№ 2 / 15 փետրվար

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԽԱՂԵՐ

Անսպասելի լուրը եկավ սկզբում Հադրութից: Մարդիկ զանգում էին խմբագրություն և փորձում պարզել, թե ինչու են բնակիչներին առաջարկում անվճար լուսանկարվել «անձնագրային չափսերով»: Նրանք տեղեկացրին, որ շրջանում ինչ-որ մարդիկ այդ նպատակով ցուցակներ էին կազմում, իսկ վարչակազմն էլ ոչ մի կերպ չի բացատրում այդ գործընթացի բուն նպատակը: Թեև շրջանառվող լուրերի համաձայն՝ դա արվում է նոր անձնագրեր տրամադրելու նպատակով:

Հենց Հադրութում էլ ծնվեց իրականացվող միջոցառման նպատակի առաջին վարկածը, այն է՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար, ծննդով հադրութցի Արթուր Աղաբեկյանը,  ինչպես նաեւ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պատրաստվում են առաջադրվել ԼՂՀ նախագահի թեկնածու, ինչը խորապես մտահոգել է երկրի ղեկավարությանը: Հադրության վարկածի համաձայն՝ հնարավոր թեկնածուների «առաջն առնելու» նպատակով որոշվել է շրջանառության մեջ դնել նաև ներքին գործածության անձնագրեր, որոնցով էլ, ըստ մտահղացման, պիտի արցախցիները քվեարկեն:

Մի քանի օր անց՝ փետրվարի 7-ին, թեմային անդրադարձավ Մուրադ Պետրոսյանը՝ իր հեղինակային վերլուծական հեռուստածրագրում պատասխանելով հեռուստադիտողներից մեկի հարցին: Մ. Պետրոսյանն ասաց, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն` դա լինելու է ներքին գործածության անձնագիր, ինչպիսիք կան, ասենք, Աբխազիայում և Հարավային Օսիայում: Դա հաստատվեց նաև հաջորդ օրը՝ արդարադատության նախարար Ռ. Հայրապետյանի մամուլի ասուլիսի ժամանակ, որը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, հաստատեց իրողությունը, սակայն հստակ գնահատական չտվեց անցկացվող միջոցառման իրավական հենքին:

Եւ այսպես, փաստը հաստատվեց՝ որոշվել է ԼՂՀ քաղաքացիներին նոր անձնագրեր տրամադրել: Ու անմիջապես ծնվեցին հարցեր՝ ո՞վ է որոշել, ի՞նչ հիմնավորվածությամբ ու պատճառաբանությամբ, ի՞նչ օրենքների ու իրավական ակտերի համաձայն: Եւ ամենակարևորը՝ ինչու՞ է դա արվում թաքուն ու գաղտագողի: Տեղական լրատվամիջոցներով մարդկանց չեն տեղեկացրել, անտեղյակ է նաև Ազգային ժողովը, բնակչության զգալի մասն ընդհանրապես խաբար չունի այս մասին: Ինչու՞:

Այս ինչուներին, ինչպես և հանրությանը հուզող մյուս հարցերին մեզ մոտ ընդունված չէ պատասխանել, ընդհակառակը՝ արատավոր ավանդույթի համաձայն ժողովրդի կենսական հարցերին առնչվող որոշումներ ընդունվում են առանց նույն այդ ժողովրդին տեղյակ պահելու և նրա կարծիքը իմանալու: Ու քանի որ ոչ ոք հարկ չի համարում պարզաբանել իրավիճակը, ապա բոլոր հիմքերն ունենք սեփական ենթադրություններն անելու:

Եթե տեղական անձնագիրն,  ըստ հադրության վարկածի, նրա համար է, որ քվեարկեն միայն այդ անձնագրով, ապա հիշյալ թեկնածուները, բնականաբար, նոր անձնագրից չեն ստանա: Բայց վտանգն ավելի մեծ է, քան հնարավոր թեկնածուներից բխող «վտանգը»: Եւ ահա թե ինչու:

Փորձը ցույց է տալիս, որ կարճ ժամկետում հնարավոր չէ ավարտել նման միջոցառում, իսկ նախագահական ընտրություններին մնացել է ընդամենը մի քանի ամիս, և այդ ժամկետում հաստատ չի ավարտվի գործընթացը: Հիշենք թեկուզ, թե ինչքան երկար տևեց նախկին սովետական անձնագրերի փոխարինումը ՀՀ անձնագրերով (ի դեպ, մինչև այսօր էլ դեռ կան մարդիկ, որ չեն փոխել): Սա նշանակում է, որ ընտրություններին կարող են մասնակցել միայն նրանք, ովքեր հասցրել են ստանալ նման անձնագրեր, ստացողներն էլ հաստատ առաջին հերթին «վստահելի» քաղաքացիներն են լինելու: Ապաքաղաքականացված մեր հանրությունում դժվար թե մարդիկ շտապեն օր առաջ նոր անձնագիր ստանալ, ինչ է թե անպայման պիտի մասնակցեն ընտրություններին, նամանավանդ, որ իրենց համար կենսական ու լուրջ հարցերից մեկը՝ երկրից դուրս ճամփորդելը, առաջվա պես հնարավոր կլինի «հին» անձնագրով: Կամ էլ եթե թույլատրվի նաև այլ փաստաթղթերով մասնակցել ընտրություններին, ապա այնպիսի արհեստական խոչընդոտներ կստեղծվեն, որ մարդ զահլա չի ունենա անցնել այդ քաշքշուկով: Ու կստացվի մի բավականին տխուր պատկեր նախագահական ընտրությունների ֆոնին:

Չենք բացառում, որ սա ընդամենը վարկած է, այն էլ՝ իրականությունից շատ հեռու: Այդ դեպքում ինչու՞ թաքուն է արվում գործընթացը:

Մի հանգամանք ևս՝ եթե իշխանությունները չեն ուզում, որ գործընթացը կապվի գալիք նախագահական ընտրությունների հետ, ապա թող այն իրականացնեն ընտրություններից հետո: Համոզված ենք, այդ ընթացքում աշխարհը փուլ չի գա:

——————————————————————————————-

Լրահոս

Ղարաբաղ. Որեւէ որոշում ստիպելով՝ Ռուսաստանը կարող է փչացնել հարաբերությունները Երեւանի կամ Բաքվի հետ

«Մենք չենք կարող ոչ մեկին ստեղծված իրավիճակից դուրս ելնելու որոշում ստիպել: Քանի որ, եթե մենք միայն փորձենք այդ քայլին դիմել, եթե որեւէ որոշում ստիպենք, մենք, գուցե, ընդմիշտ փչացնենք մեր հարաբերությունները կամ հայ, կամ ադրբեջանցի ժողովրդի հետ: Պետք չէ մեզ վրա բարդել այդ խնդիրը»,- Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե «արդյոք Մոսկվան մտադիր է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել» Ղարաբաղյան հարցում: «Դուք ինքներդ պետք է այս իրավիճակից դուրս ելնելու ընդունելի տարբերակ գտնեք: Սակայն եթե հեռանանք շատ լուրջ հարցերից, ապա մեզ, իհարկե, տխրեցնում է այն, ինչ մենք տեսնում ենք Աղդամի շրջանում: Քանի որ մենք ահա դիտարկում էինք անորակ ալկոհոլային արտադրանքի հարցը, իսկ ինչպես հայտնի է, պորտվեյնն Աղդամից միշտ եղել է էժան, եւ Խորհրդային Միության տարածքում բավականին տարածված թույլ ալկոհոլային խմիչքներից մեկը: Ինչ-որ մեկը կվերականգնի. կամ հայերը, կամ ադրբեջանցիները: Թող միասին անեն, թող համատեղ նախագիծ լինի»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

PanARMENIAN.Net

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ԿԿԱՅԱՆԱՆ ՀՈՒԼԻՍԻ ԿԵՍԵՐԻՆ

Այս տարվա ամռանը մեզ մոտ նախատեսվում են նախագահական ընտրություններ: Ե՞րբ է նշանակվելու ընտրությունների օրը, ե՞րբ կարող են առաջադրվել նախագահի թեկնածուները: Այս հարցերի պարզաբանումները ստացանք ԼՂՀ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանից:

Նրա խոսքերով, ԼՂՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին կետի եւ ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հանրապետության նախագահի ընտրությունները անց են կացվում նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ: Ընտրությունների օրը ԱԺ-ի կողմից նշանակվում է ընտրությունների օրից ոչ ուշ, քան 100 օր առաջ: «Ընտրական օրենսգրքի 88-րդ հոդվածի համաձայն, կուսակցության /կուսակցությունների դաշինքի/ կամ նախաձեռնող խմբի կողմից նախագահի թեկնածություն առաջադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում ընտրությունների օրից ոչ շուտ, քան 90 եւ ոչ ուշ քան 75 օր առաջ, իսկ թեկնածուների գրանցումը` ընտրությունների օրից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ»,-նշել է նա:

Իսկ ե՞րբ է գործող նախագահի լիազորությունների ավարտը հարցին Յու.Հայրապետյանը պատասխանեց. «Նախագահը իր պաշտոնը ստանձնել է 2002թ. սեպտեմբերի 7-ին, ուստի լիազորությունների ավարտն էլ կլինի այս տարվա սեպտեմբերի 7-ը»:

Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 7-ը լիազորություների ավարտի օրն է, մեր հաշվարկներով թեկնածուների առաջադրումը կլինի մոտավորապես ապրիլի երկրորդ կեսին, իսկ ընտրությունների օրը՝ հուլիսի կեսերին:

http://www.karabakhopen.com

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 15-ԱՄՅԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ԱԹԵՆՔԻ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Աթենք, 04.02.2007. «Հայաստան լրատու»: Հունաստանի Ազգային Պաշտպանության Պատերազմական թանգարանի շքեղ սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն` հրավերքով ՀՀ դեսպանության, կազմակերպված Հունաստանում եւ Կիպրոսում ՀՀ ռազմական կցորդ, փոխգնդապետ Սամվել Ռամազյանի: Հանդիսությանը ներկա էին ավելի քան 400 պաշտոնական անձինք, այդ թվում` Հունաստանի Ազգային Պաշտպանության փոխնախարար Վասիլիոս Միխալոլիակոսը, Հունաստանում հավատարմագրված օտարերկրյա մոտ 50 դեսպաններ, դեսպանորդներ, ռազմական կցորդներ, Հունաստանի ԱՊ եւ զորատեսակների Գլխավոր շտաբների ներկայացուցիչ բարձրաստիճան զինվորականներ, հունահայ հոգեւոր դասը, հայկական տարբեր կազմակերպությունների ղեկավար եւ վարչական պատասխանատուներ, Հունաստանի ռազմա-ուսումնական բարձրագույն հաստատություններում ուսանող ՀՀ ԶՈՒ կուրսանտներ:

Հանդիսությունն սկսվեց Հանրապետական մաղթանքով, որը կատարեց հունահայոց հոգեւոր դասը: Այնուհետեւ փոխգնդապես Սամվել Ռամազյանի կողմից ՀՀ ԶՈւ զինանշանով պատվո հուշատախտակներ հանձնվեցին Հունաստանի Ազգային Պաշտպանության փոխնախարար Վասիլիոս Միխալոլիակոսին, Հունաստանի Ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Էմմանուիլ Քսիդերիսին, Հունաստանի ԱՊ նախարարության Պատերազմական թանգարանի տնօրեն, գեներալ-մայոր Անդրեաս Պապասպիրուին, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ «Ռազմական կրթության» հոբելյանական մեդալով պարգեւատրվեցին գեներալ-լեյտենանտ Յորղոս Կարապոստոլուն, Հունաստանի ռազմա-ուսումնական հաստատություններում ՀՀ ԶՈՒ-ի կուրսանտների ուսումնառությունը հովանավորող «Երեւան» խնամակալ միության անդամներ եւ հունահայ այլ անհատներ:

Իր շնորհավորական ելույթում Հունաստանի ԱՊ փոխնախարար Վասիլիոս Միխալոլիակոսը նշեց, որ ցեղասպանությունից հետո Հունաստանում հաստատված հայերը մշտապես ծանր պահերին համատեղ մարտնչել են ընդհանուր թշնամիների դեմ` հերոսության բազմաթիվ օրինակներ ցույց տալով: Ըստ այդմ, հունահայությունը մշտապես հարգանք է վայելել Հունաստանում՝ որպես դաշնակից եւ եղբայր ժողովուրդների մի մասնիկ: Նշվեց նաեւ, որ ներկա միջազգային մարտահրավերների պայմաններում, հայ-հունական ռազմական համագործակցությունն առավել կարեւորվում եւ բովանդակալից նոր որակներ է ստանում:

Մարզական լուրեր

Իրանական Ահվազ քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Քոթանջյանը կիսել է 1-3-րդ տեղերը: Նա 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Նման ցուցանիշ են ունեցել նաեւ Իրանի դրոշի ներքո հանդես եկող Մագհամի Էշանը եւ Մահյուբ Մորտեզը:

***

Փետրվարի 14-ին Մոսկվայում մեկնարկեց շախմատի Աէրոֆլոտի միջազգային մրցաշարը: A1, A2, B եւ C Խմբերում հանդես կգան մի շարք հայ շախմատիստներ:  A1 խմբում ամենաբարձր վարկանիշն ունի Վլադիմիր Հակոբյանը: Նրա հետ  հանդես են գալիս նաեւ մինչեւ 20 տարեկանների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրեասյանը, Աշոտ Անաստասյանը, Կարեն Ասրյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Պետրոսյանը:

***

Փետրվարի 16-ին կմեկնարկի Լինարեսի շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարին կմասնակցի նաեւ հայ գորսմայստեր Լեւոն Արոնյանը: Նրա հետ կմրցեն Վ.Թոփալովը, Վ.Անանդը, Պ.Լեկոն, Ա.Մորոզեւիչը, Թ.Ռաջաբովը, Պ.Սվիդլերը, Մ.Կարլսենը: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 314 հազար եվրո, իսկ հաղթողը կստանա 100 հազար եվրո:

***

Ավարտվեց ԼՂՀ դպրոցականների շախմատի օլիմպիադան, որին մասնակցում էին 8 թիմեր՝ Ստեփանակերտից եւ հանրապետության բոլոր շրջաններից: Այս անգամ ևս Ստեփանակերտի թիմը համոզիչ հաղթանակներ ունեցավ եւ զբաղեցրեց առաջին տեղը: Երկրորդ տեղը գրավեց Մարտունու թիմը, իսկ երրորդը՝ Շուշիի թիմը: Հաղթող թիմը մարտին կմասնակցի հայաստանյան օլիմպիադային:

——————————————————————————————

«The Kurdish Globe» շաբաթաթերթն անդրադարձել է հայությանը վերաբերող խնդիրներին

Աթենք. «Հայաստան լրատու» 09.02.2007: Իրաքյան Քրդստանի Արբիլ քաղաքում տպագրվող «The Kurdish Globe» շաբաթաթերթի վերջին համարի (փետրվար 6, 2007 թ., թիվ 96) երեք էջերում տարբեր հոդվածներ են տպագրվել հայության վերաբերյալ:

Թերթի չորրորդ էջում «Քրդերը ասում են, որ այս տարածքում հայերին պայծառ ապագա է սպասվում» խորագրով լրատվությունն անդրադառնում է մայրաքաղաք Բաղդադից եւ Իրաքի այլ շրջաններից համեմատաբար ավելի անվտանգ` իրաքյան Քրդստանի Արբիլ քաղաք մեկնած հայ ընտանիքներին:

Տասներկուերորդ էջում «Հրանտ Դինք. 1.5 միլիոն առավել մեկ զոհ. Հայոց ցեղասպանությունը» հոդվածում խոսվում է Հրանտ Դինքի սպանության մանրամասների մասին:

10-րդ էջում «Ամոթալի մի արարք. ինչո՞ւ է Անկարան ուրանում Հայոց ցեղասպանությունը» եւ «Թուրքիան Օսմանյան կայսրության շարունակությո՞ւնն է» հոդվածներում Գալիբ Օզմանն անդրադառնում է Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրներին:

«The Kurdish Globe»-ը քրդական միակ անգլիատառ թերթն է:

http://www.kurdishglobe.net

Լույս է տեսել
ՋՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Ստեփանակերտի «Դիզակ պլյուս» տպագրատանը լույս է ընծայվել Դավիթ Բաբայանի «Ջրի հիմնախնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ենթատեքստում» գիրքը՝ ռուսերեն լեզվով: Գրքի տպագրությունը երաշխավորել են ԼՂՀ ԿՄՍ նախարարությունը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտը:

