№ 10 / 15 հունիս

ԿԱՆԽԻՐ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄԸ
փրկելով քեզ, պոտենցիալ օրինախախտին ու երկիրը

Նորերս Հադրութում կատարված մի դեպք ու մի մարդու քաղաքացիական դիրքորոշում լուրջ մտորումների տեղիք տվեցին, ստիպելով նորովի հայացք ձգել քաղաքացի-իշխանություն հարաբերություններին: Դեպքն այդ որքան սովորական է մեր երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի պայմաններում, նույնքան էլ արտառոց է դրական հանգուցալուծմամբ ու օգտակար նախադեպի առումով: Նաև՝ քաղաքացու ուղղակի ֆանտաստիկ սկզբունքային, սրտացավ ու մեծահոգի վերաբերմունքով:

Իսկ կատարվել է հետևյալը: Վարչակազմի իմացությամբ դպրոցի տարածքից հողամաս է օտարվել ինչ-որ բան կառուցելու համար, իսկ մանկապարտեզի տարածքում էլ «շրջանիս հզորներից» մեկն ինչ-որ շինություն արդեն իսկ կառուցել էր: Սա վրդովմունք է առաջացրել երկու կրթական հաստատություններում, սակայն հուզումները հայտնի ձևերով կարողացել են հանդարտեցնել, բայց չի հաջողվել հանդարտեցնել ուսուցիչներից մեկին՝ Նելլի Կասպարովային: Վերջինս ճանաչված դեմք է շրջանում և երկրում, արցախյան շարժման ակտիվիստ, ուղղակի կենդանի լեգենդ:

Ինչ որ է, հերոս մարդու հերոս դուստրը (Խորհրդային Միության հերոս Աշոտ Կասպարովի դուստրն է) շարունակել է պայքարն իրեն հասանելի բոլոր միջոցներով: Հեռագրեր է ուղարկել ԼՂՀ և ՀՀ իշխանություններին, ճանաչված գործիչների, լրատվամիջոցների ու լրագրողների: Բայց՝ ձայն բարբառո հանապատի: Ճարահատ գիշերները մետաղի ջարդոն էր հավաքում ու բերում-լցնում դպրոցի տարածք, որպեսզի չկարողանան այնտեղ ինչ-որ բան կառուցել: Առավոտյան գալիս-տեսնում էր տարածքը մաքրած: Նույնը կրկնվում էր հաջորդ օրերին: Արդեն տարիքն առած ու խարխլված առողջությամբ այս կինն իր փխրուն ձեռքերով շարունակում էր արդարություն «կառուցել»: Երբ ուժերն արդեն չէին հերիքում, սկսեց դպրոցի պատերին ներկել իր բողոքն ու ընդվզումը՝ «Ձեռքներդ հեռու դպրոցից»:

Նրան տարան ոստիկանության բաժանմունք: Քանի որ Նելլիին բոլորն են ճանաչում և անկախ նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքից բոլորն էլ ընդունում են, որ նա վաստակաշատ մարդ է, փորձեցին լեզու գտնել նրա հետ, քանի որ մարդ են ի վերջո: Բաժանմունք է գալիս նաև շրջվարչակազմի ղեկավարը: Բայց խաղի կանոնները Նելլին է թելադրում՝ իր ասելով իրավիճակից պատվով դուրս գալու և փրկվելու շանս տալով միջադեպին առնչված բոլոր կողմերին ու անձանց՝ սպառնալով հակառակ դեպքում Հադրութի կենտրոնում հացադուլ հայտարարել: Իսկ առաջարկը հետևյալն էր՝ դպրոցի տարածքը թողնել դպրոցին, իսկ կառուցած շինությունն էլ նվիրել մանկապարտեզին:

Եւ ի՞նչ: Ուժերի այս անհավասար պայքարում ի վերջո հաղթում է Մարդու, Քաղաքացու, Հայրենասերի կամքը: Կամք՝ շաղախված անօրինակ հայրենասիրությամբ, սրտացավությամբ ու մեծահոգությամբ: Նորմալ մարդը կսարսռար: Հավանաբար, այդ զգացումն առկայծել է նաև իր ընդդիմախոսների սրտներում: Եւ ընդունել են նրա առաջարկը: Եւ հիմա նույն Նելլի Կասպարովան խնդրում է չգրել այս պատմության մանրամասնությունները (ձեռքի տակ ունի իր իրավացիությունն ապացուցող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը), խնդրում է քննադատության կրակի տակ չառնել իր ընդդիմախոսներին, քանի որ նրանք ուղղել են իրենց սխալը, քանի որ նրանք դուրս են եկել ճիշտ ճանապարհ:

– Ես արդեն ներել եմ նրանց,- ասում է նա:- Բոլորին պիտի շանս տրվի ուղղելու սխալը: Պիտի փրկվելու շանս տրվի մարդկանց: Աղաչում եմ ձեզ՝ թող ձեր գրածը բարի լինի, թող չարություն չլինի: Կարևորն այն է, որ արդարությունը հաղթանակել է, ինչում բոլորս էլ ներդրում ունենք:

Առակը զի՞նչ ցուցանե: Այն, որ պիտի պայքարել: Պայքարելով օրինախախտումների դեմ` մարդ փրկում է ոչ միայն իրեն ու երկիրը, այլև, որքան էլ պարադոքսալ հնչի, փրկում է պոտենցիալ օրինախախտին, որպեսզի նա հետո Դատի առաջ չկանգնի՝ մարդու և Աստծո դատի: Սա է ազնիվ ճանապարհը, սա է քաղաքացիական դիրքորոշումը, սա է իսկական հայրենասիրությունը: Այլ ոչ թե հարմարվողականությունը, այլ ոչ թե ստրկամտությունը, այլ ոչ թե վախկոտությունը:

——————————————————————————————-

Հրապարակ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԺԳՈՀ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՑ

Լեռնային Ղարաբաղը չի կարող միայնակ լուծել ազատագրված տարածքների վերաբնակեցման խնդիրը, հունիսի 5-ին Երեւանում հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: «Ղարաբաղն ի վիճակի չէ վերաբնակեցնել այդ տարածքները: Անհրաժեշտ են տասնյակ միլիարդներ, որ մենք կարողանանք այդ ծրագրերը իրականացնել»,- ասում է Արկադի Ղուկասյանը, համարելով, թե դա հայության խնդիրն է: Նա նշում է, որ Ղարաբաղի իշխանությունն իրենից հասանելիքն անում է, ինչքան կարող է: «Ես համարում եմ, որ ոչ թե պետք է խոսել դրա մասին, այլ պետք է անել: Մենք ունենք տասնյակ օլիգարխներ Հայաստանում: Ես համարում եմ, որ օլիգարխի համար պրոբլեմ չի ամեն մեկը մի փոքր գյուղ կառուցի այնտեղ: Եվ չասենք, որ պետությունն է կառուցել, չքաղաքականացնենք հարցը, չասենք, որ պետությունն է կառուցել, որ հետո իրավական խնդիրներ չունենանք»,-ասում է Արկադի Ղուկասյանը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է լուրջ քաղաքականություն, պրոպագանդա, հասարակական կարծիք: «Ղարաբաղի իշխանությունները գոնե ինչ որ բան անում են, այն, ինչ որ հնարավոր է: Գուցե հնարավոր է ավելի շատ անել, գուցե, բայց դուք մի մոռացեք, որ Ղարաբաղում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: Այսօր մենք խնդիր ունենք վերաբնակեցնել այդ տարածքները, թե գյուղացուն պահենք Ղարաբաղի գյուղում: Սա էլ լուրջ խնդիր է, գիտեք, մեր գյուղերում վաղուց նոր տուն չի կառուցվել: Դուք գիտեք, որ գյուղերում մարդիկ ունենում են 5, 6, 7 երեխա: Այդ տղաները չեն ամուսնանում, որովհետեւ տեղ չունեն ապրելու: Երբ որ մենք սկսում ենք վերաբնակեցնել այդ տարածքները, մեր գյուղացիները մեզ ասում են` մեր մասին մտածեք, մեզ համար տուն կառուցեք: Հիմա, այդ փոքր Ղարաբաղի բյուջեով, մենք ո՞ր խնդիրը լուծենք»,- ասում է Արկադի Ղուկասյանը, նշելով, թե անգամ Հայաստանի բյուջեն վրան ավելացնելով էլ չի բավականացնի:

«Հայաստանը գրանտներ է ստանում, հարյուրավոր, տասնյակ միլիոնավոր գրանտներ է ստանում եւ ոռոգման համակարգ է ստեղծում: Ղարաբաղի գյուղացին վաղը մրցունակ չի լինելու, որովհետեւ ոռոգման համակարգ չկա: Անսահման ջրային պաշարներ ունենք, բայց ոռոգման համակարգ չունենք: Մենք ոռոգման համակարգ ստեղծե՞նք, ճանապարհներ կառուցե՞նք, չգիտեմ` հէկ-եր կառուցե՞նք, ջրամբարներ կառուցե՞նք, վերաբնակեցնե՞նք: Այդ փոքր Ղարաբաղը ինչքա՞ն կարող է հարց լուծել: Ես համարում եմ, որ սա հայության խնդիրն է»,- ասում է Արկադի Ղուկասյանը:

Երբ սփյուռքահայերը գալիս են Ղարաբաղ ու հարցնում, թե ինչու է Շուշին անմխիթար վիճակում, Արկադի Ղուկասյանը նույն հարցն ուղղում է իրենց, ասելով` «լավ, ի՞նչ եք արել դուք Շուշին վերականգնելու համար»:

«Եկեք մի քիչ ուրիշ աչքերով նայենք: Գիտեք, խոսելը սովորություն է դարձել, որ խոսում են այն մարդիկ, ովքեր որ Հայաստանում են նստած, որոնք որ ինչ որ կապ են ունեցել Ղարաբաղի հետ, բայց ոչ պատերազմի տարիներին են Ղարաբաղում եղել, ոչ այդ բարդություններն են իրենց վրա զգացել: Հիմա այստեղ նստած, տաք կաբինետներում, Ղարաբաղի ժողովրդին ցուցումներ են տալիս` ում նախագահ ընտրել, ինչ ճանապարհով առաջ գնալ, հողերը հանձնել, թե չհանձնել: Ես համարում եմ, որ սա խայտառակություն է մեզ համար: Այդ մարդիկ այդ բարոյական իրավունքը չունեն: Առաջին հերթին այդ իրավունքը այն մարդկանց իրավունքն է, որոնք որ ռումբերի տակ այնտեղ նստած էին»,- ասում է Արկադի Ղուկասյանը: Նա հավաստիացնում է, թե Ղարաբաղի ժողովուրդը հստակ գիտե ինչ է անելու եւ այդ բարդությունները տեսած ժողովուրդը չի կարող դավաճանական ինչ որ բաներով առաջնորդվել, ասում է Արկադի Ղուկասյանը: «Ոչ ոք չի կարող շրջանցել Ղարաբաղի ժողովրդի կամքը: Ղարաբաղի ժողովուրդը անելու է այն, ինչ պետք է Ղարաբաղին: Հավաստիացնում եմ ձեզ»,- ասում է ԼՂՀ նախագահը, ում պաշտոնավարմանը մնացել է երկու ամիս ժամանակ:

ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՄԱՏՆԱՑՈՒՅՑ Է ԱՆՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

Ինչ է մտածում Արկադի Ղուկասյանն այն մասին, որ ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո Սահակյանի գրանցումը, ըստ որոշ հասարակական կազմակերպությունների, ԼՂՀ Սահմանադրության խախտում է, որովհետեւ Բակո Սահակյանը վերջին տասը տարին մշտապես չի բնակվել Ղարաբաղում: Այդ հարցն են ուղղել ԼՂՀ նախագահին հայաստանցի լրագրողները, օգտվելով հունիսի 5-ին Երեւանում նրա հետ հանդիպման առիթից:

«Մեր Սահմանադրության համաձայն, նախագահը չի կարող միջամտել այդ պրոցեսներին: Դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործն է: Ինչքան գիտեմ, ԿԸՀ-ն իր պատասխանը տվել է, թե չի տվել, չգիտեմ ես: Նախագահը ի՞նչ ձեւով պետք է միջամտի: Ես այդ հանձնաժողովի տեղը որոշու՞մ ընդունեմ: Ինչ եք դուք կարծում: Եթե մենք խոսում ենք օրենքի մասին, ամեն ինչ պետք է լինի օրենքով: Օրենքի համաձայն, այդ լիազորությունն ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»,- ասում է Արկադի Ղուկասյանը:

Նա նաեւ հայտարարել է, թե Ղարաբաղի նախագահի փոփոխությունը չի հանգեցնի Ղարաբաղի հակամարտության հարցում ԼՂՀ դիրքորոշման փոփոխության:

ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՀԱՋՈՂՎՈՒՄ Է ԻՐ ՏԵՍԱԿԵՏԸ ՓՈԽԱՆՑԵԼ` ԱՍՈՒՄ Է ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ

Մինչեւ կարգավիճակի մասին համաձայնության չգան, չի պատկերացնում, թե ինչ լավատեսության մասին կարող է խոսք լինել, հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, այն բանից հետո, երբ Երեւանի ԼՂՀ ներկայացուցչության շենքում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Մորատինոսի հետ: «Առաջին եւ հիմնական հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, եթե այդ հարցի վերաբերյալ համաձայնություն չկա, մնացած բոլոր հարցերը քննարկելն անիմաստ է: Սա է մեր մոտեցումը»,- ասում է Արկադի Ղուկասյանը: Ի պատասխան հարցին, թե ինչու նախկինում Ստեփանակերտ այցելող ԵԱՀԿ գործող նախագահներն այժմ ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպում են Երեւանում, Արկադի Ղուկասյանը պատասխանել է, որ դա հյուրերի ցանկությունն է, եւ իրենք կամ պետք է ընդունեն այն, կամ հրաժարվեն հանդիպել Երեւանում: Իրենք ընդունում են:

Նա ասում է, որ մյուս կողմից էլ չկա այն բանակցային ֆորմատը, որ որոշվել էր 1994 թվականին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովին, երբ որոշում ընդունվեց Մինսկի խմբի ստեղծման մասին եւ փաստաթղթով փաստվեց, որ հակամարտող կողմերը երեքն են, ինչի տակ ստորագրեց նաեւ Ադրբեջանը: Նա կրկնում է, որ Ղարաբաղի բացակայությունն անտրամաբանական է: Սակայն Արկադի Ղուկասյանը հայտարարում է, որ միեւնույն է, վերջին խոսքը լինելու է Ղարաբաղի ժողովրդինը:

