№ 17 / 15 հոկտեմբեր

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏ

Թափանցիկությունը համարձակ խոսքերով  փոխարինելը կամ շղարշելը կարծես թե ավանդույթ է դառնում ղարաբաղյան իրականության մեջ: Հաճախակի կարելի է որոշ պաշտոնյաներից լսել բավականին համարձակ մեղադրանքներ ցածրաստիճան պաշտոնյաներին: Իհարկե, առաջին հայացքից դա ողջունելի քայլ կարելի է համարել, երբ համարձակորեն խոսվում է սխալների ու խախտումների մասին  եւ, ինչու չէ, դա ինչ-որ չափով նաեւ վստահություն է ներշնչում, սակայն այդ նույն «ինչ-որ չափը»  հօդս է ցնդում, երբ ամեն անգամ էլ այդ խոսքերն իրենց տրամաբանական շարունակությունը չեն ունենում, ասել է թե՝ ամեն ինչ ու ամեն ոք մնում է իր տեղը:

Մեկ այլ տարակուսանք է, երբ մեղադրանքները հնչում են վերացական, անհասցե ու անորոշ: Դա, անշուշտ, այդքան էլ զարմանալի չէ, մանավանդ ղարաբաղյան պրակտիկայում. չէ՞ որ այստեղ սովոր չեն հնչեցնել այն պաշտոնյաների անունները, ովքեր տարբեր ժամանակներում խախտումներ են թույլ տվել, կամ նրանց գործունեության ընթացքում լուրջ բացթողումներ են եղել: Էլ չենք խոսում նշված մարդկանց պատասխանատվության ենթարկելու մասին: Ինչ խոսք, մեկ-մեկ ցուցադրաբար պատասխանատվության են ենթարկում սրան-նրան, բայց հընթացս էլ առնչվում ես ասեկոսեների առ այն, որ  այդ մարդկանց նկատմամբ նման քայլի կիրառման հիմնական պատճառն ամենեւին էլ թույլ տված սխալը չէր, որ հարցերը լուծվել են միանգամայն այլ հարթության վրա: Ահա այդպես էլ անիմաստ են դառնում  հրապարակային «համարձակ» հայտարարությունները:

Փորձեմ ասածս հիմնավորել պաշտոնական հաղորդագրություններից մեջբերումներով: Օրինակ, կառավարության վերջին նիստերից մեկում գործադիրի ընդունած որոշումն առնչվում էր «Ալրաղաց» ՓԲԸ-ի խնդրին: Հարցի կապակցությամբ վարչապետ Ա.Հարությունյանը ներկաներին հիշեցրեց, որ «Ալրաղաց» ՓԲԸ-ն նախորդ տարիներին կուտակել էր 1 մլրդ դրամից ավել պարտքային գումարներ: «Ընկերությունը փաստորեն զբաղվում էր փողերի լվացմամբ»,-հայտարարել է վարչապետը, ով նաեւ հանդիսանում է մեկ ամիս առաջ ստեղծված՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը: Կամա թե ակամա հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է արվել այդ ուղղությամբ, ո՞վ է այդ ամենի համար պատասխանատու:  Ինչ խոսք, սույն ձեռնարկության պարտքերի մարման գործում կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկել, արդյունքում մասամբ բավարարվել է նաեւ այնտեղ աշխատողների չվճարված աշխատավարձերի տրամադրման պահանջը, սակայն հիմնական հարցերը մնում են անպատասխան՝ ինչու և ինչպես դա կատարվեց, և ով է պատասխանատու:

Մեկ այլ օրինակ. վարկերի հավաքագրման եւ ընթացիկ աշնանացանի հարցերով խորհրդակցության ժամանակ վարչապետը հայտարարել է, որ պետական այն պաշտոնյաները, ովքեր ունեն ժամկետանց վարկեր, կհեռացվեն աշխատանքից: Սակայն դարձյալ չի նշվել, թե ովքեր են այդ պաշտոնյաները: Եւ որքանով հետեւել ենք՝ այդ պատճառաբանությամբ դեռ ոչ մեկին էլ  աշխատանքից չեն հեռացրել:

Աշխատանքից չեն ազատվել նաեւ այն մարմինների պատասխանատուները, որոնք Շահումյանի շրջանում թույլ են տվել բավականին լուրջ խախտումներ ու բացթողումներ: Գործադիր իշխանության ղեկավարի մոտ մեկ այլ խորհրդակցության ժամանակ ԼՂՀ վերահսկիչ պալատի ղեկավարը ներկայացրել է իրենց կողմից մի քանի շրջվարչակազմերում կատարած ստուգումների արդյունքները, որոնք, ըստ նրա, հիմնականում  արձանագրվում են քաղծառայողների պարգեւատրման, պետական միջոցների դուրսգրման, վառելիքի օգտագործման, գնումների հոդվածներով: «Լուրջ թերություններ կան նաեւ հողերի վարձակալության գործում, ինչպես նաեւ առկա են իրավական բնույթի խախտումներ»,- նշել է ՎՊ ղեկավարը: Նա փոքր-ինչ հանգամանորեն  անդրադարձավ Շահումյանի շրջանի վարչակազմում կատարված ստուգումների արդյունքներին, որտեղ թերացումները համեմատաբար ավելի ծավալուն են, եւ դա «օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով»: Նշյալ շրջանում անցած երկու տարիներին փոշիացվել են հատկապես բնակավայրերի բարեկարգման համար նախատեսված գումարները: Բազմաթիվ համայնքներում օրինական հաշվապահական հաշվառում չի իրականացվում՝ նշվել է խորհրդակցության ժամանակ:

Սակայն այս գործում ևս սայլը տեղից չի շարժվում: Ճիշտ է, քննադատությունն ուղեկցվել է վարչապետի զգուշացմամբ, որ «հանձնարարականների նկատմամբ նման անտարբեր վերաբերմունքը փոխադարձ կլինի»: Գուցե այս վերջին զգուշացումն էլ հենց կլինի նոր գործելաոճի սկիզբը: Ամեն դեպքում, երբ բարձրաձայն խոսվում է իշխանությունների գործունեության թափանցիկության եւ հետեւողականության մասին, ապա տրամաբանորեն ենթադրվում է դրանց հասարակական հնչողության ձգտումը, ինչի ամենարդյունավետ ձևը մամուլի ասուլիսներն են, որոնցից, ի դեպ, խուսափում են շատ իշխանավորներ: Հարկ է ասել, որ բացառություն են կազմում վարչապետը եւ մի քանի պաշտոնյաներ, բայց ահա գործունեության մեկ տարվա ընթացքում մամուլի ասուլիս չեն հրավիրել ինչպես երկրի ղեկավարը, այնպես էլ Ստեփանակերտի քաղաքապետը եւ մի շարք նախարարներ: Նախագահն, օրինակ, նախընտրել է մամուլի ասուլիս հրավիրելու փոխարեն հարցազրույց տալ միայն հանրապետական «Ազատ Արցախ» թերթին:

Այս ամենը գալիս է նրանից, որ երկրում կա պատասխանատվության մեծ դեֆիցիտ: Ու դա՝ բոլոր ոլորտներում: Այսպես, օրերս էլ կայացան ղարաբաղյան կարգավորման թեմայով խորհրդարանական լսումներ, որտեղ քաղաքական ուժերն ու պատկան մարմինները ոչ թե փորձեցին պատասխանատվություն ստանձնել բանակցային գործընթացի ներկայիս վիճակի համար, այլ նախընտրեցին հանդես գալ փորձագիտական մակարդակով: Եւ ամենևին էլ պատահական չէր, որ լսումներում նման կարգավիճակով հանդես եկավ նաև ՀՀ փոխարտգործնախարարը, պատահական չէր, քանի որ ընդհանուր մթնոլորտն էր այդպիսին: Մինչդեռ հանրությանը պետք էին ոչ թե խելոք դատողություններ, այլ տեղեկատվություն բանակցային գործընթացի իրական վիճակի, առկա վտանգների ու դրանցից խուսափելու հստակ քայլերի մասին:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

—————————————————————————————–

Արցախ

ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆ. «ԼՂՀ-Ն ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԴԱՍԱԿԱՆ ՍԽԵՄԱՅՈՎ»

Աբխազիայի անկախության 15-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով ԼՂՀ պատվիրակության՝ Սուխում կատարած այցելության մանրամասները հայրենիք վերադառնալուց հետո լրագրողներին է ներկայացրել պատվիրակության ղեկավար, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Լրագրողի այն հարցին, թե ինչն է խանգարում, որ Ռուսաստանը ճանաչի նաեւ Ղարաբաղի անկախությունը, նա պատասխանել է. «Այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել, խոսում են այն մասին, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը տեղի է ունեցել ոչ դասական սխեմայի շրջանակներում, ինչը մեզ չի կարող հիմք տալ մտածելու, որ նույն ձեւով կարող է նաեւ այստեղ կատարվել»: Խոսքը, ըստ Ա.Ղուլյանի, գնում է ֆորսմաժորային իրավիճակի մասին: Շարունակելով թեման, նա ընդգծել է, որ ուրախ են այդ երկրների ճանաչման համար, սակայն այն ճանաչումը, որը ստացել են այդ երկրները, չի նշանակում վերջնական եւ լիարժեք միջազգային ճանաչում: «Նույնիսկ մեր հարավօսական գործընկերներն են նշել այն մասին, որ բոլորը սպասել են, թե իր պատրաստության մակարդակով նախևառաջ Ղարաբաղի անկախությունը կճանաչվի»,- հավելել է պատվիրակության ղեկավարը:

Ըստ ԱԺ նախագահի, բոլոր չճանաչված պետությունները գնում են այն ճանապարհով, որի վերջնանպատակը անկախության միջազգային ճանաչումն է: Նշելով, որ այս պահին մենք ունենք արդեն մեր նպատակին մոտենալու մակարդակ, նա միևնույն ժամանակ նկատեց, որ «այսօր եւ տարածաշրջանում, եւ ընդհանրապես միջազգային հարաբերություններում անկախության ճանաչման գործընթացները ընթանում են ավելի շատ ոչ դասական սխեմայի շրջանակներում», նկատի ունենալով Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միակողմանի ճանաչումը: «Առայժմ չճանաչված երկրների միջազգային ճանաչման այդ հնարավորությունները դուրս են դասական շրջանակներից, որը տեսնում ենք միջազգային հարաբերությունների զարգացման համատեքստում: Եւ այդ տեսանկյունից ես ուզում եմ պնդել հակառակը, որ գուցե այսօր ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը կամ հիմնախնդրի կարգավորումը մնացել են բացառիկը, որն ունի միջազգային ճանաչման դասական սխեմայի մեծ շանսեր»,- ասել է Աշոտ Ղուլյանը:

Տոնակատարությանը մասնակցելուց բացի, մեր պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ Աբխազիայի խորհրդարանի նախագահի, արտգործնախարարի եւ հայ համայնքի համակարգող խորհրդի կազմի հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, կան նաեւ որոշակի նախնական պայմանավորվածություններ այդ կարգի խորհրդատվությունները շարունակելու վերաբերյալ: «Խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ առաջարկություն է եղել, որն   ընդունվել է երկու կողմից, այն է՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում քննարկել եւ որոշակի աշխատանքներ սկսել երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ  համագործակցության համաձայնագիր մշակելու եւ ստորագրելու համար»,- հավելեց խորհրդարանի խոսնակը:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ ԷԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԸ 

Հոկտեմբերի 10-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում կայացան «Իրավիճակը Հարավային Կովկասում. ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարները» թեմայով խորհրդարանական լսումներ, որ կազմակերպել էր արցախյան խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Բացի արցախյան խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերից ու տեղացի փորձագետներից՝ լսումներին մասնակցեցին նաև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ  Քոչարյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Էռնեստ Սողոմոնյանը, փորձագետներ Երևանից: Լսումների մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, լսվեց ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի տեղեկատվությունը, այնուհետև ԼՂՀ ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի   ղեկավարները հայտնեցին իրենց դիրքորոշումը, որից հետո ելույթ ունեցավ Շ.Քոչարյանը, արտահայտվելու հնարավորություն ունեցան նաև փորձագետները:

Եթե դատելու լինենք արտահայտված մտքերի, արված վերլուծությունների ու առաջարկությունների տեսանկյունից, ապա լսումները միանշանակ կարելի է հաջողված համարել, քանի որ առկա էր, ինչպես ասում են՝ «ուղեղային գրոհ»: Միգո՞ւցե նորաթուխ ոչինչ առանձնապես չկար, բայց, կարծես թե, ի մի բերվեցին վերջին տարիներին հանրությունում շրջանառված ու հնչած բոլոր խելամիտ առաջարկներն ու կարծիքները, մասնավորապես՝ որ ԼՂՀ-ն բանակցություններից օբյեկտից նորից պիտի դառնա սուբյեկտ, որ մենք պիտի ակտիվ ու նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարենք ու վերստին տարածաշրջանային ինքնուրույն ռազմաքաղաքական գործոն դառնանք, որ բանակցային գործընթացից հարկ է առանձնացնել նորանկախ երկրի միջազգային ճանաչման գործընթացն ու հիմնավորապես զբաղվել դրանով, խոսել կարգավորման հայանպաստ տերմինաբանությամբ և այլն, և այլն:

Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ այս տեսակետների կրողները խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններն են ու զանազան շրջանակներ ներկայացնող փորձագիտական խմբեր, ապա հարկ կլինի փաստել, որ այս առաջարկները տիրապետող են արցախյան  հանրությունում, ասել է թե՝ կա արցախյան հանրության հստակ պատվեր ղարաբաղյան հիմնախնդրի հարցում:

Բայց նաև, նկատի ունենալով, որ նույն խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը ԼՂՀ ներկայիս նախագահի ու իշխանության քաղաքական հենարանն են, այսինքն՝ իշխանության մաս են կազմում, ապա ուղղակի անհասկանալի է, թե ինչու այդ տեսակետները պատշաճ ուշադրության չեն արժանանում, և ինչու չի կատարվում հանրային պատվերը, կամ՝ ով պիտի կատարի: Եթե, պատկերավոր ասած, կշեռքի մի նժարին քաղաքական դաշտի լուրջ ու ազդեցիկ ուժերն են, որոնցից էլ ձևավորվել է կառավարությունը և որոնք փաստորեն արտահայտում են հանրության կարծիքն ու հանրային պատվերը, ապա մյուս նժարին ովքե՞ր են: Եւ այդ ինչպե՞ս է, որ մյուս «անհայտ» նժարից է կախված հանրային պատվերի կատարումը:

Այլ կերպ՝ ու՞մ համար էին լսումները:

«ԴԵՄՈ»

http://www.shoushi.nk.am կայք՝ Արցախի ու արցախցիների մասին

Նորերս համացանցում հայտնվել է նոր կայք՝ http://www.shoushi.nk.am: Այն պատրաստել ու վարում է ֆրանսահայ Արմեն Ռաքեդջյանը՝ Արմեն դ Շուշին: Ինչպես ինքն է ասում՝ «Սփյուռքում երազում են Շուշիի մասին, ես ապրում եմ երազում»:

Կայքն ունի վավերագրական, պատմագիտական ու մշակութային էջեր, հոդվածներ, հարցազրույցներ, արտատպություններ, առանձնակի ուշադրություն է հատկացված վերաբնակեցմանը, մի խոսքով՝ դա կայք է Արցախի ու արցախցիների մասին: Ի դեպ, “Shoushi.nk.am”-ը առաջին կայքէջն է` պատրաստված և տեղադրված Շուշիից:

Սակայն սույն տեղեկատվությունը միայն նոր կայքը ազդարարելու նպատակ չէ, որ ունի: Ի տես և ի ցույց պատկան մարմինների հայտնում ենք, որ կայքն ունի նաև իրավական բաժին, որտեղ զետեղված են ԼՂՀ օրենքները, ավելի ստույգ՝ դրանց մի զգալի մասը: Ցավալի է, բայց փաստ՝ ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովն էլ առայսօր կայք չունի (հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը վաղուց արդեն կայք ունի): Մենք ընդունում ենք օրենքներ, բայց շահագրգռված չենք, որ դրանք մատչելի լինեն մարդկանց համար: Ապշեցուցիչն այն է, որ խորհրդարանի ունեցած ռեսուրսների պարագայում նման կայքի ստեղծումը բացարձակապես ոչ մի դժվարություն չի ներկայացնում իրենից: Համենայն դեպս, այն հանգամանքը, որ մի անհատ առանց լուրջ միջոցների կարողացել է դա անել՝ ասվածի պերճախոս վկայությունն է:

«ԴԵՄՈ»

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ը ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՆ Է

Ստեփանակերտի մամուլի ակումբի շնորհավորանքը 

Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1794 թվականի հոկտեմբերի 16-ին լույս է տեսել հայ առաջին պարբերականը՝ «Ազդարարը»: Հենց հոկտեմբերի 16-ն էլ համարվում է Հայ մամուլի օր:

Ստեփանակերտի մամուլի ակումբը (ՍՄԱ) շնորհավորում է արցախցի լրագրողներին  Հայ մամուլի օրվա առթիվ և մասնագիտական այս համահայկական տոնի առթիվ հույս է հայտնում, որ նորանկախ հանրապետությունում ժողովրդավարական բարեփոխումների ուղին ընտրած իշխանություններն անհետաձգելիորեն գործնական քայլեր կձեռնարկեն ինչպես երկրում չորրորդ իշխանության կայացման, խոսքի ազատության անվերապահ հաստատման եւ անկախ մամուլի ձեւավորման համար բարենպաստ հող ստեղծելու, այնպես էլ միասնական համահայկական տեղեկատվական դաշտի ձևավորման և այդ դաշտում իր ուրույն տեղը գրավելու ուղղությամբ:  ՍՄԱ-ն բոլոր լրագրողներին, լրատվամիջոցներին ու լրագրողական կազմակերպություններին կոչ է անում՝ առաջնորդվելով լրագրողական համերաշխության սկզբունքով, համախմբվել եւ նպաստել այդ գործընթացներին:

ՍՄԱ Վարչություն

ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՆ ՈՒ ԷԼԻ 1-2 ՀԱՐՑ, ԸՍՏ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻ, ՄՆՈՒՄ ԵՆ ՉՈՐՈՇՎԱԾ

«Հայաստանն, ըստ էության, շրջափակված է ղարաբաղյան հակամարտության պատճառով»,- «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հայաստանը արտաքին աշխարհի հետ շփման հարցում մեծ դժվարություններ ունի: Հայ ժողովրդի արմատական շահերից է բխում այդ իրավիճակը հնարավորինս արագ ապաշրջափակելը», գտնում է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Աշխարհագրական ու քաղաքական ելքերը Հայաստանի համար, Լավրովի մատուցմամբ, իրականում շատ չեն: «Հենց ղարաբաղյան կարգավորումը դառնա փաստ, Թուրքիան պատրաստ կլինի օգնել Հայաստանին նորմալ կապեր հաստատելու արտաքին աշխարհի հետ` Անկարայի եւ Երեւանի միջեւ պաշտոնական, դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով»:

Ամեն դեպքում, Լավրովի ներկայացմամբ, դեռեւս մինչեւ կովկասյան ճգնաժամը, որ տվյալ դեպքում ենթադրում է օգոստոսյան իրադարձությունները Հարավային Օսիայի գոտում, լավ հնարավորություն էր ստեղծվել առաջընթաց ունենալու ղարաբաղյան կարգավորման մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղղակի հանդիպումների միջոցով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական աջակցությամբ: «Մշակվել էր բովանդակալից փաստաթուղթ, որ նկարագրում էր կարգավորման փաստացի բոլոր սկզբունքներն ու մեխանիզմները»,- գտնում է ՌԴ արտգործնախարարը:

Ըստ Լավրովի, դեռեւս որոշված չեն 2-3 հարց, որոնք ենթակա են համաձայնեցման Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումներում, իսկ այդպիսիք կլինեն Ադրբեջանում նախագահական սպասվող ընտրություններից հետո:

Չորոշված հարցերի առնչությամբ Լավրովը մանրամասնել է. «Ամենից առաջ խոսքը Լաչինի միջանցքի մասին է: Մեր տպավորությունը, որպես միջնորդներից մեկի, այն է, որ լուծումը լիովին իրական է: Բնականաբար, այդ հարցի լուծումը մնում է Հայաստանին եւ Ադրբեջանին ուղիղ պայմանավորվածությունների շրջանակում, իսկ միջնորդները, որ հասկանում են այդ գործընթացի բոլոր նրբություններն ու զգայականությունը, տեսնում են այդ լուծման հնարավորությունը…»:

Լավրովի խոսքով, օգոստոսյան իրադարձությունների ընթացքում Հայաստանի կրած դժվարությունները, հատկապես բեռնափոխադրումների հարցում, վկայում են, որ ղարաբաղյան հարցը պետք է հնարավորինս արագ կարգավորվի:

http://www.azg.am

ԲՐԱՅԶԱ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԻՏԻ ՀԱՄԱՁԱՅՆՎԻ, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍ Է»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան BBC-ին տված հարցազրույցում համաձայնվել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այն կարծիքին, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում ընդամենը մի քանի մանր խնդիրներ են մնացել: «Կան միայն մի քանի պահեր, որոնք մենք պիտի լուծենք: Դրանք բարդ հարցեր են, որոնք, ինչպես միշտ, քննարկվում են բանակցությունների վերջում: Բայց դրանք կարող են լուծվել, եթե երկու կողմերն էլ բարի կամք դրսևորեն»,- նշել է նա, չբացահայտելով, թե հատկապես որ հարցերն են մնում չլուծված:

Բրայզան հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կարծում են, որ հակամարտությունը պիտի լուծել հնարավորինս շուտ: Ընդսմին, նա նշել է. «Մենք կարծում ենք, որ հարկ է սկսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից, իսկ ապա ներգրավել այլ լրացուցիչ սկզբունքներ, որպեսզի բանակցությունները հասցվեն մինչև փոխզիջում, մինչև շրջանակային պայմանագիր»: «Մենք պիտի ասենք՝ այո, իրավաբանական տեսանկյունից, օրենքով, Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս: Բայց, վերջիվերջո, որպեսզի բանակցությունները հանգեցնեն համաձայնագրի, Հայաստանը ևս պիտի համաձայնվի դրա հետ: Մենք գիտենք, որ Հայաստանն այլ դիրքորոշում ունի, և մենք պիտի օգտագործենք շատ ստեղծագործական, կառուցողական մոտեցումներ, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանուր լեզու գտնեն: Դա հնարավոր է, որովհետև մինչև ինչ-որ աստիճան այդ մոտեցումները համընկնում են»,- նշել է Բրայզան: Ընդսմին նա ընդգծել է, որ նախագահներից յուրաքանչյուրը պաշտպանում է իր երկրի դիրքորոշումը և մտահոգված է նրանով, թե որքանով կարելի է վստահել մյուսին: «Քայլ առ քայլ ես տեսնում եմ, որ միմյանց նկատմամբ վստահության մակարդակն աճում է: Եւ դա լավ է»,- ամփոփել է նա:

  http://www.regnum.ru

——————————————————————————————

Կարգավորում

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ԵՎ ՊԱՀԱՆՋ ՉՈՒՆԻ

Ղարաբաղյան խնդիրը դարձել է հարավկովկասյան տարածաշրջանի զարգացման միակ խոչընդոտը: Նման կարծիք կարելի է լսել եւ Ռուսաստանի, եւ Ադրբեջանի  արտգործնախարարների շուրթերից: Ընդ որում, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման փորձից հետո միջազգային հանրությանը փորձում են համոզել, որ ղարաբաղյան կարգավորումը հնարավոր է միայն հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում:

Ամենամեծ ջանքերը «համոզելու» ուղղությամբ թափում է, թերեւս, Ռուսաստանը: Հայաստանը փաստորեն շրջափակված է ղարաբաղյան հակամարտության պատճառով, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Հենց ղարաբաղյան կարգավորումը փաստ դառնա, Թուրքիան պատրաստ կլինի ապահովել Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ», – ասել է Լավրովը: Նա նշել է, որ Մինսկի խմբի առաջարկած Մադրիդյան փաստաթղթում տեղ գտած սկզբունքներից մնացել է համաձայնեցնել մի երկուսը, այդ թվում` Լաչինի միջանցքի մասին հարցը:

Հոկտեմբերի 10-ին Բիշքեկում կայացած Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Լավրովի այդ հայտարարությունը, նշել է, որ բանակցությունների առանցքային հարց է հանդիսանում ԼՂՀ կարգավիճակի հացը, որը պետք է որորվի այդ տարածքում բնակվող ժողովրդի կամքի ազատ արտահայտությամբ: Եթե ասում են, որ առանցքային հարցերը համաձայնեցված են, կարելի է ենթադրել, որ այս հարցի շուրջ եւս կա ըմբռնում, ասել է Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարի մեկնաբանությունից կարելի է ենթադրել մի քանի բան. նախ, Հայաստանը տվել է իր համաձայնությունը միջնորդների կողմից առաջարկված` կրկնակի հանրաքվե անցկացնելու գաղափարին: Ըստ երեւույթին, դրան համաձայնվել են նաեւ ԼՂՀ իշխանությունները, քանի որ նրանք դեռ չեն արտահայտել հակառակ կարծիք եւ չեն պնդել, որ հանրաքվե Ղարաբաղում արդեն անց է կացվել, եւ դա եղել է մարդկանց կամքի ազատ արտահայտություն: Երկրորդ` եթե Նալբանդյանը չի հերքել առանցքային հարցերի շուրջ համաձայնության փաստը, դա նշանակում է, որ Հայաստանը համաձայնվել է նախկին ԼՂԻՄ-ի շուրջ 7 շրջանների հանձնմանը, ինչը հանդիսանում է առաջարկների հիմնական սկզբունքներից մեկը: Այդ եզրակացությունն եւս չեն հերքում Ղարաբաղի իշխանությունները: Համենայնդեպս, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը «Ազատ Արցախին» տված հարցազրույցում  ասել է, որ ԼՂՀ անկախությունը ենթակա չէ առեւտրի, սակայն չի հստակեցրել, թե որ ԼՂՀ-ի մասին է խոսքը` այն, որի սահմանները ամրագրված են ԼՂՀ Սահմանադրության մեջ, թե՞ նախկին ԼՂԻՄ-ի:

Հատկանշական է, որ տարածքների հանձնման մասին լուրն առաջինը տարածել է Թուրքիայի նախագահը: Երեվան կատարած այցից հետո նա հայտարարել է, որ Հայաստանի նախագահը համաձայնվել է «զավթած» տարածքների վերադարձին: Հայաստանը չի հերքել այդ «լուրը» պաշտոնական մակարդակով: Սկզբից չի արձագանքել նաեւ քաղաքական դաշտը: Սակայն  հետո տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ներկայացրել են իրենց դիրքորոշումները նշված հարցի վերաբերյալ: Զարմանալի է, բայց շատերը չեն կտրուկ դեմ արտահայտվել հողերի հանձնմանը` ընդունելով այն որպես անխուսափելի զիջում:

Քաղաքագետ, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Մանվել Սարգսյանի կարծիքով, Ռուսաստանը, մտնելով Թուրքիայի հետ գործարքի մեջ, փորձում է տարածաշրջան մտցնել սեփական ուժերը, ասենք` խաղաղարար ուժերի ձեւով: Քանի որ Ադրբեջանը կտրուկ դեմ է Ռուսաստանի միջնորդությանը ղարաբաղյան կարգավորման մեջ, սակայն կողմ է Թուրքիայի միջնորդությանը, Ռուսաստանը «առաջ է բրդում» Թուրքիային` որպես միջնորդ, այն պայմանով, որ տարածաշրջան կմտնեն ռուսական զորքեր եւ կկառուցվի Մոսկվային ձեռնտու երկաթգիծ: Եւ այդ ամենը` Ղարաբաղի, այսինքն` Հայաստանի հաշվին:

Ինչպես կարծում են քաղաքագետերը, տարածքների հանձնումը եւ երրորդ կողմի ուժերի տեղաբաշխումը կթուլացնի Հայաստանի դիրքերը եւ կբերի Ղարաբաղի վերջնական կործանմանը:

Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այդքան կտրուկ չէ իր գնահատականներում: ԼՂՀ նախագահի հետ հանդիպումից հետո նա հայտարարել է. «Անշուշտ, հավատում ենք, որ հարցը բանակցությունների միջոցով պետք է լուծվի, եւ Ղարաբաղը պետք է այդ բանակցությունների ուղղակի մասնակիցը դառնա: Եվ հավատում ենք, որ ղարաբաղյան հարցի վերջնական լուծումն այսօրվա փաստացի սահմաններով Ղարաբաղի անկախության ճանաչումը կլինի կամ Հայաստանի հետ նրա միացումը»:  Ընդամենը` բարի ցանկություն: Ու վերջ:

«Մենք, կարծես, համակերպվել ենք այն մտքին, որ մեզ օկուպանտ են անվանում», – ասել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը` «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» կազմակերպության կողմից հրավիրված «կլոր սեղանի» ժամանակ: «Ինչո՞ւ ենք մենք մոռացել Շահումյանի մասին: Եթե զիջում է, թող երկկողմանի լինի», – ասել է Շիրխանյանը: Նա նշել է, որ տարածքների հանձնմանը կհետեւի Ղարաբաղի, ապա` Մեղրիի, Զանգեզուրի եւ Հայաստանի հանձնումը:

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշել է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայի նկատմամբ, սխալ է: Նա նշել է, որ Անկարայի հանդեպ տարածքային պահանջները երկար տարիներ մնում էին Հայաստանի զինանոցում որպես ազդեցության գործիք: Այդ թվում` ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Կորցնելով այդ գործիքը, մենք թուլանում ենք, ասել է Օսկանյանը:

Այս ամենը կատարվում է հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների շեմին: Թերեւս, դրանով կարելի է բացատրել Ադրբեջանի նախագահ Ալիեւի փոքր ինչ պասիվությունը: Սակայն, հատկանշական է, որ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել է, որ ընտրություններից հետո Ադրբեջանի նախագահին հեշտ կլինի որոշումներ ընդունել: Այսինքն, ընտրություններից հետո պետք է սպասել կտրուկ որոշումների: Ըստ երեւույթին, Ալիեւը պետք է համոզի իր ժողովրդին, որ Ղարաբաղը այլեւս Ադրբեջանի կազմում չի լինի: Բայց «Ղարաբաղ» ասելով, նա նկատի կունենա նախկին ԼՂԻՄ-ը: Եւ այն կներկայացվի միջազգային հանրությանը որպես մեծագույն զիջում: Իսկ հայերը կստանան Հայաստանին մի փոքր երակով կպած ԼՂԻՄ, խառը սահմաններով եւ անհասկանալի կարգավիճակով:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ 

—————————————————————————————

ԳՈՐԾԻ ԿԱՐՈՏ ԽՈՍՔԵՐ

«Անփոփոխ է մնացել նաեւ մեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագայի հանդեպ: Արցախի անկախությունն ու անվտանգությունը շահարկումների եւ սակարկությունների ենթակա չեն”: Դրանք տողեր են Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցից, որ նա տվել է ԼՂՀ իշխանության պաշտոնաթերթ “Ազատ Արցախին”, նախագահի պաշտոնում իր աշխատանքի մեկ տարվա կապակցությամբ:

Բակո Սահակյանի խոսքն իսկապես տպավորիչ է: Եթե Ղարաբաղի իշխանության համար անկախությունն անբեկանելի է եւ սակարկության ենթակա չէ, ապա առնվազն բացի դրվատանքից, ուրիշ որեւէ արձագանք կարծես թե համարժեք չէ: Սակայն, Ղարաբաղի անկախության, դրա անբեկանելիության մասին հայտարարությունների կապակցությամբ, լինեն դրանք Ղարաբաղի, թե Հայաստանի պաշտոնյաների մտքի արգասիքը, առաջ է գալիս թերեւս երկու էական հարց:

Նախ, ի՞նչ սահմանների մասին է խոսքը, երբ հայտարարվում է Ղարաբաղի անկախության մասին: Եթե հստակ չեն հայտարարվում սահմանները, ապա ինքնաբերաբար նշանակում է, որ անկախությունը սակարկության ենթակա չէ, սակայն սակարկության ենթակա են դրա ֆիզիկական ծավալները: Այ եթե ԼՂՀ իշխանությունը նաեւ հստակ հայտարարեր, թե պետության որ սահմանը իր համար նույնպես սակարկության ենթակա չէ, այդ դեպքում միգուցե պատկերը կլիներ ամբողջական եւ առավել հավաստի ու վստահելի: Իսկ այս դեպքում, ստացվում է, որ անկախությունն անսակարկելի է, բայց այդ անկախության համար կարելի է սակարկության հանել պետության սահմանները: Իսկ եթե վերջում ստացվի, որ ասենք անկախ Ղարաբաղը դա քաղաք-պետություն Ստեփանակերտն է: Չէ՞ որ կարող է ստացվել եւ այդպես, եթե չի խոսվում նաեւ սահմանների, անկախ պետության տարածքի որեւէ ծավալի անսակարկելիության մասին:

Երկրորդ հարցն այն է, որ հայտարարելով Ղարաբաղի անկախության անսակարկելիության մասին, Ղարաբաղի իշխանությունը, ընդ որում ոչ միայն նոր նախագահը, այլ նաեւ հինը` Արկադի Ղուկասյանը, բացարձակապես որեւէ ձայն չէին հանում եւ չեն հանում, երբ Հայաստանի իշխանությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոսում են ինչ որ հանրաքվեի կամ պլեբեսցիտի մասին: Լավ, պլեբեսցիտը գուցե անծանոթ բառ է, բայց հանրաքվեի մասին հայտարարում են առ այսօր, մինչդեռ Ղարաբաղից ոչ մի պաշտոնական արձագանք: Մինչդեռ, եթե ԼՂՀ ղեկավարության համար անկախությունն անքննարկելի եւ անսակարկելի է, ապա պետք է որ լիներ հայտարարություն, ուղղված միջնորդներին եւ Հայաստանին ու Ադրբեջանին, առ այն, որ Ղարաբաղը կոչ է անում նրանց “այսպես կոչված Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում” ավելորդ ժամանակ չվատնել հանրաքվեի վերաբերյալ ինչ որ համաձայնության գալու համար: Եթե նույնիսկ Ղարաբաղի իշխանությունը հարյուր հիսուն տոկոս վստահություն ունի, որ հանրաքվեի ելքը լինելու է հօգուտ անկախության, միեւնույն է, միայն այն, որ քննարկվում է այդ հարցը եւ Ղարաբաղի իշխանությունը դրան չի արձագանքում, արդեն իսկ կասկածի տակ է առնում անկախության անսակարկելիության մասին հայտարարությունը: Այդ դեպքում գուցե տեղին կլիներ ասել ոչ թե “սակարկելի չէ անկախությունը”, այլ ասել, թե “ինչքան ուզում եք սակարկեք, միեւնույն է, անկախությունից բացի ուրիշ բանի կողմ քվեարկող չի լինի”: Այդպես կլինի ավելի ազնիվ, եւ ամենից կարեւորը` կլինի ավելի ճկուն եւ հաստատուն: Այլապես ստացվում է, որ Ղարաբաղը խոսում է մի բանի մասին, ինչին հակառակ տեղի ունեցող գործընթացին հետեւում է կողմնակի դիտորդի կարգավիճակով, փոխանակ դառնալու այդ գործընթացի ակտիվ ընդդիմախոս:

Ղարաբաղի իշխանությունն, օրինակ, կարող է հայտարարել, որ դեմ է կարգավիճակի հարցի քննարկմանը, եւ փոխարենն առաջ քաշել բանակցության սեփական օրակարգը` Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարաբերության ձեւավորման եւ զարգացման վերաբերյալ: Ինչ խոսք, այդ նախաձեռնությունը, մեղմ ասած, կարող էր արհամարհվել, բայց երեւի թե ոչ ավելի, քան ասենք Ղարաբաղի նախագահի ընտրությունը: Մինչդեռ նախագահի ընտրության Ղարաբաղի իշխանությունը գնում է աներկբա, իսկ ահա բանակցային սեփական օրակարգ առաջ քաշելը, չգիտես ինչու, համարում է ավելորդ` ըստ երեւույթին:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
http://www.lragir.am

ԱՐՑԱԽՈՒՄ ԵՐԲԵՔ ԷԼ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄԸ ՀԱՐԳԻ ՉԻ ԵՂԵԼ

Ինձ համար այնքան էլ հասկանալի չէ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգը: Անկեղծորեն ասած՝ ես, ինչպես նաեւ, համոզված եմ, իմ բազմաթիվ համաքաղաքացիներ, տեղյակ չեմ Սարգսյան-Գյուլ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շրջանակին, ուստի ստիպված եմ դատողություններ անել մամուլում դրա արծարծումներից եւ, որքան էլ տարօրինակ լինի՝ Թուրքիայի նախագահի մեկնաբանություններից:

Դատելով Գյուլի ասածներից՝ չի քննարկվել Ցեղասպանության թեման, սահմանների բացման մասին «կեսբերան» են խոսել, դրա փոխարեն հիմնականում քննարկվել է ղարաբաղյան կարգավորումը: Կարծում էինք, որ հարաբերությունների տեւական սառեցումից հետո Հայաստանն ու Թուրքիան պիտի որ ավելի շատ հարցեր ունենային քննարկելու, եւ այդ հարցերի ցանկում Ղարաբաղը տրամաբանորեն չպիտի առաջին հորիզոնականում լիներ: Բայց Գյուլի ասածներից կարելի է ենթադրել, որ միայն Ղարաբաղի հարցն է քննարկվել, ավելին՝ ՀՀ նախագահը, Գյուլի ընկալմամբ, պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանին վերադարձնելու տարածքները:

Կատարվածը մեզ մեկ անգամ եւս բերում է այն համոզման, որ վաղուց ժամանակն է հստակեցնելու երկու հայկական պետությունների դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի հարցում, վաղուց ժամանակն է հստակեցնելու ՀՀ-ի ու ԼՂՀ-ի իրավունքների եւ պատասխանատվության չափը, ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացում յուրաքանչյուրի տեղն ու դերը: Քանի դեռ սա չի արվում՝ նման կազուսները շարունակվելու են:

Ինձ մի հանգամանք է ապշեցնում՝ որտեղի՞ց այն վստահությունը, որ ԼՂՀ-ն ընդունելու է ցանկացած տարբերակ: Որպես ԼՂՀ քաղաքացի ես միանշանակ դա չէի պնդի անգամ իշխանությունների մասով, ինչ մնում է ղարաբաղյան հանրությանը, ապա այսօր առկա տրամադրությունները «վստահ» մարդկանց համար լավատեսական ոչինչ չեն պարունակում:

Համենայն դեպս, Արցախում երբեք էլ ինքնահրկիզումը հարգի չի եղել:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————

Համահայկական

ԱՐՑԱԽԸ ՏՈՏԵՄ ԿԱՄ ՄՈՒՄԻԱ ՉԷ, ԱՅԼ՝ ԲԱԲԱԽՈՂ ՍԻՐՏ
հատվածներ համահայկական լրատվամիջոցների ղեկավարների համաժողովում ունեցած ելույթից

Ծաղկաձոր, 17-18 սեպտեմբեր, 2008թ.

