№ 22 / 29 դեկտեմբեր

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

——————————————————————————————-

Վերջին ակորդներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՇԻԼԱՇՓՈԹ. ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Ղարաբաղում պետական կառավարման համակարգի «վերնաշենքի» գրեթե ամբողջ կազմը փոխվել է: Ընդ որում, փոփոխությունների տրամաբանությունը դժվար ընկալելի է: Տպավորություն է ստեղծվում, որ գոյություն ունի մարդկանց մի խումբ, որոնց խոսք է տրվել աշխատանք, սակայն, բավարար թվով «աշխատատեղ» չունենալու պատճառով, մարդկանց թույլ են տալիս «մեքենան մի քիչ քշել», հետո ղեկը զիջել ուրիշի:

Հոկտեմբերի 17-ին կառավարության նոր կազմ հաստատվեց: Նշանակվեցին վարչապետն ու նախարարները: Հերթը հասել է նույնիսկ պետական ծառայությունների, հանրային խորհուրդների անդամներին: Կարծես բոլորին նշանակել են: Սակայն դեռ չէին ավարտվել նշանակվածների՝ մասնագիտական համապատասխանության մասին զրույցները, երբ բացվեց կադրային նշանակումների նոր՝ «ձմեռային» շրջանը:

Դեկտեմբերի վերջին օրերին աշխատանքից ազատվեց գլխավոր դատախազ Արմեն Զալինյանը: Նրա տեղը ուրիշ մարդ չգտան նշանակելու, եւ որոշեցին այստեղ տեղափոխել 2 ամիս առաջ ոստիկանության պետ նշանակած Արշավիր Ղարամյանին: Նույն տրամաբանությամբ 2 ամիս առաջ արդարադատության նախարար նշանակած Արթուր Մոսիյանին երկրի նախագահը օրերս առաջարկել է խորհրդարանի վերահսկիչ պալատի նախագահ նշանակել: Խորհրդարանն էլ համաձայնվել է:

Առկա տրամաբանության համաձայն՝ վերահսկիչ պալատի նախագահին երկրի նախագահը պետք է խորհրդական նշանակի: Չէ՞ որ այսօր նախագահն արդեն նման չորս խորհրդական ունի՝ նախկին ոստիկանապետ, երկու նախկին գլխավոր դատախազներ եւ պաշտպանության նախկին փոխնախարար: Ինչպես մի մասնավոր զրույցի ժամանակ մի խելոք մարդ նկատեց, նախագահը խորհրդական է վերցնում միայն գեներալներին: Այնպես որ, եթե վերահսկիչի նախկին նախագահը գեներալ չէ…

Կադրային փոփոխությունների քաղաքական գնահատական Ղարաբաղում երբևէ չի տրվել ու հիմա էլ չի տրվում: Ըստ երեւույթին, Ղարաբաղի հասարակությունը դեռ դուրս չի եկել նախընտրական ժամանակ մեկնարկած մի յուրահատուկ հիպնոսից, որի ազդեցության տակ մարդիկ միշտ կողմ են քվեարկում, իսկ այլ կարծիք հայտնողներին էլ տհաճ պիտակներ կպցնում: Ճիշտ է, տանը հիպնոսը մի քիչ անցնում է, սակայն առավոտյան աշխատանքի գնալուց մարդ կրկին հայտնվում է այն տրամաբանության շրջանակների մեջ, որը ռուսները կոչում են «Է՛յ, ուխնեմ»:

Հույս կար, որ պաշտոնավարման 100 օրվա առթիվ նախագահը մամուլի ասուլիս կհրավիրի եւ կտա իր գնահատականները կադրային քաղաքականությանը: Սակայն նախագահը նախընտրեց լռել: Կարծում ենք, որ, հետեւելով այդ օրինակին, մամուլի ասուլիսներ չեն հրավիրի նաեւ նախարարները /իհարկե, նրանք, ովքեր կմնան իրենց պաշտոններում մինչ 100 օրը լրանալը/: Իսկ դա կնշանակի, որ հասարակությանը ոչ միայն չեն իրազեկում այս կամ այն կադրի նշանակման պատճառների մասին, այլեւ պարտք չեն համարում հաշվետվություն տալ արած աշխատանքի համար: Այլ կերպ ասած, հասարակությունը զուրկ է կադրային քաղաքականության վրա ազդելու լծակներից:

Մեկ այլ լծակ կամ զսպանակ կարող է հանդիսանալ արտաքին հետաքրքրությունը: Սակայն, եթե մյուս երկրներում տեղի ունեցող ներքին փոփոխությունները շատ թե քիչ հետաքրքիր են արտաքին աշխարհի համար, ապա Ղարաբաղի պարագայում դա այդպես չէ: Քանի որ մեր երկրում տեղի ունեցած, ասենք, կադրային փոփոխությունները ոչինչ չեն փոխում տարածաշրջանային քաղաքականության մեջ /եթե, իհարկե, հեղափոխություն տեղի չի ունենում/, արտաքին կառույցները, նույնիսկ՝ հայկական Սփյուռքը, մեծ ուշադրության չեն արժանացնում Ղարաբաղի ներքին քաղաքականությունը: Ոմանք Ղարաբաղն ընկալում են որպես «վիճելի տարածք, ուր կառավարում է անջատողական ռեժիմը», այլոք՝ որպես պատերազմող եւ գոյատևող երկիր, իսկ Սփյուռքն էլ անտարբեր է, քանի որ մտածում է՝ «ինչ ուզում եք արեք, միայն թե Ղարաբաղը պահեք»: Նույնիսկ Հայաստանի հասարակությունը Ղարաբաղում տեղի ունեցած ներքաղաքական անցուդարձին վերաբերվում է որպես «ունայնության» եւ «բաժակի մեջ փոթորկի»: Այլ կերպ ասած, ոչ ոքի մեծ հաշվով չի հետաքրքրում, թե Ղարաբաղում ում կնշանակեն նախարար, կամ ինչու ոստիկանապետին դատախազ նշանակեցին: Իսկ դա լավ հնարավորություն է ստեղծում ղեկավարել՝ էքսպերիմենտների ռեժիմով. սա փորձեմ, չստացվի՝ էն մյուսը կփորձեմ: Մեկ է՝ միասնականացված ժողովուրդը դրա դեմ ոչինչ չի անի:

Այնպես որ, Ղարաբաղի ղեկավարությունը ազատ է իր գործողություններում: Ասենք, վաղը կարող են վարչապետին էլ փոխել (իմիջիայլոց, չգիտես ում նախաձեռնությամբ նաև նման լուրեր են տարածվում հասարակության մեջ): Եւ փոխանակ հանրությունը գնահատի, թե որքանով է արդյունավետ ու արդարացված գործող վարչապետի աշխատանքը, մարդիկ նստել ու կանխատեսումներ են անում. բա ո՞ւմ կնշանակեն նրա տեղը, բա որ վարչապետին հանեն, ո՞ւր կտանեն:

Վաղը չէ մյուս օրը նոր տարի է, բայց 2007-ի փոփոխությունները համառորեն չեն ուզում վերջանալ: Դեռ չգիտենք, թե էլ ինչ անակնկալներ են մեզ սպասում մոտակա օրերին, բայց արդեն հոգնել ենք. ուզում ենք կանխատեսելի քաղաքականություն: Թե չէ՝ ամեն օր մի զարմանալի լուր ենք լսում:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

ԸՆԴՈՒՆՎԵՑ «ՉԸՆԹԵՐՑՎԱԾ ԳՐՔԻ ԱՌԱՋԻՆ ԷՋԸ»

ԼՂՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 26-ի նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ԼՂՀ 2008 թվականի պետական բյուջեի մասին օրենքը: Ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի ելույթից հետո իրենց կարծիքներն արտահայտեցին խմբակցությունները:

«Ժողովրդավարություն» խմբակցության կարծիքը, որ հնչեցրեց խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը, բավականին հանգամանալից ու հայեցակարգային էր: Նշելով գալիք տարվա բյուջեի առավելություններն ու շահեկան կողմերը, միևնույն ժամանակ ուշադրություն դարձվեց նաև առկա թերացումների վրա: Մատնանշելով առաջնահերթ անելիքները, խմբակցությունը հույս է հայտնել, որ հետագայում հաշվի կառնվեն դիտողությունները, ուստի որոշում է ընդունվել «կողմ» քվեարկել բյուջեի նախագծին:

Ընդդիմադիր «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության կարծիքը միանգամայն նպաստավոր էր բյուջեի նախագծի մասին: Խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ այնտեղ ըստ արժանվույն արտացոլված են ռազմավարական և մարտավարական խնդիրները, հավելելով, որ ընդունվել է խմբակցության առաջարկների զգալի մասը: Տեղեկացնելով, որ խմբակցությունը «կողմ» է քվեարկելու նախագծին, Ա.Սարգսյանը հատուկ ընդգծեց, որ եթե նախորդ տարիներին խմբակցությունը «դեմ» էր քվեարկում բյուջեի նախագծերին, ապա պատճառը միայնումիայն այդ նախագծերն էին, իսկ խմբակցության դիրքորոշումը սկզբունքորեն չի փոխվել:

«Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն էլ իր ելույթում 2008-ի բյուջեի նախագիծը դիտարկեց նախորդ տարիների բյուջեների զուգահեռների վրա, երևան հանելով 2008-ի բյուջեի նախագծի շահեկան տարբերությունները և սոցիալական, և տնտեսական զարգացման առումներով:

«Երբ Արա Հարությունյանը նշանակվեց վարչապետ, շատերը նրան համարեցին չընթերցված գիրք,- այսպես պատկերավոր արտահայտվեց Ա. Թովմասյանը:- Այժմ մեր առջև է այդ չընթերցված գրքի առաջին էջը, որը շատ լավն է»:

ԼՂՀ 2008 թվականի պետական բյուջեն ընդունվեց գրեթե միաձայն՝ ընդամենը մեկ «դեմ» ձայնի առկայությամբ:

http://www.Karabakh-Open.com

ԼՂՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԺ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ՆԻՍՏՈՒՄ

Հարգելի գործընկերներ և հյուրեր:

Նախքան քվեարկությունը ես կուզեի արտահայտած լինել իմ տեսակետը՝ պարզաբանելու համար ընդունածս դիրքորոշումը:

2008 թվականի բյուջեի նախագծում միանշանակորեն կան դրական միտումներ, մասնավորապես՝ սոցիալական լարվածությունը որոշակիորեն թուլացնելու միտում, ինչն անզեն աչքով էլ նկատելի է և, իհարկե, գնահատելի:

Միևնույն ժամանակ, կա մի մտահոգիչ միտում, որն իմ պատկերացմամբ շատ ավելի ծանրակշիռ է և իր հենց այդ ծանրակշռությամբ՝ վտանգավոր: Խոսքը պետական ապարատի ուռճացման մասին է: Առանց այն էլ անտրամաբանորեն ուռճացված պետական համակարգն ավելի է ուռճացվում՝ վնասելով ընդհանուր օրգանիզմին: Շատ ավելի տրամաբանական և արդյունավետ կլիներ օպտիմալացնել գործող պետական համակարգը, որի օգտակար գործողության գործակիցը շատ ցածր է:

Այս վտանգավոր միտումը սկսվել է ոչ այսօր, բայց գնալով այն ավելի մտահոգիչ է դառնում: Կատարվում է մի աներևակայելի բան: Երկիրը վերածվում է պետական ապարատի՝ նրան սպասարկող անձնակազմով՝ ի դեմս բնակչության: Հակառակը պիտի լինի՝ տնտեսությունը պիտի զարգանա, բնակչությունը բարեկեցիկ դառնա և պահի պետական ապարատը: Մինչդեռ պետական ապարատն է այսօր ժողովրդին պահում: Անասելի ուռճացված նման պետական ապարատով մենք գնալով ավելի ենք  նմանվում, թող ներվի ասել, մի ռախիտիկ օրգանիզմի, որը երկար, առավել ևս առողջ կյանք ունենալ չի կարող: Նման, հիմնականում սպառող օրգանիզմը սպունգի պես կլանելու է բյուջեի նաև այն դրական միտումները, որոնց մասին քիչ առաջ նշեցի:

Հենց այս վերջին հանգամանքով էլ պայմանավորված՝ ես «դեմ» եմ քվեարկելու բյուջեի սույն նախագծին և իմ գործընկերներին ու բոլորին առաջարկում եմ հետագայում լրջորեն խորհել այս մասին: Ըստ էության, ես «դեմ» եմ քվեարկում ոչ այնքան բյուջեի ներկայացված նախագծին, որքան պետության զարգացման նման հայեցակարգին: Այսկերպ քվեարկելով՝ ես հենց այս հայեցակարգի փոփոխության անհրաժեշտության վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել:

(Ելույթը չեն ցուցադրել Արցախի հանրային հեռուստատեսությամբ, բայց շարադրանքը հնչել է Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրի արցախյան ռեպորտաժում)

ԼՂՀ ԱԺ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ՆԻՍՏՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԴՐՈՒՄԸ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Գ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ– Դատելով 2008 թվականի պետական բյուջեի ներկայացված նախագծից՝ գալիք տարում շարունակվելու է իրականացվել մի շարք մասնագետների կողմից տնտեսապես չհիմնավորված համարվող մի այնպիսի մեծածավալ ծրագիր, որպիսին է Թրղե գետի տեղափոխումը Սարսանգի ջրամբար: Արդյո՞ք արդեն ուշ է այդ ծրագիրը կանգնեցնելու համար և եթե՝ այո, ապա որքանո՞վ է նպատակահարմար պետության կողմից խոշոր ներդրումներ անելուց հետո վերջնական արդյունքի՝ ՀԷԿ-երի կառուցումը մասնավոր ընկերության վերապահելը, այսինքն՝ ռազմավարական նշանակության օբյեկտները մասնավոր վերահսկողության տրամադրելը: Ավելի նպատակահարմար չէ՞ր լինի հակառակ պարագայում մինչև վերջ ծրագիրն իրականացնել պետական միջոցներով և ռազմավարական նշանակության օբյեկտները թողնել պետական վերահսկողության տակ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ– Նախորդ կառավարության օրոք, իրոք, մեծ գումարներ հատկացվել են և արդեն զգալի աշխատանքներ կատարվել են այս ուղղությամբ, ընդ որում՝ բավականին լավ որակով: Ինչ վերաբերում է ՀԷԿ-երի կառուցմանը, ապա ներկայիս կառավարությունը դեռ որոշում չի ընդունել այս մասին, և հարցը գտնվում է ուսումնասիրման փուլում:  Մասնավոր ընկերության հետ պայմանագիր չկա, խոսվում էր ինչ-որ համաձայնագրի մասին, որն այդպես էլ չկարողացանք հայտնաբերել: Այս խնդրի շուրջ քննարկումներն ու որոշումները լինելու են հրապարակային, այդ հարցը լուծելու ենք միասին:

(Այս հարցուպատասխանը ևս չի հնչել Արցախի հանրային հեռուստատեսությամբ)

——————————————————————————————-

Քրոնիկոն

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

2006

ՓԵՏՐՎԱՐ

Ժակ ՇԻՐԱԿ

Ներկայիս իրավիճակում կա շանս պայմանավորվածությունների համար հիմք ստեղծելու:

Էլմար ՄԱՄԵԴՅԱՐՈՎ

Ռամբույեում համաձայնեցվել է քննարկվող ինը հարցերից յոթը:

Սթիվեն ՄԱՆՆ

Մենք պետք է մտածենք, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք առաջ, արդյունքներ չկան, համաձայնության հասնել չի հաջողվել:

——————————–

Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆ

փետրվար

Հայաստանը պիտի հրաժարվի մասնակցել բանակցություններին, որպեսզի Ադրբեջանը ստիպված լինի բանակցել Ղարաբաղի հետ: Քանի դեռ Հայաստանը խոսում է Ադրբեջանի հետ առանց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանը չի համաձայնի բանակցել Ղարաբաղի հետ:

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ 

 մարտ

Վերջին որոշ հայտարարություններն ու զարգացումները ցույց են տալիս, որ կան մարդիկ, որ կամ լավ չեն պատկերացնում այս նրբերանգները, կամ այլ նպատակներով փորձում են այստեղ ինչ-որ բան որսալ:

——————————

ՄԱՅԻՍ

Վլադիմիր ԺԻՐԻՆՈՎՍԿԻ

Ռուսաստանը բոլոր հիմքերն ունի ճանաչելու Արցախը, Աբխազիան, Հարավային Օսիան և Մերձդնեստրը:

ՀՈՒՆԻՍ

Մեթյու Բրայզա

Մենք ունենք շրջանակային համաձայնագիր, որը կոչ է անում դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի այն տարածքներից, որտեղ նրանք ներկայումս տեղակայված են: Մյուս կողմից, համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական ու դիվանագիտական կապերի նորմալացում: Կան նաեւ այլ դրույթներ, ինչպես, ասենք, խաղաղապահների տեղակայում, միջազգային տնտեսական օժանդակություն Ղարաբաղի տարածաշրջանի համար, եւ տնտեսական զարգացում: Այսինքն, կա փաթեթային առաջարկ սեղանի վրա: Եվ վերջում, ինչ-որ մի պահի նախատեսված է նաեւ քվեարկություն՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցով: Ահա սա է բանակցությունների սեղանին դրված առաջարկի հիմնական ուրվագիծը: Մենք քաջալերում ենք նախագահներին ընդունել շրջանակային համաձայնագիրը, ինչը քաղաքական քաջություն է պահանջում:

Թերի ԴԵՎԻՍ

Այն փաստը, որ երկու նախագահները հանդիպում են և նստում բանակցությունների սեղանի շուրջ, ինքնին դրական երևույթ է: Կա անգլիական մի ասացվածք, որի իմաստը կայանում է հետևյալում՝ ավելի լավ է զրուցել, քան կռվել:

ՀՈՒԼԻՍ

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սպառել են իրենց երևակայությունը խաղաղ կարգավորման սկզբունքների ընդունման, ձևակերպման և վերջնական տեսքի բերման գործում:

Մեթյու ԲՐԱՅԶԱ

Ստեփանակերտ կան գաղափարներ: Կան տարբեր գաղափարների նոր տարրեր, բայց ես չեմ կարող ասել, թե այսօր կան նոր կոնկրետ առաջարկություններ: Ասեմ, որ հիմա չի լինի նոր ու մեծ քայլ: Միգուցե հետագայում դա լինի, բայց հիմա մենք պիտի մտորենք այդ ամենի մասին:

ԴԵԿՏԵՄԲԵՐ

Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆ

Փոխզիջումը չի կարող լինել միակողմանի եւ վտանգել ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը: Այսօր մենք չենք մասնակցում բանակցություններին, և բանակցություններ, որպես այդպիսին, չկան. կան հանդիպումներ նախագահների եւ նախարարների միջև և, բնական է, որ այստեղ խոսել բանակցությունների մասին առանց փոխզիջումների պատրաստակամության, հնարավոր չէ, բայց դա վերջնական փաստաթուղթ չի կարելի համարել: Վերջում, ամեն դեպքում, Ղարաբաղը ներգրավվելու է, և վերջին խոսքը մերն է լինելու:

Սեյրան ՕՀԱՆՅԱՆ

Իհարկե, եթե մենք ուզում ենք Ղարաբաղի հարցը լուծվի, լինելու են նաեւ թե համապատասխան զիջումներ կամ փոխանակումներ, որոնք բանակցության եւ քաղաքական իշխանությունների գործունեության արդյունք են լինելու: Եթե նկատել եք՝ ես ընդհանրապես այդ մասին չեմ խոսում: Մեր և մասնավորապես՝ իմ խնդիրը առաջին գիծն օրըստօրե ամրապնդելն է եւ պայքարելը յուրաքանչյուր թիզ հողի համար:

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ

Մինչեւ Ազգային ժողովի ընտրությունները՝ ակտիվ բանակցային գործընթաց չի լինելու:

Պիտեր ՍԵՄՆԵԲԻ

Ես չեմ ցանկանում մեկնաբանել Հայաստանի նախագահի խոսքը, սակայն ուզում եմ հայտնել ԵՄ եւ ողջ միջազգային հանրության հույսը, որ վերջին շաբաթների ինտենսիվությունը կշարունակվի:

Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ

Չգիտենք՝ վաղը ինչ կկատարվի: Սեղանի վրա կա տրամաբանական առաջարկություն, կան հետաքրքրական մտքեր, պետք է նորմալ նստել, բանակցել եւ կամք ցուցաբերել:

2007

ՀՈՒՆՎԱՐ

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲ

Հունվարի 25-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի /Ռուսաստան/, Մեթյու Բրայզայի /ԱՄՆ/ եւ Բեռնար Ֆասիեի /Ֆրանսիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ: ԼՂՀ նախագահը նշեց, որ  եւս մեկ անգամ ներկայացրել է ԼՂՀ դիրքորոշումը: «Կա երեք հիմնական հարց` կարգավիճակ, տարածքներ եւ փախստականներ: Եթե ասում ենք, որ այս հարցերում համաձայնություն չկա, ուրեմն շատ շուտ է խոսել կարգավորման մասին: Երբ հիմա խոսում են, որ մեկ կամ մեկ ու կես հարց է մնացել համաձայնեցնել, ես դա չեմ հասկանում»,- ասել է նախագահը:

ՓԵՏՐՎԱՐ

Վլադիմիր ՊՈՒՏԻՆ

«Մենք չենք կարող ոչ մեկին ստեղծված իրավիճակից դուրս ելնելու որոշում ստիպել: Քանի որ, եթե մենք միայն փորձենք այդ քայլին դիմել, եթե որեւէ որոշում ստիպենք, մենք, գուցե, ընդմիշտ փչացնենք մեր հարաբերությունները կամ հայ, կամ ադրբեջանցի ժողովրդի հետ: Պետք չէ մեզ վրա բարդել այդ խնդիրը»,- Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՄԱՐՏ

Յուրի ՄԵՐԶԼՅԱԿՈՎ

Ժնեւում կայացած բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարեց, որ քննարկվող բազային սկզբունքները ենթադրում են երկու հիմնական խնդրի լուծում` Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններից հայկական զորքերի դուրսբերում եւ չճանաչված երկրի համար միջանկյալ կարգավիճակի որոշում` մինչեւ հանրաքվե անցկացնելը: «Մենք աշխատում ենք մի այնպիսի միջանկյալ կարգավիճակի վրա, որը, թողնելով իրավիճակն այնպես, ինչպես դե-ֆակտո կա, թույլ կտա Ղարաբաղին միջազգային կազմակերպությունների հետ կոնտակտներ ունենալ` այն դեպքերում, որոնք իրավասուբյեկտություն չեն պահանջում», – ասել է Մերզլյակովը: Համանախագահների կարծիքով, փախստականների վերադարձի հարցը կողմերը պետք է քննարկեն իրար միջեւ:

Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆ

“Однако в силу того, что мы непосредственно не являемся участниками переговоров, существует проблема, так как мы лишены возможности прочувствовать все те нюансы, которые имеют место в процессе переговоров”, – заметил Гукасян. Вместе с тем он отметил, что по вопросу урегулирования нагорно-карабахского конфликта между Арменией и Нагорным Карабахом существуют как незначительные, так и серьезные разногласия. “Наверно, некорректно будет с моей стороны озвучивать эти разногласия, поскольку это наша внутренняя кухня. Но мы не теряем надежду, что по тем моментам, где наши позиции не совпадают, мы сможем убедить Армению”, – отметил он.

ՀՈՒԼԻՍ

Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆ

Մինչեւ կարգավիճակի մասին համաձայնության չգան, չի պատկերացնում, թե ինչ լավատեսության մասին կարող է խոսք լինել, հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը այն բանից հետո, երբ Երեւանի ԼՂՀ ներկայացուցչության շենքում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Մորատինոսի հետ:

ՀՈԿՏԵՄԲԵՐ

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ

Մեր ժողովրդի դարավոր պատմության մեջ դեռեւս չի եղել այսքան պատասխանատու եւ հերոսական ժամանակաշրջան: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության զինված փուլը մենք ազգովի պատվով ենք հաղթահարել: Մեզ ոչ ոք չի հասկանա եւ ոչինչ չի արդարացնի, եթե զիջենք դիվանագիտական ճակատում:

ՆՈՅԵՄԲԵՐ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՈՒՄԲ

Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է դադարեցնեն սպառազինման վտանգավոր մրցավազքը, զերծ մնան մարտատենչ հռետորությունից եւ դրա փոխարեն բանակցությունների միջոցով վերականգնեն ջանքերը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով,- ասվում է ԼՂՀ-ի հարցով Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում: «2008թ. կայանալիք ընտրությունները թե Ադրբեջանում եւ թե Հայաստանում կբարդացնեն քաղաքական միջավայրը, դրա համար էլ կողմերը մինչեւ ընտրությունները պետք է փաստաթուղթ ընդունեն, որում ընդգրկված կլինեն հիմնական սկզբունքները, նույնիսկ եթե նա որոշակի այն կետերը, որոնց շուրջ դեռեւս համաձայնություն ձեռք չի բերվել:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումն անհնարին է մինչեւ Հայաստանի նախագահական ընտրությունները 2008 թվականին: Որոշակի առաջընթաց է նկատվում բանակցություններում, սակայն ես այնքան լավատես չեմ, որպեսզի ենթադրեմ, որ այն կարողանա կոնկրետ արդյունքների հանգեցնել մինչեւ նախագահական ընտրությունները: Բանակցությունների գործընթացը շարունակվում է, եւ դրանում կա եւ դրական, եւ բացասական կողմ:

ԵԱՀԿ

29 ноября в Мадриде прошли переговоры между главами МИД Армении и Азербайджана с участием сопредседателей Минской Группы ОБСЕ по карабахскому урегулированию (Россия, Франция, США), а также официальных лиц стран-посредников. На встрече главам МИД Армении и Азербайджана Вардану Осканяну и Эльмару Мамедъярову был передан перечень компромиссных принципов урегулирования нагорно-карабахского конфликта. Одним из немногих положительных итогов совещания глав МИДов стран-членов ОБСЕ в Мадриде стала презентация плана урегулирования нагорно-карабахского конфликта, который был передан Эльмару Мамедъярову и Вардану Осканяну странами Минской группы ОБСЕ (Россия, США, Франция). “Эти предложения вобрали в себя все позитивные договоренности между Баку и Ереваном за последние годы”, – заявил глава МИД РФ Сергей Лавров. “Предложения Минской группы справедливы и объективны”, – согласился и заместитель госсекретаря США Николас Бернс.

ԴԵԿՏԵՄԲԵՐ

Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ

Достижение предварительного согласия по нагорно-карабахскому конфликту возможно до президентских выборов в Армении. Об этом в интервью агентству Reuters заявил премьер-министр Армении Серж Саркисян. “Я не думаю, что президентские выборы могут повлиять на процесс переговоров. Я уверен, что до этого мы можем прийти к общему знаменателю по определенному кругу вопросов”, – заявил премьер.

Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ

По словам главы армянского МИД, сопредседатели Минской группы ОБСЕ, представляя в Мадриде документ об основных принципах карабахского урегулирования, вовсе не вынуждали стороны к тому, чтобы те согласились с принципами. Вардан Осканян добавил, что документ представлен и на обсуждение Нагорному Карабаху. «Это соглашение из 2-3 страниц относится исключительно к принципам урегулирования. Оно должно вылиться в Договор о мире, состоящий из 30-50 страниц, и мы должны будем вести переговоры о деталях. Чем раньше, тем лучше», – сказал В. Осканян. Он назвал Сержа Саркисяна оптимистом, а Роберта Кочаряна – осведомленным оптимистом.

Սաբինա ՖՐԵՅԶԵՐ

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի արդյունքները ամենեւին էլ կանխորոշված չեն: Ադրբեջանն իրավունք եւ հնարավորություն կունենա հնարավորություն տալ Ղարաբաղի հայերին իրենց լիիրավ քաղաքացիներ զգալ: Եվ հետո, ընդհանուր առմամբ, դեռեւս վաղ է խոսել հանրաքվեի արդյունքների մասին, երբ դեռ նույնիսկ առաջին քայլերը չեն արվել այդ գործընթացի շրջանում՝ զորքերի դուրս բերում եւ փախստականների վերադարձ»,- հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի գծով ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նա համոզված է, որ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է դադարեցնի համոզել իր ժողովրդին, որ պատերազմում կարելի է հաղթել եւ ղեկավարությունը կկարողանա վերադարձնել Լեռնային Ղարաբաղը կայծակնային ռազմական գործողության արդյունքում:

Մեթյու ԲՐԱՅԶԱ

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան  հույս է հայտնել, որ «մինչեւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները կարելի է հասնել բանավոր, կամ, ինչպես մենք ենք ասում` ջենթլմենական համաձայնության ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ»: Նա ասել է, որ միջնորդները նախատեսում են տարածաշրջան այցելել 2008 թվականի հունվարի կեսերին՝ վերջին առաջարկությունների նկատմամբ Քոչարյանի եւ Ալիեւի արձագանքն իմանալու համար:

——————————————————————————————-

2007. ՏԱՐՎԱ ԴԵՄՔԵՐՆ ՈՒ ԴԵՊՔԵՐԸ

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ  

Հուլիսի 19-ի նախագահական ընտրություններից հետո նորանկախ երկիրն ունեցավ նոր՝ թվով երրորդ նախագահն ի դեմս Բակո Սահակյանի: Նախագահական ընտրություններն անցան բավականին նոր ու անսովոր մթնոլորտում: Եղավ միասնական թեկնածու, որին սատարեցին նաև ընդդիմադիր կուսակցությունները: Դասական քաղաքականության, կամ քաղաքական դաշտի զարգացման դասական տրամաբանության շրջանակներում այնքան էլ չտեղավորվող այս սցենարն, այնուամենայնիվ, հաջողությամբ պսակվեց: Ի բնե «թարս» ղարաբաղցիների «թարսությունը» տարբեր ժամանակներում նաև «ուղիղ» արդյունք է տվել: Հուսանք, որ սա հենց այդ դեպքերից է, և որ նորանկախ երկիրը կշահի դրանից: Միասնական թեկնածուի գաղափարին իրեն ի սպաս դնելով՝ Բ.Սահակյանը մեծ բեռ է վերցրել իր վրա, որը կարող է տանել միայնումիայն միասնական պատասխանատվության դեպքում, ինչը ամենադժվարն է լինելու, եթե նկատի ունենանք մեր հոգեկերտվածքի որոշ նրբերանգներ:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆ

ԼՂՀ նախկին փոխարտգործնախարարի մասնակցությունը նախագահական ընտրություններին մի նոր որակ է հաղորդել նորանկախ երկրի ընտրական գործընթացներին, նպաստելով երկրի քաղաքակիրթ իմիջին: Տեղական ու արտասահմանյան բազմաթիվ փորձագետներ Արցախի քաղաքակիրթ ու ժողովրդավարական դեմքը այս մի կոնկրետ ժամանակահատվածում հենց նրա հետ էին կապում: Շատերն էին զարմանում, որ նորանկախ երկրում կա, աճել է այսպիսի բարձրամակարդակ ու ազնվաբարո պետական ու քաղաքական գործիչ: Ընտրություններից հետո Մ. Մայիլյանի պաշտոնանկության փաստը միանշանակ վատ է ընդունվել հանրության կողմից, ավելին՝ պետական պաշտոնյայի ճակատագրի հանդեպ այդպիսի սրտացավություն վաղուց չէր եղել շարքային մարդկանց ու հասարակ ժողովրդի մեջ:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Վաղաժամկետ» իրեն լիաբուռն դրսևորած ու հաջողակ գործարար դարձած Արա Հարությունյանը հաջողակ կարիերա ունեցավ նաև քաղաքականության մեջ: Նրա գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռորոշ դեր խաղաց թե խորհրդարանական և թե նախագահական ընտրություններում, լինելով իր առաջնորդի պես հաջողակ: Արցախցիներիս համար մի քիչ անսովոր է մեր իսկ տեսած  «քառակուսուց» կամ «շրջանակից» դուրս հավակնոտ քաղաքական գործչի հայտնվելը: Վարչապետ Արա Հարությունյանը պաշտոնական-«կոստյումային» ձևաչափից դուրս է: Նա ուներ լուրջ հավակնություններ, որոնք չէր թաքցնում, իսկ մենք էլ հարմարվում ենք այն մտքին, որ միանգամայն բնական է, երբ հանրային գործիչը լուրջ հավակնություններ է ունենում, որ դա նաև արդյունավետ աշխատանքի խթան է: Հուսանք, որ նրա ինքնահաստատման պատվախնդրությունը դրական կանդրադառնա երկրի զարգացման վրա, ինչը հնարավոր կլինի, եթե իշխանության բոլոր ճյուղերը հավակնոտ լինեն, և եթե այդպիսին լինի նաեւ հանրությունը:

ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Տարիքն առած ու կյանքով իմաստնացած այս կնոջ մանրապատում մտքերն ամբողջ տարին մեզ հետ էին և մղում էին «մեծապատում» խորհրդածությունների: Նրա յուրաքանչյուր տողում կյանք կա, կյանքի դասեր կան, նրա յուրաքանչյուր միտք ապրված է ու ապրեցնող է: Յուրաքանչյուր ասույթ իր կոնկրետ հասցեատերն ունի, բայց «բացիկի» վրա հասցեն նշված չէ ոչ այն պատճառով, որ հեղինակը չի համարձակվել, այլ զուտ այն պատճառով, որ նրա թիրախն այնքան մարդը չէ, որքան երևույթը:

ՆԵԼԼԻ ԿԱՍՊԱՐՈՎԱ

«Թարսված» ղարաբաղցի կանայք, ի տարբերություն տղամարդկանց, շատ ավելի հաճախ են «ուղիղ» դուրս գալիս և ուղղում: Հերոս մարդու հերոս դստերը Աստված այնքան կամք, վճռականություն ու հաստատակամություն է տվել, որ հաստատ նրա «պատճառով» մեր ժողովրդի մի շարք ուստրերի ու դուստրերի բաժինը թերի է ստացվել: Անցնող տարում նա ազնվության, կամքի ու արիության մի ֆանտաստիկ դաս տվեց, ջանքերի գերագույն լարումով ու միայնակ հասնելով արդարության վերականգնմանը կոնկրետ իրավիճակում: Եւ դա արեց բարությամբ ու սրտացավությամբ:

ՆԻԿՈԼԱՅ ԴԱՎԹՅԱՆ

Արցախի հանրային հեռուստառադիոընկերության նոր տնօրենը նոր իրավիճակում ընկավ անսպասելի «ծուղակի» մեջ: Փորձված լրագրողի առաջին հարցազրույցներից մեկը զավեշտական զարգացումներ ունեցավ: Երևանյան թերթերից մեկը գրեց, որ նոր տնօրենի նոր մտքերից մեկն էլ այն է, որ ամեն օր երկրի նախագահը «բարի լույս» և «բարի գիշեր» մաղթի հեռուստադիտողներին, ինչն էլ երևանյան մեկ այլ թերթի տեղիք տվեց կատակելու, որ վատ չէր լինի նաև օրը երեք անգամ «բարի ախորժակ» մաղթել նույն հեռուստադիտողներին: Իսկ ինքը՝ Ն.Դավթյանն,  ասում է, որ իդեան իրականում նրանում էր, որ օրվա հեռուստաեթերի հերոսները (այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաները) «բարի լույս» և «բարի գիշեր» մաղթեն արցախցիներին: Ինչ որ է, սարսափելի բան կարծես թե չի կատարվել, ուրիշ բան որ չլինի՝ սույն թյուրիմացությունը ժպիտների տեղիք է տվել, նաև արագացրել նոր տնօրենի կլիմայավարժությունը:

ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, «Չտո դելատ» հեղինակային թերթի խմբագիր Մուրադ Պետրոսյանը նշանակվեց «Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագիր, ինչը միանշանակ չընդունվեց հանրության կողմից: Շատերը տարակուսած են այն բանից, որ հանրապետական թերթը համառորեն սկսել է նմանվել «Չտո դելատ» հեղինակային թերթին: Ընդունելով դիտողության հայեցակարգային իրավացիությունը, մյուս կողմից էլ հարկ է նշել, որ դա, ամենայն հավանականությամբ, անցումային փուլի հատկանիշ է, քանի որ թերթի նոր առաքելության համար նոր կամ նորովի ներուժ է պետք, ինչին էլ ձգտում է Մ.Պետրոսյանը: Ամեն ինչից զատ, շատերն են այն կարծիքին, որ թերթն այսօր ավելի հետաքրքիր է, քան եղել է երեկ:

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ

Հայտնի քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանն անցնող տարում մի քաղաքական-ժողովրդավարական մոդել է մշակել, որն, իր ասելով, ներկայումս քննարկվում է ԼՂՀ նախագահի, խորհրդարանի նախագահի եւ կառավարության մակարդակով, եւ ընդունվելու պարագայում արցախյան ժողովրդավարությունն օրինակելի կդառնա ամբողջ աշխարհի համար: Սույն նախաձեռնությունը որքան Արցախի նկատմամբ սրտացավության, նույնքան էլ մեր «դարավոր» անհամեստության ու ցուցամոլության առհավատչյան էր:

ԹԵՐԻ ԴԵՎԻՍ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Երևանում, խոսելով ԼՂՀ վերջին ՏԻՄ ընտրությունները դատապարտող հայտարարության բացակայության մասին, անպարկեշտ համեմատություն է արել, պարզաբանելով իր վերաբերմունքը նաև միասեռականների իրավունքների սահմանափակման դեմ երբեմն բացակայող հայտարարությունների պատճառները: Ի պատասխան Երևանից և Ստեփանակերտից հնչել են համադրելի կոշտ հայտարարություններ ու համեմատություններ, որոնց հետևել են  Դևիսի կողմից ավելի նրբանկատ պարզաբանումներ: Բայց, ինչպես հայտնի անեկդոտում է ասվում՝ «թեև այդպես է, բայց, միևնույն է, մի տհաճ նստվածք, այնուամենայնիվ, մնում է»:

ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին տարեվերջին Երեւանում լրագրողներին հայտնել է, թե այս անգամ Ղարաբաղ չի այցելի: Սա տեղիք տվեց «Ղարաբաղօփեն» էլեկտրոնային թերթին կատակել. «Անտեղյակ մարդը կարող է մտածել, որ մինչ այդ Սեմնեբին բազմիցս եղել է Ղարաբաղում, բայց այս անգամ չի ստացվում այցելել: Պիտեր Սեմնեբին, ով զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, ոչ մի անգամ չի եղել Լեռնային Ղարաբաղում, եւ չգիտի, թե վերջապես ինչ են ուզում այդ ղարաբաղցիները: Ամեն անգամ Ղարաբաղ չգալու համար տարբեր պատճառաբանություններ են հորինվում՝ կամ եղանակն է վատ, կամ ժամանակ չկա, կամ էլ ինչ-որ մեկը զանգել ու հետ է կանչել Գորիսից: Իսկ այս անգամ ի՞նչն է պատճառը: Ինչպես հայտնի անեկդոտում՝ երբ անհավատարմության մեջ բռնված և հարմար պատճառ չգտած ամուսինը կնոջն ասում է. «Դե, չէ որ խելոք ես, մի բան հորինիր…»:

ՕՄԲՈՒԴՍՄԵՆ՝ ՈՐՈՆՎՈՒՄ Է

Մեր երկիրը դեռևս երեք տարի առաջ կարող էր ունենալ ժողովրդավարության այնպիսի մի կարևոր ինստիտուտ, որպիսին է մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) ինստիտուտը: Սակայն ցայսօր մենք չունենք մարդու իրավունքների պաշտպան: 2008 թվականի պետական բյուջեում վերջապես գումար է նախատեսված այդ կառույցի ձևավորման համար, ուստի հուսանք, որ «որոնվողը» անպայման «կհայտնաբերվի» նոր տարում:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Նախագահական վերջին ընտրություններում ընդդիմություն հանդիսացած կուսակցությունները ոչ միայն սեփական թեկնածու չառաջադրեցին, այլև նախընտրական դաշինք կազմեցին իշխանական կուսակցությունների հետ: Արդյունքում վերաձևեց նաև քաղաքական դաշտը: Սրամիտ լրագրողներից մեկն էլ այս առիթով եզրահանգեց, որ արցախյան ընդդիմությունը երկկենցաղ է:

ԽԱՂԱՂԱՐԱՐ ՊՈՐՏՎԵՅՆ

Տարեսկզբին, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերի մասին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հավաստելով իր երկրի չեզոքությունը, նաև հավելել է. «Դուք ինքներդ պետք է այս իրավիճակից դուրս ելնելու ընդունելի տարբերակ գտնեք: Սակայն եթե հեռանանք շատ լուրջ հարցերից, ապա մեզ, իհարկե, տխրեցնում է այն, ինչ մենք տեսնում ենք Աղդամի շրջանում: Քանի որ մենք ահա դիտարկում էինք անորակ ալկոհոլային արտադրանքի հարցը, իսկ ինչպես հայտնի է, պորտվեյնն Աղդամից միշտ եղել է էժան, եւ Խորհրդային Միության տարածքում բավականին տարածված թույլ ալկոհոլային խմիչքներից մեկը: Ինչ-որ մեկը կվերականգնի. կամ հայերը, կամ ադրբեջանցիները: Թող միասին անեն, թող համատեղ նախագիծ լինի»:

Այն, որ ճշմարտությունը գինու մեջ է, հայտնի էր նաև մինչև Վ.Պուտինը՝ դեռևս անտիկ ժամանակներում:

ՏԱՐՎԱ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ

Անցնող տարում արցախյան լրագրողական ընտանիքը ծանր կորուստներ կրեց, կյանքից հեռացան մեր հինգ գործընկերներ: Հիշենք նրանց անուն առ անուն, և հիշենք ընդմիշտ:

——————————————————————————————-

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԼԱՎ ՏԱՐԻ ԷՐ ԷՍ ՏԱՐԻՆ՝ ԻՄ ՍԻՐԱԾ ԱՂՋԻԿԸ ԻՆՁ «ՀԱ» Է ԱՍԵԼ, ՀԱՄ ԷԼ ՁԻ ԵՆՔ ԱՌԵԼ»

«Ինչպիսի՞ն էր անցնող տարին ձեր կյանքում». քաղաքամայր Ստեփանակերտի փողոցներում արցախցիներին այս հարցն է ուղղել «Դեմո»-ի թղթակիցը:

Սպանդար Գրիգորյան

Մեր ընտանիքի համար էս տարին շատ բարեհաջող էր: Վերջապես ծնվեց տղայիս երկար սպասված երեխան: Գործի առումով այդքան էլ հաջող չէր. դե, որովհետեւ ես ժամագործ եմ, իսկ ժամացույցներ առաջվա պես չեն բերում նորոգելու: Դրա համար էլ պասիվ էր գործը: Բայց, դե, էլի չեմ դժգոհում, օրվա հացս վաստակել եմ: Կարեւորը, որ օրեցօր կյանքը լավանում է եւ խաղաղություն է տիրում մեր երկրում: Իսկ հաջորդ տարում ուզում եմ, որպեսզի հարսս առողջանա:

Աննա Մարտիրոսյան

2007-ը շատ էլ լավ տարի էր՝ եկամտաբեր: Էս տարի ճուղուպուրի ծառը ահագին բերք տվեց: Ամենաշատն էլ ուրախացա, երբ հիվանդությունս բուժեցին: Ես միայն ուզում եմ, որ երկար ապրեմ: Իսկ ընդհանրապես ամեն ինչ ունեմ՝ հագուստ ունեմ, կոշիկ ունեմ:

Մելսիկ Մովսիսյան

Քանի որ ոչ մի վատ բան չկար՝ դա արդեն լավ է: Էս տարվա ընթացքում կարողացա տունս վերանորոգել: Մեծ ձեռքբերում է: Գործս էլ լավ է, էլի: Մենակ թե մարդիկ էնքան լավ ապրեն, որ տաքսով ման գան, մենք էլ փող վաստակենք:

Մերուժան Համբարձումյան

Ինձ համար շատ լավ տարի էր էս տարին: Իմ սիրած աղջիկը ինձ «հա» է ասել: Համ էլ ձի ենք առել:

Ջավադ Համբարձումյան

Թոռնիկներս ավելացել են: Բայց, դե, առաջվա պես աշխատանք եմ փնտրում ու էլի չեմ գտնում: Պառավ մարդկանց համար էս երկիրը չի մտածում: Հույս պահենք, որ գալիք տարում վերաբերմունքը կփոխվի:

Վլադիմիր Հակոբյան

Մեծ ձեռքբերումներ չեն եղել էս տարում: Բայց, դե, վատ բան էլ չի եղել: Որեւէ էական փոփոխություն չի եղել: Իմ երազանքը եղել եւ մնում է այն, որ էս ոտքերս բուժեն, եւ էս հենակները դեն նետեմ:

Վազգեն Քոչարյան

Պառավ մարդու համար Նոր տարի չկա, որովհետեւ Նոր տարին գալիս է, իսկ ես էլ հետը ծերանում եմ: Տխրում եմ ամեն անգամ:

Ռայա Բաբայան

Ինձ համար այդքան էլ լավ տարի չէր, մեր ընտանիքը կորուստ ունեցավ: Բայց նաեւ լավ բաներ էլ են եղել՝ «հոքյումաթը» տուն է կառուցել մեզ համար:

Կարեն Ադամյան

Էս տարի Աստված ինձ երեխա պարգեւեց: Ես գյուղացի տղա եմ, եւ եթե ասեմ, որ բերքատվությունը վատ էր եւ դա մեզ համար դժբախտություն է՝ չեք զարմանա: Հույս ունեմ, որ գալիք տարին բերքառատ կլինի, ու գոնե վնաս չենք կրի:

«ԴԵՄՈ». ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

Տարվա վերջում ընդունված է ամփոփել արդյունքները՝ հաշվելու և «ամբարելու» համար արվածը և ճշտելու համար անելիքները: «Դեմո»-ն այս հարցում մինչ այժմ «անփույթ» է գտնվել, բայց այս տարի որոշեցինք մենք էլ հետադարձ հայացք ձգել անցած 12 ամիսների վրա:

«Դեմո» հանրային թերթի 2007 թվականի նախորդ 21 համարներում զետեղված նյութերը ոմանց զայրացրել կամ ուրախացրել են, ստիպել ամոթից կարմրել կամ հպարտանալ, ոմանց օգնել են ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները, ոմանց տխրեցրել են ստացած տեղեկատվությամբ: Այստեղից էլ՝ կարծիքների բազմազանությունը: Ոմանք սպասում են, թե երբ պիտի թերթը փակեն, ոմանք երկար կյանք են մաղթում նրան, ոմանք էլ չգիտեն, որ այդպիսի թերթ կա: Մի խոսքով՝ սովորական կյանք է ու առօրյա: Բայց մի բան գոնե մեզ համար պարզ ու միանշանակ է՝ թերթը միշտ էլ ձգտել է իր ուժերի ներածին չափ նպաստել ընթերցողների իրազեկվածության ընդլայնմանը, քանի որ տեղեկացված մարդուն դժվար է մոլորեցնել, իրազեկ մարդն ավելի հեշտ է ընտրություն կատարում:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել /այդ մասին խոսվում է նաև մեր աշխատավայրից դուրս/, որ հանրապետությունում գործող բազմաթիվ լրատվամիջոցներից քչերն են անդրադառնում այնպիսի կարեւոր թեմայի, որպիսին է ղարաբաղյան կարգավորումը: Իսկ «Դեմո»-ում մեկ տարվա ընթացքում, ռուսերեն եւ հայերեն էջերում, տպագրվել է 80 հոդված՝ բանակցային գործընթացի, ազատագրված տարածքների ու փախստականների ճակատագրի և ընդհանրապես՝ կարգավորման թեմայով:

Կա մի թեմա ևս, որին «ի ծնե» հավատարիմ է մեր թերթը՝ դա մարդու իրավունքների ու սոցիալական պաշտպանվածության թեման է: Սոցիալական հնչեղություն ունեցող հոդվածները 38-ն էին, որոնց հեղինակները հանրության տարբեր շերտերից են, այդ թվում՝ ուսանողներ: Ինչ վերաբերում է վերջիններիս, ապա փորձել ենք ապագա լրագրողների հետ փոխշահավետ համագործակցել, ընդհանուր առմամբ՝ «Դեմո»-ն «հավանել է» 16 ուսանողական նյութ՝ ակնարկ, ռեպորտաժ, հարցազրույց, դիմանկար…

Մեր փոստը մեր հարստությունն ու հպարտությունն է: «Դեմո»-ում տարվա ընթացքում 14 օրախնդիր ու լուրջ նամակներ են տպագրվել, որոնց մեծ մասին պատասխաններ են տրվել կամ հետքերով գնացել ենք: Պարզել ենք նաեւ, որ  անդրադարձ է կատարվել 8 դատական գործի:

«Դեմո» հանրային երկշաբաթաթերթը տուրք է տվել նաև գրականությանը՝ տպագրելով 12 բանաստեղծություն և ազդարարելով 10 նոր գրքերի լույսընծայումը:

Արտերկրից հատուկ «Դեմո»-ի համար ուղարկվել է 29 հոդված, իսկ թերթի սեփական թղթակիցներն իրենց ընթերցողների հետ «շփվել» են նաև դրսից՝ հոդվածներ ուղարկելով Հայաստանից, Նեպալից, Մեծ Բրիտանիայից, Կիպրոսից, Աբխազիայից, Վրաստանից և այլն:

Թերթում արտատպվել են նյութեր այլ լրատվամիջոցներից, ամենաշատը՝ Karabakh-Open.com, lragir.am էլեկտրոնային թերթերից:

Հոդվածները ընթերցողների համար պատկերավոր ու առավել մարսելի դարձնելու նպատակով զետեղվել են 604 լուսանկար եւ գծանկար, ինչպես նաեւ 12 «լուրջ» թեմաներ ներկայացրել ենք հումորով:

Չի բացառվում, որ նշված հանգամանքները նկատի ունենալով է, որ 14 կազմակերպություններ հենց  մեր թերթում են տեղադրել իրենց գովազդային և այլ հայտարարությունները:

«Դեմո»-ի «պադշիվկան» թերթեց Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԸ

Նամակ խմբագրությանը

Բարև Ձեզ, «Դեմո»-ի հարգելի խմբագիր: Ես ձեր թերթի հավատարիմ ընթերցողներից եմ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ընթերցողներիս նման թերթի հետ առնչվելու  հնարավորություն ստեղծելու համար: Շատ կուզեի թերթում տեսնել իմ այս անկեղծ խորհրդածությունները:

Եկեք սերունդներին չփոխանցենք անտարբերությունը

Մրգի փչանալու պատճառ կարող է դառնալ մի փոքր վնասվածքը, իսկ հասարակության բարոյալքման համար՝ փոքր ու մեծ անբարո երևույթների նկատմամբ կուտակված անտարբերությունը:

Է.Պետրոսյան

Վերջերս ցավալի մի երևույթի ականատես եղա, ինչն ինձ երկար խորհելու տեղիք տվեց: Խոստովանեմ, որ այն ինձ մոտ վախի զգացում առաջացրեց: Խոսքը անտարբերություն ասված երևույթի մասին է, որ կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Անտարբերությունն է, որ մարդուն մեղսակից է դարձնում, այն հասարակության ամենադաժան թշնամին է:

Երևի շատերին չեմ զարմացնի, եթե ասեմ, որ մեր շրջապատում ապրում են մարդիկ, ովքեր անտարբեր են… Անտարբեր են իրենց կողքին ապրող մարդու նկատմամբ: Ե՞րբ և ի՞նչու դարձանք այսքան անտարբեր: Անտարբեր ենք, որովհետև գերադասում ենք  հեռու՞ մնալ «ավելորդ գլխացավից», «ավելորդ քաշքշուկներից», առանց այն էլ քի՞չ չեն մեր «գլխացավերը»… Բայց, ախր, արդյունքում ստացվում է, որ անտարբեր ենք ինքներս մեր հանդեպ: Այսպես ու՞ր ենք գնում: Ինչպե՞ս կարելի է անտարբեր անցնել օգնության  ձեռք մեկնած աղջկա ու նրա կործանվող  պատվի կողքով… Բայց , արի ու տես, որ շատերը կարողացան անցնել սառն անտարբերությամբ:  Փառք Աստծո, որ այդ շատերի կողքին եղավ նաև մի երիտասարդ, ով անտարբեր չգտնվեց և բռնեց օգնության համար մեկնած ձեռքը: Այո, նա նաև խոստացավ աշխարհին պատմել իր տեսած իրականությունը, եթե հանկարծ չար լեզուները փորձեն աղավաղել այն: Այդ պահին աշխարհը երևաց Նորայր անունով (ինչպես հետո իմացա անունը) երիտասարդի մեջ, և նրանից այն կողմ ոչինչ չէի տեսնում:

Շնորհակալ եմ քեզ, Նորայր: Թող որ մարդկությունը շատ ծնի Նորայրի  նման երիտասարդներ:

Եկեք հեռու վանենք մեզնից անտարբերությունը և չփոխանցենք այն սերունդներին:

Ռ.Ղ.

