№ 11 / 30 հունիս

ԾՆՈՂՆԵՐԻՆ ՉԵՆ ԸՆՏՐՈՒՄ

Վերջերս տեղական մի կազմակերպության հրավերով Արցախում հարցում է անցկացրել երևանյան «հայտնի» սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թե կոնկրետ ով է հրավիրել, որքանով է այդ հարցումը անաչառ, դա հարցի մեկ այլ կողմն է, որի վրա չէ, որ ուշադրություն եմ ուզում հրավիրել: Ահարոնը մի ահավոր բան է ասել, այն է՝ ղարաբաղյան հասարակությունը պապայի կարիք ունի, և որ թեկնածուներից մեկը, որը, ըստ նրա, անցողիկ թեկնածու է, հենց պապայի հեղինակություն ունի:

Մասիս Մայիլյանը, ասում է նա, այդ թեկնածուին գերազանցում է կիրթ լինելու առումով, բայց դա գնահատում են հասկացող, գրագետ ընտրողները, որոնց տոկոսային հարաբերությունն, ըստ սոցիոլոգի, Ղարաբաղում մեծ չէ: Ասում է՝ նախագահի համար կիրթ, գրագետ, խելացի հատկանիշները Արցախում երկրորդ տեղում են:

Հասկանու՞մ եք, թե ինչ վիրավորանք է սա բոլորիս: Եւ կու՞լ ենք տալու սա: Նրա ասա՞ծն ենք ապացուցելու, թե՞ մեր պահվածքով հերքելու ենք դա:

Նախ՝ պապայի մասին: Մենք որբ չենք, որ պապա փնտրենք: Մեծ հայի ասած՝ մեր ժողովուրդը որբի գլուխ չէ, որի վրա սկսնակները վարսավիրություն սովորեն: Մենք պապա չենք ընտրում, որ մեկ-մեկ մեր ականջները ձգի, խրատական քոթակ տա և փափուկ տեղներիս խփի, վերջապես՝ մեկ-մեկ էլ փող տա: Մենք մեր ներկայացուցիչն ենք ընտրում մեզնից մեկին, որի հետ հավասարը հավասարի պես խոսելու ենք: Ով պապա է ուզում՝ թող դա չկապի ընտրությունների հետ: Ընդհանրապես՝ ծնողներին չեն ընտրում:

Դժվար է պատկերացնել, որ 88-ին մենք միացել, ցավից մղկտացել, բռունցքվել, զոհեր ենք տվել այն բանի համար, որ այսօր պապա ունենանք, որ դա եղել է մեր ժողովրդի դարավոր տենչը: Սա անարգանք է մեր բոլորիս հանդեպ:

Եւս մի կարևոր հարցի՝ բարոյական արժեքների մասին: Լիովին համաձայն եմ գաղափարակից ընկերոջս, արցախյան շարժման ակտիվիստ ու նվիրյալ Ներսես Օհանջանյանի այն մտքի հետ, որ մենք այս ընտրություններում ոչ այնքան մարդ ենք ընտրելու, որքան բարոյական արժեքներ, կոնկրետ արժեհամակարգ: Եւ դա, իրոք, այդպես է՝ ընտրությունները ցույց են տալու, թե մենք ինչ արժեքների ենք նախապատվություն տալիս, մենք ընտրելու ենք, թե որ արժեքները, որ հատկանիշներն են քննադատելի ու անընդունելի և որոնք՝ խրախուսելի և օրինակելի:

Այո, ամենից առաջ մենք արժեքներ ենք ընտրելու: Ուրեմն՝ բարեկրթություն և առաքինությու՞ն ենք ընտրում, թե այլ բան, առողջ ապրելակե՞րպ ենք ընտրում, թե այլ բան, պապա՞ ենք ընտրում, թե՞ ներկայացուցիչ:

Ու մեր ընտրությամբ էլ ցույց ենք տալու՝ բարեկի՞րթ մարդիկ են Արցախում գերակշռում, թե՞ հակառակը:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————-

Լրահոս

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը, նախագահ Արկադի Ղուկասյանը հունիսի 28-ին ընդունել է հայ եւ ադրբեջանցի մտավորականների պատվիրակությանը: Այդ հանդիպման ուշագրավ եւ, թերեւս, անակնկալ նրբերանգն այն է, որ պատվիրակությունը գլխավորում են Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանները: Ադրբեջանի դեսպանի այցելության հանգամանքը կարելի է համարել նույնիսկ իբրեւ քաղաքական սենսացիա, այն առումով, որ ադրբեջանցի պաշտոնյան փաստորեն հանդիպում է ունենում Ղարաբաղի նախագահի հետ: Անկախ այդ հանդիպման ձեւաչափից` պաշտոնական, թե ոչ պաշտոնական, միեւնույն է, Ադրբեջանի դիվանագետի հանդիպումը Ղարաբաղի նախագահի հետ փաստացի նշանակում է երկկողմ շփում պետական մակարդակով:

Իսկ պատվիրակության հետ Արկադի Ղուկասյանը քննարկել է հակամարտության կողմերի միջեւ երկխոսության հաստատման անհրաժեշտությունը: Արկադի Ղուկասյանը ընդգծել է դեսպանների նախաձեռնության կարեւորությունը, նշելով, որ դա կարող է հակամարտության կարգավորման շուրջ ձեւավորել առողջ եւ կառուցողական մթնոլորտ: ԼՂՀ նախագահը կրկին հաստատել է Ղարաբաղի դիրքորոշումը, որ արհեստականորեն պարտադրվող ատելությունն ու պատերազմի կոչերը միայն խանգարում են խնդրի լուծմանը:

«Լրագիր»

ԼՂՀ ԱԳՆ-ն նոտա է հանձնել ԵԱՀԿ դեսպանին

Հունիսի 27-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը նոտա է հանձնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, որում մտահոգություն է հայտնել ԼՂՀ-ի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի երկայնքով ադրբեջանական կողմից հաճախակի դարձած հրդեհումների կապակցությամբ:

Նկատի առնելով այն հանգամանքը, որ անցած տարի ԼՂՀ սահմանամերձ տարածքներում բռնկված հրդեհները վնաս են հասցրել հանրապետության էկոնոմիկային ու շրջակա միջավայրին,  վտանգել մարդկանց առողջությունն ու անվտանգությունը, ԼՂՀ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ` պահանջելով ճգնաժամ-դիտարկումներ անցկացնել սահմանամերձ գոտում:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ժամանակին միջամտությունը հնարավորություն կտա կանխարգելել  անցած տարվա իրավիճակը, ինչն Ադրբեջանի իշխանությունների կողմից շահարկվել է, մասնավորապես, քարոզչական նպատակներով և դարձել խաղաղ գործընթացը ապակայունացնող ևս մեկ գործոն:

28.06.07

ԼՂՀ ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Նախագահական ընտրությունների օրը ԼՂՀ քաղաքացիները քվեարկելու են գործող «կապույտ» անձնագրերով: Այս մասին նշել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը: Նա նաեւ ավելացրել է, որ այն քաղաքացիները, ովքեր դեռ չեն փոխանակել խորհրդային տարիներին տրամադրված հին անձնագրերը, նույնպես հնարավորություն կունենան քվեարկել, հայտնում է http://www.karabakhopen.com կայքը:

Մեր տվյալներով, հանրապետությունում արդեն բաժանվում են նոր, «կարմիր» անձնագրեր: Իսկ թե այդ անձնագրերով քաղաքացիները կկարողանա՞ն քվեարկել, թե՞ ոչ, դեռ պարզ չէ: Համենայնդեպս, ԿԸՀ նախագահն ասել է, որ նոր անձնագրերի մասին տեղեկություն չունի:

Մ. ՄԱՅԻԼՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի նախընտրական շտաբից, հունիսի 27-ին այստեղ կայացել է Մ. Մայիլյանի հանդիպումը  Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, ֆրանսիական «Բնակչություն եւ ապագա» ամսագրի գլխավոր խմբագիր Ժերար-Ֆրանսուա Դյումոնի եւ «Լե Մոնդ Դիպլոմատիկ» հանդեսի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ թղթակից Ֆլորանս Մարտիրոսյանի հետ: Արտասահմանյան փորձագետների հետ քննարկվել են առաջիկա նախագահական ընտրությունների և եվրոպական չափանիշներին դրանց համապատասխանության հնարավորությանն առնչվող հարցեր: Հյուրերը հետաքրքրվել են նաև ղարաբաղյան կարգավորման խնդրում թեկնածուի ունեցած դիրքորոշմամբ:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԵՏ

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի նախընտրական շտաբից, հունիսի 23-ին Մ. Մայիլյանը հանդիպում է ունեցել Ստեփանակերտ ժամանած հայտնի քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր, առանձնակի ուշադրություն է դարձվել նորանկախ երկրում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ապահովման անհրաժեշտությանն ու այս կտրվածքով առկա հիմնախնդիրներին: Ընդգծվել է, որ հայոց աշխարհի այս հատվածում անցկացվող ընտրությունները համահայկական նշանակություն ունեն:

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՈՐԵՎԷ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՉԻ ՊԱՇՏՊԱՆԻ

«Դաշինք» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, թե «վերջին շրջանում տարբեր ԶԼՄ-ներով լուրեր են տարածվում այն մասին, որ Սամվել Բաբայանը Արցախի նախագահի առաջիկա ընտրություններում պաշտպանում է այս կամ այն թեկնածուին: Արցախում ներկայումս գրանցված բոլոր թեկնածուների հետ Ս.Բաբայանը ժամանակին ունեցել է աշխատանքային բնականոն հարաբերություններ: Սակայն Սամվել Բաբայանը դեռ 1990-ական թվականներին հայտարարել է եւ հիմա էլ պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի այն բնակիչները, ովքեր տեղափոխվել են Արցախից, իրավունք չունեն խառնվելու Արցախի ներքին գործերին: Ս.Բաբայանը 2004 թվականի աշնանից որեւէ կերպ չի միջամտում Արցախի ներքաղաքական զարգացումներին եւ նման նպատակներ ներկայումս էլ չունի: Ուստի` այս կամ այն թեկնածուին պաշտպանելու մասին բոլոր խոսակցությունները ապատեղեկատվություն են:

Տեղեկացնում ենք նաեւ, որ 2007 թվականի մայիս ամսին «Դաշինք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել Արցախի նախագահի առաջիկա ընտրություններում որեւէ մեկի թեկնածությունը չպաշտպանելու վերաբերյալ»,- ասված է Դաշինք կուսակցության լրատվականի հաղորդագրության մեջ:

ԱԺԿ-Ն ԿՍԱՏԱՐԻ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հունիսի 24-ին կայացավ Արցախի ժողովրդավարական կուսակցության արտահերթ համագումարը: Օրակարգի միակ հարցը վերաբերում էր հուլիսի 19-ին կայանալիք ԼՂՀ նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշմանը: Հանրագումարի բերելով կուսակցության կենտրոնական խորհրդի, քաղաքային ու շրջանային կառույցների տեսակետները՝ համագումարում ներկայացվեց ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո Սահակյանին սատարելու դիրքորոշումը:

ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձավ ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո Սահակյանի նախընտրական ծրագրերին՝ նշելով, որ որեւէ ծրագիր չի կարող դեղատոմս հանդիսանալ երկրում առկա բոլոր հիմնախնդիրների լուծման համար: Սակայն Բակո Սահակյանի ծրագրերն, այս առումով, վստահություն են ներշնչում:

Ընդգծելով երկրի կայացման գործում կուսակցության դերը՝ ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանը նշեց, որ կուսակցության վերջին 3 տարվա գործունեությունը կամփոփվի գալիք տարում կայանալիք հերթական համագումարի ժամանակ:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ 

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում «Դեմո» հանրային թերթն իր էջերը տրամադրում է վճարովի հիմունքներով քաղաքական գովազդի համար: Խմբագրակազմն ընդունել է վճարովի գովազդի միասնական գնացուցակ:

«Դեմո»

