№ 7 / 28 ապրիլ

ԵՐԿՆՔԻՑ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ ԸՆԿԱՎ
կամ՝ քաղաքական իրապատում հեքիաթ

ՀԵՔԻԱԹԻ ՍԿԻԶԲ. Լինում է, չի լինում ազգային միասնություն…

Քաղաքական դաշտի հազիվ տեսանելի, ավելի շատ անդրկուլիսյան, քան հրապարակային զարգացումները տվեցին իրենց հարիր արդյունքը, և ամեն ինչ պարզ դարձավ: Համազգային միասնության պատրվակով վերաձևվեց քաղաքական դաշտը, խաթարվեց քաղաքական զարգացումների դասական տրամաբանությունը, խախտվեց իշխանություն-ընդդիմություն սահմանագիծը, ազդեցիկ կուսակցությունների զգալի մասը հավաքվեց մի տանիքի տակ:

Դեպքերը զարգացան ոչ թե ցանկալի՝ գաղափարական տարբերակով, այլ զուտ քաղաքական և ոչ քաղաքական հաշվարկներով: Որքան էլ փորձ  արվեց քաղաքական խորհրդատվությունները ներկայացնել որպես միասնական գաղափարի ու սկզբունքների շուրջ բանակցություններ, այնուամենայնիվ, այսօր արդեն միայն միամիտներն են կասկածում, որ այդ ամենն էն գլխից արվում էր կոնկրետ թեկնածուին առաջ տանելու համար:

Միասնական թեկնածուով համազգային միասնություն ապահովելու տեսությունը քաղաքագիտական հիմնավորվածություն չունի: Արդյո՞ք մենք միասնականությունից զուրկ էինք պետականաշինության նախորդ փուլերում, երբ չկար միասնական թեկնածու: Իհարկե՝ ոչ: Կամ երեք տարի հետո՝ խորհրդարանական հերթական ընտրությունների ժամանակ, նույն այդ կուսակցությունները, առաջադրելով իրենց թեկնածուներին, արդյո՞ք նույն այդ ազգային միասնության հերն անիծած կլինեն:

Մենք նորից փորձում ենք հեծանիվ հնարել, երբ դրա կարիքը բացարձակապես չկա:  Բազմաթիվ ժողովուրդներ տարբեր ժամանակներում իրենց փորձով, սխալներով ու դրանց ուղղումով նախանշել են ժողովրդավարության իրական մոդելը: Դա փոխադարձ զսպումների ու հավասարակշռման մեխանիզմների ապահովումն է, երկու՝ իրար վերահսկող քաղաքական բևեռների առկայությունը: Միաբևեռ հասարակությունում չի կարող լինել ժողովրդավարություն:

Ինչ որ է, փոխանակ գնալու արդեն փորձարկված դասական-քաղաքակիրթ ճանապարհով, մենք փորձում ենք դարձյալ ապացուցել, որ «մերն ուրիշ է»: Ու դարձյալ համազգային միասնությունը կախվածության մեջ ենք դնում ոչ թե իրական մեխանիզմներից, այլ անհատի, անձի գործոնից:

Ընդունված է, որ բացարձակ իշխանությունն այլասերում է անգամ ազնիվներին, ուստի դրա համար էլ իշխանությունը տարաբաժանելու և վերահսկելու անհրաժեշտություն կա, երկրորդ բևեռին տրված մի առաքելություն, որ պիտի իրականացնի ընդդիմությունը:

Եւ, մեղմ ասած, ցավալի է, երբ ընդդիմությունը հրաժարվում է իր այդ առաքելությունից, երբ քաղաքական դաշտն ինքն իրեն ուտում է: Սակայն բնության մեջ վակուում չի լինում, և դատարկ տարածությունը վաղ թե ուշ լցվում է: Կլցվի նաև ընդդիմադիր վակուումը, այլ հարց է, որ այս մի ընտրությունների պատմական պահն է բաց թողնվում:

Փաստորեն նախագահական այս ընտրությունները վաղօրոք անցկացրին կուսակցությունները, կամ, ավելի ճիշտ, կուսակցական վերնախավը: Նկատի ունենալով, որ արցախյան հանրությունն այնքան էլ քաղաքականացված չէ, և քաղաքական ուժերը բավարար չափով ներկայացված չեն ժողովրդի մեջ, այդպես էլ, կստացվի, որ կուսակցական վերնախավը փաստորեն հանրությանը զրկում է ընտրելու հնարավորությունից:

Այսպիսով, հանրության չքաղաքականացված ու չկուսակցականացված հատվածը, որ բավականին մեծ է, փաստորեն ոչ թե պիտի ընտրի, այլ ընդունի ուրիշների ընտրությունը: Եւ սեփական խաղի հնարավորություն չունի, համենայն դեպս՝ այսօր, քանի որ դեռ չի կայացել որպես քաղաքացիական հասարակություն և ինքնակազմակերպման մեխանիզմներ չունի:

ՀԵՔԻԱԹԻ ՎԵՐՋ. Երկնքից երեք խնձոր ընկավ, մեկը՝ իշխանությանը, մեկը՝ ընդդիմությանը, մեկն էլ՝ քաղաքացիական հասարակությանը: Իշխանությունն իր խնձորն իսկույն կերավ, իսկ մյուս երկուսի ճակատագրի մասին տարբեր բաներ են ասում: Մի վարկածի համաձայն՝ տեսնելով, որ ընդդիմություն ու քաղաքացիական հասարակություն չկա, իշխանությունը կերավ նաև մյուս խնձորները, մեկ այլ վարկածի համաձայն՝ չգտնելով հասցեատերերին, խնձորները սկսեցին իրար ուտել:

——————————————————————————————-

Կարգավորում

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՆԱԽՈՐԴԻ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏ ՆՈՐՄԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷՐ»

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում ասաց, որ իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ երեկ Բելգրադում կայացած հանդիպումը «նորմալ էր՝ համեմատած նախորդի հետ»:

«Ժնեւի հանդիպումից հետո ես ասացի, որ բավական ծանր էր: Այս մեկը ավելի նորմալ էր, չկար լարվածություն», – փաստեց արտգործնախարարը:

«Մենք կենտրոնացանք այն հարցերի վրա, որոնք մինչեւ այժմ համաձայնեցված չեն, սակայն որեւէ նոր բան հարթված չէ»,- նշեց Վարդան Օսկանյանը:

«Համանախագահները որոշել են այցելել տարածաշրջան եւ անմիջականորեն նախագահների հետ փորձել պարզել կողմերի դիրքորոշումները այդ հարցերում: Նրանք նաեւ կփորձեն համաձայնեցնել նախագահների հաջորդ հանդիպման վայրը եւ ժամկետը»,-հայտնեց նախարարը:

Հարցին, թե արդյո՞ք արտգործնախարարը կմնա իր պաշտոնում խորհրդարանական ընտրություններից հետո, Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Եթե նախագահը ցանկանա, ես կշարունակեմ աշխատել մինչեւ նախագահի լիազորությունների ավարտը»:

Օսկանյանը հրաժարվեց մեկնաբանել իր նախագահական հավակնություններին վերաբերող` հայաստանյան որոշ դիտորդների պնդումները` ասելով.  «Շատ վաղ է այդ մասին խոսելը: Հայաստանն այսօր կենտրոնացած է խորհրդարանական ընտրությունների վրա»:

Հրայր ԹԱՄՐԱԶՅԱՆ / Պրահա

 

ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ

Միջազգային հանրությունը պատրաստ չէ անկախություն շնորհել Կովկասի փոքր տարածաշրջաններին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղին: Այս մասին գրված է ԵԱՀԿ ԽՎ նախագահ, ԼՂ հարցով զեկուցող Գորան Լենմարկերի վերջին զեկույցում:

Լենմարկերը, սակայն, հավանական է համարում ԼՂ-ի միացումը Հայաստանին կամ Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարություն ունենալը: Ըստ նրա, ընտրությունը պետք է կատարվի այս երկու տարբերակների միջեւ: Ընդ որում` նա ավելի հակված է երկրորդ տարբերակին, քանի որ իր զեկույցում բերում է Ալանդյան կղզիների օրինակը, որոնք, լինելով շվեդական, բարձր ինքնավարություն ունեն Ֆինլանդիայի կազմում: Ըստ Գ. Լենմարկերի, ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի եվրոպական մոդելով:

«Հայկական ժամանակ»

 

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի` երեկ Բելգրադում կայացած հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցելության վերաբերյալ, որի ընթացքում նրանք կծանոթանան կողմերի դիրքորոշումներին եւ կքննարկեն երկու երկրների նախագահների հաջորդ հանդիպման հնարավորությունը:

Հանդիպման շեշտը դրվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի քննարկվող սկզբունքների դեռեւս չհամաձայնեցված հարցերի վրա: Այդ կապակցությամբ, ինչպես նշված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրությունում, Մինսկի խմբի համանախագահները «մտքեր են առաջարկել կողմերին` քննարկման համար»:

Երկու երկրների արտգործնախարարներից եւ Մինսկի խմբի համանախագահներից բացի, հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչը:

«Ազատություն»

 

ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ՝ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

Հունիսի 10-ին Սանկտ-Պետերբուրգում ծրագրվում է անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Այդ մասին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ այնքան էլ լավատեսորեն չի տրամադրված: «Նախարարների վերջին հանդիպումն ավելի հանգիստ միջավայրում է անցել, քան նախորդը, ինչը լավատեսական հայտարարությունների առիթ տվեց»,- նշել է ՀՀ նախագահը:

PanARMENIAN.net

Ընտրական

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ «ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ՏՈՂԻ

Ընտրական քվեաթերթիկներում այսուհետ չի լինի «Բոլորին դեմ եմ» տողը: ԼՂՀ Ընտրական օրենսգրքում այս եւ մյուս փոփոխություններն ենընդունվել ԼՂՀ Ազգային ժողովի նիստում: Հիշեցնենք, որ «ԼՂՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն ապրիլի 4-ի նիստում ընդունվել էր առաջին ընթերցմամբ, իսկ ապրիլի 25-ին էլ ԱԺ-ն այն երկրորդ ընթերցմամբ ընդունել է որպես օրենք:

Ինչպես տեղեկացրել է ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանը, առաջին ընթերցումից հետո հանձնաժողով է մտել 10 առաջարկություն, որից 9-ը ընդունվել է նախագծի հեղինակների կողմից:

 

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

Ղարաբաղյան կուսակցությունները դիտորդական առաքելությամբ չեն մասնակցի ՀՀ խորհրդարանական ընտություններին: Այս մասին KarabakhOpen-ը տեղեկացել է ԼՂՀ խորհրդարանում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչներից: Նրանցից ոմանք նշեցին, որ «այդ առաքելության իրականացման համար պետք է պաշտոնապես հրավեր լինի», սակայն, ինչպես հայտնի դարձավ, ոչ ոք այդ հրավերը չի տեսել: Իսկ սեփական ցանկությամբ դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ կուսակցություններում հարց չի քննարկվել:

Ինչպես հայտնի է, Ղարաբաղում կայացած բոլոր ընտրություներում էլ Հայաստանից դիտորդներ են մասնակցել:

——————————————————————————————

Սոցիալական

ՔԱՇԱԹԱՂՈՒՄ 21 ԲՆԱԿԱՐԱՆ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ

Քաշաթաղի շրջանում այս տարի կապիտալ շինարարության ծրագրով 21 տան վերանորոգում է նախատեսված՝ շուրջ 45 մլն դրամի սահմաններում:

«Կապիտալ շինարարություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության ղեկավար Սամվել Ղուլյանի խոսքերով, շրջկենտրոն Բերձորում կշարունակվի 32 տեղանոց հիվանդանոցի կառուցումը, որն սկսվել է անցյալ տարի: Այս տարի շուրջ 20 մլն դրամի աշխատանքներ կիրականացվեն: Կվերանորոգվեն նաեւ մանկապարտեզի եւ թիվ 2 հանրակացարանի շենքերի տանիքները, ինչպես նաեւ թիվ 2 դպրոցի շենքը: Շրջանի Գետաշեն գյուղի դպրոցը նույնպես կվերանորոգվի, իսկ մեկ այլ գյուղում՝ Գանձակում, կսկսվի նոր դպրոցի կառուցումը:

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՏԱՑԵԼ Է, ՔԱՇԱԹԱՂԻՆԸ՝ ՆՎԱԶԵԼ

Շահումյանի շրջանում մեկ համայնք է նախատեսվում ավելացնել: Դա Քնարավան գյուղն է, որը համայնքի կարգավիճակ կստանա: Այս մասին Ազգային ժողովի վերջին նիստում է նշվել, որտեղ պատգամավորների քննարկմանն էին ներկայացված «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունները: Տեղեկացնենք, որ Քնարավան գյուղը հիմնադրվել է ամերիկահայ բարերար Կարապետ Հարությունյանի եւ նրա ընտանիքի հովանավորությամբ:

Ըստ այդ նույն օրինագծի, Քաշաթաղի շրջանի համայնքների թիվը կկրճատվի և 71-ից կդարձվի 53: ԱԺ «ՀՅԴ-Շարծում 88» պատգամավորական խմբի ղեկավար Արմեն Սարգսյանը, որ պատգամավոր Արպատ Ավանեսյանի հետ ուսումնասիրություններ էր կատարել Քաշաթաղի շրջանի տարբեր բնակավայրերում, հայտնեց այն կարծիքը, որ վերաբնակեցմանն ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի, ինչու չէ՝ պիտի  նաեւ խորհրդարանական լսումներ անցկացվեն: Ըստ Ա.Սարգսյանի, միայն սոցիալական խնդիրները չեն այդ մարդկանց ստիպում հեռանալ բնակավայրերից: Հայտնի է նաեւ, որ ամենաթողության պատճառով են նաեւ մարդիկ հեռանում շրջանից:

 

ՑԱՎԱԾ ՍՐՏԻՆ ԷԼ ԴԱՐՄԱՆ ԱՆՈՂ ԿԱ

Ասված եւ ապացուցված խոսք է՝ «Դարդը տվին սարին՝ չտարավ, տվին մարդուն՝ նա տարավ»: Եթե սրան էլ ավելացնենք այն, որ հաճախ ցավն ու դարդը սիրում են բուն դնել տառապած սրտերում, ապա ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունում բուժկետ բացելու գաղափարը պարզապես օդի պես անհրաժեշտ էր: Միության նախագահ Վերա Գրիգորյանի համառ ջանքերով ապրիլի 25-ին նշված ընկերությունում կազմակերպված միջոցառումը նվիրված էր բուժկետի բացմանը, որին ներկա էին ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, ԿԽՄԿ ներկայացուցիչներ, միության անդամներ:

Ո՞րն էր բուժկետ բացելու անհրաժեշտությունը՝ այս հարցադրումով սկսեց իր ելույթը միության նախագահը, նշելով, որ միությունը հարազատ օջախ է իր եւ իր բախտակիցների համար, եւ ցանկացած հանդիպում այստեղ որքան հուսադրող է, նույնքան էլ ցավալի է: Հաճախ են հարազատների ճամփին սպասող մայրերն ու քույրերը կորցնում իրենց հոգեկան հավասարակշռությունը, ունենում սրտի նոպաներ: Վ.Գրիգորյանը խորին երախտագիտություն հայտնեց ԼՂՀ առողջապահության նախարարությանը և անձամբ նախարարին՝ ծրագիրն իրականացնելու համար:

Իսկ նախարար Զ. Լազարյանն ահա թե ինչպես մեկնաբանեց նախաձեռնությունը.

