№ 4 / 15 մարտ

ԵՎՐՈՊԱ – 2020
Ո՞րն է լինելու մեր տեղն ու դերը

Եվրամիությունը լրջորեն մտադրվել է կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում, կամ ինչպես այնտեղ են ընկալում «աշխարհագրությունը»՝ սևծովյան տարածաշրջանում: Այդ նպատակով մշակվել է նոր հարևանության ծրագիր, որին ակտիվորեն ներգրավվել են նաև հարավկովկասյան երեք ճանաչված պետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը: Ավելին՝ այս երեք պետություններն ընդունել են բարեփոխումների ծրագիր ու պարտավորություններ, որոնք իրականացվում են հստակ ժամանակացույցով: Եվրամիությունը մտմտում է նաև տարածաշրջանի չճանաչված պետությունների նկատմամբ տարվելիք քաղաքականության մասին: Առաջին փուլի նշակետը 2020 թվականն է:

Ի՞նչ պիտի անենք մենք այս պարագայում, և ո՞րը պիտի լինի մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը: Ամենակարևորն այստեղ հասկանալն է: Հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում: Սա մեր այն անկապտելի իրավունքն է, որ չենք կարող զիջել ոչ մեկին: Ոչ մեկին չպիտի լիազորենք հասկանալ մեր փոխարեն: Սա նույնիսկ  բանակցային գործընթացը չէ, որ ըմբռնումով մեր տեղը զիջենք մեր բարեկամին: Մենք ինքներս պիտի հասկանանք, թե ինչ է կատարվում մեր քթի տակ և ավելի հեռուն: «Փոսում» ապրողի հոգեբանություն քարոզողները մեզ միայն դեպի կործանում կարող են տանել:

Իսկ ի՞նչ արժեքների վրա է խարսխվելու այդ համագործակցությունը, և որո՞նք են եվրոպական արժեքները: Դրանք համամարդկային արժեքներ են, որոնցով դատում ու առաջնորդվում է քաղաքակիրթ աշխարհը՝ մարդու հիմնարար իրավունքներ, ժողովրդավարություն: Որքանո՞վ են այդ արժեքները հարիր մեր ազգային մենթալիտետ-հոգեկերտվածքին՝ ինչպես սիրում են հարցադրել որոշ գերազգային գործիչներ:

Արտաքուստ նման դիլեմայի առիթ մեզ մոտ կարծես թե չկա: Իշխանությունները հռչակել են ժողովրդավարական բարեփոխումների ուղեգիծ և անընդհատ ընդգծում են, որ ժողովրդավարությունն այլընտրանք չունի մեզ մոտ: Միևնույն ժամանակ՝ իշխանություններին սպասարկող լրատվամիջոցներն ու գործող անձինք փորձում են մարդկանց ուղեղները մտցնել, որ եվրոպական արժեքները հարիր չեն մեր ազգային հոգեկերտվածքին, իսկ ժողովուրդն էլ զզվել է «շատ ժողովրդավարությունից»: Եւ սա միշտ անում են հատկապես այն ժամանակ, երբ ժողովուրդը փորձում է օգտվել ժողովրդավարության մեխանիզմներից, և երբ իշխանություններին լուրջ վտանգ է սպառնում (մինչ այդ՝ առավել «հանգիստ» պայմաններում, ժողովրդավարությունը առավել ուտելի ու մարսելի է լինում իշխանությունների համար):

Սա բավականին վտանգավոր միտում է նորանկախ ու դեռևս միջազգային ճանաչում չունեցող երկրի համար: Առավել ևս, որ տրամաբանություն չկա նման պնդումներում: Նախ՝ ստացվում է, որ արդար ընտրությունները, մարդու իրավունքները պաշտպանված լինելը անհարիր են մեր ազգային հոգեկերտվածքին: Տեղին է հարցնել՝ իսկ ի՞նչ է, մեր հոգեկերտվածքի անկապտելի մա՞սն են ընտրությունների կեղծումը, քաղաքացու անպաշտպանվածությունը, չինովնիկների ամենաթողությունը: Մեր ընդդիմախոսները, սակայն, ունեն մի «հաղթաթուղթ»՝ հասցեագրված անտեղյակ խավին: Եվրոպական արժեքներ ասելով նրանք հասկանում ու հասկացնում են միայնումիայն սեռական ազատություն, կարծես թե ամբողջ Եվրոպան կազմված է հոմոսեքսուալիստներից ու լեսբուհիներից: Մեզ այդպիսի Եվրոպա պետք չէ՝ ասում են նրանք: Ու «հասկացվում» են:

Ու «ստացվում» է, որ հույները, իտալացիները, ֆրանսիացիները, գերմանացիները և այլք ազգային հոգեկերտվածք չունեն, քանի որ դավանում են այդ արժեքներին, իսկ մենք ունենք: Բայց այս «մենքն» էլ լիարժեք չէ, քանի որ, կրկնենք, Հայաստանը հաշվարկված քայլերով գնում է դեպի Եվրոպա: Եւ մենք, որ մայր երկրի հետ նույն իրավաքաղաքական ու սոցիալ-տնտեսական դաշտում ենք, մեզ հակադրելու ենք նաև նրան:

Ուրեմն ի՞նչ: Ուրեմն՝ հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում և որոնել-գտնել քո տեղն արևի տակ: Կոնկրետ պարագայում՝ ուշադիր հետևել Եվրամիության նոր քաղաքականությանը, չհրաժարվել համագործակցությունից ու չմեկուսանալ՝  ճշգրտելով սեփական տեղն ու դերը: Որպեսզի գոնե ինքներս մեզ համար պարզենք, թե որտեղ ենք ուզում լինել՝ Եվրոպա-2020-ու՞մ, թե՞ պարզապես պատի վրայից ծիկրակել:

ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Եվրամիությունը սկսում և…
Մարտի 6-8-ը Եվրոպայի սիրտը համարվող Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացել է «Եվրամիության դերը Սևծովյան տարածաշրջանում կամուրջների կայացման գործում» համաժողովը: Այն կազմակերպվել էր Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ախտիսաարիի ստեղծած «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություններ» ինստիտուտի կողմից՝ «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը եվրոպական հարևանության քաղաքականությանը. հիմնախնդիրների լուծման տարածաշրջանային մոտեցում» ծրագրի շրջանակներում: Ինստիտուտի հայաստանյան գործընկերը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնն է, որի տնօրենը մեր հայրենակից Թևան Պողոսյանն է, որն էլ համակարգել է նաև ղարաբաղյան կողմի մասնակցության հարցերը: Ըստ էության  աշխատանքային այս հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսիայի, Աբխազիայի ու Մերձդնեստրի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կայացել են բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ Եվրախորհրդարանի, Եվրահանձնաժողովի և եվրոպական այլ կառույցների ներկայացուցիչների հետ: Վերջին օրը մասնակիցներին հանդիպել է նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պետեր Սեմնեբին:

Միջոցառման հիմնական նպատակը կարելի է ձևակերպել այսպես՝ Եվրամիությունն ուզում է, որ տարածաշրջանում հասկանալի լինեն իր ակնկալիքները և ինքն էլ հասկանա, թե տարածաշրջանում ինչ ակնկալիքներ ունեն իրենից: Եւ որպեսզի լինի փոխադարձ ըմբռնում, որոշվել է ստեղծել տեղացի և եվրոպական փորձագետների ասոցիացիա, որը դիտարկելու է ԵՄ դերը հակամարտությունների կարգավորման, տարածաշրջանային համագործակցության և երկխոսության ապահովման գործում: Ասոցիացիան կազմված է լինելու չորս ազգային փորձագիտական խմբերից: Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ տողերիս հեղինակը և արցախյան մեկ այլ հասարակական գործիչ՝ Դավիթ Մելքումյանը, ընդգրկվելու են հայկական փորձագիտական խմբում:

Սա սկիզբն է: Թե որքան հաջող ու օգտակար կլինի այդ սկիզբը՝ կախված է շատ գործոններից:

Ճանաչել զիրականություն և զխրատ…

ԵՄ-ն գիտակցում է, որ պիտի հատուկ քաղաքականություն մշակել նաև տարածշրջանի չճանաչված պետությունների նկատմամբ: Այդ նպատակով էլ որոշել է սկզբի համար համագործակցել ոչ կառավարական կազմակերպությունների հետ: Իսկ քանի դեռ չկա նման քաղաքականություն, ԵՄ-ն խարխափում է զանազան բարդույթների ու կարծրատիպերի մեջ: Այս առումով, կարծում եմ, բավականին ուշագրավ է տողերիս հեղինակի և  Եվրահանձնաժողովի Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի բաժնի վարիչ Վիկտոր Անդրես Մալդոնադոյի բանավեճը, որի մի դրվագ ուզում եմ ներկայացնել ընթերցողներին:

Գ.Բ. –  Ես կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել եվրոպական կառույցների մի անհեռանկարային ու ըստ այդմ էլ անիրական մոտեցման վրա: Խոսքս չճանաչված պետություններում ժողովրդավարական բարեփոխումների չխթանման և ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ ընտրությունների իրավազորությունը չընդունելու մասին է: Մեր ամեն մի ընտրություններից առաջ եվրոպական կառույցները հայտարարում են, որ չեն ճանաչում դրանց լեգիտիմությունը և հորդորում են ձեռնպահ մնալ դրանցից: Մարդու իրավունքները սրբություն են ձեզ համար, բայց տվյալ պարագայում ստացվում է, որ հենց դուք եք խախտում իմ իրավունքները, կոնկրետ՝ ընտրելու և ընտրվելու իմ իրավունքը: Ցանկացած ընտրություն շանս է կյանքը բարելավելու համար, բայց դուք ինձ զրկում եք իմ կյանքը բարելավելու իրավունքից:

Հետո էլ` դուք չեք ճանաչում ոչ միայն մեր պետությունները, այլև մեր՝ որպես տարածաշրջանային ինքնուրույն ու լուրջ ռազմաքաղաքական գործոն լինելու հանգամանքը: Դուք վախենում եք պաշտոնական շփումներից, քանի որ դա կարող է որակվել որպես ճանաչում, անգամ խոււսափում եք ոչ կառավարական կազմակերպությունների հետ շփումներից: Բայց փաստորեն դուք ընկել եք այն ծուղակը, որ ինքներդ եք պատրաստել: Թեև ամենաշատը վախենում եք պաշտոնական շփումներից, բայց ձեր վերաբերմունքը փաստորեն նշանակում է հենց իշխանությունների ճանաչում: Այսինքն՝ դուք չեք ճանաչում պետությունը, երկիրը, ժողովուրդը, բայց ճանաչում եք իշխանությունը: Այո, այո, իշխանությունը: Որովհետև եթե դուք մեզ հորդորում եք ընտրություններ չանցկացնել, ուրեմն ուզում եք, որ այս իշխանությունը մնա, այսինքն՝ ճանաչում եք այս իշխանությունը և ուզում եք, որ մոտակա 20-30 տարում այս իշխանությունը մնա: Այսինքն՝ ուզում եք, թե ոչ, հասկանում եք, թե ոչ, բայց դուք չճանաչված պետություններում գործող իշխանությունների լավագույն դաշնակիցն եք, որոնց մասին նրանք չէին էլ կարող երազել: Փոխանակ խրախուսելու կոնկրետ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական միտումները՝ դուք խանգարում եք դրանց և, կամա թե ակամա, երկիրը բրդում դեպի դիկտատուրա և ռազմապետություն: Ինքներդ գոնե ձեզ համար պարզե՞լ եք, թե վաղը ում հետ կուզենայիք նստել բանակցությունների սեղանի շուրջ (իսկ այդ «վաղն» անպայման լինելու է)՝ ընտրված իշխանությունների՞, թե՞ դաշտային հրամանատարների հետ:

Վ.Ա.Մ. – Հարցի նման դրվածքն անսպասելի է ինձ համար, և ես պատրաստ չեմ այդ դրվածքով պատասխանելու: Բայց կարող եմ ասել, որ դուք շոշափել եք հիմնախնդրի միջուկը և ամենացավոտ կողմը: ժողովրդավարական արժեքները մեզ համար շատ կարևոր են և մենք, իհարկե, չենք կարող անտարբեր լինել դրանց նկատմամբ: Եւ հենց այդ արժեքներին սկզբունքորեն հավատարիմ երկրները կարժանանան մեր առավելագույն ուշադրությանը: Այո, որոշակի խոչընդոտ է այն հանգամանքը, որ երկիրը ճանաչված չէ, բայց ես կարող եմ համաձայնվել ձեզ հետ և գտնում եմ, որ մենք պիտի համագործակցենք ձեզ հետ՝ թե ոչ կառավարական կազմակերպությունների և թե իշխանությունների հետ: Բայց դա ճանաչում չի նշանակի: Մենք նպաստելու ենք հիմնախնդրի քաղաքակիրթ ու խաղաղ կարգավորմանը:

«Շատ ժողովրդավարության» մասին, կամ՝ երբեմն «չիշիկն» էլ է լուրջ ներդրում 

Այսօր կարծես թե մեզ համար միանշանակ է, որ այս աշխարհում ներկա իրավիճակում մենք ժողովրդավարությունից բացի, ցավոք սրտի, այլ ռեսուրս չունենք՝ զարգացման և ճանաչման համար: Ուստի մեր դեմոկրատական իմիջը մեր ուժեղ կռվանը պիտի լինի, և ամեն ինչ պիտի միտված լինի դրան: Այս պարագայում անձնական-կլանային նկրտումները, այսրոպեական շահերն ու ներքին ինտրիգները որքան ծիծաղելի, նույնքան էլ ողբերգական են:

Ցավալի է, որ վերջերս մեզ մոտ սկսել են պատվերով մտահոգվել «շատ ժողովրդավարությամբ», որից իբր հոգնել է ժողովուրդը: Մարդ չի կարող հոգնել ըստ ամենայնի չտեսած ու չիմացած բանից: Ինչ խոսք, մեզ մոտ ժողովրդավարական բարեփոխումների միտում կա, բայց մենք դեռ շատ հեռու ենք իրական ժողովրդավարությունից: Ի վերջո, ժողովրդավարությունն այն չէ միայն, երբ քեզ չեն ծեծում, չեն ձերբակալում ու չեն սպանում, ինչի համար քեզ ստիպում են պարտական լինել իշխանություններին, այլ այն, երբ քո առօրյային ու կյանքին, քո ճակատագրին վերաբերող հարցերում քո կարծիքը վճռորոշ է, այսինքն՝ երբ դու ներքին քաղաքականության ոչ թե օբյեկտն ես, այլ սուբյեկտը: Երբ քեզնից բան է կախված, և դա հասկանում են բոլորը: Երբ դու մասնակցում ես քո երկրի կյանքին ու այդ երկրի տերն ես, երբ պահանջված է քո ներդրումը:

Այդ ներդրումը կարող է ամենատարբեր ձևով լինել և զուգակցել հաճելին ու օգտակարը: Բրյուսելցի այս մանչուկը ձեզ օրինակ: Երբ թշնամիները փորձել էին հրկիզել քաղաքը, գիշերը պետքի համար զարթնած մի մանչուկ տեսել է այդ ամենը և պատշգամբից «չիշիկախեղդ» արել հրդեհը: Ու փրկել քաղաքը:

Առակս զի՞նչ ցուցանե: Ամեն մեկից ինչ-որ բան կախված է՝ մեծուփոքր ու շատուքիչ չկա:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————-

ԹԲԻԼԻՍՅԱՆ ՄԵՏԱՄՈՐՖՈԶՆԵՐ

Տարածաշրջանային համագործակցության ևս մեկ նախագիծ

Առաջիկա երեք տարում տարածաշրջանի լրագրողները համատեղ կլուսաբանեն իրենց հետաքրքրող թեմաները Կովկասի ճանաչված և չճանաչված պետություններում: Այս պայմանավորվածությունն է ձեռք բերվել վերջերս Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են տպագիր մամուլի լրագրողներ  Ադրբեջանից, Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Վրաստանից,  Հյուսիսային  եւ Հարավային Օսիայից: Հանդիպման ընթացքում կազմակերպվեցին սեմինարներ՝ լրագրության, կոնֆլիկտոլոգիայի մասին, ինչպես նաեւ տեղի ունեցան մի շարք հանդիպումներ վրացի փորձագետների ու պետական պաշտոնյաների հետ:

Նախագիծն իրականացնում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը /IWPR/: Ծրագրի շրջանակներում լրագրողներին հնարավորություն կտրվի մասնակցել 6 լրագրողական այցելությունների Կովկասի տարբեր երկրներ եւ լուսաբանել իրենց հետաքրքրող թեմաները: Նախատեսվում է նաեւ ստեղծել վեբ կայք, որտեղ էլ կտեղադրվեն լրագրողների հոդվածները:

Ադրբեջանցին երանի է տալիս ղարաբաղցուն 

Քանի որ այս նախագծի հիմնական նպատակը քաղաքակիրթ համագործակցությունն է, ապա նախապես հայտարարված էր, որ մասնակիցների ազգային պատկանելությունը չպիտի խոչընդոտի քաղաքակիրթ շփումներին: Սակայն ադրբեջանցի մասնակիցներից մեկը, լինելով չափից ավելի «հայրենասեր» եւ հակահայ քարոզչության արդյունք, իմ ներս մտնելուն պես ինձ «հիշեցրեց», որ ես իբր Ադրբեջանի քաղաքացի եմ և որ գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ասվածը: Ես նրան շնորհակալություն հայտնեցի բոլորին զվարճացնելու համար: Իր իրոք ծիծաղելի վիճակը նա շուտով հասկացավ, տեսնելով, որ շրջապատում նա, մեղմ ասած, «սպիտակ ագռավի» տպավորություն է թողնում: Համենայն դեպս, հանդիպման մյուս մասնակիցները նրա նման չէին, այլ քաղաքակիրթ մարդիկ էին:

Ու ականատես եղանք բավականին յուրօրինակ մետամորֆոզ-կերպարանափոխման: Մեր առանձնազրույցի ժամանակ այդ նույն ադրբեջանցին հետևյալ միտքն արտահայտեց. «Այդպես էլ պետք էր, որ լիներ կոնֆլիկտը, որովհետեւ այլապես հայերը մեզ կզրկեին մեր նավթից, չէ՞ որ նրանք հայտնի են իրենց խելքով»: Իսկ մյուս ադրբեջանցիների կողմից ես նույնիսկ արժանացա երանության, «որովհետեւ ապրում եմ ժողովրդավարական երկրում, եւ որ կարող եմ ցանկացած բանի մասին խոսել ու գրել»:

Սահակաշվիլի Շատրվանասերը չի կատարում իր խոստումները

Թբիլիսիում կայացած  ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը  եղավ ընդդիմադիր պատգամավորների՝ Դավիթ Զուրաբաշվիլիի, Դավիթ Ուսուպաշվիլիի և Գեորգի Խաինդրավայի հետ: Այս երեք քաղաքական գործիչները, իրենց ասելով, Վարդագույն հեղափոխության ամենաակտիվ մասնակիցներից էին, սակայն հիասթափվելով  Միխայել Սահակաշվիլու քաղաքականությունից՝ դարձան ընդդիմադիրներ: Իսկ թե հատկապես ինչը դարձավ հիասթափության պատճառ, Խաինդրավան այսպես բացատրեց. «Բնականաբար, ի սկզբանե մենք հրաշքների չէինք սպասում: Եվ, ցավոք, Շեւարդնաձեն այլընտրանք չէր թողել, ու մենք պետք է ամեն ինչ նորից սկսեինք: Եվ ամենահարմար թեկնածուն հենց Սահակաշվիլին էր, որի ինտելեկտուալ ունակության մասին բոլորն էլ գիտեին, եւ որի հետ էլ մենք կապեցինք մեր բոլոր հույսերը: Բայց մենք նրանք չդարձրինք նախագահ, որպեսզի քաղաքում օրեցօր շատրվաններ ավելանան, նոր արձաններ կառուցվեն: Մեր առաջնային նպատակը Շեվարդնաձեի լճացրած պետությունը վերականգնելն էր: Սակայն, ցավոք, Վրաստանում  շարունակվում է միանձնյա քաղաքականություն, այս անգամ՝ Սահակաշվիլու կատարմամբ»:

Այնուամենայնիվ, պատգամավորները խոստովանում են, որ Վրաստանի այսօրվա վիճակը զգալիորեն տարբերվում է, սակայն իրենց հարկավոր է քաղաքակիրթ իշխանություն:

Վերջում պատգամավորներից մեկը հիշեց մի անեկդոտ. «Վրաստանում երեք արքա կար՝ Դավիթ Շինարար, Վասիլի Ավերիչ եւ Էդուարդ Կրակմարիչ: Ու Սահակաշվիլին չէր պատկերացնում, որ այս շարքում ինքը տեղ կզբաղեցնի որպես Միխայիլ Շատրվանակառույց»:

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

——————————————————————————————

Ներքաղաքական

Ինտրիգ առաջին. առաջադրումը կավարտվի՞, արդյոք, մինչեւ հայաստանյան ընտրությունները

Ճիշտն ասած, ղարաբաղյան ընտրություններն այդքան էլ հաջող ժամանակ չեն կայանա: Ըստ գործող օրենքի, ընտրությունները պետք է տեղի ունենան նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ: Մեր հաշվարկներով, դա պիտի լինի հուլիսի կեսերին: Թեկնածուների առաջադրումն էլ պետք է սկսվի ընտրություններից 90 օր եւ ավարտվի 75 օր առաջ: Առաջադրման վերջին ժամկետը մոտավորապես մայիսի առաջին կեսին է ընկնում: Իսկ, ինչպես հայտնի է, մայիսի 12-ին կկայանան խորհրդարանական ընտրություններ Հայաստանում: Այս ամենում ինտրիգ կա. առաջադրումը Ղարաբաղում կվերջանա՞ մինչեւ հայաստանյան ընտրությունների ավարտը, թե՞ ոչ:

Ինչո՞ւ է դա այդքան կարեւոր: Բանն այն է, որ այս տարվա ընտրություններն աննախադեպ են Ղարաբաղի համար, քանի որ առաջին անգամ իշխանությունը ոչ թե պետք է փոխանցվի վաղօրոք հայտնի մարդուն, այլ տեղի կունենա նորմալ ընտրություն: Քանի որ սա նոր իրավիճակ է Ղարաբաղի համար, մարդիկ փոքր ինչ շփոթվել են: Ոմանք՝ «անկայունության վտանգից» կամ աշխատանքը կորցնելու վախից ելնելով, փորձում են Արկադի Ղուկասյանին համոզել եւս մեկ անգամ առաջադրվել: Մյուսները սկսում են թշնամիներ որոնել, հայտարարելով, որ նրանք, ովքեր հարցումներ են անցկացնում եւ, ընդհանրապես, նախագահական ընտրությունների մասին խոսում են, ղեկավարվում են արտասահմանյան ուժերի կողմից եւ իբր դեմ են ժողովրդավարությանը («երկաթե» տրամաբանություն ունեն այս կատեգորիայի մարդիկ): Երրորդներն ընդհանրապես չեն խոսում եւ սպասում են, թե ով կառաջադրվի, որպեսզի, ինչպես միշտ, ասեն՝ բա՜ ձեզ էինք սպասում:

Պոտենցիալ թեկնածուներն էլ, ըստ երևույթին, սպասում են, թե ինչ արդյունք կունենան խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, որպեսզի ճշտեն իրենց «ռեալ ուժն» ու հնարավորությունները:

Ահա այսպիսի օրիգինալ իրավիճակ:

Ինտրիգ երկրորդ. ո՞ւր ես, ընդդիմություն, որ քարկոծենք քեզ

Ի՞նչ է իրականում կատարվում Ղարաբաղի հասարակության մեջ: Շփոթության պատճառը, թերեւս, կուսակցությունների դիրքորոշման անորոշությունն է: Քաղաքական դաշտում լռություն է. ի պատասխան լրագրողների հարցերին, կուսակցությունների ներկայացուցիչներն ասում են, որ որոշում կկայացնեն մարտի վերջին կամ ապրիլի սկզբին: Բացի կուսակցություններից, ուրիշ «կողմնորոշիչ» ուժ Ղարաբաղում, ցավոք, չկա:

Գործող նախագահն էլ է որոշել «չկողմնորոշել». ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ա. Ղուկասյանն ասել է, որ ոչ մեկի անունը չի տալու, այսինքն՝ ինքներդ ընտրեք: Հնարավոր է, որ նրան դուր չի գալիս այն թեկնածուն, որին «ինչ-որ տեղից» պարտադրում են, եւ նա գերադասում է լռել:

Այս իրավիճակում խեղճ հանրությունն ինչպե՞ս կողմնորոշվի: Մարդիկ խոսում են խոհանոցներում, հասարակական տրանսպորտում, աշխատավայրերում, վիճում են այս կամ այն հնարավոր թեկնածուի մասին, նրանց լավնուվատը վերլուծում: Ամեն օր մի նոր լուր է տարածվում: Այս ամենը, սակայն, ոչ թե քաղաքական դաշտում է հրապարակայնորեն կատարվում, այլ շրջանառվում է «անդրկուլիսներում»: Քաղաքական ուժերն էլ են այս մակարդակով և այս «անդրկուլիսյան» ասպարեզում գերադասում գործել, ոչ թե հրապարակայնորեն դիրքորոշում հայտնելով, այլ իրենց ուզածը պարզապես այս կամ այն կերպ հասկացնել տալով: Երկիրը կարծես թե հայտնվել է տեղեկատվական վակուումում:

Ինտրիգ երրորդ. հնարավո՞ր է մեկ թեկնածուով ընտրություն

Անորոշության այս ֆոնին որոշակիության մի փոքրիկ նշույլ, այնուամենայնիվ, եղավ. KarabakhOpen-ին հաջողվել է պարզել, որ «Ազատ Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշել է սատարել Բակո Սահակյանին: Սակայն նույն լրատվամիջոցը մի քանի օր անց հրապարակել է կուսակցության նախագահի մեկնաբանությունը, որը չի հերքել այդ լուրը, բայց ասել է, որ վերջնական որոշում կընդունվի 15 օր անց: Ու վերջ: Դե ինչ, սպասենք եւս 15 օր:

Ու հընթացս, ինչպես մեզ խորհուրդ են տալիս, ավելորդ հիսթերիա չբարձրացնենք. չէ՞ որ մենք նորմալ, հանգիստ, նույնիսկ կարելի է ասել հիպնոսացված հասարակություն ենք, ում փոխարեն միշտ ուրիշներն են որոշում: Մարդիկ կան, որ զարմանում են, երբ ընտրություններից առաջ խոսում են ընտրությունների մասին: Էլ ի՞նչ խոսենք:

Փորձագետները չեն բացառում, որ կարող է առաջադրվի միայն մեկ թեկնածու: Այսինքն, եթե առաջադրվի մի մարդ, «որի դեմ խաղ չկա», մնացածները չեն առաջադրվի: Բայց այդ դեպքում, ըստ կանխատեսումների, մարդիկ կարող են հիասթափվել, ինչը կազդի մասնակցության վրա:

Ինտրիգ հաջորդ. Ընտրական օրենսգիրքը փոփոխվում է

Իսկ այդ ընթացքում կառավարությունը որոշել է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Ընտրական օրենսգրքում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը նշել է, որ առաջարկվում է 124 փոփոխություն, որոնց մի մասը բխում է օրենսգիրքը Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունից: Փոփոխությունների մեջ կան մի քանի հետաքրքիր դրույթներ. օրինակ, պատգամավոր ընտրվելու նվազագույն տարիքը 25-ից կրճատվում է մինչեւ 23 տարեկան, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը կտեւի ոչ թե 3, այլ 4 տարի, կփոփոխվեն ընտրական հանձնաժողովների կառուցվածքը, առաջադրման եւ գրանցման կարգերը: Ըստ Նասիբյանի, ժամկետների առումով փոփոխությունները ոչ մի կերպ նախագահական ընտրություններին չեն անդրադառնա:

Մնում է սպասել ընտրությունների օրը նշանակելուն, պարզելու համար՝ թեկնածուների առաջադրումն ավարտվելու է հայաստանյան ընտրություններից  շո՞ւտ, թե՞ ուշ:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

ՄԵԼԻՔՅԱՆԸ ՀՈՒՄՈՐՈՎ ՆԱԽԱԳԱՀ Է ՈՒԶՈՒՄ

(Հարցազրույց ԼՂՀ նախագահի խորհրդական Արման Մելիքյանի հետ)

-Պարոն Մելիքյան, որքա՞ն սերտ է Ձեր առնչությունը «Փախստականները եւ միջազգային իրավունքը» հ/կ-ի հետ:

-Նախ՝ մի քանի ճշգրտում անեմ. այդ ցանցի թիկունքում ես չեմ կանգնած, ցանցի թիկունքում կանգնած են տասնյակ հազարավոր փախստականներ: Ինչ վերաբերում է ցանցի գործունեությանը, ես այն ողջունում եմ: Ես համակարծիք եմ այն պահանջներին, որ ցանցը առաջադրում է: Դա շատ լուրջ քաղաքացիական նախաձեռնություն եմ համարում, քանի որ անկախությունից ի վեր թե ՀՀ-ում, թե ԼՂՀ-ում այնպես է ստացվել, որ կարծես նախաձեռնությունները հիմնականում իշխանություններն են դրսեւորում: Սա այն եզակի դեպքերից է, երբ քաղաքացիական հասարակությունը ինքն է գործում եւ գործում է գրագետ: Այս առումով ես միայն կարող եմ ողջունել:

-Այդ դեպքում հարցս այլ կերպ ձեւակերպեմ՝ Դուք ինչքանո՞վ եք աջակցել «ԼՂՀ քաղաքացիության մասին» օրինագծի մշակմանը:

-Այդ օրինագիծը որոշակի նախապատմություն ունի. ստեղծման մտահղացումը եղել է շատ վաղուց, դեռ այն ժամանակ, երբ ԼՂՀ-ն հիմնադրվեց որպես անկախ պետություն, սակայն լիարժեք օրենք գոյություն չի ունեցել: Եւ դա մեծ բաց էր: Դեռ երկու տարի առաջ ես հայտնեցի այն տեսակետը, որ այդ օրենքը այսօր հրատապ է եւ անհրաժեշտ: Փորձագետների որոշակի խմբավորում այդ աշխատանքները տարան եւ նաեւ քաղաքացիական հասարակության հարցի շրջանակներում, բարեհաջող ավարտին հասցրեցին: Ես մասնակցել եմ ցանցի կողմից հրավիրված կոնֆերանսին, որ նվիրված էր հենց այս օրինագծին, եւ այդ առումով մասնակցել եմ: Ինքը՝ օրինագիծը, շատ հետաքրքրական է այն առումով, որ լիարժեք արտացոլում է ցանցի կողմից դրված նպատակները:

-Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ արդեն սկսված է մի գործընթաց, որով իրականացնում են դեռ չընդունված այդ օրինագծի կետերից մեկը, այն է՝ նոր անձնագրերի տրամադրումը: Արդեն սկսել են տպել դրանք, նմուշների հետ ծանոթացել են անձնագրային բաժնի աշխատողները: Որքանո՞վ է արդարացված ընտրություններից չորս ամիս առաջ այդ օրինագիծը ներկայացնել ԱԺ եւ, ի վերջո, խառնաշփոթ առաջացնել ընտրացուցակներում:

-Ձեր ասածը նույն պատմությունից է, որ վերաբերում է ԼՂՀ Սահմանադրության ընդունմանը: Երբ մտավախություններ էին հնչում, թե այն ընդունվում է մի նպատակով՝ որ հնարավորություն ընձեռվի գործող նախագահին առաջադրվել հերթական անգամ:

-Բայց ընձեռվեց, չէ՞, այդ հնարավորությունը, մասնավորապես՝ ԼՂՀ գլխավոր դատախազի շուրթերով:

-Դա դատախազի խնդիրն է: Արկադի Ղուկասյանը այս հարցի վերաբերյալ միանշանակորեն արտահայտվեց եւ ոչ մեկ անգամ: Այս տեսանկյունից այս մտավախությունը եւս ինձ համար ընդունելի չէ: Վերջին հաշվով քամին փչում է ոչ այն պատճառով, որ ծառերի ճյուղերը շարժվում են, մեծը փոքրից տարբերելու անհրաժեշտություն կա: Այսօր այդ օրենքի ընդունումը կլուծի 100 հազարավոր մարդկանց անձնական խնդիրը՝ փոխհատուցում ստանալու տեսանկյունից: Սա այն եզակի դեպքերից է, երբ քաղաքացու անձնական շահը լիովին համընկնում է պետության շահին:

-Այսինքն, եթե չորս ամիս սպասեին, այդ խնդիրը չէ՞ր լուծվի:

-Ես, ճիշտն ասած, այդ ընթացքին տեղյակ չեմ և ամենեւին վստահ չեմ, որ  օրինագիծը այսօր կընդունվի: Կամ նույնիսկ եթե այսօր ընդունվի, հնարավոր կլինի այդքան հապճեպ անձնագրեր տրամադրել: Ես առհասարակ դեմ եմ այդ տեսանկյունից դիտարկել օրինագծի խնդիրը, դա էժանացնում է հարցը, էժանացնում է քաղաքացիության խնդիրը:

-Հենց այդ իսկ պատճառով ավելի նպատակահարմար չէ՞ր գործընթացը թողնել ընտրություններից հետո:

-Չեմ կարծում, որովհետեւ տարին մեկ տարբեր տեղերում ընտրություններ են լինում, իսկ այս օրենքը հրատապ է: Սահմանադրության ընդունումից հետո անհրաժեշտ է այն ընդունել հնարավորինս արագ: Ես չգիտեմ ցանցն ու ԱԺ-ն ինչ կապերի մեջ են:

-Պատգամավորներն արդեն ստացել են այդ օրինագիծը:

-Շատ լավ:

-Անձնագրային բաժնի աշխատողները խոստովանում են, որ իրենք արդեն ստացել են նոր անձնագրերի նմուշները եւ նրանց խոսքերով՝ այս ընթացքում ոչ միայն ժամանակը, այլ նաեւ մարդկային ռեսուրսը չի հերիքի մինչեւ ընտրություններն ավարտել այդ գործընթացը: Իսկ մարդիկ պետք է գնան ընտրությունների այդ նոր անձնագրերով:

-Բայց ո՞վ է ասել այդպիսի բան: Օրենքը ընդունված չէ, անձնագրերի մասին համապատասխան ճշգրտումներ կատարված չեն: Ես չեմ բացառում, որ կարող է շրջանառության մեջ լինեն նմուշներ, որոնք դեռ պիտի քննարկվեն եւ հաստատվեն, բայց ես ձեր վկայակոչած մարդկանց ասածները լուրջ չեմ ընդունում:

-Տեղեկությունները ոստիկանությունից են, ըստ որի՝ կա հրահանգ մինչեւ ընտրություններն ավարտել գործընթացը:

-Դա պաշտոնակա՞ն տվյալ է:

-Ոչ պաշտոնական, բայց` հավաստի:

-Ներողություն, ոչ պաշտոնական տվյալներն ինձ համար հիմք չեն այդ հարցում ձեր պնդումներին համաձայնելու համար:

-Լավ, ասենք՝ օրենքը ընդունվեց, չե՞ք կարծում, որ խառնաշփոթ կառաջանա ընտրացուցակներում:

-Ոչ, չեմ կարծում: Օրենքը ընդունելուն պես, իհարկե, անհրաժեշտ է անմիջապես ձեռնամուխ լինել անձնագրերի տպմանը, ավելի շուտ՝ նախ նմուշի հաստատմանը, ապա տպմանը եւ բաժանման գործին: Եւ այս տեսանկյունից վերստին ուզում եմ ընդգծել՝ անձնագրի խնդիրը, քաղաքացիության խնդիրը երբեք չի կարող խոչընդոտ լինել արդար ընտրությունների անցկացմանը: Վերջապես, Ղարաբաղի մասով ես չեմ հիշում երբեւէ որեւէ մեկը մեղադրանքներ հնչեցնի, որ այդտեղ ընտրությունները կեղծվել են: Վերջին ԱԺ ընտրությունները դրա օրինակն են: Այդ առումով, ես վստահ եմ՝ երբ կեղծիքներ են գործում, գործում են ոչ այն պատճառով, որ օրենքներն են վատ, կամ ինչ-որ հատուկ ստեղծված պայմաններ կան, կեղծիքները գործում են այն ժամանակ, երբ իշխանական լծակներին տիրապետող մարդիկ գնում են կեղծիքների: ԼՂՀ պայմաններում, փառք Աստծո, ամբողջ փորձը ցույց է տալիս, որ կեղծիքներ չեն եղել եւ, կարծեմ, այս անգամ էլ չեն լինի:

-Ի դեպ, գործընթացը սկսվեց Հադրութի շրջանից, որտեղ ինչ-որ մարդիկ մտնում էին մարդկանց տները եւ առաջարկում անվճար լուսանկարվել նոր անձնագրերի համար: Հադրութցիների մոտ դա յուրահատուկ ռեակցիա տվեց, քանի որ նրանց  մոտ տպավորություն ստեղծվեց, թե այդկերպ ԼՂՀ իշխանությունները փորձում են խոչընդոտել համերկրացի Արթուր Աղաբեկյանի մուտքը ԼՂՀ քաղաքական դաշտ:

-Բարեբախտաբար, Արթուր Աղաբեկյանի նախագահ ընտրվելու մասին լուրը հերքվել է հենց իր կուսակցական կառույցի կողմից: Այնպես որ, դրանք ասեկոսեներ են: Ինչ վերաբերում է այդ այցելություններին, այդ մարդիկ, որ այցելել են, որեւէ փաստաթո՞ւղթ են ցույց տվել, հավաստե՞լ են, որ այդ մարդիկ պետության անունից են այդ անում:

-Դուք ժխտո՞ւմ եք, որ այդպիսի դեպքեր եղել են:

-Ես չեմ ժխտում, որ պատահական մարդիկ կարող են պետության անունից գալ ու ասել՝ այսինչ բանը արեք, որոնք պետության հետ իրականում առնչություն չունենան: Կարծում եմ, որ այն քաղաքացիները, ում տունը մուտք են գործել այդ մարդիկ, եթե կարծում են, որ իրենց քաղաքացիական իրավունքները ոտնահարվել են, թող դիմեն դատարան:

-Պարոն Մելիքյան, ինչո՞ւ Արկադի Ղուկասյանը չի հանդիպել Ռոբերտ Քոչարյանին:

-Ե՞րբ, նրանք պարբերաբար հանդիպում են:

-Երբ վերջին անգամ այցելել է Երեւան:

-Ես, ճիշտն ասած, չգիտեմ՝ երկու նախագահները իրենք են իրենց աշխատանքային գրաֆիկը կազմում:

-Դե, Դուք նախագահին ավելի մոտ եք, համենայնդեպս:

-Այնուամենայնիվ, խնդիրներ կան, որ նախագահներն իրենք են լուծում՝ առանց խորհուրդներ հարցնելու. այդ թվում՝ նաեւ իրար հետ հանդիպելու խնդիրը:

-Կարծում եք պատահակա՞ն զուգադիպություն էր, որ Ղուկասյանը հանդիպեց ՀՅԴ Բյուրոյի անդամների հետ, իսկ մինչ այդ նույն այդ մարդկանց հետ նույն օրը հանդիպեց նաեւ Քոչարյանը:

-Իհարկե, զուգադիպություն չէր: ՀՅԴ բյուրոյի անդամների մի մասը հայաստանաբնակներ չեն, եւ եկել էին Հայաստան հատուկ հանդիպումներ ունենալու համար: Եւ այն, որ զուգադիպել է, որ նրանք նույն օրը հանդիպել են թե ՀՀ, թե ԼՂՀ նախագահների հետ, պարզապես կախված է այն բանից, որ նրանց միաժամանակ այստեղ հայտնվելու այս առիթն է ընձեռվել:

-Ասում են, որ երկու նախագահների հետ հանդիպման ժամանակ արծարծվել է նաև ԼՂՀ-ում սպասվող ընտրություններում ՀՅԴ թեկնածուի համար «դաբրո» ստանալու հարցը:

-Ես հանդիպումներին չեմ մասնակցել՝ չեմ կարող ոչ ժխտել, ոչ հաստատել դա:

-Ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ նախագահի երկրորդ հայտարարությունը եւ մասնավորապես այն կետը, որտեղ նա չարանալու փոխարեն այն մարդկանց վրա, ովքեր ստեղծում են մթնոլորտ իր ասածները կասկածի տակ դնելու համար, չարանում է լրագրողների վրա, ովքեր միմիայն արձանագրում են փաստերը: Անուններով կարող ենք հատ-հատ ասել. գլխավոր դատախազ, ոստիկանապետ, բոլորը գիտեն, որ վերջինս սոցհարցումներ էր անցկացնում…

-«Բոլորը գիտեն»  բառակապակցությունը ես չեմ ընդունում: Ես չգիտեմ: Դրանք ինձ համար լուրջ տվյալներ չեն: Բայց, իսկապես, հանրահայտ գործիչների կոչերը կան ուղղված Ղուկասյանին, որոնք շարունակվում են, այսօր Արա Աբրահամյանը հերթական անգամ նորից կոչով դիմել է: Ես կարծեմ մի անգամ արդեն ասել եմ՝ նախագահը պարտավոր չէ ամեն անգամ հերքել: Նա մեկ անգամ ասել է եւ ասված խոսքը արժեք ունեցող փաստ է:

-Ցավալին այն է, որ իր հայտարարության մեջ Ղուկասյանը մեղադրում է լրագրողներին, ովքեր ոչ պակաս, քան ինքը՝ Ղուկասյանը, շահագրգռված են, որ ԼՂՀ-ում լինեն արդար ընտրություններ եւ ժողովրդավարություն:

-Կարծում եմ, պարոն Ղուկասյանը ոչ մեկին մեղադրել չի ուզում, ես վստահ եմ, որ նախագահի խոսքը պետք է լուրջ ընկալված լիներ, ինչը չի եղել ոչ լրագրողների կողմից, ոչ էլ փաստորեն այն մարդկանց կողմից, ովքեր այդ պնդումները կատարել են:

-Բայց դժվար էր լուրջ ընդունել երկակիության ֆոնի վրա:

-Դե, հիմա կարծում եմ՝ բոլոր երկակիությունները փարատված են, եւ եկեք այդ հարցը մեկընդմիշտ փակենք

-Ցավալի չէ՞, որ հասարակությունը ստիպված է սպասել նախագահի հայտարարությանը այն մասին, որ նա երրորդ անգամ չի առաջադրվի, մինչդեռ մարդիկ էն գլխից պիտի վստահ լինեին, որ նա այդ քայլին չի գնալու:

-Դա, իհարկե, մեր օրերի խնդիրն է, եւ համատարած անվստահության պրոբլեմը կա: Այդ պրոբլեմը, իհարկե, պիտի վերացվի. դրա համար եւ իշխանությունները պիտի սովորեն հստակ եւ բաց խոսել ժողովրդի, ընտրողների հետ, եւ ժողովուրդը դրա միջոցով սովորի ավելի մեծ վստահության սեփական իշխանությունների հանդեպ: Դա երկսայր թուր է:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ ներքաղաքական իրավիճակը£ Թերեւս ԼՂՀ-ն նման չէ մի պետության, որտեղ չորս ամսից նախագահական ընտրություններ կլինեն, ի տարբերություն, ասենք, ՀՀ-ի:

-Որքանով կարողացել եմ հետեւել ԼՂՀ ներքաղաքական զարգացումներին՝ սկսած 88-ից, այնտեղ դեպքերը բավական դանդաղ են սկսում զարգանալ:

-ԱԺ ընտրություններից առաջ այդպես չէր:

-Այդպես էր:

-Ամիսներ առաջ արդեն սկսվեց ալյուրի ու բենզինի բաժանման գործընթացը:

-Խոսքը քաղաքական պայքարի մասին է: Իսկ ընդդիմությունը պայքարն արդեն սկսեց վատ երանգներով: Ես առհասարակ դեմ եմ, երբ նախընտրական պայքարը բացասական նրբերանգներով է  սկսվում, այսինքն՝ դիմացինին փնովելով: ՀՅԴ-ն սկսելով նախագահին փնովելուց՝ իրականում նեգատիվ մի մթնոլորտ ձեւավորեց: Այստեղ կարեւորվում էր ոչ այնքան սեփական ծրագրերի իրագործումը, որքան ամեն ինչ կառուցելը իշխանության քննադատության վրա:

-«Ազատ Հայրենիքն» էլ քննադատությամբ սկսեց իր պայքարը:

-ԱՀԿ-ի պարագայում դա աշխատեց հօգուտ կուսակցության: Իսկ «ՀՅԴ-Շարժում-88»-ի պարագայում՝ ի վնաս:

-Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության շանսերը գալիք ընտրություններում:

-Քանի որ նախագահական ընտրությունները բավականին անձնավորված բնույթ են կրում՝ ոչ այնքան կուսակցության հզորությամբ  պայմանավորված, որքան այն, թե կուսակցությունները ում են պաշտպանում եւ քանի որ հիմա թեկնածուներ չկան, հատկապես ընդդիմության թեւից, ես չեմ կարող դատողություններ անել:

-Դուք ե՞ւս այն կարծիքին եք, թե ընդդիմությունը պետք է ուժեղ թեկնածու գտնի, որը, իհարկե, չի հաղթի ընտրություններում, բայց դասեր կքաղի հետագայի համար: Թերեւս դա իրավիճակի մոդելավորում է:

-Ես մի քիչ ավելի զգույշ կվերաբերվեմ դրան, քանի որ գիտեք՝ լիդերը ծնվում է ոչ թե ժամանակի ընթացքում, նա կա, ուղղակի գալիս է հարմար պահը, երբ նա ուղղակի կարողանում է ինքնադրսեւորվել: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ, ասենք, երբ առաջադրումը սկսվի, այդ լիդերը չի հայտնվի: Իշխանական դաշտում, թե ընդդիմության, կարեւոր չէ, կարեւոր է, որ դա լինի այնպիսի մի մարդ, որը այս կետից կարողանա շարունակել իր գործը:

-Իսկ իշխանական թեւի հնարավորություննե՞րը:

-Չեմ կարող գնահատական տալ, մինչեւ չլինի ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչը: Շրջանառվում են անուններ, որոնք շատ հարգված մարդիկ են, բայց քանի դեռ ձեւավորված չէ վերջնական այդ դաշտը, խոսելն անիմաստ է:

-Այո, շրջանառվում են անուններ, մասնավորապես՝ Աշոտ Ղուլյանի եւ Բակո Սահակյանի անունները: Ասում են, սակայն, որ Ռոբերտ Քոչարյանը երկուսին էլ դեմ է:

-Ես Ձեր չափ իրազեկված չեմ պարոն Քոչարյանի տեսակետի վերաբերյալ:

-Իսկ Դուք ո՞ւմ եք տեսնում նախագահի պաշտոնում:

-Ես չեմ ուզում խոսել անձերի մասին, ես գերադասում եմ խոսել այն գաղափարների մասին, որոնցով մարդիկ կփորձեն առաջադրվել:

-Այդ դեպքում թելադրեք այն երեք հիմնական հատկությունները, որոնցով պետք է օժտված լինի Ձեր պատկերացրած ապագա նախագահը:

-Ինչո՞ւ հենց երեք:

-Թեկուզ հինգը: Ուղղակի սովորաբար առաջին երեք կետերն են լինում ամենակարեւորները:

-Դուք ուզում եք, որ ես դա հենց հիմա՞ շարադրեմ, կարծում եք՝ ես հենց հիմա պատա՞ստ եմ:

-Այո:

-Առաջին հերթին նա, իհարկե, պետք է լինի Ղարաբաղի անկախության ջատագովը՝ այն սահմաններում, որոնք այսօր ունի Ղարաբաղը:

-Թերեւս հակառակ կարծիք ունեցող մարդ Ղարաբաղում չկա:

-Հետո, իհարկե, պիտի լավ հասկանա, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում տարածաշրջանում, միջազգային քաղաքականության եւ տնտեսության առումով կիրթ լինի: Միայն այս պայմանով նա կկարողանա ճիշտ ճանապարհով տանել թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը£

-Եւ երրո՞րդը:

-Պարտադի՞ր է նաեւ երրորդը:

-Ցանկալի է:

-Նա պիտի անպայման հումորի զգացում ունենա: Անպայման: Որովհետեւ ապագա նախագահի աշխատանքը շատ ծանր է լինելու: Եւ առանց դրա նրա համար շատ դժվար կլինի:

-Կոնկրետ ո՞ր պահին:

-Հենց սկզբից՝ երդմնակալության արարողությունից:

-Իսկ կցանկանայի՞ք, որ ԼՂՀ նախագահը կին լիներ:

-Եթե այդ հատկանիշները ունենա՝ անշուշտ: Ղարաբաղի կյանքում կանանց դերը միշտ շատ բարձր է եղել, բայց ղարաբաղցի կանայք այնքան խելամիտ են եղել, որ աշխատել են միշտ մնալ տղամարդու ստվերի մեջ: Այնպես որ, չեմ կարծում, որ հիմա ավանդույթը փոխվի: Բայց որ կինը շատ մեծ դեր է խաղում Ղարաբաղում՝ միանշանակ է:

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ / Երեւան Հատուկ «Դեմո»-ի համար

——————————————————————————————-

Հասարակություն

ԻՐԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ՝ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

 Կամ՝ մտորումներ ԼՂՀ նախագահի ամանորյա շնորհավորանքի շուրջ 

Եղիշե Գրիգորի ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼՂԻՄ ղեկավարության առանցքային դեմքերից էր, հայտնի կուսակցական ու խորհրդային գործիչ, նաև լրագրող՝ տևական ժամանակ եղել է «Սովետական Ղարաբաղ» – «Սովետսկի Կարաբախ» թերթի գլխավոր խմբագիրը: Վաստակաշատ հանգստի անցած մտավորականը այսօր ևս անտարբեր չէ մեր երկրի անցուդարձի հանդեպ և փորձում է ուժերի ներածին չափ օգտակար լինել նորանկախ երկրի կայացմանն ու զարգացմանը: 

Արցախյան ազատագրական շարժման սկզբից անցել է 19 տարի: Հետադարձ հայացքով նայելով մեր անցած ճանապարհին, կարելի է արձանագրել ոչ քիչ ձեռքբերումներ: Անգնահատելի են մեզ պարտադրված պատերազմում ձեռք բերած հաղթանակը, մեր անկախության եւ պետականության կայացումը: Բուժվել են պատերազմի հասցրած շատ վերքեր՝ վերականգնվել են Ստեփանակերտը, ավերված շատ գյուղեր:

Սակայն ժամանակն ընթանում է առաջ, հընթացս նոր խնդիրներ դնելով մեր առաջ, ուստի մենք պարտավոր ենք զգաստ գնահատել կատարվածը, քանի որ հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը, եթե աչք չփակենք ու լինենք իրատես՝ շատ վատ է, ավելին՝ չունենք այդ վիճակից դուրս գալու, առաջընթաց քայլեր անելու ծրագրեր:

Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ շատ կարճ ժամանակահատվածում պատերազմի եւ այլ արհավիրքների պատճառով կործանման եզրին հասած որոշ երկրներ հասել են զարգացման այնպիսի աստիճանի, որ առաջ են բերել ողջ աշխարհի զարմանքը: Բոլորին հայտնի է գերմանական «հրաշքը», թեև մեզ հետ առավել համեմատելի է Իսրայելի օրինակը: Իսրայելն իր այսօրվա բարեկեցությունն ստեղծեց զրոյից, ինչպես ասում են՝ կրակ վառելով կանաչ խոտի վրա: Մինչդեռ հայկական երկու պետությունները  մինչեւ նոր տնտեսակարգի անցնելն ունեին բարձր զարգացած տնտեսություն՝ շուրջ 1700 արդյունաբերական ձեռնարկություն, որոնց արտադրանքի մի զգալի մասն առաքվում էր աշխարհի 78 երկրներ: Երեւանի եւ այլ խոշոր քաղաքների շուրջն ստեղծվել էին գյուղատնտեսական այնպիսի համալիրներ, որպիսիք չունեին մեր մայրաքաղաքին համադրելի աշխարհի շատ ու շատ քաղաքներ:

Չնայած Բաքվի խտրական քաղաքականությանը, մենք՝ արցախցիներս էլ, ամեն ինչից չէր, որ զրկված էինք: Միայն Ստեփանակերտում արդյունաբերական ձեռնարկություններում եւ շինարարության մեջ զբաղված էին 18 հազար բանվոր-ծառայողներ, իսկ հիմա ամբողջ հանրապետությունում այդ թիվը հասնում է ընդամենը չորս հազարի: Գյուղական բնակչության արտահոսքի կանխման եւ բարեկեցության հզոր աղբյուր էր դարձել խաղողագործությունը: Խաղողի արտադրությունը հասել էր ռեկորդայինի՝ 170 հազար տոննայի: Մենք 80-ականների վերջերին ավելի շատ միս եւ կաթ էինք արտադրում, քան Անդրկովկասի մյուս չորս ինքնավարությունները միասին վերցրած եւ դա այն դեպքում, երբ նրանց բնակչությունն այն ժամանակներում զգալիորեն շատ էր:

Ես այս ամենն ստիպողաբար եմ մեջբերում, քանի որ մեր նորահայտ իշխանավորներն այսօրվա մեր խղճուկ վիճակը քողարկելու նպատակով մեղքը բարդում են անցյալին, իբր ժառանգել են քայքայված ու հետամնաց տնտեսություն, նույն այդ անցյալը միայն սեւ գույներով են ներկայացնում, բառ անգամ չասելով այն ժամանակվա նվաճումների մասին: Մինչդեռ այդպես չեն հաղթահարում թերությունները, այլ սթափ հայացքով ու իրատեսական ծրագրերով, ինչը չկա ու չկա:

Ահա թե ինչու դժվար է հաշտվել այն լավատեսության հետ, որ իր արտահայտությունն է գտել մեր հանրապետության նախագահ Ա.Ղուկասյանի՝ մեզ հղած ամանորյա շնորհավորանքում: Ահա դա հաստատող միայն մի մեջբերում այդ շնորհավորանքից. «ԼՂՀ Սահմանադրությունն… ամրագրեց մեր ժողովրդի ձեռքբերումներն անկախության տարիներին… Անցնող տարում ավելի է ամրապնդվել մեր Արցախը, ավելի վստահ է դարձել նրա ստեղծարար երթը: Մենք շարունակել ենք զարգացնել տնտեսությունը, բացել նոր աշխատատեղեր, բարելավել մարդկանց նյութական եւ սոցիալական պայմանները, բազմապատկել ժողովրդի նյութական եւ հոգեւոր ժառանգությունը»:

Վարդագույն գնահատական, չհիմնավորված լավատեսություն՝ իրատեսության փոխարեն: Չնչին աշխատավարձ /նվազագույնի որոշակի բարձրացումից հետո՝ 20 հազար դրամ/ եւ ողորմածության չափի կենսաթոշակ՝ սա է այսօր մեր բնակչության գերակշիռ մասի նյութական «բարեկեցության» մակարդակը: Իրավիճակ, որ թե մեր մեծամեծերին եւ ոչ էլ մյուս հաստաքսակներին բարոյական իրավունք չի տալիս շրջելու շքեղափայլ, թանկարժեք մեքենաներով, վեր խոյացնելու բազմահարկ սեփական դղյակներ եւ ոչ էլ բազմելու մեծ ծախսեր արժող բանկետների սեղանների շուրջ եւ, վերջապես, ձեռնամուխ լինելու մեծամեծ տերություններին եւ ոչ մեր փոքրիկ ածու երկրին վայել իշխանական ծառայողական ապարանքների կառուցմանը:

Կցանկանայի հիշեցնել մեր երկու նախագահներին՝ եւ Ռ. Քոչարյանին, եւ Ա. Ղուկասյանին, որ մեր բնակչության ճնշող մեծամասնությունը ոչ թե լղարիկ թոշակով կամ էլ չնչին աշխատավարձով է գոյատեւում, այլ արտերկրում բնակվող հարազատների ու բարեկամների դոլարային փոխանցումներով: Հույսը դնել թոշակի կամ աշխատավարձի վրա՝ նշանակում է եթե խաչ էլ չդնել սեփական կյանքին, ապա հաստատ գտնվել սովի ու ցրտի ճիրաններում:

Ուր էլ ուզում ես մատդ դիր՝ իշխում են չինովնիկական անտարբերությունն ու կամայականությունը: Ի՞նչի նման է մեր մայրաքաղաքի հեռախոսացանցի այսօրվա վիճակը՝ այնքան անմխիթար, որ ամենայն  իրավունքով կարելի է անվանել ոչ թե հեռախոսացանց, այլ հակահեռախոսացանց: Կապի ծառայության ներկայիս գներն էլ ուղղակի շշմեցուցիչ են: Ասենք, եթե ստանում ես միջին կենսաթոշակ՝ 10000 դրամ, քեզ կարող են թոշակիդ լրիվ ծախսումով թույլ տալ միայն 15 րոպեի հեռախոսային խոսակցություն Ռուսաստանում ապրող քո հարազատի հետ եւ երկու-երեք նամակ ուղարկել նրան փոստով՝ ցտեսություն ասելով թոշակիդ: Անտեր փոստն էլ չգիտես ինչու շաբաթական մեկ անգամ է առաքվում, այսինքն՝ պիտի ուրախանաս, որ 21-րդ դարում նամակդ տեղ է հասել մի ամսից: Թե ում խելքին է փչել այս կարևոր ոլորտը հանձնել մասնավորի տնօրինությանը՝ թողնենք մի կողմ: Բայց թե ինչ պայմաններով է կատարվել գործարքը՝ ոչ ոք չգիտե, այն գտնվում է յոթ կողպեքի տակ:

Ոչ մի կասկած չի կարող լինել, որ այս ամենի մասին տեղյակ է հանրապետության ղեկավարությունը, կոնկրետ՝ վարչապետը, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, հենց նրա աշխատասենյակի սեյֆում է պահվում պայմանագիրը: Կառավարությունը պարտավոր է վերահսկել պայմանագրային դրույթների կատարումը, ինչը չի անում: Ցանկալի կլիներ, որ այս ամենի մասին լսեինք մեր վարչապետի պատասխանը, միայն թե ոչ խուսափողական, ոչ այնպիսին, ինչպիսին նա տվեց Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ՝ «Մենք հրշե՞ջ ենք, որ հանգցնենք հրդեհները»: Որպեսզի հիմա էլ չասի՝ ես կապավո՞ր եմ, որ բարելավեմ կապի աշխատանքը: Նրան խորհուրդ կտայի վաղվա օրվան թողնել կառավարության եւ խորհրդարանի նոր շենքերի շինարարությանը և առաջնային տեղ տալ հեռախոսակենտրոնի վեց թե յոթ տասնամյակ առաջ տեղադրված սարքավորումների վերափոխմանը եւ հանրապետական գրադարանի համար նոր, հարմարավետ շենքի շինարարությանը, գրադարան, որի վիճակն անմխիթար է:

Մտորումների տեղիք է տալիս նաեւ առօրեական դարձած այն քարոզչությունը, թե մենք «բռնատիրական» իշխանությունը տապալելուց հետո կառուցել ու կառուցում ենք ժողովրդավարական հասարակարգ: Բայց որքանո՞վ է դա հիմնավորված: Այդ պնդումը կասկածի տակ դնող բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, բայց անդրադառնամ թեկուզև տեղեկատվության մատչելիության թեմային, մի բան, որ ժողովրդավարական հասարակությունների կարևորագույն պայմաններից է: Առայսօր մեր սոցիալ-տնտեսական վիճակի և հանրության համար կարևոր նշանակություն ունեցող ոլորտների ու հարցերի մասին բավարար տեղեկատվություն չկա, շատ բան թաքուն է պահվում հանրությունից:

Հայտնի է, որ ամանորյա շնորհավորանքում սովորաբար ասվում են միայն բարի խոսքեր, հղվում են միայն բարի ցանկություններ ու… բոլորին: Ա.Ղուկասյանը հավատարիմ չի մնացել այս ավանդույթին եւ, օգտվելով առիթից, որոշել է մեկ անգամ եւս, ինչպես հարկն է, կսմթել ընդդիմությանը: «Ձեռք բերածը վկայում է,- կարդում ենք ամանորյա ուղերձում,- որ մենք ճիշտ ճանապարհին ենք: Հենց այդ հանգամանքն է, որ հանգիստ չի տալիս մեր չարակամներին, որոնք ապարդյուն փորձում են փոխել Լեռնային Ղարաբաղի, մեր ժողովրդի եւ նրա քաղաքական ղեկավարության վերաբերյալ քաղաքակիրթ աշխարհում ձեւավորվող նպաստավոր հասարակական կարծիքը»:

Նման գնահատականից ամբարտավանության հոտ է փչում: Մինչդեռ պիտի հիշեցնել մեր նախագահին, որ դա անթույլատրելի է այն դեպքում, երբ մենք խոր քուն ենք մտել ուղտի ականջում, իսկ մեր հակառակորդը ցեղակից Թուրքիայի աջակցությամբ ստեղծել է քարոզչական մի հզոր համակարգ եւ անդադրում քարկոծում է մեզ: Իսկ մենք մեր ներսում ենք հակառակորդներ փնտրում:

Բարձրագույն ղեկավարներից շահում է նա, ով հաշվի է նստում ընդդիմության հետ, քաղաքական բոլոր ուժերը համախմբում է մի հարկի տակ՝ ի շահ սեփական ժողովրդի: Ցավոք, մեզ մոտ պատկերը հակառակն է: Նախագահը մշտական խռովության մեջ է մեր ընդդիմության եւ այլախոհների հետ, պատնեշել է իրեն նրանցից, չի ուզում լսել նրանց ձայնը, քննության առնել նրանց առաջարկները: Նախագահը հազվադեպ է լինում աշխատավորական կոլեկտիվներում, հարցազրույցներ գրեթե չի տալիս: Մարդկանց մոտ ստեղծվել է այն կարծիքը, որ ավելի հեշտ է արժանանալ Վ.Պուտինի ընդունելությանը, քան Ռուսաստանից  հազար անգամ քիչ բնակչություն ունեցող Արցախի նախագահի: Այս մասին հավանական է եւ չակնարկեի, եթե անձամբ համոզված չլինեի դրանում: Մոտ տարուկես առաջ մեր կյանքին վերաբերող որոշ նկատառումներով ես փորձեցի լինել նախագահի մոտ, սակայն երկու օր տեւած իմ «մաքառումները» արդյունք չտվեցին:

Կգտնվեն այնպիսիները, որ կչարախնդան ինձ վրա, կասեն՝ միացել է ընդդիմությանը: Կուզենայի հիշեցնել նմաններին, որ ես հեռու եմ նրանցից, ովքեր պատրաստ են քաղաքական ամեն մի շրջադարձի համեմատ փոխել իրենց գույնը, իրենց համոզմունքները: Ի սկզբանե այն կարծիքին էի եւ հիմա էլ այն  կարծիքին եմ, որ պետք չէր հիմնովին կործանել նախկին համակարգը, որ այն պարզապես կապիտալ վերանորոգման ենթարկելու կարիք կար: Հիմա էլ ներկա կարգերի փլուզման ջատագովը չեմ, բայց գտնում եմ, որ պիտի գերիշխեն օրինականությունը, արդարությունը, որ իշխանությունները ծառայեն ամբողջ ժողովրդին եւ ոչ թե նրա առանձին խավերի:

Համոզված եմ, հարց կծագի նաեւ այն մասին, թե ինչու հանդես եմ գալիս «Դեմո»-ում: Այլ հնարավորություն ես չունեի էլ, քանի որ այլախոհության համար, մանավանդ եթե այն առնչվում է երկրի նախագահին, փակ են թե պետական մամուլը եւ թե հանրային հեռուստատեսությունը:

Որոշ առումներով, թերեւս, սուր է իմ այս հրապարակումը, բայց վստահեցնում եմ՝ այն թշնամական բնույթի չէ եւ ոչ էլ ես մտադիր եմ ժխտելու այն լավը, որ իր պաշտոնավարության տարիներին նախաձեռնել է հանրապետության նախագահը: Եւ, վեջապես, խոսքս ուղղված է հանրապետության ինչպես ներկայիս, այնպես էլ ապագա նախագահին, ինչպես եւ մեր մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին: Կուզենայի նաեւ հայտնել, որ պատրաստ եմ անձամբ կամ իմ համախոհ ընկերների հետ միասին  բաց ու շահագրգիռ զրույց ծավալել հանրապետության նախագահի հետ, մանավանդ, որ հնարավոր չէր մեր բոլոր հոգսերին անդրադառնալ այս հրապարակման մեջ:

ԱԶԳԵՐԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԵՋ Է   

Այնքան  շատ ենք  խոսում ընտանիքների, բազմազավակության խթանման հիմնախնդիրների շուրջ, որ թվում է ամեն ինչ  ասվել է,  կարևորությունը պարզ է ու հասկանալի։ Խոսքից գործին անցնելու շոշափելի  գործունեությունը ևս, թվում է, առկա  է՝ առանձնապես կապված իշխանությունների, կառավարության  կողմից ցուցաբերվող ուշադրության,  Արցախում ծնելիության խթանման,  բազմազավակության հետ կապված որոշումների  իրականացման հետ։

Դառնանք արդյունքներին, 1999 թվականից Արցախում նշված որոշման իրականացման հետ կապված  փոփոխություններին, առաջընթացին, անշուշտ՝ նաև  սոցիալական,  քաղաքական,  ինչու չէ՝ նաև ռազմավարական մեծ նշանակություն ունեցող այս ոլորտում դեռևս առկա հիմնախնդիրներին, հեռանկարներին,  թերություններին։ Թե ով ինչպես կընդունի՝ չգիտեմ։ Միայն անկեղծորեն խոստովանեմ, որ  անգամ ամենատխուր փաստը ներկայացնելու նպատակս մեկն է՝ օգնել  ավելի   ճիշտ գործընթացին:

Մենք  ապրել ենք  88 թիվ, կրել  ենք  պատերազմի  զրկանքներ, տեսել մահ ու սարսափ, վայելել հաղթանակի բերկրանք։ Եվ  այս ամենը միասին ու միասնական՝ պարզ  գիտակցելով,  որ նույնն է բոլորիս վտանգը,  դժբախտությունն ու երջանկությունը։ Թող սխալ  չհասկացվի, եթե ասեմ,  որ այսօր  շատ-շատերն են երանությամբ հիշում մեր անցած՝ զրկանքներով լի, բայց հպարտությամբ, հավատով, զորացած տարիները, միասնությամբ ծովացած,  աշխարհի ուշադրությունը գրաված շարժումը։ Միամի՞տ էինք։ Գուցե  թե, բայց որ նաև  միասնական էինք, վճռական, ազնիվ ու հավատով լցված, կասկած լինել չի կարող։ Ու դա  էր մեր  հաղթանակի երաշխիքներից գլխավորը։

Պատերազմն   Արցախում  չի  ավարտվել։ Դիվանագիտական, սոցիալական, բարոյական,  քաղաքական և կյանքի այլ ոլորտներում պայքարը շարունակվում է։ Բոլորիս գերագույն երազանքն ու նպատակը    դարձյալ նույնն են։ Պարզապես սերն ու հավատն է  փխրունացել, ճեղքվածքը մեծացել իշխանության ու ժողովրդի միջև։ Ամենալավ որոշումն անգամ  ցանկալի  արդյունքը  չի տալիս, որովհետև թվում է տարբեր մոլորակներում,  իրարից անտեղյակ են ապրում թե որոշում կայացնողները, թե  կատարողները և թե առավել ևս նրանք, ում  համար կայացվել է այդ որոշումը։ Բազմազավակության խթանման  մասին կառավարության որոշմամբ  6 և ավելի  անչափահաս երեխա  ունեցող ընտանիքների համար առանձնատուն է կառուցվում՝ երեք սենյականոց, ավելի քան 9 միլիոն դրամ արժողությամբ։  2000 թվականից սկսած Արցախում  տարբեր շրջաններում, տարբեր գյուղերում որոշումից բխող 129 առանձնատուն է կառուցվել։ Հաճելի է,  իհարկե, և  երախտամոռ կարելի  է համարել նրանց, ովքեր այդքանից հետո  բողոքում, դժգոհություն են հայտնում։ Սակայն բավական է միայն  լինել  Շուշիի,  Մարտակերտի,   Մարտունու, Ասկերանի տարբեր բնակավայրերում  կառուցված որոշ  առանձնատներում,  և երկմտանքն իսկույն կպաշարի քեզ՝ արդյո՞ք լավություն են արել այս  մարդկանց։ Մի՞թե խոնավ հողի մեջ խրված,  խոնավությունից բորբոսնած այս պատերի մեջ պիտի մեր ապագա առողջ սերունդը մեծանա։ Այդ ինչ դոգմատիկ որոշում  ու նախագիծ է, որ անգամ հնարավորության դեպքում  չի կարելի  ի բարօրություն, ի օգուտ երեխաների, ընտանիքի իրականացնել։ Յոթ  և ավելի  երեխա ունեցող, Շուշիում ապրող Սողոմոնյանների և Աղաջանյանների  ընտանիքների համար վաղուց երազած  առանձնատների կառուցումը սկսվեց  վրդովմունքով։  Նրանց հատկացված  հողատարածքում  կիսակառույցը թողած, առանձնատան հիմքերը փորվեց երեխաների ձեռքերով մաքրած-մշակած հողատարածքում։ Ոչ  խնդրանք,  ոչ առաջարկ, ոչ միջամտություն չօգնեց, որպեսզի  առանձնատունը կառուցվի կիսակառույցի վրա։ Ընդամենը  երկու տարուց հետո  տան պատերն ամբողջովին խոնավացել, բորբոսնել էին, իսկ հատակը քանդվում էր: Աղաջանյանների ընտանիքը այսօր երանությամբ է հիշում քարերից մաքրված բանջարանոցը, որտեղից բավական բերք էին հավաքում։ Այժմ ոչ հողատեր են, ոչ էլ’ տնատեր։

Դառնանք նույն   որոշմամբ  ընտանիքում ծնված երեք և ավելի երեխաներին  հասանելիք  արտոնություններին։ Հրաշալի գումարներ են, իհարկե. 700ից մինչև երեք  հազար ամերիկյան դոլար, որ կարող են ստանալ  երեխաները՝ 18 տարին  լրանալուց հետո,  10-րդ և հաջորդ  երեխաների հասանելիք  5 հազար դոլարից բացի։ Երաշխիքը մի  կողմ, անդրադառնանք բոլորիս մտահոգող բազմանդամ ընտանիքի այսօրվա վիճակին։ Գումարի  տոկոսներն ու երեխաներին  հասանելիք նպաստները շատ չնչին են նորմալ  կյանքով  ապրելու  համար։ Եվ ծնողն իրավունք չունի անգամ հաշմանդամ կամ ծանր հիվանդությամբ տառապող երեխայի համար նույն նրան հատկացված գումարից  բացառության կարգով որոշ մաս  օգտագործել.

Նարինե Սարգսյանը  ապրում է Նորագյուղում։ 7 երեխա ունի։ 6-րդ և 7-րդ երեխաները երկվորյակներ են, այժմ արդեն 3 տարեկան։ Երբ մայրը զգաց, որ երեխաներից մեկը նորմալ չի  մեծանում, չի քայլում, չի լսում, սկսեց «դռնեդուռ» ընկնել։ ԼՂՀ  սոցապ և առողջապահության նախարարության աջակցությամբ  Երևանում ընդհանուր զննման տարավ  երեխային։  Պարզվեց, որ  փոքրիկը  երկարատև բուժման  և այլ  հոգածության  կարիք ունի, ինչը կապված է միջոցների հետ։ Իսկ միջոցներ Սարգսյանների ընտանիքը  ունի միայն  անձեռնմխելի  ավանդի տեսքով։

Գո՞ւցե  ստեղծվի հատուկ    հանձնաժողով և նման դեպքերում բացառություն արվի։ Ավելի  մարդկային ու ճիշտ չի՞ լինի, եթե  հատկացված գումարը օգնի  հիվանդ մանկանը ժամանակին  ոտքի կանգնելու։

Արցախում  հիմնախնդիրներ ունեն ոչ միայն բազմազավակ  ընտանիքները։ Նորաստեղծ ընտանիքի խնդիրները հոգալ կարողանալու երկյուղն ու  երկմտանքը կանգնած է դեռևս ամուսնության տարիքի հասած երիտասարդների առաջ, որոնց թիվը բավական մեծ է և Ստեփանակերտում, և  շրջաններում։ Ու եթե  մենք սիրում, մտահոգ ենք մեր  ապագայի հանդեպ, ապա ինչու չնպաստել  երիտասարդ ընտանիքների ամրությանը, հենց առաջին երեխայի  ծննդով ուրախության, երջանկության ավելացմանը, հոգս ու  կարիքի,  ամուսնալուծությունների նվազմանը։ Նորածնի մայրն  այսօր Արցախում միանվագ ստանում է ընդամենը 35 հազար դրամ։ Իսկ երեխային խնամելու,  գոնե  մինչև մեկ  տարեկան դառնալը նախատեսված գումարը  ծիծաղելի է անգամ նշել։ Ոչ մի  արտոնություն, ոչ մի  օգնություն։ Երեխա ես ունեցել՝ բարի եղիր պահել։ Չե՞ս կարող, կամ չե՞ս ուզում պահել՝ բաժանվիր, ճանապարհդ բաց է։ Մանավանդ, եթե չունես նաև  բնակարան, ուրեմն  չունես  կորցնելու ոչինչ, բացի  «շղթաներից»։

2007 թվականի  հունվարից Հայաստանում՝ ընտանիքում ծնված 3-րդ և հաջորդ նորածինների ծնողները միանվագ ստանում են երկու հարյուր հազարական դրամ։ Ղարաբաղում  ոչ միայն 3-րդ, այլև հենց առաջին երեխային  հասանելիք միանվագ գումարն ու նպաստների չափերը  վերանայելու խիստ անհրաժեշտություն կա։  Ինչը, կարծում եմ, նույնպես բավականին կնպաստի  բազմազավակության  խնդրին։

Վերջերս լույսի մի շող  ավելացավ բնակարանային հիմնախնդիր ունեցող  երիտասարդ ընտանիքների կյանքում։ ԼՂՀ  կառավարության  կողմից նախատեսված հիփոթեքային վարկերից օգտվելու հնարավորությունը ոգևորեց նրանց։ Թեև  որոշումն  ու կանոնակարգն ընդունվելուց հետո դուրս մնացին և «երիտասարդ ընտանիքներ» կապակցությունը և բնակարաններ նաև գնելու  հնարավորությունը, ինչը բավական  կհեշտացներ ու արդյունավետ կդարձներ գործընթացը։ Այնուամենայնիվ, երեւ-ույթը  ոգևորիչ է   առանձնապես նրանց համար, ովքեր երկար տարիներ ապրում են վարձով բնակարանում։  Միայն թե  նախատեսված վարկը ծառայի  բնակարանի կարիք ունեցող  ընտանիքների  ապրելակերպի  բարելավմանը,   այլ ոչ թե որոշ կազմակերպությունների կամ  «գործունյաների» համար կրկին ձեռքեր տաքացնելու նոր աղբյուր դառնա։

Մինչև 1988 թվականը Ստեփանակերտի քաղաքապետարանում արտոնյալ հերթերից բացի բնակարանային ընդհանուր  հերթում հույսով  սպասող հազարավոր մարդիկ կան։ Այսօր ոչ մեկին չի  հետաքրքրում այդ մարդկանց ճակատագիրը. քանի՜սն են  դեռ  նկուղներում, վարձով բնակարաններում, քանի՜սն է հուսահատվել, հեռացել։ Վերաբնակեցման ծրագրի համար միլիոններ ենք ծախսում, հազարներ խնայում պատերազմը դիմակայած ընտանիքների համար։ Իսկ արտոնյալ հերթերը գնալով չգիտես ինչու անվերջանալի են թվում։  Կյանքը պայքար է ամենուր։ Իսկ Ղարաբաղում պայքար է կրկնակի, եռակի,  քառակի, և ապրելու, վայելելու բաժին շատ քիչ բան է մնում։ Նախ հարգենք, սիրենք ու գնահատենք ինքներս մեզ, որ բարոյական իրավունք ունենանք նույնը պահանջել նաև  ուրիշներից։

Մելորա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————-

Իրավական

 ԼՂՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանի՝ 2007 թ. փետրվարի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած մտքերի, կարծիքների, արված հայտարարությունների կապակցությամբ ԼՂՀ Գլխավոր դատախազությունը հայտարարում է հետեւյալը.