Հիմնականում խոսելու եմ պրոբլեմների մասին: Ինչու՞ եմ այս հանգամանքը շեշտում: Որովհետև մեզ մոտ՝ Արցախում, պրոբլեմների մասին խոսելու հարցում որոշակի բարդույթներ կան, ըստ որոնց՝ դրանով կարող ենք ջուր լցնել հակառակորդի ջրաղացին, կամ էլ խախտել ազգային միասնությունը: Արդյունքում՝ պրոբլեմների մասին չխոսելը դարձել է սովորական երևույթ: Լսած կլինեք հայտնի սրամիտ արտահայտությունը՝ «Եթե առավոտյան զարթնել ես, ու քո մարմնի ոչ մի մասը չի ցավում, ապա գիտցիր, որ մահացել ես»: Ամեն առավոտ ես զգում եմ հայրենի երկրիս ցավը, ուրեմն՝ երկիրն ինձ համար չի մահացել, այն ինձ համար կենդանի օրգանիզմ է: Բայց բոլորի՞ս համար է այդպես: Դիցուք՝ Սփյուռքը: Սփյուռքահայությունն ուզում է Արցախի մասին լսել կամ լավ, կամ՝ ոչինչ: Մինչդեռ այդպիսի վերաբերմունք, ինչպես հայտնի է, դրսևորում են մահացածների նկատմամբ: Ես չեմ ուզում, որ Արցախն ընկալվի որպես տոտեմ կամ մումիա: Այն կենդանի օրգանիզմ ու բաբախող սիրտ է, ցանկացած կենդանի օրգանիզմին հատուկ ուժեղ կողմերով ու արատներով: Եւ եթե մենք խոսում ենք պրոբլեմների մասին, ապա նախ՝ վերահաստատում ենք մեր գոյությունը, հետո էլ՝ մեզ ու միջազգային հանրությանը (նաև՝ ի հեճուկս թշնամական ջրաղացի) ցույց տալիս, որ ի վիճակի ենք լուծել պրոբլեմները:

Այժմ՝ բուն թեմայի մասին:

Ցանկացած երկրի համար կարեւոր է ներքին եւ արտաքին տեղեկատվական քաղաքականությունը: Իշխանությունները պարտավոր են ամեն ինչ անել սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանը հասկանալի ու ընկալելի լինելու համար: Խնդրո առարկայի շուրջ ԼՂՀ-ում տիրող իրավիճակը պատկերացնելու համար նախ ներկայացնեմ արցախյան տեղեկատվական դաշտը, ապա առկա խնդիրները դիտարկենք նույն դաշտի շրջանակներում և ապա համահայկական հարթության մեջ:

Արցախյան տեղեկատվական դաշտը, մեղմ ասած, հարուստ չէ և անգամ իր ներկայիս տեսքով ու կառուցվածքային էությամբ չի համապատասխանում 21-րդ դարի տեղեկատվական չափանիշներին ու երկրորդ հայկական պետականության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ պաշարներին:

Եթե տպագիր ԶԼՄ-ներում որոշակի բազմազանություն կա, այն է՝ հանրապետական և շրջանային պաշտոնաթերթերից բացի կա կուսակցական մամուլ, կա «Դեմո» հանրային թերթը, պաշտպանության ու կրթության նախարարություններն ունեն թերթեր, որոնք, հասկանալի պատճառներով, ամենամեծ տպաքանակն ունեն, կան նաև այլ թերթեր ու թերթուկներ, ապա էլեկտրոնային լրատվական դաշտն ուղղակի աղքատիկ է: Հանրապետությունում գործում է ընդամենը մեկ հեռուստաընկերություն՝ Արցախի հանրային հեռուստաընկերությունը, որը նախկին պետական հեռուստատեսությունն է: Նրա կարգավիճակը փոխվել է մի քանի տարի առաջ՝ արցախյան լրագրողական ընտանիքի առաջադեմ հատվածի ջանքերով: Սակայն ցավալի է, բայց փաստ՝ դա եղել է ընդամենը ցուցանակի փոփոխություն, իրականում հեռուստատեսությունն իր էությամբ մնացել է նույն պետականը՝ բառի խորհրդային և ոչ լավագույն իմաստով: Հանրապետությունում անհրաժեշտ պայմանները չկան անկախ հեռուստաընկերությունների ստեղծման ու գործունեության համար:

Մի հեռուստաընկերության գերիշխանությունն էլ հենց տեղեկատվական դաշտի հիմնական խոչընդոտներից է: Որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ մի տպագիր միջոց չի կարող մրցակցել հեռուստատեսության հետ: Արդյունքում արցախցին զրկված է տեղեկատվության տարբեր հավասարազոր աղբյուրներից օգտվելու հնարավորությունից:

Որքան էլ զարմանալի լինի՝ հանրապետությունում չկա գոնե մեկ լրատվական գործակալություն, որի միջոցով երկիրը կարող էր արտաքին աշխարհի հետ սեփական տեղեկատվական խողովակ ունենալ: Նորերս իր գործունեությունը դադարեցրել է միակ էլեկտրոնային թերթը, որն աշխատում էր ամենօրյա ռեժիմով: Խոսքը «Ղարաբաղ-օփեն» էլեկտրոնային թերթի մասին է, որը կարճ ժամանակում դարձել էր տեղեկատվության արժանահավատ ու ազդեցիկ աղբյուր, որից օգտվում էին շատուշատ երկրներում: Այն, ինչ արել են 2-3 լրագրողներ, այն էլ՝ սոսկ էնտուզիազմի շնորհիվ, ուղղակի ուսանելի է: Նրանք արել են այն, ինչ չի կարողանում անել մի ամբողջ պետություն:

Արցախում շատ քիչ են կայքերը, պետական գերատեսչություններինը՝ հատկապես, արդի չափանիշներին համապատասխանողները՝ նամանավանդ: Թող ներվի համեմատությունը, բայց եթե «Ալ-Քաիդան», ինչպես կարելի է տեղեկանալ համացանցից, ունի 5000 կայք, ապա արցախյան երկրորդ պետականությունը 5 կարգին կայք էլ չունի:

Այս պարագայում, կարծում եմ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ու հեռանկարների մասին կարելի է խոսել խիստ վերապահումով: Նաև հասկանալի է, որ երկրում կա տեղեկատվության մատչելիության պրոբլեմ:

Ինչ որ է, ահա այսպիսի ռեսուրսներով ու այսպիսի հոգեբանությամբ մենք վարում ենք ներքին և արտաքին տեղեկատվական քաղաքականություն: Անդրադառնանք դրանց առանձին-առանձին:

Ներքին տեղեկատվական քաղաքականությունը մեզ մոտ մեծամասամբ վերածվել է իշխանությունների պարզամիտ գովքի և բացարձակապես հաշվի չի առնվում հասարակական կարծիքը: Քաղաքացին երբեք չի իմանում, թե ինչու ազատեցին այս մի պաշտոնյային և ինչու նշանակեցին այն մյուսին, ինչու կրճատվեց այս մի գերատեսչությունը և ստեղծվեց այն մյուսը: Ընդհանրապես, մտքերի փոխանակությունը, բանավեճը «որպես դասակարգ» վաղուց արդեն վերացած են: Արցախյան հեռուստատեսությունում թոք-շոու հասկացությունը մնում է որպես անմատչելի երևույթ: Չեմ կարող այս առնչությամբ չմեջբերել Իգոր Մուրադյանի դիպուկ միտքը՝ «պարզվեց, որ թշնամու վրա կրակելն ավելի հեշտ է, քան հայրենակիցների հետ հայրենիքի ճակատագիրը քննարկելը»:

Այս վիճակը, կարծես թե, ճչացող է դարձել բոլորի, այդ թվում՝ իշխանությունների համար: Այն տպավորությունն է, որ մեզ մոտ արդեն ընկալվում է այն միտքը, որ այսպես շարունակել չի կարելի: Վերջերս Արցախում վերջապես օրախնդիր է դարձել տեղեկատվական քաղաքականություն ունենալու թեման, այն աստիճան, որ այս մասին խոսում են բոլորը: Սա, ըստ իս, հակառակ ծայրահեղությունն է այն բանի, երբ ոչ ոք այս թեման առանձնապես չէր կարևորում: Մարդիկ, պաշտոնյաներ, բանուգործ թողած՝ խոսում են տեղեկատվական քաղաքականություն մշակելու մասին, այնքան կարևորելով դրա անհրաժեշտությունը, որ, կամա թե ակամա, ստվերում են իրենց իսկ գործի, իրենց իսկ անմիջական պարտականությունների կատարման անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Մինչդեռ հենց գործի առկայությամբ, գործի չափով է պայմանավորված տեղեկատվական քաղաքականության հաջողության կամ անհաջողության չափը: Իսկ դրա համար պարզապես պետք է նախևառաջ արդիականացնել-արդյունավետացնել պետական կառավարման համակարգը, որի օգտակար գործողության գործակիցը ցածր է: Հսկայական միջոցներ ու մարդկային ռեսուրսներ են ներդրված այս համակարգում, բայց արդյունքը քիչ է:  Եթե վերանայվի պետական կառավարման համակարգի նկատմամբ մոտեցումը ու դրական տեղաշարժեր լինեն, եթե ռեալ գործ արվի, ապա տեղեկատվական քաղաքականությունն ինքնաբերաբար կփոխվի, չուզենք էլ՝ կփոխվի:

Տեղեկատվական դաշտի հիմնախնդիրները, որպես կանոն, չեն դիտարկվում պատճառահետևանքային կապերի մեջ, չեն քննարկվում իրերի ընդհանուր վիճակի համատեքստում: Մինչդեռ դրանք չի կարելի դիտարկել ընդհանուր քաղաքական վիճակից անջատ, ավելին՝ տեղեկատվական ոլորտի ներկայիս վիճակը ուղիղ համեմատական է կամ անմիջական արտացոլանքն է քաղաքական վիճակի: Այսպես, հրապարակային քննարկումների ու բանավեճերի բացակայությունն արդյունք է քաղաքական կյանքում տիրող վիճակի:

Մեկ տարի առաջ ԼՂՀ-ում կայացած 4-րդ նախագահական ընտրությունները պատմության մեջ կմնան նաև մի տարօրինակ նորամուծությամբ, այն է՝ իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների խաչասերմամբ: Նույնիսկ ընտրությունները բարձր գնահատած և Արցախի նկատմամբ ընդգծված բարյացակամություն ցուցաբերած միջազգային դիտորդներն էին տարակուսած այդ փաստից: Հատկանշական է չեխ դիտորդ, «Բերկուտ» ՀԿ ներկայացուցիչ Յանա Գրադիլկովայի կարծիքը. «Միասնական թեկնածուի գաղափարն ինձ համար մի բան է, որ հակասում է ժողովրդավարության չափանիշներին, բայց եթե այն ընդունելի է այս հողի վրա ապրող մարդկանց համար, ապա կարելի է այն հաջող պրոեկտ անվանել»:

Ասվածում թաքուն հանդիմանություն կա, և մեզ համար վիրավորական պիտի դա հնչեր: Իսկ ի՞նչ է ասվել «տողատակին»: Այդ նույնն է, թե ասվի՝ ֆուտբոլ սովորաբար խաղում են երկու դարպասներով, բայց եթե այս հողի վրա ապրող մարդկանց համար ընդունելի է մեկ դարպասով խաղալը, ապա… Այսքանից հետո ուրիշ բան չեմ ասում՝ խաղի միդարպասանի մեր կանոններով մենք ու՞մ հետ ենք խաղալու-մրցելու:

Փաստն այն է, որ մեզ մոտ միասնականության գաղափարը ֆետիշացվել է ու հանգեցրել այլակարծության վերացմանը:

Այժմ՝ արտաքին տեղեկատվական քաղաքականության մասին: Մեզ մոտ ընդունված է այն կարծիքը, որ տեղեկատվական պատերազմում մենք տանուլ ենք տալիս:

Այս հարցում ևս կարծիքս նույնն է՝ տեղեկատվական քաղաքականությունն ածանցյալ է մեծ քաղաքականությունից: Հնարավոր չէ արտաքին տեղեկատվական քաղաքականություն վարել, եթե չկա ընդհանրապես արտաքին քաղաքականություն, քանի դեռ չունենք իրական քաղաքականություն՝ «ռեալ պոլիտիկ»:

Մեզ մոտ արտաքին տեղեկատվական քաղաքականությունը հանգեցրել են ադրբեջանական քարոզչամեքենայի սադրանքներին պատասխանելուն: Մամուլը հեղեղվում է այսպիսի նյութերով, որոնք հակառակ արդյունքն են տալիս՝ նպաստելով այս կամ այն սադրանքի հրապարակային տարածմանը:  Արտաքին տեղեկատվական ակտիվությունն այն չէ, երբ դու պատասխանում ես դիմացինի ամեն մի քայլին, այլ երբ ինքդ ես քայլ անում:

Այսպիսի, կատակով ասված՝ պատասխանատու մարտավարությունը բխում է մեր արտաքին քաղաքականության էությունից: Արցախյան դիվանագիտության հիմնական թերությունը դրա իրավիճակային ու անդրադարձային բնույթն է, երբ մենք նախաձեռնազուրկ կեցվածք ենք ընդունում և ընդամենը պատասխանում կամ չպատասխանում Ադրբեջանի այս կամ այն քայլին:

Ինչ որ է, իմ եզրակացությունն այն է, որ ներկայիս պայմաններում սեփական ռեսուրսներով ու սեփական տեղեկատվական դաշտում պարփակված լինելով, հնարավոր չէ լուծել առկա խնդիրները: Դրանք նպատակահարմար կլինի դիտարկել համահայկական հարթության մեջ, եթե կա, իհարկե, նման միասնական հարթություն: Մենք սիրում ենք խոսել ՀՀ – ԼՂՀ – Սփյուռք եռամիասնության մասին, սակայն, ցավալի է, որ տեղեկատվության ոլորտում սույն եռամիասնությունը ոչ միայն ապահովված չէ, այլև դրա ռեսուրսների չնչին մասն է օգտագործվում:

Սփյուռքը նախապատվությունը տալիս է միայնումիայն բարեգործական ու սոցիալական ծրագրերին և համագործակցում է միայնումիայն իշխանությունների հետ: Սփյուռքն առայժմ հասու չի լինում այն պարզ ճշմարտությանը, որ միայն ազատ մարդիկ կարող են շենացնել հայրենիքը, ոչ թե (կամ՝ ոչ միայն) կուշտ, այլ առաջին հերթին՝ ազատ ու հպարտ մարդիկ:

Մենք էլ մեր հերթին արատավոր վերաբերմունք ունենք Սփյուռքի նկատմամբ: Սփյուռքը մենք ընկալում ենք որպես «կթան կով» կամ «փողի քսակ»: Բայց արդյո՞ք Սփյուռքից մեր ակնկալիքը միայն դրամահավաք-հեռուստամարաթոնն է, այլ կերպ՝ արդյո՞ք մեր սփյուռքահայ եղբայրներն ու քույրերը դրամից բացի մեզ ուրիշ բան չունեն տալու: Այս հարցը շաղկապվում է մեկ այլ կարևոր ու  օրակարգային հարցով՝ իսկ մենք Սփյուռքին որևէ բան չունե՞նք տալու (թե չէ՝ միայն ստանալու մասին ենք մտածում):

Համոզված եմ՝ վաղուց արդեն ժամանակն է և շատ ավելի տրամաբանական կլիներ դրամահավաքի փոխարեն տրամահավաք անցկացնել, մարաթոնի փոխարեն կազմակերպել գաղափարաթոն, ժողովել լավագույն գաղափարներն ու ծրագրերը և դրանց հեղինակներին, մշակել հայրենիքի ու համայն հայության զարգացման համապարփակ ծրագիր ու մտածել համատեղ ուժերով դրա իրականացման մասին: Կարճ ասած՝ հերիք է Սփյուռքին կթան կովի տեղ դնել, հարկավոր է «մարդատեղ դնել» նրան: Ու նաև մտածել, թե ինչ կարող ենք անել արտերկրում հայապահպանության, հայատառ ու օտարագիր հայկական մամուլի, համահայկական տեղեկատվական ցանցի ստեղծման ուղղությամբ, թե ինչպես կարող ենք զորավիգ լինել Ցեղասպանության ու Արցախի դատի ճանաչմանը: Փող կա, խնդիրը գումարը չէ, խնդիրը խելքն է, ազնվությունն ու հայրենասիրությունը:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«ԴՐՍՈՒՄ ՍՐԻԿԱՆԵՐ ԿԱՆ»

Ֆրանսիայի քաղաքացի, Արցախյան պատերազմի ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի բնակարանի դուռը չի բացվում ոչ մեկի առջեւ:

Երբ «Ա1+»-ի լրագրողը թակեց Հացպանյանի բնակարանի դուռը, ներսից լսվեց նրա երեխայի ձայնը. «Դրսում սրիկաներ կան, այս իսկ պատճառով չենք ցանկանում դուռը բացել»:

Բնակարանի դռան մոտ այսօր կեսօրին քաղաքացիական հագուստով երկու երիտասարդ էին կանգնած, որոնք ներկայացան որպես Կենտրոնի ոստիկանության աշխատակիցներ` չնշելով, սակայն, իրենց անուն-ազգանունը եւ զբաղեցրած պաշտոնը:

Ի պատասխան մեր հարցերին` նրանք միայն տեղեկացրին, որ Սարգիս Հացպանյանը չունի Հայաստանում կեցության կարգավիճակ, այդ իսկ պատճառով եկել են այստեղ եւ մնալու են այնքան, մինչեւ Հացպանյանը իր կամքով դուրս գա տնից:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով նույնպես ցանկացել էր մտնել Հացպանյանի տուն, բայց ապարդյուն, ասաց, որ նրա կինը՝ տիկին Հասմիկը, դռան ետեւից իրեն փոխանցել է, որ իրենց այսօր ասել են, թե մարտի 10-ին Ռոբերտ Քոչարյանը կարգադրություն է ստորագրել, որով 10 տարով Սարգիսին զրկել է Հայաստանում ապրելու իրավունքից: Մարտի 1-ից ընդհատակում գտնվող Սարգիս Հացպանյանի ընտանիքին այդ մասին տեղյակ չեն պահել:

Այսօր առավոտվանից Անահիտ Բախշյանը ցանկանում է խոսել Սփյուռքի նորանշանակ նախարար Հրանուշ Հակոբյանի հետ` ճշտելու համար. «Ամեն սփյուռքահայի իր քաղաքական հայացքների համար եթե պիտի հետապնդե՞ն եւ ով քաղաքականության մեջ իրենց քիմքին համապատասխան չի` արտաքսեն, բա Սփյուռքի նախարարությունը մեզ ինչի՞ է պետք»:

Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանը մարտի 1-ից հետո միայն երեկ է վերադարձել տուն, ինչից 10 րոպե հետո ոստիկանները շրջապատել են նրա բնակարանը եւ շարունակվում է մինչեւ հիմա:

http://www.a1plus.am
09 Հոկտեմբերի, 2008

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՏՈՒՆԸ ՀՍԿՎՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի երեւանյան տունը հսկվում է ոստիկանների կողմից: Այդ մասին նա հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում:

«Մարտի 1-ի տուժածներից եմ ես, այդ հարձակման ենթարկված անձանցից` Ազատության հրապարակում: Այդ հարձակումից հետո անմիջապես` հենց մարտի 1-ին, հասել եմ արցախյան ազատագրված տարածքներ, այդտեղ եմ գտնվել: Երեկ առաջին անգամ գիշերը ժամանել եմ Երեւան եւ ուզեցել եմ երեխաներիս տեսնել, կնոջս տեսնել: Բայց իմանալով, որ ոստիկանությունը հսկում է տունը` չեմ մոտեցել: Ամսի 8-ին հանդիպել եմ լրագրողների, իրավապաշտպանների, կապվել եմ նաեւ Հայ ազգային կոնգրեսի պատասխանատու անձանց հետ, պատմել եմ եղելությունը, ասել եմ, որ այսպիսի իրավիճակ է, բայց անպայման ուզեցել եմ երեխաներիս եւ կնոջս տեսնել ու եկել եմ տուն: Տուն գալուցս մի 10-15 րոպե հետո ոստիկանությունը արդեն եկել է, որ իրենց հետ գնամ: Մերժել եմ դուրս գալը, որովհետեւ ես ապօրինի գործողություն կատարելու բոլորովին պատրաստ անձնավորություն չեմ, օրինապաշտ եմ, օրենքի շրջանակներում եմ եղել միշտ եւ որեւէ օրենք չեմ խախտել», – պատմեց Սարգիս Հացպանյանը:

Նա տեղյակ չէ` արդյոք իրեն որեւէ մեղադրանք առաջադրվա՞ծ է. – «Ես դա չգիտեմ, քանի որ իրենց հետ ոչ մի շփում չեմ ունեցել: Միակ շփումը, որ ես իրենց հետ ունեցել եմ, եղել է մարտի 1-ի առավոտյան, քանի որ իրենք առանց ներկայանալու նույնիսկ մեզ բոլորիս խոշտանգել են, ջարդել են, փշրել են: Ամսի [փետրվարի] 20-ին Ֆրանսիայի հյուպատոսը եկել է, որպեսզի ես իրենց հետ միասին մեկնեմ Ֆրանսիայի դեսպանություն ու այդտեղ ապաստանեմ: Ես ասել եմ, որ ես իմ ճակատագիրը ոչ թե Ֆրանսիայի Հանրապետության, այլ Հայաստանի ժողովրդի հետ եմ կապել»:

Հացպանյանը հայտնեց, որ ոստիկանների կողմից իր տան հսկողության մասին հեռախոսով պատմել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գլխավոր հյուպատոս Ժակի Շարոտին: Հեռախոսազրույցը ձայնագրվել է, ուղարկվել Ստոկհոլմ եւ հավանաբար վաղը կհանձնվի Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին: Հացպանյանի վկայությամբ` Շվեդիայի պատգամավորները վաղը Եվրախորհրդում բարձրացնելու են այս հարցը:

Նրա խոսքերով` Ֆրանսիայի հյուպատոսը խոստացել է պարզել, թե ինչ է կատարվում. – «Որովհետեւ, ասում է, «ըստ մեր ունեցած տվյալների, դուք առայսօր Հայաստանի Հանրապետությունում որեւէ օրենքի խախտում չեք կատարել, որեւէ դատավորի սանկցիա չկա, որեւէ դատախազի ցուցմունք չկա, ոչ մի բան չկա ձեր հանդեպ, մենք զարմացած ենք այս եղելությունից, անակնկալ է»:

Սարգիս Հացպանյանը փոխանցեց նաեւ լրագրողներից իր լսածը, ըստ որի` ոստիկանները հայտարարել են, թե իրեն Հայաստանի Հանրապետությունից արտաքսելու որոշում կա:

Հովհաննես Շողիկյան
http://www.azatutyun.am

ՀԱԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Հայ Ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հայաստանում, Սփյուռքում եւ Լեռնային Ղարաբաղում քաջ հայտնի Սարգիս Հացպանյանը այն եզակի սփյուռքահայերից է, որը 1988թ. Ղարաբաղյան Շարժման առաջին իսկ օրերից իրեն մինչեւ վերջ նվիրեց Ղարաբաղյան շարժմանը: Նա Ղարաբաղյան պատերազմի հերոս է, առաջին իսկ օրից մինչեւ վերջ ազատագրական պայքարի մասնակից եւ Ղարաբաղին ամենաբազմազան օգնությունների կազմակերպիչ: Այդ մասին շատ լավ գիտեն եւ Ռ. Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը: Այդ ամենը, սակայն, նրանց համար ի չիք դարձավ, երբ պարզվեց, որ Սարգիս Հացպանյանը վերջին նախագահական ընտրությունների առիթով ծավալված համաժողովրդական շարժման կողմնակիցն է: Մարտի 1-ի սպանդից հետո Ազատության հրապարակում իր մի քանի ելույթների համար հետապնդումների ենթարկվեց նաեւ Սարգիս Հացպանյանը: Վերջին օրերին, երբ նա վերադարձել է իր բնակարան, ոստիկանությունը շրջափակել է այն` հանձնարարություն ունենալով նրան բռնի արտաքսել Հայաստանից:

Իր կատարած բազմաթիվ հանցանքների պատճառով սեփական ժողովրդից սարսափած վարչախումբը որպես գոյատեւման հիմնական միջոց շարունակում է ապավինել ապօրինությունների, մասնավորապես քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ: Հենց այդ սարսափն է նրան ստիպում անազատության մեջ պահել բազմաթիվ քաղբանտարկյալների, իսկ Համաժողովրդական շարժման տասնյակ առաջամարտիկների, քաղաքական գործիչների նկատմամբ չդադարեցնել հալածանքները: Սարգիս Հացպանյանին Հայաստանից արտաքսելու վարչախմբի որոշումը ոչ միայն անհիմն է ու անբարոյական, այլեւ կոպտորեն խախտում է ՀՀ մի շարք օրենքներ: Մենք դատապարտում ենք այն եւ պահանջում անհապաղ դադարեցնել Արցախի հերոսներից մեկի նկատմամբ հալածանքն ու բռնությունները»:

http://www.lragir.am
10/10/2008

ՍԱ ՄԻԱՅՆ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ, ԱՅԼ ԱՄԲՈՂՋ ՀԱՅՈՒԹՅԱՆ

կամ՝ մեր ուժը մեր բազմազանությա՞ն, թե՞ «հավսար, զգաստ»-ի մեջ է

Սարգիս Հացպանյանի պատմությունը ցավալի է մի քանի առումներով:

Նախ՝ հերթական անգամ համոզվում ես, թե որքան փխրուն են մարդու իրավունքները, և թե որքան անպաշտպան է մարդը:

Երկրորդ՝ ողբերգազավեշտ է այն, որ որոնվում էր…հայրենասեր: Քաղաքակիրթ երկրներում «wanted» պիտակը միանգամայն այլ խավերի ներկայացուցիչներին են կպցնում: Ողբերգություն է, երբ Հայրենասերը հետապնդվում է Հայրենիքում:

Ողբերգության երրորդ առանցքը Սփյուռքի հանդեպ մեր վերաբերմունքն է: Մենք մեկ անգամ ևս սփյուռքահայերին հոդաբաշխ ձևով հասկացրինք, որ նրանց գործը մեզ փող տալն է միայն, այն էլ պայմանով, որ քիթները չխոթեն մեր գործերի մեջ: Այս ենթատեքստում ուղղակի զավեշտական է հնչում այն պնդումը, որ հայրենիքը կարող է շենացվել համայն հայության միջոցով: Ըստ երևույթին, հարկ էր ճշտել՝ ոչ թե միջոցով, այլ միջոցներով:

Եւ, վերջապես, ցավալի է այն, որ չհասցրինք վայելել ՀՀ նախագահի այն ճշմարիտ միտքը, որ հայության ուժը նրա բազմազանության մեջ է, երբ մեկ անգամ ևս պարզվեց, որ հայության ուժը «հավսար, զգաստ»-ի մեջ է: Ուրիշ ի՞նչ եզրակացնես, երբ մարդ հետապնդվում է այլակարծության համար:

Պատիվ ունեմ ճանաչելու Սարգիս Հացպանյան մարդուն, հայրենասերին, մտավորականին, կարող եմ վկայել հայրենանվիրման նրա բազմաթիվ դրսևորումների մասին ու ցավում եմ, շատ եմ ցավում, որ այսօր հենց նրա նմանն է որոնվում: Այս ցավը միայն նրանը չէ, բարիկադված դռան ետևում ծվարած ու վախվորած նրա զավակներինը չէ, այլ բոլորինս ու մեր զավակներինը:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԼՂՀ ԱԺ պատգամավոր
10 հոկտեմբերի
http://www.lragir.am

Սարգիս Հացպանյանը տուգանվեց 50 հազար դրամով

Ֆրանսահայ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ ուշ երեկոյան փոխանցեց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը, ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանի որոշմամբ տուգանվել է 50 հազար դրամի չափով:

Ըստ Էլբակյանի, Հացպանյանը տուգանվել է «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի՝ «առանց քաղաքացիական հատուկ կեցության իրավունքի Հայաստան մուտք գործելու համար»:

Փաստաբանն ասաց, որ ոստիկանությունում կազմվել է արձանագրություն այն մասին, որ Սարգիս Հացպանյանը ստացավ Ռոբերտ Քոչարյանի կարգադրությունը. – «Դա ընդամենը ֆաքսից կատարված պատճեն էր, որի օրինականության վերաբերյալ Հացպանյանն արտահայտեց իր տարակուսանքը»: Էլբակյանը ասաց նաեւ, որ կասկածում է, թե այդ փաստաթուղթը կարող է եւ պատրաստված լինել ոստիկանությունում, քանի որ ոչ կնիք կա , ոչ էլ՝ «իսկականի հետ ճիշտ է» բառերը:

«Սա ապօրինություն էր, բնականաբար, մենք պետք է բողոքարկենք ե’ւ ոստիկանության որոշումը, ե’ւ կարգադրությունը: Եթե մի կարգադրություն կայացվել է մարտի 10-ին եւ դրա մասին մենք տեղեկանում ենք հիմա, դա չի կարող համարվել օրինական», – հավելեց փաստաբանը:

«Ոստիկանությունում ինձ ներկայացվեց երկու փաստաթուղթ, մեկը ոստիկանություն էր ուղարկվել ֆաքսով: Ես ասացի՝ ինչպես պետք է հավաստիանամ, որ դա վավեր փաստաթուղթ է: Նրանք խոստացան, որ վավեր փաստաթուղթը ինձ կհանձնվի երկուշաբթի, որ իմանամ՝ ինչ է դա, ով է կնքել, երբ», – «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հացպանյանը:

Նա հավելեց, որ ոստիկանությունում իրեն տրամադրել են նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության պետի ստորագրությամբ մեկ այլ փաստաթղթի լուսապատճեն, համաձայն որի՝ վարչության պետը հաստատել է Ռոբերտ Քոչարյանի կարգադրությունը: Փաստաթղթում, ըստ Հացպանյանի, նշված է, որ անվավեր է ճանաչվում իր՝ 10 տարվա քաղաքացիական հատուկ կեցության փաստաթուղթը:

«Այդ թղթի բնօրինակը եւս պետք է տան երկուշաբթի», – ասաց Հացպանյանը` հավելելով. – «Ապօրինությունները պիտի վերանան, Հայաստանը պիտի օրինական երկիր դառնա»:

Սարգիս Հացպանյանը քաղաքական ապաստան է խնդրում Ղարաբաղում

Ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով գրավոր դիմել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին: Այդ մասին նա այսօր հայտնեց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նախկին ազատամարտիկը նույն հարցով նաեւ հեռախոսազրույց է ունեցել Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ, խնդրելով գոնե քննարկել իր դիմումը, քանի որ, Հացպանյանի խոսքերով` «վտանգը լուրջ է, ինձ կարող են ապօրինի արտաքսել Հայաստանից, այդ դեպքում, միակ տեղը, որ կգամ` Լեռնային Ղարաբաղն է, ուրիշ տեղ ես չեմ գնա»:

13 հոկտեմբերի
Armenialiberty.am

Ի դեպ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵՆՔ. ՄԵՐ ՈՒԺԸ ՄԵՐ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նորմալ է գնահատում ԱՄՆ կատարած իր այցը. «Երկու եւ կես օրվա համար հագեցած ծրագիր էր: Ամենից ջերմ եւ հուզիչը համայնքի, հատկապես հայկական դպրոցի սաների հետ հանդիպումն էր: Սուրբ Վարդան եկեղեցի եկած երեխաներին եւս ասացի, որ մենք պետք է հանդուրժողական եւ մրցունակ լինենք եւ մեր ուժը մեր բազմազանության մեջ է»:

http://www.azg.am
30/09/2008

——————————————————————————————-

Համահայկական

ԻՄ ԱԶԳԱՅԻՆ ԻԴԵԱԼԸ, ԿԱՄ` ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆ

(սկիզբը` նախորդ համարներում)

Շանթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի Առաջին Հանրապետությունը

1918-20թթ

Բոլշևիկյան հեղաշրջման հետևանքով 900 տարվա ընդմիջումից հետո ռուս-թուրքական սահմանի մի փոքր հատվածում վերականգնվեց Հայկական պետականությունը: Փաստորեն այս պետությունը ևս նախորդ՝ Արշակունյաց ու Բագրատունյաց պետությունների նման, ստեղծվեց աշխարհակարգի փոփոխության արդյունքում և ամրապնդված չէր ժողովրդի հավաքական իդեալով: Հայկական էլիտան դարձյալ չկարողացավ հայությանը մատուցել բարձր իդեալներով ամրապնդված որևէ առաջադիմական ազգային նախագիծ, որի շուրջ հնարավոր էր համախմբել հայությանը` նրան կազմակերպելով որպես ժողովուրդ:

Անտանտի երկրները սկզբնական շրջանում փորձեցին օգնել իրենց դաշնակից Հայկական պետությանը՝ նրա վրա դնելով տարածաշրջանային որոշակի միսիա: Սակայն համոզվելով, որ հայությունը որպես ժողովուրդ կազմալուծված է, հետևաբար չի կարող իրականացնել որևէ կարգի միսիա, նրանք փոխեցին իրենց վերաբերմունքը Հայկական պետության նկատմամբ: Սա էր պատճառը, որ Անտանտի երկրները հրաժարվեցին իրագործել Սևրի պայմանագիրը՝ այդ միսիան թողնելով Քեմալին ու Թուրքական Հանրապետությանը: Այնուամենայնիվ, ընդամենը երկուսուկես տարի գոյատևած և ժողովրդի հավաքական իդեալով չամրապնդված այս հանրապետությունը ունեցավ մի շատ կարևոր ու դրական նշանակություն: Հանրապետության կործանումից հետո հայության հաջորդ սերունդների որոշ հատվածների մոտ, հետին թվով, այն հիշվեց իդեալականացված ձևով, այսինքն՝ անկախ հանրապետությունն ինքը դարձավ մի իդեալ, որի ներքո հայության թեկուզ մի փոքր հատվածը կազմակերպվեց որպես ժողովուրդ և տասնամյակներ շարունակ պայքարեց այդ իդեալի իրականացման համար:

Առաջին Հանրապետության էլիտայի վերաբերյալ ասելիքս ավարտում եմ Խորենացուց մեջբերմամբ, ում «Ողբը» մարգարեաբար, բայց ցավալիորեն ուղեկցում է հայությանն արդեն 16 դար.

«Ով մեզ այս բաներում ճառակից կլինի՝ մասնակցելով մեր տրտմությանը, ով մեզ կընկերանա՝ ցավակցելով մեր ողբին, կամ արձանների վրա փորագրելու:

Զարթիր, Երեմիա, զարթիր և մարգարեանալով հանդերձ ողբա այն, ինչ թշվառություններ որ կրեցինք և ինչ դեռ պիտի կրենք. գուշակիր, որ տգետ հովիվներ պետք է երևան գան»:

Սովետահայ ժողովրդի ձևավորումն ու վախճանը

1922թ.-ին, Ռուսաստանի բոլշևիկյան իշխանությունները ցարական կայսրության նախկին տարածքների հիմնական մասում ստեղծեցին Սովետների Միությունը՝ սկիզբ դնելով նաև սովետական ժողովուրդների ձևավորմանը: Սովետական իշխանություններն իրենց ենթակա բոլոր ժողովուրդներին, այդ թվում և հայերին, մատուցեցին ազատության, եղբայրության, հավասարության և այլ կարևորագույն իդեալների սեփական, ուրույն՝ մարքս-լենինյան մեկնաբանությունը, որոնց շուրջն էլ ձևավորվեց և զարգացավ սովետական ժողովուրդների մշակույթը: Սովետահայ մարդիկ, բոլշևիկյան իշխանությունների ներքո տարիների ընթացքում համախմբվելով հռչակված իդեալների շուրջ, ձևավորեցին սովետահայ ժողովրդին: Սովետահայ ժողովրդի ձևավորումը, բնականաբար, պետք է բերեր մշակութային և ազգային ինքնագիտակցության վերելք: Սովետահայ ժողովրդի դավանած հայրենասիրության և այլ արժեքները, միախառնվելով պատմական հիշողության հետ, արթնացրին սեփական ազգային պետություն ունենալու ձգտումը: Որոշակի բարձր ինքնագիտակցություն ունեցող և որպես ժողովուրդ կազմակերպված սովետահայերը, ՍՍՀՄ փլուզման և նոր աշխարհակարգի ձևավորման փուլում, հռչակեցին իրենց պետական անկախությունը: Փաստորեն, Հայաստանի անկախության հռչակումը և ՍՍՀՄ փլուզումն իր հետ բերեց նաև սովետական արժեքային համակարգի կործանում, որի շուրջ համախմբվել և գործում էր սովետահայ ժողովուրդը: Այս ձևավորված արժեքների կործանումը «մահվան» դատապարտեց նաև սովետահայ ժողովրդին:

2005թ. փետրվար

Ազգային իդեալ որոնելիս…

Ես տեսա հոգով ազատը ստրկության մեջ ու սիրեցի մարդուն, Ես տեսա ստրուկը ազատության մեջ ու գարշեցի մարդուց:

Գարեգին Նժդեհ

1991թ. տեղի ունեցած ՍՍՀՄ փլուզման և աշխարհակարգի փոփոխության արդյունքում ստեղծվեց Հայաստանի անկախ հանրապետությունը: Հայաստանի երրորդ հանրապետությունը նույնպես ամրապնդված չէր հայ ժողովրդի դավանած հավաքական իդեալով: Դեռ ավելին՝ սովետահայ ժողովուրդը, հռչակելով սեփական անկախությունը և ձերբազատվելով մեռնող սովետական արժեքներից, դադարեց որպես ժողովուրդ գոյություն ունենալ: Այսինքն՝ անկախությունից հետո սովետահայ ժողովուրդը կրկին վերածվեց մինչսովետական ժամանակների, ոչ մի հավաքական իդեալ չունեցող զանգվածի: Եվ պատահական չէ, որ սովետական ժամանակներում բարձր մշակույթ ստեղծած հայությունն այսօր դեռևս չունի որևէ առաջադիմական մշակութային գործիչ կամ բարձրարժեք մշակույթ: Մշակույթն առաջին հերթին լինելով իդեալի արդյունք, ուղիղ համեմատական է իդեալի վեհությանը և զանգվածի հավաքական գիտակցության մեջ կոչված է սպասարկել այդ նույն իդեալի ձևավորմանն ու ամրապնդմանը, այսինքն՝ ժողովուրդ կազմավորելուն: Եթե այսօր հայության մտավորական էլիտան չկարողանա ձևավորել մի հավաքական իդեալ բոլոր հայ մարդկանց համար, ապա առաջիկա մի քանի տասնամյակում հայությունը ոչ միայն կկորցնի սեփական պետությունը, այլև վերջնականապես կդատապարտվի հեռանալ պատմության ասպարեզից: Հայությունը, ստեղծելով սեփական անկախ պետությունը, չկարողացավ իր միջից առաջ քաշել այնպիսի մտավորական էլիտա, որն ընդունակ կլիներ իրականացնել որոշակի առաջադիմական ազգային նախագիծ՝ ամրապնդված բարձրագույն իդեալներով: Այսօրվա Հայաստանի էլիտան ձևավորեց հասարակության այն շերտը, որը ներկայացնում էր նաև Սովետական Հայաստանի էլիտան: Ինչպե՞ս կարող է առաջարկել որևէ ազգային նախագիծ մի էլիտա, որը երբեք իր հոգում չի կրել անկախ Հայաստանի իդեալը: Անկախություն ցանկանալը և նրան կողմ քվեարկելը դեռ չի նշանակում անկախության իդեալ դավանել: Ավելին՝ այսօրվա հայկական էլիտան հասարակության մի շերտ է, որ ծնվելով կոմունիստական հասարակարգում և ձևավորվելով կոմունիստական արժեքների ներքո, շատ արագ դավաճանեց կոմունիստական իդեալներին՝ տապալելով իրեն վստահված սովետական նախագիծը: Գաղափարական և պետական մտածողության համոզմունքներ չունեցող այս էլիտան չի կարող և չի էլ ցանկանա ողջ հայությանը համախմբել կայուն արժեքների վրա հիմնված բարձր իդեալների շուրջ:

Եթե հայությունը դեռ չի սպառել իր կենսունակության ռեսուրսները, ապա իր արժանապատիվ գոյությունն ապահովելու համար, ստիպված է ծնել մի նոր Արտաշես կամ այսօրվա արժեքներին համապատասխան՝ հայկական Ջորջ Վաշինգթոն: Կծնվի՞ հայկական անհատը, ուրեմն հայությունը կունենա որոշակի առաջադիմական նախագիծ, որի շուրջն էլ համախմբվելով՝ կձևավորվի մերօրյա ազգային էլիտան: Կարծում եմ, որևէ նոր նախագիծ իրագործելիս, կարիք չի լինի Արտաշես արքայի նման «սրի քաշել» նախկին էլիտային: Նոր նախագծի իրագործմանն անընդունակ՝ նրանք կամավոր կհեռանան իրենց զբաղեցրած դիրքերից: Քանի դեռ գոյություն չունի նոր ազգային նախագիծ, հին էլիտան իրավացիորեն համոզված է՝ «Իբր թե, այդ ինչ է իրագործվում երկրում, որ մենք չենք կարող իրագործել»: Այսօր բարձր իդեալներով ամրապնդված այդ նոր նախագծի բացակայությունն է, որ թշվառության է մատնում հայությանը, դարձնում դժբախտ ազգ:

Վերլուծելով հայության արտագաղթի հազարամյա պատմությունը և համեմատելով այսօրվա արտագաղթի պատճառների հետ, տեսնում ենք, որ պատերազմի վտանգը և նյութական կարիքը սոսկ արտաքին պատրվակ են՝ խորքային բուն պատճառները քողարկող: Որքան էլ մարդը, և մասնավորապես, հայ մարդը լինի նյութապաշտ ու որկրամոլ, միևնույն է նա ձգտում է տարբերվել կենդանուց: Ձգտում է մարդ զգալ իրեն: Իսկ մարդը կենդանուց տարբերվում է նախևառաջ իր իդեալով: Իդեալը մարդու համար ոչ միայն հույս ու հավատ է, այլև կյանքը գեղեցկացնելու, երջանկացնելու, մի խոսքով՝ իմաստավորելու միակ միջոցը: Մարդը, եթե ոչ գիտակցում, ապա գոնե միայն իրեն հատուկ մարդկային բնազդով զգում է, որ իր կոչումը միայն ուտելն ու քնելը չէ, այլ կա մի ավելի վեհ բան, մի միսիա, որին կոչված է ինքը: Նա հասկանում է, որ կորցնելով հաղթանակի բերկրանքի զգացումը, հիանալու և այլ զգացողությունները, կորցնում է նաև երջանկության իրական զգացումը, դառնում դժբախտ սեփական հայրենիքում: Ահա, գլխավորապես սրանց բացակայությունն է, որ հայ մարդուն մղում է արտագաղթի: Հայ մարդը նույնպես ուզում է ոչ միայն հաղորդակիցը լինել, այլև մասնակիցը, կամ գոնե ձևանալ այդպիսին, բոլոր այն վեհ իրագործումների, որը շոյում է նշված բոլոր մարդկային զգացողությունները և առաջացնում հպարտության և երջանկության զգացում: Եվ եթե Սովետական Միության փակ սահմանների պարտադրանքը հայությանը հիմնականում պահում էր հայրենիքում, ապա այսօրվա գործող աշխարհակարգը սահմաններ չի ճանաչում, և հայությունը դատապարտված է հայրենիքը լքելու և շատ արագ ձուլվելու վտանգին: Իսկ եթե հայությունը ցանկանում է գոյատևել որպես ժողովուրդ և պահպանել սեփական պետությունը, ապա իր համար պետք է ձևավորի այնպիսի հավաքական իդեալ, որը կբավարարի մարդկային բոլոր զգացողությունները և կպարգևի երջանկության զգացում:

Հայության համար հավաքական իդեալը պետք է ձևավորեն երկրի իշխանությունները,որոնք ոչ միայն չեն կատարում իրենց պարտքը , այլև խոչընդոտում են իդեալ ձևավորելու ցանկացած փորձ: Նրանք շատ լավ հասկանում են, որ հավաքական իդեալ ունեցող ժողովուրդը շատ արագ իշխանությունից կքշի-կհեռացնի ցանկացած քաղաքական ուժի, որը չի համապատասխանի իր իդալներին: Հայաստանի իշխանություններն, իրենց տիրապետությունը երկարաձգելու համար, հայության մրցակիցների ցնծության ներքո, ոչ միայն խոչընդոտում են իդեալի ձևավորմանը,այլև աղավաղում շատ թե քիչ առաջադիմական բոլոր արժեքների չափորոշիչները, կազմալուծում գործող արժեքային համակարգերը: Այս պայմաններում, հայ մշակութաստեղծ էլիտան, ցավոք, անընդունակ եղավ հասարակության համար ձևավորել մի հավաքական իդեալ և միշտ կապկեց դրսից ներմուծված որևէ իդեալ՝ իր մշակույթը ծառայեցնելով այդ ներմուծված իդեալի հաղթանակին,որը շատ հաճախ ընդհանուր ոչինչ չունի հայության շահերի հետ: Նաև այս է պատճառը, որ հայությունը, ծնելով բազմաթիվ տաղանդավոր մշակութային գործիչներ, իր բազմադարյա գոյության ողջ ընթացքում անընդունակ գտնվեց համաշխարհային մշակույթի մեջ սկզբնավորելու որևէ ինքնատիպ ուղղություն, որևէ դպրոց: Սովետահայ տաղանդավոր մտավորականները չէին ծնվի՝ Թե հոկտեմբերյան դրոշի փայլից չշիկներ գագաթն Արագածի «… Բայց այս անգամ, ի տարբերություն սովետական ?երկաթյա վարագույրի «պարտադրանքի, արևմտյան թափանցիկ քաղաքակրթությունը չի խոչընդոտի հայության արտագաղթին: Ընդհանրապես, ցանկացած մարդ իր հոգում կրելով որևէ բարձր իդեալ՝ կրկնապատկում, տասնապատկում է իր հոգու ուժը, որը վերաճում է ֆիզիկական ուժերի զարթոնքի: Բարձր իդեալը ոգեշնչում ստեղծագործական նվաճումների է մղում ոչ միայն մտավորականին ու արվեստագետին, այլև մեծ գործերի, խիզախումների մասնակցության զգացում է ապահովում երկրի տիրոջ՝ «փոքր մարդու», աշխատավորի հոգում»:

Այն պետություններն են հզորանում և առաջադիմում, որոնք իրենց ժողովուրդների համար առաջ են քաշում բարձր իդեալներ: Պետությունների հզորությունը պայմանավորված է ինչպես իդեալի վեհությամբ, այնպես էլ նրա գրավչությամբ: Այսինքն՝ բավարար չէ իդեալ հռչակելը, այլև այդ իդեալին պետք է անկեղծորեն հավատա ժողովուրդը: Որքան մեծ է իդեալին հավատացող մարդկանց քանակը, այնքան հզոր և զարգացած է տվյալ ժողովրդի պետությունը: Ընդհանրապես, մարդկությունն իր գոյության ողջ ընթացքում դավանել է երեք հիմնական իդեալ՝ ազատություն, հավասարություն և եղբայրություն: Ոչ մի դարաշրջանում մարդկության մոտ այս երեք իդեալները չեն փոխվում, փոխվում են միայն այս իդեալների իրականացման նկատմամբ ունեցած մարդկանց ընկալումներն ու պատկերացումները: Երբ մարդկությունը դադարում է հավատալ և ոգեշնչվել այս իդեալների հին մեկնաբանություններից, անհրաժեշտություն է առաջանում այդ իդեալները մեկնաբանել նորովի: Եվ այն մեկնաբանությունը, որն առավել սրտամոտ, շահավետ և ոգեշնչող է թվում մարդկանց, իր շուրջն է համախմբում հոծ զանգվածներին՝ ձգտելով իրականացնել այն:

Այսօր իշխող ամենավեհ իդեալի լավագույն մեկնաբանությունն աշխարհի ժողովուրդներին մատուցում է աշխարհի ամենահզոր երկիրը՝ Միացյալ Նաhանգները: Նա ժողովուրդների համար ամենաբարձր իդեալ է հայտարարել մարդու ազատությունը, իհարկե սեփական մեկնաբանությամբ: ԱՄՆ-ը այնքան ժամանակ կպահպանի իր առաջատար դերն աշխարհում, որքան ազատության իդեալի ամերիկյան մեկնաբանությանը անկեղծորեն կհավատան և նրանով կոգեշնչվեն նախ՝ ամերիկյան, և ապա մյուս ժողովուրդները: Ամերիկացի զինվորը որքան կհավատա մարդու ազատության ամերիկյան իդեալին, այնքան նա հաղթական պատերազմներ կմղի երկրագնդի ցանկացած կետում` հանուն մարդկության ապագայի: Ամերիկյան ազատության իդեալը լինելով բարձրագույն, իհարկե, միակը չէ, այլ ամրապնդված է, ինչպես նշեցի, հավասարության, եղբայրության, խաղաղության, երջանկության և ամերիկյան այլ իդեալներով:

Տեսականորեն, յուրաքանչյուր ժողովուրդ ի վիճակի է, գոնե իր համար, ստեղծել բարձրագույն իդեալներ, բայց գործնականում այն հաջողվել է շատ քիչ ժողովուրդների: Եթե հայությունը չի ցանկանում վերանալ պատմության ասպարեզից, ապա պետք է ձևավորի որևէ հավաքական առաջադիմական իդեալ: Հայությունը պետք է ձևակերպի երջանկության, ազատության, խաղաղության և այլ համամարդկային իդեալների սեփական մեկնաբանությունը, որը պետք է ունենա որոշակի միսիա` ծառայել ոչ միայն սեփական ժողովրդի զարգացմանն ու հզորացմանը, այլ հարևան այն ժողովուրդների առաջադիմությանը, որոնք կաղապարված են հետադիմական և մեռնող արժեքներով: Պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր ժողովուրդները պատրաստ են ծառայել հանուն այն ժողովրդի ներկայի, ով պատրաստ է ծառայել հանուն մարդկության ապագայի: Այսօր, հայությունն արդյո՞ք ունի ազատության կամ երջանկության հավաքական իդեալի որևէ շատ թե քիչ ընդունելի մեկնաբանություն: Ցավոք, Հայաստանում որքան հայ կա` նույնքան էլ նշված իդեալների ընկալում: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում գոյություն չունեն կայուն արժեքներ, այլ քաոս է և անկում: Որպեսզի հայությունը կազմակեպվի որպես ժողովուրդ և դադարի դժբախտ զգալ իրեն, անհրաժեշտ է, որ երջանկության, ազատության եւ այլ իդեալներ ունենան ընդամենը մեկ կամ երկու մեկնաբանություն: Այսինքն` հայության մեծամասնությունը երջանկության մասին պետք է ունենա նույնատիպ ընկալում: Հայության համար կարևոր հռչակված արժեքների նույնատիպ իդեալականացված ընկալումն իր հետ կբերի հզոր մշակութային զարթոնք: Սպասարկելով հռչակված իդեալներին? Հայաստանում կկայանա բարձր մշակույթ: Մշակութային զարթոնքը հայ մարդուն կներարկի հանուն բարձր արժեքների զոհբերվելու առաքինությունը, հաղթանակի բերկրանքի վայելքը, արժանապատվորեն հաղթահարելու կորուստների դառնությունը, գիտակցելու իր առաքելությունը ոչ միայն սեփական սերունդների, այլ տարածաշրջանի ժողովուրդների ու մարդկության ապագայի առաջ: Եթե հայությունն այսօր ընդունակ չէ համաշխարհային չափանիշներով մրցունակ, ուրույն արժեքային համակարգ ստեղծել, ապա կարող է գոնե որդեգրել իշխող համաշխարհային քաղաքականության առաջադիմական իդեալները` երջանկություն կերտելով իր եւ դրացի ժողովուրդների համար: Իդեալները հարկավոր են ժողովրդի լայն զանգվածներին, որոնք նրանց կհաղորդեն իրական թե թվացյալ, բայց լիարժեք երջանկության բերկրանքը:

հասարակություն

ԳՈՆԵ ԻՆՔՆԵՐՍ ՉԿՐՃԱՏԵՆՔ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԻՆԵՐԸ

ԼՂՀ վիճակագրական վարչության վերջին հաղորդագրությունը արցախցիներիս ուրախացնող շատ տվյալներ ու փաստեր է պարունակում: Ինձ համար անչափ գոհացուցիչ էին հետեւյալ տողերը. «2008թ. հունվար-հունիսին ԼՂՀ-ում ծնվածների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11.5 տոկոսով՝ կազմելով 1126 երեխա»: Եթե այս տարվա 6 ամսում մեզ մոտ ծնվել է 1126 երեխա, ապա մինչեւ տարվա վերջը այդ թիվը հաստատ կբարձրանա 2200-ից:

Դժբախտաբար, վիճակագրական տվյալների մեջ կան նաեւ անցանկալի տվյալներ. «Մահացածների թիվը ավելացել է 8.6 տոկոսով՝ կազմելով 716 մարդ»:

Վիճակագրական փաստաթղթերում մեկ այլ տագնապալից փաստ էլ կա. Արցախում 2007թ. մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1216 մարդ, որոնցից 827-ը մահացել են սրտանոթային համակարգի հիվանդությունների պատճառով: Այս տվյալն էլ հանդիսացել է սույն հոդվածը գրելու առիթը:

Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է Արցախում սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը վերջին ժամանակներում մեծացել: Քաջ հիշում եմ՝ մեզ մոտ մինչեւ 1980-ական թվականները սրտանոթային հիվանդությունները եզակի պատահականություններ էին: Իսկ հիմա եթե աշխարհում մահվան դեպքերի 50 տոկոսն է սրտի հիվանդության պատճառով, ապա մեզ մոտ՝ 68 տոկոս: Մեզ մոտ սրտանոթային հիվանդությունների շատանալը, կարծում եմ, քիչ է կապված բժիշկների, բժշկական հաստատությունների գործունեության հետ: Սրտի հիվանդությունները զարգանում են հիմնականում իր՝ մարդու մեղքով, նրա մոտ ախտականխիչ տեղեկությունների եւ գիտելիքների պակասության կամ բացակայության պատճառով:

Բոլորս պետք է լավ իմանանք, որ սրտանոթային հիվանդությունները սկսում են զարգանալ մի քանի գործոնների ազդեցության հետեւանքով: Երեւան հանելով վտանգավոր գործոնը, պետք է անմիջապես դիմել բժշկի: Միայն բժիշկը կարող է կանխել սրտանոթային հիվանդության զարգացումը՝ համապատասխան ցուցումներ տալով հիվանդին: Շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ իմանան սրտանոթային հիվանդություններ  առաջացնող ամենակարեւոր գործոնները: Դրանք են՝ խոլեստերինի քանակի ավելացումը արյան մեջ, արյան զարկերակային ճնշման բարձրացումը, ծխելը, ֆիզիկական շարժումներով պակաս կենսակերպը, ճարպակալումը եւ այլն:

Երբ զարկերակների պատերին սկսվում է խոլեստերինի կուտակումը, պետք է դիմել բժշկի եւ նրա օգնությամբ կարգավորել խոլեստերինի քանակը արյան մեջ, իսկ ես՝ որպես կենսաբան, այդ հիվանդներին առաջարկում եմ սահմանափակել սննդի կալորիականությունը՝ քչացնելով քաղցրախորտիկները, ճարպոտ կերակրատեսակները: Դա հատկապես կարեւոր է այն մարդկանց համար, ովքեր սակավաշարժ կենսակերպ ունեն: Խորհուրդ եմ տալիս միշտ հետեւել սեփական քաշին, որպեսզի ավելորդ կիլոգրամներ չավելանան: Բացի այդ, անհրաժեշտ է զգալիորեն սահմանափակել (բայց ամբողջությամբ չբացառելով) խոլեստերին պարունակող հետեւյալ սննդամթերքները՝ ճարպոտ միսը եւ ձուկը, ձուն, կարագը, ճարպոտ կաթը եւ պանիրը, հում սերը /թթվասեր/, սերուցքը («սլիվկի»): Պետք է նաեւ օգտագործվող կենդանական ճարպի մի մասը փոխարինել բուսական յուղերով, որոնք կանխում են աթերոսկլերոզի զարգացումը: Անչափ կարեւոր է նաեւ բավարար քանակությամբ այնպիսի սննդամթերքներ օգտագործել, որոնք հարուստ են B  եւ C վիտամիններով: Աթերոսկլերոզից հեռու մնալու համար օգտակար է շատ օգտագործել ոչ ճարպոտ միսը, կաթնաշոռը, լոբին, սիսեռը, ոլոռը, պտուղներ, բանջարեղեն, մասուրի հյութ: Որպես ախտականխիչ միջոց սննդի մեջ սահմանափակեք կերակրի աղի քանակը:

Սիրտը հիվանդացնող առավել վտանգավոր գործոնը արյան զարկերակային հիպերտոնիան է: Մարդ պետք է ճիշտ կազմի իր աշխատանքի և հանգստի ռեժիմը, հակացուցված է մեծ ծանրաբեռնվածությունը: Հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող հիվանդների համար կենսապես կարեւոր է լիարժեք քունը, սիստեմատիկ եւ բավականաչափ հանգիստը, ճիշտ սնվելը: Արտահայտված եւ կայուն հիպերտոնիայի ժամանակ բացառիկ կարեւոր է կերակրի աղի սահմանափակումը:

Սրտանոթային հիվանդների մեջ զգալիորեն շատ են ծխողները, քանին որ ծխելը մարդու սիրտը հիվանդացնելու վտանգը շատացնում է 6.5 անգամ, այն դեպքում, երբ խոլեստերինը՝ 5.5 անգամ, իսկ արյանը ճնշումը՝ 6 անգամ: Դժվար չէ հասկանալ, թե ինչքան կարեւոր է ծխելուց հրաժարվելը: Դժբախտաբար, մեզ մոտ հակառակն է կատարվում՝ «աննկատ» ավելանում են ծխողները, ծխում են ե’ւ մեծերը, ե’ւ փոքրերը, ծխում են ամեն տեղ՝ աշխատանքի ժամանակ, դպրոցում եւ այլուր: Ականատես եմ եղել. ծխող ուսուցչի կողքին ծխում է նաեւ իր աշակերտը, մինչեւ անգամ իրարից ծխախոտ են խնդրում:

Սրտի համար վտանգավոր գործոն է նաեւ ավելորդ քաշը, չաղությունը: Չաղ կամ ճարպակալած մարդիկ ուշ կամ շուտ սրտի հիվանդներ են, պետք է ժամանակին նկատել եւ դիմել բժշկի:

Հիվանդների համար մեծ նշանակություն ունի օրաբաժնի /օրապարենի/ ճիշտ ընտրությունը: Սննդի մեջ միշտ պետք է քիչ լինի կերակրի աղը, օրաբաժնից լրիվ հանեք ախորժակաբեր սննդամթերքները /ալկոհոլային խմիչքները, աղ դրած բոլոր մթերքները եւ այլն/: Երկու անգամ քչացրեք սպիտակուցները, սահմանափակեք կենդանական ճարպերը, ընդհանրապես՝ մի օգտագործեք հրուշակեղեն եւ մաքուր շաքար պարունակող սննդամթերքներ: Խորհուրդ եմ տալիս շատ օգտագործել չչաղացնող մթերքներ /կաղամբ, վարունգ, սեւ հաց, ոչ քաղցր պտուղներ/: Բժշկի վերահսկողությամբ կարելի է անցկացնել բեռնաթափման օրեր /խնձորային, վարունգային, կեֆիրային, կաթնաշոռային/:

Ըստ իս, սրտանոթային հիվանդությունները շատացել են հիմնականում սակավաշարժ կենսակերպի պատճառով: 20-25 տարի առաջ Արցախի բոլոր կոլտնտեսությունների տարածքներում վարելահողերը լրիվ մշակում էին, ազատ տեղ չէր մնում: Եվ դրա պատճառն այն չէր, որ կային տրակտորներ, վառելիքը էժան էր… Չէ՞ որ դրանից 25-30 տարի առաջ էլ արցախցիները նույն  հողերը մշակում էին գութանով, արորով, բահով: Մի ուրիշ փաստ բերեմ: Ստեփանակերտցիները Ղայբալու գետի աջ կողմում /չնայած լանջոտ դիրքին/ տասնյակ տարիներ շարունակ մշակում էին հողը բահով եւ բանջարաբոստանային մշակաբույսերի հիանալի բերք ստանում: Հիշենք, որ բոլոր հողամասերն էլ ոռոգում էին անմատչելի տեղերում, շատ դժվարությամբ կառուցած առվի ջրով: Այժմ այդ առուն կա, ջուրը կա, բայց հողերը չեն մշակում: Ի՞նչ է պատահել արցախցիներին, ինչո՞ւ են նպաստավոր պայմաններ ստեղծում սրտանոթային հիվանդությունների համար: Ամենևին էլ պատահական չէ, որ մեր պապերը սրտանոթային հիվանդություններով չէին հիվանդանում: Հիշենք՝ սակավաշարժ կենսակերպը բացասական ազդեցություն է թողնում  սրտի մկանների կառուցվածքի եւ ֆունկցիաների վրա, առաջացնում  ճարպակալում, վնասում հենաշարժիչ համակարգը:

Այսպիսով, սիրելի հայրենակիցներ, ակտիվ շարժումները, ակտիվ աշխատանքը ոչ միայն կանխում են մի շարք հիվանդությունների առաջացումը եւ զարգացումը, այլեւ նպաստում են մարդու ներդաշնակ զարգացմանը: Հիրավի, սիստեմատիկ ֆիզիկական եւ մտավոր աշխատանքներով զբաղվող մարդիկ լինում են առույգ, խելոք ու զարգացած, ազնիվ ու խաղաղ, բարի ու մարդասեր: Եկեք խոստովանենք. արցախյան աշխատասիրությունը, մեր պապերի աշխատասիրությունը հիմա չկա, մենք կորցրել ենք այն: Դա չէ՞, արդյոք, պատճառը, որ մեր շատ գյուղերի վարելահողերի զգալի մասը ամայացել են, ծածկվել մոշի եւ մասրենու թփերով, մի մասն էլ անտառներ են դարձել: Ահա թե ինչու ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ մեզ մոտ աշխատատեղերը պակաս են, ընդհակառակը՝ աշխատանքները շատացել են, պարզապես մենք չենք աշխատում: Եթե մենք մեր պապերի եռանդով աշխատենք, ապա մեր ազատագրած հողերը ուրիշ տեսք կունենան, մենք էլ այսպես չենք ապրի, այսպիսի թանկություն չի լինի…