– Բուժկետի բացմամբ չի ավարտվում մեր աջակցությունն այս միությանը: Ես կասեի, որ սա սկիզբն է, քանի որ մեր տարաբախտ քույրերն ու մայրերը ապրում են ոչ միայն մայրաքաղաքում, այլև շրջկենտրոններում եւ գյուղերում: Ուստի մեր նախարարության աշխատակիցները կհաճախեն շրջաններ եւ համապատասխան բժշկական աջակցություն կցուցաբերեն մարդկանց: Ես սա օգնություն չեմ համարում, քանի որ յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է ձեռք մեկնել միությանը:

Ավելացնենք, որ ամեն ինչից զատ, բացվել է եւս մի աշխատատեղ, որն էլ կզբաղեցնի միության անդամներից մեկը՝ մասնագիտությամբ բուժքույր: Նույնիսկ ցուցաբերվեց առաջին բժշկական օգնությունը:

Վարսիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Լույս է տեսել
ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ՁԵՌՆԱՐԿ

«Դիզակ պլյուս» տպագրատանը լույս է ընծայվել «Հայոց լեզու և գրականություն» ուսումնաօժանդակ ձեռնարկ դիմորդների և շրջանավարտների համար: Աշխատությունը հեղինակել են բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Սարգսյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Ռոմելա Դադայանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ  Շողեր Մինասյանը և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ալինա Բաղդասարյանը:

Ձեռնարկն ընդգրկում է հայոց լեզվի և գրականության գրավոր աշխատանքների առաջադրանքներ: Այն նախատեսված է նաև բարձր դասարանների աշակերտների, ուսանողների, հայոց լեզվի ու գրականության ուսուցիչների և առհասարակ հայերենին և հայ գրականությանը տիրապետել կամեցողների համար:

Ձեռնարկը տպագրվել է ԱրՊՀ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի, գրականության և լրագրության ամբիոնների երաշխավորությամբ և բանասիրական ֆակուլտետի խորհրդի որոշմամբ:

Սեփ. լրատվություն

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2007թ. հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին նախապատրաստվելու շրջանակներում ԼՂՀ խորհրդարանի քաղաքական ուժերը՝ Արցախի ժողովրդավարական, «Ազատ հայրենիք», Արցախի ՀՅԴ և «Շարժում-88» կուսակցությունները նախաձեռնել եւ անցկացրել են խորհրդատվական քննարկումներ: Դրանց արդյունքում կողմերը համաձայնության են եկել, որ՝

ԼՂՀ հռչակումից ի վեր երկրում լուրջ քայլեր են ձեռնարկվել անկախ պետականության հիմքերը դնելու, տարբեր տարիների նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով իշխանության օրինական եւ արդյունավետ գործող համակարգ, մարտունակ բանակ ստեղծելու, երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու և ժողովրդի անվտանգությունը ապահովելու ուղղությամբ« ինչի շնորհիվ  հաջողվել է կանխել երկրի բնականոն զարգացումը խաթարելու վտանգը և որդեգրել ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, քաղաքացիական հասարակության ձևավորման ու մարդու իրավունքների գերակայությունը ճանաչելու ուղեգիծ« հաջողվել է ապահովել տնտեսական որոշակի առաջընթաց, իրականացնել  սոցիալական  բազմաթիվ ծրագրեր, արմատավորվել են շուկայական ազատ տնտեսությունը խթանելու օրենսդրական հիմքեր, ինչը զգալիորեն նպաստել է ներդրումների աճին: Անկախ պետականության փորձը եւ նրա զարգացման միտումներն ամրագրվել են հանրաքվեով ընդունված ԼՂՀ Սահմանադրության մեջ:

Այդուհանդերձ, Հանրապետությունում առկա են մի շարք չլուծված հիմնախնդիրներ: Քննարկելով իրավիճակը, կողմերը գտնում են, որ միակամ են հետեւյալ առաջնահերթությունների հիման վրա մոտակա տարիների համար սույն օրակարգի ձեւավորման հարցում.

–  ԼՂՀ անկախության միջազգային ճանաչում,

– Սահմանադրությունից բխող օրենսդրական բարեփոխումներ,

– կառավարման համակարգի հետագա ժողովրդավարացում, իշխանության թեւերի տարանջատման, զսպման եւ հակակշիռների մեխանիզմների խորացում, իշխանությունների նկատմամբ հանրային վերահսկողության ինստիտուտների կայացում,

– սոցիալական հասցեագրված քաղաքականության և աղքատության հաղթահարման պետական ռազմավարական ծրագրի մշակում,

– տնտեսության զարգացումը խթանող ֆինանսավարկային քաղաքականության նոր հայեցակարգի մշակում եւ ներդրում,

– Ժողովրդագրական իրավիճակի բարելավում` վերաբնակեցման և գյուղերի ամրապնդման միջոցով:

Կողմերը գտնում են, որ այս օրակարգի հիման վրա կարող են  պաշտպանել ԼՂՀ նախագահի միասնական, այդ թվում` քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուին, վերջինիս նախընտրական ծրագրի հիմնադրույթների եւ վերոհիշյալ առաջնահերթությունների շուրջ փոխադարձ պայմանավորվածության հիմքով:

Հայտարարությունը բաց է քաղաքական մյուս ուժերի համար՝ դրան միանալու ցանկության դեպքում:

Արցախի ժողովրդավարական կուսակցության

Կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ ՂՈՒԼՅԱՆ

Հայ Յեղափոխական դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ

Արթուր ՄՈՍԻՅԱՆ

«Ազատ հայրենիք» կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ

Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Շարժում-88» կուսակցության

վարչության նախագահ

Էդուարդ ԱՂԱԲԵԿՅԱՆ

Բաց հրապարակ

ԶԻՋՈՒ՞Մ, ԹԵ՞ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ Արցախի կազմակերպության արտահերթ շրջանային ժողովից հետո ՀՅԴ կենտրոնական կոմիտեի հայտարարության մեջ փաստվել է, որ «ԼՂՀ-ն արտաքին ճակատում հայտնվել է բարդ մարտահրավերների առջեւ՝ Արցախի անկախությունը փաստացի սահմաններով միջազգայնորեն ամրագրելու առումով»:

ՀՅԴ Արցախի կազմակերպության արտահերթ շրջանային ժողովը որոշել էր հանձնարարել ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեին նախանշված սկզբունքների լույսի ներքո երկրում գործող քաղաքական եւ հասարակական ուժերի հետ բանակցությունների միջոցով ճշտել համաձայնագրով ամրագրված ԼՂՀ նախագահի միասնական թեկնածուի առաջադրման հնարավորությունը:

Սակայն ԼՂՀ խորհրդարանի քաղաքական ուժերի ստորագրած համատեղ հայտարարության մեջ վերոնշյալ մտահոգությունն արտահայտված չէ եւ խոսք անգամ չկա փաստացի սահմանների մասին, այլ պարզապես առաջնահերթությունների թվում նշվում է ԼՂՀ միջազգային ճանաչումը:

Ի՞նչ է սա նշանակում՝ հրաժարու՞մ փաստացի սահմաններից, թե՞ պարզապես թյուրիմացություն:

Գեւորգ ՄԱՆՈՒԿՅԱՆ
http://www.karabakhopen.com

 

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՐԴԵՆ ԵՐԵՔ ԹԵԿՆԱԾՈՒ ՈՒՆԵՆՔ

Ապրիլի 20-ին մեկնարկել է ԼՂՀ նախագահի թեկնածուների առաջադրումը, եւ առաջին օրն իսկ երկու թեկնածուների առաջադրման նախաձեռնող խմբեր  դիմել են ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:  Դրանք ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանի եւ Արցախի պետական համալսարանի դասախոս, դոկտոր-պրոֆեսոր Վանյա Ավանեսյանի նախաձեռնող խմբերն էին, որոնց ցուցակների օրինականությունը ստուգելուց հետո ԿԸՀ-ը  գրանցեց: Կուսակցություններից առայժմ միայն Կոմկուսն է առաջադրել իր թեկնածուին՝ կուսակցության առաջնորդ Հրանտ Մելքումյանին:

Տեղեկացնենք, որ թեկնածուների առաջադրումը կտեւի մինչեւ մայիսի 5-ը, գրանցումը կկատարվի մայիսի 30-ից մինչեւ հունիսի 9-ը, իսկ հունիսի 10-ից կմեկնարկի նախընտրական քարոզչությունը, որը կտեւի մինչեւ հուլիսի 17-ի ժամը 24:00-ն:

Ինչպես մեզ տեղեկացրին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում, սկսված է լրագրողների եւ դիտորդների հավատարմագրման գործընթացը, սակայն առայժմ գրավոր հայտ ԿԸՀ չի ներկայացվել:

 

Ռեպլիկ
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԴԵ՞Մ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆԸ

Միասնական թեկնածուի մասին զրույցները, բանակցությունները և որոշումները բացատրում են ազգային միասնություն ապահովելու մտահոգությամբ: Հենց այս սուրբ գործի համար էլ միավորվել են իշխանությունն ու ընդդիմությունը:

Բայց ահա կոմունիստական կուսակցությունը որոշել է չմիանալ համատեղ հայտարարությանը, այսինքն՝ չկիսել այնտեղ ամրագրված սկզբունքները և սեփական թեկնածու առաջադրել: Հիմա հարց է ծագում՝ կոմունիստներն իրո՞ք դեմ են ազգային միասնությանը, թե՞ նրանց այլ  դեր է տրվել, այն է՝ այլընտրանքի առկայության տեսիլք ստեղծել:

Պարզապես զարմանալի է, որ իշխանությունը կարողացել է ընդդիմությանը համոզել միանալու համաձայնագրին, բայց չի կարողացել համոզել կառավարության աշխատակցին, որը նաև կոմկուսի առաջնորդն է:

Հետաքրքիր է նաև այն, որ միասնական թեկնածուի մասին զրույցները ոմանք որակում են որպես վերադարձ սովետական տոտալիտարիզմին, բայց ահա այդ տոտալիտարիզմի ժառանգորդ կոմկուսը հրաժարվում է միասնական թեկնածուի գաղափարից:

Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

ՍԱ՞ Է ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՏԵՍՔԸ

Մեր քաղաքական դաշտում գործող կուսակցությունները գաղափարապես չեն տարբերվում, բոլորս ունենք սովետական անցյալ, որից ոչ մի կերպ չենք ուզում ազատվել, բոլորիս սկզբունքների վրա էլ իրենց հետքն են թողել բոլշևիկյան, սոցիալ-դեմոկրատական սկզբունքները:

Կա նաև սոցիալ-դեմոկրատիայի շվեդական մոդել, որը ճշտապես իրականացրել է սոցիալիզմի գաղափարները, և որի ամենագլխավոր պայմանը ժողովրդավարությունն է:

Ժողովրդավարության համար չկա վաղը կամ վաղը չէ մյուս օրը հետաձգելու խնդիր, հենց այս պահից մենք պիտի աշխատենք ժողովրդավարությունն իրականություն դարձնել:

Ի՞նչ է նշանակում ընտրել: Եթե չկա «ընտրություն», ապա չկան նաև դեմոկրատական ընտրություններ: Քաղաքակիրթ ու գիտակից պայքարը չի նշանակում տարաբաժանում, կամ, ինչպես ղարաբաղցին կասեր՝ «թոփավ-թվանգյավ ուրուր դեմ տյուս կյալ»: Ընտրությունը կատարվում է ծրագրերի ու դրանց իրականացման ձևերի միջև:

Այս իմաստով, եթե ճիշտը խոսենք, մենք չունենք ընտրություն: Նույն ծրագրերը, նույն գաղափարները, նույն միջոցները՝ տարբեր անվանումների տակ: Հետկոմունիստական կնիքն էլ վրան:

Սա է մեր քաղաքական դաշտի տեսքը:

Արարատ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախագահ

——————————————————————————————-

Ներքաղաքական

ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԿԱՄՔԸ ԴՐՍԵՎՈՐՎՈՒՄ

Երբ ազդեցիկ կուսակցությունների մեծ մասը կողմնորոշվեց միասնական թեկնածուի հարցում, խախտվեց ընտրությունների բուն իմաստը, որովհետև ցանկացած այլ լուրջ քաղաքական գործչի կարող են քամահրանքով հարցնել՝ «իսկ դու ո՞վ ես»: Եւ այլ թեկնածուների առկայությունը պարզապես ձևական է լինելու, կամ էլ՝ ուրիշի աչքերին թոզ փչելու համար:

Մինչդեռ կային ու կան լուրջ քաղաքական գործիչներ, որոնց մասնակցությունը կապահովեր ընտրելու իրական հնարավորությունը: Եւ ամենակարևորը՝ իրական մրցակցությունում կապահովվեր ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու մեր կամքը: Ի վերջո, իրական այլընտրանքի պայմաններում արդար ընտրությունների անցկացման կամքն է միայն արժեք ներկայացնում: Թե չէ` քաղաքական մրցակցություն չլինելու դեպքում նորմալ ընտրություններ անցկացնելը դեռ գործի կեսն է:

Ասում են՝ սայլով երթևեկողին դժվար թե հուզեն նավթի գների տատանումները համաշխարհային շուկայում: Եթե հասարակական կազմակերպությունների ու անկախ լրատվամիջոցների նկատմամբ իշխանության վերաբերմունքը լավ է զուտ այն պատճառով, որ նրանք իրենց ազդեցության չափով չեն կարող սասանել իշխանավորների դիրքերը՝ սա սկզբունքային հանդուրժողականություն չէ: Կոնկրետ մեզ մոտ հենց որ ՀԿ-ներն ու լրատվամիջոցները սկսեցին ազդեցիկ դեր ունենալ՝ բացահայտվեց իշխանության իրական դեմքը՝ նրանց դեմ արշավով և վնասելու ու մամլիչի տակ առնելու պատրաստակամությամբ:

Այս նույն ենթատեքստով ինչ վերաբերում է քաղաքական դաշտին, ապա մեր պարագայում՝ քաղաքական քաղաքակիրթ պայքարի բացակայությունը, իհարկե, անիմաստ չի դարձնում ազատ ընտրությունները, բայց զրկում է հնարավոր առավելագույն արժեվորումից: Այսինքն՝ մենք կարող էինք շատ ավելի լուրջ ավանդույթ ներդնել և շատ ավելի ազդեցիկ դարձնել մեր նորանկախ երկրի քաղաքակիրթ իմիջը: Ի վերջո, փորձության մեջ է կամք դրսևորվում, գայթակղությունից հրաժարվելու մեջ է սկզբունքի ամրությունը:

Բայց պատմական պահը բաց է թողնվում: Ի՞նչ ասենք՝ ղարաբաղցու ասած «բալքի դյուզը տա յա»: Տա Աստված, որ այդպես լինի: Ո՞վ կարող է դեմ լինել համազգային միասնությանը: Գուցե այնքան բախտավոր ազգ դուրս գանք, որ մեր «քաղաքական չարաճճիությունները» ոչ մի կերպ չանդրադառնան մեր ճակատագրի վրա: Համենայն դեպս, անկախ պետականության հիմնումից հետո մեր սխալները կարծես թե ճակատագրական չեն եղել: Բայց որքա՞ն երկար կարող է դա շարունակվել, և ե՞րբ է սպառվելու տրված «լիմիտը»: Եւ արդյո՞ք մի գեղեցիկ օր չեն հարցնելու՝ ո՞րն է ձեր կառուցած պետությունը: Կամ, որ ամենասարսափելին է՝ ո՞րն է, բաբո, մեր հայրենիք:

Հոգ չէ, հակառակ դեպքում մեղքը կգցենք մեր դաժան ճակատագրի, մեր վատ աշխարհագրական դիրքի ու մեր վատ հարևանների վրա: Այս մեկը որ հաստատ ավանդույթ է դարձել:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

ՄԵՂԱՎՈՐԸ ԴԱՐՁՅԱ՞Լ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է

Երբ ինչ-որ մի բան այնպես չի լինում, կամ այնպես չենք անում, ինչպես որ պետք է, ապա ուրիշ պատճառ որ չենք գտնում՝ մեղադրում ենք ժողովրդին: Սա արդեն ավանդույթ է դառնում մեզ մոտ: Ասում ենք՝ ժողովուրդը չի հասկանում, ժողովուրդը դեռ այդքան չի հասունացել և այլն, և այլն: Ասողներն էլ, պատասխանատվությունն իրենցից գցելով, չեն բացատրում, թե ո՞վ է մեղավոր, որ  ժողովուրդը չի հասկանում, ո՞վ պիտի նրան հասկացներ, ո՞վ պիտի օգներ կողմնորոշվելու այս կամ այն հարցում: Ի վերջո, ժողովուրդն իր ամենօրյա հոգսերի մեջ է՝ հաց է արարում, պատ է շարում, երեխա է դաստիարակում: Եւ իր իրավունքները, իր շահերի պաշտպանությունը վստահել է իշխանություններին, ընտրյալներին, կուսակցություններին, մտավորականությանը և այլն:

Նույն բանը կրկնվում է հիմա՝ նախագահական ընտրությունների ընթացքում: Այս կամ այն կուսակցությունը, այս կամ այն քաղաքական գործիչը, այս կամ այն մտավորականը, արդարացնելով սկզբունքային դիրքորոշումից ու իր իդեալներից հրաժարումը, ասում է՝ դե, ժողովուրդը մեկ է՝ չի պաշտպանելու, հարմարվելու է, ուժեղի կողքին է կանգնելու: Կամ էլ, որպես կանոն՝ չի հասկանալու, չի կողմնորոշվելու: Եւ որպես եզրակացություն՝ ժողովուրդն արժանի է այս իրավիճակին ու այն մարդկանց և ուժերին, որոնք ստեղծում են նման իրավիճակ:

Այսինքն, դարձյալ ժողովուրդն է մեղավոր: Եւ այսօր ամեն ինչից բեխաբար ժողովուրդը, որ հաց է արարում, պատ է շարում, երեխա է դաստիարակում, էն գլխից արդեն մեղավոր է դարձել այս իրավիճակի համար: Նրան նույնիսկ չեն բացատրում, որ ինքն է «մեղավոր», որ հարցնի՝ «մեղքս ո՞րն է, որ ձե՞զ եմ վստահել իմ շահերը»:

Եթե ժողովրդին մեղադրում են նրանք, ովքեր քանիցս պայքարել են արդարության ու վեհ գաղափարների համար, բայց աջակցություն չեն ստացել՝ էլի ինչ-որ տեղ հասկանալի է: Բայց այսօր մեղադրում են նաև նրանք, ովքեր իրենք են ժողովրդին այդ հալին հասցրել, նրան զրկել մտածելու և խոսելու իրավունքից ու ձայնազուրկ դարձրել: Եւ հիմա, առաջին իսկ վտանգի դեպքում, լքում են նրան ու խիղճը հանգիստ իրենց գլուխները պահում, մարդկանց թողնելով տարակուսանքի, կասկածների ու գլուխկոտրուկների մեջ:

Այս մարդիկ և ուժերը գտնում են, որ ժողովուրդն ավելի լավին արժանի չէ: Ժողովուրդն էլ տրամաբանորեն պիտի եզրակացնի, որ այդ ուժերը, այդ գործիչները, այդ մտավորականներն իրեն արժանի չեն: Ու որոնի արժանավորներին:

Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԽԱՂԵՐ

Ղարաբաղում  նախընտրական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, ու ինչ-որ տեղ հակասական եւ անտրամաբանական երեւույթներ են տեղի ունենում: Խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժերը դեռ բանակցություններ են վարում միասնական թեկնածու առաջադրելու նպատակով հիմնական սկզբունքների համաձայնագրի շուրջ, բոլոր կողմերն էլ հավաստում են, որ բանակցությունները դեռ չեն ավարտվել եւ վերջնական որոշում չի կայացվել:

Միևնույն ժամանակ, ի հակառակ այդ հավաստիացումների, ԱԺ-ում թվով երկրորդ մեծաքանակ խմբակցությունն ունեցող «Ազատ Հայրենիք» կուսակցությունը օրեր առաջ արդեն իսկ հայտարարել է, որ իրենց կուսակցության բանակցություններն ավարտված են, ավելին՝ նրանք արդեն իսկ որոշել են, որ սատարելու են Բակո Սահակյանին: Այսքանից կարելի է այն միանշանակ եզրակացությանը հանգել, որ «Ազատ Հայրենիք»-ն իր որոշումը կայացրել է եւ ամենեւին էլ բանակցությունների կարիքը չունի, քանի որ իրենց որոշման վրա, ինչպես իրենք են ասում, ոչինչ չի կարող ազդել: Առավել ևս, որ Բակո Սահակյանի առաջադրման նախաձեռնող խումբն էլ արդեն ստեղծվել է եւ համապատասխան աշխատանքներ են իրականացվում: Հասկանալի է, որ առանց վստահ լինելու, որ միասնական թեկնածուն հենց ինքն է լինելու՝ նա չէր շտապի կոնկրետ քայլեր անել:

Այսքանից, բնականաբար, տրամաբանական հարց է ծագում՝ իսկ ինչի՞ համար են միասնական սկզբունքների ու միասնական թեկնածուի շուրջ բանակցությունները:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը հայտնեց, որ դաշնակցությունն էլ վերջնական դիրքորոշում չունի, քանի որ դեռ չեն ավարտվել խորհրդարանական ուժերի միջեւ հիմնական սկզբունքների շուրջ բանակցությունները, որոնց հաջորդելու են թեկնածուի շուրջ բանակցությունները:

Անտրամաբանական  է այն, որ բանակցող այդ նույն ուժերի մեջ է մտնում նաեւ հենց նույն «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որն արդեն իսկ կողմնորոշվել է եւ հանդես է գալու հօգուտ Բակո Սահակյանի: Եթե դա այդպես է, ապա կարելի է ենթադրել, որ քաղաքական ուժերը բանակցում են հենց հնարավոր թեկնածու Բակո Սահակյանի շուրջ:

Եթե այդպես չէ, ուրեմն չի բացառվում, որ քննարկում են մեկ այլ միասնական թեկնածուի տարբերակը, որը, ըստ տրամաբանության, չի պաշտպանվելու «Ազատ Հայրենիք» կուսակցության կողմից: Իսկ եթե այդ ուրիշ թեկնածուն չկա, ապա մյուս երեք ուժերը ստիպված կլինեն պաշտպանել հենց «Ազատ Հայրենիք»-ի նախընտրած թեկնածուին: Ստացվում է, որ Ղարաբաղում խաղի կանոնները հենց այդ կուսակցությունն է թելադրում:

Մնում է հասկանալ, թե ինչի՞ են պետք այս անտրամաբանական խաղերը, և ո՞վ է ուզում խիղճը հանգստացնել սկզբունքների մասին համաձայնագրով:

http://www.karabakhopen.com

——————————————————————————————-

Համահայկական

Ի՞նչ կփոխեն ընտրությունները Հայաստանում. Ինչպե՞ս կփոխվեն ընտրությունները Հայաստանում

Արմինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
«Հայրենիք» շաբաթաթերթ
http://www.hairenik.com
Բոստոն, ԱՄՆ

Չմոռանանք Մաքիավելիի դասը՝ «Ճշմարիտ բարենորոգողները նրանք են, ովքեր փոխում են իրենց ռազմավարությունը և այն համապատասխանեցնում նոր իրականությանը՝ դաշտին, այլ ոչ թե նրանք, որոնք կորցնում են իրենց կողմնացույցը, այսինքն՝ արժեքները, որ ուղղություն են տալիս իրենց քաղաքականությանը»։

2007թ.-ի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) արդեն հինգերորդ անգամ կանցկացվեն օրենսդիր մարմնի` Ազգային ժողովի ընտրությունները: Նոր Սահմանադրության համաձայն, ՀՀ քաղաքացիներն ապագա հինգ տարիների համար ընտրելու են Ազգային ժողովի 131 պատգամավորների, որոնցից 90-ին` համամասնական ընտրակարգով` կուսակցական ցուցակներով, իսկ 41-ին մեծամասնական ընտրակարգով` ՀՀ յուրաքանչյուր ընտրատարածքից մեկական պատգամավոր:

Մինչդեռ միջազգային կազմակերպություններն ու օտար պետությունները արդեն ամիսներ շարունակ շեշտում են այս գալիք ընտրությունների առանձնահատուկ կարևորությունը Հայաստանի համար` ազդարարելով Հայաստանի իշխանություններին ընտրություններն անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան, ազատ և արդար, Հայաստանի ժողովուրդը պնդում է, թե առանձնահատուկ դրական որակական փոփոխությունների չի սպասում մայիսյան ընտրություններից: Քաղաքական կուսակցությունները անդամներ ու համակիրներ գրավելու, ընտրություններում քվեներ ապահովելու համար տարբեր ձևերով կաշառում, գրավում կամ պարտադրում են ընտրողներին: Ընդ որում, ընտրողներից շատերն էլ նախընտրական այսպիսի գործունեությունը դիտարկում են որպես հաջող հնարավորություն` գոնե մի բան ստանալ ձայների ու քվեների առևտրից. «միևնույն է, ոչինչ էլ չի փոխվի», ուրեմն ինչո՞ւ չօգտվել, տրվածը չվերցնել… ո°վ գումար, ո°վ սերմացու, ո°վ իր աշխատանքը պահելու խոստում, ո°վ էլ թարմ ներկված ճոճանակներ շենքի բակում և…: Փոխարենը… զիջելով իր պետությունում իր ներկայացուցիչներից ամբողջ հինգ տարիների ընթացքում պահանջատեր լինելու բարձր իրավունքը:

Անկախության 15 տարիների ընթացքում ընտրությունները դիտարկվել են որպես Հայաստանի անկախ պետականության զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկը: Չնայած ընտրական օրենսգիրքը բարեփոխվել է մի քանի անգամ (վերջին փոփոխություններն ուժի մեջ մտան 2007թ. հունվարին), սակայն արդեն տարիներ շարունակ թե° հայաստանյան և թե° միջազգային կառույցներն ու մասնագետները պնդում են, որ Հայաստանում հիմնական խնդիրն ամենևին էլ վատ օրենսդրությունը չէ, այլ թույլ քաղաքական կամքը և որ առավել կարևոր է` ընտրական և քաղաքացիական մասնակցության ժողովրդավարական մշակույթի պակասը: Ճիշտ ընտրություն կատարելու համար քաղաքացին պետք է գիտակցի, հարգի և կիրառի ընտրությունների ճշմարիտ իմաստը և նպատակը, իր ընտրելու իրավունքն ու պարտավորությունը, իր ունեցած ընտրության տարբերակները և այն գործառույթները, որոնց համար ընտրում է այս կամ այն մարմնին ու ներկայացուցչին, իհարկե նաև` քվեարկության ընթացակարգերը: Այս է պահանջվում ժողովրդավարության մեջ ապրելու և ազդու մասնակցություն ունենալու համար:

Ազգային ժողովի պատգամավորների և կուսակցությունների գործառույթը (ֆունկցիան) ծաղիկներ բաժանելը, բակեր վերանորոգելը չէ, և ոչ էլ պարտադիր ու մասսայական անդամագրություն և ցանկեր հավաքելը, այլ` իրենց ընտրատարածքի քաղաքացիների ու բնակիչների շահերի ու իրավունքների ԳԻՏԱԿՑՈՒՄԸ, քաղաքական ձևակերպումն ու պաշտպանությունը, Ազգային ժողովում, պատկան պետական կամ այլ մարմինների մոտ և քաղաքական դաշտում 5 տարվա ընթացքում նրանց մտահոգությունները և ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ բարձրացնելն ու օրինական և քաղաքական ճանապարհներով կտրուկ լուծելը և այդ մարմիններին օրինականորեն պարտադրելը` կատարել իրենց առաքելությունները` ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ տվյալ քաղաքացիների ու բնակիչների ՇԱՀԵՐԸ:

Ներկա ցավալի իրավիճակը մեկ անգամ ևս վկայում է, որ Հայաստանում դեռևս կայացած ՉԷ քաղաքական դաշտը. քաղաքական կուսակցություններն ու գործիչները հիմնականում պետականաշինության, գաղափարականության և ժողովրդավարության արժեքների, սկզբունքների և մշակույթի կրողներն ու զարգացնողները ՉԵՆ, այլև, դժբախտաբար, ընդհակառակն են: Բացակայում են գաղափարական և դրանից բխող հստակ քաղաքական ծրագրերն ու հանրային իրազեկումը, բանավեճերն ու ճշմարիտ քաղաքական պայքարը: Իշխանություն դառնալն ինքնանպատակ է և անձնական ու փոքրաթիվ խմբերի նեղ նյութական շահերն ամրապնդելու միջոց, որը չի համընկնում հասարակության, ժողովրդի և ազգի մեծամասնության ու համընդհանուր պետական բարօրությանը և հավաքական շահերին:

Պարզապես ազատ և արդար լինելուց բացի, անհրաժեշտ է, որ ընտրություններն ընկալվեն` որպես ժողովրդի, հասարակության ու համայնքի բարելավման և հանրային մարդկային ու ազգային հիմնախնդիրների լուծման գործում շոշափելի փոփոխություն առաջացնելու միջոց£ Արդյունավետ լինելու համար ժողովրդավար կառավարողները պետք է լինեն հաշվետու և վստահելի. սա կիրականանա միայն կանոնավոր ընտրությունների միջոցով, որոնք քաղաքացիները կգտնեն կարևոր և որոնք կընկալեն որպես իրենց հուզող հիմնական հիմնախնդիրների լուծման համար նշանակալից քայլ£ Եվ որ նրանք համոզված և վստահ լինեն, որ իրենց ձայները և քվեները կարևոր են և հաշվի կառնվեն և, որ իրենք որոշելու և ընտրություն կատարելու ուժ ունեն իրենց համայնքի և պետության կառավարման մեջ:

Հարկ է հստակ գիտակցել, որ միայն ընտրությունները երբեք չեն կարող պետության մեջ էական դերակատարություն ունենալ կամ փոփոխություն մտցնել, եթե չեն ապահովվում ժողովրդավարության այլ կարևոր բաղադրիչները:

Հրամայական է` ապահովել օրենքի կիրառման մեխանիզմներ և ժողովրդին վստահություն ներշնչել առ այն, որ իրավունքն ու օրենքն են գերակայում, այլ ոչ` հզոր կլանների և հանցագործ խմբավորումների անպատժելիությունը£ Հայաստանը, իր Սահմանադրությամբ, ժողովրդավարական և սոցիալական (ընկերային (հասարակական ուղղվածությամբ) պետություն է£ Բազմահազար են օրենսդրական ակտերը, ընտրություններից սկսած մինչև ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ), արհմիությունների և տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխությունները£ Այս բոլորը ողջունելի է այնքանով, որ Հայաստանում վերածնվում են համընդհանուր մարդկային արժեքները և սկզբունքները£ Սակայն, երբ այս բոլորը գերակշռաբար գալիս է վերևից ներքև և դրսի ճնշումով՝ դրանց իրական արդյունավետ ձևավորումը և կիրառումը, ի շահ ժողովրդի մեծամասնության, մնում է հսկայական մի բաց£ Դրանք գիտակցված հավաքական աշխատանքի արդյունք չեն£ Դրանք ներազգային հասարակական-քաղաքական ձևավորված պահանջարկի և պայքարի շնորհիվ չեն իրագործվում, այդ պատճառով էլ ավելի «ձևական» են դառնում, քան թե՝ իրական նվաճում£

Քաղաքական պայքարը կարող է լինել, եթե կա քաղաքական գաղափարը£ Պայքար կարող է լինել, երբ այդ գաղափարը, որ կազմավորվել է սահմանափակ շրջանակում, մարսեցման գործընթացի շնորհիվ տարածվում է հասարակական և ժողովրդի լայն խմբերի մեջ£ Մենք գաղափարական գործունեության աշխուժություն կտեսնենք միայն այն ժամանակ, երբ մեր հասարակության և ժողովրդի մեջ համոզումների միջև օրինականացման (վավերականացման (լեգիտիմացիայի) կարգապետություն (հիերարխիա) գոյություն ունենա, նաև՝ դրանց արժեվորմանը ծառայող հասարակական տարածման ազդու միջոցներ£

Եվ վերջապես, մեծ կարևորություն ունի քաղաքացիական և ասոցիատիվ քաղաքացիության մշակույթի և կառույցների զարգացումը. զարգացնել կրթական համակարգի և նյութերի մշակումը, ֆորմալ և ոչ ֆորմալ մակարդակներում էական քաղաքացիական կրթություն ներմուծելու համար: Կարևոր է ապահովել և խթանել, որ ինքնակառավարվող և ասոցիատիվ հիմունքներով քաղաքացիական գիտակից և հանձնառու խմբերը և կառույցները զարգանան ու ինքնակազմակերպվեն, որպեսզի կարողանան խթանել տարբեր սոցիալական խմբերի քաղաքացիական գիտակցությունը, որպեսզի վերջիններս ի վիճակի լինեն բարձրացնել և պաշտպանել իրենց շահերը և ապահովեն հասարակային համերաշխությունը (societal cohesion)£

Ազատ և արդար հասարակությունը և պետությունը պետք է հենվի իր քաղաքացիների և հանրային կառավարման մարմիններին ընտրողների քաղաքացիական գիտակցության, իմացությունների, հմտությունների և արժանիքների վրա: Հայաստանի Հանրապետությունում այսօր, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է, որ մարդիկ հասկանան, թե ինչպես է գործում պետությունն ու հասարակությունը: Անհրաժեշտ է նաև` գիտակցեն, որ իրենք տերն են այս պետության, իրենց ՀԱՅՐԵՆԻՔԻ` Հայաստանի Հանրապետության, և պատասխանատու են իրենց ու ապագա սերունդների առջև` այն որոշումներով ու ընտրություններով, որ կատարում են այսօր` ընտրությանը մասնակցելով կամ չմասնակցելով, կաշառք ու պայմանական «բարեգործություն» ընդունելով կամ չընդունելով, այս կամ այն ուժի սպառնալիքներից վախենալով կամ դրանց դիմագրավելով: Ընտրությունը միայն չորս կամ հինգ տարին մեկ քվեարկելով չէ` այլ ամեն օր իր և մյուսների իրավունքները հարգելով ու պաշտպանելով, ընտրվածներից հաշվետու աշխատանք պահանջելով, իսկ հակառակ դեպքում` պատժելով ու այլևս չընտրելով: Պետք է գիտակցել` այս հզոր ուժը և մեծ պատասխանատվությունը, չվախենալ … ու այս դեպքում արդեն «ընտրություններով շատ բան կարող է փոխվել»:

«Պատրաստի» ո’չ լիարժեք ազատություն կա, ո’չ հավասարություն և ո’չ էլ արդարություն£ Ժողովուրդը մասնակցելո’վ է ինքնագիտակցություն ձեռք բերում և պայքարելո°վ է նվաճում իր իրավունքների թե’ գիտակցումը, թե’ իրագործումը:

Ներկայիս Հայաստանում և հայ ժողովրդի համար հիմնական մարտահրավերն այն չէ, թե արդյոք կլինե՞ն փոփոխություններ ապագա տարիներին, այլ այն՝ թե Ո՞Վ է այդ փոփոխությունները ձևակերպելու, կազմակերպելու, իրագործելու, վերահսկելու և ԻՆՉՊԵ՞Ս£ Դա պե°տք է լինի հայ ժողովուրդը£ Քաղաքական դաշտում հաստատված ներքևից վերևի գիտակից քաղաքացիական մասնակցային ժողովրդավարությունն անհրաժեշտ շրջագիծն է և նախապայմանը` մեր հայրենիքում մարդկային և ազգային բոլոր իրավունքների ապահովման և հայ պետականության ու հայ ժողովրդի ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ՄՍԽՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Այժմ արդեն կարող ենք վստահաբար փաստել, որ Ամերիկայի հայկական լոբբին կատարելապես ձախողեց մի կարեւոր խնդիր, որ արժեր գոնե հետապնդել Հայաստանի համար ճակատագրական դիտվող 2007 թվականին: Դա Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին նպաստելու հնարավորությունն էր, որ հայկական լոբբին մսխեց Ռիչարդ Հոգլանդի վրա: Չգիտես ինչու, արտերկրի հայկական կազմակերպությունները, այդ թվում եւ Ամերիկայի հայկական կազմակերպությունների զգալի մասն իրենց առաջնային խնդիրը համարում են ոչ թե համաշխարհային մարտահրավերներին ադեկվատ հայկական պետության հզորացումը, այլ պատմական էմոցիաներին հագուրդ տալը, որը փորձում են ներկայացնել իբրեւ քաղաքական հաշվարկ: Առավել ցավալի է, որ հայկական պետության ղեկավարությունն էլ իր քաղաքականությունը կառուցում է դրսի հայկական կազմակերպությունների ռազմավարության մոտիվներով, մինչդեռ նորմալ տրամաբանությունը հուշում է, որ պետական քաղաքականությունը պետք է թելադրեր լոբբիստական կազմակերպությունների մարտավարությունը: Այսինքն, պետության շահը պետք է առաջնորդեր լոբբիստներին, ոչ թե պետությունն առաջնորդվեր լոբբիստների վիրտուալ շահով, որի բարոյական կողմից բացի, որեւէ այլ կողմ առ այսօր չի հաջողվել հստակ ուրվագծել:

Այդ մասին շատ է խոսվել ու գրվել, եւ թերեւս մեկ անգամ էլ անդրադառնալն իսկապես կարող է այս պահին լինել ավելորդ, քանի որ կան առավել առարկայական խնդիրներ, որ կանգնած են պետության առաջ: Իսկ այդ խնդիրները, որքան էլ որ տարօրինակ չթվա, մեզ շարունակում են հիշեցնել դրսից: Իսկ եթե հիշեցնում են, ապա կնշանակի, որ դրա կարիքը կա: Այսինքն տեսնում են, որ մեր մի ականջից ասածը դուրս է գալիս մյուս ականջով: Բայց աշխարհը թերեւս դեռ չի ձանձրացել մեզ ինչ որ բան բացատրելուց, եւ երեւի թե դեռ հույսեր կապում է Հայաստանի հետ: Ահա եւ մեզ քաջ հայտնի Դանիել Ֆրիդը օրերս հերթական անգամ հիշատակեց Հայաստանի խորհրդարանի ընտրության մասին ԱՄՆ դիրքորոշումը: Կոնդոլիսա Ռայսի տեղակալն ասաց, որ ԱՄՆ-ն իհարկե չի ակնկալում, որ Հայաստանի ընտրությունը կլինի կատարյալ, բայց առաջընթաց սպասում է: Բայց առավել հատկանշական են այն ձեւակերպումները, որ տվել է Ֆրիդը փաստացի հայկական սփյուռքի եւ հայկական պետության հարաբերության կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է Ռեգնումը, Ֆրիդն ասել է, որ հաշվի առնելով Ամերիկայում հայկական սփյուռքի հզորությունը, ինչպես նաեւ Հայաստանի կապերը Արեւմուտքում, մեր երկիրը պետք է գերազանցեր Վրաստանին: «Բայց հարու՞մ է արդյոք Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումներին: Դա հռետորական հարց է: Ես պատասխան չեմ սպասում, բայց արժե մտածել այդ մասին»,- ասել է Ֆրիդը:

Դրանից նախ պետք է անել ամենից կարեւոր հետեւությունը: Փոխանակ նպաստելու Հայաստանի խորհրդարանի ընտրության օրինական ու արդար ընթացքի համար ԱՄՆ կառավարության հնարավորինս մեծ աջակցություն ապահովելուն, Ամերիկայի հայկական լոբբին արեց ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ նախընտրական կարեւորագույն շրջանում Հայաստանում նոր դեսպան չունենա: Հասկանալի է, որ եթե ԱՄՆ-ին խիստ անհրաժեշտ լիներ, ապա դեսպան կնշանակվեր: Բայց հայկական լոբբին պետք է առաջնորդվեր ոչ թե ԱՄՆ, այլ Հայաստանի անհրաժեշտություններից ելնելով: Իսկ Հայաստանի պարագայում կա երկու անհրաժեշտություն` իշխանական Հայաստանի եւ քաղաքացիական Հայաստանի: Իշխանական Հայաստանի համար իհարկե նոր դեսպանները ոչնչով անհրաժեշտ չեն: Նրանք կամ պետք է ընդհանրապես չլինեն, կամ լինեն հները, որոնց հետ համակարգը հասցրել է լեզու գտնել: Իսկ ահա քաղաքացիական Հայաստանի շահը պահանջում էր, որ ԱՄՆ-ն իր վերահսկիչ ֆունկցիայով մասնակից դառնա ընտրությանը: Դրա համար կա առնվազն երկու կարեւոր պատճառ: Նախ, ԱՄՆ-ն մասնակցությունը խիստ անհրաժեշտ է Ռուսաստանի միակողմանի մասնակցությունը հավասարակշռելու համար: Եվ երկրորդ, Հայաստանի իշխանական վերնախավը, առավել եւս ունենալով ՌԴ վերնախավի բացահայտ աջակցությունը, կարող է փոքր ինչ «ամաչել» միայն Արեւմուտքից, այլապես վերջնականապես թքած կունենա Հայաստանի հասարակության վրա: Ահա թե ինչու քաղաքացիական Հայաստանի շահը պահանջում էր ԱՄՆ-ի ավելի մեծ հետաքրքրությունն ու մասնակցությունը մեր ընտրական գործընթացի դիտարկմանը:

Իսկ ինչ է քաղաքացիական Հայաստանը: Քաղաքացիական Հայաստանը դա Հայաստան պետությունն է, այն պարզ հիմնավորմամբ, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի իշխանության տերը ժողովուրդն է, այսինքն քաղաքացին: Եվ ստացվում է, որ Ամերիկայի հայկական լոբբին փոխանակ սպասարկելու Հայաստանի պետության շահը, աշխատել է ինչ որ այլ խմբերի կամ վիրտուալ պետության շահի համար: Բայց ամենից էականն այն է, որ Հայաստանի իշխանությունն էլ քաջալերել է այդ՝  փաստացի հակապետական աշխատանքը: Թեեւ եթե Հայաստանի իշխանությանը դժվար է ժողովրդավարության մասին մտածել, երբ դեռ այդքան սոցիալական հարցեր կան լուծելու, ապա բնական է, որ հայկական լոբբիին էլ ժողովրդավարության մասին դժվար է մտածել, երբ դեռ այդքան կոնգրեսականներ կան հայ դատի ծիրին մեջ Կոնգրեսի հայկական հանձնախումբ ներգրավելու: Չէ որ դա ոչ պակաս սոցիալական խնդիր է:

Ջեյմս ՀԱԿՈԲՅԱՆ
«Լրագիր»

——————————————————————————————-

Հասարակություն

Հոգու ճիչ

«Դեմո»-ի հարգելի խմբագրություն

Չկա մարդու համար առավել ահավոր և անտանելի վիճակ, քան երբ նրա հավատն է կորչում, և վրա է հասնում կյանքի համար կործանարար հիասթափությունը: Ասում են՝ ծովն ընկածը ծղոտից էլ է բռնում փրկության հույսով: Ես ներողություն եմ խնդրում համեմատությանս համար, բայց այսօր իմ նամակը՝ ձեզ ուղղված, նման է այդ հույսին: Ու ներքին անբացատրելի հավատ ունեմ, որ ինձ կհասկանաք, և վերջիվերջո  արդարությունը կհաղթանակի, այլապես մարդուն պետք է մեկ այլ՝ «գիշատիչ» անունը տրվի:

Ես զոհված ազատամարտիկի քույր եմ: Եղբայրս հերոսաբար կռվել և նահատակվել է Արցախյան ազատամարտի ժամանակ: Թվում էր, մայրս չի դիմանա ճակատագրի հասցրած դաժան հարվածին: Մեր ընտանիքին հասած դժբախտությունը կկործաներ մեզ, թե չլիներ նորածին որդիս, որ կրեց նահատակված եղբորս անունը՝ Էրիկ: Փոքրիկ Էրիկիս մեջ մեր կորցրած Էրիկին գտանք և փայփայելով մեծացրինք՝ նրա յուրաքանչյուր օրվա հետ ապրելով ու հուսավառվելով, մինչև… Մինչև դժբախտությունը նորից ծեծեց մեր դուռը:

Էրիկն այսօր սովորում է Մարտունի քաղաքի թ.1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում: Չնայած նրա՝ մեր միակ մխիթարություն լինելու հանգամանքին, ես և մայրս փորձում ենք մեծացնել այնպես, որ ինքնուրույն և հասուն կյանքի հորձանուտում կարողանա իսկական տղամարդուն վայել իր  տեղը գտնել, լինել իր նախապապերի արժանի հետնորդը: Ուստի ինքնուրույն գործելու և սեփական մտածելակերպով առաջնորդվելու հնարավորություն էինք տալիս: Ամռան շրջանում նա աշխատում էր քաղաքի արհեստական լճակի տարածքում տեղակայված սրճարանում, փորձելով ձեռքից եկածն անել  ընտանիքի հոգսերը թեթևացնելու համար:

Հենց այդտեղ էլ տեղի ունեցավ դժբախտ միջադեպը. իր հասակակից Ա.Օ.-ն նրանից փող պահանջելով և բացասական պատասխան ստանալով՝ վրեժի ցասումով լցված հարվածում է դանակով: Շատ ծանր վիճակում որդուս հասցնում են շրջանի կենտրոնական հիվանդանոց: Նա շատ արյուն էր կորցրել, որովհետև վնասվել էր աջ անրակային զարկերակն ու նյարդը, ինչը հաստատված է բժիշկների համապատասխան եզրակացությամբ: Հմուտ վիրաբույժ Գ.Գասպարյանի շնորհիվ որդիս փրկվում է, սակայն պահանջվում էր փուլային բուժում, որը պետք է ստանար Երևան քաղաքում: Էրիկին տեղափոխում ենք Երևանի Գրիգոր Լուսավորչի անվան շտապ օգնության կենտրոնը, որտեղ և արվում է հերթական վիրահատությունը: Զարկերակի պրոթեզավորում են անում, սակայն այս վիրահատությունը որդուս լրիվ ապաքինման համար վերջնական չեղավ: Վիրահատության նախապատրաստման համար պահանջվում էր մեկ ամիս, իսկ ստացիոնար բուժումը՝ 13 օր: Այս  ամենը իրականացնելուց հետո նշանակեցին ժամկետ՝ փուլային բուժում կատարելու համար: 2007-ին Էրիկին տարել եմ ֆիզիոթերապևտիկ հիվանդանոց (ինստիտուտ) ստացիոնար բուժման համար, որտեղ նա մնում է հունվարի 17-ից մինչև փետրվարի 2-ը:

Հարգելի խմբագրություն, այս բուժումներն իրականացնելու համար մեծ գումար էր պահանջվում, և միայն Աստված գիտե, թե մեզ ինչպես հաջողվեց հայթայթել այն: Մեր օրհասական պահին նեցուկ կանգնեց մեր քաղաքի բնակչությունը. թիվ 1 և 2 դպրոցների մանկավարժական և աշակերտական կոլեկտիվները, շրջվարչակազմի ղեկավար Ռ.Ազարյանը: Երախտագիտությամբ ուզում եմ նշել ԼՂՀ  պաշտպանության նախարար Ս.Օհանյանի օգնությունը: Մի խոսքով՝ մենք մենակ չէինք մեր դժբախտության հետ: Սակայն բուժումը վերջնական արդյունքին չի հասել: Տղայիս ձեռքը կարգին չի աշխատում և օրեցօր բարակում է: Ես հնարավորություն չունեմ նրա բուժումը շարունակելու, քանի որ լիարժեք բուժում հնարավոր է միայն արտասահմանում, ինչն էլ կապված է մեծ ծախսերի հետ:

Մեզ տանջում են և երեխայի տառապանքները, և անարդարությունը: Հանցագործը, որի պատճառով իմ որդին այս  վիճակում է, ազատության մեջ է ու մնացել է անպատիժ: Դատարանի որոշմամբ նրանից տուգանվել է 30.000 դրամ ու՝ վերջ: Դատարանի որոշման դեմ ի՞նչ կարող ես անել, բայց, մյուս կողմից էլ, ինչպե՞ս ապրել անկարողությունդ գիտակցելով: Ես դիմել եմ  բոլոր ատյաններին, անխտիր բոլոր ատյաններին ու ղեկավարներին, բայց անօգուտ:

Վիրավորական է հետևյալը: Արցախյան ազատամարտի ժամանակ հազարավոր զոհեր ենք տվել հանուն պատմական  արդարության վերականգնման, բայց այսօր անկարող ենք պայքարել այսօրվա մեր սեփական անարդարությունների դեմ:

Անհուսությունից չգիտեմ ինչ անել: Որդուս օրեցօր վատթարացող առողջությունը տագնապի մեջ է պահում ինձ ու մորս: Այս նամակը գրում և միայն մի հույս եմ փայփայում. գուցե տպագրվելուց հետո ինչ-որ մեկը  կընթերցի և իր օգնության ձեռքը մեկնի մեզ:

Ինքս զինծառայող եմ, աշխատում եմ Մարտունու զինվորական հոսպիտալում: Ամեն օր մեր բուժաշխատողների հետ պայքարում ենք մեր հայրենիքի պաշտպանների առողջության ամրապնդման, նրանց կյանքի փրկության համար: Չեմ կորցնում հույսս, որ կգտնվեն բարի մարդիկ և կօգնեն մեզ էլ՝ երկու  միայնակ մայրերիս, ում միակ ուրախությունը աչքի առաջ մարում է:

Գյուլնարա ԱՎԱԳՅԱՆ

 

Ընդդեմ թմրամոլության
«ԾԻԱԾԱՆԻ» ԳՈՒՅՆԵՐԻ ՄԵՋ ԽԱՄՐՈՂ ԿՅԱՆՔ…

Միշտ էլ խոր ցավ եմ ապրել, երբ հանդիպել եմ կորսված ճակատագիր ունեցող մարդու, անմուրազ սիրուց ցամաքած սրտերի, որբացած մանկություն ունեցող երեխաների, կանաչ ծառի, որին անգութ մի ձեռք կտրել է արմատից, մեծ ափսոսանք ապրել այն ծաղկափթիթ ծառի համար, որն, ավաղ, բերք չտվեց: Միշտ էլ խոր ցավ եմ ապրել ու նաև դատապարտել այն երիտասարդին, որն իր իսկ ձեռքով կործանում է իր ճակատագիրը, նաև այն երիտասարդներին, ովքեր գեթ մի անգամ անկեղծ չեն նայել իրար աչքերի և պարզապես տրվել են կրքերին: Անողոք դատավճիռ եմ կայացրել այն մոր համար, որ չգիտես ինչու մայրացել է, բայց գեթ մի անգամ չի գրկել փոքրիկին: Եւ, վերջապես, այն անգութ ծառահատին, ով կանաչն է չորացրել, և բնության այն անիմաստ պահին, որի հետևանքով ծաղիկը պտուղ չի դառել…

Երեսուն տարեկան է երիտասարդը, որին կարելի է բնութագրել միայն մի բառով: Բառ-ախտորոշմամբ, բառ-ճակատագրով: Նա թմրամոլ է: Ու այս մի բառը պարզապես տրորել է նրա հոգին, սպանել գեղեցիկն ու բարին: Եւ միայն  գերհաճույքի պահերին է, որ նա կյանքը տեսնում է ծիածանի գույների մեջ…

Արցախից մի համեստ ընտանիք տարիներ, շատ տարիներ առաջ հեռավոր երկրներ մեկնեց, սակայն  այնտեղ չգտավ իր որոնածը, իսկ ընտանիքի միակ զավակն էլ դեռ պատանեկան տարիներից սկսեց զբաղվել թմրամոլությամբ:

Իր իսկ կամքով երիտասարդը հայրենիք եկավ: Նա սիրում է Արցախը, սիրում է պապենական օջախը, որն այսօր, ավաղ, դատարկ է: Ծանր հիվանդությամբ է տառապում տղան:  Փորձեցի օգնել նրան: Շատ էի լսել «Հանրապետական հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ գործադիր տնօրեն, շնորհալի ու ճանաչված բժիշկ Էռնեստ Գրիգորյանի մասին: Առաջին զրույցը բժշկի և հիվանդի միջև հուսադրող էր: Հաջորդ օրն Արսենն արդեն այլ աչքերով էր նայում կյանքին:

Դրանից հետո էր, որ որոշեցի հանդիպել պրն Գրիգորյանին և զրուցել այս ամենի մասին:  Հարցերս բազմազան էին, սակայն նպատակս մեկն էր՝ պարզել, թե քանի կորսված կյանք է փրկվել այստեղ: Ըստ նրա, ալկոհոլն ու թմրամոլությունը մեծ չարիք են ամբողջ մարդկության համար, բայց երիցս ցավալի է տեսնել այդ ախտերով տառապող հայ երիտասարդների: Եւ որ ամեն ինչ պիտի արվի Արցախի երիտասարդությունն այդ ախտերից հեռու պահելու, դրանց սոցիալական և այլ արմատները վերացնելու ուղղությամբ: Պիտի ամեն ինչ անել թմրանյութերի տարածումը կանխելու, իսկ հիվանդներին էլ՝ բուժելու և դարձի բերելու համար: Նա գտնում է, որ սխալ է, երբ հոգեկան հիվանդությամբ տառապողները և թմրամոլներն ապաքինվում են միասին, պիտի առանձնացնել նրանց:

Չգիտեմ՝ կհավատա՞ք, թե՞ ոչ, բայց այսօր երեսնամյա Արսենի համար առողջ կյանքի մի փոքրիկ արահետ է բացվել շնորհիվ հոգեթմրաբանական դիսպանսերի գլխավոր բժիշկ Էռնեստ Գրիգորյանի և ամբողջ բուժանձնակազմի:

Ինչպիսի՞ն կլինի այդ արահետը՝ լայնահուն ճանապարհի՞ կվերածվի, թե՞ նորից խոտածածկ կդառնա: ժամանակը ցույց կտա: Անկախ դրանից` ուզում ես սեղմել սիրված բժշկի ձեռքն ու ասել. «Շնորհակալություն՝ ամեն ինչի համար»:

Ուզում եմ նաև կոչ անել երիտասարդներին՝  ձեր իսկ ձեռքով մի կործանեք ձեր ապագան և փնտրեք իրական ծիածանը…

Վարսիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ / ԱրՊՀ, Ժուռն.5-րդ կուրս

——————————————————————————————-

Պատմություն

ԽՆԴՐԱԳԻՐ՝ ՇՈՒՇԻԻՑ
կամ՝ Ալիբեկովի վկայությունները մահմեդականների դաժանությունների մասին

Անցյալ դարասկզբին Կովկասում տեղի ունեցած հայ-թուրքական /հայ-տաճկական, հայ-թաթարական՝ ըստ արձանագրությունների վկայության/  զինված ընդհարումների եւ դրանց հետեւանքների մասին շատ է գրվել, ինչպես ծավալուն հոդվածներ, այնպես էլ գրքեր: Հայ հեղինակները հիմնականում մեղավոր էին ճանաչում իշխանություններին, իսկ ադրբեջանցիները, անմեղ ձևանալով՝ ե’ւ իշխանություններին, ե’ւ հայերին:

Սալմանբեկ Ալիբեկովը 1918 թվականի իր խնդրագրում՝ հասցեագրված Բաքվի իշխանություններին, տալիս է այդ դեպքերի իրական պատկերը: Ուշագրավ է, որ գտնվել է գոնե մի մահմեդական, որ օբյեկտիվորեն գրել է այդ ամենի մասին և իր բողոքի ձայնը բարձրացրել:

Սալմանբեկ Ալիբեկովի խնդրագիրը՝ բաղկացած հինգ մեքենագիր էջից և գրված 1918 թ. դեկտեմբերի 18-ին, իմ ձեռքին է: Բազմիցս ընթերցել եմ, սակայն չեմ հավատում աչքերիս, որ այսքան կարեւոր մանրամասներ կարող է մի մարդ լրիվությամբ պահ տալ թղթին: Եվ զարմանալի է, որ այդ մարդը վկայում է իր հավատակիցների գազանությունների, արցախահայության դեմ կատարած ոճրագործությունների մասին, չթաքցնելով ոչինչ: Խնդրագրի հեղինակը  լրիվությամբ ներկայացնում է բոլոր հակահայկական ու հակառուսական ոճրագործությունները, ավազակային գործողությունները՝ Ղազախից մինչեւ Դիզակի եւ Կարյագինոյի գավառները:

Նախ ներկայացնենք ավազակախմբի այն անդամներին, որոնք, ըստ Սալմանբեկ Ալիբեկովի, վերահսկում էին իրավիճակը տարածաշրջանում: Դրանք էին՝ գավառապետ Խոսրովբեկ Փոլադով, Ալիբեկ Բեբուտով, Միրզաբեկ Բեբուտով, Աբդուլֆատբեկ Հասանբեկով, Իբրահիմբեկ Հյուսեինբեկով, Իսմայիլխան Զիատխանով, Հյուսեինաղա Ջևանշիր, Հյուսեինբեկ  Վեզիրով, Բեգլյարբեկ Սայբալինսկի: Զարմանալի է, թե ինչու ավազակախմբի այս ցուցակում չկա Արիքլի գյուղի բնակիչ, հայտնի ավազակ /ղաչաղ/  Սուլթանբեկի անունը, քանի որ սերտ համագործակիցներ են եղել: Սրանք իրոք վերահսկում էին, այն էլ ոչ թե ինքնուրույն, այլ թուրքերի հետ համագործակցած:

Հիմա տեսնենք, թե իրականում ինչ է կատարվել Արցախում ու նրա կենտրոն Շուշիում 1918 թվականին՝ սկսած օգոստոսից: Ըստ Սալմանբեկ Ալիբեկովի՝ 1905-06թթ. առաջին ազգամիջյան զինված ընդհարման կոնկրետ դրդապատճառներ չեն եղել: Պարզապես վերոնշյալ անձինք, իրենց բեկեր ու իշխանություն հռչակած ավազակախումբը, տարածաշրջանը հայաթափելու միտումով ընդհարման ծրագիր էր մշակել  Կոստանդնուպոլսում՝ թուրքական կառավարության հետ ու Գերմանիայի հովանու տակ /տես «Ռուսսկիե վեդոմոստի», թիվ 173, 1905թ./: Ծրագրի նպատակն էր Կովկասը լրիվ մաքրել հայերից, ջարդել նաեւ ազգային փոքրամասնություններին: Օգտվելով մահմեդականների խավարամտությունից, հենց նրանք են նախաձեռնել հարձակումը հայերի ու ռուսների դեմ: Ալիբեկովը նշում է, որ մուսուլմանների շրջանում տարածվում էին լուրեր, որ իբր Թավրիզում ռուսները կախաղան են բարձրացրել մուշտաիդին /հոգեւոր առաջնորդին/, ավերել են Մեդինա եւ Մեքքա քաղաքները:

Երբ Սալմանբեկ Ալիբեկովը փորձել է համոզել, որ անիմաստ ու վնասաբեր են ազգամիջյան ընդհարումները, նրան ու գաղափարակիցներին բանտարկում են: Բանտում գտնվելու ամիսներին շատ զրկանքներ է կրել Ալիբեկովը՝ քաղց, ծարավ, ծեծ: Ականատես է եղել, թե ինչպես կարելի է պահակի թողտվությամբ ներս մտնել, բացել բանտախցի դուռը և սպանել ում ուզում ես: Այդպես է սպանվել Ղահրամանբեկը՝ շուշիաբնակ մարդասպան Աղամիրովի կողմից:

Խնդրագրում Ալիբեկովը նշում է, որ իր հետ կատարվող բռնությունների մասին տեղյակ է պահել գավառապետի տեղակալ Նազարովին, սակայն համոզված է, որ դրական արդյունք չի ստանալու: Նույնիսկ գտնում էր, որ Ղահրամանբեկի ճակատագրին կարժանանա նաեւ ինքը: Սալմանբեկ Ալիբեկովն այն վկաներից է, որոնք տեղյակ են Արցախում երկու ազգամիջյան ընդհարման ժամանակ կատարված բռնություններին՝ Բերդաձոր, Խնապատ, Նախիջեւանիկ, Փրջամալ, Արանզամին, Աղբուլաղ, Դահրավ, Քյաթուկ գյուղերում:  Նա գրում է. «Երկու ամիս առաջ /հոկտեմբեր, 1918թ./  Չերքեզբեկ Շափիբեկովը օրը ցերեկով Շուշիում մարդ է սպանել ու ձերբակալվել, սակայն տալով 5000ռ. կաշառք, ազատվել է, չնայած քաղաքում հայտարարված էր ռազմական դրություն եւ մի հայ կոշկակարի նույն իշխանությունները կախաղան էին բարձրացրել նրա տանը մեկ հրացան հայտնաբերելու համար: Շուշիաբնակ Իսա Շափիբեկովը իր կնոջը սպանելու համար բանտարկությունից ազատվել է՝ տալով 3000 ռուբլի: Ղուշչիլար գյուղի 15 ավազակներ Խոջալու գյուղում  սպանել են չորս ռուսների: Հենց տվել են 15000 ռուբլի կաշառք, ազատ են արձակվել: Բանտի հսկիչ Շափիեւը բանտի պահեստից 50 հազար ռուբլի արժողությամբ ապրանք է գողացել, ձերբակալվել, սակայն 10 հազար ռուբլի տալուց հետո ազատվել: 1918թ. հունիսին բանտում սպանվել է Ղահրամանբեկը, սակայն մարդասպանը՝ Խուդուշ Գուլիեւը, չի էլ ձերբակալվել»:  Դա բավական չէ, թուրքերը Շուշի մտնելիս նրանց դիմավորողների թվում է եղել՝ որպես քաղաքի պատվարժան մարդ:

Փաստը, որի մասին մակերեսորեն է նշվում Բաքվին հասցեագրված խնդրագրում, ուզում եմ որոշակի մանրամասներ ներկայացնել ընթերցողին: Խոսքը վերաբերվում է Շուշիի ռազմական ոստիկանապետ, գնդապետ Ռաշկովսկու չորս հոգուց բաղկացած ընտանիքի բոլոր անդամների գլխատմանը: Այլ պատմական աղբյուրներ տեղեկացնում են /տես՝ վավերագրեր հայ եկեղեցու պատմության, հատոր 5/, որ գնդապետի ընտանիքը՝ ինքը, կինը, աղջիկն ու Թբիլիսիի ռազմական դպրոցի ուսանող տղան, 1918թ. մայիսին գիշերը գլխատվել են Խուդուշի պատվերով, զուտ նրա համար, որ գնդապետի աղջիկը հրաժարվել է ամուսնանալ Խուդուշի տղայի հետ:

Արդեն պիտի հասկանալի լինի, որ հանցագործը եղել է Ղահրամանբեկը, իսկ պատվիրատուն՝ Խուդուշ Գուլիեւը: Որպեսզի ամեն ինչ «մաքուր» մնա, վերջինս վերացրել է հանցագործին ու ինքը մնացել որպես արդար եւ ազնիվ մարդ: Նշված գործով որպես վկա քննիչի մոտ էին ուղեկցում Սալմանբեկ Ալիբեկովին: Քննիչը գտնվում էր բանտի այն թեւում, որտեղ միայն հայեր էին /հաշվի առնելով իրավիճակը՝ բանտը բաժանել էին երկու մասի/: Համարյա քննիչի աշխատասենյակ էին հասցրել, երբ մի խումբ հայեր զինաթափում են ուղեկցողներին ու հնարավորություն ստեղծում Ալիբեկովի փախուստի համար: Չգիտեմ՝ այդ փախուստն ինչ օգուտ է բերել հայերին, բայց այն էլ քիչ չէ, որ նա գրել է այդ ամենի մասին ու տպագրել 1919թ. հունվարի 23-ին՝ «Իսկրա» թերթի 3-րդ էջում:

Հրաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՔՈ ԴԱՍԸ ՈՉ ԹԵ ԽՈՍՔԻ, ԱՅԼ ԿՅԱՆՔԻ ԴԱՍ ԷՐ

Ցավի աքցանը սեղմում է սիրտս, երբ չնչին մարդկանց մեծարում ու դափնիներ են շռայլում հանդիսավոր պայմաններում: Այդ պահերին իմ հիշողության նվիրական խորաններում արթնանում է շքեղ քո կերպարանքը՝ զմրուխտե ճառագող աչքերիդ գերող փայլով, զվարթ հումորով ու ծիծաղով եւ դիմագծերիդ աստվածատուր ներդաշնակությամբ…

Աստվածաշունչը սովորեցնում է. «Տղա երեխան հոր ամոթն է, աղջիկ երեխան՝ մոր»:

Դու տասն եւ մեկ տարեկան մանուկ էիր, երբ կորցրիր հորդ, հայր իմ: Հայրական գուրգուրանքից ու դաստիարակումից վաղ տարիքում զրկվեցիր եւ ստիպված եղար ժամանակից շուտ հասունանալ, քանի որ կերակրող ձեռքից զրկված ընտանիքի անդրանիկ որդին էիր, Հայրենական մեծ պատերազմում զոհված հորդ՝ Խաչատուր Խաչատրյանի անդրանիկ ուրախությունը:

24 տարեկանում այրիացած մորդ՝ Շողեր տատիս հետ երեք որբուկների հոգսը քոնն էր նաեւ: Եւ թողեցիր դպրոցը 4-րդ դասարանից, երբ այնքան ուսումնատենչ էիր… Տատս սկսեց կոլտնտեսությունում ամենատարբեր աշխատանքներ կատարել, իսկ դու դարձար դարբնի աշակերտ… «Ոտներիս ծայրերի վրա կանգնում էի, որ բոյս հասներ՝ փուքս փչելու համար»՝ հիշում էիր հաճախ… Մորդ նեցուկ եղար եւ մեծացրիք որբերին:

Քո վեհանձնությունն ու շիտակությունը, սրտաբացությունն ու շռայլությունը, ազնվությունն ու ուղղամտությունը, մարդկայնությունն ու մարդասիրությունը բնատուր էին, գեներով փոխանցված…

…Սիրեցիր դարբնի ծանր գործը, հմտացար եւ ապա դարձար էլեկտրազոդող: Երկար տարիներ Մարտունու կենցաղսպասարկման կոմբինատում այդ հաստիքը սիրով զբաղեցնում էիր՝ կատարելով ու գերակատարելով պլան-պարտավորությունները… Առասպելական քո աշխատասիրության մասին են վկայում մեկ տասնյակից անցնող այն պատվոգրերն ու մեդալները, որոնք շնորհեցին քեզ… Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում պիտի տային, հիշում եմ. ավա¯ղ, «խառնվածքի մի թուլություն դյուցազնական հրաշակերտը տապալեց»…

