№ 6 / 14 ապրիլ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՈՉ ԹԵ ՁԵՌՔԻՑ ՁԵՌՔ ԱՆՑՆԻ, ԱՅԼ ԳԼԽԻՑ ԳԼՈՒԽ
կամ՝ ինչ ասել է «միասնական թեկնածու»

Նախագահական ընտրությունների շեմին ամենաշատ արծարծվողը միասնական թեկնածուի թեման է: Ոմանք համոզված են, որ միայնումիայն այս դեպքում կարող է ապահովվել համազգային միասնությունը:

Անկեղծորեն ասած, գաղափարն առաջին հայացքից ինքնին լավն է, այլ հարց է, թե որքանով է այն տեղավորվում քաղաքական դաշտի զարգացումների դասական տրամաբանության շրջանակներում: Բացի դրանից, շատ կարևոր է, թե ով ինչպես է հասկանում, մեկնաբանում ու գործածության մեջ դնում այն: Այսինքն՝ թե ինչ գործընթաց է դրանից ածանցվում:

Ուշագրավ է, որ ոչ պաշտոնական շփումները սկսվել են կոնկրետ միասնական թեկնածուի անձի շուրջ համախմբվելու հենքի վրա, սակայն ՀՅԴ-ն իր հայտարարությամբ միասնական թեկնածուի շուրջ քննարկումները փորձեց տեղափոխել գաղափարական դաշտ, ինչը երկրորդվեց և լրացուցիչ հստակությամբ երանգավորվեց «Շարժում-88»-ի հայտարարության մեջ: Առաջին հայացքից՝ սա կարծես թե բոլորի սրտովն էր, ավելին՝ ԱԺԿ-ն, «Ազատ Հայրենիք»-ը, ՀՅԴ-ն և «Շարժում-88»-ը պաշտոնական բանակցություններում հենց այս դրվածքով են քննարկում հարցը, կարևորելով համագործակցությունը առաջին հերթին հիմնական սկզբունքների ու գաղափարների շուրջ: Սակայն շարունակում է լուրջ մնալ նախապես կոնկրետ անձի շուրջ համախմբվելու և դրանից ածանցյալ անհատի դերից համագործակցությունը բխեցնելու գայթակղությունը:

Այնուամենայնիվ, հուսանք, որ սկզբում կորոշվեն ԻՆՉ-ը և ԻՆՉՊԵՍ-ը, և հետո միայն ՈՎ-ը:

Ինչ վերաբերում է վերջինին, ապա դարձյալ համատեղ ջանքերով հարկ կլինի պարզել, թե ով է առավելագույնս ունակ իրականացնելու ԻՆՉ-ը և ԻՆՉՊԵՍ-ը, նախապես, իհարկե, հստակեցնելով ունակության որոշման չափանիշները՝ կրթություն և բավարար գիտելիքներ, փորձ, կամք և մարդկային այլ կարևորագույն որակներ: Նաև՝ ով ավելի ազատ կլինի, կամ կաշկանդված չի լինի իր գործողություններում: Եւ, իհարկե, ճանաչելի-ությունն ու ընդունելի-ությունը երկրի, Հայաստանի ու քաղաքակիրթ աշխարհի համար:

Եւ այսքանից հետո միայն պարզել, թե այդ «կոստյումն» ում «չափսերին» է համապատասխանում:

Քաղաքակիրթ քաղաքական ուղին սա է, գաղափարական համաձայնությունը սա է, իսկ եթե դա չլինի, ապա այն հարիր կլինի այլ դաշտի ու այլ երևույթի, ավելի պարզ՝ սոսկական գործարքի իմաստ ձեռք կբերի:

Սրա ամբողջ վատն այն է լինելու, որ մենք հեռանալու ենք գաղափարական ու սկզբունքային դաշտից: Ի վերջո, մենք ոչ թե հրաժարվում ենք ինչ-որ անձերից և նախընտրում նոր անձերի, այլ պիտի որ հրաժարվենք վատ գաղափարից ու վատ գործելակերպից՝ հանուն լավ գաղափարի ու լավ գործելակերպի: Թե երկրին ինչ տվեց սոսկական անձնափոխությունը՝ այսօր արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ: Միշտ էլ այդպես է լինում, երբ պայքարը գաղափարազուրկ է լինում, երբ, ինչպես հումորիստներից մեկն է ասել՝ իշխանությունը ձեռքից ձեռք է անցնում, այլ ոչ թե գլխից գլուխ: Մենք պիտի հասկանանք, թե ինչն ենք մերժում և ինչն ենք նախընտրում: Որպեսզի նոր մարդը հին սխալը չկրկնի:

Իսկ ի՞նչ ասել է միասնություն: Կամ՝ արդյո՞ք քաղաքական պայքարի առկայությունն ու միասնական թեկնածուի բացակայությունը «չմիասնության» վկայությունն են: Ոչ, և նորից՝ ոչ: Միասնական թեկնածուն կամ, ավելի ճիշտ՝ միասնական նախագահը բոլոր դեպքերում լինելու է նա, ով հաղթելու է արդար ընտրություններում:

Մի հանգամանքի մասին ևս: Եթե դեպքերը զարգանան ցանկալի (գաղափարական) տարբերակով, ապա չի բացառվում, որ մեր նշած «կոստյումը» ոչ թե մեկի, այլ մի քանի հոգու չափսերով լինի, ինչն  ամենևին էլ վատ չէ: Թող քաղաքական ուժերի որոշելուց հետո ժողովուրդը որոշի՝ բոլոր դեպքերում վերջնական որոշումը նրանն է: Ուրեմն՝ այսօրվա գլխավոր նպատակն էլ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումն է: Ահա այս հարցում ուղղակի պարտավոր ենք միասնական կարծիք ունենալ:

——————————————————————————————-

Լրահոս

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ

ԱԺԿ-ն դիրքորոշումը կարտահայտի թեկնածուների առաջադրման պահին

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելու վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի օրենքով սահմանված ժամկետներում: Այս մասին այսօր KarabakhOpen-ին ասել է Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, որը ավելացրել է, որ կուսակցությունը դիրքորոշումը կարտահայտի թեկնածուների առաջադրման պահին:

«Մենք նախապես խոսել ենք այն մասին, որ կուսակցությունը սկսում է քաղաքական խորհրդատվությունները, որոնք այս պահին էլ շարունակվում են: Մենք արդեն մի քանի տարբեր ձեւաչափերով` եւ խմբակցության, եւ կենտրոնական խորհրդի նիստում քննարկել ենք այդ հարցերը: Բայց նպատակահարմար ենք գտել չսահմանափակվել դրանցով եւ նման կարգի խորհրդատվություններ անցկացնել նաեւ շրջանային եւ քաղաքային կառույցների հետ: Դիրքորոշում արտահայտելու ամենաճիշտ եւ ամենաօպտիմալ տարբերակը հենց այդ խորհրդատվությունների ավարտից հետո է»,-հավելել է Ա.Ղուլյանը:

ՀՅԴ-ն այլ ուժերի հետ դեռ կքննարկի միասնական թեկնածուի առաջադրման հնարավորությունը

ՀՅԴ Արցախի կազմակերպության արտահերթ շրջանային ժողովից հետո դաշնակցության գրասենյակը բազմաթիվ զանգեր է ստացել, խնդրելով մեկնաբանել եւ հրապարակել ժողովի որոշումը: Այսօր ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի Արցախի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը ճեպազրույց հրավիրեց եւ հրապարակեց հետեւյալ որոշումը:

«Ինչպես հայտնի է մարտի 30-ին Ստեփանակերտում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ արտահերթ շրջանային ժողովը, որը քննել է ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված՝ հանրապետությունում տիրող քաղաքական իրավիճակը ներքին եւ արտաքին ճակատներում:

Ժողովը փաստել է`

1. ԼՂՀ-ն արտաքին ճակատում հայտնվել է բարդ մարտահրավերների առջեւ` Արցախի անկախությունը փաստացի սահմաններով միջազգայնորեն ամրագրելու առումով:

2. Արցախում առկա են բազմաթիվ տնտեսական եւ սոցիալական խնդիրներ, առանձնապես` սոցիալական արդարության եւ օրինականության պահպանման առումով:

3. Արդեն իսկ նկատելի է դառնում բնակչության արտահոսքը, հատկապես` ռազմավարական կարեւորություն ունեցող շրջաններից, ինչը հարցականի տակ կարող է դնել ազգի լավագույն զավակների արյան գնով ձեռք բերված հաղթանակի արդյունքները պահպանելու եւ ամրագրելու գործընթացը:

4. Արցախահայությունը գտնվում է անտարբերության, բարոյահոգեբանական ոչ համարժեք իրավիճակում, ինչը վտանգավոր է դարձնում ազատագրական պայքարը տրամաբանական ավարտին հասցնելու գործընթացը:

5. Երկրում կայացող յուրաքանչյուր ընտրություններ պետք է ծառայեն թե պետականության ամրապնդման եւ թե հասարակական համերաշխության հաստատմանը:

Ցավոք, 2005-ի խորհրդարանական ընտրությունները եւս երկրի հասարակության մոտ առաջացրել են ներքին լարվածություն, որը շարունակում է իր բացասական ազդեցությունը ունենալ առայսօր, եւ խոչընդոտում է հասարակական բոլոր շերտերի մասնակցությանը` երկրի արդյունավետ կառավարման գործընթացին:

Ժողովը ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը լուրջ վտանգի տակ է դրել մեր երկրի ապագա զարգացման գործընթացը եւ դրանց շարունակությունը կարող է բերել անդառնալի հետեւանքների:

ՀՅԴ Արցախի կազմակերպությունը գտնում է, որ վերոհիշյալ մարտահրավերները դիմագրավելու լավագույն տարբերակը երկրում քաղաքացիական համերաշխության մթնոլորտի վերականգնումն է: Առաջիկա նախագահական ընտրությունները պետք է ստեղծեն հնարավորություն` քաղաքական համախոհության, կոնսենսուսի հիման վրա ապահովելու երկրի կառավարման եւ զարգացման առաջխաղացումը, որակական նոր հիմքերով իշխանության ձեւավորումը, ինչպես նաեւ նպաստել քաղաքական դաշտի զարգացմանը:

ՀՅԴ Արցախի կազմակերպության արտահերթ շրջանային ժողովը որոշել է հանձնարարել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեին վերը նշված սկզբունքների լույսի ներքո երկրում գործող քաղաքական եւ հասարակական ուժերի հետ բանակցությունների միջոցով ճշտել համաձայնագրով ամրագրված ԼՂՀ նախագահի միասնական թեկնածուի առաջադրման հնարավորությունը: Շրջանային ժողովի կողմից կենտրոնական կոմիտեն լիազորվել է միասնական քաղաքական համաձայնագրի ձախողման դեպքում վերոհիշյալ նպատակները իրականացնելու համար հայտարարելու ԼՂՀ նախագահի սեփական թեկնածուի մասին կամ հրավիրելու արտահերթ շրջանային ժողովի հաջորդ նիստը»:

 

«Ազատ Հայրենիք» կուսակցությունը նույնպես կողմ է միասնական թեկնածուին

«Ազատ Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյանը KarabakhOpen-ի խնդրանքով մեկնաբանել է առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշումը:

«Դեռեւս 2006-ի ամռանը մեր կուսակցությունը հայտարարել է, որ 2007-ի ամռանը կայանալիք նախագահական ընտրություններում ամենաակտիվ մասնակցությունն ենք ունենալու: Սույն թվականի մարտի 3-ին կուսակցության խորհրդի ընդլայնված նիստ է տեղի ունեցել, որտեղ որոշում է ընդունվել` կուսակցության անդամներից թեկնածու չառաջադրելու մասին /քանի որ զգալի մեծամասնությունը գտել է, որ միասնական թեկնածուի շուրջ բոլոր քաղաքական ուժերի համախմբման հնարավորություն կա/ եւ խորհրդին հանձնարարել է գալիք ընտրությունների վերաբերյալ որոշում պատրաստել` կուսակցության համագումարին ներկայացնելու համար, որը տեղի կունենա այս ամսում:

Վերոնշյալից բացի, կուսակցության խորհուրդը որոշել է մինչեւ որոշման հրապարակումը խորհրդատվություններ անցկացնել բոլոր քաղաքական կուսակցությունների հետ` մեր մոտեցումների եւ գաղափարների վերաբերյալ: Մենք արդեն նախնական խորհրդատվություններ ենք անցկացրել ԱԺԿ, ՀՅԴ, «Շարժում-88», «Բարոյական վերածնունդ» կուսակցությունների լիդերների հետ: Վերոնշյալ եւ այլ կուսակցությունների հետ խորհրդատվությունները շարունակվում են»,-ասել է Գագիկ Պետրոսյանը:

 

«ՇԱՐԺՈՒՄ-88» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Վերլուծելով առաջիկա նախագահական ընտրություններին առնչված քաղաքական զարգացումները, մասնավորապես՝ հնարավոր միասնական թեկնածուի շուրջ քաղաքական ուժերի, ինչպես նաև հանրային քննարկումները՝ «Շարժում-88» կուսակցության վարչությունը հայտնում է իր պատրաստակամությունը նպաստելու հանրապետությունում ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը, հանրային համաձայնության կայացմանը, միաժամանակ կարևորելով հետևյալը.

