№ 8 / 15 մայիս

ՏՂԱՄԱՐԴՈՒ ՏՈՆ

Եռատոնն առաջին հերթին և ամենից առաջ տղամարդու տոն է, իսկական տղամարդու, ասպետի, հերոսի: Մեր երեք «տոնական» փորձություններով միայն իսկական տղամարդը կարող էր անցնել, այս զրկանքները  միայն տղամարդը, արծիվը, առյուծը կարող էր հաղթահարել: Ասել է թե՝ սա առաջին հերթին և ամենից առաջ տղամարդկային, արծվային ու առյուծային հատկանիշների տոնն է:

Լուսանկարը` Ռուբեն ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻ (“Պատկեր ֆոտո”) / Քարվաճառ

Տոն, որ միշտ մեզ հետ պիտի լինի, բայց ոչ թե փորձությունների իմաստով, այլ հիշյալ հատկանիշներով ապրելու առումով: Ի վերջո, այդ հատկանիշներն անհրաժեշտ են ոչ միայն մարտադաշտում, այլև մեր առօրյա կյանքում՝ մեր կյանքը, մեր արժանապատվությունը, մեր իրավունքները պաշտպանելու համար: Չխեղճանալու, չստրկանալու, չստորանալու համար: Տղամարդու, ասպետի, հերոսի կտակած խաղաղությանն արժանի լինելու համար:

Ցավոք սրտի, հերոսամարտից հետո զգացվում է արական սեռի ներկայացուցիչների ու հատկապես տղամարդկանց կարիք: Իսկ ներուժը կա՝ չի չորացել հայոց քաջության արգանդը, պարզապես հոգու խորխորատներում է այդ ներուժն անթեղված: Եւ փորձության ժամին այն նորից կարթնանա:

Իսկ մեր առօրյա կյանքը, ցավոք, դեռ շարունակում է փորձության նմանվել: Մեր պարագայում, սակայն, փորձությունն այդ շատ ավելի հաղթահարելի է, քան մեր պապերի ու մեր եղբայրների համար էր: Ուրեմն՝ տղամարդ լինենք միշտ և ամեն տեղ:  Ինչպես պատերազմական այս լուսանկարի հայկազուն դյուցազնն է անբաժան իր զենքից, այնպես էլ մենք ամենուր և ամեն ժամ անբաժան լինենք մեր սկզբունքներից, մեր պատվից ու խղճից: Չդավաճանենք մեր սկզբունքներին, գործարքի չգնանք մեր խղճի հետ, չթողնենք մեզ ճկեն:

Տղամարդ լինենք: Եթե իրավացի ենք՝ քաջի պես դիմակայենք, երբ անգամ ուժերն անհավասար են, այլ ոչ թե անցնենք շատի և ուժեղի կողմը, իսկ շատ և ուժեղ լինելու դեպքում էլ՝ վեհանձն լինենք: Այդպիսին էին մեր եղբայրներն ու պապերը պատերազմի ժամանակ: Հիմա առավելս պիտի այդպիսին լինենք, քանի որ հիմա թշնամի չկա, բոլորս էլ մերոնք ենք:

Տղամարդ լինենք: Տեր լինենք մեր ճակատագրին ու մեր երկրին: Ու մեր խոսքին: Տղամարդու խոսքին:

——————————————————————————————-

Տոնական անցուդարձ

ԱԶԱՏԱԳՐՎԵԼԻՔ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷՐ 

«Արցախյան պատերազմի ժամանակ տարածքները ազատագրվում էին անվտանգության գոտու ստեղծման համար, քանի որ հակառակորդի մոտ կազմավորումներ կային, որոնք ցանկացած պահի կարող էին հարձակվել Ղարաբաղի վրա: Դրա համար էլ ազատագրվել են այդ շրջանները»,-այս մասին ասել է Ղարաբաղի զինված ուժերի առաջին հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը /Կոմանդոս/` պատասխանելով KarabakhOpen-ի այն հարցին, թե ինչ նպատակով էին պատերազմի ժամանակ ազատագրվել այն տարածքները: Չէ՞ որ շրջանների հանձնման հարցը հաճախակի է արծարծվում եւ Ադրբեջանում, եւ Հայաստանում:

Կոմանդոսը փաստել է նաեւ, որ ոչ թե տարածքներ են ազատագրել, այլ ոչնչացրել են հակառակորդի կրակակետերը, զինտեխնիկան եւ այլն: «Այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու ստեղծման խնդիրը շատ լուրջ էր, ամեն ինչ ծրագրված էր եւ հաշվարկված, պետական ծրագիր էր, աշխատում էր ողջ համակարգը: Այնպես որ, այդ տարածքները պատահական չեն ազատագրվել: Ներկայումս էլ այդ շրջանները մեր ռազմավարական անվտանգությունն են, առանց որոնց մենք կմեծացնենք վտանգավորության աստիճանը, այսինքն՝ կխախտենք անվտանգությունը: Դա ռազմական տեսանկյունից, իսկ քաղաքական գործիչները մի քիչ այլ կարծիք ունեն»,-նշել է Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Ղարաբաղի այն ժամանակվա ինքնապաշտպանության ջոկատների շտաբի պետ, ներկայումս գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը նույնպես ընդգծեց, որ տարածքներն առաջին հերթին ազատագրվել են անվտանգության ապահովման համար: «Դրանք հիմա շատ մեծ նշանակություն ունեն ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի անվտանգության համար»,-ավելացրել է Ֆ. Գզողյանը:

http://www.karabakhopen.com

ԲԱՆԱԿԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐՆ ԻՆՔՆԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

(Հարցազրույց ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ հետ)

– Պարոն նախարար, ինչպե՞ս հղացավ գիրք գրելու գաղափարը:

– Երբևէ  չէի մտածել գիրք գրելու մասին, որովհետեւ սովորաբար այդ նպատակով գրիչ են վերցնում այն զինվորականները, ովքեր արդեն չեն աշխատում անձնակազմի հետ« պաշտոնաթող են և բավականին ազատ ժամանակ ունեն: Ճիշտն ասած, տարիների ընթացքում ահագին նյութեր են կուտակվել« որոնց վրա վաղ թե ուշ պիտի աշխատեի: Այս գրքով չեն սպառվել այդ նյութերը, ուստի որոշել եմ հետագայում դարձյալ անդրադառնալ դրանց, քանի որ այս գրքում բավարար չափով չեն  արտացոլված պատերազմական տարիները: Կուզենայի հետագայում առավել հանգամանորեն անդրադառնալ Արցախյան գոյապայքարի եւ մեր պետականաշինության առանձնահատկություններին, մի առանձին  աշխատություն էլ  ուզում եմ նվիրել հայոց բանակի զինվորի ու հրամանատարի ֆենոմենին: Նրանց շնորհիվ է« որ այսօր խաղաղ պայմաններում ենք ապրում:

– Ինչպե՞ս եք հասցնում բանակաշինության գործին զուգահեռ նաև ստեղծագործական աշխատանքով զբաղվել: Մեկը մյուսին չի՞ խանգարում:

– Բանակի յուրաքանչյուր օրն ինքնին ստեղծագործություն է, եւ, կամա թե ակամա, ամեն օր երեկոյան քո տպավորությունները ճերմակ թղթին պահ տալու կարիքն ես ունենում: Մանավանդ,  որ օրվա կատարվածի մեծ մասն առանց այն էլ գրի է առնվում« կոնսպեկտավորվում, ձևակերպվում փաստաթուղթ: Երբեմն պարզապես մնում է ընդամենը մաքրագրել դրանք:

– Այսօր փաստորեն Ձեր ձեռքին երկու զենք է՝ ավանդականը և գրիչը:

– Մեր ժողովուրդն իր պատմության գրեթե բոլոր ժամանակաշրջաններում ստիպված է եղել զենքն ու գրիչը զուգակցել: Բացի այդ, ցանկացած զինվորական տեսաբան պետք է կարողանա զենքի հետ միասին նաեւ գրչին տիրապետել:

Հարցազրույցը վարեց Անուշ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
8  մայիսի

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ

Մայիսի 11-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Սեյրան Մուշեղի Օհանյանը ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Մովսես Հրանտի Հակոբյանը, որն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի շտաբի պետ-պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից:

Նախագահի այլ հրամանագրերով գեներալ-մայոր Լյովա Հենրիխի Մնացականյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի շտաբի պետ-պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ:

ԼՂՀ նախագահի մամլո քարտուղարի պաշտոնակատար

ՔԱՌԱՏՈՆ
կամ` Տոնը բոլորինը պետք է լինի

Մայիսյան եռատոնն այս տարի առոք-փառոք նշեցինք, ու փառավորվեց ժողովրդի սիրտը: Ահա թե ինչու որոշեցինք չանդրադառնալ այս կամ այն թերությունները նկատած մարդկանց դիտարկումներին, որ ուղարկվել են մեր թերթին: Սակայն մի հանգամանքի, այնուամենայնիվ, նպատակահարմար ենք գտնում անդրադառնալ:

Մայիսյան եռատոնը բոլորինս է, ողջ արցախահայությանն ու համայն հայությանը, առավել ևս նրանցը, ովքեր մեծ ներդրում են ունեցել այդ հաղթանակները կռելու գործում: Ուստիև  տոնը կարելի էր և պարտավոր էինք համերաշխության խորհրդանիշով անցկացնել:

Կարելի էր հրավիրել Սամվել Բաբայանին, ով հաղթանակած բանակի հրամանատարն էր: Կամ որքան խորհրդանշական կլիներ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը, որի գերագույն հրամանատարությամբ են ձեռքբերվել հաջողությունները:

Մայիսի 9-ին, գոնե այդ միակ օրը, կարելի էր եռատոնը քառատոն դարձնել՝ հավելելով Համերաշխության տոնը:

«ԴԵՄՈ»

—- ՀԱՂԹԱՆԱԿ ———————————————————————–

——————————————————————————————-

Ընտրություններ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԹԵԿՆԱԾՈՒ ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՄԻ ՓՈՔՐԻԿ ՀԱՂԹԱՆԱԿ Է ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ 

Ավարտվեց թեկնածուների առաջադրման համար նախատեսված ժամկետը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն՝ առաջադրվել է ԼՂՀ նախագահի հինգ թեկնածու: Նրանց թվում ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի ներկայությունն արդեն իսկ մի փոքրիկ հաղթանակ է երկրի ժողովրդավարական իմիջի համար: Եւ ահա թե ինչու:

Գաղտնիք չէ, որ նախընտրական զարգացումներն ընթանում են ավելի շատ անդրկուլիսյան, քան հրապարակային եղանակով, ինչն անհարիր է քաղաքական պայքարի դասական տրամաբանությանը: Դեպքերը զարգանում են ոչ թե ցանկալի՝ գաղափարական հենքի վրա, այլ քաղաքական ու ոչ քաղաքական հաշվարկներով, որտեղ գաղափարներն ու սկզբունքները «փոխզիջվում» են ի նպաստ միասնական թեկնածուի: Եթե դեպքերի այս զարգացմանը ոչինչ չխոչընդոտեր, ապա փաստորեն կուսակցությունների վերնախավը փաստի առաջ կկանգնեցներ ընտրազանգվածին և կզրկեր նրան այլընտրանքից, այն է՝ իրական ընտրություն կատարելու հնարավորությունից: Այդ սցենարի իրականացումը ենթադրում էր մյուս թեկնածուների զուտ ձևական, վարագուրային մասնակցություն, քանի որ «միասնական թեկնածուն» և նրա մրցակիցները միանգամայն տարբեր «քաշային խմբերում» կլինեին:

Սա ամեն ինչից զատ կվնասեր նորանկախ երկրի ժողովրդավարական իմիջին: Մինչդեռ հանրության մի զգալի մասի հարգանքը վայելող Մասիս Մայիլյանի առաջադրումը խառնեց խաղաթղթերը՝ ի չիք դարձնելով հիշյալ սցենարը: Թե հանրության չքաղաքականացված ու չկուսակցականացված հատվածի որքան մասը կաջակցի ԼՂՀ փոխարտգործնախարարին՝ ցույց կտա ժամանակը, բայց որ այն առնվազն համադրելի է լինելու «միասնական թեկնածուի» ընտրազանգվածին՝ արդեն այսօր կարելի է ենթադրել:

Իսկ սա նշանակում է, որ լինելու է իրական ընտրություն: Սա նշանակում է նաև, որ նորանկախ երկրի ժողովրդավարական իմիջը «փրկվել» է: Ընդ որում՝ ոչ «միասնական» ջանքերով: Այսպես թե այնպես՝  սա արդեն իսկ փոքրիկ հաղթանակ է:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԼՂՀ ԱԺ պատգամավոր

«ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԼԻՆԵԼՈՒ ԵՆՔ ԵՐԱՇԽԱՎՈՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ»

