№ 3 / 28 փետրվար

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է… ՀԱՅՐԵՆԱԿՑԻՑ
Կամ՝ երբ մարդ պահանջված չէ իր հայրենիքում 

Ինչի՞ց է սկսվում հայրենիքը: Յուրաքանչյուր ոք իսկույն կպատասխանի: Կպատասխանի երգի տողերով, դասագրքային ձևակերպմամբ, ընդունված մտայնությամբ: Իմ հոգին, սակայն, տակնուվրա արեց ավագ գրչընկերոջս հայտնագործության աստիճան ցնցած ու գերարդիական բնորոշումը՝ «Հայրենիքը սկսվում է հայրենակցից»: Այդ մտքի խորությունն ըստ ամենայնի ընկալելու համար բավական է միայն ուշադիր զննել շուրջբոլորը, նորովի հայտնագործել ընկերներիդ, հարևաններիդ, ծանոթ-անծանոթ համաքաղաքացիներիդ, նրանց հոգսերն ու դարդերը, ուրախություններն ու տխրությունները:  Հասկանալու համար, թե որքան ենք իրարից հեռացել:

Հայտնագործությունն արած գրչընկերս մի լուրջ պրոբլեմ ունի, որ չի լուծվում ու չի լուծվում: Վաստակաշատ մտավորականին ամենից շատ, սակայն, վիրավորել էր ոչ այն դաժան իրողությունը, որ պաշտոնյաները իրեն ֆուտբոլի գնդակի պես փոխանցում էին իրար, այլ այն, թե ինչպիսի քար անտարբերությամբ էին իրեն վերաբերվում: «Ի՞նչ հայրենիք, եղբայր,- պատմում է նա,- այստեղ ինչպե՞ս կարող է հայրենիք լինել: Հայրենիքը սկսվում է հայրենակցից: Ով հայրենակից չունի՝ ինչպե՞ս կարող է հայրենիք ունենալ: Իմ նկատմամբ վերաբերմունքից ես հասկացա, որ այդ մարդիկ հայրենիք չունեն: Աստված իմ, բայց նրանք այսօր սոսկ անհատ չեն, կերպար են, մեր ժամանակների տիպական կերպար: Ուրեմն ի՞նչ՝ հայրենիք կա՞, թե՞ չկա»:

Իսկապես որ՝ դաժան ճշմարտություն է:

Համոզվելու համար բերեմ մեկ այլ օրինակ: Արցախում շատերն են ճանաչում Վոլոդյա Բաբայանին՝ մարդ, որ դեռևս շարժումից առաջ, 80-ականների սկզբներին, նորոգում էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին: Կարծում եմ, պետք չէ բացատրել, թե ինչ արիություն էր պահանջվում այն ժամանակ նման գործի համար: Եզակի համարձակության ու հայրենասիրության տեր մարդիկ կարող էին դա անել: Նա այդ եզակիներից էր: Մայր Հայաստանում տունուտեղ, բանուգործ թողած եկել ու լծվել էր այդ գործին: Թշնամական հայացքների ու ամենօրյա «թուքումուրի» տակ նա վերականգնում էր Շուշիի հայեցի դիմագծերը: Եկեղեցու գմբեթին ծիծեռնակի պես թառած նա իր «բույնն» էր հյուսում:

Կապվեց այս հողուջրի հետ, արմատակալեց այստեղ, ընտանիք կազմեց և սպասում է, որ մի օր իր արածն ըստ արժանվույն կգնահատվի, ուշադրության ու հոգածության առանցքում կհայտնվի: Ու այդ սպասումը երկար, անտանելի երկար է տևում… իր տունուտեղ «վագոնչիկում»: Դիմել է ազատագրված հայրենիքի ղեկավար այրերին, սակայն ոչ մի արդյունք: Մեկը չի ընդունել ու նամակին էլ չի պատասխանել, մյուսն անգամ չի լսել, երրորդը լսել ու դրանով իր առաքելությունն ավարտված է համարել, չորրորդն ուշադրությամբ լսել է, խոստացել օգնել, նույնիսկ կոնկրետ առաջարկ է արել: Ու մարդը սպասում է, բայց՝ ձայն բարբառո հանապատի: Ու չի հասկանում, թե ինչու ինքը պահանջված չէ իր հայրենիքում, այն հայրենիքում, որ երազել է և իրենից կախվածն արել, որ երազն այդ իրականություն դառնա: Չէ՞ որ ուրիշ բան որ չլինի՝ ինքը կարող է իր արվեստը, փորձն ու հմտությունը փոխանցել նոր սերնդին: Բայց նրան ևս տանջում է հայրենակիցների քար անտարբերությունը և չի հասկանում, թե իրեն ինչու են վերևից նայում: Ինքը վերևից նայում էր միայն մի դեպքում՝ երբ եկեղեցի էր նորոգում:

…Հայրենիքն, իրոք, սկսվում է հայրենակցից: Մենք վերջապես պետություն կդառնանք, եթե կարողանանք սրտացավ լինել մեր հայրենակցի նկատմամբ: Վերևից չնայենք մեր հայրենակցին և մարկեսյան հայտնի միտքը ականջներիս օղ անենք՝ «Մարդ արարածը մեկ այլ մարդու վերից վար նայելու իրավունք ունի այն դեպքում միայն, երբ պետք է օգնել նրան ոտքի կանգնելու»:

Այնժամ մենք Հայրենիք կունենանք:

ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————

Կարգավորում

ՌԴ ԱԳՆ-ն Ղարաբաղյան հակամարտության հարցով «հարմարավետ որոշման» հույս ունի

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջազգային միջնորդները կարող են Հայաստանին եւ Ադրբեջանին բերել երկու կողմերի համար ընդունելի որոշման: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, Կողմերի հետ անընդհատ աշխատող միջնորդների դերը կայանում է նրանում, որպեսզի օգնեն Բաքվին եւ Երեւանին դուրս գալ համաձայնությունների, որոնք կստանան եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի աջակցությունը: «Նման պայմանավորվածությունների հասնելու հնարավորություններ կան: Մենք հույս ունենք, որ պահպանելով նման աշխատանքի նուրբ բնույթը, նուրբ վերաբերվելով բոլոր տեսանկյուններին, իսկ դրանք բարդ են, մենք կկարողանանք կողմերին բերել նրանցից յուրաքանչյուրի համար հարմարավետ որոշման»,- ասել է Լավրովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Լեռնային Ղարաբաղ

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Լեռնային Ղարաբաղ: Պիտեր Սեմնեբիի խոսքերով, ուղեւորության նպատակն է վստահություն հաստատել տարածաշրջանի համայնքների միջեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման լույսի ներքո: Նա նաեւ նկատել է, որ այցի ճշգրիտ ժամկետը դեռեւս որոշված չէ: «Ադրբեջանցիներն ու հայերը պատմականորեն հարեւանությամբ են ապրում եւ միայն վերջին մեկուկես տասնամյակում է, որ կապեր չունեն»,-նշել է դիվանագետը: Նա գտնում է, որ «շփումների հաստատումը համայնքների միջեւ խթան կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»: «Առանց դրա՝ խնդրի լուծումը անհնար է»,-հայտարարել է Պիտեր Սեմնեբին, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:

Կհանդիպեն մարտի կեսերին

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա ընթացիկ տարվա մարտի կեսերին, փետրվարի 26-ին Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա ասել է, որ կոնկրետ ամսաթիվ եւ տեղ դեռ չկա, բայց հանդիպումը կկայանա եվրոպական մայրաքաղաքներից մեկում: Դա կախված է նախարարների ծրագրից, ասել է Վարդան Օսկանյանը:

«Այնպես որ, թվականը հստակեցնելուց հետո այդ մասին կլինի համապատասխան հայտարարություն», ասել է Հայաստանի արտգործնախարարը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈԽԱՐԻՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻՆ

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը փետրվարի 22-ին ասուլիսի ժամանակ գոհունակությամբ արձանագրեց, որ երբ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հայտարարում էր, թե եկել է Ղարաբաղի հետ Ադրբեջանի հարաբերություններ հաստատելու պահը, արձագանքում էր «մեր կողմից հետեւողականորեն բարձրացվող խնդրին»: Արմեն Ռուստամյանի կարծիքով, աշխարհում չկա հակամարտության կարգավորման մի նախադեպ, երբ հակամարտության կողմը բանակցությունների կողմ չէ: Այդպիսին է միայն Ղարաբաղը, ինչի արդյունքում էլ «աբսուրդ է այդ վիճակը եւ քանի այդպես չի, խոսել լիարժեք բանակցությունների մասին՝ անիմաստ է: Դա պետք է շտկել, որ բանակցությունները տեղապտույտ չտան»: Արմեն Ռուստամյանը, սակայն, չի նշում, որ Ղարաբաղը բանակցությունների կողմ լինելուց դադարեց, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ:

Բանախոսը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն ու Ադբրեջանի հայր եւ որդի Ալիեւ նախագահները հանդիպել սկսեցին, որ լցվի շփումների բացակայության վակուումը, բայց դա չէր նշանակում, որ Հայաստանը փոխարինում է Ղարաբաղին. «Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, Հայաստանը ներկայացնում է ԼՂՀ շահերը բոլոր այն ատյաններում, որտեղ Հայաստանն ինքն է ներկայացված: Հայաստանը ներքաշված կողմ է Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության մեջ: Հայաստանը կանխեց այն ցեղասպանությունը, որ Ադրբեջանը պատրաստվում էր իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Հայաստանը եղել եւ մնում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման երաշխավորը»:

Արմեն Ռուստամյանը վստահ է ու նաեւ արդեն տեղեկություններ ունի, որ Պիտեր Սեմնեբիի հայտարարությունը Ադրբեջանին դուր չի գա, բայց «ոչ մի տրամաբանված պատճառաբանություն նրանք չեն կարող ներկայացնել, որ ասենք ժամանակը չի հասել, կամ այս փուլում ճիշտ չէ: Դրանք որեւէ քննադատության չդիմացող հայտարարություններ են»:

Բանախոսը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու հարցում կարելի էր գնալ երկու ճանապարհով. համաձայնագրի ստորագրում Ադրբեջանի հետ եւ աշխատանք միջազգային կազմակերպությունների եւ կառույցների հետ: Միջազգային կառույցների հետ պետք է աշխատեին բոլոր՝ եւ պաշտոնական, եւ խորհրդարանական, եւ ժողովրդական դիվանագիտությունը, ունենալով մեկ նպատակ` միջազգային հանրության գիտակցությունը բերվի այն աստիճանի, որ ճանաչվի եւ հարգվի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը` գտնվի «միակ, ճիշտ եւ արդարացի լուծումը»: Արմեն Ռուստամյանը համոզված է, որ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքները իրար չեն հակասում, քանի որ «Ղարաբաղի ժողովուրդը կողմորոշվել է իր սեփական տարածքներում»:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՒՄԲԸ ԿԱՅՑԵԼԻ ՂԱՐԱԲԱՂ

«Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը փետրվարի 22-ին, «Ուրբաթ» ակումբում լրագրողներին տեղեկացրել է Բրյուսել եւ Միացյալ Նահանգներ կատարած այցերի եւ հանդիպումների մասին: ՕԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Կովկաս-Կասպյան նորաստեղծ հանձնաժողովի առաջին հիմնադիր նիստին, որի ընթացքում հաստատվել է հանձնաժողովի կանոնադրությունը: Հանձնաժողովը ներառում է 20 երկրների հայտնի քաղաքական եւ պետական գործիչներ, այդ թվում՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Օլբրայթը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին Դը Բրիշամբոն, ՎԶԵԲ նախագահ Ժան Լամիերը եւ եվրոպացի ու ԱՊՀ երկրների շատ այլ հայտնի գործիչներ: Արթուր Բաղդասարյանը հանձնաժողովի երեք համանախագահներից մեկն է: Մյուս երկու համանախագահներն են Անկարայի Տնտեսագիտության եւ տեխնոլոգիաների համալսարանի պրոֆեսոր Մուստաֆա Այդինը եւ Սլովենիայի արտգործնախարար Դիմտրի Ռուպելը:

Արթուր Բաղդասարյանը նշել է նաեւ, որ հանձնաժողովը փաստահավաք այց է կատարելու Ստեփանակերտ: «Մենք շատ կարեւոր ենք համարում փաստահավաք առաքելության իրականացումը Լեռնային Ղարաբաղում»,- ասում է Արթուր Բաղդասարյանը: Նա նշում է, որ Բրյուսել եւ ԱՄՆ այցի ընթացքում կայացած հանդիպումներում Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ ինքը երեք ուղղության մասին է խոսել, որոնք, Արթուր Բաղդասարյանի խոսքով, պետք է լինի հայկական կողմի հիմնական հաղթաթուղթը:

«Դա առաջին հերթին Ղարաբաղի հետեւողական ժողովրդավարացումն է եւ ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ նշել եմ, որ ըստ էության այսօր արդեն Ղարաբաղը գնում է ինքնիշխան պետության ճանապարհով, պահպանելով ժողովրդավարության բոլոր ատրիբուտները»,- ասում է Արթուր Բաղդասարյանը: Նա հայտարարել է, որ ողջունում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի նախօրեին արած հայտարարությունը, որ Ղուկասյանը հաստատել է, որ չի գնալու երրորդ առաջադրման: Արթուր Բաղդասարյանը հիշեցրել է, որ օրեր առաջ ՕԵԿ-ը մտահոգություն էր արտահայտել երրորդ առաջադրման հավանականության մասին, եւ այդ առումով այժմ ողջունում է ԼՂՀ նախագահի քայլը:

«Հաջորդ կարեւոր խնդիրը: Մենք նաեւ ուզում ենք առաջարկել ԼՂՀ իշխանությանը, որպեսզի այն նոր հարեւանության ծրագիրը, որ այսօր Եվրամիությունն իրականացնում է Հայաստանի հետ, որպեսզի ԼՂՀ իշխանությունը փորձի այդ ծրագիրը միակողմանի իրականացնել նաեւ Ղարաբաղում, ցույց տալով քաղաքակիրթ աշխարհին, որ ԼՂ-ն գնում է իսկապես ինքնիշխան պետականության կերտման ճանապարհով»,- ասում է ՕԵԿ նախագահը:

Երրորդ կարեւոր պարագան, որ նշում է ՕԵԿ ղեկավարը, բանակցային գործընթացում Ղարաբաղի կարգավիճակի բարձրացումն է: «Եվ ըստ էության դուք գիտեք, որ առաջիկայում նախատեսվում է Պիտեր Սեմնեբիի այցը Լեռնային Ղարաբաղ, որի հետ ես հանդիպեցի Բրյուսելում, նաեւ Կովկաս-Կասպյան այս միջազգային հանձնաժողովի փաստահավաք առաքելության այցելությունը Ղարաբաղ, սա եւս մեկ անգամ խոսում է Ղարաբաղի կարգավիճակի բարձրացման մասին, ինչը քաղաքական առումով շատ կարեւոր է»,- ասում է Արթուր Բաղդասարյանը:

«Լրագիր»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԱՊՐԵԼ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻԱՍԻՆ

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ

«Շարժում 88» կուսակցության ղեկավար, Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանն իր թեկնածությունը չի առաջադրելու ամռանը կայանալիք նախագահական ընտրություններում: Այս մասին փետրվարի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքապետը: «Իսկ ինչ վերաբերում է կուսակցության կողմից թեկնածու առաջադրելու որոշմանը կամ կուսակցության դիրքորոշմանը, դեռեւս վերջնական որոշում չկա»,-ավելացրել է նա:

ՍՏՈՒԳՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՊԵ՞ՏԸ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ 

«Ես ստիպված եմ մտածել, որ ստուգվում է Աղաբեկյան Էդուարդ անհատը, այլ ոչ թե Ստեփանակերտ համայնքը»,-այս միտքն է արտահայտել Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով վերջերս դատախազության կողմից քաղաքապետարանում իրականացված ստուգումների մասին հարցին:

Քաղաքապետի խոսքերով, հունվարի 15-ից ստուգումների նպատակով քաղաքապետարան են ներկայացել դատախազության ներկայացուցիչներ, սկզբում՝ երկու, այնուհետեւ՝ երեք հոգի: «Հայտնի է, որ դատախազության ստուգումների ոլորտը կարգավորվում է համապատասխան օրենսդրությամբ, եւ ընդհանուր վերահսկողական գործառույթ դատախազությունը չունի: Դատախազությունը պարտավոր է ԶԼՄ-ներից կամ կոնկրետ անհատներից ստացված ահազանգերը ընթացքավորել, հարակից ուսումնասիրություններ կատարել եւ պետական կամ համայնքային շահի խախտումների հայտնաբերման դեպքում անմիջապես քրեական գործ հարուցել 72 ժամվա ընթացքում եւ այլն: Ճիշտն ասած, ստուգումների վերաբերյալ գրավոր փաստաթուղթ առայսօր չեմ ստացել: Ստեփանակերտի քաղաքապետարանում ստուգվել են ոչ թե կոնկրետ փաստեր, այլ տարիներ /2005, 2006/, ընդհանուր նամակներ, որոշումներ, բյուջե: Պարզաբանում ստանալու նպատակով դիմել ենք համապատասխան մարմիններին, բայց առայսօր գրավոր պատասխան չենք ստացել: Համապատասխան գրությամբ դիմել ենք նաեւ ԼՂՀ Գերագույն դատարան, որին նաեւ Սահմանադրական ատյանի որոշ գործառույթներ է վերապահված: Հարցը օրինականության մեջ է: Իհարկե, դատախազությունը ցանկացած տեղ էլ պետք է ստուգի, բայց կոնկրետ փաստեր և այն էլ՝ իր իրավասության շրջանակներում: Իսկ իշխանության որեւէ թեւի իրավասության շրջանակներից դուրս գործունեությունը Սահմանադրությունում արձանագրված է որպես հանցագործություն: Ես կարծում եմ, որ մեր անկախ եւ Սահմանադրություն ընդունած պետությանը նման գործելակերպն անհարիր է»,- ընդգծել է Էդուարդ Աղաբեկյանը, հավելելով, որ ստուգումների արդյունքների մասին որեւէ գրավոր տեղեկատվություն չունեն:

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՑ ԽԼԵԼ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ 

Մամուլի ասուլիսի ժամանակ Ստեփանակերտի քաղաքապետը, խոսելով համայնքի քաղաքաշինությանն ուղղված աշխատանքների մասին, դժգոհել է, որ քաղաքապետարանը իրավունք չունի մայրաքաղաքում ինքնուրույն քաղաքաշինական աշխատանք կատարել. նախատեսվող ամեն մի փոքր աշխատանքի իրականացման համար պետք է քաղաքաշինության նախարարության թույլտվությունը ստանալ: «Նույնիսկ ճանապարհի մի փոքրիկ փոսը լցնելու համար դիմում ենք քաղաքաշինության նախարարությանը, որից հետո նրանք դիմում են նախարարության քաղաքաշինական խորհրդին, այնուհետեւ խորհուրդը պատասխանն ուղարկում է քաղաքապետարան»,- տեղեկացրել է քաղաքապետը: Ըստ նրա, այս գործընթացում տուժում են հատկապես քաղաքացիները՝ «280-ից ավելի քաղաքացիների փաստաթղթեր են ուղարկվել քաղաքաշինական խորհրդի քննարկմանը, 200-ից ավելի դիմումների եւ նամակների քննարկման ժամկետները խախ-տվել են: Համայնքը ակամայից հայտնվում է օրինախախտ դրության մեջ: Համապատասխան գրությամբ դիմել ենք քաղաքաշինության նախարարությանը՝ հետագայում ոլորտը կարգավորող միջոցառումներ ձեռնարկելու համար»: Էդ. Աղաբեկյանը ափսոսանքով է խոսում այն մասին, որ ստեղծված քաղաքաշինական խորհուրդը իր գործունեությամբ ոչինչ չի փոխել համայնքի քաղաքաշինական ոլորտում: Ի դեպ, մինչ այդ նմանատիպ խորհուրդ գործում էր քաղաքապետարանին կից, որն էլ կարգավորում եւ վերահսկում էր ոլորտը, սակայն այդ իրավունքը կառավարության որոշմամբ խլվեց քաղաքապետարանից:

«Ստեփանակերտի քաղաքաշինության բնագավառին առնչվող միակ փաստաթուղթը 2000-ին ընդունված գլխավոր հատակագիծն է, իսկ մյուս հիմնարար փաստաթղթերը՝ հողերի գոտիավորման սխեմաներ եւ մանրամասն հատակագծման պլաններ, առայսօր բացակայում են, որոնք մեծ խոչընդոտ են հանդիսանում Ստեփանակերտի զարգացման համար: Բազմիցս դիմել ենք համապատասխան մարմիններին՝ մանրամասն հատակագծման պլանների ընդունման գործընթացը արագացնելու համար, բայց անարդյունք»,-ընդգծել է քաղաքապետը:

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՐՑԻՆ

Օրերս տեղի ունեցած 4-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի առաջին լիագումար նիստում տարաձայնությունների տեղիք տվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծը, որը խորհրդարան է մտել կառավարության նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացրել են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Մտքերի փոխանակության ընթացքում կարծիքներ հնչեցին այն մասին, որ օրինագծի առաջարկած փոփոխությունները կարիք ունեն լրացուցիչ հիմնավորումների եւ ճշգրտման:

Նախագծի եւ նրա շուրջ տարաձայնությունների մասին զրուցեցինք ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խմբի ղեկավար Արմեն Սարգսյանի հետ: Նրա խոսքերով, ներկայացված նախագծով պետք է Քաշաթաղի շրջանի որոշ փոքր գյուղերը միացվեին իրար: Նախագծում կային նաեւ մի շարք հարցեր, որոնք ուսումնասիրությունների կարիք ունեն: «Մեր կարծիքով, ներկայացված օրինագիծը թերի է եւ շտկման կարիք ունի: Այդ իսկ պատճառով առաջարկել ենք այդ հարցը քվեարկման փուլից հանել եւ նրան անդրադառնալ հաջորդ նիստում: Իսկ այդ ժամանակահատվածում պատգամավորական խմբի նախաձեռնությամբ համապատասխան ուսումնասիրություններ կկատարվեն»,-նշել է Ա. Սարգսյանը:

http://www.karabakhopen.com

ՀԱՍԿԱՆԱԼ ՄԻՄՅԱՆՑ

Փետրվարի 28-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի դահլիճում կայացավ «Ղարաբաղյան հակամարտություն. հասկանալ միմյանց» գրքի շնորհանդեսը: Գիրքն ուշագրավ է մի շարք առումներով և ամենաշատը, թերևս, նրանով, որ այն հայ և ադրբեջանցի հեղինակների համագործակցության արդյունք է: Հայկական կողմից գիրքը հեղինակել են Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը և  քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ Բաքվի մամուլի ակումբի նախագահ Արիֆ Ալիևն ու քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Գրքի հրատարակությանն աջակցել է Ֆրիդրիխ Էբերտի անվան գերմանական հիմնադրամը, որն արդեն նման համագործակցության խրախուսման փորձ ունի՝ մի քանի տարի առաջ հրատարակվել էր հայ և ադրբեջանցի փորձագետներ Հարություն Խաչատրյանի և Ալի Աբբասովի գիրքը ղարաբաղյան հակամարտության մասին:

Ստեփանակերտյան շնորհանդեսին մասնակցում էին հայ համահեղինակներ Բորիս Նավասարդյանն ու Ստեփան Գրիգորյանը, ինչպես նաև Երևանի մամուլի ակումբի տեղեկագրի խմբագիր Էլինա Պողոսբեկյանն ու ԵՄԱ աշխատակից Միքայել Դիլոյանը: ԼՂՀ փորձագետների, պետական կառույցների, խորհրդարանի, լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ  նրանք քննարկեցին գրքի հիմնական գաղափարներն ու նման նախաձեռնությունների կարևորությունը:

Սեփ. լրատվություն

——————————————————————————————-

Ներքաղաքական

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանկագին քաղաքացիներ.

Այսօր ես ստիպված եմ նորից դիմել ձեզ՝ կապված ԼՂՀ-ում կայանալիք հերթական նախագահական ընտրությունների հետ: Ցավոք, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի որոշ զանգվածային լրատվամիջոցներ շարունակում են չարաշահել վաղուց արդեն փակված թեման նախագահական երրորդ ժամկետի համար իմ թեկնածության հնարավոր առաջադրման մասին: Մասնավորապես, փորձեր են արվում գործող նախագահի վերընտրությունը երրորդ ժամկետի համար քաղաքական եւ բարոյական տեսանկյուններից աննպատակահարմար լինելու մասին արված անցած տարվա իմ հայտարարությունը ներկայացնել իբրեւ ծրագրավորված խաղ, որը նպատակ էր հետապնդում բթացնել հասարակական կարծիքը: Այդպիսի գործողությունները Լեռնային Ղարաբաղի, որպես եվրոպական արժեքներ դավանող պետության, միջազգային հեղինակությանը, բացի  վնասից, ոչինչ չեն կարող տալ: Ավելին, նման չարաշահումները ավելորդ նյարդայնություն են մտցնում մեր հասարակության մեջ, նպաստում նրա պառակտմանը: Հենց իմ ապագա մտադրությունների վերաբերյալ անառողջ շահարկումներից խուսափելու նպատակով էլ ես անհրաժեշտ համարեցի անցած տարվա հոկտեմբերին հանդես գալ հայտարարությամբ, որը պետք է փարատեր բոլոր հարցերը` կապված նախագահական երրորդ ժամկետի համար իմ հնարավոր առաջադրման հետ:

Սակայն որոշ լրատվամիջոցների եւ պոլիտիկանություն անող տարրերի համար ԼՂՀ նախագահի մեկ հայտարարությունը բավարար չէր: Ըստ երեւույթին, նրանք գտնում են, որ նախագահը պարտավոր է գրեթե ամեն օր հաստատել իր հրաժարումը առաջադրվելուց՝ իրենց զրպարտություններով հրահրելով նրան նման քայլերի: Անշուշտ, կարելի էր անուշադրության մատնել այդ անձանց անվայել վարքը, եթե նրանք իրենց գործողություններով չշարունակեին վնաս հասցնել մեր հանրությանը:

Ինչեր միայն չեն մոգոնում այդ մարդիկ նախագահին զրպարտելու համար: Մեր պետությունում եւ նրա սահմաններից դուրս յուրաքանչյուր իրադարձություն, որն անմիջականորեն առնչվում է իմ անվան հետ, նրանց կողմից մատուցվում է որպես պետության ղեկավարի ընտրություններին նորից մասնակցելու իբր գործող նախագահի թաքուն մտադրության մասին:

Մինչդեռ ինձ ամեն օր դիմում են ԼՂՀ շարքային քաղաքացիներ, տարբեր քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական ծառայողներ, խորհրդարանի պատգամավորներ, մեր հայրենակիցներ Հայաստանից, ուրիշ երկրներից, Արցախի արտասահմանյան բարեկամները, ինչպես նաեւ արտերկրի հայտնի դիվանագետներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, բարերարներ՝ խնդրելով առաջադրել իմ թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, քանզի մեր ժողովրդի կողմից ընդունված ԼՂՀ Սահմանադրությունը երկրի գործող ղեկավարին ընձեռում է նման հնարավորություն: Սակայն իրեն հարգող նախագահը չի կարող այսօր մի բան ասել, վաղը՝ այլ բան: Խորին երախտագիտություն հայտնելով մեր հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ արտասահմանյան բարեկամներին, որոնք պաշտպանում են իմ վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը եւ անկեղծորեն ցանկանում այսուհետ եւս ինձ տեսնել նախագահի պաշտոնում, նորից եմ հայտարարում, որ մտադիր չեմ առաջադրվելու ԼՂՀ նախագահի պաշտոնի համար:

Այդուհանդերձ, իմանալով քաղաքական չարաշահորդների ու նրանց սպասարկող լրատվամիջոցների պահելաձեւը, ես գրեթե վստահ եմ, որ իմ այս դիմումը նույնպես վերջ չի դնի այդ թեմայի շուրջ անառողջ խոսակցություններին: Այստեղ արդեն ոչինչ չես կարող անել. այս դեպքում արդեն կարծես թե գործ ունենք անբուժելի հիվանդության հետ: Ես պարզապես խղճում եմ այդ մարդկանց:

