№ 20 / 30 նոյեմբեր

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
կամ՝ ո՞ր «մարզաձևը» կնախընտրեն հակամարտող կողմերը

Նորերս հրապարակվեց Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) հերթական զեկույցը ղարաբաղյան կարգավորման մասին: Այդ փաստաթղթում «աչքալուսանքի»  ոչ մի բան չկա մեզ համար,  այնտեղ, ցավոք սրտի, նորից արտացոլված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ցայսօր առկա կարծրատիպերն ու շաբլոնները, սակայն այս մասին չէ, որ ուզում եմ խոսել:

Զեկույցում լուրջ մտահոգություն է արտահայտված պատերազմի հնարավոր վերսկսման առնչությամբ, մասնավորապես նշվում է, որ «Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է դադարեցնեն սպառազինման վտանգավոր մրցավազքը, զերծ մնան մարտատենչ հռետորությունից»: Իսկ ՄՃԽ կովկասյան ծրագրի տնօրեն Մագդալենա Ֆրիչովան էլ եզրահանգում է, որ միջազգային հանրությունը պիտի ամենայն լրջությամբ վերաբերվի պատերազմի սպառնալիքին և խաղաղությունը գրեթե պարտադրի:

Մտահոգիչը ոչ միայն զեկույցում տեղ գտած մի շարք ձևակերպումների, մեղմ ասած, վիճելիությունն է, այլև պատերազմի վերսկսման հավանականության մասին միանշանակ  պնդումները: Տվյալ պարագայում հարկ է հասկանալ, թե ինչին է նպաստում այս «բայղուշությունը»՝ պատերազմը կանխարգելելու՞ն, թե՞ պատերազմի միտքը որպես վերահաս անհրաժեշտություն սերմանելուն: Եթե նպատակը ժամանակին կանխելն է նման սպառնալիքը, ապա զեկույցը մասնավորապես, և միջազգային հանրության վերաբերմունքն՝ ընդհանրապես, կարող էին այլ կերպ լինել: Նման սպառնալիքը կանխելու ամենաիրական ու արդյունավետ ձևը տեղի ունեցող գործընթացներին անաչառ գնահատական տալն է և առկա իրողությունների հետ հաշվի նստելը, մի բան, որ կարծես թե չի արվում:

Իսկ եթե երկրորդ տարբերակն է, ապա հարկ է հասկանալ, թե ինչու է դա արվում: Մեզ համար ամենակարևորն այս պահին այդ ամենը հասկանալն է, մեր այդ իրավունքը՝ հասկանալու իրավունքը, ոչ մեկին զիջելու իրավունքը չունենք: Իսկ հասկանալու համար ինֆորմացիա է պետք, դիվանագիտություն է պետք, որոնցից մեր իսկ մեղքով զուրկ ենք:

Չեմ բացառում, որ սա պատերազմի սպառնալիքով խաղաղությունն ամրապնդելու փորձ է ընդամենը: Սակայն ենթադրություններն անիմաստ են այստեղ, քանի որ պիտի հստակ իմանալ ու հասկանալ: Եթե այս երկու հաղթաթղթերից զուրկ ենք, ապա դարձյալ ամեն ինչ կորած չէ: Կորած չէ, քանի որ վերոնշյալ երկու տարբերակի դեպքում էլ մենք, շախմատային եզրաբանությամբ ասած, միայն եզակի քայլ ունենք՝ սեփական պետության ամրապնդումն ու հզորացումը: Սա հաստատ մեր «լիազորությունների» շրջանակներում է: Միայն այս դեպքում մենք պատրաստ կլինենք ցանկացած զարգացման:

Իսկ թե ինչպիսի զարգացում կլինի, ոչ լավագույն դեպքում կնախընտրվի դիվանագիտական պատերազմը, թե անցում կկատարվի պատերազմի դիվանագիտությանը՝ վաղ թե ուշ հասկանալու ենք, կամ հասկացնելու են: Վաղ թե ուշ հասկանալու ենք, թե «մրցավարներն» ինչ են ուզում: Նրանք ուզում են, որ հակամարտող կողմերը մրցեն շախմատի տախտա՞կի շուրջ, թե՞ ռինգում:

Կարծես թե երկու մարզաձևերում էլ հայ մարզիկները լավ արդյունքներ ունեն:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————-

Մարաթոն

ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՎԱՔՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 15 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոբելյանական՝ 10-րդ հեռուստամարաթոնի շրջանակներում նախնական արդյունքներով հավաքվել է 15 մլն 280 հազար ԱՄՆ դոլար, որը գերազանցում է նախորդ բոլոր հեռուստամարաթոնների ժամանակ հավաքված գումարը։

Այս անգամ հանգանակված գումարները նախատեսված են Հայաստանի գյուղական զարգացման ծրագրի եւ Ղարաբաղի Մարտունու շրջանի վերականգնման համար: Գումարները Մարտունու շրջանում կուղղվեն տնտեսության վերականգնմանը, ճանապարհների վերանորոգմանը, դպրոցների շինարարությանը, ջրամատակարարմանը, գազիֆիկացմանը եւ այլն։

Նախորդների համեմատ այս անգամ ավելի մեծ աշխուժություն է նկատվել ինչպես Ղարաբաղում, այնպես էլ ԼՂՀ-ից դուրս։ ԼՂՀ կառավարության տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետ Վլադիմիր Կասյանի խոսքերով՝ նվիրատվություններն Արցախում սկսվել են 10-15 օր առաջ։ Անցյալ տարի հեռուստամարաթոնի ժամանակ Արցախում հանգանակվել էր ընդամենը 35 մլն դրամ, իսկ այս տարի այդ գումարը դարձել է ռեկորդային ու արդեն հասել 1 մլն դոլարի սահմանը` գրում է «Ազատ Արցախ» թերթը։

Նախնական տվյալներով՝ Ղարաբաղում գործող «Բեյզ մեթըլս» ընկերությունը նվիրաբերել է 70 մլն դրամ, «Ղարաբաղ Տելեկոմ»-ը՝ 35 մլն դրամ, «Հայկ ժամացույց եւ ոսկերչություն» ընկերությունը՝ 35 մլն դրամ, ԼՂՀ պաշտպանության բանակը՝ 35 մլն դրամ, «Արցախբանկը»՝ 25 մլն դրամ, «Քարավան» ՍՊԸ-ն՝ 20 միլիոն դրամ, «Դորոժնիկ» ՍՊԸ-ն՝ 16 միլիոն դրամ, «Կապավոր» ՍՊԸ-ն՝ 15 միլիոն դրամ։

ԼՂՀ նախագահի եւ կառավարության աշխատակազմերը հեռուստամարաթոնին հատկացրել են մեկական միլիոն դրամ, իսկ Ազգային ժողովի աշխատակազմը՝ 750 հազար դրամ։

Մարտունու շրջանը մարաթոնին հավաքել է շուրջ 10 մլն դրամ, անցյալ տարվա՝ 1,5 միլիոնի փոխարեն, Ասկերանի շրջանը՝ 5 միլիոն 500 հազար դրամ, Հադրութի շրջանը՝ 5 միլիոն 100 հազար, Մարտակերտի շրջանը՝ 2 միլիոն, Շուշիի շրջանը՝ 1 միլիոն 200 հազար, Քաշաթաղի շրջանը՝ 1 միլիոն 100 հազար եւ Շահումյանի շրջանը՝ 700 հազար դրամ։

Հիշեցնենք, որ հեռուստամարաթոնի շրջանակներում 2005-ին մեկնարկել է «Արցախի վերածնունդ» ծրագիրը, որն ուղղված է ԼՂՀ շրջանների վերականգնմանն ու զարգացմանը։

2005-ի հեռուստամարաթոնի արդյունքում հավաքված գումարներն ուղղվել են հանրապետության Մարտակերտի շրջանի վերականգնմանը, իսկ 2006-ի հեռուստամարաթոնը նվիրված էր Հադրութի շրջանին։

«Դեմո» հանրային թերթն իր համեստ ներդրումն է ունեցել, հեռուստամարաթոնի հաշվին փոխանցելով 30.000 դրամ:

 

ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ 2007. ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՀԻՄՔ

Karabakh-Open.com-ը դիմել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ ԲԱԲԱՅԱՆԻՆ, խնդրելով մեկնաբանել ավարտված հեռուստամարաթոնի արդյունքները:

-«Հեռուստամարաթոն 2007»-ը նշանակալից երեւույթ է դարձել մեր ներազգային կյանքում։ Այս տարվա թելեթոնը տարբերվում էր նախորդներից ինչպես քանակական, այնպես էլ որակական առումներով, ընդ որում՝ որակական առումով առավել կարեւոր միտումներ են երևան գալիս:

Քանակական ցուցանիշներից ամենացայտունը, բնական է, հավաքագրված գումարների ընդհանուր ծավալն է, որն ավելի քան 15,2 մլն ԱՄՆ դոլար է: Ֆինանսական միջոցների նման ծավալ չի հավաքագրվել նախորդ ոչ մի թելեթոնի ժամանակ: Ոչ պակաս կարեւոր է նաեւ թելեթոնի մասնակիցների աշխարհագրության ընդլայնումը:

Ինչ վերաբերում է որակական առումներին, այստեղ, իրոք, տեղի են ունեցել մի շարք հիմնարար նորամուծություններ: Առանցքային էր ԼՂՀ ղեկավարության մոտեցումը այս համահայկական միջոցառմանը:

ԼՂՀ նախագահը հիմնական շեշտը դրել է ոչ թե դրամահավաքի՝ որպես այդպիսինի, այլ սփյուռքահայ մեր եղբայրների՝ ԼՂՀ կյանքում մասնակցության եւ արցախցիների՝ սփյուռքի ճակատագրին մասնակցելու վրա: Նման փիլիսոփայությունը մեծ ազդեցություն է գործել սփյուռքի վրա: Այս թելեթոնը փաստորեն մի ընդլայնված կլոր սեղանի է վերածվել, որի շուրջ Արցախը եւ Սփյուռքը քննարկում էին իրենց փոխհարաբերությունները՝ շեշտելով զարգացման միտումները: Տվյալ համատեքստում միանգամայն օրինաչափ էր, որ այս անգամ ֆինանսական միջոցների մեծ մասը հավաքագրվել է ոչ թե խոշոր բարեգործների, այլ փոքր նվիրատուների հաշվին: Դա վկայում է այս միջոցառմանը մեր համերկրացիների առավել լայն մասնակցության մասին: Իմիջիայլոց, «Հեռուստամարաթոն- 2007»-ը այս երեք ամսվա ընթացքում չորրորդ դրամահավաք միջոցառումն էր: Մինչ այդ նմանատիպ միջոցառումներ կազմակերպվել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մի շարք կազմակերպությունների կողմից: Այդուհանդերձ, մեր համերկրացիների վերաբերմունքի մեջ չի նկատվել ոչ հոգնածություն, ոչ էլ ցանկության բացակայություն: Ընդհակառակը, նույնիսկ այս պարագայում հավաքագրվել է ֆինանսական միջոցների ռեկորդային ծավալ:

Ներկայիս թելեթոնի տեղեկատվական ապահովումն էլ տարբերվում էր նախորդներից: ԼՂՀ քաղաքացիները օպերատիվ ռեժիմով էին տեղեկատվություն ստանում ԼՂՀ պատվիրակության հանդիպումների մասին: Առաջին անգամ նախագահին ուղեկցում էին լրագրող եւ օպերատոր: Նկարահանվածի հիման վրա նյութեր են պատրաստվել Ռուսաստանում եւ Ֆրանսիայում տեղի ունեցած հանդիպումների մասին: Շուտով պատրաստ կլինի նաեւ ԱՄՆ-ում տեղի ունեցած հանդիպումների մասին նյութը: Ընդհանրապես, տեղեկատվությունը կարեւոր դեր կխաղա Սփյուռքի հետ հարաբերություններում: Արցախի եւ Սփյուռքի միջեւ կպահպանվի մշտական կապ՝ ԶԼՄ-ների, քաղաքագիտական եւ վերլուծական մակարդակով:

«Հեռուստամարաթոն 2007»-ը փաստորեն դարձել է Արցախի եւ Սփյուռքի միջեւ որակապես նոր փոխհարաբերությունների առաջին քայլը, եւ մենք լուրջ հիմքեր ունենք ենթադրելու, որ այդ հարաբերությունները կզարգանան արդյունավետ սցենարով:

 

ԴՐԱՄԱՀԱՎԱ՞Ք, ԹԵ՞ ՀԱՄԻՇԽԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶ

Կարելի է ասել, որ Հայաստանի սահմանամերձ գյուղերն ու Ղարաբաղի Մարտունու շրջանն արդեն փրկված են՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան հեռուստամարաթոնը հավաքեց ավելի քան 15 միլիոն դոլար կամ դոլարի խոստում, ինչն առայժմ աննախադեպ ծավալ է հեռուստամարաթոնների համար: Փրկված են այնպես, ինչպես Հադրութի շրջանը, ինչպես Մարտակերտի շրջանը, ինչպես Հյուսիս-հարավ ավտոմայրուղին, որոնց համար էլ փող էր հավաքվում նախկին հեռուստամարաթոնների ընթացքում: Իսկ թե ինչպես են փրկված Հադրութը, Մարտակերտը կամ Հյուսիս-հարավը, ցանկացողները կարող են այցելել Ղարաբաղ ու տեսնել: Այդ փրկության արտահայտությունը միայն այն կադրերը չեն, որ պատասխանատու հեռուստաընկերություններով ցուցադրում են, թե ինչպես է գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանն, ասենք, բացում Հյուսիս-հարավի նոր հատվածը եւ ինչպես է պատկերվում հարթ ու մաքուր ճանապարհը: Իրականում երեւի թե լավ կլիներ ցուցադրել նաեւ կադրեր նոր կառուցված ճանապարհի այն բազմաթիվ հատվածներից, որոնք փլուզվում են դեռ մեկ տարին էլ չբոլորած: Կամ ցուցադրել կադրեր այն հատվածներից, որոնք չգիտես ինչու դեռ չեն կառուցվել, թեեւ դեռ երեք-չորս տարի առաջ հայտարարվեց, որ ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ փողը հավաքվել է ամբողջությամբ: Եթե ցուցադրվեն նաեւ այդ մասերը, ապա պատկերն իսկապես կամբողջանա:

Նույնը նաեւ Մարտակերտի ու Հադրութի վերականգնման ծրագրերի կապակցությամբ, որոնք մեկնարկում են մեծ ուշացումով եւ դանդաղ տեմպով: Օրինակ, սփյուռքահայի համար, որ փող է տալիս այդ ծրագրերին, մի՞թե կատարվածից պակաս կարեւոր են չկատարվածի վերաբերյալ հարցերը: Ինչու՞ են ուշանում եւ դանդաղում ծրագրերը: Արդյո՞ք դրա պատճառն այն չէ, որ իրականում խոստացվում են գումարներ, որոնք տարվա ընթացքում այդպես էլ չեն հատկացվում, որովհետեւ խնդիրը ոչ այնքան փող հավաքելն է, այլ դրա իմիտացիա ստեղծելը, համահայկական ակցիան համիշխանական քարոզի ծառայեցնելը՝ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների համար: Կամ արդյո՞ք ծրագրերի դանդաղ ընթացքի, իսկ որոշ դեպքերում էլ պարզապես կիսատ մնալու պատճառն այն չէ, որ Հայաստանում կատարվում է դոլարի սրընթաց արժեզրկում, ինչի հետեւանքով էլ հավաքված փողը մինչեւ անցնում է կոնկրետ շրջանառության, կոնկրետ ծրագրի իրականացման համար, փաստացի պակասում է ժամ առ ժամ: Օրինակ, նոյեմբերի 22-ին հավաքված մոտ 15 միլիոն դոլարը նոյեմբերի 22-ից մինչեւ 26-ը արժեզրկվեց առնվազն 10-15 տոկոսով: Մինչդեռ այդ փողը դեռ ճանապարհին է, դեռ նոր է «տնից դուրս» գալիս, որ ծառայի հայրենիքին: Այսինքն, այդ ընթացքում հայրենիքի հմուտ դրամավարկագետները կհասցնեն 15 միլիոնն իրականում վերածել հազիվ ասենք 10 միլիոնի, եւ դա լավագույն դեպքում:

Պարզ է, որ այդ պարագայում անհնար է պահել ծրագրերի ժամանակացույցը, որովհետեւ, ասենք, Մարտակերտի համար հավաքած փողը երբ քչություն է անում, ապա պետք է սպասել Հադրութի համար հավաքած փողին, ինչն էլ նշանակում է, որ Հադրութն էլ պետք է սպասի Մարտունու համար հավաքածին, կամ, ասենք, նրանք երեքն էլ պետք է սպասեն, մինչեւ վերջացնեն Հյուսիս-հարավը: Իհարկե, կարող է լինել, ասենք, տարբերակ, որ Հայաստանում որոշ մարդիկ մի փոքր սպասեն, զսպեն իրենց ախորժակը եւ թույլ տան, որ դոլարի փոխարժեքը մի քիչ էլ մնա այն վիճակին, մինչեւ ուր որ հասցրել էին: Դե, կարելի էր օրինակ հանուն Ղարաբաղի վերականգնման կամ Հայաստանի սահմանամերձ գյուղերի, գնալ այդ ինքնազոհությանը: Առավել եւս, որ նրանցից այդքան քիչ բան է պահանջվում՝ ընդամենը պահել այն փողի կուրսը, որ տալիս են ուրիշները: Սակայն այդ զոհողությունը կարծես թե տեղի չի ունենում, եւ ինչքան շատ է հավաքվում համահայկական փողը, այդքան բացվում է ներհայկական ախորժակը:

Ջեյմս ՀԱԿՈԲՅԱՆ
«Լրագիր»

 

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ

Սիրելի հայրենակից Գեղամ Բաղդասարյան

Շնորհավորում եւ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հայրենասիրական գաղափարների համար, որոնց մասին գրել եք «Դրամահավա՞ք, թե՞ տրամահավաք» հոդվածում: Լավ կլիներ, եթե այն թարգմանեիք եւ տպագրեիք Արցախի եւ այլ թերթերում՝ ի գիտություն Հայաստանի եւ Արցախի իշխանությունների, ինչպես նաեւ որոշ սփյուռքահայ «մոնոպոլիստ հայրենասիրական կազմակերպությունների», որոնք մտածում են միայն փողի, փառքի կամ արտոնությունների, բայց ոչ երբեք «գաղափարների» մասին՝ ազգի բարոյականությունը կամ նկարագիրը կերտելիս, որոնք արդեն կորցրել ենք:

Հոդվածի մյուս հարցերում Ձեզ հետ համամիտ չեմ: Ես անձամբ եմ այս խնդիրը տեսել Ղարաբաղում: Գաղափարների մասին Ձեր գրածը հիանալի է եւ, ցավոք, այս հարցի մասին մոռանում են կամ անտեսում: Ինչպես Դուք եք ասում, Սփյուռքից կթած կաթը կարող է ցավը մեղմացնել, բայց հիվանդությունը բուժել չի կարող: Զարմանալի է, բայց հայրենիքում Սփյուռքին որպես կթու կովի վերաբերվելը հնարավորություն է տալիս Սփյուռքի որոշ կազմակերպությունների մարդկանցից փող հավաքել առանց նրանց հայկական հարցերի լուծման մեջ ներգրավելու եւ հաշվի առնելու նրանց գաղափարներն ու կարծիքները: Սա է պատճառը, որ ի տարբերություն հրեական կառավարության, մենք անկարող ենք գրավել հայ հմուտ մասնագետների եւ միջին խավի հայրենասեր նորարարների մեր հայրենիքներում աշխատելու (փողն ավելի կարեւոր է, քան ուղեղը, հայրենասիրությունը, նվիրումը): Հնարավոր է, որ պահի դրությամբ ձուկն ավելի օգտակար լինի (ես հոգեւոր բարդությունների մասին չեմ խոսում), սակայն խոշոր հաշվով մեզ կարթ է պետք, ինչպես Դուք իրավացիորեն նշում եք:

Իշխան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Բժշկագիտության դոկտոր Կալիֆորնիա, ԱՄՆ

——————————————————————————————-

Կադրային քաղաքականություն

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՄ ՄԻԱՅՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՇՆՉԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Մանկուց սովորեցնում էին, որ ցանկացած օրենքի հիմքում ընկած է իրավունքը, պատասխանատվությունը եւ պատիժը: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ անպատասխանատվությունը միշտ չէ պատժվում, ինչն էլ հանցածին պատճառ է դառնում:

1999-ին, երբ Ղարաբաղում հայտնի դեպքերն էին տեղի ունենում, այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանը, խոսելով վարչապետ Ժիրայր Պողոսյանի պաշտոնանկության մասին, ընդգծել է, որ «նա քայքայել է մեր տնտեսությունը»: Լրագրողի հարցին, թե ինչու Ժ. Պողոսյանին դրա համար չեն դատում, նախագահը պատասխանել է. մեր օրենսդրության մեջ «տնտեսության քայքայման մասին» հոդված չկա:

Օրենքում տրամաբանական հարցեր տալու մասին ևս հոդված չկա, բայց դրանք ծագում են, մասնավորապես՝ իսկ որտե՞ղ էին մյուս իշխանավորներն ու իշխանության ճյուղերը, երբ քայքայվում էր տնտեսությունը, ինչպե՞ս կարողացավ ոչ կոմպետենտության մեջ մեղադրվող (նաև այսպիսի մեղադրանք է եղել) մի մարդ այդպիսի հաջողությամբ «քայքայել տնտեսությունը», կամ՝ եթե նա կոմպետենտ չէր, ապա նրան օգնել են կոմպետենտները, ուրեմն ինչու՞ այս վերջինները շարունակել են մնալ իրենց պաշտոններում և այլն, և այլն:

Հիմա հայտնվել ենք մոտավորապես նույն իրավիճակում: Նոր իշխանությունները, մասնավորապես` վարչապետ Արա Հարությունյանը, որը նշանակվելուց հետո գրեթե ամեն օր խորհրդակցություններ է անցկացնում տարբեր ճյուղերի պատասխանատուների հետ, հաճախակի նշում է նախկին կառավարության թերացումները:

Ըստ կառավարության նիստերում հնչած կարծիքների՝ «տուրիզմի ոլորտում քաղաքականություն չի իրականացվել», «էներգետիկայի ոլորտում խոշոր խախտումներ, միջոցների հափշտակում եւ փոշիացում է տեղի ունեցել», «ոռոգման համակարգում ոչինչ չի արվել», «հիպոթեքային վարկավորում չի իրականացվել» և այլն, և այլն:

Վարչապետին երկրորդում են մյուս պաշտոնյաները: Օրինակ,  քաղաքաշինության ներկայիս նախարարը, որը նախկինում «Կապիտալ շինարարության» կառույցի պետն էր, իրեն թույլ է տալիս ասել, որ շինարարության որակը անցած տարիներին անբավարար էր: Կամ ջրային տնտեսության նախկին եւ ներկայիս ղեկավարը «խոստովանում է», որ վերջին 10 տարիներին ոռոգման ոլորտում ոչինչ չի արվել:

Մի կողմից՝ վարչապետի «թևքերը քշտած» աշխատելը, ոլորտների հիմնախնդիրներով լրջորեն զբաղվելու ցանկությունը գովելի են, բայց մյուս կողմից էլ մի տարօրինակ զգացում է պատում քեզ. Իսկապես տարօրինակ տրամաբանություն է ստացվում: Եւ բանը նույնիսկ նրանում չէ, որ հնչած ամբողջ քննադատությունը, ամենայն հավանականությամբ, համապատասխանում է իրականությանը, կամ հիմնականում համապատասխանում է: Կարծես թե ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչպես է այդ ամենին վերաբերվում շարքային մարդը, որի հավատը վաղուց է ճեղք տվել: Իսկ նա մտածում է. «Եթե այդպես է, ապա ինչո՞ւ մեղավորները չեն պատժվում, որ ինձնից-քեզնից հափշտակածը վերադարձնեն»: Մյուսն էլ ասում է. «Է, Պետրոսին այս տեղից հանել են, մյուս տեղը նշանակել, իր տեղն էլ Պողոսին են նշանակել, որին ազատել են իր նախկին տեղից: Ինձ համար ի՞նչ տարբերություն»: Երրորդն էլ ման է գալիս ու մի պաշտոնյա չի գտնում, որի հրաժարականի պատճառները հանրային քննարկման առարկա դարձած լինեին: Օրինակ, ասում են, նորերս՝ նշանակումից մեկ ամիս անց, մի միջին տրամաչափի պաշտոնյա ազատվել է աշխատանքից: Շրջանառվում են պաշտոնանկության տարբեր պատճառներ, բայց այս մասին չի խոսվում հրապարակայնորեն, կարծես դա հասարակությանը չի վերաբերում: Կարծես հասարակությունը մի կողմում է, իշխանությունները՝ մյուս, եւ «ներիշխանական» գործերի մասին հասարակությունը պարտադիր չէ, որ իմանա:

Եւ կրկին՝ պատասխանատվության մասին: Այն իրականություն դարձնելու համար առնվազն երեք բաղադրիչ է պետք. հայցվոր, որը պետք է լինի հասարակությունը, դատավոր, որը պետք է լինեն իրավապահ անկախ մարմինները, եւ քաղաքակիրթ օրենքներ, որոնք պետք է մշակեն եւ ընդունեն ընտրված եւ նշանակված իշխանությունները:

Այդ երեք բաղադրիչներից ոչ մեկը լիարժեք չունենք: Հասարակությունը տեղյակ չէ իր իրավունքներին եւ ի վիճակի չէ պաշտպանել սեփական շահերը, առավել եւս՝ պահանջատերի դերում հանդես գալ:  Օրենքները հաճախ ընդունվում են «հասցեական», հատուկ ու կոնկրետ մարդկանց ու նպատակների համար: Իսկ իրավապահ համակարգի մասին դժվար է խոսել թեկուզ և այն պատճառով, որ դեռևս ոչ ոքի խոշոր չափերի հափշտակման համար չեն դատել: Ավելին՝ հրապարակավ չի խոսվում նույնիսկ այն մարդկանց դեմ հարուցված գործերի մասին, ովքեր կալանքի տակ են կամ էին: Կարծես թե կարևորն այդ գործերը չեն, որոնց հիմնավորվածությունը պիտի ապացուցվի կամ չապացուցվի, այլ ուրիշ հարցեր են լուծվում: Տպավորություն է ստեղծվում, թե դա արվում է հարցը «հաշտուխաղաղ ու փոխշահավետ» լուծելու համար, մինչդեռ բոլորի համար պարզ է, որ այդ հաշտուխաղաղությունն ու փոխշահավետությունը  հանրության օգտին չեն կարող լինել, ավելին՝ մարդ իրեն ուղղակի անպաշտպան է զգում համակարգի առաջ: Իսկ անպաշտպան չի զգա, եթե ապահովվի հրապարակայնություն:

Մի բան պիտի պարզ հասկանալ՝ հրապարակայնությունը հանրության ու երկրի օգտին է: Հրապարակայնությունը մութ գործերի արգելակն է: Ընդ որում՝ հրապարակայնությունը հանրային հնչողություն ունեցող հարցերում: Թե չէ մեկ էլ տեսար ամենայն մանրամասնությամբ սկսեցին ներկայացնել, թե ինչպես է քաղաքացի Ա-ն հավ գողացել քաղաքացի Բ-ի բակից:

Հանրային հնչողություն ունեցող հարցերում հրապարակայնությունը միայն կարող է վստահություն ներշնչել կառավարության և ընդհանրապես իշխանությունների գործունեության նկատմամբ:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

 

ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆ ՈՒ ՎՊ ՆԱԽԱԳԱՀԸ

Մինչեւ այս տարվա վերջը հայտնի կդառնա, թե ովքեր են լինելու հանրապետության գլխավոր դատախազը եւ Վերահսկիչ պալատի նախագահը։

ԼՂՀ Սահմանադրության համաձայն, մինչեւ դեկտեմբերի վերջը հանրապետության նախագահը պետք է առաջարկի գլխավոր դատախազի եւ Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունը, որոնք կնշանակվեն Ազգային ժողովի համաձայնությամբ։ ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանի խոսքերով, նրանք կնշանակվեն պատգամավորների ձայների մեծամասնությամբ՝ 6 տարի ժամկետով։

 

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻ, ՈՐ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԻ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքն արդեն լրիվությամբ համապատասխանեցվել է ԼՂՀ Սահմանադրության պահանջներին: Օրենքը, ըստ ԼՂՀ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանի, շատ չէր տարբերվում Սահմանադրության համապատասխան պահանջներից: Ամենաէական տարբերությունը մարդու իրավունքների պաշտպանի առաջադրման հարցն էր: «Նախկինում օմբուդսմենին առաջադրելու իրավունք ուներ թե հանրապետության նախագահը, թե խորհրդարանը, իսկ հիմա այդ իրավասությունը միայն խորհրդարանն ունի: Ավելացրել ենք նաեւ այն, որ մարդու իրավունքների պաշտպանը նույն ձեւի անձեռնմխելի է, ինչպես ԱԺ պատգամավորը»,-Karabakh-Open-ի հետ հարցազրույցում նշել է Յու. Հայրապետյանը:

Օրենքի համաձայն, օմբուդսմենի նշանակումը կատարվում է պատգամավորների թվի 3/5-ի համաձայնությամբ: Իսկ թե ե՞րբ պետք է մարդու իրավունքների պաշտպան ունենանք, Սահմանադրության մեջ կոնկրետ ժամկետ նշված չէ:

Յու. Հայրապետյանի կարծիքով, «քանի որ նոր բյուջետային տարի է սկսվում, երեւի շատ տրամաբանական կլինի, որ օմբուդսմենի հարցը լուծվի մինչեւ տարեվերջ, որպեսզի բյուջեում նախատեսվեն կառույցի ստեղծման ծախսերը»: Այն հարցին, թե «Ժողովրդավարություն» խմբակցությունում քննարկվե՞լ է օմբուդսմենի թեկնածու առաջադրելու հարցը, հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ հարցը դեռ չի քննարկվել:

 

ԿԱՄ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՈՃՈՎ, ԿԱՄ՝ ՈՉ

Սպորտի բնագավառում, ինչպես մյուս ոլորտներում, շարունակվում են կադրային փոփոխությունները: Այլ հարց է, թե ինչպես են դրանք արվում եւ ինչպես են ընկալվում:

Մեր տվյալներով, սպորտկոմիտեի ղեկավարը մի քանի աշխատողների «խնդրել է» աշխատանքից ազատելու դիմում գրել: Դա, ըստ մեր տվյալների, պատճառաբանվել է նրանով, որ «նախկին աշխատողները նոր ղեկավարի թիմից չեն, եւ նա մտադիր է իր թիմակիցների հետ աշխատել»:

Հարցի առնչությամբ դիմեցինք կոմիտեի ղեկավար Լեռնիկ Ղալայանին, որը նշեց, որ թիմակից կամ ոչ թիմակից սկզբունքով չէ նա առաջնորդվում, այլ նրանով, որ աշխատակիցը կարողանա կատարել իր առջեւ դրված նոր պահանջները եւ աշխատի նոր աշխատաոճով:

Լ. Ղալայանի խոսքերով, աշխատակիցների հետ զրուցել է, եւ ովքեր հասկացել են, որ չեն կարողանալու աշխատել նման աշխատաոճով, աշխատանքից ազատելու դիմում են գրել: «Որեւէ մեկի հանդեպ իր կամքին հակառակ ոչ մի քայլ չի արվել, իսկ ով էլ հիմա չի աշխատում՝ իր կամքով է հեռացել»,-շեշտել է սպորտկոմիտեի ղեկավարը, հավելելով, որ մինչեւ հիմա ոլորտի աշխատողների կողմից կատարված աշխատանքը գոհացուցիչ չէ:

Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ղարաբաղում իրականացված շինարարության անորակության մասին խոսում են արդեն հրապարակայնորեն: Այդ մասին խոսում են նաեւ հենց նույն շինարարական աշխատանքներն իրականացնողերը:

Թերություններից զերծ չէ նաեւ ճանապարհաշինությունը, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունը: Բոլորին է հայտնի, որ մայրուղու տարբեր հատվածներում ճանապարհը մի առ ժամանակ հետո նոր կառուցվածի չէր նմանվում: Հենց դա էր պատճառը, որ ժամանակ առ ժամանակ որոշ հատվածների շինարարությունը դադարեցվել է:

Ավտոմայրուղու շինարարության որակը, բացի «Հայաստան» համահայկական հիմնադրամից, վերահսկվում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից: Նախարարության ճանապարհաշինության բաժնի պետ Գենադի Հակոբյանի խոսքերով, ավտոմայրուղու շինարարության ժամանակ եւս թերացումներ եղել են, որոնցից որոշները շտկվել են, իսկ որոշներն էլ չավարտված հատվածներում են:

ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԲՆԱԿՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԵՐԹՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Վերջերս Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը կարգադրել է դադարեցնել բնակհաշվառման ընդհանուր հերթում քաղաքացիների դիմումների ընդունումը,- հաղորդում է «Ազատ Արցախը»։ Փոխքաղաքապետ Գեորգի Հայրիյանի պարզաբանմամբ՝ հաշվի առնելով, որ պետությունը հնարավորություն չունի շենքեր կառուցել եւ անվճար տրամադրել քաղաքացիներին, ինչպես դա արվում էր խորհրդային տարիներին, իսկ հերթացուցակն էլ չափազանց ուռճացված է (շուրջ 1250), ուստի քաղաքապետարանը ստիպված է դիմել այդ քայլին։ Հայտնի պատճառներով վերջին երկու տասնամյակներում բնակհաշվառման ընդհանուր հերթը ոչ թե նվազել, այլ աճել է։

Բացի ընդհանուր հերթից՝ գոյություն ունի նաեւ արտոնյալ՝ առանձին խմբերի բնակհաշվառման հերթացուցակ. զոհված ազատամարտիկների ընտանիքներ, Արցախյան պատերազմի հաշմանդամներ, միայնակ մայրեր, երկկողմանի ծնողազուրկ երեխաներ եւ այլն։ Գ. Հայրիյանի խոսքերով՝ պետությունը պարտավոր է ապահովել առաջին հերթին նշված կարգավիճակի անձանց բնակարանային խնդիրը։ Եվ քանի որ միջազգային պրակտիկայում այլեւս նման երեւույթ չկա, եւ այնպիսի մի փոքր, բայց բազմաթիվ հիմնախնդիրներ ունեցող երկրում, ինչպիսին ԼՂՀ-ն է, հնարավոր չէ իրականացնել դա, ուստի պետությունն առայժմ փորձում է քաղաքացիների բնակարանային խնդիրը լուծել հիփոթեքային եւ այլ ձեւերի վարկավորման ծրագրերով։

http://www.karabakh-open.com

 