2005թ. նոյեմբեր ամսում ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված` Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի եւ քաղաքային համայնքի 2003թ. հուլիսի 1-ից մինչեւ 2005թ. նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքում հայտնաբերվել էին մի շարք խախտումներ, որոնց վերացման անհրաժեշտության վերաբերյալ տեղեկացվել էր քաղաքապետարանը: Սահմանված ժամկետում այդ խախտումները չվերացնելու կապակցությամբ ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը 2006 թ. հուլիսի 24-ին դիմել էր ԼՂՀ Գլխավոր դատախազություն` օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու համար: 2006թ. սեպտեմբերի 23-ին ԼՂՀ Գլխավոր դատախազության կողմից ավարտվել են նշված դիմումի ստուգումները, որոնց արդյունքներով երեւան հանված իրավախախտումները ծնող պատճառներն ու նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար 24.09.2006թ. համապատասխան միջնորդագիր է ներկայացվել Ստեփանակերտի քաղաքապետարան:

Նշված ստուգումների ընթացքում հայտնաբերված իրավախախտումներից մեկն էլ այն է, որ 2005-2006թթ. ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման մասնակիցներից գանձված 1.584.000 դրամ մուտքագրվել է «Ստեփանակերտ» հիմնադրամի հաշիվը,  այն դեպքում, երբ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» կետի համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթների եւ աճուրդների կազմակերպման հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից գանձվող գումարները հանդիսանում են տեղական վճարներ, որն էլ «ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքի 30-րդ հոդվածի 1.3 կետի «ե» ենթակետի համաձայն« որպես տեղական վճարների գումար, պետք է մուտքագրվեր Ստեփանակերտի համայնքային բյուջե:

2006թ. ապրիլի 18-ին ԼՂՀ Գլխավոր դատախազություն էր մուտք գործել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Բ. Ս. Հարությունովի  դիմումն այն մասին, որ բազմիցս դիմել է Ստեփանակերտի քաղաքապետին՝ Ստարովոյտովայի փողոցում իրեն հողատարածք հատկացնելու խնդրանքով, որն անհիմն կերպով չի բավարարվել: Նշված դիմումը քննարկելու համար այն մեր կողմից ուղարկվել էր Ստեփանակերտի քաղաքապետարան: Սակայն հետագայում /13.01.2007թ./ Բ. Ս. Հարությունովը կրկին անգամ է դիմել Գլխավոր դատախազություն` դժգոհելով քաղաքապետարան ուղղված իր բազմաթիվ դիմումների անպատասխան մնալուց եւ բողոքարկելով քաղաքապետարանի գործունեությունը՝ նշելով, որ հողատարածք հատկացնելու մասին իր խնդրանքը քաղաքապետարանը անհիմն պատճառաբանությամբ մերժել է, սակայն քիչ անց այդ հողատարածքը նույն նպատակների համար« ինչ ինքն էր ուզում« քաղաքապետարանը հատկացրել է «Վիրա» ՓԲԸ-ին:

10.01.2007թ. ԼՂՀ Գլխավոր դատախազություն դիմում է ներկայացրել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ռ. Նալբանդյանը այն մասին, որ մասնակցելով Ստեփանակերտ քաղաքի Ա.Մանուկյան 15 հասցեում սրճարանի համար նախատեսված հողատարածքի աճուրդին, աճուրդային հանձնաժողովի կողմից ճանաչվել է հաղթող, սակայն որոշ ժամանակ անց քաղաքապետարանի կողմից տեղեկացվել է, որ հողատարածքը չեն կարող տրամադրել իրեն, քանի որ հատակագծով հողատարածքը նախատեսված չէ նման կառույցի /սրճարանի/ համար: Որոշ ժամանակ անց նա տեղեկացել է, որ այդ հողատարածքը Ստեփանակերտի քաղաքապետ Է. Աղաբեկյանի թիվ 1114 որոշմամբ, առանց մրցույթի կազմակերպման, հատկացվել է այլ անձի եւ նրա կողմից օգտագործվում է նույն նպատակների համար« այսինքն՝ սրճարան կառուցելու նպատակով, ինչը, ըստ քաղաքապետարանից իրեն ուղղված պատասխանի, հնարավոր չէր։ Ռ. Նալբանդյանը խնդրում էր պաշտպանել իր ոտնահարված իրավունքները:

Վերը նշված փաստերը ստուգելու նպատակով ԼՂՀ Գլխավոր դատախազության կողմից 2007թ. հունվարի 15-ից նախաձեռնվեցին ստուգումներ Ստեփանակերտի քաղաքապետարանում: Ստուգումների ընթացքում հայտնաբերված իրավախախտումներն անհրաժեշտություն առաջացրին իրավախախտումների պատճառները եւ մեղավոր անձանց շրջանակները բացահայտելու եւ հստակեցնելու նպատակով ընդլայնել ստուգումների շրջանակները, ինչի մասին 01.02.2007թ. Գլխավոր դատախազությունից գրությամբ իրազեկվել է Ստեփանակերտի քաղաքապետ Է.Աղաբեկյանը:

Առ այսօր ստուգումների ընթացքում հայտնաբերվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում` դիմումներում բարձրացված փաստերի առնչությամբ:

Բացահայտվել են մի շարք դեպքեր, երբ հողահատկացումները եւ քաղաքաշինական գործունեությունը կատարվում են ԼՂՀ հողային օրենսգրքի, «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքի, «Ստեփանակերտում կառուցվող շենքերի եւ շինությունների հողահատկացումների եւ նախագծերի համաձայնեցման մասին» Կառավարության 22.08.2005թ. թիվ 324 որոշման պահանջների կոպիտ խախտումներով, հայտնաբերվել են նաեւ դիմումների ընթացքավորման եւ պատասխանների տրման անհիմն ձգձգման մի քանի տասնյակ փաստեր:

Իսկ հողահատկացման բնագավառում Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից իրականացվող քաղաքականության համատեքստում օրենքով պարտադիր համարվող` համայնքի զարգացման ծրագրի հետ ծանոթացումը հնարավոր չէր շատ պարզ պատճառով. այն ընդհանրապես գոյություն չունի, այսինքն` խախտվել են «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքի 51-րդ, 52-րդ հոդվածների պահանջները:

«ԼՂՀ տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ եւ 52-րդ հոդվածներին համապատասխան՝ համայնքի ղեկավարն ընտրվելուց հետո առաջին տարեկան բյուջեն ներկայացնելիս, միաժամանակ, համայնքի ավագանուն պետք է ներկայացնի համայնքի զարգացման եռամյա ծրագիրը: Վերոնշյալ հոդվածների պահանջից բխում է, որ համայնքի ղեկավարն ամեն տարի՝ հերթական տարվա բյուջեի նախագիծը մշակելիս« դրա հիմքում պետք է դնի համայնքի զարգացման եռամյա ծրագրի մասը կազմող տարեկան զարգացման ծրագիրը։ «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքի վերոհիշյալ պահանջը չի կատարվել։ Մինչդեռ համայնքի զարգացման, եռամյա եւ հեռանկարային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը միասին վերցված հնարավորություն են տալիս պլանավորման ողջ գործընթացին հաղորդել համալիր եւ նպատակաուղղված բնույթ եւ դրանցից յուրաքանչյուրի բացակայությունը թերարժեք է դարձնում համայնքի զարգացման գործընթացը, դրա արդյունավետությունը։

Քաղաքապետարանում փորձեր էին արվում համայնքի զարգացման ծրագրի բացակայությունը պատճառաբանել համայնքի զարգացման համար համապատասխան զարգացման բազա չլինելով: Մինչդեռ, ստուգմամբ պարզվել է, որ համայնքը զարգացման համար ունի բավարար բազա, ինչի մասին վկայում են համայնքի բյուջեի եկամտային մասի տվյալները:

Անհրաժեշտ է նշել նաեւ, որ եռամյա ծրագրի բացակայությունը ոչ միայն անդրադառնում է համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, այլեւ համայնքի ավագանու գործունեության վրա։

Մինչ օրս Ստեփանակերտի քաղաքապետարանում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված իրավախախտումներից երկուսի կապակցությամբ արդեն իսկ կայացվել են դատավարական որոշումներ, իսկ մյուսներին վերաբերող հանգամանքների ստուգումները դեռ շարունակվում են:

Այսպես« ԼՂՀ Գլխավոր դատախազության կողմից 09.02.2007թ. հարուցվել է թիվ 122003.07 քրեական գործը` նախատեսված ԼՂՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածով` մի խումբ անձանց կողմից խարդախություն կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու միջոցով մի քանի հողատարածքների տիրանալու փաստի առթիվ:

Մյուս իրավախախտման` քրեական հանցագործության /պաշտոնեական լիազորություններն անցնելը/  հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ, որը կատարվել էր քաղաքապետ Է. Աղաբեկյանի կողմից, քրեական հետապնդում չի իրականացվում համաներում կիրառելու հիմքով: Հանցանք կատարած անձի` Ստեփանակերտի քաղաքապետ Է. Աղաբեկյանի 2007թ. փետրվարի 23-ին տրված համաձայնությամբ իր նկատմամբ կիրառվելու է «Համաներում հայտարարելու մասին» Ազգային ժողովի որոշումը« եւ Է. Աղաբեկյանը ազատվելու է քրեական պատասխանատվությունից` համաձայն ԼՂՀ քրեական օրենսգրքի  82-րդ  հոդվածի եւ ԼՂՀ  քրեական դատավարության օրենսգրքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի:

Հանցավոր արարքը կատարվել է 2006 թվականին: Այսպես, Ստեփանակերտի քաղաքապետ Է. Աղաբեկյանի 2005թ. մարտի 25-ի թիվ 200 որոշմամբ Հեքիմյան փողոցի բնակիչ Ս.Սարգսյանին Մ.Գոշ փողոցում առեւտրային սրահ կառուցելու համար 25,6 քառ. մ մակերեսով հողատարածք է հատկացվել, ինչը բողոք է առաջացրել Մ.Գոշ փողոցի համապատասխան շենքի բնակիչների մոտ, որոնց մի մասը տարբեր ժամանակներում դիմել էր քաղաքապետին` վերոհիշյալ տարածքում առեւտրային սրահ կառուցելու նպատակով հողատարածք հատկացնելու համար, բայց ստացել էր անհիմն մերժում: Խախտելով ԼՂՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն հողահատկացումները կատարվում են մրցութային եղանակով, ինչպես նաեւ խախտելով քաղաքաշինական տարրական նորմերը, չապահովելով նվազագույն օրինական պայմանները, քաղաքապետ Է. Աղաբեկյանը, քաջ իմանալով օրենքների պահանջների մասին, 13.04.2006 թ. որոշմամբ Մ.Գոշ փողոցում կատարել է ապօրինի հողահատկացումներ:

Գտնում ենք« ճիշտ կլիներ՝ Է. Աղաբեկյանը  զբաղվեր օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ստեփանակերտցիներին հուզող խնդիրների լուծմամբ« այլ ոչ թե քաղաքականացներ իր գործառույթները եւ պարտականությունները` ապակողմնորոշելով հանրությանը։

Քաղաքացիների բողոքների հիման վրա Գլխավոր դատախազության կողմից քաղաքապետարանում անցկացվող ստուգումները որակելով իբրեւ իր անձի գործունեության ստուգում՝ Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանը դրանով իսկ հիմք է տալիս փաստելու մայրաքաղաքի բնակիչների մտահոգություններն անձնական շահագրգռություններով  առաջնորդվելու գործելաոճը« որի հանդեպ ԼՂՀ դատախազությունն անտարբեր լինել չի կարող։

Ստեփանակերտի քաղաքապետարանում ստուգումների հետագա ընթացքի մասին ԼՂՀ Գլխավոր դատախազությունը կիրազեկի հասարակությանը:

————

Պարզաբանում է քաղաքապետ Էդ. Աղաբեկյանը

 ԼՂՀ գլխավոր դատախազության հաղորդագրության կապակցությամբ

Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենսդրության համաձայն՝ Ստեփանակերտի քաղաքապետը յուրաքանչյուր եռամսյակի (տարվա) ավարտից հետո պետք է հաշվետվություն ներկայացնի համայնքի ավագանուն և բնակչությանը, ինչը պարբերաբար կատարվում է քաղաքապետի կողմից: Հերթական ասուլիսից հետո ԼՂՀ հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված և «Ազատ Արցախ» թերթում հրապարակված ԼՂՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ պարունակված նյութերի առթիվ և բնակիչների բազմաթիվ դիմումներին ի պատասխան ստիպված եմ տալ մի շարք պարզաբանումներ: Դատախազության հաղորդագրության մեջ հնչեցված մի շարք նյութեր հեռու են իրականությունից, ավելին` միտումնավոր խեղաթյուրելով փաստերը, հակված եմ մտածելու, որ ԼՂՀ գլխավոր դատախազությունը հետապնդել էր այլ նպատակներ:

Իրականում ես ասել եմ, որ առանց գրավոր հիմքի ԼՂՀ գլխավոր դատախազության կողմից ս.թ. հունվարի 15-ից մինչև 30-ը քաղաքապետարանում իրականացվել են համալիր ստուգումներ, ինչի իրավունքը չունի ԼՂՀ դատախազությունը: Մեր գրավոր դիմումը ԼՂՀ դատախազությանը` ձեռնարկված քայլերը  մեկնաբանելու մասին, փետրվարի 2-ից առ այսօր մնում է անպատասխան:

Հիմա հաղորդագրությունում նշված փաստերի մասին.

1. 2005-2006թթ. աճուրդների մասնակիցներից գանձված վճարների կապակցությամբ`

այդ վճարները` 1.584.000 դրամի չափով մուտքագրվել են Ստեփանակերտ հիմնադրամ և ծախսվել ըստ հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատված ծրագրերի, ինչը, ի դեպ, մեկ առ մեկ ստուգվել է 2006թ. աշնանը ԼՂՀ գլխավոր դատախազության և ֆինանսների նախարարության մասնագետների կողմից: Նշված գումարը համայնքային բյուջե մուտքագրելու համար 2007թ. համայնքի բյուջեում այն (ընդունված ավագանու կողմից 2007թ. հունվարին) առանձին տողով արձանագրվել է որպես համայնքային եկամուտ: Ինձ համար անհասկանալի է այս պարզ ճշմարտությունը և իմ կողմից ձեռնարկված քայլերը ծուռ հայելում ներկայացնելու փորձը:

2. Քաղաքացի Բ.Ս.Հարությունյանի դիմումի առթիվ` վերջինս դիմել է քաղաքապետարան մի քանի անգամ: Այսպես.

Իսակովի փողոցի շրջակայքում շինանյութերի խանութ կառուցելու համար` 08.10.2003թ.

Ա.Առաքելյան փողոցում խանութ կառուցելու համար` 13.09.2005թ.

Իսակով փողոցում ավտոտնակի 2-րդ հարկում խանութ կառուցելու համար`15.10.2005թ.

նույն տեղում գրասենյակ կառուցելու համար`  04.09.2006թ.

Դիմումներից ոչ մեկն էլ անպատասխան չի մնացել, ինչպես ներկայացված է հաղորդագրության մեջ` ապակողմնորոշելով քաղաքացիներին:

Ինչ մնում է Ստարովոյտովայի փողոցի շրջակայքում քաղաքացի Բ. Հարությունյանի կողմից ինքնակամ զավթված տարածքը այլ իրավաբանական անձի հատկացնելուն, ապա կարծում եմ դատախազությանը քաջ հայտնի է, որ դեռևս 2003թ. ԼՂՀ կառավարության թիվ 366 որոշմամբ Ազատամարտիկների փողոցի նորակառույց շենքերի բակերի վերանորոգման և խաղահրապարակների կառուցման համար «Վիտո» ընկերությանը ԼՂՀ պետական բյուջեից տրամադրվել է դրամական փոխհատուցում և առաջարկվել նոր տարածք Ստարովոյտովայի փողոցի շրջակայքում` գործունեությունը շարունակելու համար: Վերջինիս իրավունքը այդ տարածքի հանդեպ ստացել է պետական գրանցում, հետևաբար՝  քաղաքացի Հարությունյանը իր իրավունքների պաշտպանության հարցով պետք է դիմեր ոչ թե քաղաքապետարան, այլ դատարան:

3. Քաղաքացի Ռ.Նալբանդյանի դիմումի առթիվ` ըստ ԼՂՀ գլխավոր դատախազության հաղորդագրության՝ Ռ.Նալբանդյանը մրցույթում հաղթող է ճանաչվել, սակայն քաղաքապետը առանց մրցույթի կազմակերպման տարածքը հատկացրել է այլ քաղաքացու: Այս 2 (ի դեպ իրարամերժ) փաստերն էլ չեն համապատասխանում իրականությանը: Իսկ պարզ ճշմարտությունը հետևյալն է` ըստ գլխավոր հատակագծի՝ Ա.Մանուկյան 15 շենքին հարակից նախատեսված է սրճարանի կառուցում: Այդ նպատակի համար դեռևս 2005թ. հայտարարվել էր մրցույթ: Մրցույթը ըստ օրենքի չի կայացվել հայտատուներից մեկի բացակայության պատճառով, այնուհետև հայտարարվել է կրկնակի մրցույթ, ինչը ևս չի կայացել` հայտերի բացակայության պատճառով: Նման դեպքերում քաղաքապետը իրավասու էր կայացնել որոշում, ինչն էլ իրականացվել է Աղաբեկյանի կողմից: Այսքանի մասին տեղյա՞կ էին դատախազության ներկայացուցիչները: Իհարկե, քաջատեղյակ էին: Այս դեպքում ինչո՞ւ է ապատեղեկացվում հանրությանը` հայտարարելով, թե իբր քաղաքապետը որոշում է ընդունել առանց մրցույթի կազմակերպման: Չենթադրե՞մ, որ նպատակը փաստերն արձանագրելը չէ, այլ …

4. Ըստ հաղորդագրության՝ ԼՂՀ դատախազությունը բացահայտել է մի շարք դեպքեր, երբ քաղաքապետարանի կողմից կոպիտ խախտվել են ԼՂՀ կառավարության թիվ 324 որոշման պահանջները: Իսկ ի՞նչ է պահանջում այդ որոշումը: Այն է` Ստեփանակերտում կառուցվող շենքերի, շինությունների հողհատկացումները համաձայնեցնել քաղաքաշինության նախարարության հետ սահմանված կարգով, կրկնում եմ «սահմանված կարգով», կարգ, որը առ այսօր չի սահմանված, չկա, գոյություն չունի: Այսքանից հետո ի լուր հանրությանը, հայտարարել, թե քաղաքապետը կոպիտ խախտել է գոյություն չունեցող կարգը, համաձայնեք, որ լավ երևակայություն պետք  է ունենալ նման պնդման համար:

5. Ըստ գլխավոր դատախազության հաղորդագրության Էդ. Աղաբեկյանը 2006թ. կատարել է  հանցավոր արարք` 2005թ. մարտի 25-ին թիվ 200 որոշմամբ քաղաքացի Ս.Սարգսյանին Մ.Գոշ փողոցի շրջակայքում 25 քառ.մ տարածք հատկացնելով: Ի գիտություն հանրությանը հայտնում եմ, որ դեռևս 2000թ. քաղաքացի Ս. Սարգսյանին տարածք էր հատկացվել` ավտոկայարանին հարակից: Կապված Ազատամարտիկների փողոցի վերանորոգման աշխատանքների հետ, Ս.Սարգսյանին պատկանող կրպակը տեղափոխվել էր ԱրՊՀ-ին հարակից տարածք: Համալսարանի բակի բարեկարգման ժամանակ անհրաժեշտություն էր առաջացել կրպակի ապամոնտաժման: Հաշվի առնելով, որ նախկինում Ս.Սարգսյանին հատկացված էր տարածք  (նախապատվության իրավունք) և այն, որ Ս.Սարգսյանը Սումգայիթից փախստական է, հաշմանդամ` սրտի վիրահատության արդյունքում ու նախկին ազատամարտիկ ամուսնու մահանալուց հետո միայնակ խնամում է 2 անչափահաս երեխաների: Քաղաքապետը որոշում է կայացրել (չխախտելով օրենսդրական ոչ մի  նորմ) համալսարանին կից կառուցվելիք տաղավարաշարում Ս.Սարգսյանին տարածք հատկացնելու մասին: Թե սրանում ո՞րն է հանցանքս, չգիտեմ: Գիտեմ միայն, որ որպես հանցագործություն կատարած անձ իրավունք ունեմ ծանոթանալու ինձ վերաբերվող քրեական գործի հետ, ինչի կապակցությամբ էլ հրապարակավ դիմում եմ ԼՂՀ գլխավոր դատախազ պարոն Զալինյանին` համապատասխան նյութերը տրամադրելու համար:

Գալով գլխավոր դատախազության եզրահանգմանը, ըստ որի «… գտնում են, որ ճիշտ կլիներ Էդ. Աղաբեկյանը զբաղվեր օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը, այլ ոչ թե քաղաքականացներ իր գործունեությունը», հիշեցնեմ, որ համայնքի ղեկավարի պաշտոնը քաղաքական է, իրենց իսկ բառերով դիմում եմ իրենց՝ զբաղվել սեփական լիազորություններով, այլ ոչ թե հանրությանը ապակողմնորոշելով, ինչպես վերոնշյալ հաղորդագրության մեջ` մի շարք փաստերի խեղաթյուրմամբ:

——————————————————————————————-

Տարածաշրջան

ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՍՈՒՆԻ-ՇԻԱ ԲԱԽՈՒՄՆԵ՞ՐԸ  

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Երեւան
Հատուկ «Դեմո»-ի համար

Միջին Արեւելքում իսլամի երկու գլխավոր՝ սունի եւ շիա ուղղությունների միջեւ հակամարտությունները դարձել են օրակարգային, իրենց վրա սեւեռելով արեւմտյան եւ տարածաշրջանի ԶԼՄ-ների ու վերլուծաբանների ուշադրությունը, որոնք հաճախ նախազգուշացնում են դրանց բռնկման անկանխատեսելի հետեւանքների մասին: Ահավասիկ, «Շիականության վերածնունդ» կամ «Իսլամական աշխարհի ներքին հակասություններն ինչպես են ձեւավորելու ապագան» («The Shia Revival, How conflicts within Islam will Shape the Future») գիրքը, որը 2006թ. մեծագույն պահանջարկ ունեցող գրքերի թվին է դասվել: Ըստ իսլամագետ Մեհդի Խալաջիի՝ գրքի բուն ասելիքն այն է, որ Միջին Արեւելքի վերջին տարիների զարգացումները հանգել են տարածաշրջանում նոր ուժի ի հայտ գալուն, որը խառնել է տարածաշրջանում առկա հաշվարկները: Շիաներն աննախադեպ հզորացել են իսլամական աշխարհում, հետեւաբար՝ Միջին Արեւելքում միջազգային ռազմավարության լիովին վերանայման անհրաժեշտություն է ծագել: Գրքի հեղինակ Վալի Նասրը ԱՄՆ Ծովուժի բարձրագույն դպրոցի (Navel postgraduate School) դասախոս է, ով երկար տարիներ ուսումնասիրել է շիաների վիճակը տարբեր, մասնավորապես, Միջին Արեւելքի երկրներում: Խալաջիի կարծիքով, «Շիականության վերածնունդը» ակադեմիկ իսլամագիտության առումով բավական թույլ է, այն ավելի շուտ հասցեագրված է Միացյալ Նահանգներում քաղաքական որոշումներ ընդունողներին (BBC Persian. com):

