№ 9 / 31 մայիս

ԵՐԿՐՈՐԴ ԲԵՎԵՌԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
կամ՝ Սուրբ տեղը դատարկ չի մնում

Վերջին տարիներին մեզ մոտ ժողովրդավարության մասին այնքան է խոսվել, որ մարդիկ արդեն հասցրել են զզվել դրանից, և կրկին սկսել է արդիական դառնալ ուժեղ ձեռքի գաղափարը: Սա գործող իշխանությունների ամենամեծ վնասն է: Մոտ տասը տարի առաջ նախաձեռնելով «ուժեղ ձեռքի» դեմ պայքար` նրանք տասը տարի հետո հանրությանը վերադարձրին «ուժեղ ձեռքի» գաղափարին: Սա նշանակում է, որ այդ տասը տարում նրանք միանգամայն այլ՝ անձնական խնդիրներ են լուծել, չթողնելով, որ երկրում սկզբունքային ու համակարգային փոփոխություններ լինեն:

Խոսքը գործի չվերածվեց, ժողովուրդն իրական ժողովրդավարություն չտեսավ և իրականում հոգնեց ոչ թե ժողովրդավարությունից, այլ` դրա մասին անիմաստ զրույցներից: Իսկևիսկ հայտնի անեկդոտի նման, երբ կինն ասում է ամուսնուն՝ ես արդեն չեմ խնդրում թարգել ծխելը, այլ խնդրում եմ թարգելու մասին զրույցները թարգել:

Ինչ որ է, իրական ժողովրդավարությունը նշանակում է իշխանությունների գործունեության նկատմամբ հանրային վերահսկողություն, երբ իշխանությունը հաշվետու է քեզ և երբ, կոպիտ ասած, իշխանությունն է վախենում քեզնից, այլ ոչ թե դու՝ իշխանությունից:

Եթե երկրում կա ուժի երկրորդ բևեռ, ապա կա ժողովրդավարություն, եթե չկա՝ ապա ժողովրդավարությունը հեքիաթ է: Բոլորիս ջանքերը պիտի ուղղված լինեն հենց երկրորդ բևեռի կայացմանը: Մինչդեռ այսօր հակառակն է արվում՝ խարխլում են երկրորդ բևեռի հիմքը և ավելի ուժեղացնում առաջին բևեռը: Զավեշտը կայանում է նրանում, որ խարխլողները դա բխեցնում են ժողովրդի շահերից: Եվ դա իբր անում են ազգային միասնության համար, ինչին էլ սպասարկում է միասնական թեկնածուի գաղափարը:

Եվ ի՞նչ է արվում այսպիսի «միասնություն» ապահովելու համար: Արվում է այն, ինչ անում էին նախորդ բոլոր ղեկավարները՝ բացառությամբ մեր երկրի առաջին ղեկավար Արթուր Մկրտչյանի: Հենվում են ադմինիստրատիվ ռեսուրսի վրա և այդ գնով «միասնության» թրի տակով անցկացնում պետական մարմիններին, ազատամարտիկների միությանն ու այլ հասարակական կազմակերպությունների, գրողների ու այլ ստեղծագործական միությունների ներկայացուցիչների: Նույնիսկ հոգևոր առաջնորդն է այս ենթատեքստով միասնության կոչում: Չգիտես ինչու պետության բարիքները բաժանելիս ոչ ոք միասնության մասին չի հիշում:

Այս ամենը ծիծաղելիության ու ցավալիության աստիճան ծանոթ է: Այ, եթե այդ կազմակերպություններն ու մարդիկ ոչ թե հայտարարեին միասնական թեկնածուին պաշտպանելու մասին, այլ հավաստիացնեին, որ իրենք ամեն ինչ անելու են ազատ և արդար ընտրությունների ապահովման համար, ապա բարոյապես փրկվելու շանս կտային թե իրենց և թե երկրին (ի վերջո՝ արդարությու՞նն է վեր, թե՞ միասնական թեկնածուն): Բայց մեզ մոտ նման հրաշքներ չեն լինում, առայժմ չեն լինում, որովհետև այդ շերտը շատ «պրոզայիկ» է և կանխատեսելի:

Նշանակու՞մ է սա, արդյոք, որ ամեն ինչ կորած է: Իհարկե Ոչ: տեղի է ունենում ջրերի պարզման ու ինքնամաքրման գործընթաց, որից հետո և որի ընթացքում է լինելու հրաշքը: Երկրորդ բևեռը բնական երևույթ է (նույնիսկ էլեկտրականությունն է «պլյուս-մինուսի» հենքի վրա ստեղծվում), այսինքն՝ դրա առաջն առնելը հնարավոր չէ: Փույթ չէ, որ հիմա այդ «վտանգավոր» բևեռը լքում են ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունների և մտավորականների մի մասը: Դրանով նրանք պարզապես ասում են, որ երկրորդ բևեռի վեհ առաքելությունը ոչ միայն իրենց ուժերից վեր է, այլև խորթ է իրենց: Իսկ բնության մեջ վակուում չի լինում, ինչպես ասում են՝ սուրբ տեղը դատարկ չի մնում:

Լինում են ժամանակներ, երբ երկրորդ բևեռի ընթացքն այլևս անհնար է լինում կասեցնել, երբ արդեն տեսնում ես, որ ծագում է բևեռը, երբ առաջին բևեռի հենասյունին հավասարվելու միտումով արագընթաց ամրանում է երկրորդ բևեռի շյուղը:

Կարծես թե հիմա իսկևիսկ այդ պատմական պահն է:

——————————————————————————————-

Վերջին զանգ

——————————————————————————————

Մարդը եւ օրենքը

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՊՐՆ Ս.Մ. ՆԱՍԻԲՅԱՆԻՆ

«Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը  ԼՂՀ նախագահի` 2007 թվականի հուլիսի 19-ին կայանալիք ընտրությունները համարում է Արցախի անկախ պետականության ամրապնդման ու հետագա զարգացման, միջազգային ճանաչման նպատակին հասնելու գործում անհրաժեշտ հեղինակություն ընձեռնող, ժողովրդավարությանը նվիրվածության քաղաքականությունը աշխարհին ներկայացնելու բացառիկ կարևորության լավագույն հնարավորություններից մեկը: Այդ պաշտոնում ընտրվելու համար գրանցման ներկայացված 5 (հինգ) թեկնածուների առկայությունը, ժողովրդի կամքով նրանցից մեկին երկրի բարձրագույն պաշտոնում ընտրելու և պատասխանատվություն կրելու հնարավորությունը արմատացող ժողովրդավարության կենսունակության անվիճելի փաստ է: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ այս ամենը լիարժեք կլինի, եթե ընտրությունները կազմակերպվեն ու անցկացվեն գործող օրենսդրության պահանջներին խստիվ համապատասխան, հնարավորինս անթերի ու քաղաքակիրթ ձևով՝ սկսած թեկնածուների առաջադրումից մինչև ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը:

Այդ մտահոգությամբ և առանց հանրապետության նախագահի թեկնածուներից որևիցե մեկի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որոշ հանգամանքներ, որոնք, մեր կարծիքով, առաջադրված թեկնածուների գրանցման հարցի լուծման համար էական նշանակություն ունեն:

ԼՂՀ Սահմանադրության 62 հոդվածի 2-րդ կետով սահմանված է, որ ԼՂՀ նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում ԼՂՀ քաղաքացի համարվող, վերջին 10 տարում ԼՂՀ տարածքում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Սահմանադրական այդ նորմի պահանջներն անփոփոխ արտացոլված են ԼՂՀ ընտրական օրենսգրքում՝ 66 հոդվածի 1-ին կետում և այդ հիմքով նաև՝ թեկնածուի գրանցման (71 հոդվածի 1-ին և 2-րդ կետեր), գրանցումը մերժելու (72 հոդված), անվավեր ճանաչելու (73 հոդված)  և այլ դրույթներում: Օրենքով նախատեսված այդ պահանջներից որևէ մեկի բացակայությունն առաջադրված թեկնածուի գրանցումը բացառող հանգամանք է:

ԼՂՀ նախագահի թեկնածու առաջադրված պրն. Բակո Սահակյանը ԼՂՀ ներքին գործերի նախարար է նշանակվել հանրապետության նախագահի` 1999 թվականի օգոստոսի 2-ի հրամանագրով:  Ըստ այդ կապակցությամբ տրված պաշտոնական հաղորդագրության՝ պրն. Բ. Սահակյանը 1997թվականից մինչև վերոնշյալ նշանակումն աշխատել է ՀՀ ազգային անվտանգության համակարգում և այդ համակարգը պաշտոնապես ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունում: Որպես ՀՀ պաշտոնատար անձ՝ նրա աշխատավայրն է հանդիսացել Մոսկվայի ՀՀ դեսպանատունը: Այդ փաստից բխում է, որ որպես ԼՂՀ նախագահի թեկնածու առաջադրված Բ.Սահակյանը վերջին 10 տարում ԼՂՀ տարածքում մշտապես չի բնակվել, սակայն նրա մշտապես բնակվելու մասին տեղեկանք է ներկայացվել:

Ելնելով վերոնշյալից, գտնում ենք, որ ԿԸՀ-ի կողմից Բ.Սահակյանին ԼՂՀ նախագահի թեկնածու գրանցումը միանշանակ կգնահատվի որպես ընդհանրապես գործող օրենսդրության և հատկապես երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության կոպիտ խախտում, ինչն էլ ստվեր կնետի ինչպես ընտրություններին, այնպես էլ նորանկախ երկրի ժողովրդավարական իմիջին:

Ակնկալում ենք ԿԸՀ-ի կողմից անաչառ քննություն և օրինական որոշում:

Հարգանքներով՝ ԱԼԲԵՐՏ ՈՍԿԱՆՅԱՆ
«Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ տնօրեն

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Օգոստոսի 2-ին ԼՂՀ նախագահ Ա.Ղուկասյանը հրամանագրեր ստորագրեց Արթուր Աղաբեկյանին, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Բակո Սահակյանին նշանակելու մասին: Նույն օրը նախագահը ՆԳՆ նոր ղեկավարին ներկայացրեց գերատեսչության աշխատակիցներին:

…Ա.Ղուկասյանը հայտնեց, որ Բ.Սահակյանը երկար ժամանակ աշխատել է ԼՂՀ պաշտպանության նախարարությունում, իսկ այնուհետև մի քանի տարիների ընթացքում եղել է Մոսկվայում ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության ներկայացուցիչը:

 ԼՂՀ նախագահի մամուլի  ծառայություն,
 «Ազատ Արցախ», 3 օգոստոսի, 1999թ.

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 62.

2. Հանրապետության նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրա-քանչյուր ոք:

 

ՊԻՏԻ ՊԱՀՊԱՆՎԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՌՆ ՈՒ ՈԳԻՆ

(Հարցազրույց ղարաբաղյան շարժման ակտիվիստ, Արցախի պետական համալսարանի դասախոս Գրիգորի ԱՖԱՆԱՍՅԱՆԻ հետ) 

-Պարոն Աֆանասյան, Հայաստանում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները, իսկ Արցախում հուլիսին կայանալու են նախագահական ընտրություններ: Ձեր կարծիքով, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը մեր ընտրությունների վրա:

-Նախ ասեմ, որ Հայաստանում ընտրությունները նորմալ են անցել: Մեծ հաշվով՝ որակական բեկում է տեղի ունեցել, այսինքն «փողոցային ժողովրդավարության» փուլն անցնում է իսկական ժողովրդավարության փուլ:

Շուտով մեզ մոտ էլ կլինեն ընտրություններ: Արտաքնապես թվում է, թե Ղարաբաղի հարցը լուծում են Հայաստանում, Ռուսաստանում կամ Ամերիկայում, բայց իրականում դա այդպես չէ: Ղարաբաղյան հարցը լուծվում է հենց Ղարաբաղում: Որքան մենք ճիշտ անցկացնենք այս ընտրությունները, այնքանով կխթանենք մեր հարցի լուծումը: Մենք վերջապես պետք է «ստրկական» հոգեբանությունից անցնենք ազատության հոգեբանության: Եթե վերհիշենք 1988 թվականը եւ դրանից հետո ծավալված պատերազմը, ապա կհասկանանք, որ հաղթել ենք միայն այն բանի շնորհիվ, որ ազատ էինք: Եթե մենք ուզում ենք հարցը դրական լուծել, մեր մեջ ազատության ոգին միշտ պետք է լինի:

Իսկ ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ասեմ, որ չէի ցանկանա, որ որոշ մարդիկ օգտագործեն վարչական ռեսուրսը, քանի որ դրանով ոչ թե ընտրություններին կնպաստեն, այլ ընդհակառակը՝ կվարկաբեկեն դրանք: Դրա համար եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, եւ բոլոր նրանք, ովքեր մասնակցելու են այդ ընտրություններին, պետք է 100 տոկոսով արդար ու ազնիվ լինեն: Մենք խաբելու բան չունենք:

Հայաստանի իշխանությունների ազդեցության մասին կասեի հետեւյալը. կարծում եմ, Հայաստանի ղեկավարությունն այնքան խելացի է, որ ուղղակի եւ անուղղակի ազդեցություն չի ունենա մեր նախագահական ընտրությունների վրա: Նրանք այդ ընտրությունը թողնում են մեզ, որ վաղն էլ հենց մենք պատասխանատվություն կրենք դրա համար:

-Ինչպե՞ս կգնահատեիք նախընտրական շրջանը:

-Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախընտրական քարոզարշավը դեռ չսկսված՝ արդեն սկսվել է կուսակցությունների, որոշ հասարակական կազմակերպությունների կողմից կոնկրետ թեկնածուի սատարելու մասին հայտարարությունների գործընթացը: Կներեք, պարոնայք, բայց սրանք ընտրություններ են: Եթե դուք նախօրոք հայտարարում եք, որ ինչ-որ մեկին սատարում եք, կամ չեք սատարում, ապա ինչի՞ են պետք ընտրությունները: Որոշեք եւ նշանակեք, ինչո՞ւ պետք է ժողովուրդը դրան մասնակցի: Կամ ի՞նչ միասնական թեկնածուի մասին է խոսք գնում: Դուք նույնիսկ ձեր կուսակցությունում չեք կարողանում միասնական թեկնածու ընտրել. բոլորը համանախագահներ եք համարվում: Նման գործելաոճը անլուրջ է, եւ Ղարաբաղի ժողովուրդը շատ խելացի է ու դա չի ընդունում:

Ու հետո էլ՝ մենք չպիտի բաժանենք ժողովրդին մի քանի մասի, մենք միասնական ենք, բայց յուրաքանչյուրն իր կարծիքն է արտահայտում: Պետք է նաեւ հարգել բոլոր թեկնածուներին՝ ով էլ որ լինի:

Ամենակարևորը՝ ընտրական այս գործընթացը պիտի լիովին տեղավորվի Սահմանադրության շրջանակներում: Պիտի պահպանվեն երկրի հիմնական օրենքի տառն ու ոգին:

-Պարոն Աֆանասյան, ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ նախկին ԼՂԻՄ-ի հարակից տարածքներից հայկական զորքերի դուրսբերման քննարկումները, որոնցից բխում է նաեւ տարածքների վերադարձման հարցը:

-Տարածքների վերադարձի հարցի քննարկումները հեքիաթ են: Խոսում են, թե մեկը որոշել է տալ, մյուսը՝ ոչ: Տարածքների վերադարձը միայն  մեզանից է կախված: Երբ գալիս է այն ժամանակը, որ պետք է հայրենիքի համար կյանքը տալ, ապա հասարակ մարդն է գնում դրան, այլ ոչ թե սպասում է, որ իր փոխարեն ինչ-որ մեկը կյանքը տա: Ոչ մեկն իր կյանքը չի տալու միայն բաժակ բարձրացնող եւ զոհված տղաների կենացը խմող մարդու փոխարեն:

Որտեղ էլ քննարկվեն այդ տարածքների հարցերը, թեկուզ միջնորդները եւ այլն, միեւնույն է՝ առանց Ղարաբաղի ոչ մի հարց երբեք չի լուծվի: Տարածքների հարցը քննարկելը լուրջ չէ: Դա անհնարին է, իմ կարծիքով: Եթե այս փուլում գոնե մեկ սանտիմետր հող տանք՝ դա արդեն պատերազմ կնշանակի եւ ավելի վատ պատերազմ, քան եղել է:

-Իսկ մեր առաջնահերթ խնդիրը ո՞րը պետք է լինի:

-Մենք պետք է ձգտենք ժողովրդավարական հասարակություն ունենալ, աշխատելու եւ ապրելու նորմալ պայմաններ ստեղծենք: Պատերազմում հաղթել ենք, բայց խաղաղ կյանքում էլ մարդը պետք է այս երկրի քաղաքացի իրեն զգա: Գլխավորը, կարծում եմ, կոռուպցիայի դեմ պայքարն է: Այն վարակել է մեր հասարակությունը, դրանում մենք ենք մեղավոր, եւ ոչ մեկը թող մյուսին չմեղադրի: Ամեն ոլորտում այն մառազմի է հասել: Քիչ է մնում Սահմանադրությունում գրեն, որ կոռուպցիան է մեր հիմնական օրենքը: Ով էլ լինի, անկախ պարգեւներից ու վաստակից, եթե խախտում է անում՝ պետք է պատժվի. դրա համար են օրենքները գործում: Եվ եթե ժողովրդավարական հասարակություն ստեղծենք ու սկսենք կարգին աշխատել, ապա մեզ կսկսեն հարգել, մեզ կճանաչի միջազգային հանրությունը:

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

——————————————————————————————-

Ընտրություններ

ԵՐԿՐՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ԿԱ

ԼՂՀ-ում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել նաև ԼՂՀ ԱԳ փոխնախարար Մասիս Մայիլյանը:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույց Մ.Մայիլյանի հետ

-Պարոն Մայիլյան, ինչու՞ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը:

-Նախ՝ Սահմանադրությունն ինձ նման իրավունք տալիս է: Իսկ ինչ վերաբերում է հավակնելուս հիմնավորվածությանը, ապա շեշտեմ, որ միշտ էլ ձգտել եմ իմ ուժերի ներածին չափ օգտակար լինել հայրենի երկրին, պետությանն ու ժողովրդին և ինձ վստահված տեղում ամեն ինչ արել եմ ինքնակատարելագործվելու և առավելագույնս օգտակար լինելու համար, միշտ էլ համոզված լինելով, որ ծառայում եմ պետությանն ու ժողովրդին: Այդ ամբողջ ընթացքում ես եկել եմ այն եզրահանգման, որ երկրում լուրջ ու հետևողական բարեփոխումների կարիք կա և, որ ամենակարևորն է, կա նման բարեփոխումների անցկացման բավարար ներուժ: Ներուժ, որ տարբեր համամասնություններով առկա է պետական համակարգում, հասարակական-քաղաքական դաշտում և հանրության ամենատարբեր շերտերում: Ու այդ ներուժն ի մի բերելու և համազգային շահերին առավելագույնս լծելու անհրաժեշտություն կա: Այն վստահությունը կա, որ գաղափարակիցներով միասին կարող ենք ավելի էական դեր խաղալ այդ գործում: Այսինքն՝ կա ներուժ, կա կամք և վճռականություն` այդ գործին էապես նպաստելու: Իսկ թե ինչպես՝ այդ մասին կխոսեմ ավելի ուշ՝ օրենքով սահմանված կարգով:

-Որքանո՞վ է դա համահունչ այն հանգամանքին, որ Դուք աշխատել և աշխատում եք պետական համակարգում:

-Անվիճելի է, որ հայկական երկրորդ պետականության կազմավորումից ի վեր լուրջ  ձեռքբերումներ են եղել, բայց ժամանակը նորանոր մարտահրավերներ է առաջադրում, որոնց դիմակայելու համար նոր մոտեցումներ ու նորովի մտածողություն է պետք: Առաջին հերթին անընդունելի են այդ մարտահրավերներին պատրաստ լինելու և երկրի զարգացումը դրանց համապատասխանեցնելու տեմպերը: Այդ առումով պիտի փոխվի նաև երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը: Պիտի հաղթահարվի օտարացման մթնոլորտը, և ապահովվի ամբողջ հանրության մասնակցությունը երկրի կյանքին:

-Մամուլում երբեմն Ձեզ համարում են ընդդիմության թեկնածու: Ինչպե՞ս եք դա մեկնաբանում:

-Անզեն աչքով էլ երևում է, որ նման միանշանակ որակումն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ընդդիմադիր կուսակցությունների վերնախավը, ինչպես գիտեք, հայտարարել է նախագահի պաշտոնի մեկ այլ հավակնորդի սատարման մասին: Ինքս վաղուց եմ այն կարծիքին, որ իշխանություն-ընդդիմություն կոշտ ու միանշանակ բախումը չէ այն շարժիչ ուժը, որ կարող է խթանել երկրի զարգացումը, համենայն դեպս՝ մեր երկրի պարագայում, երբ դասական առումով դեռ կայացման փուլում են հասարակական-քաղաքական ինստիտուտները, և որոշակի դժվարություն կա դրանք մարդկային որակյալ ու բավարար ռեսուրսներով ապահովելու հարցում: Ժողովրդավարության դասական ատրիբուտների, զսպման ու հավասարակշռման բոլոր մեխանիզմների առկայության դեպքում միայն դա կարող է կառուցողական դեր խաղալ, նպաստելով ընդհանրապես քաղաքական դաշտի և մասնավորապես ընդդիմության կայացմանը: Իսկ այսօր ավելի շատ պահանջված է իշխանության, ընդդիմության և հասարակական ոլորտի համատեղ ջանքերով այդ ինստիտուտների կայացմանը նպաստելը, բայց յուրաքանչյուրն իր տեղում, յուրաքանչյուրն իր չափով ու տրամաբանությամբ: Սա պետական մտածողության առհավատչյան կլիներ:

Այստեղ արդեն նորովի է դիտարկվում ու կարևորվում հանրության և նրա  հասուն, առաջադեմ հատվածի դերը: Հենց հանրության լայն շերտերի, բարեփոխումների կողմնակիցների աջակցությունն էլ ակնկալում եմ: Կարծում եմ, սա միանգամայն իրատեսական մոտեցում է, հատկապես եթե նկատի ունենանք, որ արցախյան հանրությունն այնքան էլ քաղաքականացված ու կուսակցականացված չէ: Երկրում լուրջ և հետևողական բարեփոխումների կողմնակիցները շատ են թե պետական համակարգում, թե քաղաքական դաշտում և մասնավորապես ընդդիմությունում, և թե հանրությունում: Այս ներուժի միավորման դեպքում միայն կարելի է ակնկալել երկրի հետևողական զարգացում և քաղաքական դաշտի ինքնազտում ու կատարելագործում:

Հարկ է մի բան հստակ գիտակցել՝ ԼՂՀ-ում առաջիկա ընտրությունների էությունը ոչ թե իշխանություն-ընդդիմություն դիմակայության, այլ ընտրությունների նկատմամբ այլընտրանքային մոտեցման առկայության մեջ է: Այդ այլընտրանքը բխում է ինքնին ընտրությունների և երկրի զարգացման հեռանկարների նկատմամբ  թեկնածուների սկզբունքորեն տարբեր մոտեցումներից: Միշտ էլ կան առկա ուղեգծի պարզունակ շարունակման, ներքաղաքական առկա ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցներ և կան սկզբունքային բարեփոխումների ջատագովներ: Հենց սրանում է այլընտրանքային մոտեցման էությունը:

-Ի՞նչ եք կարծում, Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները կանդրադառնա՞ն ԼՂՀ-ում անցկացվելիք նախագահական ընտրությունների վրա:

-Չեմ կարծում, թե անմիջական առնչություններ լինեն: Եթե հիշում եք՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ չի կիսել այն կարծիքը, թե այդ ընտրությունների արդյունքները նախանշում են նախագահական ընտրությունները:  Խոսքը Հայաստանում սպասվող նախագահական ընտրություններին մասին է: Ես էլ գտնում եմ, որ առավել ևս դրանք դժվար թե էական ազդեցություն ունենան ղարաբաղյան ընտրությունների վրա: Մանավանդ, որ հայաստանյան խորհրդարանական քաղաքական ուժերից միայն ՀՅԴ-ն է ներկայացված Արցախում:

-Ի դեպ, նաև այն կարծիքն է շրջանառության մեջ, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը միանշանակ սատարում է նախագահի թեկնածու Բակո Սահակյանին, ինչը, ըստ լուրերի, ՀՀ ամբողջ ղեկավարության կարծիքը չէ:

-Ես, բնականաբար, ուշադիր հետևում եմ շրջանառվող բոլոր կարծիքներին, ինքս ինձ համար վերլուծելով դրանց պատճառահետևանքային կապերը: Սակայն, լինելով հանրային-հրապարակային գործիչ՝ ես չեմ կարող ինձ թույլ տալ անդրադառնալու ոչ հրապարակային կարծիքների: Պարզապես կասեմ այն, ինչը գոնե ինձ համար աներկբա է: Կասկած չունեմ, որ Հայաստանի իշխանությունները հարգելու են ազատ, արդար և թափանցիկ ընտրություններում արտահայտված ԼՂՀ քաղաքացիների մեծամասնության դիրքորոշումը: ԼՂՀ  օրինական իշխանությունների հետ հաշվի են նստելու թե մայր Հայաստանի իշխանությունները և թե միջազգային հանրությունը: Կա այն բանի գիտակցումը, որ թե ԼՂՀ դրական իմիջի ու հետագա զարգացման, թե ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման և թե այս ամենում ՀՀ կառուցողական դերի համար չափազանց կարևոր է ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, ինչն էլ գերագույն արժեք է մեր պարագայում և ինչին պիտի հետամուտ լինեն երկու հայկական պետությունների իշխանությունները:

-Որքա՞ն իրատեսական եք համարում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը ԼՂՀ-ում:

– Կարծում եմ, որ ԼՂՀ գործող իշխանությունների համար պատվի խնդիր պիտի լինի քաղաքակիրթ ընտրությունների անցկացումը: Հեռացող ղեկավարության համար սա կրկնակի պատասխանատվություն է, քանի որ այն այսպես թե այնպես անդրադառնալու է արած-թողածի մասին հանրային կարծիքի վրա: Հուսով եմ և շատ կցանկանայի, որ այդպես էլ լիներ, թեև արդեն այսօր որոշ ահազանգեր են հասնում ինձ, որոնք լուրջ մտորումների տեղիք են տալիս: Ուզում եմ մտածել, որ դրանք պարզապես թյուրիմացություններ են:

-Իսկ որքանո՞վ կազդեն ընտրությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա:

-Այստեղ արդեն որոշակի ուղղակի առնչություններ կարող են լինել: Հիմնախնդրի քաղաքական կարգավորման ներկայիս գործընթացի ու տրամաբանության պարագայում մեր գլխավոր կռվանը մեր ժողովրդավարական կեցվածքն ու էությունը կարող են լինել: Դա երկու կարևորագույն պատճառաբանություն ունի՝ այն կխթանի մեր երկրի զարգացումը և կամրապնդի մեր դիրքերը ինչպես կարգավորման գործում, այնպես էլ նորանկախ երկրի միջազգային ճանաչման հարցում:

-Կարգավորման հարցում կարծես թե բոլորն էլ նույն դիրքորոշումն ունեն:

-Արցախի դատի հարցում, փառք Աստծո, բոլորս էլ համակարծիք ենք: Հասկանալի պատճառներով չուզենալով ժամանակից շուտ հանգամանորեն անդրադառնալ այս թեմային, պարզապես կփաստեի, որ երկու հայկական պետություններում արդեն ակնհայտ է դառնում պատմական այս կարևոր պահին ղարաբաղյան գործոնի ամրակայման անհրաժեշտության գիտակցումը:

Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆ
«Հայկական ժամանակ», 22 մայիսի, 2007

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԽԱՌՆԵԼ ՏԵՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ

Մայիսի 5-ին ավարտվել է թեկնածուների նախաձեռնող խմբերի գրանցման` օրենքով սահմանված ժամկետը: Գրանցվել են ԱրՊՀ պրոֆեսոր Վանիկ Ավանեսյանի, Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանի, Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանի, փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի եւ ԱԺ պատգամավոր, գործարար, ԼՂՀ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Արմեն Աբգարյանի նախաձեռնող խմբերը:

Արմեն Աբգարյանի նախաձեռնող խումբը գրանցվել է մայիսի 4-ին: Նախընտրական պայքարում Ա.Աբգարյանի մասնակցությունը նշանակալի իրադարձություն է: Առաջին հերթին այն պատճառով, որ ի տարբերություն մյուս թեկնածուների, նա, որպես գործարար, օրինական հնարավորություն ունի նախընտրական արշավում օգտագործելու տեղական մասշտաբներով բավականին զգալի միջոցներ:

Մյուս հավակնորդները կարող են օգտագործել կամ պետական միջոցները, կամ իրենց համակրելի գործարարների կապիտալը, կամ կիսաօրինական եւ ոչ օրինական սխեմաների միջոցով ձեռքբերված այլ աղբյուրների միջոցներ: Ֆինանսական մեծ միջոցների ներգրավումը եւ տեղական իշխանությունների եւ հարկային ծառայությունների կողմից ազդեցությունից պաշտպանվածությունը ԼՂՀ-ի համար քիչ կարեւոր գործոն չէ:

Բացի այդ, մի բան է ազդել պետական չինովնիկի վրա, այլ բան՝ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի եւ «Երկրապահ» կամավորական միության վարչության անդամի վրա: Այդ իմաստով ԼՂՀ իշխանությունների կողմից պաշտպանվող Բակո Սահակյանի հետ մրցակցելու իրական շանսեր ունեն միայն փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը եւ Արմեն Աբգարյանը:

Դատելով իմ զրույցներից եւ դիտարկումներից, կարող եմ ասել, որ նոր մարդկանց իշխանության գալու հնարավորությունը եւ հասարակության մեջ արմատական վերափոխումների, կոռուպցիայի եւ այլ արատների դեմ պայքարը կապվում է Մասիս Մայիլյանի անվան հետ: Մ.Մայիլյանը՝ եւ որպես բանակցությունների տարբեր փուլերի մասնակից, եւ որպես փոխնախարար, չնայած հակաճառողների փաստարկներին, հրապարակային ֆիգուր է, թեև հասարակության ոչ այնքան լայն խավերին է հայտնի:             Արմեն Աբգարյանը երկար տարիներ ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնում էր եւ Ա.Ղուկասյանի ու Ս.Բաբայանի քաղաքական դիմակայության տարիներին բացահայտ պաշտպանել է իր հրամանատարին: Այնպես որ, նա էլ է հայտնի անձնավորություն, հատկապես որ պատերազմի եւ հետպատերազմյան առաջին տարիներին ԼՂՀ բանակն ավելին էր, քան բանակ՝ այն եւ կառավարություն էր, եւ ոստիկանություն, եւ մաքսատուն, եւ այլն: Այդ տարիներին դաշտային հրամանատարը ոչ քիչ էր հայտնի, քան վարչապետը եւ նույնիսկ նախագահը:

Նույնիսկ «իշխանամետ ճամբարի» վերլուծաբաններն ու քաղաքագետներն են նշում, որ վերոնշյալ երկու քաղաքական գործիչները կարող են հույս դնել ոչ միայն բողոքական էլեկտորատի աջակցության վրա: Բացի այդ, Ա.Աբգարյանի առաջադրումը թեկնածուների այնպիսի դասակարգում է ստեղծել, որը արտացոլում է ղարաբաղյան հասարակությունում տիրող ուժերի եւ տրամադրությունների սպեկտրը:

Եթե Բ.Սահակյանը՝ իշխանություների համար առավել ընդունելի ֆիգուրը, չափավոր բարեփոխումների կողմնակից է, իսկ Մ.Մայիլյանը՝ օրինականության վերականգնման եւ արմատական բարեփոխումների, ապա Ա.Աբգարյանը, ակնհայտորեն, իրեն ներկայացնում է որպես ընդդիմադիր, ընդ որում` ոչ ստանդարտ մտածող եւ «հարված պահող»: Խորհրդարանական վերջին ընտրություններում նրա հաղթանակը նույնպես դրա մասին է վկայում: Աբգարյանի մրցակիցներն էին «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ, ԱրՊՀ նախկին ռեկտոր Արպատ Ավանեսյանը, ՀՅԴ անդամ Արմեն Սարգսյանը, նախկին պատգամավոր, ԱԺԿ-ի կողմից սատարվող Արթուր Սարգսյանը: Ա.Աբգարյանի հաղթանակը եւ 2004-ին ՏԻՄ ընտրություններում Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Է.Աղաբեկյանի հաղթանակը նշանակալից իրադարձություններ էին արցախյան քաղաքական դաշտի վերջին տարիների զարգացումներում: Դրանք եթե ոչ լրիվությամբ են քայքայել, ապա զգալիորեն կասկածի տակ են դրել իշխանությունների ամենակարողությունը եւ բոլոր քաղաքական գործընթացների ընթացքի կանխորոշումը:

Դրան զուգահեռ, Արմեն Աբգարյանն ունի այն բոլոր հատկանիշները, որոնք Բ.Սահակյանի առավելությունների շարքում են: Նա նաեւ զինվորական է, Արցախյան պատերազմի վետերանների միության հիմնադիրներից եւ պատերազմի ակտիվ մասնակիցներից մեկն է, եւ մայրաքաղաքում ու հանրապետությունում բավականին հայտնի է, հաջողակ գործարար է եւ վետերանների օգնության ակցիաների նախաձեռնող, սպորտին աջակցող եւ այլն:

Ի դեպ, ընտրական պայքարի ֆավորիտի՝ Բակո Սահակյանի իմիջին վնաս են պատճառել քաղաքական ուժերը: Չորս կուսակցությունների` միասնական թեկնածուին սատարելու հայտարարությունը նույնպես բացասական էֆեկտ է առաջացրել: Ինչո՞ւ է պետք իրենց ծրագրերով եւ իշխանությունների գործունեության նկատմամբ տարբեր վերաբերմունքով ուժերի սատարումը մի մարդու, ում մասին ասում են, որ 100 տոկոսով հաղթանակ կկրի:          Բացի այդ, դժվար է պատկերացնել, որ ստորագրված հայտարարության սկզբունքներն անընդունելի լինեն որեւէ թեկնածուի կամ քաղաքական ուժի համար: Չէ՞ որ խոսքը ընդհանուր սկզբունքներում գնում է ժողովրդավարության հաստատման, ԼՂՀ ճանաչման եւ այլ ակնհայտ բաների մասին:

Եվ եթե մի քանի շաբաթ առաջ Բ.Սահակյանի հաղթանակն անվիճարկելի էր թվում, ապա հիմա զարգացումների տրամաբանությունը ցույց է տալիս, որ հազիվ թե երկրորդ փուլից հնարավոր լինի խուսափել:

Դավիթ ԿԱՐԱԲԵԿՅԱՆ
Հումանիտար եւ քաղաքական հետազոտությունների անկախ կենտրոն

 

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ

ԼՂՀ-ում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել նաեւ ԱԱԾ պետ Բակո Սահակյանը: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույց Բակո Սահակյանի հետ: Նշենք, որ սա նրա առաջին հարցազրույցն է:

– Պարոն Սահակյան, առաջադրված թեկնածուներից թերեւս դուք համարվում եք ֆավորիտներից մեկը, ի՞նչն է ձեզ ստիպել առաջադրվել, ինչո՞ւ եք ուզում դառնալ նախագահ:

– Անցած տարիներին Արցախի ժողովուրդն ամեն ինչ արել է, որպեսզի Արցախում կայանան ժողովրդավարական ընտրություններ, եւ կարծում եմ, որ շոշափելի հաջողություններ արձանագրվել են: Ու այդ մոտեցման տրամաբանությունն էլ կարող է նախանշել, ինչպես ասացիք, ֆավորիտներ, այլապես, մի ողջ սերնդի արածն ի չիք կդառնա: Իսկ առաջադրվել եմ, որովհետեւ երկար տարիների ընթացքում զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ կարծում եմ, կուտակել եմ անհրաժեշտ փորձ, որը, ընտրվելու դեպքում, ի սպաս կբերեմ իմ երկրի ու ժողովրդի առաջընթացին ու բարեկեցությանը:

– Ձեր ներկայիս պաշտոնի հետ կապված դուք հանրային ֆիգուրի համարում չունեք: Այսինքն՝ մարդիկ այնքան էլ չգիտեն ձեզ՝ որպես քաղաքական գործչի:

– Դասական տարբերակով գուցեեւ կարելի է ձեզ հետ համաձայնվել: Իսկ տվյալ դեպքում, կարծում եմ, առկա է ԼՂՀ-ին յուրահատուկ առանձնահատկություն, թույլ տվեք ասել՝ մակերեսային ըմբռնում, քանզի, իմ խորին համոզմամբ, հակառակը կպնդեր գրեթե յուրաքանչյուր արցախցի. այստեղ բոլորն էլ իրար լավ են ճանաչում կամ որոշակիորեն տեղեկացված են, առավելեւս, երբ խոսքը վերաբերում է բարձր պաշտոն զբաղեցնողին: Ինչ մնում է ինձ, ես 1988-ից ի վեր աշխատել եմ մի շարք կարեւոր պաշտոններում` ՊԲ-ում, ՆԳՆ-ում, ԱԱԾ-ում, եւ 2000 թվականից ԼՂՀ Անվտանգության խորհրդի անդամ եմ:

– Քանի որ մարդիկ այնքան էլ տեղյակ չեն ձեր քաղաքական հայացքներին, ապա կխնդրեինք ներկայացնել ձեր դիրքորոշումը ամենաառաջնային հարցերից մեկի՝ ԼՂՀ հիմնախնդրի եւ այդ հարցի լուծմանն ուղղված բանակցությունների կապակցությամբ:

– Ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնահարցին, ապա ԼՂՀ ղեկավարությունը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, որտեղ միանշանակ շեշտվում է տարիներ առաջ որդեգրած սկզբունքներին հավատարիմ լինելը. այն է՝ ԼՂՀ միջազգային ճանաչումը, խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու մեր պատրաստակամությունը: Միեւնույն ժամանակ, համոզված եմ, հարցն իր վերջնական լուծումը չի կարող ստանալ, մինչեւ ԼՂՀ-ն չդառնա բանակցային գործընթացի կողմ:

– Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ ազդեցություն կունենա ԼՂՀ ժողովրդավարացումը ԼՂՀ հիմնախնդրի լուծման հարցում:

– Միանշանակ՝ դրական: Միջազգային հանրությունը պետք է տեսնի այն ժողովրդավարական գործընթացները, որոնք տեղի են ունենում Արցախում, եւ մենք քաղաքակիրթ աշխարհին ներկայանում ենք որպես համամարդկային արժեքներ դավանող երկիր: Կարծում եմ՝ մենք այլընտրանք չունենք:

– Եթե առաջադրվել եք եւ ուզում եք դառնալ նախագահ, ապա թերեւս որեւէ բան փոխելու մտադրություն ունեք: Ո՞րն եք ԼՂՀ-ում համարում այն ոլորտը, որտեղ պետք է առաջնահերթ փոփոխություններ կատարել:

– Այսօրվա մեր ձեռքբերումների ու նվաճումների իրողությամբ հանդերձ, բնականաբար, բոլորս էլ անելիքներ ունենք, եւ դա վերաբերում է մեր կյանքի գրեթե բոլոր բնագավառներին: Ու միշտ էլ անհրաժեշտ եւ պարտադիր պայման է լինելու նպատակասլաց եւ արդյունավետ աշխատանքի շարունակությունը: Իսկ ավելի մանրամասն ծավալվելու համար սպասենք քարոզարշավի շրջանակներում նախատեսված ժամանակահատվածին:

– Երբ ԼՂՀ-ում եւ ՀՀ-ում խոսք է բացվում ընտրություններից, նախ եւ առաջ խոսվում է իշխանությունների կողմից ստացած «դաբրոների» մասին: Ձեր պարագայում տարբեր խոսակցություններ կան: Ըստ մեկի՝ դուք ունեք ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի աջակցությունը, իսկ ըստ մյուսի՝ ձեր թեկնածությանը դեմ է Ռոբերտ Քոչարյանը՝ այն պատճառով, որ դուք քաղաքականություն եք մտնում ուժային կառույցից:

– Համարում եմ, որ նման հարցադրումով առաջին հերթին վիրավորում եք ՀՀ նախագահին, վարչապետին եւ, ինչո՞ւ չէ, նաեւ ինձ, հատկապես երբ խոսքը գնում է ժողովրդավարական սկզբունքներով անցկացվող ընտրությունների մասին: Միշտ էլ, ցանկացած ընտրության ժամանակ ժողովուրդը միջազգային դիտորդներին եւ կազմակերպություններին համոզել է, որ ինքը բավականին լավ է օգտագործում ընտրելու իր իրավունքը: Ինչ վերաբերում է ուժային կառույցից քաղաքականություն մտնելու հանգամանքին, ապա հիշեցնեմ ձեզ, որ մեր սերունդն ընտրության լայն հնարավորություն չուներ էլ. արհեստավորն ու շինականը, մանկավարժն ու բժիշկը իրենց մտքներով չէին էլ անցկացնում անգամ, որ ստիպված են լինելու զենք վերցնել՝ պաշտպանելու հայրենիքը, դառնալու, ասենք, գնդի կամ գումարտակի հրամանատար: Հասկանո՞ւմ եք, կյանքն ու ժամանակը իրենք են թելադրում իրադարձությունների հաջորդականությունը:

– Շուտով ՀՀ-ում կլինեն ԱԺ ընտրություններ: Այս պարագայում խոսում են նաեւ այն ազդեցությունների մասին, որ ունեն ՀՀ ընտրությունները ԼՂՀ-ում կայանալիք ընտրությունների վրա: Ըստ ձեզ, ի՞նչ չափով կարող են ազդել ՀՀ-ում կայանալիք ընտրությունները ԼՂՀ-ում կայանալիք ընտրությունների եւ դրանց արդյունքների վրա:

– ԼՂՀ բնակիչները, ինչպես միշտ, այսօր էլ անտարբեր չեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, հատկապես՝ քաղաքական դաշտում սպասվող զարգացումների հանդեպ: Միանշանակ, կարելի է ենթադրել, որ ժողովուրդն այդ ընտրություններից լուրջ ակնկալիքներ ունի: Մեկ անգամ եւս ուզում եմ շեշտել, որ Հայաստանում մայիսի 12-ին անցկացվելիք ընտրությունները որոշակիորեն չեն կարող ազդել ԼՂՀ նախագահական ընտրությունների, հատկապես՝ դրանց արդյունքների վրա:

– Խոսակցություններ կան, որ ձեր թեկնածության շուրջ բանակցություններ էին վարում ԼՂՀ խորհրդարանական ուժերը, այդ թվում եւ ընդդիմությունը: Վերջիններս, ի դեպ, երկրի վիճակի մասին արդեն արտահայտել են իրենց մտահոգությունը: Եթե, այնուամենայնիվ, դուք լինեք նրանց միասնական թեկնածուն, կարելի՞ է ասել, որ դուք եւս ինչ-որ չափով կիսում եք այն մտահոգությունը, որ ունի մասնավորապես ընդդիմությունը:

– Այո, ես ունեցել եմ հանդիպումներ մեր քաղաքական դաշտում ներկայացված ուժերի հետ, ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ, եւ ուրախությամբ եմ արձանագրում, որ դրանց արդյունքում եկել ենք ընդհանուր համաձայնության: Արտահայտված մտահոգությունների առնչությամբ հետեւյալը կարող եմ ասել. ինձ համար ամենեւին էլ նշանակություն չունի, թե ով է երկրի շենացմանն ու բարգավաճմանը միտված մտահոգությունների, գաղափարների եւ առաջարկությունների հեղինակը՝ դիմությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը: Առաջնայինը երկրի ու պետության պատմական հեռանկարն է:

– Եւ վերջին հարցը. եթե առաջադրվել եք, ուրեմն ԼՂՀ ապագայի մասին ունեք որոշակի պատկերացումներ, այսպես ասած՝ մոդել: Կարճ ներկայացրեք այդ մոդելը:

– Իմ համոզմամբ, յուրաքանչյուր լուրջ գործ ու ձեռնարկ, առավել եւս երկրի ապագայի վերաբերյալ, պահանջում է լրջագույն մոտեցում: Դա էլ իր հերթին ստիպում է առավելագույնս զերծ մնալ շտապողականությունից: Հետեւաբար, կարծում եմ, կարիք չկա հիմա շոշափել քարոզարշավի համար նախատեսված հարցեր: Դրա մասին խոսելու ժամանակը դեռ կգա:

Ք.ԽԱՆՈՒՄՅԱՆ
«Հայկական ժամանակ», 8 մայիսի, 2007

 

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է
Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ներկայացուցիչ, այժմ «Կովկաս» կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը մայիսի 25-ին «Ուրբաթ» ակումբում հայտարարեց, որ ԼՂՀ նախագահի ընտրությունները ոչ միայն Ղարաբաղի գործն ու հարցն է, այլ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր: Նրա գնահատմամբ, այս պահին ընտրապայքարը նորմալ է ընթանում, բայց կան որոշ մտահոգություններ, որ ծնվում են վարչախմբի դիրքորոշումից: Մանվել Սարգսյանի կարծիքով, Հայաստանը չպետք է միջամտի Ղարաբաղի նախագահի ընտրություններին, բայց նաեւ չպետք է պարզապես կողքից նայի` պետք է ակտիվ հետաքրքրություն ցուցաբերեն ՀՀ բոլոր 3 միլիոն քաղաքացիները:

Մանվել Սարգսյանը, արձանագրելով, որ ԼՂՀ նախագահի պաշտոնի համար առաջադրվել են հինգ հոգի, ու որ լինում են ձեւական առաջադրումներ, նկատեց, որ ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի, ԼՂՀ բանակի նախկին սպա Արմեն Աբգարյանի եւ ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Բակո Սահակյանի առաջադրումները թույլ են տալիս ասել, որ իրական այլընտրանք կա. «մեկ խնդիր կա, որ պայմանները ապահովվեն, հասարակությունը ակտիվ լինի, միանա այս կարեւորագույն պրոցեսին: Անթույլատրելի է լուրջ պրոցեսներ անցկացնել առանց հասարակության: Չի կարելի ամեն ինչ թողնել չինովնիկների եւ բանակի քմահաճույքին»:

Այս ամենին սակայն կարող են խոչընդոտել Մանվել Սարգսյանի նշած մտահոգությունները` «նոր նախագահը կադրային փոփոխություններ է անելու: Որոշ մարդիկ վախենում են պաշտոնը կորցնել»: Մանվել Սարգսյանը չի կարծում, թե Ղարաբաղի չինովնիկները ավելի որակով են, քան Հայաստանի չինովնիկները, ոմանք նույնիսկ անորակ են, սակայն Ղարաբաղի չճանաչվածությունը զսպող դեր է խաղում. «չինովնիկը իր վրա պատասխանատվություն չի վերցնի, որ հետո ասեն` քո պատճառով մեր երկիրը տապալվեց կամ պատերազմ կսկսվի»: Սակայն նույն պահին Ղարաբաղում նկատվում է կոլեկտիվների «խորհրդային ավանդույթներով ձեւական հայտարարություններ, թե պաշտպանում ենք միասնական թեկնածուին: Ընտրությունների ժամանակ միասնությունը ո՞րն է: Իրականությունը լրիվ ուրիշ է, եւ սա մի միտում է, որը պետք է խոչընդոտի իրական այլընտրանքով ընտրությունների անցկացումը: Հուսով եմ, որ հասարակությունը կստեղծի մի վիճակ, եւ այդ ամենը չի ստվերի ընտրությունները»:

Մանվել Սարգսյանի կարծիքով, թեեւ ի տարբերություն Հայաստանի, Ղարաբաղում չկա իշխանություն-հասարակություն ջրբաժան, սակայն Ղարաբաղի իշխանությունները պատրաստ չեն այլընտրանքով ընտրությունների եւ առանձնապես ուրախ չեն, որ նախագահի թեկնածու է ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը. «ես ուզում եմ, որ ընտրություն լինի, ով կընտրվի` կընտրվի: Ընտրված իշխանության հզորությունը շատ մեծ է: Արթուր Մկրտչյանը ընտրված էր, եւ նրա մոտ ողջ աշխարհից մարդիկ եկան: Արկադի Ղուկասյանին դարձրեցին նախագահ, եւ նրա անունը երկու տարի ոչ ոք չգիտեր»:

«Լրագիր»

 

ՕՐՎԱ ԱՆԵԿԴՈՏԸ🙂

Ղարաբաղցի մեծահարուստները (Նոր ղարաբաղցիները) հանգստանում են Եգիպտոսում: Բուրգերից մեկում նրանք տեսնում են անտիկ ժամանակներից պահպանված սարկոֆագ և խնդրում բացել, որպեսզի ներսի մումիան տեսնեն: Տարակուսած եգիպտացիներին մերոնք ինչքան պետք է փող են տալիս և բացել տալիս սարկոֆագը: Հենց բացում են՝ մումիան կենդանության նշաններ է ցույց տալիս, ապա և նստում:

-Որտեղի՞ց եք,- հարցնում է նա:
-Ղարաբաղից:
-Ի՞նչ կա-չկա ձեզ մոտ: Էն Թևոսյան Սպարտակը դեռ ֆինանսների նախարա՞ր է…

ՕՐՎԱ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ🙂

Ասում են՝ միասնական թեկնածուի հաղթանակից հետո մեզ մոտ երբևէ ֆուտբոլի և այլ թիմային մրցություններ չեն լինելու, քանի որ դրանք կարող են խաթարել ազգային-ֆուտբոլային և ազգային-սպորտային միասնությունը: Միանգամից կազմավորվելու են հավաքական թիմեր:

——————————————————————————————-

Տեղեկատվության մատչելիություն

ԱՅՍՊԵՍ ՉՊԻՏԻ ԼԻՆԻ
կամ՝ մի նամակի պատմություն

Ս.թ. ապրիլի 16-ին տողերիս հեղինակը պատգամավորական հարցում էր արել ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանին մի կարևոր հարցի կապակցությամբ: Դրան հետևել է մի զավեշտական պատմություն, որը որքան անլուրջ, այնքան էլ վտանգավոր է նախադեպի առումով:

Նախ՝ օրենքով սահմանված ժամկետից ուշ է ստացվել պատասխանը, այն է՝ մեկ ամիս անց: Մինչդեռ «Տեղեկատվության ազատության մասին» ԼՂՀ օրենքի Հոդված 9-ը ( «Հարցումը ներկայացնելու եւ քննարկելու կարգը») հետևյալ կերպ է սահմանում պատասխանելու կարգը՝ «եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»:

Լրացուցիչ աշխատանքի կարիք մեր պարագայում բացարձակապես չկար, բացի դրանից՝ 5-օրյա ժամկետում ինձ գրավոր չեն տեղեկացրել հետաձգման պատճառների մասին: Բայց սա, ինչպես ասում են, դեռ «ժուռնալն» է: Ամենահետաքրքիրը դեռ առջևում է:

Գործող կարգի համաձայն՝ ես հարցումս հանձնել եմ ԼՂՀ ԱԺ քարտուղարություն, որի պետ Ա.Քոչարյանն էլ նույն օրը նամակս ուղեկցող գրությամբ ուղարկել է կառավարություն՝ իր պաշտոնակցին՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Ս.Գրիգորյանին: Եվ ահա մեկ ամիս անց ստացվում է պատասխանը, բայց ոչ թե վարչապետն է պատասխանում ինձ, այլ` Ս.Գրիգորյանը: Ընդ որում՝ Ս.Գրիգորյանը պատասխանում է ոչ թե ինձ՝ հարցման հեղինակին, այլ ԱԺ քարտուղարության պետ Ա.Քոչարյանին: Ու ստացվում է, որ Ա.Քոչարյանը պատգամավորական հարցում է արել կառավարության աշխատակցի ղեկավարին: Տարակուսած Ա.Քոչարյանն էլ նամակն ուղարկել է ինձ: Ու բոլորս կամա թե ակամա ներգրավվել ենք այս մանկապարտեզում:

Ես կարող եմ ենթադրել, որ վարչապետն ու կառավարության աշխատակազմի ղեկավարը չեն հարգում ինձ: Բայց վարչապետին հղած պատգամավորական հարցումս նրա նկատմամբ հարգանքի դրսևորում չէր, այլ իմ պարտականությունների կատարում: Մյուս կողմն էլ ինձ պատասխանելու դեպքում ևս ոչ թե հարգանք դրսևորած կլիներ իմ նկատմամբ, այլ պարզապես կատարած կլիներ օրենքով սահմանված իր պարտականությունները, ինչը չի արել: Թե չէ՝ եթե մենք պիտի առնչվենք միայն նրանց հետ, ում ընդունում ենք և ով մեր մտերիմ-յուրայիններից է, ապա պետությունը դարձնելու ենք սեփականաշնորհված օբյեկտ:

Պատգամավորիս նկատմամբ այսպիսի վերաբերմունքից հետո հիմա պատկերացրեք այն շարքային քաղաքացիների վիճակը, ովքեր դժբախտություն են ունենում դիմելու կառավարությանը: Պատկերացրեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ ու՞մ համար է մեր երկրում օրենք ընդունվում:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԼՈՒՍԱԲԱՆՎՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Որպես նախաբան

Ինչպե՞ս են տեղական լրատվամիջոցները լուսաբանում ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունները, արդյո՞ք բավարար ինֆորմացիա է հրամցվում հանրությանը, և որքանո՞վ են մարդիկ տեղեկացված նախընտրական զարգացումներին: «Միասնություն» հասարակական կազմակերպության անցկացրած կլոր սեղանի խնդրո առարկան հենց այս հարցերն էին, կամ, ավելի ճիշտ, դրանց ակնկալվող պատասխանները: Սակայն միջոցառումը ուրիշ շատ շերտեր էլ երևան հանեց, երևակելով լրատվական ու հասարակական դաշտերի առանցքային դեմքերի տեսակետներն ու դիրքորոշումը:

Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացն ու նախընտրական զարգացումները մրցում են գաղտնապահության աստիճանով

Քանի որ խոսքը գնում էր բնակչության տեղեկացվածության մասին, ապա, բնականաբար, առանձնակի անդրադարձան լրատվամիջոցներին, որոնք իրազեկման հիմնական աղբյուրներն են: Եղան կարծիքներ առ այն, որ լրատվամիջոցները բավարար չափով չեն լուսաբանում քաղաքական զարգացումները, թեև հնչեց նաև կարծիք, որ տեղեկացնելու աստիճանը միանգամայն համապատասխանում է դրա հասարակական առկա պահանջարկին:

Ինչ խոսք, չի կարելի ասել, որ լրատվամիջոցները և հատկապես միակ հեռուստաընկերությունը ամբողջ ծավալով և հանգամանորեն են լուսաբանում նախընտրական զարգացումները, կարելի է օրինակներ բերել, նաև տարակուսել միակ քաղաքական-վերլուծական ծրագրի ընդհատմամբ: Սակայն, լրատվամիջոցներն առաջին հերթին հանրային կյանքի հայելին են, ուստի առկա վիճակի պատճառները պիտի որոնել ոչ միայն և ոչ այնքան լրատվամիջոցներում, որքան հասարակական-քաղաքական դաշտում:

Այսպես, նախըտրական զարգացումները զարմանալիորեն հիմնականում ընթացել են գաղտնիության պայմաններում և կուլիսների ետևում, իսկ լրատվամիջոցների համար շատ դժվար է անդրկուլիսյան զարգացումները լուսաբանելը: Փաստորեն կարելի է ասել, որ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացն ու մեր ներկայիս նախընտրական զարգացումները իրար հետ մրցում են գաղտնապահության աստիճանով՝ երկուսի մասին էլ շատ քիչ տեղեկություններ են սպրդում մամուլ: Եվ այս պայմաններում լրատվամիջոցների համար շատ դժվար է կատարել իրենց հիմնական առաքելությունը՝ բնակչությանը տեղեկացնելը: Հանրային հեռուստատեսության նույն «ընդմիջված» հաղորդմանը («Յոթ օր») կուսակցությունները, մեղմ ասած, մասնակցում էին ոչ հաճույքով:

Այս պայմաններում լրատվամիջոցների համար որքան դժվար, նույնքան էլ անսովոր է աշխատելը, ուստի ինչ-որ տեղ բնական է, որ նրանք երբեմն դիմում են  անսովոր, ոչ ստանդարտ եղանակների, երբեմն եթե ոչ ապատեղեկացնելով, ապա հաստատ «բզբզելով»: Լրատվամիջոցների աշխատանքից դժգոհ մասնակիցներին նման անսովոր եղանակների օրինաչափությունը բացատրվեց: Մասնավորապես, «Հայրենիք» թերթի խմբագիր Վահրամ Աթանեսյանը պարզաբանեց, որ այդ ամենը տեղավորվում է հասարակական-քաղաքական դաշտի զարգացումների տրամաբանության մեջ և սարսափելի ոչինչ չկա, որ քաղաքական ուժերը նաև նման փորձություն անցնեն: Միևնույն ժամանակ, Վ. Աթանեսյանը չկիսեց «Դեմո»-ի խմբագիր Գեղամ Բաղդասարյանի այն պնդումը, որ նախընտրական զարգացումները հրապարակային չեն: Նա նշեց, որ արդյունքների մասին հանրությունը միշտ էլ տեղեկացվել է:

Այնուամենայնիվ, այն կարծիքին ենք, որ գաղտնապահությունը կա, ինչն էլ, ցավոք սրտի, վարակում է մյուսներին: Այսպես, նախընտրական շրջանում մի հասարակական կազմակերպության մի հավաքի մասին լուրն այնպես վրդովեցրեց այդ ՀԿ-ին, որ լուրը հաղորդած լրատվամիջոցին քիչ էր մնում «խարանեին»: Սա ուղղակի անցանկալի երևույթ է:

Սոցհարցումը քրեորեն պատժելի չէ

Կազմակերպիչները բանավեճից առաջ մասնակիցների ուշադրությանը ներկայացրին իրենց իսկ անցկացրած հարցման արդյունքները, հարցում, որին մասնակցել է 185 մարդ` հանրապետության տարբեր բնակավայրերից: Հենց այս հանգամանքն էլ թեժ վեճերի առարկա դարձավ: Ոմանք, մեղմ ասած, թերահավատությամբ ընդունեցին ոչ միայն հարցման արդյունքները, այլև այս և նմանատիպ կազմակերպությունների կողմից հարցումների անցկացման իրավազորությունը: Մասնավորապես, Հանրային հեռուստառադիոյի գործադիր տնօրեն Վարդգես Բաղրյանը այդպես էլ «ճակատային» հարց տվեց՝ ո՞վ է ձեզ թույլատրել հարցումներ անցկացնել: Իսկ ո՞վ պիտի թույլատրի՝ եղավ հակադարձ հարցը: Օրենքը՝ պատասխանեց Վ.Բաղրյանը: Ո՞ր օրենքը՝ կրկին հարցը հարցով շաղախվեց` էլ ավելի մշուշոտ դարձնելով հստակ պատասխանի ակնկալիքը:

Կարծես թե ընկալվեց, որ ՀԿ-ները կարող են հարցումներ անցկացնել, բայց, միևնույն ժամանակ, հասկանալ կարելի է ընդդիմախոսների կարծիքների դրդապատճառները: Մասնավորապես, հասկանալի էր լրագրող Սեյրան Կարապետյանի «հոգու ճիչը»՝ բայց, ախր, պիտի, չէ՞, պահպանվեն սոցիոլոգիային ներկայացվող պահանջներն ու նորմերը: Թեև պարզ չէր, թե ինչ նորմեր ու պահանջներ չեն պահպանվել, բայց կարելի է հասկանալ Վ.Բաղրյանի և Ս.Կարապետյանի մտահոգությունը, հասկանալ զուտ պրոֆեսիոնալիզմի առումով:

Բայց կա մեկ այլ, ավելի լուրջ հանգամանք: Մեր երկրում չկան սոցիոլոգիական հաստատություններ, տարիներ առաջ հարցումների պրակտիկան սկսել է Ստեփանակերտի մամուլի ակումբը, բայց ֆինանսավորվող մի ծրագրի շրջանակներում և երևանյան մի ինստիտուտի մասնակցությամբ: Սակայն մեր ՀԿ-ները եզակի դեպքերում կարող են իրենց թույլ տալ նման «ճոխություն»: Ուրեմն ի՞նչ՝ ընդհանրապե՞ս չանցկացնել հարցումներ: Պետությունը պիտի շահագրգիռ լինի նման հաստատությունների ստեղծմամբ, բայց մեզ մոտ այդպես չէ, և ՀԿ-ների, լրատվամիջոցների ու մարդկանց մեղքը չէ, որ չկան նման ինստիտուտներ: Իսկ դրանց բացակայության պարագայում անցկացված հարցումները եթե չեն կարող պրոֆեսիոնալիզմի առումով անթերի լինել, ապա հասարակական կարծիքն ուսումնասիրելու և բնակչությանը տեղեկացնելու առումով շատ օգտակար են և մասնակիորեն լրացնում են առկա բացը: Ու պիտի ըմբռնումով մոտենալ այս հանգամանքին: Կարելի է հավատալ կամ չհավատալ այդ հարցումներին, ինչը շատ կարևոր է դրանք անցկացնող կազմակերպությունների համար, բայց մերժել նման փորձերի կարևորությունը ճիշտ չէր լինի:

Եվ ամենակարևորը: Հարցումը ժողովրդավարության կարևոր ատրիբուտ է, ուստի չպիտի վախենալ դրանից: Հատուկ ենք օգտագործում «վախենալ» բառը, քանի որ մինչև հիմա աչքներիս առաջ է մասնակիցներից մեկի վախվորած դեմքն ու ասածը՝ «ես չգիտեի, որ այստեղ հարցման մասին են խոսելու, ինձ այդպես չեն բացատրել»: Ինչն էլ մասնակիցներից մեկին ստիպեց դառը կատակել՝ «մի վախեցեք, հարցումը քրեորեն պատժելի գործողություն չէ»:

Վերջաբանի փոխարեն

Որքան էլ հակասական ու իրարամերժ էին մասնակիցների կարծիքները, այնուամենայնիվ, միջոցառումն ինքնին շատ օգտակար էր: Գոնե նրա համար, որ մարդիկ հնարավորություն էին ստացել հուզող հարցերի մասին բացեիբաց խոսել, ինչն էլ նախընտրական գործընթացները հրապարակային դարձնելու մի փոքրիկ շտրիխ ու խթան է:

«Դեմո»

——————————————————————————————-

Հիմնախնդիրներ

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆ. «ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻԱԿ ՉԱՓԱՆԻՇԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»

Նախաձեռնելով ազատագրված տարածքների ճակատագրին նվիրված հասարակական քննարկումը՝ մենք դիմել ենք ԼՂՀ նախագահի թեկնածու, ԱԳ փոխնախարար Մասիս Մայիլյանին` խնդրելով հանրությանը ներկայացնել խնդրո առթիվ իր ունեցած դիրքորոշումները:

-Պարոն Մայիլյան, ինչպե՞ս եք վերաբերվում ազատագրված տարածքների խնդրին և ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայմանը:

-Նախ՝ կցանկանայի իմ գոհունակությունը հայտնել KarabakhOpen.com էլեկտրոնային թերթին՝ մեր հասարակությանը հուզող հարցերի շուրջ հրապարակային քննարկումները նախաձեռնելու համար, որոնց մեջ ԼՂՀ տարածքների հիմնախնդիրը, անկասկած, Արցախի ժողովրդի անվտանգության և պետական անկախության իրավունքի կենսագործման ու պաշտպանության կարևորագույն հիմնատարրերից է:

Պաշտոնական Բաքուն հաճախակիորեն հղում է անում Ադրբեջանի Հանրապետության միջազգային ճանաչվածությանը, իրենց օգտին կամայականորեն մեկնաբանելով «միջազգայնորեն ճանաչված սահմաններ» ունենալու հանգամանքը, ինչն իրականությանը չի համապատասխանում: Պետք է նշեմ, որ միջազգային իրավունքում որևէ պետության ճանաչումն ինքնաբերաբար չի ենթադրում տվյալ պետության կողմից հռչակվող տարածքային կազմի ճանաչումը: Միջազգային պրակտիկան կայանում է նրանում, որ հարևան պետությունների միջև տարածքային սահմանազատման հարցը լուծվում է միայն կողմերի պետական անկախության փոխադարձ ճանաչման պայմաններում և ենթադրում է դիվանագիտական հարաբերությունների առկայություն: Յուրաքանչյուր ձգտում՝ տարածքային սահմանազատման հարցը լուծելու՝ շրջանցելով կողմերից մեկի միջազգային իրավասուբյեկտ լինելու և պետական անկախության ճանաչումը, ի սկզբանե անընդունելի է:

Ես կարծում եմ, որ քննարկումները կարող են ընթանալ ոչ թե, որպես այդպիսիք, տարածքների շուրջ, այլ ընդամենը ԼՂՀ և ԱՀ միջպետական այժմյա սահմանների ճշգրտման շուրջ, իսկ միջպետական հանձնաժողովի աշխատանքը ԼՂՀ և ԱՀ միջև ներկայումս առկա սահմանների հստակեցման և ճշգրտման հարցով հնարավոր է միայն Ադրբեջանի կողմից Արցախի պետական անկախության անվերապահ ճանաչումից հետո: Սահմանների ճշգրտման ժամանակ մենք պետք է ելնենք վերջերս ընդունված ԼՂՀ Սահմանադրությամբ իրավաբանորեն ամրագրված տարածքային իրողություններից՝ ի նկատի ունենալով, որ խնդրի լուծման միակ չափանիշը կարող է լինել Արցախի քաղաքացիների ֆիզիկական անվտանգության և պետական անկախության իրավունքի բացարձակ գերակայությունը: Ինձ համար առավել քան ակնհայտ է, որ մեր երկիրը չի կարող ինքնուրույնաբար զարգանալ և ապահովել իր ռազմական և տնտեսական անվտանգությունը նախկին ԼՂԻՄ-ի` ի սկզբանե ոչ լեգիտիմ անկլավային սահմաններում: Քննարկելով տարածքների և սահմանների հարցը՝ մենք պետք է նաև մշտապես հիշենք, որ այն տարածքի 15 տոկոսը, որի վրա հռչակվել է ԼՂՀ անկախությունը, ցայսօր բռնազավթված է Ադրբեջանի կողմից:

Հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման վերաբերյալ պետք է ասեմ, որ անգամ համաշխարհային հեղինակություն վայելող միջազգային կազմակերպությունների դրոշի ներքո այդ ուժերի ԼՂՀ-ում հայտնվելն անմիջապես կհանգեցնի մեր ինքնիշխանության շեշտակի սահմանափակմանը: ԼՂՀ ինքնիշխանության միջազգային ճանաչման բացակայության պայմաններում, երբ Արցախը ներկայացված չէ վերոնշյալ կառույցներում, կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ մեր երկիրը չի ունենա միջազգայնորեն երաշխավորված որևէ լծակ՝ այդ ուժերի վրա ներազդելու համար: Նմանօրինակ իրավիճակում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայումն արմատապես կհակասի մեր ազգային շահերին: Մենք չենք կարող սահմանափակել մեր պետական ինքնիշխանությունը, այն էլ՝ առանց միջազգային իրավաբանական ճանաչում ձեռք բերելու:

Բացի դրանից, հանրահայտ է, որ Ադրբեջանի և ԼՂՀ միջև կրակի դադարեցումը պահպանվում է բացառապես կողմերի միջև հաստատված ռազմաքաղաքական հավասարակշռության ներկայիս համակարգի շնորհիվ, որտեղ մեզ պարտադրված պատերազմի ժամանակ ազատագրված տարածքները ունեն ռազմավարական գործառույթ: Համոզված եմ, որ ցանկացած չկշռադատված և նախապես վավերացված միջպետական պայմանագրերով չերաշխավորված նահանջը ձևավորված իրողություններից կբերի իմ կողմից հիշատակված ուժերի հավասարակշռության անմիջական խախտմանը և անկասկած կհանգեցնի ողջ տարածաշրջանի համար կործանարար հետևանքներով հղի ռազմական գործողությունների վերսկսմանը: Այն երկրներն ու կազմակերպությունները, որոնք հայտարարում են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման սեփական շահագրգռվածության մասին, պետք է պահպանեն ռազմավարական հավասարակշռությունը և սթափ կերպով գնահատեն իրավիճակի ողջ բարդությունն ու փխրունությունը՝ ձեռնարկելով և պնդելով միայն այնպիսի քայլերի վրա, որոնք միանշանակ կերպով կնպաստեն կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը, տարածաշրջանային կայունության ներկայիս համակարգի պահպանմանը և հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը: Այս դեպքում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին խոսակցություններն ինքնաբերաբար կբովանդակազրկվեն:

http://www.KarabakhOpen.com

 

ՆԱԽԱՁԵՌՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԵՈՐԵՆ ՊԱՏԺԵԼԻ՞ Է ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ

(բանտային գրառումներ)

1984 թվականից աշխատելով կապի համակարգում, ունենալով բնագավառի ռադիո և միջքաղաքային էլեկտրակապի երկու բարձրագույն կրթություն` կազմակերպել եմ առաջին ավտոմատ հեռախոսակայանի շահագործումը, մոնտաժել և շահագործման եմ հանձնել տարածաշրջանային ընդգրկմամբ պաշտպանության ավտոմատ ահազանգի համակարգը, էլեկտրոնային հեռագրակայանը, բանկային ցանցի համակարգչային կապը: Բացի դրանից, գումարների հավաքագրման համակարգչային ցանցի ծրագրի հեղինակն ու շահագործման հանձնողն եմ եղել, առաջին թվային հեռախոսակայանի ներմուծող, ծրագրող և շահագործող:

Ինտերնետ կապի և բջջային կապի պայմանագրերի իրականացման գործընթացում ողջունեցի ասպարեզում հայտնված «ՂարաբաղՏելեկոմ» ընկերության մուտքը որպես առաջադեմ երևույթ և ինձնից կախվածով աջակցեցի նրա կայացմանը: 2002 թվականից առողջության համար վտանգավոր հիվանդության պատճառով չեմ աշխատել: Իսկ բուժվելուց հետո երկրի նախագահի հանձնառությամբ ինձ վստահել են «Արցախկապ» ՊՓԲԸ տնօրենի պաշտոնակատարումը:

2003 թվականից «Արցախկապ» ՊՓԲԸ տնօրենի պաշտոնում աշխատելու ընթացքում իմ նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ և առանց լրացուցիչ ֆինանսավորման (տնտեսելով շահագործման գումարները) կառուցվել և տեղակայվել են մի շարք տեխնիկական միջոցներ, վերազինվել են եղածները, այդ թվում՝

-կառուցվել և շահագործման է հանձնվել հեռակայան Չլդրան համայնքում
-Խաչենի հեռակայանը /դեցիմետրային հաղորդակ/
-Քարվաճառի հեռակայանը
-Խնապատի հեռակայանը
-Բերդաձորի  եւ  Աշանի կայանները կառուցվել և տեղակայվել են կառավարության
որոշմամբ հատկացված գումարներով
– Ճարտարի հեռակայանում տեղադրվել է դեցիմետրային հաղորդակ
-Սարինշենում (Հադրութ) վերամոդեռնացվել է հաղորդակը
-Բովուրխան վայրում՝ «Արմենիա»  հեռուստաընկերության ծրագրի   սփռման նպատակով,

հաղորդակ
-ՌԴ «ՌՏՌ»-ի  հեռուստածրագրի համար նոր հաղորդակ
-ՌԴ  «ՕՌՏ»-ի հեռուստածրագրի  շուրջօրյա  սփռման  համար նոր  հաղորդակ
-Արցախի  հանրային հեռուստատեսության ծրագիրը  առանձին   հաղորդակով   սփռման   համար նոր

հաղորդակ

-Մարտակերտում ՌԴ «ՌՏՌ»-ի  հեռուստածրագրի սփռման համար նոր հեռակայան
-Մոխրաթաղում ՌԴ  «ՕՌՏ»-ի հեռուստածրագրի  սփռման  համար վերատեղադրում
-Շուշիի հեռակայանում դեցիմետրային հաղորդակ
-Հաթերքի բարձունքում նոր հեռակայանի կառուցում
-Լիսագորի բարձունքում նոր հեռակայանի կառուցում
-Բերդաշենի բարձունքում նոր հեռակայանի կառուցում՝ Գիշու, Խնուշինակի և սահմանամերձ գյուղերի համար
-Վաղուհասի հեռակայանի սպասարկում

2006 թվականից ուսումնասիրելով հեռուստացանցերի զարգացման միջազգային փորձն ու միտումները, մշակել և ներկայացրել եմ եվրոպական չափանիշներով ստեղծված թվայնացման ծրագիր ԼՂՀ-ի և ՀՀ-ի համար, որի իրականացման և ինքնածախսածածկման հաշվարկները առկա են: Ստանալով երկրի նախագահի և ոլորտի ղեկավարների թույլտվությունն ու հավանությունը՝ արտերկրի մեր հայրենակիցների ֆինանսական աջակցությամբ 2007 թվականի փետրվարի 1-ին շահագործման եմ հանձնել թվային DVB և DVB-S  ստանդարտի համակարգը Բովուրխան տեղանքից, որով էլ այսօր հաղորդվում Է  58 հեռուստածրագիր, իսկ առաջարկվող ծառայություններում կան ինչպես վճարովի, այնպես էլ անվճար ծրագրերի փաթեթներ: Մայիսի 9-ի տոնահանդեսի հեռարձակումը մինչև Գորիսի կայանր իրականացվել է հենց այդ թվային ցանցով: Ներկայումս այն հասանելի Է ԼՂՀ ամբողջ տարածքում և Սյունիքի մարզում:

Ասեմ, որ նման ցանցի կայացման առաջարկներ քանիցս  ներկայացվել են ՀՀ պատկան կառույցների կողմից, սակայն առանց հաշվի առնելու զարգացման արդիական չափորոշիչները: Ինքնին այն հանգամանքը, որ ներկայումս ԼՂՀ-ում արդեն իսկ շահագործման է հանձնված արդիական ցանց, որի նմանը չկա ԱՊՀ ոչ մի երկրում  (մասամբ կա Վրաստանում և Ուկրաինայում), արդեն իսկ լուրջ նվաճում է նորանկախ երկրի համար, մանավանդ, որ դրա ինքնածախսածածկման ապահովումը երաշխավորվում է:

Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ՝ այս ամենը միգուցե և կարելի էր չանել, ու ոչ ոք էլ չէր մեղադրի ինձ: Կարելի էր չանել և սպասել հրամանի, սպասել, թե երբ համապատասխան ծրագրեր կմշակվեն, որոնք էլ հանգիստ ու երաշխավորված կիրականացնեի: Կարելի էր հանգիստ նստել աշխատավայրում և սպասել կառավարության որոշումներին ու գումարներին: Բայց ինչպե՞ս հանգիստ նստես, երբ զգում ես, որ ժամանակից հետ ես մնում, ինչպե՞ս արհամարհես տարբեր բնակավայրերից եկող բողոքները, ինչպե՞ս չօգնես նրանց ու չնպաստես նրանց խնդիրների լուծմանը:

Չեմ նստել, չեմ սպասել, այլ իմ կապերը, հեղինակությունն ու կարողություններն օգտագործել եմ գործը գլուխ բերելու համար: Ի՞նչ ասեմ՝ բնավորության, դաստիարակության, միգուցե նաև տարիքի հարց է: Այդ ամենն ինձ ստիպել է նախաձեռնել և ինչ-որ տեղ նաև ռիսկի դիմել: Հանուն գործի, հանուն նոր բան ստեղծելու: Դատեցեք ինքներդ՝ կատարված աշխատանքների առյուծի բաժինն արվել է առանց լրացուցիչ ֆինանսավորման:

Եվ երբ արդեն կառուցված Է ԱՊՀ երկրներում նմանը չունեցող թվային հեռուստացանց, «հանկարծ» ոմանք «բացահայտել» են, որ գնումների փաստաթղթերում թերություններ կան: Մի կողմ դրվեցին արվածը, տարիների ջանքերն ու տանջանքը, նաև այն հանգամանքը, որ ընկերությունն ըստ ամենայնի վերազինվել է, բարձրացվել են աշխատողների աշխատավարձերը և այլն, և այլն: Պարզվեց, որ այս ամենը կարևոր չէ, որ ես իբր ինքնագործունեությամբ եմ զբաղվել: Իբր թե կար ոլորտի զարգացման մշակված ծրագիր, որով էլ կարող էի առաջնորդվել: Պարզվեց նաև, որ արածս այնպիսի հանցագործություն է, որի համար ինձ պիտի մեկուսացնեին հասարակությունից:

Կա նաև հարցի մարդասիրական կողմը: Ցավագին եմ ընդունում կատարվածը, այն, որ այսպես կարող են վարվել 20 տարուց ավելի պետական կառույցներում նվիրված աշխատողի հետ: Առավել ցավալի է, որ այդպես են վարվում բազմազավակ ընտանիքի հոր նկատմամբ: Ունեմ չորս անչափահաս և մեկ զինվոր զավակներ, տարեց ու հիվանդ ծնողներ, որոնց ապրուստի միակ երաշխավորը ես եմ: Միայն աշխատելով, ստեղծագործաբար աշխատելով կարող եմ նեցուկ լինել ընտանիքիս, օգտակար լինել հայրենիքիս և այդ հնարավորությունն եմ ակնկալում:

Ճիշտ է ասված՝ չի սխալվում միայն ոչինչ չանողը, իսկ անողը ապահովագրված չէ սխալներից: Ուրեմն՝ ամեն ինչ կախված է նրանից, թե հանրությունում ինչպիսի վերաբերմունք է անողների ու չանողների նկատմամբ:

Կարծում եմ, որ սա միայն իմ ողբերգությունը չէ:

Սուրեն ՄԻՐԶՈՅԱՆ

——————————————————————————————-

Գոյամարտ

Ե՞ՐԲ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՎԵՐԱՆԱԼՈՒ ՍՏՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ

Աղաները շատացել են ու պատռել մեր բարաթները

Ես ութ երեխայի մայր եմ, արցախյան պատերազմի վիրավորի կին: Մինչ պատերազմը՝ 1979-ից, ես իմ ընտանիքով ապրում էի Ստեփանակերտում: Ամուսինս տուն էր գնել Ստավրոպոլում, բայց ես, որ շատ եմ սիրում իմ ծննդավայրը, չուզեցի գնալ եւ ապրել օտար հողում: Մենք ապրում էինք /1984-1990 թթ/ Ղարմետաքսկոմբինատին հարող Կարլ Մարքս, այժմ՝ Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող հանրակացարանի (թ.42 շենքի) 46-րդ սենյակում, որը հետո «Ալազան»-ից ավերվեց: Առանց մեզ տեղեկացնելու ԲՇԳ-ից (ժեկից) եկել ու բացել են դուռը: Կարող էին, չէ՞, մեզ իմաց տալ, որ ներկա լինենք, որպեսզի մեր տան ապրանքը չկորչի, քանի որ առանց այն էլ վնասվել էր:

Հիմա մենք ապրում ենք Խաչեն գյուղում՝ մի խարխուլ, գետնափոր խրճիթում, խոնավ ու մութ: Գիտե՞ք ինչ է այն հիշեցնում: Մի պատմվածքի  հիվանդ աղջկան (չեմ հիշում՝ ով է գրել): Բժիշկը գալիս նայում է, աղջիկը հարցնում է՝ «հայրիկ, ի՞նչ դեղ գրեց բժիշկը», հայրն էլ պատասխանում է՝ «արեւ գրեց, աղջիկս»: Հիմա մենք ապրում ենք այդպիսի պայմաններում՝ տեղ չկա, որ երեխեքը քնեն, հանգստանան, կանոնավոր դպրոց հաճախեն: Դպրոցից գալիս են՝ տեղ չկա, որ դաս սովորեն, նամանավանդ, որ լույս էլ չի լինում: Սա շատ վատ է ազդում նրանց հոգեվիճակի վրա, ահա թե ինչու երեխեքը դպրոց չեն հաճախում:

Երեխեքիցս չորսը հիմա ապրում են քրոջս տանը՝ զոհվածի ընտանիքում: Մեծ տղաս 2002թ. աշնանը զորացրվել է բանակից եւ մինչեւ հիմա անձնագիր չունի: Իմ եւ ամուսնուս անձնագրերը հին են, ամուսինս 1979 թվականին Ստավրոպոլում  ստացած անձնագրով է: Երկու աղջիկներս 2002-ին ստացած անձնագրով են գրանցված Տիգրան Մեծ փողոցի հանրակացարանում: Բայց 2002-ի աշնանը քաղաքապետարանը տունը տվել է ուրիշի, պատճառաբանելով, որ գյուղում տներ են կառուցում, և մեզ համար էլ են կառուցելու: Բայց հերթը մեզ չհասավ:

Երկրորդ տղաս քսան տարեկան է, ծառայում է բանակում: Ջեբրայիլում մի անգամ վիրավորվել էր: Ինձ ասել էին, որ պոստ չեն տանելու, բայց խաբեցին: Հիմա նրան ծանր վիճակում տեղափոխել են Երեւան, իսկ ես էլ մայր եմ, օրը մի քանի անգամ սիրտս բռնում է՝ նստում ու լացում եմ: Փող էլ չունեմ, որ գնամ գոնե երեսը տեսնեմ: Նրան տանելու հաջորդ օրը հայրը վիրավոր ոտքի ուժեղ ցավեր ունեցավ (ոտքում բեկոր կա մնացած), նրան տեղափոխեցին հիվանդանոց, հոսպիտալում չպառկեցրին: Հիվանդանոցում սրսկումներ արեցին, բայց ցավերը չեն դադարում, վիճակն էլ չի բարելավվում: Նրա մյուս ոտքը ևս առողջ չէ՝ շատ թույլ է ու չորանում է: Քանի տարի է՝ երեխաների նպաստը չեմ կարողանում տարեսկզբից ստանալ, ամեն տարի 6-7-8 ամիս անց եմ ստանում, քանի որ ինձ տեղեկանք չեն տալիս այնքան ժամանակ, մինչեւ մի բարի մարդ չի միջամտում: Ամուսինս մինչ հիմա մի կոպեկ հաշմանդամության փող չի ստացել, քանի որ անձնագիր չունի: Փաստաթղթերը ձեռքներիս այստեղ-այնտեղ ենք գնում՝ ոչ ոք չի օգնում:

Հիմա ես ուզում եմ իմանալ՝ այս կռվախնձոր դառած հողի վրա, որտեղ այսօր էլ զոհեր ենք տալիս, կա՞, արդյոք, օրենք: Այս երկրում օրենքը թղթի վրա՞ է միայն: Հաստատ՝ օրենք չկա, եթե օրենք էլ կա, ապա այդ օրենքը հաստատ մեզ նման մարդկանց չի վերաբերում, որովհետեւ աղաները շատացել են եւ պատռել մեր բարաթները, ինչպես Արութին աղան է պատռել Պեպոյի բարաթը:

Ի՞նչն է ինձ ավելի շատ ցավ պատճառում: Մենք ունենք բանակ, որ մեր երկրի պաշտպանն է, բայց այդ բանակում ծառայում են այնպիսի երեխաներ, որոնք չունեն տուն, որոնք մեծացել են սոված, նրանք չունեն մահճակալի տեղ, որ իմանան, թե զորացրվելուց հետո ուր են գնալու, չունեն անձնագիր: Նրանց անձնագիր չեն տալիս իրենց հայրենիքում, որովհետեւ տուն չունեն: Նրանք պաշտպանված չեն իրենց պաշտպանած երկրում: Նրանք ինչպե՞ս իրենք իրենց բացատրեն, որ պիտի պաշտպանել այն հայրենիքը, որում իրենց քույրերն ու եղբայրները չունեն ապրելու միջոցներ:

Ես օգնության կանչով դիմում եմ բոլորին: Ես իմ անչափահաս երեխաների անունից խնդրում եմ օգնել ինձ: Ես չգիտեմ, թե դա ինչպես է արվում, բայց մենք մի ուրիշ երկրում քաղաքացիական պաշտպանություն ենք  խնդրում:

Հոգուս վրա մեղք չվերցնելու համար ասեմ, որ կան նաև բարի մարդիկ: Ես շնորհակալություն եմ հայտնում մեր ամբողջ ընտանիքի անունից «Ղարաբաղ Տելեկոմ»-ին: Մենք մոռացված ենք մեր ղեկավարության կողմից, բայց ահա այդ ընկերությունում ամեն տարի մեզ հիշում են, մեզ չեն մոռանում:

Ռիտա ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

ՕՐԵՆՔԻ՞ ՈՒԺ, ԹԵ՞ ՈՒԺԻ ՕՐԵՆՔ

1996թ. հուլիսի 23-ին ԼՂՀ կառավարության` թիվ 180 որոշմամբ Ստեփանակերտի` Ս.Դավիթ հասցեում գտնվող «Կոլտնտեսային շուկայի» տարածքում սեփականության իրավունքով գրանցվեցի որպես «Արմեն» անհատ ձեռնարկություն՝ փաստացի 39.18 քառ. մետր հողամասի հատակագծով: Նույն թվականի դեկտեմբերի 25-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչության հետ կնքեցինք սեփականաշնորհման` թիվ 235 պայմանագիրը, ըստ որի օբյեկտի հաշվարկված գինը կազմեց 49372 դրամ: Պայմանագրի կնքման օրն իմ կողմից ԼՂՀ Ազգային բանկ՝ հանրապետական բյուջե կատարվեց վերոհիշյալ վճարումը: Որից հետո պարենամթերքի մանրածախ առևտուր իրականացնելու համար 1998թ. հուլիսի 20- ին Ստեփանակերտի վարչակազմի միջոցով ձեռք բերեցի թիվ 0214 լիցենզիան: Ավելացնեմ, որ համաձայն կնքված սեփականաշնորհման պայմանագրի՝ 1998թ. ես արդեն կառուցել էի քարե շինությունը՝ խանութը, որի նկատմամբ եւ իմ կողմից իրականացվում էր սեփականատիրոջ իրավունքը:

2003թ. մարտի 22-ին «Արմեն» անհատական ձեռնարկությունը վերագրանցվեց որպես «Աղայան եղբայրներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության: Հանդիսանալով իրավահաջորդ՝ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից 2005թ. մարտի 22-ին ձեռք բերեցի անշարժ գույքի սեփականության օգտագործման իրավունքի գրանցման վկայական: Փաստորեն՝ խանութին առնչվող փաստաթղթերը լրիվ համապատասխանեցրի օրենսդրությանը, որից հետո սկսեցի իրականացնել պարենամթերքի մանրածախ առևտուր:

Սակայն 2006թ. գարնանն իմ խանութ ժամանեցին անծանոթ երիտասարդներ եւ շուկայի տնօրեն Սամվել Կարապետյանի անունից սպառնալով պահանջեցին, որպեսզի աշխատողն ազատի խանութը, հայտնելով, որ խանութի դիմաց շինություն է կառուցվելու: Մի քանի ամիս անցնելուց հետո իմ խանութի պատուհանները եւ դուռը քանդեցին, իսկ քանդված մասը փակեցին ու խանութի առջեւի մասում կառուցեցին նոր շինություն, որի պատճառով լրիվությամբ փակվեց իմ խանութի ելումուտը, այնպես, որ ես նույնիսկ չեմ կարողանում մուտք գործել իմ խանութ, իսկ կառուցված շինությունն սկսեց ծառայել որպես առևտրի կետ: Նոր կառույցն իրականացվել է շուկայի տնօրենի կողմից:

Ծագած պրոբլեմի լուծման համար 2006թ. դեկտեմբերի 13-ին դիմեցի ԼՂՀ գլխավոր դատախազին, սակայն իմ դիմումն արժանացավ անիրավական պատասխանի: Գրեցին, որ իբր ինձ 1996թ. դեկտեմբերի 25-ի թիվ 235 սեփականաշնորհման պայմանագրի համաձայն հատկացվել է 31.35 քառ. մետր մակերեսով փայտե տաղավար, որի վրա էլ հիմնվելով ԼՂՀ դատախազության այն քննիչը, ում հանձնարարվեց այդ գործը, իմ՝ տվյալ տարածքի վերաբերյալ սեփականության վկայականը համարել է անօրինական, սակայն նույն սեփականաշնորհման պայմանագրում որեւէ խոսք անգամ փայտե տաղավարի վերաբերյալ չկա, ընդհակառակը՝ պայմանագրի առարկայի 2-րդ գլխի թիվ 1 կետում նշված է, որ պայմանագրում շարադրված պայմաններով վարչությունը վաճառում է, իսկ գնորդը ձեռք է բերում տարածք, այլ ոչ թե փայտե տաղավար: Իսկ նույն պայմանագրի 4-րդ՝ գնորդի եւ վաճառողի պարտականությունների գլխում, թիվ 11 կետում կրկնակի շեշտվում է, որ գնորդը, այսինքն «Արմեն» անհատական ձեռնարկությանը, ի դեմս Ալիա Բարխուդարի Դանիելյանի, այսինքն՝ ինձ, դառնում է տարածքի գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքների ու պարտավորությունների իրավահաջորդը, տվյալ պայմանագրի եւ ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան:

