№ 19 / 15 նոյեմբեր

ԴՐԱՄԱՀԱՎԱ՞Ք Է ՄԵԶ ՊԵՏՔ, ԹԵ՞ ՏՐԱՄԱՀԱՎԱՔ
կամ՝ ի՞նչ է հուշում տրամաբանությունը

Սկսվում է հերթական հեռուստամարաթոն-դրամահավաքը: Անկախ դրա արդյունքներից՝ այն միանշանակ կարելի կլինի  գնահատել որպես էական օգնություն նորանկախ երկրի տնտեսությանն ու ընդհանուր զարգացմանը: Անկախ ժողովված գումարի չափից՝ մնալու են այն տրամաբանական հարցերը, որ ծագել են ոչ այսօր, բայց այսօր էլ դրանց պատասխանները չեն գտնվում:

Կարևորագույնն այդ հարցերից հետևյալն է՝ արդյո՞ք Սփյուռքից մեր ակնկալիքը միայն հեռուստամարաթոնն է, այլ կերպ՝ արդյո՞ք մեր սփյուռքահայ եղբայրներն ու քույրերը դրամից բացի մեզ ուրիշ բան չունեն տալու: Այս հարցը շաղկապվում է մեկ այլ, միգուցե նվազ կարևոր ու նվազ ակնկալվող, բայց, այնուամենայնիվ, օրակարգային հարցով՝ իսկ մենք Սփյուռքին որևէ բան ունե՞նք տալու:

Համոզված եմ՝ վաղուց արդեն ժամանակն է դրամահավաքի փոխարեն տրամահավաք անցկացնել, մարաթոնի փոխարեն կազմակերպել «գաղափարաթոն», ժողովել երկրորդ հայկական պետականության ամրապնդման ու զարգացման գաղափարներն ու ծրագրերը, հրավիրել լավագույն իդեաների հեղինակներին, մշակել երկրի զարգացման համապարփակ ծրագիր ու մտածել համատեղ ուժերով դրա իրականացման մասին: Սփյուռքում կան կյանքի բոլոր ոլորտների բարձրակարգ մասնագետներ, որոնցից 100 դոլար ակնկալելու փոխարեն շատ ավելի շահավետ, ավելի ճիշտ՝ փոխշահավետ կլիներ ակնկալել նրանց գիտելիքների ու փորձի օգտագործումը մեզ մոտ: Կարճ ասած՝ հերիք է Սփյուռքին կթան կովի տեղ դնել, հարկավոր է «մարդատեղ դնել» նրան:

Այս հարցում մենք «լեզու չենք գտնում» նաև Հայաստանի հետ: Ընդունված է ասել, որ երկու հայկական պետությունները նույն իրավատնտեսական, հասարակական-քաղաքական և այլ դաշտերում են գտնվում: Բայց որևիցե մեկի մտքով անցնու՞մ է, որ մենք առաջին հերթին պիտի նույն խելքային-ինտելեկտուալ դաշտում լինենք, որպեսզի մյուս դաշտերում կարողանանք նույնական լինել: Մինչդեռ կողք-կողքի դրեք ցանկացած ոլորտի հայաստանյան ու արցախյան վիճակները (տնտեսություն, մշակույթ, սպորտ և այլն) և կտեսնեք ահռելի տարբերությունը:

Իսկ որպեսզի առնվազն այդ տարբերությունը չլինի՝ միայն դրամահավաքով հնարավոր չէ բավարարվել: Հազար ու մի բան պիտի անել: Մեր այդ նույն իրավատնտեսական, հասարակական-քաղաքական ու մյուս դաշտերը պիտի գրավիչ լինեն գոնե մեր ցեղակիցների համար: Աշխարհում այլ ձև չկա՝ համագործակցությունը պիտի փոխշահավետ լինի, մարդիկ պիտի շահագրգռված լինեն այստեղ «ներկայացված» լինելու:

Թե չէ` մարաթոնը միայն «ճեղքերը» փակելու, այլ ոչ թե զարգացման համար է: Մենք սովոր ենք քննադատական հայացքով նայելու զարգացող երկրներին Արևմուտքի կողմից ցուցաբերվող օգնությանը, արդարացիորեն գտնելով, որ դրանք ամրապնդում են կախվածությունը, որ, ինչպես ասում են, մեզ ոչ թե ձուկ է պետք, այլ կարթ՝ ձուկ բռնելու համար: Բայց հասկանու՞մ ենք, արդյոք, որ ինքներս նույն կերպ ենք վարվում մեր իսկ ժողովրդի հետ: Մեր ժողովրդին ոչ թե պարբերաբար օգնել է պետք, այլ ոտքի կանգնեցնել, որ ինքը լուծի իր հարցերը: Եւ կամ ի՞նչ օգուտ մարաթոնից և ժողովված գումարներով, օրինակ, ջրատարների կառուցումից, երբ նույն ժամանակ, ասենք, Հադրութում քանդում են ոռոգման պատրաստի ցանցը, կամ երբ Քաշաթաղում դատարկվում են գյուղերը:

Մեզ առաջին հերթին խելամիտ վերաբերմունք է պետք ամեն ինչի նկատմամբ, կամ ավելի պարզ` մեզ առաջին հերթին Միտք է պետք:

Որպեսզի գոնե հասկանանք, թե դեպի ուր են տանում ներկայիս զարգացման աստիճանները:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————-

Չորրորդ իշխանություն

ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՊԻՍԻ՞ ԻՄԱՍՏՈՎ ԱՅՆ «ԿԾԱՆՐԱԲԵՌՆՎԻ»

Արցախյան տեղեկատվական դաշտում լուրջ փոփոխություններ են կատարվում: Ինչպե՞ս են այդ փոփոխությունները գնահատում արցախյան հանրությունը, մասնագետները, շահագրգիռ անձինք: «Դեմո»-ն մտադիր է շահագրգիռ քննարկումներ նախաձեռնել այս ուղղությամբ: Ներկայացնում ենք երեք կարծիք և սպասում ընթերցողների արձագանքներին: 

ՓՈԽՎԵԼՈՒ Է ԻՆՉՊԵՍ ԱՐՏԱՔԻՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՆԵՐՔԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Տեղեկատվական դաշտի փոփոխությունները ՙԴեմո՚-ի խնդրանքով մեկնաբանել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ ԲԱԲԱՅԱՆԸ:

Ըստ նրա, այսօր շատ կարևոր է մտածել հենց փոփոխությունների մասինª երկրի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին տեղեկատվական քաղաքականությունում: Ինչ վերաբերում է ներքինին, ապա, Դ. Բաբայանի խոսքերով, առաջնահերթը լինելու է իշխանության տարբեր ճյուղերի գործունեության, կառավարման բոլոր մարմինների աշխատանքի լիարժեք լուսաբանումը, ինչպես նաև երկրում առկա գործընթացների մասին հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: Ներհանրապետական անցուդարձի մասին նման տեղեկատվությունը կապահովի ՙիշխանություն-ժողովուրդ՚ առավել կայուն փոխկապը և կդառնա մարդկանց հուզող հարցերին ու իրադարձություններին մշտական անդրադարձի համար հիմք:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետը նշեց, որ փոփոխություններ են սպասվում նաև երկրի արտաքին տեղեկատվական քաղաքականությունում. ՙԱյժմ արդեն մենք զանազան տեղեկատվական խողովակներով միջազգային հանրությանը տեղեկացնելու ենք այն ամենի մասին, ինչ կատարվում է երկրում: Դա լինելու է ոչ միայն տեղեկատվություն հակամարտության մասին և, ինչպես ասում են` ՙնրա շուրջ՚, այլ նաև ներքին բնույթի այն բոլոր իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՚:

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐՄԱԼ ԵՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Լրատվական դաշտում կատարվող փոփոխությունները նորմալ եմ գնահատում: Կոնկրետ ՙԱզատ Արցախ՚-ի կարգավիճակի փոփոխությունը դրական եմ համարում, քանի որ այն համապատասխանեցվում է ՙԶանգվածային լրատվության մասին՚ օրենքի պահանջներին: Գտնում եմ, որ ժամանակն է, որ հանրապետությունում լույս տեսնող թերթերի կարգավիճակները համապատասխանեցվեն օրենքի պահանջներինª լրատվամիջոցների տեսակներից անկախ: Այն, ինչ նախատեսված է օրենքով, պետք է կատարվի, այլապես կստացվի, որ լրատվամիջոցները օրենքից դուրս են գործում:

Կիմ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԼՂՀ / ժուռնալիստների միության նախագահ

ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆ ԱԿՆՀԱՅՏ Է

Տեղեկատվական դաշտում փոփոխություններն ակնհայտ են, ինչից կարելի է ենթադրել, որ իշխանությունները փորձում են փոխել տեղեկատվական քաղաքականությունը, կամ, ավելի ճիշտ, տեղեկատվական քաղաքականություն վարել, քանի որ նման քաղաքականություն պատիվ չենք ունեցել տեսնելու: Անկախ նման փորձի արդյունքներից` գնահատելի է նման միտումը, որն ակնհայտ է: Որ տեղեկատվական դաշտը թարմացման կարիք ունի` կարելի էր հասկանալ վաղուց, և շատերը կարող էին հասկանալ, քանի որ մեր տեղեկատվական դաշտը ոչ միայն ժամանակից հետ էր մնում, այլ նաև, կարելի է ասել, կարծես թե ժամանակից դուրս էր: Արվածից ու անելիքներից ամեն ինչ չէ ինձ համար հասկանալի ու ընկալելի, բայց որ արդյունքում տեղեկատվական դաշտը համեմատաբար ավելի լավն ու ավելի հետաքրքիր է լինելու` դա ինձ համար միանշանակ է: Արցախյան հանրապետական-պետական լրատվամիջոցները փոքր ինչ ավելի մոտ են լինելու հանրությանը, թեև դա չի լինելու իշխանություններից նույնչափ հեռանալու ՙհաշվին՚:

Անձամբ շահագրգռված եմ, որ այս ՙէքսպերիմենտը՚ հաջողությամբ պսակվի: Երկու առանցքային լրատվամիջոցներում` հանրային հեռուստատեսությունում և ՙԱզատ Արցախ՚ թերթում, ըստ իս, նախանշված նպատակներին հասնելու հիմնական դժվարությունը կադրային ներուժն է լինելու, թեև, մյուս կողմից էլ, համոզված եմ, որ ցանկության, սկզբունքայնության ու հաստատակամության պարագայում անլուծելի խնդիրներ չեն լինի: Հուսանք, որ այդպես էլ կլինի: Եւ որ դա այնուհետև կհանգեցնի ամբողջ տեղեկատվական դաշտի նկատմամբ վերաբերմունքի ՙբարիդրացիացմանը՚:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ / Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ «ԶԼՄ-ների ինքնակարգավորում» սեմինարի (9-11 նոյեմբերի« 2007թ., Ծաղկաձոր) մասնակիցներս« մտահոգվելով նախագահական ընտրությունների նախաշեմին լրատվական դաշտում նկատվող բացասական միտումներով« որոնք հղի են մամուլն առավել բեւեռացնելու վտանգով« կոչ ենք անում.

1. Քաղաքական պայքարը չվերածել լրատվամիջոցների միջեւ հակամարտության, ինչն իր հերթին կհանգեցնի անհանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանը հասարակության մեջ:

2. Հարգել յուրաքանչյուր լրատվամիջոցի քաղաքացիական դիրքորոշումը, նախանձախնդրորեն պահպանել պրոֆեսիոնալիզմի պահանջները, լրատվության եւ մեկնաբանությունների մեջ չխախտել կոռեկտության եւ պատշաճության սկզբունքները:

3. Հիշել« որ փոխադարձ վարկաբեկիչ հրապարակումներն ի վերջո հանգեցնելու են հասարակության կողմից անվստահությանը հենց նույն լրատվամիջոցների նկատմամբ:

4. Չմոռանալ, որ ընտրությունները, ինչպես եւ իշխանությունները, անընդհատ հերթագայելու են, իսկ «չորրորդ իշխանությունը» պիտի շարունակի ծառայել հասարակությանը:

11 նոյեմբերի« 2007թ., Ծաղկաձոր 

Հայտարարությունը ստորագրել են

1. Հակոբ Ավետիքյան, «Ազգ» օրաթերթ
2. Մարգարիտա Մինասյան, «Ցայգ» ՀԸ (Գյումրի)
3. Արամ Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթ
4. Էդվարդ Նաղդալյան, «Դելովոյ էքսպրես» թերթ
5. Կարինե Հարությունյան, «Գալա» ՀԸ (Գյումրի)
6. Հայկազն Ղահրիյան, «Lragir.am» ինտերնետային թերթ
7.  Նաիրա Բուլղադարյան, «Քաղաքացիական նախաձեռնություն» թերթ (Վանաձոր),
8.  Մեսրոպ Մովսեսյան, «Մելտեքս» ՍՊԸ («Ա1+» ՀԸ)
9. Սաթիկ Սեյրանյան, «168 ժամ» թերթ
10.  Մարատ Յավրումյան, «Կապիտալ» շաբաթաթերթ
11. Սուրեն Բարսեղյան, STV1 ՀԸ, (Սեւան)
12. Պապ Հայրապետյան, «Սեւան» թերթ, (Սեւան)
13. Մանվել Միկոյան, «Լոռու մարզ» թերթ, (Վանաձոր)
14. Ազնիվ Չիզմեչյան, «Աբովյան» ՀԸ
15. Սոս Սիրադեղյան, «Անկյուն գումարած 3» ՀԸ (Ալավերդի)
16. Սուսաննա Շահնազարյան, Գորիսի մամուլի ակումբ
17. Խաչիկ Դանիելյան, «Ալտ» ՀԸ, (Արմավիր)
18. Բորիս Նավասարդյան, ԵՄԱ նախագահ
19. Աստղիկ Գեւորգյան, ՀԺՄ նախագահ
20. Լեւոն Բարսեղյան, Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ
21. Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
22. Լիլիթ Սիմոնյան, «Իրավունքի եւ ինֆորմացիայի կենտրոն» ՀԿ նախագահ
23. Էլինա Պողոսբեկյան, ԵՄԱ տեղեկագրի խմբագիր
24. Մեսրոպ Հարությունյան, ԵՄԱ փորձագետ
25. Նաիրա Հայրումյան, Karabakh-Open.com

Հայտարարությունը բաց է ստորագրման համար

«ԳԱԼԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ…

Նախընտրական շրջանը Հայաստանում նշանավորվել է ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ կապված հետաքրքիր պատմությամբ: Եթե շատ հակիրճ, ապա հոկտեմբերի 14-ին հեռուստաընկերությունը ցուցադրել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը: Սակայն մինչեւ եթերը, նույնիսկ մինչ հեռարձակման մասին հայտարարությունը, հեռուստաընկերության ղեկավարներին սկսել են զգուշացնել, գրեթե սպառնալ, որ այն եթեր չտրվի: Չնայած դրան, որոշումն ընդունվեց, եւ ցուցադրվեց ելույթը, որն, ըստ տեղեկությունների, արգելել են ցուցադրել բոլոր հեռուստաընկերություններին:

Այդ եթերից հետո ԳԱԼԱ-ի հանդեպ սկսել են ճնշման որոշ գործողություններ: Ամենացայտունը՝ հիմա հեռուստաընկերությունում աշխատում են հարկային տեսուչները, որոնք փորձում են խախտումներ գտնել: Հայաստանյան այլ հեռուստաընկերություններ /բացառությամբ «Երկիր-Մեդիա»-ի/ չարձագանքեցին խոսքի ազատության նման կոպիտ խախտմանը, որը հասարակության մեջ լայն արձագանք է գտել: Մասնավորապես, Երեւանի մամուլի ակումբը, Գյումրիի լրագրողների «Ասպարեզ ակումբը», տպագիր եւ էլեկտրոնային մամուլը խիստ արձագանքեցին: Ներկայումս ԳԱԼԱ-ն շարունակում է աշխատել, իսկ տեսուչներն էլ շարունակում են փնտրել:

Հնչած հայտարարությունների մեջ մի հետաքրքիր տող կար՝ «ԳԱԼԱ-ն լուրջ է ընդունել Սահմանադրության 27-րդ հոդվածը»: Բանը նրանում է, որ հեռուստաընկերությունը որոշել է հավատարիմ մնալ օբյեկտիվության սկզբունքին եւ սեփական լսարանին տրամադրել հնարավորինս լայն տեղեկատվություն:

«ԳԱԼԱ-ն միշտ էլ չեզոք դիրք էր զբաղեցնում: Մենք չունենք քաղաքական հավակնություններ: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք եթեր էինք տրամադրում բոլոր քաղաքական ուժերին: Նույնիսկ հրավիրում էինք անվճար թոք-շոուների», – Karabakh-Open.com-ին տված հարցազրույցում ասել է ԳԱԼԱ-ի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը:

«Օրական 100-ի մոտ զանգեր ենք ստանում հեռուստադիտողներից, մի 10 հոգի անպայման գալիս են: Նույնիսկ փող են առաջարկում, ասում են՝ կարող է պետք լինի», – պատմում է Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Իսկ ընտրություններից առաջ կարո՞ղ են փակել հեռուստաընկերությունը, եւ ի՞նչ ձեւով: Լեւոն Բարսեղյանի կարծիքով, իշխանությունները դժվար թե գնան փակման «կացնային» ձեւի: «Միակ» ճանապարհը՝ գտնել ֆինանսական խախտումներ եւ խոշոր տույժեր նշանակել: Բայց այդ դեպքում ամբողջ հասարակությունը գումար կհավաքի, որ տույժերը փակի», – կարծում է Լ. Բարսեղյանը:

ԳԱԼԱ հեռուստաընկերությունը «ծածկում» է Շիրակի մարզի 80 տոկոսը, մարզ, որի բնակչությունը 220 հազար մարդ է կազմում: Մինչեւ 2005 թ. հեռարձակող ստուդիայի բացումը ԳԱԼԱ-ն աշխատում էր որպես պրոդաքշն-ստուդիա եւ նյութեր էր պատրաստում մի շարք հայաստանյան ալիքների համար: 2005-ին հեռուստաընկերությունը հաղթել է հաճախականության համար հայտարարված մրցույթում:

«Եթե այդ երևույթի շուրջ այսքան աղմուկ չլիներ, դա կարող էր և աննկատ անցնել: Իսկ հիմա իշխանություններն իրենց համար նոր պրոբլեմներ են ստեղծել», – գտնում է Կարինե Հարությունյանը:

Մարդկանց մի մասը ԳԱԼԱ-ի հետ կատարվածը գնահատում է որպես մասնավոր դեպք: Գտնվել են նաեւ մարդիկ, ովքեր մեղադրել են ԳԱԼԱ-ի ղեկավարությանը, որ, իբր, այդ ամենը կազմակերպել է սեփական վարկանիշը բարձրացնելու համար: Ոմանք էլ գտնում են, որ հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանն ինքն է մեղավոր՝ «իրեն խելոք չի պահել»:

Այսպես թե այնպես, ԳԱԼԱ-ն միակ հեռուստաընկերությունն է, որը կարողացել է ընդդիմանալ իշխանությունների պահանջին՝ չթողնելու Լեւոն Տեր-Պետրոսյանի մուտքը հեռուստաեթեր: Եւ դա ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԳԱԼԱ-ի խնդիրն է, այլ մեր: Ո՞վ եւ ի՞նչ իրավունքով կարող է զրկել հասարակությանը իմանալու եւ ընտրելու իրավունքից: Ո՞վ է որոշում, թե ինչը կարելի է դիտել եւ ինչը՝ ոչ: Առավել եւս՝ նախընտրական շրջանում:

http://www.Karabakh-Open.com

ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՀՆՉԻ ԹԵՐԹԻ ԷՋԵՐՈՒՄ»

«Դեմո»-ի հարցազրույցը «Ազատ Արցախ» թերթի գլխավոր խմբագրի հետ

– Պարոն Պետրոսյան, վերջերս փոխվել է թերթի կարգավիճակը: Դրա հիմքում ի՞նչ գաղափար է դրված:

– Կարգավիճակի հիմքում այն գաղափարն էր, որ «Ազատ Արցախ»-ը չլինի անմիջապես կառավարության ու Ազգային ժողովի ենթակայության տակ: Դա՝ առաջին հերթին, իսկ երկրորդ՝ նախանշվում է թերթի գործունեության մեջ խոշոր հովանավորների ընդգրկումը, քանի որ մտադիր ենք ստեղծել ինֆորմացիոն հոլդինգ: Հետագայում ենթադրվում է ունենալ սեփական տպարան, բայց դա մեր պետության հնարավորություններով դժվար է, դրա համար հովանավորներ կընդգրկենք: Մեր ուժերով կփորձենք կազմակերպել շուրջ 10 հազար տպաքանակի առաքումը Ռուսաստանի Դաշնություն: Ահա այդ ամենից ելնելով՝ նախկին կարգավիճակում լինելը պետության ղեկավարությունը համարեց ոչ նպատակահարմար:

– Ի՞նչ է փոխվելու թերթում, ենթադրվո՞ւմ է նոր աշխատաոճ և խնդիրներ:

– Թերթը հիմնովին փոփոխության է ենթարկվելու: Այն պետք է ընթերցվող դառնա՝ եւ Եվրոպայում, եւ Ռուսաստանում, ինչպես եւ Հայաստանում: Չենք խոսում այն մասին, որ թերթը ընթերցվող չէր նույնիսկ Ղարաբաղի ներսում: Այն ընթերցվող դառնալու համար, ինչպես նախագահն էլ է նշել, մենք ինֆորմացիան, տեսակետները ներքեւից վերցնելու ենք՝ տանք վերեւին, եւ ընդհակառակը՝ վերեւից՝ ներքեւ: Թերթում այլեւս չեն լինելու տոնական ռեպորտաժներ, երկար եւ ձանձրալի ինֆորմացիաներ կառավարության կամ Աժ նիստերից: Թերթը պետք է հետաքրքիր լինի ոչ միայն մեկ խավի, այլ տարբեր խավերի ընթերցողների համար: Թերթն իր էջերում պետք է արտացոլի հասարակության մեջ տեղ գտած էական դիրքորոշումները:

– Իսկ կոլեկտիվը պետք է հարմարվի՞ նոր աշխատաոճին, թե՞ այդտեղ էլ է փոփոխություն պահանջվելու:

– Աշխատողների աշխատաոճի պատճառով հիմա նրանց կողմից գրված նյութերի 80 տոկոսը կրճատվում է: Երկու ճանապարհով ենք գնալու, նախ՝ խմբագրության ներկայիս աշխատողները պետք է հարմարվեն նոր աշխատաոճին և երկրորդ՝ հույս ունենք, որ դրսից նոր պրոֆեսիոնալ ու մեր գաղափարին ձեռնտու լրագրողների ենք հրավիրելու աշխատանքի: Եթե չստացվի էլ մեր ուզած քանակի լրագրողներ ընդգրկելը, կփորձենք գոնե համագործակցություն ձեռք բերել նրանց հետ: Մոսկվայից եւ Երեւանից լրագրողներին առաջարկելու ենք համագործակցել մեզ հետ: Նախատեսում ենք այդ ամենն իրականացնել մինչեւ նոր տարի: Ի դեպ, ամեն շրջանում ունենալու ենք մեր սեփական թղթակիցը:

Մենք օբյեկտիվությանն ենք տեղ տալու, եւ արդարություն պետք է հնչի թերթի էջերում: Ընթերցողը պետք է տեսնի, որ սուբյեկտիվություն չկա: Թերթում նաեւ տեղ է հատկացվելու Հայաստանի եւ Ադրբեջանի իրադարձություններին, որոնք մինչեւ հիմա չէին մեկնաբանվում: Ինչո՞ւ պետք է մեր ընթերցողներն այլ տեղերից փնտրեն այդ ինֆորմացիան:

– Պարոն Պետրոսյան, Դուք երկար ժամանակ եղել եք հեղինակային թերթի խմբագիր, որտեղ հիմնականում հնչել են Ձեր տեսակետները, իսկ այժմ «Ազատ Արցախ» թերթում պետք է հնչի հասարակության կարծիքը: Հոգեբանական առումով ինչպե՞ս եք այդ արգելքը հաղթահարում:

-Ես թերթ էի տպագրում, որովհետեւ իմ տեսակետները, գաղափարները չէին տպում այլ թերթերում: Ինչպես նշել եմ, թերթը պետք է արտացոլի հանրության մեջ գոյություն ունեցող բոլոր տեսակետները, դրանից հետո արդեն կարելի է քո կարծիքն էլ արտահայտել: Իսկ իմ անձնական կարծիքը ելնում է Ղարաբաղի շահերից: Թերթի նպատակն այն է, որ ժողովրդին ոչ թե ասես՝ այս մեկը լավն է, կամ այս մեկն է վատ, այլ քաղաքականապես լուսավորես նրան: Մենք ներկայացնելու ենք ամեն ինչ, ժողովուրդը պետք է ինքը ընտրի: Այսօր թերթը նրա համար է, որ իշխանությանը ցույց տա իր «ծուռ» կողմերը, որպեսզի նա ուղղի դրանք:

-Դուք վերջերս հաճախակի եք նշում, որ ԼՂՀ-ում տեղեկատվական քաղաքականություն չէր տարվում: Ձեր կարծիքով, ոլորտում կատարված փոփոխությունները նշանակում են, որ հիմա արդեն նման քաղաքականությո՞ւն է տարվելու: Եւ այդ գործում ի՞նչ դեր է ունենալու «Ազատ Արցախ» թերթը:

– Թերթը լինելու է երկրի ինֆորմացիոն, քարոզչական, գաղափարախոսական ավանգարդը, բայց միայն այդ թերթով չի ստացվի: Մեկ կամ երկու զրույցի ժամանակ նախագահը շեշտել է, որ ինքը շուտով բոլոր կարեւոր խմբագրությունների հետ հանդիպում է ունենալու, իր տեսլականն է ներկայացնելու ինֆորմացիոն, քարոզչական քաղաքականության վերաբերյալ: Նպատակը լինելու է ինֆորմացիոն դաշտում լրատվամիջոցներին ընդգրկելը, որպեսզի ավելի հաջող, արդյունավետ ու նպատակահարմար լինի մեր նպատակների ու խնդիրների տարածումը աշխարհում: Միայն մեր թերթով պետք չէ սահմանափակվել:

Իսկ ինչ վերաբերում է ինֆորմացիոն քաղաքականությանը, ապա ասեմ, որ այն կար, բայց ինչպես, օրինակ, ֆուտբոլիստ կա, բայց ցածր կարգի խաղացող է: Ղարաբաղի թիմը գոյություն է ունեցել: Միայն թերթը չի, ամեն մի հիմնարկ ցածր կարգի  է: Հիմա խնդիրը ռեգիոնալ դաշտից մոսկովյան դաշտ դուրս գալն է: Պետք է որակը բարձրացնել: Ինֆորմացիոն քաղաքականությունը եղել է, բայց այնքան անորակ, որը մեզ համար  եղած կամ չեղած:

ՆԻԿՈԼԱՅ ԴԱՎԹՅԱՆ. «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՂԱՐԱԲԱՂՑՈՒ ԸՆԿԵՐԸ ԴԱՌՆԱ»

«Դեմո»-ի հարցազրույցը ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրենի հետ

– Պարոն Դավթյան, ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի հանրային հեռուստատեսությունը եւ ինչպիսի՞ն պետք է լինի այն:

– Արցախի հանրային հեռուստատեսությունը պետք է ղարաբաղցու ընկերը դառնա: Կփորձենք ամեն ինչ անել դրա համար: Լավ, նուրբ, զգույշ աշխատել է պետք, որովհետեւ ղարաբաղցին զգույշ ու նուրբ մարդ է ու կոպտություն չի սիրում, որովհետեւ կենդանի օրգանիզմի հետ գործ ունենք: Պետք է աշխատենք կամաց-կամաց, ինչ-որ բաներ սովորեցնելով: Մոտ օրերս մեզ մոտ կսկսի գործել ուսումնական ստուդիան, որտեղ արդեն դիմում ներկայացրած 17 երիտասարդ տղաներից եւ աղջիկներից կընտրենք 9-10 հոգու եւ կսկսենք քրտնաջան պարապել՝ սովորեցնել ռեժիսուրա, օպերատորություն եւ այլն: Ծանր աշխատանք է, բայց պետքական, որովհետեւ սերնդափոխությունը ձեզ մոտ շատ ծանր է գնում: Մասնագետներ չունեք, ցավոք սրտի, դրա համար էլ պետք է ինչ-որ ելք գտնել:

-Ի՞նչ է պահպանվելու եւ ի՞նչ է փոխվելու հեռուստառադիոընկերությունում:

-Մասնագետներին պահելու ենք: Քանի որ մենք գործ ունենք կենդանի օրգանիզմի հետ, եւ ես վիրաբուժական մեթոդներ չեմ ընդունում, կաշխատենք այնպես անել, որ եթե մարդն այս աշխատանքում իրեն չի կարողանում գտնել, ապա այնպիսի աշխատանք տանք, որ նա ավելի օգտավետ լինի: Կոլեկտիվը շատ լավն է, ուզում է աշխատել եւ հնարավորություն ունի: Տեխնիկական բազայից բավականին գոհ եմ, սակայն մասնագետների խիստ պահանջ կա բոլոր բնագավառներում: Միակ միջոցը հեռուստատեսության ստուդիաներ պատրաստելն է, եւ երիտասարդների հետ աշխատելը: Շուտով ընկերներս՝ պրոֆեսիոնալ մասնագետներ, կգան այստեղ, կպարապեն ստուդիայում: Ի դեպ, նրանք գումարներ չեն ուզում պարապելու համար:

Աշխատողների եւ նշված երիտասարդների կողմից ցանկացած մտահղացման կամ ծրագրի ներկայացման համար ոչ մի արգելք չեմ տեսնում, եթե այն հետաքրքիր է ու հեռուստատեսային: Սկզբունքը դա է, որ ծրագիրը հեռուստատեսային լինի, չլինի ձանձրալի: Նույնը ռադիոյին է վերաբերում: Պետք է հաշվի առնվի, թե որքանով է տվյալ հաղորդումը մեզ պետք, օգուտ տալիս, ինչ-որ հարցեր պարզաբանում եւ այլն: Գլխավոր չափորոշիչները դրանք են, որ դնում ենք մեր առջեւ: Ես նույնիսկ պնդում եմ, որ լրատվությունը միայն Ղարաբաղինը լինի: Ու եթե Հայաստանից նորություն լինի, ապա միայն այն, ինչն առնչվում է Լեռնային Ղարաբաղի հետ, նույնը նաեւ արտասահմանից: Մեր ալիքը միայն ղարաբաղյան եմ տեսնում: Ճաշատեսակը՝ ղարաբաղյան, էթնիկ ինչ-որ հարցեր՝ ղարաբաղյան, մի խոսքով՝ ամեն ինչը:

Իհարկե, պետք է հեռուստատեսությունը ժամանակակից դարձնել: Կարծում եմ, 2008-ը այդ առումով հեռուստատեսության համար կայացման տարի պետք է դառնա: Հաջորդ տարվա հունիսի 1-ին՝ հեռուստատեսության 20-ամյակին, լուրջ փոփոխություն կտեսնեք, եւ այդ ժամանակ հնարավոր կլինի շատ լուրջ խոսել պլանների մասին, քանի որ 2009-ը արդեն հասկանալի կլինի:

– Իսկ եթերաժամի ավելացում նախատեսվո՞ւմ է 2008-ից:

-Բնականաբար, եթերաժամը պետք է ավելանա, բայց դա գումարներից է կախված: Հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում: Հանդիպել ենք եւ վարչապետի, եւ ֆինանսների նախարարի հետ: Ես տեսնում եմ ճիգերը, որ մարդիկ ուզում են օգնել: Ու ըմբռնումով եմ վերաբերում այդ ամենին, պետք է հասկանանք, թե որտեղ ենք եւ ինչ ենք անում: Նախագահը շատ լավ է տրամադրված: Միայն այն փաստը, որ ինձ հրավիրել է այստեղ՝ արդեն պարզ է, որ մտածում է հեռուստատեսության մասին:

Ես ապշում եմ, որ ինչ-որ շրջաններում չեն տեսնում մեր ծրագիրը, Հայաստանի հեռուստահաղորդումները, այլ տեսնում են ադրբեջանական հեռուստահաղորդումները: Նախագահը շատ լուրջ մտահոգված է նաեւ դրանով ու հեռուստատեսության որակով:

Բնականաբար, միաժամանակ պետք է նաեւ աշխատենք որակի բարձրացման ուղղությամբ, հույս չդնելով, որ պետությունը մեզ ինչ-որ բաներ է տրամադրելու: Ամբողջ աշխարհում հեռուստատեսությունը գումարներ է աշխատում, մենք էլ պետք է այդպես վարվենք, որ կարողանանք պետությանը օգնել:

-Իսկ երբեւէ կունենա՞նք հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի ծրագիր, ինչպես ընդունված է ամենուր, երբ հեռուստադիտողը թերթից վաղօրոք տեղեկանում է ամեն օրվա հաղորդումների մասին:

-Ինձ թվում է՝ ունենալու ենք, որովհետեւ գտնում եմ, որ հեռուստատեսությունը բացի նրանից, որ արվեստ է, նաեւ գործարան է՝ հեռուստատեսային արտադրանքի արտադրություն, ու նա անակնկալներ չի ենթադրում իր մեջ: Բոլոր դեպքերում, ինչ ֆորմատի հեռուստատեսություն էլ լինի, այն պետք է որոշակի ցանց ունենա, որպեսզի կարողանանք ծրագիրը պլանավորել մեկ շաբաթ առաջ: Միակ բանը, որ հաստատ կարող եմ ասել, հետևյալն է՝ բացի բոլոր բաժիններից, բացելու ենք նաեւ կոմերցիոն բաժին, որը, կարծում եմ, շատ կարեւոր է: Հնարավոր է, որ հենց այդ կոմերցիոն բաժինը ունենա այն թերթը, որի մասին նշեցիք: Այն կտպագրի եւ ծրագիրը, եւ հաղորդումների անոնսները:

Հարցազրույցները վարեց Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

——————————————————————————————-

Հայրենիք

ՔԱՇԱԹԱՂ. ԱՅՍՏԵՂ ՄԱՐԴԻԿ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ ԿԵՏ ԵՆ ԴՆՈՒՄ

ԷՍ ԻՄ ԳՅՈՒՂՆ Ա

«Էս իմ գյուղն ա: Ես իմ գյուղը շատ եմ սիրում: Էստեղ ամեն ինչ լավ է: Էստեղի օդն եմ սիրում, քամին… Ամռան շոգին հեծանիվովս գնում-կանգնում եմ քամու դեմ, էնքա՛ն հով ա լինում»,- տիրոջ իրավունքով իր ապրումներն այսպես է նկարագրում Քաշաթաղի շրջանի Վերինշեն գյուղի 6-ամյա բնակչուհի Հասմիկը: «Էստեղ Երեւանից լավ է: Երբ գնում եմ Երեւան՝ տատիկիս տուն, գիշերները էն ավտոների աղմուկից չեմ կարողանում քնել»,- բացատրում է Վերինշենի տիրուհին:

Այս ձորակի յուրաքանչյուր բնակիչ՝ մեծ թե փոքր, իրեն այդ հողի տերն է զգում ու հպարտ է դրա համար: Սրանում համոզվեցինք Քաշաթաղի շրջանի հյուսիսային մասի գյուղեր մեր այցելության ժամանակ:

Երբ մեզ ուղեկցող «Նիվա» մեքենան ճանապարհ ընկավ Բերձոր քաղաքից, ամենեւին էլ չէինք պատկերացնում, թե ինչ է սպասվում մեզ առջեւում: Դժվարանցանելի, բայց եւ շատ գեղեցիկ ու հետաքրքիր ճանապարհը մեզ անընդհատ տանում էր դեպի վերեւ: Շրջապատի բնությունը՝ իր երփներանգ ծառերով, ոլորապտույտ ճանապարհներով եւ բարձր ժայռերով, այնքան գեղեցիկ ու տպավորիչ էր, որ ուզում ես շունչդ պահած հնարավորինս շատ բան տեսնել: Այստեղ ոսկե աշունը ներկա էր իր բոլոր դրսեւորումներով:

Սակայն ամենատպավորիչը բարձր սարերն էին, դեպի ուր սրընթաց շարժվում էր մեր մեքենան: Այստեղ է, որ սկսում ես զգալ ազատության գինը, սկսում ես հասկանալ, թե ինչու են մարդիկ հենց այս բնակավայրերը ընտրել: Եւ հենց այստեղ է, որ լիարժեք հանգիստ ես քեզ զգում: Զգում ես քեզ այդ չքնաղ բնության մի մասնիկը: Երեւի հենց այդ անդորրն ու ազատությունն են մարդկանց այստեղ բերել ու այստեղ պահում: Ինչպես շրջանի հյուսիսային գյուղերում է ընդունված ասել՝ այդ հողն ու բնությունն են իրենց պահում:

ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄԸ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՎԵՐԱԳՏՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է
կամ՝ քարտեզի վրա կետ դնողներ ու ջնջողներ 

Վերաբնակեցման մասին շատ է խոսվել, այս գործընթացն ունեցել է մակընթացություններ և տեղատվություններ, խանդավառության առաջին ալիքին փոխարինել է խորը հիասթափությունը, վերաբնակիչների մի զգալի մասը հետ է վերադարձել, մնացել են հիմնականում նրանք, ովքեր, ինչպես իրենք են ասում, հայրենիք են վերագտել: Նրանք հավատով ու հատող համբերությամբ սպասում են, թե երբ են իշխանություններն էլ ի դեմս վերաբնակեցվող տարածքների հայրենիք վերագտնելու: Ինչպես Քաշաթաղի շրջանում հայրենիք վերագտածներից մեկն ասաց՝ այստեղ մարդիկ շրջում են լեռներում ու քարտեզի վրա կետեր ավելացնում, նրանք կետ դնողներ են, մինչդեռ կան նաև կետ ջնջողներ:

ՔԱՇԱԹԱՂՈՒՄ «ԳԵՆՈՑԻԴ» Է ԵՂԵԼ

Ոչ, խոսքը ազգամիջյան հարաբերությունների մեզ ցավալիորեն ծանոթ երևույթի մասին չէ: Քաշաթաղցիները ցավագնային հումորով այսպես են բնորոշում շրջանային վարչակազմի նախորդ ղեկավար Համլետ Խաչատրյանի կառավարման տարիները, երբ շրջանի բնակչությունը գրեթե կիսով չափ նվազեց: Ասում են՝ այո, «գենոցիդ» է եղել, որի առաջին զոհը մարդկանց հավատը եղավ: Կատակում են՝ սկսել էին վերաբնակեցնել ոչ թե Քաշաթաղը, այլ…քաշաթաղցիներին: Մինչև այսօր էլ քաշաթաղցիները մի պատմություն են ցավով պատմում: Ասում են՝ ղարաբաղցիներից մեկը եկել էր վարչակազմի ղեկավարի մոտ և ազատ տուն խնդրել այստեղ ապրելու համար, ղեկավարն էլ ասել էր՝ «մի քիչ սպասիր, հեսա սրանք կգնան, ու ամեն ինչ մեզ կմնա»: «Սրանք» ովքե՞ր են, և «մե՞նք»-ը ովքեր են՝ տարակուսանքով հարցնում են քաշաթաղցիները:

Ահա թե ինչու հիմնաշենցի Յուրան, սրտի ամբողջ ցավը դեմքին արտացոլած, փաստում է՝ «էդ նույնն է, թե ծնողները տարբերություն դնեն երեխաների միջև»: Իսկ մի ուրիշ քաշաթաղցի էլ հետևյալ օրինակը բերեց.

-Մեկ էլ տեսար՝ այս կամ այն տունը թալանեցին: Հադրութում, օրինակ, այդպիսի բան հնարավոր չէ, որ, ասենք, թալանեին այն տունը, որտեղ այդ պահին մարդ չի ապրում: Դա խայտառակություն կլիներ, և ոչ մի վարչակազմ դա թույլ չէր տա: Այստեղ դա հնարավոր է, քանի որ հայրենիք չեն համարում:

Նախկին ղեկավարն, ասում են, իր կառավարման վերջին ամիսներին «հպարտ միայնության» մեջ էր, ոչ ոք նրա մոտ չէր գնում, ուստի ինքն էր ստիպված միջանցքում սրան-նրան բռնացնում, որ զրուցի: Իսկ մարդիկ նրա մոտ արդեն չէին գնում, որպեսզի չասի՝ «ով ձեզ բերել է, թող նա էլ լուծի ձեր պրոբլեմները», կամ էլ՝ «հեռանա՞լ եք ուզում, խնդրեմ՝ հեռացեք, ճանապարհը բաց է»:

Այդ ժամանակ ԶԼՄ-ները, հատկապես և առաջին հերթին «Հետք» էլեկտրոնային թերթը, Էդիկ Բաղդասարյանի ջանքերով ահազանգ խփեցին, «Դեմո»-ն էլ արտատպեց մի շարք նյութեր, նույնպես անդրադարձավ խնդրին, խորհրդարանում էլ մի քանի պատգամավորներ անընդհատ հարցուպատասխանի ժամանակ դիմում էին կառավարությանը: Սակայն իշխանությունը ոչինչ չէր ձեռնարկում, իշխանությունը քար անտարբերությամբ նայում էր այդ ամենին: Իսկ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն էլ հերքում էր այդ ամենը, ասելով, որ շրջանը պարզապես օրինական դաշտ է բերվում, որտեղից իբր օտարված էր:

-Կատարյալ օրինական դաշտը լուսնի վրա է, որտեղ մարդ չկա,- կատակում է քաշաթաղցիներից մեկը:- Նախկին իշխանությունը ոնց որ թե օրինականացման այդ ճանապարհն էր ընտրել:

Բայց այս «արհավիրքին» դիմացան քաշաթաղցիները, ավելի ճիշտ՝ դիմացան ամենադիմացկունները: Վազգենաշենցի Սամվելին հարցրել էին՝ բա չե՞ս վախենում նրանից, Սամվելն էլ պատասխանել էր՝ էս հողի տերը ես եմ՝ ումի՞ց պիտի վախենամ:

Ահա այդպես, իսկական տերերը դիմացան:

ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐՆ ՈՒՐԻՇ Է, ՈՒՐԻՇ
բայց վերաբնակեցման քաղաքականությունն էլ ուրիշ պիտի լինի

Քաշաթաղցիները մեծ հարգանքով են խոսում շրջանային վարչակազմի նոր ղեկավար Էռնեստ Ղևոնդյանի մասին: Այ, սա կարգին մարդ է, ասում են նրանք, և իր խոսքի տերը, տես՝ ճանապարհները սարքում է, հիմա էլ ասում է՝ եկող տարի էլեկտրականության հարցն է լուծելու այն գյուղերում, որտեղ լույս չկա: Կանի, կանի՝ ասում է տեղի մտավորականներից մեկը, ինձ անձամբ ասաց՝ «եթե չանենք՝ քաղաքական դիակ եմ»:

Զավեշտանման է, թե մարդկանց հատկապես ինչն է գերել: Ասում են՝ եկել է, զրուցել մեզ հետ, հետաքրքրվել մեր պրոբլեմներով: Եւ սա նրանց համար այնքա¯ն արտասովոր է:

Ինչ խոսք, շատ լավ է, որ նոր ղեկավարից գոհ են, որ նա մարդամոտ է, գործունյա է, սիրտը ցավում է շրջանի համար, բայց վերաբնակեցման քաղաքականությունն էլ պիտի փոխվի, մարդամոտ ու մարդահենք պիտի լինի, ընդհանուր վերաբերմունքը պիտի փոխվի: Իսկ դա արդեն վարչակազմի ղեկավարի լիազորությունը չէ: Դա ԼՂՀ իշխանությունների ու արցախյան հանրության անելիքն է:

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕՖՇՈՐ 

Քաշաթաղը կամ կլինի ազատ ոգու գոտի, կամ չի լինի ընդհանրապես՝ քանիցս շեշտվեց այս միտքը մեր այցելության ժամանակ: Մարդկանց այստեղ բերողը բնությունից տրվող ու բնության կողմից ամեն օր ներշնչվող ազատության գաղափարն է: Մարդիկ ուզում են ազատ ու արժանապատիվ ապրել իրենց վերագտած հայրենիքում: Եւ համոզված են, որ միայն ազատ մարդը կարող է շենացնել երկիրը, ազատ մարդը կարող է պաշտպանել այն:

Սակայն այս մարդկանց ուզում են «օրինական» դաշտ բերել, այն է՝  վարչահրամայական թակարդի մեջ առնել, ուզում են կախված ու «կառավարելի» դարձնել: Մութն ու ցուրտը, կյանքի մյուս դժվարություններն այնքան չեն նեղում նրանց, որքան այդ թակարդը: Երբ անսովոր դժվար պայմաններում արարած բարիքի վրա աչք ունի «Զաբուղի պոստը», երբ պետավտոտեսուչն է նեղում, երբ մյուս չինովնիկներն են նյարդերով խաղում:

Վերաբնակեցման քաղաքականության մեջ, կարծում ենք, առաջին հերթին այս հոգեբանական նրբերանգը պիտի հաշվի առնվի: Մարդիկ այստեղ անասելի ծանր պայմաններում հայրենիք են շենացնում, ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող տարածք են ամրապնդում, ուստի, մեղմ ասած, պետք չէ նրանց համար լրացուցիչ դժվարություններ ստեղծել, այլ պիտի պարզապես երջանիկ լինել, որ կան նման մարդիկ և պիտի աջակցել նրանց:

Ազատ տնտեսական, օֆշորային գոտին, տնտեսական և այլ արտոնությունները, կապիտալի ու ձեռներեցության «գայթակղումը» ելքերից մեկն է, բայց ամենակարևորն այստեղ հոգեբանական օֆշորն է, որպեսզի մարդիկ կաշկանդված չլինեն:

Մարդիկ այստեղ կամ ապրելու են հարուստ և ազատ, կամ էլ՝ պարզապես չեն ապրելու:

ԱՐՏԱՇԱՎԻ ԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՐ ԿԱԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԵՏԸ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԵՐ
Եւ ոչ միայն այս գյուղի համար

Ձորակի ամենամեծ գյուղերից մեկը՝ Արտաշավին, մեր այցելած առաջին բնակավայրն էր: Այստեղ 26 ընտանիք է ապրում՝ 93 բնակչով: Գյուղի դպրոցում 45-ից ավելի աշակերտ է սովորում, որոնց մի մասը մոտակա Նորաշենիկ գյուղից է:

Արտաշավի տանող ճանապարհն այնքան հեռու է ճանապարհ կոչվելուց, որ թվում է, թե մեքենան դրանից հետո այլեւս ի վիճակի չի լինելու շարժվել: Հենց դա է պատճառը, որ նախկինում այս եւ հարեւան գյուղերի բնակիչներին սպասարկող ավտոբուսն այլեւս չի գործում: «Մեքենայի ծախսերը շատ են: Վեց ամիսը մեկ պետք է անիվները փոխել, որի մեկ հատն արժե 75 հազար դրամ,- ասում է ավտոբուսի վարորդ Թելման Ավետյանը: – Նախկինում վարչակազմը բենզին էր տրամադրում բնակիչների տեղափոխման համար, իսկ վերջին շրջանում, երբ սկսեցին կրճատել բենզինի չափը, արդեն անհնարին էր ավտոբուսը պահելը»: Այդ ավտոբուսով էին գյուղացիներն իրենց ապրանքը տանում Բերձոր, որտեղ կամ փոխանակում էին անհրաժեշտ ապրանքներով, կամ ստացված գումարով տան համար առեւտուր անում: «Օրեր են եղել, երբ ավտոբուսը գերծանրաբեռնված վիճակում եմ քշել, ռեկորդային թվով ուղեւորներով և բեռով: Դե ի՞նչ անեի, գյուղացիները պարկերով ալյուր էին գնում, տարբեր մթերքներ, քանի որ գյուղում խանութ չկա»,- պատմում է Թելմանը, որը հիմա համայնքի ղեկավարն է:

Նրան հանդիպեցինք հենց գյուղամիջում՝ մի քանի համագյուղացու հետ զրուցելիս: Բոլորը մտահոգված էին, որ մյուս տարվանից համայնքները, իրենց ասելով, ինքնաֆինանսավորման են անցնում: «Ասում են՝ համայնքի բյուջեն կազմիր: Ո՞նց կազմեմ, երբ դեռ հստակեցված չեն համայնքի սահմանները»,-ասում է համայնքի ղեկավարը: Համագյուղացիներից մեկն էլ ավելացնում է՝ «Հարկերն էլ շատ բարձր են: Այստեղ ապրող մարդն ի վիճակի չէ դրանք վճարել: Եթե պայմանները լավ լինեին՝ այլ հարց է: Իսկ այսպես մարդիկ կթողնեն գյուղը ու կգնան»:

Իսկ գյուղից արդեն հեռացել է 10 ընտանիք: Արտաշավիում չեն հուսահատվում, ավելին՝ վարչակազմի նոր ղեկավարից սպասումներ ունեն: Նրանց խոսքերով, գյուղում լուծում է ստացել ոռոգման ջրի խնդիրը, իսկ խմելու ջրի խնդիրը դեռեւս մտահոգիչ է, քանի որ  ջուրը գյուղից 4 կմ հեռավորությամբ տարածքից մինչեւ գյուղի ջրամբար բաց առվով է հասնում:

Վերոնշյալ խնդիրներից բացի արտաշավցիները առաջնային են համարում նաեւ գյուղում կաթի ընդունման կետի ստեղծումը: «Դա գյուղի համար փրկություն կլինի, քանի որ այստեղ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, իսկ կաթը իրացնելը շատ դժվար է: Շատերը պանիր են պատրաստում եւ վաճառում Բերձորում, որն այդքան էլ ձեռնտու չէ, քանի որ տրանսպորտի ծախսերը մեծ են: Իսկ ոմանք ստիպված են լինում ողջ կաթը հորթերին բաժին տալ»,- ասում է գյուղացիներից մեկը:

Արտաշավցիների հետ զրույցից հասկանում ես, որ թեկուզ դժվարությամբ, բայց մեծ հպարտությամբ եւ հույսով են այս մարդիկ ապրում իրենց գյուղում, մնում է, ինչպես իրենք են ասում, կառավարությունը «աչքի տակով շրջանին նայի, ու ամեն ինչ լավ կլինի»:

ՄԵՆՔ ԷԼ ԵՆՔ «ՄԵՆՔ»-Ի ԱՆԴԱՄՆԵՐ   

Քաշաթաղի հյուսիսային գյուղերում մեզ ուղեկցող Տիգրան Կյուրեղյանին բոլորը գիտեն՝ մեծից մինչեւ փոքր: Բոլորը գոհունակությամբ են խոսում Կյուրեղյանի նախաձեռնությամբ իրականացվող «Մենք» ծրագրի մասին: «Մենք էլ ենք «Մենք»-ի անդամներ»,- հպարտությամբ ասում էին հյուսիսային գյուղերի բնակիչները, երախտագիտությամբ պատմում այն մասին, որ «Մենք» միության շնորհիվ ոտքի են կանգնել, սկսել են զբաղվել անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ, որոնք էլ այժմ նրանց ապրուստի միջոցն են համարվում:

«Մենք» գյուղացիական փոխօգնության միության առաջին ծրագիրը՝ «Էստաֆետ»-ը, Քաշաթաղում իրականացվում է 2002 թվականից: «Դեռեւս 1998-ին գոճիներ էինք բաժանում գյուղացիներին: Պայմանը մեկն էր՝ նրանք գոճիները վերադարձնելու փոխարեն հետագայում պետք է նույն քանակությամբ գոճի տան իրենց հարեւաններին: Եվ այսպես ինչ-որ շղթաներ ստեղծվեցին, սակայն դրանք շուտով ընդհատվեցին, քանի որ գրավոր պայմանագրեր չէինք կնքում: 1998-2000թթ. մոտ 80 հատ գոճի բաժանեցինք»,- պատմում է միության նախագահ Տիգրան Կյուրեղյանը: Ծրագիրը շրջանի հյուսիսային գյուղերում տնական խոզաբուծության զարգացման հիմքը դարձավ:

2002-ին «Էստաֆետ» ծրագրի մեկնարկը «Հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության անդամ Նշան Փիրումյանի կողմից 5.5 հազար դոլարի չափով ներդրման շնորհիվ էր: Այդ գումարով 20 կով գնեցին, եւ ծրագիրը սկսեց գործել: Այնուհետեւ Փիրումյանին միացան կազմակերպության մյուս անդամներ, տարբեր բարերարներ, «Երկիր» միությունը, «Թուֆենկյան» հիմնադրամը:

«Մենք»-ի մյուս՝ «Ոսկե ցլիկ» ծրագրով միության անդամների համար ձեռք են բերվում ցլիկներ եւ հորթեր: Դրանք պահելու համար միությունը ամսական վճարում է 2000 դրամ, իսկ ձմռան ամիսներին՝ լրացուցիչ եւս 2000 դրամ: Ցլիկներն իրացնելուց հետո ծրագրի մասնակիցը ստանում է նաեւ առաջացած շահույթի 25 տոկոսը: Ի դեպ, գյուղացիները միությանը հետ չեն տալիս իրենց տրամադրված անասունները, այլ փոխանցում են այլ ընտանիքների: Եւ այդպես էլ ընդլայնվում է ծրագրերի մեջ ընդգրկված գյուղացիների թիվը:

Միության «Քարի մեղր» ծրագիրը գործում է 2004 թվականից: Ծրագրով մասնակիցներին տրամադրվում է մեղվաընտանիքներ: Յուրաքանչյուր մեղվաընտանիքից մեղվաբույծը տարեկան միությանը պետք է տա 5 կգ մեղր կամ դրա արժեքը, իսկ մնացածը մնում է իրեն:

Ընդհանուր առմամբ, միության «Էստաֆետ» ծրագրում ներգրավված է 30, «Քարի մեղր» ծրագրում` 7, «Ոսկե ցլիկ»-ում՝ 5 ընտանիք:

«Եթե «Մենք»-ի ծրագրում ընդգրկված չլինեինք, ապա մեզ համար շատ դժվար կլիներ,-ասում է Վաղազին գյուղի բնակչուհի Փիրուզա Խաչատրյանը:-Նախկինում ես համագյուղացիներից մեկի անասուններն էի պահում, ինչն այդքան էլ ձեռնտու չէր, իսկ «Մենք»-ում ընդգրկվելուց հետո սեփական անասուններ էլ ունեցանք: Այժմ, ընդհանուր առմամբ, 15-ից ավելի անասուն ունենք»:

ՍԿԶԲՈՒՄ ՄԱՐԴԻԿ ԸՆՏՐԵՑԻՆ ՏԱՐԱԾՔ, ՀԵՏՈ ՏԱՐԱԾՔՆ ԸՆՏՐԵՑ ՄԱՐԴԿԱՆՑ 

Քաշաթաղում և այլուր վերաբնակված մարդկանց մասին գոյություն ունեն զանազան նախապաշարմունքներ, տիրող է այն կարծիքը, որ եկել են ապասոցիալական տարրեր, կասկածելի անցյալի տեր մարդիկ, անհաջողակներ, անկարողներ և այլն: Ինչ խոսք, վերաբնակեցման «պատկերասրահում» այս բոլոր պերսոնաժներից էլ կան: Սակայն ժամանակի ընթացքում այդ «պատկերասրահի» բազմաբղետությունը նվազում է, հստակվում է բնակիչների սոցիալական կազմը, սկսում է հասարակություն ձևավորվել: Ամեն ինչ, սակայն, ածանցյալ է վերաբնակեցման քաղաքականությունից՝ ու՞մ և ինչպե՞ս ենք ուզում վերաբնակեցնել և ի՞նչ նպատակներ ենք հետապնդում:

Թեև կյանքն ու իրականությունն իրենց  քաղաքականությունն են թելադրել: Ինչպես Տիգրան Կյուրեղյանն է ասում՝ սկզբում եկողներն են տարածք ընտրել, հետո տարածքն է ընտրել նրանց: Ում տարածքը չի ընտրել՝ թողել-հեռացել են, իսկ մնացել են նրանք, ովքեր հարմարվել են այդ կոնկրետ տարածքին, նրա բնությանն ու բնական տրամաբանությանը, բնական ընտրությանը: Թույլերը, հեշտ կյանք որոնողները կամ հետ են վերադարձել, կամ գնացել են շրջկենտրոն Բերձոր՝ կաբինետային աշխատանքի, կամ էլ՝ հումանիտար օգնություն ստանալու:

Մնացել են նրանք, ովքեր պատրաստ էին և ունակ էին գոյության պայքարի, ովքեր կռվել են բնության հետ ու սանձել նրան իրենց կամքով: Նրանք, ովքեր տիրոջ զգացողություն ունեին, նրանք, ովքեր արարող են: Կովը կինոյում տեսած մարդիկ այսօր կաթ են արտադրում: Եւ հենց այսպիսիների «սոցիալական պատվեր» պիտի լինի, այլ ոչ թե պարզապես վերաբնակեցման պլան կատարելու, նախանշված ծավալով շինարարություն իրականացնելու և այլն:

«Շինարարություն անելն ու բնակեցնելը տարբեր բաներ են, ու ոչ մի կապ, ըստ էության, չունեն իրար հետ, – ասում է Տիգրանը «Հետք» էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում:- Այսինքն՝ եթե դու ինչ-որ տեղ տուն ես կառուցում ու ասում՝ այստեղ պետք է բերենք մարդ ապրեցնենք, այդ մարդը դառնում է այդ տան կահույքի մի մասը, որովհետեւ ինքը չի մասնակցում այդ պրոցեսին, ինքն ուղղակի դառնում է գործիք: Այս դեպքում բնակեցում ասածը հաստատ չի ստացվի: Այսինքն՝ շատ կարեւոր է այդ տարածքում բնակեցվող մարդկանց մասնակից դարձնել այդ գործընթացին: Երբեք պարտադիր չէ արհեստական ավաններ սարքել, ինչպես, ասենք, Վարդուտը, Քնարավանը, Առաջամուղը, պետք է մարդկանց իրենց ցանկություններից ելնելով բնակեցնել: Եթե մարդ ուզում է գյուղատնտեսությամբ զբաղվել, պարզ է, որ ամենալավ հողերը պիտի տաս, ոչ թե ամենալավ հողերը տաս ինչ-որ օլիգարխի, որպեսզի նա մշակի, այդ վերաբնակին էլ տանես մի անապատ տեղ»:

Տիգրանի նշած բնակավայրերից տեսանք Վարդուտը: Այն, ըստ էության, ուզում են ավանի վերածել՝ ավելի լավ ապրելակերպով, որն, ըստ գաղափարի, պիտի դառնա ձորակի կենտրոնը, բայց այդպիսին կդառնա շրջակա գյուղերի հաշվին: Իսկ խոշորացումը պարզապես անիմաստ է Քաշաթաղում, քանի որ ողջ տարածքը յուրացնելու խնդիր կա: Ասենք, այսօրվա դրությամբ Վարդուտի վրա, ըստ զրույցների, արդեն ծախսված մոտ 300 միլիոն դրամ գումարով կարելի էր սոցիալական և այլ լուրջ խնդիրներ լուծել բազմաթիվ գյուղերում:

Մարտիրոսցի Սամվելին հարցնում ենք՝ կգնայի՞ր խոշորացված գյուղում կամ Վարդուտի պես ավանում ապրելու, ուր շատ ավելի լավ պայմաններ են, նա էլ թե՝ «բա էս լեռներն ու՞մ եմ թողնելու»:

Այդպես է, մարդիկ ընտրել են տարածքը, տարածքն ընտրել է մարդկանց: Պարզապես մնում ամրապնդել այս ընտրությունը:

ՄԵՂՎԱԲՈՒՅԾ ՍԱՄՎԵԼԸ՝ ՄԱՐՏԻՐՈՍԻ ՀԻՄՆԱԴԻՐ 

Վաղազինը, որտեղ հիմա 11 ընտանիք է բնակվում, ձորակի լույս ունեցող գյուղերից վերջինն էր, որ այցելեցինք: Գյուղից մեր «Նիվա»-ն անտառի միջով բարձրացավ դեպի հաջորդ բնակավայրը: Գնալով ավելի շատ էինք բարձրանում, չորս կողմդ ավելի էր տեսանելի դառնում, իսկ բնությունն՝ ավելի գեղեցկանում: Հասանք Մարտիրոս գյուղը, որը նաեւ հայտնի է Արեգունի անունով: Առաջինը, որ աչքներովս ընկավ, բազմաթիվ մեղվափեթակներն էին: Երբ մեքենան կանգնեց, մարտիրոսցի 32-ամյա Սամվելը՝ հոր եւ կողքի գյուղի մի քանի տղամարդկանց հետ միասին զբաղված էին մեղվափեթակների տեղափոխման աշխատանքներով:

Սամվելն այդ գյուղի առաջին բնակիչն է: Ընտանիքով 10 տարի առաջ են եկել ու մտադիր են հետագայում էլ մնալ իրենց հիմնադրած գյուղում: Սամվելը պատմում է, որ նախկինում գյուղն Արեգունի էր կոչվում, բայց հետո իրենց նախաձեռնությամբ գյուղը վերանվանվեց Մարտիրոս: Սամվելը արմատներով Հայաստանի Մարտիրոս գյուղից է, դրա համար էլ որոշել է այդ նույն անունով գյուղում ապրել, բայց՝ Ղարաբաղում: «Երբ եկա Քաշաթաղ՝ տեսա այս վայրն ու շատ հավանեցի: Որոշեցի տեղափոխվել: Այդպես էլ եղավ: Մեզ հետ բերեցինք մեր անասունները եւ սկսեցինք ապրել»,- պատմում է Սամվելը: Նա այնպիսի հպարտությամբ եւ սիրով է խոսում հարազատ Մարտիրոսի մասին, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նա հենց այստեղ էլ ծնվել ու մեծացել է: Գյուղից հեռանալու ոչ մի մտադրություն չունի: «Ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում: Չնայած գյուղի տեղանքը բարձր է, բայց ճնշման հետ կապված խնդիրներ չեմ ունենում, իսկ մինչեւ այստեղ գալը լուրջ խնդիրներ ունեի»,- ասում է նա:

Տիգրան Կյուրեղյանը 1996 թվականին Երեւանից մեկնել է ԼՂՀ՝ ազատագրված տարածքներ, ապրել է Քարվաճառում, իրականացրել գյուղերի վերաբնակեցման ծրագրեր: 2000 թվականից ընտանիքով ապրում է Բերձորում եւ Քաշաթաղի շրջանում իրականացնում է զարգացման տարբեր ծրագրեր: Եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-1995), այնուհետեւ՝ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր:  2003-ին հիմնադրել է «Մենք» գյուղացիական փոխօգնության միություն հասարակական կազմակերպությունը:

Սամվելը հիմնականում մեղվաբուծությամբ է զբաղվում, ինչը հաջողվում է, քանի որ մեղվաբույծի ընտանիքի որդի է: Նախկինում 50 մեղվափեթակ ուներ, իսկ այս տարի դրանց թիվը կրկնապատկվեց: «Այս տարի շուրջ 1 տոննա մեղր եմ հանել: Լավ տարի էր»,- ասում է Սամվելը: Իսկ մեղրը նա իրացնում է Հայաստանում և ստացած եկամուտով էլ տունը պահում է, մեքենաների ծախսերը հոգում եւ այլն:

Սամվելն ափսոսանքով է նշում, որ հարեւաններ չունեն՝ նրանք տարիների ընթացքում հեռացել են գյուղից: Այժմ միակ համագյուղացի ընտանիքը Սամվելի եղբոր ընտանիքն է: Հենց այդպես էլ երկու եղբայրներն ապրում են իրենց հարազատ Մարտիրոս գյուղում:

ՔԱՇԱԹԱՂԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՇԱԹԱՂՑԻՆԵՐՆ ԵՆ 

Մեր այցելության ժամանակ շփվեցինք շատ մարդկանց հետ ու հասկացանք, որ Քաշաթաղի ամենամեծ հարստությունը քաշաթաղցիներն են:

Կոկետուհին՝ լեռներում 

Լիլիթ Բադալյանն ընդամենը չորս տարեկան է, բայց արդեն լեռնցի փարիզուհի-կոկետուհի է՝ այստեղի բնության պես հմայիչ, բնությունից ստացած կամքով ու խասյաթով: Հարցերիդ պատասխանում է բարեկիրթ, բայց երբ գրկում-բարձրացնում ես նրան, չնաշխարհիկ հայացքով նայում է քեզ ու բարեկիրթ սառնությամբ ասում՝ ինձ իջացրու: Ապա, որպեսզի չվիրավորվես, շարունակում է՝ չեմ սիրում: Ու դու իսկույն իջեցնում ես, քանի որ նրա գերող անտարբերությունից ու աչքերում արտացոլված կամքից հասկանում ես, որ հաջորդ քայլն այդքան էլ բարեկիրթ  չի լինի: Հիմա արի ու ի ծնե ազատ այս մարդուն կապանքների մեջ առ: Չի թողնի, կհեռանա: Լիլիթը ծնվել է սավառնելու համար:

Ընդհանրապես, հրաշք երեխաներ են ապրում Քաշաթաղում:

ՎԵՐԻՆՇԵՆՑԻ ԱՂՋՆԱԿԻ ՉԻՆԱՐԵՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ԿԴԱՌՆԱ 

Հիմնաշեն եւ Վերինշեն հասնելն ավելի հեշտ էր, քանի որ այստեղի ճանապարհները վերջերս բարեկարգել են: Երբ հասանք Վերինշեն, արդեն մութն ընկել էր: Մութն ավելի էր ընդգծվում, քանի որ գյուղում լույս չկա: Այստեղ քեզ աշխարհից լրիվությամբ կտրված ես զգում, բջջային հեռախոսակապ էլ չկա:

Չնայած որ գյուղում լույս չկա, վերինշենցի Արտակենց տանը աղոտ լույս էր վառվում մարտկոցի շնորհիվ, իսկ կիսամութ սենյակի մի անկյունում էլ երաժշտություն էր հնչում. PACE ռադիոալիքի երաժշտական հաղորդումներն էին լսում Արտակի երկու տղաները՝ Միքայելն ու Գոռը: Իսկ դուստրը՝ Անին, հիմա Երեւանում է, սովորում է միջազգային հարաբերությունների բաժնում: Մայրը պատմում է, որ Անին գիշեր-ցերեկ գիրք էր կարդում: «Գիշերները շատ հաճախ թաքուն էր ընթերցում՝ ձեթի ճրագի լույսի տակ: Լեզուների հանդեպ սեր ունի, այժմ մի քանի լեզուներ է ուսումնասիրում»,- նշում է Արտակի կինը: «Հունվարից էլ կսկսի չինարեն ուսումնասիրել: Արդեն մասնագետ է գտել Երեւանում, որը ամսական 30 հազար դրամով կպարապի Անիի հետ»,- լրացնում է ամուսինը, որը միաժամանակ վստահեցնում է, որ ամեն ինչ կանի աղջկա այդ ցանկությունը կատարելու համար:

Անին դեռ գյուղում էր, երբ մի օր ցանկություն հայտնեց անպայման չինարեն ուսումնասիրել: Ով կմտածեր, որ «աշխարհից կտրված» այդ գյուղում, կիսավեր տան առանց առաստաղի ու մութ սենյակում փոքրիկ աղջնակի մտքով կանցնի հենց չինարեն ուսումնասիրելու գաղափարը: Եւ աղջնակի այդ ցանկությունն իրականանալու համար Արտակը պատրաստ է ամեն ինչ անել: Ծնողի նման սրտացավության եւ հոգատարության դրսեւորում երեւի թե չես կարող հանդիպել աշխարհի մեկ այլ բնակավայրում, որտեղ այդ ամենն ավելի դյուրին է իրականացնել, քան Արտակի ընտանիքում:

Արտակի հետ կապված հետաքրքիր պատմություն լսեցինք հարեւան գյուղերից մեկում, որտեղ մեզ պատմեցին, որ տարիներ առաջ, երբ դեռ ձորակում մեքենա հայտնվելը հազվադեպ ու զարմանալի երեւույթ էր, Արտակը Բերձոր քաղաքից մի պարկ այլուրը շալակած բերել էր մինչեւ գյուղ: «Երկու օրում տեղ հասա, քանի որ այդքան ծանր պարկով շուրջ 45 կմ անցնելը հեշտ չէր: Ի՞նչ անեի, տանը երկու օրվա ալյուր էր մնացել»,- պատմում է նա: Պարկն էլ ճանապարհին ոչ մի տեղ վայր չի դրել, քանի որ նորից շալակին դնող չէր լինի:

Գյուղի մյուս բնակչի՝ Կարենի տանը լամպ էր վառվում: Այստեղ նույնպես իրար աչքալուսանքի պես փոխանցում էին հաջորդ տարի լույս ունենալու հնարավորության մասին բարի լուրը: 9 տարի առաջ է Կարենը եկել այստեղ՝ սկզբում մենակ, իսկ հետո բերեց նաեւ ծնողներին: Նա այստեղ է ամուսնացել, իսկ հարսը հարեւան գյուղից են բերել: Այժմ երկու աղջիկ ունեն՝ Հասմիկը եւ Լիլիթը: 6-ամյա Հասմիկն առաջին դասարան է հաճախում հարեւան Շալուա գյուղում: Ինչպես նա է պատմում, հայրը «նոր գնած «Նիվա»-ով է նրան դպրոց տանում: Կարենի մեքենայով դպրոց են գնում նաեւ գյուղի մյուս դպրոցահասակ երեխաները: Գյուղի դպրոց են հաճախում նաեւ հարեւան Հիմնաշեն գյուղի երեխաները:

Շալուա գյուղում այժմ 8 ընտանիք է ապրում: Գյուղի կիսավեր փոքրիկ եկեղեցու մոտ գտնվող հին խաչքարերը վկայում են, որ սա հայկական բնակատեղի է եղել:

«Մենք ձեզ հետ զրուցելու կարիքն ունենք»

Վերադարձի ճանապարհին Վազգենաշեն գյուղով պետք է անցնեինք, եւ այստեղ բնակվող երեւանցի ճարտարապետ Սամվելի տուն չմտնել չէինք կարող: Նրանց տանը, ինչպես եւ մյուս գյուղերում հյուրասիրությունը պարտադիր պայման էր, ուր տանտիրուհիներն այնպիսի սիրով էին սեղան բացում, որ տպավորություն է ստեղծվում, թե հյուրերն այդ ընտանիքների հարազատներն են:

Սամվելը հայտնի է ողջ ձորակում, որտեղի գյուղերի հիմնադիրն, ասում են, ինքն է եղել:

«1994-ին ենք եկել ընկերներով այստեղ,- պատմում է գետի երկայնքով ձգվող Վազգենաշեն գյուղի առաջին բնակիչը:- Կողքի տանն էինք մնում, մինչեւ այս տունը վերականգնելը: Ոչինչ չկար՝ ոչ պատուհան, ոչ ապակի, ոչ դռներ: Կամաց-կամաց սկսեցինք ամեն ինչ կառուցել, բանջարեղեն աճեցնել: Երբ որոշ ժամանակ անց մեր ընկերները մեքենայով եկան այստեղ՝ արդեն բերք կար բանջարանոցում»:

Նա կարող էր երկար պատմել իր անցած օրերի մասին, այս գյուղ այցելության առաջին օրվանից մինչեւ հիմա, կամ խոսել հարեւան գյուղերում բնակվող ընկերների ու ծանոթների մասին: Սակայն մենք պետք է արդեն վերադառնայինք: Մեզ բաց թողնել չուզեց, իսկ լուսանկարել թույլատրեց միայն այն պայմանով, որ լուսանկարը ոչ թե ուղարկելու ենք, այլ ինքներս ենք տանելու Վազգենաշեն: «Նկատի ունեցեք՝ մենք ձեզ հետ զրուցելու կարիքն ունենք»,- ասաց նա, երբ արդեն հրաժեշտ էինք տալիս:

ՄԱՐԴԻԿ ԼՈՒՅՍԻ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

Բուն և փոխաբերական իմաստներով

Էլեկտրականությունը լուրջ պրոբլեմ է Քաշաթաղի մի շարք գյուղերում, որտեղ մարդիկ լույսի ու ջերմության կարիք ունեն: Բառի բուն և փոխաբերական իմաստներով: 21-րդ դարում լույս չունենալը, այն էլ այնպիսի կարևորագույն հատվածում, ինչպիսին Քաշաթաղն է, պարզապես անընկալելի է: Բայց էլեկտրականությունից ու ջեռուցումից առավել մարդիկ մարդկային տաք վերաբերմունքի կարիք ունեն: Նրանք ուզում են, որ «իմ ու քո» չլինի, որ իրենք էլ «մենք»-ի մեջ լինեն, որ խտրություն չլինի մարդկային վերաբերմունքի հարցում:

Իհարկե, շատ բան կարելի էր անել Քաշաթաղում՝ էլեկտրականություն, գազ, արտադրանքի իրացում, քաղաքացիության հարցի լուծում և այլն, և այլն: Բայց մարդկանց ավելի շատ խորթության զգացումն է նեղում: Նրանց նկատմամբ հարազատի վերաբերմունք է պետք: Նրանք արժանի են դրան: Նրանք հասկացող, համբերատար ու խղճով մարդիկ են, բայց ամեն ինչ իր սահմանն ունի:

Վերադարձին երկու միտք անընդհատ պտտվում էր մեր գլխներում: Մեկը վերինշենցի Յուրայի` մի հրաշալի մարդու դիտարկումն էր.

– Մեր գյուղը կարծես թե գլոբուսից դուրս, գլոբուսից մի քիչ այն կողմ լինի: Գյուղն էլ, շրջանն էլ: Հասկացեք՝ մենք խեղճ չենք, բայց պետք չէ մեր նկատմամբ խիղճը կորցնել:

Երկրորդը Տիգրանի խոսքն էր.

