№ 13 / 15 օգոստոս

ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՕՐՆ ԸՆԿՆԵԼ՝ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐԶ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ երեւույթին, մենք կորցրել ենք քաղաքականություն անելու ցանկությունը, հետեւաբար եւ՝ ունակությունը: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի  այլեւս ոչ ոք մեր իսկ շահերից բխող ինքնուրույն քայլեր չակնկալի մեզնից: Դրա համար շատ բան պետք չէ՝ բավական է պարզապես ջայլամի պես գլուխը խոթել ավազի մեջ եւ ձեւացնել, թե շուրջբոլոր ոչինչ չի կատարվում: Հընթացս սերմանելով այն միտքը, որ մեզնից ոչինչ կախված չէ, եւ ամեն ինչ դրսում է վճռվում:

Մինչդեռ իրադարձությունները Ղարաբաղի շուրջ շատ ակտիվ եւ արագ են զարգանում: Ընդ որում, դրանք նախաձեռնում են եւ Ադրբեջանում, եւ այն տեղերում, որտեղ հասկանում են, որ առանց սեփական քաղաքականություն իրականացնելու անհնար է պաշտպանել սեփական շահը:

Ցավոք, ժամանակակից Ղարաբաղի առանձնահատկությունն է դարձել  առաջնահերթությունները որոշելու եւ համապատասխանաբար դրանց արձագանքելու անընդունակությունը: Իսկ դա նշանակում է քաղաքականություն վարելու ունակության բացակայություն:

Ամենացայտուն օրինակներից մեկը, թերեւս, արդարադատության նախարարի պատասխանն էր այն հարցին, թե իսկապե՞ս փակվել են Ղարաբաղի տարածքում գործող ռուսական բանկերն ու դրամական փոխանցումների համակարգերը: Նա խոստովանել է, թե տեղյակ չէ: Նախարարը խոստացել է ուսումնասիրել հարցը եւ լրացուցիչ պատասխանել:

Այնինչ, հենց այդ հարցն էր այդ օրերին ամենաօրախնդիրը նորանկախ երկրի համար: Արտասահմանյան, այդ թվում՝ ռուսական մամուլը լի էր ԼՂՀ տարածքում բանկերի փակման մասին տեղեկություններով: Ընդ որում, ՎՏԲ բանկն ինքն էր հայտարարել Ստեփանակերտում իր մասնաճյուղի փակման մասին: Եւ հենց արդարադատության նախարարը պետք է իմանար, թե արդյո՞ք գրանցումից հանվել են բանկերը, չէ՞ որ պետռեգիստրը մտնում է արդարադատության նախարարության համակարգի մեջ:

Եւ ապարդյուն կանցնեին ձեր ջանքերը, եթե այդ օրերին փորձեիք փնտրել, թե ինչպես են այդ տեղեկություններին արձագանքել Ստեփանակերտում: Ամենամեծ որոնման համակարգն էլ կասեր, որ «ձեր հարցման շուրջ ոչինչ չի հայտնաբերվել»: Ինտերնետն այստեղ կապ չունի՝ մեզ մոտ նման բաներին չեն արձագանքում:

Բայց բանկերը դեռ ոչինչ: Օրերս աշխարհը բառացիորեն ցնցեց այն տեղեկությունը, թե ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը համոզել են Ադրբեջանին համաձայնել Ղարաբաղում հանրաքվեի հետ: Ադրբեջանում սկսվեց բացասական կարծիքների, իսկ Հայաստանում, չգիտես ինչու, դրական կարծիքների շքերթը: Միայն Ղարաբաղը պաշտոնապես չարձագանքեց Բրայզայի հայտարարությանը: Բայց ինչու՞ պետք է Ղարաբաղն արձագանքի, թե ինչ են խոսում Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում, ընդհանրապես՝ ի՞նչ կապ ունի Ղարաբաղը Երկիր մոլորակի հետ: Մենք ինչ-որ կերպ կապրենք, առանց ռուսաստանների եւ ամերիկաների: Կարեւորը, որ բերքը լավ լինի, որ բոլոր նախարարները երթեւեկեն ջիպերով, որ բոլոր խանութներում լինեն հսկիչ-դրամարկղային մեքենաներ:

Վերջին ամսվա ընթացքում, երբ տարածաշրջանում ծավալվում էին բավական լուրջ քննարկումներ, Ղարաբաղից չհնչեց որեւէ քաղաքական գնահատական: Ղարաբաղը ոչ մի կերպ չարձագանքեց Թուրքիայի հետ հարաբերություն հաստատելու՝ Հայաստանի մտադրությանը: Չկա արձագանք Հայաստանի ընդդիմության մեղադրանքին՝ մարտի 1-ի իրադարձություններին ղարաբաղյան զինվորականների մասնակցության մասին: Պատասխան չկա քաղաքացիություն ստանալու մասին Ժիրայր Սեֆիլյանի նամակին: Արձագանք չկա հանրաքվեի մասին առաջարկին:

Փոխարենը, վերադառնալով կարճատեւ արձակուրդից, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսությանը եւ շինարարությանը: Ընդհանրապես, Ստեփանակերտում շինարարությունը հիմա հարգի է: Նախագահը կարող է շաբաթը երկու անգամ խորհրդակցություն հրավիրել շինարարության հարցերով, անձամբ այցելել շինհրապարակներ, ստուգել բետոնի ամրությունը եւ նույնիսկ կանգնեցնել շինարարությունը:

«Նույն օրը պետության ղեկավարը այցելեց մի շարք օբյեկտներ մայրաքաղաքում եւ նրա ծայրամասերում: «Արցախերկսերմետ» ՓԲԸ-ում Բակո Սահակյանին ցույց տվեցին նոր շինարարական եւ գյուղատնտեսական տեխնիկայի նմուշներ: Այցելելով «Դորոժնիկ» ընկերություն, նախագահը ծանոթացավ պլաստմասսայե խողովակների արտադրության ընթացքին, իսկ Ստեփանակերտի կահույքի նախկին ֆաբրիկայի տարածքում՝ բնակելի նոր շենքերի կառուցման աշխատանքների ընթացքին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: Հաջորդ հաղորդագրությունը հետեւյալն էր. «Օգոստոսի 6-ին ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանն այցելել է մայրաքաղաքի հանրապետական մարզադաշտ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին»:

Երեւի երջանիկ երկրում ենք ապրում: Այն օրերին, երբ տարածաշրջանում ռազմական գործողություններ են տեղի ունենում, մենք արձակուրդ ենք գնում արտասահման: Չենք կուտակում պարենային պաշարներ, շռայլ ծախսում ենք, այլ կերպ ասած՝ ուտում ենք ունեցածը, չմտածելով, որ վաղը կարող ենք հայտնվել Հարավային Օսիայի վիճակում: Չէ՞ որ հազարավոր մարդիկ զոհվել են միայն այն պարզ պատճառով, որ այդ հանրապետության ղեկավարությունը ապավինել էր Ռուսաստանի իշխանություններին, սեփական քաղաքականություն չէր վարում եւ չէր նախապատրաստում սեփական ժողովրդին իրադարձությունների նման զարգացմանը:

Ծանր պահին մարդ սովորաբար մտածում է, թե ինչ կարող էր անել մինչ այդ՝ անակնկալի չգալու համար: Այսօր հենց այս տրամաբանությամբ պիտի առաջնորդվել: Եւ ամենեւին էլ պարտադիր չէ Հարավային Օսիայի օրն ընկնել այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ   

——————————————————————————————-

Անցուդարձ

ԱՐԴԵՆ 2106 ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

2000 դոլար + 500 դոլար + 300 հազար դրամ: Այս գումարը ձեռք կբերեն այն երիտասարդ զույգերը, որոնք իրենց ամուսնությունը հունիսի  28-ից հուլիսի 15-ը ընկած ժամանակահատվածում են գրանցել ԼՂՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման համապատասխան տարածքային բաժիններում: 2000 դոլարը կտրամադրվի հովանավորների կողմից, 500 դոլարը կհատկացվի պետբյուջեից՝ հարսանյաց հագուստի եւ մատանիների ձեռքբերման համար, իսկ 300 հազար դրամը պետական ծրագրով հունվարի 1-ից նախատեսված գումարն է, որը տրամադրվում է յուրաքանչյուր զույգի՝ անկախ ամուսնությունը գրանցելու ժամկետից:

Նշված ժամանակահատվածում իրենց ամուսնությունը գրանցած թվով 690 զույգերն էլ կդառնան հոկտեմբերի սկզբներին Ղարաբաղում նախատեսվող կոլեկտիվ հարսանիքի գլխավոր հերոսները: Հարսանիքը սկզբից նախատեսված էր սեպտեմբերի սկզբներին, սակայն հետո որոշվեց այն անցկացնել հոկտեբերի սկզբներին՝ Բերքի տոնից հետո: Մեր տվյալներով, այն հետաձգվել է նաեւ նախատեսվող շինարարական աշխատանքների պատճառով, որպեսզի դրանք ավարտին հասցվեն. Շուշիում եւ Գանձասարում բարեկարգվում է եկեղեցու շրջակայքը, իսկ Ստեփանակերտում վերանորոգվում են Վերածննդի հրապարակից դեպի մարզադաշտ տանող աստիճանները: Նախատեսված է, որ զույգերը Գանձասարում եւ Շուշիում պսակադրության արարողությունից հետո գալու են Ստեփանակերտ եւ հենց այդ աստիճաններով են իջնելու մարզադաշտ, որտեղ կայանալու են հիմնական միջոցառումները:

Մեր տվյալներով, հեռանկարային ծրագրով նախատեսվում է բարերարների կողմից նորապսակներին՝ առաջին երեխայի ծնվելու դեպքում 3 000 դոլարի տրամադրում, ինչը ամեն հաջորդ երեխայի դեպքում կավելացվի: Իսկ 7-րդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքին կտրամադրվի 50 000 դոլար:

Ամուսնացող զույգերի պետական ծրագիրը եւ կոլեկտիվ հարսանիքի գաղափարը կարելի է ասել դրական տեղաշարժ են գրանցել Ղարաբաղում ամուսնությունների առումով. այս տարի անցած տարիների համեմատ ամուսնությունների զգալի աճ է գրանցվել: ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը վերջերս հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ուրախությամբ նշեց, որ առաջին կիսամյակում ԼՂՀ ՔԿԱԳ բաժիններում գրանցվել է 2042 ամուսնություն, նախորդ տարվա 519-ի դիմաց: Ամենաշատ ամուսնությունները՝ 832, գրանցվել են Ստեփանակերտում, 326-ը գրանցվել է Մարտակերտում, 243-ը՝ Մարտունիում, 238-ը՝ Ասկերանում, 168-ը՝ Հադրութում, 125-ը՝ Շուշիում, 76-ը՝ Քաշաթաղում, 34-ը՝ Շահումյանում:

ԼՂՀ արդարադատության նախարարությունից տեղեկացանք, որ հունվար-հուլիս ամիսներին հանրապետությունում ընդհանուր առմամբ արդեն գրանցվել է 2106 ամուսնություն:

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԵՆ 

Հարկային մարմինների կողմից վերջին շրջանում իրականացված ստուգումները բնակչության շրջանում քննարկվող ամենահրատապ թեմաներից է: Մայրաքաղաքի մի քանի խանութներ, ինչպես հավաստիացնում են որոշ բնակիչներ, հարկային մարմնի կողմից տուգանվելուց հետո գները կտրուկ իջեցրել են: Ասում են, որ մի քանի խանութներ էլ դադարեցրել են իրենց գործունեությունը, իսկ որոշ տնտեսավարող սուբյեկտների գործերը հասել են դատարան:

Այս տվյալները ճշտելու համար դիմեցինք ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանին, որը մեզ տեղեկացրեց, որ հարկային մարմնի կողմից, 2008թ. 1-ին կիսամյակի արդյունքներով,  կատարվել են թվով  584 ստուգումներ, այդ թվում՝ բյուջեների հանդեպ հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունների հաշվարկման եւ վճարման ճշտության, հարկ վճարողների դիմումների համաձայն՝ լուծարային, հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման եւ շահագործման կանոնների պահպանման ճշտության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության եւ այլն:

Ա.Բալայանի հավաստիացմամբ, ստուգումների արդյունքներով վերոնշված ժամանակահատվածում  ԼՂՀ  դատարաններ  է ներկայացվել թվով 20 քաղաքացիական գործ: Արձանագրված խախտումները տարաբնույթ են՝ բյուջեների հանդեպ հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունների հաշվարկման եւ վճարման, հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման եւ շահագործման կանոնների, հաստատագրված վճար վճարողների կողմից հայտարարագրված ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների խախտումներ, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր:

– Դատական կարգով  է ընթացք ստացել «Արցախառեւտուր» ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների գանձումը: Տնտեսավարող սուբյեկտների իրական շրջանառությունների, ձեռնարկատիրական առարկաների գրանցման եւ իրացման փաստացի գների վերահսկման նպատակով առեւտրի ոլորտում  2007թ. դեկտեմբեր ամսում  թվով 15 տնտեսավարող սուբյեկտի, այդ թվում  եւ «Արցախառեւտուր» ՓԲԸ-ի  մոտ իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում հայտնաբերված խախտումների դիմաց սուբյեկտները տուգանվել են «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված չափով: Տուգանված տնտեսավարող  սուբյեկտների մի մասը օրենսդրությամբ սահմանված ժամկետում՝ 30 օրվա ընթացքում, մարել է տուգանքը, մյուսները, բացի «Արցախառեւտուր» ՍՊԸ-ի, վճարման ժամկետը երկարաձգելու համար դիմել են ԼՂՀ կառավարություն եւ  օգտվել վերջինիս կողմից ընձեռված արտոնությունից. երկարաձգվել են  պարտավորությունների վճարման ժամկետները: Համաձայն չլինելով ստուգման ակտի հետ` «Արցախառեւտուր» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել դատարան: Բացի ստուգմամբ հայտնաբերված խախտումների դիմաց ունեցած պարտավորություններից, կազմակերպությունը ուներ նաեւ 6 ամսվա  ընթացիկ չկատարած  պարտավորություններ եւ իր գործունեության ընթացքում ժամանակին չկատարած վճարումների դիմաց առաջացած տույժեր: Հարկային մարմինը հանդես է եկել հակընդդեմ հայցով՝ նշված սուբյեկտի  կուտակած եւ ստուգմամբ հայտնաբերված պարտավորությունների գծով գումարների մարման համար: Հայցը բավարարվել է հօգուտ հարկային մարմնի: Այնուհետեւ հարցը տնտեսավարող սուբյեկտի վերաքննիչ բողոքով տեղափոխվել է վերաքննիչ դատարան, այս անգամ եւս հարկային վեճը  լուծվել է հօգուտ հարկային մարմնի,- մեզ տված հարցազրույցում տեղեկացրել է Ա. Բալայանը:

Նրա հավաստիացմամբ, «Արցախառեւտուր» ընկերությանը պատկանող  որեւէ գործունեության կասեցում չի կիրառվել:

– Ի դեպ,  իր գործունեության ընթացքում  «Արցախառեւտուր» ՓԲԸ-ն միշտ էլ  հարկային պարտավորությունների  կատարման հարցում ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք: Ավելացնենք նաեւ, որ նույն տնտեսավարող սուբյեկտը շարունակում է չկատարել իր ընթացիկ հարկային պարտավորությունները՝ ապառքներ կուտակելով պետական բյուջեի հանդեպ,- հավելել է պարոն Բալայանը:

ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ 

Հաջորդ տարվանից շրջանառության մեջ կդրվեն միանգամից 4 օրենսգրքեր՝ դատական, քրեական դատավարության, քաղաքացիական դատավարության եւ վարչական դատավարության՝ այս մասին տեղեկացրել է արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը:

2008թ. առաջին կիսամյակում ԼՂՀ արդարադատության նախարարությունում հրավիրվել է բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց եւ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի մեկ նիստ, որի արդյունքում 5 քաղաքացու շնորհվել է բռնադատվածի կարգավիճակ եւ տրվել համապատասխան վկայականներ:

Հարկային պետական ծառայության տվյալներով՝ 2008թ. առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 5555.1 մլն դրամ հարկային եկամուտներ եւ տուրքեր, ինչը պլանավորված ցուցանիշը գերազանցել է 0.9 %-ով կամ 47.1  մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 10.8%-ով կամ  539.8 մլն դրամով:

Առեւտրի հարկով հարկվող  տնտեսավարող սուբյեկտների իրացման շրջանառության ծավալը 2008թ. 6 ամսվա արդյունքներով կազմել է  16305.6 մլն դրամ, 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ 210.5% կամ 8561.3 մլն դրամով ավել, իսկ նույն ժամանակահատվածում  առեւտրի հարկից պետական բյուջե է մուտքագրվել 435.4 մլն դրամ՝ կազմելով նախորդ տարվա ցուցանիշի 201.1%-ը:

Հարկային մարմինների կողմից ստուգումների ընդհանուր թվաքանակից 171 -ը կատարվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման եւ շահագործման կանոնների պահպանման ճշտության նպատակով, արդյունքում արձանագրվել է խախտման 122 դեպք՝ լրացուցիչ բյուջե հաշվարկվելով 12.2 մլն դրամ:

2008թ. փետրվարին   գործողության մեջ  է դրվել նաև  հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված  կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի գործունեության կասեցման ընթացակարգը, որի արդյունքում առ այսօր գրանցվել են գործունեության կասեցման 15 դեպք. 12 տնտեսավարող սուբյեկտի  5 օրով՝ առաջին անգամ խախտումն կրկնվելու  եւ 3 տնտեսավարող սուբյեկտի  10 օրով՝ երկրորդ եւ ավելի անգամ կրկնվելու  համար:

Հարկային հանցագործությունների  բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում 2008թ. առաջին կիսամյակում հարուցվել է  7 քրեական գործ, որով պետության հասցված վնասը կազմել է  738.3 մլն դրամ:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

——————————————————————————————

Տարածաշրջան

ԻՍԿ ՀԱՄԱՐԺԵ՞Ք ԷՐ ԼՂՀ ԱՐՁԱԳԱՆՔԸ
կամ՝ փրկիչը փրկում է վտանգից, այլ ոչ թե մահից, և այն էլ՝ բոլորին

Օգոստոսի 7-ի լույս գիշերը վրացական զինուժը մտավ  Ցխինվալ, մինչ այդ մեզ ցավալիորեն ծանոթ «Գրադ» կայանքներով, հրանոթներով և օդուժով հողին հավասարեցնելով չճանաչված հանրապետության մայրաքաղաքը: Աշխարհը կանգնեց նոր պատերազմի փաստի առաջ, որը փոխեց իրադրությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև դրա սահմաններից շատ հեռու: Սույն մտորումների նպատակը չէ պարզելը, թե ինչպես աշխարհն արձագանքեց: Նոր իրավիճակը փորձություն էր բոլորի համար, տարբեր երկրներ փորձում էին իրենց շահերի տեսանկյունից դիտարկել իրավիճակը: Իսկ ինչպե՞ս դիտարկեցինք մենք՝ մեկ այլ չճանաչված հանրապետություն:

Մեր արձագանքն, ըստ իս, եղավ ծանրաշարժ և ոչ մոտիվացված, ըստ էության՝ ճարահատ արձագանք, որովհետև բոլորը հասկանում էին, որ ընդհանրապես ոչինչ չասելը ոչ ոքի կողմից չէր ընկալվի:

Ամենաօպերատիվն (օգոստոսի 8-ին) արձագանքեցին հասարակական կազմակերպությունները, որոնք ՀԿ-ների ռեսուրս-կենտրոնի նախաձեռնությամբ հանդես եկան հայտարարությամբ: Հայտարարությունն այդ աչքի էր ընկնում ոչ միայն օպերատիվությամբ, այլև շեշտադրումների հստակությամբ: Դատապարտելով չճանաչված հանրապետության դեմ ագրեսիան, արցախյան ՀԿ-ները Վրաստանից պահանջեցին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին, հրապարակվեց ԼՂՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ «կապված Հարավային Օսիայում վերջին դեպքերի հետ»: Այստեղ հստակ շեշտադրումներ չկային, ավելին՝ մեկնաբանության մեջ տեղ էր գտել մի ամորֆ, մեր բախտակից հանրապետության համար տհաճ մի նախադասություն՝ «Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին… ձեռնարկել ամեն հնարավորը՝ արյունահեղությունը անհապաղ դադարեցնելու համար»: Հասկանալու համար նման նախադասության անտեղիությունը՝ փորձեք պատկերացնել հետևյալ իրավիճակը՝ ադրբեջանական զինուժը, Աստված մի արասցե, մտել է Ստեփանակերտ, կոտորում է խաղաղ բնակիչներին, և այդ պահին Հարավային Օսիայի ԱԳՆ-ն «կոչ է անում հակամարտող կողմերին… ձեռնարկել ամեն հնարավորը՝ արյունահեղությունը անհապաղ դադարեցնելու համար»: Կարելի է, չէ՞, պատկերացնել, թե ինչպիսին կլիներ մեր արձագանքը:

Դժվար չէ հասկանալ, թե ինչու այդքան անատամ էր մեր արտաքին-քաղաքական գերատեսչության մեկնաբանությունը: Բանն այն է, որ դրա նախորդ օրը՝ օգոստոսի 8-ին, ՀՀ ԱԳՆ-ն էր հանդես եկել նման «հավասարակշիռ» հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և հույս հայտնել, որ կողմերը բոլոր ջանքերը կներդնեն վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Ինչպես տեսնում եք, մեր ԱԳՆ-ի հայտարարությունը ՀՀ ԱԳՆ-ի պատճենն է: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ գոնե մի անգամ մենք կարող էինք ինքնուրույն քայլ ձեռնարկել, այլ ոչ թե նմանակել Հայաստանին, ինչի համար ուղղակի եզակի բարենպաստ առիթ էր: Մեկ այլ հարց դիտարկենք: Հայաստանի նման հավասարակշիռ պահվածքը մի-անգամայն հասկանալի ու հիմնավորված է: ՀՀ-ն ճանաչված պետություն է, ունի իր պարտավորություններն ու շահերը տարածաշրջանում և աշխարհում, ունի հաղորդակցական պրոբլեմներ, Ջավախքի խնդիր, ուստի չէր կարող միանշանակ շեշտադրումներ անել:

Իսկ ինչո՞վ էր կաշկանդված ԼՂՀ-ն: Բացարձակապես ոչնչով: Եւ կարող էր արցախյան ՀԿ-ների պես հստակ շեշտադրումներ անել և հանգիստ խղճով կանգնել բախտակից հանրապետության կողքին, բարոյապես կանգնել: Այո, մենք չունենք ռազմական դաշինք, բայց բարոյական դաշինք հո ունե՞նք: Մի՞թե աշխարհը կզարմանար ու կզայրանար, որ մի չճանաչված հանրապետություն բարոյական աջակցություն է հայտնում մեկ այլ չճանաչված հանրապետության՝ վերջինիս օրհասական պահին: Աշխարհը շատ լավ էլ կընկալեր, ավելին՝ հաճելիորեն կզարմանար, որ այս մի չճանաչվածը կենդանության ինքնուրույն նշաններ է ցույց տալիս: Էլ չեմ խոսում այն մասին, որ սույն քայլը հաճելի կլիներ նաև Ռուսաստանի համար, որին համարում ենք մեր ռազմավարական դաշնակիցն ու անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկը: Ավելին՝ նման քայլով տարբերակած-դիվերսիֆիկացրած կլինեինք հայկական դիվանագիտությունը, ըստ էության՝ ավելի մարսելի դարձնելով Հայաստանի դիրքորոշումը:

Բայց այս հանգամանքն ըստ արժանվույն չգնահատեցին ոչ Հայաստանում, ոչ էլ առավել ևս Արցախում, ինչը նշանակում է, որ Հարավային Օսիայի օրինակը դաս չի եղել մեզ համար: Ըստ իս, հիմնական դասը հետևյալն էր՝ պիտի սեփական դեմք ու քաղաքականություն ունենալ: Հարավային Օսիան չուներ դա և գործում էր միայնումիայն Մոսկվայի թելադրանքով, ահա թե ինչով կարելի է բացատրել միջազգային հանրության քար անտարբերությունն օրհասական օրերին: Ըստ էության, ՀՕ-ն բանակ չուներ, այլապես ցանկացած երկիր պիտի որ կարողանա գոնե մեկ օր դիմադրել: Չի ունեցել բանակ, քանի որ ռուսներն ասել են՝ «ինչների՞դ է պետք բանակը, չէ՞ որ մենք այստեղ ենք»: ՀՕ-ի ղեկավարությունն էլ չի ասել՝ ախր, մենք անկախ պետություն ենք: Ունենար գոնե ռազմական հետախուզություն, ապա գոնե սեփական բնակչությանը կզգուշացներ վտանգի մասին, որպեսզի մարդիկ վաղօրոք պատսպարվեին նկուղներում: Չի ունեցել, կամ էլ եղած-չեղած բանակի «պուլտն» իր ձեռքին չի եղել: Ժողովուրդն էլ չի հարցրել իր ղեկավարությանը՝ «այսքան տարի ի՞նչ բանի եք»: Ու պատժվել է դրա համար:

Այո, հենց ժողովուրդն է պատժվել իր իսկ անպահանջկոտության համար, որովհետև ՀՕ նախագահ Կոկոյտին և իշխանամերձ պարոնները կարողացել են ծլկել ռուսական սահմանամերձ, գեղատեսիլ ու անվտանգ Ջավա ավանը, իսկ հասարակ ժողովուրդը մնացել է կրակի տակ: Եւ հիմա նույն նախագահն այնպես է «բոյեվիկ» խաղում հեռուստաէկրանին, ասես հարյուրավոր զոհեր տվողն ինքն ու իր իշխանությունը չեն: Ասես ինքը չէ բազմամյա անինքնուրույնության հեղինակը:

Մի՞թե մեր պարագան շատ է տարբերվում: Մենք վաղուց դադարել ենք ինքնուրույն գործոն լինելուց, մենք սովոր ենք սպասել, թե ինչ կասի Երևանը, վերջինս էլ հրահանգի է սպասում Մոսկվայից, ինչի հետևանքով Հայաստանն աշխարհում ընկալվում է որպես Ռուսաստանի ֆորպոստ, իսկ Արցախն էլ, երևի, ֆորպոստի ֆորպոստ, կամ վասալի վասալ:

Այս առումով լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաև ԼՂՀ արձագանքի «մեխանիկան», ինչը մեկ անգամ ևս երևակեց մեր կառավարման համակարգի անկենսունակությունը: ԼՂՀ նախագահը ոչ մի բան չասաց, վարչապետը նույնպես, խորհրդարանն էլ  նիստ չհրավիրեց (ավելի լուրջ ի՞նչ իրավիճակ պիտի լիներ արտահերթ նիստ հրավիրելու համար, չէ՞ որ Ադրբեջանը կարող էր օգտվել ստեղծված իրավիճակից): Շրջանառվող հիմնական պատճառներից ամենածիծաղելին արձակուրդային սեզոնն էր, որն անձամբ ես գլխավորը չեմ համարում: Ըստ իս, գլխավորը ինքնուրույն քայլեր անելու ոչ միայն անընդունակությունն էր, այլև նման ցանկության բացակայությունը:

Իրավիճակն այս առումով փոքր ինչ փրկեց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, որն իր մամուլի ասուլիսում հստակ շեշտադրումներ արեց և տվեց մի շարք օրախնդիր ու դիպուկ գնահատականներ (ամենայն հավանականությամբ՝ ԱԺ ղեկավարության հետ համաձայնեցված): Միակ անհասկանալին նրա մի «թեական» պնդումն էր: Խորհրդարանականը չբացառեց, որ ղարաբաղյան իշխանությունները կարող է հումանիտար օգնություն ցուցաբերեն Հարավային Օսիային: Սա, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ ձևակերպում չէր: Բայց անիմաստ է այս հարցում խորհրդարանականին պարսավելը, քանի որ մենք հասկանում ենք, և ինքն էլ էր քաջ հասկանում, որ իր կարգավիճակով նա ավելին չէր էլ կարող ասել: Ավելին կարող էին ասել երկրի նախագահն ու կառավարությունը: Կարող էին և պարտավոր էին միանշանակ ասել: Ինչպես, օրինակ, նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանն էր առաջարկում՝ կարելի էր շուտափույթ մի ինչ-որ գումար փոխանցել և կոչ անել հակամարտության գոտուն սահմանակից տեղաշրջանների հայ բնակչությանը նույնպես հումանիտար օգնություն ցուցաբերել աղետի գոտու մարդկանց: Սա կլիներ նաև արցախյան հանրության առաջարկների արձագանք, քանի որ այս օրերին խմբագրություն էին այցելում մարդիկ, հարցնելով, թե ինչպես կարելի է հագուստ և սննդամթերք ուղարկել Ցխինվալ:

Մենք դա չարեցինք: Չարեցինք, ևս մեկ անգամ ապացուցելով, որ չենք յուրացրել հարավօսական վիճակի մյուս դասը՝ ամբողջ հույսդ մի դիր ուրիշի վրա, անգամ դաշնակցի վրա: Այո, ռուսները փրկեցին օսերին, բայց ռուսները գեշ սովորություն ունեն փրկելու կոտորածից հետո միայն:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ «ՋՐԵՐԸ ՊԱՐԶՎՈՒՄ» ԵՆ. ՄՆԱՑ ՂԱՐԱԲԱՂԸ

Առանց այն էլ անկայուն մեր տարածաշրջանը այս ամենից հետո կհայտնվի լիակատար անորոշության մեջ: Այսպիսի կարծիք այսօր կարելի է լսել հարավկովկասյան տարածաշրջանում: Իրականում այս թոհուբոհից հետո տարածաշրջանում, ընդհակառակը, կպարզվեն ջրերը: Համենայնդեպս, Վրաստանի եւ Ռուսաստանի առումով ամեն ինչ պարզ կլինի իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում, եւ տարածաշրջանը շատ ավելի կանխատեսելի կդառնա: Անորոշ կմնա միայն ղարաբաղյան հակամարտության գոտին:

Միջազգային փորձագետները փորձում են գուշակել, թե ինչ կլինի արյունոտ պատերազմից հետո: Մեծ մասը հակված է կարծելու, որ Ռուսաստանը կչեզոքացնի վրացական զինուժը եւ հաղթողի իրավունքով կճանաչի Հարավային Օսիան եւ Աբխազիան, ամենայն հավանականությամբ՝ որպես ՌԴ մաս: Դա ընկալվում է որպես «լավագույն տարբերակ» նույնիսկ արեւմտյան եւ վրացական որոշ վերլուծաբանների կողմից:

Իսկ ի՞նչը կարող էր լինել դրանից վատ: Վերլուծաբանները նույնիսկ չեն ենթադրում, որ Ռուսաստանը կարող է էյֆորիայի մեջ գրավել Վրաստանը կամ առնվազն շատ մեծ մարդկային վնասների բերող գործողություններ իրականացնել: Թեկուզ խոսվում է նաեւ ԱՄՆ-ի հնարավոր մասնակցության և, որպես հետեւանք, երրորդ համաշխարհային պատերազմի մասին:

Սակայն, դատելով Սահակաշվիլիի, արեւմտյան երկրների, ՄԱԿ-ի պահվածքից, որոնք ընդամենը մեղադրում են Ռուսաստանին, բայց գործուն քայլեր չեն ձեռնարկում, կարելի է ենթադրել, որ առավել հավանական է առաջին տարբերակը՝ Վրաստանը կզրկվի «Աբխազիա եւ Օսիա» կոչվող գլխացավանքից, Ռուսաստանն էլ՝ Վրաստանի ՆԱՏՕ մտնելուն խոչընդոտելու միակ գործոնից: Ընդ որում, Սահակաշվիլին «պատվով» կթողնի իր աթոռը եւ նույնիսկ ազգային հերոս կհռչակվի: Վրացական ժողովուրդն էլ համոզված կլինի, որ ամեն ինչ արել է ազգային շահերը պաշտպանելու համար:

Հետո պատերազմը կշարունակվի իրավական կոչվող առեւտրային դաշտում, որտեղից կողմերը կփորձեն առավելագույնը քաղել: Բայց փաստը կմնա փաստ. Սահակաշվիլին «հանձնման ձեւով» «կլուծի» վիճելի տարածքների խնդիրը, Վրաստանում կհայտնվեն ՆԱՏՕ-ի զորամիավորումները, Ռուսաստանը եւս երկու մարզի լիիրավ տեր կդառնա, իսկ ինքնահռչակ հանրապետությունների բնակչությունը վերջապես հանգիստ կշնչի եւ այլեւս չի հրաժարվի ռուսական թիկունքից:

Այս «մարդասիրական» ծրագիրը, որի արդյունքում «բոլորի համար լավ է լինելու», հավանաբար, մշակվել է լուրջ ռազմաքաղաքական կրթություն ունեցող մարդկանց կողմից: Սովորաբար, նման մարդիկ հուզական չեն լինում, կամ միայն կյանքի վերջում են «դարձի գալիս» եւ իրենց պայծառ գաղափարների զոհերի հիշատակին մատուռ են կառուցում: Հուզական չեն, քանի որ ուրիշի կյանքն իրենց համար արժեք չունի: Ցավոք, մարդկության պատմության մեջ մարդկային կյանքն արժեք այդպես էլ չդարձավ: Մարդկային կորուստները եւ պատերազմական գործողությունները  հաշվարկվում են թվերով, այլ ոչ թե կոտրված ճակատագրերով: Այս ամենը եւս մեկ անգամ ապացուցեց, թե որքանով է անպաշտպան մարդու կյանքը «ընտրյալների» պայծառ գաղափարների առջեւ:

Եւ, վերադառնալով հրապարակման առաջին մտքին, նշենք, որ աշխարհում անորոշ տարածաշրջանների «ջրերը պարզեցնելու» հստակ միտում է նկատվում: Ընդ որում, չճանաչված անկախությունը ճանաչելու միջոցով: Կոսովոյում դա արվեց անարյուն ձեւով, քանի որ սերբ ժողովրդին հաջողվեց համոզել, որ դա է աշխարհի զարգացման ճանապարհը: Վրաց ժողովրդին համոզելու լավագույն ձեւ ընտրվեց պարտությունը պատերազմում: Իսկ ո՞ր ձեւի վրա կկանգնեն աշխարհի ճարտարապետները Ղարաբաղի հարցում:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

——————————————————————————————

Հայրենիք

ՕՏԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՊԻՏԻ ԱԶԱՏԱԳՐՎԵՆ ՆԱԵՎ ՕՏԱՐԱՑՈՒՄԻՑ 

Ազատագրված տարածքների ամենատարբեր բնակավայրեր պարբերական այցելությունների շնորհիվ մեր հայրենակիցների տրամադրությանն ու հոգեբանությանը ծանոթանալով, ինչպես նաեւ տարիներ շարունակ Քաշաթաղի եւ, չգիտես ինչու, Շահումյանի շրջան վերանվանված Քարվաճառի շրջանների ղեկավարների վարած քաղաքականության, նորանկախ երկրի ղեկավարների վերաբերմունքի եւ արցախյան հանրության ներսում շրջանառվող մի շարք կարծրատիպերի ուսումնասիրությունը մեզ ստիպել է հանդես գալ սույն հոդվածով:

Ազատագրված տարածքների վերաբնակեցման առաջին փուլից հետո անհասկանալի պատճառներով նվազել է այս հայրենաշեն առաքելության կարեւորությունը, շրջանների նկատմամբ ոչ հոգատար վերաբերմունքն աստիճանաբար վերաճել է խափանման քաղաքականության, ինչի հետեւանքով ազատագրված տարածքները զգալիորեն տուժել են, վերաբնակեցման գործընթացն, ըստ էության, դադարեցվել է, ավելին՝ այս տարածքներից բնակչության մեծ արտահոսք է եղել:

Կատարվածի վերլուծությունը, մեր սեփական դիտարկումներն ու շահագրգիռ մարդկանց հետ մեր խորհրդատվությունները մեզ բերել են այն եզրահանգման, որ ազատագրված տարածքների նկատմամբ մեր պետության վերաբերմունքի փոփոխումն օրվա հրամայականն է: Այլապես կարող ենք մեր իսկ մեղքով կասկածի տակ դնել հայության համար անգնահատելի պատմական-ռազմական-մշակութային-մարտավարական-ռազմավարական նշանակություն ունեցող այս տեղաշրջանի ապագան:

Ակնկալում ենք, որ արցախյան հանրության շահագրգիռ քննարկմանը կարժանանան մեր դիտարկումներն ու առաջարկությունները:

Տիգրան ԿՅՈՒՐԵՂՅԱՆ
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՍԱ ՄԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

Յուրաքանչյուր մարդ ունի Հայրենիք ունենալու իրավունք: Արդյո՞ք Հայրենիք են ազատագրված տարածքները, թե՞ ոչ: Դրանից ելնելով՝ ազատագրե՞լ ենք, թե՞ գրավել այդ տարածքները: Այսօր ամենաբարձր մակարդակներով սերմանվում է այն միտքը, որ այդ տարածքները պարզապես նորանկախ երկրի՝ ԼՂՀ-ի անվտանգության գոտին են, ավելին՝ որ պատերազմական գործողությունների հենց սկզբից էլ մենք ծրագրել էինք ստեղծել նման գոտի՝ հետագայում մեր անկախության ճանաչման պայմանով բանակցությունների սեղանի շուրջ այդ տարածքների վերջնական ճակատագիրը որոշարկելու համար:

Ի գիտություն ոչ տեղյակ մարդկանց՝ հիշեցնենք, որ այդ տարածքները մեր պատմական հայրենիքն են: Հայկական տարրը Քարվաճառ-Քաշաթաղը վերջնականապես լքել է 18-րդ դարում, պատմական տեսանկյունից՝ բոլորովին վերջերս: Ամբողջ ազատագրված տարածքներում ցիրուցան եղած հազարավոր պատմական հուշարձաններ և մասունքներ կան, որոնք հարյուրավոր տարիների մեթոդական ոչնչացումից հետո էլի մնացել են և վկայում են տարածքի հայկական լինելու մասին: Աշխարհագրական տեսակետից ազատագրված տարածքները Հայկական լեռնաշխարհի՝ հայության բնօրրանի բնական սահմաններից՝ Արաքս-Կուր գետերից ներս ընկած տարածքներ են: Ազատագրված տարածքները մեր Հայրենիքի կորսված հատվածն է, որը Արցախյան ազատամարտի արդյունքում վերամիավորվել է մայր Հայրենիքին:

Սա մեր հայրենիքն է, ինչի ընկալումը ապրեցնող է: Տեղացիները շատ դիպուկ բնորոշել են այս հանգամանքի կարեւորությունը՝ «որ իմանում ես սա քո պատմական հայրենիքն է, որ քո իսկ պապերն են այստեղ ապրել ու արարել՝ ավելի վստահ ես զգում քեզ, ավելի ես կապվում այս հողի հետ»:

Իսկապես, մի բան է անվտանգության գոտու բնակիչ լինել, մեկ այլ բան՝ հայրենիքը շենացնող մարդ:

ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ (ՀՀ) քաղաքացիությունը հայերի բնական և անօտարելի իրավունքն է: Տարածքը դառնում է Հայրենիքի լիիրավ մաս, երբ այն ամբողջությամբ, առանց որևէ բացթողումների, յուրացվում է, գիտակցվում է, նկարագրվում է, ընկալվում է ազգի կոլեկտիվ գիտակցության մեջ: Դրա համար այն պետք է բնակեցնել ու բնակեցնել: Պահել ու չբնակեցնելը ենթադրում է ինչ- որ միջազգային առևտուր: Դրա համար էլ անվերադարձ դարձնելու համար ազատագրված տարածքների ճակատագիրը՝ պետք է դրանք բնակեցնել ամբողջությամբ:

Իսկ բնակեցումը պիտի սկսել քաղաքացիության շնորհումից: Ապշեցուցիչ է, բայց փաստ՝ անկախության հռչակումից անգամ 17 տարի անց մենք (ԼՂՀ-ում) չունենք քաղաքացիության մասին օրենք: Ինչ վերաբերվում է վերաբնակիչներին, ապա հիմնականում նրանք քաղաքացիություն չունեն: Ավելին՝ շատերը նույնիսկ մշտական և ժամանակավոր գրանցում չունեն, ինչը նրանց զրկում է ընտրելու եւ ընտրվելու իրավունքից:

Մեր կարծիքով՝ ազատագրված տարածքներում ապրողներն անվերապահորեն պիտի ստանան ԼՂՀ քաղաքացիություն եւ այս հարցում նրանց մշտական հաշվառման վայրը չպիտի խոչընդոտ հանդիսանա: Քաղաքացիություն ստանալուց հետո էլ նրանք պիտի օժտվեն հողի եւ գույքի նկատմամբ սեփականության իրավունքով, այսինքն՝ ունենան այն բոլոր իրավունքները, որ ունեն ԼՂՀ մյուս քաղաքացիները:

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ

Ամեն ինչից զատ՝ ազատագրված տարածքները ռազմական բացառիկ նշանակություն ունեն, առանց որոնց երկու հայկական պետությունների անվտանգության համակարգը թերի ու խոցելի կլինի: Ընդ որում՝ այդ տարածքներն ապահովում են մեր անվտանգության բազմատարրությունը թե հաղորդակցական եւ թե պաշտպանական առումներով: Քարվաճառն, օրինակ, բնական, անձեռակերտ ու անառիկ միջնաբերդ-ամրոց է: Աստված մի այնպիսի հրաշակերտ, բազմաանվտանգ, բազմածալ, բազմաշերտ ու բազմախորունկ ամրոց է ստեղծել, որ մարդու միտքը երբևէ չի կարող մրցակցել դրա հետ:

Հարթավայրային տարածքների բնակեցումն առաջին հերթին պաշտպանական-ռազմական նշանակություն ունի: Ինչպե՞ս պիտի արվի այդ բնակեցումը: Մեր կարծիքով՝ ներկայիս քաղաքականությունն անբավարար է ու ոչ լիարժեք: Կարծում ենք, որ շատ ավելի նպատակահարմար կլիներ այստեղ տեղակայվող զորամասերում ծառայող սպայական կազմի և պայմանագրային զինծառայողների համար բնակարանային լիարժեք պայմանների ապահովումը: Օբյեկտիվ իրավիճակը թելադրում է, որ մենք բանակը մասամբ անցկացնենք պայմանագրային ծառայության: Այսպես՝ շուտով բանակ կզորակոչվեն 1990-ականներին ծնված տղաները, ովքեր քանակով կրկնակի պակաս են 1980-ականներին ծնվածներից: Բացը, բնականաբար, լրացվելու է պայմանագրային ծառայողների հաշվին: Եթե զուգահեռաբար պայմանագրային ծառայողների համար բնակարանաշինություն արվի, ապա կարելի է ԼՂՀ համար կարևորագույն երկու հարցերը՝ պաշտպանությունը և վերաբնակեցումը համատեղ և արդյունավետ լուծել:

Բայց սա հնարավոր է անել այդ տարածքների նկատմամբ մեր իսկ վերաբերմունքի ելակետը պարզելուց հետո միայն: Ղարաբաղյան կարգավորման մեզ առաջարկված բոլոր տարբերակներում էլ ամրագրված է ազատագրված տարածքների վերադարձը: Որքան էլ տարօրինակ լինի, բայց մեր ղեկավարներն ու գեներալիտետը երբևէ չեն ժխտել այս հանգամանքը, չեն ժխտել, քանի որ իրենց իսկ ջանքերով հայ հանրությունը շատ հանգիստ, ուղղակի օլիմպիական հանգստությամբ է վերաբերվում դրան: Նրա ուղեղն են մտցրել այն միտքը, որ տարածքների հանձնմամբ կապահովվի մեր անվտանգությունը:

Այսօր շփման գծում հարաբերական անդորրը պահպանվում է կողմերի ռազմական հավասարակշռության շնորհիվ: Պարզից էլ պարզ է, որ այդ հավասարակշռության խախտումն էլ հենց պատերազմի վերսկսման հիմնական պատճառը կարող է լինել: Այսինքն, ավելի պարզ ասած՝ մեր անվտանգության երաշխիքը հանդիսացող տարածքների հանձնմամբ մենք մեզ մերձեցնելու ենք ոչ թե խաղաղությանը, այլ պատերազմին, քանի որ մեծ է լինելու թույլին պատժելու գայթակղությունը:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՈՒՆԵՆԱ

Ազատագրված տարածքների բնակեցման ուղղությամբ քիչ գործ չի արվել, բայց քանի որ այն առավելապես իրականացվել է առանց հեռագնա հստակ ծրագրի, ապա արդյունքները ցանկալիից շատ են հեռու: Հատկանշական է, որ ս.թ. մարտին «Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված Քաշաթաղի զարգացման միջազգային խորհրդաժողովի ժամանակ նույնինքը՝ Ջեյմս Թուֆենկյանը, ԼՂՀ ղեկավարության ներկայությամբ մաքուր սպիտակ թուղթը ցույց տալով, ասել էր՝ «Սա Քաշաթաղի շրջանի այս 15 տարիների զարգացումն է», հավելելով, որ շրջանում մաքուր թղթից պիտի սկսվի ամեն ինչ: Եւ առարկություններ չեղան այն ժամանակ:

Քաշաթաղում կայացած նույն խորհրդաժողովում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ասել է. «Գիտակցելով Քաշաթաղի թե° քաղաքական եւ թե° տնտեսական կարեւորությունը, բոլորս միասին պետք է ձեռնամուխ լինենք շրջանի զարգացման գործին, ստեղծենք կայուն ու մրցունակ տնտեսություն, բարձրացնենք բնակչության կենսամակարդակը, բարելավենք մարդկանց կենսապայմանները: Դա է այսօրվա հրամայականը, եւ դա են պահանջում մեր ազգային անվտանգության շահերը»: Նախագահը, կարեւորելով շրջանում վերաբնակեցման քաղաքականության վերանայումը, շեշտել է, որ ուժեղ, զարգացած ու վերաբնակեցված Քաշաթաղի առկայությունը կայուն նախադրյալներ կստեղծի նաեւ ավելի ամրացնելու մեր դիրքերն ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, այնպես էլ ճակատային գծում, դարձնելով այն առավել պաշտպանված ու անվտանգ: «Ելնելով մեր ազգային ռազմավարության շահերից՝ ԼՂՀ իշխանությունը նպատակ ունի հզորացնել Քաշաթաղի շրջանը»,- տեղեկացրել է երկրի նախագահը:

Ամեն ինչ ճիշտ է ասված, սակայն խնդիրը կայանում է, որ խորհրդաժողովից մոտ կես տարի անց եւս որեւիցե դրական տեղաշարժ չկա այս ուղղությամբ, ավելին՝ նորերս էլ լուծարվել է Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչությունը:

Մեծ հաշվով կարեւորը նույնիսկ կառուցվածքային համապատասխանությունը չէ, այլ տարվող քաղաքականության էությունը: Ի վերջո, կարելի է ոչինչ չանել մի քանի վարչությունների առկայությամբ, եւ ընդհակառակը՝ լուրջ միջոցներ ձեռնարկել առանց հատուկ կառուցվածքային փոփոխությունների: Սակայն ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ հենց տարվող քաղաքականությունն էլ, մեղմ ասած, ոչ լիարժեք է:

Իսկ դա այդպես է եւ այդպիսին է լինելու, քանի դեռ պետությունը չունի ազատագրված տարածքների զարգացման ծրագիր-հայեցակարգ՝ ընդունված հանրության համաձայնությամբ ու շահագրգիռ քննարկումների հիման վրա:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼ ԵՎ  ԼՈԿԱԼ ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐ

Ազատագրված տարածքները կարելի է զարգացնել՝ փոխելով տնտեսական զարգացման մարտավարությունը: Ավանդական մեթոդներն ու եղանակներն այստեղ անբավարար են, հարկ է նոր ու հնարամիտ մոտեցումներ որդեգրել:

Կարծում ենք, ընդունելի է տնտեսական ազատ տարածքների՝ օֆշորային գոտիների տարբերակը, ընդ որում՝ ոչ թե ամբողջ շրջանը կամ շրջանները, այլ այս կամ այն շրջանի այս կամ այն կարեւոր տարածքում լոկալ օֆշորային գոտիների ստեղծումը, ինչը կնպաստի եւ կապիտալի ներհոսքին, եւ նոր աշխատատեղերի բացմանը:

Կարծում ենք՝ շուկայական տնտեսության մեզ մոտ դեռ ամբողջովին չձեւավորված համակարգին անհարիր չէ պետական միջամտության ու հոգածության հանգամանքը: Կարելի է այստեղ զարգացնել տնտեսության պետական սեգմենտը: Մասնավորապես, առաջին փուլում պետությունը կարող է իր վրա վերցնել գյուղմթերքների վերամշակման գործը, ինչպես նաեւ էապես նպաստել արտադրանքի իրացմանն ու շուկայի հայտնաբերմանը:

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

Կարևորագույն հարց է մեր հաղորդակցության ցանցի մեջ ավելացնել Քարվաճառ-Քաշաթաղ-Արաքսի ափ ռազմավարական ճանապարհը: Հայաստանի (ՀՀ-ն և ԼՂՀ-ն միասին) հարավային մասի իրար զուգահեռաբար անցնող Հյուսիս-Հարավ ճանապարհների՝ 1) Երևան-Վայք-Սիսիան-Գորիս-Կապան-Մեղրի, 2) ԼՂՀ Հյուսիս-Հարավ՝  Դրմբոն-Ստեփանակերտ- Կարմիր Շուկա-Հադրութ-Ջեբրայիլ, 3) Մարտակերտ-Աղդամ-Մարտունի- Ֆիզուլի-Հորադիզ, արանքում գտնվելով այն լրիվ պաշտպանված է արևելքից և արևմուտքից ու հնարավոր ռազմական հակամարտության դեպքում անգնահատելի դեր կխաղա զորքերի տեղաշարժի համար:

Անհրաժեշտ է ամբողջականորեն բնակեցնել այդ ճանապարհի հյուսիսային հատվածի առանցքային գյուղերը՝ Թութխուն (Քարվաճառի տարածքում), Հայթաղ, Արախիշ, Մովսեսաշեն, Վազգենաշեն: Առանց այդ բնակավայրերի ամբողջական և հիմնավոր բնակեցման հնարավոր չէ ճանապարհը մշտապես գործող վիճակում պահել:

ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ԼԻՆԻ, ԵՎ ՀԱՐԿ Է ԽՈՒՍԱՓԵԼ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ

Մեզ մոտ ընդունված է վերաբնակեցման մասին խոսելիս առաջին հերթին կապիտալ շինարարությունը մատնացույց անելը: Սակայն շինարարություն անելն ու բնակեցնելը տարբեր բաներ են, ու ոչ մի կապ, ըստ էության, չունեն իրար հետ: Այսինքն՝ եթե դու ինչ-որ տեղ տուն ես կառուցում ու ասում՝ այստեղ պետք է բերենք մարդ ապրեցնենք, այդ մարդը դառնում է այդ տան կահույքի մի մասը, որովհետեւ ինքը չի մասնակցում այդ պրոցեսին, ինքն ուղղակի դառնում է գործիք: Այս դեպքում բնակեցում ասածը հաստատ չի ստացվի: Այսինքն՝ շատ կարեւոր է այդ տարածքում բնակեցվող մարդկանց մասնակից դարձնել այդ գործընթացին: Եթե մարդ ուզում է գյուղատնտեսությամբ զբաղվել, պարզ է, որ ամենալավ հողերը պիտի տաս, ոչ թե ամենալավ հողերը տաս ինչ-որ օլիգարխի, որպեսզի նա մշակի, այդ վերաբնակին էլ տանես մի անապատ տեղ:

Պետք է լայնորեն կիրառել պետական անտոկոս հիփոթեքային վարկերը, որպեսզի արդեն տարածքում ապրող բնակիչներն իրենք իրենց տները կառուցեն: Դրանով մենք կխնայենք պետական միջոցները և լայնածավալ կդարձնենք բնակարանաշինությունն ազատագրված տարածքներում:

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕՖՇՈՐ

Այցելելով Քաշաթաղի շրջան՝ հայտնի բարերար Ջեյմս Թուֆենկյանն այն անվանել է կովբոյի երկիր: Այսպիսին է եղել նրա առաջին տպավորությունը, ազատ մարդու տպավորությունը: Իսկ վերոնշյալ՝ Բերձորում կայացած Քաշաթաղի շրջանի զարգացման համահայկական առաջին խորհրդաժողովի հայտարարության մեջ էլ հատուկ շեշտվում է՝ «խոնարհվելով շրջանում բնակվող մարդկանց տղամարդկության առջեւ»:

Իրոք որ՝ այդպես է: Միչդեռ այսօր մենք ուզում ենք մեր վարչա-հրամայական պրոկրուստյան մահճում զոռով տեղավորել խոնարհման արժանի տղամարդկանց, մեր կովբոյներին, ուզում ենք կախյալ ու «կառավարելի» դարձնել նրանց, իմա՝ սանձել կովբոյներին: Մեզ հասու չի դառնում այն պարզ ճշմարտությունը, որ ազատագրված տարածքներում կամ ապրելու են ազատ մարդիկ, կամ ոչ ոք չի ապրելու: Ծանրագույն պայմաններում Հայրենիք պահողը արժանի է գոնե ազատության: Մարդկանց այստեղ բերողը բնությունից տրվող ու բնության կողմից ամեն օր ներշնչվող ազատության գաղափարն է: Մարդիկ ուզում են ազատ ու արժանապատիվ ապրել իրենց վերագտած հայրենիքում: Եւ համոզված են, որ միայն ազատ մարդը կարող է շենացնել երկիրը, ազատ մարդը կարող է պաշտպանել այն:

Վերաբնակեցման քաղաքականության մեջ, կարծում ենք, առաջին հերթին այս հոգեբանական նրբերանգը պիտի հաշվի առնվի: Մարդիկ այստեղ անասելի ծանր պայմաններում հայրենիք են շենացնում, ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող տարածք են պահում-ամրապնդում, ուստի, մեղմ ասած, պետք չէ նրանց համար լրացուցիչ դժվարություններ ստեղծել, այլ պիտի պարզապես երջանիկ լինել, որ կան նման մարդիկ և պիտի աջակցել նրանց:

Ազատ տնտեսական, օֆշորային գոտին, տնտեսական և այլ արտոնությունները, կապիտալի ու ձեռներեցության «գայթակղումը» ելքերից մեկն է, բայց ամենակարևորն այստեղ հոգեբանական օֆշորն է, որպեսզի մարդիկ այստեղ կաշկանդված չլինեն:

Մարդիկ այստեղ կամ ապրելու են հարուստ և ազատ, կամ էլ՝ պարզապես չեն ապրելու: Պիտի ոչ թե մարդկանց մեջքը կոտրել, այլ ամրապնդել թիկունքը: Իսկ վերաբնակեցման քաղաքականությունն էլ պիտի մարդամոտ ու մարդահենք լինի:

ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ 

Արցախյան հանրության մեջ շրջանառվում է այն թյուր կարծիքը, թե ազատագրված տարածքներում խառնամբոխ է ապրում, այլ ոչ թե բնակչություն կամ հանրություն: Մինչդեռ փաստն այն է, որ այստեղ նոր հանրություն է ձեւավորվում կամ արդեն իսկ ձեւավորվել է: Ընդ որում՝ դժվարագույն պայմաններում ձեւավորված այդ հանրությունը բնական ընտրության շնորհիվ շատ ավելի ամրապինդ, կենսունակ ու հայրենանվեր է:

Ասում են՝ եկել են ապասոցիալական տարրեր, կասկածելի անցյալի տեր մարդիկ, անհաջողակներ, անկարողներ և այլն: Ինչ խոսք, վերաբնակեցման «պատկերասրահում» այս բոլոր պերսոնաժներից էլ կային ու կան: Սակայն ժամանակի ընթացքում այդ «պատկերասրահի» բազմաբղետությունը նվազում է, հստակվում է բնակիչների սոցիալական կազմը, սկսում է հասարակություն ձևավորվել: Ամեն ինչ, սակայն, ածանցյալ է վերաբնակեցման քաղաքականությունից՝ ու՞մ և ինչպե՞ս ենք ուզում վերաբնակեցնել և ի՞նչ նպատակներ ենք հետապնդում:

Թեև կյանքն ու իրականությունն արդեն իրենց քաղաքականությունն են թելադրել: Սկզբում եկողներն են տարածք ընտրել, հետո տարածքն է ընտրել նրանց: Ում տարածքը չի ընտրել՝ թողել-հեռացել են, իսկ մնացել են նրանք, ովքեր հարմարվել են այդ կոնկրետ տարածքին, նրա բնությանն ու բնական տրամաբանությանը, բնական ընտրությանը:

Մնացել են նրանք, ովքեր պատրաստ էին և ունակ էին գոյության պայքարի, ովքեր կռվել են բնության հետ ու սանձել նրան իրենց կամքով: Նրանք, ովքեր տիրոջ զգացողություն ունեին, նրանք, ովքեր արարող են: Կովը կինոյում տեսած մարդիկ այսօր կաթ են արտադրում: Եւ հենց այսպիսիների «սոցիալական պատվեր» պիտի լինի, այլ ոչ թե պարզապես վերաբնակեցման պլան կատարելու, նախանշված ծավալով շինարարություն իրականացնելու և այլն:

Հիմնախնդիրներ շատ կան ազատագրված տարածքներում, բայց ամենածանր նստվածքը թողնում է օտարացման մթնոլորտը: Այնտեղի բնակիչներն իրենց օտարացված են զգում, բայց սա մեդալի մի կողմն է միայն, քանի որ երբ խոսում ես մեր որոշ պաշտոնյաների ու ոչ միայն պաշտոնյաների հետ, զգում ես, որ նրանց մոտ էլ նույն օտարացվածության զգացումն է: Ամենասարսափելին այն է, որ արցախյան հանրության ներսում էլ կա այդ օտարացման մթնոլորտը:

Հենց այս օտարացման մթնոլորտից պիտի ազատագրվեն օտարությունից ազատագրված տարածքները:

ԻՆՏԵԳՐՈՒՄՆ ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ Է ԵՎ ԱՅՆ ԿԱՐԵԼԻ Է ՍԿՍԵԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԻՑ

Ազատագրված տարածքների նկատմամբ մեր կողմից տարվելիք քաղաքականության հիմնաքարը եւ առաջին անհրաժեշտության խնդիրն, ըստ մեզ, պիտի լինի այդ շրջանների ինտեգրումը արցախյան հանրությանը, հայկական երկրորդ պետականությանը:

Հակված ենք կարծելու, որ այդ գործընթացը հարկ է սկսել տեղեկատվական ինտեգրումից, քանի որ ինչքան վերաբնակիչներն են քիչ իրազեկված հանրապետության այլ տարածքների անցուդարձի մասին, նույնքան էլ Արցախի մյուս շրջաններն են անտեղյակ ազատագրված տարածքներում կյանքի մասին: Առաջարկում ենք այն, ինչ սրանից 6-7 տարի առաջ համատեղ հայտարարությամբ առաջարկել են Ստեփանակերտի մամուլի ակումբն ու Բերձորի «Մենք» ակումբը, կարեւորելով արցախյան տեղեկատվական դաշտում Քաշաթաղի շրջանի ամրագրման հիմնախնդիրները եւ այդ գործում իշխանությունների, զանգվածային լրատվամիջոցների, լրագրողական ու հասարակական այլ կազմակերպությունների դերն ու նշանակությունը: Իմա՝ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի թղթակցային կետի բացում Քաշաթաղի շրջանում, Արցախի հանրային հեռուստատեսության ու ռադիոյի հաղորդումներն ընդունելու հնարավորություն բոլոր բնակավայրերում, շրջանի առօրյայի պարբերական լուսաբանում, ինտերնետից օգտվելու հնարավորություն, շրջանային թերթի հիմնադրում, թերթերի տարածմամբ զբաղվող կազմակերպությունների բաժանմունքների ստեղծում շրջանում, Քաշաթաղի շրջանի լրագրողների եւ հասարակական գործիչների ներգրավում ԼՂՀ լրագրողական եւ այլ հասարակական կազմակերպություններում, համատեղ սեմինարների ու այլ միջոցառումների անցկացում Ստեփանակերտում եւ Բերձորում, պարբերական փոխայցելություններ:

Այս առաջարկությունները կիրառելի են նաեւ ազատագրված մյուս տարածքների նկատմամբ:

Արդեն շուրջ 15 տարի շարունակ մեկ կաթսայի մեջ եփվում են տարբեր տեղերից եկած վերաբնակիչներ, ովքեր իրար հետ հարմարվելով, ձեռք են բերել հայ հասարակության համար կարևորագույն՝ ինտեգրելու հատկություն: Կարելի է հանգիստ պնդել, որ ձևավորվել է նոր հանրույթ՝ քաշաթաղցիներ, որը, լինելով Հայաստանի (ՀՀ և ԼՂՀ) հասարակության մանրակերտը, նաև ինքնահաստատվում է որպես այդ տարածքի լիիրավ տեր: Քաշաթաղցիները կարող են կարևորագույն դեր ստանձնել «հայաստանցի-ղարաբաղցի» հակասությունների վերացման գործում, եթե քաղաքական ղեկավարությունը համապատասխան վերաբերմունք ցուցաբերի այդ հարցում:

ԿՈՉ  ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ

Մեր առաջարկների իրականացման գործում, ինչ խոսք, շատ կարեւոր է լինելու իշխանությունների որդեգրելիք դիրքորոշումը, բայց հակված ենք կարծելու, որ նրանց գործունեությունը նպատակաուղղված ու պատասխանատու կլինի, եթե հանրությունը գիտակցի այդ ամենի կարեւորությունը եւ աջակից լինի, միով բանիվ՝ որ հանրության կարծիքն է վճռորոշ լինելու:

Հենց այս վերջին հանգամանքի կարեւորության գիտակցումով էլ ուզում ենք դիմել մեր երիտասարդությանը:

Ուղղեք ձեր անսպառ էներգիայի գոնե մի մասը ազատագրված տարածքներին: Հայրենիքի այդ հատվածը ձեր ուշադրության կարիքը ունի: Ձեզ հետ շփվելու և կիսվելու կարիքը ունեն այնտեղ բնակվող մարդիկ: Օգտագործեք ձեր արձակուրդը ոչ թե արտասահման գնալու, այլ Հայրենիքի խորքերը մխրճվելու համար: Ձեզնով կապեք Հայրենիքի այդ հատվածը մեր գլոբալիզացվող մայրաքաղաքներին: Ուսումնասիրեք և ճանաչեք Հայրենիքի այդ հատվածը, որպեսզի այն սիրեք և դարձնեք ձերը: Փնտրեք ձեզ ազատագրված տարածքներում և, հնարավոր է, որ գտնեք ձեզ այնտեղ, որպես Հայրենիքի մի փոքրիկ անկյան տիրոջ:

——————————————————————————————

NO MAN’S LAND

Մենախոսություն՝ հայկական ազատագրված տարածքներում

Սիրելի ընթերցող:

Իմ՝ արդեն հինգ ամիս է ապրած «դրախտի» մասին, կարծում եմ, որ այստեղից-այդտեղից ձեր ականջին հասած ոչ հավաստի տեղեկությունից զատ որեւէ այլ բան չգիտեք, դրա համար էլ շատ եմ ուզում ձեզ այն ինչպես որ կա, այսինքն՝ ճշմարտորեն ներկայացնել: Դժբախտաբար, մեր իրականությունում ճշմարտությունն ասել դեռ չի նշանակում այն ամբողջությամբ ասել, ինչպես շատ ուրիշ բաներում, այստեղ եւս iceberg-անման մի իրողության հետ գործ ունենք: Ցանկացած իրադրության չերեւացող մասը շատ ավելին է եւ դաժան ու վտանգավոր, քան երեւացող մասը: Հայրենիք հասկացողությունն էլ է այդպես, ամեն մարդ հասու չէ այն ունենալու: Բայց երբ հայրենիքդ արդեն պետություն է դառնում, ահա եւ այդտեղ էլ անկախ մեր ցանկությունից երեւան են գալիս ինչպես իմ, այդպես էլ ձեր կողմից ապրված դաժան իրադարձություններն ու անարժանաբար մեզ այսօր հրամցված առօրյան: Չէ՞ որ միշտ էլ կեղտն է ջրի երեսում լողում, ուրեմն դա իսկույն եւ երեւում է:

Մասնագիտությամբ գրող, հրապարակախոս կամ լրագրող չեմ եւ, լինելով ձեզնից մեկը, մեզ հետաքրքրող ճշմարտության շուրջ կարող եմ ձեզ հետ անկեղծորեն, ազատ ու անկաշկանդ զրուցել: Մեր պատմության գրեթե բոլոր շրջաններում ճշմարտությունը միշտ էլ քողարկվել է եւ մեզ է հասել կիսաճշմարտանման մի բան հիշեցնող կցկտուր մի երեւույթ, որը խորհրդային կարգերում դուք, իսկ սփյուռքյան հատվածում մենք «հալած յուղի տեղ» կլանել ենք: Այսինքն, մեր պատմությունը մեզ ազնվորեն չի պատմվել, այն մեզ մշտապես խեղաթյուրված է ներկայացվել: Այդ պատճառով էլ մենք չենք կարողացել մեր պատմության այս կամ այն ժամանակահատվածը, դրվագն ու անցուդարձը ճշգրիտ իմանալ, հասկանալ, սերտել:

Ստով սնված, ստով սնվող ու ապրող մարդն ստիպված է նաեւ ստով պահպանելու իր անհեթեթ գոյությունը՝ ստից գոյությունը. սա ապացուցման կարիք չունեցող ճշմարտություն է: Հիմա այստեղ՝ ազատագրված տարածքների բարձունքներից վայելելով մեր ամենամեծ ձեռքբերում Արցախը, հայրենի բնության գեղեցկությամբ զմայլվելով, նայում եմ հեռու հորիզոնները ու հպարտությամբ սքանչանում մեր ձեռք բերածով: Ինձ անսահման թվացող ազատագրված տարածքներում՝ մտքերիս հետ մենմենակ, լիակատար մենություն եմ վայելում: Ավելի ճիշտ կլինի ասել, որ ազատագրված տարածքները մենակությանս անսահմանություն են հաղորդում:

Ինձ թվում է, այստեղ մտքերս՝ մաղվող ալյուրի նմանությամբ, ինձնից ազատագրվում եւ կարծես ընդհանուր մի մարմնից պոկվելով, առանձնանում-ընկնում են: Համենայն դեպս, մեջս այդպիսի տարօրինակ մի զգացողություն կա, որ բառերով երբեք չեմ կարող բացատրել:

Այժմ իմ գտնված տեղը NO MAN’S LAND, այսինքն՝ «ոչ ոքին պատկանող երկիր» է: Նրա մասին մեզ ՀՀ բոլոր հեռուստաալիքներից վաղուց, առանց անունը տալու եւ միայն «եղանակի տեսության» ամենօրյա հաղորդումների իբրեւ պարտադիր ատրիբուտ բոլորիս աչքը խոթվող քարտեզի ցուցադրումով անընդհատ հիշեցվում է: Եվ “մերոնք” ինչքան էլ դա հարեւան Ադրբեջանը մեզնից տարբերող նույն գույնով, 24 ժամ շարունակ՝ առավոտից գիշեր մեր մտապատկերում դաջել փորձեն, միեւնույն է՝ այն 1993 թվականից ի վեր հայկական ուժերի կողմից ազատագրված հայապատկան տարածք է: Վիրավորականն այստեղ ինձ, ձեզ, մեզ, բոլորիս անտեսելն է. սա նշանակում է, որ այստեղ, ուր հիմա ես եմ, դուք եք, մնացած հազարներով հայրենակիցներն են՝ մենք-բոլորս չկանք, չկան նաեւ այն իրենց արյան գնով ազատագրածները, զոհվածների խնկելի հիշատակն իսկ չկա, գոյություն չունի: Մենք չկանք, չկան ազատագրված տարածքները, այստեղ NO MAN’S LAND է:

Ասածս, ցավոք, տխուր իրականություն է, քանի որ դրա ազատագրումից ի վեր, բացառությամբ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Ալեքսան Հակոբյանի ղեկավարած մի բավականին կարճ ժամանակաշրջանի, այն առայսօր միայն տարերայնորեն գոյատեւելով, իրականում ավելի շատ անտերության է մատնված եղել: Այո, «անտերությունը» հենց իրավիճակը լիովին բացատրող բառն է, ցավոք, եւ դրա համար նախ հայկական իշխանությունները, ապա նաեւ մնացած բոլորով իրոք շատ մեղավոր ենք:

Ես ցավն, անշուշտ, միայն դա զգացողին եմ պատճառված համարում, այլ ոչ նրանց, ովքեր ի սկզբանե համամարդկային արժեքներին կամ մարդուն հատուկ բանականությանն անհաղորդ են եւ այդպես էլ ցայժմ մնացել են: Ասածս այն աստիճան այդպես է, որ երբ հիշում եմ սրանից 15 տարի առաջ, երկար տարիների գերությունից գրեթե անվնաս ազատագրված շրջանի բարեկեցիկ դրությունը եւ անկախ իմ ցանկությունից դա համեմատում դրա այսօրվա լաց լինելու վիճակի հետ, ուզեմ թե չուզեմ անզորության զայրույթն ինձ հուսահատության աստիճան խեղդում է:

Տարածաշրջանի ազատագրմանը մասնակցող հայկական զինված ուժերից մի մասի համար «ալանն ու թալանը» զինվորին խորթ հասկացողություններ լինելով, Լեոնիդ Ազգալդյանի գլխավորությամբ իսկական հայ մարտիկի ոգեղեն դարբնոցից ելածս, 1993թ. ապրիլ-մայիս ամիսներից սկսած այստեղ տեղի ունեցած համահայկական ավարառությանը, բարեբախտաբար, չեմ մասնակցել: Ընդհակառակը՝ շրջանի ազատագրման առաջին օրերին նույնիսկ Քարվաճառի թաղերում զանազան-զարմանազան ավազակներից զինված պահակություն անելու գնով պաշտպանելու համար կանգնածների, ավաղ, ոչ ստվար շարքերում փորձել եմ ստացած դաստիարակությանս եւ հոգուս ու խղճիս թելադրածով շարժվել: Մեծ ափսոսանքով եմ հայտնում, սակայն, որ ականատես եմ եղել շրջանի մասշտաբով կատարված ավազակային շուրջօրյա հարձակման եւ «հայկական» հրոսակախմբերի ձեռոք իրականացվող կողոպուտներին եւ այս ամենը տեղում իրավիճակի տեր լինելուն կոչված «հայկական ինքնապաշտպանական ուժերի» անտարբեր ներկայության պայմաններում, որին հետեւել են «ներոնյան Հռոմի» նմանությամբ համատարած հրդեհն ու ավերիչ հրկիզումները:

Միայն ազատագրված շրջանի հանդեպ բացակայող սերը կարող էր պատճառ հանդիսանալ այդ քաղաքներն ու գյուղերը նման թշնամական վերաբերմունքի արժանացնելու համար, եւ փաստորեն մենք առաջին իսկ պահից սկսած ձեռք բերվածին գուրգուրանքով մոտենալու փոխարեն՝ թշնամաբար վերաբերվել կարողացանք միմիայն: Դրանք էին մեր իշխանությունների ազգային գիտակցության եւ կարողության, իմա՝ ընդունակությունների դրսեւորման սահմաններն ու մակարդակը, շատ դժբախտաբար: Այն ժամանակ կատարված ավերին ականատես չգիտեմ քանի սրտացավ հայ մարդ այդ առթիվ կարողացավ իր ափսոսանքը բարձրաձայն արտահայտել, սակայն պարզ էր մեզ դարեր ի վեր հետապնդող տգետ, անհեռատես, արկածախնդիր ու տհաս կառավարիչներ ունենալու տխուր ավանդույթին արժանանալու իրոք ցավալի փաստը: Ցավ, որ ոչ երբեք նման «կառավարիչներին», այլ հիմա էլ միայն դա զգացողներին է իրեն դեռեւս սաստկանալով զգացնել տալիս:

Սա էր իրականությունը երեկ, սա է նաեւ 15 տարի հետո, եւ մենք այսօր միայն եղած տխուր փաստն արձանագրելով բավարարվում, «Աստված էլ բեթարից ազատի» մտածելով փորձում ենք ինքներս մեզ մխիթարել, առանց հասկանալու եղածում մեր ունեցած, ավելի ճիշտ՝ չունեցած դերակատարման շատ էական կարեւորությունը: Հակառակ դեպքում, այսօր ազատագրված այս երկրային դրախտավայրում՝ բարեկեցիկ կյանքով ապահովված, իր հողին սիրով կառչած, բարիք արարելով ապրող հարյուր հազարավոր հայրենակիցներ կունենայինք: Որ այդպիսիք չունենք՝ մեղավորը մենք ենք եւ ոչ երբեք հայտարարված դարավոր կամ ինչո՞ւ չգիտեմ միայն մեր աչքերին երեւացող, իր զանազան հողմաղացներով հանդերձ՝ դոնկիխոտյան թշնամին:

Ձեզ չթվա հանկարծ, որ խոսում եմ մերօրյա ցավալի իրադարձությունների մասին, առանց դրանց պատճառները նշել փորձելու: Ելնելով ներքոբերյալ օրինակից՝ պետք է խոստովանել, որ եթե տարածքը ադրբեջանցիների իշխանության տակ գտնվելու լիներ, ապա առավել քան վստահ եմ, որ տեղի հայ բնակչությունը այժմյան իր վիճակից շատ ավելի բարեկեցիկ պայմաններում կապրեր: Քանի որ չգիտեմ՝ հոդվածս ընթերցողներից քանիսն են անձամբ երբեւէ լսել կամ ճանաչում նրան, բայց ֆրանսիացի մեծ գրող Վիկտոր Հյուգոյի սքանչելիորեն ու պատկերավոր ներկայացրած «…ամեն ինչ ավիրվել է, ամեն ինչ քանդվել, այստեղով թուրքերն են անցել» տողերի հար եւ նմանությամբ մեր ազատագրված տարածքներից էլ, իբրեւ վարչակազմի ղեկավար՝ մի տեւական ժամանակ, Համլետ Խաչատրյան հայկական անուն-ազգանունով այդպիսի մեկն է անցել: Խոսքը մի տմարդու մասին է, որ լինելով հոմոսովետիկուս՝ «նախկին դատախազ», տարածքի ամբողջ հայ ազգաբնակչության շատ թարմ հիշողություններում ցեղասպան թուրքի հետ նույնացված է հիշվում միայն, ում ծավալած հակահայկական գործունեության անմարդկային ավերը փոխանակ այսօրվա հայ կառավարիչների կողմից ըստ էության գնահատվելով քրեական խստագույն պատժին արժանացվի եւ վերջինս ուղղիչ աշխատանքային գաղութում հայտնվի, նզովյալը Սերժ Սարգսյանի «պատվավոր մտերիմի» կարգավիճակով Երեւաններում ցոփ կյանք վարելով՝ իր համար հանգիստ ֆռֆռում է:

«Դե եկ, վարդապե°տ, ու մի խենթացիր»: Մեր վարդապետը 1915 թիվը տեսնելով՝ խենթացավ, մեզ էլ այսօրերը տեսնել բաժին ընկավ, զարմանալի է բայց, որ մենք չենք խենթանում: Վստահաբար մեր կենսաբջիջները այդքան էլ ազնիվ չեն, ինչպես ազգիս վարդապետինն է եղել:

Որպեսզի հասկանանք նմանատիպ չարի առանցքի իրական պատճառները եւ փորձենք բարին արարել, նախ մենք մեր մասին ճիշտ տեղեկություն, իսկ հետո չարը վերացնելու վճռականություն եւ գիտակցում պիտի ունենանք: Դժբախտաբար, մեզ հետ կամ մեր շուրջը կատարվող իրադարձություններին, լավ կամ վատ եղելություն ու երեւույթներին, վատագույնը միայն կողքից «ինձ չի վերաբերում»-ի անտարբերությամբ ենք վերաբերվում կամ էլ լավագույն դեպքում՝ «ինձնից ի՞նչ է կախված, որ…» ինքնաթերահավատությամբ ենք միայն արձագանքում: Ահա այդ բազմաթիվ պատճառների հիմնավոր պատճառը՝ ինքնաթերագնահատման արդյունք հանցավոր անտարբերությունն է, եւ ոչ այլ բան: Նախ մենք մեզ՝ մեր ապրած կյանքը չենք արժեւորում, հետո մեր թափած արյուն-քրտինքի շնորհիվ չարչարանքով ստեղծածի արժեքը չենք գիտակցում եւ վերջում բնականոն պայմաններում ապրելու ձգտողին արժանի կեցվածք չենք դրսեւորում: Այդ էլ պատճառ ու հիմք է հանդիսանում, որ մեր արյուն-քրտինք ձեռք բերածի վրա նստած սուտլիկ իշխանիկները՝ իրականում, սակայն, պարոնյանական «ազգային ջոջերը», կարողանան մեզ անտեսող, ազգիս օգուտ չտվող, ոչ բարեբեր՝ ապազգային քաղաքականություն իրականացնել:

Եվ սա նշանակում է, որ հայոց արեւելից կողմանց մեր փոքրիկ լեռնաշխարհում վերաբնակիչ անհատ հայ մարդը, գյուղացին, շինականը, ուսուցիչը, աշակերտը, ուսանողը, բուժքույրը, բժիշկը, լրագրողը, զինվորականը, գրողը, բանաստեղծն ու գիտնականը իրականում գոյություն չունեն: Առաջին հայացքից թվում է, թե կարծես նրանք կան, բայց մարդկային անմիջական շփման առաջին իսկ փորձից հասկանում ես, որ նրանք՝ իրենք իրենց աչքում թեկուզ վաղ միջնադարյան ֆեոդալական հասարակարգի ամենաստորին դասակարգի նսեմ ներկայացուցիչը լինելուց բացի, այլ արժեք չեն ներկայացնում: Սա շատ ցավալի է, բայց եւ անհերքելի փաստ: Ուստի մենք, ավելի շատ՝ մեր իսկ մեղքով, երկու քարի արանքում մնացածի ճակատագրով, ահա՝ այս թե այն կողմում հայտնված «մեր» նորօրյա «վայ կառավարիչների» իշխանության, իմա՝ մերօրյա «Խամսայի մելիքությունների» վատագույն տնազի եւ անհաջող ներկայացմանն ենք արժանանում:

Աշխարհի արարմամբ կյանքի կոչված բնության հրաշագործության գլուխգործոց մարդն այսպիսով իր բնօրրան հայկական դրախտային լեռնաշխարհում ազատորեն ապրելու եւ իր ստեղծարար գոյությունը տեւականացնելու հիմնարար իրավունքից զրկված է մնում, քանի որ իր բնակած կենսատարածքը «ոմանց» համար այդտեղ կարծես ժամանակավորապես ճամբարած զինվորականության կից ինչ-որ տարածք է ընկալվում միայն: Իսկ մարդու գոյը որտեղ վտանգված վիճակում է գտնվում, այդտեղ մարդկային կյանքը լիարժեքորեն երբեք չի կարող իմաստ եւ բնական զարգացում ունենալ, ուստի մենք ամեն ինչից առաջ մեր ապրած տարածքում մեր ազատ կամքի արտահայտման բոլոր պայմանների ստեղծման համար պայքարելու դատապարտված մարդ-արարածներ ենք: Սա մեր ապրած միջավայրում մարդկային կյանքի ապահովման եւ զարգացման համար գործելու նվազագույն պայմանն է, ուրեմն պետք է նախ մարդուն ազատագրել եւ հետո նոր մնացածը, քանի որ վերջապես պիտի գիտակցել նաեւ, որ անազատ մարդն առհասարակ եւ ոչ մի դեպքում չի կարող համամարդկային որեւէ արժեք ստեղծել:

Իսկ մենք ուզում ենք այստեղ պետություն ունենալ, կարողանալ այն պահել-պահպանել եւ պաշտպանել, ամենակարեւորը՝ նաեւ մարդկայնորեն զարգանալ ու զարգացնել, մեր ապրած դարին համընթաց քայլելով՝ արժանապատվորեն, մարդավարի ապրել: Ահա հենց սա է մեր ամենամեծ վրիպումը եւ անցնող, վատնվող-մսխվող, անիմաստ կորած ժամանակների լրջագույն բացթողումը:

Իմաստուն խոսքն ասում է. «ավելի լավ է՝ ուշ, քան՝ երբեք»: Համոզված եմ, որ մեր պատմականորեն ձեւավորված «հայի վերջին խելքի» որակներն ի գործ դնելու շնորհիվ հայկական այս «երկիր դրախտավայրը» վերջապես կդադարի no man’s land լինելուց: Այդ դեպքում մեր հեռուստաալիքները եւս կդադարեն հայկական ազատագրված տարածքների մասին միայն «եղանակի տեսությունը» հաղորդելիս հիշելուց, հրաժարվելով նաեւ այն մեզ անդադար իբրեւ ադրբեջանապատկան մաս ցուցադրելու շուրջօրյա ապազգային գործելակերպից:

Այսպիսով, Հայոց Արեւելից կողմանց հսկայական մի հատվածում փյունիկյան ավետյաց երկիր ստեղծող հազարավոր մարդիկ եւս իրենցից արժեք ներկայացնող հայրենակից կհամարվեն, եւ կսկսվեն ազատագրված տարածքներում՝ ազատագրված հայ մարդու կողմից ազատորեն կյանք ստեղծելու երանելի ժամանակները: Այլապես՝ հավիտենապես կորստի մատնելով այս պատմական առիթը եւս, ինչպես դա բազում անգամ պատահել է մեր պատմության ընթացքում, հայը մեր իսկ մեղքով 21-րդ դարին համընթաց կյանքին կարող է երբեք չարժանանալ:

Հարգանքներով՝ Սարգիս  ՀԱՑՊԱՆԵԱՆ
Ազատագրված տարածքներ, հուլիս, 2008թ.