Եթե ցայսօր ազատագրված տարածքները դիտարկվել են բացառապես ռազմական տեսանկյունից, ապա տվյալ աշխատությունն ընդգծում է այդ տարածքների ոչ նվազ կարևորությունը Արցախի և Հայաստանի «ջրային անվտանգության» ապահովման տեսակետից:

«Դեմո»-ի խմբագրակազմն ի սրտե շնորհավորում է երիտասարդ գիտնականին ու քաղաքագետին, մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ:

«ԴԵՄՈ»

——————————————————————————————-

Մոցիալական

ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքների համար նոր տարին նշանավորվեց նրանով, որ ԼՂՀ կառավարության կողմից հաստատվեց «երկար սպասված» հիփոթեքային վարկերի տրամադրման կարգը, որը, ըստ գործադիր մարմնի ներկայացուցիչների խոստումների, պետք է մշակվեր եւ հաստատվեր դեռեւս անցյալ տարի, սակայն գործընթացը չգիտես ինչու ձգձգվեց: Թերեւս այդ էր պատճառը, որ 2006-ին պետբյուջեով նախատեսված 200 մլն դրամի չափով հիփոթեքային վարկը չտրամադրվեց, եւ որոշվեց գումարը տրամադրել այս տարվա համար հատկացված 500 մլն դրամի հետ: Փաստորեն ստացվում է այնպես, որ 2007-ին կտրամադրվի 700 մլն դրամի հիպոթեքային վարկ:

Ի՞նչ պայմաններով են տրամադրվելու վարկերը

Քանի՞ երիտասարդ ընտանիք հնարավորություն կունենա բնակարան ձեռք բերել և ի՞նչ պայմաններով: Այս եւ նման հարցերի պատասխանները  կարելի է գտնել հաստատված կարգում: Իսկ թե ովքեր կարող են օգտվել հիպոթեքային վարկից՝ դեռ հայտնի չէ: ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատուրյանի խոսքերով, այդ չափորոշիչները կորոշի փորձաքննական հանձնաժողովը, որի կազմում կընդգրկվեն մեկական ներկայացուցիչ ԼՂՀ Ազգային Ժողովից, ԼՂՀ կառավարության աշխատակազմից, մի քանի նախարարություններից, Զարգացման արցախյան գործակալությունից եւ ԼՂՀ արհեստակցական միությունից:

Հանձնաժողովի կողմից հայտերի առաջնահերթության որոշման չափորոշիչները հաստատվելու են ԼՂՀ վարչապետի որոշմամբ, որով հաստատվելու են նաեւ վարկառուին տրամադրվող վարկի գումարը, նպատակը եւ մարման ժամկետը: Նախարարի հավաստմամբ, հիփոթեքային վարկերի տրամադրումը կիրականացվի Զարգացման արցախյան գործակալության միջոցով, որն իրականացնում է նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման աջակցությանն ուղղված վարկավորման ծրագիրը, իսկ գործընկեր բանկը, ամենայն հավանականությամբ, կլինի «Արցախբանկը»:

Հիփոթեքային վարկերը տրամադրվում են մինչեւ 15 մլն դրամի չափով, բայց ոչ ավելի, քան բնակարանի վաճառքի գնի կամ անհատական բնակելի տան շինարարության արժեքի 80 տոկոսի չափով, մինչեւ 20 տարի մարման ժամկետով, տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով, որից 2 տոկոսը որպես Գործակալ բանկի գործակալության վճար:

Հաստատված կարգը կարգավորում է ԼՂՀ-ում նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գնման ու անհատական բնակելի տների շինարարության համար ԼՂՀ քաղաքացիներին հիփոթեքային վարկերի տրամադրումը: Բազմաբնակարան բնակելի շենքի շինարարության համար հիփոթեքային վարկերի տրամադրման տարեկան ծրագրի շրջանակներում «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ը շինարարության պատվեր է ներկայացնում ԼՂՀ քաղաքաշինության նախարարությանը՝ շենքի նախագծման, նախահաշվային փաստաթղթերի կազմման եւ շինարարությունն իրականացնելու նպատակով, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի անցկացման եւ մրցույթում հաղթած շինարարական կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի կնքման եւ շինարարական աշխատանքների ապահովման համար:

Գործակալությունն ապահովում է տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի կողմից հողատարածքի հատկացման, նախագծի համաձայնեցման, շինարարության թույլտվության ստացման աշխատանքները եւ շինարարության ֆինանսավորումը՝ ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից ներկայացված հայտերի համաձայն: Բազմաբնակարան շենքի շինարարությունն ավարտվելուց եւ հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացվելուց հետո գործակալությունն իրականացնում է անշարժ գույքի սահմանված կարգով պետական գրանցումը: ԼՂՀ վարչապետի որոշմամբ հաստատվում են բազմաբնակարան բնակելի շենքի շինարարության հետ կապված բոլոր ծախսերը եւ բնակարանների վաճառքի գները:

Որքա՞ն եկամուտ է պետք հիփոթեքային վարկից օգտվելու համար

Վարկից օգտվելու համար, կարգի համաձայն, վարկառուի ընտանիքի դրամական եկամուտների գումարը, առանց ընտանիքի անդամների կենսաապահովման համար անհրաժեշտ գումարի /մեկ շնչի հաշվով Ստեփանակերտում ամսական  20 հազար դրամի, մյուս բնակավայրերում՝ 10 հազար դրամի չափով/, պետք է բավարարի վարկային պարտավորության մարման համար սահմանված ամսական վճարումը: Վարկառուն հիփոթեքային վարկից կարող է օգտվել միայն մեկ անգամ:

Գործակալության պատվերով ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունն ապահովում է բնակելի տների տիպային նախագծերի եւ նախահաշիվների մշակումը եւ դրանք հաստատած տրամադրում է գործակալությանը, որոնցից վարկառուն կատարում է ընտրություն՝ հայտը ներկայացնելու պահին: Ի դեպ, վարկառուին էլ է հնարավորություն ընձեռվում ներկայացնել իր նախագիծը եւ նախահաշիվը՝ կազմված մասնագիտացված կազմակերպության կողմից: Անհատական բնակելի տների շինարարությունն իրականացվում է շինարարական մրցույթում հաղթող ճանաչված շինարարական կազմակերպության կամ վարկառուի կողմից:

Ըստ կարգի, Զարգացման արցախյան գործակալությունը ստացած հայտերը 10-օրյա ժամկետում ներկայացնում է Գործակալ բանկի քննարկմանը, որտեղ մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրվում է վարկառուների վարկունակությունը եւ տրվում համապատասխան եզրակացություն: Բանկի կողմից դրական եզրակացություն ստացած հայտերը քննարկում է փորձաքննական հանձնաժողովը:

Գործակալությունը բանկի կողմից դրական եզրակացություն ստացած հայտերը 10-օրյա ժամկետում ներկայացնում է հանձնաժողովի քննարկմանը, որից հետո հիփոթեքային վարկերի համար նախատեսված գումարի սահմաններում ըստ առաջնահերթությունների հաստատվում են հայտերը:

Անահիտ  ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

ԻՆՉԻ՞ ՀԱՇՎԻՆ ԵՆ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄՆԵՐԸ

ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Հակոբ Ղահրամանյանի խոսքերով, նախորդ տարվա համեմատ՝ 2006 թվականին ԼՂՀ պետական բյուջեի դրամական մուտքերի զգալի աճը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների՝ ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի եւ առեւտրի հարկի, հաստատագրված վճարների հավաքագրման ցուցանիշների աճով: Ավելացված արժեքի հարկի նախորդ տարվա համեմատությամբ` 85.1 տոկոսով աճը պայմանավորված է համախառն ներքին արդյունքի աճով, եկամտահարկի աճը՝ աշխատավարձերի բարձրացմամբ, իսկ առեւտրի հարկի աճը՝ ինչպես ապրանքանյութական արժեքների հաշվառման հսկողության, այնպես էլ վարչարարության ուժեղացման հետ: «Ստուգումների արդյունքներով 400 մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություններ է առաջադրվել»,-ասել է Հ.Ղահրամանյանը «Ազատ Արցախ»-ին տված հարցազրույցում:

Ընդհանուր առմամբ, 2006 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները գերազանցել են պլանավորված ցուցանիշները 783 մլն. 850 հազ. դրամով, իսկ նախորդ տարվա մակարդակը՝ 2 մլրդ. 654 մլն. դրամով:

Ինչպես նշել է Հ.Ղահրամանյանը, ԼՂՀ հարկային քաղաքականության իրականացման ժամանակ առաջնայնությունը տրվում է հարկի խթանիչ գործառույթին, եւ վերջին տարիներին ԼՂՀ տնտեսական դաշտում արձանագրված հաջողությունները մասամբ դրա արդյունք են: Ղարաբաղում աշխատող բիզնեսմենները նշում են, որ կառավարության հարկային քաղաքականությունը ոչ թե նպաստում, այլ ընդհակառակը` խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը: Որպես ապացույց գործարարները նշում են այն փաստը, որ վերջին մի քանի տարիների ընթացքում դադարել են արտասահմանյան եւ տեղական ներդրումները, խոշոր ձեռնարկություններ չեն բացվել, իսկ առեւտրային բիզնեսը մնացել է 2000 թվականի մակարդակի վրա: Հարկային ծառայության կողմից ձեռնարկվող միջոցառումները բիզնեսմենները համարում են ամեն գնով պետբյուջեն «լցնելու» միջոց: Եւ չնայած, օրենքի համաձայն, տարվա ընթացքում հարկային դրույքաչափերը չեն փոխվում, ամեն ամիս հարկային օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ են մտցվում, որոնք բարդացնում են հարկային վարչարարությունը: Դա բերում է տուգանքների եւ տույժերի ծավալների աճի, որը բարձրացնում է հարկերի չափերը: Բացի այդ, դա բերում է տնտեսվարող սուբյեկտների դժգոհությունների, որոնք դժգոհում են հարկային աշխատողների ոչ հարգալից վերաբերմունքից, եւ այն բանից, որ իրենց ստիպում են հաշվետվությունների ցուցանիշները փոխել: Ասենք, հիմնարկը հաշվետվություն է հանձնում, եւ հարկային ծառայության աշխատողը հաշվապահին ստիպում է «ծավալները ավելի բարձր ցույց տալ»: Նա արդարացնում է դա նրանով, իբր նրանց վրա էլ են «պլան դնում»: Բացի այն, որ հիմնարկի հաշվապահները ստիպված են լինում ժամերով հերթ կանգնել` հաշվետվություն հանձնելու համար, փաստորեն նրանցից ոչ մեկն առանց տուգանքների չի վերադառնում: Հաշվապահները հաշվետվությունը հաջողված են համարում, երբ մինիմալ չափով են տուգանվում:

Ո՞վ պետք է գնահատի ԼՂՀ հարկային քաղաքականությունը: Ո՞վ կարող է պարզել, թե քաղաքականությունը ի օգուտ է գործում, թե ի վնաս: Ցավոք սրտի, Ղարաբաղում չկան գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք կարող էին թվային տվյալներ տալ: Եւ դրա համար իշխանությունները շարունակելու են գովաբանել ԼՂՀ հարկային դաշտը, որը, չգիտես ինչու, ոչ մեկին չի գրավում, իսկ տնտեսվարող սուբյեկտները եռամսյակային հաշվետվությունից մեկ ամիս առաջ պատրաստվում են ոչ հաճելի եւ թանկ գործընթացին:

http://www.karabakhopen.com

 

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՄԱՐԴԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ

Վերջերս սկսեցի մտորել այն հարցի շուրջ, թե ով եմ ես իմ հայրենիքում, ինչ է հայրենիքը, ինչ արժե մարդու կյանքը մեր երկրում և այլն: Ապրում եմ գյուղում՝ Բերդաշենում, մասնակցել եմ մեր ազատամարտին ու վիրավորվել Մարզիլին ազատագրելու ժամանակ, այսինքն՝ ինձնից կախվածն արել եմ հայրենիքը պաշտպանելու համար: Իմ ուժերի ներածին չափ ուզում եմ օգտակար լինել նաև պաշտպանված հայրենիքի շենացմանը: Երիտասարդ ընտանիք ենք, չորս երեխաներ ունենք: Ապրում եմ այստեղ և կուզեի միշտ էլ իմ հայրենի հողում լինել: Բայց որքանո՞վ եմ ես պետք իմ երկրին ու հայրենիքին, որքանով են ինձ աջակցում, որպեսզի ես ու իմ ընտանիքը ապահով զգանք մեզ: Ի՞նչ ասեմ, կասկածները տանջում են ինձ:

ՈՒրախությանս չափ չկար, երբ Բերդաշենում սկսվեցին գազիֆիկացման աշխատանքները: Բայց ես երախտագիտության և հրճվանքի փոխարեն այսօր հիասթափություն եմ ապրում…

2006թ. սեպտեմբերին գյուղում առաջիններից մեկը մեր օջախում գազ վառվեց: Այդ օրը իսկական տոն էր մեր ընտանիքում՝ երեխաներս հրճվանքի մեջ էին՝ ձմեռը տաք է լինելու, և փայտով վառարանի ծուխը չի մրմռացնելու նրանց աչքերը: Սակայն  օրերից մի օր ես նկատեցի, որ գազի հաշվիչը լավ չի աշխատում և այդ մասին անմիջապես հայտնեցի պատասխանատու անձին՝ Գոռ Սողոմոնյանին, որը, հանելով հին հաշվիչը, տեղադրեց նորը: Երկու ամիս անց ինձ մեղադրեցին հաշվիչը միտումնավոր փչացնելու մեջ, իսկ մի քանի օրից ընդհանրապես հանեցին հաշվիչը և անջատեցին գազը: Ընտանիքս մնաց ցրտի մեջ, իսկ ես էլ «դարձա» հանցագործ: Էլ հեչ, որ միայն մեր գյուղում մի քանի տասնյակ հաշվիչ է փչացել: Մի՞թե դրա համար մենք ենք մեղավոր, ինչու՞ ոչ ոք չի հարցնում, թե այդ անորակ հաշվիչներն ինչու են տեղադրում:

Դիմեցի “Արցախգազ” ՓԲԸ-ի տնօրենի տեղակալին, սակայն նա բացարձակապես չէր ուզում լսել իմ բացատրությունները, նրան չէին հետաքրքրում ոչ իմ ապացույցները, ոչ էլ իմ 4 երեխաներին ցրտում թողնելը: Ինձ տեղեկացրին վճիռը՝ 50000 տուգանք և 25000 էլ նոր հաշվիչ տեղադրելու համար: Մեղա, Աստված… Իսկ եթե հանկարծ 2-րդ հաշվիչն էլ 2 ամսից հետո բերեն ու ասեն, որ էլի ես եմ փչացրել… «Թող դատարանը որոշի»՝  ասացին ինձ:

Լավ, իսկ եթե հանկարծ դատարանն էլ կանգնեց ու արդարությունը պաշտպանեց և մի 2 ամիս հետո որոշեց, որ Մհեր Սողոմոնյանի մեղքը ապացուցված չէ՞… Իմ ձմեռվա գազը մայիսի՞ն են տալու: Ինչպե՞ս պիտի փոխհատուցեն իմ չորս երեխաների ցրտում մնալը:

Մի հարց էլ է ինձ տանջում՝ ինչքանո՞վ է ղարաբաղցին պաշտպանված, որքանո՞վ են պաշտպանված նրա իրավունքները: Եվ ի՞նչ անուն տալ սեփական քաղաքացու նկատմամբ պետության նման վերաբերմունքը: Մենք հո թշնամի չե՞նք այս երկրում: Փոխանակ օգնելու և աջակցելու՝ ամեն ինչ անում են մեր կյանքը բարդացնելու համար: Այն տպավորությունն ունեմ, որ մի շարք ծառայությունների նպատակը մարդկանց համար թակարդներ ու ծուղակներ պատրաստելն է:

Մհեր ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
գ. Բերդաշեն

——————————————————————————————-

Ընտրություններ

Այլեւս ՉԸՆՏՐԵՆՔ միևնույնը և   միևնույններին, ինչ ճաշակում ենք 15 տարի

Լինենք քաջարի և գիտակից. Ընտրենք ազնիվը, արդարը, հանձնառուն

Սա կարելի է. սրան պետք է հավատանք: Վախի, հարմարվողության, ենթարկվածության և փախուստի փոխարեն ընտրենք ՃԻՇՏԸ՝ հայ նոր լիարժեք մարդ, քաղաքացի և նոր հայրենիք Հայաստան կերտելու ի խնդիր:

Լավը՝ պարզի, սովորականի (հասարակի) մեջ է, ոչ թե «էլիտար» և «եսակենտրոն» արտոնյալության», որ երաշխիքն է այլասերման և դեգրադացման (աստիճանական փչացման):