Իրականում պատկերն այլ է, քանի որ քննիչն ինձ հասկանալի ձևով բացատրեց, թե իրականում ինչու է ինքը այդպես վարվում: Դրանք զուտ մարդկային, ոչ իրավական բացատրություններ էին, կապված այն մարդու անվան հետ, որից պաշտպանում եմ իմ իրավունքները: Ինչ որ է, քննիչը, չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները, կայացրեց անհիմն որոշում: Փաստորեն, իմ դիմումի պատասխանի հիմքերը շարադրված են սխալ, ուստի այն չի կարող իրավացի լինել:

«Յագուար» ՓԲԸ-ն էլ ս.թ. ապրիլին հայց է ուղղել դատարան, խնդրելով անվավեր ճանաչել ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի կողմից տրված վկայականը, որի որպես հայցապահանջի հիմք «Յագուար» ՓԲԸ-ն ընդունել է իր վարձակալության պայմանագիրը, սակայն վարձակալության պայմանագրի հիմք ծառայած 1998թ. կառավարության կողմից կնքված թիվ 259 որոշումը կայացվել է միայն ու միայն իմ և ԼՂՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչության միջեւ սեփականաշնորհման պայմանագիր կնքելուց հետո /25.12.1996թ./, ուստի ինձ արդեն իսկ սեփականաշնորհման պայմանագրով հատկացվել էր տվյալ վիճարկվող տարածքը:

Ի պատասխան այդ հայցի իմ կողմից ներկայացվել է հակընդդեմ հայց, որտեղ խնդրվել է մերժել «Յագուար» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայցը որպես անհիմն, ինչպես նաեւ պարտավորեցնել վերջինիս վերադարձնել «Աղայան եղբայրներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Ս.Դավիթ հասցեում գտնվող շինությունը: Մինչեւ դատական նիստը սկսվելը հանդիպեցի ԼՂՀ առաջին ատյանի դատարանի դատավորին, նրան, ով պիտի քններ հարցը, և խնդրեցի լուծել քաղաքացիական գործը օրենքի շրջանակներում, սակայն նա այսպես պատասխանեց՝  «ես երկու երեխա ունեմ …»:

Դատական քննության ընթացքում խնդրել եմ օբյեկտիվ քննության համար որպես վկա ներգրավել գործի քննությանը ԼՂՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչության այն ժամանակվա պետին, որ հիմա կադաստրի շրջանային կոմիտեի ղեկավարն է: Սակայն դատավորը չկատարեց իմ խնդրանքը, հայտնելով, որ ժամանակ չունի, բայց ահա վճռում նշեց, թե իբր ԼՂՀ անշարժ գույքի կադաստրային ստորաբաժանումը պատշաճ ձեւով տեղեկացված է եղել, սակայն ոչ ոք չի ներկայացել:

Դատական նիստին որպես մասնակից հրավիրված քաղաքապետարանի իրավաբանը հայտնել է, թե իբր քաղաքապետարանից տրված փաստաթղթերը սխալմամբ է տրվել ինձ, սակայն թե ի՞նչն է կայանում սխալմամբ տալու հիմքը, նա այդպես էլ չբացատրեց ու չհիմնավորեց իր «պնդումը»: Դատական նիստի ավարտից հետո դատավորը հայտնեց, որ վճիռը կայացվելու է ս.թ. մայիսի 14-ին, ժամը 10:00-ին: Նշված օրը և նշված ժամին ներկայացա, սակայն դատավորը հայտնեց, որ վճիռը հրապարակել է մայիսի 7-ին: Որից հետո ուղարկեց ինձ իր օգնականի մոտ՝ վճիռը վերցնելու համար: Ստանալով վճիռը, պահանջեցի, որպեսզի ստացականի մեջ նշվի այն օրը, երբ ինձ է տրվում վճռի բնօրինակը, սակայն ինձ ասացին՝ «Մենք հո հիմա՞ր չենք… Ում ուզում ես բողոքիր»:

Ի դեպ, նշեմ, որ տվյալ գործի փաստաթղթերի փաթեթը ներկայացրել եմ նախագահական աշխատակազմ, ուր Կ.Բաբուրյանի խորհրդատու Սերգեյ Բաղրամյանը հայտնել է, որ իմ փաստաթղթերը օրինական են` անօրինություն չկա:

Հիմա ուզում եմ հարցնել մեր երկրի ղեկավարներին՝ մեր երկրում օրենքի՞ ուժն է գործում, թե՞ ուժի օրենքը:

Ալինա ԴԱՆԻԵԼՅԱՆ

——————————————————————————————-

Հիշողություն

ՄԵԾ ԳՐՈՂԻՆ ՆՈՐԻՑ ՀԻՇՈՒՄ ՈՒ ՍԻՐՈՒՄ ԵՆ

Ծննդով նորշենցի Լեոնիդ Հուրունցը հայ մեծ գրող է, նրան լավ էին ճանաչում նախկին Խորհրդային Միությունում: Ամենակարևորը՝ նա Արցախի ամենաարժանավոր զավակներից է, այն քչերից մեկը, ովքեր խորհրդային կայսրապետության ժամանակներում հետամուտ էին Արցախի դատին, իրենց կյանքը նվիրել էին այդ սուրբ գործին՝ կործանելով սեփական թե կարիերան, և թե առողջությունը: Հուրունցը շատ է հալածվել իր արցախանվիրյալության համար: Մահից առաջ նա խնդրել էր կնոջը, որ երբ գան «լավ ժամանակները», իր աճյունն անպայման տեղափոխվի հայրենի գյուղ: Նա գիտեր, որ ինքնավար մարզի այն ժամանակվա ղեկավարությունը չէր թույլատրի դա:

1999-ին Շահեն Մկրտչյանի օգնությամբ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի մի քանի աշխատողներով (տողերիս հեղինակն այն ժամանակ թերթի գլխավոր խմբագիրն էր) հանդիպեցինք գրողի այրու՝ Լարիսա Իսահակյանի հետ, և տեղեկանալով վերոհիշյալ պատմությանը, ձեռնամուխ եղանք այդ գործին: Հեշտ չէր, երկրի ղեկավարությանը հղած մեր բաց նամակը հարկ եղած ուշադրությանը չարժանացավ: Եվ եթե չլիներ պաշտպանության այն ժամանակվա նախարար Սամվել Բաբայանի միջամտությունն ու աջակցությունը, ապա գործը գլուխ չէր գա: Ինչ որ է, կատարվեց գրողի վերջին կամքը. ստեղծվեց պետական հանձնաժողով, նրա աճյունը մեծ շուքով տեղափոխվեց հայրենի գյուղ, դպրոցը վերանվանվեց նրա անվամբ, Ստեփանակերտում՝ գրողի անունը կրող փողոցում, դրվեց նրա կիսանդրին, եղան հանդիսություններ:

Տիկին Լարիսան գյուղի հանրությանը խնդրեց «մենակ չթողնել» Հուրունցին, ուշադիր լինել նրա նկատմամբ, քանի որ իր տարիքն ու առողջությունը թույլ չեն տալու հաճախակի այցելել: «Բա դա ասելու՞ բան է»՝ ասել էին գրողի համագյուղացիներն ու հավաստիացրել, որ ամեն ինչ կանեն իրենց մեծ հայրենակցի հիշատակը վառ պահելու համար:

Սակայն անցան տարիներ, և գրողի մասին դարձյալ մոռացան նրա հայրենի գյուղում: 2006-ի սեպտեմբերին արդեն «Դեմո» թերթի աշխատակիցներով մեկնեցինք գյուղ, ստուգելու համար տիկին Լարիսայից ստացած ահազանգը: Եվ ի՞նչ տեսանք:  Հուրունցի գերեզմանը պարզապես ծածկված էր խոտով, և չիմացողի համար դժվար էր այն գտնել: Լքված էր շիրիմը: Իսկ միջնակարգ դպրոցի շենքի մուտքին էլ արդեն չկար Լ.Հուրունցի անունը հիշատակող ցուցանակը: Տողերիս հեղինակը քաջ հիշում է, որ 1999-ի հանդիսությունների ժամանակ մեծ ու գեղեցիկ ցուցանակ էր պատվիրվել ու անմիջապես տեղադրվել: Դպրոցում չկար Հուրունցին նվիրված անկյուն, թեև ժամանակին տիկին Լարիսայի օգնությամբ բավականին նյութեր էինք բերել, տեղում էլ խոստացել էին մի գեղեցիկ անկյուն պատրաստել:

Պարզվեց, որ նոր տնօրեն Ռիգանա Օհանջանյանը՝ խելացի ու բանիմաց մի մտավորական, ընդամենը մի քանի օր առաջ էր նշանակվել այդ պաշտոնում և, բնականաբար, տեղյակ չէր այդ ամենին: Բայց, միևնույն է, իրեն շատ վատ զգաց և խոստացավ իրենից կախվածն անել մեծ գրողի հիշատակն ըստ արժանվույն պահպանելու համար: Նա իր խոսքի տերը եղավ, մտավորականի խոսքի: Ու իրենից կախվածն արեց, նույնիսկ՝ ավելին: Պայմանավորվել էինք, թե միասին ինչ պիտի անեինք, և այդօրվանից անընդհատ զանգում էր, առաջարկներ էր անում, շտապեցնում էր: Մի խոսքով, հաճելիորեն զարմացրեց:

Հարկ է շեշտել, որ կազմակերպվելիք միջոցառումներին իր նախանձախնդրությունն ու անմիջական մասնակցությունը ցուցաբերեց ԿՄՍ նախարար Կամո Աթայանը, որը որպես մտավորական ինքն էլ ծանոթ էր գրողի ընտանիքին և տարբեր առիթներով ձգտել էր օգտակար լինել:

Ինչ որ է, այս ամենի արդյունքում մայիսի 17-ին Նոր շենում տեղի ունեցան հանդիսություններ, որոնց մասնակցեց նաև գրողի ընտանիքը՝ կինը, դուստրը, փեսան և թոռները: Գեղեցիկ միջոցառումներ ու հաճելի անակնկալներ էին պատրաստել Լ.Հուրունցի անվան միջնակարգ դպրոցում՝ ուսուցիչների և աշակերտների ջանքերով: Նաև ձևավորվել էր գրողին նվիրված անկյուն, որն ավելի հարստացավ տիկին Լարիսայի նվերներով՝ Հուրունցի հեղինակած գրքեր, հոդվածներ, գրողի գրամեքենան:

ԿՄՍ նախարար Կ.Աթայանը, փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը և այլք ըստ արժանվույն գնահատեցին գրողի վաստակն ու արժանին հատուցեցին նաև նրա ընտանիքին, որ հետամուտ է Լ.Հուրունցի գրական ժառանգության պահպանմանը: Եվ ամենակարևորը՝ հավաստիացրին, որ այսուհետ ևս հետամուտ կլինեն գրողի հիշատակն Արցախում վառ պահելուն: Իսկ անելիքներ կան: Նորանկախ երկրի պետական միջոցներով գրողի գրքի հրատարակում, նրա հերթական հոբելյանի նշում և այլն: Տիկին Լարիսայի վաղեմի խնդրանքն ու երազանքն է, որ վերականգնվի գրողի պապական տունը և վերածվի թանգարանի: Մասիս Մայիլյանն էլ զարգացրեց առաջարկը՝ այն դարձնել տուն-թանգարան: Տուն, որտեղ կարող են իջևանել գրողի ընտանիքի անդամները և Հուրունցի արվեստի սիրահարները:

Տուն, որ կնպաստի Տոնին: Տոն, որ միշտ մեզ հետ կլինի և որի անունն է ԼԵՈՆԻԴ ՀՈՒՐՈՒՆՑ:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մայիսի 15-ին Ստեփանակերտի` Ավետիք Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցում կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված ճանաչված մանկագիր, Արցախի նվիրյալ զավակ Գուրգեն Գաբրիելյանի 80-ամյակին: Միջոցառումը կրում էր «Ես քո զավակն եմ, հայրենի°ք» վերնագիրը: Հաղորդավարնեը ջերմ խոսքերով ողջունեցին հյուրերին: Ներկա էին ԿՄՍ նախարար Կ. Աթայանը, գրողների միության նախագահ Վ. Հակոբյանը, անվանի գրողներ Ս. Խանյանը, Հր. Բեգլարյանը, Գուրգեն Գաբրիելյանի որդին՝ նկարիչ Սամվել Գաբրիելյանը եւ ուրիշներ:

5-րդ ա դասարանի աշակերտներն արտասանեցին իրենց սիրած մանկագրի բանաստեղծությունները, երգեցին իրենց հոգեհարազատ երգերն ու հաճելի տրամադրություն ստեղծեցին դահլիճում: Աշակերտները միջոցառումը սկսեցին մեծերի խոսքերով՝ ուղղված իրենց տաղանդաշատ բանաստեղծին: Մթնոլորտը լեցուն էր Գուրգեն Գաբրիելյանի գունագեղ ու  արցախյան բարբառով շաղախված երգերով.«Խնեցե, խնեցե, եղը պարտքով տվեցե, թանը թանավ ըրեցե»: Դահլիճն էլ միաձայն ձայնակցում էր: Հաճելի անակնկալներից մեկն էլ այն էր, որ աշակերտները փոքրիկ հայկական հարսանիք ներկայացրին՝ հայկական ադաթներով ու սովորույթներով, ժողովրդական բառուբանով:

Գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը հետաքրքիր դեպքեր հիշեց՝ կապված անվանի մանկագրի հետ: ԿՄՍ նախարար Կամո Աթայանը դիպուկ դիտարկում արեց՝ մեծարելով գրողին՝ մենք մեծարում ենք Արցախը: Իսկ բանաստեղծ Սոկրատ Խանյանը դպրոցի տնօրեն Սերգեյ Շահրամանյանին հանձնեց Գուրգեն Գաբրիելյանի մասին գրած իր աշխատությունը: Մեծ մանկագրի՝ միջոցառմանը մասնակցած այրին անչափ հուզվել էր այս ամենից ու հազիվ էր զսպում արցունքները:

Հաճելի անկանկալներով լեցուն սույն միջոցառման կազմակերպիչը Անժելա Գաբրիելյանն էր, որն էլ բոլորի կողմից արժանացավ գովեստի խոսքերի:

ԳԱՅԱՆԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ / ԱրՊՀ, լրագր. 2-րդ կուրս