——————————————————————————————

Մենք ենք` մեր լեռները

ՄԵՂՐԻՑ ԼԱՎԸ ՄԵՂՐՆ Է
կամ՝ եթե ուզում եք առույգ լինել մինչև վերջ

Ուսումնասիրությունները հաստատել են, որ մարդու ամենօրյա սնունդը պետք է ածխաջրերի բարձր պարունակություն ունենա /մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ եւ այլն/: Այսպիսի սննդամթերքները ապահովում են օրգանիզմն անհրաժեշտ պատրաստի սնուցիչ տարրերով: Եթե մենք կարողանում ենք մեր օրգանիզմն ապահովել անհրաժեշտ սննդամթերքներով, ապա դրանով իսկ պահպանում ենք մեր առողջությունը, վերականգնում այն, երկարացնելով կյանքի տեւողությունը: Պետք է բոլորս լավ իմանանք, որ կենսական ակտիվության մակարդակը կախված է օգտագործվող սննդի խելացի ընտրությունից: Հիշենք նաեւ, որ օգտագործվող բոլոր սննդամթերքները սպիտակուցներից, ճարպերից եւ ածխաջրերից բացի պետք է պարունակեն նաեւ հանքային տարրեր: Ոսկուց եւ արծաթից բացի մնացած բոլոր հանքային տարրերը գործնականորեն օգտագործվում են մարդկային օրգանիզմի կողմից:

Մեղրը բնության մեջ այն բացառիկ սննդամթերքն է, որը պարունակում է ամենահեշտ յուրացվող ածխաջրածինները, շատ քիչ սպիտակուցներ, աննշան քանակությամբ ճարպեր եւ ամենագլխավորը՝ հանքային տարրերի պարունակությամբ գերազանցում է մնացած բոլոր սննդամթերքներին: Այդ պատճառով էլ մեղրը համարվում է մարդու օրգանիզմի ամենաօգտակար սնունդը եւ միաժամանակ բուժում է մի շարք հիվանդություններ:

Մեղրի այսքան շատ օգտակարությունը եւ բուժիչ հատկությունները պայմանավորված են նրա արտակարգ հարուստ քիմիական բաղադրությամբ: Ուշադրություն դարձրեք. մեղրի 73 տոկոսը հեշտ մարսվող ածխաջրեր են /գլյուկոզա, մալտոզա և քիչ սախարոզա): Մեղրը պարունակում է մինչեւ 1.9 տոկոս սպիտակուցներ: Մեղրը շատ ածխաջրեր եւ քիչ սպիտակուցներ պարունակելու համար անփոխարինելի սնունդ է հիվանդ երիկամներ ունեցող մարդկանց համար: Մեղրում կան 13 տեսակի ամինաթթուներ, B խմբի յոթ վիտամիններ, որի համար էլ մեղրով բուժում են նյարդային հիվանդությունները,  A, C, E, K վիտամիններ, ահա թե ինչու հեշտամարս ածխաջրածիններ պարունակելու համար ծծկեր երեխաների մեծանալուն զուգընթաց, երբ մայրական կաթը երեխային չի բավականացնում, մայրական կաթի փոխարեն կամ ուղղակի որպես լրացում, կովի՝ ջրով բացված  կաթին ավելացնում-քաղցրացնում են մեղրով: Մեղրում կա նաեւ խնձորաթթու, լիմոնաթթու, կաթնաթթու: Մեղրում հայտնաբերված են 37 հանքային տարրեր (K, Ca, P, Cl, S, Wa, Mg եւ այլն), իսկ միկրոտարրերից՝ երկաթ, մանգան, պղինձ, կոբալտ: Մեղրում ջրի պարունակությունը կազմում է մոտ 18.4 տոկոս: Մեղրում կան նաև մինչեւ 120 բուրավետ նյութեր /սպիրտներ, թթուներ, ալդեհիդներ, էթերներ/: Դրանք են առաջացնում մեղրի անուշահոտ բուրմունքը:

Մեղրն իր բաղադրության մեջ կալիումի առկայության պատճառով ունի մանրէասպան հատկություն: Մաքուր մեղրի մեջ տեղավորված բոլոր տեսակի հիվանդաբեր միկրոօրգանիզմները ոչնչանում են մի քանի ժամում: Այսպիսի սնունդ մեղրից բացի մենք չունենք: Փաստորեն, սնվելով մեղրով՝ մենք միաժամանակ բուժում ենք այն հիվանդությունները, որոնք առաջացել են միկրոօրգանիզմներով վարակվելուց հետո: Մեղրը սպանում է որովայնային տիֆի հարուցիչները, խրոնիկական բրոնխաթոքաբորբի հարուցիչները մահանում են չորրորդ օրը, իսկ դեզենտերիայի մանրէները՝ 10 ժամ հետո ոչնչացնում: Մեր աղիքներում գտնվող ախտածին մանրէները ոչնչանում են մեղրը ուտելուց հինգ ժամ հետո: Ընդհանրապես, մեղրը ոչնչացնում է 19 տեսակի ախտածին մանրէներ:

Մեղրն ունի նաեւ ուրիշ շատ առավելություններ՝ համեմատած մյուս սննդամթերքների հետ: Այսպես, եթե շաքարը, օսլան, ճարպերը, սպիտակուցները աղեստամոքսային տրակտում ֆերմենտների ազդեցության տակ ենթարկվում են փոխակերպման՝ վերածվելով պարզ նյութերի, ապա մեղրը, որպես մեղուների կողմից վերամշակված սննդամթերք, արդեն պատրաստ է յուրացվելու օրգանիզմի կողմից: Այս տեսակետից մեղրն ավելի անհրաժեշտ է հիվանդ  օրգանիզմների համար: Քանի որ բոլոր դեպքերում մեղրով սնվելիս մեր օրգանիզմը քիչ էներգիա է ծախսում, այն յուրացնելը շատ հեշտ է կատարվում եւ նրանից ստացվող էներգիան շատ արագ է կատարվում՝ 3-4 ժամում, այդ պատճառով մեղրը փաստորեն նպաստում է, որպեսզի մեր օրգանիզմը, մեր բջիջները ավելի շատ դիմանան /ավելանում է երկարակեցության հնարավորությունը/: Մեղրն ուրիշ առավելություններ էլ ունի, այն չի գրգռում մարսողության օրգանների լորձաթաղանթը, այլ հուսալիորեն պաշտպանում է մարսողության օրգանները: Մեղրը նաև հանգստացնող հիանալի բուժամիջոց է:

Ժողովրդական բժշկությունը, որպես լավագույն քնաբեր, նախապատվությունը տալիս է մեղրին: Եթե պառկելուց հետո ձեր քունը դժվարությամբ է տանում, կամ քնելուց հետո հեշտությամբ արթնանում եք եւ երկար ժամանակ չեք կարողանում քնել, ապա պետք է օգտագործեք մեղր: Մեկ ճաշի գդալ մեղր ուտելուց հետո շուտով կզգաք, որ չեք կարողանում հաղթահարել ձեր նինջը:

Մեղրն օգտագործում են նաեւ անհանգստացնող հազը բուժելիս: Վերցրեք մեկ լիմոն եւ դանդաղ կրակի վրա խաշեք 10 րոպե: Փափկելուց հետո կարող եք նրանից շատ հյութ քամել: Քամեք հյութը, լցրեք բաժակի մեջ, վրան ավելացրեք երկու ճաշի գդալ գլիցերին, լավ խառնեք եւ բաժակը մինչեւ վերջ լցրեք մեղրով: Լիմոնի փոխարեն կարելի է օգտագործել խնձորի քացախ: Եթե հազվադեպ եք հազում, օրական ընդունեք մեկ թեյի գդալ: Եթե հազը անհանգստացնում է ձեզ գիշերը, ընդունեք մեկ թեյի գդալ պառկելուց առաջ եւ մեկն էլ՝ արդեն գիշերը: Ուժեղ հազի դեպքում խորհուրդ է տրվում արթնանալուց անմիջապես հետո ընդունել մեկ թեյի գդալ խառնուրդ, եւս մեկը՝ մինչեւ ճաշը, ճաշից հետո նորից մեկ թեյի գդալ եւ մեկական էլ՝ ընթրիքից հետո եւ պառկելուց առաջ: Հազը թեթեւանալուն զուգընթաց կարող եք խառնուրդի ընդունման քանակը կրճատել:

Ժողովրդական բժշկությունը հնուց մեղրը օգտագործել է որպես մաշկի այրվածքները բուժող արդյունավետ միջոց: Այրված տեղը քսեք մեղրը, որը շատ արագ թուլացնում է ցավի զգացողությունը այրվածքի դեպքում եւ կանխում բշտերի առաջացումը: Մեղրով բուժելու դեպքում այրվածքից ախտահարված մաշկը արագ լավանում է:

Մեղրահացը (չիչը) հրաշալի բուժամիջոց է շնչառական համակարգի որոշ հիվանդությունների համար: Մեղրահացի ծամելը ունենում է բարենպաստ ներգործություն շնչառական տրակտի լորձաթաղանթի վրա: Միաժամանակ՝ բուժման ընթացքում ցանկալի եւ պարտադիր է մեղրի ամենօրյա գործածությունը՝ ամեն ուտելուց հետո մեկ ճաշի գդալ:

Մեղրի օգտագործումը շատ ավելի արդյունավետ է, երբ այն ուտում են՝ տաք ջրում կամ կաթի հետ խառնելով: Մեղուները մեղրը պատրաստում են՝ խառնելով իրար հետ բույսերից վերցրած նեկտարը եւ ծաղկափոշին:

Արցախի մեղրը աշխարհի լավագույն մեղրերից է, քանի որ մեզ մոտ են աճում ամենահայտնի մեղրատու բույսերը /լորենի, ուրց, իշառվույտ, առվույտ եւ այլն/:

Մեղրով ժողովրդական բժշկությունն  առանձնակի կհետաքրքրի նրանց, ովքեր չեն ընդունում ծերության անխուսափելիությունը, օրգանիզմի ֆիզիկական վիճակի վատացումը եւ գերադասում են սեփական կյանքն տնօրինել այնպես, որպեսզի մինչեւ իրենց օրերի վերջը ապրեն առույգ եւ առողջ կյանքով եւ ի վիճակի լինեն դիմակայել բոլոր հիվանդություններին:

Մի խորհուրդ ևս՝ սիրելի արցախցիներ, մի հրաժարվեք մեղրից նրա թանկության պատճառով, առողջությունն ավելի թանկ է, առողջության համար հարկավոր չէ խնայել ոչ մի բան, հակառակ դեպքում որոշ ժամանակ անց դուք դեղերի վրա ավելի շատ կծախսեք, քան… մեղր գնելիս: Կարելի է յոթանասունը, ութսունը բոլորելուց հետո էլ աչքի ընկնել ֆիզիկական եւ մտավոր բարձր կարողություններով, լավ մարսողությամբ, տեսողությամբ, լսողությամբ եւ ծերության զգացման բացակայությամբ մինչեւ կյանքի վերջը:

Ժորա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բանավեճը շարունակվում է
ՄԻԱՅՆ ԹԱՄԱԴԱՅԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ ՊԱԿԱՍ-ՊՌԱՏ Է

Թաղման ծեսի, արարողակարգի մասին վեց-յոթ հոդված է արդեն տպագրվել «Դեմո»-ում եւ հետաքրքիրն այն է, որ բոլոր հոդվածներում էլ նոր ասելիք է եղել, խոսվել է նոր մոտեցումների, նրբերանգների, նույնիսկ ավանդույթի կարգ անցած նորամուծությունների մասին: Եւ մի պահ թվում է, թե ասելիքը վերջացած է, էլ ասելու նոր բան չկա, թեման սպառված է:

Սակայն դա միայն առաջին հայացքից է այդպես թվում: Իրականում դեռ նույնիսկ շատ (եւ ոչ թե քիչ) արարողակարգային տարբերակներ կան, որոնք կիրառվում են մեր ժողովրդի այս կամ այն հատվածում: Կարող են առարկել, թե ինչ պարտադիր է այդ տարբերակների մասին իմանալը եւ մանավանդ կիրառելը մեր՝ արցախյան թաղման արարողակարգերում: Առարկությունը ընդունելով հանդերձ, միաժամանակ, մեր կարծիքով, վատ չէր լինի իմանալ այդ մասին: Օրինակ, հենց սկզբից վեճը գնացել է սգո հացկերույթի ժամանակ հանգուցյալի ընկերներին ու մտերիմներին ելույթներ թույլատրելու վերաբերյալ:

Հիշեցման կարգով նշենք, որ հոդվածագիրներից շատերը /նույնիսկ «վաստակավոր թամադաները»/ կտրականապես դեմ են ելույթներին, քանի որ մի երկու-երեք բաժակ խմելուց հետո նույնիսկ չխմողները սկսում են աղմկել եւ, հասկանալի է, դժվարություն են ստեղծում թամադայի համար՝ կառավարելու սգո սեղանը: Այս հարցում բոլորը միանշանակ համաձայն են, առարկություն չկա: Բայց սգո սեղանի ավարտից հետո հանգուցյալի ընկերներից ու մտերիմներից շատերը տրտնջում են, որ «չթողեցին երկու խոսք ասեմ ընկերոջս հիշատակին», մանավանդ որ՝ ելույթի համար ձայն էր խնդրել, բայց անսահմանափակ լիազորություններով օժտված թամադան ձայն չէր տվել: Եվ ահա այստեղ կարիք կա նշելու ելույթների հարցում մի ընդունված արարողակարգի մասին, որը լայնորեն տարածված է մայր Հայաստանի շատ մարզերում, որպեսզի մի քանի բաժակ օղի խմելուց հետո ելույթ ունեցողները ավել-պակաս չխոսեն, ձայն են տալիս հենց սկզբից, նախքան օղիով նշվող կենացներին անցնելը:

Հայ ժողովուրդը հանգուցյալի հիշատակը նշելու, արժեվորելու սովորույթներ, ավանդույթներ շատ ունի եւ, մեր կարծիքով, այս ավանդույթը լավագույններից մեկն է. Արցախում այս ավանդույթի աստիճանաբար արմատավորումը հնարավորություն կտա գոնե մասամբ արժեվորելու հանգուցյալի արած-թողածը: Ոչ հեռու անցյալում շուրջ 70 տարի ժողովամոլությամբ էինք ապրում: Հիմա՝ միանգամից հակառակ բեւեռում ենք հայտնվել, մնացել ենք միայն հարսանյաց հանդեսների եւ թաղման ծեսերի ժամանակ խոսելու թույլտվություն ստանալու հույսին: Կարեւոր է նշել, որ այդ ելույթները միայն ելույթ ունեցողների «սրտհովության» համար չեն. այս կերպ  հանգուցյալի կյանքի արժեվորումով այն դառնում է ժողովրդի մի ստվար զանգվածի «սեփականությունը»: Ավանդույթի արմատավորումը կարեւոր է հատկապես քաղաքային վայրերում: Ճիշտ է, գյուղական վայրերում դրա արմատավորումը պակաս կարեւոր չէ, բայց գյուղական վայրերում մարդիկ ավելի շատ հնարավորություն ունեն իրար հետ «երկու խոսք փոխանակելու»:

Այո, նորամուծությանը, ինչ խոսք, առաջին հերթին դեմ կլինեն «ալկագլդորիկները» եւ խմել սիրողները. նրանց համար շատ դժվար կլինի «ինչ-որ» ելույթների պատճառով մի տասնհինգ-քսան րոպե ուշ սկսել կենացներ խմելու արարողությունը: Փույթ չէ, կարճ ժամանակ անց տրտունջները կվերանան, եւ ամեն բան կընկնի իր տեղը:

Հարգելի ընթերցողներ. մայր Հայաստանում վերոնշյալ սովորույթի մասին գիտեի վաղուց, քանի որ երկար տարիներ որպես լրագրող աշխատել եմ Հայաստանի տարբեր շրջաններում: Սակայն թերթի էջերում ամիսներ տեւող այս բանավեճի ընթացքում շատ ավելի «մեծածավալ» վեճեր են տեղի ունենում ընկերական, մտավորական շրջանակներում: Այս հարցին ես նորից անդրադառնում եմ մի շարք մտավորական ընկերների հորդորանքով եւ նույնիսկ պահանջով: Որ  թաթախվել ես՝ գնա մինչեւ վերջ՝ ասում են նրանք:

Սրան գումարվում է նաեւ «պյատաչոկի» մշտական այցելուների՝ թոշակառուների կարծիքը: Վերջիններս անքննինը քննած մարդիկ են, որոնք նույնպես այս կարծիքին են: Որպես լրագրող ես չեմ կարող հաշվի չառնել նրանց կարծիքը, քանի որ մենք ամբողջ օրը զբաղված ենք «երկու մատան տեղի» մասին հոգսերով, ժամանակ չի մնում ավելի երկար ժամանակ հատկացնել ընդունվելիք որոշումներին, իսկ նրանք ժամանակ ունեն ավելի լրջորեն կշռադատելու իրենց ասելիքը եւ, բարեբախտաբար, այդ ասելիքը թերթերի միջոցով հրամցնելու ընթերցողներին: Շատ թոշակառուներ արդյունավետ, լրջորեն են օգտագործում այդ ժամանակը:

Երբ երիտասարդ գիտնականներից մեկն իր նոր լույս տեսած գիրքը ափալ-թափալ հասցրեց հանճարեղ Ավետիք Իսահակյանին, որ նա կարդա, կարծիք հայտնի, վերջինս ասաց, որ ինքն արդեն կարդացել է գիրքը: «Բայց Դուք ե՞րբ ժամանակ գտաք կարդալու գիրքը»,- զարմացավ գրքի հեղինակը: «Տղա ջան, դժբախտաբար, ես հիմա միայն ժամանակ ունեմ»,- պատասխանեց մեծ բանաստեղծը եւ իր կարծիքը, խորհուրդները հայտնեց գրքի մասին:

«Միայն ժամանակ ունեցող» մեր շատ հարգելի թոշակառուների դեռ շատ իմաստուն խորհուրդների, մտքերի, վերլուծությունների ականատեսը կլինենք:

Հենրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

——————————————————————————————

Մշակույթ

«ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՄԵՋ ԽԱՂԱՂԱՐԱՐԱԿԱՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ»

հավաստում է բանաստեղծ Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

– Գրողի, արվեստագետի ճանաչումն ու գնահատանքը ուղղակի կախում ունե՞ն նրա  քաղաքացիությունից ու բնակության վայրից: Ձեզ չի՞ թվում, որ երկակի ստանդարտները գործում են նաեւ գեղարվեստի մարզում…

– Ողջամիտ դատողությամբ՝ նման որեւէ կախում չպետք է լինի: Իր համատարած փաստերով՝ այդ է վկայում նաեւ գեղարվեստի պատմությունը: Մարդկության բոլոր մեծագույն տաղանդներն իրենց ստեղծագործությամբ ճանաչման ու գնահատանքի են արժանացել՝  հաղթահարելով ծագումնաբանական, քաղաքացիական, ազգային, քաղաքական եւ այլեւայլ գործոններ: Իրոք արժեքավոր ստեղծագործությունն իր ճանապարհը հարթելու եղանակը գիտե՝ ճանաչելի դարձնելով իրեն ու հեղինակին: Հայտնի է, օրինակ, որ հին արեւելյան պոեզիայի նշանավոր ներկայացուցիչներից շատերը ապրել են գյուղական վայրերում կամ թափառաշրջիկներ են եղել, իսկ, ասենք, հայ միջնադարյան մանրանկարիչները եւ տաղերգուները (այդ թվում՝ Գր. Նարեկացին) իրենց ողջ  կյանքն անց են կացրել  առանձին վանքերում՝ մեծավ մասամբ գտնվելով ազգամիջյան եւ  հասարակական ակտիվ փոխշփումներից հեռու: Թվում է՝ բոլոր այդ կարգի հեղինակների եւ նրանց ստեղծագործությունների համար պետք է չափազանց դժվար կամ անհնարին լիներ՝ դառնալու հետագա ժամանակների ու սերունդների անգնահատելի սեփականությունը: Առանձնապես կարեւոր չէ, թե որտեղ է ստեղծվել այս կամ այն արժեքավոր երկը՝ ինչ-որ կորած գյուղակու՞մ, խոշոր մեգապոլիսու՞մ, աննշան թվացող երկրու՞մ, կամ՝ ի՞նչ ռասայի ներկայացուցիչ է հեղինակը, ի՞նչ դավանանքի կրող…

Բայց այս ոսկե թվացող կանոնը հաճախ խախտվում է առարկայական ու երկրորդական տասնյակ պատճառներով: Առավել դյուրին է նրանց ստեղծագործական ուղին (համաշխարհի մասշտաբով), ովքեր մեծ ու հզոր մշակույթների ներկայացուցիչներ են. նրանց կերտածն ու համբավը համեմատաբար հեշտ ու արագ են տարածվում մայրցամաքներով:  Այդ հանգամանքը կրկնակի առկա է գրականության ասպարեզում. եթե փոքրաքանակ ազգի գրող ես, ապա քո ստեղծագործության միջազգային հանրաճանաչության համար լրացուցիչ ջանքեր ու ժամանակ է  պետք: Եղանակը միշտ էլ բարենպաստ է «մեծ» ազգի գրողների պարագայում: «Փոքր» լեզուների գրականությունը դեպի համաշխարհային ասպարեզ տանելը դեռեւս շատ խնդրահարույց  է. ստեղծված գործը սովորականից կրկնակի տաղանդավոր պետք է լինի, որ արժանանա քմահաճ ու վերապահական վարքով աչքի ընկնող «մեծերի» բարեհաճ արձագանքին:

– Ի՞նչ վերապահական վարքի մասին եք ակնարկում:

– «Մեծ» ազգերի ներկայացուցիչների մեծամասնությունը կարծում է, թե շատ ավելի նվազ է «փոքրերի» ստեղծագործական ներուժը: Նրանցից «մեծ պայթյուններ» չեն սպասում, իսկ եթե լինում են այդպիսիք՝ համարում են պատահականություն եւ կասկածանքով են վերաբերվում դրանց:

– Անձամբ Ձեզ համար ի՞նչ է նշանակում` լինել չճանաչված երկրի բանաստեղծ: Դա  իրո՞ք հոգեւոր-ստեղծագործական ուրիշ կացություն է:

– Գրողական իմ  ներկա կացությունը բավական մոտ է այն իրավիճակին, երբ, ասես, ինչ-որ ներկայացուցչական մարմնի անդամ ես, բայց ունես միայն խորհրդակցական ձայնի իրավունք: Քեզ կլսեն,  սակայն «քվեարկության» պահին մի կողմ կթողնեն: Արցախի մտավորականի համար եւս զգալի են ԼՂՀ միջազգային չճանաչվածության հարուցած արգելքները, շրջափակումը գործուն է նաեւ հոգեւոր-ստեղծագործական ասպարեզում… Եվրոպական գրական մի փառատոնից վերջերս մասնակցության հրավեր էի ստացել, բայց վերջին պահին կազմակերպիչները  հրաժարվեցին իրենց առաջարկից՝ պատճառաբանելով, որ իմ մասնակցությունը կարող է դժգոհություն առաջացնել որոշ հրավիրյալների շրջանում եւ տեղիք տալ քաղաքական սկանդալի… Պիտի ասեմ, որ միջազգային մշակութային կազմակերպություններն ավելի կոնսերվատիվ-պահպանողական են, քան տնտեսական ու հասարակական շատ կառույցներ:

Այնուամենայնիվ, ելք գտնվում է նաեւ այսօրինակ իրավիճակից: Դրսի ճշմարիտ մտավորականների աջակցությամբ՝ արտերկրում իմ բանաստեղծությունները տպագրվում են, եւ թարգմանաբար՝ առանձին լեզուներով լույս են տեսնում հեղինակած գրքերս:  Ճիշտ է, առայժմ այդ ամենն իրականացվում է առավելաբար մեր հայրենակիցների նախանձախնդրությամբ, բայց եւ ուզում եմ հավատալ, որ դա կատարվում է, նախեւառաջ, գրական-գեղարվեստական եւ հոգեւոր շահի համար: Հուսամ, որ շուտով կգա ժամանակը, երբ աշխարհում ճանաչված օտար հեղինակներն ու թարգմանիչները ուղղակիորեն կփոխգործակցեն հայ ժամանակակից լավագույն արվեստակիցների հետ:

Միջանկյալ ուզում եմ մի պարադոքսալ փաստ նշել. այժմ, կոնկրետ ինձ համար, ավելի դյուրին է գիրք հրատարակել արտասահմանում, քան Երեւանում՝ պետական միջոցներով: Արդեն 4-5 տարի այդ ճանապարհը արցախցիներիս առջեւ փակվել է մի անլուրջ պատճառաբանությամբ. ԼՂՀ-ում պետությունը նույնպես միջոցներ է հատկացնում գրքերի հրատարակության համար, պետք է օգտվել ձեր խողովակից՝ ասում են: Բայց ինչպե՞ս գրահրատարակիչ պարոններին ավելի համոզիչ ու հասկանալի բացատրել, որ յուրաքանչյուր քիչ թե շատ կարգին հայ հեղինակի անջնջելի իրավունքն է՝ գիրք լույսընծայել հայոց քաղաքամայր Երեւանում, նաեւ՝ պետական հովանավորությամբ. չէ՞ որ Երեւանը միաժամանակ հայոց գրահրատարակության ոստանն է, եւ նրա դռները միշտ պետք է բաց լինեն հայ շնորհալի հեղինակների առջեւ:

Խոստովանեմ վերջապես` դժվար է լինել չճանաչված երկրի բանաստեղծ. նրա առաջ ավելի հաճախ են ցցվում շինծու-արհեստական արգելքները: Քեզ պարբերաբար ուզում են օտարել: Բայց լուրջ հեղինակների հետ առնչվողները վաղ թե ուշ հասկանում են, որ չճանաչված, փոքր երկրում նույնպես մուսաները կարող են բեղուն ու զորեղ լինել, եւ սկսում են կանաչ լույս վառել նրանց առաջ: Ներկայումս Արցախից ոչ միայն գրական հետաքրքիր ճեղքումներ կան առ մեծ աշխարհ, դրսում ծավալային առումով ավելի հաճախակի հաջողություններ է արձանագրում մեր կերպարվեստը:

– Արցախում գրողի քաղաքացիական նկարագիրը սովորականից ավելի կարեւոր ու հրատա՞պ է դիտվում:

– Այո: Ազգային-քաղաքական այսպիսի իրավիճակում հասարակությունը սովորականից ավելի է կարեւորում, թե մարդկային-քաղաքացիական ինչ նկարագրի տեր է իր մտավորականը, հատկապես՝ գրողը: Հայ  հանրությունը իր գրագետից միշտ ավելին է սպասում: Ի դեմս գրողի՝ մեր ժողովուրդը, անփոփոխ մտածելակերպով՝ ուզում է տեսնել խելացի, իմաստուն, ազգային հոգեկերտվածքով լիարյուն օժտված անհատի, այլեւ՝ որ լինի վստահելի ու առաքինի, ազնվության տիպար հանդիսանա, մի խոսքով՝ լինի բարձր բարոյականության կրող: Մեր հանրությունն իր  գրողին նախեւառաջ չափում է ոչ թե ըստ նրա տաղանդի ու ստեղծագործության, այլեւ՝ ազգային-բարոյական դիմապատկերով: Գրողի կոչմամբ շառլատաններ կան ամենուր, բայց նրանց ավերածությունները երեւի ամենից ծանրորեն ու ողբերգաբար արձագանքվում են հայկական միջավայրում: Տարածված խայտառակ երեւույթը` երբ գեղարվեստի մարդու քղամիդով հանդես եկող ճարպիկ գործունյան նյութական, հասարակական ու ստեղծագործական զգալի մասնաբաժիններ է ձեռք բերում` մեծապես աղտոտելով ու ձեւախեղելով հոգեւոր դաշտը: Հայ իրավ գրողի համար երանելի է գալիք այն ժամանակաշրջանը, երբ նա կգործի ու կարժեւորվի բացառապես իր ստեղծագործական կարողությունների սանդղակով՝ զերծ հասարակական պարտադրանքից, անկախ իր գրաված սոցիալական դիրքից եւ մարդկային անմեղ քմահաճույքներից:

– Գրականությունը կարո՞ղ է ներազդել քաղաքական խնդիրների հանգուցալուծման վրա:

– Գրականությունը զորավոր ուժ է, եւ նա միշտ, հաճախ աննկատ, ներազդում է ազգային ու հասարակական մտքի վրա:  Այն հիմնականում «դանդաղ գործողության ռումբ» է: Քաղաքականության հետ  անուղղակիորեն ամենից սերտ հարաբերություններ ունի հենց գրականությունը. նրանք գտնվում են փոխազդեցության միեւնույն դաշտում: Շատ խորքային առնչությունների մասին է խոսքը: Քաղաքական բազում փաստեր ու իրադարձություններ դառնում են գրականության նյութ, գրական տասնյակ հղացքներ ու գաղափարներ քաղաքական շատ գործիչների համար կողմնորոշիչ դեր են խաղում:  Գրականության մեջ խաղաղարարական ու կառուցողական զորություն կա, ինչպես ցանկացած ճշմարիտ գեղարվեստական երեւույթում: Գեղեցիկ, իմաստուն  ու շիտակ խոսքը օգնում է, որ մարդկային, հասարակական, ազգամիջյան, միջպետական, ռասայական եւ այլ կարգի խնդիրները հանգուցալուծվեն առավել արդար եւ արարչական հունով, եւ դա կատարվի արագ:

– Գրողը քաղաքականության մեջ. այդ իրողության օգու՞տն է շատ, թե՞ վնասը: Ընդհանրապես ցանկալի՞ է ունենալ քաղաքականացված արվեստագետներ:

– Գրողը, արվեստագետը իր ստեղծագործությամբ մեծագույն քաղաքականությունն է անում. նա իրոք ներազդում է մարդկանց վրա, ուստի այլեւս կարիք չկա, որ ներքաշվի նաեւ քաղաքական գործունեության մեջ, հատկապես, եթե այն կուսակցականացված է եւ հանրության մի խմբի գաղափարների պաշտպանությամբ է հանդես գալիս: Ներկայումս գուցե շահեկան  լիներ ստեղծագործող անհատի ներկայությունը պետական համակարգում,  նա պետական քաղաքականությունը կարող է ավելի ընդունելի դարձնել եւ հասարակության հարգանքը  շարժել առ պետություն: Մեզ համար մեծ շռայլություն է, երբ մեր տաղանդավոր գրողներն ու արվեստագետները միանում են քաղաքական առանձին միավորումների ու հոսանքների՝ լքելով ի վերուստ իրենց վերապահված շատ ավելի կարեւոր դիրքը՝ լինել մի ամբողջ հանրության, ազգի անկողմնակալ ներկայացուցիչը, արարել ու գործել՝ մշտապես հետամտելով ընդհանուրի ու համայնի լիակատար շահը:

Իմ խորին համոզմամբ՝ գրողը, արվեստագետը պետք է կենտրոնաձիգ անձ լինի, նրա աստվածատուր պարտքն է՝ ի մի բերել ազգային-հասարակական  իրարից հեռացող փեշերը, մշտապես գտնվել հաշտարարի եւ հոգին չծռող տանտիրոջ դերում:  Գրողը  (արվեստագետը) շատ բան է  կորցնում, երբ պարզունակորեն քաղաքականացվում է, դառնում միայն մի ուժի ներկայացուցիչն ու գաղափարախոսը: Հասարակության մյուս շերտերը սկսում են խիստ վերապահումով վերաբերվել նման անհատներին. նրանց այլեւս իրենցը չեն համարում, կասկածի ու մերժման տակ են առնում նաեւ նրանց ստեղծագործությունը, երբ իրականում այն արժեքավոր է: Խիստ ցանկալի է, որ գրողը (արվեստագետը) իր ստեղծագործական ու քաղաքացիական միտումները ասպարեզ հանի դրական չեզոքության դիրքից, լինի բոլորի յուրայինն ու փոխգործակցության օբյեկտը: Չափազանց մեծատաղանդ ու առաքինի պետք է լինել, որ անդամակցես որեւէ քաղաքական ուժի եւ միաժամանակ՝ մնաս գրեթե ողջ հանրության սիրելին ու վստահելին: Ներկայումս հայ հանրությունը, կարծում եմ, կարող է մատնանշել նման միայն մեկ օրինակ՝ Սոս Սարգսյանին: ՀՅԴ անդամ անվանի դերասանը, երեւի չեմ սխալվում, ողջ հայ ժողովրդի ինտելեկտուալ ու հասարակական սեփականությունն է: Բայց նա բացառություն է: Մյուս կուսակցականացված գրողների ու արվեստագետների առնչությամբ կարելի է ասել, որ նրանք համընդհանուր գնահատանք ու վստահություն չեն վայելում: Մտավորականի միակ ու մշտական տեղը ազգի ու պետության կողքին է: Տարբերել մշտապես իշխանության կողքին գտնվողներին. նրանք միանգամայն այլ տեսակ-խմբից են, մերժելի տեսակից:

– Ավելի շատ Ձեզ ի՞նչ եք զգում, ի՞նչ «կարգավիճակով» եք առավելս ներկայանում հանրությանը:

– Անկեղծ ասած՝ գրողական երակը ինձ մոտ շատ  տրոփուն է եւ իմ հասարակական կեցվածքի մեջ այն բավական  որոշիչ դեր է կատարում: Առիթի դեպքում չեմ զլանում դիմացինիս ակնարկել, որ գրող եմ, մտավորական, եւ ինձ համար կան հոգեւոր արժեքներ, որոնք ոչնչի հետ չեմ փոխանակում: Բայց դեռ անբավականության խորը զգացում ունեմ. ցանկանում եմ, որ վերջապես ունենանք այն գիտակից ու որակյալ հանրությունը,  որ երբ քեզ հարցնեն, թե ո՞վ ես դու, արժանապատվորեն եւ առանց չհասկացվածության  վախի՝ պատասխանես. «Բանաստեղծ եմ, եղբայր, իսկ դու՞…»:

Ես նաեւ տեղեկատվական ոլորտի ներկայացուցիչ եմ ու պետական ծառայող, հաճախ ներկայանում եմ նաեւ այդ կարգավիճակով: Բայց դա ինքնաբերաբար արվում է  յուրովսանն բանաստեղծավարի:

– Ձեր հրատարակած ,,Գեղarm,,  հանդեսի առջեւ դրված խնդրում  առկա՞ է Արցախի չճանաչվածության գործոնը:

– Եթե անգամ փորձես այդ գործոնից զերծ մնալ, չի հաջողվի: Ներկան ներկա է քո ամեն քայլի ու ձեռնարկի մեջ… Վեց տարի առաջ, երբ նախաձեռնեցինք «Գեղarm»-ի հրատարակությունը, Արցախի չճանաչվածության խնդիրը աչքի առաջ նախապես նկատի չէինք առել: Ուզում էինք միայն մի ազատ-անկախ գրական-գեղարվեստական հանդես ունենալ, ուր կտպագրեինք մեր նախընտրած գրականությունը: Բայց շուտով հասկացա, որ այդպես՝ կարճ ժամանակ անց կհայտնվենք փակուղում եւ մեկուսացվածության մեջ, առանց մեծ լսարանի, եւ անտեսված կմնայինք: Ուստի սկսեցինք էական տեղ հատկացնել նաեւ թարգմանություններին, եւ ոչ միայն օտար լեզուներից՝ հայերեն, այլեւ՝ հակառակ ուղղությամբ: Թերեւս համահայկական դաշտում մենք միակն ենք, որ կանոնավորապես, արդեն վեց տարի /35 համար/, տեղական ուժերով հայ ժամանակակից պոեզիա ենք թարգմանում եւ տպագրում անգլերեն:  Ստեղծագործական հանդուգն քայլ է, դեռ մեկ-մեկ վիճարկվող, բայց լավ գործը արվում է նաեւ հանդգնությամբ:  Ունենք նաեւ ռուսերեն մշտական բաժին, ուր հրապարակում ենք արդի հայ արձակ:

Մեր ազգային ստեղծագործական ու թարգմանչական ավանդույթները Արցախում նորովի են արտահայտվում՝ ծավալով փոքր, բայց  նախանձախնդրորեն ու նպատակասլաց: «Գեղarm»-ը ի մասնավորի ցույց է տալիս տեղիս գեղարվեստական ներուժի մի յուրահատուկ դրսեւորույթը: Մենք կարող ենք ավելի լավ ինքնաբացահայտվել եւ մեզ կարող են ավելի լավ ճանաչել ու գնահատել:  Բայց առավել հրատապը՝ որ արժեւորումը տեղի ունենա նախեւառաջ համահայկական ծիրից ներս: Այստեղ մենք մտածելու եւ անելու շատ բան ունենք:

-Դուք էլիտար, ինտելեկտուալ պոեզիայի ներկայացուցիչ եք. Ձեզ չի՞ անհանգստացնում, որ կարող եք դուրս մնալ ընթերցողական ու հասարակական լայն հետաքրքրությունից:

–  Նման անհանգստություն ու տագնապ չունեմ: Կարեւորում եմ ստեղծագործական  տեսակին հավատարիմ մնալը: Եթե իրոք լուրջ գեղարվեստական գործ է ստեղծվում, ապա էական չէ, թե ինչ չափի զանգված այն կընկալի ու կգնահատի: Գործն այդ իր բարի առաքելությունը կատարելու է՝ ուղղակի դանդաղ ու երկարատեւ. հոգեղեն ու ազնվական է դարձնելու մարդուն, նրա մտքի ծալքերն է բացելու, նախանշելու է ստեղծագործական նոր հորիզոններ…

– Ժամանակակից հայ պոեզիայի համապատկերը ի՞նչ տպավորություն է թողնում Ձեզ վրա:

– Հայ ժամանակակից պոեզիան իր հիմնական անուններով ու միտումներով բավական հետաքրքիր ու հեռանկարային է: Ազգային ցանկացած գրականություն կարող է իրեն ուժեղ ու վստահ զգալ այնպիսի հեղինակների ներկայությամբ, որպիսիք են, օրինակ, Ռազմիկ Դավոյանը, Հենրիկ Էդոյանը,  Հակոբ Մովսեսը, Արտեմ Հարությունյանը, Արմեն Շեկոյանը, Հովհաննես Գրիգորյանը, Արեւշատ Ավագյանը, Հրաչյա Թամրազյանը, Սամվել Կոսյանը, Զավեն Բեկյանը, Վիոլետ Գրիգորյանը, Ներսես Աթաբեկյանը, Մանասեն …, Սփյուռքից՝ Գրիգոր Պըլտյանը, Շուշիկ Տասնապետյանը, Մարուշը… էլի տասնյակ գնահատելի անուններ…

-Դուք Ձեզ տեսնու՞մ եք այդ շարքում:

-Ինչու՞ միայն ես, շատերն են տեսնում:

– Ձեր վերջին`  «Բանի բարիտոնը: Երկրի բարիտոնը» գրքի մասին խոսք է գրել Հենրիկ Էդոյանը, մի ծանրակշիռ բանաստեղծ, ով հազվադեպ է գրախոսում…

– Մենք գործ ունենք գրական առողջ փոխգործակցության հետ: Փաստը արժե որակել հենց այդպես:

-Ըստ Ձեզ՝ ովքե՞ր են հայ արդի պոեզիայի բարիտոնները:

– Հ. Էդոյանը, Ա. Հարությունյանը, Գ. Պըլտյանը, Վ. Գրիգորյանը…

– Թողեք ես ավելացնեմ` եւ Դուք: Վերջին հարցս`  Ձեզ ամենից շատ ի՞նչն է ոգեշնչում:

– Հայոց լեզուն: Պատկառանքը մեր մայրենիի հանդեպ: Մեր լեզվի զորության սահմաններն եմ փորձում նշմարել, նրա միջոցով ուզում եմ գտնել հայ բանաստեղծության ժամանակակից կերպարի տիպական ուրվագծումները:

Զրուցել է Արմինե ՄԵԼԻՔՅԱՆԸ

—————————————————————————————–

Միջօրեական

ԱՐՑԱԽՑԻ ԵՐԳԻՉՆԵՐԸ ՀՈԼԻՎՈՒԴԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

«Քանի որ ոսկի չեմ սիրում, դրա համար էլ արծաթ բերեցի»,- կեսկատակ-կեսլուրջ այսպես է իր հոլլիվուդյան հաջողությունների մասին պատմում երգիչ Վարդան Բադալյանը: Նա եւ Տիգրան Մկրտչյանը մասնակցել են վերջերս Հոլիվուդում կայացած «Համաշխարհային աստղեր» երգի մրցույթին:

ԼՂՀ կառավարության հովանավորությամբ եւ մրցույթի հայաստանյան ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Բաղդասարյանի շնորհիվ ղարաբաղցի երգիչները մեկնեցին ԱՄՆ, որտեղ 8 մրցութային օրերի ընթացքում ներկայացան տարբեր ժանրերի կատարումներով:

Ավելի քան 5000 մասնակիցներ 41 երկրներից իրենց կատարողական արվեստով հանդես եկան համաշխարհային շոու-բիզնեսի 100 ներկայացուցիչներից կազմված ժյուրիի առջեւ:

Երգիչները «Դեմո»-ին տված հարցազրույցում շեշտել են, որ իրենց համար կարեւորը երկիրը ներկայացնելն էր. «Բոլոր 41 երկրների դրոշների կողքին բարձրացվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը»:

Երգիչ Տիգրան Մկրտչյանն իր երկու արծաթե մեդալներին արժանացել է «ազատ ոճ» եւ «դասական» ժանրերի երգերի կատարումներով: Իսկ Վարդան Բադալյանը բացի իր արծաթե մեդալներից կազմակերպիչների կողմից ստացել է մի քանի առաջարկներ, որոնց, սակայն, լուրջ չի վերաբերվում. «Մրցույթն ինձ համար մի մեծ շոու էր, որն այնքան էլ կապ չունի բարձր արվեստի հետ: Իմ կատարումներից հետո մի պրոդյուսեր առաջարկեց ինձ հայկական ժողովրդական երգերից ակումբային երգ սարքել՝ իմ կատարմամբ, եւ շրջանառության մեջ դնել: Բայց քանի որ դա մեծ ֆինանսների հետ է կապված՝ ես լուրջ չընդունեցի»,- հավելեց Վարդանը:

Մրցույթի կազմակերպիչներն իրենց հարցազրույցներում մրցույթը համեմատում են օլիմպիական խաղերի հետ, ասելով, որ «WORLDSTARS» մրցույթն էլ շոու-բիզնեսի օլիմպիականն է, եւ որ այն ստեղծված է աշխարհի ամենատաղանդավոր կատարողներին գտնելու համար:

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

 

Ժամանակակից բարքեր
ԱՆԱՐԳՎԱԾ ԾԱՂԿԵՓՈՒՆՋ

Փոքրիկ աղջիկը երբեք ծաղկեփունջ չէր ստացել: Գուցե առիթ չէր եղել, բայց ինքն նույնիսկ չգիտեր, թե ինչ առիթով են ստանում կամ նվիրում ծաղկեփունջը: Կյանքում շատ բան կա, որ ինքը անտեղյակ է, օրինակ, ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչու հայրիկը իրեն ու եղբորը, սիրելի մայրիկին թողել` տնից հեռացել է: Մայրը շարունակ տրտնջում է, իրեն դժբախտ է համարում:

… Մեծ, շքեղ ծաղկեփունջը գրկին, տարված մանկական խոհերով, փոքրիկ աղջիկը մարդաշատ մայթով քայլում էր դեպի տուն երջանիկ, ուրախ այն բանի համար, որ կյանքում առաջին անգամ ծաղկեփունջ է ստացել՝ գեղեցիկ բազմերանգ ծաղիկներից կազմված: Այդ օրը նշանավոր էր, լրացել էր փոքրիկ աղջկա տաս տարին: Առավոտյան մայրը համբուրել դպրոց է ճանապարհել` ասելով, որ մի երկու օրից հետո նվեր կառնի, երբ աշխատավարձը ստանա:

– Մայրի°կ ջան, ոչ մի բան չեմ ուզում, ինձ ոչինչ պետք չէ, ավելի լավ է դու քեզ համար դեղեր գնիր, խնայողություն մի արա, շարունակ բողոքում ես, որ սիրտդ հիվանդ է, քեզ բուժվել է հարկավոր, իսկ ես առողջ եմ, հիվանդ չեմ,- ասելով բարձրաձայն ծիծաղել է, որպես առողջության ապացույց:

Օրը փոքրիկ աղջկա համար իրոք նշանավոր էր, հաջող ու նպաստավոր, հայոց լեզվից եւ մաթեմատիկայից «հինգ» էր ստացել՝ հետն էլ «ապրես»:

Փոքրիկ աղջիկը իր շքեղ ծաղկեփնջով շարունակ մայթի մի կողմից մյուսը` ավելի ապահով կողմ էր անցնում, որպեսզի դիմացից եկողները չդիպչեն, չվնասեն թանկագին նվերը: Նա շտապում էր տուն` սիրելի մայրիկին ուրախացնելու:

Վերջապես տուն հասավ: Մայրը դռան մոտ ուրախ դիմավորեց դստրիկին, ձեռքից վերցրեց ծաղկեփունջը ու երանելի հիացմունքով, դեմքին երջանիկ ժպիտ շարունակ գովասանական բառեր էր ասում` շոյելով դստրիկի գլուխը:

– Ի՛նչ լավ դասղեկ ունեք, ինչպիսի՛ հոգատարություն, ուշադրություն, ապրի°, շատ ապրի°, դու էլ ձգտիր դասերդ միշտ է՜լ ավելի լավ սովորել, որպեսզի քեզնից միշտ գոհ լինի, ուշադրության արժանանաս:

Փոքրիկ աղջիկը զարմացած նայում էր մոր ուրախությանը, մի բան, որ շատ հազվադեպ էր լինում: Նա վաղուց մորն այդքան ուրախացած չէր տեսել, միաժամանակ հասկացավ, որ մորը թվում է` ծաղկեփունջը դասարանում են նվիրել:

– Մայրիկ ջա’ն, ծաղկեփունջը դասարանում չեն նվիրել, դասղեկը չի նվիրել:

– Ո՞նց թե դասղեկը չի նվիրել, իսկ ո՞վ է նվիրել:

-Երբ դասերը վերջացան՝ ես դպրոցից դուրս եկա, տեսա հայրիկը դռների մոտ կանգնած է ծաղկեփունջը ձեռքին, նա է նվիրել, համբուրել ու ասել, որ շնորհավորում է իմ ծննդյան օրը:

-Իսկ էլ ոչինչ չի՞ տվել,- միանգամայն կերպարանափոխված, խիստ զարմացած, վշտահար ու դողդողուն ձայնով հարցրեց մայրը:

-Չէ, էլ ոչինչ չի տվել:

-Գոնե մի քիչ փո՞ղ, որեւէ քաղցր բան,- արդեն համարյա գազազած բարձրաձայն հարցրեց մայրը:

-Չէ, ճիշտ եմ ասում, էլ ուրիշ ոչ մի բան չի տվել, հասկացա,- տխուր, ընկճված պատասխանեց փոքրիկ աղջիկը:

-Ինքը ռեստորաններում ուտում-խմում, սրա-նրա հետ զվարճանում է, ոչ մի բանի կարիք չունի, էս ծաղկեփունջն էլ ուղարկել է, որ մեր դատարկ սեղանը զարդարե՞նք, սա ծաղր է,- համարյա գոռալով՝ ասաց մայրը ու հանկարծ, հիստերիկ ճչոցներով սկսեց ծաղկեփունջը պատառ-պատառ անել այնպես, ինչպես անպետք թուղթն են պատռոտում դեն գցելուց առաջ: Ապա դրանով չբավարարվելով՝ սկսեց երկու ոտքով կոխկրտել ու կոխկրտել կտրտված, ճմրթված ծաղիկները, այդպես արտահայտելով իր հակակրանքը, արհամարհանքը, ատելությունն ու թշնամանքը` իր երկու հոգսերի մեջ ապրող անչափահաս երեխաների հոր նկատմամբ, միաժամանակ անվանելով «անխիղճ անասուն», «գազան», «սրիկա», «հրեշ»…

Փոքրիկ աղջկա քիչ առաջվա երջանկությունից փայլող աչքերից սկսեցին արցունքներ հոսել թե° անարգված, գեղեցիկ ծաղկեփնջի, թե° սիրելի մայրիկի այդ աստիճան զայրացած լինելու պատճառով, որոնց համար չգիտես ինչու, ինքն իրեն շատ մեղավոր զգաց…

Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s