——————————————————————————————-

Oրինապահություն

ՄԵԾ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնի է, արմատական ընդդիմություն հանդիսացած երկու քաղաքական ուժեր՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Շարժում-88» կուսակցությունը պաշտպանել են միասնական թեկնածուին, այսինքն՝ նախագահական ընտրություններում փաստորեն դաշինք են կազմել իշխանամետ ուժերի հետ: Առիթ ենք ունեցել ասելու, որ սա քաղաքական դաշտի զարգացումների դասական տրամաբանությունից դուրս է և լուրջ վնաս է նույն դաշտի կայացմանը: Սակայն, ինչ եղել է՝ եղել է, այսօր ուզում եմ այլ հանգամանքի վրա ուշադրություն դարձնել:

Նման անսովոր իրավիճակում հայտնվելը լուրջ, շատ լուրջ փորձություն է ընդդիմադիր այս երկու կուսակցությունների և ընդհանրապես ընդդիմության ապագայի համար: Այս իրավիճակից պատվով դուրս գալու միակ ճանապարհը նշյալ կուսակցությունների կողմից ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների երաշխավորմանն ըստ ամենայնի հետամուտ լինելն է:

Եթե ընտրություններում լուրջ օրինախախտումներ լինեն, ապա, բնականաբար, դրանց համար պատասխանատվության իրենց բաժինն են ունենալու նաև նշյալ երկու քաղաքական ուժերը, անկախ այն բանից՝ նրանց ներկայացուցիչներն անմիջական մասնակցություն ունեցե՞լ են այդ խախտումներում, թե՞ ոչ: Պատկերացնու՞մ եք այսպիսի խայտառակություն՝ ասվի, որ ընդդիմությունը կեղծել է ընտրությունների արդյունքները: Բնականաբար, հետագա բոլոր ընտրություններում խաչ է դրվելու ընդդիմության հաջողության վրա, և օրինականության պահպանման՝ ընդդիմադիրների ցանկացած ձգտում պարզապես ծիծաղ է առաջացնելու: Մարդիկ ասելու են՝ դե, ով որ այնտեղ է հայտնվում՝ կեղծում է, դուք ինչով եք տարբերվում: Ու վերջ՝ ֆինիտա լա կոմեդիա:

Այնպես որ՝ ՀՅԴ-ն և «Շարժում-88»-ը պարտավորված են գերագույն ջանքեր թափելու ընտրությունների օրինականությունն ըստ ամենայնի պահպանելու համար, և ուրախալի է, որ գիտակցում են դա: Այսպես գոնե արդարացված կլինի նրանց այսօրվա դիրքը, և միանշանակ ազատ ու արդար ընտրությունների նախադեպի ստեղծումը կլինի այն իմաստավորվածությունը, որ կարդարացնի նրանց այսօրվա կեցվածքը: Թեև նույն ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը նրանք արդեն մի լուրջ հարված հասցրել են: Խոսքը այլընտրանքի հնարավորությունը սահմանափակելու մասին չէ, այլ այն մասին, որ նրանց այսօրվա կեցվածքի պատճառով Կենտրոնական ընտրական և մյուս բոլոր հանձնաժողովների անխտիր բոլոր անդամները միասնական թեկնածուին աջակցող ուժերի ներկայացուցիչներ են, ինչն անառողջ երևույթ է:

Սակայն այս ընտրությունները փորձություն են լինելու ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունների համար: Պակաս փորձություն չեն դրանք լինելու կառավարող՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության համար: Այս քաղաքական ուժը հիմնական պատասխանատուն է վերջին տարիների վիճակի համար և տեր է թե ձեռքբերված հաջողություններին, թե առկա անհաջողություններին: Կառավարման ամենահարուստ փորձ և անհամեմատ մեծ ռեսուրսներ ունեցող սույն կուսակցությունը զարմանալիորեն այս ընտրություններում սեփական թեկնածու չի առաջադրել: Սա կրկնակի պարտավորեցնում է ԱԺԿ-ին լինելու քաղաքակիրթ ընտրությունների հիմնական երաշխավոր, որովհետև ոչ մի այլ քաղաքական ուժ նման առաքելության համար այդքան լծակներ չունի:

Փորձությունից անմասն չէ նաև «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որն էլ միասնական թեկնածուի հիմնական հենարանն է: Կարծում եմ, այս քաղաքական ուժի համար պատվո խնդիր ու կայացածության և զորության վկայություն պիտի լինի արդար ընտրությունների անցկացման միանշանակ ձգտումը:

Բայց ամենամեծ փորձությունն, այնուամենայնիվ, ընտրողների համար է:

Հուսով եմ, որ բոլորին է հասու այն ճշմարտությունը, որ միասնական նախագահը լինելու է նա, ով ընտրվելու է ազատ ու արդար ընտրություններում:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՆՊԱՏԱԿԸ ՉԻ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Առաջիկա նախագահական ընտրություններում մեր երկրի ու ժողովրդի համար գերագույն արժեքը քաղաքակիրթ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է, որից ածանցյալ է քաղաքական պայքարը և այն, թե ով է լինելու երկրի հաջորդ նախագահը:

Բնական է, որ հիմնական թեկնածուների կողմնակիցները համոզված են, որ հենց իրենց թեկնածուն է ամենաարժանին, և որ միայն նա կարող է երկիրն առաջնորդել դեպի զարգացում և բարգավաճում: Սակայն այստեղ շատ ավելի կարևոր է, թե ինչպես է այդ թեկնածուն հայտնվելու երկրի ղեկի մոտ: Ցանկացած գնով այդ նպատակին հասնելը ի չիք է դարձնելու նույն այդ զարգացումն ու բարգավաճումը: Որովհետև նպատակը չի արդարացնում միջոցները: Միջոցները պիտի հարիր ու համահունչ լինեն նպատակին: Հնարավոր չէ բռնապետական մեթոդներով պայքարել հանուն ժողովրդավարության: Մեր ոչ հեռավոր անցյալում նման դառը փորձ մենք արդեն ունենք:

Ինչ խոսք, սա վերաբերում է բոլորին՝ և միասնական թեկնածուի, և նրա հիմնական մրցակցի կողմնակիցներին: Խախտումը խախտում է, ապօրինի միջոցները ապօրինի՝ ով էլ որ դրանք հեղինակած լինի: Պարզապես կա մի պարզ ճշմարտություն՝ որպես կանոն, ազատ և արդար ընտրությունների հիմնական վտանգը գալիս է նրանցից, ովքեր տիրապետում են առկա լծակներին, այսինքն՝ գործող իշխանություններից: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ գործող իշխանությունն այս ընտրություններում պաշտպանում է «միասնական թեկնածուին»: Ուրեմն այս կտրվածքով էլ պիտի դիտարկվի հարցը, այսինքն՝ վտանգի չափի համադրելիության կտրվածքով:

Արդեն այսօր տեսանելի են մի շարք լուրջ խախտումներ, որոնցից հիմնականը ցավագնորեն ծանոթ հիվանդությունն է՝ վարչական ռեսուրսների օգտագործումը, այն է՝ իշխանական լծակների, տեղական ինքնակառավարման մարմինների, վարչակազմերի և այլնի ազդեցությունը ընտրողների վրա: Հենց «վարչական ռեսուրս» կոչվող այս «հրեշի» սանձահարման հնարավորություններից է կախված լինելու արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը: Իսկ դա հնարավոր է, եթե հանրությունը քաղաքացիական գիտակցություն ու կամք դրսևորի:

Հենց նման կոչով էլ դիմում ենք հանրությանը:

«Դեմո»

Սե լյա վի
ԲՈՂՈՔ ԸՆԴԴԵՄ ԱՊՕՐԻՆԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ

Հունիսի 20-ին՝ քարոզարշավի առաջին օրը, հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվել է «Ինչ անել» թերթի խմբագիր Մուրադ Պետրոսյանի հեղինակային հաղորդումը, որտեղ նա քարոզչություն է արել թեկնածու Բակո Սահակյանի օգտին և հակաքարոզչություն՝ մեկ այլ թեկնածուի՝ Մասիս Մայիլյանի դեմ: Ընդ որում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հանրային հեռուստատեսության համար սահմանված եթերաժամից դուրս, ինչը օրենքի կոպիտ խախտում է: Այս առթիվ խմբագրություն է դիմել արցախյան շարժման ակտիվիստ, ճանաչված գործիչ Գրիգորի Աֆանասյանը.

-Ես՝ Գրիգորի Աֆանասյանս, որպես մարդ և քաղաքացի, վրդովված եմ Մուրադ Պետրոսյանի ելույթով: Ինձ վրդովեցրել է ոչ միայն այն, թե ինչպես է նա ապօրինի քարոզչություն և հակաքարոզչություն անում, այլ նաև այն, թե նա ինչպես է անհարկի օգտագործում և շահարկում մեր ժողովրդի խորհրդանիշերից մեկի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի անունը: Պատմելով, թե ՀՀ նախագահն իբր թե ճանաչողական այցի նպատակով իր մոտ է հրավիրել Բակո Սահակյանին, Մ. Պետրոսյանը դա գնահատում է որպես Ռ. Քոչարյանի միանշանակ աջակցություն Բ. Սահակյանին, քանի որ «նույնկերպ Ռ.Քոչարյանն իր մոտ չի հրավիրել Մ. Մայիլյանին»: Վրդովեցնում է նաև այն հանգամանքը, որ այդ ամենն ասվում է հանրային հեռուստատեսության եթերից, այն էլ՝ անօրեն ձևով: Հաղորդման մեջ գերակշռում էր մեր երկրի քաղաքացիների նկատմամբ ատելությունը: Ի՞նչ անել՝ սե լա վի…

Մ.ՄԱՅԻԼՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՎՃԱՐԵԼՈՒ ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀԱՄԱՐ

Ինչպես հայտնի է, ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել եւ հաստատել է նախագահի թեկնածուների համար նախատեսվող հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով եթերաժամի տրամադրման կարգը, վիճակահանության արդյունքներով սահմանվել են նաեւ անվճար և վճարովի եթերի տրամադրման ժամանակացույցը եւ հերթականությունը: Արցախի հանրային հեռուստատեսությամբ եթերաժամը հատկացվել է ժամը 20.00-ի լուրերի հիմնական թողարկումից հետո:

Սակայն քարոզարշավի հենց առաջին օրը՝ սահմանված եթերաժամով հինգ թեկնածուների քարոզչանյութերի հեռարձակումից հետո, սկսվել է Մուրադ Պետրոսյանի հեղինակային հաղորդումը, որում նա միանշանակ քարոզչություն է արել Բակո Սահակյանի օգտին և հակաքարոզչություն՝ Մասիս Մայիլյանի դեմ:

Խորապես շահագրգռված լինելով առաջիկա նախագահական ընտրությունների՝ քաղաքակիրթ չափանիշներին ու օրինականությանը համապատասխան լինելու մեջ և ձգտելով ի չիք դարձնել քարոզարշավի հենց սկզբից օրինականությունը կասկածի տակ դնելու ցանկացած փորձ՝ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի նախընտրական շտաբը դիմել է ԼՂՀ ԿԸՀ-ին, վերջինիս առաջարկելով պարզել, թե վերոնշյալ հաղորդման մեջ որքան ժամանակահատված է հատկացվել թեկնածուների քարոզմանն ու հակաքարոզմանը: Մ.Մայիլյանի նախընտրական շտաբը պատրաստակամություն է հայտնել վճարելու ԿԸՀ-ի պարզած եթերաժամի համար, համոզված լինելով, որ տվյալ միջադեպում գոնե այդկերպ կապահովվի օրինականությունը:

Դիմումը ստորագրել է Մ.Մայիլյանի նախընտրական շտաբի պետ Սերգեյ Քալանթարյանը:

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ Մ. ՄԱՅԻԼՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ  ՇՏԱԲԻ ՊԵՏ ՊՐՆ. ՍԵՐԳԵՅ  ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

