№ 18 / 31 հոկտեմբեր

ՎՍՏԱՀԻՐ, ԲԱՅՑ ՍՏՈՒԳԻՐ
կամ` ի գործ

Երկու շաբաթ առաջ ԼՂՀ Ազգային ժողովը հավանություն տվեց նոր կառավարության գործունեության ծրագրին, ընդ որում՝ միաձայն: Սա միանգամայն տրամաբանական է երկու պատճառով: Նախ՝ ծրագիրն այդ բավականին խոստումնալից է և հանրության համար օգտակար ու արդյունավետ շատ բան է պարունակում, հետո էլ՝ նոր կառավարությանը նախ պիտի ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել և ապա միայն գնահատականներ տալ:

Ուշագրավ է, որ ծրագրում հստակ գնահատական է տրվում ինչպես ձեռքբերումներին, այնպես էլ՝ թերացումներին: Այս վերջին հանգամանքը հատկապես կարևոր է, քանի որ մինչև չհստակեցվեն դրանք՝ դժվար կլինի հասկանալ, թե ինչին է նախապատվություն տրվելու, և ինչից են ուզում խուսափել:

Ի՞նչ է ուզում անել Արա Հարությունյանի գլխավորած նոր կառավարությունը՝ «ժողովրդավարության զարգացում և այդ արժեքների վրա հիմնված քաղաքացիական հասարակության, իրավական պետության և քաղաքակիրթ շուկայական տնտեսության կայացում, սոցիալական արդարության հաստատում, հանրապետության անվտանգության ապահովում»:

Այս ամենը բավական գեղեցիկ է հնչում և ինքնին գրավիչ է գոնե թղթի վրա: Սակայն մեր դառը փորձից գիտենք, որ ճիշտ խոսքերը միշտ չէ, որ ճիշտ գործերի երաշխիք են: Իսկ ի՞նչ անել, որպեսզի այդ գեղեցիկ ու գրավիչ խոսքերը թղթից «սահեն» դեպի մեր առօրյան: Ամեն ինչ, բացի սպասելուց, թե երբ կառավարությունը դրանք կիրականացնի: Ոչ մի կառավարություն երկնքից մանանա չի թափելու՝ դա Աստծո մենաշնորհն է: Ուստի մենք՝ հանրությունը, պիտի կարողանանք վերահսկել այդ ամենը ու նաև աջակից լինել: Գովելի է, որ նույն «թղթում» ամրագրված է այս նախապայմանի կարևորության գիտակցումը՝ «նշված նպատակների իրագործումը հնարավոր է միայն հասարակության հետ ակտիվ երկխոսության, հանրապետության նախագահի, խորհրդարանի և կառավարության միջև սերտ համագործակցության և փոխըմբռնման պարագայում»: Ուշադրություն դարձրեք՝ հանրությունն  առաջին հերթին է հիշատակվում:

Սա արդեն ոչ միայն գրավիչ է, այլև գործելակերպի ուրվագիծ է, որը կարող է իրականություն դառնալ մեր բոլորիս ջանքերով: Եւ նաև վերահսկելու-ստուգելու մեր ցանկությունից, իրական բարեփոխումներին նպաստելու մեր պատրաստակամությունից, միով բանիվ՝ մեր քաղաքացիական կամքից ու ինքնագիտակցությունից է կախված, թե որքանով հաջողակ կլինի նոր կառավարությունը:

Վերոնշյալ ծրագիրը կարող է իրականություն դառնալ, եթե հաղթահարվի իշխանություն-ժողովուրդ բևեռացվածությունը, եթե կադրային քաղաքականությունը հիմնված չլինի ընկերային ու խնամիբարեկամական կապերի վրա:

Այսօր թևքերը քշտած աշխատելու ժամանակն է, արդեն ասված գեղեցիկ խոսքերի պաշարն առնվազն կբավականացնի մի 5-10 տարի, այնպես որ՝ այս «ոլորտում» պետք չէ առանձնակի ջանքեր թափել: Այսօր, շախմատային լեզվով ասած, քայլը կառավարությանն է: Իսկ մենք՝ հանրությունը, շախմատային տախտակի մյուս կողմում չենք, այնտեղ ժամանակն է ու նրա մարտահրավերները: Մենք և «սեկունդանտ» ենք, և մրցավար: Մեզ ձեռնտու է, որ մարտահրավերները պարտվեն:

Իսկ դա, կրկնենք, հենց այնպես չի լինի: «Վստահիր, բայց ստուգիր» հայտնի առածի առաջին մասն արել ենք, մնում է երկրորդը: «Դեմո» հանրային թերթը, հավատարիմ մնալով դավանած արժեքներին, շարունակելու է վերահսկելու իր բաժին առաքելությունը, առավել ևս, որ կառավարության առաջին քայլերը նաև մտահոգության տեղիք են տալիս:

——————————————————————————————-

Լրահոս

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

Հոկտեմբերի 29-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ռոլան Բիկովի միջազգային հիմնադրամի կողմից այս օրերին Ստեփանակերտում  անցկացվող մանկապատանեկան միջազգային կինոփառատոնի մրցատյանի անդամներին՝  հիմնադրամի նախագահ Արմեն Մեդվեդեւի գլխավորությամբ:

Հիմնադրամը երրորդ անգամն է, ինչ նման կինոփառատոն է անցկացնում, որի մի փուլը՝ արդեն երկրորդ անգամ, Լեռնային Ղարաբաղում: Նշվեց նաեւ, որ  կինոփառատոնի մրցատյանում ընդ-գրկված են Սերբիայի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Ռուսաստանի եւ Հայաստանի ներկայացուցիչները:

Խոսելով նաեւ արցախյան տպավորությունների մասին, հիմնադրամի նախագահն ասաց.  «Պատերազմի երկրի փոխարեն մենք ականատես եղանք խաղաղության ու բարության երկրի»:

Իր հերթին, ԱԺ նախագահը, կարեւորելով միջոցառումը՝ որպես մշակութային նշանակալից իրադարձություն, նշեց. «Մենք մեզ համար բացահայտում ենք մանկապատանեկան կինոն, դուք ձեզ համար` մեր երկիրը»:

Խորհրդարանի նախագահն այնուհետեւ պատասխանեց հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ԼՂՀ ժողովրդագրական վիճակին, մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության դրվածքին, երկրի ետպատերազմյան վերականգնման խնդիրներին:

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՎՈՒ՞Մ Է

Վերջին մի քանի օրերին Ղարաբաղի լրատվական դաշտը հայտնվել է հանրապետության իշխանությունների եւ քաղաքագետների ուշադրության կենտրոնում: Տեղական եւ արտասահմանյան փորձագետները Ղարաբաղում ինֆորմացիոն քաղաքականության բացակայություն են արձանագրել, բայց չնշելով պատճառները եւ դրանում մեղավորներին: Իսկ պետական մարմինները որոշել են ձեռնամուխ լինել գործուն քայլերի՝ այդ քաղաքականությունն ապահովելու համար:

Հոկտեմբերի 29-ին նախագահ Բ. Սահակյանը Վարդգես  Բաղրյանին, Գեորգի Ղազարյանին եւ Արա Վանյանին նշանակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ:  Բակո Սահակյանը  կարեւորել է հեռուստատեսության դերը մեր հանրապետության հասարակական կյանքում` ընդգծելով, որ այս ուղղությամբ խորհուրդը պետք է լուրջ աշխատանք կատարի: Մեկ ամսվա ընթացքում խորհուրդը հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ կհայտարարի: Հիշեցնենք, որ նախորդ խորհրդի լիազորությունների ժամկետը լրացել է դեռեւս այս տարվա գարնանը:

Հոկտեմբերի 30-ին կառավարության որոշմամբ «Ազատ Արցախ» թերթը վերակազմակերպվեց փակ բաժնետիրական ընկերության, որի տնօրեն նշանակվեց Մուրադ Պետրոսյանը:

Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանվեց 150 հազար դրամ, որը համապատասխանում է 15 սովորական բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10 հազար անվանական արժեքով: Բաժնետոմսերը հավասարապես կբաշխվեն նախագահի, Ազգային ժողովի եւ կառավարության աշխատակազմերի միջեւ: Ըստ ամենայնի, թերթը ընթերցողներին կներկայանա որպես հանրային:

Պետբյուջեից ֆինանսավորվող երկու ԶԼՄ-ներում կադրային եւ կառուցվածքային փոփոխությունները խոսում են երկրում տեղեկատվական մթնոլորտի փոփոխման ցանկության մասին: Այն մասին, թե ինչ բովանդակությամբ եւ որ ուղղությամբ կկատարվեն դրանք՝ դեռեւս հայտնի չէ:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Հոկտեմբերի 26-ին Արցախի պետհամալսարանում հանդիպում է տեղի ունեցել Ստեփանակերտի մամուլի ակումբի անդամների եւ համալսարանի լրագրության բաժնի ուսանողների միջեւ: Առիթը մամուլի ակումբի կողմից հրատարակած հերթական նոր գրքի շնորհանդեսն էր եւ այն ուսանողներին տրամադրումը:

Ինչպես ներկաներին տեղեկացրեց Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը, արդեն երկու տարի է ակումբը ԼՂՀ հասարակական խորհրդի դրամաշնորհի միջոցներով ուսումնական ձեռնարկ է հրատարակում:

Հերթական ձեռնարկի թեման է՝ «Լրագրողական էթիկա»: Այն, ինչպես ամեն անգամ, կբաժանվի հանրապետությունում գործող բուհերի լրագրության բաժիններում սովորող ուսանողներին ու դասախոսներին, ինչպես նաեւ արցախյան բոլոր լրատվամիջոցների աշխատակիցներին:

ԱրՊՀ-ի կողմից մամուլի ակումբին՝ ամեն տարի մատուցվող հաճելի անակնկալի համար շնորհակալություն հայտնեց բանասիրական ֆակուլտետի դեկան Արմեն Սարգսյանը, միաժամանակ կարեւորեց ակումբի ներդրումը՝ լրագրության բաժնի ուսանողներին մասնագիտական գրականությամբ ապահովելու գործում:

http://www.karabakh-open.com

 

ԼՂՀ – ՀՀ 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ

«Այն, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձել է ակտիվ քաղաքականություն` դա փաստ է: Բնականաբար, ես չէ, եւ ԼՂՀ ժողովուրդը չէ, որ պետք է իր գնահատականը տա Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի կամ Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Թեեւ, նկատի ունենալով մեր հարաբերությունների ընդհանրապես տնտեսական, քաղաքական, հոգեւոր, մշակութային ինտեգրացվածության, ներթափանցվածության աստիճանը, բնական է, որ Լեռնային Ղարաբաղում ոչ ոք չի կարող անտարբեր լինել այն քաղաքական զարգացումների նկատմամբ, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում»,- Karabakh-Open-ին ասել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

Մեկնաբանելով Հայաստանի ներքաղաքական զարգացումները, նա հայտնեց այն կարծիքը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ժամանակը մնացել է անցյալում: «Սա թող վիրավորական չհնչի ՀՀ առաջին նախագահի հասցեին, բայց այն, ինչ նա կարող էր անել իր ժողովրդի համար` արել է 1994-1998թթ.: Դա Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբն էր, անկախության փաստացի եւ իրավական ամրագրումը հանրաքվեով, դա ղարաբաղյան պատերազմի փորձությունը հաջողությամբ հաղթահարելն էր, եւ, թերեւս, այստեղ ավելացնենք նաեւ առաջին Սահմանադրության ընդունումը 1995-ին: Ինչպիսին կլինի մասնավոր ընտրողի վերաբերմունքը

Լ. Տեր-Պետրոսյանի անձի ու նրա քաղաքական ծրագրի հանդեպ` սա արդեն Հայաստանի 3.5 մլն բնակչության եւ 2 մլն-ից ավելի ընտրողների խնդիրն է», – ավելացրել է նա:

Անդրադառնալով Հայաստանում նարնջագույն հեղափոխության հնարավորության մասին պտտվող լուրերին, նա նկատեց. «Որքանով տեղյակ եմ, այս գաղափարը վերջերս շատ ակտիվ քննարկում է ադրբեջանական մամուլը` ինչ-որ ամերիկյան անանուն դիվանագետների վրա հղում կատարելով: Ես այստեղ որեւէ լրջություն չեմ տեսնում, ընդհակառակը` դա համարում եմ ադրբեջանական կողմի ուղղակի հակաքարոզչություն: Այսինքն` էապես ցանկանալով, որ Հայաստանում իշխանության գա Լեւոն Տեր-Պետրոսյանը, համենայնդեպս, անցած տարիների ադրբեջանական քաղաքական գործիչների հայտարարությունները ուղղված են եղել դրան, այսօր նրանք ընտրել են մի այնպիսի լավ քաղտեխնոլոգիա, որ կարծես թե պաշտպանում են Հայաստանի ներքին կայունությունը եւ հակված են Հայաստանի հաջորդ նախագահ տեսնել Սերժ Սարգսյանին: Սա, իմ ընկալմամբ, ադրբեջանական շատ էժան քաղտեխնոլոգիայի դրսեւորում է, PR կամպանիա` Հայաստանի ներքաղաքական վիճակը հնարավորինս սրելու: Որեւէ հեղափոխություն անելու ենթատեքստ անգամ այսօր անպատկերացնելի է»:

Իսկ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի քարտուղար Ժիրայր Շահիջանյանը գտնում է, որ նարնջագույն հեղափոխությունը Հայաստանում բացառվում է, «քանի որ այնտեղ չկա թույլ իշխանություն եւ ուժեղ ընդդիմություն»: «Մեր ժողովրդի մենթալիտետի մեջ չկա նման բան, որ միանգամից դրոշ վերցնի եւ վազի դեպի Արեւմուտք կամ Արեւելք: Ուստի չեմ կարծում, թե նման հեղափոխություն կլինի», – ասել է Ժ. Շահիջանյանը: Նա, գնահատելով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն, նշեց, որ եթե նա առաջադրի իր թեկնածությունը, ապա Դաշնակցության, որը նույնպես կունենա սեփական թեկնածու, եւ նրա միջեւ պայքարը գաղափարական կլինի: «Հուսով եմ, որ Հայաստանի ներքաղաքական պայքարը, որտեղ ամեն մի կուսակցություն, անհատ փորձում է իր տեղը գտնել, չի գնա ծայրահեղության, որից կարող է տուժել մեր երկիրը, մեր ժողովուրդը», – հավելել է նա:

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանի կարծիքով՝ տվյալ ոչ դյուրին իրավիճակում ճիշտ կլիներ որդեգրել չմիջամտելու քաղաքականությունը, ինչը, ըստ նրա, չի նշանակում, թե արցախյան հանրությունը կարող է անտարբեր լինել հայաստանյան ներքաղաքական զարգացումների նկատմամբ: Գ. Բաղդասարյանը նկատի ունի նորանկախ պետության պաշտոնական վերաբերմունքը: Ինչ վերաբերում է ընդհանրապես քննարկումներին, ապա, նրա կարծիքով, ցանկալի կլիներ, որ արցախյան հանրային կարծիքը համահունչ լիներ այն ընկալմանը, որ հանրային-պետական շահերի ծիրում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաքարտ չդառնալը հայաստանյան քաղաքական զարգացումներում: Նա համոզված է, որ Ղարաբաղի հետագա ճակատագիրը Հայաստանի ծագումով ղարաբաղցի և ոչ ղարաբաղցի ղեկավարության հետ անմիջականորեն կապելը բավականին վտանգավոր է, քանի որ կարող է խորացնել հայության երկու հատվածների միջև, ցավոք սրտի, արդեն նկատելի անընկալունակությունը:

«Մեզ համար, համոզված եմ, պիտի ընդունելի լինի ցանկացած նախագահ, որ ընտրվել է ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններում, – ընդգծել է պատգամավորը:

– Անկեղծորեն ասած, ինձ համար այնքան էլ ընկալելի չէր ՀՀ գործող նախագահի այն միտքը, որ հետագա քայլերից պարզ կդառնա «մեր մարտավարությունը»: Արդեն եղած ու հետագա քայլերից անկախ՝ իշխանությունը ընտրությունների ժամանակահատվածում միայն մի առաքելություն ունի՝ ապահովել քաղաքակիրթ ընտրություններ և ժողովրդի ազատ կամարտահայտություն»:

«Ազատ Հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Գագիկ Պետրոսյանի կարծիքով, Հայաստանում սկսել են հայտնվել Արեւմուտքի «իշխանությունը «նարնջագույն» հեղափոխությամբ փոխելու ցանկության» ուրվագծեր: Karabakh-Open.com-ին տված հարցազրույցում պատգամավորը նշել է, որ բոլոր «նարնջագույն հեղափոխությունները», իրենց էությամբ, ունեցել են միեւնույն սցենարները եւ նույնանման նախադրյալներ: «Հայաստանի պարագայում ես նույնպես նախադրյալներ չեմ տեսնում: Իրական զարգացումը, իմ կարծիքով, պետք է լինի ձախ, աջ եւ կենտրոնամետ ուժերի թեկնածուների առաջադրմամբ:

Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը մեծ քաղաքականություն դրական եմ գնահատում: Առաջին հերթին` դա խոսում է այն մասին, որ Հայաստանում ժողովրդավարությունը զարգանում է: Երկրորդ` Հայաստանում վերջին ժամանակներս լիբերալների ճամբարում կոլորիտային ֆիգուր չի եղել` իր հստակ դիրքորոշմամբ, որը ինքնին արդեն բացասական երեւույթ է», – նշել է Գագիկ Պետրոսյանը:

http://www.karabakh-open.com

——————————————————————————————-

Ներպետական

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԹՈՇԱԿՆԵՐԻ ՈՒ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԼՂՀ նոր ձեւավորված կառավարությունում արդեն ձեռնամուխ են եղել 2008 թվականի պետական բյուջեի ձեւավորմանը, ուստի եւ արդեն ակնհայտ է դառնում, թե հաջորդ տարվանից ինչ փոփոխություններ են տեղի ունենալու հանրապետության բնակիչների կյանքում: Բնակիչները, ինչպես միշտ, առաջին հերթին ակնկալում են թոշակների, աշխատավարձերի եւ նպաստների բարձրացում, ինչը հնարավորություն կտա նրանց «դիմակայել» առաջին անհրաժեշտության ապրանքների գների օրեցօր աճին:

Ինչպես եւ խոստացվել էր նախագահի նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ 2008-ի հունվարի 1-ից կբարձրանան հանրապետության տարբեր խավերի քաղաքացիներին տրամադրվող նպաստներն ու թոշակները: Այս մասին վկայում են նաեւ կառավարության նիստում ներկայացված մի շարք որոշումները:

Գործադիրի որոշմամբ, հունվարի 1-ից մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաներին նախատեսվում է տրամադրել 8500 դրամ ամենամսյա նպաստ, միայնակ մոր երեխաներին՝ 5000 դրամ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին՝ 20000 դրամ, միակողմանի ծնողազուրկ երեխաներին՝ 10000 դրամ, ալիմենտ ստացող երեխաներին՝ 5000 դրամ: Նշենք, որ մի շարք խմբերի նպաստներ կրկնապատկվել են:

Ժամկետային զինծառայողների մինչեւ 18 տարեկան երեխաները կստանան 7500 դրամ, 1-ին խմբի հաշմանդամների երեխաները՝ 9000 դրամ, 2-րդ խմբի հաշմանդամների երեխաները՝ 5500 դրամ, իսկ 4 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաները՝ 5500 դրամ:

Նոր տարվանից միայնակ մայրերին կտրամադրվի 5000 դրամ նպաստ, մինչեւ 2 տարեկան երեխա խնամող անձանց՝ 4500 դրամ, իսկ մինչեւ 1 տարեկան երեխաներին մանկական սննդով ապահովելու համար կտրամադրվի 6000 դրամ:

Երեխայի ծննդյան դեպքում տրվող 35000 դրամի փոխարեն հունվարի 1-ից նախատեսվում է տրամադրել 70000 դրամի միանվագ նպաստ: Կբարձրանա նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրամադրվող ամենամսյա դրամական օգնության չափը՝ 17000-ից հասնելով 27200 դրամի:

Նորություն է նախատեսվում նաեւ առանձին կատեգորիաների անձանց համար. ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարաններում անշարժ հեռախոս կտեղադրվի:

Կառավարության մեկ այլ որոշմամբ, «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» եւ «ԼՂՀ փրկարար ծառայության մասին» ԼՂՀ օրենքով նախատեսված բազային կենսաթոշակների չափը սահմանվեց 5000 դրամ: Քաղաքացիական անձանց բազային կենսաթոշակի չափը 4250 դրամից նախատեսվում է դարձնել 6800 դրամ, իսկ մեկ տարվա աշխատանքային ստաժի դիմաց տրամադրվող 230 դրամը՝ 395 դրամ: Ընդհանուր առմամբ, թոշակները կբարձրանան 60 տոկոսով: Ի դեպ, նույնչափ բարձրացում է նախատեսվում նաեւ Հայաստանում:

http://www.karabakh-open.com

 

«ԿԱՐԵՎՈՐ ԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԹԻՄ»

«Դեմո»-ի բացառիկ հարցազրույցը ԼՂՀ վարչապետ Արա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

-Պարոն վարչապետ, մի առիթով Դուք ասել եք, որ մեր տնտեսությունը դեպի զարգացում պետք է գնա: Հետաքրքիր է, ի՞նչ ուղղություններով է զարգանալու, ինչպե՞ս եւ ինչի՞ հաշվին:

-Ներկա պահին մեր տնտեսության զարգացման գլխավոր ուղղություններ ենք նախանշել գյուղատնտեսությունը, վերամշակող արդյունաբերությունը, էներգետիկան: Իհարկե, մյուս բնագավառների նկատմամբ եւս կլինի շեշտված ուշադրություն: Տնտեսական զարգացումը կապահովենք գերազանցապես տեղական մասնավոր եւ օտարերկրյա ներդրումների հաշվին:

-2008-ի բյուջեն 2007-ի համեմատ մոտավորապես որքանո՞վ կաճի: Եւ ի՞նչ բյուջե կլինի այն՝ սոցիալակա՞ն, թե՞ զարգացման:

-Մենք այժմ աշխատում ենք ԼՂՀ 2008թ. պետբյուջեի նախագծի վրա: Եկամուտների ու ծախսերի առումով  այն շոշափելիորեն տարբերվելու է նախորդ տարվա բյուջեից. ավելի մեծ թվեր ենք ունենալու: Նախատեսում ենք, որ 2008թ. բյուջեն լինի եւ սոցիալական, եւ զարգացման ուղղվածությամբ:

-Դուք հայտարարել եք, որ թոշակները կբարձրանան 60 տոկոսով, միանվագ օգնություն կտրամադրվի նոր ընտանիք կազմողներին, առաջին դասարանցիներին, ինչպես նաեւ կբարձրանան բնակիչներին տրամադրվող տարբեր նպաստները: Դրանք բոլորը կտրամադրվեն պետբյուջեի՞ց: Եվ եթե այո, ապա ինչի՞ հաշվին հնարավոր կլինի բյուջեում այդքան ավել գումար ունենալ:

-Միանշանակ՝ սոցիալական բոլոր հատկացումները կկատարվեն պետբյուջեով: Դա թույլ կտա, որ այդ ծրագրերը լինեն մշտապես գործող եւ բարելավվող: Տնտեսական աճի ակնկալվող լավ տեմպերը հնարավորություն կտան  կատարել սոցիալական նորանոր հատկացումներ: Բոլոր սոցվճարումների հավելումները կիրականացվեն պետբյուջեի եկամուտների ավելացման հաշվին:

-Կադրային փոփոխությունները պետական մարմիններում շարունակվում են: Ի՞նչ կառավարություն եք ստեղծում՝ պրոֆեսիոնա՞լ, թե՞ փորձում եք հավաքել Ձեր թիմը: Եվ որքանո՞վ եք կադրային փոփոխությունների գործընթացում պահպանել կադրերի Ձեր իսկ կողմից հայտարարված պրոֆեսիոնալիզմի սկզբունքը:

-Մենք առաջնահերթություն ենք տալիս մեր նախընտրած կադրերի մասնագիտական ու կազմակերպական հատկանիշներին: Կարեւոր ենք համարում ունենալ կառավարման պրոֆեսիոնալ թիմ: Այնուհանդերձ, ժամանակը ցույց կտա, թե որքան են նորանշանակ կադրերը արհեստավարժ եւ ունակ՝ լուծելու պետական կառավարման հրատապ խնդիրները:

-Ձեր պաշտոնավարության ոչ երկար ժամկետում ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել:

-Խոչընդոտների չեմ հանդիպել: Շարունակում ենք ուսումնասիրել  առկա կացությունը, զատորոշել կարեւորագույն խնդիրները՝ ձգտելով դրանք լուծել ժողովրդի պահանջների ընդհանուր համատեքստում:

Հարցազրույցը վարեց Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.- Հարցազրույցի խնդրանքով դիմել էինք նաև Ստեփանակերտի համայնքի ղեկավարին, բայց նա զբաղվածության պատճառով մերժել է:

 ՕՐՎԱ ԱՆԵԿԴՈՏԸ  :)

Հոկտեմբերի 15-ին՝ ՏԻՄ ընտրությունների հաջորդ օրը, ԿԸՀ նախագահը զանգում է երկրի նախագահին.

-Պարոն նախագահ, երկու լուր ունեմ, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ: Որի՞ց սկսեմ:
-Լավից:
-Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում բացահայտ առավելությամբ հաղթել է Վազգեն Միքայելյանը:
-Բա վատ լուրը ո՞րն է:
-Ընտրություններին գրեթե մարդ չի մասնակցել:

——————————————————————————————-

Ջավախք

ԳՈՅԻ ԻՄԱՍՏԸ՝ ՀԱՅԵՑԻՈՒԹՅՈՒՆ

«Խաղաղության եւ պատերազմի լուսաբանման ինստիտուտը» (IWPR) հոկտեմբերի 21-26-ը կազմակերպել էր ճանաչողական այց Ջավախք, որին մասնակցում էին լրագրողներ Ադրբեջանից, Հայաստանից, Վրաստանից եւ ԼՂՀ-ից

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԿՆԻՔ

Բախտի բերմամբ, թե պատահմամբ, գնալուցս առաջ սահմանապահների մասին մի ֆիլմ էի դիտել, որտեղ մանրամասն նկարագրվում էր վերջիններիս անպարկեշտ վերաբերմունքն ուղեւորների նկատմամբ: Եւ ահա ֆիլմից տպավորված, անվստահությամբ լցված դեպի սահմանապահների կերպարը, մոտեցա հայ-վրացական սահմանի հայկական (Բագրատաշենի) անցակետին: Անձնագիրս ստուգելուց հետո հայ սահմանապահը վերադարձրեց այն ինձ ու ժպիտը դեմքին ավետեց, որ ես չեմ կարող հատել սահմանը: Իմ ինչո՞ւ հարցին, նա նույն սիրալիր ժպիտով պատասխանեց, որ անձնագրիս մեջ հարավօսական կնիք կա, ինչը նշանակում է, որ ես Վրաստանի սահմանը հատել եմ անօրեն, եւ որ վրաց սահմանապահները դա նկատելուն  պես անմիջապես ինձ կձերբակալեն, եւ 3-5 տարով կազատազրկեն՝ համաձայն Վրաստանի ՔՕ-ի 374-րդ հոդվածի, որն ընդունվել է դեռևս 1996-ին, բայց գործում է ընդամենը 7-8 ամիս: Ես փորձեցի բացատրել, որ այդ կնիքը դրվել է 2004-ին, եւ ես ոչ թե Հարավային Օսիայում եմ եղել, այլ այնտեղով գնացել եմ ՌԴ (իսկ դա, ի դեպ, այն ժամանակ անօրինական չէր համարվում): Սահմանապահը շարունակեց նույն սիրալիր դեմքով բացատրել, որ Հայաստանի 17 քաղաքացիներ նույն կնիքի պատճառով հայտնվել են բանտում, եւ որ նրանց ճակատագիրն անհայտ է:

Ֆիլմի տպավորություններով եւ սահմանապահի հակասական պահվածքից տարակուսած որոշեցի, այնուամենայնիվ, ռիսկի դիմել եւ մոտենալ վրացական անցակետին: Ինչպես եւ կասկածում էի, «ուշադիր եւ օրինապահ» վրացիները չնկատեցին կնիքս եւ ես «ահաբեկչի կարգավիճակով» ներխուժեցի Վրաստան: Ի դեպ, հետո Վրաստանում ինձ ասացին, որ շատ հավանական է, որ վրաց սահմանապահը պարզապես ձեւացրել է, թե չի նկատել կնիքը, որպեսզի վերադարձիս «նկատի» օրինախախտումը, եւ այդ դեպքում ես ստիպված կլինեի մեծ չափի գումար մուծել որպես տուգանք, կամ էլ մոտիկից ծանոթանալ վրացական բանտերին:

Հատուկ շնորհակալություն Վրաստանում Հայաստանի դեսպանությանը եւ հատկապես հյուպատոս Արթուր Սարգսյանին՝ հոգեբանական եւ տեխնիկական աջակցության համար: Նրա շնորհիվ ես ստացա վերադարձի վկայական՝ այդպիսով խուսափելով 5000 ԱՄՆ դոլար տուգանքից եւ վրացական բանտերին մոտիկից ծանոթանալու հնարավորությունից:

ՍԵՎ ԵՎ ՍՊԻՏԱԿ. ՋԱՎԱԽՅԱՆ ԿՈՆՏՐԱՍՏ

Ջավախքն, ինչպես հայտնի է, թեեւ գտնվում է Վրաստանի ադմինիստրատիվ տարածքում, սակայն, մեծամասամբ բնակեցված է հայերով: Այն այսօր բազմաթիվ պրոբլեմներ ունի, որոնցից ջավախահայերը առանձնացնում են լեզվական, էթնիկական խնդիրները, գործազրկությունը եւ արտագաղթը:

Վրաստանի իշխանությունները սկսել են պարտադրել հայերին երկրի պետական լեզուն՝ վրացերենը: Ջավախահայերն էլ փորձում են համոզել, որ դրա անհրաժեշտությունը Ջավախքում չկա, քանի որ այնտեղ հայերը մեծամասնություն են կազմում: Այդ հողի վրա բազմաթիվ դժգոհություններ են առաջանում. հայերը պնդում  են, որ դժվար է հատկապես առաջացած տարիքում նոր լեզու սովորել, սովորելու դեպքում էլ «հո իրար հետ վրացերեն չե՞նք խոսելու»: Վրացիներն էլ պարբերաբար հիշեցնում են, որ Ջավախքը Վրաստանի մասն է, հետեւաբար տեղի բնակչությունը պարտավոր է տիրապետել այդ երկրի պետական լեզվին:

Բայց Ջավախքում միայն հայերը չէ, որ չեն տիրապետում վրացերենին: Ախալքալաքի մոտ գտնվող Գորիլովկա գյուղում ապրում են դուխոբորները: Այն միակն գյուղն է Ջավախքում, որ բնակեցված է բաց մաշկ ու մազեր ունեցող մարդկանցով, դա անսովոր է հատկապես Ջավախքում ապրող թխահեր ու մգամաշկ հայերի, վրացիների, ադրբեջանցիների ֆոնին: Դուխոբորները ռուս աղանդավորականներ են, որոնք Ռուսաստանի խորհրդայնացումից առաջ վտարվել են այնտեղից՝ իրենց հավատքի պատճառով: Ինչպես դուխոբորներն են խոստովանում, իրենք սովոր են ապրել համայնքներով եւ անընդունելի են համարում այլազգիների մուտքն իրենց շարքերը:

Ասում են, որ դուխոբորները տարիներ շարունակ շատ հարուստ են եղել եւ իրենց աշխատասիրության շնորհիվ Ջավախքում մեծ հողատարածքներ են ձեռք բերել: Բայց մի օր էլ հանգել են այն մտքին, որ այդ հողերը պատկանում են միայն Աստծուն եւ հրաժարվել են դրանցից: «Դե, իսկ քանի որ հայերը համոզված են, որ Աստված էլ է հայ, յուրացրել են դուխոբորների հողերը»,- այսպես են կատակում վրացիներն այդ առթիվ:

Այժմ էլ դուխոբորները շարունակում են ապրել Գորիլովկայում, իրենց երկնագույն տնակներում, սակայն ոչ թե նախկինի պես ապահով, այլ անորոշ ու կյանքից դժգոհ. բանն այն է, որ դուխոբորները կանգնած են անհետացման եզրին, որովհետեւ գնալով նվազում են, իսկ դրա պատճառն էլ այն է, որ իրենց հավատքն արգելում է դուխոբորների ամուսնությունը այլազգիների հետ: Չնայած Ջավախքի թխահեր բնակչությունը մշտապես աչք է ունեցել շիկահեր «դուխոբորոչկաների» վրա:

ԿՈՆՏՐԱՍՏ 2. ԵԹԵՐՈՒՄ «HOP» ՌԱԴԻՈՆ Է

BBC-ի աջակցությամբ Նինոծմինդայում գործում է «HOP» ռադիոն, որի ստուդիան գտնվում է քաղաքի կենտրոնական մասերից մեկում: HOP-ի ստուդիան կահավորված է ժամանակակից տեխնիկայով եւ չի զիջում մայրաքաղաքային ռադիոկայաններին: Եւ տպավորությունն այնպիսին է, որ նման ռ/կ-ի հաղորդումները մարդիկ պիտի լսեն իրենց տներում՝ FM կամ գծային հաճախականությամբ: Բայց չէ՞ որ Ջավախքում ամեն ինչ յուրահատուկ է. քաղաքի շուկա տանող ճանապարհին, որը ամենամարդաշատն է, տեղադրված է հսկայական բարձրախոս, որի միջոցով մարդիկ ունկնդրում են HOP-ի թարմ լուրերը: Վերջինս, ի տարբերություն այլ ռ/կ-ների, հստակ գիտի իր ունկնդիրների կոնկրետ թիվը եւ նույնիսկ ճանաչում է նրանց դեմքերով: Իսկ, ընդհանրապես, տեղեկատվություն տարածելու եւ ստանալու հարցում Ջավախքում պատկերը հուսահատական չէ. այնտեղ լույս է տեսնում 5 թերթ, եթեր է հեռարձակվում 2 ռադիոկայանի եւ 3 հեռուստաընկերությունների հաղորդումներ (Արցախի հանրայինի ականջը կանչի): Ավելացնենք, որ բոլոր լրատվամիջոցները հայալեզու են:

Հ.Գ.-ի փոխարեն

Չնայած Ջավախքի խնդիրներին, այստեղ հայերը պահպանել են իրենց ազգային դիմագիծը եւ իրենց գոյի իմաստը դրանում էլ տեսնում են: Հատկապես Ախալքալաքում աչք է ծակում այն հանգամանքը, որ բոլորն այնտեղ առնվազն «պատմական գիտությունների դոկտորներ են»:

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ-Ջավախք-Ստեփանակերտ

——————————————————————————————-

Տարածաշրջան

ԿՈՎԿԱՍ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ

Հոկտեմբերի 19-21-ը Թբիլիսիում անցկացվեց միջազգային բավականին լուրջ ու ներկայացուցչական համաժողով՝ «Կովկաս. համագործակցություն հանուն կայունության» թեմայով: Այն կազմակերպել էր Ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամը (Վրաստան), իսկ ֆինանսավորել էին ճապոնական «Սասակավա» հիմնադրամը, ԱՄՆ պետդեպարտամենտը, Ֆինլանդիայի կառավարությունը և գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը: Համակովկասյան այս համաժողովին մասնակցում էին ինչպես Հարավային, այնպես էլ Հյուսիսային Կովկասի երկրների պատվիրակություններ, ինչպես նաև միջազգային միջկառավարական ու ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հրավիրվածներ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Բելգիայից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Իսրայելից, Ճապոնիայից, Շվեդիայից, Մոլդովայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից և այլ երկրներից: Մասնակիցների թվում էին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պետեր Սեմնեբին և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչ Դով Լինչը: Համաժողովն իրենց ներկայությամբ ու ելույթներով պատվեցին Վրաստանի խորհրդարանի ղեկավար Նինո Բուրջանաձեն և վարչապետ Զուրաբ Նողաիդելին: Հայերից մասնակցում էին Ալեքսանդր Իսկանդարյանը, Դավիթ Շահնազարյանը, Ստեփան Գրիգորյանը, Աշոտ Մելյանը, Գայանե Սարգսյանը, Ժիրայր Լիպարիտյանը, Ռոնալդ Սյունին և տողերիս հեղինակը:

«ՆՈՐ» ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այն, որ Հարավային ու Հյուսիսային Կովկաս հասկացությունները գնալով ավելի քիչ են շրջանառվում, նորություն չէր, մասնավորապես՝ վերջին տարիներին գնալով որպես տարածաշրջանային միավոր ավելի գործածական են դառնում Մեծ Մերձավոր Արեւելք, Սևծովյան տարածաշրջան հասկացությունները, Հայաստանն էլ է ներգրավվել Սևծովյան տնտեսական համագործակցության ծիրում: Իսկ ահա համաժողովում մասնակիցների ուշադրությունը հրավիրվեց ադրբեջանցի և վրացի համահեղինակների մի աշխատության վրա, որտեղ Կովկասը տարաբաժանվում էր հետևյալ կերպ՝ Հյուսիսային Կովկաս, Կենտրոնական Կովկաս և Հարավային Կովկաս: Մենք Հարավայինից «տեղափոխվել ենք» Կենտրոնական Կովկաս, իսկ մեր տեղում՝ Հարավային Կովկասում, «զետեղվել» են Թուրքիայի և Իրանի սահմանակից շրջանները, ընդ որում՝ Իրանի այդ տարածքն անվանվում էր Հարավային Ադրբեջան:

Ռուսերեն տպագրված այդ գիրքը ես ցույց տվեցի համաժողովում իմ անմիջական հարևաններին՝ Իրանի ներկայացուցիչներին, որոնք ակնհայտ դժգոհությամբ զննեցին այն և խնդրեցին թարգմանել գրքի այդ հատվածը (նրանցից մեկը՝ Հոսեյն Տաբատաբային, լավ տիրապետում էր հայերենին): Ի դեպ, պատվիրակությունների դասավորությունը կլոր սեղանի շուրջ բավականին հետաքրքիր էր՝ Հայաստանի պատվիրակություն, Ադրբեջանի պատվիրակություն, Իրանի պատվիրակություն և ԼՂՀ ներկայացուցիչս, ինչը ինձ համար առիթ հանդիսացավ «սթափեցնելու» ադրբեջանական պատվիրակության անդամներին՝ «ձեզ կարգին պահեք՝ մեր միջև նաև Իրան կա»: Իմիջիայլոց ասեմ, որ Իրանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև տեսանելի սառնություն կար:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային այս նոր կոնֆիգուրացիաներին ու դրանցից բխող ռազմավարությանը, ապա բավականին տեղին հնչեց ռուսաստանյան քաղաքագետ Վիտալի Նաումկինի ճարտասանական հարցը՝ «ամրապնդե՞լ ազգային պետականությունները, թե՞ դրանք հարմարեցնել տարածաշրջանային սխեմաներին»:

ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԹԲԻԼԻՍԻ, ԻՍԿ ԲՈԼՈՐ ՀԱՐՎԱԾՆԵՐԸ՝ ԴԵՊԻ ՄՈՍԿՎԱ

Համաժողովում ընդգծված էին ոչ միայն Վրաստանը տարածաշրջանային կենտրոն դարձնելու տրամադրվածությունը, այլև հակառուսաստանյան տրամադրությունները, որոնք թեժացնում էին վրացիները և մի շարք եվրոպացի քաղաքագետներ: Հիմնական մեղադրանքներն էին՝ գազային իմպերիալիզմ, տարածաշրջանային անկայունության նպաստում և չճանաչված պետական կազմավորումների սատարում: «Մեղադրական եզրակացության» մեջ ճշմարտության որոշակի բաժին կար, բայց քիչ չէին նաև պարզապես աբսուրդային մեղադրանքները, սեփական մեղքն ու պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելու ցանկությունը: Այս առնչությամբ տեղին էր ռուսաստանցի քաղաքագետ Վիտալի Նաումկինի «խոստովանությունը» հնչած մեղադրանքների կապակցությամբ: Նա մասնավորապես ասաց. «Ինչ խոսք, Ռուսաստանը խաղաղության աղավնի չէ, հատկապես Արևմուտքի՝ Կովկաս ներթափանցման պայմաններում: Ինչ վերաբերում է չճանաչվածներին, ապա Ռուսաստանը հարգում է տարածաշրջանի պետությունների տարածքային ամբողջականությունը, բայց նաև չի կարող չտեսնելու տալ առկա գործընթացները»:

Բայց դատապաշտպանի դերը հիմնականում իր վրա վերցրեց մեկ այլ ռուսաստանցի քաղաքագետ, մեզ քաջածանոթ Սերգեյ Մարկեդոնովը: Նա քանիցս ընդգծեց, որ ինքն իշխանության հետ ոչ մի կապ չունի և առանձնակի ցանկություն չունի պաշտպանելու նրան, բայց ստիպված է անդրադառնալ մեղադրանքներին, քանի որ դրանք անհիմն են: Ու քանի որ նա կամա թե ակամա պաշտպանում էր պաշտոնական Մոսկվային, բոլոր «հարվածները» տեղացին նրա վրա: Մարկեդոնովի բերած փաստերն ու փաստարկները բավականին համոզիչ էին, թեև որոշ դեպքերում դա նաև փաստերի կամայական խաչասերում էր: Ինչ վերաբերում է չճանաչվածների հետ հարաբերություններին, ապա նա նշեց, որ ոչ թե Ռուսաստանն է բյուջեի առանձին տողով օգնություն տրամադրում ԼՂՀ-ին, այլ ԱՄՆ-ն: Նա նաև խնդրեց չմոռանալ, որ թե Հայաստանը և թե Ադրբեջանն իրենց լեգիտիմությունը կառուցել են հենց Ղարաբաղի միջոցով:

ՃԱՆԱՉԵԼ ԶՉՃԱՆԱՉՎԱԾՍ…

Նիստերից մեկում իմ զեկույցի (տես՝ էջ 9) առանցքն այն թեզն էր, որ տարածաշրջանային կայունության պահպանման ամենակառուցողական ձևը նորանկախ երկրների ճանաչումն է, ինչպես նաև հետպատերազմական ու հետկոնֆլիկտային հետևանքների վերացումը: Այս միտքը, բնականաբար, ադրբեջանական կողմի լուրջ հակազդեցությունն առաջացրեց, բայց նաև «կպավ» վրացիների շահերին, առավել ևս, որ հիշատակել էի նաև Հարավային Օսիան ու Աբխազիան, իսկ նրանց մայրաքաղաքների անուններն էլ տվել ոչ վրացական տարբերակով: Ադրբեջանական հակազդեցության ամենամեղմ տարբերակն այն էր, որ Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանում իշխանության կբերի մահմեդական ծայրահեղականներին, ինչն էլ կսպառնա տարածաշրջանային կայունությանը: Սա Արիֆ Յունուսովի կարծիքն էր, իսկ ահա Միլլի մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլլազադեն կրկին հնչեցրեց մեզ մոտ նարկոտրաֆիկի, չվերահսկվող տարածքների և այլնի մասին վարկածները:

Իսկ ինչպիսի՞ն է միջազգային կառույցների վերաբերմունքն այս հարցում: Այս առումով ուշագրավ էին Պետեր Սեմնեբիի և Դով Լինչի ելույթները: Սեմնեբին իր ելույթում նշեց, որ չլուծված հակամարտություններն` ընդհանրապես, և չճանաչվածները՝ մասնավորապես, առանձնակի չեն խանգարել տարածաշրջանային զարգացումներին, բայց դրանց լուծման կարևորությունը դրանից չի նվազում, ավելին՝ առավել հրատապ է դառնում Կոսովոյի շուրջ զարգացումների և Ռուսաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված անորոշության պարագայում:

Շատ ավելի կոնկրետ ու հանգամանալից էր Լինչի ելույթը: Նա ասաց, որ չճանաչվածների նկատմամբ վերաբերմունքի չորս տարբերակ է եղել՝ մեկուսացնել (էմբարգո և այլն), անտեսել (ցույց տալ, որ դրանք չկան), ընդունել դե-ֆակտո, ազատվել դրանցից (պատերազմ և այլ ուժային մեթոդներ): Ըստ Լինչի, այս չորս մեթոդներն էլ կիրառվել են թե առանձին-առանձին և թե բոլորը միասին, բայց արդյունք չկա ու չկա, ավելին՝ դրանք նպաստել են, որ չճանաչվածները գոյատևելու կամք դրսևորեն: Ահա թե ինչու միջնորդներին մեղադրում են ստատուս-քվոն պահպանելու մեջ, ինչը, Լինչի կարծիքով, ճիշտ չէ:

Եւ Սեմնեբիի, և Լինչի ելույթներում հստակ ընդգծված էր երկու հանգամանք. նախ՝ Եվրոպան, Եվրամիությունը լրջորեն մտադրվել են կարևոր դեր խաղալ տարածաշրջանում և հակամարտությունների կարգավորման գործում և երկրորդ՝ չճանաչվածների հետ, այնուամենայնիվ, նախընտրելի է համագործակցությունը: Սեմնեբին, օրինակ, նշեց, որ Եվրամիությունն ամենամեծ դոնորն է դարձել Հարավային Օսիայում, իսկ Աբխազիայում էլ մեծ օգնություն է ցուցաբերում հասարակական կազմակերպություններին: Չնայած Լեռնային Ղարաբաղում աշխատելու ցանկությանը՝ Եվրամիությանը դա դեռ չի հաջողվում Ադրբեջանի կոշտ դիրքորոշման պատճառով: Բայց, ըստ իս, կարևորն այն է, որ չճանաչվածների հետ համագործակցելու պրոցեսն  արդեն սկսվել է:

Թեև պարզվում է, որ ամեն ոք յուրովի է հասկանում համագործակցությունը:

ՎՏԱՐԱՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վրաստանն, օրինակ, սկսել է, կամ ավելի ճիշտ՝ Արևմուտքը նրան թույլ է տվել սկսելու համագործակցության «կառուցողական» տարբերակ: Արդեն ստեղծվել է Հարավային Օսիայի վտարանդի կամ ժամանակավոր կառավարություն, որի էկոնոմիկայի նախարարը զեկույցով հանդես եկավ ինձ հետ նույն նիստում: Չէի ուզենա վիրավորած լինել Թեյմուրազ Ջերապովին (առավել ևս, որ մեկ անգամ արդեն «վիրավորել» էի նրան, քննարկումներից մեկում շեշտելով, որ «համաժողովում չեմ տեսնում Հարավային Օսիայի և Աբխազիայի ներկայացուցիչներին», այն էլ՝ Ջերապովի ելույթից հետո), բայց այդ մակարդակի ելույթը, մեղմ, շատ մեղմ ասած ուղղակի անհարիր էր նման բարձր մակարդակի համաժողովին:

Ըստ մեր տեղեկությունների՝ կարծես թե առանձնակի հաջողություն չկա աբխազական ժամանակավոր ադմինիստրացիա ստեղծելու գործում, թեև օսական տարբերակը չի կարելի անհաջող պրո-յեկտ անվանել: Այսպես, ազգությամբ օսերից է կազմված ոչ միայն ժամանակավոր կառավարությունը (ղեկավարը ոմն Սանակոև է, որը ժամանակին կռվել էր վրացիների դեմ, հետո անցել նրանց կողմը), այլև «Ալանիա» հեռուստաընկերությունը, որի հաղորդումները Վրաստանից սփռվում են Հարավային Օսիայի տարածք և որոնցում գերակշռողը Հարավային

Օսիայի նախագահ Կոկոյտիի և ռուս խաղաղապահների մասին ծաղրական մուլտիկներն են: Աբխազների հարցում, հավանաբար, դժվարություններ են ծագել:

Անհանգստացնողն այն է, որ դա Արևմուտքի կողմից կառուցողական մոտեցում է համարվում: Սակայն, կարծում եմ, որ այնտեղ հասկանում են, որ Ղարաբաղի պարագայում դա պարզապես մեռելածին պրոեկտ կլիներ: Ուստի հավանաբար կխաղարկվի Ղարաբաղի ադրբեջանական համայնքի խաղաքարտը, դրան ավելի լուրջ դերակատարություն տալով: Նման միջոցառումներին մասնակցող արցախցի իմ գործընկերների մոտ այն տպավորությունն է, որ կարծես թե այդ գործի համար «կադր են պատրաստում» ի դեմս Թաբիբ Հյուսեյնովի, որը կիրթ ու խելոք երիտասարդ է և ում ծնողներն, իր ասելով, Շուշիից են: Նրան մեր մասնակցությամբ համաժողովներում չեն ներկայացնում որպես Ղարաբաղի ներկայացուցիչ, քանի որ գիտեն, որ իսկական ներկայացուցիչներն այդ դեպքում չեն մասնակցի, այլ ներկայացնում են որպես Ադրբեջանի միջազգային հանրապետական ինստիտուտի ասիստենտ և կուլուարներում խոսում նրա ծագման մասին: Ի դեպ, համաժողովում որպես հակամարտությունների կարգավորման եղանակ նա առաջարկեց դաշնային համակարգ, ինչին անմիջապես ընդդիմացան ադրբեջանական պատվիրակության մի քանի անդամներ, և հատկապես Մոլլազադեն:

Սա պարզապես որպես ի գիտություն արցախյան հանրության, թեև չեմ կարծում, որ նման պրոեկտը կարող է հաջողություն ունենալ, քանի որ նախ՝ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները կազմակերպված ուժ չեն Ադրբեջանում և ցաքուցրիվ են, հետո էլ՝ այնտեղ բավականին ուժեղ է Նիզամի Բահմանովի մաֆիոզ կլանը, որը լավ հարաբերություններ ունի իշխանության հետ և «ղարաբաղյան թեմայով» բիզնես է անում, ուստի «տեղը» զիջելու մտադրություն չունի:

ՎԵՐՋԱՊԵՍ ԵԿԱՎ ՊԱՀԸ…

Կարդալով ճանաչված փորձագետ, «Ջեյմսթաուն» հիմնադրամի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սոկորի հոդվածները միջազգային լուրջ պարբերականներում, վաղուց էի մտմտում «երկխոսության» մեջ մտնել նրա հետ: Նա նման «ուշադրության» կարիք ունի, քանի որ չճանաչվածների վերաբերյալ նրա հոդվածներում լուրջ վտանգ կա, առավել ևս, որ նա միջազգային բավականին լուրջ շրջանակների խոսնակն է: Նա պարբերաբար գրում է չճանաչված պետությունների ապառազմականացման (դեմիլիտարիզացիայի) մասին: Բացառություն չէր նաև թբիլիսյան համաժողովը: Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին, նա գեթ մեկ անգամ չհիշատակեց Հայաստանը և շարունակեց զարգացնել ապառազմականացման մասին իր թեզը, շեշտելով, որ չճանաչված կազմավորումներում կան զենքեր, որոնք արգելված են Սովորական սպառազինությունների մասին միջազգային պայմանագրով:

Նրա զեկույցն այնքան միանշանակ, միակողմանի ու «անպատկառ» էր, որ ես ավելի լավ ձև չգտա, քան հեգնախառն հարց տալը, հարց, որ հնչեց այսպես.

-Պարոն Սոկոր, քանի որ Դուք նշեցիք, որ չճանաչվածներում կան արգելված զենքեր, ապա ես, որպես ԼՂՀ քաղաքացի, ուզում եմ իմանալ, թե այդ ինչ զենքեր են, որ կան Ղարաբաղում, բայց չկան Ադրբեջանում: Եւ հետո՝ իմանալով, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում զինադադարը հիմնականում պահպանվում է հակամարտող կողմերի ռազմական հավասարակշռության շնորհիվ, Դուք, այնուամենայնիվ, առաջարկում եք զինաթափել կողմերից մեկին: Դուք դա այնպիսի թեթևությամբ եք անում, որ ես ստիպված եմ հարցս հենց այս տոնայնությամբ տալ՝ ի՞նչ եք կարծում, Ձեր իմաստուն մտքերը մեր զինվածությանը հավասարազո՞ր երաշխիք են մեր իսկ անվտանգության, կամ ավելի պարզ ասած՝ տուն վերադառնալով ես կարո՞ղ եմ հանգիստ քնել ապառազմականացումից և Ձեր իմաստուն մտքերից հետո:

Դահլիճում քմծիծաղը սկսվեց դեռ հարցս չավարտած, իսկ հետո նկատելի էր պարոն Սոկորի մի քիչ շառագունած ու նյարդային դիմարտահայտությունը: Արդյունքում նա պատասխանեց բոլոր հարցերին, բացի իմից, իսկ ընդմիջումների ժամանակ էլ ճեմասրահում ցուցադրաբար «հեռու էր շուռ տալիս»: Որ ես հասել էի նպատակիս, համոզվեցի վերջին օրը, երբ վրացի կազմակերպիչները հայկական պատվիրակություններին ճանապարհ էին դնում: Նրանցից մեկը կատակեց. «Որոշել էինք Սոկորին էլ ձեր մեքենայով ուղարկել, բայց հետո խղճացինք ձեզ»:

ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ ՉԷ

Ադրբեջանական պատվիրակության անդամ Ասիֆ Մոլլազադեն իր ելույթում երկրորդեց պաշտոնական Բաքվի այն տեսակետը, որ մինչև հակամարտությունների վերջնական կարգավորումը և ժողովուրդների հաշտեցումը՝ ընդունելի չեն կողմերի միջև շփումները: Նման մոտեցումը պարզապես աբսուրդ էր, քանի որ այս համաժողովում հենց հավաքվել էին համագործակցության համար, և հավաքվել էին մարդիկ, ովքեր պատրաստ են համագործակցության: Հենց այս հանգամանքն ընդգծեցի քննարկումների ժամանակ, հակաճառելով Մոլլազադեին: Բայց ավելի դիպուկ Մարկեդոնովը պատասխանեց.

-Ժողովուրդը իրավաբանական անձ չէ, համագործակցում են կոնկրետ մարդիկ, ուժեր, կազմակերպություններ և դրանով իսկ նպաստում կարգավորմանը:

Իսկ ռուս քաղաքագետ Եվգենի Կոժոկինն էլ շեշտեց, որ հակամարտություններում կարևորը մարդիկ են, ովքեր ապրում են հակամարտության գոտում, և պիտի ելնել նրանց շահերից: Հաճախ տարածքների հարցին ենք կարևորություն տալիս, բայց կապրեն այնտեղ մարդիկ, թե ոչ՝ ոմանց չի հետաքրքրում:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ

Ռուս քաղաքագետ Մարկեդոնովն իր զեկույցում մի հետաքրքիր միտք էլ արտահայտեց՝ որ հակամարտությունների կարգավորման գործում շատ կարևոր է լինելու անկախության որակը: Ու բերեց աբխազական օրինակը նախագահական ընտրությունների ժամանակ, երբ այնտեղի հասարակական կազմակերպությունները միավորվել և լուրջ ուժ էին դարձել, նպաստելով քաղաքացիական հասարակության կառուցմանը, ինչն էլ ըստ արժանվույն գնահատվել է միջազգային հանրության կողմից:

Վաղուց արդեն ժամանակն է, որ մեր երկրում իրական ժողովրդավարական բարեփոխումներ լինեն, որովհետև մենք միայն դրանցով կարող ենք աչքի ընկնել, դրանք կարող են մեր ամենալուրջ լծակը լինել: Իսկ մենք առայսօր ժողովրդավարական դեկորացիաներ ենք կախում, որոնք առայժմ ընկալվում են, քանի որ ընկալողներին այդպես է ձեռնտու, բայց մի  գեղեցիկ օր մեզ կարող են ամենայն լրջությամբ հարցնել, թե ինչպիսին է մեր անկախության որակն առանց դեկորացիաների: Ուրիշները չհարցնեն էլ՝ մեր ժողովուրդն է հարցնելու:

ՔՆԱՐԱԿԱՆ ԶԵՂՈՒՄ, ԿԱՄ՝ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՄԵԾ ՓԵՍԱՆ

Համաժողովի ոչ պաշտոնական մասի ամենահաճելի տպավորությունս Վրաստանի նախկին արտգործնախարար Իրակլի Մենաղարաշվիլիի հետ ծանոթությունս էր: Հրաշալի մարդ ու մտավորական է, ազնվականական կեցվածքի տեր: Երբ արդեն ծանոթությունը փոքր ինչ խորացավ, ես վերջապես նրան տվեցի այն հարցը, որ վաղուց էի ուզում առիթ լինելու դեպքում տալ.