1941-ի Մեծ հայրենականից հետո մի ամբողջ սերնդի մանկություն խաթարվեց. դու այդ սերնդի ներկայացուցիչն էիր: 1000-ավորների հետ խաթարված քո մանկության ու պատանեկության դառը պտուղները մենք էլ ճաշակեցինք թերեւս… Գուցե որբության դառնությունն էիր խեղդել փորձում գինու բաժակի մեջ, երբ վաղ պատանեկությունից, տատիս վկայությամբ, սեր տածեցիր առ հրաշագործ ու հրեշավոր այդ ոգելիցը…

Քո խառնվածքում ակնառու էր ստեղծագործական տարերքը, որն արտահայտվում էր թեւավոր խոսքերի հասնող սրամտություններով եւ պաշտամունքի հասնող սիրով, որ տածում էիր դու ուսման, գրչի ու գրքի մարդկանց նկատմամբ:

Խոր ակնածանք ունեիր Մոսկվայի Տիմիրյազեւի անվան ակադեմիայի շրջանավարտ, գյուղատնտես Ջահան Լալայանի անձի նկատմամբ: «Ես սիրում եմ գեղեցիկ, ուժեղ եւ բացառիկ ազնիվ այդ մարդուն»,- ասում է Ջ. Լալայանը քո մասին: Քո թիվ 1 մտերիմ ընկերներն էին Թաղավարդի միջնակարգ դպրոցի տնօրեն Լեւոն Մուսայելյանը եւ ԱրՊՀ դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Նիկոլայ Ավագիմյանը, որոնց դու սիրում էիր եւ նվիրված էիր անմնացորդ: Ընկերության մարմնացում էիր դու:

Հիշում եմ, թե ինչպես էիր ձեռքս բռնած, գրիչը տետրին սեղմած ինձ հետ նկարում հայոց այբուբենի տառերը: Իմ առաջին ուսուցչից առաջ իմ առաջին ուսուցիչն էիր դու՝ ուսման նկատմամբ ունեցած քո անհուն ծարավով եւ մարդկայնության անսպառ պաշարներով…

Ցավում է սիրող զավակի իմ հոգին քո փշրված մանկության ու պատանեկության, կիսատ մնացած ուսումնառության, դժվար ու անժամանակ ընդհատված կյանքի համար, հայր իմ, նվիրական անուն, անթեղված մորմոք եւ անթաքույց հպարտություն, իմ մշտական կարոտ ու մշտամրմուռ հուշ…

Այս ծաղկածիծաղ ապրիլին դու կբոլորեիր 70-րդ գարունդ, եթե մեկուկես տասնամյակ առաջ՝ 56-իդ մեջ, երբ ազերիների արձակած ռումբերի տակ էր Ճարտարը, չկտրվեր կյանքիդ թելը:

Քո մասին այնքա¯ն շատ բան կա գրելու, ես այնքա¯ն շատ բան ունեմ ասելու քեզ, հայր, քաղաքացի Եղիշե Խաչատուրի Խաչատրյան, բայց ներիր, հույզը խեղդում է ինձ եւ բառերս… արցունք են դառնում: Ինձ ամենից շատ կեղեքում է այն իրողությունը, որ որբության պատճառով կիսատ մնաց ուսումնառությունդ, երբ, սերնդակիցներիդ հավաստմամբ, ունեիր բոլոր տվյալները բարձրագույն կրթություն ստանալու համար: Կյանքը հարկադրեց, եւ դու արհեստավոր դարձար… Սփոփվեմ, որ վաստակավոր աշխատավորն է երկրի հարստությունը, քանի որ երկիրը հենց ինքն է, Դ.Դեմիրճյանի ասելով՝ «ռամիկը կփրկի աշխարհը, քանի որ հենց ինքն է աշխարհը»: Դու վաստակաշատ ու շիտակ աշխատավորն էիր եւ քո բարոյական նկարագրով շատ ավելի բարձր էիր, քան բազում դիպլոմավորներ, որոնք մասնագիտության բերումով պարտավոր են սերունդ դաստիարակելու, սակայն բարոյական նկարագրով չունեն այդ իրավունքը, քանզի սերունդ կրթում են ոչ թե ազնվության մասին մեծադղորդ ճառերով, մերկապարանոց հայտարարություններով, այլ ազնիվ կենսակերպով ու անձնական հատկանիշներով: Դու ազնվության ու մարդասիրության հատուկ դասեր չտվիր մեզ. քո ապրած կյանքը դաս եղավ մեզ՝ քո զավակների համար: Կա՞ ավելի հզոր միջոց մանկավարժության մեջ, քան անձնական օրինակը…

Քո դասը ոչ թե խոսքի, այլ կյանքի դաս էր:

Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ

——————————————————————————————-

Պապիկ-Տատիկ – 40

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԱԶԱՆՔԸ

Ավելի   քան  40  տարի   առաջ  իտալական    Կարարա  քաղաքում  կազմակերպվեց  համաշխարհային   ցուցահանդես:  Նշանավոր   հեղինակների  արվեստի   ստեղծագործությունների   հետ  միասին  ցուցահանդեսում  ներկայացված  էին  մեր   հայրենակից,  վաստակավոր   քանդակագործ,  Հայաստանի  ժողովրդական  նկարիչ,  պետական  մրցանակի  դափնեկիր,  պրոֆեսոր  Սարգիս  Բաղդասարյանի  աշխատանքները:

Նրա   ցուցադրած  գործերից  մեկին  հետագայում  վիճակվեց   դառնալ  աշխարհահռչակ:  Այդ  գործը  «Մենք  ենք,  մեր  սարերը»  քանդակն  է,  որը   մարմնավորում  է  արցախական  հողի  և  ժողովրդի  արմատների  միջեւ  եղած  արյունակցական  կապը:

Լայնորեն   հայտնի  է,  թե   Ադրբեջանի  ղեկավարության  կողմից  ինչպիսի  բողոք  է  բարձրացվել   Ստեփանակերտ   քաղաքի    մերձակայքում   այդ  քանդակը  տեղադրելու   առթիվ:  Այնուամենայնիվ,   հուշարձանը   տեղադրվեց    եւ  դարձավ   ազատություն   նվաճած  ու  իր  անկախության   ճանաչման  համար  մարտնչող  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության   խորհրդանիշը:

40 տարի  առաջ,  ես`  դեռեւս  պատանի,  գնում  էի  կարմիր   տուֆից    կառուցվող  հուշարձանի  մոտ  եւ  հետաքրքրությամբ    դիտում  քարտաշների  աշխատանքը:

Կարծես  կանխազգալով  այդ   ամենի  նշանակությունը,  իմ  մեջ  ցանկություն  հղացավ  լուսանկարել    կառուցվող   հուշարձանը:  Լավ  հիշում  եմ,  թե  ինչպես  1967  թվականի  նոյեմբերի  1-ին  հուշարձանի  մոտ  գնացի  լուսանկարչական  ապարատով:  Այնտեղ  էին  քանդակագործ  Սարգիս  Բաղդասարյանը  եւ    ճարտարապետ  Յուրի   Հակոբյանը:  Նրանցից  թույլտվություն  խնդրելով`   լուսանկարեցի   նրանց   միասին:

Չնայած  հուշարձանն  առնված  էր   շինարարական   տախտակների  մեջ,  աշխատանքը  մոտենում  էր  ավարտին:    Որմնադիրներ  Սուրեն  Գյագունցը,  Արտավազդ  Աթասունցը  եւ  Հակոբ  Լալայանը  շարում  էին  հուշարձանի  վերջին  քարերը,  հուշարձան,  որը  ներդաշնակորեն  միահյուսվեց   Ստեփանակերտի  համայնապատկերին:

Արցախյան  շարժման  նախօրեին   ինձ  բախտ վիճակվեց  կրկին  լուսանկարել   Սարգիս  Բաղդասարյանին:  Այս   անգամ  դա   կատարվեց     Ստեփանակերտի    պատկերասրահում`  նրա   անհատական   ցուցահանդեսում:

Տաղանդավոր  քանդակագործ,  հայրենասեր  Սարգիս  Բաղդասարյանը   մահացավ   2001  թվականին`  կյանքի  78-րդ  տարում:  Ազգային  ակունքներից  սնվող   փայլուն  արվեստագետի  քարե  ժառանգությունն  իր  ամբողջության  մեջ  մի   հերոսապատում   է   հայ  ժողովրդի  պատմության  մասին:

Կյանքի  վերջին  տարիներին   Ս. Բաղդասարյանը  երազում  էր    Ստեփանակերտի   կենտրոնական  մասում   տեղադրել  մոնումենտալ  հուշարձան,  որը  կխորհրդանշեր    արցախական   հայաշխարհի   հավերժության   գաղափարը:  Նա   չհասցրեց    իրականացնել  իր  երազանքը:

Արցախ։ 1988թ.

Պապիկ-Տատիկ: 1967թ

Քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը (աջից) եւ ճարտարապետ Յուրի Հակոբյանը:

Որմնադիրներ Սուրեն Գյագունցը, Արտավազդ Աթասունցը եւ Հակոբ Լալայանը:

Սարգիս Բաղդասարյանը (կենտրոնում) իր անհատական ցուցահանդեսում:

Վալերի ԱՆԴՐՅԱՆ
Լուսանկարները`  հեղինակի

——————————————————————————————-

Մշակույթ

«ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է»

(Հարցազրույց Հայաստանի գրողների միության քարտուղար« հայ-պարսկական  « Միհր» ամսագրի խմբագիր« գրող Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ)

-Հայ ժողովրդի համար գիրքը միշտ էլ եղել է պաշտամունքի առարկա£ Հնոււմ, ինչպես հայտնի է, անժառանգ մարդիկ գիրք են որդեգրել եւ պահել ծնողի հոգատարությամբ։ Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ հիմիկվա երիտասարդության մի զգալի մասը գիրք չի կարդում, այլ երաժշտություն է լսում« ֆիլմեր նայում եւ զբաղվում սպորտով։ Ի՞նչ տրամադրությամբ եք այս պայմաններում գրում։

-Գրում եմ այնպես, ինչպես առաջներում: Ուրախ եմ, որ մեր երիտասարդությունը սիրում է երաժշտությունը, կինոն ու սպորտը, որ կարողանում է վայելել կյանքը: Ուզում եմ, որ մեր երիտասարդները առողջ լինեն ու բազմակողմանի զարգացած: Համոզված եմ՝ նրանք վաղ թե ուշ վերադառնալու են գրքին: Եւ վերադարձն այդ թող հասուն լինի:

-Ուրեմն՝ սպասե՞լ այդ ժամանակների գալուն: Դուք սկզբունքորեն կհամաձայնվեի՞ք գրել, բայց չտպագրվել, քանի դեռ ընթերցող հասարակությունը չի վերադարձել գրքին։

-Կարևորը գրելն է: Գրողը գրում է հոգու պահանջով, առանց տպագրության մասին մտածելու: Ավելի ճիշտ՝ տպագրվելու համար չէ, որ գրում է։£ Բայց գիրքը նաև ուղերձ է մարդկանց, նամակ է, որ պիտի ուղարկես: Եթե չտպագրվեմ, ապա կկարդամ: Կկարդամ, ինչպես միշտ կարդացել եմ և ինչպես այսօր եմ կարդում£ Կկարդամ թեկուզև մի քանի հոգու համար:

-Գրողի համար միշտ էլ դժվար է եղել, այսօր էլ կան դժվարություններ: Ինչպե՞ս եք հաղթահարում դրանք£ Գրքի տպագրության միջոցների, թղթի հարցը…

-Ցանկացած դժվարություն հաղթահարելի է։  Թուղթ չլինի՝ կգրենք  ավազի,  երկնքի  վրա, ինչպես Պոլիգարն է  ասում£  Անգիր կանենք,  կհիշենք, հետագայում  կհաղորդենք,  ինչպես մեր բանավոր էպոսն է բերնեբերան անցել։  Չկա  գրականության համար  որեւէ խոչնդոտ ու արգելք։  Բանաստեղծությունը եղել է, երբ թուղթ չկար։ Չես տպագրվում՝ կարող ես բանաստեղծություններդ տեղադրել ինտեռնետում: Հազար ու մի ձև կա: Կարևորն այն է, որ բանաստեղծությունը ծնվի հոգուդ մեջ։

-Ի՞նչն է այսօր ամենաշատը հուզում գրողին։

-Այսօր  գրում եմ այն մասին«  ինչի մասին դուք եք մտածում£ Որովհետեւ ինձ էլ են հուզում  նույն  հարցերը, որ ձեզ են հուզում£  Չնայած տարիքային տարբերությունը մեծ է, բայց  նույն հարցերի պատասխաններն ես էլ եմ  փորձում որոնել ձեզ հետ միասին։ Ի տարբերություն ձեզ՝ ես ավելի պարտավորված եմ պատասխաններ գտնելու՝ իմ  կենսափորձով պայմանավորված։  Աշխատում եմ գտնել այդ հարցերի պատասխանները եւ արտացոլել իմ գրականության  մեջ։

-Ըստ Ձեզ, ծառայու՞մ է, արդյոք, այսօրվա հայ  գրականությունը իր ժողովրդին£

-Անպայման: Թեև այս հարցը  ճիշտ կլիներ տալ ընթերցողին: Նա էլ է աշխատավոր, նա էլ է գրողի հետ միասին նույն լուծը քաշում£ Ինչպես լինում է  տաղանդավոր գրող«  այնպես էլ լինում է տաղանդավոր  ընթերցող£

-Դուք «հարու՞ստ» եք  տաղանդավոր  ընթերցողներով£

-Ես իմ  ընթերցողներին շատ  եմ սիրում: Մի 500 հոգի ունեմ, դրանից  ավել  պետք էլ չի£

