№ 12 / 31 հուլիս

ՀԱՐՍԱՆԻՔ Է, ՀԱՐՍԱՆԻՔ

Մայրաքաղաքի Վերածննդի հրապարակից դեպի հանրապետական մարզադաշտ ձգվող հատվածը մեծ թափով սկսել են վերանորոգել:  Ասում են, որ շինարարական աշխատանքները պետք է ավարտին հասցվեն սեպտեմբեր ամսում նախատեսվող կոլեկտիվ հարսանիքի շեմին: Ըստ երեւույթին, այդ օրն ամուսնացող թվով 600 երիտասարդ զույգերն իրենց պսակերթով կազդարարեն մի նոր՝ կոլեկտիվ հարսանիքների ավանդույթի սկիզբը:

Սիրատենչ ջահելներն այդ օրը ցույց կտան բոլորին, որ այստեղ կարելի է ոչ միայն անցկացնել ծածուկ ժամադրություններ, այլ նաեւ հարսանյաց զգեստներով թեւանցուկ քայլել երազի թագավոր-թագուհու հետ՝ ի տես եւ ի լուր ողջ աշխարհի ավետելով իրենց երջանկությունը:

Վերջին 15 տարիների ընթացքում երեւի այդ աստիճաններն այդքան մարդ չեն հյուրընկալել, ինչքան որ ստիպված կլինեն տեսնել հենց այս տարվա սեպտեմբերին՝ կոլեկտիվ հարսանիքի օրը: Եթե, իհարկե, շինարարներն աստիճանների քարերից գոնե մի քանիսը պահպանեն՝ որպես հիշատակ անցյալ օրերից, որպես յուրօրինակ քարե սերնդափոխություն: Միգուցե հենց այդ «բրածոները» կհիշեցնեն այն հին ու բարի օրերը, երբ աստիճաններով վեր ու վար էին անում ոչ միայն երիտասարդ զույգեր, այլ նաեւ հարյուրավոր մարզասերներ, որոնք համերաշխ իջնում էին հանրապետական մարզադաշտ՝ դիտելու Ստեփանակերտի «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի խաղը: Հենց այդ աստիճաններն էին կիսում թիմի խաղից հետո  երկրպագուների հույզերն ու ապրումները: Ուշադիր ականջալուր եղեք, եւ կլսեք ներքեւից եկած որոտի դեռ չմարած արձագանքը՝ «գոոոոոոլ….»:

Բայց միայն ֆուտբոլային կրքերը չէ, որ իրենց վրա դաջել են քարերը: Հապա հայաստանյան եւ ռուսաստանյան շոու-աստղերի համերգների գնացած-եկած հանդիսատեսների տպավորությունները… Իսկ քանի¯-քանի սիրային խոստովանություններ ու կոտրված սրտերի մրմունջներ են լսել այս քարերը: Ուրախացել են այդ քարերը ուրախության հետ, տխրել են տխրողների հետ: Ու մաշվել, ճաքճքել են, կոտրատվել, իսկ հետո էլ իրենց անխնամ վիճակը թաքցնելու նպատակով՝ խոտածածկվել:

Այսօր իշխանությունները՝ միգուցե նաեւ այդ բարի հուշերը պահպանելու նպատակով, որոշել են կարգի բերել այդ վայրը, որը, ասում են, սիրահարների պուրակ պիտի դառնա: Ասել է թե՝ այսուհետ սիրահար զույգերն իրենց ժամադրությունը կանցկացնեն ավելի հարմարավետ, մաքուր ու լուսավոր պուրակում: Գո՞ւցե իշխանությունները որոշել են նաեւ վերադարձնել այդ աստիճաններով դեպի ստադիոն գնալու ու ֆուտբոլային կրքերին տրվելու մոռացված ավանդույթը: Համենայն դեպս,  արդեն նկատելի են մերօրյա «երկարակառույցի» ավարտման նախանշանները, իսկ եռագույն նստարանները հույս են ներշնչում, որ ավարտը մոտալուտ կլինի: Ու կհնչի մրցավարի սուլիչը: Ու ականատեսը կլինենք ժամանակակից, գեղեցիկ խաղի: Ֆուտբոլային խաղերի կարգ ու կանոնը վերահսկող ոստիկաններն էլ ստադիոն կգան ոչ թե նախկին՝ խորհրդային մակնիշի, այլ արդիական՝ կորեական կամ եվրոպական արտադրության ծառայողական նոր մեքենաներով:

Ասում են՝ այս ամենն արվում է հովանավորների միջոցներով: Իհարկե, շատ ավելի հաճելի կլիներ, որ նմանօրինակ խոշոր միջոցառումների համար միջոցներ գտնվեն տարեցտարի ավելացող պետական բյուջեում, բայց կարեւորն այն չէ, թե ով է անում, կարեւորն այն է, որ արվում է:

Հուսանք, որ նույն թափով կնորոգվի ողջ երկիրը, կբարելավվի մարդկանց կյանքը, եւ նորապսակ 600 զույգերն ու մյուսները կապրեն ապահով ու երջանիկ կյանքով: Ուրեմն՝ սիրելի զույգեր, ինչպես ղարաբաղցիներն են սիրում ասել՝ թող ձեր ոտը խերով լինի այստեղ եւ ամենուր մեր նորանկախ երկրում:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

——————————————————————————————

Անցուդարձ

Նշվել է ԼՂՀ ԱԳՆ 15-ամյակը 

ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր կայացել է խորհրդակցություն՝ նվիրված ԼՂՀ արտգործնախարարության ստեղծման 15-ամյակին: Տարեդարձի առթիվ Ստեփանակերտ է ժամանել ՀՀ արտգործնախարարության պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ:

Խորհրդակցությունում ընթերցվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը: Մասնավորապես նշվել է, որ արտաքին քաղաքական հիմնական խնդիրները  արդյունավետ կերպով լուծելու համար պետք է համադրել համայն հայության ջանքերը, խորացնել համագործակցությունը ՀՀ արտգործնախարարության հետ, էլ ավելի սերտացնել կապերը Սփյուռքի հետ, առանձնակի ուշադրություն դարձնել տնտեսական հարաբերությունների հաստատմանը:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության անցած ուղու եւ նրա առջեւ ծառացած  խնդիրների մասին ելույթ ունեցավ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Նրա գնահատմամբ՝ պետական այդ գերատեսչությունը դարձել է Արցախի հասարակության զարգացման ժողովրդավարական հիմքերի ամրապնդման հիմնական օղակներից մեկը: ԼՂՀ արտաքին քաղաքականության կարեւոր խնդիրը նրա փաստացի անկախության միջազգային ճանաչման հասնելն է, ինչի համար առկա են անհրաժեշտ քաղաքական եւ պատմա-իրավական հիմքեր:

ՀՀ ԱԳՆ անունից շնորհավորելով Արցախի համանուն նախարարության ստեղծման 15-ամյակը՝ Արման Կիրակոսյանը անդրադարձավ այն հարցերին, որ պետք է համակարգվեն եւ լուծվեն փոխադարձության ու փոխգործակցության պայմաններում: Նա, մասնավորապես, կարեւորեց դիվանագետների մասնագիտական պատրաստվածության բարձրացման, արդի մարտահրավերների ճշգրիտ հաշվարկման, երկու հանրապետություններում դինամիկ կայունության ստեղծման անհրաժեշտությունը: ՀՀ փոխարտգործնախարարի խոսքով՝ հայկական ընդհանուր դաշտում հարկ է հասնել համերաշխ գործակցության՝ մշակված գաղափարական գծի շուրջ:

Արցախի ԱԳՆ-ի ձեռքբերումների եւ անելիքների մասին խոսեցին ԼՂՀ երկրորդ նախագահ, առաջին արտգործնախարար Արկադի Ղուկասյանը եւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով նույնպես միառժամանակ գլխավորել է այդ գերատեսչությունը:

Հոբելյանի առթիվ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական խոսք է հղել համակարգի աշխատակիցներին եւ հուշանվեր հանձնել Ա.Ղուկասյանին՝ ԼՂՀ ԱԳՆ հիմնադրման գործում ունեցած ծառայության համար:

Խորհրդակցությունում ԼՂՀ արտգործնախարար Գ.Պետրոսյանը պարգեւներ է հանձնել ԱԳՆ մի խումբ աշխատակիցների:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

—————————————————————————————-

«Կոչ ենք անում բոլոր արցախցիներին մեկընդմիշտ մոռանալ, որ երբևէ Երևանում կամ այլուր բնակվող հայությունը հավաքաբար կարող է դավաճանել Արցախին»

Հուլիսի 24-ին, ինչպես տեղեկացնում է Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն, կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումը համակիրների հետ: Հանդիպմանը մասնակցել է մոտ 150 մարդ: Ընդունվել է հայտարարություն, որը բաղկացած է երկու մասից: Առաջինը վերաբերում է հայաստանցի-ղարաբաղցի ընկալումներին:

«Նախագահական ընտրությունների հետ կապված ներքաղաքական զարգացումների ամենացավալի կողմերից մեկը հայ ժողովրդի արհեստական բաժանումն էր հայաստանցիների և ղարաբաղցիների: Դրանում մեղքի առյուծի բաժինը իհարկե պատկանում է իշխող վարչախմբին և նախագահի իշխանական թեկնածուի թիմին: Սակայն ընդդիմադիր ճամբարում նույնպես տեղի ունեցան անվայել դրսևորումներ, որոնք մի կողմից նպաստեցին պառակտման խորացմանը, մյուս կողմից, հակառակ կողմին ընդդիմությանը մեղադրելու առիթ տվեցին:

Մասնավորապես, Սերժ Սարգսյանի կողմնակիցները պաշտոնական միջոցներով տարվող միակողմանի քարոզչությամբ Լևոն Տեր-Պետրոսյանին ներկայացնում էին որպես Արցախը հանձնող նախագահ: Այս մարտավարությունը արդյունավետ էր գործում հատկապես Արցախում և ՀՀ այն քաղաքացիների շրջանում, որոնք չէին մասնակցում հանրահավաքներին և չէին հետևում ընդդիմադիր մամուլին: Երբ պարզ դարձավ, որ Արցախը հանձնելու մեջ մեղադրվող ընդդիմության թեկնածուն բազմահազարանոց հանրահավաքներ է անցկացնում Երևանում, իշխանությունները փաստորեն մեղադրանքը հասցեագրեցին բոլոր միտինգ անող հայաստանցիներին: Ստացվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դավաճան հայաստանցիների թեկնածուն է, իսկ Սերժ Սարգսյանը ղարաբաղցիների հուսալի հենարանը, որի իշխանությունը պետք է պահպանել բոլոր միջոցներով: Վարչախումբը էլ ավելի խորացրեց հարցը, երբ ցուցարարների դեմ պատժիչ գործողություններին մասնակցելու նպատակով ներգրավեց ԼՂՀ բանակի սպաներին:

Մյուս կողմից ընդդիմության հանրահավաքներում ժամանակ առ ժամանակ խախտվում էր թիրախի սահմանները` Ղարաբաղյան կլանի և ղարաբաղցիների միջև: Թեև հարթակից հնչող ելույթներում ղարաբաղցիների դեմ ուղղակի արտահայտություններ չէին լինում, սակայն «մոնղոլաթաթարական իշխանություն», «ազգային ազատագրական շարժում» և նման այլ արտահայտությունները կարող էին վիրավորական ընկալվել իշխող վարչախմբի հետ նույն ծագումն ունեցող հազարավոր արցախցիների կողմից: Դրան գումարվում էր Արցախի հարցը շուտափույթ լուծելու մասին Տեր-Պետրոսյանի խոստումը, որն այսօր, Ադրբեջանի պահանջների համատեքստում, հասկացվում է որպես առնվազն տարածքների հանձնում: Բացի այդ, հակաղարաբաղցիական տրամադրությունները որոշ մոբիլիզացիոն ազդեցություն ունեցան ընդդիմության շարքերի վրա, կապված վերջին շրջանում մեծ թվով ղարաբաղցի պաշտոնյաների ներհոսքի, դրանից առաջացած դժգոհության հետ:

Մենք խստագույնս դատապարտում ենք հայ ժողովրդի հատվածների մեջ սեպ խրելու ցանկացած փորձ` գիտակցված կամ չգիտակցված: Կոչ ենք անում բոլոր արցախցիներին մեկընդմիշտ մոռանալ, որ երբևէ Երևանում կամ այլուր բնակվող հայությունը հավաքաբար կարող է դավաճանել Արցախին: Հայաստանի քաղաքական դաշտում գործող ուժերին, խմբակներին և ժողովրդին կոչ ենք անում երբեք չնույնացնել Ղարաբաղյան ծագում ունեցող հայտնի զույգին Արցախի ժողովրդի հետ: Բոլոր կազմակերպություններին առաջարկում ենք օգտագործել բոլոր միջոցները Արցախում օբյեկտիվ տեղեկատվություն ապահովելու համար և հետագա քաղաքական պայքարում հաշվի առնել արցախահայության մտահոգությունները և փարատել դրանք»,- ասված է հայտարարության առաջին մասում:

ՈՒՂԵՐՁ

Մենք չենք ընդունի ոչ մի առևտուր ազգային-պետական շահերի հարցում 

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ հայաստանյան անկախ ոչ կառավարական կազմակերպությունը, որպես Հայաստանյան ինքնուրույն քաղաքացիական կառույց, իր խիստ մտահոգությունն ու բողոքն է հայտնում Արցախյան հիմնախնդրի լուծման և հայ-թուրքական հարաբերությունների շուրջ Հայաստանի Հանրապետության` ՀՀ խոցելի իշխանությունների կողմից վերջերս հնչող հայտարարությունների և նախաձեռնությունների կապակցությամբ, որոնց անմիջապես հետևեցին նրանց հավատարիմ պաշտոնական «ընտրախավերի» ու «մասնագետների» ամբոխավարական թմբկահարումները` փորձելով հայ ժողովրդին «մարսեցնել տալ» այս ապազգային և հակապետական քայլերը:

Ցավով ենք ստիպված արձանագրել, որ 1991թ. Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր ազգային-պետական արտաքին քաղաքական խնդիրներում ՀՀ բոլոր իշխանություններն ունեցել են միևնույն պարտվողական դիրքորոշումը: 1996թ-ին այսպիսի դիրքորոշումը դարձավ իշխանությունների հանդեպ անվստահության հիմնական պատճառներից մեկը, որը 1998թ-ին հանգեցրեց առաջին նախագահի հրաժարականին:

ՀՀ իշխանությունների պարտավորությունն է կառավարել երկիրը հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերին ծառայելով, և մարդու իրավունքների ու ժողովրդավարության սկզբունքներին հետևելով: ՄԻԺԻ-ն իր պաշտոնական հանդեսի` «Տեսակետ-ՄԻԺԻ»-ի խմբագրականների միջոցով (թիվ 24, դեկտեմբեր 2007 և թիվ 25, մայիս 2008, http://www.idhr.am) և ՄԻԺԻ-ի մարտի 1-ի իր ուղերձով (www.idhr.am) արդեն իսկ ահազանգել է այն մասին, որ մեր ներկա քաղաքական և հասարակական ընտրախավերը կրկին անգամ բացել են մեր պետականության «բերդի դարպասները» և յուրաքանչյուրը փորձում է հավաստել իր «լավ ծառա» լինելը «օտար տերերին»` իշխանությունը ստանալու կամ պահելու համար զիջելով ազգային-պետական շահերը և, պատրաստ լինելով ամեն քայլի: Վառ ապացույցն են ս.թ. մարտի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար A/62/L.42 բանաձևը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Ադրբեջանին վերաբերվող հունիսյան համար 1614 բանաձևը, ինչպես նաև ամենաբարձր մակարդակի հայաստանյան պաշտոնյաների և օտարերկրյա դիվանագետների կողմից արված հայտարարությունները և նախաձեռնությունները: Այս հակապետական և մեր ազգի արժանապատվությունը ոտնահարող կեցվածքի ևս մի դրսևորումն է բարձրագույն մակարդակով Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու և Թուրքիայի իշխանություններին բարեկամական ժեստեր անելու պաշտոնական քայլերը: Այս ամենը հետևեցին ՀՀ ներկա իշխանությունների լեգիտիմությունը հարցականի և կասկածի առիթ հանդիսացող ս.թ. փետրվարյան անարդար ընտրությունների և մարտի 1-ի բռնությունների ու կամայականությունների:

Մենք չենք ընդունելու որևէ առևտուր Արցախյան հիմնահարցի, Հայոց Ցեղասպանության  և բովանդակ հայ ժողովրդի ու պետականության կենսական շահերին հակասող որևէ այլ խնդրի շուրջ: Ահազանգում ենք և զգուշացնում, որ նման առուծախ ձեռնարկելու դեպքում ՀՀ իշխանությունների և նրանց արբանյակը հանդիսացող այլասերված ընտրախավերի ԴԵՄ առավել զորեղ կերպով Է դուրս գալու հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում` իր ամբողջ ներուժով ու կազմակերպված կառույցներով:

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ 
Երևան, 21 հուլիսի, 2008թ.