Հարցազրույց ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ

– Պարոն Սահակյան, հանրապետության չորս առաջատար կուսակցություններ, շարունակելով քաղաքական խորհրդատվությունները, հանդես են եկել Ձեզ՝ որպես ԼՂՀ նախագահի միասնական թեկնածուի պաշտպանելու մասին հայտարարությամբ: Ինչպե՞ս եք մեկնաբանում մեր ներքաղաքական կյանքի այս աննախադեպ իրողությունը:

– Անկեղծ ասած, ուրախ եմ, որ հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտին քաղաքական նոր գործիչներ պետության ղեկավարի պաշտոնի համար ընտրապայքարին մասնակցելու հայտ ներկայացրին: Դա մեկ անգամ եւս վկայում է, որ ԼՂՀ-ում բոլոր հիմքերը կան, որպեսզի հուլիսի 19-ին կայանան նախագահի ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ, ապահովվի իրական բազմակարծություն եւ գաղափարների ու մոտեցումների մրցակցություն, ուստի իմ թեկնածությունը պաշտպանելու մասին չորս կուսակցությունների հայտարարությունը չի սպառում հանրապետության քաղաքական դաշտի, հանրային շրջանակների վերաբերմունքը նախագահական ընտրությունների նկատմամբ: Կարծում եմ, մինչեւ առաջադրված թեկնածուների գրանցման ավարտը մենք կունենանք ապագա մրցապայքարի առավել տեսանելի պատկերը, այնպես որ՝ ներքաղաքական կյանքի աննախադեպ իրողության մասին գնահատականը, թվում է, լիովին չի բնութագրում ներկա պահը: Մյուս կողմից, իրոք, Ազգային ժողովում ներկայացված չորս կուսակցություններ հայտարարել են, որ պաշտպանում են ինձ՝ որպես ԼՂՀ նախագահի միասնական թեկնածուի: Նրանք այդ որոշումն ընդունել են առաջիկա տարիների կտրվածքով ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականության օրակարգային սկզբունքների շուրջ միջկուսակցական համաձայնություն ձեռք բերելուց եւ այդ հարցով ինձ հետ անցկացրած խորհրդատվությունների արդյունքում: Սա նշանակում է, որ ես ընդունում եմ այդ սկզբունքային օրակարգը: Այս պահի մեր միասնությունը նախագահական ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու երաշխիք է, իսկ ապագայում, եթե մենք ստանանք ընտրողների վստահության քվեն, այն կդառնա պատասխանատվություն: Համոզված եմ, որ միասին մենք լինելու ենք երաշխավոր եւ պատասխանատու:

«Ազատ Արցախ», 8 մայիսի, 2007

ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ԼԻՆԵԼԸ ԿԱՐԵՎՈՐ Է 

Նախագահական ընտրությունների շեմին երբ փորձագետները սկսեցին համեմատել թեկնածուներին, խոսել նրանց առավելությունների ու թերությունների մասին, փաստեցին հիմնական թեկնածուներից մեկի՝ Բ.Սահակյանի հանրային գործիչ չլինելու հանգամանքը, ինչը խիստ վրդովեցրեց նրա կողմնակիցներին: Վերջիններիցս մեկը գյուտ արածի նման հետևյալ հակափաստարկը բերեց՝ Բ.Սահակյանի հանրային-հրապարակային գործիչ չլինելը պայմանավորված է թեկնածուի ղեկավարած ոլորտի (Ազգային անվտանգության ծառայության) առանձնահատկություններով: Այս հանգամանքն, ինչ խոսք, չես կարող նկատի չունենալ, պարզապես այդ փաստարկից հետո կողմնակցի արած եզրակացությունը ծիծաղելիության աստիճան միանշանակ ու անհիմն էր: Ի՞նչ պիտի աներ Բ.Սահակյանը, հարցնում է նա, հարցազրույցներ տար ու խոսեր ագենտուրային ցանցի, արտաքին հետախուզության մասին և անվտանգության գաղտնիքնե՞րը բացեր:

Սա մարդկանց պարզապես թյուրիմացության մեջ գցելու միտում է: Այսպես, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ևս առանձնահատուկ ոլորտի ղեկավար էր, բայց միանշանակ հանրային-հրապարակային դեմք էր: Եւ լավ սովորություն ուներ շփվել հանրության հետ, ասուլիսներ տալ: Բայց ասուլիսներում, ի զարմանս վերոնշյալ կողմնակցի, ռազմական գաղտնիքներ չէր բացում, չէր ասում, թե քանի տանկ ունենք և թե փամփուշտը որքան կհերիքի: Նա գիտեր, թե ինչ պիտի ասել: Որովհետև հանրային գործիչ էր:

Որ ասելիք պիտի ունենար նաև Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը՝ դա ևս միանշանակ է: Ռուսաստանում Պատրուշևը, արևմտյան երկրներում նմանատիպ ծառայությունների ղեկավարները եթե «հեռուստաաստղեր» չեն, ապա բավականին հաճախ են «հեռարձակվում» հանրությանը: Իսկ ասելիք միշտ էլ լինում է: Այսպես, օրինակ, ինչու՞ չէր կարելի նախաձեռնել երկրի անվտանգության հայեցակարգի հանրային քննարկումներ, կամ էլ լրագրողների հետ արծարծել տեղեկատվական անվտանգության թեման: Թեմաների շարքը կարելի է շարունակել: Ընդ որում, պարտադիր չէ, որ դրանք ոլորտին հատուկ հարցեր լինեն, նման մակարդակի գործիչը կարող էր արտահայտվել երկրի կյանքում կարևոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ:

Այնուամենայնիվ, այսօր այն տպավորությունն ունեմ, որ այս բացը Բ.Սահակյանի կողմնակիցների կողմից գիտակցվում է, և նրանք ուզում են շուտափույթ լրացնել այն: Համենայն դեպս, պատահական չէր տեղական հեռուստաեթերում նրա հայտնվելը ապրիլի 24-ին և մայիսի 9-ին: Տեսնու՞մ եք, ուրեմն՝ հնարավոր է ելույթ ունենալ ու գաղտնիքներ չասել:

Այս վերջին հանգամանքը սկզբունքորեն խրախուսելի կլիներ, եթե դա չարվեր մյուս թեկնածուներին «չտեսնելու տալու» պարագայում, եթե մյուս թեկնածուներին էլ ուշադրություն դարձվեր: Բացի դրանից, սկզբունքայինն այն է, երբ պաշտոնյան հանրային գործիչ է դառնում ոչ թե այն ժամանակ, երբ իրեն է պետք, այլ այն ժամանակ, երբ դա հանրությանն է պետք: Իսկ հանրությանը միշտ էլ պետք է:

Գագիկ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Կեսկատակ-կեսլուրջ

ՀԱ… Ի՞ՆՉ ԿԱ ՈՐ …

Ուշի-ուշով հետեւում եմ հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների «լուռ» եւ «խորհրդավոր» նախապատրաստությանը: Եվ զարմանալին այն է, որ այս ընտրության մասին խոսվել է ամբողջ տարին, իսկ երբ հերթը մոտեցել է վերջնագծին, շփոթված կացություն է ստեղծվել՝ քաղաքական դաշտում հայտնվել է միասնական թեկնածուն, առաջ են քաշվում նոր անուններ, որոնք գուցեեւ հետագայում դառնան ընտրվող անձ, այսինքն՝ միաձայն  ընդունված եւ օրենքով հաստատված նախագահ, որը, իհարկե, ընտրվել է «արդար» եւ «ազատ» ընտրությամբ:

Հետաքրքիրն այն է, որ Արցախում «հինչն ա բոլ՝ կուսակցությունները»… Իսկ նրա՞նք, ովքեր որևիցե կուսակցության անդամ չեն… Թվում է, թե կա մի ստվերային մաս, որը երբեք չի կարողացել ունենալ սեփական խոսք եւ սեփական դեմք: Խոսքն արցախցի կանանց մասին է, ովքեր մի տեսակ հետ քաշված են, երկրորդական կամ երրորդական դերերում: Նախագահական ընտրություններին երբեք Արցախում կին թեկնածու չի եղել, իսկ արտասահմանում՝ ինչքան ասես: Եթե մենք մեր քաղաքական դիրքով, կեցվածքով եւ մակարդակով փորձում ենք հետ չընկնել Եվրոպայից, Արևմուտքից, ապա ինչո՞ւ այս դաշտում չփորձենք մեր ուժերը: Ժամանակից շուտ չհանձնվենք այն մտայնությանը, որ եթե դու որևիցե կուսակցության անդամ չես, ապա չես ընտրվի: Ուրեմն, ստացվում է այնպես, որ լեզուներս, ինչպես պնդում են, շատ երկար է, բայց գաղափարներս չեն համապատասխանում անգամ «երրորդ աշխարհի» հետամնաց երկրների կանանց մակարդակին: Ինչպես ասում են՝ շտահներիդ քացախ…

Արցախում կինը պարզապես բացակայում է քաղաքական այդ «դասից», այդ «ժամից», իսկ գուցե տղամարդիկ մտածում են՝ «ամոթ է, կասեն՝ ձեր երկրում մի տղամարդ չկա՞ր, որ կին է երկիրը ղեկավարում»: Պարոնայք, ժամանակը չէ՞, որ մեզ էլ տեղ տաք ձեր շարքերում: Կամ գուցե կին-նախագահ դառնալու համար մե՞նք էլ կուսակցություն ստեղծենք ու գոնե հաջորդ ընտրություններին հաջողացնենք: Թե՞ ավելի լավ է սեփական հյուրանոց  կամ խանութ ունենանք: Գոնե մեկ անգամ էլ փորձենք առաջ տանել կանանց, որոնք ավելի լավ են պատկերացնում ժողովրդի դարդնուցավը և կարող են այն թեթևացնել: Խորհելու ժամանակ շատ կա, չարժե՞ իմ «չափսերով էլ կոստյում պատվիրել»: Կյանքում միշտ էլ եղել եմ պարզ եւ հասարակ, կփորձեմ լինել նույնը ու չփոխվել:

Սիրելի կանայք, հանդես եմ գալիս առանց հարց ու պատասխանի, առանց լրագրողի եւ հարցազրույցի, առանց ճոռոմ խոստումների եւ ինքնահավան խոսքերի, համարձակություն եմ ունենում ասելու, որ եկել է ժամանակը, որ մենք էլ ունենանք կին-նախագահ, փորձենք մեր ուժերը:

Ուրեմն՝ պահանջենք, որ հաջորդ ընտրությունները լինեն մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին: Հա, ի՞նչ կա որ… Այդ ո՞ր տղամարդն այդ օրը մեզ ձայն չի տա…

Արեւ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի ժողովրդավարական« Արցախի ՀՅԴ« «Ազատ Հայրենիք»« «Շարժում-88» կուսակցությունները« համաձայնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջիկա տարիների արտաքին ու ներքին քաղաքականության օրակարգի սկզբունքների շուրջ եւ անցկացնելով լրացուցիչ խորհրդատվություններ« հայտարարում են« որ հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում պաշտպանելու են քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված Բակո Սահակի Սահակյանի թեկնածությունը:

Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի անունից
Աշոտ ՂՈՒԼՅԱՆ

Արցախի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անունից
Կամո ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Ազատ Հայրենիք» կուսակցության Կենտրոնական խորհրդի անունից
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Շարժում-88» կուսակցության վարչության անունից
Էդուարդ ԱՂԱԲԵԿՅԱՆ

7 մայիսի, 2007թ. ք.Ստեփանակերտ

«ՇԱՐԺՈՒՄ-88» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻ ԽՈՒՄԲ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ս.թ. մայիսի 7-ին ԱԺԿ Կենտրոնական խորհրդի, Արցախի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի, «Ազատ Հայրենիք» կուսակցության Կենտրոնական խորհրդի և «Շարժում-88» կուսակցության վարչության անունից ստորագրվել է հայտարարություն հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի թեկնածությունը պաշտպանելու մասին:

Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ «Շարժում-88» կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանը լիազորված չէր վարչության անունից նման փաստաթուղթ ստորագրելու, քանի որ կուսակցության վարչության նիստ չի կայացել և Բ.Սահակյանին պաշտպանելու մասին որոշում չի ընդունվել:

Գեղամ  ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Շարժում-88» կուսակցության փոխնախագահ, վարչության անդամ