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ

Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ առաջին ատյանի դատարանի դատական նիստը ԱրՊՀ հրատարակչական բաժնի վարիչ, դոցենտ Գագիկ Բաղունցի՝ պաշտոնում վերականգնվելու մասին հայցով:

Ինչպես պարզաբանել է հայցվոր Գ. Բաղունցը՝ սուբյեկտիվ գործոնը կամ անձնական նկատառումները չեն կարող ներկայացվել որպես կոնֆլիկտի հիմնական պատճառ: Ըստ նրա, միջադեպը պիտի ընկալել որպես բարձրագույն կրթության ճահճացող համակարգի հերթական հիվանդագին ճյուղավորման դրսևորում, համակարգ, որ փորձում է ամեն գնով պահպանել  կառավարման հին ու արատավոր աշխատաոճը: Դատական կարգով հարցը լուծելու գլխավոր նպատակն էլ վարչական կամայականության դեմ օրինական պայքարի նախադեպի ստեղծումն է:

Դատավարության ժամանակ պատասխանողը՝ ԱրՊՀ ռեկտորի վստահված անձ Յա. Իսկանդարյանը, փորձել է հիմնավորել ռեկտորի ձեռնարկած քայլի օրինականությունը: Սակայն դատավոր Ա. Աբրահամյանի և հայցվորի մի շարք հարցեր այդպես էլ մնացին անպատասխան:

Դատավճիռը հրապարակվելու է դեկտեմբերի 3-ին:

«Դեմո»

——————————————————————————————-

Հասարակություն

ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻ ՈՒՍԵՐԻՆ ԾԱՆՐ ԲԵՌ Է ԸՆԿԱԾ

Ամիսներ առաջ արցախյան եւ հայաստանյան թերթերում տպագրվեց երկրիս ընդդիմության մահախոսականը: Հենց այսպես մեկնաբանվեց այն փաստը, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ ՀՅԴ Արցախի կազմակերպությունը եւ «Շարժում-88» կուսակցությունը /չնայած վերջինիս ղեկավարների տարաբեւեռ կարծիքներին/ կառավարող ԱԺԿ եւ իշխանամետ «Ազատ Հայրենիք» կուսակցությունների հետ միասնաբար հանդես եկան եւ որդեգրեցին «միասնական թեկնածուի» գաղափարը: Այն առաջ բերեց միջազգային որոշ դիտորդների տարակուսանքը, ըստ որոնց «միասնական թեկնածուի» գաղափարը ժողովրդավարության շրջանակներում չի տեղավորվում:

Ինչ որ է, ընտրությունները կայացան, եւ «միասնական թեկնածուի» գաղափարը հաջողությամբ իրողություն դարձավ, ու ԼՂՀ նախագահ ընտրվեց ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանը:

Արդյունքում ի՞նչ՝ երկիրը մնաց առանց ընդդիմությա՞ն: Շատ արցախցիներ հիմա տարակուսանքի մեջ են. ընդդիմությունը հիմա երկկենցա՞ղ է: Դժվար է այս հարցին պատասխանելը. առջեւում գործունեության լայն ասպարեզ է բացված, տա Աստված, որ հետագա տարիներին ականատես լինենք լավ նախաձեռնությունների ու գործերի, և քաղաքական դաշտը վերագտնի իր դասական տրամաբանությունը:

Ընդդիմության հարցը սրանով չի սպառվում: Տարիներ շարունակ արծարծվել է «օբիժեննիկների» հարցը, որով շատ էր սիրում հանդես գալ հատկապես երկրի նախկին նախագահը: Ցավալի է, բայց փաստ, որ այդ, թույլ տրվի ասել, գռեհիկ տերմինի գործածության միակ նպատակը այլախոհության դեմ պայքարն էր, չնայած այն բանին, որ նախագահը լայնախոհության շատ օրինակներ է դրսեւորել: Այս վերաբերմունքը «բացատրվում էր» այն բանով, որ իբր այդ բոլոր «օբիժեննիկները» աշխատանքից ազատված մարդիկ են, ովքեր արժանի չեն եղել իրենց պաշտոններին: Նախ, դա կեղծիք է, քանի որ այդ մարդիկ հանդես են եկել ոչ թե իրենց արդարացնելու նպատակով, այլ պարզապես արտահայտել են իրենց կարծիքը, երկրորդ՝  պաշտոններից ազատվածները ընդամենը մի քանի հոգի են, ընդ որում՝ ազատվելու պատճառը գիտակցված քաղաքացիական դիրքորոշումն էր, հարմարվողականությունից զուրկ լինելը: Իսկ այդ այլախոհների (հրաժարվենք վիրավորական պիտակից) հիմնական մասը ոչ պաշտոնազրկված, ոչ էլ պաշտոնի ձգտող մարդիկ են, պարզապես վերեւներում այդքան պարզունակ, էժան տրյուկներով ազատվում են «գլխացավանքից»:

Իրոք որ՝ ցավոտ հարց է ընդդիմության հարցը: Իմ դիտարկմամբ, հիմա ավելի տեղին է խոսել այլախոհության մասին: Եթե ընդդիմության հետքերն այսօր տեսանելի չեն, ապա այլախոհությունը եղել ու մնացել է: Այն հիմնականում քաղաքական դաշտից դուրս է և ավելի շատ դրսևորվում է լրատվական դաշտում: Այս հանգամանքը տեղիք է տալիս որոշակի թյուրիմացության: Ոմանք հենց լրագրողներին են փորձում ներկայացնել որպես ընդդիմություն, ընդ որում՝ չարիքներից փոքրագույնն է, երբ դա անում են չհասկանալով, շատ ավելի վտանգավոր է, երբ դա անում են միտումնավոր: Իսկ այդպես են անում, որպեսզի ընդդիմության գաղափարն ու երևույթը լղոզելով՝ այն ի չիք դարձնեն, ավլելով ընդդիմության հետքերը:

Լրագրողներն ու լրատվամիջոցները չեն կարող ընդդիմադիր լինել ու այդպիսին չեն, քանի որ դա նրանց առաքելությունը չէ, դա քաղաքական դաշտի խաղացողներին հատուկ կեցվածք է: Ընդդիմությունը կազմակերպված քաղաքական ուժ է, որպիսին չեն կարող լինել լրագրողները: Այլ հարց է, որ քաղաքական դաշտի չկայացման կամ թերակայացման պարագայում լրատվական դաշտը ստիպված է լինում արտացոլել նաև ընդդիմության մասնակի գործառույթներ: Բայց, կրկնենք, լրագրողներն ու լրատվամիջոցներն առանձին վերցրած չեն կարող ընդդիմություն լինել:

Ուրեմն, այստեղ շատ ավելի տեղին է խոսել այլախոհության մասին: Լրատվական դաշտում, այո, կա այս երևույթը: Ընդ որում, պաշտոնական մամուլից այլախոհություն սպասելի չէ, շատ-շատ որոշ լրագրողներ կարող են այլախոհի թեթեւակի կեցվածք ընդունել, ոչ ավելին: Կուսակցական մամուլից՝ առավել եւս: Միայնակ գործող այլախոհները հիմա առավել ևս միայնակ են. չէ՞ որ նրանք շատ դեպքերում որեւէ հարցի շուրջ համակարծիք էին լինում ընդդիմադիր կուսակցությունների հետ, հիմա այդ հնարավորությունն էլ չկա: Եթե կոպիտ, պայմանական ընդհանրացում անենք, կստացվի, որ առկա է լրագրողների երեք «ստորաբաժանում»՝ իշխանական, կուսակցական եւ հնարավորինս օբյեկտիվ: Եթե առաջին երկու «ստորաբաժանումները» մեծապես կաշկանդված են իրենց կարծիքները ազատորեն արտահայտելու մեջ, ապա երրորդ «ստորաբաժանումը» մեծապես ազատ է կարծիքներ արտահայտելում:

Մի շատ կարեւոր հանգամանք էլ կա: Ընդդիմության և այլախոհության սահմանները բավականին փխրուն են: Ընդ որում, եթե լրատվական դաշտում այդ սահմանները հստակ տեսանելի են, ապա քաղաքական և քաղաքականաշուրջ դաշտերում ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Ինչպես հայտնի է, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը բազմիցս հայտարարել է, որ ինքն ընդդիմադիր չէ, այլ բարեփոխիչ: Նա պնդում էր, որ պետք է փոխվի բարոյահոգեբանական մթնոլորտը: Իսկ մի՞թե հիշյալ մթնոլորտը փոխել ցանկացողը կամա թե ակամա չի հարում ընդդիմությանը:

Այս հակասությունը ժամանակին նկատել է Հայաստանի առաջին օմբուդսմեն /մարդու իրավունքների պաշտպան/ Լարիսա Ալավերդյանը. «Նախագահական ընտրություններում շատ մեծ լումա է ներդրել եւ ընդդիմությունը, այլախոսությունը: Ընդդիմախոս թեկնածուն, որը քվեարկության արդյունքներով զբաղեցրել է երկրորդ տեղը, ցույց է տվել, որ այլախոսությունը եւ ժողովրդավարությունը կայանում են ոչ միայն ճանաչված եւ մեծ պետություններում, այլ նաեւ Ղարաբաղի նման փոքրիկ ու չճանաչված երկրում: Երկրորդ տեղն ընդդիմության պարտություն չի կարելի համարել»:

Չես կարող չհամաձայնել այս կարծիքի հետ: Այստեղ տրված է մեր ընտրությունների ճիշտ, անկողմնակալ վերլուծությունը: Այո, դա պարտություն չէ. 8.734 ձայնը, որը տրվել է Մասիս Մայիլյանին, կամ «ճանաչվել» է իշխանությունների կողմից,  պետք է ընդունել որպես իրողություն, որպես բարեփոխումների ներուժ-հավաքական ուժ, որն իսկապես մեծ ուժ է, մի բան, որ ըստ արժանվույն չեն գնահատում հենց իրենք՝ ընտրողները: Ապացո՞ւյց. բազմաթիվ ծանոթ ընտրողներ, թե Ստեփանակերտում եւ թե գյուղերում, պատահելիս, շշուկով, չորս կողմը նայելով, որ մարդ չլսի, խոստովանում են, որ իրենք քվեարկել են Մ.Մայիլյանի օգտին:

Մինչեւ ե՞րբ, սիրելի հայրենակիցներ, ուղտը նստեք՝ կուզեկուզ ման գաք, մինչեւ ե՞րբ վախենաք ազատորեն, բարձրաձայն արտահայտելու ձեր կարծիքը: Ձեզ պատիվ չի բերում ապրել ազատ, անկախ, հերոսացած երկրում եւ երկյուղել կարծիքը ընդամենը բարձրաձայն արտահայտելու համար: Ձերբազատվեք ստրկական մտածողության մնացորդներից: Հիշեք Սենեկա Կրտսերի հազարամյակներ առաջ ասած խոսքը՝ «չկա ավելի ամոթալի ստրկություն, քան կամավոր ստրկությունը»:

Ազատ, անկախ, ինքնիշխան երկրում ապրող քաղաքացին հնարավորություն ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը: Դրա համար առկա են բոլոր պայմանները, ոչ ոք ձեզ չի դատապարտի ընդամենը սեփական կարծիք ունենալու, այն հրապարակավ հայտնելու համար: Իսկ առանց այս հանգամանքի չի լինի ոչ ընդդիմություն, ոչ էլ այլախոհությունը կգո-յատեւի:

Հենրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ` ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԱՍԻՆ.  «ԶԼՄ-ՆԵՐԻՑ ՈՐԻ՞Ն ԵՔ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԻՍ,  Ո՞ՐՆ Է ՁԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ»