«ՄԻԱՍՆԱԿԱՆ  ՋԱՎԱԽՔ»  ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ  ԴԱՇԻՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ՎՐԱՍՏԱՆԻ  ԻՐԱՎԱՊԱՀ   ՄԱՐՄԻՆՆԵՐԻ  ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ  ՆՈՐ  ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը խստագույնս դատապարտում է Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հուլիսի 21-ին տեղի ունեցած Դաշինքի անդամներ Վահագն Չախալյանի և նրա հարազատների` հոր ու եղբոր ապօրինի ձերբակալությունները` չպատճառաբանված և անհասկանալի պայմաններում:

Վրաստանի իրավապահ մարմիններին ընտանի դարձած հակահասարակական վարքագծին հավատարիմ, նախապես ծրագրված սադրանքն ի կատար ածելով, հուլիսի` լույս 21-ի ուշ գիշերին` ժամը 04:00-ին մոտ, վրացական դիմակավորված, զինված հատուկ ջոկատայինները  ներխուժելով Վահագն Չախալյանի հայրական տուն` կոպիտ ու անհանդուրժելի վերաբերմունք ցուցաբերելով` անհիմն և շինծու մեղադրանքներով, կալանավորել են  տան անդամներին, խուզարկել տունն ու ձերբակալել նրանց: Մայրը, միայնակ, ժամը 05:00-ին մոտ ազատ է արձակվել, իսկ Վահագն Չախալյանին, հորը` Ռուբիկ Չախալյանին և անչափահաս եղբորը` Արմեն Չախալյանին, մի քանի ժամ Ախալքալաքում կալանքի տակ պահելուց հետո, տեղափոխել են Սամցխե-Ջավախքի մարզկենտրոն` Ախալցխա: Այնուհետև, ձերբակալության մեկ օրը չլրացած` Վահագն Չախալյանին և նրա հարազատներին տեղափոխել են Թբիլիսի` երկու ամսով երկարաձգելով ազատության ժամկետը:

Միջադեպին հետևած Դաշինքի մի քանի անդամների ձերբակալությունները, մեղադրյալների շուտափույթ տեղափոխությունն էթնիկապես «ապահով» համարվող Ախալցխա, ապա` Թբիլիսի, անդամներից մեկին Ախալցխա տեղափոխելը, Գուրգեն Շիրինյանի հարազատներին անօրինական կերպով ծեծի ենթարկելն ու կալանքի տակ պահելը վկայում են, որ Վրաստանի իշխանություններն ազգային փոքրամասնությունների և, մասնավորապես` ջավախահայության ազգային և քաղաքացիական իրավունքները հարգելու հարցում մտադիր չեն առաջնորդվելու սահմանադրորեն ամրագրված օրինականության և միջազգայնորեն ստանձնված պարտավորությունների պահանջներով: Ջավախքում և ներկայիս Վրաստանի ողջ տարածքում մոլեգնող հակաժողովրդավարական և քաղաքական ցանկացած այլակարծությանն անհաշտ, ազգային փոքրամասնությունների նկատմամբ համահասարակական անհանդուրժողականությունը սերմանող թբիլիսյան այժմյան վարչակարգը պետք է քաջ գիտակցի նման քաղաքականության կործանարար հետևանքները` երկրի միջազգային վարկի, նրա քաղաքացիների բարօրության, անվտանգության և տարածաշրջանային կայունության համար:

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը կրկին դատապարտում է ջավախահայության իրավունքների զանգվածային ոտնահարման, ուժային ապօրինի և սադրիչ գործողություններով բնակչությանն ահաբեկելու և վարչակարգի կողմից «չվերահսկվող» քաղաքական գործիչներին անհիմն և ակնբախորեն անհեթեթ մեղադրանքներով ձերբակալելու թբիլիսյան իշխանությունների քաղաքականությունը, որն արդեն իսկ կանգնեցրել է ջավախահայությանն անցանկալի հետևանքներով հղի համընդհանուր ըմբոստության շեմին:

Դաշինքն ամենայն վճռականությամբ պահանջում է անհապաղ ազատ արձակել ապօրինաբար կերպով կալանքի տակ պահվող Վահագն Չախալյանին և նրա հարազատներին, կարճել հարուցված անհեթեթ ու անհիմն քրեական գործերը և դադարեցնել երկրամասի հայության խորացող ահաբեկումն` ուժային կառույցների սադրիչ ներգրավվածությամբ:

Դաշինքը տեղյակ է պահում հանրությանը, որ ջավախահայության արդար և համընդհանուր վճռականությանը հակազդելու, ապօրինաբար ձերբակալված անձանց անհապաղ ազատ չարձակելու, ազգային փոքրամասնությունների անվիճարկելի իրավունքները ոտնահարել շարունակելու պարագայում, իրավիճակի ապակայունացման ողջ պատասխանատվությունը կընկնի երկրի կենտրոնական իշխանությունների և Ջավախքում ծվարած վերջիններիս կամակատար անձանց վրա:

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք
Ք. Ախալքալաք, 23.07.2008 թ.

——————————————————————————————

Մենաշնորհ

«Ղարաբաղ Տելեկոմ»` սակագներ, որոնք հասանելի չեն ամենքին

Զարգացնել հեռահաղորդակցման ոլորտն Արցախում. այս գաղափարով ու «Միշտ հասանելի» առաջաբանով, մենաշնորհային կարգով,  2002 թվականից արցախյան հեռահաղորդակցական բնագավառ մուտք գործեց  «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը: Մեջբերում եմ քաղվածք ընկերության պաշտոնական կայքից. «2002 թվականի փետրվար ամսից «Ղարաբաղ Տելեկոմը» սկսեց իր գործունեությունը` ընկերության բաժնետերերի խորհրդի նախագահ պարոն Պիեռ Ֆատուշի ղեկավարությամբ: Ընկերությունը  պարտավորվել է իրականացնել բազմազան ծրագրեր (նպատակ ունենալով զարգացնել  և ընդլայնել, ինչպես նաև արդիականացնել հեռահաղորդակցության համակարգը ԼՂ-ում)՝ ապահովելով բարձր որակի սարքավորումներով, ստեղծել և զարգացնել բջջային (GSM) համակարգը ու ընդլայնել ինտերնետ ծառայությունը, մատուցել նոր ու ժամանակակից ծառայություններ: Այսօր աշխարհում, որտեղ կատարվում են տեխնոլոգիական նորանոր նվաճումներ, որոնք մեծ ներգործություն են ունենում մեր կյանքի վրա, «Ղարաբաղ Տելեկոմը» խոստանում է քայլել ժամանակի հետ համատեղ>»:       Ի՞նչ խոսք, հիրավի գեղեցիկ խոստումներ են, որոնք իրականացնել է անհրաժեշտ: Սակայն ընկերության կողմից իրականացվող սակագնային քաղաքականությունը մտորելու և բազում դժգոհությունների տեղիք կարող է տալ:   «Ղարաբաղ Տելեկոմի» կողմից մեզ, ոչ մրցակցային պայմաններում,  առաջարկվող ծառայությունների համար սահմանված  սակագները փորձենք համեմատել հայաստանյան շուկայում մրցակցային պայմաններում գործող «ՎԻՎԱ ՍԵԼԼ» և «ԲԻ ԼԱՅՆ» ընկերությունների կողմից առաջարկվող սակագների հետ:

«Ղարաբաղ Տելեկոմն» առաջարկում է. բջջային կապի բաժանորդներին 2000 դրամ բաժանորդավճար, այն պարագայում, երբ Հայաստանում «ՎիվաՍելլ» ընկերությունն  առաջարկում է առկա բարձր սակագների լուծման տարբեր եղանակներ` կորպորատիվ փաթեթների և սակագնային պլանների միջոցով: 540-ից 800 դրամ բաժանորդավճար, իսկ փաթեթի ներսում կատարված զանգերի մեկ րոպեի արժեքը կազմում է 6-14 դրամ: Հայաստանյան «Բի լայն» ընկերությունն, օրինակ,  «Ընկերներ» սակագնային պլանից օգտվողներին առաջարկում է առանց բաժանորդավճարի, դեպի  ՀՀ բջջային ցանցեր կատարված ելքային զանգերի մեկ րոպեի համար 39 դրամ,  իսկ դեպի ԼՂՀ և ՀՀ քաղաքային ցանցեր՝ 69 դրամ մեկ րոպեի համար:

«Ղարաբաղ Տելեկոմն» առաջարկում է 44 դրամ րոպեավարձ ԼՂՀ բջջային և քաղաքային ցանց կատարված զանգերի համար, դեպի ՀՀ բջջային ցանց  կատարած զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 90 դրամ, իսկ քաղաքային ցանց` 60 դրամ: Ժամը 23:00-ից մինչև 7:00-ն, ոչ պիկ ժամերին, գործում է զեղչ 20 տոկոսի չափով:

Իմ կարծիքով, տարբերությունը շոշափելի է: Բաժանորդը, անկախ ամեն ինչից,  բջջային կապի բաժանորդ հանդիսանալու «հաճույքի» համար ամեն ամիս ստիպված է վճարել 2000 դրամ,  գումարած իր կողմից օգտագործված խոսելաժամանակի և ուղարկված հաղորդագրությունների համար  վարձը: Բայց մի՞թե սա է խոստացված մատչելիությունը: Մյուս կողմից՝ ընկերությունը, կոպիտ ասած, ոչ ոքի չի ստիպում օգտվել իր ծառայություններից, բայց, միեւնույն է, դա արդարացում չէ: ճիշտ է, ընկերությունը, որպես ինքնագովազդ, հայտարարում է զեղջեր ձայնային փոստի, օպերատորի միջոցով կատարվող զանգերի և այլ ծառայությունների մասով:

Եվս մեկ հավելում ասվածին. «բաժանորդը, ում հեռախոսահամարը պարտքը ժամանակին չմուծելու պատճառով սահմանված ժամկետների ավարտից հետո երկկողմանի արգելափակվում է, շարունակում է վճարել 1500 դրամ բաժանորդավճար, սակայն անհասկանալի է, թե նա ինչու՞ պետք է վճարի նաև մուտքի զանգերի համարի ինքնորոշման վարձ, եթե ակամայից զրկվել է այդ ծառայությունից: Հարցերն այս ոլորտում ավելի քան շատ են, իսկ պատասխաններ ակնկալելը՝ շատ դժվար: Չմոռանանք նաև, որ բջջային հեռախոսը ոչ միայն հաղորդակցման միջոց է հանդիսանում մեր օրերում, այլ նաև հնարավորություն է տալիս օգտվել տարբեր ծառայություններից` MMS, GPRS և այլն: Ձեռք բերելով թանկարժեք բջջային հեռախոս՝ նախանձով նայում ես վերջինիս հնարավորություններին և հույս փափագում, որ մի օր էլ մենք կհասնենք զարգացման այդ «մակարդակին»:

Անդրադառնալով անշարժ հեռախոսակապի քաղաքային ցանցին, կարող ենք ասել, որ այստեղ, ճիշտ է, կատարվել են լուրջ ներդրումներ, սակայն մինչ այժմ Ստեփանակերտում կան թաղամասեր, որտեղ  մարդիկ դեռևս հնարավորություն չունեն օգտվել անշարժ հեռախոսակապի ծառայություններից: Անձամբ ինձ, որպես բաժանորդի, արդեն հինգերորդ տարին է՝ խոստանում են հաջորդ ամիս անպայման ապահովել իմ բնակարանը անշարժ հեռախոսով, սակայն մինչ այժմ դեռ ոչ մի նորություն չկա: Ներկայումս քաղաքային ցանցից կատարված զանգերի համար բաժանորդները, սահմանված անվճար 500 րոպեն օգտագործելուց  հետո, ստիպված կլինեն վճարել րոպեավարձ: Այս «նորամուծությունը» առաջին հերթին կհարվածի բաժանորդների սոցիալապես անապահով խմբի ներկայացուցիչների դրամապանակին: Դրանք կարող են լինել  միայնակ թոշակառուներ, հաշմանդամներ, որոնց համար անշարժ հեռախոսակապը հանդիսանում է հաղորդակցման միակ  ու կարևոր միջոց:

Այժմ անդրադառնանք համացանցի`  ինտերնետի  որակին: Արագության տեսակետից այս ծառայությունն, անշուշտ, զարգանալու դեռ շատ տեղ ունի: Հասկանում ենք, որ համացանցը սահմափակ քանակով ներմուծվող ռեսուրս է, բայց բաժանորդը պարտավոր չէ հասկանալ, թե ինչպես է այն ներմուծվում, ինչպես է աշխատում և ինչու կայքից կայք անցնելու համար նա պետք է սպասի: Բաժանորդը այս պարագայում հանդիսանում է տվյալ ռեսուրսի սպառող: Սա, թերևս, կարելի  է համեմատել  էլեկտրականության հետ: Կարո՞ղ ենք մարդկանց ասել՝ սիրելի բաժանորդ, խնդրում ենք ներող լինել, բայց էլեկտրականությունը թույլ է՝ մի օգտվիր: Սպառողին պարտավոր են տրամադրել որակյալ ծառայություն, հակառակ դեպքում նա իրավունք ունի չվճարել:

Հարգենք միմյանց  իրավունքներն ու պարտականությունները:

Մհեր ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.- Կարծում ենք, մեր հեղինակի սույն նյութում արտահայտված մտահոգությունն ու արծարծված հարցերը շատերի համար են հրատապ: Կուզեինք մեր կողմից հավելել հետեւյալը. ըստ արժանվույն գնահատելով «Ղարաբաղ Տելեկոմի» բարեգործական ծրագրերը եւ գնահատելով ընկերության կողմից արված նվիրատվությունների կարեւորությունը արցախյան հանրության որոշակի խավերի համար, միեւնույն ժամանակ հարկ ենք համարում նկատել, որ, ասենք, բջջային հեռախոսակապի անիմաստ բարձր բաժանորդավճարի նվազեցումն ամենամեծ նվիրատվությունը կլիներ ու այն էլ շատ ավելի մեծ թվով մարդկանց: Իսկ ներկա պարագայում ընկերության բոլոր բաժանորդներին կարելի է համարել վերոնշյալ նվիրատվությունների ու բարեգործությունների համահեղինակ:

«ՎԻՎԱՍԵԼԸ» ՍՏԱՆՁՆԵԼ Է ՄԱՐԱԹՈՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎիվաՍել ընկերությունը ստանձնել է Հայաստան համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2008-ի հովանավորությունը: Այդ մասին հուլիսի 17-ին տեղեկացրել է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

«Իր պաշտոնական պատասխան գրությամբ ՎիվաՍելի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը շնորհակալություն է հայտնել Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանին համագործակցության առաջարկի համար եւ տեղեկացրել, որ իրենց ընկերությունը կկատարի երեք հարյուր չորս միլիոն ՀՀ դրամի նվիրատվություն, ասված է Հայաստան համահայկական հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ այդմ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նվիրաբերվող գումարի մեծ մասը կհատկացվի Հեռուստամարաթոն 2008-ի կազմակերպմանը, իսկ մյուս մասն արդեն փոխանցվել է հիմնադրամի կողմից իրականացվող «Նպաստներ Հայաստանի եւ Արցախի զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների երեխաներին» ծրագրի նպաստառուներին:

ՎիվաՍելը հովանավորել է նաեւ Հեռուստամարաթոն 2007-ը, որի արդյունքում հավաքվել էր ավելի քան տասնհինգ միլիոն ԱՄՆ դոլար:

——————————————————————————————

Կարգավորում

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԵՎ ՂԱՐԱԲԱՂԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑՆ Է ՔՆՆԱՐԿՎՈՒՄ

Վերջին ամսվա ընթացքում հայ-թուրքական հարաբերություններում աննախադեպ առաջընթաց է արձանագրվել: Սերժ Սարգսյանը Աբդուլահ Գյուլին Երեւան է հրավիրել, Գյուլը իր հերթին խոսք է տվել Անի այցելել: Շվեյցարիայում հայ-թուրքական գաղտնի բանակցություններ են ընթանում: Իսկ Հայաստանում էլ կրքերը բորբոքվում են այն հարցի շուրջ, թե ճիշտ է արել, արդյո՞ք, Սերժ Սարգսյանը, որ համաձայնվել է պատմաբանների հանձնաժողով ստեղծել:

Սակայն ամենահետաքրքիրը, թերեւս, այն է, որ նույնիսկ գաղտնի բանակցությունների քննարկման առարկան առաջին հերթին ղարաբաղա-ադրբեջանական խնդիրն է: Այսինքն, Հայաստանի հետ սահմանը բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ցանկությունը Թուրքիան պայմանավորում է ղարաբաղա-ադրբեջանական խնդրի՝ իր համար շահավետ կարգավորմամբ:

Ո՞րն է Թուրքիայի համար շահավետ լուծումը: Ակնհայտ է՝ ոչ ԼՂՀ ճանաչումը ներկայիս սահմաններում: Նույնիսկ ԼՂԻՄ սահմաններում Ղարաբաղի ճանաչումը ձեռնտու չէ Թուրքիային: Պարզ է, որ Անկարան պահանջում է վերադարձ 1988 թ. իրողություններին եւ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչում Հայաստանի կողմից: Այն, ինչ չի արել Հայաստանը Սթամբուլում 1998 թվականին:

Թուրքիայի պահանջն այնքան ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող դրա մասին չիմանալ: Եւ, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը խոսում է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության մասին: Կարելի է ենթադրել, որ Սարգսյանն անում է դա կամ հուժկու ճնշման տակ, կամ էլ «գաղտնի պայմանավորվածություններից» ելնելով:

Ճնշում, իհարկե, կա, հատկապես՝ Հայաստանի ներկայիս իրավիճակում, սակայն քիչ հավանական չէ, որ կան նաեւ պայմանավորվածություններ: Եւ եթե մի փոքր դիտարկենք Հայաստանի, Թուրքիայի եւ մի շարք երկրների շահերը, կարող ենք նույնիսկ ենթադրել, թե ինչ կարգի պայմանավորվածություններ կարող էին տեղի ունենալ:

Առաջին՝ ակնհայտ է, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել որպես 1915-ի փոխհատուցում՝ Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից: Ըստ երեւույթին, հենց այդ պահանջների սպառնալիքն էր պատճառն, որ առայսօր Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Չէ՞ որ Թուրքիայի ներկայիս կառավարությունն, ի վերջո, առանց պատասխանատվություն ստանձնելու անցյալի համար,  կարող էր ճանաչել, որ Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն է եղել, նույնիսկ ներողություն խնդրել, եւ դրանով իսկ կատարել Եվրամիություն ընդունվելու համար պահանջներից մեկը: Անկարան դա չէր անում, քանի որ կար սպառնալիք, որ ճանաչման դեպքում Հայաստանը որպես փոխհատուցում տարածքներ կպահանջի: Ըստ երեւույթին, այդ պահանջները հիմնավորված կլինեին:

Պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը կոչ է արել Անկարային ճանաչել պատմական իրողությունները, իսկ Հայաստանին՝ հրաժարվել տարածքային պահանջներից: Այսինքն, նման պահանջների գոյությունը տրամաբանությունն էր թելադրում:

Ըստ երեւույթին, հիմա պահանջները չկան: Համենայնդեպս, հայկական քաղաքական դաշտում չեն հնչել կարծիքներ պահանջատիրության մասին: Դրա փոխարեն, կարելի է ենթադրել, Թուրքիան խոստացել է Ադրբեջանին «համոզել» Ղարաբաղի հարցում մի փոքր զիջողական լինել: Այսինքն՝ համաձայնվել «մադրիդյան սկզբունքներին», Ղարաբաղի հայերին թույլ տալ «սահմանափակ» անկախություն հռչակել ԼՂԻՄ սահմաններում՝ փախստականների վերադարձի պայմանով: Հետո, ինչպես Գյուլը կհամոզի Ալիեւին, «Ղարաբաղը կվերցնենք հայտնի ձեւով՝ ժողովրդագրական պայթյունով»:

Նման պայմանավորվածությունը կարող է ընդունելի լինել բոլորի համար: Առաջին հերթին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի, որոնք միանգամից կարող են երկու նապաստակ սպանել՝ վերջնականապես փակել միջազգային ասպարեզում իրենց խանգարող հայկական հարցը եւ փաստորեն պահել Ղարաբաղի ադրբեջանացման հեռանկարը: Հայաստանը նույնպես գտնում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, նույնիսկ նման գնով, ձեռնտու է: Ճիշտ է, ոչ ոք կոնկրետ չի ասում, թե ինչով է ձեռնտու, բայց եւ չեն խոսում ռեալ, ակնհայտ վտանգների մասին: Դա ձեռնտու է նաեւ Ռուսաստանին, քանի որ Մոսկվան կարող է ասել Բաքվին, որ իր ճնշման տակ է Երեւանը համաձայնվել, եւ առիթից օգտվելով՝ գնել Ադրբեջանի գազը: ԱՄՆ-ն եւս կասի, որ իր ջանքերի շնորհիվ է դա, ու մի հատ էլ ռազմակայան կտեղադրի Թուրքիայի կամ նրա կրտսեր եղբայր Ադրբեջանի տարածքում:

Ստացվում է, որ բոլորին շահավետ է, բացի ղարաբաղցիներից ու Ղարաբաղից: Բայց ո՞վ է հարցնում ղարաբաղցիների կարծիքը: Համենայն դեպս, նույնիսկ հայաստանյան քաղաքական դաշտում ոչ ոք լուրջ չի խոսում այն մասին, որ նպատակ դնելով բարելավել հայ-թուրքական հարաբերությունները, մենք կարող ենք զոհել ոչ միայն Արեւմտյան Հայաստանի երազանք-քաղաքական գործոնը, այլեւ շատ ավելի ռեալ Ղարաբաղը, որտեղ ոչ թե պատմական հիշողությունն է ապրում, այլ կենդանի մարդիկ:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՉԵԶՈՔ ՉԷ 

Օրերս Բաքվում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ ստորագրված «ՌԴ-ի եւ Ադրբեջանի բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին» հռչակագիրը շարունակում է զարմանալի մեկնաբանությունների տեղիք տալ իշխանական քարոզիչների կողմից:

Ավելին, հեռուստաընկերությունները կա°մ ամեն ինչ անում են, որպեսզի հայ հասարակությանը հռչակագրի մասին որեւէ մանրամասն հայտնի չդառնա, կա°մ էլ փորձում են կոծկել հռչակագրի` մեզ համար վտանգավոր կետերը: Իսկ ինչպե՞ս են այդ հռչակագիրը գնահատում հենց Լեռնային Ղարաբաղում: ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար, նախագահի նախկին թեկնածու Մասիս Մայիլյանը մեզ հետ զրույցում ընդգծեց. «Հելսինկյան բոլոր սկզբունքները համահավասար են, եւ նրանց միջից առանձնացնել միայն այնպիսիները, որոնք ինչ-որ մեկին ավելի շատ են դուր գալիս, առնվազն կոռեկտ չէ»: Մայիլյանը շեշտեց նաեւ, որ Բաքվում ստորագրված հռչակագրում բացակայում է դեռ 1975 թվականին ԵԱՀԽ-ի (ԵԱՀԿ-ի նախկին անվանումը-հեղ.) կողմից ընդունված Հելսինկյան եզրափակիչ ակտի այնպիսի կարեւոր սկզբունք, ինչպիսին ազգերի համահավասարությունն ու սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է: Մայիլյանը նաեւ շեշտեց` եթե հռչակագիրը ստորագրող կողմերից մեկը չլիներ Ռուսաստանի նախագահը, ապա կարելի էր եւ այնքան էլ շատ ուշադրություն չդարձնել այդ հարցի վրա: «Բայց քանի որ Ռուսաստանը հանդիսանում է ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի միջնորդներից մեկը, ապա նման միակողմանի մոտեցումը չի համապատասխանում չեզոքության եւ անաչառության սկզբունքներին, որով պետք է առաջնորդվեն միջնորդ-երկրները»,- ասում է Մայիլյանը: Վերջինս ընդգծում է, որ, իհարկե, հայկական կողմը կարող է հայտարարել, թե իրավական տեսանկյունից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը կարեւոր դրույթ է այդ հռչակագրում, որեւէ առնչություն չունի ԼՂՀ-ի հետ, բայց դա, ըստ Մայիլյանի, կլիներ ինքնախաբեություն, քանի որ այդ իրավական մոտեցումը դեռ չի գտել անհրաժեշտ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, ովքեր այս հարցում ավելի շատ քաղաքական մոտեցում են ցուցաբերում: «Մեզ համար մեկ այլ վտանգավոր ազդանշան է համարվում նաեւ այն, որ հռչակագրի տեքստում տեղ է գտել Ադրբեջանի տարիների ձգտումը` խոչընդոտել Ղարաբաղի տնտեսության մեջ արվող ներդրումներին: Փաստաթղթում ասվում է նաեւ, որ կողմերից յուրաքանչյուրը իր պետության տարածքում թույլ չի տալու այնպիսի կառույցների, ձեռնարկությունների, ընկերությունների եւ այլ օբյեկտների գործունեություն, որը կարող էր վնաս պատճառել մյուս կողմի ինքնիշխան իրավունքներին եւ շահերին»,- ասում է Մայիլյանը` հավելելով, թե կասկած չկա, որ Ադրբեջանի հաջորդ քայլը լինելու է համոզել Ռուսաստանին` կասեցնել Արցախի տնտեսության մեջ արվող ներդրումները, որ իրականացնում են ՌԴ-ում ապրող հայերը կամ նրանց պատկանող ընկերությունները: «Այդ դեպքում Ադրբեջանը հղում է կատարելու Բաքվում ստորագրված այդ հռչակագրի վրա եւ պնդելու է, որ Ղարաբաղի տնտեսության զարգացման աջակցությունը վնաս է պատճառում Ռուսաստանի ստրատեգիական գործընկերոջ ինքնիշխանության իրավունքին եւ շահերին»,- կանխատեսում է Մայիլյանը: Վերջինս շեշտում է, որ այս պարագայում հայկական դիվանագիտությունը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները` կասեցնելու համար այնպիսի վտանգավոր տենդենցը, ինչպիսին Բաքվում ստորագրված հռչակագիրն է: Մայիլյանը նշում է, որ կարելի է հասկանալ, թե ինչու է ՌԴ-ն ստորագրել այդ հռչակագիրը. այդ պետությունն ունի իր շահը, բայց մյուս կողմից, Մայիլյանի խոսքով, եթե Ռուսաստանը ղարաբաղյան խնդրի լուծման համար միջնորդ է հանդիսանում, ապա պետք է այլ կերպ պահի իրեն:

«Հայկական ժամանակ»

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնարդ Ֆասսիեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կառուցողական պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերել հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգի հանդիպման եւ համանախագահների` հունիսի 27-28-ի տարածաշրջան այցի ընթացքում:

Այս իրավիճակում համանախագահները կոչ են անում բոլոր կողմերին հրաժարվել իրենց մաքսիմալիստական հայտարարություններից, ռազմատենչ հռետորիկայից, քանի որ «մենք միասին աշխատում ենք հասնել խաղաղ լուծման»:

«Չկա ԼՂ հակամարտության ռազմական լուծում»,-հիշեցնում են համանախագահները` ավելացնելով, որ իրենք սպասում են ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը, որ առաջ կմղի բանակցային հիմնական սկզբունքները դեպի խնդրի խաղաղ լուծում:

ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է օգոստոսի 1-ին Մոսկվայում:

http://www.a1plus.am

 

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը գտնում է, որ հայկական դիվանագիտությունը ունի 3 բաղկացուցիչ` Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի, որոնք չեն հակասում միմյանց, բայց եւ չեն կարող փոխարինել մեկը մյուսին: Արկադի Ղուկասյանը, ով 15 տարի առաջ առաջինն է գլխավորել ԼՂՀ արտգործնախարարությունը եւ պաշտոնավարել մինչեւ 1997թ., նշել է, որ «Ղարաբաղի դիվանագիտությունը չի կարող լինել Հայաստանի դիվանագիտության կցորդը: Այն պետք է ունենա իր ճանապարհը եւ անհրաժեշտ է զարգացնել այն ամենը, ինչ ստեղծվել է այս տարիներին»:

Նա ընդգծել է, թե այլընտրանքը, ընդդիմությունն անհրաժեշտ պայման է պետության զարգացման համար: Սակայն ազգային նշանակության հարցերում հայկական կողմերը պետք է համախմբվածություն դրսեւորեն,- ասել է Արկադի Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ նրա նախագահության տարիներին Ղարաբաղի քաղաքական դաշտում Դաշնակցությունն էր ընդդիմություն, որն իրեն հռչակել էր «կառուցողական ընդդիմություն», սակայն, այնուամենայնիվ, կատարում էր հավասարակշռողի դեր: Ներկայում Ղարաբաղում չկա ընդդիմություն, նույնիսկ «կառուցողական»: Ավելին, նույնիսկ ընդդիմադիր ակնարկներն ընկալվում են որպես «միասնականության» սպառնալիք: Իսկ «միասնությունը» Ղարաբաղում հռչակվել է պետական քաղաքականության համար ինքնանպատակ:

«Լրագիր»

——————————————————————————————-

Համահայկական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԼԵՀՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Յուրաքանչյուր ժողովուրդ, իր էությունից բխող եւ գիտակցությամբ ձեւավորված իդեալների շնորհիվ, կերտում է սեփական պատմությունն իր կարողություններին համապատասխան` արձանագրելով եւ ձեռքբերումներ, եւ կորուստներ: Ձեռքբերումները եւ կորուստները կազմում են ոչ միայն տվյալ ժողովրդի պատմությունը, այլեւ մեծապես ազդում ապագայի նկատմամբ նրա աշխարհայացքի ձեւավորման վրա, գոյություն ունեցող իդեալները փոփոխում` ժամանակին ու իրականությանը համապատասխան: Կախված այդ ձեռքբերումների ու կորուստների գաղափարական մեկնաբանությունից առաջացած ուժգին տպավորությունից՝ ժողովուրդն իր ճակատագրական պահերին, երբ ժամանակն ու թշնամին սպառնում են, ենթագիտակցաբար կատարում է քայլեր, որոնք թելադրվում են սեփական պատմության փորձից: Եվ որքան ուժգին են ժողովրդի հոգում տպավորված անցյալի դրական կամ բացասական օրինակները, նույնքան եւ արդյունավետ կամ անարդյունավետ են ճգնաժամային իրավիճակներում լուծումներ գտնելու տվյալ սերնդի ընդունակությունները: Այն ժողովուրդները, որոնք գիտակցում են սա, ձգտում են իրենց պատմության փառավոր էջերը վեր հանելով` դաստիարակել երիտասարդ սերունդներին, իսկ ավելի երիտասարդ ժողովուրդները, որոնք չունեն պատմական անցյալ, այդ բացը լրացնում են նորօրյա լեգենդներով ու առասպելներով: Ոչ միայն հին աշխարհի ժողովուրդների պատմության արշալույսն է լցված լեգենդներով ու առասպելներով, այլեւ նոր աշխարհի՝ ամերիկյան ժողովրդի: Այսօր ողջ աշխարհի ժողովուրդներին հրապուրող եւ դեպի իրեն ձգող Ամերիկյան հրաշքը նույնպես արդյունք է ձեւավորված առասպելի, այլ կերպ ասած` սրբազան կեղծիքի: 21-րդ դարում, երբ աշխարհում տեղի են ունենում քաղաքակրթական հսկայական փոփոխություններ, եւ ժողովուրդների տեղն ու դերը նոր աշխարհակարգում կախված է լինելու նրանց առաջադիմական կամ հետադիմական աշխարհայացքից, յուրաքանչյուր ժողովուրդ իր ենթագիտակցական ընտրությունը կատարում է` ելնելով իր պատմական փորձից:

Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետությունը, նույնպես կանգնած լինելով ընտրության առաջ, ստիպված է կա°մ կառչած մնալ ամեն առաջադիմություն մերժող, մեկուսացած ու քարացած 1500-ամյա արժեքներին, կա°մ իր մեջ ուժ գտնելով` խիզախել ոտք դնելու նորօրյա թեկուզեւ անհայտ, բայց հաղթարշավող քաղաքակրթական ուղու վրա: Քաղաքակրթական ճիշտ ընտրություն կատարելու համար, ինչպես նշեցի, ժողովուրդները ելնում են իրենց պատմական փորձից, եւ այս առումով հայ ժողովուրդը, կարծում եմ, իր հայացքը պետք է ուղղի ոչ թե բուն Հայաստանի պատմությանը, որտեղ գրեթե ոչինչ չկա առաջադիմական, այլ 11-րդ դարում ստեղծված Կիլիկյան Հայաստանի պատմությանը: Քանի որ քրիստոնեությունն ուներ ինտերնացիոնալ բնույթ, վաղ միջնադարից սկսած` հայ ժողովրդի համար ազգ եւ հայրենիք հասկացությունները ստորադասված էին քրիստոնյա եւ քրիստոնեահպատակ հասկացություններին: Այս պատճառով 11-րդ դարում հանուն քրիստոնեական արժեքների պահպանման` տասնյակ հազարավոր հայեր իրենց թագավորների հետ լքում էին Հայաստանը` բնակություն հաստատելով Բյուզանդիայի ներքին տարածքներում: Բնակության նոր վայրերում, բազմաթիվ ազգերի հետ գոյության դաժան պայքարի պայմաններում հայ ժողովրդի մեջ ձեւավորվում էր նախկինից տարբերվող` նոր աշխարհայացք եւ աշխարհընկալում: Նոր արժեքային համակարգով եւ նոր իդեալներով կիլիկյան հայերը փաստորեն ձեւավորում էին բոլորովին նոր ազգային ինքնագիտակցություն: Կիլիկիան, լինելով տարբեր ազգերի ու կրոնների խառնարան, երկար դարեր վերածվել էր պատերազմների թատերաբեմի: Հայերը տեսնում էին, թե ինչպես են կաթոլիկները հանուն իրենց իշխանության դաշնակցում մուսուլմանների հետ՝ ընդդեմ ուղղափառների, կամ մուսուլմանները` քրիստոնյաների օգնությամբ` նվաճում իրենց հավատակիցներին: Այս պայմաններում կիլիկյան հայերը ստիպված էին վերանայել նախկինում արմատացած, դոգմատիկ ըմբռնումները ժողովուրդների կյանքում կրոնի ունեցած դերի ու նշանակության մասին: Աշխարհայացքի այսպիսի փոփոխությունը կիլիկյան հայերի մեջ պետք է առաջացներ ամեն գնով պետություն ունենալու եւ անկախ ապրելու ցանկություն: Նրանք սկսեցին նպատակասլաց եւ հետեւողականորեն իրականացնել իրենց ազգային իդեալը` այդ ճանապարհին խտրություն չդնելով միջոցների մեջ: Նոր աշխարհայացքի ձեւավորումը լավագույնս դրսեւորվեց Կիլիկյան Հայաստանի թագավորության, ըստ էության, հիմնադիր Մլեհ իշխանի գործողություններում, որը կարող է ուսանելի օրինակ ծառայել այսօրվա Հայաստանի պետական գործիչների համար:

Իշխան Մլեհն իր խնդիրների լուծման ճանապարհին նախ դաշնակցեց կաթոլիկների հետ՝ ընդդեմ մուսուլմանների եւ ուղղափառ քրիստոնյաների, այնուհետեւ մուսուլման Նուր ադ Դինի օգնությամբ հայերի դեմ կռվելով` նվաճեց եղբոր մահից հետո լատինասերների ձեռքն անցած հայրական իշխանությունը: Կիլիկիայում իշխանությունը նվաճելուց հետո Մլեհը շարունակեց պահպանել մուսուլմանների հետ ստեղծված դաշինքը` նրանց հետ գրավելով եւ միմյանց միջեւ բաժանելով շրջակա քրիստոնյա իշխանությունների տարածքները: Մլեհին բացարձակապես չէր հետաքրքրում, թե ում օգնությամբ եւ ում հաշվին կհզորանա ու կծավալվի իր իշխանությունը. նա մի գերխնդիր ուներ միայն՝ վերականգնել հայոց պետականությունը, եւ դա իրականացնում էր առանց ձեւականությունների եւ հետեւողականորեն: Հայ ժողովրդի վերջին 1700-ամյա պատմության մեջ մեզ հայտնի ընդամենը հինգ երեւելի գործիչ կա, ովքեր անտեսել են կրոնական նախապաշարումները` հանուն պետության շահերի, եւ հինգն էլ հասել են զգալի հաջողությունների` ապահովելով հայ ժողովրդի այսօրվա գոյությունը: Առաջինը Պապ թագավորն է, որն անկախացրեց Հայոց եկեղեցին Հռոմի ենթակայությունից, եւ մինչեւ այսօր այն ինքնուրույն է, բարելավեց հարաբերությունները զրադաշտական Պարսկաստանի հետ, որի պատճառով սպանվեց՝ իշխելով ընդամենը 5-6 տարի: Հաջորդը Թեոդորոս Ռշտունին է, որը պայմանագիր կնքելով արաբների Խալիֆ Մոավիայի հետ` հիմք դրեց քաղաքական այն գծին, որը շարունակելով` Բագրատունիները կարողացան վերականգնել հայոց թագավորությունը: Ե°վ Պապ թագավորը, եւ° Թեոդորոս Ռշտունին անիծվեցին քրիստոնյա հայ պատմիչների կողմից` անհավատների հետ համագործակցելու պատճառով: 1722թ. Դավիթ-Բեկը, ստեղծելով Սյունիքի իշխանապետությունը, երբեմն համագործակցում էր պարսիկների հետ` ընդդեմ Օսմանյան Թուրքիայի: Եվ վերջապես, նույն Սյունիքում 1919-21թթ. Գարեգին Նժդեհը սկզբում կռվելով թուրքերի ու ադրբեջանցիների դեմ եւ ազատագրելով Զանգեզուրը` ընդամենը մեկ տարի անց այն Հայաստանին միացնելու համար պայքարում համագործակցում էր երեկվա թշնամիների` եւ ադրբեջանցիների ու քրդերի, եւ պարսիկ խաների հետ` ընդդեմ հայ եւ ռուս բոլշեւիկների: Արդյունքն այսօր ակնհայտ է: Այս հինգ գործիչների մեջ Մլեհը միակն էր, որ հայրենիքից հեռու, օտար հողում կարողացավ ստեղծել մի պետություն, որն իրենից հետո պետք է գոյատեւեր ամբողջ 200 տարի: Ցավոք, Մլեհը նույնպես իր վարած քաղաքականության պատճառով, ինչպես եւ Պապ թագավորը, սպանվեց հայ կրոնամոլների կողմից` իշխելով դարձյալ 5-6 տարի: Եվ եթե չեմ սխալվում, հայ մեծագույն գործիչներից Մլեհը միակն է, որ իր այս գործունեության համար պաշտոնապես բանադրվեց Հայ եկեղեցու կողմից` որակվելով որպես «դեւ» եւ «սատանայի գործակից»: Սա կարելի է ճշտել եկեղեցու արխիվներից, համենայն դեպս` նրա մահից հետո հայ ժողովուրդը դարերի ընթացքում երբեք իր զավակներին չկոչեց Մլեհ անունով:

Մլեհը շատ լավ էր հասկացել, որ պետության համար դաշնակիցները գործիքներ են, որոնք մաշվելիս պետք է փոխել: Իսկ գործիքները լինում են արդյունավետ կամ անարդյունավետ եւ չեն ունենում կրոնական պատկանելություն: Այսօր Հայաստանի Հանրապետությունը, եթե ուզում է իր արժանապատիվ գոյությունը ապահովել նոր ձեւավորվող համաշխարհային քաղաքակրթական համակարգում, ուրեմն պետք է ձեւավորի իր քաղաքական իդեալը, իր քաղաքական լեգենդը, այլ կերպ ասած՝ ի°ր սրբազան կեղծիքը: Եվ այդ լեգենդի պատմական հիմքը Մլեհի կերպարն է: Վերլուծելով մեր տարածաշրջանի պատմությունը` տեսնում ենք, որ Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահելու համար Բյուզանդական կայսրությունը, անտեսելով հզորագույն հայկական տարրը, դաշնակից ընտրեց վրաց ժողովրդին: Փորձելով տարածաշրջանում ապահովել վրացական գերիշխանությունը` նա տեղահանեց տասնյակ հազարավոր հայերի` վերաբնակեցնելով նրանց կայսրության ներքին տարածքներում: Այս քաղաքականության արդյունքում, 1071թ. Մանազկերտի ճակատամարտից հետո Բյուզանդիան դուրս մղվեց տարածաշրջանից: Ժամանակին բոլշեւիկյան Ռուսաստանը, մասնատելով հայկական տարածքները, դարձյալ նախապատվությունը տարածաշրջանում տվեց Վրաստանին եւ Ադրբեջանին: Այսօր էլ Ռուսաստանն է անխուսափելիորեն պարտվում Կովկասի համար պայքարում:

Նորագույն քաղաքականության ճարտարապետները, որպեսզի ապագայում չարժանանան Բյուզանդիայի եւ Ռուսաստանի ճակատագրին, անշուշտ, կկարողանան ճիշտ գնահատել հայ ժողովրդի դերն ու նշանակությունը տարածաշրջանային գործընթացներում եւ կվերանայեն իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Բայց դրա համար նախեւառաջ Հայաստանը պետք է որդեգրի Մլեհյան քաղաքականություն:

Շանթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայտարարություն

Հարգարժան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան.

Գնահատելով Ձեր՝ օտարից անկախ, ինքնուրույն պետական քաղաքականություն վարելու եւ Թուրքիայի հետ դիվանագիտական կապ հաստատելու փորձը, այնուամենայնիվ, ուզում ենք հիշեցնել, որ Թուրքիան մեր թիվ 1 թշնամին է (այս երկրի անվտանգության հայեցակարգում Հայաստանը Թուրքիայի թիվ 2 թշնամին է Հունաստանից հետո):

Եվ քանի դեռ ակնհայտ դրսեւորումներով այս թշնամական երկիրը ներում չի հայցել ու չի փոխհատուցել անցած դարասկզբին կատարած ցեղասպանության համար, Դուք  իրավական ու բարոյական իրավունք չունեք որեւէ հարաբերություն (այդ թվում՝ դիվանագիտական) հաստատել Թուրքիայի հետ՝ առանց հայության համապարփակ շահն ու կամքը հաշվի առնելու:

Այլապես, այդ հարաբերությունը մենք կհամարենք ներազգային բարոյականից դուրս: Ուստի՝ կոչ ենք անում դադարեցնել առանց նախապայմանների սահմանները բացելու ամեն մի բանակցություն:

Արիական առաքինության համաձայն,  ներում են միայն պատժելուց հետո, իսկ Թուրքիան նույնիսկ ներում չի հայցել եւ չնչին իսկ պատիժ չի կրել միլիոնավոր հայերի կոտորածների ու մեր հայրենիքի մի մեծ հատվածին տիրանալու համար: Մինչդեռ Դուք արդեն պատրաստ եք ներելու եւ հարաբերություն հաստատելու:

Կարծում եք՝ այդ իրավունքը միանձնյա ունե՞ք…

Միայն որոշակի պայմանների  բավարարման դեպքում մենք ճիշտ կհամարենք Թուրքիայի հետ բանակցելն ու հարաբերություն հաստատելը:

Մեր նախապայմաններն են՝ Թուրքիան պետք է.

1. Ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, ներում հայցի հայ ազգից եւ բավարարի հայության պահանջատիրական իրավունքները:

2. Չեզոքություն պահպանի Արցախի խնդրի կարգավորման հարցում:

3. Դադարեցնի պետական մակարդակով տարվող հակահայ հետեւողական քաղաքականությունը:

Հայ Արիական Միաբանության «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպություն

16.07.2008թ.

——————————————————————————————

Համահայկական

ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ  ՀԵՂԱՓՈԽՈԻԹՅՈՒՆ

 Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆ
(սկիզբը` նախորդ համարներում)

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ՆՐԱՆՔ, ԻՐԵՆՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ՈՉԻՆՉ ԱՆՀՆԱՐ…

Մեր երկրի վերջին 17-18 տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ դասական քաղաքականությունը և քաղաքագիտությունը կարծես թե լուծում չունեն մեր իրականության համար: Ժողովրդի պատմական անցյալով և հասարակարգի փոփոխությամբ պայմանավորված բացասական դրսևորումների հանրագումարային ազդեցությունը հետզհետե աղավաղում է հանրային կյանքի նորանոր ոլորտներ, մարդը դառնում  է էլ ավելի անպաշտպան, բարոյահոգեբանական վիճակը դառնում է առավել աղետալի: Այս ամենը շատերին դրդում է խոր անհուսության, և հաճախ կարելի է լսել «ելք չկա» արտահատությունը:

Ելք, իսկապես, չկա, բայց` դասական քաղաքագիտության տիրույթներում:

Ոչ ստանդարտ մեր իրողության լուծումը ևս ոչ ստանդարտ է: Այն գտնվում է բոլորովին այլ հարթության մեջ, դրան հասնելու համար այլ որակի (հմտությունների ունակ) Որոնողներ են հարկավոր:

Այդ լուծմանը հասու լինելու համար նախևառաջ հարկավոր է գիտակցել, որ մարդը պարզ սոցիալական էակ չէ, նա Աստծո ստեղծած բարդ էակ է և ազդման-ընկալման հայտնի օջախներից զատ ունի այլ օջախներ ևս: Ապա հարկավոր է բավարար պատկերացում ունենալ այդ օջախների և դրանց վրա ազդելու մեխանիզմների մասին: Եվ ամենակարևորը` հարկավոր է գիտակցել, որ մարդը Տիեզերքի կենտրոնը չէ ամենևին, նրանից դուրս կան աներևույթ ուժեր, որոնք էլ կառավարում են Տիեզերքը, որոշում մարդու, ազգի, երկրի ճակատագիրը: Պատմությանը հայտնի բոլոր խոշոր անհատները, մեծ վերելք ապրած բոլոր ազգերն ունեցել են այդ ուժերի աջակցությունը: Իսկ այդ աջակցությունը վաստակելու համար հարկավոր է ունենալ այդ ուժերին ընդունելի նպատակներ և սեփական վարքով նվաճել նրանց համակրանքը:

Գրքի հետագա շարադրանքն ընկալելի դարձնելու համար անհրաժեշտ հակիրճ այս մուտքից հետո անցնենք հանրային գիտակցության արմատական փոփոխության գերմանական փորձի ներկայացմանը, որն իմանալը մեծապես կօգնի հաղթահարել մեզանում տիրող անհուսությունը և դուրս գալ իրատեսական ելքի շավիղը:

Տարընթերցումներից խուսափելու նպատակով հեղինակը հարկ է համարում ասել սկզբից ևեթ, որ ամենևին չի առաջարկում ընդօրինակել ներկայացվող փորձը (ներքոբերյալ նյութին ծանոթանալուց հետո ընթերցողն ինքը կհամոզվի, որ այն, ինչ արվեց գերմանացիների կողմից, ընդօրինակելը գրեթե անհնարին է): Հեղինակը նաև որևէ նպատակ չունի վերարժեվորել անցած դարի 20-40 թվականների պատմական եղելությունը: Նպատակն է` ետ քաշել խորհրդային շրջանից առկա պատմական վարագույրները և քննելով մեզանից թաքցված իրականությունը, փորձել ավելի լավ ճանաչել աշխարհը և ճանաչելով` ջանալ հնարավորինս հաշվի առնել աշխարհի փորձը մեր ազգի առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու համար:

Եվ այսպես, 1918-20 թվականների Գերմանիա. պատերազմում ջախջախված, միջազգային պայմանագրերով նսեմացված, անկազմակերպ:

Առանձնակի չենք սևեռվի երկրում տիրած տնտեսական, քաղաքական, սոցիալ-հոգեբանական իրավիճակի ներկայացման վրա, քանի որ այն բավականին նման է եղել մեր այժմյան իրականությանը: Այդ նմանությունը վերջերս զարմացրել էր մեր թերթերից մեկին ու  հատվածներ էր տպագրել մեզ հետաքրքրող շրջանի մասին եղած հուշագրություններից:

Նմանություններով հանդերձ, մեր և նրանց իրավիճակներն ունեն նաև էական տարբերություններ: Մեր վհատության մեջ մասնաբաժին չունի պարտվածի հոգեվիճակը: Ի տարբերություն գերմանական քննվող իրականության, մենք հաղթող կողմ ենք, թեպետ կարծես թե մոռացել ենք այդ մասին: Սա նշանակում է, որ ազգային վերափոխում ապահովելու գործում, կոնկրետ այս առումով, մենք գտնվում ենք համեմատաբար բարենպաստ մեկնարկային վիճակում: Բայց և մյուս կողմից, 1918-20 թվականների գերմանացիներին զիջում ենք քաղաքակրթվածության տեսանկյունից. նրանք կայսրություն ապրած, համաշխարհային մտքի տիտաններ ու դպրոցներ տված  հանրություն էին, մինչդեռ մեր մոտակա մի քանի հարյուր տարվա անցյալը նման փայլ չի ունեցել: Այս փաստարկների ներկայացումը նպատակ ունի առավել արագ խանդավառվողներին զգուշացնել, որ գերմանական փորձի մեխանիկական պատճենահանումը հնարավոր է արդյունք չտա մեր իրականության մեջ: Ինչևէ, շարունակենք: Գերմանիայում լիակատար անհուսություն էր, ու թե այդ անհուսությունը որքան էր խորը, պատկերացում է տալիս հետևյալ միջադեպը: Ազգային-սոցիալիստական կուսակցությունը նոր-նոր սկսել էր իր քարոզչությունը: 1923 թվականին գերմանացի մի մեծահարուստ իր տուն է հրավիրում կուսակցության երևելիներից մեկին, հայտնում, որ հավանում է նրա ելույթները և պատրաստ է իր ողջ կարողությունը նվիրել կուսակցությանը: Սակայն մի պայման է նա դնում այդ գործչի առջև. երբեք և ոչ մի դեպքում չփորձել համոզել իրեն, որ գերմանացիներից հնարավոր է ազգ ստանալ: «Գերմանացիները անհույս մի բազմություն են,- գտնում է մեծահարուստը, – և ոչինչ այլևս չի փրկի նրանց»:

Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ անհնարին ոչինչ չկա և անհույս համարվող մարդկային բազմությունից հնարավոր է գերհզոր ազգ ձուլել:

Սա հատուկ շեշտվում է մեր այն հոռետեսների համար, ովքեր նկատի ունենալով մեր ժողովրդի վարքի բացասական դրսևորումները` չեն զլանում հուսահատեցնել ամենքին, կրկնելով` «Այսպես եղել է, այսպես կա ու այսպես էլ կլինի»:

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ տեղի ունեցավ Գերմանիայում, ինչպե՞ս հաջողվեց հուսահատ բազմությանը դարձնել համաշխարհային տիրապետության հավակնող ազգ: Եվ ինչու՞ հենց գերմանական ազգայնականությունը հասավ շոշափելի արդյունքների, երբ քննարկվող պատմական ժամանակահատվածում ազգայնականությունը մոդա էր Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում: Ինչու՞ նույն շրջանի իտալական, իսպանական ազգայնական կառավարությունները շոշափելի հետք չթողեցին իրենց ազգի հետագա վարքագծի վրա, մինչդեռ գերմանական ազգը անգամ երկրորդ համաշխարհայինում ջախջախիչ պարտություն կրելուց հետո պահպանել ու պահպանում է նախանձելի հավաքականություն, համարվելով աշխարհի ամենակազմակերպված հանրություններից մեկը:

Ողջ գաղտնիքն այն է, որ գերմանական էլիտան չբավարարվեց դասական քաղաքագիտության ձեռքբերումներով և գտնելով, որ դրանք հանրային գիտակցության անհրաժեշտ փոփոխությունն ապահովել չեն կարող, շեշտը դրեց ազդման ոչ ստանդարտ մեթոդների վրա:

Նկատենք, որ այդ նույն ժամանակներում տիկին Ե. Բլավատսկայան հասցրել էր մոդա դարձնել պրակտիկ գիտության, արևելյան օկուլտիզմի և եվրոպական տրադիցիոն միստիցիզմի համադրումը: Այդ մոդան շրջում էր եվրոպական բարձրաշխարհիկ սալոններում: Ապա Անգլիայում ստեղծվեց «Ոսկե Լուսաբաց» անունը կրող նոր-հեթանոսական մի խումբ` նպատակ ունենալով ստանալ մարդկությանը հուզող շատ և շատ հարցերի պատասխաններ: Այս տենդենցի առաջացումը հրահրել էր շումերական սեպագրերի հայտնագործումը, որոնց ընթերցումից պարզվեց, որ Ավետարանի պատմություններն ունեցել են նախատիպեր: Դրանից հետո արդեն մարդկության պատմության ավանդական պատկերացումները սկսեցին սասանվել և շատ ու շատ ազգեր սկսեցին որոնումներ կատարել` պարզելու համար սեփական խոր անցյալը:

Դեպի սեփական հեռավոր անցյալը հայացք ուղղելու գործում ետ չէին մնում նաև գերմանացիները: Նախ Յակոբ Գրիմմը լույս  ընծայեց «Գերմանական դիցաբանություն» անվանումով գիրքը գերմանական ազգի հեթանոսական ժառանգության մասին: Ապա հայտնվեց Վագների պես հսկան, և այդ շրջանից սկսած Գերմանիայի և Ավստրիայի տարածքում սկսեցին ստեղծվել «ֆոլկեշե»` ժողովրդական խմբեր, լիգաներ, օրդեններ` նպատակ ունենալով վերականգնել հնագույն շրջանի մշակութային, կրոնական-մոգական ավանդույթները:

Այս հովերով տարված, 19-րդ դարի վերջին ավստրիական Լամբախ քաղաքի բենեդիկտական մենաստանի վանահայր Թեոդոր Հագենը ժամանակի ընթացքում մոռացված էզոթերիկ գիտելիքներ որոնել-գտնելու նպատակով ճանապարհվում է Մերձավոր Արևելք: Այնտեղից նա իր հետ բերում է բազմաթիվ հին ձեռագրեր, որոնց բովանդակությունը հանելուկ էր անգամ հոգևորականների համար: Վանահայրը հանձնարարում է վարպետներին վանքում կատարել մի շարք տարօրինակ բարելյեֆներ, որոնց հիմքում կեռխաչն էր:

Զարգացնելով պանգերմանական գաղափարախոսությունը, Գվիդո ֆոն Լիստն իր «Հնդգերմանների միստերիական լեզուն» գրքում գրեց, թե գերմանական ավանդույթները բացառիկ կրողն են նախնիների հոգևոր և իմաստնության արժեքների, նախնիներ, որ ապրել են հետագայում ջրասույզ եղած Արկտոգեա հնագույն երկրում, որի մայրաքաղաքը Ֆուլեն էր:

Շատ չանցած, Մյունխենում ստեղծվում է մի նոր օրդեն, որն իրեն կոչում է Ֆուլեի միություն: Այդ միության զինանշանը կաղնու տերևների ֆոնի վրա պատկերված սուրն էր:

Առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտությունից հետո խոր անհուսություն համակեց գերմանացիներին, և երկիրը գլորվում էր անորոշության վիհը: Ազգի և երկրի ճակատագրով մտահոգ ինտելեկտուալ որոշ շրջանակներ նախաձեռնեցին մի շարժում, որը նպատակ ուներ նախ կասեցնել երկրի ետընթացը թե’ տնտեսական, թե’ բարոյահոգեբանական առումով, և ապա երաշխավորել միաժամանակ և’ ազգի վերածնունդ, և’ նորացում: Իրենց առջև դրված դժվարին այս խնդիրները լուծելու համար նրանք փորձարկեցին խորապես մշակված մի մեխանիզմ, որի էությունը հետևյալն էր. որևէ հանրության գիտակցության արմատական և արտառոց վերափոխում ապահովելու համար հարկավոր է`

– այդ հանրության պատմության էջերի վրայով ետ գնալ` մինչև նրա կյանքի հերոսական մի դրվագը (ցանկալի է` ամենահերոսականը),