Ի պատասխան ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձաժողովին հասցեագրված Ձեր դիմումի՝ հայտնում ենք, որ ԼՂՀ ընտրական օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր 2007թ. մայիսի 20-ի «Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով որպես թեկնածու գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների եւ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 35/135 եւ 2007 թվականի հունիսի 20-ի «ԼՂՀ Նախագահի 2007 թվականի հուլիսի 19-ի ընտրությանը մասնակցող թեկնածուներին նախընտրական քարոզչության ժամանակ   հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը եւ ժամանակացույցը սահմանելու մասին» թիվ 37/150 որոշումներով կանոնակարգել է թեկնածուների կողմից ԶԼՄ-ներով նախընտրական քարոզչություն իրականացնելու կարգը եւ հանրային հեռուստառադիոյի եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը, որը հիմնականում պահպանվում է:

Ինչ վերաբերում է ընդհանրապես հեռուստաընկերությունների ե ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի կատարման նկատմամբ վերահսկողությանը, ապա նշենք, որ ԼՂՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն այն իրականացնում է ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը:

Ելնելով վերոնշյալից, կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջարկել է ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին՝ առաջնորդվելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»  ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագայում Արցախի հանրային հեռուստատեսության կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումները կանխելու համար:

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝  Ս. ՆԱՍԻԲՅԱՆ

——————————————————————————————-

Արձագանք

ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է…

Ահարոն Ադիբեկյանը ներկայացրել է 1000 բնակչի շրջանում իրականացրած հարցում, որին, ի դեպ, 300-ը հրաժարվել են պատասխանել: Մայիլյանի միջինացված վարկանիշը Ադիբեկյանի մոտ ստացվել է մոտ 6 տոկոս, իսկ Բակո Սահակյանինը՝ մոտ չորս անգամ ավելի: Փոխարենն ավելի քիչ են այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում Մայիլյանը դառնա նախագահ: Սահակյանի դեպքում չուզողների տոկոսը ավելի մեծ է, մոտ 1,5: Նա ասում է, որ փոխարտգործնախարար Մայիլյանը բավական, մոտ 10 տոկոս վարկանիշ ունի Ստեփանակերտում, իսկ ահա շրջաններում նրան չեն ճանաչում: Սակայն այդ ամենը դեռ սկիզբն է, եւ թեկնածուները դեռ պետք է հանդիպումներ ունենան եւ պայքարեն բնակչության մոտ 55 տոկոս ձայնի համար, որը դեռ ոչ մեկին չի պատկանում: Այսինքն, ամեն ինչ, ըստ Ադիբեկյանի, կախված է նրանից, թե թեկնածուները ինչքան տեղյակ կլինեն ընտրողի ցանկությունից ու ակնկալիքից: Բացի այդ, Մասիս Մայիլյանին գնահատում են հիմնականում բարեկեցիկ ապրողները եւ կրթական բարձր ցենզ ունեցողները, քանի որ Մայիլյանը գրագիտության չափորոշիչով առաջ է Սահակյանից: Սակայն բնակչությունն ավելի կողմնորոշված է սոցիալական, տնտեսական խնդիրների ուղղությամբ, ասում է սոցիոլոգը, նշելով, որ հարցվածները նախագահի թեկնածուի մեջ գնահատում են բարությունը, հոգատարությունը, մարդկանց մասին մտածելու ցանկությունը, կրթվածությունը, գրագիտությունը, խելացիությունը, փորձառու եւ հմուտ ղեկավար լինելը: Այդ չափանիշներից Մայիլյանը Բակո Սահակյանին, Ադիբեկյանի խոսքով, գերազանցում է միայն գրագիտության եւ կրթական ցենզի առումով, իսկ մյուս պարամետրերով զիջում է նրան:

«Կիրթ լինելու առումով նա գերազանցում է Բակոյին, որովհետեւ Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում է սովորել: Դա բավականին մեծ գործոն է, որ նա կարողանա կիրառել: Բայց ու՞մ մոտ: Հասկացող, գրագետ ընտրողների մոտ, որոնց տոկոսային հարաբերությունն այնքան մեծ չէ, հասկանում եք: Խնդիրը սրանում է»,- ասում է Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով, հասարակ ռանչպարները, գյուղացիները, ֆերմերները ոչ թե «գլամուրային»` փայլուն թեկնածու են ուզում, այլ «պապա»: Ադիբեկյանն ասում է, որ ըստ էության Ղարաբաղը ընտրություն է կատարում «գլամուրի» եւ «պապայի» միջեւ: «Պապան», բնականաբար, Բակո Սահակյանն է լինելու, որն Ադիբեկյանի գնահատմամբ, բնակչության շրջանում ունի պապայի հեղինակություն, այն առումով, որ շատ է մարդկանց օգնություն ցուցաբերել, ֆինանսապես եւ նյութապես: Lragir.am-ի հարցին, թե արդյոք Ղարաբաղի բնակչությունը համարում է, որ Բակո Սահակյանն իր գրպանից է այդ օգնությունը ցուցաբերել, Ադիբեկյանը պատասխանում է, թե ինքը չգիտե, ինքը միայն ենթադրում է, որ օգնություն է ցուցաբերել, լինելով տարբեր պետական պաշտոնների տեր: Այդ դեպքում հարցրինք, թե ինչի հիման վրա է ենթադրում Ադիբեկյանը: «Բնակիչները, որ մեզ պատասխանել են` օգնում է մարդկանց: Հիմա ինչու է օգնում, ես չգիտեմ: Կարող է դատավորին է զանգ տալիս, դատախազին, ինքը ներքին գործերում է աշխատել: Օգնել է մարդկանց»,- ասում է Ադիբեկյանը: Փաստորեն նա բացահայտում է կոռուպցիայի փայլուն օրինակներ, երբ Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության ղեկավարը կարող է զանգահարել դատախազի, դատավորի եւ ինչ որ հարցեր լուծել: «Ամեն ինչ կարող է լինել, ամեն ինչ կարող է լինել, որովհետեւ արդարության խնդիր կա»,- ասում է Ահարոն Ադիբեկյանը, փաստացի ավելորդ համարելով իր իսկ իրականացրած հարցումը, որովհետեւ եթե մի երկրում արդարության հարցերը լուծվում են բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ հեռախոսային զանգերով, ապա պետք չէ կասկածել, որ նույն հեռախոսային զանգերը գործի են դրվելու նաեւ նախագահի ընտրությանը՝ դե, իհարկե, «արդարություն» ապահովելու համար:

«Լրագիր»

«ԳԼԱՄՈՒՐԸ» ՀԻ՞ՆՉ Ա, ՊԻ՛

«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը վերջերս ասուլիսում ներկայացնելով ԼՂՀ-ում իր 700 հոգանոց հարցման արդյունքները նախագահական ընտրությունների վերաբերյալ՝ հայտարարել էր, թե, ըստ էության, Ղարաբաղը ընտրություն է կատարում «գլամուրի» եւ «պապայի» միջեւ:

Մենք հարցում արեցինք «Ինչ անել» թերթի խմբագիր Մուրադ Պետրոսյանին, թե իր կարծիքով՝ 700 ղարաբաղցիներից քանի՞սը կիմանան ինչ է նշանակում «գլամուր»: Ղարաբաղցի փորձառու վերլուծաբանի եզրակացությունն էր. «700-ից 10-17-ը՝ ոչ ավելին»:

Մեջբերելով Իգոր Մուրադյանի պնդումը, թե ԼՂՀ նախագահ են ցանկանում դարձնել «պրոֆեսիոնալ թմրամոլին»՝ լրագրողներն Ահարոն Ադիբեկյանից փորձել էին ճշտել՝ արդյոք այդ մասին նշե՞լ էին հարցման մասնակիցները: Սոցիոլոգը պատասխանել էր, թե ոչ մեկը չի նշել, եւ հավելել. «Կարող է՝ երիտասարդ ժամանակի սխալներ ունեցել է, որոնք անցյալում են: Ընդհանրապես, Ղարաբաղը փոքր երկիր է, ուր մարդիկ չեն կարողանում նույնիսկ աննկատ լեւի գնալ»: Իսկ Մուրադ Պետրոսյանն այս կապակցությամբ մեզ հիշեցրեց, որ ժամանակին էլ հենց մենք ենք իրեն հարցազրույցում հարցրել, թե ճի՞շտ է, որ հաշիշ է օգտագործում. «Ես էլ ասացի, որ երիտասարդ՝ ուսանող ժամանակս փորձել եմ: Բայց դա մոռացվում է: Եվ ձեր հարցազրույցից հետո էլ ոչ մեկն ինձ չի ասել, թե Պետրոսյան Մուրադը չպիտի ոչ մի կոմիտեում լինի»: Եվ անդրադառնալով Բակո Սահակյանին՝ ասաց. «Էն մարդուն նշանակել են Ազգային անվտանգության կոմիտեի ներկայացուցիչ: Եվ հիմա տենց հարցեր տալը՝ ոնց որ, Բուշին հիմա սկսեն մեղադրել, թե դու բան ես խմել»: Մուրադ Պետրոսյանը նաեւ այս մեղադրանքը շրջանառության մեջ նետած քաղաքագետի մասին ասաց. «Իգոր Մուրադյանի մասին սենց եմ ասել՝ վելիկիյ լժեց, վելիկիյ կամբինատոր: Ինքն ուզում ա նախագահ սարքի, որ էդ նախագահն ըլնի իրա ձեռը: Հիմա ամեն անգամ տենում ա, որ էդ գաղափարը հեռանում ա՝ դրա համար կաշվից դուրս ա գալիս: Բալշեւիկներից ավելի վատ ձեւով՝ նպատակին հասնելու համար դիմում է ամեն մի մեթոդի ու միջոցի»:

«Առավոտ»

ԼՂՀ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԼՂՀ ԼԵԳԻՏԻՄ ՆԱԽԱԳԱՀԸ 

«Եթե ԼՂՀ նախագահի ընտրություններն ընթանան նորմալ մթնոլորտում, պահպանվեն ժողովրդավարության ատրիբուտները, ապա միջազգային հանրության շրջանակներում կամրապնդվի այն տեսակետը, որ Ղարաբաղում ժողովրդավարական գործընթացներ են տեղի ունենում»,- Ա1+ին իր տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա կարծիքով, ԼՂՀ-ի ժողովրդավարական գործընթացները ավելի ցայտուն են ընդգծվում ժողովրդավարության հետ կապված Ադրբեջանի խնդիրների ֆոնի վրա.