Վերլուծաբանները շիա-սունի հակամարտությունների բռնկումը հակված են պատճառաբանելու իրաքյան զարգացումներով: Բրիտանական «Էկոնոմիստ» շաբաթաթերթը «Ահագնացող ճեղքվածք» վերնագիրը կրող ծավալուն հոդվածում, վկայակոչելով Իրաքում տեղի ունեցած բռնությունները՝ շեշտել է, որ Միջին Արեւելքի պատմության մեջ իսլամի նշյալ ուղղությունների միջեւ այդօրինակ խորը ճեղքվածքն աննախադեպ է: Մինջին Արեւելքի հարցերով փորձագետ Ահմադ Զեյդաբադին, նշելով, որ 2006թ. փետրվարի 12-ին Իրաքի Սամարա քաղաքում շիաների 11-րդ եւ 12-րդ սրբերի դամբարանների պայթեցման նպատակն Իրաքում շիաների եւ սունիների միջեւ հակամարտության սրումն էր, որը, թերեւս, իրականացվել է: Նա, իրավամբ, նշում է, որ մինչեւ այդ շիաները, իրենց հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Սիստանիի հորդորներով, սունի մահապարտների գործողությունների հանդեպ, զսպվածություն էին դրսեւորում: Զեյդաբադին նշում է, որ Սամարայի ահաբեկչությունների առաջին տարելիցին Իրանի կրոնական ուսումնական հաստատություններում ոչ աշխատանքային օր հայտարարելը, կրոնա-քաղաքական հայտնի դեմքերի կողմից նշյալ սրբավայրերի ոչնչացման վերաբերյալ դիրքորոշում արտահայտելը խոսում են այն մասին, որ Իրանի կրոնա-քաղաքական ղեկավարությունն այդ երկիրը համարելով աշխարհի շիականության կենտրոնը, կարծում է, որ աշխարհում շիաներին առնչվող ցանկացած իրադարձություն եւ դեպք նաեւ Իրանին է վերաբերում: Նա նշում է, որ Թեհրանի վերազգային այդօրինակ դիրքորոշումը վերածվել է  Իրանի եւ այլ, մասնավորապես արաբական երկրների միջեւ լուրջ խնդրի, որը եթե թափանցիկությամբ չլուծվի, իսլամական աշխարհում սունի-շիա բախումների բռնկման հավանականությունը կտրուկ աճլու է:

«Էկոնոմիստ» շաբաթաթերթն, անդրադառնալով նաեւ Իրանի նախագահ Ահմադինիժադիի տեսակետին խնդրո առարկայի վերաբերյալ, նշել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն բորբոքում են սունի-շիա հակամարտությունները, որպեսզի կողոպտեն նրանց հարստությունը: Իսկ Եգիպտոսի իսլամ ծայրահեղական «Ախավան ալ Մոսելմին» (մուսուլման եղբայրներ) կազմակեպության առաջնորդ Մոհամեդ Մեհդի Աաքաֆի կարծիքով՝ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից սունիների շրջանում շիաների հանդեպ սարսափ տարածելու նպատակը մահմեդականների ուշադրությունը Պաղեստինի խնդրից շեղելն է:

Այսուհանդերձ, հարկ է նշել, որ սունի-շիա հակասությունների սրման արմատները պետք է փնտրել Աֆղանստանում նախկին ԽՍՀՄ-ի դեմ Միացյալ Նահանգների վարած պատերազմում, քանզի այն ուղղված էր նաեւ շիա Իրանի դեմ: Այլ կերպ ասած՝ անցյալ դարի 80-ականներին, երբ Իրանում հաստատվել էր իսլամական վարչակարգ, իսլամական աշխարհի առաջնորդության հարցում սունի Սաուդյան Արաբիան մրցակցում էր շիա Իրանի հետ: Աֆղանստանում այս առումով ստեղծված նպաստավոր պայմաններն օգտագործելով՝ Էր Ռիյադը լուրջ ջանքեր էր գործադրում իսլամի սունի ուղղության վահաբական աղանդը տարածելու հարցում, մանավանդ, որ մոջահեդներին գլխավոր ֆինանսավորողներից էր, ինչը խրախուսում էր Արեւմուտքը: Էր Ռիյադն այդ նպատակով անգամ ձեւավորել էր փուշտուական Իսլամական միություն մոջահեդական խմբավորումը՝ Աբդուլռասուլ Սայաֆի գլխավորությամբ, որը հետագայում միացավ թալիբներին: Վահաբական թալիբները, որոնց իշխանությունը պաշտոնապես ճանաչող 3 պետություններից մեկը Սաուդյան Արաբիան էր, եւ «Ալ Կաիդան», խիստ հակաշիական դիրքորոշում ունեին, նույնիսկ նրանց մահմեդական չէին համարում: Ահա թե ինչու Աֆղանստանում թալիբների իշխանության ոչնչացումը համընկնում էր նաեւ Իրանի շահերին:

Միջին Արեւելքի արաբական երկրներում իշխանության ղեկի մոտ կանգնած են եղել սունիները, անգամ այն երկրներում, որտեղ բնակչության մեծամասնությունը շիա է, ինչպես, օրինակ, Բահրեյնում (75 տոկոս) եւ Իրաքում (65 տոկոս), սակայն Սադամի վարչակարգի կործանումից հետո այդ երկրի պատմության մեջ առաջին անգամ Միացյալ Նահանգների հովանավորությամբ իշխանության են եկել շիաները, ինչը, բնականաբար, չէր կարող չվրդովեցնել արաբական երկրներին: Իշխանությունից զրկված սունի արաբները (շիաների հետ սերտ համագործակցող քրդերը եւս սունի են) չէին հաշտվում իրականության հետ, առերեւույթ հենց դա էր Սամարայի ահաբեկչական գործողությունների գլխավոր դրդապատճառը: Քայլ, որը գրգռել է շիա ծայրահեղականներին ընդդեմ սունիների, որոնք նույնանման գործողությունների են դիմում: Հետեւաբար, Իրաքում ուժգնացել են սունի-շիա բախումները, աննախադեպ աճել է անմեղ զոհերի թիվը, առկա է իրադրությունն  անվերահսկելի դառնալու վտանգ:     Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրում են ծայրահեղ շիաներին աջակցելու մեջ, հանգամանք, որի բերումով արաբական որոշ երկրներ Իրանի իրաքյան քաղաքականության նկատմամբ բացասաբար են տրամադրել, ինչին նպաստում են նաեւ Իրանի դեմ արաբական «չափավոր» երկրների կոալիցիա կազմելու՝ Վաշինգտոնի ջանքերը: Հորդանանի արքա Աբդուլահ 2-րդը ժամանակին առաջինն էր նախազգուշացրել Միջին Արեւելքում «շիական մահիկի» ձեւավորման մասին: Հետագայում  Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, իսլամական աշխարհի շիաներին նմանեցնելով հրեաներին, նրանց մեղադրել է սեփական երկրի փոխարեն Իրանին հավատարիմ լինելու մեջ: Լիբանանի շիա «Հեզբոլահ»-Իսրայել 34-օրյա բախումները, որոնք սկսվել էին վարչապետ Ֆոադ Սինյորեին տեղյակ չպահելով, արաբական երկրների ղեկավարները մեկնաբանեցին իբրեւ Իրանի դրդմամբ կատարված քայլ:

Այլ կերպ ասած՝ եթե արաբ ղեկավարներին մտահոգում էր շիաների հովանավորությամբ Իրանի ազդեցության ընդլայնումը տարածաշրջանում, ապա արաբական աշխարհի բնակչությունը հովանավորում էր «Հեզբոլահին»: Սակայն Սադամ Հուսեյնի մահապատժի վճիռը սունիների կրոնական խոշորագույն տոնի՝ զոհաբերության (Էյդե կուրբանի) օրն ի կատար ածելն եւ այդ արարողությունից գաղտնի նկարահանության ցուցադրումը, արաբներից շատերը համարում են Իրաքում շիաների հաղթանակի անպատշաճ դրսեւորում, նրանք փոխել են իրենց վերաբերմունքը շիաների եւ Իրանի նկատմամբ:

Նկատի ունենալով այն, որ Իրաքի կառավարությունն առանց ԱՄՆ-ի համաձայնության որեւէ քայլ չի կատարում, կարելի է ենթադրել, որ շիա-սունի բախումներում այլ ուժեր եւս շահագրգիռ են: Ավելին՝ եթե Արեւմուտքը Իրաքում հովանավորում է շիաների իշխանությունը, ապա Լիբանանում սունիների, այլ կերպ՝  թերեւս գործում է «բաժանիր, որ տիրես» բոլոր ժամանակների քաղաքականությունը:

ԱՄՆ-ԻՐԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ

Մարտի 10-ին Բաղդադում տեղի է ունեցել Իրաքում անվտանգություն ու կայունություն ապահովելու հարցին նվիրված համաժողով 13 երկրների՝ Իրաքի հարեւաններ Իրանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Հորդանանի եւ Քուվեյթի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) մշտական անդամներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ Արաբական Լիգայի եւ Իսլամական Համաժողով կազմակերպությունների եւ Եգիպտոսի ու Բահրեյնի ներկայացուցիչների մասնակցությամբ, ընդ որում՝ Իրանը, Սիրիան եւ Սաուդյան Արաբիան համաժողովին մասնակցում էին ԱԳ փոխնախարարների, իսկ մյուսները դեսպանների մակարդակով:

Նշենք, որ դեռեւս փետրվարի 1-ին Իրաքի կառավարությունը հայտնել էր, որ Իրաքում անվտանգության հաստատմանն աջակցելու նպատակով այդ երկրի հարեւանների մասնակցությամբ համաժողով է հրավիրելու: Նույն օրը Իրաքի ԱԳ նախարարության մի պաշտոնյան նշել էր, որ հարեւան երկրներին արդեն իսկ հրավերներ են ուղարկվել: Ավելի վաղ Սիրիան, պատրաստակամություն հայտնելով Իրաքում իրավիճակի կարգավորման հարցում համագործակցելու, այդօրինակ համաժողով գումարելու կոչ էր արել: Բացի այդ, մարտի 4-ին Արաբական լիգայի երկրների ԱԳ նախարարների նիստում կազմակերպության գլխավոր քարտուղար Ամր Մուսան եւս իրաքյան խնդրի լուծման վերաբերյալ ներկայացրել էր նոր նախագիծ: Այդ նախագծի համաձայն՝ անհրաժետ է վերանայել Իրաքի Սահմանադրությունը եւ դրանում վերացնել այն դրույթները, որոնք քրդերին ու շիաներին արտոնություն են տալիս: Ապա, ըստ նախագծի, պետք է հստակեցվեն օտարերկրյա ուժերի շուտափույթ դուրսբերման ժամկտները այդ երկրից, զինաթափվեն զինված խմբավորումները եւ արդարացիորեն բաշխվեն երկրի եկամուտները, այլ կերպ՝ այդ նախագիծը գլխավորապես ի շահ սունիների է:

Ի դեպ, 15-20 օր առաջ Իրաքի կառավարությունը նավթի եկամուտները երկրի 18 նահանգների միջեւ ըստ բնակչության քանակի բաշխելու օրինագիծ է ներկայացրել խորհրդարանին, ինչը հօգուտ սունիների է, որոնք բնակվում են երկրի կենտրոնական հատվածում, որտեղ նավթի պաշարներ գրեթե չկան: Մուսան շեշտել է, որ այս առաջարկությունները պետք է բանաձեւի տեսքով հաստատվեն ԱԽ-ում, բանաձեւ, որի իրագործումը պարտադիր կլինի բոլոր կողմերի համար: Մարտի 5-ին Իրաքի ԱԳ նախարար Հոշիյար Զիբարին, ի պատասխան Մուսայի ներկայացրած նախագծի, նշել է, որ ջանքեր են գործադրվում Իրաքի հարցը միջազգայնացնելու ուղղությամբ, ինչին խիստ դեմ է պաշտոնական Բաղդադը, քանզի Իրաքում հաստատվել են ժողովրդի ընտրյալ իշխանությունները, որոնք ի վիճակի են առկա խնդիրները ինքնուրույն լուծել: Նա հույս է հայտնել, որ բաղդադյան համաժողովը կնպաստի տարածաշրջանում լարվածության թուլացմանը, Իրաքի հարեւաններն այդ երկրում խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու հարցում աջակցելու պատրաստակամություն կհայտնեն:

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը բաղդադյան համաժողովի մասին իր առաջին արձագանքի ժամանակ շեշտել էր, որ այն կապացուցի, թե Իրանն ու Սիրիան որքանով են պատրաստ համագործակցել Իրաքի խնդիրների լուծման գործում: Նա նշել է, որ ապրիլին գումարվելու է մասնակից երկրների ԱԳ նախարարների համաժողով, որին կմասնակցեն նաեւ զարգացած արդյունաբերական երկրների 8-յակի ԱԳ նախարարները:

Բաղդադյան համաժողովը, որում նախագահել է այդ երկրի վարչապետ Նուրի Ալ Մալեքին, նպատակ ուներ Իրաքում կայունություն եւ անվտանգություն հաստատելու ուղիներ փնտրել, սակայն ինչպես ենթադրվում էր, այն թերեւս նախադրյալներ է ստեղծել հաջորդ համաժողովի համար, որն, ըստ «Սանդեյ թայմսի», տեղի կունենա Թուրքիայում, եւ նախնական բնույթ է կրել: Իրանի պատվիրակության ղեկավար, Ֆինլանդիայում Իրանի նախկին դեսպան, իրավական եւ միջազգային հարցերով ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին այն կառուցողական գնահատելով, շեշտել է օտարերկրյա ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը Իրաքից:

Միջազգային ԶԼՄ-ներն ու քաղաքական շրջանակներն համաժողովում առավելապես կարեւորում էին Իրանի եւ ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը: ԱՄՆ պատվիրակության ղեկավար, Իրաքում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Զալմայ Խալիլզադը, ով, ըստ բրիտանական «Սանդեյ թայմս» շաբաթաթերթի, ձեռքով բարեւել եւ պարսկերենով մի քանի նախադասությամբ հաղորդակցվել է Արաղչիի հետ, խոսելով համաժողովի արդյունքների մասին, նշել է, որ դրանք, չպետք է ուճացնել եւ ոչ էլ թերագնահատել: ԱՄՆ Պետքարտուղարությունում Իրաքի հարցերի կոորդինատոր Դեյվիդ Սաթրֆիլդը, ով Միացյալ Նահանգների պատվիրակության կազմում մասնակցելու է համաժողովի աշխատանքներին, նշել էր, որ համաժողովի շրջանակներում որեւէ երկկողմ բանակցություններ տեղի ունենալը կախված կլինի Իրանի եւ Սիրիայի դիրքորոշումներից: Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ թեեւ ԱՄՆ-Իրան հանդիպումը համաժողովում խորհրդանշական բնույթ է կրել, սակայն այն կնպաստի Վաշինգտոն-Թեհրան փոխհարաբերություններում պատնեշի թուլացմանը:

Այսուհանդերձ, Սպիտակ տունը, ինչպես ենթադրվում է, Իրաքի ճգնաժամի հարցում ակնկալում է Իրանի առանց որեւէ նախապայմանի համագործակցությունը, կարծելով, թե այդ երկրում խաղաղության հաստատումը հավասարապես ի նպաստ ԱՄՆ-ի եւ հարեւան երկրների է, այլապես Իրաքում ճգնաժամի խորացումը սպառնալու է նաեւ հարեւաններին: Փորձագետ Ահմադ Զեյդաբադիի կարծիքով, ԱՄՆ-ն ներկա դրությամբ ձգտում է Իրանին հարկադրել, որ Իրաքի ճգնաժամն իբրեւ ճնշման լծակ ընդդեմ ԱՄՆ-ի չօգտագործի: Ի դեպ, պաշտոնական Բաղդադը եւս կարծում է, որ Իրաքը վերածվել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ «հաշիվ մաքրելու» վայրի, ուստի ջանք չի խնայում, որ նրանց հակամարտությունը վերածվի համագործակցության: Այլ կերպ ասած, ինչպես Ալ Մալեքին է ասել՝ «հաշիվներ մաքրելու» վայրն անհրաժեշտ է Իրաքից տեղափոխեն այլ տեղ:

——————————————————————————————-

Մշակույթ

ՇԻՐՄԱՔԱՐԵՐԸ ՈՉ ԹԵ ՄԵՐ ՊԱՏԱՆԴՆԵՐՆ ԵՆ, ԱՅԼ ԿՌՎԱՆՆԵՐԸ

Անուն հանած բարերարներ են եղել շուշեցիներ Առաքելով եղբայրները, Թադեւոս Բաբայի Թամիրյանցն ու բաքվաբնակ արցախցի Ղազարոս Մայիլյանը: Առաքելով եղբայրների սեփական միջոցներով Շուշիում կառուցվել են հսկա երկհարկանի ռեալական ուսումնարանի շենքն ու նրա մերձակա աղբյուրը, Մայիլյանն անցկացրել է Գանձասարի յոթ կիլոմետրանոց ջրատարը, իսկ Թադեւոս Թամիրյանցը՝ 19 կիլոմետրանոց Սարի Բաբա- Շուշի ջրատարը: Մանրամասներ այս մասին չեմ ուզում ներկայացնել, քանի որ քանիցս առիթ եմ ունեցել գրելու, պարզապես ստիպված եմ ևս մեկ անգամ անդրադառնալ Թադեւոս Թամիրյանցի հիշատակը հավերժացնող շիրմաքարին, որը, թեկուզ ջարդված, նորից իր տեղը դնելը դժվար, կամ էլ մի տեսակ անլուծելի «խնդիր» է դարձել, չնայած նրա եւ մյուս՝ հարեւանությամբ գտնվող շիրմաքարերի ներկայումս գտնվելու վայրը իրենց իսկական տեղից հեռու է ընդամենը 100 մետրով, սակայն՝ աղբանոցում, այն էլ փակ՝ ժողովրդին անտեսանելի:

Կարեւորելով ջարդված շիրմաքարը Թադեւոս Թամիրյանցի շիրմին տեղադրելու անհրաժեշտությունը, իմ հեղինակությամբ «Գերեզմանն ի՞նչ հուշարձան» վերտառությամբ հոդված է տպագրվել «Դեմո» թերթում, հուսով էի, որ առաջարկությանս կընդառաջեն: Ամիսներ են անցել, սակայն ոչ դրական, ոչ էլ բացասական խոսք ասող չի եղել:

Տեսնելով որ «սայլը տեղից չի շարժվում» /իսկ շարժող կա՞ր, որ…/, որոշեցի հոգեւորականներից մեկի միջոցով դիմել Հայ առաքելական եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: Երկու-երեք օր հետո միջնորդը տեղեկացրեց, որ իբր ես շիրմաքարի մասին լավ չգիտեմ: Ես ոչինչ չպատասխանեցի, հեռացա, կասկածելով ինքս ինձ վրա, որ կարող է` ճիշտ են ասում, չնայած շիրմաքար-հուշարձանի չափսերին ու ձեւին քաջատեղյակ եմ 1960-ից ի վեր եւ շատ էլ տեղեկություններ ունեմ սովետական տարիներին նրա հետ կատարված փորձությունների մասին ու ստիպված եմ ներկայացնել: Կասեմ կարճ: Առաջին անգամ շիրմաքարը Հայրենական մեծ պատերազմից հետո շուշիաբնակ ճարտարապետ Միրֆասեհ Բաղիրովի ղեկավարությամբ տարվել է Աղդամ: Մեծ աղմուկից հետո այն վերադարձվել ու տեղադրվել է իսկական տեղում: Երկրորդ անգամ 1955 թե 1956 թվականին գողանալու փորձը կասեցվել է Շուշիի մանկավարժական տեխնիկումի մաթեմատիկայի ուսուցիչ Սամվել Ալեքսանդրի Շինականյանի կողմից ֆիզիկական դիմադրություն ցույց տալուց հետո միայն: Հուշարձանը կանգուն է մնացել մինչեւ Արցախյան շարժումը: Մարդկանց համար մի տեսակ պարծանք էր լուսանկարվել այդ շիրմաքար-հուշարձանի մոտ: Նախ՝ նրա համար, որ մեծ բարերարինն էր, հետո էլ՝ արվեստի հոյակապ  գործ էր /այդ են վկայում լուսանկարները/:

1992 թվականին տարօրինակ բաներ կատարվեցին մեզ մոտ: Նախ՝ Ստեփանակերտում Շահումյանի արձանը հանեցին: Հաջորդ «զոհերը» դարձան Գանձասարի պատմամշակութային արժեք համարվող գերեզմանատունն ու մեծ բարերարի շիրմաքարը: Սա անօրինություն է ու խայտառակ երևույթ, ինչի համար վաղ թե ուշ պատասխան պիտի պահանջվի: Իրավունք չունենք արդարանալու համար ասել, որ 1989 թվականի սեպտեմբերի 14-ին Թադեւոսի շիրմաքարը պայթեցրել են ադրբեջանցիները:

Այո’, բոլորս գիտենք ու տեսել ենք, թե ինչպես են նրա հիմնաքարից ու պատվանդանից, նաեւ հարեւանությամբ գտնվող շիրմաքարերից հատուկ ավազանանման տեղ պատրաստել հանգած կրի համար: Թե ինչու են նրանք դա արել՝ գիտենք, բայց ահա մեզ ի՞նչ պատահեց, որ Ղազանչեցոց եկեղեցու զանգակատան հարավային կողմի շիրմաքարերը հավաքեցինք՝ հանգուցյալների շիրիմները թողնելով կովերի ու ձիերի սմբակների տակ: Գուցե հավաքել ենք, որ անասունները չկեղտոտե՞ն: Իսկ դրա համար կարելի էր եկեղեցու տարածքը պարսպապատել նրանից մոտ 100մ հեռու կառուցված, սակայն այժմ հիմնովին քանդած քառահարկ միամուտք շենքի քարերով /հիշողները կվկայեն, որ պատ կար եկեղեցու եւ նրա հարավային կողմում կառուցված Խանդամիրյանների երկհարկանի թատրոնի շենքի միջեւ/:

Լավ չէ՞ր լինի շիրմաքար-հուշարձանի պատվանդանի մյուս կտորներն էլ հետը թողնել տեղում, որպես թանգարանային նմուշ, կողքին էլ նախկին ձեւով մի հուշաքար կանգնեցնել: Մի՞թե ժողովրդի համար միլիոններ ծախսած բարերարի հիշատակը հավերժացնելու համար դա շատ կթվար:

Ինչպես նշված է վերը, մարդիկ սիրում էին լուսանկարվել հայտնի մարդկանց շիրմաքարերի մոտ: Այդպիսիններից են եղել բերդաձորցի, Արցախի ռացիոնալիզատորների խորհրդի նախագահ Ռաֆայել Կասյանը, Թադեւոս Թամիրյանցի թոռ Տեր-Սահակովա Էլզան ու ծոռը՝ Իննան, որոնք 1960-ականներին Մոսկվայից գալով Արցախ՝ այցելել են իրենց պապի շիրիմին և լուսանկարվել:

Հիմա ի՞նչ  պիտի պատասխանենք, եթե մի օր նորից Թադեւոսի սերունդները Մոսկվայից գան ու ցանկանան այցելել իրենց պապի շիրմին: Հարցին պատասխանել չեմ կարողանում, սակայն պատկերացնում եմ, որ մեր ամոթի զգացումը ոչ մի չափով չի չափվի, ոչ մի կշեռք չի կշռի: Մենք մի անգամ եւս հնարավորություն ենք տալիս հետագայում ավելի ամրապնդելու Բաքվի “իպՐՍՈսՏ” թերթում չորս տարի առաջ գրածն առ այն, որ Շուշիի ջրատարը անցկացրել է իբր ոմն Թ. Թաիրով: Դեռ լավ է, որ ջրամբարի արձանագրությունը պահպանվում է:

Իմ պատկերացմամբ` մեր նախնիներից մեզ հասած յուրաքանչյուր արձանագրված հասարակ քարն անգամ /արժեքների մասին խոսելն ավելորդ է/ մի խոսք է կամ էջ հայ ժողովրդի պատմությունից, որը տեղաշարժելու իրավունք չունի ոչ ոք, անկախ զբաղեցրած պաշտոնից ու հասարակության մեջ ունեցած դիրքից: Գերեզմաններն ու շիրմաքարերը պատանդ չեն մեր ձեռքին, այլ մեր կռվանը:

Հրաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

——————————————————————————————

Կրթություն

ԱՐՑԱԽԱԲՈՒՅՐ ԱՅԲԲԵՆԱՐԱՆ

Ադելան (Արշալույս Սարգսյանծննդով արցախցի (Մարտունու շրջանի գյուղ Պառավաթումբ), ավարտել է Շուշիի մանկավարժական ուսումնարանը, այնուհետև` Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի դպրոցական բաժինը: Երկար տարիներ աշխատել է դպրոցում և քաջածանոթ է մանուկների աշխարհին: Տարիներ շարունակ ուսումնասիրել է հայ կիրառական արվեստի նրբագեղ տեսակներից մեկը` ձեռագործը, միաժամանակ ասեղնագործել և հյուսել է բազում աշխատանքներ, որոնք ցուցադրվել են տարբեր տարիների անհատական ցուցահանդեսներում: Գրում է բանաստեղծություններ, երգեր, պատմվածքներ, նաև արվեստին նվիրված գրքեր: Տպագրված տասը գրքերի հեղինակ է: «Այբուբենի շքահանդես» ձեռնարկը հեղինակի տասնմեկերորդն է: Արվեստի ժողովրդական վարպետ է, աշխատանքի վետերան: Ապրում և ստեղծագործում է Աբովյան քաղաքում: «Այբուբենի շքահանդես» գրքույկը «Այբբենարանն» ավարտած աշակերտների տարեվերջյան հանդեսի համար է և մեծ օգնություն է տարրական դասարանների ուսուցիչների և նախադպրոցական հասակի երեխաների ծնողների համար: Մանկական երգերի խոսքերը և երաժշտությունը գրել է հեղինակը:

Նվիրում եմ Շուշիի մանկավարժական ուսումնարանի 1957 թ. շրջանավարտներին` ավարտման 50-ամյակի կապակցությամբ

***

Ուսուցիչ.

Մեսրոպ Մաշտոցը տառեր հնարեց,
Հայ մանուկներին գիր ուսուցանեց.
Մեսրոպի վառած լույսից զորացան
Հայոց աշխարհին պահապան դարձան:

Եվ առաջ եկան կարկառուն դեմքեր
Ու նվիրվեցին ազգին ու գործին,
Եվ փառքի դափնին, անշուշտ, աներկբա
Պատկանում է մեծ Մեսրոպ Մաշտոցին….

***

Մեսրոպ Մաշտոց… Դու ես վառել կրթության ու գիտության դարբնոցը հայոց, ուր կոփվում ու կարծրանում է հայի ազատատենչ ոգին:

Դառնաշունչ և աղետալի հողմեր անցան հայոց աշխարհով, թալան ու ավեր, բռնի արտագաղթ, կրոնական անագորույն հալածանքներ, ազգային հավատալիքների կորստյան վտանգ…

Մի անգամ չէ, որ բնաջնջվելու առաջ ենք կանգնել, բայց ժողովուրդն այս առասպելական փյունիկի նման վեր է սլացել փլատակներից ու մոխիրներից` հանձին Մաշտոցի գիր ու դպրության:

Մեսրոպատառ այբուբենը և նրանով ստեղծված բազմահարուստ դպրությունը նոր ծիլեր արձակեց և դարձավ «Անտառ անհուն, անտառ սրտի…»:

Ծաղկեց հայ դպրությունը, հայի ոգորող միտքը կերտեց արվեստի ու գիտության իր անմահ կողոթները, ուսումնատենչ ու լուսաբաղձ ոգին միշտ վառ պահեց լուսավորության ջահը և մռայլ դարերի արյան ու սպանդի միջով մեր օրերին հասցրեց հայ հանճարի գանձերը: Եվ զորավոր մեսրոպյան գիրը քննություն բռնեց սերունդների առջև:

Եվ կախարդական այդ նշանները պահեց հայ ժողովրդի հոգեկան կերտվածքի միասնությունը:

Մեսրոպյան գրերը բացեցին հայի լեզուն, խորացրին և ընդարձակեցին նրա միտքը, ստեղծեցին գրականություն, գրավոր խոսք: Հաստատվեցին հայագիր դպրոցներ, գրչության կենտրոններ ու մատենադարաններ և սկսվեց բուռն գրական շարժում:

Բազմաթիվ հայ մատենագիրներ ստեղծեցին անմահ գործեր: Այդ գործերը ապրեցին դարեր շարունակ և բոլոր դարերում պահպանեցին իրենց արժեքն ու թարմությունը:

Մաշտոցը հարազատ անուն է, գիտնական, զորեղ ուժ, նաև մարգարե:

Մաշտոցի արժանավոր սերունդներն են Քերթողահայր Խորենացուց, Եղիշեից ու ոսկեղենիկ հայերենով գրած մյուս պատմիչներից մինչև քնքուշ Տերյանն ու անհաս Մասիսը երազելով վախճանված Շիրազ բանաստեղծը:

***

Աշակերտ.

Ողջո՜ւյն, ողջո՜ւյն, մեր կրթօջախ,
Մենք եկել ենք ժիր ու խիզախ,
Սերտելու քո ծով գիտության
Ծով մտքերի ծով գանձերը.
Հասակ առնենք, գրքեր կարդանք,
Դառնանք նրա հպարտ տերը:

Աշակերտ.

Ժի’ր մանուկներ իմ սիրասուն,
Ձեզ բերել եմ մի ճոխ գարուն.
Սերտեցե’ք մեսրոպյան գիրը,
Նա կդառնա ձեր անգինը:

Տառը տառին կապեցե’ք,
Սիրուն վանկեր կազմեցե’ք,
Վանկը վանկին կցեցե’ք,
Սիրուն բառեր կազմեցե’ք:

Բառերն իրար հյուսեցե’ք,
Սիրուն խոսքեր կազմեցե’ք
Ու մեսրոպյան ոսկետառով գրեցե’ք,

Խումբ.            «Այբբենարան մեր սիրուն,

Զինավառ տառերի տուն»:

Աշակերտ.

Այբբենարա՜ն,
Ծով մտքերի շտեմարան,
Դու մեր սրտում անգին հուշ ես,
Մեր ձեռքերում փայլատակող
Սասնա թուր ես,
Մեսրոպատառ միտք ես վսեմ,
Այբբենարա’ն, հայոց դու սեր:

***

ԵՐԳ

Արև ծագեց մեր աշխարհին,
Ու ձայն տվեց մանուկներին,
Ուրախ ժպտաց ծաղիկներին,
Խուտուտ տվեց գառնուկներին:

Կրկներգ.        Ջա՜ն արև, ջա՜ն արև, ջա՜ն արև,

Մեր աշխարհին տո’ւր բարև, տո’ւր բարև,
Թող մեր երգը զիլ հնչի
Ու ամեն տեղ կարկաչի:

Մանուկները ուրախացան,
Ծաղիկները ժիր ժպտացին,
Ուլիկները տրտինգ տվին,
Իսկ գառները ձիգ մայեցին:

Կրկներգ

***

Ա      «Ա» -ն` մանկան ճիչ քաղցրահնչյուն,
«Ա» -ն` առաջին տառ ու հնչյուն,
Անդրանիկ ու Արարատ,
Անի, Արցախ, Ամարաս:

Բ        Բալ եմ, բարի, բալենի,
Բարձր-բարձր բարդենի,
Բազմաբարբառ, բազմաթերթ,
Բազմահռչակ, բազմաբերդ:

Գ         Գոռ եմ, Գարդման, Գրիգորիս,
Գորգ հայկական ու Գորիս,
Գարուն ծաղկած` գունեղ, շքեղ,
Գինի կարմիր` մեղրից համեղ:

***

Աշակերտ.

ՀՈԿՏԵՄԲԵՐ

Հոկտեմբեր բարեբեր,
Բերք ու բարիք առատ բե’ր,
Հետը` լեցուն մառաններ,
Զարմանազան կախաններ:

Տանձ ու խնձոր կարմրաթուշ,
Նուռ, սերկևիլ, թուզ անուշ,
Իսկ խաղո՜ղը, խաղո՜ղը
Արևի քաղցր շող է:

Ե’վ կախանից է շողում,
Ե’վ տակառում փրփրում,
Դառնում բուրավետ գինի,
Խմենք` թող անուշ լինի:

***

Դ         Դուռ եմ, դպիր ու դպրոց,
Դպրության միակ դարբնոց,
Դրոշ եռագույն ու դափնի դյութիչ,
Դարբին Դավիթն եմ, դեղահաբ բուժիչ։

Ե     Երգարան եմ ու երազանք,
Երջանկություն և երկար կյանք,
Երգեր գրեմ ու երգեմ,
Երանության գիրկն ընկնեմ:

***

Երգ

ԻՄ ՆՈՐ ՇՆԻԿԸ

Իմ նոր շնիկը շեկլիկ
Պոչիկ ունի խուճուճիկ,
Դնչիկ ունի սուրուլիկ,
Նուրբ տոտիկներ բարալիկ:

Կրկներգ.          Եվ հսկում է մշտարթուն`

Բնից հանած գլխիկը.
«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ» է  նա ճչում
Ու ներս տանում դնչիկը:

Երբ բարեկամ է գալիս,
Նա բնից դուրս է թռչում,
Ոտ ու ձեռքեր լիզելով`
Շուրջը ուրախ կլանչում:

Կրկներգ

***

Զ      Զիլ զանգակ եմ զնգզնգան,
Զորություն եմ, զորական,
Զավակ` զորեղ իմ երկրի,
Հաղթեմ ուժով իմ բազկի:

***

Աշակերտ.

ԶԵՏԵԳՅ

(Արցախի բարբառով)

Ասօր Զետեգյ ա,
Կընըչկյարմուր պատեգյ ա,
Ծուվըմ նախշալ ըռընգյըռանգյ,
Թիլեր կապալ նըխշընըռանգյ.
Ժևեր շարալ, ճուճուփ ըրալ
Կախկախ ըրալ:

Ծառ ըմ սարքալ նըռներավ,
Խընձորներավ, տընձերավ,
Փըլավ ըրալ, աղանձ ըրալ,
Կյինին ստոլեն ցեց տիր%լ:

Ցորենըս կընանչալ ա,
Ծիլերը տական կորչալ ա,
Յան-յան անիմ փոս անիմ,
Ծուվենը մաչին թուփ անիմ:

***

Աշակերտ.

ՊՅՈՒՏ

Կըլոր, կըլոր, կըլորիկ,
Պուլուր, պուլուր, պուլուրիկ,
Փոխենձը եղավ շըղաղիմ,
Բաքյմազ ածիմ կըլոլիմ:

Կընընչկարմուր Զետեգյին,
Պուլուր, պուլուր պյուտիկին,
Պյուտին պուլերը շարիմ,
Զետկին սեղանը զըրթարիմ:

***

Է         Էջ եմ, Էլար, Էրեբունի,
Էակ Աստծու, սուրբ Էջմիածին,
Էպոս հայկական ու Սասնա խենթեր
Եվ Էրզրումի անմոռաց քաջեր:

***

Աշակերտ.

ՁԻՆ

Ձին վազում ու վրնջում է,
Ծառս է լինում, խրխնջում է:
Ձի’, ձի’, սիրո’ւն ձի,
Նստեմ թամբիդ,
Շոյեմ բաշդ,
Քաշեմ սանձդ`
Թռչենք հեռու,
Անցնենք առու,
Անցնենք գետակ,
Ժիր թռչկոտենք արևի տակ:
Անցնենք սարը Գանձասարի,
Հասնենք պապին իմ քաջարի:

***

Ը          Ընկեր եմ լավ, ընտանիք,
Ընծա` ընտիր, ըղձալի,
Ընկույզ` պտուղ համով լի,
Ըմպելիք շատ հաճելի:

Թ         Թումանյան եմ, թագավոր,

Թիթեռնիկ եմ թևավոր,
Թթենի եմ, թթաթափ,զ
Թթի չիր եմ ու դոշաբ:

Բեմական պատկեր «Գիքորը» պատմվածքից

***

Աշակերտ.

ԹԻԹԵՌՆԻԿ ԵՄ ՈՍԿԵԹԵՎ

Ոսկեթևիկ մի թիթեռ,
Թռչկոտում է թի՜ռ-թեթև,
Իսկ Սոնիկը մեր կայտառ
Վազվզում է հևիհև:

– Ա՜յ թիթեռնիկ իմ նախշուն,
Թևիկներդ նուրբ, փայլուն,
Կա’նգ առ, թույլ տուր քեզ բռնեմ,
Կրծքիս սեղմեմ, գուրգուրեմ:

Իջավ նստեց հուր ծաղկին
Թիթեռնիկը նրբաթև,
Թռավ Սոնիկն ու բռնեց,
Ժպտաց, երգեց նա թեթև`
«Ես թիթեռ եմ ոսկեթև»:

(Կարելի է երգել «Ես թիթեռ եմ ոսկեթև եմ» երգը)

***

Ժ         Ժիր Ժիրայրն եմ ու ժպիտ եմ,
Ժապավեն եմ ու ժանյակ եմ,
Ժամացույց եմ ու ժամանակ,
Ժայռից կերտեմ ժայռաքանդակ:

Ի         «Ի» -ն եմ, իլիկս առնեմ,
Նուրբ ու բարակ թելեր մանեմ,
Իմաստախոս Իսահակին
Տաք գուլպաներ նվեր անեմ:

Լ          Լիալուսին, Լուսնթագ,
Լամպ եմ, լույս եմ, լուսածագ,
Լաջվարդ, լճակ, լուսարձակ,
Լանջ եմ, դաշտ եմ լայնարձակ:

Խ         Խոհուն, խելոք Խորենացի,
Խորհուրդ եմ ու խաժ խոյեցի,
Խատուտիկ եմ, խինդ ու խրատ,
Խաղողի որթ ու խոր արմատ:

***

Աշակերտ.