– պարզել, թե արժեքային ինչ համակարգ ունենալն է ապահովել հերոսական այդ շրջանը,

– մշակել և կիրառել հանրային գիտակցության վրա ազդելու յուրահատուկ համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի վերակենդանացնել արժեքային հին համակարգը և այն կրող մարդուն:

Հանրային գիտակցության վերափոխման այս եղանակը կոչվեց «կոնսերվատիվ հեղափոխություն», հեղափոխություն, որի հաջող իրականացման դեպքում տվյալ հանրությունը ժամանակի մեջ ոչ թե առաջ, այլ ետ էր գնալու: Ճշտենք` խոսքը անցյալին վերադարձի մասին չէ, քանի որ պահպանման ենթակա էր համարվում ոչ թե կոնկրետ պատմական կացութաձևը, այլ անխորտակելի արժեք ունեցող սկզբունքների համակարգը: Այս հեղափոխության նպատակը ոչ թե տնտեսական, այլ հոգեւոր թռիչքային փոփոխություն իրականացնելն էր:

Շարժման նախաձեռնողները որպես վերակենդանացման ենթակա փուլ ընդունեցին Սրբազան հռոմեական կայսրության շրջանը, երբ կայսրերը ծագումով գերմանացիներ էին, իսկ որպես հիմնային ճանաչվեց հին արիական արժեքային համակարգը: Հանրության վերափոխումն առավել արագ իրականացնելու նպատակով նրանք առանձնացրին և հասարակական կյանքում հատուկ դերակատարություն տվեցին իրենց ժամանակակից հյուսիս-գերմանական` նորդական ցեղերին, քանի որ, համաձայն ուսումնասիրությունների արդյունքների, վերջիններիս մոտ համեմատատաբար լավ էին պահպանվել հինգերմանական հատկանիշները:

Մեզ հետաքրքրող հետագա իրադարձություններում առանձնակի դերակատարություն է ունեցել Ֆուլեի միությունը, այդ պատճառով ուշադրություն կդարձնենք հատկապես նրա գործունեությանը:

Ֆուլեականներն էզոթերիկ այլ խմբերի հետ համատեղ  մշակեցին  «գերմանացիների ռասայական մաքրության և բարոյական վեհության ապահովման» համընդգրկուն մի համակարգ, որի հետագա կիրառումը, ինչպես ցույց տվեց կյանքը, ապահովեց կոնսերվատիվ հեղափոխության  իրականացումը և պայթյուն առաջացրեց երկրագնդի վրա: Ստորև ներկայացվում են այդ համակարգի ստեղծման պատմությունը և հիմնական բաղադրատարրերը:

ՀԱՄԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳԵՐԽՆԴԻՐ

Դասական քաղաքագիտության գործիքները նվազ ազդեցիկ համարող ֆուլեականները գտնում էին, որ հանրային գիտակցության պահանջվող վերափոխումն իրականացնելու համար անհրաժեշտ է հասարակության առջև դնել համատիեզերական, համամոլորակային չափանիշների մի գերխնդիր և այդ գերխնդրից բխող մեսիականության հավատ ներարկել հասարակությանը. նման պարագայում հասարակությունը գերկոնսոլիդացնում է իր ուժերը, և ներքին պրոբլեմները լուծելը դառնում է դյուրին:

Գերմանական հանրության համար նման գերխնդիր գտնելու նպատակով ֆուլեականները մանրակրկիտ ուսումնասիրեցին արիական ժողովուրդների անցյալը և ստեղծեցին դիցաբանական յուրահատուկ համակարգ, համաձայն  որի հնում եղել է հզոր քաղաքակրթություն, որը կործանվել է, բայց այն կրող որոշ ատլանտներ պահված են ընդերքում:

Արարումն ավարտված չէ,-գտնում էին ֆուլեականները:- Մարդը մոտենում է վերափոխման նոր փուլի:  Երկրի ընդերքից դուրս կգան գիգանտները և նոր կարգ կհաստատեն: Ողջ կմնան ժողովուրդներից քչերը, նրանցից էլ` ընտրյալ անհատները միայն: Նո’ր մարդիկ կառաջանան, արարչագործական ավյունը կտրվի նրանց, նրանց հոգին կընդլայնվի Տիեզերքի ողջ չափով, մարդը նորից կդառնա մարդ-աստված, և կյանքից կարտաքսվեն բոլոր արատները, որ հատուկ են ցածր տեսակներին: Մարդը կդառնա աննկուն ու հրեղեն, ում նաև տարերքը կլինի ենթակա:

Բոլոր այն ժողովուրդները, ովքեր չեն գիտակցի սա և ինքնակամ վերափոխման չեն գնա, կոչնչացվեն մարդ-աստվածների կողմից կամ համարվելով աղբ, անասուն` կօգտագործվեն նրանց կողմից որպես բանող ուժ: Իսկ այն ժողովուրդը, որը կապահովի իր վերափոխումը, մարդ-աստվածների կողմից կընկալվի որպես կրտսեր եղբայր ու կընդունվի նրանց կողմից:

Եվ այսպես` գտնվեց գերխնդիրը. որպեսզի գերմանական ժողովուրդը խուսափի ոչնչացումից և լուսավոր ապագա ունենա, հարկադրված է հասնել վերափոխման, դառնալ կատարյալ և, ամենակարևորը, ամեն կերպ նպաստել աստվածային կարողությամբ գերմարդու ի հայտ գալուն: Իսկ դա կարելի էր անել, ըստ ֆուլեականների քարոզչության, գերմարդու համար անհրաժեշտ կենսատարածք ապահովելու նպատակով գրավելով հնագույն արիական տարածքները` Արևելյան Եվրոպան, Թուրքմենստանը, Պամիրը, Գոբին և Տիբեթը: Ֆուլեականները հավատացնում էին, որ եթե գերմանական ազգը կատարի այդ միսիան, ապա բարի վերաբերմունքի կարժանանա գերմարդու կողմից և տեղ կունենա վերափոխված աշխարհում:

Միության անդամները գտնում էին, որ հին քաղաքակրթության ոչ բոլոր գաղտնիքներն ու գիտելիքներն են անհետացել: Նրանք հավատում էին, որ կան հատուկ միջնորդ-էակներ մարդկանց ու Այն աշխարհի միջև, և այդ միջնորդները տիրապետում են կորած համարվող գաղտնիքներին: Իսկ միջնորդների հետ առնչվել կարող էին միայն նվիրյալները: Ֆուլեականները հավատում էին, որ այդ էակներից կարելի է ստանալ նաև անհրաժեշտ ուժ և հզորություն ու աշխարհում ապահովել Գերմանիայի առաջնորդությունը` գերմարդու ի հայտ գալուն նպաստելու համար:

Միությունը ուսումնասիրում է արիական ժողովուրդների բոլոր հնագույն խորհրդանիշները, ծեսերը, զինանշանները, այն ամենը, ինչը միստիկական ազդեցություն կարող էր ունենալ մարդկանց վրա: Ապագա բանակի համար տեղայնացվում են հին-հռոմեական լեգեոնների «արծիվ» կոչվող զինանշանները, ողջույնի շարժումները:

Կամենալով դրսևորել քաղաքական ակտիվություն` Ֆուլեի միության յոթ անդամներ (իսկ այդ թիվը խիստ հատկանշական էր) 1923 թվականին հիմնում են ազգային-սոցիալիստական կուսակցությունը: Քաղաքական այդ կառույցի գլխավոր կարգախոսը հետևյալն էր` գերմանացիները պիտի լինեն Եվրոպայի էլիտան և տիրեն այն, իսկ գերմանացիների էլիտան լինելու է ազգային-սոցիալիստական կուսակցությունը: (Ֆուլեի միության իրական հզորության և թափի մասին պատկերացում կազմելու համար տեղեկացնենք, որ կուսակցությունը միության մասնաճյուղերի ցանկում ընդամենը 34-րդն էր):

ԳԻՐՔ-ՔԱՐՈԶԻՉ, ՄԵՍԻԱ

ՄԻ խումբ ֆուլեականներ ստեղծում են «Իմ պայքարը» գիրքը: Գիրքը սկզբից ևեթ նպատակաուղղված է եղել կոմերցիոն հաջողության, այն գրված էր լոզունգային ոճով, նախատեսված էր հնարավորինս լայն լսարանի համար: Մասնագետների գնահատումներով գիրքը կառուցված է ոչ պրոֆեսիոնալ կերպով, որը հանգեցնում է այն հետևության, թե գիրքը հատուկ գրված է սոցիալական ցածր շերտերի համար` նրանց կուսակցության մեջ ներգրավելու համար:Մյուս կողմից, գիրքը ստեղծողները գտնում էին, որ առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտությունից հետո առաջացած հոգեբանական վակուումը հարկավոր էր լցնել որևէ գաղափարախոսությամբ:

Ֆուլեականները հմտորեն օգտվեցին մեկ այլ հանգամանքից ևս: Ստացվել էր այնպես, որ 20-ականների սկզբներին ծայրահեղ աջերի մոտ առաջացել էր հերոսական, քվազիմեսիայական ղեկավարության գաղափարաբանություն: Դրան երևի թե նպաստել էր նաև այն, որ  Ե. Բլավատսկայան մինչ այդ եվրոպացիների գիտակցության մեջ արթնացրել էր նոր մեսիայի գալստյան գաղափարը: Ֆուլեականները, օգտագործելով ձեռքի տակ եղած քարոզչական ողջ մեխանիզմը, խնդիր դրեցին իրենց առջև Հիտլերին հանրությանը ներկայացնել որպես մեսիա, որպես փրկիչ: Ինչը նրանց հաջողվեց:

ՀՌԵՏՈՐ

Ֆուլեականները լուրջ ուշադրություն էին դարձնում հռետոր-քաղաքական գործիչ ունենալուն, ինչը կարևոր էր զանգվածներին իրենց գաղափարների շուրջը համախմբելու գործում:

Մշակվեց հռետոր-քաղաքական գործչի յուրահատուկ շարժուձև, պահվածք, որի համար մի քանի արշավախմբեր հասան հեռավոր Տիբեթ:

Նրանք գտնում էին, որ « … Միայն բանավոր խոսքն է ի վիճակի արմատական հեղաշրջում իրականացնել ուղեղներում: …Համաշխարհային մեծագույն հեղաշրջումների ժամանակ գլխավոր գործոնը միշտ եղել է բանավոր և ոչ տպագիր խոսքը…

… Լայն զանգվածները ենթարկվում են նախ և առաջ բանավոր խոսքի ազդեցությանը: Բոլոր մեծ շարժումները ժողովրդական շարժումներ են: Դրանք մարդկային կրքերի և հոգեկան ապրումների հրաբխային ժայթքումներ են: Դրանց կյանքի է կոչում կարիքի դաժան աստվածուհին կամ էլ խոսքի բոցե ուժը: Ժողովրդի ճակատագիրը փոխել կարող է միայն բոցե կրքի ուժը: Իսկ ուրիշների կրքերը կարող է բորբոքել նա, ով անկիրք չէ: Միայն կիրքն է տալիս ընտրյալին այնպիսի բառեր, որոնք կայծակի հարվածի պես բացում են դեպի ժողովրդի սիրտ տանող ճանապարհի դարպասները:

…Հարկավոր է նախևառաջ գիտակցել, որ զանգվածները չեն կարող բավարարվել միայն գաղափարական կոնցեպցիաներով: Հասկանալը բավականին խախուտ հենարան է զանգվածների համար: Պրոպագանդան պիտի հաշվի առնի լսարանի պատրաստվածության աստիճանը և սահմանափակի քարոզչության ինտելեկտուալ մակարդակը: Տարրական «սևը` սպիտակի դեմ»-ը ավելի նախընտրելի է ծանր մտքերից… Թեման պիտի լինի պայթուցիկ…  Թեև շատերը զգում կամ գիտակցում են մեր հիմնական գաղափարների ճշմարտացիությունը, այնուամենայնիվ հարկավոր է, որ սկզբում հանդես գա մեկ մարդ և շարադրի ուսմունքը անհերքելի ուժով: Միայն այդ դեպքում միլիոնների մոտ հավատը կձևավորվի վերջնականապես: Միայն այդ դեպքում նրանց առջև կլինի ոչ թե անձև մի գաղափար, այլ հավերժ անդրդվելի սկզբունք: Միայն այդ դեպքում կստեղծվի միասնական և խորտակելի հավատի երկաթյա ժայռ, միայն այդ դեպքում կառաջանա միլիոնների միասնական կամք` ունակ հաղթահարելու բոլոր արգելքները… »:

ԱՅԼ

Ֆուլեականները յուրացրին ժամանակի ամերիկյան պրոպագանդայի մեթոդները, դրանք վերածեցին գերմանականի և կարողացան հոգեբանորեն ազդել լսարանի վրա: Կիրառեցին երկու կարևոր գործոն`

-զանգվածների մոտ առաջացրին ֆանատիկ հավատ առաջնորդի հանդեպ, որը երբեմն հասնում էր հիստերիայի,

– գտան դեպի պրուսական հոգի տանող բանալին և հրահրեցին նախկինում գործած օրդենների, միությունների ջանքերով ստեղծված արժեքները` սեր կարգապահության հանդեպ, անանձնական հերոսական ինքնամոռացում, հավատարմություն և այլն:

Փողոցային կռիվներում զոհված Խորստ Վեսելին դարձրին քաղաքական հալածյալ, հերոս, ընդօրինակման արժանի համագերմանական կերպար:

Հրատարակեցին մի պամֆլետ, որը դարձավ օրինակելի  գործ քարոզության համար: Բերենք մի հատված պամֆլետից. «Ինչու՞ ենք մենք ազգայնական: Մենք ազգայնական ենք, քանի որ ազգի մեջ ենք տեսնում մեր գոյության պաշտպանությունն ու աջակցությունը: Ազգը դա մարդկանց օրգանական միություն է` իրենց կյանքը պահպանելու և պաշտպանելու համար:  Նա, ով հասկանում է սա որպես խոսք և գործ, նա մասնիկ է ազգի:

Մենք ազգայնական ենք, քանի որ մենք, որպես գերմանացի, սիրում ենք Գերմանիան:

Մենք սոցիալիստ ենք, քանի որ սոցիալիզմի մեջ ենք տեսնում մեզ` որպես ռասսա պահպանելու միակ հնարավորությունը և նրա օգնությամբ Գերմանիայի ազատությունն ու վերածնունդը նորեն ապահովելու հնարավորությունը: Սոցիալիզմը յուրահատուկ է նախևառաջ նոր ծագող ազգայնականության բանակային ընկերայնության և արարող էներգիայի շնորհիվ: Առանց ազգայնականության` սոցիալիզմը տեսություն է, տեսիլք, դասագիրք, ոչինչ: Իսկ ազգայնականության հետ` այն ամեն ինչ է. ապագա, ազատություն, հայրենիք:

Սոցիալական խնդիրները մեզ համար հանդիսանում են անհրաժեշտության և արդարության հարցեր: Ավելին, դա ազգի գոյատևման հարց է»:

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հանրային գիտակցության կառավարման գաղտնի մեթոդներին տեղյակ ֆուլեականները կուսակցության գործունեության ոլորտում ևս կատարեցին մի շարք նորամուծություններ: Նախ, կուսակցության ծրագրի մեջ ներառեցին այնպիսի դրույթներ, որոնք կապահովեին լայն ժողովրդականություն `

-պաշտոնների նշանակումը չի կարող լինել ծանոթության միջոցով, այլ միայն հաշվի առնելով հնարավորություններն ու որակավորումը,

– քաղաքացիների գոյության պայմանների ապահովումը պետության առաջնահերթ խնդիրն է,

– ապօրինաբար ստացված եկամուտը ենթակա է բռնագրավման,

-պատերազմի հաշվին ստացած ողջ եկամուտը ենթակա է բռնագրավման,

– բոլոր խոշոր գործարանները պիտի ազգայնացվեն,

– անհրաժեշտ է աջակցել մանր արտադրողին և առևտրականներին,

– հանրակրթական համակարգը ենթակա է ամբողջական վերափոխման,

– հարկավոր է ստեղծել ուժեղ կենտրոնական իշխանություն, որն ունակ կլինի արդյունավետ իրագործել օրենսդրությունը և այլն:

Հաջորդ քայլը կուսակցությանը ուժի, ուժեղի պատրանք հաղորդելն էր: Առաջին համաշխարհային պատերազմից հետո երկրում կային լուծարված ռազմականացված կամ կիսառազմականացված կառույցների հազարավոր անդամներ, որոնք այս ու այնտեղ փոքրիկ միավորումներ էին ստեղծել, նպատակ ունենալով ապահովել գերմանական ոգու վերածնումը: Նրանց մեջ կային այնպիսիք, ովքեր երդվել էին իրենց կյանքը նվիրաբերել հանուն այդ նպատակի:

Ֆուլեականները հայրենասիրական կոչերով նրանց հմայեցին իրենց շարքերը: Մարտականորեն տրամադրված այդ մարդկանցից ստեղծվեցին գրոհայինների ջոկատներ:

Կուսակցությունն իր առաջին իսկ համագումարի օրերին հանրությանը ցույց տվեց իր յուրօրինակությունը` համագումարի ավարտին 6000 գրոհայիններ երթ կազմակերպեցին Մյունխենի փողոցներով` ցուցադրելու իրենց ուժը:

Ստեղծվեց հատուկ ֆոնդ` օգնելու համար կուսակցության այն անդամներին, ովքեր կվիրավորվեին կամ կխեղվեին փողոցային պայքարի ժամանակ: Այս քայլը վստահություն էր հաղորդում կուսակցության ակտիվիստներին. նրանք գիտեին, որ իրենց հարազատները, ընտանիքները ու նաև հենց իրենք անօգնական վիճակում չեն հայտնվի բանտարկվելու կամ անաշխատունակ դառնալու դեպքում:

Ֆուլեականները սկսեցին բազմամարդ հավաքներ ու երթեր կազմակերպել: Այս վերջիններին պարտադիր ուղեկցում էր նվագախումբը: Լուրջ ուշադրություն էր դարձվում դրոշների առատությանը, թևկապների առկայությանը: Երթը պիտի հնարավորինս տպավորիչ լիներ և ուժի զգացողություն առաջացներ թե մասնակիցների, թե անցորդների մոտ: Մյունխենի ոստիկանությունը մի անգամ համաձայնել է թույլատրել  ազգայնականների  երթը` պայմանով, որ այն ընթանա առանց նվագախմբի ուղեկցության և որ երթի առջևից դրոշակակիրներ չքայլեն: Ազգայնականները չեն համաձայնել և ռիսկի գնալով` չեն կատարել ոստիկանների պահանջները` գտնելով, որ այդ կերպ երթը չի ունենա անհրաժեշտ ազդեցությունը մասսաների վրա:

«Զանգվածները նախ և առաջ զգում են ուժը: Տեսնելով գաղափարի համար պայքարելու պատրաստ երկու հարյուր հազար մարդու, անհատը, որ չի էլ կարողանում հասկանալ այդ գաղափարը (կամ կարիք էլ չկա, որ հասկանա), բազմության մեջ իրեն զգում է որպես մժեղիկ, որն ունակ է ընկալել միայն ընդհանուր շարժման ուժը և ճշմարտացիությունը: Նա հավատ է զգում, և այդ հավատն աճում է կիրառված ուժի տեսքից»: Իրենց այս թեզին հետևելով` ֆուլեականներն անընդհատ նախաձեռնում էին հանրահավաքներ, երթեր, արշավներ և, որ ամենևին անկարևոր չէ, ուժ էր դրսևորում այնտեղ, որտեղ դրա կարիքը կար. հատկապես քաղաքական այլ ուժերի դեմ փողոցների համար մղվող պայքարում:

«Ազգայնականության ուժը կամքի հաղթարշավի մեջ է,- գտնում էին ֆուլեականները և հավելում,- Լայն զանգվածների համար կարևորը զգացմունքի ոլորտն է: Այս կամ այն երևույթին դրական կամ բացասական վերաբերվելը զանգվածների համար  գերազանցապես որոշվում է զգացմունքներով: Զանգվածն ավելի շուտ ընկալունակ է ուժին: Նրան հարկավոր է ասել` այո կամ ոչ: Այլ պատասխան նա ընկալել չի կարող: Բայց քանի որ զանգվածն առաջնորդվում է զգացմունքներով, դժվար է ցնցել նրան: Հավատը սասանելն ավելի դժվար է, քան գիտակցությունը սասանելը: Սերն ավելի կայուն է, քան հարգանքը: Ատելությունն ավելի կայուն է, քան սովորական անբարյացակամությունը: Երկրագնդի վրա եղած բոլոր մեծ հեղաշրջումների շարժիչ ուժը մասսաների ֆանատիզմն է, երբեմն հիստերիայի հասնող, և ոչ մի անգամ շարժիչ ուժ չի հանդիսացել հանկարծակիորեն զանգվածներին գրաված որևէ գիտական գաղափար»:

ՎԱԳՆԵՐ

Հասարակության վրա ներգործելու, նրան ցանկալի հունով տանելու ամենաարդյունավետ միջոցներից է երաժշտությունը: Ֆուլեի միության անդամները սա շատ լավ գիտեին և լուրջ ուշադրություն էին դարձնում մարդկանց հրամցվող երաժշտության ընտրությանը: Այս ոլորտի հիմնասյունը Վագների (1813-1883թթ) ստեղծագործություններն էին: Վագներն ինքը այն կարծիքին է եղել, որ գերմանացիները նախորոշված են մեծ միսիայի համար, որի մասին ուրիշ ժողովուրդները պատկերացում չունեն:            Ժամանակին նրան ոգևորել էր անգլիացի հայտնի գործիչ Չեմբերլենի այն միտքը, թե գերմանացիները հանդիսանում են աշխարհի ամենաքաղաքակրթված ազգը և ունեն անվիճարկելի իրավունք լինել տերը աշխարհի:

Վագները գրել է «Նիբելունգների մատանին» չորսմասանոց («Հռենոսի ոսկին», «Վալկիրիա», «Զիգֆրիդ», «Աստվածների ոչնչացումը») օպերան` հիմնվելով սկանդինավյան և գերմանական էպոսների վրա:

«Ժողովուրդը նրանք են, ովքեր մտածում են բնազդորեն: Մենք պիտի հիմա’ գտնենք ապագայի հերոսին, ով կըմբոստանա սեփական ռասայի քայքայման դեմ: Բարբարոսա-Զիգֆրիդը շուտով կվերադառնա, որպեսզի խստագույն կարիքի պահին փրկի գերմանական ժողովրդին»,- վստահ էր Վագները:

Վագները վերը բերված իր համոզումներն ու ձգտումները ներկայացրել էր երաժշտական լեզվով, և սպասելի էր, որ նա ազգայնականների կողմից կընկալվեր որպես զտարյուն հերոս:

Վագների երաժշտությունն ունկնդիրների վրա ունենում էր միստիկական ազդեցություն: Սա հենց այն էր, ինչ հարկավոր էր ֆուլեականներին:

Վագների երաժշտությունից զատ ֆուլեականներն ստեղծեցին նաև «առօրյա-կիրառական» երաժշտության համակարգ. երգեր, քայլերգեր: Կարևորագույն երգերից էր 1870 թվականին գրված «Գերմանիան վեր է ամեն ինչից»-ը, որն օգտագործվում էր կենսատարածքի գաղափարը գերմանացիների մեջ քարոզելու նպատակով:

(շարունակելի)

——————————————————————————————

ԿԱՐԵՎՈՐԸ ՄԱՐԴ ՄՆԱԼՆ Է 

Հայրենական մեծ պատերազմի մասնակից, աշխատանքի վետերան Սամսոն Միքայելի ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ արձագանքում է իր դուստր Մարիետա Ալեքսանյանի՝ մեր թերթում տպագրված նամակին, որում առաջարկվել էր հետ վերադարձնել պատերազմի տարիներին իր հոր արած նվիրատվություններն՝

ի պատասխան նրանից խլված բնակարանի:

Ճիշտ է, որ ծնողներին դատում են իրենց իսկ երեխաները: Աղջիկս ինձ դատում է Ավետարանի այս խոսքերով. «Եթե մարդ իր ընտանիքի համար հոգս չի անում՝ անհավատից էլ վատ է»:

Թող ների ինձ իմ աղջիկը, որ չեմ կարողանում ետ վերադարձնել ինձնից խլված իմ 5-սենյականոց բնակարանը: Չեմ կարողանում, քանի որ ոչ ոք չի օգնում ինձ այդ հարցում:

1994 թվին, երբ ասացին, որ տունը վերցնում են, իմ այս աղջիկը, որն ունի տղամարդու քաջություն, ասաց. «Հայր, ես չեմ թողնի քո տունը վերցնեն, քո պատիվը նաեւ իմ պատիվն է»:

Նա Արփիկին (ով հիմա բնակվում է Հեքիմյան փողոցի իմ 5-սենյականոց նախկին բնակարանում) առաջարկեց իր տունը՝ Գրիգոր Լուսավորիչ 7 (նախկին Կոմունիստական 5) հասցեում: Արփիկի ամուսնու եղբայրը՝ Վաչոն, չհամաձայնվեց, ասելով. «Ես ճագար չեմ, որ բնակվեմ քո խոնավ տանը»: Կարծես թե ինքն էր բնակվելու այնտեղ եւ կարծես թե մերոնք ճագարներ են, որ ապրում են այնտեղ:

10 օրից հետո եկան ավտոմատներով, իրենց հետ բերին երկու ադրբեջանցի գերիների, որպեսզի տան իրերը դուրս նետեն:

Երբ գերիները կռացան, որ իրերը դուրս նետեն /այդ թվում՝ Գարիկի իրերը, որը հաղթանակից հետո զոհվեց/, աղջիկս հասցրեց գերիներին բերողներից մի ավտոմատ խլել ու ճչալ. «Ես ինձ կսպանեմ, եթե թուրքը մեր տան իրերին դիպչի»: Աղջկաս ծեծեցին ավտոմատը խլելու համար: Իր իսկ երեխաների աչքերի առաջ: Տղաս ընկավ ներվային սթրեսի մեջ: Չթողեցին միլիցիա զանգեմ՝ հեռախոսն անջատեցին:

«Դեմո» թերթում աղջիկս, իրար հետ համեմատելով 1993 թվին իմ արած բարեգործությունը եւ 1994 թվին իմ տան (Հեքիմյան 4ա բն. 24) բռնազավթումը, ուզում է ցույց տալ բոլորին, թե ինչքան տգեղ բան է արցախցու համար ուրիշի ունեցվածքը հափշտակելը: Դա է մերօրյա ողբերգությունը: Պետությունը տունը դժվարությամբ ինձ տվեց ու ծաղրելով ետ վերցրեց: Բայց ես երբեք ետ չեմ վերցնի իմ հոժարակամ տված գթությունը «Հիշատակ» ֆոնդին, ինչքան էլ որ կարիքի մեջ լինեմ:

Ես կարող էի միայն իմ 5-սենյականոց բնակարանը վարձով տալ, ծախել, այդ գումարը բաժանել իմ զավակների, թոռների, ծոռների միջեւ: Եվ դա կլիներ իմ թողած ժառանգությունը, իմ վաստակը:

Կարեւորը այս աշխարհում մեծատառով մարդ մնալն է, վատություն շատերը կարող են անել, իսկ մարդու բարի գործը դա իր բարի անունն է, որը հավիտյանս մնում է:

Ինչ վերաբերում է ինձնից խլված բնակարանին, ապա վերջին անգամ խնդրում եմ օգնել վերադարձնելու այն, վերականգնել իմ ոտնահարված իրավունքը, խնդրում եմ բոլորին:

Որպես ուսուցիչ քանի¯-քանի աշակերտներ կլինեմ դաստիարակած, որ Արցախի համար լավ մարդիկ դառնան, այլ ոչ թե հալածողներ, հափշտակողներ, ծաղրողներ: Որտե՞ղ մնաց իրար նկատմամբ հարգանքը, ինչո՞վ են մարդիկ տարբերվում գազաններից: Ո՞ւր մնաց մարդկային խիղճը:

Ես չեմ ուզում լռել, քանի որ լռելը կնշանակի ընդունել այս անարդար վերաբերմունքը:

Ս. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԻՄ ԿԱՐԾԻՔԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԸ

Շուրջ կես դար աշխատել եմ դպրոցում: Երբեք չեմ հոգնել աշխատանքից, չնայած միշտ հոգնած եմ տուն վերադարձել դպրոցից: Ասեմ, որ շարունակ աշխատել եմ ծանրաբեռնվածությամբ, սիրել եմ աշխատանքս եւ սաներիս, վայելել թե հարազատ կոլեկտիվի, թե աշակերտության հարգանքը: Երեւի սա է այն գաղտնիքը, որ սերս չի նվազել մասնագիտությանս նկատմամբ: Երկար տարիներ՝ մոտ երկու տասնամյակ, եղել եմ դպրոցի սկզբնական կուսկազմակերպության քարտուղար, յոթ տարի նվիրված տարել եմ կազմակերպչի՝ արտադասարանական եւ արտադպրոցական աշխատանքների պատասխանատուի ոչ դյուրին, բայց հետաքրքիր աշխատանքը: Համերաշխությունը ուսուցչական կոլեկտիվում եղել է նախանձելի: Աշակերտներս մշտապես ակտիվորեն մասնակցել են դպրոցական առարկայական օլիմպիադաներին եւ շահել են մրցանակային տեղեր: Շրջանավարտներից երկուսը ընտրել են իմ մասնագիտությունը, նրանցից մեկն այսօր էլ հաջողությամբ շարունակում է աշխատել հարազատ դպրոցում: Դպրոցի մյուս առարկաների ուսուցիչները միշտ էլ բարի նախանձով են նայել ռուսաց լեզվի համերաշխ մթնոլորտին: Նույնիսկ տարիներ են եղել, երբ ռուսաց եւ հայոց լեզուների ուսուցիչների մեթոդ-միավորումը դպրոցում միավորել եւ ինձ են վստահել իմ կոլեգաները, ու դրանից շահել է գործը:

Տարիներ առաջ էր: Թոշակի անցնելու տարիքս լրացել էր, բայց սիրով եւ եռանդով շարունակում էի աշխատել, միայն թեթեւ ծանրաբեռնվածությամբ: Հասարակական պարտականությունները տանում էի անտրտունջ: Արդեն 66-ամյա էի: ԿԳ նախարարությունը որոշում կայացրեց թոշակառու ուսուցիչներին ուղարկել վաստակած հանգստի: Դպրոցում ինձ հետ շարունակում էին աշխատել եւս 5-6 թոշակառու ուսուցիչներ` վաստակավոր, դարի լավագույն ուսուցիչ Ս.Խաչատրյանը, դպրոցի նախկին, 26 տարվա տնօրեն, անհատական թոշակառու Ա.Գասպարյանը եւ էլի ուրիշներ: Առաջիններից մեկը ես կամավոր դիմեցի աշխատանքը թողնելու մասին: Լավ էր, որ դպրոցում փոխարինողներ կային թե իմ, թե նշված ընկերներիս առարկաներից: Ոմանք շարունակեցին աշխատել, քանի որ այդ տարիներին փոխարինող մասնագետ չկար:

Ուղիղ մեկ տարի վայելում էի վաստակած ծերունական հանգիստս, բայց դպրոցի հետ իմ կապը չէր ընդհատվել: Շարունակ կապված էի կոլեկտիվի հետ, հաճախում էի կոլեգաներիս դասերին, կատարում երկարամյա փորձի փոխանակում, ինչը շարունակվում է առայսօր:

Ու մի օր՝ օգոստոսի վերջին օրերին, մեր տուն եկան դպրոցի տնօրեն Վ.Բեգլարյանը եւ փոխտնօրեն Մ.Հայրապետյանը եւ ինձ հրավիրեցին դպրոց: Նպատակը չասացին, բայց ես կռահեցի: Հաջորդ օրը դպրոցում եմ: Նրանք եւ մյուս փոխտնօրեն Է. Վարդանյանը զրույցի ընթացքում ասացին, որ որոշել են հրավիրել աշխատելու: Ես չմեծամտեցի, համաձայնություն տվի, նշելով, որ իմ աշխատանքը կարող է դժգոհություն պատճառել կոլեգաներիս: Ինձ համոզեցին, որ այնպես են դասավորում, որ ոչ ոք չտուժի եւ չդժգոհի: Անկեղծորեն ասեմ, որ կոլեգաներս եւս շատ մեծ գոհունակությամբ ընդունեցին իմ վերադարձը: Տարին գլորվեց: Ամեն ինչ հաջող էր ընթացել: Սովորական պրակտիկայով մայիսի վերջին տնօրինությունը կատարում էր նախնական դասաբախշում ըստ մասնագիտության: Հաշվի առնելով ուսուցիչների կարծիքը, դպրոցի պահանջները եւ ժամանակի շունչը: Հերթն ինձ հասավ: Տնօրենը փոխտնօրենների հետ վաղօրոք նախանշել էին, թե ում ինչ կհատկացվի նոր ուսումնականում:

-Ջամիլ Աթաեւիչ,- այսպես էին ինձ դիմում դպրոցում եւ գյուղում բոլորը,- ի՞նչ հարց ունեք:

-Ես եկել եմ ասելու, որ նոր ուսումնականում ինձ հաշվի չառնեք, – հետեւեց պատասխանս:

Հայտնեցի իմ երախտագիտությունն ու գոհունակությունը ընթացիկ տարվա համատեղ աշխատանքի համար: Սա անակնկալ էր տնօրինության համար:

-Ոչ, ոչ, դեռ վաղ է, եռանդը կա, նկատվում է ընդհանուր առաջընթացը: Դեռ ժամանակ կա մինչեւ սեպտեմբեր, մտածեք,- եղավ պատասխանը:

Ես չհակաճառեցի, քանի որ ինձ «ծանրացնելու» նպատակ չունեի: Եկավ օգոստոսի վերջը, եւ ես նույն խնդրանքով նորից մտա տնօրենի մոտ ու համոզեցի, որ «Կարողացել եմ պատվով աշխատել, պատրաստ եմ պատվով ու գոհունակությամբ թողնել այնքան սիրված աշխատանքս»: Նախ՝ առողջականս գոհացուցիչ չէր, հետո էլ՝ պետք չէ «քամվել» ու նոր հեռանալ:

Այդպես էլ եղավ: Այժմ վայելում եմ հանգիստս, պարապ չեմ մնում, կապը դպրոցի հետ կա: Իմ բարի խորհուրդն է հասակակիցներիս, թոշակի հասակի հասած կոլեգաներիս՝ ժամանակի պահանջները շատ են փոխվել, ինչ ունեք տալու երիտասարդներին՝ տվեք անխնա, չդադարեցնենք մեր լավագույն փորձի փոխանցումը մեր երիտասարդ սերնդին, որը, համոզված եմ, արժանի փոխարինող է:

Շատերի համար դժվար է, բայց պետք է հաշտվել իրականության հետ, այդ է պահանջում առաջընթացը:

Մեծ հաճույքով արձագանքում եմ «Դեմո»-ի խմբագրության առաջարկին («Թոշակառուն՝ կարմիր գրքում» հոդվածին):

Վստահենք երիտասարդ փոխարինողներին, վայելենք մեր անհանգիստ հանգիստը:

Չի բացառվում, որ առանձին մասնագետ ուսուցիչներ օժտված են արտակարգ ընդունակություններով եւ ունեն անխախտ առողջություն, հնարավորության դեպքում պետք է օգտագործել նրանց ուժն ու եռանդը:

Պատվով եկանք, պատվով գնանք հանգստի:

Ջամիլ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Նորագյուղի Վ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի նախկին ուսուցիչ, թոշակառու 

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԱՎԱՆԴՈՒՅԹ

Մահը մերն է, մենք՝ մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:

Հովհ.Թումանյան

Այո, մահը մերն է, մենք՝ մահինը: Սակայն մահվան խորհրդավորությունը հարատեւ է. մարդ չի համակերպվում այն մտքի հետ, որ այսօր քո հարազատը, բարեկամը, ընկերը քեզ հետ է, բայց մեկ էլ տեսնում ես, որ նա այլեւս չկա, որ նրան էլ չես տեսնի, չես խոսի նրա հետ, չես լսի նրա ձայնը: Լավ է, որ երազներն էլ կան, որ մեզ գոնե երազում «այցի» է գալիս այն աշխարհը գնացած մեր սիրեցյալը, բարեկամը, ընկերը:

Մեր սիրելի «Դեմո» թերթում ծավալված բանավեճը շատ մտքերի, մոտեցումների, արծարծումների առիթ է ընձեռում: Չնայած բանավեճ ենք ասում, մեր կարծիքով, այն շատ ավելի լայն ընդգրկում ունի. բացահայտվում, լայն հասարակայնության սեփականություն են դառնում թաղման ծեսի շատ մանրամասնություններ: Ճիշտ է, ըստ ազգային-հոգեւոր ավանդության թաղման ծեսը բաղկացած է երեք փուլից: Առաջինը վերաբերում է ննջեցյալին, երկրորդը հարազատներին՝ պարտադիր հիշատակելով նաեւ տվյալ տոհմից /ազգից/ ննջեցյալներին, նրանց մաղթելով հոգու հանգստություն, եւ երրորդը՝ հիշատակվում են պատերազմներում զոհվածների, նահատակվածների եւ զանազան այլ դիպվածների հետեւանքով այս կյանքից հեռացածների անունները: Պարտադիր է նաեւ նեղություն քաշողների կենացը խմելը: Այս կենացը անտեսելը կամ «մոռանալը», չհիշատակելը անթույլատրելի է: Պատահել են դեպքեր, երբ խամ թամադան չի նշել այս կենացը, հանգուցյալի հարազատներից մեկը թամադայի փոխարեն պարտադիր նշել է նեղություն քաշողների կենացը:

Սակայն պետք է խոստովանել, որ ազգային-հոգեւոր ավանդական՝ երեք փուլով թաղման ծեսի արարողակարգը համարյա չի գործում: Ազատ Արցախի բոլոր բնակավայրերում ազատ կերպով, առանց սահմանափակման նշում են կենացները՝ հասցնելով մինչեւ հինգ-վեց եւ նույնիսկ՝ յոթ-ութի: Այս մասին շատ է ասվել բանավեճի մասնակիցների ելույթներում: ԽՍՀՄ շուրջ յոթանասուն տարիներին թաղման արմատացած արարողակարգը դեռ շատ կենսունակ է: Դժվար է կենացները սահմանափակելը. հանգուցյալի հարազատները ճնշում են գործադրում թամադայի վրա, նրան պարտադրում են ասելու, որ ժողովուրդը թող չվռազի, թող հանգիստ  շարունակի հացկերույթը, սգո սեղանը ճոխ պատրաստված է հուղարկավորների համար: Հանգուցյալի հարազատների նման վարվելակերպի մոտիվները շատ-շատ են եւ շատ էլ խորը, այնպես որ, ծավալվել հնարավոր չէ:

Եւ, այնուամենայնիվ, այս համընդհանրական հինգ-վեց եւ նույնիսկ յոթ-ութ կենացների առկայության պայմաններում Նորագյուղում դեռեւս անցյալ դարի 80-ական թվականներից հոգեհացի արարողությանը նշվում է ընդամենը երեք կենաց: Մեր խորին համոզմամբ դա հնարավոր է դարձել գյուղի կոլտնտեսության այն ժամանակվա նախագահ Արշավիր Գալստյանի բարձր հեղինակության շնորհիվ: Ժողովուրդը սիրում, հարգում էր իր ղեկավարին եւ սիրով ընդունել, սովորույթ է դարձրել նրա առաջարկը: Այլապես հնարավոր չէր միանգամից, մի հարվածով մի կողմ դնել տասնյակ տարիների արմատացած ավանդույթը եւ ընդունել նոր ավանդույթ: Ավելին՝ մեր ձորակի շատ գյուղերում յոթն ու քառասունքը կատարում են միասին: Սա նույնպես նոր ավանդույթ է: Ասում են, որ այս նորամուծության հեղինակը նույնպես Ա.Գալստյանն է: Ընթերցողներին եմ թողնում պատկերացնելու, թե այս նորամուծությունների շնորհիվ որքան զգալի է տնտեսումը՝ ֆինանսական եւ ժամանակային առումով: Երանի չէ՞ր, որ այսօրվա մեր ղեկավարները նման հեղինակություն ունենան ժողովրդի մեջ:

Հենրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

——————————————————————————————

Խաչմերուկ

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԸ՝ ԾՈՒՌ ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ

Մտորումներ «Եղիցի լույս» թերթի այս տարվա համարների շուրջ

«Եղիցի լույս» թերթի այս տարվա թիվ 3 համարը քիչ է ասել՝ զարմացրեց ինձ: Ավելի ճիշտ՝ ապշեցրեց: Ապշեցրեց՝ լրագրողական մի շարք թերացումների առումով: Ստիպված էի այս մասին տեղեկացնել ԼՂՀ Գրողների միության նախագահ Վ. Հակոբյանին:  Նա խոստացավ անել ինչ անհրաժեշտ է: Չեմ կասկածում, որ միջոցներ ձեռնարկվել են: Սակայն իրավիճակը մնացել է նույնը, ոչնչով չի փոխվել: Անգամ՝ ավելացել են թեթեւսոլիկ գրախոսությունները, չհիմնավորված գնահատականներն այս կամ այն գրողի նոր լույս ընծայված գրքի մասին:

Սույն թերացումները հատուկ են եւ թերթի նորերս լույս տեսած թ. 5-6 համատեղ, 18 էջից բաղկացած համարին: Նրանում ամենից շատ աչքի է զարնում  «Դրսեւորել խոհեմություն» վերնագրով հրապարակումը եւ այն էլ ոչ միայն չափից ավելի խոշոր գլխատառերով շարված լինելու համար: Ոչ քիչ հետաքրքրություն է առաջացնում հենց վերնագիրը, այն, թե ում է ուղղված թերթի խորհուրդը՝ դրսեւորել խոհեմություն:

Չչարաշահենք ընթերցողի հետաքրքրությունը եւ ասենք, որ «Դրսեւորել խոհեմություն»-ը տեղեկատվական հրապարակում է ԼՂՀ Գրողների միության նախագահության նիստի մասին:

Նիստում քննարկվել է միայն մեկ հարց՝ «Գրող Վազգեն Օվյանի գրական ժառանգության աղավաղումն ու գաղափարական վերափոխումները գրողի որդու՝ Վարդգես Օվյանի կողմից»: Սակայն առայժմ ձեռնպահ մնանք այս հարցի քննարկման ընթացքի մասին մեր դիտարկումներից եւ անդրադառնանք ավելի կարեւորին, այն բանին, թե միության նախագահությունն ինչպիսի գնահատական է տալիս Վազգեն Օվյանի գրական չափազանց հարուստ եւ հույժ արժեքավոր ժառանգությանը:

«Գրող Վազգեն Օվյանը, իրոք, ունի մի շարք պատմվածքներ, որոնք որոշակի գեղարվեստական արժեք են ներկայացնում»: Ահա այսպես՝ ոչ ավել, ոչ պակաս: Ամոթալի եւ ստի սահման չճանաչող հերյուրանք: Նա ոչ թե մի շարք, այլ մի քանի հատորներ կազմող պատմվածքների հեղինակ է, եւ դրանք ոչ թե «որոշակի գեղարվեստական արժեք», այլ բարձրարժեք ստեղծագործություններ են, մեծ տաղանդի փայլատակումներ: Բացի այդ, Վազգեն Օվյանը նաեւ պոեմների, բազմաթիվ բանաստեղծությունների, երգիծական, թատերական գործերի հեղինակ է: Իսկ վեպե՞րը:

Եվ սա պատահականություն չէ: Երկար ժամանակ է, ինչ գրողների միության ղեկավարությունը, առանձին անհատներ ամբաստանում են վաղամեռիկ գրողին: Տարիներ շարունակ նա նսեմացվում է որպես ստեղծագործող: Գրողի տաղանդի փա՞յլն է կուրացնում նրա հակառակորդներին, գրական նախա՞նձը, թե՞ մի այլ բան, դժվար է ասել:

«Բանը նրանումն է, որ խորհրդային իշխանության տարիներին իր ստեղծագործություններում տուրք տալով «ինտերնացիոնալիզմին», Վ. Օվյանը, ցավոք, ջուր է լցրել ազերիների ջրաղացին»՝ ահա թե ինչում է ԳՄ-ն մեղադրում գրողին: Մի բան կարելի է հաստատ ասել՝ եթե այսպիսի մեղադրանքը հասներ հանգուցյալի ականջին, անպայման պառկած տեղում շուռ կգար:

Նախ՝ մի՞թե ԳՄ նախագահության եւ ոչ մի անդամ չգիտակցեց, որ նման պնդումը, մեղմ ասած, խախուտ է: Առավել անտրամաբանականն ու անհասկանալին «տուրք տալով ինտերնացիոնալիզմին» արտահայտությունն է: Այդ երբվանի՞ց է, որ ինտերնացիոնալիզմին տուրք տալը համարվում է դատապարտելի արարք: Չասե՞լ նիստի մասնակիցներին՝ պարոններ, եթե դուք տուրք չեք տալիս ինտերնացիոնալիզմին եւ մոլի ազգայնամոլներ եք, խնդրում ենք պարզ խոսել մեզ հետ:

Իսկ եթե նրանք տառապում են հիշողության թուլությամբ, ապա կարելի է հիշեցնել իրենց իսկ գրածները այն տարիներին: Կարելի է նաեւ հիշեցնել, որ մեր գրականության համարյա բոլոր երեւելիները թե իրենց ստեղծագործությամբ եւ թե հասարակական-քաղաքական գործունե-ությամբ եղել են ինտերնացիոնալիստներ: Մոռանալ կարելի՞ է, թե մեր պոեզիայի կուռքերից Պ.  Սեւակն ինչպիսի կրքոտությամբ եւ հետեւողականությամբ էր մաքառում ազգայնամոլության, ազգային սնապարծության եւ սահմանափակվածության դեմ:

Ըստ գրողների միության նախագահության կարծիքի՝ Վազգեն Օվյանը «ինտերնացիոնալիզմին տուրք է տվել» հատուկ նպատակով, այն է՝ մեր գաղափարական գոյապայքարի առաջնորդներին ներկայացնել բացասական հերոսների կերպավորումով: Բայց միայն Վազգեն Օվյա՞նն է կատարել այդպիսի «ծանր հանցագործություն»: Պակաս խարազանիչ չեն Ե. Չարենցի «Երկիր Նաիրին» (Մարիետա Շահինյանի կարծիքով՝ անմահ մի ստեղծագործություն, որը ոչնչով չի զիջում Գոգոլի «Մեռած հոգիներին»), «Խմբապետ Շավարշը» եւ այլ գործեր: Կրկնակի նշավակե՞նք Չարենցին, որ նա եղել է նաեւ Կարմիր բանակի մարտիկ եւ նրա շարքերում մասնակցել է քաղաքացիական պատերազմին Ռուսաստանում եւ Հայաստանում: Կա՞ մեկը, որ այսօր նզովում է Ե. Օտյանին՝ նրա «Ընկեր Փանջունի» երգիծական սքանչելի երկի համար, որի հիմնական թեման 19-րդ դարի եւ 20-րդ դարի սկզբին Հայաստանում ստեղծված քաղաքական հուսալքությունն  ու բախտախնդրությունն են:

Իսկ գուցե չի՞ եղել այս ամենը: Եթե՝ այո, ապա ինչու՞ հեռավոր Մոսկվայում իր ժողովրդի ճակատագրով ապրող Վ. Տերյանը պետք է ի խորոց սրտի տագնապեր՝ «Ո՞վ է կանգնել երկրին իմ տեր», «Մի՞թե վերջին պոետն եմ ես»: Եթե այո, ապա ինչու՞  Հայաստանի նոր նախագահը՝ Սերժ Սարգսյանը, իրեն իրավունք պիտի վերապահեր վերջերս նշելու, որ 1918-1920 թթ. մեր երկրի ղեկավարների անհեռատես քաղաքականության եւ արտաքին սխալ կողմնորոշման պատճառով մենք ունեցել ենք մեծ կորուստներ:

Կարո՞ղ էր այս ամենը դուրս մնալ մեր գրականության  տեսադաշտից: Իհարկե՝ ոչ: Վազգեն Օվյանն էլ մեկն էր նրանցից, ովքեր անդրադարձել են մեր այդ ոչ վաղեմի անցյալին՝ նպատակ ունենալով, ինչպես Չարենցը, ոչ թե կրակի տակ առնել իր հերոսներին, այլ ներկայացնել նրանց ողբերգական վիճակը: Իսկ թե որքան է դա հաջողվել նրան՝ դա արդեն գրականագիտության հարցն է:

Իսկ հիմա էլ գրողի որդուն՝ Վարդգես Օվյանին ներկայացվող մեղադրանքի մասին: Ահա այն. «Գրողի որդին վերցրել ու իր գրչի մի թեթեւ հարվածով հարյուր ութսուն աստիճանի տակ շուռ է տվել այդ գործերը թե գեղարվեստորեն, թե մանավանդ գաղափարապես… Սակայն գրողի որդին, փոխանակ իր այդ քայլի մասին գրողների կողմից արված դիտողություններից անհրաժեշտ հետեւություն անի, ավելին, տարիներ շարունակ նշավակում է գրողների միության գործունեությունը, անընդհատ ցեխ շպրտում գրողների հասցեին՝ օգտագործելով նաեւ մամուլը»:

Ի՞նչ ասեմ. եւ սա կոչվում է լրագրություն:  Եվ սա պատվավոր կազմակերպության պատվավոր նախագահության մտքի արգասիքն է: Ընդամենը երկու ոչ մեծ նախադասություն եւ ինչպիսի՛ շիլափլավ, լրագրողական, գրողական եւ մարդկային էթիկայի ինչպիսի՛ չիմացություն:

Բայց, այնուամենայնիվ, անդրադառնանք գրողի որդուն ներկայացվող մեղադրանքին: Վերջինիս հիմնավորվածությունը խիստ կասկածելի է հիմնականում այն պատճառով, որ նախագահության նիստին չի հրավիրվել «գրողի որդին»: Արդյո՞ք ոչ նրա համար, որ նա կարող էր համոզիչ փաստարկներով ժխտել իր ընդդիմախոսների հիմնավորումները: Բացի  այդ, չի բացառված, որ, այսպես կոչված, «հարյուր ութսուն աստիճանով» կատարված փոփոխությունները տեղի են ունեցել անձամբ հեղինակի՝ Վազգեն Օվյանի միջամտությամբ: Մանավանդ, որ դեռեւս հեղինակի կենդանության օրոք տպագրված «Խանքենդի»-ի եւ «Խանքենդուց մինչեւ Ստեփանակերտ»-ի, այսինքն՝ միեւնույն ստեղծագործության տարբերակների միջեւ նկատելի են էական փոփոխություններ:

Ինչ որ է, ԳՄ նախագահության պնդումները գոնե ինձ համար ուղղակի անհեթեթ են:

Առիթն է անդրադառնալու նաեւ մեր ստեղծագործական շրջապատում արմատավորված բարքերին: Կան «սիրելիներ» եւ «ոչ սիրելիներ»: «Սիրելիներն» ամեն կերպ արժանանում են խրախուսանքի, նրանց առջեւ բաց են բոլոր դռները, մինչդեռ «ոչ սիրելիների» համար դրանք գոցված են կամ կիսաբաց: Կան «երջանիկներ», որ միայն վերջին 3-4 տարում պետպատվերի միջոցների հաշվին հասցրել են հրապարակել 5-7 հաստափոր, իսկ մյուսները՝ ընդամենը մեկ-երկու լղարիկ գրքեր:  «Սիրելիներից» են ընտրվում նաեւ գրքերի խմբագիրները: Փորձի, գիտելիքների պակասի պատճառով նրանցից ոչ քչերը վատ են կատարում «իրենց պարտականությունները», բայց շարունակում են մնալ «շրջանառության մեջ»:

Կար ժամանակ, որ ես էլ, մանավանդ՝ «Խորհրդային Ղարաբաղ»-ի խմբագիր եղած ժամանակ, «սիրելի» էի մեր գրական շրջապատում: Պատահում էինք՝ ջերմ զրույցի էինք բռնվում, հաճոյախոսում, նույնիսկ հյուրասիրության հրավիրում: Մի խոսքով, ես սովորական անձ չէի մեր շատ ընկերների համար, այլ նրանց կողմից հարգված ու սիրված անձնավորություն: Փոխվել են ժամանակները, փոխվել են եւ իմ այդ ընկերները, եւ ամենից շատ նրանցից մեկը, որի դեռ նոր թխած, թանաքը դեռ չչորացած բանաստեղծություններն անմիջապես տեղ էին գտնում մեր թերթում: Շահը չկա՝ չկա եւ հարգանքը: Հիմա եթե ես նրանց հանդիպելիս գոնե չոր բարեւի եմ  արժանանում, ապա, ինչ արած, գոհանում եմ, թեկուզ հոգումս ծանր նստվածք է մնում:

Բայց կրկին վերադառնանք խնդրո առարկային: ԼՂՀ գրողների միության նախագահության վերդիկտով չէ, որ պետք է գնահատվեն Վազգեն Օվյանի գրական վաստակն ու հասարակական-քաղաքական գործունեությունը: Նա իր ձեռքով է գրել իր անմահության հավերժախոս լեգենդը: Թե կենդանության օրոք, թե հիմա նա Արցախում ամենից շատ սիրված եւ ընթերցվող գրողն է: Քսանմեկ տարի է անցել նրա մահից հետո, բայց, մեկ է, մենք դեռ չունենք նրան հավասար երգիծաբան:

Հանցանք կլինի ուրանալ եւ նրա 30-ամյա բեղմնավոր գործունեությունը լրագրության ոլորտում: Մյուսները, երբ իրենց համար ոչ ծանրաբեռ աշխատանքի էին անցնում աշխատավայրում գրական գործ երկնելու համար, նա իր ուսերին էր առել ահռելի, հոգի մաշող ծանր աշխատանք մարզային ռադիոյում ու տքնում էր առավոտից մինչեւ երեկո, միայն ու միայն գիշերները գրում սեփական գրական գործերը: Ի¯նչ արժեին միայն նրա ջանքերը «Մախաթ» երգիծական հաղորդաշարի ստեղծման համար:

Այո, Վազգեն Օվյանը մի շողշողուն աստղ էր մեր գրական անդաստանում: Հարգանք նրա հիշատակին:

Եղիշե ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՆՑՅԱԼԻ ՍԽԱԼՆԵՐՆ ԷԼ ԵՆ «ՆԵՐԿԱ» ՈՒՆԵՑԵԼ