Մարգարիտա  ՔԱՐԱՄՅԱՆ
«Շարժում-88» կուսակցության վարչության անդամ

Գագիկ  ԱՎԱՆԵՍՅԱՆ
«Շարժում-88» կուսակցության անդամ

8 մայիսի, 2007թ. ք. Ստեփանակերտ

ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԽԱՂԵՐ-2

Եթե տարբեր երկրներում նախընտրական շրջանում քաղաքական գործիչներն ու ուժերը առաջնորդվում են շախմատային խաղի կանոններով, որոնք հիմնված են տրամաբանության, հստակ հաշվարկի ու մարտավարության վրա, ապա Ղարաբաղում քաղաքական ուժերը, կարծես, առաջնորդվում են ֆուտբոլի կանոններով: Սակայն, եթե ելնենք նախընտրական շրջանի նույնիսկ նման յուրօրինակ զարգացումներից, ապա այստեղ էլ ամեն ինչ անտրամաբանական է: Մեղավորը, թերեւս, պոտենցիալ «մրցակից» թիմերից մեկն է, որը, հրաժարվելով իր պայքարից, նախընտրել է միանալ մյուս թիմին եւ խաղալ հանդիսատեսի դեմ, այն էլ՝ մեկ դարպասի առկայությամբ: Սա կնշանակի, որ բոլորի խփած գոլերը կվերագրվեն միեւնույն թիմին:

Հիմա պարզաբանում մտցնելու նպատակով փորձենք ներկայացնել խաղացող թիմերին: Չմոռանանք սկզբից նշել, որ խաղի մրցավարի դերում թերեւս «Ազատ Հայրենիք» կուսակցությունն է, որն էլ տվել է խաղի մեկնարկը՝ հայտարարելով, որ կսատարի Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանին: Ըստ նախընտրական զարգացումների տրամաբանության, հենց այս թեկնածուի շուրջ են այսքան երկար բանակցել խորհրդարանական ուժերը եւ մի կերպ ու կիսատ-պռատ կորզել համաձայնություն:

Մրցակցի բացակայության դեպքում, կամ հանդիսատեսի կարգավիճակով մրցակցի դեմ խաղալը, պարզ է, որ «խաղուպարի» է նման: Հետաքրքիր է, ինչի՞ շուրջ են այդքան մտածել ու բանակցել, երբ միասնական թեկնածուի առաջադրման հիմնական սկզբունքների «դափնին» արդեն կար: Հավանաբար, միասնական թեկնածուի լուրջ այլընտրանք կար:

Դիրքորոշումը ճշտելու խնդիր չուներ միայն «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որն էլ համարվում է թեկնածուական «նոու-հաու»-ի հեղինակը: Հենց այս կուսակցությունն է խաղում եւ հավաքական թիմի մարզչի, եւ թիմի ավագի, եւ մրցավարի, եւ ռմբարկուի դերում, բնականաբար, ցանկացած պահի նա կարող է կանգնեցնել խաղը, ինչ-որ մեկին դեղին քարտ ցույց տալ, կամ կարմիրը ի ցույց դնելով, խաղից հեռացնել ցանկացած խաղացողի: Եւ այլն, եւ այլն…

Իսկ ի՞նչ անել, ինչպե՞ս ձեռնարկել խելամիտ քայլեր՝ վիճակը փրկելու եւ «դափնին» արժանավայել տեղ հասցնելու համար: Այս մասին մեր պարագայում պետք է մտածի հենց հանդիսատեսի դերում հայտնված «մրցակիցը»՝ ընտրողները:

Բնականաբար, նման մրցակցին չես կարող հավասարակշռված, հստակ հաշվարկների եւ տրամաբանության վրա հիմնված շախմատ կոչվող խաղն առաջարկել, ուստի մնում է հանդիսատեսը ներկայացնի նույնատիպ իր թիմը եւ մրցակցության արդյունքում հաղթած թիմին հանձնի գուցե եւ հենց այդ հավաքական թիմի կողմից պատրաստած «դափնին»: Կամ էլ չխաղա ֆուտբոլ, գերադասելով շախմատը:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է

Մայիսի 7-ին՝ Եռատոնի նախօրեին, խորհրդարանական չորս կուսակցությունների ղեկավար մարմինների անունից ստորագրվեց հայտարարություն որպես միասնական թեկնածու Բակո Սահակյանին պաշտպանելու մասին: Այս հայտարարությունը, ըստ տարբեր աղբյուրների, պիտի ստորագրվեր դեռևս ապրիլի երկրորդ կեսին, սակայն, չգիտես ինչու, ուշանում էր: Նույն աղբյուրների պնդմամբ՝ լուրջ տարաձայնություններ կային միասնական թեկնածուի հարցում, և ոչ բոլոր քաղաքական ուժերն էին միակարծիք այդ հարցում: Այնուամենայնիվ, մայիսի 9-ից երկու օր առաջ ստորագրվեց փաստաթուղթը, այն էլ բավականին հետաքրքիր ձևով: «Շարժում-88» կուսակցության մի խումբ ակտիվիստներ վիճարկեցին այդ փաստաթղթին կուսակցության ղեկավարի միանալու իրավազորությունը: Ասում են, որ լուրջ բանավեճեր են եղել նաև մյուս կուսակցություններում, բացառությամբ «Ազատ Հայրենիքի»:

Իսկ ինչու՞ չսպասեցին տոների ավարտին, այլ տոնական նախապատրաստությունների ամենաեռուն պահին ժամանակ ու հնարավորություն գտան գլուխ բերելու այդ փաստաթուղթը: Տեղացի որոշ փորձագետների կարծիքով, դա արվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանման հանգամանքով պայմանավորված: Որպեսզի նրան փաստի առաջ կանգնեցնեն, որ բոլոր ազդեցիկ կուսակցությունները հենց Բ. Սահակյանին են սատարում: Ուղղակի տարօրինակ է մի կողմից միասնական թեկնածուի ջատագով ուժերի այն պնդումը, որ Հայաստանից չպիտի խառնվեն մեր ընտրություններին, մյուս կողմից էլ նույն այդ ուժերի ձգտումը համոզել Ռ. Քոչարյանին:

Ինչ խոսք, ընտրությունը մերն է, թեև քաղաքականությունից քիչ թե շատ գլուխ հանող մարդը նաև հասկանում է, որ Հայաստանի իշխանությունների հետ սերտ համագործակցությունը չափազանց կարևոր է մեր նորանկախ երկրի համար: Ի պատիվ ՀՀ իշխանությունների հարկ է ասել, որ նրանք փորձում են նպաստել ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը ԼՂՀ-ում, չփորձելով իրենց դիրքորոշմամբ կանխորոշելու ընտրությունները: Այսինքն՝ նրանք հարգելու են արցախցիների ընտրությունը՝ անկախ ամեն ինչից: Ուրեմն, բոլոր դեպքերում էլ խոսքը ժողովրդինն է:

Իսկ այդ խոսքը պահանջված է բոլոր դեպքերում, անգամ երբ խորհրդարանական ազդեցիկ ուժերի զգալի մասն արդեն նախապատվությունը տվել է կոնկրետ թեկնածուի: Պահանջված է, քանի որ նախ՝ այդ որոշմանը հանգել է կուսակցությունների վերնախավը և ըստ մեր տեղեկությունների՝ կուսակցությունների շարքերում լուրջ տարակարծություն կա: Հետո էլ՝ Արցախի բնակչության փոքր տոկոսն է կուսակցականացված, այնպես որ վճռորոշ է լինելու հենց չկուսակցականացված անհամեմատ մեծ հատվածի կարծիքը, որի համար էլ պիտի պայքարեն մյուս թեկնածուները:

Ուրեմն՝ ամեն ինչ դեռ առջևում է:

«ԴԵՄՈ»

Հայաստան.  վերջին ժամին

ԱԺ-ՈՒՄ ԿԼԻՆԻ 5 ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ամփոփվել են մայիսի 12- ին կայացած համամասնական ընտրակարգով ընտրությունների նախնական արդյունքները: 1923 ընտրատեղամասերում քվեարկությանը մասնակցել է 1 389 521 մարդ:

Ազգային- ժողովրդավարական կուսակցություն` 8591

«Ազգային համաձայնություն»` 4251

«Ազգային միաբանություն»` 49863

«Բարգավաճ Հայաստան»` 204443

«Դաշինք»` 33093

«Ժառանգություն»` 80890

Ժողովրդական կուսակցություն` 37034

«Ժողովրդավարական ուղի»` 8468

«Իմպիչմենտ» դաշինք` 17807

ՀՅԴ` 177192

Դեմոկրատական կուսակցություն` 3780

Երիտասարդական կուսակցություն` 2302

Հայաստանի ժողովրդական կուսակցություն` 23629

Կոմունիստական կուսակցություն` 8835

Հանրապետական կուսակցություն` 457032

Մարքսիստական կուսակցություն` 2896

«Հանրապետություն»` 22609

Միավորված աշխատանքային կուսակցություն` 59307

Միացյալ ազատական- ազգային կուսակցություն` 2748

«Նոր ժամանակներ»` 47018

ՍԴՀԿ` 1033

ՔԺՎԿ 3591

«Օրինաց երկիր»` 95256

4- րդ գումարման Ազգային ժողովում խորհրդարանական խմբակցություններ են ձեւավորելու ՀՀԿ- ն, ԲՀԿ- ն, ՀՅԴ- ն, ՕԵԿ- ը եւ «Ժառանգություն»-ը:

http://www.armradio.am

***

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն, 41 մեծամասնական ընտրատարածքներից մեծ մասում արդեն պարզ է հաղթած թեկնածուի անունը: Առանց մրցակցի 7 ընտրատարածքներում հաղթել են. թիվ 7-ում գործարար Սամվել Ալեքսանյանը, թիվ 8-ում հանրապետական Հակոբ Հակոբյանը, թիվ 13-ում հանրապետական Արմեն Պուրտոյանը, թիվ 20-ում հանրապետական ՀրանտԳրիգորյանը, թիվ 27-ում ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը, թիվ 28-ում ԲՀԿ նախագահԳագիկ Ծառուկյանը, թիվ 32-ում հանրապետական Սուրիկ Պողոսյանը:

… Մեծամասնական 41 ընտրատարածքներում, ըստ պաշտոնական տվյալների, հաղթել են հանրապետական կամ հանրապետական կուսակցության սատարած 21 թեկնածու, «Բարգավաճ Հայաստան»-ի անդամներից մեծամասնական ընտրակարգով հաղթել են 6 թեկնածու:

http://www.lragir.am

——————————————————————————————-

Պատմություն

ՔԱՆԴԱԿ, ՈՐ ԴԱՐՁԱՎ ՄԵՐ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

“Դեմո” թերթի վերջին համարում ընթերցելով Վալերի Անդրյանի 40 տարվա վաղեմություն ունեցող “Մենք ենք, մեր սարերը” Ստեփանակերտում կառուցված քանդակի մասին  “Քանդակագործի վերջին երազանքը” հոդվածը, առանց չափազանցության մեծ ոգևորություն ստացա և համոզվեցի, որ դեռ կան մարդիկ, ականատեսներ, ովքեր չեն մոռանում ոչ վաղ անցյալում կատարված հայանպաստ, ազգանպաստ գործերը, և որոշեցի անմիջապես արձագանքել այդ հոդվածին:

1964 թվականին՝ որպես Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, հերթական անգամ այցելեցի Երևան, ընդգծում եմ՝ հերթական անգամ, որովհետև 10 տարուց ավելի լինելով այդ պաշտոնում, տարեկան առնվազն 2-3 անգամ այցելում էի Երևան: Մեզնից հետո մարզի “ղեկավարներ”, այն է՝ Բաքվից գործուղված էմիսարներ Բորիս Կեվորկովը և Արամայիս Ասլանովը իրենց “պաշտոնավարության” 15 տարիների ընթացքում մի անգամ գոնե ոտք չեն դրել հայկական հողին, էլ չեմ ասում Երևանի մասին:

Ինչ որ է, գտնվելով Երևանում, այցելեցի մեր հայրենակից, ծննդով Հադրութի շրջանի Բանազուր գյուղից հանրաճանաչ քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սարգիս Բաղդասարյանի՝ Կիևյան փողոցի վրա գտնվող արվեստանոցը: Դիտեցի նրա մի շարք հիշարժան գործերի նմուշներ: Ինձ վրա առանձնապես մեծ տպավորություն թողեց դեռ գիպսից քանդակված “Ղարաբաղցիները” քանդակը, որը Իտալիայում կայացած ցուցահանդեսում արժանացել էր առաջին կարգի դիպլոմի: Պայմանավորվեցինք այդ քանդակը տեղադրել Ստեփանակերտում: Հրավիրեցի Սարգիս Բաղդասարյանին գալ և տեղում՝ քաղաքային խորհրդի հետ միասին ընտրել տեղադրման վայրը և ձեռնամուխ լինել շինարարությանը:

Համաձայն պայմանավորվածության՝ նա եկավ Ստեփանակերտ, մարզգործկոմ, հրավիրեցի քաղգործկոմի նախագահ Սերգեյ Շաքարյանին և քաղաքի գլխավոր ճարտարապետ Յուրի Հակոբյանին, միասին քննարկեցինք քանդակի տեղադրման հետ կապված բոլոր հարցերը, այնուհետև ձեռնամուխ եղանք քանդակի տեղադրման վայրի ընտրմանը: Շատ տարածքներ զննելուց հետո կանգ առանք այն տարածքի վրա, որտեղ այժմ տեղադրված է քանդակը:

Սարգիս Բաղդասարյանը և Յուրի Հակոբյանը կազմեցին քանդակի տեղադրման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը՝ 50 հազար ռուբլու արժողությամբ: Այն ժամանակվա չափանիշներով դա պատկառելի գումար էր, որից 45 հազարը կազմում էր երևանյան կարմիր տուֆի արժեքը, նրա տեղափոխումը երկաթուղով, վարպետ շինարարների աշխատավարձը և 5 հազար ռուբլի որպես հեղինակային հոնորար:

1965 թվականին ձեռնամուխ եղանք շինարարությանը: Ինքը՝ հարգարժան քանդակագործն էր գլխավորում շինարարությունը: Քաջ գիտակցելով, թե ինչպիսի վայնասուն, աղմուկ-աղաղակ են բարձրացնելու Ադրբեջանի ազգայնամոլները քանդակի տեղադրման հարցում, նախօրոք խնդրել էինք ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ տեղեկատվությունից՝ մինչև գործն ավարտին հասցնելը: Ավարտելով շինարարությունը, կազմակերպեցինք բացման համեստ արարողությունը: Բագրատ Ուլուբաբյանի և իմ առաջարկությամբ, ինչպես նաև հեղինակի համաձայնությամբ՝ տեղադրված “Ղարաբաղցիները”  քանդակը կոչվեց “Մենք ենք, մեր սարերը”:

Հատուկ ցանկանում եմ նշել մեր հարգարժան հայրենակցի՝ քանդակի հեղինակի գործունեության, նրա մարդկային արժանիքների մասին: Նա քանդակի տեղադրման ամբողջ ժամանակահատվածում գտնվում էր Ստեփանակերտում, անձամբ էր հսկում վարպետ շինարարների աշխատանքը, ժամանակին կատարում վարձատրությունը, հաճախակի էր կազմակերպում բացօթյա հացկերույթ նրանց մասնակցությամբ, բոլոր ծախսերն ինքն էր կատարում: Շինարարության ավարտից հետո հերթական անգամ գալով Ստեփանակերտ, նա մտնում է քաղգործկոմ՝ նախագծով նախատեսված հեղինակային հոնորարը ստանալու համար: Այդ ժամանակաշրջանում Սերգեյ Շաքարյանը որպես հայտնի “13-ի նամակի” ստորագրողներից մեկը, ազատվում է քաղգործկոմի նախագահի պաշտոնից, նրա տեղը նշանակվում է Կուբաթ Քոչարյանը:

Սարգիս Բաղդասարյանը դիմում է նրան գումարը ստանալու խնդրանքով: Քոչարյանը, տեղյակ չլինելով պայմանավորվածությանը, մերժում է քանդակագործի խնդրանքը, պատճառաբանելով, որ ինքը նոր մարդ է, չգիտի այդ մասին, ասելով՝ «գնացեք և ում հետ պայմանագիր եք կնքել, նրանից էլ պահանջեք այդ գումարը»:

Քանդակագործը անչափ վրդովված այդպիսի պատասխանից, ջղայնացած վիճակում գալիս է մարզգործկոմ: Նա մանրամասն պատմում է գլխին եկածը: Նկատելով նրա վիճակը, խնդրեցի զրույցը շարունակել մի բաժակ թեյի շուրջ:

– Սարգիս ջան,- ասացի,- ուզում եմ Ձեր հայրենի Բանազուր գյուղի մասին մի պատմություն պատմեմ: Ինչպես գիտեք, ես 7 տարի աշխատել եմ Հադրութում որպես գլխավոր գյուղատնտես, գյուղբաժնի վարիչ և նորաստեղծ ՄՏԿ-ի դիրեկտոր, հաճախակի էի լինում Ձեր գյուղում: Մի անգամ ինձ պատմել են, որ գյուղի ջրհորերը մաքրելու համար դաշտային ադրբեջանական շրջաններից 2 քանքանչի են հրավիրել այդ աշխատանքները կատարելու, միաժամանակ պայմանավորվել վարձատրության հարցում: Աշխատանքները ավարտելուց հետո այդ քանքանչիները մի քանի անգամ դիմել են կոլտնտեսության նախագահին, որի ազգանունը նույնպես Բաղդասարյան էր, կատարած աշխատանքի դիմաց վարձատրությունը ստանալու խնդրանքով, բայց նա տարբեր պատճառներով մերժել է, կարծեմ նա Ձեր բարեկամներից էր:

– Միանգամայն ճիշտ եք, իմ մոտիկ բարեկամներից էր:

– Մի անգամ ամռանը այդ քանքանչիները նորից են գալիս գյուղ վարձը ստանալու, նախագահը տեղում չի լինում, ստիպված գյուղի դիմաց մի ընկուզենու տակ գիշերում են: Մութն ընկնելուց գյուղի երիտասարդները, Բաքվից և այլ քաղաքներից եկած դաչնիկների հետ հավաքվում էին գյուղամիջի հրապարակը, դիզել-էլեկտրակայանի լույսի տակ երգում, պարում, զվարճանում:  Տեսնելով այդ տեսարանը, քանքանչիներն իրենց լեզվով ասում են. «Շան տղես գեղին ես նայում՝ Թիփլիսին ա նմանվում, բայց մի քանքանչու վարձ էլ չեն կարողանում տալ…»: Հիմա մենք ենք, ինքնավար մարզ ենք համարվում, բայց մի քանդակագործի վարձ էլ չենք կարողանում տալ…

Քանդակագործը լիաթոք ծիծաղում է, վեր կենում, ճակատս համբուրում ու ասում.

– Ախպեր ջան, էդ 5 հազար ռուբլին էլ քո քաքուլին ղուրբան… Բա թող այդպես բացատրեն, էլի, թե չէ ասում են՝ գնացեք և ում հետ պայմանագիր եք կնքել՝ նրանից էլ պահանջեք…

1973 թվականի հոկտեմբերին, երբ Բ. Կեվորկովը “ընտրվեց” կուսմարզկոմի առաջին քարտուղար, նրա հետ մարզի նախկին բարձրաստիճան ղեկավարներից միակն էի, որ աշխատել եմ որպես մարզգործկոմի նախագահ, մոտ վեց ամիս: Այն ժամանակ Մարտակերտի շրջանում դեռ բամբակ էին ցանում, հաճախակի էինք նրա հետ միասին իր ծառայողական մեքենայով գնում այնտեղ: Նա ճանապարհին ոչ մի անգամ գլուխը չէր շրջում դեպի քանդակը: Հերթական անգամ լինելով Մարտակերտում, Սովխոզի դիրեկտոր Սամվել Մամունցը հացի էր հրավիրել: Հացկերույթից հետո, ինչ թաքցնեմ՝ երկուսս էլ մի քիչ գինովցած վիճակում, վերադառնում էինք Ստեփանակերտ: Ճանապարհին նա անսպասելիորեն շրջվեց դեպի “Տատիկն ու Պապիկը” և իրեն յուրահատուկ ղարաբաղյան բարբառով երեսովս տվեց.

– Տուք էլ իփր թե կործ ըք ըրալ: Էս հինչ ըք ցեց կցրալ ստեղ, իզուր տեղան կլխներես դարդ ու բալա սարքալ…

Ես, որ բնավորությամբ համբերատար մարդ եմ, չկարողացա տանել նման կշտամբանքը, պատասխանեցի.

– Չգիտեմ՝ ում համար դարդ ու բալա է դարձել այդ քանդակը, ինձ համար հպարտություն ու պարծանք է դարձել…

Մուշեղ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

ԱՄՆ-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԱԴՐ. ԽՍՀ-ԼՂԻՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ` ԱՄՆ-ԽՍՀՄ ՀԱԿԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

20-րդ դարի վերջին արցախահայության ազգային-ազատագրական պայքարն իր նշանակությամբ դարակազմիկ իրադարձություն էր հայ ժողովրդի համար: Անարդարության ճիրաններում հայտնված մի ազգ պոռթկաց հանուն ազատ ապրելու իր արդար պահանջի, եւ ինչպես իրավացիորեն նկատում է Ս. Հասրաթյանը՝ «ազդարարվեց բողոք բոլոր նրանց դեմ, ովքեր ճշմարտությունը քողարկեցին պատմական սխալի վարագույրի հետեւում»:

ԽՍՀՄ լուծարումից հետո արցախցին ստիպված էր ոչ միայն պայքարել իր ֆիզիկական գոյության համար, այլեւ  երկարատեւ ու ձիգ պայքար սկսել աշխարհի հզորների դեմ՝ նրանց շահադիտական նպատակների զոհը չդառնալու համար, հզորներ, որոնք իրենց ազատության դրոշակակիրներ հայտարարելով, ճարպկորեն խաղում են իրենց իսկ հռչակած ազգային ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքներով՝ անհրաժեշտության դեպքում դրանք ծառայեցնելով իրենց շահերին:

Ինչպես հայտնի է, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից շատ չանցած սկսվում է «սառը պատերազմը», որի մասին առաջին անգամ հրապարակայնորեն արտահայտվում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինստոն Չերչիլը՝ 1946թ.-ի մարտի 16-ին Ֆուլտոնում արտասանած ճառում. «Եթե անգլախոս ազգերի համերաշխության բնակչությանը ավելացնենք Միացյալ Նահանգներին եւ նկատի առնենք, թե ինչ կնշանակի այդպիսի համագործակցությունը ծովում, օդում, գիտության եւ արդյունաբերության ասպարեզում…, ապա ապագայի ճանապարհը կբացվի ոչ միայն մեզ համար, այլեւ բոլորի, ոչ միայն մեր ժամանակ, այլեւ ամբողջ դարով»: Փաստորեն Ֆուլտոնում արտասանած Ու. Չերչիլի ճառի իմաստը հանգում էր հետեւյալին. ԽՍՀՄ-ը գլխավոր վտանգն է մյուս ժողովուրդների ազատության ու անվտանգության համար, ուրեմն՝ մարդկությունը պետք է համախմբվի անգլո-ամերիկյան ղեկավարության ներքո եւ ուժով կանխի այդ վտանգը:

Ու. Չերչիլի ճառին շուտով հետեւեցին գործնական քայլեր՝ 1947 թվականի մարտի 12-ին միացյալ համաժողովում ԱՄՆ նախագահը պահանջում էր արագ եւ որոշիչ միջոցներ ձեռնարկել կոմունիզմի տարածման վտանգը կանխելու համար: Այն շուտով ստացավ «Տրումենի դոկտրինա»  անվանումը:

Առաջին հայացքից սա կարծես թե ոչ մի կապ չունի ԱդրԽՍՀ-ԼՂԻՄ հակամարտության հետ: Բայց «Տրումենի դոկտրինան»  հետագայում ավելի լայնածավալ մասշտաբներ ընդունեց եւ ԱՄՆ-ի կողմից առաջ քաշվեցին այնպիսի ծրագրեր, որոնք պետք է ներսից քայքայեին ԽՍՀՄ-ը, ուրեմն նաեւ քաջապես տեղյակ լինելով արցախահայության ձգտումներին, ձեռնամուխ լինել այնպիսի քայլերի իրականացմանը, որոնք ուղղված էին միայն ու միայն ԱՄՆ-ի շահերի պաշտպանությանը, արտաքնապես տպավորություն ստեղծելով, թե դրանք ուղղված են արցախահայության շահերի պաշտպանությանը, դրանով իսկ նպատակ ունենալով արցախահայության ազգային-ազատագրական պայքարը ծառայեցնել իրենց շահերին: Եվ հենց այդ է պատճառը, որ ԱՄՆ-ի կողմից սկսվում է քարոզչական զգալի աշխատանք տարվել, նույնիսկ ֆինանսավորել տարբեր գիտական շրջանակների, այդ թվում նաեւ հայ պատմաբանների, այդ գաղափարական քարոզչության  համար:

Ճիշտ է, ինչպես Ն. Հովհաննիսյանն է նշում, դեռեւս «ամբողջ սառը պատերազմի ընթացքում միջազգային հարաբերություններում գերակայում էր սահմանների չխախտման եւ տարածքային ամբողջականության սկզբունքը»: Բայց, ինչպես հաստատեցին հետագա իրադարձությունները, այդպիսի պահվածքը փոփոխություն էր կրում, վերածվելով նույնիսկ բացահայտ պայքարի, եւ հատկապես այդ պայքարում իրեն ավելի կենսունակ դրսեւորեց ԱՄՆ-ն՝ այդ նպատակով չխորշելով ամենատարբեր միջոցներն  օգտագործել: Այս առումով բավականին ուշագրավ, հրատապ կարեւորություն ունեցող աշխատություն է հանդիսանում Ա. Այվազյանի աշխատությունը, որտեղ նա հատուկ ուշադրություն է դարձնում աշխարհաքաղաքականությանը, սառը պատերազմին եւ թուրքական քարոզչության կողմից ԱՄՆ-ում տարվող հակահայկական գործունեությանը, դրանց ազդեցություններին ու փոփոխություններին:

Հատկապես քննական մոտեցում ցուցաբերելով ԱՄՆ-ում եւ մասնավորապես ԱՄՆ-ի հայ համայնքի կողմից մեծ հարգանք վայելող քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սյունիի գործունեությանը: Սյունին 1978 թ. ապրիլի 8-ի եւ 15-ի «Armenian Miror-Spactatere» թերթի համարներում «Ղարաբաղյան խնդիրը. պատմական ակնարկ» խորագիրը կրող հոդվածում կրծքով պաշտպանում է Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը, մասնավորապես գրելով. «Ղարաբաղն ու Նախիջեւանը Ադրբեջանին հանձնելու սովետների որոշումը անհետեւողական  է եւ էթնիկական, եւ պատմական, եւ աշխարհագրական առումներով… Հայ ժողովրդի պահանջը ԼՂ-ի տարածքի վերաբերյալ արդար է… Փաստեր կան առ այն, որ Ադրբեջանի վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ իրականում հետ է գցել այդ շրջանի տնտեսական եւ մշակութային արագ զարգացումը… Խորհրդային իշխանությունները ազգային հարցում պետք է վերադարձ կատարեն դեպի լենինյան քաղաքականություն, ազատություն տալով ամեն մի ազգի ուրույն եւ եզակի զարգացմանը»:

Փաստորեն Սյունին ոչ միայն տեղյակ էր Ղարաբաղյան հարցի բոլոր մանրամասնություններին, այլեւ հետեւողականորեն իրազեկվում էր նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություների մասին, մասնավորապես Ղարաբաղի՝ Ադրբեջանի իշխանության տակ անցնելուց հետո, նրա տնտեսական, քաղաքական, սոցիալական ու  մշակութային գործունեության վատթարացման վերաբերյալ՝ իր ձեռքի տակ ունենալով դրանք ապացուցող փաստեր:

1993թ. հրատարակված Սյունիի «Հայացք դեպի Արարատ. Հայաստանը նոր պատմության մեջ» գրքում ահա թե ինչպես է բնութագրվում ղարաբաղցիների ազգային-ազատագրական պայքարը. «Ի տարբերություն Խորհրդային Մերձբալթիկայում սկսած շարժումների, որոնք հիմնականում սահմանադրական բնույթ ունեին եւ զերծ էին զանգվածների կողմից կիրառվող բռնություններից, հայ-ադրբեջանական հակամարտությունը ԼՂԻՄ-ի շուրջ շատ ավելի անկայուն էր, շատ ավելի քիչ էր ենթակա քաղաքական իշխանությունների մանիպուլյացիաներին, եւ ավելի էր ենթակա արագ եւ անկանխատեսելի էսկալացիայի…  Այն ամենասկզբից շերտավոր խնդիր էր»:

Սակայն նրա տեսակետները հետագայում լուրջ փոփոխությունների են ենթարկվում: 1997-ի հունիսին, մասնակցելով Անդրկովկասի արդի խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին, որը կազմակերպել էր Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Սյունին արդեն խոսում էր Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու օգտին, մասնավորապես նշելով. «Դեպի Արեւելյան Անատոլիա (Արեւմտյան Հայաստանն անծանոթ էր պարոն Սյունիին) ծավալապաշտությամբ տառապող հայերի համար ընդարձակվելու միակ հնարավորությունը առաջացավ Ղարաբաղում՝ Ադրբեջանի հաշվին»: Ավելին, Սյունին, ի հակադրումն ծավալապաշտությամբ տառապող հայերի, նշում է, թե «Ալիեւն ընդունակ եւ հակված է ստեղծելու ոչ թե «շովինիստական, ծավալապաշտական ազգայնականությամբ վարակված երկիր, այլ առաջադիմական աշխարհիկ պետություն»: Միաժամանակ Սյունին զարգացնում է նաեւ, այսպես կոչված, «ազգայնականության» թեզը, իբրեւ թե դեռեւս առաջին  հանրապետության ժամանակ ազգայնականները չկարողանալով հասնել իրենց նպատակին,  փորձում են այժմ հասնել դրան. «Ազգայնականությունը, ինչպես ցույց են տվել Հայաստանի հաջողությունները Ղարաբաղյան պատերազմում ոչ հեռու անցյալում, հանդիսանում է արդյունավետ գործիք ժողովրդի միավորման  եւ ստրատեգիական նպատակներին հասնելու համար… Իսկ Ադրբեջանի անհաջողությունները պայմանավորված են ազգայնականության յուրօրինակ պակասի հետ, որը դժվարացնում է բանակին օգնել եւ հաղթանակ ապահովել»:

Բնականաբար, հարց է առաջանում՝ ինչպե՞ս եղավ, որ Ղարաբաղի հարցում 1978 եւ 1993-1997 թթ. Սյունին արտահայտեց տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ: Պարզվում է, որ Սյունիի դիրքորոշումը, նրա փոփոխությունները ուղղակիորեն կապված էին ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունների հետ:

Առավել պարզ պատկերացնելու համար Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխվող երանգները, հիշենք ԱՄՆ-ի Ծերակույտի եւ Ներկայացուցիչների պալատի տան Ղարաբաղի խնդրին վերաբերվող որոշումները, որոնք ընդունվել են նախքան ԽՍՀՄ լուծարումը եւ որոնք աներկբա խրախուսում եւ պաշտպանում էին հայկական կողմին: 1988թ.-ի հունիսին ԱՄՆ Ծերակույտն ընդունեց մի բանաձեւ, որը մասնավորապես կոչ էր անում Խորհրդային կառավարությանը հարգել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի օրինական պահանջները: Հատկանշականն այն է, որ այս հարցում Ծերակույտի եւ կառավարության միջեւ ոչ մի անհամաձայնություն չկար, եւ արդեն այս ժամանակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագը յուրօրինակ ձեւով թույլ էր տալիս խառնվելու ԽՍՀՄ ներքին գործերին, կտրուկ արձագանքելով 1988թ. հուլիսի 18-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմանը, կապված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի փետրվարի 20-ի որոշման հետ: ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը, ինչպես հայտնի է, մերժեց այս որոշումը, եւ Ջ. Բուշը այդ առթիվ հայտարարեց՝ «էժանագին խոստում… ԽՍՀՄ-ում չկա եւ չի կարող լինել ժողովրդավարություն»:

1989թ.-ին դեպքերը Ղարաբաղում ավելի սուր բնույթ ընդունեցին, ինչը կապված էր ԽՍՀՄ կենտրոնի կողմից կայսրությունը կործանումից փրկելու քաղաքականության հետ, չնայած, որ կենտրոնի կողմից հռչակվել էր «վերակառուցման» տխրահռչակ քաղաքականությունը: ԱՄՆ-ն ուշի-ուշով հետեւում էր դեպքերի զարգացմանը եւ արդեն 1989թ.-ի հուլիսի 19-ին Ծերակույտը եւս մի բանաձեւ ընդունեց, որում, մասնավորապես, նշվում էր. «ԱՄՆ-ն պետք է.

ա) քաջալերի ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, որպեսզի նա շարունակի երկխոսությունը հայ ժողովրդի ներկայացուցիչների հետ (բանաձեւը ընդունելուց մի քանի օր առաջ տեղի էր ունեցել ԽՍՀՄ հեռուստատեսությամբ մասնակիորեն հեռարձակված Գորբաչովի հանդիպումը հայ եւ ադրբեջանցի պատգամավորների հետ, որտեղ նա փաստորեն պաշտպանեց ադրբեջանցիների դիրքորոշումը),

բ) քաջալերի ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, որպեսզի նա լուրջ քննարկումներ անցկացնի ԼՂ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների հետ… Հայաստան հայրենիքին վերամիավորվելու իրենց պահանջների վերաբերյալ,

գ) ԽՍՀՄ հետ իր երկկողմանի քննարկումների ժամանակ սատար լինի Ղարաբաղի հարցի արդար եւ այդ շրջանի ժողովրդի տեսակետները արտահայտող լուծմանը,

դ) Խորհրդային Միության հետ երկկողմանի քննարկումներում պնդի, որ հայերի դեմ կատարված բռնարարքների հետաքննությունը կատարվի խորհրդային դատական ամենաբարձր մակարդակով եւ մեղավոր անձինք հայտնաբերվեն ու պատժվեն»:

Հետաքրքրական է հատկապես, որ ըստ բ. ենթակետի, ամերիկյան կողմը ընդունում է Ղարաբաղի` Հայաստան հայրենիքին վերամիավորվելու պահանջը. ուրեմն ԱՄՆ-ում լավագույնս տեղյակ են Ղարաբաղյան հարցին, որպես Հայաստանի մաս կազմելու նրա իրավունքին: Այս է հաստատում նաեւ վերջին շրջանում գաղտնազերծված ԿՀՎ-ի փաստաթղթերի վերլուծությունը, որով փաստորեն ընդունվում էր այն փաստը, որ ԼՂ-ն հանդիսանում է պատմական Հայաստանի մի մասը: ԱՄՆ կառավարությունն իր հետախուզության տվյալների հիման վրա հանգել է հետեւյալ եզրակացությանը.

«1. Լեռնային Ղարաբաղը պատմականորեն հայկական հող է,

2. Լեռնային Ղարաբաղը հետեւողականորեն ձգտել է օրինական ճանապարհով միավորվել  Հայաստանի հետ,

3. Ադրբեջանցիների թշնամանքը հայերի նկատմամբ 1980-ական թթ. վերջին եւ 90-ական թթ. հիմնված էր ոչ թե Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրավունքի պաշտպանության հիման վրա, այլ ամենից առաջ արդյունք էր ադրբեջանցիների դժգոհության՝ կապված հանրապետության ներսում քաղաքական, տնտեսական եւ դեմոգրաֆիական իրավիճակով»:

ԿՀՎ զեկույցում նշվում է նաեւ, որ «1921-23թթ. սովետական կառավարությունը պատմականորեն հայկական տարածք հանդիսացող  Լեռնային Ղարաբաղը վեր է ածել ինքնավար մարզի՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմ մտցնելով… եւ որ Ղարաբաղը եղել է կիսանկախ եւ կառավարվել է հայկական իշխանների կողմից նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանի մնացած մասը գտնվում էր Թուրքիայի եւ Պարսկաստանի լծի տակ»:

Ուրեմն, կարող ենք հաստատակամորեն փաստել, որ ԱՄՆ-ի կողմից այս ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի բնակչության օգտին հանդես գալը բխում էր ԱՄՆ-ի պետական շահերից եւ, իհարկե, ԱՄՆ-ի կողմից գլխավորապես ԽՍՀՄ-ը ներսից քայքայելու նպատակ էր հետապնդում, իսկ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այդպիսի որոշումների ընդունումն էլ դրա արգասիքն է: Եւ որ նման քաղաքականություն վարելու համար ԱՄՆ-ում ստիպված էին նաեւ ճշմարտացիորեն տեղեկանալ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ներկային, այլեւ անցյալին:

 

Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ-ը եւ մասնավորապես Ադրբեջանը ոչ միայն տեղի չէին տալիս միջազգային հասարակության կողմից հնչեցվող ահազանգերին ու դատապարտումներին, այլեւ շարունակում էին ադրբեջանահայության ցեղասպանությունը: Ըստ էության, դա էր նաեւ  պատճառը, որ ԱՄՆ-ի կողմից ժամանակ առ ժամանակ այդ գործողությունները դատապարտող եւ հայ ժողովրդին «սատարող» բանաձեւեր էին ընդունվում: 1989 թ.-ի նոյեմբերի 19-ին ԱՄՆ Ծերակույտն ու Ներկայացուցիչների տունը միաձայն ընդունեցին թիվ 178 միացյալ բանաձեւը, որն արտահայտում է ԱՄՆ-ի դիրքորոշումն ու աջակցությունը Խորհրդային Հայաստանի ժողովրդի՝ Ղարաբաղի հարցին խաղաղ եւ արդար լուծում տալու ձգտումներին: Ընթերցողներին ենք ներկայացնում այդ բանաձևի տեքստը.

«Նպատակ ունենալով ԱՄՆ-ի պաշտպանությունը հայտնել հակամարտությունը խաղաղությամբ եւ արդարությամբ կարգավորելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտմանը.

Նկատի ունենալով, որ ԱՄՆ-ը պատմական եւ մշակութային ամուր կապեր ունի Հայաստանի ժողովրդի հետ, նկատի ունենալով, որ ԼՂԻՄ-ի բնակչության 80 տոկոսանոց հայ մեծամասնությունը մշտապես ինքնորոշման եւ ազատության ձգտում է արտահայտում.