«Իսկ ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ձեզ հայտնի է մեր դիրքորոշումը: Լեռնային Ղարաբաղը երբեւէ չի համաձայնվի լինել Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղը չի հրաժարվելու իր անկախությունից: Մնացած հարցերը կարող են լինել օրակարգային հարցեր,  եւ մենք պատրաստ ենք քննարկել: Սա է մեր սկզբունքը: Եթե սա կբավարարի Ադրբեջանին, ես ուրախ կլինեմ, եթե ոչ՝ դա Ադրբեջանի պրոբլեմն է»,- ասում է Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքով, լուծում է նաեւ ոչ մի հարց չլուծելը:

«Լրագիր»

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԷՊԻԶՈԴԻԿ ԼԻՆԵԼ 

Հունիսի 5-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը մամուլի ասուլիս տվեց Երևանում, որն աննախադեպ էր թե արծարծված թեմաների առատությամբ և թե նախագահի բացախոսությամբ: Վաղուց այդպես չէր եղել, վաղուց Ա.Ղուկասյանն այսքան հանգամանորեն չէր հարաբերվել հանրության հետ: Ափսոս, իհարկե, որ դա անում է իր երկարամյա պաշտոնավարման վերջին ամիսներին, բայց կարևորն այն է, որ դա, այնուամենայնիվ, եղավ:

Մի շարք դրական ու սկզբունքային շեշտադրումներ եղան նրա արտահայտած մտքերում: Շատ կարևոր էր, որ խոսելով առաջիկա նախագահական ընտրություններում հիմնական թեկնածուներից մեկի՝ Բակո Սահակյանի գրանցման հետ կապված վիճաբանությունների մասին, նա չփորձեց էն գլխից կանխորոշել հարցի լուծումը և միանշանակ աջակցել-արդարացնել թեկնածուին: Ընդսմին, նա շեշտեց, որ ինքն իրավունք չունի միջամտելու ԿԸՀ-ի գործունեությանը: Սա, իհարկե, գովելի է ու ճիշտ, մնում է միայն հստակեցնել երկրի ղեկավարի՝ որպես Սահմանադրության երաշխավորի դերից  բխող գործառույթները:

Շատ կարևոր էին նախագահի արտահայտած մտքերը նորանկախ երկրի զարգացման գործում հայաստանյան գործարարներին ու սփյուռքահայերին ներգրավելու անհրաժեշտության մասին: Ուշագրավ է նաև բանակցային գործընթացին ու ընդհանրապես ղարաբաղյան կարգավորմանն առնչվող սկզբունքային հարցերում նրա սկզբունքային դիրքորոշումը, ավելի ճիշտ՝ հրապարակային սկզբունքային դիրքորոշումը: Եւ ընդհանրապես, այս ամենի մասին բաց ու հրապարակավ խոսելը, այսինքն՝ հրապարակային, հանրային քննարկումների խրախուսումը:

Այսքանով հանդերձ, կուզեի մի քանի սկզբունքային դիտարկում անել: Իհարկե, հայաստանյան օլիգարխներին և սփյուռքահայերին, ինչպես ասում են, «թասիբի գցելը» ճիշտ էր և պետք էր: Սակայն այս հարցում միայն պահանջատիրական դիրքերից խոսելը, կարծում եմ, այնքան էլ արդարացված չէ: Մենք էլ մեր անելիքներն ունենք: Այսպես, անդադար խոսում ենք մեր հարկային դաշտի առավելությունների մասին, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը, որովհետև եթե այդպես լիներ, ապա հայաստանյան և սփյուռքահայ գործարարներն առանց կոչերի էլ կգային այստեղ, այլ ոչ թե կգնային, ասենք թե, Կիպրոս: Հետո էլ որքանո՞վ է ճիշտ սփյուռքահային կշտամբանքով հարցնելը՝ «Իսկ դու ի՞նչ ես արել Ղարաբաղի համար»: Բա որ հանկարծ նա էլ հարցնի՝ «Ես ընդամենը անհատ եմ և իմ հնարավորությունները սահմանափակ են, իսկ դուք՝ որպես հայկական պետություն, ի՞նչ եք արել Սփյուռքում հայապահպանման համար»: Որ հարցրեց՝ ի՞նչ պիտի պատասխանենք: Ի վերջո, նրանք էլ մարդիկ են, հազարումի դարդուցավ ունեն, գումարած՝ հայապահպանման ծանր առաքելությունը:

Ինչու՞ շարունակում ենք Սփյուռքը որպես «կթան կով» ընդունել, կարծելով, որ բոլոր սփյուռքահայերը միլիոնատերեր են: Նախ՝ այդպես չէ, հետո էլ փողից բացի սփյուռքահայությունն այլ հարստություններ էլ ունի, մասնավորապես՝ խելք և փորձ: Նույն գանձերը կան նաև Հայաստանում: Բայց մենք միայն փող ենք պահանջում, միայն ոսկի ենք փնտրում: Ինչու՞ նրանց միայն «փողի քսակի» տեղ դնել, ինչու՞ նրանց «մարդատեղ չդնել» ու չխնդրել իրենց մտավոր ներուժն ի սպաս դնել մեր երկրի զարգացմանը: Մեր ղեկավարներից որևիցե մեկը նրանց դիմե՞լ է այդ հարցով: Իհարկե՝ ոչ: Բա ինչու՞ պիտի նրանք հարգեն ու վստահեն մեզ:

Մենք միայն փող ենք ուզում նրանցից, ընդ որում՝ պահանջելով, որ քիթները չխոթեն մեր գործերի մեջ: Իմ մի աներես բարեկամի նման, որ ամեն անգամ ինձնից փող է խնդրում, և երբ փորձում եմ որևէ խորհուրդ տալ նրան, ասում է՝ «ձենդ կտրած փողը տուր»: Հենց այս հոգեբանությամբ ենք մենք հարաբերվում արտերկրի մեր բարեկամների հետ: Մեզ փող տալ, մեր երկրի համար արյուն թափել՝ կարելի է, բայց կարծիք հայտնել չի կարելի: Պետք չէ ասել՝ «Հիմա այստեղ՝ Երևանում, նստած տաք կաբինետներում, Ղարաբաղի ժողովրդին ցուցումներ են տալիս»: Ի՞նչ է սա նշանակում: Տվեք ամեն ինչ՝ բացի կարծիքից: Բա այդպես կլինի՞:

Այս թեմայով ևս մի դիտարկում: Նախագահն ասուլիսում ընդգծեց՝ «Ղարաբաղի իշխանությունները գոնե ինչ որ բան անում են, այն, ինչ որ հնարավոր է: Գուցե հնարավոր է ավելի շատ անել, գուցե, բայց դուք մի մոռացեք, որ Ղարաբաղում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ»:  Ղարաբաղի իշխանությունները ոչ թե պիտի ինչ-որ բան անեն, այլ անեն ամեն ինչ, իրենց ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսներն օգտագործեն չլուծված խնդիրները լուծելու համար: Միայն այդպես նրանք վստահություն կշահեն, միայն այդպես նրանք շահագրգիռ աջակցություն կստանան: Իսկ ռեսուրսները քիչ չեն, մենք բավականին մեծ բյուջե ունենք, որի ճիշտ օգտագործման դեպքում շատ խնդիրներ կարելի է լուծել: Բայց ու՞մ համար է գաղտնիք, որ մեզ մոտ միլիարդներ են փոշիացվում: Մենք պետություն ենք, որը պիտի առաջին պատասխանատուն լինի երկրի ու ժողովրդի համար:

Խոսելով բանակցային գործընթացի մասին, Ա.Ղուկասյանը խոստովանեց, որ միշտ չէ հաջողվել ղարաբաղյան կողմի կարծիքն ըստ ամենայնի ներկայացնել: Ճիշտ ու տեղին է ասել, բայց դա պիտի ասվեր նաև առաջներում, երբ ղարաբաղյան մամուլում տարիներ շարունակ այս մասին խոսվում էր: Բայց այն ժամանակ մեր իշխանությունները միշտ պնդում էին, որ սուտ է, ղարաբաղյան կողմը դուրս չի մնացել բանակցային գործընթացից, որ մենք կանք, մենք… և այլն:

Այսինքն՝ հրապարակայնությունը միշտ էլ պետք է, և հանրային քննարկումները չպիտի փշերով ընդունել: Մինչդեռ նման վերաբերմունքը շարունակում է մնալ: Այսօր, երբ անկախ լրատվամիջոցներն ազատագրված տարածքների ճակատագրի շուրջ քննարկումներ են անցկացնում, իշխանական կաբինետներից դարձյալ վրդովմունք է հնչում՝ ի՞նչ եք անտեղի աղմուկ բարձրացնում: Նույնը՝ առաջիկա նախագահական ընտրությունների հարցում: Պահանջվում է լռակյաց հասարակություն:

Ամփոփենք: Ա.Ղուկասյանի ասուլիսի ամենամեծ արժեքը հարցերի հրապարակային ու հանրային քննարկումների համար խթան հանդիսանալն է: Իսկ նման քննարկումները պիտի ավանդույթ դառնան, վերաճեն մեր կյանքի կարևոր բաղադրիչի: Հրապարակայնությունը չի կարող ու չպիտի էպիզոդիկ լինի:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————-

Սահմանադրական

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ ՏՆՕՐԵՆ ՊՐՆ Ա. ՈՍԿԱՆՅԱՆԻՆ

ԼՂՀ Նախագահի հերթական ընտրությունը համարելով ԼՂՀ պետականության կայացման ու ամրապնդման եւ ժողովրդավարության զարգացման կարեւոր փուլ՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանված կարգով իրականացնում է ԼՂՀ ընտրական օրենսգրքով նախատեսված՝ Նախագահի ընտրության նախապատրաստման եւ անցկացման միջոցառումները՝ ապահովելով այդ գործընթացի հրապարակայնությունը:

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի ապրիլի 11-ի թիվ 29/102 որոշմամբ սահմանվել է, որ ԼՂՀ Նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին 10 տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը նրա գրավոր դիմումի հիման վրա իրեն կամ իր լիազոր ներկայացուցչին տալիս է ԼՂՀ ոստիկանության՝ առաջադրվող քաղաքացու հաշվառման վայրի՝ Ստեփանակերտի քաղաքային վարչության, շրջանային բաժնի պետը:

Քանի որ ԼՂՀ Նախագահի թեկնածու առաջադրված բոլոր 5 քաղաքացիներն էլ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը քննարկել եւ սահմանված ժամկետում նրանց բոլորին տրամադրել է վերոհիշյալ տեղեկանքները:

Ինչ վերաբերում է ԼՂՀ Նախագահի թեկնածու առաջադրված Բ. Սահակյանի՝ վերջին 10 տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իբր մշտապես չբնակվելու վերաբերյալ «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ տնօրեն Ա. Ոսկանյանի «որակումներին» ու «եզրակացություններին»՝ այն էլ վերջին ատյանի որոշման նկրտումներով, եւ ԼՂՀ Նախագահի թեկնածուների գրանցման վերաբերյալ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հետագայում ընդունելիք որոշման «գնահատականներին», ապա խորհուրդ կտայինք տվյալ ՀԿ-ին զբաղվել իր կանոնադրական խնդիրների լուծմամբ, նեղություն քաշել եւ ծանոթանալ ԼՂՀ անձնագրային համակարգին վերաբերող օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերին եւ իրեն իրավունք չվերապահել ոչ կոռեկտ կերպով միջամտելու պետական անկախ մարմնի՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությանը եւ կանխորոշել նրա ընդունելիք որոշումները:

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական օրենսգրքին խստիվ համապատասխան շարունակելու է իրականացնել իրեն վերապահված լիազորություններն ու գործառույթները, սահմանված ժամկետում՝ 2007թ. մայիսի 30-ից հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում քննարկելու եւ համապատասխան որոշում է կայացնելու ԼՂՀ Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացիներին գրանցելու վերաբերյալ եւ արդյունքների մասին տեղեկացնելու է հանրությանը:

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ Ս. ՆԱՍԻԲ3ԱՆ

ԳԵՈՐԳԻ ՍԱՖԱՐՅԱՆ. «ԿԸՀ-Ի ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԱՅԼԵՎ ԴՐԱՆՑ ՍՏՈՒԳՈՒՄԸ»

Ինչպես հայտնի է, մայիսի 29-ին «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմել էր ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ), ուշադրություն հրավիրելով ԼՂՀ նախագահի թեկնածուներին օրենսդրությամբ նախատեսված պահանջներից մեկի բացակայության վրա նախագահի հավակնորդներից մեկի՝ Բակո Սահակյանի կողմից ներկայացված փաստաթղթերում և կոչ անելով խստիվ պահպանել Սահմանադրության պահանջները: ԿԸՀ նախագահ Ս.Նասիբյանը արհամարհական պատասխան է տվել վերոնշյալ ՀԿ-ի ղեկավար Ա. Ոսկանյանին: Այդ պատասխանը կարելի է «թարգմանել» այսպես՝ «գնա քո գործով զբաղվիր»:

Միջադեպը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք ճանաչված իրավաբան, Մարդու իրավունքների պաշտպանության արցախյան ասոցիացիայի նախագահ Գեորգի ՍԱՖԱՐՅԱՆԻՆ:

– Համաձայն մեր Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի՝ ցանկացած քաղաքացի կամ հասարակական կազմակերպություն իրավունք ունի դիմել ԿԸՀ-ին առաջարկություններով և բողոքներով, ուշադրություն հրավիրելով այն փաստերի ու հանգամանքների վրա, որոնք, իրենց կարծիքով, ընտրական իրավունքի խախտումներ են: ԿԸՀ-ը՝ որպես պետական մարմին, իրավունք չունի չքննարկել այդ դիմումներն ու բողոքները, այլ պարտավոր է դրանք քննարկել և գործող օրենսդրության համաձայն գրավոր պատասխանել: Ընդ որում, այդ պատասխանը պիտի լինի կոռեկտ և իրավական ձևով: Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի կողմից Ա. Ոսկանյանին տրված պատասխանին, ապա գտնում եմ, որ կոռեկտ չէ նման գնահատականներ տալ հասարակական կազմակերպության ղեկավարին, որը կոնկրետ հարց է բարձրացրել: Իսկ խնդրո առարկայի առնչությամբ ուզում եմ ընդգծել հետևյալը. ԿԸՀ-ի պարտականությունների մեջ է մտնում ոչ թե թեկնածուների փաստաթղթերը պարզապես ընդունելը, այլև դրանց ստուգումը, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը: Եւ վիճելի ամեն մի կոնկրետ հարցում պիտի կոնկրետ որոշում ընդունվի:

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Դեպքերն այնուհետև զարգացան հետևյալ կերպ: Մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և անդամներ, ինչպես նաև անհատ քաղաքացիներ դիմեցին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ԼՂՀ նախագահին՝ պաշտպանելով «Քաղացիական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությունը և իրենց հերթին ուշադրություն հրավիրելով  խնդրո առարկայի վրա: Այս անգամ արդեն ԿԸՀ նախագահի պատասխանը միանգամայն կոռեկտ էր: Այն ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:

ՄԻ ՇԱՐՔ ՀԿ-ՆԵՐԻ ՈՒ ԱՆՀԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ

Ի պատասխան ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հասցեագրված դիմումի՝ հայտնում ենք, որ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանված ժամկետում քննարկելու և ԼՂՀ Սահմանադրության ու գործող օրենսդրության դրույթներին համապատասխան որոշում է կայացնելու ԼՂՀ նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացիներին ԼՂՀ նախագահի թեկնածու գրանցելու վերաբերյալ:

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անունից ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ Ս.ՆԱՍԻԲՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԿԱՅԱՑՆԵԼ ԿԸՀ-Ը ԿԱՄ ԴԱՏԱՐԱՆԸ 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը մեկնարկելուց հետո ԿԸՀ է դիմել «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ նախագահի թեկնածու Բակո Սահակյանի՝ վերջին 10 տարում Ղարաբաղում բնակվելու հետ կապված հարցով: Դրան հաջորդել է մի քանի ՀԿ-ների եւ անհատ քաղաքացիների դիմումը: Ինչպե՞ս են այս հանգամանքը գնահատում իրենք՝ նախագահի թեկնածուները: Դիմեցինք բոլոր 5 թեկնածուներին: Ներկայացնում ենք չորսի կարծիքը, իսկ Արմեն Աբգարյանը նախընտրեց պատասխանել «ԿԸՀ-ում իր թեկնածությունը գրանցելուց հետո»:

Բակո ՍԱՀԱԿՅԱՆ – Փաստը, որ նախագահական ընտրությունների նկատմամբ առկա է հասարակական մեծ հետաքրքրություն, ներառյալ Ձեր կողմից նշված դիմումը, համարում եմ մեր բոլորիս ձեռքբերումը: Դա վկայում է, որ մենք իրոք ժողովրդավարական երկիր ենք եւ ունենք քաղաքացիական կայացող հասարակություն, մի բան, որ, ցավոք, ոմանք  փորձում են չտեսնելու տալ: Ինչ վերաբերում է ԿԸՀ-ին հասցեագրած դիմումին եւ դրանում բարձրացված հարցի օրինականությանը կամ ոչ օրինականությանը, ապա Ձեր թույլտվությամբ ես չէի ցանկանա մեկնաբանություններ անել այդ թեմայով, ավելին՝ գնահատականներ տալ: Դրա համար կան համապատասխան մարմիններ:

Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ – Ես չէի կամենա ներկա պահին անդրադառնալ նախագահության մյուս հավակնորդների գրանցման խնդրի լեգիտիմությանը: Ընդամենը կարող եմ նշել, որ ԼՂՀ Սահմանադրությունը երկրի գերագույն օրենքն է եւ այն պետք է հարգվի անվերապահորեն:

Վանյա ԱՎԱՆԵՍՅԱՆ – Հասարակական կազմակերպությունը եւ յուրաքանչյուր մարդ իրավունք ունեն ասելու իրենց կարծիքը: Հստակ չգիտեմ՝ ճի՞շտ է ասում, թե՞ սխալ, քանի որ ոչ մի փաստաթուղթ չկա իմ ձեռքի տակ, ուստի չեմ կարող ասել, որ դա փաստ է: Լսել եմ այդպիսի բան, բայց այնքան էլ չեմ հավատում, որ Բակո Սահակյանը 10 տարվա գրանցում չունի: Համենայն դեպս՝ դա դժվար է ապացուցել: Բայց ասեմ, որ ցանկանում եմ, որ Բակո Սահակյանը մասնակցի ընտրություններին:

Հրանտ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ – Ես դա հասարակական ակտիվություն են համարում, որ մարդիկ վերջապես հետաքրքրվում են իրենց պետության ճակատագրով: Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուներից մեկին, որ 10 տարի Ղարաբաղում չի բնակվել, ես կասեի, որ դրա համար կա կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ այն միանձնյա չէ՝ ԼՂՀ ԱԺ ամեն մի խմբակցություն հանձնաժողովում ներկայացուցիչ ունի: Եթե անցնենք իրավաբանական խորություններին, ապա ԼՂՀ օրենսդրությամբ եթե մարդ ԼՂ-ում գրանցում ունի՝ նա մշտական բնակիչ է համարվում: Իսկ քաղաքացիական ծառայության մասին օրենքով սահմանված է, որ ԼՂՀ ամեն մի քաղաքացի եւ քաղաքացիական ծառայող կարող է գտնվել երկարաժամկետ գործուղման մեջ՝ մինչեւ 3 տարի ժամկետով:

Վերոնշյալ հարցի հիմնական որոշումը կարող է կայացնել դատարանը կամ ԿԸՀ-ը: Մեկ, երկու, կամ տասը հասարակական կազմակերպությունների կարծիքով որոշում ընդունել չի կարելի: Եթե այդպիսի բան կա, ապա ոչ թե ՀԿ-ն պետք է դիմի, այլ ԿԸՀ-ն ինքը պետք է քննարկի:

http://www.karabakhopen.com

Վերջին ժամին
ԲՈԼՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ 

Այսօր ԼՂՀ կենտրոնական հանձնաժողովի նիստ է հրավիրվել, որտեղ երկու հարցերի հետ միասին քննարկվել է նաեւ նախագահի թեկնածուների գրանցման հարցը:

Ինչպես KarabakhOpen-ին ասել է ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը, ԿԸՀ-ն գրանցել է նախագահի բոլոր 5 թեկնածուներին` Արմեն Աբգարյան /ԼՂՀ ԱԺ պատգամավոր/, Վանյա Ավանեսյան /ԱրՊՀ դասախոս/, Մասիս Մայիլյան /փոխարտգործնախարար/, Հրանտ Մելքումյան /ԼՂՀ կոմկուսի ղեկավար/, Բակո Սահակյան /ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար/:

14 հունիսի, 2007

——————————————————————————————-

Ընտրություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ

Հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների բացառիկ կարևորության մասին արցախյան և հայաստանյան մամուլում արդեն շատ է խոսվել: Ընդգծվել է, որ գործող իշխանությունն այս պարագայում միայն մի գերխնդիր պիտի ունենա՝ լինել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների երաշխավորը: Այս առաքելությունը կատարելու պատրաստակամություն խոսքով հայտնել է իշխանությունը՝ երկրի նախագահի գլխավորությամբ: Սակայն գործն այլ բան է ցույց տալիս:

Սկսվեց նրանից, որ ամենատարբեր պետական ատյաններից սկսեցին կանչել նրանց, ովքեր մասնակցել են հիմնական թեկնածուներից մեկի՝ Մասիս Մայիլյանի նախաձեռնող ժողովին կամ էլ ովքեր հրապարակավ իրենց աջակցությունն են հայտնել նրան: Կանչել ու փորձել են մշակել: Դրանից հետո անցնում են կոնկրետ գործողությունների, ավելի ճիշտ՝ պատժիչ գործողությունների: Գործող իշխանությունը դա փորձում է անել՝ պատասխանատվությունը դնելով պետական ապարատի միջին օղակների պատասխանատուների մի մասի վրա, ովքեր իշխանությունից պակաս սարսափած չեն արմատական բարեփոխումներից: Օրինակներ արդեն կան:

Հունիսի 7-ին «Արցախէներգո» ՊՓԲԸ Մարտակերտի մասնաճյուղի անվտանգութան գծով տեսուչ, ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, 5-րդ պաշտպանական շրջանի ինժեներական ծառայության հիմնադիր և առաջին պետ, ազատամարտիկ Ջեմս Ղահրամանյանը նույն մասնաճյուղի տնօրեն Արմեն Սիմոնյանի հրամանով ազատվել է աշխատանքից՝ իբր թոշակառուի տարիքն ունենալու պատճառով: Քանի որ Ջեմս Ղահրամանյանի աշխատանքից ազատվելու բուն պատճառը եղել է նրա քաղաքական այլակարծությունը, վերջինիս բացահայտումները պետք է հանրային ուշադրության արժանանան:

-Ընտրությունների մոտենալուն պես մեր հիմնարկում սկսում էր նկատվել արտասովոր աշխուժություն: Մեր մասնաճյուղի տնօրեն Արմեն Սիմոնյանն իր աշխատասենյակ էր հրավիրում էլցանցի աշխատակիցներին՝ ընտրությունների մասին խոսելու համար: Ինչ խոսք, ես տեղյակ էի, որ Արկադի Ղուկասյանի թիմը կամենում է նախագահի պաշտոնում տեսնել իրենց մարդուն՝ Բակո Սահակյանին, սակայն ընտրությունների նրա օգտին «վճռված» լինելու մասին տարածվող լուրերը հիմնավոր չէի համարում: Երբ հերթն ինձ հասավ, Արմեն Սիմոնյանն ինձ ուղղեց ընդամենը մեկ հարց՝ «ո՞ւմ թեկնածությունն ես ընտրությունների ժամանակ պաշտպանելու»: Ես երբևէ չեմ թաքցրել իմ քաղաքացիական դիրքորոշումը և առանց վարանելու պատասխանել եմ, որ ձայն եմ տալու երկրում արմատական բարեփոխումներն անցկացնելու` Մասիս Մայիլյանի ծրագրին:

Արմեն Սիմոնյանը, անմիջապես ընկնելով վերին աստիճանի նյարդայնացած վիճակի մեջ, սկսել է իմ հասցեին սպառնալիքներ տեղալ՝ «մի հիմնարկում երկու կարծիք լինել չի կարող» զավեշտալի հիմնավորմամբ: Սակայն նրա բոլոր փորձերը «հասկացնելու», որ Բակո Սահակյանի օÿգտին քվեարկելը վերադասի հրամանն է՝ պսակվել են անհաջողությամբ: Տեսնելով, որ իր պնդումներն ու սպառնալիքները ինձ վրա չեն ազդում, հավասարակշռությունն ամբողջությամբ կորցրած Արմեն Սիմոնյանն այլայլված դեմքով ինձանից պահանջեց գործից ազատվելու դիմում ներկայացնել: Չկամենալով ականատես լինել պետական պաշտոնյայի նման անհեթեթ պահվածքին՝ ես կտրականապես հրաժարվել եմ դիմում գրել և դուրս եմ եկել տնօրենի աշխատասենյակից:

Հաջորդ օրն ինձ ծանոթացրել են գործից ազատվելու մասին հրամանին՝ թոշակառուի տարիքն ունենալու հիմնավորմամբ: Նշեմ, որ «Արցախէներգո»-ի Մարտակերտի մասնաճյուղում աշխատում են տարիքով ինձանից ավելի մեծ մարդիկ, ինչը ևս մեկ անգամ փաստում է ինձ գործից ազատելու վերաբերյալ տնօրեն Արմեն Սիմոնյանի արձակած հրամանի զուտ քաղաքական շարժառիթները:

Ջեմս Ղահրամանյանին ահաբեկելու և պատժելու փորձը պսակվեց կատարյալ անհաջողությամբ և տվեց հակառակ արդյունքը: Ավելի ամրապնդվեց նրա համոզմունքը, որ երկրում արմատական բարեփոխումներ են պետք, և որ այսպես շարունակել այլևս չի կարելի, ինչն էլ լրացուցիչ լիցք հաղորդեց նրա եռանդին ու վճռականությանը: Ու ամրապնդեց հավատը, որ նման գործելակերպի հեղինակները չեն խուսափելու պատասխանատվությունից:

ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈ՞ՒՆ

Խորը վրդովմունքով տեղեկացա արցախյան շարժման նվիրյալներից մեկի՝ ճանաչված գործիչ Ջեմս Ղահրամանյանի նկատմամբ ապօրինության մասին: Քաջ ճանաչելով նրան որպես շարժման առաջամարտիկներից մեկը, որպես հայրենասեր մարդ ու իսկական քաղաքացի, ուզում եմ բողոքի իմ ձայնը բարձրացնել նման անօրինությունների դեմ:

Հանրությունը պիտի միանշանակ դատապարտի նման դեպքերը, քանի որ, անկախ ամեն ինչից, ոտնահարվել են մարդու հիմնարար իրավունքները՝ աշխատանքի իրավունքը և ընտրելու իրավունքը: Սա նաև հետապնդում է քաղաքական հայացքների համար:

Երկրի իշխանությունները և հատկապես նախագահը պարտավոր են բոլոր միջոցները ձեռնարկել երկրում նախընտրական բնականոն մթնոլորտի ապահովման և ազատ ու արդար ընտրությունների անցկացման համար: Վերոնշյալ և մի շարք այլ դեպքեր, սակայն, վկայում են, որ իշխանությունները չեն կատարում իրենց այդ առաքելությունը: Կամ պատշաճ մակարդակով չեն անում:

Դրանով հանդերձ նաև չեմ բացառում, որ հիմնարկի ղեկավարը փորձել է արջի ծառայություն մատուցել իշխանություններին: Ընդհանրապես, մի շարք դեպքերում պետական պաշտոնյային ստիպում է նման քայլի դիմել խմբային-կլանային շահը, պաշտոնը պահպանելու մղումը և իր իսկ կասկածելի անցյալը, ինչը խոցելի է դարձնում նրան և պահում կախյալ վիճակում: Այդպիսի բարոյական նկարագիր ու անցյալ ունեցող մարդիկ առանց խղճի խայթի կարող են ոտնահարել ցանկացած մարդու, բացարձակապես հաշվի չառնելով նրա վաստակն ու արժանիքները:

Հանրությունը պիտի միանշանակ գնահատական տա նման դեպքերին, որպեսզի դրանք վարակի պես չտարածվեն երկրով մեկ:

Ներսես ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
ԼՂՀ 1-ին և 2-րդ գումարումների
Գերագույն խորհրդի պատգամավոր

