№ 5 / 31 մարտ

ԼԱՎ ԿՅԱՆՔԸ ՀԱՐԻ՞Ր Է ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔԻՆ
Կամ՝ ժողովրդավարությունն առաջին հերթին մեզ համար է

Քանիցս խոսվել է այն մասին, որ այս աշխարհում ներկա իրավիճակում մենք ժողովրդավարությունից բացի, ցավոք սրտի, այլ ռեսուրս չունենք՝ զարգացման և ճանաչման համար: Ուստի մեր դեմոկրատական իմիջը մեր ուժեղ կռվանը պիտի լինի, և ամեն ինչ պիտի միտված լինի դրան:

Սակայն սրանից չպիտի բխի այն սխալ եզրահանգումը, որ ժողովրդավարությունն արտաքին աշխարհին հարմարվելու պարտադրված պայման է և հենց այդ պատճառով այլընտրանք չունի: Դա այդպես չէ, քանի որ ժողովրդավարությունն առաջին հերթին անհրաժեշտ է մեզ, մեր ժողովրդին: Եւ անկախ նրանից, թե նույն արտաքին աշխարհն ինչպես կգնահատի դա կամ կգնահատի՞, արդյոք, մենք, միևնույն է, այլ ճանապարհ չունենք մեր հայրենիքում բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքով ապրելու և մեր հայրենիքը շենացնելու համար: Ի վերջո, ի՞նչ է ժողովրդավարությունը, եթե ոչ ժողովրդի գոյատևելու, մարդկանց ապահով, բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն:

Ի՞նչ է պետք մարդուն իր պապական հողում արմատակալելու և հողն այդ շենացնելու համար: Նախևառաջ՝ բարեկեցիկ կյանք, որպեսզի հողն այդ իրեն պահի, ինքն էլ՝ հողը: Լավ կյանքը միանգամայն հարիր է մեր ազգային հոգեկերտվածքին, ուստի ցանկացած գաղափար առաջին հերթին պիտի ծառայի մարդուն ու նրա մարդավայել կյանքին: Գաղափարը պիտի ծառայի մարդուն, այլ ոչ թե մարդը՝ գաղափարին: Չարքաշ հայրենասիրություն չի լինում, «հացի խնդիր» ունեցող մարդը չի կարող նվիրվել հայրենիքին:

Մարդ նաև իրեն ապահով պիտի զգա իր հողում, իր հայրենիքում, նրա իրավունքները պիտի պաշտպանված լինեն անմատույց բերդի պես, որպեսզի նա խաղալիք չլինի այս կամ այն չինովնիկի ձեռքին, որպեսզի նրան ֆուտբոլի գնդակի պես այսուայնտեղ չփոխանցեն, այլ ընդունեն, պատասխանեն դիմումին, հարկախեղդ չանեն, որպեսզի հարազատ պետությունն ու իր ընտրյալները մտածեն իր մասին ու իր իրավունքների պաշտպանը լինեն:

Իսկ դա կարելի է անել միայն այն դեպքում, եթե կա իշխանությունների գործունեության հանրային վերահսկողություն, երբ իշխանությունները հաշվետու են քեզ, երբ դու ես որոշողը նրանց գործունեության արդյունավետությունն ու օգտակարությունը, այսինքն՝ երբ իշխանությունն է կախված քեզանից, այլ ոչ թե դու՝ իշխանությունից: Սա էլ հենց ժողովրդավարությունն է:

Իսկ սա էլ հնարավոր է միայն այն դեպքում, եթե ինքդ ես ընտրում իշխանությունը, երբ ոչ թե քեզ պարտադրում կամ փաստի առաջ են կանգնեցնում «մեր դեմ խաղ չկա» սցենարով, այլ երբ ինքդ ես որոշում ու փաստի առաջ կանգնեցնում: Ու հաշվետվություն պահանջում: Վաղուց արդեն մեզ մոտ այդպես չի եղել, բայց ահա հիմա բացառիկ հնարավորություն է ստեղծվել իրապես ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, այսինքն՝ երբ ժողովրդից է կախված լինելու ամեն ինչ:

Արցախը փոքրիկ երկիր է, նրա բնակչությունը նույնիսկ քիչ է քաղաքամայր Երևանի որոշ համայնքների բնակչությունից: Եւ առկա միջոցները միանգամայն բավարար են այդ սակավաթիվ բնակչության համար բարեկեցիկ ու ապահով կյանք երաշխավորելու համար: Պարզապես պիտի միջոցները արդարացի ու խելամիտ բաշխվեն, պարզապես պիտի ճիշտ ընտրվեն առաջնահերթությունները: Որպեսզի գյուղը շենացնելու համար վարկը ստանա գյուղացին, այլ ոչ թե ստեփանակերտցին, որպեսզի միջոցներն ուղղվեն առաջին հերթին կարիքավորների բնակարանային պայմանները բարելավելու, այլ ոչ թե պալատների կառուցման համար, որպեսզի չփոշիացվի հարկատուներիս ջանքերով գոյացող բյուջեն ու այն չփայաբաժանվի «ընտրյալների» միջև, որպեսզի աշխատավարձերը գոնե համադրելի լինեն, մի խոսքով՝ որպեսզի լինի սոցիալական արդարություն:  Այո, արդարություն, որովհետև մարդ հաճախ ավելի շատ նեղվում է անարդարությունից, քան չարքաշ կյանքից:

Սրան կարելի է հասնել, եթե դու քո երկրի տերն ես, այլ ոչ թե տերերի ճորտը: Իսկ դրան հասնելու համար քաղաքակիրթ աշխարհը ժողովրդավարությունից լավ ոչինչ դեռ չի հնարել:

——————————————————————————————-

Անցուդարձ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ «ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ»-Ը 25 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը 25 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել ԼՂՀ-ում ԿԿԽ-ի /կարմրուկ, կարմրախտ եւ խոզուկ/ դեմ պատվաստումների համար: Այս մասին վերջերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը: Ղարաբաղում ծրագրի իրականացումը նոր է սկսվել, եւ 1-6 տարեկան 150-ից ավելի երեխաներ արդեն ստացել են պատվաստանյութերը:

«Վերջին մի քանի տարիներին, ցավոք, ունեցել ենք կարմրուկի եւ կարմրախտի դեպքերի զգալի աճ: Պատճառը հիմնականում կայանում էր նրանում, որ մենք չէինք կարողանում պատվաստանյութեր ձեռք բերել: Առաջին հայացքից թվում է, թե երեխաների առողջությանը նպատակաուղղված ակցիան չպիտի քաղաքականացվի, բայց, ցավոք, մեր երկրի չճանաչված լինելը խոչընդոտել է պատվաստանյութերի ձեռքբերմանը: Միջազգային կազմակերպություններն աշխատում են միայն ճանաչված երկրներում»,-պարզաբանել է Զ. Լազարյանը:

Հայ մանուկների պատվաստման ծրագրի հիմնադիրը Կալիֆոռնիայում ապրող Րաֆֆի Ալթաջյանն է, որը 2 տարի առաջ համագործակցություն է սկսել ԼՂՀ առողջապահության նախարարության հետ: Առաջինն այդ ակցիային աջակցեց «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը, որը նորանկախ երկրի առողջապահության համակարգում այլ ներդրումներ էլ ունի. ընկերությունը շուրջ 10 հազար դոլար է տրամադրել «Արեւիկ» մանկական կենտրոնին` սարքավորումներ ձեռքբերելու համար: Ընկերության շնորհիվ Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանի համար շտապօգնության 2 մեքենաներ են ձեռքբերվել:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՈՒՅԺԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ

ԼՂՀ առողջապահության նախարարը չի բացառում, որ հիվանդանոցային մահացությունները լինում են նաեւ բժիշկների սխալների արդյունքում: «Առողջապահական հիմնարկներում մասնագիտական սխալի դեպքում բժիշկները կրում են համապատասխան տույժեր: Նախարարության կարգի համաձայն՝ յուրաքանչյուր հիվանդանոցային մահացության դեպք տվյալ բուժհիմնարկը երկշաբաթյա ժամկետում պետք է քննարկի եւ արձանագրությունը ներկայացնի նախարարություն, որն իր հերթին արձանագրություններին ծանոթանալուց հետո ուշադրության արժանի դեպքերը քննարկման է դնում նաեւ կոլեգիայի նիստում, որտեղ էլ որոշվում է բժշկին համապատասխան տույժի ենթարկել-չենթարկելը»,- փաստել է նախարարը:

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ նման դեպքեր  են եղել հանրապետական հիվանդանոցում եւ ծննդատանը: «Հիվանդանոցային բժիշկ ունենք, որին մասնագիտական սխալի պատճառով զրկել ենք հիվանդանոցում աշխատելուց եւ ժամանակավոր տեղափոխել պոլիկլինիկա՝ ամբուլատոր բժիշկ աշխատելու: Որոշ ժամանակ ՀՀ-ում վերապատրաստման դասընթացներ անցնելուց հետո այդ բժշկին հնարավորություն ենք տվել աշխատել նախկին տեղում»,-նշել է նախարարը:

Նման ճակատագրի է արժանացել նաեւ ծննդատան ծննդաբերական բաժանմունքի բժիշկներից մեկը, որին տեղափոխել են կոնսուլտացիայի բաժին եւ վերապատրաստում անցնելուց հետո նորից վերականգնել: Զ. Լազարյանի հավաստմամբ՝ ներկայումս կան բժիշկներ, որոնց հարցերը քննարկվում են եւ պատրաստում են քննարկման:

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏՈՄՈԳՐԱՖԸ ԴԵՌ ՉԻ ՏԵՂԱԴՐՎԵԼ

Տարիներ առաջ սփյուռքահայ բարերարների կողմից նվիրած համակարգչային տոմոգրաֆը դեռ չի տեղադրվել: Սարքի տեղադրումը երկար ժամանակ ձգձգվում էր տարբեր պատճառներով, իսկ երբ շահագործման հանձնվեց պոլիկլինիկայի եւ ախտորոշման կենտրոնի նորակառույց շենքը, թվում էր, թե հարցը շուտափույթ լուծում կստանա, բայց մինչեւ հիմա այդ առումով դրական տեղաշարժ չի արձանագրվել:

ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանի խոսքերով՝ տոմոգրաֆի տեղադրումը որոշ ժամանակ ձգձգվել է շենքային պայմանների անհամապատասխանության պատճառով: Հայաստանից մասնագետներ կժամանեն եւ կօգնեն այդ աշխատանքներին: Նախարարի հավաստիացմամբ՝ տոմոգրաֆի տեղադրման համար գումարների հետ կապված խնդիրներ ներկայումս չկան, քանի որ այդ ծախսերը «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր վրա է վերցրել: Նա չբացառեց, որ սարքը շահագործման հանձնելու ժամանակ հնարավոր է սարքավորման այլ մասերի կարիք լինի:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԶԵՐԾ ՉԷ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Առողջապահության նախարար Զոյա Լազարյանը չի գտնում, որ համակարգում դեռ կաշառակերություն գոյություն չունի, որի մասին երկու տարի առաջ հրապարակավ խոսել է նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նա լուրջ մեղադրանքներ է հնչեցրել եւ զգուշացրել, որ 2-ամսյա ժամկետում ոլորտը չկարգավորելու դեպքում նախարարին կազատի պաշտոնից:

Զոյա Լազարյանը գտնում է, որ «եթե երկրի նախագահը քննադատում է, ուրեմն՝ օբյեկտիվ հիմքեր կան»: Չցանկանալով արդարացնել ոլորտում առկա երեւույթները, նախարարը նշեց, որ ոլորտում աշխատող մի քանի անբարեխիղճ մարդկանց պատճառով ամբողջ համակարգի աշխատանքը զրոյի է հավասարեցվում:

Նախարարի կարծիքով՝ թերությունները վերացնելու նպատակով նախարարության կողմից համապատասխան քայլեր ձեռնարկվեցին. ստուգումներն ավելի հաճախակի դարձան, բժշկական հիմնարկներում խստացվեց վերահսկողությունը, մի առ ժամանակ սկսեց գործել թեժ գիծ, որի միջոցով բնակիչները հնարավորություն ստացան հնչեցնել իրենց բողոքներն ու դժգոհությունները: Նման հնարավորություն ունեին նաեւ առողջապահական հիմնարկներում, որտեղ հարցաթերթիկներ էին դրված եւ այցելուները լրացնում էին դրանք: Նախարարը ցավով է նշում այն մասին, որ վերջին երկու մեթոդների կիրառումից սպասված արդյունքներ չեն եղել, քանի որ «բնակիչները պասիվ էին եւ անկեղծորեն չէին լրացնում այդ հարցաթերթիկները», ինչը, ըստ նախարարի, մեծ խոչընդոտ է հանդիսանում ոլորտի թերությունները կանխելու եւ վերացնելու համար:

Ներկայիս վիճակի մասին խոսելով, նա նշեց, որ դրական տեղաշարժ կա: «Այսօր այդպիսի հայտարարություն չեմ անում, որ ընդհանրապես համակարգը զերծ է նման երեւույթներից: Սակայն դա միայն առողջապահական համակարգի խնդիրը չէ, մեզ պետք է օգնի նաեւ բնակչությունը»,- ավելացրել է տիկին Լազարյանը:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՋԱՎԱԽՔ

Ախալցխան հանդուրժողականության խորհրդանիշ է, բայց ոչ՝ հայերի համար 

Ախալցխայի քաղաքապետարանը որոշել է քաղաքի հնագույն թաղամասը` Ռաբատը, վերածել տուրիստական գոտու, սակայն փորձ է արվելու այն ներկայացնել առանց հայկական հետքի:

Հայտնի է, որ Ռաբատ թաղամասը հիմնադրել են հայերը դեռեւս միջնադարում, այս թաղամասում է գտնվում Ախալցխայի միակ գործող հայկական եկեղեցին: Սակայն տուրիստական գոտու վերաբերյալ հատուկ ցուցապաստառում ընդգրկված են երկու մզկիթներ, մեկ ուղղափառ եկեղեցի, հրեական սինագոգը եւ բերդը: Եւ թերեւս, որպես հավելում դրա, ցուցապաստառում նշվում է, որ Ախալցխան հանդուրժողականության խորհրդանիշ է: Սակայն «զարմանալիորեն» այս «հանդուրժողականության» մեջ անտեսված են քաղաքի հիմնադիրները` հայերը:

«Ա-ինֆո»

Մանկապարտեզները նոր կարգավիճակ են ստացել

Ծնողները երեխաների մանկապարտեզ հաճախելու և օրվա մեջ մեկանգամյա սնունդն  ապահովելու համար  այսուհետ վճարելու են ամսական 15 լարի՝ նախկին 8-ի փոխարեն: Այս փոփոխությունը կապված է Վրաստանի կառավարության նոր որոշման ընդունման հետ, համաձայն որի մանկապարտեզները ստացել են իրավաբանական անձի կարգավիճակ:

«Մենք կազմել ենք մեր շրջանի մանկապարտեզների նոր կանոնադրությունը, որը հաստատեց Ախալքալաքի շրջանային ժողովը.  ըստ այդմ մենք դարձանք առանձին հիմնարկություն, որն ունի իր անկախ հաշվեկշիռը, իր կնիքը, բանկային հաշիվը, դրոշմը»,- տեղեկացրեց Ախալքալաքի շրջանի թիվ մեկ մանկապարտեզի տնօրեն Մարգարիտա Ալվերցյանը:

Մինչև սույն որոշման ընդունումը, մանկապարտեզները գտնվում էին Վրաստանի Կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո, իսկ այժմ` տեղական շրջանային ժողովի վերահսկողության: Այսինքն, ֆինանսական գործունեության կազմումը և տեխնիկական հենքի ապահովումն իրականացվելու են շրջանային  բյուջեի և ծնողական վճարումների, նաև լրացուցիչ ֆինանսական աղբյուրների հաշվին:

Ջավախք-ինֆո 

ՄԱՐԶԱԿԱՆ

ՇԱԽՄԱՏԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

ԼՂՀ շախմատի մանկապատանեկան մարզադպրոցը գործում է 1996 թվականից: Այստեղ սովորում է  5-17 տարեկան 295 երեխա: Ինչպես տեղեկացանք ԼՂՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Վալերի Հարությունյանից, շախմատի մարզադպրոցներ են գործում նաեւ շրջաններում՝ Շուշիում, Հադրութում, Ասկերանում, Մարտունիում, իսկ Մարտակերտում գործում է պատանի շախմատիստների խմբակ: Այստեղ շախմատի մարզադպրոց կվերաբացվի ընթացիկ տարվա սեպտեմբերին: Վ.Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենց մոտ աշխատում են տասը մարզիչներ, որոնց թվում՝ շախմատի միջազգային վարպետ Դավիթ Պետրոսյանը:

Տնօրենի հավաստմամբ՝ ԼՂՀ կառավարությունը 2006թ. 1 մլն 200 հազար դրամ, իսկ 2007թ. 1 մլն դրամ է հատկացրել շախմատի ֆեդերացիային՝ մրցաշարերի կազմակերպման եւ անցկացման համար: ԼՂՀ շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի ուսմասվար Վիլեն Ավագյանը նշեց, որ պատանի շախմատիստները հաճախակի են մասնակցում ինչպես մեզ մոտ, այնպես էլ ՀՀ-ում եւ նրա սահմաններից դուրս կազմակերպվող ամենատարբեր մրցաշարերի եւ ունենում հաջողություններ:

Ինչպես նշեց Վ. Ավագյանը, հաճախակի մրցաշարեր են կազմակերպվում նաեւ մայրաքաղաքի եւ շրջանների միջեւ: Սույն թվականի փետրվարի 9-11-ը ԼՂՀ շախմատի մարզադպրոցում անցկացվեց դպրոցականների շախմատի օլիմպիադայի թիմային առաջնություն մայրաքաղաքի եւ շրջանների միջեւ /Շուշի, Մարտունի, Մարտակերտ, Հադրութ, Ասկերան, Քարվաճառ, Քաշաթաղ/, որին մասնակցեց 8 թիմ: Առաջին տեղը գրավեց մայրաքաղաքի թիմը, երկրորդը՝ Մարտունու, երրորդը՝ Շուշիի թիմը: Հաղթող թիմերը պարգեւատրվել են դրամական պարգեւներով, իսկ մասնակից թիմերը՝ պատվոգրերով:

Վ. Ավագյանը տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա ապրիլի 13-22-ը Երեւանում կանցկացվի ՀՀ շախմատի անհատական առաջնության եզրափակիչ փուլը, որտեղ ԼՂՀ-ն կներկայացնեն Հովիկ Հայրապետյանը, Մանուել Պետրոսյանը եւ Կամո Ուլուբաբյանը:

Իրեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂ

Իսպանիայի Զաֆրա քաղաքում անցկացված 16-րդ դարի նշանավոր շախմատիստ, Իսպանական պարտիա անվանումը կրող սկզբնախաղի տեսաբան Ռուի Լոպես դե Սեգուրայի հիշատակին նվիրված շախմատային փառատոնում փայլուն հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը: Մրցաշարին մասնակցում էր ութ շախմատիստ: Գաբրիել  Սարգսյանը յոթ հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ դարձավ մրցաշարի հաղթող:

Գաբրիելը 25 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: Հիմնական մրցաշարի ավարտից հետո 89 շախմատիստների մասնակցությամբ կազմակերպված «արագ» շախմատի մրցաշարում հայազգի շախմատիստը 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, կրկին զբաղեցրեց առաջին տեղը:

Գաբրիելը  կմասնակցի նաեւ ապրիլի 2-ին մեկնարկելիք Եվրոպայի անհատական առաջնությանը:

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ 

ԼՂՀ-ում նախապատրաստվում են օգոստոս ամսին Երեւանում կայանալիք Համահայկական հերթական խաղերին, որին կմասնակցեն նաեւ մեր մարզիկները՝ ներկայացնելով Ստեփանակերտ, Մարտակերտ, Շուշի եւ Բերձոր քաղաքները: Մեր մարզիկները հանդես կգան բասկետբոլ, սեղանի թենիս, ֆուտբոլ, թեթեւ աթլետիկա, բադմինտոն, վոլեյբոլ եւ շախմատ մարզաձեւերում:

Ինչպես մեզ հայտնեցին ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության սպորտվարչությունից, մարզիչների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն Համահայկական խաղերին մասնակցելու համար նախապատրաստական աշխատանքներն սկսելու մասին: Ներկայացված են համապատասխան ծրագրերը, որոնց իրականացման պատասխանատվությունը մարզիչների վրա է: Վարչությունը կվերահսկի նախապատրաստական ողջ գործընթացը:

Պատրաստեց Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԱԿԵՐՏ-2006

Մարտի 23-ին թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացվեց «Մանկավարժ» հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնված «Լավագույն աշակերտ-2006» մրցույթ-փառատոնի հանրապետական փուլը: Միջոցառմանը մասնակցում էին աշակերտներ մայրաքաղաքից եւ Ասկերանի, Շուշիի, Մարտունու, Հադրութի, Քաշաթաղի շրջաններից:

Մրցույթը բաղկացած էր 3 փուլից: Առաջին փուլում մասնակիցներին տրվել էր տասական հարց դպրոցական ծրագրից, երկրորդ փուլում աշակերտները ներկայացրել էին երգ, պար, ասմունք, իսկ վերջին՝ «Ես եմ լավագույնը» փուլում հանձնախմբի կողմից յուրաքանչյուր մասնակցի առաջադրվում էին հարցեր: Մրցութային հանձնախմբի կազմում էին ԿՄՍ նախարարության հայոց լեզվի մասնագետ Գայանե Գրիգորյանը, ռադիոլրագրող Սեյրան Կարապետյանը, միջազգայնագետ Դավիթ Մելքումյանը, ԱրՊՀ դասախոս Սիրուն Բաղդասարյանը և նկարիչ Ռոբերտ Ասկարյանը:

Վերջին փուլից հետո ամփոփվեցին մրցույթի արդյունքները: 40.5 միավորով երրորդ մրցանակային տեղը գրավեց Հադրութի շրջանը, 41 միավորով երկրորդ տեղում է հայտնվել Մարտունու շրջանը, իսկ հաղթող է ճանաչվել մայրաքաղաք Ստեփանակերտը՝՝ 47,5 միավորով (թ.11 միջնակարգ դպրոցի աշակերտ Պարույր Մկրտչյան և աջակիցներ):

Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին «Մանկավարժ» հասարակական կազմակերպության կողմից հանձնվեցին պատվոգրեր ու նվերներ: Խրախուսական նվերներ հանձնվեցին նաեւ մյուս մասնակիցներին:

Էռնա ՍԱՐԳՍՅԱՆ 

——————————————————————————————-

Կարգավորում

Ժնեւում քննարկվել է միջանկյալ կարգավիճակի հարցը

Ժնեւում կայացած բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարեց, որ քննարկվող բազային սկզբունքները ենթադրում են երկու հիմնական խնդրի լուծում` Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններից հայկական զորքերի դուրսբերում եւ չճանաչված երկրի համար միջանկյալ կարգավիճակի որոշում` մինչեւ հանրաքվե անցկացնելը: «Մենք աշխատում ենք մի այնպիսի միջանկյալ կարգավիճակի վրա, որը, թողնելով իրավիճակն այնպես, ինչպես դե-ֆակտո կա, թույլ կտա Ղարաբաղին միջազգային կազմակերպությունների հետ կոնտակտներ ունենալ` այն դեպքերում, որոնք իրավասուբյեկտություն չեն պահանջում», – ասել է Մերզլյակովը:

Համանախագահների կարծիքով, փախստականների վերադարձի հարցը կողմերը պետք է քննարկեն իրար միջեւ: 

Տարածքների հանձնումը կփոխի դե-ֆակտո իրավիճակը

Քաղաքագետ Դավիթ Բաբայանի կարծիքով, միջանկյալ կարգավիճակի գաղափարը ծագել է Դարթմության համաժողովի շրջանակներում: Սակայն այնտեղ միջանկյալ կարգավիճակի գաղափարն այլ տեսք ուներ: Այնտեղ նման կարգավիճակ է տրամադրվում ԼՂՀ-ին` բանակցային գործընթացին միանալու համար եւ չի ենթադրում զորքերի դուրս բերման եւ այլ ռազմավարական քայլեր: «Մինսկի խմբի համանախագահները որոշել են փոփոխել այդ գաղափարը, եւ ստացվել է ուրիշ նկարագիր: Եթե ԼՂՀ-ն պետք է դուրս բերի զորքերը ազատագրված տարածքներից, ի՞նչ դե-ֆակտո կարգավիճակի պահպանման մասին կարող է լինել խոսքը: Այսօրվա կարգավիճակը կտրուկ կփոխվի` ի շահ Ադրբեջանի: Եւ ոչ մի միջազգային ուժ չի կարողանալու Ղարաբաղի համար անվտանգության երաշխիք ծառայել: Ղարաբաղը կայացած պետություն է, որի հիմնական եւ առաջնային նպատակն է` իր անկախության պահպանումը, անվտանգության եւ զարգացման ապահովումը: Միայն կարգավիճակը չի կարող երաշխավորել այս ամենը, հակառակը` տարածքները այդ սկզբունքների ապահովման համար կարեւորագույն դեր են խաղում», – ասել է Դ. Բաբայանը:

Բանակցություններին մասնակցելու համար հասարակական վստահություն է անհրաժեշտ

«Կարծում եմ, որ մենք պետք է սպասենք, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ամբողջ կազմով հաստատի ռուսաստանցի համանախագահի տեղեկատվությունը, եւ, ինչու չէ, նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները իրենց վերաբերմունքը արտահայտեն»,-KarabakhOpen-ի հետ հարցազրույցի ժամանակ նշել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Թերթի խնդրանքով, պատգամավորը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրելու հնարավորության մասին:

«Որեւէ գնահատական դժվար է դրան տալ, որովհետեւ նկատի ունենալով բանակցությունների գաղտնիությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած պաշտոնական հաղորդագրությունը այդ հանդիպման մասին, ինձ թույլ են տալիս ասել, որ ռուսաստանցի համանախագահը պարզապես կազմակերպել է տեղեկատվական արտահոսք, փորձելով, ամենայն հավանականությամբ, շոշափել կողմերի քաղաքական ուժերի կամ հասարակությունների վերաբերմունքը: Անդրադառնալով բուն հարցադրմանը, կարծում եմ, որ կարգավորման բանակցային գործընթացը շատ ավելի լուրջ է, քան այդ մասին երբեմն խոսվում է քաղաքական կամ մերձքաղաքական շրջանակներում:

Որեւէ քաղաքական ուժ, գործիչ չի կարող ստանձնել կարգավորման համար իր երկրի ամբողջ պատասխանատվությունը: Նա պետք է ունենա հասարակության վստահության լիմիտը, որպեսզի լրջորեն եւ հավասարակշռված մասնակցի բանակցային գործընթացին: Իսկ վստահության լիմիտը կարող է ձեւավորվել այն ժամանակ, երբ բոլոր տարբերակները բաց բանավեճի ճանապարհով հնարավոր կլինի քննարկել եւ հանգել մի այնպիսի ընդհանուր եզրակացության, ինչը ընդունելի կլինի հասարակության մեծամասնության կողմից»:

Միջանկյալ կարգավիճակը Ղարաբաղին շահավետ չէ

Միջանկյալ կարգավիճակը ամենավտանգավորն է տարածաշրջանի երկրների համար: Ցանկացած կիսատ գործ կարող է վերարտադրվել,-այս կարծիքն է հայտնել ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:

Հիշեցնենք, որ Ժնեւում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, որ քննարկվում են երկու հիմնական հարց` ազատագրված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումն ու Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակը:

Ինչպես ասել է Բալասանյանը, կարգավորման հիմնական հարց պետք է լինի Ղարաբաղի կարգավիճակը: «Անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: Չի կարելի ձեւացնել, որ պատերազմ չի եղել: Հակառակը` պետք է հստակ գնահատական տրվի՝ ով է սկսել պատերազմը, ով է հաղթել եւ պարտվել, ով է պատասխանատու մարդկային եւ նյութական զոհերի համար եւ ինչ ձեւով պիտի հատուցվի այդ պատասխանատվությունը:

Ես չեմ կարծում, որ իմաստ կա խոսել տարածքների վերադարձի մասին: Ինչո՞ւ Ղարաբաղը դիտարկվում է նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում: Չէ՞ որ այդ սահմանները գծվել են խորհրդային կարգերի ժամանակ: Մենք ուզում ենք վերադարձնե՞լ այդ կարգերը: Ուրեմն, եկեք վերակառուցենք բեռլինյան պատը», – ասել է գեներալը:

Նա զգուշացրեց, որ ղարաբաղցիների վզին ինչ-որ կարգավիճակ փաթաթելը կարող է անսպասելի հետեւանքների բերել: «Մենք կողմ ենք խաղաղ կարգավորման եւ ուշադիր հետեւում ենք բոլոր գործընթացներին: Բայց եթե մեզ, ինչպես եղել է 1990-ին, փորձեն մի կարգավիճակ փաթաթել, որը կխախտի կյանքի մեր իրավունքը, մարդիկ կծնվեն, որոնք կբարձրանան զինված պայքարի», – ասել է Վ. Բալասանյանը:

Զիջումների հաշվին միջանկյալ կարգավիճակի տրամադրումն անիմաստ է

«Միջազգային կազմակերպությունների կողմից ցանկացած կարգավիճակի ֆիքսում, որը տանում է դեպի անկախություն կամ ավելի է մոտեցնում մեր նպատակներին, իհարկե՝ ողջունելի է: Այլ հարց է, թե միջանկյալ կարգավիճակը համանախագահները ինչի դիմաց են պատրաստ տրամադրել»,-այս միտքն է արտահայտել ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի՝ Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու հայտարարությանը:

«Եթե դա կատարվելու է զիջումների հաշվին, ապա, կարծում եմ, դա անիմաստ է,-նշել է Ա.Մոսիյանը: -Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին, ապա քննարկվող տարբերակները հեռու են մեր պատկերացումներից ու մոտեցումներից»:

http://www.karabakhopen.com

Հայկական Ժամանակ
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան վերջին հայտարարություն-մեկնաբանությունը, չնայած իր թվացյալ անորոշությանը, լրացնում է ԱՄՆ պետդեպարտամենտի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների զեկույցը` Լեռնային Ղարաբաղի մասով: Ու չնայած դեսպանատան հայտարարությունը սկսվում է նրանով, որ ԱՄՆ քաղաքականությունը ԼՂ հարցում չի փոխվել, երկու փաստերի համադրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ քաղաքականությունը ԼՂ հարցում, այնուամենայնիվ, փոխվել է: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը վերջին անգամ 2005 թվականի հունվարի 19-ին է հայտարարություն տարածել, որ ներառում է «ԱՄՆ քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում չի փոխվել» նախադասությունը: Եւ այդ ժամանակ էլ նման հայտարարության առիթը ամենեւին էլ ուրախալի չէր հայերիս համար: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսը լրագրողների հետ ունեցած զրույցում ասել էր, որ ԼՂ-ն ղեկավարում են բնույթով քրեական իշխանություններ: Դրանից հետո Հայաստանում աղմուկ բարձրացավ, ինչին հետեւեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը. «ԱՄՆ քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում չի փոխվել. Միացյալ Նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետականություն, իսկ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը չի ընդունվում միջազգայնորեն կամ էլ Միացյալ Նահանգների կողմից: Միացյալ Նահանգները պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է կողմերի միջեւ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի միջոցով»: Փաստորեն, սույնով ԱՄՆ-ն արձանագրում էր, որ ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց եթե Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության գան ԼՂ կարգավիճակի շուրջ, ինքը դրան որեւէ կերպ չի առարկի: Սա` 2005 թվականին: Իսկ այս շաբաթվա հայտարարության մեջ այս շեշտադրումը բացակայում է, եւ կարգավիճակի վերաբերյալ նախադասությանը փոխարինելու է գալիս բոլորովին ուրիշ ձեւակերպում. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` մենք ջանադրաբար աշխատում ենք, որպեսզի շուտով համաձայնություն ձեռք բերվի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ»: Ինչպես տեսնում եք, այս հայտարարության մեջ արդեն իսկ բացակայում է ԼՂ կարգավիճակի ճշգրտման մասին հիշատակումը: Իհարկե, նման ձեւակերպման բացակայությունն ինքնին գուցե թե շատ բան չի նշանակում, բայց եթե դա համադրում ենք Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից օկուպացված լինելու մասին պետդեպարտամենտի ձեւակերպման հետ, տխուր պատկեր ենք ստանում. 2005 թվականի հայտարարությամբ ԱՄՆ-ն ԼՂ-ի կարգավիճակի ճշգրտումը դիտում էր որպես խաղաղության հասնելու միջոց, իսկ հիմա, քանի որ Ղարաբաղը Հայաստանի կողմից օկուպացված է, ստացվում է, որ այն Ադրբեջանին վերադարձնելն է ԱՄՆ-ն դիտում խաղաղության հասնելու միջոց: Եւ սա, ըստ էության, շատ կարեւոր փոփոխություն է մտցնում ԱՄՆ քաղաքականության մեջ: Չնայած պետդեպարտամենտի ձեւակերպումն ինքնին քաղաքականության փոփոխություն է, քանի որ նախկինում ոչ մի միջազգային ատյան բուն Ղարաբաղի մասին օկուպացված տերմինը չի օգտագործել:

Լրագիր
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ. ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՈԶՎԱԾ ԷՐ

Աշխարհում մարդու իրավունքի վիճակի վերաբերյալ ԱՄՆ պետդեպի զեկույցը ներառում է անկապ բաներ: Այդ եզրակացության հիմքը Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի խոսքն է, որ նա արտաբերել է մարտի 15-ին Ուրբաթ ակումբում: Լրագրողները նրան հարցրել են, թե ինչպես է գնահատում ԱՄՆ Պետդեպի զեկույցի այն դրույթը, որում նշված է` Հայաստանը շարունակում է օկուպացված պահել Լեռնային Ղարաբաղն ու հարակից տարածքները: Տիգրան Թորոսյանը պատասխանել է, որ Ղարաբաղի եւ տարածքների հարցը բացարձակապես կապ չուներ այն խնդիրների հետ, որոնք պետք է արծարծվեին այդ զեկույցում, քանի որ զեկույցը նվիրված էր մարդու իրավունքի խնդիրներին:

Դրանից բացի, Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, եւ ըստ Տիգրան Թորոսյանի, իրավունք չուներ այդպիսի ձեւակերպում տալ, առավել եւս, որ միջազգային որեւէ փաստաթղթում Ղարաբաղն օկուպացված տարածք չի համարվում: «Ավելին, անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերում Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները համարվում են օկուպացված տեղական հայկական ուժերի կողմից, եւ ոչ թե հայկական ուժերի կողմից: Իսկապես կոպիտ եւ անընդունելի ձեւակերպում էր»,- ասում է Տիգրան Թորոսյանը:

Ըստ նրա, Պետդեպի զեկույցի այդ կետը փաստացի սխալ համարող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունից հետո ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունը ամենեւին չի վերհաստատում զեկույցի մեջ տրված ձեւակերպումը: Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարությունից ոչինչ հասկանալ հնարավոր չէր, քանի որ դա շատ լղոզված հայտարարություն էր, նշել է Տիգրան Թորոսյանը: Այնտեղ ասված էր, որ ԱՄՆ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը: Բայց Տիգրան Թորոսյանը կարծում է, որ քանի որ ԱՄՆ համանախագահ երկիր է, ապա պետք է խոսք ասեր նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, քանի որ համանախագահ միջնորդներն իրենք են բազմիցս ասել, որ բանակցության առանցքում դրված են թե տարածքային ամբողջության եւ թե ինքնորոշման սկզբունքները:

Ազգ
ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՊԱՀԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՄՊԸ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյան եւ Էլմար Մամեդյարով ժնեւյան հանդիպումը վերջապես կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Հանդիպման մանրամասներ, բնականաբար, չեն հաղորդվում, սակայն ե°ւ հայկական, ե°ւ ադրբեջանական կողմերը չեն բացառել, որ հաջորդ հանդիպումը կարող է կայանալ ԱՊՀ արտգործնախարարների հերթական գագաթաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա ապրիլի 25-ին Աստանայում:

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունը, որի ընթացքում տարածաշրջան այցելած ֆրանսիացի համանախագահը գործընկերներին տեղեկացրել է կայացած հանդիպումների եւ ձեռք բերած պայմանավորվածությունների մասին:

——————————————————————————————-

Ներքաղաքական

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ, ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԻ

Կարծում եմ, եկել է ժամը փակագծերը փոքր ինչ բացելու, փակագծեր, որոնք խստիվ պահպանել ենք ես եւ ինձ նման մտածողները սկսած 1994 թվականից, հաշվի առնելով արտաքին թշնամու առկայությունը, փորձել ենք հրապարակայնորեն չխոսել խիստ ընդգծված թերությունների մասին ու դրանով իսկ նպաստել մեր պետության աներեր կառուցմանը:

Պետություն, որի համար դողում ենք բոլորս, բացի նրա այսօրվա «տերերից», ովքեր ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում, նույնիսկ՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրված քաղաքապետին «մերկացնելու» գործում: Նպատակս քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանին պաշտպանելը չէ, իմ կարծիքով՝ դրա կարիքը չկա, որովհետեւ ԼՂՀ դատախազության հայտարարությունից ոչինչ չի հասկացվում. քրեական գործեր, հետո համաներում, ինչ-որ տարօրինակ դիմումներ եւ այլն: Մի խոսքով՝ ամեն ինչ այնքան է խառնված իրար, որ անհասկանալի է, թե Է. Աղաբեկյանի մեղքը հողեր հատկացնելու՞ մեջ է, թե՞ ուղիղ հակառակը՝ չհատկացնելու մեջ:

Իմ խորին համոզմամբ, իշխանությունների խնդիրը ոչ թե Էդ. Աղաբեկյանի կատարած «հանցագործությունների» բացահայտումն է, այլ առաջիկա նախագահական ընտրությունները: Ընտրություններ, որոնք այնքան են վախեցրել իշխանական օղակներին, որ մինչ օրս չեն հրապարակում որեւէ թեկնածուի անուն, մինչդեռ թեկնածուների առաջադրմանը մնացել է շատ քիչ ժամանակ: Այո, վախեցրել է, որովհետեւ մարդիկ մտածում են արժանի հետնորդի «արժանիքների» մասին, կկարողանա՞ նա արդյոք պահպանել այս «ստատուս քվոն», որում ժողովուրդը հիպնոսացվել է, իսկ իրենք այնքան են կուտակել, որ չեն կարող վերցնել ու հայդե՝ ուր աչքդ կտրի, այսպես թե այնպես պահպանել է պետք ձեռք բերածը: Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը:

Ներքաղաքական այս շոուն չհաջողվեց տնտեսական հանցագործության շղարշով քողարկել, որովհետեւ ժողովրդի հիշողությունը այդքան էլ կարճ չէ, եւ նրա հիպնոսացած վիճակը այդքան էլ չի նշանակում, որ նա կորցրել է իր տրամաբանությունը, այլապես ինչու՞ ԼՂՀ դատախազությունը այդքան բծախնդրորեն ընդառաջեց մի քանի քաղաքացիների սովորական դիմում-բողոքներին: Չէ՞ որ այդ նույն դատախազությունը վերջերս դիմում էր ստացել մի պատգամավորից, որ Ասկերան քաղաքի գրեթե մեկ տասնյակ պետական շենքեր անօրեն կերպով քանդվել ու թալանվել են: Ստացել ու ի պատասխան տեղեկացրել էր «հանցակազմի բացակայության» մասին: Հավանաբար, դատախազության կարծիքով հանցակազմ չկար նաև մի շարք թերթերի մեջբերած փաստերում այն մասին, որ մոտ մեկ միլիոն դոլար արժողությամբ համակարգչային տոմոգրաֆ սարքավորումը հինգ տարուց ավելի փչանում է նկուղում: Երևի հանցակազմ չեն տեսել դատախազությունում, քանի որ չեն արձագանքել:

Մեկ տարի առաջ Վահան Բադասյանը «Դեմո» թերթի 2005 հունվարի 15-ի համարում տպված հոդվածում մի ամբողջ հանցագործ համակարգի մասին է գրել կոնկրետ թվերով եւ անվանումներով, ամենայն մանրուքներով, կարծես թե անվիճելի փաստարկներ է ներկայացրել, բայց նորից հայրենի դատախազությունը քար լռություն է պահպանում: Ի դեպ, հոդվածում Վ. Բադասյանը վաղուց մոռացված ասպետական պահվածքով ասել է, որ պատրաստ է պատասխանատվություն կրելու, եթե ստուգման արդյունքում չհաստատվեն իր բերած փաստերը:

Եվ այսպես շարունակ կարելի է թվարկել դեպքեր ու բողոքներ, որոնք մինչ այսօր պատասխան չեն ստացել ու դեռ կմնան անպատասխան… մինչեւ Երկիրը իր իրական տերը կգտնի, տեր, որը ոչ թե դատախազությունը կծառայեցնի իր քմահաճույքներին, այլ օր ու գիշեր սրտացավությամբ կշրջի դատարկվող գյուղերով, դարդ ու հալ կհարցնի եւ բացերը լրացնելով՝ իր հարազատ ժողովրդի հետ պարզերես կխոսի:

Հավատում եմ՝ գալու է այդ օրը:

Զաքար ՀԱԿՈԲՅԱՆ

ՄԻ ՎԱԽԵՑԵՔ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
կամ՝ բազմազանությունը հանրային կարծիքի գոյության նշան է

«Չտո դելատ» հեղինակային թերթի վերջին համարում Մուրադ Պետրոսյանի որոշ մտքեր մտորումների և արձագանքելու տեղիք տվեցին: Սակայն նպատակս ոչ այնքան իմ կողմից հարգված անձնավորության հետ բանավիճելու ցանկությունն է, որքան հանրության մեջ շրջանառվող որոշ թյուրիմացությունների պարզաբանմանը նպաստելը:

Եւ այսպես, Մ.Պետրոսյանը, արտահայտելով իր հստակ կողմնորոշումն ու դիրքորոշումը ապագա նախագահի՝ ըստ իրեն ամենաարժանի ու ամենաունակ թեկնածուի հարցում, միևնույն ժամանակ տարակուսում է, որ կան մարդիկ և ուժեր, որոնք չեն կիսում այդ կարծիքը, գտնելով, որ «սկզբունքորեն նման ուժեր չպիտի լինեն… այն պարզ պատճառով, որ անարդարության և անօրինության արմատախիլ արման միջոցով երկիրն ամրապնդելու նպատակ դրած մարդը պիտի ցանկալի լինի ցանկացած քաղաքական ուժի համար»:

Նպատակն, ինչ խոսք, բարի է, բայց լուրջ կլինի՞, արդյոք, բացառել, որ նման նպատակ կարող են իրենց առջև դրած լինել նաև այլ քաղաքական գործիչ կամ գործիչներ, այլ քաղաքական ուժ կամ ուժեր:

Ուրեմն ո՞վ պիտի որոշի, թե նրանցից որն է ամենաարժանին ու ամենաունակը: Որքան էլ հարգելիս լինեմ Մ.Պետրոսյանին, այնուամենայնիվ, չեմ կարող չնշել, որ տվյալ դեպքում դա կոնկրետ մի մարդու, մի քաղաքական գործչի, մի քաղաքական ուժի կարծիք է, որը որքան էլ կարևոր և ուշագրավ լինի, այնուամենայնիվ, չի կարող բացառել մեկ այլ մարդու, մեկ այլ քաղաքական գործչի, մեկ այլ քաղաքական ուժի կարծիքի առկայությունը: Ընտրություններն էլ հենց դրա համար են անցկացվում, որպեսզի ժողովուրդը, հանրությունը որոշեն, թե ով և ինչն է առավել նախընտրելի: Չէ՞ որ ապագա նախագահին ընտրելու է ոչ թե կամ ոչ միայն Մուրադ Պետրոսյանը, այլև մյուսները: Այսինքն՝ կարևոր են նաև ուրիշների կարծիքները: Հարգելով Մ.Պետրոսյանի կարծիքը, այդ մյուսները իրավունք ունեն ակնկալելու նմանատիպ փոխադարձ վերաբերմունք:

Ի վերջո, բոլորս էլ միակարծիք ենք այն հարցում, որ վաղուց ժամանակն է, որ կարևորագույն ընտրությունները մեր երկրում անցկացվեն ոչ թե վաղօրոք հայտնի սցենարով ու կանխորոշված արդյունքներով, այլ քաղաքական քաղաքակիրթ պայքարի հնարավորինս հաշվարկված, բայց ըստ էության անկանխատեսելի դրսևորումներով: Ի վերջո, նախագահական ընտրությունները ոչ միայն երկրի առաջին դեմքի ի հայտ բերման հնարավորություն են, այլ նաև քաղաքական ստուգատես բոլոր քաղաքական ուժերի համար՝ որքանո՞վ են նրանք կայացել, որքա՞ն է նրանց իրական ազդեցությունն ու իրական էլեկտորատ-ընտրազանգվածը (սա հատկապես պարտավոր է իմանալ ապագա նախագահը): Այսինքն՝ ընտրությունները նաև քաղաքական դաշտի կայացման-զարգացման խթանիչն են ու քաղաքական ուժերի առողջ մրցակցության ասպարեզ, ինչին, չեմ կասկածում, կողմ է նաև Մ.Պետրոսյանը, և առանց որի հնարավոր չէ կառուցել քաղաքակիրթ ու քաղաքացիական հասարակարգ:

Եւ այստեղ գուցե շատերի համար զարմանալի լինի, բայց յուրաքանչյուր մարդ ունի ոչ միայն իր կարծիքը հրապարակավ հայտնելու, այլև քաղաքակիրթ, կրկնում եմ՝ քաղաքակիրթ քարոզչության և հակաքարոզչության իրավունք: Եւ ոչ մի վատ բան այստեղ չկա, ուստի պետք չէ ուրիշներին անպայման «սխալ հանել»: Այդ իրավունքը թողնենք ընտրողներին:

Մի թյուրիմացության մասին ևս: Հաճախ են այս կամ այն ընդդիմադիր գործչի կամ այլախոհի, կամ ընդդիմադիր քաղաքական ուժի դեմ որպես «մերկացնող» փաստարկ օգտագործում այն, որ նա (նրանք) ձգտում են իշխանության: «Անտեղյակներն» էլ հիասթափված հայացքով սկսում են նորովի զննել այդ մարդկանց: Իրականում ընդդիմության առաքելությունը կայանում է հենց դրանում՝ իր կարծիքով առավել ճիշտ ուղու գաղափարներն իրականացնելու-ապացուցելու հնարավորություն ստանալ: Եթե ընդդիմությունը չի ձգտում իշխանության, ապա դա անառողջ երևույթ է, ավելին՝ լուրջ կասկածների տեղիք է տալիս ու «տրոյական ձիու» հետ համեմատելու գայթակղում: Դա նույնիսկ դեմ է «քաղաքական բնության» օրենքներին: Ընդդիմությունը պիտի ձգտի իշխանության և այդ ձգտմամբ, անկախ արդյունքից, նպաստի երկրում քաղաքական երկու բևեռի ձևավորմանը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ժողովրդավարությունը: Քանի որ միաբևեռայնությունը վտանգավոր է ոչ միայն ընտանիքում, կոլեկտիվում ու երկրում, այլև աշխարհում:

Ընդհանրապես, պետք չէ վախենալ կարծիքների ու գաղափարների, ինչպես նաև դրանց կրողների բազմազանությունից: Դա ինքնին վկայում է, որ հանրային կարծիքը մեռած չէ, գոյություն ունի: Իսկ դա այն երևույթն է, որը մեռնելու, մահկանացու լինելու իրավունք չունի:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Շարժում-88» կուսակցության փոխնախագահ

ՕՐՎԱ ԱՆԵԿԴՈՏԸ  ։-)

ԼՂՀ գործող նախագահ Արկադի Ղուկասյանը զանգում է կառավարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Գրիգորյանին.

-Սուրիկ, ֆուտբոլի թիմը շտապ հավաքիր, Պուտինն է եկել՝ մրցելու ենք ռուսների հետ:
-Չեմ կարող, Արկադի Արշավիրովիչ:
-Ինչպե՞ս թե չես կարող:
-Թիմ չկա, Արկադի Արշավիրովիչ:
-Ինչպե՞ս թե չկա:
-Թիմը կիսված է, կեսը Աշոտ Ղուլյանի հետ վոլեյբոլ է խաղում, մյուս կեսն էլ Բակո Սահակյանի հետ՝ բիլիարդ:

ԼՂՀ ՆԵՐԿԱՅԻՍ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍԻՆ

Լեռնային Ղարաբաղի նախընտրական տարին լարված չէ եւ ընթանում է շատ հանգիստ, մարտի 23-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ԼՂՀ նոր նախագահի ընտրության մասին, հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: «ԼՂՀ մթնոլորտը շատ հանգիստ է, լարվածություն չկա, կան մարդիկ, որ արհեստական լարում են փորձում առաջացնել, բայց նրանց դա չի հաջողվի»,- հայտարարել է Արկադի Ղուկասյանը, տեղեկացնում է ԱՌԿԱ-ն:

Արկադի Ղուկասյանը ձեռնպահ է մնացել տալ այն թեկնածուի անունը, ում ինքը կաջակցի նախագահի ընտրությանը: «Թեեւ ես ունեմ իմ նախապատվությունը, բայց բոլոր դեպքերում ժողովուրդը պետք է որոշի Ղարաբաղի հաջորդ նախագահին»,- ասել է Արկադի Ղուկասյանը: Նա ասել է, թե տեսնում է արժանի շատ թեկնածուներ, առնվազն 3-4, բայց կոռեկտ չէ տալ նրանցից որեւէ մեկի անունը: «Պետք է նկատել, որ Ղարաբաղում չկա կադրերի պակաս: Կան արժանի մարդիկ, որոնք հարգված եւ ընդունելի են ժողովրդի շրջանում, եւ շուտով այդ հարցերի պատասխանները կհնչեն»,- ասում է ԼՂՀ ներկայիս նախագահը:

«Լրագիր»

ՎԱՂԱԺԱՄ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ Է

Ամռանը կայանալիք նախագահական ընտրությունների օրը դեռ որոշված չէ, առայժմ ոչ ոք չի հայտարարել հնարավոր առաջադրման մասին, քաղաքական ոչ մի ուժ հանրությանը չի տեղեկացրել, թե ում է առաջադրելու կամ աջակցելու: Այսինքն, թեկնածուներ առաջադրված չեն, նախընտրական քարոզչությունն էլ սկսված չէ:

Այսքանով հանդերձ, «Բարոյական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Մուրադ Պետրոսյանը փաստորեն սկսել է նախընտրական քարոզչությունը, օգտվելով հանրային հեռուստատեսությամբ հեղինակային ծրագիր ունենալու եզակի հնարավորությունից: Ընդունելով, որ նրա հեղինակած ծրագիրը բավականին հետաքրքիր և ուշագրավ է, նաև որոշակի վարկանիշ ունի, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ միայն իրեն ընձեռված այդ բացառիկ հնարավորությունը նա չպիտի օգտագործի այս կամ այն թեկնածուի օգտին միանշանակ քարոզչության համար: Ամեն ինչից զատ դա օրենքի խախտում է:

Իսկ որ նա քարոզչություն է անում հնարավոր թեկնածուներից մեկի օգտին՝ դա միանշանակ է: Թեև վերջին հաղորդման ժամանակ նա անուն չի տվել, բայց հեռուստադիտողներին հիշեցրել է իր նախորդ հաղորդումներից մեկը, որտեղ նշել է այդ թեկնածուի անունը, դրանով իսկ հասկացնել տալով, թե ում մասին է խոսքը:

«Նախընտրական քարոզչությունն սկսվում է թեկնածուների եւ կուսակցությունների գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրը եւ վերջանում է քվեարկությունից մեկ օր առաջ», – նշված է դեռ գործող Ընտրական օրենսգրքում:

Զավեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԻ ԱՍԵԼ

Նորերս Արցախի հանրային հեռուստատեսությամբ, ինչպես նաև «Չտո դելատ» թերթում Մուրադ Պետրոսյանը, խոսելով ապագա նախագահի իր նախընտրած թեկնածուի մասին (թեև անունը չի տվել, բայց հասկացվում էր, որ խոսքը Բակո Սահակյանի մասին է), ասել է հետևյալը. «Անգամ Սամվել Բաբայանը, որ առանձնապես համակրանք չի տածում այն թեկնածուի նկատմամբ, ում մասին գնում է խոսքը, վերջերս ինձ հետ զրույցում ընդունել է, որ նա կոռումպացված չէ, գենետիկ ազնվությամբ է օժտված, և այսօրվա դրությամբ ԼՂՀ նախագահի պաշտոնի համար առավել հարմար թեկնածու չկա»:

Մ.Պետրոսյանի ասածը կասկածի տեղիք տվեց թեկուզև այն պատճառով, որ օգտագործված բառապաշարը և արտահայտչամիջոցները ավելի շատ հատուկ են իրեն՝ Մ.Պետրոսյանին, քան Ս. Բաբայանին: Ուստի կասկածները փարատելու համար դիմեցինք Սամվել Բաբայանին, խնդրելով հաստատել կամ հերքել ասվածը: Ս.Բաբայանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրոք նորերս Մ.Պետրոսյանի հետ ընտրությունների թեմայով զրույց է կայացել, բայց ինքը ձեռնպահ է մնացել այս կամ այն հնարավոր թեկնածուին գնահատական տալուց: «Ես ասել եմ, որ հանգիստ եմ նայում այդ ամենին ու բոլոր հնարավոր թեկնածուներին, և ընդամենը»,- ավելացրել է նա:

——————————————————————————————-

Հասարակություն

ԻՇԽԱՆԱԿԱՆ «ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈ»-Ն ՉՊԻՏԻ ՊԱՀՊԱՆՎԻ

Նախագահական գալիք ընտրությունները մեզ մոտ շարունակվում են հիմնականում երևակվել գործող նախագահի երրորդ անգամ պաշտոնավարելու շուրջ քննարկումներով: Եւ մեղավորն ամենևին էլ լրագրողներն ու լրատվամիջոցները չեն, որ արձագանքում են, այլ հանրային քննարկումները: Իսկ թե ինչու են հանրությունում շարունակում արծարծել այս հարցը՝ այնքան էլ հասկանալի չէ: Սրանում ոչ այնքան նախագահը, որքան նրա շրջապատն ու իշխանամետ ուժերն են մեղավոր: Եւ այս առումով միանգամայն համաձայն եմ «Դեմո»-ի վերջին համարներից մեկում (“Просьба к просящим” հոդվածում) արծարծված մտքին՝ հանրության մտածելակերպը պիտի փոխվի:

Այս մտորումներին տեղիք տվեց մարտի 7-ին Արցախի  Alma mater-ում՝ պետհամալսարանում, աստղադիտարանի բացման արարողությունից հետո Ա.Ղուկասյանի հանդիպումը պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Թեև նախագահը, չանսալով իր մտերիմների խնդրանքներին և հրաժարվելով գայթակղությունից, քանիցս հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը, պապից ավելի կաթոլիկ երևալ ցանկացողները շարունակում են հորդորել նրան դիմելու այդ քայլին: Մասնավորապես, ճանաչված պրոֆեսորներից մեկը ափսոսանք հայտնեց, որ նախագահն իր թեկնածությունը չի առաջադրելու: Մենք իրավունք չունենք չհավատալ, որ պրոֆեսորն արտահայտում է մտավորականության մի որոշակի մասի կարծիքը:

Սակայն նաև փաստ է, որ մտավորականների մի զգալի հատվածն էլ դեմ է դրան: Եւ դրա համար բավարար հիմք ունի: Բացի նրանից, որ օրենքն արգելում է երրորդ անգամ անընդմեջ պաշտոնավարումը, այլ հիմքեր էլ կան այդպես վարվելու: Բոլոր հիմքերը կան քննադատաբար մոտենալու նախագահի թողած «ժառանգությանը»: Ճիշտ է, այսօր Ղարաբաղում չկա վախի մթնոլորտ, կա խոսքի ազատության որոշակի մակարդակ, երկիրը փորձում է գնալ ժողովրդավարական բարեփոխումների ուղեգծով: Բայց, միևնույն ժամանակ, դրանք ավելի շատ արտահայտվում են խոսքով, քան գործով: Իսկ ժամանակը պահանջում է առաջ շարժվել, պատասխանել նոր մարտահրավերներին:

Երկրում կուտակվել են բազմաթիվ պրոբլեմներ, որոնք ավելի  շատ արդյունք են առկա մտածելակերպի ու գործելաոճի, իշխանություն-ժողովուրդ անջրպետի, սոցիալական անարդարության: Սա ամենավտանգավոր ժառանգությունն է, որից պիտի հրաժարվենք: Այս առումով մտահոգիչ է նաև Ա.Ղուկասյանի՝ միանշանակ ու ինքնավստահ տոնով արտահայտած այն միտքը, որ նա նոր նախագահին օգնելու-սովորեցնելու շատ բան ունի, որ պիտի իր փորձը հաղորդի նրան: Սույն միանշանակությունը վկայությունն է այն բանում նրա համոզվածության, որ հաջորդ նախագահն անպայման իր ուզածն է լինելու, իր սրտովն է լինելու: Մինչդեռ մենք միայն նախագահին չենք ուզում փոխել, այլ բացասական ժառանգությունը, այն մերժելի սկզբունքներն ու մեթոդները, որոնց ականատես ենք եղել:

Եթե նախագահը քննադատաբար է վերլուծում իր գործունեության արդյունքները և դրականի հետ տեսնում է նաև բացասականը, ապա դա այլ հարց է, եթե ոչ՝ սա արդեն վտանգավոր է: Որովհետև թողած ժառանգությունից ամեն ինչ չէ, որ պետք է վերցնել, եղած փորձից ամեն ինչ չէ ընդունելի: Մասնավորապես, պետք չէ կիսվել այն փորձով, թե ինչպես կարելի է հանրությունը հասցնել սոցիալական բևեռվածության, կամ էլ՝ թե ինչ պետք է անել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացից դուրս մնալու համար:

Ասել կուզեմ, որ նախագահի «սրտով եղած», կամ որ նույնն է՝ նրա (և իշխանության) աջակցությամբ ընտրված ղեկավարը դժվար թե կարողանա ձերբազատվել բացասական ժառանգությունից, ավելի հավանական է, որ իներցիայով շարունակվի այսօրվա ժառանգությունը: Վաղը երկիրն այս վիճակից կարող է դուրս բերել այն քաղաքական գործիչն ու այն քաղաքական ուժը, որը կապանքված չի լինի ներկայիս ժառանգությամբ ու պարտավորություններ չի ունենա այսօրվա իշխանությունների առաջ: Ժողովրդի համար հասկանալի պիտի լինի, որ «սրտուզելիքի» նման «քաղաքակիրթ» հաջորդափոխությունը նույնն է, թե՝ այսօր գործող իշխանությունների ու գործելակերպի շարունակություն:

Մինչդեռ անելիքներ շատ կան, հիմնախնդիրներ շատ կան, որ չկարողացավ լուծել այսօրվա իշխանությունը: Պետական միջոցները արդարացի ու խելամիտ չեն բաշխվում: Խորհրդարանի ու կառավարության նորակառույց շենքերի տեղ կարելի էր 500 աշխատատեղ բացել: Մեր իշխանավորները «ոչ միայն հացիվ» միտքը իրենց համար կերպափոխել են «միայն շենքիվ»-ի: Իսկ մարդիկ անգործ ու անօթևան են մնում ու ստիպված են լինում լքել երկիրը: Աշխատողներն էլ (հատկապես՝ մասնավոր սեկտորում) միշտ չէ, որ կարողանում են ստանալ իրենց հասանելիք աշխատավարձը:

Աղաղակող թերություններ են արմատացած ընտրությունների գործընթացում: Բացեիբաց, առանց քաշվելու, առանց երկյուղելու ընտրակաշառքներ են բաժանվում օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ՝ դրամ, սնունդ, հագուստ: Եվ այդքանը, կարծես, բավական չէ՝ պետերը իրենց ուզած թեկնածուին ձայն չտալու համար ենթարկյալներին հաթաթա են տալիս՝ աշխատանքից ազատում, ռոճիկը նվազեցնում եւ այլն:

Այո, խոսքի ազատություն կա այն առումով, որ ոչ մեկի բերանը չեն փակում, բայց որ ոչ մեկի ասածը «վեջները չէ»՝ դա էլ փաստ է: Ինչ ուզում ես գրիր, ինչպես ասում են՝ տերը ես եմ, բակլան խաշած եմ ցանում:

Ժողովրդի կամքով ընտրված Ստեփանակերտի քաղաքապետին կառավարությունը զրկել է քաղաքապետարանին պատկանող գործառույթներից, ինչ է թե քաղաքապետ չի ընտրվել իշխանությունների կողմից հովանավորվող թեկնածուն: Եվ այսքանից հետո առանց կարմրելու բարբառում են ժողովրդավարության մասին: Մի կատակաբանի կարծիքով՝ ժողովրդավարությունը Արցախում դեռ նոր է «տոտա-տոտա» անում:

Ժողովրդավարությունն իրապես պիտի արմատավորվի մեր երկրում, պիտի մի նոր ու մեծ քայլ արվի: Այսօրվա իշխանություններն իրենց ուժերի ներածին չափ քայլն արդեն արել են և ավելին անել ի վիճակի չեն: Գնահատենք նրանց արածը ու տեղ բացենք ՆՈՐ իշխանության համար:

Հենրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՄԵՐՕՐՅԱ ՈԴԻՍԱԿԱՆ
կամ՝ արհամարհանքի ճիրաններում

Ժողովրդավարության էությունն այն է, որ շարքային քաղաքացու ձայնը լսելի լինի իշխանավորներին, նրա հոգսերն ու դարդերը՝ իշխանությունների ուշադրության կենտրոնում: Որ մարդ իրեն հուզող հարցերը լուծելու համար բյուրոկրատական քաշքշուկների մեջ չմտնի, ստիպված չլինի դիմելու «ամենավերինին»: Այդպե՞ս է, արդյոք: Պարզապես ներկայացնեմ մայրաքաղաքում իմ ամենօրյա  զբոսապտույտից ստացած տպավորություններս:

Սկզբում որոշեցի մտնել առեւտրի այն կրպակը, որ պատկանում է իմ վաղեմի ընկերոջը: Անտրամադիր էր, ասես կորցրել էր ինչ-որ մի թանկարժեք բան, կամ առուծախի հաշիվներում թույլ տվել կոպիտ սխալ:

Առեւտրի կրպակն ընկերս ձեռք է բերել մոտ մի տասնամյակ առաջ: Ստեփանակերտում նրան շատերը գիտեն, քանի որ շուրջ կես դար աշխատել է քաղաքի տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում: Առեւտրով զբաղվում է ճարահատ: Ինքն էլ, կինն էլ հիվանդ են ու ամսական առնվազն 13-15 հազար դրամ ծախսում են դեղամիջոցների ձեռքբերման համար: Կենցաղային ծախսերն էլ իրենց հերթին: Կրպակից եկած թեկուզ եւ ոչ մեծ եկամուտները նպաստում են, ինչպես ասում են, ծայրը ծայրին հասցնելուն:

-Գիշերը շատ անհանգիստ եմ քնել,- սկսեց պատմել ընկերս: -Որտեղից որտեղ գլուխս էր մտել վերջերս ինձ հետ տեղի ունեցածը: Մի պրոբլեմ ունեի, ու գլխիս փչեց նամակով դիմել հանրապետության նախագահին, խնդրելով, որ ինձ, որպես Մեծ հայրենականի հաշմանդամի, աջակցի: Նամակ գրեցի նրան ու տարա անձամբ հանձնելու աշխատակազմ: Երկար սպասեցի նամակիս պատասխանին: Երբ լրացավ երկու ամիսը, որոշեցի գնալ ընդունելության: Մտա առաջին հարկի սրահը թե չէ՝ ինձ կանգնեցրին, պահակակետի միլիցիոներներից մեկը տեղեկացավ, թե ինչ հարցով եմ եկել, զանգեց եւ ինչ-որ մեկին հայտնեց այդ մասին: Կես ժամ հետո վերեւի հարկերից լսվեց կիսահեգնական տոնով կանացի մի ձայն: Հարցրեց, թե ով է այսինչը, ապա հայտնեց, որ իմ խնդրանքը մերժված է: Հոգնած երկար կանգնելուց ու վրդովված «սիրալիր» ընդունելությունից՝ գլուխս պտտվեց: Զգաստացրեց մոտիկ կանգնած միլիցիոների հրամանը՝ դուրս եկեք: Կարծես թե 82-ամյա ծերունու հետ չէր խոսում, այլ հանցագործի: Որ գործս չստացվեց, դա հեչ, բայց ինձ տանջողն այն նվաստացումն է, որին ենթարկվեցի ես: Այ մարդ, իզուր չեն ասում՝ ցորեն հաց չունես, ցորեն լեզու՞ էլ չունես…

Ինքս էլ ցնցված ընկերոջս պատմածից՝ դուրս եկա ու զբոսայգու նստարաններից մեկին նստեցի՝ լսածս մարսելու ու վերլուծելու համար: Մեկ էլ ինձ մոտեցավ մոտավորապես իմ տարիքի մի մարդ: Դեմքը «մատնում» էր, որ զրուցելու-կիսվելու կարիք ունի: Ծանոթանալուց հետո նա էլ պատմեց իր ոդիսականը:

Անունն Ալեքսանդր է, ազգանունը՝ Թավադյան: Ծննդով Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է: Պատանի հասակում, ինչպես ինքն էր ասում, «մոբիլիզացվել է», կես դարից ավելի, որպես նավթագործ, աշխատել է Բաքվում: 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած ջարդերից մազապուրծ փրկվել, տուն-տեղ, տարիների վաստակով ձեռք բերածը թողել, ընտանիքով մի կերպ տեղափոխվել է Ստեփանակերտ: Հույս ուներ, որ հայրենիքում կարժանանա ուշադրության, կկարողանա, ինչպես եւ Բաքվում, կանաչ խոտի վրա կրակ անել, տուն-տեղ ձեռք բերել: Խոստացան, ինչպես եւ մյուս փախստականներին, դրամական փոխհատուցում տալ: Բայց, իր պատմելով, ոչինչ էլ չստացավ: Ընկեր-բարեկամներից նրանք, որ փող ունեին, «չվեցին» այլ երկրներ: Ինքը չուներ: Հետո էլ ութ հոգուց բաղկացած ընտանիքով ու՞ր գնար: Եվ ահա 16 տարի է՝ Ստեփանակերտում ապրում են վարձով բնակարանում:

– Ի՞նչ ասեմ, դժվար է ծայրը ծայրին հասցնել: Տղաս շինարար է, վատ չի վաստակում, բայց ստիպված է 40 հազար դրամ վճարել տան, համարյա մի այդքան էլ կենցաղային ծախսերի համար: Նաև ուսման վարձ ենք տալիս՝ թոռս ուսանող է: Այսպիսի վիճակն ինձ հալումաշ էր անում, պատահում էր՝ գիշերները չէի քնում: Մտածում էի, թե ինչով կարող եմ օգնել տղայիս: Ելքը գտա: Տեղափոխվեցի հայրենի գյուղ, կարգի բերեցի մեր պապական տունը, սկսեցի մշակել մեր տնամերձը: Վատ չէ, դեսից-դենից ստանում էի, մի քիչ թողնելով ինձ, մնացածը թոշակիս մեծ մասի հետ ուղարկում որդուս: Բայց շուտով այստեղ էլ խոփը քարին դեմ առավ: Չորս ամիս է, ինչ թոշակ չեմ ստանում եւ թե երբ կստանամ՝ դժվար է ասել: Պատճառն այն է, որ նոր անձնագիր չունեմ: Ինչ թղթեր պետք է, եւ նաեւ հին անձնագիր, հանձնել եմ  անձնագրային բաժին, բայց մինչեւ հիմա նորը դեռ չեմ ստացել:

Ալեքսանդրը լռեց մի պահ, բայց պարզվեց, որ նա դեռ պատմելիք ուներ, կամ, ավելի ճիշտ, եզրահանգումները դեռ չէր արել.

-Ի՞նչ ասեմ, եղբայր, առաջներում գոնե կարգուկանոն կար, բողոքդ տեղ էր հասնում, իսկ հիմա մեր ղեկավարները միայն իրենց ապահովության մասին են մտածում: Մեկ չէ, մի քանի անգամ իմ թոշակի հարցով դիմել եմ մեր գյուղական համայնքի ղեկավարին, բայց ամեն անգամ ստացել նույն պատասխանը՝ ես այդպիսի գործերով չեմ զբաղվում: Եվ այն էլ այն դեպքում, երբ ընտրվելիս իմ ձայնը նրան եմ տվել: Դե, փորձիր ընտրության մի գնա, հաջորդ օրը նույնիսկ պետք եղած տեղեկանքդ չես ստանա:

Պրոբլեմներ, պրոբլեմներ: Դրանցից գոնե մի պահ կտրվելու համար վեր կացա՝ քայլելու ու տհաճ մտքերը ցրելու համար: Բայց հենց այդ պահին ինձ մոտեցավ հին ծանոթներից մեկը՝ Յակով Ստեփանյանը: Վաղուց չէի տեսել նրան և հազիվ ճանաչեցի՝ դեմքը լրիվ կնճռոտված էր, մեջքը փոքր ինչ կորացած: Ասաց՝ տարիքս չէ ինձ այս օրին հասցրել, այլ դառը կյանքը: Վաստակաշատ մարդ է, էլեկտրատեխնիկական գործարանի առաջին աշխատողներից մեկը: Ներկայումս ապրում է ծանր պայմաններում: Պատերազմի ժամանակ հրետակոծությունից մեծապես տուժել է մայրաքաղաքի Մ.Սպարապետ փողոցում գտնվող նրա տունը: Փոքր ինչ կարգի է բերել այն և ահա ուղիղ 14 տարի սպասում է, որ հերթը իրեն՝ առաջին կարգի հաշմանդամին ու անկողնուն գամված քրոջն էլ կհասնի, և իրենց տունն էլ կվերանորոգեն: Երկուսի թոշակները միասին կազմում են 36 հազար դրամ, ուստի իրենք ի վիճակի չեն սեփական միջոցներով վերականգնել տունը: Դիմել է հանրապետության վարչապետին ու նախագահին, այն էլ՝ երկու անգամ, բայց նույնիսկ պատասխանի չի արժանացել:

Ահա այսպիսի բաներ:Կգտնվեն այնպիսիք, որ այդ օրը ինձ հետ ընդամենը երեք ժամվա ընթացքում պատահածը կհամարեն պատահականություն՝ «հո ամեն օր չէ այդպես լինում»: Հավատացնում եմ ձեզ՝ գրեթե ամեն օր նույն տեսարանն է, շուրջբոլոր՝ հոգսուդարդի, չլուծված հարցերի տակ կքված մարդիկ: Ու բոլորի հույսն այն է, որ նախագահը կմիջամտի, հարցերը կլուծվեն:

Ու մի բան չես հասկանում՝ ինչու՞ ամեն ինչ նախագահից է կախված, ինչու՞ չեն գործում ժողովրդավարական հասարակությանը հատուկ ատյաններն ու մեխանիզմները: Ինչու՞ մարդ անպաշտպան է դարձել, ինչու՞ առանց նախագահի համաձայնության հնարավոր չէ հարց լուծել:

Եւ ինչու՞ մարդ այսքան արհամարհված է:

Եղիշե ՍԱՐԳՍՅԱՆ

——————————————————————————————-

Հասարակություն

1+1=ԳՅՈՒՂ

Մի հայը քիչ է, երեքը՝ շատ. այսպես են կատակում հայերիս ազգային միասնության ապահովման հավանականության թեմայով: Արցախի Հադրութի շրջանի Ջրակն գյուղում այս առումով հայկական իդեալական հավասարակշռություն է ապահովված՝ այնտեղ ապրում է ընդամենը երկու հոգի:

Ջրակն գյուղի միակ ընտանիքը 1988-ի երկրաշարժից փրկված ամուսիններ են, որոնք 15 տարի ապրելով միայնակ՝ երազում են հարեւան ու շրջապատ ունենալ, շփվել մարդկանց հետ: Աստվածաշնչյան դրախտի համամասնությամբ ստեղծված այս բնակավայրի անցուդարձը, միակ ընտանիքի գոյությունը իր լավ ու վատ կողմերն ունի, իր առավելություններն ու թերությունները, իր պլյուսներն ու մինուսները, նաև իր հետաքրքրականությունն ու ուշագրավությունը:

Այսպես, «գյուղ կանգնի՝ գերան կկոտրի» ասացվածքի իրականալիությունը փոքր ինչ հեշտացվել է՝ թույլատրվում է նաև… ճյուղ կոտրելով բավարարվել, գերանը թողնելով հարևան գյուղերին: Դրա փոխարեն այստեղ ընտրակեղծիքներն ու ընտրական տեխնոլոգիաները կիրառելի չեն՝ իսկույն կբացահայտվի գաղնիքը: Բայց ահա թեկնածուներից որևէ մեկը կարող է հպարտանալ՝ «ամբողջ գյուղն ինձ է ձայն տվել», կամ էլ փնովել մրցակցին՝ «ողջ գյուղում մեկը չկար, որ նրա օգտին քվեարկեր, բա դա մա՞րդ է»:

Ընտանեկան համերաշխությունն ապահովելու և կենցաղային առումով էլ առավելություններ կան: Այստեղ «սիրային եռանկյունին» հեռանկար չունի, ամուսիններն էլ «լեվի» գնալու տեսական հնարավորություն անգամ չունեն՝ մոտակա գյուղը տասը կիլոմետր հեռու է, տարիքից կախված «երազանքներն» էլ «տիեզերական» արագության բրդելու ուժգնությունը չունեն: Ընդհանրապես, ընտանեկան վեճերն էլ այստեղ հեռանկար չունեն, քանի որ կողմերից ոչ մեկը չի կարող իր ասածի իրավացիությունն ապացուցել՝ ուրիշների գաղափարակցությունը կամ համակարծիքությունը մեջբերելով: Այնպես որ՝ այստեղ միշտ էլ պարտադրված ոչ ոքի է ու հակամարտության կարգավորման համար «խաղարար ուժերի» կարիք չկա: Ամենակարևորը՝ այս ընտանիքն ամբողջությամբ վերցրած և ամուսիններն առանձին-առանձին…անմրցակիցն են: Ամուսինը գյուղի լավագույն տղամարդն է, կինն էլ՝ գյուղի միակ ու անգերազանցելի գեղեցկուհին ու լավագույն տնտեսուհին: Ամուսինը չի կարող ասել՝ «տես՝ հարևանի կինը երբ է, է, լվացքը փռել, իսկ դու…», կինն էլ չի կարող հակադարձել՝ «հրեն, հարևանի մարդը անտառից ցախ արած գալիս է, իսկ դու դեռ նոր ես լվացվում»: Մի խոսքով, եթե ամուսինները հաշտ են, ապա ամբողջ գյուղն է հաշտ, իսկ թե գժտվեցին՝ գյուղն իրար է խառնվելու: Պատասխանատվության այս զգացմամբ էլ ապրում են:

***

Գոհար եւ Սանասար Կարապետյանները  Գյումրիի երկրաշարժից մի կերպ են փրկվել: Փլատակների տակ են մնացել նրանց հարազատները` թվով 9 հոգի: Փրկվել են միայն իրենց զավակները` աղջիկն ու տղան. (աղջիկն այժմ ապրում է արտասահմանում, իսկ տղան իր 5 որդիների հետ բնակվում է Գյումրիում` ավտոտնակում): Իրենք  էլ եկել ու հաստատվել են Հադրութի շրջանի Ջրակն գյուղում, որտեղ բացի իրենցից ոչ ոք չի ապրում:

Գյուղն ընտրել են միանգամայն պատահականորեն.«Երկրաշարժից հետո մենք ունեինք ընդամենը մեկ մահճակալ, մեկ սառնարան եւ 2 ձեռք տեղաշոր: Երկար ժամանակ թափառականի նման էինք ապրում, քնում էինք որտեղ պատահի: Երազում էինք մի տեղ ունենալ, որտեղ կարելի կլիներ մի քիչ երկար մնալ: Ծանոթները մեզ խորհուրդ տվեցին գալ Ղարաբաղ, ասացին, որ այնտեղի ապրուստն ավելի հեշտ է: Ղարաբաղի քարտեզը գտանք, ուսումնասիրեցինք եւ ընտրեցինք Հադրութը: Մի կերպ հասանք այս գյուղը, որտեղ բնությունը շատ գեղեցիկ ու փարթամ է: Այստեղ էլ սկսեցինք ապրել»,- պատմում է 58-ամյա Գոհարը:

Ամուսինները ստիպված եղան ամիսներ շարունակ գիշերել մեքենայում, քանի որ ապրելու ուրիշ տեղ չունեին. «Մեկ-մեկ մեքենայում գիշերները աչքերս բացում էի ու տեսնում, թե ինչպես են աղվեսներն ու չաղալները մեքենան շրջապատել. շատ էինք վախենում»,- պատմում է Գոհարը:

Տունը, որ իրենք են կառուցել տարիների ընթացքում, 2 սենյականոց է: Մի սենյակը ծառայում է որպես մառան, որտեղ պահում են իրենց բերքը՝ դդում, պոպոք, կարտոֆիլ, իսկ մյուս սենյակում՝ քնում են, ճաշում: Սենյակների պատուհանները ցելոֆանապատ են, որովհետեւ «ապակու համար շատ փող է պետք»: Ոչ լուսավոր սենյակի միակ լուսատուն էլեկտրական լամպն է, որն էլ բավարար չի լուսավորում, սակայն իրենք շատ գոհ են, որովհետեւ տարիներ շարունակ առանց էլեկտրական հոսանքի էին ապրում: Գազ չունեն, իսկ ջուրը բերում են մոտակա աղբյուրից: Տունը տաքացվում է վառարանով, բայց անտառը, որտեղից փայտ են բերում, շատ հեռու է: Վառարանի վրա դրված կաթսան միակն է, որը ծառայում է եւ իրենց, եւ անասունների համար ճաշ պատրաստելուն: Ժամացույց ու օրացույց չունեն՝ «միայն ուրբաթ օրերը գիտենք, որովհետեւ այդ օրը զինվորներ են անցնում ներքեւի ճամփով»,- ասում է Սանասարը:

Գոհարն ու Սանասարը վերջին անգամ մարդկանց հետ շփվել են մի քանի ամիս առաջ.«Կողքի գյուղում մարդ էր մահացել, իմացել ու գնացել էինք հուղարկավորությանը: Բոլորը զարմացած մեզ էին նայում, երեւի բոլորի նման չէինք: Նստեցինք բոլորի հետ, մի թիքյա բան կերանք ու վերադարձանք: Հա, մեկ էլ էնտեղ ասեցին, որ Ամերիկան ուզում է պատերազմ սկսի մեր հարեւան Իրանի դեմ: Վախեցանք, մտքումս Աստծուն աղոթեցի, որ մեզ բան չպատահի»,- լացակումած պատմում է Գոհարը:

Քաղաքականություն ասվածը նրանք սահմանափակում են ընտրություններով, քանի որ ոչ հեռուստացույց ունեն, ոչ ռադիո. «Էս վերջին ընտրություններից բան չհասկացանք, գաղտնի էր՝ կամ պետք է «այո»-ին ձայն տայինք, կամ «ոչ»-ին, էդպես էլ չիմացանք՝ «այո»-ն անցավ, թե՞ «ոչ»-ը»,-Սահմանադրական հանրաքվեի  մասին այսպես է արտահայտվում տիկին Գոհարը:

Սանասարը քիչ էր մասնակցում մեր զրույցին: Գոհարի ասելով`«խեղճ մարդը վայրենացել է, էնքան մարդկանց հետ չի շփվել»:

Գոհարը իր երբեմնի գեղեցկության մասին խոսելիս որպես ապացույց տեղաշորի տակից հանեց իր պատռոտված նկարները եւ ցույց տվեց: Այդ պահին նույնիսկ Սանասարը չկարողացավ անմասն մնալ.« Էդպես մի նայեք է, որ հիմա պատռոտված շորերով է, ձեռն ու ոտը` կեղտոտ, շատ գեղեցիկ էր, ոնց որ «Տաքսի-Տաքսի» ներկայացման Ռոզան լիներ` մազերը միշտ ներկում էր, կոսմետիկա էր քսում դեմքին, անուշահոտ օծանելիք էր ցանում»,- հպարտությամբ հիշեց ամուսինը:

Իսկ երբ ցանկացանք նկարել Գոհարին, նա սկզբից հրաժարվեց, պատճառաբանելով, որ տեսքը վատ է, բայց մի քանի վայրկյան հետո բնազդաբար շրջվեց դեպի պատուհանի գոգին դրված եռանկյունաձեւ հայելին, որի մեջ թեեւ արտացոլանքդ չես տեսնում պղտոր լինելու պատճառով, մազերը փորձեց փոքր-ինչ ուղղել եւ կանացի կոկետությամբ ժպտաց՝ իբր արդեն պատրաստ է նկարվել:

«Տարիներով չեմ լողացել տաք ջրով, միայն ամռանն եմ լողանում, իսկ հենց տեսնում եմ, որ մազերս երկար ու կեղտոտ լինելու պատճառով չեն սանրվում` կտրում եմ»,- ասում է Գոհարը:

Ընտանիքի միակ ֆինանսական եկամուտը Գոհարի 10 հազար դրամ թոշակն է, իսկ ամուսինը համապատասխան փաստաթուղթ չունենալու պատճառով թոշակ չի ստանում: «Արկադի Ղուկասյանի շնորհիվ 3000 դրամանոց թոշակս 10000 դարձավ: Նամակ էի գրել ու պատմել վիճակիցս: Գրելիս հուզվել էի, ու արցունքներով թրջվել էր նամակս,(դե ուրիշ թուղթ չունեի, որ նորից գրեի) ու էդպես թրջված  ուղարկեցի: Երեւի ինքն էլ էր զգացել, որ շատ խեղճ ենք ու օգնել է: Աստված շատ պահի նրան»,- բարի ժպիտը երեսին պատմում է Գոհարը` ավելացնելով, որ այդ փողով ինքը կարողանում է օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց վճարել, հարեւան գյուղից կոնֆետ գնել, նաեւ` Սանոյի համար թրաշվելու անհրաժեշտ պարագաներ, ու «մեկ էլ  մանր-մունր պետքական բաներ», իսկ գոյատեւելու համար անհրաժեշտ մթերքները ստանում են մշակվող հողամասից, որտեղ կան եւ բերքատու ծառեր, եւ բանջարեղեն, իսկ գոմում` անասուններ: Եւ ինչպես իրենք են խոստովանում` սոված չեն մնում:

Գոհարն ու Սանասարը  ասում են, որ եկած օրվանից երբեք հնարավորություն չեն ունեցել այցելել իրենց թոռներին, չնայած, որ ցանկությունը մեծ է.«Ամեն գիշեր երազիս մեջ Գյումրիում եմ լինում, թոռներիս հետ: Ուզում եմ գոնե երկուսը գան մեզ մոտ, էստեղ ամուսնացնենք, որ մեր կառուցած տանն էլ ապրեն: Չէ՞ որ մի ամբողջ կյանք ենք դրել էս ամենի մեջ»,- ասում է Գոհարը, ավելացնելով, որ իրենք այդքան դժվարություններից հետո երբեք չեն լքի Արցախի Ջրակն գյուղը:

Չէ, ինչ էլ որ ասեք, ինչքան էլ առավելություններ որ լինեն, այնուամենայնիվ՝ միայնակ կյանքը մի բանի նման չէ: Բա մարդ չկարողանա՞ իրիկնամուտին դուրս գալ գյուղամեջ ու համբերանքի չիբուխը ծխելով «շինըմաչումը» զրիցել դեսից-դենից, սրա-նրա հալից հարցնել, աշխարհի բաները քննել: Բա տան կինը չկարողանա՞ հարևանի կնոջ հետ սրանից-նրանից մի քիչ բամբասել. ու՞մ հետ և ումի՞ց բամբասես: Ամենասարսափելին՝ այս ընտանիքը զրկված է լավ հարևան լինելու հնարավորությունից, ուրիշների հարային հասնելուց կամ ուրախությունը կիսելուց:

Գոհար եւ Սանասար Կարապետյաններին ամենեւին էլ չեն մտահոգում պաշտոնական պայմանավորվածությունները եւ նրանք այդ «մեծ գործերից» հեռու շարունակում են հողամաս մշակել, անասուն պահել՝ ամեն օր փառք տալով Աստծուն ունեցածի համար և խնդրելով հարևան պարգևել:

Որպես տեղեկանք. Ըստ Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան ներկայացուցչության՝ միությունը  նախատեսում է մինչեւ 2008 թվականը Ջրակն գյուղը վերաբնակեցնել՝ կառուցելով 20 տուն: ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Սերժ Ամիրխանյանն էլ տեղեկացրեց, որ այդ մտադրությունը պաշտոնապես դեռեւս չի ներկայացվել եւ կոնկրետ պայմանավորվածություն այդ մասին դեռեւս ձեռք չի բերվել:

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

——————————————————————————————-

Պատմություն

ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Հայաստանի Գրողների միության տան դահլիճում մարտի 16-ին ՀՀ անհատ քաղաքացիների, մշակութային, գիտական և այլ կառույցների, ինչպես նաև հասարակական և քաղաքական կազմակերպությունների մասնակցությամբ անցկացվել են քննարկումներ 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի «Ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության պայմանագիրը» դատապարտելու մասին ՀՀ օրենք ընդունելու անհրաժեշտության թեմայով: «Դեմո»-ի ընթերցողներին ենք ներկայացնում քննարկումների արդյունքում ընդունված փաստաթուղթը:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼՈՎ  ՆՐԱՆ, ՈՐ՝

1. 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի Ռուս-թուրքական պայմանագիրը ԽՍՀՄ Գերագույն խորհդի կողմից դատապարտելու, և անվավեր ճանաչելու համար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ Գիտությունների Աակադեմիաների ակադեմիկոս  Վիկտոր Համբարձումյանի կողմից 1988թ. աշնան նստաշրջանին ներկայացված առաջարկը (ի տարբերություն Մերձբալթյան երկրների ճակատագիրը տնօրինող՝ 1939թ. Մոլոտով-Ռիբեմտրոպ պակտի) ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից ոչ միայն չքննարկվեց, այլև օրակարգ չդրվեց:

2. ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը, խախտելով երկրի Սահմանադրությունը, մեղմ ասած, անուշադրության մատնեց ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից 1988թ. նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքի երկրորդ կետը: Համաձայն որի՝

1.1.     ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը պետք է քննարկեր ԽՍՀՄ-ի կողմից ցեղասպանությունը դա-տապարտելու խնդիրը: Նաև (անկախ ԽՍՀՄ-ի կողմից որոշում կայացնելու կամ չկայացնելու), որպես ՄԱԿ-ում ՀԽՍՀ-ն ներկայացնող միջազգային իրավական սուբյեկտ (համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության).

1.2.     ԽՍՀՄ-ը պետք է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելային և ՄԱԿ-ի Միջազգային դատարանին ներկայացներ ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտելու, մեղավորներին պատասխանատվության կանչելու և հետևանքները վերացնելու ՀԽՍՀ-ի օրինական պահանջը:

ՉՆԱՅԱԾ ՆՐԱՆ, որ ԽՍՀՄ-ի լուծարումից հետո Ռուսաստանի Դաշնությունը 1995թ-ին դատա-պարտեց Թուրքիայի կողմից 1915-1923թ.թ.  հայերի պետականորեն կազմակերպված ու իրականացված ցեղասպանությունը, սակայն, այդուհանդերձ, առայսօր չի անդրադարձել 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրին և դրա հետևանքներին, այն է.

1. ցեղասպանության ճանապարհով գծված Հայաստան – Թուրքիա սահմանին,

2. Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը տրված հայկական Նախիջևանին:

ՍՈՒՅՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԻՐՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ տեսնում ենք նրանում, որ Հայաս-տանի Հանրապետությունը, որպես ռուս-թուրքական երկկողմ պայմանագրով  տուժող երրորդ կողմ, արդեն որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն, առայսօր չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը 1921թ-ին ՌՍՖՍՌ-ի կողմից կատարած միջազգային (նախադեպը չունեցող) հանցա-գործությունը Ռուսաստանի Դաշնության կողմից դատապարտելու, նաև պայմանագիրն ու նրա հետևանքները անվավեր ճանաչելու առաջարկով:

ՀԱՄԱՁԱՅՆ ՀՀ ժողովրդի համահավաք կամքի դրսևորման, այն է՝ Հայաստանի Անկախության Հռչակագրի պահանջների, ըստ որի ՀՀ Ազգային ժողովը, ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՎ Հայաստանի ժողովր-դի միասնական կամքը,

1. պատասխանատու է հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում:

2. պարտավոր է սատար կանգնել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

ԵԼՆԵԼՈՎ  Ժողովրդավարական գործընթացների ՀՀ ներպետական քաղաքականությունից, նաև խաղաղ համակեցության ու կայուն զարգացման փոխլրացումային արտաքին քաղաքականու-թյունից, ինչպես և ՀՀ Ազգային անվտանգության ապահովման ու Հայաստանի տարածքային ամ-բողջության պաշտպանության միջազգային-իրավական նորմերից.

ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՍ ԴԻՄՈՒՄ ԵՆՔ

ՀՀ Ազգային Ժողովին, ԱԺ նախագահին և  պետաիրավական հանձնաժողովի նախագահին

ԱՌԱՋԱՐԿԵԼՈՎ

1. Նախաձեռնել և առաջիկա օրերին կազմակերպել խորհրդարանական լսում՝ քննարկելու համար ՀՀ քաղաքացիների, մշակութային և գիտական կառույցների ու հասարակական-քաղաքական կազմակերպությունների կողմից խնդրո առարկայի վերաբերյալ արվող առաջարկները:

2. Առաջարկությունների հեղինակների հետ միասին մշակել օրենքի նախագիծ, այն դնել շր-ջանառության և մինչև սույն թվականի ապրիլի 10-15-ը Ազգային Ժողովի կողմից ընդունել ՀՀ օրենք «1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը դատապարտելու մասին»:

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ԿԱՄ ՄԵՐ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ

(Սկիզբը՝ թիվ 1 համարում)

1974-ի ամռանը Բերդաձորի գյուղերից ընտանիք ընտանիքի ետեւից բռնել էր հարկադիր-կամավոր գաղթը: Հիմնականում գնում էին բազմազավակ ընտանիքներ: Ընտանիքներ, որոնց կերակրողը կամ մեխանիզատոր էր, կամ անասնաբույժ, կամ էլ ֆերմայի անասնապահ: Երբ մեկ ամսվա ընթացքում ենթաշրջանից գնացող ընտանիքների թիվն անցավ տասից, որոշեցի այդ ցավալի երեւույթի մասին իրազեկ դարձնել շրջանի թիվ մեկ ղեկավարին:

Ղեկավար, որին որոշ շողոքորթ հայեր առանձնակի մեծարանքով «ընկեր Ասլանյան» էին ասում, այն էլ՝ մեծաթիվ մարդկանց ներկայությամբ, իսկ ինքն էլ ընդունում էր սուլթանական ժպիտով. այդ էլ էր պետք իրեն, իսկ մեր հղկված-քսվածները չէին զգում: Մեր զրույցը շատ կարճ տևեց, նա պատասխանեց. «Ջհանդամը քոչեն, անասուն պահողներ կգտնվեն»:

Իմ մասնակցած վերջին ակտիվի ժողովում կատարվածի մասին որոշ մանրամասներ անպայման եմ ուզում նշել, քանի որ շրջանի հայությանը մեկ տարում «հետախուզած» լինելուց հետո անցել էր բացահայտ հարձակման: Այո, հարձակման, քանի որ լրիվությամբ համոզվել էր, որ քար լռություն է տիրելու այն դիրքերում, որտեղից ինքը պիտի «հրետակոծվեր»: Դա 1974 թ. հոկտեմբերի առաջին կեսին էր. աշխատանքային օրվա վերջին, փոքր դահլիճում հավաքվել էին շրջանի տնտեսական ու կուսակցական ղեկավարները (ներկա էին նաեւ հաշվապահներ): Սպանիչ քննադատության ենթարկված չորս մարդկանցից երեքը հայեր էին, որոնց հասցեին հնչում էին ամենակոպիտ արտահայտություններ, որ կուլ էին տրվում: Արդեն վաղուց հարմարվել էին, սակայն ինձ համար արտասովոր էր: Լավ էլ հիշում եմ՝ երբ խոսում էր տնտեսական հարցերից, շրջվեց դեպի սպորտկոմիտեի նախագահ Լ. Մուսայելյանն ու ասաց. «Աշխատում ես՝ աշխատիր, չես աշխատում՝ դուրս արի ջհանդամը գնա»: Հաջորդը տեղարդկոմբինատի գլխավոր հաշվապահ Ավետիս Ավետիսյանն էր: Մի հաշվապահ, որին գիտեին նաեւ շրջանի սահմաններից դուրս որպես օրինապաշտ մարդ (կինը՝ Նինան, շրջժողկրթբաժնի հաշվապահն էր): Քննադատվածներից միակն էր այդ ցածրահասակ, ալեհեր հաշվապահը, որ տեղից բարձրանալով, ասաց.«Որտեղից ուզում եք մասնագետ բերեք՝ թող ստուգի կոմբինատի հաշվապահությունը»: Ասաց ու նստեց: Ֆինբաժնի գլխավոր հաշվապահ Տրոյանովը ճշմարտությունը հաստատող քմծիծաղ տվեց ու արժանացավ սաստող հայացքի:

Այնուհետեւ, նայելով կոմերիտշրջկոմի քարտուղարներիս, որ, ինչպես միշտ, նստած էինք առաջին շարքում, դիմեց ինձ. «Հարությունյան, կոմսոմոլուն իշի նայա գյորա յախշի գեթմի՞ր» (կոմերիտմիության գործը ինչու՞ լավ չի գնում): Ես ասացի, որ լավ կլինի հարցին պատասխաներ կողքիս նստած առաջին քարտուղարը: Շրջանի ղեկավարն ասաց, որ ուզում է ինձնից իմանալ: Արդեն պարզ իմանալով, որ սա մի տեսակ հարձակում է հայ կադրերի վրա, ջղայնացած ասացի. «Ստացվում է այնպես, որ 1918-20-ականներին, Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայերը կարողանում էին հերոսաբար աշխատել ու մարտնչել Քելբաջարի սարերում ու անտառներում թափառող զինված ավազակների եւ դասալիքների դեմ, իսկ այս խաղաղ ժամանակաշրջանում անճարակ են»: Ասացի եւ առանց իրավունքի սպասելու նստեցի, որին հետեւեց երկու բառ՝ յախշի, օթուր (լավ, նստիր): Դահլիճում չգտնվեց մեկ հայ, որ գոնե ռեպլիկով աջակցեր:

Նիստն ավարտվեց, բարձրացա չորրորդ հարկ՝ աշխատասենյակս: Աստիճաններով բարձրանալիս որոշեցի կողպել մետաղե պահարանս ու աշխատասենյակս, բանալիները հանձնել: Չնայած տարիքս 27 էր, որոշումս հաստատ էր ու միանշանակ: Նոր էի նստել, երբ բախելով դուռը ներս մտավ միլիցիայի շրջբաժնի պետ Հաջի Դադաշովը: Ժպտալով (ընկերական էին մեր հարաբերությունները) ասաց, որ մի խնդրանք ունի: Արդեն գուշակել էի նպատակը: Մերժեցի նրա խնդրանք-առաջարկը, որ պետք է մտնեմ Ասլանովի աշխատասենյակն ու ներողություն խնդրեմ: Դադաշովը (ադրբեջանցի համարվող, բայց իրականում ազգությամբ թալիշ) վեր կացավ տեղից, սեղմեց ձեռքս ու գնաց: Քիչ անց հանձնեցի բանալիներն ու գնացի: Մոտ մեկ ամիս աշխատանքի չգնացի, սակայն աշխատավարձ ստացա:

Նոյեմբերի կեսերին տնեցիներն ասացին, որ շրջկոմի առաջին քարտուղարին ներկայանամ: Չնայած չէի ուզում, բայց եւ  այնպես գնացի: Հենց մտա ընդունարան, նա դուրս եկավ աշխատասենյակից: Ներքին հեռախոսով կանչեցին, դիմացի սենյակից եկավ երկրորդ քարտուղարը:  Մտանք նրա աշխատասենյակը եւ սկսեցինք զրուցել: Չթաքցնելով ասաց, որ իրենք երկուսով արդեն խոսել են: Առաջարկվեց ետ գալ ու շարունակել աշխատել, ամռանը ուղարկելու են բարձրագույն կուսակցական կրթություն ստանալու կամ Բաքվում, կամ Մոսկվայում ՝ իմ ընտրությամբ: Երկար տեւեց զրույցը, որի ժամանակ հայ 2-րդ քարտուղարին մի քանի անգամ հիշեցրի, որ չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե ինչու հայ ղեկավարներն այն օրը ծպտուն անգամ չհանեցին: Նա փորձում էր գլուխս մտցնել այն գաղափարը, որ մենք՝ հայերս, փոքրամասնություն ենք կազմում ու պետք է լռենք:

Հրաժարվեցի ու հեռացա, ընդմիշտ հրաժեշտ տալով քաղաքական ասպարեզին: Ասպարեզ, որը լեցուն էր շողոքորթությամբ, կեղծիքով եւ անբարոյականությամբ, որոնք էլ հետագայում պատճառ դարձան մի հսկա պետության փլուզման ու ազգամիջյան թշնամանքի:

Հայահալած քաղաքականության շատ փաստեր կարելի է ներկայացնել ընթերցողին, սակայն սահմանափակվենք Սիսիանի շրջկոմի 1980-ական թվականների առաջին քարտուղար Շչորս Դավթյանի հետ վերջերս իմ ունեցած զրույցից մի հատվածով: 1983 թ. հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտում տոնվում էր ԼՂԻՄ կազմավորման 60-րդ տարեդարձը: Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար Քյամրան Բաղիրովին դուր չէր եկել Շ. Դավթյանի «Հայկական Ղարաբաղ» արտահայտությունը, որն էլ պատճառ էր դարձել, որպեսզի  քիչ անց լքի դահլիճը (նրա ետեւից դուրս եկավ մարզկոմի առաջին քարտուղար Բ.Ս.Կեւորկովը): Երեք տարի հետո, 1986թ. հուլիսին, Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղար Շչորս Դավթյանը նորից եղավ Ղարաբաղում, սակայն այլ նպատակով՝ Համո Սահյանի հետ եկել էին Շուշի, որպեսզի տեսնեն վերանորոգվող Ղազանչեցոց եկեղեցին: Եկեղեցի, որի կառուցման աշխատանքները հովանավորվում էին սիսիանցիների կողմից, Շչորս Դավթյանի անմիջական ղեկավարությամբ: Ի դեպ, նա նշեց նաև, որ բարերարական մեծ աշխատանքներ է կատարել նաեւ Հյուսիսային Կովկասի սովխոզներից մեկի  մի հայ տնօրեն: Պարզվեց, որ տնօրենը բերդաձորցի սոցիալական աշխատանքի հերոս Չերքեզ Մարգարյանն է եղել, որի կատարածին առայսօր էլ ժողովուրդն անտեղյակ է:

Ինչ որ է: Երբ եղան Ղազանչեցոց եկեղեցու բակում, քիչ հետո հայտնվեց Գ. Ասլանովը: Կարճատեւ զրույցից հետո ասաց, որ Համո Սահյանի գալու մասին չի կարող չիրազեկել մարզկոմի առաջին քարտուղարին (իբր Բ.Կեւորկովին զանգելուց առաջ Բաքու չի զանգել): Թե ինչ եղավ հետո, ընթերցենք Շչորս Դավթյանի տողերը. «Երեկոյան իջեւանեցինք Ստեփանակերտի հյուրանոցում, որտեղ մեզ դիմավորեց քաղխորհրդի նախագահ Վ. Թովմասյանը: Հոգնության եւ զայրույթի կնիքը դեմքին բանաստեղծը նոր էր թիկնել բազմոցին, երբ շնչակտուր ներս մտավ մարզխորհրդի գործկոմի նախագահ Արամայիս Ասլանովը (ծագումով Սիսիանից): Ասաց, որ մարզկոմի առաջին քարտուղար Կեւորկովը իմացել է Համո Սահյանի գալստյան մասին եւ հրավիրում է հանդիպման: Համոն, «համեմունքի» մի քանի խոսքեր նետելով Կեւորկովի հասցեին, ասաց, որ ինքը նրան ասելիք չունի եւ եկել է ոչ թե նրան, այլ Շուշիի եկեղեցին տեսնելու: Ասլանովն ուղղակի պապանձվեց: Երկար լռությունից հետո վարպետը շարունակեց. «Ես հանդիպման չեմ եկել ոչ ձեզ, ոչ էլ որեւէ մեկի հետ: Լսել եմ, որ սիսիանցիները՝ իմ հայրենակիցները, օգնում են Ղազանչեցոց եկեղեցու վերանորոգմանը, եկել եմ դրանով մխիթարվելու»:

Բայցևայնպես հանդիպումը, որին մասնակից էին Շչ.Դավթյանը, Հ. Սահյանը, Բ. Կեւորկովը եւ Արամայիս Ասլանովը, կայացավ: Վարպետը, որ չորսժամյա հանդիպման ընթացքում լուռ լսողի դերում էր, ասաց. «Ինչքան լավ կլիներ, եթե ձեր հաջողությունների եւ ժողովրդի լավ ապրելու մասին ձեր հավաստիացումները լսեի հենց ժողովրդից: Դե, դուք էլ չեք թողնում ժողովրդի երեսը տեսնենք»: Հրաժեշտ տվեցինք եւ բռնեցինք ետդարձի ճանապարհը: Ամբողջ ճանապարհին վարպետը չէր խոսում: Մի պահ շուռ եկավ ու հետեւի նստարանին նստածներին ասաց. «Բայց երեւի ինչ-որ մի գործ կատարվում է էս անտեր Ղարաբաղում»:

Շարունակեմ վավերագրությունս: Մեկ տասնյակ տարուց ավել իր միսիան կատարած Ասլանովը պետք է բռներ ետդարձի ճանապարհը: Դիմել էր մարզկոմի բյուրոյին, որպեսզի ազատեն զբաղեցրած պաշտոնից: Լուրեր էին պտտվում, որ պետք է գնա Ապշերոնի շրջան: Նրան միայն երկրորդ անգամ դիմելուց հետո ազատեցին զբաղեցրած պաշտոնից: Մի առիթով, պարզապես վերջերս կայացած զրույցի ժամանակ խնդրեցի, որ որոշ տեղեկություններ տա 1980-ական թվականներին մարզկոմի 3-րդ քարտուղար Ե.Սարգսյանը: Համարյա նույնությամբ ներկայացնում եմ. «Առաջին դիմումի մերժումից հետո, երբ հարցրինք Բ.Կեւորկովին, թե ինչու չհամաձայնվեցիք, որ ազատենք զբաղեցրած պաշտոնից, ասաց. «Ասլանովը բարձր մակարդակ չունի, չի խանգարում, ինձ համար վտանգավոր չէ, իսկ ինչ ինքը չի կատարում ի պաշտոնե, ես եմ կատարում»:

Նպատակ ունենալով իմանալ, թե ինչպես «հրաժեշտ» տվեց Գ. Ասլանովը Արցախին, ավելի շուտ իր համարյա ավերած Շուշիի շրջանին, խնդրեցի Ե. Սարգսյանին մի երկու խոսք ասել նաեւ այն մասին, թե ի՞նչ հրաժեշտի խոսք ասաց, երբ իր խնդրանքը բավարարեց մարզկոմի բյուրոն: Ասլանովն ասել էր. «Ես եկել էի Ղարաբաղ որպես հայ, գնում եմ որպես հայ»: Ա՛յ քեզ բան…:

Իսկ հիմա դառնանք «խանգարել-չխանգարելուն»: Իհարկե, Ասլանովը մարզի ղեկավարներին չէր խանգարում ու չէր էլ խանգարի, քանզի իրեն խանգարող չկար: Պատասխանատվության ենթարկելը մի կողմ, հարցնող էլ չկար, թե ինչով էր զբաղված: Ասլանովը, ինչպես իրենք էին ասում, չէր խանգարում, իսկ մարզի ղեկավարներին ո՞վ էր խանգարում, որ տարիներ շարունակ շրջանի հայկական ոչ մի գյուղում մարզկոմի երեք քարտուղարներից ոչ ոք չէր լինում, ժողովրդի վիճակով չէր հետաքրքրվում:

Երկար չաշխատեց Գ.Ասլանովը Ապշերոնի շրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնում, քանզի հեռահար էր արցախահայության անեծքը (Բալաջարի կամրջի տակով անցնելու ժամանակ ծառայողական ավտոմեքենան ճզմվում է կամրջի վրայով անցնող բեռնատարի թափքից ընկած ցեմենտբետոնե սալի տակ, ու տեղում ստացած ծանր վերքերից մահանում են և Ասլանովը, և վարորդը): Չէր էլ կարող չանիծվել, քանի որ նրա նախաձեռնությամբ տնկված ակացիաներից չենք կարողանում տարիներ շարունակ մաքրել Շուշիի քրիստոնեական գերեզմանոցները: Իսկ 1986 թվականին նրա որդին (անունը չեմ հիշում ու կարեւոր էլ չէ) ներկայացավ ԼՂ ներքին գործերի վարչություն, որպեսզի համաձայնություն ստանա ու փոխարինի հորը՝ այս անգամ արդեն մարզի ՆԳ վարչությունում, սակայն համաձայնություն չստացավ:

Հրաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

——————————————————————————————-

Նամականի

ԿԱ՞ ՕՐԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ, ԹԵ՞ ՈՉ

Ամուսինս՝ Վլադիմիր Հրանտի Մովսիսյանը, 1984 -1991 թթ. աշխատել է Մարտակերտի կապի  բաժանմունքում, որպես մարտկոցի տեխնիկ: 1991 թվականից նա շատերի պես մասնակցել է հայրենի գյուղի պաշտպանությանը, իսկ նրա մասնագիտությունն էլ պահանջված էր այդ գործի համար: Փորձարկումներից մեկի ժամանակ նա վիրավորվում է ձեռքից, նաեւ կորցնում ձախ աչքի տեսողությունը:

Ա.Վոլսկու միջամտությամբ նրան ուղարկում են Ռոստով, որտեղ էլ բուժում է ստանում ու վերադառնում:

Պատերազմի ժամանակ մեր տունը ավերվում է, եւ ստիպված ընտանիքով տեղափոխվում ենք իմ հայրական տունը Հարությունագոմեր գյուղում: Զինադադարից հետո ամուսինս, թեկուզ երկրորդ կարգի հաշմանդամ էր, վեց ամիս ծառայում է բանակում:

2004թ. հուլիսի 7-ին Ստեփանակերտի ավտոկայանի դիմաց՝ Ազատամարտիկների փողոցում, նույն փողոցի թիվ 43 շենքի բնակիչ Լ.Ջ.-ն սեփական «Ուազ» մակնիշի բեռնատար մեքենայով վրաերթ է կատարում ամուսնուս: Ամուսնուս երեք օր հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում պահելուց հետո տեղափոխում ենք Երեւան, ուր հուլիսի 17-ին մահանում է (վթարից 10 օր հետո):

Մեծ դժվարությամբ դիակը տեղափոխում եմ գյուղը, թաղման ծախսերը կատարում եմ պարտքով եւ երրորդ տարին է՝ չեմ կարողանում պարտքերը մարել, քանի որ ոչ մի տեղից օգնող չունեմ, ինքս երկրորդ կարգի հաշմանդամ եմ, նաև 16 տարեկան հիվանդ երեխա ունեմ:

Ամուսնուս հողին հանձնելուց հետո բազմիցս ներկայացել եմ ոստիկանության քննիչ Ի. Գ.-ին, որին հանձնարարված էր գործի քննությունը, բայց նա միշտ էլ պատասխանել է, որ սպասում է դատաբժշկական փորձաքննության արդյունքներին և որ հանցագործն անպատիժ չի մնա: Միամիտի պես հավատացել եմ: Վեց ամիս գործը ձգձգելուց հետո քննիչը, չգիտեմ ինչ պատճառներից դրդված, ինձ տեղեկացնում է, որ Լ.Ջ.-ն չէ ամուսնուս վրաերթի ենթարկել:

Ճարահատ դիմել եմ բոլոր ատյաններին՝ ՆԳ նախարարին, հանրապետության նախկին դատախազ Մ. Ղուկասյանին, ԱԺ նախկին նախագահ Օ.Եսայանին, հանրապետության նախագահին: Բոլորն էլ խոսքները մեկ արած պատասխանել են, որ Լ.Ջ.-ն մեղավոր չէ, գտեք իսկական հանցագործին:

Երկար սպասելուց հետո գործը տվել եմ դատարան: Դատարանն արդար որոշում է կայացրել: 2006 թվականի մայիսի 29-ի դատավճռով, որպես պատճառված նյութական վնասի հատուցում, Լ.Ջ.-ից պիտի բռնագանձվեր 900 հազար դրամ: Վճիռն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան փաստաթղթերը ներկայացրել եմ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, սակայն մինչեւ վերջերս դրական պատասխան չեմ ստացել: Ծառայության պետը պատճառաբանում է, որ Լ. Ջ.-ի անվամբ չէ մեքենան գրանցված, ուստի նրա թոշակի 50 տոկոսն է բռնագանձվելու իմ օգտին: Մինչդեռ շատերին է հայտնի, որ մեղավորը սեփական տուն ունի եւ մինչև այսօր էլ ինքն է իր մեքենան բանեցնում:

Ստիպված ս.թ. հունվարի 19-ին դիմել եմ հանրապետության գլխավոր դատախազ Ա.Զալինյանին: Այդ դիմումի հիման վրա հանրապետության փոխդատախազ Ենգիբարյանը ինձ կանչել է ու խորհուրդ տվել դիմելու դատարան վճիռը բեկանելու եւ գործը վճռաբեկ (գերագույն) դատարանին հանձնելու համար:

Դարձյալ քաշքշուկ ու թե ինչի համար՝ չեմ հասկանում: Իսկ ես ամուսնուս մահից հետո գտնվում եմ նյութական ծանր դրության մեջ և նման հնարավորություն չունեմ, քանի որ այդ գործով առանց այդ էլ ամիսը երկու անգամ գալիս եմ քաղաք, ճանապարհածախսն էլ 2000 դրամ է, որը դարձյալ պարտքով եմ անում: Ամաչում եմ պարտատերերիս երեսին երևալուց:

Հանրապետության գլխավոր դատախազին դիմելուց հետո վերջերս հարկադիր ծառայության պետ Ա.Հովհաննիսյանը կանչել է ինձ, թե «անձնագիրդ տուր՝ քո անվամբ բանկում հաշիվ ենք բացում, որպեսզի Լ.Ջ.-ի թոշակից բռնագանձվելիք 50 տոկոսը, որը 7-7.500 դրամ է, փոխանցվի քո հաշիվը»: Բայց թե քանի տարում կլրանա այդ 900 հազար դրամը՝ պետին չի հետաքրքրում:

Փաստը մնում է փաստ՝ հանցագործը մնացել է անպատիժ ու հովանավորվում է իշխանությունների կողմից, եւ ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում:

Կա՞ օրենք մեր երկրում, թե՞ ոչ:

Լուսյա ԱՆԱՆՅԱՆ
Մարտակերտի շրջան, գյուղ Հարությունագոմեր 

ԽՆԱՅԵՑԵՔ ՄԱՅՐԵՆԻՆ ՈՒ ՄԵՐ ԱԿԱՆՋՆԵՐԸ, ՀԱՐԳԵԼԻ «ՋԻՎԻՆԵՐ» ՈՒ «ՉՈՒՎԱԿՆԵՐ»

Այսօր սովորական երեւույթ է դարձել, երբ մարդիկ խոսում են ոչ թե մեր մայրենի լեզվով կամ բարբառով, այլ հայերենի, «ղարաբաղերենի» ու ռուսերենի մի յուրօրինակ սիմբիոզ ժարգոնով, որում գռեհկաբանությունները զգալի տոկոս են կազմում: Երեւի ինչ-որ մի նոր լեզու է «հայտնագործվել», բայց մենք խաբար չենք:

Ժարգոն օգտագործողները հիմնականում երիտասարդներն են: Փողոցով քայլելիս հաճախ ենք լսում՝ «Ի՞նչ կա, բրատուխա», «Ո՞նց ես, ջիգո», «Բա չուվակդ ո՞ւր ա» եւ նման այլ արտահայտություններ:

Ամենահաճախակի օգտագործվող ժարգոնային բառերի առաջին հորիզոնականում, թերևս, «ջիվի» եւ «չուվակ» բառերն են: Երիտասարդներն իրենց սիրեցյալի մասին խոսելիս այլեւս չեն օգտագործում «յար» բառը, այն այլևս չի «համապատասխանում» սիրո այսօրվա պատկերացումներին:

Սա դեռ ոչինչ, բայց որ մեր մայրերն ու հայրերը դարձել են «պախան» ու «մատուխա»… Ուղղակի չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս£

Բա խոսելաձև՞ը… Հատկապես՝ երբ միաժամանակ նաև ծամոն են ծամում: Շատերի համար սա ավելի շատ ուշադրության կենտրոնում լինելու մղումից է բխում: Բայց արժե՞ այդկերպ աչքի ընկնել: Մի՞թե «գնահատողները» արդեն շատ են: Դժվար թե, համենայն դեպս, ես ավելի լավատեսական կարծիքի եմ մեր հասարակական ճաշակի մասին:

Ինչ որ է, հարգելի «ջիվիներ» ու «չուվակներ», խնայեք մայրենին: Նաև… մեր ականջները:

Անահիտ ԲԱԴԱԴՅԱՆ / ԱրՊՀ, լրագր. 2-րդ կուրս

ԱՊԱՎԻՆԵՆՔ ՄԵՐ ԼԵԶՎԻՆ

Այսօրվա մեր հիմնախնդիրներից ու օրավուր հոգսերի կողքին չպիտի անուշադրության մատնենք նաև մի այնպիսի կարևորագույն հարց, որպիսին է մեր ոսկեղենիկ հայոց լեզվի անաղարտության պահպանումը: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր պապերից ու ապուպապերից, ովքեր շատ ավելի զգայուն էին այս հարցում, քան մենք: Դարավոր փորձությունների միջով են այն անցկացրել ու անաղարտ պահել մեր նախնիները, և այսօր՝ շատ ավելի բարենպաստ պայմաններում, մենք պարտավոր ենք աչքի բիբի պես խնայել ու պահել այն: Բայց նայիր շուրջբոլոր ու կտեսնես-կունկնդրես, որ հազվադեպ է հնչում մաքուր հայերեն բառուբան, հատկապես՝ երիտասարդների մոտ:

Որ լեզվից «սայթաքում» են փողոցում, դա դեռ չարիքի մի կողմն է: Բայց արի ու տես, որ նույնիսկ լրատվամիջոցներում են հաճախակի դարձել լեզվի նման «թռիչքները»: Իսկ վերջիններս շատ ավելի վտանգավոր են, որովհետև ծլարձակում են անտեղյակ մարդկանց ուղեղներում: Եւ հետագայում մեծ ջանքեր են պահանջվում «ապացուցելու» համար, որ «սեկտեմբեր» բառ չկա: Սա դեռ «ապացուցելի» ճշմարտություն է, բայց ահա «մոտիկացում» բառն այնպես է արմատակալել, հատկապես պաշտոնյաների բառապաշարում, որ արմատախիլ անելն արդեն շատ դժվար է:

Մինչդեռ յուրաքանչյուրս պետք է մեր մաշկի վրա զգանք, թե ինչպիսի աղետ է նման երեւույթը: Առանց այն էլ, ինչպես ամեն մի աստվածային, այնպես էլ տիրապարգեւ մեր այբուբենը հաճախակի է ենթարկվել հալածանքների: Հաճախ են թշնամիք հայոց փորձել խլացնել նրա ձայնը, զրկել մեզ` մեր ինքնությունը հաստատող, պաշտպանության ամուր ասպար հայերենից, դրանով մատնելով մեր աշխարհը կործանման: Իսկ այսօր մեր լեզվին վտանգ է սպառնում արդեն մեր կողմից:

Հասկանանք այս ամենի ամբողջ զավեշտայնությունն ու ողբերգականությունը և փորձենք արժանի լինել մեր արքայական հայերենին, մեր մայրենի լեզվին, քանզի միշտ էլ նրանով են հնչելու մեր աղոթքն ու բանաստեղծությունը:

Լուսինե ՄՈՎՍԻՍՅԱՆ / ԱրՊՀ, լրագր. 2-րդ կուրս

ԱՂԲԻ ՏԵՂԸ ԱՂԲԱՆՈՑՆ Է

Որքան էլ զարմանալի լինի՝ մայրաքաղաքի Նոր Զորգե թաղամասում այսօր ոչ մի աղբաման չես գտնի: Ճիշտ է, այստեղ աղբաման մինչեւ օրս չի էլ եղել, բայց մի՞թե դա նշանակում է, որ չպիտի էլ լինի:

Մոտ 20 տարի է, ինչ հիմնվել է Նոր Զորգե թաղամասը: Հենց այդ ժամանակվանից էլ թաղամասի բնակիչները, աղբամանների բացակայության պատճառով, աղբը թափում էին աղբյուրի հարեւանությամբ գտնվող փոքրիկ ձորակում: Հետզհետե աղբը սկսեցին թափել նաեւ աղբյուր տանող ճանապարհին՝ ճամփեզրին կամ նույնիսկ ճամփամիջին՝ ում որտեղ «հարմար» է:

Պատճառը, թերեւս, աղբյուր տանող ճանապարհի անմխիթար վիճակն է. շատերը չեն էլ իջնում մինչեւ ձորակ: Իսկ անձրեւոտ եղանակներին ցեխի պատճառով աղբյուր տանող ճանապարհն անանցանելի է դառնում ընդհանրապես: Էլ չեմ խոսում փչող գարշահոտից, որը կարող է ամենատարբեր հիվանդությունների պատճառ հանդիսանալ, չէ՞ որ մարդիկ հենց այստեղից են խմելու ջուր բերում: Իսկ ամառվա տաք օրերին էլ շներն ու կատուները «չեն զիջում» ճանապարհը աղբը տանողներին:

Թվում է` փոքրիկ խնդիր է, սակայն տեղիք է տալիս թաղամասի բնակչության դժգոհությանը:

Հենրիխ (աշակերտ)- Ամեն անգամ զզվանքով եմ գնում ջրի, քանի որ միշտ էլ հանդիպում եմ ամենատարբեր աղբով լի տոպրակների, ոտքերով դեն եմ հրում, հեռացնում ճամփից, հաջորդ օրը՝ էլի նույնը…

Էլեոնորա (ուսանողուհի)- Անչափ տհաճ է ամեն անգամ ոտքի տակ կոխկրտել ամենատարբեր առարկաներ: Կցանկանայի, որ լինեն հատուկ աղբամաններ, և որ մաքրությանը պարբերաբար հետեւեին համապատասխան կառույցները: Հուսով եմ՝ այս տխուր վիճակը երկար չի շարունակվի, եւ այս փոքրիկ թաղամասի բնակիչներն էլ կապրեն նորմալ սանիտարահիգիենիկ պայմաններում:

Էռնա ՍԱՐԳՍՅԱՆ / ԱրՊՀ լրագր. 4-րդ կուրս

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s