Կրկնում եմ. ինձ համար չկա եւ չի կարող լինել ավելի թանկ արժեք, քան իմ հայրենիքի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձր միջազգային հեղինակությունը, առանց որի հնարավոր չէ ԼՂՀ ճանաչումը միջազգային հանրության կողմից:

21 փետրվարի

«Ծաղկաքաղ»` հայկական մամուլից

ԱՄԵՆԱՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄԸ

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր չէ երրորդ անգամ առաջադրվել ԼՂՀ նախագահի պաշտոնում, որովհետև իր համար Լեռնային Ղարաբաղի միջազգային հեղինակությունը չափազանց կարևոր Է: Ընդ որում, պրն Ղուկասյանն այդ հարցի շուրջ բարձրացած անհարկի աղմուկի համար մեղադրել Է որոշ լրատվամիջոցների: Իրականում մեղադրանքը պետք էր հասցեագրել հենց իր շրջապատի այն պաշտոնյաներին, ովքեր անթաքույց մշակում էին ԼՂՀ ժողովրդի հասարակական կարծիքը՝ երրորդ ժամկետի անհրաժեշտությունը հիմնավորելու համար: Ինչևէ: Անկախ նրանից՝ պարտադրվա՞ծ Էր այս որոշումը, թե՞ ոչ, պետք է արձանագրել, որ Արկադի Ղուկասյանի քայլը դրական Էր և կբարձրացնի թե իր անձնական, թե ԼՂՀ միջազգային հեղինակությունը:

ՆՐԱՆ ԽՆԴՐՈՒ՞Մ ԵՆ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

Պարզվում է, ոչ թե ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն է ցանկանում երրորդ անգամ առաջադրվել այդ պաշտոնում, այլ տարբեր երկրների ներկայացուցիչներ, ովքեր նրան ամեն օր խնդրում են առաջադրել իր թեկնածությունը ԼՂՀ առաջիկա հերթական ընտրություններին: Բայց, ինչպես Արկադի Ղուկասյանն է ասում՝ ինքը չի ուզում նորից դառնալ ԼՂՀ նախագահ: Երեկ հատուկ այս առիթով Արկադի Ղուկասյանը հայտարարություն է տարածել:

Հուսանք, որ Ա. Ղուկասյանը մի օր էլ հայտարարություն չի տարածի, ասելով, թե՝ չդիմանալով ԼՂՀ շարքային քաղաքացիների, տարբեր քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, պետական ծառայողների, խորհրդարանի պատգամավորների, մեր հայրենակիցների Հայաստանից, ուրիշ երկրներից, Արցախի արտասահմանյան բարեկամների, ինչպես նաև՝ արտերկրի հայտնի դիվանագետների, քաղաքական գործիչների, քաղաքագետների, բարերարների բազմահազար աղերսներին, առաջադրում է թեկնածությունը:

Հ.Գ. Ենթադրվում է, որ Ա. Ղուկասյանի այս հայտարարությունից հետո Ղարաբա- ղում որոշ քաղաքական ուժեր արդեն բացահայտ կխոսեն հնարավոր թեկնածուների մասին, իսկ շրջանառվող անուններ շատ կան՝ Բակո Սահակյան, Մասիս Մայիլյան, Աշոտ Ղուլյան, Սեյրան Օհանյան, Արմեն Սարգսյան և այլք: Քաղաքական ուժերը, ինչպես նրանք են խոստացել, թեկնածուների անունները կասեն փետրվար-մարտ ամիսներին նախատեսվող համագումարներից հետո:

Չառաջադրվելու մասին, բացի Ա. Ղուկասանից, փետրվարի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նաև «Շարժում 88» կուսակցության ղեկավար, Ստեփանակերտի քաղաքապետ էդուարդ Աղաբեկյանը: Նա ընդգծել է, որ անձամբ ինքը մտադրություն չունի առաջադրել իր թեկնածությունը, սակայն կուսակցության դիրքորոշումը՝ թեկնածու առաջադրելու վերաբերյալ, դեռ որոշված չէ:

 168 ԺԱՄ

ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է

Երեկ ԼՂ-ի նախագահ Արկադի Ղուկասյանը ուղերձով դիմել է Արցախի ժողովրդին, որում մասնավորապես հայտարարել է, թե մտադիր չէ երրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրել ԼՂ-ում կայանալիք նախագահական ընտրություններում:

«Ցավոք, ԼՂ-ի եւ ՀՀ-ի որոշ ԶԼՄ-ներ շարունակում են չարաշահել վաղուց արդեն փակված թեման` նախագահական երրորդ ժամկետի համար իմ թեկնածության հնարավոր առաջադրման մասին»,- ասել է Ղուկասյանը: Իհարկե, այն, որ ԼՂ-ի նախագահը նման քայլ է անում, ողջունելի է. զարմանալի է միայն այն, որ եթե Ղուկասյանը առաջադրվելու մտադրություն չունի, ինչո՞ւ չի փակում այն մարդկանց բերանները, ովքեր իր կողքին կանգնած` իրեն խնդրում են առաջադրվել:

 ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը վերջապես որոշել է հրապարակավ արձագանքել իր երրորդ առաջադրման շուրջ ընթացող խոսակցություններին:

«Փորձ է արվում գործող նախագահի վերընտրությունը երրորդ ժամկետի համար քաղաքական եւ բարոյական տեսանկյուններից աննպատակահարմար լինելու մասին արված անցած տարվա իմ հայտարարությունը ներկայացնել իբրեւ ծրագրավորված խաղ, որը նպատակ էր հետապնդում բթացնել հասարակության կարծիքը»,- երեկ նման սրտակեղեք ձեւակերպումներ պարունակող ուղերձով Արկադի Ղուկասյանը դիմել է ԼՂ-ի ժողովրդին: ԼՂՀ նախագահը մի շատ կարեւոր միտք է արտահայտում՝ «իրեն հարգող նախագահը չի կարող այսօր մի բան ասել, վաղը՝ այլ բան»: Թերեւս հարկ էր ավելացնել, որ նախագահին հարգող չինովնիկներն էլ պետք է իրենց համար հստակորեն ֆիքսեն իրենց շեֆի մեկ անգամ արած հայտարարությունը եւ այն, որ նախագահն արդեն իր հայտարարության գերին է: Որովհետեւ ոչ ոք չի կարող նրա հայտարարությունները լուրջ ընդունել այնքան ժամանակ, քանի դեռ նրա անմիջական շրջապատը Ղարաբաղում ստեղծել է անվստահության մթնոլորտ եւ փորձում է հասարակության մեջ սերմանել նրա երրորդ անգամ առաջադրվելու անհրաժեշտությունը:

“Հայկական Ժամանակ”

ԲՈԼՈՐԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը երեկ հանդես    է   եկել   հայտարարությամբ՝ կրկին անգամ հերքելով նախագահական երրորդ ժամկետի համար իր թեկնածության հնարավոր առաջադրման մասին լուրերը: Դիմելով ԼՂՀ «թանկագին քաղաքացիներին»՝ Արկաղի Ղուկասյանը բողոքել է, թե «որոշ լրատվամիջոցների եւ պոլիտիկանություն անող տարրերի համար» բավարար չէր այդ առթիվ իր մեկ հայտարարությունը. «Ինչեր միայն չեն մոգոնում այդ մարդիկ նախագահին զրպարտելու համար… Մինչդեռ ինձ ամեն օր դիմում են ԼՂՀ շարքային քաղաքացիներ, տարբեր քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների     ներկայացուցիչներ, պետական ծառայողներ, խորհրդարանի պատգամավորներ, մեր հայրենակիցները Հայաստանից, ուրիշ երկրներից, Արցախի արտասահմանյան բարեկամները, ինչպես նաեւ արտերկրի հայտնի դիվանագետներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, բարերարներ՝ խնդրելով առաջադրել իմ թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, քանզի մեր ժողովրդի կողմից ընդունված ԼՂՀ Սահմանադրությունը երկրի գործող ղեկավարին ընձեռում Է նման հնարավորություն: Սակայն իրեն հարգող նախագահը չի կարող այսօր մի բան ասել, վաղը՝ այլ բան»,- ասել Է Ղուկասյանը՝ հայտարարելով, թե պարզապես խղճում Է այդ թեման արծարծողներին:

 Ժամանակ.com

ԵՐԵՎԱՆ-ՓԱՐԻԶ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՏՐԱՆԶԻՏ

… Արկադի Ղուկասյանի երրորդ ժամկետից երրորդ հրաժարումը բավական լույսեր է վառում ապագան որոշակի տեսնելու համար: Ըստ ամենայնի, Ղուկասյանի հերթական հայտարարությունը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կայացրել է Հայաստանի նախագահ առաջադրվելու մասին որոշումը եւ հաստատապես մտադրվել է դառնալ նախագահ: Այդ իսկ պատճառով էլ Սարգսյանը Ղարաբաղի շարժման տարեդարձին գնաց Ղարաբաղ եւ Ղուկասյանին հորդորեց անմիջապես, եւս մեկ անգամ հայտարարել, որ չի գնալու երրորդ ժամկետի: Ընդ որում, Սերժ Սարգսյանը Արկադի Ղուկասյանին չվստահելով, թերեւս հորդորել է հայարարությունն անել՝ քանի դեռ ինքը Ղարաբաղում է: Երեւի թե հենց դրանով էր պայմանավորված Ղուկասյանի հայտարարության չարացած ու քինոտ տոնը: Այսինքն նրան ստիպել են, իսկ նա չի կարողացել բարկանալ ստիպողի վրա, եւ ամբողջ զայրույթը թափեց այն մարդկանց գլխին, ովքեր նրանից ընդամենը խնդրում էին հարգել օրենքը եւ մտածել Ղարաբաղի ապագայի մասին:

Սակայն շատ կարեւոր է, թե ով է իրականում ստիպել Ղուկասյանին: Միայն Սերժ Սարգսյա՞նը, թե նա, բայց Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնեցված: Շատ հավանական է, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարողանում լուծել իր երրորդ առաջադրման արտասահմանի աջակցության հարցը, եւ ամեն մի անհաջող փորձից հետո Ղուկասյանին ստիպում է կրկնել, որ չի առաջադրվելու: Հետո, երբ նոր փորձ պետք է անի, Արա Աբրահամյանին հորդորում է հայտարարել Ղուկասյանի անփոխարինելիության մասին: Բնական է, որ եղանակի այդ փոփոխականությունը, սիրում է-չի սիրում անմոռուկի այդ անվերջ խաղը կարող է նյարդայնացնել մարդուն եւ նույնիսկ հանել հավասարակշռությունից:

Այս պարագայում կարեւորն, իհարկե, նա չէ, ում ստիպել են, այն նա, ով ստիպել է:

Lragir.am

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԵՂԵԼ Է

ԼՂՀ գործող նախագահի սույն հայտարարությունը կարևորագույն նշանակություն ունի, և անկախ նրանից, թե ինքն անձամբ ինչպես է գնահատում նորից նման հայտարարությամբ հանդես գալը, հարկ է ասել, որ եթե հանդես է եկել, ուրեմն դրա անհրաժեշտությունը կար, ուրեմն դրա հրամայականը օդում կախված էր, որովհետև Ղուկասյանի վերջնական վճռին սպասում էին բոլորը:  Լուրջ վերլուծության կարիք ունեն (հանրության ու հատկապես Ա.Ղուկասյանի կողմից) երևույթի պատճառահետևանքային կապերը, որովհետև իսկապես որ շատ տհաճ իրավիճակ էր՝ երկրի ղեկավարը կարևորագույն հայտարարություն էր արել, ու ոչ ոք չէր հավատացել այդ հայտարարությանը, առաջին հերթին չէր հավատացել նրա մերձավորագույն շրջապատը, որը ոչ միայն ամենաշատն է ճանաչում նրան, այլև, հասկանալի պատճառներով, ամենատեղեկացվածն է: Եւ ուրիշներին մեղադրելու փոխարեն կարելի էր հանգիստ վերլուծել իրավիճակը:

Կարելի էր նաև նման հայտարարության վերահաստատումը գոնե այս անգամ անել առանց հանրությունը երկու մասի, երկու բևեռի բաժանելու՝ յուրայիններ ու ոչ յուրայիններ, բարեկամներ և ոչ բարեկամներ: Ի վերջո, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իրեն մտահոգող հարցերի շուրջ սեփական կարծիքը հրապարակավ արտահայտելու, առանց վախենալու, որ դա կարող է նախագահին դուր չգալ: Դա հիվանդություն չէ, դրա անունը քաղաքացիական կամք է:

Ամենակարևորը՝ կարելի էր գոնե այս անգամ պարզ, անկեղծ ու ազնիվ զրույց բացել սեփական ժողովրդի հետ, առանց այդաստիճան թերագնահատելու հանրության տեղեկացվածությունն ու դատողունակությունը ասել, որ երրորդ ժամկետով պաշտոնավարելու մտադրություն չունի, քանի որ դա միանշանակ արգելում են մեր օրենսդրության այնպիսի հիմնարար փաստաթղթեր, ինչպիսին են ԼՂՀ նախագահի մասին օրենքը, ԼՂՀ ընտրական օրենսգիրքը և ԼՂՀ Սահմանադրությունը: Ու վերջ, որ ինքը ենթարկվում է օրենքին, ինչը բոլորի սուրբ պարտականությունն է՝ նախագահից սկսած մինչև երկրի ամենածայրամասային գյուղի ամենածայրամասային տան բնակիչը:

Այսպես թե այնպես, Ա.Ղուկասյանը կարևոր ու անհրաժեշտ քայլ է արել, ինչը, իհարկե, ողջունում ենք:

«ԴԵՄՈ»

« ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՎ ՁԵՐ ԴԻՄԱՆԿԱՐԸ» 