Առաջարկում եմ գյուղատնտեսության նախարարին՝ մասնակիորեն, որոշակի «չափաբաժնով» կիրառել գութանն ու արորը: Ես սա ասում եմ ամենայն լրջությամբ: Ծիծաղելին գութանն ու արորը չեն, ծիծաղելին հիվանդ լինելն է… Թե չէ՝ գյուղացին արդեն մոռանում է, թե ինչ է ֆիզիկական աշխատանքը:

Իսկ քաղաքաբնակներին հետևյալը կասեի՝ սովորություն դարձրեք առավոտյան լիցքային վարժություններ կատարելը, շատ քայլեք, աշխատեք ամեն օր 8-10 կմ քայլել, զբաղվեք սպորտով, կամ էլ՝ տնամերձ այգի ու բոստան ունեցեք, զբաղվեք այնտեղ: Շատ չանցած կնկատեք, որ բարելավվել է ձեր ինքնազգացողությունը:

Մի մոռացեք՝ մենք թանկ գին ենք վճարել մեր ազատության ու մեր հողերի համար: Ու պիտի կարողանանք շեն պահել մեր հողերն ու մեզ: Գոնե ինքներս չկրճատենք մեր կյանքը:

Ժորա ԳՐԻԳՈՐՅԱՆ

——————————————————————————————

Արձագանք

ՄԵՂՐԸ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է

Նորերս «Դեմո» թերթում (15 օգոստոսի, 2008թ.) կարդացի հայտնի կենսաբան Ժորա Գրիգորյանի «Մեղրից լավ մեղրն է, կամ՝ եթե ուզում եք առույգ լինել մինչեւ վերջ» հոդվածը: Հոդվածագիրը մի շարք կարեւոր եզրակացություններ է անում, օրինակ. «Եթե մենք կարողանում ենք մեր օրգանիզմն ապահովել անհրաժեշտ սննդամթերքներով, ապա դրանով իսկ պահպանում ենք մեր առողջությունը, վերականգնում այն, երկարացնելով կյանքի տեւողությունը»: Այո, այդպես է, ես համամիտ եմ Ժ. Գրիգորյանի հետ, ավելին՝ իմ կենսական փորձն է վկայում հոդվածագրի մտքերի ճշմարտացիությունը:

Երբ դեռ պատանի էի՝ իմ ծնողները զբաղվում էին մեղվաբուծությամբ (նախորդ դարի 40-ական թվականներից): Մայրս մասնակցել է երեքամսյա դասընթացի, ավարտելուց սկսել կոլտնտեսության համար մեղվաբուծական ֆերմա կազմակերպել, որի հետ միաժամանակ սեփական կարիքները բավարարելու համար ունեցանք որոշակի քանակությամբ մեղվաընտանիքներ: Այն օրվանից մինչեւ այսօր մեղրը համարվում է մեր սեղանի զարդը:

Ինչպես հոդվածագիրն է շեշտում՝ մեղրը համարվում է մարդու օրգանիզմի ամենաօգտակար սնունդը եւ միաժամանակ բուժում է մի շարք հիվանդություններ, պահպանում մարդու կայտառությունը: Մայրս ապրել է 73 տարի, հայրս՝ 94, իսկ ես շուտով կբոլորեմ կյանքիս 81-րդ տարին: Հենց մեղրի ամենօրյա գործածության շնորհիվ է, որ ես ինձ առույգ եմ զգում, հող եմ մշակում, անասուններ ու  թռչուններ պահում, պտղատու տնկիներ խնամում, փայտ եմ ջարդում վառարանի համար, խաղում թոռներիս հետ:

Ծանոթ-անծանոթ, բարեկամ-ոչբարեկամ մարդիկ ասում են ինձ՝ «Էտըս լյավ»: Ճիշտ է, ծերությունս թաքցնել հնարավոր չէ, տեսողությունս ու լսողությունս այն չէ, բայց դրա փոխարեն ուտել-խմելս՝ տեղը, ծանր ցավեր չունեմ, սիրտս լավ է աշխատում:

Հարգելի հոդվածագիրը յուր խոսքը վերջացնում է այսպես. «Կարելի է ոչ թե յոթանասունը, այլ ութսունը, իննսունը բոլորելուց հետո էլ աչքի ընկնել ֆիզիկական եւ մտավոր բարձր կարողություններով, լավ մարսողությամբ, լսողությամբ, տեսողությամբ եւ ծերության զգացման բացակայությամբ մինչեւ կյանքի վերջը»:

Շուկայական գներով մեզ մոտ մեկ բալոն /երեք լիտրանոց/ մեղրը արժե տասնհինգ հազար դրամ: Թա՞նկ է: Անշուշտ: Բայց, մյուս կողմից էլ, երբ ընտանիքում ծանր հիվանդ է լինում, դիմում են բժշկի, բժիշկը ահռելի դեղատոմս է գրում, որը ոչ թե 15, այլ մի քանի տասնյակ բալոններ է պարունակում իր մեջ, այն էլ դեռ հարց է՝ հիվանդը կկազդուրվի՞, թե՞ ոչ: Իսկ ահա մեղր օգտագործելով՝ դուք կհասկանաք, որ ձեր գնած մեղրը ոչ թե թանկ է, այլ՝ հակառակը: Բայց, նկատի ունեցեք՝ մաքուր մեղրը:

Հուսով եմ, որ ուրիշ արձագանքողներ էլ կլինեն:

Միքայել ՍԻՄՈՆՅԱՆ
գ. Սառնաղբյուր
Ասկերանի շրջան

ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՎԱՅԵ՞Լ Է ԱՅՆ ԱՐՑԱԽՑՈՒՆ

Մուրացիկն այսօր դարձել է ստեփանակերտյան փողոցների հերթապահ «դեմքերից» մեկը: Բազմիցս խոսվել է այս առիթով, սակայն, թվում է, անարդյունք՝ դա են վկայում «արթնացող» քաղաքի այս ու այն անկյուններից խնդրող, անգամ՝ պահանջող, նույնիսկ՝ սպառնացող մուրացկանական աչքերը:

Ոմանք դրամ են տալիս մուրացողներին, շատերն անտարբերության են մատնում այս երևույթը, ու շատ քչերն են միայն մտածում նման անվայել երևույթի մասին ընդհանրապես: Լավ, այսօր դրամ մեկնեցիր, վաղը՝ մեկնեցիր, իսկ հետո՞: Միևնույն է՝ չես ապահովելու տվյալ մարդու ամենօրյա կարիքների բավարարումը: Տվյալ խնդիրն արմատական լուծում է պահանջում: Եթե ընտանիքի հայրն անդամալույծ է ու երեխաներին գոնե կերակրելու նպատակով է դիմում այդ քայլին, եթե պառավ կինն է ձեռքը մեկնում անցորդներից կոպեկներ ստանալու համար, հասկանում ես, որ նման մարդիկ աշխատունակ չեն, ու նրանց այդ վիճակից հանելու համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցներ: Բայց եթե մուրացկանությամբ է զբաղվում աշխատունակ ու առողջ մա՞րդը…

Այսօրվա Ստեփանակերտի մուրացկաններից շատերը «ձևական խեղճացած կերպարներ» են: Նման մարդիկ փող  մուրալու սուր կարիք չունեն, նրանք կամ դպրոցականներ են՝ նորմալ հոգեկանով ու կենդանի ծնողների առկայությամբ, կամ, մեծամասամբ, կանայք:

Կա նաև մի ամուսնական զույգ, այսպես ասած՝ «րպՎպռվօռ ոՌջվպր». կինը ձեռքին «բարուր» ունի, իսկ ամուսինը քայլում է կողքով ու դրամ խնդրում՝ գոնե «նորածնին» կերակրելու համար: Անցնում են ամիսներ, տարիներ, բայց «նորածինը», չգիտես ինչու, չի մեծանում: Մեկ տարուց ավել է, ինչ «երեխան» փաթաթանների մեջ է: Շատերը փողը մեկնում են ու արագ անցնում, շարունակում ճանապարհը: Բայց եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ բարուրում երեխա չկա: Հարց է ծագում՝ ի՞նչն է դրդում «նորածնի» աշխատունակ «ծնողներին» դիմել փող վաստակելու սույն նվաստացուցիչ տարբերակին:

Մուրացկանական «մարքետինգի» մեկ ներկայացուցիչ ևս՝ Գևորգ, 13 տարեկան: Տնից ամեն առավոտ դուրս է գալիս դպրոց հաճախելու նպատակով, սակայն տղայի դպրոցական դասարանը Ստեփանակերտի կենտրոնական կամուրջն է, իսկ պատմած դասը, որը նա չափազանց լավ է յուրացրել ու կրկնության կարիք էլ չի զգում, հետևյալն է. «Տյոտյա, փող տո»: Վաստակած գումարի նպատակը՝ ծխախոտի գնում:

Կան նաև «Անհատական ձեռնարկություններ»: Դրանք հիմնականում կանայք են: Սրանք ամենավտանգավորն են բնակչության համար, քանի որ եթե բավարար փող չտաս, կարժանանաս անեծքի ահագին պարկի: Մարդ կարող է իրեն «զոհել», երթուղային տաքսին բաց թողնել, համաձայնվել ոտքով գնալու, բայց իր 50 դրամը տալ «խեղճ» կնոջը, սակայն վերջինս կշպրտի այդ կոպեկը տվողի ետևից՝ քիչ է:

Այս խավի «էլիտար» ներկայացուցիչներից են Ստեփանակերտի կենտրոնական շուկայի մոտ կանգնած «մուրացկաններից» շատերը: Սրանք արդեն այնքան են հմտացել իրենց արհեստում, որ «երկար-բարակ» զրուցելու հավես չունեն՝ մի ստվարաթղթի վրա մուգ թվերով գրում են՝ «200 դրամ»: Վաստակած գումարի նպատակը՝ ալկոհոլի ձեռքբերում:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իսկական մուրացկաններն իրականում ավելի քիչ տոկոս են կազմում, քան իրենց կարիքավորների տեղ դնողները: Ու շատ-շատերը նայում են փող մուրացողներին ընդհանրապես ու կարծում, թե բոլորը «մաքուր» են: Ի՞նչն է դրդում մարդուն հագնել մուրացկանի «դիմակը»: Մի՞թե դա այդքան հրապուրիչ աշխատանք է: Եթե նման մարդուն առաջարկես հավաքարարի կամ բակապանի աշխատանքը, չի համաձայնվի՝ «բա ի՞նչ կասեն»: Իսկ մի՞թե քաղաքի մաքրությունը պահպանողի աշխատանքն ավելի հարգված չէ, քան ընդհանրապես չհարգված «մուրացկանինը»:

Ի դեպ, սույն նյութում ներկայացված «մուրացկանների» կեղծ լինելն ապացուցված է՝ վերջիններիս գործողություններին գաղտնի հետևելու միջոցով:

Իրինա ՈՍԿԱՆՅԱՆ

——————————————————————————————

Պպատմություն

Բացահայտումներ… եւ արժեվորումներ

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

Ոչ միայն գրախոսություն

ԱՐՏԱԿ ՄԱՂԱԼՅԱՆ. 

«ԱՐՑԱԽԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԵԼԻՔԱԿԱՆ ՏՆԵՐԸ

XVII-XIX ԴԴ.»

Գրախոսվող աշխատությունը լույս է ընծայել «Գիտություն» հրատարակչությունը 2007 թվականին: Ա-5 չափսի 326 էջ ծավալով գիրքը լրամշակված եւ ամբողջացված տարբերակն է 31-ամյա երիտասարդ պատմաբանի թեկնածուական ատենախոսության, որը նա փայլուն կերպով պաշտպանեց 2007 թվականին: Աշխատությունը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը, խմբագիրն է պատմագիտության դոկտոր, Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Պավել Չոբանյանը: Գիրքը տպագրվել է Կուսապատի Աթաբեկյանների մելիքական տոհմի շառավիղ Հրաչիկ Աթաբեկյանի դրամական մասնակի աջակցությամբ: Աշխատության նյութերի հավաքման ու գրքի հեղինակման վրա Արտակ Մաղալյանն աշխատել է ութ տարի` 2000-2007 թվականներին:

Արտակ Մաղալյանի գիտական հետաքրքրությունների կենտրոնում Արցախի մելիքությունների պատմությունն է՝ ուշ միջնադարում եւ 19-րդ դարի առաջին կեսին:

Ներածության մեջ Արտակ Մաղալյանը իրավացիորեն գրում է, թե բավարար չափով լուսաբանված չեն Արցախի մելիքների իրականացրած գործառույթները, «հավուր պատշաճի ուսումնասիրված չէ նաեւ Արցախի մելիքական տների տոհմաբանությունը»: Ուսումնասիրության արդիականությունը նա հիմնավորում է նաեւ «ադրբեջանցի պատմաբանների» (կնախընտրեինք, որ հեղինակն այս բառն առներ չակերտների մեջ կամ գործածեր «կեղծ-պատմաբաններ», «պատմաշինարարներ» կամ նույնիմաստ եզրույթներ – Գ. Յ.) կողմից Արցախի պատմության խեղաթյուրված ներկայացմամբ»:

Աշխատության կարեւորագույն արժանիքներից մեկը արխիվային նորահայտ բազմաթիվ նյութերի առատ օգտագործումն է, որի բարդությունը կարելի է հասկանալ, եթե նշենք, թե այդ փաստաթղթերի զգալի տոկոսը գրաբար է, մյուս մասը` տվյալ ժամանակաշրջանի խոսվածքով, համեմված պարսկերեն, թուրքերեն, արաբերեն եւ ռուսերեն բառերով, բառակապակցություններով ու արտահայտչաձեւերով, իսկ ձեռագրերը երբեմն դժվարընթեռնելի են, նույնիսկ՝ անընթեռնելի: Այդ արխիվային նյութերի հիման վրա հեղինակը Խամսայի (արաբերեն` հինգ – Գ. Յ.) մելիքական տների տոհմաբանությունը ներկայացրել է տվյալ ժամանակաշրջանի պատմական անցքերի համաշարադրանքում, ինչից աշխատությունը միայն շահել է: Գրքի նորույթներից է եւ այն, որ հեղինակը տոհմաբանությանը նվիրված ենթագլուխներին կցել է մելիքական տների տոհմածառերը` շատ բարդ մի աշխատանք, որի ծանրությունը միայն մասնագետները կարող են պատկերացնել: Տոհմածառերի կազմման Ա. Մաղալյանի բծախնդիր ու տքնաջան աշխատանքը հատուկ դրվատանքի ու շնորհակալության է արժանի: Հեղինակի օգտագործած աղբյուրներից են 17-18-րդ դարերի հայ պատմագիրների եւ նախախորհրդային ու խորհրդային շրջանի պատմաբանների աշխատությունները: Բավարար է ասել, թե գրքի վերջում բերված ցանկում միայն թվարկված աղբյուրներն զբաղեցնում են 15 էջ` պատկառելի մի թիվ: Ու եթե ավելացնենք, որ սա միայն քանակ չէ, այլ` հեղինակի գիտական լուրջ վերաբերմունքի շնորհիվ ստեղծված որակ, աշխատության գիտական արժեքն ու բերած նորույթն ավելի հստակ կդառնան:

Օգտագործված աղբյուրների տեսության մեջ հեղինակը ներկայացնում է յուրաքանչյուր աղբյուրը, նշում նրա` իր կարծիքով դրական ու բացասական կողմերը եւ այլ հատկանիշները, կատարում պատմաբանասիրական ճշգրտումներ ու լրացումներ: Ամբողջ աշխատության մեջ նա հետեւողականորեն քայլում է այս սկզբունքով` նույնիսկ պատմագիտական մտքի մեծությունների համար (Րաֆֆի, Լեո, Մակար եպս. Բարխուդարյանց, Աշոտ Հովհաննիսյան, Բագրատ Ուլուբաբյան եւ այլոք)` առանց երբեք թերագնահատելու յուրաքանչյուրի հիրավի մեծ ներդրումն արցախագիտության, մասնավորաբար Արցախի ուշ միջնադարի պատմության ուսումնասիրության գործում: Ա. Մաղալյանը գրում է նաեւ վերջին տարիներին լայն տարածում գտած մի արատավոր երեւույթի մասին, ինչպիսին է սիրողական գրականության «ծաղկումը», որը հաճախ ավելի վնաս է պատճառում, քան ինչ-որ օգուտ բերում: Նմանատիպ աշխատանքներից նա վկայակոչում է քաղաքագետ Դավիթ Բաբայանի «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը 18-րդ դարի արցախյան դիվանագիտության համաշարադրանքում» ռուսերեն գիրքը (Երեւան, 2007), ինչպես նաեւ Արսեն Մելիք-Շահնազարովի «Վարանդան Արցախի սիրտն է» հրապարակումը հայկական ռուսալեզու «Անիվ» հանդեսում (Մոսկվա-Մինսկ, թիվ 6, 2006, էջ 27-37): Դ. Բաբայանը (որն, ի դեպ, ԼՂՀ նախագահի խորհրդական էր) «հանրահայտ փաստերի միակողմանի եւ կամայական մեկնաբանությունների հիման վրա առաջ է քաշել մի անհեթեթ վարկած, ըստ որի, ի¯բր… Փանահ խանին հատուկ խորհրդակցությունից հետո Արցախ են «հրավիրել» տեղի մելիքները»: Ցավալի ու ամոթալի իրողությունն այն է, որ թյուրքական ջիվանշիր ցեղախմբի սարջալլու ճյուղի հիշյալ ցեղապետին Արցախ է հրավիրել Վարանդայի տիրակալ Մելիք Շահնազար Բ-ն` Արցախի մյուս մելիքների հետ սեփական հաշիվները մաքրելու համար: Իսկ Արսեն Մելիք-Շահնազարովին Արտակ Մաղալյանը մեղադրում է իր «տխրահռչակ նախնուն արդարացնելու փորձի» համար: Հիրավի, ինչպե՞ս կարելի է արդարացնել թուրքածնունդ, թուրքի խնամի, եղբայրասպան, բազմակին, ազգային միաբանության թշնամի, հայոց թշնամու բարեկամ ու դաշնակից արարածին. Մելիք Շահնազար Բ-ն, ծնված լինելով Նախիջեւանի խանի դուստր մորից, սպանել է տվել հայ կնոջից ծնված իր խորթ եղբայր Մելիք Հովսեփին, առնվազն երեք կնոջ հետ է կենակցել (երեքից էլ զավակներ ունենալով), Փանահ-Ալի կոչված հանցագործ փախստականին տրամադրել Շուշիի անառիկ ամրությունը, եւ նրա հետ դաշնակցած` ամենաստոր վատություններն արել իր ազգակից մելիքների ու նրանց հպատակների նկատմամբ, սխալներ, որոնցից մի քանիսը հայ ազատամարտիկները կարողացան ուղղել միայն 240 տարի հետո` Արցախյան փառապանծ ազատամարտում, հազարավոր զոհերի արյան ու հայ ժողովրդի մեծ տառապանքի գնով: Համանման կարծիք է հայտնում նաեւ Արտակ Մաղալյանը` գնահատելով Մելիք Շահնազար Բ-ի ու նրա մերօրյա դատապաշտպանների «գրչամարզանքները», իսկ նման աշխատությունների հրապարակումը, հատկապես՝ մեր օրերում, «անթույլատրելի» համարում: Անվերապահորեն համաձայն ենք երիտասարդ պատմաբանի տեսակետին, որը նույնիսկ մեղմ ենք համարում: Գանձասարի վանքում 1714 թվականին կայացած մելիքական գաղտնի ժողովին վերագրվող բազմաթիվ որոշումներ կոպտորեն խախտած Մելիք Շահնազարը նույն ժողովի որոշման 23-րդ կետի համաձայն («Մեզանից ով կհանդգնի սույն կանոններին հակառակ գործել, Հայրենիքի եւ կրոնի թշնամու կողմն անցնել, նրա հետ միաբանելով՝ Հայրենիքի հանգստությունը վրդովել, հայը հայի դեմ թշնամացնել եւ արյունահեղություն պատճառել») մահապատժով պետք է պատժվեր, մինչդեռ 21-րդ դարի սկզբում հայկական միջավայրում հայտնվել են նրա դավաճանական արարքներն արդարացնել փորձողներ, այդ թվում` ԼՂՀ նախագահի երբեմնի օգնականի հույժ պատասխանատու պաշտոն զբաղեցրած, այսօր էլ շատ պատասխանատու պաշտոն զբաղեցնող մի անձ: Դե’հ, նման դեպքերի համար է ասված. «Աստվա’ծ, փրկի’ր ինձ բարեկամների դավերից, թշնամիներիս հախից ինքս կարող եմ գալ»… (Դ. Բաբայանը դավաճաններին մերօրյա աշխարհի ամենահմուտ դիվանագետների եւ գաղտնի գործակալների նախանձը շարժող հեռատեսություն, դիվանագիտություն եւ գերգաղտնի ծրագրավորում է վերագրում:

Առաջին գլուխն ունի «Արցախի մելիքությունները որպես հայոց պետականության դրսեւորում» վերնագիրը: Ըստ մեզ` չափազանց կարեւոր է հենց վերնագրում պարփակված գաղափարը, որի ապացույցները հեղինակը շարադրել է գլխի բոլոր էջերում: Հիրավի, հիմնազուրկ է հայ պատմագիտական ու հասարակագիտական-քաղաքական մտքում լայն տարածում գտած եւ ստորակայության բարդույթից բխող այն տեսակետը, թե հայերս երկար դարեր զուրկ ենք եղել պետականությունից, որից էլ ոմանք հանգում են մի անհեթեթ եզրակացության, թե` «հայերս արժանի չենք պետականության, մենք պետություն պահել չենք կարող» ու նման «գոհարներ»: Այլ հարց, թե ուշ միջնադարի հայկական պետականության տարբեր դրսեւորումների ինքնիշխանության մակարդակները տարբեր են եղել (հիմնականում` զուրկ ամբողջական անկախության կարգավիճակից): Այս իմաստով միանգամայն ճիշտ է Ա. Մաղալյանի տեսակետը, թե Արցախի մելիքությունները «մնացել էին այն միակ ուժը, որոնց հենքի վրա հնարավորության դեպքում կարող էր վերստին հառնել հայոց պետականությունը»: Եվ երբեք պատահական չէ, որ Մադրասի հայրենասերների խմբակն առաջարկում էր հայկական սահմանադրական թագավորության հաստատման դեպքում թագը Արցախի մելիքներից արժանավորագույնին հանձնել:

Գլխի չորս ենթագլուխներում հեղինակը մեկ առ մեկ ներկայացնում եւ քննարկում է Արցախի մելիքների հիմնական գործառույթները` զինուժը, նրանց դատավարական համակարգը, պարսից շահերի նկատմամբ հարկային պարտավորությունները եւ մասնակցությունը իրենց գավառի, ինչպես նաեւ՝ Գանձասարի կաթողիկոսության հոգեւոր գործերին:

Առաջին ենթագլխում Ա. Մաղալյանը երկար կանգ է առնում 1720-ական թվականների արցախյան գոյամարտի վրա, երբ բոլոր մելիքների զորամիավորումները գործում էին միասնաբար, եւ այդ զինուժն իր պատմության ամենաբարձր նշաձողին էր հասել քանակապես եւ որակապես: Արցախյան զինուժը 1725-ի առաջին ամիսներին ջախջախում է օսմանյան բանակին, սպանում երկու եւ գերում մեկ փաշայի: Չափազանց ուշագրավ է գերի Սալահ փաշայի խոստովանությունը, թե «դուք չէիք այս միջումս, մեք հիմա Դարպանտու եւ Պաքու վերա էինք գնացել, որ ղատիմի (արաբերեն եւ թուրքերեն` հնուց ի վեր – Գ. Յ.) մերն է»:

«Արցախի յուրաքանչյուր մելիքությունում դատական իշխանությունը կենտրոնացած էր տվյալ գավառի մելիքի ձեռքում: Ծանր հանցանքները քննում էր մելիքը, իսկ թեթեւները եւ գյուղական վեճերը` նրա հաստատած տանուտերերը»,- գրում է հեղինակը: Դատավարությունների ելքը «հիմնականում կախված էր սովորութային իրավունքի նորմերից եւ մելիքի կամքից, որը հպատակների համար օրենքի ուժ ուներ», իսկ «մելիքական դատարանը հանդես էր գալիս որպես վճռաբեկ ատյան՝ տանուտիրական դատարանի նկատմամբ»: Հեղինակն այս առնչությամբ արձանագրում է մի ցավալի երեւույթ, որի վերապրուկներն այսօր եւս առկա են մեր հասարակության մեջ. «Մելիքի վճռից դժգոհողները երբեմն անցնում էին թշնամի մելիքի կողմը կամ համալրում խանի լրտեսների բանակը»: Վճիռների կատարողական-պատժական իշխանությունը եւս մելիքների մենաշնորհն էր: Ամենատարածված պատիժներն են եղել ծեծն ու տուգանքները: Արձանագրվել են նաեւ կուրացման եւ աջ դաստակի հատման դեպքեր: Կիրառվել է նույնիսկ մահապատիժը` կախելու կամ գլխատելու ձեւով: «Իսկ անբարոյական կանանց սպառնում էր անվանարկությունը, երբ նրանց նստեցնում էին էշի վրա, պոչը ձեռքը տալիս, երեսին մուր քսում եւ պտտեցնում գյուղով, կամ անուղղելիներին կապում էին ձիու պոչից եւ քարշ տալիս»: Մելիքները մենաշնորհ են ունեցել նաեւ իրենց հպատակների քաղաքացիական գործերում, ինչպես ամուսնությունը, ամուսնալուծությունը, ժառանգությունը, որդեգրումը եւ այլն: Պսակվելու արտոնության դիմաց մելիքները որոշակի գումար էին գանձում:

Մելիքների պարտավորությունների կարեւորագույններից էին հարկահավաքումն ու հարկերի ժամանակին մուծումը շահական գանձարան:

Հարկերի մուծումից հրաժարումը համարվում էր ապստամբություն եւ շահի կողմից պատժվում մահվամբ: Նադիր շահը 1744 թվականին նման պատժի է արժանացրել Վարանդայի Մելիք Միրզաբեկ Բ-ին:

Չորրորդ ենթագլխում Ա. Մաղալյանը գրում է եկեղեցիների շինության եւ նորոգության գործում մելիքների մասնակցության, քահանայագործության եւ կրոնական այլ աստիճանների կոչման ու հոգեւորական պաշտոններում նշանակումների համար մելիքների միջնորդությունների մասին: Մելիքների դիրքորոշումը վճռական էր հոգեւորական նվիրակների ու նվերների հավաքման գործի հաջողության մեջ: Նրանց քմահաճույքից էր կախված նույնինքն նվիրակության առաքելության անցկացումը մելիքությունների տարածքում: Հետաքրքրական է այն փաստը, որ տարածաշրջանում ռուսական իշխանության հաստատումից, այսինքն` Ռուսաստանի կայսրության օրենքների պարտադրումից հետո էլ «մելիքների ժառանգները (որոնց ժողովուրդը «բեկ» էր կոչում (Գ. Յ.), տեղի հասարակության շրջանում ունեցած բարձր դիրքի շնորհիվ շարունակում էին իրականացնել իրենց նախնիների որոշ գործառույթները»: Մեկ այլ ուշագրավ փաստ է Գյուլիստանի Մելիք Հովսեփի հյուրասիրությունը. ըստ սկզբնաղբյուրի, նա իր ապարանքի առաջից անցնողների համար օրական մորթել էր տալիս երկու եզ եւ հինգ ոչխար` չհաշված ձուկն ու տարբեր որսակենդանիները:

Երկրորդ գլուխը նվիրված է Արցախի մելիքական տների տոհմածառերին: Այստեղ առատորեն օգտագործվել են հեղինակի հայտնաբերած վավերագրերը, ձեռագրերի հիշատակարանները, Արցախի վիմական արձանագրությունները (եկեղեցիների նվիրատվական բնույթի արձանագրություններ, տապանաքարեր եւ այլն) եւ այլ սկզբնաղբյուրներ, որոնց համակողմանի եւ համադրական աշխատանքով էլ հեղինակվել են այս տոհմագրությունները: Վեց ենթագլուխներում ներկայացվել են Խամսայի մելիքական տները` Գլուլիստանի տիրակալ Մելիք-Բեգլարյանների, Ջրաբերդի տիրակալ Մելիք-Իսրայելյանների եւ վերջին տիրակալ Աթաբեկյանների, Խաչենի տիրակալ Հասան-Ջալալյանների, Վարանդայի տիրակալ Մելիք-Շահնազարյանների եւ Դիզակի տիրակալ Մելիք-Եգանյանների տոհմածառերը` յուրաքանչյուրի գավառի, ինչպես նաեւ Արցախի ու տարածաշրջանի պատմության համաշարադրանքում: Այս գլխում Արտակ Մաղալյանը կատարում է բազմաթիվ ճշգրտումներ: Օրինակ, ըստ Րաֆֆու` Մելիք Հովսեփ Մելիք-Բեգլարյանը մահացել է 1775 թվականին, մինչդեռ Ա. Մաղալյանի հայտնաբերած մի փաստաթղթում վերջինս 1778-ի փետրվարին դեռեւս ողջ է հիշատակվում: Մինչ Մակար եպս. Բարխուդարյանցը Կուսապատի (Ջրաբերդ) Աթաբեկյաններին համարում է Մելիք-Իսրայելյաններից սերած, Ա. Մաղալյանն անհերքելիորեն ապացուցում է, որ նրանք ծագել են հարեւան Խաչեն գավառի տիրակալ Հասան-Ջալալյաններից, որոնք էլ սերում են Հայկյան Սիսակյան-Առանշահիկ տոհմից` վկայված Խորենացու հայոց ազգաբանության մեջ: Այսպիսով, Հասան-Ջալալյաններն ու Աթաբեկյանները, որոնք իշխել են մինչեւ 19-րդ դարի առաջին տասնամյակները, ապահովել են հայոց իշխանական համակարգի շարունակականությունը հայոց անվանադիր առաջին նահապետ Հայկի օրերից: Կարծում ենք, որ այս միտքն արժանի էր, որ հեղինակն արձանագրեր իր այս աշխատության մեջ: Մաղալյանը նաեւ պարզել է Գանձասարի վերջին կաթողիկոս, ապա մետրոպոլիտ, Ռուսաստանին դավաճանելու անհիմն մեղադրանքով Թիֆլիս տարված Սարգիս Հասան-Ջալալյանի՝ Արցախ վերադառնալու կոնկրետ օրը` 1827-ի հուլիսի 2-ը: Հեղինակը շուրջ 6 էջ գրում է Արցախի, եւ առհասարակ Հայ Առաքելական եկեղեցու վերջին մետրոպոլիտ Բաղդասար արք. Հասան-Ջալալյանի հայրենասիրական-եկեղեցաշինական գործունեության մասին: Հեղինակն արժանին է մատուցել «իր հավատավոր հոտին անմնացորդ նվիրվածության մի հիանալի օրինակ» ծառայած այս բազմավաստակ եկեղեցական գործչին, որի հիշատակը, կարծում ենք, մեր եկեղեցին պարտավոր է հավերժացնել պարտ ու պատշաճ ձեւով, նրա պայծառ անունը դուրս բերելով մոռացության փոշու տակից` որպես օրինակ մեր հոգեւորականների (եւ ոչ միայն նրանց) նոր սերունդների: Բավարար է ասել, որ նրա հետեւողական ջանքերի շնորհիվ Ծար (Քարվաճառ) գավառում հաստատված Քոլանի քրդական քոչվորական ցեղախմբի խաշնարածները դուրս են դրվել Գանձասարի վանքապատկան Կուզլակ տափից: Տեղին է հնչում այս առթիվ հեղինակի մեկնաբանությունը. «Կարծում ենք, պարզ է, թե ինչ կարող էր լինել, եթե ժամանակին անկոչ վրանաբնակները չհեռացվեին այդ հողատարածություններից: 20-րդ դարը մեզ օրինակների պակաս չի թողնում»:

Մելիք-Շահնազարյանների տոհմագրության ենթագլխում հեղինակը մի անգամ եւս անդրադառնում է Մելիք Շահնազար Բ-ի դավաճանական կերպարին եւ այս առթիվ տեղին չի գտնում «Մելիք Շահնազարի բացասական կերպարի ստեղծման համար Ա. Մելիք-Շահնազարյանի` Րաֆֆու հասցեին հնչեցրած մեղադրանքը»: Մի անգամ եւս մեջբերելով արխիվային վավերագրեր, Մաղալյանը եզրակացնում է. «Եվ եթե Րաֆֆուն կարելի է մի բանում «մեղադրել», ապա միայն՝ Մելիք Շահնազարի բացասական կերպարը մասսայականացնելու մեջ»: Մեր համոզմամբ, որեւէ դավաճանի համար շատ մեղմ է «բացասական կերպար» բառակապակցության գործածումը… Մի՞թե կարելի է Արցախյան ազատամարտից հետո էլ փորձել արդարացնել մի զազրելի արարածի, ում ակտիվ գործակցությամբ թյուրքազգի ոմն Փանահ-Ալի հաստատվեց հայոց հայրենիքի արեւելյան կողմերում, որով եւ «սկսվեց այլացեղ եւ այլակրոն էթնիկ տարրի ներթափանցումն այդ երկրամաս», իսկ «քոչվորների ձիերի սմբակների տակ կոխկրտվողը հայրենի հողն էր»: Դավաճաններն անարգանքի սյունին պետք է գամված լինեն այժմ եւ միշտ եւ հավիտյան, իսկ Արսեն Մելիք-Շահնազարովն ու իր տոհմակիցները ճիշտ կանեն, եթե պանծացնեն իրենց արժանավոր մեկ ուրիշ նախնուն, օրինակ, նույն դավաճանի որդի Մելիք Ջումշուդին, ով «իշխանության է եկել՝ իր հոր աջակցությամբ կայացած Ղարաբաղի խանության դեմ անհաշտ պայքար մղելու վճռականությամբ», եւ ով իր ողջ կյանքում փորձեց հոր ճակատագրական սխալը սրբագրել, թեեւ քիչ համեստ արդյունքների հասավ, քանի որ գործված սխալն ահռելի էր: Փանահի, նրա որդի Իբրահիմի եւ թոռան` Մեհդի-ղուլի խաների հակահայկական հարվածների տակ ընկան նաեւ Դիզակի տիրակալ Մելիք-Եգանյանները, որոնցից մի քանիսը հերիք չէր սպանվեցին հիշյալ խաների դավադրություններով, այլեւ Բաղդադ-բեկն ու նրա որդիներ Ասլանն ու Վահանը բռնի իսլամացվեցին, թեեւ առաջին երկուսին դա եւս չփրկեց արյունախում Իբրահիմ խանի սրից: «Մելիքական տների ներկայացուցիչներին դավանափոխելը խաների կողմից դիտվում էր որպես նրանցից ձերբազատվելու ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհը»,- գրում է Ա. Մաղալյանը: Բռնի իսլամացված Ասլանից սերվեցին Մելիք-Ասլանովները, որոնք էլ ժառանգեցին Մելիք-Եգանյանների ողջ հարստությունը: Մի վավերագիր արձանագրում է, որ Մելիք-Ասլանովներն իրենց կրոնական մոլեռանդության մեջ գերազանցել են իրենց նոր հավատքի մարդկանց եւ իրենց նախկին ազգակից-հավատակիցների հետ վերաբերել անասելի դաժանությամբ: Այսպես, Զանգեզուրի գավառում պրիստավ ոմն Մելիք-Ասլանով 1904-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ «անորակելի գազանություններ կատարեց հայերի դեմ», իսկ մեկ այլ ուրիշ Մելիք-Ասլանով անդամ էր մուսավաթական Ադրբեջանի այն կառավարության, որի հանցակցությամբ 1918-ի սեպտեմբերին 30 հազար հայեր կոտորվեցին Բաքվում:

Գրքի ավարտին առանձին էջերում տպագրված վեց տոհմածառերում իգական սեռի ներկայացուցիչները անբավարար են ներկայացվել, ինչը հեղինակը բացատրում է «սկզբնաղբյուրներում նրանց մասին եղած տեղեկությունների սակավությամբ»:

«Վերջաբանում» Արտակ Մաղալյանը ընթերցողին է փոխանցում երկու կարեւոր դիտարկում, որոնք անհրաժեշտ են մեր այսօրվա ու վաղվա համար. «… Արցախի մելիքությունների պատմությունը նաեւ միաբան լինելու մի յուրօրինակ դաս է գալիք սերունդներին: Այդ դասը հաշվի չառնելու դեպքում մեր Հայրենիքի այլեւայլ անկյուններում եւս կարող են հայտնվել նորօրյա փանահներ եւ իբրահիմներ»: Ա. Մաղալյանը շարունակում է. «Եվ, վերջապես, եթե այսօր ունենք ազատ եւ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ապա այդ պետության կայացման ենթախորքում, անտարակույս, իրենց անուրանալի դերն ունեն նաեւ Արցախի հերոսական մելիքությունները…»:

Այս եզրակացություն-պատ-գամները կրկնվում են նաեւ գրքի ռուսերեն ու անգլերեն ամփոփումներում, որոնց լեզուն համարյա անթերի է:

Արտակ Մաղալյանն Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանում եւ Հայաստանի ազգային արխիվում իր հայտնաբերած վավերագրերից 50-ը հրապարակել է գրքի երկու հավելվածներում: Դրանք վերաբերում են Մելիք-Շահնազարյանների տոհմին (32 վավերագիր) ու Արցախի գործիչների եւ Պարսկաստանի գահաժառանգ Աբբաս-Միրզայի 1826 թ. հանդիպման հետեւանքներին (18 վավերագիր): Հավելվածներն ունեն ներածական, անհրաժեշտ ծանոթագրություններ, իսկ վավերագրերը բերված են բնագրի լեզվով (հայերեն, ռուսերեն):

Գրքի բովանդակությունը հարստացնում են առանձնատիպ ներդիրները, որոնք թեմային առնչված դեպքերի, վայրերի, փաստաթղթերի եւ այլ արժեքների լուսանկարներ են: Ներդիրների ամենասկզբում Խամսայի մելիքությունների քարտեզն է` արտատպված Հայկական համառոտ հանրագիտարանից: Հետեւում է Արցախի հոգեւոր կենտրոն Գանձասարի հոյակերտ եկեղեցու գունավոր լուսանկարը:

Արտակ Մաղալյանը, հակառակ իր երիտասարդ տարիքին, սույն աշխատության մեջ դրսեւորել է հասուն պատմաբանին հատուկ հմտություն, խորիմացություն, գիտական բացառիկ բծախնդրություն, փաստերը ներկայացնելու եւ, հատկապես, դրանք վերլուծելու ակնհայտ կարողություն: Նորությունների հայտնաբերումը նրան չի շլացրել երեւալու մոլուցքով, առավել եւս` նույն թեմայի մասին գրած նախորդների վաստակի նսեմացման գայթակղությամբ, ինչին հաճախ ենք ականատես լինում: Նա բոլոր հեղինակություններին վերաբերվել է անաչառությամբ ու հարգանքով, ինչը գիտականության գլխավոր սկզբունքներից է: Նրանց արտահայտած կարծիքների նկատմամբ դրսեւորել է գիտական կասկածանք, ինչը եւս գիտական մեթոդաբանության հիմնասյուներից է: Այս բոլորը նա ոչ միայն կարողացել է հիանալիորեն համատեղել, այլեւ համադրել ու համակարգել, որով ընթերցողի դատաստանին է ներկայացվել գիտական բարձր մակարդակի մի աշխատություն, որն ունի արդիական կարեւորագույն նշանակություն ադրբեջանցի թշնամու դեմ դիվանագիտական ու տեղեկատվական-հոգեբանական կատաղի պայքար մղող մեր հասարակության եւ հայկական երկու հանրապետությունների համար: Ա. Մաղալյանի մոտեցումները ազգային են, վճիտ, ազգային փքուռույց եւ կործանարար սնապարծության սահմանից շատ հեռու: Դատապարտելով դավաճաններին ու նրանց մերօրյա պաշտպաններին, նա, այնուամենայնիվ, զերծ է մնում հակառակ ծայրահեղությունից` ազգայնամոլությունից եւ պատմության գունազարդումից:

Գիտական պարբերական մամուլի հրապարակումներից համոզված լինելով Արտակ Մաղալյանի գիտական բացառիկ բծախնդրության մասին, գրախոսվող հատորի ընթերցման ժամանակ քննադատական խոսք ասելու հիմքեր գտնելու համար գիրքն ընթերցել ենք ծայրագույն ուշադրությամբ: Այդ մոտեցումը տվեց իր պտուղները… նվազագույն արդյունքներով: Մեր նկատողություններն ամփոփում ենք հետեւյալ կետերում.