ԶԵՄԼՅԱԿԻ՞Ն, ԹԵ՞ ՈՉ ԶԵՄԼՅԱԿԻՆ

«Մեր թեկնածուն արդեն որոշված է, մենք մեր զեմլյակին ենք ընտրելու՝ Բակո Սահակյանին»,- այս միտքն են արտահայտել Հադրութի շրջանի մի խումբ մարդիկ:

Նախագահի թեկնածուներին դեռ չգրանցած, արդեն շրջանառվում էր կարծիք, որ ամեն ինչ որոշված է: Նման լուրերը հիմնականում հանրապետության շրջաններում են շրջանառվում, որտեղ, ի տարբերություն մայրաքաղաքի բնակչության, մարդիկ տեղեկացված չեն նախագահի բոլոր թեկնածուների մասին: Պատճառը, թերեւս, այն է, որ մայրաքաղաքում տեղեկություն ստանալու գոնե նվազագույն միջոցներ կան, իսկ շրջաններում տեղեկատվության միակ աղբյուրը հեռուստատեսությունն է, որն էլ քարոզարշավից առաջ շատ քիչ տեղեկություններ է հաղորդում:

Նախընտրական իրավիճակը եւ բնակիչների տեղեկացվածությունը ճշտելու նպատակով լրագրողներով շրջեցինք Հադրութի եւ Մարտունու շրջանի մի շարք բնակավայրերում: Առաջին այցը Հադրութի շրջանն էր, որտեղ նախագահի թեկնածուներից միայն Բակո Սահակյանի անունը գիտեին: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ տեղեկատվության հիմնական աղբյուրն, իրենց խոստովանությամբ, հեռուստատեսությունն է: Ուրեմն՝ որտեղի՞ց են նրանք լսել այդ թեկնածուի մասին:

Բնակիչների շրջանում մեր հարցումները ցույց տվեցին, որ նրանք հիմնականում տեղյակ չեն նախագահի մյուս թեկնածուների մասին՝ «միայն Բակոյի անունն են տալիս այստեղ, էլ որտեղի՞ց տեղյակ լինենք»: Հադրութում երկու երիտասարդ համոզված ասում էին, որ նախագահը Բակո Սահակյանն է լինելու, իսկ համոզմանը նաեւ հաջորդում է՝ «հաստատ ինքն է լինելու՝ եթե 100 տոկոսով չէ, ապա 98-99 տոկոսով համոզված ենք»: Այդ պահին կողքից հիշեցին 2004-ի Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները, երբ մինչեւ ընտրությունների վերջին օրը բոլորը համոզված էին, որ Պավել Նաջարյանն է ընտրվելու: Սակայն, ինչպես հայտնի է, քաղաքապետ ընտրվեց ընդդիմության թեկնածու Էդուարդ Աղաբեկյանը: Մեկը նկատեց, որ այդ եւ գալիք ընտրությունների նախընտրական զրույցներն իրար շատ են նմանվում՝ «կարծես թե 2004-ը կրկնվում է»:

Հադրութի շրջանում մի խումբ մարդիկ առանց հարցի էլ պատասխանում էին արդեն, թե ում են ընտրելու. «Իհարկե մեր զեմլյակին ենք ընտրելու», «Մեր զեմլյակից բացի ոչ ոք ինձ չի հետաքրքրում»: Դարձյալ հիշվեց վերոնշյալ ընտրությունների նախընտրական շրջանը, երբ ասում էին՝ «Նաջարյանին ընտրեք, քաղաքի տղա է»:

Հետաքրքրական է, որ Հադրութում քիչ չէին նաեւ նրանք, ովքեր սկսեցին հետաքրքրվել մյուս թեկնածուներով, իսկ մի կին էլ մեզ շնորհակալություն հայտնեց մյուս չորս թեկնածուների մասին տեղեկացնելու համար:

Մարտունու շրջանում էլ էր համարյա նույն պատկերը, սակայն այստեղ ոչ թե «զեմլյակ» բառն էր օգտագործվում, այլ ասում էին, որ նախագահն «արդեն ընտրված է»: Շրջանի Ճարտար գյուղում դարձյալ հիշեցին Ստեփանակերտի քաղաքապետի 2004-ի ընտրությունները, երբ մարդիկ իրենց ձայնը տվեցին ոչ թե իշխանության կողմից սատարվող թեկնածուին, այլ ընդդիմության թեկնածու Էդուարդ Աղաբեկյանին: Սա, թերեւս, հավաքվածներից մեկի հարցի պատասխանն էր, երբ նա նշեց՝ «մեր խոսքն ո՞վ է հաշվի առնում»: Ապա շարունակեց՝ «Դե՛, Ստեփանակերտում հնարավոր է…»:

Տարեցներից մեկն էլ կեսկատակ-կեսլուրջ նշեց. «Վատամարդ չդառնալու համար բոլորին կխոստանամ ընտրել իրենց նախընտրած թեկնածուին, իսկ ես կընտրեմ իմ նախընտրածին»:

Եվ Հադրութի, եւ Մարտունու շրջանում մարդիկ դժգոհում էին, որ տեղեկատվության խիստ պակաս կա:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատակում են ընթերցողները

«ՁԵԶ ՆՄԱՆՆԵՐԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ ԵՆ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ»
կամ՝ Օ, ժամանակներ, օ, բարքեր

Ասում են՝ մի լուրջ հավաքի ժամանակ երկրի ղեկավարը հիմնավորել է իշխանական թեկնածուի ընտրման անհրաժեշտությունը և փնովել հիմնական թեկնածուներից մյուսին՝ Մասիս Մայիլյանին: Վերջինիս մասին նա բերել է նաև մի «հզոր» հակափաստարկ.

– Էդ ի՞նչ մարդ է՝ ոչ ծխում է, ոչ խմում, ոչ էլ «լեվի» գնում: Նրա շրջապատն էլ է այդպիսին:

ԴԻՊՈՒԿ ՆԵՏՈՒՄ
կամ՝ «Մի՞թե վերջին պոետն եմ ես»

ԼՂՀ կոմունիստական կուսակցությունը արցախյան կայացած քաղաքական ուժերից միակն է, որ չի ստորագրել միասնական թեկնածուի մասին հայտարարությունը և սեփական թեկնածու է առաջադրել: Նորանկախ Արցախի քաղաքական պատմության մեջ այս կուսակցությունը երբևէ աչքի չի ընկել ընդդիմադիր կեցվածքով, ուստի վերջին քաղաքական զարգացումների կտրվածքով միանգամայն հասկանալի է կուսակցության առաջնորդ Հրանտ Մելքումյանի տարակուսանքը՝ ուրեմն միայն մե՞նք ենք ընդդիմությունը:

Թե ինչպես է ստացվել, որ քաղաքական ուժերից ընդդիմադիր կամ այլընտրանքային դաշտում մնացել է միայն կոմկուսը՝ Աստված գիտե: Մեծ հաշվով դա կարևոր էլ չէ: Թեև եթե դա մշակված սցենար չէ, այլ կուսակցության սկզբունքային դիրքորոշում, ապա կարելի է ասել, որ պրոլետարիատի առաջնորդի հետևորդները, բասկետբոլային լեզվով ասած, դիպուկ, շատ դիպուկ նետում են կատարել:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆ. «ՕՐԵՆՔԻՑ ՎԵՐ ՄԻԱՅՆ ԱՍՏՎԱԾ Է»

– Պարոն Մայիլյան, առաջադրելով Ձեր թեկնածությունը, ի՞նչ ճանապարհ եք ընտրել՝ բարեփոխումների՞, թե՞ ներկայիս ուղեգծի շարունակման ու զարգացման:

– Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ մեր երկիրը էական բարեփոխումների շեմին է, բարեփոխումներ, որոնք հանրորեն պահանջված են: Ընդունելով պետականաշինության գործում առ այսօր ձեռքբերված որոշակի հաջողությունները՝ միևնույն ժամանակ խորապես համոզված եմ, որ այսօրվա տեմպերով ու բարոյահոգեբանական մթնոլորտով հնարավոր չէ հիմք դնել հետագա առաջընթաց զարգացման: Մենք իրավունք չունենք տեղում դոփելու, ընդհակառակը՝ մենք դատապարտված ենք առաջանցիկ զարգացման՝ մեր ազատությունը պաշտպանելու համար: Իսկ դրա համար շատ բան պիտի փոխվի երկրում:

– Ձեր կարծիքով, արդյո՞ք գալիք նախագահական ընտրությունները արդար ու ազատ կլինեն:

– Գործող իշխանության և քաղաքական ուժերի համար այսօր գերխնդիրը պիտի լինի քաղաքակիրթ ընտրությունների անցկացումը: Առաջնայինը դա է, որից էլ ածանցյալ է քաղաքական պայքարը: Որովհետև դրանից է կախված երկրի միջազգային հեղինակությունն ու հետագա զարգացումը:

Թեև ընտրական հանձնաժողովների բոլոր անդամները թեկնածուներից մեկին սատարող քաղաքական և այլ ուժերի կողմից են ներկայացված, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ բոլորի մեջ կգերակայի պետական մտածողությունը: Լրացուցիչ խթան է նաև դիտորդների ու լրագրողների մասնակցությունը:

Բայց ամենակարևորն, ըստ իս, հետևյալն է՝ շատ բան կախված է լինելու արցախյան հանրության դիրքորոշումից, մարդկանց քաղաքացիական գիտակցության աստիճանից: Եթե հանրային գիտակցությունը պատվար լինի ցանկացած օրինախախտման դեմ, ապա կապահովվեն ազատ և արդար ընտրությունները: Գործընթացի պատասխանատուները պիտի համոզված լինեն, որ ցանկացած օրինախախտում պատժվելու է օրենքի ողջ խստությամբ: Օրենքի առաջ բոլորը հավասար են, օրենքից վեր միայն Աստված է:

Իսկ նման ընտրությունների ամենամեծ խոչընդոտը վարչական ռեսուրսի օգտագործումն է, որի տարրերը,  ցավոք սրտի, տեսանելի են արդեն այսօր:

– Ո՞ր էլեկտորատի վրա եք հույս դնում, ի՞նչ ընտրազանգվածի աջակցությունն եք ակնկալում:

– Ակնկալում եմ հանրության ամենատարբեր խավերի ու շերտերի աջակցությունը, բոլոր նրանց աջակցությունը, ովքեր համամիտ են, որ երկրում լուրջ ու համակարգային բարեփոխումների կարիք կա: Այդպիսիք շատ են թե պետական համակարգում, թե հասարակական-քաղաքական դաշտում և թե  շարքային քաղաքացիների մեջ:

– Ինչպե՞ս եք գնահատում միասնական թեկնածուի գաղափարը: Եւ Ձեզ համար՝ որպես թեկնածուի, դա խոչընդոտ չի՞ հանդիսանում:

– Ինչպես հայտնի է, քաղաքական դաշտի մի շարք առանցքային խաղացողներ նախապատվությունը տվել են ոչ թե սեփական, այլ միասնական թեկնածուին: Որքան հասկանում եմ, դա ընդամենը այդ ուժերի միասնական թեկնածուն է: Թեև քաղաքական զարգացումների ընդունված տրամաբանության կտրվածքով այնքան էլ ընկալելի  չէր այդ գաղափարը, այնուամենայնիվ, կարծում եմ, որ դա այդ ուժերի իրավունքն է, և մեծ հաշվով խոչընդոտ չեմ տեսնում դրանում: Այլ հարց է, որ այլ տարբերակի դեպքում շատ ավելի բազմաներկայացուցչական կարող էին լինել ընտրական հանձնաժողովները:

Քաղաքական մի շարք կուսակցությունների միասնական թեկնածուի գաղափարին հանգիստ եմ նայում նաև այն պարզ պատճառով, որ արցախյան հանրության շատ քիչ տոկոսն է կուսակցականացված: Բացի դրանից՝ ամեն ինչ կախված է ընտրությունների ազատությունն ու արդարությունը երաշխավորող մեխանիզմների գործուն և վերահսկելի լինելուց:

– Ինչպե՞ս կգնահատեիք ԶԼՄ-ների, մասնավորապես՝ Արցախի հանրային հեռուստատեսության գործունեությունն այս շրջանում:

– Նախընտրական շրջանն առանձնահատուկ է նրանով, որ հանրային քննարկումների առանձնակի կարիք է զգացվում: Միայն լայն քննարկումներով, երկխոսության ու բանավեճի միջոցով է հնարավոր նպաստել քաղաքակիրթ ընտրություններին ու բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: Սակայն այն տպավորությունն ունեմ, որ որոշ շրջանակներ կարծես թե անհանգստանում են հանրային քննարկումների իրողությունից: Մենք կարող ենք և պարտավոր ենք լույսի տակ քննել մեր ժողովրդին հուզող հարցերը:

– Այսօր շատ են խոսում ազատագրված տարածքների մասին: Ձեր կարծիքով, ազատագրված տարածքները պե՞տք է վերաբնակեցնենք, թե՞ ոչ: Եվ ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:

– Ես տարբեր առիթներով արդեն արտահայտել եմ իմ դիրքորոշումը: Շատ համառոտ կասեմ հետևյալը՝ ինձ համար միանշանակ է Արցախի քաղաքացիների ֆիզիկական անվտանգության և պետական անկախության իրավունքի բացարձակ գերակայությունը: Իսկ ԼՂՀ ներկա փաստացի սահմանների պահպանման և ամրապնդման հարցն, անկասկած, Արցախի ժողովրդի անվտանգության եւ պետական անկախության իրավունքի կենսագործման ու պաշտպանության կարեւորագույն հիմնատարրերից է: Այստեղից էլ համապատասխան վերաբերմունքս: Ինձ համար առավել քան ակնհայտ է, որ մեր երկիրը չի կարող ինքնուրույնաբար զարգանալ եւ ապահովել իր ռազմական եւ տնտեսական անվտանգությունը նախկին ԼՂԻՄ-ի՝ ի սկզբանե ոչ լեգիտիմ անկլավային սահմաններում: Արցախի ազատագրված ողջ տարածքը ենթակա է համակարգային վերականգնման և վերաբնակեցման: ԼՂՀ ազատագրված տարածքի վերաբնակեցումն Արցախի և համայն հայության ազգային, պետական և բարոյական հրամայականն է, իսկ վերաբնակեցման ներկա տեմպերն ու ռազմավարությունը հարկ է ճանաչել թերի և անարդյունավետ:

ՀՐԱՆՏ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ. «Ի՞ՆՉ Է, ՍՏԱՑՎՈՒՄ Է, ՈՐ ԼՂՀ-ՈՒՄ ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄԿՈ՞ՒՍՆ Է»

– Դուք առաջադրել եք Ձեր թեկնածությունը: Ի՞նչ ճանապարհ եք ընտրում` բարեփոխումների՞, թե՞ ներկայիս ճանապարհը շարունակելու եւ զարգացնելու:

– Բարեփոխումներն ամեն պետությունում անհրաժեշտ են: Ինչ-որ դինամիկ զարգացում է պետք: Եթե ասենք, որ այս տարիներին Ղարաբաղում առաջխաղացում չի եղել` ճիշտ չէր լինի: Ժողովրդի մի ստվար մասն արդեն իրեն լավ է զգում, բայց կարելի է ավելին անել, սոցիալական հարցերն ավելի արդար լուծել: Ուզում եմ, որ ինչպես խորհրդային տարիներին էր, աշխատավարձի 60 տոկոսի չափով թոշակ ստանան մարդիկ, բժշկությունը ձրի լինի: Ուսումը լինի այնպիսին, ինչպիսին այդ տարիներին էր, ոչ թե ամեն տարի բարեփոխումներ կատարվեն: Այսօր բոլորը դիպլոմ են ստանում, բայց ո՞ւմ է պետք համատարած դիպլոմավոր անգրագիտությունը: Այսօր դիպլոմը մեծ արժեք ունի, բայց սպառողական արժեք չունի:

Ես անգամ այս վիճակում, հաշվի առնելով Ղարաբաղի աշխարհաքաղաքական վիճակը, դեմ չեմ, որ կապիտալիզմը զարգանա այստեղ, բայց այն պետք է սոցիալական ուղղվածություն ունենա:

– Ձեր կարծիքով, գալիք նախագահական ընտրությունները արդար ու ազատ կլինե՞ն:

– Ամեն ինչ կախված է մեր ժողովրդից: Ժողովուրդը խղճով պետք է ձայն տա, ոչ թե հարեւանի, բարեկամի կամ ծանոթի թելադրանքով: Եւ արդարությունն ու ազատությունը դրանից է կախված: Ոչ մեկը ընտրատեղամասերում կեղծումներ չի կարող անել, ես չեմ հավատում դրան:

– Ո՞ր էլեկտորատի վրա եք հույս դնում:

-ԼՂՀ ժողովրդի: Ես ոչ մեկին չեմ խնդրելու, որ ինձ ձայն տան: Ներկայացնելու եմ իմ ծրագիրը, եւ այն պաշտպանելու եմ` եւ լրատվամիջոցներում եւ հանդիպումների ժամանակ: Որոշումը ժողովրդինն է:

– Ինչպե՞ս եք գնահատում միասնական թեկնածուի գաղափարը: Եւ այն Ձեզ՝ որպես թեկնածուի, ինչ-որ խոչընդոտներ չի՞ ստեղծում:

– Ես ՀՅԴ-ին եւ «Շարժում-88»-ին չեմ հասկանում: Հինգ տարի է գործող իշխանություններին եւ խորհրդարանին քննադատում են, ու այսօր համատեղ հայտարարություն են ստորագրում: Այդ ի՞նչ ընդդիմություն եք: Հասկանալի է, որ մյուս երկու կուսակցություններն իշխանական են: Ի՞նչ է, ստացվում է, որ ԼՂՀ-ում միակ ընդդիմությունը կոմունիստական կուսակցությո՞ւնն է:

Ինչ ուզում են, թող անեն, ինձ չեն խանգարում: Խորհրդարանական այդ 4 կուսակցություններում ընդգրկվածների թիվը միասին վերցված թող 5 հազար լինի, բայց ողջ Ղարաբաղը հո կուսակցակա՞ն չէ:

– Ինչպե՞ս կգնահատեիք ԶԼՄ-ների, մասնավորապես՝ Արցախի հանրային հեռուստատեսության գործունեությունն այս շրջանում:

– Ես ժամանակ չեմ ունենում հանրային հեռուստատեսության հաղորդումները դիտելու համար: Ուստի չեմ կարող գնահատել նրա գործունեությունը, իսկ ինչ վերաբերում է մյուս լրատվամիջոցներին, ապա դրանց հետեւում եմ, եւ նրանց գործունեությունը նորմալ եմ գնահատում:

– Պարոն Մելքումյան, այսօր շատ են խոսում ազատագրված տարածքների մասին: Ձեր կարծիքով, ազատագրված տարածքները պե՞տք է վերաբնակեցնենք, թե՞ ոչ:

– Իմ վերաբերմունքը, որն ունեի 10 տարի առաջ, չի փոխվել: Թեկուզ ասում են, որ կոմունիստական կուսակցության անդամը Աստծուն չի հավատում, բայց ես կարող եմ ասել, որ Աստված առաջին անգամ հայերին հնարավորություն է տվել, որ իրենց պատմական հողերի չնչին մասը ազատագրեն, որը փորձաքար էր ամբողջ հայկական հողերը ազատագրելու համար: Ազատագրել ենք այն պապական հողերը, որից թշնամին գնդակոծում էր մեր ժողովրդին: Բայց մեր անփութության, անկազմակերպության շնորհիվ չենք կարողացել այդ հողերը մշտապես բնակեցնել մեր այն հայրենակիցներով, որոնք փախստականի կարգավիճակով տեղափոխվել են Ղարաբաղ: Ինչո՞ւ հողերը չենք կարողացել բնակեցնել: Առաջին սխալը եղել է այն, որ հետեւելով ՀՀ-ին, ընդունել ենք «Լեզվի մասին օրենք», իսկ Ադրբեջանից տեղափոխված մեր հայերը չեն տիրապետում հայերեն լեզվին, որը շատ լուրջ պատճառ էր նրանց Ղարաբաղում չմնալու համար: Երկրորդ սխալը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդունումն էր, ըստ որի, Բաքվից տեղափոխվածը պետք է հայերեն լեզվով քննություն հանձնի եւ ստանա աշխատանքի անցնելու իրավունք:

Երրորդը` պետական միջոցների հաշվին պետք է այնպիսի ձեռնարկություն ստեղծել, որը անգամ եթե օգուտով էլ չաշխատի, աշխատատեղեր կբացի եւ մարդիկ աշխատավարձ ստանան: Այս կերպ կարելի է մոտ 4-5 հազար մարդու աշխատուժ օգտագործել:

Իսկ ինչ վերաբերում է ներկայումս վերաբնակեցնելուն, ապա ասեմ, որ դա անպայման անհրաժեշտ է: Դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին հայրենասիրություն, իսկ հետո՝ ֆինանսական միջոցներ: Եւ դա ոչ միայն ղարաբաղցիների, այլեւ ողջ հայ ժողովրդի խնդիրն է:

Քաղաքական խնդիրը վերաբնակեցման համար այդքան էլ կարեւոր չէ այս պահին եւ մեր պարագայում: Խոսքս հիմնականում վերաբերում է Նոր Շահումյանի եւ Քաշաթաղի շրջաններին, որոնք շատ կարեւոր նշանակություն ունեն: Ամեն տեղ էլ քաղաքական խնդիր կա, բայց դրա լուծումը աշխարհի տերերից է կախված:

ՎԱՆՅԱ ԱՎԱՆԵՍՅԱՆ. «ՀԱՄՈԶՎԱԾ ՉԵՄ, ՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԱՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»

– Ինչո՞ւ եք որոշել առաջադրել Ձեր թեկնածությունը:

– Նախագահի պաշտոնում ցանկացել եմ առաջադրվել այն պատճառով, որ անարդարություններ շատ կան, ժողովրդի վիճակը շատ ծանր է, ժողովրդի մեծամասնությունն աղքատ վիճակում է ապրում: Շատ ղեկավարներ չարաշահում են պաշտոնները: Կցանկանայի նշել, որ թոշակների մասով էլ շատ անարդարություններ կան. մեկը ստանում է 250 հազար դրամ թոշակ, իսկ մյուսը՝ 10 հազար դրամ: Այդպիսի ահռելի տարբերությունն ինձ համար անընդունելի է: Գտնում եմ, որ ուսուցիչների, բժիշկների, ինժեներների, գիտնականների թոշակները ամենաքիչը լինի 40-50 հազար դրամ, իսկ շարքային մարդկանցը բարձրացնել: Չի կարելի մարդկանց քաղցած թողնել: Գտնում եմ, որ Ղարաբաղում պետք է անվճար ճաշարաններ բացել` աղքատների համար: Պետք է պայքարել կաշառակերության եւ կոռուպցիայի դեմ, բարձրացնել ուսման որակը:

– Հավատո՞ւմ եք, որ գալիք ընտրությունները կլինեն արդար ու թափանցիկ:

– Համոզված չեմ, որ ընտրություններն արդար են լինելու: Ելնելով նախորդ տարիների փորձից եւ ժողովրդի խոսակցություններից, համոզված չեմ դրանում:

– Ի՞նչ էլեկտորատի վրա եք հույս դնում:

– Հույսս ժողովրդի կամքն է: Ես ամեն ինչ անում եմ ժողովրդի համար, եթե չեն ուզում` թող չընտրեն: Եթե ուզում են աղքատ, քաղցած մնան, պաշտոնյաները չարաշահեն իրենց պաշտոնը` թող չընտրեն: Ես փող չունեմ ծախսելու համար: Ժողովուրդը կհասկանա` ձայն կտա, չի հասկանա` ձայն չի տա:

– Ինչպե՞ս կգնահատեիք նախընտրական շրջանը:

– Թեկնածուների մասին հայտարարություն անելուց պետք է այբբենական կարգով ամեն ինչ հայտարարեն, որը չի պահպանվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Արդեն ԿԸՀ-ը ճիշտ չի վերաբերվում, արդեն ճնշում է եւ իր նախընտրած մարդկանց առաջ է քաշում` առաջինը այդ մարդկանց անունն է ասում, հետո՝ մյուսներինը: Հիմիկվանից արդեն քարոզչական աշխատանք է գնում, որը սխալ է:

– Պարոն Ավանեսյան, բանակցային գործընթացում քննարկվում է նաեւ ազատագրված տարածքների հարցը: Ինչպե՞ս եք վերաբերում այդ փաստին:

– Ազատագրված տարածքները մեզ համար անվտանգության գոտի են: Մենք չենք զավթել այդ տարածքները, այլ ձգտել են մեզ ոչնչացնել, մենք հակահարված ենք տվել եւ փորձել անվտանգության գոտի ստեղծել: Մինչեւ միջազգային պայմանագրերով չամրագրեն, որ մեր անվտանգությունն ապահովում են` մենք ոչինչ չենք կարող զիջել: Մենք չենք կարող զիջել այն, ինչ ունենք: Եթե մեր անկախությունը ճանաչեն` այն ժամանակ Ղարաբաղի ժողովուրդը կմտածի զիջումների մասին: Եւ բանակցություններին Ղարաբաղը պետք է անպայման մասնակցի եւ իր կարծիքն արտահայտի: Հայաստանն իրավունք չունի մեր ճակատագիրը որոշի, մենք առանձին պետություն ենք:

– Իսկ ի՞նչ կարող ենք զիջել:

– Շահումյանը կզիջենք: Մեր տարածքների 15 տոկոսը Ադրբեջանի ձեռքին է, դրանք կարող ենք զիջել: Պետք է զիջենք այն, ինչը մեր անվտանգությունը չի խախտում:

Մենք ներկայացրինք ԼՂՀ նախագահի
երեք թեկնածուների կարծիքները,
իսկ մյուս երկուսը՝ Արմեն Աբգարյանն ու
Բակո Սահակյանը, խոստացել են
հարցազրույց տալ ավելի ուշ:

http://www.karabakhopen.com

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԳԱՂԱՓԱՐԸ ԳԱՅԹԱԿՂԻՉ Է՝ ԶԳՈՒՅՇ 

Ներսես ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
ԼՂՀ 1-ին և 2-րդ գումարումների
Գերագույն խորհրդի պատգամավոր

Հասարակական կյանքն իրենից ներկայացնում է քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային հարաբերությունների մի ամբողջություն: Հարաբերությունների այս համակարգը ղեկավարվում-առաջնորդվում է դավանվող հոգևոր որոշակի արժեքային համախումբ գաղափարներով ու սկզբունքներով: Այս համակարգում բացառիկ տեղ է զբաղեցնում քաղաքացիական գիտակցությունը, որը ձևավորում է տվյալ երկրի քաղաքական գիտակցությունը և քաղաքական համակարգը: Սա նշանակում է, որ քաղաքական-քաղաքացիական գիտակցությունը պասիվ դեր չի կատարում երկրի սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքի կազմակերպման գործում, ընդհակառակը՝ որքան ակտիվ  ու միասնական է այդ գիտակցությունը, այնքան ամուր են տվյալ երկրի դիրքերը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարաբերություններում:

Քաղաքական գիտակցությունը ձևավորվում է բազմաթիվ ազդակների ազդեցության ներքո, որոնցից են ազգային շահը, հավատը, տնտեսական շահը, աշխարհայացքային արժեքները, բարոյական նորմերը և այլն: Քանի որ հասարակությունը բաղկացած է առանձին անհատներից, ուրեմն առաջին հերթին քաղաքական գիտակցության մեջ ամենից առաջ արտահայտվում են անհատի շահերը՝ կախված նրա սոցիալական դիրքից, էթնիկ խմբից և դավանած հոգևոր արժեհամակարգից: Ուստի բնական է, որ որ այս առումով քաղաքական գիտակցությունը նաև արտահայտում է մարդկանց սոցիալական խմբի շահերը: Բնականաբար, քաղաքական գիտակցությունը և շահը գտնվում են փոխադարձ կապերի մեջ՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբային ձևերով:

Միասնական քաղաքական գիտակցության այս տեսանկյունից էլ անդրադառնանք վերջերս արցախյան քաղաքական դաշտում տեղի ունեցող քաղաքական խմորումներին, որոնք, անկեղծորեն ասած, խոր հիասթափություն են առաջացրել: Նկատի ունեմ հատկապես այն, որ արմատական ընդդիմություն հանդիսացած կուսակցությունները չհիմնավորված ու անհասկանալի դիրքորոշում են ընտրել: Եթե իշխանամետ կուսակցությունների այսօրվա դիրքորոշումը կանխատեսելի էր, ապա ընդդիմադիր կուսակցությունների դիրքորոշումն ուղղակի ապշեցուցիչ է: Նրանք փաստորեն հրաժարվում են իրենց առաքելությունից և ժողովրդին մենակ թողնում:

Երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական վիճակն իրոք լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, ինչն էլ թելադրում է ոչ ստանդարտ քաղաքական մոտեցումներ: Սակայն մենք մոռանում ենք, թե որ վարչախումբն է մեզ այս վիճակին հասցրել և որ թեկնածուն է արտահայտում մեր խտացված իղձերն ու նպատակները: Մոռանում ենք նաև կամ լիովին չենք գիտակցում, թե ինչ պատասխանատու գործ է նախագահի ընտրությունը: Երկրի նախագահը երկրի խորհրդանիշն է, որը ներկայացվում է թե սեփական ժողովրդին և թե միջազգային հանրությանը: Նա երկրի դեմքն է, ուստի դեմքն այդ պիտի քաղաքակիրթ լինի:

Դա պիտի արվի միասնական ջանքերով, բայց նայած, թե ինչ ենք հասկանում միասնական ջանք ասելով: Այսօր հանրությանն առաջարկվում է միասնական թեկնածուի գաղափարը, որը որքան գայթակղիչ, նույնքան էլ վտանգավոր է: Ի՞նչ ասել է միասնություն և ինչի՞ շուրջ պիտի միասնանալ: Ո՞ր հարցերում պիտի միասնական լինել: Համոզված եմ՝ ազգային-հոգևոր արժեքների պահպանման, երկրի անվտանգության ամրակայման, օրինականության և սահմանադրական նորմերի հարգման, բարոյական արժեքների ամրապնդման, սոցիալական արդարության երաշխավորման հարցերում: Պիտի միասնական լինենք նաև արատավոր երևույթների դեմ պայքարում, համատեղ ջանքերով փորձենք արմատախիլ անել կաշառակերությունը, կլանային համակարգը, աղանդները, ապօրինություններն ու բռնությունները, անբարոյականությունն ու բարոյալքումը:

Իսկ ընտրությունների ժամանակ գլխովին մի կարծիք ունենալը գեղեցիկ հեքիաթի պես գայթակղիչ է, բայց ոչ ճշմարիտ ու իրական: Չմոռանանք, որ ի վերջո մենք ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ: Իսկ ընտրում են տարբեր բաներից, տարբեր ուժերից ու ծրագրերից, տարբեր քաղաքական և այլ արժեհամակարգերից: Ընտրում են ԼԱՎԱԳՈՒՅՆԸ, որի շուրջ էլ միավորվում են: Այսինքն՝ միասնությունը լինելու է ընտրություններից հետո և ընտրված լավագույնի շուրջ: Ավելի պարզ՝ մենք պիտի ընտրելու հնարավորություն ունենանք, մենք պիտի ընտրելու հնարավորություն տանք:

Այս կտրվածքով էլ, իմ կարծիքով, ամենակարևորը չափանիշներն են, այն չափանիշները, որոնցով առաջնորդվելու ենք այդ ընտրությունը կատարելիս: Այսօր, քարոզարշավից առաջ, մենք փաստորեն պիտի ընտրենք այդ չափանիշները: Նախևառաջ ինքներս մեր խղճի առաջ պատասխանատու լինելով՝ պիտի այդ չափանիշներն ընտրենք ու հետո գնանք ընտրության: Ինձ համար կարևորագույնը բարոյական չափանիշներն են: Աստվածաշնչյան ճշմարտություն է՝ ծառը պտղից են ճանաչում: Մարդուն իր գործով են ճանաչում: Մինչ այդ եթե մարդն իրեն արդարացրել է փոքր գործերում, ապա նրան կարելի է վստահել նաև մեծ գործեր:

Կրկնեմ՝ մենք ընտրելու ենք նախ չափանիշները, ընտրելու ենք այս կամ այն բարոյական արժեհամակարգը: Եւ հենց այդ ընտրությունից է կախված լինելու մյուս ընտրությունը: Եթե առաջնորդվենք բարոյական չափանիշներով, ապա փրկելու ենք մեզ ու երկիրը, եթե այլ չափանիշներով առաջնորդվենք, ապա խորացնելու ենք առկա ճգնաժամը և սպանելու ենք փրկվելու հույսը:

Մենք այսօր պիտի խղճով ու պատասխանատվությամբ մոտենանք այս հարցին: Հայտնի է, որ ինչ ցանես՝ այն էլ կհնձես: Որոմ ցանենք՝ որոմ ենք հնձելու, ցորեն ցանենք՝ ցորեն ենք հնձելու: Զգույշ, խելամիտ և պատասխանատու լինենք ՑԱՆԵԼԻՍ:

 

ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՉՈՒՆԻ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի մղումը՝ ամեն գնով ԼՂ հասարակությանը պարտադրել նախագահի ժառանգորդ Բակո Սահակյանի թեկնածությունը, չի վայելում Հայաստանի ղեկավարության հավանությունը, հունիսի 12-ին Մամուլի Ազգային ակումբում հայտարարել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը: Ըստ նրա, կա երկու հիմնական թեկնածու: Իգոր Մուրադյանը նկատի ունի իշխանության թեկնածու Բակո Սահակյանին եւ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված, ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանին, ով, Իգոր Մուրադյանի կարծիքով, իշխանությունից տարբերվում է իր սկզբունքային դիրքորոշմամբ, հատկապես ԼՂՀ փաստացի սահմանների հարցում: Մուրադյանը նշում է, որ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը նյարդայնանում է, եւ տարօրինակ է, թե ինչու հիմա, եթե նախկինում էլ Ղարաբաղում տեղի են ունեցել բավական մրցակցային ընտրություններ:

«Ուրեմն, առաջին անգամ ԼՂՀ պատմության մեջ, թեկնածուներից մեկը ունի բավական սկզբունքային դիրքորոշում եւ բացարձակապես անկառավարելի է իշխանության համար»,- ասում է Իգոր Մուրադյանը, դա համարելով Արկադի Ղուկասյանի նյարդայնության առաջին պատճառը: Երկրորդ պատճառը, ըստ քաղաքագետի, նախագահի ընտրության քվեարկության բողոքական բնույթն է: «Այդպիսի բան նախագահական ընտրություններին չի եղել: Խորհրդարանականներին եղել է, բայց նախագահականին՝ ոչ: Դա նույնպես նրան նյարդայնացնում է: Բայց դա դեռ ամբողջը չէ: Ամենից գլխավոր տհաճությունն այն է, որ այս ընտրությունները շատ կարեւոր են գործող նախագահի ապագայի համար»,- ասում է Իգոր Մուրադյանը: Նա նշում է, թե Ղուկասյանը ունի կարիերան շարունակելու հույս, բայց պետք է հեռանա` լինելով համոզված, որ Ստեփանակերտում կմնա մեկը, ով լիովին կառավարելի է:

«Ղուկասյանը սխալվում է կրկնակի: Նախ, ով էլ որ ընտրվի, այդ մարդը երկար ժամանակ Արկադի Ղուկասյանի թելադրանքի տակ չի մնա: Դա արդեն իսկ սխալ է: Դե, ենթադրենք այդպիսի վարկած առաջ է քաշվում, բայց նա պետք է հեռանա արժանապատիվ ձեւով, նրա ընկալմամբ արժանապատիվ ձեւով: Իսկ եթե այդ ամբողջ արշավը կբուրի հանդգնությամբ, անպարկեշտությամբ, վարչական տեռորով, ապա նրան ապագայում ոչ մի լավ բան չի խոստանում»,- ասում է Իգոր Մուրադյանը, նշելով, որ հենց այդ ամենը նյարդայնացնում է Արկադի Ղուկասյանին:

Իգոր Մուրադյանը նշեց, որ այժմ արդեն անձամբ Արկադի Ղուկասյանն է պաշտոնյաներին կանչում եւ հորդորում, որ եթե Բակո Սահակյանի օգտին չաշխատեն, ապա կհեռացվեն: «Ընդ որում, տարածվում է բացարձակ սուտ, թե իբր Ռոբերտ Քոչարյանը լիովին պաշտպանում է Բակո Սահակյանի թեկնածությունը: Հիմա այլ բան են տարածում, թե իբր Քոչարյանն ընդհանրապես ոչինչ որոշող մարդ է, ոչինչ չունի, իսկ ահա ինչպես որ ասի Սերժ Սարգսյանը, այդպես էլ կլինի: Հասարակությանը ներարկվում է այն միտքը, թե ընտրություններն արդեն իսկ եղել են, եւ կարիք չկա տեղամաս գնալ: Փորձում են մարդկանց ներշնչել, որ Հայաստանի ղեկավարությունը շահագրգռված է այդ հարցում, անմիջական մասնակցում է այդ գործերին, եւ պատրաստ է քաջալերել ցանկացած խախտում: Ես չեմ ուզում ոչ մեկին պաշտպանել, Հայաստանի ղեկավարությանն առավել եւս, բայց եթե օբյեկտիվ լինենք, ապա դա սուտ է, կեղծիք»,- ասում է Իգոր Մուրադյանը:

Իգոր Մուրադյանը նաեւ ասում է, որ Արկադի Ղուկասյանը ամեն գնով փորձում է խանգարել ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին, բայց դա նրան չի հաջողվի:

(Տպագրվում է մասնակի կրճատումներով)

«Լրագիր»

 

ՊԵՏՔ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԱՅՍՕՐ՝ ՎԱՂԸ ՈՉ ՈՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԻ ԼԻՆԻ

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Վերջին ժամանակներս փորձ է արվում սրել նախընտրական պայքարը՝ դրանում մեղադրելով որոշ լրագրողների, իբր թե «նախընտրական քարոզչության» կամ «թեկնածուներից մեկին սեւացնելու» փորձի համար: Դա, իհարկե, ոչ բոլոր լրագրողների գրած նյութերին է վերաբերվում, այլ միայն նրանց, ովքեր մտածում են «ոչ բոլորի նման» եւ ընթերցողներին փորձում են ներկայացնել ավելի լիարժեք տեղեկատվություն:

Ամեն մի խնդիր, կարծես թե, կապում են նախագահական ընտրությունների հետ եւ ձգտում անպայման հետին մտքեր փնտրել գրածներիդ մեջ: Եւ դա վարակի պես մտնում է նաեւ հասարակության տարբեր խավեր, ու մարդկանց թվում է, թե ամեն ինչ կլուծվի կամ այս, կամ այն գործը կարվի նախագահական ընտրություններից հետո: Օրինակ՝ ծանոթներիցս մեկն ինձ հարցրեց. «Ե՞րբ են ավտոկայանը տեղափոխում նորակառույց շենք», իսկ հետո ինքն անմիջապես պատասխանեց՝ «երեւի նախագահական ընտրությունների շեմին»:

Եթե սկսենք ավտոկայանի տեղափոխումից խոսել, ապա չի բացառվում, որ նույն «պիտակը» կկպցնեն գրած հոդվածին: Կամ, ասենք, եթե խոսենք հիպոթեքային վարկից, ալրաղացի աշխատողների աշխատավարձերից կամ բնակիչներին հուզող մեկ այլ խնդրից:

Իսկ առջեւում հնարավոր է մեկ խնդիր էլ /ընտրությունների հետ չկապված/ ավելանա այդ ամենին. արդեն ամառն իր «իրավունքներն է ստանձնում», եւ չի բացառվում, որ անցյալ տարվա պես նորից ջրամատակարարման խնդիր ունենանք: Եկեք «պիտակներից» խուսափելու համար այդ մասին չխոսենք: Ձեւացնենք, որ նման խնդիր գոյություն չունի եւ հանգստանանք:

Բայց, ախր, սրանք խնդիրներ են, որոնց մասին խոսվում է ոչ միայն ընտրությունների շեմին, այլ գրեթե կլոր տարին: Այդ թվում՝ նախկին ԼՂԻՄ-ի հարակից տարածքներից հայկական ուժերի դուրսբերման խնդիրը: Ինչպե՞ս կարելի է ազատագրված տարածքների ճակատագրի քննարկումը կապել ընտրությունների հետ, առավել եւս, որ այսօր հենց այդ նույն հարցն է քննարկվում բանակցությունների ընթացքում:

Ի՞նչ անել՝ խոսել միայն այն մասին, որ ծառերը ծաղկել են ու թռչունները դայլայլու՞մ են: Կամ այնպես աշխատե՞լ, իբր մեր թերթերը տպագրվում են ոչ թե Ղարաբաղում, այլ մեկ այլ երկրում: Եթե ամեն ինչում ենթատեքստ փնտրենք, ապա ավելի լավ կլիներ թերթերի աշխատանքը դադարեցնել երկու ամսով: Եւ չկատարել հիմնական առաքելությունը՝ քաղաքացիներին տեղեկացնելը: Մարդիկ, այո, զբաղված են իրենց գործերով, բայց չեն կարող անտարբեր լինել սեփական ճակատագրի նկատմամբ: Իսկ մենք զրկում ենք նրանց ոչ միայն որոշելու իրավունքից, այլ նաեւ տեղեկանալու եւ քննարկելու:

Միշտ տուժողի դերում հասարակ քաղաքացին է հայտնվում: Օրինակ՝ մենք հպարտանում եւ շնորհակալություն ենք հայտնում բիզնեսմեններին, որոնք «աշխատատեղեր են ստեղծում»: Ես չեմ հիշում Ղարաբաղի կյանքում մի դեպք, երբ բիզնեսմենը շնորհակալություն հայտներ բանվորներին ու աշխատողներին՝ իր բիզնեսը զարգացնելու եւ իրեն հարստացնելու համար: Գո՞ւցե արժե դրա մասին մտածել:

Այսօր առավել քան անհրաժեշտ է խոսել բնակիչներին հուզող ամեն մի խնդրի շուրջ, այլապես վաղը ոչ մեկին չենք կարող մեղադրել: Չարժե սպասել վաղվան եւ կրկին փորձել ողջ մեղքը գցել նախկին իշխանության վրա, բողոքել քաղաքական իրավիճակից եւ ավանդույթի համաձայն տրտնջալ «վատ ժառանգությունից»:

——————————————————————————————-

Մշակույթ

ՄՈՒՐԱՑԱՆՅԱՆ ՕՐԵՐՆ  ԱՐՑԱԽԻՆ ԱՌՆՉՎԵԼՈՒ ԵՎՍ ՄԻ ԳԵՂԵՑԻԿ ԱՌԻԹ ԵՆ

Արցախում անցկացված Մուրացանյան օրերին մասնակցել է նաեւ  Հայաստանի գրողների միության պատվիրակությունը՝ ԳՄ նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ: Պատվիրակության անդամներին խնդրեցինք կիսել իրենց տպավորությունները:

ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ.