——————————————————————————————-

Մունք

ՀԱՅԵՐԵՆԸ ՄԵՐ ԱՐՅԱՆ ՄԵՋ Է

Հայերենը հայի խորհուրդն է ու այն կենսատու ոգին, որն ուղեկցում է ամեն մի հայի՝ աշխարհի որ ծագում էլ որ նա ապրելիս լինի: Եթե անգամ որեւէ հայ իր ողջ գիտակից կյանքում չի գործածել մայրենին, միեւնույն է՝ հայերենն ապրում է նրա մեջ: Սրա ցայտուն արտահայտությունն են հանդիսանում հրաշքի նմանվող այն դեպքերը, որոնք կատարվել են ճակատագրի բերումով աշխարհի ամենահեռավոր ծայրերում բնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ:

1915թ. անապատ քշված մայրը փոքրիկ որդուն սովորեցնում է ավազի վրա գրել իր անուն-ազգանունը՝ Հարություն Քելեկյան: Հիվանդ մայրը որդուն փրկելու հույսով նրան դնում է անապատով անցնող ճանապարհի վրա: Անցնող քարավանից մի բեդվին վերցնում է տղային՝ նրան դարձնելով իր յոթերորդ որդին: Տարիներ անց Հալեպի սրճարաններից մեկում նա լսում է ինչ-որ մարդկանց անհասկանալի խոսակցությունը: Նրա հարցին, թե ինչ մարդիկ են, պատասխանում են, որ հայեր են: Նա թղթի վրա գրում է «Հարություն Քելեկյան»: Լրագրերում գրում են այս ցնցող պատմությունը, եւ Հալեպում գտնվում է նրա կենդանի մնացած մայրը: Երկար տարիների բաժանումից հետո մայր ու որդի գտնում են իրար:

Ուշագրավ է նաեւ Պետերբուրգում բնակվող մի հայուհու հետ կատարվածը: Նա երեք տարեկան է եղել, երբ ծնողների հետ Արցախից գաղթել էր Պետերբուրգ: Տարիների հետ նրանք փոխել էին հայկական բարքերը, կենցաղը, անգամ հայկական ազգանունը: Փոքրիկ Աստղիկը, որ «Ասյա» էր վերանվանվել, ամբողջովին մոռացել էր իր մայրենին: Երբ նա արդեն ութսունին մոտ կին էր, հիվանդանում է եւ հոգեվարքի մեջ սկսում է խոսել հայրենի Արցախի բարբառով.«Ծարավ եմ, քե մատաղ, ծարավ եմ…Խոխեք, մնաք բարով»: Յոթանասունհինգ տարի առաջ մարած հնչյունները վերակենդանացել ու արձագանքում էին նրա սրտի խորին գաղտնարաններում եւ թրթռում ցամաքած շրթունքների վրա:

Պարզվում է, որ այդ խոսքերը նա լսել էր հոգեվարքի մեջ գտնվող իր տատից, երբ ընդամենը հինգ տարեկան է եղել:

Աստղիկ ԴԱՎԹՅԱՆ

 

ՄԵՐ ՊԱՐԾԱՆՔԸ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ Է

Օրերս տեղի ունեցած մի դեպք ինձ ստիպեց գրել այս նյութը: Երեւանից ինձ հյուր եկավ ընկերուհիս, եւ մի օր մենք որոշեցինք, այսպես ասած, «անցնել խանութներով»:

Ընկերուհիս էր խոսում սպասարկողների հետ, ի դեպ՝ գրական հայերենով, եւ հենց նրա այսօրինակ  խոսելը հանգեցրեց մի շարք զավեշտալի, բայց միեւնույն ժամանակ նաեւ ցավալի իրողության բացահայտմանը: Պարզվեց, որ գրեթե ոչ մի խանութի սպասարկող ծանոթ չէ իր մայրենի լեզվի տարրական կանոններին:

Մի խանութում խնդրեցինք մեզ ցույց տալ պատից կախված նարնջագույն բլուզը: Վաճառողը շվարած էր՝ չէր իմանում, թե ինչ է նշանակում՝ նարնջագույն: Մեկ այլ խանութում բաճկոնի փոխարեն մեզ զուգագուլպա մեկնեցին, որովհետեւ ականջները մանկուց «պենջակ» բառին էին սովոր:

Հետաքրքրությունից դրդված եւ, այսպես ասած, «խաղի մեջ մտած»՝ որոշեցինք հենց այնպես շրջել խանութներով՝ խնդրելով, որ մեզ ցույց տան այս կամ այն ապրանքը:

Որքան ծիծաղելի էր ու միաժամանակ ցավալի, երբ գրեթե ամեն տեղ տեսնում էինք նույն պատկերը: Մարդիկ չէին իմանում «բարձրակրունկ», «փողկապ», «օծանելիք», «շրթներկ», «սպասք», «բազուկ» եւ բազմաթիվ այլ բառերի իմաստը: Մի խանութում չիմացան նույնիսկ «մահճակալ» բառի իմաստը: Սննդամթերքի խանութում երշիկի փոխարեն մեզ համար նրբերշիկ կշռեցին, իսկ «թխվածքաբլիթ» բառն առաջին անգամ էին լսում: Եվ այսպես շարունակ:

Հայը հայերեն չի իմանում, ինչը ողբերգություն է: Սոցիոլոգիական հարցումներ չեմ արել և տվյալներ էլ չկան ձեռքիս տակ, բայց հակված եմ կարծելու, որ հանրության ոչ մեծ մասի ուղեկիցն է մայրենի լեզուն: Երևի մի քսան տոկոսը ռուսական կրթությամբ են, մի զգալի մասը միայն խոսակցական լեզվին է տիրապետում, իսկ մեծ մասն էլ՝ բարբառին ու ժարգոնին:

Այս ամենի հիմքը, կարծում եմ, դաստիարակությունն է ու շրջապատը: Եթե երեխայի հետ մանկուց խոսեն հայերենով, այդժամ պահանջվելու է միայն աշխատասիրություն երեխայի կողմից:

Իրինա ՈՍԿԱՆՅԱՆ /  ԱրՊՀ, լրագր. 2-րդ կուրս

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԲԱՐՔԵՐ

(իրապատում)

Գրքերի մեծ ու ծանր պայուսակը փոքրիկ տղան դժկամորեն ուսերից իջեցրեց, գլուխը կախ մի պահ մնաց դռների մոտ կանգնած: Երիտասարդ մայրը հայելու առաջ կանգնած խիստ զբաղված էր. քրտնաջանորեն բնական թուխ մազերը արդեն քանիերորդ անգամ էր գունափոխում: Շրջվեց, նայեց որդու տխուր դեմքին, հասկացավ՝ բանն ինչումն է, բայց, այնուամենայնիվ, հարցրեց.

-Էլի՞ «երկու»: Երեկ ամբողջ երեկոյան հեռուստացույց էիր նայում, ասացի, չէ՞, որ «երկու» ես ստանալու:

Փոքրիկ տղան ուզում էր ասել՝ «դուք բոլորդ նայում եք, ես ինչպե՞ս չնայեմ», բայց սկսեց այլ կերպ արդարանալ.

-«Երկու» չէ, «երեք» եմ ստացել, բայց մեկ է՝ վատ եմ պատասխանել: Ուսուցչուհին ասաց, որ եթե էդպես շարունակվի, քառորդայինը հազիվ «երեք» է լինելու:

-Երեսդ պարզ էլ ասում ես, ամոթ է՝ բոյիդ, տեսքիդ նայիր ու ստացած գնահատականներիդ,- կշտամբեց մայրը ու շարունակեց մազերի գունափոխման` իր համար առավել կարեւոր գործը:

-Ես մեղավոր չեմ, սովորում եմ, բայց մտքումս չի մնում, շուտ մոռանում եմ, չեմ կարողանում հիշել:

Ասաց փոքրիկ տղան ու հոգնած, տխուր նստեց բազմոցին, պայուսակը դրեց կողքին, ձանձրույթով նայեց շուրջը: Ինչ ասես սենյակում կար՝ սառնարան, հեռուստացույց, լվացքի մեքենա, կարի մեքենա, թխվածքների համար էլեկտրական վառարան, սեղանի վրա դրված մեծ հայելի, որի առաջ էլ մայրը կանգնած էր, ամանեղենի պահարան եւ այլն, սենյակի կենտրոնում էլ մեծ ճաշասեղանն էր: Սենյակում բացարձակապես մի ազատ անկյուն, թեկուզ մի փոքրիկ սեղան, մի հատուկ անկյուն չէր հատկացված իրեն, որպեսզի գրքերը եւ պայուսակը դներ վրեն, նստեր հանգիստ պարապեր:

Երիտասարդ, պճնասեր մայրը հայելու առաջ կանգնած գլուխը դես ու դեն շրջեց, գոհ իր «ստեղծագործական» աշխատանքից, նոր տեսքի տպավորությունից, որդուն հրավիրեց խոհանոց՝ ճաշելու:

Ճաշելուց հետո փոքրիկ տղան գնաց բակ խաղալու, երբ վերադարձավ՝ տնեցիները բոլոր տանն էին, սենյակում աղմուկ էր, հեռուստացույցը միացրած էր բարձր ձայնով: Սեղանի շուրջը նստած հայրը եւ հարեւանը բարձրաձայն խոսում էին: Տատը, մայրը եւ մորաքույրը բազմոցին նստած հնդկական կինոսերիալ էին նայում: Բազմոցի վրա պայուսակը չկար: Փոքրիկ տղան դես ու դեն նայեց, չգտավ:

-Հիմար, չե՞մ ասել, որ պայուսակդ միշտ մի տեղ դիր, էս ի՞նչ է,- ասաց սեղանի շուրջ նստած հայրը ու ոտքով հրելով՝ սեղանի տակից հանեց որդու գրքերի պայուսակը:

Հավանական է՝ մեկնումեկը բազմոցին նստելիս վերցրել և սեղանի տակ է դրել, երբ դեռ նրա շուրջը նստողներ չկային: Տղան վախվխելով պայուսակը վերցրեց, մի կողմ քաշեց, նստելու հարմար տեղ չկար՝ տեղավորվեց բազմոցի մի անկյունում, հանեց դասագիրքը, սկսեց թերթել քրքրված էջերը (դպրոցից այդ վիճակում էր ստացել), գտավ հանձնարարված դասը՝ մի բանաստեղծություն, որը պիտի սովորեր անգիր: Սկզբում դժվարությամբ վարժ կարդալ սովորեց, ապա սկսեց տող առ տող անգիր սովորել:

Իմ փառապանծ,
Իմ տառապած,
Իմ բարձրանուն:

Կարծես ստացվում էր, թեեւ սենյակում ժխոր էր, աղմուկ: Տողերը կարճ էին, բառերն էլ հասկանալի: Ժամանակ առ ժամանակ հեռուստացույցի էկրանին էր նայում, մոր կողմից նկատողություն ստանալուց հետո նորից էր սկսում մտքում կրկնել բանաստեղծության տողերը: Հաջորդ տողերում հանդիպեց նոր բառերի, որոնց իմաստը չգիտեր, ոչ մի անգամ չէր լսել, որեւէ տեղ չէր հանդիպել: Ոչ մի կերպ չէր կարողանում հիշել: Նայեց էջի վերջը, որտեղ սովորաբար գծի տակ անծանոթ բառերի բացատրությունն էր լինում: Ոչ մի տեղ չկար: Չկար ոչ գիծ, ոչ գծի տակ բացատրություն: Հեռուստացույցին նայելով սկսեց մտքում կրկնել բանաստեղծության «կոհակ» եւ «խոյակ» բառերը, մեկ-մեկ իրար խառնելով, «կոհակ»-ի փոխարեն «կոյակ» ասելով, հետո ինքն իրեն ուղղելով, այնուամենայնիվ՝ բառերի իմաստը չհասկանալով հանդերձ կարողացավ հիշել ու առաջ անցավ: Բայց հաջորդ տողը՝ «Դու հանգրվան կանաչ փարոս», իսկական փորձություն էր, տառապանք, հատկապես «հանգրվան» բառը, որ երբեք չէր լսել, առաջին անգամն էր հանդիպում: Նայեց շուրջը, որպեսզի գոնե որեւէ մեկից հարցնի, բայց չհամարձակվեց, որովհետեւ ամեն մեկը զբաղված էր ինչ-որ բանով: Վերջապես գիրքը ձեռքին մոտեցավ մորը: Մայրը հարցական հայացքով նայեց որդուն:

-«Հանգրվանը» ի՞նչ է, չեմ հասկանում, չգիտեմ,- հարցրեց փոքրիկ տղան՝ երկրորդ դասարանի աշակերտը:

Մոր դեմքի հարցականը վերածվեց զարմանքի:

-Я тоже не знаю, первый раз слышу,- պատասխանեց մայրը ու գլուխը շրջեց դեպի հեռուստաէկրանը: Երեխան հուսահատ նստեց տեղը, այնուամենայնիվ՝ ժխորի մեջ շարունակեց անգիր սովորել բանաստեղծությունը, չհասկանալով մի շարք բառերի իմաստը:

Արցախի երեխաների գրական լեզվի բառապաշարը շատ համեստ է, դա կարելի է ասել նաև ծնողներից շատերի մասին, հետեւաբար ճիշտ կլիներ, եթե դպրոցական դասագրքեր կազմողները, հատկապես տարրական դասարանների համար, անծանոթ, անհասկանալի, ոչ միշտ գործածվող բոլոր բառերի բացատրությունը ներկայացնեին: Կասկած չկա, որ մեր դպրոցների ուսուցիչները դա զգում են, կռահում են, թե ո՞ր բառերը կարող է անհասկանալի լինեն, լրացուցիչ բացատրությունների միջոցով օգնում են երեխաներին, բայց, այնուամենայնիվ, ընդգրկել դասագիրք կազմողների բոլոր բացթողումները երեւի հնարավոր չէ:

Անցյալում դպրոցի եւ ծնողների, ընտանիքների հետ կապը ավելի սերտ էր, ավելի ընդգրկուն ու արդյունավետ: Ներկայումս վիճակն այլ է, ոչ հօգուտ երեխաների: Թվում է, շատ դեպքերում դասղեկները երեխաների ընտանեկան, կենցաղային պայմաններին մոտիկից ծանոթ չլինելու հետեւանքով անտեղյակ են մնում, թե այս կամ այն աշակերտը ինչպիսի՞ օգնության կարիք ունի: Գաղտնիք չէ, որ ներկայումս շատ ընտանիքներում տիրում է քաղքենիական մթնոլորտ, անկախ նյութական պայմաններից: Արդյո՞ք բոլոր դասղեկներն են տեղյակ, որ դպրոցում սովորողներ ունեցող ընտանիքներում միշտ չէ, որ կարելի է աշակերտական գրասեղան հայտնաբերել, էլ չեմ խոսում լրացուցիչ անհրաժեշտ գրականության մասին: Խոսքը չքավորներին չի վերաբերում: Կենցաղից գիրքը, ընթերցանությունը դուրս են մղվել, ու շարունակվում է այդ աղետալի երեւույթը:

Շատ է խոսվում կրթության բնագավառում բարեփոխումների մասին, բայց դրանց իրական, տեսանելի դրական արդյունքների մասին խոսելը վաղ է, հիմնական անելիքները, գործի նկատմամբ ստեղծագործական մոտեցումներով հանդերձ, դեռ առջեւում է:

Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s