Վախն ու իրական վտանգը մտքի մեջ է: Սա է մարդուն դարեր շարունակ ԵՆԹԱՐԿՎԱԾՈՒԹՅԱՆ մատնել,  վարժեցրել ու ընտելացրել, ՍՏՐԿԱՑՐԵԼ: ՍՏՐԿԱՄՏՈՒԹՅՈՒՆ-ԵՆԹԱՐԿՎԱԾՈՒԹՅՈՒՆ. ահավասիկ մեր ժողովրդի և Հայաստանի մեծ ՉԱՐԻՔԸ, որ քաղցկեղի պես փորձում է ոչնչացնել Հայ մարդու, քաղաքացու, հասարակության, ժողովրդի  մարմինը,  միտքը  և հոգին:

Հայ մայրերն ու հայրերը, դպրոցը, հասարակությունը, ազատատենչության, արդարատենչության և ինքնուրույնության փոխարեն կախվածության, ենթարկվածություն, «մամայի, պապայի բալաների» են վերածում հայ տղաներին, որոնք այդպես էլ լիարժեք ՏՂԱՄԱՐԴ չեն դառնում, և աղջիկներին, որոնք լիարժեք ԿՆՈՋ չեն վերածվում: Վախը՝ սրտում ու մտքում, կախվածության, ենթարկվածության, անկամության ու անպատասխանատվության են վարժեցնում ու ընտելացնում հայ աղջկան ու տղային, որոնք իրենց չափահաս տարիքում իրապես վախենում են կյանքից, ուրիշներից,  տարբերից,  իրենց  մեջ չեն   տեսնում հարցերի սկիզբը և լուծումը, լոկ կապկում ու վերարտադրում են վարժեցրածի և կաղապարների սահմաններում, իրենց նույնիսկ չթույլատրվելով այդ կաղապարները հարցականի ենթարկել ու թոթափել՝ ազատագրվել հոգեպես ու մտովին: Մերժում են այդ ամենը և անընդհատ «ուժեղ հովանավոր-խնամակալ» են փնտրում, որպեսզի իրենց ապահով զգան, «լավ զգան»: Ու նրանց համար այդքան էլ կարևոր չէ, թե «ուժեղ հովանավոր-խնամակալը» «ներսում» է, թե «դրսում»: ԲԱՑԱՌՈՒՄ են ինքնապաշտպանությունը, անհատական ուժն ու պատասխանատվությունը, սոլիդարությունը (քաղաքացիական գոտեկցությունը), նույնիսկ այդ մասին չեն էլ մտածում իբրև անվտանգության, ապահովության, լավ զգալու և զարգանալու երաշխիք:

Վախկոտ, ճառող և փախչող մկների՝ Մստո, ճստո և Ջոջերի տիրապետությունն է՝ թե վերնախավում, թե միջին խավում, թե ստորին խավում, իշխանության և հասարակության մեջ:

Արդյոք ոչ ոք չի՞ ուզում և անհատական, և հավաքական հարթություններում իր ԶԱՆԳԸ կախել: Իրենցից դուրս՝ «ներսում» և «դրսում» են փնտրում իրենց զանգը կախողներին:

Պետական հայեցակարգերը և ռազամավարությունները՝ «Աղքատության հաղթահարման…»« «Կրթության …», «Երիտասարդության…», և այլն, գրվում են՝ ձևը պահպանելով, առանց իմաստը գիտակցելու: «Մկների ժողովներ»-ի պես, տարիներ, ամիսներ, օրեր շարունակ խոսում և ճառում են, առանց իրական անհատական և ազգային կենսական հիմնախնդիրների ախտորոշման, ձևակերպման և հստակ լուծումների՝ կամք և քաջություն չցուցաբերելով: Եվ ԶԱՆԳԸ մնամ է Չ Կ Ա Խ Վ ԱԾ, իսկ հայ մարդը, քաղաքացին, հասարակությունը, ազգը, պետությունը՝ Վ Տ Ա Ն Գ Վ Ա Ծ: Չուզենալով իր իսկ ներսում եղած վտանգը տեսնել, մերժելով սովորել ինքնախտորոշում և ինքնաքննադատություն, մերժելով արմատախիլ անել իր ներսում անհատի և ազգի մեջ եղած ախտը հանուն ազատագրվելու, ստեղծագործելու, զարգանալու: «Գլխավոր Վտանգը» մեր մտքում և հոգում է, սա ՍՏՐԿԱՄՏՈՒԹՅԱՆ, հարմարվողականության, ենթարկվածության, ուրիշներից կախվածության ժանտախտն է: Սա իրական վախն է՝ ամեն ինչից, ամենից, ուրիշից, կյանքից: Սա ԱՄԵՆՈՒՐԵՔ մկան ծակ փնտրելն է« «ուժեղ հովանավոր-խնամակալի» թևի տակ, կամ ԳԱՂԹԵԼԸ և փախուստը, միշտ ճառով և ինքնարդարացումով:

Իրական վախը և վտանգը մենք ինքներս ենք ստեղծում մեր մտքում և հոգում, որ արգելափակում է ազատ, ինքնիշխան, քաջարի ինքնակառավարումը և իմաստավորումը, իբրև մարդ՝ կին-տղամարդ մեր անհատական կյանքի, և իբրև հասարակություն և ժողովուրդ՝ մեր ազգի և պետության կյանքի ու ճակատագրի:

Թալանող-հանցագործ հովանավորողները (ներսում կամ դրսում, հայ կամ ոչ հայ) «փրկարար» են համարվում «փրկարար» փնտրողների համար. վերջիններս փրկությունն իրենց մեջ չեն տեսնում, այլ իրենցից դուրս. իրենց մեջ չորոնելով՝ դրսում եղած «պատրաստի փրկարար» են հայցում:

Քայքայող քաղցկեղն է ներկա այլասերված ընտրախավերի մեջ՝ ամլացած, ճառախոս, պատվերակատար, գործիքի վերածված՝ արժանի վարկաբեկման և չընդօրինակման: Շնչահեղձության մատնող իրավիճակ է ախտը տեսնել, գիտակցել և շտկել կարողացողների համար:

Ազնվության, արդարության, ազատության տենչանքների համար հողը պարարտ է պարզի, սովորականի (հասարակի) մեջ, այլ ոչ թե այլասերող ու դեգրադացող «էլիտարի» և «եսակենտրոն արտոնյալի» մեջ:

Ճշմարիտ և իրական փրկությունը և անհատական, և հավաքական իմաստով.

. ճշմարտության և դրա որոնման մեջ է, այլ ոչ թե՝ կեղծիքի ու ստի,

. ազատության մեջ է, այլ ոչ՝  ստրկամտության ու ճորտության,

. սոլիդարության (քաղաքացիական գոտեկցության) մեջ է, այլ ոչ՝ հովանավորչության և աղաչանքի,

. գիտակցության մեջ է, այլ ոչ՝ բնազդի,

. կամքի մեջ է, այլ ոչ՝ թուլակամության,

. դաստիարակության    և    կրթության մեջ է, այլ ոչ՝ վարժեցման ու ընտելացման, որը կենդանիների համար է,

. լուսավորչության մեջ է, այլ ոչ՝  խավարամտության, կաղապարվածության   և   անիմաստ   ավանդապաշտության,

. հանձնառության մեջ է, այլ ոչ՝ անպատասխանատվության և անհաշվետվության,

. համեստության  մեջ է,  այլ ոչ՝  պոռոտախոսության ու պերճանքամտության,

. հստակության մեջ է, այլ ոչ՝ լղոզվածության,

. մտքի և գործի մեջ է, այլ ոչ՝ թղթի ու ճառի,

. գործոն լինելու մեջ է, այլ ոչ՝ գործիք լինելու,

. ինքնակառավարման  մեջ է,  այլ ոչ՝ կախվածության,

.  ինքնուրույնության    մեջ    է,    այլ   ոչ՝ կապկության,

. ինքնակազմակերպվածության մեջ է, այլ ոչ՝ թափթփվածության,

. ճշգրտության մեջ է,  այլ ոչ՝ փնթիության,

. զանազանության մեջ է, այլ ոչ՝ միատարրության,

. իմաստության մեջ է, այլ ոչ՝ տգիտության,

. իմացության մեջ է, այլ ոչ՝ զուտ կուտակված գիտելիքի և տեղեկության,

.  սիրո մեջ է, այլ ոչ՝ ատելության ու անհանդուրժողության,

. հոգատարության մեջ է, այլ ո՝չ անտարբերության,

.  հավատքի մեջ է, այլ ոչ՝ թերահավատության և ցինիզմի,

. ազնվության մեջ է, այլ ոչ՝  այլասերման,

. քաջարիության մեջ է, այլ ոչ՝ վախկոտության,

. հետևողականության   մեջ  է,   այլ  ոչ՝ պահի   հակիրճ,   վաղանցուկ   (էֆեմեր) ոգևորության,

. ներշնչման մեջ է, այլ ոչ՝ հուսախաբության,

. բողոքի մեջ է, այլ ոչ՝ գանգատի,

. պայքարի մեջ է, այլ ոչ  համակերպման և հարմարվողության,

. Հայրենիքի, Հայաստանի մեջ է, այլ ոչ գաղթի, փախուստի…

Անհատական և հավաքական հանձնառության և քաջության մեջ է փրկությունը: Բողոքի և պայքարի մեջ է ազատագրումը:

Ո°չ վախին, ո°չ հարմարվողականությանը, ո°չ փախուստին, ո°չ գաղթին, ո°չ ստրկամտությանը և ճորտությանը:

Հայաստանում մինչև հիմա «ընտրել ենք» այս ամենի հակառակը: 15 տարի շարունակ հայ մարդիկ ընտրում և փորձում են ընտրել միևնույն ուղին, միևնույն քաղաքականությունները, միևնույն վախը և փախուստը, «փրկության» ոչ ճշմարիտ ուղին և միևնույններին:

Սակայն յուրաքանչյուրիս շրջապատում կա ազնիվը, կա արդարը, կա ճշմարիտը: Արժեվորենք այդ արժեքները, ուղին և մարդկանց և ընտրենք նրանց: Անտեսանելի և նույնիսկ գուցե աննկատ թվացող այդ արժեքները և ուղին ընտրած մարդիկ՝ մրջյունի պես աշխատող, քրտինք թափող, հոգի տվող ոչ «էլիտար», ոչ «եսակենտրոն արտոնյալ», համեստ, տքնաջան և անձնատուր, ապրում, աշխատում, պայքարում են, աղյուսներ շարում մեկ առ մեկ, համբերատար և համառ: Այդ աննկատ համեստները հայ լիարժեք մարդ՝ կին և տղամարդ, ընտանիք, հասարակություն, մշակույթ և ազգ ու պետություն են կերտում: Նրանք ինքնավստահ կշարունակեն իրենց անշնորհակալ ուղին և պայքարը, քանզի գիտակցում են իրենց կյանքի իմաստը, իրենց ով լինելը և իրենց պատասխանատվությունը ուրիշի, շրջապատի, ազգի, սերունդների, պետության, մարդկության նկատմամբ: Համառ ու հետևողական՝ նրանք դնում են հիմքերը, միաժամանակ պայքարելով՝ ախտերի, հողմերի դեմ, շարում և կառուցում, կերտում և ապրում՝ ազնիվ, համեստ, պարզ, սովորական, ԱՆՆԿԱՏ, սակայն ահարկու՝ դրա գինը չգիտակցողների համար, սակայն ազդու և կենսական՝ մեր երեխաների ու հայրենքի համար: Սովորական՝ մայրեր, հայրեր, զավակներ, աշխատավորներ, արհեստավորներ, մասնագետներ, անգործներ, գիտնականներ, զինվորներ, ազատամարտիկներ, ոստիկաններ, ուսուցիչներ, մաքրարարներ, գործիչներ… աննկատ, սակայն ազդու և կենսական:

Ոչ մի գնով և ոչ մի դեպքում ՉԸՆՏՐԵՆՔ միևնույնը և միևնույններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, միևնույն ներկա   ընտրախավերին:  Այդ ուղին, այդ ձախողած գաղափարախոսությունները, քաղաքականությունները և վարքագիծը եւ այդ մարդիկ իրենց ՓՈՐՁԸ ցուցադրել են 15 տարի շարունակ՝ տարբեր անվանումներով, կարգավիճակներով և կառույցներով: Սերմանել և թույլատրել են քաղցկեղը, ստրկամտությունը, ենթարկվածությունը, կախվածությունը, այլասերումը մեր հասարակության, մեր ժողովրդի և մեր հայրենիքի մեջ:

ՆՈՐԸ մեր մեջ է. որոնողը կգտնի: Նրանք համեստ, ազնիվ, աննկատ, ազատ ու անձնատուր կերտողներն են և ապրում են մեր ամենօրյա շրջապատում: Եթե ուզում ենք այն տեսնել, հավատալ՝ կտեսնենք և կհավատանք. նույնիսկ առանց տեսնելու էլ մենք նրանց կգտնենք՝ հավատքով ու կամքով. քաջ ու համարձակ կընտրենք նրանց արժեքները, ուղին և նրանց՝ թոթափելով մեր վախը, բացառելով մեր մեջի երկյուղը, հարմարվողությունը և փախուստն ու գաղթը, որոնք վարժույթ են դարձել մեր մտածողության ու վարքագծի մեջ՝ մշակույթ դարձել:

Անհրաժեշտ է, որ վերափոխենք և վերանորոգենք մեզ, մեր տունը և հայրենիքը, ինչ զոհողության գնով էլ որ այն լինի: Ընտրենք ՆՈՐԸ, ՆՈՐ ՈՒՂԻՆ և ՆՈՐԵՐԻՆ: Նրանց, որոնց իրականում գիտենք և մեր սրտի  խորքում նախընտրում ենք, բայց չենք հավատում և հանդգնում: Չենք հավատում մեր անձին, անհատական ուժին և կարողությանը՝ նորով և նրանցով փոխարինելու՝ «կայուն» և «ապահով» թվացող լճացումը, այլասերումը և այդ ընձեռող   միևնույններին:

Ճշմարիտ և իմաստալից վերափոխումը և վերանորոգումն անընդհատ մտածված, գիտակից թռիչք է անորոշության և անկայունության մեջ, բայց և միաժամանակ՝ լիարժեք ազատության, անվտանգության և երջանկության մեջ:

Գոնե մեկ անգամ մեր կյանքում համարձակվենք այդ անել, ճաշակենք այն և այլևս ինքներս կփակենք մեր իսկ վախի և ստրկամտության հետդարձի ճամփան: Համարձակվենք ընտրել ՆՈՐԸ, ՃՇՄԱՐԻՏԸ և ԼԱՎԸ: ճշմարիտ նորը մեր մեջ է՝ համեստ, սովորական և աննկատ: Նրանք ոչ թե «մկան» և «մկների ժողով»-ով զուտ իրենց եսակենտրոն հարցերն են լուծում, կամ շողոքորթում, ենթարկվում ու հանձնվում են, այլև՝ մրջյունի աշխատասիրությամբ, արծվի սրատեսությամբ և խոյի հանդգնությամբ (ոչ «էլիտար», ոչ «եսակենտրոն արտոնյալ») նրանք լիարժեք մարդ են սնում և կրթում, լիարժեք տուն և հայրենիք են կերտում իրենց, սերունդների, ազգի ու պետության համար:

ՀԱՆԴԳՆԵՆՔ:

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ Երևան

——————————————————————————————-

Ներքաղաքական

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԼԻԴԵՐՆԵՐԸ «ԵՐԵՔ» ԵՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԳՏՆՈՒՄ, ՈՐ ՀԿ-ՆԵՐԸ ՊԻՏԻ ԼԻՆԵՆ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ

եւ երկրի նախագահի պաշտոնում տեսնում են Մասիս ՄԱՅԻԼՅԱՆԻՆ

Մի շարք հասարակական կազմակերպություններ միավորող Ստեփանակերտի Ռեսուրս-կենտրոնը ս.թ. փետրվարի 8-10-ը անցկացրել է հարցում, նպատակ ունենալով  պարզել արցախյան հասարակական կազմակերպությունների ղեկավարների կարծիքները «Իշխանություն-ՀԿ» հարաբերությունների, գալիք նախագահական ընտրությունների ու ԼՂՀ ապագա նախագահի մասին:

Հարցմանը մասնակցել են իրապես գործող թվով 36 կազմակերպությունների լիդերներ, կազմակերպություններ, որոնք առանցքային դեր են խաղում հասարակական ոլորտում և ներկայացնում են գրեթե բոլոր ուղղությունները՝ երիտասարդական, լրագրողական, բնապահպանական, մշակութային, ազգային, սոցիալական, իրավապաշտպան, ինչպես նաև ազգային փոքրամասնությունները ներկայացնող ՀԿ-ներ: Մի քանի կազմակերպություն այս կամ այն պատճառով չի մասնակցել հարցմանը: Հասարակական գործիչներին առաջարկվել է պատասխանել չորս հարցի:

Հինգբալանոց սանդղակով գնահատեք իշխանությունների վերաբերմունքը հասարակական սեկտորի նկատմամբ

15 հասարակական գործիչներ «երեք» են նշանակել իշխանություններին, 10 հոգի՝ «երկու», 8 հոգի՝ «մեկ»: Միայն երկու հոգու կարծիքով է իշխանությունն արժանի «չորս» գնահատականի, իսկ ահա «հինգ» գնահատականը ոչ ոքի մտքով չի անցել:

Հասարակական կազմակերպությունները պիտի լինեն իշխանությունների…

15 հասարակական գործիչներ գտնում են, որ ՀԿ-ները պիտի լինեն իշխանությունների գործընկերը, 10-ը համոզված է, որ հասարակական կազմակերպությունները վերահսկողի դերում պիտի լինեն, հինգի կարծիքով իշխանություններն ու ՀԿ-ները պիտի դաշնակիցներ լինեն, մեկն էլ կարծում է, որ այս երկուսը մրցակիցներ են: Մի հոգի դժվարացել է պատասխանել, իսկ ահա երեք հոգի առաջարկել են ՀԿ-ների կարգավիճակի «այլ տարբերակ», այն է՝ «կառուցողական ընդդիմություն», «շարժիչ ուժ» և «նշված բոլոր գործառույթները միասին»: «Հակառակորդներ» տարբերակը ոչ ոքի կողմից չի ընկալվել:

Նշեք այն ամենագլխավոր երեք հատկանիշները, որոնք անհրաժեշտ են երկրի նախագահին

25 մարդ որպես թեկնածուի անհրաժեշտ կարևորագույն հատկանիշ նշել է հայրենասիրությունը, 18 հոգու կարծիքով առաջնայինը խելքն է, 15-ի կարծիքով՝ ազնվությունը: Կամքը, բարոյականությունն ու դիվանագիտական ճկունությունը կարևորել են 9, անշահախնդրությունը, անկաշառությունն ու խստապահանջությունը՝ 6 հոգի: Ինքնուրույնությանը, համարձակությանը, սրտացավությանը, մարդամոտությանը և արդարամտությանը տրվել է մեկական ձայն: Ուշագրավ է, որ «հայեցի մտածողությունը» ոչ ոք չի տեղադրել «առաջին եռյակում»:

Ու՞մ կցանկանայիք տեսնել ԼՂՀ նախագահի պաշտոնում (թույլատրվել է նշել երկու անուն)

Այս հարցում «քվեները» բաշխվել են հետևյալ կերպ.

17 – Մասիս Մայիլյան  (ԼՂՀ փոխարտգործնախարար)

8   – Բակո Սահակյան  (ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության պետ)

4   – Արկադի Ղուկասյան (ԼՂՀ գործող նախագահ)

4 – Աշոտ Ղուլյան (ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ)

3 – Արմեն Սարգսյան (ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ -Շարժում 88» պատգամավորական խմբի ղեկավար

3 – Գեորգի Պետրոսյան     (ԼՂՀ արտգործնախարար)

3 – Սեյրան Օհանյան  (ԼՂՀ պաշտպանության նախարար)

2 – Արթուր Աղաբեկյան (ՀՀ պաշտպանության փոխնախարար)

1 – Սամվել Բաբայան (ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար)

1 – Ռուդիկ Հյուսնունց (ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ)

1 – Սերգեյ Քալանթարյան  (ԼՂՀ առաջին գումարման ԳԽ նախագահի խորհրդական)

1 – Վարանդ Փափազյան    (ԼՂՀ առաջին գումարման ԳԽ նախագահի խորհրդական)

1 – Դավիթ Բաբայան  (ԼՂՀ նախագահի օգնական)

Ութ հոգի ոչ ոքի չեն տեսնում ԼՂՀ նախագահի պաշտոնում:

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ՝ ԼՂՀ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԻՋԱՄՏԵԼՈՎ

Ղարաբաղյան հակամարտության գոտում որոշ ուժերի ակտիվացումն ակնհայտ է դառնում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են աշխատել կողմերի դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ: Մենք համոզված ենք, որ տվյալ փուլում կարգավորման գործուն մեխանիզմ կարող են հանդիսանալ լիարժեք բանակցությունները ԼՂ-ի` որպես լիիրավ կողմի մասնակցությամբ, ինչը նշված է ԵԱՀԿ փաստաթղթերում»,- այդ մասին ասել է ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, նշելով, որ գալիք ընտրական գործընթացները կազդեն բանակցային պրոցեսների տեմպերի վրա: «Որոշ բանակցային ակտիվություն կարելի է ակնկալել գալիք աշնանը»,- ասել է նա:

Մինչ օրս Եվրամիության պաշտոնական դիրքորոշումը կայանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին աջակցության մեջ: Այսօրվա դրությամբ չկա մեր հանրապետությունում ԵՄ գործունեության կոնկրետ ծրագիր, հայտնի է միայն, որ ԵՄ ներկայացուցիչները հայտարարել են ԼՂՀ տարածքում ծրագրեր իրականացնելու իրենց մտադրության մասին, նշել է Մ. Մայիլյանը, պատասխանելով ղարաբաղյան կարգավորմանը ԵՄ մասնակցության մասին հարցին:

Եթե Եվրամիության մասով որոշ պարզություն կա, ապա ոչ ոք չի խոսում այն մասին, որ հիմա առավել ակտիվ է Ռուսաստանը: Ի տարբերություն այլ ուժերի, Ռուսաստանը փորձում է միջամտել ղարաբաղյան կարգավորմանը ԼՂՀ ներքին քաղաքականությանը միջամտելու միջոցով:

Մասնավորապես, ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը Ազգային անվտանգության ծառայության պետի հետ միասին նորերս այցելել են Մոսկվա, որտեղ, ըստ պաշտոնական տեղեկությունների, ջերմ ընդունելության են արժանացել: Սակայն ամենակարեւորը` մոսկովյան բիզնեսմենները` Արա Աբրահամանի գլխավորությամբ, խոստացել են ԼՂՀ ոռոգման համակարգը վերանորոգելու համար 15 միլիոն դոլար տրամադրել: Դա պատահական թիվ չէ. մոսկովյան բիզնեսմենները, կարծես, ասում են, որ` տեսեք, դուք ամերիկաներում եւ եվրոպաներում չկարողացաք 15 միլիոն հավաքել, մենք էլ միանգամից այդքան տալիս ենք:

Ղարաբաղյան «Բաց հասարակություն» կազմակերպության կողմից վերջերս անցկացված հարցման արդյունքներով 300 հարցվածներից 109 համարում են, որ ԼՂՀ ապագա նախագահը պետք է ռուսամետ քաղաքականություն վարի, 66-ը` արեւմտամետ, 89-ը` չեզոք կամ կոմպլեմենտար, 7 հոգի այլ ճանապարհ են նշել, 29-ն էլ դժվարացել են պատասխանել:

Այն, որ Ղարաբաղում ավանդաբար հայացքները հառում են Մոսկվային, ըստ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյանի, զարմանալի չէ` հաշվի առնելով պատմական հանգամանքները եւ Ռուսաստանի ներկայիս ակտիվ քաղաքականությունը: «Սակայն ես չգիտեմ, տեղյա՞կ են ղարաբաղցիներն այն մասին, որ Ռուսաստանում անընդհատ հայեր են սպանվում, որ Ռուսաստանն ու Իրանը Ադրբեջանի հետ համաձայնագիր են ստորագրել` Հայաստանը չընդգրկող նոր երկաթուղի կառուցելու մասին, որ Ռուսաստանը խանգարել է Հայաստանի տարածքով` Իրանից Եվրոպա տանող գազամուղի կառուցմանը, որ Հայաստանի գրեթե բոլոր խոշոր ձեռնարկությունները, որոնք սեփականաշնորհվել են ռուսական ընկերությունների կողմից, մինչ օրս չեն աշխատում, եւ մի շարք այլ հանգամանքներ»,- ասել է Գագիկ Պետրոսյանը:

«Լրագիր»

 

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՂԵԿԱՎԱՐԸ
կամ՝ որքա՞ն կհամբերի ժողովուրդը

Իմ խորին համոզմամբ, ժամանակակից ղեկավարին պիտի ներհատուկ լինեն համեստությունը, խիղճը, արդարամտությունը, ազնվությունը, ճշմարտասիրությունը, մարդասիրությունը և ամենակարևորը՝ բարոյականությունը: Նա պիտի ամենավեհ բարոյական սկզբունքների տեր լինի, խորշի կաշառակերներից, էժանագին պոպուլիզմով զբաղվողներից, ստորաքարշերից, քծնողներից:

Երկրի նախագահը, բացի վերը նշվածից, պետք է բազմակողմանի զարգացած մարդ լինի, լինի գիտնական կամ գիտուն, ունենա սպայի կոչում, որովհետեւ նաև բանակի գերագույն հրամանատարն է:

Շատ կարևոր է մարդկանց հետ աշխատելու ցանկությունն ու ունակությունը: Երկրի ղեկավարը չպիտի ինքնամեկուսացած լինի հասարակությունից, չպիտի խորշի մարդկանց հետ շփվելուց, պիտի կարողանա ոչ միայն խոսել, այլև լսել: Ներկայիս նախագահն, օրինակ, գրեթե չի հանդիպում շարքային մարդկանց հետ, չի պատասխանում մարդկանց դիմումներին ու նամակներին, հանրության հետ չի հաղորդակցվում, բավարարվելով ելույթներով և ուղերձներով, այսինքն՝ խոսելով, բայց ոչ լսելով:

Ահա թե ինչու կարևոր է, որ տիրապետի մարդկանց գնահատման ճշգրիտ չափանիշներին: Ինչպես ասում են՝ նա պետք է 100 անգամ չափի՝ մի անգամ կտրի, այլ ոչ թե շտապի չմտածված եւ անգրագետ գործողություններով, սխալ եզրակացություններ անելով սրա-նրա տունը քանդի:

Նախագահը պիտի կարողանա անձնականը ստորադասել հանրայինին: Սա շատ հրատապ է մեր պարագայում, քանի որ մեր իշխանավորների մեծ մասը գիշեր-ցերեկ մտածում է սոսկ սեփական բարեկեցության մասին: Այն ղեկավարը, որը ապրում է «մեկ դեպի ինձ, միշտ դեպի ինձ, լոխ դեպի ինձ»  սկզբունքով, պիտի անարգանքի սյունին գամվի: Իսկական ղեկավարը պետք է առաջնորդվի Ա.Մանթաշովի սկզբունքով՝ «Մի քիչ դեպի ինձ, իսկ մնացածը՝ իմ հարազատ ժողովրդին»:

Նախագահի համար կարևոր են ղեկավարման մեթոդները, աշխատաոճը եւ նրա վերաբերմունքը դեպի իր հարազատ ժողովուրդը, մարդկանց դիմումներին եւ նամակներին արձագանքելը եւ օգնելը, ժողովրդի ներկայացուցիչների ընդունելությունը, միջոցներ ձեռնարկելը, մեղավորներին պատասխանատվության ենթարկելը, արդարներին ու ազնիվներին խրախուսելը:

Իսկական ղեկավարը պետք է իր գործունեությունը բխեցնի ոչ թե իր ունեցած փորձից, այլ ամբողջ մարդկության առաջավոր փորձից, պետք է կարողանա այդ փորձերի արդյունքները ընդհանրացնել, վերլուծել-վերամշակել եւ գտնել ճիշտ զարգացման օրինաչափությունները, առաջխաղացման նոր ուղիները: Մենք այդքան ժամանակ չունենք սպասելու, թե երբ նոր ղեկավարը կհմտանա, սեփական սխալներից դասեր կքաղի: Պիտի ընտրենք նրան, ով ունակ է սովորելու ուրիշների, այլ ոչ թե իր սխալների վրա: Միևնույն ժամանակ ղեկավարը չպիտի վախենա իր սխալների քննադատությունից եւ իր սխալներն ուղղելուց: Նա պետք է կարողանա լրջմիտ, սթափ գնահատական տալ իր սեփական սխալ գործողություններին եւ ձգտի կատարելագործել իր մասնագիտական գիտելիքները, հմտությունն ու ունակությունը: Սա շատ կարևոր է, քանի որ մեզ մոտ հակառակն է կատարվում՝ ղեկավարներն իրենց շուրջ հավաքում են միայն իրենց գովաբանողներին ու քծնողներին, չհասկանալով, որ իրենց իսկ տունն են քանդում, որ իրենց վարկն է ընկնում: Ղեկավարները լսում են միայն նրանց: Մեր ղեկավարներին տեղին է հիշեցնել հայտնի պատմությունը շորերը փոխած փողոցներում շրջող թագավորի մասին:

Ղեկավարը ոչ միայն չպիտի խորշի իրեն քննադատողներից, կամ, մեղմ ասած, իրեն չգովաբանողներից, այլև պիտի հատուկ ուշադրություն դարձնի նրանց: Ոչ թե զբաղվի նրանց նկատմամբ հետապնդումներ եւ կեղծիքներ կազմակերպելով ստորաքարշների միջոցով, այլ խելամիտ երկխոսության մեջ լինի նրանց հետ: Շրջապատը մեծ նշանակություն ունի, ուստի ղեկավարն իրեն պիտի շրջապատի հանրությունում հարգանք վայելող գործիչներով: Քծնողներն ու շողոքորթողները կործանում են ղեկավարին և չեն կարող թիկունք լինել: Նրանք անհուսալի մարդիկ են, որովհետև վաղն էլ կքծնեն մեկ ուրիշին: Նախագահը պիտի հասկանա, որ քծնում են ոչ թե իրեն, այլ իր աթոռը, և կապ չունի, թե ով է աթոռին նստած՝ միայն թե իրենք աթոռին մոտ լինեն:

Երկրի ղեկավարը պիտի հենվի ուժեղ անհատականությունների, այլ ոչ թե թուլամորթների վրա, պատկերավոր ասած՝ առյուծների, այլ ոչ թե ոչխարների վրա: Մեծ գիտնական Պ. Կապիցան Լ. Բրեժնեւին հղած իր նամակում գրել է. «Եթե գիտական հիմնարկությունը ղեկավարում է ոչխար, ապա բոլոր ակադեմիկոսները դառնում են ոչխար, իսկ եթե ոչխարներին ղեկավարում են մեծ գիտնականները, ապա  բոլոր ոչխարները դառնում են ակադեմիկոսներ»: Կապիցայի ասածը վերաբերվում է բոլոր ղեկավարներին, սակայն մեզ մոտ հակառակ պատկերն է, ուստի ամեն ինչ քայքայվում է:

Ղարաբաղյան շարժման տարիներին գտնվեցին մարդիկ, ովքեր նվիրյալների շարքերը խցկվեցին զուտ անձնական շահախնդրությամբ, նյութական և այլ բարիքներ ձեռք բերելու եւ ամեն գնով իշխանության հասնելու տենչով: Ցավալի է, շատ ցավալի է, որ նրանցից շատերն այսօր բարձր պաշտոնի են: Եվ դա է հիմնական պատճառը, որ այսօր քչերն են պաշտպանում ժողովրդի շահը: Նրանք ժողովրդին հասցրել են մի այնպիսի վիճակի, որ հազարավոր մարդիկ ստիպված լքում են անչափ թանկ գնով պաշտպանած հայրենիքը:

Մի բանում համոզված եմ՝ ժողովուրդը երկար չի համբերի:

ՎԱՆՅԱ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր

——————————————————————————————-

Հիմնախնդիրներ

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՃԻ ՇՈՒՐՋ

Աշխարհաքաղաքական դիրքը մեր ազգին դառը ճակատագիր է պարգեւել. մեր կյանքը գրեթե միշտ պայքարի մեջ է եղել, լեփ-լեցուն դառնություններով ու կորուստներով: Մեր հողերը բաժան-բաժան են արվել, բնակիչներն էլ սփռվել են աշխարհով մեկ, կտրվել մայր Հայրենիքից: Չենք շատացել, մեզ նման հին ժողովուրդները հիմա 50-60 միլիոնից ավելի բնակչություն ունեն, միայն Արցախում այժմ պետք է լիներ 1 միլիոնից ավելի մարդ՝ նույնիսկ ծնելիության ցածր գործակցի դեպքում: Մեր ազգը հիմա հսկայական ջանքեր ու միջոցներ է ծախսում ոչ միայն ժողովրդի սոցիալական ոչ այնքան գոհացուցիչ վիճակը բարելավելու, այլ նաեւ ցանուցիր հայերին հավաքելու, բնակչության աճը ապահովելու համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք պաշտպանել մեր այսքան սեղմված հայրենիքը:

Մեր աշխարհագրական դիրքը չի փոխվելու, իհարկե, ուստի պիտի այլ ուղիներ որոնել: Այդ ուղիներից մեկի մասին հոդված է գրել գիտությունների թեկնածու, հարգարժան Էդուարդ Գասպարյանը («Ազատ Արցախ», 2006թ. 12-ին հոկտեմբերի): «Մեզնից յուրաքանչյուրը պետք է քաջ գիտակցի,- գրում է նա,- որ ընտանիքում 1 կամ 2 երեխա ունենալը դեռ աճ չի նշանակում, այն սկսվում է երեք եւ ավելի երեխա ունենալուց հետո միայն»:

Բայց որպեսզի համոզվենք, որ ընտանիքում երեք եւ ավելի երեխա ծնվելուց հետո էլ բնակչության աճի պրեբլեմը դեռեւս չի լուծվում, բերեմ մի օրինակ: 1960 թվից Ստեփանակերտում սկսել են կառուցել ակադեմիկոս Սախարովի փողոցի սեփական տները: Երկու տարում կառուցվել է 30 տուն: Այդ տներից 2-ում ծնվել են 1-ական, 15-ում՝ 3-ական, 11-ում՝ 4-ական, 2-ում՝ 5-ական երեխաներ: Այսպիսով, Սախարովի փողոցի 30 սեփական տներում ծնվել են 101 երեխաներ, որոնցից 31-ը հիմա Արցախում չեն, ապրում են արտերկրում: Այս շատ պարզ օրինակը մեզ ցույց է տալիս, որ Արցախում ծնված մոտավորապես յուրաքանչյուր երրորդը բռնում է արտագաղթի ճանապարհը:

Արտագաղթը հայ ժողովրդի համար չափազանց մեծ չարիք է, հայերը Հայրենիքից հեռանում էին նաեւ Խորհրդային Միության օրոք, երբ աշխատատեղերի հարց չկար£ Արտագաղթ կա նաեւ մեր օրերում, երբ հնարավորություններ կան աշխատելու եւ լավ ապրելու համար: Ես ճանաչում եմ ոչ քիչ ստեփանակերտցիների, ովքեր թողել են քաղաքը եւ գյուղերում կամ ազատագրած հողերում անասուններ են պահում, հող մշակում եւ լավ փող վաստակում: Ուրեմն, աշխատատեղերի պակասությունը արտագաղթի միակ պատճառը չէ, ուստի մեր իշխանությունները պիտի հստակ ռազմավարություն ունենան:

Ինչ խոսք, իշխանությունները պիտի իրենցից կախվածն անեն, ընդ որում՝ ոչ թե խոսքով, այլ գործով: Քանիցս խոսվել է օտար երկրներում ապրող մոտ 250-300 հազար արցախցիներ Հայրենիք բերելու մասին: Բայց, մյուս կողմից էլ, միանգամայն անընդունելի է, երբ արտագաղթածների մեծ մասը սպասում է, որ Հայրենիքում կյանքը լրիվ լավանա, հետո վերադառնան:

Մեզ մոտ, ինչպես նաեւ ցանկացած երկրում, բնակչությունը հիմնականում աճում է բնական եղանակով, ծնելիությամբ: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է փոփոխվել մեզ մոտ բնական աճի գործակիցը՝ յուրաքանչյուր 1000 մարդուց ծնվածների քանակը մեկ տարում: 2000թ. այն եղել է 7.7, 2001թ.՝ 9.1, 2002թ.՝ 6.9, 2003թ.՝ 6, 2004թ.՝ 5.8, 2005թ.՝ 5.4: Դժվար չէ նկատել, որ գնալով նվազում է ծնելիությունը մեզ մոտ՝ չնայած ծնված յուրաքանչյուր երեխային պետությունը նպաստ է տալիս, մայրերը օգտվում են մի շարք արտոնություններից: Ինչո՞ւ ենք մոռացել, որ տարիներ առաջ մեզ մոտ 5-ից պակաս երեխաներով հազվադեպ ընտանիքներ էին պատահում: Արցախում բնական աճի գործակիցը ամենաբարձրն է եղել 1959թ.՝ 31.5: Այս վերջին տվյալը ցույց է տալիս, որ ծնելիության վիճակը կարելի է բարելավել՝ երեխաների նպաստները ավելացնելով, մայրերին նոր արտոնություններ տալով եւ այլ միջոցներով: Այս կարեւոր պրոբլեմը պետք է գտնվի բոլորի ուշադրության կենտրոնում:

Մի քանի օր առաջ Ռուբենի փողոցի թիվ 5 տան բնակչուհի Զարվարդ Աբրահամյանի հետ շատ երեխաների խնամքի եւ դաստիարակության դժվարությունների մասին խոսելիս 12 երեխաներ ծնած եւ դաստիարակած հերոսուհի մայրն ուշագրավ մտքեր արտահայտեց. «Շատ երեխաներ ունեցող ծնողների առողջական վիճակը, որպես կանոն, լավ է լինում, մեկ երեխայի համար գնած կոշիկը եւ հագուստը հաջորդ 4-5 երեխաները օգտագործում են, համարյա տարբերություն չկա, թե 9-ը կամ 10-ը, շատ երեխաներ դաստիարակելը ավելի հեշտ է, քան 1-ը կամ 2-ը: Բայց կարեւոր է առաջին երեխայի ճիշտ եւ լավ դաստիարակելը, հաջորդ ծնվածները միշտ ընդօրինակում են կամ նմանվում են փոքրերի խնամքի աշխատանքներին: Դրա համար է, որ, գրեթե առանց բացառության, բազմաերեխատեր ընտանիքներում բոլոր երեխաներն էլ լինում են դաստիարակված, խաղաղ, բարի, աշխատասեր  եւ այլն: Այսպիսի ընտանիքները միշտ ամուր են լինում, հայրը եւ մայրը, բնականաբար, միշտ զբաղված են երեխաների խնամքով եւ դաստիարակությամբ»:

Մտահոգիչ է նաև մեր երիտասարդների ամուսնությունների վիճակը: 2000 թվին Արցախում 1000 բնակիչներից մեկ տարում ամուսնացածության գործակիցը եղել է 5.7, 2001թ.՝ 5.2, 2002-ին՝ 4.7, 2003թ.՝ 4.9, 2004թ.՝ 5.8, 2005թ.՝ 5.5: Փաստորեն 2000թ. մեզ մոտ ավելի շատ երիտասարդներ են ամուսնացել, քան 2005 թվին: Իսկ եթե նորաստեղծ ընտանիքների քանակը չի ավելանում, չի ավելանա նաեւ բնակչության աճի գործակիցը: Վերը նշված թվերը չլինեն էլ, բոլորս էլ  մեր շրջապատում տեսնում ենք 30-35 տարեկան երիտասարդների, որոնք չեն ամուսնանում: Երբ դիտողություն ես անում, պատասխանում են. «Չենք աշխատում, ինչպե՞ս ամուսնանանք»:

Այս մռմռացող վերքը 10-15 տարի է, ինչ ինձ անհանգստացնում է, անհանգստացնում նաեւ բոլորին, որի համար էլ ես բաց նամակ եմ գրել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին: Նախագահին առաջարկել եմ ամուսնացող երիտասարդներին անվերադարձ 1000-ական դոլար տալ, որպեսզի կարողանան ընտանիքավորվել: Նամակը տպագրվել է «Ապառաժ» թերթի 2001թ. հոկտեմբերի 2-ի համարում: Մինչեւ հիմա էլ ինձ համար անհայտ է մնում, թե ինչու այս կարեւոր առաջարկությանը ուշադրություն չդարձրին, չէ՞ որ կավելանային երիտասարդ ընտանիքներն ու ծնված երեխաները, մեր բնակչության քանակը, կպահպանվի մեր հարուստ գենոֆոնդը եւ այլն:

Բնակչության բնական աճի տեմպի վրա բացասական ազդեցություն են թողնում ամուսնալուծությունները: Դրանց գործակիցը 2000թ. եղել է 0.7, իսկ 2005թ. դարձել է 1.0: Սա նշանակում է, որ մեզ մոտ 2000թ. ամուսնալուծվել են 94 նորաստեղծ ընտանիքներ, իսկ 2005թ.՝ 138: Մեզ նման փոքր պետության համար սա մեծ ցավ է: Սարսափելին այն է, որ այդ գործակիցն անընդհատ աճում է:

Մենք քիչ բնակչությամբ, չճանաչված փոքր պետություն ենք, ուստի մեզ հատկապես անհրաժեշտ են ամուսնության եւ ծնելիության բարձր, իսկ ամուսնալուծության՝ ցածր գործակիցներ: Իսկ դա հենց այնպես չի լինի: Մտածել ու գործել է պետք: Ռազմավարություն է պետք:

Ժորա ԳՐԻԳՈՐՅԱՆ
կենսաբան

——————————————————————————————-

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ 

ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ

Միջազգային տուրիզմի զարգացման գլխավոր նախադրյալներն են՝ ռեսուրսներն ու կապիտալը, նաեւ մի շարք օժանդակ պայմաններ՝ անվտանգություն, նվիրվածություն (աշխատանքին), տարբեր տուրիստական օբյեկտների (տուրագենտներ, տուրօպերատորներ, հյուրանոցներ, ավիաընկերություններ եւ այլն) կոորդինացումը: Սա նախ եւ առաջ այդ ոլորտի կառավարմամբ զբաղվող մարմինների գործն է: Պետությունը, որպես կանոն, համակարգող դեր է խաղում, քանի որ զբոսաշրջությունը տնտեսական զարգացման կարևոր խթանիչներից է:

Միջազգային տուրիզմի կազմակերպման ու կարգավորման գործում առաջատար դեր է կատարում ՀՏԿ-ն՝ Համաշխարհային Տուրիստական Կազմակերպությունը: Այն երկրները, որոնք անդամագրված են ՀՏԿ-ին, հնարավորություն են ստանում պայմանագրեր կնքել իրար հետ, ընդունել համընդհանուր չափորոշիչներ եւ այլն: ՀՏԿ-ի պարտականությունների մեջ է մտնում նաեւ միջազգային չվերթների անվտանգության ապահովումը եւ այն ամենը, ինչը կարող է խթան հանդիսանալ միջազգային տուրիզմի զարգացման համար: ՀՏԿ-ն համագործակցում է տարբեր երկրների իշխանությունների եւ զանազան կազմակերպությունների հետ, փաստորեն լինելով  ՄԱԿ-ի ճյուղերից մեկը:

ՄԵՐ ՏԵՂԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄՈՒՄ

Հայաստանի եւ Արցախի դերը միջազգային տուրիզմում շատ փոքր է (ամբողջական հոսքերից Հայաստանին բաժին է ընկնում մոտ 0.1%), սակայն զբոսաշրջության շուկայում ավելի բարձր դիրք գրավելու համար ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն ունեն բավականին ռեսուրսներ (մշակութային եւ բնական հուշարձաններ, գեղատեսիլ բնություն, արագահոս լեռնային գետեր, հարմար լեռնային ռելիեֆ, գրավիչ մշակույթ ու ավանդույթներ, վանքային համալիրներ եւ հինավուրց եկեղեցիներ): Ի տարբերություն Արցախի՝ ՀՀ-ն ունի առավելություններ այդ շուկայում ակտիվ դեր ստանձնելու համար՝ միջազգային օդանավակայանի առկայություն, հյուրանոցային եւ այլ ծառայությունների զարգացած ցանց, միջազգային հանրության կողմից ճանաչված լինելը:

Հարկ է նշել, որ, այսպես կոչված, վատ աշխարհագրական դիրքը խելամիտ մարտավարության դեպքում չի խանգարի ՀՀ-ին միանալ «Համաշխարհային Տուրիստական Կազմակերպության» մասնակից երկրներին եւ ավելի ակտիվ դեր խաղալ միջազգային տուրիզմի շուկայում: Այդ դեպքում ՀՀ-ն կընդգրկվի ՀՏԿ-ի ծրագրերին՝ ինչը օգտակար կլինի եւ ԼՂՀ-ին: Դա կնպաստի տուրիստական հոսքերի աճին եւ տուրիստական ինդուստրիայի զարգացմանը ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում: Դրա հետ մեկտեղ կբարձրանա ՀՀ միջազգային վարկը եւ դրական ազդեցություն կունենա ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացի վրա: Անշուշտ, գոյություն ունեն մի շարք (հիմնականում՝ տնտեսական) պայմաններ, որոնք խոչընդոտում են ՀՀ-ին միջազգային տուրիզմի շուկայի ակտիվ մասնակից դառնալու համար:

Միջազգային տուրիզմում մեծ նշանակություն ունի տարածաշրջանում եւ կոնկրետ պետությունում անվտանգության ապահովման աստիճանը: Այս առումով ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն չեն զիջում Իսրայելին, Եգիպտոսին, Ինդոնեզիային եւ այլ երկրների, այսինքն՝ մեր երկրում զբոսաշրջիկը իրեն ավելի ապահով կարող է զգա, քան համաշխարհային տուրիստական կենտրոններում (միայն թե քարոզչական մեքենան ճիշտ աշխատի):

Ներկայումս ԼՂՀ-ի միջազգային տուրիստական շուկա դուրս գալը մեծ մասամբ կախված է ՀՀ-ի տուրիստական կազմակերպությունների եւ կառավարման մարմինների օժանդակությունից: ԼՂՀ-ն ունի զբոսաշրջությունը զարգացնելու բավարար ռեսուրսներ, սակայն դրանք բավական չեն միջազգային տուրիզմի շուկա մուտք գործելու համար, քանի որ գոյություն ունեն մի շարք (հիմնականում՝ քաղաքական) խոչընդոտներ: Այս հարցում Հայաստանը կարող է շատ օգտակար լինել: Թե որքանով են շահագրգռված ՀՀ-ի իշխանությունները եւ տուրօպերատորները աջակցել ԼՂՀ-ին այդ գործում՝ դա հարցի մյուս կողմն է, քանի որ նույնիսկ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ որոշ հարցերում տնտեսական շահերը հակասում են իրար:

Ինձ համար անհասկանալի է, օրինակ, թե ինչու են արցախյան տուրֆիրմաներն ու հյուրանոցները պատանդի վիճակում հայտնվել երեւանյան տուրօպերատորների ձեռքին, եւ ինչո՞ւ հենց վերջիններս պետք է որոշեն, թե քանի օրով եւ ինչ քանակությամբ զբոսաշրջիկներ պետք է այցելեն Արցախ, չէ՞ որ, չնայած բոլոր քաղաքական խոչընդոտներին, գոյություն ունեն միջոցներ  երեւանյան տուրօպերատորներին շրջանցելու համար:

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Տեղեկանք: Երեւանյան տուրօպերատորների ծրագրում զբոսաշրջիկներին առաջարկվում է Արցախ այցելել 2-3 օրով, իսկ Հայաստան այցելող նույնիսկ սփյուռքահայ զբոսաշրջիկներից Արցախ այցելողների թիվը չի հասնում 10%-ի: Այս տհաճ վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ԼՂՀ-ի իշխանությունների եւ տուրիզմի ոլորտում աշխատող կառավարիչների արհեստավարժությունն ու կամքը:

Սերգեյ ՂԱՐԱՅԱՆ
Սոցիալական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն

——————————————————————————————-

Տարածաշրջան

ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՆ ԸՆԴԴԵՄ ԻՐԱՆԻ՞

Իրանին Միջին Արեւելքում մեկուսացնելու նպատակով Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան նպատակամղվել են «չափավոր» արաբական երկրների մասնակցությամբ ընդդեմ Իրանի կոալիցիա ստեղծել: 2006թ. դեկտեմբերի 20-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյրը Միջին Արեւելք կատարած շրջագայության ժամանակ Դուբայում «չափավոր իսլամական» երկրներից պահանջել է, որ ծայրահեղական Իրանի դեմ դաշինք կազմեն, քանզի վերջինս ջանքեր է գործադրում Լիբանանի, Պաղեստինի եւ Իրաքի «ժողովրդավարական կառավարությունների» թուլացման ուղղությամբ: Նա նշել էր, որ Իրանը ռազմավարական լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար, ուստի միջազգային հանրությունը պետք է հովանավորի «իսլամական չափավոր, արդիական կառավարություններին», որպեսզի վերջիններս ընդդեմ Իրանի եւ Սիրիայի միավորվելով՝ տարածաշրջանը նրանց ազդեցությունից զերծ պահեն:

2007թ. հունվարի 13-ից ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը մեկշաբաթյա շրջագայությամբ Միջին Արեւելքում էր, շրջագայություն, որի գլխավոր նպատակը դարձյալ «չափավոր արաբական երկրների», որոնց առանցքը համարվում են Եգիպտոսը, Հորդանանը եւ Պարսից ծոցի համագործակցության խորհուրդ կազմակերպության անդամ երկրները (Սաուդյան Արաբիա, Օման, Կատար, Բահրեյն, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Քուվեյթ) հետ աշխատանքն էր: Քուվեյթում նա մասնակցել է նշյալ կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստին, որոնք, ինչպես նշում են փորձագետները, խնդրո առարկա դաշինքի հիմքն են հանդիսանալու:

Իրաքի վրա հարձակումը, ինչի հետեւանքով այդ երկրում վերացվել է սունիների իշխանությունը և հաստատվել շիաներինը,  արաբական երկրների դժգոհության պատճառ է դարձել, որոնք կասկածի տակ էին դրել Վաշինգտոնի միջինարեւելյան քաղաքականությունը, քանզի այն կարծիքին են, որ այդպիսով ոչ միայն Իրաքում, այլեւ ողջ Միջին Արեւելքում Իրանի ազդեցության տարածման համար հնարավորություն է ստեղծվել: Դա են վկայում արաբական երկրների ղեկավարների արտահայտած տեսակետները: Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հունվարի սկզբներին եգիպտական, ազգայնական կողմնորոշմամբ «ԱլԱսբուա» շաբաթաթերթին տված հարցազրույցում շեշտել է. «Իրանը ձգտում է Իրաքում եւ տարածաշրջանում իր համար հովանավորներ գտնել, սակայն մենք բոլորին ասում ենք, որ հրաժարվեն Իրաքում միջամտությունից»: Նշելով, որ Իրաքում ներքին բախումներն սպառնալիք են ողջ տարածաշրջանի մակարդակով, նա հավելել է. «Եթե Իրաքը մասնատվի, ապա այդ երկրի ազգային անվտանգությունը, արաբական ինքնությունը վտանգի տակ է հայտնվելու»: Իսկ ավելի շուտ՝ 2006թ., Սաուդյան Արաբիան նախազգուշացրել էր, որ եթե ամերիկյան զորքերը դուրս բերվեն Իրաքից, Էր Ռիյադն ի պաշտպանություն այդ երկրի սունիների լրջորեն միջամտելու է:

ԱՄՆ նոր ռազմավարությունն Իրաքում եւս գլխավորապես ուղղված է Իրաքում եւ տարածաշրջանում Իրանի ազդեցությունը պատնեշելուն, արաբական երկրներին այստեղ խաղաղություն հաստատելու հարցում կարեւոր դեր հատկացնելուն:

Իրանն այդօրինակ տրամադրվածություններն ու քարոզչությունները չեզոքացնելու նպատակով որոշ քայեր է կատարում, բայց թե որքանով դա նրան կհաջողվի, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, պարզ չէ: Հունվարի 14-ին Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի այցը Էր Ռիյադ եւ արքա Մալեք Աբդուլահի հետ բանակցությունները, որոնք երկու երկրների փոխհարաբերությունների սերտացմանն էին ուղղված, նման նպատակ էին հետապնդում:  Ավելի ուշ, հունվարի 31-ին, «Ասոշիեյթըդ պրես» գործակալությունը տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Սաուդ Ալ Ֆեյսալը հատարարել է, որ Իրանն առաջարկում է համագործակցել Լիբանանում եւ Իրաքում սունի-շիա բախումները պատնեշելու հարցում: Նա շեշտել է, որ Իրանի հետ խնդրի լուծման ուղիների շուրջ բանակցություններ են ընթանում,  ուսումնասիրվում են այդ երկրներում իրավիճակի բարելավման առնչությամբ առկա հնարավորությունները: Բայց եւ այնպես, դրական արդյունքներ այդօրինակ համագործակցությունից ակնկալելը խիստ լավատեսական կլինի, քանզի ոչ միայն այդ երկրների շահերն են հակասական Լիբանանում եւ Իրաքում, այլեւ ամենայն հավանականությամբ Միացյալ Նահանգները, որը վերջին շրջանում, ինչպես նշում են միջազգային ԶԼՄ-ները, դիվանագիտական լուրջ ջանքեր է գործադրում,  խրախուսում Սաուդյան Արաբիային, որպեսզի վերջինս իբրեւ տարածաշրջանային հզոր տերություն գործի Իրանի դեմ, կարգելակի այդ համագործակցությունը:  Բացի այդ, Իրաքում եւ Լիբանանում եւս կարող են ընդդիմանալ կողմերի որոշումներին, ահավասիկ, «Հեզբոլահի» առաջնորդ Հասան Նասրոլան այս առնչությամբ հայտարարել էր, որ Թեհրան-Էր Ռիադ համաձայնությունները բնավ էլ Լիբանանի համար պարտավորեցնող չեն, քանզի լիբանանցիները պետք է հետամուտ լինեն իրենց եւ ոչ թե Իրանի եւ Սաուդյան Արաբիայի ազգային շահերին:

Այս առնչությամբ հատկանշական է նաեւ այն, որ ամերիկացի փորձագետները, այդ թվում Իրաքում տիրող Իրավիճակը ուսումնասիրող (Iraq Study Group) խմբի ղեկավարներ, նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը եւ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ, դեմոկրատ Լի Համիլթոնը, ովքեր Սպիտակ տանը առաջարկվում էին Իրաքի հարցի շուրջ բանակցել, համագործակցել Իրանի եւ Սիրիայի հետ, ինչը, փաստորեն, նախագահ Բուշը մերժել է, այժմ Իրանին տարածաշրջանում մեկուսացնելու հարցում նոր առաջարկությամբ են հանդես եկել: Նրանք Իրանին մեկուսացնելու, վերջինիս վրա  ճնշումը մեծացնելու՝ ուրանի հարստացման գործընթացը դադարեցնելու, Իրաքում «Թեհրանի միջամտությունը» կանխելու նպատակով, նախագահ Բուշի կառավարությանը առաջարկել են Թեհրանից հեռացնել Դամասկոսին: Հունվարի 30-ին Բեյքերն ու Համիլթոնը Սենատի արտաքին հարցերի կոմիտեի նիստում պատասխանելով «չափավոր» արաբական երկրների հետ երկխոսության վերաբերյալ հարցերին, ընդգծել են, որ Իրանի մեկուսացումը շեշտելու նպատակով Վաշինգտոնը պետք է ավելի շատ մերձենա Դամասկոսին: Բեյքերը շեշտել է. «Կարծում եմ, որ պատեհ առիթ է ստեղծվել, որպեսզի առանց մեծ «ծախսերի», լոկ Սիրիային դնելով այն դրության մեջ, որը ցանկանում է, կարելի է Թեհրանին ու Դամասկոսին հեռացնել միմյանցից: Այնուհետեւ Սիրիայի միջոցով ճնշում գործադրել «Համասի» վրա՝ Իսրայելին պաշտոնապես ճանաչելու հարցում, նաեւ փակել Իրանի աջակցությունը «Հեզբոլահին» հասցնելու ուղիները»:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Երևան
(Հատուկ «Դեմո»-ի համար)

 

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԶՈՐԱՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ

Հարցազրույց «Մենք ինքներս» քաղաքական շարժման ներկայացուցիչ Փայաթա Դավիթայայի հետ

– Վերջերս նկատելիորեն ակտիվացել է Աբխազիայի հայկական սփյուռքը: Ինչի՞ հետ է դա կապված: Ո՞վ է կանգնած դրա հետեւում, միայն Ռուսաստա՞նը:

– Դա շատ լուրջ եւ բարդ խնդիր է: Այն մի քանի ուղղություն ունի, բայց վերջնական արդյունքը տարածքներին տիրանալն է:

– Դուք ի՞նչ նկատի ունեք:

– Սկսենք նրանից, թե ինչ է կատարվում տվյալ փուլում հայ եւ աբխազ բնակչության միջեւ: Պատերազմի ժամանակ հայկական բնակչությունը բացահայտ օժանդակում էր աբխազական կողմին: Կոնկրետ իր դաժանությամբ առանձնանում էր Բաղրամյանի անվան հայկական գումարտակը: Այդ գումարտակը կռվում էր Կոդորի ուղղությամբ եւ շատ արյուն է հեղել: Նրանք նույնպես լուրջ կորուստներ են կրել: Պատերազմից հետո, իհարկե, հայերը փորձեցին լոբբինգ անել իրենց շահերը: Երկար ժամանակ նրանք լռում էին, բայց հիմա հասել են այն բանին, որ փաստորեն այսօր, եթե Աբխազիայում անցկացվեն ժողովրդավարական նախագահական ընտրություններ, առանց կեղծումների, կհաղթի նրանց առաջադրած թեկնածուն, քանի որ, ըստ տվյալների, հայերն ավելի շատ են, քան աբխազները: Այսօր Աբխազիայում ապրում են 70-80 հազար հայեր: Նրանք աբխազներից պահանջում են իրենց բաժինը՝ որպես պարգեւատրում աբխազական պատերազմին մասնակցելու համար: Իսկ այդ բաժինը կապված է առողջարանային բիզնեսի հետ: Հայերն ուզում են ստանալ մերձծովյան գոտին, կառուցել այնտեղ ռեստորաններ, ժամանցային համալիրներ, ենթակառույց: Ուզում եմ հիշեցնել, որ Սոչիից մինչեւ Տուապսե ընկած ողջ մերձծովյան բիզնեսը վերահսկում են հենց հայերը: Հայկական լոբբիի նպատակներից մեկն է հսկողության տակ առնել նմանատիպ բիզնես Սուխումիում: Իհարկե աբխազները դեմ են: Դա նրանց եկամտի գլխավոր աղբյուրն է, որը նրանք մտադիր չեն տալ  հայերին: Այդ մասին իրենք աբխազներն են ասում: Հայտնի աբխազ գաղափարախոս, Ամստերդամյան համալսարանի պրոֆեսոր Չիկիրբան կոչ արեց Աբխազիայում վերաբնակեցնել Թուրքիայի եւ Սիրիայի աբխազներին՝ հակառակ դեպքում աբխազական էթնոսին սպառնում է հայերին կուլ գնալ: Եվ դա իսկապես այդպես է՝ հայերը Աբխազիայում մեծամասնություն են կազմում: Դա ակնհայտ է: Հայերը ստեղծել են իրենց կուսակցությունը, որը կոչել են «Ռուսաստանի քաղաքացիների միություն»: Նրանց առաջին պահանջը աբխազական խորհրդարանում 15 մանդատ ունենալն է: Եվ դա առաջին քայլն է: Դրան կհետեւեն առավել մեծ պահանջներ: Դա հիանալի հասկանում են աբխազները:

– Եթե հասկանում են, ապա ինչու՞ են լռում: Ի՞նչ կարող է դրա հետեւում թաքնված լինել:

– Աբխազիայում շատ մեծ շահեր ունի Ռուսաստանը: Նա ուզում է տիրանալ այդ տարածքին: Դա հայտնի է, բայց Ռուսաստանն այնքան էլ չի վստահում աբխազներին: Դրա վառ օրինակ կարող են ծառայել Աբխազիայում նախագահական ընտրությունները, երբ ռուսները հաշվարկ արեցին Խաջիմբայի վրա, իսկ ժողովուրդն ընտրեց Բագապշին: Այդ պատճառով էլ լիարժեք վստահություն չկա: Սոչիում եւ Տուապսեում 100 տարի առաջ ապրել են վրացիներ, հիմա այնտեղ միայն հայեր են ապրում: Հայերը միշտ էլ եղել են ռուսաստանյան շահերի միջնորդներ: Այսօր Ռուսաստանը ցանկանում է Աբխազիան տեսնել առանց վրացիների եւ հիմա այնտեղ հայեր են: Այստեղ ռուսների եւ հայերի շահերը համընկնում են: Ռուսաստանին ավելի ձեռնտու է գործ ունենալ Ռուսաստանի հայ քաղաքացու հետ, քան Ռուսաստանի աբխազ քաղաքացու, քանի որ հայերին ավելի հեշտ է վերահսկել: Մերձծովյան ամբողջ գոտու   իրական վերահսկողությունը կվերցնի Հայաստանը: Դա նրանց իրական նպատակն է: Քանի՞ ընտրություն է եղել Աբխազիայում: Մինչ օրս ոչ մի անգամ հայերը խորհրդարանում տեղ չեն խնդրել: Այն ժամանակ չկար Ռուսաստանի այնքան ուժեղ ազդեցությունը, որքան հիմա: Հայերի վրա Ռուսաստանի ազդեցությունը շատ ուժեղ է եւ դա ավտոմատ ձեւով խնդիր է դառնում:

– Այսպիսով, ստացվում է, որ Ռուսաստանը ուզում է աբխազներին փոխարինել հայերով: Այդ դեպքում աբխազները հենարան չե՞ն փնտրելու Վրաստանում:

– Հայերը թույլ չեն տա մեզ մոտենալու: Ես գիտեմ աբխազ գիտնականների, աբխազ մարտիկների  տրամադրվածությունը, բայց նրանց կարծիքը մեծ դեր չի խաղա: Հայկական լոբբիին, Ռուսաստանի դիրքորոշմանը Աբխազիայում սատարում է փոխնախագահ Խաջիմբան, որն ուզում է հայերին օգտագործել նախագահ Բագապշի հետ դիմակայության իր շահերում: Կարծում եմ, վճռորոշ դեր կխաղա աբխազների ինքնապահպանման բնազդը: Եվ չի բացառվում, որ բանը կարող է հասնել հայերին բնաջնջելու փորձերին:

– Պարոն Փայաթա, Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն չբացառեց հայերի եւ աբխազների առճակատումը: Այսպիսով, դուք կիսում եք այդ կարծիքը…

– Այո, կիսում եմ: Աբխազները ինքնապահպանման զարգացած բնազդով ժողովուրդ են: Նրանք իրենցից բացի ոչ ոքի չեն վստահում:

– Ինչ-որ բան կփոխե՞ն, արդյոք, Աբխազիայի մարտի 4-ի խորհրդարանական ընտրությունները:

– Կարծում եմ, որ ընտրությունների ընթացքում հայերը կհետազոտեն իրադրությունը: Այսօր բացահայտ պայքար չի լինի: Բայց ես չեմ բացառում, որ եթե հայերը հասնեն որեւէ հաջողության, ապա շատ շուտով աչք կտնկեն ավելի մեծ բանի: Բայց չեմ կարծում, որ հիմա դա նրանց կհաջողվի:

– Վրաստանը ինչպե՞ս կարող է օգտագործել հայերի բացահայտ մուտքը աբխազական քաղաքականություն:

– Այսօր Վրաստանը դա չի կարող օգտագործել մի պատճառով՝ իշխանությունները Աբխազիայի վերաբերյալ քաղաքականություն չունեն: Դա անզեն աչքով էլ երեւում է: Չկա ռազմավարական ծրագիր: Վրացական կառավարությունում նույնպես բավականին մեծ հայկական լոբբի կա: Դա նույնպես ակնհայտ է: Հենց այնպես չէ, որ Աջարիայում Հայաստանից եկած հանգստացողների քանակն այդքան մեծ է:

– Ի՞նչ եք ենթադրում:

– Ես հստակեցումներից ձեռնպահ կմնամ, չնայած բոլորին հայտնի է, որ Վրաստանում առկա է ուժեղ հայկական լոբբի:

Երեւանի մամուլի ակումբի «ՄեդիաԴիալոգ» տեղեկագրից

(www.mediadialogue.org)
Նաթիա ԽՈՒՐՑԻԼԱՎԱ, «Ախալի թաոբա» թերթ /Վրաստան/

——————————————————————————————-

Մշակույթ

ԱՐՑԱԽԻ ՃԻՉԸ
Հայ ժողովրդի արցախյան ազատագրական գոյամարտը հայոց հարուստ պատմության պատվաբեր էջերից է, էջ՝ վճռականության, ազատաբաղձ ոգու, արշալուսված հաղթանակի: Մեր արդարացի պատերազմի գեղարվեստական վավերագրությունը հյուսվել է և պետք է հյուսվի պահանջվող մակարդակով: Այս առումով բավականին ներդրում ունեն Արցախի մեր գրական օջախի բանաստեղծներն ու արձակագիրները: Հարկ է նշել Գ.Գաբրիելյանի, Վ.Հակոբյանի, Հ.Բեգլարյանի, Ն.Ավագյանի, Ա.Հովհաննիսյանի, Ս.Խանյանի եւ մյուս բանաստեղծների չափածո բազմաժանր ստեղծագործությունները: Ուշագրավ են արձակագիրներ Մ.Հովհաննիսյանի, Կ.Դանիելյանի, Մ.Պետրոսյանի , Կ.Գաբրիելյանի, Մ.Ոբնի եւ այլոց պատվածքներն ու վիպակները, ակնարկներն ու օրագրությունները պատերազմական թեմաներով: Կրկնակի հաճելին այն է, որ իրենց չափածո եւ արձակ ստեղծագործություններով հանդես եկան նաեւ պատերազմական գործողությունների անմիջական մասնակիցներ Ս.Քամալյանը, Ռ.Եսայանը, Ն.Գասպարյանը, Հ. Ալեքսանյանը, Ա.Գրիգորյանը, Ս.Հասրաթյանը եւ այլոք: Այսօր կարող ենք հանգիստ խղճով ասել, որ Արցախի գրական ընտանիքը իր նկատելի նպաստն է բերել մեր գոյամարտի գեղարվեստական վավերագրության մեջ:

Անհրաժեշտ է նշել նաեւ այն երեւույթը, որ ղարաբաղյան շարժման եւ արցախյան պատերազմի հանդեպ որդիական իրենց տագնապներն ու մասնակցությունն են ցուցաբերել Հայաստանում ապրող եւ ստեղծագործող գրողները՝ հերոսական մեր տարեգրությունը հարստացնելով չափածո եւ արձակ պատումներով: Այստեղ արժե խոսել երեւանաբնակ կուսապատցի Իլյա Արցախեցու գրական հունձքի մասին, որ գումարել է նա մեր չափածո եւ արձակ խոսքին: 2005թ. լույս է տեսել նրա «Ձայն արդարության» բանաստեղծությունների ժողովածուն՝ թողնելով հաճելի տպավորություն: Իսկ 2006թ. Երեւանի «Ամարաս» հրատարակչությունը տպագրել է «Արցախի ճիչը» արձակ երկերի գիրքը, որը արցախյան շարժման, ազատագրական պայքարի մասին գրված՝ «Օրհնված հող» /1993/, «Մարդու ճակատագիրը» (1994), «Երկունքի տարիներ» (1998), «Դարի երգը» /2000/, «Հոգու ճիչը» /2003/ ժողովածուների ընտրանին է: Ինչպես տեսնում ենք, Ի. Արցախեցին գրողի բավականին ճանապարհ անցած, բնատուր շնորհքով օժտված ստեղծագործող է:

Գրքում զետեղված 19 պատմածքները եւ «Կյանքը շարունակվում է» վիպակը ժամանակագրական առումով մեկը մյուսի շարունակությունն են կազմում: Առաջին պատմվածքը թվագրված է 1988, իսկ վերջինը՝ 1999: Սակայն խոսքը միայն թվագրությանը չի վերաբերում, այլեւ պատումների թեմաներին՝  Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ընդգրկումով: Հեղինակը պատկերավոր մտածողության սահմաններում ներկայացնում է եւ° ժողովրդի ըմբոստության ալիքը 1988-ին, եւ° շիկացած պատերազմական գործողությունները՝ հերոսական ընթացքով, եւ° որոշակի խաղաղ պայմաններում մարդկանց շրջանում բարոյա-հոգեբանական վայրիվերումները, ինչպես նաեւ հավատը հրդեհների միջից փրկված գալիքի հանդեպ: Ահա այս դիտարկումով Ի.Արցախեցու ամբողջ ժողովածուն կարելի է համարել ստեղծագործությունների ընդհանրացնող շարք՝ առաջին հերթին ժողովրդի ճակատագրի, նրա կրած զրկանքների, հարատեւելու նրա աստվածանվեր կամքի եւ արարող մտքի վերաբերյալ:

Պատմելու առինքնող շնորհք ունի Ի.Արցախեցին: Կոմպոզիցիոն տարբեր ձեւերով եւ միջոցներով նա ընթերցողին մասնակից է դարձնում նկարագրվող երեւույթներին, հետաքրքրում, հուզում, ազդում: Չի քարոզում, պատկերում է գեղարվեստական հնարանքներով, երբեք չկեղծելով կերպարների հոգեկան ապրումները ցուցադրելիս: Այսպես, կարդում ես «Մենք հաղթելու ենք» պատմվածքը, որում ճշմարտացիորեն պատկերվում է հայ մտավորականության 1920-ական թվականներից մինչեւ 1980-ը դրսեւորած ընդվզումները՝ Արցախն Ադրբեջանի ճիրաններից ազատելու եւ մայր Հայաստանին վերամիավորելու ուղղությամբ եւ այդ համապատկերի վրա 1988 թվականին սկիզբ առած համաժողովրդական պայքարը:

Ուշագրավ է «Նա չէր մեռնում» պատմվածքը: Արցախյան տիպական մի պատկեր է այն թե° նկարագրվող միջավայրի, եւ թե° բարբառի չափավոր օգտագործման տեսակետից: Պատմվածքի գլխավոր կերպարը Աթաբեկ դային է: Նա սովորական մարդ չէ: Աշխարհ տեսած, տարիների վաստակ ունեցող, ժողովրդի կենսափորձով իմաստացած հայ է: Եվ իր պապերի կյանքի դասերը սերտած Աթաբեկ պապը իր մահվան նախաշեմին սեփական դասն է հրամցնում նոր սերնդին, որի ներկայացուցիչը պատմվածքում բարձր դասարանցի Վրույրն է:

Ցնցող մի պատկեր է «Ծածկել էի աչքերը, որ…» պատմվածքը՝ Գետաշենի աղետալի օրերի մասին: Մեծ հայրենականի ժամանակ Կիեւում ֆաշիստների վայրագությունների ականատես ուկրաինուհին դեպքերի բերումով, հետպատերազմյան շրջանում այցելում է Գետաշեն եւ ամուսնանում հայ երիտասարդի հետ: Ունենում են զավակներ, թոռներ: Սակայն ղարաբաղյան շարժման ընթացքում ազերի ՕՄՕՆ-ականները խորհրդային տանկերի ուղեկցությամբ խուժում են Գետաշեն: Նրանք սպանում են ամուսնուն, որդուն, հարսին՝ դաշտում խաղաղ աշխատանքի պահին, աչքերի առջեւ գնդակահարում նաեւ կեսրայրին: Գետաշենցի ուկրաինուհի տատիկը մի կերպ փրկում է փոքրիկ թոռանը՝ միշտ ծածկելով նրա աչքերը, որ չտեսնի ազերի ՕՄՕՆ-ականների վայրագություններն այնպես, ինչպես ինքն է տեսել ֆաշիստների կողմից կատարված գազանություններն անմեղ մարդկանց հանդեպ:

Ի. Արցախեցին պատմվածքներում մի կողմից փառաբանում է ազգային ազատագրական պայքարին նվիրված քաջազուններին, մյուս կողմից երգիծական հնարանքներով խարազանում նրանց, ովքեր ժողովրդական պայքարը դարձրել են պատվանդան, ձեռք բերել պաշտոններ, ծառայեցնելով դրանք իրենց անձնական շահերին: Նման գործերից է «Հետո կիմանաս» պատմվածքը: Այստեղ երգիծական կերպարներ են Աշոտը եւ Հակոբը, որոնք, օգտվելով ընձեռված հնարավորությունից, հասնում են շահաբեր պաշտոնների, արհամարհում ժողովրդին: «Վտանգավոր մարդը» պատմվածքում քննադատության սլաքը ուղղված է այնպիսի մարդկանց դեմ, ովքեր շահարկելով ղարաբաղյան շարժումը, կազմակերպում էին «ընկերություններ» եւ մսխում հավաքած գումարները:

Ի. Արցախեցու արցախյան պատումները մեր ազգային-ազատագրական գոյամարտը ներկայացնող բազմերանգ հյուսվածքներ են: Նրանցում բացահայտված են արցախցու հավատի, ազնվության, հիասթափության, վճռականության, կամքի առանձնահատուկ երանգները: Ի.Արցախեցու «Արցախի ճիչը» ժողովածուն մի նոր երանգ է ավելացնում հայ գրողների այն երկերի փնջին, որ նվիրված է արցախյան ազատամարտին եւ պատվաբեր հաղթանակին:

Սոկրատ ԽԱՆՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

ԿՈԽԿՐՏՎԱԾ ԱՐՎԵՍՏ

– Է՛, այսօրվա հասարակությունն էլ հասարակություն չի: Գլուխները չգիտես ինչով են լցված` հերիք չէ, չեն գնահատում նույնիսկ արվեստը: Երիտասարդության մասին իսկի չեմ էլ խոսում:

– Կոնկրետ ի՞նչը չեն գնահատում, պապիկ,- հարցրի երթուղային տաքսու կանգառում ինքն իրեն բարձրաձայն մտորող տարեց մի մարդու:

– Դե, շատ բան են ոտնակոխ անում: Օրինակի համար, նայիր թատրոնի ներկայացման հայտարարության կողքով անցնող այն երիտասարդներին: Ոչ ոքի չի հետաքրքրում կայանալիք բեմադրությունը, ոչ ոքի,- պատասխանեց ծերուկն ու, օրորելով գլուխը, հեռացավ…

Սկսեցի մտածել նրա խոսքերի վրա: Սկզբում ցանկացա մտքերս ցրել «բա մեր ժամանակ…» արահայտությամբ առաջնորդվող ավագ սերնդի հանդեպ մեր՝ կրտսեր սերնդիս, այսպես ասած, սովոր լինելով, բայց չստացվեց: Հետո մի պահ սկսեցի մտովի համաձայնվել ծերուկի հետ, պաշտպանել նրա համոզմունքը, սակայն այս տեսակետն էլ շուտով հօդս ցնդեց: Իսկ արդյունքո՞ւմ… Իսկ արդյունքում մնաց այն, որ այդ մարդու խոսքերի մեջ մի բաժին ճշմարտություն գտա, բայց միայն մի բաժին, զուտ գործնական մակարդակի վրա, այսինքն՝ իրոք, հասարակության չնչին մասն է այսօր թատրոն այցելում: Իսկ ինչ վերաբերում է «անտարբերությանը», «չգիտես ինչով լցված գլխներին» ու «մշակույթը չգնահատելուն», ապա գոնե ինձ համար դա վիճելի է: Կողքից հեշտ է ասել. «Ոտնակոխ է անում, չի հետաքրքրվում»: Ի՞նչն է ոտնակոխ անում, կամ ինչո՞վ չի հետաքրքրվում:

Այս ամենն ինձ այնքան հուզեց, որ որոշեցի դիմել փոքրիկ հարցումի՝ մի՞թե այսօրվա անհատն, այսպես ասած, «արհամարհում է» թատրոնը: «Թատրոն այցելու՞մ եք, արդյոք, և ի՞նչ հաճախականությամբ» հարցիս պատասխանեց տարբեր տարիքի 150 մարդ: Պարզվեց, որ 150-ից միայն 40-ն է թատրոն այցելում: 60-ը թատրոնը մշակույթի հետաքրքիր և մեծ ուշադրության արժանի բնագավառ է համարում և՝ ընդամենը: 50-ը գտնում է, որ կինոյի առկայության պայմաններում անիմաստ է «ժամանակ սպանել» թատրոնում:

Այդքանից հետո եկա այն եզրակացության, որ դեռ ամեն ինչ չէ կորսված, և թատրոնը դեռ «արհամարհվելու» աստիճանի չի հասել: Բայց ինձ հետաքրքրեց մեկ այլ կարևոր հարց՝  ինչո՞ւ 150-ից 60-ը գնահատում են թատրոնի դերը, բայց բեմադրություններին չեն ներկայանում:  Ճիշտն ասած, գուշակում էի, քանի որ ինքս ծանոթ եմ մեր թատրոնին, բայց որոշեցի ստուգել: Այդ 60-ին առաջարկեցի հարցս ու ստացա միանշանակ պատասխան. «Գնանք ձմռանը մրսե՞նք, իսկ ամռանն էլ կծոտվե՞նք միջատների կողմից»: Այդպիսի պատասխանի էլ, ճիշտն ասած, սպասում էի: Ցրտերն սկսվելուն պես, նաև համոզվելու համար, կրկին շտապեցի «կաշվիս վրա զգալու» մեր թատրոնի բացասական հետևանքները:

Այդ օրն իմ ուշադրությունը ոչ թե բեմի վրա էր, այլ… ճռռացող հատակի, որով քայլելն անգամ վտանգավոր է, առաստաղին, որի հնացած ծեփը գլխիդ է թափվում, մաշած բազկաթոռներին, որոնց վրա շարժվելն անհնար է (չէ՞ որ ձայն են հանում ու խանգարում ներկայացմանը), քամուց աղմուկով բացվող դռանը, որը փակելու համար մարդիկ հերթով իրենց տեղերից վեր են կենում, թատրոնին կից եկեղեցուն, նրա դրությանը, դերասանների դիմահարդարանոցների վիճակին ու ամենագլխավորը՝ ջեռուցման բացակայությանը: Այդ պահին այնքան ցանկացա, որ թատրոն չայցելողների քննադատները դահլիճում հայտնվեին:  Նայեցի չորս կողմս՝  «լսարանը» բաղկացած էր դերասանների հարազատներից, արվեստին ինքնամոռաց սիրահարվածներից (սրանց թիվը 2-3 հոգուց ավել չէր) և «կամավոր-պարտադիր»  «2» թվանշանով սպառնալիքի տակ ուսուցիչների կողմից «բերված» աշակերտների նոսր խմբից: Ընդամենը՝ 25-30 հոգի: Ցավալի է, բայց փաստ:

Այս խնդրին պիտի նայել ոչ թե քննադատողի, այլ դրությունից դուրս գալու ձգտողի աչքով: Մարդ մեղավոր չէ, որ թատրոնն անբարեկարգ է: Նրա չայցելությունն այնտեղ հասկանալի է, ինչ-որ տեղ հանդուրժելի:

Այսօր մեր առաջնահերթ խնդիրը նոր հանգստի գոտիներ, սրճարաններ կամ խանութներ բացելը չպիտի լինի: Մի՞թե չկան արվեստի գեղեցկությունն իսկապես հասկացողներ, որոնք հոգան դրա մասին: Ցավալի է, բայց իրավիճակն ինքը պատասխանում է այս հարցին՝ ՉԿԱ: Կարծում եմ, ոչ մի կերպ արդարացված չէ այն հանգամանքը, որ թատրոնն ու եկեղեցին նույն հարկի տակ են: Այս երկու երևույթների միաձուլումն անիմաստ է: Շտապում ենք քննադատել հասարակությանը, քարկոծել նրան թատրոնի էությունը չհասկանալու պատճառով: Բայց մի՞թե մի ցուրտ օր Ստեփանակերտի միակ թատրոնը այցելած անձնավորության մոտ ցանկություն կառաջանա այնտեղ գնալ երկրորդ անգամ, ինչքան էլ որ բեմադրությունը հետաքրքիր լինի: Համոզված եմ՝ ոչ: Իսկ ի՞նչ ասել դերասանների մասին: Մի՞թե այդ մարդիկ 25-30 հոգուց բաղկացած հանդիսատեսի կամ էլ թատրոնի այսօրվա պայմաններին են արժանի:

Այսպես հանգիստ ու անտարբեր ապրում ենք՝ հայրենիքի վերածնությունը նորանոր, ոչ այնքան էական շինությունների ի հայտ գալով պայմանավորելով: Կարևորն արտաքին փայլը չէ, կենտրոնական փողոցների երկայնքով լայնարձակ, պսպղուն խանութների առկայությունը չէ: Կարևորը, հույժ կարևորը հոգևոր զարգացմանը նպաստող ազդակների ստեղծումն է:

Արտասահմանից այստեղ է եկել բարեկամուհիս: Քանի որ թատրոն շատ է սիրում, խնդրեց ինձ ուղեկցել այնտեղ: Ամոթի զգացումիս չափ ու սահման չկար, երբ նկատեցի նրա և զարմացած, և շվարած դեմքը թատրոն մտնելուց հետո (երևի հիշում էր դրսի մոդայիկ շինությունները): Ծիծաղս չեմ կարողանում զսպել, երբ իմ ներկայությամբ հպարտանում են մի ինչ-որ շքեղ խանութով: Աշխարհը հիանում է այնպիսի շինություններով, ինչպիսիք են Լուվրը, էրմիտաժը, Մեծ թատրոնը, Ւյֆելյան աշտարակը, իսկ մե՞նք…

Ինչ խոսք, մեծ է նաև թատրոնի գեղարվեստական կոլեկտիվի դերը: Ըստ իս, եթե փայլուն բեմադրությունները շատ լինեն, ապա արվեստասեր հասարակություն, այսպես թե այնպես, կհավաքվի:

Ուզում եմ ասել, որ հիմնախնդիրը բազում «երեսներ» ունի: Եւ մենք միասնական ուժերով պիտի նպաստենք մեր թատրոնի վիճակի բարելավմանը, միասնական ուժերով պիտի հոգանք դրա մասին:

Իրինա ՈՍԿԱՆՅԱՆ /  ԱրՊՀ, լրագր. 2-րդ կուրս

——————————————————————————————-

Հումոր

ՎԱՃԱՌՈՒՄ ԵՄ ՁԱՅՆՍ…

Մինչեւ կոկորդս խրվել էի պարտքերի մեջ… Պարտքատեր ընկերոջս՝ Միսակին տեսնելուց ամոթից թաքնվում էի կամ մայթս փոխում: Նրանից պարտք էի վերցրել մեկ ամսով, բայց արդեն երկու տարի էր անցել…

Ընտրությունների նախաշեմին պատահաբար հեռվից նկատելով Միսակին՝ այս անգամ ինքս սեփական նախաձեռնությամբ մոտեցա նրան.