-Ինչ ուզում եք՝ մեր մասին գրեք, բայց սիրով գրեք:

Քաշաթաղցիների մասին սիրով՝ Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————-

Կարգավորում

Ռ. Քոչարյան. Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումն անհնարին է մինչեւ 2008 թվականի ընտրությունները

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումն անհնարին է մինչեւ Հայաստանի նախագահական ընտրությունները 2008 թվականին: Նրա խոսքերով, որոշակի առաջընթաց է նկատվում բանակցություններում: «Սակայն ես այնքան լավատես չեմ, որպեսզի ենթադրեմ, որ այն կարողանա կոնկրետ արդյունքների հանգեցնել մինչեւ նախագահական ընտրությունները: Բանակցությունների գործընթացը շարունակվում է, եւ դրանում կա եւ դրական, եւ բացասական կողմ»,- նշել է ՀՀ նախագահը:

Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, բանակցությունների սեղանին գտնվող Ղարաբաղի հարցով կարգավորման նախագիծը վկայում է, որ բանակցային գործընթացը որոշակի ուղի է անցել, սակայն Բաքվի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները տպավորություն են ստեղծում, որ այդ գործընթացն անգամ չկա: «Այսպիսով, ներկա դրությամբ գրեթե հիմքեր չկան լավատեսության համար: Կան սպառնալիքներ, եւ մենք մեր քաղաքականությունում պետք է հաշվի առնենք նաեւ այդ սպառնալիքները»,- ասել է ՀՀ նախագահը:

ԱՄՆ-ն չի ստեղծել, բայց փորձում է կարգավորել

ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդը, ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Բաքվում հայտարարել է, թե ԱՄՆ հանդես է գալիս Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, քանի որ ռազմական գործողությունների վերսկսումը, անկախ պատճառներից, աղետ կլինի երկու երկրների համար: Ֆրիդի խոսքով, ԱՄՆ-ն շարունակում է գործակցել Հայաստանի ու Ադրբեջանի հետ` Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար:

«Կարգավորման Կոսովոյի տարբերակը նախադեպ չէ եւ չի կարող լինել այդպիսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, կամ որեւէ այլ հակամարտության համար, քանի որ այդ ամենը շատ առանձնահատուկ գործընթացներ են: Տվյալ տարածաշրջանում շատ կարեւոր է վերականգնել կայունությունը: Նա նաեւ հիշատակել է, որ ԱՄՆ դրամաշնորհային քաղաքականությունը ուղղված է պետություններին օգնելուն` նրանց անկախության եւ հզորացման ճանապարհին:

Դրա հետ մեկտեղ Ֆրիդն ասել է, որ աշխարհում կան շատ խնդիրներ եւ դրանցից ոչ բոլորն է առաջացրել ԱՄՆ-ն: «Օրինակ, մենք չենք ստեղծել իսրայելա-պաղեստինական հակամարտությունը, բայց մենք փորձում ենք այն կարգավորել», – հայտարարել է Դենիել Ֆրիդը:

Կոնստանտին Զատուլին. Երեւանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում կլինի այնպիսին, ինչպիսին միշտ էր

Երեւանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում կլինի այնպիսին, ինչպիսին միշտ էր: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը: Նրա կարծիքով, Հայաստանն ոչ մի դեպքում չի կարող նահանջել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման թեմայից: «Ցանկացած քաղաքական գործիչ Հայաստանում, որը հանդես կգա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական դիրքերը զիջելու օգտին, կկատարի քաղաքական հարակիրի»: Կարող է փոխվել հակամարտության կարգավորման այն ձեւը, երբ Ռոբերտ Քոչարյանն ու Հայաստանն իրենց վրա վերցրեցին Լեռնային Ղարաբաղի շահերի ներկայացումը: Կարող է գործարկվել մի տարբերակ, երբ Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ բանակցային գործընթացի ինքնուրույն մասնակից»,-ասել է նա, հաղորդում է Day.az-ը:

Ռուսաստանը հիմա Ղարաբաղի հակամարտության կարգավորման ժամանակը չունի, գտնում է Պետդումայի պատգամավորը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենից ճիշտը ԱՊՀ շրջանակներում կարգավորելն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Օլեգ Կուլիկովը: «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստեղծված իրադրությունից միակ ելքը միջինտեգրացիոն գործընթացների հզորացումն է. դա ավելի սերտ կապերն են հետխորհրդային տարածքում եւ ԱՊՀ-ի ամրապնդումը: Միայն նոր հետխորհդային միության շրջանակներում է հնարավոր կարգավորել այդ հարցը»,- գտնում է Օլեգ Կուլիկովը: Նրա խոսքերով, քիչ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ կարգավորման շանսերը, քանի որ այդ հակամարտությունը շահավետ է արտաքին ուժերին: «Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, սակայն այսօր դրա ժամանակը չունի: Ռուսաստանն ավելի հրատապ խնդիրներ ունի մերձավոր արտասահմանում. Ուկրաինայի խնդիրը, հարաբերությունների սառեցումը Բելառուսի հետ, դրանք իսլամական աշխարհում առկա խնդիրներն են, ինչպես ավղանական գործոնի հզորացումը Հյուսիսային Կովկասում»,- ասել է պատգամավորը, հաղորդում է «Թրենդը»:

ՍՏՀԿ-ի Անկարայի հռչակագրի տեքստում արտացոլված չէ Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցով

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) ԱԳՆ ղեկավարների համաժողովին ընդունված Անկարայի հռչակագրի տեքստում արտացոլված չէ Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով: Ինչպես հայտնել են http://www.panarmenian.net-ի թղթակցին ՀՀ ԱԳՆ-ում, Հռչակագրի 14-րդ կետում նշված է. «Հաստատում ենք, որ տարածաշրջանի ձգձգվող հակամարտությունները խանգարում են համագործակցությանը, դրանք պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա»: «Ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական անգամ դեզինֆորմացիա են տարածում»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ում:

Հիշեցնենք, որ ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հայտնել է, որ «հռչակագրում նաեւ արտացոլված է Ադրբեջանի դիրքորոշումը, որով կոչ է արվում ՍՏՀԿ երկրներին արձագանքել Հայաստանի բռնազավթողական քաղաքականությանը, որը հանգեցրել է ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը»:

http://www.panarmenian.net

ԵՎՐՈՊԱՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԴԱՍՈՒՄ Է ԱՆՋԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ

Լեռնային Ղարաբաղում մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունը, ի տարբերություն նախորդ համանման ընտրության, այս անգամ չարժանացավ Եվրոպայի Խորհրդի քննադատությանը: Այդ մասին լրագրողները նոյեմբերի 5-ին հիշեցրել են Հայաստան ժամանած Թերի Դեւիսին, ով Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարն է: Ինչու Եվրոպայի Խորհուրդը այս անգամ չդատապարտեց ԼՂՀ ՏԻՄ ընտրությունը, Դեւիսին որոշակի հեգնանքով հարցրել են հայաստանցի լրագրողները:

ԵԽ գլխավոր քարտուղարն ընդունել է, որ այս անգամ իսկապես Եվրոպայի Խորհուրդը չի ասել դատապարտող ոչինչ: Սակայն նա ավելացրել է նաեւ, որ «Լեռնային Ղարաբաղի ռեժիմը աշխարհում ճանաչված չէ, եւ եթե ինքը չի դատապարտում ՏԻՄ ընտրությունը, ապա դա դեռ չի նշանակում, թե ճանաչում է այն»: Թերի Դեւիսի խոսքով, եթե ինքը արձագանքի աշխարհում տեղի ունեցող համանման բաներին, ապա դրա համար գուցե ժամանակը չբավականացնի: ԵԽ գլխավոր քարտուղարը գնացել է անգամ այնքան հեռու, որ համեմատություն է անցկացրել որեւէ տեղ արվամոլների շքերթի արգելման հետ, ասելով, թե այդ դեպքերում պարտադիր չէ, որ ինքն ամեն անգամ հանդես գա այդ արգելքը դատապարտող հայտարարությամբ: Լռությունը երբեմն անհամաձայնության լավագույն ձեւն է, ասել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը, թերեւս չիմանալով, որ հայկական միջավայրում առկա է հակառակ սկզբունքը` լռությունը համաձայնության նշան է:

Լրագրողները Թերի Դեւիսին հարցրել են նաեւ, թե ինչու ինքը, խոսելով Ղարաբաղի մասին, օգտագործում է ռեժիմ հասկացությունը, իսկ օրինակ Կոսովոյի պարագայում դա չի անում: Դեւիսը բացատրել է, թե կա մեծ տարբերություն Ղարաբաղի ու Կոսովոյի միջեւ: ԵԽ գլխավոր քարտուղարի խոսքով, Կոսովոյում «չկա անջատողական ռեժիմ», այնտեղ կառավարում է ՄԱԿ-ը: «Ես հասկանում եմ, որ Կոսովոյում ոմանք ցանկանում են անջատվել Սերբիայից, բայց դա կառավարությունը չէ»,- ասում է Թերի Դեւիսը: Նա Լեռնային Ղարաբաղի իշխանությանը դասում է Աբխազիայի, Մերձդնեստրի եւ մյուս համանման սուբյեկտների շարքը, ասելով, թե դրանք անջատական ռեժիմներ են:

«Լրագիր»

ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մեկնաբանությունը

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Երեւանում ավարտելով բանակցությունները, անդրադարձել է տվյալ պահի իր առաքելության հետ առնչություն չունեցող խնդիրների: Մենք հասկանում ենք, որ պարոն Դեւիսը դա արել է ի պատասխան լրագրողների հարցադրման, սական  զարմանալի է, որ այլ դեպքերում դիվանագիտորեն սակավախոս  եվրոպական պաշտոնյան  թույլ է տվել շեշտադրումներ, որոնք, մեր կարծիքով, չեն պատշաճում ոչ իրեն, ոչ այն հեղինակավոր կառույցին, որը ներկայացնելու պատիվն այսօր ունի նա:

Մասնավորապես, խոսելով ԼՂՀ վերջին ՏԻՄ ընտրությունները դատապարտող հայտարարության բացակայության  մասին, պարոն Դեւիսը, հավանաբար շփոթել է ոչ միայն աշխարհագրական, այլեւ ավանդույթային պարամետրերը: Առնվազն մտահոգիչ է, որ նման մակարդակի պաշտոնյան կարող է նույն հարթության վրա դնել միմյանց հետ որեւէ կապ չունեցող երեւույթները եւ հույս ունենք, որ պարոն Դեւիսը եվրոպական հանրությանը տեղյակ կպահի, թե ինչ համատեքստում է արել ոչ պարկեշտ զուգահեռը:

Ինչ վերաբերում է ԼՂՀ իշխանությունների հասցեին հնչեցված արտահայտություններին, ապա ստիպված ենք պարոն Դեւիսին նկատել տալ, որ անկախության ձգտող բոլոր ժողովուրդներն  էլ պատմական  մի որոշակի ժամանակահատվածում ստիպված են լինում անցնել «անջատողականության» ճանապարհը: ԼՂՀ ժողովրդի մեղքը չէ, որ Խորհրդային Միության փլուզման օրերին Միավորված ազգերի կազմակերպությունը կամ Եվրոպայի Խորհուրդը հասկանալի պատճառներով չէին կարող Լեռնային Ղարաբաղում հաստատել «արտաքին կառավարում», ինչը լեգիտիմություն կտար ներկայիս անկախությանը:

Ավելին, այն, ինչ ՄԱԿ-ն արել է Եվրոպայում` կանխելով էթնիկ զտումները եւ ցեղասպանության սպառնալիքը, ԼՂՀ ժողովուրդն իրականացրել է բացառապես  սեփական ուժերով` օգտագործելով ինքնապաշտպանության իր անկապտելի իրավունքը: Եթե պարոն Դեւիսը չի տիրապետում փաստերին, ապա ստիպված ենք նրան հիշեցնել, որ 1991թ. նոյեմբերի 24-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի որոշմամբ լուծարվել է ԼՂ ինքնավար կարգավիճակը եւ պաշտպանության ու ներքին գործերի նախարարությանը հանձնարարվել է «միջոցներ ձեռնարկել` պաշտպանելու ԼՂ ադրբեջանցիների անվտանգությունը»: Եթե սա ԼՂ բնիկ հայ բնակչությունը տարհանելու կամ բնաջնջելու նպատակով ընդունված որոշում չէ, ապա խնդրում ենք, որ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը մեկնաբանի, թե ինչու Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմնի որոշման մեջ ոչ մի խոսք չկա ԼՂ հայ բնակչության քաղաքացիական եւ մարդկային իրավունքների  մասին:

Կարծում ենք, որ Ադրբեջանի զինված նախահարձակումը հաջողությամբ հաղթահարած, պետական կառավարման որոշակի ուղի անցած եւ այսօր ժողովրդավարական զարգացման ձգտող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային հանրության կողմից ճանաչվելու ավելի օրինական հիմքեր ունի, քան այն կազմավորումը, որին հղում է անում պարոն Դեւիսը:

6 նոյեմբերի, 2007թ.,  ք. Ստեփանակերտ
ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

——————————————————————————————-

Ներպետական

ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆ. «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ԿԱ ՇԱՐԺՈՒՄ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԳՆԱՀԱՏՎԻ»

Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի կազմակերպության հերթական՝ շրջանային ժողովը ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ է ընտրել Դավիթ Իշխանյանին (ՀՅԴ ԿԿ-ի անդամներ են ընտրվել Կամո Մարտիրոսյանը, Ժիրայր Շահիջանյանը, Սամվել Քոչարյանը, Վլադիկ Դանիելյանը, Արթուր Խաչատրյանը, Արմեն Սարգսյանը, Վահրամ Բալայանը, Ալյոշա Գաբրիելյանը): Հիշեցնենք, որ այդ քաղաքական պաշտոնը վերջին մի քանի տարիներին զբաղեցնում էր Արթուր Մոսիյանը, որը նորերս նշանակվել է ԼՂՀ արդարադատության նախարար:  Փոփոխությունները մեկնաբանելու և առաջիկա անելիքների մասին պատմելու խնդրանքով «Դեմո»-ն դիմեց Դ. Իշխանյանին:

– Պարոն Իշխանյան, նախ՝ շնորհավորում ենք այդ պաշտոնում ընտրվելու համար: Ինչպե՞ս է շրջանային ժողովը գնահատել կառույցի 2 տարվա աշխատանքը:

– Շնորհակալություն: Այո, մենք քննության ենք առել 2 տարվա աշխատանքը, որին, ընդհանուր առմամբ, բավարար գնահատական է տրվել: Դրա մեջ, իհարկե, կային եւ ինքնաքննադատության տարրեր, սակայն չեմ կարծում, որ իմաստ ունի ջրի երես հանել մեր ներքին խնդիրները: Առավել եւս, որ մենք մեր մեջ ուժ ենք գտնում ինքներս հաղթահարել տարաձայնությունները: Ժողովի գնահատականները հիմա վերլուծվում են եւ կհրապարակվեն մեր ավանդական բանաձեւերի միջոցով, որոնք նաեւ հետագա գործունեության առաջարկներ կընդգրկեն:

– Իսկ եթե ավելի կոնկրետ՝ ժողովը ինչպե՞ս է գնահատել ամռանը կայացած նախագահական ընտրություններում Դաշնակցության մարտավարությունը: Ճի՞շտ եք համարել, որ աջակցել եք միասնական թեկնածուին:

– Նախագահական ընտրությունների հարցը մենք քննարկել ենք դեռ մարտին կայացած արտահերթ ժողովում, որտեղ որոշվել է խորհրդակցություններ անցկացնել քաղաքական ուժերի հետ՝ միասնական գաղափարի շուրջ համախմբվելու ակնկալիքով: Եթե դա չհաջողվեր, Դաշնակցությունը կառաջադրեր սեփական թեկնածու: Այդպիսի մարտավարություն էր ընտրվել: Գտնում եմ, որ այս մարտավարությունը հիմնականում արդարացրել է իրեն: Համենայն դեպս, այս ժողովը որոշել է շարունակել ընդունված ուղեգիծը:

– Մինչեւ նախագահական ընրությունները Դաշնակցությունն իրեն ներկայացնում էր որպես կառուցողական ընդդիմություն: Հիմա ինչպե՞ս կձեւակերպեք կուսակցության քաղաքական դիրքորոշումը:

– Աջակցելով միասնական թեկնածուին, մենք փաստորեն կազմում ենք պետական կառավարման մի մաս: Սակայն չենք ասում, որ ամեն ինչի հետ համաձայն ենք: Ես գտնում եմ, որ պետական այսօրվա քաղաքականությունը շարունակությունն է 90-ականների կեսի քաղաքականության: Մի պահ ընդհանուր շղթայի օղակ է կորել, հատկապես՝ իշխանության հանդեպ ժողովրդի վստահության առումով: Եւ եթե այդ վստահությունը վերականգնվում է, ուրեմն դա դրական է:

Մենք ասել ենք մեր խոսքը եւ համակարգային, եւ կադրային քաղաքականության վերաբերյալ եւ չենք պատրաստվում դավաճանել մեր սկզբունքներին: Սակայն հասարակության պառակտմանն էլ ենք դեմ: Ժամանակը ցույց կտա, թե որքանով էր ճիշտ այդ քաղաքականությունը:

– Իսկ գո՞հ եք արդեն կատարված կադրային նշանակումներից:

– Եթե ելնելու լինենք մասնագիտական սկզբունքից, ապա չեմ կարող ասել, որ նշանակումները լրիվությամբ արդարացված են: Սակայն կա մի այլ սկզբունք՝ հիմնվել բարոյական արժեքներ ունեցող մարդկանց վրա: Եւ այս առումով որոշ բաներ առավել ընկալելի են դառնում: Կարծում եմ, կա շարժում, որը պետք է գնահատվի: Կան բացասական երեւույթներ, որոնք նվազել են, ասենք՝ պաշտպանության, առողջապահության ոլորտներում: Մարդկանց մեջ այն զգացումն է առաջացել, որ պետության վերահսկողությունը վերականգնվում է: Դա ի շահ պետության է, եւ մենք պետք է մասնակից դառնանք այդ գործընթացին:

– Առաջիկա երկու տարում որո՞նք կլինեն կուսակցության առաջնահերթությունները:

– Դա կլինի կազմակերպական, քաղաքական եւ գաղափարական երկամյակ: Այդ ժամանակաշրջանում, ինչպես հայտնի է, ընտրություններ չեն նախատեսվում: Մենք կաշխատենք եւ ներկուսակցական ոլորտում, եւ պետական շինարարության ուղղությամբ: Հիմնական ուղղությունները՝ սոցիալական խնդիրներ, երիտասարդություն, վերաբնակեցում:

– Հասարակության ո՞ր հատվածն է, ըստ Ձեզ, ընդունում Դաշնակցության գաղափարները:

– Այն, որ Արցախի հասարակության միայն 2-3 տոկոսն է ՀՅԴ մաս կազմում, ես համարում եմ լրիվ նորմալ: Անցած խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել, որ Դաշնակցությունը ունի բնակչության 25-30 տոկոսի աջակցությունը: Ես կարծում եմ, որ հիմա բնակչության մոտ 40 տոկոսը պատրաստակամ է մեզ ռեալ աջակցելու: Պարզապես, հայտնի պատճառներով, դիրքորոշում արտահայտելու հնարավորությունը որոշակի քաղաքական պայմաններից է կախված: Թեկուզ կարելի է նկատել, որ վերջին՝ նախագահական եւ ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսի գործակցումը նվազել է:

– Դուք ասել եք, որ առաջիկայում Ղարաբաղում ընտրություններ չեն նախատեսվում: Բայց նախագահական ընտրություններ են սպասվում Հայաստանում: Դաշնակցությունը որոշել է մասնակցել ընտրություններին սեփական թեկնածուով, եւ երկու առաջադրվածներից պետք է ընտրի մեկ թեկնածու: Սակայն վերջերս շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակում Դաշնակցությունը կհրաժարվի սեփական թեկնածուի գաղափարից եւ կպաշտպանի «հիմնական» թեկնածուներից մեկին:

– Ես լսել եմ դրա մասին եւ զարմանում եմ: Կարծում եմ, որ դրանք արհեստական լուրեր են: Մենք ողջունում ենք այն փաստը, որ նախագահական ընտրություններում սեփական թեկնածու առաջադրելու մասին որոշումն ընդունվել է Ղարաբաղում անցկացված Գերագույն ժողովում: Չեմ կարծում, որ այդ ժողովի որոշումները չեղյալ կհայտարարվեն: Ավելին, կարող եմ ասել, որ նոյեմբերի 30-ին Երեւանում կկայանա Հայաստանի Գերագույն մարմնի ժողովը, որտեղ եւ կընտրվի Դաշնակցության թեկնածուն: Կարծում եմ, որ այդ ժողովում բավականին դժվար ընտրություն կլինի, քանի որ երկու առաջադրվածներն էլ արժանի են թեկնածու լինել:

Հարցազրույցը վարեց Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆԸ 

ԿԱՐԵՎՈՐՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՃԻՇՏ ՈՒՂԻՆԵՐՆ ՈՒ ԾՐԱԳՐԵՐՆ ԸՆՏՐԵԼՆ Է

Իշխելը եւ իշխանությունն ի սկզբանե ներհատուկ է հասարակական համակարգին, որի էությունը մարդկային գործունեության, շփումների ու հարաբերությունների կարգավորումն ու կառավարումն է: Ներկա ժամանակահատվածում մենք հայտնվել ենք պետական-քաղաքական իշխանության դրսեւորման մի յուրօրինակ փուլում, երբ ձեւավորվել է գույքային-սոցիալական անհավասարությունը:

Հասարակության քաղաքական համակարգի կարեւորագույն օղակը պետությունն է: Պետությունը կազմակերպում, ղեկավարում եւ կառավարում ու վերահսկում է մարդկանց, սոցիալական խմբերի ու խավերի հարաբերությունները, համատեղ կյանքի ու գործունեության բոլոր բնագավառներում սահմանելով եւ հրապարակայնորեն հաստատելով որոշակի կարգ ու կանոն, որոնք պարտադիր են բոլորի համար:

Պետության էությունը բնութագրող կարեւորագույն գործոն է քաղաքական ռեժիմը՝ վարչակարգը: Մարդկության պատմության մեջ հստակ տարբերակված են քաղաքական վարչակարգի  /իշխանության իրականացման/ երկու հիմնական ձեւեր՝ դեմոկրատական /ժողովրդավարական/ եւ դիկտատորական /բռնապետական/:

Դեմոկրատիան /ժողովրդավարությունը, հուն.demos-ժողովուրդ եւ kratos-իշխանություն, «ժողովրդի իշխանություն») քաղաքական կառավարման այնպիսի վարչակարգ է, որի դեպքում ժողովրդի մասնակցությունը երկրի կառավարման գործին միջնորդավորված է եւ իրականացվում է ընտրվածների միջոցով: Ժողովրդավարական բնույթ ունեցող վարչակարգերին հատուկ են հետեւյալ հատկանիշները՝ մեծամասնության կամքի, որպես իշխանության աղբյուրի ընդունումը, քաղաքացիների իրավահավասարությունը եւ հասարակական կյանքի կառավարման հնարավորությունը, ընտրությունների միջոցով իշխանության հիմնական մարմինների ձեւավորումը, օրենքի գերակայությունը, ինչպես նաեւ բազմակուսակցական համակարգի եւ բարեկեցիկ ապրելակերպի առկայությունը:

Ժողովրդավարական պետությունը, Ու. Չերչիլի խոստովանությամբ, շատ հեռու է կատարյալ լինելուց: Այս դատողությունները հաստատվում են մերօրյա ժողովրդավար պետությունների քաղաքական ռեժիմները հետազոտող քաղաքագետների եզրակացություններով՝ ժամանակակից ժողովրդավարությունը բավականին հեռու է իր հռչակած նպատակներից ու սկզբունքներից… եւ կարիք ունի արմատական վերակառուցման: Մենք գտնում ենք, որ ժողովրդավարությունը մեծապես կշահի, եթե պետական պաշտոնյաների /չինովնիկների/ ընտրությունները լինեն համընդհանուր եւ հաճախակի, կրճատվի նրանց իշխանության ղեկին գտնվելու ժամանակը, կազմակերպվի իրենց ընտրողների առջեւ նրանց կանոնավոր պարտադիր հաշվետվություն ու հստակ գործի ետ կանչելու իրավունքն ու մեխանիզմը:

Դիկտատորական /բռնապետական/ քաղաքական ռեժիմները հատուկ են այն պետություններին, որտեղ իշխանությունը կենտրոնացված է միապետի, օլիգարխների /քչերի իշխանություն/ ձեռքում կամ իրականացվում են տոտալիտար /լատ.՝ ամբողջ, լրիվություն/ եւ ավտորիտար /լատ.՝ իշխանություն, ազդեցություն/ քաղաքական ռեժիմներով:

Հակադեմոկրատական-տոտալիտար պետություններին հատուկ են պետական եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտների վարչահրամայական կառավարում եւ խստագույն վերահսկում, անհատների կամ սոցիալական խմբերի կողմից ինքնուրույն, այլընտրանքային կարծիքների արտահայտման դեպքում դրանց դաժանորեն ճնշում, համընդհանրության եւ անսխալականության հավակնող գաղափարախոսության անսահմանափակ իշխանությունը, հասարակության եւ անձի արմատական վերափոխումը, բազմաբնույթ ուտոպիաների բռնի եւ հարկադրական իրականացումը, իրենց նպատակներին հասնելու պատրվակով հասարակության բոլոր անդամների մշտական եւ անդադար քաղաքականացումը եւ միասնականացումը, կատաղի պայքարը ներքին եւ արտաքին թշնամիների դեմ թույլատրելի եւ անթույլատրելի միջոցներով, ինքնուրույն քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների վերացումը եւ փաստացի միակուսակցական պետական կառավարման հաստատումը, մարդու հիմնական իրավունքների արգելումը, կենտրոնական եւ տեղական կուսակցական բյուրոկրատիզմի տիրապետումը: Մարդկությունը վերջին երկու տասնամյակներում ճիգեր է գործադրում հաղթահարելու բռնապետական-տոտալիտար վարչակարգերը:

Հարց է ծագում՝ իսկ դեպի ո՞ւր է ընթանում մեր հասարակությունը, եւ ինչպիսի՞ հասարակարգ պիտի կառուցել երջանիկ լինելու համար: Ելնելով վերոնշյալից՝ ԼՂՀ-ն կարող է կայանալ միայն ու միայն այն դեպքում, եթե պահպանվեն ժողովրդավարական արժեքները, եթե իշխանության գործունեության մեջ արտացոլված լինեն հանրային ձգտումները, այլ ոչ թե ընդհակառակը: Հանրությունը պիտի ոչ թե գործիք լինի իշխանության ձեռքին, այլ լինի իշխանության գործընկերն ու օգնականը: Հուսով եմ, որ սա քաջ գիտակցում է նոր նախագահ Բակո Սահակյանը: «Գործիք» հանրությունը չի կարող նրա աջակիցը լինել, նրան հեռու պահել սխալներից: Այս պատմական պահին կարևորն առաջընթացի ճիշտ ուղիներն ու ծրագրերն ընտրելն է, իսկ դա կարելի է անել միայն գիտակից հանրության պարագայում:

Վանյա ԱՎԱՆԵՍՅԱՆ

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐՏԵ՞Ղ ԵՍ…

Ըստ մեր Սահմանադրության՝ պետությունն ապահովում եւ պաշտպանում է մարդու իրավունքները եւ ազատությունները, ճանաչվում եւ պաշտպանվում է սեփականության իրավունքը, յուրաքանչյուր ոք ունի իր բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Սահմանադրության այս հիանալի տողերով եմ սկսում իմ պատմությունը, հարգելի ընթերցող, Սահմանադրություն, որի օգտին մենք քվեարկել ենք հանրաքվեի ժամանակ: Սակայն այն, ինչ տարիներ շարունակ կատարվում է մեր ընտանիքի հետ, ամենևին էլ Սահմանադրությամբ հիանալու տեղիք չեն տալիս: Դատեք ինքներդ:

1995 թ.  սեպտեմբերի 16-ին գողություն կատարվեց մեր բնակարանում, հափշտակեցին տարիների ընթացքում մեր բոլոր խնայողությունները, թանկարժեք իրերը: Տարիներ անց գողերին գտան, սակայն նրանց ոչ միայն չտուժեցին, այլ նաև ազատեցին՝ փոխհատուցելու մեզ հասցված վնասը, պատճառաբանելով, որ գողերից մեկը անվճարունակ է, իսկ մյուսը գտնվում է հանրապետությունից դուրս: Դե, իհարկե, նրանք էլ են մարդ, նրանք էլ են պաշտպանվում պետության կողմից: Ստիպված էինք համբերելու և սպասելու, թե երբ պիտի նրանք փող ունենան, որ փոխհատուցեն մեզ հասցված վնասը: Ի վերջո, 1 մլն 604 հազարից փոխհատուցեցին 200 հազարը:

2002-ի մարտի 25-ին Այգեստան գյուղում հրկիզեցին մեր երկհարկանի տունը: «Վառվեց» նաեւ առաջին հարկում պահվող մեծ քանակության շինանյութ: Հարուցվեց քրեական գործ եւ նշանակվեց հանձնաժողով մեզ հասցված վնասը գնահատելու համար: Հանձնաժողովը վնասը գնահատեց նվազագույն չափով՝ 4 մլն 680 հազար դրամ (տունն ու պահեստավորված շինանյութը միասին):

Բնականաբար, մենք էլ քննիչներին հավասար ձգտում էինք բացահայտել հանցագործության հանգամանքները: Օրինապահ մարմինների «քրտնաջան» աշխատանքի արդյունքում ազատազրկման դատապարտվեց մի երիտասարդ, որը հետագայում վճիռը բողոքարկեց գերագույն դատարանում, հայտնելով, որ իրեն խաբել են, եւ որ կեղծ խոստովանությունից հետո պիտի իրեն ազատեին պատասխանատվությունից: Գերագույն դատարանի վերաքննիչ եւ վճ -ռաբեկ ատյաններում այդ հայտարարությունը գնահատեցին որպես պատասխանատվությունից խուսափելու փորձ: Հաշվի չառան նաեւ իմ ներկայացրած փաստերը, որոնք կարող էին փոխել գործի էությունը:

Հետագայում պարզվեց նաեւ երրորդ անձի եւ կազմակերպչի մասնակցությունը հանցագործությանը: Ես ձայնագրեցի այդ մարդու պատմածները եւ ներկայացրի գլխավոր դատախազությանը, խնդրելով այն ընդունել որպես նոր ի հայտ եկած փաստ, ու կատարել նոր նախաքննություն: Կրկին որոշեցին գործը կարճել:

Այս գործը դեռ գտնվում էր միջդատական վարույթի փուլում, երբ նախկին հանցագործության /գողության/ մասնակիցներից մեկը, որը արդեն բնակվում էր Ուկրաինայում, ձերբակալվեց եւ էտապավորվեց ԼՂՀ: Տեղի ունեցավ նոր դատական նիստ: Համաներման հրամանագրով նա ազատ արձակվեց, որոշվեց պարտավորեցնել նրան մեզ հասցված վնասի կեսը փոխհատուցելու:

Ահա այսպիսի անպատժելիություն: Մարդիկ էլ մտածեցին, որ եթե նախորդ հանցագործությունների դեպքում հանցագործները տույժ չեն ստացել, ինչո՞ւ երրորդն էլ չկազմակերպել: Այսպես մտածեցին մի խումբ երիտասարդներ եւ կատարեցին երրորդ հանցագործությունը: Ամիսներ շարունակ նրանք շորթման ճանապարհով փող էին վերցնում իմ անչափահաս երեխաներից: Հանցագործությունը բացահայտվեց պատահականորեն, երբ ես իմ երեխայի դպրոցական պայուսակում հայտնաբերեցի մի գրություն, որում նշված էր պահանջվող փողի չափը եւ վճարելու ժամկետը:

Չնայած այս անգամ հանցագործները բացահայտ էին, սակայն առաջվա նման նրանցից ոչ մեկը տույժ չկրեց: Հանցավոր խմբի մեջ կար միայն մեկ անչափահաս, որի վրա էլ բարդվեցին հանցավոր արարքները, եւ գործը փակվեց:

Իհարկե, ունենք պետություն, որը Սահմանադրության համապատասխան պաշտպանում է  իր քաղաքացիներին, սակայն ըստ երևույթին իրականության մեջ առաջնորդվում են «մեծամասնական» սկզբունքով՝ ավելի լավ է պաշտպանել տասնյակ անձանց (հետո՞ ինչ, որ նրանք հանցագործներ են), քան մեկին:

Վերջում պարզապես ավելացնեմ, որ դիմել եմ նաև երկրի նախագահին և հաճելիորեն զարմացել, որ նրա աշխատակազմից սկսել են հետաքրքրվել: Բայց հավատս կվերականգնվի միայն այն ժամանակ, երբ կոնկրետ արդյունքներ լինեն:

Հասմիկ ՂՈՒԼՅԱՆ

——————————————————————————————-

Մշակույթ

«ԵՍ ՉԵՄ ԵԿԵԼ ԱՅՍՏԵՂ ՓՆՏՐԵԼՈՒ ԱՅՆ, ԻՆՉ ՉՈՒՆԵՄ ՓԱՐԻԶՈՒՄ, ԱՅԼ ԵԿԵԼ ԵՄ ՓՆՏՐԵԼՈՒ ԱՅՆ, ԻՆՉ ԿՈՐՑՐԵԼ ԵՄ ԱՅՆՏԵՂ»

Ռեժիսոր Նարեկ ԴՈՒՐՅԱՆԸ կրկին Ստեփանակերտում է: Մեր հանդիսատեսը ռեժիսորին գիտի որպես «Մորաքույրը Փարիզից» ներկայացման բեմադրող կամ՝  որպես «Օհան Դուրյանի տղան»: Ինչպես ինքն է ասում, այս անգամ եւս գրկաբաց է եկել՝ չնայած մի շարք չգոհացնող հանգամանքների: Նախքան զրույցը սկսելը ֆրանսահայ ռեժիսորը ներողություն խնդրեց «մեկումեջ ռուսերեն բառեր օգտագործելու համար» եւ անմիջապես էլ ավելացրեց, որ դա ամենեւին չի նշանակում, թե ինքը Արարատը չի սիրում, չի երազում Արեւմտյան Հայաստանի մասին կամ քյաբաբ չի ուտում:

Իսկ զրույցը սկսեց նրանով, որ կարծիքներին ինքը կարեւորություն չի տալիս, հատկապես, եթե իր ներկայացումներին է վերաբերում՝ լինեն դրանք դրական, թե բացասական. «Ինձ համար կարեւորը այն վերջին ծափահարություններն են»: Միանգամից անցում կատարելով Ստեփանակերտի թատերական կյանքին, ռեժիսորը խոստովանեց, որ թատրոնը ճահճացած վիճակում է. «Այսօր ի՞նչ է առաջարկում այս թատրոնը՝ բարձր աշխատավա՞րձ, ճամփորդություննե՞ր, բուռն ստեղծագործական կյա՞նք: Ճահիճ է առաջարկում: Միայն գիտեմ, որ այդ թատրոնում կան մարդիկ, ովքեր իսկապես ուզում են դուրս գալ այդ վիճակից, իսկ կան նաեւ այնպիսիք, որ չեն ուզում դուրս գալ, չնայած որ շատ լավ կլիներ»:

-Փոշմանե՞լ եք, որ եկել եք:

– Թող տպավորություն չստեղծվի, որ անիմաստ եմ համարում գալս: Ես գիտեմ, որ իմ այստեղի գործունեության մեջ մեկենասություն կա: Կառավարական մարմինների հետ խոսակցություն ունեցա, եւ ինձ խոստացան, որ թատրոնը կվստահեն ինձ եւ թիկունք կկանգնեն: Ի վերջո, ես կարող եմ ինչ-որ ճանապարհներ բացել: Բայց իշխանությունը փոխվեց, նոր մարդիկ եկան եւ, բնականաբար, տեղավորվելու խնդիր ունեն, ու արդեն ես չէ, որ պիտի առաջարկություններով հանդես գամ: Եթե ուզում են, որ այս թատրոնը առաջընթաց ապրի՝ թող մտածեն, եզրակացություններ անեն:   Թատրոնը պետք է մի լավ թափ տալ, որ ապրի: Բայց այսօր դրա մասին ոչինչ չի խոսվում:

– Իսկ ի՞նչ է խոսվում փոխարենը:

– Փոխարենը ինձ հարցնում են. «Այ, եթե դուք թատրոնը ստանձնեք, կգա՞ք այստեղ ապրելու»: Ղարաբաղի ամենահմայիչ կողմերից մեկն այն է, որ ամենացածր մակարդակը դառնում է ամենաբարձրը, եւ ամենաբարձրը՝ ամենացածր: Գիտե՞ք ինչ, եթե ես գամ այստեղ ապրելու՝ այս թատրոնին պետք չեմ լինի: Այս թատրոնին պետք եմ այն դեպքում, երբ դրսում եմ, որպեսզի կարողանամ դրսի հետ կամուրջ ստեղծել:

– Խոստացել էիք, որ Ստեփանակերտում բեմադրված «Մորաքույրը Փարիզից» ներկայացումը տանելու եք Ֆրանսիա` հյուրախաղերի:

-Այո, նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 4-ը Փարիզում, Մարսելում, Վալանսում, Մոնտե Կառլոյում խումբը պետք է խաղա: Իսկ այստեղ դուք դատապարտված եք Նեմիրովիչ-Դանչենկոյի սիստեմով ներկայացումներ նայելուն: Ցավով եմ այս ամենն ասում, որովհետեւ խենթանում եմ այս երկրի համար: Ֆրանսիական այսպիսի մի ասացվածք կա. «Ձվածեղ առանց հավկիթները կոտրելու՝ չես կարող սարքել»: Աստված երկար կյանք տա այդ թատրոնի տարիքով դերասաններին: Բայց նոր սերունդ է պետք: Անհնարին է թատրոնն առանց նոր ոգու: Ստիմուլ չկա, երազանք չկա: Եթե այս ամենը նորմալ է ձեզ համար, ապա թող մնա: Ես հեռվից եկած հյուր եմ, ես չէ, որ պիտի դաս տամ ձեզ, սա ձերն է:

– Բայց չէ՞ որ այսօր կարծես թե ամբողջ աշխարհում է թատրոնը ճգնաժամ ապրում:

– Ես նույնպես այդպես եմ կարծում: Ընդամենը 100 տարի ժամանակ եմ տալիս թատրոնին, որովհետեւ հեռուստացույցի պես հանցագործ երեւույթ չկա: Մի լավ աֆորիզմ կա, բայց հեղինակին չեմ հիշում. «Աշխարհում ամենամեծ երկու հայտնագործություններից մեկը տպարանն էր, որ մեզ գիրք նվիրեց, եւ հեռուստատեսությունը, որ գիրքը մեզնից խլեց»:

– Այդ դեպքում Արցախի թատերախումբը ինչո՞վ է  գրավելու ֆրանսահայ հանդիսատեսին:

– Առայժմ միայն աշխարհագրական դիրքով: Ժամանակը կգա՝ թատերախումբը կհզորանա, եւ ես կուզենայի, որ երեւանցիների քիթն էլ տրորեն:

Հարցազրույցը վարեց Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԸ

ՇՆՈՐՀԱՇԱՏ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ

Ադելան՝ Արշալույս Սարգսյանը, ճանաչված դեմք է հայ ժամանակակից արվեստում: Ծննդով արցախցի (Մարտունու շրջանի Պառավաթումբ գյուղից է) շնորհաշատ արվեստագետն ապրում ու ստեղծագործում է Հայաստանում, բազմաթիվ ստեղծագործությունների և ուսումնասիրությունների հեղինակ է: Որտեղ էլ հասել է նրա պրպտուն միտքը՝ հրաշալի գյուտեր է արել: Նա այն եզակիներից է, որ հանգամանորեն ուսումնասիրել է հայոց տարազներն ու ժանյակները, տարիներ շարունակ ուսումնասիրել է հայ կիրառական արվեստի նրբագեղ տեսակներից մեկը՝ ձեռագործը, միաժամանակ ասեղնագործել և հյուսել է բազմաթիվ աշխատանքներ, որոնք ցուցադրվել են տարբեր տարիների անհատական ցուցահանդեսներում: Ինքն այսպես է բնորոշել իր իսկ գործունեությունը. «Հոգուս պարտքն եմ համարում ձեռքերիս շնորհքը և սրտիս մեջ անթեղված արվեստի լույսը դնել հայրենի հողիս պատմագրության էջերում, որտեղից լույսի շողեր կծագեն մեր մանրանկարչության, ժանեկագործության և առհասարակ ձեռնահյուսքի ապագայի համար»:

2007 թվականը բեղմնավոր էր արվեստագետի համար: Նա լույս է ընծայել երեք գիրք՝ «Ծաղկիր, Շուշի» երգարանը (արցախահամ մեղեդիներ), «Մուսայիս» քնարական երգերը և «Այբուբենի շքահանդես» գրքույկը (ձեռնարկ տարրական դասարանների ուսուցիչների համար):

Ադելան մեր թերթի լավագույն բարեկամներից է, ում ստեղծագործությունները պատիվ ենք ունեցել տպագրելու թերթի էջերում: «Դեմո»-ն ի սրտե շնորհավորում է շնորհաշատ արվեստագետին ու հրաշալի մարդուն և մաղթում ստեղծագործական նորանոր թռիչքներ:

«ԴԵՄՈ»

ՇՐՋԱԳԻԾ ԵՎ ԿՅԱՆՔ

/հատված պոեմից/

Ռոբերտ ԵՍԱՅԱՆ

Վանդակավոր է ազատությունը հայացքի խորքում

որի իմաստը նժարվում է լոկ բանտախցերի

ստվերների վրա

որտեղ մի անտես ու զորեղ մի ձեռք

պատուհաններ է նկարում հույսի

կարմիր կավիճով

Վանդակավոր է ազատությունը երազի խորքում

Քամին խառնում է պատառիկները մենությունների

եւ անսպասելի պտուտահողմով

բարձրացնում երկինք

Երազանքները բացում են թեւերը

հիշողության

Արցունքները

ճիչեր են

ազատության

որոնցով ճեղքվում են անապատները

ոգու ճակատագրի կարմիր

լեզու որով գծագրվում է ճակատի

հորիզոնը Քարաժայռից կախված

մտքեր արյուն հավատամք /Սերը

օազիս է հիշողության անապատներում/

Վանդակավոր է ազատությունը հավատի խորքում

Ներդաշնակության բեւեռների միջեւ

ժայթքում է երկինքը

անորոշության բիբերը կտցահարող

թռչուններ են վայրկյանները

Հավատս թոթափում է իրենից

թարթիչները սովորության

Ավետիսներ կախված Ապագայի

կեռերից Արյուն արյուն արյուն

Դատարկության զսպանակ է փողոցը

հիշողության Բեւեռից

բեւեռ միավորում է ոգին

առնչության Հիշողության

թեւերը բարձրացնում են ճիչերը

անապատի

Եվ վանդակներ են թափվում թեւերից հրեշտակների

——————————————————————————————-

ԱՍՈՒՅԹՆԵՐ

Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ամեն մի գործ էլ ավելի լավ կատարելու տարբերակ է ունենում, որը հայտնաբերում է նա, ով պրպտուն միտք ու ձգտում է ունենում:

Կյանքի իմաստը հավանորեն կայանում է նրանում, որ ծննդյան օրից մինչեւ մահ հատկացված ժամանակահատվածը օգտագործվի ազնվորեն եւ արդյունավետ՝ եթե հաջողվի:

Օրենքի գերակայությունը ոմանց համար չկանխարգելված անօրինականությանը որեւէ ձեւով օրինական բնույթ տալ է նշանակում:

Գոյություն ունեցող թերությունների մասին չխոսելը չի նշանակում, թե այդպիսով կարելի է ժխտել, քանի որ դրանք անընդհատ քայքայիչ դեր են կատարում:

Արդարացի լինելու համար պետք է լինել սրատես՝ աչքով, հոգով ու մտքով:

Մոլորությունները սովորաբար լինում են ժամանակավոր, բայց պատահում է նաեւ՝ շատ տեւական ու կործանարար, երբ մարդ չի կարողանում սթափվել, ուղիղ ճանապարհ գտնել:

Կենսական, առաջնահերթ կարիքները հոգալու հնարավորությունից զուրկ մարդը չի կարող իրեն ոչ ազատ, ոչ էլ անկախ զգալ:

Լավատեսությունները միշտ չէ, որ լավ հետեւանքներ են ունենում, առավել եւս, երբ հաշվարկները իրատեսական չեն լինում:

Զորեղների մոտ անզորները բարություն ու գթասրտություն են որոնում, բայց միշտ չէ, որ գտնում են:

Մրգի փչանալու պատճառ կարող է դառնալ մի փոքր վնասվածքը, իսկ հասարակության բարոյալքման համար՝ փոքր ու մեծ անբարո երեւույթների նկատմամբ կուտակված անտարբերությունը:

Ոմանք սեփական սխալ վարվեցողության համար զղջալու փոխարեն արդարանում են, մատնացույց անելով ուրիշների՝ չդատապարտված նման արարքները:

Դավաճանությունը ամենաստոր եւ աններելի հանցանքն է մարդկային փոխհարաբերություններում, որն անպայման վնասում է երկու կողմերին էլ, բայց ոչ միշտ՝ միաժամանակ ու հավասար չափով:

Ազնիվների անդրդվելի հակառակորդները անազնիվներն են, որոնք սովորաբար ձգտում են նրանց վերագրել իրենց իսկ հատուկ անազնվությունները:

Մարդուն հետապնդելը տհաճ, անախորժ երեւույթ է, որը երբեմն արտահայտվում է նաեւ արհամարհանքի ձեւով:

Չճանաչված պետությունների չճանաչված լինելն, այնուամենայնիվ, բացասաբար է ազդում թե իշխողների, թե իշխվողների բարոյահոգեբանական առանձնահատկությունների վրա:

Անկարգները չարիք են հասարակության համար, բայց պատահում է, երբ օրինապահին չի հաջողվում նմանին վերափոխել, կարգապահներին է առաջարկվում հարմարվել ու լինել հանդուրժող:

Խոհեմը սովորաբար ինքն է առաջինը սեփական սխալը տեսնում, զգում, իսկ ուրիշների նկատածն էլ հոժարակամությամբ է ընդունում:

Ստորաքարշությունը, շողոքորթությունն ու քծնանքը նույնքան դատապարտելի երեւույթներ են, որքան դատապարտելի ու արգելման է ենթակա կեղծված փողերով առեւտուր անելը:

Մարդու վրա գաղափարապես եւ հոգեպես ներգործելու ամենամեծ ուժն ու հուսալի միջոցը իրականության դասերն են, տեսանելի կյանքը, որն իր համոզչականությամբ բոլոր մրցակցություններում հաղթող է հանդիսանում:

Ճարպակալելը վնասակար է, հատկապես երբ ճարպակալում են մարդու ուղեղն ու սիրտը:

Զորեղի ոտքերն ընկնող ողորմածություն հայցողի համար բացառված չէ անտարբերության հետեւանքով նրա ոտքի տակ ընկնել-ճզմվելը:

Հույս սպանելը մարդ սպանելուց շատ չի տարբերվում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s