ԽԱՏՈՒՏԻԿ ՀԱՎԻԿԸ

Կո’ւտ-կուտիկ, կո’ւտ-կուտիկ,
Հատիկս կե’ր, իմ հավիկ,
Էն հեքիաթի հավի պես
Տո’ւր ինձ ոսկե մի ձվիկ:

Ոսկուց ձուլեմ տաք արև,
Տանեմ տատիս տամ նվեր,
Որ չմրսի տատիկս,
Ասի` ապրի թոռնիկս:

***

Ծ         Ծիլ եմ, ծիտ եմ ծլվլան,
Ծառ եմ, ծաղիկ ու ծիրան,
Ծունկ ու ծնոտ, ծաղր ու ծիծաղ,
Ծիծեռնակ եմ ու ծիածան:

***

Երգ

ԵՍ ԾԱՂԻԿՆԵՐ ԵՄ ՓՆՋՈՒՄ

Ես ծաղիկներ եմ փնջում՝
Սիրո՜ւն, սիրո՜ւն ծաղիկներ,
Խոտերի մեջ եմ շրջում,
Պոկում ալվան ծաղիկներ:

Կրկներգ.  Նրանք ծնվել են
Արևի ջերմ շողերից,
Նրանք սնվել են
Վաղորդյան պաղ ցողերից:

Ես ծաղիկներ եմ փնջում`
Կակաչ, զանգակ, մանուշակ,
Ալվան, ալվան ծաղիկներ,
Որ հյուսեմ սիրուն պսակ:

Կրկներգ

***

Կ      Կոմիտաս եմ, կռունկ ու կայծակ,
Կոկոն վարդ եմ ու կարմիր կակաչ,
Կամարակապ կամրջին`
Կանչող առվի զիլ կարկաչ:

Հ       Հայ եմ հանճարեղ, անգին հայրենիք,
Հող հարազատ, հասկ ու հակինթ,
Համ ու հոտով հավ ու հավկիթ,
Հովը սարից իջավ հովիտ:

Ձ       «Ձ» -ն եմ, ձյունիկ, ձնծաղիկ,
Ձմեռ պապ, Ձյունանուշիկ,
Ձի ու ձիարշավ, բարի ձիապան,
Ձոն ու ձեռագիր, հսկա ձուլարան:

Երգ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ

Ձմեռ եկավ, ձյուն եկավ,
Ձմեռ պապը հյուր եկավ,
Նվերներով բազմագույն
Մանուկներին դուր եկավ:

– Ի՞նչ ուրախ է, – մեզ ասաց,
Ձմեռ պապը հիացած,
Նվերները բաժանեց,
Պարեց ու հրաժեշտ տվեց:

կրկներգ.        Շնորհավոր Ամանոր,
Ժի՛ր ժպտացեք ամեն օր,
Թռվռացեք, երգեցեք,
Ուրախ շուրջպար բռնեցեք:

Նոր տարի է, նոր տարի,
Նոր տարի, գալդ բարի:

կրկներգ

Խ         Խ         Խ

Ղ         «Ղ» -ն եմ` ղողանջ, ղեկավար,
Ղեկս թեքեմ վեր ու վար,
Ղևոնդին ու Ղուկասին
Տանեմ Ղարս ու Ղարաբաղ:

Ճ         Ճամպրուկն առնեմ ճամփա ելնեմ,
Ճայ եմ` ծովի ափով ճախրեմ,
Ճոճանակով ճոճվեմ ճկուն,
Ճախարակով թելեր մանեմ:

Խ         Խ         Խ

Երգ

Չըխարակ (ճախարակ)
(Արցախի բարբառով)
Չըխարակ, չըխարակ,
Թիլեր մանե ըրկուտակ,
Հանցու գյուլբան ցցեմ կըենա
Ապուն վըեննը տաք կըենա:

Չըխարա՛կ, չըխարակ,
Թիլեր մանե ըրկուտակ,
Գյուլբան հինիմ նախշ անիմ,
Կյործիմ տանըս փարշ անիմ:

Չըխարակ, չըխարակ,
Թիլեր մանե ըրկուտակ,
Կարպետ անիմ մըտակիմ,
Դարդըս մաչին պըտատիմ:

***

Մ         Մանուկ եմ ես ու մանուշակ,
Մագաղաթ եմ ու ժիր մշակ,
Տառ Մաշտոցի, միտք մեծիմաստ,
Մատուռ, Մասիս, Մովսես, Միսաք:

Յ          Յասաման եմ, անուշ բույր ունեմ,
Պարտեզում ծաղկած` ես իմ գույնն ունեմ,
Յոթ ճյուղից կազմած փունջս գեղանի
Յոթներանգ բույրով տունը կլցնի:

Ն         Նարեկ եմ, Նժդեհ, նարոտ ու նշխար,
Նորընծա Նաղաշ ու ծաղկիւ նեկտար,
Նուռ եմ` նուրբ, նազուկ ու նարնջենի,
Նարգիզ եմ` ծաղկած բյուր հազար գույնի:

***

Աշակերտ.

ԾԱՂԻԿ

Հողից ծլեց մի ծաղիկ,
Ուրախ ժպտաց աշխարհին,
Ու շուրթերին ցող-շաղիկ`
Ջերմ համբուրեց արևին:

Բարև՛, սիրո՛ւն ծաղիկներ,
Բարև՛, անուշ քուրիկներ,
Եկե՛ք անուշ տաղ ասենք,
Բնությունը զարդարենք:

Գինդեր կախենք թփերին,
Մրգեր կախենք ծառերին,
Նախշեր անենք դաշտերին,
Համ ու հոտ տանք աշխարհին:

***

Շ         Շքեղ եմ, Շուշի, շողն արեգակի,
Շափյուղա, շշունջ աշնան պուրակի,
Շիվ ու շվի եմ ու շաղոտ շուշան,
Անուշ շաքար եմ ու նուշի շարան:

Ո         «Ո» -ն եմ` ոսկետառ ու ոլորազարդ,
Ինձնով են սկսվում որս ու Որսասար,
Ոսկեթագ, ոզնի ու ոսկեթևիկ,
Ոսկեհատ, աղկույզ ու ոսկեղենիկ:

Չ         Չաուշ, չքնաղ, չնաշխահիկ,
Չինարի ծառ ու գորշ չղջիկ,
Չիր ու չամիչ Չատին ուտի,
Չար Չալոյին չտա ոչինչ:

***

Աշակերտ.

ՀՐԱԳՈՒՅՆ ՉԱԼԻԿԸ

Հրագույն է իմ Չալիկը,
Ոլորուն է շեկ պոչիկը,
Դնչիկը` սուր, աչքերը` հուր,
Թռչկոտում է հաֆհաֆիկը:

Պահպանում է դուռ ու տուն,
Իմ չալիկը մշտարթուն,
Ինձ տեսնում ու մոտ է վազում,
Հաչում է ու ձեռքս լիզում:

***

Պ         Պապ եմ, պատ եմ պապենական,
Պապոնց տուն եմ` հին, պատվական,
Պարգև պապիս պատիվը պահեմ,
Նրան` պարծանք ու պահապան լինեմ:

***

Երգ

ԱՊԱՆ ՈՒ ԱՅԱՆ

(բարբառային)

Ապան հանդան վըեր տոն կյար,
Այան տըեղան լոք կըտար,
Ռըշկետանը թափ կըտար,
Շիրեփը ծերքեն պար կըկյար:

կրկներգ.        Այան, այան, իմ այան,
Ապուն դըլվեն դայաղ ա,
Այան, այան իմ այան,
Ապուն սըրտեն լայաղ ա:

Չուխան հանար թափ կըտար,
Սրահեն մեխան կախ կըտար,
Վենն ու կըլոխ լըվանար,
Հալավը լասե կյեց կըտար:

կրկներգ

Խընեցուն յեղը տյուս կըտար,
Պուլ-պուլ անար ապուն տար,
Ապան կոտար, քեփ կանար,
Ուրխութունան ծափ կըտար:

կրկներգ

(կարելի է բեմականացնել)

***

Ջ         Ջերմուկ եմ, ջուր, ջրաշխարհ,
Ջրաշատ եմ, ջրաղաց,
Ջանգյուլում եմ, ջրահարս,
Ջերմ սիրով եմ ասում այս:

Ռ         Ռշտունի, Ռոսլին, Ռոմանոս, Ռուզան,
Ռազմիկ կդառնամ` սուրբ հողի պաշտպան,
Ռազմի երգերս մարտաշունչ երգեմ,
Որ բոլորը ինձ մեծ սիրով լսեն:

***

Երգ

ՁՈՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՆ

Իմ հայրենի Ստեփանակերտ,
Կոթողներդն անձեռակերտ,
Հերոսներով զորացած,
Ծով վշտերից վերացած:

Կրկներգ

Դու իմ մայր քաղաք քարակերտ,
Իմ հայրենի Ստեփանակերտ:

Վարարակն` իմ հին բնօրրան,
Դարձել ես սուրբ աղոթարան,
Քո քաջազուն որդիներով
Ծաղկում ես հանց նոր բուրաստան:

Կրկներգ

Քո ձիգ խրոխտ սար ու ժայռով,
Քո կենսատու ջուր ու բարով,
Ապրի՛ր դու միշտ ազատ, անցավ,
Իմ կյանք, իմ սեր, դու իմ Արցախ:

Կրկներգ

***

Ս         Սիփան սարն եմ, Սարդարապատ,
Սասունն եմ սեգ ու սուրբ Սահակ,
Սալորաչիր, հրաշք սուտակ,
Սուսամբար եմ, սոխակ, սարյակ:

Վ         Վեհ Վարդանն եմ ու Վաչագան,
Վահագ, Վարագ ու Վարանդա,
Վարդատոն եմ ու վարդաբույր,
Վարդիշաղ եմ ու վարդաջուր:

որևէ հայկական պար

***

Տ          Տրդատ, Տաճատ, Տիգրանակերտ,
Տաճար մի հին, տակառ գինու,
Տառադարան, տուն քարակերտ,
Վանք Տաթևի տիկնիկ սիրուն:

***

Երգ

ԻՄ ՏԻԿՆԻԿԸ

Իմ տիկնիկը սիրունիկ է,
Աչքերը` ծով, ջինջ երկինք են.
Բերանը` մի փոքրիկ կետիկ,
Քթիկը` մի փոքրիկ գնդիկ:

Կրկներգ.

Տիկնի՛կ, սիրո՛ւն, իմ տիկնիկ,
Արի պարենք` տիկ-տիկ-տիկ,
Թռվռանք ու վազվզենք,
Երգենք, ուրախ ծիծաղենք:

Իմ տիկնիկին շոր հագցրի,
Սիրուն մարշիկ` ոտքերին,
Գլխին գլխարկ ես քաշեցի,
Ու ձեռնոցներ` ձեռքերին:

Կրկներգ

***

Ր         «Ր» -ն եմ` Րաֆֆի ու րոպե,
Գովազդ կանեմ ամեն րոպե,
Րաֆֆու երկերով զորանամ,
Րաբունապետ ես կդառնամ:

Ց          Ցոլք եմ, ցանքս եմ, ցորնահատիկ,
Ցորենն աճի ոսկեհատիկ,
Ցայգալույս եմ, Ցոլակ, ցուլիկ,
Ցանկապատ եմ, ցանց ու ցողիկ:

***

Աշակերտ.

ՑՈՐԵՆ

Ես ցորենն եմ ցորնահատիկ,
Դաշտում ցանեք` դառնամ ծիլիկ,
Ծիլը ջրեք` դառնամ հասկիկ,
Արտը հնձեք` դառնամ խրձիկ:

Հասկը տարեք կալին տվեք,
Կալը կալսեք, քամուն տվեք,
Պարկը լցրեք, ջաղաց տարեք,
Ալյուր արեք ու տուն բերեք:

Խմոր հունցեք, լավաշ թխեք,
Շիկնած փուռում գաթա թխեք,
Մանուկ ու մեծ անո՛ւշ արեք,
Ու մայր հողին փառաբանեք:

***

Ու       Ուլիկ, ուլունք, ուլունքաշար,
Հովը կանչում է Ուրցասար,
Ուրցը լիքն է Ուրցասարում,
Բերենք անենք ձմռան պաշար:

Փ         Փավստոս, փափագ ու փաթիլ ձյունի,
Փշատերև եմ ու փշատենի,
Փնջածաղիկ եմ, շքեղ փնջազարդ,
Փշատը հասավ, Աստված, փառքդ շատ:

***

Աշակերտ.

ԵՂԵՎՆԻՆ

Երբ ձմեռը ձյունը դրեց,
Այս եղևնին մի միտք արեց,
– Ինչո՞ւ մենակ մնամ այստեղ,
Լավ է գնամ մի ուրախ տեղ:

Նա հատվեց ու ճամփա ընկավ,
Մանուկների մի խումբ գտավ,
– Ժի՛ր մանուկներ իմ սիրուն,
Բերել եմ ձեռզ նոր գարուն:

Բերե՛ք ձեր զարդն ու փայլը,
Զարդարեք իմ կատարը,
Ճյուղերիս մրգեր կախեք,
Շողշողուն խաղալիքներ:

Շուտով կանաչ եղևնին
Դարձավ սիրուն տոնածառ,
Ուրախ շուրջպար բռնեցին,
Երգեցին` ջա՛ն տոնածառ:

***

Երգ

ՏՈՆԱԾԱՌ

Տոնածառը գինդ է կախել,
Սուտակե գինդեր,
Զանգակ ու զարդ, նուռ է կախել,
Ալ կարմիր նռներ:

Կրկներգ.        Կենաց ծառ է տոնածառը,
Կենաց ծառ.
Տանձ ու խնձոր` մրգի ծառ է,
Մրգի ծառ:
Եկե՛ք ուրախ շուրջպար բռնենք,
Ջա՛ն տոնածառ, տոնածառ,
Տոնածառի շուրջը պարենք,
Նախշուն ծառ ջա՛ն, տոնածառ:

Ձմեռ պապը նվեր բերեց,
Բոլորիս, բոլորիս,
Չիր ու չամիչ, փշատ բերեց,
Բոլորիս, բոլորիս:

Կրկներգ

***

Ք         Քաղցր, քնար քաղցրաձայն,
Քաղցրաղողանջ, քաղցրաբառ,
Քաջ, քաջազուն, քարալեռ,
Քարաքանդակ մի պատկեր:

նվագ – քաղցրահնչյուն մեղեդի

***

Եվ       «Եվ» եմ, թե եմ ու արև,
Եվան վազեց հևիհև,
Իվ ի՞նչ տեսավ իր առջև.
Սիրուն թիթեռ ոսկեթև:

Օ         Օր եմ, օդ եմ, օդաչու,
Օջախ, օրոցք ու օրոր,
Օրապահ եմ, օրացույց,
Օղակակար մի հագույց:

***

Երգ

ՕՐՈՐՈՑԱՅԻՆ

(երգում է տատիկը երկու տիկնիկներ գրկած)

Մուշ-մուշ քնի Սաթիկը,
Նանիկ անի Արփիկը,
Տատիկը օրոր ասի,
Բալիկների հետ խոսի:

Կրկներգ.

Քնե՛ք, քնե՛ք, իմ բալեք,
Երազ տեսեք ու ելեք,
Երազում վարդեր փնջեք,
Տատիկին նվեր բերեք:

Երազի մեջ` հեքիաթներ,
Հեքաիթներում` ալ վարդեր,
Վարդի թփերու փնջեր,
Ծաղկաշղթա, զառ-զարդեր:

Կրկներգ

***

Ֆ         «Ֆ» -ն եմ` ֆուտբոլ` աշխարհին հայտնի,
Ֆրիկ, ֆենոմեն` բացառիկ մարդիկ,
Ֆիզկուլտուրնիկ եմ` խաղը կհաղթեմ,
Ֆայտոն նստեմ ու աշխարհը շրջեմ:

երաժշտություն – ֆուտբոլ

***

Աշակերտ.

Մաշտոցն Արցախ ժամանեց,
Հայոց գիրն ուսուցանեց,
Ամարասը զորացավ,
Եվ սուրբ դպրանոց դարձավ:

Եկե՛ք հիշենք Մաշտոց պապին,
Որ մեզ բերեց փառք ու պատիվ,
Տվեց մեզ գիր ու դպրություն,
Լուսավոր ջահ` ժառանգություն:

խումբ. – Փա՛ռք Մեսրոպ Մաշտոցին…

«Մ» -ն եմ, միտք եմ ու մագաղաթ,
«Ա» -ն եմ, արև ու Ամարաս,
Շաղ ու շաղեր շքեղազարդ,

«Տ» -ն եմ, տուն եմ տուֆակերտ,
Ոսկեգիր եմ, ոսկեթագ,
Ցորներահատ եմ, ցանկապատ:

տառերով կազմում են ՄԱՇՏՈՑ բառը` առաջ գալով

Արև ծագեց մեր աշխարհին,
Մանուկ ու ծեր ուրախացան
Արևի ջերմ շողերի տակ
Րաբունիներ եկան անցան,
Ամարասի դպրանոցում
Սուրբ մասունքներ սերմանեցին:

տառերով կազմում են ԱՄԱՐԱՍ բառը` առաջ գալով

Ազգս մեր լեզուն ու գիրն է պահել,
Րաֆֆի, Մուրացան, Սևակ է ծնել,
Ցաք ու ցրիվ մեր որդիները քաջ,
Արցախի համար համախմբվեցին,
Խուժանին հողից դուրս վռնդեցին:

տառերով կազմում են ԱՐՑԱԽ բառը` առաջ գալով

***

Հայկը երբ ծնվեց մեր լեռնաշխարհում,
Աշխարհ եկանք մենք հենց այն ժամանակ,
Յուրաքանչյուր հայ կերտեց իր տունը:
Արգիշտին էլ, որ արքան էր Հայքի,
Սերունդ առ սերունդ փոխանցեցին մեզ
Տառեր ու գրեր, ու կառուցեցին
Ամուր պատնեշներ, տուն ու ապարանք,
Նրանք ապրում են հողում հայկական:

տառերով կազմում են ՀԱՅԱՍՏԱՆ բառը` առաջ գալով

Հնչում է «Հայաստան» երգը և երաժշտության ու ծափերի ներքո երեխաները հեռանում են բեմից:

Այնուհետև դոււրս է գալիս աշակերտներից մեկը ու պատմում.

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑՆ ՈՒ ՔԱՀԱՆԱՆ

(բանահյուսություն)

Աշակերտ.

Ժամանակին մի վաճառական է լինում, զավակ չի ունենում:

Գնում է քահանա Կիրակոսի մոտ, որ խորհուրդ հարցնի:

Քահանա Կիրակոսը խորհուրդ է տալիս վաճառականին գնալ Երուսաղեմ և մեղքերի թողություն խնդրել:

Վաճառականը իր ունեցած ոսկիները լցնում է երկու կոտի մեջ և պահ տալիս քահանա Կիրակոսին:

Վաճառականի վերադարձի օրը Կիրակոսը ոսկին փոխում է կեռասով և փորձում նրան համոզել, որ մեղքերի պատճառով ոսկին կեռաս է դարձել:

Այս ամենը վաճառականը պատմում է Մեսրոպ Մաշտոցին: Մաշտոցը նրան հանգստացնում է` ասելով. – Մի վշտանա, Աստված մի կոտ ոսկիդ կեռաս է դարձրել, մի կոտ կեռասն էլի ոսկի կդարձնի:

Անցնում է միառժամանակ: Քահանա Կիրակոսը երկու տղաներին տալիս է Մեսրոպի մոտ սովորելու: Մեսրոպը որոշում է խաղ խաղալ քահանայի գլխին: Ձեռք է բերում երկու արջի քոթոթ ու վարժեցնում:

Մի տարի հետո քահանա Կիրակոսը գալիս է երեխաներին տանելու:

Կիրակոս. – Ինչպե՞ս են զավակներս, ուսուցիչ:

Մեսրոպ. – Վատ են, քահանա, շատ վատ են:

Կիրակոս. – Ինչպե՞ս, հիվա՞նդ են, թե՞ վատ են սովորում:

Մեսրոպ. – Երանի թե հիվանդ լինեին կամ վատ սովորեին, ավելի վատ բան է պատահել:

Կիրակոս. – Մահացե՞լ են ուսուցիչ:

Մեսրոպ. – Ո՛չ, քահանա, ո՛չ, նրանք ողջ ու առողջ են: Բայց ասա՛, դու ի՞նչ ծանր մեղք ես գործել, որ Աստված պատժել է քեզ. քո զավակներին արջի քոթոթ է դարձրել:

Կիրակոս (չոքելով ու աղերսալով). – Տե՛ր Աստված, դու թողություն տաս իմ մեղքերին: Ուսուցի՛չ, կարո՞ղ եմ տեսնել իմ զավակներին:

Մեսրոպ. – Իհարկե:

Քահանան մեղքերի թողություն է խնդրում, ոսկին վերադարձնում է վաճառականին և ներողություն խնդրում:

Մեսրոպը վերադարձնում է զավակներին, որ մի տարով մեծացել ու ավելի են գեղեցկացել:

Վաճառականը ոսկին նվիրում է Մեսրոպ Մաշտոցին. նա այդ ոսկով Հայաստանի բոլոր գավառներում դպրոցներ է բացում և լուսավորում հայ ժողովրդին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s