№ 12 / 14 հուլիս

ԹՌԻՉՔ  / «ԴԵՄՈ» -ԿՈՉ

Արգո ժողովուրդ (դեմոս), ժողովրդավարության (դեմոկրատիայի) ջատագով «Դեմո»-ն կոչ է անում հուլիսի 19-ին մի կողմ թողնել բոլոր գործերն ու զանազան կասկածները և մասնակցել նախագահական ընտրություններին:

Չմասնակցելը ևս քո իրավունքն է, բայց մասնակցելով՝ կնպաստես, որպեսզի պաշտպանվեն քո մյուս իրավունքները ևս: Ուս-ուսի տուր նրան, ում վստահում ես, որովհետև առանց քո աջակցության ամեն ինչ կիմաստազրկվի: Ժողովրդավարությունը ոչ միայն մարդկանց համար է, այլև մարդկանց հետ:

 

Օգնիր, որպեսզի քո նախընտրածը կարողանա օգնել քեզ: Այլապես՝ անտարբերությունը անտարբերություն է ծնում: Հաճախ ես վրդովվել, որ քո նկատմամբ անտարբեր են, բայց երբևէ մտածե՞լ ես, որ դրա պատճառներից մեկն էլ քո անտարբերությունն է:

Արգո դեմոս (ժողովուրդ), այդքան չարչրկված դեմոկրատիան (ժողովրդավարությունը) իրականություն չի դառնա, եթե դու մի կողմ քաշվես:

Մարդ Աստծո, մի հավատա, որ ընտրությունների արդյունքներն արդեն կանխորոշված են: Գնա ընտրության այն հոգեբանությամբ, որ հենց քո ձայնն է որոշիչ լինելու, թե ով է լինելու երկրի հաջորդ նախագահը: Յուրաքանչյուր մարդ պատասխանատու է լինելու այդ ընտրության համար:

Մի տրտնջա, առանց այն էլ տրտնջացել ես ամեն օր ու ժամ: Հիմա իսկը ժամանակն է քեզնից կախվածն անելու, որ վաղը չտրտնջաս: Թե տրտնջացիր՝ ուրեմն մեղավորը դու ես:

Մի վախեցիր, քանի որ ուժեղը դու ես, շատը դու ես: Կամ` վախեցիր միայն Աստծուց:

Ուրեմն՝ օն, անդր, առաջ…

Դեպի քվեատուփ:

Դեպի քո իսկ ընտրած ապագան:

Եւ տա Աստված, որ այդ ապագան երջանիկ, արժանապատիվ, ապահով ու բարեկեցիկ լինի մեր երեխաների համար, որ նրանք ու մենք հրճվանքից ճախրենք, որ մեր գլխավերեւում ճախրեն ազատությունն ու երջանկությունը:

——————————————————————————————-

 ԶԼՄ-ների խնդրանքով ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մեկնաբանել է ԼՂՀ-ում առաջիկա ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեվիսի հայտարարությունը 

Հարց: Պրն. Ղուլյան, ինչպե՞ս կմեկնաբանեիք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեվիսի հայտարարությունն առ այն, որ համաշխարհային հանրությունը չի ճանաչի ԼՂՀ առաջիկա ընտրությունները:

Մեկնաբանություն: Պրն.Դեվիսի զբաղեցրած բարձր պաշտոնը, կարծում եմ,  պետք է նրան պարտավորեցնի զերծ մնալ կանխակալության դրսևորումներից, սակայն հերթական անգամ մենք ականատեսն ենք դառնում հակառակ երևույթին և ափսոսանք ենք հայտնում այդ առթիվ: Թերի Դեվիսի կարծիքը հատուկ է Եվրոպայի պահպանողական շրջանակներին, որոնք չեն ընդունում համաշխարհային քաղաքականության զարգացման ակնհայտ  դրական միտումները: Նման հայտարարությունները կրում են բացառապես ապակառուցողական բնույթ, քանի որ ազդում են հասարակական կարծիքի ձևավորման վրա` խոչընդոտելով հայ և ադրբեջանական ժողովուրդների միջև երկխոսության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը:

1991թ. դեկտեմբերի 10-ին, միջազգային իրավունքին և գործող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան  համաժողովրդական հանրաքվեով ամրագրելով իր անկախությունը, ԼՂՀ ժողովուրդը ժողովրդավարական, իրավական պետություն կառուցելու ուղեգիծ ընտրեց: Հիշեցնենք, որ ընտրությունները ժողովրդի կամքի արտահայտության ուղղակի ձև են  և ժողովրդավարության կարևորագույն դրսևորում: Ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը բխում է ԼՂՀ ժողովրդի ու համաշխարհային քաղաքակիրթ հանրության շահերից, և այդ զարգացման մակարդակը, բարեբախտաբար, չի որոշվում  Թերի Դեվիսի սուբյեկտիվ կարծիքով: Այդ մասին են  վկայում  ԼՂՀ-ում անցկացված ընտրությունները, որոնք կարող են օրինակ ծառայել մի շարք երկրների համար, որոնցում  իշխանության փոփոխությունը կատարվում է ընդունված միջազգային չափանիշներին հակառակ: Միջազգային կազմակերպությունների և քաղաքական շրջանակների որոշ ներկայացուցիչներ, դատելով իրենց իսկ կարծիքներից, շահագրգիռ վերաբերմունք չունեն տարածաշրջանի դրական գործընթացների նկատմամբ: Հակված չենք մտածել, որ նրանք գերադասում են կամայականությունն ու անօրինականությունը:

Նման արտահայտությունները ոչ մի կերպ չեն կարող արգելակել ԼՂՀ-ում իրականացվող  ժողովրդավարական  գործընթացները: Մեր  ժողովուրդը հերթական անգամ ապացուցել է այդ` 2006թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ընդունելով ԼՂՀ Սահմանադրությունը, որում հստակորեն ամրագրվել են ժողովրդավարական զարգացման սկզբունքները, որոնցով մեր հասարակությունը առաջնորդվում էր նաև մինչև հիմնական օրենքի ընդունումը և կառաջնորդվի այսուհետ ևս:

ԼՂՀ  ընտրությունների նկատմամբ թերահավատ վերաբերմունք ունեցողներին և դրանց օրինականությունը չճանաչողներին կարող ենք առաջարկել հաստատված օրենսդրական կարգով,  որպես դիտորդներ, մասնակցել ընտրություններին և կարծիք կազմել դրանց արդյունքներով:   Կարծում եմ, նախքան ենթադրական  գնահատականներ տալը արժե թեկուզև մեկ անգամ մասնակցել նման ընտրություններին:

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի մեկնաբանությունը` ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրությունների առնչությամբ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Վուկ ժերեմիկի հայտարարության առթիվ

Հարց:  Պրն նախարար, ինչպե՞ս կմեկնաբանեիք վերջին ժամանակներս Եվրոպայի խորհրդի չինովնիկների կողմից հաճախակի դարձած դատապարտիչ հայտարարությունները ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրությունների կապակցությամբ:  Օրերս ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Սերբիայի ԱԳՆ ղեկավար Վուկ Ժերեմիկը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում առաջիկա ընտրությունները չեն կարող ծառայել հակամարտության կարգավորման շահերին և բարդացնում են  բանակցային գործընթացը:

Մեկնաբանություն: Ցավալի է, որ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները, որոնք կոչված են ինտեգրման գործընթացներով պաշտպանել և առաջ տանել ժողովրդավարության  գաղափարներն ու սկզբունքները, ապահովել մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, դատապարտում են  ընտրությունների անցկացումը: Դրանով իսկ, նրանք կասկածի տակ են առնում ընտրությունների ինստիտուտը, որպես ժողովրդավարության կարևոր բաղադրիչ, ինչը հակասում է Եվրոպայի խորհրդի կանոնադրությանը: Եվ եթե եվրոպացի  պաշտոնյաները հակված չեն  աջակցելու ԼՂՀ ժողովրդավարական գործընթացներին, ապա մենք կարող ենք ակնկալել, որ նրանք գոնե  չխանգարեն մեր հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը: Մենք խորապես համոզված ենք, որ ժողովրդավարացումը կարևոր նախադրյալ է  ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, քանի որ այն  ենթադրում է այնպիսի մեխանիզմների ստեղծում, որոնք հնարավորություն են ընձեռում ցանկացած հակամարտություն լուծել բացառապես խաղաղ միջոցներով: Հենց դրան է ձգտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Բնական կլիներ, եթե այդ ձգտումը պաշտպանեին նաև  եվրոպական տարբեր կառույցների ներկայացուցիչները:

——————————————————————————————-

Ընտրություններ

ԿՈՉ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ

Հարգելի հայրենակիցներ:

Մենք՝ ներքոստորագրյալներս, գտնում ենք, որ ազգային միասնության ապահովման պատրվակով միասնական թեկնածուի ընտրման գաղափարը զուրկ է քաղաքագիտական հիմնավորումից: Ընտրությունների ժամանակ միասնության ապահովման մասին հայտարարություններն իրականում կոչված են բացառելու իրական ընտրության հնարավորությունը:

Ավելի բնական, ավելի պետականանպաստ ու ազգօգուտ կլիներ նախևառաջ ապահովել իրական ընտրության հնարավորությունը, ընտրել լավագույն թեկնածուին, լավագույն ծրագիրը, գաղափարախոսությունն ու արժեհամակարգը, որից հետո միայն միավորվել ընտրած լավագույնի շուրջ:

Ահա թե ինչու չենք կիսում միասնական թեկնածուին սատարելու մասին տարբեր կուսակցությունների ու կազմակերպությունների  որոշումը և ընտրողներին կոչ ենք անում հուլիսի 19-ին քվեարկելիս առաջնորդվել սեփական գաղափարներով ու սկզբունքներով, ինչպես նաև սեփական խղճի մտոք:

Մենք, ինչպես նաև մեր բազմաթիվ կուսակից ընկերներ և գործընկերներ, աջակցում ենք ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին և ձեզ կոչ ենք անում քվեարկել նրա օգտին:

ՌԱՖԱՅԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ – ՀՅ Դաշնակցության անդամ
ՍԱՄՎԵԼ ՎԱՆՅԱՆ  – ՀՅ Դաշնակցության անդամ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  – ՀՅ Դաշնակցության անդամ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱՆԱՆՅԱՆ  – Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ
ԴԱՎԻԹ ԿԱՐԱԲԵԿՅԱՆ   – «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ
ԳՐԻԳՈՐԻ ԱՖԱՆԱՍՅԱՆ – «Ազատություն» կուսակցության նախագահ
ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ  –  «Շարժում-88» կուսակցության անդամ
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՔԱՐԱՄՅԱՆ  –  «Շարժում-88» կուսակցության անդամ
ԳԱԳԻԿ ԱՎԱՆԵՍՅԱՆ –   «Շարժում-88» կուսակցության անդամ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ  – ԼՂՀ ազատամարտիկների միության անդամ