——————————————————————————————-

Մենք

ԼԱՑՈՂ ԸՆԿՈՒԶԵՆԻ

Մեր բազմադարյա պատմության մեջ միշտ էլ երկընտրանքի առաջ ենք եղել՝ լինել պնդարմատ ընկուզենի՞, թե՞ լացող ուռենի: Երկու կարգավիճակն էլ քանիցս փորձելուց հետո գտել ենք ոսկե միջինը՝ լացող ընկուզենի:

ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«ԽՌՈՎԿԱՆ» ՄԵԾԵՐ

Քրիստոսի ծննդից մոտ 5 դար հետո հայոց պատմահայր Մովսես Խորենացին գրել է իր հանրահայտ «Ողբը»: Այնտեղ տրված գնահատականներին ծանոթ ենք դեռևս աշակերտական նստարանից. ուսուցիչները՝ տխմար ու ինքնահավան, փողով ընտրված, կրոնավորները՝ կեղծավոր, ցուցամոլ, պատվասեր, քան աստվածասեր, աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, դատավորները՝ կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, իշխանները՝ հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, «և առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած»: Ու որպես դատավճիռ՝ «Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ»: Մեր ժողովրդի ամենամեծ դժբախտությունն այն է, որ այդ երկը, ցավոք սրտի, դատապարտված է մնալու հավիտյանս հրատապ, հավիտյանս «բեստսելլեր»:

Խորենացուց մոտ 15 դար հետո Հովհաննես Թումանյանն իր «Անկեղծ չենք» հոդվածում գրում է. «Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր… Եւ մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծավորներ ունի, այսքան խարդախներ ու խաչագողներ ունի, չի սիրվիլ, որքան կուզե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե կուլտուրական եմ ես»:

Իսկ նրա ժամանակակից Գարեգին Նժդեհը «Ղափանի ժողովրդին» հղած նամակում գրում է. «…Դեռ չեն փակվել թշնամու ինձ հասցրած վերքերը, իսկ քոնը, ժողովուրդ, քո հասցրածը միշտ թարմ պիտի մնա ու հազար վերքերի ցավով պիտի մորմոքա… Այսօր…դու դավաճանաբար լքում ես, մենակ թողնում քո վիրավոր հրամանատարին: Այդ հերիք չէ, քո լրտեսներն ու ահաբեկիչները իմ գլուխն են փնտրում երեք միլիոնով Ադրբեջանին ծախելու: Ապերախտ ժողովուրդ… ինձ լքելուց, ինձ դավաճանելուց առաջ զլացար իմ խնդիրը կատարել: Դու չուղարկեցիր վարպետներիդ՝ բութ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումը, քո բարոյական անկումը: Ներում եմ, թեև պատմությունը չի ների քեզ»:

Եւ, վերջապես, Նժդեհից մոտ հարյուր տարի անց մեր ազգի խիղճը համարվող եզակի մտավորականներից մեկը՝ բոլորովին վերջերս անմահության գիրկը գնացած լուսահոգի Ռաֆայել Ղազարյանն իր վերջին զրույցներից մեկում մղկտացել է. «Մենք փչացած, հուսահատված ժողովուրդ ենք: Իմ վերջին ելույթներից մեկում ասացի՝ ժողովուրդ, ես կասկածում եմ, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք: Մի մարդ, որը ընտրություններում փողով ծախում է իր խիղճը, իր երեխայի ապագան, նա չի կարող քրիստոնյա լինել: Քրիստոնյան այն մարդն է, որն իր յուրաքանչյուր քայլը անելուց առաջ մտածում է, թե ինչ պատասխան պետք է տա Այնտեղ»:

Ո՞ՐՆ Է, ԲԱԲՈ, ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Կամա թե ակամա ուզում ես համեմատել ու հասկանալ, թե որ ժամանակներն էին ավելի ողբալի՝ Խորենացու՞, Թումանյանի-Նժդեհի՞, թե՞ Ղազարյանի, բայց անմիջապես էլ հասկանում ես, որ նման «տրիոյով» գործը չի ավարտվի, այլ կլինի մի մեծ, շատ մեծ «մրցույթ»:

Յուրաքանչյուր հայ, առավել ևս՝ մտավորական, կցանկանա հասկանալ, թե ինչու էին մեր մեծերը նեղանում սեփական ժողովրդից, և ինչու մեր ժողովուրդը սովորություն ուներ չգնահատելու իր մեծերին: Թեև նման փնտրտուքն անհուսալի բան է (Խորենացին, Թումանյանը, Նժդեհը, Ղազարյանը եթե չեն կարողացել պարզել, մենք ո՞վ ենք, որ պարզենք), այնուամենայնիվ՝ այդ հարցը կեղեքում է:

Հաճախ ենք ասում՝ պահպանենք մեր ազգային նկարագիրը, մեր ինքնությունը, մեր դեմքը: Բայց ո՞րն է այդ դեմքը՝ այստեղից պիտի սկսել, սա պիտի պարզել ու նոր միայն պահպանվել: Իսկ «փնտրտողիս» համար, չզարմանաք, առաջին հերթին կարևոր է պարզել՝ ազգային դեմքն այդ երջանի՞կ է, թե՞ դժբախտ: Որովհետև հենց այս կտրվածքում են ինձ պատկերանում մեր պրոբլեմների պատճառները:

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՄԲ. ԿԴԻՄԱՆԱ՞ՆՔ

Առաջին միտքը, որ գալիս է, այն է, որ մենք, մեղմ ասած, երջանիկ ազգ չենք, իսկ ավելի դաժան ասած՝ պարզապես դժբախտ ազգ ենք: Մենք ատում ենք երջանիկներին, մերը ազգային թախիծն է, մենք ուտում ենք երջանիկներին, մենք ամաչում ենք երջանիկ լինել: Երջանկությունը խորթ է մեր ազգային հոգեկերտվածքին: Մենք այնպես ենք սրբագործել դժբախտությունն ու տառապանքը, դրանք այնպես ենք լուսապսակել, որ մի տեսակ նույնիսկ անհարմար է երջանիկ լինելը (հանկարծ մեր դժբախտ ապուպապերն ու ատուտատերը կնեղանան): Մարդիկ կան, որ այնպիսի հաճույքով են քո պատուհասի ժամանակ քեզ ցավակցում, որ նրանց խաթրու ուզում ես միշտ շառուփորձանքի մեջ լինել, հանուն նրանց հոգեկան հանգստության ու բավարարվածության միշտ դժբախտ լինել: Ամեն ոք իր մեջ կամք ու արիություն կգտնի ուրիշի դժբախտությունը կիսելու համար, ուրիշի ցավը տանելու համար, բայց ահա ուրիշի երջանկությունը տանելը շատերիս ուժերից վեր է: Մարդկանց սրտերը շատ հաճախ նեղ են լինում ուրիշի երջանկությունը տեղավորելու համար: Նույնիսկ երջանկության հայկական մոդելում դժբախտությունը պարտադիր ատրիբուտ է՝ հարևանի, ընկերոջ, շրջապատի դժբախտությունը: Իմ երջանկությունը կատարյալ չէ, քանի դեռ նրանք էլ են երջանիկ: Իմ «Մերսեդեսը» այն չէ, քանի դեռ հարևանս նույնիսկ «Զապորոժեց» ունի:

Մենք եթե լացող ուռենի չենք, ապա հաստատ լացող ընկուզենի ենք: Մեր աստվածատուր բնությունը բարենպաստ է հենց ընկուզենիների ու կաղնիների համար: Բայց մենք ոչնչացնում ենք կաղնիները, ընկուզենիները: Մենք ոչնչացնում ենք կաղնիներն ու ընկուզենիները ոչ միայն մեր անտառներում, այլ նաև մեր հոգիներում:

Ահա այստեղ է, ըստ իս, թաղված մեր ժողովրդի վերաբերմունքն իր իսկ մեծերի նկատմամբ: Դարավոր արմատներ ունի այս երևույթի բացատրությունը «հայկական նախանձով», մինչդեռ, կարծում եմ, ավելի տեղին կլինի դա բացատրել նրանով, որ մենք չենք կարողանում երջանիկ լինել, ուստի չենք կարողանում մարսել ուրիշի երջանկությունը:

Մեր ազգն առաջին հերթին ուտում է, կամ թողնում է ուտել հենց նրանց գլուխները, ովքեր իր մասին մտածում են, ովքեր աստվածատուր շնորհով առաքելություն ու երջանկություն ունեն նվիրաբերվելու ազգին: Մեր ազգը չի գնահատում իր նվիրյալներին, ահա թե ինչու հայերս ամենուր հայտնի ենք, բացի մեր երկրից, ամենուր ճանաչվում ենք, բացի մեր երկրից: Դրսում ճանաչվածներին էլ ճանաչում ենք, քանի որ մեզնից հեռու են, մոտեցան՝ կուտենք: Պատճառը նրանց երջանկությունը տանելու անկարողությունն է: Մենք խնամքով բարիկադում, պատնեշում ենք հայրենական արտադրության մեր ապերջանկությունը, մեր միջակություն-գազոնությունը: Նրանց ճանաչում է հաջորդ սերունդը, ինչի համար ասում են՝ «գնա՝ մեռիր, արի՝ սիրեմ»: Բայց հաջորդ սերունդը նրանց ընդունում է միայն այն բանի համար, որ նրանք արդեն մրցակից չեն, որ նրանց մեծությունն իրենց չի խեղճացնում-կաշկանդում: Թումանյանին մի բարի հրաշքով բերենք մեր օրերը՝ գրողների միության նախագահ չի կարող դառնալ, նրան «անմահ» անվանողները կասեն՝ 10 տարվա գրանցում չունի, տեղեկանք չեն տա, կասեն՝ կտրվել է կյանքից: Մաշտոցին բերեն՝ նրա ստեղծած այբուբենում տասնյակ թերություններ կգտնենք ու աչքը կկոխենք, հընթացս առաջարկելով այբուբենի առնվազն 10 ուրիշ տարբերակ:

Մենք ուզում ենք նույն մակարդակի լինել, ու չենք ներում ավելի բարձր մակարդակը, մենք ազգային միասնության գաղափարի սխալ ընկալված մեկնաբանությամբ դարեր ի վեր գազոնացրել ենք ինքներս մեզ, մենք ուզում ենք հավասար լինել, չհասկանալով, որ մենք կարող ենք և պարտավոր ենք  իրավահավասար լինել, բայց ոչ երբեք հավասար, որովհետև Աստված մարդկությունն է ստեղծել, այլ ոչ թե ինկուբատոր: Հանգիստ ժամանակներում մեզ չի հաջողվել միավորվել (իսկ չմիավորվելու միակ պատճառը մեր «անհավասարությունը» չընդունելն էր, դիմացինին այնպիսին, ինչպիսին կա ընդունելու անկարողությունը), ուստի ինքներս հյուսել ենք վտանգի պահին միավորվելու մեր ունակության մասին լեգենդը, որում ճշմարտության հատիկ կա, բայց՝ ընդամենը հատիկ:

«ՊԱԴՎԱ՞Լ», ԹԵ՞ ՊԱԼԱՏ

Այո, որոշակի իմաստով մենք միայն «պադվալներում» ենք ժողովուրդ դառնում, նեղ պահին, իսկ «պադվալից» դուրս բնակչություն ենք: Մեզ հակացուցված են պալատները: Պալատներում մենք գազանանում ենք, ուզում ենք ուրիշներին դուրս մղել այնտեղից և միայնակ վայելել: Իսկ «պադվալն» ուրիշ է, թե մեկն ուզեց ծլկել-փրկվել՝ «կգյուլլենք»: Հիշու՞մ եք դժոխքի կաթսաների զավեշտական պատմությունը: Ծծմբով լեցուն կաթսաներում խորովվում են ժողովուրդները, յուրաքանչյուր ժողովուրդ իր բնակարան-կաթսայում (դժոխքում, ասում են, «կոմունալկա» չկա): Կաթսաներից միայն մեկի վրա կափարիչ չկա: Դժոխապետը բացատրում է՝ «իմաստ չունի՝ հայերն են, թե մեկն ուզեց փրկվի՝ մյուսները ոտքերից կքաշեն, չեն թողնի»:

Միայն մեր ժողովուրդն ունի իր դաժանությամբ անզուգական մի այնպիսի ասացվածք, ինչպիսին է՝ «ընկերովի մահը հարսանիք է»: Մեր ժողովուրդը դարեր ի վեր չի ուզում հասկանալ, որ ընկերովի մահը՝ գենոցիդ է, ընկերովի փրկությունն է հարսանիք: Եղիշեի շուրթերով անմահացրել ենք՝ «գիտակից մահն անմահություն է», և ով չի ցանկացել ըմբռնումով մոտենալ ու մեզ հետ միասին գիտակից գլորվել անդունդը՝ դավաճան ենք համարել: «Ընկերվարամահական» հարսանիքներ շատ ենք ունեցել, շատ ենք հարսանքավոր եղել: Ու միշտ ձգտել ենք հնարավորինս շատ մարդ «հրավիրել» այդ հարսանիքներին: Բայց ոչ լրիվ ընկերովի են եղել այդ հարսանիքները, մեր «ընկերական» շրջապատի մի զգալի մասը միշտ էլ գլուխն ազատել է «զուռնադհոլից»: Մենք նրանց դարերով դավաճան ենք անվանել:

ՎԱՐԴԱՆԱ՞ՆՔ, ԹԵ՞ «ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ…»

Նման կես-ընտանիք ու կես-ժողովրդով էլ կռվել ենք, արարել ենք, ստրկացել ենք և այլն, և այլն: Մեր ամենամեծ ու ամենասրբագործված հերոսամարտը Ավարայրն է, որտեղ կռվել է ոչ թե ամբողջ հայ ժողովուրդը, այլ միայն Վարդանանք ու վարդանամետները: Դերենիկ Դեմիրճյանն այս միտքը բարձրաձայն չի ասել, բայց տողատակին կամ տողավերին հուշել է, վեպն անվանելով հենց այդպես՝ «Վարդանանք»: Որպեսզի ղարաբաղցուն ավելի հասկանալի լինի, «թարգմանենք»՝ Վըրթանանք: Վըսականք և այլք չկային: Հայաստանն այն ժամանակ բաժանված էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև,  ճակատամարտն էլ տեղի է ունեցել Պարսից մասում, բայց Ավարայրին չի մասնակցել ոչ միայն Պարսկահայաստանի նախարարությունների մի զգալի մասը, այլև հրաժարվել են օգնական ուժեր ուղարկել Հունաց բաժնի հայ իշխանները՝ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ (ահա թե ինչու Դեմիրճյանը չի կարողացել վեպն անվանել գոնե «Մամիկոնանք»): Իսկ Վասակ Մամիկոնյանը Վարդան Մամիկոնյանի տոհմակիցն էր: Բայց նրա բախտը պատահմամբ բերել է, նրան դավաճան չենք համարել ոչ թե հարգելուց, կամ էլ որ «ալիբի» ուներ՝ մի քիչ հեռու էր, այլ զուտ տեխնիկական պատճառներով՝ որպեսզի չշփոթեն մյուս Վասակի՝ Սյունեցու հետ: Երկու Վասակ դավաճանները կարող էին շփոթեցնել ապագա պատմագիրներին, աշակերտներին ու մոնթերին: Հետո էլ՝ Եղիշեին պատվեր տվողները Մամիկոնյաններն էին:

Մեր դժբախտության պատճառներից մեկն էլ այն է, որ Մարդը չի եղել ամեն ինչի կենտրոնում, այլ գաղափարը: Գաղափարը պիտի ծառայեր մարդուն, բայց միշտ էլ մենք ենք ծառայել գաղափարին: Ու հաճախ չենք դիմացել, ու տուժել է գաղափարը: Մենք պիտի սրբացնեինք Աստծո ստեղծածը՝ մարդուն, և հետո միայն՝ մարդու ստեղծածը: Բայց միշտ հակառակն ենք արել: Մենք չենք ապրել մեզ համար, մենք ապրել ենք գաղափարի համար, խաչքարի համար, եկեղեցու համար, ընդ որում, Թումանյանի ասած, հաճախ ոչ թե գաղափարն է մտել մեր գլուխը, այլ մեր գլուխն է մտել գաղափարի մեջ՝ մեզ կտրելով մարմնից ու հողից: Ու անտարբեր է դարձել մարդը, որին մենք ընկալել ենք միայնումիայն որպես գործիք՝ գաղափարի համար: Այսօր էլ եկեղեցիներ ենք ավելի շատ նորոգում, քան մարդկանց հոգիներ:

Տեսեք, թե ինչպես է Դեմիրճյանը նույն «Վարդանանքում» նկարագրում պարսիկների կողմից մեր վանքի թալանումն ու հայ շինականների վերաբերմունքը. «Տնտեսը վազեց դեպի շինականները, գոռալով.

-Ապա մի օգնություն, հեծյալ ուղարկեցեք մարզպանին: Ողջ նյութը տարան:

-Վանքն էլ հետը տանեն թող,- ասաց մի շինական, մռայլ նայելով տնտեսին:

-Հիշաչար եք, անիծից արմատներ:

-Ես որ հիշաչար չլինեմ՝ թիկունքս հիշաչար է, որ ձաղկել տվիր մի չափ պակասորդի համար»:

ԵՍԱՍԵՐ ԵՎ ԵՍԱՄՈՌԱՑ

Մեր դժբախտությունների գլխավոր պատճառներից մեկն էլ, ըստ իս, այն է, որ մեր անձնական շահը հաճախ չի համապատասխանել լուծման մեջ: Մենք հիմնականում գերադասել ենք մեր անձնական հարցը լուծել, այլ ոչ թե այդ անձնական հարցի լուծումը տեսնել հանրային շահի լուծման մեջ: Մենք էգոիստ ազգ ենք, բայց այդպիսին ենք մեր «ես»-ի ոչնչացման աստիճան: Ինքնին էգոիզմը վատ բան չէ: Ավելին՝ բարոյագիտության մեջ կա «բավական էգոիզմի» տեսություն, ըստ որի ճիշտ ըմբռնված անձնական շահը պետք է համընկնի հասարակական շահի հետ, որ միանգամայն իրական է անձնական շահը լցնել հասարակական բովանդակությամբ:

Բայց մենք թարսվել ենք՝ հասարակական շահն ենք ուզում լցնել անձնական բովանդակությամբ: Թե մի չնչին մասով հասարակական շահը չհամընկավ մեր անձնականին՝ հերը կանիծենք… հանրային շահի: Մենք գերադասում ենք նախևառաջ մեր անձնական հարցը լուծել, հետո հոգու խորքում, բայց արդեն առանց ներքին լուրջ մղումների սպասել, որ հանրային շահերն էլ լուծվեն: Մինչև մերը չլուծվի՝ հանրայինի մասին չենք մտածում: Արդյունքում մեկ իմ հարցն է լուծվում, մեկ՝ հարևանիսը, մեկ՝ ուրիշինը: Մեկ ես եմ դժգոհ լինում, մեկ՝ հարևանս, մեկ՝ ընկերս: Եւ այսպես շարունակ՝ կարուսելի պես:

Բոլորս չենք, իհարկե, այդպիսին: Հանրության մի զգալի մասը հենց հասարակական կենդանի է, բայց հակառակ ծայրահեղությամբ՝ անիմաստ ինքնազոհողության պատրաստ: Ահա այսպիսի մի օրինակ: Հայրս 20 հազար դրամ թոշակ է ստանում ու դժգոհ չէ, ասում է՝ նորաստեղծ երկիր ենք, դժվարությունները շատ են, իշխանությունների համար էլ է դժվար: Նա չի արդարացնում, բայց հասկանում է, դրության մեջ է մտնում: Իսկ ահա նորերս մի թոշակառու նախկին դատավոր էր եկել ինձ մոտ բողոքի՝ 170 հազար դրամ թոշակ է ստանում, մի տեղ էլ դեռ աշխատում է, բայց դժգոհ է իշխանությունից, պետությունից, երկրից, ասում է՝ քիչ են հաշվարկել թոշակս: Հասկանու՞մ եք՝ 20-րդ դարի լավագույն ուսուցիչ հայրս դժգոհ չէ, իսկ նա, հասկանու՞մ եք, դժգոհ է: Երկուսն էլ, իմ պատկերացմամբ, իրավացի չեն: Միգո՞ւցե եթե հայրս ու իր նմաններն այդքան հասկացող չլինեին, դատավորն ու նմաններն էլ այդքան անհասկացող չլինեին:

Բայց մենք նաև եսամոռաց ազգ ենք, հանուն հայրենիքի ապրող ազգ ենք: Եսասիրության և եսամոռացության մեր աստիճանը ծայրահեղության է հասցված: Ազատության և անկախության համար պայքարին ամեն ինչ տված մեր ազգը հաշտվում է այն մտքի հետ, որ անկախության բարիքները՝ փող, պաշտոն, դղյակ, բաժին են հասնում մի փոքր մասի, իսկ մեծ մասին բաժին են ընկնում նույն ազատության և անկախության խորհրդանիշ-ատրիբուտները՝ դրոշ, օրհներգ, զինանշան: «Հանուն հայրենիքի և պարգևի» կարգախոսը, որ շատ ժողովուրդների համար առանցքային էր վճռորոշ գոյամարտերում, մեզ սրբապղծություն է թվում:

ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ «ՊԱՐՈԼԸ»

Ժամանակակից բրազիլացի հանրահայտ գրող Պաուլո Կոելիոն իր երկերից մեկում նկարագրում է մի կղզում անցկացված գիտափորձը, երբ կապիկներին սովորեցնում են բատատը (քաղցր կարտոֆիլ) ուտել կլպելուց հետո, որպիսին այն շատ ավելի համով է: Որոշ ժամանակ անց կապիկներին դուր է գալիս դա, բայց, որ ամենազարմանալին է, քաղցր կարտոֆիլը սկսում են միայն կլպելուց հետո ուտել նաև մյուս կղզիներում: Զարմանալի է, որովհետև այդ կղզիների միջև ոչ մի հաղորդակցություն ու շփում չկար: Գիտնականները դրանից շատ լուրջ եզրակացություններ են արել: Ընդհանրապես, նշվում է երկում, գիտությունն ապացուցել է, որ երբ որոշակի քանակությամբ մարդիկ հասու են դառնում զարգացման որոշակի աստիճանի, ապա զարգանում է նաև ամբողջ մարդկությունը: Պարզապես հայտնի չէ, թե նման ոստյունի համար ինչ քանակության մարդիկ են պետք, այլ կերպ՝ ինչ ասել է այդ որոշակի քանակությունը: Կոելիոյի հերոսը ճարտասանական հարց է տալիս՝ արժե՞, արդյոք, ամեն ինչ ռիսկի տակ դնել կես տասնյակ մարդկանց վերափոխելու համար, որոնք հետո անմիջապես մոռանում են դա և ներքաշվում նոր արկածախնդրության մեջ, ինչու՞ չի կարելի սպասել, մինչև որոշակի քանակության «կապիկներ-մարդիկ» սովորեն այն, ինչ պետք է, որից հետո այդ գիտությունը հանգիստ ու առանց ցավ պատճառելու կտարածվի նաև «մյուս կղզիներում»:

Ինչ վերաբերում է Կոելիոյի նկարագրած կապկային անհաղորդակցային փորձի փոխանակմանը, ապա գիտությանը վաղուց է հայտնի մի տեսություն, ըստ որի մարդու միտքը ռադիոալիքի պես տարածվելու հատկություն ունի: Մարդկանց (հավանաբար՝ նաև ազգերի) գլուխներն, այդ տեսության համաձայն, յուրօրինակ «ժարոննիկ»-թավաներ են, որ ընկալում-ընդունում են իրենց չափսին ու մակարդակին հարիր մտքեր: Մեծ կամ այլ մակարդակի մտքերը չեն իջևանում այդ թավաներում:

Ըստ երևույթին, հայ ժողովրդի ազգային թավայում չի տեղավորվել ու չի տեղավորվում ինքնակազմակերպման և ինքնապատասխանատվության գաղափարը, մեր «ռադիոժարոննիկն» այդ ալիքները չի բռնում, Աստված մեզ այդ ալիքի «պարոլը» մոռացել է ասել: Ինքներս էլ չենք կարողանում հասու լինել անգամ բազմաթիվ եղեռններից ու ավարայրներից հետո: Համազգային միասնության ֆետիշացված գաղափարի ամենամեծ վնասն այն է եղել, որ, որքան էլ պարադոքսալ հնչի, սպանել է կոլեկտիվ պատասխանատվության և կամավոր ինքնակազմակերպման գենը, սեփական ճակատագրի հանդեպ անտարբերության մղել՝ մեղքը ազգին, համազգայինին, կոլեկտիվին բարդելու պարտադիր պայմանով:

Կարդում ես 20-րդ դարասկզբի հայկական մամուլը և չես զգում վերահաս վտանգի (եղեռնի) մասին կոլեկտիվ մտահոգություն և դրանից ածանցյալ՝ սովորական մարդկանց սովորական հարցեր իրենց ճակատագիրը որոշող ցեղակիցներին՝ որոշում ընդունողներին: Ամենատրամաբանական հարցը կլիներ՝ որքանո՞վ է առկա մարտավարությունը, այս կամ այն քայլը, այս կամ այն ալյանսը նպաստում ժողովրդի անվտանգության պահպանմանը, այլ կերպ՝ պատրա՞ստ ենք լինելու դեպքերի՝ մեզ համար ոչ բարենպաստ զարգացման պարագայում չկոտորվել:

Այս հարցերը մարդկանց չեն հետաքրքրել, չգիտես ինչի և ում վրա էին հույս դրել, ընդհանրապես՝ հետաքրքիր կլիներ իմանալ, թե վերահաս վտանգից առաջ ինչ էին մտածում շարքային մարդիկ, հասարակ ժողովուրդը: Թեև մեծ խորաթափանցություն պետք չէ ենթադրելու համար, որովհետև այսօր էլ մոտավորապես նույն հոգեբանությունն է: Ղարաբաղյան կարգավորման մասին խոսում են ամենուր, բայց ոչ մեզ մոտ: Ցավալի է, բայց փաստ՝ ղարաբաղյան թեման Ղարաբաղում հրատապ չէ (ի՞նչն է հրատապ, Աստված իմ): Այսօր արդեն բացեիբաց խոսում են տարածքները հանձնելու, փախստականների վերադարձի, ինչ-որ անորոշ հանրաքվեի մասին, բայց մենք ինչպես ուղտի ականջում քնած էինք, այնպես էլ շարունակում ենք մեր դինջ ու անտարբեր կյանքը: Վաղն էլ մեղադրելու ենք մեր ղեկավարներին, ոմանց դավաճան ենք հանելու, հընթացս հերոսներ են ծնվելու, մի խոսքով՝ կարդացեք Հայոց պատմությունը: Մեղադրելու ենք ամերիկացիներին, բրիտանացիներին, մեզ չփրկած ռուսներին, բայց ոչ մեզ, մենք քննադատությունից դուրս ենք, քանի որ զբաղված ենք: Հայոց պատմության հերթական էջն ենք մեր կյանքով լրացնում՝ պահպանելով ժանրի բոլոր կանոնները:

100-Ը ԲԱՂԿԱՑԱԾ Է 100 ՀԱՏ 1-ԻՑ, ԱՅԼ ՈՉ ԹԵ 1-ԻՑ ԵՎ 99-ԻՑ, ԿԱՄ՝ 1-ԻՑ ԵՎ 0-ՆԵՐԻՑ

Մինչդեռ լրիվ հակառակն է մեզ մոտ՝ 100 հոգուց յուրաքանչյուրը մտածում է՝ ես ի՞նչ կարող եմ անել, եթե մյուս 99-ը միեւնույն է՝ ուժեղ են: Ոչ մի ուրիշ բան՝ դու անում ես քեզնից կախվածը՝ չես լռում, ձայնդ չես ծախում, պաշտպանում ես քո և կողքինիդ իրավունքը, մտածում ես քո և կողքինիդ մասին: Ու կտեսնես, որ 1-ն ավելի ուժեղ է, քան 99-ը, ավելին՝ 99-ին չես էլ գտնի, քանի որ այն քո կողքին ու քո մեջ կլինի: 99-ի բեռը նետիր ուսերիցդ, նրանցով մի արդարանա ու կտեսնես, որ գործդ ահագին թեթևացավ:  Մնում է միայն քեզ համար պատասխան տաս: Ապրում ես ու թողնում, որ կողքինդ էլ ապրի, կիսում ես կողքինիդ ուրախությունը, հասնում ես նրա հարային, մի խոսքով՝ ամեն ինչ, բացի անտարբեր լինելուց, բացի լռելուց: Ու կտեսնես, որ մենակ չես:

Տեղին է հիշեցնել գերմանացի պաստոր Մարտին Նիմեյլերի գրածը համակենտրոնացման ճամբարի օրերի մասին. «Երբ եկան կոմունիստների ետևից՝ ես լռեցի, որովհետև կոմունիստ չէի, երբ եկան հրեաներին տանելու՝ ես լռեցի, որովհետև հրեա չէի, երբ եկան կաթոլիկներին տանելու՝ ես լռեցի, քանի որ բողոքական եմ, իսկ երբ եկան ինձ տանելու՝ ոչ ոք չկար, որ մի բարի խոսք ասեր իմ մասին»:

Անտարբեր մի եղիր և մի հավատա, երբ ասում են՝ եթե ըմբռնումով ես մոտենում ու լռում, ուրեմն պետության մասին ես մտածում: Պետությունը պիտի մտածի քո մասին, այլապես պետություն չէ: Պետությունը դու ես: Քեզ զիջելու հաշվին պետություն չեն կառուցի: Եթե կաս, եթե երջանիկ ես, ուրեմն՝ պետություն կա: Երջանկացրու քեզ և ուրիշներին: Դա դու կարող ես անել, դա միայն դու կարող ես անել: Եւ կարող ես անել միայն այն դեպքում, եթե քո «թավայում» վայրէջք կատարի այն միտքը, որ քո անձնական շահը հանրային շահի մեջ է, որ քո անձնական շահերի շրջանակներում է նորմալ պետություն ունենալը:

ՈՒ՞Մ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ ԶԱՆԳԵՐԸ

Իրականում մենք լավ ազգ ենք, մենք խելոք ու արարող ազգ ենք, մենք բարի ու համարձակ ազգ ենք, մեր ազգի գերակշիռ մասը հենց այսպիսին է և էր, ավելին՝ մեր մեծերի նշավակած «պերսոնաժները» միշտ էլ կազմել են մեր ազգի փոքր մասը, պարզապես մեր իսկ մեղքով նմանները հաճախ էին հայտնվում հենց ամենավտանգավոր, մեզ համար ամենավտանգավոր տեղում՝ որոշում ընդունողների, համազգային որոշում ընդունողների տեղում: Իսկ այդպես է ստացվել, քանի որ դու որոշում չես ընդունել:

Ուրեմն՝ ընդունիր որոշում: Մի կտրիր ընկուզենիները քո հոգում: Պահիր նվիրյալներիդ, պահպանիր հավատդ ու հաղթանակներդ:

Մի վախեցիր: Եթե մի բան վախենալով ես անում՝ ուրեմն արածդ ճիշտ գործ չէ: Վախեցիր միայն Աստծուց: Եթե քո նմանից, մահկանացուից ես վախենում, ուրեմն Աստծուն չես հավատում, ուրեմն Աստծուց չես վախենում:

Լսու՞մ ես զանգերը:

“Не спрашивай никогда, по ком звонит колокол: он звонит по тебе”

——————————————————————————————-

Լինում է` չի լինում

ԱՐՋ – ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Ղարաբաղյան հեքիաթ

Լևոն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տուլա-Մոսկվա-Երևան

Հնագույն ժամանակներում Լեռնային Ղարաբաղի Թարթառ գետի կիրճի և նրան հարակից անտառներում ապրում էր գորշ արջերի համերաշխ մի ընտանիք. մայրը` Մեծ արջը, իր երեք արու քոթոթների հետ: Նրանցից մեծը երկու և կես տարեկան էր, անունը` Ավագ, միջնեկը՝ մեկուկես, անունը` Ծուռթաթ, իսկ ամենափոքրը ծնվել էր ընդամենը մեկ և կես ամիս առաջ և նրան անվանում էին Արջուկ: Սա առանձնանում էր պարանոցի վրայի մեծ, սպիտակ խալով: «Իմ փոքրիկը երբեք չի կորչի»,- մտքում ուրախանում էր  մայրիկը: Մեծ Արջը շատ բան էր սովորեցնում իր քոթոթներին, լինել բարի և արդարամիտ:  Երբ եղբայրներից որևէ մեկը  վատ բան էր անում և մեղքը գցում էր մյուսի վրա, դրանք անհետևանք չէին մնում` մայրը զայրանում և պատժում էր ստախոսին: Մեծ Արջը պարբերաբար կրկնում էր.  «Անտառի գազանների դատարանում չի կարելի մեղադրել որևէ անմեղ գազանի, որովհետև դա կարող է անարդարացիորեն կործանել նրան»: Մայրը հաճախ հիշեցնում էր իր քոթոթներին, թե ինչպես մի անգամ նենգ աղվեսի սուտ մեղադրանքով և գորշ գայլի կեղծ վկայությամբ, որ հաստատել էր աղվեսի սուտը,  գազանների դատարանը մահվան էր դատապարտել անմեղ Կուղբին:  Խեղճ Կուղբի ձագուկները մնացել էին որբ ու անպաշտպան և նույնպես կործանվել էին: Ահա թե ինչպիսի սարսափելի հետևանքների կարող է հանգեցնել սուտ մեղադրանքը անմեղի նկատմամբ: Բացի այդ, Մեծ Արջը իր երեխաներին դաստիարակում էր հինգ կարևոր պատգամներ խստիվ կատարելու ոգով.

– Լինել համեստ և հարգանքով վերաբերվել մեծերի նկատմամբ, լսել նրանց և երբեք չխաբել:

– Չլինել չար և ագահ, այլ բարի ու չմոռանալ, որ անտառում իրենցից բացի  ապրում են նաև ուրիշ բնակիչներ, և նրանք նույնպես պետք է  կերակրվեն:

– Չնախանձել գազաններին, որոնց տները (որջերը) ավելի հարմարավետ են, կամ որսի  տարածքները՝ ավելի մեծ: Նախանձներին դժվար է ապրել անտառում: Նրանց հետ ընկերություն չեն անի, և որևէ փորձանք կամ դժբախտություն պատահելիս`  ոչ մեկը չի օգնի:  Երբեք գողություն չանել:

– Աչք չտնկել ուրիշների տարածքներին: Միևնույն ժամանակ երբեք չտալ (չզիջել) սեփական տարածքները կամ տները: Դրա համար ոչ միայն անհրաժեշտ է կռվել, այլև  զոհաբերել կյանքը, եթե  պահանջվի:

– Միշտ պաշտպանել և թույլ չտալ նեղացնել փոքրերին, ծերերին ու հիվանդներին:

Արջ-եղբայրները լավ էին հիշում սիրելի մայրիկի պատվիրանները և աշխատում էին միշտ կատարել:

Ապրում էին արջերն ուրախ և երջանիկ: Բայց եղբայրների և մոր ընտանեկան  երջանկությունը երկար չտևեց: Շուտով եղբայրները ծանր վիշտ կրեցին: Հիվանդացավ և մահացավ նրանց սիրելի մայրիկը՝ Մեծ Արջը: Եղբայրները շատ լաց եղան և ծանր ապրումներ ունեցան: Մայրիկը շատ էր սիրում իր քոթոթներին, բոլորից շատ` Արջուկին: Նա միշտ ուշադիր էր և բացատրում էր փոքրիկին, թե ինչպես նա պետք է իրեն պահի անտառում և համակերպվի մյուս գազանների հետ: Բացի այդ, Մեծ Արջը միշտ համբերությամբ լսում և պատասխանում էր հետաքրքրասեր Արջուկի  բոլոր հարցերին: Փոքրիկը հարցասեր էր, ցանկանում էր իմանալ, ամեն ինչ միաժամանակ և միանգամից…

Այժմ, երբ չկար սիրելի մայրիկը, Արջուկը հաճախ դիմում էր մե°րթ Ավագին, մե°րթ Ծուռթաթին: Նա, ինչպես միշտ, ուզում էր իմանալ այն ամենը, ինչ շրջապատում էր նրան: Արջուկին, օրինակ, հետաքրքրում էր, թե «ինչու՞ Կուղբերը և մարալները միայն խոտ ու արմատներ են ուտում, իսկ սկյուռիկները և թռչունները ապրում են ծառերի բարձր գագաթներին: Ինչու՞ ցերեկը լուսավոր է և տաք, իսկ երեկոյան և գիշերը արևը դուրս չի գալիս, դառնում է զով ու մութ»… Փոքրիկին դժվար էր հասկանալ այն դառը ճշմարտությունը, որ սիրելի մայրիկը երբեք այլևս չի վերադառնա, չի կերակրի և փաղաքշի իրեն: Դրա համար էլ Արջուկին ամենից շատ հետաքրքրում էր, թե   ե՞րբ կվերադառնա  մայրիկը… Խե¯ղճ փոքրիկ…

Արջուկի հետաքրքրասիրությունը դառնում էր անտանելի: Բայց մայրիկը չկար և այժմ եղբայրները համբերությամբ իրենք էին պատասխանում Արջուկի բոլոր հարցերին: Նրանք, սակայն, զգուշացնում էին փոքրիկին՝ հարցերով չդիմել ուրիշներին: Նրանք կարող են լսել և բացատրել, հետո ձանձրանալ, զայրանալ, դուրս գալ համբերությունից և նույնիսկ պատժել Արջուկին:

Նա հետաքրքրասիրությունից բացի, որպես ընտանիքի երես առած փոքրիկ, նաև ինքնագլուխ էր: Շուտով ինքնագլխությունը քիչ մնաց փորձանքի բերեր նրան: Մի անգամ նա շատ վաղ արթնացավ, երբ եղբայրները դեռ քնած էին: Արջուկը խիստ ծարավ էր: Նա գնաց մոտակա լճակը ջուր խմելու: Ծարավը հագեցնելուց հետո չվերադարձավ տուն, այլ որոշեց թափառել անտառում: Ման էր գալիս և նայում մե°րթ աջ, մե°րթ ձախ և իր համար հայտնաբերում նոր վայրեր, որտեղ նա առաջ երբեք չէր եղել: Արեգակը բավականին բարձրացել էր, և օրը ավելի տաքացել:

Արջուկը հիշեց, որ հենց այդ ժամանակ են արթնանում եղբայրները և որոշեց վերադառնալ: Շատ երկար փնտրեց, լարեց իր ողջ հոտառությունը, բայց չկարողացավ կողմնորոշվել և գտնել տուն տանող արահետը: Ախր փոքրիկների մոտ դեռևս թույլ է զարգացած հոտառությունը: Արջուկը հասկացավ, որ մոլորվել է անտառում… Նստեց հաստ կաղնու տակ և լաց եղավ՝ հիշելով իր սիրելի մայրիկին: Հետո քունը տարավ, և նա քնեց… Եվ փոքրիկը տեսավ մի կախարդական երազ… Նա շատ զարմացավ՝ երազում տեսնելով, որ անտառային լճակի ջուրը դարձել էր կաթ: Վրա պրծավ` խմեց, խմեց, խմեց, վերջապես կշտացավ: Երջանկությունից նա լայն ժպտաց՝ բերանը մինչև ականջները բացելով: Իսկ հրաշալի երազը շարունակվում էր… Լճակի շուրջը տիրում էր խաղաղություն, համարյա թե անշշուկ ման էին գալիս գազանները: Նրանք մեկ-մեկու դիմում էին հարգալից, նույնիսկ՝ բարեկամաբար: «Ի¯նչ լավ է, ինչ հրաշալի¯ է»,- երազում բացականչեց Արջուկը: Նա շատ էր սիրում անդորր և տանել չէր կարող, երբ գազանները կռիվներ էին սարքում, հայհոյում էին իրար:

Արջուկն արթնացավ այն բանից, երբ նրան ծակծկեցին: Դա ոզնին էր, որն ընդհուպ մոտեցել էր նրան՝ մտածելով, թե փոքրիկին ինչ-որ բան է պատահել և անզգուշաբար ծակծկել նրան: Բարի ոզնին ցանկանում էր ինչ-որ բանով օգնել փոքրիկին: Երբ արթնացավ, ոզնին հարցրեց.

– Քեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն  է, բան չի՞ պատահել:

– Ոչ, ես պարզապես շփոթել եմ տան ճանապարհը,- պատասխանել էր  Արջուկը:

– Ցավում եմ, որ չեմ կարող քեզ օգնել: Անտառում այնքան արջեր են ապրում, արի ու իմացիր, ով՝ որտեղ: Բայց դու մի հուսահատվիր, ավելի ուշադիր հոտոտիր և կգտնես,-ասաց ոզնին և գնաց իր գործերով:

Արեգակը հետզհետե սկսեց իջնել ավելի ու ավելի ցած: Այդ ժամանակ Ալյոշան և Անին՝ եղբայր և քույր՝ անտառամերձ գյուղից, անտառի բացատում հանդիպեցին մոլորված Արջուկին:

– Ինչպիսի¯ հաջողություն,- ուրախացան երեխաները:

– Տեսնու՞մ ես, ինչ գեղեցիկ խալ ունի վզին: Ի¯նչ լավիկն է քոթոթը: Ափսոս, մեզ հետ  չունենք որևէ ուտելիք, որ կերակրենք: Արի’ վերցնենք նրան, տուն տանենք, կերակրենք, խաղանք հետը,- առաջարկեց Անին:

– Վատ չէր լինի, բայց կարող է նրան փնտրում է իր մայրը: Փոքրիկը կկարոտի մորը, լաց կլինի: Բացի դրանից, ինչո՞վ պետք է կերակրենք, գուցե մեր ուտելիքը դուր չի գա: Արի թողնենք նրան անտառում,- պատասխանեց Ալյոշան:

Երեխաները վերցրին Արջուկին, որպեսզի փաղաքշեն:

– Ի¯նչ ծանր  է, չէ՞ որ արջի քոթոթ է,-ասաց Անին:

Փոքրիկը ամբողջ ուժով փորձում էր դուրս պրծնել: Նա սկսեց բարձրաձայն լաց լինել: Փա¯ռք Աստծո, այդ պահին եղբորը փնտրող Ավագը և Ծուռթաթը գտնվում էին ոչ հեռու: Նրանք արագությամբ սլացան Արջուկի ձայնի ուղղությամբ: Անին և Ալյոշան,  տեսնելով դեպի իրենց վազող արջերին, թողեցին փոքրիկին և արագ փախան…

Եղբայրները Արջուկին տեսնելով ողջ և առողջ` շատ ուրախացան.  գրկախառնվեցին, համբուրվեցին: Արցունքները կաթում էին Արջուկի մռութից: Դրանք ուրախության արցունքներ էին… Ավագը առաջ  էլ էր մտածում, թե ինչպե՞ս պետք է իրենք ապրեին առանց մայրիկի: Բայց այս դեպքից հետո նա դարձավ ավելի վճռական և որոշեց իր վրա վերցնել փոքր եղբայրների նկատմամբ հոգատարության ողջ պատասխանատվությունը: Նա սիրալիր և համոզիչ բացատրեց եղբայրներին՝  հատկապես Արջուկին, որ տհաճ միջադեպերից խուսափելու համար լավ կլիներ  առանց մեծ եղբոր թույլտվության ոչ մի տեղ չգնալ: Իսկ եթե անհրաժեշտ էր հեռանալ իրարից  կեր հայթաթելու համար՝ որսի ժամանակ, ապա ոչ այնքան հեռու, որպեսզի հնարավոր լիներ տեսնել իրեն:

Մայիս ամիսն էր: Անտառի խոտի խիտ և հաստ ծածկույթը վերածվել էր կանաչ փափուկ գորգի: Բազմաթիվ թռչունների երգերը միանում էին իրար և ստացվում էր բազմաձայն մի երգչախումբ: Այդ երգերը հնչում էին բավական  գեղեցիկ և հզոր, բայց ոչ ներդաշնակ, քանզի թռչունները չունեն խմբավար… Արջ-եղբայրները միասին զբոսնում էին անտառում, սնվում բույսերով, ընկույզով, հատապտուղներով և միջատներով: Բայց այդ սնունդը չէր կարող բավարարել Արջուկին: Նա հաճախ լաց էր լինում և խնդրում էր կաթ: «Ա¯խ , եթե լիներ իմ մայրիկը»,- մտածում էր Արջուկը… Խե¯ղճ փոքրիկ…

Կյանքը առանց մայրիկի ավելի և ավելի էր դժվարանում՝ հատկապես Արջուկի համար: Չէ՞ որ նրա, ինչպես բոլոր փոքրիկների աճի համար, անհրաժեշտ էր կաթ: Ավագը շատ փնտրեց, բայց այդպես էլ չճարեց: Այդ ժամանակ նա դիմեց Սինամ արջին, որը վերջերս ծնել էր երկու արջուկներ: Սինամը քիչ կաթ ուներ, որը չէր բավականացնում նույնիսկ իր անկուշտ քոթոթներին: Բայց Ավագը երկար խնդրեց ու համոզեց նրան կերակրել իր կաթով նաև Արջուկին: Ավագը խոստացավ Սինամ արջին անընդհատ որսի գնալ, սնունդ հայթայթել, որ շատ կաթ ունենա և կերակրի նաև Արջուկին: Մի անգամ արջ-եղբայրները հանդիպեցին երկու նապաստակների: Ավագը և Ծուռթաթը սկսեցին հետապնդել նրանց: Սկզբում նապաստակները վազում էին միասին: Ուր որ է  արջերը կբռնեին նրանց: Բայց վերջին պահին նրանք փախան տարբեր կողմեր ու անհետացան թփուտների հետևում…  Եղբայրները կանգ առան և առանց աչքերը թարթելու՝ լարված նայում էին թփուտներին: Նրանք սպասում էին, որ նապաստակները դուրս կթռչեն թփուտներից և այդ ժամանակ, անկասկած իրենք կբռնեին նրանց… Բայց տերևները չխշխշացին…

– Երևի նապաստակները փախան հեռու,- ցածր ձայնով Ավագին դիմեց Ծուռթաթը,- գնանք տուն: Ավագը լուռ շուռ եկավ և գլուխը կախ՝ քարշ գալով գնաց, նրան հետևեցին փոքր եղբայրները:

Իսկ նապաստակները չէին փախել: Նրանք սուս ու փուս նստել էին թփուտներում և սարսափից քար էին կտրել: Ոչ մի շարժում չէին անում, նույնիսկ վախենում էին շնչել… Արջերը ալարկոտություն ցուցաբերեցին և մտածեցին փոքր ջանքեր գործադրելով՝ հասնել արդյունքի: Այդ պատճառով չհետապնդեցին մինչև վերջ՝ նաև թփուտներում: Նրանք դեռևս պատանի էին և չունեին որս անելու մեծ փորձ և չգիտեին, որ յուրաքանչյուր բան, նույն թվում՝ հաջողակ որսը, պահանջում է ուժերի լարում, հետևողական աշխատանք, համբերություն և համառություն: Ձրի, հենց այնպես, ոչինչ չի տրվում՝ «ով աշխատի,նա կուտի»: Անարդյունք վերջացավ նաև երիտասարդ եղնիկի հետապնդումը: Նա այնպիսի արագությամբ սլացավ, որ նրան բռնելը արջերի խելքի բանը չէր: Բնությունը արջերին օժտել է ուժով, բայց ոչ ճարպկությամբ և մեծ արագությամբ վազելու շնորհով, ինչպես դա կարող էին անել եղջերուները կամ կատվազգի ցեղին պատկանող գազանները՝ առյուծները, վագրերը, հովազները, վագրակատուները, ընձառյուծները, լուսանները: Մի անգամ արջ եղբայրները դեմ առ դեմ հանդիպեցին մի խոշոր մարալի: Նա իր մեծ, ճյուղավորված եղջյուրներով վճռականորեն նետվեց դեպի արջերը: Բայց բանը կռվի չհասավ: Հասկանալով, որ իրենք չեն կարող հաղթել մարալին՝ եղբայրները  նահանջեցին ու շտապ  հեռացան:

Ո°չ մի հաջողակ որս: Հապա ինչո՞վ կերակրել Սինամին: Չէ՞որ նա կարող էր հրաժարվել Արջուկին կաթ տալուց: Արջ-եղբայրները սկսեցին հուսահատվել: Բայց նրանք չգիտեին, որ նման դեպքերում չի կարելի շատ ընկճվել: Ժողովրդի իմաստությունն ասում է. «Երբ աստված փակում է մի դուռ, նա անպայման բացում է մյուսը»: Կյանքում պատահած դժվարությունները և անհաջողությունները հավերժական չեն լինում: Փորձանքներին և դժվարություններին հաջորդում են հաջողությունները, հաճելի և երջանիկ պահերը: Այդպես պատահեց նաև մեր հեքիաթի հերոսների հետ: Երբ նրանք բոլորովին ընկճված էին և հիասթափված անհաջողություններից՝ հանդիպեցին այդ անտառներում հայտնի մեղուների թագավորության փեթակներին:

Թագավորության սահմանները  և մեղվափեթակների մատույցները խումբ-խումբ պահպանում էին հերթապահ պահակ-մեղուները: Փեթակների մատույցներում մեղրագողերի երևալուն պես հերթապահ մեղուները ահազանգում էին յուրահատուկ բարձրաձայն բզզոցով: Փեթակների մեջ լսելով այդ ահազանգը՝ պաշտպան զինվոր-մեղուները իրենց մարտական ջոկատներն էին կազմում և պատրաստվում դիմակայելու մոտեցող վտանգին: Մեղուների ողջ թագավորությունը պաշտպանում էր հիսուն հազարանոց խիզախ աշխատավոր մեղուներից կազմված բանակը: Նրանք զինված էին թույնով լցված սուր նիզակ-խայթիչներով: Այդ հսկայական բանակը հարձակվում և խայթում էր մեղր հափշտակելու նույնիսկ փորձ կատարողներին: Նրանց հաճախ հաջողվում էր հաղթել և վռնդել թշնամիներին: Արջ-եղբայրները քաջատեղյակ էին դրան, և որոշել էին պարզապես մեղր խնդրել թագավորության մայր մեղվից՝ Սինամ արջին կերակրելու և մի քիչ էլ Արջուկի համար: Բայց սկզբից հարկավոր էր հասնել  մինչև թագուհու փեթակը և պատմել իրենց ծանր վիճակի մասին: Ավագը և Ծուռթաթը շարժվեցին դեպի փեթակները: Դա  պահակ-մեղուներից բացի, նկատեցին  իշամեղուները: Նրանք արագ թռան թագուհու մոտ՝ խնդրելու  թույլատրել մեղուների հետ արջերից պաշտպանել մեղրի պահեստները: Իշամեղուները հույս ունեին, որ թագուհին կփափկեր և կհաշտվեր իրենց հետ: Բայց իշամեղուները մեղուների նույնպիսի երդվյալ թշնամիներ են, ինչպես արջերը, մկները, մրջյունները, կզաքիսները, ճպուռները: Բոլորն էլ մեղրագողեր են և մեղուները մշտապես պայքարի մեջ են նրանց հետ: Իշամեղուները միշտ էլ ինչ-որ խարդախությունների միջոցով մեղր են գողանում: Այդ պատճառով հաշտվել խորամանկ խաբեբաների հետ՝ հնարավոր չէր: Նրանք իրականում ոչ թե ուզում էին օգնել մեղուներին, այլ այդ պատրվակի տակ, առիթից օգտվելով՝ մեղր գողանալ: Թագուհին կարգադրել էր վռնդել նենգ իշամեղուներին: Արջ-եղբայրները առաջ էին շարժվում շատ զգույշ, որպեսզի չվնասեն թագավորության տներին՝ փեթակներին: Բայց եղբայրների խաղաղ մտադրության մասին չգիտեին ո°չ թագուհին, ո°չ աշխատավոր մեղուները: Նրանք պատրաստվում էին իսկական ճակատամարտի…

Մինչ արջ-եղբայրները առաջանում էին, մեղուների թագուհին զորքերի հրամանատար Սուրխայթի  հետ միասին, որը նույնպես չգիտեր արջերի խաղաղ մտադրության մասին, զինվոր-մեղուներից շտապ կարգով ջոկատներ էր կազմում: Այդ ջոկատները բաժանեցին երկու բանակի՝ հարձակվողների և պաշտպանվողների: Թագուհին շտապում էր մարտի դաշտ նետվել, բայց Սուրխայթը կարողացավ նրան համոզել ճակատամարտի առաջին գծում անմիջական մասնակցություն չունենալ: Չէ՞ որ թագուհու զոհվելու դեպքում զինվորների մարտական ոգին կընկներ, կսկսվեր խուճապ: Այդ ժամանակ արջերը կօգտվեին դրանից և կգրավեին մեղրի ողջ պաշարը: Բացի դրանից, մեծ թվով զոհեր կլինեին, ճակատամարտը տանուլ կտային, իսկ փեթակները կավերվեին:

Թագուհին համաձայնվեց հրամանատարի հետ: Որոշեցին, որ նա պետք է ղեկավարեր պաշտպանությունը: Իսկ Սուրխայթը կլիներ ճակատամարտի առաջին գծում: Նա կղեկավարեր հարձակողական գործողությունները և կբարձրացներ մեղու-զինվորների մարտական ոգին: Այդ օրը լրացավ Սուրխայթի ծննդյան 18-րդ օրը: Հենց այդ օրը աշխատավոր մեղվի կուտակած թույնը հասնում է առավելագույն քանակի, իսկ խայթիչը  մեծապես աճում է: Խայթիչի վրա առաջ են գալիս փոքրիկ քառթվածքներ, որոնք անհրաժեշտ են նրա համար, որ խայթվածը չկարողանա դուրս քաշել թունավոր խայթիչը: Ավագը և Ծուռթաթը ընդհուպ մոտեցել էին փեթակներին, իսկ Արջուկը՝  քաշվել մի կողմ: Նա վախենում էր մոտենալ: Արջ եղբայրները դեռ չէին հասել թագուհու փեթակին, երբ անկոչ հյուրերի վրա  թափվեցին հազարավոր զինվոր-աշխատավոր մեղուներ: Նրանք խայթում էին արջերի գլուխները, քթերը, ականջները, աչքերը… Բայց Ծուռթաթը և Ավագը ուշադրություն չդարձնելով ցավոտ խայթոցներին՝ շարունակում էին շարժվել առաջ, դեպի այն փեթակը, որտեղ թագուհին էր:

Երկու անհաջող փորձերից հետո Սուրխայթին վերջապես հաջողվեց Ավագի քթի ծայրին շատ խորը մխրճել իր մեծ և թույնով լիքը խայթիչը: Արջը ցավից մռնչաց: Նա զայրացած սկսեց գոռալ և բացատրել, որ իրենք հափշտակիչներ չեն, միայն ուզում են հանդիպել թագուհուն՝ իրենց փոքրիկ եղբորը օգնելու համար:

Բայց Ավագին ոչ ոք չհավատաց: Նրա քիթը ուռեց, դարձավ այլանդակ… և ծիծաղելի… Իսկ Ծուռթաթի բախտը բերեց:  Նա ստացավ ավելի մեղմ խայթոցներ:

Վերջապես մեծ դժվարությամբ Ավագին հաջողվեց ճեղքել պաշտպանությունը և հասնել թագուհու փեթակին: Նրան հետևեց Ծուռթաթը: Ավագը  թագուհուն խնդրեց դադարեցնել մեղուների հարձակումը և լսել իրենց: Նա պատմեց, թե   ինչպիսի ծանր վիճակում են հայտնվել և ավելացրեց, որ իրենք հափշտակիչներ չեն, այլ եկել են աղերսել-խնդրել թագուհուն տալ մեղր Սինամ արջին կերակրելու և Արջուկի համար:  Թագուհին ընկավ մտածմունքների մեջ: Չլսված բան է, արջերը՝ մեղուների երդվյալ թշնամիները, չեն կողոպտում մեղուներին, այլ եկել են խաղաղությամբ և խնդրում են մեղր՝ Արջուկին փրկելու համար: Եթե արջերը ցանկանային հափշտակել մեղր, նրանք կարող էին ջարդուփշուր անել փեթակները, իսկ հետո պահուստարաններից տանել ամբողջ մեղրը: Բայց նրանք դա չարեցին: Բացի այդ, նրանց տեսքը շատ խղճալի էր, կանգնած էին երկու եղբայրները խոնարհված գլուխներով, կարծես բոլորովին էլ արջեր չլինեին: Իսկ Ավագը այլանդակված և ծիծաղելի քթով, շատ  խղճուկ տեսք էր ստացել: Թագուհին խղճացել էր նրանց և հանուն Արջուկի՝ մեղրով կերակրել: Դե, իհարկե, Արջուկին էլ կանչեցին և տվեցին մեղր: Փոքրիկն իր կյանքում առաջին անգամ ճաշակեց այն: Նրան շատ դուր եկավ հաճելի բուրմունքով քաղցրավենիքը: Արջերը կշտացան, շնորհակալություն հայտնեցին թագուհուն, իրենց հետ վերցրին նաև Սինամ Արջի համար մեղր: Նրանք թագուհուն խոստացան երբեք չհարձակվել փեթակների վրա և չանհանգստացնել մեղուներին: Ի դժբախտություն ամբողջ մեղուների թագավորության, Սուրխայթին մնացել էր ապրելու ընդամենը… վեց ժամ… Այդպիսին է մեղուների ճակատագիրը: Սուրխայթին քաջ հայտնի էր, որ այն բանից հետո, երբ ինքը կբաժանվի իր խայթիչից՝ կմահանա: Բայց նա գնաց այդ քայլին: Չէ՞ որ նա համարվում էր մեղվաընտանիքի և ամբողջ թագավորության մեծ հայրենասերը, իսկ մեղվափեթակները նրա համար փոքրիկ հայրենիք էին: Փեթակների պաշտպանությունը աշխատավոր մեղուների համար սրբազան պարտականություն է: Նրանք հաճախ  կյանքի գնով պաշտպանում են իրենց փոքրիկ հայրենիքի անկախությունը: Արջերի գնալուց հետո թագուհին և Սուրխայթը շրջեցին զորքի մեջ: Զոհեր չկային՝ միայն թեթև վիրավորներ: Եվ  դա շնորհիվ արջ եղբայրների, որովհետև նրանք չէին հարձակվում մեղուների վրա, չէին տրորում նրանց: Եղբայրները միայն թափահարում էին իրենց թաթերը, որպեսզի պաշտպանվեին մեղուների խայթոցներից: Թագուհին և զորքերի հրամանատարը շնորհակալություն հայտնեցին կռվող մեղուներին՝ նրանց խիզախության և անձնուրացության համար: Սուրխայթի կյանքի վերջին րոպեներին թագուհու նյարդերը չդիմացան: Նրա ձայնը դողաց… Թագուհին մոտեցավ հրամանատարին, ամուր գրկեց և հեկեկաց.