-Մեր պաշտելի գրող Պարույր Սևակի երկրորդ կին Նելլի Մենաղարաշվին Ձեր ազգականների՞ց է:

-Ասեմ, որ բոլոր Մենաղարաշվիլիները իրար բարեկամ են, նրանք այնքան էլ շատ չեն՝ մոտ 200 ընտանիք, բոլորն էլ Գուրիից՝ Լանչխութիից: Բարեկամությունը տարբեր մակարդակի է: Մենք մոտիկ բարեկամներ չենք, բայց ասեմ, որ Մենաղարաշվիլիների մեր դինաստիայում միշտ էլ խոսում էին, որ հայ մեծ փեսա ունեն: Ինքս շատ եմ ուրախ դրա համար, քանի որ Պարույր Սևակին ես էլ եմ շատ սիրում:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————-

«ԼՂՀ եւ նրա շուրջ»

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՍ ՔԱՅԼԵՐԸ

Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 26-ին Երեւանում տեղի ունեցած հանրահավաքի իր փաստացի ծրագրային ելույթում խոսել է իր համար, որպես Հայաստանի զարգացման կարեւոր նախապայման դիտվող Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկ անգամ եւս ներկայացրել է իր համոզումը, որ քանի դեռ չի կարգավորվել Ղարաբաղի հարցը, չի ապաշրջափակվել Հայաստանը, չի բացվել աշխարհի առաջ, չի դարձել տարածաշրջանային խոշոր նախագծերի մասնակից, հնարավոր չէ խոսել երկրի լիարժեք զարգացման մասին:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարել է, որ Ղարաբաղի խնդիրն իր համար հողային հարց չէ, այլ ինքնորոշման խնդիր: Առաջին նախագահն իր զարմանքն է հայտնել, որ միջազգային հանրությունը, ով այդքան խոսում է մարդու իրավունքի մասին, չի ցանկանում նկատել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մարդ չի համարում 150 հազար մարդուն: Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, միջազգային հանրությունը Ղարաբաղի ժողովրդին փորձում է դիտել իբրեւ ազգային փոքրամասնություն: «Բայց քանի որ, ի դժբախտություն միջազգային հանրության, Ղարաբաղը ոչ թե էքստրատերիտորիալ, այլ էթնոտերիտորիալ, այսինքն ազգային, տարածքային միավոր է, նրա վրա չեն կարող տարածվել ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող միջազգային կոնվենցիաները: Հետեւաբար մնում է միայն հարցի մեկ լուծում` այն է` Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը»,- ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա գնահատմամբ, Ադրբեջանն ի վիճակի չէ ապահովել ԼՂՀ բնակչության անվտանգությունը, ազատությունը եւ բարօրությունը:

Առաջին նախագահի գնահատմամբ, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանը վարել են մի քաղաքականություն, որ Ղարաբաղի հարցում հանգեցրել է վատ վիճակի: «Հայաստանի իշխանությունները, տասը տարի շարունակ, աշխարհին հիմարի տեղ դրած, ձեւացրել են, թե անկեղծորեն շահագրգռված են Ղարաբաղի հարցի կարգավորմամբ: Իրականում սակայն, հետապնդելով բոլորովին այլ նպատակ, այն է` ամեն կերպ խաթարել, վիժեցնել այդ գործընթացը», ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մինչդեռ, նրա խոսքով, անհնար է այդ էժանագին բլեֆներով խաբել միջազգային հանրությանը եւ պահպանել ստատուս քվոն: Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, տեսականում հնարավոր է այդ տարբերակը, որ ստատուս-քվոն պահպանվի երկար ժամանակ, եւ ի վերջո բոլորը հաշտվեն առկա իրողության հետ, առավել եւս, որ եղել են այդպիսի պատմական նախադեպեր: «Սակայն ամբողջ խնդիրն այն է, թե Հայաստանն արդյոք ունի 20, 30, 40 տարի ստատուս քվոն պահպանելու հնարավորություն, նրա ռեսուրսները կբավարարե՞ն արդյոք զարգացնելու սեփական տնտեսությունը, հաղթահարելու շրջափակումների եւ մեկուսացման հարուցած խոչընդոտները, եւ վերջապես, մեր երկիրը կդիմանա՞ արդյոք Ադրբեջանի հետ մրցակցությանը», հարցնում է Տեր-Պետրոսյանն, ինչպես տասը տարի առաջ: Նա ասում է, որ մեծ ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանն, Ադրբեջանի հետ մրցակցության առումով, ներկայումս գտնվում է բավական աննպաստ վիճակում՝ գրեթե բոլոր առումներով մի քանի անգամ զիջելով Ադրբեջանի զարգացման տեմպին: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ նավթադոլարների վրա հենվող Ադրբեջանն այդ պատճառով էլ ավելի ու ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը եւ դառնում անզիջում:

Առաջին նախագահն ասում է, թե իր ընդդիմախոսները լսելով դա, իրեն անպայման կմեղադրեն պարտվողական տրամադրություն սերմանելու եւ Ղարաբաղը հանձնելու հող նախապատրաստելու համար: «Կանխավ դիմելով նրանց, առաջին ու վերջին անգամ թախանձում եմ, հանգստացեք հարգելիներս: Բավական է հայրենասիրական ճառերով մոլորեցնել ժողովրդին, բավական է նրանից թաքցնել ճշմարտությունը: Ժողովուրդն ավելի խելոք, տրամաբանող ու բանական է, քան ձեզանից շատերը: Մեկ անգամ ընդմիշտ պետք է գիտակցել, Հայաստանի ոչ մի նախագահ, ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող ծախել Ղարաբաղը: Ինչո՞ւ: Նախ եւ առաջ այն պատճառով, որ Ղարաբաղի բախտը պետք է վճռի ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանը, այլ միայն ու միայն Ղարաբաղի ժողովուրդը: Եվ երկրորդ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի որոշմամբ, Հայաստանը չի կարող ստորագրել որեւէ փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»,- ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Այդ ամենից հետո, ասելով, որ ինքը երբեք չի թաքցրել ճշմարտությունը ժողովրդից, չի զբաղվել ամբոխահաճությամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանն անցել է իրավիճակից ելքի մասին իր պատկերացումների շարադրմանը: Առաջին նախագահն ասել է, թե իրավիճակը բարդ է, բայց ելքը հստակ է, թեեւ հստակ դեռ չի նշանակում հեշտ: Մինչ այդ նա նշել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը, որ 10 տարի առաջ փուլային տարբերակը համարում էր անընդունելի, դրա համար մեղադրելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, այժմ փաստացի համաձայնություն է տվել այդ նույն տարբերակին, քանի որ բանակցային միջնորդների ներկայացրած փաստաթուղթը նույն փուլային տարբերակն է, ուր, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, պարզապես կողմերի դեմքը փրկելու համար մտցվել է կարգավիճակի հանրաքվեի մասին անորոշ մի կետ: Սակայն առաջին նախագահը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես բնորոշ է նրան, խուսափելով որեւէ պատասխանատվությունից, չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, այդ հարցը թողնելով հաջորդ նախագահին: Ինչ վերաբերում է խնդրի կարգավորման հնարավոր տարբերակի իր պատկերացմանը, լուծման իր տարբերակին, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանն այն պատկերացնում է պայմանական չորս քայլով:

«Առաջին, նախ եւ առաջ, պետք է մաքրել սեփական ախոռները, եւ համաժողովրդական հուժկու ալիքով խափանել ներկա հանցավոր ռեժիմի վերարտադրությունը, վերականգնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, անհաշտ պայքար հայտարարել կոռուպցիայի, հովանավորչության, պաշտոնեական չարաշահումների դեմ: Ստեղծել հիրավի ժողովրդավարական, ազատ եւ արդար պետություն, քաջ գիտակցելով, որ Ղարաբաղի ապագան լիովին կախված է Հայաստանի հզորությունից»,- ասում է առաջին նախագահը: Երկրորդ քայլն, ըստ նրա, կարգավորման նախկին ձեւաչափին վերադառնալն է, որում Ղարաբաղը բանակցության լիիրավ կողմ էր: «Հասկանալի է, որ դա անհնար է պատկերացնել Սերժ Սարգսյանի նախագահ լինելու պարագայում, որը նույնպես լինելով ղարաբաղցի, Քոչարյանի նման հավակնելու է բանակցություններում ներկայացնել նաեւ ղարաբաղյան կողմը», ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ի դեպ, Տեր-Պետրոսյանը մեղադրել է նաեւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, ասելով, որ լինելով ԼՂՀ նախագահ, բանակցությանը Ղարաբաղի տեղը նա զիջեց Հայաստանին` Ռոբերտ Քոչարյանին:

Նրա կարգավորման տարբերակի երրորդ քայլը կարգավորման առումով Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականության փոփոխությունն է, որը Տեր-Պետրոսյանը համարում է վտանգավոր, նույնիսկ՝ կործանարար: «Այսինքն՝ խնդրի լուծումը ձգձգելու, ստատուս-քվոն պահպանելու փիլիսոփայությունից անցում կատարել հարցը լուծելու փիլիսոփայությանը: Եվ չորրորդ, անիմաստ է վախենալ, կամ խուսափել փոխզիջումներից, որովհետեւ այլ լուծում բնության մեջ գոյություն չունի: Քաղաքականության մեջ, ինչպես բիզնեսում, հաջող են համարում այն գործարքները, որոնցում շահում են երկու կողմերը»,- ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, նշելով, որ եթե շահում է մեկ կողմը, ապա գործարքը ոչ թե հաջողված է, այլ վտանգավոր, քանի որ վերածվում է դանդաղ գործողության ականի:

«Լրագիր»

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՂԱՐԱԲԱՂ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ

Հարցազրույց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ:

-ԼՂՀ-ում իշխանությունը փոխվեց, հնարավո՞ր է, որ վերադառնաք Ղարաբաղ: Ձեր գործունեությունը շարունակեք Ղարաբաղում:

-Ինձ ԼՂՀ այն ժամանակվա եւ այսօրվա իշխանությունը չի խանգարել Ղարաբաղում մնալ եւ գործունեություն ծավալել: Ես հասկանում եմ մի բան. այսօր ովքե՞ր են բանակցում` Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները. այսինքն, այսօր բոլոր խնդիրները լուծվում են Երեւանում ու վերջ: Եվ իմ մնալը Հայաստանում կապ չունի որեւէ իշխանության փոփոխության հետ:

-Պարոն Բաբայան, եթե ձեզ նման մտածեն բոլոր ղարաբաղցիները, չե՞ք կարծում, որ Ղարաբաղը կհայաթափվի:

-Ես քաղաքականությամբ եմ զբաղվում Երեւանում, դրա համար եմ եկել, եթե ես ուղղակի զբաղվեի այլ գործով, չէի գա: Եթե քաղաքականությամբ ես զբաղվում, ուրեմն պետք է զբաղվես Երեւանում, որովհետեւ բոլոր հարցերը այստեղ են լուծվում:

-Իսկ Ղարաբաղի քաղաքական դա՞շտը:

-Ես չէի ցանկանա խոսել դրա մասին, դեռ 1997 թ.-ին ասել եմ, որ չեմ խոսի ներքին խնդիրներից: Զարգանում են, հետ են մնում, ինչ են անում, իրենց գործն է, ժողովուրդը ընտրություն է անում, կարող է իր իշխանություններից պահանջել: Եվ կա խնդրի հիմնական մասը: Մի ժողովուրդ, որը ադրբեջանական ռազմական մեքենայի դեմ կանգնել է, ու այսօր ասում է` հեծանիվից վախենում եմ, ուրեմն այդպես էլ պետք է լինի, եթե լավ է այդ իշխանությունը, լավ են ապրում, ավելի լավ են զգում, ես այստեղից իրավունք չունեմ խառնվեմ իրենց ներքին հարցերին, միջամտեմ: Արտաքին հարցերում` անպայման: Եթե եկավ մի փուլ, եւ չեղավ այնպես, ինչպես պատկերացնում ենք, անպայման միջամտելու եմ:

-Պարոն Բաբայան, 1996-97 թթ. ավելի շատ մարդ կար Ղարաբաղում, քան այսօր, երբ անհրաժեշտություն է ոչ միայն Ղարաբաղում պահել բնակչությանը, այլեւ բնակեցնել ազատագրված տարածքները: Վտանգ, սպառնալիք չե՞ք տեսնում:

-Այդ առումով վտանգ, սպառնալիք իսկապես տեսնում եմ եւ արտահայտվել եմ այդ մասին, ու իմ ծրագրի գլխավոր մեխերից մեկը հենց դա է, այդ կետը: Պետք է հատուկ մոտեցում լինի ազատագրված տարածքների հարցով:

-Ղարաբաղի հարցում ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը:

– Բայց որեւէ մեկը գիտի՞, թե ինչ քաղաքականություն է վարում. բանակցությունները գաղտնի են, ոչ ոք չգիտի, թե ինչ փաստաթուղթ են քննարկում:

-Բայց ժամանակ առ ժամանակ համանախագահների շուրթերով հրապարակ են նետվում մանրամասներ:

-Այո, բայց հետո էլ հերքում են իշխանությունները: Երբ լսում ենք Ադրբեջանի իշխանություններին, հետո Հայաստանի, բացարձակապես տարբեր բաներ են խոսում: Մինչեւ փաստաթուղթը չհրապարակվի, ես չտեսնեմ, չեմ կարող տեսակետ հայտնել: Ի դեպ, ի տարբերություն Հայաստանի բոլոր քաղաքական գործիչների եւ անգամ իշխանության` մենք գրավոր, կետ առ կետ ներկայացրել ենք Ղարաբաղի հարցի լուծման եղանակները և դրանց մեկնաբանությունները: Որեւէ արձագանք չենք ստացել՝ ոչ դրական, ոչ բացասական: Բոլորը լռում են: Եթե ապագա նախագահական ընտրություններում որեւէ թեկնածուի համար ընդունելի կլինի մեր մոտեցումները, նրա կողքին էլ կկանգնենք:

-Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ առնվազն մի 7 հոգի տեղյակ էր բանակցային բուն գործընթացին: Այսօր այդ տեղյակ մարդկանց շրջանակը սահմանափակվում է 2-3 հոգով: Այժմ, երբ պարբերաբար հայտարարվում է, որ հասել ենք խնդրի հանգուցալուծման վերջին փուլին, չե՞ք կարծում, որ հասարակության, քաղաքական ուժերի, խորհրդարանի անտեղյակությունը հանցավոր է:

-Ես չեմ կարող ասել, թե քանի հոգի է տեղյակ: Առայժմ քննարկվում է փաստաթուղթ, որը կդրվի բանակցային սեղանին: Այդ ժամանակ Ղարաբաղը կմտնի բանակցային գործընթացի մեջ և կասի իր խոսքը: Շատ հնարավոր է, որ Ղարաբաղը նորից այն մերժի, ինչպես 1997-ին:

– Ապագայում ԼՂՀ-ի կարգավիճակի հնարավոր հանրաքվեի գաղափարը, որ առաջարկվում է փաստաթղթում, կիսո՞ւմ եք:

-Եթե ԼՂԻՄ-ի տարածքը փոխվում է ինչ-որ ձեւի, անպայման պետք է լինի հանրաքվե: Եթե մենք Լաչին, Քելբաջար ենք պահում, ուրեմն անպայման պետք է նոր հանրաքվե անցկացնենք: Երբ ասում են 1991 թ.-ին Ղարաբաղն արդեն հանրաքվե արել է, ես հարցնում եմ` ո՞ր սահմաններով: Ի՞նչ է, որոշել եք անվտանգության ողջ գոտին զիջել:

-Դուք այլ հանրաքվեի մասին եք խոսում. նկատի ունեմ այն հանրաքվեն, որ առաջարկում են միջնորդները՝ Ադրբեջանի կազմում, թե՞ անկախ կարգավիճակը որոշելու համար, եւ գուցե խոսքը Ադրբեջանի ամբողջ տարածքում անցկացվող հանրաքվեի մասին է:

-Որեւիցե դեպքում չի կարող ԼՂՀ-ի ճակատագիրը որոշվի Ադրբեջանի ողջ տարածքում հանրաքվեի միջոցով: Բայց առայժմ չգիտենք, թե իրենք ինչ նկատի ունեն հանրաքվե ասելով: Մինչեւ փաստաթուղթը չհրապարակվի, հնարավոր չէ տալ այդ հարցերի պատասխանները:

http://www.a1plus.am

——————————————————————————————-

Գոյապայքար

ԹԱԼԱՆՆ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԵՐԿՐԻ ԽՈՐՔԸ

2007 թվականին՝ նախագահական ընտրարշավի և Հադրութի շրջանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի իրականացման մեկնարկին զուգահեռ Հադրութի նախկին և գործող քաղաքապետերը սկսել են 1980-ական թվականների սկզբին կառուցված, 250-300 մմ տրամագծով, բարձր ճնշման (հաստ պատերով) խողովակներով սարքած, ժամանակին գործող, բայց պատերազմից հետո չշահագործվող ոռոգման մոտ 2 կիլոմետրանոց ցանցի քանդման աշխատանքները: Այդ ցանցի «տակ» ընկնում էր մոտ 200 հեկտար հող, որ սեփականաշնորհված տարածք է և պատկանում է զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Ջրի բացակայության պատճառով այդ հողերը չեն մշակվում և օգտագործվում են խոտհարքի համար:

Ցանցի քանդման աշխատանքներն ավարտել են ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ, բայց խողովակները դուրս չեն բերել մինչև ընտրությունների ավարտը: Ընտրություններից անմիջապես հետո ճանապարհվել է առաջին ավտոշարասյունը, իսկ վերջին ավտոշարասյունը ՆԳՆ Հադրութի շրջանային բաժնի կողմից կալանվել է պետական գույքի հափշտակման մեղադրանքով, բայց հաջորդ իսկ օրը բաց է թողնվել, հավանաբար՝ ազդեցիկ ուժերի միջամտությունից հետո:

Ստացվում է ճիշտ այնպես, ինչպես հայտնի անեկդոտում՝ երկաթգիծ են կառուցում և առաջին իսկ գնացքը ճանապարհելուց հետո սկսում «հավաքել» գծերը: Անեկդոտը՝ անեկդոտ, բայց տարակուսելի իրականություն է այն, որ այս մասին տեղյակ է շրջանի ղեկավարությունը, դատախազը, իսկ ընտրություններից հետո հադրութցիներից մեկը նամակ է հղել նաև նորընտիր նախագահին:

Հետաքրքիր է նաև, որ այս թալանի շուրջ աղմուկ բարձրացվելուց հետո հետին թվով ձևակերպվել է քաղաքապետարանի ավագանու նիստ (որի մասին, «բնականաբար», տեղյակ չէին ավագանու՝ ընդդիմությունը ներկայացնող անդամները), ուր էլ տրվել է խողովակների քանդման «թույլտվություն»՝ իբր թե այդ գումարներով քաղաքի բարեկարգում իրականացնելու համար:

Այստեղ ճչացող երկու հանգամանք կա: Նախ՝ այդ խողովակների շուկայական արժեքը 15 հազար դրամ է, մինչդեռ դրանց գինը որոշվել է ընդամենը 500 դրամ, բացի դրանից՝ 2006 թվականին բարեկարգման համար պետության կողմից հատկացվել է մոտ 5 միլիոն դրամ, իսկ 2007-ին՝ այսօրվա դրությամբ, մոտ 10 միլիոն դրամ գումար քաղաքապետարանը չի կարողանում իրացնել նույն բարեկարգման համար: Այսինքն՝ բարեկարգման գումարների պակաս չկա:

Ինչո՞վ կավարտվի այս պատմությունը: Սրան սպասում են ոչ միայն այն հադրութցիները, ովքեր ահազանգել են «Դեմո»-ի խմբագրությանը և հաղորդել գործի մանրամասնությունները, այլև ամբողջ Հադրութը:

«Դեմո»

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԼՂՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ Ա. ԶԱԼԻՆՅԱՆԻՆ

Մեծարգո պրն դատախազ, ամբողջ 5 ամիս (շուտով կլրանա 6-րդ ամիսը) ոստիկանության ժամանակավոր մեկուսարանում գործի քննության արդյունքներին սպասելուց հետո բաց նամակով դիմում եմ Ձեզ, հուսալով, որ մեր ԶԼՄ-ներից գոնե մեկը  համարձակություն կունենա այն զետեղել իր էջերում:

2007 թ. մայիսի 17-ին ներկայացնելով ինձ միանգամայն անհիմն ու անհեթեթ մեղադրանք՝ պաշտոնական դիրքը չարաշահելու, հաշվապահական ինչ-որ փաստաթղթեր կեղծելու և, վերջապես, 177 մլն դրամ հափշտակելու մասին, դատախազությունը միջնորդություն է պահանջել առաջին ատյանի դատարանից ինձ 2 ամսով կալանելու համար:

Ձեր և ընթերցողների ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ տեղում դատավորը ծանոթանալով ներկայացված միջնորդությանը, քննիչին անմիջապես իր տարակուսանքն է հայտնել, քանի որ պատրաստված նյութերը  հացի գործարանի 2002-03 թթ. գործունեությանն էին առնչվում, երբ ես ծառայում էի ՊԲ շարքերում և որևէ կապ չունեի գործարանի հետ, որի  տնօրենն ուրիշ էր:

Շուտով կլրանա կես տարին, ինչ ես մեկուսացված եմ և ակամա դարձել եմ «Ալրաղաց» ՓԲԸ-ի ճգնաժամի միակ մեղավորն ու պատասխանատուն, իրադարձություններին անտեղյակ  մարդկանց համար՝ գող և հափշտակիչ:

Ինձ՝ ղարաբաղյան պատերազմի մասնակցի, 4 երեխաների հոր համար անտանելի ու վիրավորական է այն սառը անտարբերությունը, որով պատասխանում են իմ հարազատների՝ Ձեզ ուղղված բազմաթիվ բողոքներին:

Թույլ տվեք հիշեցնել Ձեզ, որ դեռևս 2004 թ. դեկտեմբեր ամսից մինչև 2005 թ. փետրվար ամիսը Ձեր՝ նախագահի օգնական լինելու ժամանակ մի քանի անգամ հանդիպել եմ Ձեզ և խնդրել ընդունելություն նախագահի մոտ, բայց ինչ-ինչ պատճառներով ինձ հաջողվել է հանդիպել միայն   Կ.  Բաբուրյանի  հետ: Վերջինս խոստացել էր  իմ մտահոգություններն ու առաջարկությունները՝ ալրաղացի հետ կապված, փոխանցել հանրապետության նախագահին: Սակայն հետագայում ոչ մի բան չփոխվեց, իսկ հիմնարկը օր-օրի ավելի խորացավ պարտքերի ու պրոբլեմների մեջ:

Նշեմ, որ 2007 թ. գարնանը ես դիմել եմ դատախազություն, հայտնելով, որ փայատերերի ֆինանսապես սխալ գործունեության արդյունքում գործարանը հասել է անդնդի եզրին: Իմ պահանջը մեկն էր՝ կազմակերպել ցանկացած մակարդակի ստուգումներ և պատժել մեղավորներին: Դատախազությունը ԽՀԿ-ի միջոցով անցկացրել է մանրակրկիտ ստուգումներ, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ իմ կողմից որևէ յուրացում չի կատարվել, ավելին՝ ստանալիք ունեմ ես, քանի  որ իմ սեփական դաշտերի բերքը ևս հասել է ալրաղաց: Այս ամենից պարզ է դառնում, թե որտեղից են իմ անձնական պարտքերը մարդկանց ու պետությանը:

Այսքանից հետո, հիմք ընդունելով փայատեր Մովսես Սահակյանի դիմումը, դատախազությունը որոշում է կայացնում կալանավորել ինձ, երբ շատ քիչ էր մնացել ստուգումների ավարտին:

Մայիս-հունիս ամիսներին քննիչը մի քանի անգամ այցելել է ինձ, քննության ժամանակ, չգիտես ինչու, շեշտը դնելով իմ սեփական ցորենի ցանքատարածքների քանակության և տեղանքի վրա: Ի պատասխան իմ զարմանքի՝ վերջինս հայտնում է, որ կառավարության որոշմամբ այդ տարածքները «իրենք» են հնձելու (թե այդ ինչ որոշում է, և ովքեր են «իրենք»՝ այդպես էլ չհակացա): Որքան գիտեմ, ելնելով հնձի դժվարություններից՝ դատախազությունը ստեղծել էր 3-հոգանոց խումբ՝ հունձը կազմակերպելու համար: Սակայն ամենքս էլ գիտենք այս տարվա բերքատվության մասին, «իրենք» համոզվում են, որ իմ ցանքատարածքներում համարյա ոչինչ չկա և «մեծահոգաբար» փոխանցում են ինձ, որ բարեկամներս կարող են վերջապես սկսել հունձը: Բոլորն արդեն ավարտում էին, իսկ ինձ չթույլատրվեց անգամ օգտագործել իմ սեփական կոմբայնները: Այս ամենի արդյունքում փաստորեն հնարավորություն չտրվեց փրկել եղած բերքը:

Պրն դատախազ, այս գործի խառնիխուռն քննությունը (4 անգամ արդեն դատախազությունը ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան և ամեն անգամ էլ բավարարվել) պարզ ցույց է տալիս, որ դատախազության քննիչները ոչ թե քննում են այս գործը, այլ կատարում են վերևից եկող հրամանները, որոնց հեղինակը թերևս Դուք  եք: Այստեղից ես բազմաթիվ անգամ գրավոր դիմել եմ Ձեզ և վերադաս այլ շահագրգիռ օղակների ու մնացել անպատասխան: Ցավալին այն է, որ դատական մարմինների համար այսօր պարզից էլ պարզ է, որ իմ կողմից հափշտակված գումարների մասին տեղեկատվությունը անհեթեթություն է, սակայն լայն հասարակայնությանը այլ բան է մատուցվում: Գործի  իսկական մեղավորները ունեն ամուր թիկունք…

Այսպես լրանում են օրերը, ամիսները, փոխվում են քննիչները, բայց թե ե՞րբ վերջապես կպարզվի այս անվերջանալի թվացող գործի քննությունը՝ անհայտ է: Այս  հինգ  ամիսների  ընթացքում  երեք  քննիչ է  փոխվել: Ինչո՞ւ  հինգ  ամիս  գործին մանրամասն  ծանոթացած քննչից հանկարծ  վերցնում են գործը  եւ տալիս ուրիշի:  Իսկ  հիմա  էլ, որքանով  տեղյակ  եմ, քննիչներ  են  հրավիրվել   Երևանից,  թե  ինչ  տրամաբանությամբ՝  անհասկանալի  է:

Այս պայմաններում միակ մխիթարող փաստն այն է, որ մեկուսարանից կարող  եմ  իրերի  իսկական  դրությունը  հայտնել մարդկանց, ում  կարծիքով «անմեղ մարդուն չեն բռնում»:

Տեղեկացնում եմ իրավաբանորեն գրագետ մարդկանց. այսպիսի  ծավալուն և  երկար  ձգձգված   գործը  չունի քննչական գործի անգամ համար, այլ քննվում է ուրիշի գործի համարի տակ:  Մի՞թե  անհեթեթություն չէ այս ամենը:

1988 թվականին՝ արցախյան շարժման առաջին իսկ տարում, ես ընտանիքով Չեխոսլովակիայից տեղափոխվել եմ Ղարաբաղ,  թողնելով այնտեղի բարեկեցիկ և հանգիստ կյանքը: Առաջին իսկ օրվանից մասնակցել եմ երկրի ազատագրմանը, 1992 թ. եղել եմ 16-րդ գումարտակի հրամանատարը, բոլորի նման երազելով կառուցել ազատ ու անկախ հանրապետություն: 1995 թ.-ից սկսել եմ զբաղվել հողագործությամբ, տարեկան ստանալով 1000 տ-ից ավելի ցորեն: Ես հող սիրող մարդ եմ, իսկ բնության հետ գործարք չես կարող կնքել: Ես հավատացած եմ, որ հողի հետ գործ են անում միայն այս երկրի բարեկեցությամբ մտահոգ, այս երկրի վաղվա օրվան հավատացող մարդիկ: Գողերն ու ավազակներն իրենց շահն այլ տեղ են որոնում:

Նամակիս վերջում դիմում եմ Ձեզ պարզելու համար.

1. Ո՞վ է պատասխան տալու ինձ մեկուսարանում այսքան ժամանակ պահելու համար:

2. Ո՞վ է հատուցելու իմ կրած բարոյական ու նյութական վնասները:

3. Ո՞ր որոշման համաձայն այս տարի ինձ պատկանող տարածքները մնացել են առանց հնձելու:

4. Ե՞րբ եք, ի վերջո, այս գործը պարզաբանելու, մարդկանց ներկայացնելու իրականությունը:

Հարգանքներով՝ ԱՐԱՐԱՏ ԱՐՏԱՇԵՍԻ ՀԱՅՐԻՅԱՆ
«Ալրաղաց» ՓԲԸ նախկին գործադիր տնօրեն

 

ԴԱՏԱՐԱՆԸ ՎԵՐՋԻՆ ԱՏՅԱ՞ՆԸ ՉԷ

Հաճախ է պատահում, որ քաղաքացիները բողոքում են դատարանների գործունեությունից: Չեմ վիճում, նաև սխալ դատավճիռներ են կայացվում, պարզապես ճիշտ կայացված դատավճիռների մասին սովորաբար չեն խոսում, քանի որ դա ընդունվում է որպես օրինաչափ երևույթ: Բայց ես ուզում եմ արծարծել մեկ այլ հիմնախնդիր՝ որքանո՞վ է այս կամ այն հարցը լուծվում դատարանի արդար դատավճռից հետո: Մեր երկրում, պարզվում է, միշտ չէ դա հնարավոր, ինչում համոզվել եմ ինքս:

Ապրում եմ Ստեփանակերտում, իսկ հայրական օջախս Կոճողոտ գյուղում է: Հայրս տունը կտակել է իր թոռանը՝ որդուս: Հայրս մահացել է 1997-ին, բայց կտակի մասին հայտնի է դարձել միայն 2006-ին: Ուստի ամեն ինչ օրինականացնելու համար դիմել ենք ԼՂՀ 1-ին ատյանի դատարան: Դատավոր Սեյրան Օհանյանն առանց ավելորդ քաշքշուկի քննել է գործը, և որդիս՝ Մհեր Վանյանը, ճանաչվել է օրինական ժառանգորդ: Դա եղել է 2007-ի փետրվարի 13-ին: Իսկ նույն թվի հոկտեմբերի 9-ին 1-ին ատյանի դատարանը, նախագահությամբ Վոլոդյա Ստեփանյանի, քննեց քաղաքացի Վալերի Վանյանի հայցը, որը հավակնում էր տան մի մասին: Այս մի դատավարության ժամանակ էլ պաշտպանվեց նախորդ դատավճիռը: Արդար դատավճիռների համար ուզում եմ հրապարակավ իմ երախտագիտությունը հայտնել վերոնշյալ դատավորներին:

Սակայն պարզվեց, որ դատավճիռները ոչ մի նշանակություն չունեն կադաստրի Մարտակերտի տարածքային ստորաբաժանման ղեկավարի համար: Մենք նրան ենք ներկայացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, բայց առայսօր հարցը չի լուծվում: Չգիտես ինչի հիման վրա նա պնդում է, որ հողամասը ոչ թե 2000 քառ. մետր է, այլ 2861, ինչից հետո էլ Մարտակերտի շրջանի դատավոր Ա.Աբրահամյանն անօրեն որոշում է կայացնում: Դա այն դեպքում, երբ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում պարզ գրված է, որ ավել հողատարածքը վաճառվում է նույն տիրոջ վրա՝ կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով, իսկ տիրոջ հրաժարվելուց հետո համայնքի ղեկավարը կարող է վաճառել ուրիշի վրա:

Ինչ ասեմ, նորից սկսել եմ դիմել տարբեր ատյանների, նույնիսկ նամակ եմ հղել ԼՂՀ նախկին նախագահին ու վարչապետին, գլխավոր դատախազին: Սակայն անօգուտ՝ այդպես էլ չենք կարողանում ստանալ սեփականաշնորհման վկայականը: Ճարս կտրած քեզ եմ դիմում, հարգելի «Դեմո»:

Ես հասկացա, որ մեր «ընդդիմախոսների» համար ոչ մի օրենք էլ գոյություն չունի: Որպեսզի համոզվեք՝ մեկ այլ փաստ բերեմ: Նույն պաշտոնյան՝ Մարտակերտի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, 1998-ի նոյեմբերի 22-ին Մարտակերտ քաղաքի կոոպերատիվ շենքի 11 բնակիչներից անօրեն գանձել է 187 հազար դրամ (յուրաքանչյուրից 16-18 հազար դրամ), տրամադրելով իրավական ուժ չունեցող ինչ-որ փաստաթղթեր՝ իբր թե որպես սեփականաշնորհման վկայականներ, և առայսօր բնակարանատերերը չեն կարողանում ստանալ այդ մուծումների անդորրագրերը: Համոզվելու համար կցում եմ այդ մարդկանց ստորագրությունները, որոնք հավաստում են կատարվածը: Այս փաստի մասին ես տեղյակ եմ պահել նաև երկրի նոր ղեկավարությանը:

Հիմա էլ թերթին եմ դիմում ու սպասում, որ անօրինություններին վերջ կտրվի:

ՇՈՒՐԱ ԳՐԻԳՈՐԻ ՎԱՆՅԱՆ

Խմբագրության կողմից. Բավարար հիմք չունենալով չհավատալու Շ.Վանյանի նամակին ու տրամադրած փաստաթղթերին, այնուամենայնիվ, մեր պատրաստակամությունն ենք հայտնում անհրաժեշտության դեպքում ներկայացնելու մյուս կողմի կարծիքը:

——————————————————————————————-

Հավատք

ԻՆՉԻ՞Ց ԵՆՔ ԱՄԱՉՈՒՄ ՄԵՆՔ

Գառնիկ ԱԲՐԵՅԱՆ

«Մի՞թե դուք էլ եք կամենում Նրա աշակերտները լինել»: «Նրանք նախատեցին նրան եւ ասացին. Դու ես Նրա աշակերտը»: (Հովհ. 9:27-28)

Այս մեջբերումը Սուրբ ավետարանի մի քաջածանոթ պատմությունից է, երբ Քրիստոսը բուժեց ի ծնե կույր մուրացկանի աչքերը: Կասկածամիտ փարիսեցի  կրոնավորները, որ վաղուց ճանաչում էին այս թշվառականին, դժվարանում էին հավատալ հրաշքին: «Ոմանք ասում էին. «Սա նա է», ուրիշներ ասում էին՝ «Նրան նման է», իսկ ինքն ասում էր՝ «Ես նա եմ» (Հովհ. 9:9): Երկարատեւ հարցաքննություններից հոգնած այս մարդը նետում է. «Արդեն ձեզ պատասխանեցի եւ չլսեցիք. ինչո՞ւ եք ուզում նորից լսել. մի՞թե դուք էլ եք կամենում Նրա աշակերտները լինել» (Հովհ. 9:27): Եվ լսում ենք վիրավորված  փարիսեցիների պատասխանը. «Դո°ւ ես նրա աշակերտը…» (Հովհ. 9:28):

Շատերի համար վիրավորական ու նսեմացուցիչ  է թվում այս աշակերտությունը: Այսօր շատ է խոսվում ազգի վերածննդի, առողջ եւ օրենք հարգող հասարակություն ստեղծելու, փոխադարձ հարգանքի եւ զիջողականության, պետական իշխանությունների եւ պաշտոնյաների նկատմամբ պատշաճ հարգանք ու վերաբերմունք ունենալու եւ այլ՝ այս կարգի արժեքների մասին: Պետք է ասել, որ հասարակության  դաստիարակությունն ուղիղ  համեմատական կապի մեջ է գտնվում տվյալ հասարակության մեջ գովելի եւ ամոթալի համարվող երեւույթների հետ: Այսինքն՝ վերին աստիճանի կարեւոր է, թե հասարակությունը, որի մեջ ձեւավորվում եմ ես, ո՞ւմ մասին է հիացմունքով խոսում եւ ո՞ւմ վրա է ծիծաղում, ինչի՞ց է վիրավորվում եւ ինչի՞ց շոյվում, ո՞ւմ վարից նայում եւ ո՞ւմ՝ վերեւից:

Մեր հիշեցրած ավետարանական տեքստի «հերոսները» խիստ վիրավորվեցին՝ լսելով իրենց ուղղված հարցը՝ Քրիստոսին աշակերտելու մասին եւ խոսքի տակ չմնալով՝ շտապով ասացին. «Դո°ւ ես Նրա աշակերտը…»: Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակն՝ երկու հազար տարի անց, երբ աշխարհի շատ երկրներ վաղուց արդեն քրիստոնեությունն ընդունել են որպես պետական կրոն: Ինչպիսի՞ն է իրավիճակն աշխարհի ամենաառաջին քրիստոնեական պետությունում, որի քաղաքացիներն ենք մենք եւ որով այնքան շատ հպարտանում ենք: Ինչի՞ց է ավելի շատ վիրավորվում հայ երիտասարդը, ի՞նչն է համարվում հայ օրիորդի համար ամոթալի եւ ի՞նչը՝ արժեքավոր: Չէ՞ որ մարդկային բնությունը սիրում է իր անձի գովեստը եւ, բնական է, ինչը որ գովաբանվում է հասարակության կողմից, նրան էլ ձգտում է անհատը:

Լինել Քրիստոսի աշակերտը քրիստոնեական երկրում՝ գովելի՞ է, թե՞ ոչ: Ոչ թե կոչվել, այլ՝ լինել: Բայց լինել՝ նշանակում է ապրել եւ գործել այնպես, ինչպես Քրիստոսն է սովորեցնում: «Ով որ ասում է, թե ճանաչեցի Նրան եւ Նրա պատվիրանները չէ պահում, ստախոս է, եւ ճշամարտությունը չկա նրանում» (Հովհ. 2:4): Իսկ նրա պատվիրանների կատարման ձգտումը խրախուսվո՞ւմ է մեր հասարակության մեջ: Սկսենք սկզբից:

Համարվո՞ւմ է, արդյոք, ամոթալի երեւույթ, եթե մեկը խուսափում է եկեղեցի հաճախելուց: Զարմանո՞ւմ է, արդյոք, անկեղծ զարմանքով մեր հասարակությունը, եթե մեկը չգիտի տերունական աղոթքը («Հայր մերը»), ինչպես կզարմանար, եթե մեկը տեղեկություն չունենար ինտերնետից կամ, ասենք, բջջային հեռախոսից:

Ի՞նչն է համարվում մեծ տղամարդկություն՝ երբ ներո՞ւմ է որեւէ մեկն իր ընկերոջ վատ արարքը, թե՞ երբ կրկնապատիկ ու եռապատիկ պատասխան է տալիս իրեն նեղացնողին: Ո՞ւմ է հիացմունքով նայում հանրությունը, նրան, որ իր վերջին կոպեկը կկիսի խեղճի հետ եւ զուրկ է ունեցվածքի՞ց, թե՞ նրան՝ ում համար իր անձից այնկողմ  աշխարհ չկա, բայց շքեղ է նրա  ե’ւ տունը, ե’ւ մեքենան, ե’ւ հագուստը, ե’ւ մնացածը:

Ինչպիսի՞ վաճառող է փնտրում խանութի տերը. այնպիսի, որը վարպետ է թերակշռելու մե՞ջ, թե՞ ով հայտնի է իր ազնվությամբ: Չէ՞ որ գրված է. «Խարդախ կշեռքը զզվանք է Տիրոջ համար, բայց ուղիղ քարը նրան հաճելի է» (Առակ. 11:1):

Արդյոք, համարվո՞ւմ է մեծ խայտառակություն, երբ քրիստոնեական երկրի գրախանութում, հոգեւոր եւ այլ դաստիարակչական ու գեղարվեստական գրքերի փոխարեն, ազատ վաճառվում է պոռնոգրաֆիկ գրականություն՝ պիղծ ու ամոթալի նկարներով: Ովքե՞ր են հանդիսանում մեր երեխաների հերոսները, Քրիստոսի առաքյալնե՞րը, որոնք սովի, ցրտի, ծեծի եւ անարգանքի ենթարկելով իրենց անձերը, փրկության բարի լուրը հասցրին համայն աշխարհի կորած մարդկությանը, այդ թվում՝ նաեւ մեր բազմաչարչար հայրենիքին, թե՞ ամերիկյան էժանագին ֆիլմերի արնախում «բայեւիկները»:

Ո՞ւմ են գովում ծնողներն իրենց զավակների մոտ, ի՞նչ կարգի մարդկանց, եւ ովքե՞ր են համարվում մեր տան թանկագին հյուրերը: Ո՞ւմ է մեր ժողովուրդը  պատվով ու մեծ շուքով թաղում: Արդյո՞ք նրանց, ովքեր հայտնի էին իրենց աստվածապաշտությամբ, խոնարհությամբ եւ համեստ ապրելակերպով, եւ ո՞ւմ գերեզմաններին են թանկ արձաններ դնում:

Ինչպիսի՞ կանացի հագուստն է համարվում հարգի եւ մոդայիկ, ա՞յն, որ բացում եւ եթե ոչ, ընդգծում է մարմնի այն մասերը, որոնք ցանկություններ են առաջացնում հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ, թե՞ այն, որ ընդհակառակը, ծածկում է ամոթը:

Այս հարցերի ցուցակը կարելի է երկար շարունակել, բայց, կարծում ենք, դրա կարիքը չկա: Շատ ավելի հեշտ է բողոքել տիրող բարքերից, եւ ընդհակառակը, դժվար՝ ընդունել մեր մեղքի բաժինը տվյալ իրադրության մեջ: Սատանային հաջողվել է թշվառ մարդկությանը մոլորեցնել այնպես, որ նա ամաչում է այնպիսի բաներից, որոնցով հպարտանալ է պետք, եւ հպարտանում նրանով, որի համար պետք է լացով ապաշխարել Տիրոջ  առաջ: Հարբեցող մարդը չի ամաչում ամեն օր օրորվելով տուն վերադառնալ, բայց երբ հրավիրես ծունկ դնել եւ աղոթքով խնդրել Տիրոջը, որ փրկի այդ կործանարար ծարավից, ամաչում եւ քմծիծաղ է տալիս:

Կա՞, արդյոք, ավելի վիրավորական խոսք, քան երբ մեկը մյուսին «գող»  անվանի: Իսկ այսօր սա հարգի տիտղոսներից մեկն է եւ զարմանալին այն է, որ ոչ միայն մարդը կամավոր համաձայնում է դրան, այլ ձգտում է, որ հասնի այդպիսի «մեծ պատվի»: Ինչքա¯ն ցավալի է, երբ որեւէ մեկի մասին քմծիծաղով կամ կեղծ ափսոսանքով ասում են. «Լսե՞լ եք, այսինչը հավատացյալ է դարձել»:

Մեծանալով նման հասարակության մեջ՝ դժվար է ցանկանալ լինել Նրա աշակերտը: Կորնթացիների եկեղեցուն գրված առաջին նամակում Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Մի° խաբվիք, չար ընկերակցություններն ապականում են բարի վարքերը» (1 Կորնթ. 15:33): Ընկերակցությունները, այսինքն՝ մեր շրջապատը, հանրությունը, ժողովուրդը: Այո°, ապականվում են բարի վարքերը, որովհետեւ սխալ չափման միավորով են չափվում այդ վարքերը: Մի՞թե ամեն բան իր հատուկ չափման միավորը չունի: Մի՞թե ծիծաղելի չէր լինի, եթե մեկը մտնելով խանութ՝ պատվիրեր երկու մետր շաքարավազ, կամ էլ մեկը պատմեր, որ այսինչ քաղաքից մինչեւ այնինչ բնակավայրը երկու հարյուր կգ է: Այսպես էլ վարքերն ապականվում են, երբ սխալ չափման միավորով են չափվում: Այսօր մարդկային բոլոր հարաբերություններն ու գործերը չափվում են մեկ չափման միավորով՝ փողով: «Սա լավ տղա է, որովհետեւ հորը կոստյում առավ, մյուսը լավ հայր է՝ որդուն թանկ մեքենա առավ, այս մարդը շատ է սիրում իր կնոջը՝ թանկագին օղեր առավ, սա էլ լավ աշակերտ է, ամեն տոնի թանկ ծաղիկներ է բերում դպրոց» եւ այլն:

Մեծ հիմարություն կլիներ ասել, որ եթե մեկը մյուսին որեւէ նվեր առավ, դա վատ արարք է, բայց չի կարելի նաեւ սերն ու հարգանքը չափել «առավ» եւ «տվեց» չափման միավորներով: Տարիներ առաջ, ունենալով բավականին հնարավորություններ, ծանր հիվանդ մորս համար բերում էի ամեն տեսակ ուտելիքներ եւ, ընդհանրապես, նյութական ոչ մի բանի կարիք չկար, իսկ ինքս տարված իմ գործերով՝ առավոտից իրիկուն դրսում էի: Չեմ մոռանում, մի անգամ, երբ նկատեցի մորս տխուր ու դժգոհ հայացքը, զայրացած հարցրի. «Ի՞նչդ է պակաս, որ տխուր ես»: Եվ հետեւեց նրա թախծոտ պատասխանը գյումրեցու բարբառով. «Նստի մե քիչըմ խոսինք իրար հետ»: Կարծես աշխարհքը փուլ եկավ գլխիս՝ մայրս իմը չէր ուզում, այլ ինձ: Քանի անգամ եմ ներողություն խնդրել նրա գերեզմանին իմ կուրության համար:

Սիրելինե°ր, այսպիսին է մեր հոգեւոր վիճակը: Բայց տալով նկարագիրը մեր տկարությունների՝ ոչ մի դիտավորություն չունեմ վհատություն ներարկելու, այլ՝ ընդհակառակը: Որպեսզի բժիշկը կարողանա ճիշտ բուժում նշանակել հիվանդին, առաջին եւ ամենակարեւոր պայմանը հիվանդության ճիշտ բացահայտումն է: Այսինքն՝ մեզ պետք է նոր մտածելակերպ, իսկ սա կարող է անել Նա, Ով ընդհանրապես տալիս է մտածելակերպ: Իսկ դրա համար մենք՝ հիվանդներս, պետք է դիմենք բժիշկների Բժշկին:

«…Վեր կաց, ով քնած, եւ վեր կանգնիր մեռելներից, եւ Քրիստոսը կլուսավորե քեզ» ասում է առաքյալը (Եփես. 5:14): Միայն ճշմարիտ աշակերտությունն է փոխում մարդուն. «…Եթե մեկը Քրիստոսումն է, նոր ստեղծված է, հիները անցան, ահա ամեն բան նոր եղավ

(2 Կորնթ 5:17): Ուրեմն չամաչենք կեղծավոր փարիսեցիների նման լինել աշակերտը Նրա, Ով ինչպես որ բացեց ի ծնե կույրի աչքերը, այնպես էլ պատրաստ է բացելու իմ եւ քո հոգու կույր աչքերը, որպեսզի կարողանանք տեսնել եւ գնահատել ճիշտ չափման միավորներով ամեն բան:

Եվ, վերջապես, Տերն ասում է. «… Ով որ Ինձ եւ Իմ խոսքերն ամոթ համարի, Մարդի Որդին էլ նրան ամոթ կհամարի, երբ որ գա Իր եւ Հոր եւ Սուրբ հրեշտակների փառքովը»: (Ղուկ. 9:26): Ինչի՞ց ենք ամաչում մենք…

——————————————————————————————-

Պատմություն

ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ

Ստեփանակերտի «Դիզակ պլյուս» հրատարակչությունում լույս է տեսել Միքայել Բեգլարյանի «Հայրենագիտություն սովորողներին» գիրքը: Հեղինակը գիրքը նվիրել է ղարաբաղյան պատերազմում զոհված ուսուցիչների հիշատակին:

Սա Միքայել Բեգլարյանի թվով 4-րդ գիրքն է: 81-ամյա հեղինակը ցանկանում է իր փորձը կիսել երիտասարդ գործընկերների հետ: 60 տարի նա աշխատել է Մարտունու շրջանի Խերխան, Մուշկապատ, Մաճկալաշեն, Հեր-Հեր, Սխտորաշեն, Քերթ, Սոս եւ հարազատ Քարահունջ գյուղերի դպրոցներում: Նա նաեւ 20-րդ դարի արցախյան լավագույն ուսուցիչներից է: 1998-ին Միքայել Բեգլարյանը հրատարակել է «Իմ սերնդի ճակատագիրը» գիրքը՝ նվիրված Մեծ հայրենական պատերազմից հետո ղարաբաղյան ուսուցիչների կեսդարյա պատմությանը: 2002-ին լույս է տեսել նրա «Ղարաբաղը պատմության զուգահեռներում» գիրքը, որտեղ հեղինակն անդրադառնում է ղարաբաղցիների ազգային-ազատագրական պայքարին, իսկ 2004-ին Մ.Բեգլարյանն ընթերցողների դատին է ներկայացրել հարազատ գյուղի մասին պատմող «Մեր ղարաբաղյան Քարահունջը» գիրքը: «Հայրենագիտություն սովորողներին»  գիրքը պատմաբան-ուսուցչի գրչի արդյունքն է, այնտեղ պատմության երիտասարդ դասավանդողներին խորհուրդներ են երկրագիտության նյութերի օգտագործման շուրջ:

Գիրքը նախատեսված է ոչ միայն ուսուցիչների, այլեւ ընթերցողների լայն շրջանակի համար, քանի որ պարունակում է պատմության, մշակույթի եւ արցախյան հոգեկերտվածքի մասին շատ տեղեկություններ:

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հատված` գրքից

ԱՐՑԱԽՑԻՔ ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ

Արցախցիների հերոսական անցյալի ակունքները մենք տեսնում ենք նույնիսկ Ավարայրի ճակատամարտում, որին զինվորագրված են եղել արցախցի շատ խիզախներ: «Սակայն պատմագիտության մեջ թյուր մտայնություն կա, թե Ավարայրի ճակատամարտին արցախահայությունը չի մասնակցել: Բայց մեզ հասած սկզբնաղբյուրները և, հատկապես, Եղիշե պատմիչի տեղեկությունները, քննությունը իրավացիորեն պնդում են, որ այդ ճակատամարտին մասնակցել են նաև արցախցիները» (Վ.Բալայան. «Արցախի պատմություն»):

Ինչպես հայտնի Է, Ավարայրի ճակատամարտին մասնակցել են 66 հազար հեծյալ և հետևակ զինվորներ, որոնց կազմում և Արցախի Բակ զորավարի գունդը:

«Արցախի քաջորդիները Բակ Առանշահիկ իշխանի գլխավորությամբ Վարդան զորավարի թև ու թիկունք դարձած մարտնչեցին իրենց նվիրական արյունը հեղելով ազատության դաշտում» (նույն աղբյուր): Տեղեկություններ կան այն մասին, որ Արցախի հայոց գունդը Բակ զորավարի գլխավորությամբ, բազմաթիվ փախստականներով, ամրացել են Անգղ բերդում: Այստեղ էր նաև Հովսեփ կաթողիկոսը և մյուս քահանաները: Մուշկան Նիսալավուրտի պարսկական բանակը, Վասակ մարզպանի գնդի հետ միասին շրջապատում է բերդը, գրոհում, բայց անզոր են գտնվում վերցնել այն: Թշնամին դիմում է նենգության, Վասակ Մարզպանը 2-3 անգամ երդվում է ավետարանով, փորձում է հավատացնել պաշարվածներին, որ եթե նրանք անձնատուր լինեն, ապա ոչ-ոքի նկատմամբ բռնություն չի գործադրի: Զորականների հիմնական մասը չի հավատում չարամիտ Վասակին:

«Հայոց քաջ զորավարներից մեկը Բակ անունով… բարձրանալով պարսպի վրա, սկսեց նախատել անօրենին և հիշեցնում էր պարսից զորագլխի առաջ այն բոլոր չարիքները, որ նա հասցրել է հայոց աշխարհին: Բակ զորավարը նույն գիշերին 700 հոգով ճեղքում է պաշարման շղթան և հեռանում Արցախի անտառները, բերդում մնացածները՝ 213 զինվոր, պարենի պակասության պատճառով գերի են հանձնվում: Անձնատուր եղածներին անմիջապես սպանեցին (Եղիշե):

Բակի փրկված զորքի ճակատագիրն էլ այսպես է դասավորվում. ըստ պատմիչներ Եղիշեի և Ղազար Փարպեցու՝ արցախյան զորագունդը մասնակցում էր Վարդան Մամիկոնյանի զորքերի կազմում Ավարայրի ճակատամարտին՝ անտեսելով Սյունյաց հզոր իշխան Վասակի իր կողմն անցնելու հորդորները: ճակատամարտից հետո արցախցիները Վայոց Ձորով վերադարձի ճամփա են բռնում, սակայն Մուշկան Նիսալավուրտի ուղարկած մեծաքանակ բանակը հետապնդում է նրան և շրջապատում ներկայիս Եղեգնաձոր քաղաքի տարածքում: Այստեղ անհավասար ճակատամարտ է տեղի ունենում, և արցախցիները, չկամենալով հանձնվել թշնամուն, զարկվում են: Լսելով այդ գործը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գյուտը գալիս Է ճակատամարտի վայրը և փառքով արցախցիների դիերը ամփոփ ում Է եղբայրական գերեզմանում, որը մինչև այժմ Էլ պահպանվում է

Եղեգնաձոր քաղաքին հարող բլրի վրա:

Այնուհետև, ինչպես ասում են Եղիշեն և Ղ. Փարպեցին, հայերը շարունակում են պայքար մդել Հազկերտի դեմ, և ամենակատաղի դիմադրությունը ցուցաբերում Է Արցախը, ուր պարսիկները այդպես Էլ չեն կարողանում հաստատել իրենց գերիշխանությունը և ետ են վերադառնում՝ հասցնելով ճանապարհին ավերել Ամարասի վանքը: Արցախցիների քաջագործությունների առթիվ խոսք Է ասել նաև Ղևոնդ Ալիշանը:

«Վարդանանց օրերում,- գրել Է Ղ. Ալիշանը,- փախստականներից շատերի համար ապահով եղան նրանց լեռները, որտեղից խաբեությամբ իջեցնելով՝ Վասակը նրանց տալիս Էր պարսիկների ձեռքը, բայց կային և այնպիսինները, որոնք սուրբ զորավարի նահատակությունից հետո տիրեցին Արցախի բազում ամրոցների և դիմադրում էին պարսիկներին»:

Իսկ մեկ ուրիշն Էլ այդ անցքերի առթիվ այսպես Է գրել.

«Ավարայրից Արցախի անտառները նահանջող սյունեցի և արցախցի հայրենասեր ռազմիկները Անգեղաձորում, Ուտիքում, Արտաբոյնքում, Ջաղացքարում լուրջ կորուստներ են կրում պարսից հետապնդող զորքերից: Այս վայրերում էլ ի պատիվ նահատակվածների, սյունեցիները կառուցում են վկայարաններ» (Ստեփանոս Օրբելյան):

Գիտենք, որ հանձին Ավարայրի ճակատամարտի, հայերը թեպետ չհաղթեցին (չհաղթեցին նաև պարսիկները), բայց «չջախջախվեցին, պահպանեցին իրենց մարտական ոգին և լի էին պայքարը շարունակելու վճռականությամբ» (Վ.Բալայան):

Չէ՞ որ արցախահայությունը բացի Ավարայրից իր մասնակցությունն էր բերել 5-րդ դարի հակապարսկական ապստամբություններին: Դրա ապացույցն այն է, որ Հազկերտ 2-րդը ինչպես Հայաստանի շատ մարզերից, այնպես էլ Արցախից հարկադրված իր զորքերը դուրս բերեց հոշոտված վիճակում և մեկուսացված: Որ Հազկերտ 2-րդին ոչնչով չօգնեց Վաչե թագավորին Տիզբոնում, Վարդանի հետ միասին պատանդ պահելը, ինչպես և Վասակի 2 տղաներին, Վրաց Վազզենին, Գուգարաց Աշուշա Բդեշխին:

Որ Ծավդեքի (Արցախի), Ուտիքի և միաժամանակ Քուռի ձախափնյա որոշ տարածքների տեր Վաչեն, որ Հազկերտի քրոջ փեսան էր, կեղծ ուրացությամբ վերադարձավ հայրենիք և կազմակերպեց դիմադրությունը պարսից մոգերի նկատմամբ:

Վարդանանց պատերազմը հայոց պատմության հերոսական էջերից է: Հայոց եկեղեցին սրբացրել է Ավարայրում զոհված մարտիկներին և մինչև օրս էլ ամեն տարի նշում Է նրանց հիշատակը:

«Ավարայրի ճակատամարտի առթիվ «Վարդանանց տոնը» տոնվել Է նաև Գանձակում և Արցախի մյուս գյուղերում» (Ե.Լալայան):

Ավարայրի նահատակների (1036) անունները հավերժացնող բազմաթիվ սրբավայրեր են կառուցվել հայոց աշխարհի տարբեր վայրերում, այդ թվում նաև՝ Արցախում: Պատմաբան Վահրամ Բալայանը այդ հիշատակի մեջ Է ներառում Ավարայրի բոցաշունչ ոգու՝ Ղևոնդ Երեցի հիշատակը:

«Արցախր հայությանը սրբությամբ Է պահպանել Ավարայրի բոցաշունչ ոգու՝ Ղ.Երեցի հիշատակը: Վարանդայի Ավետարանոց, Սարգսաշեն, Վերին Թաղավարդ և Մոշխմհատ գյուղերի կենտրոնում, բարձր սարի գագաթին վեր Է խոյանում սուրբ Ղևոնդա անապատը կամ Ղևոնդիկ (իմա՝ Ղոնդեգ) վանքը: Եկեղեցում պահպանվում է Ղևոնդի պատկերը: Այս բնակավայրերի տարեց մարդիկ ասել են Սարգիս Եպիսկոպոս Ջալալյանին, թե Սբ. Ղ. Երեցի և մյուս նահատակ հայերի նշխարները բերել ամփոփել են այդտեղ ու կառուցել եկեղեցի: Եկեղեցում մի շարք մասունքների հետ պահպանվում են Ղևոնդաց մասունքները մի արծաթե միջակ խաչում»:

Ազգագրագետ Երվանդ Լալայանը իր գրքում քաղվածքներ Է բերում եպիսկոպոս Սարգիս Ջալալյանի լսած ու գրի առած այն ավանդույթը, ըստ որի «Սուրբ Ղևոնդ Երեցի ազգականները Վարանդայում պտտվելով, նրա նշխարներից գտել են, բերել ամփոփել այդտեղ և կառուցել եկեղեցի:

Վ. Բալայանի վկայությամբ՝ Հադրութի շրջանի Ամուտակ (այժմ՝ Թեզխարաբ) գյուղի եկեղեցին կոչվում է Վարդան Զորավարի անունով: Այդ եկեղեցում, իբրև սրբություն, պահվում է սևագույն քար, որն իբրև թե ներկված է Սբ. Վարդանի արյամբ: «Սուրբ Վարդան» եկեղեցի կա նաև Տողի (Հադրութի շրջան) գերեզմանատան հյուսիսային կողմում՝ Յուսնանց անապատ կոչված տեղում, որը թաղածածք է, փոքր, 17-րդ դարի կառույց:

Վարդան Զորավարի անունով մեկ ուրիշ մատուռի ավերակներ գտնվում են Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղում: Սարգիս Ջալալյանը գրել է.

«Մուշկապատցիք ունեն զքարաշեն եկեղեցի, առ որով է մատուռն սուրբ Վարդան Նահատակի, ուր հաճախ են ուխտավորք բազումի»:

Սուրբ Վարդան եկեղեցի կա նաև Մարտունու շրջանի Շեխեր գյուղում, բայց ստուգաբանված չէ, թե ով է այդ Վարդանը, որի անունով էլ կոչվում է եկեղեցին:

Օգտագործելով մեր արցախցի նոր ժամանակի պատմաբանների՝ Բագրատ Ուլուբաբյանի, Հայկ Խաչատրյանի և մյուսների հիշատակություններն այն մասին, թե Զորավար Վարդանի սաղավարտը արցախցի իր ընկերները ռազմի դաշտում գտել ու բերել են Արցախ, ուսուցիչը դրանով իսկ փոքրիկ 5-րդ դասարանցիների աչքում բարձրացնում է արցախցի զինվորների դերը Ավարայրի ճակատամարտում՝ ընդհանրապես և սաղավարտի փրկված լինելու կարևորությունը հայերի համար՝ մասնավորապես: Ի դեպ, ոմանք էլ գտնում են, որ ոչ թե Վարդան Զորավարի սաղավարտն են բերել Արցախ, այլ նրա մարմինը ու թաղել այստեղ: Դա իրողություն չպետք է համարել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s