-քաղաքական ուժերին նախևառաջ անհրաժեշտ է փոխհամաձայնություն ձեռք բերել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, երկրի անշեղ զարգացման, ժողովրդավարության իրական լծակների արմատավորման, սոցիալական արդարության ապահովման ծրագրի հիմնական սկզբունքների շուրջ,

-սկզբունքների շուրջ քաղաքական համաձայնության ձեռքբերումից հետո է նպատակահարմար քննարկել դրանց իրականացումը առավելագույն արդյունավետությամբ ապահովելու ունակ թեկնածուի աջակցության հարցը,

-փոխհամաձայնեցված հիմնական սկզբունքների երաշխավորված իրականացման համար հարկ է պայմանավորվածություններ ձեռք բերել՝ քաղաքական ուժերի, ամբողջ հանրության մասնակցությունը երկրի կառավարմանը ու այդ  սկզբունքների հետագա իրականացման վերահսկողությունը ապահովելու համար:


 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ԵՆ ՀԱՐՈՒՑՎՈՒՄ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Գարնան սկիզբը նշանավորվեց նրանով, որ ԼՂՀ դատախազությունը ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա քրեական գործեր հարուցեց մի քանի պաշտոնյաների նկատմամբ, եւ այդ մասին հայտարարվեց գլխավոր դատախազ Արմեն Զալինյանի մամուլի ասուլիսի ժամանակ:

Այդ պաշտոնյաների թվում էր Կադաստրի պետական կոմիտեի Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանման ղեկավար Նոնա Ավագիմյանը, որը դատախազության միջնորդության հիման վրա հեռացվել է աշխատանքից: «Քննությամբ պարզված փաստերի ընթացքում ի հայտ եկան այնպիսի հանգամանքներ, որոնք ուղղակիորեն անհնարին էին դարձնում նրա հետագա պաշտոնավարությունը, որովհետեւ նա իր գործողություններով փորձ էր կատարում խոչընդոտել քննությանը, իսկ այդ դեպքերում մենք կտրուկ ենք արձագանքում»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է գլխավոր դատախազը: Տեղեկացնենք, որ դատախազությունն արդեն մեկ ամիս է, ինչ ստուգումներ է անցկացնում Կադաստրի պետական կոմիտեում: Ա. Զալինյանի խոսքերով, ստուգումներն այդ համակարգում դեռեւս ավարտված չեն, դրանք ավարտվել են միայն Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանումում: Ստուգումների արդյունքների հիման վրա 2 քրեական գործ է հարուցվել՝ տարածքային ստորաբաժանման ղեկավարի եւ գանձապահի նկատմամբ:

Դատախազը փաստեց, որ գանձապահի նկատմամբ մեղադրանք է առաջադրված իշխանազանցության եւ պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով նյութական միջոցները հափշտակելու փաստով: Հաշվապահն, ըստ նրա, մի շարք քաղաքացիներից պաշտոնական փաստաթղթեր, մասնավորապես՝ մուտքի օրդերներ կեղծելու միջոցով բազմաթիվ հափշտակություններ է արել: Նախնական տվյալներով, ըստ դատախազի, այսօրվա դրությամբ այդ գումարի չափը հասնում է 360 հազար դրամի: Նա միաժամանակ նշեց, որ գումարների վերջնական ծավալը կճշտվի քննության ժամանակ:

Պատասխանելով կոռուպցիայի հետ կապված քրեական գործերի հարուցման մասին հարցին,  Արմեն Զալինյանը լրագրողներին տեղեկացրել է նաեւ, որ 2006-ին դատախազության կողմից քրեական գործ էր հարուցվել Մարտունու կադաստրի պետի եւ Մարտակերտի շրջանի բանկի կառավարչի նկատմամբ: Դատախազության կողմից քրեական գործ է հարուցվել նաեւ «Արցախկապ» ընկերության տնօրենի նկատմամբ՝ կապված պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ պաշտոնական կեղծիքի, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով յուրացման հետ:

Գլխավոր դատախազության տվյալներով, 2006-ին պետական շահերի պաշտպանության բաժնի եւ քաղշրջդատախազությունների կողմից պետական շահերին վնաս պատճառելու մասին ստացված հայտարարությունների« հաղորդումների կամ որեւէ այլ կարգով ահազանգերի հիման վրա կատարվել են 171 ստուգումներ« որոնց արդյունքներով երեւան են հանվել օրենքի խախտման 330 դեպքեր: Ի հայտ եկած խախտումները ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար ներկայացվել են ընդհանուր առմամբ 85 միջնորդագրեր« հարուցվել՝ 12 քրեական գործեր:

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ՝  ՆԱԵՎ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հայտնի է, որ ԼՂՀ գլխավոր դատախազությունը մի շարք հիմնարկներից բացի ստուգումներ է իրականացրել նաեւ հանրապետական հիվանդանոցում եւ ծննդատանը: Գլխավոր դատախազի խոսքերով, 3 բժիշկների նկատմամբ հարուցված քրեական գործերի առնչությամբ էլ վերոնշյալ հիմնարկներում ստուգումներ են իրականացրել:

Խոսելով բժշկական համակարգի կարեւորության եւ տվյալ հարգված մասնագիտության ներկայացուցիչների նկատմամբ համապատասխան վերաբերմունքի մասին, Ա. Զալինյանը նշել է, որ դատախազության անդամները խորին հարգանքով են վերաբերվում բոլոր բժիշկներին: «Իրենց առաքելության առջեւ խոնարհվում են, սակայն երբ տեսնում են հիվանդի նկատմամբ անտարբերություն, անպատասխանատվություն, եսամոլության արդյունքում այնպիսի զգացմունքի դրսեւորում, որի արդյունքում մարդու մահ է լինում, ապա դատախազությունը չի կարող անտարբեր անցնել: Նման մարդկանց չենք կարող վերաբերվել այլ կերպ, քան հանցագործություն կատարած անձանց»,-ասել է նա, փաստելով, որ այդ հիմնարկներում դեռ ստուգումներն ու ուսումնասիրությունները կշարունակվեն, «քանի որ վերոնշյալ խախտումների պատճառներն ուսումնասիրելու եւ դրանք կանխարգելելու կարիք կա»:

Ի դեպ, բժիշկների մասնագիտական սխալների արդյունքում մահացության դեպքերը չի բացառում նաեւ ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, որը նշել է, որ ծննդատանը եւ հիվանդանոցում եղել եւ կան այնպիսի բժիշկներ, ում մասնագիտական սխալների հետ կապված գործերը քննարկվում են:

Բժիշկների անտարբերության, մասնագիտական որոշ սխալների եւ հիվանդների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին անցած տարի Ստեփանակերտում կայացած համաարցախյան երիտասարդական առաջին խորհրդակցության ընթացքում խոսել են նաեւ մայրաքաղաքի եւ շրջանի երիտասարդները: Նրանց բողոքը տեղ է գտել նաեւ իշխանություններին հղած կոչում, որտեղ երիտասարդերը կոչ են արել «վերջ տալ հանրապետական ծննդատանը տիրող կամայականություններին»:

 

ԵՐԵՔ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ, ԻՍԿ ՉՈՐՐՈՐԴԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ

ԼՂՀ դատախազության տվյալներով՝ 2006թ. հանրապետությունում գրանցվել է 513 հանցագործություն՝ նախորդ տարվա 538-ի դիմաց: Ըստ բնույթի եւ հանրության համար վտանգավորության աստիճանի՝ հանցագործությունները եղել են. ոչ մեծ ծանրության՝ 226, միջին ծանրության՝ 117, ծանր՝ 161 եւ առաձնապես ծանր՝ 9: Կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործությունները կազմել են 95 դեպք, իսկ մասնավոր սեփականության դեմ ուղղված հանցագործությունները՝ 175:

Եթե Ստեփանակերտ քաղաքում, Ասկերանի, Մարտակերտի, Հադրութի եւ Քաշաթաղի շրջաններում հանցագործությունները նվազել են, ապա Մարտունու, Շուշիի եւ Շահումյանի շրջաններում արձանագրվել է հանցագործությունների աճ:

ԼՂՀ գլխավոր դատախազի հավաստիացմամբ, չնայած հանցագործությունների աճի վերաբերյալ վերը նշված փաստին, հանցավորության աճ հանրապետությունում չկա:

Ա. Զալինյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ մայրաքաղաքում կատարված վերջին աղմկահարույց սպանության բացահայտմանը: Տեղեկացնենք, որ  սպանվել էր քաղաքացի Արմեն Ավետիսյանը:

Գլխավոր դատախազի հաղորդմամբ՝ նշված սպանությունն արդեն բացահայտված է, որի 3 մեղադրյալները ձերբակալված են, իսկ չորրորդը գտնվում է հետախուզման մեջ: «Դատախազության կողմից բոլոր ապացուցողական նշանակություն ունեցող հանգամանքներն ապացուցված են: Մոտ երկու ամսվա ընթացքում արդեն կարող ենք մեղադրական եզրակացությունն ուղարկել դատարան: Հույս ունենք, որ օպերատիվ հետախուզական աշխատանքները կբացահայտեն չորրորդ հանցագործի գտնվելու վայրը»,- նշել է Ա. Զալինյանը:

 

ԽՈՇՈՐ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻ ՎԱՐԿԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ ԵՆ

Դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքներով ԼՂՀ պետական բյուջե կանխիկ մուտքագրվել է 133.635.126 դրամ եւ 1.578 ԱՄՆ դոլար /նախորդ տարվա 42.861.473 դրամի դիմաց/, որից՝ 105.929.381 դրամ եւ 1.578 ԱՄՆ դոլար մարվել է նախկինում ԼՂՀ կառավարության կողմից քաղաքացիներին վարկային պայմանագրերով տրամադրված կարճաժամկետ եւ երկարաժամկետ նպատակային վարկերի գումարներից, 23.495.180 դրամ՝ հողի վարձավճարի« իսկ 4.210.565 դրամ՝ պետությանը պատճառված այլ վնասների շրջանակներում:

ԼՂՀ գլխավոր դատախազ Ա.Զալինյանը, անդրադառնալով պետական վարկերի վերադարձման հետ կապված աշխատանքներին, փաստեց, որ վերոնշյալ գումարները հիմնականում վերադարձվել են խոշոր վարկառուներից:

Դատախազության տեղեկատվության համաձայն՝ 2006 թվականին դատախազության մարմիններ ընդհանուր առմամբ մուտք են գործել քաղաքացիների 498 դիմումներ եւ գանգատներ« որոնցից անմիջապես քննվել են 300 դիմում եւ գանգատ, իսկ 90-ը քննարկման է ուղարկվել ըստ ենթակայության: Անձնական ընդունելություններում եղել են 613 քաղաքացիներ, որոնցից 445-ին ընդունել են անձամբ դատախազները: Բացի այդ, գլխավոր դատախազը, դատախազի տեղակալները եւ բաժինների պետերը 2006 թվականի ընթացքում մեկնել են Ասկերանի, Մարտունու, Հադրութի, Մարտակերտի, Շահումյանի, Քաշաթաղի եւ Շուշիի շրջաններ՝ տեղերում կազմակերպելով քաղաքացիների ընդունելություններ:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Որ դատախազության գործունեության մեջ ակտիվություն է նկատվում՝ դա ողջունելի է, պարզապես պիտի հասկանալ այդ ակտիվության պատճառահետևանքային կապերը: Ի վերջո, ոչ թե քրեական դաշտում է ակտիվություն նկատվել, ինչով կարելի կլիներ պայմանավորել դատախազության ակտիվությունը (գլխավոր դատախազն ինքն է խոստովանում, որ հանցավորության աճ չի գրանցվել հանրապետությունում), այլ ընդհակառակը՝ դատախազության ակտիվությունն է երևակել հանցավորության աստիճանը: Այսինքն՝ ակտիվության դեպքում գործունեության լայն դաշտ կա: Մնում է հասկանալ, թե ինչով է պայմանավորված լինում նման ակտիվությունը: Դատախազությունը, նորմալ տրամաբանությամբ, ոչ թե պիտի ժամանակ առ ժամանակ ակտիվանա, այլ պարբերաբար հետևի օրինականության պահպանմանը: Քանի որ հանցավորության աճը կամ նվազումը և դատախազության գործունեության ակտիվությունը պայմանավորված չեն ու չպիտի լինեն սեզոնային-եղանակային (այդ թվում՝ քաղաքական) կամ այլ պայմաններով:

Նաև ավելացնենք, որ միայն դատարանում կտրվեն այս աղմկահարույց քրեական գործերին առնչվող հարցերի ու կասկածների վերջնական պատասխանները: Կհետևենք դատավարություններին:

 

ԼՂՀ   ԳԼԽԱՎՈՐ   ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ   ԷԴՈՒԱՐԴ  ԱՂԱԲԵԿՅԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ   ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ 

ԼՂՀ Գլխավոր դատախազության 2007թ. մարտի 3-ի հաղորդագրության առթիվ Ստեփանակերտի քաղաքապետ է. Աղաբեկյանի կողմից լրատվամիջոցներում ներկայացված «պարզաբանումները» հերթական անգամ նպատակ են հետապնդում խեղաթյուրված ներկայացնել իրավիճակը, ապակողմնորոշել հանրությանը եւ ստեղծել տպավորություն, թե դատախազությունն անօրեն գործողություններ է իրականացնում՝ անհիմն հետապնդելով իրեն: Դրանց կապակցությամբ, հանրությանը իրազեկելու նպատակով, դատախազությունը հայտարարում է հետեւյալը:

Նախ, ինչ վերաբերում է քաղաքապետարանում ստուգումների հիմնավորվածությանը, Գլխավոր դատախազության մարտի 3-ի հաղորդագրության մեջ հանգամանորեն ներկայացվել են այդ ստուգումներն անցկացնելու հիմքերը: Կրկին անգամ անդրադառնալ այս եւ դրա հետ կապված այլ հարցերին՝ իմաստ չենք տեսնում:

Ինչ վերաբերում է Աղաբեկյանի «պարզաբանումների» 4-րդ կետին, ապա միայն ափսոսալ կարելի է, որ հանդիսանալով համայնքի ղեկավար՝ քաղաքապետը տեղյակ չէ իրավական ակտերի գոյության մասին: Օրենսդրության չիմացության արդյունք է, թերեւս, այն իրողությունը, որ խախտելով օրենքի պահանջները, առանց մրցույթի /աճուրդի/ նա կամայականորեն, ըստ իր ցանկության, մի շարք դեպքերում հողահատկացումներ է կատարել:

2006թ. մարտի 27-ին է. Աղաբեկյանը ապօրինի որոշում է կայացրել առ այն, որ Ստեփանակերտի քաղաքապետարանն իրավունք ունի, առանց որեւէ մրցույթի, մինչեւ 100 քմ հողատարածքներ տրամադրել: Նման որոշման կայացումը հակասում է ԼՂՀ Հողային օրենսգրքի 48 եւ 76 հոդվածներին, որտեղ պարզորոշ ամրագրված է, որ հողատարածքների առանց մրցույթի տրամադրման դեպքերը սահմանում է միայն կառավարությունը:

Մամուլում  հրապարակված            «պարզաբանումներում»             Ստեփանակերտի քաղաքապետը, չգիտես ինչու, շրջանցում է Մխիթար Գոշ փողոցում հողահատկացումների հետ կապված մանրամասնությունները՝ խեղաթյուրելով իրականությունը եւ առաջացնելով խղճահարույց զգացումներ, դրսեւորելով նաեւ անբացատրելի զարմանք Գլխավոր դատախազությունում նման նյութերի գոյության կապակցությամբ: Նախաքննության շահերից ելնելով, ԼՂՀ Գլխավոր դատախազությունն առայժմ նպատակահարմար չի գտնում դրանց հրապարակումը: Հասարակության ուշադրությանն ենք ներկայացնում միայն էդուարդ Աղաբեկյանի ստորագրությամբ բացատրության այն հատվածը /պատճեն/, որտեղ նյութերին ծանոթանալուց հետո՝ նա իր համաձայնությունն է տվել Մխիթար Գոշ փողոցում ապօրինի հողահատկացումների հետ կապված նյութերով իր նկատմամբ կիրառել համաներում:

Տարակուսանք է առաջացնում նաեւ է. Աղաբեկյանի մեկնաբանությունը քաղաքացի Ռ. Նալբանդյանին Ալեք Մանուկյան փողոցում հողատարածք չհատկացնելու վերաբերյալ: Այսպես, իր «պարզաբանումներում» է. Աղաբեկյանը պնդում է, թե մրցույթը ըստ օրենքի չի կայացել հայտատուներից մեկի բացակայության պատճառով, ուստի հայտարարվել է կրկնակի մրցույթ: Ատեփանակերտի քաղաքապետին պետք է հայտնի լինի ԼՂՀ Հողային օրենսգրքի այն դրույթը, համաձայն որի՝ կրկնակի աճուրդի /մրցույթի/ մասին հայտարարությունը պետք է պարտադիր կերպով հրապարակվի պաշտոնական որեւէ լրատվամիջոցում: Մինչդեռ, Ստեփանակերտի քաղաքապետարանը նման հայտարարությամբ հանդես չի եկել: Ավելին, առանց որեւէ հիմքի, խախտելով Ռ. Նալբանդյանի՝ օրենքով սահմանված նախապատվության իրավունքը, մերժել է նրա խնդրանքը Ալեք Մանուկյան փողոցում հողատարածք հատկացնելու վերաբերյալ, իսկ հետագայում որոշում կայացրել նշված տարածքը Ն. Մամունցին օտարելու մասին եւ առանց օտարման մասին պայմանագիր կնքելու՝ վերջինիս թույլատրել է շինարարություն իրականացնել: Տվյալ փաստով Գլխավոր դատախազության կողմից Ստեփանակերտի քաղաքապետ էդուարդ Աղաբեկյանի նկատմամբ մարտի 22-ին արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, որը կտա բոլոր հարցերի պատասխանները:

Գտնում ենք, որ Գլխավոր դատախազության կողմից նման փաստերի բացահայտման խոչընդոտմանն է, թերեւս, ուղղված է. Աղաբեկյանի վարքագիծը:

04.04.2007թ.

 

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Ողջունելի են ԼՂՀ գլխավոր դատախազի օպերատիվ արձագանքը Ստեփանակերտի քաղաքապետի պարզաբանումներին, ինչպես նաև հանրությանը սեփական դիրքորոշումը ներկայացնելու պատրաստակամությունը: Հուսանք, որ նման օպերատիվություն կցուցաբերվի նաև բոլոր մյուս օրախնդիր հարցերում: Մենք էլ մեր հերթին պատրաստակամություն ենք հայտնում հրապարակել դատախազության դիրքորոշումն ու պարզաբանումները ինչպես այս, այնպես էլ մյուս հարցերում, պարզապես ափսոսանք հայտնելով, որ ի տարբերություն ԼՂՀ գլխավոր դատախազի՝ Ստեփանակերտի քաղաքապետի համար մատչելի են ոչ բոլոր լրատվամիջոցները: Մեր կողմից առաջարկենք գլխավոր դատախազին, որ այս առիթով, ինչպես նաև նման այլ դեպքերում նպաստի ընդդիմախոսի պատասխանի հնարավորությանը այն լրատվամիջոցներում, որոնց միջոցով ինքը՝ գլխավոր դատախազը, հայտնում է իր կարծիքը:

 

ԷԴ. ԱՂԱԲԵԿՅԱՆ.  «ԹՈՂ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՏԱՆ»

«Ճիշտն ասած՝ ես էլ եմ ԶԼՄ-ներից տեղեկանում իմ եւ քաղաքապետարանի գործունեության վերաբերյալ դատախազության տեսակետներին, այդ թվում՝ քրեական գործերի մասին»,- այս մասին ապրիլի 13-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը, պատասխանելով դատախազության եւ քաղաքապետարանի միջեւ շարունակվող հակասությունների մասին հարցին: «Եթե քրեական գործ են հարուցել ու գտնում են, որ դրա անհրաժեշտությունը կա՝ նորմալ եմ համարում: Գործը կհասնի դատարան, որտեղ էլ կպատասխանեմ ցանկացած հարցադրման», – ընդգծել է քաղաքապետը:

Ինչ վերաբերում է վերջերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ գլխավոր դատախազ Արմեն Զալինյանի տված այն խորհրդին, թե պետք չէ քաղաքականացնել վերոնշյալ հարցը, Էդ.Աղաբեկյանը նշեց. «Ինչ վերաբերում է դատախազի խորհուրդներին, ապա կուշտ եմ ցանկացած խորհուրդներից, եւ թող իրենք իրենց խորհուրդներ տան»:

Սեփ. լրատվություն

——————————————————————————————-

Ընտրություններ

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆ. «ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԻՄ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԱԾԻՆ ՉԱՓ ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ»

(“KarabakhOpen”-ի հարցազրույցը ԼՂՀ փոխարտգործնախարար Մ. Մայիլյանի հետ)

– Պարոն Մայիլյան, վերջին ժամանակներս շատ է խոսվում առաջիկա նախագահական ընտրություններում Ձեր թեկնածության հնարավոր առաջադրման մասին: Եւ հաճախ հղում է արվում ամենատարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքներին, որոնցում Դուք պարբերաբար առաջնային տեղեր եք զբաղեցնում: Իսկ մասնակցելու՞ եք, արդյոք, ընտրություններին:

-Նախ՝ ասեմ, որ շատ զուսպ եմ ընկալում անցկացված հարցումներում առաջնային տեղեր զբաղեցնելս ու հիմնական թեկնածուների շարքում հայտնվելս: Դրական եմ վերաբերվում ընդհանրապես հարցումների ինստիտուտին, քանի որ դրանք փորձում են այս կամ այն չափով երևակել հանրային կարծիքը: Յուրաքանչյուր քաղաքացու համար դրանք առաջին հերթին մտորումների ու վերլուծությունների հիմք են, այդպես էլ ես եմ վերաբերվում դրանց:

Բավարարվածությամբ եմ ընկալում այն հանգամանքը, որ հարցումների ժամանակ ի հայտ է եկել երկրի ղեկավարի հնարավոր թեկնածուների լայն շրջանակ: Սա վկայում է այն մասին, որ պետական համակարգում, քաղաքական ընդդիմության մեջ ու հասարակական ոլորտում կան կայացած ու խոստումնալից ոչ քիչ գործիչներ, ինչը մեր նորանկախ երկրի քաղաքական դաշտի աստիճանական ու հետևողական զարգացման վկայությունն է:

Երկրի, պետության ու ժողովրդի համար ցանկալի կլիներ, որ նախագահական գալիք ընտրությունները լինեին միայնումիայն պետականանպաստ ու ազգանպաստ գաղափարների ու դրանց կրողների մրցակցության ասպարեզ, ու ապահովվեր բոլոր քաղաքական ուժերի կառուցողական ու շահագրգիռ երկխոսությունը՝ միտված նորանկախ երկրի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը, ամբողջ հանրության ներուժը այդ նպատակին ծառայեցնելուն: Համոզված եմ, որ միայն այդպես կարելի է պատասխանել ժամանակի նոր մարտահրավերներին:

Ինչ վերաբերում է իմ թեկնածության հնարավոր առաջադրմանը, ապա կասեմ հետևյալը՝ ԼՂՀ Սահմանադրությունն ինձ նման իրավունք տալիս է: Չի բացառվում, որ հանրության աջակցության հիման վրա բոլոր շահագրգիռ ուժերի հետ քաղաքական խորհրդատվությունների արդյունքում որոշում կայացվի իմ թեկնածության առաջադրման մասին:

Չլինելով որևէ քաղաքական կուսակցության անդամ, ես, բնականաբար, կարող եմ քաղաքական առավել լուրջ դերակատարություն ակնկալել միայն այն դեպքում, եթե քաղաքական երկխոսության ու համագործակցության պարագայում ինձնից ակնկալվի նման դեր ու լինի դրա հասարակական-քաղաքական պահանջարկը:

Այսպես թե այնպես, ես ուզում եմ ու պատրաստ եմ իմ ուժերի ներածին չափ ծառայել հայրենիքիս:

6 ապրիլի

«ԴԵՄՈ»-ՏԵՂԵԿԱՆՔ

Անդրկուլիսյան քաղաքական բանակցությունների և հավանական թեկնածուների համատարած լռության ֆոնի վրա սա առաջին հրապարակային հայտարարությունն է: Հավանական թեկնածուներից մեկը խախտեց լռությունը և փոքր ինչ պարզեցրեց իրավիճակը: Սպասենք հնարավոր մյուս թեկնածուների արձագանքներին:

Ինչ վերաբերում է հանրության աջակցությանը, ինչի մասին խոսվում է հայտարարության մեջ, ապա հիշեցնենք, որ արցախյան առաջատար 36 հասարակական կազմակերպությունների լիդերների շրջանում ս.թ. փետրվարին անցկացված հարցման արդյունքներով բացահայտ առավելությամբ հաղթել էր Մ. Մայիլյանը՝ ստանալով 17 ձայն: Նա կիսել է առաջին տեղը փորձագիտական հարցման ժամանակ, ինչպես նաև բացահայտ առավելությամբ հաղթել է «Ամենամատչելի պաշտոնյա» թեմայով անցկացված հարցումում: Մ. Մայիլյանն առաջնային տեղեր է զբաղեցրել նաև այլ հարցումներում:

ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾԸ ԿԱՐՈՂ Է ՄՏԱԾԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍԻՆ

(Այս համոզմունքին է «Շարժում-88» կուսակցության փոխնախագահ Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ)

-Պարոն Բաղդասարյան, կարո՞ղ եք նշել այն անհետաձգելի խնդիրները, որոնց պիտի ձեռնամուխ լինի ԼՂՀ ապագա նախագահը, և ի՞նչ պիտի նա անի երբեմնի ազգային միասնությունը վերականգնելու համար:

-Հարցի վերջից էլ սկսեմ պատասխանս, քանի որ հենց այդ հանգամանքն էլ ամենակարևորն եմ համարում: Պատկերացրեք, որ կարևորն այն չէ նույնիսկ, թե ազգային միասնությունն ապահովելու համար ինչ պիտի անի ապագա նախագահը, այլ այն, որ ԼՂՀ հաջորդ նախագահն ընտրվի ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններում՝ ազնիվ ու քաղաքակիրթ պայքարում ստանալով ժողովրդի գերակշիռ մեծամասնության հավանությունն ու համաձայնությունը: Քաղաքակիրթ ընտրությունները մեր պարագայում շատ ավելի մեծ արժեք են, քան որևիցե քաղաքական ուժի ու քաղաքական գործչի ծրագիրը, որքան էլ այն լավը լինի:

Եւ միայն նման ընտրությունների արդյունքում երկրի ղեկի մոտ կանգնած մարդը կարող է մտածել ազգային միասնության վերապահովման մասին: Այսինքն՝ ոչ թե որևիցե մեկը այս կամ այն կերպ նախագահ դառնա ու հետո մտածի ազգային միասնության մասին, այլ որ ազատ ու արդար ընտրությունների անցկացման համազգային կամքի հենքի վրա որևիցե հասարակական-քաղաքական ուժի կամ ուժերի ներկայացուցիչ ազնիվ պայքարում ընտրվի ու պարտադրված լինի ապահովել ազգային միասնությունը: Այսինքն՝ որպեսզի ժողովրդի կողմից նրան պատվիրակված լինի այդ միասնության ապահովման իրավունքն ու «հրովարտակ»-պատվիրանը:

Միայն ժողովրդի կողմից ընտրվածը կարող է մտածել ժողովրդի մասին: Քաղաքական կամ այլ կլանի աջակցությամբ հաղթած նախագահը չի կարողանալու ապահովել համազգային ու համապետական շահերի իրականացումը, այլ սպասարկելու է կլանի շահերը: Մինչդեռ վաղուց արդեն ժամանակն է, որ երկրի առաջին դեմքը լինի ոչ թե իր թիմի, իր շրջապատի կամ յուրայինների նախագահը, այլ ամբողջ երկրի ու ժողովրդի ղեկավարը:

-Խոսակցություններ կան հավանական թեկնածուների մասին: Ձեր կուսակցությունն ինչպե՞ս է վերաբերվում այդ անձանց: «Շարժում-88»-ը նախագահական ընտրություններում ունենալու՞ է իր թեկնածուն:

-Քննարկումներն ու խորհրդատվությունները դեռ չեն ավարտվել, և ամեն ինչ պիտի որ պարզվի կուսակցության համագումարում:  Նաև չմոռանանք մեր քաղաքական դաշնակցի՝ մեր նորանկախ երկրի առաջին ու ամենակայացած կուսակցության՝ ՀՅԴ-ի պարագան: 2004-ից ի վեր մենք բավականին արդյունավետ համագործակցություն ունենք, խորհրդարանում էլ ներկայացված է Դաշինքի պատգամավորական խումբը: Հակված եմ կարծելու, որ եթե թեկնածու առաջադրվի, ապա կառաջադրվի Դաշինքի կողմից:

-Կարո՞ղ եք անուններ նշել:

-Այս մի նախագահական ընտրությունները հատկանշական են նրանով, որ թեկնածուները ոչ թե ձևական են լինելու, այլ մոտավորապես համազոր: Ի չիք դարձվեց «երրորդ ժամկետի» սիրահարների այն պնդումը, որ ուրիշ արժանավոր թեկնածու չկա: Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշինքին, ապա նման առաքելության ունակ առնվազն 3-4 արժանավոր դեմքեր և քաղաքական կայացած ու հարգարժան գործիչներ ունենք: Նկատի ունեմ Արմեն Սարգսյանին, Վիտալի Բալասանյանին, Էդուարդ Աղաբեկյանին և այլոց:

-Իսկ ի՞նչ կասեք մյուս թեկնածուների մասին:

-Հանրային շրջանառության մեջ են մի շարք անուններ, մասնավորապես՝ Բակո Սահակյան, Աշոտ Ղուլյան, Մասիս Մայիլյան: Կարող եմ ասել, որ բոլորն էլ արժանավոր թեկնածուներ են, յուրաքանչյուրն իր առավելություններով ու թերություններով: Թե ում առավելություններն են առավել ծանրակշիռ, կամ ում թերացումներն են առավել վտանգավոր՝ պիտի որոշի ժողովուրդը, ելնելով ազգային ու պետական շահից: Բոլոր դեպքերում, արժանի մրցակցության համար միանգամայն բարենպաստ պայմաններ են:

-Ի՞նչ նկատի ունեք «բարենպաստ պայմաններ» ասելով:

-Նկատի ունեմ առաջին անգամ չկանխորոշված ընտրությունների անցկացման հնարավորությունը, ինչին նպաստում են թե հասարակական հստակ պահանջարկը, թե արժանի թեկնածուների առկայությունը, և թե Հայաստանի իշխանությունների կառուցողական վերաբերմունքը: Այս վերջին հանգամանքը չպիտի թերագնահատել, որովհետև հաճախ այդ գործոնի օգտագործումը միանգամայն բացասական արդյունքներ է ունեցել: Որքանով որ ես եմ տեղյակ՝ ՀՀ իշխանությունները միանշանակ չեն սատարելու այս կամ այն թեկնածուին և փորձելու են բացառել այդ գործոնի շահարկումը՝ ընտրությունը թողնելով Արցախի ժողովրդին:

Անի ԱԶԱՏՅԱՆ
«ՀԱՎԱՏ», 31 մարտի

 

ՀՈ ՉԵ՞ՆՔ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏՈՏԱԼԻՏԱՐԻԶՄԻՆ

Ժողովրդավարությունն ամենամեծ արժեքն է քաղաքակիրթ աշխարհում: Արևմտյան քաղաքականությունն ու քաղաքակրթությունը մեծ նվաճումների են հասել հենց այդ արժեքի շնորհիվ:

Բայց ահա ոմանք կարծում են, որ ժողովրդավարությունը կարող է սպասել մինչև «լավ ժամանակները», մոռանալով, որ Արևմուտքը հենց ժողովրդավարության շնորհիվ է հասել «լավ ժամանակների»: Ահա այս պարզ ճշմարտությունն է, որ պիտի հասկանանք և օգտագործենք ուրիշների դրական փորձը:

Ժամանակն է պատմությունից դասեր քաղել բոլոր առումներով: Բոլորիս է հայտնի, թե ինչպես էր լինում կոմունիստների կողմից միասնական թեկնածուի ընտրությունը: Ժողովրդավարությունը նշանակում է այլընտրանքի առկայություն, իրական ընտրության հնարավորություն: Այսօր մեզ մոտ միասնական թեկնածուի մասին խոսողներին կուզեի ասել՝ հո չե՞նք վերադառնում սովետական տոտալիտարիզմին:

Արևելաեվրոպական շատ պետություններ իրենց համարում են տոտալիտարիզմի զոհեր: Նրանք, սակայն, այսօր ազատվել են տոտալիտարիզմի ժառանգությունից, իսկ մենք դեռ չենք կարողանում հրաժարվել «միասնական թեկնածուի» մեր ժառանգած ավանդույթից: Ավելի լավ չէ՞ր լինի ժառանգեինք, ասենք թե, սոցիալական ոլորտի այն ժամանակվա նվաճումները:

Եկեք իրականացնենք սովետական շրջանում սոցիալական ոլորտի փորձն ու հաջողությունները՝ գումարելով դրանց ազատականության սկզբունքները:

Արարատ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախագահ

——————————————————————————————-

Հասարակություն

Չեն սիրում կատուներին, թե՞ նաև վախենում են բնակիչների ժողովրդավարական ինքնակազմակերպման ուժից

«Ուժը միայն զենքի և բռնության մեջ չէ, ուժը նաև հավատք է սեփական բարոյահոգեբանական ներուժին, իրավունքներին, ինքնակազմակերպմանը, հավաքական ուժին»,- ասաց մեր խոսակիցը՝ Արմինե Առաքելյանը ս.թ. մարտի 20-ին ՄԻԺԻ-ի հետ ունեցած հարցազրույցում, Երևանի Մաշտոց 39/12, Թամանյանի 2 և 2ա շենքերի բակում ծավալվող իրադարձությունների շուրջ:

Արմինե ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ՄԻԺԻ-ի հիմնադիրն է և պատվո անդամը, ու նաև միջազգային իրավագետ, քաղաքագետ ու դիվանագետ: Այս հարցազրույցում նա հանդես է գալիս անհատական կարգով` որպես Երևանի բնակիչ:

ՄԻԺԻ. Սիրելի Արմինե, որքանով հասկացանք ս.թ. փետրվարի 17-ի և 18-ի նամակներից և կից փաստաթղթերից, Ձեր շենքերի մի խումբ բնակիչներ ս.թ. հունվարի 8-ին նամակով դիմել են «Հայ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին ու ներկայացրել բնակիչների մտահոգությունները կապված Ձեր շենքերի էլեկտրականության մի շարք խնդիրների հետ: Ի՞նչ են այդ խնդիրները և ինչպե՞ս ծագեց էլ.ցանց դիմելու միտքը:

Ա.Ա.. Մեր շենքերի բնակիչների մեծ մասը դասախոսներ են, մտավորականներ, թոշակառուներ, ինչպես նաև գործարարներ, հանրաճանաչ քաղաքական գործիչներ կամ նրանց ընտանիքներ: Արդեն տարիներ շարունակ, ամեն ձմեռ   -20 -25 ցուրտ ջերմաստիճանի ժամանակ մեր շենքերը հոսանքազրկվում են՝ շենքեր մտնող փտած մալուխների պատճառով, որոնք չեն կարողանում անհրաժեշտ էլեկտրական հոսանքը մատակարարել բնակիչներին:

Մտածելով, որ այսպես հնարավոր չէ շարունակել, առաջարկեցինք խնդիրը լուծել օրինական, իրավական կարգավիճակով. վերջին հաշվով՝ փորձում ենք քաղաքակիրթ արժեքներով ապրել մեր շենքերում, բակում, համայնքում, պետությունում: Իհարկե, կար մեծ թերահավատություն հարևանների կողմից, որ «ոչինչ էլ չի փոխվի», «մեզ ոչ ոք մարդու տեղ չի դնի» և այլն…

Հունվարի 7-ին նամակ գրեցի «Հայ էլեկտրական ցանցերին»: Նամակին միացան երեք շենքերի 36 սեփականատերեր և տվեցին իրենց ստորագրությունները: Նամակում նշել էինք մեր խնդիրները՝ պահանջելով, որ մեզ տրամադրեն արդիական, տարողունակ ստորգետնյա մալուխներ, ենթակայանը թողնեն միևնույն տեղում կամ ուրիշ տեղ փոխադրեն, բայց ո°չ թե տեղադրեն մեր բակում, և վերականգնեն մեր բակի լուսավորությունը: Տասն օր անց պատասխան եկավ Կենտրոն թաղամասի Ազգային Ժողովի պատգամավոր պրն. Խաչատուր Սուքիասյանի գրասենյակից, թե՝ իրենք կփորձեն մի բան անել: Թաղապետարանից մեր ստացած պատասխանը վերաբերում էր նամակի երրորդ կետին՝ բակի լուսավորության վերականգնման խնդրին, որ իրենք 2007թ.-ի համար այդ նախատեսեցին իրենց բյուջեում: Երրորդ նամակը էլ. ցանցի ճարտարագետից (ինժեներից) մի երկտող էր, որտեղ նշվում էր, թե 2007թ.-ի իրենց ներդրումային ծրագրերում նախատեսված է ենթակայանը մեր բակը փոխադրել:

ՄԻԺԻ. Իսկ ինչպե՞ս հասունացավ համատիրություն ստեղծելու գաղափարը և ի՞նչ եղավ դրա արձագանքը:

Ա.Ա.. Մինչև ս.թ. փետրվարի 7-ը ոչինչ չփոխվեց: Ստիպված ավելի ուժեղ մի նամակ գրեցի Էլ. ցանցին, որի պատճենն ուղարկվեց նաև ՀՀ պատկան նախարարին, հանրային ծառայության հանձնաժողովին, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությանը և Երևանի քաղաքապետին, որտեղ պնդեցի, որ մենք ենթակայանի տարածքի՝ մեր բակ տեղափոխման հարց և դիմում չենք ներկայացրել և չենք էլ ներկայացնելու, ավելին, կտրականապես դեմ ենք եղել և դեմ ենք լինելու մեր այդ ենթակայանի տարածքի տեղադրմանը մեր բակի մակերեսում: Այս անգամ նամակի արձագանքն ավելի արագ ստացանք թաղապետարանից և հանրային ծառայությունների հանձնաժողովից: Հանձնաժողովը հիմնականում ասում էր, որ իրենք կփորձեն մի բան անել, բայց խորհրդային ժամանակներից քաղաքապետարանի որոշում կա, որ բազմաբնակարան շենքերում պիտի ենթակայան չլինի: Մեր առաջարկին, որ դա լինի ստորգետնյա՝ ինչպես քաղաքակիրթ երկրներում է և Երևանի Հյուսիսային պողոտայում, պատասխանում էին, թե մենք եվրոպական չափանիշներին համազոր պահանջ ենք դնում… Բայց չէ՞ որ Հայաստանը փորձում է Եվրոպա մտնել:

…Այս անգամ շենքերի մի խումբ կանանցով հավաքվեցինք ու որոշեցինք իրավական ձևով համատիրություն կամ որևէ շենքային կառավարման համակարգ ստեղծել, որն օրենքով թույլատրվում է մեզ: Այդպիսով պիտի կարողանայինք լուծել և° ենթակայանի հարցը, և° շենքերի քաղաքաշինական անվտանգությանն ու առողջապահական (սանիտարական) հրամայականներին վերաբերվող այլ հարցեր, որովհետև ներկա համատիրությունը՝ նախկին ԺԵԿ-ը, որը 2003-ից մեր շենքերում է, ոչինչ չի արել համայնական (կոմունալ) պարտավոր նորմերի ապահովման իմաստով, թեև գանձել է գումարներ: Նաև հարցականի տակ է այս համատիրության օրինականությունը՝ ինչպե՞ս են հիմնադրվել և ընտրվել ղեկավար մարմինները, ո՞ւր են տարեկան նախահաշիվները՝ հաստատված այդ համատիրության անդամների՝ յուրաքանչյուր շենքի բնակարանների և հաստատությունների սեփականատերերի 51%-ի կողմից, ո՞ւր են տարեկան հաշվեցույցերը և այլն: Մտահոգ էինք նաև մեր բակի խնդրով, որովհետև խոսքեր կային, թե ծախվել է, թե շենքեր են կառուցվելու և այլն: Մտածեցինք նամակով դիմել շենքի բնակիչներին՝ բնակարանների և հաստատությունների սեփականատերերին, ու ս.թ. մարտի 11-ին հրավիրել ընդհանուր ժողով, ստեղծելու համար կառավարման նոր մարմին՝ համատիրություն:

Այս ընթացքում նաև տարբեր կուսակցությունների կողմից առաջարկներ եղան բակը մաքրելու կամ ծառեր տնկելու մասին, սակայն մենք՝ բնակիչներս, դեռևս որոշել ենք, որ հիմնական նախապայման է բակին ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ. մեր բակը պետք է 99 տարով անվճար վարձակալենք քաղաքապետարան-թաղապետարանից և փորձենք բարեկարգել սեփական և համայնքային ուժերով, թեկուզ դա ավելի երկար ժամանակ պահանջի, փոխանակ ընդունելու որոշ կուսակցությունների առաջարկը և հետո պարտավոր լինելու այս կամ այն կուսակցական ուժին, քաղաքական գործչին և ենթարկվելու նրանց հնարավոր շահարկումներին:

Մարտի 11-ին Մաշտոցի 39/12, Թամանյանի 2 և 2ա շենքերի սեփականատերերի ընդհանուր ժողովը տեղի ունեցավ: Այդ ընթացքում շենքի բնակիչներից ոմն Վոլոդյա Բորյան, որ նախկին ոստիկան է եղել և ներկայումս աշխատում է իբրև Բնապահպանության նախարարության պետական տեսչության պետի տեղակալ, շատ ագրեսիվ ձևով դիմեց մեզ՝ ասելով, թե ինքը դեմ է մեր համատիրություն հիմնադրելուն և թե ինքը ներկա համատիրության նախագահին՝ Ռուշան Հովհաննիսյան անունով, կբերի, որ վերջինս ասի՝ ինչու պիտի մեր բնակիչները դեմ լինեն և պիտի չստեղծեն նոր համատիրությունը: Նույն ժամանակ նա հայտարարեց նաև, թե ինքը երեք ատրճանակ ունի՝ իրեն նվիրված այսինչի և այնինչի կողմից և ինքը կարող է զենքով հարց լուծել: Իբրև պատասխան նրան ասացինք, որ մենք գազանանոցում չենք ապրում, այլ փորձում ենք քաղաքակիրթ և օրինական ձևով լուծել մեր հարցերը, և ոչ ոքի չենք պարտադրում:

Մարտի 15-ին, երբ արդեն ութ ամիսների սովորությանս համաձայն, ճաշի ընդմիջմանս ժամանակ, բակում հանգստանում էի, բակի աղբերը հավաքում և կերակրում բակի կատուներին ու ձագերին, նույն այդ Վոլոդյա Բորյանը եկավ ու սկսեց գոռգոռալ ու վարկաբեկել՝ տարբեր պիտակներ տալով (մի՞թե պետք է միայն աղանդավոր կամ … լինել՝ մարդասեր, բնասեր և կենդանասեր լինելու, բարություն անելու կամ մարդկանց, բնությունը և կենդանիներին խնամելու համար. մարդուն, ԿՆՈՋԸ և հայ առաքելականին այս հարիր չէ՞): Պատասխանը տվեցի, գնաց. հասկանում էի, որ սադրանք է: Սակայն հաջորդ օրը նույն ժամին նորից հայտնվեց, այս անգամ ավելի ուժեղ հայհոյանքներով … Ասեմ նաև, որ մարտի 15-ի ընդհանուր ժողովից և առաջին սադրանքից հետո քանդված գտա կատուների փոքրիկ ապաստարանը, որը կարգի էի բերել անցյալ նոյեմբերին, որպեսզի շենքի նկուղներում պատսպարվելու փոխարեն բակի կատուներն այստեղ ապրեն ձմռան ցրտերին և պատսպարվեն կատաղած շներից: Այս սադրանքի փորձերը նաև մտահոգել և ահաբեկել էին հարևաններին, մանավանդ մենակյաց կանանց, որոնք արդեն գիտեին այդ մարդուն ու նաև ընկալում էին, որ մեր իրավական նախաձեռնությունը ՈՄԱՆՑ շահերին է հարվածել և ՄՏԱՀՈԳԵՑՐԵԼ: Հաջորդ օրը՝ մարտի 16-ին, դիմեցի Ազգային անվտանգության ծառայության մարմիններին:

ՄԻԺԻ. Ինչպե՞ս է դա ազդում մեր երկրի ժողովրդավարական զարգացման ընթացքի վրա և ի՞նչ կարևորություն ունի այս իմաստով:

Ա.Ա.-Հաճախակի կրկնվող նման նախադեպերը գնում են մեր հասարակության և հայ պետականության թե° անվտանգության և թե° զարգացման դեմ: Պետությունը սկսվում է տնից, բնակարանից ու բակից: Մարդը, քաղաքացին, բնակիչը, մենք՝ պետք է կարողանանք պաշտպանել մեր տան, մեր բակի անվտանգությունն ու զարգացումը: Մնացածը լոզունգներ կլինեն, եթե մենք դա չանենք: Մեծ դեր ունեն նաև կանայք, որոնք հուսադրված են ու փորձում են ինչ-որ բան փոխել, ավելի համարձակ են, սիրում են իրենց բակը, շենքը, որտեղ ապրել ու որը շենացրել են իրենց պապերն ու ծնողները: Երրորդ հարցը ժողովրդավարության և պետականաշինության հարցն է, որտեղ իմ կարծիքով, Նախագահի և Ազգային ժողովի ինստիտուտներից ավելի մեծ կարևորություն են ներկայացնում հետևյալ չորս ինստիտուտները՝ Համայնքային ինքնակառավարման կառույցները, արհեստակցական միությունները,  ուսուցչական, ուսանողական, աշակերտական կազմակերպություններ կրթական և գիտական օջախներում և Զանգվածային լրատվամիջոցները: Դժբախտաբար, այս չորս կարևոր ինստիտուտները կայացած չեն Հայաստանում, իսկ եթե դրանք չեն գործում կամ իրենց առաքելությունը չեն կատարում, ապա քաղաքացին և բնակիչը չի կարող ճշմարիտ կերպով ընտրել իր կառավարողներին-իշխանություններին, չի կարող վերահսկել, ուղղորդել նրանց: Եվ եթե դրա արդյունքում ժողովուրդը Հայաստանում սկսում է հուսալքվել, ապա դիմում է արտագաղթի կամ վատագույն դեպքում համակերպվում է, չի դիմում քաղաքացիական և հասարակական շարժման ու հարաճուն պայքարի:

Ուժը միայն զենք չէ, ուժը նաև հավատք է սեփական ուժերին, իրավունքներին, ինքնակազմակերպմանը, հավաքական ուժին: Ես հավատացած եմ, որ մի մարդու, հասարակության, պետության և ազգի ԶԱՐԳԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ և ՔԱՂԱՔԱԿՐԹՎԱԾՈՒԹՅԱՆ աստիճանն ու չափորոշներն են ո°չ թե վայրագ ուժը, մեծ ջիփերի, ռեստորանների կամ գիշերային ակումբների քանակը կամ վերջին մոդայով հագնվելը, այլ` այդ հավաքականության ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ բարոյա-հոգեբանական և նյութական բարօրությունը, ՈՒՐԻՇԻ, իր շրջոլորտի, իր բնության և կենդանիների նկատմամբ սերն ու հոգատարությունը:

(Մասնակի կրճատումներով)

 

ԿՏՐՈՒԿ ԱՆՑՈՒՄ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Բնակֆոնդի քայքայումը կասեցնելու առաջին քայլն են ուզում անել

Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանի ճեպազրույցը նշանակալից էր համատիրությունների նկատմամբ քաղաքականության փոփոխության մասին կարեւոր տեղեկությամբ: Արդեն գրեթե տասնամյակ դրանք գոյություն ունեն, բայց ինչպես ասում են` անունը կա, ամանումը` ոչ: Հենց միայն համատիրությունների գոյության փաստը օգնելու փոխարեն վիթխարի վնաս պատճառեց հանրապետության բնակարանային ֆոնդին: Ստեղծելով համատիրությունները` պետությունը նրանց նկուն ուսերին բարդեց բնակելի շենքերի պահպանության, նորոգումների հոգսը, այսինքն, ձեռքները լվաց, եւ կողքից սկսեց հետեւել, թե ինչպես է ոչնչանում ազգային մեծ հարստությունը: Անտարակույս, բնակիչներից գանձած խղճուկ վարձավճարներով բնակֆոնդի ընդհանրական խնդիրը լուծել հնարավոր չէ, եւ բնական է այն իրավիճակը, որ արդեն ունենք` քայքայվող, տարեցտարի վթարայնության կարգավիճակը մեծացնող շենքեր:

«Երեւանի 515 համատիրությունների աշխատանքը, մեղմ ասած, արդյունավետ չէ»,- ասում է Վանո Վարդանյանը եւ ավելացնում, որ որոշվել է կտրուկ քայլեր իրականացնել դրանց առողջացման համար: Մասնավորապես դրանք վերաբերելու են համատիրությունների նախագահների ընտրության մեխանիզմներին, կառավարման ձեւերի վերանայմանը, պատժամիջոցների կիրառմանը, եթե համատիրության աշխատողները վրիպել են ինչ-ինչ հարցերում, լիազոր կառավարման այլ տարբերակների ընտրությանը: Ժամանակին համատիրությունները տեղական ինքնակառավարում ներխուժեցին դրսի աշխարհի օրինակով, հիմա էլ, երբ որոշվել է սրբագրել նրանց գործունեությունը, դարձյալ որոշվել է ուսումնասիրել այլ երկրների փորձը: Նույնիսկ պատվիրակություն է ուղարկվել Սոֆիա եւ Կիեւ, ուր համատիրությունների նպաստավոր գործունեության օրինակներ կան:

Ուսումնասիրվում է նաեւ համատիրությունների հույսին մնացած բնակելի շենքերի վիճակը, դրանք գույքագրվում են, հաշվարկվում է, թե ինչքան են վնասված, ինչ ներդրումների կարիք կա, ֆինանսավորման ի՞նչ աղբյուրներ կարելի է գտնել շենքերի առողջացման աշխատանքները կազմակերպելու համար:

Տարիներ անուշադրության մատնված համատիրությունների հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը, այնուամենայնիվ, խոր լավատեսությամբ չպիտի համակի մեզ: Տանջահարված ու չլուծված խնդիրների հիշողությամբ լի է մեր իշխանությունների խաղացանկը: Այնուամենայնիվ, բացառապես իբրեւ բարձրաձայնված մտահոգություն, փաստը ուրախալի է:

Քաղաքապետի տեղակալի խոստովանությամբ, անցած ցրտաշունչ ձմեռվա պատճառով եւս վնասվել են բազմաբնակարան շենքերը, այդ պատճառով իրենք նախորդ տարվա նախապատրաստական աշխատանքներն անբավարար են գնահատել:

Մյուս նորույթը, որ այս տարի իրականացնելու են քաղաքային իշխանությունները, ստեղծագործական «հարստացած» մոտեցումն է մեր փողոցներին ու մայթերին: Մինչ հիմա մշտական պայքարը Երեւանի փոսերի դեմ էր, հիմա ասֆալտապատումներին ու փոսալցումներին հընթացս կիրականացվեն նաեւ ճաքալցման աշխատանքներ: «Սա նորություն է մեր պրակտիկայում», ասում է Վանո Վարդանյանն ու ավելացնում, որ քաղաքով մեկ արդեն ճաքալցումների հաշվարկներ են արվում, եւ նույնիսկ համապատասխան մասնագետներ են ներգրավվել այդ աշխատանքներն իրականացնելու համար:

Ինչ վերաբերում է ցեխալճակներով զարդարուն երեւանյան փողոցներին, ապա թաղապետարաններին հանձնարարվել են, եւ վերջիններս խոստացել են սանմաքրման լոկալ աշխատանքներ կատարել, որպեսզի ապրիլի վերջին գարունը Երեւանում մաքուր լինի: 4000 մեծ ու 2600 ստանդարտ աղբամանների քանակն էլի կավելացվի:

«Ազգ»

——————————————————————————————-

Սոցիալական

ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՐԴԱՎԱՅԵԼ ԿՅԱՆՔԸ

Մի քանի տարի առաջ ուսումնասիրել եմ Արցախի բնակչության կյանքի տեւողությունը: Իմ նպատակն էր պարզել՝ վերջին երկու տասնամյակների քաղաքական, սոցիալական, տնտեսական փոփոխություններն արդյո՞ք ազդել են արցախցիների կյանքի տեւողության վրա, այլ կերպ՝ Արցախը շարունակո՞ւմ է մնալ որպես երկարակյացների երկիր: Իմ ուսումնասիրությունները 2002թ. կտրվածքով ցույց են տվել, որ բոլոր մահացածների 13 տոկոսը եղել եմ մինչեւ 60 տարեկանը, տարեց մարդիկ /61-ից մինչեւ 74 տարեկան/՝՝ 33 տոկոս, ծերունական հասակի մարդիկ/ 75-ից մինչեւ 90 տարեկան/՝՝ 40 տոկոս, իսկ երկարակյացները /90 տարուց ավելի ապրածները/՝` 13 տոկոս:

2002 թվին ԼՂՀ-ում յուրաքանչյուր 1000 մարդու հաշվով ծնվել են 16 մարդ, մահացել` 9.1 մարդ: Պարզեցնելով այս տվյալները, իմանում ենք, որ նշված տարում մեր երկրի բնական աճը  /ծնվածների եւ մահացածների տարբերությունը/ եղել է 948, իսկ նախորդ տարում՝ 2001 թվին, այն եղել է 1231: Վատն այն է, որ մեր բնական աճը տարեցտարի պակասում է. 2003թ.՝ 826, 2004թ.՝ 789, 2005թ.՝ 744: Մեր ամենամեծ դժբախտությունը կայանում է հենց դրանում, որովհետեւ ցանկացած երկրում բնակչությունը հիմնականում շատանում է բնական աճով:

Բացի այդ, մենք ունենք նաեւ մի ուրիշ ցավոտ հարց. դա մեր երկարակյացների պրոբլեմն է: Մինչեւ 1980-ական թվականները երկարակյացների գծով եղել ենք աշխարհի չեմպիոնը: Մեր յուրաքանչյուր 1000 արցախցիներից 13-14-ը ապրել են 90 տարուց ավելի: 2005թ. վերջում Արցախում մարդահամարի տվյալներով եղել է 1021 երկարակյաց, յուրաքանչյուր հազարի հաշվով՝ 7.5 մարդ, որոնցից 245-ը տղամարդիկ, 776-ը՝ կանայք: Ավելի ցածր է երկարակյացների քանակը մայրաքաղաք Ստեփանակերտում՝ 219, յուրաքանչյուր 1000-ի հաշվով՝ 4: Կին երկարակյացները Ստեփանակերտում 169-ն են, տղամարդիկ՝ 42: Միշտ էլ այդպես է եղել. գյուղում մարդու կյանքի տեւողությունը ավելի երկար է, քան քաղաքում: Գյուղում մարդիկ թարմ սննդամթերքներ են օգտագործում, աղբյուրի մաքուր ջուր խմում, ավելի ակտիվ ֆիզիկական աշխատանք կատարում:

Մենք պետք է ամեն ինչ անենք մեր նախկին երկարակեցությունը վերականգնելու համար, քանի որ մեր հարուստ բնությունը, մաքուր օդը, մեր օգտագործած բուսական սննդամթերքները, մեր զուլալ աղբյուրներն են մեզ երկարակյաց դարձրել: Այդ գործոնները հիմա էլ կան:

Բարեբախտաբար, մեզ մոտ քիչ անելիքներ կան մինչեւ 60 տարեկանների կյանքի տեւողությունը երկարացնելու համար: Այս տարիքաշրջանում մահացածությունը քիչ տոկոս է կազմում: Արցախում մահացածությունը բարձր է հաջորդ տարիքային երկու շրջաններում՝ տարեց եւ ծերունական հասակներում: Բոլոր մահացածների 60-65 տոկոսը հենց տարիքային այս խմբերում է գրանցվում: Ինչպե՞ս կարելի է ավելացնել-երկարացնել տարեց եւ ծեր հասակի մարդկանց կյանքի տեւողությունը՝ երկարակյացների քանակը շատացնելու համար: Չէ՞ որ մարդիկ հենց տարեց եւ ծեր հասակային շրջանները անցնելուց հետո են դառնում երկարակյացներ:

Առաջին եւ ամենագլխավոր գործոնը նրանց նորմալ կենսապայմաններն են: Շատ կարեւոր է նաեւ սննդի ճիշտ կազմակերպումը: Պետք է քչացնել նրանց օրվա սննդի ընդհանուր էներգետիկ արժեքը, քանի որ նրանց օրգանիզմը այլեւս ընդունակ չէ մարսել, յուրացնել այնպես, ինչպես մինչեւ 60-65 տարեկանը: Պետք է սահմանափակել կենդանական ծագում ունեցող ճարպերի, քաղցրավենիքի օգտագործումը: Պետք է քիչ օգտագործել խոլեստերին պարունակող սննդամթերքները /ձու, ձկան խավիար, լյարդ/: Ավելորդ խոլեստերինը խցանում է արյունատար անոթները, խանգարում արյան շրջանառությանը, զարգացնում սկլերոզը: Տարեց մարդկանց համար պարտադիր է սննդի օրաբաժնի մեջ մտցնել 30-40 գրամ բուսական յուղ, բավարար քանակությամբ բանջարեղեն եւ պտուղներ: Ծերերը չպետք է օգտագործեն սուր կերակուրներ, խմիչքներ, պետք է սահմանափակեն  աղի քանակը սննդում /նրանց օրվա նորման է 4 գրամ/, ամեն օր օգտագործեն 1 լիտրից ոչ ավելի ջուր: Տարեց մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն նաեւ սննդառության ռեժիմին՝ պետք է սնվեն ոչ մեծ կերակրաբաժիններով օրական 4-5 անգամ, որպեսզի ծերացած բջիջները հասցնեն լրիվ օգտագործել: 70-90 տարեկանները պետք է օրվա վերջին սնունդն ընդունեն քնելուց 1.5-2 ժամ առաջ:

Երկարակեցության հայտնի գործոն է նաեւ հանքային ջրերի, մասնավորապես՝ աղբյուրի ջրի կանոնավոր օգտագործումը:  Բուլղարացի երկու գիտնականներ փորձով հաստատել են, որ ամեն օր 1-2 բաժակ հանքային ջուր օգտագործող մարդը 10-15 տարի ավել է ապրում:

Բնական ծերացման դեպքում մարդու կյանքի տեւողությունը պետք է գերազանցի 100 տարին, բայց հիվանդությունների, արտաքին միջավայրի ոչ բարենպաստ գործոնների ազդեցության հետեւանքով օրգանիզմի բջիջներում  առաջացած նյութափոխանակության էական փոփոխությունները տանում են դեպի վաղաժամ ախտաբանական ծերություն եւ մահ: Ախտաբանական ծերությունը կանխարգելելու համար, թվարկած գործոններից բացի, կարեւոր է նաեւ հարազատների հոգատար վերաբերմունքը մեծերի հանդեպ: Այն առանձնապես անհրաժեշտ է այն ժամանակ, երբ ծերացած ամուսիններից մեկը կորցնում է կողակցին: Իրական կյանքի փաստերը մեզ համոզում են, որ մենակ մնացած մարդն ընդհանրապես, իսկ ծերերը՝ մասնավորապես, երկար չեն ապրում: Նրանք ձգտում են կյանքի ուղեկից գտնել եւ ամուսնանալ: Դժբախտաբար, մեզ մոտ հիմա շատ հարազատներ խոչընդոտում են դրան: Հիշում եմ, 1970-ական թվականներին էր, մեր անվանի վաստակավոր բժիշկ Վարդան Դադամյանը 74 տարեկանում ամուսնացավ, նրա որդին՝ Բորիս Դադամյանը, մեծ հարսանիք արեց ու հորը հանդիսավոր ձեւով ամուսնացրեց: Դրանից հետո վաստակավոր բժիշկը 16 տարի էլ ապրեց եւ դարձավ երկարակյաց:

Ցավալի է, որ մեր կենսաձեւում ներկայումս մի ուրիշ անցանկալի երեւույթ էլ է ձեւավորվում: Հայրական տանը ծնված, մեծացած, դաստիարակված զավակները ամուսնանալուց հետո չեն ուզում ապրել ծնողների հետ, վարձով ուրիշ տեղ ապրում են, միայն թե ծնողների հետ չլինեն:

Արցախյան շատ ավանդություններ են վերացել մեր կենցաղից, մենք չենք օժանդակել նրանց պահպանմանը, բայց պարտավոր ենք պահպանել գոնե մեկը, ըստ որի ընտանիքի միակ արու զավակը, իսկ մի քանիսը լինելու դեպքում՝ նրանցից կրտսերը, պարտավոր է մնալ ծնողների հետ՝ օջախի ծուխը եւ կյանքը շարունակելու համար: Իմ կարծիքով, այս ավանդությանը Ազգային ժողովում պետք է օրենքի ուժ տալ: Այս ավանդությունը խախտելու պատճառով բազմաթիվ օջախներ են մարել, բնակավայրեր են վերացել:

Երկարակյաց դառնալու համար շատ անելիքներ ունի նաեւ ինքը՝ մարդը: Նա պետք է իմանա, որ ծխող, ալկոհոլային խմիչքներ շատ օգտագործող մարդիկ շատ չեն ապրում: Շատ միս օգտագործելն էլ լավ չէ, որովհետեւ մարսողական համակարգում նորմայից շատանում են նեխման բակտերիաները: Տարիների ընթացքում մարդկային օրգանիզմում առաջանում են փոփոխություններ, ինչքան էլ որ պայքարեն ծերացման դեմ, թուլանում է նյութափոխանակությունը, ցածրանում են հարմարվողական ընդունակությունները: Անբարենպաստ գործոնների առկայության դեպքում այս գործընթացները ուժեղանում են օրգանիզմում, մարդը շուտ է ծերանում, իսկ բարենպաստ գործոնների դեպքում ընդհակառակը՝ ծերացման պրոցեսը բնական հունով է ընթանում, եւ կյանքի տեւողությունը երկարում է:

Մարդու կյանքի տեւողության վրա ազդում է նաեւ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, հոգատար վերաբերմունքը  եւ այլ գործոններ: Ծերերի կենսապայմանները իրավասու մարմինները պարտավոր են բավարարել առանց հետաձգելու: Բայց արդյո՞ք այդպես են անում: Դատեցեք ինքներդ: Սրանից մի շաբաթ առաջ այցելել էի հանրապետության արխիվ՝ սույն հոդվածի համար որոշ տվյալներ վերցնելու: Ինձանից բացի 15-16 մարդ կար այնտեղ եւ սպասում էինք, որ ընդմիջումի ժամը վերջանա: Շատ սպասեցինք, վերջապես ժամը 15.30 րոպեին արխիվի աշխատողը՝ մի երիտասարդ կին, եկավ: Առաջինը ինձ հետ մտավ նաեւ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղից մի այցելու՝ Շմավոն անունով: Նրա 95-ամյա տատիկը բռնատեղահանվելուց հետո Երեւանում է ապրում: Այնտեղ նա 3 տարի առաջ հիվանդացել է, որի համար էլ թոռնիկը բերել է իր մոտ, որ պահի: 4 ամիս է՝ տատիկի թոշակը չեն տալիս նոր անձնագիր չլինելու պատճառով: Թոռնիկը անձնագիր վերցնելու համար գնացել է Մարտակերտի ոստիկանության շրջանային բաժինը: Այնտեղ ասել են՝ գնա շրջանային արխիվից տեղեկանք բեր: Գնացել է: Այդտեղ էլ ասել են՝ գնա հանրապետական արխիվ: Եկել է: Այստեղ էլ ինձ մոտ արխիվի աշխատողը ասաց Շմավոնին՝ գնա Մարտակերտի արխիվը:

Այսպես է դրությունը մեզ մոտ, չկա կարգապահություն, չկա արդարություն, չկա օրինականություն, պաշտոնատար մարդիկ միայն իրենց են տեսնում ու իրենց բարեկամներին: Այս ամենը, մեղմ ասած, անընդունելի է մեր փոքրիկ երկրի համար, ինչպես ասում են՝ մի բուռ հայ ենք: Ինչու՞ պիտի այսպիսի անարդարություն լինի՝ մեկին՝ շատ-շատ, մյուսին՝ շատ քիչ: Դժվա՞ր է 300 000 դրամ թոշակ ստացողից 200 000-ը վերցնել եւ բաժանել 6000 դրամ թոշակ ստացողներին: Արդյո՞ք սրանք չեն այն գործոնները, որոնց պատճառով մենք արդեն երկարակյաց երկրամաս չենք, ավելին՝ Արցախում ծնված յուրաքանչյուր 3-ից 1-ը բռնում է արտագաղթի ճանապարհը:

Միջոցներ պիտի ձեռնարկել, այն էլ՝ անհապաղ:

Ժորա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները` Վալերի ԱՆԴՐՅԱՆԻ

——————————————————————————————-

Հոգեւոր

ՊԱՇՏԵԼԸ ՀԵՇՏ Է, ԲԱՐԵՊԱՇՏ ԼԻՆԵԼՆ Է ԴԺՎԱՐ

Տիրոջ Սուրբ Հարության տոնը և նրա գրեթե համընդհանուր, համազգային կատարությունը որքան հոգևոր բավարարվածություն, նույնքան էլ լուրջ խոհածության տեղիք են տալիս: Արդյո՞ք սա է դարձն առ Աստված, արդյո՞ք համազոր ու համապատասխան են մեր հոգեվերափոխման ձևն ու բովանդակությունը:

Մեր ոչ վաղեմի խորհրդային անցյալում այսօրվա պաշտամունքն ուղղակի աներևակայելի էր, և դժվար էր այն ժամանակ պատկերացնել անգամ, որ հազարավոր մարդիկ կայցելեն եկեղեցի, կխաչակնքեն ու կաղոթեն, իսկ խաչն էլ կդառնա գրեթե համընդհանուր պաշտամունքի կամ գործածության առարկա: Այն ժամանակներում քչերին էր բախտ վիճակվում անել այդ ամենը, կամ էլ՝ քչերն էին դրա պահանջը զգում:

Բայց արդյո՞ք այսքանից կարելի է այն հետևությունն անել, որ այն ժամանակ մենք ավելի հեռու էինք Աստծուց ու հավատքից, և որ հիմա մերձեցել ենք: Որ այն ժամանակ մարդիկ նվազ ազնիվ ու բարեպաշտ էին, որ այն ժամանակ մարդիկ նվազ  բարոյական էին, նվազ սրտացավ էին միմյանց նկատմամբ, որ սուտը, գողությունը, շնությունն այն ժամանակ ավելի շատ էր…

Մի տարակուսեք հարցի նման դրվածքից: Ի վերջո, Աստվածամերձության հիմնական չափանիշը քրիստոնեական աշխարհում միշտ էլ եղել  ու մնում են Տասը պատվիրանները: Հավատացուցադրման մերօրյա մթնոլորտում փորձենք գոնե ինքներս մեզ համար պարզել՝ մենք հիմա քի՞չ ենք ստում, քի՞չ ենք գողանում, քի՞չ ենք շնանում: Կամ՝ մենք հիմա ավելի՞ շատ ենք սիրում մերձավորին, թե՞ ավելի ենք օտարացել:

Հասկանում եմ, որ դժվար է այս հարցերին միանշանակ, առավել ևս՝ ամենայն անկեղծությամբ պատասխանելը, ուստի առավելագույնս հնարավոր անկեղծություն ապահովելու համար առաջարկում եմ ինքներս մեզ համեմատենք մեր իսկ ծնողների հետ: Նրա՞նք էին ավելի ազնիվ, ավելի բարոյական, թե՞ մենք, նրա՞նք էին ավելի սրտացավ միմյանց նկատմամբ, թե՞ մենք: Այլ կերպ ասած՝ նրա՞նք էին ավելի բարեպաշտ, թե՞ մենք: Կամ ավելի ճիշտ՝ նրա՞նք էին Աստծոն ավելի մոտիկ, թե՞ մենք:

Սա պիտի պարզենք, անպայման պիտի պարզենք, որպեսզի հասկանանք, թե ինչպիսին են լինելու մեր երեխաները, թե նրանք որքան են Աստվածահաճո լինելու, թե նրանց կյանքը, միտքն ու հոգին որքան են լուսապսակված լինելու:

Մի բան գոնե ինձ համար միանշանակ է՝ մենք ավելի շատ ենք զուր տեղը վկայակոչում Աստծոն, քան մեր ծնողները: Մեր ոչ վաղեմի անցյալում մեր ծնողները գոնե այս պատվիրանը կամա թե ակամա պահպանում էին, ինչն ավելի ազնիվ էր:

Հիմա մենք աջուձախ վկայակոչում ենք Նրան, հիմա պարբերաբար այցելում ենք Նրա տունը, բայց շատերիս համար սա ավելի շատ կեցվածք է, քան հոգևոր դիրքորոշում, ավելի շատ ձև է, քան բովանդակություն: Մինչդեռ այս ամենը իմաստավորված կլիներ, եթե մեր հոգիներն էլ դառնան Նրա տունը, եթե մեր տանն էլ այդ տասը պատվիրանները պահպանվեն: Սա շատ ավելի դժվար է:

Պաշտելն ավելի հեշտ է, քան բարեպաշտ լինելը: Մանավանդ, որ բարեպաշտությունը ցուցադրելը ոչ միայն շատ ավելի լուրջ ջանքեր է պահանջում, այլև խորքում հակասում է նույնիրեն՝ բարեպաշտությանը: Բայց սա է ճիշտ ճանապարհը, դժվար, բայց ճիշտ: Դրախտի ճանապարհը, ինչպես գիտենք, քարքարոտ է լինում, գիտենք նաև, թե դեպի ուր տանող ճանապարհն է հեշտ ու գայթակղիչ լինում:

Ամեն անգամ եկեղեցի մտնելուց հետո փորձենք պարզել, թե այնտեղի մեր կեցվածքն ու մտորումները որքանով են համահունչ եկեղեցուց դուրս մեր առօրյա կյանքին, թե ինչ է կատարվում եկեղեցու շուրջ և ավելի հեռուն: Ու փորձենք մեր հոգիները, մեր օջախներն ու մեր երկիրը դարձնել Աստծո տուն:

Ու մեր բարեպաշտությունը հեռու պահենք կռապաշտությունից:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

ԴՈՒՔ ՄԵՐ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ…

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացման կապակցությամբ ուղղակի արժանի է ամենից բարձր գովասանքի, էլ չասած այն հպարտության մասին, որ բազմաթիվ հայորդիների սրտերում առաջացրեց Հայ Առաքելական եկեղեցու պատվախնդիր կեցվածքը: Այ եթե Մայր Աթոռը նույնքան սկզբունքային լիներ նաեւ Հայաստանի տարածքում գտնվող քրիստոնեական հուշարձանների, եւ ընդհանրապես ուշադիր լիներ քրիստոնեական կեցության հայաստանյան դրսեւորումների հանդեպ էլ, ապա կասկածից վեր է, որ աղանդները մեկ շաբաթում սնանկանալու էին, իսկ Առաքելական եկեղեցիներում էլ հավատացյալների հերթեր էին գոյանալու, նույնիսկ եթե մեկ մոմը 20-ից դարձնեին ոչ թե 40, այլ 140 դրամ: Իսկ  առայժմ հավատացյալների գլխում միայն հարցեր են գոյանում, թե ինչու, ասենք, Աղթամարի Սուրբ Խաչի գմբեթին խաչի բացակայությունը Հայ Առաքելական եկեղեցին նկատում է, իսկ ահա Նորավանքի հուշահամալիր-եկեղեցու պատին կպած մեծ ռեստորանը չի նկատում ոչ մի կերպ: Իհարկե, հայտնի է, որ Ֆրանսիայում շարժում էր նախաձեռնվել, որ Հռոմի պապին դիմում էր որկրամոլությունը մահացու մեղքերի շարքից հանելու խնդրանքով, բայց չէ որ Պապն այդ մասին դեռ որոշում չի կայացրել, եւ եկեղեցին ու ռեստորանը դեռ չեն կարող ամփոփվել միեւնույն փիլիսոփայության մեջ, թեեւ հայոց դարավոր պատմափիլիսոփայության համար անհնար է միայն լուսին թռչելը, մնացյալը Պապը չէ, որ պիտի մեզ ասի, թե ոնց անենք:

Մենք գիտենք, թե ինչու թուրքերի աչքի փուշը նկատում ենք, իսկ մեր աչքի գերանը` ոչ: Բանն այն է, որ այդ գերանը միանգամից չէ, որ հայտնվել է մեր աչքում: Դա տառապանքով ձեռք բերված մեր իմաստնությունն է: Ավելին, պարզունակություն է մեր աչքի միջինը գերան համարելը: Դա մերանն է մեր ազգային ինքնագիտակցության, որ բացահայտել է երկրայինով երկնայինին հասնելու ճանապարհը: Մենք մեզ կարող ենք թույլ տալ եկեղեցուն կից ռեստորան կամ խաղատուն, նույնիսկ եթե պետք է` գիշերային ակումբ բացել, եւ եթե պետք է` ապա այդ ամենին տալ եկեղեցուն առընթեր կարգավիճակ: Միայն թե մարդիկ հաճախեն այնտեղ: Այդպիսով նրանք նաեւ եկեղեցի են հաճախում: Օրինակ, եկեղեցական պատի տակ գտնվող ռեստորանի պարագայում շատ ավելի մեծ թվով մարդ է այցելում Նորավանք, քան մինչ ռեստորանի գոյությունը: Նրանց զգալի մասն, իհարկե, գնում է ռեստորան, բայց փոխարենը արդեն լավ տեղյակ է, որ ռեստորանի կողքինը Նորավանքն է: Եվս մի քանի այցելություն, եւ շատերն արդեն կիմանան նաեւ, որ չնայած Նորավանք անվանը, եկեղեցին անհամեմատ ավելի հին է, քան ռեստորանը: Կարելի՞ է արդյոք Մայր Աթոռին մեղադրել, որ բավարար ջանք չի գործադրել եկեղեցու կողքին ռեստորանի գոյությունը թույլ չտալու համար եւ չի եղել բավականաչափ սկզբունքային: Իհարկե, չի կարելի, քանի որ այդ պարագայում որեւէ մեկը սոված չէր մնա, կգնար այլ ռեստորան, փոխարենը շատերը կմնային քրիստոնեական մշակույթին անհաղորդ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին թերեւս պետք է մեղադրել, որ առ այսօր դեռեւս առանց ռեստորանի են Հաղարծինը, Գոշավանքը, Հաղպատը, Տաթեւը, Սանահինը:

Ոմանց այդ ամենը կարող է զավեշտ թվալ, ոմանք նույնիսկ կարող են ինձ անվանել հերետիկոս, եթե ոչ թուրք: Բայց այդ ամենն ինձ չի հուզում: Ինձ հուզում է, որ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հարեւանությամբ կառուցվում են ռեստորաններ, եւ անմար կրակից ընդամենը 100-200 մետր հեռավորության վրա վառվում են խորովածի կրակները: Եվ հուզում է, որ այդ ամենն անտեսելով, մենք, որ իբրեւ թե առաջինն ենք պետականորեն ընդունել Քրիստոսի գոյությունը, ուրիշներից պահանջում ենք հարգել Քրիստոսի դավանած արժեքները, այն դեպքում, երբ մեզ մոտ դրանք ոտնահարում ենք գրեթե ամեն քայլափոխի: Կարելի՞ է, արդյոք, դիմացինից հարգանք պահանջել, երբ ինքդ չես հարգում քո ցեղասպանված հայրենակիցներին, երբ ինքդ քո երկրի խորանները հարստացնում ես խոհանոցներով, երբ կողք-կողքի են աշխատում սեւազգեստ քահանաներն ու ճերմակ խալաթով խոհարարները, երբ պատարագի պահին միաժամանակ կարող են բուրալ բուրվառի խունկն ու խաշի սխտորը, եւ ոչ ոք չի իմանա, թե ինչի հոտը որտեղից է գալիս, եւ հայության համար ի սկզբանե խա՞չն էր, թե խաշը:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ / www.lragir.am

——————————————————————————————-

Մշակույթ

ԵՎՍ ՄԻ ՀԱՃԵԼԻ ՆՎԵՐ

Արցախի պետական ակադեմիական երգչախումբը բավականին հազվադեպ է հանդես գալիս իր երկրպագուների առջեւ: Սույն երևույթը խմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Նինա Գրիգորյանը այսպես է բացատրում. «Հերթական անգամ բեմ դուրս գալու համար նախ  գոնե 50 տոկոսով թարմացված նոր ծրագիր պետք է պատրաստվի, իսկ եթե լուրջ գործեր ես ուզում կատարել, առնվազը մի քանի ամիս մանրակրկիտ աշխատանք է պահանջվում, հետո էլ՝ ճիշտն ասած, կասկածում եմ, որ մայրաքաղաքի անգամ երաժշտասեր հասարակությունը պատրաստ է ավելի հաճախ նման երաժշտություն ունկնդրել»:

Եւ, իրոք, ապրիլի 11-ին Սպայի տանը Արցախի պետկապելլայի տված համերգի ծրագիրը բարդ ու բազմաժանր էր. հնչեցին աշխարհահռչակ Պուլենկի «Գլորիա» օրատորիայից, Վերդիի Ռեքվիեմ մեսսայից հատվածներ, բավականին հաջողված մենակատարումներով հանդես եկան Ժաննա Ամիրջանյանը եւ Լիլիթ Պետրոսյանը: Հնչեցին նաեւ հանրահայտ արեւմտաեվրոպական եւ հայ երգահանների ստեղծագործություններ:

Ինչպես միշտ, երգչախմբի ամենաազդեցիկ մասը Կոմիտասի երգերի կատարումներն էին: Ամեն անգամ համերգի այս մասում Նինա Գրիգորյանը եւս հաճելի անակնկալներ է մատուցում հանդիսատեսին: Այս անգամ մենակատարներ Անուշ Ավանեսյանը, Ստեփան Ջհանգիրյանը, Մակենա Բաղրյանը, Սասուն Պողոսյանը հանդիսատեսի դատին ներկայացրին Կոմիտասի ծանոթ երգերի անծանոթ զուգերգերի տարբերակներ: Ինչպես միշտ, առանձնակի ջերմություն պարգևեցին հանդիսատեսներին բազմիցս կատարված եւ միշտ էլ սիրված “Դե ել, դե ել”, “Հով արեք, սարեր ջան”, “Ամպել ա”, “Սուրբ, սուրբ” խմբերգերը:

Համերգից հետո կամա թե ակամա մտածում ես՝ իսկ գուցե, այնուամենայնիվ, ճիշտ կլիներ թեկուզ եւ բարդ ծրագրով, բայց ավելի հաճախակի հանդես գալ նման համերգներով ու արցախցի ավելի շատ երաժշտասերների հաղորդակից դարձնել ինչպես համաշխարհային, այնպես էլ հայ բարձր երգարվեստին: Հուսանք, որ այդ կարծիքին կհանգի Պետկապելլայի գեղարվեստական ղեկավարը: Երաժշտասերները հաստատ կշահեն:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 

ԱՍՈՒՅԹՆԵՐ

Սոցիալական անարդարության պայմաններում ժողովրդավարության առկայության մասին խոսելը ինքնախաբեության է նման:

Կուսակցությունների առատությունը ոչ թե ժողովրդի մասին հոգացողների, այլ իշխանության ձգտողների առատություն է նշանակում:

Արվեստում հին կանոնները խախտելու իրավունք են ձեռք բերում նրանք, ովքեր կարողանում են ընդհանուրի կողմից խրախուսվող՝ ավելի լավը ստեղծել:

Հարազատները, մտերիմները օտարանում են, երբ նրանց չհամընկնող գաղափարներն ու գործողությունները աստիճանաբար հասնում ու բախվում են անհամատեղելիության պատնեշին:

Լինում են պահեր, երբ անկարողը հաղթահարում է «չեմ կարող» անհնարին թվացողը՝ հոգու տոկունության շնորհիվ:

Կան պահեր, երբ դրսևորած ողջամտությունն ու խոհեմությունը խիզախության համազոր են:

Ուժը երանելի բարիք է բարի մարդու ձեռքում և մեծ չարիք՝ չար մարդու ձեռքում: Ուժով շատ բան կարելի է ձեռք բերել, բայց ոչ հեղինակություն, անկեղծ սեր կամ հարգանք. եթե հիմքում արդարություն չկա՝ ամեն ինչ ոտնահարվում է:

Ասում են, թե առանց թերությունների մարդ չի լինում, բայց կա մի թերություն, որ ոչ ոք չպետք է ունենա. դա անմարդկայնությունն է:

Ասված է՝ «սիրիր մերձավորիդ այնպես, ինչպես ինքդ քեզ», բայց լինում են պահեր, երբ պահանջվում է շատ ավելին: Երանի ու փառք նրանց, ում հաջողվում է դա անել:

Մեծ ու փոքր վտանգները, դժբախտությունները շատ դեպքերում հնարավոր է կանխել, եթե առաջին իսկ կանխազգացումը, ահազանգը անուշադրության չմատնվեն:

Անարժանին կուրորեն փառաբանում են նրանք, ովքեր ընդունակ են նույնությամբ մարդուն վարկաբեկել, «ցեխը» գցել՝ եթե դա իրենց շահեկան է:

Կռվարարը միշտ կռվի պատրվակ է որոնում ու գտնում, չեղած դեպքում էլ՝ հմտորեն հնարում է:

Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սկզբում նրանք հավեր էին: Իրենց համար հատկացված տարածքի մի անկյունից մյուսն էին վազվզում՝ չիմանալով, որ ցանկապատի մյուս կողմում աճում է հյութալի, նորաբույս ցորեն, քչքչում է սառնորակ աղբյուրն ու երգում սոխակը:  Երբեմն այս արարածներից ոմանք, իրենց թռչունի տեղ դնելով, մի բարձր տեղ էին կանգնում, պարզում իրենց ավելանման, քոսոտիկ թևիկներն ու թռչել փորձում: Սպասված ամպերի փոխարեն հազիվ երկրից կես մետր էին բարձրանում ու, քանի որ հավը մնում է հավ, կուտից փքացած փորի վրա գետնին էին ընկնում՝ կոտրելով կտուցներն ու իզուր տեղը փոշի բարձրացնելով: Սրանց կողքի հավերի զգալի մասը  չափազանց ագրեսիվ էր, նախանձկոտ ու պահպանողական: Ատում էր առաջադիմությունն ու նոր երևույթները՝ փոխանակ մտածելու վերջիններիցս որևէ օգտակար բան քուջուջ անելու մասին: Ու երբ հազվադեպ այս հավերի շրջապատում մի կարապ էր հայտնվում, սրանք խմբովի հարձակվում էին նրա վրա՝ լավագույն դեպքում թևահատելով, վատագույն դեպքում՝ սպանելով: Դրա համար էլ կարապներն այս կողմերում քիչ էին, քանզի վախենում էին իրենց նախորդների ողբերգական ճակատագրից:

Ժամանակի ընթացքում հավերի կողքին ձևավորվեց ևս 3 ցեղախումբ՝ 3 տարբեր աշխարհայացք ու մտածողություն ունեցող խմբեր, որոնք իրենց ուրույն տեղն են զբաղեցնում հասարակության մեջ: Առաջին խմբի ներկայացուցիչներն են Հնդկահավերը: Այս արարածներից զգույշ պիտի մնալ, քանզի սրանց հետ շփումը արգելակում է մտավոր զարգացումն ու զրոյի հավասարեցնում արդեն ձեռք բերած գիտելիքները: Չափազանց գոռոզ են այս արարածները: Առաջին հայացքից ոչինչ իրենցից չեն ներկայացնում, բայց սրանց ինքնահավանությունը չափ ու սահման չունի: Երբ խմբվում են՝ կռկռում են միայն նորաձև փետուրների ու բարձրորակ ցորենի մասին: Մյուս խմբերի ներկայացուցիչներին տանել չեն կարող, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանցից օգուտ ստանալու ակնկալիք ունեն:

Երկրորդ խմբին են պատկանում Կաչաղակները: Սրանք զավեշտալի ու ծիծաղելի երևույթ են, և որ ամենաանտանելին է՝ աներևակայելի շատախոս: Չունենալով հպարտության նշույլ անգամ՝ նրանք պատրաստ են դիմել ամեն տեսակի ստորության, միայն թե արժանանան հնդկահավերի, այսպես ասած, «հարգանքին»: Կաչաղակները գժվում են պսպղուն իրերի համար: Նշանակություն չունի այս կամ այն իրի նախատեսվածությունը, միայն թե փայլի՝ ամենքին զարմացնելու համար: Ու քանի որ վառ իրերով հարուստ են հատկապես հնդկահավերը, ապա հասկանալի է կաչաղակների անհագուրդ ձգտումը դեպի նրանց: Շատ անգամ հնդկահավերը կաչաղակներին, այսպես ասած, բանի տեղ չեն դնում, արհամարհում են՝ իրենք իսկ արհամարհանքի և ծաղր ու ծանակի առարկա հանդիսանալով, բայց, ինչպես միշտ, բացառություններ լինում են:

Երրորդ խումբը կազմում են Արծիվները: Սրանք ամենահարգված ու հիացմունքի արժանի անձնավորություններն են: Հենց «անձ» տերմինը արծվին է բնորոշ: Արծիվներն, ի տարբերություն վերոհիշյալների, վերևներում են սավառնում և կտրված են երկրային խղճուկ ու գորշ առօրյայից: Այս հիասքանչ թռչունները առավոտյան ճախրում են դեպի արթնացող արևի վարդագույն սիրտը, իսկ ծիրանագույն մայրամուտը դիտում բարձրաբերձ ժայռերի կատարներից: Արծիվներն անվերջ փնտրում են կյանքի բազմաբովանդակ իմաստը՝ իրենց երջանկությունը գտնելով հենց այդ փնտրտուքի մեջ: Ստեղծող են արծիվները: Այն, ինչ ստեղծվել է մինչ այսօր՝ բոլոր նոր բաներն ու գյուտերը, արծիվների գործն է և ոչ թե հնդկահավերի, կաչաղակների ու հավերի, որոնք սովոր են միայն օգտագործել գյուտարար արծվի ստեղծածը:

Այս 3 նոր խմբերի հետ մեկտեղ շարունակում է գոյատևել «հինավուրց» հավերի՝ արդեն մի քիչ նոսրացած, բայց դեռ իր գոյությունը պահպանող խումբը, որը ոչնչով չի տարբերվում իր նախնիներից, և ժամանակն էլ անզոր է փոխելու նրանց հավային բնույթը…

ՄԱՔՈՒՐ ԽԻՂՃ

Կենտրոնական փողոցի ձախ մասում վեր խոյացող երկնաքերի 35-րդ հարկի ամենալուսավոր ու նորաձևության վերջին նրբություններով կահավորված սենյակի կաշվե սև բազկաթոռին  իր աշխատանքային 35-րդ տարին էր դիմավորում Ինքը: Ծխում էր:

Հանկարծ ծիծաղեց, բայց դա ուրախության կամ հրճվանքի ծիծաղ չէր: Դա նման էր այն ծիծաղներին, որոնց դիմում են գերլարված կամ վշտացած մարդիկ՝ աշխատելով սքողել իրենց ջղայնությունը կամ տխրությունը: Դա այն ծիծաղներից էր, որոնց դիմում են մարդիկ՝ ցանկանալով դիմացինից թաքցնել իրենց իրական զգացմունքները:

Թեև դիմացը ոչ ոք չկար, բայց նա զգում էր անծանոթ և միաժամանակ ծանոթ ինչ-որ մեկի ներկայությունը: Խիղճն էր դա, որ նստել էր նրա դիմաց ու ժպտում էր բազմանշանակ:

– Մի՞թե դա հնարավոր է:

– Իսկ ինչո՞ւ ոչ,-քմծիծաղ տալով հարցրեց խիղճը:

– Իսկ ինչո՞ւ առաջ չէիր գալիս:

– Գիտես, ամեն ինչ չափ ու սահման ունի: Զարթուցիչի առաջին զնգոցով չեն արթնանում:

– Ինչպե՞ս հասկանամ արտահայտությունդ:

– Դու անընդհատ թույն էիր ներարկում հոգուդ մեջ՝ աշխատելով երկարացնել իմ քունը, բայց ընդհակառակը՝ ինչքան ավելանում էր թույնը, այնքան դժվար էր շնչել: Քիչ մնաց շնչահեղձ լինեի: Ահա և արթնացա:

– Բայց… – նա աշխատեց մի բան ասել, սակայն զգաց, որ լեզուն իրեն չի ենթարկվում:

Լռեց: Սկսեց նորից ծխել: Ցանկանում էր թաքնվել ծխի քուլաների մեջ, բայց վերջիններս իսկույն ցրվում էին դավաճանների պես: Խոսակիցը լուռ հետևում էր նրան:

-Զուր ես ժամանակ սպանում,- հանկարծ ասաց ծխողը:

-Ես ժամանակին չեմ ենթարկվում, դա քո հատկությունն է,- պատասխանեց խիղճը, որ շարունակում էր հանգիստ ու պարզ հայացքով նայել նրան:

Ամեն մի խոսքի հետ զգում էր, որ դիմացինի սառնասրտությունը ասեղի պես ծակոտում է իր սիրտը: Հանկարծ չդիմացավ անտանելի լռությանը, ցատկեց տեղից, վերցրեց սեղանի ծաղկամանն ու շպրտեց խոսակցի վրա: Խղճի կերպարանքն անհետացավ: Նա ուժասպառ ընկավ բազկաթոռի վրա ու փակեց ուռած աչքերը:

Հանկարծ բացվեց դուռն, ու քարտուղարուհին մի քանի թուղթ բերեց՝ պիտի ստորագրեր: Առանց նայելու բովանդակությանը՝  ստորագրեց: Քարտուղարուհին ապշած նրան էր նայում:

– Ի՞նչ է,- ջղայնացած հարցրեց նա:

– Բայց… բայց մի՞թե համաձայն եք այս թղթերի առաջարկությունների հետ,- կմկմալով հարցրեց օրիորդը:

-Իմ գործն է՝ ինչ կուզեմ, այն էլ կանեմ, չքվիր:

Քարտուղարուհին դուրս եկավ:

«Այս ի՞նչ եմ անում, ի՞նչ». մտածեց նա ու իր առջև նորից տեսավ Խղճին: Վերջինս առաջվա պես հանգիստ էր:

-Հը՞, այս անգամ ո՞ւմ գլուխը կերար:

-Լռիր,-բղավեց նա,-անհետացիր, դու սպանում ես ինձ:

Մի լավ ծիծաղելուց հետո Խիղճն ասաց.

-Անհետանա՞մ,-նորից ծիծաղեց,-կատակո՞ւմ ես, ես քեզնից անբաժան եմ, հոգուդ մի մասն եմ:

Նա զգաց, որ այլևս չի դիմանում: Վերցրեց բաճկոնը, մեքենայի բանալիներն ու դուրս եկավ աշխատասենյակից՝ թափով փակելով դուռն ու արհամարհելով քարտուղարուհու հարցական հայացքը:

Գիշերը չէր կարող քնել: Խիղճը նստել էր պատուհանի գոգին ու նրան էր նայում:

-Հը՞, հիմա  ի՞նչ կասես,- քրքջալով հարցրեց Խիղճը:

-Կորիր, քեզ տանել չեմ կարող,- բղավեց նա:

-Իսկ ես քո թույնը չեմ կարող տանել, բայց տանում էի 35 տարի,- արդեն վրդովված ձայնով ասաց Խիղճը,-գիտես թե հե՞շտ էր:

Նա վեր կացավ, վառեց ծխախոտը, փորձեց ծխել՝ չստացվեց: Գնաց խոհանոց, սառը ջուր խմեց ու տեսավ Խղճին՝ սեղանի շուրջ նստած: Վազեց միջանցք՝ Խիղճը ժպտաց հայելու միջից: Պատուհանի ետևից շողացող լուսնի փոխարեն խղճի ժպիտն էր նրան երևում, բազկաթոռի մոտ քնած մի ժամանակ սիրելի շան փոխարեն պառկել էր Խիղճը, պատից կախված ժամացույցը խփեց գիշերվա ժամը 2-ը, բայց նրան թվաց՝ Խիղճն է ծիծաղում:

– Վա¯յ,- բղավեց նա ու վազեց պատշգամբ, բայց Խիղճը հասցրել էր այնտեղ գնալ իրենից շուտ:

Նա զգաց, որ հիմա կպայթի: Ողջ մարմնով հարձակվեց իրեն հետապնդողի վրա, որ խեղդի, ինչպես մի ժամանակ խեղդեց շատերի կյանքը: Այդ պահին Խիղճը ցատկեց 10-րդ հարկից, նա էլ՝ Խղճի ետևից:

Հաջորդ օրն ամենքը համոզված էին, որ այդ «նշանավոր» անձնավորությունը խելագարվել և ինքնասպանություն է գործել:

Ահա այսպիսի բաներ… Հա, քիչ մնաց մոռանայի՝ իսկ ձեր խիղճը իրեն զգացնել չի՞ տալիս: Կանչեք նրան, կանչեք, թե չէ որ ինքը եկավ՝ կորած եք: Կամ էլ «սավառնելու» եք:

Իրինա ՈՍԿԱՆՅԱՆ

——————————————————————————————-

ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 

1959 – 1992

Ուղիղ 15 տարի առաջ դադարեց բաբախել մեր նորանկախ պետության առաջին ղեկավարի՝ Արթուր Ասլանի Մկրտչյանի սիրտը: Մեծահոգի ու մեծակորով այս մարդու, քաղաքացու ու քաղաքական գործչի կերպարը շարունակում է ուղեկցել մեզ պետականաշինության բոլոր փուլերում, նրա ազնիվ, խելացի ու լուսավոր հայացքը շարունակում է կեղեքել մեր հոգիները անժամանակ ու ցավալիից էլ ցավալի կորստի համար:

Այո, նրա անունը երբեք չի ջնջվի մեր ու մեր պետության հիշողությունից: Բայց նրա հիշատակը հավերժացնելու և նրա կյանքի ու գործի մասունքները ժողովելու համար մենք պարտավոր ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել:

Հանրության քննարկմանն ենք ներկայացնում առաջարկներից մեկը՝ նրա հայրենի Ուխտաձոր (նախկին Էդիլլու) գյուղում հայրական տունը դարձնել Ա.Մկրտչյանի տուն-թանգարան: Այս առաջարկությունը եկել է նրա հայրենի գյուղից:

Ցանկալի կլիներ, որ նման առաջարկի իրականացման նախաձեռնությամբ հանդես գա ոչ թե կոնկրետ անձ կամ կուսակցություն, այլ երկրի իշխանությունը՝ մասնակից անելով բոլորին ու համատեղելով բոլորի ջանքերը:

Հուսանք ու սպասենք:

«Դեմո»

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s