– Մուրացանյան օրերը մեծ խորհուրդ են պարունակում իրենց մեջ և գնահատելի են երեք առումով: Նախ՝ Մուրացանն ամեն անգամ նորովի է վերագնահատվում: Երկրորդ՝  հայաստանյան գրողներս« մտավորականներս ևս մի գեղեցիկ առիթ ենք ունենում  առնչվելու-հաղորդակցվելու Արցախ  աշխարհին: Եւ, որ պակաս կարևոր չէ, նորովի ենք ընկալում գրողի ծննդավայր Շուշին:

ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ

– Արցախում մուրացանյան օրերի անցկացումը շատ լավ նախաձեռնություն է: Մուրացանի ստեղծագործությունները եւ հայրենասիրական« եւ բարոյագիտական« եւ ազգային-կրթական դպրոց կարող են համարվել: Միջոցառումն այս անգամ էլ շատ լավ կազմակերպվեց: Տպավորություններս մեծ են: Կգնամ եւ հերթական անգամ կպատմեմ« որ ահա գոյություն ունի երկիր մի Արցախ« որտեղ հարգանք կա մշակույթի նկատմամբ:

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ.

– Ամեն  անգամ« երբ մենք հավաքվում ենք այստեղ եւ գնում դեպի Մուրացանը, միշտ ինքս ինձ մտածում եմ« որ գնում եմ նրան շնորհակալություն հայտնելու, որ հայ գրողներիս ժողովում է Արցախում: Մուրացանն  առաջինն էր« որ իր պատմավեպերով եվ հատկապես «Գեւորգ Մարզպետունի»-ով ցույց տվեց« որ հայրենասիրությունը զենք է« այն ոչ միայն բարձրահունչ բառ է, այլ դիրքորոշում, գործողություն: Մուրացանն այն մեծերից է, ովքեր եղել են կողմնացույց Ղարաբաղյան շարժման:

ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.

– Մուրացանյան օրերը հրաշալի են« հանճարեղ Մուրացանը մեզ հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ միասնանալու, միասնական ընտանիք դառնալու: Արցախը իմ հայրենիքն է« իմ հողը« իմ ծննդավայրը: Եվ ես ամեն անգամ  համարում եմ հրաշք« որ մենք անկախացանք«  որ կյանքը հայեցի է: Ոչինչ չի կարող համեմատվել ազատագրված հայրենիքի զգացողության հետ:

ԷԴՈՒԱՐԴ ՍԱՖԱՐՅԱՆ.

– Մուրացանյան օրերն Արցախում  ավանդույթ  են դարձել, ինչպես ավանդույթ է դարձել նաև Հայաստանի գրողների միության պատվիրակության մասնակցությունը: Հատկապես հաճելի է երևանաբնակ արցախցի գրողներիս համար: Ինքս էլ արցախցի եմ, ծնվել եմ Բերդաձորում, բայց հիմա ապրում և ստեղծագործում եմ Երեւանում:

Զրուցեց

Անուշ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

 

Կարծիք
ՈՐՊԵՍԶԻ «ԸՆԾԱՆ» ԸՆԾԱՅՎԻ ՇԱՏԵՐԻՆ

Արդեն երրորդ տարին է, ինչ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում անց է կացվում համահայկական երգի «Ընծա» ամենամյա մրցույթ-փառատոնը: Այն անցկացվում  է ԼՂՀ կառավարության հովանավորությամբ եւ մի շարք ընկերությունների աջակցությամբ: Արցախում անցկացվող երաժշտական այս մրցույթը նաեւ վիճաբանությունների ու դժգոհությունների տեղիք է տալիս տեղացիներին: Շատերը դժգոհում են 5-օրյա փառատոնի համերգների տոմսերի գներից, այն դեպքում, երբ փառատոնը կազմակերպվում է կառավարության եւ մի շարք ընկերությունների հովանավորությամբ:

Տեղեկացնենք, որ մեկ համերգի տոմսի արժեքը 1000-1500 դրամ էր, այսինքն՝ շատերի համար դրանք  մատչելի չեն: Իսկ քաղաքում էկրան տեղադրելն ու դրա միջոցով մրցույթի ընթացքին հետեւելու առաջարկը չի ընդունվել կազմակերպիչների կողմից: Արցախի հանրային հեռուստատեսությունն էլ լուսաբանեց միջոցառումը ոչ ամբողջովին: Ուզում եմ ասել, որ երաժշտասերների մեծ մասը հնարավորություն չունեցավ հետևելու փառատոնին:

Արցախում անցկացվող մրցույթ-փառատոնին ղարաբաղցիների մասնակցությունը հիմնականում կայացավ հանդիսատեսների եւ հովանավորների տեսքով: Իսկ տեղացի չորս մասնակիցներն այնքան աննկատ էին, որ ոգեւորություն չառաջացրին հանդիսատեսի մոտ:

Մրցույթ-փառատոնը աչքի է ընկնում նաեւ ժյուրիի մեծաքանակությամբ: Ժյուրիի նախագահ Հրաչ Քեշիշյանն այս փաստը բացատրում է այսպես. «Ինչքան շատ, այնքան օբյեկտիվ»: 16 հոգուց բաղկացած ժյուրիի անդամները եւս սահմանում են իրենց մրցանակը այս կամ այն մասնակցին: Սակայն պարզվում է, որ բոլոր այդ խոստացված նվերները՝ երգի, տեսահոլովակի, ձայնագրության, բեմական հագուստի, համերգային շրջագայության տեսքով, պարտադիր բնույթ չեն կրում, այսինքն՝ բոլոր խոստացված նվերները չէ, որ «տեղ են հասնում»: Բայց ահա ամեն տարի Երեւանից ժամանած հաղորդավարներին նվերներ են շնորհվում այս կամ այն հովանավորի կողմից, չնայած, որ հրավիրված հաղորդավարների համար «Ընծա» վարելը աշխատանք է, ինչի դիմաց նրանք վարձատրվում են:

Ժյուրիում ամեն տարի ընդգրկված են լինում մեծամասամբ հայկական էստրադայի ներկայացուցիչները: Երգիչ-երգչուհիներն ամեն մրցանակային օր իրենց կատարումներով օրինակ էին ծառայում մրցույթի մասնակիցներին, բայց չհամարձակվելով հանդես գալ կենդանի կատարմամբ: Այն հարցին, թե անհարմար չէ՞ հանդես գալ ոչ կենդանի կատարմամբ,  բայց գնահատել կենդանի կատարումով հանդես եկող մրցույթի մասնակցին, երգչուհի Արմինկան այսպես պատասխանեց. «Ես եւ ժյուրիի կազմում ընդգրկված մյուս երգիչ-երգչուհիները սովոր ենք հանդես գալ կենդանի կատարմամբ: Ուղղակի ես հիմա ունեմ փոքր-ինչ առողջական խնդիր, եւ երեւի թե ընկերներս նույնպես, այդ պատճառով են ստիպված եղել ոչ կենդանի կատարմամբ հանդես գալ: Դա նորմալ է՝ այս ամենը հեռուստատեսությամբ նկարահանվում է»: Նույն այս պատճառաբանությունը հնչել էր անցյալ տարիներին՝ այլ երգիչների մատուցմամբ:

Պարզեցինք, որ մրցույթ-փառատոնին անդրադարձել են ընդամենը 3 ոչ տեղական լրատվամիջոցներ՝ http://www.reg-num.ru, http://www.narodru.ru, http://www.day.az  էլեկտրոնային կայքերը եւ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը՝ ի պաշտոնե:

Ինչպես հայտնի է, «Ընծա»-ն համահայկական է, եւ ամեն տարի մրցույթի աշխարհագրությունն ընդլայնվում է: Եվ կազմակերպիչները հպարտանում են հատկապես այն բանի համար, որ մրցույթի միջոցով Արցախն է գովազդվում: Սակայն դատելով Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող համերգաշարից, որը սփռվում է աշխարհով մեկ,  դժվար թե տեղին գովազդվի: «Ընծա» մրցույթ-փառատոնի համերգը եթերում ոչնչով չի տարբերվում այն բոլոր համերգներից, որոնք ցուցադրվում են ցանկացած հայկական հեռուստաալիքով, իսկ ընթերցելով համերգի վերջում տեղ գտած տիտրերը՝ մարդիկ «կհայտնաբերեն» Երգի պետական թատրոնը, Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, ԼՂՀ կառավարությունը, բայց ոչ երբեք արցախյան այն հաստատությունները, նաև ում ջանքերով է կայացել փառատոնը:

Ամենևին էլ մտադիր չենք ստվեր ձգել մրցույթ-փառատոնի  վրա, պարզապես անդրադարձանք մեր կարծիքով առկա թերացումներին միայնումիայն մի նպատակով՝ մրցույթն ավելի լավը տեսնելու նպատակով: Որպեսզի «Ընծան» ընծայվի ու հաճելի նվեր լինի շատերի համար:

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

——————————————————————————————-

Պատմություն

ԱՅՍ ԳՅՈՒՂԸ ՀԱՅԵՐԻՆՆ Է ԵՂԵԼ…

2005թ. ԼՂՀ ԿՄՍ նախարարությունը տպագրել է կենսաբան Ժորա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «Կենսաբանությունը առօրյա կյանքում» գիրքը, որը լավ ընդունվեց ընթերցողների կողմից: Գիրքը արցախյան բնաշխարհի  վայրի բույսերը կենցաղում եւ սննդի մեջ ճիշտ եւ արդյունավետ օգտագործելու մասին է: Ներկայումս  պատրաստ է տպագրության Ժ. Գրիգորյանի գրքի նոր հատորը: Բացի վերոնշյալից, գրքում առանձին գլուխներ են հատկացված կենսաբանության դասավանդմանը, դաստիարակությանը, բնապահպանությանը, ժողովրդական բժշկության դեղատոմսերին, ինչպես նաև մեզ պարտադրված պատերազմին: Գրքի անխտիր բոլոր նյութերն էլ կյանքի տարբեր բնագավառներում կենսաբանության կիրառելիության ու օգտակարության մասին են: Այնտեղ հետաքրքիր դրվագներ կան նաև Արցախի պատմության խորհրդային շրջանի մասին: Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում հատված այդ գրքից:

 

Ուսուցիչների կատարելագործման ինստիտուտի մեթոդիստների հիմնական աշխատանքը կատարվում է դպրոցում՝ դասալսում, քննարկում, որի ժամանակ երեւան են հանվում ուսուցչի դասավանդման դրական եւ բացասական կողմերը, օգնում, որպեսզի բարձրանա նրանց գիտելիքների մակարդակը եւ մեթոդական պատրաստականությունը: Նաև երևակվում է աշակերտների գիտելիքների մակարդակն ու ծրագրերի պահանջներին համապատասխանության աստիճանը:  Մեթոդիստը նաեւ դասընթացներ եւ այլ միջոցառումներ է անցկացնում՝ դպրոցներում ուսումնադաստիարակչական աշխատանքների բարձր մակարդակը ապահովելու համար:

Երբեմն էլ չնախատեսված աշխատանքներ էինք կատարում: Օրինակ, մի անգամ մարզժողկրթբաժնի վարիչը, իր մոտ կանչելով մեթոդիստների եւ բաժնի տեսուչների մի խումբ (թվով 12 մասնագետ), տեղեկացրեց. «Մարտակերտի շրջանի Բաշ Գյունեփայայի դպրոցում լարված իրավիճակ է ստեղծվել՝ ուսուցիչների ճնշյալ մեծամասնությունը նորանշանակ տնօրեն Շուքյուր Թալըբովին ստիպում է դիմում գրել գործից ազատվելու մասին, իսկ ծնողական կոլեկտիվն էլ, ընդհակառակը, ուզում է տնօրենի պաշտոնում տեսնել միայն նրան: Խնդրում եմ ստուգել դպրոցում ընդհանուր վիճակը եւ տեղեկանք ներկայացնել մարզժողկրթբաժնին»:

Առավոտը ծեգին մարզժող-կրթբաժնի միկրոավտոբուսը մեզ հասցրեց գյուղ: Առաջին տպավորությամբ ինձ համար զարմանալի էր, որ 10-րդ դասարանի աշակերտները շատ ուրախ էին պահում իրենց: Մտածեցի, որ, կարող է, քիմիա եւ կենսաբանություն առարկաները շատ են սիրում, այդ դասերին լավ են պատրաստվել եւ մեթոդիստի մոտ ուզում են իրենց ցույց տալ, կամ էլ ընդհակառակը՝ ուսուցիչն իրենց չի բավարարում եւ նրանք կարծում են, որ մեթոդիստը կբացահայտի դա եւ հետո կբարելավվի վիճակը: Կամ միգուցե այլ պատճառ կա:

Դասը վարեց ինքը՝ դպրոցի տնօրենը: Նա ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը եւ երկու տարի շարքային ուսուցիչ աշխատելուց հետո նշանակվել տնօրեն:

Դասի սկզբից էլ պարզ դարձավ, որ ուսուցիչը լավ է աշխատել աշակերտների հետ. մի աշակերտուհի անցած դասի թեման պատմեց, իսկ երեք աշակերտներ էլ լուծեցին ուսուցչի առաջադրած խնդիրները: Ես միայն ուրախանում էի, որ ադրբեջանական գյուղական դպրոցում այդպես լավ քիմիական խնդիրներ են լուծում: Հանկարծ մի աշակերտուհի խնդրեց ուսուցչին. «Էն խնդիրը լուծենք»: Աշակերտներից մեկը սկսեց գրատախտակին գրել խնդրագրքի 7-25 խնդիրը: Հիշում եմ, այդ խնդիրը անհարմար դրության մեջ էր գցել ուսուցիչների կատարելագործման ինստիտուտի նախկին մեթոդիստ, իմ մոտիկ ընկեր Էդուարդ Միրզոյանին: Դասընթացի մասնակիցները առաջարկել են լուծել այն, բայց չի ստացվել…