———————————————————–

ԼՂՀ նախագահի թեկնածուների կենսագրությունները

ԱՐՄԵՆ ԲՈՐԻՍԻ ԱԲԳԱՐՅԱՆ 

Ծնվել է 1959թ. նոյեմբերի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում:
1976թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը:
1981թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը:
Ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Ստեփանակերտի գինու գործարանում` որպես անվտանգության տեխնիկայի գծով գլխավոր ինժեներ:
1981-1983թ.թ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում` ստանալով լեյտենանտի զինվորական կոչում:
1983-1992թ.թ. աշխատել է որպես Ստեփանակերտի արտադրական ավտոտրանսպորտային միավորման քաղաքացիական պաշտպանության ավագ ինժեներ:
Եղել է ԽՄԿԿ անդամ եւ ընտրվել է կուսակցական կազմակերպության քարտուղար:

1992թ. հոկտեմբերից եղել է ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ, 1994թ. սեպտեմբերից` ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ, 1999թ. հունիսից մինչեւ 2000թ. հունվարը` ԼՂՀ պաշտպանության փոխնախարար` թիկունքի եւ սպառազինության գծով: Զինված ուժերից հեռացել է ինքնակամ:

Ներկայումս հանդիսանում է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր:
2005թ. ընտրվել է «Երկրապահ» կամավորականների միության վարչության անդամ:
Ունի կառավարական պարգեւներ: 1997թ. պարգևատրվել է «Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության» ոսկե մեդալով:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի դուստր եւ երկու որդի:

————————————-

ՎԱՆՅԱ ԳԱՐԵԳԻՆԻ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 18-ին, Ստեփանակերտ քաղաքում:

1951 թվականին ավարտելով Ստեփանակերտի թիվ 2 դպրոցը՝ ընդունվել է Ադրբեջանի Ազիզբեկովի անվան արդյունաբերական ինստիտուտը, որն ավարտել է 1956 թվականին և ուղարկվել արտադրական աշխատանքի:

1957 թվականին տեղափոխվել է Բաքվի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտի հիդրոմեխանիկայի պրոբլեմային լաբորատորիա՝ որպես գիտաշխատող:
1962 թվականին ընդունվել է Ադրբեջանի արդյունաբերական ինստիտուտի առկա ուսուցման ասպիրանտուրան:

1965 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1966 թվականին ընտրվել է հայկական գիտահետազոտական ջրերի պրոբլեմների և հիդրոտեխնիկայի ինստիտուտի գիտաշխատողի պաշտոնում:

1967-1971թ.թ. աշխատել է Երևանի անասնաբուժական և անասնաբուծական ինստիտուտի ճարտարագիտական ֆակուլտետում՝ որպես դոցենտ:

1971 թվականին ընտրվել է Ուստ-Կամենոգորսկի շինարարական ինստիտուտի շինարարական մեխանիկայի և նյութերի դիմադրության ամբիոնի վարիչ, իսկ 1976 թվականին՝ Օրենբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր:

1978 թվականին ընտրվել է Կրասնոդարի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատողի պաշտոնում:

1979 թվականին ընտրվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի պաշտոնում: Հետագայում զբաղեցրել է նույն ինստիտուտի ամբիոնի վարիչի և պրոֆեսորի պաշտոնները:

1988 թվականին Մոսկվայում պաշտպանել է դոկտորական թեզը:

1998-2002 թ.թ. զբաղեցրել է Ստեփանակերտի տեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնը:

Ներկայումս աշխատում է Արցախի պետական համալսարանում՝ դոկտոր- պրոֆեսորի պաշտոնում:

Պարգևատրվել է Արցախի պետական համալսարանի մեդալով:

2001թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

Ունի 107-ից ավելի հրատարակված գիտական աշխատանքներ և գրքեր, իսկ տարբեր թերթերում՝ 80-ից ավելի հոդվածներ, որոնք կրում են գիտական, գիտամեթոդական և դաստիարակչական բնույթ:

Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ է:

Ամուսնացած է: Ունի որդի և 2 թոռնիկ:

—————————————

ՄԱՍԻՍ ՍԱՄՎԵԼԻ ՄԱՅԻԼՅԱՆ 

Ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 14-ին, Ստեփանակերտ քաղաքում:

1974-84թթ. սովորել է Ստեփանակերտի թ.8 միջնակարգ դպրոցում:

1984թ. ընդունվել և 1991թ. ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը:

1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1991-1992թթ. սովորել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ «Սոցիալական հոգեբանություն» մասնագիտության գծով:

1992թ. մինչեւ 1993թ. ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեին առընթեր տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի առաջատար, գլխավոր մասնագետ էր:

1993թ., երբ ստեղծվեց ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն, տեղափոխվել է նախարարություն, որտեղ տարբեր տարիների զբաղեցրել է միջազգային կազմակերպությունների բաժնի վարիչի, միջազգային կազմակերպությունների վարչության պետի, նախարարի խորհրդականի, քաղաքական վարչության պետի պաշտոնները, իսկ 2001թ.-ի հուլիսից արտաքին գործերի փոխնախարար է:

1998թ. սովորել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում եւ ստացել Եվրաքաղաքականության մասնագետի որակավորում:

1993 թվականից ԼՂՀ պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) և Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ անցկացված երկկողմ և բազմակողմ բանակցություններին:

Ունի արտակարգ դեսպանորդի եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Տիրապետում է նաև ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

————————————–

ՀՐԱՆՏ ԱՐՏԵՄԻ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Ծնվել է 1951թ. ապրիլի 4-ին, Ստեփանակերտ քաղաքում:

Սովորել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում« ապա` փոխադրվել գիշերօթիկ դպրոցի մաթեմատիկական թեքումով դասարանը:

1974թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը: Ինժեներ-մեխանիկ է: Ինստիտուտն ավարտելուց հետո Երևանի գեղարվեստական ժամացույցների գործարանում աշխատել է որպես կոնստրուկտոր: 1975թ. տեղափոխվել է Ստեփանակերտ և աշխատել էլեկտրատեխնիկական գործարանում« ապա` կոմերիտմիության ԼՂ մարզկոմում՝ որպես միջազգային տուրիզմի բաժնի վարիչ:

1977թ. ընտրվել է գյուտարարների և նորարարների ԼՂ մարզային խորհրդի նախագահ:

1980թ. ապրիլից անցել է կուսակցական աշխատանքի` սկզբում որպես ԼՂ կոմկուսի մարզային կոմիտեի արդյունաբերության բաժնի հրահանգիչ« այնուհետև՝ կուսակցության Ստեփանակերտի քաղկոմի երկրորդ« ապա` առաջին քարտուղար:

1986թ. ավարտել է ԽՄԿԿ կենտկոմի բարձրագույն կուսակցական դպրոցը, մասնագիտությունը՝ քաղաքագետ:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առաջադրման առաջին իսկ օրերից եղել է համաժողովրդական շարժման ակտիվ մասնակիցներից մեկը:

1989թ. ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի անդամ: 1991թ. աշխատել է «Արցախ-Օնիքս» ֆիրմայի գլխավոր ինժեների, Շուշիի ռադիոգործարանի տնօրենի, Արցախի պետական համալսարանի տեխնիկական գիտությունների ամբիոնի դասախոսի պաշտոններում: 1996թ. հոկտեմբերից աշխատել է ԼՂՀ շինարարության նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ, իսկ 1998թ. նոյեմբերից՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարբեր բաժիններում, 2002թ. դեկտեմբերից ԼՂՀ կառավարության աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավարն է:

2001թ. ընտրվել է Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար:

Ամուսնացած է: Ունի երեք զավակ:

———————————–

ԲԱԿՈ ՍԱՀԱԿԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Ծնվել է 1960 թվականի օգոստոսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում:

1977 թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1978-1980թ.թ. ծառայել է խորհրդային բանակում:

1981թ. ընդունվել է աշխատանքի Ստեփանակերտի թիվ 9 արտադրական մեքենայացված կոմբինատում՝ որպես փականագործ-մեխանիկ: Մեկ տարի անց տեղափոխվել է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ՝ որպես քարջարդ-բանվոր:

1983-1987 թ.թ. աշխատել է հնությունների վերականգնման գիտական վարչության Ստեփանակերտի մասնաճյուղում՝ որպես վարպետ – ռեստավրատոր:

1987-1990թ.թ. աշխատել է մատակարարման մարզային վարչությունում՝ որպես մատակարար:

1988 թվականից արցախյան շարժման առաջամարտիկներից է:

1990թ. ընդգրկվել է ինքնապաշտպանական ուժերում:

1992-1993թ.թ. նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի պետի` թիկունքի գծով տեղակալ:

1993-1995թ.թ. նշանակվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի թիկունքի շտաբի պետ, իսկ 1995-1996թ.թ.՝ Պաշտպանության բանակի հրամանատարի արտաքին կապերի գծով տեղակալ:

1996-1997թ.թ. նշանակվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ:

1997-1999թ.թ. աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի օգնական:

1999-2001թ.թ. ԼՂՀ ներքին գործերի նախարար էր:

2001 թվականից մինչև 2007թ. հունիսը ԼՂՀ ազգային անվտանգության պետվարչության պետ- ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենն էր:

Ավարտել է Արցախի պետհամալսարանի իրավագիտության բաժինը:

Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի, «Սպարապետ Վազգեն Սարգսյանի» և Ռուսաստանի Դաշնության «Պետրոս Մեծի» 1-ին աստիճանի շքանշաններով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի և այլ մեդալներով:

Հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության, պաշտպանության և օրինապահպանության հարցերով ակադեմիայի իսկական անդամ:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

——————————————————————————————

ԹՈՂԵՔ ԸՆՏՐԵՆՔ

Համոզված եմ՝ շատերն են ինձ պես փորձում գուշակել, թե այս կամ այն հրատապ հարցն ինչպես կլուծվի: Արցախում այսօր ամենահրատապ հարցը նախագահական ընտրություններն են: Չեմ կասկածում՝ այս հարցը քննարկվում է ամենուր՝ ընտանիքներում, կոլեկտիվներում և այլուր: «Ո՞վ կընտրվի» հարցը «լինե՞լ, թե՞ չլինել» շեքսպիրյան հարցի սրությամբ է դրվում:

Եւ դա նորմալ է՝ մրցակցություն է: Բայց եթե արդար մրցակցություն լիներ: Թե այդպես լիներ՝ ամեն ինչ իր բնական հունով կընթանար: Սակայն «մրցակցություն» բազմաչարչար բառն այսօր ելել է իր բնաբուխ իմաստից: Պայքար է, ի՞նչ մրցակցություն, մարտ է՝ երբեմն առանց կանոնների…