Բացթողումներ. կարելի էր մի քանի տողով գրել Գանձասարի կաթողիկոսի, մելիքների եւ Ղարաբաղի խաների դատական գործառույթների համատեղման կամ տարամիտման հարցերի մասին:

Անհամապատասխան գնահատականներ կան Արցախի երեք ղեկավար գործիչների վերաբերյալ՝ Շուշիի բանտում երկու տարի արգելափակումը հեղինակը «ոչ երկար» է գնահատում, մինչդեռ ընդամենը ութը ամիս Թիֆլիսում, այն էլ` Ներսես Աշտարակեցու հսկողության տակ Սարգիս մետրոպոլիտ Հասան-Ջալալյանի պատվավոր կալանքը հեղինակը համարում է «անտեղի նվաստացման երկար ու ձիգ ամիսներ»: Իհարկե, նախկին կաթողիկոսի ու մետրոպոլիտի հարցաքննությունը նվաստացուցիչ է, բայց մի՞թե երկու տարի արյունարբու խանի զարհուրելի բանտում անցկացնելը ութ ամիսների համեմատությամբ «ոչ երկար» կարող է համարվել:

Բնագրերից արտագրված սխալներն աննշան թիվ են կազմում:

Վերոհիշյալները երբեք չեն նսեմացնում «Արցախի մելիքությունները եւ մելիքական տները XVII-XIX դդ.» պատմագիտական լուրջ աշխատության որակը: Բծախնդրությունն ակնբախ է գրախոսվող գրքի ամեն մի էջի եւ տողի մեջ:

Հանձին Արտակ Մաղալյանի, հայ պատմագիտությունն անտարակույս հարստացել է մի արժեքաւոր պատմաբանով: Նա իր այս առաջին մենագրությամբ իսկ իրեն հաստատել է իբրեւ կայացած պատմաբան: Համոզված ենք, Ա. Մաղալյանը հաջորդ տարիներին է’լ ավելի ծանրակշիռ ներդրում է ունենալու հայկական պատմագիտության, մասնավորաբար՝ Արցախի ուշ միջնադարի պատմության ոլորտում:

http://www.azg.am

(արտատպվում է մասնակի կրճատումներով)

——————————————————————————————-

Մենք

ԱՅԴ ՔԱՂՑՐ ՊԱՏԻԺԸ՝ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ…

(հատվածներ)

Ամենասարսափելին, որ գուցեև դեռ չենք գիտակցում

Եվ հիմա, անկախ պետականության երրորդ տարում, «Հայը կորցնում է իր հայրենիքի սենտիմենտալ միստիկան, այն, ինչ բերել է իր հետ գրքով ու աղոթքով, հազարամյակների խորքից: Եվ քանի սերունդ է անցնելու, որ նա կարողանա մի քիչ հարգել իր սեփական պետությունը և պետական դրոշի տակ նստողին…»: Իմ բառերը չեն, օրերս կարդացի «Բանբեր» թերթում և, որքան էլ դառը լինի հայ մտավորական, արվեստաբանության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանի եզրահանգումը, անհնար է չհամաձայնել նրա հետ ու նաև չտագնապել: Ամենասարսափելին հենց այդ սեփական պետականության զգացումի կորուստն է, որ մենք գուցեև դեռ չենք գիտակցում: Գոնե իր ողջ խորքով չենք գիտակցում: Չենք գիտակցում ամեն մեկս, գուցեև պետական այրերը՝ նույնիսկ հանրապետության նախագահը:

Ունեցանք դրոշ, հիմն, պառլամենտ, աթոռ՝ Միավորված ազգերի մեջ, մեր պրեզիդենտին աշխարհում նույն պատիվներով են ընդունում, ինչպես որևէ երկրի պրեզիդենտի: Ունեցանք դեսպանություններ, ուղիղ չվերթներ՝ Երևան-Նյու Յորք, Երևան-Փարիզ, Երևան-չգիտեմ ուր, ունեցանք սեփական բանակ, դրամ և այլն, և այլն: Եվ հենց նույն այդ ժամանակներում կորցնում ենք սեփական պետության զգացումը, որ, իրոք, բերել ենք հազարամյակների խորքից, և որը ծնվում է, իրոք, ամեն հայի հետ միասին:

Պարադո՞քս… Չգիտեմ: Պարադոքս բառի հայերենը չգտա:

Սեփական պետությունն ի՞նչ է եղել հայի համար՝ ավելի տեսիլք, երազանք, բանաստեղծություն, թեպետ… ըստ պետությունների ծննդյան վկայականների՝ աշխարհում երևի ամենահներից ենք, առնվազն երկու հարյուր հազար տարեկան: Բայց այդ երկու հազարից քանի՞ հարյուր տարի ենք պետություն ունեցել իբրև իրողություն, իբրև կառուցվածք, իբրև ճշգրտված սահմաններ, օրենքների համակարգ, իշխանությունների բուրգ և մանավանդ, իբրև հայ մարդու անձնական մտածելակերպ: Քանի՞ դար… Պատասխանը տխրություն է բերում: Որովհետև ավելի կորցրել ենք, չենք ունեցել, մեզնից խլել են կամ ինքներս չենք պահպանել: Եվ մեզ մնացել է սեփական պետության տեսիլքը միայն՝ երազանքը, կարոտը: Մանավանդ՝ սեփական պետություն չունենալու ցավը: Եվ սիրել ենք, շատ ենք սիրել մեր նկարագրի բազում խոցելի գույները բացատրել, արդարացնել պետություն չունենալով:

Այսօր ունենք:

Եվ այսօր՝ կորցնում

ենք տեսիլքը

Ինչո՞ւ, ինչպե՞ս եղավ…

Հայաստանի Հանրապետությունը ծնվեց խորհրդային կայսրության փլուզումի քաոսի մեջ, ղարաբաղյան պատերազմի և անողորմ շրջափակման պայմաններում: Իսկ երկու տարի առաջ՝ երկրաշարժն ավերել էր մեր հողի մեկ քառորդը, մոտ հինգ հարյուր հազար մարդու թողնելով անօթևան: Հետո Ադրբեջանից սկսվեց փախստականների հեղեղը… Աշխարհում որևէ պետություն ծնվե՞լ է պրոբլեմների նման բեռով: Մենք կորամեջք ծնվեցինք: Դրան գումարվեց շտապելու կիրքը, որովհետև անփորձ, անպատրաստ էին այդ պետության օրորոցի մոտ կանգնած երիտասարդ հայրերը: Շտապում էին, շատ էին շտապում և սկսեցին ջարդուփշուր անել հին կառուցվածքներն ու հարաբերությունները՝ առանց նորերը ստեղծելու: Մի տարվա մեջ քանդուքար արվեց գյուղական տնտեսությունը՝ հողը գյուղացուն և «առաջին ընթերցմամբ» բարոյական կարգախոսով: Առաջին օրից սկսվեց կադրերի ջարդը՝ հին կադրերը, որոնց մեջ հազարավոր գործիմաց մասնագետներ կային, «խաղից դուրս» մնացին՝ «նրանք սոցիալիզմ են կառուցել» անխոցելի մեղադրանքով: (Իրականում նրանք սոցիալիզմ չէ, որ կառուցել էին, Հայաստան էին կառուցել): Իսկ նոր կադրեր քիչ էին. չկային: Եվ ջրի երես ելան անգույն, անկենսագրություն, գործին անգիտակ մարդիկ: Սանդուղքն էր եղել մարդու մտավոր և գործնական առաջքայլի խորհրդանիշը, այսինքն՝ վեր բարձրանալ կարելի էր միայն աստիճան առ աստիճան, ամեն աստիճանի վրա ինչ-որ բան սովորելով և հրաժարվելով ինչ-որ բանից: Սանդուղքը դեն շպրտվեց, և վերելակը դարձավ խորհրդանիշ: Զորավոր մի մատ մեղմում էր «կադրային լիֆտի» կոճակը, և մարդը հայտնվում էր հասարակության ու պաշտոնի 10-րդ, 20-րդ հարկում (վերելակ՝ այս դեպքում ինչ ճշգրիտ է «լիֆտի» թարգմանությունը): Իհարկե, հակաբնական չէր, որ նաև նորերը պիտի գային, նաև նրանք, որ «խաղից դուրս» էին մնացել անցած ժամանակներում և, իհարկե, եկան նաև արժանավորներ: Բայց «լիֆտով» վեր ելածների մեծ մասն անպատրաստ էր. միտինգները պետություն կառավարելու արագացված դասընթաց չէին, չէին կարող լինել: Այդ դեռ ոչինչ, գուցեև կսովորեն կամաց-կամաց, բայց շատերը չդիմացան պաշտոնի բարձունքների գլխապտույտին, մանավանդ նրանք, որ Շարժմանը շուլալվել էին ոչ ազգային գաղափարի, այլ պաշտոնի «ներշնչանքով»: Ոմանք պարզապես չտես էին, տարիներ զսպված ախորժակով, ոմանք «դեմոկրատ» էին խաղում, իսկ խորքում անհույս «բյուրոկրատ» էին. պաշտոնի լակմուսն անսխալ բացահայտեց նրանց իրական գույնը: Ցավոք, քիչ չեղան նաև պարզապես ստահակները: Իսկ գաղափարի նվիրյալնե՞րը, որոնք, իհարկե, նույնպես կային, կան, նրանց դրաման ուրիշ էր. մարդիկ, որ ընդունակ էին եղել խոսքի ուժով փոթորկելու ժողովրդին, պետություն ստանալուց հետո մի տեսակ շփոթվեցին՝ չիմանալով ինչ անել հետո: Այդ «շփոթմունքն էլ հին է՝ ինչպես աշխարհը, որովհետև «դեմոկրատները գիտեն, թե ինչ չեն ուզում, իսկ թե ինչ են ուզում՝ չգիտեն» (Կրոմվել): Հետո, ժամանակի հետ նաև խլրտում սկսվեց երիտասարդ այդ հայրերի մեջ՝ գաղափարի՞ համար, իշխանությա՞ն, թե՞ անցյալում զսպված փոխադարձ դառնություններն էին, չգիտեմ, բայց այդ խլրտումն այսօր էլ ինձ թվում է պարզ աքլորակռիվ և վտանգն այն է, որ այդ աքլորակռիվը անդունդի եզրին է: (Եվ այդ «անդունդի եզրը»  անողորմ փոթորկի մեջ հազիվ ջրերի վրա պահպանվող մեր պետություն-նավի երերուն տախտակամածն է): Իսկ Թատերական  Ազատության հրապարակում երկու տարի անընդմեջ լիցքավորված ժողովուրդը անկախություն ստանալով, էլ ավելի չէր ուզում սպասել: Մենք չէ՞ որ բանաստեղծ ենք, տեսլապաշտ, անհամբեր, սիրահարված էինք սեփական պետության օդեղեն երազանքին և ինքներս մեզ հաշիվ չէինք տալիս, որ պետություն ստանալուց հետո ամեն մեկս պիտի զբաղվի իր գործով, որովհետև պետություն ստեղծելը ամենօրյա ստեղծագործ աշխատանք է, պատիժ, եթե կուզեք: Նաև միամիտ էինք, մեզ թվում էր, թե սեփական պետությունը միանգամից կթեթևացնի մեր բոլոր հոգսերը, կկարողանա լուծումներ գտնել մեր բոլոր պրոբլեմներին:

Այդպես չեղավ, չէր կարող լինել, մանավանդ, նորից կրկնեմ՝ աշխարհում այդ ո՞ր պետությունն է ծնվել պրոբլեմների նման բեռով:

Եվ արդյունքն՝ այն կյանքն է, որն ապրում ենք:

Չեմ ուզում և դժվար պիտի լինի նոր ածականներ գտնել՝ այդ կյանքը բնութագրելու համար: Հայոց արմատական բառարանի բոլոր մռայլ ածականները արդեն գործածել ենք:

Մեր Երևանը…

Այսօր ինչի՞ է նման չորս-հինգ տարի առաջվա մեր շողշողուն քաղաքը… Անջուր շատրվանների, կաթվածահար վերամբարձ կռունկների, գլխատված ծառերի, անլույս պատուհանների, դատարկված պատվանդանների ու մռայլադեմ, հուսաքամ մարդկանց տխուր մի խմբանկար, բացօթյա շուկա, ավելի ճիշտ, խուլ-արևելյան «բազար», որտեղ գնվում և վաճառվում է ամեն ինչ և որտեղ ուսուցիչներն անգամ ստիպված են ապրանք վաճառել, երբեմն՝ հենց սեփական աշակերտներին:

Մեր առօրյայի մղձավանջը նկարագրելու համար բնավ պարտադիր չէ ունենալ Ֆրանց Կաֆկայի մռայլ երևակայությունը: Կաֆկան պարզ լուսանկարիչ կարող էր թվալ, եթե հիմա Հայաստանում ապրեր և փորձեր նկարագրել մեր կյանքը:

Եվ այնուամենայնիվ… «Հրաշքի համազոր երևույթ է, որ շարունակվում է Հայաստանի պետականությունը: Դժվար է պատկերացնել, թե ինչպես վարչական ու քաղաքական փորձառություն չունեցող երիտասարդ սերունդը իր ձեռքն առավ կառավարության ղեկը և կարողացավ նավարկել միջազգային պղտոր ջրերում: Եթե ընտրության հարց լիներ, ես կնախընտրեի ներկա անմխիթար պայմանները…»: Իմ բառերը չեն, այլ Հակոբ Կարապենցի, որ Սփյուռքի թերևս ամենախոշոր գրողն է, փայլուն մտավորական, իսկ կուսակցական պատկանելությամբ՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ:

Այո, շարունակվում է մեր պետականությունը, և եթե նայենք թեկուզև մեր անմիջական հարևաններին, քիչ բան չկա, որով կարող ենք նույնիսկ մխիթարվել:

Թեպետ… Թեպետ ինձ կեղեքում է պարզ մարդկանց ամենօրյա կռիվը մի կտոր հացի համար, կեղեքում է մտավորականության շփոթված, անպաշտպան վիճակը: Մեզնից շատերի համար ապագան տեղավորվում է «վաղը» բառի քառակուսու մեջ, որովհետև չգիտենք, թե ինչ ենք անելու ոչ թե ապագայում, այլ նույնիսկ… վաղը չէ մյուս օրը:

Եվ, այնուամենայնիվ, ես հավատում եմ հայոց պետության վաղվա օրվան:

Բայց… Բայց այդ պետությունը ամեն մեկս ամենքից առաջ ինքն իր մեջ պիտի ստեղծի, պետությունը պիտի կայանա նախ և առաջ մեր իսկ ներաշխարհում: Երեկվա խորհրդային կայսրության կազմում Հայաստանը, այո, կիսատ-պռատ պետություն էր, թեպետ ժխտման մոլուցքի մեջ չմոռանանք, որ մենք ունեինք պետության ոչ քիչ հատկանիշներ: Նաև լայնախոհություն ունենանք ընդունելու. անցած յոթանասուն տարիներին մեր հողի վրա Հայաստան է կառուցվել, ոչ սոցիալիզմ: Բայց մեր ներաշխարհում այդ պետությունը մենք մերը չէինք համարում և եթե ենթարկվում էինք նրա օրենքներին, ապա միայն պարտադրաբար, վախից, այլ ելք չտեսնելով: Բայց չէ՞ որ նաև սեփական պետությունը պետություն է իր բոլոր բաղադրիչներով. օրենքներ պիտի ունենա, բռնության և քաղաքացու կամքն ու ազատությունը սահմանափակելու այլևայլ ձևեր, և ճգնաժամային պահերին (պատերազմ, շրջափակում) պիտի եռապատկի, տասնապատկի իր խստությունները: Պետությունն, այո, նաև պիտի թելադրի, թե այսինչ բանը կարելի է անել, իսկ այնինչ բանը՝ ոչ: Հոգեբանորեն մենք կարծես թե պատրաստ չեղանք դա ևս ընկալելու: Պետությունը մոր գուրգուրող ձեռք պետք է լինի, այո, բայց նաև հոր սաստող ապտակ՝ բանաձևի երկրորդ մասը այնքան էլ մեր սրտովը չէ: Պետությունը պիտի սիրել, բայցև՝ վախենալ: Կամ վախենալ, բայց սիրել: Դեռ չենք կարողանում վարժվել այս բարդույթին: Մենք ավելի հեշտ՝ ենթարկվել ենք օտար պետությանը և, երևի, ճշմարիտ է արևմտահայ գրողը. «Իբրև մարդ (հայը) անիշխանական է, իբրև Հայ՝ ազգայնական: Անգամ մը որ տիրանա իր հայրենիքին (այսինքն՝ պետություն ունենա), անիշխանական կը դառնայ» (Նշան Պեշիկթաշլյան):

Մենք չենք սիրել ենթարկվել մեր սեփական պետության օրենքներին, մեր իշխանություններին, մեր թագավորներին կամ վարչապետներին: Օտարին եթե չենք սիրել, ենթարկվել ենք: Մերոնց՝ ոչ միայն չենք ենթարկվել, այլև չենք սիրել…

Մտավորականը, եթե հույսի խոսքեր չունի մարդկանց ասելու, ավելի լավ է՝ լռի

Մեր այսօրվա մթնոլորտը, մանավանդ մամուլը, լիքն է հուսահատությամբ, և ոմանք, առաջ ընկնելով, օր առաջ դեմ չեն նույնիսկ մահախոսական գրելու հայոց պետությանը, ժողովրդին: Անցյալ տարի «Ուրարտու» թերթում մոսկովյան մի քանի հեղինակ, այդ թվում սքանչելի Ելենա Բոնները, լրջորեն փաստարկում էին, թե 20-րդ դարը վերջինն է լինելու հայերի համար, թե մեր ժողովուրդը պատմականորեն արդեն սպառել է իրեն:

Մեր կյանքը գուցեև փաստեր տալիս է նույնիսկ մահախոսականի համար, պատերազմ, աղքատություն, հարյուր հազարավոր մարդկանց փախուստ՝ անհուսությունից, բարոյական շատ արժեքների ձևախեղում, հոգևոր թթվածնի արտահոսք: Ուրեմն, ի՞նչ, դատարկվում է մեր հավաքական արյունը…

Չշտապենք, մահախոսական գրող միշտ էլ կգտնվի: Եվ մանավանդ, մտավորականը, որ հույսի խոսքեր չունի ասելու մարդկանց, ավելի լավ է՝ լռի:

Մենք նման ենք այն վիրաբույժին, որ ստիպված է վիրահատել ինքն իրեն

Եթե նույնիսկ դատարկվում է մեր հավաքական արյունը, ապա ինքներս է, որ նոր արյուն պիտի արտադրենք մեզ համար: Դոնորական արյունն այս դեպքում անզոր պիտի լինի լրացնելու կենսականորեն մեզ հարկավոր արյան քանակությունը: Մանավանդ, եթե չենք ուզում, որ այդ արյան բաղադրությունը փոխվի:

Եթե ամբողջ աշխարհն էլ մեզ օգնության ձեռք մեկնի, և Սփյուռքը, որ արդեն երևի հոգնել է մեր անսկիզբ-անվերջ դրամահավաքությունից, իր ողջ վաստակը հայրենիք ուղարկի, մենք, մեկ է, չենք կարող ապրել: Մենք մեր սեփական ուժերով է, որ ի զորու պիտի լինենք բարձրացնելու մեր տնտեսությունը, մենք է, որ պիտի ծնենք ու փայփայենք գործարար մարդկանց, մենք է, որ պիտի շարունակենք շենացնել կիսակառույց մեր երկիրը: (Եվ հիշենք արևմտահայ գրողի դառը խոստովանությունը. «Կարելի չէ ո’չ սուրով, ո’չ հուրով սպանել զինքը (հային): Զինք մեռցնելու միակ միջոցը իրեն նպաստ տալն է…»: Չփոխվենք մեծապատիվ մուրացկանների:

Եթե մեր պետությունը վերքեր ունի (իսկ ունի) և այդ վերքերից արյուն է ծորում, մենք նման պիտի լինենք այն վիրաբույժին, որ երբ ուրիշ բժիշկ չկա, ստիպված է ինքն իրեն վիրահատել: Ընդ որում՝ առանց ցավազրկելու: Մենք թմրելու իրավունք չունենք:

15 ապրիլի 1994թ.
Աշտարակ-Երևան
ՄԻԺԻ,  «Տեսակետ», թ. 26

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s