Իրավաբան, 35 տարեկան.- Ես նախընտրում եմ հետեւել իրավական ուղղվածության լրատվամիջոցներին՝ ամենից առաջ մասնագիտական բնույթով պայմանավորված։ Ազատ ժամանակ լինելու դեպքում կարդում եմ հայաստանյան թերթեր, դիտում եմ Հ1 եւ Արցախի հանրային հեռուստատեսության լրատվական թողարկումները, որպեսզի իրազեկվեմ Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։ Տեղական լրատվամիջոցներին պարբերաբար չեմ հետեւում, ինձ հետաքրքրող նյութեր քիչ եմ հանդիպում։

ԼԻԱՆԱ եւ ԱՐՄԻՆԵ, ուսանողուհիներ, 19 տարեկան. – Ձեզ ի՞նչն է հետաքրքրում։ Ամեն ինչ էլ կարդում ենք, բացի սպորտից ու քաղաքականությունից։ Ղարաբաղում երիտասարդական մի լավ թերթ է պետք, չունենք։ Ստիպված ռուսական թերթեր կամ հանդեսներ ենք կարդում։

Զինծառայող, 31 տարեկան.- Կարդում եմ «Մարտիկ» շաբաթաթերթը։ «Գոյամարտն» եմ նայում պարբերաբար։ Ազատ ժամանակս էլ դիտում եմ Հայաստանի ու Արցախի հեռուստաալիքները, որ իմանամ՝ ինչ կա-չկա աշխարհում։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ուսուցչուհի, տարիքը չնշեց.- Կարդում եմ հիմնականում «Լուսարար», «Կրթություն», որովհետեւ ե°ւ մասնագիտական առումով, ե°ւ, առհասարակ, ինձ հոգեհարազատ թեմաներ են արծարծվում։ Եթե այլ թերթեր էլ են ձեռքս ընկնում, անշուշտ, կարդում եմ։ Պարզապես թերթեր գնելու նյութական հնարավորություն չունեմ, թե չէ հաճույքով կկարդամ հայատառ բոլոր թերթերը։

Քաղծառայող, 40 տարեկան, մասնագիտությամբ՝ մանկավարժ.-  Պարզ է, «Ազատ Արցախ» եմ կարդում ու նաեւ Արցախի հանրային հեռուստատեսության թողարկումները դիտում, որպեսզի տեղեկանամ, թե ինչ է կատարվում հանրապետությունում։ Բացի այդ՝ համացանցի կայքէջերն եմ նայում եւ անպայման՝ Karabakh-open.com, որն ամենաօպերատիվ լրատվամիջոցն է Արցախում։ Կարդում եմ նաեւ հանրապետությունում լույս տեսնող մյուս թերթերը՝ «Դեմո», «Ապառաժ», «Ակունք»…

ՎԱՉԱԳԱՆ, պաշտոնաթող սպա, 57 տարեկան.- Ազատ ժամանակ ամենից շատ հեռուստատեսություն եմ դիտում՝ տարբեր ալիքներ։ Թերթերից կարդում եմ «Դեմո» հանրային թերթը, որը ճշմարիտ տեղեկություններ է տալիս։ Հայաստանի թերթերից, եթե ձեռքս է ընկնում, «Գոլոս Արմենիին»՝ կարդում եմ, իսկ եթե ոչ՝ կարդալու համար հատուկ թերթ չեմ գնում։

ԱԼԲԵՐՏ, հյուսն, 47 տարեկան.- Թերթերից ընթերցում եմ «Դեմո»-ն, քանի որ ճշմարտությունն է մատուցվում։ Մյուս թերթերը միայն գովաբանություններ են՝ սրա-նրա մասին։ Արցախի հանրային հեռուստատեսությունը միշտ չեմ հասցնում նայել։

ԼԵՍՄՈՆՅԱ, թոշակառու ուսուցչուհի.- Մեծ սիրով եմ ընթերցում «Ազատ Արցախը», որը, ցավոք, միշտ չեմ կարողանում տեսնել։ Հոգեկան մեծ բավականություն եմ ստացել Պուտինի ուսուցչուհու մասին հոդվածից։ Քանի որ թոշակառու եմ, թերթեր գնել չեմ կարողանում։

ՌԻՏԱ, բուժքույր, 40 տարեկան. – Ռուսական ամսագրեր եմ ընթերցում՝ «Լիզա» եւ այլն։ Թերթեր չենք ստանում, առնելու համար էլ փող չկա։ Հեռուստատեսությունից բավականին ինֆորմացիա եմ ստանում աշխարհի եւ մեր Արցախի մասին։ Դրանով բավարարվում եմ։

«Ազատ Արցախ»
20 նոյեմբերի

——————————————————————————————-

Տնտեսական

«ԱՅՍ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՇԱՏ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆՔ»

Կառավարությունը հավանություն տվեց «Գնումների մասին» օրենքի նախագծին։ «Այս համակարգի հետ կապված շատ մտահոգություններ ունենք, – նշել է վարչապետ Ա.Հարությունյանը, – պետք է նպատակային փոփոխություններ անել առկա թերացումներն ու չարաշահումները վերացնելու համար»։

Մեծապես լրամշակված օրինագծով՝ ավելի է կանոնակարգվելու գնումների գործընթացը, այն առավել թափանցիկ ու օպերատիվ է դառնալու, նոր կանոններով են առաջնորդվելու պետական բաժնետիրական ընկերությունները, հաղորդում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

 

ԵՎՍ ՄԵԿ ԲՆԱԳԱՎԱՌ, ՈՐՏԵՂ «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՎԱՐՎԵԼ»

Կառավարությունն ընդունեց 2008 թ. ԼՂՀ զբոսաշրջության զարգացման ծրագիր։ Կառավարության նիստում փաստաթղթի քննարկման ընթացքում նշվեց, որ այս ասպարեզում պետությունը մշակված քաղաքականություն չի վարել, այժմ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, որ զբոսաշրջությունն Արցախում դառնա գրավիչ ու շահավետ բնագավառ։

Դրա զարգացման համար պետությունը գալիք տարի կհատկացնի 10 մլն դրամ, ինչը հիմնականում կնպատակաուղղվի ուսումնասիրություններ անցկացնելու, ծրագրեր մշակելու, ճանաչողական բնույթի գրականություն տպագրելու եւ այլ նախապատրաստական աշխատանքների իրականացմանը։

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՉԵՆ ՓՈՓՈԽՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻՆ 

էլեկտրասակագների փոփոխություն չի նախատեսվում։ Այս մասին կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Արա Հարությունյանը։

Ինչպես հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ժամանակ հայտարարվել է նաեւ, որ գալիք տարի նախատեսվում է առանձին տեղամասերում ներդնել սպասարկման նոր՝ ժամանակակից մոդել, որ արդյունավետ լինելու դեպքում կկիրառվի ամբողջ համակարգում։

Վարչապետ Ա.Հարությունյանը էներգաբնագավառի պատասխանատուների ուշադրությունը մեկ անգամ եւս սեւեռեց տեղ գտած լուրջ բացթողումների, միջոցների յուրացման ու փոշիացման վրա, տեղեկացրեց, որ հանգամանալի ուսումնասիրություններ եւ ստուգումներ կանցկացվեն բոլոր ստորաբաժանումներում եւ կարվեն համապատասխան եզրակացություններ։

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ ԹԵԹԵՎԱՆՈՒՄ Է. 13% -Ի ՓՈԽԱՐԵՆ ԿՎՃԱՐԵՆՔ 15%  ՍՈՑԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ

Կառավարության նիստում հաստատվեցին ԼՂՀ հարկային օրենսդրությունում փոփոխությունների ու լրացումների վերաբերյալ մի շարք նախագծեր։ Փոփոխություն է առաջարկվում, մասնավորապես, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին ԼՂՀ օրենքում: Նախատեսվում է 2008թ. հունվարի 1-ից ամսական 13% վճարի փոխարեն սահմանել 15% չափը։

ՔԱՆԻ ՄԱՐԴ Ի ՎԻՃԱԿԻ ԿԼԻՆԻ ՍՏԱՆԱԼ ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿ 

Հաստատվեց փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2008թ. ծրագիրը։ Փաստաթղթում ներառված է չորս նոր ուղղություն՝ վարկային տոկոսների սուբսիդավորում, վարկեր՝ լիզինգային պայմաններով, առավել խոշոր բիզնես-ծրագրերի ֆինանսավորում հիմնական ծրագրից դուրս, երաշխավորագրերի տրամադրում Զարգացման հիմնադրամի կողմից։

Նորամուծությունների շնորհիվ, ինչպես պարզաբանեց վարչապետ Ա.Հարությունյանը, ԼՂՀ-ում մեծապես կխթանվի գործարարությունը (առավելապես՝ հանրապետության գյուղական վայրերում), կօգտագործվեն Արցախի բանկային ռեսուրսները, լայն ծավալներ կընդունի հատկապես հիպոթեքային վարկավորումը։

Կանխատեսվում է, որ արդեն իսկ գալիք տարի հիպոթեքի ասպարեզում կշրջանառվի ընդհանուր առմամբ ավելի քան 5 մլրդ դրամ։ Կսահմանվի հիպոթեքային վարկերից օգտվողների հատուկ կարգ, այնպես, որ առաջնահերթորեն վարկեր ստանան իրապես կարիքավորները, նշվում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության մեջ:

Մեր հաշվարկներով, նույնիսկ 20 տարով եւ 6 տոկոսով 20 միլիոն դրամ հիպոթեքային վարկ վերցնողը 1 ամսվա կտրվածքով պետք է ավելի քան 200 հազ. դրամ մուծի բանկ: Մնում է սպասել հունվարին եւ տեսնել, քանի մարդ ի վիճակի կլինի ստանալ շատ օգտակար եւ անհրաժեշտ վարկը:

ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՐԴԱՐ ԼԻՆԻ. ԿԲԱՐՁՐԱՑՎԵՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ 

ԼՂՀ կառավարության հերթական նիստում առաջարկվել է «ԼՂՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություններ մտցնել, որոնցով «բավականաչափ կմեղմվեն տեղ գտած զգալի տարբերությունները, կբարձրացվեն մի շարք պաշտոնյաների դրույքաչափերը, ինչի շնորհիվ որոշակի հավասարակշռություն կստեղծվի այդ համակարգում»։ Այդ մասին հայտնել է ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

2008թ. հունվարի 1-ից, մասնավորապես, ԼՂՀ նախարարի առաջին տեղակալի, կառավարությանն առընթեր ոստիկանության պետի առաջին տեղակալի եւ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնային դրույքաչափ է սահմանվել 220 հազար դրամը՝ նախկին 180 հազարի փոխարեն։

ԵՐԲ ՀՅՈՒՍԻՍԸ ԿՄԻԱՆԱ ՀԱՐԱՎԻՆ

Ստեփանակերտ-Կարմիր շուկա ճանապարհահատվածն արդեն լրիվությամբ ասֆալտապատված է: Վերջին հատվածի շահագործման արարողությունը տեղի է ունեցել նորերս: Այս ճանապարհահատվածը Ղարաբաղի ողնաշարը համարվող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու մի հատվածն է: «Հյուսիս-հարավ»-ը, որի երկարությունը 160.3 կմ է, կապում է Հադրութ եւ Մարտակերտ քաղաքները:

Ինչպես մեզ հայտնեցին ԼՂՀ քաղաքաշինության նախարարության ճանապարհաշինության բաժնից, 160.3 կմ ճանապարհահատվածից շահագործման է հանձնվել 111.3 կմ ճանապարհ եւ 1 կամուրջ: 111.3 կմ-ից 56.1 կմ-ն՝ Ստեփանակերտ-Հադրութ ճանապարհահատվածում է, իսկ 55.2-ը՝ Ստեփանակերտ-Մարտակերտ:

Պատրաստ չէ ավտոմայրուղու 49 կմ-ը, որից 3.9 կմ-ը Ստեփանակերտ քաղաքի տարածքում է, եւ ծրագրի շրջանակներում այն չի նորոգվելու: Մնացած 45.1 կմ-ից 28.1-ում շինարարությունը դադարեցված է, իսկ 17 կմ-ում եւ 2 կամրջում դեռ աշխատանքներ չեն իրականացվել:

Նախարարությունում մեզ հայտնեցին, որ ավտոմայրուղու մնացած հատվածների շինարարության պատվիրատուները դեռ հայտնի չեն: Շինարարության հետ կապված հարցերը դեռ քննարկման փուլում են: Մեր տվյալներով, հնարավոր է, որ ավտոմայրուղու մնացած հատվածների շինարարությունն իրականացվելու է ԼՂՀ պետբյուջեի հաշվին, այնինչ «Հյուսիս-հարավ»-ի շինարարության համար նախատեսվող գումարները հավաքվել են տարիներ առաջ:

——————————————————————————————-

Հավատ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ  ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Գառնիկ ԱԲՐԵՅԱՆ

«Այսպես է ասում Տերը. Կանգնեցեք ճանապարհներին  եւ տեսեք եւ հարցրեք վաղեմի  ճանապարհներից, թե արդյոք  որն է լավ ուղին, այն ժամանակ  գնացեք նրանով եւ դուք հանգստություն կգտնեք ձեր հոգիների համար…» (Երեմիա. 6:16):

Աշխարհը լիքն է գիտություններով եւ գիտնականներով: Մարդկանցով, որոնք խորանալով այս կամ այն գիտության մեջ, բացում են նյութական օրենքների գաղտնիքները եւ դրանց հիման վրա ստեղծում  բազմաթիվ կարեւոր առարկաներ, մեքենաներ մարդկանց կենցաղն ու կյանքը ավելի հարմարավետ եւ հետաքրքիր դարձնելու համար: Կան նաեւ գիտություններ, որոնք սատարում են մարդկանց առողջությանը, կարգ ու կանոնին, երկրի ղեկավարմանը: Բոլորը չես թվարկի:

Այս ասպարեզում հրավիրվում են քննարկումներ, բանավեճեր, խորհրդակցություններ եւ այլն: Եթե, օրինակ, մաթեմատիկային նվիրված սիմպոզիում է լինում, բնական է, որ հրավիրվում են մարդիկ, ովքեր խորությամբ ծանոթ են այս գիտությանը: Ոչ մի այլ բնագավառի մասնագետ չի կարող այս միջոցառմանը մասնակցել ոչ այն պատճառով, որ արգելվում է, այլ որ ինքը չի ցանկանա, հասկանալով իր գիտելիքների սահմանափակությունը տվյալ ասպարեզում: Եվ ես, եւ դուք չէինք համաձայնվի մասնակցել տիեզերագնացների որեւէ բանավեճի, ինչքան էլ լավ վարձատրեին, որովհետեւ մենք կհայտնվեինք հիմար եւ ծիծաղելի վիճակում:

Սակայն կա մի գիտություն, որի քննարկումներին մասնակցում են բոլորը: Դա Աստվածաբանությունն է, գիտություն՝ Աստծո մասին, այսինքն Նրա մասին, որը Արարիչն ու կյանք տվողն է երկնքի եւ երկրի վրա գոյություն ունեցող բոլոր գիտություններ՝ միասին վերցրած: Եվ մենք բոլորովին չենք վախենում մեր ակտիվ մասնակցությունը բերել նման քննարկումներին, հիմնվելով մեր տրամաբանության եւ մակերեսային տեղեկությունների վրա:

Այս ասպարեզում կան երկու մեծ ցավեր: Երբ անգրագետ հավատացյալները քննարկում կամ քննադատում են գիտությունը, եւ ուսյալ ու գրագետ, բայց անհավատ մարդիկ  քննարկում են հավատքին վերաբերող հարցեր: Ինչպե՞ս կարելի է խոսել հավատքի մասին՝ չունենալով այն:

«Երբ մեկը խոսի աներեւույթի եւ նրա հավիտենական զորության մասին, քանի որ ինքը մարմնավոր է ստեղծված, պետք է միտքը հստակի, մտածմունքները մաքրի, հոգեկան խռովքը վերացնի, որպեսզի կարողանա հասնել այն բանին, ինչ որ նպատակադրել է: Այսպես էլ նա, ով ցանկանում է նայել արեգակի ճառագայթներին, պիտի սրբի ու հեռացնի աչքերի կեղտն ու ճպուռը»՝  ասում է Եզնիկ Կողբացին: «Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը. Այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհիցը եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը» (Եսայի. 55:8-9)։

Լսու՞մ ես տարբերությունը մեր եւ Տիրոջ մտածողության՝ ինչ չափերի է հասնում: Ուրեմն՝ մի շտապիր քո տրամաբանությամբ հասկանալ, կամ ընկալել, կամ քննարկել եւ կամ, որ ավելի վտանգավոր է՝ քննադատել այն, ինչը այդպիսի բարձրության վրա է գտնվում իմ եւ քո խելքից ու բանականությունից: Եթե հարյուրամյակներ հետո փիղ կենդանին վերանար, եւ հնէաբանները պեղումներ  կատարելիս գտնեին փղի մի ականջ, պետք է պնդեին եւ ապացուցեին, որ այդ կենդանին ունեցել է լավաշի կամ դրա նման մի հարթ մակերեւույթով մարմնի տեսք: Սրանք մեծ վեճի մեջ պետք է մտնեին ուրիշ հնէաբանների հետ, որոնք, գտնելով փղի պոչը, պետք է պնդեին, որ այդ կենդանին ավելի շատ օձազգիներից է: Եվ եթե մի քիչ ազատություն տանք մեր ֆանտազիային, դժվար չէ կռահել, թե ինչպես պետք է պատկերացնեին այս կենդանուն՝ նրա կնճիթը կամ ոտքը գտնողները: Դու միգուցե ծիծաղում ես նրանց միամտության վրա, բայց դու չէիր ծիծաղի, եթե երբեք փիղ տեսած չլինեիր:

Իմ հայրենի Գյումրիում տարիներ առաջ այսպիսի պատմություն էին պատմում ու էլի ծիծաղում. «Հրշեջ ծառայության աշխատակցին հարցրել էին. «Ի՞նչ տարբերություն կա ջութակի եւ թավջութակի միջեւ», եւ նա պատասխանել էր՝ «Թավջութակը քիչմ երկար կվառի»: Այո, ծիծաղելի է, բայց չէ՞ որ դա նույնպես ճշմարտություն է: Թավջութակի չափսերը մեծ են եւ փայտն էլ շատ: Բայց ծիծաղելի է ուրիշ պատճառով, որ տարբերությունը ավելի խորն է, եւ գիտենք, որ բոլորովին այլ կերպ կպատասխաներ այս հարցին փորձառու երաժիշտը: Եվ եթե մեր երկրային գործերի մեջ մարդու մասնակցությունը ոչ իր ասպարեզում կարող է մեծ վնաս եւ ծիծաղելի լինել, ապա ինչպիսի վնասներ կարող է բերել Աստծո գործի մեջ նման անձնավորությունը:

Եբրայեցիներին գրված նամակում Պողոս առաքյալն ասում է. «… Աստծո խոսքը կենդանի է եւ զորավոր եւ ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ է…»: Այսօր, այս զենքը ձեռքներին, անփորձ ու մոլորված մարդիկ, տնից տուն են գնում քարոզելու ոչ թե Քրիստոսի բարի լուրը, այսինքն՝ Նրա սուրբ արյամբ մեղքերի թողություն, այլ որ Քրիստոս ամենակարող Աստված չէ: Յուրաքանչյուր գործիք, այդ թվում՝ նաեւ զենքը, օգուտ է բերում, երբ գտնվում է փորձառու զինվորի ձեռքին: Սրտի ցավով կարելի է տեսնել, թե ինչպես մոլորված երիտասարդներ, ծերեր, միջին տարիքի մեր քույր-եղբայրները հոգեւոր սովի պատճառով տարվում են այսպիսի ցնդաբանություններով, որոնցից ոչ մի օգուտ չկա:

Բավականին տեղյակ լինելով այդ ուսմունքին՝ կարող եմ մի քանի խորհուրդներ տալ ինչպես նրանց, ովքեր հավատացած են այդ մոլորությանը, այնպես էլ նրանց, ովքեր դեռ չեն տեսել ավելի լուսավորը: Նախ՝ ձուկը գլխից է հոտած: Այսինքն՝ քարոզի թեման է սխալ: Քրիստոսը մեզ ուղարկեց քարոզել Ավետարանը եւ ոչ թե մարդկանց սովորեցնել, որ Քրիստոս Աստված չէ: Բոլոր «Դիտարանների» թեմաները, եթե նույնիսկ ճիշտ են արծարծվում, նրանք երկրորդական են: Օրինակ, «դիտարաններից» մեկում մի հեղինակ, հիշեցնելով Քրիստոսի խաչելությունը եւ ավազակներից մեկին ասված այն խոսքը, որ «… Ճշմարիտ ասում եմ քեզ, Դու այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ.23:43), փորձում է ապացուցել, որ Հիսուսը նկատի չուներ հենց այդ օրը նրան դրախտ տանել, այլ երբ որ մեռելների հարությունը գա: Եվ այս իր միտքը ապացուցելու համար բազմաթիվ ճկուն միջոցների է դիմում, որոնցից մեկն էլ ստորակետի սխալ տպագրության հետ է կապում: Այսինքն, ըստ նրա՝ պետք է կարդալ ոչ թե «… Ճշմարիտ ասում եմ քեզ, այսօր» այլ «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր, …» (Եհովայի վկաները քաջ ծանոթ են սրան): Եվ մոտավորապես 4-5 թերթ ճառում է այս «լույս ճշմարտությունը» ապացուցելու համար:

Այսինքն, այս հեղինակի կարծիքով՝ տվյալ պատմության գլխավոր նյութը ավազակի դրախտ գնալու ճշգրիտ ժամանակը իմանալն է: Որպեսզի չվիճենք հարգարժան հեղինակի հետ, եկեք մի պահ համաձայնենք, որ իրոք ոչ թե այսօր, այլ հետո պետք է ավազակը լինի դրախտում: Իսկ ի՞նչ դաս կա այս հայտարարության մեջ մեզ համար: Ոչ մի դաս, այլ ինչ որ բան իմացանք: Երկու ավազակները. սա աշխարհի պատկերն է: Այսինքն՝ Աստված մեղավոր աշխարհը բաժանում է երկու խմբի, նույն բնութագրով, բայց երկու տեսակ: Այսինքն, այս պատմության գլխավոր հարցը չէ՝ այսօ՞ր, թե՞ վաղը, այլ՝ ինչու՞ երկու նույն վարքի եւ բնութագրի մարդկանցից մեկին ասաց կլինես ինձ հետ, իսկ մյուսին՝ ոչ: Եվ եթե ես հասկանամ եւ գիտենամ, թե ինչով տարբերվեց այն ավազակն իր ընկերոջից, սա ինձ համար մեծ օգուտ ու դաս է, որպեսզի ես նույնպես վարվեմ նրա պես, որպեսզի ես նույնպես Տիրոջից լսեմ «Ինձ հետ կլինես» խոսքերը: Իսկ այսօր, թե վաղը՝ ինձ ի՞նչ օգուտ, երբ ես չգիտեմ ճանապարհը: Ահա ձեզ մի փոքրիկ օրինակ, թե ինչ տարբերություն կա «ջութակի եւ թավջութակի միջեւ»:

Մտնելով տնից-տուն՝ ցույց է տրվում Հովհաննու ավետարանի 14:28 «Իմ Հայրը մեծ է ինձանից» խոսքը եւ ասվում . «տեսեք՝ Ինքը Քրիստոսն է ասում, որ Հայրը մեծ է ինձանից, եւ գայթակղվում ու գայթակղում են «մեծ է» բառի վրա: Սիրելիներ, ինքը՝ «Մեծ է» բառակապակցությունը, ապացուցում է Քրիստոսի Աստվածային բնությունն ու էությունը: Որովհետեւ եթե համեմատվում է որեւէ էություն, համեմատվում է նույն էության հետ: Ոչ ոք չի ասում՝ մուկը փոքր է էշից, արծիվը՝ արջից: Այլ կասեն՝ ձին մեծ է ձիուց, մարդը մարդուց եւ այլն: Եվ երբ Քրիստոսը ասում է, որ «Հայրը մեծ է», դա արդեն խոսում է նույն էության ու բնության մասին  Հոր հետ: Իսկ որ մեծությունը վերաբերում է պատճառին եւ ոչ զորությանն ու կարողությանը, դա երեւում է բազմաթիվ տեղերում, ուր Որդու եւ Սուրբ Հոգու մեծությունն է ավետվում. «Ես եւ Հայրը մեկ ենք» (Հովհ. 10:30):

Գայթակղվում են նաեւ հայրության վրա: Ասում են՝ ինչպե՞ս կարող է ծնված որդին հավասար լինել Հորը: Չէ՞ որ եթե ծնված է, ուրեմն, Հայրը՝ առաջ, հետո՝ Որդին: Սա նույնպես մեր նյութական ժամանակի մեջ ապրած տրամաբանությունն է: Աստվածությունը Հայրության կամ Որդիության մեջ չէ, այլ Հայրությունն է  աստվածության մեջ: Հայրը միշտ Հայր է եւ Որդին՝ մշտնջենավոր ծնունդ: Մեր հայ միջնադարի խոշոր աստվածաբաններից Գրիգոր Տաթեւացին ասում է. «Եթե Հայրը որդուց մեծ է, ուրեմն ինչ որ մի ժամանակ Հայր չէր»: Այսինքն՝ նրանք, որ կարծում են, թե Հայրությունն է աստվածություն, եւ Որդին ինչ-որ մի ժամանակ ծնված, ուրեմն պետք է խոստովանեն, որ կար մի ժամանակ, որ Հայրը Հայր չէր, որովհետեւ Հայր է կոչվում այնժամ, երբ որդի ունի: Եվ քանի Հայր Աստված անեղ հավիտյան Հայր է, ուրեմն՝ մշտնջենավոր ու հավիտենական Որդու Հայր է: Որդուն չունեցողը Հորն էլ չունի:

Գայթակղվում են նաեւ Հայտնությունների գրքում գրված հետեւյալ խոսքից. «Սա է ասում Ամենը, Հավատարիմ եւ ճշմարիտ վկան՝ Աստծո արարածների սկիզբը» (Հայտն. 3:14): Այսինքն, ասում են՝ արարածներին ստեղծեց Աստված, եւ սկզբի արարածը Քրիստոսն է: Բայց արարածների սկիզբը նշանակում է, որ բոլոր արարածները սկիզբ առան Քրիստոսից՝ ինչպես Հովհաննեսն է ասում. «Ամեն բան նրանով եղավ, առանց Նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ» (Հովհ. 1:3):

Եվ այսպես կարելի է շարունակել այս գայթակղությունների ցուցակը, էլ չենք խոսում այն տեղերի մասին, որոնք կոնկրետ նշում են, որ Նա Աստված է: Բայց «…ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր ասել՝ եթե ոչ Հոգով Սրբով» (1 Կորնթ. 12:3): Գիտենք, որ այն օրինակները, որոնցով փորձում ենք պարզեցնել Աստծո էությունը, հեռու են կատարելությունից եւ չեն կարող լիակատար պատկերացում տալ մեզ՝ սահմանափակ արարածներիս՝ Նրա բնության եւ վեհափառության մասին: «Զգույշ կաց անձիդ եւ վարպետությանդ, եւ դրանում հարատեւիր, որովհետեւ այդ անելով քո անձն էլ կապրեցնես եւ քեզ լսողներին էլ» (1 Տիմոթ. 4:16):

Ուսանողական տարիներին Ռուսաստանի քաղաքներից մեկում ապրում էի մի հրեա տղայի հետ՝ նույնպես ուսանող: Մի անգամ, երբ ես եւ ինքը փող էինք ստացել ծնողներից, որոշեցինք մի լավ խմել: Գումարը, որ ունեինք, հերիքեց, որ երեք օր անընդմեջ մեր «գովեստի արժան» որոշումն իրագործենք: Եվ ահա չորրորդ օրը արթնացել ենք առավոտյան եւ շփոթել ենք շաբաթվա օրերը: Ընկերս ասում է՝ այսօր հինգշաբթի է, իսկ իմ հաշվարկներով պետք է չորեքշաբթի լիներ: Եվ մենք սկսում ենք իրար ապացուցել՝ գոռգոռալով ամեն մեկս մեր տեսակետը: Եվ այս աղմուկից ներս է մտնում մեր ընդհանուր ծանոթ հարեւանը եւ իմանալով վեճի պատճառը, շտապում է հանգստացնել մեզ երկուսիս հետեւյալ խոսքերով. «Հանգստացեք եւ մի վիճեք, որովհետեւ այսօր կիրակի է»:

Այսպես կարող է լինել բոլոր նրանց հետ, ովքեր սիրում են քննել անքննելին: «Ով Աստծո մեծության եւ իմաստության եւ գիտության խորությունը, ինչպես անքննելի են նրա դատաստանները եւ անհասկանալի են Նրա ճանապարհները: Որովհետեւ ո՞վ գիտեցավ Տիրոջ միտքը, կամ ո՞վ եղավ նրան խորհրդակից կամ ո՞վ նրան առաջուց մի բան տվավ, որ նրա հատուցումն առնե նրանից» (Հռովմ. 11:33-35):

Ակնարկս կամենում եմ մի անանուն հեղինակի խոսքերով ավարտել. «Ոչ մի բանից մի վախենա, մի խորշիր, մի փախչիր այնքան, որքան քո մոլորությունից եւ քո մեղքերից, որոնցից պարտավոր ես զգուշանալ ավելի, քան ամեն վնասից: Կան հոգիներ, որ չեն գնում Տիրոջ ետեւից, այլ, տարված հախուռն հետաքրքրություններով, ուզում են գտնել Նրա գաղտնիքները, թափանցել խորությունները աստվածության, փոխանակ զբաղվեն իրենց անձով եւ իրենց փրկությամբ: Սրանք հաճախ են սայթաքում իրենց հպարտության եւ իրենց հետաքրքրության հետեւանքով, մեծ փորձությունների եւ հանցանքների մեջ ընկնում, որովհետեւ Տերը հեռանում է նմաններից»:

«Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան» (Եբր. 13:8):

——————————————————————————————-

Մշակույթ

ՉԱՐԵՆՑԻ ՄԵԾ ՍԵՐԸ

Մինչեւ Արփենիկ Աստվածատրյանին հանդիպելը Չարենցն ունեցել է մի քանի սերեր, որոնցից մի քանիսի մասին պատմում է ընկերներից մեկը՝ Աղասի Ալայանը:

– Ես Աստծո ինչն եմ ասել, աշխարհը թողած, Կարսը թողած, եկավ ի՞նձ տեսավ: Մարդավարի որ տեսք տար, հոգին դուրս կգար: Հիմա լա՞վ է, որ աղջիկները ռեխիս չեն նայում:

Հանգստացնում էի.

– Ոչինչ, Եղիշ, Աստծուց հեչ մի նեղանա. բանաստեղծի տաղանդ բաժանելիս Կարսում մենակ որ քեզ է տեսել, քի՞չ ես համարում:

Քիթը կնճռոտում էր.

– Ա’յ Աղասի, աղջկան ի՞նչ պետք է, թե տղան տաղանդավոր է, էս է, էն է: Աղջկան գեղեցկություն է պետք: Թե չէ՝ տաղանդը ոչ կգրկես, ոչ կհամբուրես:

-Դարդ մի° արա, Եղի°շ ջան,- ասում էի,- կմեծանաս՝ կգեղեցկանաս:

– Խե՞նթ ես, այ տղա, որ մեծանամ՝ բոյս երկարելո՞ւ է, ուսերս հավասարվելո՞ւ են, քիթս ուղղվելո՞ւ է: Ալայան, գնա° Աստղիկ Ղոնդախչյանին ասա, որ սիրում եմ իրեն:

– Եղա՞վ, Եղիշ ջան, աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ:

– Չի լինի, թող չլինի, պետքս էլ չի: Բանաստեղծություն կնվիրեմ.

Քնել չի լինում…

Հիմա, երբ այնպես ուզում եմ քնել,

Ամեն, ամեն ինչ մտքիցս հանել:

 

Սերը անպատասխան մնաց:

Շատ ժամանակ էլ չէր անցել՝

-Ալայան, գնա Կարինե Քոթանջյանին ասա, որ իրեն սիրում եմ:

 

Ու գրեց.

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,

Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում,

Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեք գույն,

Որ չցնդի, չմարի՛ իմ հոգու հեռուն:

 

Այս սերն էլ անպատասխան մնաց:

Գրողի «Չարենց-նամե»-ում հոլովվող երրորդ սերը Լյուսի Թառայանն էր, որին նա ծանոթացել էր 1919թ. դեկտեմբերի սկզբին: Օրիորդ Թառայանը Թբիլիսիի Գայանյան դպրոցի շրջանավարտներից էր, եկել էր Կարս՝ թուրքերից ազատագրված վայրերում աշխատելու: Նա աշխատում էր որպես մեքենագրուհի, միաժամանակ մասնակցում սիրողական ներկայացումներին: Օրինակ, խաղացել էր Սուսանի դերը Շիրվանզադեի «Նամուս» դրամայում:

Լյուսի Թառայանին Չարենցը սեր է խոստովանել՝ նրան կոչելով իր մուսան, սակայն օրիորդը մերժել էր նրան, քանի որ նշանված էր հեղափոխական Կարո Գարագաշի հետ: Հետագայում Թառանյանը չէր ամուսնացել:

Չարենցի կյանքում դրամատիկ եւ տառապալից էր նրա սերը Ավետիս Ահարոնյանի որդու՝ Վարդգես Ահարոնյանի կնոջ՝ Արմենուհի Տիգրանյանի հանդեպ, որի պատճառով բազմիցս «քարկոծվել» էր Ահարոնյաններից:

1920թ. դեկտեմբերին ծանոթանալով Արփենիկ Աստվածատրյանի հետ՝ Չարենցի սրտում սկսել էր ծլարձակել սերը նրա հանդեպ, երբ դեռ չէր հասցրել հաղթահարել իր սերն ու դառնությունը Արմենուհու հանդեպ: Բայց Արփենիկն արդեն խռովել էր բանաստեղծի զգայուն հոգին. «Հասակդ ավելի բարձր թվաց, ճակատդ՝ ավելի բաց, եւ վեհագույն, տառապանքից խորացած աչքերդ՝ ավելի գեղեցիկ եւ իմաստուն: Իսկ այն մորթե գլխա¯րկը… Որքա¯ն կատարյալ էր դարձնում քո կեցվածքը: Փոքրիկ, քնքուշ ու տառապած մի էակ արդեն քայլում էր կողքիցդ: Արժանի էր քեզ: Երջանիկ էի եւ նրա համար: Մենք բաժանվեցինք: Ձյունի պես ճերմակ եւ մաքուր մի զգացում ողողել էր հոգիս, երբ քայլում էի նորեն մենակ, նորեն կարոտներիս հետ»:

Արփենիկի քրոջ` Քրիստինե Տեր-Աստվածատրյանի վկայությամբ՝ իրենց ծնողները Գողթան աշխարհի Ազա գյուղից էին, որտեղ եւ ծնվել էր Արփիկը: Չարենցի եւ Արփենիկի հարսանյաց հանդեսին ներկա էր Ստեփան Զորյանը, որը եղել էր երկու հրավիրյալներից մեկը: Զորյանը ներկայացրել է Չարենցի քեֆասեր-հյուրասեր բնավորությունը՝ կառքով, զուռնա-դհոլով. փողոցները ծայրեծայր շրջելու, իր ուրախությունը ամենքի հետ հրապարակայնորեն կիսելու անսանձ ցանկություններով:

Բացվում էր խնդության դուռը բանաստեղծի համար, ծայր էր առել վերածնության երգը եւ հորդում էր նոր ուժով՝ սրտի երգը, որն իր արտահայտությունը գտավ «Տաղարան» շարքում: Շարքը նվիրված էր սիրելիին՝ Արփենիկին, որին դիմելով գրեց.