Որքան լրագրողներ փակել են իրենց «սուր» գրիչների ծայրերը և քաշվել մի կողմ: Ոմանք էլ, այսպես ասած, մեկին պարսավում են, մյուսին՝ գովերգում: Բայց մի՞թե սա է լրագրողի աշխատանքը:  Ես, որպես մեր երկրի քաղաքացի, ուզում եմ լրատվամիջոցներից ստանալ լիարժեք ինֆորմացիա ոչ թե մի թեկնածուի, այլ բոլորի մասին, շատ բան իմանալ, ծանր ու թեթեւ անել, տարբեր տեսանկյուններից դիտարկել: Չէ՞ որ ես պիտի ընտրեմ «արժանավորին»: Կուզենայի ունկնդրել կամ էլ «ապահով» եթեր ակնդրել:

Մեկ այլ հարց է, թե ինչպես ենք ընտրում, ինչով ենք առաջնորդվում, ինչ հանգամանքներ են մեզ վրա ազդում, ինչ չափանիշներ են գործում արժանավորին ընտրելիս: Արդյո՞ք ամեն ինչ ծանրութեթեւ ենք անում, ուշադրություն դարձնո՞ւմ ենք թեկնածուի արժանիքներին, թե՞ այլ դրդապատճառներ ունենք:

Անձամբ ինձ համար շատ կարեւոր է տեղեկանալ թեկնածուի անցած ուղու, գիտելիքների մակարդակի մասին: Մի թեկնածուի առնչությամբ կասկածներ չունեմ: Քաջատեղյակ եմ Մասիս Մայիլյանի անցած ուղուն եւ գոհ եմ, անչափ գոհ եմ, որ ունենք նման թեկնածու:

Անուշ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆ. «ՄԵՐ ՀՈՂԻ ՎՐԱ ՊԻՏԻ ՔԱՅԼԵՆ ՏԵՐԵՐ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԾԱՌԱՆԵՐ»

ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ –   Համաձա՞յն եք, որ մեր իշխանությունը դարձել է պետություն պետության մեջ՝ իր առանձին շահերով, հոգսերով, առանձին ֆինանսներով, առանձին կադրային ներուժով և ապրում է իր կյանքով, ավելին՝ բարձրագույն ղեկավարությունն էլ դարձել է իշխանություն իշխանության մեջ, այսինքն՝ մի խումբ իշխանավորներ կազմել են, այսպես ասած, մտերմիկ-էլիտային իշխանություն և իրենք են որոշում ամեն ինչ, այլ ոչ թե նույնիսկ իշխանությունը՝ ավելի լայն իմաստով:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆ –   Ընդհանուր մտքի հետ, իհարկե, համաձայն եմ, բայց ձևակերպումները փոքր ինչ այլ կերպ կանեի: Այսպես ասեմ՝ կա իշխանություն-ժողովուրդ անդունդ, որը գնալով խորանում ու սարսափելի է դառնում, և որն արդեն ազգային անվտանգության խնդիր է: Իշխանությունը պարիսպներով շրջապատել է իրեն՝ մարդ չի կարողանում ընդունելության գնալ, նրա դիմումին ու բողոքին չեն պատասխանում: Մարդ մենակ է մնում: Ու մենակ է մնում չինովնիկական կամայականությունների դեմ: Ու ստեղծվում է օտարացման մթնոլորտ:

Գ. Բ. –  Եւ սա ողբերգություն է մարդու համար: Չէ՞ որ սա իր հայրենի պետությունն է, որի համար ինքը շատ բան է արել:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆ –  Մարդիկ մի հասարակ ճշմարտություն պիտի հասկանան՝ որ իրենք իրավունք ունեն վերահսկելու: Արտասահմանում կա այսպիսի մի հստակ հասկացություն՝ հարկատու: Մարդ ասում է՝ ես հարկատու եմ, ես հարկ եմ տալիս, որից էլ գոյանում է երկրի բյուջեն, այսինքն՝ մեր ընդհանուր գրպանը, ուստի ես ուզում եմ իմանալ, թե ինչպես են ծախսվում այդ գումարները: Այսինքն՝ մարդ փող է տալիս, որ իշխանական համակարգը իրեն օգնի, իրեն ծառայի, իր իրավունքները պաշտպանի:

Գ. Բ. –   Մինչդեռ իրականում մեզ մոտ հակառակն է, և մի աբսուրդային իրավիճակ է ստեղծվել: Ստացվում է, որ հանրությունը փող է տալիս, որ իրեն խանգարեն, իր կյանքը հարամեցնեն՝ տեղեկանքը ժամանակին չտան կամ դրա համար փող ուզեն, նախաձեռնած գործին խանգարեն և այլն: Եթե այդ հարաբերությունները վերածենք զուտ մարդկային հարաբերությունների, ապա ուղղակի ծիծաղելի իրավիճակ կստեղծվի: Ասենք՝ մարդ իր գրպանից մեկ ուրիշի փող տա, որպեսզի վերջինս ամեն օր իրեն սպառնա, ներվերով խաղա, տուգանի և այլն, և այլն:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆ –  Իրոք՝ այդպես է: Եւ դա ոչ թե ծիծաղելի, այլ ողբերգական է: Ուշադրություն դարձրե՞լ եք, թե որտեղ են կանգնում պետավտոտեսուչները: Ոլորանից՝ «պավարոտից» անմիջապես հետո մի թաքուն տեղ, որ վարորդը չնկատի, որպեսզի կարողանան տուգանել: Ուշադրություն դարձրե՞լ եք, թե հարկային մարմիններն ինչպես են աշխատում: Հաշվետվությունն ընդունելիս սխալն ու թերացումը չեն ասում, որ կարողանան տուգանել: Այսինքն՝ պետությունը կատարում է միայն պատժիչ գործառույթ, որը ևս իր ֆունկցիաներից է, բայց ոչ միակը, ոչ հիմնականը, այն էլ՝ դա պիտի արվի հանցագործների նկատմամբ:

Գ. Բ. –  Մի ֆիլմի մի ցնցող դրվագ հիշեցի: Մի երիտասարդ կին մեքենա վարելիս հարազատի կորստի լուրը լսելով՝ խորապես ցնցվում է և ինքն էլ չի նկատում, թե ինչպես է տասնյակ, հարյուրավոր անգամ անցնում նույն օղակաձև ճանապարհով: Դա գրավում է ավտոտեսչի ուշադրությունը, նա մոտենում է տիկնոջը և ասում՝ «Տիկին, ես ենթադրում եմ, որ դուք սթրեսային վիճակում եք, թողեք ես նստեմ ղեկի մոտ, պարզապես ասեք, թե ուր տանեմ ձեզ»: Ես ուղղակի ցնցվել էի այդ տեսարանից: Այսինքն՝ ոչ թե վազելով եկել է տուգանելու, այլ օգնելու, փրկելու:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆ –  Շատերի համար դա հեքիաթ կարող է թվալ, և դա է ամենացավալին: Մինչդեռ իրականում այդպես պիտի լինի: Նույն այդ ավտոտեսուչը ոչ թե իր «ապոր» փողերով է այդ գործն անում, այլ նույն այդ տիկնոջ հարկերից գոյացող գումարով: Մեզ մոտ էլ այդպես պիտի լինի: Պատկերավոր ասած՝ պետությունը ոչ թե «պավարոտի» կողքին պիտի թաքնված լինի, այլ մարդու կողքին լինի և գործի մարդու օգտին: Լինելու է, մեզ մոտ էլ է այդպես լինելու:

Գ. Բ. – Տա Աստված:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆ –  Բայց մարդիկ նաև պիտի ուզենան տեր կանգնել իրենց իրավունքներին, հասկանան, որ ժողովուրդը իշխանության ծառան չէ: Իշխանությունն է ժողովրդի ծառան: Բայց այսօր հակառակն է՝ ծառան այնքան է կապը կտրել, որ տիրոջը ծառայեցնում է: Այսինքն՝ ժողովուրդը դարձել է իր ծառայի ծառան: Սա պիտի փոխվի: Ժողովուրդն է այս երկրի տերը: Մեր հողի վրա պիտի քայլեն ոչ թե ծառաներ, այլ տերեր: Մեզնից յուրաքանչյուրն էլ տեր է:

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներսես ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
ԼՂՀ 1-ին և 2-րդ գումարումների
Գերագույն խորհրդի պատգամավոր

ՈՎ ԷՇ, ԴՈՒ ՓԱԼԱ՞Ն

Մարդիկ կան, որ վճռորոշ եւ պատասխանատու պահերին կրավորական կեցվածք են ընդունում եւ որոշման իրավունքը թողնում վերադասին, արդարանալով՝ «մեր ձեռը ի՞նչ կա, ով էշ, մենք փալան»:

Հետաքրքիր է՝ այդ ասույթով իրենց արդարացնողները հասկանու՞մ են, որ ասույթի տրամաբանությամբ վիրավորում են թե իրենց և թե իշխանավորներին:

Պիտի այնպես անել, որ ոչ ժողովուրդը փալան լինի, ոչ էլ ղեկավարը՝ էշ:

ԿՈՐԱԾ-ԳՏԱԾ ԷՇԸ

Ժողովրդի մեջ այսպիսի պատմություն կա: Արցախցու էշը գողանում, այնուհետեւ վերադարձնում են: Այս «մեծահոգի» արարքից նա անչափ ուրախանում եւ իր երախտագիտությունն է հայտնում վերադարձնողին:

Հաճախ, հատկապես՝ նախընտրական ժամանակներում, պետական բյուջեից կամ երբեմն էլ ստվերային եկամուտներից կուտակված միջոցներով որեւիցե չինովնիկի կամ գործարարի կողմից ընտրատարածքներում բարեգործական միջոցառումներ են անցկացվում որեւիցե թեկնածուի անունից: Կամ էլ նոր երևույթ՝ մեդալներ ու այլ պարգևներ են բաժանում: Մարդիկ կան, ովքեր ազատամարտում ունեցած ծառայությունների համար մինչ այդ անգամ պատվոգիր ստացած չկան, ու  հանկարծ մի օրում մի քանի մեդալներ են ստանում «կոնֆետների» պես, այն էլ՝ Մայիսի 9-ից շատ անց՝ նախընտրական փուլում:

Բնականաբար, ոմանք շոյվում և երախտագիտությամբ են լցվում տվողի հանդեպ, քանի որ իրենց ծառայությունները վերջապես գնահատվեցին հայրենի իշխանությունների կողմից: Իսկ հասկացողները վիրավորվում են, ու նրանց մեջ հարց է ծագում, թե ինչու են իրենց միայն այսօր հիշել, ինչու՞ արժանին իրենց չեն հատուցել իր ժամանակին: Նրանք հասկանում են, որ ստացածը իրենցն է, իրենց հասանելիքը, որ խլել են իրենցից կամ ուրիշներին են տվել: Ու տվողի հանդեպ, մեղմ ասած՝ երախտագիտությամբ չեն լցվում:

ՄԱՐԴԸ ԵՎ ՇՈՒՆԸ

Մարդու, տիրոջ հանդեպ շան հավատարմության մասին շատ պատմություններ կան: Երբեմն մարդկանց հավատարմությունը համեմատում են շների հավատարմության հետ: Սակայն եթե ուշադիր քննենք երեւույթը, ապա կտեսնենք, որ երբեմն նույն շունը մի քանի տիրոջ հանդեպ նույն հավատարմությունն է ցուցաբերում: Մեր չորքոտանի բարեկամների համար կարևոր չէ, թե ում ձեռքից են ոսկոր ստանում: Իհարկե, բացառություններ լինում են, երբ շունն ու տերը այնքան են կապված լինում միմյանց, որ շունը կարող է ինքնազոհության գնալ տիրոջ համար: Բայց քանի որ կենդանիները կառավարվում են միայնումիայն բնական ռեֆլեքսներով, ապա շների համար տիրոջ հավատարմության չափանիշը  ոսկորների գործոնն է: Մեծ ու փոքր շների համար՝ համապատասխանաբար մեծ ու փոքր ոսկորներ: Ցավալի է, որ երբեմն բանական մարդ արարածն էլ է կենդանական ռեֆլեքսներով առաջնորդվում:

ՄՈԽՐՈՏԸ

Մեր երկրում ընթացող վերջին քաղաքական զարգացումները և հատկապես նախագահի թեկնածուների հանդիպումները կամա թե ակամա հիշեցնում են «Մոխրոտը» հանրահայտ հեքիաթը:

Նախագահի հիմնական հավակնորդներից մեկի` Մասիս Մայիլյանի գնալով աճող ժողովրդականությունը և դրա վկայությունը հանդիսացող հանդիպումներն ընտրողների հետ հույսի, հավատի զգացումներ են արթնացնում հուսալքված, հարստահարված եւ բախտի քմահաճույքին թողնված քաղաքացիների հոգիներում: Մարդիկ տեսնելով նրան եւ գաղափարակիցներին՝ նորից խանդավառվում եւ միանում են երկրում սկսված ժողովրդավարական շարժման գործընթացին: Բնականաբար, սա սկզբից խուճապ, այնուհետեւ խանդի եւ ջղաձգության նոպաներ առաջացրեց հարստությունն ու պաշտոնները պահպանել ձգտող  իշխանական թեւի մոտ, ինչը  հաճախ բիրտ դրսևորումներ է ստանում: Որպես ընտրապայքարի միջոց ընտրվում են ոչ թե գաղափարը, քաղաքակիրթ ձեւերն ու մեթոդները, այլ ահաբեկելը, կաշառելը /պաշտոնների, վարկերի, տների հատկացման, փողոցների վերանորոգման խոստումներով/, մարդկանց իրար դեմ լարելը /բաժանել-տիրելը/  և այլ մեթոդները, որոնք հիշեցնում են չարի գործելակերպը, իսկ տիրողներն էլ ակամայից դառնում են չարի գործակալներ:

Վերադառնալով Մոխրոտի պատմությանը եւ թեկնածուների հանդիպումներին, կտեսնեք, որ իշխանությունը տանում է խորթ մոր դերը, որը իր «հարազատին» ամեն կերպ գովաբանում է, տրամադրում վարչական բոլոր ռեսուրսները /մարդկային, նյութական, տեխնիկական, ուժային լծակները/, ամեն ինչ անում է չեղածը եղածի տեղ ներկայացնելու եւ հակառակը՝ նախագահի կարգավիճակի չափորոշիչներին ամբողջովին համապատասխանող թեկնածուի՝ «խորթ զավակի» արժանիքները քողարկում, փնովում եւ անգամ՝ նրա  ընտրվելու դեպքում իբր թե վտանգներ առաջանալու ազդակներով մարդկանց վախեցնում:

Բոլորին խորհուրդ կտայի հիշել Մոխրոտի պատմության բարի եւ գեղեցիկ ավարտը:

ՄԵՂՈՒՆԵՐՆ ՈՒ ԲՈՌԵՐԸ

Հանրային քննարկումների ժամանակ մարդիկ շատ հաճախ հասարակական հարաբերությունների իդեալական մոդել համարում են մեղվափեթակը: Համաձայնվելով եւ շահագրգիռ լինելով, որ մեր հասարակական հարաբերություններն էլ կառուցված լինեն նման սկզբունքներով, այնուամենայնիվ նշենք, որ մեղուները նույնպես զուրկ չեն ձեռքբերովի արատներից: Զուգահեռներ անցկացնելով մեղուների եւ պետականաշինության ու հասարակական հարաբերությունների միջեւ՝ կարող ենք նկատել, որ եթե մայր մեղուն ուժեղ եւ բանիմաց է, ապա մեղվաընտանիքում բոլորն իրենց տեղում են եւ բարեխղճորեն կատարում են իրենց գործը: Նմանապես՝ պետության մեջ: Որքան ղեկավարը իմաստուն, քաջ եւ օրինապաշտ է, այնքան պետական չինովնիկներն իրենց տեղում եւ իրենց կոչման մեջ են:

Սակայն իրականության մեջ հանդիպում ենք բացասական երեւույթների թե մեղվաընտանիքներում և թե հասարակությունում: Հատկապես հիվանդությունների ժամանակ՝ թե հասարակական, և թե կենդանական: Երբ մեղվափեթակում հիվանդություններ են առաջանում՝ մեղվաընտանիքը թուլանում, շատ դեպքերում ոչնչանում է, իսկ եթե չի էլ ոչնչանում, ապա քիչ մեղր է ստեղծում: Նման փեթակում վխտում են բոռերը, որոնք ձրիակերներ են: Ինչո՞վ նման չէ մարդկային հարաբերություններին:

ՆՈՐ ԳԻՆԻՆ ՈՒ ՀԻՆ ՏԻԿԵՐԸ

Նոր Կտակարանում /Մատթ. թ:16-17/ այսպիսի պատմություն կա: Հիսուս Քրիստոսին են մոտենում Հովհաննեսի աշակերտները՝ պարզելու համար փարիսեցիների եւ Նրա աշակերտների վերաբերմունքը պահքի նկատմամբ: Առանց ժխտելու պահքի անհրաժեշտությունը, Նա բերում է հետևյալ օրինակը. «Նոր գինին հին տակառների մեջ չեն դնում, ապա թե ոչ, տիկերը կպատռեն եւ գինին դուրս կթափվի, եւ տիկերը կփչանան, այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, եւ երկուսն էլ պահում են»:

Այս խոսքը մեկնաբանելով մերօրյա հասարակական-քաղաքական կացության տեսանկյունից, կարող ենք վստահությամբ ասել, որ հարկ է նոր գինին նոր տիկերի մեջ լցնել, այսինքն՝ նոր արժեքները միայն նոր, որակապես նոր իշխանությունը կարող է կրել:

ԿԵՍԱՐ, ԱՅԴ ԵՍ ԵՄ` ԲՐՈՒՏՈՍԸ

Նախագահական ընտրությունների քարոզարշավի եռուն շրջանն է, ամենուրեք հանդիպումներ են կայանում թեկնածուների հետ, ժողովուրդը ունկնդրում եւ ակնդրում է նրանց, ծանոթանում երկրի հետագա ճակատագիրը որոշող ծրագրերին: Քննարկման թեման հիմնականում Բակո Սահակյանի եւ Մասիս Մայիլյանի նախընտրական ծրագրերն են:

Ի՞նչ ուղիով պետք է ընթանա երկիրը. ստեղծված վիճակը պահպանելու եւ մանր շտկումներ կատարելո՞վ ընթանալ առաջ, այն դեպքում, երբ Մայր Հայաստանում «ներքաղաքական կյանքում Սերժ Սարգսյանը գնաց ամենաահավորին՝ քանդեց մեր իշխանական ստատուս-քվոն եւ խորհրդարանը վերցրեց «փաթեթով», շատերին իր հետ թշնամացնելու գնով» (տես՝ «Իրավունք» թերթ, թիվ 48, 2007թ.), թե՞ «պետք է փոխվի երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը»:

Մերոնք չեն ուզում «շատերին իրենց հետ թշնամացնել» եւ ընտրել են առաջին տարբերակը. դեպի նախագահը, խորհրդարանը, չորս կուսակցություններ, ողջ կառավարական ապարատը: Նույնիսկ ՀԿ-ների մի մասն է կիսել այս կարծիքը եւ հանդես եկել միասնական թեկնածուի օգտին: Նման մոտեցման հիմք են հանդիսանում անցած տարիների ձեռքբերումները: Ինչ խոսք, ձեռքբերումներն անժխտելի են. ամենաէականը՝ ունենք ազատ, անկախ երկիր, պետություն:

Եվ, այնուամենայնիվ, բարեփոխումների պահանջը օրախնդիր է: Սկսենք հենց քարոզարշավից. ինչպե՞ս է ընթանում այն: Երկրի նախագահից սկսած մինչեւ գյուղապետերը սատարում են միայն մի թեկնածուի: Իրենց իրավունքն է՝ ում ուզում են, նրան էլ սատարում են: Սակայն հարցը նրանում է, որ այդ սատարումը պարտադրող բնույթ է կրում:

Շրջեք ժողովրդի մեջ, զրուցեք եւ կլսեք, որ արդեն իբր թե որոշված է, թե ով պետք է լինի  ԼՂՀ հաջորդ նախագահը: ԼՂՀ իշխանությունների արածը քիչ է, «պակասը» լրացրեց ՀՀ վարչապետ Ս.Սարգսյանը, երբ Ա.Ղուկասյանի ծննդյան 50-ամյակին հայտարարեց, որ Հայաստանի հասարակության էլիտան նախընտրում է Բակո Սահակյանի թեկնածությունը: Այս հայտարարությունը մեր ընտրողներից շատերը դիտում են որպես ՀՀ կառավարության դիրքորոշումը: Դա այդպես չէ. ՀՀ վարչապետի հայտարարությունը պետք է դիտել որպես զուտ նրա անձնական մոտեցումը, ցանկությունը, և ոչ ավելին: Էլ չեմ խոսում այն մասին, որ վարչապետը չէ երկրի գլուխը:

Այնպես որ, ընտրողներն ու ընտրվողները թող իրենց կաշկանդված չզգան ո°չ ՀՀ վարչապետի, ո°չ ԼՂՀ նախագահի, ո°չ էլ մեր խորհրդարանի ու կուսակցությունների պատճառով: Եվ այսքանից հետո համոզիչ չեն հնչում հավաստիացումները փակ-գաղտնի քվեարկության մասին: Քարոզարշավը պետք է տարվի այնպես, որ ընտրողների մոտ խորանա այն համոզումը, որ իր ձայնը վճռական նշանակություն է ունենալու ընտրություններում:

Ժողովրդավարության կարեւոր հատկանիշներից է քաղաքացիների կամքի, կարծիքների ազատ արտահայտումը: Պետք է արմատավորվի բանավեճը՝ ցանկացած հարցի, խնդրի առնչությամբ: Այն կընձեռի ճիշտ կողմնորոշվելու հնարավորություն, թե չէ՝ պատրաստի դիրքորոշումները ստիպված ընդունելու դեպքում դժվար է խոսել բազմազանության մասին, ժողովրդավարության մասին:   Ընդդիմադիր ուժի անհրաժեշտությունը մեզ մոտ փաստորեն անտեսվեց: Մինչդեռ այն /ընդդիմադիր ուժը/ ունակ է նկատելու իշխանության թերությունները եւ սրտացավ, հիմնավորված, համոզիչ, սկզբունքային քննադատությամբ աջակցել թերությունների վերացմանը, որպեսզի ապահովվի առաջընթացը:

Գիտե՞ք ինչ. սա Կեսարների եւ Բրուտոսների հավերժական վեճն է: Ավելի քան 2000 տարի է անցել, բայց վեճն այսօր էլ շարունակվում է: Ժողովրդավարությունը, մեր կարծիքով, կոչված է վերջ դնելու հազարամյակների այս վեճին՝ երկրի ճակատագրի համար պատասխանատու են նաեւ Բրուտոսները: Ուստի պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի ժողովրդավարության ծիլերը ցողունակալեն: Ստիպված ենք նորից ու նորից հիշելու 2004թ. ընտրությունները: Իշխանությունները սկզբից մինչեւ վերջ տորպեդահարեցին  այս ընտրության արդյունքները, այնքան, որ ժողովրդի ընտրյալը վերջիվերջո հայտնվեց ծանր վիճակում: Սակայն թող իշխանությունները չկարծեն, որ ընտրողները հուսահատված են: Ամենևին: Արցախցի ընտրողները արդարադատ են: Նրանք իրենց ձայնը, քվեն կտան այն թեկնածուին, ում ուզում են:

Մարդիկ հիմա ուսումնասիրում են թեկնածուների ծրագրերը եւ աստիճանաբար յուրաքանչյուր ընտրողի մեջ հասունանում, ձեւավորվում է սեփական կարծիքը, թե որ թեկնածուի օգտին քվեարկել: Հույս ունենք, որ սատարման ուժգնությունը կամ սատարախտի վարակն աստիճանաբար կթուլանա՝ իր տեղը զիջելով դիրքորոշումների սթափ ընկալմանը, եւ ընտրության օրը արցախցի ընտրողը իր ձայնը կտա այն թեկնածուին, ում իսկապես նախընտրում է, այլ ոչ թե նրան, ում պարտադրում են:

Հենրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

——————————————————————————————-

Մարդը եւ օրենքը

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՊՐՆ Ս. Մ. ՆԱՍԻԲՅԱՆԻՆ

Հարգելի պրն Նասիբյան:

Ստիպված ենք փաստել, որ քարոզարշավն սկսվելու առաջին իսկ օրվանից լուրջ օրինախախտումներ են տեղի ունենում: Եթե անհետաձգելիորեն դրանց չտրվի սկզբունքային գնահատական և հետևողականորեն միջոցներ չձեռնարկվեն հետագա օրինախախտումները կանխարգելելու ուղղությամբ, ապա ստիպված ենք լինելու կանգնել նորանկախ երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող ընտրությունների վարկաբեկման փաստի առաջ, ինչը լրջորեն վնասելու է երկրի միջազգային հեղինակությանը և արգելակելու է երկրի հետագա զարգացումը:

Ստորև ներկայացնում ենք մեր ստացած ահազանգերի մի մասը, ակնկալելով ԿԸՀ-ի կողմից դրանց լուրջ ուսումնասիրություն: Համոզված ենք, որ եթե ներքոբերյալ օրինախախտումների հեղինակներն օրենքի շրջանակներում չպատժվեն, ապա ապօրինությունների թիվն ավելանալու է, և ստիպված ականատես ենք լինելու դրանց զանգվածային դրսևորումների:

1. Լուրջ կասկածներ ունենք, որ  Մ. Մայիլյանի թեկնածության առաջադրման օրվանից սկսած՝ նա և թիմակիցները գտնվում են հատուկ ծառայությունների սևեռուն ուշադրության և մշտական հսկողության տակ, և որ գաղտնալսվում են մեր հեռախոսազրույցները:

2. Քարոզարշավի առաջին իսկ օրը՝ Հանրային հեռուստատեսությամբ, թեկնածուներին հատկացված եթերաժամից հետո, հեռարձակվել է Մուրադ Պետրոսյանի հեղինակային հաղորդումը, որում նա անօրեն կերպով քարոզչություն է արել թեկնածու Բակո Սահակյանի օգտին և հակաքարոզչություն՝ թեկնածու Մասիս Մայիլյանի դեմ: Մ. Մայիլյանի նախընտրական շտաբն այս կապակցությամբ դիմել է ԿԸՀ-ին: ԿԸՀ-ի պաշտոնական պատասխանում ընդունվել է այս փաստը, նաև տեղեկացվել է, որ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջարկել է ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին՝ առաջնորդվելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագայում Արցախի հանրային հեռուստատեսության կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումները կանխելու համար:

Սակայն նմանօրինակ օրինախախտումները շարունակվել են, և դրանց սկզբունքային գնահատական չի տրվել: Մասնավորապես՝

3. Քարոզարշավի երկրորդ օրը հանրային հեռուստատեսությամբ թեկնածուներին հատկացված եթերաժամից դուրս հեռարձակվել է «Հայրենյաց պաշտպան» հաղորդաշարի հերթական թողարկումը, որում բացահայտ քարոզչություն է արվել թեկնածու Բակո Սահակյանի օգտին (տեսագրությունն առկա է):

4. Հուլիսի 10-ին Հանրային հեռուստատեսությամբ, իբր թե հեռուստադիտողների խնդրանքով, կրկնվել է Հայաստանի հանրային հեռուստատեսության «360 աստիճան» հաղորդումը, որում բացահայտ կերպով նախապատվություն է տրվել թեկնածուներից մեկին: Այսպես, նշյալ հաղորդման մեջ հենց սկզբից հիմնական շեշտադրումն արվել է թեկնածու Բակո Սահակյանի վրա, իսկ մյուս թեկնածուների մասին խոսվել է թեթևակիորեն:

Քանի որ Արցախի Հանրային հեռուստատեսությունը վաղօրոք հայտարարել էր նշյալ հեռուստահաղորդման կրկնության մասին, Մ.Մայիլյանի նախընտրական շտաբը հասցրել է հաղորդումից առաջ այդ մասին հեռախոսով ժամանակին տեղյակ պահել ԿԸՀ-ի նախագահ պրն Ս. Նասիբյանին, սակայն համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, և հաղորդումն, այնուամենայնիվ, հեռարձակվել է:

5. Հունիսի 7-ին «Արցախէներգո» ՊՓԲԸ Մարտակերտի մասնաճյուղի անվտանգության գծով տեսուչ Ջեմս Ղահրամանյանը նույն մասնաճյուղի տնօրեն Արմեն Սիմոնյանի հրամանով ազատվել է աշխատանքից՝ իբր թե թոշակային տարիքի պատճառով, թեև նույն Ա.Սիմոնյանը Ջ.Ղահրամանյանին աշխատանքի է վերցրել նույն՝ թոշակային տարիքում, ավելին՝ հիմնարկում շարունակում են աշխատել Ջ.Ղահրամանյանից տարիքով մեծ մարդիկ: Առանձնազրույցի ժամանակ տնօրենը Ջ.Ղահրամանյանին ասել է, որ այդպես է վարվել այն պատճառով, որ նա՝ Ղահրամանյանը, պաշտպանում է Մասիս Մայիլյանին:

6. ԼՂՀ ազատամարտիկների միության Ասկերանի շրջանային վարչության ղեկավար Սամվել Աղաջանյանը հավաքել է շրջանի Իվանովկա բնակավայրի ընտրողներին և հայտարարել, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից լիազորված է այստեղ ապահովել թեկնածու Բակո Սահակյանի օգտին միաձայն քվեարկություն, ինչն առաջացրել է ընտրողների դժգոհությունը:

7.  ԼՂՀ ԱԱԾ Մարտունու ստորաբաժանման ղեկավարն իր ենթակաների հետ միասին «կոմպրոմատ» է պատրաստել Մ.Մայիլյանի վստահված անձ Գ. Բաղդասարյանի դեմ, որը պիտի օգտագործվեր Մարտունու շրջանի Ճարտար գյուղում ընտրողների հետ Մ. Մայիլյանի հանդիպման ժամանակ: Այդ նպատակով բազմացվել է տարիներ առաջ Ճարտար գյուղի պրոբլեմների մասին լրագրող Գ.Բաղդասարյանի քննադատական հոդվածը:

8. ԼՂՀ ԱԱծ Քաշաթաղի ստորաբաժանման ղեկավարը շարունակաբար քարոզչություն է անում թեկնածու Բակո Սահակյանի օգտին և հակաքարոզչություն՝ Մասիս Մայիլյանի դեմ, սպառնալով վերջինիս կողմնակիցներին և գյուղապետերին:

9. ԼՂՀ ԱԱԾ աշխատակիցները ընտրողների հետ Մ.Մայիլյանի յուրաքանչյուր հանդիպումից առաջ «կանխարգելիչ» աշխատանք են տանում համայնքների ղեկավարների (գյուղապետերի) հետ, փորձելով խափանել նախընտրական հանդիպումները:

10. ԼՂՀ ԱԱծ Ասկերանի ստորաբաժանման ղեկավարը ճնշումներ է գործադրում շրջանի համայնքների ղեկավարների վրա՝ պահանջելով խափանել ընտրողների հետ Մ.Մայիլյանի հանդիպումները:

11. Մայրաքաղաքի Ալեք Մանուկյան փողոցի բնակիչների հետ Մ.Մայիլյանի հանդիպումից առաջ ԼՂՀ ԱԱծ Ստեփանակերտի ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ նշյալ ստորաբաժանման աշխատակիցները մտել են բնակիչների տները և հորդորել դուրս չգալ հանդիպման:

12. ԼՂՀ ոստիկանության աշխատակիցները նույնպես ընտրողների հետ Մ. Մայիլյանի յուրաքանչյուր հանդիպումից առաջ «կանխարգելիչ» աշխատանք են տանում համայնքների ղեկավարների (գյուղապետերի) հետ, փորձելով խափանել նախընտրական հանդիպումները:

13. Հուլիսի 10-ին և 11-ին Մարտակերտի շրջանի Հաթերք, Զարդախաչ և այլ գյուղերում ընտրողների հետ Մ. Մայիլյանի հանդիպումները փորձել է խափանել ոստիկանության գնդապետ Արկադի Միրզոյանը:

14. Մարտակերտի շրջանի Գետավան, Չափար և այլ գյուղերում ընտրողների հետ Մ. Մայիլյանի հանդիպումները փորձել են խափանել Մարտակերտի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սերգեյ Օհանյանը և ԼՂՀ անտառտնտեսության շրջանային վարչության պետ Արկադի Շիրինյանը:

15. Գյուղական համայնքների ղեկավարների մեծ մասը լծված է թեկնածու Բակո Սահակյանի նախընտրական հանդիպումները կազմակերպելու և թեկնածու Մասիս Մայիլյանի հանդիպումները տապալելու գործով: Չնչին բացառությամբ սա ուղղակի զանգվածային բնույթ է կրում:

16. Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Փրջամալ գյուղերի համայնքների ղեկավարները փորձել են բոլոր միջոցներով խափանել Մ. Մայիլյանի հանդիպումը նշյալ գյուղերի ընտրողների հետ, ինչի մասին վկայել են այդ գյուղերի այն բնակիչները, ովքեր անգամ այդքանից հետո համարձակություն են ունեցել մասնակցելու հանդիպմանը:

17. Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղի համայնքի ղեկավարն անձամբ խոչընդոտել է գյուղում  ընտրողների հետ Մ. Մայիլյանի հանդիպմանը:

18. Լիսագորում և բազմաթիվ այլ գյուղերում համայնքների ղեկավարների աշխատասենյակի դռանը փակցված է թեկնածու Բ.Սահակյանի քարոզչապաստառը:

19. Բ. Սահակյանի հանդիպումներին ուսուցիչների մասնակցությունը ապահովելու և ընդհակառակը՝ Մ. Մայիլյանի հանդիպումներում ուսուցիչների մասնակցությունը բացառելու գործունեություն են ծավալում մի շարք գյուղերի դպրոցների տնօրեններ: Մասնավորապես, Բերդաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտակ Զարգարյանը ոչ միայն նման գործունեություն է ծավալել, այլև գյուղի խանութներից մեկի տիրոջ գլխին սպառնալիքներ է թափել, պահանջելով հանել Մ.Մայիլյանի քարոզչապաստառը և դնել Բ.Սահակյանի քարոզչապաստառը:

20. Հուլիսի 11-ին Մարտունի քաղաքում մեծաքանակ ընտրազանգվածի հետ Մ.Մայիլյանի հանդիպումից առաջ անջատվել է էլեկտրականությունը, իսկ հաջորդ օրը Մարտունու վարչակազմի ղեկավարը հավաքել է շրջանի գյուղապետերին և հայտարարել՝ «Եթե դուք չեք տիրապետում իրավիճակին, ապա մենք համապատասխան եզրակացություն ենք անելու»:

21. ԼՂՀ ԿԸՀ-ին ընտրացուցակների ճշտման անհրաժեշտության մասին մի քանի անգամ բանավոր հորդորելուց և որևէ արձագանք չստանալուց հետո՝ Մ.Մայիլյանի նախընտրական շտաբի երիտասարդական թևի ներկայացուցիչները հասարակական հիմունքներով ուսումնասիրել են ընտրացուցակները և բացահայտել բազմաթիվ անճշտություններ, որոնց վրա կրկին հրավիրում ենք ԿԸՀ-ի ուշադրությունը:

ԼՂՀ նախագահի թեկնածու Մ. Մայիլյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ՝

Յուրի ԶԱՔԱՐՅԱՆ
13 հուլիսի, 2007թ.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒ՞Մ, ԹԵ՞ ՎԵՐԱԴԱՐՁ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրության մասին իր մոտեցումներն արտահայտելը Կովկաս վերլուծական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը սկսում է Հայաստանի իրավիճակից: Հուլիսի 11-ին Ուրբաթ ակումբում նա հայտարարել է, թե թվում էր, որ Հայաստանի հասարակության համար պետք է ավելի հետաքրքրական լիներ Ղարաբաղի նախագահի ընտրությունը, քան այն հետաքրքրությունը, որը ցուցաբերվում է այժմ: «Տպավորություն է, որ ընդհանրապես այս ընտրություններին թե Ղարաբաղի իշխանությունն ու հասարակությունը, թե Հայաստանի իշխանությունն ու հասարակությունը կարծես թե պատրաստ չէին: Այն մեծ նշանակությունը, որ կարծես թե պետք է ունենար ԼՂՀ նախագահի ընտրությունը, կարծում եմ, չի գիտակցվում, չնայած ես մի անգամ առիթ ունեցել եմ հայտարարելու, որ իմ կարծիքով դա շատ ավելի մեծ նշանակություն ունեցող խնդիր է եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրն է»,- ասում է Մանվել Սարգսյանը, նշելով, թե Հայաստանի մամուլին հետեւելով չի ստացվում այդ տպավորությունը, չեն նկատվում խորքային վերլուծություններ:

Ինչ վերաբերում է Ղարաբաղում առկա իրավիճակին, ապա Մանվել Սարգսյանը այն համեմատում է Խորհրդային Միության ամբողջատիրական համակարգի հետ, երբ ընտրությունը կրում էր զուտ ձեւական բնույթ եւ ընդամենը ապահովվում էր իշխող ԽՄԿԿ 99 տոկոսանոց հաղթանակը, իսկ նրանց, ովքեր դեմ էին այդ մեխանիզմին, համարում են դավաճան, թշնամի, պետությանը վնասող: Մանվել Սարգսյանն ասում է, որ ինքն այդ տպավորությունը ստացել է օրերս Ղարաբաղ կատարած այցի ընթացքում, լինելով Ստեփանակերտում, Շուշիում, Լաչինում, Քելբաջարում եւ լավ տեղեկացված լինելով Հադրութի շրջանի մթնոլորտից: «Ասել, որ այդ ամեն ինչը բնական գործընթաց է, ես չեմ նկատել: Ես նկատեցի, որ ահռելի աշխատանք է տարվում այդ վարչական ռեսուրսով»,- ասում է Մանվել Սարգսյանը: Նա նշում է, թե Ղարաբաղի պարագայում վարչական ռեսուրսի կիրառումն ունի մի փոքր այլ ձեւաչափ եւ բովանդակային պարունակություն, քան Հայաստանում: «Ճիշտ է, Հայաստանում նույնպես ահաբեկում կա, նույն մարդկանց համոզելու, որ աշխատանքդ կվերցնեմ քեզանից, եւ այլն, եւ այլն, շատ ծանոթ է այդ ամեն ինչը, կաշառել, եւ այլն: Բայց այնտեղ դա այդպես չէ: Մի քիչ, գիտեք՝ ինչպես է, մի քիչ ինչպես պարտականություն: Ասենք, կարող են մտնել տուն եւ ասել, որ մենք իմացել ենք, որ դու ուզում ես քո խանութի պատին փակցնել քո նախընտրած թեկնածուի նկարը: Կարող են ասել, դա շատ վատ բան է քո արածը, նման բան չի կարելի անել, դուք գիտեք, որ դա կանդրադառնա ձեր գործունեության վրա եւ առաջարկում ենք հանել: Եթե մարդը չի հանում, ասում են՝ դե լավ, ձեզ հետ ուրիշ ձեւով կխոսենք: Շատ ավելի հմուտ աշխատանք է տարվում, եւ ազդում է դա»,- ասում է փորձագետը:

Մանվել Սարգսյանը նշում է, որ սպառնալիքը, թե քեզ կազատենք աշխատանքից, դու վաղն առավոտյան աշխատանքի չես գնա, մարդու վրա ազդում է ավելի, քան մի քանի հազար դրամ ընտրակաշառքը եւ հենց այդ պատճառով է իշխանությունն իր «միասնական թեկնածու» Բակո Սահակյանին առաջ տանում ոչ թե կաշառելու, այլ հոգեպես ու բարոյապես մարդկանց վրա ներգործելու ճանապարհով: Սակայն Մանվել Սարգսյանը նաեւ արձանագրում է, որ փաստացի ամբողջ իշխանական համակարգը չէ, որ լծվել է այդ աշխատանքին, քանի որ Ղարաբաղի նախագահի այլընտրանքային թեկնածուն նույնպես իշխանական համակարգից էր, բայց հանդես է գալիս բարեփոխիչի դիրքից եւ նրան են միացել նույն իշխանական համակարգի շատ ներկայացուցիչներ, որոնք հասարակության ակտիվ մասի հետ մեկտեղ առաջադրեցին Մասիս Մայիլյանի թեկնածությունը:

«Մենք պետք է հստակ հասկանանք՝ կամ պետականություն ենք ունենում, եւ ստեղծում ենք այդ պետականությունը, բոլոր իր բաղադրիչներով, կամ չենք ստեղծում, վերջ: Եվ հասարակությունը Ղարաբաղում շատ ավելի լավ է դա հասկանում: Ես մեկ մարդ չեմ տեսել, որն ասի, թե այն, ինչ արվում է, լավ է: Մի մարդ չի եղել: Ասում են` մենք կարո՞ղ է ձեզանից վատ ենք հասկանում, թե ինչ է կատարվում, բայց ի՞նչ կարող ենք անել»,- ասում է Մանվել Սարգսյանը: Ըստ նրա, մարդուն կարող են ասել միլիոն բան, եւ նա մնա դրան անհաղորդ, բայց բոլորովին այլ է, երբ նրան սպառնում են, որ վաղն առավոտյան չի գա աշխատանքի:

«Լրագիր»

ՄԵՐ ԴԱՌՆՈՒԹՅԱՆ ՉԱՓ  ՔԱՂՑՐ ԹԹԵՆԻ

Մեր հայրական տան բակում,  պապենական հանդերում եւ մեր մանկության անրջային եզերքներում աճած թթենի… Դարերի ու մեր տատ ու պապերի հետ պար բռնած թթենի, դու որտեղի՞ց ես եկել, եկե՞լ, թե պարզապես այստե՞ղ ես ծնվել ի սկզբանե:

Այս արեւի տակ որտեղ է եղել քո առաջին ծնունդը մեզ մոտ՝ Արցախո՞ւմ, թե՞ մի ուրիշ երկրում:

Հանրագիտարանն ասում է, որ քո հայրենիքը Չինաստանն է  եւ որ մետաքսի Մեծ ճանապարհն է քեզ այստեղ բերել, նոր տուն ու տեղ տվել, որ այստեղ հավերժես, ղարաբաղցի տատին ու պապին ընկերություն անես, նրանց դարդին ու ցավին դարման լինես, նրանց սերունդների հետ դիմակայես ամեն մի աղետ ու չարիքի, որ աշխարհը նաեւ քեզնով Արցախը ճանաչի: Քո քաղցրաբեր թեւերի տակ մեր մանկական ու պատանեկան հուշերն են ծվարած, քանզի մեր հայրերն ու պապերը տուն կառուցելուց առաջ, ապագա տան՝ օջախի դիմաց քո տունկն էին անում: Դու սրբության նման մի երեւույթ ես, եւ քեզ, իրավամբ, կարելի է Սուրբ Ծառ անվանել, սակայն դու դա չես ուզում: Դու չես ուզում, որ վերացական ու անմատչելի լինես: Դու՝ արցախցու նման, դու՝ հեղեղատի կողը խրված իմ թթենի, դու չսրբացար, որովհետեւ ուզում էիր, որ քո բերք ու բարիքով, քո փայտե մարմնով, քո երկրային խշշոցով օգուտ տաս այս բիրտ աշխարհի չարիքների դեմ կռիվ տվող արդարադատ ղարաբաղցուն, օրոր ասես նրա հազարամյա վշտերին:

Որտեղի՞ց ես դու, թթենի: Հանրագիտարանը քեզ եկվոր է ասում, սակայն խոնաշենցի Արամ դային ժխտում է դա. նա քեզ արյունակից, բախտակից է ասում. «Թթենին ղարաբաղցու էություն ու բնավորություն ունի»:

Ինչպես ղարաբաղցին՝ աշխարհին,  այնպես էլ թթենին մարդուն նվիրվելու, ամենատարբեր բարիքներ պարգեւելու անզուգական հատկություն ունի:

Նա չարիքին դիմանալ, բայց չդառնանալ, այլ քաղցրանալ գիտի: Նա ցավից այրվել, բայց չմխալ, այլ ջերմացնել գիտի: Այս ծառը Ղարաբաղում ծնված, Ղարաբաղից աշխարհ եկած ծառ է: Այս ծառը մեր նախնիներին ծառայել է ամենատարբեր նպատակներով:

Թթենու փայտն օգտագործվել եւ օգտագործվում է որպես վառելանյութ, շինանյութ, նրանից պատրաստում են տակառներ, արկղեր եւ տարբեր տեսակի տարաներ: Թթենին դարեր ի վեր օգտագործվել է շերամապահության համար. առանց թթենու տերեւի անհնար է շերամապահությունը: Հետեւաբար՝ թթենին շերամորդի միջոցով նաեւ մետաքսի է վերածվում: Իսկ թե ինչ նշանակություն է ունեցել մետաքսը համաշխարհային քաղաքակրթության մեջ՝ պատմությունից գիտենք: Թութը՝ որպես քաղցր պտուղ, ամենուր է հայտնի, սակայն թթենին ամեն տեղ չի աճում: Նրա քաղցրությունն ամեն ամռան մեզ մոտ է բերում հազարավոր հովեկների, շրջագայողների: Թթից պատրաստում են չամիչ, դոշաբ, որոնք անփոխարինելի բուժիչ նշանակություն ունեն մարդու օրգանիզմի համար:

Բուժիչ հատկություն ունի նաեւ թթի օղին: Մոտիկ եւ հեռու արտասահմանում հայտնի է մեր թթի օղին: «Թթի օղի» ասելով՝ շատերը Ղարաբաղ են հասկանում: Կա այսպիսի ոգելից խմիչք՝«карабахская тутовка»: Իսկ ինչպե՞ս են այն պատրաստում: Ասկերանում կա թթի օղու՝ ժամանակակից տեխնոլոգիայով պատրաստման արտադրամաս: Երբ մենք փորձեցինք իմանալ նրանց կողմից թթօղու պատրաստման եղանակը, մեզ ասացին, որ դա գաղտնիք է: Մենք ներքուստ զարմացանք: Բայց երբ նման հարցով դիմեցինք Արամ դայուն, մեր զարմանքն ու զայրույթը փոխարինվեցին հիացմունքի եւ հրճվանքի:

– Այստեղ ոչ մի գաղտնիք ու բարդություն չկա,- ասում է Արամ դային՝ փայտով խառնելով տակառի մեջ լցված թութը,- այսօր ենք թութը թափել ու լցրել տակառները: Մի յոթ-ութ օր հետո, երբ խմորումն ավարտված լինի, մարմանդ կրակի վրա քաշելու եմ: Ինչքան դանդաղ, այնքան լավ: Այնուհետեւ այդ քաշածը մի անգամ էլ եմ քաշելու եւ վերջ՝ թթի օղին պատրաստ է: Թթի օղի պատրաստելը հեշտ է, խմելը՝ դժվար: Այն չափի մեջ բարիք է, չափից դուրս՝ չարիք: Կյանքն էլ է այդպես. կյանքի բարիքները պետք է չափավոր վայելես, այլապես վայելքիդ քաղցրությունը տառապանքի դառնության կվերածվի…

Այսպիսին է Արամ դայու կենսափիլիսոփայությունը, որն այս պահին ղարաբաղյան թթենու էությամբ, նրանով ճառագված բերք ու բարիքով է արտահայտվում…

Նելսոն ԱՎԱՆԵՍՅԱՆ

——————————————————————————————-

Մունք

ԱՐՑԱԽԻ ՏԱՐԱԶԸ

(նաեւ գուլպաներ, գոտիներ եւ կենցաղային իրեր)

ԱԴԵԼԱ
(Արշալույս ՍԱՐԳՍՅԱՆ)

Արցախը պետք է դասել մանածագործական երկրների շարքին:

Ինչպես տղամարդու, այնպես էլ կանացի հագուստը կարում էին բրդյա գործվածքից: Բրդից էին պատրաստում պարանները, ջվալները, չվանները, գորգերը, մափռաշ-կարպետները, գուլպաներն ու խուրջինները եւ այլն: Արցախում բրդե գործվածքները ուշ են հանդես եկել, իսկ մետաքսը՝ ավելի ուշ: Սեփական անասնապահությունը հումք էր մատակարարում բրդե գործվածքների արտադրության համար: Բամբակը ձեռք էին բերում հարթավայրերում ապրող բնակիչներից:

Հայաստանի շատ վայրերում, ինչպես նաեւ Արցախում հնուց հայտնի են եղել բուսական եւ հանքային ներկանյութեր, որոնք օգտագործվել են կարպետագործության եւ գորգագործության մեջ: Որպես բուսական ներկանյութ օգտագործվել է տորոնը, որ տարածված էր Անդրկովկասում: Տարվա եղանակով պայմանավորված՝ օգտագործել են բույսի արմատը, ցողունը, կեղեւը, տերեւները, ծաղիկը եւ պտուղները: Տորոնից ստացել են մուգ կարմիր, բաց կարմիր, կարմիր գույները: Կապույտ ներկ ստանալու համար օգտագործել են հանքային քարը՝ լաջվարդը: Կանաչ գույն ստանալու համար դեղին թելը ներկում էին կապույտ: Դեղին գույն ստանալու համար օգտագործվում էր դեղնածաղիկը, բաց դեղնավունի համար՝ թթենու տերեւները, բաց դարչնագույն ստանալու համար՝ ընկուզենու կեղեւը, ինչպես նաեւ՝ ավելուկի պտուղները եւ այլ ներկանյութեր:

«XIX դարի վերջերին քիմիական գործարանային ներկերը մտան Կովկասի գորգի ու կարպետի արտադրության մեջ: Սակայն գյուղերում լեռնային վայրերում մինչեւ XX դարի երեսնական թվականները դեռեւս պահպանվել էին բույսերով ներկելու եղանակները: Բուսական ներկերը գործվածքներին հաղորդում են դուրեկան մեղմություն, երանգների ջերմություն, քնքուշ ներդաշնակություն» (Ս. Դավթյան, «Հայկական կարպետ», Երեւան, 1975թ., էջ 24):

Սեւ ներկը ստանում էին ընկույզի արմատներից /արմատը հանում էին, ծեծում, եփում/: Դեղին գույնը ստանում էին նաեւ «կաթնուկ» կոչվող բույսից /չորացրած/:

Ներկած դեղին թելը գցում էին տորոնաջրի մեջ եւ ստանում կարմիր, վարդագույն կամ բաց կարմիր դեղնագույն: Որպես սեւ գույն օգտագործվել է սեւ ոչխարի կամ այծի բնական բուրդը: Կաղնու ծառի տերեւներից ստանում էին շագանակագույն ներկը, սոխի կեղեւից՝ բաց մանուշակագույն կամ ոսկեգույն: Կապույտ գույն ստանում էին լեղակածաղկից: Նռան կեղեւից ստանում էին փղոսկրի գույն: Կապույտի ու կարմիրի խառնուրդից ստանում էին մանուշակագույն: Նույն եղանակով ներկում էին բամբակե եւ մետաքսե թելերը:

Արցախ-Սյունիքի տարազը ենթադրում է որոշակի արհեստների գոյություն ու արհեստավորների վարպետության բարձր մակարդակ: Արաբական աղբյուրները հիացմունքով են խոսում Հայոց Արեւելից կողմանց մի շարք արհեստավորների մասին:

Հայոց Արեւելից կողմանց կիրառական դեկորատիվ արվեստի տարբեր ճյուղեր արմատավորված էին հասարակության բոլոր խավերում եւ ավանդական արհեստների որոշ տեսակներ բարձրացված էին արվեստի աստիճանի: Այդ հանգամանքը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Արցախում կիրառական դեկորատիվ արվեստը աննախադեպ վերելք է ապրել հատկապես կենցաղային իրերի պատրաստման բնագավառում:

19-րդ դարում գործվածքներ էին արտադրում Շուշիում: Քաղաքում զարգացած էր կաշվեգործությունը /գդակագործությունը/, ներկարարությունը, ոստայնագործությունը:

Գեղեցիկ են Արցախի Հադրութ, Վերին Թաղլար, Ղզղալա գյուղերում, Մարտունիում եւ մի շարք այլ վայրերում գործված «գաթաներով» ու շրջանակներով կազմված բազմաթիվ չքնաղ կարպետներ: Ծեր կանայք ափսոսանքով են հիշում հին կարպետագործներին, որոնք այլեւս չկան՝ կյանքից հեռացել են: Մարտունիում գործում էին «տափի շալ» գործվածք, որից կարում էին չուխա եւ շալվար:

Կարպետները ծառայել են որպես կոշտ հագուստ, սակայն եղել են կարպետների այնպիսի տեսակներ, որոնք զարդարել են հարուստների բնակարանները, վաճառվել ու արտահանվել են գորգի հետ: Մովսես Կաղանկատվեցին /VII դ./ խոսելով մետաքսահյուս դիպակների մասին, հիշում է Արցախի գույնզգույն կարպետները: XIX դ. երկրորդ կեսին եւ XX դ. առաջին մեկ ու կես քսանամյակում հայկական գորգերն ու կարպետները դառնում են համաշխարհային առեւտրի շահութաբեր ապրանքներ, ուստի եւ զարգացման նոր թափ ու ծավալ են ստանում գորգագործությունն ու կարպետագործությունը: Ստեղծվում են մեծ թափով արհեստանոցներ, ուր արտադրվում են հայկական գորգեր, կարպետներ կերպասեղեն:

Արեւելյան Հայաստանում եւ Անդրկովկասի հայաշատ քաղաքներում՝ Թիֆլիսում, Նախիջեւանում, Գանձակում, Շուշիում եւ այլ քաղաքներում նոր թափ է առնում հայկական ժողովրդական գորգարվեստը: Շուշիում նույնիսկ կազմակերպվում է գորգագործական արհեստանոց-դպրոց:

Շուշին 19-րդ դ. հայտնի էր որպես արհեստավորական կենտրոն: Այստեղ առանձնակի նշանավոր էին գորգագործները, ոսկերիչները, դերձակները, կոշկակարները, գդակագործները, ներկարարները եւ այլն:

«Շուշի քաղաքում 1895 թ. կենտրոնացված էին 6 կաշվի, 4 օճառի, 10 ներկարարական եւ այլ գործարաններ: Նույն տարիներին քաղաքում գործում էին 500 արհեստներ» (Ազգագրական հանդես, գիրք Բ, Թիֆլիս, 1897, էջ 98):

Արցախում արհեստավորներին կոչում էին ըստ արհեստների՝ դուլգյար Դավիթ, տպարար Մինաս, դալլաք Սուղումոն, դարզի Սիմոն, փափախչի Ժորա եւ այլն: Յուրաքանչյուր բնակավայրում կար արխալուղ կարող /Պարուն այան՝ Հաղորտիում, «մադիսկա» Եփրաքսենը՝ Շուշիում եւ այլն/: Ըստ Մակար Բարխուդարյանի՝ Գանձակում մեծ հեղինակություն են վայելել դերձակները, նրանք կարել են մելիքների հագուստը, գլխարկները: Դերձակությունը 19-րդ դ. զարգացել էր Շուշի քաղաքում: 19-րդ դ. վերջին Շուշիում դերձակությամբ է զբաղվել Մանուշակ Հովհաննիսյանը /կարել է քաղաքաբնակի հագուստ/, որը եւ իր արհեստը ժառանգություն է թողել իր Արփիկ աղջկան եւ Սվետա թոռանը:

1912 թ. «Ղարաբաղ» թերթի 16 համարում զետեղված է «Ձեռագործը Շուշիում» հոդվածը, որում հաղորդվում է կարուձեւ ուսուցողական պարապմունքների մասին. «Տիկին Զ-ի /Զառի բաջի/ պարապմունքներից յետոյ յիշատակութեան արժանի է տիկին Գ. Աթաբեկեանի կար ու ձեւի արհեստանոցը. Տիկինը սովորած էր այդ արհեստը «Գյոդլինսկիյ» կոչուած մեթոդով եւ այդպես էլ ավանդում էր: Տիկնոջ նպատակն էր իսկապես օգուտ տալ հայրենիքին: Այդ էրեւում էր նրա դասավանդութեան ձեւից, որ առանց ոլոր-մոլոր պտույտներ անելու եւ ամրացնելու՝ աշակերտուհուն տալիս էր լրիվ գաղափար իր գիտութեան մեջ:

Այնուհետեւ զանազան ժամանակներում Շուշիում հիմնվում են մասնավոր արհեստանոցներ, ինչպես Ղահրամանյան ամուսինների, Տ.Տ. Զառբաբյանի, Ռաֆայելյանի եւ Սագղեւանի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր ուղղությունը ու ավել կամ պակաս հմտությունը… »:

«Երկար կանգ չառնենք տիկին Պողոսեանի եւ օրիորդ Փիրումեանի վրայ. դրանք ունեն արհեստանոցներ, անցնում են կար ու ձեւ, ձեռագործ համարեա չկայ, ունենում են պատվերներ»:

Արցախի տարազը համալրվում ու ամբողջանում է գուլպաների, գոտիների, ոտնամանների ու այլ զարդերի համահունչ ու ներդաշնակ գործածությամբ: Հյուսկեն գուլպաները սեփական ոճի ինքնատիպ զարդանախշերով բազմերանգություն են հաղորդել տղամարդու հագուստին:

Արցախի կանացի գուլպաներն ունեին հատուկ զարդանախշեր: Կարճ ճտքերով գուլպաներն ունենում էին լայնշերտ տախտակ եւ նեղ գծեր: Թաթի տակ եւ երեսին գործում էին սպիտակ գույնի քառանկյունաձեւ նախշ, որը եզերվում էր նախշազարդ շրջանակով: Արցախում այս տիպի գուլպաներն անվանում են գուլպա-շաթալներ: Գուլպաներն ու շաթալները, տրեխներն ու սռնապանները /տրխատան/ ամբողջացնում էին արցախահայոց հագն ու կապը:

Կանանց հագուստի համալիրի գուներանգին բնորոշ է կարմիր-կանաչի համադրությունը՝ առավելապես հատուկ է նորապսակ, երիտասարդ կանանց, որը խորհրդանշում էր հարսանեկան ծեսի իմաստը: Միջին տարիքին բնորոշ է կարմիր-կապույտ համադրությունը, իսկ մեծահասակները կարող էին փոխարինել ավելի մթերանգ գույներով: Գլխաշորի սպիտակ-սեւ գունային համադրությունը նույնպես տարիքային խորհրդանշական նշանակություն է ունեցել:

20-րդ դարում բազմաթիվ պատմական, քաղաքական իրողություններ, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններ ետ պահեցին հայ կանանց իրենց իսկ նախնիների տպավորիչ արտահագուստը կրելուց:

Դա ազգային ակունքներից հեռանալու հրամայական պահանջ էր: Ազգային ժողովրդական այդ հրաշք տարազը դուրս մղվեց գործածությունից՝ պահպանվելով միայն տարեց կանանց շրջանում՝ մինչեւ 20-րդ դարի վերջը: Տարազն այժմ հիմնականում գործածվում է իբրեւ համույթների եւ ազգագրական խմբերի զգեստ:

Ցանկալի է, որ սերնդե-սերունդ փոխանցվեն ազգային տարազաձեւերը, ժամանակի պահանջներին համապատասխան փոփոխությունների ենթարկվելով՝ գործածության մեջ դրվեն եւ որպես ժառանգություն փոխանցվեն հետագա սերունդներին:

Եկե’ք վերածնենք դարերից եկող ավանդույթները եւ ամբողջացնենք մեր տան օջախը միշտ վառ պահող հայ կնոջ հայեցի պատկերը՝ այն ժառանգաբար փոխանցելով սերունդներին:

Հույս ունեմ, որ հայ ավանդական տարազը ներկայացնող այս համեստ պատկերագիրքը կարժանանա մեր բազմաչարչար ժողովրդի գնահատանքին:

Ակնկալում եմ, որ այս նկարագրություններն ու պատկերները, որոնք զուտ հայկական դրոշմ ունեն, մի օր կնորոգվեն եւ նորովի կվերականգնվի՝ այն ժամանակ արդեն պատմական դարձած մեր շքեղաշուք զգեստները:

Թո°ղ, որ բարի ցանկությունս իրականանա եւ մենք դառնանք մեր պատմության, մեր սրբասուրբ անցյալի կերտողները:

Ազգագրագետ Կիմ Ղահրամանյանը իր ուսումնասիրությունների մեջ նկատելի է դարձնում, որ Գյուլիստանի Ներքիշեն գյուղի ավանդապաշտ կանայք սիրով եւ ակնածանքով պահպանել եւ կրել են իրենց նախնիների հայկական տարազը: Նա պատվարժան է համարում այդ կանանց եւ գրի է առել այն հայուհիների անունները, որոնց համար հայկական է, հնավանդ է ազգային արժեքները եւ որպես խորհուրդ համարել են իրենց առօրյա հագուստը…

Դալլաքյան Ազիզգյուլ, Դանիելյան Վարդի, Գրիգորյան Յասաման, Գեւորգյան Ոսկի, Բաբայան Սութի, Բաբուռյան Շարմաղ, Նալբանդյան Մինախանում, Ներսեսյան Շահում, Ղահրամանյան Սոնա, Սիմոնյան Օլինկա, Տրունյան Մինախանում, Խաչատրյան Ոսկի, Խիդիրյան Թամար, Խիդիրյան Միրքարիտ, Վիլյան Երանի, Դալլաքյան Սոնիչկա:

Այնուհետեւ բանահավաքը ափսոսանք է հայտնում, որ այդ կանայք մասունքներ պահպանող վերջին տարազակիրներն էին:

Տարազն իր մանրամասներով արտահայտում Է նաեւ ժողովրդական բանահյուսության ստեղծագործություններով:

ՄԱՐԳԱՐՏԱՇԱՐ

Խաղիկներ

Գյուլբա կանիմ խաշար ա,
Թըխածըս յարես պաշար ա,
Փանահ խան, քու մար մեռնե
Իմ յարը խե՞ մաշվալ ա:
ժամեն կըլոխը ղանշար ա,
Գյուլբա կանիմ խաշար ա,
Էս քյաթա կըթնահունցը
Ազիզ յարես պաշար ա:
Ճըկըտանոցտ արծաթ, բազի,
Ճոխտ ծամերըտ հանցա կազի,
Քըշերըս ծոցըտ կըկյամ,
Խոլվաթ չինի, մին հազի:
Հի՞նչ անիմ կարպետ – խալի,
Սըերտը քար ա, սեւ սալի,
Էս իմ բոյնան, բուսաթըս
Փոխալ ա էրկու խալի:
Կընընչկյարմուր ա կապալ,
Վըեսկե շորերը թափալ,
Աբրուշումի շորերին
Յարըս կյոտի ա կապալ:
Արխալուղըս կարալ ըմ,
Սուրմա-կոճակ շարալ ըմ,
Ա’յ տղա, խրեգյ խոսի,
Քըզանա լյավը ճարալ ըմ:
Կույն-կույն թիլեր քաշալ ըմ
Մաննը-ըղենգյ մաշալ ըմ,
Խալուս յրան ազիզ յար,
Չինար բոյըտ նախշալ ըմ:

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ

էն հի՞նչըն ա՝
Տոն ա շինըմ ամարաթ,
Պըցըրցնում ա քար նան փադ,
Ուրան շինած տան տոռնը
Ուրան յրան ծասկըմ ա:

/Շերամի որդը/

էն հի՞նչըն ա՝
Մին խելունք մարթ մի աման շինից,
Ինքյը մըաչն ընգավ, խեխտվից:

/Շերամի բոժոժը/

Էն հի՞նչըն ա՝
Լոխճին կյեց ա տամ,
Ինքը տըկլոր ման կյամþ

/Ասեղը/

էն հի՞նչըն ա՝
Հենգյ ախպեր սաղ գյանքըմը Կարըմ չըն թա ուրուր հետա հըսնին:

/Գուլպա գործելու ճաղերը/

Էն հի՞նչըն ա՝
Մին պուճուր դուլգյար չափար ա անըմ:

/Ժանյակ հյուսելու ասեղը/

էն հի՞նչըն ա՝
Քաշ ըս պահըմ, լըցնըմ ա,
Պըեցուր ըս պահըմ, տըրտակվըմ ա:

/Գլխարկը/

էն հի՞նչըն ա՝
Կապըմ ըմ, քյինըմա, պեց ըմ թողըմ, կաղնըմ ա:

/Տրեխները/

Մարգարիտ

ԳՐԻԳՈՐՅԱՆ – ՍՊԱՆԴԱՐՅԱՆ
«Լեռնային Ղարաբաղի բանահյուսություն», Երեւան, 1971

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s