաժամանակ հետեւում քաղաքական զարգացումներին ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում, եւ որոշում կկայացնի ավելի ուշ:

Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահ Բակո Սահակյանը Մասիս Մայիլյանին փոխարտգործնախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը ստորագրել է անցած շաբաթավերջին: Այդ պաշտոնում նշանակվել է Էդուարդ Աթանեսյանը, ով մինչ այդ Ղարաբաղի նախագահի առաջին օգնականն էր: Սա առաջին դեպքն է, երբ արտգործնախարարի տեղակալը փոխվում է նախագահի հրամանագրով. նախկինում այդ պաշտոնում նշանակումները կատարվել են կառավարության որոշմամբ:

Մայիլյանը հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի հիմնական մրցակիցն էր եւ քվեարկության արդյունքներով զբաղեցրել էր երկրորդ տեղը: Մայիլյանի շտաբը միակն էր, որ ընտրությունների շրջանում արձանագրել էր խախտումներ եւ դրանց մասին երկու տասնյակից ավելի դիմում-բողոք էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Մայիլյանը Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունում աշխատում էր գերատեսչության ստեղծման օրվանից՝ 1993 թվականին, իսկ 2001 թվականից արտգործնախարարի տեղակալն էր: Նա դիվանագիտական կրթություն է ստացել արտերկրում՝ Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում:

Լեռնային Ղարաբաղի ներկայիս նախագահ Բակո Սահակյանը, ընտրությունների օրը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իր ընտրվելու դեպքում ինչպիսի՞ն կլինեն հարաբերությունները մրցակիցների հետ, եւ կպահպանե՞ն արդյոք նրանցից ոմանք իրենց պաշտոնները գործադիր իշխանությունում, մասնավորապես ասել էր. «Քաղաքական կուլտուրան պահանջում է, որպեսզի պաշտոններ ունենան, առաջին հերթին, նրանք, ովքեր ընդգրկված էին իմ թիմում: Բայց դա չի նշանակում, որ իմ մրցակիցները կհետապնդվեն»:

Կարինե ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
«Ազատություն» ռկ

——————————————————————————————-

Համահայկական

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ… 

Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջապես խախտեց տևական լռությունը և հանդես եկավ հայտարարությամբ: Այն աշխուժորեն քննարկվում է Հայաստանում, տրվում են զանազան գնահատականներ: Չնայած կարծիքների ու գնահատականների բազմազանությանը, մի բան գոնե միանշանակ է՝ Տեր-Պետրոսյանի վերամուտը մի նոր ու թարմ ալիք էր, որ անցավ հայաստանյան քաղաքական ճահճուտի վրայով:

Անձամբ ես այլ կերպ էի պատկերացնում այդ վերամուտը, այլ երանգներով: Մասնավորապես, ինձ համար տարակուսելի էր, որ երկար տարիների «հանգիստ» խմորումներից ու անցած ուղին վերարժեվորելու բացառիկ հնարավորությունից հետո նրա մակարդակի մտավորականի ելույթում չհնչեցին ապաշխարանքի խոսքեր, մինչդեռ դրանց կարիքը կար, մինչդեռ ապաշխարելու համար հիմք կար: Բայց նա չարեց դա, կամա թե ակամա թողնելով կասկածներ նույնիսկ այն մարդկանց հոգիներում, ովքեր քաղաքական կոնյունկտուրայից դուրս են և կարող են ըստ արժանվույն գնահատել նրան: Հենց այս տեսակետից էլ այնքան էլ հասկանալի չէ, երբ նա գործող իշխանությանն ասում է՝ «սրանք»: Ում հիշողությունը չի դավաճանում՝ քաջ հիշում է, որ «սրանց» հոգեհայր-կնքահայր-քաղաքական դաստիարակը հենց ինքը՝ Տեր-Պետրոսյանն էր: Եթե «սրանք», ըստ նրա, այդքան վատը դուրս եկան, ապա գոնե դրա համար արժեր ապաշխարել:

Ինչ որ է, սա զուտ իմ սուբյեկտիվ գնահատականն է, իսկ ճշմարտությունն այն է, որ պատմությունը հնարավոր չէ սրբագրել, և որ ՀՀ առաջին նախագահի անունը հայոց նորագույն պատմության մեջ առաջին հերթին դրվելու է նորօրյա նվաճումների կողքին: Փաստ է նաև, որ նա բառի բուն իմաստով մտավորական է, որպիսին մնաց թե քաղաքական կյանքում և թե առօրյայում:

Ահա թե ինչու նրա ասածի կողքով չի կարելի հենց այնպես անցնել, այլ պիտի մտորել, դիրքորոշում ունենալ: Արցախը, ինչպես միշտ, հեռու է քաղաքական զարգացումներից և իրեն գիտակցաբար տեղավորել է ուղտի ականջում՝ դինջ ու խաղաղ նիրհելով: Մինչդեռ նման վերաբերմունք չպիտի լինի մի մարդու նկատմամբ, ում գործունեությունը սերտորեն առնչված է ղարաբաղյան շարժման հետ: Ահա թե ինչու պարզապես հետաքրքիր ու օգտակար կլիներ իմանալ արցախյան քաղաքական ներկայիս էլիտայի, ղարաբաղյան շարժման հնամարտիկների, հասարակական-քաղաքական ուժերի ու շարքային մարդկանց ու անհատների կարծիքներն ու գնահատականները:

Հենց այս նպատակով էլ տպագրում ենք ՀՀ առաջին նախագահի հայտարարությունը:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԵՍ ՈՐԵՎԷ ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ»

Սիրելի բարեկամներ. 16 տարին ե°ւ շատ կարճ, ե°ւ շատ երկար ժամանակ է՝ նկատի ունենալով մեր Հայաստանի պատմությունը:

Եթե ոչինչ չասենք, բավական է հիշել, որ մեր նորանկախ պետությունը արդեն հինգ անգամ ավելի երկար կյանք է ունեցել, քան Հայաստանի առաջին անկախ Հանրապետությունը: Մենք հասկանում էինք, որ անկախությունը դժվար ճանապարհ է լինելու մեզ համար, ոչ միայն նրան հասնելու ճանապարհին, այլ նաեւ հետագայում, քանի որ սա սովորական անկախություն չէր, սա նույնիսկ գաղութատիրությունից ազատվելու փորձ չէր, քանի որ այստեղ լուծվում էր ոչ միայն քաղաքական անկախության խնդիրը, այլեւ հասարակարգի բոլոր համակարգերի փոփոխության խնդիրը. կոմունիստական գաղափարախոսությունից անցում դեպի դեմոկրատիա, կենտրոնացած պլանային տնտեսությունից անցում դեպի ազատ շուկայական տնտեսություն, բացարձակապես զրոյական արտաքին հարաբերություններ ունենալուց արտաքին հարաբերությունների նոր համակարգ ստեղծելու մի փոփոխություն: Էլ չեմ ասում` սեփական բանակ, սեփական պետական կառույցներ ունենալու մի ճանապարհ: Դժվար է, իհարկե, մարդկանց բացատրել, թե ինչպիսի օբյեկտիվ խնդիրներ գոյություն ունեին եւ այսօր էլ գոյություն ունեն, եւ դեռ տասնյակ տարիներ դրանք պետք է գոյություն ունենան մեր ճանապարհին: Չխոսած այն մասին, որ բացի այս ամեն ինչից, որ հատուկ էին Խորհրդային Միության բոլոր հանրապետություններին, մենք ունեինք նաեւ Ղարաբաղյան պատերազմ, մենք ունեինք 300 հազար փախստական, մենք ունեինք աղետի գոտի, որից տուժել էր 500 հազար մարդ: Ես չեմ պատկերացնում, որ որեւէ` մեզնից շատ ավելի հզոր պետություն այսպիսի դաժան բեռի տակ կարողանար հասնել այն բանին, ինչին հասավ մեր ժողովուրդը եւ մեր պետությունը: Այսօր, այդ ամենը ասելով, ես ուզում եմ ընդգծել, որ անկախության 16-րդ տարին, թեեւ թվում է սովորական, ոչ հոբելյանական, բայց նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունները` ես համարում եմ շրջադարձային տարի: Մենք այսօր կանգնած ենք ճամփաբաժանի առջեւ, մեծ երկընտրանքի առջեւ: Ունենք երկու ճանապարհ. մեկը՝ պահպանել այն, ինչ այսօր գոյություն ունի, այսինքն՝ պետության, ավելի շուտ` իշխանության վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ գողական աշխարհի կարգ ու կանոնով: Լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ այսօր արդեն գլորել է երրորդ աշխարհի այսպիսի ռեժիմների շարքը, եւ այս իշխանության գոյատեւումը չի խոստանում, որ մենք կարող ենք երբեւէ դուրս գալ այս վիճակից: Ուրեմն այսօր խնդիրը այս համակարգը կազմաքանդելու, այս համակարգից ազատվելու խնդիրն է: Եւ ամենակարեւոր խնդրի մասին. անցել է արդեն 16 տարի. մեր իշխանության օրոք` ութ, ավելի քիչ` յոթ ու կես, սրանց օրոք` ավելի շատ: Ես ցավով եմ ընդգծում, որ մեր ժողովրդի մեջ (դա գուցե նաեւ մենք ենք մեղավոր, որ չկարողացանք բացատրել, չկարողացանք հասցնել նրան) չկա այն գիտակցությունը, որ այսօր հայ ժողովրդի առջեւ կանգնած, Հայաստանի առջեւ կանգնած, մեր պետության առջեւ կանգնած գերագույն խնդիրը, որից կախված է ե°ւ Հայաստանի ապագան, ե°ւ մեր ժողովրդի բարօրությունը, ե°ւ մեր տնտեսության բարգավաճումը, Ղարաբաղի հարցի կարգավորումն է: Եթե չլինի այդ գիտակցությունը, ինձ թվում է` ոչինչ անել պետք չէ: Գնալ, մտնել մեր տները եւ սպասել, թե ինչպես է Հայաստանը, ինչպես ասացի, վերածվում երրորդ աշխարհի մի երկրի, որի միակ կապիտալը լինելու է աշխատանքի արտահանումը: Ուրիշ ոչինչ չունենք: Այսօր արդեն մեր աշխատուժը կազմում է մեր բյուջեի եւ մեր համախառն ներքին արդյունքի մի զգալի մասը, եթե ոչ բախտորոշ: Պետք է հասկանանք` սա չեմ ասում, որպեսզի թեւաթափ լինենք. Հայաստանը ունի ռեսուրսներ, Հայաստանի ամենամեծ ռեսուրսը նրա բացվածությունն է աշխարհի առջեւ, երբ մեր սահմանները բացվեն դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան, դեպի Իրան. չխաբվեք, մենք Իրանի հետ ճանապարհ չունենք: Մեղրին ճանապարհ չէ տնտեսական զարգացման համար: Ճանապարհը Ջուլֆայի երկաթգիծն է (որը անցնում է Նախիջեւանով-խմբ.): Եթե չբացվենք արտաքին աշխարհ, եթե այդպես մնանք փակված, մենք կվերածվենք բնատնտեսության, որի վախճանը շատ աղետալի կարող է լինել: Մենք կկորցնենք ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ կմտածենք Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման մասին:

Այս իշխանությունների ամենամեծ հանցանքը, ինձ թվում է, հենց այստեղ է կայանում: Ղարաբաղի հարցի կարգավորումը այս տասը տարիների ընթացքում համարյա թե հասել է անհուսալի վիճակի: Եթե դուք հետեւում եք Ադրբեջանի արձագանքներին, ապա կտեսնեք, որ նրանց դիրքը քանի գնում` կոշտանում է: Այսուհետեւ նրանք ոչ մի փոխզիջման չեն գնալու: Ես չգիտեմ՝ ինչ է հնարավոր անել՝ այս վիճակից դուրս գալու համար: Բայց, կրկնում եմ, այս վիճակը դեռեւս անհուսալի չեմ համարում, հնարավոր է փորձել, վերադառնալ նորմալ երկրների շարքը: Ես մնացյալ խնդիրների լուծումը շատ լավ տեսնում եմ, հնարավոր է այս կոռուպցիոն կառույցը լիովին կազմալուծել, կազմաքանդել, հնարավոր է վերականգնել Հայաստանում օրենքի իշխանությունը, հնարավոր է դատարանները, դատախազությունը, իրավապահ մարմինները վերածել իրենց բուն ֆունկցիան կատարող օրգանների, այլ ոչ թե այս մաֆիոզ կառույցների հանցանքները թաքցնող եւ միայն քաղաքական հետապնդումների գործիք ծառայելու միջոցի:

Հնարավոր է եւ շատ իրական՝ վերականգնել դեմոկրատական ազատությունները Հայաստանում: Այսօր նրանք (իշխանությունները-խմբ.), փակված 17 հեռուստաալիքների էկրանների ետեւում, բարիկադավորված, ուզում են մեր ժողովրդին ցույց տալ բոլորովին մի ուրիշ աշխարհ. դա տեսել ենք, դա բրեժնեւյան շրջանի Խորհրդային Միությունն է, եւ ըստ էության էլ՝ այսօրվա վիճակը շատ նման է բրեժնեւյան շրջանի լճացման տարիներին:

Վերջերս մի միտք արտահայտվեց, որ Հայաստանում իշխանության փոփոխություն հնարավոր չէ, քանի որ իշխանության ճգնաժամ չկա: Ճիշտ է՝ առերեւույթ իշխանության ճգնաժամ չկա, կառուցվում են Հյուսիսային պողոտայի շենքերը, ամեն օր նոր ռեստորաններ են բացվում, նոր տներ են կառուցվում եւ այլն, եւ այլն: Բայց ճգնաժամը չկա առերեւույթ: Առերեւույթ ճգնաժամն այնքան վտանգավոր չէ. տեսանելի ճգնաժամը վտանգավոր չէ: Մենք ունեցել ենք էներգետիկ ճգնաժամ, հաղթահարել ենք: Մենք ունեցել ենք ֆինանսական ճգնաժամ. Խորհրդային Միության ամբողջ տնտեսական համակարգը՝ ռուբլու գոտին, փլուզվեց, դա նույնպես հաղթահարվել է: Մենք ունեցել ենք պատերազմի ճգնաժամ, հաղթահարել ենք: Շատ ավելի դժվար է հաղթահարել անտեսանելի, աներեւույթ ճգնաժամը, որը լճացումն է: Լճացում, որը բերում է պետության հիմքերի բացարձակ նեխման ու փտման: Խորհրդային Միությունը կործանվեց ոչ թե 1991-ին, այլ կործանվեց Բրեժնեւի լճացման տարիներին: Բանից պարզվեց, որ այդ պետությունը խաղալիք է, այլեւս հիմքեր չուներ, ջրերը մաշեցրել էին այդ հիմքերը: Այսօր նույն վիճակն է, ամենավտանգավոր վիճակը, որովհետեւ դա չի տեսնվում, չի երեւում, ժողովուրդը չի գիտակցում, եւ դժվար է ժողովրդին հասցնել. ասացի արդեն՝ հեռուստատեսությունը փակ է, թերթերն ի զորու չեն այդ արգելքը հաղթահարելու: Ինչեւէ, սա մեկ ճանապարհն էր, որ այսօր կանգնած է մեր առջեւ:

Մյուս ճանապարհը մեր արժանապատվությունը վերականգնելու, ժողովրդին իր երկրի տերը դարձնելու ճանապարհն է եւ պետական այն բոլոր կառույցների առողջացման ճանապարհը, որոնք ես արդեն նշեցի: Դա հնարավոր է իրականացնել: Թեեւ իշխանությունները շատ հզոր են՝ շատ հզոր են իրենց իրավապահ մարմիններով, իրենց, հատկապես, պետական ապարատով, նկատի ունեմ՝ նախագահից մինչեւ վարչապետ, նախարարներ, մարզպետներ, թաղապետեր` գումարած ամբողջ իրավապահ մարմինների աստիճանավորումները: Ես այս շարքում չեմ ընդգրկում, այսպես կոչված, օլիգարխներին, դա բոլորովին ուրիշ թեմա է: Մի խաբվեք, հրաժարվեք անգամ այս բառից: Սա ե°ւ վիրավորական, ե°ւ սխալ տերմին է, որը մտավ ռուսաստանցի մի քաղաքական գործչի թեթեւ ձեռքով: Դրանք ձեռնարկատերեր են, դրանք գործարարներ են: Եւ նրանք այդ իշխանության սյուները չեն, եթե կուզեք իմանալ, գործարարներն այդ իշխանության զոհերն են: Նրանք երջանիկ կլինեին գործելու օրենքի դաշտում, հարգվելու հասարակության կողմից եւ իրենք իրենց հարգելու: Այդ բարեգործություններով այդ հարգանքը չեն նվաճի: Եւ մի մտածեք, թե այդ մարդիկ հարկեր չեն վճարում, նրանք վճարում են այդ հարկերը, գուցե եւ ավելին, քան պիտի վճարեին օրենքով: Բայց այդ հարկերը չեն մտնում բյուջե, նրանք մտնում են գիտեք՝ ում գրպանը: Եւ վերջապես, մեր ժողովրդին պետք է մենք հասցնենք այն գիտակցությունը, թե ինչից է կախված իր վիճակի բարելավումը: Առաջին հերթին՝ ասացի այս համակարգի, կոռուպցիոն համակարգի վերացմամբ, երկրորդ՝ Ղարաբաղի հարցի լուծմամբ, երրորդ՝ շրջափակումների վերացմամբ, չորրորդ՝ հարեւանների հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ, եւ վերջապես՝ իրենց կամքով, որը գլխավորն է: Մեր ժողովուրդը պետք է հասկանա, սա արդեն այստեղ հավաքված մեր բոլորի պարտականությունն է` հասցնել նրան, նրա գիտակցությանը, որ իր ձայնը վաճառելով 20 կամ 50 դոլարով` նա պետք է իմանա, որ այդ մարդուց դրանով այս իշխանությունները կորզում են 5 հազար դոլար: Կորզում են իրենց երեխաների ապագան, կորզում են, վերջապես, այս երկրի բախտը: Հիմա՝ անձամբ իմ մասին: Ես գիտեմ՝ այս երեկոյից դուք ինչ ակնկալիքներ ունեք: Չեմ թաքցնում, չեմ էլ կարող սեթեւեթել, ես հետեւում եմ այս պրոցեսներին, որոնք ընթանում են: Բոլորս հասկանում ենք, որ իսկապես բախտորոշ վիճակ է, եւ բոլորս հասկանում ենք, որ պետք է դուրս գալ սրանից: Բանալին էլ բոլորը ճիշտ են ըմբռնել: Այս իշխանություններից ազատվելու միակ ճանապարհը առկա բոլոր քաղաքական ուժերի, բոլոր հասարակական, մտավոր, հոգեւոր ուժերի համախմբումն է մեկ միասնական թեկնածուի շուրջ: Ուրիշ ճանապարհ չկա, այս տասը տարվա փորձը ցույց տվեց, որ մնացած ճանապարհները հաջողություն չեն բերում:

Հիմա՝ ես կողջունեի ցանկացած մեկին, որը կհավակներ այդ միասնական թեկնածուի դերին, եւ նրան կհաջողվեր իր շուրջը համախմբել բոլոր ուժերին: Եւ իմ ամբողջ կարողությամբ, իմ ազդեցությամբ ես կնպաստեի այդ պրոցեսին: Ինչ վերաբերում է ինձ, ասեմ՝ ես այսօր դեռ որոշում չունեմ: Ես դեռ ուսումնասիրում եմ, ես դեռ կշռում եմ, ես դեռ քննում եմ: Իմ մոտեցումը զուտ քաղաքական է: Ես չեմ կարող առաջնորդվել էմոցիաներով: Արկածախնդրությունը խորթ է իմ խառնվածքին: Մինչեւ ես չիմանամ իմ կատարելիք քայլերի արդյունավետությունը, ես քայլ չեմ անի:

Կա, իհարկե, մթնոլորտի փոփոխություն, կա տրամադրությունների փոփոխություն, բայց դա դեռեւս այսօրվա իմ գնահատականով, ինչպես ասում են, կոնդիցիայի չի հասել, եւ դժվար է հասցնելը, ինչպես ասացի: Դժվար է, քանի որ հեռուստատեսությունը 17 ալիքով ամեն օր մտնում է երկու միլիոն հայի տուն: Դրա հաղթահարելու ձեւերը մենք պետք է գտնենք: Ասացի՝ ես դեռ որոշում չունեմ եւ երբ որ որոշում կայացնեմ՝ այո կամ ոչ, ես համոզված եմ, որ կարող եմ ձեզ տալ իմ բացատրությունները, որոնք ձեզ համար կարող են համոզիչ լինել: Միայն մի բանում մի կասկածեք, որ եթե տեսնեմ` որեւէ օգտակար դերակատարություն կարող եմ ունենալ այս ժողովրդին, եւ մեր երկիրը, մեր պետությունը այս վիճակից դուրս բերելու գործում, ես որեւէ ջանք չեմ խնայի: Շնորհակալություն:

21.09.07, Երեւան

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որի Արցախ այցելելու նպատակը ԼՂՀ նախագահին շնորհավորելն էր` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

——————————————————————————————-

Կարգավորում

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ` ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը նամակով դիմել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Ստորև բերվում է նամակի տեքստն ամբողջությամբ:

ԼՂՀ Նախագահ պարոն Բակո Սահակյանին

Մեծարգո Պարոն Նախագահ

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը, ադրբեջանահայ փախստականների ոտնահարված իրավունքների վերականգնմանն ուղղված իր գործունեության շրջանակներում, շարունակում է ԼՂՀ Նախագահին հասցեագրված դիմումների հավաքագրումն ու մշակումը: Ներկայումս, «Փախստականները և միջազգային իրավունքը» ՔՀՑ-ն արդեն ստացել է ավելի քան քսանհինգ հազար դիմումներ Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Ռուսաստանյան Դաշնությունում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում և մի շարք այլ երկրներում բնակություն հաստատած փախստականներից: Դիմումատուները հայցում են ԼՂՀ Նախագահի, իշխանությունների աջակցությունը Ադրբեջանական ԽՍՀ տարածքում խորհրդային և հետխորհրդային տարիներին ադրբեջանական իշխանությունների և քրեական տարրերի կողմից նրանց նկատմամբ կիրառված ապօրինությունների և բռնությունների արդյունքում հասցված նյութական և բարոյական վնասների փոխհատուցման հարցում: Այս դիմումները, փաստորեն, լիազորում են ԼՂՀ իշխանություններին գործել փախստականների անունից և կատարել նրանց իրավունքների վերականգնմանն ուղղված անհրաժեշտ քայլերը:

Սույնով Ձեզ ենք ուղարկում փախստականների կողմից ներկայացված դիմումների հերթական խմբաքանակը և հավաստիացնում, որ «Փախստականները և միջազգային իրավունքը» ՔՀՑ-ն իր կողմից կգործադրի հնարավոր ջանքեր` Ձեր նախընտրական ծրագրով նախատեսված` փախստականների իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու համար:

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը շնորհավորում է Ձեզ ԼՂՀ Նախագահ ընտրվելու կապակցությամբ և ցանկանում` բոլոր ծրագրերի իրականացում:

Խորին հարգանքով`

«Ահազանգ» հայ փախստականների հասարակական կազմակերպություն

«Երջանիկ» մանկական բարեգործական հասարակական կազմակերպություն

«Քարավան-88» բարեգործական հասարակական կազմակերպություն

««Պոտենցիալ» փախստական-մտավորականների միություն» հասարակական կազմակերպություն

«Կանայք և ժողովրդավարությունը» հասարակական կազմակերպություն

««Ագրարներ» փախստական-ֆերմերների միություն» հասարակական

կազմակերպություն

«Հայրենյաց ուղի» հասարակական կազմակերպություն

«Որակի համընդհանուր ղեկավարման աջակցություն» հասարակական կազմակերպություն

ՊԵՏՔ ՉԷՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՈՒՏԵԼ

Նախագահի ընտրությունն է պատճառը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի Ղարաբաղին վերաբերող հատվածը, բայց ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական դաշտում նկատվում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ դատողությունների որոշակի ակտիվացում: Ընդ որում, այդ դատողությունների ընդհանուր բովանդակությունը ստեղծում է տպավորություն, դժբախտաբար, որ մեր քաղաքական վերնախավի միտքը գուցե ավելի հստակ աշխատեր, եթե Ղարաբաղի հակամարտության պատերազմական փուլը, հաղթանակի փոխարեն, մեզ համար ավարտված լիներ պարտությամբ: Որքան էլ ցավալի է, բայց Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հնչող դատողությունների զգալի մասը, թե իշխանության եւ թե ընդդիմության տարբեր ճամբարներից, վկայում է, որ Հայաստանը կրակն է ընկել իր հաղթանակի ձեռքը եւ ջանում է որքան հնարավոր է արագ ձերբազատվել դրանից ու ապրել հանգիստ:

Ինչ է նշանակում, երբ հաղթող երկրի վարչապետը հայտարարում է, թե պետք է ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջությունը: Դա չի՞ նշանակում, արդյոք, որ անուղղակի ընդունում ենք այդ ամբողջությունը խախտելու հանգամանքը, ինչը տարիներ շարունակ փորձում է աշխարհին ապացուցել Ադրբեջանը: Սակայն մյուս կողմից բնական է, որ երբ պաշտպանության նախարար աշխատած տարիներին էր Սերժ Սարգսյանը արտգործնախարարից ավելի հաճախ խոսում փոխզիջման գնալու Հայաստանի պատրաստակամության մասին, մի օր էլ քաղաքական մտքի էվոլյուցիան հանգեցնելու էր Ադրբեջանի տարածքային ամբողջությունը ճանաչելու անհրաժեշտության մասին հայտարարությանը: Մինչդեռ ենթադրվում է, որ հաղթող երկրի վարչապետը պետք է հայտարարեր, որ Հայաստանը երբեք էլ չի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջությունը: Ավելին, այդ հայտարարությունը պետք է լիներ այն տրամաբանությամբ, որ Հայաստանը չէր էլ կարող դա խախտել, որովհետեւ Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության մեջ է եղել Ղարաբաղը, եւ այդ տարածքները տնօրինում է Ղարաբաղի, ոչ թե Հայաստանի զինուժը: Բայց այդ բանն ասելը թերեւս արդեն անհնար է, որովհետեւ դրա համար պետք էր ամեն ինչ անել Ղարաբաղը բանակցության գործընթացի լիարժեք կողմ պահելու, ոչ թե գործընթացից դուրս մղելու համար: Բնական է, որ դրա վերջը պետք է լիներ տարածքային ամբողջության տաշտակի առաջ կանգնելը:

Թվում էր, թե իշխանության այդ ակնհայտ փոխզիջողական կեցվածքի պարագայում քաղաքական դաշտի ընդդիմադիր սեգմենտը պետք է որ ցուցաբերեր հակառակ դրսեւորում: Այսինքն՝ պետք է, որ հաղթող երկրի ընդդիմությունն իշխանությանը քննադատեր չափազանց զիջողական կեցվածքի համար: Բայց փաստացի ստացվում է, որ ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է քիչ զիջելու համար: Այդ մեղադրանքը ձեւակերպվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի թեզով, թե Ղարաբաղի հակամարտության չկարգավորվածությունն է Հայաստանի խնդիրների գլխավոր պատճառը, հետեւաբար՝ առաջնայինը այդ հարցը կարգավորելն է, եթե ուզում ենք Հայաստանի իրավիճակը փոխել: Հասկանալի է այդ դիրքորոշումը: Ղարաբաղի հարցը կարգավորում ենք, որ ճանապարհները բացվեն, որ Հայաստանը դառնա ենթակառուցվածքների խաչմերուկ, որ ներդրումները գան ու չգնան, որ, որ, որ… Այդ մոտեցումից ստացվում է այն տպավորությունը, որ Հայաստանի համար Ղարաբաղի պատերազմի հաղթանակը մի բեռ է, որից շուտափույթ ազատվելն օրվա հրամայական է: Եվ, իսկապես, դա այդպես է, որքան էլ որ ցավալի է խոստովանել: Բայց խոստովանելուց հետո գոնե փորձենք հասկանալ, թե ինչու է այդպես ստացվել, որ հաղթանակը դառել է բեռ, մնացել է մեր կոկորդին: Կա թերեւս մի պարզ պատասխան` պետք չէր հաղթանակը ուտել:

Հաղթանակը Հայաստանի թե նախկին, թե ներկայիս ղեկավարությունը կերավ՝ բառի բուն եւ պատկերավոր իմաստով: Որպեսզի պատերազմական հաղթանակը չդառնար բեռ պետության վրա, անհրաժեշտ էր այն մի փոքր խավի, որ չգիտես ինչու կոչվում է վերնախավ, հարստացմանն ու իշխանության աթոռների վրա ամրապնդման փոխարեն ծառայեցնել նորանկախ պետության ամրապնդմանը: Անհրաժեշտ էր հաղթանակի արդյունքը ոչ թե վերածել Երեւանի փողոցներում շինանյութի վաճառքի կետերի, այլ դեռ մի բան էլ Երեւանից շինանյութ տանել հաղթանակն ամրացնելու համար: Անհրաժեշտ էր հաղթանակի հիման վրա ձեւավորել ոչ թե ռազմաֆեոդալական իշխանություն, այլ իրական հանրապետություն: Շատ բան էր անհրաժեշտ անել, որը սակայն չարվեց տասնվեց տարիների ընթացքում: Իսկ չարվեց ոչ միայն այն պատճառով, որ հայ հասարակական-քաղաքական միտքը միշտ էլ եղել է հասարակ բնազդների վրա խարսխված, փորձելով ամեն ինչ ծառայեցնել միայն սեփական անձին, այլ որովհետեւ նույն այդ միտքը հաղթանակներից սովոր է միայն բարոյականին: Մնացյալը նրա համար դառնում են բեռ: Բարոյական հաղթանակը կարելի է դնել դասագրքերի թերթերի արանքում ու չորացնել, փոխանցելով սերնդե սերունդ, ինչպես դպրոցական դասագրքերի միջով անցնում էին չորացած ծաղիկներն ու թիթեռները: Իսկ ահա իրական հաղթանակը պետք է կրել, պետք է դիմանալ այն ուտելու գայթակղությանը, որովհետեւ ուտելուց հետո է միայն այն մնում կոկորդում:

Հիմա մնացել է, ու փոխանակ մտածեն ինչ որ կերպ հանեն կոկորդից, քանի դեռ չի հասել ավելի ներքեւ, մի ամբողջ քաղաքական դաշտ զբաղված է հանրությանը համոզելով, թե ինքն այդ հաղթանակն ավելի շուտ կանցկացնի կոկորդից ստամոքս ընկած ճանապարհով: Իրականում այդ ամենը Հայաստանի ոչ մի խնդիր էլ չի լուծելու, այլ ընդամենը լուծելու է նոր ուտելեղենի համար կոկորդը բացելու ճանապարհի հարցը: Հայաստանի խնդիրները Հայաստանում են, ոչ թե ճանապարհների ու նավթամուղների ու գազամուղների մեջ: Ասենք Ղարաբաղի հարցում գնացինք զիջումների, ինչքան պահանջեցին մեզանից, ու Հայաստանով սկսեցին անցկացնել աշխարհի բոլոր գազամուղներն ու նավթամուղները, եւ մերը եղան Կովկասի ու աշխարհի բոլոր ճանապարհները: Ինչ է փոխվելու դրանից, բացի այն, որ երկրում իշխող կլանները ստանալու են հարստանալու եւ ամրապնդվելու լրացուցիչ հնարավորություն: Եվ, արդյոք, դրա համար չէ՞, որ բոլորը ձգտում են նոր հնարավորությունների դիմաց զիջել պատերազմի հաղթանակը. թե նրանք, ովքեր այսօր են իշխանության, եւ թե նրանք, ովքեր ուզում են իշխանության լինել վաղը, որովհետեւ բոլորը գիտեն, որ ուտելու քիչ բան է մնացել, ու անհրաժեշտ է գնալ գործարքի` սնունդ հաղթանակի դիմաց:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
«Լրագիր»

ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ

Հարավային Կովկասի հարցերով զեկուցող Լեո Պլատվոետի եւ Եվրախորհրդում Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հարցերով պատվիրակության նախագահ Մարիա Աննա Իսլեր Բեգինի նախաձեռնությամբ ԵԽԽՎ-ում երեկ տեղի է ունեցել Կովկասյան կամերային նվագախմբի համերգը: Այն ղեկավարել է գերմանացի դիրիժոր Ուվե Բերկեմերը: Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգից, համերգի կազմակերպիչներն այնպես էին կազմել ծրագիրը, որ Հայաստանից, Ադրբեջանից եւ Վրաստանից եկած կատարողների համատեղ ելույթով պետք է ստեղծվեր այդ երկրների ժողովուրդների համար այդքան ցանկալի ներդաշնակությունը: Ադրբեջանի իշխանությունները չեն թույլատրել իրենց հայրենակից երաժիշտների մասնակցությունը համերգին: Ըստ նույն աղբյուրի, որպես աջակցություն իրենց ադրբեջանցի գործընկերներին, ովքեր, փաստորեն, զոհ են գնացել քաղաքական ամբիցիաներին՝ հայ եւ վրացի կատարողները նվագել են նաեւ ադրբեջանական երաժշտություն:

«Առավոտ»

——————————————————————————————-

Հայացք` դրսից

«Դեմո»-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Նիկոս Լիգերոսի ակնարկների հերթական շարքն Արցախի մասին: Ն.Լիգերոսը հայտնի դեմք է եվրոպական գիտական շրջանակներում: Ռազմավարական հարցերով խորհրդական է, դասախոսում է եվրոպական մի շարք համալսարաններում, այդ թվում՝ Հունաստանի անվտանգության ազգային դպրոցում: Հունաստանի ԱԳՆ-ում գիտական խորհրդատու է, Լիոնի (Ֆրանսիա) վճռաբեկ դատարանի իրավախորհրդատու:

Որպես դիտորդ մասնակցել է ԼՂՀ նախագահական վերջին ընտրություններին:

ԱՐՑԱԽԸ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Նիկոս ԼԻԳԵՐՈՍ

Արցախի աշխարհագրական դիրքը նրա բնակչությանը ծայրահեղ կախվածության մեջ է դնում ճանապարհային փոխադրամիջոցներից: Անշուշտ վերջիններս ուղղակիորեն կապված են ճանապարհային ցանցի հետ« սակայն՝ ոչ միայն: Ճանապարհային ցանցն իր բնույթով դանդաղ է զարգանում այն դեպքում, երբ  ճանապարհային փոխադրամիջոցների զարգացումը շատ արագաշարժ է: Ճանապարհային փոխադրամիջոցների հզորացումը թույլ է տալիս համընդհանուր հետևանքներ առաջացնող տեղային ազդեցություն ունենալ: Իրականում« ճանապարհային փոխադրամիջոցներն ըստ էության պետք է գործեն Արցախի ողջ տարածքով մեկ: Բայց այժմ այդ դեպքը չէ« և մենք ունենք գյուղեր« որոնք մեկուսացված են` հիմնական ճանապարհային առանցքների մոտակայքում չգտնվելու պատճառով: Այդուհանդերձ, գյուղատնտեսությանն ու անասնաբուծությանը վերաբերվող որոշակի արտադրություններ չեն կարող գործել այդ առանցքների երկայնքով: Բայց այդ ներդրումն անհրաժեշտ է բնակչությանը: Մենք նաև փորձում ենք նպաստել գյուղատնտեսական ֆերմաների զարգացմանը: Սակայն այդ լուծումը կարող է միայն տեղային լինել: Իրականում եթե տվյալ ֆերման հզորանա« այն ի վիճակի կլինի արտադրել ավելին« քան պարզապես տեղային պահանջները բավարարելու համար: Եվ փաստորեն կարիքից ելնելով` ֆերման կախվածություն է ձեռք բերում մատակարարման ծառայությունից: Իսկ վերջինս կապված է ճանապարհային փոխադրամիջոցների հետ« քանի որ Արցախը չի կարող հիմնվել երկաթուղային կառուցվածքի վրա` առանց ստորգետնյա անցումների արտադրության ոլորտում լուրջ ներդրումներ իրականացնելու: Ինչ վերաբերվում է ջրային փոխադրմանը« այն բացառվում է` հաշվի առնելով Արցախի աշխարհագրական դիրքը: Այսպիսով՝ ճանապարհային փոխադրամիջոցներն ընկած են խնդրի հիմքում: Դրանք հզորացնելով` հնարավոր է տարածման արագաշարժություն ստեղծել« որը կարող է ազդեցություն ունենալ Արցախի ընդհանուր արտադրության և սպառման վրա: Պարտադիր չէ« որ այս միջոցը կառավարական լինի կամ կախված լինի որևիցե մենաշնորհից« ինչը որ կարող է երկիրը ապակենտրոնացնել խնդրի առկայության դեպքում: Սրան հակառակ« կառավարությունը կարող է առանձնահատուկ նախաձեռնություններ հորդորել` արդյունավետ ճանապարհային փոխադրամիջոցներ ունենալու նպատակով« որն ի վիճակի կլինի խթանել ընդհանուր  տնտեսությունը: Այս միջոցի մեկ այլ առավելությունն է նաև ստեղծվելիք ենթակառուցվածքների թեթևությունը: Այսինքն՝  թշնամու հարձակման դեպքում այն չի կարող հանդես գալ որպես հեշտ թիրախ: Մյուս կողմից« կարող ենք դիտարկել Կիպրոս կղզու օրինակը« որն ապրանքատեսակները մատակարարելու համար  օգտագործում է գրեթե միայն ճանապարհային փոխադրամիջոցները: Այսինքն՝ նախ և առաջ խոսքը գնում է Արցախի և, անկասկած, սփյուռքի` այս ոլորտում ներդրումներ կատարելու ցանկության մասին« քանի որ իրականում ոչ մի տեխնիկական դժվարություն գոյություն չունի: Բացի այդ« այն թույլ է տալիս կենտրոնացնել սփյուռքի ապակենտրոնացված ներդրումները« որոնք տնտեսական անհավասարակշռություններ են ստեղծում« որովհետև խոսքը նախ և առաջ գնում է  տեղային լուծումների մասին« որոնք ոչ մի դեպքում չեն անհանգստանում անցանկալի հետևանքների մասին: Այն դեպքում« որ ճանապարհային փոխադրամիջոցներն իրենց կենտրոնական դերով թույլ են տալիս ամրապնդել Արցախի համընդհանուր տնտեսական իրավիճակը:

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒՄԸ

Կենտրոնանալով միայն հայկական տարածքների պաշտպանության վրա` մենք ռազմավարական սխալ ենք գործում« որն առայժմ ի հայտ է գալիս միայն տակտիկական պլանի վրա: Մարտերի բացակայության ժամանակ պաշտպանական ջանքերն իներցիա են ստեղծում« որն իր հերթին ներքին բաժանումներ է առաջացնում: Անհրաժեշտ է կանխագուշակել իրենց գործողությունները` պաշտպանական մշտական դիրքից խուսափելու համար« քանի որ անհնար է հասնել Ադրբեջանի զինասպառությանը: Դա չի նշանակում գործողություն հենց իրենց տարածաշրջանում« մի բան« որ կարող է անկայուն հավասարակշռության պատճառ դառնալ և մեզ հանդես բերել ագրեսորի դերում: Այդուհանդերձ, հնարավոր է ռազմական սպառնալի ուժեր ստեղծել« որոնք ի վիճակի կլինեն ոչ միայն պաշտպանել հայկական տարածքները հարձակման դեպքում« այլ նաև սարսափազդու լինել ադրբեջանական տարածքում: Այս հնարավորությունը թույլ է տալիս փոխել դինամիկան և տեղափոխել իներցիան հակառակորդի վրա« որն էլ իր հերթին ստիպված է նախապատրաստվել իր հարձակմանը հաջորդող հակահարվածին: Քանի որ հեռավորությունները շատ մեծ չեն« մասնավորապես՝ օդային տարածքում« դժվար չէ հասկանալ, որ բալիստիկական հրանոթը տվյալ իրադրության մեջ ամենաօպտիմալ լուծումն է: Կարիք չկա ո°չ օդանավակայանի« ո°չ օդային ուժերի« այլ երկրային ենթակառուցվածքը լիովին բավական է« նամանավանդ որ այն մեզ թույլ է տալիս օգտվել մեր սարերից: Օրինակներն այս բնագավառում շատ բազմազան են« բայց եթե մենք ընտրության հնարավորություն ունենայինք« ապա կընտրեինք շվեյցարական օրինակը: Մտածելակերպի այս շրջանակներում« ռելիեֆի ոչ հարմարավետությունը վտանգավոր զենք է դառնում« քանի որ ներգրավված զորքի տեղահանումը նման ռելիեֆում հակառակորդի համար շատ կարևոր հանգամանք է: Այս մոտեցումը թույլ է տալիս իրական դարձնել Արցախի կարգախոսի խորհրդանշական բնույթը« քանի որ ո°չ միայն անիմաստ է դժգոհել տակտիկական պլանից, երբ նման առավելությունը չի օգտագործվում« բայց այն նամանավանդ վտանգավոր է ռազմավարական տեսանկյունից« քանի որ հակառակորդը կարող է լիովին օգտվել այդ թուլությունից` իր սեփական կառուցվածքը ստեղծելու համար: Սա նաև մատնանշում է Արցախի` Հայաստանից կախված լինելու փաստի վրա հենվելու սխալը: Վերջինս ոչ թե կարիք ունի վասալի« այլ մի դաշնակցի« որն ընդունակ է պաշտպանվելու` բարելավելով իր սեփական բնութագրերը և բարձրացնելով թշնամու հարձակման արժեքը: Արցախն ունի շատ յուրօրինակ ռելիեֆ« որն այն բնականորեն պաշտպանում է հարձակումից: Եթե օդային առավելությունն ի նկատի ունենանք« միայն մեկ պասիվ և անփոփոխ դիրքորոշում է, որ ադրբեջանական մեկ այլ տեսակի հարձակման հսկայական հնարավորություն է տալիս: Եթե Արցախն, իրոք, ցանկանում է անկախություն ձեռք բերել« պետք  չէ միայն առաջնահերթություն տալ դատական գործընթացին« որը հիմնված է սահմանադրության« տեղական և նախագահական ընտրությունների« և այլնի վրա` դե յուրե միջազգային ճանաչում ձեռք բերելու նպատակով: Ռազմավարական ճանաչումը նմանապես շատ կարևոր է այս գործընթացում« նույնիսկ եթե այն չի հրապարակվում պաշտոնապես: Քանզի թշնամու ճանաչումը համարվում է կարևորագույններից: Քանի դեռ վերջինս համոզված է« որ Արցախը հնարավոր է հետ զավթել« միջազգային ճանաչումը բավական չէ նախկին դիրքի ձեռք բերման փորձը հավասարակշռելու համար: Ռազմավարական մոտեցումը թույլ է տալիս մի կողմից ամրապնդվել տարածաշրջանում և մյուս կողմից՝ առաջացնել ժամանակային ներդաշնակության խախտումներ: Այսպիսով՝ թշնամին չի կարող բավարարվել ուտոպիստական բանակցությունների միջոցով զինադադարի համաձայնագիրը հարցականի տակ դնելով« քանի որ նա ամեն դեպքում գիտի« որ ռազմավարական պլանը գոյություն ունի և կարող է գործողության մեջ մտնել արտակարգ իրավիճակի դեպքում: Արցախն անցյալում ցույց է տվել իր ընդունակությունները: Ժամանակն է արդեն կառուցել իր ապագան:

——————————————————————————————-

Հիշողություն

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԶԻՆՎՈՐ…

Այսօր Ստյոպա Նապոլեոնի Սարգսյանի ծննդյան օրն է: Հետո՞ ինչ, որ նա ֆիզիկապես մեզ հետ չէ: Հիշում ենք նրան, ուրեմն՝ մեզ հետ է: 57 տարի առաջ այս օրը նա լույս աշխարհ եկավ Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղում: Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվեց ավտովարորդական դպրոց, ավարտեց այն ու աշխատանքի անցավ հայրենի գյուղում:

Պատերազմը ջրբաժան դարձավ նաև նրա կյանքում: Ծանր տարավ հայրենի գյուղի բռնագաղթը 1992-ի հուլիսի 4-ին: Ընտանիքը տեղափոխեց մայրաքաղաք Ստեփանակերտ, իսկ ինքը վերադարձավ՝ ընկերների հետ միասին շարունակելով հայրենի երկրի պաշտպանությունը: Բայց մի քանի օր անց զոհվեց հակառակորդի արկից, թողնելով ընտանիքը, ծեր մորը՝ կնոջ խնամքին:

Հիմա բոլորիս պարտքն է աջակից լինել նրա ընտանիքին, որպեսզի նա «այնտեղ» հանգիստ լինի:

Ծնունդդ շնորհավոր, զինվոր: Մենք հիշում ենք քեզ:

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

ՄԵՐ ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՐՅՈՒՆՈՏ ԷՋԵՐԻՑ ՄԵԿԸ

Չնայած միշտ ասում ենք, որ ոչ ոք չի մոռացվել, ու ոչինչ չի մոռացվել, բայց այն, ինչի մասին ես պիտի ասեմ, դա մոռացված է եւ ոչ մի առիթով եւ ոչ մի տեղ չի հիշատակվել: Չեն հիշատակվել նրանց անունները, ինչը շատ ցավալի է:

Գիտենք, որ եղեռնը միայն 1915 թվականին չէ, որ եղել է, այն շարունակվել է մինչեւ նախորդ դարի 20-21 թվականները եւ հետո:

Մոռացումն ունի իր պատճառները, քանի որ 1918 թվականից հետո վրա են հասել սովետական կարգերը, երկաթե վարագույր է քաշվել անցյալին, եւ կեղծ թմբկահարվել է ժողովուրդների բարեկամությունը:

1918 թվականի ապրիլի 6-ին, երբ ամենուր գարնան զարթոնքն էր բուրում, այստեղ՝ գյուղում /եւ ամենուր/ անմեղ հայերի արյունն էր ծորում:

Նոր-շենի 5 երիտասարդներ՝ Գրիգոր Գրիգորյան, Ավանես Խաչատրյան, Բեյբուդ Արզումանյան, Սեյին Առստամյան և Սողոմոն Սարգսյան, մեր եւ Գյուլափլուի սահմաններն էին հսկում, դիրքերում էին: Հրոսակները վաղօրոք ժայռերի խոռոչներում դարանակալվել էին, մերոնք էլ անտեղյակ էին: Գիշերը օղակման մեջ են առել մերոնց եւ կոտորել… Հոշոտել էին նրանց, այլանդակել մարմինները, եւ երբ դիակները սայլերով բերել են եկեղեցի՝ տեր հայրը չի ճանաչել նրանց: Ասում են՝ միայն մայրերն են ճանաչել իրենց զավակներին:

Երբ մենք փոքր էինք, պապս՝ Պողոս Խաչատրյանը, հավաքեց մեր տոհմի երեխաներին եւ տարավ գերեզմանոց, որ մեզ ցույց տա իր հայրենասեր որդու գերեզմանաքարը: Քարը բարձր, խոշոր քար է եւ վրան փորագրված է. «Զոհվեց ազգի փրկության համար, ազգահպատակ Ավանես Պողոսի Խաչատրյան: 1918թ. ապրիլի 6»: Քարի վերին բուրգաձեւ մասի երկու կողմերին կանաչ ու կարմիր գույն էր քսված, ուստի ես տատիս հարցրի, թե դա ինչ է նշանակում, նա էլ պատասխանեց. «Բալաս, այդ նշանակում է, որ նրա կարմիրն ու կանաչը կապած է մնացել»:

Ես ցանկանում եմ, որ աշխարհում ոչ մի երիտասարդի կանաչն ու կարմիրը կապած չմնա:

Լենա ԽԱՉԱՏՐՅԱՆ

————————————————————————————————————————————————————————————–

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Վաշինգտոն: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ազդեցիկ հատվածը կարևոր քայլ է կատարել և, չնայած թուրքական կառավարության և Վաշինգտոնում նրա լոբբիստների սպառնալիքներին ու ահաբեկումներին, 27-ը 21-ի հարաբերակցությամբ հոկտեմբերի 10-ին ընդունել է հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը՝ վերջ դնելով Միացյալ Նահանգների մասնակցությանը ցեղասպանությունը ժխտելու  Թուրքիայի քաղաքականությանը: Կոմիտեի որոշումը ճանապարհ է հարթում Ներկայացուցիչների պալատում բանաձևի քննարկման համար:

Բանաձևին կողմ են քվեարկել` ներկայացուցիչներ Գարի Ակերմանը, Հովարդ Բերմանը, Գուս Բիլիրակիսը, Սթիվ Չաբոթը, Ջիմ Կոստան, Ջոզեֆ Քրոուլին, Վիլյամ Դելահունտը, Էլիոտ Էնգելը, Էնի Ֆ.Հ. Ֆալեոմավաեգան, Էլթոն Գալեգլին, Գաբրիել Գիֆորդսը, Ջին Գրինը, Շեյլա Ջեքսոն Լին, Ռոն Քլայնը, Թոմ Լանթոսը, Դոնալդ Մանցուլոն, Մայքլ ՄաքԿոլը, Դոնալդ Պեյնը, Դանա Ռորաբախերը, Էդվարդ Ռոյսը, Լինդա Սանչեսը, Բրեդ Շերմանը, Ալբիո Սիրեսը, Քրիստոֆեր Սմիթը, Դիանա Վաթսոնը, Լինն Վուլսին և Դեյվիդ Վուն:

Բանաձևին դեմ են քվեարկել` Գրեշամ Բարեթը, Ռոյ Բլանթը, Ջոն Բուզմանը, Դեն Բարթոնը, Ռաս Կառնահանը, Ջեֆ Ֆլեյքը, Ջեֆ Ֆորտենբերին, Լուիս Ֆորտունոն, Ռուբեն Հինոյոսան, Բոբ Ինգլիսը, Կոննի Մաքը, Գրեգորի Միքսը, Բրեդ Միլերը, Մայք Փենսը, Թեդ Պոն, Իլեանա Ռոզ-Լետինենը, Դեյվիդ Սքոթը, Ադամ Սմիթը, Թոմաս Տանկրեդոն, Ջոն Թաները և Ռոբերտ Վեքսլերը: Ռոն Փոլը և Ջո Վիլսոնը չեն մասնակցել քվեարկությանը:

Ներկայումս բանաձեւին աջակցում են 226 կոնգրեսականներ 39 նահանգներից: Սենատում նմանատիպ բանաձևը, որ ներկայացրել են  դեմոկրատների մեծամասնության ղեկավարի օգնական Դիք Դուրբինը և սենատոր Ջոն Էնսիգնը, ներկայումս ունի 32 կողմնակից, որոնց թվում են Սենատում դեմոկրատների մեծամասնության ղեկավար Հարի Ռեյդը և նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը:

——————————————————————————————-

Հավատք

ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ ԵՐԿԱՐ ԱՊՐԵԼ

«Որդի’ք, հնազանդ եղեք ձեր ծնողներին Տերով, որ այն է արժանը: Պատվիր քո հորը եւ մորը, սա է առաջին պատվիրանքը խոստմունքով, Որ քեզ լավ լինի, եւ երկար ապրես երկրի վրա»:

(Եփեսացիս 6:1-3)

Գառնիկ ԱԲՐԵՅԱՆ

Շրջելով գերեզմանոցներում՝ իսկույն նկատում ես, որ հանգուցյալների գերակշռող մասը երիտասարդներ են: Եվ այս իրողությունը համայն աշխարհի  վերջին ժամանակների իրականությունն է:

Սուրբ Պողոս առաքյալը, երբ տալիս է աշխարհի վերջին օրերի նկարագիրը, ապա շատ մեղքերի հետ մեկտեղ հիշատակում է ծնողների հանդեպ ունեցած անտարբերությունը. «Սա գիտեցիր, որ հետի օրերումը չար ժամանակներ կգան: Որովհետեւ մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր, քան թե Աստվածասեր» (2 Տիմոթ 3:1-5):

«Պատվիր քո հորն ու մորը, որ երկար ապրես»: Ի՞նչ կապ կա ծնողներին չհարգելու եւ կյանքի տեւողության միջեւ: Մի՞թե որեւէ մեկին չհարգելուց հիվանդանում են, մի՞թե ծնողներին չպատվելուց կյանքիդ վտանգ է սպառնում: Մարդկային տրամաբանությամբ մի քիչ դժվար է հասկանալ, թե ինչ կապ ունի ծնողի պատիվը երկար ապրելու հետ:

Բանը նրանում է, որ Աստված կյանքը պարգեւում է հոր ու մոր միջոցով, ու նրանք են մեր կյանքի գլխավոր սպասավորներն այս երկրի վրա մինչեւ մեր հասունությունը, իսկ շատ դեպքերում՝ հասունությունից հետո նույնպես: Ինչպես որ որեւէ մեկի կողմից մեզ հատկացված կենցաղային իրը սխալ օգտագործելու դեպքում ետ է պահանջվում, այդպես ծնողների միջոցով տրված կյանքը կարող է ետ պահանջվել նրանց նկատմամբ անհարգի վերաբերմունքի համար:

Խոսելով ծնողների նկատմամբ պատշաճ հարգանքի բացակայության մասին, հարկ է, որ խոսենք ընդհանրապես մեծահասակների նկատմամբ մեր վերաբերմունքի մասին: Աստվածաշունչը սովորեցնում է. «Մազը սպիտակածի առաջին վեր կաց, եւ ծերին պատվիր եւ քո Աստվածանից վախեցիր» (Ղեւտ. 19:32): Այս պատվիրանքի մասին տեղեկանում ենք ոչ միայն Ս. գրքից, այլեւ մեր խղճմտանքն էլ է մեզ բնությամբ սովորեցնում: Ինչ գեղեցիկ է, երբ երեխան մեծանում է ծնողներին հնազանդ: Մեր Տիրոջ  մասին գրված է, որ Նա հնազանդ էր Իր ծնողներին (Ղուկ. 2:51): «Պատվիր քո հորն ու մորը»՝ բազմաթիվ անգամ կրկնում է  Աստծո խոսքը:

Մեր ծնողներն ասում էին, որ իրենց ժամանակ ավելի մեծ էր հարգանքը մեծի նկատմամբ, քան ներկայիս սերնդի օրոք: Մենք էլ մեր հերթին վկայում ենք, որ ժամանակակից երիտասարդությունը շատ ավելի անտարբեր է իր ծնողների եւ ընդհանրապես մեծահասակների նկատմամբ: Մի՞թե սա չի խոսում այն մասին, որ գնալով ավելի է վատթարանում վիճակը: Եթե այո, ապա ի՞նչն է պատճառը սրա, եւ կա՞ն, արդյոք, կանխարգելիչ միջոցներ այս անպատվաբեր եւ կործանարար մեղքից:

Գաղտնիք չէ, որ ժողովրդավարության ի հայտ գալուց հետո մենք բոլորս վարակվել ենք քննադատելու համաճարակով: Քննադատում են բոլորը բոլորին եւ ամեն ինչ: Քննադատում են հեռուստացույցով, քննադատում են ռադիոյով, քննադատում են բաղնիքում, զուգարանում, դպրոցում, ընտանիքում, սգի տանը, հարսանիքում, ավտոտեխսպասարկման կայանում, քաղաքային տրանսպորտում, շուկայում, եկեղեցում եւ այլն: Եվ այս քննադատողների մեծամասնությունը չի ճանաչում քննադատվողներին: Ամեն քայլափոխում կարելի է լսել այսպիսի արտահայտություններ. «Սա երկիր չէ», «Սա նախագահ չէ», «Բոլորն իրենց շահն են փնտրում» եւ այլն: Կամ եթե որեւէ կառավարական հրաման է դուրս գալիս, ոչ մի երաշխիք չկա, որ այն կարող է կյանք ունենալ մեր աշխարհի անհնազանդ իրականության մեջ: Այս բոլորը չի կարող իր բացասական ազդեցությունը չթողնել երիտասարդ սերնդի դաստիարակության վրա:

Ուսուցիչները, որոնք հանդգնում են իրենց աշակերտների առաջ անվայել խոսքերով իրենց կարծիքը հայտնել երկրի այս կամ այն ղեկավարի հասցեին, իրավունք չունեն զարմանալու, երբ այդ աշակերտներն ավելի անհարգի վերաբերմունք ունենան իրենց հանդեպ: Նմանապես եւ ծնողները, եթե նույնը կատարում են տանը: Ժամանակն է, որ մենք կարողանանք ձերբազատվել այս ժանտախտից եւ հասկանանք, որ եթե մենք համարձակվում ենք թագավորի մասին անվայելուչ խոսքեր ասել, ապա ուրեմն ո՞վ ենք մենք, որ մեր հասցեին վախենան ասել:

Աստվածաշունչը սովորեցնում է. «Քո մտքում անգամ մի անիծիր թագավորին…» (Ժողով. 10:20): Եվ Նոր կտակարանում Պետրոս առաքյալն ասում է. «… թագավորին պատվեցեք» (1 Պետր. 2:17):  Վերին աստիճանի մեծ նշանակություն ունի  մեր վերաբերմունքը մեզանից մեծերի նկատմամբ մեր երեխաների առաջ: Ինչքան էլ մենք մեր զավակների գլխին քարոզ կարդանք մեծերի հանդեպ հարգալից վերաբերմունքի մասին, բայց ինքներս չունենանք այս հարգանքը, ապա ոչ մի ուժ չեն կարող ունենալ մեր խրատները:

Չեմ հիշում, որ հայրս երբեւէ մեզ նստեցներ եւ հատուկ սովորեցներ, թե ինչպես պետք է վարվել տարեց մարդկանց հետ, բայց լավ եմ հիշում, որ երբ ներս էր մտնում հորս մեծ եղբայրը, ապա նա ոտքի էր կանգնում: Չեմ մոռանում. մի անգամ բավականին բարձր ջերմությամբ պառկած էր հայրս, եւ հորեղբայրս եկավ տեսության: Թե  ինչպիսի արագությամբ վեր թռավ տեղից նրա ներս մտնելուն  պես, դժվար է նկարագրել: Կարծես բոլորովին հիվանդ չլիներ: Խեղճ հորեղբայրս փոշմանեց իր այցի համար, քանի որ իր պատճառով հայրս վեր կացավ անկողնից: Նա այդ անում էր ոչ կեղծ քաղաքավարությամբ, դա նրա արյան մեջ էր: Եվ մենք՝ նրա զավակները, իհարկե, շատ թերություններ ունեինք եւ ունենք մինչեւ այսօր, բայց այդ հարցում, կարծում եմ, ինչոր հաջողություն ունենք:

Եվ այսպես, պատվենք մեր ծնողներին ոչ թե խոսքով, այլ գործով:

Լինում են դեպքեր, որ մենք՝ մարդիկս, քիչ է, որ չենք պատվում մեր ծնողներին, այլեւ համարձակվում  ենք օտար մարդկանց առաջ բամբասել, անիծել ու վատաբանել նրանց: Սիրելիներ, չպետք է այդ այդպես լինի: Կյանքի գրքի մեջ կարդում ենք. «Ով որ իր հորն ու մորը անիծե, նրա ճրագը կհանգչի մթին խավարի մեջ»: (Առակաց 20:20):

Աստված մարդկանց որդիների սրտերի մեջ դրել է սեր եւ ծնողի, եւ եղբոր, եւ քրոջ, եւ կնոջ, եւ ընկերոջ, եւ շատ ու շատ մարդկանց, եւ երեւույթների նկատմամբ: Բայց կա մի սեր, որը երկրային սերերից ամենամեծն է: Դա ծնողական, ավելի ճիշտ, մայրական սերն է: Աստծո խոսքը խիստ մեծ հարցականով հարցնում է. «Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանուկին, որ  չգթա իր որովայնի ծննդյան վրա…» (Եսայիա 49:15):

Մեծ հոգու տեր բազմաթիվ պոետներ են անդրադարձել այս աստվածային սիրուց հետո ամենամեծ սիրո թեմային: Ո՞ւմ աչքերը չեն թրջվել Իսահակյանի մայրական սիրո գովքը լսելիս. «Տղաս, վերցրու պարկը քեզ հետ, պարկը տանը պետք կգա»,- ասում է անտառի խորքում ցուրտ աշնանն իրեն անտերության մատնած որդուն սիրող մայրը:

Մոր սիրտը հանած, դեպի սիրած աղջիկը վազող պատանին, վայր ընկնելով, մոր սրտի ձայնն է լսում. «Տղաս, ոչ մի տեղդ չցավա՞ց»:

Իսկ հանճարեղ Շիրազն ավելի շատ մեր այսօրվա հարցն է բարձրացնում.

«Մուրացկանի տեսքով եկա,
Որ աշխարհն էլ իմանա,
Տե՞ղն է խիղճդ, խիղճդ որդիս,
Թե՞ մեռել է ինձ հետ նա»:

Իսկ պատահում է, որ շատերիս խիղճը մեր ծնողների հանդեպ ավելի շուտ է մեռնում, քան նրանք:

Ճանաչում եմ միայնակ ապրող 85-ամյա հիվանդ, համարյա չքայլող մի տատիկի, որի երեք զավակներից ոչ մեկը կողքին չէ, իսկ ամուսինը վաղուց է մահացել: Երկար տարիներ նրա զավակները ոչ մի անգամ չեն էլ այցելել նրան: Հանգամանքների բերումով հաճախակի եմ տեսնում նրան եւ կարող եմ վկայել, որ ոչ մի անգամ նրա բերանից դժգոհության բառ անգամ չեմ լսել իր զավակների հասցեին, ավելին՝ լսել եմ միայն օրհնության ու բարեմաղթանքների աղոթքներ նրանց համար եւ խնդրանք, որ ուրիշները նույնպես աղոթեն իր զավակների համար: Սիրելինե°ր, եթե այսպես է ծնողական  սերը, ապա ճշմարտությունն էլ է պահանջում, որ փոխարենը պատվենք մեր ծնողներին:

Լինել քրիստոնյա՝ չի նշանակում լինել այս կամ այն կրոնական կազմակերպության անդամը: Լինել քրիստոնյա՝ նշանակում է կյանքի նպատակը դարձնել նմանվել Քրիստոսին բոլոր հարցերում: Պատկերացրեք մի պահ մեր Տեր Հիսուս Քրիստոսը խաչի վրա իր տառապանքների մեջ, երբ Իր սուրբ արյունն էր թափում կաթիլ առ կաթիլ համայն աշխարհի փրկության համար: Հանկարծ նկատելով Իր մորը՝ Մարիամին, մոռանալով  Իր անբացատրելի ցավերը, Նրա մասին է հոգս անում. «Եվ Քրիստոսի խաչի մոտ կանգնած էին Նրա մայրը, եւ Նրա մոր քույրը՝ Մարիամը Կղեովպայի կինը, եւ Մարիամ Մագդաղենացին, Հիսուսն էլ տեսնելով Իր մորը եւ այն աշակերտին՝ որ սիրում էր, որ մոտիկ կանգնած էր, իր Մորն ասեց. Ով կին, ահա քո որդին: Հետո ասաց աշակերտին. Ահա քո մայրը. եւ այն ժամանակից այն աշակերտն իրան մոտ առավ նրան» (Հովհ. 19:25-27):

Մենք ունենք մի Աստված, Որը ոչ թե երկնքում նստած միայն հրամաններ է տալիս մեզ, այլ այն բոլոր պատվիրանները, որոնք թողել է մեզ, առաջին հերթին Ինքն է կատարել կատարյալ ձեւով լինելով մարդկային մարմնի մեջ:

Բազմաթիվ պատճառաբանություններ կարելի է լսել ծնողների նկատմամբ անուշադրությունն արդարացնելու համար: Եվ աշխատանքը, եւ կենցաղային հոգսերը, եւ առողջությունը, եւ այլն: Հաճախ այնպիսի պատճառաբանություններ, որ սկսում ես համաձայնել:

Բայց Նա, որ Խաչի վրայից ժամանակ գտավ Իր մոր համար հոգս անելու, երբեք ու երբեք չի համաձայնվի ոչ մի պատճառաբանության հետ: Եվ Նա Տիրոջ իրավունքով հիշեցնում է ինձ եւ քեզ, սիրելի եղբայր ու քույր՝ «Պատվիր քո հորն ու մորը», ապա թե ոչ մեծ հարցականի տակ է քո երկրի վրա մնալու հարցը, երկնքինը՝ նմանապես:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s