 

Ինչքան որ հուր կա իմ սրտում – բոլորը քեզ,

Ինչքան կրակ ու վառ խնդում – բոլորը քեզ,

Բոլորը տամ ու նվիրեմ, ինձ ոչ մի հուր թող չմնա,

Դու չմրսես ձմռան ցրտում – բոլորը քեզ…

Արփենիկն ամբողջ էությամբ նվիրված էր Չարենցին, եւ նրա համար ոչ միայն կյանքի ընկեր էր, այլեւ հոգու և նրա ստեղծագործությունը հասկացող ու գնահատող ընթերցող, նրա գրական մտահղացումների առաջին գնահատողն ու խրախուսողը, նրան ոգեւորողն ու սաստողը: Դա է պատճառը, որ վերոհիշյալ քառյակը դարձավ նվիրվածության երդում, որին բանաստեղծը հավատարիմ մնաց մինչեւ կյանքի վերջը, ու դրանից հետո բազմաթիվ բանաստեղծություններ, սոնետներ, աքրոստիկոսներ նվիրեց Արփենիկին:

Չարենցը եւ Արփենիկն իրար հետ կապված էին ամենաջերմ, փոխադարձ զգացումով: Ոչ մի «հրեշտակ» չէր կարող Չարենցին անջատել Արփենիկից. նա ամեն ինչ էր բանաստեղծի համար, առանց որի իր կյանքը չէր պատկերացնում:

Արփենիկ Չարենցը ծով համբերության, մեծ կամքի տեր կին էր, կարողանում էր հանգստացնել Չարենցի «խենթությունները»: Երբեմն բարկանում, երբեմն խրատում, նորից սիրում ու գուրգուրում, նորից բարկանում եւ այդ ձեւով մանկան պես պահում էր նրան: Վ. Ալազանի կինը՝ Մարո Ալազանը, վկայում է. «Արփենիկը բարձր հասակով Չարենցի համար նույնն էր, ինչ Ալազանը՝ իմ: Չարենցի գլուխը հազիվ էր հասնում Արփիկի թեւատակին»:

Արփիկը միջին գեղեցկությամբ, սպիտակադեմ, շագանակագույն մազերով, ուղիղ դիմագծերով, զարգացած, բովանդակալից, շատ կիրթ կին էր, իր խոսքերում չափված ու ձեւված: Նա հաճախ Չարենցին նախատելով՝ ասում էր. «Ինչո՞ւ ես այդպես բռնկվում, քեզ կորցնում. հազար անգամ ասել եմ՝ Եղիշե°, մի° բռնկվիր, սառը դատիր՝ հետո խոսիր, որ հետո չզղջաս»:

Տարիներով որոնած «երազային ու աստղային քրոջ» կամ «լուսամփոփի պես աղջկա» փոխարեն Չարենցը գտել էր իր կենդանի, իրական, շոշափելի, խենթացնող ու արբեցնող սերը, որին նվիրված է սիրային բանաստեղծությունների մի մասը:

Կատաղի, խենթ, խելագարության հասնող մի սեր էր այդ, որն, ավա¯ղ, շատ կարճ տեւեց… 1927թ. հունվարի 1-ին Արփենիկը մահացավ՝ անբուժելի վիշտ ու մորմոք թողնելով բանաստեղծի սրտում ու նրա գրքերում՝ ընդհուպ մինչեւ Չարենցի կյանքի վերջին օրերին գրված «Նայատներ» բանաստեղծական շարքը: Ականատեսները պատմում են, որ դագաղը մինչեւ գերեզմանատուն տանում էին ուսերի վրա, իսկ Չարենցին ուղղակի տանում էին թեւերով: Տնից մինչեւ գերեզմանատուն Չարենցը բղավում էր՝ «Արփենի¯կ, Արփենի¯կ», իսկ երբ դագաղը պետք է իջեցնեին գերեզման, չորս անգամ պահանջեց կափարիչը բացել՝ «Մե°կ էլ տեսնեմ, մե°կ էլ տեսնեմ»: Ու ամեն անգամ դագաղի կափարիչը վերցնելուց համբուրում էր կնոջ ձեռքերը, գլուխը, երեսը, ուսերը: Նրան գերեզմանաթմբից բարձրացրին ուշաթափ վիճակում: Հետագայում քանի-քանի¯ բանաստեղծություններ նա նվիրեց Արփենիկին, իսկ «Էպիկական լուսաբացը» բացեց նրան նվիրած «Մուսայիս» բանաստեղծությամբ.

Նախ՝ աղջիկ էիր դու մի հասարակ,
Որ դեմս ելար օրերում դժնի,
Անձրեւ էր մաղում իմ գլխին բարակ,
Ու չկար կյանքում սրբազան կրակ,
Ու լույսն էր ծորում երբեմն լուսնի:

1936թ. պատանի Գեւորգ Էմինը վկայում է, որ Չարենցի առանձնասենյակում «Պատից նայում են Արփիկի հիանալի դիմանկարը (կարծեմ, Մարտիրոս Սարյանի գործն է) եւ հին լուսանկարը, որ Չարենցը միշտ պահում է գրասեղանի վրա»:

Չարենցի երկրորդ կինը՝ Իզաբելա Կոդաբաշյանը, ապրել էր Մոսկվայում՝ մորաքրոջ տանը, ավարտել յոթերորդ դասարանը եւ եկել Երեւան՝ ծնողներին տեսության: Չարենցը նրան հանդիպել է, երբ աղջիկն ու հայրը դուրս էին եկել զբոսանքի: Հայրը ներկայացնում է.

– Չարե°նց, ծանոթացի°ր, աղջիկս է, նոր է Մոսկվայից եկել, բայց հայերեն լավ չգիտի:

Դրանից հետո Չարենցը սկսում է հաճախակի այցելել Կոդաբաշյաններին, եւ օրերից մի օր վարդերի մի փունջ ձեռքին նրանց տուն է մտնում ու դիմում հորը, որ աղջիկն իրեն դուր է եկել, ցանկանում է հետը ամուսնանալ: Իզաբելան տալիս է իր համաձայնությունը, միաժամանակ սկսում սովորել հայերեն տառերը:

Իզաբելան շատ գեղեցիկ էր՝ սեւ աչքունքով, սլացիկ կազմվածքով, բարի ու ազնիվ դեմքով: Նրանց ամուսնությանը ներկա էր նաեւ Ալ. Շիրվանզադեն, որն այս խոսքերով դիմում է Չարենցին.

– Չարե°նց, այն փաստը, որ Իզաբելան իմ հայրենակիցն է, ուրեմն՝ ընտանիքի լավ մայր կլինի: Ձեր կենացը, ցանկանում եմ ձեր հայկական նորավառ օջախը անմար մնա:

Իզաբելայի հոգին անաղարտ էր, նա ուներ բարի, հեզ ու համեստ բնավորություն: Բայց մտավոր պաշարով չէր բավարարում Չարենցի պահանջները: Չարենցը, որ մոտ, ընկերական կապերով էր կապված Վահրամ Ալազանի ընտանիքին, նախ «գանգատվում է» Ալազանին.

– Ա°յ Ալազան, ընտանեկան երջանկությունը շատ քիչ է. կինը պետք է հասկանա ամուսնուն… Ես մինչեւ օրս կարծում էի՝ ինչ կին էլ առնեմ, Արփիկիս պես լավը կլինի, արի ու տես, որ սխալվել եմ:

Իսկ հետո դիմում է Մարո Ալազանին.

– Ա°յ Մարո, հոգնած տուն եմ գալիս, ուզում եմ Իզաբելայի հետ խոսել ու հանգստանալ, պատմում, պատմում եմ, նա ոչ մի ռեակցիա չի տալիս, դրանից հուզվում եմ ու դեպի պատն եմ դառնում՝ ա°յ պատ, դարդս այս է, ցավս այս է: Պատն ասում է՝ հանգստացի°ր, Չարենց ջան:

Չարենցը  երազում էր, որ իրենից ծնված երեխաներն ունենան կնոջ գեղեցկությունն ու իր խելքը: Աստված «լսում» է նրա խնդիրքը. առաջին դստերը Չարենցն անվանում է Արփենիկ, երկրորդին՝ Անահիտ, որոնց նա իրոք պաշտում էր:

Իզաբելա Չարենցը ե°ւ երջանիկ էր, ե°ւ դժբախտ: Երջանիկ էր, որ մեծատաղանդ բանաստեղծի կին էր, բայց նաեւ դժբախտ, քանի որ Չարենցին բաժին հասած փորձություններից ու ծով տառապանքից իրեն էլ բաժին հասավ. նա աքսորվեց՝ տանը որբ թողնելով երկու աղջնակներին: Բանաստեղծի «Անվերնագիր» բանաստեղծության բնաբանն է. «Կնոջս եւ բարեկամիս՝ Իզաբելային», որի մեջ մարգարեանալով՝ ինքն իր մասին գրել է.

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա.
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած…

Մի անգամ Վահրամ Ալազանի հետ նստած զրուցում էին: Սեղանին Մեծարենցի մի հատորյակն էր: Թերթեց գիրքը եւ հարցրեց.

– Տեսնես ես Մեծարենցի չափ տեղ կունենա՞մ մեր գրականության մեջ:

– Իհարկե, կունենա’ս, – պատասխանեց Ալազանը:

– Եթե ուզում ես ճիշտն իմանալ, ես Մեծարենցից մեծ բանաստեղծ եմ:

Նա շատ լավ գիտեր իր անչափելի մեծությունն ու գերլեցուն մտքի թափը, իր բազմազան եւ բազմալար ստեղծագործության արժեքը: Այդ ստեղծագործությունը մնաց որպես հայ գրականության ամենաազնիվ, ամենաբարոյական էջը, Չարենցի անեզր ոգու հաստատումը: Արդարադատ ժամանակը ճշտում է Մեծերի տեղն ու դերը: Իր անձի ու մեծության արդար ըմբռնումով, արհամարհանքով գրել է իր խոսքը՝ ուղղված իր չնչին հակառակորդներին.

Չնչին, ինչպես Արարատին նետված քար՝
Դավերը սեւ մարդուկների այդ անկար –
Օ՛, չհասած քղանցքներին անգամ քո՝
Վայր են թափվում համայնացած քո կամքով –
Եվ առհավետ կորզում անզոր ու անկար,
Ինչպես անհաս Արարատին նետած քար…

Ըստ նրա ականատես-հուշագրի՝ Ս. Ղրդիլյանի, նրա վերջին խոսքերն էին. «Ես գնում եմ այս աշխարհից որպես Չարենց ու կդառնամ նորեն որպես Չարենց»:

Սիրուն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԱրՊՀ ավագ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s