Վերջին շրջանում մայրաքաղաքում հաճախակի կարող ես լսել այն մասին, որ հարկային ծառայությունը լայնածավալ ստուգումներ է սկսել, այս կամ այն տնտեսվարող սուբյեկտին տուգանել են եւ այլն: Մարդիկ նույնիսկ խոսում են այն մասին, որ նույն տուգանքների պատճառով որոշ առեւտրի կետեր դադարեցրել են իրենց գործունեությունը, եղել է նաեւ ավելի ծանր դեպք: Բնականաբար, այս ամենի արձագանքները տարբեր են հասարակության շրջանում, կան գոհ ու դժգոհ մարդիկ, սակայն, այն, որ մի քանի առեւտրի կետեր այլեւս չեն աշխատում, արդեն իսկ մարդկանց ինչ-որ չափով անհարմարություն է պատճառում, մանավանդ՝ մեծ խանութների դեպքում:

Հայտնի է նաեւ, որ հարկային պարտավորությունների չկատարման հետեւանքով որոշ տնտեսվարող սուբյեկտների գործեր դատարանում են գտնվում, իսկ ոմանց էլ արդեն մի քանի տասնյակ միլիոն դրամի չափով տուգանել են:

Ասել է թե՝ նախկինում եւ հիմա խախտումներ կատարած տնտեսվարող սուբյեկտները պատասխանատվության են ենթարկվում: Իհարկե, դա միանշանակ ողջունելի երեւույթ է, բայց մի անհրաժետ պայմանով՝ եթե պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն խախտում կատարողները, այլ այդ խախտման կատարումը երկար ժամանակ թույլատրող կամ աչքաթող արած պատասխանատու պաշտոնյաները: Իսկ պաշտոնյային պատասխանատվության ենթարկելը Ղարաբաղում, ինչպես ասում են, ընդունված չէ՝ ամեն ինչի համար պատասխանատու են բոլորը, բացի պաշտոնյաներից: Համենայնդեպս, նորանկախ երկրի պրակտիկայում նման դեպք հազիվ թե մեկը հիշի, երբ պատասխանատու պաշտոնյան է կանգնում դատարանի առաջ, էլ չեմ ասում, որ նրան մեղավոր ճանաչեն:

Այս երեւույթն առկա է ոչ միայն հարկային, այլեւ ամենատարբեր ոլորտներում: Այս առումով խիստ ուսանելի է բարերար Լեւոն Հայրապետյանի հետ կապված հայտնի պատմությունը: Երբ նախորդ նախագահի հետ հարաբերությունները փչացան, բարերարի դեմ արշավ սկսվեց, բացվեց նրա «դոսյեն», վերին պատվերով հոդվածներ տպագրվեցին չարաշահումների մասին: Սակայն այդ հոդվածները մի իսկական քրեական «դոսյե» էր ոչ այնքան գործարարի, որքան պետական պատկան մարմինների մասին: Այսպես, այն ժամանակվա ոստիկանապետը, փորձելով ապացուցել, որ բարերարի հանդեպ իշխանությունների կողմից նորմալ վերաբերմունք է եղել, նշել է, որ քանի¯-քանի անգամ թույլատրել են հումքն ու արտադրանքն խախտումներով դուրս հանել: Ոստիկանապետին, բնականաբար, ոչ ոք «ավելորդ» հարցեր չի տվել դրանից հետո:

Խախտումներ թույլ տված պաշտոնյաները, որպես կանոն, ոչ միայն դատարանի առաջ չեն կանգնում, այլեւ շատ հաճախ նույնիսկ աշխատանքից չեն ազատվում: Կարծես թե ավանդույթ է դարձել այդ «բարեխիղճ» պաշտոնյաներին ամենատարբեր պաշտոններով շրջագայության տանելը:

Իսկ որ ամենատարբեր բնագավառներում միշտ խախտումներ ու չարաշահումներ եղել են, դա մեզ մոտ շատերը գիտեն՝ մեր երկրի փոքր լինելու եւ մարդկանց հետաքրքրասիրության շնորհիվ: Սակայն, ի՞նչ է արվել: Լավագույն դեպքում մարդկանցից կամ ընկերություններից հետ են վերցնում, ասենք, մի քանի տարի առաջ վաճառված բազմաբնակարան շենքերը, ամենատարբեր շինություններ: Նման փաստեր առկա են, օրինակ, Շուշիում: Եւ ամենեւին էլ պատահական չէ, որ կառավարության վերջին նիստերից մեկում Շուշիի վարչակազմի ղեկավար Վարդան Գաբրիելյանը, ներկայացնելով 2007թ. ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, շեշտել է, որ «2008 թվականը Շուշի քաղաքի եւ շրջանի համար կդարձնեն թերությունների եւ բացթողումների վերացման, արձանագրված հաջողությունների ժամանակաշրջան»: Եւ այս հայտարարությունն անում է շրջվարչակազմի այն ղեկավարը, որի օրոք սկսվեց մարդկանցից շենքերը հետ վերցնելու գործընթացը, իսկ շենքերը տրամադրվել էին շրջվարչակազմի նախկին ղեկավարի օրոք, որը բավականին երկար ժամանակ է ղեկավարել Շուշիի շրջանը եւ ներկայումս էլ գործադիրում է աշխատում:

Այս ամենի արդյունքում տուժում է միայն ու միայն այն ընկերությունը կամ անհատը, որոնք այս կամ այն պաշտոնյայի թույլտվությամբ կամ նրա հետ համաձայնությամբ են խախտում կամ չարաշահում կատարել, իսկ ահա պաշտոնյան շատ հանգիստ զբաղեցնում է ոչ պակաս կարեւոր մի պաշտոն:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

«Փրկեք երեխաներին» /ԱՄՆ (Save the Children/US) կազմակերպությունը Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացնում է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի նոր մասնաշենքի կառուցման ծրագիրը և հրավիրում է որակյալ շինարարական կազմակերպություններին մասնակցելու շինարարական աշխատանքների կապալի մրցույթին:

Մրցույթն անց է կացվում երկու փուլով` որակավորման փուլ և գնային առաջարկ ներկայացնելու փուլ: Որակավորման փուլն անցած կազմակերպությունները կհրավիրվեն գնային առաջարկ ներկայացնելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շինարարական կազմակերպությունները, սակայն որոշում կայացնելիս առավելությունը տրվելու է ԼՂ-ում գրանցված շինարարական կազմակերպություններին:

Մրցույթի պայմաններին ծանոթանալու և պահանջվող փաստաթղթերի ցանկը ստանալու համար խնդրում ենք  դիմել հետևյալ հասցեներով`

– ք. Երևան, Ագաթանգեղոսի 2ա, 2-րդ հարկ, Վարդգես Քուրքչիյանին, հեռ. 562283; 562335, 093.419375,

– ք.Ստեփանակերտ, Ալ. Մանուկյան 8/37, Ալեքսանդր Համբարձումյանին, հեռ. 097.250263:

Պահանջվող փաստաթղթերի կնքված փակ փաթեթը պետք է ներկայացնել մինչև ս/թ օգոստոսի 8-ը, ժամը 17.00, հետևյալ հասցեներով`

ք. Երևան, Ագաթանգեղոսի 2ա, 2-րդ հարկ,

ք. Ստեփանակերտ, Ալ. Մանուկյան 8/37 Ալեքսանդր Համբարձումյանին:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` (010) 562283, 562335, /093/ 419375` Վարդգես Քուրքչիյանին (էլեկտրոնային փոստ՝ vardges@save.airnet.am):

ԱՐԱՐՄԱՆ ՈՒ ՄԱՔԱՌՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ

Ասում են՝ ինչքան մարդ, այնքան էլ՝ կարծիք:

Ոմանց կարծիքով՝ նկարելը նման է օրագիր պահելուն, գրում ես օրվա դեպքերը, սկսում ես քննել ինքդ քեզ, որպեսզի անցնես առաջ: Գործդ թղթերի հետ է՝ գրում ես-ջնջում, եթե քեզ գրածդ դուր է գալիս՝ պահում ես, որ միշտ կարդաս ու հիշես քո բացահայտած աշխարհը: Նույնն էլ նկարիչն է անում, նա սկսում է իր ճանապարհը սպիտակ թղթերի հետ, նկարում է, ջնջում, նորից է նկարում, մինչեւ որ մի նկար իրեն դուր է գալիս, սրանով նա հանգստանում է ու անցնում առաջ:

Ոմանց կարծիքով՝ մարդ նկարում է իր ուշադրությունը գրավող ինչ-որ բանից ելնելով, տալիս է թղթին իր մտքերը, ու ամեն ինչ պարզ է դառնում, ու այդ պարզության մեջ տեսնելով իր սեփական ներաշխարհը՝ նկարողը նոր ուժ է ստանում ու հաղթահարում թուլությունը, հուսահատությունը, սիրելիի անհավատարմությունը, մարդկանց ոչ ճիշտ ըմբռնումը: Հաղթահարելով էլ՝ ավելի ոգեշնչված է աշխատում, որպեսզի վեր բարձրանա  իր ընկած, ոչ գնահատված վիճակից, այդպես հաղթի ինքն իրեն ու կարողանա ասել՝ ես կարող եմ հաղթել, ես հարգանքի ու սիրո արժանի եմ, չնայած այս կյանքն է այսպիսի վիճակներ ստեղծում, բայց իմ հոգին գեղեցիկ է ու չի փոխվել ու, միեւնույն է, վաղ թե ուշ աշխարհի անարդարությունները մի կողմ կքաշվեն ու տեղի կտան իմ հաջողություններին:

Ոմանց կարծիքով՝ նկարիչը խոսում է իր նկարներով, որտեղ արտացոլվում են նրա ապրումները՝ խառնված ամենօրյա հոգսերի հետ, վերացական մարդու համար անըմբռնելի անդորրի հետ, որն այս աշխարհում նկատում են միայն արվեստագետները, որոնք մոռանում են ամեն ինչ ու տալիս են ինքնամոռաց կյանքի պատկերներ, փորձելով գեղեցկացնել անգամ տխրությունը, վիշտը, հավատը, մերկությունը, հիվանդությունը, ու բացվում է աշխարհը իրենց իսկ աչքերի առջեւ: Իսկ երբ նկարողը կին է, նրա նկարներում ավելի շատ նրբանկատություն է զգացվում, քողարկված սիրո քնքշանք՝ թաքնված ծաղիկների գույների մեջ, բնության ինչ-որ ակնթարթի մեջ:

Իսկ ի՞նչ կարծիք ունի Օկտյաբրինա Բալայանը նկարելու մասին:

Նրա սեղանին միշտ թարմ դաշտային ծաղիկներ են՝ իր բնությանը բնորոշ, ոչ թե աչքի զարնվող վարդեր, մեխակներ, այլ դաշտային հասարակ, քնքուշ, նուրբ ու համեստ երփներանգ ծաղիկներ:

Շատ նման են այդ դաշտային ծաղիկները Օկտյաբրինա Բալայանի աստծվածատուր բազմազան շնորհքներին, որոնք նրա հրաշագործ ձեռքերով կամ ասեղնագործվում են, կամ թելերով գործվում են գորգի վրա, կամ նկարվում են կտավի ու թղթի վրա: Օկտյաբրինա Բալայանը հիսուն տարեկան է: Վերջերս մշակույթի եւ երիտասարդության պալատի ճեմասրահում բացվեց նրա անհատական-հոբելյանական ցուցահանդեսը: Հիսուն տարվա ընթացքում, մեծ դժվարությունների դիմանալով, Օկտյաբրինան ստեղծեց ու արցախցուն ներկայացավ իր յուրովի, ոչ մեկին չնմանվող արվեստով: Արցախցին կարողացավ տեսնել, ընկալել Օկտյաբրինա Բալայանի գողտրիկ գլուխգործոցները:

Արվեստագետի աչքերով աշխարհին նայող այս կինը անընդհատ ստեղծագործում է, բացի գեղանկարչությունից զբաղվում է դեկորատիվ-կիրառական արվեստով՝ ասեղնագործությամբ, կարպետագործությամբ, հելունագործությամբ, գոբելենագործությամբ:

Ավարտել է Երեւանի Էրամջյանի անվան նկարչական ուսումնարանը, աշխատել է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, դասավանդել է նկարչություն ու միաժամանակ նկարել: Այժմ աշխատում է Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջում՝ «Զարդարարային կիրառական արվեստ եւ ժողովրդական արհեստ» բաժնում:

Չնայած իր հիսունամյա տարիքին՝ Օկտյաբրինան շարունակում է սովորել, փոխադրվել է 2-րդ կուրս Գյուրջյանի անվան համալսարանի գեղարվեստի բաժնում: Նա ուժ ու եռանդ ունի աշխատելու: Նա դեռ շատ գործեր ունի ավարտելու, այնքան պիտի ստեղծագործի, մինչեւ սպառի իրեն տրված բազմազան շնորհքները, նրա առջեւում սպիտակ թղթերով արվեստագետի ճանապարհն է, որը վերջ չունի: Դա ստեղծագործական ճանապարհ է, արարման ու մաքառման ճանապարհ:

Մարիետա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

——————————————————————————————

ԱՍՈՒՅԹՆԵՐ

Կարիքի ու դժվարության մեջ հայրենակցի նկատմամբ զգայուն ու հոգատար վերաբերմունքը հայրենասիրության բարձրագույն դրսեւորումներից է:

Սառը ջուրը կարող է հաճելի լինել առավել եւս շոգ ժամանակ, իսկ սառը խոսքը՝ երբեք:

Խղճով, գթասիրտ մարդիկ բարություն գործելով են իրենց կյանքը իմաստավորում:

Տաղանդավորները մեծ հաջողությունների են հասնում միայն մեծ դժվարություններ հաղթահարելով:

Կոտրվելու ենթակա առարկաների կոտրվելը նկատում են բոլորը, իսկ սրտի կոտրվելը՝ զգայուն խելացիները:

Կան մարդիկ, ովքեր երջանկություն որոնելով ցնորքների ճանապարհով՝ անդնդի եզրին են հասնում ու իմաստնացած վերադառնում:

Սեփական սխալների նկատմամբ մշտական ներողամտությունն ապահովում է դրանց մշտական կրկնվելը:

Մայրական կշտամբանքի հիմքում լինում է ոչ միայն մայրական իրավունքը, այլեւ սերը, պատասխանատվությունը:

Խոհեմություն դրսեւորելու համար մարդու միտքը եւ զգացմունքը միշտ պիտի  համագործակցեն համերաշխ, առավել եւս՝ կարեւոր խնդիրներ լուծելիս:

Ընտանեկան երջանկության երաշխիքը ոչ այնքան նյութական բարօրությունն է, որքան մշտական փոխադարձ հոգատարության ու հարգանքի մթնոլորտը:

Լիակատար լավ ապրելու համար համարյա տեղ չկա, ամեն տեղ էլ ինչ-որ մի բան պակասում է:

Առողջ ապրելակերպի տարրերից է խնայողությունը, որը պետք է սկսել ժամանակի խնայողությունից:

Նվիրվածությամբ մեծ շռայլումներ կատարող ծնողն, այնուամենայնիվ, ապահովագրված չէ ծերության օրերին լքված չլինելուց:

Մեծահոգություն սովորաբար դրսեւորում են բարի, ազնիվ մարդիկ, իսկ մայրերի մեծահոգությունն անմրցելի է ու սահման չունի:

Ազնիվ զավակները միշտ պարտական են զգում ծնողներին, իսկ անազնիվները կարծում են, թե ծնողներն են միշտ իրենց պարտական:

Հույսը եւ հուսահատությունը միեւնույն շղթայի օղակներն են, որ շարունակ հաջորդում են իրար:

Մարդիկ ձգտում են արտաքնապես հաճելի, լավ երեւալ. հասարակության համար շահավետ կլիներ, եթե այդ ջանքերն ավելի շատ գործադրվեին բարոյապես, հոգեպես ավելի լավ լինելու համար:

Երբ ուզում են, որ ե’ւ գայլերը կուշտ լինեն, ե’ւ ոչխարները ողջ՝ զոհաբերվում են անպաշտպան ու միամիտ գառները:

Անտաշ քարի առատության պայմաններում գետնին ընկած տաշած քարի կարիքը կարող է այնքան էլ չզգացվի կամ էլ այն ընդհանրապես պետք չլինի:

Բացահայտված սխալը կարեւորվում է, եթե նպաստում է գտնելու ճշմարտությունը:

Պատահում է՝ արժանին է իր կյանքը զոհաբերում անարժանին:

Մարդասիրությունը կոնկրետ գործ է, վերաբերմունք, իսկ եթե միայն կոչեր են՝ խաբեբայության մի ձեւ է:

Ասում են՝ կրկնությունը գիտության մայրն է, բայց կարող է նաեւ հակառակը՝ տգիտության մայրը լինել, նայած թե ինչն է կրկնվում:

Ճակատագրական պահին ոչինչ այնքան վտանգավոր չէ, որքան չհիմնավորված կանխագուշակումները, երբ փրկության եւ կործանման դռները կողք-կողքի են:

Նախանձի առարկան, սովորաբար, ավելի շատ ուրիշի նյութական առավելություններն են լինում, քան թե բարոյական արժանիքները:

Կան մոտիկ հարեւաններ, բարեկամներ, որոնց միջեւ, այնուամենայնիվ, անհաղթահարելի սար ու ձորերի հեռավորություններ են լինում:

Ասում են, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում, բայց պատահում է՝ ընկնում է, այն էլ զարմանալիորեն շա~տ հեռու…

Իրական ինքնավստահություն հնարավոր չէ ձեռք բերել ո’չ փողով, ո’չ էլ հովանավորչությամբ, այն արմատավորվում է տոկունությամբ հաղթահարված, մեծ դժվարություններով ձեռք բերված հաջողությունների շնորհիվ:

Առանց թերության մարդ չկա, բայց սեփական թերություններից անտեղյակներ շատ կան:

Շատախոսությունը վնասակար սովորություն է, արատ, առավել եւս նրանց համար, ովքեր ո’չ խոսելուց առաջ, ոչ էլ հետո չեն մտածում:

Երբ մարդ տեւական ժամանակ ստիպված հարմարվում է վատին, աստիճանաբար կորցնում է դրականը զգալու, տեսնելու ընդունակությունը:

Կան մարդիկ, ովքեր ապրում են կիսաբուսական, կիսակենդանական, կիսամարդկային կյանքով:

Բարությունը միաժամանակ մարդկային վերաբերմունքի մաքրություն է նշանակում, այն միշտ պետք է լինի անաղարտ, քանի որ ամենափոքր բիծն անգամ զրկում է բարոյական արժեքից:

Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s