– Լա°ց մի լինի, ի°մ թագուհի: Միևնույն է, մենք չպարտվեցինք: Ինձանից հետո թողնում եմ իմ փոխարինողին՝ քաջ և անվախ Մեղվիկին: Նա քեզ և ողջ թագավորությանը կծառայի անձնուրաց և ազնվորեն, երբեք չի դավաճանի: Դու նրան կարող ես լիովին վստահել: Բայց… ափսոս …,  – սրանք Սուրխայթի վերջին խոսքերն էին: Նա փակեց իր աչքերը ընդմիշտ…

***

Շուտով արջ-եղբայրներին բախտը նորից ժպտաց: Նրանք ստացան համեղ ձկներով կերակրվելու հնարավորություն, բայց դրանից չօգտվեցին…

Մի անգամ խորամանկ աղվեսը Թարթառ գետի ձկնորսներից թռցրել էր կարմրախայտ  ձուկ և արագությամբ վազում էր դեպի իր որջը, որպեսզի այնտեղ թաքցնի և ավելացնի արդեն իսկ կուտակված պաշարին: Հենց այդ ժամանակ եղբայրները հանդիպեցին նրան և սկսեցին հետապնդել: Աղվեսը հասցրեց ձուկը թողնել իր որջում, բայց որպեսզի փրկվի հետապնդվողներից, ցատկոտելով փախավ հեռու: Արջերը հասան աղվեսի որջը և կանգ առան: Ավագը ինչ- որ մտածմունքների մեջ ընկավ… Իսկ Ծուռթաթը անմիջապես պառկեց որջի առաջ և պատրաստվում էր խցկվել և այնտեղից դուրս բերել ձկները: Սակայն Ավագը նրան թույլ չէր  չտվել:

– Ես քեզ չեմ հասկանում: Չէ՞ որ մենք սոված ենք, բացի այդ Սինամին պետք է կերակրել,- դժգոհեց Ծուռթաթը:

– Իսկ դու մոռացե՞լ ես մայրիկի խիստ պատվիրանը՝  գողանալ չի կարելի,-  պատասխանեց Ավագը:

– Գոնե մի անգա՞մ էլ չի կարելի,- չէր կարողանում հանգստանալ Ծուռթաթը:

– Գողանալ երբեք չի կարելի,- ասաց Ավագը և քարշ գալով գնաց… Ծուռթաթը ստիպված էր ենթարկվել մեծ եղբորը:

– Հապա ե՞ս,- լաց եղավ Արջուկը:- Սինամ մորաքույրը ինձ այլևս չի կերակրի իր կաթով: Ես շատ եմ սոված,- շարունակում էր լացը փոքրիկը:

– Ոչինչ, լաց մի° լինի, փոքրիկ, մի քիչ էլ դիմացի°ր, նորից ինչ-որ բան կճարենք: Ա°յ կմեծանաս և նոր կհասկանաս, թե ինչ սարսափելի չարիք է գողությունը,- հանգստացնում էր նրան Ավագ:

Արջուկը լաց լինելով հետևեց եղբայրներին…

Շուտով Սինամ արջը այլևս չկարողացավ կերակրել Արջուկին:  Դրա պատճառը նրա երկու քոթոթներն էին, որ դարձել էին ագահ և հրմշտելով չէին թողնում նրան մոտենալ իրենց մայրիկին ու  կերակրվել: Չէ ՞ որ նրանք երկուսն էին, իսկ Արջուկը՝ մենակ: Դե նրանք էլ դուրս էին գալիս հաղթողներ: Իսկ երբ կշտանում էին, Սինամ արջի կաթը վերջանում էր, և Արջուկը մնում էր սոված… Նա կրկին առանց կաթի սկսեց իրեն վատ զգալ: Հաճախ երազում   տեսնում էր  մայրիկին, որը փաղաքշում էր նրան ու կերակրում  կաթով… Արջուկը արթնանում էր տխուր և լաց էր լինում:

Բայց շուտով, հուրախություն արջ-եղբայրների, ելքը գտնվեց: Մի անգամ եղբայրները անտառի բացատում, Աստծո օգնությամբ, հանդիպեցին մի այծի, որն արածում էր: Նրանք սկսեցին մոտենալ այծին: Սա վախեցավ և պատրաստվում էր փախչել: Բայց Ավագը փաղաքշաբար  (որքան դա հնարավոր էր արջի պարագայում) սկսեց խնդրել այծին չհեռանալ, այլ սպասել և լսել իրենց: Այծը կասկածանքով և անվստահ բարձրացրեց աչքերը:

– Խնդրում ենք քեզ չփախչել և չվախենալ մեզնից: Մենք քեզ ոչ մի վատ բան չենք անի: Մենք շատ ենք խնդրում կաթ տալ մեզ՝ մեր որբուկ եղբայրիկի համար, այլապես նա կկործանվի,- ասաց Ավագը: Այծը փորձող հայացքով նայեց արջերին:

– Իսկ դուք ինձ չե՞ք հոշոտի,- զգուշորեն հարցրեց նա:

– Արջի խոսք ենք տալիս,- վիրավորված անվստահությունից, միջամտեց Ծուռթաթը:

Այծը խղճաց Արջուկին և որոշել բարի գործ կատարել:

– Բերեք ձեր ամանը, և ես ձեզ կաթ կտամ,- ասաց նա:

– Բայց մեր հետ ոչ մի աման չկա: Խնդրում ենք միասին գնալ մեր որջը, այնտեղ մենք  դույլ ունենք,- ասացին արջ-եղբայրները: Այծը սկսեց կասկածել՝ գնա՞լ թե՞ չգնալ:  Նա սարսափում էր գնալու մտքից… Բայց այծը մայր էր, որի ուլիկներին տարել էր գորշ գայլը: Նա լավ էր հասկանում, թե որքան դժվար է փոքրիկներին առանց մայրիկի կաթի: Այծի մոտ մայրական և խղճի զգացմունքները հաղթեցին վախի զգացումին և նա գնաց արջերի հետ…

Եղբայրները ապրում էին ոչ հեռու: Ծուռթաթը այնպես շտապեց որջից դուրս բերել դույլը, որ նույնիսկ մոռացավ տուն մտնելուց առաջ մաքրել  կեղտոտ թաթերը: Ուրիշ անգամ դրա համար մեծ եղբայրը  կհանդիմաներ, բայց այս անգամ ներեց Ծուռթաթին: Ավագը սկսեց կթել այծին:

– Մի° ամաչեք, վերցրեք այնքան, որքան պետք է,- ասաց այծը:

Վերջապես Արջուկը մի կուշտ կաթ կերավ: Նա շատ ուրախացավ, սկսեց թռչկոտել ու գլուխկոնծի տալ… Արջերը շնորհակալություն հայտնեցին այծին նրա բարության  համար և առաջարկեցին իրենց  օգնությունը և բարեկամությունը:

– Չարժե  այդչափ շնորհակալ լինել, սա սովորական  բան է, յուրաքանչյուրը պետք է լինի բարեսիրտ և գործի այդպես,- ասաց այծը:

– Այդ դեպքում հաճախ արի մեզ մոտ, մենք խոտ կքաղենք քեզ համար և կկերակրենք, իսկ դու կաթով կկերակրես Արջուկին,- ասաց Ծուռթաթը:

/շարունակելի/

– Հետաքրքիր է, – ծիծաղեց այծը, – դա ինչպե՞ս պետք է անեք, չէ՞ որ արջերը խոտ քաղել չգիտեն:Արջ-եղբայրները շփոթված իրար նայեցին:

5 Իրոք որ, – ստիպված էր ընդունել Ավագը, – այդ դեպքում մենք կլինենք քո լավ բարեկամները:

6 Դե ինչ, լճակը մոտ է՝ ջուր խմելու համար, խոտը այստեղ փափուկ է և հյութալի, իսկ ամենակարևորը՝ կկերակրեմ փոքրիկին: Ես  համաձայն եմ բարեկամություն անել ձեզ հետ,- ասաց այծը:

7 Իսկ մենք կհսկենք և կպաշտպանենք քեզ: Ոչ մեկը չի համարձակվի նեղացնել,- ուրախացան արջ եղբայրները:

Այսպիսով արջ-եղբայրների ծանոթությունը այծի հետ վերածվել էր ամուր բարեկամության: Այծն ամեն օր գալիս էր արածելու և արջուկին տալիս էր իր թարմ և  յուղալի կաթը: Փոքրիկն աճում էր ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ ու դառնում ավելի  մեծ և ուժեղ: Քանզի այծը վախենում էր արածել անտառի խորքում` (որտեղ նրա համար վտանգը մեծ էր) արջ-եղբայրները անտառում գտնում էին խոտի փարթամ, դեռևս ձեռք չտված հատվածներ և այծին ուղեկցում այդ տեղերը: Նա մի կուշտ սնվում էր: Իսկ արջ-եղբայրները քիչ հեռու զբաղվում էին իրենց կեր հայթայթելու խնդրով: Այդ դեպքում այծն ավելի շատ կաթ էր ունենում և նույնիսկ Արջուկին կերակրելուց հետո վերադառնում էր տուն ոչ դատարկ կրծքով:

Այսպես շարունակվեց ամբողջ ամառը և աշունը: Բայց ո’չ արջերը, ո’չ էլ այծը չգիտեին, որ այս ամենին թաքուն հետևում էր չար գայլը և սպասում հարմար պահի, որ հարձակվի այծի վրա: Շուտով այդպիսի հնարավորություն նրա համար ստեղծվեց…

Մի անգամ արջ եղբայրները գնացին անտառի մեջ սովորականից հեռու: Գայլը անմիջապես օգտվեց դրանից: Նա սկսեց դանդաղ քայլերով, անաղմուկ մոտենալ այծին: Բայց սա, որ շատ զգույշ և ուշադիր էր, նկատեց գայլին և սարսափից բարձրաձայն մկկալով օգնություն խնդրեց: Լսեցին նրան արջ եղբայրները և սլացան օգնելու իրենց ընկերոջը: Գայլը տեսավ արջերին, կանգ առավ և կռճտացրեց ժանիքները: Բայց, ինչ արած, ստիպված էր նահանջել և արագ  փախչել…

Արջերը ողջագուրվել էին իրենց բարեկամին ու հանգստացրել: Այծը նրանց շնորհակալություն էր հայտնել բարեկամությանը հավատարիմ մնալու համար:

1 Ամեն բարի գործին պետք է պատասխանել բարությամբ և շնորհակալ լինել, ազնվությամբ կատարել տված յուրաքանչյուր խոստում: Չի կարելի նենգել և չօգնել փորձանքի մեջ ընկած բարեկամին,- պատասխանել էին արջ-եղբայրները:

Այդ դեպքից հետո գայլը այլևս երբեք չէր համարձակվում անհանգստացնել բարի այծին: Հետզետե մոտենում էր ձմեռը: Սկսեց ձյուն տեղալ և ցրտեց: Բարեկամները ողջագուրվեցին և հրաժեշտ տվին իրար մինչ գարուն… Այծը գնաց տուն՝ իր տերերի մոտ, որտեղ ողջ ձմեռը տաք էր, իսկ մարագում խոտի մեծ դեզ կար: Իսկ արջերը պատրաստվեցին ձմեռային երկարատև քուն մտնելուն… Ծուռթաթը իր համար որջ պատրաստեց, իսկ Արջուկին իր մոտ վերցրեց Ավագը: Արջերն, իհարկե, ըստ սովորության, ձմեռը ծծում էին իրենց թաթերը…

Գարնանը Արջուկն արդեն մեծացած և ամրացած էր: Նա այլևս կաթ չէր պահանջում և կարող էր ապրել առանց  եղբայրների օգնության: Բայց արջ եղբայրները միշտ միասին էին և հիշում էին իրենց մոր պատգամը՝ »Միշտ եղեք միասին: Երբ դուք միասին եք, հեշտ է կռվել թշնամու դեմ ու ցանկացած վտանգ և փորձանք ձեր համար հեչ բան կլինի«:

* * *

Չնայած նրան, որ Արջուկն այլևս կաթի կարիք չէր զգում, արջ եղբայրները այծի հետ շարունակում էին բարեկամությունը՝ ինչպես նախկինում: Այծը գալիս էր անտառ արածելու, իսկ եղբայրները պահպանում էին նրան: Երեկոյան կողմ այծը վերադառնում էր տերերի մոտ: Այծի տիրոջ անունը Գուրգեն էր: Նա իր կնոջ՝ գեղեցկուհի Նաիրուհու և որդու՝ Ռուդիկի հետ  ապրում էր անտառամերձ գյուղում և աշխատում էր որպես անտառապահ:Նաիրուհին տնային տնտեսուհի էր՝ անչափ բարի, սիրալիր և բանիմաց կին և մայր:

Ռուդիկը մեծանում էր ծնողական անսահման սիրո և գուրգուրանքի միջավայրում:Նա զվարճալի և չարաճճի փոքրիկ էր՝  նաև հնարամիտ: Հորինում էր ինչ-ինչ խաղեր և մերթ մորը,մերթ հարևանի երեխաներին՝  Անիին և Ալյոշային, հրավիրում ընկերակցել: Սակայն միշտ չէր, որ նրանց խաղերն ընթանում էին համերաշխ,առանց վեճերի: Ռուդիկը, որպես ավագ, (նա Անիից մեծ էր մեկ, Ալյոշայից՝ երկու տարով) թելադրում էր իր կամքը, խաղի սցենարները, որոնց երբեմն ընդիմանում էին քույր և եղբայր: Մի անգամ երեխաները վեճի բռնվեցին Նաիրուհու ներկայությամբ« և Ռուդիկը թեթև հարվածներ  հասցրեց Ալյոշային: Նա լաց եղավ: Նաիրուհին գրկեց նրան, փաղաքշեց և հանգստացրեց.

1 Ռուդիկ այդպես չի կարելի,-կշտամբել էր մայրը:

2 Մայրի¯կ, իսկ ինչու՞ նրանք առաջինը սկսեցին…

Մայրը փռթկացել և շարունակել էր ծիծաղել.

1 Բայց չէ ՞ որ հենց դու սկսեցիր առաջինը:

Ռուդիկը տեսնելով որ սուտը բռնվել էր, ինքն էլ էր միացել մորը և միասին ծիծաղում էին: Հետո Նաիրուհին ըդհատել էր ծիծաղը և խիստ տոնով ասել.

2 Եթե որևէ անգամ դու կրկին ստես, ես կդադարեմ քեզ սիրելուց և կպատժեմ:

3 Ոչ, ոչ մայրիկ, ես չեմ սիրում ստել, դա միայն կատակ էր: Ես խոստանում եմ այլևս երբեք սուտ չխոսել,-ասել էր տղան: Դրանից հետո Ռուդիկը միշտ պահում էր տված խոստումը՝ հատկապես իմանալով, որ հայրը սուտ խոսելու համար չէր ների: Ռուդիկը շատ էր սիրում տնամերձ այգում զբոսնել և վազվզել: Ժամանակ առ ժամանակ կլանված լսում էր ծտերի ծլվլոցը, հատկապես սիրում էր արտույտի դայլայլները: Չէր սիրում ագռավներին: Նրանք վնասում էին այգուն՝  կտցահարելով և վայր գցելով պտուղները: Ռուդիկը նրանց քշում էր՝ քարեր նետելով: Մի անգամ զայրացած մայր ագռավը սրընթաց գրոհել էր Ռուդիկի վրա և եթե չլիներ Նաիրուհին՝  կարող էր կտցահարել նրա  գլուխը…

4 Սիրելի փոքրիկս, քարեր մի մի շպրտիր, չէ՞որ կարող ես վնասել նրանց: Թռչունների տարածով մենք չենք աղքատանա: Նրանք մարդկանց նման պետք է կերակրվեն: Դե նրանց ապրուստն Էլ դա է: Միշտ եղիր բարի և կամեցող, ունեցածիցդ  բաժին պետք է հանես նրանց, ովքեր ունեն դրա կարիքը,- խրատել էր մայրը:

Հավաբնից ձվեր հավաքելը Ռուդիկի մենաշնորհն էր: Երբ նա արթնանում էր, առաջին հերթին  վազում էր մարագ հավաբուն: Սկզբից այծին էր հանում ցանկապատից դուրս, (որը գնում էր արածելու), ապա արագ վերադառնում՝ ձվերը հավաքելու: Իհարկե, միշտ չէ որ անվնաս  և լրիվ էր տեղ հասցնում: Երբ նրա  ձեռքից ընկնում և կոտրվում էին, ազնվորեն, անպայման հայտնում էր մորը: Նաիրուհին սովորեցնելու նպատակով Ռուդիկից պահանջում էր հաշվել ձվերը: Եվ այսպես, հետզհետե նա հաշվել սովորեց:  Ռուդիկի խաղերի արանքում, մայրը նրան գրաճանաչություն և նկարել էր սովորեցնում և ոչ միայն նրան: Պարապմունքներին միանում էին նաև Անին և Ալյոշան: Շուտով նրանք սովորեցին այբուբենը և արդեն կարողանում էին կարդալ: Ռուդիկը շատ էր սիրում հեքիաթներ: Նա քնելուց առաջ, անկողնում, խնդրում էր պատմել: Նաիրուհին հաճույքով պատմում էր զանազան հեքիաթներ: Երբ վերջացնում էր,  կպչում էր հայրիկին: Գուրգենը նրան պատմում էր զանազան դեպքեր անտառի բնակիչների կյանքից, նրանց վարքագծից: Թե գայլերը ինչպիսի սիրով և  հոգատարությամբ են խնամում և մեծացնում իրենց ձագերին: Հանուն նրանց հայր գայլը կարող է էգին զիջել նույնիսկ բռնած ողջ որսը: Որ աղվեսը շատ խորամանկ և խելոք է: Նա ցատկոտելով վարպետորեն շրջանցում է որսորդի դրած թակարդները եւ չի բռնվում: Իսկ օձերը տիրապետում են հիպնոզի: Բավական է մկները, նապաստակները, գորտերը հանդիպեն նրա  հայացքին և … որսը պատրաստ էր… Օձերի խորաթափանց հայացքը գամում է նրանց տեղում, չեն կարողանում շարժվել, փախնել: Օձը կամաց-կամաց սողում է դեպի նրանց և … բռնում … Իսկ մայր հովազը անտառում հանդիպելով մի գյուղացու կողմից լքված կատվի ձագին, բերանով զգուշորեն տեղափոխել էր իր որջը, պահել , մեծացրել: Չէ՞որ նրանք  ցեղակիցներ են:

Անտառի ամենատարեց բնակիչը Ղառ-ղառ ագռավն էր: Ագռավները համարվում են ամենաերկարակյացները՝ ապրում են երկու հարյուր և ավելի տարիներ:

Բացի դրանից Գուրգենը որդուն դաստիարակում էր լինել քաջ և հայրենասեր՝  պատրաստ պաշտպանելու հայրենիքը: Պատմում էր Սասունցի Դավթի, Տորք Անգեղի, Վարդան զորավարի, արքա Տիգրան Մեծի սխրանքների մասին և  ոգեշնչում տղային: Ռուդիկը  հատկապես սիրում էր Տորք Անգեղի մասին պատմությունը:

1 Տորք Անգեղը հսկա, գերբնական ուժով մարդ էր և մեծ հայրենասեր: Թշնամիների հարձակումների ժամանակ նա բարձրանում էր ժայռի վրա, պոկում, բարձրացնում  և նրանց վրա  էր շպրտում  ահռելի ժայռաբեկորներ և ջարդ ու փշուր անում,- պարբերաբար պատմում էր հայրը:

Մայրը հետ չէր մնում ամուսնուց: Բացի հեքիաթներից նա տղայի գիտելիքների բացը լրացնում էր Հիսուս Քրիստոսի աշակերտներ՝ առաքյալներ Թադևոսի և Բարդուղեմեոսի, դեռևս  405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից հայ գրերի ստեղծման և Լեռնային Ղարաբաղի Ամարաս գյուղում առաջին դպրոցը հիմնելու, դեռևս 53 թվականին, մինչ Քրիստոսի  ծնունդը, (մեր թվարկությունից առաջ) Արտավազդ  2-րդ  թագավորի կողմից, (որը նաև դրամատուրգ և դերասան էր)  Արտաշատ քաղաքում հայ ազգային թատրոն  հիմնելու մասին պատմություններով: Նաեւ որ Հայաստանում առաջին համալսարանը հիմնվել է դեռևս 1291 թվականին Գլաձորում« որ հայերն առաջիններն էին, որ մ.թ. 301 թվականին  քրիստոնեությունը  հռչակեցին որպես պետական կրոն, իսկ 303 թվականին Վաղարշապատում ( Էջմիածնում)   կառուցեցին մայր  տաճարը: Ռուդիկին  հատկապես  հետաքրքրում էր հայ եկեղեցու  առաջին  կաթողիկոս  Գրիգոր  Լուսավորիչի կյանքի պատմությունը: Թե ինչպես Տրդատ  թագավորի հրամանով   նրան գցել  էին Արարատ  լեռան  փեշերին  գտնվող  Խոր  Վիրապը,  որտեղ  նա  տասներեք  տարի  ապրել  էր  օձերի  և   կարիճների  մեջ  և  կենդանի  մնացել…

– Մայրիկ մ՞իթե նրան չէին խայթում:  Առանց սնունդի  ինչպե՞ս   կարող  էր ապրել,- հարցնում  էր Ռուդիկը:

Մայրը չէր զլանում համբերությամբ բացատրել.

գ Գրիգոր Լուսավորիչը շատ բարի և պարկեշտ մարդ էր՝ Քրիստոնեության տարածման ջատագով: Աստված պահպանում և թույլ չէր տալիս նրան վնասել, իսկ սնունդը ամեն օր գաղտնի  պարանով իջեցնում էր մի բարի մորաքույր:

գ Մայրիկ, իսկ Աստված ամեն ինչ գիտե՞:

գ Ոչ միայն գիտե, այլ տեսնում է: Աստված չի ընդունում և պատժում է չար, վատ գործեր կատարողներին: Աստծո ողորմածությանն արժանանալու համար պետք է լինել ազնիվ, բարի, սիրել և օգնել մարդկանց:

ՈՒշիմ և խոհեմ Ռուդիկն այդ պատմությունները լսում էր մեծ ուշադրությամբ, յուրացնում և ներծծում էր, ինչպես պատրույգը կանթեղի մեջ լցված ձեթը:

Ծնողները  հաճախ Ռուդիկին տանում էին հարևան գյուղում բնակվող Նաիրուհու ծնողներին տեսության: Պապն ու տատն անչափ սիրում էին թոռնիկին: Նրանք անընդհատ  ինչ-ինչ մրգեր, թխվածքներ էին խցկում Ռուդիկի բերանը, խաղում նրա հետ: Պապը չորեքթաթ թոռնիկին նստեցնում էր մեջքին  և ձի ու հեծյալ էին խաղում…Սակայն Ռուդիկին գերագույն հաճույք  պատճառում էր ավանակի վրա տան և այգու  շուրջը պտտվելը: Նա լիաթոք քրքջում էր, երբ ավանակը սկսում էր զռռալ…

Իսկ մի անգամ Գուրգենը որդուն տարավ կրկես՝ մայրաքաղաք Շուշիում: Երեխան ցնծվում էր հրճվանքից: Նա աչքերը առանց թարթելու, կլանված նայում էր` ինչպես էին պարում արջերը, շրջապտույտներ անում գեղեցիկ զարդարված նժույգները, խոսում  ինչպես մարդ` թութակը: Բայց բոլորից շատ նրան զարմացրել էր լարախաղացը: Ռուդիկը պարզապես ապշել էր` ինչպե՞ս կարելի էր վազել, պարել, գլուխկոնծի տալ օդում ձգված պարանի վրա և վայր չընկնել: Իսկ լարախաղացի օգնականը և կրկեսի ծաղրածուն այնքան զվարճալի էին, որ Ռուդիկը ծիծաղից փորը բռնել էր…

Մի անգամ, անտառամերձ գյուղում, մի քանի օր անդադար հորդառատ անձրև էր տեղացել: Երբ  դադարել էր, պապը, որ գտնվում էր իրենց մոտ, վերցրել էր Ռուդիկին, ամաններով բարձել փոքր սայլակը և գնացել էին գյուղից դուրս գտնվող աղբյուրը` ջուր կրելու: Հորդառատ անձրև տեղալիս, նրանց ջրհորն էին ներթափանցում անձրևաջրերը և խմելու համար ոչ պիտանի դարձնում ջուրը: Ռուդիկն  օգնել էր պապին` ամաններն աղբյուրի ջրով լցնելով: Երբ վերջացրել էին, հանկարծ որոտացել էր կայծակը, օրը մթնել« ամպերը գոռգոռացել էին և կրկին սկսել հորդառատ  անձրևը: Այնպիսի` կարծես երկնքից դույլերով ջուր էին թափում…

Հետո տեղացել էր կարկուտ` պնդուկի մեծության: Ռուդիկը վախեցել էր և լաց եղել: Պապն իր մարմնով ծածկել էր թոռանը և իր վրա վերցրել կարկուտի տարափը:

Նրանք մինչև ոսկորները թրջվել էին, մրսած, անօգնական և շվարած կանգնած մնացել… կարկուտը չէր դադարում…իսկ Ռուդիկը շարունակում էր լացը:

Այդ պահին, հանկարծ, արհամարհելով տեղի ունեցածը, մի կին վազել էր նրանց մոտ, Ռուդիկին ծածկել մեծ վերարկույով, գրկել, իսկ պապին` կոչ արել հետևել իրեն:  Շուտով նրանք հայտնվել էին կնոջ տանը: Սա հանել էր երեխայի թրջված շորերը, փոխարինել նոր, ավելի մեծերով, գլուխը չորացրել սրբիչով: Հետո ստիպել էր պապին հանել վերնաշապիկը, փոխել իր ամուսնու վերնաշապիկով, սրբիչ տվել նրան, ապա նստեցրել էր տաք թոնրի մոտ, շորերը փռել չորանալու, հյուրասիրել կարկանդակներով և տաք, քաղցր թեյով: Պապը չգիտեր ինչպես  վարձահատույց լինել և անդադար շնորհակալություն էր հայտնում: Չէ՞որ երեխան երկար ժամանակ մնալով կարկուտի տակ կարող էր մրսել, հիվանդանալ…ժամանակ անց, երբ շորերը չորացել էին, կարկուտը դադարել, պապը ևս մեկ անգամ շնորհակալություն էր հայտնել և նրանք սայլակով բարձված ջուրը հասցրել էին տուն: Ճանապարհին Ռուդիկը դիմել էր պապին.

1 Պապիկ, ինչ լավ մորաքույր էր: Ի՞նչ պետք է անեինք, եթե չօգներ…

2 Սիրելի թոռնիկս, նրա նման միշտ բարի եղիր և պատրաստ  օգնություն ցուցաբերելու: Նման մարդիկ, հայտնվելով դժվարին կացության մեջ, Աստծո կողմից անսպասելիորեն օգնություն են ստանում և դուրս գալիս փակուղային թվացող վիճակներից: Չի կարելի անտարբեր լինել, անտարբերությունը մեծ չարիք  է, հաճախ դառնում է դժբախտությունների պատճառ:

Երբ Ռուդիկը մեծացավ, միշտ հիշում էր  այդ  դեպքը և պապի խրատները:

Հարազատների համար շուտ անցան Ռուդիկի մանկական տարիները: Չնկատեցին ինչպես մեծացավ և դարձավ  պատանի-երիտասարդ: Դեմքի վրա տեղ-տեղ սկսել էին  մազեր բուսնել…

Մոր` որդու մեջ նկարչության նկատմամբ սեր առաջացնելու ջանքերը զուր չէին անցել: Երբ պատանի դարձավ` ձևավորված նկարիչ էր: Ռուդիկը սիրում էր նկարել իրենց գյուղը, Թարթար գետը և անտառը պատկերող բնանկարներ: Բայց դրանցով չէր բավարարվում: Գնում էր պապի և տատի գյուղ և ամեն  անգամ վերադառնում նոր բնանկարներով`  հինավուրց  եկեղեցու,  խաչքարերի և ավելի հեռվում գտնվող վանքի պատկերմամբ:

Իսկ մի օր որոշեց նկարել Անիի դիմանկարը: Նա հրավիրեց աղջկան, ուսերին գցեց մոր մետաքսե, գեղեցիկ շալը և սկսեց նկարել` ջանալով հավաստի արտահայտել գեղեցիկ աչքերի  հմայքն ու թախիծը: Երբ վերջացրեց, հասկացավ, որ անտարբեր չի Անիի նկատմամբ… Նույնպիսի զգացում ապրում էր նաև աղջիկը: ՈՒղեկցելիս Ռուդիկը  հանկարծակիի էր բերել` համբուրելով: Դեռատի գեղեցկուհին շիկնել էր ամոթից և դուրս թռել …

Մի անգամ Ռուդիկը խնդրել էր ծնողներին թույլատրել իրեն Շուշի գնալ` ներկեր, վրձին« կտավ գնելու: Գուրգենն արծաթյա դրամներ էր տվել և նամակ գրել Շուշիում բնակվող վաղեմի ընկերոջը` Արամին` որդուն ընդունելու և օգնելու խնդրանքով:

Ռուդիկն առաջին անգամ ինքնուրույն, ձիով գնացել էր մայրաքաղաք: Սիրով հյուրընկալել էին և մի քանի օր ապրել էր Արամի տանը:

Ռուդիկը քիչ էր հանգստանում` լիովին նվիրվում էր սիրած արվեստին: Այդ օրերի ընթացքում նա  հասցրել էր նկարել Շուշիի բերդապարիսպը, Քարինտակ գետը, բարձրունքից երևացող գերեզմանատան խաչքարերը, փողոցները և տները պատկերող բնանկարներ: Երբ տուն էր վերադարձել, ծնողները հիացել էին որդու նոր գործերով.

1 Ապրես Ռուդիկ, դու հիանալի նկարիչ ես,-ասել էին նրանք:

Ռուդիկը մերթընդմեթ գնում էր անտառ` օգնելու հայրիկին: Գուրգենն ամեն անգամ արգելում էր նրան զբաղվել իր գործերով:

2 Որդիս, քո  աշխատանքը պետք է լինի միայն նկարելը: Պետք չէ ժամանակը ծախսել ուրիշ գործերի վրա:

Գուրգենը լավ աշխատող էր և ազնիվ ու բարի մարդ: Նա պահպանում էր անտառը և նրա բնակիչներին որսագողերից, խնամում էր հիվանդ, ծեր  և վիրավոր գազաններին և թռչուններին, բուժում  և կերակրում   էր նրանց: Գուրգենին դա հաջողվում էր առանց բարդությունների` քանզի օժտված էր գազանների և թռչունների լեզուն հասկանալու և նրանց հետ շփվելու աստվածային շնորհով: Անտառի բնակիչները սիրում էին բարի անտառապահին, բացի չար օձ Կևոյից: Օձը չսիրեց Գուրգենին` նրանց միջև տեղի ունեցած մի խոսակցությունից հետո: Մի անգամ անտառում հանդիպելով Գուրգենին օձ Կևոն դիմեց նրան.

Այ, դու օգնում ես գազաններին, դե ինձ էլ օգնիր,- ֆշշաց նա:

ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՄԱՐԴՈՒ ՄԱՀԸ ԵՎ «ԾՆՈՒՆԴԸ»

Օրերս ռուսական, հայկական, ըստ երեւույթին նաեւ մոլորակի բազմաթիվ այլ թերթեր գուժեցին ամենատարեց՝ 113 տարեկան մարդու մահը: Այս երկարակյացը հովիվ էր, ապրում էր Սմոլենսկի /ՌԴ/ մարզում: Նա իր կյանքում չի ամուսնացել, թեև մշտապես հետաքրքրվում էր կանանցով: Հանկարծ ամուրիները թող չուրախանան, որ ամուրիները երկար են ապրում եւ, Աստված մի արասցե, իրենք էլ շարունակեն ամուրի մնալ: Մի կարծիք էլ կա. նա զոքանչի մամլակի տակ երբեք չի եղել, դրա շնորհիվ էլ այդքան ապրել է:

Երբ մոլորակի ամենատարեց մարդու մահվան գույժը հաղորդվեց հեռուստատեսությամբ, տպագրվեց թերթերում, քաղաքամայր Ստեփանակերտում ոմանք շատ զարմացան, քանզի գիտեին, որ ՌԴ-ի Նովոռոսիյսկ քաղաքում, իր կոռան՝ Վիկտորի մոտ ապրում է Նուբար Մեսրոպի Աղանբեկյանը.

նա 117 տարեկան է:

Այս տեղեկատվության հեղինակը մայրաքաղաքի բնակիչ Ալեքսանդր Առաքելյանն է՝ տատի տատի հինգերորդ սերնդի ներկայացուցիչներից մեկը: Աղանբեկյանների տոհմը ժամանակին Արեւելահայաստան է գաղթել Ղարսից: Աշխարհահռչակ տնտեսագետ Աղանբեկյանը Նուբար տատի թոռն է: Իսկ թե քանի զավակ, թոռ, ծոռ, կոռ եւ թոռան թոռ ու կոռ ունի մոլորակի այս երկարակյաց տատիկը, ոչ ոք ստույգ չգիտի: Այնքան շատ են նրանք, որ  այս խնդրով զբաղվողները հաշիվը կորցնում են:

Ըստ առայժմ հայտնի կցկտուր տեղեկությունների՝ Նուբար տատիկը նահապետական-գերդաստանային ավանդների ու սովորույթների ջատագովն է ու դրանց պահպանողը: Նրա կարծիքով, օրինակ, բեղավոր մարդիկ պետք է շատ ազնիվ մարդիկ լինեն, նրանք իրավունք չունեն սուտ խոսելու, անվայել ու տմարդի գործեր բռնելու: Հարգարժան բեղավորներ, պարտավոր եք անսալ մոլորակի ամենատարեց մարդու խրատներին, թե չէ՝ կարժանանաք նրա պարսավանքին:

Նուբար տատը 117 տարի է, ինչ չի հաշտվում բնակարանում զուգարան ունենալու փաստի հետ: «Գալիս են տանը ուտում-խմում,- տրտնջում է նա,- հետո էլ բնակարանն աղտոտում, թողնում-գնում»:

Ինչ-որ է, փորձելու ենք շարունակել մեր «հետաքննությունը» և նոր տեղեկություններ հայթայթել անմահ տատիկի մասին: Հաջողության դեպքում կիրազեկենք ընթերցողներին:

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ ԳԺԵՐԻ ՑՈՒՑԱԿՈԻՄ  ՉԿԱ

Որսորդական հրացան ձեռք բերելու համար տեղեկանք էր պետք, որ ես հոգեպես առողջ եմ: Դիմեցի մայրաքաղաքի հոգեբուժական դիսպանսեր:

Հավաքվեցին մի չորս-հինգ բժիշկներ, շուռ ու մուռ տվին տասնյակ դավթարներ ու թղթեր եւ 6-7 րոպե անց ինձ տեղեկանք տվին, որ ես հոգեպես առողջ եմ:

Ես շատ զարմացա, թե նրանք առանց ինձ զննելու-քննելու ինչպես իմացան, որ ես հոգեպես առողջ եմ:

-Ընկեր ջան, ձեր անունը գժերի ցուցակում չկա,- պատասխանեցին բժիշկները:

Հենրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

«ԵՂԻՆՋ» ԱՄՍԱԹԵՐԹԻՑ

ՈւՂԵՐՁ

Վերադարձիր, Օ, վերադարձիր:

Եղիշե Չարենց

Կարդում էինք «Ինչ անել»

Եվ գիտեինք՝ ի՞նչ անել:

Հիմա չկա «Ինչ անել»

Եվ չգիտենք՝ ի՞նչ անել:

Էսպես հո չե՞նք մնա մենք,

Երբ չգիտենք՝ ի՞նչ անել:

Նորից տպեք «Ինչ անել»,

Որ իմանանք՝ ի՞նչ անել:

ԹԵՎԱՎՈՐ ԽՈՍՔԻ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

Եկա, տեսա, հաղթեցի:

Հուլիոս Կեսար

Եկա, տեսա, պայթեցի:

Հրանտ Հորիզոն

Եկան, տեսան, պայտեցին:

Կառլեն Սողոմոնյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s