Խնդիրն ունի հետեւյալ բովանդակությունը. «100գ մասսա ունեցող երկաթաթիթեղը ընկղմեցին պղնձարջասպի լուծույթի մեջ: Պղնձով ծածկված թիթեղը լվացին, չորացրին եւ նորից կշռեցին: Պարզվեց, որ նրա մասսան այժմ հավասար է 101.3գ: Քանի՞ գրամ պղինձ է նստել թիթեղի վրա»: Շատ հեշտ թվացող այս խնդիրը լուծելու համար խոր դատողություն է պահանջվում, իսկ այդպիսի դատողություն Շուքյուրի աշակերտներն ունեին, որի շնորհիվ էլ մի թեթև «ուղղություն ստանալուց» հետո բոլորը լուծեցին խնդիրը: Ես արդեն համոզված էի, որ աշակերտների այսքան խելոք լինելը միայն լավ ուսուցիչ ունենալու հանգամանքով չէ պայմանավորված, մի ուրիշ գործոն էլ գոյություն ունի…

Այսօրվա պես հիշում եմ՝ 10-րդ դասարանում կար 18 աշակերտ. 15 աղջիկ և 2 տղա: Նրանք բոլորն էլ այնքան էին ինձ հետ մտերմացել, որ չէին ուզում ինձանից բաժանվել: Դրա համար էլ բոլորը խնդրեցին իրենց ուսուցչին՝ դասացուցակում 5-րդ ժամով նախատեսված «Կենսաբանություն» առարկան միշտ այդ օրը պարապել, 3-րդ ժամին՝ ռուսաց լեզվի փոխարեն: Շուքյուրն իսկույն համաձայնվեց եւ գնաց ուսուցչանոց՝ աշակերտների խնդրանքը կատարելու համար:

3-րդ ժամը՝ կենսաբանությունը, ավելի հետաքրքիր անցավ: Շուքյուր մուալիմը դասարանը հանձնեց ինձ, ես դասարանի աշակերտներին հարցեր էի տալիս՝  նրանց գիտելիքների մակարդակը բացահայտելու համար, իսկ իրենք էլ ինձ էին հարցեր տալիս՝ իրենց  իմացածը լրացնելու համար: Մի աղջիկ չէր հավատում, որ կենդանիներից կարող է բնական ընտրությամբ այսքան խելոք տեսակ՝ բանական մարդ առաջանալ: Երբ ես մարդու օրգանիզմի կառուցվածքը համեմատեցի կաթնասունների օրգանիզմի հետ, նա համոզվեց:

Գյուղական այս դպրոցից ամեն տարի 2-3 շրջանավարտ էր ընդունվում Բաքվի բժշկական ինստիտուտ: Անչափ հաճելի էր այդ դասարանում (նաեւ այդ դպրոցում) դաս լսելը, որտեղ սովորողները ամեն կերպ ձգտում էին կյանքում կիրառելի գիտելիքներ ձեռք բերել: Մարզի գրեթե ադրբեջանական բոլոր դպրոցներում դասեր եմ լսել, ոչ մի տեղ այդպիսի աչքաբաց, գիտելիքներով հետաքրքրվող աշակերտների չեմ հանդիպել: Աշակերտների հետ աշխատելիս մեր միջեւ շատ արագ առաջացած ջերմ մթնոլորտը անընդհատ լավանում եւ աշխուժանում էր: Այս երեւույթը ինձ, իրոք, խորհելու տեղիք էր տալիս…

Վերջանում է 3-րդ ժամը: 10-րդցիներից լավ տպավորություն ստացած՝ տնօրենի հետ միասին ուսուցչանոց ենք մտնում: Ինձ է մոտենում մեր խմբի ադրբեջանցի մեթոդիստը՝ Շուրա Մամեդովան,  որն ադրբեջաներեն լեզվի եւ գրականության մասնագետ է: Երկար ժամանակ նա մարզային ռադիոյի ադրբեջանական բաժնի հաղորդավար էր, հետո, որպես լավ մասնագետ, տեղափոխվեց մարզժողկրթբաժին՝ որպես մարզժողկրթբաժվար Սարգիս Արամյանի տեղակալ: Մեզ հետ ազատ խոսում էր Ղարաբաղի բարբառով, ուներ լավ բնավորություն, ոչ ոք չէր զգում, որ մեր կողքին ադրբեջանուհի է (ի դեպ, նա ներկայումս բնակվում է Բաքվում): Նրա մոտ մի լավ սովորություն էր ձեւավորվել. երբ ադրբեջանական դպրոցի գործուղումից վերադառնում էի, նա միշտ ինձ մոտ էր գալիս ու հարցնում. «Ինչպե՞ս էր վիճակը դպրոցում», իսկ այստեղ, իմանալով, որ արդեն 2 դաս եմ լսել, հարցրեց. «Ի՞նչ ես նկատել այս դպրոցում»:

– Մարզի ամենալավ, ամենաառաջավոր դպրոցներից է,- ասացի,- աշակերտների մոտ կա լավ ձգտում դեպի ուսում, շատ սիրում են քիմիան եւ կենսաբանությունը, գեղեցիկ, մաքուր եւ լավ հագնված երեխաներ են:

– Էլ ի՞նչ ես նկատել,- չբավարարվելով իմ պատասխանով, շարունակեց նա:

– Կարգապահ աշակերտներ են, դաստիարակված:

– Է՞լ ինչ, է՞լ ինչ…

– Ես իմ իմացածն ասել եմ, մնացածն էլ դու ասա,- տարակուսած ասացի:

– Ընկեր Գրիգորյան, չե՞ք նկատել, որ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների մեծ մասը արտաքին տեսքով նման են հայերին: Խնդրում եմ աչքի տակով, աննկատ նայեք ուսմասվարին՝ հագուստը, դեմքը, աչքերը…

– Ես այդ հանդիպման առաջին րոպեներին եմ նկատել, նաեւ զգացել եմ, որ աշակերտների մտածելակերպը, շարժուձեւը, ծիծաղելը, խոհուն աչքերը պարզապես հոգեհարազատ են: Մանավանդ՝ արծվաքիթությունը:

Շուրան զարմացած հարցրեց.

– Իսկ կենսաբանությունը կարո՞ղ է օգնել՝ բացահայտելու այդ երեւույթի պատճառները:

– Իհարկե,- պատասխանեցի:- Մարդու գենոտիպը /արտաքին հատկանիշների միակցությունը/ ձեւավորվում է իր գեների եւ արտաքին պայմանների ներգործության հիման վրա: Հիշո՞ւմ եք Շուշիից Ստեփանակերտ եկած հայ կանանց՝ ինչքան էին նման ադրբեջանցիներին, տեսնո՞ւմ եք Ռուսաստանում ապրող հրեաները ինչքան են նման ռուսներին: Նրանք երկար ժամանակ ապրել են միանման կլիմայական, կենցաղային պայմաններում, սկսել են իրար նմանվել: Իսկ այստեղ էլ բնակիչները ապրել են հայկական միջավայրում, Մարտակերտի շրջանում, այդ պատճառով նման են հայերին, բայց չի բացառվում, որ ուրիշ պատճառներ էլ լինեն՝ զուտ գենային պատճառներ…

Երկար դասամիջոցից հետո դասալսումները շարունակեցինք, պարզվեց, որ առանց բացառության բոլոր մեթոդիստներն էլ գոհ են դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների մակարդակից: Դասերը վերջանալուց հետո հյուրերը բաժանվեցին երկու խմբի. մի խմբին ճաշի հրավիրեց ուսմասվարը, իսկ մյուսին՝ տնօրենը:

Դպրոցից գյուղ բարձրանալիս մեր ուշադրությունը գրավեց կիսավեր հայկական եկեղեցին՝ չնայած գյուղում ոչ մի հայ բնակիչ էլ չկա: Եկեղեցու պատերից հանված են բոլոր այն քարերը, որոնց վրա տառեր կամ խաչեր են եղել: Եկեղեցու կողքին, ճանապարհի տակ, խոշոր ընկուզենիներ կային՝ մոտավորապես մինչեւ 300 տարեկան /ընկուզենիներն ապրում են 400-500 տարի/: Իսկ Բաշ Գյունեփայան այնքան էլ հին գյուղ չէ՝ 200-250 տարեկան:

Տնօրենի տունը գտնվում էր գյուղի ամենավերեւի մասում, հենց բլրի վրա: Մեզ լավ ընդունեց նրա հայրը՝ Մուսեիբ քիշին՝ արտակարգ բարի մի մարդ, բոլորիս հետ ձեռքով բարևեց, իսկ ամենահասակավոր մեթոդիստ Թեմուր Ամիրջանյանի հետ գրկախառնվեցին: Մուսեիբ քիշին մաքուր սրտով երախտագիտություն հայտնեց հայ մեթոդիստներին՝ գյուղի ուսուցիչներին օգնելու, դպրոցում եղած թերությունները վերացնելու, երեխաների ուսուցման եւ դաստիարակության գործն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Վաստակաշատ մեթոդիստ Թ. Ամիրջանյանը շատ ճիշտ կռահեց իր հասակակից Մուսեիբի միտքը. «Մեր գործն այնքան էլ շատ չէ ձեր դպրոցում, տղադ լավ է կազմակերպում դպրոցի բոլոր աշխատանքները, մեր մարզի ադրբեջանական դպրոցներում առաջին տեղն է գրավում՝ երեխաներին խոր եւ կայուն գիտելիքներ տալու առումով: Շատ ուսուցիչներ դժվար են ընդունում Շուքյուրի պահանջկոտությունը, բայց դա սխալ է՝ պահանջկոտությունն արդեն տվել է իր արդյունքները»:

Տողերիս հեղինակը բաց չթողեց հարմար պահը և հարցրեց.

– Մուսեիբ քիշի, դուք երևի նկատել եք, որ ձեր գյուղի բնակիչների մեծ մասը արտաքին տեսքով նման են հայերին, կարո՞ղ եք ասել, թե որն է դրա պատճառը:

Բարի ծերունին երկար չմտածեց եւ սկսեց պատմել. «Մեր տունը մեքենա չէր գալիս, տեսնում եք դիքը, էս ճանապարհը (ձեռքով ցույց է տալիս) նոր է կառուցվել, շրջանի ղեկավարները իրենք են օժանդակել կառուցելու այն, որպեսզի ոտքով չգան: Դժվար է եղել ճանապարհի կառուցումը, որովհետեւ ձորով է անցել, քերծեր են քանդվել… Բուլդոզերը ձորը քանդելիս հանդիպել է մարդու ոսկորների՝ մեծ քանակությամբ: Պատմում են, որ գյուղը հայկական է եղել, մերոնք գրավել են, արական սեռի բոլոր բնակիչներին սպանել, լցրել ձորի մեջ եւ հողով ծածկել… Այս մասին ոչ մի տեղ չի գրվել, ոչ ոք չի գրել, դա գրելու բան էլ չի, որ գրեն, մարդիկ բանավոր պատմել են եւ այդպես հասել է մեզ: Այնպես որ, գիտեինք դրա մասին, իսկ ճանապարհը կառուցելիս էլ իմացանք, թե մարդկանց որտեղ են թաղել: Մերոնք շատ վատ բան են արել:

Մուսեիբ քիշու պատմածը կտրուկ փոփոխություն առաջացրեց բոլոր մեթոդիստների հոգեվիճակում,  չէինք կարողանում առաջին օրվա եռանդով ու տրամադրությամբ դաս լսել: Նկատեցի, որ փոխվել էր նաեւ Շուրայի տրամադրությունը, հիշում եմ նրա կարեկցական խոսքը. «Ժորա մուալիմ, ինչքան լավ կլիներ, եթե այդ միջադեպը չլիներ»:

Արդեն ամեն ինչ պարզ էր մեզ համար: Հիշենք մարդկանց մոտ հատկանիշների՝ ծնողներից երեխաներին ժառանգման /փոխանցման/ մի քանի կարեւոր օրենք-օրինաչափություններ: Մորից երեխաներին են անցնում մարմնի արտաքին ձեւը, հասակը /բոյը/, երեխաները հիմնականում հորից են ժառանգում մտավոր ունակությունները, երկու ծնողներից էլ երեխաներին են ժառանգվում մաթեմատիկական եւ երաժշտական ունակությունները եւ այլն:

Այսպիսով, Բաշ Գյունեփայա գյուղում բնակիչների մեծ մասը նման է հայերին այն պատճառով, որ ադրբեջանցիները հայ տղամարդկանց անխտիր ոչնչացնելուց հետո հայ աղջիկների, հարսերի, կանանց հետ ստեղծել են խառը ամուսնություններով ընտանիքներ: Այդ ընտանիքներում ծնված երեխաները, հասկանալի է, նմանվում են մայրերին /հայերին/: Քրոմոսոմներում այդ գեները միշտ էլ կմնան  եւ նրանց միջոցով առաջացած հատկանիշներն էլ կպահպանվեն: Մեզ համար անչափ ցավալի է. հայկական գյուղում նշված աննախադեպ բնույթի կոտորածը տեղի է ունեցել մոտ 200 տարի առաջ, բայց հիմա էլ շարունակում են նրանց ընտանիքներում հայատիպ երեխաներ ծնվել: Ես համոզվել եմ, որ այս բոլորի մասին քաջ գիտեն իրենք՝ այդ երեխաները:

Դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների ուսումնասիրությունը ավարտեցինք 3-րդ օրը: Մանկավարժական խորհրդի նիստում ելույթ ունեցան բոլոր մեթոդիստները, բոլորն էլ գոհ մնացին դպրոցում տարվող աշխատանքներից: Ուսուցիչներն էլ շնորհակալություն հայտնեցին մեթոդիստներին՝ իրենց առարկայական եւ մեթոդական օգնություն ցուցաբերելու համար:

Այդ օրերից անցել է ավելի քան քսան տարի, հիշողությանս մեջ մինչեւ հիմա մնում են Բաշ Գյունեփայայի ադրբեջանցի աշակերտները, որոնց արյունատար անոթներում հայկական արյուն կա խառնված, իսկ ԴՆԹ-ի մոլեկուլներում՝ հայկական գեներ: Չեմ մոռանում նաեւ այն վերջին պահերը, երբ բարձր դասարանի աշակերտները արտասվախառն դեմքերով եկել էին մեզ ճանապարհ դնելու՝ կարծես աղերսում էին, որ իրենց էլ բերենք մեզ հետ…

Ավարտելով հոդվածս՝ խորհուրդ եմ տալիս քաղաքագետներին, լրագրողներին (ու հատկապես Թոմաս Դե Վալին), բոլոր նրանց, ովքեր այս կամ այն տարածքի, բնակավայրի պատկանելությունն են ուսումնասիրում՝ հենվեք իրական փաստերի ու գիտության, եւ հատկապես կենսաբանության վրա:

Ժորա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s