Ամանորի եւ ծննդյան տոների «խումհարից» սթափված՝ «Դեմոն» կրկին դարձավ «ամենապահանջված պարբերականը»: Այս անգամ՝ «Մեծ լռություն» խմբագրականով, ուր արձանագրվում է, որ նախագահական ընտրություններից հինգ ամիս առաջ երկրի քաղաքական դաշտում անդորր է, բոլորն սպասում են նախագահ Ղուկասյանի «վերդիկտին»: Նաեւ՝ ընդդիմությունը, որը, խմբագրականի ընկալմամբ, միայն իշխանության քայլերից կարող է բխեցնել իր մարտավարությունը: Սա «հայտնություն» է:

Քաղաքական դաշտի մերձիշխանական թեւն այսպես, թե այնպես, գուցե, սպասում է նախագահ Ղուկասյանի վերջնական վճռին: Եւ դա շատ տրամաբանական սպասում է: Չէ՞ որ այդ թեւը 1999թ. հայտնի իրադարձություններից ի վեր եղել եւ մնում է նախագահ Ղուկասյանի հենարանը եւ զուտ բարոյական առումով էլ պարտավորված է սպասել: Ի վերջո, ամեն ինչից զատ, կա քաղաքական հաջորդայնության ապահովման խնդիր, իսկ ավելի լավ, քան նախագահ Ղուկասյանը, ոչ ոք այդ հարցի պատասխանը չգիտի, իսկ ընդդիմությունն ինչու՞ է սպասում, ինչի՞ է սպասում: Չէ՞ որ նույն խմբագրականը հավաստիացնում է, որ մեզանում նախագահական ամբիցիաների եւ այդ պաշտոնի հավակնորդների պակաս չկա:

Ինչպե՞ս հասկանանք՝ ամբիցիաներ կան, հավակնորդներ՝ նույնպես, բայց ոչ ոք չի՞ համարձակվում այդ մասին հայտարարել: Այսինքն, եթե վաղը նախագահ Ղուկասյանը վերջնականապես որոշի եւ հայտարարի, թե չի առաջադրելու իր թեկնածությունը, հայտնվելու են երկրի ղեկավար պաշտոնի մի քանի տասնյակ հավակնորդնե՞ր: Եւ ի՞նչ են ասելու հանրությանը: «Մենք սպասեցինք, որ նախագահ Ղուկասյանն ասի իր վճռական խոսքը եւ դրանից հետո որոշեցինք առաջադրել մեր թեկնածությու՞նը»: Բայց չէ՞ որ հանրությունն  այնժամ նրանց ուղղակի կանվանի վախկոտ: Չէ՞ որ «Դեմո»-ի այդ հավաստիացումը հաստատում է, որ նախագահության միակ արժանի թեկնածուն հենց Արկադի Ղուկասյանն է, քանի որ ոչ ոք չի հանդգնում ի լուր հանրության հայտարարել, թե պատրաստ է դառնալ նրա մրցակիցը: Իսկ եթե չկա ընդգծված անհատականություն, չկան երկրի ներքին եւ արտաքին խնդիրների լուծման ռազմավարական ծրագրեր, հանրությունն ինչու՞ պիտի նախապատվությունը տա «աղմկարարությանը», ինչու՞ պիտի մարդ շեղվի իր ամենօրյա կենսակերպից« եթե դրան այլընտրանք ոչ ոք չի առաջարկում:

«Դեմո»-ի խմբագրականը, սակայն, իշխանությունների «նվաճումների» շարքում հիշում է նաեւ քաղաքական դաշտի անկատարությունը եւ եզրահանգում« թե այնտեղ, ուր ամեն ինչ կախված է մի մարդուց, ժողովրդավարության մասին սովորաբար չեն խոսում: Այո, չեն խոսում« եթե «մի մարդը» չի թողնում, որ խոսեն: Մեր երկրում« փառք աստծո« այդպես չէ« եւ ընդդիմությունն ունի բոլոր օրինական հնարավորությունները՝ հանրությանը ներկայացնելու պետական կյանքի կազմակերպման« սոցիալ-տնտեսական առաջընթացի մասին սեփական պատկերացումներն ու ակնկալել փոխըմբռնում: Եւ եթե մարդկային ամբիցիաները խանգարում են, որ ոչ իշխանամետ ճամբարը համախմբվի նախագահի մեկ թեկնածուի շուրջ, ապա ինչու՞ դրանում մեղադրել նախագահ Ղուկասյանին: Թե՞ ընդդիմությունը կուզենար, որ նախագահն ինքը ընտրեր ընդդիմության կողմից պաշտպանվելիք՝ նախագահի թեկնածուին: Սա ուղղակի ծիծաղելի է եւ վկայում է, որ հայրենական ընդդիմությունն այսօր էլ, ինչպես 5 տարի առաջ ընդամենը «խանդի տեսարաններ» է սարքում:

Այլ կերպ դժվար է բացատրել այն «ծեքծեքումները», որ թույլ են տալիս «ընդդիմության քարոզիչներն ու սոցիոլոգները» իշխանական ճամբարի որոշ ներկայացուցիչների հանդեպ՝ սեփական նախասիրությունները ներկայացնելով որպես «հասարակական պահանջվածություն»: Այո, «մերն ուրիշ է», ընդդիմությունը՝ հատկապես, որ առաջնորդվում է ոչ թե համակարգային« այլ անհատական փոխատեղումների «անհրաժեշտությամբ» միայն այն պատճառով, որ «նախագահ Ղուկասյանն իրենց չի սիրում»: Իսկ ո՞ր երկրում են ընդդիմությանը սիրում:

Ընդդիմությունն արժանի կլինի միայն հարգանքի, եթե ինքն իրեն հարգի: Իսկ իրեն հարգող ընդդիմությունը նախընտրելի թեկնածու տեսնում« առաջադրում եւ նրա հաղթանակի համար մինչեւ վերջ օրինական ճանապարհով պայքարում է բացառապես իր ռեսուրսների հաշվին: Մերոնք ընտրել են «բացառիկ ճանապարհ», փորձում են իշխանության մեջ գտնել այն մարդուն« որ «կսիրի իրենց»: Սա է ընդդիմության վիճակի ողջ ողբերգականությունը, քանի որ այդ կերպ նա իրենից վանում է հանրության այն խավերին« ովքեր« գուցե, իրոք ունեն արմատական փոփոխությունների սպասելիք:

«Դեմո»-ի խմբագրականն իշխանություններին է վերագրում քաղաքական դաշտի անկատարության պատասխանատվությունը: Մինչդեռ, դրա համար պատասխանատու է ամենից առաջ ընդդիմությունը, քանի որ հենց ինքն էլ այսօր «ստորագրում է սեփական դատավճիռը»: Այսօր նա ունի ինքնադրսեւորվելու եւս մի հնարավորություն: Ու եթե դա էլ չօգտագործի« ապա այս երկրին կհասցնի այնպիսի վնաս, որի հետեւանքները վերացնելու համար կպահանջվի բավական ժամանակ եւ մի նոր սերնդի արդար ջանք:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
14 փետրվարի 2007թ.

Պատասխանի իրավունքով
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ ՆՈՐԻՑ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԵՐԱՃԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Ինձ համար առաջին հերթին անհասկանալի է Վ. Աթանեսյանի այն պնդումը, թե «քաղաքական դաշտի մերձիշխանական թեւն այսպես, թե այնպես, գուցե, սպասում է նախագահ Ղուկասյանի վերջնական վճռին, և դա շատ տրամաբանական սպասում է»: Այն, մեղմ ասած, չի համապատասխանում երկրի նախագահի նորերս արած կարևորագույն հայտարարության ոգուն և տոնին: Եւ հետաքրքիր է, թե կոնկրետ ում է վերաբերում Ա.Ղուկասյանի «անբուժելի հիվանդներ» բնորոշումը այն մարդկանց, ովքեր, նախագահի մեկնաբանությամբ, «ըստ երեւույթին գտնում են, որ նախագահը պարտավոր է գրեթե ամեն օր հաստատել իր հրաժարումը առաջադրվելուց՝ իրենց զրպարտություններով հրահրելով նրան նման քայլերի»: Իրոք՝ ու՞մ է վերաբերվում. ի՞նձ, որ չեմ հավատացել նախագահի նախորդ հայտարարությանը, թե՞ Վահրամ Աթանեսյանին, որ ոչ միայն ինձ պես չի հավատացել, այլև տրամաբանական ու բարոյական է համարել սպասումը նախագահի վերջնական, կրկնենք՝ վերջնական վճռին:

Համաձայն չեմ պարոն Աթանեսյանի այն պնդման հետ, որ «մարդկային ամբիցիաները խանգարում են« որ ոչ իշխանամետ ճամբարը համախմբվի նախագահի մեկ թեկնածուի շուրջ», նաև՝ որ  ընդդիմությունն ընտրել է «բացառիկ ճանապարհ»« փորձելով իշխանության մեջ գտնել այն մարդուն« որ «կսիրի իրենց»:

Նախ՝ Արցախում գործող ոչ մի կուսակցություն (իշխանամետ, թե ընդդիմադիր) դեռ չի հայտարարել իր թեկնածուի առաջիկա առաջադրման մասին, որքանով ինքս եմ տեղյակ՝ մարտ ամսին են լինելու հիմնական ու ազդեցիկ կուսակցությունների համագումարները: Ուրեմն՝ ինչու պասիվության մեջ մեղադրել ընդդիմությանը, կամ միայն նրան: Կամ որտեղի՞ց գիտի Վ. Աթանեսյանը, որ ընդդիմությունը նախագահի միասնական թեկնածու չի ունենալու, իրոք՝ որտեղի՞ց, եթե անգամ ընդդիմությանը դա դեռ հայտնի չէ, քանի որ քննարկումները դեռ շարունակվում են: Կամ՝ ինչի՞ հիման վրա է պարոն Աթանեսյանը պնդում, որ ընդդիմությունը փորձում է իշխանության մեջ գտնել թեկնածուին: Ընդդիմադիր ո՞ր կուսակցության հայտարարության կամ լիդերների հարցազրույցում է նա նման բան պեղել:

Ինչ վերաբերում է իշխանության մեջ այն մարդուն գտնելուն, որ կսիրի ընդդիմությանը, ապա կասեմ հետևյալը՝ արցախյան հանրությունը զզվածության աստիճան հոգնել է ամբողջ ժողովրդին յուրայինների ու ոչյուրայինների բաժանելու՝ իշխանությունների գործելակերպից, երբ մի խումբ մարդկանց ամեն ինչ թույլատրվում է, և պետական մեքենան էլ սպասարկում է հենց այդ խմբի շահերը, իսկ մյուսները՝ ժողովրդի գերակշիռ մասը, հայտնվել են ոչյուրայինների շարքում: Սոցիալական բևեռվածությունն ու անարդարությունը կեղեքում են մեր նորանկախ երկիրը, ինչը կործանարար է նրա համար: Ժամանակի հրամայականն է դարձել այնպիսի քաղաքական ուժի ու քաղաքական գործչի հայտնություն-ընդգծումը, որի համար «իմուքո» չի լինի, յուրային ու ոչյուրային չի լինի, այլ կլինի մի միասնական ժողովուրդ ու հանրություն, որի շահերին էլ պիտի ծառայի: Երկրի ղեկավարը պիտի լինի ոչ թե իր թիմի, իր շրջապատի կամ յուրայինների նախագահը, այլ ամբողջ երկրի ու ժողովրդի ղեկավարը:

Վաղուց արդեն ժամանակն է, որ իշխանությունը չլինի «պետություն՝ պետության մեջ», այլ արտահայտի «բոլորիս պետության» շահերը, երկրի ղեկավարը պիտի իմանա բոլորի տեղն ու դերը, կարողանա ողջ հանրությանը ներգրավել պետականաշինության գործին: «Ճամբարային» ու «բարիկադային» մտածողության ու գործելակերպի ժամանակներն անցել են, օդում կախված է մեկ այլ գաղափար՝ տարանջատումից դեպի միասնացում: Ժամանակին միակամ ու միաբռունցք եղած ժողովուրդն այսօր վերածվել է սոսկական բնակչության: Այսօր բնակչությունից նորից ժողովրդի վերաճելու գաղափարն է հանրորեն պահանջված, և սա ստիպված են այս կամ այն չափով հաշվի առնել քաղաքական ուժերը՝ թե իշխանամետ և թե ընդդիմադիր:

Ով ավելի ունակ կլինի այդ գաղափարի շուրջ հավաքելու հանրությանը և կենսագործելու այն՝ ցույց կտա ժամանակը:

ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Դեմո» թերթի գլխավոր խմբագիր

——————————————————————————————-

Սոցիալ-տնտեսական

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ՎԱՃԱՌԵԼ ԲԱՑԱՌԻԿ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ստեփանակերտի կաթի կոմբինատը հանդիսանում է ԱՄՆ քաղաքացիներ Անիվյաններ ընտանիքի սեփականությունը, եւ նրանք իրավասու են այդ գործարանի հետ կատարել ցանկացած գործողություն, ընդհուպ մինչեւ քանդում: Այդ մասին ԼՂՀ խորհրդարանում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատուրյանը, պատասխանելով պատգամավոր Մաքսիմ Միրզոյանի հարցին: Պատգամավորն հետաքրքրվել է, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում այն փաստին, որ 1988-ին Ստեփանակերտի կաթի գործարանին կից կառուցած՝ կաթի շիճուկի բացառիկ արտադրությունը քանդվում եւ ծախվում է: Մ. Միրզոյանը գործարանի սեփականատեր հանդիսացող Անիվյաններին ավանտյուրիստ անվանեց:

Ըստ նախարարի, Անիվյանները, օրենքի համաձայն, կատարել են իրենց պարտականությունները, ներդրումներ կատարել եւ դարձել լիիրավ սեփականատեր: «Նրանք կարող են քանդել ձեռնարկությունը: Եւ հիմա քանդում են: Մենք էլ մեր թույլտվությունն ենք տվել», – ասել է Ա. Ծատուրյանը:

Նա խոստովանել է, որ արտադրությունն իր նախադեպը չունի տարածաշրջանում: Պարզվել է, որ տեխնոլոգիական գիծը աշխատել է միայն մեկ տարի եւ արտադրվել է 318 տոննա չոր շիճուկ: Սակայն արտադրությունը շարունակելու համար ոչ հումք կա, ոչ էլ մասնագետներ, ասել է Արմո Ծատուրյանը, որը ժամանակին աշխատել է Կաթի գործարանի տնօրեն:

Արտադրությունը քանդելու եւ արտասահմանցիներին վաճառելու փորձ սեփականատերերն արել են 3-4 տարի առաջ: Այն ժամանակ փորձը կանխվել է, քանի որ բարձրաձայնվել է արտադրության կարեւորության մասին: Այս անգամ արդեն ուշ է՝ Ղարաբաղում այլեւս չեն արտադրի կաթի շիճուկ: Թեկուզ, մասնագետների կարծիքով, դա եղել է հանրապետության այն արտադրություններից, որը կարող էր տարածաշրջանային մեծ շուկա ունենալ:

ԲԻԶՆԵՍ ԵՎ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐ

Ստեփանակերտում լուսանկարչական ցուցահանդես է բացվել՝ «Ղարաբաղի փոքր եւ միջին բիզնեսը» թեմայով, որը կազմակերպվել է International Alert բրիտանական ոչ կառավարական կազմակերպության կողմից Հարավային Կովկասում անցկացվող «Բիզնես եւ կոնֆլիկտներ» նախագծի շրջանակներում: Ղարաբաղյան կողմից ծրագրի գործընկերը Ղարաբաղյան տարածաշրջանային բիզնես-կենտրոնն է:

Կենտրոնի տնօրեն Վալերի Բալայանի խոսքերով, ցուցահանդեսում իրենք փորձել են ցույց տալ փոքր եւ միջին բիզնեսի բոլոր հիմնական ոլորտները, որոնք ներկայումս գոյություն ունեն մեզ մոտ. «Փորձել ենք ցույց տալ Ղարաբաղի փոքր եւ միջին բիզնեսի ներկայիս վիճակը եւ բացահայտել այն պատճառները, որոնք խանգարում են այդ ոլորտի զարգացմանը»:

Լուսանկարչական ցուցահանդեսի նպատակներից մեկն էլ, կազմակերպիչների խոսքերով, իշխանությունների եւ հասարակության ուշադրության հրավիրումն է փոքր եւ միջին բիզնեսի ոլորտի խնդիրների վրա, որոնց լուծումը կնպաստեր մեր երիտասարդ պետականության կայացմանն ու ամրապնդմանը եւ միջազգային ասպարեզում նրա ինտեգրմանը:

Իսկ ցուցահանդեսի բացումից մեկ օր առաջ Ստեփանակերտում կլոր սեղան անցկացվեց «Բիզնեսը եւ կոնֆլիկտները, բանակցային գործընթացի վրա նրանց ազդեցության հնարավորությունները» թեմայով, որին մասնակցում էին բիզնեսմեններ, International Alert կազմակերպության ներկայացուցիչներ, լրագրողներ: Խոսվել է փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին հուզող խնդիրների, բարձր հարկերի, վարկերի, ինչպես նաեւ տնտեսության եւ քաղաքականության փոխազդեցության մասին:

Ներկայումս հնարավո՞ր է, որ հայ եւ ադրբեջանցի բիզնեսմենները համագործակցեն: Հավաքվածների կարծիքով, կան բազմաթիվ խնդիրներ, առաջին հերթին՝ հակամարտության չկարգավորված լինելը, որոնք խոչընդոտում են նման շփումներին: Բերվել են նաեւ բիզնեսի բնագավառում համագործակցության օրինակներ հակամարտությունների առկայության պայմաններում՝ Սադախլոյում եւ Հարավային Կովկասից դուրս, ինչպես նաեւ Հյուսիսային Կիպրոսում: Սակայն մասնակիցներից շատերն այն կարծիքին էին, որ ղարաբաղյան հակամարտության գոտում տնտեսական հարցերն ածանցյալ են քաղաքականից:

http://www.karabakhopen.com

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՈ ՉԻ՞ ԳԱԼՈՒ ԿԱՆԱՉԵՂԵՆՍ «ՓՈՒՆՋ ԱՆԻ»

«Նոր ընտրված նախագահը հո՞ չի գալու կանաչեղենս «փունջ անի»: Ինձ համար միեւնույն է, թե ում կընտրեն եւ երբ»,- այսպես է իր կարծիքը արտահայտում Պայծառ տատիկը, երբ խոսք է գնում մի քանի ամիս հետո նախատեսվող նախագահական ընտրությունների մասին:

67-ամյա Պայծառ Մարտիրոսյանը Մարտունու շրջանի Հերհեր գյուղում է ծնվել, իսկ հարս է եկել նույն շրջանի Մավաս գյուղ, որը հիմա չկա: Մավասի բնակիչների մի մասը տեղափոխվել է Կարմիր Շուկա գյուղը:

Չորս երեխա ունի, 13 թոռ եւ շուտով 14-րդը պետք է ծնվի: Պայծառ տատիկը գյուղում հայտնի է որպես աշխատասեր կին: Դա առավելս արտահայտվեց այն ժամանակ, երբ ամուսինը մահացավ, եւ ընտանիքի ողջ հոգսն ընկավ իր ուսերին: Այժմ ապրում է տղայի ընտանիքի հետ: Նա պատմում է, որ մի քանի տեղ բանջարանոց ունեն, որը մենակ է մշակում: Կովեր ու խոզեր են պահում, ու «յոլա գնում»:

67-ամյա տատիկը բացի նրանից, որ բանջարանաբոստանային կուլտուրաների մշակմամբ է զբաղվում, ու բերքի մի մասը վաճառում, դաշտերից էլ է պարբերաբար կանաչի հավաքում եւ վաճառելու նպատակով բերում Ստեփանակերտի շուկա: Ասում է, որ ամեն գալով 7-10 հազար դրամ եկամուտ է ստանում:

Թոշակի չափից, բնականաբար, գոհ չէ: «Ամբողջ կյանքս աշխատել եմ, իսկ հիմա էն չաշխատածն էլ է համարյա նույն գումարը ստանում, ինչ աշխատածները»,- զարմանքով ասում է Պայծառ տատիկը եւ շարունակում կանաչին փնջել:

——————————————————————————————

Տարածաշրջան

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՆՈՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔՈՒՄ

Թբիլիսիում փետրվարի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Թոմաս Համմարբերգը, ամփոփելով իր այցելությունը, հիշեցրեց, որ Վրաստանը պետք է լուծի թուրք-մեսխերի վերադարձի հարցը:

«Վրաստանը Եվրոպայի Խորհուրդ անդամակցելու ընթացքում իր վրա է վերցրել հստակ մի պայման, որն առնչվում է մահմեդական մեսխերին: Վրաստանի կառավարությունը խոստացել էր, որ մեսխերին, որոնք արտաքսվել են Վրաստանից XX-րդ դարի 40-ական թվականներին, հնարավորություն կտրվի վերադառնալ իրենց երկիր», – հայտարարեց եվրահանձնակատարը:

«Մեսխերից ոմանք, փոքր թվով, վերադարձան Վրաստան և փորձեցին գտնել իրենց տեղը: Բայց, ընդհանուր առմամբ, մեսխերի վերադարձի ծրագիրը իրականում չսկսվեց»,- նշեց Համմարբերգը:

Նրա խոսքերով, Վրաստանի կառավարությունը դրա հետ կապված նախապատրաստել էր օրինագիծ, սակայն այդ օրինագիծը հաստատման համար չի ներկայացվել խորհրդարան: «Թբիլիսիում իմ գտնվելու ընթացքում ես հարց բարձրացրեցի այն մասին, որ արդեն եկել է ժամանակը նրա համար, որպեսզի օրենքը ընդունվի և որպեսզի այդ ուղղությամբ աշխատանքները սկսվեն»,- ասաց եվրահանձնակատարը,- հայտնում է “Բագին-ինֆո” լրատվական կենտրոնը:

Համմարբերգը նշեց, որ «Վրաստանի կառավարական օղակներում գոյություն ունի որոշակի վախ, որ երկիր վերադարձած մեսխ-մահմեդականների և տեղի բնակչության միջև կառաջանան որոշակի խոչընդոտներ»:

«Վրաստանի կառավարությունը մտավախություն ունի, որ վերադարձած մեսխերի նկատմամբ որոշակի խոչընդոտներ կարող են առաջանալ երկրի ազգությամբ հայ բնակչության կողմից», – նկատեց եվրահանձնակատարը (մեսխերը վերաբնակեցվել էին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանից, որտեղ հոծ բնակվում է հայ բնակչությունը):

Եվրահանձնակատարը նկատեց, որ «չի բացառվում այդպիսի խնդիրների ստեղծումը և դա նույնիսկ հնարավոր է, բայց այստեղ հարկավոր է ցուցաբերել որոշակի քաղաքական առաջնորդություն և հարկ է տեղեկացնել տարածաշրջանի տեղի բնակչությանը, որ մեսխերը ժամանակին ապրել են այս երկրում, նրանց այն ժամանակ բռնի կերպով վտարել էին և նրանք ունեն լիակատար իրավունք վերադառնալ և նորից ապրել իրենց հողում»:

Ջավախք-ինֆո 

ԵԹԵ ԵՍ ԼԻՆԵԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

«Թըրքիշ դեյլի նյուս» թերթ /Թուրքիա/
Սեմիհ Իդիզ

Ես չգիտեմ, թե ինչ է ասել պարոն Գյուլը իր զրուցակիցներին Կոնգրեսում՝ վերջերս Վաշինգտոն կատարած այցի ընթացքում: Բայց եթե ես լինեի նրա փոխարեն, ես կասեի այն, ինչի մասին գրում եմ ստորեւ եւ էլի ուրիշ բաներ:

Այս մեկնաբանությունը հրապարակվել է «Միլիյեթ» օրաթերթի իմ սյունակում, մի քանի օր առաջ: Ես այստեղ ներկայացնում եմ դրա թարգմանությունը, հետեւելով  ընթերցողների բազմաթիվ ցանկություններին: Իմ բազում թուրքալեզու ընթերցողները, այդ թվում շատ ազդեցիկ մարդիկ, առաջարկել են թարգմանել հոդվածը: Ահա այն:

Ես ինձ պատկերացրի Արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլի փոխարեն եւ ինքս ինձ հարցրի՝ իսկ ինչ կասեի ես ԱՄՆ-ի Կոնգրեսում, երբ հայամետ տրամադրված կոնգրեսականները ներկայացնեին ինձ Հայաստանի Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հոդվածը՝ տպագրված «Լոս-Անջելես Թայմս» թերթում, որտեղ նա հայտարարում է, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիան բաց է թողել Հայաստանի հետ երկխոսություն հաստատելու հնարավորությունը:

Ես որոշեցի, որ, հավանաբար, նմանատիպ մի բան կասեի.

«Պարոնայք, դուք խոսում եք բաց թողած հնարավորությունների մասին: Հայացք նետեք շրջապատող աշխարհին եւ այն ամենին, ինչ կատարվում է այնտեղ: Մինչ դուք փորձում եք ինձ պատին սեղմել հարյուր տարի առաջ կատարված միջադեպերի առնչությամբ, հենց այս րոպեին Թբիլիսիում երկաթուղային նախագծի վերաբերյալ կարեւորագույն համաձայնագիր է ստորագրվում, որը կմիացնի Եվրոպան եւ Հեռավոր Արեւելքը: Ընդ որում՝ Հայաստանը նախագծում ներգրավված չէ: Դուք փորձեցիք կանխարգելել այդ պայմանագրի ստորագրումը՝ այս պալատում որոշակի փաստաթղթերի ընդունմամբ: Եվ ի՞նչ:

Ճիշտ այդպես կասպյան նավթը այսօր համաշխարհային շուկա է մտնում Թուրքիայի միջով եւ այդ երթուղին նույնպես շրջանցում է Հայաստանը: Դուք այդ նախագիծն էլ փորձեցիք կանխարգելել, եւ նույնպես անհաջող: Եվ որպեսզի հասկանաք, թե  ինչքան վատ է այս ամենը Հայաստանի համար, պետք է կարդալ հայկական թերթեր, ոչ թե «Լոս-Անջելես Թայմս»:

Այն ժամանակ, երբ Ամերիկայի հայկական համայնքը, որից դուք հույս ունեք քաղաքական դիվիդենտներ ստանալ, ԱՄՆ-ում ապրում է հարմարավետ եւ բարեկեցիկ պայմաններում, Հայաստանից մոտ 70.000 հայեր ստիպված են աշխատել Թուրքիայում՝ կենսական նվազագույնը ապահովելու համար, ինչը նրանք անում են առանց առանձնահատուկ խնդիրների:

Հարկ չկա նաեւ մոռանալ, որ հայկական կազմակերպությունների վերջերս անցկացրած սոցհարցումները ցույց են տալիս, որ ցեղասպանության ճանաչումը վերջինն է, ինչի մասին մտածում է Հայաստանի միջին վիճակագրական հայը: Այլ խոսքով, Հայաստանն այսօր հսկայական տնտեսական դժվարություններն ու արտաքին աշխարհից իր մեկուսացման բացասական հետեւանքներն է ապրում:

Ակնհայտ է, որ քանի դեռ այդ երկրի կառավարությունն ապարդյուն հույս է դնում ձեր վրա, հրաժարվելով Թուրքիայի հետ փոխըմբռնման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման հասնելուց, այս անբարենպաստ իրավիճակը կշարունակվի:

Մյուս կողմից, սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակը հարգելու եկած տասնյակ հազարավոր մարդիկ պետք է համոզեին ձեզ, որ Թուրքիայում բազմաթիվ են այն մարդիկ, որոնք պատրաստ են կարեկցանքով նայել 1915 թվականի դեպքերին:

Բացի այդ, մի՞թե թուրքեր չեն նրանք, որոնց մասին դուք երբեք չեք հիշում՝ Էլիֆ Շաֆաք, Օրհան Փամուք, Հալիք Բերքթայ, Թաներ Աքչամ, Մյուրատ Բելգե եւ Հասան Ջեմալ:

Ի՞նչ դիվիդենտներ եք ակնկալում ստանալ սփյուռքի դաշնակների ծայրահեղ ազգայնական հայացքներին հարմարվելով, միաժամանակ խռովելով Թուրքիայում ամենաարմատական ազգայնական տարրերին եւ առավել վատթարացնելով առանց այն էլ դժվար իրավիճակը:

Եվ մի՞թե «ամերիկյան կենսակերպը», որով դուք բոլորդ հպարտանում եք, չի պահանջում լսել վեճի բոլոր կողմերը, գոնե քաղաքավարությունից դրդված: Եվ եթե դա այդպես է, ինչը կարող է ավելի տրամաբանական լինել, քան Թուրքիայի, Հայաստանի եւ այլ երկրների պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի խնդրանքը, որոնք կհետազոտեին 1915 թվականի դեպքերը եւ ընդհանուր եզրահանգման կգան:

Եթե դուք պնդում եք, որ «այդ հարցի վերաբերյալ պատմությունն արդեն հանդես է եկել», իսկ ձեզ հետ ոչ բոլոր պատմաբաններն են համամիտ, դա, արդյո՞ք, նշանակում է, որ մենք պետք է աղբաման նետենք այնպիսի հայտնի գիտնականների հայացքները, ինչպես Բերնարդ Լյուիսը, որոնցով հպարտանում են նաեւ այս երկրում եւ նույնիսկ բազմաթիվ պարգեւներ շնորհում:

Բացի այդ, մի՞թե դուք չեք տեսնում, որ քաղաքական կառույցի փոխարեն պատմաբանների հանձնաժողով ստեղծելուց՝ Հայաստանի հրաժարվելը, վկայում է այն մասին, որ այդ երկրի խնդիրները չեն սպառվում ցեղասպանության ճանաչման բարոյական բավարարվածությամբ:

Իմ ողջ ասածի լույսի ներքո, վստա՞հ եք, արդյոք, որ լիովին եք գնահատել այն քայլի հետեւանքը, որը փորձում եք կատարել՝ Կոնգրեսում ընդունել հայերի ցեղասպանության մասին բանաձեւը, որը բացասաբար կանդրադառնա ոչ միայն Թուրքիայի եւ ԱՄՆ-ի, այլեւ  կարող է վերջնականապես փակուղի մտցնել Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները»:

Ես Արտաքին գործերի նախարարը չեմ եւ չգիտեմ, թե ինչ է ասել պարոն Գյուլը իր զրուցակիցներին Կոնգրեսում՝ վերջերս Վաշինգտոն կատարած այցի ընթացքում: Բայց եթե ես լինեի նրա փոխարեն, ես կասեի այս ամենը եւ էլի շատ բաներ:

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ «ՆՎԻՐԱԾ» ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԿԱՐՈՂ Է ՎՐԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԾԵԼ ԳՅՈՒՐՋԻՍՏԱՆԻ

«Ախալի թաոբա» թերթ (Վրաստան)
Գեորգի Ուձիլաուրի

Թուրքիան մեծ հաղթանակ ունեցավ: Նա դարձավ Վրաստանի էներգետիկ ոլորտում առկա Ռուսաստանի այլընտրանքը, երբ մեկ օդանավակայան կառուցեց Թբիլիսիում,  ներդնելով 62 մլն դոլար եւ որը 11 ամսվա ընթացքում լինելու է իր սեփականությունը:

«Կարս-Ախալքալաք» երկաթուղին, ինչը ենթադրում է «Բաքու-Թբիլիսի-Կարս»-ը՝  դեպի Եվրոպա միջինասիական բեռների տարանցումային ամենակարճ եւ էժան տարբերակն է: Դրանից հետո մնում է կատարել ընդամենը մեկ քայլ՝ ձեռք բերել Թուրքմենիայի համաձայնությունը եւ կառուցել տրանսկասպյան գազատարը, իսկ հետո վերջ դնել Ռուսաստանի՝ որպես եվրասիական էներգետիկ մատակարարի մենատիրությանը: Իսկ դա արմատական փոփոխություններ կառաջացնի նոր քաղաքականությունում:

Վրաստանը, որպես երկաթուղային նախագծի կարեւոր մասնակիցներից մեկը, իր դիրքորոշումը պաշտոնապես հաստատել է փետրվարի 7-ին: Համաձայնելով մասնակցել նախագծին, Թբիլիսին հնարավորություն տվեց Թուրքիային ցուցադրել իր եվրասիական հզորությունը: Ցավոք, այսպիսի վիթխարի նախագծում Վրաստանը ոչինչ չի ստանում, այն դեպքում, երբ իշխանությունները կարող էին դրանից հսկայական շահ ստանալ: Այսօր Վրաստանն ընդամենը տարանցիկ երկրի հերթական տիտղոս է ստացել: Կարս-Ախալքալաք երկաթուղու գործարկումից հետո Վրաստանը չպետք է բյուջետային մեծ մուտքեր ակնկալի, քանի որ վրացական տարածքում աշխատանքներն անց են կացվելու Ադրբեջանի վարկային ֆինանսավորման շնորհիվ՝ 200 մլն դոլարի չափով, որը պետք է վերադարձվի 25 տարվա ընթացքում վարկային մեկ տոկոսադրույքով: Այդ գումարները Ադրբեջանին պետք է վերադարձվեն հենց այն միջոցներից, որոնք երկիր են մտնելու Կարս-Ախալքալաք երկաթուղու գործարկման շնորհիվ: Բացի այն, որ երկաթուղային նախագծի եկամուտները մեծ չեն, դեռ մեծ հարցականի տակ է դրվում վրացական նավահանգիստների ապագան, որոնց բեռնաշրջանառությունը երկաթուղու գործարկումից հետո անվերապահորեն կնվազի: Այսինքն, հիմա խոսելն արդեն ուշ է, Սահակաշվիլին այդ մասին վաղուց պետք է մտածեր…

«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին կաշխատի մոտավորապես 2010 թվականին: Այդ ժամանակը բավական է, որպեսզի Թբիլիսին իր նավահանգիստների շահերի պաշտպանության համար գործողություններ ձեռնարկի: Վրացական իշխանությունները մինչ այդ պետք է նաեւ հասնեն այն բանին, որ Սամցխե Ջավախեթիում վրացամետ տրամադրություններ տիրեն՝ վրացա-թուրքա-ադրբեջանական նախագծում տեղի հայերին ներգրավելու ճանապարհով: Չնայած այն բանին, որ ախալքալաքյան հայ անջատողականները սպառնում են նախագծի իրագործմանը, ենթադրվում է, որ փողն ու տնտեսությունը քաղաքականությունից բարձր կգտնվեն, իսկ աշխատատեղերի ստեղծումը կնվազեցնի այդ շրջանում ապակայունացման ռիսկը: Հուրախություն, պաշտոնական Երեւանը ձեռնպահ է մնում երկաթուղու նախագծի վերաբերյալ  արմատական գործողություններից, որոնք ակնհայտորեն ձեռնտու չեն լինի Թբիլիսիին: Այս լույսի ներքո լավ կլիներ, եթե Վրաստանի իշխանությունները հայերին առաջարկեին Իրանից գազատար անցկացնել վրացական ուղղությամբ եւ հետո էլ՝ ելքով դեպի Սեւ ծով: Այս տեսակի նախագծերը ավելի անվտանգ են, քան աբխազական երկաթուղու բացումը, ինչը ցանկանում են հայերը: Բացի այդ, այսպիսի նախագիծը գլոբալ կլիներ, եւ Երեւանի այժմյան լարվածությունը կհարթվեր: Եվ ոչինչ, որ Ամերիկան դեմ կլիներ մեծ էներգետիկ նախագծին Իրանի միանալուն, հայերը հզոր լոբբի ունեն Վաշինգտոնում եւ նույն ուժերով, որով խանգարում էին «Բաքու-Թբիլիսի-Կարս» նախագծի իրականացմանը, կկարողանային լոբբինգ անել իրանական գազատարի կառուցումը: Հակիրճ, Վրաստանը, երկու հարեւանների միջեւ հակամարտության պարագայում պաշտոնապես չեզոքություն պահպանելով, կարող է հայերին սեփական շահերից այնքան էլ չբխող նախագիծ առաջարկել: Եվ նշանակություն չունի, որքան ժամանակ կշարունակվեին վրաց-հայկական բանակցությունները, գլխավորը՝ եւ հայերը, եւ թուրքերը կտեսնեին, որ Վրաստանը ընդունակ է պաշտպանել սեփական շահերը: Դա կնպաստեր տարածաշրջանում ինքնահաստատմանը:

Թուրքական ընկերության կառուցած օդանավակայան-հավաբունը բացվեց երեկ՝ կարմիր ժապավեն կտրելու ծիծաղելի արարողությամբ: Այդ ամենը ցույց տվեց, թե որքան  ուժեղ է  Թուրքիայի ազդեցությունը Վրաստանի վրա: Նույնիսկ վարդերի հեղափոխության երրորդ տարում Սահակաշվիլին չկարողացավ դադարեցնել թուրք գործարարների գործունեությունը Աբխազիայում: Չնայած վերջերս ի թիվս թուրքերի, Աբխազիայում տնօրինում են նաեւ ռումինացի գործարարները, էլ չխոսելով արդեն ռուսաստանցիների մասին: Ընդ որում՝ թուրքական շուկան փակ է վրացիների համար, դրա փոխարեն թուրքական բանտերը բաց են վրացիների համար, իսկ դրանցում մեր համաքաղաքացիների իրավունքների պաշտպանությունը փաաստորեն անհնար է: Այս տեսակի խնդիրներ առկա են ցանկացած հարեւան պետությունների միջեւ: Բայց, ի տարբերություն վրացական կառավարության, այլ երկրների կառավարությունները այդ խնդիրները փորձում են լուծել: Այնինչ Վրաստանը, որպես  գլոբալ նախագծերի մասնակից, այդ խնդիրների լուծման քիչ հնարավորություններ չունի: Այսինքն, Վրաստանը Թուրքիայի համար, հավանաբար, «շատ էժան» գործընկեր է: Թուրքերի հետ մենք դեռ խնդիրներ կունենանք: Չնայած, հեղափոխությունից հետո  երեք տարվա ընթացքում վրացական իշխանություններին, երեւի թե, հաջողվել է այդ մեծ հարեւանի աչքում բարձրացնել եւ հեղինակությունը, եւ «երկրի արժեքը»: Չէ որ հակառակ դեպքում Վրաստանն արդեն վերածված կլիներ «Գյուրջիստանի վիլայեթի»:  Թուրք գործարարները /արաբները՝ նույնպես/ ապացուցել են, որ կարողանում են խստորեն պահպանել իրենց դիրքերը արտասահմանում: Եվ անում են դա Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, Արեւելյան Եվրոպայում եւ Միջին Ասիայում: Եթե վրացական իշխանությունները ավելի քիչ հոգ տանեն ազգային շահերի մասին, քան թուրքական աշխարհաքաղաքական նախագծերի, ապա Վրաստանը կհայտնվի այն նույն սպառնալիքի առջեւ, ինչի պատճառով փորձում է հեռու մնալ Ռուսաստանից, այն տարբերությամբ միայն, որ Թուրքիայից հեռու մնալն ավելի բարդ կլինի, քան Մոսկվայից:

  Երեւանի մամուլի ակումբի  «ՄեդիաԴիալոգ» տեղեկագիր (www.mediadialogue.org)            

——————————————————————————————-

Նամականի

ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐՈՒՄ

Քաղաքի բնակչության մեծ մասն ուզած-չուզած օգտվում է երթուղային տաքսիներից: Վերջիններիս բարեհամբույր վարորդներն էլ իրենց ուղեւորների երթեւեկությունը «զվարճալի» դարձնելու համար միացնում են տարբեր ոճի ու ճաշակի երաժշտություն, ինչպես նաեւ վերցնում են այնքան ուղեւոր, որ մարդիկ մտերմանան, որ նստեն ուրիշների ծնկներին:

Վարորդների ասելով՝ «բլատնոյ» երգերը ավելի են հաճելի դարձնում աշխատանքը: Գուցե նման երաժշտությունը հոգեհարազատ է նրանց, բայց «գիրկընդխառն» ուղեւորների «ականջը սղոցող» Կ.Գալուլյանի կատարումները, թուրքերեն երգերը, արաբական «Հա-բի-բին» եւ ռուսական «Анаша, моя душа», «Сижу я на травке» եւ նման երգերի անընդմեջ շղթան ուղղակի կատաղեցնում է: Ու «ժամկետից» շուտ ստիպված ես լինում գոռալ՝ «Այստեղ կանգնեցրեք»:

Սա միայն իմ կարծիքը չէ: Համոզվելու համար լսենք ուրիշների կարծիքները:

Սիլվա, 42 տ. ուսուցչուհի – Ամեն առավոտ ստիպված եմ լինում օգտվել 17 համարի երթուղայինից եւ շնչահեղձ եմ լինում այն ծխից, որ անպակաս է այդ երթուղայինում: Մի քանի անգամ խնդրել եմ վարորդին չծխել, բացատրելով, որ հիվանդ եմ, բայց ապարդյուն…

Իրինա, 17 տ. ուսանողուհի – Ինձ ձանձրացնում են երթուղայիններում հնչող մուղամները, որ, չգիտես ինչու, միշտ իմ նստած երթուղայիններում են հնչում:

Արմինե, 20տ. ուսանողուհի – Ես կառաջարկեի մեր վարորդներին միացնել միայն ռադիո, քանի որ ռադիոյով հնչող երգերը հարիր են տարբեր ճաշակի ու մակարդակի մարդկանց:

Իմ այն հարցին, թե ինչու են բարձր երաժշտություն միացնում եւ ինչու են թույլ տալիս մարդկանց իրար գիրկ նստել, վարորդներից շատերը պատասխանեցին. «Բարձր ձայնով, մանավանդ «բլատնոյ» երգերը ստիպում են մոռանալ բոլոր հոգսերի մասին, իսկ իրար գիրկ նստելը իրենք՝ ուղեւորներն են նախընտրում, չեն ուզում 10 րոպե ավել կանգնել կանգառում»: Իսկ ծխախոտի մասին չեն էլ ուզում լսել:

Եկեք միասին խորհենք այն մասին, թե ինչ կարելի է անել, որպեսզի մարդիկ մինչեւ աշխատավայր հասնելը մի քանի անգամ հանգստացնող դեղահաբ չընդունեն:

Աննա ՄԱՆԱՍՅԱՆ / ԱրՊՀ, լրագր. 4-րդ կուրս 

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻՆԵՐԸ

Մեր օրերում երթուղային տաքսի նստելը բավականին դժվարությունների հետ է կապված, որովհետև վարորդները չեն մտածում մարդկանց մասին, նրանց հուզողը միայն «գրպանի ավելցուկն է»: Դատեցեք ինքներդ:

Մի օր որոշեցի այցելել ընկերուհուս: Նա ապրում է քաղաքի ծայրամասային թաղամասում: «Զուգվեցի-զարդարվեցի» ու գնացի կանգառ՝ երթուղային տաքսի նստելու: Շատ սպասեցի, բայց հայտնված մեքենաներից յուրաքանչյուրում ասեղ գցելու տեղ չկար, ու եթե բացեիր դուռը, ապա հաստատ մի քանի մարդ կընկնեին: Մի քիչ սպասելուց վերջապես մեկ այլ երթուղային տաքսի երեւաց, որի մոտենալուց պարզվեց, որ մի ազատ նստատեղ կա: Անսպասելի հաջողությունից տարակուսած՝ իսկույն «տեղավորվեցի»: Վարորդը, սակայն, քաջ իմանալով, այլևս նստելու տեղ չկա, հաջորդ կանգառում նորից մի քանի մարդ վերցրեց, որոնց մեջ մի մեծահասակ կին կար: Դե, ես էլ, հարգելով մեծերին, տեղս զիջեցի նրան: Մարդիկ ավելանում էին նաև հաջորդ կանգառներում: Եվ այդպես՝ շարունակ:

Ամեն կանգառում այնքան մարդ վերցրեց, որ չկարողացա անգամ դրամը գրպանիցս հանել: Մարդիկ իրար կպած էին ինչպես ձկների «կոնսերվայում»: Իսկ վարորդին ի՞նչ, նրա տեղը լավ է, ու հանգիստ նայում է աստիճանաբար խտացվող «կոնսերվային»: Իսկ երբ ճանապարհին հանկարծ պետավտոտեսուչ էր տեսնում, իսկույն շրջվում եւ բղավում էր՝ «կանգնածները թող պպզեն»: Ու հանուն նրա լրացուցիչ «50 դրամի»՝ մարդիկ պպզում էին: Վարորդն էլ աղայավարի վառում էր ծխախոտը ու հանգիստ ծխում, որպեսզի ոստիկանը ոչինչ չհասկանա: Էլ չի մտածում, որ իրենց տանը կամ բակում չէ, որ մեքենայում կան մեծահասակներ, հիվանդ մարդիկ, երեխաներ, որոնք չեն կարողանում տանել նիկոտինի հոտը:

Ի վերջո տեղ հասանք: Ընկերուհիս կանգառում սպասում էր ինձ: Ես մի կերպ ինձ գցեցի մեքենայից դուրս, բայց «զուգված-զարդարված» տեսքիցս բան չէր մնացել՝ սանրվածքս քանդված էր, կոշիկներս` կոխկրտված: Ընկերուհիս տեսքովս դեռ երկար ժամանակ ծիծաղում էր:

Ահա այսպիսին է մեր երթուղային իրականությունը:

Լուսինե ՊՈՂՈՍՅԱՆ

ԾՆՈՂԸ ՍՈՒՐԲ Է

Ծերություն… Ինչքա¯ն քաղցր եւ միեւնույն ժամանակ դառն է հնչում: Մի պահ կարկամում ես՝ արտասանելով այս բառը: Զարմանում եմ` մարդ ինչպե՞ս կարող է իր ծնողից հրաժարվել: Նրանից, ով քեզ ծնել, փայփայել եւ մեծացրել է, նրանից, ով քեզ լույս է պարգեւել այս մեծ աշխարհում: Իսկ երբ գալիս է ժամանակը, որ դու էլ քո պարտքը կատարես՝ երես ես թեքում այդ ամենից: Ինչո՞ւ ոմանք իրենց ծնողներին տանում են ծերանոց՝ հոգու խորքում անգամ խղճի խայթ չզգալով ու համարելով ծնողին «վզից կախված մի մեծ բեռ»:

Ոչ ոք էլ չի ուզում ծերանալ, լինել «ավելորդ բեռ» իրենց անհոգի զավակների համար: Ամենքն էլ ուզում են լինել երիտասարդ, առողջ ու երջանիկ: Բայց նախախնամության կամոք կա նաև ծերություն: Եւ երիտասարդների սուրբ պարտքն է, որ այդ ծերությունը լինի ապահով ու երջանիկ: Բոլո՞րս ենք դա կարողանում անել:

…Երկուսով դանդաղ քայլում էինք փողոցով: Նա պատմում էր իր դառը ծերության մասին, իսկ ես լուռումունջ լսում էի եւ մտածում՝ «խեղճ պառավ»: Նա նման էր քամուց քշված նավակի, որ չգիտեր, թե ուր է գնում: Երբեմն խոսում էր, երբեմն՝ լռում: Աչքերը լցվել էին արցունքներով: Խորշոմների մեջ կարծես ամփոփում էր կյանքի սեւն ու սպիտակը, քաղցրություններն ու դառնությունները: Շատ տխուր էր, բոլորից հիասթափված, իսկ հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու չէր պոկվում: Նա դեռ հույս ուներ, որ որդին հետ կընդունի իրեն, ինչպես ասում են՝ հույսը վերջինն է մահանում:

Ես արդեն տեղ էի հասել, ուստի հարցրի՝ «Իսկ հիմա ի՞նչ ես անելու, որտե՞ղ ես գնալու»: Ոչինչ չպատասխանեց, միայն լացակումած աչքերով նայեց ինձ, ու հասկացա, որ լռելն այդ պահին ամենահարմար ելքն էր, քան խոսելը: Նա ճամփան թեքեց դեպի ծերանոց…

Հիմա էլ նա անընդհատ ուղեղումս է՝ նրա լացակումած աչքերը, հայացքը, խոսքերը: Այդ պահին միայն մի բան էի զգում՝ ատելություն այն մարդկանց հանդեպ, ովքեր իրենց ծնողներին հասցնում են մինչեւ ծերանոցի դռները՝ թողնելով բախտի քմահաճույքին ու չգիտակցելով, որ մեծ մեղք են գործում:

Գայանե ԱՍՐՅԱՆ  / ԱրՊՀ, լրագր. 2-րդ կուրս

ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՄԵՆՔ

Ինքնորոշման իրավունքը դա արդարության սկզբունք է բոլոր ժողովուրդների համար եւ նրանց իրավունքը՝ ապրել ազատության, հավասարության և անվտանգության պայմաններում, անկախ նրանից՝  այդ ժողովուրդներն ուժե՞ղ են, թե՞ թույլ:

  Վուդրո Վիլսոն

Միշտ էլ ուշադրությամբ հետևել եմ ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացին առնչվող ցանկացած տեղեկատվության և որպես շարքային քաղաքացի ուզում եմ իմ կարծիքը հայտնել ու ինչ-որ բանով օգտակար լինել երկրին,  քանի որ կարգավորման գործընթացը շոշափում է յուրաքանչյուրիս շահերը:

Ազգերի ինքնորոշման սկզբունքը, իմ կարծիքով, մեր հիմնական կռվանը պիտի լինի: Մեզ համար այն երիցս կարևոր է, քանի որ հենց ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է ընկած մեր պետականության ձևավորման հիմքում: Մինչդեռ ադրբեջանական կողմը ԼՂՀ-ի կազմավորումը համարում է անօրինական՝ դիտելով որպես իր տարածքային ամբողջականության խախտում և, ընդհանրապես, ժխտում է Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունք ունենալու փաստը: Բացատրվում է դա հետևյալ կերպ. նախ ինքնորոշման իրավունք նախատեսված է միայն գաղութային ժողովուրդների համար, երկրորդ փաստարկը՝ Հայաստանում հայերն արդեն իրականացրել են իրենց ինքնորոշման իրավունքը, հետևաբար՝ Ղարաբաղի հայերը ինքնորոշվելու իրավունք չունեն, քանի որ այդ իրավունքի կրող կարող է հանդիսանալ պետության ամբողջ ժողովուրդը, այլ կերպ ասած՝ Ղարաբաղի հայերը կարող են ինքնորոշվել միայն ադրբեջանական պետության շրջանակներում:

Ինչ վերաբերում է միայն գաղութային ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, ապա ադրբեջանական կողմը մոռանում է, որ այդ բանաձևը ընդունվել է 1960 թվականին՝ սառը պատերազմի պայմաններում, երբ աշխարհը բաժանված էր երկու թշնամի ռազմա-քաղաքական խմբավորումների միջև՝ ԱՄՆ-ի և ԽԱՀՄ-ի գլխավորությամբ: Կողմերից յուրաքանչյուրը վախենում էր, որ ցանկացած տարածքային փոփոխություն կարող էր փոխել ուժերի արդեն հաստատված հարաբերակցությունը և բախման առիթ հանդիսանալ:

Այսօր միջազգային իրավունքի հիմքը հանդիսանում է ՄԱԿ-ի 1970 թվականի հոկտեմբերի 24-ի «Իրավունքների Հռչակագիրը», որտեղ նշված է, որ ՄԱԿ-ը շարունակում է պաշտպանել գաղութային և չինքնակառավարվող ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և գոյություն ունեցող պետությունների տարածքային ամբողջականությունը, բայց դրա հետ միասին նշվում է նաև, որ ինքնորոշվելու իրավունք ունեն նաև այն ժողովուրդները, որոնց իրավունքներն ու ազատությունները խախտվում են տվյալ պետության ներսում: Իսկ նախկին ԼՂԻՄ-ում Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող խտրականության քաղաքականությունն այսօր արդեն չի վիճարկվում:

Միջազգային իրավունքում ամրագրված է նաև, որ ինքնորոշման իրավունքի կրողը հանդիսանում է ոչ թե պետությունը, այլ ժողովուրդը, որ իրավասու է ինքը տնօրինել իր ճակատագիրը՝ սկսած անկախ պետության ձևավորումից մինչև այլ պետության հետ միավորվելը:

Այսպիսով, ԼՂՀ կազմավորումը համապատասխանում է միջազգային բոլոր նորմերին:

Իննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

——————————————————————————————-

Մշակույթ

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ ԵՐԳԻԾԱԲԱՆԸ

Ծննդյան 75-ամյակի եւ մահվան 20-ամյակի կապակցությամբ

Վազգեն Օվյան բազմաժանր գրողի ստեղծագործության թագը, ըստ իս, նրա երգիծանքն է: Յուրացնելով եւ զարգացնելով իր մեծ նախորդների` Հ. Պարոնյանի, Ե. Օտյանի, Ռ. Պատկանյանի հարուստ ավանդները, երգիծելու անզուգական տաղանդով օժտված գրողը կերտել է այդ ժանրին պատկանող փայլուն գործեր: Վ. Օվյանի գրիչն անվրեպ ու անխնա է, երբ խոսքը վերաբերում է մեր հայրենի տանն իրեն տանտեր համարող, աչքը մեր հողին տնկած ոսոխին եւ հայազգի հայրենադավ նրա դրածոյին` «մեր ոսոխի պնչից թռած բիճ» Կեւորկովին:

Վ. Օվյանի բանաստեղծական խոսքը շիկանում եւ անողոք է դառնում նաեւ, երբ այն ուղղվում է հակամարդուն, կատարյալ մարդուն հմտորեն նմանակող, հրեշտակի դիմակ հագած, մորթապաշտ ու քսու երկոտանի գիշատիչին, 1600-ամյա մեր հոգեւոր հրաշքներին անհաղորդ քաղքենուն, խոտան թխող, թուղթ մրոտող, պետության ու ժողովրդի հաշվին իր եւ իր թիմակիցների հոբելյանական շոուներ կազմակերպող, ինքնաթմբկահարման ախտով հիվանդ «գրական խուժանին» («Չնայած կյանքում», «Գրական խուժանը», «Նախատինք»), «հացի» համար հայրենիք ծախող, ազերի վերադասի ճանապարհին գորգեր փռող ստրկամիտ հայ ղեկավարին, պաշտոնով շփացած ու մարդկային դեմքը կորցրած ծնողամոլ զավակին («Որդին»), ծնողների թեւերով թռչող, տգետ ու սնամեջ, «կառավարական ուղեգրեր» ճանկող, ամեն ինչ փողով չափող ու հարթող տզրուկին («Լոթի Աբոն»), հայրենական բարիքները խժռող, սակայն, վտանգված հայրենիքը լքող, վասն հայրենիքի միայն ճառեր ճամարտակող դասալիքին («Ղարաբաղասերը»):

Երգիծանքի ժանրում Վ. Օվյանի գրիչը պարզապես խիզախում Է: Այստեղ նա միանգամայն «բաց ու մերկ», առանց ասելիքը քողարկող ենթատեքստերի իրերին տալիս է իրենց անունները: Իրավացի է բանաստեղծ Հր. Ալեքսանյանը. «Արցախյան իրականության մեջ թերեւս միակ անհատն է Վ. Օվյանը, որ շուրջանակի ճնշող խորհրդային ռեժիմի օրոք գրավեց խոսքի ազատության հնարավոր բոլոր սահմանները եւ, ըստ էության, միակ գործող ընդդիմադիրն էր», վկայում է, որ «Առաջին հայացքից ինքնամփոփ թվացող Վազգեն Օվյան գրողն ու մարդը, գերադասելով համեստ ու անբիծ ապրելակերպը, փոթորկոտ հոգի ու խառնվածք ուներ»:

Թերեւս գրողի այդ անհանգիստ խառնվածքով է պայմանավորված նրա քաղաքացիական ակտիվ կենսադիրքը, մարտնչող եւ զգաստության կոչող քաղաքական լիրիկան, ոչ թե ոչնչացնող, այլ մաքրագործող, մարդու արատները մերկացնող եւ դրանց վերացմանն ուղղված երգիծական ստեղծագործությունները:

«Լեռների լեգենդը» գրքի հերթական շարքը կոչվում է «Սատիրիկոն», որն ընդգրկում է թվով մեկ տասնյակ երգիծական բանաստեղծություններ: Վ. Օվյանի քնարական հերոսը երբեք չխանդավառվեց խորհրդային սոցպարտավորությունների կատարմամբ, չխաբվեց ինտերնացիոնալիզմի հրավառություններով, չոգեւորվեց Աղդամ-Ստեփանակերտ երթուղով, իրեն թույլ չտվեց մակերեսային տպավորություններով դատողություններ անել Ղարաբաղի թվացյալ բարգավաճման մասին:

Նա թշնամին էր ամեն տեսակի պատեհապաշտների եւ զգայուն ու խորաթափանց էր տեսնել կարողանալու համար այն, ինչ շատերը չէին կարող տեսնել` բարեկամ ձեւացող թշնամու ծրագրով ավերվող, փլատակների վերածվող Արցախի պատմաճարտարապետական հուշարձանները, կիսավեր ամրոցներն ու տաճարները, մեր խաչքարերը թաքուն ջարդող «շեյխի թոռներին»…

Նրա հերոսը երբեք անձնատուր չեղավ խմբակային շահերին եւ չխաբվեց բարեկամության հայամերժ շոուներով: Թափանցելով իրադարձությունների ու երեւույթների խորքը, նա տառապում էր` տեսնելով հայրենի եզերքի գլխին կախված վտանգը, զգալով օրհասը եւ իրեն երբեք թույլ չէր տալիս «սփրթնել վախից», լռել, ինչպես լռել են շատ-շատերը, որոնք այսօր հայրենասերի ու հերոսի լուսապսակ հագած «հյուսում» են ազատագրված Արցախի «վիպասքը»:

Վ. Օվյանը չվախեցավ իր գրականության մեջ բերել կյանքի պրոզան, Արցախի ողբերգությունը:

Անխուսափելի է, որ գրողը պետք է շաչեցներ երգիծաբանի` սթափության կոչող մտրակը: Պետի «շուքով շնչող» նրա ողորմելի «հերոսին» ընթերցողը տեսնում է նաեւ «Սատիրիկոն» շարքում («Լոթի Աբոն»« «Պզուկը»« «Առանց պետի»), որի կյանքի ամբողջ իմաստը պետին ծառայելն է.

Երբ խնջույքում պետդ չկա,
… Ո՞ւմ կենացը պիտի խմես,
Ո՞ւմ մոտենաս քաղցր ժպտաս,
Ո՞ւմ մոտ հալվես,
Ո՞ւմ մոտ ծալվես…

Վ. Օվյանի գրիչը չի շրջանցել նաեւ գրական շաղակրատներին («Շաղակրատը»), որոնք կաչաղակի նման ոստոստում եւ սղոցում են ականջները մեր…

Վազգեն Օվյանի երգիծական ստեղծագործությունների գլուխգործոցը «Նազար-Նամե» պոեմն է: Ժողովրդական հարուստ բառ ու բանով հագեցած այս անզուգական երկը վկայությունն է ժողովրդական լեզվամտածողության հետ ունեցած` Վ.Օվյանի հոգեհարազատության եւ գրողի`  երգիծելու փայլատակող տաղանդի: Գեղարվեստական գյուտերով հիացմունք հարուցող այս պոեմում բնակավայրերի եւ գործող անձանց անուններն անգամ երգիծանք են պարունակում: Այսպես` Նազարստան, Զոռբաստան, Փոչաբերդ, Թոփաբերդ, Սարսաղստան, Գոմեշպատռան, փլան երկիր, «Նազարափայլ» (թերթի անուն), «Հուշտրիկը» (առաջնորդողի վերնագիր), «Նազար-նամե»-ում երգիծանքի վարպետ Վ.Օվյանի տաղանդը նոր բարձունքներ է նվաճում: Հարկ է շեշտել, որ բանաստեղծի սարկազմի ու ծիծաղի տակ թաքնված խոր ցավ եւ հոգի բզկտող տառապանք կա` մարդու անկատարության, «բերանն արնոտ մարդասպանի» նենգության եւ իշխողների` ժողովրդի հանդեպ ունեցած անտարբերության համար:

Քանի որ Վազգեն Օվյանին ի վերուստ տրված է «տառապանքից լույս քամելու առեղծվածը», նա կարողացել է ցավից ու ցասումից կռել երգիծական, նաեւ մարտական` պայքարի կոչող ինքնատիպ ստեղծագործություններ:

«Նազար-նամե» պոեմն սկսվում է նախերգանքով: Չափածո երգիծանքի այս գլուխգործոցը կարող է պատիվ բերել ցանկացած երկրի գրականությանն ու մշակույթին: Այն կազմված է 6 «ասքերից» կամ գլուխներից («Ասք առաջին»« «Ասք երկրորդ» եւ այլն):

Առաջին ասքում Նազարի աշխարհ գալու պատմությունն է արվում, թե ինչպես «չոլախ Հուռին ծնեց մի մանչ», որի «հեղինակը» հրաժարվեց հայրությունից, քանի որ մանչն այդ աչքունքով նման էր տեր Բաղդասարին: Բնականից «բութ ծնված» այս Նազարը ժամերով է մեծանում: Քանի որ Նազարն ի վերջո, ինչպես հայտնի է, թագավոր է դառնում, հենց «Ասք առաջին»-ում էլ հեղինակը կարեւոր ընդհանրացում է անում.

Որտեղ թագը, այնտեղ` Նազար…
Թագավորին պետք չէ խելքը,
Երբ ուժեղ է նրա ձեռքը,
Որ երկիրն է կառավարում,
Օրենք քանդում, օրենք հանում,
Նախորդներին արհամարհում,
Իրեն խելքի ծով համարում,
Պատերազմներ հայտարարում,
Տերություններ իրար խառնում…
Իսկ ամբոխը… խավար ու կույր`
Վիզը ձգում  ու բղավում`
Հաստատ մնա թագավորը…

Կնոջից արհամարհված, վախկոտ ու անբան Նազարը իր ավանակով (հանճարեղ է Վ. Օվյանի երգիծանքը` «Ու հիմարը, հավանաբար, չի հասկանում, որ իր մեջքին ողջ աշխարհի բախտն է տանում») ճամփա է ընկնում` բախտ որոնելու: «Ասք երկրորդ»-ում Նազարն հասնում է Մազրանստան կոչվող երկիրը, ուր զարմանալիորեն հեշտությամբ լավ տպավորություն է թողնում ու քաջի համբավ նվաճում, երկրորդ անգամ ամուսնանալով այդ երկրի իշխանի աղջկա հետ: «Քաջ Նազա՞րն է այս աշխարհում հերոս դարձել, թե՞ աշխարհն է Նազարի հետ սարսաղացել»,- այս հարցմանը հետեւում է Նազարի կարծիքը խալխի` ժողովրդի մասին, որն ավելի շատ հենց իրեն է բնութագրում.

Խալխն ավելորդ շունչ ու միս է, Եվ ավելորդ ուտող բերան….

Նազարի քաջագործություններով «սքանչացած այս  խալխը» իր Մազրանստան երկիրը՝ ի պատիվ Նազարի, վերանվանում է Նազարստան:

Կծու իրոնիա է պարունակում հետեւյալ քառատողը.

Ժամանակը կյանքին ի ցույց
Իր դիվական խաղն է անում,
Ով օգտվում է պատեհ քամուց,
Հաղթանակը նա է տանում…

Հաջորդ «Ասք»-ում մեր ողորմելի «հերոսը» աշխարհի հերն անիծելով` սլանում է փառքի աստիճաններով, մտահոգվելով, սակայն, իր հռչակն ու համբավը «դարերին ու պատմությանը» հանձնելու` անմահանալու խնդրով: Այդ իսկ նպատակով  կանչում է արքունիքի դպրապետին եւ հրամայում «դավթար սարքել» վասն վարք նազարաց, եւ աշխարհ է գալիս հռչակավոր «Նազար-նամեն»:

Հրատարակվում է «Նազարափայլ» վերնագրով թերթ, որի էջերը զարդարվում են Նազարի լուսանկարներով եւ նրա «խիզախության» մասին պատմող հոդվածներով: Նազարստան երկրում սկիզբ է առնում Նազարի հազարը, նրա աստեղնային ժամը.

Հանրահռչակ մի պատմաբան
Մի գիրք գրեց էջից հազար`
Տրոյայից մինչ Հաննիբալ,
Հաննիբալից մինչեւ Նազար,
Մեջլիսներում համազգային`
Քաջ Նազարը,
Կոնգրեսներում միջազգային`
Քաջ Նազարը,
Լրագրերի էջն առաջին` Քաջ Նազարը,
Հնդուստանից մինչ Չինմաչին`
Քաջ Նազարը….
Տգետ արքայի փռշտոցն անգամ
Մեծ երեւույթ է, այն էլ` պատմական:

Հրատարակվում   է   նաեւ «Իմ   Նամեն» արքայի պոեմը եւ անամոթ թերթերն ուռճացված գրեր ու անհեթեթություններ են ազդարարում.

Ինչ Գյոթե, եւ ինչ Բալզակ ու Շիլլեր,
Բոլորից մեծը Քաջ Նազարն է մեր…
Քաջ Նազարն առած խոսքի մկունդը,
Թափահարում է ողջ երկրագունդը…

Հարեւան երկիրն էլ ահեղ Նազարի ահից սարսափած եւ փառքից ապշահար, որոշում է նրա սիրտը շահելու համար «հանուն թագի, հանուն գահի, Քաջ Նազարին հերոս կոչել միջազգային» եւ նվիրել ոսկե մի թուր, ոսկե գուրզ` մարգարտաշար« «արձան ձուլել մաքուր ոսկուց ու հիմնել նոր շքանշան»…

Իսկ իրականում «թագավորը մերկ է», եւ ինչպես ժողովրդական իմաստությունն է հիշեցնում` ստի ոտը կարճ է լինում. շուտով լուր է տարածվում, թե Նազար արքան, բա չե՞ք ասի, աններելի արատներ ունի:

Ա¯յ քեզ տիրակալ, այդպիսի արքան ո՞ւմ է հարկավոր, եւ «պալատ խուժեց ամբոխն ապստամբ»`… պսակազերծելու կեղծ կուռքին:

Կենսական մեծ ճշմարտություն է պարունակում ժողովրդին ուղղված Նազարի խոսքը.

Նազարությունը իշխանություն է,
Իշխանությունն էլ նազարություն է…
Նազարները չե՞ն կռվի տանում,
Նազարները չե՞ն օրենքներ հանում,
Եվ գիշեր-ցերեկ շեփոր-թմբուկով
Նազարներին եք դուք փառաբանում:
Թախտից գցել եք այսօր ինձ այստեղ,
Վաղն արքա կօծեն ինձ ուրիշ մի տեղ…

Նազարի խոսքը դառնում է ընդհանրացում: Քաջնազարականությունը, որքան էլ պայքարենք նրա դեմ, ծաղկում է եւ այսօր ու կծաղկի, դժբախտաբար, քանզի հակամարդ-մոլախոտը շատ պնդաճակատ է ու պատեհապաշտ, ստոր ու հազարադեմ…. Իսկ անտարբերությունը, որի պարարտ հողում փարթամանում է նազարությունը, եղել ու կլինի բոլոր ժամանակներում… Վ. Օվյանի «Նազար-նամե»-ն առաջին չափածո մշակումն է: Այն իր ծավալով եւ գեղարվեստական կատարմամբ հազվագյուտ երեւույթ է հայ գրականության մեջ…

…Կյանքը հորդում է Նազարի նմանների համար: Նազարը, ինչպես հայտնի է, ոչ թե հաջողակ տիպ է, այլ պատահականորեն գահ բարձրացած թափթփուկ:

Դժբախտությունն այն է, որ ցայսօր ոչ միայն չի վերացել նազարականությունը, այլեւ դարձել է օրինաչափություն…

Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ

——————————————————————————————-

Մարզական լուրեր

ՇԱԽՄԱՏ

Ավարտվել է ԼՂՀ պատանիների շախմատի առաջնությունը, որին մասնակցում էին մայրաքաղաքի եւ հանրապետության տարբեր շրջանների թվով 38 պատանի շախմատիստներ: Առաջնությունն անց է կացրել ԼՂՀ ԿՄՍ սպորտվարչությունը: Պատանի շախմատիստները հանդես են եկել 5 տարիքային խմբերում, մրցումներն էլ անցկացվում էին շրջանաձեւ մրցակարգով: Մինչեւ 10 տարեկանների տարիքային խմբում հաղթող է դարձել Ստեփանակերտը ներկայացնող Լեւոն Խաչատրյանը: 11-12 տարեկանների խմբում առաջին տեղ է գրավել Մանուել Պետրոսյանը /Ստեփանակերտ/, 13-14տարեկանների խմբում՝ Կամո Ուլուբաբյանը /Ստեփանակերտ/, 15-16 տարեկանների խմբում՝ Նարեկ Հայրապետյանը /Շուշի/, իսկ 17-18 տարեկանների խմբում՝ ազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը /Ստեփանակերտ/: Հաղթողները կմասնակցեն ՀՀ պատանիների մարտ ամսում կայանալիք առաջնության կիսաեզրափակիչ փուլին, իսկ Հովիկ Հայրապետյանը իրավունք ստացավ մասնակցելու եզրափակիչ փուլին:

***

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը առաջին պարտությունը կրեց մեքսիկական Մորելիա քաղաքում ընթացող սու պերմրցաշարում: «Մորելիա – Լինարես» մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը զիջեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: Այս պարտությունից հետո Արոնյանը 3.5 միավորով Սվիդլերի հետ բաժանում է 4-րդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակը 4.5-ական միավորով գլխավորում են Վիշվանաթան Անանդը եւ Մագնուս Կառլսենը: Իվանչուկը վաստակել է 4 միավոր: Գրոսմայստերները մարտի 2-ին կտեղափոխվեն իսպանական Լինարես քաղաք, որտեղ կանցկացնեն 2-րդ շրջանի հանդիպումները:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s