«Այդ գործոնը մենք միշտ պետք է օգտագործենք` ասելով, որ այն միավորը, որը դեռ ճանաչված չէ միջազգային հանրության կողմից, սակայն ժողովրդավարության ճանապարհով է ընթանում, ինչպե՞ս կարող է ենթարկվել ոչ ժողովրդավար կենտրոնի»: Բացի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա ազդեցությունից, քաղաքագետը գտնում է, որ ԼՂՀ ժողովրդավարական ընտրությունները կնպաստեն նաեւ ԼՂ-ի քաղաքական եւ տնտեսական զարգացմանը: Ստեփան Գրիգորյանը ընդգծեց, որ ԼՂՀ ընտրությունները չի ճանաչում միայն պաշտոնական միջազգային հանրությունը. «Պետք չէ մոռանալ, որ խոսքը կառավարությունների մասին է: Տարբեր երկրների հասարակությունների, հայտնի կազմակերպությունների համար էական չէ, այդ երկիրը ճանաչվա՞ծ է, թե՞ ոչ: Նրանք երկիրը գնահատում են ժողովրդավարության գործընթացներով: Մենք միջազգային հասարակության վրա ազդելով` կարող ենք ազդել նրանց կառավարությունների վրա»: Պարոն Գրիգորյանը դժվարացավ ասել, թե այսօր ԼՂՀ-ում ընթացքող նախընտրական գործընթացները որքանով են համապատասխանում միջազգային չափանիշներին, սակայն ասաց. «Ի պատիվ Արկադի Ղուկասյանի` նա երրորդ անգամ չառաջադրվեց: Մեկ դրական քայլ արդեն արված է, եւ կարծում եմ, որ նախագահի 5 թեկնածուները նույնպես կհետեւեն միջազգային կանոններին: Երկրորդ կարեւոր խնդիրը ԼՂ-ին բանակցությունների մասնակից դարձնելն է»: Երկրորդ խնդիրն իրականություն դարձնելու համար Ստեփան Գրիգորյանը կարեւորեց այն հանգամանքը, թե ինչպես կընտրվի ԼՂՀ նախագահը եւ ոչ թե` ով: Քաղաքագետը չի վստահում ԼՂՀ նախագահի թեկնածուների հնարավորությունների վերաբերյալ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հրապարակած թվերին. «Սոցիոլոգիական հարցումներ անցկացնող մարդիկ պետք է մաքսիմալ չեզոք լինեն: Ահարոն Ադիբեկյանի դեպքում մենք առնչվում ենք քաղաքականացված դեմքի: Նա հաճախ սոցիոլոգիան խառնում է քաղաքականությանը եւ վստահություն չի ներշնչում»:

http://www.a1plus.am

——————————————————————————————-

Ընտրություններ

ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
կամ` Չարի ու Բարու մասին

Անկարելի է անձնական կյանքում նյութակրոն,
իսկ ազգային հարցերում գաղափարապաշտ լինել:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Ներսես ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
ԼՂՀ 1-ին և 2-րդ գումարումների
Գերագույն խորհրդի պատգամավոր

ԳՈՐԾՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ

Աշխարհը լի է բազում բարիքներով եւ ցանկալի բաներով: Մարդու սիրտն էլ միշտ տենչում է այդ բարիքներից օգտվելու եւ հագուրդ տալու իր ցանկություններին, սակայն միշտ չէ, որ դա օգտակար է եւ դրական հետևանք է թողնում, այսինքն՝ մենք ազատ ենք, սակայն մեր ազատությունը չարիք գործելու պատրվակ չպետք է հանդիսանա: Չարը հիմնականում երեք հիմնական գայթակղիչ միջոցներով է խաբում եւ գերում մարդ արարածին, ինչպես դա արեց մեր նախածնողք Ադամին եւ Եվային՝ նրանց մեջ զարթնեցնելով էգո-ի ցանկասիրությունը, այն է՝ առաջին արգելված պտղի ցանկությունը աչքերի համար ցանկալի եւ ուտելու համար ախորժելի լինելու հանգամանքը:

Երկրորդ՝ սատանան Աստծո խոսքը խեղելով՝ կեղծ ուսմունքներ մատուցեց մարդկանց՝ խաբելով նրանց: Եւ երրորդ՝ նրանց գայթակղեցրեց Աստծո պես իմաստուն եւ փառավոր լինելու հանգամանքով:

Մարդու արարումից ի վեր մինչեւ այժմ Չարը անընդհատ գայթակղեցնում եւ խաբում է այս եւ նման կեղծ արժեքներով, եւ մարդիկ տրվում-ընկնում եմ սատանայի թակարդը: Մարդկանց մեծ մասը, չճանաչելով ճշմարտությունը եւ չտարբերելով աշխարհում գերակա արժեքները, այսինքն՝ լինելով ավելի շատ նյութապաշտ, քան հոգեպաշտ եւ գաղափարապաշտ, իրենց ցանկություններից  մղված ընկնում են փորձությունների մեջ, դառնում իրենց իսկ հնարած կուռքերի գերին: Այս երեւույթը շատ ակնառու լուսաբանում է Ս.Գիրքը. «Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով ու խաբվելով իր ցանկություններից: Այնուհետեւ այս ցանկությունը հղացվում, մեղք (հանցանք) է ծնում: Իսկ ամեն մեղք, իր հերթին, անօրենություն է»: Այսքանով Չարը չի բավականանում մարդուն հանցանքի մղելով, այլ նրան գերում է դրանով. «Եվ ամեն ոք, որ մեղք է գործում, մեղքի ծառա է դառնում» /Հովհ. 8:34/:

Բայց մենք գիտենք, որ ծառան սահմանափակ ազատությունների է տիրում: Բնականաբար, հարց պետք է ծագի՝ արդյո՞ք մարդ կարող է ազատ լինել եւ մեղք գործելու դեպքում ազատվել մեղքի ծառայությունից: Այս հարցին էլ է Ս. Գիրքը  պատասխան տալիս, այն է, որ երկրորդ Ադամը՝ Հիսուս Քրիստոս Աստծո որդին, լուծեց եւ ցույց տվեց այդ ճանապարհը, որպես մարդ ծոմի մեջ լինելով փորձվեց սատանայից եւ հաղթեց նրան:

Չարը Նրան փորձում էր նույն միջոցներով, ինչ որ մեր նախածնողների պարագայում՝ Աստծո խոսքի խեղումով /սուտ վարդապետություններ/, ուտելու մարմաջով եւ փառքի ու հարստության գայթակղություններով: Եվ ի՞նչն էր, որ Նրան պատվով դուրս բերեց այդ փորձությունից՝ Աստծո խոսքի /ճշմարտության/ տիրապետումը, ուտելու, հարստանալու ու իշխելու նկատմամբ պահքը /զսպվածությունը/: Սա չի նշանակում, թե մարդ արարածը չպետք է օգտվի նման բարիքներից, սակայն դա պետք է լինի չափավոր եւ ուրիշ իմաստ կրի:

Օրինակ, իշխանությունը՝ ղեկավար լինելը, ոչ թե իշխելու համար է, այլ ծառայելու: Հարստությունը ոչ թե ինքնանպատակ /կուտակման միջոց/ է, այլ ուրիշներին ձեռք հասցնելու հնարավորություն: Մեր Տերը փորձվելով եւ հաղթելով կոչ է ուղղում մեզ, որ ազատության ճանապարհը մեկն, է. «Ճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը կազատի ձեզ», «Ուր Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն կա»:

Ազգերի, ժողովուրդների պատմության մեջ լինում են հոգեւոր զարթոնքի եւ անկման շրջաններ, ինչը կախված է նրանից, թե ազգը ինչքան է իր գործունեության ընթացքում պահում ճշմարտության, հոգեւոր-ազգային արժեքները, մի խոսքով՝ իր հասարակարգի դավանանքային հիմքը: Ինչքան հեռանում է այդ արժեքներից եւ դավաճանում է դրանց, այնքան անմխիթար է դառնում իր իսկ վիճակը՝ այսպես են շատ ազգեր եւ պետություններ վերացել: Հատկապես այն վճռորոշ ժամանակներում, երբ հասարակարգում ինչ-որ գործընթացներ են կատարվում, միշտ շարժվում եւ վերաքննության են ենթարկվում նրա ընկերային կարգը եւ դավանանքային արժեքները:

Որպեսզի շատ վերացական չլինի ասվածը, տեղափոխվենք մեր՝ արցախյան քաղաքական կյանքի հրատապ հիմնախնդիրների դաշտ, հիմնախնդիրներ, որ ծառացած են մեր հասարակության առջեւ:

Ընտրությունները, հատկապես նախագահականը, շատ բան կարող են փոխել մեր հասարակական կյանքի էության մեջ՝ դրական ազդակ հանդիսանալ, կամ, ընդհակառակը, հետընթացի պատճառ դառնալ: Իսկ դա կախված է այն բանից, թե մենք ինչ քաղաքական գիտակցությամբ ենք մոտենում այս հարցին: Նորի՞ց մենք անհույս, անտեղյակ եւ շատ դեպքում շահադիտորեն ենք մոտենալու, թե՞ քաղաքացիական դիրքորոշմամբ ու մարդկային արժանապատվությամբ ենք վերաբերվելու դրան:

Չարը ամենուր է գայթակղում, այդ թվում՝ նաև հասարակական գործընթացներում, կիրառելով նույն մեթոդները, բայց՝ նորովի, նոր ձևերով: Անցած ընտրությունների ժամանակ եւ այժմ նորից օգտագործվում են սեւ տեխնոլոգիաներ: Հաստաքսակների մեծ մասը, որոնք ժամանակին հասարակ եւ կարգին մարդիկ էին, բայց ժամանակի ընթացքում, հրապուրվելով կրավորական հաճույքներով եւ շատ ունենալու, հետեւաբար՝ տիրելու ցանկությունից հանցանքի մեջ ընկնելով, դարձան դրանց գերին: Փոխանակ դարձի գան այդ մարդիկ իրենց մոլորված /շեղված/ ճանապարհից, ընդհակառակը՝  դիմացինին, մերձավորին եւ ենթականերին մղում են հանցանքի, ասել է թե՝ մեղքի ծառայության:

Ինչի՞ց են օգտվում նման տեխնոլոգները՝ մարդկանց անտեղյակությունից /քաղաքական գիտակցության բացակայությունից/, վախից, նյութապաշտությունից եւ արդեն իսկ առկա հանցակազմի առկայությունից: Այսինքն՝ ոչ թե նպաստում են եղած մեղքը քավելուն, այլ մարդկանց խրում են մեղքերի սարդոստայնը: Պետական չինովնիկներից, մեծահարուստներից եւ շարքային մարդկանցից շատերը, ժամանակին կամա թե ակամա մեղքի ծառա դառնալով, չեն կարողանում ազատ խորհել, խոսել եւ գործել: Եւ մարդու այս վիճակը նրան կառավարելի ու կամազուրկ է դարձնում:

Ուրեմն, մեզ մնում է պարզապես հեռու մնալ մեղքից /հանցանքից/, իսկ գործելու դեպքում կամք գործադրել ազատվելու դրանից եւ անգամ պատիժը ժամանակին կրելու, քան մնալու մեղքի գերի: Իրար մեղքի մղելով եւ գերելով՝ ստեղծում են գերիների մի ճամբար, որտեղ բացակայում է մարդու ազատությունը, իրավունքները, բարոյականությունը, քաջությունը եւ կյանքը բարեփոխելու ցանկությունը:

Մի խոսքով, այդկերպ  կառավարելի մարդկանցով ազգը եւ երկիրը ապագա չունեն, ուրեմն՝ նորից լրջորեն խորհենք, եւ ազատվելով չարի բոլոր կապանքներից՝ ազատ կամքով, բարձր գիտակցումով կերտենք մեր երկիրը:

Այսօր, այլ ոչ թե հետո գնահատենք ուրիշներին, քանզի ամեն ինչ մեր ձեռքին է ու հանձնված է  մեր խղճին:

ԱՅՍՕՐ ԻՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ ԿԱՆՔ՝ ԱՐԴՅՈՒՆՔ Է ՄԵՐ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔԻ 

Այս թեզը ճշմարիտ է թե անհատի և թե ազգի առումով: Թե լավ եւ թե վատ սովորույթներ մնում են մեր առօրյա կյանքում, քանի դեռ հոգեբանորեն չենք հրաժարվել դրանցից, կամ, որ ավելի վատ է, դրանք հոգեհարազատ են մեզ: Մենք՝ հայ ժողովուրդս, երկար դարեր ապրելով ուրիշների լծի տակ, ձեռք ենք բերել մի շարք ստրկական հատկություններ, այն է՝ միշտ մեր ապագան եւ անելիքները կապում ենք ուրիշ, ավելի մեծ ազգերի հովանավորության հետ, անգամ այն ժամանակ, երբ իշխան կամ թագավոր էր նշանակվում, դարձյալ սպասում էինք օտարների երաշխավորման /ՊՏոՐՏ-ին/: Այսօր ևս, փոխանակ ինքներս որոշում կայացնելու, սպասում ենք Ռուսաստանի, Հայաստանի, ԼՂՀ-ի նախագահի սատարմանը թեկնածուին եւ շատ դեպքերում ասում ենք, թե արդեն որոշված է, եւ այսինչ թեկնածուն է լինելու:

Եթե այդպես լիներ, ապա նրանք իրենց դիրքից մեր «մուննաթի» տակ չէին ընկնի եւ չէին հարցնի մեր կարծիքը: Մենք ընտրում ենք, մեր երկրում ոչ թե մելիք են նշանակում, այլ համաժողովրդական ընտրությամբ նախագահ է ընտրվում: Անգամ որոշ քրիստոնյաներ մտածում են՝ որն էլ ընտրվեց՝ Աստծո կամքով է: Սա մոլորություն է, քանի որ Թագավոր նշանակելու ժամանակ Նա իր մարգարեների միջոցով հայտնում է Իր կամքը: Մեր պարագայում նախագահի ընտրությունը կախված է ամեն մեկի ազատ կամքից: Բայց մարդկանց շատ դեպքերում կամազրկում-մոլորեցնում են՝ կաշառելով և այլ կերպ:

Ուրեմն՝ լրջորեն գիտակցենք, որ մենք ինքներս ենք ընտրում մեր ապագան եւ որ շատ կարեւոր է, թե թեկնածուն ինչ հոգեկերտվածք ունի, իսկ մենք էլ ինչ հոգեբանությամբ /ստրու՞կի, թե՞ ազատի/ ենք մոտենում այս հարցին: Եթե մեր մեջ ուժ գտնենք եւ հոգեփոխվենք, մենք կտիրանանք մեր իրավունքներին եւ մեր հայրենիքին, որը բոլորիս սեփականությունն է եւ ոչ թե մի խումբ ընչաքաղց օլիգարխների, որոնք անձնական շահը գերադասում են ընդհանուրի շահերին:

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒՄ

Մարդկանց հոգեբանորեն ահաբեկում են և ներարկում այն միտքը, որ հանրության ընտրածը չի արժանանա ՀՀ ղեկավարության աջակցությանը եւ, հետեւաբար, ժողովրդի մեջ մտավախություն են առաջացնում, որ ՀՀ-ն տնտեսապես չի օգնի, այլ տնտեսապես կխեղճացնի ԼՂՀ-ին, շատ հաճախ մեջբերելով երկրի առաջին ղեկավար, լուսահոգի Արթուր Մկրտչյանի /ՀՅԴ-ի ներկայացուցչի/ հանդեպ Հայաստանի այն ժամանակվա ՀՀՇ-ական իշխանության անբարյացակամ վերաբերմունքը:

Նախ նշենք, որ շատ հանգամանքներ այժմ միանգամայն այլ են՝ Մասիս Մայիլյանը, ով նախագահի ֆավորիտներից է, ներկայացնում է ոչ թե ընդդիմությունը, այլ գործող կառավարության անդամ է եւ չի կարող դիտվել որպես անցանկալի մարդ: Եթե անգամ անցանկալի էլ դիտեն, ապա պիտի գիտակցեն, որ նրան չընդունելու դեպքում արհամարհելու են արցախահայության համաժողովրդական ընտրությամբ ընտրված ղեկավարին, ասել է թե՝ ամբողջ արցախահայությանը: Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ոչ մի դեպքում նման բան չի անի: Իսկ եթե անգամ ճնշման լծակներ գործադրվեն մեր  ընտրյալի հանդեպ, ապա դա թիկունքից հարված կլինի արցախահայության եւ մեր երկրի հանդեպ, որն առանց այդ էլ գտնվում է սոցիալապես, տնտեսապես եւ քաղաքականապես ոչ բարվոք վիճակում, հետեւաբար՝ ամբողջ հայությունը լուրջ խորհելու առիթ կունենա նման ճնշումներ գործադրող իշխանությունից ազատվելու մասին: Խելամիտ ոչ մի իշխանություն ինքնասպանական այդ քայլին չի դիմի:

ՄԻ ԹՈՂԵՔ, ՈՐ ՁԵՐ ՁԱՅՆԵՐՈՎ ԱՌԵՎՏՈՒՐ ԱՆԵՆ

Պետական շատ չինովնիկների եւ գյուղապետերի թվում է, թե ապօրինաբար սեփականաշնորհելով հանրային հարստությունները /հողատարածքներ, շինություններ եւ այլն/, կարող են նաև ոտնձգություն անել մարդու՝ ի վերուստ տրված ազատությունների վրա՝ խոսքի ազատության եւ ընտրելու իրավունքի /ձայնի/ վրա: Մի կողմից խոստանալով, որ ժողովրդավարությունը մեր երկրի համար այլընտրանք չունի, քանի որ դրանով է պայմանավորված մեր երկրի վարկանիշը, մյուս կողմից, չդիմանալով ավելի շատ ունենալու եւ ավելի շատ իշխելու գայթակղությանը, նրանք իրենց խառնվածքին հարիր սոցպարտավորություն են ստանձնում 95 տոկոս ցուցանիշ ապահովել ընտրություններում իշխանական թեկնածուի համար:

Գիտակցենք այս ընտրությունների կարեւորությունը մեր երկրի ու ժողովրդի համար և թույլ չտանք, որ իշխանավորներն ու հաստաքսակները մեզ հոտի տեղ դնեն: Չթողնենք, որ նրանք «95 տոկոսանոց» նվերներ մատուցեն վերադասին, այլ տեր կանգնենք մեր ձայնին եւ մեր իրավունքներին:

ՄԻ ԿՈՂՄԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԻՐ ՇԱՀԸ, ԻՍԿ ՄՅՈ՞ՒՍԸ

Մեծահարուստները, որոնք կազմում են բնակչության շատ քիչ` հազիվ 10 տոկոսը, այս ընտրություններում հստակ շահ ունեն, իսկ հանրությունը կհասկանա՞, որ ինքն էլ շահ ունի, որ պիտի ունենա իր հստակ շահերը: Կկարողանա՞ արդյոք ճիշտ գնահատել իր սոցիալական եւ երկրի քաղաքական ու տնտեսական կացությունը եւ դրանից հետո որոշել իր եւ ընդհանուրի շահը, հասկանալ, թե ինչի մեջ է հասարակական շահը:

Պարզաբանեմ ասածս: Մեծահարուստները այսօրվա վիճակով հիմնականում անօրեն են տիրացել  հանրային հարստության մեծ մասին, զբաղեցնում են բարձր պաշտոններ, կուտակել են մեծ հարստություն, երկրի բյուջեին մեծ պարտքեր ունեն: Այսինքն՝ ունեն մեղքեր, որոնք կարող են բացահայտվել: Լուրջ մտավախություն ունենալով, որ իշխանափոխության դեպքում կարող են կորցնել իրենց կուտակած հարստությունը, դիրքը եւ պատասխան պիտի տան արդարադատության առաջ՝ նրանք պատրաստ են ցանկացած գնով պահպանել իրենց անհատական եւ խմբային շահը:

Իսկ հարց է ծագում՝ ո՞րն է հանրության շահը: Օրինականության վերականգնումը, իրենց ազատությունը, հանրային բարիքներից օգտվելու հնարավորությունը (սոցիալական վիճակի բարելավումը), անհատական եւ հանրային անվտանգության ապահովումը  (երկրի ներկայիս փաստացի սահմանների ապահովումը):

Ուրեմն, Արցախի ազգաբնակչության 90 տոկոսի առաջ հույժ կարեւոր հիմնախնդիր է դրված՝ ճիշտ գնահատել իրավիճակը եւ ճիշտ ընտրություն անել, քանի որ դրանից է կախված թե իրենց եւ թե երկրի ապագան: Դա միակ ճանապարհն է առանց ցնցումների իշխանափոխություն իրականացնելու և էվոլյուցիոն զարգացում ապահովելու համար:

«ՆԵՐԿԱՅԻՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽՈՀԵՄԱԲԱՐ ՈՏՔ Է ԴՆՈՒՄ ՆՈՒՅՆ «ԱԿԱՆԻ» ՎՐԱ»

Վստահեցնում է ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս ՄԱՅԻԼՅԱՆԸ

– Պարոն Մայիլյան, ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ պետական համակարգից եւ Դուք եք առաջադրել Ձեր թեկնածությունը, եւ Բակո Սահակյանը:

– Նրանով, որ պետական համակարգում կան բավականին թվով մարդիկ, ովքեր ինձ հետ համակարծիք են, որ երկրում լուրջ և արմատական բարեփոխումների կարիք կա: Նույն այդ համակարգում կան նաև պահպանողական մարդիկ և ուժեր, որոնք գտնում են, որ բարեփոխումների կարիք չկա: Վերջիններս, իմ խորին համոզմամբ, փոքրամասնություն են կազմում: Զանազանելով «իշխանություն» և «պետություն» հասկացությունները, հարկ է փաստել, որ կա գործող իշխանության թեկնածու և կա պետական համակարգի ներկայացուցիչ:

Հարկ է նաև հստակ գիտակցել՝ ԼՂՀ-ում առաջիկա ընտրությունների էությունը ոչ թե իշխանություն-ընդդիմություն դիմակայության, այլ ընտրությունների նկատմամբ այլընտրանքային մոտեցման առկայության մեջ է: Այդ այլընտրանքը բխում է ինքնին ընտրությունների եւ երկրի զարգացման հեռանկարների նկատմամբ թեկնածուների սկզբունքորեն տարբեր մոտեցումներից: Միշտ էլ կան առկա ուղեգծի պարզունակ շարունակման, ներքաղաքական առկա ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցներ եւ կան սկզբունքային բարեփոխումների ջատագովներ: Հենց սրանում է այլընտրանքային մոտեցման էությունը:

– Ինչու՞ եք որոշել առաջադրել Ձեր թեկնածությունը հենց այս պահին, երբ ղարաբաղյան հիմնախնդիրը դեռ կարգավորված չէ: Չե՞ք կարծում, որ այդ հանգամանքը ծանր բեռ է լինելու ապագա նախագահի համար:

– Ես պատրաստ եմ Արցախի նախագահի պարտականությունները ստանձնել հենց այս պահին: Ընդհանրապես՝ երբեք չեմ խուսափել պատասխանատվությունից: Ունենալով արտաքին-քաղաքական ոլորտում աշխատելու 15-ամյա փորձ՝ գտնում եմ, որ հիմնախնդրի չկարգավորվածության պայմաններում երկիրը պետք է ղեկավարի դիվանագիտական բավարար փորձ ունեցող մարդ: Ինչ վերաբերում է «ծանր բեռին», ապա այն ոչ թե խանգարում, այլ մղում-պարտավորեցնում է: Հենց պատմական պահի կարևորությունն է դրդել դիմելու այդ քայլին:

– Ձեր նախընտրական ծրագիրը ինչո՞վ է տարբերվում մյուս թեկնածուների ծրագրից, եւ որո՞նք են սկզբունքային տարբերությունները:

– Ես չեմ ծանոթացել մյուս թեկնածուների ծրագրերին և կարող եմ խոսել միայն իմ նախընտրական ծրագրի մասին: Հիմնականը արմատական և համակարգային բարեփոխումների գաղափարն է: Վերջին տարիներին մեր երկրում «ռեկորդ» է գրանցվել ժողովրդավարության մասին խոսելու ծավալով, բայց շատ դեպքերում խոսքը գործի չի վերածվել, չեն արմատավորվել իրական ժողովրդավարություն ապահովող մեխանիզմները: Մարդիկ արդեն հոգնել են անիմաստ խոսքերից ու ճառերից: Իրական բարեփոխումներ են պետք, այնպիսի կոնկրետ քայլեր, որ մարդ իր մաշկի վրա զգա դրանց դրական ազդեցությունը: Ոչ թե այսպես ասած «կոսմետիկ ռեմոնտ», այլ համակարգային փոփոխություններ:

– Ըստ Ձեզ՝ որո՞նք են Ձեր ծրագրի երեք կարեւորագույն, առանցքային դրույթները:

-Իրական բարեփոխումներ, օրենքի իշխանություն, Արցախի միջազգային ճանաչում և հեղինակություն:

– Ձեր կարծիքով, թեկնածուների համար հավասա՞ր պայմաններ են ստեղծված նախընտրական քարոզչություն իրականացնելու համար:

– Ցավոք սրտի՝ ոչ: Եթե նախքան քարոզարշավը վարչական ռեսուրսը կիսաքողարկված էր օգտագործվում, ապա ներկայումս՝ քարոզարշավի ժամանակ, ամեն ինչ բացահայտ է արվում: Խախտվում է օրինականությունը նաև զանգվածային լրատվությամբ քարոզչության ժամանակ: Երկու լուրջ խախտում արդեն իսկ գրանցվել է, մեկը քարոզարշավի առաջին օրը, մյուսը՝ երկրորդ օրը, երբ հանրային հեռուստատեսությամբ քարոզարշավին հատկացված եթերաժամից դուրս հաղորդումներ են հեռարձակվել կոնկրետ թեկնածուի օգտին քարոզչությամբ և իմ դեմ հակաքարոզչությամբ: Իմ նախընտրական շտաբը առաջին իսկ խախտումից հետո հանդես է եկել հայտարարությամբ:

Ցավով եմ փաստում, որ իշխանությունը վարչական լծակներով ճնշում է գործադրում ընտրողների վրա, ինչն էլ մեզ ստիպում է որոշակի փոփոխություններ մտցնել մեր մարտավարության մեջ: Մարդկանց հարվածի տակ չդնելու համար մենք երբեմն ստիպված ենք լինում աշխատել «կիսաընդհատակային» եղանակով, այսինքն՝ մարդկանց դրության մեջ ենք մտնում: Այս ամենը հիշեցնում է 1988-ը: Թե այն ժամանակվա ղեկավարների «կանխարգելիչ» գործունեությունն ինչ արդյունքի հանգեցրեց՝ հիշում են բոլորը: Ներկայիս իշխանությունն էլ անխոհեմաբար ոտք է դնում նույն «ականի» վրա:

Կարծում եմ, որ ԼՂՀ գործող իշխանությունների համար պատվի խնդիր պիտի լինի քաղաքակիրթ ընտրությունների անցկացումը: Հեռացող ղեկավարության համար սա կրկնակի պատասխանատվություն է, քանի որ այն, այսպես թե այնպես, անդրադառնալու է արած-թողածի մասին հանրային կարծիքի վրա: Նրանք պիտի հասկանան, որ շատ բանով հենց այս ընտրություններով է պայմանավորված լինելու երկրի միջազգային վարկը եւ հետագա զարգացումը: Ուստի քաղաքակիրթ ընտրությունների անցկացումը պիտի լինի ԼՂՀ հեռացող իշխանության գերխնդիրը:

«168 ժամ»
Երեւան

«ԻՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ Է», – ԳՏՆՈՒՄ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ

– Պարոն Սահակյան, ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ պետական համակարգից եւ Դուք եք աոաջադրել Ձեր թեկնածությունը, եւ Մասիս Մայիլյանը:

-Թեկնածություն առաջադրել են քաղաքացի Մայիլյանը եւ Սահակյանը: Դա անձնական որոշում է, եւ մեր պատկանելիությունը նույն պետական համակարգին չէր կարող խոչընդոտ կամ առավելություն լինել, ինչպես նաեւ` պետական համակարգն իրավազոր չէր որեւէ կերպ միջամտել մեր որոշման կայացմանը կամ չկայացմանը£ Այնպես որ, ես այստեղ արտառոց ոչինչ չեմ տեսնում:

– Ինչո՞ւ եք որոշել առաջադրել Ձեր թեկնածությունը հենց այս պահին, երբ դարաբաղյան հիմնախնդիրը դեռ կարգավորված չէ: Չե՞ք կարծում, որ այդ հանգամանքը «ծանր բեռ» է լինելու ապագա նախագահի համար:

– Բարեբախտաբար, մեր ժողովրդին խորթ է այդ «տրամաբանությունը»: Ինչ վերաբերում է «ծանր բեռ լինելուն», ապա ասեմ, որ դա նախ պատիվ է, ապա` պատասխանատվություն:  Հույս   ունեմ,   որ   մեզ   կհաջողվի   պահպանել   առկա իրավիճակը եւ նոր դրական լիցք հաղորդել բանակցային գործընթացին: Կարեւորը այստեղ ժողովրդի վստահությունն է, որը նա կարտահայտի քվեարկությամբ:

– Ձեր նախընտրական ծրագիրն ինչո՞վ է տարբերվում մյուս թեկնածուների ծրագրից, եւ որո՞նք են սկզբունքային տարբերությունները:

– Իմ նախընտրական ծրագիրը գործնական է:

– Նշեք խնդրեմ Ձեր ծրագրի երեք կարեւորագույն եւ առանցքային դրույթները:

– Ինչո՞ւ երեք: Իսկ առհասարակ` ծրագիրը հասցեագրված է ընտրողին, եւ նա էլ կարող է առանձնացնել առանցքային կամ ոչ առանցքային դրույթները, համեմատել մյուս թեկնածուների ծրագրերի հետ եւ կատարել ընտրություն:

– Ձեր կարծիքով, թեկնածուների համար հավասա՞ր պայմաններ են ստեղծված նախընտրական քարոզչություն իրականացնելու համար:

– Նախագահի թեկնածուների համար պայմանները հավասար են օրենքով, դրանք ոչ ոք չի ստեղծում:

«168 ժամ»
Երեւան

ԱՐՑԱԽԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐՐԱՆ Է

Մոտ 20 տարի է անցել այն ժամանակներից, երբ մեր փոքրաթիվ, բայց զորեղ ոգի ունեցող ժողովուրդը ոտքի կանգնեց իր ոտնահարված իրավունքների և ազատության պաշտպանության համար: Մեզ դիմակայում էր ոչ միայն վարչահրամայական համակարգը, այլև մեր մեջ դեռևս առկա կրավորականությունն ու անգիտությունը: Այդ ժամանակները մի պատմական ակնթարթ էին, երբ որոշվում էր արցախահայության ճակատագիրը, նրա ապագան: Չկարողանալով մեզ հաղթել լրատվական պատերազմում, այդ համակարգը, որն իր մեջ ներառում էր բյուրոկրատիայի և չինովնիկության բոլոր բացասական կողմերը, մի իսկական պատերազմ հրահրեց, կենաց-մահու պատերազմ: Բայց մենք դիմացանք: Դիմացանք, որովհետև վստահ էինք մեր իրավացիության մեջ:

Պտտալարի տրամաբանությամբ զարգացող հանրությունը, սակայն, տարիներ անց կրկին վերադարձավ նույնանման հանգրվանի, բայց արդեն որակական այլ մակարդակով: Եւ նորից, ինչպես և 1988-ին, մեր ժողովրդի դեմ ոտքի է ելել կոռումպացված վարչահրամայական համակարգը: Արտառոց բան տեղի ունեցավ՝ հեռացող կառավարությունն ու երկրի նախագահը դարձան ընդդիմություն՝ սեփական ժողովրդին, վերջնականապես սպառելով վստահության լիմիտը:

Հուլիսի 19-ին մեզ մոտ կայանալու են նախագահական ընտրություններ: Այդ ընտրություններից են կախված մեր առօրյա խնդիրների լուծման, մեր իղձերի ու նպատակների իրականացման հնարավորությունները: Ընտրությունները ցույց են տալու մեր ինքնուրույնության ու հասունության աստիճանը: Դրանք ուղղակիորեն առնչվելու են մեր երկրի միջազգային ճանաչմանը:

Պետությունը բարոյականության բարձրագույն ձևը պիտի լինի, իսկ պետության ղեկի մոտ կանգնած մարդը պիտի անբասիր վարքի տեր լինի: Դեռևս ղարաբաղյան շարժման արշալույսին մի շարք հանրապետություններ՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և այլն, մեզնից օրինակ էին վերցնում, և կարելի է ասել, որ մեր շարժումը խթանիչ դեր է խաղացել նաև նրանց անկախության ու պետականության վերականգնման գործում:

Խորհրդային Միության փլուզումը հետևանք է ազգերի ինքնորոշման իրավունքի ոտնահարման, իսկ ինքնորոշման իրավունքը պետությունների կազմավորման անկյունաքարն է: Ինքնորոշումն իրականացվում է ոչ միայն պետականության արտաքին ատրիբուտների ձևավորմամբ, այլև իրապես ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջոցով ներքին ինքնակառավարմամբ, ինչն էլ ուղեկցվում է ժողովրդի ինքնամաքրմամբ և այն ամենի օտարմամբ, ինչը մաքուր չէ, սուտ է և կեղծիք: Միայն ազնվությունն ու արդարությունը կարող են օգնել դիմակայելու պետության քայքայմանը, բարոյալքմանն ու արժեզրկմանը:

Բոլորս գիտենք, որ նորն ու առաջադեմը միշտ էլ դժվարությամբ են հարթում իրենց ճանապարհը: Բայց ուղղակի երջանկություն է տեսնել նորի ու առաջադեմի հաղթանակը: Հաճելի է տեսնել, թե ինչպես է ազատության օրրանում հասակ առնում նորի ու առաջադեմի խորհրդանիշ դարձած թեկնածուն՝ Մասիս Մայիլյանը: Հենց ի դեմս նրա երևակվում է այն թարմ ու նիրհից արթնացնող հոսանքը, որը մեր ժողովրդին կառաջնորդի դեպի նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ:

Գրիգորի ԱՖԱՆԱՍՅԱՆ
Ղարաբաղյան շարժման ակտիվիստ

——————————————————————————————-

Հրապարակ

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԻՇԽԱՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ժողովրդավարության ոլորտում ձեռք բերած ակնառու հաջողությունների մասին գիշեր-ցերեկ տարփողողներ  (սկսած երկրի նախագահից, այն չգիտեմ քանի կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից եւ այլնից/, ձեր մտքով չի՞ անցնում, որ սատարախտը՝ հօգուտ ընտրություններում մեկ թեկնածուի (ով էլ որ նա լինի) նույն բանն է, ինչ կատարվում էր ոչ հեռավոր անցյալում, երբ ասպարեզ էին նետում մեկ թեկնածու:

Գիտեմ, կառարկեք, որ հինգ թեկնածու է: Ճիշտ է, հինգ թեկնածու է: Անունով: Անհամեմատ անհավասար պայմաններ ու հնարավորություններ: Մեր կարծիքով, ժողովրդավարության գործընթացը ետ շպրտվեց, 2004-ի ժողովրդավարական ծիլերը խորշակահար  արվեցին իշխանությունների կողմից: Ինչպիսի¯ զգուշավորություն. չլինի՞ հանկարծ կրկնվի 2004-ի անակնկալը: Եվ փութով՝ նախագահի, իշխանությունների, կուսակցությունների կողմից ասպարեզ նետվեց եւ գործի դրվեց միասնական թեկնածուի գաղափարը: Ես չգիտեմ, թե ուրիշները ինչպես են պատկերացնում հումորը, բայց, իմ կարծիքով,  չկա ավելի մեծ զավեշտ, քան միասնական թեկնածուի «գաղափարը» ժողովրդավարություն հորջորջելը:

Երեւի մտածել են այսպես. դե, մեր երեք-չորս /վերը նշված/ կողմերը, որ համաձայն են միասնական թեկնածուի հարցում, էլեկտորատին ի՞նչ է մնում՝ ուզի-չուզի կհամաձայնի եւ … հաղթանակն ապահովված է: Իսկ ինչո՞ւ են իշխանությունները այդքան «խրտնում» ժողովրդի թեկնածուի հաջողությունից: Ինչո՞ւ են նրան իշխանության մեջ դիտում որպես «փցՋՏռ ֆսպՎպվՑ»: 2004-ից հետո իշխանությունների, դատական մարմինների, իշխանության բոլոր կառույցների վերաբերմունքը ժողովրդաընտիր քաղաքապետի նկատմամբ այս փաստի լավագույն վկայությունն է: Որտե՞ղ է տրամաբանությունը. թույլատրելի եւ անթույլատրելի, ընդունված եւ չընդունված բոլոր միջոցներով անց են կացնում իշխանության թեկնածուին եւ շարունակ բարբաջում ժողովրդավարությունից: Ինչո՞ւ երեւույթները իրենց էությամբ չբնորոշել. դա իսկական իշխանավարություն է, այլ ոչ թե ժողովրդավարություն:

Նոր նախագահի ընտրության արդյունքում ժողովուրդը սպասում է ինչ-որ նոր մոտեցման, նոր ծրագրերի, հարաբերությունների: Մինչդեռ բոլոր նշաններից երեւում է, որ փոփոխության, տեղաշարժի միտում չկա: Նախագահական ապարատը, իշխանությունները ամեն կերպ ջանում են, ամեն մի միջոցի դիմում են այս անշարժ, ստատիկ վիճակը պահպանելու ուղղությամբ: Չգիտես ինչու, շահադիտական թե գաղափարական նկատառումներով, այս հարցում մեծ ներդրում ունի անձամբ երկրի նախագահը: Ավելին՝ երբ վերջերս լրագրողները նախագահի խորհրդական Ա.Մելիքյանին հարցրին, թե ինչ նկատի ունի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը, երբ ասել է, որ նոր նախագահի օրոք պետք է փոխվի բարոյահոգեբանական մթնոլորտը, նա հարցին հստակ չպատասխանեց, այլ սկսեց ենթադրություններ անել, թե դրանով ինչ է ուզում ասել Մ.Մայիլյանը:  Այնինչ, մեր կարծիքով հստակ է, թե ինչ է ուզում ասել:             Տեղին է մեջբերել հետեւյալ իրապատումը «հինուբարի» ժամանակներից: Հայաստանի Մարտունու շրջանի գյուղերից մեկի կոլտնտեսության ֆերման գյուղից 8 կմ հեռու էր: Կոլտնտեսության նախագահի սիրուհին հավաքարար էր ձեւակերպված այդ հեռավոր ֆերմայի խրճիթ-ընթերցարանում: Երբ գաղտնիքը պարզվում է, նախագահը «արդարանում է».