– Ա’յ տղա, ինչ լավ է, որ հանդիպեցինք, ես էլ քեզ էի որոնում՝ պարտքս վերադարձնելու համար:

Այդ լսելով՝ ընկերս ուրախությամբ փաթաթվեց ինձ.

– Էդ ինչ լավ բան ասացիր, Համբարձում: Չես պատկերացնում, թե ինչ նեղն էի: Շան տարում, ինչպես ասում են, շան օրն եմ ընկել: Այդ գումարը ես համարում եմ ոչ թե պարտքի վերադարձ, այլ ուղղակի նվեր քո կողմից: Միեւնույն է, ես այդ գումարը կորած էի համարում: Բայց, կներես, անկեղծությանս համար, այդ որտեղի՞ց այդ գումարը՝ աշխատավա՞րձդ են բարձրացրել, թե՞…

– Չէ,- պատասխանեցի ես,- աշխատավարձս նույն չնչինն է, ընդհակառակը՝ ապրանքների գներն են թափով բարձրացրել:

– Ուրեմն ինչի՞ հաշվին ես «չաղացել»:

– Ձայնիս հաշվին,-ասացի ես:

– Ինպե՞ս հասկանալ դա: Կարո՞ղ է՝ երգում ես հարսանիքներում-բանում:

– Չէ, ի՞նչ երգ, ձայնս եմ սկսել վաճառել, երբեմն էլ՝ վերավաճառել:

– Այդ ո՞վ է գնում քո այդ խռպոտ ձայնը,- հեգնեց Միսակը:

Ես բացատրեցի.

– Բա չե՞ս իմանում, ընտրությունները հենց մոտենում են՝ կուսակցությունները սկսում են իրենց «ձայնաորսը»՝ ընտրակաշառքի միջոցով, դա ծածկելով բարեգործության ծածկաքողով: Ես էլ որոշեցի ձայնս վաճառել նրանց եւ ստացած գումարով պարտքերս մարել:

– Բայց չէ՞ որ դու միշտ դեմ էիր ընտրակաշառքով ընտրվողներին:

– Այո, դեմ էի, բայց տեսա, որ միեւնույն է՝ շեֆերը ում ուզում են, նրան էլ ընտրում են, ես էլ որոշեցի նրանց կեղծիքին հակադրել իմ սեփական կեղծիքը:

– Լավ, եթե ինչպես ասացիր՝ ում ուզում են, նրան էլ ընտրում են շեֆերը, էլ ինչու՞ ես դիմում ընտրակաշառքի:

– Նրա համար,- «մանրացրի» ես,- որ նախ՝ կուսակցությունների եւ նրանց շեֆերի միջեւ առաջանում է մրցապայքար եւ, բացի այդ, նրանց մոտ ի հայտ է գալիս վախի զգացողություն՝ կապված միջազգային դիտորդների, հասարակական կազմակերպությունների հսկողության, դատ-դատարան, մամուլ եւ այլ անախորժություններից խուսափելու համար:

– Բայց չէ՞ որ նման կեղծիքները ծածկելու համար մեծ գումարներ են պահանջվում:

– Դա նրանք շատ լավ հասկանում են,- շարունակեցի ,- քանի որ ընտրվելուց ծախսած գումարների բազմապատիկը նրանք ետ են բերում:

– Բայց,- առարկեց Միսակը,- էլ ո՞ւր մնաց արդարություն, ժողովրդավարություն եւ այլ արժեքներ:

– Մի օր,- շարունակեցի ես,- «կրիշայով» ընտրված մեկին հարցրի՝ «Ձեր արարքները արդյո՞ք բարոյական եք համարում»: Նա քմծիծաղով ինձ պատասխանեց՝ «Նման հասկացությունները ստեղծված են ժողովներում հնչեցնելու և սեփական դեմքը ծածկելու համար»: Այդքանից հետո մնում է այդպիսիների նկատմամբ վարվես հենց իրենց մեթոդով: Նրանք ժողովրդին են խաբում, մենք էլ ստիպված ենք իրենց խաբել: Այսինքն` խոստանալ, վերցնել, բայց ընտրել իսկականին: Օրերս էլ մեկը մոտեցավ ինձ եւ առանց ձեւականության ասաց՝ «Ի՞նչ տամ՝ ձայնդ տաս ինձ»: Ես նրան պատասխանեցի՝ «Պարտքերիս չափով»: Նա անմիջապես, առանց տատանվելու, տղամարդավարի գրպանից հանեց դոլարների մի բավականին մեծ կապոց եւ վրայից առանց հուզվելու մի շերտ տվեց ինձ: Այդ պահին «արդարություն, օրինականություն, բարոյականություն» հասկացությունները անհետացան իմ ուղեղից: Բայց երբ մտածեցի, թե ինչու նա պետք է այդ ունենա եւ նրան համարժեք մեկ ուրիշը՝ ոչ, անմիջապես ինքս էլ որոշեցի «պատժել» նրան՝ սուտ խոստանալով: Ինչ որ է, այդ գումարից եմ տալիս քո պարտքը: Իսկ դու կարծում էիր՝ երգելով եմ վաստակել:

Զրույցը դեռ երկար շարունակվեց.

– Պատմեմ ախպորս մի ուրիշ զավեշտական դեպք: Երբ ես շրջում էի ընտրական տեղամասերից մեկի մոտերքը, որտեղ բարեգործության անվան տակ ընտրակաշառք էին բաժանում, մեկը մոտեցավ ինձ եւ ասաց. «Մենք ամենաժողովրդական կուսակցությունն ենք, ի՞նչ տանք՝ ձայնդ նվիրես մեզ»: Ես անկեղծորեն նրան ասացի, որ ձայնս արդեն վաճառել եմ ուրիշ կուսակցության: Նա թե՝ «Ոչինչ, մենք քեզ ավելի շատ կտանք, նրանք այդ չեն իմանա: Ընտրվելուց էլ մեր կուսակցությունը ձեզ չի անտեսի: Երեւի բնակարանի ռեմոնտի կարիք կունենաս: Առողջական խնդիրներ եւ այլ հոգսեր: Կստատի, աշխատանք ունե՞ս»: Ես ասացի՝ «Համարյա ոչ»: Նա թե՝ «Ընտրությունների հաջորդ օրը դա էլ կունենաս»: Այդ ասելով՝ նա ինձ մի կապոց դրամ մեկնեց եւ հետն էլ մի փաստաթուղթ, որով ես կարող էի պահեստից «ցենտր» եւ հեռուստացույց ստանալ: Մենք ամեն ինչ պայմանավորվեցինք ու սիրալիր ժպտալով բաժանվեցինք:

Ոգեւորված այդ աննախադեպ հաջողությունից, հարբած անաշխատ փողի քաղցրությամբ, որոշեցի նոր, ավելի խորամանկ սխրանքի դիմել: Կրծքիս փակցրի գունեղ մեծ տառերով գրված ցուցանակ-անցագիր՝ «Վաճառում եմ ձայնս ամենաարդար կուսակցությանը» ու ինձ նետեցի քաղաքի բանուկ փողոցներից մեկի խաչմերուկ: Այդ տեսնելով՝ խաչմերուկում «ինոմարկա» ավտոմեքենաների մի այնպիսի կուտակում առաջացավ, որ խցանվեց երթեւեկությունը: Շքեղ մեքենաներից լսելի դարձան այսպիսի բացականչություններ` «ամենաարդար կուսակցությունը մերն է», «չէ, ամենաժողովրդավարականը մենք ենք», «օրե՞նք եք ուզում՝ ամենաօրինականը մերն է», «ժողովրդի մասին մտածողը միայն մեր կուսակցությունն է, եկեք մեզ մոտ՝ մենք ձեզ սերմացու կարտոֆիլ կտանք»…

Նրանցից մեկը համարյա ինձ բրթելով՝ մտցրեց մի շքեղ մեքենայի մեջ ու դիմեց ինձ.

– Ախպեր ջան, քանի՞ ձայն ունես:

– Դե, ինչպես բոլորը՝ մեկ:

– Բայց չէ՞ որ կա ընտանիք, բարեկամ, ընկերություն, սիրուհիներ, պարտք ունեցողներ եւ այլն:

– Հա, իհարկե, մանավանդ վերջիններից՝ ավելի շատ:

– Դե, ուրեմն, քանի՞ ձայն կարող ես վաճառել մեր կուսակցությանը: Իմացած լինես, որ դրանում հանցակազմ չկա: Դուք իրավունք ունեք ձեր ունեցած ձայները վաճառել, չէ՞ որ շուկայական հարաբերությունները թույլ են տալիս ամեն ինչ վաճառել-գնել: Եվ քանի որ ձեր ձայնը ձեր սեփականությունն է, դուք այն կարող եք ազատ վաճառել, մանավանդ որ՝ ոչ մի տեղ գրված չէ, որ ձայների վաճառքը օրենքով արգելվում է: Հետո էլ՝ ով է օրենքին բանի տեղ դնում:

– Ձեր հիմնավորման տրամաբանությունը համոզեց ինձ,- ասացի ես, մտածելով, որ ինչու նրանց խաբելով չստեղծեմ իմ բարեկեցությունը: Գոնե պարտքերից կազատվեմ: Չէ՞ որ գողից գողանալն այնքան էլ անբարո չէ:

– Մենք ձեզնից ակնկալում ենք 300 ձայն՝ մեր կուսակցության օգտին: Իսկ եթե այդ թիվը կարողացաք ավելացնել, մենք էլ մեր հերթին կավելացնենք մեր «վերաբերմունքը»: Տվեք ցուցակը, եւ թող ձերոնք բոլորը գան մեր պահեստներից ստանան իրենց արդար ձայների արժեքը՝ ապրանքների ձեւով: Այդ ամենը մենք անշահախնդիր ենք նվիրում մեր հարազատ ժողովրդին, դե, իհարկե, ակնկալելով նրանց ձայները:

Ահա այսպես էլ ընտրվում են մարդիկ:

Գրիգոր ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՁԵՎՈՎ

Դրամա երկու արարվածով 2007թ.

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՄԸԶ-ՄԸԶ
ՆԸՎ-ՆԸՎ
ԶԸՌ-ԶԸՌ
ՄԸՐԹ-ՄԸՐԹ
ԹԻ-ՍԻ
ԹԻ-ԹԻԶ
ԹՅՈՒ-ՆԻ
ԶԱՎ-ԶԱԿ
ԲԻԶ-ԲԻԶ
ՍՈՒՍ-ՓՈՒՍ
ՆԱԶ-ՏՈՒԶ
ԸՆՋՈՒԿ-ԹԻԹԵՎ
ՊԻԾԻ-ԿՐԱԿ
ԽԸԼՔԸ-ԿՏՐՈՒԿ

ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐՎԱԾ

(Ընտրություններից առաջ)

ՆԸՎ-ՆԸՎ –   Ա, դե, սա կյանք չի, չէ…

ՄԸԶ-ՄԸԶ –  Մզոված ստի կյանքը:

ՍՈՒՍ-ՓՈՒՍ- Հա, էլի£

ՆԱԶ-ՏՈՒԶ – Է, հի՞նչ ասիմ…

ԹԻ-ԹԻԶ – Սրանից վատն էլ կա, էն վեր խաշը դրած ա սեղանին, բայց արաղ չկա:

ԲԻԶ-ԲԻԶ – Էլի դանգլա-մանգլա խոսեցի՞ր:

ԹԻ-ՍԻ – Ավել-պակաս մի խոսեցեք, կգան ու կտանեն Շուշի:

ԹՅՈՒ-ՆԻ  – Հարցը վախենալը չի, տեմ բոլեե վախելու բան չկա հիմա: Ուժերնես պատու՞մ ա, վոր մի բան անենք: Մենք ի՞նչ կարող ենք անել, մեզ ո՞վ ա լսողը:

ԶԸՌ-ԶԸՌ – Ա, որ ուզեմ, մենակ յես սաղ ժղովուրդը ոտքի կկանգնեցնեմ: Շարժումն էլ եմ յես սկսել:

ՄԸՐԹ-ՄԸՐԹ – Ըհը, սկսվից… Ամեն մինը ուրան էշն ա քշում, լոխ գեներալ են:

ԽԸԼՔԸ-ԿՏՐՈՒԿ – Յես մի բան չեմ հասկանում: Ընտրողն էլ ենք մունք, չընտրողն էլ: Յանի վեր թողինք վեչ նեզակոննի բաներ անին՝ հունց պիտի անին: Մեզանո՞վ չեն անում: Էս անգամ տղամարդվաչի թողինք վեչ: Մունք լոխ: Փորձինք լի…

ՊԻԾԻ-ԿՐԱԿ – Սրոչնի հարկավեր ա գործ արած՝ քղաքումը, շինիտկըներումը…

ԸՆՋՈՒԿ-ԹԻԹԵՎ – Յես քյեցի…

ԶԱՎ-ԶԱԿ  – Ա, լյավ, է, լոխ նիսյա պեն ա, մին ա` ուրանց օզածը ընելու ըն:

 

ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐՎԱԾ

(Ընտրություններից հետո)

 

ԽԸԼՔԸ-ԿՏՐՈՒԿ  – Տեսնու՞մ եք: Որ հավատում ես ուժիդ՝ ամեն ինչ էլ ստացվում է:

ՊԻԾԻ-ԿՐԱԿ -Արկաթը տաք-տաք կծեծին: Թա չէ՝ տարիներ շարունակ չանա ինք թակում:

ԸՆՋՈՒԿ-ԹԻԹԵՎ -Խելունքին էլ սկանող ա պետք, թա չէ լոխ խոսում ին:

ԶԸՌ-ԶԸՌ  -Մենակ յես թե հինչքան գործ եմ արել՝ Աստուծ ա գյիդում: Յես չինեի…

ՄԸՐԹ-ՄԸՐԹ – Էդ ա, սաղ իրենք են արել, մենք չկայինք: Քյիսորա յետ լոխ հերոս տեռեն:

ՆԸՎ-ՆԸՎ – Դժվար էր, շատ դժվար: Մաշկես հոռը տյուս եկավ:

ՄԸԶ-ՄԸԶ  – Էլ մի ասա: Դու ասա գնահատող լինի:

ԹԻ-ՍԻ  -Մեզ բռնած-պրծած էին: Լյավ պրծենք:

ԹՅՈՒ-ՆԻ  -Արա, իսկապես, էդ հունց կլյոխ եկավ գործը:

ԲԻԶ-ԲԻԶ – Լյավ, վեչ մրթմրթացեք, վեչ նվնվացեք, վեչ էլ զըռ-զըռ խոսեցեք: Գործը ստացվալ ա, լոխ էլ մասնակցալ ըն, լուխճին արածն էլ գնահատվելու է: Հետո էլ հու պիտի գնահատի, մունք մըզետե ենք արել: Պրոստո հարկավեր ա միշտ տի իլած: Սորաս յետ սուսանել չկա: Հու օզում ա ինի՝ վերջին խոսքը մերը պիտի լինի:

ՊԻԾԻ-ԿՐԱԿ – Յես նա չեկու եմ:

ԸՆՋՈՒԿ-ԹԻԹԵՎ – Հիբու պետք ինի՝ դուք կասիք: Յես միշտ պատրաստ եմ:

ԽԸԼՔԸ-ԿՏՐՈՒԿ – Գլավնին էն ա, վեր միասին ենք: Վեր ցրվինքն՝ նորից նույնն ա իննան:

ԹԻ-ԹԻԶ – Էլի լոխ սերյոզնի տեռեն: Պա հի՞բ ընք քյեփ անում:

Գ. ՏԵՐԶԻԿՅԱՆ

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s