-Քանի՞ գիրք եք հեղինակել եւ մեկ  տարվա  մեջ քանի՞ գիրք է  Ձեզ  հաջողվում դնել  ընթերցողի  սեղանին£

-Գիրքը  ծնվում է  տառապանքով, այն երկարատև ու դժվարին գործ է£  Չորս-հինգ  տարի տառապում-տքնում եմ՝ երկնելու գիրք ստեղծելու համար£  Ես չեմ հավատում շուտ-շուտ երկնողներին£ Տասը գիրք ունեմ եւ դա շատ եմ համարում£ Այս տարի էլ եմ գիրք տպագրելու, նաև զբաղվում եմ թարգմանչությամբ՝ տասնյակից ավելի գրքեր եմ թարգմանել իսպաներենից£

-Գո՞հ եք  Ձեր  անցած  ուղուց, կյանքից:

-Դժգոհ եմ ոչ միայն  ինձնից« այլև եմ իմ ժամանակի  այս ուղղությունից« այս հոլովույթից: Ինձ անվերջ թվացել է, թե ժամանակս իզուր եմ վատնել« ավելորդ բաներ շատ եմ արել« որ կարելի էր ավելին նվիրել, ավելի շատ  հաղթահարել, ավելի  շատ նվիրվել£

-Ի՞նչն է  Ձեզ համար  ամենակարևորը£

-Ինձ  համար  ամենակարևորն ազատությունն է: Ազատությունն ու անկախությունը£ Մեր տարիքում  դրանք անիրականալի երազ էինք  համարում£ Ուրախ եմ, որ այն, ինչ մեզ համար ժամանակին ընդամենը երազ էր, ձեզ համար արդեն սովորական առօրյա է:

Հարցազրույցը վարեց Անուշ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

 

ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ ԵՆ

Շատ հաճելի է, որ այսօր Ստեփանակերտում պահանջված է կինոթատրոնը, քանի որ մարդիկ եւս մի հնարավորություն ստացան հետաքրքիր դարձնելու իրենց առօրյան: Մի քանի տարի առաջ շատերն էին բողոքում, որ քաղաքում հանգստանալու, զվարճանալու տեղ չկա: Այսօր ամեն ուրբաթ օր կարելի է կինոթատրոն այցելել ու դիտել հետաքրքիր ֆիլմեր: Նամանավանդ, դրան են տրամադրում թե կինոթատրոնի նորոգված շենքը, թե գունագեղ ազդագրերը և թե տարաբնույթ ֆիլմերը: Բայց, միևնույն է, ինչ-որ բան այն չէ: Օրերս տեղի ունեցած մի դեպք ստիպեց ինձ անդրադառնալ այդ «ինչ-որ բանին»:

Հերթական ցուցադրվելիք կինոնկարի ազդագիրը տեսնելով՝ մի խումբ ուսանողներ որոշեցինք այցելել կինոթատրոն:

Երեկոյան ժամը 19.00-ին «Սպայի տան» առջև հավաքվել էր երիտասարդների ու երեխաների մի ստվար խումբ, բոլորն էլ տոմս էին ձեռք բերում: Քիչ անց բոլորս զբաղեցրինք մեր տեղերը ու սպասեցինք ֆիլմը սկսելուն: Կինոնկարի վերնագիրն ինչ-որ արկածային պատմություն էր խոստանում, սակայն մեր սպասելիքները չարդարացան, ու մենք ընկերներով լքեցինք կինոթատրոնը: Մեր օրինակին հետևեց հանդիսատեսների մեծ մասը: Պարզապես մենք մեզ անհարմար էինք զգում այդ ֆիլմը դիտելիս: Ու մեզ խաբված էինք զգում:

Գունագեղ ու ճչան ազդագրով գրավել էին մարդկանց ուշադրությունը և «ախորժակ էր գրգռվել», բայց ցուցադրվել էր մի այնպիսի կինոնկար, որը նախատեսված է 18 տարեկանից բարձր տարիքի համար: Ահա այս պրոբլեմն է, որ պիտի լուծվի, պիտի պահպանվեն տարիքային սահմանափակումները:

Կինոթատրոնից դուրս գալիս նկատեցինք այնտեղի աշխատողների զարմացական հայացքները: Հարցրին, թե ինչու չենք նայում կինոնկարը, մի՞թե հետաքրքիր չէ:

-Իսկ ինչո՞ւ տարիքային սահմանափակումներ չեք պահպանում,-հարցին հարցով պատասխանեցի,- չէ՞ որ դահլիճում նստած են նաև անչափահասներ:

-Այնպես ես ասում, կարծես թե այդ նույն երեխաներն իրենց տանը այդպիսի ֆիլմեր չեն դիտում,-պատասխանեց աշխատողներից մեկն ու գնաց:

Ասելու բան չունեի ու եթե անգամ ունենայի, միևնույն է՝ չէի ասի: Ի՞նչ օգուտ դրանից՝ մարդը համոզված է, որ ինքն իրավացի է:

Բայց ես էլ մնում եմ իմ կարծիքին: Որ պետք է, այնուամենայնիվ, պահպանել սահմանափակումները գոնե հասարակական վայրերում: Այո, հիմիկվա պայմաններում անչափահասի համար դժվար չէ ցանկացած տեսաֆիլմ ձեռք բերել և ընկերներով որևիցե տեղ նայելը: Բայց ի՞նչ իմաստ ունի նպաստել այդ հնարավորությանը:

Չեմ կարող պնդել, թե մեր կինոթատրոնում միայն այդպիսի ֆիլմեր են ցուցադրվում և որ ընդհանրապես չեն պահպանվում տարիքային սահմանափակումները, շատ հնարավոր է, որ դա միակ դեպքն էր:

Հուսանք, որ այնտեղ վաղօրոք դիտվում են ֆիլմերը՝ որոշելով, թե տարիքային ինչ խմբի համար է այն նախատեսված, կամ էլ որ ֆիլմերը ստացվում են համապատասխան երաշխավորագրերով, որոնք էլ պահպանվում են: Հուսանք, որ այդպես է:

Համենայն դեպս, այդպես է բոլոր քաղաքակիրթ երկրներում:

Իրինա ՈՍԿԱՆՅԱՆ

 

ՀԱՂԹՈՂՆԵՐ ԵՂԱՆ, ՊԱՐՏՎՈՂՆԵՐ՝ ՈՉ

Արցախի պետական համալսարանում վերջին տարիներին հետաքրքիր միջոցառումներ քիչ չեն կազմակերպվել, սակայն այս մեկը տարբերվում էր թե ընդգրկմամբ և թե գիտամանկավարժական առումներով:

Ընթացիկ ուսումնական տարվա աշնանն էր… Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ՝ ռեկտոր Ա. Սիմոնյանի գլխավորությամբ, այցելել էին Ստեփանակերտ: ԱրՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստում քննարկված կարևոր խնդիրներից հետո բուհի ռեկտոր Հ.Գրիգորյանը ցանկություն հայտնեց կազմակերպել ուսանողական միջբուհական հայկական օլիմպիադա, հանձն առնելով կազմակերպչական աշխատանքների պատասխանատվությունը: Առաջարկը ոգևորությամբ ընդունվեց բոլորի կողմից:

Շուտով ստեղծվեց կազմկոմիտե՝ ԱրՊՀ ռեկտոր Հ.Գրիգորյանի նախագահությամբ, մրցութային հանձնաժողովի նախագահ նշանակվեց ԱրՊՀ պրոռեկտոր Ա. Աբրահամյանը: Կազմվեց նաև ծրագիրը, սկսվեցին օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները: Եվ այն իրականացվեց ապրիլի 12-14-ը:

Հաճելին այն էր, որ օլիմպիադային մասնակցելու նպատակով Արցախ էին ժամանել Երևանի պետական, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների 40 ուսանողներ՝ իրենց դասախոսների ղեկավարությամբ: Նրանց ընդունումը և տեղաբաշխումը ընթացավ կազմակերպված՝  հյուրերը տեղավորվեցին քաղաքի լավագույն հյուրանոցներում:

Ապրիլի 13-ին ԱրՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ օլիմպիադայի բացումը, որին ներկա էին ԼՂՀ փոխվարչապետ Ա.Դանիելյանը, ԼՂՀ ԿՄՍ նախարար Կ. Աթայանը և պատասխանատու այլ անձինք: Օլիմպիադայի բացումից առաջ բուհերի մի խումբ ուսանողներ ծաղկեպսակներ դրեցին արցախյան ազգային-ազատագրական պատերազմում զոհված 72 ուսանողների հիշատակը հավերժացնող համալիրի պատվանդանին: Օլիմպիադայի մասնակիցներին և հրավիրված հյուրերին ԱրՊՀ ռեկտորի ողջյունի խոսքից հետո ելույթներ ունեցան Երևանից ժամանած ուսանողական խմբերի ղեկավարները, որոնք շնորհավորեցին և ընդգծեցին միջոցառման նշանակությունը համահայկական գիտական և մշակութային բնագավառների գործընթացում:

Ապա սկսվեցին առաջադրանքների կատարումը «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն լեզու», «Պատմություն» և «Տնտեսագիտություն» մասնագիտությունների գծով: Նշենք, որ նշված մասնագիտությունների հարցաշարերը վերջնականապես կազմվել են նույն օրը, բոլոր բուհերի դասախոսների համատեղ ջանքերով: Հարցերն ընտրվել են բուհական ծրագրերից և եղել են բավականին բարդ:

Օլիմպիադայի առարկայական հանձնաժողովների անդամները անհրաժեշտ բացատրություններ տալուց հետո թողել են լսարանները, վերահսկողությունը տրամադրելով ոչ մասնագետների: Գրավոր առաջադրանքները հանձնվել և ստուգվել են ծածկագրված: Ստուգումներն իրականացրել են տարբեր բուհերի մասնագետ-դասախոսները՝ ավարտելով նույն օրը:

Ապրիլի 14-ին օլիմպիադայի բոլոր մասնակիցները, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ միասին,  մեկնել են Գանձասար: Այցելությունը բավականին ոգևորիչ էր, քանզի Հայաստանից ժամանած ուսանողների մեծ մասն առաջին անգամ էր լինում Արցախում: Նրանց դիմավորում և բացատրություններ է տալիս Տեր Հովհաննեսը, որն արցախյան պատերազմի ժամանակ մի ձեռքին սուր, մյուսում՝ խաչ, մարտնչել է հրոսակների դեմ՝ փրկելով պապերի բնօրրանն ու սրբավայրերը: Եվ այսօր նրա աստվածային-կենսական խոսքը ոգևորում է հայ ուսանողներին, որոնք սրբատանը վառելով մոմեր՝ իրենց սրտաբուխ աղոթքն են ուղղում առ Աստված:

Կեսօրին օլիմպիադայի մասնակիցները հրավիրվում են դահլիճ այն նավ-հյուրանոցի, որ կառուցվել է Վանք գյուղի զավակ, մոսկվաբնակ Լևոն Հայրապետյանի միջոցներով: Մինչև ճաշկերույթն սկսվելը ԱրՊՀ ռեկտորը մրցանակային դիպլոմներ է հանձնում առավել բարձր միավորներ հավաքած մասնակիցներին և պատվոգրեր՝ աչքի ընկածներին: Հայոց լեզվի և գրականության գծով առաջին կարգի դիպլոմներ են հանձնվում ԱրՊՀ և ԵՊՀ ուսանողուհիներ Ս.Հայրիյանին և Ա.Անտոնյանին, պատմության գծով՝ ԵՊՀ ուսանողներ Ա. Խաչատրյանին և Գ.Մելքոնյանին, ԱրՊՀ-ից՝ Ա.Հայրապետյանին և Է.Մխիթարյանին, ԵՊՄՀ-ից՝ Մ. Բադալյանին: Երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների են արժանացել 21 ուսանողներ:

Օլիմպիադայի եզրափակիչ արարողության ժամանակ ԼՂՀ ԿՄՍ նախարար Կ.Աթայանը հատուկ մրցանակ շնորհեց ԵՊՀ ուսանող Գ.Մելքոնյանին՝ «Խամսայի մելիքությունները» թեմայի լավագույն բացահայտման շնորհիվ, իսկ փոխվարչապետ Ա.Դանիելյանը ԼՂՀ 15-ամյակին նվիրված հոբելյանական հուշամեդալ ուղարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յու. Սուվարյանին՝ Արցախի համար որակավորված տնտեսագետ-մասնագետներ պատրաստելու համար:

Եզրափակիչ խոսքում ԱրՊՀ ռեկտորը ընդգծեց միջոցառման կարևոր նշանակությունը ոչ միայն ուսանողների գիտական մակարդակն ստուգելու  և բարձրացմանը նպաստելու առումով, այլև Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդներին միասնական դաշտի վրա տեսնելու, համատեղ ջանքերով երկու հայկական հանրապետությունների բարգավաճմանը ծառայելու գործընթացում: Նա ոգևորությամբ ընդունեց Փոխանցիկ մրցանակը, որ ԱրՊՀ-ին տրվեց մեկ ուսանող կտրվածքով առավելագույն՝ 15.5 միավոր հավաքելու համար: Ռեկտորը հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին կշարունակվեն նման միջոցառումները:

Ուսանողական միջբուհական հայկական առաջին օլիմպիադայի եզրափակիչ արարողությունը Գանձասարի հայացքի տակ անցավ երգի, պարի, ասմունքի ուղեկցությամբ: Գոհ էին բոլորը, և նրանց հոգիներում հնչում էր մի առինքնող ձայն. «Հաղթողներ եղան, պարտվողներ՝ ոչ»:

Սոկրատ ԽԱՆՅԱՆ / ԱրՊՀ գրականության եւ լրագրության ամբիոնի վարիչ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s