Նկատի ունենալով, որ ԼՂԻՄ-ի այժմյան կարգավիճակը անհանգստություն է հարուցում եւ հակասությունների աղբյուր է հայկական եւ ադրբեջանական խորհրդային հանրապետությունների ժողովրդի համար.

Նկատի ունենալով, որ 1988 թվականի փետրվարի 28-29-ը Սումգայիթում Ադրբեջանի հայերի սպանությունները խորհրդային կառավարությունը որակել է որպես «ջարդեր».

Նկատի ունենալով, որ Ղարաբաղի հայերի նկատմամբ շարունակվող խտրականությունը  եւ Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի լուծման անորոշությունը հանգեցրել են զանգվածային  ցույցերի ու անկարգությունների, որոնք այդ շրջանում շարունակվում են առայսօր.

Նկատի ունենալով, որ Լեռնային Ղարաբաղում բռնություններ առաջանալու կապակցությամբ Խորհրդային Միության ժողովուրդն ու կառավարությունը սկզբում  դիմեցին դրական միջոցառման` ԼՂԻՄ-ում հատուկ կառավարման  կոմիտեի ստեղծմանը՝ իրավիճակի կայունացման նպատակով.

Նկատի ունենալով, որ այդ կոմիտեն անարդյունավետ եղավ, որովհետեւ իր առջեւ դրված խնդիրների իրականացմանը խոչընդոտեցին մի շարք  գործոններ, ներառյալ կազմակերպված բռնությունը հայերի, հրեաների եւ այլ էթնիկական խմբերի նկատմամբ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ու Վրաստանի շրջափակումը.

Նկատի ունենալով, որ եռամսյա շրջափակումը, տարանցիկ ճանապարհով Հայաստան ուղարկվող բեռների գողությունն ու անպետքացումը վնասում են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ողբերգական դեպքերից հետո՝ երբ Հայաստանում երկրաշարժ եղավ, հայերի, խորհրդային մարդկանց, ամերիկացիների և ամբողջ միջազգային հանրության կողմից վերականգնողական աշխատանքների կատարմանը.

Նկատի ունենալով, որ ԱՄՆ-ի կառավարությունն ու ժողովուրդը հավաստում են Հայաստանի նկատմամբ իրենց պարտավորությունները՝ միջազգային օգնություն և աջակցություն ցույց տալով երկրաշարժից տուժած շրջանների ընդհանուր վերականգնմանը.

Նկատի ունենալով, որ ԱՄՆ-ը մտադիր է այսուհետեւ էլ հայերին օգնել վերացնելու երկրաշարժի հետեւանքները.

Նկատի ունենալով, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքները եւ Լեռնային Ղարաբաղի առթիվ ծագած կոնֆլիկտը խաղաղությամբ ու արդարությամբ կարգավորելու նրա ձգտումը .

Սույնով որոշվում է՝

ԱՄՆ-ի Կոնգրեսի ու Ներկայացուցիչների տան որոշմանը համապատասխան՝ Կոնգրեսը գտնում է, որ ԱՄՆ-ը պետք է.

1. Շարունակի պաշտպանել եւ խրախուսել Հայաստանում վերականգնմանը հասնելու  ջանքերը.

2. Խորհրդային Միության պրեզիդենտ Գորբաչովին կոչ անի վերականգնել կարգուկանոնը,  անհապաղ վերականգնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տնտեսական կառուցվածքների անարգել գործունեությունը եւ նրանց ժողովուրդների անարգել մատակարարումը, ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական անվտանգությունը հարձակումներից եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ շարունակել երկխոսությունը խաղաղ կարգավորման շուրջը.

3.  Խորհրդային Միության հետ երկկողմ բանավեճերի ընթացքում աջակցի Լեռնային Ղարաբաղի առթիվ ծագած կոնֆլիկտի այնպիսի արդարացի կարգավորմանը, որն իրոք արտացոլի այդ մարզի ժողովրդի հայացքները.

4.  Խորհրդային Միության հետ երկկողմ բանավեճի ընթացքում կոչ անի անցկացնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ կատարված բռնության ակտերի քննություն, ի հայտ բերելու եւ դատական պատասխանատվության ենթարկելու սպանությունների եւ արյունահեղությունների մեղավորներին.

5. Ամերիկյան ժողովրդի լուրջ անհանգստությունը հայտնի շարունակվող բռնության ու անկարգությունների առթիվ, որոնք խոչընդոտում են օգնության միջազգային ջանքերին»:

Այս բանաձեւը հստակորեն ճանաչում է Ղարաբաղի հայ բնակչության մեծամասնության ինքնորոշման իրավունքը, ինչպես նաեւ Ղարաբաղը որեւէ կերպ չի դիտում որպես Ադրբեջանի մաս, նույնիսկ ընդհակառակը՝ միմյանցից պարզորոշ տարանջատում է, եւ նաեւ ԱՄՆ-ում չզլացան բարձրագույն իշխանության մակարդակով ընդունել եւ դատապարտել Սումգայիթում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ Ադրբեջանի մյուս հայաբնակ շրջաններում տեղի ունեցող դեպքերը: Եվ ոչ միայն ԽՍՀՄ իշխանություններից, այլ նաեւ ԱՄՆ-ի իշխանություններից պահանջում էին հետամուտ լինել հարցի արդարացի լուծմանը: Այս եւ նմանատիպ այլ կոչերը ԽՍՀՄ-ի եւ ԱդրԽՍՀ-ի համար ոչ մի նշանակություն չունեցան, քանի որ 1991թ. ապրիլ-մայիս ամիսներին ԽՍՀՄ պաշտպանության եւ ներքին գործերի նախարարության, պետական անվտանգության կոմիտեի ուժերի աջակցությամբ  եւ եռանդուն մասնակցությամբ ադրբեջանական հրոսակախմբերը հայաթափեցին մարզի 24 հայկական գյուղեր:

Այս իրադարձություններին ԱՄՆ-ի Սենատը նույնպես տվեց համապատասխան գնահատական: 1991թ. մայիսի 1-ին ԱՄՆ-ի Սենատը միաձայն որոշում ընդունեց, որը քննադատում էր ԽՍՀՄ-ի եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից կատարվող բռնությունները Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի հայ ազգաբնակչության դեմ:

Որոշման մեջ ասվում է.

«Հաշվի առնելով, որ ԽՍՀՄ-ի եւ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունը դրամատիկ ձեւով ուժեղացնում են իրենց հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության դեմ.

ԽՍՀՄ ղեկավարությունը հրաժարվել է այն հայտարարությունից, ըստ որի պետք է հրավիրվեր ԽՍՀՄ դեպուտատների արտահերթ նստաշրջան՝ Լեռնային Ղարաբաղի հարցը որոշելու նպատակով.

Սովետական եւ Ադրբեջանական զինված ուժերը, խախտելով ընդունված միջազգային նորմերը, խորտակել են հայկական գյուղերը եւ դեպորտացիայի ենթարկել հայկական ազգաբնակչությանը Լեռնային Ղարաբաղից եւ նրա շրջակա տարածքներից.

Զինված խմբերը ապակայունացնում եւ խաղաղության հաստատման համար վտանգ են ներկայացնում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում՝

Սենատը որոշել է հետեւյալը.

1. Դատապարտել անմեղ մարդկանց, կանանց եւ երեխաների վրա հարձակումը Լեռնային Ղարաբաղում, որին ենթարկվում են նաեւ հայկական բնակավայրեր Հայաստանում.

2. Դատապարտել խոշորամասշտաբ ռազմական ուժերի օգտագործումը, ապա նաեւ դատապարտել անմեղ բնակչության վրա կատարվող հրաձգությունը Հայաստանի արեւելյան եւ հարավային սահմաններում.

3. Վերջ տալ շրջափակմանը եւ այլ ուժային դրսեւորումներին, ապա նաեւ ահաբեկչություններին, որոնք ուղղված էին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ՝ հակվել այս շրջանից նշված նպատակով սովետական զինուժի դուրս բերմանը.

4. Հակել բոլոր կողմերին երկխոսություն սկսելու եւ այն դիտելու որպես միակ ճանապարհ հիմնախնդրի լուծման համար.

5. Վկայակոչել ԱՄՆ-ին՝ դեմոկրատիայի եւ ինքնորոշման վերաբերյալ Խորհրդային Միությունում եւ նրա հանրապետություններում հաջողության հասնելու համար, խորը մտահոգություն հանդես բերել եւ ցանկացած գործողությամբ պատժել ահաբեկիչներին, կամ էլ ճնշում գործադրել այն հանրապետությունների կամ տարածքների վրա, որոնք անկայունություն են հանդես բերում»:

Նմանատիպ մի քանի բանաձեւեր նույն թվականին եւս ընդունվեցին, չնայած որ դրանք խոսքից գործի ընդհանրապես չվերածվեցին, բայց եւ ասել, թե դրանք ոչ մի արդյունք չտվեցին, սխալ կլինի թեկուզ հենց այն պատճառով, որ հայությունը զգաց, որ աշխարհում մենակ չէ:

Հայկական գյուղերին ու բնակչությանը սպասվող վտանգը չուշացավ, բայց ԱՄՆ-ն տվյալ դեպքում ավելի շատ իր շահադիտական նպատակներն էր հետապնդում, որը տվյալ պահին հանդիսանում էր ամեն կերպ կենտրոնախույս ուժերին աջակցելը, ԽՍՀՄ-ում պայթյունավտանգ իրավիճակի ստեղծումը եւ ամեն կերպ ԽՍՀՄ-ին թուլացնելը: Դրա մասին է վկայում նաեւ 1991թ. մարտին Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված ռազմավարության բնագավառում համագործակցության մասին պայմանագիրը, ըստ որի Անդրկովկասն ու Միջին Ասիան ազդարարվեցին թուրքական ազդեցության գոտի: Դա էր պատճառը, որ ղարաբաղյան հարցում հայերին ամեն կերպ աջակցություն խոստանալով եւ նրա հասցեին այս առումով բավականին խրախուսական որոշումներ ընդունելով՝ ԱՄՆ-ն շարունակում էր համր մնալ հենց նույն Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության հանդեպ: 1990-ական թթ. ԽՍՀՄ փլուզումն արդեն տեսանելի էր դարձել, եւ ռուսական գործոնի վերականգնման սպառնալիքի չեզոքացումը դարձավ արեւմտյան տերությունների եւ հատկապես ԱՄՆ-ի գերխնդիրը: Դա նրանց տեսանկյունից ենթադրում էր սոցիալիստական ճամբարի երկրներին Մոսկվայի ազդեցության ոլորտից դուրս բերում եւ Բալկանյան թերակղզի ռուսների հնարավոր վերադարձի կասեցում:

Քանի որ Ռուսաստանի հաղորդակցությունը Բալկանների հետ ապահովում էին Արեւելյան Եվրոպայի սոցիալիստական երկրները, ապա կարեւորում էր ռուսական ազդեցությունից նրանց դուրս բերման հարցում վերջիններիս առաջնայնությունը: Դրա իրագործման լավագույն նախապայման էր հանդիսանում Արևելյան Եվրոպայից ռուսների ուշադրության շեղումը, իսկ շեղման լավագույն միջոցը Մոսկվայի ռազմաքաղաքական նկրտումների ուղղորդումն էր հարավ՝ հարուցելով հավելյալ դժվարություններ Անդրկովկասում, Միջին Ասիայում եւ այլուր: Այս առումով պատահական չէր ռազմաքաղաքական իրավիճակի հրահրումն ու սրումն այնպիսի թեժ կետերում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան ու Չեչնիան՝ Կովկասում, Տաջիկստանը եւ մի շարք թուրքալեզու ծայրահեղականների ակտիվացումը Միջին Ասիայում:

Հրայր ՓԱՇԱՅԱՆ

ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ԿԱՊԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԵՐԸ 

1946  թ.    մայիսի  7-ին   Խորհրդային   Միությունում   առաջին  անգամ  նշվեց  Ռադիոյի  օրը:  Այդ  տոնական  օրվա  մասին  որոշումն  ընդունվեց  Ալեքսանդր  Պոպովի  հանրահայտ  փորձերի   50-ամյակի  կապակցությամբ: Հետագայում՝  1967  թ.  մայիսի  6-ին,   ԽՍՀՄ  Նախարարների  խորհրդի   որոշմամբ   տոնը   պաշտոնապես  վերանվանվեց   որպես   «Ռադիոյի  օր,  կապի   բոլոր   ոլորտների   աշխատողների    տոն»: Խորհրդային  տարիներին  Լեռնային  Ղարաբաղի  կապի  ձեռնարկություններում  հպարտությամբ  նշում  էին  իրենց  մասնագիտական  տոնը:    ԽՍՀՄ-ի   փլուզումը     եւ   պատերազմը    ընդհատեցին    այդ   ավանդույթը:

Երբ  հետպատերազմյան  տարիներին,   ավելի   ճիշտ՝  1995  թ.  դեկտեմբերին,   հրապարակվեց   «ԼՂՀ   տոների  եւ  հիշատակի  օրերի  մասին»  օրենքը,  կապի  աշխատողները   տարակուսանքով  իմացան,  որ   այդ  օրենքում   մայիսի   7-ը  անվանվում  է   միայն   որպես  Ռադիոյի  օր: ԼՂՀ  «Արցախկապ»  պետական  ձեռնարկության  կոլեգիան  եւ  ԼՂՀ  կապի  աշխատողների  արհկոմիտեի  նախագահությունը   1996  թ.  հոկտեմբերին    դիմեցին   ԼՂՀ  Ազգային  Ժողովին՝  խնդրելով  վերականգնել  մայիսի  7-ի   հին  անվանումը  եւ    այդ   օրը   սահմանել   որպես  «Ռադիոյի  օր,  կապի  աշխատողների  տոն»: ԼՂՀ  Ազգային   Ժողովից  պատասխանել են,  որ    ԼՂՀ   տոնական  եւ  հիշատակի  օրերի   ցանկում     մայիսի  7-ի   վերաբերյալ  կկատարվի  համապատասխան    փոփոխություն:   Տարիներ  անց՝   2001  թ.  մայիսին,  ընդունվեց   «ԼՂՀ  տոների  եւ  հիշատակի  օրերի  մասին»  նոր  օրենքը,  որում    բացակայում    են   ինչպես  մայիսի  7-ը,  այնպես  էլ  այլ  սակավաթիվ   մասնագիտական  տոները:

Լեռնային  Ղարաբաղի   կապավորներն, այդուհանդերձ,  շարունակում   են    մայիսի  7-ը  համարել  որպես  իրենց  տոն,  բայց  առանց  իրավական    հիմքի: Նրանք  տասնյակ  տարիներ  բարեխղճորեն  և  մեծ  պատասխանատվությամբ  կատարել  են իրենց  գործը՝  կապի  ծառայությունները  բնակչությանը,  հիմնարկ – ձեռնարկություններին  եւ    կազմակերպություններին   մատուցելու,  նրանց   աճող  պահանջները   բավարարելու  համար: Լեռնային  Ղարաբաղի  կապավորների  ներկայիս  սերունդը   եւս  ցուցաբերում  է  պարտաճանաչություն,   գործի  նկատմամբ  անհուն   սեր,   բարձր    վարպետություն,  նոր  տեխնոլոգիաների  ընկալունակություն, ուստի  արժանի  է     ունենալ    օրենքով   սահմանված   մասնագիտական  տոն:

Հարկ է ասել, որ իրավական փաստաթղթով  սահմանված մասնագիտական  տոն  չունեն  նաեւ    մեր շինարարները,   էներգետիկները, հեռուստատեսության,  տեղեկատվական  տեխնոլոգիաների    եւ  այլ  ոլորտների  աշխատողները:  Սակայն  հին      մասնագիտական  տոները    մարդիկ   փաստորեն   շարունակում   են   նշել: Հետխորհրդային մի   շարք  հանրապետություններում    գործում են  օրենքով  կամ  այլ   իրավական   ակտով   սահմանված   մասնագիտական   տոների   օրացույցեր:

Հաշվի  առնելով   մասնագիտական   տոների  կարեւորությունը,    անհրաժեշտ  է   ԼՂՀ  օրենքով  կամ  այլ   իրավական   ակտով   սահմանել  մեր  հանրապետության  տարբեր  ոլորտների   նախկին  եւ  նոր  մասնագիտական   տոների  օրացույց: Այդ  առնչությամբ  ես՝  որպես  կապի  համակարգի  հին  աշխատող,   առաջարկում  եմ    սահմանել   մայիսի  7-ը  կամ  այլ  նշանակալից   օր   որպես  «Ռադիոյի  եւ   հեռուստատեսության   օր,    կապի   բոլոր   ոլորտների   եւ  տեղեկատվական  տեխնոլոգիաների   աշխատողների   տոն»   կամ  ավելի  կարճ՝  «Ռադիոյի,   հեռուստատեսության   եւ   կապի   օր»:

 Վալերի ԱՆԴՐՅԱՆ

Ոչ ոք չի մոռացվել
ԱՐԱՄ ԳԱՐԻԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ապրում են զոհված տղաները: Նրանք դեռ մեր օջախների մեջ են, մեր սուփրա-սեղանին, մեր կենցաղում: Որպես հույսի ղողանջ ահա լսվում է կյանքի ձայնը՝ զոհված ապրողների քայլքը, ազատամարտիկի ոտնաձայնը… Կարծես նրանց մասին է հանճարեղ Բալզակն ասել. «Մեռածները ողջերի պես մասնակցում են մեր երթին»:

Արցախյան պատերազմը մեր ժողովրդից տաղանդավոր ուժեր խլեց: Հայ տղաների շիրմաքարեր դարձած անուններից է Արամ Գարիի Գրիգորյանը: Ծնվել է 1974թ. օգոստոսի 3-ին, Ստեփանակերտ քաղաքում՝ Գարի եւ Ջուլիետա Գրիգորյանների ընտանիքում:

1992թ. հունիսի 22-ին Մեծ շենի համար մղվող մարտում հերոսաբար զոհվեց Արամի քեռին՝ Գարի Գրիգորիի Գրիգորյանը: Քեռու մահից հետո ավելի պարտավորվեց անձնվեր մատուցել իր ծառայությունը հայրենիքի պաշտպանությանը: Նույն թվի դեկտեմբերին Արամն անդամագրվեց Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցում կազմված զինվորական ջոկատին: Այնուհետեւ ծառայության է մտնում կենտրոնական կապի բաժանմունքում և պրակտիկան անցկացնում մարտադաշտում: Մասնակցել է մի շարք օպերացիաների:

1994թ. Արամը տեղափոխվել է կենտրոնական պաշտպանական շրջանի 3-րդ գումարտակ՝ որպես կապավոր: Նույն թվականի փետրվար-մարտ ամիսներին ընկերների հետ Արամին ուղարկում են ուսումնավարժությունների: Մասնակցել է Մոխրաթաղի եւ Հորադիզի համար մղվող մարտերին: Ապրիլի սկզբներին գումարտակը շարժվում է դեպի Աղդամի շրջանի Գյուլիջա գյուղը: Այստեղ էլ՝ ապրիլի 13-ին  զոհվեց կատաղի մարտում: Քանի¯- քանի իղձեր ու երազանքներ ուներ կյանքի 20-րդ գարնանամուտը մտած երիտասարդը…

Մարտերում ցուցաբերած արիության եւ սխրանքի համար Արամը հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Արիության համար» և ԼՂՀ «Արիության համար» մեդալներով:

Համակուրսեցիներ Քրիստինե ու Արմեն Հարությունյանները, Արկադիա Մարությանը, Արմեն Բաղրամյանը հավատարիմ մնացին իրենց ընկերական ուխտին՝ եթե որեւիցէ մեկին ինչ-որ բան պատահի, ապա չեն մոռանա իրենց ընկերոջ հարազատներին: Արմեն Բաղրամյանը երբ ծանր վիրավոր էր եւ ապաքինվում էր Երեւանում, Արամը միշտ այցելում էր Արմենի մորը՝ նոր լուր հաղորդելու ընկերոջ ապաքինման մասին, իսկ այսօր Արմենն այցելում է Արամի ծնողներին որպես… Արամ: Կարոտախեղդ ծնողների, հարազատների հույսի ու երազանքների դուռ է Արամի քրոջ որդի Արամը:

Նարինե ՊԵՏՐՈՍՅԱՆ    

——————————————————————————————-

Հայրենիք

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՔԱՇԱԹԱՂԸ

Մեքենան ցատկոտում էր ջրափոսից ջրափոս՝ իր մեջ խառնելով մեզ, աման-չաման, երաժշտական տեխնիկա և այլ պիտանի ու անպիտան բաներ, որոնց գործածության օգտակար գործողության գործակիցը հետո պիտի պարզվեր: Մեքենան ՈՒԱԶ էր, մենք՝ «ՀայԵր Ակումբ» հասարակական կազմակերպության անդամներ, իսկ ցատկոտելու և քաշաթաղյան անհարմար ճանապարհներն ընկնելու նպատակը՝ «Ներկայացնում ենք Քաշաթաղը» ծրագրի առաջին փուլի իրականացումը:

Ծրագիրն ըստ էության առօրյա աշխատանք է Քաշաթաղի շրջանի հեռավոր բնակավայրերի մանուկների, պատանիների և երիտասարդների հետ՝ ծանոթությունների հաստատում, տեղական հիմնախնդիրների քննարկումներ, շնորհալի երեխաների հայտնաբերում, ոչ պաշտոնական մթնոլորտում զրույցներ, խորհրդատվություններ և այլն, և այլն և էլի այնպիսի «այլ»-ներ, որոնք պիտի որ հաճելի ու օգտակար լինեին տեղի բնակիչների համար: Սա թղթի վրայի ծրագիրն էր, իսկ ի՞նչ էր դառնալու այն իրականում՝  ցույց պիտի տա ժամանակը:

Ծրագիրը կազմվել էր կազմակերպության անդամների կողմից, հավանության էր արժանացել ԼՂՀ կառավարության՝ ՀԿ-ների համար անցկացրած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի կողմից, համակրանքի և աջակցության՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմի վերաբնակեցման վարչության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կողմից: Ծրագրի իրականացման մասին նախապես տեղեկացվել էին շրջանի բնակավայրերի դպրոցների տնօրենները, քանի որ այսօր շրջանի ոչ մի բնակավայրում (այդ թվում և շրջկենտրոն Բերձորում) չկան մշակույթի տներ, և որևէ միջոցառման անցկացումն ինքնաբերաբար կատարվում է դպրոցների ուժերով և հնարավորություններով:

Ինչևէ: Ծրագիրը կազմված էր, հավանված էր, աջակցված և համակրված էր: Մնում էր միայն իրականացնել այն: Առաջին հայացքից անհոգ զվարճանք թվացող այս խնդիրն իր դժվարությունները դրեց մեր առաջ… դեռ ծրագիրը չսկսած: Մեղավորը եղանակն էր՝ մարտի 17-ին այնպիսի ձյուն սկսվեց, որ ծրագրի իրականացմանը սկսեցինք չհավատալ… Ավելի ճիշտ՝ իրականացմանը նախատեսված ժամկետում: Բայց, ինչպես ասում են, կարևորը ցանկությունն է, իսկ եղանակը փոփոխական բան է, և մարտի 19-ին, նախատեսվածից մեկ օր ուշացումով, մեր կիսաստեղծագործական-կիսաաշխատանքային-կիսամարզական-կիսամշակութային խումբը առավոտյան ժամը 7-ի փոխարեն ժամը 9-ին վերջապես մեկնելու պատրաստ էր: Խմբի անդամներն էին «ՀայԵր Ակումբ» ՀԿ «Ներկայացնում ենք Քաշաթաղը» ծրագրի ղեկավար, Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանը և այլ անդամներ, Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի շախմատի ուսուցիչ, սպորտի վարպետության թեկնածու Աշոտ Նազարեթյանը, Բերձորի թիվ 1 դպրոցի աշակերտներ Հայկ Հարոյանը, Հովհաննես Քոսակյանը, թիվ 2 դպրոցի աշակերտ Ռոբերտ Նազարեթյանը, ինչպես նաև նախապես՝ վարորդ, ընթացքում՝ մարզիկ, մրցավար, տնտեսվար, կազմակերպիչ և, ի վերջո, լավագույն ընկեր Աղասը, Քաշաթաղի շրջանային ոստիկանության բաժնի անչափահասների հարցերի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արմեն Մելքումովը և տողերիս հեղինակը:

Տրամադրությունները հակասական էին: Կստացվի՞, արդյոք, իրականացնել ծրագրով նախատեսվածը, կկարողանա՞նք, արդյոք, ստեղծել այն անբռնազբոս մթնոլորտը, որն անհրաժեշտ է իսկական համագործակցություն սկսելու համար, ինչպե՞ս կընդունեն մեր աշխատանքը միջոցառումների մասնակիցները: Այս և նման հարցեր էին յուրաքանչյուրիս  ուղեղում: Այնուամենայնիվ, նախապատրաստվածությունը թվում էր ավելի քան բավարար բոլոր առումներով. պատրաստ էինք և մշակութային, և մարզական, և ինտելեկտուալ մրցույթների անցկացմանը, պատրաստ էինք անմիջական երկխոսության և, ամենակարևորը, մշակված էր աշխատանքի հստակ բաժանմամբ ճկուն մի գործելաոճ, որը թույլ կտար, անհրաժեշտության դեպքում, փոփոխությունների ենթարկել նախապես կազմված ծրագիրը և այն հարմարեցնել առկա պայմաններին:

Եվ այսպես, «ՀայԵր Ակումբ» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Ներկայացնում ենք Քաշաթաղը» ծրագրի առաջին փուլը շրջանի հարավային բնակավայրերում՝ Կովսական, Միջնավան, Կումայրի, Իշխանաձոր, Այգեհովիտ, Ծաղկաբերդ:

Օր առաջին. 19 մարտի Կովսական. առաջին դժվարությունները

Դժվարություններից մեկն այն էր, որ խմբի անդամներից շատերն առաջին անգամն էին հարավային Քաշաթաղում: Ամեն ինչ նոր էր: Ուզում էինք հասցնել դիտել, դիտարկել ամեն ինչ և միաժամանակ պետք է հասցնեինք կատարել ինքնակամորեն մեր ուսերին վերցրած հաճելի, բայց և ծանր աշխատանքը: Դժվարություն էր և այն, որ ծրագիրն ուշանում էր մեկ օրով, և ծրագրի ղեկավարի համար առաջացան չնախատեսված պարտականություններ՝ մինչև Կովսական հասնելը «հայտնվել» ամեն տեղ և տեղեկացնել բոլորին մեկօրյա ուշացման մասին (շատ տեղին և անհրաժեշտ մի աշխատանք, որովհետև ճանապարհին բոլորս ընկել էինք մի տեսակ «անկապ» վիճակի մեջ՝ ոչ «Ղարաբաղ Տելեկոմ», ոչ «Վիվա Սելլ»): Հաջորդ դժվարությունը մեր անհանգստությունն էր Գոռի ուշացման համար, որն ամեն տեղ հայտնվում էր, բացի մեր տեսադաշտից, իսկ ՈՒԱԶ-ով անցած մեր ճանապարհները տեղ-տեղ այնքան «ցնցող» էին բառի ամենաբուն իմաստով, որ Գոռի՝ «Ժիգուլիով» ոդիսականը մեզ լրիվ իրավունք էր տալիս անհանգստանալու: Հատկապես ծանր վիճակում էր Հակարի գյուղի գյուղամիջյան և «գյուղադրսյան» ճանապարհը, որը մեզ իսկույն հիշեցրեց ռուսական հայտնի ասացվածքը.   «Թ ՀՏրրՌՌ ՊՉպ ոպՊօ: ՊցՐՈՍՌ Ռ ՊՏՐՏչՌ». այստեղ, կարծես, գործ ունեինք երկու «բեդան»-երի հետ միաժամանակ (Աղասից իմացանք, որ ճանապարհն այսպես անանցանելի է դարձել վերջերս կատարված «վերանորոգումների» պատճառով):

Կովսական չհասած՝ քաղաքի դարպասների մոտ, գումարեցինք արտակարգ հավաք՝ Գոռի և ընկերներ Նազարեթյանի և Մելքումովի ուշացման վերաբերյալ որոշում ընդունելու համար (չափից ավելի սովետականացված տեքստի համար հայցում եմ ընթերցողի ներողամտությունը): Ընդունեցինք որոշում. չուշանալ հայտարարված ժամանակից և շարունակել մեր ընթացքը, որովհետև Գոռը, միևնույն է, Կովսականի տեղը գիտեր և գալու էր, այլ տարբերակի մասին չէինք էլ մտածում:

Հասանք Կովսական: Եվ վերջ: Մեր մասին այսքանը: Որովհետև միանգամից ընկանք մի միջավայր, որտեղ մեր մասին խոսելն արդեն անհամություն կլիներ: Այստեղ արդեն տեսնելու և խոսելու շատ բան կար: Կովսականում պատրաստվել էին մեր գալուստին (գալուստը՝ փոքրատառով): Էն գլխից մոռացա նշել, որ միջոցառումները նախատեսված էին ոչ միայն այն բնակավայրերի համար, ուր մենք այցելում էինք, այլև շրջակա բնակավայրերի բնակիչների համար: Կովսականում նաև Ալաշկերտ և Դիցմայրի գյուղերի դպրոցականներն էին՝ պատրաստի երգ ու պարով, ասմունքով. այնպես ստացվեց, որ այստեղ երգ ու պարի, ասմունքի մրցույթներ, որպես այդպիսիք, չկարողացանք անցկացնել, այնպես որ, գնահատվեցին ալաշկերտցիների պատրաստած համարները:

Միանգամից ասեմ, որ Կովսականում նորից իրեն հիշեցնել տվեց մեր հին ծանոթը՝ եղանակը: Մեր տեղ հասնելուն պես սկսեց անձրևել, և ծրագրով նախատեսված սպորտլանդիաների մասին խոսք անգամ չէր կարող լինել: Կովսականի դպրոցի շեմին մեզ դիմավորեցին աշակերտները՝ բազմաթիվ հարցերով. ի՞նչ ենք անելու, ինչո՞վ ենք զբաղվելու այսօր: Դպրոցական արձակուրդների օրեր էին, դպրոցում էր նաև համարյա ամբողջ ուսուցչական կոլեկտիվը՝ տնօրեն Գոհար Կարապետյանի գլխավորությամբ: Չնայած ճանապարհի անհարմարություններին, մենք անմիջապես եռանդով անցանք մեր բուն պարտականությունների կատարմանը: Մեր եռանդը կրկնապատկվեց, երբ ժամանեցին նաև մեր կորած ընկերները: Էլի սկսեցի մեր, մեր…

Կովսականի դպրոցը փոքր է: Դասարանները՝ նույնպես: Դպրոցը չունի դահլիճ. որպես այդպիսին ծառայում է  սովորական դպրոցի սովորական դասարանի չափ մի սենյակ, որտեղ փոքրիկ բեմ կա, բեմի վրա դաշնամուր, իսկ ներքևում… սեղանի թենիս: Իսկական մարզամշակութային դահլիճ: Փոխարենը շատ լավն էր դպրոցամերձ ավազածածկ մարզահրապարակը, որտեղ, անձրևին ուշադրություն չդարձնելով, սկսեցինք ֆուտբոլ խաղալ: Միաժամանակ դպրոցի դասարաններից մեկում արդեն «եռում» էին շախմատի և  շաշկու առաջնությունները, դահլիճում անցկացվում էր սեղանի թենիսի մրցախաղ, որի մրցավարության դժվարին գործն իր վրա վերցրեց կովսականցի Արմեն Սարգսյանը, իսկ բեմի վրա դրված սեղաններին գեղեցիկ ձևավորված  էին աշակերտների աշխատանքները՝ կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ: Դպրոցի բակում երիտասարդները նախ թերահավատորեն, հետո ավելի ու ավելի «տաքանալով», սկսեցին 16 կիլոգրամանոց կշռաքարի բարձրացման մրցումները: Մի խոսքով, ամեն ինչ իր տեղն ընկավ, բոլորն ինչ-որ բանով զբաղված էին, սկսեցինք պատկերացնել մեր անելիքն արդեն ոչ թե թղթի վրա, այլ իրականում: Ստացվում էր: Ստացվելու համար առանձնապես ուրախ էինք, որովհետև ամենասկզբից արժանացել էինք շատ տեղին արված մի դիտողության` անկազմակերպ լինելու, միջոցառում կազմակերպել չկարողանալու համար: Սկիզբն էր, շփոթված էինք: Հարմարվեցինք: Ակտիվացանք: Ուսուցիչներին պարա՞պ թողնենք: Նեղլիկ ուսուցչանոցում կազմակերպվեց ինտելեկտուալ մինի մրցույթ Կովսականի և Ալաշկերտի դպրոցների ուսուցչական թիմերի մասնակցությամբ (միաժամանակ ըմբոշխնում էինք նույն ուսուցչանոցում պատրաստվող ավանդական «պերերիվի» բույրերը): 10 հարց թիմերին, և հաղթեց Ալաշկերտի թիմը՝ ավելի արագ պատասխանների համար (միավորները հավասար էին):

Մրցույթներն ավարտվեցին: Բայց միջոցառումները դեռ շարունակվում էին: Իրիկնանում էր: Անցանք արդյունքների ամփոփմանն ու հաղթողների պարգևատրմանը: Պարգևները պատվոգրեր էին, փոքրիկ հուշանվերներ, բայց մթնոլորտի տոնականությունը հնարավորություն էր տալիս դրանք նույնպես պարգևներ անվանելու: Միացվեց ուրախ երաժշտություն, հավաքեցինք սեղանի թենիսը և սկսեցինք պարել: Ամեն ինչ շատ լավ էր, որովհետև ամեն ինչ շատ լավ ավարտվեց:

Հ.Գ. Կովսականի հարգելի պարոն քաղաքապետին տեղեկացնում եմ, որ մարտի 19-ին Կովսականի դպրոցում տեղի ունեցածը ոչ մի քաղաքական ուժի պատվեր չի եղել, չի եղել ոչ մի ֆիզիկական անձի խնդրանքով կամ պահանջով, այլ մեր պետության ամենասովորական քաղաքացիների ամենասովորական մի խմբի ամենասովորական ցանկությունների իրականացումն է եղել և, երևի թե, մի փոքր ուրախություն էլ պատճառել է նաև Կովսականի դպրոցականներին: Եվ այդ մասին առայժմ ոչ մի պատի թերթում գրված չէ…

Օր երկրորդ. 20 մարտի Սովորական հրաշք Միջնավանում

Միջնավանում էինք առավոտյան ժամը 10-ին: Մեզ դիմավորեց Միջնավանի քաղաքապետարանի աշխատակից Սևադա Հայրապետյանը: Առաջին իսկ պահից տպավորությունն այնպիսին էր, կարծես իրար ճանաչում էինք արդեն մի քանի հարյուր տարի: Ավարտեցինք մեր բացօթյա նախաճաշը (եղանակը հիանալի էր) և անցանք գործի: Շուտով ժամանեցին Միջնավան քաղաքի դպրոցականները, երիտասարդներ, դպրոցի ուսուցիչներ, ծնողներ: Ներկայացուցչական էր նաև Վան գյուղի պատվիրակությունը՝ դպրոցի տնօրեն Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Միջնավանի դպրոցի շենքը տիպային մեծ շենք է, սակայն վերանորոգման, ավելի ճիշտ կլինի ասել՝ հիմնանորոգման խիստ կարիք է զգում:

Մեր վաղեմի ծանոթը՝ եղանակը, այսօր լրիվ մեր կողմից էր. հիանալի արևոտ օր էր: Որոշվեց բոլոր միջոցառումներն անցկացնել դրսում: Եվ շատ էլ ճիշտ որոշվեց, որովհետև ընդամենը 1-2 ժամ հետո Միջնավանի դպրոցի բակը դարձել էր անճանաչելի մի մրցահարթակ: Իսկ ամեն ինչ նրանից էր, որ միջոցառումներն սկսեցին Միջնավանի դպրոցի ինքնագործ պարի խմբի սաները՝ հաճելի զարմանք և ուրախություն պատճառելով մեզ: Պարուսույցը դպրոցի աշխատակից Նելլի Գևորգյանն էր, որ հասարակական կարգով հավաքել էր դպրոցի սաներին և արդեն երեք ամիս է, ինչ աշխատում էր նրանց հետ: Պարեցին նաև Վան գյուղի դպրոցի սաները: Ընդհանրապես, միջոցառումների երկրորդ օրը կարծես գալիս էր հավաստելու, թե ինչքան քիչ գիտենք մենք մեր երեխաների, նրանց հնարավորությունների, տաղանդների մասին:

Պարի խմբերի սաների ելույթներից հետո սկսեցինք սպորտլանդիան: Հայոց լեզվից իմ ունեցած գիտելիքներն ու բառապաշարն ուղղակի չեն հերիքում՝ նկարագրելու համար այն, ինչ կատարվում էր դրանից հետո: Դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների ղեկավարությամբ թիմերը ինքնամոռաց պայքարի մեջ էին մտել:

——————————————————————————————

ՆՈՐ ԹԵՐԹ՝ «ԱՐՑԱԽԻ ԿԱՆԱՅՔ»

Արցախի լրատվական դաշտը համալրվեց ևս մի թերթով՝ լուս տեսավ «Արցախի կանայք» հասարակական կազմակերպության համանուն թերթը:

Թերթի անդրանիկ համարում զետեղված է հարցազրույց «Արցախի կանայք» հասարակական կազմակերպության նախագահ, բանաստեղծուհի Ծովինար Բաղդասարյանի հետ, որում նա ներկայացնում է նորաստեղծ կազմակերպության ու նրա թերթի նպատակներն ու խնդիրները:

Համարում թերթի ծնունդը ողջունել են ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի դեկան Արզիկ Մխիթարյանը, ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, ԼՂՀ և ՀՀ ժողովրդական արտիստուհի Նաիրուհի Ալավերդյանը:

«Դեմո»-ի խմբագրակազմը ևս ողջունում է նոր լրատվամիջոցի ծնունդը, մաղթելով հաջողություններ և ընթերցողական լսարանի համակրանք:

«Դեմո»

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s