-Հավաքարարը ութ կիլոմետրանոց ավել ունի, որով էլ ավլում է:

Հիմա հարյուրավոր կիլոմետրերով իր աշխատատեղից հեռու գտնվողը ինչպե՞ս կարող է հստակ պատկերացում ունենալ երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի մասին:

Սիրելի արցախցիներ. պահը վճռական է, ուզում են ինչպես եղել է, այդպես էլ մնա: Թող ձեզ ուղեցույց լինի արցախցու ըմբոստ ոգին, չենթարկվեք անիրականանալի խոստումներին: Շարժվեք, որոշում ընդունեք ոչ թե թելադրանքով, այլ ձեր բնատուր խելքով, ձեր ազատ կամքով:

Հենրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Ո՞Վ Է ՊԱՏՎԻՐՈՒՄ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Ես երբեք կուսակցական չեմ եղել: Պատճա՞ռը… Միակն էր: Խորհրդային տարիներին գոյություն ուներ մի կուսակցություն՝  «Մեր դարաշրջանի խիղճն ու պատիվը»: Բոլորը «մտածում» ու անում էին այնպես, ինչպես հուշում էր «Պարտիան»: Ես երբեք իմ համոզմունքները չեմ պարտադրել ուրիշին և անընդունելի եմ համարել նման վերաբերմունքն իմ հանդեպ…

Հիմա ուրիշ է: Կան բազմաթիվ կուսակցություններ՝ ընտրիր քո մտածելակերպին ու համոզմունքներին հոգեհարազատ կուսակցությունը և անդամագրվիր, ազատ արտահայտիր քո մտքերն ու առաջարկությունները, գերագույն նպատակ ունենալով միայն ժողովրդի բարեկեցության բարձրացման և անվտանգության ապահովման խնդիրը… Եվ ուր որ է ես էլ մի՝ ասենք «B» կուսակցության անդամ պիտի դառնայի, բայց վերջին իրադարձություններն ուղղակի թևաթափ արեցին ինձ: Արդեն իսկ անզեն աչքով կարելի է տեսնել, որ «O» կուսակցության Աթունը  «Z» կուսակցության կարկառուն ներկայացուցիչն է, իսկ «E» կուսակցության փոխնախագահը ուղղակի չի կարող այլակարծիք լինել «R» կուսակցության նախագահի հետ, քանի որ նրա սիրուհին է… Դիմակներով և առյուծի մորթիներով քողարկված տարբեր կուսակցությունների անդամներ հանկարծ միասնական են դառնում… Գոնե աչքերիդ էլ չեն նայում, որ ջոկես, թե ով է առյուծը, ով՝ գայլը, և ով՝ որ վերջում պիտի հոշոտվի: Աստված վերջը բարին կատարի…

Վերջերս քիչ մնաց հոգեկան ցնցում ստանայի: Մի մարդու ճանաչում էի որպես սեփական համոզմունքներով և անկոտրում կամքով կայացած անձնավորության, բայց ահա նրա հետ զրույցի ժամանակ չգիտեի՝ լա՞ց լինել, թե՞ ծիծաղել:

-Ամեն ինչ որոշված է,- ասաց նա,- ոչինչ փոխել հնարավոր չէ, էս ընտրություններն էլ ձևական բան են, ուզում էի միայն ընտրություններին գնալ, քվեարկել իմ խղճով ու ոչ մի բանի չմասնակցել, չստացվեց…

Ես նրան ավելորդ հարցեր չտվեցի, գիտեի պատճառը՝ կուսակցության որոշումն է: Ինչպես ասում են՝ երաժշտությունը պատվիրված է, պարողները հայտնի են…

Ինչու՞մն է բանը, հարգելիներս, ի՞նչն է որոշված, ո՞վ է որոշել, ե՞րբ են որոշել: Չէ՞ որ որոշողը մենք ենք՝ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ…

Լավ, եթե այդպես է, էլ ու՞մ են պետք այդքան կուսակցությունները: Վերհիշեք անցյալը, գեղեցիկ օրերը, միացեք և դարձեք ամենագայթակղիչ և հզոր կուսակցությունը: Մի կուսակցություն, մի կարծիք, մի դիկտատուրա…

Կամ էլ՝ դեն նետեք ձեր դիմակներն ու մորթիները, մի դավաճանեք ձեր սկզբունքներին ու խղճին, պայքարեք ու հասեք ոչ թե «աթոռների», այլ հարազատ ժողովրդի համակրանքին ու երախտագիտությանը: Այսպիսի հնարավորություն այլևս կարող է չլինել…

Գիտեմ՝ դա իշխանություններին պետք չէ, բայց ահա ժողովրդին շատ է հարկավոր…

Լեոնիդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

ՄԱ՞ՐԴ ԼԻՆԵԼ, ԹԵ՞ ՍՏՐՈՒԿ
կամ՝ Իսկ դուք մուծե՞լ եք ցեխավարձը

Ստեփանակերտում վաղուց արդեն սովորական է դարձել, որ յուրաքանչյուր ամիս կամ առնվազն եռամսյակը մեկ դուռդ ծեծեն ու ջրի վարձ պահանջեն: Հետաքրքիրն այն է, որ անհանգստացնում են նաև այն ամիսներին, երբ ջրածորակից մի կաթիլ ջուր չի գալիս, և դուք դույլերն առած, ամառվա շոգին ձեռուոտ ընկած, շրջում եք բակից բակ՝ ջուր գտնելու հույսով, որպեսզի, տապից հևալով, կենարար այդ հեղուկը բարձրացնեք չորրորդ կամ հինգերորդ հարկ: Ջրի վարձ են պահանջում նաև գարնան կամ պարզապես անձրևային բոլոր այն եղանակներին, երբ ձեր ջրածորակից վխտացող գորշասև հեղուկն այնքան է ջուր հիշեցնում, որքան փողոցներում ոտքերի տակ ճլմփացող ցեխը՝ կաթնաշոռ…

Ու ոչ ոք չի հարցնում՝ այդ ո՞ր գրողի տարած օրենքով պիտի քաղաքացիները չստացած ջրի փոխարեն կահ-կարասիները աղտոտած ցեխի համար վճարեն: Այսինքն՝ վճարեն մի բանի համար, որ վնասում է առողջությանը: Մինչդեռ աշխարհի ցանկացած քաղաքակիրթ երկրում, որտեղ փոքրիշատե հարգի է օրենքը, իրենց առողջության դեմ կատարված ոտնձգության համար քաղաքացիները դատի կտային ոչ միայն ջրմուղ կայանի ղեկավարությանը, այլև բոլոր այն իշխանավորներին, ովքեր ջրի փոխարեն իրենց գորշասև աղտեղություն են հրամցրել: Եվ, անկասկած, դատը կշահեին, ու բոլոր մեղավորները ոչ միայն խցանի պես կթռչեին զբաղեցրած պաշտոններից ու կտուգանվեին, այլև կհայտնվեին վանդակաճաղերի մյուս կողմում:

Մեր երկրում, ընդհակառակը, ժողովուրդը (ավելի ճիշտ՝ ազգաբնակչությունը կամ քաղաքացիները) թույլ է տալիս, որ իրեն ցեխ խմեցնեն ու «ջրի վարձ» պահանջեն՝ անշուշտ, մտքում ուրախանալով, որ դա ավելի լավ է, քան ամառվա տապին մի դույլ ջուր գտնելու հույսով փողոցներ չափչփելը…

Մի զավեշտ ևս. ջրաչափ չունեցող հազարավոր քաղաքացիներ (ի դեպ, այլ հարց է, թե ինչու նույն շենքի մի մասի բնակարաններում ջրաչափ են տեղադրել, մյուսներում՝ ոչ) ջրի վարձ են մուծում՝ ըստ իրենց ընտանիքի անդամների շնչի: Ասել է թե՝ եթե քեզ շուրջօրյայի փոխարեն լավագույն դեպքում երկու օրը մեկ կես ժամով ջուր են տալիս, ապա ձեր ընտանիքի բոլոր անդամների գլխաքանակի չափով պիտի այնքան վճարես, որքան եթե շուրջօրյա ջուր ստանայիր…

Մի հետաքրքիր փաստ ևս՝ ջրմուղ կայանում մի տարօրինակ սովորություն կա. այն երջանիկ օրերին, երբ, ասենք, Բաղրամյան փողոցի բնակիչները երեկոյան մեկ ժամով ջուր են ստանում, որպեսզի այդ մեկ ժամում հանկարծ չկարողանան արդյունավետ ու օգտակար մի բան անել (ասենք՝ ժամանակակից լվացքի մեքենա աշխատեցնել և այլն), կես ժամ հետո ջուրը կտրում են (երևի դա էլ իրենց «ռեկլամնի պաուզան» է) և 20-25 րոպե հետո կրկին միացնում…

Բայց ջրմուղ կայանի մատուցած «սյուրպրիզները» այսքանով չեն ավարտվում: Մի պահ դուք էլ մտածեք, թե մարդկային երևակայությունը էլ ինչ կարող է հորինել, որպեսզի վնասի կամ պարզապես ձեռ առնի հազարավոր քաղաքացիների (մի քանիսն արդեն թվարկեցինք՝ շուրջօրյայի փոխարեն լավագույն դեպքում երկու-երեք օրը մեկ ջուր տալ, բայց շուջօրյայի չափանիշով վարձ պահանջել, պարզապես ջուր չտալ, ջրի փոխարեն ցեխախառն հեղուկ մատակարել, ջուրը դիտավորյալ շուտ կտրել, որպեսզի մարդկանց թանկարժեք լվացքի մեքենաները չկարողանան կանոնավոր աշխատել և փչանան…): Ջրմուղ կայանում մի այլ զարմանահրաշ նորամուծություն էլ են հնարել. մի կողմից ասում են՝ ջուրը պակաս է, ջուր չկա, սակայն երբ աքաղաղներն անգամ խոր քնած են լինում, որոշ շենքերի «գրաֆիկից դուրս» գիշերվա ժամը 4-ին ջուր են բաց թողնում… Հենց այնպես, երևի պարզապես ձեռ առնելու համար:

Այս ամենը ծիծաղելի է, հարց չկա, բայց այնքան ծիծաղելի է, որ հաճախ կատաղությունից ուզում ես լաց լինել: Ուզում ես ողջ կոկորդով մեկ բղավել. պարոնայք, մի՞թե բարոյական է, որ երկրի իշխանությունները խաբում են իրենց իսկ երկրի քաղաքացիներին: Հարցը միայն ջուրը կամ ցեխաջուրը չէ, ցավն այն է, որ այդ նույն քաղաքացիներին խաբում են ամեն քայլափոխում: Խաբում են՝ թքած ունենալով նրանց արժանապատվության և իրավունքների վրա: Քեզ խաբում են, իսկ դու լռում ես ստրուկի պես և ամեն անգամ նորից ընտրում նրանց, ովքեր մի քանի սուտ խոստումներ են տալիս քեզ, քեզնից թռցրած հազարավոր դրամներից մեկ-երկուսը ոսկորի կտորի պես նետում քեզ, որպեսզի վաղը կրկին ընտրես իրենց… Ցավալին այն է, որ վիրավորված ինքնասիրության ու կոխկրտված արժանապատվության համար «համեստորեն լռելը» մեզանում աստիճանաբար դառնում է խրոնիկական հիվանդություն:

Մարդի’կ, զարթնեցե’ք լեթարգիական քնից, արթնացրե’ք ձեր արժանապատվության զգացումը, թույլ մի’ տվեք, որ ձեզ՝ երեկվա ծանր ու դաժան պատերազմում հաղթողին, ստրուկ դարձնեն: Եթե երեկ խոնարհաբար վճարում էիք ջրի փոխարեն ձեր բաժակի մեջ լցրած ցեխի համար, ապա այսօր լավ մտածեք. արժե՞, արդյոք, կրկին թույլ տալ, որ ձեր բաժակի մեջ կրկին աղտեղություն լցնեն: Արժե՞, արդյոք, որ ձեր իսկ ձեռքով թույլ տաք կրկին օղապարան գցեն վիզներդ կամ կաշեփոկով ձեզ ման ածեն: Շեքսպիրյան հանրահայտ «լինել-չլինելն» այսօր այսկերպ է հնչում՝ Մա՞րդ լինել, թե՞ ստրուկ…

Վարդգես ՕՎՅԱՆ

ԴԻԱԳՆՈԶԸ՝ ՍԱՏԱՐԱԽՏ
Մի վիրուս է շրջում Արցախում՝ սատարախտի վիրուսը

Դիմակով ապրելը առօրեական է դարձել ոչ միայն մարդկանց, այլև ամբողջ կազմակերպությունների համար: Եւ եթե մարդ-դիմակավորի համար դա երբեմն պարզապես ինքնապաշտպանական ռեակցիա է, ապա մարդկանց որոշակի հավաքականության համար՝ ագրեսիայի հարմար պայման: Դիմակավորները միանում և կյանքը վերածում են դիմակահանդեսի, երկիրն էլ՝ բեմահարթակի:

Այսպես, սովորական իրավիճակում մարդիկ ու կազմակերպություններ հաճույքով խոսում են ժողովրդավարության անհրաժեշտության, երկրի դարդուցավի մասին, բայց հենց որ գալիս է վճռորոշ պահը, երկիրը բարեփոխելու պահը՝ հանում են իրենց դիմակը և կանգնում այդ դարդուցավը ստեղծողների կողքին, սատարելով նրանց:

Ու «նորովի» դրսևորվում են մեռած-չթաղած որոշ կուսակցություններ, միշտ պատրաստ գրողներն ու ստեղծագործական մտավորականությունը (ոչ բոլորը, իհարկե), հատուկ այդ օրվա համար «գիրացված» հասարակական կազմակերպությունները (ոչ բոլորը, իհարկե), և այլն, և այլն: Ու «կոնսերվացված» վիրուսը նորից վերակենդանանում է և սկսում վարակել մարդկանց: Վիրուսի անունն է՝ սատարախտ: Արցախցիները շատ լավ են հիշում այս վիրուսի նախորդ բռնկումը 1999-2000թթ.: Այդ համաճարակից դեռ կարգին չկազդուրված՝ սկսվել է նոր համաճարակ:

Միակ հուսադրողն այն է, որ վիրուսը միշտ նույն մարդկանց ու կազմակերպություններին է վարակում, այսինքն՝ մեծ հաշվով համաճարակ էլ չէ, այլ հիվանդության լոկալ օջախ: Հանրությանը այն չի սպառնում, թեև չէր խանգարի պրոֆիլակտիկայի համար ականջները փակել:

ԶՈՒՐ Է ԱՄԲՈՂՋ ԱՅՍ ԱՂՄՈՒԿԸ

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Օրերս  երիտասարդական չորս կազմակերպությունների ներկայացուցիչներ ստեղծեցին նախընտրական երիտասարդական շտաբ և հայտարարեցին նախագահի թեկնածու Բակո Սահակյանին սատարելու մասին: Շտաբը գործում է «Հայկի սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպության գրասենյակում:

Վաղօրոք կանխագուշակելով հնարավոր զարգացումները՝ մենք նման շտաբի ստեղծման հավանականության մասին գրել էինք մինչեւ քարոզարշավի սկիզբը, սակայն այդ ինֆորմացիան, մեղմ ասած, դուր չէր եկել հենց այդ նույն շտաբի ստեղծումը նախաձեռնողներին, որոնք ամեն կերպ փորձում էին «քարկոծել» տողերիս հեղինակին, եւ նույնիսկ պատասխան նամակում նշում էին, որ նման հարց չեն քննարկել: Ինչեւէ, դրան հաջորդեցին «Միասնություն» երիտասարդական կազմակերպության նախաձեռնած կլոր սեղանի ընթացքում «Հայկի սերունդ» կազմակերպության ներկայացուցիչների  հավաստիացումներն առ այն, որ մտադիր են ստեղծել նախընտրական երիտասարդական շտաբ, որը սակայն քարոզելու է ոչ թե թեկնածուներից մեկի օգտին, այլ ընտրողներին քարոզելու է ընտրություններին մասնակցելու անհրաժեշտությունը: Սակայն, ինչպես օրերս պարզ դարձավ, այդ նույն շտաբը հայտարարեց Բակո Սահակյանին սատարելու մասին:

Իսկ թե ինչու են ժամանակին որոշ երիտասարդներ հերքում ի պաշտպանություն միասնական թեկնածուի այդ շտաբի ստեղծման պայմանավորվածությունը՝ պարզապես զարմանալի է: Մի՞թե վատ բան կար դրա մեջ, երբ «ստիպված» էին գաղտնի հավաքվել ու քննարկել ինչ-որ հարցեր՝ իհարկե, միայն մի քանի երիտասարդական կազմակերպություններով: Չէ՞ որ միամտություն է հավատալը, որ Ղարաբաղում, հատկապես՝ Ստեփանակերտում, հնարավոր է թաքուն ինչ-որ բան անել: Իսկ գաղտնիքը, ինչպես ասում են, միշտ էլ բացվում է: Եթե որոշում եք գաղտնի ինչ-որ բան ձեռնարկել, ուրեմն պետք է այն բացվելու դեպքում տեր կանգնեք, այլ ոչ թե ծամածռեք ձեր դիրքորոշումը:

Դա թողնենք ընթերցողի դատին: Այն ընթերցողների կամ մարդկանց, ում համար նախընտրական այս սցենարը շատ ծանոթ է անցած նախագահական ընտրությունների նախընտրական շրջանից, երբ ընտրությունների շեմին բացեցին մի երիտասարդական կազմակերպություն, որին հաշված օրերի ընթացքում ապահովեցին ընդարձակ գրասենյակով, գույքով, համակարգիչներով եւ այլն: Ասել է թե՝ ընտրությունների շեմին փորձեցին «համախմբել» երիտասարդներին, իսկ այժմ երեւի շատերը չեն էլ հիշում այդ կազմակերպության մասին: Իսկ հիմա սցենարը փոքր ինչ փոփոխության է ենթարկվել, եւ փորձ է արվում ոչ թե նոր կազմակերպություն ստեղծել, այլ «միավորել» մի քանի կազմակերպությունների՝ ի պաշտպանություն միասնական թեկնածուի, որին սատարելու մասին հայտարարել են ոչ միայն մի քանի երիտասարդական, այլ նաեւ մի քանի այլ հասարակական կազմակերպություններ, ինչպիսիք են Արցախի ազատամարտիկների միությունը, ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիան, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ը եւ այլն…

Միասնական թեկնածուին սատարելը վարակի պես տարածվել է տարբեր ոլորտներում, իսկ որ այն տեղ է գտել նաեւ հասարակական սեկտորում, ուղղակի զարմանալի ու ծիծաղելի է, քանի որ հասարակական կազմակերպություններն իրենց բուն նպատակը թողած սկսել են քաղաքականությամբ զբաղվել: Գուցե արժե՞ այդ ՀԿ-ները վերածել կուսակցությունների: Չէ՞ որ հենց հասարակական կազմակերպությունները պետք է ընտրությունների ընթացքում լինեն վերահսկողի դերում եւ պաշտպան կանգնեն քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքին, այլ ոչ թե այդ իրավունքը սահմանափակեն՝ պաշտոնական հայտարարությամբ կոչ անելով սատարելու միասնական թեկնածուին:

Ընկերներ, բա ձեր փոխարեն ո՞վ է ձեր գործը անելու… Փառք Աստծո, որ բոլոր ՀԿ-ները չեն նման ուղիով գնում, թե չէ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հաստատ գրանցված տեղական դիտորդ չէր լինի: Ինչո՞ւ ոչ մեկը չի խոսում այս մասին£ Իսկ երբ ՀԿ-ն փորձում է իր գործը կատարել՝  հորդորում են «իր գործով զբաղվել» եւ քիչ է մնում ազգի դավաճան սարքեն:

Չգիտես ինչու մեր այս նախընտրական թոհուբոհում ամեն ինչ խառնվել է իրար, ու ամեն ինչ այնքան անտրամաբանական ու ծիծաղելի է դարձել, որ հիշում ես մեծն Սեւակի խոսքերը` «Անկեղծ ասած զուր էր ամբողջ այս աղմուկը…»:

——————————————————————————————-

«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԵՔԻԱԹԸ» ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ Է

Հունիսի 19-ին Երեւանում անց է կացվել ռուսալեզու հեռուստառադիոհաղորդումների երկրորդ միջազգային փառատոնը, որը կոչվում է «Եթերային զարդատուփ»: Փառատոնի կազմակերպիչն է հանդիսանում Հեռուստատեսության եւ ռադիոյի միջազգային ակադեմիան (IATR): Փառատոնը լուսաբանելու էին եկել ավելի քան 50 լրագրողներ՝ Գերմանիայից, Իսրայելից, Ղազախստանից, Լատվիայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից և Էստոնիայից:

Հեռուստա- եւ ռադիոլրագրողները ներկայացրին հաղորդումներ 4 անվանակարգերում՝ «Լրատվական հաղորդում», «Մշակութային հաղորդում», «Խոսում ենք ռուսերեն /ռուսերենին լավագույն տիրապետում եթերում/» եւ «Հաղորդում, որն արտացոլում է լսարանի կապը Ռուսաստանի հետ»:

Փառատոնի շրջանակներում ներկայացված էին ավելի քան 200 աշխատանքներ: Հայաստանը ներկայացրել էին նաեւ «Ինտերնյուս-Հայաստան» կազմակերպությունն ու Ստեփանակերտի մամուլի ակումբը՝ «Ղարաբաղյան հեքիաթ» համատեղ հեռուստաֆիլմով (հեղինակ՝ Սուսաննա Սայիյան):

Փառատոնի ավարտին տեղի ունեցավ դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը: Հեռուստատեսության եւ ռադիոյի միջազգային ակադեմիայի կողմից «Եթերային զարդատուփ» փառատոնի բոլոր մասնակիցներին շնորհվեցին նվերներ: 36 ֆիլմ ստացան փայտե զարդատուփ, իսկ 5 լավագույնները, որոնց մեջ էր նաեւ «Ղարաբաղյան հեքիաթ»-ը, ստացան մալախիտե զարդատուփեր:

Ի դեպ, «Ղարաբաղյան հեքիաթ»-ը միակն էր հայկական ֆիլմերից, որ ընդգրկվել է լավագույնների ցանկում:

Ուշագրավ է, որ այն ներկայացվել է նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s